Ամառ առանց այգաբացի | |
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 11 | Ամառ առանց այգաբացի - Գլուխ 13 ▶ |
Թովմասը, Քենանը, Արիֆն ու Զեհրան զինվոր-զինվոր էին խաղում բաղնիքի գոլորշիով պատված հիմնական սրահում։ Սապնաջրով ծածկված մարմարյա հատակին նրանց բոկամաշիկների կտկտոցը խառնվում էր խոսակցությունների աղմուկին և շատրվանի ջրի ձայնին։ Նրանք արժանանում էին բաղնեպանուհիների խիստ հայացքներին, որոնք ձիու մազից պատրաստված քիսաներով մերսում և տրորում էին տաքացվող կենտրոնական մարմարյա բեմին պառկած իրենց հաճախորդների մարմինները։ Իմանալով, որ դրանք գավառապետի երեխաներն են, աշխատողները չէին համարձակվում նկատողություն անել և բավարարվում էին «սուս» ասելով, ինչը, սակայն, արդյունք չէր տալիս։ Սաֆիյեն, որը պառկած էր փորի վրա, իսկ բաղնեպանուհին տրորում էր նրա մեջքը, արմունկների վրա հենվեց և երեխաներին պատվիրեց դադարեցնել աղմուկը։ Նրանք զգաստ կանգնեցին նրա առջև՝ պատվի առնելով, և առաջին կինը չկարողացավ զսպել ժպիտը։ Այդ դիրքում նրա ստինքները կախվել էին մինչև սրբիչով ծածկած քարը, իսկ քարի վրա ճապաղվել էին։
— Այս դիրքում դրանք թզի են նման,— շշնջաց Քենանը։
— Սեխի պես մեծ թզեր,– ավելացրեց Թովմասը։
Երկու ավելի փոքր երեխաները չհասկացան ակնարկը, սակայն Էմելը ծիծաղեց ու փսփսաց տղաների ականջին.
— Ես քրոջս պես կուրծք կունենամ։
— Պահ,– արձագանքեց Քենանը,— Շահանեինը կիտրոնի նման են։
— Գոնե դատարկ տիկ չեն հիշեցնում։
Էմելը այդ խոսքերն արտասանեց քամահրանքով։ Նա լիովին համամիտ էր տղաների հետ, երբ նրանք արհամարհական ակնարկներ էին անում կանանց թոշնած մարմինների, ցցուն փորերի, ծանրացած հետույքների և հաստ ազդրերի վերաբերյալ, սակայն սրտին ավելի մոտ էր ընդունում, քանի որ վախենում էր, որ ծերանալով ինքը կկորցներ իր գեղանի ուրվագիծը։ Չէ՞ որ իր մայրը՝ Մակբուլեն, չափից ավելի գեր էր։
— Ես գեղեցիկ կմնամ, ինչպես Մարոն,— ասաց նա Թովմասին, որի դեմքը շիկնեց։
Եթե Թովմասը հետաքրքրասիրությամբ էր նայում մերսողների ձեռքերին անձնատուր եղող այլ կանանց մերկ մարմիններին, նա խուսափում էր նայել մորը, և եթե պատահաբար նրան մերկ էր տեսնում, իրեն մեղավոր էր զգում։ Միգուցե այն պատճառով, որ վաղ մանկությունից առիթ չէր ունեցել կանանց հետ բաղնիք գնալու։
— Գնանք իմ մայրիկին տեսնենք,— առաջարկեց Զեհրան բարակ ձայնով։
Մեծերը հաճույքով հանաձայնեցին, քանի որ Լեյլան ամաչկոտ չէր և դեմ չէր լինում, որ երեխաները իրեն լրիվ մերկ տեսնեին։ Հակառակը՝ նա հաճույքով հետևում էր Քենանի ու Թովմասի դեմքին հայտնվող հուզմունքին, երբ նրանք կանացի մերկ մարմին էին տեսնում, իսկ Էմելի նախանձը, որն ակնհայտ էր, նրան շոյում էր։
Դարձյալ շարքով, այս անգամ Զեհրայի առաջնորդությամբ, երեխաները շրջանցեցին կենտրոնական բեմը։ Դահլիճը լուսավորվում էր շենքը պսակող գմբեթում տեղադրված ապակեպատ խարիսխներից ընկնող լույսով, իսկ դահլիճը լի էր տաք գոլորշիով։ Այդ խոնավ մթնոլորտը, որը նեծծված էր զռնըկի տտիպ հոտով, որով կանայք հեռացնում էին իրենց մարմնի մազերը, դժվարացնում էր շնչառությունը, խլացնում ձայները, իսկ ուրվագծերը աղոտ էր դարձնում։
Կուրնասների՝ պատին կից ծորակով ավազանների մոտ կանայք էին լողանում, որոնք ջուր էին վերցնում պղնձե կոնքերով։ Ծիծաղ էր հնչում, հատկապես, երբ նրանք խոսում էին տղամարդկանց և սեռական հարաբերությունների մասին, կարծելով, որ իրենց կողքին խաղացող երեխաները չէին հասկանում։ Թովմասի համար բաղնիքը կախարդական վայր էր, քանի որ նրան արբեցնում էր այդքան մերկ կանանց ներկայությունը, և ինչպես իր ընկեր Քենանը, այն տպավորությունն ուներ, որ նրանք բոլորն իրեն էին պատկանում, բացառությամբ, իհարկե, իր մոր։ Նա գիտակցում էր, որ ինքը մերձենում էր ամենամեծ գաղտնիքին՝ կյանքի գաղտնիքին, և հույս ուներ, որ շուտով ինքը ամեն ինչ կհասկանար։ Յուրաքանչյուր այցելությունից հետո Քենանն ու ինքը երկար քննարկում էին այդ հարցը, առանց որևէ եզրահանգման գալու։ Էմելը միանում էր նրանց, և այգու որևէ թաքուն անկյունում նրանք ուսումնասիրում էին իրենց սեռական անդամները, առանց ավելին հասկանալու։ Աղջիկը խոստանում էր բացատրություններ պահանջել մորից, սակայն անդադար հետաձգում էր այդ պահը։
Ռըզա բեյի կանայք մնացած կանանց հետ չէին լողանում։ Ինչպես և մյուս բարեկեցիկ կանայք, նրանք վարձում էին համարներ, որոնք տեղադրված էին դահլիճի շրջագծի վրա։ Զեհրան դեռ չէր էլ հեռացրել դռան փոխարեն կախված սրբիչը, իսկ զռնըկի հոտն արդեն ծակծկում էր նրանց ռունգերը։ Լեյլայի մարմինը պատված էր կապտականաչավուն մի մածուկով, որն այնքան սուր հոտ ուներ, որ կանայք խուսափում էին այն տանն օգտագործելուց։
— Ջրեք ինձ,— ասաց նա երեխաներին՝ նրանց հրավիրելով երկու հոգու համար նախատեսված բաժանմունքը։
Նրանք մի քիչ վիճաբանեցին պղնձե կոնքերի համար, որոնց ի վերջո տիրացան փոքրերը։ Էմելը, Թովմասն ու Քենանը բավարարվեցին բռով ջուր լցնելով կնոջ վրա։ Ձեռքերը գլխին դրած, նա դանդաղ պտտվում էր և սուր ճիչեր էր արձակում կամ էլ բողոքում էր, երբ ջուրր դեմքին էր ընկնում։
— Ջուրը սառն է։ Դեմքիս մի լցրեք։
Գարշահոտ մածուկը կամաց-կամաց լվացվում էր նրա մարմնից՝ իր հետ տանելով սև ու գանգուր մազերը։ Թովմասը ջրում էր կնոջ թևատակերն ու թևերը, սակայն իրականում նշան էր բռնում սուր և մուգ պտուկներով ստինքներին, որոնք մտովի համեմատում էր փոքր սեխերի հետ։ Էմելից չվրիպեց Քենանի հայացքը, որով նա Թովմասին հասկացնում էր, որ ինքը ավելի ցած պետք է նայեր։ Երբ երիտասարդ կինը պտտվում էր, նրա ոտքերն իրարից հեռանում էին և երևում էր նրա ցայլքը։ Լեյլան նկատեց տղաների խորամանկությունը և ժպտաց։ Նրա թաց մազերից ջուրը հոսում էր և կաթիլներով էր պատում նրա մաշկը, որր թուխ էր և հարթ։ Նրա մարմինը նույնքան ձիգ էր թվում, որքան Ռըզա բեյի այգում տեղադրված արձանների մարմարը, որոնց դուրս ցցված մասերը Թովմասն ու Քենանը երբեմն շոյում էին։ Տղաները դեմ չէին լինի, եթե Լեյլան նրանց խնդրեր իր մարմինը տրորել քիսայով կամ էլ գոնե մեջքը օճառել։
— Եկեք նախասրահ, Բույուկ խանումը ձեզ ճաշի է սպասում,— հայտարարեց Էմինեն՝ գլուխը համարը մտցնելով։
— Գալիս ենք,— պատասխանեց Լեյլան։
Հպանցիկ հայացք նետելով՝ Էմինեն համոզվեց, որ տղաները գրգռված չեն, հակառակ դեպքում բաղնիքի կառավարչուհին կարգելեր նրանց ուղեկցել իրենց մորը բաղնիք։ Այդ դեպքում նրանք պարտավոր էին գալ իրենց հայրերի հետ երեկոյան, երբ բաղնիքը տղամարդկանց էր տրամադրվում։
— Ես հիմա կգամ,— ասաց Մարոն, որը զբաղեցնում էր կողքի բաժանմունքը։
Համոզվելով, որ դայակը երեխաների ուղեկցությամբ հեռացել էր, Մարոն շարունակեց իր մարմնի մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Կասկածից վեր էր, որ իր կուրծքը լցվել էր, կոնքերը լայնացել էին, իսկ փորն անշեղորեն մեծանում էր։ Վատթարագույնը տեղի էր ունեցել։ Դրանով կարելի էր բացատրել վերջին շաբաթների իր առավոտյան սրտխառնոցները։ Տեղահանությունից ի վեր նրա դաշտանն անկանոն էր դարձել, և նա ուշադրություն չէր դարձրել, որ այն ընդհատվել էր և արդեն երեք կամ չորս ամիս։ Հղիությո՜ւն։ Ապշած՝ նա չէր կարողանում պատկերացնել այդ աղետի բոլոր հետեանքները։ Նրա առաջին ռեակցիան հախուռն ըմբոստացումն էր և մերժումը. «Ոչ։ Անհնար է։ Ես չեմ ուզում»: Նրա մտքում այս խոսքերն էին պտտվում, որոնք նա արտասանում էր որպես աղերսանք, որը կոչված էր այդ դժբախտությունն իրենից վանելու։ Այդուհանդերձ պետք էր ընդունել իրողությունը։
Հանկարծ Մարոն նկատեց, որ Լեյլան մի կողմ էր տարել վարագույրը և հետաքրքրությամբ զննում էր իրեն։ Երրորդ կինը չէր հաշտվել Մարոյի ներկայության հետ, սակայն Ռըզա բեյին հաճոյանալու համար, որը դարձյալ ուշադիր էր իր նկատմամբ, նա բարեկամության դիմակի տակ թաքցնում էր իր հակակրանքը այդ հայուհու նկատմամբ, սակայն Մարոն չէր խաբվում։ Վախենալով, որ երտասարդ կինը կարող էր գլխի ընկնել իր վիճակի մասին, Մարոն հայտարարեց անտարբեր ձևանալով.
— Ես արձանագրում եմ տարիների թողած հետքերը...
Մարոն փաթաթվեց կապույտ զոլերով սպիտակ սրբիչի մեջ և Լեյլային ուղեկցեց նախասրահ, ուր հաստ սրբիչներով ծածկված կաշվե բազմոցները հնարավորություն էին տալիս հանգստանալու բաղնիքից դուրս գալուց կամ լողասենյակ վերադառնալուց առաջ։ Նախասրահի մի անկյունում, որը կառավարչուհին հատկացրել էր Բույուկ խանումին, նա հետևում էր երկու ծառայողների, որոնք զամբյուղներից հանում էին ճաշի համար բերված ուտեստները՝ գառան միս, դոլմա, այծի պանիր և քաղցրավենիք։ Մեկ այլ ծառայող թեյ էր մատուցում։ Ինչպես և հարսներն ու դայակը և մնացած բոլոր այցելուները, գավառապետի մայրը փաթաթված էր սրբիչի մեջ, սակայն այս հանգամանքը բոլորովին չէր նվազեցնում նրա տիրական տեսքը։
— Վերջապես եկան։ Ինչո՞ւ ուշացաք,— հանդիմանեց նա Լեյլային ու Մարոյին։
Իրականում նրանք չէին ուշացել։ Պարզապես Բույուկ խանումը ջանում էր տպավորություն թողնել իր հարևանուհիների վրա, և երկու կանայք՝ հասկանալով այդ բանը, գլուխները կախեցին և հարգանքով պատասխանեցին.
— Ներեցեք, Բույուկ խանում։
Մարոն ախորժակ չուներ։ Չնայած որ նա փորձում էր մասնակցել խոսակցությանը, սակայն չէր կարողանում մտքից հանել ճակատագրական հայտնագործությունը, որ արել էր, և չէր կարողանում իրեն անբռնազբոս պահել։ Բոլորը զգում էին, որ նա մտահոգ էր և ցրված։ Քանի որ Լեյլան հոնքերը կիտած անդադար նրան էր նայում, մնացած կանայք կարծեցին, որ նրանք վիճել էին, ուստի ոչ ոք ուշադրություն չդարձրեց Մարոյի պահվածքին։ Մթնոլորտը պարպելու համար Էմինեն պատմեց Խոջա Նասրեդինին պատահած զվարճալի պատմություններից մի քանիսը։
Օրեր շարունակ Մարոն փորձում էր ինքն իրեն համոզել, որ ինքը սխալվել էր, սակայն հղիության բոլոր նշաններն առկա էին, և պահեր էին լինում, երբ նրան թվում էր, որ իր ներսում օտար մարմին կար։ Դա անկասկած պատրանք էր, քանի որ նա հղիության չորրորդ, ամենաշատը հինգերորդ ամսին էր։
Նա չէր ուզում այդ երեխային։ Դա իր երեխան չէր։ Նա ատում էր այդ երեխային, ինչպես ատում էր Ռըզա բեյին, որը նոր կապանք էր ստեղծել իրեն գերության մեջ պահելու համար։ Այդ հղիությունը նրա ընկալմամբ հիվանդություն էր, որը պատուհասել էր իրեն և որից նա ամաչում էր։ Եվ իր հոգում միախառնվել էին հուսահատությունն ու վրդովմունքը։ Չկար ոչ մի լուծում, ինչպես նաև չկար մեկը, որին Մարոն կարողանար ապավինել։
Մարոն մեկ շաբաթ դիմացավ և իր գաղտնիքը ոչ մեկին չվստահեց։ Սակայն այդ վիճակն ընկճում էր նրան և, չկարողանալով դիմանալ այդ բեռին, նա վճռեց կիսվել Էմինեի հետ։ Նա Այլային ուղարկեց նրա հետևից։ Դայակը մի քանի րոպեից եկավ՝ սկուտեղով երկու գավաթ սուրճ բերելով։
— Մեզ մենակ թող,— ասաց Մարոն աղախնին։
— Ուզում ես ապագա՞դ գուշակեմ,— հարցրեց Էմինեն՝ սկուտեղը փոքր սեղանին դնելով։
— Դա Ռըզա բեյի համար պահիր։
Կտրուկ տոնից դայակը հասկացավ, որ ինչ-որ բան էր պատահել Մարոյին։
— Արի կողքս նստիր,— կանչեց նա Մարոյին, տեղավորվելով բարձի վրա։
Մարոն նստեց և վերցրեց գավաթը, որն իրեն էր մեկնել Էմինեն։ Քանի որ Մարոն չէր կարողանում սկսել խոսակցությունը, դայակը ցածրաձայն ասաց.
— Ես սուրճի մրուրի կարիքը չունեմ որոշ բաներ իմանալու համար։ Կան նշաններ, որոնք չեն վրիպում նախկին տատմոր աչքից։
Մարոն, ապշահար, նրան նայեց, հետո սկսեց հեկեկալ՝ դեմքը թաքցնելով ափերի մեջ։ Նա լարվեց, երբ Էմինեն փորձեց գրկել իրեն։
— Դու ինձ զարմացնում ես,— մրմնջաց դայակը՝ նրա ձեռքը շոյելով։— Դա լավ նորություն է, նախախնամության պարգև։
— Սա դժբախտություն է։ Սարսափելի փորձություն։
Ծեր կինը չէր հասկանում Մարոյին, քանզի կարծում էր, որ նա արդեն համակերպվել էր ողջ կյանքը կալվածքում անցկացնելու մտքի հետ, երջանիկ, որ գավառապետը սիրում էր իրեն։
— Ռըզա բեյը շատ երջանիկ կլինի։
Մարոն թունոտ ասաց.
— Ռըզա բե՜յ։ Եթե ուզում ես իմանալ, ինձ չի հուզում, թե նա ինչ կմտածի։
— Սակայն... Իմանալով, որ դու հղի ես, նա կուզենա ամուսնանալ քեզ հետ։
— Ես երբեք չեմ համաձայնի,— բացականչեց Մարոն բարկանալով։– Երբե՛ք։
Սրտի այդ ճիչը շփոթեցրեց Էմինեին։
— Դու Ռըզայի պես մարդ չես գտնի։ Նա գեղեցիկ է, հարուստ, ազդեցիկ և սիրում է քեզ։
Մարոն հառաչեց և կտրուկ ասաց.
— Դու չես հասկանում, Էմինե։ Ես նրան ատում եմ։ Նա ինձ ուժով է տիրացել։ Նա ինձ որպես պատանդ է պահում իմ որդու հետ։ Ինչպե՞ս կարող եմ նրան սիրել։
— Սակայն նա քեզ փրկել է։
— Փրկել է ջարդերից, որոնք ինքն է ղեկավարում։
— Ոչ,— վրդովվեց Էմինեն՝ ապշելով այդ խոսքերից։— Հակառակը, Ռըզա բեյը հովանավորում է քո հայրենակիցներին։
— Սուտ է։ Այս շրջանում ինքն է տերը։ Ինչո՞ւ է նա այդքան հաճախ բացակայում։ Հարևան գավառներում անմեղ մարդկանց ջարդերը կազմակերպելու համար։
— Լռի՛ր, լռի՛ր,— հրամայեց դայակը սարսափած տեսքով և գունատվելով։— Դա անհնարին է։ Ես ճանաչում եմ Ռըզային նրա ծննդյան օրվանից։ Նա խիստ է, բայց արդարացի և գթասիրտ։ Դու իրավունք չունես նման սուտ ասելու։ Ես քեզ արգելում եմ, որ այդպես մտածես։
Էմինեն խորապես վիրավորված էր։ Մարոն ափսոսաց, որ զայրացրել և իր դեմ էր տրամադրել դայակին, մինչդեռ ինքը նրա կարիքն ուներ։ Մի պահ լռելուց հետո նա հպվեց ծեր կնոջ ձեռքին և շշնջաց մեղավոր տեսքով։
— Ես չէի մտածում, թե ինչ էի ասում։ Այս քանի օրը գլուխս կորցրել եմ։
— Սրտիդ տակ եղած երեխայի՞ պատճառով,— հարցրեց դայակը՝ հանգստանալով այդ խոստովանանքից։
— Այո։ Գիտե՞ս, Էմինե, ես չեմ ուզում այդ երեխային։
— Ինչո՞ւ։ Երեխան կյանք է, ապագա։
— Ոչ ինձ համար։ Ես դեռ հույս ունեմ, որ մի օր Ռըզա բեյը թույլ կտա, որ ես գնամ, ինչպես ինձ խոստացել էր։ Եթե երեխա պարգևեմ նրան, նա կուզի ինձ պահել։
Էմինեն մտածեց, որ կինն ամուսնանալով՝ նոր ընտանիք է ձեռք բերում, և որ Մարոյի միակ ընտանիքն այսուհետ Ռըզա բեյի ընտանիքն էր։
— Դու ոչինչ անել չես կարող,— ասաց նա ճակատագրին հլու,— երեխան արդեն կա։
— Ոչ,— վճռականորեն ասաց Մարոն,— նա դեռևս չկա և ես ուզում եմ խանգարել նրա լինելուն։ Դրա համար միջոցներ կան։
Դայակը վախեցած աչքերր ճպճպացրեց և դողացող ձեռքով վերցրեց սուրճի գավաթը։ Պատասխանելու փոխարեն նա սուրճ խմեց։ Մարոն սադրեց.
— Եվ դու գիտես այդ միջոցները։
— Ես ոչ մի միջոց չգիտեմ,— ժխտեց Էմինեն վեհությամբ։
Նա ուզեց վեր կենալ, սակայն Մարոն նրան պահեց։
— Ստախոս։ Դու տատմեր ես եղել։
— Ինձնից դա չպահանջես։
Մարոն մոտեցավ Էմինեին և նրա այտը համբուրեց, ինչպես անում էին երեխաները, երբ ցանկանում էին, որ ծեր կինն իրենց չմերժեր, հետո ասաց.
— Ես քո օգնության կարիքն ունեմ, Էմինե։ Խնդրում եմ քեզ։
— Ոչ, ես չեմ կարող սպանել Ռըզա բեյի երեխային։
— Նա արդեն ութն ունի, իսկ Լեյլան ու Մակբուլեն էլի երեխաներ կպարգևեն նրան։
— Ոչ։
— Դու ասում էիր, որ իմ բարեկամն ես,— ասաց Մարոն հանդիմանանքով։
— Կարող ես չկասկածել, դու թանկ ես ինձ համար, սակայն ինչ ինձնից խնդրում ես... Ոչ, ես չեմ կարող, Ռըզա բեյն իմ տերն է։
Մարոն նոր փաստարկներ բերեց, փորձելով համոզել դայակին։ Նա հաջողության չհասավ և կրկին հուսահատվեց։ Նա մի քանի անգամ բռունցքով փորին խփեց և բղավեց.
— Ես նրան չեմ ունենա։ Ես նրան չեմ ունենա։ Ավելի լավ է մեռնեմ։
Էմինեն մտքերի մեջ էր խորասուզվել։ Նա երկար էր ապրել , և նրան ծանոթ էր այդ հուսահատությունը, որին նա հանդիպել էր այլ կանանց մոտ, որոնց փրկել էր պատվազրկությունից, կամ ինքնասպանությունից՝ վիժեցնող թուրմ տալով։ Մարոյի հուսահատությունը միայն կխորանար, և նա կարող էր դիմել ծայրահեղ միջոցների։ Եվ եթե դա պատահեր, ինքն իրեն մեղավոր կզգար երիտասարդ կնոջը օգնության ձեոք չմեկնելու համար։
— Քո հղիությունը մեծ է, և դա կարող է վտանգավոր լինել։ Եթե քեզ դժբախտություն պատահի, ես ինձ չեմ ների։
— Եթե ոչինչ չանես, ապա դժբախտություն հաստատ կպատահի։
Այդ սպառնալիքը հաստատում էր Էմինեի կասկածը, և նա որոշեց միջամտել։
— Ես չպետք է այդ բանն անեի,— պատասխանեց նա հաշտվելով,— բայց դու ինձ վրա բռնանում ես։
Թեթևություն զգալով՝ Մարոն գրկեց նրան.
— Դու ինձ համար բարեկամից ավելին ես, Էմինե։ Դու իմ քույրն ես։
Հաջորդ իսկ օրը Էմինեն գնաց Այնթապ։ Նա ծանոթ դեղագործի մոտից թուրմ գնեց՝ դեղաբույսերի և այլ նյութերի մի խառնուրդ, որը վաղաժամկետ ծննդաբերություն էր առաջացնում։ Ճենապակյա սրվակը Մարոյին տալով, նա հարցրեց.
— Միտքդ չե՞ս փոխել։ Այս թուրմից մի ամբողջ օր քեզ շատ վատ կզգաս։
— Կարևոր չէ,— հայտարարեց Մարոն՝ վախենալով, որ դայակն իր խոսքից հետ կկանգներ։
— Կեսը կխմես առավոտյան արթնանալուց հետո, իսկ մնացածը կեսօրին։ Պետք է սոված մնաս, արգելվում է նույնիսկ ջուր խմել։ Թուրմն իր ազդեցությունը կունենա հաջորդ գիշեր։
Մարոն շտապեց սրվակը պահել դարակում, հագուստի տակ։ Այժմ, երբ նա ուներ իր այդ վիճակին վերջ տալու միջոցը, նախորդ օրերի տագնապն անցավ, և նա իրեն շատ հոգնած զգաց։
Գործի անցնելու համար Մարոն սպասեց, որ Ռըզան բացակայեր տնից և դա իրականացավ հենց հաջորդ օրը։ Նա գնում էր Այնթապից մի ութսուն կիլոմետր արևմուտք ընկած Օսմանիեում գնած իր կալվածքը տեսնելու և սովորության համաձայն հետն էր տանում Թովմասին և որդիներից երկուսին։ Նրանք բացակայելու էին երկու կամ երեք օր, և այդ ընթացքում Մարոն հնարավորություն կունենար ապաքինվելու։
Այդ գիշեր նա շատ վատ էր քնել, քանի որ մտատանջություններ ուներ իր արարքի կապակցությամբ։ Հավատքի տեսանկյունից դա հանցագործություն էր։ Աստված, որը վերծանում էր մարդկային հոգիները, չէր կարող իրեն մեղադրել այդ արարքի համար Վերջին դատաստանի օրը։ Անկասկած, նա մտավախություններ ուներ, սակայն նա ավելի էր վախենամ անուղղելին կատարվելուց։ Նա արթնացավ լուսաբացից առաջ և արդեն ոտքի վրա էր, երբ Պիրի խոջան՝ մուեզգինը, ազդարարեց առաջին աղոթքը։ Սրվակը թափահարելուց հետո նա խմեց պարունակության կեսը և ծամածռվեց դառնությունից։ Դառը հեղուկը թմրեցրեց նրա բերանը և քերեց կոկորդը։ Մարոյի ստամոքսը կծկվեց և սիրտը խառնեց։ Նա ամեն ինչ կտար մեկ կում ջուր խմելու համար, որպեսզի այրոցի զգացումը թեթևանար։ Նա դուրս եկավ պատշգամբ և, հենվելով բազրիքին, խորը շունչ քաշեց։ Աստիճանաբար ցավը թեթևացավ, և Մարոն արթնացրեց Թովմասին, որպեսզի նա պատրաստվեր մեկնելու։ Նա որդուն ուղեկցեց ճաշասենյակ, ուր երեխաները նախաճաշում էին իրենց հոր հետ։ Պետրին նստած էր տիրոջ կողքին, և Մարոն քողով ծածկեց դեմքը և այդ շարժումը հաճելի էր Ռըզա բեյին։
— Դու լավ տեսք ունես,— ասաց Ռըզան՝ հրավիրելով Մարոյին նստել իր առջև։
— Շնորհակալություն, Ռըզա բեյ,— պատասխանեց նա գլուխը կախելով։— Եթե թույլ տաք, ես ավելի ուշ կուտեմ, քանի որ քաղցած չեմ։
— Ինչպես կուզես։
Պետրին աչքերը բարձրացրեց և, ինչպես միշտ, երբ նա նայում էր Մարոյին, կինը զգաց այն անսահման արհամարհանքը, որ նա տածում էր իր հանդեպ։
Թովմասը, որն արդեն ընտելացել էր տան տիրոջ նկատմամբ նրա որդիների վարքագծի կանոններին, համբուրեց Ռըզա բեյի ձեռքը և այն տարավ իր ճակատին։
— Թող այս օրը ձեզ համար արգասաբեր լինի,— ասաց նա մեքենայաբար և ավելացրեց ավելի աշխույժ ձայնով։– Ե՞րբ ենք մեկնելու։
Ռըզան ծիծաղեց և թփթփացրեց նրա ուսին։
— Նախ՝ կեր։
— Ինչո՞ւ ես չեմ կարող ձեզ ուղեկցել, հայրիկ,— տխուր ձայնով հարցրեց Էմելը։
— Կառքում միայն չորս հոգու տեղ կա՝ Ալթանի, Քենանի, Թովմասի և ինձ համար։
— Ես ձեր գոգին կնստեմ։
Բարկանալով դստեր համառությունից՝ Ռըզա բեյը կարճ կապեց.
— Աղջկա տեղը տանն է, իր մոր մոտ։
Էմելը գլուխը կախեց ու համաձայնեց։
— Եթե տեղ լիներ, ես կգնայի,— հայտարարեց Արիֆը, որի հինգ տարին նոր էր լրացել:– Ես տղա եմ։
Էմինեն կանգնած էր խոհանոցը տանող դռան մոտ և հետևում էր նախաճաշը մատուցողների աշխատանքին։ Մարոյի հետ հայացք փոխանակելով՝ դայակը հասկացավ, որ նա խմել էր թուրմը։ Երբ նրանք փոքր երեխաների հետ բակ դուրս եկան վեց հեծյալ արաբների ուղեկցությամբ մեկնողներին ճանապարհելու, դայակը Մարոյի ականջին շշնջաց.
— Չմոռանաս, որ պետք է սոված և ծարավ մնաս մինչև գիշեր։ Արևից զգուշացիր, որ չջրազրկվես։
— Ես ավելի վատ բաներ եմ տեսել,— պատասխանեց Մարոն, որն անմիջապես ձեռքերը փորին տարավ, որը կծկվեց։
Օդի ջերմաստիճանը հասել էր 35 աստիճանի և, ինչպես հաճախ էր լինում ամռանն Այնթապում, անապատից չոր քամի էր փչում։ Տան երկրորդ հարկի սենյակներում օդը հեղձուցիչ էր, և կանայք իջան այգի, ապաստանելով տաղավարի հովանու ներքո, ուր շատրվանը մի քիչ զովություն էր պարգևում։ Բույուկ խանումը հյուսում էր առանց իր աշխատանքին նայելու և հարսների համար հերթական անգամ շարադրում էր ընտանիքի պատմությունը, որը նրանք բազմիցս լսել էին։ Մակբուլեն ձեռագործ էր անում և թելի երկարությունն այնպես էր ընտրում, որպեսզի հնարավորություն ունենար առանց ասեղը վայր դնելու կողքին դրված ափսեից քաղցրավենիք վերցնել։
Մի կողմ նստած Շահանեն արդեն տասներորդ անգամ կարդում էր իր նշանածի նամակը, որը նա Բաղդադից էր գրել։ Լեյլան մատների ծայրերով հպվում էր սազի լարերին՝ նվագակցելով սկեսուրի միալար մենախոսությանը և կկոցած աչքերով նայում էր իր ընկերուհիներին, և նրա հայացքը հատկապես երկար կանգ էր առնում Մարոյի վրա, որի վարքագիծը վերջին օրերին նրան տարօրինակ էր թվում։ Էմինեն ննջում էր, և նրա ճակատով քրտնքի կաթիլներ էին հոսում։ Սաֆիյեն աջ ձեռքով հովհարն էր թափահարում, իսկ ձախ ձեռքի մատով հետևում էր գոգին դրված գրքի տողերին։ Մարոն միակն էր, որին հետաքրքրում էր Բույուկ խանումի պատմությունը։
— ...Այդպես եղավ, որ Բահադիր փաշան՝ Ռըզա բեյի պապը, կանչվեց Ստամբուլ՝ սուլթանի մոտ։ Այդ ժամանակ ճանապարհորդությունը դեպի մայրաքաղաք հեշտ բան չէր և...
Չնայած Մարոն ուշադիր նայում էր Բույուկ խանումի շուրթերին, նա չէր լսում։ Բոլոր ուժերը նա վատնում էր դեմքի արտահայտությունը վերահսկելու վրա, ջանալով, որ ոչ ոք չնկատեր իր տառապանքը։ Փորացավին ավելացել էր սարսափելի ծարավը, ե աղախնի մատուցած զովացուցիչ ըմպելիքների առատությունը նրան անասելի տառապանք էր պատճառում։ ժամանակը շատ դանդաղ էր անցնում։ Կեսօրին Մարոն խմեց թուրմի մնացորդը, և դարձյալ նրա սիրտը խառնեց։ Նրա ինքնազգացողությունը վատացավ։ Կեսօրից հետո Մարոն վայր դրեց խաղաքարտերը և ընդհատեց բեզիկի պարտիան՝ թղթախաղ, որր նա սովորեցրել էր Սաֆիյեին, ներողություն խնդրեց վերջինից, պատճառաբանելով հոգնածությունը։ Նա շտապ հեռացավ այգուց և իր սենյակը վերադարձավ օրորվելով, ընկավ մահճակալին և կարողացավ մի քիչ քնել։ Քիչ անց նրան այցելեց Էմինեն և տեսավ, որ նա կծկվել էր մահճակալին և առատորեն քրտնել էր։ Նա շոշափեց Մարոյի ուռած փորը և հանգստացրեց նրան.
— Ցավ պիտի քաշես, դա բնական է։ Ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես։ Դու քեզ լավ պահեցիր այսօր, և ոչ ոք ոչինչ չի կասկածում։ Սակայն հավաքիր բոլոր ուժերդ, քանի որ վատթարագույնն առջևում է։
Մարոն ծամածռվեց։ Նրա բերանն ու կոկորդը այնքան էին չորացել, որ հազիվ էր խոսում։
— Կարո՞ղ եմ որևէ բան խմել։
— Երբ արևը մայր կմտնի։
— Նախազգուշացրու Բույուկ խանումին, որ ես մի քիչ տկար եմ և ներողություն խնդրիր ճաշին չներկայանալու համար։ Չմոռանաս՛ մի քիչ։ Պետք չէ, որ նա անհանգստանա։ Իմ աղախին Այլային ասա, որ ես հանգստանում եմ և որ նրա կարիքը չեմ ունենա մինչ վաղը։
Դայակը նրան օգնեց հանվել և դեմքն ու մարմինը թարմացրեց թրջած անձեռոցիկով։ Նա սեղմեց Մարոյի ձեռքը և սրտապնդեց.
— Ամեն ինչ լավ կլինի։ Վաղն առավոտյան դու ազատված կլինես։
Երբ մութն ընկավ, ծարավն անտանելի դարձավ։ Մարոն փորձեց ջուր խմել, սակայն իսկույն հետ տվեց։ Նրա ուռած և քարի պես պինդ փորի լարված մաշկին հայտնվել էր կապտավուն երակների ցանց։ Նրան թվում էր, որ որովայնի մեջ դանակներ էին խրվում, գալարում էին աղիները, կտրատում, իսկ հետո խրվում էին ողնաշարի մեջ։ Ատամներր սեղմած՝ նա հերոսաբար դիմանում էր կծկումներին, որոնք շուտով ազատման նշանն էին։ Հետո սկսվեցին ավելի հաճախակի և հուժկու կծկումներ, որոնք նրան հիշեցրին այն ցավերը, որոնք ուղեկցել էին Թովմասի աշխարհ գալը, և նա հիշեց այն փոքրիկ և ջղաձգվող մարմինը, որն Ազնիվ խանումը բարձրացնելով, բացականչեց. «Մանչ է, մանչ է»: Նա մտածեց, որ այսօր ինքը փորձում էր ազատվել նման մի էակից, և հիշեց այն վիշտը, որ ապրել էր կորցնելով իր երկրորդ երեխային... Իրենք ամիսներ շարունակ թաքուն սգում էին այդ երեխայի կորուստը։
Ո՛չ։ Ինքը դրա մասին չպետք է մտածեր։ Դա անհամեմատելի էր, և ինքը չպետք է ափսոսար իր վճռի համար։ Արցունքներն աչքերին, Մարոն ափերը սեղմեց իր կողերին և իջեցրեց դեպի որովայնը և միևնույն ժամանակ ճիգ գործադրեց։ Նրա մեջքը ճկվում էր, ոտքերը լարվում էին, իսկ մարմինը գալարվում։ Նա վերսկսեց, նորից և նորից, համառորեն, ամեն անգամ պատկերացնելով, որ իր արգանդը բացվում է շուշանի ծաղկի պես, որն արտանետում է իր սերմերը, և կենտրոնացավ այդ պատկերի վրա իր ցավր մոռանալու և վախեցնող, խղճի խայթի նմանվող մտքերը վանելու համար։
Լուսաբացից քիչ անց Էմինեն եկավ Մարոյի մահճի մոտ, ուր նա պառկած էր անգիտակից վիճակում, սրված դիմագծերով, քրտնած և մահացու գունատ։ Մարոն, այրվող ճակատով, կապտած և չորացած շրթունքներով, չէր արձագանքում կանչերին և չէր սթափվում, երբ դայակը նրան թափ էր տալիս։ Էմինեն բարձրացրեց թրջված սպիտակեղենը, արյուն չկար։ Նա շոշափեց որովայնը, որը նորմալ տեսք էր ընդունել, սակայն կծկվում էր. պտուղը դեռևս այնտեղ էր։ Նա նորից փորձեց արթնացնել Մարոյին, որը միայն թույլ տնքաց, հետո նա կանչեց Այլային։
— Սիրո՞ւմ ես քո տիրուհուն,— հարցրեց նա աղջկան, որը դեռ սենյակ չէր մտել։
— Այո՛,— բացականչեց Այլան գլուխը թեքելով և ջանալով տեսնել Մարոյին, որին ծածկում էր դայակի խոշոր մարմինը։
Էմինեն մատը թափ տվեց սպախնի քթի առաջ.
— Եթե ուզում ես ծառայություն մատուցել Մարոյին, ապա ոչ մեկին չես պատմի այն, ինչ տեսել ես այստեղ։
Այդ նախազգուշացումն անհանգստացրեց Այլային։
— Մարո խանումը հիվա՞նդ է,— հարցրեց նա շրջանցելով Էմինեին մահճակալին մոտենալու համար։
— Այո, շատ հիվանդ է։
Երբ Այլան օգնում էր դայակին անկողնու սպիտակեղենը փոխել, նա ջանում էր չդիպչել իր տիրուհուն։
— Նրան կողքի շրջիր,— հրամայեց դայակը անհամբերությամբ։– Նա վարակիչ չէ։
— Ի՞նչ է նրան պատահել,— հարցրեց աղջնակը, որին դայակի խոսքերը չէին հանգստացրել։— Նա չի՞ մահանա։
— Հիմարություններ մի ասա։ Դու դժբախտություն կբերես մեր գլխին։
— Կարծես լուծ լինի,— հայտարարեց Այլան՝ ծալելով աղտոտված սավանը, որից գգվելի հոտ էր գալիս։– Մայրս այդպիսի դեպքերում խաշած բրնձի ջուրն էր մեզ տալիս։
Վերջապես Էմինեն որոշակի միտք լսեց, որին նա կարող էր կառչել։ Նա բռնեց Այլայի ուսը և ասաց մեղմացած ձայնով.
— Այո, հոյակապ միտք է։ Իջիր ներքև և ինքդ լվա սպիտակեղենը։ Լվացքատուն չտաս։ Հետո բրինձ կխաշես և ջուրը կբերես։
Երբ քառորդ ժամ անց աղախինը վերադարձավ՝ բերելով մի բաժակով բրնձի ջուրը, դայակը լվացել էր Մարոյի մարմինը։ Նրանք հիվանդին նստեցրին անկողնում, կիսաբաց արեցին բերանը և բրնձի ջուրը խմեցրին։ Մարոն ործկաց, սակայն ջրի մի մասը խմեց։
— Լավ է,— ասաց Էմինեն։– Մի քիչ հետո էլի կտանք։
Այլան նստեց մահճակալի եզրին։ Նա թրջում էր Մարոյի դեմքը, իսկ հետո այնքան էր հովհարով հովացնում, մինչև չորանում էր, հետո նորից նույն բանն էր անում այն հույսով, որ նրա ջերմությունը կիջներ։ Էմինեն գետնին նստած ճոճվում էր, ծնկներն էր ծեծում և ողբ էր անում։
— Էս ի՜նչ արեցի։ Էս ի՜նչ արեցի։ Փորձա՜նք, փորձա՜նք։
Էմինեի այդ վարքագիծը Այլային տարօրինակ թվաց, և նա դադարեց նրա վրա ուշադրություն դարձնել։ Նա մտքում Աստվածամորն էր աղոթում։ Զգացմունքներով տոգորված աղջկան թվում էր, որ ինքն իր մորն էր խնամում՝ խղճուկ մի մխիթարանք, որը նրան մերժել էր իր դաժան ճակատագիրը, խեղճ կինն ընկել էր ճանապարհին, և Այլային, որի անունն այդ ժամանակ Վարդուհի էր, ոստիկանները մտրակներով քշել էին մոր մոտից, և նա ստիպված էր եղել թողնել մեռնող մորը ճանապարհին։
— Քո շրթունքները շարժվում են,— նկատեց Էմինեն գրեթե անտարբեր տոնով։
— Ես աղոթում եմ իմ Աստծուն,— պատասխանեց աղջիկը հանդուգն տոնով։
— Լավ է,— ասաց դայակը մտահոգ՝ լռության մեջ ընկղմվելուց առաջ։
Մի քանի ժամ անց Բույուկ խանումը եկավ նորություններ իմանալու։ Նա կռացավ մահճակալի վրա և տեսնելով հիվանդի գունատությունը, նրա ծանր շնչառությունը, մտահոգվեց։ Նա ձեռքը տարավ դեպի Մարոյի ճակատը, սակայն, միտքը փոխելով, ընդհատեց այդ շարժումը և արագ հեռացավ մահճակալի մոտից։
— Կարո՞ղ է տիֆ լինել,— հարցրեց նա դայակին և մտածեց այն միջոցառումների մասին, որ անհրաժեշտ կլիներ ձեռնարկել ընտանիքի մնացած անդամներին վարակից զերծ պահելու համար։ Ասում են, որ այդ հիվանդությունը տարածված է։
— Ոչ,— ասաց Էմինեն,— տիֆ չէ։
Չնայած դայակին վերագրվող բժշկական գիտելիքներին, Բույուկ խանումը վստահ չէր։ Նա դուրս եկավ, ասելով, որ Ռրզա բեյը վճիռ կընդունի վերադառնալուն պես:
— Աղոթիր, Այլա,— խնդրեց Էմինեն, որր վախենում էր, որ Ռըզա բեյը կկասկածեր ինչ-որ բան, կամ էլ բժիշկ բերել կտար, որը շատ շուտ կհասկանար, թե ինչ էր կատարվել։
Կեսօրից հետո Մարոն գիտակցության եկավ, և դա հուսադրեց Էմինեին։ Սակայն հիվանդը սթափվում էր միայն տանջվելու համար։ Նրա մարմինը ցնցվում էր ուժգին կծկումներից, և նա խուլ տնքում էր։ Հետո նա ուժասպառ էր լինում և ընկնում էր կիսագիտակից վիճակի մեջ։ Դայակն ու աղախինը նստած էին նրա կողքին, մահճակալի վրա։ Մարոն չէր արձագանքում նրանց կանչերին, սակայն երբեմն հայերեն նախադասություններ էր մրմնջում։ Այլան ասում էր Էմինեին, որ դրանք կապակցված չէին, և նա չէր խաբում։ Այդ նախադասություններից կարելի էր առանձնացնել միայն մի քանի բառ՝ մայրիկ, Վարդան, հայրիկ։ Այդ վիճակը ժամեր տևեց, հանկարծ Մարոն ուժգին ցնցվեց և հևալով բացեց աչքերը։
— Վերջացա՞վ,— հարցրեց նա հազիվ լսելի ձայնով։
Էմինեն բարձրացրեց սավանը և տխուր տեսքով բացասական նշան արեց։ Մարոն փակեց աչքերը հոգոց հանելով և հասկանալի չէր, թե դա ափսոսանքի՞, թե թեթևության հոգոց էր։ Ցավերը դադարել էին, սակայն Մարոն լիովին ուժասպառ էր։
— Ես կուզենայի քնել։
Էմինեն Այլայի բերած ջրին ափիոն ավելացրեց և տվեց Մարոյին, որի ստամոքսը ձայներ հանեց, սակայն նա հեղուկը չփսխեց։ Շուտով հիվանդը հանգիստ և խորը քնեց։ Էմինեն ոտքի կանգնեց.
— Նա իրեն ավելի լավ կզգա։ Ես գնամ հանգստացնեմ Բույուկ խանումին։ Եթե որևէ բան պատահի, զգուշացրու ինձ։
Այլան շնորհակալական աղոթք էր մրմնջում։ Հանկարծ դուռը բացվեց և Թովմասի ուրախ ձայնն ասաց.
— Մայրիկ, ես եմ։ Ես...
Տեսնելով, որ մայրը պառկած է, իսկ Այլան լռելու նշաններ է անում, նա կտրուկ կանգ առավ։ Նրա ուրախ տրամադրությունը տեղը զիջեց անհանգստությանը։
— Ի՞նչ է պատահել մորս։
— Կամաց, նա քնած է։
Թովմասը մահճակալին մոտեցավ և ցնցվեց, տեսնելով Մարոյի գունատ դեմքը, նրա փոս ընկած աչքերը, կապտած շրթունքները։
— Ի՞նչ է նրան պատահել,— կրկնեց նա լացակումած ձայնով։
— Նա հիվանդ էր, ախպերիկ, սակայն գրեթե ապաքինվել է։
Թովմասը կոպտորեն հրեց Այլային, որն ուզում էր նրան գրկել, ծունկը դրեց մահճակալի եզրին և վերցրեց մոր ձեռքը։ Այն սառն էր։ Նա այնպիսի տպավորություն ունեցավ, որ Մարոն չէր շնչում, և երեխան մի պահ նայեց նրա կրծքի կանոնավոր շարժմանը համոզվելու համար, որ նա չէր մեռել։
— Մայրի՜կ,— կանչեց նա ցածրաձայն։– Մայրի՜կ...
Մայրր չէր արթնանում, կարծես այլևս երբեք չէր սթափվելու։ Թովմասին թվաց, որ նա նիհարել էր, քիթը սրվել էր, իսկ աչքերր փոս էին ընկել։ Նա նայեց նրա ճաքճքած շրթունքներին և հիշեց քարանձավում մեռնող իր տատի շրթունքները։ Ազնիվ խանումը նույնպես անշարժացել էր վախճանվելուց առաջ։
— Մայրիկ, մի՛ մեռիր,— լացեց նա։— Մի՛ մեռիր։
— Վախենալու բան չկա,— նրա ականջին շշնջաց Այլան։— Նա հանգստանում է։
Ձեռքի կտրուկ շարժումով նա հարվածեց աղջկան, որր խոհեմ համարեց հեռանալ պատշգամբի դռան մոտ։ Որքան ավելի էր Թովմասը նայում մորը, այնքան ավելի էր ահագնանում նրա վախը, որ մայրը կմեռներ և իրեն կլքեր։ Ինչ պետք է աներ առանց նրա։ Կյանքը կիմաստազրկվեր։ Ինքը միայնակ կմնար աշխարհում, օտարներով շրջապատված... Ոչ, ինքը կմեռնի նրա հետ, ինչպես Արաքսին էր մեռել Արմենի գերեզմանի վրա։
Այդ ամենն իր հոր մեղքով էր, որը չէր եկել իրենց մոտ։ Ինչո՞ւ էր նա իրենց լքել։ Ինչո՞ւ։ Իրենք այնքան էին նրան սպասում։ Հայրը թույլ էր տվել, որ իրեն ձերբակալեին իր տարեդարձի օրը, իսկ երկու շաբաթ առաջ լրացել էր իր յոթ տարին։ Մեկ ամառ էր անցել, հետո մեկ անձյուն ձմեռ, և հիմա նորից ամառ էր։ Վարդանն արդեն վաղուց պետք է եկած լիներ։ Թովմասի գլուխը մի միտք եկավ, որը նա բոլոր ուժերով վանում էր իրենից, մի միտք, որից նա բղավել էր ուզում, որ ինքն այլևս երբեք չէր տեսնելու հորը։ Իսկ մայրր մեռնում էր։ Նա այլևս ոչ ոք չէր ունենա։
Մարոն թույլ տնքաց։
— Մայրի՜կ,— կանչեց նա թափ տալով մոր սառը ձեռքը։– Մայրի՜կ։
Մարոն չարձագանքեց։ Թովմասը վեր թռավ մահճակալից, դուրս եկավ սենյակից և բղավելով վազեց դեպի Ռըզա բեյի սենյակը.
— Մայրիկս մեռնո՜ւմ է։ Մայրիկս մեռնո՜ւմ է։
— Ի՞նչ է պատահել,— լսվեց մի ձայն նրա թիկունքում։
Թովմասը կանգ առավ ու շրջվեց։ Միջանցքի մյուս ծայրում Ռըզա բեյը դուրս էր գալիս Բույուկ խանումի բնակարանից։ Թովմասը նետվեց նրա կողմը, կրկնելով.
— Մայրիկը մեռնում է։ Մայրիկը մեռնում է։
Ռըզա բեյն արագ քայլերով նրան ընդառաջ եկավ, և նրանք հանդիպեցին սանդուղքի դիմաց։
— Ի՞նչ ես մոգոնում։
Թովմասը բռնեց նրա ձեռքը և քարշ տվեց դեպի մոր սենյակը, տենդագին ձայնով կրկնելով.
— Մայրիկը շատ հիվանդ է։ Դուք պետք է նրան փրկեք, խնդրում եմ։ Ես չեմ ուզում, որ նա մեռնի։
Բույուկ խանումի բերանից դուրս թռած «տիֆ» բառից արդեն իսկ վախեցած Ռըզա բեյը վազեց՝ իր հետևից քարշ տալով երեխային։
Այլան խոնարհվեց տիրոջ առջև և ասաց հանգստացնող ձայնով.
— Մարո խանումը շատ հիվանդ էր, բայց հիմա մի քիչ ավելի լավ է իրեն զգում։
Առանց աղջկան նայելու, Ռըզան մոտեցավ մահճակալին, և տեսածը հաստատեց նրա մտավախությունն ու խուճապի մատնեց նրան։ Նրան թվաց, որ հիվանդությունն անճանաչելի էր դարձրել իր սիրուհուն։ Միայն սարսափելի մի հիվանդություն կարող էր երկու օրում արմատապես փոխել մարդուն։ Նա Թովմասին հրեց դեպի դուռը.
— Գտիր Աբդուլային և ասա, որ անմիջապես թամբի իր ձին։
Թովմասն անհայտացավ հողմի պես։
— Բուժակ կանչե՞լ են։
— Ոչ, բեյ էֆենդի։ Մարո խանումով Էմինեն է զբաղվել։
— Ի՞նչ եք նրան տվել:
— Խաշած բրնձի ջուր։
— Դա չէր կարող նրան վնասել,— ասաց նա դառնալով դեպի մահճակալը։
Նա հպվեց Մարոյի ճակատին, որը տաք ու խոնավ թվաց նրան, հետո շոշափեց ձեռքերն ու ոտքերը, որոնց սառնությունն այդ շոգ եղանակին պետք է որ անհանգստացներ։
— Ի՞նչն էր ցավում։
— Փորը, բեյ էֆենդի։
Նա ձեռքը դրեց Մարոյի փորին, սկզբում թեթևակիորեն սեղմելով, իսկ հետո ավելի ուժգին, նա կոշտացում զգաց, և դա նրան վախեցրեց։ Թովմասի ճիչը՝ «Մայրիկը մեռնում է», նորից հնչեց նրա ականջին։ Ո՛չ, ինքը չէր ուզում։ Նա չէր կարող համակերպվել նրան կորցնելու մտքի հետ։ Նա փաղաքշեց Մարոյի գունատ այտերը. այն կնոջ, որին այդքան սիրում էր, և նրա հոգում վրդովմունքի ալիք բարձրացավ իր անկարողության դեմ։ Ոչինչ չէր կարելի խնդրել Ալլահից, քանի որ նա ի սկզբանե ամեն ինչ վճռել էր, և առավել ևս չէր կարելի նրա հետ սակարկել, ինչպես անում էին անհավատները իրենց Աստծու հետ։ Ամեն դեպքում Ռըզա բեյն այնքան էր հուսահատված, որ շշնջաց. «Ես Այնթապում նոր մզկիթ կկառուցեմ», սակայն առանց ձևակերպելու ենթադրվող պայմանը։
Բույուկ խանումը ներքուստ հանդիմանում էր իր որդուն, որը թույլ էր տվել օտարին ոտք դնել հարեմ։ Այս տանն իր անցկացրած քառասունինը տարիների ընթացքում այդպիսի բան առաջին անգամ էր տեղի ունենում և անկասկած առաջին դեպքն էր այն պահից ի վեր, երբ այս տունը կառուցվել էր Ռըզա բեյի պապի կողմից։ Նա հրամայել էր հարսներին մնալ իրենց սենյակներում և Էմինեի ընկերակցությամբ, քողերով ծածկված, նրանք նայում էին ավստրիացի բժշկին, հետևելով նրա բոլոր շարժումներին և, մանավանդ, որ Մարոյի վրա գցած նրա հայացքը զուտ մասնագիտական լիներ։
Բժիշկ Էռնստը՝ Այնթապում տեղակայված գերմանական բարձրաստիճան սպաներին սպասարկող բժիշկը, հետաքրքրական էր համարում, որ իրեն հրավիրել էր օսմանյան գավառապետը և որ ինքը պետք է կին բուժեր։ Դա ընդունված չէր մահմեդական ընտանիքներում։ Ճամբար վերադառնալուց հետո իր հայրենակիցներր նրան չէին հավատալու, և այդ պատճառով նա ջանում էր հիշել ամեն ինչ։ Նա մի քիչ հիասթափված էր, քանի որ հարեմ բառը նրա գլխում առասպելական վայրի պատկերներ էր ծնում, իսկ նա տեսնում էր սովորական մի միջանցք, որի երկայնքով սենյակներ էին տեղադրված։ Նա ստիպված էր լինելու գունազարդել իրականությունը, որպեսգի ընկերներն իրեն հավատային։ Դա չէր հակասի նրա խառնվածքին, քանի որ հաճախ էր ստիպված լինում խեղաթյուրել իրականությունն իր հիվանդների առջև նրանց ոգևորելու և ապաքինումն արագացնելու նպատակով։
— Հարկավոր է սա նրա վրայից հանել,— ասաց նա գերմաներեն՝ ցույց տալով քողը, որով Բույուկ խանումը ծածկել էր Մարոյի դեմքը։
Թարգմանելու փոխարեն Ռըզա բեյն ինքը հանեց քողը Մարոյի վրայից, և դա առաջացրեց նրա մոր դժգոհությունը։
— Ձեր կինը շատ գեղեցիկ է,— հայտնեց բժիշկը Ռըզա բեյին գնահատանքով։
Վերջինս չոր պատասխանեց.
— Նա հիվանդ է։
— Ես դրանով կզբաղվեմ,— պատասխանեց Էռնստը հասկանալով, որ իրեն ճիշտ չէր պահել։
Նա կգերադասեր, որ բոլորը հեռանային, քանի որ այնպիսի տպավորություն ուներ, որ քննություն էր հանձնում, ինչպես ուսանող ժամանակ։
Մարոն արթնացավ և ցնցվեց, տեսնելով իր վրա կռացած անծանոթին։ Նրա դեմքը երկարավուն էր, կզակի վրա փոսիկ կար, բեղերը շեկ էին, իսկ աչքերը կապտա-մոխրագույն և կիսով չափ թաքնված էին այտուցված կոպերի տակ։
— Օրհնված լինի Ալլահը, նա սթափվում է։
Ռըզա բեյի ձայնն էր։ Մարոն գլուխը թեքեց և տեսավ, որ նա ժպտում էր իրեն։ Նրա կողքին կանգնած էին Բույուկ խանումը, որը բացահայտորեն դժգոհ էր իրավիճակից, և խեղճ Էմինեն, վախեցած, որ գիտնական այրը կհայտնաբերեր վիժման փորձը։
— Ես պետք է ձեզ քննեմ, տիկին։
Նա բարյացակամ տոնով էր խոսում, սակայն նրա ձայնը մի քիչ կոպիտ էր, և Մարոն, որը գերմաներեն չէր հասկանում, հարցրեց Ռըզային.
— Ի՞նչ է ասում։
— Դու չպետք է նրա հետ խոսես,— ասաց Բույուկ խանումը հրամայական տոնով։
Մեկ քայլ առաջ գալով և կանգնելով մոր և սիրուհու միջև, Ռըզա բեյը մեղմորեն ասաց.
— Մի հոգնեցրու քեզ, աղունիկս։ Սա բժիշկ է, և քեզ կբուժի։
Հեռ էռնստը, որին նկարագրել էին հիվանդության ախտանիշները, չափեց հիվանդի ջերմությունը, քննեց աչքերը և շոշափեց նշիկները։ Իմանալով այդ երկրի տղամարդկանց զգայունությունն այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում Էր նրանց կանանց սրտովին, նա զգուշորեն էր քննում հիվանդին, ընդգծված անտարբերություն ցուցաբերելով, և դրանից նրա շարժումները անվստահ էին դառնում։ Բույուկ խանումը չէր թաքցնում իր անհամբերությունը։
— Բայց ես պետք է իմ գործն անեմ,— բողոքեց բժիշկը։
— Հանգիստ ձեր գործով զբաղվեք, բժիշկ,— պատասխանեց Ռըզա բեյը։– Կարևորը, որ նա ապաքինվի։
— Սիրտն ու թոքերր լսելու և որովայնը քննելու համար հարկավոր է իջեցնել վերմակը։
Առանց տատանվելու Ռրզան իջեցրեց վերմակը մինչև Մարոյի պորտը, մինչդեռ նրա վրդովված մայրը գլուխն էր տմբտմբացնում։ Մարոն փորձում էր նայել բժշկի աչքերի մեջ, կարծելով, որ գեթ հայացքով կարող էր նրան հասկացնել, որ ինքը պատանդ էր այս տանը։ Երբ բժիշկը սկսեց շոշափել Մարոյի փորը, նրա դեմքը փոխվեց, և Մարոն հասկացավ, որ նա հայտնաբերել էր հղիությունը։ Անկասկած, նա գուշակել էր նաև, որ ինքը փորձել էր ազատվել երեխայից, քանի որ երբ նա գլուխը բարձրացրեց, նրա հայացքը, որը հանդիպեց Մարոյի հայացքին, դավադրական էր։
Բույուկ խանումը շտապեց բարձրացնել վերմակը մինչև Մարոյի քիթը։
— Թունավորում,— հայտարարեց բժիշկը՝ տեղավորելով իր գործիքները։
— Թունավորո՞ւմ,— բացականչեց Ռըզա բեյը, որն իսկույն կասկածեց իր երրորդ կնոջը։
Գոհ մնալով իր խոսքերի թողած տպավորությունից, բժիշկը ճշգրտեց.
— Սննդային։ Սննդային թունավորում։
— Անհնար է։ Այստեղ մտնող սննդամթերքը առաջնակարգ է և ուրիշ ոչ ոք չի թունավորվել։
— Օ՜, գիտեք, այսպիսի շոգ եղանակի պայմաններում սննդամթերքը շատ շուտ է փչանում։ Ճանճերը... Սակայն նա շուտ կապաքինվի։ Շատ մեղրաջուր տվեք, կաթ, մածուն, իսկ մի քանի օրից անցեք ավելի սննդարար կերակուրների։
— Դուք ինձ հանգստացրեցիք, հեռ Էռնստ,— ասաց Ռըզա բեյը, բարեկամաբար հպվելով նրա ուսին։
— Նա պետք է երկու հոգու տեղ ուտի,— ավելացրեց բժիշկը խորամանկ տեսքով։— Պարոն գավառապետ, ես պատիվ ունեմ ձեզ հայտնելու, որ ձեր... կինը հղի է։
Ռըզա բեյը ապշեց, մի պահ խոսք չէր գտնում, հետո ծիծաղեց, դարձավ Մարոյին և բացականչեց.
— Դու ինձնից երեխա ես ունենալու։
Մարոն իրեն ստիպեց ժպտալ, իսկ դայակը հանգիստ շունչ քաշեց, ուրախանալով, որ Մարոն համակերպվել էր այդ երեխայի գոյության հետ և, հատկապես, թեթևություն զգալով, որ այլևս ոչ ոք ոչինչ չէր իմանա անիծյալ թուրմի մասին։
Ռըզա բեյը համբուրեց Մարոյի ձեռքերը և մրմնջաց հուզված ձայնով.
— Աղունի՜կս... աղունի՜կս... Դու ինձ անսահման երջանկություն ես պարգևում։
Նա ուղղվեց և մորը սեղմեց իր գրկում։
— Թող օրհնված լինի այս օրը։ Այդ կապակցությամբ ես փոքր մզկիթ կկառուցեմ։
Բույուկ խանումը վանեց իր որդուն և փորձեց նրան խելքի բերել.
— Մզկի՞թ։ Նույնիսկ չմտածես դրա մասին, դա խենթություն է։ Քո պապը...
Ռըզան ձեռքը բարձրացրեց մոր ընդդիմությանը վերջ տալու համար.
— Ես այդպես եմ վճռել և այդպես էլ կլինի։
Ծեր կինը դժկամությանբ խոնարհվեց, վիրավորվելով, որ իրեն այդպես կոպտել էին օտարի ներկայությամբ, որը չէր թաքցնում իր հետաքրքրասիրությունը։
— Հիմա թող նա հանգստանա,— ասաց Բույուկ խանումը, դուռը ցույց տալով։
Նա ուզում էր, որ այդ մարդը հնարավորին չափ շուտ հեռանար հարեմից։ Սենյակից դուրս գալուց առաջ ծեր կինը մոտեցավ Մարոյին, ջերմորեն նրան ժպտաց և առաջին անգամ համբուրեց նրա ճակատը։
— Հեռ Էռնստ, կոնյակ կխմե՞ք,— հարցրեց Ռըզա բեյը, երբ Էմինեն փակեց դուռը։
Դայակը գետնին նստեց մահճակալի մոտ և ուրախությունից լաց եղավ։
—– Ես այնպես վախեցա, Մարո, այնպես վախեցա... զղջացի, որ լսեցի քեզ։ Բայց դու ապաքինվում ես, Ալլահը մեծ է։
— Իսկապես,— ասաց Մարոն թույլ ձայնով և հլու տոնով,— դա Աստծու կամքն է։
Արձանագրելով անհաջողությունը՝ Մարոն մտածեց, որ դա Աստծու կամքն էր և որ ինքը պետք է համակերպվեր այդ իրողության հետ։ Աստծու ուղիներն անվերծանելի են։ Միգուցե այս երեխան ինչ-որ կարևոր դեր էր խաղալու Աստծու ծրագրերում։
Աչքերը փակելով՝ Մարոն փորձում էր քնել, երբ Թովմասը դուռը ծեծեց։ Անտեսելով թուլությունը՝ Մարոն Էմինեի օգնությամբ նստեց մահճակալին։
— Նրան ներս բեր և մեզ մենակ թող։
Երեխան նետվեց դեպի մայրը և փարվեց նրա կըծքին։ Նա դողում էր ողջ մարմնով և, դեմքը թաքցնելով, լաց եղավ։ Մարոն մատների ծայրով շոյում էր նրա մազերը։
— Կարծեցի, որ դու տատիկի պես մեռնում ես,— ասաց նա հեկեկալով։
— Ես հիմա լավ եմ, սիրելիս։
— Ասա, մայրիկ, դու ինձ չե՞ս լքի։
— Երբեք,— պատասխանեց նա, բարձրացրեց նրա գլուխը և համբուրեց։
Նա ջանում էր ժպտալ երեխային սրտապնդելու համար։
— Ձեռքերդ սառն էին։
— Ես ջերմություն ունեի, ոչ մի լուրջ բան։
— Բժիշկը քեզ բուժե՞ց։
— Լրիվ։
Թովմասն այտը դրեց մոր ուսին և երկար ժամանակ անշարժ մնաց։ Նա ուրիշ բան ուներ ասելու, սակայն չգիտեր, թե ինչպես արտահայտվեր և, բացի դրանից, նա հետաձգում էր այդ պահը, քանի որ զգում էր, որ դրանից հետո ամեն ինչ փոխվելու էր։ Նա ուզում էր վայելել այն պահը, երբ ինքը դեռևս միակն էր իր մոր համար... Մարոն կասկածում էր, որ իր հղիության լուրն արդեն տարածվել էր տանը և որ որդին տեղյակ էր։ Նա չէր ուզում կանխել երեխային և սպասում էր, որ նա խոսքեր գտներ։
Թովմասը խորը շունչ քաշեց, հետո ևս մեկ անգամ, տատանվեց և վերջապես շշնջաց առանց մորը նայելու.
— Ճի՞շտ է, որ դու երեխա ես ունենալու։
Մարոն շփեց նրա վիզը.
— Այո, Թովմաս։
— Ինչո՞ւ
— Դա Աստծու կամքն է։
— Տղա՞։
— Դա նույնպես Աստծու ձեռքերում է։
Երեխան լռում էր, և Մարոն զգաց նրա անպաշտպանությունը։ Չնայած հոգնածությանը, նա բացատրեց մեղմ ձայնով.
— Այն փաստը, որ ես երեխա եմ ունենալու, տղա լինի, թե աղջիկ, քեզ չի զրկի ոչնչից, Թովմաս։ Դու միշտ կլինես իմ սիրելի որդին՝ առաջնեկը։ Մոր սիրտն այնպես է ստեղծված, որ նա կարող է սիրել տասը երեխա և չի բաժանում այդ սերը տասը մասի, այն ավելի շուտ բազմապատկվում է։ Նույնն էլ քո դեպքում է։ Դու սիրում ես հորդ և սիրում ես մորդ և ոչ թե կիսատ սիրով, այլ լիարժեք սիրում ես յուրաքանչյուրին։ Եվ բացի դրանից, դու սիրում էիր տատիկիդ, կնքահորդ, Արաքսիին, շանդ... Դու հասկանո՞ւմ ես։
— Այո, մայրիկ։
Հանգստանալով՝ Թովմասը նստեց ու հարցրեց.
— Իսկ ե՞րբ է քո երեխան ծնվելու։
— Հիմա հուլիսն է... Նոյեմբեր ամսին, ձմեռնամուտին։
Թովմասը հոնքերը կիտեց, կարծես մտածեր լուրջ խնդրի մասին։
— Եթե հայրիկը մինչև նոյեմբեր չգա... ո՞վ կլինի երեխայի հայրը։
Մարոն հասկացավ, որ որդին ոչ մի պատկերացում չուներ, թե ինչպես էին երեխաները ծնվում, և մտածեց, որ տվյալ հանգամանքներում դա ավելի լավ էր։ Եվ համոզվեց, որ ինքն ամեն ինչ արել էր, որպեսզի նա չկասկածեր իրենց հյուրրնկալողի հետ իր հարաբերությունների բնույթի մասին։
Թովմասը կրկնեց հարցը։ Մարոն պատասխան էր փնտրում, որը կհամապատասխաներ երեխայի տրամաբանությանը։
— Նրա հա՞յրը։ Դե հիմա... Նա հայր չի ունենա։
— Նա պե՛տք է հայր ունենա։
— Այդ դեպքում մենք կխնդրենք Ռըզա բեյին, որ նա լինի երեխայի հայրը։
Թովմասը համարեց, որ դա լավագույն լուծումն էր։ Ինքը կլիներ Վարդանի միակ որդին, իսկ այդ երեխան չէր լինի իր եղբայրը կամ քույրը։ Հոր մասին մտածելիս Թովմասը մռայլվեց։ Նա իրեն մեղավոր էր զգում քիչ առաջ իրեն այցելած մտքերի համար, երբ նա վախեցել էր, որ Մարոն կմեռներ։ Ո՛չ։ Վարդանը իրենց չէր լքել։ Իր մեղքը չէր, որ իրենք բաժանված էին, նրան խանգարում էին։ Եվ որ ամենակարևորն էր, նա չէր մեռել։ Ո՛չ, նա չէր կարող մեռնել։
Սակայն զուր էր Թովմասը փորձում իրեն հանգստացնել, քանի որ կորցրել էր հոր ալու հանդեպ հավատը։ Շատ երկար ժամանակ ինքն ապրում էր վստահ լինելով, որ այդ բանը տեղի էր ունենալու վաղը, կամ վաղը չէ՝ մյուս օրը, ամենաուշը մի շաբաթ հետո, և դա նրան հնարավորություն էր տալիս նույնիսկ երջանիկ լինել և նրան շատ չկարոտել։ Հենց նոր միայն նա գիտակցեց, թե որքան ժամանակ էր անցել Սվասի իրենց բաժանումից հետո։ Ավելի քան մեկ տարի։ Այնքան օրեր էին անցել, որ դրանք խառնվել էին իրար։ Իսկ հիմա նա սարսափով մտածում էր, որ հնարավոր էր, որ նույնքան օրեր կանցնեին մինչև իրենց հանդիպումը։ Թովմասը հիշեց լերկ մի սարահարթ, ուր իրենք քայլում էին տատիկի և այլ հայերի հետ միասին, քայլում էին այնքան երկար, որ իրենց բոլորին թվում էր, որ դրա ծայրին իրենք երբեք չէին հասնելու։ Ազնիվ խանումն ասում էր, որ ամեն քայլի հետ հորիզոնը էլ ավելի Էր հեռանում։ Նույն վիճակն Էր այսօր։
Հիվանդ մորը չվշտացնելու համար Թովմասը բոլր այդ մտքերն իրեն պահեց և պարզապես հարցրեց.
— Մայրիկ, մենք կարո՞ղ ենք հայրիկին գրել։
Մարոն թուքը կուլ տվեց և պատասխանեց՝ վերահսկելով իր զզացմունքները.
— Ոչ, ես չգիտեմ, թե որտեղ Է նա։ Միակ բանը, որ կարող ենք անել, աղոթելն Է։
1916 թ. սեպտեմբերի վերջին Ռըզա բեյը տուն էր վերադառնում Մուրադ փաշայի՝ շրջանի զինվորական պարետի և գերմանացի բարձրաստիճան սպաների հետ հանդիպումից։ Նորոթյունները, որոնց նա տեղեկացել էր, տագնապալի էին և վերաբերում էին պատերազմի ընթացքին։ Նախորդ ապրիլին ռուս կազակների գնդերը ափ Էին իջել Տրապիզոնում և գրավել էին քաղաքը։ Էրզրումն արդեն ռուսների ձեռքում էր, հուլիսին օսմանյան 282 հետևակային գումարտակ հարձակում սկսելով այդ ուղղությամբ, սկզբնական ճեղքումից հետո անհաջողության էին մատնվել։ Հակահարձակման ժամանակ ռուսները տիրացել էին Երզնկային։ Այդ ճգնաժամային պահին Մուսթաֆա Քեմալը՝ Գալիպոլիի հերոսը, վերակազմավորել էր երկրորդ բանակը՝ ստորաբաժանումներ բերելով Դիարբեքիրից և Մալաթիայից, սակայն չնայած մանր հաղթանակներին, նա չէր կարողացել ճեղքել ռուսների դիրքերը և ստիպված էր եղել նահանջել։ Այդ ռազմական գործողություններում կայսրությունը կորցրել էր վաթսուն հազար զինվոր։
Բարեբախտաբար, այդ լեռնային շրջաններում վաղ սկսվող ձմեռը կստիպեր զորքերին ամրանալ իրենց դիրքերում։ Դա մի քանի ամսվա դադար կպարգևեր, որը պետք կլիներ օգտագործել, քանի որ ըստ գերմանական հետախուզական ծառայությունների տվյալների, ռուսները պատրաստվում էին գարնանը ռազմական գործողություններ սկսել Սվասի ու Խարբերդի շրջաններում, որոնք համաձայնեցված էին անգլիացիների գործողությունների հետ Միջագետքում։ Իսկ ամենավատն այն էր, որ Սև ծովի ռուսական նավատորմիղը փորձելու էր գրավել Բոսֆորի նեղուցն ու Կոստանդնուպոլիսը։ Այդ ամենը կարող էր բերել Օսմանյան կայսրության անկմանը։ Ռըզա բեյը դա գիտակցում էր և ինքն իրեն հարց էր տալիս, թե չէ՞ր սխալվել արդյոք սերտորեն համագործակցելով Իթթիհատի կառավարության հետ։ Եթե կայսրությունը տանուլ էր տալու պատերազմը, ապա ոչ մի կասկած չկար, որ հաղթողներր հաշիվ էին պահանջելու հայերի հետ կատարվածի համար։
Զգույշ մարդ լինելով, Ռըզա բեյը վճռել էր նախապատրաստել իր պաշտպանությունը հայերի բնաջնջմանը մասնակցելու մեջ հնարավոր մեղադրանքների դեմ։ Բազմաթիվ քրիստոնյաներ կարող էին վկայել իր հովանավորության մասին, օտար միսիոներներ՝ տրամադրված օգնության մասին։ Բայց դա բավարար չէր։ Նա պետք է ապացուցեր իր անհամաձայնությունը պաշտոնական քաղաքականության հետ, որի որոշումները, այնուամենայնիվ, որպես գավառապետ ստիպված էր կատարել։ Այդ միջոցը գոյություն ուներ, և այն իրեն հուշել էր Գանի բեյը՝ պահանջելով, որ չգաղտնագրված նամակներում ինքը խոսեր ներողամտության և մարդասիրական միջոցների մասին, մինչդեռ իրական հաշվետվությունները հաղորդվում էին գաղտնագրված հեռագրերով։
Տուն հասնելուն պես Ռըզա բեյը փակվեց իր գրասենյակում ներքին գործերի նախարարին հասցեագրված առաջին նամակի սևագիր օրինակը գրելու համար։
«Հազարավոր և հարյուր հազարավոր ողորմելի և սարսափահար կանայք ու երեխաներ թափառում են այսօր Անատոլիայի լեռնային ճանապարհներին։ Ես սպասում եմ, որ կառավարությունն արդարամտություն կցուցաբերի և որ այդ մարդիկ ձմեռն ընկնելուց առաջ կվերադարձվեն իրենց օջախները կամ էլ կբնակեցվեն այնտեղ, ուր իրենք կցանկանան»։
Նա գրիչը վայր դրեց և կարդաց նամակը։ Ահա թե ինչը կփրկեր իրեն։ Բնական էր, որ նա մտադիր էր չհրկիզվող պահարանում պահպանել այս նամակի պատճենը, որը նա կկարողանար ներկայացնել նման նամակների հետ միասին, եթե հանգամանքները պահանջեին։
Ռըզա բեյը պատրաստվում էր տեղից վեր կենալ, երբ պատասխանի սպասող նամակների կույտում նա նկատեց մի հեռագիր, որը եկել էր Մուրադ փաշային իր կատարած այցելության ընթացքում։ Գաղտնագրված նամակը եկել էր մայրաքաղաքից և Ռըզա բեյն առաջին հերթին վերծանեց ուղարկողի անունը՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշա։
— Նորից,— շշնջաց նա, տեսնելով 854 համարը հեռագրի աջ անկյունում։— Էլ գործ չունի, հեռագրեր է ուղարկում։
Հեռագրի տեքստը հետևյալն էր. «Այն պահին, երբ հազարավոր մահմեդական տարագիրների և նահատակների այրիները պաշտպանությանդ և սննդի կարիք ունեն, անթույլատրելի է ծախսեր անել՝ կերակրելով հայտնի անձանց երեխաներին, որոնք ապագայում վտանգ են ներկայացնելու մեր երկրի համար։ Հարկավոր է նրանց մանկատներից տեղափոխել տեղահանվածների ճամբարները»։
Հրահանգին համապատասխան նա այրեց հեռագիրը։ Վաղը ինքը մեկ ուրիշ հեռագիր կստանար, որը գաղտնագրված չէր լինի և ուր տրամագծորեն հակառակը գրված կլիներ և որը պետք էր հաշվի չառնել, սակայն պետք էր հանձնել արխիվ։ Նույնիսկ ներքին գործերի նախարարը նախապատրաստում էր իր պաշտպանությունը։ Այս երկերեսանիությունը հանկարծ զզվանք առաջացրեց Ռըզայի հոգում և վերակենդանացրեց նրա կասկածները երկու տարի առաջ կայացրած վճռի՝ տեղահանությունների գործընթացում դերակատարություն ունենալու առաջարկությունն ընդունելու ճշմարտացիության վրա։ Նա ափսոսանքով էր հիշում այն ժամանակը, երբ ինքը պարզապես հարուստ մարդ էր առանց պաշտոնական դիրքի և կարող էր ազատորեն զբաղվել իր հողերով և իր ընտանիքով։ Հիմա նահանջելու համար արդեն ուշ էր, հարկավոր էր խաղը շարունակել և կրկնակի խաղ վարել։ Սի կողմից Բարձր դռան վստահությունը պահպանելու համար ինքը պետք է կատարեր նրա հրամանները և հազարավոր մարդկանց ուղարկեր դեպի անխուսափելի մահ, իսկ մյուս կողմից զիջեր միսիոներների ու արտասահմանյան հյուպատոսների ճնշումներին և իր հոգու կարեկցանքի զգացմանը, թույլատրելով եվրոպական և ամերիկյան որբանոցների գոյությունը և մթերք մատակարարելով հայ որբերին։
Նա հառաչելով վեր կացավ, ծխախոտ վառեց և դուրս եկավ գրասենյակից։ Իր սեղանի մոտ նստած Պետրին ոտքի կանգնեց։
— Ռըզա բեյ, պետք է...
— Ավելի ուշ,— պատասխանեց Ռըզան, անհամբեր շարժում անելով։
Առանց կանգ առնելու նա շարունակեց ճանապարհը։ Նա ձանձրացել էր թղթերից և զեկույցներից, Իթթիհատի տեղական անդամների վեճերից, որոնք արտոնություններ էին պահանջում, հոգնել էր բաշխման իրականացմանը հետևելուց, ձեռքի տակ եղած սուղ միջոցներով տիֆի համաճարակը զսպելու ջանքերից, հոգնել էր պատերազմից։ Նա պատրաստվում էր իններորդ անգամ հայր դառնալ և այդ պատճառով վանում էր այդ բազմաթիվ մահերի մասին մտքերը։ Մահեր, որոնց մեջ նա իր մեղքի բաժինն ուներ։ Նա կուզեր իրեն համարել այն արդար մարդը, ինչպիսին իր կարծիքով եղել էր մոտ անցյալում, որը շահասեր էր, բայց մեծահոգի, անխիղճ էր գործարքներում, սակայն հարգում էր Ղուրանի պատվիրանները։ Սակայն նա չէր կարող ջնջել իր կյանքից այն, ինչ պատահել էր վերջին երկու տարիների րնթացքում։
Ճաշասենյակի սեղանը կիտրոնի յուղով փայլեցնող աղախնին նկատելով՝ Ռըզան հրամայեց.
— Էմինե խանումին ասա, որ գա ինձ մոտ հյուրասենյակ, և մեզ սուրճ բեր։
Իր ծեր դայակն անպայման որևէ ուրախացնող բան կգտներ սուրճի նստվածքի մեջ։
Մարոն նստած էր նիվենու տակ ընթերցանությամբ տարված Սաֆիյեի կողքին և խանձարուր էր կարում երեխայի համար, որը ծնվելու էր երկու ամսից։ Այս փոքրիկից ազատվելու անհաջող փորձից հետո Մարոն համակերպվել էր նրա գոյության հետ և նույնիսկ սկսել էր սիրել ամիսների ընթացքում։ Երբ երեխան շարժվում էր, Մարոն մտքում խոսում էր նրա հետ, որպեսզի նա իրեն ցանկալի զգար և չկասկածեր, որ ինքն ուզել էր նրանից ազատվել։ Նա մեղք չուներ, որ իրեն ստեղծել էին և չպետք է տառապեր այն հանգամանքների հետևանքով, որոնք ուղեկցել էին նրա սաղմնավորմանը։ Ազնիվ խանումը սովորություն ուներ կրկնելու, որ փոքրիկ երեխան զգում է իր մոր մտքերը արգանդում եղած ժամանակ։ Առանց իսկապես հավատալու այդ բանին, Մարոն այնուամենայնիվ հետևում էր այդ նախապաշարմունքին, և որպեսզի երեխան չշփոթվեր իր հոր ինքնության վերաբերյալ, նա խուսափում էր մտածել Վարդանի մասին, կամ էլ բացասական զգացմունքներ տածել Ռըզայի նկատմամբ։ Նա ուզում էր, որ երեխան աշխարհ գար երջանիկ, և ինքն իրեն ստիպում էր հղիությանը տանել հանդարտորեն։ Երեխայի ծնվելուց հետո Մարոն ժամանակ կունենար նորից անդրադառնալու այդ երեխայի գոյությամբ բարդացած իր և Թովմասի ապագայի խնդրին։
Թովմասը, տաղավարի անկյունում թաքնված, հեռվից հետևում էր մորը և տառապում էր անտեսված լինելու զգացումից։ Չնայած Մարոն նույնքան և նույնիսկ ավելի ուշադիր և համբերատար էր նրա նկատմամբ, քան մինչ հղիությունը, Թովմասը իրեն լքված էր զգում։ Մարոյի փորում գտնվող երեխան, միշտ մոր հետ էր, անընդհատ խոսում էր նրա հետ, և մորը նայելով, Թովմասը հասկանում էր, որ Մարոն լսում և պատասխանում էր նրան։ Դա մի զրույց էր, որը ոչ ինքը, ոչ էլ մյուսները չէի կարող հասկանալ։ Դա մի գաղտնիք էր, որին ինքն անհաղորդ էր։ Ի՞նչ կարիք կար ունենալ այդ երեխային։ Արդյոք իր որդին իրեն հերիք չէ՞ր։ Նա ավելի երջանիկ էր թվում այն պահից, որ սպասում էր այդ նոր երեխային։
Ռըզա բեյը կանգ առավ դռան մեջ և տեսավ Թովմասի դեմքին դրոշմված խանդն ու անհանգստությունը։ Դա նրան տխրեցրեց, քանի որ նա սիրում էր այդ խելացի և ուրույն խառնվածքով տղային։ Թովմասը, անկասկած, կհաղթահարեր այդ ամենը։ Դա առաջնեկների ճակատագիրն էր, մի օր նրանք ստիպված են լինում համակերպվել այն մտքի հետ, որ իրենք դադարում են իրենց մոր սիրո միակ առարկան լինելուց, և Ռըզան շատ լավ էր հիշում իր կյանքի այդ դժբախտ շրջանը, չնայած ինքն ընդամենը չորս տարեկան էր։ Եթե ինքն այդ ամենը պատմեր Թովմասին, ապա, միևնույն է, նրան չէր օգնի։
— Ուզո՞ւմ ես գնանք օդանավերին նայելու,— հարցրեց Ռըզա բեյը երեխային մոտենալով։
Չիմանալով, որ իրեն հետևում էին, Թովմասն արագ շրջվեց՝ ինքնապաշտպանության պատրաստ։ Ռըզա բեյը կրկնեց իր առաջարկը, որը երեխան պատրաստակամությամբ ընդունեց.
— Գնա զգուշացրու եղբայրներիդ։ Ձիերը թամբել տվեք։ Ես ձեզ կմիանամ ախոռում։
— Քանի՞ օդանավ է։
— Երեք։ Կեսօրին են ժամանել։
Թովմասը վազելով հեռացավ, իսկ Ռըզա բեյը մոտեցավ նստարանին, ուր նստած էին իր առաջին կինն ու Մարոն։ Իր նախընտրած երկու կանանց ընկերությունը ջերմացնում էր նրա սիրտը, և նա մոռացավ հոգսերը։ Նա հերթով համբուրեց նրանց ճակատները, սկզբում Սաֆիյեի, որի աչքերը փայլեցին, ինչպես ամեն անգամ, երբ ամուսինը մոտենում էր իրեն, հետո Մարոյի, որի գեղեցկացած դեմքը հնարավորություն էր տալիս Ռըզային կարծելու, որ նա լիովին ընդունել էր իր նոր կյանքը։ Նա ձեռքը դրեց կնոջ մեծացած փորի վրա, ուր հագուստի վարդագույն կտորը ձգվել էր։
— Տղաս շարժվե՞լ է։
— Այս առավոտ։
— Ինչո՞ւ ես համոզված, որ տղա է լինելու,— հարցրեց Սաֆիյեն կատակով։— Միգուցե աղջի՞կ է։
— Էմինեն սուրճի գավաթի մեջ տեսավ, որ ես ևս մի որդի եմ ունենալու,— հայտարարեց նա վստահորեն։— Մենք նրան Նուր կանվանենք։
— Իսկ ինչո՞ւ ոչ Նուրհան,— առաջարկեց Մարոն։– Այս անունը լավ է հնչում։
Այդ անունը նրան դուր էր գալիս, որովհետև շատ նման էր հայկական Նուրան անունին։
— Նուրհան բեյ... Նուրհան փաշա...— ասաց Ռըզան երազկոտ տեսքով։— Այո, այս անունը շատ կսազի։
Երբ Ռըզա բեյը միացավ տղաներին ախոռում, իր ձին արդեն թամբած էր։ Նա թամբի պայուսակի մեջ մի շիշ կոնյակ դրեց և առջևը նստեցրեց Արիֆին։ Ալթանի, Քենանի ու Թովմասի ընկերակցությամբ նա բռնեց Այնթապի ճանապարհը։ Ճանապարհին նրանք հանդիպեցին ցորենով կամ մրգերով լի զամբյուղներով բեռնված ուղտերի, որոնք գնում էին դեպի կալվածք։ Բերքահավաքի ժամանակն էր, դաշտերում և այգիներում օրն ի բուն աշխատում էին գյուղացիները, և այդ՝ Ռըզա բեյի համար սովորական տեսարանը նրան նոր զգացում պարգևեց. այն է՝ հողի մշակության վրա հիմնված կարողության վստահություն ներշնչող մնայունության զգացումը։ Քաղաքական ճգնաժամերը և պատերազմները կարող էին տակնուվրա անել աշխարհը, սակայն տարվա եղանակների շրջանը անփոփոխ էր մնում, և ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես սահմանել էր Ալլահը։ Վաղվա օրվա համար անհանգստանալը ժամանակի և ուժի անիմաստ վատնում էր։
Վայրէջքի դաշտը երիզում էր գետը կամրջի աջ կողմում։ Դա ժամանակավոր օդանավակայան էր, որը Ռըզա բեյը կազմակերպել էր ռազմական իշխանություններից վարձակալած մարգագետնի վրա։ Այստեղ վայրէջք էին կատարում գերմանական օդանավեր, որոնք թռիչքներ էին կատարում Բաղդաղ՝ անգլիական դիրքերի վրա հարձակումներ կատարելու համար, կամ էլ պարեկություն էին անում օսմանյան բանակի շարասյուները թալանող արաբ ապստամբներին հայտնաբերելու նպատակով։ Տարածքի մի անկյունում, հատած բարդիների տեղում վրաններ էին խփված, ուր ապրում էին օդաչուները և նրանց օդանավերը սպասարկող մեխանիկները։ Վազքուղու ծայրին գտնվում էր գորշ տախտակներից կառուցված բարաքը, որր որպես շտաբ էր ծառայում օդանավակայանը հսկող ոստիկանների համար, և այնտեղ էր գտնվում վառելիքի պահեստը՝ մետաղյա տակառներ, որոնք թաքցված էին գորշ բրեզենտների տակ։
— Օդանավերն այստեղ են,— բղավեց Քենանը գրգռված ձայնով։— Դրանք այստեղ են, ես տեսնում եմ։
Իր թամբի ասպանդակներին կանգնած՝ նա մատով ցույց էր տալիս խամրած կանաչ ներկով ներկված երեք օդանավերը, որոնց խցիկի կենտրոնում կարմիր լաքա կար, իսկ իրանի վրա՝ սև խաչ։
— Ալբատրոսնեը,— ճշտեց Ռըզա բեյը։— Հիշեք, դուք ոչնչի չպետք է ձեռք տաք առանց իմ թույլտվության։
Ոստիկանը՝ ճանաչելով Ռըզա բեյին, վազեց նրանց ընդաասջ, պատվի առավ և շնչակտուր ասաց.
— Հարգանքներս, գայմագամ բեյ։
— Մեր գերմանացի բարեկամներն այստե՞ղ են, թե քաղաքում։
— Հանգստանում են։
— Ուղեկցիր ինձ նրանց մոտ։
Այն պահին, որ Ռըզա բեյն ու տղաները ձիերից վայր էին իջնում, վրանից դուրս եկավ կուրծքը բաց մի մարդ։ Լեյտենանտը վատ գերմաներենով նրան տեղեկացրեց, որ գավառապետը եկել էր իրենց ողջունելու։ Օդաչուն՝ բարձրահասակ և նիհար մի տղամարդ, որի կուրծքը ծածկված էր շեկ մազերով, որոնք աղերսվում էին նրա բեղերի և խոզանակի նմանվող գլխի մազերի հետ, ձգվեց և բարձրացրեց տաբատից կախված շալվարակալները։ Նա փորձում էր հիշել թուրքերենով սովորած ողջույնի որևէ բանաձև։ Ռըզա բեյն օգնության եկավ նրան, կատարյալ գերմաներենով ասելով.
— Բարի գալուստ մեր քաղաքը։
Տղամարդը ժպտալով ձեռքը մեկնեց, որը Ռըզա բեյը սեղմեց, ներկայանալով.
— Ռըզա բեյ։
— Գնդապետ Հաուզեր։ Ձեր այցելությունը մեծ պատիվ է ինձ համար, պարոն զավառապետ։ Ներեցեք ինձ իմ տեսքի համար, ես պատրաստվում էի հանգստանալ։
— Դուք պետք է ինձ ներեք, որ ես այսպես անսպասելի հայտնվեցի։ Իմ որդիները, ահա նրանք, շատ տարված են օդանավերով։
Գնդապետը ժպտաց երեխաներին և հարցրեց նրանց.
— Գրազ կգամ, որ դուք ուզում եք դրանց մոտիկից նայել։
— Նրանք ձեզ չեն հասկանում,— պատասխանեց Ռըզան,— բայց ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ նրանք երազում են դրա մասին։
Օդաչուն վրան մտավ հագնվելու համար և ասաց, որ հյուրերին ներս չէր հրավիրում, քանի որ վրանում խառնաշփոթ էր տիրում։ Ռըզա բեյը թամբի պայուսակից հանեց կոնյակի շիշը և ոստիկանին պատվիրեց զբաղվել ձիերով։ Գերմանացին վերադարձավ իր հինգ գործընկերների հետ միասին և, գոհ մնալով գավառապետի նվերից, պնդեց, որ մի քիչ միասին խմեին։ Նրանք բաժակ բարձրացրեցին Եռյակ միության հաղթանակի պատվին, ե Ռըզան օդաչուներին իր տուն ճաշի հրավիրեց։
— Կուզենայի՞ք քաղաքի վրա պտույտ կատարել, պարոն գավառապետ։
— Ես չէի համարձակվում ձեզ դրա մասին խնդրել, գնդապետ Հաուզեր։
Տղաները զննում էին օդանավը, որը նրանք առաջին անգամ էին մոտիկից տեսնում։ Նրանք զգուշորեն հպվում էին ձգված պաստառին, վախենալով այն վնասել։ Այդ մեծ թռչուններն այնքան փխրուն էին թվում։ Վերջին պահին Ալթանը վախեցավ և հրաժարվեց թռչել։ Քենանն ու Թովմասը, որոնց մի կերպ ակնոց հագցրին, ծաղրում էին նրան, սակայն իրենք էլ քիչ էր մնում հրաժարվեին, երբ նրանց նստեցրին օդաչուի խցում։ Հուզմունքից բաբախող սրտերով, նրանք իրար սեղմվեցին հետևի նստարանի վրա։ Օդաչուն, իր տեղը զբաղեցնելով, նրանց կողմը դարձավ և, ցույց տալով ինչ-որ ավելի կոթ և մատը թափ տալով, ասաց.
— Ձեռք չտալ։ Nein.
Նա բռնեց Թովմասի ուսից, ստիպեց նրան կանգնել և «Nein, nein» ասել, հետո ստիպեց նստել և այս անգամ «Ja, ja» ասաց։ Տղաները նշան արեցին, որ հասկացել էին։ Ռըզա բեյը, որն Արիֆի հետ տեղավորվել էր մեկ այլ մեքենայի մեջ, նրանց ձեռքով արեց։ Մեխանիկները պտտեցին փայտե պտուտակները շարժիչները գործի դնելու համար, որոնք փռշտացին և սկսեցին բվվալ սուր ձայնով։ Ձայնը հետզհետե ահագնանում էր։ Օդանավի իրանի երկայնքով սուրացող քամին արդեն իսկ արագության պատրանք էր ստեղծում, մինչդեռ մեքենաները նոր էին սկսում առաջ շարժվել։ Քենանը ուժեղ սեղմեց Թովմասի ձեռքը, և նրանք ապշած իրար նայեցին՝ իրենց աչքին չհավատալով։ Թռչե՜լ։ Նրանք դրա մասին էին երազում, երբ խաղում էին իրենց խաղալիք սավառնակով և երբ վազում էին ձեռքերը տարածելով և շրթունքներով արտաբերելով մերթ շարժիչի, մերթ գնդացրի ձայնը։ Եվ ահա այդ երազանքն իրականանում էր այդքան անսպասելի կերպով։
Միահյուսելով մատները՝ նրանք շրջվեցին, որպեսզի տեսնեին, թե ինչպես էին փախչում ծառերը։ Վազքուղու անհարթության պատճառով առաջացած յուրաքանչյուր ցնցումից օդանավի թևերը ճկվում էին։ Անիվները պոկվեցին վազքուղուց, նորից հարվածեցին գետնին, և օդանավը թռավ։ Նրանք տեսան Ալթանին, գերմանացիներին և ոստիկաններին, որոնք փոքրանում էին։ Նրանք թռան ծառերի կատարների վրայով և հայտնվեցին գետի վերևում։ Բարձրություն հավաքելու հետ երկիրը հեռանում էր։ ճանապարհով շարժվող մարդիկ միջատների նմանվեցին, սայլերն ու եզները՝ խաղալիքների։ Քենանը փորձեց ինչ-որ բան ասել, սակայն շարժիչի աղմուկը խլացնում էր նրա ձայնը և շրթունքների շարժումից Թովմասին թվաց, Որ նա արտասանեց «թռչուններ» բառը։
Վախից ձերբազատվելով, Թովմասն իրեն արբած էր զգում։ Որքան կհպարտանար իրենով Մարոն, իմանալով, որ ինքը թռել էր։ Նա կուզեր, որ հայրն իրեն տեսներ; Ինքնաթիռը դեպի Այնթապ էր շարժվում, որի տները, նույնիսկ բարձր մինարեթներով մզկիթներր, հիմա շատ փոքր էին թվում։ Մինչդեռ Քենանը երևակայում էր, որ իրենք հիմա հարձակվելու էին քաղաքի երեք բլուրներից մեկը պսակող միջնաբերդի վրա, Թովմասը տեսնում էր, թե ինչպես են դաշտերը փոխարինում այլ դաշտերի, և մտածում էր, որ օդանավի օգնությամբ ինքը կկարողանար հետազոտել ամբողջ աշխարհը և կգտներ հորը։ Պետք կլիներ միայն ճանապարհին հետևել, նրան հայտնաբերելու համար։ Թովմասը Վարդանին պատկերացնում էր ձի հեծած ճանապարհները չափչփելիս կնոջ ու որդու հետքերով։ Երկիրն այնքան մեծ էր, որ իր հայրը ստիպված կլիներ շատ ժամանակ ծախսել իրենց մոտ գալու համար, իսկ ժամանակը վախեցնում էր Թովմասին, քանի որ այն պահից, որ նա վախեցել էր, որ կկորցներ մորը, նա անընդհատ Վարդանի մասին էր մտածում։
Քաղաքի վրա երկու անգամ պտտվելուց հետո նրանք շարժվեցին դեպի օդանավակայան։ Թովմասը հպվեց օդաչուի ուսին և նրան ցույց տվեց Ռըզա բեյի կալվածքը, փորձելով նրան հասկացնել, որ կուզեր դրա վրայով թռչել։ Գերմանացին գլխով արեց, և մի քանի րոպե անց նրանք սպիաակ տան վերևում էին։ Քենանի խնդրանքով օդաչուն մի քանի անգամ շատ ցածր թռավ տան վրայով, և դա գրավեց մարդկանց ուշադրությունը։ Նրանք բակ դուրս եկան, և երեխաները նրանց ձեռքով արեցին։ Նրանց մայրերն անկասկած հետաքրքրասերների շարքում էին։
Հետո նրանք վերադարձան օդանավակայան, և օդանավերը վայրէջք կատարեցին, որը զարմանալիորեն ավելի հանդարտ անցավ, քան գետնից պոկվելը։ Օդանավն անշարժացավ մնացած երկու մեքենաների կողքին, և մի քիչ շշմած տղաներն օդանավից իջան։ Վերադարձի ճանապարհին նրանք բոլորը միաժամանակ խոսում էին և փոխանակում էին իրենց տպավորությունները։ Նրանց էր միացել նույնիսկ Ռըզա բեյը, որը նույնքան ոգևորված էր, որքան իր որդիները։ Ալթանն արդեն ափսոսում էր, որ չէր համարձակվել օդանավ նստել, և մռայլ տեսքով զատվել էր մնացածներից։ Ռըզա բեյը տան մոտ ձիուց իջավ ճաշի վերաբերյալ հրամաններ տալու համար և որդիներին հանձնարարեց իր ձիուն ախոռ տանել։ Երբ նրանք ախոռ հասան, ձիապան տղաները շենքի հետևում էին, որտեղից լսվում էին նրանց ուրախ բացականչությունները։ Ալթանը, Թովմասն ու Քենանը միացան աշխատողներին, որոնք նայում էին, թե ինչպես էր ազնվատոհմ նժույգը անասնոցում ծածկում զամբիկին։
— Ի՞նչ է նա անում,— հարցրեց Քենանը իր մեծ եղբորը։
Այդ տեսարանից ոգևորված Ալթանն այլևս մռայլ չէր։
— Նա նրա համար քուռակ է անում։
— Չէ մի,— պատասխանեց Թովմասը, չհավատալով։
Ալթանը վրդովվեց, որ իր գիտելիքները կասկածի տակ էին առնվում և հարվածեց Թովմասի կողերին։
— Ի՞նչ ես դու հասկանում դրանից, երեխա՛։
Թովմասն ատամները սեղմեց։ Ալթանը զվարճացած ասաց.
— Տեսնո՞ւմ ես այն սև անդամը, որը մտնում է անցքի մեջ։ Երբ տղամարդ են դառնում, ինչպես ես, այդպիսի անդամ են ունենում և այն խրելով կնոջ անցքի մեջ, նրան երեխա են պարգևում։
Նրա փոքր եղբայրն ու Թովմասը համոզված չէին, որ Ալբանը ճիշտ էր ասում, և վերջինս խնդրեց, որ իրենց կողքին կանգնած տղամարդը հաստատեր իր ասածը։ Ախոռապանը՝ մի կուզիկ, որը մոտ երեսուն տարեկան էր և որի առջևի մի քանի ատամներր թափվել էին կռվի ժամանակ, ծիծաղեց և մատներով անպատկառ շարժում արեց։ Քենանն ու Թովմասը սարսափած հայացքներ փոխանակեցին։ Ուրեմն դա էր բոլոր այն հարցերի պատասխանը, որ իրենք իրենց էին տալիս բաղնիք գնալուց հետո։ Տեսնելով, որ առիթ է ներկայանում Թովմասի հոգու հետ խաղալու, Ալթանը չարացած ժպտաց.
— Լավ նայիր ձիերին... Իմ հայրը նույն ձևով է բարձրանում մորդ վրա։ Եվ դա նրան նույնքան հաճույք է պատճառում, որքան զամբիկին։
— Ոչ,— ըմբոստացավ Թովմասը և ոտքով հարվածեց Ալթանին, որը մի կողմ ցատկելով խուսափեց հարվածից։
— Այո։ Եվ նա նրան երեխա է պարգևել։
— Դա ճիշտ չէ,— բղավեց Թովմասր թոքերի ողջ ուժով։
Նա փախավ։ Նա չէր ուզում հավատալ Ալթանի պնդումներին, սակայն չէր կարողանում դրանք ժխտել։ Այդպիսով բացատրվում էր այդ երեխայի ծագումը, ծագում, որր նրան այդքան հետաքրքրում էր։ Ուրեմն երեխայի հայրը Ռըզա բեյն էր։ Իր մայրը, որին զամբիկի պես ծածկում էր Ռըզա բեյը... Թովմասը հիշեց նժույգի անդամը, որը մխրճվում էր զամբիկի մեջ, և նրա սիրտը խառնեց։ Շրջանցելով ախոռը՝ նա կանգ առավ և ձեռքերը պատին հենեց։ Իր մայրը Ռըզա բեյի հետ... Թովմասը փսխեց։