Վերջին թարմացում 21 Հուլիսի 2014, 12:47

Ամառ առանց այգաբացի - Գլուխ 14

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 13 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 15 ▶


1917 թ. մարտ ամսին բրիտանական էքսպեդիցիոն զորաբանակը, գեներալ Մոդի հրամանատարությամբ, շարժվեց Տիգրիսի հոսանքն ի վեր, հետ մղեց օսմանյան զորքը, գրավեց Բաղդադը և միացավ ռուսական կասպյան բանակին, որր գրավել էր Պարսկաստանի հյուսիսը։

Միասնական պլանով նախատեսվում էր շարժվել դեպի Անատոլիայի հարավը, որը պետք է ուղեկցվեր ռուսական զորքի հարձակումով Սվասի ուղղությամբ։ Միաժամանակ ցարական Սևծովյան նավատորմիղը շարժվում էր դեպի Բոսֆոր՝ Կոստանդնուպոլիսը գրավելու։ Սակայն իրադարձաթյունները այլ կերպ զարգացան։ Ռուսաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, և Նիկոլայ Երկրորդը հրաժարվեց գահից։ Ռուսական զորքը, որը լավ դիրքեր էր գրավել ամենուր, կազմալուծվեց։ Զորքը չէր ենթարկվում սպաներին, զինվորները զանգվածաբար դասալքում էին տուն վերադառնալու համար։ Արևմտյան Հայաստանը, որը նոր էր ազատագրվել, լքվեց իր պաշտպանների կողմից։

Ռըզա բեյը տագնապով էր հետևում այդ իրադարձություններին, ամեն օր կապվում էր շրջանի ռազմական պարետի գլխավոր շտաբի հետ նորություններ իմանալու համար։ Եթե ռուսական բանակի կազմալուծումը Կովկասյան ճակատում նրան հանգստացնում էր, ապա բրիտանացիների ներկայությունը Բաղդադում ծայր աստիճան մտահոգում էր։ Արաբների ապստամբության դեպքում Սիրիայում և Պաղեստինում տեղակայված օսմանյան զորքը կբարոյալքվեր և անգլիացիները կարող էին հարձակում ձեռնարկել։ Կար նաև Ալեքսանդրետի ծոցում դաշնակիցների ափ իջնելու վտանգը, որը հազիվ մեկ օրվա ճանապարհի վրա էր գտնվում Այնթապից։ Իսկ երբ ապրիլին Միացյալ Նահանգները պատերազմ հայտարարեցին կենտրոնական կայսրություններին և Օսմանյան կայսրությանը, Ռըզա բեյը հոգու խորքում հասկացավ, որ դա ժամանակի հարց էր. մի քանի ամիս, ամենաշատը մեկ տարի, և երկիրը պարտություն էր կրելու։

Կոստանդնուպոլսից եկող հրամանները պահանջում էին խոչընդոտել միսիոներների գործունեությանը և փակել նրանց մանկատները։ Ռըզա բեյը վճռել էր չկատարել նրանց հրամանները, հասկանալով, որ երիտթուրքերի դարաշրջանն ավարտվում էր։ Ուստի ինքը պետք է խնայեր օտարերկրացիներին՝ ապագա հաղթողներին, և միևնույն ժամանակ Կոստանդնուպոլսի իր ղեկավարները պետք է կարծեին, որ իր պատրաստակամությունը չէր նվազել, քանի որ Ռըզա բեյն ուզում էր պահպանել իր պաշտոնը մինչև պատերազմի ավարտը։ Երբ դաշնակիցները կտիրանային շրջանին, նրանք կարիք կունենային բարձրաստիճան պաշտոնյաների, այդ շրջանը կառավարելու համար։

✻    ✻



Տաղավարը ծածկող խաղողի վազերի հովանու տակ Մարոն օրորում էր Նուրհանին, որն ինչպես միշտ քնած էր կուրծք ուտելուց հետո։ Մատների ծայրերով նա սրբում էր քրտինքը նրա խիտ շագանակագույն մազերով ծածկված գլխից։ Իր վեց ամսական որդու կլորիկ և վարդագույն դեմքի մեջ հրեշտակային բան կար, և երբ Մարոն մտածեց, որ նա կարող էր չլինել մի թուրմի պատճառով, ներքին դող զգաց։ Նա համբուրեց նրա այտը, և երեխան, իր սովորության համաձայն, արթնանալով ուրախ գղգղաց։ Ընտանիքի բոլոր անդամները, Բույուկ խանումը ներառյալ, որն ընկրկել էր այդ նոր թոռան հմայքի առջև, համարում էին, որ Նուրհանը հազվադեպ հանդիպող ծիծաղկոտ երեխաներից էր։ Նա երբեք չէր լալիս, միայն երբեմն հրամայական ճիչեր էր արձակում հասկացնելու համար, որ քաղցած էր։ Նա շատ ժիր և կենսունախ երեխա էր։

Պիրի խոջայի դասին մզկիթ շտապող երեխաների ձայները լսելով, Նուրհանը գլուխը դարձրեց դեպի պարտեզը։ Թովմասը, որն անջատվել էր խմբից, մոտեցավ մորը տաղավարում։ Թովմասին տեսնելով՝ Նուրհանը սկսեց թռչկոտել և գղգղալ։ Մարոն ասաց.

— Տես, ինչպես է ուրախանում եղբայրդ քեզ տեսնելով։

Թովմասը թեթևակիորեն ժպտաց ծամածռության նմանվող ժպիտով և մատը մեկնեց Նուրհանին, որն այն բռնեց իր թաթիկով։ Թովմասը տանել չէր կարողանում, երբ Մարոն այդ երեխային անվանում էր «եղբայրդ»։

— Ուզո՞ւմ ես գրկել,— հարցրեց Մարոն՝ մատների ծայրերով հարդարելով Թովմասի մազերը։

Թովմասը ժխտական շարժում արեց և հեռացավ սեղանից պիստակ վերցնելու համար։

Քանի որ Թովմասը ոչինչ ցույց չէր տալիս, Մարոն չէր գուշակում, թե ինչ ողբերգություն էր ապրում որդին ամիսներ շարունակ։ Այն հազվադեպ դեպքերը, երբ նա խռովկանություն կամ անհամբերություն էր ցուցաբերում, Մարոն վերագրում էր խանդին և համարում էր, որ դա մոր սրտում իր տեղը կորցնելու բնական վախ էր, որ զգում էր իր առաջնեկը։ Նա փորձում էր նրան հանգստացնել որքան իր խոսքերով, նույնքան իր վարքագծով, և համոզել, որ նա պահպանել էր իր առաջնայնությունը։

Թովմասին մոր կողմից վերագրվող խանդը գոյություն չուներ, քանի որ այն հետին պլան էր մղել մեկ այլ, ավելի հզոր զգացմունք։ Նուրհանի գոյությունը նրան մշտապես հիշեցնում էր, որ Մարոն դավաճանել էր Վարդանին։ Մայրը դադարել էր սպասել իր հորը, փաստորեն լքել էր նրան, ինչպես մի օր կարող էր լքել նաև իրեն։ Նա դարձել էր Ռըզա բեյի կինը, և պահեր էին լինում, երբ ինքն ատում էր մորը։ Կամ էլ փորձում էր նրան ատել։ Դա ավելի շուտ բարկություն էր նրա դեմ, սրտնեղություն, որր միահյուսվում էր նրա հանդեպ սիրո հետ։ Չկարողանալով զանազանել այս զգացմունքները, նա շփոթված վիճակում էր։ Նա ամաչում էր։ Ամաչում էր մոր դեմ ուղղված իր չար մտքերի համար, ամաչում էր մորից։ Նա կուզենար ներել մորը և ներում ստանալ։ Երբեմն այդ ամենը խեղդում էր նրան, և նա կուզենար բղավել այդ ամենը Մարոյի երեսին, սակայն չէր կարողանում արտաբերել բառերը։ Այդ բառերը շատ ծանր էին, շատ ցավագին։ Նա չէր կարող հանդուրժել, որ մայրը դադարեր իրեն սիրելուց։

Ռըզա բեյն ու Սաֆիյեն գալիս էին դեպի տաղավարը։ Թովմասը դուրս եկավ մյուս կողմից և գնաց դեպի ջրավազանը, սակայն կանգ առավ քիչ հեռու մի թփի հետևում։

— Տես, ինչպես է Նուրհանը մեզ աչքերով հետևում,— հպարտությամբ ասաց Ռըզա բեյը իր առաջին կնոջը, երբ նրանք անցնում էին խաղողի թփերի տակով։— Այդ հետաքրքրասիրությունը խելացիության նշան է։

Սաֆիյեն բռնեց երեխայի ձեռքը, որը ջանք գործադրելով կանգնեց։ Կինը հիացավ.

— Ինչ ուժեղ Է։ Նա շատ առնական տղամարդ կդառնա։

Մարոն հակաճառեց ծիծաղելով.

— Թույլ տուր վայելեմ նրա այս քաղցր տարիքը, այն այնքան շուտ է անցնում։

Սաֆիյեն համաձայնեց գլխի շարժումով։ Այն ժամանակը, երբ նրա երեխաները դեռևս խանձարուրում էին, շատ հեռու էր։ Նրան թվում էր, որ ինքը բավարար չափով չէր վայելել այդ ժամանակը, որ անգիտակցաբար բաց էր թողել մտերմության այդ առաջին ամիսները, որոնք հետագայում անհնարին էր կյանքի կոչել։ Նա թաքուն մի նախանձ էր զգում, երբ տեսնում էր Մարոյին որդու հետ, և այդ զգացումը կենդանացնում էր նրա հոգում նորից հղիանալու ցանկությունը։ Մի՞թե ինքը չափազանց ծեր էր երեխա ունենալու համար։ Սակայն նա զգում էր, որ իր մարմինը լի էր կյանքով, բավականաչափ լի էր կյանքով, որպեսզի դրա մի մասը պարգևեր փոքրիկ մի էակի։

Ռըզա բեյը գրկեց Նուրհանին և նրան թռցրեց, հետո ծիծաղեցրեց նրան վիզն իր բեղերով խուտուտ տալով։

— Որդիս,— հարցրեց նա գաղտնապահ տոնով, սակայն բավականաչափ բարձրաձայն, որպեսզի երկու կանայք լսեին նրա խոսքերը,– կարողացե՞լ ես համոզել մորդ, որ նա ինձ հետ ամուսնանա։

Այս խոսքերն արտասանելիս Ռըզա բեյը սևեռուն հայացքով նայեց Մարոյին, որը դադարեց ժպտալ և ոչ արեց գլխով։

Թփի հետևում թաքնված Թովմասը ափի մեջ սեղմել էր իր հոր կնիքի պատյանը։ Վրդովված՝ նա տուն մտավ, մյուս մուտքից դուրս եկավ բակ և վազեց դեպի ախոռ։ Ատամները սեղմած, որպեսզի ախոռապանները չնկատեին իր վիշտը, նա թամբեց իր ձին։ Նրա շարժումները կտրուկ էին, և դրանից կենդանին նյարդայնացավ։ Ձիուն դուրս բերելով, նա նստեց թամբին և քառատրոփ սլացավ պիստակի ծառերի շարքերի միջով։ Նա ընթացքը դանդաղեցրեց միայն ձիթենիների այգուն հասնելով, որն ավելի բարձր էր տեղադրված, քան Ինջիրլի գետի հովիտը։ Նա իջավ լանջով, անցավ Ռըզա բեյի դաշտերով, շրջանցեց օդանավակայանը և հասավ գետին։ Դա կալվածքի սահմանն էր։

Նա լուռ լալիս էր։ Նա վախեցել էր իր արարքից և մի պահ մտածեց վերադառնալու մասին։ Պետք չէր վերադառնալ։ Իր մայրը կպատժվեր... Նա կտանջվեր և կփնտրեր իրեն։ Ինքը նրան կասեր, որ ուզում էր հոր մոտ գնալ, իսկ նա խղճի խայթ կզգար և միգուցե կհասկանար այն, ինչ ինքը չէր կարողանում ասել։

Նա անցավ ծանծաղած գետը։ Մյուս ափը ծածկված էր այգիներով, հետո վեր էին խոյանում քարքարոտ լեռները։ Լեռներից այն կողմ անապատն էր։

Մարոն կարծում էր, որ Թովմասը Ռըզա բեյի երեխաների հետ էր, և իրեն հաշիվ տվեց նրա բացակայության մասին միայն ճաշի ժամանակ։ Նրան փնտրեցին տանը և շրջակայքամ, մինչև ախոռապաններից մեկից իմացան, որ նա ձիով էր գնացել։ Առաջին անգամ էր, որ Թովմասը տնից գնացել էր առանց մորից թույլտվություն խնդրելու, և այդ հանգամանքը շատ անհանգստացրեց Մարոյին։

— Մի անհանգստացիր,— ասաց Ռըզա բեյը հանգստացնող ձայնով։— Թովմասը հմուտ է ձիավարության մեջ, կալվածքն էլ լավ գիտի։ Մութն ընկնելուն պես տուն կվերադառնա։

Նրանք կանգնած էին տան շեմին։ Մարոն երկնքին նայեց, ուր կարմրին էին տալիս ամպերը։ Շուտով մութն ընկնելու էր։

— Դա նրան նման չէ,— հառաչեց նա։— Արդյոք, ի՞նչ է պատահել։

Մարոյի ձայնում տագնապ էր զգացվում։ Ռըզան նրա ձեռքին հպվեց.

— Մենք նրան կգտնենք։ Եվ ես նրա ականջները կքաշեմ, այդ լակոտի։

— Ես ձեզ հետ եմ գալիս,— հայտարարեց Մարոն։

— Իմաստ չունի,— պատասխանեց Ռըզա բեյը վճռական տոնով։— Տանը մնա Նուրհանի հետ։

Ալթանն ու Քենանը, որոնք բանվորներին էին հարցուփորձ արել, բարձրանում էին սանդուղքով։ Մեծը ձեռքի շարժումով հորը հասկացրեց, որ իրենք ոչ մի արդյունքի չէին հասել։ Քենանը, որին շատ էր հուզել իր լավագույն ընկերոջ անհետանալը, հորն ասաց.

— Կարո՞ղ եմ ձեզ հետ գալ։

Ռըզա բեյը մերժեց.

— Ոչ, շուտով մութը կընկնի, և դու կարող ես մոլորվել։ Մի անհետացածը մեզ լրիվ բավական է։ Թովմասը քեզ որևէ բան ասե՞լ էր իր մտադրությունների մասին։

— Ոչ, հայրիկ։

— Դուք շատ մտերիմ եք... Պատկերացում ունե՞ս, թե ուր կարող էր գնալ։

Քենանը մտածեց այն վայրերի մասին, ուր իրենք սիրում էին խաղալ և որոնք շատ մոտ էին այնտեղ ձիով գնալու համար։ Նա բացասական պատասխան տվեց։ Նայելով Ալթանին, որը տուն էր մտնում, հայրը ասաց.

— Ձիերին թամբել տուր և մարդկանց զգուշացրու, որ դուրս գալու պատրաստվեն։ Դու էլ կգաս։

Ճաշը բաց թողնելու հեռանկարից դժգոհ մնալով, Ալթանը դժկամությամբ գնաց դեպի ախոռը։ Այս Թովմասը պետք է միշտ իր կյանքը թունավորեր։

Ռըզան Մարոյին տուն ուղեկցեց և պատվիրեց հանգիստ մնալ։

— Մենք նրան շատ շուտ կգտնենք։

Մարոն դողում էր և ասաց խուլ ձայնով.

— Ես զգում եմ, որ նրան ինչ-որ բան է պատահել։

Ռըզան նրան զգուշորեն հանդիմանեց.

— Հիմարություններ մի ասա, դու մեր գլխին դժբախտություն կբերես։

— Հետ բերեք նրան, Ռըզա բեյ,— աղերսեց նա՝ կառչելով նրա թևից։— Հետ բերեք նրան։

Ռըզա բեյն իր մարդկանցից յուրաքանչյուրին ցույց տվեց այն ուղղությունը, որտեղ պետք է որոնեին, և նրանք բաժանվեցին։ Ալթանը պետք է հետազոտեր օդանավակայանի շրջակայքը։ Տարածքը հսկող ոստիկանները նրան հարգանքով ընդունեցին։ Նրանք ոչ ձի հեծած, ոչ էլ հետիոտն երեխա չէին տեսել։ Ալթանը նրանց հետ մի բաժակ օղի խմեց և մի քանի ծխախոտ ծխեց։

Ավելի շատ հոր վախից, քան խղճի դրդմամբ, տասնհինգ տարեկան պատանին շարժվեց գետի երկայնքով։ Նա վճռել էր ոստիկանների տեսադաշտից հեռանալուն պես մի քիչ քնել և ձեռնունայն վերադառնալ կալվածք։ Մայր մտնող արևի թեք ճառագայթների տակ խճի վրա ձիու սմբակների հետքեր էին երևում, որոնք իջնում էին դեպի ջուրը։ Տղան անցավ գետը և մյուս ափին դարձյալ հետքեր հայտնաբերեց։ Հետքերը դեպի սարերն էին տանում և նա առաջ էր շարժվում՝ ջանալով դրանք տրորել։ Ավելի հեռու, քարերի մեջ հետքերը կորչում էին։ Ալթանը, մայր մտնող արևից կարմրած ժայռերով, մագլցեց մինչև գագաթը։ Նրա դիմաց սփռված անապատը թաղված էր ադամամութի մեջ, իսկ հորիզոնի մոտ երկինքը վառ կապույտ երանգ էր ստացել։ Այդ ապուշ Թովմասը գնացել էր դեպի անապատ և այնտեղ կորչելու էր։ Նա այնտեղ էլ կմնար։ Ալթանը մի բոլ ծիծաղեց կալվածք վերադառնալուց առաջ։ Նա վճռել էր իր հայտնագործության մասին ոչ մեկին չասել։

Մարոն, չկարողանալով իր սենյակում մնալ,Նուրհանին հանձնել էր Էմինեի խնամքին, իսկ ինքը հետ ու առաջ էր քայլում նախասրահում։ Սաֆիյեն ամեն ինչ արել էր նրան հանգստացնելու համար և, սպառելով փաստարկները, լուռ նրան էր նայում։ Պիրի խոջան արդեն վաղուց ազդարարել էր երեկոյան աղոթքի ժամը, երբ ձիավորները հետ եկան։ Նրանց ջանքերն ապարդյուն էին անցել։ Մարոն սկսեց հեկեկալ։ Սաֆիյեն գրկեց նրան և ինքն էլ լաց եղավ։

— Լա՜վ, լա՜վ, կանայք,— ասաց Ռըզա բեյը կենսախինդ տեսքով,— մի բարդացրեք իրավիճակը։

Հոգու խորքում նա վստահ չէր, սակայն կանանց հանգստացնելու համար թվարկեց չհուսահատվելու բոլոր պատճառները։

— Եթե Թովմասին մի բան պատահած լիներ, նրա ձին տուն կվերադառնար։ Նա պարզապես մոլորվել է։ Բաց երկնքի տակ անցկացրած գիշերը վտանգավոր չէ ութ տարեկան պինդ և ճարպիկ տղայի համար։ Ի դեպ, նա գուցե և օթևան է խնդրել որևէ գյուղացուց, որը նրան տուն կբերի առավոտյան։ Եվ բերողը լավ պարգևի կարժանանա։

— Վստա՞հ եք,— հարցրեց Սաֆիյեն։

— Իհարկե։

Մարոն հարցրեց.

— Դուք որոնումները կշարունակե՞ք լույսը բացվելուց հետո, Ռըզա բեյ։

— Այո, աղունիկս։ Գյուղացիները կփնտրեն կալվածքում, իսկ հեծյալները շրջակայքում։ Ես ոստիկանության օգնությունը կխնդրեմ։ Գավառապետի որդին շատ շուտ կհայտնաբերվի։

Ռըզայի վստահությունը մի քիչ հանգստացրեց Մարոյին, որը թույլտվություն խնդրեց իր սենյակը հեռանալու։ Երբ Ռըզան մենակ մնաց իր առաջին կնոջ հետ, ասաց.

— Նրան մի քանի կաթիլ ափիոն տուր, որպեսզի կարողանա քնել։

— Ինձ թվում է, որ դուք ավելի անհանգստացած եք, քան ցույց եք տալիս։ Ես չե՞մ սխալվում։

— Դու ինձ շատ լավ ես ճանաչում, իմ քնքուշ Սաֆիյե։ Ես այս փախուստից ոչ մի լավ բան չեմ սպասում։ Սակայն թող սա մեր մեջ մնա։ Էմինեին կուղարկես մոտս, որ սուրճի թուրմի մեջ կարդա։

Չնայած ափիոնի լուծույթին, Մարոն չկարողացավ քնել։ Նուրհանը բռունցքները սեղմած քնած էր մոր անկողնում։ Երեխային չխանգարելու և, հատկապես, իր առաջնեկին իրեն ավելի մոտ զգալու համար, Մարոն պառկեց Թովմասի մահճակալին։ Ի՞նչ էր նրա մտքով անցել։ Այս արարքի ոչ մի նախանշան չկար։ Մարոն հիշում էր վերջին օրերը, նույնիսկ վերջին ամիսները և չէր գտնում այնպիսի մի իրադարձություն, որը իրեն ճիշտ ուղու վրա դուրս բերեր։ Նա մահճակալի մոտի սեղանից վերցրեց Արմենի գլխարկը և մեքենայաբար թափ տվեց։ Տեղահանությունից գրեթե երկու տարի էր անցել և այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Թովմասը մոռացել էր այդ ողբերգական իրադարձությունը։ Դրա հետևանքները նրա վարքագծում չէին զգացվում։ Հետևաբար նրա փախուստը դրա հետ կապված չէր։ Ինչ վերաբերում էր այս տունը լքելուու ցանկությանը, ապա Մարոն չէր պատկերացնում, թե ինչպես իր որդին կարող էր այն պահպանել, քանի որ նա ոչինչ չգիտեր այն միակ վայրի՝ Կոստանդնուպոլսի մասին, ուր իրենք կարող էին գնալ։ Իսկ Մարոն արդեն վաղուց ոչինչ չէր ասում Թովմասին այդ ծրագրի մասին նրա հոգեկան անդորրը չխաթարելու համար։ Եթե նույնիսկ ինքը շարունակում էր փայփայել այդ հույսը, ապա դա իր գաղտնիքն էր, և նա չգիտեր, թե ինչպես պետք է այն իրագործեր հիմա, երբ կար Նուրհանը։ Եղբոր նկատմամբ խանդի զգացումը, եթե այն կար, բավարար չէր այդպիսի արարքի համար։ Ոչ, նա երջանիկ էր այս տանը իր ընկերնեը Էմելի ու Արիֆի, իր ձիու և խաղալիքների հետ։

Մարոն նայեց շուրջը։ Նրա հայացքը կանգ առավ լուսամուտի գոգին դրված փայտե օդանավի, Միջերկրականի ափից Ռըզայի բերած խխունջների, արճճե զինվորների վրա։ Երևի Թովմասը հոգնել էր Վարդանին սպասելուց և գնացել էր նրան ընդառաջ։ Սակայն նա չափից ավելի ողջամիտ էր այդպիսի բան անելու համար։ Մարոյի գլխում ծագեց այն միտքը, որ ինքը մեղքի իր բաժինն ուներ այդ արարքի մեջ, սակայն անմիջապես վանեց այդ միտքը և դուրս եկավ պատշգամբ։ Գիշերը մեղմ էր և լի էր միջատների ձայներով։ Հենց կալվածքի վերևում՝ երկնքում մի աստղ էր փայլում, կարծես ուղեցույց լիներ, որը պետք է օգներ Թովմասին հետդարձի ճանապարհը գտներու։

Որտե՞ղ էր նա։ Մարոն մտովի զրուցում էր նրա հետ, հաստատում էր իր սերը, աղաչում էր վերադառնալ, կամ, ավելի շուտ, մնալ այնտեղ, ուր որ գտնվում էր, և սպասել Ռըզա բեյին, որը նրան հետ կբերեր։ Նրան չէին պատժի։ Հակառակր, տոնախմբություն կկազմակերպեին նրա վերադարձի կապակցությամբ, և Մարոն զգալ կտար, թե որքան էր նրան սիրում։ Միգուցե ինքն անուշադրության էր մատնել նրան։ Միգուցե նա հասկացել էր իր և Ռըզայի հարաբերությունների էությունը։ Մինչև լուսաբաց Մարոն ինքն իրեն նույն հարցերը տվեց, խղճի խայթը բորբոքեց և խթանեց իր վախը։

Լույսը բացվելուն պես Մարոն հույսով լցվեց և գնաց Ռըզա բեյի դուռը թակելու։ Ոչ մի պատասխան։ Նա անկասկած ամբողջ գիշերն անց էր կացրել Լեյլայի մոտ, ինչպես վերջերս հաճախ էր անում։ Մարոն իջավ խոհանոց, ուր տեղեկացավ, որ տերը գրասենյակում էր և խնդրել էր, որ իրեն այնտեղ նախաճաշ մատուցեին։ Մարոն սկուտեղը տարավ գրասենյակ։ Գրասենյակի դռան մոտ Աբդուլան, աթոռին նստած, դաշույնով եղունգներն էր մաքրում։ Տղան շտապեց ոտքի կանգնել և Մարոյի գալու մասին զեկուցելուց առաջ ասաց Մարոյին.

— Երազ եմ տեսել, որ ես եմ գտել ձեր որդուն, խանում։

Մարոն իրեն ստիպեց ժպտալ.

— Թող քո երազը բարի նշան լինի, Աբդուլա։

Կանխատեսելով, որ այդ օրը ինքը չէր կարողանալու աշխատել, Ռըզա բեյը մի քանի անհապաղ գործեր էր անում։ Նա ոտքի կանգնեց Մարոյին համբուրելու համար և հարցրեց, չնայած նրա աչքերի տակի կապտուկները և դրանց կարմրությունը իր հարցի պատասխանն էին.

— Գոնե մի քիչ քնե՞լ ես։

Մարոն գլուխը թափ տվեց։

— Ես արթնացրի ոստիկանապետին,— ասաց նա անհոգ տոնով,— սակայն համոզված չեմ, որ մենք նրա կարիքը կունենանք։

Տեսնելով, որ չէր կարողանալու Մարոյին ուրախացնել, նա շարունակեց.

— Ամեն դեպքում ոստիկանության բոլոր պահակակետերը կնախազգուշացվեն հեռագրատան միջոցով, և ոստիկանները կսկսեն փնտրել մեր որդուն։ Հենց հիմա ես կզանգահարեմ փաշային, որպեսզի նա ինձ տրամադրի զինվորների մի գունդ։

— Ես գնահատում եմ այն ամենը, ինչ դուք անում եք, Ռըզա բեյ,— ասաց Մարոն՝ սուրճը մատուցելով։

— Իմացիր, Մարո, որ ես ջանք չեմ խնայի։ Թովմասն իմ որդին է, ինչպես դու իմ կինն ես, և ես ուզում եմ, որ դուք երկուսդ էլ երջանիկ լինեք այս տանը, որը ձեր տունն է։

Մարոն աչքերն իջեցրեց և չհակաճառեց։

Որոնումները, որոնք արդյունք չէին տվել առաջին օրը, շարունակվեցին հաջորդ օրերի ընթացքում։ Երեխային փնտրում էին շրջանի բոլոր գյուղերում և քաղաքներում։ Ոչ ոք չէր տեսել նրան, իսկ գավառապետի խոստացած մեծ պարգևատրությունը ընդամենը առաջացրեց արժեք չունեցող տեղեկությունների հոսք։ Իր ազդեցությունն օգտագործելով, Ռըզա բեյը հասավ նրան, որ հետաքննություն տարվեց նաև հարևան գավառներում, Սիրիայի հյուսիսային բնակավայրերում և ծովափին։ Սակայն քաղաքներում և գյուղերում այնքան լքված երեխաներ կային, այնքան երեխաներ կային որբանոցներում, որ տղա երեխա գտնելու հնարավորությունները զրոյի էին հավասարվում։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչո՞ւ Թովմասը չէր ներկայանում ոստիկանատուն կամ զինվորական պահակակետ, ինչո՞ւ չէր ներկայանում որպես Այնթապի գավառապետի որդի։ Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նա թաքնվում էր։

Ժամանակն անցնելու հետ Մարոյի տագնապը վերածվում էր անհուն հուսահատության և միայն Նուրհանի գոյությունը, նրան խնամելու անհրաժեշտությունը թույլ չէին տալիս Մարոյին բարոյալքվել։ Այն միտքը, որ Թովմասը մենակ, ութ տարեկան հասակում հայտնվել էր պատերազմող երկրում, ուր մոլեգնում էին համաճարակները, սովն ու ատելությանը, նրան անտանելի տառապանք էր պատճառում, և նա անընդհատ աղոթում էր, որպեսզի որևէ մի գթասիրտ էակ նրան օգության հասներ։ Շաբաթների ընթացքում նրա հույսը նվազում էր, և աղոթքը դարձել էր Մարոյի միակ մխիթարանքը, միակ միջոցը դիմանալու մեղքի դաժան զգացողությանը, որը նրան այլևս չէր լքում։ Այժմ նա Թովմասի փախուստի միայն մեկ պատճառ էր տեսնում, այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեին իր և Ռըզա բեյի միջև։ Երեխան կարծել էր, որ ինքն այլևս չէր սիրում Վարդանին, որ ինքը նոր կյանք էր սկսել մեկ այլ տղամարդու հետ։ Իսկ ինչո՞ւ նա պետք է այլ կերպ մտածեր։ Մարոն իրեն մեղադրում էր, որ չէր կանխատեսել որդու նման արձագանքը և անհրաժեշտ չէր համարել նրան բացատրել ամեն ինչ։ Դա իր մեղքն էր։

✻    ✻



Տպագիր թերթիկները դողում էին Ռըզա բեյի ձեռքում։ Նա երկրորդ անգամ էր կարդում։ Հոդվածը, որը հրատարակվել էր Միացյակ Նահանգներում և թարգմանվել էր գերմանական հետախուզական ծառայության կողմից, կրում էր «Նաիրի» վերնագիրը։ Այն ստորագրված էր. «Վարդլան Պալյան՝ Անատոլիայից»։

«Իր փոքրիկ ձեռքը մեկնած, ութ տարեկան մի հայուհի կանգնած մուրում էր Անատոլիայի Ադանա քաղաքը տանող ճանապարհի եզրին։ Հյուծված, կեղտոտ, ցնցոտիներով պատված Նաիրին աշխարհին է նայում խամրած աչքերով, ուր սարսափը դուրս է մղել կյանքի փայլը։ Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ այն պահից ի վեր, երբ ոստիկանները սպանեցին իր ընտանիքի բոլոր անդամներին։ Նա գիտի միայն, որ ինքն այլևս չպետք է խոսի իր մայրենի լեզվով, որ ինքը պետք է թաքցնի իր հայուհի լինելը, պետք է թաքցնի նույնիսկ իր անունը։

Նա չի հասկանում, որ իր հարազատները զոհ են գնացել պանթուրանիզմի գաղափարին։ Իսկ ո՞վ կկարողանար դա հասկանալ։ Կարո՞ղ է արդյոք քաղաքակիրթ մարդն ընդունել, որ ռասիստական գաղափարախոսությունը պահանջում է հարյուր հազարավոր անմեղների սպանությունը։

Նաիրին չգիտի «Իթթիհատ» բառը, ինչպես նաև Թալեաթ, Էնվեր, Ջեմալ անունները, որոնք սակայն պատասխանատու են իր դժբախտությունների համար։ Նա տեսել է միայն ոստիկանների դեմքերը, որոնք կատարում էին Կոստանդնուպոլսից երկիրը ղեկավարողների անմարդկային հրամանները։

Միգուցե նա տեսե՞լ էր, թե ինչպես է անցնում Գանի բեյի՝ Ներքին գործերի նախարարության այդ բարձրաստիճան պաշտոնյայի, կառքը, որը եկել էր Անատոլիա հայերի բնաջնջումը կազմակերպելու համար։ Այդ միջոցն է ընտրել կառավարությունը «հայկական հարցը» մեկընդմիշտ լուծելու համար։

Երեխան անտեղյակ է քաղաքական խնդիրներից, նրա գերխնդիրն է վերապրել ևս մեկ օր այնպես, ինչպես նա վերապրել է իր հարազատների մահվանից հետո, ինչպես շաբաթներ շարունակ քայլել է տափաստաններով, ինչպես նա վերապրում է արդեն երկու տարի աշխատելով լուսաբացից մինչև գիշեր գյուղացիների մոտ, որոնք նրան քշում են բերքահավաքն ավարտվելուց հետո։

Այդքան փորձությունները պետք է որ սպառեին նրա կենսունակությունը, սակայն աղջնակի սրտում դեռ վառվում է թույլ կրակը և այն կթեժանա, եթե նրան բաժին ընկնի մի քիչ սեր։ Եվ հրաշքը տեղի ունեցավ։ Օտար մի միսիոներ վերցրեց նրան իր հովանավորության տակ և այսօր, մանկատանը, նա վերստին բացահատում է «հույս» բառի իմաստը։

Սակայն Նաիրիի պես լքված երեխաները բազում են։ Եվ ողջ մնալու համար ստիպված կլինե՞ն նրանք արդյոք մոռանալ, որ իրենք հայ երեխաներ են։ Մի կտոր հաց ստանալու համար նրանց մեկնած ձեռքերը մեղադրանք են, որ նետված է Կոստանդնուպոլսի կառավարության հասցեին, դա մարտահաըվեր է, որը նետված է մարդկային խղճին. Ի՞նչ եք դուք անում մեզ համար»։

Ռըզա բեյը ծալեց թերթիկներր և բղավեց.

— Պետրի՛։

Աբդուլան մտավ և խոնարհվեց։

— Ես Պետրիին եմ կանչում,— ասաց գավառապետն անհամբեր։

— Նա քաղաք է գնացել, բեյ էֆենդի։

— Վերադառնալուն պես թող ինձ մոտ գա։ Ինձ կոնյակ տուր։

Շիշն ու բաժակները գտնվում էին ցածր պահարանում։

Պատանին զգալով, որ տերը բարկացած էր, հուզմունքից մի քիչ կոնյակ թափեց։ Ռըզա բեյը նստել էր լուսամուտի առջև, բազկաթոռին և չնկատեց ծառայի անշնորհքությունը։ Աբդուլան սկուտեղը մատով սրբեց, իսկ այնուհետև մատը լիզեց։

— Կարո՞ղ եմ հեռանալ, Ռըզա բեյ,— ասաց նա բաժակը մատուցելուց հետո։

Ռըզա բեյը ձեռքի շարժումով նրան ազատ արձակեց։ Նա ծխախոտ վառեց, որն անմիջապես հանգցրեց ջղային շարժումով։ Նորից այս Պալյանը։ Միշտ նա։ Այն, որ Միացյալ Նահանգներում տպագրված այս հոդվածը կարող էր որոշ իրարանցում առաջացնել մայրաքաղաքի կառավարական շրջաններում, Ռըզա բեյին չէր հուզում։ Սակայն հոդվածի բովանդակությունը նրան հուզում էր, քանի որ նա անտարբեր չէր այդ երեխայի ճակատագրի հանդեպ, քանի որ Թովմասը, որին նա անկեղծորեն սիրում էր, հավանաբար այդ երեխաների թվում էր։ Ահա վեց ամիս էր, ինչ իրենք լուր չունեին նրանից։ Մարոն հուսահատված էր, և դա անդրադառնում էր տան մթնոլորտի վրա, ուր յուրաքանչյուրը կարծես սգի մեջ լիներ, որը երբեք չէր ավարտվելու։

Եվ այդ դժվար պահին իրեն միայն այս անիծյալ Պալյանն էր պակասում։ Ո՞վ գիտի, միգուցե նա իմացե՞լ էր, թե որտեղ էր ապրում իր նախկին կինը։ Միգուցե նա հանդիպե՞լ էր Թովմասին և կազմակերպել նրա փախուստը Մարոյի հետևից գալուց առաջ։ Պալյանն անկասկած կեղծ ինքնության տակ էր հանդես գալիս։ Նա կարող էր լինել այն մուրացկանների ամբոխում, որն ամեն օր հավաքվում էր կալվածքի դարպասի առջև։ Նա կարող էր հայտնվել որպես բեռնակիր կամ բերքահավաքի համար վարձվող բանվոր։

Ռըզան խմեց կոնյակը, ինքն իրեն ասելով, որ արդեն զառանցում էր։ Ամեն դեպքում նա չէր կարող հանգիստ լինել։ Բոլշևիկները, որոնք իշխանության էին եկել Ռուսաստանում, խաղաղության բանակցություններ էին սկսել Օսմանյան կայսրության հետ, և դա կարող էր բերել պատերազմի ավարտին։ Այդ դեպքում Պալյանին ավելի հեշտ կլիներ հայտնաբերել իր կնոջն ու նրան հետ պահանջել։ Անկասկած, այդ վտանգը մեծ չէր, սակայն Ռըզան ուզում էր դրանից խուսափել։ Մարոն, նա այդ բանը հենց սկզբից էր զգում, իրեն չէր պատկանելու ամբողջությամբ, գուցե իր կրոնի և իր եվրոպական դաստիարակությա՞ն պատճառով, և օտար էր մնալու իր տանը։ Թովմասի փախուստից հետո, մխիթարանքի և ջերմության կարիք զգալով, նա ավելի էր մտերմացել Ռըզայի հետ, սակայն Ռըզան չգիտեր, թե ինչ դիրքորոշում կունենար Մարոն, եթե հայտնվեր նրա ամուսինը։ Ռըզան պետք է ազատվեր այդ մարդուց զինադադարից առաջ։

Երբ մի կես ժամ հետո Պետրին եկավ, Ռըզա բեյը նրա համար թարգմանեց հոդվածը։

— Տեսնո՞ւմ ես, նա չի մահացել, ինչպես դու կարծում էիր։

— Հետո ի՞նչ,— պատասխանեց Պետրին, որն այդ հարցին թեթևամտորեն էր վերաբերվում,— ո՞վ է նրա ստերին հավատալու։ Գանի բեյը պահանջե՞լ է նրան բռնել։

— Հարցը դրանում չէ։

— Այդ դեպքում ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք անհանգստանում։

Մի քանի վայրկյան Ռըզա բեյը նայում էր իր օգնականին և մտածում էր, թե արդյոք ինքը պե՞տք է նրան վստահեր իր գաղտնիքը։

— Նստիր,— ասաց նա՝ ցույց տալով իր դիմացի բազկաթոռը։

Այս համարյա բարեկամական տոնը, որին Պետրին սովոր չէր, զարմացրեց նրան, և նա գուշակեց, որ ինչ-որ լուրջ գործ կար, և մրմնջաց.

— Դուք գիտեք, որ ես անսահման նվիրված եմ ձեզ, Ռըզա բեյ։

— Վերցրու,— ասաց Ռըզա բեյը՝ ցույց տալով սեղանին դրված ծխախոտի տուփը։

Պետրին ծխախոտ վերցրեց, վառեց և սկսեց ծխել, քաղաքավարությունից ծուխը մի կողմ փչելով։ Վերջապես Ռըզն խոսեց մտերմիկ տոնով.

— Այս մարդու գոյությունն ինձ համբերությունից հանում է, քանի որ նա Մարոյի ամուսինն է։ Ես ուզում եմ վերջնականապես նրանից ազատվել։

Նրա օգնականի դեմքը պայծառացավ.

— Այդ դեպքում Մարոյին որպես խայծ օգտագործենք, նրա ամուսնուն ծուղակը գցելու համար

Ռըզա բեյը նրա վրա արհամարհական հայացք նետեց, Պետրին կարմրեց։ Ամենայն հավանականությամբ իր առաջարկը դուր չէր եկել տիրոջը։ Նա երևի վախենում էր սիրուհու կյանքրը վտանգել։ Գուշակելով Պետրիի մտքերը, Ռըզան բացատրեց.

— Մարոն չպետք է իմանա, որ նա ողջ է։

— Ա՜ ... Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել։

Բարկանալով, որ Պետրին հնարամտություն չէր ցուցաբերում, Ռըզա բեյն ասաց չոր տոնով.

— Այս հոդվածները ինքը չի տանում արտասահման։ Նա գործակիցներ ունի, միսիոներներ, դիվանագետներ, չգիտեմ։ Նա անկասկած կապ է պահպանում այն հայերի հետ, որոնք չեն տեղահանվել։

— Անկասկած։

Ռըզա բեյը ձեռքը սեղանին խփեց.

— Փնտրիր։ Բոլոր գործերդ մի կողմ դիր ու գտի՛ր։

— Ինչ միջոցներով, կարևոր չէ՞։

— Ինձ համար միևնույն է, միայն թե զգույշ եղիր։ Ազատիր ինձ նրանից, Պետրի, և քո կարողությունը ձեռքումդ է։

Հիանալով վերջին խոսքերից, որոնք դեռևս հնչում էին նրա ականջին, Պետրին ոտքի կանգնեց և խոնարհվեց։

✻    ✻



Տեսնելով տափաստանին փոխարինելու եկած ցաքուցրիվ եղևնիները, Վարդանը հասկացավ, որ մոտենում էին Աֆիոն–Գարահիսարին, այն քաղաքին, ուր ինքը ծնվել ու մեծացել էր։ Ահա և գետը՝ Ակարը, որր հոսում էր երկաթգծին զուգահեռ և ուր ինքը մանուկ հասակում ձկնորսությամբ էր զբաղվել։ Նա իջեցրեց բաժանմունքի լուսամուտը և գլուխը դուրս հանեց, բնապատկերով հիանալու և վարած հողի հոտը զգալու համար, որը նրա հիշողության մեջ կապված էր իր հարազատ շրջանի աշնան հետ։

Նա հիշեց հորը, որն արաբական ազնվացեղ ձի հեծած, հսկում էր հողը վարող բանվորներին։ Նա իր որդիներին՝ Նուբարին ու Վարդանին բացատրում էր աշխատանքի ընթացքը և նրանց էր վստահում իր գաղտնիքները դաշտերում կակաչի առատ բերք աճեցնելու վերաբերյալ։ Վարդանը տասներկու տարեկան էր և արդեն գիտեր, որ ինքն իր կյանքը չէր անցկացնելու այս քամոտ սարահարթում։ Այն օրվանից, որ ինքն այցելել էր իր քեռորդիներին Կոստանդնուպոլսում, նա երազում էր մայրաքաղաքի և դրա նավահանգստի նավերի մասին, որոնց միջոցով կարող էր աշխարհին ծանոթանալ։

Բաժանմունք ներխուժող քամին արթնացրեց Հակիին, որին գնացքի միապաղաղ ընթացքը քնեցրել էր։ Մնացած երաժիշտները զբոսնում էին միջանցքում թմրած ոտքերը մարզելու համար։ Տեսնելով, որ իրենք մենակ էին, Հակին նորից հարցրեց, և դա արդեն երկրորդ անգամ էր այն պահից, ինչ նա իմացել էր, որ Վարդանը ծագումով Աֆիոն-Գարահիսարից էր՝ ափիոնի մայրաքաղաքից:

— Ի՞նչ ես կարծում, ինձ համար ափիոն կարո՞ղ ես ճարել։ Չե՞ս մոռանա։ Վերավաճառելու համար եմ ուզում։

— Կփորձեմ, Հակի, սակայն ոչինչ չեմ խոստանում։ Դա այնքան վաղուց էր։ Գուցե ոչ մի ծանոթ չի մնացել։ Հատկապես, որ դաշտերի մեծ մասը հայերի էր պատկանում, որոնց անկասկած քշած կլինեն։

— Երկիր լցված օտար զինվորների շնորհիվ ես կկարողանայի կարողություն դիզել։

— Քեզ այլևս չի հուզո՞ւմ, որ քո երկիրը պարտվել է։

— Դա իմ պատերազմը չէր։ Կան մարդիկ, որոնք հարստացել են այս պատերազմի շնորհիվ, հիմա իմ հերթն է։ Եթե դու ուզենայիր, մենք միասին կաշխատեինք և կհարստանայինք։ Շուտով դու ստիպված չես լինի թաքնվել...

Վարդանը զսպեց զարմանքի շարժումը և ձևացավ, որ չի հասկանում։

— Ի՞նչ ես ուզում ասել։

Հակին խորհրդավոր ժպտում էր։ Նա աչքով արեց և, ստուգելով, թե արդյոք մարդ չկա միջանցքում, շշնջաց.

— Ես վաղուց եմ գուշակել, որ դու այն մարդը չես, որ ներկայանում ես։

— Իսկ ո՞վ եմ ես այդ դեպքում։

Հակին ուսերը թոթվեց.

— Ինձ համար ավագ ընկերս ես, և դա ինձ բավարարում է։

Փաշազադե Շահիր Միթադի վերադարձը ընդհատեց խոսակցությունը։ Քանի որ Հակիի խոսքերում սպառնալիք չկար, այլ ավելի շուտ համակրանք, Վարդանը հանգստացավ։ Նա դերվիշին հարցրեց.

— Որտե՞ղ ենք նվագելու, վարպետ։

— Թլփատման տոնախմբությանը, Ուդի Յաշար։ Ինձ ասել են, որ այդ տոնախմբությանը շատ բարձրաստիճան սպաներ են մասնակցելու, նույնիսկ մի գեներալ։ Մենք պետք է մեզ լավագույնս ներկայացնենք, քանի որ նրանք պետք է որ մռայլ լինեն։

— Ինչո՞ւ,— հարցրեց Վարդանը, կարծես չգուշակելով։

— Ես դրա հաստատումն եմ ստացել գերմանացի մի ինժեներից. Թալեաթ փաշան հրաժարական է տվել մեծ վեզիրի և նախարարի պաշտոնից։ Իզեթ վաշան նշանակվել է կաբինետի ղեկավար, որի խնդիրն է խաղաղության բանակցություններ վարելը։ Սա տխուր պահ է կայսրության համար։

Վարդանը բավարարվեց գլխով անելով։ Նա զարմացած չէր։ 1918 թ. հոկտեմբերի կեսերին բոլորն անխուսափելի էին համարում օսմանյան բանակի պարտությունը։ Անկասկած, Կոստանդնուպոլսի ղեկավարների հրաժարականը նրան ուրախացնում էր, սակայն Իթթիհատի հին անդամներից մեկի՝ Իզեթ փաշայի նշանակումը ցույց էր տալիս, որ ոչինչ դեռ չէր փոխվել։

Դժվար էր գուշակել, թե ինչ կբերեր հայերին խաղաղությունը։ Արդյո՞ք դաշնակիցները կկատարեին հայերին տված խոստումը անկախ Հայաստանի վերաբերյալ։ Ոչինչ հաստատ չէր։ Ամեն ինչ բարդանում էր 1918 թ. մայիսի 28-ին հռչակված անկախ Հայաստանի գոյությամբ։ Այդ անկախությունը, որը կարելի էր դիտարկել որպես երազած մեծ հայրենիքի ստեղծման առաջին փուլ, ուրախացնում և միևնույն ժամանակ անհանգստացնում էր Վարդանին, ինչպես և իր հայրենակիցների մեծամասնությանը։ Հայերը հայտնվում էին շատ փոքր՝ նախկին Արևելյան Հայաստանի տարածքի վրա, որը մի կողմից պաշարված էր օսմանցիների կողմից, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի։ Փոքր երկիր, որը շրջափակված էր Օսմանյան կայսրությամբ, Պարսկաստանով, Ադրբեջանով և Վրսատանով, որոնք նրան կտրում էին արտաքին աշխարհից։

Վարդանը հասկանում էր, որ այն բանից հետո, երբ բոլշևիկները հետ էին քաշվել, իր հայրենակիցներին ոչինչ չէր մնում անել, քան Անատոլիայի իր դարավոր հողերից զրկված այդ Հայաստանի անկախությունը հռչակելը։ Կամավորական ջոկատները քաջաբար պաշտպանել էին Արևմտյան Հայաստանի հողերը, որոնք լքել էր ռուսական բանակը։ Նրանք պայքարում էին ավելի լավ զինված և մեծաքանակ թշնամու դեմ և ստիպված էին նահանջել՝ թողնելով Երզնկան, էրզրումը, Տրապիզոնն ու Վանը։ Օսմանցիների առաջխաղացումը պատճառ էր դարձել նոր ջարդերի և, հասնելով իրենց վերջին պաշտպանական գծերին, հայերը դիմադրել ու պարտության էին մատնել իրենց հակառակորդին Ղարաքիլիսայում և Սարդարապատում, նրանց ծանր կորուստներ պատճառելով։ Այդ հաղթանակները, որոնք բարձրացնում էին բնաջնջման փորձից սարսափած ժողովրդի ոգին, ընդամենը դադար էին։ Ավանդական թշնամին կանգնած էր նորանկախ երկրի սահմաններին, որը բազում դժվարություններ էր կրում։ Նա պետք է կերակրեր և օթևան տար փախստականներին, որոնք ամեն ինչ կորցրել էին։

Գնացքն անցավ պարսպի մոտով և, սուլելով, ազդարարեց իր մուտքը կայարան։ Ամպած երկնքի տակ մզկիթներն ու շենքերը գորշ էին թվում։ Հորիզոնին երևացող բլրի վրա վեր էր խոյանում հին ամրոցի տպավորիչ ուրվագիծը, որի պատվին էր, միգուցե, քաղաքը Կարահիսար (սև պարիսպ) անվանումը ստացել։ Վարդանի սիրտն ուժգին բաբախում էր, և նա ուշադիր զննեց կառամատույցում հավաքված ամբոխը, փնտրելով որևէ ծանոթ ուրվագիծ կամ դեմք։ Շոգեքարշի բաց թողած գոլորշին ծածկեց մարդկանց։

«Անատոլու» իջևանատանը, ուր հանգրվանել էր նվագախումբը, նախաճաշի ժամանակ Փաշազադե դերվիշը հայտարարեց, որ կեսօրից հետո երաժիշտերը ազատ էին։ Իրենց սենյակում, ուր ըստ ավանդույթի նրանք միասին էին, Հակին նայեց Վարդանին, որը պատրաստվում էր դուրս գալու, և ասաց.

— Քանի որ սա քո ծննդավայրն է, կարծում եմ, որ դու սովորականից ավելի կարիք ունես մենակ մնալու։

Վարդանն այս քաղաքում չպետք է տեսներ դիմադրության հետ կապված որևէ մեկի և հույս չուներ ծանոթների հանդիպելու, իսկ ուրվականներով բնակեցված քաղաքում միայնակ զբոսնելը նրան չէր հրապուրում։

— Հակառակը, Հակի, քո ներկայությունն ինձ համար հաճելի կլիներ։ Միայն մեկ պայմանով, որ հարգես իմ լռությունը և, հատկապես, որ ինձ շատ հարցեր չտաս։ Պահանջածս շատ չէ՞։

Հակիի դեմքը պայծառացավ.

— Ուդի, իմ աղաբեյ, դու կարող ես ինձնից ամեն ինչ պահանջել, բացի այն, որ ես այլևս երբեք կանանց չհամբուրեմ։ Ես ձկան պես համր կլինեմ և, եթե դու հանդիպես քո ազգին և քո հավատքին պատկանող մարդկանց, կհեռանամ, որպեսզի դու նրանց հետ հանգիստ խոսես։

Ուրեմն նա գիտե՜ր։ Վարդանն ուզեց հակաճառել, սակայն Հակին նրան լռելու նշան արեց.

— Ես վաղուց եմ գուշակել։ Դու իմ եղբայրն ես, Ուդի, իսկ քո գաղտնիքը սրբազան է ինձ համար, և ես կգերադասեմ, որ ինձ պատառ-պատառ անեն, քան կմատնեմ։

Վարդանը, հուզվելով, գրկեց նրան.

— Թող օրհնյալ լինի այն օրը, երբ ես քեզ ճանաչեցի։

— Ինչպե՞ս են քո լեզվով բարեկամ ասում։

— «Ընկեր»։ Իսկ դու իմ ընկերն ես, Հակի։

Նրանք հասան քաղաքի առևտրական թաղին, ուր արհեստավորներն ու վաճառականները տեղաբաշխված էին ըստ իրենց մասնագիտությունների։ Նրանք անցան ածխագործների, թիթեղագործների, դերձակների, գորգագործների և մետաքսավաճառների, կոշկակարների և, վերջապես, հրուշակագործների շարքերով։ Այստեղ, ինչպես և Փոքր Ասիայի բոլոր շուկաներում, աչքաբաց վաճառականները կանգնած էին իրենց խանութների առջև, նայում էին անցորդներին, նրանց ապրանք էին առաջարկում և միշտ պատրաստ էին գինն իջեցնել հանուն սիրուն աչքերի, բարեկամության կամ էլ առաջին հաճախորդը լինելու առիթով։ Այստեղ, ինչպես և այլուր Անատոլիայում, հայերին պատկանած խանութները փոխել էին իրենց տերերին։ Շատ հույն վաճառականներ նույնպես իրենց տեղն էին զիջել թուրքերի կամ քրդերի։

Վարդանն ու Հակին հասան համեմունքների շարքին, ուր բրնձի, շաքարի ու աղի պարկերը, նշի, սիսեռի, չրեղենի զամբյուղները զբաղեցնում էին մայթը և հասնում էին մինչև երթևեկելի մասը։ Վարդանը կանգ առավ մի հին խանութի մոտ, ուր մի տասը տարեկան տղա նստած էր ձեթի մեծ ամանի վրա։

— Բարև, Համիդ էֆենդին այստե՞ղ է։

— Նպարավաճառը մի քանի ամիս առաջ մահացել է։

— Ա՜,— արեց Վարդանը շփոթված։

— Իմ հայրը գնել է խանութը նրա այրուց։

Խանութից դուրս եկավ ալեխառն բեղերով և գրեթե անտեսանելի հոնքերով մի մարդ։ Նրա կլոր աչքերը մի այցելուից մյուսին էին անցնում, և նա չէր վստահում։

— Ի՞նչ եք ուզում Համիդ էֆենդիից։ Պատահաբար նա ձեզ փող պարտք չէ՞ր։

— Հանգստացեք,— պատասխանեց Վարդանը։– Նա իմ հին բարեկամն էր, որի հետ ես կրոնական դպրոց էի հաճախում։ Հանգստություն նրա հոգուն։

— Մենք ձեզ իզուր չենք անհանգստացրել,— ասաց Հակին։— Թզի չիրն ի՞նչ արժե։

Քաղաքի կենտրոնական հրապարակի շագանակենիների տակ տղամարդիկ նարդի էին խաղում և նարգիլե ծխում։ Հակին նախանձով նայեց օղու շշերին, սակայն չհամարձակվեց ընկերոջն առաջարկել սրճարան այցելել։ Մզկիթն անցնելուց հետո նրանք մտան հայկական թաղի նեղ փողոցները։ Առաջին հայացքից թվում էր, թե ոչինչ չէր փոխվել Վարդանի վերջին այցելությունից հետո՝ ինը տարի առաջ։ Բոլոր փայտե տների ճակատները սպիտակ էին ներկված, սակայն մեծ մասի ներկը թափվել էր։ Այգիների մեծ մասը գրավել էին մոլախոտերը։ Աղբյուրի մոտ կանգնած էր հին ծառը, իսկ կողքի խանութից նոր թխված հացի բուրմունքն էր գալիս։ Յուրաքանչյուր տան մոտ Վարդանը մի անուն էր հիշում, սակայն հիմա այդ տներում անծանոթներ էին ապրում։ Այստեղ Սուրբ Ստեփանոս եկեղեցու դիմաց նստում էր Աղավնի խաթունը իր թոռան՝ Սուրենի հետ։ Հիմա նրա տեղում նստած էր քողածածկ ծեր մի կին, որը հսկում էր եկեղեցու գավթում խաղացող մի խումբ երեխաների։

Վարդանը հրեց եկեղեցու դռան ծանր փեղկը։ Նրա քթին խփեց թրիքի ծանր հոտը։ Պատերը կչկչոցներ և մկկոցներ էին արձագանքում։ Նա գնաց դեպի վերնատուն գառների ու հավերի մոտ, որոնք քուջուջ էին անում հատակը ծածկող հարդի և թրիքի մեջ։ Սրբապատկերները, սուրբ սեղանն ու նստարաններն անհայտացել էին, պատերի որմնանկարները ներկով էին ծածկել, իսկ գունավոր ապակիները կոտրել էին օդափոխության համար։ Հավաբու՜ն։ Ահա թե ինչի էր վերածվել այն եկեղեցին, ուր նա մկրտվել էր։

Հանկարծ նա մտովի երեսուն տարի հետ գնաց։ Դա Ավագ շաբաթի պատարագից անմիջապես առաջ էր։ Բեմի առջև կանգնած Վարդանը շարականներ էր արտասանում, որոնք նա անգիր էր արել։ Նա գիտեր, որ ծնողներն իրեն հպարտությամբ էին ունկնդրում՝ մայրը կանանց հատկացված շարքում, իսկ հայրը մյուս կողմում տղամարդկանց հետ։ Հետո բոլոր լամպերը վառվեցին՝ փայլեցնելով վարդանախշերի և սրբապատկերների ոսկին, իսկ վերևի սրահում երգչախումբը սկսեց երգել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» շարականը։ Վարդանը գրպանից հանեց Զատկի ներկած ձուն, այն կոտրեց՝ խփելով ավազանի եզրին և ագահաբար կերավ, այդպիսով վերջ դնելով անվերջանալի պահքին։ Դա շտապողական արարք էր, քանի որ նա պետք է քաղցած մնար մինչև հաղորդվելը։ Քահանան նկատել էր նրա արարքը, այդուհանդերձ նրա բերանը դրեց նշխարքը՝ Քրիստոսի մարմինը։ Վարդանը պարզորոշ հիշում էր այն միտքը, որը զբաղեցնում էր նրա ուղեղը, ինչպե՞ս կարող էր Քրիստոսը մեռնել ամեն տարի և հարություն առնել երկու օր անց։ Այսօր նա գիտեր, որ մարդիկ կարող են հազար անգամ մեռնել և շարունակել ապրել։

Նա Հակիին գտավ եկեղեցու դիմաց։ Հենց այդ պահին մի մարդ անցավ, որն արագորեն գլուխը դարձրեց եկեղեցին չտեսնելու համար։ Վարդանը հասցրեց նրան ճանաչել։ Դա Պարունակ Ավագյանն էր՝ ժամագործը։ Քողածածկ երկու կանանց ուղեկցությամբ նա գնում էր դեպի հարևան փողոցը, ուր տներն ավելի մեծ ու հարմարավետ էին, իսկ պարտեզներն ավելի ընդարձակ։ Վարդանը մի տղայից հարցրեց նրա ով լինելը։

— Օրալ էֆենդին է՝ ժամագործը։ Ավագ քույրս դարձել է նրա երկրորդ կինը։ Ուզո՞ւմ ես քեզ տանեմ նրա մոտ։ Նա շատ լավ ժամագործ է։ Եթե քեզ հետ լինեմ, նա գինը կիջեցնի։

— Մեկ ուրիշ անգամ։ Ես շտապում եմ, շնորհակալություն։

Հետևելով որոշ հայրենակիցների օրինակին, Ավագյանն ուրացել էր, հրաժարվել լեզվից և փոխել անունը՝ փրկվելու համար։ Վարդանը չէր դատապարտում նրան և որոշեց չխռովել նրա հոգեկան անդորրը, որը փուխր էր, եթե Վարդանը դատեր եկեղեցու մոտով նրա անցնելու ձևից։

Յուրաքանչյուր փողոց, հրապարակ ու ծառ հիշողություններ էր արթնացնում Վարդանի հոգում։ Նրան թվում էր, որ ինքը երազի մեջ էր, որ ինքր քայլում էր մի ճանապարհով, որը երբեք չէր լքել, և յուրաքանչյուր քայլ, բազմաթիվ արձագանքներ էր ծնում, կարծես քայլեր իր ոտնահետքերով։ Այստեղ էր դատարկված դպրոցը, ուր նա սովորել էր առաջին տարիներին, իր հայրենի տունը կանգնած էր այդտեղից մեկ կիլոմետրի վրա։ Նա մտովի արտասանեց հայկական այբուբենը և հիշեց հորը, որն իրեն այն սովորեցրել էր, երբ ինքը երեք տարեկան էր։ Ամբողջ մի ամառ անհրաժեշտ եղավ տառերը հիշելու համար, իսկ հետո նա այբուբենն արտասանում էր ամեն հարմար առիթով, իր հորեղբայրների, հորաքույրների և բոլոր հյուրերի առջև, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր գալիս էին իր հոր հետ գործերր քննարկելու համար։

Երբ նրանք քաղաքից դուրս էին գալիս շրջանում հայտնի հանքային ջրի աղբյուրը այցելելու համար, Հակին մրմնջաց.

— Դու, երևում է, շատ երջանիկ մանկություն ես ունեցել, որ այդքան հուզվում ես։ Ինձ համար բոլորովին հետաքրքիր չէր լինի վերադառնալ իմ գյուղը։

—– Քո վարքագիծն ավելի իմաստուն է, քան իմը։

Հակին երկու ծխախոտ փաթաթեց և մեկն ընկերոջը տվեց։ Նրանք լուռ քայլեցին մոտ տասնհինգ րոպե։ Տներ հազվադեպ էին հանդիպում, իսկ հետո իրենց տեղը զիջեցին դաշտերին։ Վարդանը կարճ ճանապարհով գնաց։ Դա նեղ արահետ էր, որն անցնում էր մի բլրով և որը նրանց դուրս բերեց տոհմական հողերի մոտ։ Դաշտերը ձգվում էին մինչև հորիզոն։ Դրանք բաժանվում էին բարդիների շարքերով, որոնք տերևաթափ էին լինում։ Դաշտերից շատերը, ուր ժամանակին ափիոն էին մշակում, խոպանի էին վերածված, իսկ որոշ տեղերում էլ մշակման աշխատանքները ուշացրել էին։ Միայն երեք գութան էր աշխատում, մինչդեռ երբ այս հողերը պատկանում էին Պալյաններին, երբեմն երեսուն գութան միաժամանակ վարում էին հողը։

Վարդանը հիշեց բոլոր այն զգացմունքները, որ ինքն ունենում էր հողը վարելիս, ափերի մեջ սեղմած գութանի կոթերի դողն ու ցնցումները պատրանք էին ստեղծում, որ այն կենդանի էակ էր, զորեղ լինելու զգացողությունը, երբ ակոսը ուղիղ էր ստացվում։ Նրա հայրը պահանջում էր, որ իր որդիներր մասնագիտանային հողագործության մեջ, նույնիսկ եթե հետագայում պետք է ղեկավարեին ուրիշներին։ «Տերը պետք է ավելի լավ հողագործ լինի, քան իր բանվորները»,— ասում էր նա։ Եվ տարվա եղանակների փոփոխության հետ Նուբարն ու Վարդանը էտում էին մրգատու ծառերը և խաղողի վազերը, ցանում էին, ջրում էին, հնձում էին, սովորում էին կակաչների սերմնատուփերի վրա կտրվածքներ անել, դրանցից ափիոն ստանալու համար հյութ կորզել։ Չնայած երբեք ցանկություն չէր ունեցել կալվածքին նվիրվելու, այնուամենայնիվ նա հաճույք էր ստանում սովորելուց, երբ ուսանում էր Կոստանդնուպոլսի համալսարանում, երբեմն երազում տեսնում էր, թե ինչպես էր հնձում, գերանդին աջից ձախ թափահարելով։ Հիմա էլ, փակելով աչքերը, նա լսեց հնձվող խոտի սոսափյունը գերանդու շեղբին, հնձած խոտի հոտը, թևերի ու մեջքի ցավը։

Վարդանը շարունակեց ճանապարհը։

— Դու հեռու ես, եղբայրս,— ասաց Հակին քայլելով նրա կողքին։

— Շատ հեռու։

Նրանք շարժվեցին գետափի խոնավ մարգագետնի եզրով։ Երբ նա պատանի էր, այս մարգագետնի վրա քուրդ բանվորների հետ ձիարշավներ էին կազմակերպում։ Երկու թիմի բաժանվելով, հեծյալները նիզակների փոխարեն երկար փայտեր վերցնելով, ձիամարտեր էին վարում։ Չնայած Նուբարը բարձրահասակ էր և ուժեղ, նա ոչ մի հակում չուներ սպորտի հանդեպ և գերադասում էր զբաղվել կալվածքի կառավարմամբ ու մշակել զարգացման ծրագրերը: Այդուհանդերձ, նա գալիս էր դիտելու այդ մրցումները և հպարտանում էր Վարդանի ճարպկությամբ։

Ծառերի հետևում երևաց սրբատաշ քարից կառուցված երեք հարկ և պատշգամբ ունեցող տպավորիչ շենքը, և Վարդանը հուզված կանգ առավ։ Լուսամուտներին ճաղեր տեղադրելու փոխարեն, տան նոր տերը դրանք պարզապես կանաչ էր ներկել։ Վարդանը հիշում էր յուրաքանչյուր սենյակի կահավորությունը, յուրաքանչյուր լուսամատից բացվող տեսարանը։ Նա լսում էր անհայտացած ձայները, տեսարաններն ու պատկերներր խառնվել էին նրա գլխում, հայրը, մայրը, եղբայրը, քեռորդիները, որոնք գալիս էին ամռանը, Մարոն, որը պաշտում էր այս տունը, այնտեղ տրված տոնախմբությունները։ Եթե աշխարհում կար մի վայր, որը ամենահարազատն էր, ապա դա այս տունն էր, սակայն հիմա նա իրեն օտար էր զգում։

Տան մոտից ավանակ հեծած մի ծերունի էր գալիս։ Երբ նա հավասարվեց Վարդանին, վերջինս ճանաչեց Օսմանին, որն արդեն իսկ Պալյանների խոհարարն էր, իր ծնվելուց առաջ։ Նրա մեջքը կորացել էր, իսկ դեմքը տխուր էր։ Նա ոտաբոբիկ էր, հագուստը կեղտոտ էր և մաշված։ Կկոցելով աչքերը՝ նա նայեց այդ օտարականներին։ Համոզված լինելով, որ ծերունին իրեն չէր ճանաչի, Վարդանը ողջունեց նրան.

— Թող Ալլահը ձեզ օրհնի։

— Թող ձեզ էլ օրհնի,— պատասխանեց Օսմանը, սանձը քաշելով։

— Ո՞ւմ են պատկանում այս դաշտերը։

— Էկրեմ էֆենդուն։

— Մուխթարի՞ն։

— Նա այլևս մուխթար չէ, նրան ոստիկանապետ են նշանակել։ Սա նրա տունն է։

Վարդանն ուզում էր անցյալի մասին հիշողություններ լսել առանց բացահայտելու իր ով լինելը։

— Ես այստեղով շատ վաղուց եմ անցել։ Խոզ գողացած մի մարդ էին բռնել, և մարդիկ ուզում էին նրան ծեծել, սակայն այս տան տերը նրանց թույլ չտվեց։

— Հիշում եմ...— ասաց Օսմանը գետնին նայելով։— Տան տերը բարի և արդարացի մարդ էր, շատ մեծահոգի և գթասիրտ։ Եվ չնայած գյաուր էր, Ալլահը բարեգութ էր նրա նկատմամբ։ Այդ ժամանակ ես խոհարար էի այս տանը, լավ աշխատանք էր։ Հիմա ես այծ եմ արածեցնում։ Այս տարիքո՜ւմ։ Այսպես երբեք չէր լինի Պալյանների ժամանակ։

— Նրանց ի՞նչ պատահեց։

— Բեյը, որի մասին ասացի, վաղուց մահացել է, իսկ կինը նրան է հետևել քիչ անց։ Հետո նրանց տղան էր՝ Նուբար աղան, որը կառավարում էր կալվածքը։ Նա նույնքան լավն էր, որքան հայրը։ Սակայն նա հեռացավ, երբ պատերազմը սկսվեց։

— Նա իր կալվածքը վաճառե՞ց Էկրեմ էֆենդուն։

— Ի՞նչ ես ասում։ Նա գնաց առանց նախազգուշացնելու, շտապելով կյանքը փրկել։ Նա խելացի մարդ էր...

Ծերունին լռեց և անհանգիստ հայացք գցեց տան կողմը։ Նա ավանակին խթանեց ու ավելացրեց.

— Սակայն այս ամենը հետաքրքիր չէ ձեզ պես օտարականներին։ Առայժմ։

Նա վախենում և անկասկած ափսոսում էր, որ սիրտը բացել էր օտարականներին։

Նրանք նրան առաջ թողեցին և վերադարձան քաղաք։ Հակին բռնեց Վարդանի ուսը.

— Դու ապրե՞լ ես այդ պալատում։ Ես, որ կուշտ չեմ կերել մանուկ հասակում, չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպիսին է եղել քո մանկությունը։ Պետք է որ սարսափելի լինի այդ ամենից հետո հայտնվել ճամփի եզրին, ունենալով որպես ունեցվածք միայն մի ուդ։

— Ավելի վատ է, երբ կորցնում ես անունդ կրելու իրավունքը։

— Պալյան, այո՞։

Վարդանը գլխով արեց։

— Դու ինձ էլի կպատմե՞ս։

— Ի՞նչ։

— Ամեն ինչ։ Թե ի՞նչ էիք ուտում, ինչպիսի՞ն էին քո ծնողները, թե ի՞նչ էիր անում։

Վարդանը ցածրաձայն ծիծաղեց.

— Երեխա ժամանակ ես պետք է որ քեզնից այնքան էլ չտարբերվեի։ Անկասկած, մենք կընկերանայինք, եթե հարևաններ լինեինք։

✻    ✻



Հետևելով ավանդույթին և Ղուրանի գթասրտության պատվիրանը կատարելու նպատակով, Մետին բեյը՝ գավառի վալին, հավաքել էր իր տանը աղքատ ընտանիքների տղաների՝ իր որդու հետ միաժամանակ թլփատելու համար։ Իր հյուրերով՝ հիմնականում համազգեստ կրող օսմանյան բարձրաստիճան սպաներով շրջապատված, նա բազմել էր մեծ սեղանի գլխին։ Մեկ այլ, նույնքան շքեղ սպասավորված մի սեղան, դրված էր սենյակի խորքում և դրա շուրջր նստած էին ավելի համեստ դիրք գրավող մարդիկ և այն երեխաների հայրերը, որոնք միջոցներ չունեին իրենց տղաներին թլփատելու համար։ Սեղանի առջև շարված էին տասներկու մահճակալներ, ուր պառկած էին մոտ տասը տարեկան տղաներ սպիտակ գիշերանոցներով և սատինից կարված կապույտ գլխարկներով։ Նրանք տագնապով սպասում էին, որ վարսավիրը կատարեր ծիսական շարժումը, որից հետո նրանք տղամարդ և իսկական մահմեդական կդառնային։

Դերվիշները տեղավորվեցին սենյակի ծայրում կանգնեցված բեմի վրա, և Վարդանը, իր գործիքը լարելու ընթացքում, ուսումնասիրեց հյուրերին։ Տանտիրջ աջ կողմում նա զարմանքով հայտնաբերեց Հալիթ փաշայի կլորիկ դեմքը։ Բացառությամբ ճերմակող մազերի, գեներալը չէր փոխվել Սվասում տեղի ունեցած իրենց վերջին հանդիպումից հետո, երբ նա փրկել էր Վարդանին կախաղանից։ Վարդանը ուշադիր նայում էր ընկերոջը և չնկատեց Փաշազադե Շահիր Միթադի նշանն ու ուշացումով սկսեց նվագել, իր վրա գրավելով հյուրերի ուշադրությունը։ Մի քանի վայրկյանով նրա և գեներալի հայացքները հանդիպեցին։ Գեներալը նրան չճանաչեց մորուքի և դերվիշի հագուստի պատճառով։

Արարողությանը ավելի մեծ հանդիսավորություն հաղորդելու համար Փաշազադեն սամա կատարեց։ Սովորաբար նա այդ բանը չէր անում, երբ նվագախումբը ելույթ էր ունենում մասնավոր տներում։ Տղաները, ինչպես և նրանց հայրերը, ապշած նայում էին այդ ֆիզիկական կերպարանափոխությանը, տպավորվելով կրոնավորի զմայլված դեմքից, և նրանց թվաց, որ նա հաղորդակցվում էր Աստծու հետ։ Գավառապետը, շոյվելով, պարից հետո դերվիշին քսակ հանձնեց։

Նվագախումբը սկսեց աշխարհիկ երաժշտություն կատարել, սկզբում թեթև և ուրախ, որը խորացավ և լրջացավ, երբ վարսավիրը սկսեց թլփատել տղաներին։ Տղաները սեղմում էին ատամները և իրենց քաջաբար էին պահում, իսկ հայրերի դեմքերը փայլում էին։ Հայտնվեցին պորտապար կատարող երեք պարուհիներ, որոնք գալարում էին իրենց մարմինները տղաների առջև, կարծես փորձելու համար նրանց առնականությունը։ Չնայած տարած տառապանքին, նոր թլփատված տղաները չէին կարողանում աչքերը կտրել այդ կիսամերկ մարմիններից, իսկ տղամարդիկ հրճվում էին նրանց հետաքրքրասիրությամբ։ Վարսավիրն իր գործը վերջացրեց, և հյուրերը ընծաներ և դրամ տվեցին տղաներին, նրանց մաղթելով երկար կյանք, առողջություն և անկեղծ հավատ, ինչպես նաև նրանց պատվիրեցին համեստ ու գթասիրտ լինել։

Դրան հետևեց անվերջանալի մի ճաշկերույթ, որի ընթացքում երաժիշտները զվարճացնում էին հյուրերին անդադար նվազելով, մինչդեռ մի խումբ երիտասարդ ծառաներ պտտվում էին հոլի պես հյուրերին սպասարկելու համար, բազմաթիվ երթեր կատարելով խոհանոցից ճաշասրահ և հակառակը։ Քանի աղքատ երեխաների հայրերը ուրախ քեֆ էին անում, պատվավոր հյուրերի սեղանի մթնոլորտը ավելի լուրջ էր, և դրա շուրջը նստած մարդկանց դեմքերին որոշակի լարում էր զգացվում։ Տանտիրոջ և սպաների միջև աշխույժ խոսակցությունը տարվում էր ցածրաձայն և այն տպավորությունն էր ստեղծվում, որ նրանք հաճախ հարցնում էին Հալիթ փաշայի կարծիքը։ Վերջինս վստահ տեսքով ինչ-որ բաներ էր հաստատում, պնդում էր ինչ-որ մանրամասների վրա, իր խոսքերն ուղեկցելով ձեռքերի շարժումներով։ Նրա այդ շարժուձևը Վարդանին հիշեցրեց երիտասարդ պատգամավոր Հափթին, երբ նա ուզում էր համոզել իր զրուցակիցներին։ Նրանք, անկասկած, խոսում էին ռազմական իրավիճակից և Օսմանյան կայսրության ապագայի մասին։ Վարդանը շատ կուզեր լսել նրանց խոսքերը։

Ճաշկերույթից հետո հյուրերը ցրվեցին պարտեզում, իսկ երաժիշտները շտապեցին սեղանների մոտ և սկսեցին ճաշակել այն ուտեստներն ու խմիչքը, որոնք սպասավորները բերել էին նրանց համար։ Սեղանը թողնելով՝ Վարդանը Հալիթ փաշայի հետևից պարտեզ դուրս եկավ, նրան մոտենալու մտադրությամբ։ Սակայն զինվորականներն ու զավառապետը խմբված էին տաղավարում և աշխույժ վիճում էին։ Վարդանը տուն վերադարձավ այն հույսով, որ ավելի հարմար առիթ կներկայանա։

Դերվիշը նրան հանդիմանանքով դիմավորեց.

— Դու մեզ ավելի լավ կատարման ես վարժեցրել, Ուդի Յաշար։ Գլուխդ որտե՞ղ է։ Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե այսօր դու քանի անգամ ես սխալ նվազել։

Վարդանը մեղավոր տեսք ընդունեց։ Զուռնաչի Օսմանը, որին խմած օղին խանդավառ էր դարձրել, բացականչեց.

— Վիճակն է՛լ ավելի վատթարացավ, երբ պարուհիները ներս մտան։

Նրա կատակր լիցքաթափեց մթնոլորտը, և նույնիսկ Փաշազադեն բարձրաձայն ծիծաղեց։

Արևը մայր էր մտնում։ Երաժիշտներին հրավիրեցին տեղ գրավել պարտեզի խորքում կանգնեցված ծածկի տակ։ Հյուրերն արդեն տեղավորվել էին գետնին փռած գորգերի ու բարձերի վրա։ Կենտրոնում ցածր սեղանի վրա պղնձյա սկուտեղ էր դրված։ Սպասավոըները շշեր, ջրով կժեր և նարգիլեներ էին բաժանում։ Նվագախումբը սովոր էր նման տեսարանների և Փաշազադե Շահիր Միթադը ստիպված չէր ճշտելու, թե ինչ էին իրենք նվագելու։ Երաժշտության հենց առաջին հնչյունների հետ, որոնք որպես ազդանշան էին ծառայում, երերալով ներս եկան երեք պարուհիները, և տղամարդիկ նրանց դիմավորեցին բացականչություններով։ Նրանցից մեկը կանգնեց սկուտեղի վրա, իսկ մյուս երկուսը դանդաղ և մանր քայլերով շրջան կատարեցին նստած հանդիսատեսի առջև։ Նրանց ոտքերի կոճերին ամրացված ապարանջանների զնգզնգոցին հավելվում էր նրանց ափերի մեջ ամրացված կաստանիետների չխկչխկոցը։ Ծալապատիկ նստած տղամարդիկ մասնակցում էին զգայականության այդ փառաբանմանը գլուխների շարժումներով, որոնք համընկնում էին կանանց կոնքերի շարժումների հետ։ Կախարդվելով բարդ շարժումների համակարգով, նրանք պատկերացնում էին այն պատմությունը, որ պատմում էին պարուհիներն իրենց ձեռքերի, աչքերի, պորտի և ամբողջ մարմնի միջոցով։ Յուրաքանչյուր գալարում, յուրաքանչյուր դիրք իր ուրույն նշանակությունն ուներ, նույնիսկ ռիթմը իմաստավորված էր։ Խմիչքից տաքացած տղամարդիկ ավելի պահանջկոտ էին դառնում և ցանկանում էին, որ պարուհիները մերկանային։ Քողերը վայր ընկան, և զգայական կանչն ավելի բացահայտ դարձավ։ Հերթով նրանք հանեցին իրենց լայն շալվարները և կարճ շապիկները, որոնք թաքցնում էին նրանց ստինքները։ Լրիվ մերկ վիճակում, նրանք թույլ տվեցին, որ հանդիսատեսները օղին լցնեն իրենց փորին և լեզվով հավաքեն կոնքերով հոսող խմիչքը։

Հալիթ փաշան ցրված հայացքով էր հետևում ներկայացմանը և թաքուն հետևում էր ուդահարին, որի սևեռուն հայացքը նրան հետաքրքրել էր։ Ի՞նչ կարող էր իրենից ուզել այդ մարդը։ Ի վերջո, գեներալը ինչ-որ ծանոթ բան գտավ այդ աչքերում, որոնք բարեկամաբար էին իրեն նայում։ Գոհ մնալով, որ կարողացել էր Հալիթ փաշայի հետաքրքրասիրությունը շարժել, Վարդանը շրջվեց, որպեսզի իր վարքագիծը չգրավեր մնացածների ուշադրությունը։ Ծածկի տակ ուտեստներ մատուցեցին, և տոնախմբությունը տևեց մինչև լուսաբաց։ Դա իսկական փորձություն էր պարուհիների և երաժիշտների համար։

Հրավերքի վերջում Հալիթ փաշան օգտվեց այն պահից, որ գավառապետը զրուցում էր մի գնդապետի հետ, և մոտեցավ Վարդանին։ Նա նրան դրամ մեկնեց և ցածրաձայն հարցրեց.

— Կարո՞ղ է, մենք արդեն հանդիպել ենք։

Վարդանը հրաժարվեց դրամից.

— Դու ինձ արդեն ոսկի տվել ես Սվասում։

Այդ ձա՜յնը։ Գեներալի աչքերը չռվեցին։

— Այ քեզ բա՜ն,— բարբաջեց նա։— Այ քեզ բա՜ն։

Նրա ապշած դեմքի արտահայտությունն անմիջապես անհայտացավ, և նա հայացք նետեց գավառապետի վրա, որը նրան էր սպասում վրանի մուտքի մոտ։ Դրամը մեկնելով՝ նա բարձրաձայն ասաց.

— Վերցրեք, սիրելիս։ Դուք իմ կենացը կխմեք ձեր գործընկերների հետ։

Հետո շշնջաց.

— Ժամը իննին, կառավարական շենքում։

Վարդանը գլուխը խոնարհեց և պատասխանեց բոլորի համար.

— Օրհնյալ լինեք ձեր մեծահոգության համար։ Թող ձեր կյանքը երկար ու երջանիկ լինի։

Գեներալը շրջվեց և միացավ գավառապետին։ Երաժիշտները խմբվեցին Վարդանի շուրջը։

— Ցույց տուր,— ասաց Հաֆիզ Իսմայելը։— Ոսկի՞ է։

— Ուրեմն գնանք խմելու, ինչպես մեզ պատվիրեց փաշան,— հայտարարեց Հակին, որին պարուհիների ներկայությունը գրգռել էր։— Մենք պետք է մի հասարակաց տուն գտնենք այս քաղաքում։

✻    ✻



Ուղիղ ժամը իննին Հալիթ փաշան Վարդանին էր սպասում կառավարական շենքի նախասրահում։ Նա նրան ուղեկցեց առանձնացած մի սրահ, որ նրա համհարզը սուրճ մատուցեց։ Առաջին հարկի այդ սենյակի բարձր լուսամուտները նայում էին այգուն, ուր սոճիներ էին աճամ և երբ քամին շարժում էր վարագույրները, ապա սենյակ խեժի հաճելի բուրմունքն էր թափանցում։ Երբ համհարզը հեռացավ, Վարդանն ու Հալիթը գրկախառնվեցին։

— Չես կարող պատկերացնել, ինչպես ապշեցի, երբ ձայնդ լսեցի, Վարդան։ Ի՜նչ երջանկություն է քեզ ողջ տեսնելը։

— Դա քո շնորհիվ է, Հալիթ փաշա, և ես նորից քեզ շնորհակալություն եմ հայտնում դրա համար։ Ուրախ եմ, որ կաշիդ չես թողել ռուսական ճակատում, ինչպես վախենում էիր երեք տարի առաջ։

— Պետք է կարծել, որ իմ ժամը չէր եկել, բարեկամս։

Գեներալը բաց չէր թողնում Վարդանի ուսերը և ժպտում էր։

Ծանր կոպերով շագանակագույն աչքերի տակ զգալի այտուցներ կային, որոնք նրա աչքերը նմանեցնում էին բարի մեծ շան աչքերի։ Նրա հոգնած դեմքը նրան խոնարհ տեսք էր տալիս։

— Գտա՞ր ընտանիքդ։

— Դժբախտաբար, ոչ։

Հալիթ փաշան տխրեց։ Նա գերադասեց Վարդանին չասել, որ նրա ազատագրության գինը գնդապետ Իբրահիմի կյանքն է եղել։ Նա Վարդանին առաջարկեց նստել։

— Պատմիր, թե քեզ ինչ է պատահել Սվասից հետո,— խնդրեց նա։

Քանի նրանք սուրճ էին խմում, Վարդանը հակիրճ պատմեց իր գլխով անցածը 1915 թ. հուլիսից հետո, առանց թաքցնելու իր հայրենակիցների ճակատագրին վերաբերող հոդվածների հրապարակումը արտասահմանում։

— Ի՜նչ սարսափելի սխալ է կատարել մեր կառավարությունը,— բացականչեց Հալիթ փաշան։— Բարեբախտաբար պատերազմն ավարտին է մոտենում։ Երեկ ես լուր ստացա Հալեպի գրավման մասին։ Սիրիան ամբողջությամբ անգլիացիների և ֆրանսիացիների ձեռքում է, և նրանք շարժվում են դեպի Անատոլիա։ Նրանց զորքերը շարժվում են դեպի Թրակիա և այս պահին միգուցե գրավել են Կոստանդնուպոլիսը։ Սա Օսմանյան կայսրության վերջն է։

— Կարելի է կարծել, որ դա քեզ ուրախացնում է...

— Կայսրությունն այլևս կենսունակ չէր։ Հարկավոր է փոխարենը ստեղծել Թուրքիա՝ մեզ մնալիք տարածքներով։ Կոստանդնուպոլիս և, իհարկե, Անատոլիա, ոչ ավելին։

— Թուրքիա թուրքերի համար,— մրմնջաց Վարդանը։

— Ոչ,— չհամաձայնեց Հալիթ փաշան։– Արդի մի պետություն, ուր բոլոր ազգերը ներդաշնակ կապրեն։

— Հիմա հեշտ է ասել, երբ հայկական փոքրամասնությունը փաստորեն ոչնչացվել է։

Հալիթ փաշայի ուսերը հակվեցին։

— Իմացիր, որ ես անկեղծորեն ափսոսում եմ այս ահավոր հանցագործության համար։ Պատասխանատուները կկրեն իրենց պատիժը։

Նա դեպի դուռը նայեց, ցածրաձայն շարունակելուց առաջ.

— Աֆիոնում հավաքված սպաները շարունակությունն են նախապատրաստում։ Քեմալ փաշայի հետ մենք ուզում ենք գահընկեց անել սուլթանին և աշխարհիկ հանրապետություն հիմնել: Ես գնալու եմ Կոստանդնուպոլիս։ Արի ինձ հետ, Վարդան, մենք կվերսկսենք այն պայքարը, որը տանում էինք մինչև 1909 թիվը։ Այսօր մենք հաջողության կհասնենք։

— Ես այլևս չեմ կիսում այդ հավատը, Հալիթ փաշա։ Եվ ես երբեք չեմ կարողանա ինձ տանը զգալ մի երկրում, որի հողը շաղախված է իմ հայրենակիցների արյունով։

— Սակայն սա քո երկիրն է, և դու ոչինչ չես կարող դրա դեմ անել։ Դու աֆիոնցի ես։ Դու պոլսեցի ես։

— Այսուհետ ես ընդամենը հայ եմ։

Նրա Մեծ Հայքի և Հալիթի Անատոլյան Թուրքիայի մասին երազանքներն իրարամերժ էին։ Երկու պետություններն էլ պետք է հավակնություն ունենային Կովկասյան լեռներից արևմուտք ընկած հողերի՝ Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի նկատմամբ։ Գեներալը նույնպես դա գիտեր։

— Կարող է՝ դու ուզում ես գնալ Հայաստանի Հանրապետությո՞ւն։ Իրավիճակն այնտեղ օրհասական է։ Տնտեսությունը քայքայված է, ամեն ինչ կորցրած հարյուր հազարավոր գաղթականներ, համաճարակներ, սով։ Չհաշված, որ սահմաններն անորոշ են, և ցանկացած պահի այնտեղ կարող են նոր ընդհարումներ տեղի ունենալ։ Հավատա ինձ, Վարդան Պալյան, այդ Հայաստանի ապագան հարցականի տակ է։

— Իսկապես, ամեն ինչ հնարավոր է։ Մենք պատմական ժամանակաշրջանում ենք ապրում։ Դարերի ընթացքում հայերն առաջին անգամ կարոդ են երազել հայրենիքի մասին։ Ես իմ կարեցածը կանեմ, նույնիսկ եթե իմ բաժինը շատ համեստ լինի, որպեսզի դա իրականանա։

Հալիթ փաշան կզակը տրորեց և գլուխը թափ տվեց.

— Ես քեզ հետ խոսում եմ հանուն մեր հին բարեկամության և...

Հանկարծ դռան փեղկը աղմուկով բացվեց։ Դռան մեջ կանգնած մի մարդ ատրճանակն էր թափահարում։

— Ինչպիսի հուզիչ հավաքույթ։

Սկզբում Վարդանը չհասկացավ, թե ինչ է տեղի ունենում, հետո ճանաչեց այն մարդուն, որն իրեն վիրավորել էր Մալարիայի տեղահանվածների ճամբարում։ Սա այն մարդն էր, որը եկել էր Արուսյակի տուն։ Նա արագորեն վեր թռավ բազկաթոռից։

— Ոչ մի ավելորդ շարժում,— հրամայեց զինված մարդը՝ կողպելով դուռը։

— Ինչպիսի հանդգնություն,— բղավեց Հալիթ փաշան, կարմրելով։— Ես քեզ մահակներով ծեծել կտամ, իսկ հետո կբանտարկեմ։

— Լռիր, դավաճան։ Օսմանյան գեներալ, որը համագործակցում է թշնամու լրտեսի հետ։ Քեզ պես մարդկանց պատճառով է, որ մենք պարտություն ենք կրում։

Պետրին մի քանի քայլ առաջ եկավ և Վարդանի վրա հաղթական հայացք նետեց.

— Վերջապես դու իմ ձեռքում ես։

— Ի՞նչ եք ինձնից ուզում,— հարցրեց Վարդանը ժամանակ շահելու համար։— Ես ոչ մի հանցանք չեմ գործել։

Տղամարդը, որը կանգ էր առել մի քայլի վրա թիկունքը լուսամատին արած, բարձրաձայն ծիծաղեց։

Հալիթ փաշան ուզեց պատյանից հանել ատրճանակը, սակայն Պետրին նրան կանխեց և երկու անգամ կրակեց նրա կրծքին։ Նույն պահին մի ճկուն մարմին դուրս թռավ վարագույրի հետևից։ Դաշույնը փայլեց, և խրվեց Պետրիի թիկունքը, որը ցավից ճչաց և վայր գցեց զենքը։ Հարձակվողը հարվածեց երկրորդ անգամ, և Պետրին գետնին տապալվեց։ Միջադեպը տևեց տասը վայրկյանից էլ պակաս։

— Պարոն Վարդան։

Արա՜մ։ Տղան, այլայլված դեմքով, կանգնած էր Պետրիի գլխավերևում, որը տնքում էր և պարզել էր ձեռքերը հարվածներից պաշտպանվելու համար։

— Դե սատկի՞ր,— բղավեց տղան դաշույնով նորից հարվածելով իր հակառակորդին։

Մարդիկ դուռն էին ծեծում և պահանջում էին, որ բացեին։ Վարդանը մոտեցավ Հալիթ փաշային և հավաստիացավ, որ նա մահացել էր։ Հուզված Վարդանը փակեց նրա աչքերը։ Ժամանակն անցնում էր։ Նա բռնեց Արամի թևից և հետ քաշեց նրան Պետրիից։

— Արա՛գ։ Պետք է փախչել։

Լուսամուտը գետնից առնվազն երկու մետրի վրա էր։ Սոճիների փշերի խալին խլացրեց նրանց անկման աղմուկը։ Ծառերի ցածր ճյուղերը թաքցնում էին նրանց։ Ներսում Պետրին օգնության էր կանչում, իսկ դուռը ցնցվում էր հրացանների կոթերի և ոտքերի հարվածներից։

— Ինչո՞ւ թույլ չտվեցիք, որ ես այդ խոզի վերջը տայի,— նեղացած հարցրեց Արամը, երբ նրանք վազում էին դեպի այգին երիզող փողոցը։

— Պետք է մաշկներս փրկենք։ Գցիր այդ դաշույնը։

Փողոցում նրանք քայլի անցան և խառնվեցին անհոգ ամբոխին, իսկ հետո մտան մի նեղ ծառուղի, որն այնքան նեղ էր, որ միայն մեկ ավանակ կարող էր անցնել։ Վարդանն իր հինգ մատի պես գիտեր քաղաքը, և մի քանի րոպե անց նրանք հասան Ակար գետի ափը, ուր նրանք կարող էին թաքնվել լքված պահեստում։ Զարմանքից Վարդանը մի քիչ կոպիտ հարցրեց.

— Ի՞նչ ես անում այստեղ։

Արամն ընկճված պատասխանեց.

— Այս տիպը Ուրգուպ էր եկել։ Նա Այնթապում մի հայի էր տանջել և տեղեկություններ էր ստացել ցանցի մասին։ Նա ուզում էր իմանալ, թե որտեղ ես դու։ Նա և նրա մարդիկ ծեծեցին ինձ ու Արուսյակին, սակայն մենք ոչինչ չասացինք։ Հետո...

Նա բացեց իր ձախ ձեռքը ծածկող վիրակապը, և Վարդանը սարսափով տեսավ, որ նրա չորս մատները հատված էին։ Վերքերը թարախակալել էին։

— Նրանք մատներս հատ—հատ կտրեցին, որպեսզի Արուսյակին ստիպեին խոսել։ Երրորդ մատի վրա ես ուշաթափվեցի։ Երբ սթափվեցի, Արուսյակը արնաշաղախ պառկած էր գետնին։ Նրանք նրան...

Նրա ձայնը կտրվեց, և Վարդանը տղային իրեն սեղմեց։ Արամը մի քիչ լաց եղավ պատմությունը շարունակելուց առաջ.

— Տղամարդիկ գնում էին։ Լսեցի, որ նրանք ասում էին, որ ձեր հետևից Աֆիոն-Գարահիսար պետք է գան։ Քերիմն ինձ դրամ տվեց, որ գամ ձեզ նախազգուշացնեմ։

Նա չկարողացավ շարունակել։

— Մնացածը հետո կպատմես,— ասաց Վարդանը, որը զսպում էր հուզմունքը, որպեսզի մտածեր, թե ինչ էր անելու հիմա։

Սակայն նա այնքան ընկճված էր, որ գլուխը չէր աշխատում։ Արուսյա՜կ, այդքան մեղմ, այդքան կենսախինդ... Այլանդակված մարմինը երկրորդ պլան էր մղում երիտասարդ կնոջ պայծառ դեմքի, ծիծաղող շուրթերի և սիրահարված հայացքով սև աչքերի հիշատակը։ Նա մահացել էր իր պատճառով։ Վարդանը հեռու քշեց այդ միտքը և հիշողության մեջ կարողացավ վերականգնել նրա ձայնը։ Նա լսեց նրա երգը և տեսավ խալու դազգահին հանգույցներ անող նրա արագաշարժ, ձեռքերը։

Քիչ անց Արամը նրան կտրեց իր ցավագին մտքերից։ Նրա դեմքն այլևս փոքր տղայի դեմք չէր, այլ անհամար փորձություններով անցած տասնվեց տարեկան երիտասարդի դեմք։ Նա կտրուկ ձայնով հանդիմանեց.

— Դուք չպետք է խանգարեիք ինձ նրա վերջը տալու։ Ես երդվել էի, որ կսպանեմ այդ հաստ խոզին։

— Նա անպայման կմեռնի քո հասցրած վերքերից,— հաստատեց Վարդանը ոչ այնքան համոզված։— Դու վրեժխնդիր եղար Արուսյակի համար և փրկեցիր իմ կյանքը։ Դու քաջ ես, Արամ։

Տղան հենց այդ խոսքերն էր ուզում լսել։ Լուրջ տեսքով նա ձեռքը դրեց Վարդանի ուսին, որի հետ առաջին անգամ խոսեց իբրե հավասարը հավասարի.

— Ես գիտեմ, թե որտեղ է քո կինը։ Հաստ խոզը գլուխ գովեց. «Ես փնտրում եմ լրտեսին և նրան կբռնեմ։ Նրա կնոջը մենք Այնթապում ենք պահում»:

Վարդանը քարացավ, կարծես հարված ստացած լիներ.

— Նրա խոսքե՞րն են։ Այնթա՞պ։

— Այո։ Տղամարդու անունն է Պետրի, նա աշխատում է Այնթապի գավառապետի մոտ։

— Մարո՜։ Թովմա՜ս,— ասաց Վարդանը, որը խոսք չէր գտնում իր զգացմունքներն արտահայտելու։

Նա համբուրեց Արամի այտերը։

— Արամ, որդիս, բարեկամս... Որքա՜ն դաժան կարող է լինել ճակատագիրը։ Դու բերել ես ամենավատ և ամենալավ նորությունները միաժամանակ։ Իմ տխրությունն ու ուրախությունն իրար չեզոքացնում են, և ես չգիտեմ, թե ինչ մտածեմ։

Տղան սառն էր։ Այս վերջին շաբաթվա ընթացքում, Աֆիոնի ճանապարհին, նա երկար մտածել էր, թե արդյոք ինքը պե՞տք է ասեր Վարդանին այն, ինչ գիտեր նրա կնոջ մասին, քանի որ ինքը պաշտում էր Արուսյակին և անթույլատրելի էր համարում, որ Վարդանը նրան անմիջապես մոռանար մեկ այլ կնոջ պատճառով։ Սակայն նա գիտեր, որ Արուսյակը չէր ցանկանա, որ նա այդ լուրը գաղտնի պահեր։

— Գուցե դու պետք է մտածեիր այս իրավիճակից դուրս գալու մասին,— պատասխանեց Արամը սառը տոնով։

— Մենք միասին ենք այս իրավիճակում։

— Կարող ես համարել, որ ես մեռել եմ։ Ես ֆիդայի եմ, ես իմ կյանքը զոհաբերել եմ։

Վարդանը բռնեց նրա մազերից, թափ տվեց նրա գլուխը և խիստ տոնով հանդիմանեց.

— Քո առջև դեռևս ամբողջ մի կյանք կա և դու պետք է ապրես։ Հայաստանը քո սերունդների կարիքն ունի, ինչպես նաև քո քաջության և աշխատանքի։ Անիմաստ զոհաբերություններ պետք չեն։ Արդեն իսկ շատ մարդ է մեռել։

Արամը, վիրավորված տեսքով, ազատվեց Վարդանի ձեռքից և գլխարկը հագավ։

— Ես այլևս երեխա չեմ։

— Ճիշտ է։ Երեք տարի է դու անում ես այն, ինչ շատ տղամարդիկ չէին կարողանա։ Ես երջանիկ կլինեմ, եթե դու իմ գործընկերը դառնաս։

Արամը գլխով արեց։ Չնայած աքլորանում էր, սակայն շփոթված էր։ Վարդանը մտածում էր՝ իր մորուքով խաղալով։

— Հարկավոր է շտապ հեռանալ այս քաղաքից։ Քեզ չեն փնտրում, հետևաբար կգնաս «Անատոլու» իջևանատունը և կհարցնես Քամանչա Հակիին։

— Նա թուրք է,— հակաճառեց Արամը։– Նրան չի կարելի վստահել։

— Պետք չէ այդպես ընդհանրացնել։ Նա իմ լավագույն բարեկամն է և մեզ կօգնի։ Ասա նրան, որ իր աղաբեյը կանչում է իրեն։ Թող ածելի բերի։ Զգույշ եղիր և ուշադիր, որ քեզ չհետևեն։

Արամը վերադարձավ ավելի քան երկու ժամ անց։ Նա ստիպված էր եղել սպասել, որ ոստիկանները հեռանային իջևանատնից, որպեսզի ինքը կարողանար մոտենալ Հակիին։

— Նրանք հարցեր էին տալիս երաժիշտներին քո մասին,— բացատրեց Հակին,— հատկապես ինձ, քանի որ ես քո բարեկամն եմ։ Բնականաբար ես չասացի, որ գիտեի, որ դու հայ ես և լրտես։

— Ես լրտես չեմ,— հակաճառեց Վարդանը։

— Ինձ համար միևնույն է։ Նրանք քեզ մեղադրում են Հալիթ փաշայի սպանության և մեկ այլ անձի սպանության փորձի մեջ։

— Սուտ է։

— Դա էլ ինձ համար միևնույն է։ Եթե դու նրան սպանել ես, ուրեմն ծանրակշիռ պատճառ ես ունեցել։ Միևնույն է դու իմ «ընկերն» ես։

Վարդանը նրա ձեռքը սեղմեց։

— Գիտեի, որ կարող եմ քեզ վրա հույս դնել։ Կարո՞ղ ես փախչելու հնարավորություն գտնել ինձ համար։

Ժպտալով՝ Հակին նրան հանձնեց մաշված հագուստների մի կապոց։

— Սրանով դու գյուղացու նման կլինես, իսկ ոստիկանները մորուքավոր երաժիշտ են փնտրում։

Հագուստի կապոցում ածելի և կոտրված եզրերով կլոր հայելի կար։ Արամը գետից ջուր բերեց սափրվելու համար։

— Ես վերջապես կտեսնեմ, թե դու ինչի ես նման,— ասաց Հակին, բռնելով հայելին։

Նույն բանն էր մտածում նաև Վարդանը, և այն ընթացքում, որ ածելին սափրում էր նրա այտերը և կզակը, նա տեսնում էր, որ ժամանակը իր հետքն էր թողել իր դիմագծերի վրա։ Կզակի երկու կողմերում մաշկը թեթևակիորեն թուլացել էր, և դա գիրության պատրանք էր ստեղծում, չնայած դեմքի մնացած մասերը նիհարել էին։ Դեմքի ճերմակությունը հակասության մեջ էր արևահարված այտոսկրերի, քթի և ճակատի հետ, և Վարդանն ինքն իրեն գիրացած թվաց։ Դեմքի կնճիռներն ավելի խորն էին, աչքերը շրջապատող կնճիռների սարդոստայնն ավելացել էր, նույնիսկ մազերն ավելի էին սպիտակել։

— Փոխվեցիր,— պարզապես ասաց Հակին։

Վարդանը շփեց մերկացած մաշկը, որն ավելի զգայուն էր օդի թարմության հանդեպ։ Հակին նրան հանձնեց դեղնած և ճմռթված մի թերթիկ։

— Սա քեզ պետք կգա։ Այստեղ լուսանկար չկա։ Պարզապես գրված է, որ իմ անունն է Հակի Չելեբի և որ ես ծնվել եմ Բոդրումում։

— Շնորհակալություն, բայց դու ի՞նչ ես անելու առանց փաստաթղթերի։

— Մի բան կանեմ։ Փաշազադեն կերաշխավորի ինձ։

— Եթե Կոստանդնուպոլսում հայտնվես, ինձ հարցրու Բերայի գլխավոր փողոցի դեղատանը։ Ես քեզ երբեք չեմ մոռանա, Հակի, եղբայրս։ Ուդս լավ կպահես։

Հակին համբուրեց Վարդանին և նրա աչքերի մեջ նայեց, չկարողանալով խոսել: Հետո, առանց հետ նայելու, նա հեռացավ արագ քայլերով։

Վարդանը սպասեց մինչև երեկո։ Դեմքի ճերմակ մնացած մասերը հողով սևացնելուց հետո նա դուրս եկավ թաքստոցից։ Չնայած ոստիկանության պարեկներին, նրանք Արամի հետ առանց դժվարության հեռացան քաղաքից։ Նույն երեկո մի գյուղացի և նրա որդին Կոստանդնուպոլիս մեկնող բեռնատար գնացքն էին նստում։ Գնացքի պետին փող տալով, նրանք տեղավորվեցին մկկացող գառներով լի մի վագոնում, ծածկվեցին չոր խոտով, պատերի ճեղքերից փչող քամուց պաշտպանվելու համար։

Վարդանն անթարթ նայում էր բրդի մի փնջի, որը մնացել էր տախտակների արանքում և որն այնպես էր թրթռում, կարծես պատռված դրոշ լիներ։ ժամեր շարունակ նա կծկված մնաց, չկարողանալով գեթ մի բառ արտաբերել և ողբալով Արուսյակի մահը։ Եթե նույնիսկ նա լաց եղավ, ապա առանց վկաների, քանի որ Արամը խորը քնած էր: