Վերջին թարմացում 21 Հուլիսի 2014, 12:11

Ամառ առանց այգաբացի - Գլուխ 9

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 8 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 10 ▶


Վարդանի առջև հայտնվեց հողմնահարված գագաթով գետնահար հրաբխի ուրվագիծը։ Հրաբխի եզրերին մնացել էին չհալված ձյան կղզյակներ, որոնք նմանվում էին լավայի գետերի, որոնք դուրս էին հոսել խառնարանից։ Դա Արգե լեռն էր։ Ինքը գրեթե հասել էր իր նպատակին։ Կեսարիան գտնվում էր այս լեռան հյուսիսում, հազիվ քսան կիլոմետրի վրա։ Ինչ համեմատություն իր անցած երեք հարյուր հիսուն կիլոմետրի հետ։

Դատելով արևի դիրքից, կեսօրն անց էր։ Վարդանը նստեց մի ժայռի ստվերում։ Նա քրտնած էր, սակայն դողում էր։ Կանոնավոր կերպով նրան տանջող ջերմի նոպաները տևում էին մեկ-երկու ժամ, որից հետո նա ուժասպառ էր լինում և տառապում էր ծարավից։ Ազդրի վերքի հետևանքն էր։ Այն չէր լավանում, և վարակը տարածվում էր մարմնով մեկ։ Պետք էր հուսալ, որ Կեսարիայի ամերիկյան վարժարանի տնօրեն Էնտոնի Բլեյկը դեղորայք կունենար։ Եթե, իհարկե, նա ստիպված չէր եղել հեռանալ քաղաքից...

Վարդանը որոշակի հուսահատություն էր ապրում։ ճանապարհորդության չորրորդ օրը նրա ձին՝ Յըլդըզը, կոտրել էր ոտքը, և նա ստիպված էր եղել սպանել ձիուն և շարունակել ճանապարհը ոտքով։ Գրեթե երեք շաբաթ ճանապարհին էր։ Երեք շաբաթ շարունակ նա հեռանում էր այն շրջանից, ուր ամենայն հավանականությամբ գտնվում էին Մարոն ու Թովմասը։ Անցած շաբաթների պատճառով հարազատներից իրեն բաժանող տարածությունը Վարդանին ավելի մեծ էր թվում, քան իրականում կար և դա նրան ավելի էր տանջում, քան հոգնածությունը, սովն ու ծարավը։

Շվեյցարական մանկատանը անցկացրած երեք օրերից հետո Վարդանը գիշերով հեռացել էր Մալաթիայից՝ օրիորդ Լանգլեին վստահելով իր գրած նամակների և հոդվածների առաքումը։ Քաղաքում և նրա մերձակայքում հսկողությունը թուլացել էր, սակայն բանակն ու ոստիկանությունը վերահսկում էին րոլոր ճանապարհները և Վարդանը ստիպված էր եղել շարժվել Տավրոսին հյուսիսից հարող բարձր սարահարթի ճանապարհով։ Մատչելի կապաններով և նեղ կիրճերով հարուստ սարահարթը վեհ պատկեր էր ներկայացնում, որի վրա սավառնում էին միայնակ արծիվները։ Հազվադեպ գետակները հոսում էին դեպի Միջերկրական ծովը, իսկ սարերի լանջերին երբեմն հանդիպում էին ոչխարների հոտեր։ Հարավ-արևմտյան ուղղությամբ լեռները կուտակվում էին մինչև անսահմանություն՝ նմանվելով հսկաների, և նրանց տեղ-տեղ կանաչին տվող կարմիր գույնը բացվում էր՝ ընդունելով վարդագույնի և մանուշակագույնի տարբեր երանգներ, և վերջապես ձուլվում էր երկնքի կապույտին։

Քարին թիկնած՝ Վարդանը զննեց իր առջև տարածվող բլրապատ հարթավայրը։ Լանջին աճող խաղողի այգիները, խնձորենիները հեղեղատում, բարդիների շարքերը և վարսակի արտի ոսկեզօծ ուղղանկյունը վկայում էին բնակավայրի առկայության մասին։ Նա տուն կամ ագարակ էր փնտրում, ուր կարող էր հյուրընկալվել։ Իր ներկայիս տեսքով՝ կեղտոտ, երկար մորուքով և պատռված համազգեստով, Վարդանը Կեսարիայում կարող էր կասկածներ հարուցել, և նրանից փաստաթուղթ կպահանջեին։ Հարկավոր էր նախ ներկայանալի տեսք ընդունել։ Նա բնակավայր չտեսավ, սակայն հեռվում զգացվող մի շարժում գրավեց նրա ուշադրությունը։ Գյուղացին հող էր վարում։

Նա կաղալով ճանապարհ ընկավ։ Ամեն քայլից ազդրը ցավում էր։ Կես ժամ անց նա հասավ ակոսների եզրին, ուր մի մարդ բռնել էր փայտե արորի միակ կոթը, որը երկու նիհար եզներ ալարկոտ ընթացքով քարշ էին տալիս արտով։ Տղամարդը կրում էր Անատոլիայի գյուղացիների համար հատկանշական տարազ, վարդագույն շապիկ, սպիտակ բամբակյա լայն շալվար ու կաշվից պատրաստված տրեխներ։ Տասներկու տարեկան մի տղա քայլում էր եզների կողքից և ժամանակ առ ժամանակ ճիպոտով հարվածելով ստիպում էր նրանց արագացնել ընթացքը։ Երեխան նկատեց օտարականին և զգուշացրեց հողագործին, որը կանգնեցրեց լծկաններին։

— Էվալլահ, համշարի,— բղավեց նա։

— Ողջույն, բարեկամս,— պատասխանեց Վարդանը մոտենալով։

Ցածրահասակ և թիկնեղ գյուղացին իր մազոտ ձեռքերը քսեց շալվարին։ Այդ մոտ քառասուն տարեկան տղամարդու ձախ այտին անհավասար եզրերով հին սպի կար։ Կզակը կապտին էր տալիս մի քանի օր չսափրած մորուքից, իսկ հաստ բեղերը թաքցնում էին վերին շրթունքը։ Վարդանի տեսքը նրան զգաստացրեց.

— Վիրավո՞ր ես։

— Այո, և ոտքի վրա եմ մի քանի օր։

Սև և թավ հոնքերի տակից տղամարդու հայացքը խոժոռ էր թվում։

— Ի՞նչ ես անում այս կողմերում։

— Սարերում իմ գնդի վրա անհավատներ հարձակվեցին, և միայն ես փրկվեցի։

Գյուղացին շարունակում էր չհավատալ։ Նա փորը քորեց, և այդպիսով նրա ձեռքը հայտնվեց գոտու հետևը խրած ատրճանակի մոտ։ Վստահություն հարուցելու համար Վարդանը ցույց տվեց իր տրեզները.

— Հանգստացիր, դասալիք չեմ։ Ես լեյտենանտ Ակդարն եմ։ Վերադառնամ եմ Կեսարիա իմ գնդապետին զեկուցելու համար։

— Որևէ թուղթ ունե՞ս, որը կհաստատեր քո ինքնությունը։

Վարդանը մեկնեց իր առաքելության թուղթը, որը հողագործը բացեց, ուսումնասիրեց գլխիվայր պահելով և վերադարձրեց, ասելով.

— Կարդալ չգիտեմ։

Վարդանը հույսը հենց դրա վրա էր դրել, քանի որ փաստաթղթում գրված էր Շաքիր Իսմայելի անունը։ Նա ցույց տվեց փաստաթղթի մի տողը և Հալիթ փաշայի կնիքը։

— Նայիր, սա սուլթանի անունն է։

— Ինչպե՞ս է նրա անունը։

— Դու չգիտե՞ս,— հարցրեց Վարդանը զարմացած։

Վախենալով, որ լեյտենանտը իրեն կհանդիմանի տգիտության համար, գյուղացին վիճակից դուրս եկավ քահքահ ծիծաղելով։

— Ես վատ հիշողություն ունեմ։ Մոռանում եմ նույնիսկ իմ երեխաների անունները։

— Դու շա՞տ երեխաներ ունես։

Գյուղացին ինը մատ ցույց տվեց՝ հպարտությունից փքվելով։

— Քանի՞ կին ունես։

— Երկու,– պատասխանեց գյուղացին, որն այդ թիվը գիտեր։– Իսկ դո՞ւ։

— Չորսը, ինչպես թույլ է տալիս Մարգարեն։

Այդ թիվը մեծ տպավորություն թողեց զրուցակցի վրա։ Մարդ պետք է հարուստ լիներ այդքան կին պահելու համար։

— Իմ անունն է Սուլեյման Ղարաբըյըկ։ Արի իմ տուն հանգստանալու։

— Հաճույքով։ Թող Աստված քեզ օրհնի, Սուլեյման։

Գյուղացու տղան գնաց ու թփերի միջից մի կուժ ջուր բերեց։ Խմելու փոխարեն գյուղացին ջուրը գլխին լցրեց ու դեմքը թրջեց, և դա Վարդանին տարօրինակ թվաց։

— Ջուրը խմելու չէ՞։ Ես չե՞մ կարող դրանից խմել,– հարցրեց նա, երբ Սուլեյմանը կուժն իրեն տվեց։

Վերջինս ցնցվեց, ճակատը կնճռոտեց ու նորից լարվեց.

— Խմե՞լ։ Բայց ռամադան է։

Վարդանն արագորեն սխալն ուղղեց։

— Կարծում էի, որ այն ավարտվել է։ Ասացի, որ մոլորվել եմ և օրերի հաշիվը կորցրել։

Այս պատասխանը բավարարեց գյուղացուն։ Չնայած իրեն տանջող ծարավին, Վարդանը բավարարվեց ճակատն ու ծոծրակը թարմացնելով։ Սուլեյմանը եզներին վստահեց որդուն և հյուրին տուն տարավ։ ճանապարհին նա նկատեց, որ Վարդանը դողում էր։

— Դողո՞ւմ ես։

— Մի քիչ ջերմություն ունեմ։

— Հաստատ ջերմախտ է։

— Ազդրիս վերքից է։

— Ոչ, ոչ, ջերմախտ է։ Ինձ ծանոթ է այդ հիվանդությունը։ Ես դրանից տառապել եմ։ Երկրորդ կինս միակն է, որ կարողանում է այն բուժել։ Բախտդ բերել է։ Ալլահն է քայլերդ այս կողմ ուղղել։

Վարդանը գերադասեց չհակաճառել նրան իր հիվանդության կապակցությամբ։ Ավելի լավ, եթե գյուղացին համարում էր, որ իրենց հանդիպումն Աստծու կամքով էր տեղի ունեցել։ Ի դեպ, նրա վարքագիծն այդ պահից փոխվեց, և նա ձեռքը դրեց լեյտենանտի ուսին, նրա ձայնը բարեկամական դարձավ։

— Քեզ հենց հիմա ջուր կտան։ Հիվանդները ծոմ չեն պահում։ Հենց որ տեղ հասնենք, կուտես ու կխմես, որքան կուզես։

— Կուզենայի նաև լողանալ ու սափրվել։ Եթե դու թել ու ասեղ ունենաս, ես կարգի կբերեմ համազգեստս։ Տես, թե ինչի եմ նման, ես՝ օսմանյան բանակի լեյտենանտս։ Ես ինձ խայտառակված կզգամ, եթե այս վիճակում ներկայանամ իմ հրամանատարներին։ Ես կվճարեմ։

— Փո՜ղ,– բացականչեց գյուղացին վիրավորված։— Սուլեյման Ղարաբըյըկի հյուրասիրությունը չի վաճառվում, նա այն բաշխում է, ինչպես պատվիրել է Մարգարեն։

— Ներիր ինձ, չէի ուզում քեզ վիրավորել։

Սուլեյմանը ժպտաց և նշան արեց, որ քեն չէր պահում։

Նրանք մի արտի մոտով անցան, ուր կանայք ու երեխաները մանգաղներով ցորեն էին հնձում։

— Իմ արտն է,– հայտարարեց Սուլեյմանը, նույն շարժումով ցույց տալով և արտը, և այնտեղ աշխատող մարդկանց։

Հպարտությունից դողացող ձայնով նա ցույց տվեց քարքարոտ, սակայն կանաչ մարգագետինը, ձիթենու այգին, եգիպտացորենի դաշտը և ոռոգվող այգին։ Նա ձեռքը կրծքին խփեց։

— Այս ամենը ես աղայից չեմ վարձակալում։ Այս ամենը պատկանում է ինձ և եղբորս՝ Նազիմին։

Նա թվարկեց իր ունեցած անասունը. երկու եզ, մեկ երինջ, մեկ ավանակ իր քուռակի հետ և անհամար ոչխարներ, այծեր ու հավեր։ Անատոլիայի չափանիշներով Սուլեյմանը բարեկեցիկ գյուղացի էր։ Տան կողքին գոմ կար, որի հետևում շարված էին խոտի երեք դեզերը։ Երկու կավաշեն տները կանգնած էին կողք կողքի։ Սուլեյմանը ցույց տվեց ձախ կողմի տունը, որի փոքր լուսամատները պատված էին փայտյա ճաղերով։

— Սա հարեմն է, ուր ապրում են իմ և եղբորս կանայք։

Երեք տարեկանից փոքր երկու երեխա խաղում էին հարեմի դռան առջև, իսկ նրանց շուրջը փոշու մեջ թաղված ննջում էին հավերը։ Գոմի ստվերում կանգնած ավանակը ծանր շնչելով դաշտերին էր նայում, իսկ նրա քուռակը մորն էր ծծում։ Օդում տարածվել էր թխվող հացի բուրմունքը, որը խառնվում էր աթարի հոտի հետ։

Սուլեյմանը Վարդանին տարավ աջ կողմի տունը, որը մեկ մեծ սենյակ ուներ։ Հողե հատակի մեկ երրորդը զբաղեցնում էին ներքնակներն ու փալասները։ Տանը համեմատաբար ավելի զով էր։ Դեռևս տան շեմից գյուղացին բղավեց երկրորդ տան ուղղությամբ.

— Այշա, Այշա։

Նա իր հյուրին նստել առաջարկեց և ալյումինե թասով օղի մատուցեց։ Ինքը նույնպես դեմ չէր լինի խմելու, որից հետո մեկ—երկու ծխախոտ կծխեր, բայց նա դիմադրում էր գայթակղությանը և սպասում էր մութն ընկնելուն։

— Թող կյանքդ երկար լինի, իսկ զավակներդ էլ բազում,— ասաց Վարդանը կենացի փոխարեն։

— Շնորհակալություն։

Կոճերի վրա հավաքված լայն վարդագույն շալվարի վրա բաց կանաչ զգեստ հագած մի կին սենյակ մտավ։ Նրա ոտքերին ոչխարի մորթուց կարված հողաթափեր կային, իսկ գլուխն ու դեմքը ծածկում էր սպիտակ փարաջան։ Նշաձև աչքերը, խիտ հոնքերը և երկար արտևանունքները վկայում էին չերքեզյան ծագման մասին։ Նա ծածուկ և հետաքրքրասիրությամբ Վարդանին նայեց։

— Հյուրին ուտելիք ու ջուր բեր։

Նա նայեց ամուսնուն ու տատանվեց։ Նա չէր հասկանում։ Իսկ ռամադա՞նը։

— Լեյտենանտը հիվանդ է,– բացատրեց Սուլեյմանը,— չի կարող ծոմ պահել։ Դու նրան կբուժես։ Քննիր նրան։ Համոզված եմ, որ ջերմախտ ունի։

Կինը մոտեցավ հյուրին և կռացավ նրա վրա։ Նրա դարչինով ներկված ձեռքը իջավ Վարդանի ճակատին։ Վարդանը զգաց, որ կնոջ քրտնած ափը դողում էր։ Հետո կինը մատով ձգեց Վարդանի կոպը, սակայն աչքի սպիտակուցը ուսումնասիրելու փոխարեն, ինչպես նա հավակնում էր, նա անամոթաբար զննում էր Վարդանի դեմքը, և դա նրան շփոթեցրեց։

— Ջերմախտ է,— հաստատեց նա իր ամուսնու ախտորոշումը։— Ես նրան կբուժեմ։

Կինը հեռացավ, իսկ Սուլեյմանը հիացած բացականչեց.

— Տարբեր վայրերից մարդիկ են գալիս նրա մոտ բուժվելու։

— Կկարողանա՞ նա բուժել իմ վերքը,— հարցրեց Վարդանր հպվելով իր ցավացող ազդրին։

— Ոչ, Այշայի ունակությունները սահմանափակվում են ջերմախտով, սակայն կտեսնես՝ երեք օրում ուժերդ կվերականգնես։

— Ես հենց այս երեկո պետք է գնամ։

Սուլեյմանը վեր թռավ.

— Դրա մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դու որոշ ժամանակ կհանգստանաս ինձ մոտ։ Խոսք չի կարող լինել այն մասին, որ թույլ տամ մեր քաջ սպաներից մեկին ճամփա ընկնել հիվանդ վիճակում։

Սուլեյմանի փոքր, ժիր աչքերը զննում էին իր հյուրի աչքերը։ Այս մարդն ավելի խորամանկ էր, քան կարող էր թվալ առաջին հայացքից։ Վարդանը չէր կարող հրաժարվել նրա հյուրասիրությունից և անիմաստ բուժումից՝ առանց վիրավորելու հյուրընկալողին և առանց կասկած հարուցելու։

— Ես զգացված եմ քո մեծահոգությունից, Սուլեյման,— ասաց Վարդանը գրպանից մի քանի դրամ հանելով։— Քանի որ փող չես ուզում վերցնել, կուզենայի, որ իմ անունից այս փողը նվիրեիր մզկիթին։

Գյուղացին լայն ժպտաց՝ բացելով ծխախոտից դեղնած իր բոլոր ատամները, և փողը գրպանը դրեց։ Այս լեյտենանտը իսկապես արժանավայել մարդ էր։

Այշան պղնձե սկուտեղ բերեց, որի վրա նա դրել էր տաք հաց, մի աման մածուն և ծիրանի չիր։ Նա հեռացավ ամուսնու հետ։ Վարդանն ախորժակով ուտում էր, երբ Սուլեյմանը վերադարձավ ածելիով, սև օճառի կտորով և մի կուժ ջրով։ Նրա ձեռքին նաև մի շալվար ու մի շապիկ կար։

— Հանիր համազգեստդ կանայք կմաքրեն ու կկարկատեն այն։ Կար ու ձևը տղամարդու գործ չէ։

Վարդանը հանվեց, և Սուլեյմանի դեմքը ծռմռվեց նրա աջ ազդրի սևին տվող վերքից։

— Տեսքն ավելի վատ է, քան իրական վիճակը,– ասաց Վարդանը անհոգ տեսքով։

Իրականում վերքի վիճակը նրան անհանգստացնում էր։ Վերքի մանուշակագույն եզրերը իրարից հեռացել և այտուցվել էին, կեղևը տեղ-տեղ պոկվում էր։ Ամրողջ ոտքն էր այտուցվել, և կոշիկը սեղմում էր։ Անհրաժեշտ էր մշակել վերքը և ախտահանել վիրակապելուց առաջ։

— Սպիրտ ունե՞ս։

Սուլեյմանը ցույց տվեց գետնին դրված օղու շիշը։

— Ես նկատի ունեմ այն սպիրտը, որ այրում են սպիրտայրոցներում։

— Ոչ։ Ուզում ես գյուղի կախարդին կանչեմ։ Նա հմայիլ կսարքի։

— Դրա կարիքը չկա։ Երբ ես Կեսարիա կհասնեմ, բանակի վիրաբույժը մեկ րոպեում վերքս կարգի կբերի։

— Դու գիտես,– պատասխանեց գյուղացին։– Ես արտ եմ վերադառնում, իսկ դու հանգստացիր մինչև երեկոյան աղոթքը։ Հյուրերի եմ սպասում ծոմից դուրս գալու կապակցությամբ և կուզենայի, որ դու մեզ միանայիր։

— Զգացված եմ։

Սուլեյմանը գնաց։ Սափրվելուց ու լվացվելուց հետո Վարդանը ներքնաշորերով պառկեց սենյակի խորքում դրված ներքնակին։ Նա փակեց աչքերը, սակայն անմիջապես բացեց ոտնաձայներ լսելով։ Այշան էր։ Վարդանը ձեռքը մեկնեց կողքին դրված շալվարի կողմը։

— Մի անհանգստացեք,– ասաց Այշան,– ես երկար ժամանակով չեմ եկել։ Պառկած մնացեք։

Նա արագ մոտեցավ Վարդանին ու ծնկի իջավ։ Գլխին անփույթ գցած քողը սահեց ուսերին՝ բացելով նրա դեմքը։ Նա ծամածռեց լիքը շուրթերով բերանը և ուսերը թոթվեց, կարծես պատասխաներ ինքն իրեն արված հանդիմանությանը։ Նա քողը չբարձրացրեց։ Այդ ազատությունը մահմեդական կնոջ պահվածքում զարմացրեց Վարդանին։

Այշան քսան տարեկան էր։ Շատ լավ գիտակցելով իր գեղեցկությունը՝ նա չէր համակերպվում այն մտքի հետ, որ ինքն այն պետք է թաքցներ ամուսնանալուց հետո՝ արդեն չորս տարի։ Նա ափսոսանքով էր հիշում տղամարդկանց վավաշոտ հայացքները իր հայտվելուն պես և ձանձրանում էր այս առանձնացած ագարակում, որտեղից շատ հազվադեպ էր դուրս գալիս գյուղի շուկան գնալիս։ Չարսավի մեջ փաթաթված՝ նա նմանվում էր այլ գեղջկուհիների մուգ և լուռ ուրվագծերին, որոնք հնազանդ հետևում էին իրենց ամուսիններին։

Նա շատ էր կարոտում իր ծննդավայրի՝ լեռնային գյուղի տոներին ու աշխուժությանր, ընկերուհիներին, որոնց հանդիպում էր աղբյուրի մոտ։ Հոր տանը միշտ երաժշտություն էր հնչում և ծիծաղ, իրենք հաճախ պարում էին, մինչդեռ այստեղ, արևից խարկված այս հարթավայրում, խոսում էին միայն բերքից և անասունից, մտածում էին միայն հողը մշակելու մասին և այն պաշարների մասին, որ պետք էր պարենավորել ձմռան համար։ Տաղտկալի կյանք։ Երեխաներ ծնել, անասուն խնամել, աշխատել դաշտում, ճաշ եփել, բուրդ մանել, գործել։ Մութ ու ծխոտ տանը փակված մնալ վեց ամիս շարունակ, իսկ մնացած վեց ամիսը արևի տակ մաշվել։ Այշան իրեն արդեն ծեր էր զգում։ Սուլեյմանն իրեն այլևս չէր տեսնում։ Նրա համար Այշան ընդամենն իր էր՝ ոչ ավել, ոչ պակաս, քան իր հոտի անասուններից մեկը։ Միայն թե աշխատեր ու երեխա բերեր, ավելին չէր պահանջվում։

Եթե Սուլեյմանն իմանար, որ նա քողը հանել էր օտարի առջև, ապա այնքան կծեծեր, որ ատամները թափվեին։ Միևնույն է՝ ինքը կանի այն, ինչ ուզում է։ Նա անսահման ցանկություն ուներ դեռևս գեղեցիկ թվալ տղամարդկանց աչքերում։ Այս լեյտենանտը, որը լրիվ այլ աշխարհից էր և տարբերվում էր այս կորած-մոլորած անկյունի դանդալոշներից, իրեն ընձեռում էր իր երազած հնարավորությունը։ Նա շատ բան չէր սպասում։ Ուզում էր ընդամենն արձանագրել, որ այս օտարն իրեն ցանկալի էր համարում։ Միգուցե հաճոյախոսություն էր նրանից սպասում, որպեսզի ձևանար, որ կարմրում էր։

— Ահա ջերմախտի դեմ դեղը,– ասաց նա, թարմ ձուն ցույց տալով։

Նա կոտրեց ձուն և ճարպկորեն հեռացրեց կեղևը առանց վնասելու ձվի սպիտակուցն ու դեղնուցը պարուրող թաղանթը։ Նա թաղանթը ծակեց և պարունակությունը լցրեց ափսեի մեջ, հետո դատարկ թաղանթը թաթախեց կիտրոնի հյութի մեջ։ Դեղագործ լինելով՝ Վարդանը հետաքրքրվում էր ժողովրդական միջոցներով և զվարճացած հետևում էր Այշայի գործողություններին։ Այդ ընթացքում երիտասարդ կինը նրան հարցեր էր տալիս։ Որտե՞ղ էր նա ծնվել։ Որտե՞ղ էր ապրում։ Ամուսնացա՞ծ էր, թե ոչ։ Այդ ընթացքում Վարդանը հորինեց լեյտենանտ Սալահեդդին Ակբարի կենսագրությունը։

— Ձեր ձախ ձեռքր տվեք,– ասաց կինը։

Այշան հպվեց Վարդանի ափին և զարմացավ։ Նա երբեք չէր տեսել առանց կոշտուկների տղամարդու ձեռք, մինչդեռ լեյտենանտի ափը հարթ էր, ինչը նշանակում էր, որ նա երբեք ֆիզիկական աշխատանք չէր կատարել։ Հարուստ մարդու ձեռք էր։ Ի՞նչ էր մտածում այդ տղամարդը իր մասին։ Նկատո՞ւմ էր արդյոք իր գեղեցկությունը։ Այշան ոչինչ չէր կարողանում հասկանալ նրա անթափանց դեմքից։ Նա ձվի թաղանթը փաթաթեց Վարդանի ճկույթին։

— Ահա,– ասաց նա առանց բաց թողնելու Վարդանի ափը։

— Վերջացրի՞ք։

— Այո, թող մատի վրա չորանա։ Կցավի, բայց դուք կապաքինվեք։

— Շնորհակալություն, խանում,– ասաց Վարդանը հետ քաշելով ձեռքը և ազդրին դնելով։

— Ուրիշ բան չե՞ք ուզում։

Վարդանն ասաց՝ ոչ։ Երիտասարդ կինը վերջապես հեռացավ, երբ նա ասաց, որ ինքը քնել է ուզում, և իսկապես քնեց, երբ կինը քողը գլխին գցելով՝ դուրս եկավ սենյակից։

Նա ցավից արթնացավ մեկ ժամ անց։ Թաղանթը չորացել էր և աքցանի պես սեղմում էր նրա ճկույթը։ Ձեռքը թմրել էր, և ցավը տարածվում էր ամբողջ մարմնով մեկ։ Նա փորձեց ազատվել մատը սեղմող թաղանթից։

— Ոչ,– բղավեց Այշան։

Անակնկալի գալով՝ Վարդանը ցնցվեց։ Այշան վերցրեց Վարդանի ձեռքը, սակայն արդեն ուշ էր, քանի որ նա վնասել էր թաղանթը եղունգներով։ Այշան հանդիմանեց.

— Դուք չպետք է այդպես անեիք։ Լավանալու համար պետք էր սպասել, որ թաղանթն ինքը ճաքեր և ընկներ։

Նրա դեմքը բաց էր և, Վարդանի կողքին պպզած, նա հյուրին էր նայում խորհրդավոր ժպիտը երեսին, որից նրա երիտասարդ գեղեցկությունը գրգռիչ էր դառնում։ Անհանգստանալով՝ Վարդանը ծածուկ նայեց դռան կողմը։

— Բոլորը դաշտում են,– շշնջաց Այշան նրան հանգստացնելու համար։

— Դու վաղո՞ւց ես այստեղ։

— Ես հետևում էի ձեր քնին։ Դուք այնքան խորն էիք քնել։

Նրա ջերմությունը ստուգելու պատրվակով, կինը ձեռքը դրեց Վարդանի ճակատին։ Այդ հպումը Վարդանին փաղաքշանք թվաց, և նստելով՝ նա ազատվեց կնոջ ձեռքից։

— Ես ինձ ավելի լավ եմ զգում,— ասաց նա սառը ձայնով։– Ես շնորհակալ եմ քեզնից։

— Դուք դեռ հիվանդ եք։ Վաղը պետք է բուժումը շարունակել։

Վարդանը ցանկություն չուներ վերսկսելու ցավոտ փորձը.

— Դրա անհրաժեշտությունը չի լինի, խանում։

— Սուլեյմանը կբարկանա, եթե ձեզ ջերմախտից չբուժեմ։

Երիտասարդ կնոջ ձայնում վախ էր զգացվում, սակայն կարելի էր նշմարել նաև հեգնանքի երանգ։ Վարդանը կասկածեց, որ նա գիտեր, որ ինքը ջերմախտով հիվանդ չէր։ Կինն ուշադիր նայում էր Վարդանին դեմքին տարօրինակ արտահայտությամբ, որի իմաստը վերջինս չէր կարողանում հասկանալ, իսկ նրա անպատշաճ պահվածքը դուր չէր գալիս Վարդանին, քանի որ Սուլեյմանը պետք է որ շատ բծախնդիր լիներ իր կանանց պատվի հարցում։

Վարդանն ուզեց հագնել Սուլեյմանի տված շալվարը։ Նա իր ազդրին շագանակագույն մի սպեղանի նկատեց։

— Ի՞նչ է սա։

— Ցեխ է ու այծի կտտոր,– պատասխանեց Այշան։– Բուժում է վերքերը։

Վւսրդանր ծամածռվեց՝ մտածելով փայտացում ստանալու վտանգի մասին, ոտքի կանգնեց, որպեսզի հողի ու թրիքի խառնուրդը վայր ընկներ, և վերքը լվաց կժի մեջ մնացած ջրով։ Նա պետք է որ շատ խորը քնած լիներ, որպեսզի չարթնանար սպեղանին տեղադրելիս։ Նրա վարտիքի կոճակը բացված էր։ Կարո՞ղ էր պատահել, որ... Նա հայացքն արագ բարձրացրեց Այշայի վրա, որն արդեն հագել էր գլխաշորը, և երևում էին միայն նրա նշաձև աչքերը։ Նա խոնարհվեց ու գնաց։

Այս կինը կարող էր իր գլխին փորձանք բերել: Վարդանն ուզում էր հնարավորինս շուտ հեռանալ այդտեղից։ Նա հագնվեց և նստեց դռան դիմաց՝ սպասելով Սուլեյմանի վերադարձին։

Բակում ստվերներն արդեն երկարում էին։ Վարդանի համազգեստը փռած էր սայլի կողին, որի տակ կչկչում էին հավերը։ Հեռվում, դաշտերից մեկում չորս կին և տասներկու տարեկան մի տղա դիզում էին խոտը։ Ավանակն ու իր քուռակը շրջանցեցին տունը, գնացին մինչև ջրհորը և խանչեցին այնքան ժամանակ, մինչև Այշան եկավ և նրանց ջուր տվեց։ Ծծկեր երեխան գրկին նա իր գործն արեց՝ առանց աչքը Վարդանից կտրելու։

Կանայք դաշտից տուն եկան և, զարմանալով օտարականի ներկայությունից, շտապեցին հարեմ՝ Այշայից մանրամասներ իմանալու համար։ Երեխաներն իրար հրմշտելով ջրհորից ջուր խմեցին և իրար ջրեցին։ Յոթ աղջիկ էին և վեց տղա՝ չորսից մինչև տասներեք տարեկան։ Նրանց դեմքերն ու ձեռքերը կեղտոտ էին, ոտքերը՝ բոբիկ։ Քանի մայրերը ճաշ էին պատրաստում, նրանք խաղում էին բակում, և այդ խաղը պատրվակ էր հյուրին ուսումնասիրելու համար։ Շուտով յոթ կամ ութ տարեկան շիլ մի տղա, չդիմանալով, մոտեցավ և, համազգեստը ցույց տալով, հարցրեց.

— Դու զինվո՞ր ես։

— Այո՛, սպա։

— Ճանաչո՞ւմ ես ավագ եղբորս։ Նա կռվում է բանակում։

— Ոչ։ Զինվոր շատ կա։

Բոլոր երեխաները հավաքվեցին Վարդանի շուրջը, և նրա վրա հարցերի տարափ տեղաց։ Որտեղի՞ց էր գալիս։ Ո՞ւր էր գնում։ Երեխաներ ունե՞ր։

Այղ վերջին հարցը համընկավ Վարդանի մտքերի հետ։ Տղաներից մեկը նրան Թովմասին էր հիշեցնում՝ թե՛ տարիքով, թե՛ կեցվածքով։ Ինքը շատ բան կզոհաբերեր՝ միայն թե իր որդին այս երեխաների պես անհոգ լիներ։ Զգացմունքները դժվարությամբ թաքցնելով՝ նա պատմեց Կոստանդնուպոլսի, Կապույտ մզկիթի, նավահանգստի մասին, ուր հեռու երկրներից նավեր էին գալիս։ Նրա շուրջը նստոոտած երեխաները լսում էին մինչև մի կին նրանց կանչեց ճաշելու։

Արևը մայր էր մտնում, երբ եկավ Սուլեյմանը իրեն շատ նման մի տղամարդու հետ։ Իր եղբայր Նազիմն էր։ Վերջինս կասկածամտորեն զննեց Վարդանին և իրեն զուսպ պահեց։ Քիչ անց երեք տղա եկան՝ տասնչորսից տասնվեց տարեկան պատանիներ։ Ադամամութն ընկավ, և հարևան գյուղից լսվեց մուեզզինի թույլ ձայնը։ Վարդանը գիտեր, որ նա կանչում էր «Ալլահու ակբար՝ Աստված մեծ է։ Ալլահու ակբար։ Ալլահու ակբար։ Ես վկայում եմ, որ չկա ուրիշ աստված Ալլահից բացի։ Եկեք աղոթելու։ Եկեք աղոթելու։ Ալլահու ակբար։»։ Նույնիսկ քրիստոնյայի ականջի համար այս վեհ ուղերձը հիշեցնում էր Աստծու ներկայության մասին։ Հզոր կանչը հրավիրում էր բոլոր հոգիներին հաղորդակցվելու կյանքի խորհրդավոր ակունքների հետ և Վարդանը կեղծելու զգացում չունեցավ, երբ մնացածների հետ դարձավ դեպի Մեքքան և, նրանց շարժումները կրկնելով, ներքուստ աղոթեց։

Մութն ընկնելուց հետո ներքնակները փռեցին բակում՝ անհավասար շրջան կազմելով, որի կենտրոնում կրակ վառեցին։ Եկան հյուրերը, որոնց Սուլեյմանն ու Նազիմն ընդունեցին համբույրներով և բարեմաղթանքներով։ Սուլեյմանը Վարդանին ներկայացրեց նրանց՝ հագուրդ տալով ձևականություններին։ Եկել էին Բորհանեղդինը, որը մետաղագործ էր, Թեքգյոզ Սեդաթը՝ հացթուխը, որի մականունը ցույց էր տալիս, որ նա միակնանի էր, Օսմանը՝ ջորեպանը, որը գյուղերում ածուխ էր վաճառում, Նազիմի աներձագը և հարևան երկու ագարակապաններ՝ Սրըլըկ Սիտկին և Բելի Կըրըկ Ռահմին։ Նրանք բոլորը իրար նման էին իրենց սև բեղերով, արևակեզ դեմքերով, սափրած գլուխներին դրված իրենց ֆեսերով և բամբակյա սպիտակ շապիկներով, որոնք հավաքված էին գոտկատեղին լայն բրդյա գոտիներով։ Վերջին հյուրը՝ ղուրանական երգեցող Հաֆիզ Շևֆիկը, ճաղատ էր և գրեթե կույր։ Նրա սպիտակ մորուքը շրթունքների շուրջը դեղնել էր ծխախոտի ծխից, որ նա փաթաթում էր զարմանալի արագությամբ և առանց մի փշուր կորցնելու։

Նրանք թեք ընկան ներքնակներին, իսկ կանայք բերեցին օղու շշերը, ջրով կժերը և ուտեստները։ Սուլեյմանն ու նրա եղբայրը ճաշկերույթը շռայլորեն էին կազմակերպել։ Մատուցեցին խորոված գառ, խորոված սմբուկ, փլավ, լցոնած լոլիկներ և պղպեղ, սխտորամածուն։

Սուլեյմանի պնդմամբ, Վարդանը ստիպված եղավ մանրամասնորեն պատմել իր գնդի վրա ապստամբների հարձակման մասին, թե ինչպես ինքը միակ ողջը մնալով՝ ստիպված էր եղել մահացած ձևանալ, ինչպես էր փախել, օրեր շարունակ քայլել տափաստանով և սնվել բույսերի արմատներով ու սոխուկներով։ Նրա պատմությունը հիացրեց այդ մարդկանց, որոնք երեխաների պես հեքիաթներ էին սիրում, և նրանք մի քանի թունոտ մեկնաբանություններ արեցին «սուլթանի պատերազմի» մասին, որից կարգին բան չէին հասկանում, բացի այն, որ այդ պատերազմի պատճառով բանակը կանոնավոր կերպով բռնագրավումներ էր իրականացնում։ Նրանք շուտով վերադարձան մթերքի գներին և անպարկեշտ պատմություններին, որոնք նրանց զրույցների հիմնական նյութն էին կազմում։

Վարդանը լուռ էր և մտացրիվ հետևում էր նրանց զրույցին։ Ճաշկերույթն աշխուժացավ։ Հյուրերը զրուցում էին, միևնույն ժամանակ ուտում և խմում էին։ Այս անգրագետ մարդիկ, որոնք իրենց գյուղից դուրս աշխարհ չէին տեսել, ապրում էին բնական կյանքով և դա շարժեց Վարդանի նախանձը։

Երբ գիշերն արդեն բավական առաջացել էր, երեք պատանիները հեռացան և վերադարձան գոմից փամփշտակալներով և հրացանով։ Նրանք հրաժեշտ տվեցին հյուրերին և անհայտացան մթության մեջ։ Վարդանի հարցին Սուլեյմանը պատասխանեց.

— Նրանք հսկում են ագարակը մինչև լուսաբաց և կրակում են թափառաշրջիկներ տեսնելիս։ Վերջերս մեզ վրա հարձակվել էին։

— Հարձակվե՞լ։

— Այո, դասալիքներ կամ անհավատներ, որոնք անասուն են գողանում։

— Ինձ վրա էլ են հարձակվել,– հաստատեց ագարակապաններից մեկը։— Եվ նրանք...

Նազիմը նրան ընդհատեց և բաժակը բարձրացրեց.

— Խմենք։ Լուրջ բաներից վաղը կխոսենք։

Մնացածները հետևեցին նրա օրինակին, և տոնախմբությունը շարունակվեց էլ ավելի աշխույժ կերպով։ Զինված տղաների ներկայությունը դաշտերում ստիպեց Վարդանին հրաժարվել տանտերերի քնելուց հետո հեռանալու գաղափարից։

Սուլեյմանը նայեց իր բարեկամներին, որոնք սրտանց ուրախանում էին, ու իրեն շատ հպարտ զգաց, քանի որ ուտելիքն ու խմիչքը առատ էր։ Նա մտածեց իր բերրի հոդղերի մասին, հարեմում գտնվող իր կանանց մասին, երեխաների մասին, որոնք ուժեղ կլինեին, վերջերս գնված շապիկի և ֆեսի մասին, պատերազմից հետո Մեքքա կատարվելիք ուխտագնացության մասին։ Եվ նա ուրախացավ։

— Ով, Ալլահ։ Մենք ապրում ենք քո օրհնությամբ լի դրախտում։ Երգիր մեզ համար, Հաֆիզ, երկար մի երգ երգիր։

Ծերունին ջուր խմեց և մի քանի անգամ խորը շունչ քաշեց։ Լսվեց նրա խորը և մաքուր ձայնը։ Տղամարդիկ դադարեցին ուտել և աչքերը հառեցին կրակին։ ժամանակ առ ժամանակ լսվում էր «Ամա՜ն։ Ամա՜ն» բացականչությունը, որը շշնջում էր նա, ով հուզվում էր մեղեդուց։ Վարդանը կարոտին տրվեց։ Ծերունին, որը կարծես ներշնչման մեջ լիներ, սիրով էր երգում սկզբում արաբական, հետո թուրքական երգեր։ Նազիմը նրան ուդ բերեց։ Հաֆիզ Շևֆիկը գործիքը գետնին դրեց ու ներողություն խնդրեց.

— Իմ մատները փայտացել են ամբողջ օրը պարտեզում աշխատելուց։

— Ինձ տվեք, ես կփորձեմ։

Նազիմը, զարմանալով, նրան մեկնեց ուդը, որը Վարդանը ծնկներին դրեց լարերը ստուգելու և մի քանի ակորդ վերցնելու համար։ Նա երկար իմպրովիզացիա արեց։ Շատ արագ նա մոռացավ տեղն ու ժամանակը, վշտերը, դժբախտությունները, անորոշ ապագան։ Մեղեդին սավառնում էր դաշտերի վրայով, հաղթահարում էր լեռները և իրեն տանում էր իր հետ։

Հյուրերից և ոչ մեկը չէր լսել այդպիսի հմուտ կատարում։ Երբ ուդը լռեց, Հաֆիզ Շևֆիկը սկսեց երգել։ Եվ երբ քիչ անց դադար տվեց շունչ առնելու համար, նա նշան արեց Վարդանին իրեն փոխարինելու։ Որոշ ժամանակ երաժշտությունն ու երգը հաջորդում էին միմյանց, կարծես երկու երաժիշտները իրար հետ ծանոթանային։ Հետո առանց պայմանավորվելու նրանք միացրեցին իրենց տաղանդները, և ուդը ցածրաձայն նվագակցում էր երգողին։ Նրանց երաժշտությունը մեղմությամբ լցրեց գիշերը։ Տղամարդիկ շունչները պահել էին, և նրանց հոգիների վրա ողորմածություն էր իջել։ Հարեմի լուսամուտների ճաղերի հետևում կանանց աչքերն արտացոլում էին կրակի լույսը։

Երբ տոնախմբությունն ավարտվեց, Հաֆիզ Շևֆիկը շնորհավորեց Վարդանին.

— Որտե՛՞ղ եք այդքան լավ նվազել սովորել, լեյտենանտ Սալահեդդին։

— Ուդի Թաթարը ինձ դասեր է տվել։

— Ես հիմա հասկանում եմ։ Դա ամենամեծ ուդահարն է։

— Դուք աստվածային կերպով եք երգերը կատարում, Հաֆիզ։

— Շնորհակալություն։ Սակայն գործի մեծ մասը ձեր ուդն արեց։

Հյուրերի գնալուց հետո Սուլեյմանն ու Նազիմը Վարդանին իրենց երախտագիտությունը հայտնեցին իրենց հյուրերին այդպես հմայելու համար։

— Դու մեզ հետ կմնաս, որքան կուզես,– բացականչեց Սուլեյմանը նրան համբուրելով։– Կուզենայի քեզ պահել մինչև ռամադանի վերջին տոնախմբությունները։

Երկու տղամարդիկ անհայտացան կանանց տանը, իսկ Վարդանը դրսում մնաց՝ նայելով հանգչող կրակին։ Օգոստոսի կեսի դեռևս կարճ այդ գիշերն արդեն ավարտվում էր։ Հոգնածությունից ջախջախված և դարձյալ ջերմող Վարդանը քնելու ոչ մի ցանկություն չուներ, քանի որ ապրել էր մարդասիրական մի պահ, որը կուզեր երկարաձգել։ Լեռների մեջ կորած ագարակը նրան խաղաղության հանգրվան էր թվում։ Հեռվում մի կրակոց լսվեց, և Վարդանին սթափեցրեց։ Փախստականը չէր կարող իրեն հանգստացնել նման պատրանքներով։ Նա տուն գնաց քնելու։ Գետնին խառնիխուռն պառկած երեխաներին շրջանցելով՝ նա ազատ տեղ գտավ մի փալանի վրա պառկած փոքր տղայի կողքին։ Երեխան սեղմվեց նրան, և Վարդանը տեսավ իր որդու դեմքը։

✻    ✻



— Ոտքի՛, ծույլիկներ,– բացականչեց Սուլեյմանը ծիծաղելով։– Օրը ճաշ է դարձել։

Վարդանը բացեց աչքերը։ Ագարակապանը իրեն չէր դիմում, այլ պատանիներին, որոնք ամբողջ գիշեր հսկել էին ագարակի շրջակայքը։ Նրանք վեր կացան՝ հորանջելով և ձգվելով։ Սուլեյմանի կոպերը նույնպես ուռած էին քնից։ Ռամադանի ժամանակ ընդունված էր հնարավորինս ուշ արթնանալ, որպեսզի ցերեկային ծոմի ժամերը կարճ թվային, այդուհանդերձ հարկավոր էր կատարել այն անհետաձգելի աշխատանքները։

Վարդանը ոտքի կանգնեց։ Նա գլխապտույտ ուներ, թույլ էր և այրվում էր ջերմից։

— Պառկիր,– ասաց Սուլեյմանը։– Այշան ասաց, որ դու ժամանակից շատ ես պոկել ձվի թաղանթը։ Նա կկրկնի բուժումը։

— Ես մաքուր օդի դուրս գամ,– պատասխանեց Վարդանը։

Նրա վիրավոր ոտքը վատ էր ծալվում, և նա դժվարությամբ էր քայլում։ Նա այնպիսի տպավորություն ուներ, որ մկանները վերքի շուրջը բռնվել էին, և արած մի քանի քայլից նա ուժասպառ եղավ։ Նա նստեց դռան մոտ՝ ստվերում։ Սուլեյմանը անհանգստացած կռացավ նրա վրա։ Լավ չէր լինի, եթե այս սպան մեռներ իր տանը։ Նա հարցրեց.

— Ուզո՞ւմ ես բանակին զգուշացնեմ, որ փոխադրամիջոց ուղարկեն քո հետևից։

— Նեղություն մի քաշիր,— շտապեց պատասխանել Վարդանը։– Ընդամենը ջերմի նոպա է։ Ջերմախտ։ Երևի գիշերային տոնախմբությունից հոգնել եմ։ Քո կնոջ բուժումից հետո ես ինձ ավելի լավ կզգամ։

Սուլեյմանը գլուխը տմբտմբացրեց.

— Հաստատ... Ախ, ինչ տոնախմբություն էր։ Իմ բարեկամները այն երկար կհիշեն։

Երեխաները մոտեցել էին Վարդանին՝ հույս ունենալով, որ Վարդանն իրենց նոր պատմություններ կպատմեր։ Սուլեյմանը նրանց քշեց.

— Թողեք, հյուրը հանգստանա։ Բացի դրանից, պետք է աշխատել։

Հիսաթափված երեխաները միացան չորս կանանց, որոնք նրանց էին սպասում մյուս տան մոտ, և գնացին քարքարոտ արահետով։ Նազիմն ու երեք պատանիները գոմից դուրս հանեցին կամը և դրեցին բակի կենտրոնում։ Տղաներից մեկը, հրացանը ուսին, իսկ մանգաղը ձեռքին, գնաց կանանց հետևից, իսկ Նազիմն ու մնացած երկուսը շարժվեցին այլ ուղղությամբ՝ իրենց հետևից քարշ տալով սայլին լծված եզներին։

Սուլեյմանն ու Նազիմը միասին տասնինը երեխա ունեին, ներառյալ ավագին, որը ծառայում էր բանակում։ Իրենց հինգ կանանց հետ միասին նրանք բավականաչափ աշխատող ձեռք ունեին բերքահավաքի ժամանակ բանվորներ չվարձելու համար։

Բոլորն էլ աշխատում էին դաշտում, բացառությամբ Այշայի, որը երեք ամսական երեխա ուներ։ Նա զբաղվում էր տնային տնտեսությամբ, ճաշ էր պատրաստում և պահում էր ևս երկու երեխաների, որոնք շատ փոքր էին արտերում օգտակար լինելու համար։

Այշան եկավ և ամուսնու հիացած հայացքի ներքո կճպեց մի ձու, որի թաղանթը փաթաթեց հիվանդի ճկույթին։ Ամուսնու ներկայությամբ նա սառը զսպություն էր ցուցաբերում։ Վարդանը ներքուստ բարկանում էր, որ չէր կարողացել միջոց գտնել այդ անիմաստ և ցավոտ բուժումից խուսափելու համար, հատկապես երբ Սուլեյմանին մեջքով կանգնած կինը աչքով արեց իրեն։

— Համոզվա՞ծ ես, որ ջերմախտ է,— հարցրեց գյուղացին։

— Իհարկե,– պատասխանեց նա առանց աչքը թարթելու։

Հանգստանալով՝ նա ծիծաղեց ու մատը թափ տվեց Վարդանի վրա։

— Այս անգամ չես պոկի ձվի թաղանթը։ Կտեսնենք, թե մեր սպաները որքան են դիմացկուն։

Վարդանի շրթունքները ճաքճքել էին, իսկ կոկորդը չորացել էր։ Այշան նրա համար ջուր բերեց և վերադարձավ հարեմ։ Սուլեյմանը կամն էր վերանորոգում։ ժամանակ առ ժամանակ նա ընդհատում էր աշխատանքը և Վարդանի վրա հայացքներ էր նետում և բարձրաձայն հղկված նախադասություններ ասում, որոնք ամփոփում էին նրա կենսամտածողությանը։

— Հողը շռայլ է նրանց նկատմամբ, ովքեր իրեն սիրում են։

Կամ.

—Մարդ անում է այն, ինչ կարող է, իսկ Ալլահը զբաղվում է մնացածով։

Եվ էլի.

— Փայտ, քար ու քրտինք, հացը դրանով են վաստակում։

Վարդանը ձեռքն արևի տակ էր պահել, որ թաղանթն արագ չորանար։ Այն ավելի ու ավելի էր սեղմվում, և շուտով ամբողջ ձեռքը թմրեց։ Ցավն ահագնանում էր և Վարդանը սեղմեց ատամները, որպեսզի չտնքար։ Նա առատորեն քրտնել էր։

— Հը՞, դիմանում ես,— հարցրեց Սուլեյմանը ծաղրական տոնով։

— Դիմանում եմ,– ասաց Վարդանն ատամները սեղմելով։

Երբ Սուլեյմանն իրեն չէր նայում Վարդանը շարժում էր մատը, որպեսզի թաղանթը ճաքեր։ Թաղանթի մակերեսին ճաքեր էին գոյանում, սակայն շատ ժամանակ անցավ մինչև այդ ճաքերը թափանցեցին թաղանթի խորքը։ Վերջապես թաղանթը բացվեց, և Վարդանի մատն ազատվեց։ Նա այնպիսի հզոր հոգոց հանեց, որ գյուղացին լսեց այն։

— Ապրես,– ասաց Սուլեյմանը, ջրհորի կողմը գնալով։– Երբեմն հիվանդներն ուշագնաց են լինում։

Նա մի դույլ ջուր հանեց և լցրեց իր գլխին արտը գնալուց առաջ թարմանալու համար։ Նրա հագուստը թաց էր։ Նա մոտեցավ Վարդանին։

— Լավ կլիներ, եթե քնեիր, որպեսզի բուժումն իր ազդեցությունն ունենար։

Նա օգնեց Վարդանին ոտքի կանգնելու և նրան տուն տարավ։

— Սուլեյման, դու բարի մարդ ես։

Գյուղացին նրա ուսին թփթփացրեց.

— Քո ներկայությունն իմ տանը երջանկություն է ինձ համար։

Դուրս գալուց առաջ ավելացրեց.

— Եթե այսօր երեկոյան քեզ բավականաչափ լավ զգաս, ապա էլի ուդ կնվագես։ Եթե վատ զգաս, վաղը կնվագես կամ էլ վաղը չէ՝ մյուս օրը։

Ամենայն հավանականությամբ Սուլեյմանը մտադիր էր իրեն երկար օթևանել, սակայն Վարդանը գիտակցում էր, որ հանգիստն ու սնունդը չէին բարելավում իր վիճակը։ Վարակը տարածվում էր, և ինքը թուլանում էր։ Որքան ավելի երկար սպասեր, այնքան ավելի կնվազեին ճամփա ընկնելու իր հնարավորություններր։ Արդեն իսկ նա չէր պատկերացնում, թե ինչպես էր հաղթահարելու Կեսարիայից իրեն բաժանող քսան կամ երեսուն կիլոմետրերը։ Ինքը պետք է Սուլեյմանին խնդրեր, որպեսզի նա իր համար սայլ վարձեր։

Չնայած հեղձուցիչ շոգին Վարդանը քնեց։ Քիչ անց վեր թռավ՝ այտին հպում զգալով։ Այշան, Վարդանի վրա կռացած, շոյում էր նրա դեմքը։ Վարդանն այնքան ապշահար տեսք ուներ, որ կինր շտապ հետ քաշեց ձեռքը։ Վարդանի խիստ հայացքից երիտասարդ կնոջ բաց դեմքը մի պահ մռայլվեց, հետո նա ժպտաց ու բաժակը մեկնելով ասաց.

— Ձեզ համար լորու թուրմ եմ սարքել։

Վարդանը նստեց և, բաժակը վերցնելով, զուսպ տեսքով շնորհակալություն հայտնեց։ Վարդանը զգուշավոր էր։ Առանց խոսք ասելու Այշան Վարդանի բերանին մոտեցրեց մի կտոր շաքար և դրեց նրա շրթունքների միջև։ Սուլեյմանն այդ թանկարժեք մթերքը պահում էր հատուկ դեպքերի համար։ Մինչդեռ Վարդանը փոքր կումերով խմում էր տաք հեղուկը, Այշան ուշադիր նրան էր նայում։ Նա արագ էր շնչում, և նրա ռունգերը թրթռում էին։ Հանկարծ նա ասաց խռպոտ ձայնով.

— Դու գեղեցիկ ես։

Հեղուկը Վարդանի կատիկը թռավ, և նա սկսեց հազալ։ Կինը շարունակեց նրա հետ դու-ով խոսել։

— Լեյտենանտ, ես քո դուրը չե՞մ գալիս։

Վարդանն ընդդիմացավ, շարունակելով դուք-ով խոսել.

— Խանում, դուք պետք է հեռանաք։

Այշան դարձավ և բարձրացրեց իր մազերը.

— Նայիր իմ պարանոցին։ Դու երբևէ տեսե՞լ ես այսպիսի բարակ պարանոց։

Մի քիչ թատերական շարժումով նա բացեց ծոցը և լույս աշխարհ հանեց իր կլոր և ձիգ, պրկված պտուկներով ստինքները։

— Նայիր։ Տես, թե ինչ եմ քեզ առաջարկում։

Վարդանն ուզեց ոտքի կանգնել, սակայն կինը իր քաշով մեկ նետվեց նրա վրա։ Թուրմով բաժակը շրջվեց։ Դեմքը մոտեցնելով տղամարդու դեմքին՝ կինն աղերսեց.

— Ասա ինձ, որ ես գեղեցիկ եմ։

— Դու գեղեցիկ ես,— պատասխանեց նա անհամբեր և ագրեսիվ տոնով։– Իսկ հիմա ինձ հանգիստ թող։

Նա փորձեց ազատվել կնոջ գրկից, որը կառչում էր իրենից։

— Վերցրու ինձ, գեղեցիկ լեյտենանտ։ Մենք ժամանակ ունենք։ Փոքրիկները քնած են, իսկ մնացածները տուն կգան միայն երեկոյան։

— Ոչ։ Քո ամուսինը մեծահոգաբար ինձ օթևան է տրամադրել իր օջախում։

— Սուլեյմանը դանդալոշ է և ինձ անուշադրության է մատնում,— ասաց կինը նեղացած ձայնով։— Ես այլ կյանքի մասին էի երազում...

Նրա ձայնից ու տեսքից Վարդանը հասկացավ, որ նա դժբախտ էր։ Նա բռնեց նրա դաստակները, հեռացրեց նրան առանց կոպտության և մեղմորեն ասաց.

— Աղերսում եմ, Այշա, մի պնդիր։ Ես չեմ կարող դա անել։

Կինը կկոցեց աչքերը և հեգնանքով ժպտաց.

— Կարող ես չվախենալ, որ ես կհայտնաբերեմ, որ դու մահմեդական չես։ Ես դա արդեն հայտնաբերել եմ։

Այդ խոսքերն այնքան ապշեցրին Վարդանին, որ Այշան դա նկատեց։ Երիտասարդ կինը փռթկաց.

— Երեկ, երբ դու քնած էիր... տեսա, որ դու թլփատված չես։

— Դու լավ չես հասկացել,– հակաճառեց Վարդանը տենդագին կերպով փնտրելով որևէ արժանահավատ թվացող պատճառաբանություն։

Կինը շշնջաց հաղթական տեսքով.

— Ես ոչ մեկին չեմ ասի, որ դու անհավատ ես։ Դա կլինի մեր երկուսի գաղտնիքը։

Նրա քողարկված սպառնալիքը հասկանալի էր, և Վարդանը մտածեց, որ միգուցե, զգուշությունից ելնելով, պետք էր ընդառաջել նրա ցանկությանը։ Սակայն նա հասկանում էր, որ նա առանց վարանելու կչարաշահեր այդ գաղտնիքը և իր անհանգստությունը թաքցնելու համար խորամանկորեն ժպտաց.

— Իսկ ինչպե՞ս կբացատրես Սուլեյմանին, որ տեսել ես իմ արվանդամը։

Մի պահ կինը շփոթվեց, իսկ հետո թոթվեց ուսերը.

— Մի բան կհնարեմ։ Նա պարզամիտ է և կհավատա այն ամենին, ինչ կասեմ։

Նա ոտքն անցկացրեց Վարդանի վրայով և հեծավ նրան։ Վերջնականապես կորցնելով ամոթխածությունը՝ նա թափ տվեց ուսերը, որպեսզի ստինքները շարժվեին, և բարձրաձայն ծիծաղեց։ Նա երբեք չէր կարծել, որ ինքը կարող էր որևէ տղամարդու այդպես տենչալ, և այն փաստը, որ նա գյաուր էր, ավելի էր գրգռում։ Նրան գրգռում էր նաև վտանգը.

— Դու ընտրություն չունես,– ասաց նա վճռական տեսքով։

— Ես հիվանդ եմ ու վիրավոր։

— Դու ջերմախտով հիվանդ չես։ Քո ջերմությունը կնոջ պակասից է։ Ես տեսա տենչը քո աչքերում, երբ ինձ էիր նայում։

— Դու հորինում ես,– բացականչեց Վարդանը։– Ստում ես։

Կինը գունատվեց և ասաց գրգռված տոնով.

— Ինչ, ուզում ես ասել, որ ես գրավիչ չե՞մ։ Ես բավականաչափ լավը չե՞մ։

Նրա կկոցած աչքերից հուր էր թափվում, և նա շրթունքներն էր կրծոտում։ Վարդանը հասկացավ, որ ինքը չպետք է նրան իր դեմ լարեր, այլ հակառակը՝ պետք է շողոքորթեր։ Նա բռնեց կնոջ ձեռքը.

— Ես դա չէի ուզում ասել, Այշա։ Դու շատ գեղեցիկ ես։ Դու ունես այն ամենը, ինչի մասին կարող է երազել տղամարդը։

Հանգստանալով, Այշան իր շրթունքները մոտեցրեց Վարդանի շրթունքներին, և վերջինս նրան երկար համբուրեց՝ կծոտելով նրա լեզուն։

Կինը գլուխը բարձրացրեց.

— Ինձ երբեք այսպես չեն համբուրել։

Նրա աչքերը սառել էին։ Վարդանը շոյեց նրա այտը, պարանոցը, ուսն ու կուրծքը։ Շուրթերը կիսաբաց՝ նա ծանր էր շնչում։

— Գեղեցիկ Այշա, կուզենայի քեզ պատիվ անել, սակայն այս վիճակում ես անկարող եմ։ Մարմինս չի ենթարկվում իմ տենչին։

Այշան հպվեց Վարդանի արվանդամին։ Համոզվելով, որ ճիշտ էր ասում, նա հիասթափված հառաչեց։

— Համբուրիր ինձ նորից։

Համբույրից հետո նա ոտքի կանգնեց և կոճկեց իր զգեստը։ Նա վստահորեն հայտարարեց.

— Մենք էլի կփորձենք։ Մենք դեռևս հնարավորություն կունենանք։

Վարդանը նստեց ներքնակի վրա և հաստատող նշան արեց։ Նրան հակաճառելը վտանգավոր էր։

— Ես քոնը կլինեմ որքան կուզես,– ասաց նա նվաղած ձայնով և օդային համբույր ուղարկեց Վարդանին։

Մենակ մնալուն պես Վարդանը հանեց Սուլեյմանի տված շալվարն ու շապիկը և իր համազգեստը հանեց կախիչի վրայից։ Պատռվածքները խնամքով կարված էին։ Նա չէր կարող երկար քայլել, սակայն պետք է հեռանար այդ կնոջից հնարավորինս շուտ, նույնիսկ եթե հեռանալու լիներ ագարակից ընդամենը երկու կիլոմետր։ Հատկապես չպետք է սպասեր Սուլեյմանի վերադարձին, որը կջանար իրեն հետ կանգնեցնել իր որոշումից։ Վաղը կամ հաջորդ օրը Այշան կրկին ոտնձգություններ կաներ իր նկատմամբ, և ինքը չէր կարողանա այդքան հեշտ խույս տալ։ Մանավանդ հաշվի առնելով այն, ինչ նա գիտեր իր մասին...

Բնազդն Այշային քշեց դեպի տուն և ոտքերի ծայրերին կանգնելով, նա լուսամատից ներս նայեց։ Վարդանը, մեջքը դեպի դուռն արած, հագնում էր իր տաբատը։ Նա լքում էր իրեն։ Նա հեռանում էր իրենից։ Նա իրեն խաբել էր։ Նրա շրթունքները դողացին կատաղությունից, և նա ճչալու ցանկություն ունեցավ։ Մի քանի րոպե, ներքին պայքարով համակված, նա քարացած մնաց։ Նրա մարմինը տառապանք էր զգում այն մտքից, որ ինքն այլևս երբեք չէր տեսնելու այդ տղամարդուն, որ ինքը կորցնելու էր նրան առանց ճաշակելու նրա սերը։ Այդպիսի առիթ այլևս չէր ներկայանա։ Սակայն ինչի՞ վրա էր ինքը հույս դրել։ Ինքը այս անծայրածիր դաշտի հավերժ բանտարկյալն էր։ Նրա ուսերը հակվեցին, և նա անձայն քայլերով հեռացավ։

Նույնիսկ հագնվելու ջանքերից Վարդանն ուժասպառ էր եղել։ Նա ոտքից գլուխ քրտնել էր։ Մի պահ նա պատին հենվեց։ Կոշիկները հագնելն ավելի հեշտ չէր, հատկապես աջ ոտքի այտուցի պատճառով։ Ուսապարկն ուսին գցելիս զգաց, որ այն չափից ավելի թեթև էր։ Ջրի շիշն այնտեղ էր, ինչպես նաև քսակը, դաշույնն ու փաստաթղթերը, սակայն ատրճանակի պատյանը դատարկ էր։ Սուլեյմանը երևի երեխաներից հեռու էր պահել։ Ինչ արած։ Քսակն ու փաստաթղթերը դրեց բաճկոնի գրպանը և դուրս եկավ տնից։ Այշան չէր երևում։ Հավանաբար զբաղված էր փոքր երեխաներով, կամ էլ ճաշ էր պատրաստում։ Արևը զենիթի և հորիզոնի մեջտեղում էր, հետևաբար մոտավորապես ժամը հինգն էր։

Առանց աղմկելու Վարդանը գնաց ջրհորի մոտ, մի դույլ ջուր հանեց և խմեց մինչև հագենալը, ջրի շիշը լցնելուց առաջ։ Երբ կափարիչն էր հագցնում, կրակոց լսվեց։ Մի գնդակ անցավ նրա գլխավերևով. Սուլեյմանն իր կողմն էր վազում՝ ատրճանակն իր վրա պահելով։

— Չշարժվես,– բղավեց նա։

Փախչելու հնարավորություն չկար։ Գյուղացին կանգ առավ գոմի մոտ, օրորվելով, դեմքն արնակոխ։ Նա հեգնանքով ասաց.

– Գնո՞ւմ ես... պարոն լեյտենանտ։ Գողի պես... առանց հրաժեշտ տալու։

— Ես հենց գալիս էի քեզ զգուշացնելու, որ...

– Լռի՛ր,– ոռնաց Սուլեյմանը։– Շա՛ն որդի։

Նրա դեմքը կարմրել էր, և վզի ջլերը դուրս էին պրծել։ Առանց աչքը Վարդանից կտրելու, նա նստեց պատի տակ ստվերում և բառաչեց.

— Պայուսակդ ցած դի՛ր, անհավա՛տ շուն։

Վարդանը ենթարկվեց.

— Լսիր, դա այն չէ, ինչ կարծում ես,– ասաց նա առաջ գալով։

— Ձայնդ կտրի՛ր։

Նա հրամայեց, որ Վարդանը կանգ առներ իրենից տասնհինգ քայլ այն կողմ և նստեր գետնին արևի տակ։ Նա իր բանտարկյալին էր նայում արնակոխ աչքերով և թքեց նրա ուղղությամբ։

— Կեղտոտ խո՛զ։ Դու անպատվել ես իմ տունը և կվճարես դրա համար։

Սուլեյմանը խաղացնում էր իր զենքը, և Վարդանը սպասում էր, որ ցանկացած պահի նա կարող էր իրեն սպանել։

— Ես պետք է քեզ սպանեի, ինչպես դու սպանել ես այն սպային, որից գողացել ես նրա համազգեստը։

— Սո՛ւտ է։

— Ասացի՝ լռի՛ր։ Ուժերդ խնայիր հարցաքննության համար։ Դու ապստամբ ես, և այդ պատճառով ես քեզ կհանձնեմ բանակին։ Նրանք քեզ կստիպեն խոսել, և դու քո հանցակիցների անունները կտաս։

Այս խոսքերից հետո Վարդանը հանգստացավ իր ճակատագրի համար։ Արևը կիզիչ էր, սակայն անիմաստ էր գյուղացուց թույլտվություն խնդրել ստվերում նստելու։ Աչքի պոչով Վարդանը տեսավ Այշային, որը տուն էր մտնում։ Անպիտա՜նը։

Տղամարդիկ երկար ժամանակ լուռ միմյանց էին նայում։ Վարդանն ապարդյուն փորձում էր պատմություն հորինել, որը կբացատրեր իր չթլփատված լինելը։

— Իմ ավագ որդին կյանքն է վտանգում քեզ պես գյաուրների դեմ կռվելով։

Սուլեյմանի ձայնում վրդովմունքը տեղը զիջել էր ընկճվածությանը։ Նա ափսոսում էր, որ իր բարեկամությունն էր վատնել այդ մարդու համար, սակայն հատկապես հուզված էր, որ չէր կարողացել տարբերել հավատացյալին անհավատից։ Հաֆիզ Շևֆիկը նույնպես խաբվել էր։

— Երբ մտածում եմ, որ քեզ եղբոր պես եմ ընդունել...— բողոքեց Սուլեյմանը։

Նրա ձայնը Վարդանին հույս ներշնչեց, որ դեռևս ամեն ինչ կորած չէր։ Նա ձեռքերը պարզեց դեպի իր պահապանը։

— Ուշ է,– բացականչեց Սուլեյմանը ոտքի կանգնելով։

Նրա եղբայր Նազիմն ու երկու որդիները գալիս էին երեք ոստիկանների ուղեկցությամբ։ Վարդանը դժվարությամբ ոտքի կանգնեց։ Նազիմը թքեց նրա երեսին և դարձավ ոստիկաններին.

— Ես ձեզ չեմ խաբել։ Ահա նա։

Սուլեյմանը հետ քաշվեց բանտարկյալի շուրջը գոյացած շրջանից։ Նա համարում էր, որ ինքն այդ միջադեպի զոհն էր, սակայն, զարմանալիորեն, համակված չէր վրիժառության ցանկությամբ, որը նրա համար հատկանշական կլիներ ցանկացած այլ դեպքում։ Այս մարդը, որը քիչ էր մնում իր բարեկամը դառնար, նրա սրտում խղճահարություն էր հարուցում։ Ինքը պետք է նրան սպանած լիներ քիչ առաջ ջրհորի մոտ, երբ իր բարկությունը դեռևս չէր ցնդել։ Հիմա նա դիտում էր այդ տեսարանը մի տեսակ օտարացած տեսքով։

Ենթասպան՝ քառասուն տարեկան միակնանի մի մարդ, շփոթված նայեց բանտարկյալին։ Վարդանը նրան ողջունեց ու վստահ հայտարարեց.

— Այստեղ սխալմունք կա, սերժանտ։

— Խաբեբա,— ոռնաց Նազիմը՝ հրացանը նրա վրա ուղղելով։

Առանց շփոթվելու Վարդանը հանեց զինվորական գրքույկը և ցույց տվեց ոստիկանին, առանց նրա ձեռքը տալու.

— Ես օսմանյան բանակի լեյտենանտ եմ։ Տար ինձ վերադասներիդ մոտ։

— Մենք հենց դա էլ անելու ենք, պարոն լեյտենանտ– պատասխանեց սերժանտը, որը տպավորված էր բանտարկյալի ինքնավստահությունից։

Նազիմը բռնեց ոստիկանի ուսից և նրան ստիպեց շրջվել.

— Ի՞նչ,– պայթեց նա։– «Պարոն լեյտենանտ» ես նրան անվանո՞ւմ։ Սա ինքնակոչ է, անհավա՛տ։

Ենթասպան ուսի շարժումով ազատվեց նրա ձեռքից.

— Ինձ ձեռք չտաս։ Ես իշխանության ներկայացուցիչ եմ և ասում եմ, որ մենք նրան կտանենք կապիտանի մոտ, որը և որոշում կընդունի։

— Թող քո կապիտանը գրողի ծոցը գնա,– ասաց Նազիմը։– Ես ոչ մեկի կարիքը չունեմ ապացուցելու համար, որ սա գյաուր է։

Կայծակնային արագությամբ նա նետվեց բանտարկյալի վրա, և նրան գետնին տապալեց։ Վերջինս հուսահատ պայքարում էր, սակայն Նազիմն ուժեղ էր, իսկ որդիները միացան իրենց հորը՝ Վարդանին անշարժացնելու համար։ Նազիմը հանեց դանակը, կտրեց զինվորական գոտին, իջեցրեց բանտարկյալի վարտիքը և, ցույց տալով նրա արվանդամը, ոռնաց.

— Ապա մի այստեղ նայեք և համարձակվեք ինձ ասել, որ սա քրիստոնյա չէ։

Սերժանտն ու նրա մարդիկ համոզվեցին, որ Վարդանը թլփատված չէր։

— Դուք հիմա համոզվեցի՞ք։ Սա ապստամբ է կամ վնասարար։

— Եվս մեկ պատճառ, որպեսզի կապիտանը նրան հարցաքննի։ Մեզ հանձնիր նրան։

Երկու տղաները շարունակում էին բանտարկյալի ուսերը գետնին սեղմած պահել, իսկ Նազիմն իր քաշով մեկ ընկել էր նրա ոտքերի վրա և թափահարում էր դանակը։

— Նա ինձ ողջ է պետք,– բղավեց սերժանտը։ Ոստիկանները չհասցրեցին միջամտել, երբ Նազիմը կռացավ, ձախ ձեռքով ձգեց թլիփը և, մինչդեռ Վարդանը բղավում էր, երկու ճշգրիտ շարժումով այն հատեց։ Արյունը հոսեց և երեք դահիճները քահ-քահ ծիծաղեցին։ Նազիմը ոտքի կանգնեց հաղթական տեսքով և թափահարեց իր ավարը ենթասպայի քթի առջև, որը ճպճպացնում էր իր միակ աչքը։

— Կեր, եթե դեռ չես համոզվել։

Այդ անպատկառությունից վրդովվելով՝ երկու ոստիկանները հրացաններով սպառնացին Նազիմին։ Պատանիները բաց թողեցին Վարդանին, որը, ցավից ծամածռվելով՝ ձեռքերը տարավ դեպի իր արվանդամը։

— Հերիք է,– հրամայեց սերժանտը, որը բարձրացրել էր գետնին ընկած զինվորական գրքույկը և դժվարությամբ կարդում էր։

Շաքիր Իսմայել... Այս անունը անծանոթ չէր։ Այս մարդը հետախուզության մեջ էր։ Նրան բռնելու համար խոշոր պարգև էին խոստացել, և հարկավոր էր, որ այս գյուղացիներն այդ բանը չիմանային, քանի որ կարող էին հավակնել պարգևատրության մի մասին։ Նա զինվորական գրքույկը դրեց գրպանը և ոտքի մի հարված հասցրեց գերվածի կողերին։

— Ոտքի։

— Սպասեք,– աղերսեց Վարդանը, որը դեռևս գտնվում էր վայրագ թլփատման շոկի ներքո։

Նա իր շապիկի փեշից մի կտոր պաստեց և արվանդամը դրանով վիրակապելուց հետո զգուշորեն տեղավորեց վարտիքի մեջ։ Վարդանը դժվարությամբ ոտքի կանգնեց Նազիմի ու նրա որդիների կատակների ներքո։ Սերժանտը նրան հրեց դեպի արահետը, որը ձգվում էր դեպի արևմուտք եգիպտացորենի դաշտի միջով։ Իր ուրախությունը ցուցադրելու համար Նազիմն օդ կրակեց, և երկու պատանիները հետևեցին նրա օրինակին։ Սուլեյմանը նայում էր, թե ինչպես էր իր «հյուրը» կաղալով հեռանում։ Հիասթափությունը թոթափելու համար նա գնաց հարեմ Այշայի մոտ և մի լավ ծեծեց նրան։

Վարդանն օրորվում էր և ամեն քայլափոխի խուլ տնքում։ Վիրավոր արվանդամն այրվում էր, և վիրակապն այն վատ էր պաշտպանում տաբատի հետ հպվելուց։

— Արագ շարժվիր,— ասաց ոստիկաններից մեկը՝ բարակ բեղերով մի երիտասարդ, և խոսքին շարժում հավելեց։

Հրացանի կոթով մեջքին հարված ստանալով՝ Վարդանը գետնին տապալվեց։ Սերժանտն իրեն հաշիվ տվեց, որ բանտարկյալն իրեն լրջորեն վատ էր զգում։

— Օգնիր նրան, որ ոտքի կանգնի,– հրամայեց նա վայր գցողին։

Ոստիկանր դժկամությամբ կատարեց հրամանը։ Քիչ անց Վարդանն այլևս ուժ չուներ շարժվելու, և անհրաժեշտ եղավ նրա կողքից քայլել և նրան պահել։ Նրանք դանդաղ էին առաջ շարժվում և միայն կես ժամից հասան արահետի և վատ ճանապարհի հատման վայրին։ Հոգնած ոստիկանները վայր գցեցին բանտարկյալին։ Երեք ոստիկաններից ամենատարեցը՝ ալեխառն մազերով նիհար մի մարդ, բացականչեց.

— Մենք սրան մինչև գյուղ շալակա՞ծ պիտի տանենք։

Ենթասպան նրանց մի կողմ տարավ և հայտնեց դրամական պարգևատրության մասին, որը խոստանում էին այդ մարդու ձերբակալության համար։ Նրանց դեմքերը լուսավորվեցին, սակայն ամենատարեցը անմիջական տոնով ասաց.

— Մենք այդ դրամը չենք էլ տեսնի։ Պարգևատրությունն ու պատիվը բաժին կընկնեն կապիտանին, իսկ մեր ուսը կթոթվեն։

— Ճիշտ է ասում,— համաձայնեց երկրորդը։– Այդպես արդեն մեկ անգամ եղել է, հիշո՞ւմ ես։

Սերժանտն իր վնասված աչքը տրորեց, որը միշտ քոր էր գալիս, երբ ջղայնանում էր։ Նա շատ լավ էր հիշում այն անարդարությունը, որի մասին ակնարկում էր իր ենթական։ Ի դեպ, այդ միտքը նրա գլխում ծագել էր մի քանի րոպե առաջ։ Նա ֆեսը հանեց՝ սափրած գլուխը սրբելու համար։

Վարդանը լսել էր նրանց խոսակցությունը։ Նա վճռեց իր վերջին հնարավորությունն օգտագործել և, հաղթահարելով տառապանքը, գրպանից հանեց քսակը և այն գնգացրեց։ Ոստիկանները վազելով մոտեցան։

— Սա ոսկի է,– ասաց Վարդանը,– թողեք ինձ այստեղ և այն ձերն է։

Ոսկի։ Նրանց աչքերը ագահությունից փայլեցին։ Սերժանտը խորամանկ ծիծաղեց.

— Մենք կարող ենք վերցնել, իսկ քեզ, միևնույն է, տանել պահակակետ։

— Այդ դեպքում ես դա կպատմեմ ձեր կապիտանին, որը ձեզնից դրամը կխլի և իրեն կպահի։

Բոլորի դեմքերին մտահոգություն հայտնվեց։

— Անենք այնպես, ինչպես նա ասում է,– ասաց երիտասարդը։

Սերժանտը դեռևս տատանվում էր։ Վարդանն ավելացրեց.

— Բացի դրանից, ես այն մարդը չեմ, որին փնտրում են։ Այս համազգեստը գողացել եմ, և ոչ ոք պարգևատրություն չի ստանա։

Երկրորդ ոստիկանը ենթասպայի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ բանտարկյալը վիրավորված էր և որ նա, անկասկած, մեռնելու էր։

— Մենք համաձայն ենք,– ասաց սերժանտը՝ վերցնելով քսակը։

Նա քսակը դատարկեց ափի մեջ և ճիչ արձակեց՝ տեսնելով, թե ինչպես էին ոսկե դրամները փայլում արևի տակ։ Դրանք վեցն էին։

— Երկու ոսկի ամեն մեկին։

Դրամը գրպանելուց հետո ենթասպան մտահոգվեց։ Նա կզակով ցույց տվեց Վարդանին.

— Իսկ եթե նրան գտնեն, ու նա մեզ մատնի։

Վարդանն առարկեց, սակայն նիհար ոստիկանի ձայնը խլացրեց նրա խոսքը.

— Եկեք սպանենք։

Նա լցրեց հրացանը։ Սերժանտը նրան թույլ չտվեց կրակել.

— Կրակոց չլինի։ Ճանապարհով կարող են մարդիկ անցնել։

Նրանք սկսեցին բանտարկյալին հարվածել իրենց հրացանների կոթերով։ Վարդանը մարմինը պաշտպանում էր թևերով, սակայն քունքին ստացած մի հարվածից ուշագնաց եղավ։ Ոստիկանները շարունակում էին հարվածել, ջանալով դիպչել գլխին և կրծքավանդակին։

— Սա իր բաժինը ստացավ։

Արնաշաղախ Վարդանը անշարժ պառկած էր։ Նրանք հանեցին նրա կոշիկներն ու համազգեստը, որպեսզի դրանցից ազատվեին ավելի ուշ։ Եթե դիակը գտնեին, ապա չէին իմանա, թե ով էր նա։

— Քարերով չծածկե՞նք։

— Շներն ու ուրուրները կզբաղվեն նրանով,– եզրափակեց սերժանտը՝ իր մարդկանց նշան անելով իրեն հետևելու։

Նրանք բռնեցին գյուղի ճանապարհր՝ հիանալով մի ամբողջ կարողություն կազմող իրենց ոսկեդրամներով։ Յուրաքանչյուրը պատկերացնում էր, թե ինչ էր անելու այդ գումարը։

— Նա ոսկե ատամ ուներ,– հանկարծ հիշեց ամենաերիտասարդը և կանգ առավ։

— Թող,— ասաց ենթասպան նրա թևից քաշելով։

Նա շտապում էր հեռանալ դեպքի վայրից։

Երեկոյան ավանակը դիմացը գցած մի զույգ էր անցնում ճանապարհով։ Կինը փոսում մարմին տեսավ, և նրա ուղեկիցը մոտեցավ մարմնին։ Տղամարդը ձեռքը դրեց Վարդանի կրծքին։

— Ո՞ղջ է,– հարցրեց կինը դողդոջուն ձայնով։

✻    ✻



— Դուք գնո՞ւմ եք այրու մոտ, պարոն։

Աչքաբաց և կատակասեր Մեմոյի՝ ինը տարեկան տղայի այս հարցի վրա Քերիմին շրջապատող ութ երեխաները ծիծաղեցին։

Ուսուցիչը, որը երեսուն տարեկան ամուրի էր, չկարողացավ ժպիտը զսպել։ Նա ընտելացել էր այդ կատակին։ Ողջ Ուրգուպը կասկածում էր, որ ինքը սիրային կապի մեջ էր Հալիդեի հետ, որի մականունն էր «այրի», քանի որ երեք տարի առաջ իր ամուսնու մահանալուց հետո նա հրաժարվում էր ամուսնության բոլոր առաջարկներից։ Քերիմը շրջվեց և ծափ տվեց.

— Փախե՛ք։ Շո՛ւտ։ Փոքրիկ հրեշներ։

Երեխաները, որոնք նրան պաշտում էին, չխաբվեցին նրա խիստ ձայնից և կիտած հոնքերից։ Նրանք գիտեին նրա բարության ու համբերատարության, ինչպես նաև մեծահոգության մասին։ Աղքատ գյուղացիների զավակներ լինելով՝ նրանք անվճար մասնակցում էին նրա դասերին։ Սրճարանի հետնամասում գտնվող մի սենյակում գործող աշխարհիկ դպրոցը գոյատևում էր այդ շրջանում ապրող բազմաթիվ հույն վաճառականների և հայ արհեստավորների իրենց երեխաների կրթության նպատակով կատարվող վճարումների շնորհիվ։ Դա առաջ էր, իսկ հետո նրանց դաժանորեն քշել էին շրջանից։

Քերիմն այդ ազգային դժբախտությունն ընկալում էր որպես իր անձնական դժբախտությունը։ Նույն դասարանում հավաքելով մահմեդականների և քրիստոնյաների, աղքատների և հարուստների երեխաների, նա տարիներ շարունակ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի օրինակ էր մատուցում։ Նրա ջանքերը կարծես թե զուր էին անցել։ Նորից գլուխ էր բարձրացնում հալածանքն ու անհանդուրժողականությունը, որից ինքն էլ էր տառապել մանուկ հասակում։ Նրա ծնողները Ղրիմի թաթարներից էին և ստիպված էին եղել փախչել Անատոլիա, երբ Ղրիմը նվաճել էր ռուս ցարը նախորդ դարավերջին։

Բնակավայրի եզրին երեխաները բաժանվեցին ուսուցչից՝ հարգալից հրաժեշտ տալով նրան։ Վազելով և բղավելով նրանք գնացին դեպի հրաբխային ծագում ունեցող սարը, ուր կային բազմաթիվ քարանձավային բնակավայրեր և որի ստորոտում էին գտնվում Ուրգուպ քաղաքի հարթ կտուրներով տները։ Քերիմը շարժվեց հարևան Սինանոս գյուղը տանող ճանապարհով։ Նա նրբակազմ էր և քայլելիս այնպես էր կռանում և թևերը թափ տալիս, կարծես քամու դեմ պայքարելիս լիներ։ Սակայն ամռան ավարտի այդ շոգ երեկոյան օդը հանդարտ էր։ Նա եվրոպական հագուստ էր կրում՝ սև տաբատ և սպիտակ շապիկ, որի թևքերը ծալված էին մինչև արմունկները։ Ուղիղ քթով և տխուր աչքերով նրա նիհար դեմքր ջղային արտահայտություն ընդունեց։ Հիմա նա գիտեր, թե ո՞վ էր այն մարդը, որին ինքն ու Հալիդեն գտել էին ճամփեզրին կիսամեռ վիճակում։ Նրա հենց նոր թլփատված արվանդամից Քերիմը հասկացել էր, որ քրիստոնյա էր, և ապարդյուն կերպով փորձում էր համոզել Հալիդեին, որ վիրավորին չթաքցնեին նրա տանը։ Սակայն երբ Հալիդեն համակվում էր որևէ գաղափարով, նրան համոզելը հեշտ չէր լինում։

Անտաշ քարից կառուցված տունը ճանապարհից հեռու էր և թիկնել էր բլրի արևկող մասին։ Բլրի փափուկ հրաբխային ապարի մեջ մի քարանձավ էր փորված և ծառայում էր որպես գոմ ու մառան։ ժամանակին դա դարբնոց էր, ուր երիտասարդ կնոջ ամուսինը դարբնություն էր անում։ Ամուսնու մահից հետո Հալիդեն այնտեղ վառարան էր շարել, ուր թրծում էր կավե ամանները, որոնցից ստացած եկամտով նա ապրում էր։ Վաստակը լրացնելու նպատակով նա մետաքսյա գորգեր էր գործում Կեսարիայի հարուստ ընտանիքների համար։

Երիտասարդ կինը, տանիքին կանգնած, տեղավորում էր ծիրանի չիրը երկու զամբյուղների մեջ։ Վախենալով, որ ամպրոպը իրեն կկանխեր, նա հաճախակի երկնքին էր նայում։ Աշնանամուտն իրեն զգալ էր տալիս անձրևներով։ Կուրտը՝ սարթ և խիտ բրդով խաշնարած շունը, սկսեց հաչել՝ նայելով ճանապարհի ուղղությամբ։ Հալիդեն ճանաչեց Քերիմի քայլվածքը։ Նա ուղղվեց և նրան ձեռքով արեց։ Սևազգեստ այրին ձեռքերն իր լայն կոնքերին դրեց։ Կտրից նա տեսնում էր իր ամբողջ ունեցվածքը, որով շատ էր հպարտանում։ Ուղիղ մարգերով բանջարանոցը, մեծ ծառի հովանու տակ ջրհորը, չորս ծիրանենին, երկու խնձորենին, խաղողի վազերի շարքը, խոտի դեզը, փոքրիկ մարգագետինը, ուր խաղաղ ապրում էին ավանակը, հավերն ու հնդկահավերը, մի քանի ոչխար և երկու այծ իրենց ուլերով։

— Իջիր, քեզ հետ խոսելիք ունեմ,— ասաց Քերիմը՝ հասնելով պատին հենած սանդուղքին։

— Ավելի լավ է դու գաս և օգնես ծիրանը անձրևից առաջ ներս տանելու։

Քերիմը բարձրացավ, և կինը նկատեց, որ նա լարված էր։

— Բան է պատահե՞լ։

— Նախ չիրը պահենք։

Զամբյուղն ուսին դնելով՝ նա սանդուղքով իջավ և գնաց մինչև գոմը։ Մինչ նրա վերադառնալը, Հալիդեն արդեն լցրել էր երկրորդ զամբյուղը։

— Ինչպե՞ս է նա,– տեղեկացավ Քերիմը։

— Դեռ աչքերը չի բացել, սակայն վերքերը լավ են փակվում։

Նրա նուրբ և կենսուրախ ձայնը վկայում էր քսանչորս տարեկան կնոջ բնածին լավատեսության մասին։ Նրան երբեք և ոչինչ անհնար չէր թվում, և նա շուտ չէր հուսահատվում։ Ցած իջնելով՝ նա սանդուդքը պառկեցրեց պատի տակ։ Նա գլխաշորն իջեցրեց ուսերին։ Նրա երկար, սև և փայլուն մազերը, որոնք գանգրանում էին ճակատին և խիտ ալիքներ էին կազմում, հետ էին սանրած և հավաքված էին մի հյուսի մեջ, որը գցված էր ուսին։ Նրա մաշկը թուխ էր։ Նեղ դեմքը, փոս ընկած այտերը և բարակ պարանոցը նրան փխրուն տեսք էին տալիս, որը չէր համապատասխանում իրականությանը։ Լայն ուսերով,պնդակազմ Հալիդեն չէր խուսափում ծանր աշխատանքից։

Նա գնաց դեպի գոմը, ուր կանգնած էր Քերիմը։ Քերիմը, որ մի գլուխ բարձր էր նրանից, համբուրեց կնոջ այտերը։

— Ի՞նչ կա։

Քերիմը շուրջը նայեց։ Շապիկի բացվածքում երևում էին նրա կուրծքը ծածկող խիտ մազերը, որոնք բարձրանում էին մինչև պարանոց։ Նա ծոցից հանեց ութ տակ ծալված հաստ մի թուղթ։ Դա հայտարարություն էր։ Հալիդեն արաբական տառերը չգիտեր, սակայն սպայի լուսանկարը գրավեց նրա ուշադրությունր։ Նա աչքերին մոտեցրեց հայտարարությունը, որպեսզի համոզվեր, որ կոպի վրա երևացող խալը ընդամենը վատ տպագրության հետևանք էր։ Իրենց վիրավորը նման նշան ուներ աչքի վրա։ Գլխի ձևը... ականջները... շրթունքները... կզակի ուղղահայաց փոսիկը...

— Նրա լուսանկարն է,– բացականչեց նա։

— Այո։

Լուսանկարի վրա նա շատ գեղեցիկ թվաց Հալիդեին, սակայն այդ գեղեցկության հետքերն անհնար էր հայտնաբերել նրա այտուցված և նիհարած դեմքին։

— Ի՞նչ է գրված։

— Մահվան դատապարտված հայ է։ Նա հետախուզվում է որպես ապստամբ և դավաճան։ Կեղծ փաստաթղթեր ունի Շաքիր Իսմայելի անունով։ Իրականում նրա անունն է Վարդան Պալյան։ Մայոր է։

— Մայոր,– ասաց Հալիդեն չհավատալով։

Կինը ժպտում էր։ Այն փաստը, որ այդ մարդը հալածված էր, էլ ավելի էր արժևորում նրան փրկելու իր պատրաստականությունը։

— Չեմ հասկանում, թե ինչն է քեզ ուրախացնում,– փնփնթաց Քերիմը՝ նյարդային շարժումներով ծալելով թերթիկը։– Ես իրավացի էի, երբ չէի ուզում նրան այստեղ բերել։

Կինը բացականչեց.

— Փոսո՞ւմ թողնեինք։

— Իհարկե, ոչ։ Սակայն նրան հարկավոր էր թաքցնել Գորեմեի ստորգետնյա եկեղեցում։ Ինչպես մնացածներին։

— Ո՞վ պետք է նրան խնամեր։ Նա այնտեղ կմեռներ։

Քերիմը ստիպված էր համաձայնել։

— Մենք չէինք կարող իմանալ, ճիշտ է, սակայն հիմա... Նրան անհրաժեշտ է տեղափոխել։

—— Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող,—— ասաց կինը առարկություն չհանդուժող ձայնով։– Նա դեռևս չի սթափվել, նա բարձր տաքություն ունի։

Քերիմը պնդեց.

— Գթասրտությունը չափ ունի, Հալիդե։ Հասկացիր ինձ, արածդ չափազանց վտանգավոր է։

Երիտասարդ կնոջ աչքերը կատաղությամբ լցվեցին։

— Դա իմ գործն է։ Ի վերջո, սա իմ տունն է։

— Եթե նրան գտնեն, ապա ինձ էլ կկասկածեն։ Եվ այն ամենը, ինչ մենք փորձում ենք անել, կվարկաբեկվի։ Պահեր են լինում, երբ դու քեզ հիմարի պես ես պահում, Հալիդե։

Կինը ծիծաղեց և ափով հարվածեց նրա ուսին.

— Իսկ դու չափից ավելի նյարդային ես, իմ սիրելի Քերիմ։ Ոչ ոք չի իմանա, որ նա այստեղ է։ Գյուղի մարդիկ ինձնից խուսափում են, և դու գիտես, թե ինչու։ Ո՞վ կմտածի նրան այստեղ փնտրելու մասին։

— Ո՞վ։ Ոստիկանները։

— Եթե նրանք գան, կասեմ, որ ամուսինս է և ցույց կտամ նրա փաստաթղթերը։ Այս մայորն անճանաչելի է իր երկշաբաթյա մորուքով։

Քերիմը հառաչելով ուսերը թոթվեց։ Պնդելն անիմաստ էր։ Հալիդեն բոլոր հարցերի պատասխանը գտնում էր։ Քերիմն ափսոսաց, որ այդքան խելացի կինը կրթություն չէր ստացել։ Սակայն... կրթություն ստանալով, արդյո՞ք նա ավելի երջանիկ կլիներ։ Նա կասկածում էր։ Նա իր ճակատագիրը փիլիսոփայաբար էր ընդունում և կարծես թե բավարարություն էր ստանում իր կյանքից։ Չնայած իր կրթությանը, Քերիմն իր մասին նույնն ասել չէր կարող։ Նա ապրում էր անբավարարվածության մշտական զգացումով, որի ակունքները չէր հասկանում։ Այնպիսի տպավորություն ուներ, որ ինքը ինչ-որ բանի էր սպասում, առանց իմանալու, թե ինչի։

Հալիդեն հետևում էր Քերիմին։ Նրա հայացքը դատարկ էր, ինչպես հաճախ էր պատահում։ Ինչի՞ մասին էր մտածում։ Այս երկու տարիների ընթացքում, երբ նրանք հանդիպում էին շաբաթը մի քանի անգամ, Հալիդեն այդպես էլ նրան չէր ճանաչել։ Նա կռահում էր, որ այդ ամաչկոտ մարդու էության մեծ մասն իր համար անհասկանալի էր մնալու։ Օրինակ, նրա զգացմունքները: Նա իր հետ մեղմ էր, ջերմ և մտերմիկ, սակայն իրեն որպես քույր էր ընկալում։ Քերիմը միակն էր, որից ինքը կընդուներ ամուսնության առաջարկը։ Սակայն այդ առաջարկը երբեք չէր հնչել։

Հալիդեն բռնեց նրա ձեռքը.

— Ճաշի մնա։

Տղամարդը հետևեց նրան։ Տունը միայն մեկ քառակուսի սենյակ ուներ, որի երկու լուսամուտները հարավ էին նայում։

Ձախ կողմում պատին էր հենած գորգի դազգահը, իսկ աջ կողմում կավից պատրաստված հարթակը մահճակալ էր ծառայում։ Դրա վրա, այծի մորթիներով ծածկված, պառկած էր մի տղամարդ։ Պատի տակ շարված էին կավե կժերը, իսկ պատին փայտե կախիչներից կախված էին խոհանոցային պիտույքները և հագուստը։ Փոքրիկ սեղանի վրա դրված էր ամանեղենը։ Առաստաղի հաստ գերաններից կախված էին սոխի և չրեղենի շարաններ։ Կահույքը կազմում էր միայն մի ցածր սեղան ու փայտե սնդուկ։

— Քո տանը շոգ է, ինչպես բաղնիքում,– բացականչեց Քերիմը։

— Բարձր մի խոսիր,– շշնջաց Հալիդեն, նայելով մահճակալի կողմը։ Նա պետք է շատ քրտնի, որ հիվանդությունը միջից դուրս գա։

Սենյակի կենտրոնում գտնվող թոնիրը կարմրին էր տալիս։ Ի տարբերություն գյուղացիների, որոնք թոնրում աթար էին վառում, Հալիդեն փայտածուխ էր այրում, որը գնում էր իր պատրաստած խեցեղենը թրծելու համար: Հենց թոնրի եզրին տաքանում էր ջրով լի կուժը, իսկ թոնրի վրայի եռոտանուն դրված կաթսայից դեղաբույսերի բուրմունք արձակելով գոլորշի էր բարձրանում։

— Հավ եմ եփել։ Արգանակը միակ բանն է, որ նա կարողանում է կուլ տալ։

Քերիմը պատռեց հայտարարությունն ու ծվենները գցեց օջախի մեջ։ Կրակ ելավ, որը սևացրեց կաթսայի տակը։

Հարթակի եզրին նստելով՝ Հալիդեն թրջում էր հիվանդի չորացած շրթունքները։ Քերիմը կռացավ նրա ուսի վրայից, որպեսզի զններ վնասված և քրտինքից փայլող դեմքը։ Իրավացի էր Հալիդեն, երբ ասում էր, որ դժվար էր նմանություն գտնել այս պառկած մարդու և հայտարարության մեջ պատկերված մայորի միջև։

— Խոսե՞լ է։

— Երբեմն զառանցում է։ Անիմաստ բարբաջանք։

— Միգուցե նա մեզ լսո՞ւմ է։

— Չեմ կարծում,– պատասխանեց Հալիդեն։

Երբ երիտասարդ կինը ոտքի կանգնեց, Քերիմը շրթունքները մոտեցրեց հիվանդի ականջին։

— Դուք բարեկամների մոտ եք,– շշնջաց նա։– Կարող եք չվախենալ, հանգստացեք։

Քերիմի այդ արարքը հուզեց Հալիդեին։ Քերիմը շփոթվելով ասաց.

— Ինչ իմանա՞ս։

Հալիդեն հետ գցեց այծի մորթին, հետո բրդյա հաստ վերմակը։ Կար նաև մի սավան։

— Նա շնչահեղձ կլինի։

— Այսքան ծածկել եմ, որ քրտնի,— ասաց կինը՝ վերցնելով խոնավ սավանը, որը նա մեկնեց իր բարեկամին։— Տար և փռիր այգու ցանկապատին։

Երբ Քերիմը վերադարձավ, Հալիդեն զգուշորեն լվանում էր Վարդանի մարմինը։ Մթնշաղի մեջ գունատ մարմինը շատ մեծ էր թվում։ Անրակի կոտրվածքի պատճառով նրա աջ թևը ֆիքսված էր վիրակապով, որը հատում էր նրա կրծքավանդակը։ Մի վիրակապ էլ ազդրին կար։

— Մարզիկի մարմին ունի,– ցածրաձայն հիացավ ուսուցիչը։

Նա գլանակ փաթաթեց՝ հետևելով Հալիդեի շարժումներին, որն իր գործն էր անում ակնհայտ հաճույքով։ Նրա շարժումները նմանվում էին փոքր երեխային խնամող մոր շարժումներին։

— Չէի՞ր ուզենա երեխաներ ունենալ։

— Դե, իհարկե։ Ես մեկին կորցրել եմ։ Իսկ հետո էլ Յաշարը մահացավ։

Նա ուղիղ նայեց Քերիմի աչքերին ու ավելացրեց.

— Հիմա երեխա ունենալու համար ես կրկին պետք է ամուսնանամ...

Քերիմը հասկացավ ակնարկը, սակայն չարձագանքեց։ Ո՞վ կհասկանար, որ ինքը կամավոր կերպով ընտրել էր ամուրու կենսակերպը իրեն անմնացորդ ուսուցչի գործին նվիրելու համար, քանի որ այդ աշխատանքով նա երբեք չէր կարող ընտանիք պահել։

Հալիդեն լվաց հիվանդի մարմինը։ Հետո հանեց ազդրի վիրակապը։ Վերքը շրջապատող մաշկը կորցրել էր սևին տվող գույնը, սակայն վերքի եզրերը դեռևս այտուցված և մանուշակագույն էին։ Վերքը բորբոքված էր։ Հալիդեն թարախը հեռացրեց վերքը սեղմելով և մաքրեց լաթով, որը նա նետեց օջախի ուղղությամբ։ Այն գետնին ընկավ։ Քերիմը վերցրեց և օջախը գցեց։ Կինը վերքը սպիրտով մշակեց։

— Վստա՞հ ես, որ անում ես այն, ինչ պետք է,— հարցրեց Քերիմը։

Բարկանալով, որ իր գործողությունները կասկածի տակ էին առնվում, կինը չոր տոնով պաւոասխանեց.

— Անում եմ այն, ինչ պատվիրել է բժիշկը։

Նրանք հիվանդի մոտ էին հրավիրել բժիշկ Լեոնիդասին՝ հույն մի բժշկի, որին կարող էին վստահել։ Քանի որ Կեսարիայում էր ապրում, նա ընդամենը երկու անգամ էր եկել, նախ հեռավորության պատճառով և, հատկապես, Ուրգուպի բնակիչների մոտ կասկած չհարուցելու համար։

— Բեր սարդոստայնները։ Սեղանի վրա են, բաժակների մոտ։

Քերիմը նրան տվեց շագանակագույն թղթից պատրաստված մի ծրար։ Հալիդեն այնտեղից հանեց սադափի պես սպիտակ մի նյութ, ճարպկորեն բացեց և դրեց վերքի վրա, իսկ վերքը նորից կապեց։ Սարդոստայնի հակաբորբոքային հատկությունները բոլորը գիտեին։ Միայն թե հարկավոր էր այն ճարել։ Դրանով Քերիմն էր զբաղվում իր աշակերտների օգնությամբ, որոնց համար դա խաղ էր դարձել։

— Ինձ էլի սարդոստայն պետք կգա։

Քերիմը ծիծաղեց.

— Ուրգուպի բոլոր սարդերը չեն հերիքի այդ գործի համար։ Եվ բացի դրանից, հարևանները ինձ արդեն վատ աչքով են նայում։

Նա ակնարկում էր այն փաստը, որ մարդիկ լավ էին վերաբերվում սարդերին, որոնք, ըստ ավանդության, փրկել էին Մարգարեին՝ սարդոստայնով պատելով այն քարանձավի մուտքը, ուր նա թաքնվել էր հետապնդողներից։

Թլիփի շուրջը արված կտրվածքը մշակելուց հետո Հալիդեն այն պարուրեց սարդոստայնով։

— Սավանը պետք է որ չորացած լինի,— ասաց նա։

Սենյակից դուրս գալիս Քերիմը ծխախոտի մնացորդը գցեց թոնրի մեջ։

Հիվանդի վերքերը մշակելուց հետո նրան նորից ծածկեցին։ Ձեռքը մեջքի տակ անցկացնելով, Հալիդեն առանց զգալի ջանքի բարձրացրեց նրա իրանը։ Նա թասի եզրով բացեց տղամարդու շրթունքները և մի քիչ արգանակ լցրեց նրա բերանը։ Ապա հիվանդի կոկորդը շփեց մատով, որպեսզի նա կուլ տար։ Այդպես խմեցրեց երկու բաժակի պարունակությունը։ Հետո կինը նրա գլուխը զգուշորեն վայր դրեց բարձին և սրբեց նրա բերանն ու մորուքը։ Մատների ծայրով սանրեց նրա մազերը։

— Հրեշտակի պես է քնած,— հիացավ նա գոհունակությամբ ուղղվելով։— Նայիր, Քերիմ, կարծես նուրբ երեխա լինի։

Ուսուցիչը հիշեց հիվանդի մեծ և մկանուտ մարմինը և մտածեց, որ նա ավելի շուտ աչքի ընկնող առնականությամբ էր օժտված։

✻    ✻



Մոտ մեկ տասնյակ ոստիկաններ շրջապատել էին Վարդանին և սպառնում էին նրան իրենց սվիններով։ Նրան կապել էին, և նա չէր կարողանամ փախչել։ Սվինների շեղբերը մխրճվում էին նրա մարմինը։ Նա վայր էր ընկնում, արյունը հոսում էր վերքերից, սակայն ինքը չէր մեռնում։ Մի զինվոր հարձակվում էր վրան և դանակի մեկ շարժումով ամորձատում էր։

Վարդանը ցնցվեց և դուրս եկավ մղձավանջից։ Նա մրսում էր, չնայած քրտնած էր։ Գլուխը ծանր էր։ Մշուշի մեջ նա մի սենյակ տեսավ և սևազգեստ մի կին։ Նրան թվաց, որ նորից հայտնվել է գյուղացու տանը, և Այշան հսկում է իրեն։ Այդ տեսիլքից նա նորից ընկավ անգիտակից վիճակի մեջ։ Նա խորասուզվեց անհանգիստ քնի մեջ, որը լեցուն էր սարսափելի տեսիլքներով և դաժան տեսարաններով։ Արդեն մեկ շաբաթ էր, ինչ նա ունենում էր այդ կարճ սթափության պահերը և նմանվում էր ջրում խեղդվողի, որը մի քանի վայրկյանով դուրս էր գալիս մակերևույթ, իսկ հետո երազները նրան տանում էին իրենց գիրկը։

Վերջապես մի առավոտ նա արթնացավ պարզ գիտակցությամբ։ Որտե՞ղ էր ինքը։ Նա պահպանել էր իր վրա կռացող դեմքերի աղոտ հիշողությունը։ Մերթ դա Մարոն էր, մերթ իր մայրը, որը օրորոցային էր երգում։ Նրա մարմինը ցավում էր։ Հանկարծ նա ամեն ինչ հիշեց, իր ուղևորությունր դեպի Կեսարիա, թլփատումը, երեք ոստիկաններին, որոնք փորձեցին իրեն սպանել։ Նա ուզեց աջ ձեռքը գլխին տանել, սակայն թևը կապված էր։ Ձախն ազատ էր։ Նա շոշափեց իր դեմքը, որը ծածկված էր խիտ մորուքով։ Նա գլուխը թեքեց։ Սևազգեստ մի կին, որին նա մեջքից էր տեսնում, խալի էր գործում։

Նա ուզում էր բարձր ձայնով կանչել, սակայն կոկորդից շշուկ դուրս եկավ։ Կինն արագ վեր կացավ և մոտեցավ թեթև քայլվածքով։ Թուխ դեմքի վրա ժպտում էին խոշոր սև աչքերը։

— Փառք Աստծու,– բացականչեց նա՝ վերցնելով կուժն ու բաժակը։

Վարդանը չէր կարողանում գլուխը բարձրացնել։

— Մի շարժվիր, դու դեռևս շատ թույլ ես։

— Որտե՞ղ եմ ես։

— Ուրգուպի մոտակայքում։

— Ուրգո՞ւպ։

— Կեսարիայից ոչ հեռու։ Այլևս մի խոսիր, կհոգնես:

Նա նստեց մահճակալին, ձախ ձեռքն անցկացրեց Վարդանի ուսերի տակ, օգնեց նստել և նրա գլուխը հենեց իր ուսին։ Վարդանն իրեն շատ թույլ էր զգում։

— Խմիր,— ասաց նա՝ Վարդանի շրթունքներին մոտեցնելով այծի կաթով լի բաժակը։

Վարդանը խմեց։ Կինը ափը հպեց նրա ճակատին և ուրախ ձայնով ասաց.

— Ջերմություն գրեթե չկա։

Վարդանը զարմացավ նրա մտերմիկ պահվածքից։

— Որքա՞ն ժամանակ եմ ես այստեղ։

— Երեք շաբաթ։

Երեք շաբաթ։ Պետք է որ սեպտեմբեր ամիսը լիներ։ Նրա գլխում բազմաթիվ հարցեր էին խռնվել, սակայն ուժգին գլխացավը չէր թողնում, որ խոսեր և նույնիսկ մտածեր։ Նա պառկեց, փակեց աչքերը ու երկար ժամանակ լուռ մնաց։ Երբ կրկին բացեց աչքերը, երիտասարդ կինը նրա կողքին էր և նրան էր նայում ջերմությամբ։ Սակայն նա դեռ չէր հանգստացել և կասկածանքով զննեց սենյակը։ Գուշակելով նրա մտքերը՝ Հալիդեն ասաց.

— Կարող ես չվախենալ։ Ես գիտեմ, որ դու մայոր ես։

Ապշելով, Վարդանը չարձագանքեց։

— Իսկ դո՞ւք։ Ո՞վ եք դուք։

— Մի կին, որն ատում է բռնությունն ու անարդարությունը,— պատասխանեց նա խուսափողական տոնով։— Դու շատ ես խոսում, մի վատնիր ուժերդ։

Այս խոսքերի մեջ որոշակի իմաստնություն կար, սակայն Վարդանը չէր կարողանում զսպել իր հետաքրքրասիրությունը։

— Ինչո՞ւ է ձեռքս իրանիս կապված։

— Բժշկի պահանջն է։ Կոտրվածք ունես։ Այստեղ։

Նա ցույց տվեց անրակը։

— Բժի՞շկ,– անհանգստացավ Վարդանը։

— Բարեկամ է։ Հույն։

— Շա՞տ մարդ գիտի, որ ես այստեղ եմ։

— Քերիմը։ Ես նրա հետ էի, երբ քեզ գտա։

Վարդանը հևում էր խոսելիս։ Նա բաց բերանով երկար շնչեց նոր հարցեր տալուց առաջ։

— Ո՞վ է այդ Քերիմը։ Նա՞ էլ է հույն։

— Ղրիմի թաթարներից է; Նա գյուղի ուսուցիչն է։

— Նա գիտի՞, թե ես ով եմ։

— Հայտարարությունը նա է տեսել։ Շատ վստահելի բարեկամ է։

Նա Վարդանին պատմեց, որ նրա լուսանկարը փակցված էր ոստիկանության բաժանմունքներում, շուկաներում ու սրճարաններում և որ նրա համար փրկագին էին խոստացել։

— Ավելի լավ կլինի, եթե դու մորուքդ չսափրես,– եզրակացրեց կինը։

— Քո հարևաննե՞րը։

— Գյուղը հեռու է, և նրանք այդպես էլ անտեղյակ կմնան քո ներկայությանը։

Վարդանը խորը հառաչեց։ Նա ելք չուներ և ստիպված էր ապավինել այս անծանոթ կնոջ խնամքին։ Նրա կոպերը ծանրացել ու այրվում էին։

— Դու պետք է քնես,– ասաց կինը կուժը վերցնելուց և հեռանալուց առաջ։

Վարդանն ուզում էր վերջին հարցը տալ, սակայն անմիջապես քնեց։ Սովորական մղձավանջները չվերադարձան, և նա քնեց խաղաղ քնով։ Նա զարթնեց տապակած սոխի հոտից, և նրա բերանը ջրով լցվեց։ Նա քաղցած էր։ Թոնրի վրա կռացած երիտասարդ կինը ճաշ էր պատրաստում։ Արևի շեղ ճառագայթները ներս էին թափանցում սենյակ երկու լուսամուտներից։ Իրիկնամուտ էր։

Տեսնելով, որ իր հիվանդը բացել է աչքերը, Հալիդեն նրան ջուր տվեց։

— Ես քեզ շնորհակալություն չհայտնեցի։ Այն, ինչ դու արել ես...

Կինը մատը շրթունքներին դրեց՝ լռելու նշան անելով։ Վարդանը շարունակեց.

— Ես չեմ կարող քեզ հատուցել, գոնե այս պահին։

— Աստված ինձ կհատուցի հարյուրապատիկը,— պատասխանեց կինը անկեղծ համոզմունքով։

— Եթե դուրս պրծնեմ այս պատմությունից և այս պատերազմում կենդանի մնամ, ապա դու այդքան երկար ստիպված չես լինի սպասել հատուցմանը։

Կինը բարձրաձայն ծիծաղեց։

— Հիմարություններ մի ասա։ Շնորհակալություն հայտնեցիր, և դա բավական է։ Այլևս դրա մասին չխոսենք։

Նա վերադարձավ իր կաթսաների մոտ և սկսեց ցածրաձայն երգել։

Ձախ ձեռքով Վարդանը շոշափեց իր մարմինը, որը նրան սարսափելի նիհար թվաց։ Հպվելիս արվանդամը դեռևս զգայուն էր, սակայն ոչ ավելին։ Ազդրի վերքը փակվել էր։ Նա փակեց աչքերն ու մկանները թուլացրեց։ Ինչո՞ւ էր այս թրքուհին իրեն վտանգի ենթարկում՝ ապաստան տալով հետախուզման մեջ գտնվող մարդուն։ Իսկ այդ Քերի՞մը։ Նրանց վարքագիծն անբացատրելի էր թվում, իսկ Վարդանը չէր սիրում անբացատրելին։ Սեպտեմբեր։ Ինչ ճակատագրի էին արժանացել Մարոն ու Թովմասը։ Անկասկած, նրանք մտածում էին, որ ինքը մահացել էր։ Նա չէր կարողանա մոտ ապագայում գնալ նրանց փնտրելու։ Գտնե՞լ նրանց։ Որտե՞ղ և ինչպե՞ս։

Տխուր մտքերի մեջ խորասուզված Վարդանը վեր թռավ, երբ Հալիդեն ասաց.

— Քերիմը երջանիկ կլինի, երբ իմանա, որ դու սթափվել ես։ Մենք վախենում էինք, որ դու չէիր ապաքինվի քո վերքից։ Նույնիսկ բժիշկն առանձնապես հույս չուներ։ Ամուր առողջություն ունես։

Նա ճաշի համը տեսավ և շարունակեց.

— Քերիմն այսօր ճաշի է գալու։ Ուլի միս եմ պատրաստել ճաշի համար։ Սակայն ավելի լավ կլինի, եթե դու բավարարվես ապուրով ու բրնձով։ Քո ստամոքսը հետ է վարժվել ծանր կերակուրներից։

Նրան ամեն ինչ պարզ էր թվում։ Նա իրեն այնպես էր պահում, կարծես Վարդանին շատ վաղուց և շատ մոտից էր ճանաչում, մինչդեռ Վարդանին նա բոլորովին անծանոթ էր։

— Ես նույնիսկ քո անունը չգիտեմ,– ասաց Վարդանը։

— Հալիդե։

Վարդանը մի կողմ էր հրում այծի մորթիները և բրդյա վերմակը։ Կինը օգնության հասավ։

— Շոգո՞ւմ ես։ Տես, չմրսես։

— Ես պետք է դուրս գամ։

— Դու դեռ շւստ թույլ ես,— պատասխանեց նա՝ կռանալով և գետնից մի աման վերցնելով։—— Մենակ կկարողանա՞ս։

Վարդանը զարմացավ այդ հարցի վրա, իսկ հետո մտածեց, որ ահա քանի շաբաթ էր, որ նա երեխա էր եղել մոր հոգածության ներքո։ Կախվածության այդ վիճակը նրան զայրացնում էր։

— Կկարողանամ,— ասաց նա վերցնելով ամանը։

Նա պառկեց ձախ կողքին, մեջքով դեպի կինը և թեթևացավ։ Վարդանը կուզեր, որ կինը դուրս գար, սակայն նա մնաց մահճակալի մոտ կանգնած։ Նրան ծանոթ էին այդ տղամարդու մարմնի բոլոր մանրամասները և քանի որ գեղջկուհի էր, ապա ոչ մի ամոթալի բան չէր տեսնում մարմնի բնական կենսագործունեության մեջ։ Վարդանի համար իրավիճակը լրիվ տարբեր էր, և նա տանջվում էր, որ չէր կարող որևէ լաթով ծածկել ամանը նրան վերադարձնելուց առաջ։

Այդ գործողությունից Վարդանը ուժասպառ եղավ։ Նա հևալով հարցրեց.

— Ինչո՞ւ։

— Ի՞նչը։

— Ինչո՞ւ ես այդքան բարի և հոգատար անծանոթի նկատմամբ։

Հալիդեն կասկածամտություն նշմարեց նրա ձայնում, և իր անշահախնդրության վերաբերյալ այդ կասկածը նրան ցավ պատճառեց։ Նա գնաց բաց դռան ուղղությամբ։

— Կո՛ւրտ, Կո՛ւրտ։

Քիչ անց ներս եկավ մի մեծ շուն։ Նա շոյեց շան գլուխը։

— Երկու տարի առաջ այս շանը գտա ձյան մեջ։ Նրան գզել էին գայլերը։ Ես նրան խնամեցի և բուժեցի։ Եվ նա ինձ երբեք չի հարցրել, թե ինչո՞ւ։

Վարդանը չկարողացավ ժպիտը զսպել.

— Ես չէի ուզում քեզ վիրավորել, Հալիդե։ Ես համարում եմ, որ քո արարքը վկայում է անսահման բարությանդ մասին, սակայն...

— Սակա՞յն։

— Եթե ինձ հայտնաբերեն այստեղ...

Նա ուսերը թոթվեց՝ ցույց տալու համար, որ այդ հեռանկարը իրեն բոլորովին չի վախեցնում։ Վարդանն ինքն իրեն հարցնում էր, թե արդյոք երիտասարդ կինը կատարյալ անհոգություն չէր ցուցաբերում։ Չէ՞ որ նա գիտեր, որ Վարդանը հետախուզման մեջ էր։

— Այստեղ ոչ ոք չի՞ գալիս։ Ինձ թվում է, որ գյուղացիներն իրար հաճախ են այցելում։

— Ամենամոտ տունը երկու կիլոմետրի վրա է։ Ես մնացածներից հեռու եմ մնում։

— Ամուսինդ բանակո՞ւմ է։

— Ես այրի եմ։

— Ծնողնե՞րդ։

— Ես ընտանիք չունեմ։

Չոր պատասխաններից Վարդանը հասկացավ, որ նա չէր ցանկանում իր մասին խոսել։ Նրա հայացքը ցրված էր դարձել, և հասկանալի էր, որ իր անցյալի հիշատակումը տհաճ էր նրան։ Վարդանը չպնդեց։

— Ես այգի եմ գնում,— ասաց նա շան ուղեկցությամբ դուրս գալով։

Քերիմը եկավ ադամամութին։ Նա ուրախացավ, որ վիրավորը սթափվել էր։ Հակված ուսերը, կորացած մեջքը, նոսրացած մազերը ծերացնում էին նրան, սակայն նրա անկեղծ ու պայծառ աչքերը լի էին պատանեկան միամտությամբ։ Չէր կարելի ասել, որ գեղեցիկ էր, սակայն նա անմիջապես համակրանք էր հարուցում։ Վարդանը սեղմեց նրա ձեռքը՝ հայտնելով իր երախտագիտությունը։

— Ամեն ինչ Հալիդեն է արել,— պատասխանեց նա համեստորեն։

— Ինչո՞ւ։

Հալիդեն, որը ծնկի էր իջել օջախի առջև, աչքերը երկնքին հառեց և գլուխը թափ տվեց։ Դարձյալ այդ հարցը։ Սև զգեստի փոխարեն նա հագել էր նարնջագույն գեղջկական տարազ, որի վրա կապույտ ու կանաչ ծաղկանախշեր էին գործված։

Քերիմը ձեռքը մեջքին դրեց, ինչպես անում էր դասերի ժամանակ։

— Ինչո՞ւ,– կրկնեց նա ոգեշնչված ձայնով։– Որովհետև դուք հայ եք։ Այս պահին մեր երկրում զազրելի հանցագործություն է իրականացվում, և ես չեմ ուզում դրա մասնակիցը լինել։ Ուզում եմ տարանջատվել կառավարությունից և բոլոր նրանցից, ովքեր ենթարկվում են նրան վիզը ծռելով։ Կգերադասեի, որ ինձ դատեին որպես դավաճանի։

— Կգա մի օր, երբ մնացածները դավաճան կհամարվեն, իսկ դուք՝ հերոս։

— Ինձ դա պետք չէ,– պատասխանեց Քերիմը ամոթխած ծիծաղելով։— Ինձ լրիվ բավարարում է այն, որ խիղճս հանգիստ է։

Նա խորը շունչ քաշեց, որպեսզի այտերի կարմրությունն անցներ, հետո ասաց.

— Տգիտություն։ Ամեն ինչի պատճառը տգիտությունն է։ Այս երկիրն առաջընթաց չի ապրի քանի դեռ...

Հալիդեն նրան ընդհատեց և մեղմորեն հանդիմանեց.

— Քերիմ։ Դու ճա՞ռ ես արտասանելու։ Ո՛չ այս երեկո։ Մայորը հազիվ է սթափվել։

Ուսուցիչը խեղճացած ժպտաց վիրավորին.

— Հալիդեն, ինչպես միշտ, իրավացի է։ Ներեցեք ինձ։

Վարդանն օգնության եկավ ուսուցչին։

— Ձեր գաղափարներն ինձ հետաքրքրում են, Քերիմ։ Ես հաճույքով կլսեմ ձեզ, երբ իմ ուղեղը մի քիչ կպարզի։

— Ես հաճույքով կզրուցեմ ձեզ հետ,— պատասխանեց տղամարդը պայծառացած դեմքով։– Մենք դեռևս առիթ կունենանք։

Ճաշի ժամանակ Վարդանին նստեցրին մահճակալին, իսկ մեջքի տակ դրեցին այծի մորթիները։ Հալիդեն ուզում էր նրան կերակրել, սակայն նա փորձեց ինքնուրույն ուտել ձախ ձեռքով։ Հալիդեն և նրա հյուրը նստեցին ցածր սեղանի մոտ՝ գորգերի վրա։ Երկու կավե ճրագներում այրվող ձիթապտղի յուղը սուր հոտ էր արձակում, և սենյակը թույլ էր լուսավորված, իսկ անկյուններն ընկղմված էին խավարի մեջ։ Խոսում էին կենցաղային հարցերի մասին, աղքատություն, բերքի սղություն, որը ձմռան ընթացքում դժվարություններ էր հարուցելու, գյուղի բամբասանքներ։ Վարդանը Քերիմին հարցրեց.

— Ճանաչո՞ւմ եք դոկտոր Բլեյկին, որը ղեկավարում է Կեսարիայի Ամերիկյան վարժարանը։

— Անունն եմ լսել։ Կառավարությունը փակել է վարժարանը, և նա մեկնել է։

Վարդանն ափսոսանքի հոգոց հանեց։ Միակ հույսը, որին ինքը կառչել էր, նույնպես ցնդեց։

— Կհսարիայից հայերը տեղահանվե՞լ են։

— Դժբախտաբար, այո,— պատասխանեց ուսուցիչը՝ գլուխը կախելով։

Հալիդեն շրթունքներն էր կծոտում, և նրա վշտահար տեսքը չվրիպեց Վարդանի ուշադրությունից։ Սակայն կինը շարունակեց չեզոք տոնով.

— Ձմեռը խիստ է լինելու, դրա մասին է վկայում սոխի կճեպը։

Տղամարդիկ հասկացան, որ նա ուզում էր փոխել խոսակցության նյութը, և հարգեցին նրա ցանկությունը։ Ճաշից հետո երիտասարդ կինը թեյ մատուցեց։ Քերիմը ծխախոտ փաթաթեց և տվեց Վարդանին։ Հալիդեն այն վառեց ճրագի կրակից։ Վաղուց էր, ինչ նա չէր ծխել, և առաջին անգամ ծուխը ներս քաշելով, հազաց, երկրորդ անգամ գլուխը պտտվեց, իսկ երրորդ անգամ հոգին երանությամբ լցվեց։ Նա նայում էր սպիտակ պատերին, որոնց վրա պարում էին ստվերները, և իր փրկիչներին, որոնք ժպտում էին իրեն, և նա զգաց, որ ինքը կարող էր նրանց վստահել։

Այդ բարեկամական մթնոլորտը մոռացում բերելու փոխարեն կենդանացրեց Վարդանի հիշողությունները։ Առանց նրանց խնդրանքի, նա նրանց վստահեց իր պատմությունը, համենայն դեպս անուններ չտալով։ Հալիդեն ու Քերիմը լուռ լսում էին։ Նա խոսում էր հուսահատ ձայնով՝ անտեսելով ուժասպառությունն ու այն ցավը, որ նրան պատճառում էին իր արտասանած խոսքերը։ Նա կարիք ուներ կիսվելու և ազատվելու այն բեռից, որը ծանրացել էր հոգու վրա։

Երբ ավարտեց իր պատմությունը, լռություն հաստատվեց։ Լսվում էր միայն իր մորը կանչող ուլի մկկոցը։ Կնոջ դեմքով արցունքներ էին հոսում.

— Ես պատկերացնում եմ կնոջդ և որդուդ վիճակը,— ասաց նա աչքերը պատին հառած։

Ասես նրա աչքերի առաջ մի պատկեր էր, որը նրան տառապանք էր պատճառում։ Քերիմը, սարսափած, սեղմեց Վարդանի ձեռքը։ Եթե չամաչեր, կհամբուրեր նրան։ Նա ձեռքի շարժումով հրաժեշտ տվեց Հալիդեին ու հեռացավ։ Երիտասարդ կինը օգնեց Վարդանին պառկելու անկողնում։ Նա մի քիչ ավելի հանգիստ էր, սակայն աչքերը դեռևս կարմրած էին։

— Ճիշտ ես անում, որ չես հուսահատվում։ Համոզված եմ, որ դու կգտնես նրանց։

Կինը պառկեց գորգի վրա, օջախի մոտ և փաթաթվեց բրդյա վերմակի մեջ։ Սակայն չկարողացավ քնել, և գիշերը Վարդանն արթնացավ նրա լացի ձայնից։ Վարդանը չէր հասկանում, թե ինչու էր կինն այդքան ազդվել իր պատմությունից։

✻    ✻



Այնթապի գավառապետարանի իր շքեղ կահավորված գրասենյակում Ռըզա բեյը եռում էր։ Նա վերծանում էր Գանի բեյի՝ Ստամբուլից ստացված երկար հեռագիրը։ Հանդիմանա՜նք։ Հանդիմանանք, որին ինքը արժանի չէր։

Ճիշտ էր, որ բազմաթիվ հայեր շարունակում էին ապրել Այնթապում։ Դրանք բողոքական հայեր էին, որոնց հովանավորում էին ամերիկացի և գերմանացի միսիոներները, և արհեստավորներ, որոնք զինագործներ էին և աշխատում էին զինամթերք արտադրող գործարանում։ Այդ մարդկանց տեղահան չանելու վճիռը, որը նա Մարոյին էր ներկայացրել որպես գթասրտություն, նախ և առաջ թելադրված էր երկրի շահերով։ Եվ նա պատրաստ էր այդ վճիռը պաշտպանել իր վերադասի առջև։ Սակայն մնացա՞ծը։

Մեղավո՞ր էր նա արդյոք, որ ֆրանսիական զրահանավը ապաստանել էր չորս հազար հայերի, որոնք հուլիս ամսից դիմադրում էին Մուսադաղում և նրանց տեղափոխել էր Պորտ Սաիդ՝ Եգիպտոս։ Իսկ ինչպե՞ս կարող էր ինքը խոչընդոտել տեղեկությունների արտահոսքը երկրից։ Գանի բեյն անարդարացի էր իր նկատմամբ։ Ռըզան նորից կարդաց հեռագրի մի հատվածը։

«Գերմանական հետախուզական ծառայությունները հայտնել են ներքին գործերի նախարարին որոշ փաստեր, որոնք վերջինս անթույլատրելի է համարում։ Հոկտեմբերի 4-ին մի կազմակերպություն, որն իրեն անվանում է Ամերիկյան քննչական կոմիտե, հրապարակել է մանրամասն զեկույց հայերի ճակատագրի վերաբերյալ Անատոլիայում։ Երկու օր անց ոմն լորդ Բրյուս Լոնդոնում՝ Լորդերի պալատում մանրամասն զեկույց է ներկայացրել նույն թեմայով։ Ինձ թվում է, որ նրանք կապեր ունեն Անատոլիայում և, հատկապես, ձեր շրջանում ապրող մարդկանց հետ։ Հետևաբար, դուք պետք է հնարավորինս սահմանափակեք օտարերկրացիների, միսիոներների և դիվանագետների տեղաշարժը և բոլոր միջոցները ձեռնարկեք կայսրության սահմաններից դուրս թափանցող և մեր կառավարությանը վարկաբեկող վկայությունների արտահոսքը խոչընդոտելու համար»։

Միջոցներ։ Միջոցներ։ Գիտենք նրա միջոցները։

— Եթե նա դժգոհ է, ապա թող ինձ ազատի իմ պարտականություններից,– փնթփնթաց Ռըզա բեյը։– Եվ ես կզբաղվեմ իմ կալվածքներով։ Ես նրան կպատասխանե՜մ։

Հեռախոսի զանգը հնչեց։ Երկու երկար զանգ, երկու կարճ։ Նրան կանչում էին գեներալի մոտ։ Հեռախոսացանցը, որը վերջերս էր հայտնվել Այնթապում, ուներ ընդամենը քսան բաժանորդ և սայմանափակվում էր քաղաքի տարածքով։

Ռըզա բեյը վերադարձավ հեռագրի ընթերցանությանը։ Նա կարդում էր մեկ այլ հատված, որն ավելի անհանգստացնող էր։

«Արտասահմանյան լրագրերը հրապարակել են մի քանի հոդվածներ, որոնք ամենայն հավանականությամբ պատկանում են Վարդան Պալյանի գրչին, որը գտնվում է հետախուզության մեջ։ Այնտեղ կա, մասնավորապես, Մալաթիայի ճամբարի նկարագրությունը, ուր ձեր օգնականը հայտնաբերել էր հիշված մարդուն։ Անհրաժեշտ է նրան վնասազերծել։ Հետախուզությունն ավելի ակտիվ դարձրեք։ Քանի որ նախարարը տեղյակ չէ այդ պատմությանը, ապա դուք պետք է խուսափեք ակնարկներից և չպետք է հիշատակեք այդ Պալյանի անունը ձեր պաշտոնական նամակագրության մեջ»։

Կատաղելով՝ գավառապետը ճմռթեց հեռագիրը և այրեց մոխրամանի մեջ։ Գերմանացի սպայի նվիրած տուփից նա սիգար վերցրեց։ Մարոյի ամուսինը... Ինքը մոռացել էր նրա մասին։ Ռըզան նրանից չէր վախենում։ Պալյանը ոչինչ չէր կարող անել Ռըզայի դեմ, և ամեն դեպքում՝ նա չգիտեր, թե որտեղ էին իր կինն ու որդին։ Ռըզային անհանգստացնում էր այլ բան՝ Մարոն կարող էր իմանալ, որ իր ամուսինը ողջ էր։ Նա կարծես թե համակերպվում էր այն մտքի հետ, որ մնալու էր Այնթապում իր որդու հետ, որը, իր հերթին, արագ էր վարժվում նոր կյանքին։ Բնական է, որ Մարոն շարունակում էր հույս փայփայել, որ Ռըզան իրեն կօգներ մայրաքաղաք վերադառնալ։ Նա դրա մասին չէր խոսում, միայն ակնարկում էր, սակայն Ռըզան նրա աչքերում կարդում էր լուռ աղերսը։ ժամանակի հետ Ռըզայի սերը կհաղթահարեր նրա վերջին դիմադրությունը և նա կկորցներ մեկնելու նույնիսկ աննշան ցանկությունը՝ անձնատուր լինելով երջանկությանը։

Աչքերը փակելով՝ նա տեսավ Մարոյի հիասքանչ դեմքը, խելացի աչքերը, հեշտալի շուրթերը և պատկերացրեց, թե ինչպես Մարոն առաջին անգամ իրեն կասեր «ես քեզ սիրում եմ»։ Նրա երջանկությունը երկար չտևեց, և Մարոյի ամուսնու դիմագծերը հայտնվեցին նրա աչքի առջև։ Ոչ թե հետախուզության հայտարարության մի քիչ աղոտ լուսանկարում պատկերված դեմքը, որը նա, զգուշությունից դրդված, արգելել էր կախել Այնթապում, այլ Մարոյի կուլոնում զետեղված ժպտացող ղեմքը։

Նա խանդի խայթ զգաց։ Իրեն պատկանած բոլոր կանայք անփորձ էին սիրո մեջ։ Այն միտքը, որ Մարոն պատկանել էր այլ տղամարդու, նրան ցավ էր պատճառում, իսկ միտքը, որ նա շարունակում էր սիրել այդ մարդուն, նրա համար անտանելի էր։ Նա նրան պատկերացնում էր իր ամուսնու հետ, նրա գրկում հառաչելիս։ Նա նույնիսկ այդ մարդուն որդի էր պարգևել։ Ինչպիսին էլ լիներ Ռըզայի ապագան Մարոյի հետ, միևնույն էր, նրանց միջև կար անցյալի ստվերը։

Նա կտրուկ ոտքի կանգնեց։ Կանաչ բազկաթոռի ոտքերը ճռնչացին մարմարյա հատակի վրա։ Նա կանգնեց Անատոլիայի մեծադիր քարտեզի առջև, որը գծել էին գերմանացի քարտեզագիրները։ Մգացված գոտիները լեռների պատրանք էին ստեղծում։ Ռըզայի հայացքը հետևեց գետերի հոսանքին, կանգ առավ քաղաքների և գյուղերի անվանումների վրա, զննեց հովիտները և անցավ սարահարթերի վրայով, կարծես վախենալով հայտնաբերել փախուստի մեջ գտնվող տղամարդուն։

— Որտե՞ղ կարող է նա թաքնված լինել։

Ոստիկանության ու բանակի կողմից հետախուզվող այդ Պալյանը, որը միայնակ էր, կայսրության համար մեծ վտանգ չէր ներկայացնում։ Ոչ էլ Ռըզայի համար։ Սակայն նրա սոսկ գոյությունը կատաղեցնում էր նրան։ Ռըզան մեծ նշանակություն չէր տալիս Գանի բեյի կողմից նրան վերագրվող հոդվածներին։ Սակայն այդ հոդվածները մարտահրավեր էին, որ իրեն էր նետում Պալյանը։ Դրանցով նա Ռըզա բեյին ասում էր՝ ես դեռ ողջ եմ։ Եվ հիշեցնում էր. այն կինը, որին դու սիրում ես, իմն է։

Նա սիգարը դրեց թղթի վրա և ուղերթ գծեց Մալաթիայից մինչև ռուսական սահմանը։ Մեկ այլ ուղերթ մինչև Պարսկաստան։ Երրորդը՝ Բաղդադի ուղղությամբ և դեպի Մքիջագետքի այն տարածքները, որոնք բրիտանացիների հսկողության տակ էին։ Դրանք այն ուղղություններն էին, որոնց պետք է հետևեր ցանկացած բանական մարդ, որը կհայտնվեր Պալյանի իրավիճակում։ Այո։ Նա, անկասկած, հեռացել էր Անատոլիայից ռուսների կամ անգլիացիների մոտ ապաստան գտնելու համար։ Եթե, իհարկե, չէր խառնվել տեղահանվածների շարասյուներին, իսկ այդ դեպքում նա իր վերջը կգտներ Սիրիական անապատում։ Մնում էր նաև մեկ հնարավորություն. նա կարող էր Հալեպ հասած լինել, ուր հազարավոր հայեր խառնվել էին արաբներին։ Հալեպ։ Այնթապից ընդամենը հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Մինչդեռ նա այդ գաղափարն էր ծանր ու թեթև անում, դուռը երեք անգամ ծեծեցին, որը բացվեց՝ կանխելով իր պատասխանը։ Կարծելով, որ իր քարտուղարն է կամ էլ որևէ պաշտոնյա, Ռըզան առանց շրջվելու բղավեց.

— Ես ասել էի, որ ինձ չանհանգստացնեին։

— Ներեցեք, Ռըզա բեյ, կարևոր բան կա։

Պետրին մոտեցավ տիրոջը, որը նրա կողմը դարձավ և անհամբեր հարցրեց.

— Ի՞նչ է պատահել։

Պետրին մատն անցկացրեց իր պարանոցի և պարանոցը սեղմող օձիքի միջև և ուզեց այն լայնացնել։ Գավառապետի պաշտոնում Ռըզա բեյի նշանակվելուց հետո Պետրիի հեղինակությունը նույնպես ծանրակշիռ էր դարձել, և քաղաքի աչքի ընկնող քաղաքացիները նրա հետ հարգալից էին վարվում։ Այժմ նա սև կոստյում և փողկապ էր կրում, չնայած այդ հագուստը նրան անհարմար էր թվում։ Վատ կարված կոստյումը նրան չէր սազում։

— Լրտեսի հետքերը գտնվել են,— բւսցականչեց նա՝ ուրախությամբ թափահարելով մի հեռագիր։

Գավառապետը վեր թռավ.

— Որտե՞ղ։

— Կեսարիայում։

Ռըզան դարձավ դեպի քարտեզը։ Կեսարիա։ Դա չէր համապատասխանում իր ենթադրություններին։ Ի՞նչ էր այդ անիծյալ Պալյանն անում Կեսարիայում։

— Նրան ձերբակալե՞լ են։

— Ոչ։ Նրա զինվորական գրքույկը Շաքիր Իսմայելի անունով տարել են Կեսարիայի ոստիկանատուն։ Մի վաճառական այն հանձնել է ինչ-որ զինվորի։ Ասել է իբր գտել է ճամփեզրին։

Պետրին հայացք նետեց հեռագրին՝ համոզվելու համար, որ ոչինչ բաց չէր թողել։

— Հայտնի է այսքանը։

Աչքերը կկոցած, նա հետևում էր իր տիրոջը։ Թեթևություն զգալով, որ Պալյանն անմիջապես իր շրջանում չէր, Ռըզան շարունակում էր ուշադիր զննել քարտեզը։ Նյարդայնացած՝ նա ծամում էր սիգարի ծայրը։ Նորությունը հայտնեցին հենց այն պահին, երբ ինքը նրա մասին էր մտածում։ Այդ զուգադիպությունը նրան շատ էր հուզում։ Ինքը երբեք հանգիստ չէր ունենալու, քանի դեռ այդ մարդը ողջ էր։ Նա դարձավ դեպի Պետրին, որին զարմացրեց նրա մտահոգ տեսքը։

— Ի՞նչ ես մտածում այս պատմության մասին։

Պետրին քորեց նեղ օձիքից կարմրած ծոծրակը։ Ինքր կանխատեսել էր այդ հարցը և մտածել էր դրա մասին, սակայն հապաղեց պատասխանել։

— Նա ազատվել է զինվորական գրքույկից,— ի վերջո ասաց նա։– Կասկածից վեր է, որ մեկ այլ անուն է վերցրել։

— Սակայն ինչո՞ւ Կեսարիա։

— Իսկ ինչո՞ւ ոչ,– պատասխանեց Պետրին՝ ուսերը թոթվելով։

Ռըզա բեյը, մտահոգ մոտեցավ իր գրասեղանին, վառեց սիգարը և կանգնեց դեպի բակ նայող լուսամուտի առջև, ուր մի քանի զինվոր զրույց էին անում։ Նա վերադարձավ իր օգնականի մոտ։

— Շրջանը խուզարկվո՞ւմ է։

— Կարծում եմ։

— Կարծո՞ւմ ես,— բացականչեց Ռըզան բարկացած՝ սիգարի մոխիրը գետնին թափ տալով։– Պետք է յուրաքանչյուր քարը խուզարկել, հարցաքննել յուրաքանչյուր բնակչին։

— Նա, անկասկած, այլևս այնտեղ չէ,– պատասխանեց Պետրին՝ չհասկանալով իր տիրոջ հետաքրքրությունն այդ գործի նկատմամբ։– Իմ կարծիքով նա ուղևորվել է դեպի մայրաքաղաք։

— Քո կարծիքն ինձ չի հետաքրքրում։ Կգնաս ու կղեկավարես որոնումը։

Պետրիի շրթունքները դողացին։ Այդ երկար ճանապարհորդության հեռանկարը նրան դուր չեկավ։ Նա չէր ցանկանում Այնթապից հեռանալ, քանի որ կզրկվեր քաղաքում նոր-նոր ձեռք բերած իշխանությունից։

— Բանակն ու ոստիկանությունն ինքնուրույն այդ գործը գլուխ կբերեն։ Ի՞նչ կավելանա, եթե ես այնտեղ լինեմ։

Վրդովվելով, որ ստորադասը հարցականի տակ էր դնում իր հրամանը, Ռըզան նրան ասաց ժպտալով.

— Դու աշխատել ես Աբդուլ Համիդի գաղտնի ծառայությունում։ Քո փորձը մեզ պետք կգա։

Արդի ղեկավարների տեսակետից թերություն հանդիսացող իր անցյալի այդ դրվագի հիշատակությունից Պետրին գունատվեց։ Նա շտապեց համաձայնել։ Ռըզան ցույց տվեց մոխրամանը, որը լի էր մոխրով.

— Գանի բեյն ուզում է, որպեսզի մենք վնասազերծենք այդ մարդուն։ Դու կստանաս անհրաժեշտ օգնությունը։ Հենց որ Կեսարիա հասնես տեղի իշխանությունները այդ մասին հրահանգներ կստանան Կոստանդնուպոլսից։ Կազմակերպիր հետաքննությունը, իսկ ինքդ անձնական հետաքննություն վարիր։

Պետրին կարծես չհասկացավ վերջին նախադասությունը։ Ռըզա բեյը համբերությունից դուրս գալով բացականչեց.

— Այդ մարդն անտեսանելի չէ։ Նա քայլել է ճանապարհներով, և մեկն ու մեկը պետք է նրան տեսած լինի։ Նա պետք է որ սնվեր, ուրեմն պետք է սննդամթերք գնած լիներ որևէ վաճառականից կամ գյուղացուց։ Դու ունես նրա զինվորական գրքույկը, այդ հետքով էլ գնա։ Ջանք մի խնայիր։

Կզակը քորելով՝ Պետրին գլուխն էր տմբտմբացնում։

— Այո... իհարկե... Սակայն զգում եմ, որ նա այնտեղից արդեն հեռացել է։

— Դա ինձ չի վերաբերում։ Կիմանաս, թե ուր է նա ուղևորվել, և մենք նրա հետքերով կգնանք։ Եթե անհրաժեշտ լինի, դրանով կզբաղվես ամբողջ ձմեռվա ընթացքում, սակայն ձեռնունայն չվերադառնաս։

Թաքցնելով իր դժգոհությունը՝ Պետրին խոնարհվեց.

— Պատրաստ եմ ձեզ ծառայել, Ռըզա բեյ։

— Նախապատրաստվիր մեկնելու հենց այսօր։ Ես քեզ գրավոր հրամաններ կտամ։

Պետրին հրաժեշտ տվեց տիրոջը և հեռացավ հակված ուսերով։ Դուռը փակելուց առաջ հարցրեց.

— Իսկ եթե նրան գտնե՞մ։

Ռըզան մատն անցկացրեց իր կոկորդի վրայով և լեզուն ճլթացրեց։

— Ես հաճույքով այդ բանը կանեմ,– ծիծաղեց Պետրին գրգռված ձայնով։

Մենակ մնսղով, Ռըզան նստեց գրասեղանի մոտ գործուղման հրամանը գրելու համար։ Գրիչը ձեռքին նա երազների գիրկն ընկավ։ Ինչպիսի հաջողություն կլիներ, եթե Պետրին կարողանար իրեն ազատել այդ Պալյանից։ Այլևս ոչինչ չէր սպառնա իր երջանկությանը։ Հանկարծ հայտնվեց Մարոյին տիրանալու ցանկությունը, որն անհաղթահարելի էր։ Ռըզան շտապում էր նրան տեսնել և անկողնում նրան տիրանալով՝ է՛լ ավելի կտրել իր անցյալից։ Նա ցանկություն ուներ նրան շփացնելու։ Ի՞նչ կարող էր նրան անակնկալի բերել և ուրախացնել։ Զա՞րդ։ Զգե՞ստ։ Դրանք շատ առօրեական և սովորական բաներ էին։ Բացի դրանից, Մարոն կհանդիմաներ իրեն։ Դաշնամո՞ւր։ Այո, դաշնամուր։ Նա ասել է, որ դաշնամուր է նվագում։ Տեղահանվածներից բռնագրավված կահույքի մեջ հոյակապ դաշնամուրներ կային։ Ինքը Մարոյին դաշնամուր կնվիրի, և նա կնվագի միայն իր համար։

Բույուկ խանումը կասի, որ դա «անհավատի» գործիք է ու երաժշտություն և, իհարկե, կվրդովվի։ Դա կլինի ընդամենը հերթական վրդովմունքը։ Շուտ տուն վերադառնալու ցանկությամբ համակված՝ Ռըզա բեյը սկսեց գրել։

✻    ✻



Հոկտեմբերն ավարտվում էր։ Օրերը կարճանում էին. իսկ գիշերները երկարում և ավելի սառն էին դառնում։ Ամռան տապից չորացած ու ճաքճքած հողը անձրևի ջուրը սկզբում ագահությամբ էր կլանում, իսկ այժմ, հագենալուց հետո, ջուրը հոսում էր դաշտերով՝ ակոսներ թողնելով և ճանապարհները քանդելով։ Հորդառատ անձրևներին հաջորդում էր մանրամաղը, իսկ երկինքը գորշ էր և ցածր։

Վարդանը, մահճակալի վրա նստած, կարգի էր բերում իր մորուքը։ Նրա ձեռքերը ղողում էին, և նա վայր դրեց մկրատը։ Փոքր, կլոր հայելու միջից իրեն էր նայում մի դեմք, որը նա դժվարությամբ էր ճանաչում՝ ոչ այնքան մորուքի, որքան փոս ընկած այտերի և աչքերը շրջապատող կապտուկների պատճառով։ Իր դիմագծերն ավեփ չոր էին դարձել, աչքերի շուրջը մանր կնճիռների ցանց էր հայտնվել, իսկ ճակատը հատում էին երկու խորը ակոս։ Նրա քունքերն արծաթազօծվել էին, իսկ կզակի երկու կողմերում՝ մորուքը սպիտակել էր։ Նրան թվաց, որ ինքը ծերացել և ավելի էր նմանվել հորը։

Պատից բռնվելով՝ նա գնաց մինչև լուսամուտը։ Նա կաղալով էր քայլում, սակայն գոնե կարող էր աշխատեցնել իր աջ ձեռքը, որն ազատագրվել էր վիրակապերից։ Ջերմն անցել էր, սակայն նա իրեն թույլ էր զգում։ Նա շուտ էր հոգնում և ուժեղ գլխացավեր էր ունենում, նրան թվում էր, որ աքցանով սեղմված իր գլխում թմբուկ էր հնչում։

Լուսամուտը հարավ-արևելք էր նայում, և տարվա այս եղանակին այնտեղից երևում էին ամայի դաշտեր, որոնց գունավորումը փոխվում էր՝ կախված այն բանից, թե դրանք վարել էին, թե անմշակ էին թողել։ Վարդանը երկար կանգնում էր այդ լուսամատի մոտ՝ աչքը հեռուն հառած։ Նա մտովի հարյուրավոր կիլոմետրեր էր անցնում սարերով, որոնք նրան բաժանում էին այն վայրից, ուր միգուցե տարվել էին Մարոն և Թովմասը՝ Հալեպ, Ալեքսանդրետ, Այնթապ, Ադանա։ Այս քաղաքների անվանումները նրա ականջին առասպելական հնչեղություն էին ստացել։ Որտե՞ղ էին իր հարազատները։ Ինչպե՞ս էին նրանք։ Նա չէր կարողանում երևակայել նրանց ճակատագիրը, կենսապայմանները և նրանց պատկերացնելու իր անկարողությունը վրդովում էր։ Այդժամ նա սկսում էր հուսալ, որ միգուցե իր կնոջը հաջողվել էր Կոստանդնուպոլիս գնալ։ Նա տեսնում էր նրան Թովմասի հետ Մեսրոպ քեռու հյուրասենյակում՝ Արփինե մորաքրոջ, Լուսիկի և Տիրանի ընկերակցությամբ։ Նրա իրատեսությունը հաղթում էր, քաջալերիչ տեսարանները ցնդում էին, և նա իրականությանը շիտակ էր նայում։ Ինքը ոչինչ չգիտեր նրանց մասին։ Նրանք նույն հաջողությամբ կարող էին մեռած լինել...

Անհրաժեշտ էր Մալաթիա վերադառնալ և այնտեղից սկսել մանրակրկիտ հետաքննությունը։ Օրիորդ Լանգլեն միգուցե տեղեկություններ ունենար Մարոյի մասին այլ միսիոներների միջոցով։ Հնարավոր էր նաև, որ Մալաթիայի շվեյցարական որբանոցում իրեն էր սպասում իր քեռորդի Տիրանի պատասխանը։ Որքա՞ն ժամանակ էր պետք, որպեսզի նա ի վիճակի լիներ ձեռնարկել այդ ճանապարհորդությունը։ Քանի որ դոկտոր Բլեյկը հեռացել էր, Վարդանը չէր պատկերացնում, թե որտեղից ինքը կարող էր կեղծ փաստաթղթեր ճարել։ Գնա՞լ Կոստանդնուպոլիս։ Այնտեղ ազգականներ ու ընկերներ ուներ։ Սակայն նրա համար տհաճ էր այն միտքը, որ պետք է է՛լ ավեփ հեռանար այն շրջանից, ուր կորցրել էր Մարոյի ու Թովմասի հետքը, քանի որ համակված էր անտրամաբանական մի վախով, որ այդպիսով ինքը նրանց կկորցներ առհավետ։

Հալիդեն կանգ առավ դռան մեջ և նայեց Վարդանին, որը չէր նկատել նրա հայտնվելը։ Նա դարձյալ լուսամատի մոտ էր։ Անկասկած մտածում էր կնոջ և որդու մասին։ Նա նրանց մասին չէր խոսում, սակայն Հալիդեն նրա տրտում տեսքից կռահում էր, որ անդադար նրանց մասին էր մտածում։ Երբեմն ժամեր շարունակ նա լռում էր և Հալիդեն չէր համարձակվում խախտել այդ լռությունը։ Երիտասարդ կինը զգում էր, որ նա տառապում էր, և ինքը կուզեր խոսքեր գտնել նրա տառապանքը մեղմելու համար, սակայն Վարդանը չափից մեծ հարգանք էր ներշնչում իրեն, և նա բավարարվում էր թաքուն նրա վիշտը կիսելով։ Ի՞նչ նոր բան կարող էր ինքն ասել այդ կրթված մարդուն՝ դեղագործին ու մայորին։ Հատկապես, որ հոգու խորքում Հալիդեն լիովին անտրամաբանական էր համարում ընտանիքի հետ վերամիավորվելու Վարդանի հույսը։

— Դու պետք է քեզ խնայես,– ասաց նա սենյակ մտնելով։

Վարդանը դանդաղ շրջվեց.

— Հակառակը, անհրաժեշտ է, որ ես մարզեմ մկաններս։

Հալիդեն թափ տվեց թրջված շալը և կախեց դռան մոտի կախիչից։

— Դու չափից ավելի ես պայքարում։ Թող, որ ժամանակն իր գործն անի, դա միակ դեղամիջոցն է։

— ժամանակն իմ թշնամին է,– տխուր պատասխանեց նա՝ մի քայլ անելով դեպի մահճակալը։

— Սպասիր օգնեմ։

Վարդանը ենթարկվեց։ Օգնությունից հրաժարվելը բարձր բողոքի առիթ կտար, քանի որ երիտասարդ կինը չէր սիրում, երբ զսպում էին իր մարդասիրական մղումները։ Նա ձեռքով բռնեց Վարդանի մեջքից։

— Հենվիր իմ ուսին։

Անձրևը թափանցել էր շալի տակ, և նրա զգեստը թաց էր։ Հալիդեից քրտինքի ու ճանդանի հոտ էր գալիս։

— Արագ մի քայլիր,– ասաց նա ջերմորեն։

Իրականում նա ուզում էր երկարաձգել ֆիզիկական հպումը։ Նա սիրում էր այդ մեծ ձեռքի ծանրությունն իր ուսին, Վարդանի մեջքի մկանների խաղը իր ձեռքի տակ։ Նրան հատկապես դուր էր գալիս, որ ժամանակին ուժեղ և ազդեցիկ այդ մարդը կախման մեջ էր իրենից։ Հալիդեն ափսոսում էր, որ չպետք է այլևս նրան լողացներ և հագուստը փոխեր, ինչպես առաջ։ Հիմա նա նրան էր հպվում միայն հայացքով, և դա նրա մեջ առաջացնում էր շատ մտերիմ լինելուց հետո միմյանցից հեռանալու զգացում։ Դա, անկասկած, միայն իր գլխում էր տեղի ունեցել։

Մահճակալի վրա նստելով՝ Վարդանը նորից շնորհակալություն հայտնեց այդ կնոջը իր արածի համար և ավելացրեց.

— Հենց որ ի վիճակի լինեմ, ես կգնամ։

Առանց պատասխանելու Հալիդեն շրջվեց և գնաց դուռը փակելու։

— Այստեղ խոնավ է։

Վարդանը նայում էր, թե ինչպես էր նա փայտածխով թոնիրը վառում։ Սուրճ։ Որտեղի՞ց էր նա դրամ ճարում պատերազմող երկրում իրեն այդ շքեղությունը թույլ տալու համար։ Խեցեգործական արտադրանքն ու գորգերը դժվար թե այդքան եկամուտ բերեին։ Եվս մի հարց, որը նրան զարմացնում էր։ Այս վերջին շաբաթների ընթացքում նա այնքան մթերք էր պահեստավորել ձմռան համար, որը շատ ավելի էր, քան կարող էր անհրաժեշտ լինել մեկ, կամ նույնիսկ երկու անձի համար։ Ցորեն, որը կազմում էր Անատոլիայի բնակչության սննդի հիմքը, սակայն նաև ոչխարի միս, ձիթապտղի յուղ, սևծովյան տխիլ, պիստակ, նուշ, շաքար, աղ և թեյ։ Չհաշված այն, ինչ նա բերում էր շուկայից և շարում գոմում։

Երբեմն նա նաև բացակայում էր, և Վարդանը չէր կարողանում բացատրել այդ բացակայությունների պատճառը։ Առնվազն շաբաթը մեկ անգամ մութն ընկնելուց հետո Քերիմը գալիս էր երիտասարդ կնոջ հետևից և նրան հետ էր բերում միայն հաջորդ առավոտյան, երբեմն էլ նույնիսկ երեկոյան։ Սկզբում Վարդաը կարծում էր, որ նրանք սիրային կապի մեջ էին և որ իր ներկայության պատճառով նրանք ստիպված էին հեռանալ, և իրենց հանդիպումները այլ վայրում կազմակերպել։ Սակայն այդ բացատրությունը չէր դիմանում քննադատության։ Ինչո՞ւ էին նրանք ամեն անգամ իրենց հետևից քարշ տալիս ծանր բեռնված ավանակին։ Սահմանը հեռու էր, և խոսք չէր կարող լինել մաքսանենգության մասին։ Ուրեմն ի՞նչ։ Վարդանը գաղափար չուներ։ Եթե իր բարեկամների գործունեությունն անօրինական էր, որի մասին կասկածել էր տալիս նրանց լռությունը, ապա այն կարող էր գրավել ոստիկանության ուշադրությունը։ Իսկ դա սրում էր Վարդանի անապահովության զգացումը։

Երբ Հալիդեն գնում էր, ոչ մի բացատրություն չէր տալիս։ Նա պարզապես հայտարարում էր.

— Ես դուրս եմ գալիս։ Կգամ վաղն առավոտյան։

Իսկ երբ վերադառնում էր ջախջախված, հոգնած դեմքով, լծվում էր առօրյա կյանքին, կարծես ոչինչ չէր պատահել։ Նա խնամում էր անասուններին, տրվում էր տան հարդարմանը, ուտելիք էր պատրաստում, բուրդ էր մանում և գործում էր, ինչպես բոլոր գեղջկուհիները։ Երջանիկ ու անհոգ, նա երգում էր անվերջանալի մեղեդիներ, որոնք շատ սիրված էին Անատոլիայի բնակիչների շրջանում։ Երբեք ոչ մի ակնարկ իր գիշերային բացակայությունների մասին։ Քերիմը, որը գալիս էր գրեթե ամեն օր Վարդանի հետ մի քիչ զրուցելու, նույնպես զսպություն էր ցուցաբերում։

Ջուրը եռաց։ Հալիդեն եփեց սուրճը և մատուցեց փոքր գավաթներով։ Նրա սև, փայլուն աչքերը ժպտում էին, երբ նա Վարդանին էր նայում, և նրա նուրբ դեմքը կարծես դեռահասի դեմք լիներ։ Նրանք լուռ խմեցին սուրճը, և կինը նստեց գորգի դազգահի մոտ։

Դազգահի վերին լայնադիր տախտակի վրա ամրացված էր մի ստվարաթուղթ, որի վրա կինը նկարել էր այն նախշը, որ ինքը պետք է գործեր առաջիկա ամիսների ընթացքում։ Երփներանգ մետաքսյա թելերի կաժերը ամրացված էին պատին, Հալիդեի ձեռքի տակ։ Ամեն անգամ թելը փոխելիս Հալիդեն գլուխը դարձնում էր դեպի Վարդանը և հայացք էր գցում նրա վրա։ Վարդանը մահճակալին նստած նայում էր կնոջը, սակայն նրան չէր տեսնում, և կինը դա զգում էր։ Նա հեռու էր, ինչպես նրա հետ հաճախ էր պատահում։ կինը կուզեր, որ նա խոսեր, քանի ինքն աշխատում էր։ Այդքան կիրթ մարդը պետք է որ շատ բան իմանար։ Երևի նա մտածում էր, որ գեղջկուհին չէր կարող իրեն հասկանալ։ Կարևո՜ր չէր։ Սոսկ նրա ներկայությունը երջանկություն էր Հալիդեի համար։ Իր այրիության այդ երեք տարիների ընթացքում նա մոռացել էր, թե որքա՜ն դատարկ էր տունն առանց տղամարդու։ Նա սկսեց երգել՝ օրորելով իրանը ռիթմը պահելու համար։ Առանց իրեն հաշիվ տալու Վարդանը մրմնջաց այդ հին մեղեդին, որն ինքը շատ լավ գիտեր։

Կուրտը հաչեց ու լռեց։ Հալիդեն շտապեց դեպի լուսամուտը։

— Քերիմն է,– ասաց նա թեթևացած։

Քերիմը մտավ ամբողջովին թաց։ Նրա շունչը կտրվում էր, և նա գերգրգռված վիճակում էր։

—– Զինվորները... Նրանք խուզարկում են գյուղի բոլոր տները։

Նա Վարդանին նայեց ու ավելացրեց.

— Ձեզ են փնտրում։

Վարդանը վեր կացավ մահճակալից.

— Նրանք գիտե՞ն, որ ես Ուրգուպում եմ։

— Ոչ։ Խուզարկում են նաև Կեսարիայում և ամբողջ շրջանում։

— Նրանք այստեղ կգան,– ասաց Վարդանը՝ չկարողանալով թաքցնել իր նյարդայնությունը։

Հալիդեն զարմանալիորեն հանգիստ էր։ Դեմքին արտացոլվող վճռականությունը ջնջեց պատանեկության պատրանքը։ Նա մեխից հանեց իր շալը և մոտեցավ Վարդանին.

— Նրանք քեզ չեն գտնի։ Արի։

— Ես նրան կօգնեմ,– ասաց Քերիմը։

— Ավելի լավ է վերմակը բեր ու այծի մորթին։

Վարդանը ձեռքը գցեց երիտասարդ կնոջ ուսին և նա իրենց գլուխները շալով ծածկեց։ Քերիմն առաջինը դուրս եկավ, որպեսզի համոզվեր, որ ճանապարհին ոչ ոք չկար, և նրանց ուղեկցեց գոմ։ Ցուրտ էր. անձրևն էլ հորդառատ։ Վարդանի հողաթափերը սահում էին թրջված հողի վրա, և նա ավելի ամուր կառչեց Հալիդեին։ Եթե նա ի վիճակի լիներ, կգերադասեր այդտեղից գնալ, քանի որ վախենում էր, որ ոստիկանները կխուզարկեին գոմը, և ինքը ծուղակում կհայտնվեր։

— Չէի ուզենա, որ դու անախորժություններ ունենայիր իմ պատճառով։

Հալիդեն ցածրաձայն ծիծաղեց։ Վարդանը շարունակեց.

— Ավելի յավ կլիներ, եթե ինձ տանեիք գյուղից դուրս՝ սարերը։ Եթե ինձ այնտեղ գտնեն, ապա դու և Քերիմը կասկածի տակ չեք լինի։

— Թույլ տուր անեմ, ինչպես վճռել եմ։ Նրանք քեզ չեն բռնի,– ասաց նա վստահ ձայնով։

Իբրև գոմ ծառայող քարանձավը փորվել էր ավելի քան մեկ դար առաջ։ Փափուկ և սկզբում սպիտակավուն կրաքարը քարանձավի եզրերին մոխրագույն էր դարձել։ ժամանակին հնոցի, իսկ հիմա վառարանի ծուխը սևացրել էր առաստաղը։ Անասունների թրիքի և հատկապես թոչնի ծերտի ծանր հոտը քթին էր զարնում մտնելուն պես։

Գոմի խորքում ավանակը գլուխը բարձրացրեց մարդկանց կողմը և խանչեց, կարծես հազար։ Իրենց փարախում այծերն ու ոչխարները շարունակում էին որոճալ։ Աջից, հենց մուտքի մոտ կանգնած էր վառարանը, որը փեթակի էր նմանվում։ Փայտածխի պարկերը կիտված էին չոր կավի կույտի կողքին։ Մուտքի ձախ կողմում մեծ տափակ քարերը ծածկում էին գետնի մեջ փորված ցորենի հորերը։ Քերիմն արձակեց ավանակին և դուրս բերեց կացոցից։ Հետո նա հանեց մսուրքը, որը ծածկում էր ներսի պատում արված անցքը։ Հալիդեն մի լամպ վառեց և սողալով մտավ անցքից ներս, ուր բացվում էր մեկ մետրից պակաս բարձրություն ունեցող մի բուն։ Քերիմը նրան տվեց վերմակը։

— Եթե օգնությանս կարիքը չունես, ապա ես վերադառնամ Ուրգուպ։

Կնոջ ձայնը խուլ հնչեց.

— Եղավ։ Ինձ տեղյակ պահիր, թե ինչ է կատարվում։

Ուսուցիչը սեղմեց Վարդանի ձեռքը.

— Ամեն ինչ լավ կլինի։

— Շնորհակալություն, Քերիմ։ Հանգիստ եղիր, եթե ինձ ձերբակալեն, քո անունը չեմ տա։

Վարդանը չորեքթաթ միացավ Հալիդեին։ Կարճ անցումը բացվում էր մի ուղղանկյուն սենյակի մեջ, որը երեք և չորս մետր չափ ուներ և մարդաբոյից բարձր էր։ Սննդամթերքով լի կճուճներն ու զամբյուղները կիտված էին մի անկյունում։ Հանդիպակաց անկյունում չոր խոտի խուրձը ծառայում էր որպես մահճակալ։ Հալիդեն խոտի վրա դրեց վերմակն ու այծի մորթիները։

— Այստեղ հարմար կտեղավորվես։ Ընդամենը մի քանի օրով։

— Սա ավելի լավ է, քան նորից բանտ ընկնելը։ Սակայն ասա ինձ...

Կինը նրան ընդհատեց.

— Սպասիր, հիմա հետ կգամ։

Նա անհայտացավ, և Վարդանը լամպի լույսով ուսումնասիրեց սենյակը։ Քարը պահպանել էր սպիտակ գույնը և պատերի վրա մնացել էին քլունգի հետքերը։ Ամենայն հավանականությամբ այդ սենյակը վերջերս էր փորվել։ Իբրև մահճակալ ծառայող խոտը վկայում էր, որ այդտեղ արդեն ինչ-որ մեկն ապաստանել էր։ Մի խոռոչում դրված էր ճրագ ու հրահան։

Հալիդեն տնից բերեց գիշերային անոթը, մի կուժ ջուր, հաց, ընկույզ ու արմավ։ Նա կճուճների հետևր դրեց սավանի մեջ փաթաթված մի կապոց։

— Երբ վտանգն անցնի, քեզ ուտելիք կբերեմ։ Իսկ գիշերը կկարողանաս կարճ ժամանակով դուրս գալ թաքստոցից։ Շնչահեղձ լինելուց մի վախենա, մուտքի անցքից թարմ օդ է թափանցում։

Նա ուզում էր գնալ, սակայն Վարդանը բռնեց նրա թևից և պահեց։

— Բացատրիր ինձ,– ասաց նա՝ ցույց տալով թաքստոցը։

— Թաքստոց ունենալը ձեռնտու է,— պատասխանեց նա խուսափողաբար։

Վարդանը նրա ձեռքը բաց չթողեց և պնդեց.

— Այս թաքստոցը... քո գիշերային բացակայությունները... Ի՞նչ է այս ամենը նշանակում։

Տատանվելուց հետո նա ասաց.

— Ես օգնում եմ ինձ նմաններին, ահա ամենը։

Պատասխանը գրգռեց Վարդանի հետաքրքրասիրությունը, որը ուղիղ նրա աչքերի մեջ նայելով՝ փորձեց գուշակել։

— Բայց դու ո՞վ ես։

Հասկանալով, որ Վարդանը հետ չի կանգնելու, Հալիդեն վերցրեց կճուճի հետևում պահված կապոցը և բացեց կերպասը, որի մեջ փաթաթված էին Աստվածամոր և Մանկան պատկերը, մետաղյա հայկական խաչ և ընտանեկան մի լուսանկար։

— Դու հա՞յ ես։

— Ես ամուսնացել եմ մահմեդականի հետ։ Առաջ իմ անունն Արուսյակ էր։