Ամառ առանց այգաբացի | |
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 7 | Ամառ առանց այգաբացի - Գլուխ 9 ▶ |
1915 թ. հուլիսի վերջին հայերի վիճակը Փոքր Ասիայում շատ ծանր էր։ Կոստանդնուպոլսի կառավարության պաշտպանության նախարար Էնվեր փաշան հարձակում սկսեց ռուսների դեմ։ Հետևակի և հեծելազորի տասնյակ դիվիզիաներ մտան Ալաշկերտի դաշտը, շարժվեցին դեպի Արարատ լեռը և սպառնում էին Արևելյան Հայաստանի խոշորագույն քաղաքին՝ Երևանին։ Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար ռուսական բանակն ու հայ կամավորական ջոկատները լքում էին Վանը և ամբողջ շրջանը։
Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ մնացել էին անպաշտպան։ Վախենալով օսմանյան բանակի ճնշումներից, այդ մարդիկ փախչում էին սահմանից այն կողմ։ Պատերազմական վիճակի դժվարություններից տուժած Արևելյան Հայաստանը այժմ հեղեղված էր նոր փախստականներով, որոնք համալրում էին նրանց բանակը, ում Հայաստանն արդեն ընդունել էր։ Համաճարակներ էին բռնկվել, սննդամթերքի պակաս էր զգացվում։ Հարկավոր էր այդ մարդկանց ապահովել օթևանով մինչև ձմռան գալը, որը շատ խիստ էր այդ բարձր լեռներում։ Ուստի կաթողիկոս Գևորգ Ե-ի պատվիրակները դրամ էին հանգանակում Եվրոպայում, Ամերիկայում և Կահիրեում ապրող հայերից։ Ծայրագույն պատրիարքը բազում դիմումներ էր հղել դաշնակից երկրների ղեկավարներին, Իտալիայի արքային և Սիացյալ Նահանգների նախագահին, որպեսզի նրանք միջամտեին հօգուտ հայերի, որոնք զոհ էին գնում օսմանյան կառավարության բնաջնջման քաղաքականությանը։ Կանխատեսելով Օսմանյան կայսրության պարտությունը, կաթողիկոսը մի պատվիրակություն էր ուղարկել, որը բանակցություններ էր վարում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարարությունների հետ։ Այդ պատվիրակության առաքելությունն էր Ֆրանսիայի ու Բրիտանիայի կառավարությունների առջև պաշտպանել անկախ Հայաստանի գաղափարը, որի մեջ կմտներ նաև Կիլիկիան։
Տեղահանությունները Անատոլիայում իրենց գագաթնակետին էին հասել։ Հյուսիսային և արևելյան վիլայեթների հայ բնակիչներից հետո եկել էր իրենց օջախներից վտարվելու Կիլիկիայի առափնյա շրջանների ու հարավ-արևելքի բնակիչների հերթը։ Դեռևս դիմադրում էին Անատոլիայի կենտրոնական և արևմտյան մասի քաղաքները՝ Կոնիան, Անկյուրիան և Բրուսան, որոնք շուտով նույն բախտին էին արժանանալու։ Մուսա-դաղում՝ Միջերկրականի ափին, մի քանի հարյուր հայ ապաստանել էին իրենց գյուղերի մոտակայքում գտնվող բարձունքներում և հերոսական զոհաբերությունների շնորհիվ դիմադրում էին օսմանյան բանակին հուլիսի 21-ից և կարծես թե մտադիր չէին հնազանդվելու։
Շաբաթներ շարունակ Այնթապի հայերը տեսնում էին, թե ինչպես էին իրենց հայրենակիցների քարավաններն անցնում իրենց շրջանով և ուղևորվում դեպի Հալեպ։ Ոստիկանության պահակազորը նրանց արգելում էր օգնություն ցույց տալ այդ կանանց ու երեխաներին, որոնք քայլում էին ավելի քան մեկ ամիս, նույնիսկ արգելում էին ջուր տալ։ Չնայած պաշտոնական հայտարարություններին, որոնց համաձայն «տեղահանության» էին ենթակա միայն ռուսական սահմանի մերձակայքում ապրող հայերը, այդուհանդերձ, այնթապցիները իրենց ապահով չէին զգում։ Չէ՞ որ մոտ հիսուն ընտանիք դուրս էին մղվել քաղաքից, և հայ եպիսկոպոսը կոչ էր անում իր հոտին զգոն լինել։ Մի քանի հարուստ հայեր, որոնք բարեկամներ ունեին օսմանյան վարչակազմում, կարողացել էին անցաթղթեր ձեռք բերել և մեկնում էին Բաղդադ, Օմման ու Երուսաղեմ, հույս ունենալով, որ այնտեղ իրենց չէին անհանգստացնի։ Մյուսներն ընտրություն չունեին և շարունակում էին ապրել՝ փորձելով պահպանել բնականոն կյանքի ընթացքի պատրանք։
Անտիտավրոսից և Անատոլիայի բարձր սարահարթերից հարավ ընկած Այնթապը տեղադրված էր ցածր բլուրներով ծածկված տեղանքում, որը դուրս էր գալիս դեպի Սիրիական անապատ և Սիջագետք։ Չնայած Միջերկրական ծովը գտնվում էր մոտ հարյուր կիլոմետր հեռավորության վրա, Ամանոսի լեռները խոչընդոտում էին ծովի խոնավ օդի ներթափանցմանը, և Այնթապում ամռանը հեղձուցիչ շոգ և չոր եղանակ էր անում։ Գտնվելով Եփրատի վտակ Ինջիրլի գետի ափին, քաղաքը տեղադրված էր իրար հաջորդող երեք բլուրների վրա։ Հուստինիանոսի կառուցած ամրոցը, որը վերակառուցվել էր 11-րդ դարում թուրք-սելջուկների կողմից, զարդարում էր բլուրներից մեկի գագաթը։
Քաղաքի մերձակայքի քարհանքերը էժան և գերազանց շինանյութ էին մատակարարում, և դրանով էր բացատրվում, որ բոլոր տները կառուցված էին սրբատաշ քարից։ Գետի երկայնքով այգիներ էին գցված, որոնք կանաչ գոտի էին կազմում՝ շրջապատելով Այնթապը հյուսիսից ու արևելքից։ Քաղաքն ուներ մահմեդական, հայկական և հրեական գերեզմանատներ, քանի որ ժամանակին գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, ուներ բազմազգ բնակչություն՝ թուրքեր, հայեր, քրդեր, արաբներ, ասորիներ, հրեաներ և հույներ։
Քաղաքը շրջապատող դաշտավայրը բերրի էր։ Այնտեղ աճում էր խաղող, ձիթապտուղ, թուզ, իսկ ցորենի արտերն ու բամբակի դաշտերը ձգվում էին մինչև հորիզոն։ Ռըզա բեյի կալվածքը Մարաշ տանող ճանապարհի մոտ էր, Ինջիրլի գետի կամրջից մի քանի կիլոմետր այն կողմ։ Անտաշ քարից և չթրծված աղյուսից կառուցված գյուղական տները երիզում էին ճանապարհը, որը գալարվելով անցնում էր պիստակի ծառերի միջով, որոնք ժամանակին Ռըզա բեյի նախնիների կարողության հիմքն էին։ Ծառերով շրջապատված երկհարկանի հսկայական տունը իր մզկիթով և մինարեթներով հեռվից էր երևում։ Քաղաքի մուրացկանները լավ գիտեին մզկիթ տանող ճանապարհը, որը կառուցել էր Ռըզա բեյի պապը։ Այնտեղ առատաձեռն կերպով ուտելիք էին բաժանում ընչազուրկներին։
Սպիտակ կրաքարից կառուցված դղյակը աչքի էր ընկնում կանաչավուն մարմարով կատարված և բուսական նախշազարդ որմնասյուներով, ելուններով ու ծոփորներով։ Շենքի ճարտարապետության մեջ զգացվում էր հզոր արաբական ազդեցություն։ Հիմնական մասին ուղղահայաց կառուցված երկու թևերը կազմում էին ներքին բակի կողմերը։ Այդ թևերում էին գտնվում սելամլիկը՝ տղամարդկանց սենյակները, խոհանոցները, խորդանոցները և ծառայողների կացարանները։ Մեծ դարպասով բարձր պարիսպը կազմում էր սալապատված ներքին բակի չորրորդ կողմը։ Բակից սանդուղքը տանում էր դեպի դղյակի հիմնական մուտքը, որը սյունասրահ ուներ։ Շենքի հետնամասում էր գտնվում պարսպապատ մեծ ուղղանկյուն պարտեզը։ Պարսպին կից գտնվում էր մզկիթը իր օժանդակ շենքերով։ Որոշ հեռավորության վրա, նշենիների քողի հետևում գտնվում էին պահեստները, ախոռները, փարախները և գյուղացիների՝ հարթ տանիքներով փոքր տները։
Այդ օրը տունը եռուզեռի մեջ էր։ Բույուկ խանումը հեռագիր էր ստացել, որով նրա որդին, տեղեկացնելով իր ժամանման մասին, հայտնում էր նաև իր նշանակման լուրը։ «Այս 1293 թվականը ամենաօրհնյալ տարին է», բացականչել էր Բույուկ խանումը՝ հայտնելով այդ նորությանն իր երեք հարսներին։ Ավանդապահ լինելով՝ Բույուկ խանումն օգտվում էր միայն մահմեդական օրացույցից։
Ռըզա բեյին արված պատիվը, որը տարածվում էր ամբողջ ընտանիքի վրա, պետք է պատշաճ կերպով նշվեր։ Հոդախտից և մեջքի սուր ցավերից տառապող Բույուկ խանումը դժվարությամբ էր տեղաշարժվում, սակայն իրադարձությունն այնքան նշանակալից էր, որ նա թև էր առել։ Նա ամենուր էր և ամեն ինչ տեսնում էր։ Հրամաններ էր արձակում, շտապեցնում էր ծառայողներին, հանգիստ չէր թողնում հարսներին և նրանց երեխաներին։ Նա չէր հանդուրժում այն միտքը, որ կարող էր տնային հոգսերը կիսել որևէ մեկի հետ։ Քանի դեռ ինքը ողջ էր, պետք է պահպաներ Բույուկ խանումի՝ Ավագ տիկնոջ տիտղոսը։ Սաֆիյեն՝ Ռըզա բեյի ավագ կինը պետք է սպասեր իր հերթին։
Հեռագրատան աշխատողը չէր կարողացել լեզուն իրեն պահել և ողջ Այնթապը գիտեր, որ գավառը նոր գավառապետ ուներ։ Քաղաքի ընտրանին իր ներկայացուցիչների միջոցով տեղեկանում էր Բույուկ խանումից, թե երբ կարելի կլիներ ներկայանալ և շնորհավորել Ռըզա բեյին։ Մայրը իր նախաձեռնությամբ վճռել էր ընդունելություն կազմակերպել ամենաարժանավորների համար, որը պետք է տեղի ունենար մութն ընկնելուն պես։ Երբ պահակ կարգված տղան հայտնեց, որ Ռըզա բեյի կառքը արդեն կալվածքը տանող ճանապարհին էր, նա դուրս բերեց բոլորին այդ կապակցությամբ զարդարված բակը։
Մայրը կանգնեց առաջին շարքում, մեծ սպիտակ հովանոցի տակ, որը պահել էր մի աղախին։ Նրա դեմքն ու իրանը նիհար էին, սակայն գոտկատեղից վար մարմինը լայնանում էր։ Նա կռացած էր քայլում, և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ մարմնի ստորին մասը չէր հասցնում հետևել իրանին։ Նա հուզված էր ու երջանիկ և մտքում կրկնում էր ողջույնի այն խոսքերը, որ նախապատրաստել էր։ Ռըզա բեյի երեք կանայք և նրա ծեր դայակը՝ Էմինեն, կանգնած էին Բույուկ խանումի հետևում իրենց վեց երեխաների հետ միասին։ Ներկա չէին ավագ որդիները՝ Թուրանը և Ռամազանը, որոնք սովորում էին Գերմանիայում՝ Ռազմական ակադեմիայում։ Քսաներեք ծառայողները շարվել էին շենքի ճակատի երկու կողմերում։
Բույուկ խանումը ընտանեկան լուսանկարներ հավաքելու կիրք ուներ, որը նա մի քիչ անթույլատրելի էր համարում ուղղափառ մահմեդականի համար։ Իսլամի դրույթներով չէր կարելի մարդկանց պատկերել, սակայն Բույուկ խանումը կարծում էր, որ լուսանկարչությունը գեղանկարչության և քանդակագործաթյան հետ կապ չուներ։ Դա ավելի նման էր հայելու արտացոլած պատկերի, իսկ Մարգարեն չէր արգելում օգտվել հայելիներից։ Ծեր կնոջ ամենաարժեքավոր ունեցվածքը ալբոմներն էին, ուր հավաքված էին իր սիրելիների լուսանկարներր։ Շատերի վրա պատկերված էր Ռըզան հայտնի մարդկանց՝ դիվանագետների, օտար ճանապարհորդների հետ։ Նա կարևոր էր համարում պահպանել իրենց կյանքի հիշարժան պահերի հուշը։ Ուստի ծեր կինը հրավիրել էր Այնթապի լուսանկարչին՝ Նաիմ Սարֆատի անունով մի հրեայի։ Փոքր և ճաղատ, միշտ ժպտադեմ նա կանգնած էր սև մեծ սարքի հետևում, որը դրված էր եռոտանու վրա։
— Լուսանկարեք մեզ սպասելիս,– խնդրեց նրան Բույուկ խանումը։
Լուսանկարիչը խոնարհվեց, նախապատրաստեց իր սարքը և ասաց.
- Այստեղ նայեք, խնդրեմ։ Չշարժվե՛ք։
- Զեհրա՛, հանգիստ կա՛ց,– հրամայեց Բույուկ խանումը դիմելով երեք տարեկան թոռանը, որը տեղում թռչկոտում էր։
Վախեցած երեխան քարացավ և նայեց մորը՝ Լեյլային, որը նրան հանգստացրեց ձեռքի շարժումով։ Ռըզան ամուսնացել էր Լեյլայի հետ չորս տարի առաջ, երբ վերջինս տասնվեց տարեկան էր։ Նա երրորդ կինն էր, սակայն մխիթարվում էր, որ ամենասիրվածն էր և ամենագեղեցիկը։ Նա թաքուն հայացք գցեց իր ախոյանների վրա, որոնք, ինչպես և ինքը, գրեթե թափանցիկ մետաքսյա քողեր էին կրում, ծածկելով միայն դեմքի ներքևի մասը։
Մակբուլեն՝ երկրորդը, հավի խելք ուներ, անդադար ուտում էր, և նրա գեղեցկությունը խամրել էր, իսկ նրա երեք երեխաները նրան ոչինչ չէին տվել։ Նա իր տարիքից մեծ էր թվում և չուներ այն գրավչությունը, որը կարող էր գրգռել տղամարդուն։ Ինչ վերաբերում էր առաջին կնոջը՝ Սաֆիյեին, ապա նա Լեյլայի մոր տարիքին էր։ Երեսունի՜նը տարեկան։ Նրա աչքերի շուրջը մաշկն արդեն թոշնել էր և եթե հինան չլիներ, ապա քունքերը ճերմակած կլինեին։ Նա Ռըզային հինգ երեխա էր պարգևել, սակայն արդեն շատ ծեր էր երեխա ունենալու համար։ Եվ զարմանալի չէր, որ Ռըզան նրան ընկալում էր ավելի շուտ որպես սիրելի քույր, քան որպես սիրուհի։ Լեյլան, վստահելով իր զորությանը, փակեց աչքերը։ Ռըզայի երկու շաբաթ տևած բացակայությունը նրան անվերջանալի էր թվացել։ Նա շտապում էր նորից հայտնվել նրա գրկում և տրվել նրա փաղաքշանքներին։
Սաֆիյեն մտածում էր, որ իրենք պետք է ներսում սպասեին։ Անապատից չոր և կիզիչ քամի էր փչում, և օդի ջերմաստիճանը հասնում էր քառասունյոթ աստիճանի։ Անմարդկային էր այսպես կիզիչ արևի տակ կանգնելը, հատկապես, որ ծոմի պատճառով իրենք լուսաբացից ջուր չէին խմել։ Վերջապես լսվեց ձիերի սմբակների դոփյունը, հետո դարպասի մոտ հավաքված բանվորների և նրանց ընտանիքների ողջույնները։ Կառքը բակ մտավ և կանգ առավ սանդուղքի առջև։
Ռըզա բեյը վայր իջավ տանը հակառակ կողմից և շրջանցեց կառքը։ Նա հպարտ տեսք ուներ իր սպիտակ կոստյումով։ Բույուկ խանումը մտածեց, որ նա իր հորն էր նման, սակայն ավելի նրբագեղ էր։ Սաֆիյեն անհանգստացավ, համարելով, որ նա լարված էր։ Մակբուլեն թեթևություն զգաց։ Նա վախենում էր սկեսրոջ փոփոխական տրամադրությունից, և Ռըզա բեյի ներկայությունը նրան ապահովության զգացում էր պարգևում։ Հիանալով իր տղամարդու առնական քայլվածքով՝ Լեյլան դողաց, և ցանկության հուրը տարածվեց նրա մարմնով։
Իր ընտանիքի անդամներին ժպտալուց հետո Ռըզա բեյն իջեցրեց աստիճանը և բացեց կառքի դուռը։
- Սա ի՞նչ է,– շշնջաց Լեյլան ատամների արանքից։
Նրա ձայնը խռպոտ էր։ Չհասկանալով հարևանուհու տագնապը՝ Մակբուլեն պատասխանեց իր սովորական անմիջականությամբ.
- Կին է։ Չե՞ս տեսնում։
Սաֆիյեն դառը ժպտաց։ Իր ուղեկցուհու հանդեպ Ռըզա բեյի ցուցաբերած ուշադրության, նրան նայելու և ձեռքը մեկնելու ձևից նա հասկացավ, որ Ռըզա բեյը անտարբեր չէր։ Նա այդ հարցին խոհական վերաբերմունք ուներ, եթե ամուսինը տենչում էր այդ օտարին, ապա ինչո՞ւ պիտի իրեն գրկեր այդ հաճույքից։ Նա բավականաչափ մեծահոգի էր և բարեկիրթ և չէր անտեսի իր կանանց սիրուհու պատճառով։ Սաֆիյեի կյանքում արդեն երկու անգամ տեղի էր ունեցել այդ փոփոխությունը, երբ մեկ այլ կին էր հաստատվել իր տանը, և նա բողոքելու առիթ չէր ունեցել։ Տվյալ պահին նրան զվարճացնում էր Լեյլայի վարքագիծը, որի սեփականատիրոջ զգացումը և խանդը նա չէր հասկանում։
Վերջինս կկոցած աչքերով նայեց առաջին կնոջը իր կատաղությունը ցույց տալու համար, իսկ հետո ուշադրությունդ կենտրոնացրեց այդ օտար կնոջ վրա, որին ուսումնասիրեց ոտքից գլուխ։ Քանի՞ տարեկան էր նա։ Նրա դեմքը ծածկող սև քողն ընդգծում էր նրա խոշոր շագանակագույն աչքերը, որոնց մի քիչ վախեցած հայացքը Լեյլային կեղծ առաքինի և շինծու զուսպ թվաց, նույնիսկ հաշվենկատ և խորամանկ։ Նա մտածեց, որ տղամարդը պետք է որ տեղի տար նման հայացքի առջև և այն մոգական համարեր։ Չնայած մանուշակագույն շրջազգեստի լայնությանը, կարելի էր գուշակել, որ այն թաքցնում էր ճկուն և միևնույն ժամանակ փթթող մի մարմին՝ լիքը ստինքներով և կոնքով, և դա զգացվում էր նրա յուրաքանչյուր շարժումից։ Լայն զգեստի մեջ զգացվում էր նույնիսկ նրա մեջքի բարակությունր։ Լեյլան նկատեց նաև, որ նրա ենթադաստակները և ոտքերի կոճերը շատ նուրբ էին, դաստակները նեղ, մատները երկար, իսկ այդ նշանները չէին կարող շփոթության մեջ գցել։ Ամենևին էլ կարիք չկար նրա դեմքը տեսնել՝ արժանիքները գնահատելու համար։ Նրա կեցվածքը, ինչպես նաև դանդաղ և նրբագեղ քայլվածքր մատնում էին մի կին, որը գիտակցում էր իր գեղեցկությունը և իր իշխանությունը տղամարդկանց վրա։ Առանց իրեն հաշիվ տալու, որ ինքը նորեկին վերագրում էր իր կեցվածքն ու վարքագիծր, Լեյլային թվաց, որ նրա ժամանումը թաքնված սպառնալիք էր պարունակում իր դիրքի համար։
Բույուկ խանումը սառը դեմքով էր նայում իրեն մոտեցող որդուն, որին հետևում էին Մարոն ու Թովմասը։ Ինչպե՞ս էր համարձակվել Ռըզան կին բերել տուն առանց նախապես խորհրդակցելու իր հետ։ Նա խաթարել էր իր ուրախությունը, և Բույուկ խանումն իսկույն մոռացավ նախապատրաստած ողջույնի խոսքերը։ Ռըզան համբուրեց մոր ձեռքն ու այն տարավ իր ճակատին.
- Ես երջանիկ եմ ձեզ տեսնելու, թանկագին մայր։
— Ես քեզ հետ ուզում եմ խոսել– պատասխանեց նա չոր տոնով։
Ռըզան սպասում էր այդ կեցվածքին և ամենևին չկորցրեց ինքնավստահությունը։ Նա ողջունեց Էմինեին՝ իր ծեր դայակին, այնպես, ինչպես ողջունել էր Բույուկ խանումին։ Դայակը նույնքան երջանիկ էր, որքան երջանիկ է լինում մայրը իր որդուն տեսնելիս։
- Ես հպարտանում եմ քեզնով, Ռըզա բեյ։
Ռըզան համբուրեց իր կանանց՝ սկսելով Սաֆիյեից և վերջացնելով Լեյլայով։ Հետո նրա երեխաները եկան հերթով ողջունելու իրենց հորը, համբուրելով նախ նրա ձեռքը, ապա այն տանելով դեպի իրենց ճակատը։ Սկզբում մոտեցան տղաները՝ Ալթանը, Քենանը և Արիֆը, որոնք համապատասխանաբար տասներեք, յոթ և չորս տարեկան էին։ Հետո աղջիկները՝ Շահանեն, տասնվեց տարեկան, Էմելր՝ յոթ տարեկան և վերջապես փոքրիկ Զեհրան։ Հայրը երջանիկ էր նրանց տեսնելով և յուրաքանչյուրին ջերմ խոսքեր էր ասում։
Թովմասը հուզված դիտում էր այդ տեսարանը։ Նա նախանձում էր այդ երեխաներին։ Նա մտածում էր իր հոր մասին և հիշում էր իր ուրախությունը, երբ նա երեկոյան տուն էր վերադառնում։ Նա ոչ մի դեպքում չէր ուզում լաց լինել, ոչ էլ ցույց տալ իր վիշտը։ Նա ձեռքը տարավ գրպանը և ափի մեջ սեղմեց Վարդան Պալյանի անունը պարփակող տուփը։ Նա զարմանքով նայեց փայտե սավառնակին, որ ձեռքին էր պահել իր տարիքի մի տղա։ Թովմասը նույնիսկ մոռացել էր, որ այդպիսի բառ կար՝ «խաղալ»: Երեխան Թովմասին նայեց, իսկ հետո խաղալիքը թաքցրեց։
Շփոթվելով իր կողմն ուղղված հետաքրքրասիրություն, անտարբերություն ու թշնամանք արտահայտող հայացքներից՝ Մարոն համբերատար սպասում էր հանդիպման երկար ու ձիգ արարողության ավարտին։ Այդ կանանց և երեխաների ներկայությունն ինչ-որ չափով հանգստացնում էր նրան, քանի որ երբեմն նա կասկածում էր Ռըզա բեյի խոսքերի վրա և վախենում էր, որ նա իրեն կտաներ որևէ մեկուսի վայր և այնտեղ իրեն կփակեր, կամ էլ՝ որ նա կարող էր միտքը փոխել և իրեն թողնել ճանապարհին։ Սակայն ամեն ինչ համապատասխանում էր իր փրկչի խոսքերին՝ կալվածքը, մայրը, երեք կանայք, երեխաները։ Հետևաբար Մարոն կարող էր հույս ունենալ, որ շուտով ինքը կհայտնվեր դեպի մայրաքաղաք ուղևորվող գնացքում։ Այստեղ, այս տանը, ուր ամեն ինչ կառավարվում էր մեկընդմիշտ հաստատված կանոններով, իրական ընտանիքի ծոցում ինքը կարող էր չվախենալ կամայականություններից։ Թովմասն ու ինքը կարող էին ուժ հավաքել դեպի Կոստանդնուպոլիս կատարվելիք երկար և հարմարություններից զուրկ ճանապարհորդությունից առաջ։
Ռըզա բեյը Մարոյին մոտեցրեց իր ընտանիքին.
— Ահա և մեր հյուրը՝ Մարոն և իր որդին՝ Թովմասը,- ասաց նա իր ընտանիքի անդամներին, նրան ներկայացնելով։
Մարոն խոնարհվեց Ռըզայի մոր առջև.
- Երախտապարտ եմ, որ դուք ընդունում եք մեզ ձեր տանը, Բույուկ խանում։
Ծեր կինը պատասխանեց գլխի զուսպ շարժումով։ Չնայած նորեկի մաքուր թուրքերենին, նրա անունը մատնում էր նրա հայկական ծագումը։ Լեյլան օտարին էր նայում ատելությամբ և արհամարհանքով լի հայացքով։ Մակբուլեն պարզապես աչքերը ճպճպացրեց գլուխը խոնարհելուց առաջ։ Որքան իր ամուսնուն հաճոյանալու, նույնքան իր սկեսրոջ առջև ինքնահաստատվելու և Լեյլային իր տեղը ցույց տալու համար, առաջին կինը ջերմորեն ասաց.
- Թող քո գալուստը մեզ մոտ բարի լինի։
Ռըզա բեյն այդ խոսքերի մեջ տեսավ իրենց կապող անկեղծ բարեկամության վկայությունը և վկայությունն այն փոխըմբռնման, որը կերտվել էր քսան տարվա ամուսնական կյանքի ընթացքում։ Գլխի շարժումով նա իր երախտագիտությունն արտահայտեց և շրջվեց ծառայողների կողմը։ Իրենց նվիրվածությունդ վերստին վկայելու համար նրանք իրենց տիրոջը ողջունեցին աջ ձեռքի ափը դեպի սիրտը, հետո դեպի շրթունքներն ու ճակատը տանելով։ Ռըզան ուրախ տոնով ասաց մորը.
- Թող գառներ մորթեն և օղի բաժանեն, որպեսզի մարդիկ կարողանան տոնախմբություն կազմակերպել այս գիշեր։
Էմինեին դիմելով և Մարոյին ցույց տալով՝ նա ավելացրեց.
- Հետևիր, որ մեր հյուրը լավ տեղավորվի։ Նրան սենյակ հատկացրու երկրորդ հարկում։ Այն սենյակում, որը կենտրոնում է դեպի այգին դուրս եկող պատշգամբով։
Այդ խոսքերը լսելով՝ Բույուկ խանումը քարացավ, իսկ Լեյլան շիկնեց։ Երկրորդ հարկը հարեմի հարկն էր, ուր օտարներն իրավունք չունեին մուտք գործելու։ Ռըզա բեյը ընտանիքի գլուխն էր, և Բույուկ խանումը չէր կարող ընդդիմանալ բոլորի ներկայությամբ, սակայն Ռըզան կիմանար, թե ինչ էր ինքը մտածում այդ ամենի մասին։
- Նկարահանե՞մ,– հարցրեց Նաիմ Սարֆատին։
Բույուկ խանումը չարձագանքեց։ Ռըզա բեյը պատասխանեց նրա փոխարեն.
- Իհարկե։
Նա Մարոյին ու Թովմասին կանգնեցրեց իր ընտանիքի կենտրոնում։ Բույուկ խանումը մտադիր չէր այդ լուսանկարը պահպանել իր ալբոմներից որևէ մեկում։ Երբ լուսանկարվելու արարողությունը ավարտվեց, Ռըզա բեյը ձեռքը մեկնեց Բույուկ խանումին, և նրանք տուն մտան։ Մնացածները հետևեցին նրանց։
Մայր մտնող արևի ճառագայթները ներս էին թափանցում գունավոր ապակիներով և կապույտ ու մանուշակագույն լաքաներ էին գցում լուսանկարներով զարդարված պատերի վրա։ Բույուկ խանումը նստեց իր կանաչ բազկաթոռին, որի կողքին դրված էր թևերը պարզած աղավնի պատկերող մի գրակալ, որի վրա արծաթյա գամերով հաստ գիրք կար։ Մնացած ալբոմները շարված էին սեղաններին։ Իր ննջարանին հարող այս փոքրիկ հյուրասենյակում Բույուկ խանումը ժամեր էր անցկացնում։ Իր սիրելի լուսանկարների շնորհիվ նա հաղորդակցվում էր ինչպես մահացած, այնպես էլ ողջ եղբայրների ու քույրերի, իր հինգ երեխաների և թոռների հետ՝ նրանց բոլոր տարիքներում։ Մետաղյա դագերոտիպների և ստվարաթղթի վրա տպված լուսանկարների շնորհիվ նա վերապրում էր իր ընտանիքի պատմությունը։
Մութաքաներով ծանրաբեռնված թախտն անտեսելով, Ռըզա բեյը կանգնած մնաց մոր առջև։ Վերջինս նախ հարցուփորձ արեց ճանապարհորդության մասին և ամփոփեց նկարագրելով, թե ինչ էի տեղի ունեցել Այնթապում նրա բացակայության ընթացքում։
- Այս երեկո ես քո անունից մի քանի աչքի ընկնող քաղաքացիների եմ հրավիրել, որոնք ցանկանում են քեզ շնորհավորել։
- Շատ ճիշտ եք արել։
Այս շեղումից հետո Բույուկ խանումը զգուշորեն զրույցը տարավ այն ուղղությամբ, որն իրեն հուզում էր։
- Դու դարձյալ նվերնե՞ր ես բերել քո կանանց համար, որպեսզի խրախուսես նրանց արատները։
Ռըզա բեյը ժպտաց և ոչինչ չպատասխանեց։ Մայրը պատասխանեց նրա փոխարեն.
- Գիրք՝ երազկոտ Սաֆիյեի համար, մի քանի հազվագյուտ ուտեստներ Մակբուլեի որկրամոլությունը քաջալերելու համար, զարդ կոկետուհի Լեյլայի համար։ Այդպես չէ՞։
Ռըզան փռթկաց.
— Եվ ալբոմ քեզ համար,– ասաց նա հանելով պայուսակից կաշվե կազմով մի ալբոմ, որի վրա ոսկե տառերով գրված էր Բույուկ խանումի անունը։
Ռըզա բեյն այն պատվիրել էր այնթապցի մի արհեստավորի՝ իր մեկնելու օրը։ Մոր կնճռոտ դեմքը ծաղկեց։ Նա դողացող մատով թերթեց սև էջերը և երազեց այն պահի մասին, երբ ինքն այնտեղ կզետեղեր լուսանկարները։
- Շնորհակալություն,– ասաց նա իր մոտ ձգելով Ռըզային՝ նրա ճակատը համբուրելու համար։– Դու միշտ կռահում ես, թե ինչով կարող ես ինձ հաճոյանալ։
Նա քիչ էր մնում ասեր, որ իր երեխաների մեջ Ռըզան միշտ ամենասիրվածն է եղել, սակայն իրեն զսպեց։ Նա ալբոմը դրեց ծնկներին և, դրանով հիանալով, ասաց.
- Այս մեկը նվիրված կլինի բացառապես Ռըզա բեյ գավառապետի կարիերային։
Ռըզան գիտեր, որ չէր զինաթափել մորը, որը, իսկապես, մի կողմ քշեց դեմքից հիացած արտահայտությունը:
- Ինչպես ես նկատեցի, դու քեզ համար էլ նվեր ես բերել։
Ռըզան զարմացած ձևացավ.
— Ի՞նչ եք ուզում ասել։
— Սիրուհի... Այն էլ որդու հետ։
Ձեռքերը թափահարելով՝ Ռըզան ըրնդդիմացավ.
- Դա այն չէ, ինչ մտածում եք, սիրելի մայրիկ։
- Դու չես տեսնում, թե ինչպես ես վարվում նրա հետ։ Քո կանայք նույնպես ամեն ինչ հասկացան։ Դու սիրահարված ես, Ռըզա։
Նրա ճակատը կնճռոտվեց։ Ուրեմն իր տարվածությունը Մարոյով այդքան նկատելի՞ էր։ Սակայն աստվածությունից մինչև սեր երկար ճանապարհ կար։
— Ի՞նչ է կատարվում իրականում,— նորից հարցրեց Բույուկ խանումը, կարծես խոսեր անկարևոր մի հարցի մասին։
Սակայն նա շատ լավ հասկացել էր, որ Մարոն թուրք չէր, և Ռըզան դա գիտեր։ Նա միացավ մոր խաղին։
— Հայուհի, որին ես փրկել եմ մահից։
Մայրը ձեռքը բարձրացրեց և բացականչեց վրդովված.
- Քրիստոնյա՜, քրիստոնյա՜։ Դու չմտածված քայլ ես արել, որդիս։ Դու՝ գավառապե՛տդ։ Նա պե՛տք է այստեղից հեռանա։
Ռըզան ձգվեց և պատասխանեց առարկությունները բացառող ձայնով.
- Երբ ժամանակը կգա, ոչ շուտ։
Բույուկ խանումը հառաչեց։ Երբ իր որդին խոսում էր այդ տոնով, ապա անիմաստ էր լինում հակադրվել նրա պահանջներին։ Ցանկանալով խնայել մոր զգացմունքները, նա բացատրեց.
- Նա և նրա որդին շատ են տառապել տեղահանման ընթացքում։ Նրանք Սվասից ոտքով են եկել։ Ողորմածությունը...
— Ողորմածությու՜նը,– բացականչեց մայրը հեգնանքով։— Ինձ հիմարի տեղ մի դիր։ Ես աչքեր ունեմ տեսնելու համար։ Այդ կինը, չնայած իր կրած զրկանքներին, շատ գեղեցիկ է։ Նրա գեղեցկությունն է, որ գայթակղել է քեզ։
Ռըզան, անվերծանելի դեմքի արտահայտությամբ, անհողդողդ էր։ Ապագայի նկատմամբ տագնապ չսերմանելու նպատակով նա գերադասում էր լռել այն երազի մասին, ուր հայուհին նրան, փրկում էր մահից։ Նա նորից հագավ ընտանիքի գլխավորի դիմակը, որի հեղինակությունը չէր կարող վիճարկվել։
- Իմ վարքագծի դրդապատճառները միայն ինձ են վերաբերում։
- Ինչպես կուզես... Սակայն նա թող ապրի ծառաների հետ և ոչ թե նույն հարկում իմ և քո կանանց կողքին։
— Նա բարձր ծագում ունեցող կին է, և նա իր սենյակը կունենա հարեմում։
Բույուկ խանումը ասաց մռայլ տեսքով.
- Հույս չունենաս, որ ես թեկուզ մեկ խոսք կփոխանակեմ նրա հետ։
Ռըզան անհաշտ տեսք ընդունեց.
- Ես պահանջում եմ, որ նրան վերաբերվեն որպես ընտանիքի անդամի և որ նրա որդուն վերաբերվեն այնպես, ինչպես իմ երեխաներին։ Դուք կհետևեք դրան...
Մայրն այլ ընտրություն չուներ, քան ենթարկվել Ռըզայի կամքին։ Նա իր համաձայնությունը հայտնեց մեկ նախադասությամբ, որը նրան փրկում հր նվաստացումից.
— Այս շոգն ինձ հյուծում է։ Իսկ այժմ գնա, որ ես մի քիչ հանգստանամ։
Առաստաղից կախված թափանցիկ մոծակացանցը շրջապատում էր սպիտակ պատերով մեծ սենյակի անկյունում դրված մահճակալը։ Լաքապատ կոր սնդուկը և սադափով դրվագազարդված սեղանը լրացնում էին կահավորանքը։
— Դու կտեսնես՝ այս սենյակը շատ հարմարավետ է,— ասաց Էմինեն մի կողմ քաշվելով և ներս թողնելով Մարոյին ու իր որդուն։
Լույսը սենյակ էր թափանցում փայտե ճաղերով պատված լուսամուտից և հատկապես դռնից, որը դուրս էր գալիս երկաթյա կռած բազրիքով պատշգամբը։ Էմինեն սեղանին դրեց Մարոյի՝ կարպետից կարված պայուսակը։ Նա քայլում էր ոտքերը քարշ տալով, և նրա հողաթափերը քստքստաւմ էին գորգի վրա։ Ցածր հասակը ընդգծում էր նրա գիրությունը, դեմքը կլոր էր և այնքան ճարպոտ, որ ձգված մաշկի վրա ոչ մի կնճիռ չկար։ Սրտաձև ուրվագծով շրթունքներն անընդհատ ժպտում էին, աչքերը կայծկլտում, և նրան նայողը կռահում էր նրա անխաթար կենսասիրությունը։ Նա վաթսուներեք տարեկան էր՝ չորս տարով փոքր Բույուկ խանումից։ Նա այս ընտանիքն էր մուտք գործել 1870 թ. որպես ճորտ՝ նորածին երեխային՝ Ռըզային խնամելու համար։ Չնայած շարունակում էր ճորտ մնալ, նա դարձել էր ընտանիքի անդամ, և Ռըզան իր մոր պես սիրում էր այդ կնոջը, որը նրան դաստիարակել էր և որից նա ժառանգել էր իր սնահավատությունը և առատաձեռնությունը, որը գերազանցում էր հավատացյալին արված կիսվելու պատվիրանը։
Սենյակը հաղորդակցվում էր մեկ այլ սենյակի՝ մի փոքր հյուրասենյակի հետ, որը կահավորված էր բազմոցով, կանաչ թավշից բազկաթոռով, երկու ցածր դրվագանախշ սեղաններով և աղոթքի գորգով։
— Քո որդին այստեղ կքնի,– ասաց էմինեն։– Ես մոծակացանց ամրացնել կտամ։ Գիշերը միջատները շատ արնախում են դառնում։
Թովմասը քաշեց մոր ձեռքը և նվաց.
— Ես ծարա՜վ եմ, մայրիկ։ Ես քաղցա՜ծ եմ։
Մարոն շշնջաց.
- Հիշիր, հիմա ռամադանն է, այս տան բնակիչները ծոմ են պահում։ Մենք պետք է մեզ իրենց պես պահենք։ Համբերություն, սիրելիս, օրն ավարտվում է։
— Նա քաղցած է, այդպես չէ՞,– հարցրեց Էմինեն, որը մոտեցավ և ձեռքը դրեց Թովմասի ուսին։
Կառքից իջնող երեխային տեսնելուն պես նա ապշել էր նրա հյուծված դեմքից, թևերի և ոտքերի բարակությունից և հայացքի լրջությունից, որը կսազեր մեծ մարդուն։ Այդ ժամանակ նա զսպել էր երեխային մոտենալու և նրան իր գիրկն առնելու մղումը։ Թովմասի լացակումած ձայնը վերակենդանացրեց Էմինեի հուզմունքը և, սենյակի առանձնության մեջ, նա ազատ ընթացք տվեց իր բնական մղումին, երեխային իրեն սեղմեց և շոյեց նրա դեմքըս։ Թովմասը թույլ տվեց, որ իրեն փաղաքշեին, քանի որ ծեր կինը բարի տեսք ուներ և նրա շարժումները նույնքան մեղմ էին, որքան ձայնը։
— Դու հայերեն հասկանո՞ւմ ես,– հարցրեց Մարոն դայակին։
— Մի քանի բառ։ Այստեղ քո ազգակից աղախիններ կան։ Իսկ մեր մատակարարներից շատերը նույնպես հայեր են։ Դու ի՞նչ ասացիր որդուդ։
- Որ մենք պետք է ծոմ պահենք մինչև գիշեր։
— Դա երեխաներին չի վերաբերում,– բացականչեց Էմինեն, վրդովված տեսքով ձեռքերը վեր բարձրացնելով։– Խեղճ փոքրիկ։ Մենք պետք է ճաշ տանք Ռըզա բեյի երեխաներին և քո որդին կուտի նրանց հետ։
Թովմասն ընդհանուր առմամբ հասկացավ, թե ինչ էր ասում դայակը, և նա մորը ժխտական նշաններ արեց։ Մարոն ասաց Էմինեին.
- Կարծում եմ, որ Թովմասը կաշկանդվում է։ Մենք չէի՞նք կարող նրան ուղեկցել խոհանոց։
— Նրան այստեղ կկերակրենք։
Նա միջանցք դուրս եկավ և ծափ տվեց։ Երիտասարդ աղախինը, որ սպասում էր սանդուղքի գլխին, շտապ մոտեցավ։ Նա հազիվ տասներեք տարեկան լիներ և շատ լարված էր։
- Խմելու բան բեր։ Ջուր և օշարակ։ Եվ խնդրիր, որ երեխայի ճաշը վերև բերեն։ Հասկացա՞ր։
— Այո, խանում,– պատասխանեց աղջնակը խոնարհվելով։
Էմինեն բացատրեց Մարոյին.
- Նա նոր է եկել այստեղ։ Ձեզ պես հայ է։
Նա դուռը փակեց և ավելացրեց.
- Երբ քեզ որևէ բան է պետք, դու ընդամենը պետք է կանչես այնպես, ինչպես ես կանչեցի։ Միջանցքում միշտ աղախին կա կանգնած։
Երկու կանայք դուրս եկան պատշգամբ Թովմասի մոտ։ Պարտեզի մեծ ուղղանկյունին իր ծայրամասերում վայրի անտառի կերպարանք էր ստանում։ Ֆիկուսը, մորուտը, դափնեվարդը խիտ ենթանտառ էին կազմում, որտեղից դուրս էին ցցվում նիվենիների ու արմավենիների բները, որոնց բազմաթիվ տերևներ դեղնել էին նախորդ ձմռան ցրտահարությունից։ Պարտեզի մյուս ծայրում փայլփլում էր կլոր ջրավազանը, որը գտնվում էր մագլցող վարդերով կիսով չափ ծածկված տաղավարի կողքին։ Խճածածկ մի ծառուղի, որը երիզում էր բացատներն ու սիզամարգերը, կիսում էր պարտեզը։ Երկու երեխա խաղում էին պարտեզում։ Տղան թռցնում էր իր սավառնակը դեպի իր քույրը, որը վազում էր սարքի հետևից։ Նկատելով Թովմասի հետաքրքրությունը՝ Էմինեն կռացավ նրա վրա.
- Տղայի անունն է Քենան, աղջկանը՝ Էմել։ Վստահ եմ, որ նրանք հաճույքով կխաղային քեզ հետ։
Թովմասը սառեց։ Կարծելով, որ երեխան չի հասկացել, Էմինեն կրկնեց նախադասությունը՝ բառերը հատ-հատ արտաբերելով։ Երեխան չարձագանքեց։ Այդ երեխաները թուրքեր էին, ինչպես և ոստիկանները, որոնք ձերբակալել էին իր հորը, իրենց քշել էին Սվասից, ստիպել էին օրն ի բուն քայլել այնքան, որ Արմենը, Արաքսին և Ազնիվ խանումը մահացել էին։ Տեսնելով հասակակից այդ երեխաներին՝ Թովմասը մտածում էր իր կորցրած ընկերների և հատկապես այն փոքր տղայի մասին, որին զինվորները սպանել էին վանքի բակում։ Ինչպե՞ս կարող էր ինքը խաղալ։ Հատկապես այս երեխաների հետ։ Թովմասը պատրաստ էր քաղաքավարի լինել, բայց ոչ ավելին։
Մարոն դայակին նշան արեց, որ չպնդեր։ Վերջինս նրան հարցրեց հուզված ձայնով.
- Դու դաժան ճակատագրի ես արժանացել, այդպես չէ՞։
- Ես գերադասում եմ դրա մասին չխոսել։
- Իրավացի ես։ Պետք է մոռանալ։ Հիմա, որ դու այստեղ ես, քո դժբախտությանները ավարտվել են։ Կտեսնես, Ռըզայի տունը խաղաղության և երջանկության հանգրվան է։
Պարտեզի արևմտյան պատի վրայով Մարոն հորիզոնին էր նայում։ Արևը հենց նոր թաքնվել էր Ամանոսի լեռնաշղթայի հետևում։ Այնտեղ Միջերկրական ծովն էր։ Ալեքսանդրետ նավահանգիստն էր այնտեղ, իսկ Կոստանղնուպոլիսը մի քանի օրվա նավարկության հեռավորության վրա էր։ Գլուխն աջ կողմր դարձնելով՝ Մարոն տեսնում էր այլ, ավելի տպավորիչ լեռներ՝ Անատոլիան, որտեղից իրենք եկել էին։ Ուղիղ հյուսիսում Սվասն էր։ Մյուս կողմում մզկիթն ու մինարեթր փակում էին տեսադաշտր։ Մարոն իրեն բանտարկված զգաց պատերի ու լեռների քարերի մեջ։ Նա մուտք էր գործել մի աշխարհ, ուր իր ճակատագիրը կախված էր գեթ մեկ տղամարդուց։
- Ի՞նչ մարդ է Ռըզա բեյը։
— Նա արդար է և ջերմ։ Նույնիսկ բարկանալիս բարի է մնում։ Նա երբեք չի ծեծել իր կանանցից և ոչ մեկին, ձեռք չի բարձրացրել իր երեխաների վրա։
Էմինեն ձեռքերը կրծքին սեղմեց և նմանվեց իր սիրելի որդով անսահմանորեն հպարտացող մորը։
- Այդպիսի մարդ հաճախ չես հանդիպի։ Տեսնո՞ւմ ես, ինչ գեղեցիկ է նա, որքան խորաթափանց հայացք ունի։ Չնայած իր ուժին, նա քնքուշ է։
Նա ձայնն իջեցրեց հիացմունքով ավելացնելու համար.
— Եվ, բացի դրանից, առնական է։
— Նա իր խոսքի տե՞րն է։
Հարցը զարմացրեց դայակին, և նրա հոնքերը վեր սողացին։ Նա պատասխանեց մի քանի վայրկյան մտածելուց հետո.
- Նա անում է այն, ինչ ասում է։ Սակայն կինը չպետք է տղամարդուց խոստումներ պահանջի, դա վիրավորանք է նրա համար։ Կինը պետք է ընդամենր ենթարկվի։
Էմինեն ցածրաձայն ավելացրեց.
- Սակայն եթե նա ճարպիկ է, ապա հաճախ ստանում է իր ուզածը:
Աղախինները բերեցին Թովմասի ճաշը և դրեցին հյուրասենյակի սեղաններից մեկի վրա։ Դայակը, հեռանալուց առաջ, դիպավ Մարոյի թևին և մայրական տոնով ասաց.
— Եթե որևէ խնդիր ունենաս կամ ցանկություն, առանց վարանելու կիսվիր ինձ հետ։ Ես կարեցածս կանեմ քեզ համար։
Զարմանալով այդ բարությունից՝ Մարոն նրան իր երախտագիտությունը հայտնեց։
Մարոն Թովմասին հայտնաբերեց սեղանի մոտ ծնկաչոք, ագահորեն ուտելիս։ Նա կանխեց մորը և ասաց լիքը բերանով.
- Ես ձեռքերս լվացել եմ և աղոթել եմ։
Մարոն ժպտաց և նստեց բարձիկի վրա։ Երբ տեսավ, թե ինչ ախորժակով է ուտում Թովմասը, նրա սիրտը ջերմացավ։ Նա ուզում էր, որպեսզի իր որդին այլևս երբեք սովի զգացում չունենար։ Ինչպես նաև ծարավի և վախի զգացում։ Եվ այդ միակ նպատակը պետք է թելադրեր իր վարքագիծը։
Նա մեկը մյուսի հետևից երեք բաժակ ջուր խմեց։
— Դու ծոմ չե՞ս պահում,– հարցրեց Թովմասը։
- Երբ մենակ ենք, ոչ։ Եթե ես ձևանում եմ, ապա միայն մեզ հյուրնկալողների սովորույթները հարգելու համար։
Որդու կկոցած աչքերից նա հասկացավ, որ վերջինս հաճույք էր ստանում իրեն ծաղրելուց և նրա այդ պահվածքը Մարոյին ուրախացրեց։
- Համե՞ղ է։
- Այո՜։ Ես վերջացրեցի բանջարեղենով ապուրը։
Թովմասը, առանց մորից աչքերը հեռացնելու, անցավ սմբուկի աղցանին և աղացած մսին։
- Մենք այստեղ երկա՞ր ենք մնալու, մայրիկ։
- Չգիտեմ, սիրելիս։ Կարևորն այն է, որ անվտանգության մեջ ենք։
— Մենք պետք է մնացածների հե՞տ ուտենք։
-Մենք չենք կարող փակված մնալ այս սենյակում։ Դա անքաղաքավարություն կլիներ մեզ հյուրընկալող մարդկանց նկատմամբ։
Թովմասը ծամածռվեց.
- Ես պետք է խաղա՞մ երեխաների հետ։
- Ոչ, եթե չես ցանկանում։ Բայց դու չես կարող նրանցից խուսափել։ Նրանք բարի տեսք ունեն։
- Նրանք հայեր չեն,– փնթփնթաց Թովմասը։
Նրա աչքերը պերճախոս էին, և Մարոն հասկացավ, թե նա ինչ էր ակնարկում։ Նա շոյեց նրա այտը.
- Երեխաները պատասխանատու չեն այն ամենի համար, ինչ անում են ոստիկանները։ Դու չպետք է նրանց նկատմամբ քեն պահես։ Փորձիր չմտածել այն ամենի մասին, ինչ պատահել է մեզ հետ։
Թովմասի հայացքը սառեց.
- Ես փորձում եմ մայրիկ։ Բայց այդ ամենը երազում եմ տեսնում, ամեն գիշեր։
Մարոն ձեռքերը տարածեց, և երեխան փարվեց մոր կրծքին։ Նա դողում էր։ Մարոն քթի տակ սկսեց այն օրորոցայինը երգել, որը երգում էր նրա փոքր եղած ժամանակ։ Վարդանը ցածր նվագակցում էր ուղով և սիրահարված աչքերով իրեն էր նայում։
Վարդերի երկու մեծ փունջ իրենց բուրմունքն էին տարածում հյուրասենյակում, ուր Սաֆիյեն սպասում էր ամուսնուն։ Նա մազերը ներկել էր հինայով և շրթներկ էր քսել։ Նրա փղոսկրի գույնի մաշկը դրանից լուսավորվել էր։ Նրա դեմքը կլոր էր, և կանոնավոր դիմագծեր ուներ, աչքերը դարչնագույն էին, մի խոսքով՝ գեղեցիկ, հանդարտ և մտածկոտ դեմք։ Սաֆիյեին վերագրվող հանդարտությունն ընդամենը պատրանք էր։ Նա ներքուստ միշտ տենդագին վիճակում էր, որի պատճառն ինքը չգիտեր։ Տարիների ընթացքում նա սովորել էր վերահսկել իրեն, սակայն չէր կարողացել ազատվել այդ վիճակից։
Բացված գիրքը ծնկներին, նա նայում էր պատին կախված մետաքսյա գորգին ու երագում էր։ Դա անուրջ էր, իրար հետ չկապակցված պատկերների շարք։ Նրան թվում էր, որ իր միտքը թեթև էր, ինչպես շղարշը, և քամին այն տանում էր հեռուն։ Նա հայացքը կտրեց գորգի նախշերից և նայեց շրջանակների մեջ առնված վիմագիր նկարներին, որոնց վրա պատկերված էին Կոստանդնուպոլսի, Բաղդադի, Մեդինայի, Կահիրեի և եվրոպական որոշ քաղաքների տեսարաններ։ Նա հոգոց հանեց անորոշ մի թախծից։
Սաֆիյեն ծնվել էր Ուռհայում, որն Այնթապից մոտ հարյուր հիսուն կիլոմետր արևելք էր ընկած, և երբեք չէր հեռացել հայրական տնից մինչև Ռըզա բեյի տանը փակվելը։ Նա տեսել էր միայն շրջանի մռայլ լեռներն ու քարքարոտ դաշտավայրը, սակայն նրա հոգում ապրում էր աշխարհը տեսնելու տենչը։ Իրեն թվում էր, որ աշխարհը մոտ էր, լեռներից այն կողմ։ Նրա աշխույժ երևակայությունը երբեք բավարար սնունդ չէր ստանում, և Սաֆիյեն լուռ տխրում էր այն ամենի համար, ինչ ինքը երբեք չէր տեսնելու։ Նրա կրթությունը սահմանափակվել էր այն ամենով, ինչ անհրաժեշտ էր բարեկեցիկ տղամարդու պարապ կինը լինելու համար, երաժշտության, երգեցողություն, ձեռագործ, զրուցելու արվեստ և վարվեցողություն։ Ընթերցանությո՞ւն։ Գրագիտությո՞ւն։ Ի՞նչ օգուտ դա կարող էր տալ կնոջը։
Նա կարդալ էր սովորել միայն ամուսնանալուց հետո Ռըզա բեյի օգնությամբ և խրախուսանքով։ Եվ Սաֆիյեն շատ շնորհակալ էր նրան այդ բանի համար։ Վերջապես ինքը կարող էր գիրք կարդալ։ Եվ նա կարդացել էր ամուսնու գրադարանում եղած բոլոր արաբատառ գրքերը, քնարերգություն, միստիկ գրականություն, որը մի քիչ բարդ էր իր համար, և ճանապարհորդական նոթեր։ Մնացած գրքերը, որոնք գրված էին ֆրանսերենով, նրա համար անհասկանալի էին, և նա կարող էր միայն հիանալ դրանց նկարազարդումներով, իսկ բովանդակությունը ստիպված էր լինում գուշակել։
Օրեր և նույնիսկ շաբաթներ շարունակ նա մտովի բացակայում էր Այնթապի կալվածքից, և ոչ ոք գլխի չէր ընկնում դրա մասին։ Ուղտի, ձիու կամ փղի վրա նստած, առագաստանավով, ջոնկայով կամ ոտքով նա ուղեկցում էր «իսլամական ճանապարհորդ» Իբն Բատտուտային, որը հետազոտում էր Աֆրիկան, Արաբական թերակղզին, Պարսկաստանը, Ռուսաստանը, Ասիայի տափաստանները, Հնդկաստանն ու Չինաստանը։ Նա հիանում էր տարբեր բարքեր ունեցող ժողովուրդների նկարագրություններով, դողում էր, երբ ավազակները կամ ծովահենները սպառնում էին իր հերոսի կյանքին, ուրախանում էր սուլթանների, խաների, իշխանների և կայսրերի կողմից նրա նկատմամբ ցուցաբերված հարգանքից, հուզվում էր նրա սիրային արկածներից ֆանտաստիկ անվանումներ ունեցող քաղաքներում։ Եվ պատկերացնո՞ւմ եք, նա անցել էր Հալեպով։
Ընթերցանությունն էլ ավելի էր սրում գիտելիքների նրա ծարավը և որևէ տեղ մեկնելու ցանկությունը։ Չնայած սուր մտքին և զգայունությանը, Ռըզա բեյը երբեք չէր կասկածել իր առաջին կնոջ հոգում ապրող ճամփորդելու ցանկության մասին և նույնիսկ չէր նկատել, թե ինչ կարևոր տեղ էր գրավում անուրջը նրա կյանքում։ Նորապսակի կրքի բոցը հանդարտվելուց հետո Սաֆիյեն դարձել էր Ռըզա բեյի համար խելացի և իմաստուն խորհրդատու բարեկամ։ Ինչպես և բոլորը, Ռըզա բեյը բավարարվում էր այն պատկերով, որ Սաֆիյեն արտացոլում էր, իսկ Սաֆիյեն էլ, վախենալով հիասթափեցնել նրան, երբեք չէր համարձակվի նրան շփոթությունից դուրս բերել և բացել իր հոգին։ Ռըզան մեկնում էր իր գործերով առանց կասկածելու, թե որքան նա կուզեր իրեն ուղեկցել։ Նրա ամենանվիրական ցանկությունն էր գոնե մեկ անգամ Կոստանդնուպոլիսը կամ Բաղդադը տեսնել։
Նա ճանաչեց ամուսնու հատուկ թակոցը և արագ ոտքի կանգնեց։ Բացված գիրքն ընկավ գորգին։
- Մտիր։
Ռըզան վուշից կարված լայն արաբական զգեստ էր հագել։ Սաֆիյեն նրան ընդառաջ գնաց, սակայն դանդաղ էր քայլում նրանով ուզածի չափ հիանալու համար։ Ռըզան նրան ջերմ համբուրեց։
— Բարեկամս,– շշնջաց Սաֆիյեն։– ժամանակն այնքան դանդաղ էր անցնում առանց քեզ։
Ռըզան կնոջ ձեռքերը վերցրեց իր ափերի մեջ.
— Աղունիկս, քո քնքուշ գեղգեղոցը ես շատ եմ կարոտում։ Քանի, քանի անգամ եմ մտքումս կենդանացրել քո ձայնը բանաստեղծություններ արտասանելիս...
Սաֆիյեն շրթունքները հպեց Ռըզայի մատներին, հետո փաղաքշեց նրա դեմքը, դիպավ կոպերին։ Նա անհանգստացած էր.
— Ինձ թվում է, դու հոգնած ես կամ լարված։ Ինչ-որ բա՞ն է ծանրացել սրտիդ, բարեկամս։
— Ոչ, ընդամենը հոգնել եմ ճանապարհից։
Սաֆիյեն նրան ձգեց դեպի բազմոցը.
— Ես քեզ խմելու բան չեմ կարող առաջարկել, բայց գոնե նստիր և ոտքերդ ձգիր։
Սաֆիյեն ծնկի իջավ նրա առաջ, հանեց նրա ոտնամանները և մերսեց ոտքերը։
- Ասա ինձ, Ռըզա, ի՞նչ ես տեսել ճանապարհորդության ընթացքում։
Ռըզան ծիծաղեց.
- Քարեր, քարերից բացի ոչինչ չկար տեսնելու։ Դեղնած բուսականությամբ տափաստաններ, ցամաքած գետեր։ Իսկ դու ի՞նչ էիր պատկերացնում։
- Բայց չէ՞ որ այնտեղ քաղաքներ էլ կան։
- Դրանք նման են Ուռհային ու Այնթապին։
Սաֆիյեն չէր ուզում հավատալ։ Ըստ երևույթին Ռըզան կորցրել էր հիանալու ունակությունը։ Ինքը կզգար տարբերությունը, բնապատկերի ու մարդկանց ամենաաննշան տարբերությունը։
— Իսկ դու, քաղցրիկս, ի՞նչ ես կարդացել իմ բացակայությամբ։
Կինը կարմրեց և աչքերը հակելով պատասխանեց.
- Ֆիզուլի... «Լեյլա և Մեջնուն»:
- Նորի՜ց,— բացականչեց Ռըզան ծիծաղելով։
Սաֆիյեի արտևանունքները թրթռացին.
- Ինձ թվամ է, որ նրանք մեզ են նման։ Բոլոր սիրահարներն արյունակիցներ են։
- Դու իրավացի ես,– ասաց Ռըզան՝ գրկելով կնոջը։
Ռըզան նրան մի գիրք մեկնեց, որը Սաֆիյեն ընդունեց զարմացած ձևանալով, սակայն անկեղծ երջանկությամբ։ Մատը տարավ տիտղոսաթերթի ոսկեզօծ տառերի վրայով.
— «Գեղեցկություն և սեր» Ղալիբ Դեդե։
Գիրքը կրծքին սեղմելով՝ նա բռնեց Ռըզայի ձեռքը և շնորհակալություն հայտնեց։ Հանկարծ նրա ձայնը տխրեց.
- Իսկ մենք ժամանակ կունենա՞նք միասին կարդալու։
- Իհարկե,— պատասխանեց Ռըզան։
- Դու արդեն շատ հոգս ունեիր։ Իսկ հիմա, երբ դարձել ես գավառապետ... Եվ բացի դրանից, քո նոր կինը կպահանջի, որ իրենով զբաղվես։
Սաֆիյեն դա ասաց առանց դառնության և խանդի։ Նա վախենում էր միայն, որ ինքն ավելի քիչ հնարավորություն կունենար առանձնանալ ամուսնու հետ։ Առանձնանալու այդ պահերը միակն էին, երբ իրականությունն ու անուրջը միանում էին։
- Ինչպե՞ս կարող եմ ինձ զրկել մեր զրույցներից, իմ քաղցր Սաֆիյե։ Դու սխալվում ես։ Մարոն իմ նոր կինը չէ։ Ավելի շուտ բարեկամ է։ Գոնե ես կուզենայի, որ նա բարեկամ դառնար...
Սաֆիյեի դեմքը մռայլվեց։ Սիրուհի դեռ կարելի էր հասկանալ, բայց բարեկա՜մ։ Այս խոսքերից հետո ինքն իրեն վտանգված զգաց։ Ռըզան շոյեց նրա այտը.
- Մարդ կարող է բազմաթիվ բարեկամներ ունենալ, ինչպես կարելի է բազմաթիվ կանայք ունենալ։ Յուրաքանչյուրն ինչ-որ առանձնահատկություն ունի։ Յուրաքանչյուր հարաբերություն ուրույն է։ Ո՞վ կարող է ինձ պարգեել այն անդորրը, որ ես զգում եմ քեզ հետ։ Ո՞ր կնոջ հոգին կարող է հաղորդակցվել իմ հոգու հետ, ինչպես քոնը։ Արդյոք կարո՞ղ է այլ ձայն, քոնից բացի, ի՜մ Սաֆիյե, տանել ինձ անուրջների աշխարհը։ Քո տեղը փորագրված է իմ սրտում և ոչ ոք չի կարող քեզ վտարել այնտեղից։
Այս խոսքերը փարատեցին Սաֆիյեի վախը։ Եվ նա երկար ժամանակ ընկղմվեց Ռըզայի մեղրագույն աչքերի հայեցության մեջ։ Նրան թվում էր, որ ինքը հալչում էր և որ իր մարմինն ինքնաբերաբար բացվում էր։ Եթե Ռըզան առներ իրեն այդ պահին, ապա միգուցե այս անգամ նրան կհաջողվեր արթնացնել այս մարմնի կիրքը, որն իրեն անձնատուր էր եղել ավեփ շուտ պարտքի զգացումից, քան տենչից։ Սակայն տղամարդը տեղից չշարժվեց, և Սաֆիյեի զգացմունքները վերագտան իրենց սովորական հանդարտությունը։ Այդ պահն անցնելուց հետո նա թեթևություն զգաց։ Ինքնամոռացության այդ պահը, որի մասին կանայք խոսում էին բաղնիքում, նրան շատ էր վախեցնում, քանի որ ներքին համոզում ուներ, որ ինքն այնտեղից ամբողջական չէր վերադառնա։
Սաֆիյեն ժպտաց.
- Ինչպիսի՞ն է նա... այդ հայուհին։
Նա իրեն մեղավոր զգաց այդ հարցի համար.
- Ես չէի ուզենա ներխուժել քո գաղտնիքների մեջ։
- Հակառակը, ես ուզում եմ քեզ հետ նրա մասին խոսել։ Սակայն ես գրեթե նրան չգիտեմ։ Նա կրթված կին է, ուսում է ստացել և ճանապարհորդել է։ Բացի հայերենից ու թուրքերենից, նա խոսում է նաև ֆրանսերեն։ Ասում է, որ դաշնամուր է նվագում։
Սաֆիյեի աչքերը փայլատակեցին։ Նա հետաքրքրված հարցրեց.
— Բնավորությունն ինչպիսի՞ն է։
- Վճռական և ուժեղ, նա գիտի, թե ինչ է ուզում։
- Մե՞ղմ է, բարյացակա՞մ։
- Ինձ թվում է, այո,– ասաց Ռըզան ոտքի կանգնելով Սաֆիյեին համբուրելու համար։– Ներիր ինձ, հոգիս, ես պետք է այցելեմ մնացած կանանց, իսկ հետո պետք է նախապատրաստվեմ հյուրերի ընդունելությանը։
Սաֆիյեն բռնեց նրա թևքից։ Նրա հայացքը աղերսող էր։ Ռըզան այնքան լավ էր ճանաչում կնոջը, որ իսկույն հասկացավ, թե ինչ էր նա սպասում։
- Մարոն իրեն օտար կզգա և կձանձրանա սկզբնական շրջանում։ Դու այնքան բարի կլինե՞ս, որ նրանով զբաղվես։
Սաֆիյեի դեմքը փայլեց.
- Քո ցանկությունն օրենք է ինձ համար, Ռըզա, իմ բարեկամ։
Առաջին կնոջից բաժանվելուց հետո Ռըզան գնաց դեպի Մակբուլեի սենյակը։ Մակբուլեն նստած էր լուսամատի մոտ դրված բազկաթոռին և, օգտվելով արևի վերջին ճառագայթներից, ձեռագործ էր անում։ Ասեղը թույլ չէր տալիս, որպեսզի նա աներ իր համար շատ սովորական շարժումը՝ բերանն ուտելիք տանել։ Ծոմ էր։ Ամբողջ օրը սոված մնալը դժվար չէր, սակայն դժվար էր ժամեր շարունակ մնալ առանց քաղցրավենիքի, չրեղենի և ընկույզի։
Լեյլան սխալվում էր, երբ մտածում էր, որ Մակբուլեն այլևս գրավիչ չէր տղամարդու համար։ Նրա գիրուկ մարմինը չէր խամրեցնում նրա գեղեցկությունը, հակառակը, ընդգծում էր նրա կանացիությունը։ Կաթնագույն մաշկը տարօրինակ պայծառություն ուներ, որը կարծես մարմնի խորքից էր գալիս։ Այն շատ հարթ էր, հոնքերը համարյա թե չէին երևում, իսկ մազերը շատ բարակ էին և փափուկ։
Նրա մարմինը փաղաքշելու ցանկություն էր հարուցում, իսկ դա անհրաժեշտ էր նրա հիվանդագին ամաչկոտությունը հաղթահարելու համար։ Սակայն այդ ամաչկոտությունը հաղթահարելուց հետո նա կորցնում էր զսպությունը, և սերը նրա հետ խաղի էր վերածվում, որը լի էր բեմադրություններով, ծիծաղով և երկիմաստ զրույցներով։ Նա հաճույք էր ստանում, երբ սիրային հարաբերությունները և մարմնի մասերը անվանում էին ամենագռեհիկ բառերով։ Դրանք միակ պահերն էին, երբ նա դադարում էր իր ամուսնուն դուքով դիմելուց։ Քանի դեռ տենչը չէր տիրացել նրան, նա իրեն պահում էր որպես վախկոտ և վայրի աղջիկ, որը հովանավորության կարիք ուներ։
Հենց այդպես էլ նա ընդունեց Ռըզա բեյին և դողալով փարվեց նրա կրծքին.
- Ամուր սեղմեք ինձ ձեր կրծքին, ի՜մ ամուսին, և պահեք ինձ ձեր գրկում: Ձեր ուժի հովանու տակ։
Ինչպես և միշտ, այդ անվերապահ վստահությունը հուզեց Ռըզա բեյին։ Այն պահից ի վեր, որ նրա կիրքը Մակբուլեի հանդեպ մարել էր՝ ամուսնությունից երկու տարի անց, Ռըզան նրան ընկալում էր ավելի շուտ որպես երեխա, քան կին, և նրա սերը հայրական երանգ էր ստացել։
- Ես կուզենայի շատ փոքր լինել, որպեսզի դուք ինձ ձեր գիրկն առնեիք և օրորեիք։
Դա գրեթե ծես էր դարձել նրանց հարաբերություններում։ Մի ձեռքով բռնելով նրա մեջքից, իսկ մյուսը տանելով նրա կլորիկ հետույքի տակ, նա բարձրացրեց կնոջը։ Մակբուլեն զարմացած ճիչ արձակեց և կախվեց նրա պարանոցից։ Ռըզան նրան օրորելով քայլում էր։ Նա գլուխր դրեց ամուսնու ուսին և փակեց աչքերը։ Նա իրեն լավ էր զգում Ռըզայի գրկում՝ անձնատուր լինելով նրա ուժին։ Երբ ամուսինը տենչում էր իրեն, ապա տանում էր մինչև մահճակալը, ուր կինն անշարժ էր մնում և թույլ էր տալիս, որ Ռըզան իր հագուստը հաներ։ Հակառակ դեպքում նա կնոջը իջեցնում էր բազկաթոռի մեջ։ Այս անգամ նա հենց այդպես էլ վարվեց։ Ուժի այդ ցուցադրումը Մակբուլեի հոգում ծնունդ էր տալիս ապահովության զգացման։ Նա այնքա՜ն բաներից էր վախենում և առաջին հերթին Բույուկ խանումից։
Ռըզա բեյը ճմկտեց նրա մեջքը։ Մակբուլեն գալարվեց և ծիծաղեց իր զրնգուն ծիծաղով։
— Դու ռամադանի ծոմը լա՞վ ես պահում։
- Օ՜, այո՜։
- Դժվա՞ր է,– հարցրեց Ռըզան կիսածիծաղկոտ, կիսացավակցող տոնով։
Մակբուլեն խորը հառաչեց.
— Տարեցտարի ավելի դժվար է դառնում։ Ամբողջ ցերեկը ես այն ուտեստների ցանկն եմ կազմում, որոնք ճաշակելու եմ մութն ընկնելուց հետո։ Եվ մի քսան անգամ փոխում եմ այդ ցուցակը։
Ռըզան դադարեց ծիծաղելուց։ Մակբուլեի պես որկրամոլի համար ծոմը սարսափելի փորձության էր վերածվում.
— Փորձիր միտքդ այլ բանով զբաղեցնել և մոռանալ ուտելիքի մասին։
— Չի՛ հաջողվում։ Կերակուրները շարքով անցնում են աչքիս առջևով, ինչպես միրաժն անապատում խաբում է ճանապարհորդներին։
Ռըզան թփթփացրեց նրա ձեռքին ու սիրտ տվեց.
— Այդ պատճառով դու ավելի մեծ վաստակ ունես Ալլահի աչքերում։
Մակբուլեի տեսքից երևում էր, որ դա շատ աննշան մխիթարանք էր իր համար։ Ռըզա բեյը նրան մի տուփ տվեց, որը գայթակղիչ բուրմունք էր արձակում։ Նա արագ բացեց ու հիացավ, քանի որ երբեք այդպիսի քաղցրավենիք չէր տեսել.
— Ի՞նչ է սա։
— Նուգա։
Մակբուլեն քիթը տուփին մոտեցրեց, դժվարությամբ դիմադրելով գոնե լեզվի ծայրով քաղցրավենիքը փորձելու գայթակղությանը։
- Կկարողանա՞ս համբերել մինչև գիշեր։
Մակբուլեն նայեց երկնքին, որը մուգ կապույտ էր դարձել.
— Այո,— պատասխանեց նա վստահորեն և փակեց տուփը։— Շնորհակալություն, իմ թանկագին ամուսին։ Հոգիս տակնուվրա եղավ այն մտքից, որ ես ինչ-որ նոր բան պետք է փորձեմ։
Մակբուլեն չարաճճի տեսքով Ռըզային նայեց, ինչը նրա համար հատկանշական էր սիրախաղերի ժամանակ, և ոտքերի մատներին կանգնելով նրա ականջին շշնջաց վերջին անպարկեշտ պատմությունը, որ լսել էր խոհանոցում։ Ռըզան նրանից հեռացավ բարձրաձայն ծիծաղելով։
Երբ Ռըզա բեյը մուտք գործեց Լեյլայի հյուրասենյակը, նրան շլացրեց սեղանին վառվող մոմերի լույսը։ Սենյակում տարածվում էր ծխացող խունկի բուրմունքը։ Երիտասարդ կինը թաքնվել էր սենյակի մութ անկյունում։ Նեղացած ձայնով նա հանդիմանեց ամուսնուն.
- Ինչպես միշտ, ես վերջինն եմ։
- Մոտեցիր, փոքրիկ կամակոր, արի քեզ տեսնեմ։
- Նախ նստիր, տիրակալ։
Ինքն իրեն հարցնելով, թե արդյոք այս անգամ Լեյլան ի՞նչ էր հնարել, Ռըզան նստեց ցածր թախտին։ Լեյլան մոտեցավ կատվազգու իր քայլվածքով։ Ոտքերի կոճերին ամրացված զանգակներն ու ենթադաստակներին հագած բազմաթիվ ապարանջանները զնգզնգում էին։ Նա թեթև և թափանցիկ քողեր էր հագել, որոնց տակից երևում էր մարմինը։ Սուրմայի հաստ շերտը ընդգծում էր նրա աչքերը և երկարացնում բարակ հոնքերը։ Նրա ձեռքերն ու ներբանները ներկված էին հինայով։ Նա ադամանդյա ապարոշ էր կրում, մեծ ականջօղեր և բազմաթիվ վզնոցներ։
Նրա բոբիկ սրունքները դոփում էին հախճապակյա սալերով պատված հատակին, և զարդերի չխկչխկոցը որոշակի ռիթմ էր ստեղծում։ Նա գլուխը հետ գցեց, և այդ դիրքն ընդգծեց նրա փոքր քիթր, արտահայտված այտոսկրերը և սուր կզակը։ Այդ նուրբ դեմքի վրա բերանը չափից ավեփ մեծ էր թվում։ Փոքրիկ մարմինը գալարվեց, իսկ կոնքերը սկսեցին տատանվել։ Լեյլայի նրբությունր խաբուսիկ էր։ Նա պրկված մկաններ ուներ և նյարդերի կծիկ էր, նա նույնքան անհնազանդ էր, որքան համառ։
Նա սերը պայքարի էր վերածում։ Տղամարդուն գրգռելուց հետո սկսում էր նրա հետ խաղալ։ Ռըզան հետապնդում էր նրան, իսկ նա՝ ճարպիկ և շարժուն, խույս էր տալիս։ Այդ խաղն այնքան էր տևում, մինչև Ռըզան, հասնելով տենչանքի գագաթնակետին, ուժ էր գործադրում նրան մահճակալին շուռ տալու համար: Նա մի քիչ դիմադրում էր, հետո տրվում էր վայրագորեն։ Լեյլան մեծ կարևորություն էր տալիս, որ մյուս երկու կանայք լսեին իր զվարճանքների արձագանքը։
Լեյլային առաջին անգամ տեսնելով՝ Ռըզա բեյը կարծես կայծակնահար եղած լիներ։ Լեյլան տասնվեց տարեկան էր։ Նրա հայրը, որը շիա մահմեդական էր, հակառակվել էր այդ ամուսնությանը, երդվելով, որ կգերադասեր իր դստերը ամուսնացնել քրիստոնյայի, քան սուննի մահմեդականի հետ։ Սակայն նա հարուստ չէր, և ամուսնությունը Ռըզա բեյի հետ անսպասելի երջանկություն կլիներ իր դստեր համար։ Հորը համոզելու փորձերն ապարդյուն էին անցել, և ժամանակի հետ Ռըզայի կիրքն ավելի էր բորբոքվում։ Նա կորցրել էր քունն ու ախորժակը։ Վերջապես նա միջոց էր գտել։ Նա գնել էր Լեյլայի հոր հողամասին կից հողակտորը և պատվար կառուցելով պահել էր այն աղբյուրի ջուրը, որով այդ մարդը ջրում էր իր դաշտը։ Անխուսափելի սնանկացման սպառնալիքի ներքո հայրը ստիպված էր զիջել։
Լեյլան դափը զարկեց և սկսեց կոնքերը տատանել ամուսնու առջև։
- Դաժան տիրակալ, դու ինձ ստիպել ես երեք շաբաթ շարունակ նվաղել սիրուց, իսկ հիմա եկել է տառապելու քո հերթը։ Ես իմ քողերը մեկ-մեկ պետք է հանեմ։ Քո սովը ցավի կփոխակերպվի, և դու ծնկաչոք կաղերսես բավարարել քո տենչը։
Ռըզան սիրում էր, երբ Լեյլան պարում էր իր համար։ Նա իր ոճն ուներ և այնքան ճկուն էր, որ բազմաթիվ պարուհիներ կնախանձեին նրան։ Սակայն այսօր նա տրամադրություն չուներ։
— Մեկ ուրիշ անգամ,— ասաց նա։— Այս երեկո ես շտապում եմ։
Լեյլան մի կողմ նետեց դափը, պպզեց նրա առջև և ձեռքը տարավ դեպի նրա աճուկը.
— Այդ դեպքում տիրացիր ինձ արագ, գետնին։
Ռըզան բռնեց նրա ձեռքերը և հեռացրեց իր արվանդամից։
— Ռամադան է։ Ցերեկը սիրախաղերով չեն զբաղվում։
Լեյլան հիասթափված հոգոց հանեց։ Ռըզան բռնեց նրա կզակից և համբուրեց մխիթարելու համար։
— Ի՞նչ ես բերել ինձ համար։ Զա՞րդ, մետաքսյա կերպա՞ս։
Ռըզան նրան տվեց մի զույգ ոսկեթել հողաթափեր։ Հողաթափերից յուրաքանչյուրի երեսին մարգարիտներով ծաղիկներ էին բանված։ Լեյլան երեխայի պես ուրախացավ։ Նա հողաթափերն էր փորձում, երբ լսվեց Այնթապում արձակված հրանոթի պայթյունը, որն ազդարարում էր ծոմի գիշերային ընդհատումը։
— Հրանոթը,– բացականչեց նա մեջքի վրա ընկնելով։ Տիրացի’ր ինձ:
Նա վրայից պոկեց քողերը մուգ պտուկներով ստինքներն ազատելու և նոր մազազերծ արված ցայլքով փորը բացելու համար։
- Լեյլա...– ասաց Ռըզա բեյը դժվարությամբ բարկությունը զսպելով։– Ես քեզ ասացի, որ ժամանակ չունեմ։ Բույուկ խանումը մեզ է սպասում այգում։
Լեյլան սարսափեց։ Չորս տարվա մեջ առաջին դեպքն էր, որ Ռըզան մերժում էր իր նախաձեռնությունը։ Նա մի քանի վայրկյան անշարժ մնաց, հետո վեր թռավ։
— Դու ինձ այլևս չե՞ս սիրում,– հարցրեց նա մարտաշունչ տոնով։
— Ինչո՞ւ։ Սիրում եմ։
— Դու ինձ այլևս չես ուզում, այդպե՞ս է։
— Հենց այս պահին, ոչ, վերջ։
Նա մերժում էր իրեն։ Լեյլան այդպիսի բան չէր պատկերացնում։ Նա գլուխը կորցրեց ու պայթեց։
- Դու համբուրել ես քո հայուհուն ու հագեցել ես։
- Լռի՛ր– ասաց նա չոր տոնով։
Ցանկացած այլ դեպքում Լեյլան կհնազանդվեր, սակայն կատաղությունն ու խանդը նրան կուրացրել էին։ Բռունցքները կոնքերին դրած նա հեգնեց.
— Գիտենք, քրիստոնյայի համար ռամադան չկա։ Նա այդ բանը նույնքան լա՞վ է անում, որքան ես։ Գոնե հաճույք ստացե՞լ ես։
Եթե նույնիսկ Ռըզա բեյը հասկանում էր իր կնոջ վիճակը, այդուհանդերձ նրա համբերությունը հատելու վրա էր։ Նա խիստ ձայնով կրկնեց.
— Լեյլա, ես քեզ ասացի՝ լռի՛ր։
— Եթե կարծում ես, որ ես թույլ կտամ, որ ինչ-որ գյաուր իմ տեղը գրավի...
— Հերի՛ք է,— բղավեց Ռըզան։
Լեյլան հնազանդվեց և սկսեց լացել։ Ռըզան խոսքեր էր փնտրում նրան խելքի բերելու համար։ Լեյլան, լացակումած ձայնով, սկսեց հանդիմանել ամուսնուն։
— Ինձ հետ ամուսնանալու համար դու սնանկացրիր իմ հորը, գրեթե սովամահ արեցիր մորս, եղբայրներիս ու քույրերիս։ Իսկ հիմա ինձնից հրաժարվում ես։ Դե լա՜վ, բաժանվիր ինձնից։ Ես Սաֆիյեի նման ճմրթված փալաս չեմ դառնա, կամ էլ Մակբուլեի պես յուղոտ սագ։
Ռըզան, գունատվելով, բռնեց նրա թևը և սեղմեց.
— Հե՛տ վերցրու այդ խոսքերը։
Լեյլան, ատամները կրճտացնելով, լռում էր։ Նրա ամուսինն ավելի ուժեղ սեղմեց նրա թևը։ Նա մի քիչ էլ դիմացավ ցավին և դժկամությամբ ասաց.
—– Ես... Ես չմտածեցի, թե ինչ եմ ասում։
Ռըզան բաց թողեց նրա ձեռքը։ Նրա ձայնը բարկությունից դողում էր.
— Ես քեզ արգելում եմ Սաֆիյեի ու Մակբուլեի մասին անգամ մտածել այդպես։ Հարգալից եղիր, դու շատ բան ունես նրանցից սովորելու։ Ինչ վերաբերում է իմ հյուրին, ապա դու նրան կժպտաս և կհրամցնես մեր տան հյուրասիրությունը։ Հասկացա՞ր։
Լեյլան լացում էր թևը շփելով։ Սակայն նրա ինքնասիրությանը հասցված հարվածը ավելի ցավոտ էր։ Այդուհանդերձ, նա համբուրեց Ռըզայի ձեռքը, ներում հայցելով։ Նա հուզվեց ու սրբեց նրա արցունքները, որոնցից լուծվում էր նրա աչքերի սուրման։
— Փոքրիկ կամակոր... Միշտ չէ, որ ես կկարողանամ զսպել բարկությունս, ինչպես հիմա։ Այլևս ինձ չփորձես։
Լեյլան հարցրեց խղճալի տեսքով.
— Դու ինձ սիրո՞ւմ ես։
— Իհարկե– ասաց Ռըզան նրան համբուրելով։
Թովմասը պառկած էր բազմոցին, իսկ կնքահոր ծովային գլխարկը դրել էր աթոռին, իր կողքին։ Նա այդպիսով տիրանում էր սենյակին։ Որդու կողքին նստած Մարոն սպասում էր, որ գային իր հետևից։ Քիչ առաջ Էմինեն նրան զգուշացրել էր, որ ինքը պետք է ճաշեր ամբողջ ընտանիքի հետ այգում, խաղողի վազերի տակ։ Ճաշի հեռանկարը տհաճ էր Մարոյի համար, որը նկատել էր Բույուկ խանումի սառը վերաբերմունքը։ Նա հնարավորություն չուներ խուսափելու այդ պարտականությունից, առանց վիրավորելու իրեն հյուրընկալողներին։ Ուրեմն պետք էր ժպտալ, կեղծել և ձևանալ, թե խոսակցությունը հետաքրքրում է։ Կեղծե՜լ... Նորի՜ց։
Նա Թովմասի հետ աղոթում էր, երբ դուռր ծեծեցին։ Նա դուռը բացեց Ռըզա բեյի առջև, որը նրա ձեռքը համբուրեց.
— Դու թովիչ ես։
— Շնորհակալություն,— ասաց նա աչքերը խոնարհելով։
Մարոն հագել էր սպիտակ շատ թեթև մետաքսից կարված զգեստը, որ Ռըզան ուղարկել էր դայակի միջոցով։ Ոսկեթել ձեռագործով զարդարված պարեգոտը գոտկատեղին հավաքվում էր կանաչ գոտիով և իջնում էր մինչև ներբանները։ Մարոն աչքերն ընդգծել էր սուրմայով, իսկ մազերը հավաքել էր ծոծրակին, և այդ սանրվածքը շեշտում էր նրա դեմքի կատարյալ ուրվագիծը։ Նրա նրբագեղ և ներդաշնակ տեսքը ոգևորեց Ռըզա բեյին, և նա հիշեց մոր խոսքերը։ Սիրահարվա՞ծ։ Ի՞նքը։ Նա այդ հարցը չէր դիտարկել այդ տեսանկյունից։
Նավթի լամպի լույսի ներքո Ռըզա բեյի շրթունքները խոնավ էին թվում, իսկ ստվերի պատճառով ավելի ցցուն երևացող այտոսկրերի վերևում աչքերը՝ կանաչ։ Նա հպարտ էր ու ինքնավստահ և Մարոյին էր նայում ուշադիր հայացքով, որից նա իրեն վատ էր զգում։ Նա չէր կարող անտեսել իրականությունը՝ Ռըզա բեյի դեմքը բացահայտորեն արտացոլում էր նրա զգացմունքները՝ տենչանք և, իսկ դա ավելի լուրջ էր, սեր կամ դրան մերձեցող մի զգացմունք։
— Սենյակդ հարմա՞ր է,— հարցրեց նա ներս մտնելով։
— Այո, իհարկե։
Ռըզան, սենյակը ցույց տալով, ասաց.
— Համարիր, որ քո տանն ես։ Բոլորս շատ երջանիկ ենք, որ դու և որդիդ մեզ հետ եք։
— Բոլո՞րդ։ Իսկապե՞ս,– հարցրեց Մարոն։– Սակայն ինձ թվաց...
Ռըզան ձեռքը թափ տվեց, կարծես մոծակ քշեր.
— Մի վստահիր առաջին տպավորությանը։ Դա ընդամենը զարմանքի հետևանք էր՝ մայրս չգիտեր քո ժամանման մասին։
— Դուք նրան զգուշացրե՞լ եք, որ ես այստեղ երկար չեմ մնալու։
Պատասխանելու փոխարեն անկաշկանդ քայլվածքով նա գնաց դեպի պատշգամբի դուռը։ Մարոն հետևեց նրան և շարունակեց, ցանկանալով անտարբեր երևալ։
— Ես կտամ իմ քեռի Մեսրոպի հասցեն, որպեսզի դուք նրան հեռագրեք։ Այդպիսով ես կկարողանամ մեկնել առանց ձեր և ձեր մոր հյուրասիրությունն անհարկի չարաշահելու։
Այն միտքը, որ Մարոն կարող էր անհայտանալ իր կյանքից, Ռըզային ցավ պատճառեց։ Նրան համակած երջանկության հաճելի զգացումը ցնդեց։ Եվ նա ստացավ պատասխանը, այո, ինքը սիրահարված էր։ Հայացքը մութ այգուն հառած՝ նա մի քանի վայրկյան հոլովեց «սեր» բառը։ Ուրեմն դրանից էր, որ վերջին մի քանի օրերն ինքն իրեն երիտասարդ էր զգում։ Նոր կիրք քառասունվեց տարեկանում։ Նրա դեմքին հայտնված ժպիտը վերացավ։ Ինչպե՞ս կարող էր ինքը, առանց բանտարկյալի կարգավիճակում պահելու Մարոյին, ստիպեր նրան, որ այստեղ մնար բավականաչափ երկար, որպեսզի ինքը հասցներ նրան նվաճել։ Ասե՞լ նրան, որ իր ամուսինը կախաղան էր հանվել։ Որ նրա քեռին այլևս Ստամբուլում չէր ապրում։ Ոչ, դա շատ հեշտ կլիներ և, բացի դրանից, իրեն միշտ կթվար, որ Մարոն ճարահատյալ էր մնացել։ Նա ուզում էր, որ Մարոն բոլորի միջից իրեն ընտրեր, իրեն սիրեր և ամեն ինչ թողներ իր համար։
Նա մտահոգ տեսքով շրջվեց Մարոյի կողմը.
— Ամեն ինչ այդպես հեշտ չէ, ինչպես քեզ թվում է,– ասաց նա։— Բանակը վերահսկում է փոստը, որը ծառայում է միայն ազգային շահ ներկայացնող խնդիրներին։ Նույնն է երկաթուղու դեպքում։ Բացի դրանից, անհրաժեշտ կլինի ճանապարհորդել թիկնազորով, որը կազմված կլինի կոպիտ տղամարդկանցից, և ճանապարհի զգալի մասը ոտքով կտրել, քանի որ երկաթուղին ընդհատվում է Տավրոսում, ուր թունելը դեռևս կառուցված չէ։
— Ես ավելի վատ պայմաններում եմ եղել,– շշնջաց Մարոն։
— Դա դժվար կլինի կազմակերպել, նույնիսկ ինձ՝ գավառապետիս համար։
Հաշվի առնելով Ռըզա բեյի զգացմունքները, որ Մարոն կռահել էր, այդ պատասխանը նրան չզարմացրեց։ Սակայն նա ցույց տվեց իր հիասթափությունը, նույնիսկ մի քիչ չափազանցելով։ Դա տվեց սպասված արդյունքը։ Ռըզա բեյն շտապեց ավելացնել.
— Հասկացիր ինձ, ես չեմ ասում, որ դա անհնար է, միայն դժվար։ Այդ գործն ինձ թող և համբերատար եղիր։ Ես կրկնում եմ. այստեղ դու քո տանն ես։ Հանգստացիր ու ճաշակիր այս տան անդորրը։
Ռըզան բռնեց Մարոյի ձեռքերը, որոնք վերջինս չհամարձակվեց ազատել.
— Դու ինձ հավատում ես, չէ՞։
Միշտ այդ երկիմաստ հարցերը։ Մարոն ստիպված եղավ «այո» անել գլխով։ Ռըզան մոտ եկավ և ասաց լուրջ ձայնով.
— Պատերազմ է, ու երկիրը տակնուվրա է եղել սարսափելի իրադարձություններից, հենց այն իրադարձություններից, որոնցից դու էլ ես տուժել։ Քո խեղճ մայրը...
Մարոն ցնցվեց և ձեռքն ազատեց։ Նրա շրթունքները դողում էին, նա դժվարությամբ էր զսպում իր մեջ հասունացող պայթյունը։ Ռըզա բեյի ձայնը էլ ավելի զգացմունքային դարձավ.
— Չգիտեմ, թե դու ինչ ես մտածում իմ մասին, սակայն ես ոչ մի կապ չունեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են ոչնչացնել քո ժողովրդին։ Կառավարությունը վճռել է, և ես, ինչպես և ուրիշները, այլ ելք չունեմ, քան ենթարկվել։ Սակայն ես սիրում եմ հայերին և հարգում եմ նրանց հավատքը։
Այս փաստարկները մի քիչ հանդարտեցրին Մարոյին։ Տղամարդը շարունակեց.
— Ես վեց կամ յոթ հայուհի եմ վերցրել որպես աղախին, և բազմաթիվ ընտանիքներ ապահով կերպով ապրում են իմ հողերում։ Ես արել եմ ամեն ինչ քո ազգակից իմ բարեկամների համար։ Հիմա, երբ ես գավառապետ եմ, կկարողանամ օգնել ավելի շատ հայերի։ Սակայն, հասկացիր, որ իմ հնարավորությունները սահմանափակ են։ Եթե շատերին օգնեմ, ինձ պաշտոնանկ կանեն, և պաշտոնը բաժին կհասնի դաժան և անխիղճ մարդու։
Մարոն, հուզվելով այդ բառերից, չգիտեր, թե ինչ մտածեր։ Ռըզան նորից տիրացավ նրա ձեռքին։ Նա գրեթե աղերսում էր.
— Ի սեր Աստծու, մի նույնացրու ինձ քո թշնամիների հետ, Մարո։ Հանձին ինձ տես դաշնակցի, որը պաշտպանում է քեզ, բարեկամի, որը քեզ համար բացում է իր տան դուռը։ Իմ տան պատերը պատվար են քեզ համար, և դրսում մոլեգնող տառապանքը չի կարողանա քեզ հասնել։
Նրա դեմքն անկեղծ Էր, և աչքերի ջերմությունն այն ավելի Էր գեղեցկացնում։ Սակայն այդ աչքերում նպատակասլացություն, սպասում և սով կար, որոնք կասկած էին հարուցում Մարոյի հոգում։ Պաշտպանվելու համար նա մի հարց տվեց, որի մեջ անվստահություն կար.
— Իսկ ինչո՞վ Է բացատրվում ձեր հոգատարությունն իմ նկատմամբ։
Ռըզան ձևացավ, որ չի հասկանում հարցը, և Մարոն կրկնեց հարցը։ Ռըզա բեյը բաց թողեց նրա ձեռքերը և ուսերը թոթվեց։ Նա ժպտում էր շփոթված երեխայի պես։ Նա սկսեց ճեմել սենյակում և ոգևորված խոսել.
— Ի՞նչ կարիք կա ամեն ինչ անվանել իրենց անուններով։ Առուն ինքն իրեն հարց տալի՞ս է, թե ինչո՞ւ է ինքը դեպի դաշտավայր հոսում։ Ամպը հետաքրքրվո՞ւմ է արդյոք, թե ինչից է, որ քամի է փչում։ Ես ենթարկվում եմ իմ հոգու պոռթկումներին առանց մտածելու Աստծու կամքի մասին։ Սովորիր ենթարկվել Աստծու կամքին։
— Մենք ասացվածք ունենք. Աստծու վրա հույս դիր, սակայն դու էլ մի բան արա։ Ռըզան խորամանկ տեսքով ժպտաց.
— Դրանից բացի, պետք է իմանալ, թե երբ դադարեցնել պայքարը և հույսը դնել Աստծու վրա։
Ռըզա բեյը մոտեցավ հյուրասենյակի դռանը, ուր վառվում էր նավթի երկրորդ լամպը։ Տեսնելով, որ Թովմասը քնած չէ, նա մոտեցավ բազմոցին։
— Ես իմ ճառերով քեզ չե՞մ թողնում, որ քնես,– հարցրեց նա մեղմ ձայնով։
— Ոչ։
Ռըզան դանդաղ էր խոսում, որպեսզի թուրքերեն վատ իմացող երեխան իրեն հասկանար։
— Դու կուշտ ճաշեցի՞ր։
— Այո,– պատասխանեց Թովմասը զգուշավորությամբ։
— Ինձ թվաց, որ դու հետաքրքրվում ես ձիերով։
Թովմասը լռում էր, սակայն նրա աչքերը մատնեցին նրա հետաքրքրասիրությունը։
— Դու ձի հեծնել կարո՞ղ ես։
— Այո՛։
Պատասխանի շտապողականությունը զվարճացրեց Ռըզային։
— Ես մեծ ախոռ ունեմ։ Եթե ցանկանում ես, կարող ես ընկերակցել որդիներիս ձի հեծնելիս։
Իրենից անկախ Թովմասը գլխով արեց։ Ռըզան խառնեց նրա մազերը և շշնջաց ջերմ ձայնով.
— Բարի գիշեր, տղաս։
— Բարի գիշեր։
Բավարարվելով, որ տղան հակակրանք չի ցուցաբերում իր նկատմամբ, Ռըզա բեյը վերադարձավ ննջարան։ Մարոն գնաց որդուն համբուրելու։ Ռըզան նրան սպասում էր միջանցքում։ Երբ Մարոն մոտեցավ, Ռըզան նրան մեկնեց զմրուխտե մի վզնոց։
— Սա քեզ համար է։
Մարոն հետ քաշվեց.
— Քեզ եմ նվիրում։
— Ես չեմ կարող ընդունել։
Տղամարդը պնդեց.
— Ինձ հաճույք պատճառելու համար...
— Շնորհակալ եմ, Ռըզա բեյ, սակայն հրաժարվում եմ։
— Նվերից չի կարելի հրաժարվել։
Մարոն անհողդողդ էր մնում։ Ռըզան նայեց նրա աչքերի մեջ, և նրա ժպիտը խորամանկ դարձավ.
— Դու վախենում ես, որ դրա դիմաց ինչ-որ բան կխնդրե՞մ։
Մարոն շփոթված էր։ Ռըզայի դեմքին ափսոսանք կար, իսկ ձայնը հուզված էր.
— Ես ուզում եմ, ու դու զարդ կրես, որպեսզի մոռանամ առաջին տպավորությունը, որ թողեցիր ինձ վրա։ Դու կեղտոտ էիր ու ողորմելի տեսք ունեիր, պառկած էիր գետնին ու շրջապատված էիր տղամարդկանցով, որ պատրաստվում էին քեզ բռնաբարել։
Մարոն իրենից անկախ այլայլվեց այդ հիշողությունից։ Ռըզան շարունակեց.
— Ինձ նույնպես այդ հիշողությունը տհաճություն է պատճառում։ Քո հայացքում այնքան հուսահատություն կար։ Հիմա էլ այդ պահը հիշելիս ես ցնցվում եմ։ Ջնջիր այդ տեսարանն իմ հիշողությունից, գեղեցիկ եղիր։
Նա վզնոցն անցկացրեց Մարոյի վզին և կողպեքը փակեց։ Մարոն թույլ տվեց, որ նա այդ բանն աներ, սակայն ասաց վստահորեն.
— Մենք պայմանավորվում ենք, որ մեկնելիս ես այն կվերադարձնեմ։
Պատասխանելու փոխարեն Ռըզան շարժումով նրան հրավիրեց իրեն հետևել։ Միջանցքի խորքում, Բույուկ խանումի բնակարանի մոտ պտուտակաձև սանդուղքը տանում էր դեպի այգին։ Այդ սանդուղքով կանայք կարող էին պարտեզ իջնել օդափոխվելու առանց քող հագնելու, ինչպես պարտավոր էին անել առաջին հարկի սենյակներով անցնելիս։
Քամին դադարել էր, և ծաղիկների ծանր և արբեցնող բուրմունքը կախված էր ծառերի տակ։ Օդը տարուբերվում էր գրեթե ամենուր տեղի ունեցող տոնախմբությունների խուլ արձագանքից։ Եթե օրվա ընթացքում չէր կարելի ոչ ուտել, ոչ խմել, ապա մութն ընկնելուն պես ամեն ինչ փոխվում էր, և տոնախմբությունները, երաժշտությունն ու պարը շարունակվում էին մինչև լուսաբաց։ Պատերազմն ու սննդամթերքի սղությունը մոռացվել էին։
Հողի մեջ խրված ջահերը լուսավորում էին ծառուղին մինչև ավազանը։ Ծառուղու երկու կողմերում՝ ծառերի ստվերներում երևում էին մարմարյա արձաններ։ Տաղավարը հենվում էր տան պատին։ Խաղողի վազերի տերևների արանքից երևում էր մոմերի լույսը, և գետինը ծածկված էր լույսի լաքաներով։ Կլոր մեծ սեղանի շուրջը նստած էին վեց կին։ Բույուկ խանումն ու Էմինեն սևազգեստ էին, սակայն մնացածները հագել էին բաց գույների՝ դեղին, երկնագույն, վարդագույն մետաքսյա զգեստներ։ Մարոն առաջին անգամ էր տեսնում Ռըզա բեյի կանանց դեմքերը՝ երեք գեղեցկուհիներ, որոնցից յուրաքանչյուրին ճանաչեց նրանց հայացքներից։ Այնտեղ էր նաև Շահանեն՝ Սաֆիյեի ավագ դուստրը, որը ժառանգել էր մոր կլոր դեմքը և հոր մոխրականաչ աչքերը։ Նա պետք է ամուսնացած լիներ նախորդ գարնանը, սակայն հարսանիքը հետաձգվել էր, քանի որ փեսացուն՝ հրետանու գնդապետը, կռվում էր անգլիացիների դեմ Միջագետքի ճակատում։
Ռըզա բեյի հայտնվելուն պես, կանայք, բացի Բույուկ խանումից, ոտքի կանգնեցին մետաքսի խշշոցի և զարդերի զնգզնգոցի ուղեկցությամբ։ Նրանք կրում էին մատանիներ, ապարանջաններ և վզնոցներ, որոնք փայլում էին մոմերի լույսի ներքո։ Բույուկ խանումը ժպտաց Մարոյին, որն էլ համբուրեց նրա ձեռքը։
— Հարգանքիս հավաստիքը, Բույուկ խանում։ Օրհնյալ լինեք դուք ձեր հյուրասիրության համար։
— Քո ներկայությունը պատիվ է մեզ համար, աղջիկս,– պատասխանեց ծեր կինը մի քիչ խստաբարո քաղաքավարությամբ։
Դիրքորոշման այդ փոփոխությունը զարմացրեց Մարոյին, և նա փոքր-ինչ հանգստացավ։ Կանանց, դայակի, Շահանեի ընդունելությունն ավելի ջերմ էր։ Նույնիսկ Լեյլան իրեն հիասքանչ էր պահում, չնայած ուսումնասիրում էր Մարոյի արտաքինը, որին իր ախոյանն էր համարում, և համեմատում էր իր հետ։ Ամուսնու նախազգուշացումից հետո Լեյլան որոշել էր նոր մարտավարություն որդեգրել։ Նա այլևս չէր ցուցադրում խանդը, այլ օգտագործում էր հմայքներն իր տղամարդու սիրտը վերստին նվաճելու համար։
— Իմ կողքին նստիր,–– ասաց նա Մարոյին՝ ցույց տալով իր կողքին ազատ պահած աթոռը։
Այսպիսով Ռըզան չէր կարող հիանալ հայուհիով առանց միևնույն ժամանակ Լեյլային տեսնելու, որը համոզված էր, որ իր երիտասարդությունը իրեն առավելություն էր տալիս։
Սեղանից քիչ հեռու մի երաժիշտ կին սպասում էր սազը ձեռքին։ Ռըզա բեյը նշան արեց, և նա սկսեց ժողովրդական երգեր նվագել։ Աղախինները մատուցում էին խորտիկներ, բաստուրմա, թթուներ, դոլմա, ձուկ ձիթապտղի յուղով, լցոնած սմբուկներ։ Երբ մի ուտեստը վերջանում էր, փոխարենը մեկ ուրիշն էին բերում։ Սեղանակիցներն ուտում էին առանց շտապելու՝ ճաշակելով տարբեր ուտեստներ և իրենց խնայելով, քանի որ ճաշը ժամեր էր տևելու։ Միասին լինելու երջանկությունն ու զրույցի հաճույքն ավելի կարևոր էին, քան ուտելիքը։ Բացառություն էր կազմում Մակբուլեն, որին սովը սարսափելի տառապանքներ էր պատճառել օրվա ընթացքում։ Իր կանանց շրջապատում նստած՝ Ռըզա բեյը նմանվում էր արքունիքով շրջապատված տիրակալի։ Նա պերճախոս էր, խոսքը՝ վերամբարձ, խելացի և հմայիչ, իսկ շարժումները՝ անբռնազբոս։
Մարոն իրեն օտար էր զգում, չնայած բոլորը անում էին ամեն ինչ նրան խոսակցության մեջ ներգրավելու համար։ Ռըզա բեյը, որն արդեն շատ բան գիտեր Մարոյի մասին, նրան հարցեր էր տալիս՝ նրան հնարավորություն ընձեռելով փայլելու։ Մարոն զգուշավոր էր, և այդ խաղի մեջ չէր ներգրավվում։ Նրա կարճ պատասխաններն այնքան Ռըգա բեյին չէին հիասթափեցնում, որքան Սաֆիյեին։ Առաջին կինը որսում էր Մարոյի յուրաքանչյուր շարժումը և կլանում էր նրա ամենաաննշան խոսքր այնպիսի ուշադրությամբ ու այնպիսի հետաքրքրությամբ, որ դա զարմացնում էր Մարոյին։ Օգտվելով լռության պահից, Սաֆիյեն թեքվեց դեպի Մարոն.
— Ասա ինձ, երբ ճանապարհորդում ես և մեծ տարածություններ անցնում, նկատո՞ւմ ես, որ երկիրը կլոր է։
Մնացած երկու կանայք ու Շահանեն փռթկացին։ Սաֆիյեն նեղացած ասաց Մարոյին.
— Ռըզա բեյը նույն կերպ իրեն պահեց, երբ նրան այս հարցը տվեցի։
— Դու երեխայի պես միամիտ ես,– հանդիմանեց նրան Բույուկ խանումը։
Սաֆիյեն սպասում էր, որ Մարոն պատասխաներ։
— Ուր էլ գնաս, երկիրը կլոր սկավառակ է թվում, որը ծածկված է գմբեթով։
Առաջին կնոջ հիասթափությունը տխրեցրեց Մարոյին, և նա հիշեց իր աշխարհագրության ուսուցչուհու դասն ու ավելացրեց.
— Բացառությամբ ծովափի։ Երբ ափին շոգենավ է մոտենում, սկզբում ծուխն ես տեսնում, հետո ծխնելույզները և վերջապես նավը։ Դա երկրի գնդաձև լինելու ապացույցն է։
Դեղձի և արմավի միջոցով, որոնցից մեկը երկիրն էր ներկայացնում, իսկ մյուսը նավը, նա ներկայացրեց երևույթը։ Սաֆիյեն փայլում էր.
— Ահա՜,– ասաց նա, հաղթական տեսքով նայելով իր ընկերուհիներին,— ես այնքան միամիտ չեմ, որքան դուք կարծում եք։
Բույուկ խանումը ուսերը թոթվեց.
— Հիմա դու շատ առաջ գնացիր։ Եվս մեկ ավելորդ բան, որ լցնում ես գլուխդ։
Սաֆիյեն այնքան երջանիկ էր, որ ծիծաղեց սկեսուրի կծու խոսքերի վրա և Մարոյին աչքով արեց։
Զրույցն այլ ընթացք ստացավ և Մարոյին այլևս չէր հետաքրքրում։ Շուտով ձայները հեռու թվացին։ Ի՞նչ էր ինքն անում այս խաղողի վազերի տակ, այս մարդկանց շրջապատում, որոնց հետ ոչ մի ընդհանուր բան չուներ։ Տարօրինակ զգացում համակեց նրան, և ամեն ինչ անիրական դարձավ։ Նա աչքերն իջեցրեց և նորից տեսավ մոր դեմքը մահանալիս։ Նա քշեց այդ պատկերը։ Վարդանը, իրենց տունը Սվսաում, հայրը՝ Կոստանդնուպոլսի փողոցներից մեկում, մահացած Արաքսին՝ Արմենի գերեզմանի վրա և քարանձավը, որը բվվում էր տնքոցներից։ Գլխապտույտից նա բացեց աչքերը։
Ռըզա բեյը մտահոգ նայում էր Մարոյին։ Մարոն ժպտաց, ցույց տալու համար, որ ամեն ինչ լավ էր։
Լուսինը ծագել էր, և աստղազարդ երկնքի վրա ուրվագծվում էր հարևանությամբ գտնվող մինարեթը։ Ծառերի ճյուղերի արանքից արդեն կարելի էր տեսնել պարտեզի պարիսպը։ Պաշտպանո՞ղ պատեր, ինչպես պնդում էր Ռըզա բեյը։ Մարոն չէր կարողանում դա ընկալել այլ կերպ, քան բանտ։ Ռըզայի հետ ունեցած խոսակցության ծվենները Մարոյի միտքն էին գալիս։ Նա խուսափում էր որոշակի խոստանալ, որ կկազմակերպեր իր մեկնումը մայրաքաղաք, իսկ Մարոյի վիճակը նրան հնարավորություն չէր տալիս որևէ բան պահանջել։ Մի բան հաստատ էր. ինքն ու Թովմասն այս պահին պաշտպանված էին տեղահանությունից, և հարկավոր էր չվտանգել այդ ապահովությունը։ Հարկավոր էր նաև հաշվի առնել այն հետաքրքրությունը, որ իր նկատմամբ ցուցաբերում էր Ռըզա բեյը։ Նա չէր ուզենա, որ Մարոն գնար, սակայն չէր ուզենա նաև իրեն վանել։ Նա մտածեց Էմինեի խոսքերի մասին, «ճարպիկ կինը ստանում է այն, ինչ ուզում է»: Իր նկատմամբ Ռըզա բեյի տածած զգացմունքներն օգտագործելը տհաճ էր Մարոյի համար։ Եվ բացի դրանից, դա վտանգավոր խաղ էր։
Աղախիններից մեկը հայտնեց տանտիրոջը, որ հյուրերը ժամանում էին։ Նա հեռացավ հյուրերին ընդունելու, որոնց հետ նա պետք է անցկացներ գիշերվա մի մասը։ Քիչ անց Բույուկ խանումը վեր կացավ և հայտնեց, որ գնում է իր սենյակը։
Մարոն մի քանի րոպե սպասեց և խնդրեց մնացածներին, որ իրեն ներեն։ Սաֆիյեն պնդում էր, որ Մարոն մի քիչ էլ մնար։ Լեյլան բռնեց նրա ձեռքը.
— Այո. մեզ հետ մնա։
— Հիմա հիմնական ուտեստներն են բերելու,– ասաց Մակբուլեն։
Էմինեն օգնության հասավ Մարոյին.
— Հանգիստ թողեք նրան։ Չեք տեսնո՞ւմ, որ հոգնել է ճանապարհից։
Սաֆիյեն չթաքցրեց իր հիասթափությունը.
— Մենք հազիվ էինք մենակ մնացել...
Մարոն ոչ մի ցանկության չուներ մենակ մնալ Ռըզա բեյի երեք կանանց հետ։ Նա նրանց բարի գիշեր մաղթեց և հեռացավ։
Լուսաբացից մեկ ժամ առաջ Այնթապից ամպի գոռոցին նմանվող հեռավոր մի որոտ լսվեց։ Դրան արձագանքեց թմբուկը Ռըզա բեյի տան բակում։ Ամենուր արթնացնում էին մարդկանց, որպեսզի նրանք հասցնեին ուտել ծոմի նոր օրվանից առաջ։ Մարոն փորձեց նորից քնել, սակայն մի քանի րոպե անց աղախինը դուռը ծեծեց։ Սև մազերի սոսկից խոշոր աչքերը նայում էին մռայլ հայացքով.
— Բարև, խանում։ Ուզո՞ւմ եք ճաշասենյակ իջնել, թե ... նախաճաշն այստեղ բերեմ։
Նա դանդաղ էր խոսում և բառերն անվարժ էր արտասանում։ Այն աղախինն էր, որի մասին իրեն ասել էին, որ նա հայ էր։
— Անունդ ի՞նչ է։
— Այլա։
— Քո իսկական անունը,– հարցրեց Մարոն հայերեն։
Փոքրիկ նիհար դեմքը շիկնեց։ Աղջիկը վախեցած հայացք գցեց ուսի վրայով։ Մարոն բռնեց նրա թևից և ներս բերեց սենյակ։
— Դու վախենալու պատճառ չունես, ես էլ քեզ պես հայ եմ։
— Գիտեմ, ցածրաձայն պատասխանեց աղջիկը։– Բայց...
Նրա վախն ակնհայտ էր, սակայն իրեն մեղավոր զգալով աղջիկը շշնջաց.
— Վարդուհի։
Մարոն նրան խղճաց և այլևս հարցեր չտվեց։
— Ուտելիք բեր։
Աղախինը տասնհինգ րոպեից եկավ և լուսամատի մոտ գտնվող ցածր սեղանին սկուտեղ դրեց։
— Նստիր, Վարդուհի,– ասաց Մարոն բարձին նստելով։
Չնայած Մարոն ցածրաձայն էր խոսում, աղախինը սարսափահար տեսք ուներ։
— Չեմ կարող, տիկին։
— Ոչ ոք չի իմանա։
Մարոն պնդեց, և Վարդուհին դժկամությամբ ստիպված եղավ հնազանդվել։ Մարոն նրան ուտելիք առաջարկեց, և նա համաձայնեց երկար համոզելուց հետո։
— Ինչի՞ց ես վախենում։
— Չեմ ուզում, որ ինձ այստեղից քշեն։ Այստեղ ինձ կերակրում են, և ես անկյուն ունեմ քնելու համար։
— Որտեղի՞ց ես։
— Բալուից։
— Դա որտե՞ղ է։
— Շատ հեռու։ Խարբերդից արևելք։ Ես իմ բոլոր հարազատներին կորցրել եմ։
Ավելին ասելու կարիքը չկար: Մարոն շատ լավ պատկերացնում էր այն դժբախտությունները, որ բաժին էին ընկել աղջկան։ Նրանք երկար հայացք փոխանակեցին, և հուզմունքն ավելի ուժգին դարձավ։ Վարդուհին սկսեց դողալ և կծեց շրթունքը, սակայն դիմադրեց, երբ Մարոն փորձեց նրան գրկել։ Թեև նա շատ էր ուզում նորից փոքր աղջիկ դառնալ, որին մայրը մխիթարում էր։ Այդ ժամանակն անցել էր։ Նա իր թիկունքում թողել էր միայն մահ և վիշտ և արդեն հասկացել էր, որ ինքը պետք է թաղեր անցյալը իր հիշողության ամենահեռավոր անկյունում ու մոռանար իր քրիստոնեական ծագումը։
— Ես կարո՞ղ եմ գնալ։ Խոհանոցում կանհանգստանան։
— Այո։ Շնորհակալություն... Այլա։
Այն, որ կինն անցավ թուրքերենի և իրեն նոր անունով դիմեց, հանգստացրեց աղջկան։
Մարոն դուրս եկավ պատշգամբ։ Արևը դեռևս չէր ծագել, սակայն շոգն իրեն արդեն զգալ էր տալիս։ Օդը չորացնում էր կոկորդը և այրում էր թոքերը։ Քամին դաշտերից կարմրավուն փոշի էր բարձրացնում։ Մարոն, դեռևս հուզված Վարդուհու հայացքից, մտածեց բոլոր այն դժբախտների մասին, որոնց ոստիկանները ստիպելու էին այդ շոգ օրով քայլել մինչև ուժասպառ լինելը։ Նա աղոթեց։
Ձախ կողմում մի շարժում գրավեց նրա ուշադրությունը։ Դա մուեզզինն էր, որը դուրս էր գալիս մինարեթը երիզող պատշգամբը, որը գտնվում էր հենց կոնաձև տանիքի տակ։ Մարոն նշմարում էր նրա երկար մորուքը, որը նույնքան սպիտակ էր, որքան գլխակապը։ Նա դեմքով դեպի արևելք կանգնեց արևի առաջին ճառագայթը տեսնելու համար։ Ձեռքերն ականջներին դրած, նա ռնգային ձայնով երգեց աղոթքի հրավիրող կանչը, որը կրկնեց դեմքն անելով աշխարհի մնացած երեք կողմերը։ Դրան հետևեց տարօրինակ մի լռություն, հետո գյուղի ձայները նորից լսվեցին։ Ներդաշնակ երգեցողությունը երկար հնչեց Մարոյի հոգում։ Սակայն նրա ինքնամփոփ վիճակը զուրկ էր հանդարտությունից։ Նա չէր կարողանում Վարդուհու պես երես թեքել այն անհամար մեռյալներից, որոնց կրում էր իր հոգում։ Իսկ ապագան այնքա՜ն անորոշ էր։ Վարդան... Կոստանդնուպոլիս...
Քիչ անց Թովմասը նրան դուրս բերեց այդ վիճակից։
— Մայրի՞կ։
— Պատշգամբում եմ, սիրելիս։
Երեխան հայտնվեց՝ աչքերը տրորելով։ Նա ժպտում էր։
— Ես երազում հայրիկին եմ տեսել,— ասաց նա մորը համբուրելով։— Նա հեծել էր Հուր Կրակին և մեր կողմն էր սլանում։ Ասաց, որ իրեն սպասեմ։
Աչքերը կկոցելով, Թովմասը զննեց մոր դեմքը, որը նույնպես ջանում էր ժպտալ։
— Մայրիկ, իսկ երազները ճի՞շտ են։
Որքա՜ն կուզեր ինքը հավատալ, ինչպես խաբվում էին բազմաթիվ մարդիկ և դրանց շարքում իրենց ապաստանած մարդը, որ երազները ուղերձներ էին և նախանշաններ։
— Համոզված եմ, որ քո երազը կիրականանա։
— Ե՞րբ։
— Չգիտեմ։ Պետք է համբերենք։
Մարոն Թովմասին ուղեկցեց ճաշասենյակ, ուր պետք է նախաճաշեին Ռըզա բեյի երեխաները։ Նրանք արդեն նստած էին մեծ սեղանի մի ծայրին։ Նախաճաշին հետևող Էմինեի ազդանշանով նրանք կանգնեցին Մարոյին ողջունելու համար։ Թովմասը նստեց մնացածներից մի քիչ հեռու և կերավ առանց գլուխն ափսեից բարձրացնելու։ Դայակը մի քիչ հետ քաշվելով կանգնած մնաց և Մարոյին դիմավորեց՝ ցուցադրելով իր ուրախությունը։ Քանի դեռ կանայք խոսում էին շոգի մասին, որը նրանց տանջել էր ամբողջ գիշերը, փոքրիկ Զեհրան իջավ աթոռից, շրջանցեց սեղանը, մոտեցավ Թովմասին և նրա ազդրին խփելով, ասաց բարակ և երգեցիկ ձայնով.
— Գյաուր։
Նա արագ հեռացավ և ծիծաղեց՝ բերանը փոքրիկ ձեռքով ծածկելով։ Թովմասն ատամները սեղմեց, բայց չարձագանքեց։ Ալթանը՝ տասներեք տարեկան մի տղա, որը նստած էր սեղանի ծայրին, փռթկաց։ Նրա եղբայրներն ու քույրերը ապշած նրան նայեցին։
— Զեհրա,– բացականչեց Էմինեն երեխային նշան անելով, որ մոտենար։
Տեսնելով, որ դայակը բարկացել էր, Զեհրան եղբորը ցույց տվեց.
— Ալթանն էր։
Էմինեն փոքրիկ աղջկան պատվիրեց այլևս չկրկնել այդ բառը և նրան իր տեղն ուղարկեց։ Նա դիմեց տղային.
— Ամո՛թ քեզ։ Դու ներողություն պետք է խնդրես։
Տղան հանդուգն տեսքով Էմինեին նայեց։ Ինքը, տղամարդ լինելով, պետք է ինչ-որ կնոջ հրահանգնե՞րը կատարեր։ Ա՜յն էլ ծառայողի։ Երեք տարի առաջ թլփատվելուց ի վեր, Ալթանն իրեն բարձր էր համարում բոլոր կանանցից։ Չէ՞ որ ինքն արդեն աշխատում էր։ Իր տարիքում նա հնարավոր էր համարում մեծ ձևանալ, երբ իրեն պետք էր, իսկ երբեմն թույլ էր տալիս, որ իրեն վերաբերվեին որպես երեխայի, երբ ձեռնտու էր իրեն, օրինակ խուսափել ծոմից ռամադանի ժամանակ։ Նա չէր սիրում սովորել, սակայն հողագործությունը նրան դուր էր գափս, բացի դրանից նա կառավարչի օգնությամբ սովորում էր կառավարել կալվածքը և ղեկավարել բանվորներին։
Էմինեն կրկնեց իր պահանջը, և քանի որ նա հրաժարվում էր, դայակը սպառնաց.
— Տեսնենք, թե ինչ կասի հայրդ այդ կապակցությամբ։
Այդ խոսքերից Ալթանը գունատվեց։ Նա այնքա՜ն էր ուզում, որ Ռըզա բեյը հպարտանար իրենով։ Ընտանեկան կարողությունը մի օր բաժին էր հասնելու իր ավագ եղբորը՝ Թուրանին, սակայն Ալթանը հույս ուներ, որ հայրն իրեն կվստահեր կալվածքներից մեկի կառավարումը։ Դրա համար Ալթանը պետք է լրջություն ցուցաբերեր և հատկապես նրան հաճոյանար։ Ներքուստ կատաղելով՝ նա վեր կացավ և դարձավ դեպի Թովմասը և ասաց առանց ներքին համոզմունքի.
— Ներիր ինձ։
Թովմասը գլուխը բարձրացրեց և հանդիպեց թշնամական հայացքի։ Ալթանի դեմքն ամբարտավան էր և արհամարհանք էր արտահայտում։ Կարճ կտրած մազերը, ցցված ականջները, տափակ քիթը ընդգծում էին նրա բութ տեսքը։ Առանց բառ ավելացնելու, նա դուրս եկավ սենյակից՝ դուռը շրխկացնելով։
Էմինեն հերթով նայեց Էմելին, Զեհրային, Արիֆին և Քենանին.
— Թող սա ձեզ դաս լինի։
Բոլորը գլխով արեցին։ Մինչ մնացածները ուտում էին, Զեհրան, երեք տարեկան երեխային հատուկ անմիջականությամբ, հարցրեց.
— Էմինե... ի՞նչ է նշանակում գյաուր։
Դայակի համբերությունը հատեց, և նա ձեռքերը դեպի երկինք պարզեց։ Մարոն շշնջաց.
— Նրա հետաքրքրասիրությունը բնական է։ Դու պետք է նրան բացատրես։
Կարմրելով, Էմինեն մի պահ մտածեց պատասխանելուց առաջ.
— Դա նշանակում է «մարդ, որն ուրիշ հավատք ունի»:
— Ի՞նչ հավատք,– դարձյալ հարցրեց երեխան, որն այս բառի իմաստը չէր հասկանում։
Մատը բարձրացնելով, ինչպես անում էր դասի ժամանակ, Քենանը շտապեց պատասխանել.
— Ես գիտեմ։ Իսսան մարգարե է։
Նա ժպտաց հպարտ տեսքով, ցուցադրելով իր բոլոր ատամները, որոնք փայլատակեցին թուխ դեմքի վրա։ Իր մոր՝ Մակբուլեի պես Քենանը շատ բարակ մուգ մազեր ուներ, որոնք վառվել էին արևից, իսկ աչքերը փայլուն էին ու խելացի։ Թովմասը նրան նայեց, զարմանալով, որ Հիսուսի մասին գիտեր։ Քիչ էր մնում, որ ասեր, որ Քենանը սխալվում էր և որ Հիսուսն աստված էր, սակայն չասաց՝ որքան ամոթից, նույնքան չցանկանալով տղային նեղացնել։ Բացի դրանից, մայրն իրեն խորհուրդ էր տվել կրոնի մասին չխոսել։
Զեհրան նայեց Թովմասին.
— Դա ճի՞շտ է։
— Այո։
Նա գլուխը կախեց, սակայն նկատեց Քենանի հայացքը, որը նրան բարեկամական թվաց։
Ամեն առավոտ Ռըզա բեյի տան բակում իրարանցում էր սկսվում։ Ավանակները, ջորիները, ուղտերը լցվում էին բակ։ Գյուղացիները թարմ մրգեր ու բանջարեղեն էին առաջարկում, առևտրականները փայտ ու ածուխ էին մատակարարում խորովածի համար, նավթ լամպերի համար, աղբյուրի ջուր, աղ, շաքար՝ այն ամենը, ինչ պետք էր այդքան մեծ տան համար։ Բույուկ խանումը վերահսկում էր յուրաքանչյուր գործարքը, սակարկում էր գնի և քանակի վերաբերյալ։ Հետո նա կազմում էր ճաշատեսակների ցանկը, գործը բաշխում էր աղախինների միջև, իսկ հետո առանձնանում էր իր հյուրասենյակում, ուր նա վերագտնում էր իր սիրելի լուսանկարները։ Էմինեին նա վստահում էր իր արձակած հրամանների վերահսկողությունը։
Դայակները զբաղվում էին երեխաներով՝ երեք կանանց պարապության մատնելով, և նրանք կարեցածին չափ զբաղմունք էին գտնում իրենց համար։ Բացառությամբ ռամադան ամսի, նրանք ամեն շաբաթ բաղնիք էին գնամ, ուր մնում էին ամբողջ օրը Այնթապի այլ կանանց ընկերակցությամբ։ Այլապես նրանց կյանքը կալվածքում կնմանվեր միանձնուհիների կյանքի։ Կալվածք էին հրավիրվում երաժիշտներ, ձեռնածուներ, արջ վարժեցնողներ և ղարագյոզի՝ ստվերների թատրոնի տերը, որի արվեստով կանայք հիանում էին նույնքան, որքան երեխաները, սակայն այս զվարճությունները չէին կարող լցնել ցերեկվա անվերջանալի ժամերը։
Մարոն, ինչպես և նրանք, անգործության էր մատնված, և իրեն երջանիկ զգաց, երբ Սաֆիյեն խնդրեց իրեն պարտեզ ուղեկցել։ Նրանք քայլում էին ծառուղու շիկացած խճով կողք կողքի՝ հովհարները թափահարելով, իսկ Թովմասը հետևում էր նրանց։ Ծառուղու երկու կողմերում շարված էին հնությունից մաշված մարմարյա արձանները, որոնցից շատերը ամբողջական չէին։ Հունական կամ հռոմեական ծագում ունեցող այս արձանները ստեղծվել էին անտիկ շրջանում։ Մարոն իր զարմանքը հայտնեց Սաֆիյեին մահմեդականի այգում տեղադրված մարդկային այդ պատկերների կապակցությամբ։ Վերջինս բացատրեց.
— Դա նշանակություն չունի։ Սրանք ավելի հին են, քան Մարգարեն։
Արձանների մեծ մասն այդտեղ էր բերվել Միջերկրականի ափից, իսկ որոշ արձաններ գտնվել էին շրջակայքում։
— Արորը հաճախ շատ հին իրեր է հանում,– ավելացրեց Սաֆիյեն։– Ո՞վ գիտի, ինչ զարմանալի բաներ կան թաղված մեր ոտքերի տակ։ Ասում են, ժամանակին այստեղ խորհրդավոր ազգեր են ապրել։
— Նրանց անունները գոնե պահպանվել են. խեթեր, ասորիներ, պարսիկներ, հայեր, հռոմեացիներ։
— Այնքան բան կա, որ ես չգիտեմ և որ կուզենայի իմանալ,– հառաչեց Սաֆիյեն։
Նրանք մոտենում էին քարե ջրավազանին, ուր լողանում էին Ռըզա բեյի չորս կրտսեր զավակները։ Էմինեն նստած էր տաղավարում և, հովհարը թափահարելով, հետևում էր երեխաներին։
— Այս շոգից ես մեռնելու եմ,– բողոքեց նա։– Կուրծքս վառվում է։ Ինչպիսի դժբախտություն է, երբ ռամադանը ամռանն է լինում։
Մարոն ու Սաֆիյեն նստեցին նրա կողքին։ Տաղավարի սյուներից մեկի մոտ կանգնած Թովմասը աչքի պոչով հետևում էր ավազանում լողացող երեխաներին։
— Դու չե՞ս ուզում ջուրը մտնել,– հարցրեց Մարոն որդուն։
— Ոչ։
— Էմել,– կանչեց Սաֆիյեն։– Մի րոպեով արի այստեղ։
Յոթ տարեկան մի աղջիկ մոտեցավ։ Ճակատին ու ծոծրակին կպած թաց մազերից ջուր էր ծորում նրա մերկ մարմնին։ Նրա քիթն ու այտերը պեպենոտ էին։ Սաֆիյեն նրան ասաց.
— Թովմասը կարո՞ղ է ձեզ հետ լողանալ։
Էմելի լայն բացված բերանն էլ ավելի բացվեց և ժպիտ դարձավ։ Նա Թովմասին նշան արեց.
— Արի՛։
Անհարմար զգալով, քանի որ առաջին անգամ էր մերկ աղջիկ տեսնում, Թովմասը մորը նայեց.
— Գնա,– ասաց վերջինս։– Դու շատ ես ուզում։
Թովմասը տատանվեց, մտածելով, որ պետք է մերկանար։ Քանի որ Էմելը պնդում էր, նա մեջքն արեց կանանց և հանվեց։ Առանց վարտիքը հանելու նա անվստահ քայլերով հետևեց աղջկան։ Ավազանում ընթացող խաղերրը, որոնք ընդհատվել էին Թովմասի հայտնվելուն պես, նոր թափ առան։
— Նրանք լեզու կգտնեն,– ասաց Էմինեն, որի ամբողջ կյանքը նվիրված էր երեխաներին։
Սաֆիյեն տիրացավ Մարոյի ուշադրությանը և վերադարձավ իրեն հետաքրքրող թեմային.
— Այդ հին ժողովուրդների կապակցությամբ... Ես այնքան եմ ուզում, որ ինձ սովորեցնես այն, ինչ գիտես։
— Ես շատ բան չգիտեմ։ Այդ ամենը այն գրքերում է, որոնցով սովորել եմ դպրոցում։
Սաֆիյեի դեմքը լուսավորվեց.
— Գրքե՞ր։ Ռըզայի գրադարանը շատ հարուստ է։ Նա գրքեր ունի ֆրանսերենով, որ բերել է Փարիզից։ Դու կկարողանաս կարդալ։ Մենք կարող էինք... Եթե դու ուզում ես...
Նախադասությունը, որը խնդրանքի էր նմանվում, կիսատ մնաց։ Հայացքը աղերսում էր։ Մարոն զգաց այդ կնոջ գիտելիքների անհագ ծարավը և գլխով արեց։ Սաֆիյեն սեղմեց նրա թևը և չթաքցրեց ուրախությունը.
— Դու չես կարող պատկերացնել, թե ինչ հաճույք ես ինձ պատճառում։ Մենք սքանչելի ժամեր կանցկացնենք միասին։
Էմինեն, որը նույնպես հիացած էր, խնդրեց առաջին կնոջը.
— Պատմիր նրան տարօրինակ նկարներով այն գրքի մասին։ Այն մեկը, ուր պատկերված են հեքիաթային կենդանիներ և զարհուրելի հրեշներ։
— Ինչպե՞ս կարող եմ դրա մասին խոսել,– հրաժարվեց Սաֆիյեն կարմրելով, քանի որ այդ գրքում կային քրիստոնեական խաչի պատկերներ։– Ես մտածում եմ, տեսնես ինչի՞ մասին է այդ գիրքը։
Մարոն այլևս նրանց չէր լսում։ Նա ականջ դրեց ավազանից եկող ձայներին, ուր երեխաները հետապնդում էին միմյանց և իրար վրա ջուր էին շփում։ Այո՛, Թովմասի ծիծաղն էր, որ լսվում էր ճիչերի ու բացականչությունների միջից։ Անկեղծ ու լուսավոր մի ծիծաղ, որը նա վաղուց արդեն չէր լսել։ Վերջին անգամ նա այդ ծիծաղը լսել էր մեկ ամիս առաջ, նրա տարեդարձի օրը, երբ նա հեծնել էր իր պոնիին։ Ծիծաղը նորից լսվեց և ցնցեց Մարոյին, նրա աչքերը լցվեցին։ Մյուս երկու կանայք նայեցին երեխաներին և հասկացան Մարոյի հուզմունքը։ Սաֆիյեն շոյեց նրա այտը և սրբեց արցունքները։
— Կյանքն ավելի հզոր է, քան մնացած ամեն ինչը,— սահմանեց դայակը, որին այդ տեսարանն ուրախացնում էր։
Այնթապի արվարձանում գտնվող մեծ տանը կյանքն ընթանում էր արտաքուստ անփոփոխ ռիթմով։ Օրերն անցնում էին դանդաղ, միապաղաղ։
Թովմասն ընտելանում էր երեխաներին, ընկերացել էր Քենանի և Էմելի հետ, որոնք մոտավորապես իր հասակակիցներն էին։ Ռըզա բեյը նրան ձի էր հատկացրել, որպեսզի կարողանար ուղեկցել իր բարեկամներին կալվածքի տարածքում Աբդուլայի ուղեկցությամբ կատարվող զբոսանքների ժամանակ։ Երեխայի գիտակցության մեջ այդ խայտախարիվ ձին ինչ-որ չափով նույնանում էր իր Կայծակ պոնիի հետ և դա նրան հնարավորություն էր տալիս մոռացության շղարշ գցել այդ երկու ձիերի միջև ընկած ժամանակաշրջանի վրա։ Թովմասը ևս մեկ անգամ երազում Վարդանին էր տեսել։ Երազում հայրը նրան նորից ասել էր, որ իրեն սպասեր, և դա երեխային ապագայի նկատմամբ աներեր հավատ էր ներշնչել։ Այդ վստահությամբ սրտապնդված` նա անց էր կացնում իր օրերը անհոգ կերպով խաղերին տրվելով, ինչպես կարող են անել միայն երեխաները։
Մարոն քաջալերում էր որդու կեցվածքը, չնայած դա խորացնում էր նրա մեկուսացման զգացումը։ Նա միայնակ պետք է պահպաներ շուտափույթ կերպով մայրաքաղաք մեկնելու իր ցանկությունը։ Կատարվելիքը լիովին կախված էր Ռըզա բեյից, քանի որ, կիսելով նրա կանանց ճակատագիրը, Մարոն չէր կարող իր ցանկությամբ դուրս գալ տնից։ Զբաղված լինելով գավառապետի իր պարտականություններով՝ Ռըզա բեյը մոռանում էր հեռագրել Մեսրոպ քեռուն։ Եվ երբ Մարոն բարձրացնում էր այդ հարցը, լսում էր հետևյալ պատասխանը.
— Վստահիր ինձ։ Ես սպասում եմ հարմար պահի։ Օրինակ վերցրու քո որդուց, Մարո, և լիարժեք օգտվիր իմ տան հյուրասիրությանից։ Ո՞վ գիտի, թե վաղը մեզ ինչ է սպասում։
Եթե Ոըզան Այնթապում էր, ապա նա օր չէր բաց թողնում Մարոյին այցելելու և նրա հետ մի քանի ժամ զրուցելու համար։ Նա նրան նվերներ էր անում, որոնցից Մարոն հնարավորություն չուներ հրաժարվելու, նա ուշադիր էր և սիրալիր։ Ավելի ու ավելի սիրալիր էր դառնում։ Եվ մի երեկո, երբ Ռըզան Մարոյին զբոսանքի էր հրավիրել, այն, ինչից Մարոն փորձում էր խուսափել բոլոր միջոցներով, տեղի ունեցավ։
— Ես քեզ հիմա ցույց կտամ այն վայրը, ուր գնում էի երազելու, երբ երիտասարդ էի,— ասաց նա։
Առաջին անգամն էր, որ Մարոն դուրս էր գալիս կալվածքի տարածքից այնտեղ ժամանելուց հետո։ Երկու զինված մարդկանցով պահպանվող դարպասից դուրս գալուց հետո նրանք աջ թեքվեցին և անցան մզկիթի առջևով։ Անապատի քամին դադարել էր, և օդը կամաց-կամաց զովանում էր։ Լիալուսինն արծաթազօծում էր ձիթենիների սաղարթը և նրանց ոտքերի տակ կապտավուն ստվերներ էր գցում։ Ռըզա բեյը Մարոյին առաջնորդեց դեպի մի արահետ, որը կիսում էր պիստակների այգին։ Ռըզան ասաց, որ իր ընտանիքը ավելի քան երկու հարյուր տարի մշակում էր այդ ծառերը և արտահանում էր դրանց պտուղները Փոքր Ասիայի տարածք։
Արահետն ավելի քարքարոտ դարձավ, և Ռըզա բեյն իր ձեռքն առաջարկեց իր ուղեկցին։ Մարոն ձևացավ, թե չէր նկատել նրա շարժումն ու արագացրեց քայլերը։ Քառորդ ժամ քայլելուց հետո նրանք հասան բլրի գագաթին, ուր աճում էր ժայռին թիկնած, ծռմռված բնով մի սոճի։ ժայռի մեջ մի գոգավորություն հնարավորություն էր տալիս նստելու։
— ժամանակին կարծում էի, որ սա հնում ապրած մի թագավորի գահ է։ Նայիր, ամեն ինչ կա. բարձր մեջք, արմնկակալներ, գետնախարիսխ ոտքերը դնելու համար։
Նա ափով խփեց սոճու բնին.
— Այս ծառը ես եմ տնկել քառասուն տարի առաջ։ Գիտես, այս վայրը ոչ մեկին ցույց չեմ տվել։ Սա իմ գաղտնիքն էր։
Տեսնելով, որ Ռըզա բեյը այդ վայրին այդքան մեծ նշանակություն էր տալիս, և նրան չհիասթափեցնելու համար Մարոն մատների ծայրով շոշափեց ծառի կեղևը։
—— Նստիր գահի վրա, և դու կտեսնես այնտեղից բացվող տեսարանը։
Մարոն նստեց դեռ տաք քարի վրա։ Նրան պարուրեց սոճու բուրմունքը։ Ներքևում երևում էր ստվերի մեջ ընկղմված դաշտավայրը, Ինջիրլի գետը, որի ոլորանները փայլում էին լուսնի լույսի ներքո։ Ձախ կողմում Այնթապի երեք բլուրներն էին։ Տներում լույսեր էին վառվում, և մարդիկ տոնախմբություններ էին կազմակերպում ծոմի գիշերային ընդհատման կապակցությամբ։ Հեռվում հաչում էին շները։
Ռըզա բեյի սպիտակ հագուստն առանձնանում էր սոճու մուգ ֆոնի վրա։ Նա ցածրաձայն խոստովանեց.
— Երեխա ժամանակ երևակայում էի, որ ես թագավոր կդառնայի այն օրը, երբ շատ ճիշտ կնստեի գահին և իմ առջև տարածվող բոլոր հողերն ինձ կպատկանեին։
Նա ցույց տվեց դաշտր մինչև հորիզոն և ծիծաղեց.
— Որպեսզի իմ երազանքն իրականանար, ես գնեցի այդ հողերը։ Այն ամենը, ինչ դու տեսնում ես այստեղից մինչև գետը, ինձ է պատկանում։
— Լավ է, երբ երազանքներն իրականանում են,— ցրված տոնով պատասխանեց Մարոն ոտքի կանգնելով։
Ռըզան նրան ձեռքով նշան արեց.
— Նստած մնա, խնդրում եմ քեզ։ Ձեռքերդ դիր արմնկակալներին, գլուխդ հենիր մեջքին։ Այնտեղ... Այս գահը քեզ շատ է սազում։ Չշարժվես։
Ռըզա բեյը մոտեցավ և հանեց նրա փարաջան։ Բաճկոնի գրպանից նա հանեց մի ապարոշ, որը նա դրեց Մարոյի գլխին, իսկ ինքը հետ գնաց հեռվից նայելու։ Մարոն, դժկամությամբ, ենթարկվեց այդ խաղին։ Շրթունքները սեղմած նա հեռուն էր նայում։ Լուսնի սառը լույսը երիտասարդ կնոջ դեմքին մարմարի ճերմակության էր հաղորդել և բոցավառել էր ապարոշի ակնեղենը նրա ճակատին։
— Թագուհի՜,– ոգեշնչվեց Ռըզա բեյը։– Իսկակա՜ն թագուհի։
Նա ծնկեց կնոջ դիմաց և նրա ոտքը տանելով իր շրթունքներին համբուրեց։
— Ի՜մ թագուհի...
Մարոն արագորեն հետ քաշեց ոտքը։ Ռըզան ոտքի կանգնեց և հայտարարեց.
— Ես սիրում եմ քեզ, Մարո։ Սիրում եմ քեզ առաջին իսկ օրվանից, այն պահից, որ քեզ տեսա։
— Ոչ,— ասաց Մարոն ցանկանալով հեռանալ։
Ռըզան նրբորեն նրան նորից քարին նստեցրեց։
— Լսիր ինձ, Մարո։
— Ես չեմ ուզում ոչինչ լսել։
— Թույլ տուր խոսեմ,– ասաց նա հաստատակամորեն:
Մարոն ձայնը բարձրացրեց.
— Ռըզա բեյ, դուք գիտեք, որ ես պատկանում եմ այլ տղամարդու։
— Դրանից չի փոխվում այն փաստը, որ ես քեզ սիրում եմ և ցանկանում եմ քո երջանկությունը։
— Իմ երջանկությունը հնարավոր է միայն Վարդանի հետ։
— Դու չես կարող ինձ արգելել քեզ սիրել։
Ռըզան ձեռքերը տարածեց ի նշան իր անկարողության և ասաց.
— Ես գլուխս եմ կորցրել և չկա այնպիսի միջոց, որն ինձ կբուժեր այս հիվանդությունից։
— Մի միջոց կա. թույլ տվեք, որ ես մեկնեմ հնարավորինս շուտ։
Ռըզա բեյը շրջվեց և, մի քանի քայլ անելով, նայեց դեպի դաշտավայրը։ Նրա ուրվագիծը փակեց բնապատկերի մի մասը և նրա նուրբ կիսադեմը ուրվագծվում էր Այնթապի լույսերի ֆոնի վրա նմանվելով ստվերների թատրոնի գործող անձանց։ Մարոն վաղուց էր վախենում այս պահից և նախապատրաստվում էր, սակայն այդքան էլ հեշտ չէր վանել մի մարդու, որին ինքն ու իր որդին պարտական էին իրենց փրկությամբ։ Անհրաժեշտ էր նախ և առաջ խնայել նրա ինքնասիրությունը։
— Ինձ ճիշտ հասկացեք, Ռըզա բեյ։ Դա ձեզ հետ կապ չունի։ Իմ սիրտն արդեն զբաղված է։
Նա վերադարձավ Մարոյի մոտ և ասաց ղողացող ձայնով.
— Ես գիտեմ, հետևաբար չեմ պահանջում քո սերը։ Թույլ տուր պարզապես, որ ես քեզ սիրեմ, Մարո, սիրեմ քեզ, իմանալով, որ իմ զգացմունքը երբեք փոխադարձ չի լինելու։ Թույլ տուր, որ ես Փայփայեմ քեզ ու շփացնեմ։
— Ռըզա բեյ,— պնդեց Մարոն մեղմորեն,– դուք ինձ անտանելի վիճակի մեջ եք դնում։ Ես անընդհւստ կգիտակցեմ, որ տառապանք եմ պատճառում մեծահոգի մի մարդու, որն ինձ փրկել է անխուսափելի մահից։
Ձեռքը սրտին դնելով՝ նա խոնարհվեց Մարոյի առջև։ Նա մեջքով դեպի լուսինն էր կանգնած, և Մարոն վատ էր տեսնում նրա դեմքը, սակայն նրա շնչառությունը անհավասար էր։
— Ինչպե՞ս կարող եմ տառապել, եթե ոչինչ չեմ սպասում քեզնից։ Մի քիչ բարեկամություն, մի քիչ ջերմություն, մի քիչ զգացմունք։ Մի քանի օր... մի քանի շաբաթ... Դա այնքան քիչ է քո կյանքի կտրվածքով և այնքան շատ է ինձ համար։ Ինձ, որ սիրելու եմ քեզ մինչ իմ օրերի ավարտը։ Չէ՞ որ դու այնքան դաժան չես լինի, որ ինձ մերժես երջանկության այդ փշուրները։
Լսելով նրա աղերսող ձայնը՝ Մարոն չգիտեր, թե ինչ պատասխաներ։ Մինչդեռ նա պատասխան էր փնտրում, Ռըզան շարունակեց արևելյան քնարականությամբ.
— Ոչինչ մի ասա, դու կփշրես իմ երազը, ես դա զգում եմ։ Թող քո դյութիչ ձայնը, ի՜մ փերի, չկործանի այն երջանկությունը, որով լեցուն է սիրտս։ Հոգին թովելու համար պարգեիր իմ հայացքին քո համր գեղեցկությունը։
Մարոն հակել էր աչքերը և շփոթված էր այդ իրավիճակից։
— Վերադառնանք տուն, խնդրում եմ,— ասաց նա։
Երբ Մարոն ուզեց վերադարձնել ապարոշը, Ռըզան պատասխանեց. «Դեռ ոչ»: Գոհ մնալով, որ Մարոն այլևս չէր հակաճառում, Ռըզան նրան մեկնեց ձեռքը և օգնեց ոտքի կանգնել։
— Վերադառնանք, քանի որ այդպիսին է քո ցանկությունը։ Գնանք լուռ, այս գիշերվա կախարդանքն ըմբոշխնելու համար։
Առանց Մարոյի ձեռքը բաց թողնելու, Ռըզան նրան առաջնորդեց վերադարձի ճանապարհին։ Սակայն լռություն չկար։ Հազարավոր միջատների բզոցը, ինչպես նաև չոր խոտի խշշոցը ձայնային ֆոն էին կազմում, որը խլացնող էր դառնում, երբ դրա վրա ուշադրություն էիր դարձնում։ Նապաստակը վազում էր, բուն ճչում էր, ծառը ճռռում էր։ Զբոսնողների քայլերից զարթնած մի լոր կչկչաց անտառում։
Ռըզա բեյը ցնծում էր։ Վերջապես նա բացել էր սիրտը Մարոյի առջև և այսուհետ կկարողանար իր զգացմունքներն ազատորեն արտահայտել։ Միգուցե իր հիշողությունների հետ կապված վայրի պատճառով և այդ կնոջ նկատմամբ իր հակման էությունից՝ հիացմունքով երանգավորված սեր, Ռըզա բեյին թվում էր, որ նա կրկին դարձել էր այն ռոմանտիկ պատանին, որ եղել էր ժամանակին։ Տարիներն անհայտանում էին, և ինքը նորացում էր ապրում։ Այս կնոջ հետ ինքն առանց վարանելու իրեն բացահայտում էր այնպիսին, ինչպիսին ինքը կար։ Մտերմիկ իրավիճակում նա կարող էր հրաժարվել կարծր ու անդրդվելի մարդու կերպարից, որ նա ստեղծել էր իր համար առաջնորդ դառնալու համար։
Երբ արահետը նեղացավ, Մարոն առաջ անցավ, և Ռըզա բեյը համակվեց ամենազոր տենչով։ Նրան թվաց, որ ինքն արու էր, որը հետապնդում էր էգին։ Նա սեղմեց Մարոյի մեջքը, որը փորձեց ազատվել նրա ձեռքերից։ Ռըզան գրկեց նրան և իրեն սեղմեց։ Լուռ և անհավասար պայքար սկսվեց։ Ազատվելու համար Մարոյի արած ամեն մի շարժումը դրդում էր տղամարդուն ավելի ամուր գրկելու նրան և ավելի ուժեղ իրեն սեղմելու։
— Ռըզա բեյ...– աղերսեց Մարոն։
Խուլ մնալով այդ աղերսին, նա բարձրացրեց Մարոյի մազերը, և համբուրեց նրա ծոծրակը և պարանոցը։ Նա ծանր էր շնչում, նրա ձեռքերը տենդագին փաղաքշում էին Մարոյի մարմինը։ Մարոն շարունակում էր դիմադրել, սակայն ոչինչ չէր կարող անել Ռըզայի ուժի դեմ։ Ռըզան հետ տարավ նրա գլուխը և շրթունքներով փնտրեց կնոջ շուրթերը։ Մարոյի դիմադրությունը գրգռում էր նրան և ուժգնացնում նրա տենչը։ Նա բարձրացրեց Մարոյին և պառկեցրեց անհարթ գետնին և անշարժացրեց դիմադրող կնոջն իր մարմնի ծանրությամբ։ Շտապելով նրան մերկացնել, նա պատռեց Մարոյի հագուստը։ Պայքարն անիմաստ համարելով՝ Մարոն հնազանդվեց։ Նրան առնելիս Ռըզան երկար հոգոց հանեց։ Նա բռնել էր Մարոյի դաստակները և համբուրում էր նրան տենդագին ձայնով սիրո խոսքեր շշնջալով։ Կամաց-կամաց Մարոյի մկանները թուլացան, իսկ Ռըզայի մեջքը սկսեց շարժվել.
— Անձնատուր եղիր,– ասաց նա խռպոտ ձայնով։– Դու ինձ տենչում ես, մարմինը չի խաբում։
Մարոն գլուխը մի կողմ թեքեց։ Նրա քթի տակ իր արբեցնող հոտն էր տարածում ուրցի թուփը։ Ուրցի սուր հոտից արբենալով՝ Մարոն ցածրաձայն լալիս էր: