Ամառ առանց այգաբացի | |
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 4 | Ամառ առանց այգաբացի - Գլուխ 6 ▶ |
Արևն արդեն ծագել էր և կաթնասպիտակ երկնքից իր աղոտ ու ցրված լույսն էր սփռում երկրի վրա, սակայն օդը դեռևս հագեցած էր խոնավությամբ, և հագուստը կպչում էր մարմնին։ Թռչունները թառել էին ծառերի ճյուղերին, և թմբիրը, որ պատել էր նրանց, գրկել էր նրանց ձայնից։ Հեռվում անդադար խանչում էին ավանակները։
Եզը խաղաղ հայացքով նայում էր Թովմասին։ Նրա խոնավ եղջրաթաղանթի վրա երեխան իր արտացոլանքն էր տեսնում։ Շիկավուն մորթով ծածկված ահռելի կենդանին լիզում էր իր մռութը, որը նույնքան սև էր, որքան նրա կճղակները։ Նրա եղջյուրների հիմքն առնված էր փայտյա լծի մեջ։ Սասունը հոտոտում էր կենդանու ոտքերը, որը նրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Թովմասը գոմից մի խուրձ խոտ բերեց և դրեց գետնին։ Եզը վիզը ձգեց խոտին հասնելու համար։
Այդ լծվա՜ծքը... Ուրեմն իսկապես իրենք պետք է մեկնեին։ Երեխան դժվարությամբ թուքը կուլ տվեց։ Սպասված հրաշքը տեղի չունեցավ։ Թովմասը հույս ուներ, որ ինչ-որ բան կպատահեր, որ ինչ-որ անսպասելի իրադարձություն նրանց հնարավորություն կտար մնալ տանը։ Միգուցե նույնիսկ հոր վերադարձը։ Այդ հույսի շնորհիվ նա իրեն տղամարդու պես էր պահել և նախօրեին գրեթե չէր լացել, միայն մեկ անգամ՝ ծածուկ, իր անկողնում։ Այժմ նա այլ ելք չուներ, քան քաջ լինել մորն ու տատին սատարելու համար։ Սակայն նա բոլորովին համոզված չէր, որ ինքն այդ քաջությունը կանենար։
Թովմասը տուն մտավ և բարձրացավ Վարդանի գրադարանը։ Առաջին անգամ էր, որ նա գրադարան էր մտնում հոր բացակայությամբ։ Սա նրա ամենասիրելի սենյակն Էր։ Աշխարհագրական քարտեզները, մարդակազմական պաստառները նրան երազանքների գիրկն էին գցում։ Ի՜նչ հաճույքով Էր նա զննում հանքաքարերի նմուշները, հանածոների և միջատների հավաքածուները։ Հիրավի՜ գանձերի մի դահլիճ։ Չէ՞ որ հայրն ասում էր, որ գրքերն իրենց մեջ պարփակում են մարդկային բոլոր գիտելիքները։ Իսկ դարակների վրա հարյուրավոր գրքեր կային։
Կազմերի կաշվի հոտը խփեց նրա քթին։ Վարագույրների արանքից աղոտ լույս էր թափանցում։ ժամացույցը կանգնել էր, և սենյակում տիրող խոր լռությունը տպավորեց երեխային։ Գրելու թղթի թերթերը սփռված էին ծաղկային նախշերով և բադամներով զարդարված կարմիր գորգի վրա։ Նա բարձրացրեց մեկը և նայեց։ Հոր ձեռագիրն էր... Թովմասը փորձեց կարդալ։ Նա դեռևս կարդալ չգիտեր, և նրան հաջողվեց վերծանել հայկական այբուբենի մի քանի տառ միայն։
Այդ նրբագեղ տողերը նրան հիշեցրին այն պահերը, որ անց էր կացրել այդ սենյակում վայելչագրության վարժությունները կատարելիս, մինչդեռ Վարդանը սեղանի մոտ նստած կարդում կամ գրում էր։ Երբեմն հայրը բարձրացնում էր աչքերը որդու վրա և սկսում էր խոսել գիտելիքների ու կրթության կարևորության մասին։ Երջանիկ լինելով, որ իրեն կտրում են դասերից, Թովմասը հարցեր էր տաիս։ Հայրը ներկայացնում էր համաշխարհային պատմությունը և պատմում էր հայ արքաների մասին, խոսում էր հեռավոր երկրների, ժողովուրդների, քարերի, կենդանիների և աստղերի մասին։ Նա ամեն ինչ գիտեր։ Դա երկար էր տևում, միգուցե ժամեր, սակայն Թովմասը առանց հոգնելու լսում էր Վարդանին, նրա ջերմ և ոգեշնչված ձայնը, որով նա բացահայտում էր կյանքի և իրերի էությունը։ Նրա աչքերի առաջ պատկերներ էին հայտնվում, նախադասություններ, որոնք նրան տանում էին հեռուները, և այդ պահերին նա հանկարծակիի էր գաիս, երբ հայրը նրան հարց էր ուղղում։
Տղան դանդաղ և զգույշ շրջեց սենյակում՝ ջանալով, որ հատակի մանրատախտակը չճռռա իր ոտքի տակ։ Նրան թվում էր, որ իրերը հետաքրքրությամբ իրեն էին նայում, իսկ ոմանք էլ թշնամաբար։ Կարծես նրան հանդիմանում էին առանց թույլտվության սենյակ մտնելու համար։ Հուզված՝ նա շարունակեց իր այցը։ Գրքերի դարակները մինչև առաստաղ էին հասնում և երբ նա վեր էր նայում, գլխապտույտ էր զգում և իրեն թվում էր, որ ինքը շատ փոքր է։ Նա ցուցամատը հպեց իր հասակի բարձրության վրա գտնվող գրքերի շարքին։ Նրա դեմքն ափսոսանք էր արտահայտում։ Նա երբեք առիթ չէր ունենա կարդալու այս գրքերը և իր հոր պես գիտուն դառնալու։
Դողացող ձեռքով նա բացեց ապակեպատ պահարանը։ Դա նրան արգելված էր։ Պահարանում պահվում էին դեղագործի խորհրդավոր գործիքներ։ Տարբեր ձևի սրվակներ, փորձանոթներ, կոլբաներ, կաթոցներ, մանրադիտակ, կշեռք, սանդ սանդակոթով. այս ամենը նրան գերում էր։ Էլ ինչ ասես դեղնած պիտակներով սրվակների մասին, որոնց մի մասի վրա գանգ կար նկարված։ Թովմասը բացեց եթերի սրվակի ապակյա խցանը և շնչեց գոլորշին։ Այդ թմրեցնող բուրմու՜նքը...
Վարդանը խոստացել էր նրան մի օր բացահայտել քիմիայի գաղտնիքները։ Երեխայի աչքերից արցունքներ հոսեցին։ Նա փակեց պահարանը և կանգ առավ գլոբուսի առջև, որը թեքված էր փայտյա պատվանդանի վրա։ Երբ ոտքի մատների ծայրին էր կանգնում, հասարակածը հայտնվում էր նրա քթի մոտ։ Փոքր Ասիա անվանման առաջին տառը ծածկում էր Կոստանդնուպոլիսը։ Մայրաքաղաքից դեպի աջ, Թովմասի բութ մատի հաստությանը համապատասխանող հեռավորության վրա գտնվում էր Սվասը։ Վարդանը անձամբ քիմիական մատիտով նշել էր քաղաքի տեղը։ Հոգնած շարժումով երեխան պտտեցրեց գլոբուսը։
Նա նստեց մեծ գրասեղանի առջև, որի հետևում նա շատ փոքր թվաց։ Սովորաբար սեղանի վրա թղթեր էին լինում։ Իսկ այժմ միայն ծծաններ էին, թանաքաման և մի քարի կտոր, որը մամուլի փոխարեն էր օգտագործվում։ Թովմասը երազկոտ տեսքով ձեռքը հպեց սև, սուր ծայրեր ունեցող քարին, որը որքան նա գիտեր՝ սատանի եղունգ էր։ Այս սենյակի յուրաքանչյուր իր կրում էր հոր կնիքը։ Խորը շունչ քաշելով՝ նա բացեց վերի դարակը։ Այնտեղ արծաթյա մի տուփ կար, որի մեջ դրված էր նույն մետաղից պատրաստված մի կնիք։ Թովմասը կնիքն ուժգին սեղմեց նախաբազկին։ Երբ այն հեռացրեց, նրա ձեռքին դաջվել էր մի ձվարդ, որի կենտրոնում երեք թմբիկներով տառեր էին գրվել՝ Վարդան Պալյանի անունը հայերենով։ Կնիքի հակառակ կողմում նույն անունն էր արաբական այբուբենով։ Այս մեկը Թովմասը չդաջեց։ Նա կնիքը հետ դրեց տուփի մեջ, իսկ վերջինս էլ դրեց գրպանը։ Մի օր կհանձնի հորը։ Նա դուրս եկավ սենյակից զգուշորեն փակելով դուռը։
Խոհանոցից եկող ձայները հուզական երանգ ունեին նույնիսկ, երբ խոսքը կենցաղային հոգսերի մասին էր. «Այ, այդ կաթսան մի վերցրեք»,— ասում էր Ազնիվ խանումն այն հուզված ձայնով, որով խոսում էր հանգուցյալ ամուսնու մասին։ Թովմասը ձեռքը տարավ իր կարճ տաբատի գրպանը, և հպումն արծաթյա տուփի հետ նրան սրտապնդեց։ Քանի այդ թալիսմանն իր հետ էր, նա ոչնչից չէր վախենա։
— Ահա և դու, թանկագինս,— ասաց Մարոն համբուրելով նրան։
Նա հոգնած տեսք ուներ, և աչքերի տակ կապտուկներ էին նշմարվում։ Երեխան ցանկացավ նրան սրտապնդել իր հանդարտությամբ.
― Ե՞րբ ենք մեկնում։ Շուտո՞վ։
— Նախ նախաճաշիր,– պատասխանեց մայրը խուլ ձայնով։
― Ես պե՞տք է դասագրքերս վերցնեմ։
― Անիմաստ է, թանկագինս։
Չկարողանալով իրեն զսպել՝ Մարոն հեռացավ հյուրասենյակ, իր որդուն թողնելով Ազնիվ խանումի խնամքին։ Նրա կոկորդ պատռող հեկեկոցը արագ անցավ։ Մարոն նստեց բազմոցի ծայրին և հայացքը հառեց պատերին, սակայն ոչինչ չգրավեց նրա ուշադրությունը։ Այլևս ոչինչ նրան արժեքավոր չէր թվում՝ ոչ նկարները, ոչ կահույքը, ոչ հին իրերը, ոչ դաշնամուրը։ Նա արդեն լքել էր այդ տունը, ուր անց էր կացրել ութ երջանիկ տարիներ։ Նա անտարբեր հայացքով նայում էր այդ բոլոր իրերին, որոնց հետ կարծես թե կապված էր, սակայն դրանք արդեն մեռած իրեր էին, պարզապես այն պատճառով, որ նա վճռել էր դեմքը թեքել անցյալից։ Այսուհետ նրա կամքը լարվելու էր միայն մեկ մտահոգությամբ՝ վերապրել իր որդու և մոր հետ միասին։ Կենդանի էր մնացել նաև Վարդանին գտնելու խենթ հույսը։
Նախաճաշից հետո Թովմասն օգնեց սայլը բարձել։ Ազնիվ խանումը սայլին նստած, տեղավորում էր Մարոյի և աղախինների բերած կապոցներն ու պայուսակները։
— Եթե դու ուզում ես ինչ-որ խաղալիք վերցնել,– ասաց տատը թոռանը,— ապա տեղ կա։
Տղան ուսերը թոթվեց և ժխտական նշան արեց։ Նա այլևս երեխա չէր և դա ապացուցելու համար նա վերցրեց սննդամթերքով լի մի զամբյուղ և բարձրացրեց սայլի մեջ դնելու համար։
— Զգո՜ւյշ, շեքերիմ։ Պորտդ դուրս կընկնի,– բացականչեց Զեյնաբը նրան օգնելով։
Նա տղայի հետ միայն հայերեն էր խոսում, սակայն անկախ իրենից դիմում էր իր մայրենի լեզվին, երբ ցանկանում էր զգացմունքներն արտահայտել։
Փողոցում կանգնած մի զինվոր հարցրեց՝ արդյոք նրանք պատրա՞ստ են։ Ազնիվ խանումը բացասական պատասխան տվեց, իսկ յուրայիններին ասաց.
― Պետք չէ շտապել... Արմենին ենք սպասելու։
Նա իջավ սայլից։ Ջամիլան ծնկի իջավ և գրկեց նրան։
― Հանուն Ալլահի, խանում, ես չեմ ուզում այստեղ մնալ։ Ինձ տարեք ձեզ հետ։
— Ինձ էլ,— նրան միացավ Զեյնաբը։
― Շատ կուզենայի, բայց դա անհնար է։
Այդպիսի անձնվիրությունը հուզում էր Ազնիվ խանումին, սակայն նա սրտնեղում էր իրադրության լրջությունը չհասկացող աղջիկների համառությունից։ Նա ստիպեց Ջամիլային ոտքի կանգնել։ Զեյնաբը համբուրեց նրա ձեռքը։
— Խանո՜ւմ, աղաչում եմ։
Ծեր կինը բարկացավ և մի քիչ կտրուկ պատասխանեց.
― Ես արդեն երրորդ անգամն եմ ձեզ կրկնում, որ մահմեդականներին արգելել են ուղեկցել տարագրվող հայերին։ Ես ձեզ դրամ կտամ, և դուք գյուղ կվերադառնաք։
— Ի՞նչ է լինելու մեզ հետ։
Ազնիվ խանումը հանդարտվեց և գրկեց երիտասարդ աղջիկներին։
― Դուք գեղեցիկ աղջիկներ եք և շուտով կամուսնանաք։ Երջանիկ կլինեք և շատ երեխաներ կունենաք։ Երբ մենք վերադառնանք, կգանք ձեզ տեսնելու գյուղում։
― Մեր տունը ձեր տունն է, խանում։
Նավապետ Արմենի սայլը կարծես շուկա գնացող գյուղացու սայլ լիներ։ Նա իր այգուց քաղել էր այն ամենը, ինչ հնարավոր էր։ Երբ կինն ասել էր, որ իրենք չէին կարող այդ ամենն ուտել մինչև փչանալը, նա պատասխանել էր, որ իրենք այդ ամենը կբաժանեն քիչ մթերք ունեցող ընտանիքներին։ Իրականում նա չէր ուզում որևէ բան թողնել թալանչիներին։ Նա նույնիսկ ոչնչացրել էր այն ամենը, ինչ դեռ չէր հասունացել, քթի տակ մրթմրթալով. «Այդ անասուններն այստեղ ոչ մի պիտանի բան չեն գտնի»։
Մեծ մասամբ անփորձ կանանց կողմից ղեկավարվող սայլերի բազմությունը խցանումներ էր առաջացրել նեղ փողոցներում։ Իշխանությունները նախատեսել էին, որ հայերը պետք է դուրս գային քաղաքից իրար հաջորդող խմբերով։ Սակայն յուրաքանչյուր ոստիկան իրեն ղեկավար էր համարում, և ընտանիքները, բախվելով հակասական հրամաններին, նպատակահարմար էին գտնում ճամփա ընկնել առանց հապաղելու։ Սայլերը հետիոտնից դանդաղ էին շարժվում։ Ոստիկանները, նյարդայնանալով այդ դանդաղ ընթացքից, անպատվում էին տեղահանվողներին։ Երբ ընդամենը մի երեսուն մետր էին հեռացել իրենց տնից, Արմենը սանձը վստահեց իր կնոջը.
― Ծխախոտս եմ մոռացել, Արաքսի։ Դու թող, որ եզը իր քայլքով գնա։ Ես քեզ կհասնեմ մի քանի րոպեից։
Նա վերադարձավ տուն, որի դուռը կիսաբաց էր թողել կատվի համար։ Կանաչ ներկով ներկված ցանկապատից ներս մտնելով, կամքից անկախ կանգ առավ իր տանը, ուր, ինչպես նա կարծում էր, ինքն ավարտելու էր իր երկրային ուղին, տան հետևում երևացող լեռներին վերջին անգամ նայելու համար։ Ահա և իր արտը, որի վրա նա արյուն ու քրտինք էր թափել և որի ցորենը տրորել էին զինվորները։ Ցորենը բարձր էր ու խիտ։ Այդպիսի արտ ամբողջ շրջանում չկար։ Իր նշենին։ Իր խնձորենիները... սալորի ծառերը... խաղողի այգին... Բոլորի ճյուղերը ճկվել էին դեռևս խակ մրգերի ծանրության տակ։ Այս տարի պետք է որ շատ առատ բերք լիներ։ Հավերը կչկչում էին հավանոցում։ Արմենը ճռվողյուն լսեց։ Նա մոռացել էր իր թռչունների մասին։ Նա մեխից հանեց տան արտաքին պատին կախված վանդակը և ազատեց կարմրակատարիկներին, որոնք թռան գնացին։
― Շտապեցեք,— գոռաց տան մոտով անցնող երիտասարդ զինվորը։
Արմենն անպատվեց նրան.
― Անաստվածնե՜ր։
Նա տուն տարավ նախօրեին կապած խրձերը, կիտեց դրանք հատակին և նավթ լցրեց դրանց վրա այնքան, մինչև հատակին լճակներ գոյացան։ Առանց վարանելու, Արմենը լուցկի վառեց և շպրտեց խրձերի վրա։ Հետո շտապ կերպով դուրս եկավ և վերադարձավ իր սայլի մոտ։ Արաքսին սպասում էր նրան շագանակագույն թղթե տոպրակը ձեռքին.
— Քո ծխախոտը ուսապարկիդ մեջ էր, արաղի շշի ու փամփուշտների հետ միասին։
— Կամա՛ց։
Քիչ անց, խլացնելով փայտե անիվների աղմուկը, լսվեց հրդեհի բվվոցը։ Զինվորները վազում էին այրվող տան կողմը։ Անզոր լինելով կրակի դեմ՝ նրանք նյարդայնանում էին և թևերն էին թափ տալիս։ Արմենը նայում էր ճանապարհին ու քմծիծաղ էր տալիս։ Սակայն նրա աչքերը արցունքով էին պատված։
― Ի՞նչ արեցիր,— վշտացավ Արաքսին։– Մենք այնպիսի ուրախությամբ էինք այն կառուցել։
— Ես չեմ ուզում, որ սրանց մնա։
— Իսկ եթե ոստիկաններր քեզ փնտրեն պատժելո՞ւ համար։
― Պա՛հ, նրանք այնքան հոգս ունեն,– պատասխանեց նա ոչ այնքան վստահ, որքան կուզենար երևալ։
― Ծեր խելագա՛ր,– մրմնջաց Արաքսին քնքշանք արտահայտող ձայնով և շոյեց նրա թևը։
― Արաքսի, մենք այլևս երբեք չենք վերադառնալու։ Դու դա գիտակցու՞մ ես։
― Քանի դեռ ես քեզ հետ եմ...
Մարոն և նրա մայրը տախտակներ էին խփում առաջին հարկի լուսամուտներին։ Ազնիվ խանումի գաղափարն էր։ Չնայած Մարոն դա անիմաստ էր համարում, բայց ստիպված էր եղել համաձայնել։ Դա նրան կզբաղեցներ մինչև Արմենի գալը։
Ախոռում դեռ զգացվում էր ձիերի և կովերի հոտը։ Թովմասի սիրտը ճմլվեց, երբ տեսավ այն անկյունը, որը հատկացվել էր Կայծակին, որին տարել էին ոստիկանները։ Իր փոքր ձի՜ն։ Հենց այն պահին, երբ իր երազանքն իրականանում էր... Ինչու՞ կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես մարդ երազում է։ Նա խորը շունչ քաշեց և երկար հոգոց հանեց։
Սասունը հոտոտում էր դատարկ մսուրքի հատակը։ Հանկարծ նա քարացավ, տնկեց ականջները և հաչելով դուրս նետվեց։ Թովմասը խաղալու տրամադրություն չուներ և ուշադրություն չդարձրեց հեռվից լսվող հաչոցներին, որոնցով շունը կանչում էր իրեն։ Խեղճ Սասուն, նա չէր հասկանում, թե ինչ էր պատահել ընտանիքին։ Նա կկարոտի տունն ու այգին։ Թովմասը չպետք է մոռանար նրա ամանը։
Գոմը չէր մաքրվել և թրիքի կույտերի վրա ճանճեր էին հավաքվել։ Թովմասը վերցրեց բահը և սկսեց մաքրել հատակը։ Բահն իրենից մեծ էր և այնքան ծանր էր, որ նա հազիվ էր այն բանեցնում։ Սկզբում նրա մաշկը խոնավացավ, իսկ քիչ անց քրտինքը հոսեց նրա դեմքով։ Նա քրտնաջան աշխատում էր և երբեմն դադար էր առնում ափով ճակատի քրտինքը սրբելու համար։ Երբ սայլակը լցվեց, նա բահը վայր դրեց, ձեռքերը դրեց գոտկատեղին ու հետ թեքվեց տնքալով։ Իր տատն այդպես էր անում, երբ երկար կռացած էր մնում հացի խմորը հունցելիս։
Ոտքերը լայն դնելով հավասարակշռությունը պահպանելու համար, նա բռնեց սայլակի կոթերից։ Երբ այն բարձրացրեց, ձեռքերի մկանները դողում էին։ Երկու անգամ նա քիչ էր մնում շուռ տար սայլակը, սակայն նրան հաջողվեց հասնել մինչև գոմի հետևում գտնվող աթարի կույտը։ Գոմ վերադառնալով՝ երեխան հենվեց պատին և մի քիչ հանգստացավ։ Անհրաժեշտ եղավ ծանր բեռնված սայլակը քշել երկրորդ անգամ, և այդ երթն ավեի դժվար էր, քան առաջինը։ Հետո Թովմասը թարմ ծղոտ փռեց հատակին։ Նա բահը մեխից կախեց և երկար տրորեց ձեռքերը։ Ահա՜։ Գործը խնամքով էր արված։ Երեխային չէր հուզում այն միտքը, որ այդ աշխատանքն անիմաստ էր։ Հայրը կհպարտանար իրենով։ Վերջին հայացքը գցելով իր արած աշխատանքին, Թովմասը դուռը ծածկեց ու փականը հրեց։
Հպարտ քայլվածքով նա դեպի տուն գնաց։ Տատն ասել էր, որ հոր բացակայությամբ ինքը տան տղամարդն էր, ուստի պետք է իրեն տղամարդու պես պահեր։ Ջրհորդանների տակ դրված կաղնու տակառները անձրևաջրով էին լցվում, և դրանց հատակին մի քիչ ջուր էր մնացել։ Երեխան լվաց ձեռքերը և դեմքին ջուր շփեց։ Նա ձեռքերր շալվարին քսեց չորացնելու համար և սուլեց՝ կանչելով Սասունին։ Վերջինս չպատասխանեց, կարծես տապկնոցի խաղալու ժամը լիներ։ Թովմասը հրամայական ձայնով կանչեց շանը.
— Սասո՜ւն։ Ես խաղալու ցանկություն չունեմ։
Թովմասը փնտրեց բոլոր այն վայրերում, ուր շունը սովորություն ուներ թաքնվելու՝ բանջարանոցում, ջրհորի հետևում, թփերի մեջ։ Մի քանի անպատասխան կանչերից հետո երեխայի համբերությունը հատեց։ Շունը Մարոյի ու Ազնիվ խանումի կողքին չէր, ոչ էլ եզան մոտ։ Թովմասը սկսեց անհանգստանալ։ Նրա ձայնը սուր ու լացակումած երանգ ստացավ.
― Արի՛, շունի՚կ, արի՛։
Նա շրջանցեց սայլը և հենց այդ պահին նա տեսավ շանը դարպասի մոտ։ Ինչպիսի՜ թեթևություն։ Թովմասը մոռացավ, որ ինքը մտադիր էր շան վրա բարկանալու։ Նա ոգևորված ասաց.
― Արի՜, Սասուն։
Շունը չշարժվեց, պոչը թափ չտվեց։ Նա պառկած էր ծառուղում։ Նա այնտեղ երբեք չէր պառկում։ Միգուցե նեղացե՞լ էր։ Իսկ միգուցե հիվա՞նդ էր։ Թովմասը վազեց։ Նա վատ կանխազգացում ուներ։ Քիչ էր մնում սիրտը պայթեր։ Սասունը կողքի վրա էր պառկած։ Մուգ գույնի լճակի մեջ։ Կողքի վրա կարմիր պատռվածք կար։
— Սասուն,– բղավեց Թովմասը ծնկի իջնելով։
Շունն անշարժ էր, աչքերը լայն բացած, հայացքն անշարժ։ Մեջքի և կրծքի բազմաթիվ վերքերից արյուն էր հոսում։ Դա անհնարին էր։ Երազ էր, վատ երազ։ Երեխան ապշած էր։ Գունատվելով՝ նա կառչեց Սասունի բրդից, նրան թափ տվեց և խուլ ձայնով կանչեց.
― Շունի՜կս... շունի՜կս...
Նրա ընկերը սատկել էր։ Սատկել։ Երեխան դա գիտեր, սակայն մի քանի վայրկյան պահանջվեց այդ բանը վերջնականապես հասկանալու համար։ Նա սկսեց հեկեկալ։ Ուժգին լացից նրա շնչառությունն անհավասար էր։ Նա շոյեց կենդանու գլուխը, ձեռք տվեց նրա վերքերին, առանց մտահոգվելու, որ նրա տաք արյանը քսվում էր ձեռքերին։ Ի՞նչ էր նա անելու առանց իր շան։ Բոլորը լքում էին իրեն՝ հայրը, Սասունը, Կայծակը, տունը... Ինչպես այն մղձավանջային երազում, երբ Հուր Կրակը իրեն փախցրել էր հեռուները տանելու համար։ Շփոթված նա գլուխը բարձրացրեց։
Այգու պարսպին հենված երկու զինվոր իրեն էին նայում։ Թովմասը վեր թռավ։ Նրանց դեմքին չար ժպիտ կար։ Վերցնելով իրենց հրացանները, նրանք ցույց տվեցին, թե ինչպես են սվինախողխող անում գետնին պառկած մեկին։ Սարսափած երեխան հետ-հետ գնաց։ Սվինները կարմիր էին։ Սասունին նրանք էին սպանել։ Թովմասը ատելությամբ փ աչքերով նայեց ոստիկաններին։
― Ուզո՞ւմ ես քեզ էլ այդպես անենք,– հարցրեց ոստիկաններից մեկը։
Նրա քիթը երկար էր և ձախ ռունգը չկար, որը Անատոլիաում շատ տարածված վարակի հետևանք էր։ Այդ պատճառով նրա քթանցքը ահռելի էր թվում։ Թովմասի հիշողության մեջ դաջվեց այդ դեմքը։ Երբ ինքը մեծանա, կգտնի նրան և Սասունի վրեժը կառնի։
Չնայած վախին, Թովմասը դանդաղ մոտեցավ իր շանը։ Առանց ոստիկաններից աչքը կտրելու, նա կռացավ, ձեռքերը անցկացրեց շան դեռևս տաք մարմնի տակ և նրան բարձրացրեց։ Սասունը նրան ավելի ծանր թվաց, քան ողջ ժամանակ։ Երեխան այլևս չէր լացում, սակայն նրա աչքերը վառվում էին։ Քանի որ ինքը տղամարդ էր, ապա իրեն պետք է տղամարդու պես պահեր։ Հևալով նա տանում էր Սասունին՝ հետ-հետ գնալով, ոստիկաններին տեսադաշտից չկորցնելու համար։ Չէր կարելի վախը ցույց տալ։ Նա շան մարմինը վայր դրեց սիզամարգերից մեկի կենտրոնում, ուր սպիտակ բոցենիներ և վարդեր էին աճում։ Ինքը նրան այստեղ կթաղի։ Որտե՞ղ է բահը։
Նա վեր թռավ ուսին իջած հարվածից։ Այլանդակված քթով զինվորը հետևել էր իրեն.
― Գնա ու ծնողներիդ ասա, որ դուք առանց հապաղելու պետք է մեկնեք։
Թովմասը տուն փախավ Մարոյի ու Ազնիվ խանումի մոտ, որոնք ավարտում էին մեխել մուտքի դուռը։ Նրանք վախեցած ճիչեր արձակեցին՝ տեսնելով արնաշաղախ երեխային։
― Ոստիկանները սպանել են Սասունին,— ասաց նա ատամները սեղմելով։— Նրանք հրամայում են, որ մենք գնանք։
Մարոն բարկացած մուրճը գետնին գցեց և գրկեց որդուն։
― Լացիր, սիրելիս, սիրտդ կթեթևանա։
Սակայն Թովմասն անկարող էր լացել։ Նա կգերադասեր ոռնալ ու հարվածել որևէ բանի, սակայն չէր ուզում, որ երկու զինվորներր ականատես լինեին իր վշտին։ Նա ազատվեց մոր գրկից։ Մաիոն նրան բաց թողեց.
― Ես հիմա մաքուր շապիկ կբերեմ։
Քաջության լիցք ստանալու համար նա սեղմեց հոր կնիքի արծաթյա պատյանը։
Ազնիվ խանումի կարծիքով շան մահը վատ նշան էր։ Առանց երեխային որևէ բան ասելու, նա սանդուղքի տակից կտորից կարված մի գոտի վերցրեց ու Թովմասին տարավ կաղնու թփերի հետևը։ Նա հույս ուներ, որ երեխան կցրվեր, եթե նրա վրա ինչ-որ պատասխանատվություն դրվեր։ Նա բացեց պաստառը։ Լայն գոտի էր, որի մեջ նա ոսկե դրամներ էր թաքցրել։ Ինքն ու Մարոն իրենց հագուստի տակ նման գոտիներ ունեին և, բացի դրանից, նրանք հագուստի ծալքերում թաքցրել էին իրենց զարդերը։ Նա գոտին կապեց թոռան մեջքին.
— Ծանր չի՞։
Չնայած գոտու անհարմարությանը, երեխան գլխով ոչ արեց։
— Ուշադիր կլինես, Թովմաս, սա մեր հարստության մի մասն է։ Այն կարող է մի օր մեզ դժվար վիճակից հանել։
Տատի ցուցաբերած վստահությունը Թովմասին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ինքն այլևս իրավունք չուներ երեխա լինելու։
Նավապետ Արմենն իր սայլը կանգնեցրեց դարպասի առջև և մի քանի թթու խոսք փոխանակեց ոստիկանի հետ, որն ուզում էր, որ նա շարունակեր ճանապարհը։ Նա ողջունեց Մարոյին և ընտանիքի մնացած անդամներին և թաքուն մի հայացք գցեց նրանց սայլի բեռնվածքին։
— Լավ է... Գնանք, արագ։
— Դու կարծես թե շտապո՞ւմ ես,– զարմացավ Ազնիվ խանումը։
— Որքան շուտ քաղաքից դուրս գանք, այնքան լավ։
Նա վախենում էր, որ իրեն կձերբակալեին տունն այրելու համար։ Այդ դեպքում կանայք ի՞նչ պետք է անեին առանց իրեն։ Թովմասը նետվեց կնքահոր գիրկը և նրան պատմեց Սասունի մահվան մասին։ Երեխան գերմարդկային ճիգ էր գործադրում զգացմունքները գսպելու։ Արմենը, շփոթված, խոսք էր գտնում իր սանիկին մխիթարելու համար։
— Աստված կպատժի չարերին,— ասաց նա երեխային գետնին դնելով։
— Սասունին պետք է թաղել,– ասաց երեխան վճռական ձայնով։
Մարոն ձեռքը դրեց երեխայի ծոծրակին և մեղմորեն տարավ դեպի սայլը։
— Մենք ժամանակ չունենք, սիրելիս։ Ջամիլան ու Զեյնաբը խոստացան, որ իրենք կթադեն։
Աղջիկները համբուրեցին երեխային, որը նրանց համար փոքր եղբայր էր, ու խոստացան խնամքով թաղել շանը։ Շրթունքները պինդ սեղմած՝ Թովմասը սայլը բարձրացավ։ Մարոյի համար ծանր էր հրաժեշտի պահը, որը երիտասարդ թրքուհիները հնարավորինս երկարաձգում էին։ Նա շտապում էր հեռանալ, քանի որ նրա համար անտանելի ծանր էր իր տանը նայելը։
Ազնիվ խանումն ու Մարոն տեղավորվեցին նստարանի վրա։ Թովմասը կանգնած էր նրանց թիկունքում մի մեծ զամբյուղի վրա թառած։ Մարոն ճիպոտի ծայրով հարվածեց եզանը, և սայլը ճոճվելով շրջադարձ կատարեց։ Կենդանին ծանր քայլքով էր գնում, գլուխը ցած պահած։
— Հետ մի նայիր,– ասաց Ազնիվ խանումը դստերը։– Հիշիր Ղովտի կնոջը, որն աղի սյուն դարձավ։
Թովմասը խորհրդի կարիք չէր զգում։ Նա սևեռուն հայացքով նայում էր ծառուղում պառկած մարմնին, որի վրա հավաքվել էին կանաչ ճանճերը։ Նա ծածուկ սրբեց արցունքը։ Նրա ականջներում դեռ հնչում էր Սասունի հաչոցը։ Նա այլևս երբեք շան չի ունենա։
Տունը մնում էր հեռվում։ Այն մռայլ տեսք ուներ լուսամուտները փակող գորշ տախտակների պատճառով։ Արագիլների դատարկ մնացած բույնը թեքվել էր և կարծես պատրաստվում էր վայր ընկնել կտրից։ Օրեր շարունակ անխնամ մնացած մագլցող վարդի թփերը արդեն դեղնում էին։ Կարելի էր կարծել, որ տունը վաղուց էին լքել։ Մինչդեռ դեռևս մեկ շաբաթ առաջ այնտեղ հնչում էին ծիծաղ ու երգ, դաշնամուրի նվագ ու ֆրանսերենի դասը պատասխանող երեխաների ձայներ։ Կահ-կարասին պետք է մնար այդտեղ կիսախավարի ու լռության մեջ, որպես անէացած երջանկության վկա։
Զեյնաբն իրենց հետևից ջուր էր շփում։ Սովորության համաձայն նա ջուրը շփեց սայլը շարժվելուց հետո, որպեսզի ճանապարհորդությունը հաջող ընթանար։
― Թող Ալլահը ձեզ պահպանի։
Զեյնաբն իրենց ուղեկցեց մինչև դարպասը, ուր նրան էր սպասում Ջամիլան կապոցներով։ Սվասում ապրող նրանց հորեղբայրը, որը պետք է աղջիկներին տուն ուղարկեր, տանում էր գրամոֆոնը, որը Մարոն նվիրել էր թրքուհիներին։ Նա խոնարհվեց, ողջունելով Ազնիվ խանումին։ Զեյնաբն ու Ջամիլան վազում էին սայլի կողքից։ Նրանք սուգ ու շիվան էին անում։ Ազնիվ խանումը գլուխը նրանց կողմը դարձրեց։
― Աղջիկներ, իմ փոքրիկ աղջիկներ, աղոթեք մեզ համար,— ասաց նա դողդոջուն ձայնով, աղջիկներին հորեղբորը միանալու նշան անելուց առաջ։
Ձիու ընթացքից գնդապետ Իբրահիմը թմբիրի մեջ էր ընկել և անձնատուր էր եղել դրան։ Նրա կողքին ընթացող լեյտենանտ Նեջիլը մտածեց, որ հրամանատարը ննջում էր թամբին, և դա հասկանլի էր, քանի որ իրենք ճանապարհին էին եղել ողջ գիշեր։ Նրանք միայն մեկ անգամ էին դադար առել, ընդամենը կես ժամով։ Իբրահիմը մտածում էր, որ այդ ժամին Սվասի հայերը պետք է լքեին քաղաքը։ Վարդանի դատավարությունից հետո նա ուզում էր այցելել Մարոյին, սակայն գործուղման մասին հրամանը նրան հնարավորություն չէր տվել դա անել։ Նա պետք է իր գնդի հետ միասին շտապ գնար Շապին-Գարահիսար փոքր քաղաքը, որը Սվասից երկու հարյուր կիլոմետրի վրա էր։ Իմանալով Տրապիզոնի հայերի տեղահանությանը ուղեկցող ջարդերի մասին՝ Շապին-Գարահիսարի հայ ազգաբնակչությունը ապաստանել էր հին ամրոցում, և մի քանի օր շարունակ հետ էին մղում ոստիկանության ու բանակի հարձակումները։
Գունդը, իր թիկունքում թողնելով Հալիսը, հեռանում էր Սվասից և շարժվում էր դեպի բարձր լեռնաշղթան, որի կատարները ուրվագծվում էին երկնքի ֆոնին ծագող արևի ճառագայթների ներքո։ Ցրված գագաթների այս զանգվածում ինչ-որ տեղ գտնվում էր Կարաբայիր կապանը։ Լեյտենանտը, որը ծագումով Մարդինից էր, ատում էր լեռները, և իրենց ճանապարհին ծառս եղած այս սարերը նրան անանցանելի թվացին։ Նա հանկարծ անտանելի հոգնածություն զգաց։
― Պարոն գնդապետ, չե՞ք կարծում, որ ձիերին հանգստանալու հնարավորություն պետք է տանք։
Կարծես չլսելով նրա հարցը՝ Իբրահիմը մռայլորեն հարցրեց.
― Նեջիլ, ձեր դուրը գալի՞ս է քաղաքացիական անձանց դեմ կռվելը։
— Դե... Դա զինված ապստամբություն է։
— Դուք չէի՞ք գերադասի, որ մեր ուժը չափեինք կոզակների հետ։
― Անկասկած, պարոն գնդապետ,– պատասխանեց լեյտենանտը պատրաստակամությամբ։– Եվ մենք նրանց փախուստի կմատնեինք։
Իբրահիմը միշտ հպարտությամբ երանգավորված երջանկության զգացում էր ապրում, երբ ձի հեծած առաջնորդում էր իր վարժեցրած գունդը, որը նա ընտրյալ էր համարում։ Սակայն այս հանձնարարությունը հակասում էր իր սկզբունքներին ու գաղափարներին, որոնք ինքը պաշտպանել էր մի քանի տարի առաջ որպես Իթթիհատի գործուն անդամ։ Զուտ ռազմական տեսակետից դա ուժի և ռեսուրսների անիմաստ վատնում էր։ Երկիրը զրկվում էր հայերի բանիմացությունից շատ կարևոր և բազմաթիվ ասպարեզներում։ Վարդանի ձերբակալությունը անդադար տանջում էր նրան։ Ինքը ոչինչ չէր կարող անել ընկերոջ համար։ Ինքը Սվասից կբացակայեր առնվազն մեկ, միգուցե և երկու շաբաթ։ Իր վերադարձի պահին Վարդանը կարող էր արդեն կախաղան հանված լինել։
Սարի ստորոտին հեղեղատում մի փոքր կեչուտ էր երևում։ Իբրահիմն այն ցույց տվեց լեյտենանտին.
— Մենք այնտեղ դադար կառնենք։ Երկու... ոչ, երեք ժամ։
Բանտախցի տասներեք բանտարկյալներից և ոչ մեկը այլևս ուշադրություն չէր դարձնում մեխի խզզոցին։ Սարգիս Զորյանն այդ մեխը գտել էր բակում, ուր իրենք օրը մեկ ժամ զբոսնում էին։ Այդ մեխով նա պատի վրա փորագրել էր բազմաթիվ խաչեր, իսկ դրանց տակ հայերեն ու թուրքերեն մի նախադասություն էր գրել. «Այստեղ անմեղ մարդիկ սպասել են մահվան, որին նրանք դատապարտվել են իրենց ազգության, լեզվի ու հավատքի համար»։ Եվ նա համբերատար փորագրում էր բոլոր ձերբակալված հայերի լրիվ անունները։ Առավոտից երեկո նա կլանված այդ գործով էր զբաղվում, քանի որ վախենում էր, որ իր հերթը կարող էր գալ աշխատանքն ավարտելուց առաջ։
― Սարգիս, մի քիչ դադար տուր,– ասաց Վարդանը, դեպի լուսամուտը գնալով։– Լսի՛ր։
Ուսուցիչը դադար տվեց։ Խաղաթուղթ խաղացող չորս տղամարդիկ անշարժացան, իսկ նրանք, ովքեր պառկած էին իրենց ծղոտյա ներքնակների վրա, նստեցին։ Նրանք լսեցին հեռավոր մի որոտ։
― Ամպրոպ է,– ասաց տղամարդկանցից մեկը։– Ի դեպ, Երկինքը մթնել է։
Սարգիս Զորյանը մեխը գրպանը դրեց ու մոտեցավ Վարդանին։
― Ոչ, սա փոթորիկ չէ։
Վարդանը նրան հրեց պատի մոտ.
― Կռացիր, որպեսզի ես ուսերիդ բարձրանամ։
Նա կանգնեց Սարգսի ուսերին և հասավ առաստաղի տակ գտնվող ճաղապատ լուսամատին, կախվեց ճաղերից ուսուցչին իր քաշի մի մասից ազատելու համար։ Լուսամուտը դեպի արևելք էր նայում, և նա տեսավ բլուրը, ուր գտնվում էր իր տունը։
Սաղարթի մեջ թաղված այդ սպիտակ լաքան...
― Ի՞նչ է դա,– հարցրեց անհամբեր մի ձայն։
Վարդանը ականջը մեկ այս, մեկ այն կողմն էր դարձնում աղմուկի աղբյուրը որոշելու համար։ Նա արձանագրեց, որ այն բոլոր կողմերից էր գալիս։ Անվերջանալի որոտ էր։ Տեղահանությո՜ւն։ Նա գետին ցատկեց։ Բանտակիցները, բացատրություն ակնկալելով, որսում էին նրա յուրաքանչյուր շարժումը։ Նա նետեց չարագուշակ ձայնով.
— Այս երեկո մենք միակ հայերը կլինենք քաղաքում։
Բոլորի գլուխները հակվեցին։ Ոմանք իրենց դեմքը ձեռքերի ափերի մեջ թաքցրեցին։ Մեկը տրտնջաց.
― Ինչո՞ւ ինձ այսօր առավոտյան չկախեցին։
Սարգիս Զորյանը ծնկի իջավ խաչերի առջև, որը նա փորագրել էր պատին, և սկսեց աղոթել։ Երեք տղամարդ նրան մոտեցան։ Մնացածները անշարժ կանգնած լռում էին։ Վարդանը կանգնած մնաց լուսամատի տակ և նայեց նրանց, ում միացել էր նախօրեին՝ իր դատավարությունից հետո։ Նրանք Վարդանին տարօրինակ կերպով հանգիստ թվացին։ Նրանք անտարբերությամբ էին ընդունում մահը և իրենց ժամանակը սպանում էին խաղեր խաղալով և առօրեական զրույցներ վարելով։ Այդ հնազանդությունը նա նկատել էր նաև առավոտյան բակում հանդիպած այլ բանտարկյալների վարքագծում։
Մինչդեռ ամեն օր պահակները նրանց թվից պատահական երեսուն կամ քառասուն մարդ էին ընտրում և տանում էին կառափնարան։ Վարդանը կասկածում էր, որ իր բախտակիցների հանդարտությունը ընդամենը դիմակ էր, միջոց՝ կատարյալ հուսահատության գիրկը չգահավիժելու համար։ Եվ նրա այդ ենթադրությունը հաստատվում էր նրանց կտրուկ բարոյալքմամբ։ Նրանք համակերպվել էին ճակատագրի հետ, սակայն նրանցից ոչ մեկը չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ իրենց ընտանիքները պետք է տեղահանվեին և ենթարկվեին այն անմարդկային վերաբերմունքին, որն այդքան վառ կերպով նկարագրել էր Շիրակ Թևոնյանը։ Վարդանը նույն վիճակում էր, ինչ նրանք, սակայն կար մի տարբերություն, երբ նա պատկերացնում էր Մարոյին, Թովմասին ու Ազնիվ խանումին Սիրիայի անապատները տանող ճանապարհին, նա ոչ թե ընկճվում էր, այլ համակվում էր այնպիսի ընդվզումով, որ հրաժարվում էր ընդունել մահվան գաղափարը։
Ուսուցիչը ոտքի կանգնեց անզոր տեսքով և անարտահայտիչ ձայնով ասաց.
― Մեր դժբա՜խտ երեխաները... Մեր խե՜ղճ կանայք։
Հանկարծ նա վրդովմունքով համակվեց.
― Մենք հնարավորություն ունեինք խանգարելու դրան։ Պե՛տք էր անել այն, ինչ մեզ առաջարկում էր Շիրակ Թևոնյանը։ Մենք պե՛տք է պաշտպանվեինք։
Մինչ Սարգիսը կխոսեր, ենթադրություններ կաներ, թե ինչպիսին կարող էր լինել Սվասի ինքնապաշտպանությունը, կխարազաներ իր համաքաղաքացիներին անվճռականության համար, Վարդանը մտաբերում էր իր խոսակցությունը Շիրակ Թևոնյանի հետ վրանում։ Նա լռեցրեց Սարգսին.
― Անցյալը փոխել հնարավոր չէ։ Յուրաքանչյուրը վարվել է այնպես, ինչպես ճիշտ է համարել։ Դու չպետք է հանդիմանես որևէ մեկին, ինչպես նաև ինքդ քեզ։
Ուսուցիչը հանդարտվեց։ Վարդանն իրավացի էր։ Ափսոսանքն անիմաստ էր։ Գիտակցելով, որ սարկավագի իր կոչումը պարտավորեցնում էր հավատքի վկայություն ներկայացնել, նա փոխեց խոսակցության տոնայնությունը.
― Աստված մեզ կմիավորի իր գրկում։ Բարեկամներ, պատմությունը կպահպանի...
Վարդանը, վրդովվելով նրա հլությունից, ընդհատեց նրան.
― Պատմությո՞ւն։ Ո՞ւմ է պետք այդ պատմությունը։
― Մայոր Վարդան,– բացականչեց ուսուցիչը,– ես կարծում էի, որ քեզ պես մարդը...
― Դու ուզում ես, որ մենք կառափնարան գնանք շարականներ երգելո՞վ։
Վարդանը դարձավ դեպի մյուսները, որոնք հետաքրքրությամբ հետևում էին խոսակցությանը.
― Դուք դա՞ եք ուզում։
Տղամարդկանցից մեկը, որը քորում էր ոջլոտ գլուխը, փնթփնթաց.
― Իսկ ուրիշ էլ ի՞նչ կարող ենք անել։
― Փախուստի փորձ կատարել,– պատասխանեց Վարդանը։
― Սկզբում մենք խոսում էինք դրա մասին,– ասաց անբռնազբոս ձայնով մի երիտասարդ։– Անհնարին է։ Պատերը քարից են, ճաղերը հաստ, բոլոր ելքերը պահպանվում են։
Վարդանն այդ ամենը շատ լավ գիտեր, քանի որ նախորդ տարի նա այցելել էր բանտը, երբ բանտարկյալները դիզենտերիայով էին հիվանդացել։
― Համաձայն եմ, անհատական փախուստը փաստորեն անհնար է։ Սակայն խմբակայինը այլ բան է։
Տղամարդիկ հավաքվեցին նրա դիմաց։ Նրանք, ովքեր դեռ պառկած էին, նստեցին։ Մազակալած դեմքերով, կեղտոտ ու ցնցոտիների մեջ փաթաթված այդ մարդիկ նման չէին հարուստ առևտրականների կամ խաղաղ արհեստավորների։ Նրանք ավելի շուտ նման էին մարդասպանների մի խմբի, որոնք պատրաստ էին ամեն ինչի, հատկապես որ Վարդանի խոսքերից հետո նրանց բոլորի աչքերը վառվում էին։
― Բացատրիր,― ասաց Սարգիսը, որի հետաքրքրասիրությունն արթնացել էր։
― Այս առավոտ, երբ մենք բակում էինք, երկաթյա դարպասը մի քանի րոպեով բացվեց։ Դուք նկատե՞լ եք, այդպես հաճա՞խ է լինում։
― Դա առնվազն մեկ անգամ էլ է պատահել այս չորս օրվա ընթացքում,― պատասխանեց բանտարկյալներից մեկը։
― Ահա, հաջորդ անգամ մենք կհարձակվենք դարպասի վրա ու դուրս կգանք։
― Պա՛հ,– հիասթափված ձայնով բացականչեց այն բանտարկյալը, որը գլուխն էր քորում։– Իսկ պահակներին ի՞նչ ես անելու։
― Ես հաշվեցի, չորս պահակ կար դարպասի այն կողմում, իսկ պատի վրա ինն էին։
― Դու մոռացար բակի անկյունում տեղակայված գնդացիրը սպասարկող երկու զինվորներին։
― Ես նրանց տեսել եմ,– պատասխանեց Վարդանը բարկացած։– Համաձայն եմ՝ տասնչորս պահակ կա ու մի գնդացիր։ Այդուհանդերձ...
― Գումարած մի քսան ոստիկան, որոնք նարդի են խաղում պահակատանը։
Վարդանը ձայնը բարձրացրեց.
― Ինձ մի՛ ընդհատեք։
Նա իսկույն հանգստացավ։
― Ինձ թվաց, որ զբոսանքի ժամանակ բակում մենք մոտ երեք հարյուր հոգի էինք։ Երբ բոլորս միասին դուրս կխուժենք, պահակները կրակ կբացեն։ Սակայն նրանք շատ չեն, ու անսպասելիության հանգամանքը մեր օգտին կլինի։ Մեծամասնությանը կհաջողվի փախչել։ Մինչ պահակատան ոստիկանները հասցնեն հասկանալ, թե ինչ է կատարվել, մենք արդեն փողոցում կլինենք։ Այնտեղ կցրվենք ու յուրաքանչյուրը իր գլխի ճարը կտեսնի։
Տղամարդիկ անվստահ միմյանց էին նայում։ Սարգիսը հարցրեց.
― Քանի՞ հոգի կենդանի կմնա, ի՞նչ ես կարծում։
― Չգիտեմ։ Սակայն, եթե նույնիսկ տասը փրկվեն, ապա արժե փորձել։ Մի մոռացեք, որ բոլորս կախաղան ենք հանվելու։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես պարանին գնդակն եմ գերադասում։
Այս փաստարկը նրանց մտածելու առիթ տվեց։ Մեկը հարցրեց.
― Փախչելուց հետո ի՞նչ ենք անելու։ Քաղաքը լի է զինվորներով։
― Դուք բոլորդ շատ լավ գիտեք քաղաքի փողոցներն ու նրբանցքները։ Եթե հաշվի առնենք մեր հայրենակիցների կողմից լքված տները, խանութներն ու պահեստները, ապա թաքստոցների պակաս չի զգացվի։ Գիշերն ընկնելուն պես դուք գնում եք դեպի սարերը և... Աստծու ողորմածությանն եք ապավինում։
Սարգիսը հետ ու առաջ էր քայլում բանտախցում և այտերն էր շփում.
― Փաստ է, որ մենք կորցնելու բան չունենք։
Մնացածները ևս քննարկեցին առաջարկը և շուտով եկան նույն եզրակացության։ Վարդանն ավելացրեց.
― Վաղը զբոսանքի ժամանակ իմաց տվեք մնացածներին։ Եվ երբ ներկայանա առաջին իսկ հնարավորությունը... Որքան շատ սպասենք, այնքան քիչ կլինեն նրանք, ովքեր մի փոքր հույս կունենան փրկվելու։
― Իսկ մնացածները կհամաձայնե՞ն։
― Դուք պետք է նրանց համոզեք։
― Իսկ եթե վերջին պահին մարդիկ վախենա՞ն և դեպի դուռը վազող մարդկանց խումբը փոքր լինի՞։
― Դա էլ է հնարավոր,– համաձայնեց Վարդանը։– Անհնարին է ամեն ինչ կանխատեսել։
Դրանից հետո նրանց համար ժամանակը երկար էր ձգվում։ Յուրաքանչյուրը կարծում էր, որ փրկվելու իր հնարավորություններն ավելի էին, քան մյուսներինը, և հույս ուներ, որ մինչև փախուստի փորձը իրեն կախաղան չէին հանի։ Վարդանը պառկեց ու աչքերը փակեց։ Նա մտքում գծում էր շրջակայքի քարտեզը։ Նա ջանում էր հիշել փողոցների ու տների ամենաաննշան մանրամասները, ընտրել հնարավոր մի քանի ուղերթ։ Պետք է խուսափեր մնացած փախստականների ընկերակցությունից, որպեսզի իրեն հեշտ չգտնեին։ Այս ծրագրերը նրան հնարավորություն էին տալիս շատ չմտածել կնոջ և որդու մասին։
Մարոն իր սայլը կանգնեցրեց Արմենի սայլից հետո։ Նա ձիավարելու կոշիկներ էր հագել և ոտքերը սայլի եզրին հենած պինդ բռնել էր երասանը։ Շատ շուտով նա նկատեց, որ դա ավելորդ էր, քանի որ եզը խոնարհ հետևում էր իրենցից առաջ ընթացող սայլին։
Արաքսին շրջվեց Ազնիվ խանումի հետ զրուցելու համար, սակայն անիվների ճռռոցը անհնարին էր դարձնում ցանկացած խոսակցություն։ Եվ բացի դրանից, իրենց ասելիքը հասկանալու համար հերիք էր նույնիսկ մեկ հայացքը։ Միմյանց լուռ ողջունելուց հետո յուրաքանչյուրը խորասուզվեց իր աղոթքի մեջ։
Նման լռություն էր տիրում նաև մնացած սայլերում։ Բոլորի դեմքերը տխուր էին, աչքերն արցունքից կարմրած։ Նույնիսկ երեխաները լռում էին՝ լայն բացելով տագնապով լի աչքերը։ Միայն ամենափոքր երեխաներն էին, որ ուրախ ճռվողում էին։ Սայլերում տղամարդ գրեթե չկար, միայն շատ ծեր տղամարդիկ և մինչև տասնչորս տարեկան տղաներ։ Կանանցից քչերն էին մտածել դեմքը ծածկելու մասին, և Ազնիվ խանումը դա անզգուշություն համարեց։
Հայկական թաղի ստորին մասը առաջինն էր դատարկվել և երբ բարձր քաղաքի տեղահանվողները անցնում էին թաղի ստորին մասով, նրանք տեսան, թե ինչպես էին գյուղացիները, չքավորներն ու նույնիսկ ոստիկանները տենդագին թալանում լքված տները։ Մարոն մտածեց, որ նույն ճակատագրին էր արժանանալու իր սեփական տունը և որ դռներին ու լուսամուտներին ամրացված տախտակները ոչինչ չէին փոխելու։ Ինչ վերաբերում է խանութներին, ապա դրանք կանոնավոր կերպով էին թալանվում, զինվորները սպաների ղեկավարությամբ ապրանքը բարձում էին արաբաների մեջ։
Շուկայի հրապարակում մարդիկ, խիտ ցանկապատ կազմելով, շարվել էին ճանապարհի երկու կողմերում, իսկ տեղահանվողները շարժվում էին մարդկային այդ միջանցքով։ Շրջիկ վաճառականները բարձրաձայն ջուր, հյութեր, միրգ ու քաղցրավենիք էին առաջարկում հետաքրքրասերներին։ Ներկաներից շատերը բռունցք էին թափ տալիս և հայհոյանքների տարափ էին թափում տեղահանվողների վրա, խոստանալով հաշվեհարդար տեսնել այն հայերի հետ, որոնք իրենց ձեռքը կընկնեին։ Միայն ոստիկանների ներկայությունն էր, որ խանգարում էր նրանց գործի անցնելու, իսկ երբեմն էլ որևէ երիտասարդ պայուսակ կամ զամբյուղ էր փախցնում տեղահանվողներից և միանում էր անդեմ ամբոխին, որը նրան ողջունում էր ուռաներով։ Խորքում վաճառականները հետևում էին իրենց վաճառասեղաններին։ Նրանց մեծ մասը մտահոգ տեսք ուներ։ Տեղահանվողների մեջ նրանք տեսնում էին հաճախորդների և իրենց հաշիվ էին տալիս, որ առևտուրը տուժելու էր այդ տեղահանումից։
Կավալ թաղը տարբերվում էր շուկայի հրապարակից։ Քողերով ծածկված մահմեդական կանայք իրենց լուսամուտներից դիտում էին այդ ելքը և նրանց հայացքներում կարեկցանք էր նշմարվում։ Նրանք հասկանում էին, թե ինչ էր նշանակում օջախ կորցնելը, փաստորեն ամեն ինչ կորցնելը։ Կիսամերկ երեխաները, որոնք սովորաբար իրենց վազվզոցով ու ծիծաղով կյանք էին հաղորդում փողոցին, անշարժ կանգնած էին դռների դիմաց և վախեցած նայում էին սայլերում նստած երեխաներին ու մտածում էին, թե արդյոք ի՞նչ հանցագործություն պետք է գործած լինեին նրանց ծնողները, որ նրանց բոլորին այդպես քշեին քաղաքից։
Ժամանակ առ ժամանակ Արմենը սրտապնդող նշաններ էր անում Ազնիվ խանումի ընտանիքին։ Մարոն, աչքերը կկոցած, նայում էր եզան մկանոտ պարանոցին, նա մտածում էր Վարդանի մասին։ Ինքը հեռանում էր նրանից, և այդ բանը զգում էր իր ողջ էությամբ։ Ինչ-որ բեռ ջախջախում էր նրան, օդը չէր հերիքում։ Նա այնպիսի զգացում ուներ, որ իր ներսում ինչ-որ բան պատռվում էր, որ անիվի յուրաքանչյուր պտույտն իրեն սպանում էր։ Նա մատի վրա դարձնում էր իր ամուսնական մատանին և չնկատեց, թե ինչպես շարժվելով պարսպի ավերակների մոտով, անցան կամուրջը։
Թովմասը ոտքի կանգնեց՝ դժվարությամբ պահպանելով հավասարակշռությունը մի կույտ վերմակների վրա։ Իրենցից առաջ մինչև հորիզոն ձգվում էր մի շարասյուն, որի երկայնքով գնում և գալիս էին ձիավորները։ Երեխան երբեք այդքան մարդ չէր տեսել։ Նրանք բազում էին, և նրանց սայլերը փոշի էին բարձրացնում, որը կախված էր մնում անշարժ օդում։ Նա հետ նայեց և տեսավ, թե ինչպես է քաղաքից դուրս հոսում մարդկային անսպառ գետը։
Արևմուտքում սև ամպեր էին կուտակվում։ Դրանք հսկայական լեռնաշղթա էին կազմում իսկականի վերևում, որն անհայտանում էր գորշ մառախուղի մեջ։ Երկինքն արագորեն մթնում էր։ Չնայած բառաչին, սմբակների դոփյունին ու անիվների աղմուկին, լսվեց քամու սուլոցը։ Բարդիները ճկվեցին ու դաշտավայրն ավլելով, ավազի փոթորիկ բարձրացավ։
― Փոթորիկ,– փնթփնթաց Ազնիվ խանումը,– մենակ սա էր պակասում։
Նա միացավ Թովմասին և դժվարությամբ հաստ պաստառով ծածկեց իրենց իրերը։
― Տակը մտիր,– ասաց նա թոռանը։
Քամին, իր հետ բերելով ավազի հատիկներ, որոնք ճանկռտում էին մաշկը, իրենց հասավ։ Մարոն գլուխը կախեց և դեմքը ծածկեց սև չարսավով, բաց թողնելով միայն աչքերը։ Օդը սառեց, և հորդ անձրև տեղաց։ Քսան քայլի վրա ոչինչ չէր երևում։ Եզները հրաժարվում էին առաջ շարժվել։
― Ճանապարհորդությունը վատ է սկսվում,― արձանագրեց Ազնիվ խանումը։
Մարոն գերադասեց չպատասխանել։ Եթե միայն անձրևը լինե՜ր։ Քսան րոպե անց փոթորիկը նույնքան հանկարծ հանդարտվեց, որքան սկսվել էր։ Ամպերը դեպի արևելք շարժվեցին, ու քամին դադարեց։ Երկինքը դարձյալ կապույտ էր, անամպ, իսկ արևն սկսեց գոլորշիացնել խոնավությունը։ Արտերը գոլորշու շղարշի մեջ էին։ Եզների սմբակները թաղվում էին ճանապարհին գոյացած ցեխի մեջ, իսկ անիվները խորը ակոսներ էին թողնում։
Կես ժամ անց անձրևի հետքն անգամ չկար։ Հողից ջերմության ալիքներ էին բարձրանում, օդը տատանվում էր, շրջակայքը հստակ չէր երևում, իսկ հորիզոնը լողում էր։ Կանաչ ու դեղին դաշտերը, ուր աշխատում էին գյուղացիները, ծառերի շարքերը, արտերի եզրերին մեկուսի կանգնած տները, հեռացող քաղաքը, դեղին սարերը,― այս ամենը անիրական էր թվում։ Միակ իրական բանը սայլի ցնցումներն էին և բերանը լցվող ու կոկորդն այրող փոշու տտիպ համը։
Սվասից ութ կիլոմետր դեպի հարավ քարավանը դադար առավ դաշտավայրում։ Ոստիկանները հրամայեցին ճամբարել գիշերվա համար, չնայած մութը դեռ չէր ընկել։ Երկար ժամանակ կատարյալ խառնաշփոթ էր տիրում։ Յուրաքանչյուրն ուզում էր միանալ իր ազգականներին կամ բարեկամներին, և այդ պատճառով խցանումներ էին գոյանում։ Ոստիկանները բղավում էին և մտրակներն էին թափահարում։ Կամաց-կամաց ճամբարը կազմակերպվեց։ Արմենն ու Մարոն իրենց սայլերը միմյանց նկատմամբ անկյան տակ կանգնեցրեցրին, և դա մտերմիկ մթնոլորտ ստեղծեց։ Եզների ոտքերը կապ գցեցին և թողեցին, որ արածեն սայլերի մոտ։
― Հարկավոր է նրանց ջուր տալ,– ասաց Արմենը բերանն օղիով ողողելով և այն կուլ տալով։
― Ես լիքը տիկ ունեմ,– ասաց Ազնիվ խանումը։
― Ջուրը խնայեք, երբեք չգիտես, թե ինչ կլինի։ Կարծում եմ, այստեղ պետք է որ ջրհոր լինի, գնամ տեսնեմ։
― Կարո՞ղ եմ ձեզ ուղեկցել, կնքահայր,– հարցրեց Թովմասը, որը տղամարդու ներկայության կարիք էր զգում։
Արմենը կռահեց, որ երեխան իրեն ավելի ապահով էր զգում իր ներկայությամբ։
― Արի, դու ինձ կօգնես։ Նրանք գնացին՝ հետները տանելով երկու պղնձյա դույլ։
― Մենք պաստառը կձգենք սայլերի միջև, որպեսզի հով լինի,– ասաց Ազնիվ խանումը։– Մարո՞։
Մարոն, արձանի պես անշարժացած, նայում էր քաղաքին, որը նմանվում էր Թեջիր լեռան ստորոտին իջած միրաժի։ Մայրը ձեռքը դրեց նրա ուսին։ Մարոն ցնցվեց, իսկ Ազնիվ խանումն ասաց ջերմ ձայնով.
― Մի՛ անհանզստացիր նրա համար։ Նա ճարպիկ տղամարդ է։
― Եթե իմանայիր, թե որքան եմ աղոթել և դեռ շարունակում եմ աղոթել նրա համար,– ավելացրեց Արաքսին նրան մխիթարելու համար։
Ազնիվ խանումը գրկեց Մարոյին և ասաց նրա ականջին.
― Ողջամիտ եղիր...
Ողջամի՜տ։ Մարոն գիտեր, որ իր էության մի մասը երբեք «ողջամիտ» չէր լինելու և չէր համաձայնելու ընդունել, որ կյանքը կարող էր իրեն բաժանել Վարդանից։ Ինչպե՞ս կարող էր ողջամիտ լինել, երբ իրենից խլում էին իր ամենաթանկ բանը։ Ինչ իմաստ կարող էր ունենալ իր կյանքը հեռու այն տղամարդուց, որին նա նվիրել էր իր ողջ էությունը։ Նրա ստամոքսը կծկվեց, արյունը զարկվում էր քունքերին, նա ճչալու ցանկության ուներ։
― Մարո՛,– կրկնեց մայրը։
Մարոն չպատասխանեց։ Շրթունքները կծելով՝ նա մորն օգնեց պաստառը քաշել սայլերի միջև։ Ամենաչնչին շարժումը նրանից մեծ ջանք էր պահանջում։
Արաքսին պարան էր անցկացնում պաստառի անցքերի մեջ։ Նա ուզեց լավատես թվալ.
― Արագիլը միշտ իր բույնն է վերադառնում։
Ազնիվ խանումը, ինչպես և Մարոն, հոնքերը կիտեցին։ Իրենց կտրի բույնն այս գարուն դատարկ էր մնացել։ Արաքսին տեսավ, որ իր խոսքերը ցանկալի արդյունքի չբերեցին, սակայն նա չդադարեց ասացվածքներով խոսել։
― Չար բախտը պետք է բարի սրտով դիմավորել։
― Հեշտ է ասել,– պատասխանեց Մարոն սրտնեղած։
Ազնիվ խանումր լրացրեց Արաքսիի խոսքերը.
― Այո, մեզ պատուհասած դժբախտությունից պետք է դուրս գալ նվազագույն կորուստներով։ Եվ ապրել ներկայով։
― Եվ միմյանց օգնել դժբախտության մեջ,– ավելացրեց Արմենի կինը։
Մարոն սիրով լի աչքերով նայեց ծեր կանանց։ Նա չկարողացավ իրեն զսպել և տխուր ժպտաց։
― Մի վախեցեք, ես բեռ չեմ դառնա ձեզ համար։
Թովմասն ու կնքահայրը վերադարձան երկու լիքը դույլ բերելով։ Արմենը ոչինչ չասաց, սակայն նրա պարանոցի ջլերը լարված էին, և ճակատի երակը պրկվել էր։ Արաքսին զայրույթի նշաններ նկատեց ամուսնու կեցվածքում։ Նա վերցրեց դույլերը, քանի դեռ Արմենը չէր սկսել ձեռքերը թափ տալ և ջուրը չէր թափել։ Նա իր ֆեսը գետնովը տվեց և տրորեց այն մռնչալով.
― Շան որդիներ։ Առնետի ծնունդ։ Թող իրենց Ալլահը նրանց աքացի տա մինչև վերջին դատաստանը։
― Արմեն,– ասաց Արաքսին։― Դու չպետք է այդպես խոսես սանիկիդ ներկայությամբ։
Թովմասը պաշտպանեց կնքահորը.
― Ոստիկանները չար են։
Արաքսին հանգստացրեց ամուսնուն, և նա բացատրեց իր զայրույթի պատճառը։
― Ոստիկանները պահպանում են ջրհորը, իսկ ջուրը վաճառում են։ Այս շները վաճառում են Տիրոջ ջուրը։ Ի՞նչ է մեզ սպասում հետագայում։
Անասունը գլուխը դեպի ջուրն էր ձգում։ Արաքսին նրանց ցույց տվեց.
― Նախ, նրանց ջուր տուր, այդ դեպքում կոպիտ բառեր չես ասի։
Նախորդ գիշեր Արաքսին չէր կարողացել քնել և, զբաղվելու համար, մորթել և փետրել էր չորս հավ։ Չնայած նա դրանք փաթաթել էր թաց կտորի մեջ, հավերը շոգից կորցրել էին թարմությունը և ևս մեկ օր չէին դիմանա։ Արաքսին երկու հավ տվեց ամուսնուն.
― Տուր որևէ կարիքավոր ընտանիքի։
― Ճիշտ ժամանակին է։ Ես ուզում էի շրջայց կատարել ճամբարում,– ասաց Արմենը՝ մի կապոցից լույս աշխարհ հանելով նավապետի իր գլխարկը։ Նա ուզում էր տեսնել, թե ինչպես էին իր հայրենակիցները տեղավորվել և, բացի դրանից, հույս ուներ նորություններ իմանալ։
Արաքսին վառեց սպիրտայրոցը և հավերը դրեց եփելու։ Ազնիվ խանումը բանջարեղեն մաքրեց աղցանի համար։ Մարոն, Թովմասի օգնությամբ, անկողինները փռեց պաստառի վրա։ Երեխան հոգնածությունից ոտքի վրա չէր մնում, և Մարոն պառկեց նրա կողքին՝ նրան քնեցնելու համար։
Մարդիկ մի կերպ տեղավորվում էին գիշերելու։ Նրանք խմբվել էին, ինչպես մրսկան հոտը։ Հովիվ չկար, միայն պահապան շներ՝ ոստիկաններ կային, որոնք շրջապատել էին ճամբարը փախուստի փորձերը կանխելու նպատակով։ Հաճախ կույր հավատով զինված ծերերը բարոյական նեցուկ էին երիտասարդների համար և հետևում էին ճամբարի կենսագործունեությանը։
Արմենը հանդիպեց Մանվելին՝ կերպասեղենի վաճառականին, որի հետ մոտ յոթ ամիս էր, ինչ սառը հարաբերությունների մեջ էր։ Նրանք վիճել էին իրենց հողամասերը բաժանող ցանկապատի կապակցությամբ։ Որքա՜ն չնչին էր նրանց այսօր թվում այդ վեճը։ Նրանք ավելորդ բառեր չասացին և հաշտվեցին գրկախառնությամբ։ Մանվելը Արմենին օղի հյուրասիրեց, իսկ մյուսը նրան ծխախոտ տվեց ծխամորճի համար։ Նրանք ճանապարհի մի փոքր կտոր միասին գնացին, բարևելով ծանոթներին, մեկին սրտապնդելով, մյուսին խորհուրդ տալով։ Այդ իրավիճակում ամենասովորական նախադասությունները հուզմունքով էին արտաբերվում նույնիսկ իրար գրեթե անծանոթ մարդկանց միջև։
Խոտի վրա փռած սփռոցի վրա հինգ մետաղյա ափսե էր դրված։ Նրանք ծալապատիկ նստեցին սփռոցի շուրջը։
― Ձեռքո՞վ ենք ուտելու,– զարմացավ Թովմասը, որին մայրը ջանացել էր կիրթ վարվեցողություն սովորեցնել։
― Այսուհետ,– պատասխանեց Մարոն,– մենք այլ կյանքով ենք ապրելու։
Նա մի պահ լռեց՝ փնտրելով այնպիսի օրինակներ, որոնք չէին վախեցնի երեխային։
― Մենք, անկասկած, չենք կարողանա լողանալ այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Ոչ էլ կկարողանանք հաճախ փոխել մեր հագուստը։ Սակայն սա ժամանակավոր բան է։ Հետո ամեն ինչ կլինի այնպես, ինչպես առաջ էր։
― Ինչի՞ց հետո, մայրիկ։
Միսը թռավ Մարոյի կատիկը և նա այն թքեց ափի մեջ։ Ինչի՞ց հետո։ Ի՞նչ պատասխանել այս հարցին, ուր շոշափվում էր իրենց բոլորի ապագայի հարցը։ Մեծերը շփոթված միմյանց նայեցին։
Արմենը դանակի ծայրով մաքրեց ատամները և, դանակը խրելով հողի մեջ, ասաց.
― Գիտես, հոգիս, այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ, նման է նավարկության։ Դու գիտես, թե երբ ես ծով դուրս գալու, սակայն երբեք չգիտես, թե երբ կհանգրվանես մյուս նավահանգստում։ Դա կախված է հոսանքներից, քամիների ուղղությունից։ Դու չգիտես նաև՝ փոթորիկ լինելո՞ւ է, թե ոչ, հանդիպելո՞ւ ես դու ծովահենների, թե ոչ։ Հենց այդ պատճառով է, որ միշտ պետք է խնայել մթերքն ու ջուրը։ Մենք պետք է նույն բանն անենք։
Կնքահոր խոսքերը մի քիչ անհասկանալի էին, սակայն երեխան գլխով արեց։ Արմենի ուրվագծած պատկերից նա հասկացավ, որ իրենց ճանապարհորդության մեջ ինչ-որ անհայտ ու անհաստատ բան կար։ Նա ուզեց ցույց տալ, որ ամեն ինչ հասկացել էր.
― Մեր սայլերն իբր նավե՞ր են։
― Որոշ չափով, այո։
Մարոն երախտագիտությամբ ժպտաց Արմենին։ Նա հպվեց որդու թևին.
― Դու երազում էիր նավարկել նավապետ Արմենի հետ։ Ահա և հնարավորություն ունես քեզ իսկական նավաստու պես պահել։
― Դու ինձ թույլ կտա՞ս եզը վարել, մայրիկ։
― Այո, երբ ճանապարհը կհեշտանա։
Նրանք շարունակեցին ուտել՝ իրար դիմելով միայն անհրաժեշտության դեպքում։ Ի դեպ, ճամբարը զարմանալիորեն հանդարտ էր, չնայած կազմված էր հազարավոր մարդկանցից։ Նույնիսկ ճամբարի զբաղեցրած տարածքր՝ մի քանի տասնյակ հեկտար, որի վրա բարձրանում էր խարույկների ծուխը, ստիպում էր տեղահանվածներին գիտակցելու իրենց պատուհասած դժբախտության չափը։ Դա մի քաղաք էր, որը տեղափոխել էին բաց դաշտ։ Քանի՞ այդպիսի քաղաք կար այդ երեկո Անատոլիայի տարածքում։ Ո՞ր երկիրը այդքան մեծ կլիներ մի ամբողջ ժողովուրդ ընդունելու համար։ Այժմ, երբ մեկնելու պահն անցել էր, մարդիկ սկսել էին գիտակցել, թե ինչ էր իրենց հետ պատահել։
Արևը թեթևակիորեն կարմրեց հորիզոնի ատամնավոր գծի հետևն անցնելուց առաջ։
Արաքսին նկատել էր, որ իր ամուսինը գրգռված էր և որ նա փորձում էր հնարավորինս թաքցնել այդ ոգևորությունր, որը նրան համակել էր Մանվելին հանդիպելուց հետո։
― Ի՞նչ ես իմացել,–― հարցրեց նա ամուսնուն։
― Ոչ մի կարևոր բան,– պատասխանեց նա, Թովմասի կողմը կզակով նշան անելով։
Երբ երեխան քնեց սայլերի միջև քաշած ծածկի տակ, մեծերը հեռացան իրենց թեյի բաժակներով։ Շոգից հետո էլ հիմա մոծակները նրանց դադար չէին տալիս։ Բարեբախտաբար Ազնիվ խանումը մեղրախոտի յուղ ուներ, որով կարելի էր պաշտպանվել նրանց խայթոցներից։ Արմենը կանանց հաղորդեց այն նորություններր, որոնք պտտվում էին ճամբարում։ Նրանք կանգ էին առել քաղաքին այդքան մոտ, որովհետև սպասում էին շրջակայքի գյուղերից տեղահանված բնակչությանը։
― Քաղաքում խուզարկություններ են իրականացվում։ Նրանք հայտնաբերել էին դատարկ տներ և կասկածում են, որ դրանց բնակիչները թաքնվել են իրենց թուրք բարեկամների մոտ։
― Ի՞նչ տրամադրություն է տիրում ճամբարում,― հարցրեց Ազնիվ խանումը
― Լարված։ Բոլորը վատթարագույնին են սպասում։ Մեր պահապաններից շատերը իրականում ոստիկաններ չեն, այլ նախկին հանցագործներ, որոնց համազգեստ են հագցրել։ Իսկ մենք ընդամենը կանանց, ծերերի և երեխաների խումբ ենք։ Քարտերը նրանց ձեռքում են։ Սակայն նրանք չգիտեն...
Նա կանանց նշան արեց մոտ գալու և ասաց ձայնն իջեցնելով.
― Մենք վաղն անցնելու ենք Սուրբ Հուդա վանքի մոտով։ Այն լքված է։ Դեռևս երկու շաբաթ առաջ վանականներին մորթել են։ Ֆիդայիները ու Սվասի երիտասարդները այնտեղ դարան են մտնելու և հարձակվելու են մեր պահակախմբի վրա։
Կանայք զարմացած էին։ Ազնիվ խանումը չէր հավատում.
― Ասեկոսեներ են։
― Ոչ, ոչ։ Սարգիս Զորյանի ավագ որդին, որը միացել էր կամավորներին, զգուշացրել է մորը։
― Իսկ մերոնք կարո՞ղ են հաղթել,― հարցրեց Մարոն հետաքրքրված։
Արմենը անվստահ դեմք ընդունեց.
― Ես չգիտեմ։ Ավելի լավ կլինի չսպասել ընդհարման ավարտին, այլ փախչել։ Խառնաշփոթ կլինի, և մենք դրանից կօգտվենք։
― Դա շատ վտանգավոր է,– հակաճառեց Ազնիվ խանումը։
Արաքսին համամիտ էր նրա հետ։ Մարոն, հակառակը, գտնում էր, որ պետք չէր առիթը բաց թողնել։
― Այո, դա վտանգավոր է,– համաձայնեց Արմենը։– Սակայն հաշվի առնելով, թե ինչ է մեզ սպասում...
― Ոստիկանները մեզ կսպանեն նապաստակների պես,– սարսափեց Արաքսին։
― Նրանք զբաղված կլինեն կամավորներից պաշտպանվելով։
Դա Արաքսուն չհանգստացրեց։ Արմենը շոյեց նրա թիկունքը։
― Կինս, մենք ընտրություն չունենք։ Նա գիտեր, որ այդ փորձությունն անհաղթահարելի էր Արաքսու համար։ Նրա այտուցված ոտքերը և թույլ սիրտը հնարավորություն չէին տալիս վազելու։ Նա գիտեր նաև, որ ինքն Արաքսուն չէր լքի։ Ազնիվ խանո՞ւմը։ Նա նույնպես ի վիճակի չէր փախչելու։ Դե, ինչ արած։ Պետք էր մտածել միայն Թովմասի ու Մարոյի մասին։ Մարոն ուժեղ էր ու ճարպիկ, նա ճանաչում էր այդ շրջանը, քանի որ ոտքի տակ էր տվել Վարդանի հետ։
― Ինչպե՞ս ենք կազմակերպելու,― հարցրեց Մարոն։
― Հենց որ փոխհրաձգությունը հասնի գագաթնակետին, ես քեզ նշան կանեմ։ Փախեք դեպի սարերը։ Յուրաքանչյուրի համար մի պարկ ուտելիք պատրաստեք, ոչ ավել։ Կարևորը փախչելն է, հետո մի բան կհնարենք։
Մարոն, ոգևորվելով, մտքում ծրագրեր էր կազմում։ Նա եզրակացրեց, կարծես, իր համար.
― Այստեղ շատ քարանձավներ և այրեր կան, լքված փարախներ։ Իսկ գիշերները ճամփա կտրելով մենք կարող ենք հասնել Զեյնաբի ու Ջամիլայի գյուղը։
Նա արդեն պատկերացնում էր, թե ինչպես ինքը Սվաս կվերադառնար, երբ այնտեղ ամեն ինչ կխաղաղվեր։ Իբրահիմ Ալիզադեն իրեն կօգներ գտնել Վարդանին։ Բայց եթե իր ամուսինը... Ո՛չ, նա հրաժարվում էր դիտարկել այդ հնարավորությունը։ Ամեն գործ իր ժամանակն ուներ։ Նախ պետք էր թողնել շարասյունը։
Արաքսին սարսափած տեսք ուներ։ Արմենը դեմքը մոտեցրեց կնոջ դեմքին և նայեց ուղիղ նրա աչքերին։ Նա ուշադիր հայացքով էր նայում, ուր կինը նշմարեց սեր և ջերմություն։ Եվ նա հիշեց, որ պայմանավորվել էին իրենց զոհաբերել հանուն երիտասարդների։ Ուրեմն պահը եկե՞լ էր։ Այդքան շո՞ւտ։
Արմենը շշնջաց հուզված, սակայն վճռական ձայնով.
― Մենք միասին կլինենք... մինչև վերջ։
Այդ խոստումը բավական էր Արաքսու համար։ Ազնիվ խանումը, որը նրանց կողքին էր, հասկացավ, թե ինչ տեղի ունեցավ ամուսինների միջև։ Իհարկե՛։ Արաքսին դժվարությամբ է քայլում։ Իսկ ի՞նքը։ Կկարողանա՞ր արդյոք հետևել իր դստերն ու թոռանը լեռնային արահետներով։ Մարոն պետք է այնքան վճռական լիներ, որ շարունակեր ճանապարհը առանց իրեն։
― Մենք կանենք այն, ինչ դու առաջարկում ես, Արմեն,― ասաց Ազնիվ խանումը։– Բայց եթե մեկն ուժասպառ ընկնի, ապա մնացածները չպետք է կանգ առնեն նրա պատճառով։
― Բնականաբար,– հաստատեց Արմենը։– Արաքսին էլ ինձ հետ համամիտ է։
Մարոն ապշեց։ Շլանալով Սվասի մերձակայքում մնալու գաղափարով՝ նա բոլորովին չէր մտածել Ազնիվ խանումի և Արաքսու հնարավորությունների մասին։ Մնացածները շրջվեցին նրա կողմը, սպասելով նրա վճռին։ Անհնար էր, որ Մարոն չհոգար մոր մասին, սակայն խուսափելով վիճաբանությունից, նա ընդունեց այդ պայմանը։
Նրանք նոր էին պառկել ծածկի աակ, երբ ջահերով գինված ոստիկանները ներխուժեցին ճամբար։ Լաց ու կոծ լսվեց։ Ոստիկանները ձերբակալում էին իրենց ընտանիքներին ուղեկցող մի քանի տղամարդկանց, նույնիսկ դեռահասներին։ Կրակոց լսվեց, որին հետևեց մի կնոջ հեծկլտոցը, նրա ամուսնուն սպանել էին։ Մի ջահ էր մոտենում։ Արմենը վեր կացավ, ասելով.
― Չշարժվեք, քնած ձևացեք։
Թովմասն իր մոր և տատի միջև էր պառկած։ Մարոն դեմքն արեց նրան, երեխային սեղմեց կրծքին ու դեմքը ծածկեց վերմակով։
Արմենը հանեց գլխարկը, որպեսզի ոստիկանները տեսնեին իր ճերմակ մազերը և չսխալվեին իր տարիքի վերաբերյալ։ Նա կանգնեց ծածկի դիմաց։ Երեք ոստիկան հայտնվեցին։ Մի պահ նա վախեցավ, որ եկել էին հրդեհի կապակցությամբ։ Սակայն նրանցից մեկի գլխին մի մեծ զամբյուղ կար, իսկ մյուսի ձեռքին նավթավառ։ Ամենաերիտասարդը՝ բարձրահասակ և նիհար ոստիկան, երկու հրացան էր տանում։
― Մերհաբա։ Ինչո՞վ կարող եմ օգնել,– հարցրեց Արմենը քաղաքավարի, սակայն վստահ ձայնով։
Նավթավառով ոստիկանը ձեռքը պարզեց.
― Մեզ պետք է վճարես։
― Ինչո՞ւ։
― Որպեսզի ձեզ պահպանենք ճանապարհին։ Ավազակներ կան։
Առանց վիճաբանության, Արմենը գրպանից թղթադրամներ հանեց։ Տասնմեկ լիվր, որոնք ոստիկանը խլեց նրա ձեռքից։
― Մենք գերադասում ենք արծաթյա կամ ոսկյա դրամներ։
Արմենր մեղավոը տեսք ընդունեց.
― Ես աղքատ գյուղացի եմ։
Մինչդեռ իր գործընկերները սայլերն էին խուզարկում, ամենատարեցը գլուխն անցկացրեց ծածկի տակ.
― Տղամարդիկ կա՞ն։
― Միայն ծեր կանայք և մեկ որբ։
― Ջահել աղջիկ չկա՞,– հարցրեց ոստիկանը ծիծաղելով։– Ես հաճույքով գեղեցիկ հայուհի կվայելեի։
― Ոչ։
Ոստիկանն իր հրացանի փողով մի կողմ տարավ Արաքսուն ծածկող վերմակը։ Նույն պահին Ազնիվ խանումը վեր թռավ, կարծես, արթնացած լիներ։ Նա զարմացած ձևացավ.
― Ի՞նչ է պատահել։
― Քնիր,– պատասխանեց Արմենը։– Մեր պահապանները շրջայց են կատարում։
Քանի որ ոստիկանի ընկերները հայտնաբերել էին օղու շշերը, որ Արմենը թաքցրել էր ծղոտի մեջ, նա նրանց միացավ։ Նրանք նաև մի երշիկ տարան և բանջարեղեն։ Արմենը մի քիչ սպասեց, որպեսզի համոզվեր, որ չէին վերադառնալու, և պառկեց քնելու։
Մարոն վախեցել էր։ Բոլոր երիտասարդ տեղահանվածները գայթակղություն էին այս տղամարդկանց համար, որոնք, անկասկած, շաբաթներով զուրկ էին կանանցից։ Ազնիվ խանումը նույն մտահոգությունն ուներ, քանի որ շշնջաց.
― Քողդ չհանես։ Դու պետք է հղի ձևանայիր։
― Դա ինձ կխանգարեր փախուստի ժամանակ։
Ազնիվ խանումը շոշափեց Թովմասին և Մարոյի ափն իր ափի մեջ առավ.
― Հիշո՞ւմ ես։ Երեխա ժամանակ ուզում էիր, որ ձեռքդ բռնեմ քնելիս։
Մարոն համբուրեց մոր մատները։
Դեմ դիմաց պառկած Արմենն ու Արաքսին գիշերվա մի մասը զրուցելով անցկացրեցին։ Նրանք այնքան ցածր էին խոսում, որ միջատների բզզոցը ծածկում էր նրանց ձայնը։
Շարասյունը տեղից շարժվեց լուսաբացից հետո և մեկ ժամ անց հասավ սարերին։ Այստեղ այն բաժանվեց բազմաթիվ խմբերի՝ յուրաքանչյուրում երեքից չորս հարյուր սայլ, որոնք պետք է տարբեր ուղղություններով շարժվեին։ Արմենն ու Մարոն գտնվում էին շարասյան գլխամասում և կցվեցին այն սայլերին, որոնք պետք է գնային Սուրբ Հուդա վանքի ճանապարհով։
Նրանք շարժվում էին չորացած գետի հունի երկայնքով ձգվող վատ ճանապարհով։ Երեք ժամից հասան առաջին լեռնաճյուղին։ Արևն այրում էր մարդկանց վերևից, իսկ շիկացած ժայռերը արտացոլում էին արևի ճառագայթները։ Եզներն արդեն ուժ չունեին բառաչելու համար։ Նրանք փորձում էին պոչով քշել մեջքներին նստած ճանճերին։ Ճանապարհի շրջադարձից առաջ, որից հետո Հալիսի հովիտն այլևս չէր երևալու, Մարոն վերջին հայացքը նետեց Սվասի վրա՝ սադափե զարդատուփի մեջ դրված սադափե զարդին։ Նրա սիրտը ճմլվեց։ Հետո նա նայեց իր դիմացը ծավալվող, տեղ-տեղ տատասկով և դեղնած խոտի խրձերով պատված լանջերին, քարքարոտ կիրճերին ու մերկ ժայռերին։ Նրա մարմնով դող անցավ։
Ընդամենը կես օր էր անցել, ինչ իրենք ճանապարհ էին ընկել, սակայն ժամանակը ջնջվել էր։ Շոգից տառապող տեղահանվածներին թվում էր, որ ողջ կյանքը ճանապարհորդում էին այդ անապատում։ Ոստիկաններր նրանց հանգիստ չէին թողնում և ստիպում էին արագացնել ընթացքը սայլապանների դեմ մտրակ բանեցնելով։ Ոչինչ հնարավոր չէր անել, քանի որ հոգնած եզները ուշադրություն չէին դարձնում ճիպոտների հարվածներին։ Գլուխը կախ նրանք ճանապարհին էին նայում և տեղ էին փնտրում իրենց կճղակները դնելու համար։
Երբ նրանք մագլցում էին զառիթափ մի արահետով, տեղահանվածները խուճապի մատնվեցին։ Մարդիկ նայում էին ճանապարհը երիզող հեղեղատին։ Սայլապաններր ոտքի էին կանգնում լավ տեսնելու համար և անմիջապես հետ էին նստում նստարաններին։ Մարոն հետևեց նրանց հայացքներին։ Նա ճչաց։ Նա երբեք այդպիսի սարսափելի բան չէր տեսել։ Դիակնե՜ր։ Մարմինների սար՝ իրար խառնված ոտքեր, ձեռքեր։ Մարմինների կույտ, որը դարձել էր շների ու չախկալների բաժին։ Միայն տղամարդկանց դեմքեր։
― Աստված ի՛մ,― տնքաց Ազնիվ խանումը։
― Թովմասը...– շշնջաց Մարոն մոր ականջին։
Ազնիվ խանումը հասկացավ։ Նա երեխային գիրկն առավ ու նրա ուշադրությունը շեղեց ցույց տալով ուրուրներին, որոնք շրջաններ էին կատարում անամպ երկնքում։
― Դրանք բոլոր կողմերից են գալիս։ Ինչո՞ւ են այստեղ հավաքվում,– հարցրեց Թովմասը։
― Ի՞նչ իմանաս։ Թռչունների մտքով երբեմն զարմանալի բաներ են անցնում։
― Այս թռչուններից վատ հոտ է գալիս,– բողոքեց երեխան քիթը փակելով։
Փտող մարմինների հոտը սրտխառնոց էր առաջացնում։ Լեշ։ Դրանք չէին կարող այն տղամարդիկ լինել, որոնց ձերբակալել էին նախորդ գիշեր։ Բացի դրանից, սրանք այնքա՜ն շատ էին։ Բոլորը ենթադրեցին, որ դա Սվասի այն հայերն էին, որոնցից կազմել էին «աշխատանքային ջոկատները» հինգ օր առաջ։ Կանայք, որոնք բոլոր պատճառներն ունեին ենթադրելու, որ իրենց ամուսինները կամ որդիները այդ մահացածների մեջ էին, աղիողորմ ճիչեր արձակեցին, իսկ արձագանքը բազմապատկեց այդ ճիչերը։ Լուսաբեր այրին, որի երկու որդիներր ձերբակալվել էին, մոտեցավ հեղեղատի եզրին։ Վշտից խելագարվելով, նա ուզում էր իջնել հեղեղատը և գտնել նրանց մարմինները։ Ոստիկաններից մեկը մտրակով հարվածեց նրան, որպեսզի նա շարասյուն վերադառնար։ Կինը կատաղած հարձակվեց նրա վրա։ Պայքարը կարճ տեեց։ Երկրորդ ոստիկանը նրա գլխին խփեց հրացանի կոթով։ Նա ուշագնաց եղավ։ Տղամարդիկ իրար նայեցին և կնոջ մարմինը վիհը նետեցին։
Թովմասն այդ տեսարանին ականատես չեղավ, քանի որ իրենց սայլը խոչընդոտ էր հաղթահարում։ Կամաց-կամաց լաց ու կոծը հանդարտվեց, և հաջորդ ժամվա ընթացքում շարասյունը շարժվում էր քար լռության մեջ։
Վայրէջք սկսվեց։ Արմենը Մարոյին նշան արեց։ Վանքն էր երեում։ Արևի ճառագայթները ոսկեզօծել էին նրա պատերը։ Քարքարոտ լանջին թիկնած, երկու գմբեթով պսակված ուղղանկյուն շենքը վեր էր խոյանում հովտի վրա։ Վանքը շրջապատված էր պարսպով, որի մոտ մի քանի ծառ էր աճում։ Դաշտերը տարիներ շարունակ չէին մշակվել։
Արաքսու կարծիքով իրենք շատ արագ էին շարժվում։ Դրանք իր վերջին րոպեներն էին։ Նա չէր վախենում, միայն անսահման ափսոսանք էր զգում ամուսնուց բաժանվելու համար։ Միայն թե ինքը հեռանար նրանից առաջ, չտեսներ նրա մահը։ Նա գլուխը դրեց Արմենի ուսին և ձեռքը տարավ դեպի նրա կուրծքը՝ բաճկոնի տակ թաքցրած ատրճանակը շոշափելու համար։
― Խոստացիր, որ թույլ չես տա, որ ես երկար տանջվեմ։
Արմենը լուրջ էր։ Նա շոյեց կնոջ այտը առանց պատասխան տալու։ Կատարվելիքի մասին չմտածելու համար Արաքսին մտովի վերադարձավ Սվասի իրենց փոքր տունը։ Նա հատկապես սիրում էր ձմռան երեկոները։ Տանիքի վրայով քամին էր սուրում, ձյունը երբեմն հարվածում էր ապակիներին։ Լամպի լույսի ներքո իրենք դոմինո էին խաղում և փոքր կումերով խմում էին սալորից նրա պատրաստած ըմպելիքը։ Քիչ էին խոսում, սակայն միմյանցից աչք չէին կտրում։ Արմենը գլուխն էր տմբտմբացնում։ Այդ շարժումն անելով նա ցույց էր տալիս, որ ինքը շատ երջանիկ էր։ Այժմ իրենց տունը վերածվել էր մոխրացած ավերակի...
Մարոն զննում էր շրջակայքը և փորձում էր ընտրել այն ուղղությունը, որով պետք է առաջնորդեր յուրայիններին։ Թաքնվելու տեղ քիչ կար։ Հարկավոր էր ընտրել աջ կողմում գտնվող լանջը։ Այն ծածկված էր ժայռաբեկորներով, որոնք որոշ չափով կքողարկեին իրենց փախուստը։ Ինչպե՞ս էր Ազնիվ խանումը հաղթահարելու այդ դժվար ճանապարհը։ Սակայն այլընտրանք չկար։ Մարոն մորը ցույց տվեց այն ճանապարհը, որով իրենք պետք է փախչեին։
― Ես այդ նույն եզրակացությանն էի եկել,– հաստատեց Ազնիվ խանումը։
― Լանջը զառիթափ է։ Դո՞ւ...
― Թովմասի մասին մտածիր, դա քեզ բավական կլինի,― պատասխանեց մայրը կտրուկ կերպով։– Ես գագաթին ձեզնից շուտ կհասնեմ։
― Մենք պետք է խմբված մնանք,– հայտարարեց Մարոն, որին այդ ինքնավստահությունը չէր խաբել։
― Ես քեզ արգելում եմ ինձ սպասել,– ասաց Ազնիվ խանումը խիստ ձայնով։– Երկուսիդ համար թաքստոց կգտնես։ Ես ձեզ կմիանամ թաքստոցում։ Այլապես...
Մարոն ընդդիմացավ.
― Մայրիկ։
― Եթե դու ինձ սիրում ես, ապա կանես այնպես, ինչպես ես եմ քեզ ասում։ Դու պետք է միայն Թովմասի մասին մտածես։ Այս երեխայի մեջ խտացել է քո ու Վարդանի, Հակոբի ու իմ կյանքը։ Եթե նա զոհվի իմ պատճառով, ապա իմ ողջ կյանքը ապարդյուն անցած կլինի։
Մարոն գլուխը կախեց ու լուռ լացեց։ Ազնիվ խանումն անվրդով էր։ Նա դարձավ դեպի Թովմասը և նրան նշան արեց իրեն մոտենալու։ Նա բռնեց երեխայի ուսը։
― Մի քիչ հետո փախչելու ենք։
― Եվ գնալու ենք հայրիկի մոտ,― ավելացրեց երեխան ոգևորությամբ։ Առավոտից, երբ մայրն իրեն հայտնել էր իրենց ծրագրի մասին, նա անհամբերությամբ այդ պահին էր սպասում։– Դուք կտեսնեք, տատիկ, մենք...
Տատը նրան թափ տվեց.
― Ինձ լսիր։ Միշտ եղիր մորդ հետ, նրա ձեռքից քաշիր, որպեսզի նա արագ վազի առանց կանգնելու։ Իմ շունչը միգուցե չհերիքի, և ես ավելի դանդաղ կվազեմ։ Ես չեմ ուզում, որ Մարոն ինձ սպասի, դու ինձ հասկանո՞ւմ ես։
― Բայց տատիկ, ես ձեր ձեռքն էլ կբռնեմ։
Ազնիվ խանումը ժպտաց.
― Ոչ, ես չեմ կարող երկար վազել։ Ես ձեզ կմիանամ ավելի ուշ՝ նավապետ Արմենի ու Արաքսու հետ։
Թովմասը գլխով արեց։ Ազնիվ խանումը համբուրեց նրա այտերն ու ճակատը։
― Մի օր, Թովմաս, դու կմեծանաս և երեխաներ կունենաս։ Կուզենայի, որ դու քո առաջին դստերն իմ պատվին Ազնիվ անվանես։
Որքան մոտենում էին, այնքան վանքն ավելի տպավորիչ էր թվում։ Տեղահանվածները սկսեցին հուզվել։ Ճի՞շտ էր արդյոք, որ հայ կամավորներն այնտեղ դիրքեր էին գրավել։ Կկարողանայի՞ն արդյոք իրենք փախչել։ Այս լեռնե՜րը, որ իրենց շրջապատում էին։ Ամեն ինչ ավելի հեշտ էր թվում նախօրեին, երբ խոսում էին այդ ամենի մասին։ Հիմա շատերը սկսել էին կասկածել այդ ծրագրի իրականանալիության վրա, իսկ շատերն էլ որոշեցին փախուստի փորձ չանել։
Զանգակատանը երկու զանգ էին փայլում։ Բաց դռնից շարքով դուրս էին գալիս կամավորները վանականների հագուստներով, վեղարները դեմքներին իջեցրած։ Մոտ քսան հոգի էին և շարժվում էին դեպի քարավանը։ Բազմաթիվ ոստիկաններ թաքնվում էին առաջին սայլերի հետևում։ Հանկարծ նրանք սկսեցին կրակել վանականների վրա։ Մի քանի հոգևորականներ վայր ընկան։ Մնացածները նահանջեցին դեպի վանքի դարպասը՝ բարձրացնելով հագուստի տակից հանած հրացանները։ Սակայն նրանք չէին համարձակվում կրակել, վախենալով դիպչել տեղահանվածներին։ Պարսպի վրա հրացաններ երևացին։ Այնտեղից կամավորներն ավելի լավ կարող էին նշան բռնել։ Նրանք սպանեցին բազմաթիվ ոստիկանների, որոնք շրջում էին սայլերը դրանց հետևում պատսպարվելու համար։ Վանականներր շենք մտան ու փակեցին դռան փեղկերը։ Նրանք պարսպի մոտ խոտի վրա մոտ տասներկու մարտիկ էին թողել։ Ընդհարումը երկու րոպեից էլ պակաս տևեց։
Առաջին կրակոցները լսելուն պես Արմենը կանգնեց իր սայլի նստարանին ճակատամարտին հետևելու համար։ Նա վանքից մոտ երեք հարյուր մետրի վրա էր։ Արդյոք եկե՞լ էր փախչելու պահը։ Նա հայացք նետեց աջ կողմում գտնվող սարին։ Զինվորնե՜ր։ Հարյուրավոր զինվորներ դիրքավորվում էին սարի գագաթին։ Նրանք իշխում էին վանքին և գնդակոծում էին այն։ Պաշտպանվողները պատասխան կրակ բացեցին, սակայն հաջողության չհասան, քանի որ զինվորները թաքնվել էին ժայռերի հետևում։ Սարի գագաթին տեղադրված երկու գնդացիրներ գնդակների տարափ տեղացին վանքի վրա։
Մարոն հետևում էր զինվորներին։ Նրանք գտնվում էին հենց այն վայրում, ուր նա մտադիր էր փախչել։ Հովիտը շրջապատում էին ուրիշ զինվորներ։ Ձեռքի շարժումով Արմենը նրան հասկացրեց, որ ճանապարհից դուրս գար։ Արագ ընթացող զինվորների մի գունդ շարժվում էր սայլերի շարասյան ուղղությամբ։ Զինվորներին առաջնորդող սպան, անցնելիս, թրով հարվածում էր տեղահանվածներին։ Լիակատար խառնաշփոթի մեջ հայերր փորձում էին թաքնվել հեղեղատում։ Զվարճանալու համար, թե կատաղությունից, գնդացիրներից մեկի զինվորները կրակն ուղղեցին տեղահանվածների վրա։ Ճիչեր լսվեցին։ Մի քանի հոգի վիրավորվել էին։
Մարդիկ թաքնվեցին սայլերի տակ։ Արաքսին ստիպված էր աղերսել ամուսնուն, որպեսզի նա թաքնվեր։ Նա թաքուն ուրախանում էր, որ փախուստը տապալվել էր։ Նրան ևս մի քիչ Ժամանակ էր մնում ապրելու։ Միգուցե իրենք վա՞ղն էին մեռնելու։ Համենայն դեպս ինքը մեկ օր շահել էր։ Նա թաքցրեց իր ուրախությունը, քանի որ Արմենը կատաղությունից փրփրել էր։ Դավաճանությո՛ւն։ Բանակին զգուշացրել էին ծուղակի մասին, և ֆիդայիները իրենց կյանքն իզուր էին զոհաբերել։
Ազնիվ խանումն ու Մարոն երեսնիվայր պառկել էին գետնին՝ իրենց միջև առնելով Թովմասին։ Նրանց գլխավերևով պատահական գնդակներ էին անցնում։ Երեխան աղոթում էր տատի հետ միասին։ Մարոն ի վիճակի չէր աղոթելու։ Նրա վերջին հույսը ցնդում էր։ Հուսահատ, նա նայում էր մանուշակների մի փնջի, որը տրորել էին զինվորները։ Սակայն նա ծաղիկները չէր տեսնում, այլ տեսնում էր Վարդանի աչքերը, նրա ջերմ հայացքը, երբ նա հակվում էր Մարոյի վրա և սիրո խոսքեր էր ասում, տեսնում էր նրա փայլող հայացքը վեճի ժամանակ։ Նա իր կյանքը կտար այդ աչքերի առջև հայտնվելու համար։ Նա ձեռքը մեկնեց, սակայն նրա մատները ոչինչ չգտան։
Արմենը, վազելով, եկավ նրանց մոտ.
― Լա՞վ եք։
― Ոչինչ,– պատասխանեց Մարոն։
Նրա հիասթափությունն ակնհայտ էր։ Արմենն ասաց վստահ ձայնով.
― Էլի հնարավորություններ կլինեն։ Երբ մենք որևէ հարմար վայրում գիշերենք, ապա կկարողանանք փախչել։ Հավատա ինձ։
Մարոն լուռ էր։
Արմենը գնաց։ Մերթ սողալով, մերթ չորեքթաթ նա անցնում էր սայլերի մոտով, որպեսզի հասներ օգնության կարիք ունեցողներին։ Նրա ուշադրությունը գրավեցին լացի ձայներր։ Նա մոտեցավ կանանց մի խմբի, որոնք կռացել էին արնոտված աղջնակի վրա։ Մի գնդակ գրեթե պոկել էր նրա ձախ ձեռքը, իսկ մյուսը դիպել էր կրծքին։ Փոքրիկ զոհը հազիվ ութ տարեկան էր։ Նրա մայրը սանրում էր նրա մազերը և խոսում էր հրա հետ, կարծես նա ողջ լիներ։ Նրա երկու եղբայրները և քույրը լաց էին լինում դեմքները ափերի մեջ թաքցրած։ Գալստյան այրին Արմենին մի կողմ տարավ.
― Թող իրենց վշտի հետ մենակ մնան։
Կնճռոտ դեմքով այս ծեր կինը Սվասում դեղատուն ուներ։ Արաքսին նրանից տարբեր թուրմեր էր գնում։ Այրին կախարդի համբավ ուներ։ Նա գիտեր բուժիչ բույսերի գաղտնիքները, սակայն առաջարկում էր նաև վիժեցնող թուրմեր և այլ թույներ։
― Ուրիշ զոհեր կա՞ն– հարցրեց Արմենը։
― Դեռ կլինեն։ Առնվազն երեք վիրավոր մինչև երեկո չի ապրի։
― Կարո՞ղ եմ որևէ բան անել։
Այրին ցույց տվեց իր տոպրակը, ուր նա իր դեղերն էր պահում։ Նրա ձեռքն արնոտ էր։
― Ես ամեն ինչ արել եմ։
Արմենը հրաժեշտ տվեց նրան, սակայն այրին նրան պահեց.
― Նավապետ Արմեն։ Թույն կուզե՞ս պրծնելու համար։ Ես չեմ վաճառում, ուղղակի տալիս եմ։
Արմենը վրդովվեց.
― Կախարդի մեկը։
Ծեր կինը ծամածռվեց.
― Մենք բոլորս սատկելու ենք։ Ես դա կարդացել եմ սուրճի նստվածքի մեջ։ Խաղաքարտերն էլ հաստատում են դա։
Արմենը, բարկացած, հեռացավ նրանից Արաքսու մոտ գնալու համար։ Այրին, խռպոտ ձայնով, ասաց նրա հետևից.
― Դու միգուցե դեռ կափսոսաս, որ հրաժարվեցիր այն հանգիստ մահից, որ ես քեզ առաջարկեցի։
Մեկ ժամից ավելի էր, ինչ վանքը պաշարված էր։ Այնտեղ ապաստանած մոտ երկու հարյուր հիսուն հայերից միայն երեսունն էին ի վիճակի զենք կրել։ Նրանց մեծ մասը դեռահասներ էին, որոնք վատ էին կրակում։ Մարտի սկզբում նրանք հրացաններն էին լցնում, իսկ հիմա ստիպված էին կռվել փորձված զինվորների դեմ։ Կրակի կիզակետում գտնվող վանքի բակն ու պարիսպը երիզող պատշգամբր ծածկված էին դիակներով։ Պաշտպանվողները կարող էին պատսպարվել միայն զանգակատանը և եկեղեցու բարձր լուսամուտների մոտ և այնտեղից կրակել։
Չնայած դրան, վանքի առումը թանկ էր նստելու բանակի վրա։ Այդ հասկանալով, զինվորները վճռեցին օգտագործել կանանց։ Նրանք կանանց զույգ-զույգ կապեցին և իրենց առջևից քշելով այդ կենդանի վահանը, շենքին մոտեցան։ Գերեվարված կանայք կոչ էին անում իրենց հայրենակիցներին կրակելու, սակայն նրանք չկրակեցին։ Զինվորները նռնակներ նետեցին, որոնք պայթեցին բակում, դիակների մեջ։ Ողջերը պատսպարվել էին եկեղեցու հաստ պատերի հետևում։
Արձանագրելով նռնակների անարդյունավետությունը՝ հարձակումը ղեկավարող երիտասարդ կապիտանը դադարեցրեց կրակը։ Տարօրինակ լռություն հաստատվեց։ Պաշտպանվողները նույնպես պահպանեցին հրադադարը։ Կենդանի վահան կազմող տասնութ կանանց հրամայեցին դեպի եկեղեցու դուռը գնալ։ Լաց ու կոծով նրանք ենթարկվեցին հրամանին։ Երբ կանայք ճանապարհի կեսին էին, զինվորները կրակեցին նրանց վրա։ Չորս-հինգ տարեկան մի երեխա, որի մայրը զոհերի թվում էր, վազեց մոր մոտ։ Կրակոց լսվեց, և երեխան վայր ընկավ փոշու մեջ։ Հեծելազորի սպան մազերը հետ գցեց և ձեռքերը բերանին դնելով բղավեց.
― Հանձնվե՛ք։ Այլապես կգնդակահարեմ շարասյան բոլոր հայերին։
Գնդացիրները նորից կրակ բացեցին։ Քիչ անց զանգակատան վրա սպիտակ դրոշ հայտնվեց։ Կրկին հրաձգությունը դադարեց։
― Դո՛ւրս եկեք,– հրամայեց սպան։
Նա գոհ էր և ծխախոտ վառեց։
Դռները բացվեցին։ Հայտնվեցին դիմադրողները՝ ձեռքերը վեր բարձրացրած։ Ոմանք վիրավոր էին։ Շիրակ Թեոնյանի մարդկանց կարելի էր ճանաչել հագուստով և փամփշտակալներով։ Նրանք պահպանել էին երկար դաշույնները, որոնք կախված էին գոտիներից։ Մնացածները՝ Սվասի երիտասարդները, ցնցոտիներով էին։ Նրանց մեջ էր Վարուժ Զորյանը՝ ուսուցչի ավագ որդին, որն ընդամենը տասնհինգ տարեկան էր։
Նրանց շարեցին պարսպի տակ, իսկ զինվորները խուզարկում էին վանքը, փնտրելով վերապրածներին։ Քիչ անց լսվեց սպանվող վիրավորների խռխռոցը։ Գնդակահարությունը ղեկավարելու հաճույքը սպան իրեն վերապահեց։ Նա հագավ ձեռնոցները և դասակը կազմող մարդկանց ստիպեց համազգեստը կարգի բերել։ Նա բարձրացրեց թուրը։
― Նշա՛ն։
― Կեցցե՜ Հայաստանը,― բղավեց Շիրակի տեղակալը, որը վճռել էր դարանը կազմակերպել։
Այդ կոչը կրկնեցին նրա գործընկերները։ Համազարկը խլացրեց նրանց ձայները։ Հրաշքով երիտասարդ Զորյանին գնդակ չէր դիպել։ Սարսափով նա նայում էր իր տապալված ընկերներին և զինվորներին, որոնք նույնպես զարմացած էին։ Սպան մոտեցավ տղային և ասաց.
― Երկու համազարկը դժբախտություն է բերում։
Սրի հուժկու հարվածով նա գլխատեց Վարուժին, որի դուրս պրծած աչքերով գլուխը ընկավ գնդակահարվածներից մեկի փորին։ Սպայի հարվածը ուռաներով ընդունվեց։ Դասակի զինվորները շտապեցին վերցնել դիակների վրա եղած բոլոր արժեքավոր իրերը։
Տեղահանվածներին հրամայեցին շարունակել ճանապարհը։ Դա հեշտ չէր անել։ Երբ սայլերը ճամփեզրից միաժամանակ դուրս էին գալիս ճանապարհի վրա, նրանց անիվներն ագուցվում էին միմյանց։ Շարասյունն անցավ վանքի մոտով։ Զինվորները կիտում էին դիակները, իսկ սպաները ուրախ զրուցում էին վանքի դռան մոտ։ Արմենն իր սայլը կանգնեցրեց նրանց մոտ և իջավ։ Նա ներկայացավ ամենաբարձր աստիճան ունեցող սպային՝ հեծելազորի երիտասարդ կապիտանին։ Վերջինս հեգնանքով նրան նայեց։
― Գրազ կգամ, որ դու թույլտվություն ես խնդրելու նրանց թաղելու համար,– ասաց նա ցույց տալով դիակները։
― Ոչ, պարոն կապիտան,―– պատասխանեց Արմենն անվրդով տեսքով։
― Հապա ի՞նչ։
― Եզները ծարավ են և չեն կարող երկար քայլել, եթե նրանց ջուր չտանք։
― Համբարակային հարցերով դիմեք ոստիկաններին։ Ես ավելորդ ժամանակ չունեմ։
Արմենը պնդեց.
― Վանքում ջրամբար կա։
― Ես ասացի, ո՛չ,– պատասխանեց սպան ձայնը բարձրացնելով։― Շարժվի՛ր, քո սայլը փակել է ճանապարհը։
― Մենք չենք կարող երկար այսպես շարունակել
― Դե ուրեմն դուք կսատկեք, և այդպիսով մենք փամփուշտներ կխնայենք։
Երկու երիտասարդ հայեր ֆեսերը ձեռքին մոտեցան նրանց։
― Կապիտա՜ն, կապիտա՜ն,– ասաց նրանցից մեկը, սպային դիմելով։― Մենք էինք ձեզ զգուշացրել։
― Այո,― ավելացրեց մյուսը։― Մենք պարգևի իրավունք ունենք։
― Մենք կուզենայինք Սվաս վերադառնալ և պատրաստ ենք մահմեդականություն ընդունել։
Արմենը կարմրեց։ Նա դարձավ իր հայրենակիցներին ու բղավեց.
― Շնե՛ր։ Դավաճաննե՛ր։ Դուք ձեր սեփական մորը կմատնեիք։
Նա թքեց նրանց երեսին։ Օսմանյան սպաները փռթկացին։
― Սրանց կարելի էր կռվեցնել աքլորների պես,– ասաց նրանցից մեկը։
― Ես ավելի լավ գաղափար ունեմ,– հակադարձեց կապիտանը՝ Արմենին ատրճանակ մեկնելով։– Սպանիր սրանց։
Արմենն արհամարհանքով նայեց նրան և վերադարձավ սայլի մոտ։ Զայրացած մի ոստիկան նրան էր սպասում։ Նա մտրակի կոթով հարվածեց նրա դեմքին։ Արմենը հարվածը կուլ տվեց առանց բողոքելու։
— Հառա՜ջ, հառա՜ջ,– հրամայում էր ոստիկանը։
Արմենը նստեց վախից դողացող Արաքսու կողքին։ Թովմասը հետևել էր կնքահոր գործողություններին, չենթարկվելով մորը, որն արգելել էր վանքի կողմը նայել։ Նա նկատել էր տղամարդկանց և կանանց դիակները, հատկապես երեխայի դիակը, որը մնացածներից մի քիչ հեռու էր։ Նա պառկած էր կողքի վրա լայն բացված աչքերով։ Ինչպես Սասունն այգում։ Թովմասը չէր կարողանում աչքը կտրել այդ փոքրիկ մարմնից։ Նա կարծում էր, որ մահանում էին միայն մեծերը, ոչ երբեք երեխաները։
Նա տեսավ, թե ինչպես էր երիտասարդ կապիտանը բարձրացնում ատրճանակը և սպանում երկու երիտասարդ հայերին, որոնք նրան աղերսում էին։ Գնդակները դիպել էին նրանց ճակատներին, և մարմինները միաժամանակ մեջքի վրա ընկան։ Որքա՜ն հեշտ էր մեռնելը։ Թովմասը կռացավ սայլից դուրս ու հետ տվեց։
Վանքից հետո վերելքը դժվարին էր։ Սարի գագաթին հասնելով՝ տեղահանվածները շունչ քաշելու ժամանակ չունեցան։ Մահակները գործի դնելով՝ պահակազորը նրանց ստիպեց ճանապարհը շարունակել։ Մարոն իր սայլը վերցրեց մի ծեր կնոջ՝ Գյուլու Աբայանին, որի սայլը շուռ էր եկել։ Նրան ուղեկցում էին թոռնիկները Սոսին ու Մարիցան՝ տասներկու տարեկան զույգերը։ Նրանց տարբերելն անհնար էր։ Աղջիկները գեղեցկադեմ էին, վեր ցցված քթերով և փոքրիկ խելացի աչքերով։ Նրանց երկար հյուսքերը հասնում էին ուսերին։ Ազնիվ խանումը և նորեկները խմեցին տիկի տաք ջուրը, որը ծարավը գրեթե չէր հագեցնում, սակայն մեռոն էր չորացած բերանի և կոկորդի համար։
Ճանապարհը վերածվեց ոլորապտույտ մի արահետի, որը գցել էին ամառանոց քշվող հոտերը։ Այժմ շարասյունը շարժվում էր քամուց ծեծված մի սարահարթով։ Արևն ավելի մոտ էր թվում և իր ամբողջ քաշով ծանրացել էր քարքարուտներին։ Այստեղ միայն տատասկ էր աճում, որը ուտում էին սովահար այծերը։ Երիտասարդ մի հովիվ զարմանքով նայեց քարավանին։ Նա մոտեցավ շարասյանը պանիր առաջարկելու համար, սակայն ոստիկանները նրան մի կողմ հրեցին՝ նրա ուլերից մեկը խլելուց հետո։
Քարավանը շարժվում էր փոշու ամպի մեջ, որը շնչել չէր տալիս։ Երևում էին առջևից և հետևից ընթացող երեք-չորս սայլերը։ Սակայն կողքերից տեսադաշտը բաց էր մինչև հորիզոնի մանուշակագույն սարերը։ Մարոն նկատեց, որ հեռվում քարավանին զուգահեռ հեծյալներ էին շարժվում, անկասկած հնարավոր փախստականներին ձերբակալելու համար։ Թովմասը տեղափոխվել էր կնքահոր սայլը։ Մարոն երասանը հանձնեց մորը և նստեց սայլի մեջ զույգ աղջիկների հետ։ Աղջիկները շփոթված էին։ Նրանց ծնողները Տրապիզոն էին գնացել, և նրանք հույս չունեին նրանց գտնելու։
Քարավանը շարժվեց ամբողջ օրվա ընթացքում առանց նշմարելու իր նպատակակետը և այնքան միապաղաղ բնապատկերի մեջ, որ մարդկանց թվում էր, թե տեղից չէին շարժվում։ Ճամբարեցին միայն մայրամուտից հետո, մի տափաստանում, ուր ոչ ծառ կար, ոչ ջուր։ Արմենն ու Մարոն այնպես արեցին, որ իրենց սայլերը հայտնվեին ճամբարի կենտրոնում, քանի որ գիշերը սպառնալից էր թվում։ Անասուններին ջուր տալու և արածեցնելու ոչ մի հնարավորություն չկար։ Մարդիկ նրանց էին տալիս իրենց ունեցած ջրի մնացորդը։ Ունեցած բանջարեղենը թոշնում էր և Մարոն եզներին կերակրեց թոշնած մառուլով և կաղամբով։ Քանի որ ջեռոցի համար վառելիք չէր մնացել, իսկ շրջակայքում փայտ չկար կրակ վառելու համար, ստիպված եղան չոր կերակուր ուտել՝ պանիր, ղաուրմա և չոր հաց։
Մութն ընկավ, և ցերեկվա շոգն իր տեղը զիջեց թարմ քամուն, որը զովացրեց նրանց քրտնած մարմինները։ Սակայն ջերմաստիճանն էլ ավելի նվազեց։ Նրանք սարերում էին, և գիշերը խոստանում էր ցուրտ լինել։ Գյուլու Աբայանը ամեն ինչից զրկվել էր։
― Մենք մի վերմակ ունենք, որը կարող ենք ձեզ տալ,- ասաց Արաքսին։
― Բացի դրանից, բրեզենտը կա։ Մի անհանգստացեք, մի բան կմտածենք։
Գյուլուն անհարմար էր զգում.
― Տեղ ձեր սայլում... կերակուր... ջուր...
Նա փորձեց մատից հանել մաշված ոսկյա մատանին, սակայն այն չանցավ այտուցված հոդից։
― Ո՞վ է խոսել փողի մասին,– վիրավորվեց Ազնիվ խանումը։
Գյուլուն ձեռքը սրտին սեղմեց.
― Աստված ձեզ կհատուցի։ Չգիտեմ, թե ինչ կլիներ մեզ հետ, եթե դուք չլինեիք։
Նա ցույց տվեց իր թոռներին, որոնք մի քիչ հեռու էին նստած։ Նրանք արձակել էին իրենց հյուսերը և սանրում էին իրար մազերը փոքր սանրով։ Նրանց կողքին նստած Թովմասը առանց խոսքի կիսաձայն երգում էր։ Այդ տեսարանը մեծերի հիացմունքը շարժելու փոխարեն, ցավ պատճառեց։
— Խեղճ երեխաներ,– շշնջաց Արմենը։
Նա ոտքով քարը մի կողմ շպրտեց և ասաց.
— Գնամ տեսնեմ՝ ինչպես են մնացածները։
— Ես քեզ հետ եմ գալիս,― ասաց Արաքսին ձեռքը ամուսնուն մեկնելով, որպեսզի նա իրեն օգներ ոտքի կանգնելու։
Նա հենվեց ամուսնու ուսին, իսկ նա ձեռքն անցկացրեց նրա մեջքով։ Արաքսին զգալիորեն ավելի վատ էր քայլում, քան առաջ։
Զանազան լուրեր էին պտտվում։ Հաճախ դրանք ոստիկաններն էին տարածում։ Իբր տեղահանության մասին հրամանը չեղյալ էր համարվել և որ իրենք Սվաս պետք է վերադառնային։ Իբր զինվորական ավտոմեքենաները պետք է սպասեին տհղահանվածներին և նրանց ուղիղ Հալեպ տանեին։ Եվ կային մարդիկ, որ այդ ամենին հավատում էին... Կային ավելի սարսափելի նորություններ։ Բանտերը դատարկել էին և երկիրը վխտում էր գողերով ու ավազակներով։ Արևելյան գավառներից լեռնցիներ էին բերել և մինչև ատամները զինված վայրենիները պարեկում էին սարերը։ Նրանց հանձնարարված էր սպանել հանդիպած հայերին։ Չնայած Մարոն հրաժարվում էր հավատալ այդ հեքիաթներին, սակայն հեռվում երևացող ճամբարի կրակները նրան անհանգստացրեցին։ Իսկ Արմենի գրգռվածությունը չէր նպաստում նրա հանդարտվելուն։
Արմենն այնպես կանգնեցրեց սայլերը, որպեսզի նրանց միջև երեք մետր տարածություն մնար։ Այդ միջանցքի յուրաքանչյուր ծայրին նա եզներին այնպես կապեց, որպեսզի նրանք փակեին մուտքը երկու կողմից և իրենց պաշտպանեին։ Մինչ ծեր կանայք գետնին էին փռում բրեզենտը, իսկ վրայից անկողինն էին փռում, Մարոն Արմենին մի կողմ տարավ.
― Ի՞նչ է կատարվում։ Ինչի՞ց եք վախենում։
― Ոստիկանները օղի են բռնագրավել և խմում են։
― Վա՜յ,– բացականչեց Մարոն ձեռքը բերանին տանելով։– Աստված մեզ պահապան։
― Դու կենտրոնում կքնես երեխաների հետ։
Հենց այդպես էլ արեցին։ Արաքսին ու Արմենը մի կողմից, իսկ Ազնիվ խանումն ու Գյուլուն՝ մյուս կողմից։ Զույգ աղջիկները գրկել էին Մարոյին աջ կողմից, իսկ Թովմասը փարվել էր նրա կրծքին։ Ազնիվ խանումը «Հայր մերը» մրմնջաց։ Աստղերը շատ մոտ էին թվում։ Մեջքին պառկած Մարոն դրանց էր նայում մի տեսակ հուսահատությամբ։ Մինչև երեխաների քնելը նա նրանց ցույց էր տալիս համաստեղությունները և ասում դրանց անվանումները։ Մտովի նա լսում էր Վարդանի ձայնը, երբ նա իրեն էր սովորեցնում տարբերել աստղեըը։
― Ինչո՞ւ մենք չենք տեսնում Աստծուն երկնքում,– հարցրեց Թովմասը ցածրաձայն,― սրբերին ու հրեշտակներին։
― Որովհետև նրանք անտեսանելի են,― միաձայն պատասխանեցին աղջիկները։
Թովմասն այլևս չխոսեց։ Նա հայտնաբերեց աստղերի մի խումբ, ուր աստղերը շան ուրվագիծ էին կազմում, որը նմանվում էր իր Սասունին։ Նա աչքերը փակեց, սակայն իր աչքերի դիմաց հայտնվեց է՛լ ավելի սարսափելի տեսարան՝ կողքի պառկած երեխան վանքի մոտ։ Նա ատամները խրեց ափի մեջ և սկսեց ջերմեռանդ կերպով աղոթել։ Մարոն զգաց նրա դողը և, կարծելով, որ մրսում էր, ավելի կիպ իրեն սեղմեց։
Պահակներն իրենց վրաններն էին խփել արահետից այն կողմ։ Նրանք հազիվ հիսուն հոգի լինեին և հսկում էին ավելի քան հազար հինգ հարյուր տարագիրների։ Ճիշտ է, նրանք առանձնապես անելիք չունեին... Մի քանի ոստիկան պարեկում էին ճամբարի շրջակայքը։ Մնացածները մի քանի սայլ էին կոտրել և դրանցով խարույկ էին վառել։ Նրանք շամփուրի վրա էին անցկացրել գողացած ուլը։ Օղին հոսում էր գետի պես, և տոնախմբությունն ավելի և ավելի բուռն էր դառնում։ Սկզբում նրանք երգում էին և պարում, ուրախ ճիչեր էին արձակում և օդ կրակում։ Բայց շուտով այդ հաճույքը նրանց քիչ թվաց։ Օրորվելով՝ նրանք գնացին դեպի մոտակայքում գտնվող սայլերը կանանց տիրանալու համար։ Տարեց մի զույգ ուզեց պաշտպանել իրենց երեք աղջիկներին։ Կողքի ընտանիքները նույնպես վարվեցին։ Պահակների ձեռքերին սրեր, դաշույններ և սվիններ հայտնվեցին։ Արյուն թափվեց։ Տարագիրները խուճապի մատնվեցին։ Նրանք փորձում էին խուսափել հարվածներից։ Ոստիկաններին տիրեց սպանության տենդը և կատաղության նոպայի մեջ նրանք հարվածում էին բոլոր նրանց, ովքեր ձեռքի տակ էին հայտնվում։ Փչում էր խելագարության քամին։ Պահակները մորթում էին առանց տարբերակելու։ Համատարած խառնաշփոթ էր և խլացնող աղմուկ։ Նրանց, ովքեր փորձում էին փախչել, բռնում էին կամ թիկունքից էին հարվածում, հատում էին ոմանց ձեռքերն ու ոտքերը։ Բազմաթիվ հայեր տեղում էին մնացել, սարսափից քարացած, և չէին կարողանում հավատալ, որ իրենց տեսածը իրականություն էր։ Այդ հայերը լուռ էին մեռնում։
Հարբեցողները, հոգնելով, ջարդը դադարեցրին։ Նրանցից մի քանիսը ապշած տեսք ունեին։ Նրանք նայում էին իրենց արնաշաղախ ձեռքերին, ոտքերի մոտ ընկած դիակներին ու վիրավորներին և իրենք իրենց հարց էին տալիս, թե արդյոք դա իրենց ձեռքի գործն էր։ Իսկ մեծամասնությունը, հակառակը, ծիծաղում էր և վիճում, թե ո՞վ էր ամենից շատ գյաուրներ սպանել։ Ոստիկանները շարժվեցին առաջ՝ դեպի ճամբարի կենտրոնը։ Կանայք, որոնց նրանք բռնում էին, չէին դիմադրում, վախենալով, որ այդ վայրենիները հաշվեհարդար կտեսնեին իրենց ընտանիքների հետ։
Ճամբարում ոչ ոք քնած չէր։ Արմենը վեր էր կացել և հսկում էր ատրճանակը ձեռքին։ Սարսափազդու ոռնոցներին հաջորդեց լացն ու կոծը։ Լսվում էր հարբած տղամարդկանց բարձր ծիծաղը։ Հետո լսվեցին կանանց ու երիտասարդ աղջիկների աղերսանքները, որոնց ոստիկանները քարշ էին տալիս դեպի իրենց վրանները։ Բռնաբարություններ և տանջանքներ։ Գիշերվա օդը դողում էր հուսահատության ու տանջանքի ճիչերից։ Եվ այդ սարսափը տևեց մինչև այգաբաց։
Արաքսին, Ազնիվ խանումը, Արմենն ու Գյուլուն աղոթում էին։ Նրանց աղոթքը գնալով ավելի բարձր էր հնչում։ Նրանք հույս ունեին, որ կխլացնեին չարչարանքների լացը։ Վախից համրացած Մարոն չէր կարողանում ձայն արտաբերել։ Լիովին գիտակցելով իրենց կողքին կատարվող ողբերգության էությունը՝ զույգ աղջիկները խուճապի մեջ էին։ Մեկը մոտեցել էր տատին, իսկ մյուսը փարվել էր Մարոյի թիկունքին և գրկել էր նրան։ Թովմասը փակել էր ականջները և ատամներն էր կրճտացնում։ Զոհերի ճիչերից Մարոյի սիրտը պատռվում էր։ Նա անկարող էր վանել ահավոր պատկերները, որոնք ծնունդ էին առնում ուղեղում։ Նա չէր կարողանում ազատվել թեթևության զգացումից, որ ինքը խուսափել էր այդ փորձությունից։ Նրա կարեկցանքին խառնվում էր ամոթի զգացումը։ Նրա վախն անսահման էր։ Կծկվելով՝ նա պինդ սեղմել էր ծնկները և անհամբեր սպասում էր լույսը բացվելուն։
Երբ վերջապես լույսը բացվեց, նրանք լծեցին եզներն առանց խոսք փոխանակելու։ Արաքսին բաժանեց պանրի մնացորդները՝ յուրաքանչյուրին մի կտոր, որը հազիվ էր Երևում ափի մեջ։ Ազնիվ խանումը չրեղեն բաժանեց։ Ջուր այլևս չկար։
Բոլոր տարագիրները ճանապարհ դուրս եկան մեկ արահետով, որը շրջանցում էր պահակազորի խփած վրանները։ Անտեսելով կնոջ աղերսանքը՝ Արմենն այնտեղ ոտքով գնաց։ Նա ուզում էր տեսնել։ Անհրաժեշտ էր, որ մեկնումեկը տեսներ և իմանար՝ ոչինչ չպետք է առանց վկաների մնար։ Նրան թվում էր, որ քսան տարի առաջ իր աչքի առաջ տեղի ունեցած ջարդերից հետո իրեն ոչինչ չէր կարող զարմացնել։ Սակայն ոչինչ չէր կարող նմանվել այն սարսափելի տեսարանին, որ նա տեսավ։ Ճակատամարտի ոչ մի դաշտ այդքան դաժան տեսարան չէր կարող ընձեռել։ Նման տեսարանի հանդիպելու համար անհրաժեշտ կլիներ վերադառնալ դեպի մոնղոլների արշավանքների ժամանակաշրջանը։ Արմենը, ապշած պտտվում էր դիակների մեջ, որոնք կրում էին ամենաանմարդկային բռնությունների հետքեր։ Նա քիչ էր մնում վայր ընկներ, սայթաքելով ինչ-որ մեկի դուրս թափված ադիների վրա։ Վայրը լքելուց առաջ ոստիկանները յուրօրինակ հուշարձան էին կանգնեցրել՝ հատված գլուխներից կազմված մի բուրգ, իսկ դրա կողքին ծծկեր մի երեխա ցցահան էր արված։ Արմենը շրջվեց և հետ տվեց այն սուղ ուտելիքը, որ կերել էր։ Հենց այդ պահին նա նրան նկատեց։
Մերկ աղջիկը գետնին նստած դատարկ հայացքով հեռուն էր նայում։ Արմենը մոտեցավ նրան։ Աղջիկը կարծես ոչինչ չէր տեսնում։ Սակայն նա ողջ էր։ Նրա ճերմակ մաշկը ծածկված էր կապտուկներով և քերծվածքներով։ Նրա ազդրերն արնոտ էին։ Նա հազիվ տասնյոթ տարեկան լիներ, սակայն նրան կարելի էր հարյուրը տալ։ Արմենը կռացավ և նրա ուսին դիպավ.
― Աղջիկս...
Աղջիկը չշարժվեց։ Արմենը բռնեց նրա թևատակերից և բարձրացրեց։ Արմենին ենթարկվելով՝ նա ոտքի կանգնեց, սակայն նրա հայացքը չլքեց հեռուն։ Արմենը նրան ծածկեց լաթի կտորով, որը գետնին էր ընկած, բռնեց նրա ուսից և իր հետ տարավ։ Նա շոկային վիճակում էր և քայլում էր մեքենայաբար։ Արմենը նկատեց, որ նա աչքերը չէր թարթում։ Նա նրան թեթևակիորեն թափ տվեց և ասաց.
― Դու վախենալու բան չունես։
Աղջիկը նրան չէր լսում։
Արմենը վերադարձավ սայլի մոտ, որը վարում էր Արաքսին։ Նա աղջկան նստեցրեց սայլի մեջ, ինքն էլ բարձրացավ և նրան վերմակով ծածկեց։ Աղջիկը նույն դիրքում մնաց, ոտքերը կախ ընկած սայլից դուրս։ Արմենը նստեց Արաքսու կողքին։ Նա շատ բան կտար օղու մի կումի դիմաց։
Ճանապարհորդության հենց սկզբից բոլորին տանջում էր ծարավը և ժամերի ընթացքում այն դարձավ սևեռուն միտք։ Ագռավների երամներր թռչում էին այն կողմը, ուր պահակազորը դիակներ էր թողել։ Անցնում էին նաև շամբաճուռակներ և այլ գիշատիչ թռչուններ և, բացի դրանցից, ուրուրներ։ Սայլերի ընթացքի միապաղաղությունից թմրելով՝ Թովմասն ու զույգերը քնել էին։ Գյուլուն իր չարսավի ծայրերը հովանի էր արել նրանց վրա։ Ազնիվ խանումը գլուխը Մարոյի ուսին դրած ննջում էր։
Մարոն անդադար գործի էր դնում ճիպոտը, այլապես եզը տեղում կքարանար։ Արմենի սայլի հետնամասում նստած աղջիկն ուշադիր Մարոյին էր նայում։ Համենայն դեպս Մարոյին այդպես էր թվում։ Նա շփոթվում էր այդ մեռած հայացքից։ Մարոյին թվում էր, թե այդ հայացքն իրենից այլևս չէր հեռանալու և որ այդ հայացքն իրեն դատապարտում էր։ Զուր էր ինքն իրեն համոզում, անօգուտ, նա հանդիմանություն էր տեսնում այդ աչքերում, որոնք պարզապես դատարկ էին։ Եվ նա սկսում էր վախենալ գալիք գիշերից։
Որոշ եզներ ուժասպառ ընկնում էին, իսկ մյուսներն էլ անշարժանում էին ու հրաժարվում էին տեղից շարժվել, անտեսելով հարվածները։ Ոստիկանները ստիպում էին տարագիրներին ամեն ինչ թողնել և ճանապարհը շարունակել ոտքով։ Ծերերն ու հիվանդներր ապաստան էին գտնում այլ սայլերում, սակայն շատով նրանցից շատերը ոտքով էին գնում։ Չգիտես որտեղից հայտնված գյուղացիներ գիշանգղների պես հետևում էին քարավանին։ Նրանք հարձակվում էին լքված սայլերի վրա և իրարից խլում էին ավարը, որը նրանք բարձում էին ավանակների վրա։
Երբ արևը իր գագաթնակետին էր, պահակազորի հրամանատարը հրամայեց դադար առնել։ Տեղահանվածները մնացին արահետի վրա։ Աղբյուր չկար, միայն փարախի ավերակներ էին, որոնք գտնվում էին արահետից մոտ հարյուր մետրի վրա։ Ոստիկաններն արևից պատսպարվեցին ավերակներում, տանիքի չփլած մասի ստվերի տակ։
― Դուք մի քիչ ջուր չունե՞ք։
Այս հարցը հաճախ էր հնչում և միշտ բացասական պատասխանի էր արժանանում։
Թովմասը տեղում նստեց, աչքերը տրորեց և անվստահ հայացքով չորս կողմը նայեց։ ճանապարհ կտրե՞լ էին արդյոք։ Հարթ և քարքարոտ սարահարթ, շուրջը լեռներ։ Բնապատկերը նույնն էր, ինչ նախօրեին։
― Ես ծարավ եմ, մայրիկ։
Մարոն նրան գրկեց ու համբուրեց գետնին իջեցնելուց առաջ։ Նրա ճակատն այրվում էր։
― Իմ խեղճ բալիկս, մենք խմելու բան չունենք։
Թովմասը լաց եղավ։
― Հետս արի, Թովմաս,– ասաց Արմենը։ Կինս մի քանի հյութեղ վարունգ ունի։
Նա իր սայլի մոտ տարավ նաև զույգ աղջիկներին։ Այնտեղ Ազնիվ խանումը, Գյուլուն ու Արաքսին պաստառ էին ձգում հով անելու համար։ Մարոն մոտեցավ ջահել աղջկան, որի մասին մոռացել էին։ Նրա հայացքը մարած էր։ Մարոն հպվեց նրա այտին։
― Անունդ ի՞նչ է։
Աղջիկը կարծես խուլ լիներ։ Ավելի շուտ նա բացակա էր։ Մարոն բարձրացրեց վերմակը և զննեց աղջկա մարմինը։ Նրա ջարդված մարմինը փայլում էր կպչուն քրտնքից։
― Ինչպե՞ս է նա,– հարցրեց հովանու տակ նստած Ազնիվ խանումը։
― Շոկային վիճակում է։ Ես նրանով կզբաղվեմ։
Նա աղջկա ձեռքից բռնած նրան տարավ իր սայլի հետևը։ Աղջիկը հնազանդորեն հետևում էր Մարոյին։ Մարոն նրա վրայից հանեց ցնցոտիներն ու իր զգեստներից մեկը հագցրեց։ Նա անդադար խոսում էր աղջկա հետ՝ հույս ունենալով արթնացնել նրա գիտակցությունը։
― Արևն այրում է քո գեղեցիկ դեմքը։ Ես քեզ համար ծղոտե գլխարկ կճարեմ։
Մարոն մի զամբյուղի պարունակությունն էր փորփրում, երբ որոտի ձայնը նրան ստիպեց գլուխը բարձրացնել։ Իրենց ուղղությամբ ձիավորներ էին սլանում։ Զինվորնե՞ր։ Գետինը թնդում էր, կարծես թմբուկ լիներ։ Ձիավորները հեռանում էին միմյանցից և շուտով պահակազորին զուգահեռ շարք կազմեցին։ Քիչ անց լսվեց հեծյալների հարայ-հրոցը։ Նրանք հարձակման էին անցնում։
― Ավազակները,– լսվեց մի ձայն։
― Քուրդ ավազակներ։
Տարագիրները թաքնվեցին սայլերի տակ։ Նրանք, ովքեր սայլ չունեին՝ փախան դեպի փարախը։ Ոստիկաննե՞րը։ Քարե պատին թիկնած, հրացանները մի կողմ դրած՝ նրանք անշտապ ուտում էին։ Մարոն հասկացավ, որ պահակազորը չէր միջամտելու։ Նա գետնին ցատկեց Թովմասին և մնացածներին միանալու համար։ Գորշ գլխակապերով, ոչխարի մորթուց կարված բաճկոններով մորուքավոր հեծյալները կարծես դարերի խորքից եկած լինեին։ Նրանց գոտիներից կախ էին տրված դանակներ և ատրճանակներ։ Նրանք իրենց գլխավերևում էին պահել հին հրացաններ կամ յաթաղաններ փայլուն շեղբերով։ Ավազակախմբի անդամները ցրվեցին շարասյան երկայնքով՝ չդադարեցնելով իրենց մարտական ճիչը։
Պաստառի տակ թաքնված Արմենը հանեց ատրճանակը։ Մի ձի կանգ առավ մոտակայքում և մի թավ ձայն զարմացած բացականչեց.
— Դու չե՞ս վախենում։
— Աղջիկը,― բացականչեց Մարոն։
— Այստեղ մնա,― աղերսեց մայրը։
Մարոն արդեն դուրս էր եկել սայլի տակից, և Ազնիվ խանումը հազիվ հասցրեց պահել թոռանը, որն ուզում էր մորը հետևել։
Ավազակներից մեկն արդեն բարձրացրել էր թուրը աղջկա վրա իջեցնելու համար.
— Ոչ,― բղավեց Մարոն։
Սրանց կողմը վազելով՝ նա երեք ոսկի հանեց իր գոտուց։ Այդ շարժումից նրա չարսավն ընկավ։ Վայրագ հայացքով և կոտրած քթով ավազակը զարմանքով զննեց նրան։ Մարոն մի կողմ տարավ աղջկան և մեկնեց դրամները.
— Թողեք նրան։ Վերցրեք ոսկին։
Ավազակը բռնեց Մարոյի դաստակից.
— Դու գանձից թանկ ես, գեղեցկուհի։
Ավազակը փորձում էր Մարոյին բարձրացնել ձիու վրա, իսկ սա ուժերի գերլարումով դիմադրում էր։ Տեսնելով, որ չի կարողանում Մարոյին բարձրացնել մեկ ձեռքով, նա մի կողմ նետեց թուրը և բռնեց կնոջ մազերից։ Մարոն ուզեց նրան վայր գցել խրտնած ձիուց։ Ավազակը ծիծաղում էր իր գերու ջանքերի վրա և արդեն համարյա թե նրան պոկել էր գետնից։ Կրակոց լսվեց: Մարդը ցնցվեց և բաց թողեց Մարոյին։ Մարոն վայր ընկավ և անշարժացավ։ Ձին քառատրոփ փախավ, իսկ ձիավորը, որը կառչել էր նրա բաշից, քիչ այն կողմ վայր ընկավ։
― Յալլահ, յալլահ,– բացականչեցին ավազակները, որոնք շտապեցին դեպի դեպքի վայրը։
Թովմասը դուրս պրծավ Ազնիվ խանումի ձեռքերից և նետվեց իր մոր վրա, որը բերանքսիվայր ընկած էր գետնին։ Նա թափ էր տալիս մորը.
― Մայրի՜կ, մայրի՜կ։
Մարոն նրան իր կողքին գետնին պառկեցրեց։
― Չշարժվե՛ս։ Փակի՛ր աչքերդ։ Մեռած ձևացի՛ր։
Նա ենթարկվեց։
Արմենը, ատրճանակը ձեռքին, հեռանում էր հնարավորին չափ արագ։ Նա ուզում էր այնպես անել, որ իր հետ եղածներին ձեռք չտային։ Նա գնաց դեպի փարախը այն հույսով, որ ավազակները չէին համարձակվի գալ և իրեն բռնել ոստիկանների քթի տակ։ Նրան հետապնդող ձիավորները մոտենում էին։ Արմենը շրջվեց, որպեսզի նրանց դեմ դիմաց դիմավորեր։ Նրա վրա երեք հրացան ուղղեցին։ Նրա հակառակորդներն ավելի արագաշարժ էին։ Երեք համազարկերը միմյանց խառնվեցին։ Գնդակները դիպան Արմենի կրծքին և նա, ձեռքերը լայն տարածելով, մի քայլ հետ գնաց և մեջքի տապալվեց։
― Արմե՜ն,– բղավեց Արաքսին սարսափելի ձայնով,– Արմե՜ն։
Հսկայի արտաքինով մի ձիավոր դանդաղեցրեց ընթացքը Արմենի մարմնի մոտ, կռացավ և բռնեց Արմենի ոտքի կոճից։ Առանց տեսանելի ջանքի նա նրա մարմինը կիսով չափ բարձրացրեց և ձիուն վարգով թողեց։ Նա երեք շրջան կատարեց՝ հետևից քարշ տալով դիակը, որի գլուխը քարերին էր խփվում։ Նրա գործընկերներն օդ էին կրակում և իրենց ձիերին ծառս էին անում։ Հետո ավազակը բաց թողեց դիակը և վերադարձավ թալանին մասնակցելու համար։
Արաքսին ուժասպառ պառկած էր Ազնիվ խանումի գրկում, որը նրան աղերսում էր տեղից չշարժվել.
― Սպասեք, թող ավազակները գնան։ Դուք այլևս ոչինչ չեք կարող անել նրա համար։
― Ես ուզում եմ մեռնել։ Ես ուզում եմ մեռնել։
Մարոյից ոչ հեռու սմբակները գետինն էին ծեծում։ Նա շշնջաց Թովմասին.
― Ոչ մի խոսք։ Եթե քեզ ձեռք տան, չշարժվես։
Մի ձի անցավ նրանց մոտով, և նրա սմբակներից մեկը հայտնվեց Թովմասի գլխից մի քանի սանտիմետրի վրա։ Մի ձիավոր վայր ցատկեց և վերցրեց երեք ոսկե դրամները։ Նա խուզարկեց Մարոյին։ Չնայած նրա ձեռքերը կոպտորեն շոշափում էին Մարոյի մարմինը, նա իրեն ստիպեց անշարժ մնալ։ Ավազակը գտավ ոսկե դրամներով լցոնած գոտին, այն կտրեց իր դաշույնով և նորից ձին հեծավ։ Նրանք տանում էին աղջկան։ Մարոն չէր կարող միջամտել առանց վտանգելու որդու և իր կյանքը։ Ավազակները հեռանում էին։ Նրանք իրենց հետ տանում էին բազմաթիվ սայլեր, որոնց թվում էր նաև Մարոյի սայլը, որը նրանք լցրել էին իրենց թալանած ավարով։ Նրանց ավարն էին կազմում նաև բազմաթիվ կանայք և երեխաներ։
― Կարո՞ղ եմ շարժվել,– հարցրեց Թովմասը սարսափած ձայնով։
― Դեռ ոչ։
Անիվների և սմբակների աղմուկը, գերիների լացը և ավազակների հաղթական երգերը հեռացան։
― Արմե՜ն, Արմե՜ն,― ողբում էր Արաքսին, որը մոտենում էր իր ամուսնու դիակին, հենվելով Ազնիվ խանումի ձեռքին։
Մարոն ոտքի կանգնեց և որդուն գիրկն առավ։ Հիմա, երբ վտանգն անցել էր, նա դողում էր ողջ մարմնով։ Թովմասը լաց էր լինում և կրկնում էր չհավատալով իր ասածին.
― Նրանք սպանեցին կնքահորը։ Նրանք սպանեցին կնքահորը։
Մարոն նրան համբուրեց և վայր դրեց զույգերի մոտ, որոնք դեմքերը թաքցրել էին տատի փեշի մեջ։
― Այստեղ մնա, սիրելիս։ Ես պետք է օգնեմ Արաքսուն։
― Ես ուզում եմ այնտեղ գնալ։ Նա իմ կնքահայրն է։
Առանց Մարոյի կանչը լսելու, նա վազեց այնտեղ, ուր ընկած էր կնքահայրը։
Արմենը պառկած էր մեջքին, աչքերը փակ, կարծես քնած լիներ։ Նրա դեմքը քերծված էր, իսկ ականջից կախվել էր մազածածկ մաշկի կտոր։ Նրա կուրծքը արնոտված էր։ Թովմասի արցունքները ցամաքեցին։ Նրա վիշտն անսահման էր։ Նա ծնկի իջավ և մատների մեջ առավ կնքահոր մատները։ Նա հիշեց այդ ձեռքի ուժն ու ջերմությունը, երբ այն բռնել էր իր ձեռքը եկեղեցու ճանապարհին, և ցանկացավ արտասանել այն աղոթքը, որը կարդում էին մահացածների վրա։ Նա մտովի լսեց Արմենի ձայնը, երբ նա իրեն սովորեցնում էր այն։ Թովմասը լսում էր այդ աղոթքը, որն այսօր լրիվ այլ իմաստ էր ստացել։ Նա մտածեց հոր մասին։ Տեսնե՞ս երբ էր նա իրենց միանալու։ Ինչպե՞ս էր իրենց գտնելու։ Հուսահատվելով՝ երեխան ձեռքը գրպանը տարավ և ափի մեջ սեղմեց կնիքի տուփը։
Ոստիկանները դուրս եկան փարախից, և շարասյունը ճամփա ընկավ։ Արաքսին հրաժարվում էր թողնել Արմենին։ Նրանց նախկին հարևանը, որը եկել էր դեպքի վայրը, առաջարկեց նրան տանել։ Նա բռնեց Արմենի իրանից, իսկ Մարոն՝ ոտներից։ Թովմասը գետնից բարձրացրեց Արմենի նավապետի գլխարկը և հագավ այն։
Դիակը դրեցին սայլի մեջ։ Արաքսին նստեց նրա կողքին։
― Դուք վարեք,– ասաց Մարոն մորը։– Տիկին Աբայանը կնստի ձեր կողքին։ Ես երեխաների հետ ոտքով կգամ։
Ազնիվ խանումը նստարանի հետևում դրված մի կապոց փորփրեց և Մարոյին պարզեց Արմենին պատկանող հագուստը։ Նա վերադարձել էր այն մտքին, որ հղացել էր առաջին օրը.
― Հղիի փոր սարքիր։
Մարոն չէր համաձայնում, սակայն մայրն անդրդվելի մնաց։
― Տեսա՞ր ինչ եղավ։ Հաջորդ անգամ Արմենն այլևս այստեղ չի լինի։
Մարոն հնազանդվեց։ Երբ քարավանը տեղից շարժվեց, նա նման էր մի կնոջ, որր հղիության վերջին շրջանում էր։ Գլխաշորը ծածկում էր նրա դեմքի ստորին մասը։ Ի դեպ, փոշին ու կեղտը քողարկում էին նրա աչքի ընկնող գեղեցկությունը։
Հոգնությունը խամրեցրել էր նրա աչքերի փայլը։ Թովմասը, որը չէր հասկանում այդ կերպարանափոխության իմաստը, հայտնեց մորը, որ նա պառավի էր նման։
Արաքսին իր ամուսնու գլուխը ծնկներին էր դրել։ Չկարողանալով Արմենի ջախջախված դեմքին նայել՝ նա այն ծածկել էր մեծ թաշկինակով։ Նա ձեռքով քշում էր ճանճերին, որոնց ձգում էր արյունը։ Նա այնքան ցածրաձայն էր նրա հետ խոսում, որ մոտակայքում գտնվող Մարոն չէր կարողանում ոչ մի բառ որսալ։
Քանի որ Մարոն իրեն մեղավոր էր զգում Արմենի մահվան համար, նա չէր կարողանում աչքերը բարձրացնել Արաքսու վրա։ Նա կուզեր, որ ծեր կինը ներեր իր մեղքը։ Մեկ բառը բավական էր.
― Ես սիրում էի մեր Արմենին։
― Նա էլ քեզ էր սիրում իր դստեր պես։
Եվ նա վերսկսեց իր անլսելի մենախոսությունը։
Մարոն համարձակվեց նայել Արաքսուն, որն օրորում էր Արմենին։ Նրա վիշտը բորբոքեց Մարոյի վիշտը, որը ողբում էր ամուսնու բացակայությունը։ Կեղծ փորը նրան հիշեցրեց մի քանի ամիս առաջ տեղի ունեցած վիժումը և Վարդանի հիասթափությունը։ Վարդա՜ն... Արմենի մահվան հետ քարավանից փախչելու հնարավորությունները նվազում էին։ Նրան տիրեց անսահման հուսահատություն։ Նա մեծ դժվարությամբ վանեց այն միտքը, որ Վարդանը միգուցե այլևս այս աշխարհում չէր։ Մոր մտքերին արձագանքելով, Թովմասը հարցրեց.
― Հայրիկը ե՞րբ կվերադառնա։
Մարոն պապանձվեց.
― Չգիտեմ,― հառաչեց նա խուլ ձայնով։― Անկասկած նա մեզ փնտրում է։
Նա շոյեց իր փեշից կառչած երեխայի վիզը։ Թովմասի գլխին կործած գլխարկը երերում էր ամեն քայլի հետ։ Հանուն նրա՝ իր և Վարդանի մարմնավորման, իրենց սիրո կենդանի վկայության, Մարոն իրավունք չուներ թուլություն ցուցաբերելու։ Նա ուզում էր երեխային ասել, որ նա չպետք է հույսը կորցներ, սակայն մտածեց, որ երեխան չէր հասկանա այդ խոսքերը։ Հատկապես այս համատեքստում։
― Քո կնքահայրը հաստատ երկնքում է։ Աղոթիր նրա համար։ Խնդրիր, որ մեզ պահպանի և պահպանի քո հորը։
Քիչ անց Թովմասը ագրեսիվ տոնով բացականչեց.
— Ինչո՞ւ Աստված չի պատժում չարերին։
— Անպայման կպատժի։
Մի քանի րոպե անց երեխան բողոքեց.
— Ես ծարավ եմ, մայրիկ։ Կոկորդս ցավում է։
Մարոն ճանապարհից խիճ հավաքեց և փեշով սրբեց.
— Սրանք բերանդ դիր, որ թուք հավաքվի։ Զգույշ, կուլ կտաս։
— Դրանից ծարավը հագենո՞ւմ է,– հարցրեց Մարոյի կողքով քայլող զույգ աղջիկներից մեկը։
— Այո, փորձեք։
Երկու ժամ անց Ազնիվ խանումը շրջվեց և հայտնեց.
— Մենք ինչ-որ բնակավայրի ենք մոտենում։
Փոշու միջից աղոտ կերպով կապտին էր տալիս հովիտը։ Սարահարթի եզրին մի գյուղ էր ծվարել։ Հազիվ մի քսան քարե տուն և դրանց կից գոմեր։ Քայքայված և աղքատ բնակավայր։ Սակայն գյուղի կենտրոնում գտնվում էր այս քարքարոտ անապատի համար չտեսնված մի հարստություն՝ աղբյուր։ Եզները հեռվից զգացին ջուրը և արագացրեցին ընթացքը։ Մարդիկ ծիծաղում և լաց էին լինում ուրախությունից։ Ջրազրկված մարմինները վերակենդանանում էին ջուր խմելու հնարավորության գիտակցումից:
Խաշնարած շները ժանիքներն էին ցուցադրում։ Նրանց պարանոցներին մետաղյա ցցերով վզնոցներ կային, որոնք նրանց պաշտպանում էին գայլերի ատամներից։ Ծռմռված ճյուղերով հսկայական մի նոճի, որը միակ ծառն էր շրջակայքում, իր հովանու տակ էր առել գյուղամեջը։ Գյուղի տղամարդիկ և երեխաներն այնտեղ էին հավաքվել ծերերի շուրջը։ Քողածածկ կանայք դուրս էին նայում լուսամուտներից։ Ոստիկանների ներկայությունը զսպում էր գյուղացիների հետաքրքրասիրությունը։
Աղբյուրի ծորակից զուլալ ջուր էր հոսում և հավաքվում էր ավազանի մեջ, այնտեղից էլ փողրակով հոսում էր դեպի ոռոգվող այգիները։ Սակայն այդ ջուրը ոչ ձրի էր, ոչ էլ առատ տարագիրների համար։ Գյուղացիներին հատուցելու պատրվակով ոստիկաններն այն վաճառում էին։ Դրամ չունեցողները ստիպված էին ապավինել իրենց հայրենակիցների գթասրտությանը։ Ազնիվ խանումը վճարեց բազմաթիվ ընտանիքների համար։ Կամաց-կամաց, հաղթահարելով ոստիկանների վախը, գյուղացիները սկսեցին մոտենալ այդ կեղտոտ, տենդագին աչքերով և լարված դիմագծերով գյաուրներին։ Նրանք առաջարկում էին գնել այն մթերքը, որ ունեին՝ կարտոֆլ, սոխ, այծի պանիր։ Մարոն մի գեղջկուհուց մի հաց գնեց դրա դիմաց տալով շափյուղայով զարդարված մի ականջօղ։ Երկչոտ հայացքով կինը մրմնջաց. «Թող Աստված ձեզ պահապան լինի», և արագ վերադարձավ իր տունը։
Հանկարծ բողոքներ լսվեցին։ Պահակները բռնում էին պատանի աղջիկների և տղաների և նրանց տանում էին հրապարակի մյուս ծայրը։ Մի ոստիկան հրեց Մարոյին, որը քիչ էր մնում ընկներ։ Մարոն պինդ բռնեց Թովմասին և իրեն սեղմեց, սակայն ոստիկանն ավելի շուտ զույգ աղջիկներով էր հետաքրքրվում։ Գյուլուն միջամտեց։ Ոստիկանը հրացանի կոթով հարվածեց նրա գլխին։ Ծեր կինը վայր ընկավ։ Ոստիկանն իր հետևից քարշ տվեց լացող աղջիկներին։
Ազնիվ խանումը կանգնեց Մարոյի դիմաց.
― Ես քեզ աղաչում եմ, չմիջամտե՛ս։
Նրանք օգնեցին Գյուլուին ոտքի կանգնել։ Նա լաց էր լինում։
― Իմ թոռնիկնե՜րը։ Նրանց ի՞նչ կանեն։
Սվինները տնկած ոստիկանները տեղահանվածներին դուրս էին մղում հրապարակից։ Մարոն և յուրայինները հայտնվեցին վերջին տան մոտ։ Գյուղացիները խմբվեցին տասնչորս պատանի հայերի շուրջը։ Ենթասպան, կանգնելով ավազանի եզրին, բացեց աճուրդը։
― Գեղեցիկ փոքրիկ կանա՛յք։ Պի՛նդ տղաներ դաշտերում աշխատելու համար։
Սակարկությունը երկար տևեց։ Այն ընթանում էր իրենց երեխաների վաճառքին խոչընդոտել անկարող հարազատների ապշած և սարսափած հայացքների ներքո։ Մահմեդական կանայք իրենց ամուսինների ականջին խորհուրդներ էին շշնջում ապրանքի ընտրության վերաբերյալ։ Դրանք աղքատ մարդիկ էին և տասնմեկ երեխաներից յուրաքանչյուրը վաճառվեց մի քանի ղուրուշով, որը գառան գնից պակաս էր։
Որոշ ընտանիքներ մխիթարվում էին, որ իրենց երեխաները կխուսափեին հետագա սարսափներից և այն դաժան ճակատագրից, որն անկասկած սպասում էր մնացածներին։ Սակայն Գյուլուն այդպես չէր մտածում։ Երբ լսեց իր թոռների լացակումած կանչերը, որոնց քարշ էին տալիս տներից մեկի ուղղությամբ, նետվեց նրանց օգնության։ Հրապարակ դուրս գալով նա բախվեց ենթասպային, որը նրան վայր գցեց։ Նրա կողերին ու փորին մի քանի հարված հասցնելուց հետո խուզարկեց ծեր կնոջը։ Նա ուղղվեց փայլող դեմքով, ձեռքին ոսկյա մի վզնոց։
Ենթասպայի հեռանալուն պես Մարոն և Ազնիվ խանումը օգնության շտապեցին Գյուլուին, սակայն նրա սիրտն այլևս չէր բաբախում։ Ազնիվ խանումը փակեց նրա աչքերը։ Դա միակ բանն էր, որ նա կարող էր անել՝ պահակազորը պահանջում էր, որ տեղահանվածները ճամփա ընկնեին։ Գյուլուի մարմինը թողեցին այնտեղ, ուր նա ընկել էր։
Թովմասը գունատ դեմքը մորը դարձրեց։ Մարոն սեղմեց նրա ձեռքը.
— Մի մտածիր Սոսու և Մարիցայի մասին։ Նրանց հետ լավ կվարվեն, ինչպես Զեյնաբի ու Ջամիլայի հետ մեր տանը, և բացի դրանից, նրանք չեն ծարավի այնպես, ինչպես մենք ենք ծարավում։
Այդ խոսքերը չհամոզեցին երեխային։ Նա գերադասում էր ծարավ մնալ, քան բաժանվել իր մորից ու տատից։ Ինչպե՜ս կկարողանար ինքը ապրել առանց նրանց։ Նա գլուխը կախեց։ Երեխան վանքի դիմաց... Արմենը... հիմա էլ Գյուլուն... Առաջին անգամ նա գիտակցեց, որ թե՛ ինքը, թե՛ մայրը և թե՛ Ազնիվ խանումը կարող էին սպանվել։ Այդ մտքից նա հուսահատվեց, սակայն ցույց չտվեց։ Աղոթք ուղղեց իր կնքահորը, որն արդեն հրեշտակների հետ էր։
Նեղ ճանապարհի ժապավենը գալարվելով իջնում էր մինչև ձորի խորքը։ Մի կողմից անդունդն էր, ուր եզների կճղակներից կամ էլ սայլերի անիվներից քարեր էին թափվում։ Ազնիվ խանումը հրաժարվեց երասանը դստերը հանձնել, մինչդեռ նա կառք վարելու ավելի մեծ փորձ ուներ։ Ծեր կինը մտածում էր, որ պատահարի դեպքում երկու պառավն ու մի դիակը նվազագույն կորուստը կլինեին։ Մարոն չպնդեց։
— Դու դեռ կարո՞ղ ես քայլել,― հարցրեց նա Թովմասին։
Հաճելի երազների մեջ խորասուզված երեխան չլսեց մոր հարցը։ Առավոտ էր։ Ինքն արթնացել էր և իր մահճակալում էր։ Սասունը պառկած էր իր ոտքերի մոտ, և ինքը գնալու էր իր ծնողների ննջարանը։ Հայրը համազգեստով էր։ Սենյակում տարածվել էր նրա օծանելիքի բուրմունքը։ Վարդանը՝ ժպտադեմ, պարզել էր ձեռքերը Թովմասին գրկելու համար։
Մարոն անհանգստացավ.
― Թովմա՛ս, ինչպե՞ս ես։ Շա՞տ ես հոգնել։
― Ոչ,– պատասխանեց նա։
Նա բարկացել էր, որ իրեն կտրել էին իր անուրջներից, սակայն ցույց չտվեց, վախենալով վշտացնել մորը։ Նրա սրունքներն ու ոտքերը ցավում էին, այնուամենայնիվ նա ասաց.
― Դժվար չէ, վայրէջք է։
Շարասյունը հասավ ձորի հատակը, որն արդեն ստվերի մեջ էր ընկղմվում այն երիզող բարձր ժայռերի պատճառով։ Կանգ առան ցամաքած գետի հունի մոտ։ Ոստիկանները հրամայեցին արձակել եզներին։ Անասունն իջավ դեպի գետի ցեխոտ հունը։ Նրանք բնազդաբար գիտեին, որ իրենց ոտնահետքերը ջրով էին լցվելու։ Մարդիկ նույնպես փոսեր փորեցին իրենց տիկերը լցնելու համար։ Արաքսին հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Ամբողջ օրը նա իր ծնկներին էր պահել Արմենի գլուխն ու ուսերը և դա խաթարել էր նրա ոտքերի արյան շրջանառությունը։ Չնայած դրան, նա զինվեց բահով և քլունգով։
― Արմենն այս գործիքները վերցրել էր ճանապարհին մահացածներին թաղելու համար,– ասաց նա դողդոջուն ձայնով։
― Դա հետո կանենք,― ասաց Ազնիվ խանումը նրա ձեռքից գործիքներր վերցնելով։― Նախ, ուտենք ուժ հավաքելու համար։
Նրանք բաժանեցին երկու փոքր կարտոֆիլներն ու հացը, որ գնել էր Ազնիվ խանումը։ Վշտահար Արաքսին հրաժարվեց ուտելուց։ Նա միայն մի կում ջուր խմեց տիկից։ Ճաշը լռության մեջ անցավ։
― Մայրիկն ու ես կփորենք,– ասաց Մարոն ճաշից հետո։
Արաքսին ափից որոշ հեռավորության վրա գտնվող մի բլուր ցույց տվեց։ Այնտեղ գերեզմանը չէր հեղեղվի գարնանային վարարումների ժամանակ։
Թովմասը կարեցածին չափ օգնեց փոսը փորելիս։ Հողը ծանր էր, հոծ և քարքարոտ։ Երբ մեկ մետր փորեցին, Ազնիվ խանումը, շնչակտուր, հայտարարեց.
― Հերի՛ք է։ Արմենը կհասկանա, որ ավելին չէինք կարող անել։
Սևազգեստ ծեր կանայք օգնում էին Արաքսուն։ Ջրի բացակայության պատճառով նրանք չկարողացան լվալ մարմինն այնպես, ինչպես պահանջում էր ավանդույթը, սակայն Գալստյան այրին մի կերպաս բերեց, որը որպես տապան ծառայեց։ Ծիսական օծումը նա ձեթով կատարեց։ Դիակի շուրջը մեծ բազմության հավաքվեց և նրան թափորով ուղեկցեց մինչև բլուրը։ Առաջին անգամ էր, որ նրանց միավորում էր աղոթքը։ Նրանք կիսում էին ոչ միայն վախն ու տառապանքը, այլև հարության հույսը։ Մի կույր, որին առաջնորդում էր մի տղա, մոտեցավ փոսին։ Զարմանալիորեն հզոր և հստակ ձայնով նա սկսեց երգել «Ի վերին Երուսաղեմ» շարականը։ Բոլորը միացան ծերունուն. նրանք նորից համայնք կազմեցին։
Սկզբում երկչոտ ձայները լցվեցին, հարստացան արձագանքներով, լցրեցին նեղ ձորը և բարձրացան լեռներից վեր։ Ողորմածության պահ չարչարանքի գագաթնակետին։ Նույնիսկ ոստիկանները կանգ առան լսելու և ոչ մեկի մտքով չանցավ ընդհատել գյաուրների այդ արարողությունը։ Այդ իրադարձությունը խորհուրդ ուներ։ Մարդիկ աղոթում էին նրանց համար, ում անգերեզման էին թողել վանքի առջև, նախորդ գիշեր մահացած կանանց համար, հեղեղատի խորքում ընկած տղամարդկանց համար։ Եվ բոլոր նրանց համար, որ ընկնելու էին այս անվերրջ ճանապարհին։ Շատերը մտածում էին, որ իրենք էլ շուտով «կանցնեն վերին Երուսաղեմով»։
Երբ մարմինը փոսն իջեցրեցին, Արաքսին վրան գորգ փռեց։ Թովմասը մի փունջ դաշտային ծաղիկներ դրեց, որոնք քաղել էր ափի եզերքից։ Հետո նա իր գլխին դրեց Արմենի գլխարկը և բացահայտեց իր հիասթափությունը.
— Կնքահայրը ասում էր, որ ինքը հանգչելու էր նոճիների տակ, եկեղեցու բակում։
Այս խոսքերից ազդվելով՝ Արաքսին նետվեց փոսի եզրին և վայրի ճիչ արձակեց։ Ստիպված եղան նրան այդտեղից հեռացնել։ Ամբոխը ցրվեց։ Մարոն ուզում էր հեռու տանել Թովմասին, սակայն նա պնդեց թաղմանը մասնակցելու իր ցանկության վրա։
― Նա իմ կնքահայրն է, նա իմ կնքահայրն է,– կրկնում էր նա համառորեն։
Նրան համակել էր այնպիսի կատաղություն, որից նրա ուժերը կարծես կրկնապատկվել էին։ Նա մտածում էր այն մեծ թռչունների մասին, որոնք պտտվում էին երկնքում մահացածների վրա։ Նրանց խժռելու համար... Նրանք ձեռք չէին տա կնքահորը, և Արմենն անվնաս վիճակում երկինք կհասներ։
Երբ փոսը լցվեց, վրան մի կույտ քար հավաքեցին։ Թովմասն այնպես դարսեց քարերը, որպեսզի կույտը չփլվեր փոթորիկի ժամանակ։ Գալստյան այրին մնաց գերեզմանի մոտ աղոթելու։ Նա փորփրեց իր պայուսակը ու տղային կանչեց.
― Տղա, մոտեցի՛ր։
Նա Թովմասի ափի մեջ երեք մուգ հատիկ դրեց.
― Սրանք նոճու սերմեր են։
Թովմասի աչքերը փայլեցին.
― Շնորհակալություն, տիկին։ Նավապետ Արմենը գոհ կլինի։
Մարոն ու Թովմասը նոճու սերմերի համար տեղ ընտրեցին։ Թովմասն ուզում էր, որ նոճիների ճյուղերը գերեզմանին հով անեին կեսօրից հետո։ Երբ գործն ավարտեցին, Մարոն գրկեց երեխային.
― Քո կնքահայրը կհպարտանար քեզնով։
― Երբ կմեծանամ, կգամ այստեղ ու եկեղեցի կկառուցեմ։ Ինչպես նա էր ուզում։
Գետի մոտ վերադառնալով՝ Մարոն տեսավ, որ սայլերը հեռանում էին։ Դրանք վարում էին ոստիկանները։ Ազնիվ խանումը փրփրել էր։
― Երկու վերմակ։ Ահա այն ամենը, ինչ կարողացա փրկել։ Մենք հիմա ոտքով պետք է շարունակենք ճանապարհը։
Գալստյան այրին և Անթառամ խաթունը՝ Տեր Խորենի քենին, ուղեկցում էին Արաքսուն։
― Ես չեմ կարողանա քայլել,– ասում էր Արաքսին։
― Մենք քեզ կօգնենք,– ասաց Մարոն։
― Ոչ։ Ոտքերս... Սիրտս... Ես հեռու չեմ գնա։
― Այդպես մի ասեք։
Գալստյան այրին Մարոյին նշան արեց, որ չպնդեր։ Նա ցույց տվեց իր տոպրակը.
― Ես դեղ ունեմ, որը կբուժի Արաքսուն։ Մեզ մենակ թողեք։
Մութն արագ էր ընկնում։ Հիմա, երբ տարագիրները չէին կարող պատսպարվել իրենց սայլերի տակ, նրանք կողք կողքի էին հավաքվել և սեղմ խումբ էին կազմել՝ գիշերն անցկացնելու համար։ Մի կին բղավեց.
― Այն ի՞նչ է։ Այնտե՜ղ։
Նա ձեռքը մեկնել էր դեպի հյուսիս-արևելք, ուր ձորը նեղանում կիրճ էր դառնում։ Մարոն կարծեց, որ ավազակներն էին վերադարձել։ Շատերն այդպես մտածեցին, ու լարումն ահագնացավ, քանի դեռ չէին համոզվել, որ դրանք իրենց պես տեղահանվածներ էին։ Միգուցե մեկ այլ խումբ էր Սվասից։ Իսկ եթե Վարդանը նրանց մե՞ջ լիներ։ Ո՛չ, այդ շարասյան մեջ ոչ մի հասուն տղամարդ չկար։
Նորեկները Երզնկայի շրջանից էին։ Տեղահանության սկզբում ավելի քան երկու հազար մարդուց մնացել էր ընդամենը երեք հարյուրը՝ հիմնականում հիվանդներ։ Օր օրի վրա ծեծը, զրկանքներն ու առևանգումները նոսրացրել էին նրանց շարքերը։ Այս մարդիկ, որոնց ավելի քան մեկ ամիս հոտի պես քշում էին լեռնային արահետներով, այլևս ոչինչ չունեին։ Նրանք կիսամերկ էին, ոտքերն արնոտ, մաշկը արևից այրված։ Արդեն չորրորդ օրն էր, ինչ խոտով և արմատներով էին սնվում։ Այնքան ողորմելի վիճակում էին, որ Սվասից տեղահանվածները նրանց հետ կիսեցին մնացած սննդի փշրանքները։ Իսկ դա նշանակում էր, որ հաջորդ օրը իրենք ուտելու բան չէին ունենալու։
Արաքսին աղոթում էր։ Նա նստել էր գետնին, պարզել էր ոտքերը և փակել աչքերը։ Նրա գլուխն ու իրանը ճոճվում էին։ Թովմասը քնել էր տատի գրկում։ Մարոն ասաց Ազնիվ խանումին.
— Ես գնամ նորեկներին օգնեմ։
Նա վերցրեց բահը, որով Արմենին էին թաղել։ Եզների ոտքերից վերև մարդիկ ձեռքերով փորում էին գետի հունը։ Նրանք խմում էին առանց սպասելու, որ հավաքված պղտոր հեղուկը պարզեր։ Մարոն խորը փոս փորեց, որը շուտով լցվեց բավականաչափ պարզ ջրով։ Կանայք այդտեղից ջուր վերցրեցին թասերով կամ ձեռքերի ափերով։
Հյուծված դեմքով մի ծեր կին նրան ասաց.
— Լավ կլիներ, եթե սրտիդ տակի երեխան մեռներ։ Ես տեսել եմ, թե ինչպես էին բազմաթիվ կանայք խեղդում ճամփեզրին բերած իրենց երեխաներին։ Աստված նրանց կհասկանա։
Մարոն, ամաչելով իր խաբեությունից, նրան հարցուփորձ արեց: Կինը, որի անունն էր Վարվառա, պատմեց, թե ինչ փորձություններով էր ինքն անցել չորս շաբաթվա ընթացքում, թե ինչպես էին հարազատները մահացել մեկը մյուսի հետևից՝ ծարավից, սովից ստացած վերքերից։ Նորեկների մեջ կային տիֆով հիվանդներ, եղել էին նաև խոլերայի դեպքեր։ Վարվառան եզրակացրեց սառը դաժանությամբ.
— Մեռածների բախտը բերել է։
— Մենք մի կերպ դուրս կգանք այս վիճակից։
— Դուք ճանապարհին եք ընդամենը երեք օր, այդպես չէ՞։ Չես պատկերացնում, թե ձեզ ինչ է սպասում, աղջիկս։ Նպատակակետ չկա։ Նրանք մեզ քարշ են տալիս սարերով, որպեսզի մենք կամաց-կամաց մեռնենք։
Մարոն բացականչեց.
― Ես թույլ չեմ տա, որ ինձ մորթեն։
― Դու մենա՞կ ես։
― Մորս ու վեց տարեկան որդուս հետ եմ։
Պառավը նրա ձեռքին դիպավ և ծանրակշիռ ձայնով ասաց.
― Եթե հնարավորություն ունենաս, տղայիդ տուր թուրք գյուղացիների։ Այդպիսով դու նրա նկատմամբ ողորմածություն դրսևորած կլինես։
Մարոն շրջվեց ու հեռացավ նրան չլսելու համար։ Վարվառան ձայնը բարձրացրեց.
― Մենք ծղոտի ծեղիկներ ենք, որ քշում է քամին։ Ծեղիկ ենք։
Ազնիվ խանումն ու Թովմասը քնել էին՝ փաթաթվելով մի վերմակի մեջ։ Մարոն մյուսը կիսեց Արաքսու հետ։ Երբ լուսաբացին զարթնեց ցրտից դողալով, Արաքսին կողքին չէր։ Մարոն վեեր կացավ։ Շրջանցելով քնած մարդկանց, նա գնաց դեպի բլուրը։ Արաքսին պառկած էր Արմենի գերեզմանի վրա։ Մարոն նրանց ցնցեց։ Մարմինը, որին նա դիպավ՝ սառած էր։ Արաքսու ձեռքից մի սրվակ ընկավ և կոտրվեց՝ քարին դիպչելով։ Մարոն հասկացավ, որ Գալստյան այրին Արաքսուն հնարավորություն էր տվել ամուսնուն միանալու։ Նա ծնկի իջավ ու լաց եղավ։ Նա ողբում էր ոչ այնքան մահացածներին, որքան նրանց, ովքեր ուզում էին վերապրել։