Վերջին թարմացում 3 Սեպտեմբերի 2016, 21:15

Այրվելու գնացողը

Այրվելու գնացողը

հեղինակ՝ Արծրուն Պեպանյան
աղբյուր՝ Էզոթերիկա

«Այրվելու գնացողը» վիպակի հերոսի նախատիպը Ջորդանո (աշխարհիկ անունը՝ Ֆելիպե) Բրունոն է։ Հեղինակն իր առջև խնդիր էր դրել՝ հասկանալ, թե հոգու ինչ վիճակ է ունենում հանուն գաղափարի այրվելու գնացող մարդը։ Հեղինակը պնդում է, թե այդ խնդրի պատասխանը գտնելու գործում իրեն օգնել են Տիեզերքը կառավարող աներևույթ ուժերը, որոնց ազդեցության տակ, հեղինակի կարծիքով, ժամանակին գտնվել է Ջորդանո Բրունոն։

Գլուխ առաջին։ Բուքը

Ճշմարտության ձգտում. ահա հերոսին հատուկ միակ զբաղմունքը

Ջորդանո Բրունո

— Ֆելիպե՛։

Ֆելիպեն, որ այդ պահին քսանութ տարեկան էր, թեև դա այնքան էլ կարևոր չէ, տարակուսանքով շրջվեց դեպի ձայնը. տարակուսանքով, քանի որ նախ Վեզուվ լեռը նեղ կածանով իծաշարուկ բարձրացող տղամարդկանց սևազգեստ բազմության մեջ ոչ ոք իրեն չպետք է որ ճանաչեր, և ապա՝ տասներեք տարի չէր լսել իր աշխարհիկ անունը։

Նա շրջվեց և տեսավ ցածից դեպի իրեն հևասպառ եկող քառասունյոթ տարեկան, իսկ սա արդեն կարևոր է, անծանոթ մի տղամարդու։

Նայեց Ֆելիպեն նրան ուշադիր և զարմանքով գիտակցեց, որ չճանաչելով նրան՝ գիտի նրա անունը։

Նուրծ Րան տեղ բռնեց շարքի մեջ՝ Ֆելիպեից հետո։

Շարունակեցին բարձրանալ։

— Չոր է,— ասաց Ֆելիպեն։

— Ի՞նչը,— հարցրեց Րան՝ շուրջը նայելով։

— Սկիզբը։ Չկա պատկեր, չկա գույն։

— Ախ, դա՞,— Նուրծ Րան հասկացավ ակնարկը։— Նա այդ կարող է, նա այդ արել է։ Գույնը հիմա էական չէ, կարևորը հիմա իմա՛ստն է։

— Դու նրան գիտե՞ս։

— Ես նաև նա եմ։

Ֆելիպեն կողքանց նայեց նրան։

— Այո՛,— հաստատեց Րան,— բայց հիմա այստեղ եմ, որպեսզի նա այնտեղ իմանա՝ ինչ լինելու է։

Նրանք, քանի որ կանգնել էին, խցանել էին շավիղը։ Եվ դադարելով բարձրանալ՝ առաջ գնացին ծնկահաս խոտերի միջով այնպես, որ չխանգարեն մնացյալին։

Ֆելիպեն նստեց խոտերի վրա, ապա արմունկներին հենվելով՝ լեռնալանջի բարձրությունից նայեց դիմացը բացվող տեսարանին։

Հեռվում առատ գոլորշիների ծանրությունից ծնկի եկած կաթնագույն մառախուղը շաղախել էր երկնքի և ծովի անընդգրկելի տարածությունները՝ սքողելով ամեն եզր ու սահման։ Ավելի մոտ, ասես անմիջապես ծովածոցի միջից, բարձրանում էին Նեապոլի պալատները։ Իսկ քիչ ձախ երևում էին Պոմիլյանո դ Արկոն, Աչերան, ապա՝ Կասորիյան ու Աֆրագոլան, բոլորն էլ խիտ անտառներով պատված, և վերջապես, ձիթենու դաշտերի թիկունքում գծագրվում էին Նոլայի սպիտակ պարիսպները։

Հարազատ քաղաքի տեսքը դառնագին մի հառաչանք պոկեց Ֆելիպեի շուրթերից։

Նուրծ Րան հայացքը սահեցրեց Ֆելիպեի հայացքի հետքերով, ապա ինքը ևս նստեց խոտերի վրա։

Ֆելիպեն նայում էր Նոլային այնպես սևեռուն, ասես որոնում էր հայրական տունը, մանկության տարիների վայրերը։ Հետո նա տխրադեմ ետ ընկավ խոտերի վրա, թևերը ծալեց գլխի տակ։

— Եկել եմ հրաժեշտ տալու Վեզուվին,— ասաց։— Հեռանում եմ։ Երևի թե՝ Ֆրանսիա։ Կամ՝ ուր աչքս կտրի։ Միայն թե հաջողվի Իտալիան լքել։

Նա գլուխը տարուբերեց դառնությամբ։

— Ինձ մեղադրում են, թե ես իմ պնդումներով ցանկանում եմ շրջել աշխարհը։ Բայց ի՞նչ վատ բան կա շրջված աշխարհը շրջելու մեջ։

Նուրծ Րան չարձագանքեց։

Ֆելիպեն մտքերի ետևից ընկած՝ դադար տվեց, ապա շարունակեց։

— Դեռ մանկուց Վեզուվն ընկալել եմ որպես մտերիմ։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչո՞ւ։ Գուցե թե այն պատճառով, որ լեռն այս հու՞ր է պարփակում իր մեջ։

Նա հայացքը դարձրեց Նուրծ Րային։

— Բայց, տարօրինակ է, եկա ու պատահեցի մարդկային այս բազմությանը։ Գուցե թե այս օրը որևէ մի տո՞ն է, հիշարժան մի օ՞ր. չգիտեմ, ես տասներեք տարի փակված եմ եղել մենաստանում։

— Նրանք եկել են՝ իմանալու իրենց հոգու մաքրության չափը,— պարզաբանեց Նուրծ Րան։

— Ումի՞ց։ Վեզուվի գագաթին տաճար չկա և ոչ էլ՝ որևէ սրբավայր,— տարակուսեց Ֆելիպեն և արմունկին հենվելով՝ նայեց ցած. տղամարդկանց երթը, սկսվելով ստորոտից, ուր հոծ կուտակում կար, օձի պես գալարվելով՝ բարձրանում էր լեռնալանջով։— Ինչու՞ են եկել այստեղ և չեն դիմում խոստովանահայրերին։

Նույն պահին ևեթ Ֆելիպեի դեմքը կնճռոտվեց իր իսկ խոսքերից, ձեռքը դառնությամբ թափ տվեց ու արտաբերեց քամահրանքով.

— Խոստովանահայրե՜ր, վանականնե՜ր... եթե նրանք իրոք Աստծո սպասավորները լինեին, հարկ չէի ունենա այսպես գողտուկ հեռանալ Իտալիայից։

Նա խորը հոգոց հանեց։ Ապա հայացքն անորոշ հեռուն հառած՝ խոսեց, ավելի շուտ ինքն իր հետ.

— Ինչու՞ այսպես եղավ, ինչու՞ աշխարհը դաժանացավ, և մարդիկ դարձան անհանդուրժող այսչափ, և արյուն է հոսում՝ գետերից վարար, որ տեսնում եմ դեռ մանուկ հասակից... Ո՜հ, իմ առաջին սարսափը... դաջվել է այն հիշողությանս մեջ, և ջնջել ոչ մի կերպ չեմ կարողանում... Կվադրիվիյան դպրոցում ես իմ այն ընկերներից, ովքեր եղել էին Իտալիայի այլ քաղաքներում, լսել էի այլախոհների կրած տառապանքների մասին, բայց քանի որ ինքս ոչինչ չէի տեսել, և իմ մերձավորներից ոչ ոք չէր տուժել, այդ պատմություններն ինձ թվում էին անիրական կամ, եթե ճշմարիտ էին, ապա կարծում էի, թե տեղի են ունենում հեռու մի վայրում, որն անչափելի օտարված է մեզանից, և մենք երբեք այն չենք տեսնի։ Բայց մի օր տուն էի դառնում դպրոցից և շուկայի մոտ բազմություն տեսա։ Մի խումբ մարդկանց քշել էին մի տան մեջ, նախրի պես։ Ինձ ասացին, որ լյութերականներ են։

Տեգակիր զինվորներ էին հսկում միակ դուռը և լուսամուտները։ Հետո սևազգեստ դահիճը ներս մտավ տուն և դուրս բերեց հերետիկոսներից մեկին՝ կապկպված, դեմքին լաթի մի կտոր գցած. դրան մենք բենդա ենք ասում։ Դահիճը ծնկի բերեց նրան և դանակի արագ մի շարժումով կտրեց կոկորդը։ Ու մինչ զոհը հավաքված բազմության աչքերի առջև արյուն ցողելով՝ ցնցվում էր գետնի վրա, դահիճն առավ նրա վրայից բենդան, տնից դուրս բերեց մեկ ուրիշին և սպանեց նույն կերպ։

Ես ուզում էի ճչալ սարսափից, բայց ձայնս դուրս չէր գալիս կոկորդիցս, ուզում էի փախչել, բայց ոտքերս չէին ենթարկվում ինձ։ Ես ասես արձան լինեի, անգամ անկարող էի հայացքս թեքել ու սոսկումով նայում էի դահճի շարժումներին։

Նա նույն կերպ մորթեց բոլորին, իսկ նրանք ութսունն էին։

Սարսափի հետ մեկտեղ այդ պահին ինձ տիրել էր զարմանքը՝ տեսնելով, թե որպիսի արժանապատվությամբ էին հերետիկոսները գնում մահվան. նրանք մեռնում էին հանգիստ, առանց գթահարույց աղաղակի, այդպես էլ չհրաժարվելով իրենց դավանանքից։ Միայն մի քանի պատանիներ փոքրոգություն դրսևորեցին, և նրանց մեռցրին բռնությամբ։

Ֆելիպեն պատմում էր դեմքի այնպիսի արտահայտութամբ, ասես ամենն այդ պահին կատարվում էր իր աչքերի դեմ։

— Նախապես սայլեր էին բերել, դրանց վրա բարձեցին դիակները, որոնց հետո քառատեցին շիկացած աքցաններով և այլանդակված մարմինների կտորները գամեցին քաղաքի դարպասներին կամ ի ցույց դրեցին ճանապարհներին։

Ամենուր ես հերետիկոսների մարմնի մասեր էի տեսնում, որ հիշեցնում էին ինձ սահմռկեցուցիչ այն օրը։ Դիմանալ անկարելի էր, և փախա զազրելի այդ իրականությունից, փախա Նոլայից, մի քանի օր ապրեցի Վեզուվի քարայրներում, ապա գնացի Նեապոլ՝ Սան-Դոմինիկո Մաջորե մենաստան, որպեսզի մեկուսանամ այնտեղ ու չշփվեմ մարդկանց հետ։ Այն ժամանակ ես կարծում էի, թե վանքերն անաղարտության կղզյակներ են ապականության մեջ թաղված Իտալիայում։

Ֆելիպեն խոտի մի շյուղ պոկեց ու բռնեց այն ատամներով։

— Քանի դեռ մոնթ էի՝ վանքերի ներսում կատարվող ամեն ինչ չէ, որ տեսնում էի։ Բայց երբ սարկավագ դարձա, համոզվեցի, որ անաղարտության մի ոտնաչափ տարածք անգամ չի մնացել լուսնի տակ։

Ես կարծել էի, թե Աստծուն ծառայելը միակ առաքինի վարքն է տղամարդու համար, և չէի կարողանում անհոգ մնալ նրանց շարքերում, ում համար աստվածապաշտությունը ամեն զեխություն քողարկելու վարագույր էր սոսկ։ Ես չէի կարող իրիկուններն աղոթատներում գինովանալ թաքուն և շաղակրատել կանացի մարմնի հմայքների մասին։ Ես կյանքի այլ նպատակ ունեի. ես դեռ տասնյոթ տարեկանից գաղափար էի որոնում, որին արժեր նվիրվել, ինչու՞ չէ՝ նաև զոհաբերել կյանքս։

Վանքն ինձ համար անտանելի դարձավ հատկապես բարդուղիմեոսյան գիշերից հետո, երբ պարտավոր էի հավատացյալների համար հատվածներ կարդալ պադրե Գարաուի «Հավատի հաղթանակից» և գոհունակություն հայտնել Աստծուն հուգենոտների անմեղ երեխաների ու նրանց մայրերի հոշոտման համար. այդպիսին էր պապի կամքը։ Ես հեռացա՝ դա թողնելով անել սքեմավոր դահիճներին։

Ֆելիպեն զգուշավորությամբ շուրջը նայեց։

— Հանգիստ եղիր,— ասաց նրան Րան,— այստեղ կարող ես ազատորեն խոսել։

Ֆելիպեն բացատրություն հայցող հայացքով նայեց նրան։

— Այստեղ ասված խոսքերը ոչ ոք չի կարող տանել իր հետ վար,— պարզաբանեց Րան,— դրանք մնում են լեռան վրա, Վեզուվը կլանում և հուր է դարձնում դրանք։

Ֆելիպեի համար առավել քան տարօրինակ էին Րայի խոսքերը, բայց նա, ինքն էլ չհասկանալով՝ ինչու՞, հավատաց դրանց ճշմարտացիությանը։

— Հուգենոտների ճակատագիրն ամենադաժանը չի եղել բնավ,— ասաց Րան՝ ուշք չդարձնելով Ֆելիպեի տվայտանքներին,— նրանցից ոմանք գոնե հասցրին հեռանալ երկրից։ Աստվածահաճոները, որ պնդում էին, թե հայր Աստվածը երկու որդի է ունեցել, վալդենները, ովքեր հանդգնություն ունեցան մերժել եկեղեցական ծեսերը և խորհուրդները՝ բացի քարոզից, ավելի դաժան բախտ ունեցան. Հռոմից և Իսպանիայից հավաքագրած մոլեռանդները ոչնչացրին նրանց բոլորին։ Հետո մորթվեցին ալբիգոյցիները, և դա սոսկ այն պատճառով, որ իրենց խոհերը կապել էին միայն ամենաբարձրյալի հետ և հրաժարվում էին հավատալ մարդկանց հորինած ծեսերին. վաթսուն հազար մարդ սպանվեց միայն Բեզերում, ոչնչացվեց ևս չորս քաղաք։ Մորթեցին և ինքնախարազանողներին, ինչ է թե նրանք որոշ հին դոգմաներ փոխարինում էին նորերով։ Տյուրլեպեններից սկսվեց ողջակիզումը. խարույկ բարձրացրին մինչև վերջին մարդը։ Հետո հերետիկոս անվանեցին բոլոր շվեդներին, և արյունահեղ ջարդեր եղան Ստոկհոլմում։ Մահվան տրիբունալ հիմնվեց՝ ոչնչացնելու համար բոլոր բելգերին, անկախ սեռից, տարիքից և նույնիսկ կրոնից։

— Բայց ինչու՞,— Ֆելիպեն ցնցված էր լսածից,— եկեղեցին, որ վարք պիտի սահմաներ ու Աստծո խոսքը հասցներ մարդկանց, որպեսզի չխարխափեին նրանք անտեղյակության խավարի մեջ, ինչու՞ ավերվեց։ Ո՞վ է մեղավոր այս ամենի համար։

— Ո՞վ է մեղավոր,— նրա հարցը կրկնեց Րան,— Տավրոսի այն կողմից եկած անհատապաշտության պայթյունը։

— Բայց այն արդարամտություն էր բերում իր հետ,— տարակուսեց Ֆելիպեն։

— Սկզբում՝ այո։ Եվ Եվրոպան համեղ ոստրեի նման կլլեց այդ գաղափարը։ Բայց մարդիկ մազապուրծ էին համատարած մահից, որ պատուհասելու էր իրենց աշխարհի կործանումը։ Նրանք առաջվանը չէին։ Եվ արդարամտության հետ եկած ազատության տենչը, որ վեց դար հալածվել էր Տավրոսի այն կողմում, ինչպես հիմա՝ այստեղ, խելքահան արեց բոլորին։ Համատարած մահվան սարսափից իմաստնացած մարդիկ չէին ցանկանում արդեն կաշկանդել իրենց ոչնչով, ամեն ինչ ուզում էին հասկանալ, ամեն ինչ փոխել, նաև ճանաչել ու տիրապետել բնության խորհրդավոր ուժերին։ Դեռ Նիկոլայ Կուզացին էր ասում, որ մարդը ինքնահաստատման համար ձգտում է գրկել ողջ մարդկությանը, ողջ կյանքը, պատմությունը, ողջ աշխարհստեղծումը և աստվածային ողջ էությունը։

Մարդկանց վստահություն էր տալիս «Աստված արարել է մարդուն իր նմանությամբ» խոսքը։ Նրանք պատկերացնում էին արդեն իրենց որպես Վարպետ և Նկարիչ, որ կարող է արարել ա՛յն բացարձակ էակի նման, ով արարել է հենց իրենց։ Եվ սկիզբ դրվեց աննախադեպ անհատապաշտության։ Հանրային կյանքը հագեցավ ալքիմիայով, աստղաբանությամբ, ամեն տեսակ մոգություններով, որ նույն այդ անհատապաշտության դրսևորում էր։ Միայն նյութականացված գոյությունը բավարար չէր նրանց. հարկավոր էր նաև իդեալիստական մի կառույց։ Այդպիսին, որ ընդգկում էր և՛ նյութեղենը, և՛ իդեալականությունը՝ մինչ այդ եղել էր Պլատոնի ուսմունքը, որ իր բնույթով դրդում էր մարդուն ըմբռնել ամեն ինչ, ոգեշնչում էր նրան երազանքներով, անզուսպ ձգտում էր առաջացնում՝ ընդգրկել գոյությունն ամբողջությամբ, անընդհատ ընկղմվել մարդկային կյանքի և հոգու խորխորատների մեջ՝ չկաշկանդելով իրեն նյութական որևէ սահմանափակումով։

— Բայց հիմա հետք չկա դրանից,— նկատեց Ֆելիպեն։

— Այո, քանի որ հետզհետե ամենը փոխվեց, մարդիկ մոռացան վերին գեղագիտությունը, երկրային կյանքը սկսեցին ընկալել որպես ինքնահաստատման հնարավորություն՝ լավ սնվելու, վայելելու, սեռական ազատությունների համար։

Անհատականության տարփողումն աստիճանաբար այն վերածեց արկածասիրության, հետո նաև՝ արկածախնդրությունը դարձավ ո՛չ միայն ընդունելի, այլև՝ ընդօրինակելի։ Պլատոնականության վեհ ուսմունքից ոչինչ չմնաց, և բոլոր կրքերն ու բնազդներն են հիմա իշխում մարդու վրա։ Լյուդովիկոս Արիստոյի հերոս ասպետ Օռլանդոն մեռել է վաղուց բոլորի սրտերում. բայց չէ՞ որ ամենը սկսվեց բարի կամեցողությունից։ Ասպետականությունից ևս հետք չմնաց, և իրականությունը ծնեց փոքր մարդուն՝ քաղքենուն, որ գալիս է ընդմիշտ փոխարինելու մեծություններին։ Ու փոքր մարդն է այսուհետ իշխելու աշխարհին՝ իր գծուծությամբ, հաշվենկատությամբ, որ Ալբերտի հերոսի նման միայն շահն ու քիչ ծախսումն է տեսնելու որպես կյանքի նպատակ։ Եկեղեցին տեսնում էր այս ամենը և փորձեց կանոնավորել մարդկանց վարքը, բայց ուշ էր արդեն՝ ավերումի որդն իրեն էլ էր կերել և ինքը հասցրել էր դառնալ այն, ինչի դեմ ուզում էր պայքարել...

Սրտակեղեք մի ճիչ այդ պահին թրատեց եթերը։

Նրանք նայեցին վեր և տեսան մոտ երեսուն տարեկան մի տղամարդու, որ ցնցվում էր տենդահարի նման։ Նրա ձեռքերը թուլացած էին և ասես անզգա կախված լինեին ուսերից, ու նա տապալվեց՝ դեմքով հարվածելով գետնին։ Հարվածը սթափություն բերեց նրան, կամեցավ ոտքի ելնել՝ շարունակելու համար վերելքը, բայց անտեսանելի մի ուժ քաշեց նրան դեպի ցած։ Նա կառչում էր խոտերից, եղունգները խրում հողի մեջ՝ կասեցնելու համար անկումը, բայց անզոր էր դիմագրավել աներևույթ ուժին։

Սահելով՝ տղամարդը հասավ Ֆելիպեին և աղերսող հայացքով նայեց նրան։ Ֆելիպեին թվաց, թե նա կորցրել է խոսելու ունակությունը։ Եվ կամեցավ ելնել տեղից և օգնության հասնել, բայց այդ պահին Րան ետ քաշեց նրան այնպես փութով, ասես փրկում էր անդունդն ընկնելուց, և ասաց.

— Դու արդեն ոչինչ անել չես կարող նրա համար։

Ֆելիպեն բացատրություն ակնկալող հայացքով նայեց նրան։

— Նա այլևս չէր կարող առաջանալ,— ասաց Րան,— Վեզուվի ոգին է նրան վար սահեցնում։ Եվ ճանապարհը կշարունակեն պակաս մեղք ունեցողները։

Լսածից զարմացած՝ Ֆելիպեն հայացքը չէր կտրում ցած սահող տղամարդուց, մինչև որ նա հասնելով ստորոտին՝ կորավ տեսադաշտից։

— Բայց նա հազիվ իմ տարիքին է,— տարակուսեց Ֆելիպեն,— մի՞թե հասցրել է այդքան մեղքեր գործել։

— Նա Վեզուվի համար միայն ինքը չէ,— պարզաբանեց Րան հանգիստ։— Նա նաև ի՛ր հայրն է, նրա՛ հայրը, նրա՛ էլ հայրը, այսպես՝ մինչև յոթ հայր։ Ու հիմա նա յոթ անձ է Վեզուվի համար։

Նուրծ Րայի այս խոսքերը լսելով՝ Ֆելիպեն հանկարծ մտաբերեց տարիներ առաջ իրեն պատահած տարօրինակ մի դեպք, որի մասին մոռացել էր՝ համարելով այն մղձավանջի ակնթարթային բռնկում։ Այն ժամանակ նա իրեն բռնացրել էր այնպիսի իրադարձությունների մասին մտածելիս, որոնց բոլորովին տեղյակ չէր։ Երբ պատմել էր այդ մասին հորը, նա խաչակնքել էր ահաբեկված ու զարմանքով խոստովանել, որ Ֆելիպեի տեսածը կատարվել է իր հետ վաղուց, մինչ նրա ծնվելը։ Ինքը, փաստորեն, հիշել էր հոր անցյալը։

Ֆելիպեն մտածկոտ հայացքով նայեց Նուրծ Րային։ Սրտակեղեք մի նոր ճիչ հասավ նրան, հետո ճիչերը բազմապատկվեցին, ու նա վար սահող տղամարդիկ տեսավ. նրանցից ոմանք գալիս էին ուղիղ դեպի իրեն։

Նա ելավ ու միացավ ոլորուն արահետով լեռ բարձրացողներին։ Նա արդեն անտարբեր էր վար սահողների տառապանքի և խոտերից կառչելու ջղաձիգ ջանքերի հանդեպ։

Նուրծ Րան գնում էր նրա ետևից։

Նորանոր տեսարաններ էին բացվում մինչ այդ հորիզոնը փակած բլուրների ետևում։ Առաջինը, որ գրավեց Ֆելիպեի ուշադրությունը, մեկուսի մի բլրակի վրա տարածված շքեղ գերեզմանոցն էր՝ ծանրանիստ դամբարաններով։ Արագահոս մի գետակ համառ մաքառումներով քերել էր բլրակի փեշը՝ գահավիժեցնելով ու իր հետ տանելով տասնյակ դամբարաններ։ Ուր որ է բարձունքից գետը կընկներ մի դամբարան ևս, որի շրջապարիսպի մի հատված արդեն թեքվել-կախվել էր վիհի վրա։

«Հիշատակի հավերժությունը դամբարանի ճոխությամբ չէ որոշվում,— մտածեց Ֆելիպեն։— Չկա, ահա, ձեր շիրմաքարը, այլևս չկաք նաև դուք։ Եվ սխրանքն է սոսկ, որ շիրիմ չունենալով՝ չէ խամրում ժամանակի մեջ»։

Իրիկնադեմին նրանք հասան լեռան գագաթին։ Խառնարանի գոգավորության մեջ Ֆելիպեն հաշվեց տասնմեկ հոգու. վերելքից հոգնատանջ՝ նրանք պառկել էին, ով որտեղ հասցրել էր, և հանգիստ էին տալիս ընդարմացած իրենց մարմիններին։

Մոտ գնալով նրանց՝ Ֆելիպեն հարմար մի տեղ ընտրեց ու տապալվեց հատված հասկի պես։ Հոգնությունն արագ քուն բերեց նրան։

Սառներանգ զովություն էր լեռան վրա, և Նուրծ Րան հանեց իր բաճկոնակը, ծածկեց նրան։

Հագուստի հպումից Ֆելիպեն բացեց աչքերը, ցրիվ հայացքով մի պահ նայեց Րային և ասաց.

— Մի հրե գետ տեսա ես, Րա, մենք երկուսով ափին էինք։ Կրակե լավա էր հոսում մեր կողքով, որ ելել էր, ահա, այս վայրից։ Այն իջնում էր դանդաղ՝ տանելով իր հետ շիկացած, միմյանց վրա դարսդարսված ժայռաբեկորներ։ Մենք ցածում էինք՝ ստորոտում։ Ուշ իրիկուն էր, և հրե գետի ցոլքերը խավարից խլել էին ոլոր ձգվող մի հսկա շերտ։ Մենք երկուսով այնպես անհոգ էինք, ասես մեր կողքով ոչ թե կիզիչ հուր էր հորդում, այլ՝ պաղ ջուր։ Հուրը մեզ համար ասես ոչինչ էր. հուրը չէր այրում մեզ։ Ես մեզ տեսնում էի մի փոքր հեռվից. մենք ինչ-որ գործով էինք զբաղված այնտեղ, ասես որոնում էինք ինչ-որ բան...

— Մենք ցախ էինք հավաքում խարույկի համար,— հիշեցրեց նրան Րան։

— Այո՛, կարծես թե,— համաձայնեց Ֆելիպեն։ Ապա երանավետ մի հայացքով նայեց անսահման հեռուն։ Իրեն երևացածից զմայլված՝ նա այդպես մնաց առժամանակ, հետո, ասես նոր միայն նկատելով Նուրծ Րաի ուրվագիծն իր դեմ, գորովանքով նայեց նրա աչքերի մեջ ու հարցրեց.

— Ո՞վ ես դու։

— Ո՞վ եմ ես,— թույլ ժպտաց Րան՝ մի պահ չիմանալով, թե ինչ կերպ ներկայանալն է ճիշտ։— Ինքս էլ հստակ չգիտեմ։ Իմ մասին ասում են, թե իբր հինգ հարյուր վաթսուն տարեկան եմ և մարդկային կյանքի տասը տարին ինձ համար մեկի է համարժեք։ Ասում են, բայց այդ խոսքերից ոչինչ ես չեմ հասկանում։ Գիտեմ միայն, որ Աստծո թույլտվությամբ կարողանում եմ հայտնվել այնտեղ, ուր շատ եմ ցանկանում։ Ինձ համար չկա անցյալ և ապագա կամ, որ նույնն է՝ ժամանակ։ Դա մարդիկ են հորինել։ Ճիշտ այնպես, ինչպես ամեն ոք կարող է որևիցե ճանապարհով ցանկության դեպքում գնալ առաջ և ապա ետ, նույնպես ես՝ ժամանակի մեջ։ Թեպետ դեպի անցյալ գնալն ինձ համար առավել հաճելի է։

Ես իբրև քուրմ պատահել եմ Հնդկաստանից վերադարձող Ալեքսանդրին։ Իսկ գնացել էի այնտեղ՝ իմանալու նրա մահվան իրական պատճառը, որ շղարշված էր մարդկանցից։ Իբրև անազատ գրագիր հանդիպել եմ Հուլիոս Կեսարին նրա մահվան օրը և փորձել հայտնել նրան դավադրության մասին։ Իբրև գաղտնի խորհրդական եղել եմ Կալիգուլայի պալատում, իսկ այնտեղ գնացել էի պարզելու համար, թե ի՞նչը դրդեց ամբողջ երեք տարի երանելի համարված կայսերը գործել բոլոր այն ոճիրները, որ պատմում են նրա մասին։

— Եվ իմացա՞ր։

— Անշու՛շտ։

— Իսկ հիմա ինչու՞ ես այստեղ։

— Դա ես քեզ ասել չեմ կարող։ Կասեմ սոսկ, որ մի օր հարց տվեցի՝ ինքս ի՞նձ, թե՞ եթերին, չգիտեմ. մի՞թե ես դեռևս ունեմ անելիք աշխարհում այս (իսկ ես մեռնելու եմ այն պահին, երբ պարզվի, որ այլևս անկարող եմ ստեղծել ավելի վեհ գործ, քան արել եմ մինչ այդ)։ Հանկարծ զգացի, թե ինչպես ինչ-որ ուժեր առան ինձ իրենց թևերին և տարան վեր։ Բարձրանալն ակնթարթ տևեց, բայց այդ ակնթարթում ես հասա մի հորիզոնի, որը վեր էր բոլոր ամպերից։ Ես զգում էի, որ ինձանից փոքր-ինչ վերև այլ իրականություն կա, և ձգվելով (իսկ չկար ոչինչ, որից կառչեի կամ հենվեի), ես հազիվ կարողացա աչքերս բարձրացնել վեր անըմբռնելի մի սահմանից։ Այնտեղ ճերմակ, մեգի նման ինչ-որ միացություններ կային, որոնք ամպ չէին հաստատապես։ Ինձ թվաց, թե ես կրկնեցի հարցս։ Եվ հանկարծ միացությունները, որ մինչ այդ անշարժ էին նկարի պես, դանդաղ շարժվեցին, ասես մեղմ զով փչեց նրանց վրա։ Ճերմակությունը նոսրացավ տեղ-տեղ, իսկ այլ տեղ խտացավ, ու նկատեցի, որ դրանցից մի շինություն է ձևավորվում. այն կարծես պալատ լիներ մի քանի հարկանի, բայց և մարդու համար չէր, քանի որ չուներ ո՛չ դուռ, ո՛չ լուսամուտ։

Ես չկարողացա տեսնել այն ամբողջությամբ, քանի որ մեգը դեռ չէր հասցրել պալատի ձևափոխվել, երբ հանկարծ ինձ վերևում պահող ուժերն անէացան արևից հալվող ստվերների պես, ու ես վար իջա նույնպես ակնթարթորեն։

Վերադառնալով իրականություն՝ բացված մի գիրք տեսա։ Նայեցի ու սարսռացի. ցցահանված, այրվող, զազիր տանջանքներ կրող մարդիկ էին պատկերված այնտեղ ու վանականնե՜ր, վանականներ... Ես հասկացա, թե ուր են ինձ ուղարկելու, և փշաքաղվեցի. նոր-նոր էի հասցրել իմ մարմնից հանել Կալիգուլայի՝ ինձ սաստիկ տանջած հոգին, և ահա սպասվում էր նոր տառապանք. հայտնվել ինկվիզիցիայի օրերում։

Շատ չանցած՝ մի օր ես ինձ երևացի մանկուց ծանոթ մի ժայռի պռնկին կանգնած։ Խավար էր, և ես ձեռքերս, ահա այսպես՝ կիսաբոլորաձև վեր պարզած, նայում էի անդունդին, իսկ երկիրը դանդաղ պտտվում էր ցածում։

Ես հասկացա, որ ինձ հրավիրում են այդտեղ։ Գնացի, գտա ժայռը, ու երբ խավար իջավ, անդունդի եզրին կանգնած՝ ձեռքերս պարզեցի վեր այնպես, ինչպես երևացել էր ինձ։ Ու փակ աչքերով տեսա, թե ինչպես անսահման հեռվում լուսնաչափ ու կաթնագույն (ասես նույն նյութից լիներ, ինչ որ իմ տեսած պալատը) մի լույս առկայծեց խավարի մեջ, ապա մոտենալով՝ ընդարձակվեց, և բոլորաձև այդ կաթնագույնի մեջ դեմքն ու մարմինը կերպասով ծածկած տղամարդ երևաց, որ ձեռքերն իմ պես կարկառել էր վեր։ Ապա նա հեռացավ, ինչպես մոտեցել էր։ Հետո նույն կերպ կաթնագույն խաչ երևաց ինձ, որն ի տարբերություն իմ տեսած բոլոր խաչերի՝ հավասարակող էր։ Իսկ վերջում մի ջահել տղամարդ երևաց՝ ճանապարհ գնացողի հագուստով։ Դու էիր։

Ֆելիպեն նրան լսում էր կախարդվածի պես։

— Ես եկել եմ քեզ Իտալիայից ճամփելու։ Էլի կհանդիպենք, երբ տուն դառնաս և...,— Նուրծ Րան հազիվ զսպեց իրեն՝ ավելին չասել,— բայց այնժամ դու ինձ չես ճանաչի, թեպետ կտեսնես ինձ ամեն օր և կխոսես ինձ հետ։

— Գուցե և ճանաչեմ,— արձագանքեց Ֆելիպեն,— քանզի կարողացել եմ ճանաչել առավել դժվարինը՝ օրերիս ավարտը։

Ֆելիպեն ձեռքը տարավ ծոցը և դուրս բերեց այնտեղից բազմածալ մի թերթ։ Նուրծ Րան իր համար անբացատրելի մի հոգածությամբ բացեց այն.

Այնպես մաքուր է խարույկը՝ վառված գեղեցկությամբ,
Այնպես նուրբ են պատիվը կապող կարերը,
Որ ուրախությամբ եմ տանում ցավն ու ստրկությունը,
Եվ ազատության քամին ինձ չի կանչում որպես երազանք։
Ես անքակտելի եմ կրակի մեջ՝ մարմնով և հոգով,
Ինձ գամող կապերը ես պատրաստ եմ մեծարել,
Վախը սարսափելի չէ, տառապանքի մեջ քաղցրություն կա,
Կապանքն ինձ հաճելի է, և ես հրճվում եմ տապից։
Այնպես թանկ է ինձ համար ինձ այրող կրակը,
Այնպես լավն են ինձ գամող կապերը,
Որ միտքն այդ զորեղ է, քան բոլոր ձգտումները։
Սրտի համար չկա կրակից չքնաղ ոչինչ,
Նրբագեղ կապերի ցանկությունը չի համարձակվի կտրել դրանք,
Ուրեմն թող կորչի ստվերը և մոխիրն իմ թող պաղի մարմանդ։

Նուրծ Րան զգում էր, թե ինչպես է փշաքաղվում սարսուռից, և քարացավ արձանի պես։ Հետո, երբ իրեն վերագտնելով՝ հայացքը դանդաղ դարձրեց Ֆելիպեին, նրան նորեն քնած գտավ։ Եվ, անխոս, նայելով նրա դեմքին՝ տեսավ, թե ինչ տեսիլք է այդ պահին երևում նրան։ Ֆելիպեն տեսավ կորատանիք, մուգ առաստաղով (իսկ գուցե մգությունը գիշերվա խավարո՞վ էր պայմանավորված) անչափելի ընդարձակ մի կառույց։ Առաստաղի կենտրոնում մի լուսամուտ էր՝ կիսաբաց դեպի դուրս։

Ֆելիպեն զգում էր, որ եթե կանգնի լուսամուտի տակ, ապա իր հետ արտառոց ինչ-որ բան կկատարվի, և զգուշանում էր մոտենալ։ Բայցև, մյուս կողմից՝ նա անկարող էր զսպել հետաքրքրասիրությունը։ Իր ներքին մղումը, ճիշտն ասած, հետաքրքրասիրությունից էլ զորեղ էր, բայց նա չէր կարող ինքն իր համար բացատրություն գտնել՝ որակելու համար այդ զգացումը։

Նա առաջացավ մանր քայլերով, բայց չհանդգնեց կանգնել բացվածքի տակ, այլ խուսափող մի կիսաբոլորակ գծեց, ասես հետախուզում էր։ Ապա, ինքն էլ չհասկանալով, թե ինչպես, դանդաղ շարժումներով սկսեց առաջ գնալ մի տեսակ մահապարտի հեզությամբ և կանգնեց ուղիղ լուսամուտի տակ։ Հաջորդ իսկ ակնթարթին զգաց, թե ինչպես իր համար անհասկանալի ուժեր իրեն կտրեցին գետնից և անշտապ բարձրացրին վեր։

Նա մի խորհրդավոր զգացողություն ունեցավ այդ պահին. դժվարանում էր գիտակցել՝ բարձրանալու պահին իր մարմինը գալի՞ս է իր հետ, թե՞ միայն իր էությունն է իրեն ուղեկից։ Որպեսզի որոշակիություն ունենա, նա ուշադիր զննեց իրեն ու նկատեց իր մարմնի ամբողջականությունը, որը չէր լքել իրեն։

Առաստաղը բարձր չէր հատակից, և նա կես րոպեից հայտնվեց լուսամուտի մոտ։ Համենայն դեպս՝ նրան այդպես թվաց։

Վեր բարձրանալու նրա արագությունն էլ ավելի նվազեց։ Երբ նրա գլուխը ելավ լուսամուտից, և նա տեսավ դուրսը, այն զգացողությունն ունեցավ, որ ա՛յլ, իրեն մինչ այդ անհայտ, իր համար դժվարըմբռնելի իրականությունում կամ թե աշխարհում է հայտնվում։ Ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես է զգում այդ այլաշխարհությունը, բայց գերվստահ էր դրանում։ Եվ այդ պահին գիտակցեց, որ լուսամուտը սովորական չէ, այլ սահմանաբաժան՝ երկու իրականությունների։

Երբ ամբողջությամբ անցավ լուսամուտի միջով, տեսավ, որ մի մեծ գնդի վրա է ինքը։ Նա շուրջը նայեց և հասկացավ, որ այս նոր իրականության մեջ չկա հորիզոն, չկան սարեր, չկա տարածական գետին և ինքն էլ հենված չէ ոչնչի վրա. չկան նաև ամպեր ու չկա ոչինչ։ Չկա նաև ձայն, և համրություն է համատարած։ Նա հասցրեց գիտակցել (ավելի ստույգ՝ այդ միտքն ասես դրսից դրվեց իր մեջ), որ նոր իրականության մեջ առնչությունները ձայնի միջոցով չեն։

Հեռվում, անչափ հեռվում մի թույլ շառագույն հրավիրում էր նրան։

Երբ անցան առաջին զարմանքի վայրկյանները (նա զգում էր, որ ժամանակի չափման այլ միջավայրում է գտնվում, և վայրկյանները սոսկ իր համար են այդպիսին), նա իր ձախ կողմում նստարանի կամ թե նստարանի նման ինչ-որ առարկայի վրա (նրա հայացքը չէր որսում հենարանը) երեք մարդ տեսավ նստած։

«Իսկ ինչու՞ ձախ կողմում»,— հարցրեց ինքն իրեն ու նույն ակնթարթին էլ մոռացավ, որ ինքն իրեն հարց է տվել։

Մոտեցավ (չհասկացավ՝ քայլու՞մ է, թե՞ սահում) և զգաց, որ ճանաչում է նրանց։ Բայց հետո հանկարծ մոռացավ դա էլ։ Ինչ-որ բան ասաց նրանց, իսկ նրանք անշարժ էին։ Նա զարմացած լարեց տեսողությունը և նկատեց, որ նրանք մոմից են կամ ինչ-որ այլ նյութից։ Դա նրան սարսռեցրեց, քանի որ հանկարծ այդ պահին հիշեց, որ երբ դեռ բարձրանում էր լուսամուտի միջով, տեսել էր նրանց ու նկատել, որ այդ երեք մարդիկ շարժվում են ողջերի պես...

Նա ապշած ու նաև նոր զարմանքների պատրաստ՝ շուրջը նայեց։

Բայց ամենակարևորը նրա համար այն էր, որ ինքն իր ներսում երկյուղ չէր տեսնում...

Ֆելիպեն այդ պահին բացեց աչքերը և հետզհետե տարրալուծվող մշուշի մեջ Նուրծ Րայի դեմքը տեսավ իր առջև։

— Ի՞նչ է կատարվում ինձ հետ,— հարցրեց նա շշուկով,— ես արթու՞ն եմ, թե՞ երազում։

— Երազը կսկսվի, երբ կարթնանաս,— հանգիստ ասաց Րան։

Գլուխ երկրորդ։ Մակոն

Բանտախցի դռան աղմկալի ճռինչը հարկադրեց պատի մեջ բացված խոռոչից դուրս նայել պստլիկ մի արարածի, ում բերդականները Ճերմակ սատանա էին կոչում և չէին կարողանում ետ որսալ արդեն ութ տարի. նա առանց ագի մկան կերպարանք ուներ, Մակո անունն էր կրում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառով, բայց իրականում այնքան էլ մուկ չէր։

Մակոն գալիս էր Սուրբ Պետրոսի տաճարի գավիթից։ Իսկ այնտեղ նրան հմայել-տարել էր անհաշիվ փողերի բարձր ձայնը։

Գավիթը նա ստվար բազմությամբ հեղեղված էր գտել, իսկ անմիջապես դռների մոտ գորգապատ, ընդարձակ տախտակամած էր նկատել։ Հետո, երբ փողերը լռել էին, Պապն իր բոլոր կարդինալների ու արքեպիսկոպոսների հետ դուրս էր եկել տաճարից և ելնելով տախտակամածին, բազմել թանկարժեք քարերից շողշողացող գահին։

Մորեգույն, թավշե, օձիքին ու թևածալքերին սամույրե մորթիավոր բաճկոն հագած այլադեմ պատվիրակներ էին գլուխները բաց մոտեցել գահին և հնազանդորեն համբուրել պապի ոտքերը։

Պապը ելույթ էր ունեցել։ Հետո Մակոն տեսել էր, թե ինչպես էին մորթիավոր բաճկոնավորները ձեռքերը դրել մի հաստ գրքի վրա, ապա երեսնիվայր գետին ընկել, իսկ Պապը զինվելով գավազանով՝ հարվածել էր յուրաքանչյուրին երեք անգամ, այնուհետև թքել նրանց վրա, ոտքը դրել նրանց ծոծրակներին։ Այդ միջոցին եկեղեցականների երգչախումբը երգել էր, ապա թնդանոթներ էին որոտացել, որից ահաբեկված էլ Մակոն փախել էր ու գլխապատառ հասել իր բունը։ Եվ դեռ չէր հասցրել շունչ առնել, երբ նրան հասել էր արդեն հիշատակված ճռինչը։

Մակոն Սրբազան ծառայության բանտում էր, ինչպես ասվեց, արդեն ութ տարի։ Մինչ այդ նա ապրում էր բրուտների նրբանցքի փակուղային տանը։ Նրբանցքն այդ երկու կողմից եզերված էր երկհարկ տներով, որոնք բոլորը փողոցահայաց կրպակ կամ փոքրիկ արհեստանոցներ ունեին, ուր և՛ աշխույժ առևտուր էր գնում, և՛ կավի մեջ կորած բրուտները հաստոցների վրա կարասի էին ձգում։ Մայթերին միշտ խեցե ամաններ էին ցուցադրվում։

Մակոն բոկոտն մի աղջնակի էր հաճախ տեսնում, որ սափորներ էր վաճառում ավանակի վրա հարմարեցված տախտակների վրայից։ Իսկ գնորդ հրավիրող մանչուկները ջանում էին գերազանցել միմյանց և սակարկումի աղմուկը։

Փակուղային տան շեմքին մի ջահել կին էր ամեն օր հայտնվում, որ լվացք էր փռում խաղողի փաթաթուկներով պատված ցանկապատին, բակը կարգի բերում, ապա սափորներ տանում ու բերում։ Իսկ երեկոյան ջնարի մելամաղձոտ նվագն էր պարուրում տան եթերը։

Նրբանցքն այդ նեղ էր այնքան, որ եթե մի կառք մտներ, ապա ետդարձի դժվարություն կունենար։ Ու այդ պատճառով կառքերը, որպես կանոն, նրբանցք չէին մտնում, այլ կայանում էին խաչմերուկում, քանզի հատող փողոցը լայն էր բավականին, և մարդիկ առևտրի էին գալիս ոտքով։ Ու թե որևէ իր էին գնում, բեռնակիր տղաները օգնում էին նրանց։

Խաչմերուկից հետո սկսվում էր մանողների նրբանցքը, որ ավելի նեղ էր թվում, քանզի արևոտ եղանակին դուրս էին բերվում բոլոր դազգահները, ճախարակները, սանդերքները, և կանայք բաց երկնքի տակ էին բրդից թել մանում, լվանում ու գործում։

Մանողների նրբանցքը թիկունքով դեմ էր առնում ատամնավոր պարիսպ ունեցող եռահարկ մի դղյակի, որի ելումուտը այլ կողմից էր։ Ավելի հեռվում՝ Կապիտոլիումի բարձունքին, քամուց շարունակաբար քայքայվում էին հեթանոսական տաճարների ավերակները։

Փակուղային տան թիկունքում՝ ալեզուսպ պատնեշից այն կողմ, Տիբրոսն էր իր ջրերը հանդարտորեն տանում օվկիանոս։

Մակոն նյարդայնանում էր նրբանցքի աղմուկից և սիրում էր տանիքից հետևել, թե ինչպես էր արևը ջարդոտվում մանր ալիքների մեջքին, ինչպես էին մանրաձկան որբ վտառները թափառում ափեզրով, ճայերը թրատում երկինքն ուրախ կանչերով, իսկ Եգիպտոսից ցորեն, ապակի և վուշ, Հունաստանից կաշի և մթերք, Կիպրոսից պղինձ, Հնդկաստանից թանկարժեք քարեր ու փղոսկր բերած առևտրական նավերը բեռնաթափման իրենց հերթին սպասելով՝ օրորվում նավահանգստում։

Թեթև զով էր միշտ փչում Օստիայի կողմից՝ ծովաղի, որսված օձաձկան ու սարդինայի բույրով հագեցած. Մակոն խելքամաղ էր լինում դրանից։

Գետի մյուս ափին Սուրբ հրեշտակի եկեղեցու վերածված Ադրիանոսի դամբարանն էր, Սուրբ Պետրոսի տաճարի կցակառույցը, Ծաղկի հրապարակի բարձր պատվանդանն էր երևում, ուր որևէ հերետիկոս այրելիս բազմում էին հռոմեական կուրիայի անդամներն ու պատվարժան քաղաքացիները։ Այդ պատվանդանը մի ժամանակ ամեն մահապատժից հետո քանդում էին, բայց քանի որ Ուրբանոս 8 պապի գահակալության տարիներին հերետիկոսների աճ հայտնաբերվեց, ավելորդ ծախսեր չանելու համար պատվանդանը թողնվեց հրապարակի եզրին՝ որպես սաստող մի շինություն։

Մակոյի կյանքում երևի թե նշանակալից փոփոխություններ այդպես էլ չլինեին, եթե մի օր սևազգեստ տղամարդիկ չհայտնվեին բրուտների նրբանցքում։ Նրանք հավաքեցին իրար գլխի թաղի տղեկներին ու փող բաժանեցին։ Եվ սրանք տոպրակներ ու արկղեր առած՝ երամներով շրջում էին տների միջև, քրքրում աղբանոցները, թակարդներ լարում պատերի խոռոչների դիմաց։ Նրանք մուկ կամ առնետ էին որսում, իսկ օրվա վերջում երկու մոնթ էին գալիս կողովներով ու որսը տանում իրենց հետ։

Հետո եղավ մի պահ, երբ Մակոն այլևս ոչ մի տեղ չէր պատահում իրեն ցեղակից որևէ մեկին։ Եվ առժամանակ նա բրուտների նրբանցքում միայնակ էր։

Մի օր, երբ Մակոն Տիբրոսի ջրերով հմայվելուց հետո ըմբոշխնում էր ետճաշյա ընդարմացման բերկրանքը, տղամարդու մի սուր քիթ հայտնվեց պատի խոռոչի բերանին, ապա մի ձեռնափայտ իր ողջ երկարությամբ ներս խցկվեց ու քիչ մնաց ջարդեր Մակոյի դեմքը։ Մակոն սարսափած մի կողմ փախավ։ Քիչ անց ամենը խաղաղվեց, ու այդ խաղաղությունը տևեց բավական երկար։ Ապա պանրի բուրմունք սահեց խոռոչից ներս։ Մակոն ականջները սրած՝ որսաց ամեն շրշյուն, և քանի որ այդ պահին դեռ հիշողություն չուներ, որևէ վտանգ չակնկալելով՝ գնաց դեպի բույրը և մարմինը զգուշությամբ դուրս բերեց փողոց։

Մի սև մթություն իջավ նրա վրա հանկարծ, որը փարատվեց միայն տևական ցնցումներից հետո, ու նա իրեն գտավ փայտյա ճաղավոր մի արկղում, որի հոտից հասկացավ, թե առաջին բնակիչը չէ այդ բնի։

Հարազատ դեմքեր տեսավ նա մյուս արկղերում ու նաև՝ անծանոթների, որ բյուր էին։

Արկղերի միջից երևում էր, թե ինչու էին իրենց բոլորին հավաքել այդտեղ. երբեմն-երբեմն այլ խոշտանգումներից ձանձրացած դահիճները առնետ էին գցում դույլի մեջ, ապա նստեցնում դրա վրա որևէ բանտարկյալի և կապկպում այնպես, որ նա շարժվել չկարողանար։

Մակոն քանիցս տեսել էր, թե ինչպես էին դույլի մեջ փակված առնետները որոշ ժամանակ անց լույս աշխարհ եկել բանտարկյալի միջից։

Ինքը նման որևէ միջոցառման մասնակից չէր եղել, քանի որ փոքր էր։

Թե որքան էր մնացել տանջարանում, Մակոն պատկերացում չուներ, քանի որ ունենալ չէր կարող, բայց մի գիշեր անձև մի ստվեր էր անցել արկղերի առջևով և կրնկի վրա բացել իր խցիկի դուռը։

Մակոն իրեն բոլորովին վատ չէր զգացել իր խցիկում, քանի որ կերակրել էին ըստ պատշաճի, միայն թե տանջահարվողների աղեկտուր կանչերն էին նյարդայնացրել իրեն, և դուրս էր ցատկել։

Նա երկար թափառել էր զնդանի մեկուսարաններում։ Բանտվածներն ամենուր հալածել էին նրան, քանզի նրանք ատում էին իրենց ընկերներին կերած մկների և առնետների ողջ դասին։ Պահնորդները ջանում էին ետ որսալ իրեն, քանի որ նա միակ ճերմակն էր։

Օրերից մի օր զնդանի քարակոփ խցերից մեկում Մակոն պատահել էր նոր բանտված մի տղամարդու, որը ոչ միայն չէր հալածել իրեն, այլև բաժին էր հանել իր կերակուրից։

Այսպես սկսվել էր մտերմությունը։

Այս նոր խցում կյանքը տարօրինակորեն խաղաղ էր, պահնորդներ գրեթե չէին երևում, միայն դռան վրայի պատուհանիկն էր երբեմն ճռինչով բացվում՝ ընդունելու համար օրապահիկը։ Պատահում էր՝ այլ բանտվածներ էին բերում խուց, որոնց հետո Մակոն տեսնում էր ինկվիզիտորների սենյակում ինչ-որ թղթեր գրոտելիս։

Մի պահից սկսած Մակոյի մտերիմը սկսեց հաճախակի բացակայել խցից։ Նրան վերադարձնում էին թևերն ընկած, բացում էին դուռն ու նետում հատակին, ուր նա անշարժ և անզգա մնում էր մինչև առավոտ, երբեմն էլ՝ մինչև հաջորդ բացակայությունը...

Մակոն դուրս նայեց պատի միջից և իր մտերիմին տեսավ հատակին ընկած. նրան հենց նոր էին բերել։

Մակոն սպասեց, որպեսզի հեռացող ոտնաձայները մարեն։

Երբ լռություն հաստատվեց, նա դուրս եկավ խոռոչից։

Տղամարդը հատակին պառկած էր անշարժ։

Մակոն մոտ գնաց ու շունչը պահեց. տղամարդը ողջ էր։

Սառը քրտինքի կաթիլներ տեսավ Մակոն նրա դեմքին ու նաև հեգնախառը, անփոփոխ մի ժպիտ։ Լերդացող արյուն էր նրա շուրթերին, և խանձահոտն էր պարուրել խուցը։

Մակոն պտտվեց նրա շուրջը և ներբաններն այրված գտավ. կուպրի սև ու խիտ բծեր էին միախառնված նրա մկանների մեջ ու ծծումբի խեղդող գոլորշի էր ելնում։ Դա Մակոյին ետ վանեց. նա եկավ, նստեց տղամարդու դեմքի առջև։ Տաք շնչառությունը հաճելի խոնջություն էր բերում նրան, և գլուխը թաթիկներին հենելով՝ անշարժացավ։

Գլուխ երրորդ։ Լուիջին

Հանճարը հնազանդ չի լինում։

Ջորդանո Բրունո

Մակոյին սթափեցրեց ոտնաձայների մոտեցող աղմուկը։ Հետո նրան հասավ փականքի մեջ պտտվող բանալու չխկոցը, և նա բնազդով քաշվեց մահճակալի տակ։

Այնտեղից նա տեսավ, թե ինչպես խցում հայտնվեցին երկու զույգ ոտքեր, ապա եկվորներից մեկը խոնարհվեց գետնին տարածված տղամարդու վրա, բռնեց նրա դաստակը, շոշափեց սիրտը։

— Դեռ ողջ է։

Հետո այդ երկու զույգ ոտքերը կախ ընկան մահճակալից մինչ գետին, և այստեղ Մակոն նկատեց, որ դրանցից մեկը զգալի կարճ է, քանի որ գետնին չէր հասնում և ճոճանակի պես գալիս-գնում էր՝ ոտնամատերի մոտ քսքսվելով հատակին։

— Քո ձայնի մեջ կարեկցանք կար,— հասավ Մակոյին։

Հետո լռություն եղավ։ Այնքան երկար, որ եթե Մակոն մտածել կարողանար, կկարծեր, թե եկվորներն անէացել են։ Բայց և նրա աչքերի դեմ շարունակում էին կախված մնալ չորս ոտքերը ու դրանցից մեկը ճոճանակի պես գալիս-գնում էր՝ ոտնամատերի մոտ քսքսվելով հատակին։

— Օ՜, չեմ կարողանում այլևս դիմանալ։ Որքա՞ն կարելի է, որքա՞ն կարող է այսպես շարունակվել։ Չէ՛, ավելի շուտ ես՛ կխելագարվեմ, քան նա կզղջա կամ կսպանվի։ Չեմ դիմանում այլևս, Սեղբետրիոս. ահա, արդեն չորս տարի շաբաթը երկու անգամ ներկա եմ լինում նրա տանջահարությանը՝ որպես բժշկող։ Ամեն անգամ, երբ խոշտանգումից նա ուշագնաց է լինում, սիրտն եմ լսում՝ հո չմեռա՞վ։ Հետո, ահա, այսպես, հսկում եմ նրան իր խցում, որ չարնաքամվի հանկարծ... Հիմար էր նա, Լուիջի, որ հավատաց Մոչենիգոյի հորդորներին և վերադարձավ Վենետիկ. կարող էր, չէ՞, շարունակել ապրել հյուսիսում. լավ, Փարիզում և Ժնևում նրան չէին ընդունում, քանի որ վիճել էր Արիստոտելի հետևորդների հետ, բայց Պրահայում, Ֆրանկֆուրտում խաղաղ էր նրա համար, իսկ Լոնդոնում թագավորն էր նրան հովանավորում և հոգում անվտանգությունը. ոչ ոք նրան այնտեղ չէր հալածում «De anima»-ին դեմ գնալու համար... Ասու՛մ ես. նա սսկվել չէր կարող, նա չէր կարող չխաղալ կրակի հետ, դա նրա տարերքն է։ Նա ամենուր սպառնալիք է հրահրել իր իսկ համար։ Եվ դեռ Սան-Դոմինիկո Մաջորե մենաստանում էր այդպիսին։ «Վախը սարսափելի չէ և տառապանքի մեջ քաղցրություն կա»,— ասում էր նա իր մի գրքի մեջ։ Եվ իմացիր, Սեղբետրիոս, Ֆելիպեն նրանցից չէ, ովքեր իրենց անվտանգ գոյությունը գերադասում են կարծիք հայտնելու ազատությունից։ Լոնդոնում նա Անդերպիլին՝ Անգլիայի հպարտությանը, այնպես ջարդուփշուր արեց, որ դադարեցրին նրա ելույթները Օքսֆորդում։ Եվ հարկադրված էր հեռանալ։ Հետո Ժնևի թերթերում գրեց. «Ռեֆորմատորները աշխարհի մեծագույն էշերն են, որ բուժում են թարախակալած կրոնի խոցերը և նախապաշարումների չարաշահումը ոչնչացնելով՝ կարկատում են նրա հագուստի պատռվածքները»։ Ապա մի պամֆլետ գրեց Ժնևի համալսարանի ռեկտորի մասին՝ քսան սխալ պեղելով նրա դասախոսությունների մեջ։ Ու քանի որ ռեկտորն այդ Բեզի՝ տեղի գլխավոր ինկվիզիտորի, մտերիմն էր, երկու ամսով բանադրեցին նրան, բանտ նստեցրին և ժամերգություններին տաճար էին բերում մի շապիկով, շղթայված, երկաթե վզկապով և յուրաքանչյուրն իրավունք ուներ խփել նրան կամ թքել դեմքին։ Բայց դա բոլորովին չսաստեց նրա կրքերը։ Եվ հետո, ասա ինձ, ինչպե՞ս չհավատար Մոչենիգոյին, ով արիստոկրատ էր և ինքն էլ՝ ինկվիզիտոր։ Եվ ո՞վ կսպասեր, որ Մոչենիգոն այդպես կվարվեր նրա հետ։ Ո՞վ կսպասեր, որ նա մի քանի ամիս հետո կդրժեր անվտանգության երաշխիքի իր իսկ խոստումը, կփակեր նրան իր տան մեջ և նամակ նամակի ետևից կուղարկեր Պապին... Թող այդքան միամիտ չլիներ և Մոչենիգոյին չասեր Եվրոպա վերադառնալու իր որոշման մասին։

Մակոն քանի որ չէր տեսնում նրանց դեմքերը, չէր կարողանում զանազանել, թե նրանցից ո՞վ է որ պահին խոսում, հատկապես, որ ձայները նման էին։

— Բայց ո՞վ կսպասեր Մոչենիգոյից նման ստորություն։ Ես ինքս կարդացել եմ նրա նամակները, երբ ճիզվիտները հեռանում էին հարցաքննության սրահից՝ հանգստանալու։ Եվ գիտես ի՞նչ էր գրում նա. «Քանիցս լսել եմ Ֆելիպե Նոլացուց, երբ զրուցել եմ նրա հետ, թե ինչպես է նա ասում, որ երբ կաթոլիկներն ասում են՝ հացը կկերպարանափոխվի մարմնի՝ անհեթեթություն է, որ աշխարհը հավերժ է և գոյություն ունեն անվերջ թվով աշխարհներ, երկիրը կլոր է՝ բևեռների մոտ սեղմված և ժամանակի ընթացքում կփոխի ծանրության կենտրոնն ու բևեռների դիրքը, որ աստղերի շուրջը շրջանագծով կամ էլիպսով պտտվում են այլ մոլորակներ, որ աշխարհները և նրանց համակարգերը մշտապես փոփոխվում են և ունեն սկիզբ ու վերջ, միայն դրանց հիմքում ընկած արարչագործական էներգիան է հավերժ ու նաև ամեն ատոմին բնորոշ ներքին ուժը, իսկ նրանց համախումբը մշտապես փոփոխվում է։ Որ կա անսահմանություն, որը չունի ոչ սկիզբ, ոչ եզր, այլ միայն հավերժորեն բաբախող կյանք։ Որ Քրիստոսը կեղծ հրաշքներ է գործել և մոգ է եղել, ինչպես և իր առաքյալները, և որ ինքը ևս կարող է անել նույնը, դեռ ավելին։ Որ Քրիստոսը չի մեռել իր բարի կամքով և որքան կարողացել է՝ ջանացել է խուսափել մահից։ Որ մեղքի համար թողություն չկա։ Որ բնության ստեղծած հոգիները մի կենդանի արարածից անցնում են մյուսին։ Որ կա համաշխարհային ոգի և կյանքի սկիզբ, որը և՛ մարդու, և փայտի կտորի մեջ է։ Որ հոգին լքելով մարմինը՝ բյուրեղացնում է իր շուրջը երկար պրոցեսով ատոմ ատոմի ետևից, ստեղծելով նոր մարմիններ նոր կյանքերի համար։ Որ կույսը չի կարող ծնել, և որ կաթոլիկական մեր կրոնը լի է Աստծո մեծության հանդեպ ոտնձգություններով։ Որ չկա ապացույց՝ արդյոք մեր կրոնն ունի՞ ծառայություն Աստծո առջև։ Որ բարեպաշտ կյանքի համար բավական է չանել ուրիշին այն, ինչ չես անի ինքդ քեզ»։ Ու եթե Մոչենիգոն մատնություն չգրեր, չէր լինի այս ամենը... Ես դժվարանում եմ քեզ հասկանալ, Լուիջի, դու գիտակցու՞մ ես՝ ի՞նչ ես ասում և որտե՞ղ, ի՞նչ է պատահել քեզ. եթե մեզ նույն մայրը ծնած չլիներ, ես իսկույն ևեթ կվազեի ձիրկատոր1 հայր Հոնորիոսի մոտ և կպատմեի նրան քո բարբաջանքները... Իսկ դու գնա՛, Սեղբետրիոս, գնա՛, մատնի՛ր, ես չեմ վախենում այլևս. տանջանքներից խուսափելու համար ես թույն եմ պահում վաղուց ինձ մոտ, որպեսզի, թե հարկ լինի, հեռանամ կյանքից ավելի վաղ, քան ճիզվիտները կհասցնեն շղթաներ հագցնել ոտքերիս... Դու, ի՞նչ է, Լուիջի, նրա հետ շփվելով՝ որոշել ես հերոսանա՞լ նրա նման... Ո՛չ, դա ամեն մարդու տրված չէ. ես պարզապես չեմ կարող այլևս ապրել սսկված։ Դու, ի՞նչ է, Սեղբետրիոս, չե՞ս տեսնում, թե ինչպես է անցնում իշխանների կյանքը՝ պարահանդեսների, խնջույքների ու խրախճանքների մեջ, որոնցից հետո նրանք իրենց սիրեցյալների հետ թրև են գալիս շուկաներում, տոնավաճառանոցներում, հրապարակներում, անարգում կանանց ու աղջիկների պատիվը, բռնաբարում մանչուկներին՝ ծեծելով նրանց հայրերին ու մայրերին, որ փորձում են պաշտպանել իրենց զավակներին։ Զվարճանալով՝ անառակները խոստովանության կատակախաղեր են սարքում, իրենց վրա կարմիր կնգուղով փարաջաներ են գցում և գնում եկեղեցի, իսկ հետո էլ՝ աստղագուշակների ու գրբացների մոտ։ Իսկ հասարակ հավատացյալները սովահարվում են, քանզի Տիբրոսը ելավ ափերից ու ոչնչացրեց ցանքսերը։ Եվ ի՞նչ են անում վանականները. հա՞ց են բաշխում սովյալներին, Սեղբետրիո՛ս։ Ո՛չ, ամենևին. հացի դիմաց նրանք գնում են կանանց ու աղջիկներին, ավելի ճիշտ՝ նրանց հայրերն ու ամուսիններն են թախանձագին աղերսում՝ տանել իրենց հարազատներին, քանի որ այդ կերպ գոնե նրա՛նք կփրկվեն մահից։ Եվ վա՜յ նրան, ում կինը կամ աղջիկը սիրունատես չլինելով՝ մերժվում է վանականների կողմից. նրա ընտանիքը սովահարվում է։ Պադրե Օթոնը մի հսկա հարեմ ունի, հայր Վոնիփակիոսն ու Բենեդիկտոսը ետ չեն մնում նրանից։ Ծերունիները պառավական սիրադեղեր են գնում, երիտասարդները՝ թույն, որպեսզի ոչնչացնեն իրենց սիրուհիների ամուսիններին։ Նաև կանայք են իրենց մրցակիցներից ազատվելու համար դաշույն կամ թույն օգտագործում։ Ես կեղծու՞մ եմ, Սեղբետրիոս. և սա՝ սուրբ աթոռի քաղաքում։ Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում Ֆլորենցիան, Միլանը, Ջենովան, Պարմեն, Լուկան, Սիենեն, Բոլոնիան, հատկապես, երբ Պապ է մեռնում։ Չի եղել մեծապատիվ մի այր, ում մեռնելուց հետո լուր չտարածվի, թե թունավորումն է եղել պատճառը կյանքից հեռանալու... Լռի՛ր, մեզ կլսեն... Թքե՛լ եմ...

Մի մատանի զրնգոցով ընկավ հատակին։

— Մտածիր երեխաներիդ մասին, բայց ինչու՞ միայն նրանց. դու մեր ողջ տոհմն ես վտանգում, մատնում հալածանքների... Իսկ ու՞մ է պետք այսպես ապրելը, Սեղբետրիոս, ու՞մ է պետք մեր տոհմի շարունակվելը, եթե նրանք պիտի լինեն անմռունչ՝ ոչխարի նման։ Տո՜հմ, շարունակությու՜ն, զավակնե՜ր, անասունի նման միայն ձագ տալ գիտենք ու հանուն ձագերի գիրության և գոյության թույլ ենք տալիս մեզ նսեմանալ, հոշոտում ենք մեր նմաններին ու նրանց ձագերին՝ մոռացած, որ վայրի գազան չենք մենք, այլ Աստծո ստեղծած բանական էակ՝ արարված հանուն ներդաշնակության։

Մի ձեռք պարզվեց դեպի մատանին և առավ այն գետնից։

— Աստված, Սեղբետրիոս, մարդուն տվել է երեք բան՝ որկոր, վայելք և միտք։ Բայց նայիր շուրջդ ու կտեսնես, որ ամենքը միտքը, նույնն է, թե Տիեզերքն ու Աստծուն, մոռացած՝ ինքնամոռաց տրվել են վայելքին։ Մենք սովոր ենք ամենայն ստորագույնը կոչել «անասնական» անունով, մինչդեռ ճշմարիտը այն «մարդկային» կոչելն է, քանզի ոչ մի անասուն փչացած չէ մարդու պես։ Նայիր շուրջդ. քեզ թվում է՝ մենք հիմա ապրու՞մ ենք։ Ո՛չ, ամենևին. խոնարհվելով բռնությանն ու անմտությանը՝ մենք սպանում ենք մարդուն մեր մեջ. մեզ թվում է, թե ապահովում ենք մեր անվտանգ գոյությունը, մինչդեռ իրականում ինքնասպանվում ենք։ Բայց որքա՞ն կարելի, Սեղբետրիոս։ Արդեն եկել է ժամանակը, որ մարդիկ իմանան, թե ովքեր են ճիզվիտները, ժամանակն է դատապարտելու արյունարբու ուրուրներին, որոնք մեր գլխին պտտվելով՝ ջանում են մեզ լափել։ Այդ արգահատելի դավադիրները պատրաստվում են այստեղ կրկնել Ամերիկայում գործած իրենց ոճիրը։ Այնտեղ քսան միլիոն տղամարդ, կին ու երեխա են այրել կամ խեղդամահել իբր ի փառս ճշմարիտ կրոնի։ Թող բոլորն իմանան, որ ճիզվիտների ոսկեմոլությունն անհագ է, որքան նրանց արնածարավությունը։ Աբբահայր Ֆրոստրատոն օրերս եկել է Ամերիկայից։ Նրանք այնտեղ ոչնչացրել են շատ կղզիների ամբողջ բնակչությանը, որպեսզի հագուրդ տան իրենց ագահությանը։ Նրանք տղամարդկանց ստիպել են ողջ-ողջ թաղվել հանքահորերում, իսկ կանանց՝ մշակել այն հողը, որ կարմրել է նրանց երեխաների արյունից։ Ճիզվիտները նոր խոշտանգումներ են հնարել. միաժամանակ տանջել են չորս հազար մարդու՝ ոտից գլուխ մերկացնելով նրանց ու երկաթյա շղթաներով կապելով իրար։ Մի քանի ամիս շարունակ օրը երեք անգամ ծեծել են նրանց, պահանջելով, որ այդ դժբախտներն ասեն, թե որտեղ են թաքցրել գանձերը։ Իսկ քանի որ զոհերն ասելու բան չեն ունեցել, նրանց գանահարել են մինչ ի մահ։ Ճիզվիտներից փրկվելու համար խեղճ հնդկացիները փախել են լեռները, որտեղ հուսահատությունից կախվել են ծառերից իրենց կանանց ու երեխաների հետ։ Լեյոլոյի հետևորդները փախստականներին որոնել են, ինչպես վարազների ու եղնիկների, և նրանց դիակները նետել են՝ ի կեր շների։ Կենդանի մնացածներին ստիպել են անտառներում մեղր ու մեղրամոմ հավաքել, որտեղ նրանց խեղդել են օձերը և խժռել վագրերը։ Ճիզվիտների ագահությունն այնքան մեծ է, որ ստրուկներին մի կղզուց մյուսը տեղափոխելիս հոգ չեն տանում նավերի տարողության մասին, ամենափոքր ալեկոծության ժամանակ մարդկանց նետում են բաց ծով։ Ասում են՝ կղզիների միջև նավելու համար ոչ կողմնացույց է պետք, ոչ էլ՝ ծովային քարտեզ. կարելի է կողմնորոշվել ծովում հնդկացիների լողացող դիակներով։ Եվ նրանք իրենց կոչում են ճշմարիտ քրիստոնյա, իսկ ահա Ֆելիպեին՝ հերետիկոս ու աստվածուրաց։ Նրանք, որ զազիր իրենց բարքերով անպատվում են Աստծուն՝ ճշմարիտ են և պիտի ապրեն, իսկ Ֆելիպեն սխալական է և պիտի մեռնի... Ինչե՞ր ես խոսում, ինչե՞ր ես խոսում, խելքդ գլուխդ հավաքիր վերջապես, որ խոսքերդ չհասնեն հայր Հոնորիոսին... Բայց ո՞վ է քո այդ Հոնորիոսը, ում անունով սարսափեցնել ես ուզում ինձ. մի սինության առջև ստորացող ու լացող կեղտ չէ՞ արդյոք... Դե, դու, պապանձվի՛ր վերջապես...

Ոտքերից մեկն աղմուկով զարնվեց հատակին, և Մակոն ակամա սեղմվեց պատին։

— Բելարմինոյի համա՞ր ես տառապում։ Ոչինչ, նա էլ կարժանանա Սեքստոս 5-րդ Պապի բախտին հենց թեկուզ գեղեցկուհի Ելիզային տանջելու համար։ Մի՞թե դրա համար ներում կարող է լինել։ Դու, Սեղբետրիոս, քիչ բան գիտես, և դա քո բախտավորությունն է։ Ինկվիզիցիայի լրտեսները Ելիզային մեղադրում էին, թե իր քույրերից մեկին, որ հարել էր կալվինականներին, օգնել է փախչել։ Երբ տարաբախտ կնոջը ձերբակալեցին, նա հղիության վերջին ամսում էր։ Նրան նետեցին քարակոփ նկուղը, որտեղ ժամանակից շուտ նա ծննդաբերեց։ Դժբախտ մայրը վախ ու տառապանք մոռացած՝ միայն իր երեխայի մասին էր մտածում։ Ամբողջ գիշեր նա երեխային գրկից ցած չդրեց։ Առավոտյան Բելարմինոն հրամայեց նրան տրիբունալ բերել, թեև անբախտը հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Ելիզան թավալվում էր նրա ոտքերի տակ ու երդվում, թե քրոջ մտադրության մասին իմացել է միայն դատավճիռը հրապարակելուց հետո։ Բայց ոչ երդումները, ոչ էլ աղաչանքները չշարժեցին Բելարմինոյի սիրտը։ «Կատարեցե՛ք ձեր պարտքը»,— հրամայեց նա վանական-դահիճներին։ Երեք դոմինիկյաններ անմիջապես հարձակվեցին Ելիզայի վրա, ոտքից գլուխ մերկացրին ու կապեցին պրկարանին։ Ձեռքերն ու ոտքերը երկաթե օղակներով այնպես պրկեցին ու կպցրին պատին, որ երկաթը խրվեց մսի մեջ գրեթե մինչև ոսկորները։ Ապա սկսեցին ջրախոշտանգումը։ Բայց դեռ չէին հասցրել եռացրած ջրի ութերորդ ամանը դատարկել, երբ կնոջ բերանից արյուն ժայթքեց, և նա ուշաթափվեց։ Բելարմինոն հրամայեց նրան ուշքի բերել և ամենազգայուն տեղերի վրա եռացրած մեղր լցնել, իսկ ոտքերը մոտեցնել կրակին։ Ելիզան այնպիսի ճիչեր էր արձակում, որ կշարժեին նույնիսկ վագրի սիրտը։ Հոգ տանելով, որ նա միանգամից չմեռնի, Բելարմինոն կարգադրեց նրան նորից իջեցնել նկուղ։ Երբ Ելիզային տանում էի, նա կենդանության ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Կարծեցի՝ մեռել է։ Բայց հենց որ նրա առջև բացվեց նկուղի ծանր դուռը, նա ուշքի եկավ՝ հիշելով իր երեխային։ Նա փորձեց կանգնել արյունլվա, վերքերով ծածկված ոտքերի վրա, բայց անմիջապես ընկավ։ «Տվեք երեխային»,— հառաչելով ասաց։ Ես մոտ բերեցի բարուրը։ Երբ բացեց այն, տեսավ, որ նորածինը մեռած է. երեխան սառել էր ցրտից։ Փոքրիկ դիակը կրծքին սեղմելով՝ Ելիզան անմիջապես մեռավ։ Ահա, այսպես, Սեղբետրիոս։ Չգիտեմ, թե ո՞րը ասեմ քեզ և ո՞րը թողնեմ։ Օլիվյե Մայարիմի խոսքե՞րը կրկնեմ, որ ասում էր՝ «Մի՞թե ավետարանը քարոզում է, թե երանելի են ծախվածները, երանելի են հարբեցողներն ու բոզարածները, երանելի է նա, ով բարձր պաշտոնի է հասնում՝ ստորաբար հաճկատարություն անելով։ Ինչպե՞ս եք հանդգնելու ձեր մահվան ժամին կանգնել Քրիստոսի առաջ՝ գինուց հարբած, ձեր թալանած ոսկով, շրջապատված պոռնիկներով, ձեր կենակցուհիներով, բարեկամուհիներով և ձեր կեղտոտ հաճույքների այլ զոհերո՞վ։ Այստեղ եկեք, միանձնուհիներ, որ վանքերի մառաններն ու նկուղները լցնում եք նորածինների դիակներով։ Ի՞նչ դատավճիռ կլսեք, երբ երեխաները հայտնեն իրենց հայրերի ու դահիճների անունները։ Մի՞թե հրեղեն անձրևը չպետք է մոխրացնի այս վանքերը, ինչպես իր ժամանակին մոխրացրել է Սոդոմն ու Գոմորը»։ Թե՞ Բուրխարդի գրվածքները մեջբերեմ քեզ համար, որ հերքել արդեն հնարավոր չէ, քանզի նա ինքը Բորջիայի շրջապատից էր։ Գիտե՞ս ինչ է թողել նա մեզ հիշատակ. «Ընթրիքին մասնակցում էին բոլոր կարդինալները և պալատական բարձր աստիճանավորները, ընդ որում նրանցից յուրաքանչյուրի աջ և ձախ կողքերին կանգնած էին երկու ազնվազարմ պոռնիկներ, որոնց հագուստը բաղկացած էր միայն մուսլինե թափանցիկ թիկնոցներից և ծաղկաշղթաներից։ Ընթրիքից հետո հիսուն պոռնիկներ կատարեցին այնպիսի պարեր, որ պատշաճությունը թույլ չի տալիս նկարագրել։ Սկզբում պարում էին միայն իրենք, իսկ հետո՝ կարդինալների հետ։ Վերջապես, Լուկրեցիայի ազդանշանից հետո թիկնոցները դեն նետվեցին, և պարերը շարունակվեցին սուրբ հոր ծափերի ներքո։ Ապա անցան այլ զվարճանքների։ Խրախճասրահում սիմետրիկ կերպով դրված էին տասներկու շարք արծաթե վիթխարի մոմակալներ՝ վառած մոմերով։ Լուկրեցիան, Պապն ու հյուրերը տապակած շագանակներ էին նետում, իսկ պոռնիկները հավաքում էին, վազվզելով բոլորովին մերկ, թավալվում էին, ծիծաղում և ընկնում։ Ավելի ճարպիկները նորին սրբազնությունից մետաքսե գործվածքներ և այլ թանկարժեք նվերներ էին ստանում։ Ի վերջո սկսվեց մրցությունը՝ մի աներևակայելի զեխություն, որն անհնար է նկարագրել։ Հյուրերը կանանց հետ անում էին՝ ինչ որ սրտներն ուզում էր։ Լուկրեցիան Պապի հետ բազմել էր բարձր բեմահարթակի վրա, ձեռքին բռնած ամենակրքոտ և ամենաանխոնջ սիրեկանի համար սահմանված պարգևը»։ Ինչպե՞ս է քեզ համար, հայր Հոնորիոսի և Բելարմինոյի պաշտպան... Դրանք բոլորը եկեղեցու թշնամիների հորինվածքներն են, նման բան չի եղել, իսկ Բուրխարդին կաշառել են կալվինիստները... Չի՞ եղել. դե, իհարկե, քեզ այդ կերպ են սովորեցրել, երբ դու մոնթ էիր, բայց, ասա ինձ, եթե այդ ամենը իրականություն չէ, այլ եկեղեցու թշնամիների մոգոնվածք, ինչու՞ էր հապա Կլյունի աբբա Պետրոսը ստեղծել օրենքների իր հավաքածուն, ուր առաջարկում էր վանականներին արգելել գիշերային ժամերին ընդունարաններում մնալ դեռատի կանանց հետ, կապիկներ վերցնել կրթելու համար, ինչպես նաև մոնթերի հետ խուցերում առանձնանալ աղոթքներ սովորեցնելու պատրվակով, առանց աբբայի հատուկ թույլտվության երիտասարդ վանականներ ընդունել (այլապես աբբայությունները կդառնային գարշելի անառակների հավաքատեղի)։ Ո՞վ կարող է հերքել սա։ Ոչ ոք, քանի որ նրա թուղթը կա նաև այստեղ՝ գրադարանում։ Հա, մեկ թուղթ ևս կա, որ գաղտնի է պահվում անգամ սարկավագներից՝ Հովհաննես 22-րդ Պապի «Առաքելական գրասենյակի սակագինը», ուր սուրբ հայրն առաջարկում էր համապատասխան գումարի դիմաց թողություն տալ որևէ միանձնուհու, քրոջ ու եղբոր աղջիկների և իր հոգևոր դստեր հետ կենակցելու մեջ մեղադրվող կղերականին, հակաբնական անառակություն գործածին, որևէ աղջկա կուսությունը խախտած քահանային, անառակություն արած ու վանամայր դառնալ ցանկացող միանձնուհուն։ Եվ կհաստատվեին նրա նորամուծությունները, եթե Փիլիպոս 5-րդ թագավորը չպահանջեր հրապարակայնորեն հրաժարվել դրանցից՝ սպառնալով, թե նրան որպես հերետիկոսի կայրի Ավինյոնի պալատի առաջ։

Լռություն տիրեց։ Բավական ժամանակ ոչ ոք չէր խոսում։ Հետո հանկարծ՝

— Դու ինքդ էլ գիտես, Լուիջի, որ չարիքը բուն է դրել մարդկանց սրտերում, և սրբազան աթոռի ժամանակավոր այս դաժանությունը հանուն կրոնի անաղարտության է։ Քեզ էլ է հայտնի, որ գաղտնի մավրերը, հրեաները, մորիսկները, հուդայականները, մարանները կաթոլիկական հավատի դիմակի տակ թաքցնում են իրենց նվիրվածությունը այլադավանությանը և մոլորեցնում մարդկանց։ Եվ, հետո, Լուիջի, մի՞թե դու տանելի ես համարում այն, որ այսօր ամենուր գուշակություններ են անում դիակներով, կանչում են դեմոններին, գրբացությամբ են զբաղվում, էշ են թաղում հողի մեջ՝ անձրև բերելու համար, հավատում են տեսիլքներին, աչքով տալուն, չար աչքին, թուղթ ու գրին, հմայում են երեխաներին, կենդանիներին և դաշտերի բերքին, հավատում են Ֆլորենցիան խորտակել կամեցող սև ձիավորների գոյությանը, խաչ են նետում ծով՝ աստվածուրաց գրություններով, հավատում են, որ կանայք պառկել են չարքի հետ և կախարդ են, երբեմն՝ բարի կախարդ։ Ինչի՞ է նման՝ պոռնիկները զուգընկերներին հմայելու համար սիրո խմիչքներ են կազմում մեռյալների մազերից, գանգից, ատամներից ու ծնոտից, աչքերից, հագուստի կտորտանքից, որ հանում են գերեզմաններից։ Անգամ մեռյալի միս են գործածում, մոմից ու մոխրից կերտում են նրանց կերպարները, ում վրա ուզում են ազդել, և երգեր են երգում ազդեցիկ ու ասեղ խրում դրանց մեջ։ Քո Ֆելիպեն չի պարսավում սատանայի այդ գայթակղությունները, ավելին, նա նման խմբեր է հիմնել Եվրոպայում, ուր բախտ են նայում, որից օգտվում են անգամ կառավարողները։ Քո Ֆելիպեի բոլոր ասածները հերետիկոսական են, դեմ՝ կաթոլիկական հավատքին և հայտարարված են այդպիսին ոչ միայն հիմա, այլև դատապարտվել և անիծվել են հին հայրերի, կաթոլիկ եկեղեցու և սուրբ առաքելական գահի կողմից։ Եթե Աստվածաշնչում ասվում է, որ արեգակը պտտվում է, ապա ամեն ոք, ով ժխտում է դա, հերետիկոս է... Բայց Սուրբ գիրքը, Սեղբետրիոս, ոչ թե սովորեցնում է, թե ինչպես են շարժվում երկնոլորտները, այլ՝ թե ինչպես ընկնել երկնային դրախտ. և երկնոլորտների շարժման հարցը բնավ էլ կրոնական հարց չէ... Ո՛չ, քանի որ Սուրբ գրքում խոսվում է Արեգակի շարժման և, հետևաբար, Երկրի անշարժության մասին, ուրեմն՝ դա կրոնական հարց է... Դու, Սեղբետրիոս, համառ ես ու պնդաճակատ կարդինալ Բելարմինոյի նման, և քեզ հետ վիճելն անիմաստ է։ Եվ հետո, Ֆելիպեն քո ասածների հետ առնչություն չունի. քեզ մոլորեցրել են։ Նա նոր կրոն է բերում, որ օգտագործում է մոգությունը՝ ներդաշնակեցնելու համար կյանքը։ Ու նրա մոգությունն այլ է, այն կախարդանք չէ, ինչպես ընկալում են շատերը։ Նա մոգություն է կոչում մարդու աչքի համար զարմանալի բաներ արարող բնությանն ընդօրինակելը, նրա մոգությունը բնության գաղտնիքները ճանաչելու միջոց է սոսկ։ Նա գազանների կերպարների փոխարեն բարերարներ է տեղադրում երկնքում՝ որպես աստղակերպ...

Ոտնաձայներ լսվեցին դռնից այն կողմ. ինչ-որ մեկն անցավ միջանցքով։

— Նույնն են բոլորը՝ շեղված ճշմարիտ հավատից, ու նրանց հասու չի լինելու մեծ երկնքի արքայությունը։ Եվ չեմ հասկանում, թե Պապն ինչու՞ էր այդքան բարեհաճ նրա հանդեպ... Իսկ գուցե թե քո այդ հայր Հոնորիոսի՞ն է հասու լինելու մեծ երկնքի արքայությունը, որ անառականոց է պահում Ծաղկի հրապարակի վրա ու մի գինետուն։ Վանականուհիների՞ն, որ «Դեկամերոն» են կարդում ու տրվում օրգիաների, իսկ ջրանցքներում մանկիկների կմախքներ են հայնտնաբերվում՝ որպես հետևանք այդ ամենի։ Ֆրանցիսկյան վանականների՞ն, որ Կոմոյում զինված հարձակումներ են գործում վանականուհիների վրա ու գերելով՝ բռնաբարում բոլորին՝ բոլորով։ Ո՜հ, ո՜հ, անբարոյականանա՞լ այդ կերպ։ Չկա, Սեղբետրիոս, ոչ մի տարբերություն ազնիվ կանանց ու կուրտիզանուհիների, օրինական և ապօրինի երեխաների միջև։ Եվ ապօրինի երեխաներ ունեն բոլորը՝ հոգևոր հայրերը, իշխանները, անգամ նրանք, ովքեր մարդասիրություն են քարոզում։ Նիկոլո դ՛Էստին երեք հարյուր ապօրինի երեխա ունի։ Ապականված են ամենքը։ Ֆերրարում հերցոգ Ալֆոնսը օրը ցերեկով մերկ շրջել է քաղաքում։ Նկարիչները միմյանց հերթ չտալով՝ Լեդային, Հանիմեդին, Պրիապային են պատկերում և օրգիաներ, ասես մրցում են միմյանց հետ անպատկառությամբ և, որ սահմռկեցուցիչն է, այդ նկարները հաճախ ցուցադրվում են եկեղեցիներում՝ Քրիստոսի և առաքյալների պատկերների հարևանությամբ։ Իսկ դու, ահա, մեծ երկնքի արքայությունից ես խոսում և դժգոհում, թե պապը բարեհաճ էր Ֆելիպեի հանդեպ։ Դու բարեհաճությու՞ն ես համարում մարդուն չորս տարի առանց քննության զնդանում պահելը... Բայց, ընդունիր, Լուիջի, չէին խոշտանգում նրան, ինչպես ուրիշներին... Այո, բայց դա ամենևին բարեհաճության արդյունք չէր. Պապը դիտավորյալ մոռացության էր տվել Ֆելիպեին, որպեսզի նախ՝ հանրությունը հասցնի դադարել հետաքրքրվել նրա ճակատագրով, հետո՝ հույս ուներ, թե խոնավ զնդանը կընկճի Ֆելիպեին։ Ֆելիպեն սովորական մի բամբասավոր չէ, նա հռչակ ունի Եվրոպայում, և Պապը չէր կարող հենց այնպես նրան տանջանքների տալ։ Պապին պետք էր, որ Ֆելիպեն հրապարակա՛վ հրաժարվեր իր ուսմունքից։ Նրա գրքերը կարդում են Եվրոպայում, և միայն այդ կերպ կարող էր Պապը նրա գաղափարների տարածման դեմն առնել։ Ու երբ լրացավ չորս տարին, Պապը մի մեծ պատվիրակություն ուղարկեց այստեղ։ Դոմինիկանցի կարդինալ Սանսեվերինին էր եկել՝ նախկին գլխավոր ինկվիզիտորը, կարդինալ Մադրուցին՝ գլխավոր ինկվիզիտորը, կարդինալ Պինելին՝ Գերմանիայում ինկվիզիցիայի գործերով Պապի նախկին կոմիսարը, կարդինալ Պեդրո Դեսին, դե նա, որ Իսպանիայում գլխավոր ինկվիզիտոր եղած ժամանակ ութ հազար մարդ ոչնչացրեց, կարդինալ Պինելլին, որ հայտնի է իր ժլատությամբ և դաժանությամբ, կարդինալ Սարնինոն՝ Արգելված գրքերի ցանկի գործերի կառավարիչը, կարդինալ Սփոնդատին՝ Գրիգոր 8 Պապի անօրինական զավակը, ում մասին ասում են, թե հոր պաշտոնավարության մեկ տարում այնքան փող դիզեց, որքան ուրիշներն անկարող են անել տասը տարում, կարդինալ Քամիլո Բորհեզեն, կարդինալադատարիա Սասսոն ու նաև Բելարմինոն։ Նրանք բոլորն ատում էին Ֆելիպեին (Բելարմինոն՝ հատկապես) և ուզում էին հոգեպես պատժել նրան, ավելի ճիշտ՝ նրա հոգևոր ինքնասպանությունն էր նրանց նպատակը, որին կհասնեին, եթե նրա շուրթերից պոկեին քննադատություն իր իսկ ասածների վերաբերյալ և պարտավորեցնեին ճանաչել պապական աթոռի գերիշխանությունը։ Եթե դա նրանց հաջողվեր, ապա կլիներ հաղթանակ բոլոր իմաստունների հանդեպ։ Բայց զնդանի տառապանքը չէր խոնարհեցրել Ֆելիպեին, և նա նրանց ասաց, թե պարտավոր չէ և չի ցանկանում հրաժարվել, քանի որ չի ասել ոչինչ, որից կարելի լինի հրաժարվել, չի տեսնում հիմք հրաժարումի, չգիտի՝ ինչից հրաժարվել։ Դրանից հետո պապը հանձնարարեց դոմինիկյան օրդենի ղեկավար Բեքարիին և գլխավոր դատախազին՝ մի վերջին զրույց ունենալ նրա հետ, բայց նույն արդյունքը։ Ապա արդեն, այլ ելք չունենալով, նրան տվեցին տանջանքին, որը տևում է չորս տարի...

Դադար եղավ մի պահ։

— Եթե այդպես է, ինչու՞ է հապա Պապը քանիցս հետաձգել նրան քաղաքացիական իշխանություններին հանձնելու վճռի կայացումը... Հետաձգումն իր պատճառն ուներ՝ Պապը հույս ուներ, թե Ֆելիպեն մի օր կկոտրվի, և փափագում էր նրանից զղջում կորզել Քրիստոսի հազար վեց հարյուրամյակին, որ սուրբ տարի է հռչակված. Ֆելիպեի նման համբավ ունեցող հերետիկոսի դարձի գալը կլիներ փառավոր նվեր սրբազան կրոնին և կընկալվեր որպես պապական գահի փառավոր հաղթանակ իր հակառակորդների հանդեպ։ Մի՞թե իմ խոսքերի ապացույցը չէ այն, որ Պապը նրան քաղաքացիական դատարանին հանձնելու որոշումը կայացրեց ծննդյան տոներից հետո, երբ արդեն Ֆելիպեն զրկել էր նրան երջանկանալու հնարավորությունից։ Եվ իմացիր՝ Պապը քանիցս եղել է այստեղ, նրա մոտ, մեկուսի։ Եկել է ծպտված։ Մի՛ զարմացիր, քեզ իրականությունն եմ ասում։ Վերջին անգամ նա այստեղ էր Ծննդյան տոներից առաջ։ Եկել էր կաշառելու Ֆելիպեին, դղյակ էր խոստանում՝ որ քաղաքում ցանկանար, և ոսկի՝ անհամար։ Այս վանքի մեջ, այս բանտում նման դեպք չէր եղել մինչ այդ ու չի էլ լինի։ Ուրիշները տանջանքներին չդիմանալով՝ զղջում են, իսկ եթե ոչ, միևնույն է, ուղի են փնտրում փրկագնվելու համար։ Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում, Սեղբետրիոս, բայց որ փրկագինը վճարել կամենա մեղադրո՞ղը։ Ֆելիպեն Պապին ոչինչ չասաց, ուշադրության անգամ չարժանացրեց։ Պապը դրանից փրփրեց և շպրտեց նրա երեսին. «Հերո՞ս ես ձևաում։ Դու՛րս եկ քո հիմար գրքերից վերջապես։ Տրվել ես տխմարի պես ինքնախաբեությանը, թե իբր թողնելով այս կյանքը՝ հայտնվելու ես Սրբազան Երանության մեջ։ Ցնորք, միամտություն, անհեթեթություն...»։ Գիտե՞ս ինչ պատասխանեց նրան Ֆելիպեն։ Նա հեգնանքով նայեց Պապին և արտաբերեց հանգիստ՝ «Ես վաղու՜ց այնտեղ եմ, Ալդոբրանդինի»... Ինձ թվում է, Լուիջի, մահճակալի տակ ինչ-որ բան կա. թույլ մի խշշոց, թե շրշյուն է հասնում ինձ։

Մակոն ոտքերի զույգերից մեկի արանքում ի վար կախված գլուխ տեսավ, ու մինչ գլուխը կհասցներ որևէ քայլ ձեռնարկել, արագ խցկվեց պատի խոռոչի մեջ։

Մի թրմփոց աղմուկով արձագանքվեց խցում։

Քիչ անց Մակոն մռութը դուրս հանեց հանդիպակաց պատի ճեղքից. այնպես, որ աննկատ մնալով՝ իրեն տեսանելի լիներ մահճակալը։

Նրան արդեն երևում էին մահճակալին նստած տղամարդկանց դեմքերը։ Նրանցից մեկին Մակոն էլի էր տեսել, անհաշիվ անգամներ, իսկ ահա երկրորդը, որ իրեն հալածելուց հետո վերստին նստել էր մահճակալին, հայտնություն էր իր համար։

— Զուր փութացիր,— ասաց անհաշիվ անգամներ տեսնվածը։

— Ինչու՞,— տարակուսանքով հարցրեց մյուսը։

— Նա անորսալի է։

— Ինչպե՞ս թե,— մյուսի տարակուսանքը վերածվեց զարմանքի, և դադարեց ճոճանակի պես տարուբերել մի ոտքը։

— Նա այլ իրականությունից է։

Մակոն իր ողջ կյանքում նման այլայլված դեմք չէր տեսել։

— Եվ հետո, եթե հանկարծ քեզ հաջողվի սպանել նրան, ապա մենք կանէանանք։

Այն դեմքը, որ քիչ առաջ տեսել էր Մակոն, զմայլելի կարելի էր համարել այժմյանի համեմատ։

— Այո՛, Սեղբեստրիոս, կանէանանք, քանի որ իրականում մենք հիմա ոչ թե ապրում ենք, այլ՝ վերհիշվում։ Դե, ինչպե՞ս ասեմ քեզ. բանտից այն կողմ՝ դրսում, հազար վեց հարյուր թվականը չէ, ինքս էլ չգիտեմ՝ ո՞ր ժամանակն է։

— Դու ցնորվել ես, Լուիջի, մարդկային տանջանքներին ականատես լինելը խեղել է քեզ,— մռայլվեց Սեղբետրիոսը,— և հավատարժան մի պատրվակ է պետք որոնել՝ ներկայացնելու համար հայր Հոնորիոսին, որպեսզի քեզ այլ հանձնարարականներ տա։ Այլապես կխելազրկվես մեր մորեղբայր Չենչոյի պես։

— Է՜, Սեղբեստրիոս, Սեղբեստրիոս...,— գլուխն օրորելով՝ երկարացրեց Լուիջին։

— Քո ասածից հետևում է, որ եթե ես հիմա դուրս գամ բանտից ու գնամ փողոց՝ չեմ պատահելու՞ կառապան Դոմնոսին, որ պարսպին բախված իր քարշակն է նորոգում,— իրենը պնդեց Սեղբետրիոսը։

— Բավական է դու դուրս գաս այս խցից և կանէանաս,— պարզաբանեց Լուիջին, բայց իր խոսքերը եղբոր դեմքին պարզություն բերելու փոխարեն ավելի այլայլեցին այն։ Լուիջին նկատեց դա և շտապեց ասել՝ ինչ գիտեր.— Այս ամենը վերհիշվում է, և վերհիշվում է ա՛յն՝ ինչ տեսնում է ճերմակ այն արարածը, որին հալածեցիր դու։ Եվ այն, որ մենք այս պահին դեռ անէացած չենք, նշանակում է, որ նա ինչ-որ մի տեղից նայում է մեզ։

Սեղբետրիոսը շարունակելով մնալ ապշելու չափ զարմացած՝ հայացքը սահեցրեց հատակի պարագծով (իսկ այն գրեթե քառակուսի էր, դուռը պահող պատն էր մի փոքր սեղմված, և դա այն պատճառով, որ խուցը շենքի եզրամասում էր), զննեց մահճակալի տակը, բայց ոչինչ չտեսավ։ Հետո գլուխը բարձրացնելով՝ նայեց եղբորը.

— Դու դա որտեղի՞ց գիտես, եթե, իհարկե, չես ցնորվում։

— Լսել եմ։

— Ումի՞ց։

— Ֆելիպեն է ասել նրան, դե... ճերմակ այդ արարածին...

— Մկա՞նը, Ֆելիպեն խոսե՞ լ է մկան հետ... չէ՛, դու Չենչոյին անցել ես արդեն...

— Նա մուկ չէ, ինքս էլ չգիտեմ՝ ի՞նչ է, բայց մուկ չէ հաստատապես։ Ֆելիպեն նրան ասում է փիսիկ, նա անուն էլ ունի՝ Մակո։

— Չէ, դու իրավ ցնորվել ես,— ձեռքը թափ տվեց Սեղբետրիոսը,— քեզ այս վիճակում թողնել չի կարելի։ Ես հիմա ևեթ գնում եմ հայր Հոնորիոսի մոտ՝ քեզ այստեղից տեղափոխելու խնդրանքով։ Միայն թե չգիտեմ՝ ի՞նչ պատրվակ բերել։

Նա մոտեցավ դռանը, բացեց այն, ապա ապշահար դարձավ դեպի եղբայրը։

— Լսի՛ր, Լուիջի,— արտաբերեց նա կարկամած,— միջանցքը չկա... և ոչինչ էլ չկա դռնից այն կողմ...

Սեղբետրիոսը ձեռքերի դողը հազիվ զսպելով՝ փակեց դուռը, խաչակնքվեց. նրա դեմքը մահապարտի ճերմակություն ուներ։

— Ո՞վ է նա, Լուիջի, ո՞վ է Ֆելիպեն իրականում,— շշնջաց ի վերջո Սեղբետրիոսը՝ շնչառությունը կարգավորելուց հետո։ Նրա դեմքին սարսափի հետ միախառնված խորին ակնածանք էր դաջվել։

— Անչափ բարդ մի էակ,— հանգիստ պատասխանեց Լուիջին,— որպիսիներին սովորական մարդիկ սովորաբար ոչնչացնում են գանահարելով, քանի որ նման չեն իրենց...

Լուիջին փոխեց դիրքը մահճակալի վրա։

— Սան Դոմինիկո Մեջորեում նա ժամերով մեկուսանում էր խցում ու ոչ մեկի հետ չէր առնչվում։ Նա ընկեր չուներ և հիմա էլ չունի։ Նա համարձակ էր, ժուժկալ։ Նա չէր զգում ցավ, ցուրտ, քաղց, իրեն սովի էր մատնում, պառկում խցի սառը հատակին. ասես կոփում էր իրեն։ Ամենքս կարծում էինք, թե նա շեղվել է։ Նա ինչ-որ գաղտնի մի ձևով մարզում էր իր հիշողությունը և անգիր գիտեր Սուրբ գրքերը։ Ու թե՛ մոնթերից, ապա նաև՝ սարկավագներից ոչ մեկը չէր կարող մրցել նրա հետ։

Մի օր կանչեցին նրան Պապի մոտ, կարդացին հին եբրայերենով մի թուղթ, և նա բառ առ բառ կրկնեց այն, թեև ոչինչ չէր հասկացել։ Պապը պահեց նրան իր մոտ կես տարի, որպեսզի սովորի գաղտնիքը, բայց երևի թե բան դուրս չեկավ, ու Ֆելիպեն մեծ փառքով ետ դարձավ միաբանություն։ Ու երբ նա խցի աղոթարանից դուրս հանեց Քրիստոսից բացի բոլոր մյուս սրբերի պատկերները, վերակացուները չտեսնելու տվին նրա արարքը, քանի որ դարձել էր բոլորի սիրելին։

Հետո նա սկսեց աստվածաբանական վեճերի մեջ մտնել փորձառու վանականների հետ։ Նա կոշտ էր խոսքի մեջ, բանավիճելիս կորցնում էր իրեն ու տրվում մոլուցքին, և անգամ ընկնում տուրուդմփոցի մեջ։

Մի գեղանի տիկին կար Նեապոլում, դոնյա Անջելիան, նա հաճախակի հրավիրում էր Ֆելիպեին իր տուն՝ թողության կամ կրոնական այլ գործերով։ Դոննա Անջելիան մեղմում էր նրա մոլեգնությունը, շտկում խոսքի կոպտությունը։ Բավական էր մյուս աշխարհականների հետ նա ներկա լիներ բանավեճերին, և Ֆելիպեն դառնում էր հանդարտ՝ անհողմ ծովի նման։

Ֆելիպեն դարձավ միաբանության, ապա նաև՝ Նեապոլի հպարտությունը, և ամենքը մեծ ապագա էին կանխագուշակում նրան։ Բայց պատահեց այնպես, որ մի օր Սան Դոմինիկո եկավ Պապի սիրելին և պարծանքը՝ նորընծա կարդինալ Ռոբերտո Բելարմինոն։

Մերոնք նրա դեմ հանեցին Ֆելիպեին։ Որևէ աշխարհական հրավիրված չէր, դոնյա Անջելիան էլ Հռոմում էր՝ դուստրերի կրթության գործով։

Ֆելիպեն սկզբում հանդարտ լսում էր Բելարմինոյին, ապա հանկարծ ընդհատեց նրան, ելավ տեղից ու հայտարարեց, թե կարդինալն արդեն չորրորդ անգամ է անբարեխղճություն թույլ տալիս՝ անստույգ մեջբերումներ անելով Սուրբ գրքից։

Ամենքը կարկամել էին, իսկ Ֆելիպեն բծախնդրությամբ մեկ առ մեկ նշեց բոլոր այն չորս դեպքերը, երբ կարդինալն ինքը մոլորության մեջ էր ընկել։

Բելարմինոն զայրույթի մեջ էր՝ ողջ միաբանության առջև վարկաբեկվում էր նա ի՛նքը՝ հարյուրավոր մարդկանց հերետիկոս ճանաչել տված և իսպանական արմադայի նման անպարտելի թվացող Պապի անխոնջ մարտիկը։ Բայց կարծես սա քիչ էր, Ֆելիպեն շարունակելով վիճել Բելարմինոյի հայտնած մտքերի հետ՝ սկսեց խոսել այնպիսի բաներից, որ ամենքս սսկվեցինք սարսափից։ Նա ասում էր, թե Արիստոտելն այլոց մտքերի դահիճ է, և կամ՝ եթե հոգին կարող է ապրել առանց մարմնի կամ կարող է լինել մի մարմնի մեջ, ապա ի՞նչն է խանգարում նրան լինել այլ մարմիններում ևս։ Նա խոսում էր էլի ինչ-որ թեզերի մասին, որոնք բոլորը չէ, որ հասկանում էի, բայց և ակնհայտ էր, առավել ևս՝ Բելարմինոյին, որ նա արգելված գրքեր է կարդացել և, ահա, պաշտպանում է հերետիկոսներին։ Սա արդեն աններելի էր, և Հռոմ դառնալուն պես Բելարմինոն դիմեց սրբազան ինկվիցիային նրա հարցով։ Դե, Ֆելիպեն էլ փախավ, ու նրա խցի գաղտնարաններում ճիզվիտները Դեմոկրիտ ու Էպիկուր հայտնաբերեցին։

— Ահա, թե ի՜նչ,— Սեղբետրիոսը տարածեց ձեռքերը,— ուրեմն դա՞ է պատճառը Բելարմինոյի փութաջանության։

— Այո. նա անկարող եղավ տանել խայտառակությունը։ Ու երբ Մոչենիգոն մատնություն արեց՝ նա ի՛նքը Պապին համոզեց Ֆելիպեի գործի քննությունը տեղափոխել Հռոմ, երկյուղ ունենալով, թե Վենետիկի դատարանը ազատ կարձակի նրան։

— Այս որքա՜ն անտեղյակ եմ եղել ես ու հավատացել եմ Բելարմինոյի արդարամտությանը,— հուսահատ տրտնջաց Սեղբետրիոսը։

— Մենք ամենքս ենք անտեղյակ, Սեղբետրիոս, անտեղյակ ենք աշխարհից, որում ապրում ենք, և ոհմակով բզկտում ենք նրանց, ովքեր կարողանում են տեսնել, թե ի՞նչ է կատարվում մեր շուրջը և կարողանում են տեսնել նաև այն, ինչն անտեսանելի է։

Սեղբետրիոսը նայեց եղբոր դեմքին։ Ու վերհիշելով իր տեսած անէությունը՝ խաչակնքեց։ Հետո հայացքը սահեցրեց հատակի եզրերով ու հարցրեց.

— Ասում ես՝ Ֆելիպեն խոսու՞մ է մկ... Մակոյի հետ։

— Խոսում է, և այնպիսի լրջությամբ, ասես իր դիմաց մարդ է և ոչ՝ անասուն։ Գուցե թե Մակոն կենդանի արարած էլ չէ, այլ հատուկ մի գործիք կամ սարքավորում, որ լինելով հարկավոր տեղում, որսում է ամենը, ինչ երևում է, լսվում ու նաև՝ ինչ մտածում են։

— Մի՞թե նաև դա։

— Այ, եթե պատահի՝ դեմ առ դեմ հանդիպես Մակոյին ու նա նայի աչքերիդ մեջ, ինքդ կզգաս, թե ինչպես է սառում գլուխդ, ու կհասկանաս, որ նա քաշումտանում է քո մեջ եղած բոլոր մտքերը։

Սեղբետրիոսն ափով տրորեց դեմքը, ապա հարցրեց.

— Բայց ինչու՞ դու այդ մասին չես ասել ինձ տանը։

— Դա ես անել չէի կարող, քանի որ այս խցում տեղի ունեցածը, ինչպես նաև Ֆելիպեի՝ նրան ասած մտքերն անհնար է հիշողության մեջ պահած դուրս հանել բանտի տարածքից։ Բավական է դուրս գաս գավիթ և իմացածդ ամեն բառ ջնջվում է հիշողությանդ մեջից, ասես դու դրանք չես էլ իմացել։ Ես կարծում եմ, որ դա իր պատճառն ունի. մարդիկ այսօր պատրաստ չեն այստեղ կատարվող դեպքերի և հատկապես՝ Ֆելիպեի մտքերի ամբողջականացումն ընկալել. նրանց դժբախտություն կպատահի։ Ինքս էլ քիչ բան գիտեմ, քանի որ նրան երկար լսելու առիթ չեմ ունեցել։ Երբ գալիս եմ նրա վիճակը զննելու, նախքան դուռը բացելը, ահա, այն դիտանցքի ետևից գողտուկ ունկնդրում եմ նրան։ Դա երկար անել չեմ կարող, քանի որ կողքի խցում մշտապես նրան հետևող և նրա խոսքերը գրառող ճիզվիտլրտես կա։ Նա հիմա այնտեղ չէ, քանի որ Ֆելիպեն ուժասպառությունից մի քանի ժամ խոսել չի կարող։ Եվ հետո, ես զգուշանում եմ շատն իմանալուց։ Բոլոր նրանք, ովքեր լրտեսել ու լսել են, թե ինչ է նա խոսում Մակոյի հետ, խելազրկվել են։ Նրանք հիմա շղթայակապ պահվում են Նոնա աշտարակի կալանատանը։ Եվ հետո, նրանք Ֆելիպեի ասած ոչ բոլոր մտքերն են կարողանում ըմբռնել. երբեմն նրանք Ֆելիպեին լսելով՝ ընկնում են ուշագնաց և կամ քարանում առժամանակ՝ զրկվելով հիշողությունից։ Նրանցից երկուսը օրերս մեռան։ Նրանց հերձելով՝ ուղեղներն այրված գտա։ Ու հիմա հաջորդ դժբախտն է հետևում նրա խոսքերին՝ գալիքից անտեղյակ։ Անգամ նա, ում կամոք վերհիշվում է այս ամենը, դեռևս զգուշանում է ունկնդրել Ֆելիպեին դեմ առ դեմ, քանզի ինքը ևս հասու չէ ընկալել նրան։ Եվ գրքի մեջ չի լինելու Ֆելիպեի անմիջական խոսքը։

— Ի՞նչ գիրք, և ո՞վ է այդ «նա»-ն,— հարցրեց Սեղբետրիոսը։

— Գիրքը, որ գրվում է, և նա, ով գրում է,— սեղմասաց Լուիջին։

Սեղբետրիոսը ոչինչ չհասկացավ նրա խոսքերից, բայց և առանձնակի ուշք չդարձրեց դրանց, քանի որ նրան այդ պահին այլ մի հարց էր հուզում։

— Իսկ գուցե Ֆելիպեն մարդ չէ, Լուիջի, այլ... դե՜... Աստծո որդի՞,— հարցրեց՝ հնարավոր պատասխանից ահաբեկված։

— Չէ, Սեղբետրիոս։ Նա ասում է, որը դժվար ըմբռնելի է ինձ համար, թե որդին է արևի և երկնքի։ Եվ որ Վեզուվն իր եղբայրն է։ Սա քեզ անհավատալի կթվա, գիտեմ. ասացի, որ ինքս էլ գլուխ չեմ հանում (բայց ինչու՞ պիտի մենք ամեն ինչից գլուխ հանենք. ո՞վ ենք մենք)։ Սակայն իմացածդ ոչինչ է այն ամենի հանդեպ, որ հիմա կասեմ քեզ. լսիր։ Երբ գնացինք նավահանգիստ՝ նրան դիմավորելու (նաև ռազմանավեր էին եկել Վենետիկից, քանզի երկյուղ կար, թե գուցե թուրքերը կամ ավազակները պատահաբար կգրոհեն նրան բերող նավի վրա), նա մեզ ժպտաց այնպես, ասես իր հարազատներին էր հանդիպում տևական բաժանումից հետո։ Երբ հասցրինք նրան այստեղ, բանտ մտնելուց առաջ ժպտաց ժամապահին, ասես իր եղբորն էր տեսնում։ Նրան փակեցին ընդհանուր խցում, և նրա բանտակիցները հարցաքննողներին պատմեցին, թե նա ասել է, որ զգում է ջրվեժների ահարկու թափը, լսում ձկների համր զրույցը, տեսնում է՝ ինչպես է բացվում վարդը և ինչպես է մեռնում հոգնած թիթեռը։ Ասես նա և՛ բանտում էր, և՛՝ չէր։

Նրան քաղցի են մատնում, բայց չի հյուծվում բնավ. ասես սնվում է ոչ թե ուտելիքներով՝ մարդու պես, այլ՝ եթերով։

Երբ նրան տանջանքի տվեցին, նա ժպտում էր դահիճներին՝ ասես ցավ չէր զգում։ Իսկ նրանք գազազում էին այդ ժպիտից և քաշում նրա ձեռքի եղունգները։ Նա ժպտում էր էլի և ասում, թե ոտքերի վրա էլ եղունգներ ունի։

Այրում էին նրա մաշկը, իսկ նա ասես զմայլումի մեջ էր. ասում էր՝ լսու՞մ եք, թե սոխակն ի՜նչ է շշնջում վարդի թփին։

Տանջարարները կոտրում էին նրա ոսկորները, իսկ նա տխրում էր. «ահա, փողոցում կոտրվեց ծիրանի բողբոջած ճյուղը, և դա ցավ է պատճառում ինձ»։

Շիկացած երկաթներ էին մտցնում նրա մարմնի մեջ, իսկ նա ասում էր, թե լսում է՝ ինչպես է հասունացած նուռը ճեղքվում արևի ճառագայթներից։

Հետո նա, իհարկե, ուշագնաց էր լինում, և քարշ էին տալիս նրա անզգա մարմինը խուց, ինչպես հիմա։

Այս ամենը, Սեղբետրիոս, գաղտնի է պահվում բոլորից, որպեսզի նրա անձը համակրանք չհարուցի մարդկանց մեջ։

Սեղբետրիոսը պլշած նայում էր եղբոր աչքերի մեջ, իսկ թուքը չորացել էր բերանում։

— Գերմանիայում եղած ժամանակ գիտես ի՞նչ է գրել նա «Կնիքների կնիք» գրքում,— շարունակեց Լուիջին,— «Ում հմայում է իր գործի վեհությունը, նա չի զգում մահվան սարսափը։ Ում ամեն ինչից առավել գրավում է իր մեջ եղած սերը աստվածային կամքի հանդեպ, չի մատնվի խուճապի ո՛չ սպառնալիքներից, ո՛չ իր վրա եկող արհավիրքներից։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես երբեք չեմ հավատա, որ աստվածությանը կարող է մերձենալ նա, ով վախենում է մարմնային տանջանքներից։ Իմաստունը, իրավամբ, միայն այն ժամանակ է հասնում կատարյալին (իսկ կատրելության հասնել հնարավոր է երկրային կյանքի պայմաններում), երբ ոչնչից տառապանք չի կրում՝ նայելով ամենին աչքով բանականության»։ Ահա, թե ո՞վ է նա, Սեղբետրիոս։ Ու թե հոգու ի՞նչ վիճակում է նա, որ հանուն իր մտքերի կարող է արհամարհել կյանքն անգամ՝ չենք հասկանա ո՛չ ես, ո՛չ դու, Սեղբետրիոս։ Եվ ո՛չ՝ Հոնորիոսն ու Բելարմինոն։

Սեղբետրիոսն ասես անզգա լիներ գինովցածի նման։ Հետո հարցրեց շշնջալով.

— Նա իսկապե՞ս ցավ չի զգում։

— Զգում է, ինչպե՞ս չէ. նա լալիս է, այստեղ, թաքուն, անձայն, այլկերպ։ Նա հիմա էլ լալիս է, թեև դեմքին ժպիտ է քարացած, ու մենք դա չենք զգում։

Սեղբետրիոսը կարեկցախառը գորովանքով նայեց Ֆելիպեին։

— Նրան գուցե պառկեցնե՞նք մահճակալին,— ասաց։

— Ես վաղուց եմ դա մտածել,— պատասխանեց Լուիջին,— բայց երկյուղ ունեմ՝ նրան ցավ կպատճառենք։

Լռություն տիրեց։

— Իսկ ես, հիմարս, գիտեի, թե նա սովորական հերետիկոս է,— մեղավորի պես խոստովանեց Սեղբետրիոսը,— և ամենքն այդպես էլ գիտեն, թե իբր նա վատաբանել է աստվածամորը։

— Իսկ ուրիշ ի՞նչ կերպ հորջորջեին նրան ճիզվիտները, Սեղբետրիոս։ Հրապարակավ ասեի՞ն, թե նրան պատժել են ուզում Կոպերնիկոսի ուսմունքն առաջինը պաշտպանելու և երկրակենտրոն գաղափարին դեմ գնալու համար։ Ասեի՞ն, թե նա ուրիշներին բնորոշ պարզունակ այլախոհությունից զատ նոր ուսմունք է բերում իր հետ, որն Աստծուն տարրալուծում է բնության մեջ՝ նույնացնելով Աստծուն և աշխարհը։ Ամենքը, ովքեր գնացել են այս ուղղությամբ, հետո զղջացել են, հաշվի առ՝ ինքնակամ, իսկ ահա նա՝ ոչ։ Պետրարկան, որ ասել էր՝ «Այդ քաղաքում գոյություն չունի ոչ խիղճ, ոչ գութ, այնտեղ չկա որևէ սրբություն, որևէ մարդկայնություն... Օդը, հողը, պալատները, տները, փողոցները, շուկաները, տաճարները, դատարանները, պապական աթոռները և Աստծուն նվիրված եկեղեցիները՝ բոլորը պղծված են մեքենայություններով։ Նրա քարակերտ գետնահարկերի լաբիրինթոսում իշխում է գիշատիչ Մինոսը։ Միայն ոսկին է ունակ սանձահարելու այդ հրեշին, նրան ստիպելու ժպտալ։ Ոսկին այս քաղաքում իրավունք է տալիս պղծել հարազատ քույրերին, սպանել ծնողներին. ոսկով գնում են հրեշտակներին, սրբերին և հենց իրեն՝ Քրիստոսին։ Պապը ձեզ ամեն ինչ կվաճառի, ամեն ինչ, բացի իր խույրից», ի վերջո զղջաց։ Բոկաչչոն էլ զղջաց, Լեոնարդոն՝ նույնպես։ Ամենքն էլ զղջացին, միայն նա է, որ վճռել է գնալ մինչև վերջ՝ մեն-միայնակ, Ամբուազ Պարեի նման, որ ասում էր՝ «Ես ճիշտ եմ, և ես գերադասում եմ լինել ճիշտ՝ միայնակ, քան թե սխալվել ո՛չ միայն իմաստունների, այլև ողջ աշխարհի հետ»։

Ես ամենը չէ, Սեղբետրիոս, որ գիտեմ նրա ուսմունքից, քանի որ, ինքդ տեղյակ ես, Իտալիայում նրա գրքերն արգելված են։ Անգամ նրա հարցաքննությունների արձանագրություններն են փակի տակ պահվում ինկվիզիտորական բաժանմունքի զնդանում, և միայն կարդինալներն իրավունք ունեն ծանոթանալ դրանց։ Ահա թե ինչու բազմությանը մոլորեցնում են՝ ներկայացնելով նրան որպես անուղղելի հերետիկոսի, նրան վերագրելով ամեն տեսակ հիմարություններ։ Ա՛յ, եթե նա հրաժարվեր իր մտքերից, այդժամ կհրապարակվեր նրա ուսմունքը՝ արդեն ճանաչված որպես կեղծ։

Լուիջին դադարեց խոսել և շարունակ գլուխն օրորում էր դառնությամբ։ Սեղբետրիոսը համրացել էր արձանի պես։ Ապա ասաց.

— Դու հավատու՞մ ես, թե նա կարող է կրկնել Քրիստոսի հրաշքները...

— Ես գիտեմ միայն, որ նա խնդրում է Աստծուն, և ամպերը պատռվում են։ Նա սևեռվում է որևէ իրի կամ մարդու մասին մտածելու վրա, և տեսնում է, թե որտեղ են դրանք և ինչ վիճակում։ Նա երազում ստանում է իրեն հուզած հարցի պատասխանը, նա կառավարում է երազները ու նաև, ցանկության դեպքում, մարդկանց։ Թե նա ուրիշ ինչ զորություն ունի՝ գաղտնիք է ամենքի համար։ Հա, նա ամեն մետաղ ոսկու է վերածում, և գաղտնիքն այդ չի բացում տերտերներին։

— Ինչպե՞ս է նա դա անում։

— Աստծո զորությամբ, Սեղբետրիոս։ Ավելին իմանալը մեր խելքի բանը չէ, և հետո, բոլորը չէ, որ պիտի խորանան Աստծո էության մեջ. դա ընտրյալների շնորհն է, և ամբոխին էլ կարիք չկա հարկադրելու որևիցե մի գաղափար դրա վերաբերյալ. Աստված եթե դյուրըմբռնելի լիներ ամենքի համար, ա՛յլ անուն կունենար։

— Եթե նա կարող է կառավարել մարդկանց մտքերը, ինչու՞ այդ դեպքում չի փրկում իրեն,— հարցրեց Սեղբետրիոսը։

— Նա վաղուց փրկված է, եղբայր իմ, այդ մե՛նք պիտի խորհենք մեր փրկության մասին...

Սեղբետրիոսն այդ միջոցին նկատեց Մակոյի ճեր-մակ մռութիկը գորշ խոռոչի մեջ և եղբոր խոսքերը մտաբերելով՝ նայում էր նրան թախանձոտ հմայությամբ, որ-պեսզի նա չհեռանար հանկարծ։ Բայց Մակոն, որ իմացել էր հարկ եղածը, ետ քաշվեց խոռոչի մեջ, բացարձակապես չմտահոգվելով, որ իր այդ քայլով վերջ է դնում սույն գլխին։

Գլուխ չորրորդ։ Արխիվում

Գիտության սիրահարնե՜ր, ի՞նչ եք մորմոքում,
Ձեր ինչի՞ն է պետք՝ իմանալ օրենքը տիեզերքի,
Եվ թե կա՞ արդյոք աստղային ոլորտում հող, կրակ կամ ծով.
Սրբազան էշությունը՝ տգիտության մեջ երանելի,
Ծնկի եկած, խոնարհումը հայացքի մեջ,
Աստծո ողջույնին է սպասում աղոթքով հեզ։

Ջորդանո Բրունո

... Մակոն ետ քաշվեց խոռոչը և անշտապ առաջացավ խավարի միջով։ Առժամանակ նա ոչ մի տեղ չէր երևում, ապա լույս աշխարհ եկավ պալատական եկեղեցում։ Բայց նրա նպատակը կարծես թե դա չէր. անցավ կարդինալական դահլիճ, որն այդ պահին բազմամարդ էր։ Ճոխ վարագույրներով կիսածածկված անչափելի մի սրբապատկեր կրող պատի տակ ցածրիկ մի բեմ տեսավ նա, որի վրա թասակավոր կարդինալներ էին խմբված։ Նրանցից աջ սրածայր ու բարձր գլխանոցով երեք վանականներ էին, որ տարբերվում էին նաև զգեստներով. նրանք հավանաբար եկվորներ էին։ Նրանց բոլորի կենտրոնում Պապն էր, որ ափը պահել էր իր առջև ծնկի եկած, անչափ երկար, բեմի կեսն ու դեռ դահլիճի ստվար մի մասն էլ ծածկող թիկնոց կրող ազնվազարմ տիկնոջ գլխին։

Պապը երգում էր, ցածրաձայն, ասես ինքն իր համար։ Երկու կողմերից նույնագույն, կարճ թիկնոց կրող մերկասրունք տղեկներ էին փետրե հովհարով զով բերում տիկնոջը։ Նրա թիկունքում ձախ ուսերին կարմիր կիսաթիկնոց գցած մի քանի տղամարդ էին կանգնած, ապա բարձր ու կիսաբոլորաձև օձիք կրող անհաշիվ տիկնայք, որ այս ու այնտեղ փոքր խմբեր կազմած՝ շշուկով զրուցում էին։

Առյուծի մի ձագ էր ծույլ հորանջում հատակին փռված նուրբ գորգերի վրա։

Մակոն օդում ճախրող երկու հրեշտակ տեսավ նրանց բոլորի գլխավերևում։

Վարագույրների տակով, որպեսզի չնկատվեր, Մակոն դուրս եկավ դահլիճից և շատ չանցած հայտնվեց ինկվիզիտորների բաժանմունքում։ Նա հատեց լայն մի սրահ, ուր սովորաբար նստում էին գրագիրները, իսկ մեղադրյալները սպասում էին դատին, դատապարտվածները՝ դատավճռին. թագադրության առիթով սրահն այդ օրը դատարկ էր։

Մակոն մագլցեց կաղնեփայտե դռան վրա և առյուծի երախի տեսքով անցքից, որով գրություններ էին փոխանցվում, անցավ հաջորդ՝ երեք ինկվիզիտորների սենյակը, որի թիկունքում հանգստարանն էր. հարևանությամբ մի քանի խորշեր էին, ուր պահվում էր արխիվը։

Խորշերից մեկից մի դուռ էր բացվում, որ տանում էր միանգամից երեք ուղղությամբ՝ զնդան, գետնահարկ և տանիք։ Այս վերջինում սովորաբար շոգից խաշվում էին դատապարտվածները։ Դա այնքան էլ դաժան պատիժ չէր և կիրառվում էր անկարևոր հանցագործների հանդեպ։

Մակոն իջավ զնդան։ Այն մնացյալ աշխարհից բաժանված էր մետաղացանցե ամուր կողպված դռնով. հեշտությամբ անցնելով ճաղերի միջով՝ Մակոն, աստիճաններից թրմփթրմփալով, ի վերջո հայտնվեց հողեհատակ մի խցում։

Օդը գաղջ էր, ու դա ոչ միայն օդաքարշի նեղությունից էր. չորացող արյան հոտն էր միախառնվել խոնավությանը, մարդկային մարմնի մանր կտորտանքներ էին նեխում տանջանքի գործիքներին կպած։

Մակոն չնայեց գործիքների կողմը. նա բանտային իր ութ տարիների ընթացքում ամեն զազիր տանջանք տեսել էր, և դրանց տեսքն աղիողորմ ճիչեր էր հրահրում նրա ունկերում։ Նա տեսել էր, թե դահիճներն ինչպես են մարդկանց հարյուրներով խեղդում ջրավազաններում, այրում աչքերը, սովի մատնում, նստեցնում ալմաստե նիզակով վերջացող կարճ ցցի վրա, շիկացած աքցանով պոկոտում մսերն ու վերքերի վրա հալած արճիճ լցնում, ունելիով դուրս քաշում լեզուն և սեղմում ուժգին, որը հետո ուռում էր այնքան, որ չէր տեղավորվում բերանում, մտրակահարում, այրում ոտնատակերը, մազերն ու գլուխը, նետում քաղցած գայլերով լի փոսը, սեպ խրում ծնկների մեջ, վերջույթներն ու գլուխը ճզմում գելարանով...

Մակոն շուրջը նայեց և միակ սեղանի վրա թարմ գրոտված մի քանի մագաղաթագալար տեսավ, որ բացվել ու կախվել էին մինչև հատակ։ Նա վարից մի պահ նայեց դրանց և կամենում էր շարունակել ճամփան, բայց ներքին մի մղում նրա միջից հանեց շարժվելու ունակությունը։ Նա հայացքը հառեց մագաղաթագալարներից մեկին այնպիսի կեցվածքով, ասես եկել էր անգիր անելու գրվածը։

Իսկ այնտեղ գրված էր.

«Չկան այնպիսի դաժան միջոցներ, որոնց առջև եկեղեցական արդարադատությունը ընկրկի, երբ հարկավոր է ոչնչացնել հերետիկոսությունը։ Մենք բանադրում ենք բոլոր հերետիկոսներին, ինչպես էլ որ նրանք իրենց անվանեն։

Մենք կոչնչացնենք այդ զազրելի աղանդավորներին հավիտենական նզովքով. մենք հավիտենական տառապանքի ենք դատապարտում նրանց, ովքեր այդ անհավատներին օթևան կամ օգնություն կտրամադրեն, ովքեր կհամարձակվեն նրանց անվանել «կատարյալ հավատացյալներ»։ Մենք հրամայում ենք՝ բոլոր հոգևորականներին, ում կմերկացնեն հերետիկոսներին օգնելու մեջ, զրկել եկեղեցական կոչումից և հանձնել աշխարհիկ արդարադատությանը։ Իսկ եթե դրանք աշխարհականներ լինեն, հրամայում ենք դատապարտել ամենասոսկալի խոշտանգումների՝ փորձության ենթարկելով կրակի, երկաթի, մտրակահարության և ողջակիզելու միջոցով։

Այն քաղաքները, որ կհամարձակվեն ընդդիմանալ մեր հրամաններին կամ չեն կատարի հերետիկոսներին հալածելու իրենց պարտականությունը, կզրկվեն մյուս քաղաքների հետ հարաբերություններ պահպանելու իրավունքից և կկորցնեն իրենց տարակարգն ու արտոնությունները. քաղաքացիները կբանադրվեն, հավիտենապես սրբապիղծ կմնան, ընդմիշտ կզրկվեն ազնիվ արհեստով զբաղվելու իրավունքից։ Բոլոր հավատացյալներին իրավունք է տրվում նրանց սպանել, տիրանալ նրանց գույքին կամ ստրկացնել նրանց։

Իտալացիներին, անկախ նրանց դասային պատկանելությունից ու աստիճանից, արգելվում է ապրել այն երկրներում, որտեղ կաթոլիկ քահանաներ չկան, ինչպես և այնտեղ, ուր կաթոլիկ ժամասացություն չկա։ Արգելվում է ամուսնանալ հերետիկոս կանանց հետ, բուժվել բողոքական բժշկի մոտ։ Կաթոլիկ բժշկին թույլ չի տրվում բուժել Ռեֆորմացիայի կողմնակիցներին, իսկական քրիստոնյայի համար ավելի լավ է անէանալ, քան երկրային կյանքը պահպանել հերետիկոսի օժանդակությամբ, իսկ հիվանդ բողոքականի մասին պետք է հոգալ ոչ ավելի, քան քոսոտ շան մասին»...

Մակոն մոտ գնաց մեկ այլ մագաղաթի։

«... Հարցաքննող. Ֆելիպե Նոլացի, քեզ հետ նույն խցում ապրած Ռիչյարդոն պնդում է, որ դու նրան քանիցս ասել ես, թե Տիեզերքն անեզր է»։

«Հարցաքննվող. Իմ գրքերում կարող եք կարդալ, որ ես պնդում եմ, թե Տիեզերքն անսահման է, այսինքն՝ արգասիք է անսահման աստվածային հզորության։ Քանզի ես գտնում եմ, որ աստվածային հզորությանը հարիր չէ՝ ունենալով հնարավորություն այս մեր աշխարհից զատ ստեղծելու այլ և անսահման թվով աշխարհներ, ստեղծել սահմանափակ աշխարհ։ Ես գտնում եմ, որ կան անհաշիվ այլ աշխարհներ ևս, նման երկրին մեր, որին ես, Պյութագորասի պես, համարում եմ լուսատու, որպիսին լուսինն է, մոլորակները, աստղերը, որոնք անթիվ են։ Դրանք բոլորն աշխարհի էությունն են, կազմում են անսահման համախումբ անեզր տարածության մեջ, կոչվում են անսահման Տիեզերք, որում կան անհամար աշխարհներ։

Այդ Տիեզերքում ես ենթադրում եմ համընդհանուր նախախնամություն, որի շնորհիվ ամեն ինչ ապրում է, աճում, շարժվում և կատարյալ դառնում աշխարհի մեջ։ Այդ Տիեզերքը գտնվում է աշխարհի մեջ այնպես, ինչպես հոգին՝ մարմնի մեջ։ Ամենը՝ ամենի մեջ, և դա ես անվանում եմ աստվածության բնույթը, ստվերը։ Դա ես հասկանում եմ նաև այսպես՝ Աստված իր էությամբ, ներկայությամբ և հզորությամբ անիմանալի ձևով գտնվում է ամեն ինչի մեջ և ամեն ինչի վրա. ո՛չ որպես մաս, ո՛չ որպես հոգի, բայց անբացատրելի մի կերպով։

Ես գտնում եմ, որ այս աշխարհը և աշխարհները, և աշխարհների միավորումները ծնվում են և ոչնչանում։ Մեր այս երկիրը, որ ունի սկիզբ, կարող է ունենալ և ավարտ, նման այլ լուսատուներին, որոնք հանդիսանում են այսպիսի մի աշխարհ, գուցե թե ավելի լավը կամ վատը, քան մերը։ Նրանք բոլորը ծնվում են և մեռնում, ինչպես հակադիր սկիզբներից բաղկացած ամեն էակ։ Այսպիսին է իմ կարծիքը համընդհանուր և մասնակի արարումի մասին, և ես գտնում եմ, որ նրանք իրենց ողջ կեցությամբ կախված են Աստծուց։

Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր այդպիսի աշխարհում կան անհրաժեշտ չորս տարրեր, ինչպես և երկրի վրա, կան ծովեր, գետեր, սարեր, անդունդներ, հուր, կենդանիներ և բույսեր։ Ինչ վերաբերում է մարդկանց, այսինքն՝ բանական արարածներին, ապա ես թողնում եմ դատել այդ մասին նրանց, ովքեր ուզում են այդպես անվանել։ Բայց հարկավոր է ենթադրել, որ այնտեղ կան բանական արարածներ։ Ես գտնում եմ, որ անհեթեթություն է՝ կարծել, թե չեն կարող գոյություն ունենալ այլ էակներ, բանականության այլ տեսակներ՝ բացի նրանցից, որոնց հասու են մեր զգայարանները»։

«Հարցաքննող. Իսկ նրանց մարմինը մահկանացու՞ է մեր մարմնի նման, թե՞ ոչ»։

«Հարցաքննվող. Գիտությունը ոչինչ չի ասում այդ մասին։ Նոր կտակարանի րաբբիները և սրբերը հավատում էին, որ Աստծո ողորմածությամբ կան անմահ արարածներ։ Այդ նրա՛նց նկատի ունեն, երբ խոսում են ապրողների երկրի և երանելիների վայրի մասին («Հավատում եմ, որ կտեսնեմ Աստծո ողորմածությունը ողջերի երկրում»), որտեղից ծագում են հրեշտակները լույսի և կրակի տեսքով։ Այսպես էր մեկնում սուրբ Բարսեղին հետևյալ խոսքը՝ «Դու ոգիներ ես արարում քո հրեշտակներով, և սպասավորներով քո՝ կրակը կիզիչ»՝ ենթադրելով, որ հրեշտակները մարմնական են։

Սուրբ Թովմասն ասում էր, թե հավատքի հարց չէ ամենևին՝ հրեշտակները մարմնակա՞ն են, թե՞ ոչ։ Ելնելով այս ամենից՝ ես համարում եմ ինձ համար թույլատրելի այն միտքը, թե այդ աշխարհներում կան բանական էակներ՝ ողջ և անմահ, որոնց այս ամենի շնորհիվ ավելի շուտ կարելի է հրեշտակ համարել, քան մարդ։ Ինչպես փիլիսոփա-պլատոնականները, այդպես էլ քրիստոնեական աստվածաբանները, որ դաստիարակվել են Պլատոնի ուսմունքով, որոշարկում են նրանց որպես բանական, անմահ էակներ՝ խստորեն տարբերվող մարդկանցից»։

«Հարցաքննող. Իսկ նրանք սնվու՞մ են»։

«Հարցաքննվող. Չի բացառվում, որ նրանք սնվում են կենդանիների նման՝ համապատասխան իրենց բնույթին։ Բայց եթե նրանք չեն մեռնում, գուցե թե նաև չեն բազմանում»։

«Հարցաքննող. Տեսնու՞մ ես դու տարբերություն այն բանում, որ այս աշխարհի կենդանի արարածները մահկանացու են, իսկ այլ աշխարհների ապրողները՝ ոչ»։

«Հարցաքննվող. Ես ելնում եմ Սուրբ գրքի հեղինակությունից, որը մահկանացուներին չի տեղադրում երկնքում և այս աշխարհի շուրջը և խոսում է ապրողների երկրի մասին։ Բացի այդ, եթե չլիներ նախասկզբնական մեղքը, ապա այս երկրում ևս կլինեին անմահությամբ օժտված բանական արարածներ՝ մարդու տեսքով, ովքեր սնվող կլինեին։ Եվ այդ անմահության պատճառը բնույթի մեջ չէր լինելու (քանզի այդ էությունները բաղկացած էին լինելու հակադիր էլեմենտներից), այլ՝ Աստծո ողորմածության. Աստված անմահ ստեղծեց մեր նախահորը, որը սնվելով կենաց ծառից, ուներ հնարավորություն՝ ոչ միայն կերակրվել, այլև վերականգնել իր ողջ էությունը և ամբողջությամբ պահպանել բնական տարրերը և սկիզբը»։

Խոսակցության և քայլերի ձայներ հասան այդ պահին Մակոյին։ Փախչելու պատրաստ՝ նա լարեց լսողությունը, բայց ձայները հեռանալով՝ մարեցին։

«Հարցաքննող. Դու ասել ե՞ս, թե Տիեզերքը անսահման է և անվերջ»։

«Հարցաքննվող. Կա սոսկ մի սահման ամենուր՝ դա ճանաչողության սահմանն է, որ հորիզոնի նման ետ է քաշվում, երբ մարդը հասնում է իմացության նոր բարձունքի։ Ինչ վերաբերում է Տիեզերքին, ապա այն միակն է, անսահման, անշարժ, միակն է բացարձակ հնարավորությունը, միակն է իրականությունը, միակն է ձևը, հոգին, միակն է մատերիան կամ մարմինը։ Այն ոչ մի կերպ ըմբռնել հնարավոր չէ և այդ պատճառով անհաշվելի է և անսահման, այդպիսով՝ նաև անվերջ է, անեզր, և հետևաբար՝ անշարժ է։ Այն չի շարժվում տարածության մեջ, քանի որ չկա ոչինչ իրենից դուրս, ուր կարելի լիներ տեղափոխվել. նա ինքը ամեն ինչն է։ Այն չի ծնվում, քանի որ չկա այլ կեցություն, որն ինքը ցանկանար և սպասեր. այսինքն՝ նա ունի բոլոր կեցությունները։ Այն չի ոչնչանում, քանի որ չկա մեկ այլ վիճակ, որին նա ձևափոխվի, քանի որ ինքը հանդիսանում է ամենը։ Այն չի կարող փոքրանալ կամ մեծանալ, քանի որ նա ինքը անսահման է։

Ինչպես ոչինչ հնարավոր չէ ավելացնել նրան, այնպես էլ ոչինչ հնարավոր չէ վերցնել նրանից, քանի որ անսահմանը չունի մաս։ Բացի այդ, քանի որ իր կեցության մեջ պարունակում է բոլոր հակադրությունները միասնության և համաձայնության մեջ՝ չի կարող ունենալ նոր կեցության հակում. այն չի կարող ենթարկվել որևէ հատկանիշի փոփոխության և չի կարող ունենալ ոչինչ հակադրվող կամ տարբերվող իր փոփոխության պատճառ որպես»։

«Հարցաքննող. Եվ դու ասե՞լ ես, թե ժամանակը նույնը չէ ամենքի համար»։

«Հարցաքննվող. Չի կարող լինել այնպիսի մի ժամանակ, որը լինի որպես չափ բոլոր շարժումների համար։ Ամբողջի համար տևողությունը մեկ է, բայց առանձին մարմինների հատուկ է ժամանակի տարբեր տևողություն։ Ժամանակն արագ է հոսում այն մարմինների համար, որոնք շարժվում են արագ»։

«Հարցաքննող. Ճի՞շտ է, որ Օքսֆորդում ընդդիմացել ես Պետրոս Լոմբարդացուն, ով ասում էր. «Ճիշտ այնպես, ինչպես մարդն է ստեղծված Աստծո համար՝ ծառայելու նրան, այդպես էլ Տիեզերքն է ստեղծված մարդու համար, որ ծառայի նրան։ Դրա համար էլ մարդը տեղադրված է Տիեզերքի կենտրոնում, որ նա կարողանա ծառայել Աստծուն և նրա՛ն ևս կարողանան ծառայել»։

«Հարցաքննվող. Այլոց նման ես չեմ տարփողում անհատականությունը. ինձ համար անհատականությունն ամենևին վճռորոշը չէ և վերին էսթետիկա էլ չէ. ինձ գրավում է ավելի շուտ Տիեզերքի անսահմանության խորհուրդը, իսկ անհատականությունը տարրալուծված է համաշխարհային պանթեիզմի մեջ։

Եվ չկա աշխարհում կենտրոն, չկա վերև և ներքև, քանի որ չկա միասնական հաշվարկման կետ։ Եվ մարդն էլ ոչ թե աշխարհի կենտրոնն է, այլ սոսկ մի հյուլե, աննշմար փոշեհատիկ՝ տիեզերական անսահմանության մեջ»։

«Հարցաքննող. Դու մեղադրե՞լ ես սրբազան ինկվիզիցիային անարդարամտության մեջ»։

«Հարցաքննվող. Ես ընդամենը ասել եմ, որ եթե բնությունից հայտնի լիներ լույսի և խավարի տարբերությունը, ապա կվերանար կարծիքների հնուց եկող պայքարը, որում ողջ սերունդներ ձգտել են ոչնչացնել այլոց, ընդ որում՝ որոշ մարդիկ, ձեռքերը վեր կարկառելով, հայտարարել են, թե միայն իրենք են տիրապետում ճշմարտությանը և հավատում Աստծուն, ով արդեն, նրանց ներկայացմամբ, լինելով հայրը և հավերժական կյանք պարգևողը ոմանց՝ այլոց հանդեպ հանդես է գալիս որպես անողոք վրիժառու, հավերժական մահով պատժող դատավոր։ Այս պատճառով էլ մարդկային տարբեր ռասսաներ և խմբեր ունեն իրենց պաշտամունքները և ներկայացնում են իրենց առաջնահերթության սկզբունքը՝ առարկելով մնացյալին։ Սրանից էլ ծագում են պատերազմները և ավերվում են բնական կապերը։ Խաբեությամբ վեր բարձրացած մարդիկ հայտարարում են իրենց Աստծո առաքյալ և նրա կամքի արտահայտիչ, դրա համար էլ աշխարհը տառապում է անթիվ աղետներից, և կարելի է ասել, որ մարդը մարդու համար շատ ավելի վտանգավոր է, քան մնացյալ բոլոր գազանները։

Իմաստնությունն ու արդարությունն առաջին անգամ լքեցին երկիրն այն բանից հետո, երբ աղանդները սկսեցին տեսակետը վերածել եկամտի աղբյուրի։ Այդ ժամանակ սկսեցին խմբային տեսակետի համար պայքարել այնպես, ինչպես կպայքարեին իրենց կամ իրենց երեխաների կյանքի համար՝ պատրաստ լինելով անգամ հոշոտել թշնամուն։ Եվ անարգվում են կրոնն ու փիլիսոփայությունը, իսկ դրանց հետ՝ հանրապետությունը, պետությունը, կայսրությունները կայսրերի, նշանավոր մարդկանց և ժողովուրդների հետ տրվում են քաոսին և ոչնչանում»։

«Հարցաքննող. Ճի՞շտ է արդյոք, որ քեզ հետ նույն խցում ապրած Ռիչյարդոյին ասել ես, որ եթե գինի լիներ քեզ մոտ, ապա կխմեիր տղամարդու այն տեսակի կենացը, որն իր գլուխը կտրելու է տալիս, և դա նա չանել ոչ մի կերպ չի կարող...»։

«Հարցաքննվող. Ինչու՞ միայն այդ. ու նաև՝ այն խելագարների կենացը, ում մենախցերին հետո հուշատախտակ է փակցվելու»։

«Հարցաքննող. Դու ասե՞լ ես, թե Քրիստոսը հավերժական Աստծո որդին է, և ոչ՝ Աստծո հավերժական որդին...»։

«Հարցաքննվող. Դա Միգելո Սորվետի համոզմունքն էր, նրան հարյուր տարի առաջ եք այրել։ Այնպես որ՝ նման բան ես չեմ ասել։ Եվ հետո, ես դեռ Վենետիկի բանտում եմ ասել, որ Քրիտոսի անվան հետ կապված ամենը, որ ինձ է վերագրվում, Մոչենիգոյի հորինածն է։

Ես, այո, եղել է ժամանակ՝ տարակուսել եմ Քրիստոսի գոյության և արարման կերպի վերաբերյալ, քանի որ այն, ինչ գրված է Սուրբ գրքերում, դժվար համոզիչ է Աստծո շնորհած բանականությունն ունեցող մարդու համար (այլապես կարիք չէիք ունենա հարյուր հազարներին խոշտանգել)։ Եվ տարակուսումի այդպիսի մի պահի դիմեցի Աստծուն խնդրանքով. «Տեր իմ,— ասացի,— ընդունում եմ քո զորությունը, խոնարհվում քո մեծության առջև։ Դու՛ ես, որ կառավարում ես Տիեզերքը, պտտեցնում մոլորակները և շունչ հաղորդում ամենայն կենդանյաց։ Դու՛ ես ինձ տվել բանականություն և խորհելու կարողություն, որ կասկածով է լցրել ահա սիրտս։ Ների՛ր ինձ կասկածներիս համար և ցու՛յց տուր ինձ, աղերսում եմ, խոսքով, ձևով և կամ նշանով ճշմարիտ իրականությունը։ Օգնի՛ր ինձ՝ կողմնորոշվելու, թույլ մի՛ տուր, որ չարը բանականության հետ միախառնվելով՝ տանի ինձ մոլորության»։

Եվ ինչու՞ ես դիմեցի Աստծուն այսպիսի խնդրանքով։ Որովհետև ինձ տեսիլ էր երևացել. ես կանգնած էի մի ընդարձակ տարածության մեջ, և իմ մի կողմում կարմիր քարից մարդահասակ պարիսպ էր։ Այն ցնցվում էր, ճաքեր տալիս, ասես մյուս կողմից հարվածում էին հարյուր բաբանով։ Ինձ հուշեցին, որ պատից անդին չարն է, և այդ չա՛րն էր կամենում խորտակել պարիսպը՝ կլանելու համար ինձ։

Անվերջ հարվածներից պատը է՛լ ավելի էր կարմրել ու շիկացել, և ինձ թվում էր, թե ուր որ է կփլվի այն, ու քարերը ցած կթափվեն դղիրդով։ Բայց... անտեսանելի, բայց և ահռելիորեն մեծ մի ձեռք պարսպին նեցուկ եղավ այս կողմից։ Դա Աստծո ձեռքն էր կամ թե նրա հրեշտակների։ Եվ պարզ դարձավ ինձ, որ երբեմն-երբեմն չարը գայթակղել է ինձ, ու իմ մտքերի ընթացքը տարել իրեն հաճո ուղղությամբ։

Ահա սա՛ էր իրական պատճառը խնդրանքիս։ Եվ ի պատասխան իմ աղերսի՝ ինձ երևաց Նա՝ Աստծո որդին, որ, ձեռքերը երկինք կարկառած ու լայն մի կերպասով ծածկված, երկրպագում էր Հորը։ Բայց Նա ա՛յն չէր, ինչ ներկայացված է գրքերում, ճիշտ այնպես, ինչպես ե՛ս այն չեմ, որպիսին ներկայացնում եք ինձ մարդկանց՝ ընդհանրապես, և մագաղաթի այդ կտորի վրա՝ այժմ, քանի որ իմ բոլոր մտքերը չէ, որ հասու են ձեզ և կամ կուզեիք տեսնել դրանք գրառված...

Ո՜հ, հոգնել եմ, տարե՛ք ինձ, հոգնել եմ խավարից, որ ձեր գլուխների մեջ է, որ գաղջ է ու ստվար՝ իմ զնդանի խավարից։

Տարե՛ք ինձ, խաչե՛ք, հոշոտե՛ք, այրե՛ք. հոգնել եմ ձեզանից. և վաղու՜ց, շա՜տ վաղուց ունկերիս մեջ արձագանքվում է իմ խարույկի համար հավաքվող ցախի խշշոցը... «և թող մոխիրն իմ պաղի մարմանդ...»։ Դուք, ի՞նչ է, սա չե՞ք գրում։

Միևնույնն է, նա, ով գալու է, կարդալու է նաև ձեր չգրածը...»։

«Հարցաքննող. Դու տարակուսե՞լ ես, որ հացը կարող է մարմին դառնալ»...

Մագաղաթն այդ հատվածում գետնին էր հպված ու դեպի ներս մի գալար էր տվել, այնպես, որ շարունակությունը չէր երևում։ Գալարից հետո կարդացվում էր.

«...Կոչում ենք, հայտարարում ենք, դատապարտում ենք քեզ, Ֆելիպե Նոլայից, չապաշխարած, համառ և անուղղելի հերետիկոս։ Այսուհետ դու ենթակա ես եկեղեցու բոլոր դատապարտումներին և պատիժներին՝ համաձայն սուրբ կանոնների, օրենքների և ավանդույթների, ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր, որ վերաբերում են նման անուղղելի, բացահայտ չզղջացած հերետիկոսներին։ Եվ որպես այդպիսին՝ մենք վտարում ենք քեզ վանական մեր շարքերից և հայտարարում, որ դու համաձայն մեր հրամանի և կամքի՝ զրկված ես բոլոր մեծ և փոքր եկեղեցական կոչումներից, և հեռացված ես մեր սուրբ և անբիծ եկեղեցուց, որի ողորմածությանը դու արժանի չգտնվեցիր։ Եվ հանձնում ենք քեզ, ահա, աշխարհիկ իշխանություններին. հանձնում ենք Հռոմի նահանգապետին, որ ներկա է այստեղ, որպեսզի նա պատժի քեզ արժանի պատժով, և համառորեն խնդրում ենք, որ հաճո լինի նրան մեղմել օրենքների դաժանությունը, և թող լինի այն առանց մահվան սպառնալիքի կամ անդամահատության։

Բացի այդ, բոլոր այն մտքերը, որ արտաբերել ես, գրքերը, որ գրել ես, որ պարունակում են իրենց մեջ բազում մոլորություններ, պախարակում ենք և արգելում որպես հերետիկոսական և սխալ։

Կարգադրում ենք, որ քո բոլոր գրվածքները, որոնք գտնվում են Սուրբ ծառայության ձեռքում և դեռ կհայտնաբերվեն՝ պատռվեն ու այրվեն սուրբ Պետրոսի հրապարակում։ Եվ թող լինի այնպես, ինչպես մենք կամեցանք։ Այս ամենը հայտարարում ենք մենք, գեներալ ինկվիզիտոր կարդինալներ...»։

Մակոն գլուխը ետ թեքեց մագաղաթից դեմքի այնպիսի արտահայտությամբ, ասես գրությունը եզրափակող անունների խումբը խորշանք էր առաջացնում նրա մեջ։

Գլուխ հինգերորդ։ Դավադրություն

Այն Աստվածը, որ երկիրն է շղթաներով ցնցում,
Դանայայի մոտ գնում է ոսկե անձրևով,
Լեդային նա կարապի տեսքով է հմայում,
Մնեմոզինին որսում է նա որպես հովիվ։
Որպես հրեշ՝ Պրոզերպինային է խաբում,
Կադմոսի քրոջը երևում որպես ցուլ.
Իմ ուղին այլ է՝ հենց մի՛տքս է գործում՝
Կենդանուց ես Աստված եմ դառնում։
Սիրուց Սատուրնը նժույգ էր, Նեպտունը՝ դելֆին,
Բաքոսը՝ որթ, Հայրն աստվածների՝ սիրամարգ,
Ապոլոնն է ագռավի փոխվել,
Մերկուրին՝ դարձել մի հովիվ,
Իսկ իմ ուղին հակառակն է՝
Սերն ինձ կենդանուց դարձնում է Աստված։

Ջորդանո Բրունո

Մակոն մութ խոռոչով վերադառնում էր բանտային խոհանոցից, երբ հանկարծ գետինը երերաց նրա ոտքի տակ։ Նա կծկվեց ու ահից գամվեց հատակին։ Այդ միջոցին գետինը փլվեց նրա տակ, ու նա ինքն էլ քարաբեկորիկների հետ կգահավիժեր ցած, եթե վերջին պահին չհասցներ ջղաձիգ մի ոստյունով առաջ նետվել։

Երկյուղը թոթափելով և շունչը տեղը բերելով՝ նա զգույշ քայլերով ետ եկավ ու իր գլխի մեծության մի բացվածք տեսավ, որից լույս էր հորդում։

Ամեն վայրկյան ետ ցատկելու պատրաստ՝ նա պտտվեց բացվածքի շուրջը և, ի վերջո, համարձակություն ունեցավ նայել ցած։ Իսկ այնտեղ աղյուսաշեն բուխարի և պատկերազարդ պատեր ունեցող մի սրահ էր՝ ողողված տասնյակ աշտանակների լույսով։ Աշտանակների ցոլքերն անդրադառնում էին մարմարե ողորկ հատակից, և Մակոյին դրանք անթիվ էին երևում։

Մի երգեհոն էր ելնում պատն ի վեր, անմիջապես Մակոյի ներքևում։ Եվ կաշեպատ ու երկար մի բազմոց կար, որի երկու կողմերում ասպետի ամբողջական զրահներ էին արձանացած։

Սրահի հեռավոր անկյունում ներս ընկած կամարաձև մի խորշ կար, ուր գրասեղանի մոտ սևասքեմ մի տղամարդ էր նստած։

Սրահն այնքան բարձր էր, որ մարդը Մակոյին փոք-րիկ մի արարած էր երևում։

Մակոն այստեղ երբեք չէր եղել։

Տղամարդը, որ թափված քարակտորների աղմուկից նայում էր ճիշտ Մակոյի ուղղությամբ, ելավ տեղից ու եկավ, կանգնեց բացվածքի տակ։

Մակոն նրանից երկյուղելու ոչինչ չուներ, քանի որ անհասանելի էր։

— Ճերմա՛կ սատանա,— մռլտաց տղամարդը,— մի օր ձեռքս կընկնես։

Ապա հատակից հավաքեց թափված քարերի կտորտանքները։

Երբ մոտենում էր գրասեղանին, դուռը թակեցին։

Հրավիրեց ներս մտնել ու հայացքը հառեց դեպի ելքը, որ խորշի հարևանությամբ էր։

Շեմքին հայտնվեց սքեմավոր մեկ այլ տղամարդ՝ ուսերին թիկնոց, գագաթին՝ միտրա։ Նրա դեմքին ֆրանսիական հիվանդության հետքեր էին։

— Բարի ողջու՛յն, մոնսենյո՛ր,— ասաց եկվորը զուսպ։

— Օ՜, գերապատի՛վ Բելարմինո,— ընդառաջ գնաց ներսում գտնվողը,— որպիսի՜ պատիվ և ի՞նչ նեղություն. ես ինքս էի պատրաստվում այցելել Ձեզ, միայն թե թղթերս էր հարկավոր կարգի բերել։

Նա ձեռքը պարզեց դեպի թղթերով ու գրքերով բեռնված գրասեղանը, ապա թույլ խոնարհումով հյուրին հրավիրեց բազմոցի կողմը։

Բելարմինոն հարմար տեղավորվեց բազմոցին, որ հեռու չէր գրասեղանից, ետ գցեց թիկնոցը, միտրան կախ տվեց ասպետի ձեռքից և ափով տրորեց քրտնած ճաղատը։

— Ի՞նչ նորություն ունենք, հա՛յր Հոնորիոս,— հարցրեց։

Հայր Հոնորիոսը նախ նրան նայեց այնպիսի հայացքով, ասես նստելու թույլտվություն էր հայցում, ապա, գրասեղանի վրայի թղթերը քրքրելով, ձեռքն առավ որոնածը։

— Հունձքն այսօր առատ էր, կարդինա՛լ. նա այսօր խոսել է ահագին, և իմ լրտեսն ահա թե ինչ է գրառել,— ասաց ու թուղթը մոտեցրեց աչքերին։

Արտառոց մի բան կատարվեց այդ պահին Մակոյի հետ. նա հանկարծ զգաց, թե ինչպես դուրս եկավ ինքն իր մեջից, ինչպես թողեց իր մարմինը խոռոչում՝ գլուխն ի վար կախ, իսկ ինքը՝ անկշիռ և անսահման, դանդաղ ընթացքով առաջ գնաց ու հայտնվեց հայր Հոնորիոսի թիկունքում։ Հետո նաև զգաց, որ կարող է եթերի մեջ լողալով՝ մոտենալ նաև կարդինալին՝ չնկատվելով պտտվել նրա շուրջը։

Իր նոր վիճակը զմայլանք էր բերում Մակոյին։

Հայր Հոնորիոսը թուղթը թեքեց մոտակա աշտանակի ուղղությամբ և կարդաց բարձրաձայն.

«... Այս գիշեր ես համոզվեցի վերջնականապես, որ երկիրը կլոր է, Մակո։ Ես ի՛նքս տեսա նրա գնդակեր-պությունը։ Քնած էի, թե՞ կիսարթուն՝ անկարող եմ ասել, բայց ինձ տեսա օրորվող մի սարքի մեջ, որ ասես լայն կառք լիներ։ Այն էլիպսաձև մի լուսամուտ ուներ, ես նայեցի դուրս և ի՞նչ. ես եթերում էի, ամպերից էլ վեր ու տեսա ինձնից ցած գետեր և սարեր, որ դանդաղ ընթացքով ետ էին գնում։ Եվ մի աղմուկ էր լսվում անվերջ, ու այն զգացողությունն ունեի, թե դա է այդ սարքի թռչելու աղբյուրը։

Ես կկարծեի, թե երազանքն ինձ այլ մի մոլորակ է տարել, բայց ցածում տեսա Վեզուվը՝ հստակ ուրվագծերով, Նեապոլի ծոցը՝ կտրտված այնպես, որպիսին կա իրականում։ Ես նայեցի հեռուն ու հորիզոնի գիծը դիտելով՝ պարզ երևաց երկրի կորությունը, որ չի նշմարվում գետնի վրայից։ Այն գու՛նդ է, Մակո, և ես տեսա՛ այն»...

Հայր Հոնորիոսը նայեց կարդինալի դեմքին։

— Տխմարություն,— արձագանքեց վերջինս,— հիմար հեքիաթ, արևելյան անհեթեթություն՝ մարդը երկնքու՜մ, թռչող ափսե՜...

— Թռչող գորգ,— ուղղեց նրան հայր Հոնորիոսը։

— Իսկ ես ի՞նչ ասացի... իսկապե՞ս, հա՜, հա՜,— կարդինալին արցունքաբեր քրքիջ համակեց, ապա աչքերը սրբելով՝ ասաց.— այս գործն այնքան երկարեց, որ ես էլ եմ սկսել խենթանալ...

Հայր Հոնորիոսը սպասեց, մինչև կարդինալը կդադարեր ցնցվել, ապա թուղթը կրկին մոտեցրեց աչքերին.

«Ոչ մի տեղ դատարկություն չկա։ Թվացյալ դատարկությունը լի է այնպիսի մատերիայով, որը մենք դեռ տեսնել ու շոշափել չենք կարող։ Եվ մատերիան որքան դժվար զգալի է, այնքան ավելի շատ բան կարելի է նրանից իմանալ»։

Կարդինալը կնճռոտեց դեմքը՝ ջանալով ըմբռնել լսածը։

«Հուրն է մատերիայի բարձրագույն վիճակը, և համաշխարհային հոգին է բնության ու Տիեզերքի սկիզբը»։

Այստեղ հայր Հոնորիոսը նայեց կարդինալի դեմքին և նրա աչքերը կլորացած գտավ։ Ու շարունակեց.

«Քրիստոսը եթե Աստծո որդի էր, ապա նրա խոսքերը մահկանացուները չէին կարող ամբողջությամբ հասկանալ, քանի որ Աստծո մտքերը մարդկային մտքեր չեն։ Այդ պատճառով էլ Աստված ոչ թե խոսում է մարդկանց հետ, այլ իր մտքերն առաջացնում է նրանց սրտի մեջ։ Եվ որքան էլ Աստծո որդին ջանար իր խոսքը պարզեցնել մարդկանց համար, Նա չէր կարող դա անել ամբողջությամբ, քանի որ կդադարեր ոչ-մարդ լինելուց։ «Ասում եմ ձեզ առակներով, քանի որ նայելով՝ չեք տեսնում, լսելով՝ չեք լսում և Աստծուն չեք հասկանում»,— դժգոհում էր, չէ՞ Նա։ Գրված է, չէ՞. «Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ»։ Իսկ երբ Պետրոսը խնդրեց նրան բացատրել կույրերի առակը, Նա զարմացած չասա՞ց նրան՝ «Դեռևս դու՞ք էլ անհասկացող եք»։ Իսկ մեկ այլ անգամ չասա՞ց աշակերտներին՝ «Մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ»։ Ու եթե Քրիստոսն ի՛նքն է տրտնջացել, որ իրեն չեն հասկանում, ապա այդ դեպքում ի՞նչ են վերապատմել մեզ նրա մտքերը չհասկացած աշակերտները։ Հետևաբար ա՛յն, ինչ գրված է Սուրբ գրքերում, իրականությունը չէ, այլ սոսկ մասն է իրականության՝ թյուրըմբռնված աշակերտների կողմից»։

Կարդինալին խոր լռություն համակեց, պահի լրջությունը հարկադրեց նրան ասպետից ետ առնել միտրան։ Եվ ուղղելով այն գագաթի վրա՝ ասաց զգուշավոր տոնով.

— Անհրաժեշտ միջոցներ ձեռք առնվա՞ծ են այս ամենը գաղտնի պահելու համար։

— Հարկա՛վ,— եղավ պատասխանը։

— Բայց մենք երկուսով չէ՞, որ գիտենք այս մասին։

— Հանգիստ եղեք, մոնսենյոր,— հայր Հոնորիոսը շոյեց տանզուրան՝ որպես ինքնախրախուսում ժրաջանության համար։— Նա, ով արել է այս գրառումը, տաճարից դուրս չգալու պայման ունի, բացի այդ, նրան երկար չի մնացել ապրելու։ Այսօր էլ, երբ բերեց իր այս գրառումը, ուշագնաց փլվեց հատակին։ Հազիվ դարձի բերեցի նրան, և նա ասաց, թե իր գլուխը սառեց միանգամից և մոռացավ իր գոյությունը։

Միևնույն է՝ լարվածությունն ամբողջությամբ չանէացավ կարդինալի հայացքից։ Հայր Հոնորիոսը, նաև հուսալով շեղել նրա միտքը, նորից ձեռքն առավ թուղթը։

«Ես տատանում չեմ ունեցել երբեք, Մակո, բայց և սպասում էի Աստծո նշանի։ Եվ այն եկավ։ Ինձ երևաց, թե ես երկնքում եմ, անչափ վերև, ամպերից էլ վեր։ Եվ հորիզոնը ողջ բռնված էր ճերմակ ամպակույտերով։ Ես տեսա՝ ինչպես ամպերի ուղիղ կենտրոնում ինչ-որ շարժում եղավ, ասես այդ մասում ամպերը դողդողացին, և մարդկային ձայն հասավ ինձ այդտեղից, որ ասում էր՝ «Այրվի՛ր»։

Դա ես լսում էի հմայությամբ, այդ հորդոր-հրամանը որևէ տագնապ չէր հարուցում իմ հոգում»։

Կարդինալն ափով տրորեց դեմքը, ասես այն պարուրված էր անտեսանելի սարդոստայնով։ Հետո ելավ տեղից ու անհանգիստ քայլեց սրահում՝ ձեռքերը կրծքին հավաքած։

— Ի՞նչ է ստացվում,— ասաց նա մտահոգ՝ ավելի շուտ ինքն իրեն, քան հայր Հոնորիոսին,— ողջակիզման սարսափը չի՞ դրդի նրան հրաժարվել իր մտքերից։ Ինչպե՞ս, ինչպե՞ս է դա հնարավոր... Հապա նրա գրքե՞րը, որ եկեղեցու թշնամիները տարածում են Եվրոպայում. եթե նա չհրաժարվի, ապա նրա մահը ճշմարտության պատրանք կտա իր գրվածքներին։

— Բայց մենք մեկ այլ խնդիր էլ ունենք, գերապատի՛վ Բելարմինո,— հայր Հոնորիոսը ընդհատեց նրա մտքերի մռայլ ընթացքը։

Կարդինալը մթագնած հայացքը դարձրեց նրան։

— Հայտնի են Ձեզ, մոնսենյոր, Ֆելիպեի հնարավորությունները, և նրա համար դժվարություն չի լինի հմայել քաղաքացիական դատավորներին։ Ու թե պատահի՝ նրան թեթև պատիժ տան կամ արդարացնեն՝ պատկերացնու՞մ եք մեր վիճակը։ ԵՎ ի՞նչ պատասխան կտանք մենք այդ դեպքում հռոմեական կուրիային։

— Հիմա՜ր վիճակ,— արտաբերեց Բելարմինոն տխրաձայն,— նրան ոչնչացնում ենք՝ պարտվում ենք, ազատ ենք արձակում՝ խայտառակությունն է անխուսափելի։

— Նախընտրելին, ինչ խոսք, առաջինն է, բայց, մոնսենյոր, դա էլ հեշտ իրականացնելի չէ. ես տեղյակ եմ, որ դատավորներից ոմանք թաքուն հիացմունք ունեն Ֆելիպեի հանդեպ, իսկ ահա դատավոր Սալանինին իր համար գլխավոր ասույթ է դարձրել նրա «Մարդկային կյանքի իմաստը ճշմարտության ճանաչողության և այդ ճշմարտության հաղթանակի համար մղվող պայքարի մեջ է» միտքը։

— Դատավորնե՜ր, դատավորնե՜ր,— Բելարմինոն ակամա շոյեց կարճ մորուքը։— Դու ճիշտ ես, հայր Հոնորիոս. մենք մի ելք ունենք միայն. հարկավոր է, որ քաղաքացիական դատարանը մահվան ուղարկի Ֆելիպեին։ Բայց ինչպե՞ս հաջողեցնել դա։

— Քանի որ դա միակ ելքն է, ուրեմն և տեղի կունենա. հանուն սրբազան ինկվիզիցիայի պատվի,— ասաց հայր Հոնորիոսը։

— Որտեղի՞ց այդ վստահությունը,— կարդինալը եկավ դեպի նա,— քաղաքացիական դատավորներն ազատ մարդիկ են և նրանց ձեռքը չի գնա ստորագրել Ֆելիպեի մահավճռի տակ։

— Ձեր ասածները, մոնսենյո՛ր, անշուշտ, ճշմարտություն են,— համաձայնեց հայր Հոնորիոսը և շարունակեց ցածրաձայն՝ ասես զգուշանում էր լսեին իրեն,― հենց այդպես էլ կլինի, եթե ազատություն տանք դատավորների խղճին։

Կարդինալը կարկամած նայեց հայր Հոնորիոսին՝ նրա շուրթերից փրկարար ելք լսելու հույսով։

— Մենք քանի՞ օր ունենք,— հարցրեց հայր Հոնորիոսը։

Կարդինալը մտքում ինչ-որ հաշվարկ արեց.

— Չորս։ Իսկ եթե թղթերը վաղը հանձնեն ավագանուն՝ հինգ։

— Կարելի՞ է, որ հենց այդպես էլ լինի։

Կարդինալը գլխի հավանության շարժում արեց։

Հայր Հոնորիոսն ափերն իրար շփեց, ու նրա աչքերից ճառագող լույսից կարդինալի դեմքը փայլեց։

— Հնար ունե՞ս,— հարցրեց կարդինալը շունչը պահած։

— Դեռ ոչ,— պատասխանեց հայր Հոնորիոսը,— ես դեռևս մտածում եմ։

Նա ինքնամոռաց պտտվեց կարդինալի շուրջը։

— Ես դեռևս մտածում եմ։ Իսկ մինչ այդ, մոնսենյոր,— նա նորեն հայտնվեց կարդինալի դիմաց,— ես պահուստային մի քայլ ունեմ։

Կարդինալն անհամբեր սպասումով նայեց նրա աչքերի մեջ։

Հայր Հոնորիոսը գզրոցից դուրս բերեց նամակների մի կապոց։

Կարդինալը մոտ գնաց սեղանին ու ձեռքն առավ նամակներից մեկը։

Մակոն հայտնվեց նրա թիկունքում։

Կարդինալը լուռ հայացքը սահեցրեց տողերի վրայով.

«Մենք մեր կյանքի կնոջը փնտրում ենք ապագայում, մինչդեռ նա, որպես կանոն, հայտնվում է անցյալից, մեր իսկ մեղքով ուշացած, ու անդիմանալի ցավ ենք ապրում նրա կողքով ժամանակին հիմարաբար անտարբեր անցած լինելու համար։

Փիլիսոփայական այս եզրակացությանը ես հանգեցի իմ կյանքում քո երկրորդ հայտնությունից հետո։

Երբ եկար, սիրտս դատարկ էր մեծ սիրուց։ Դա ինձ չէր անհանգստացնում, քանի որ կյանքի այլ, ավելի մեծ նպատակ էր ինձ զբաղեցնում։ Բայց և ճանաչելով ինքս ինձ, գիտեի, որ գոյություն ունի կամ կարող է գոյություն ունենալ կնոջ մի կերպար, որը բավական է հայտնվի ինձ, ու ես խելքահան կլինեմ անմոռացորեն։ Եվ զգուշանում էի այդ մեծ սիրուց, քանի որ այն կարող էր շեղել ինձ նպատակներիս իրականացումից։

Բայց որ այդ կինը դու՛ կլինեիր՝ պատկերացնել անգամ չէի կարող...

Լույսն ինձ համար բացվում է քեզնով, և հայացքիս դեմ տարածվում է քո աննյութ պատկերը, որ չի լքում ինձ մինչ աղապատանք։ Իմ օրը, ժամերը, ակնթարթներն ամբողջությամբ լցված են քեզնով, ես քեզ անվերջ հիշում եմ...

Ես քեզ հատկապես հիշում եմ, երբ անձրևում է, և օդում լուծված խոնավության հետ դու թափանցում ես իմ մարմին։ Չէ, ես քեզ ամենևին չեմ տենչում, քեզ չեմ ուզում. գռեհիկ է հնչում՝ ուզե՛լ։ Ես քեզ ուղղակի անձրևի հետ վայելում եմ մարմնիս և հոգուս բոլոր մասնիկներով, իսկ դա վեր է մարմնական ամեն հաճույքից, որ ստեղծել է Աստված ամենայն կենդանյաց համար։

Ես քեզ հատկապես հիշում եմ, երբ անձրևում է, և այդպիսի մի օր, երբ հոգիս կրկին պարուրված էր քո աննյութ էությամբ, ինձ թվաց, թե հայտնագործեցի սիրո բանաձևը. սերը ոչ այնքան հոգու զգացողություն է, որքան բույրի ընկալում. բույր, որ խորհրդանշում է քեզ։ Եթերն ամենուր օծված է այդ բույրով, և դա ես զգում եմ ռունգերով։ Այդ բույրը լուծված է նաև իմ արյան մեջ, հորդում է իմ երակներով, ու իմ մարմնից էլ եմ առնում քո բույրը, և փախչել անկարող եմ քեզանից, թեև չեմ էլ ուզում...

Բոլոր կանանց դեմքերին ես քո դիմագծերն եմ որոնում...

Կարող է քեզ տարօրինակ թվալ, բայց գրությունն այս ամենևին գայթակղեցնելու անթաքույց կամ քողարկված հույսեր չի փայփայում։ Չի փայփայում, քանի որ ես վաղուց թողել եմ այն տարիքը, երբ վայելումի տենչն է իմաստավորում կյանքը. հիմա ապրելու իմաստի փիլիսոփայությունն է ինձ զբաղեցնում, և սիրված լինելն ամենևին որոշիչը չէ ինձ համար։

Իսկ հիմա՝ քեզանից ոչինչ չակնկալելու գլխավոր հանգամանքի մասին։

Ես, իրավ, ոչինչ չեմ ակնկալում, քանի որ ստացել եմ քեզանից ավելին, քան կարող ես տալ իրականում։ Ինչպե՞ս։ Թանձրամիտ ու տարտամ այս աշխարհից զատ, ուր նեղվածք է սոսկալի ու կեղտոտված՝ մանր կրքերից, ես ունեմ նաև Անմարմինության իմ աշխարհը, ուր լինում են ինձ հետ միայն նրանք, ում ե՛ս եմ թույլ տալիս։

Եվ երբ ցանկանում է սիրտս՝ փոխադրում եմ քեզ այս իրականությունից Անմարմինության իմ այդ աշխարհը։ Դու գալիս, կանգնում ես աննյութ ու մութ պատի տակ, նվաղուն և անդիմադիր, ես պարզում եմ քո ձեռքերը կողքուվեր, հանգուցում մատերս քո մատերի մեջ, հպվում քեզ և համբուրում քո շուրթերը, աչքերը, ճակատը, բերանի անկյունները։ Դու չես շարժվում, քո ոչ մի մկան չի դողում, ասես կարիատուհի լինես, բայց և լսում եմ քո էությունը լցնող սիրո կարկաչյունը։

Ես համբուրում եմ քո պարանոցը, ընդգծված անրոսկրերը, որոնք խելքահան են արել ինձ։

Ու սահում են ափերս մարմնիդ ուրվագծով, մատներս շոշափում են ստեղնաշար կողերը քո՝ ասես նվագում եմ ես դրանց վրա, և եթերը լցվում է երկնային թովիչ մեղեդիով, որ լսում ենք միայն երկուսով։

Ու կորցնում եմ ես մարմնիս սահմանների զգացողությունը, դու ևս, ու անշշուկ միախառնվում ենք՝ որպես մեգի զույգ քուլաներ... Դառնում ենք մենք երկուսով ամբողջացված մի էություն ու դադարում այլևս լինել Աստծո կողմից կիսատված մարդ. ես չեմ հասկանում այլևս, թե որտեղ եմ ավարտվում ինքս և որտեղ ես սկսվում դու, քանի որ մենք երկուսով մեկն ենք, դու՝ ես եմ, ես՝ դու, և այդժամ մենք Աստվածն ենք։

Ու չունենք մենք միմյանց զգալու սովորական մարդկանց հատուկ բարդությունը, քանի որ քո սիրտն իմ սիրտն է, և դու հասկանում ես ինձ առանց թարգմանի, ես՝ նմանապես...

Եվ լողում ենք մենք դելֆինների հանդարտությամբ եթերի մեջ անուշաբույր, հետզհետե տարրալուծվելով և անէանալով Աստծո անսահմանության մեջ։ Սա է երանության գագաթնակետը՝ անհասանելի երկրային կյանքում և անպատմելի մարդկային լեզվով...

Անմարմինության իմ աշխարհից վերադառնալով իրական կյանք՝ առաջին զգացողությունը, որ ունենում եմ, երախտապարտությունն է քո հանդեպ՝ քո գոյությամբ ինձ երանություն պարգևելու համար, և տենչում եմ դառնալ պահապան ոգի ու մեգի նման պարուրել քեզ՝ պաշտպանելու համար ամենուր դժվարություններից, դժբախտությունից, անառողջ հույզերից, որպեսզի չխախտվի երբեք քեզ անչափ սազող կենսախինդությունդ և մտահոգության կնճիռ չակոսի քո լուսե երեսը, որն անհագորեն կրկին համբուրել ցանկացա այս պահին։

Ես երախտապարտ եմ, որ դու կաս այս աշխարհում և որ շնորհիվ քո գոյության ես առնչվում եմ աստվածային վեհ մի զգացողության, որ կոչվում է Սեր։

Հ.Գ. Պահիր այս գրությունը հեռու մի անկյունում։ Ու թե պատահի՝ օրերից մի օր կարդալուց հետո կոկորդդ սեղմվի հանկարծահաս հուզումից ու աչքերիդ մեջ արցունք շողա՝ իմացիր այդժամ, որ դու արդեն հասունացել ես՝ որպես ԿԻՆ։ Այդ ժամանակ կհարցնես ինքդ քեզ. իսկ գուցե դա Մեծ Սե՞ր էր, որ եկավ-անցավ իմ կողքով։ Կհարցնես, սակայն ուշ կլինի։ Կտխրես, բայց և հասու կլինես արդեն՝ ըմբռնելու, որ կարևորն ուշ կամ շուտ լինելը չէ ամենևին կնոջ համար՝ դա մանրուք է կյանքի ահռելիության հանդեպ. կարևորը Մեծ Սեր հարուցելու արժանիքներ ունենալն է, որով աներկբայորեն օժտված ես դու, ինչի համար էլ փառաբանում եմ ես Աստծուն։

Ֆելիպե, 10 փետրվար, 1588թ. ՔԾ»։

Կարդինալը դժկամ ակնածանքով գրությունը դրեց սեղանին և ընթերցումի տպավորությունն արագ թոթափելու ձգտումով քայլեց սրահում։

— Անսպասելի էր,— ասաց,— կարծել էի, թե նա ժուժկալ, իր հիմար մոլորություններին տրված մարդ է, ում սիրտն Աստծո կամքով փակ է նուրբ զգացողությունների համար։ Ես գիտեի սոսկ, որ նա ասել է, թե «Միայն իսկապես ստոր, կոպիտ ու կեղտոտ մտադրություն ունեցողը կարող է մշտապես զբաղեցնել ինքն իրեն և իր քննախույզ միտքն ուղղել կանացի մարմնի գեղեցկության վրա», և կամ՝ «Կինը սոսկ միջոց է տղամարդու համար՝ առնչվելու տիեզերքին, թեև դա առնչության մաքուր եղանակ չէ»։ Անսպասելի էր, քանզի նա պնդում էր, թե մի սեր է ճանաչում՝ աստվածային սերը դեպի ճշմարտությունը։

— Ուրեմն նա այստեղ էլ է մոլորեցնում մարդկանց,— արձանագրեց հայր Հոնորիոսը և շարունակեց կարճ դադարից հետո,— նրանք միմյանց դեռ Նեապոլից գիտեն։ Նա երկու դուստր ունի։ Ամուսնուն կորցնելուց հետո նա եղել է Ֆրանսիայում, ուր և հանդիպել են։

— Եվ ի՞նչ ես մտադիր անել։

— Ես ասացի, մոնսենյո՛ր, որ նա երկու դուստր ունի։ Նրա աղջիկները հիմա կանանց զնդանում են, որպես կալվինուհիներ։ Նա հիմա Հռոմի ճանապարհին է, ու երբ տեղ հասնի, կգնա Ֆելիպեի մոտ, որպես իր դուստրերի փրկչի։

— Վատ չի մտածված,— կարդինալը մտերմիկ շոյեց հայր Հոնորիոսի ուսը, գոհունակություն ճառագող մի հյացքով նայեց նրան և ուղղեց թիկնոցը։

Հայր Հոնորիոսը կռահեց, որ նա կամենում է գնալ։ Եվ ասաց.

— Բայց ես դեռ ամենը չհայտնեցի, մոնսենյոր։

Կարդինալը, որ հասել էր դռների մոտ, շրջվեց դեպի հայր Հոնորիոսը։

— Այս գիշեր Ֆելիպեն իր մոտ է հրավիրել նրա խոսքերին հետևող լրտեսին։

Կարդինալի դեմքը քարացավ անսպասելի լուրից։

Հայր Հոնորիոսը թույլ չտվեց նրան երկար մնալ այդ վիճակում։

— Նա իր խցից կանչել է, թե գիտի, որ պատի մյուս կողմում մարդ կա, անգամ անունն է տվել։ Ռոնցոն, այդպես է լրտեսի անունը, ինքն էլ չի հասկացել, թե ինչպես (նա իրեն զգացել է հմայվածի նման), գնացել է նրա մոտ, թեև ոչ մի դեպքում չբացահայտվելու հրահանգ է ունեցել։ Նա հրել է Ֆելիպեի խցի դուռը և այն բաց է գտել, թեև բանտապահը փակել էր այն ու զմռսել. ինքս եմ ստուգել շրջայցի պահին։

Կարդինալի աչքերը սկսում էին անկառավարելի խոշորանալ։

— Ֆելիպեն նրան հրավիրել է նստել մահճակալին, իսկ ինքը պառկած է եղել անկարողությունից։ Նա ասել է, թե զուր են իրեն լրտեսում, քանի որ, միևնույն է, իր մտքերն ամբողջությամբ հասկանալ դեռ չեն կարող։ Եվ մագաղաթի մի կտոր է տվել Ռոնցոյին՝ ասելով. «Ահա՝ իմ խոսքի լեզուն»։ Ռոնցոն կարդացել է այն ու կարկամել։ Նա ապշել է՝ տեսնելով, որ միևնույն բառերը, որ օգտագործում ենք մենք, կարելի է դասավորել նաև այլ կերպ և ստանալ շատ ավելի խորիմաստ մտքեր, քան մենք ենք անում։ Նա կարդացել է գրվածքը քանի անգամ՝ կամենալով մտապահել նախադասությունները, սակայն ամենը նույն պահին, երբ Ֆելիպեն ետ է առել մագաղաթը, ջնջվել է նրա հիշողությունից։ Հետո Ֆելիպեն մեկ այլ գրություն է տվել նրան, և Ռոնցոն քիչ է մնացել ցնորվի՝ իմանալով, թե որքա՜ն այլ զգացողություններ կան մեր կյանքում և մարդու հոգու մեջ, որոնց մենք տեղյակ չենք։ Ռոնցոյին այդ զգացողությունները հիշել չի հաջողվում, ու միայն ապշանքն է մնացել հիշատակ։

Կարդինալը զգաց, թե ինչպես է սառում ճակատը։ Եվ ձեռքերով ակամա բռնեց գլուխը։ Այդպես մնաց առժամանակ, ապա հարցրեց.

— Այդ գրությունները կա՞ն։

— Դրանք անէացել են, հենց որ Ֆելիպեն ետ է առել դրանք։

— Ինչպե՞ս,— Բելարմինոյի համար դժվար էր հասկանալ հայր Հոնորիոսի ասածը,— մի՞թե դա հնարավոր է։ Իսկ գուցե Ռոնցոն խելագարվե՞լ է մյուսների նման։

— Գուցե և խելագարվել է,— հանգիստ պատասխանեց հայր Հոնորիոսը,— բայց ես իմ պարտքն եմ համարում Ձեզ, մոնսենյոր, տեղեկացնել այն ամենին, ինչ հայտնել է ինձ լրտեսը։

Նրա այս խոսքից կարդինալը փոքր-ինչ հանդարտվեց և պատրաստվեց էլ ավելի անհավատալի լուրեր լսելու։

Հայր Հոնորիոսը շարունակեց.

— Այս ամենից հետո Ֆելիպեն բռնել է Ռոնցոյի ձեռքը, ու սա զգացել է, որ կորցնում է իրականության ընկալումը և ասես հայտնվում է երազում։ Ռոնցոն ինքն էլ չի հիշում՝ այդ պահին քնած է եղել, թե՞ արթուն, բայց Ֆելիպեին չի տեսել իր հայացքի դեմ։ Ռոնցոյին մի օձ է երևացել, մարդու մաշկի գույնի՝ արևային պայծառության մեջ։ Օձը կլլել էր իր իսկ պոչը և դարձել կլոր մի օղակ՝ ուղղահայաց հարթության մեջ։ Ու մի ձայն է լսվել, հայտնի չէ՝ որտեղի՞ց, որ ասել է. «Օձը օրն է, օձը արևն է, էներգիան կյանքի»։ Ձայնը էլի է շարունակվել, բայց Ռոնցոն մնացյալը մտաբերել չի կարողանում։

— Օձը օրն է, օձը արևն է, էներգիան կյանքի,— կրկնեց կարդինալը լարված հայացքով,— բայց կարծես դա ինձ ծանոթ է, այո՛, ես դա առաջին անգամ չէ, որ լսում եմ։ Որտեղի՞ց, որտեղի՞ց գիտեմ դա... Այդ ձայնը ես էլ եմ լսել, այդ պատկերը՝ տեսել։ Ո՜հ, սատանան տանի, հիշեցի. դա ես տեսել եմ այս գիշեր՝ երազում։ Օ՜, չարք,— կարդինալը արագ շարժումներով խաչակնքվեց մի քանի անգամ,— օ՜, չարք. ի՞նչ է ստացվում՝ նա երա՞զ է ուղարկել ինձ։ Ինչպե՞ս...

Նրա դեմքը ծեփի գույն էր ստացել։ Նա բացատրություն հայցող հայացքով նայեց հայր Հոնորիոսին։ Բայց ձիրկատորը նրան ոչնչով օգնել չէր կարող և համբերատար սպասեց, որպեսզի կարդինալը դադարեր մտատանջել ինքն իրեն։ Բելարմինոն նրա պահվածքից հասկացավ, որ ամեն ինչ չէ դեռ ասված։

— Շարունակիր,— ոչ այն է՝ կարգադրեց, ոչ այն է՝ հորդորեց։

— Հետո Ռոնցոն իրեն տեսել է մութ ու խավար մի իրականության մեջ։ Նրա մի կողմում բարձր պարիսպ է եղել անվերջանալի։ Ռոնցոն հասկացել է, կամ թե հուշել են իրեն,— ինքն էլ չի տարբերել,— որ պարսպից այն կողմ մեռյալների աշխարհն է։ Նա նայել է պատին ու հարցրել ինքն իրեն. «Բայց ինչպե՞ս են մարդիկ իմանում, թե ինչ կա մեռյալների աշխարհում, երբ պարիսպն անընդմեջ է և չկա որևէ կապ այն աշխարհի հետ»։ Այդ պահին մի ձայն արձագանքել է նրան. «Ինչպե՞ս թե, կապը կա՛, նայի՛ր»։ Ռոնցոն շրջվել է ձայնի նշած ուղղությամբ։ Նա չի հիշում, թե ինչ է տեսել, քանի որ նույն ակնթարթին ամենն անէացել է ընդհատված երազի նման։ Բայց և նա վստահեցնում է՝ երդվելով բոլոր սրբություններով, թե կա կապ երկու աշխարհների միջև և ինքն իր աչքով է տեսել այն։

Եվ ապա Ռոնցոն իրեն տեսել է մի գետի ափին, որի մյուս եզերքին ջորիներին ջրի բերած մի ծերունի է երևացել։ Ռոնցոն ծերունու հագուստի և ափի շինությունների տեսքից կռահել է, որ հայտնվել է վաղնջական ժամանակներում։ Ծերունին մյուս ափից հին լատիներենով նրան ինչ-որ բան է ասել երեք անգամ։ Ռոնցոն զգացել է, որ նրա խոսքերի մեջ խորհրդավոր զորություն կա, և կրկնել է դրանք անթիվ անգամ՝ իր հետ մեր իրականություն բերելու հույսով, բայց՝ ապարդյուն։

Հետո հեռվում, անեզր դաշտի մեջ կանգնած տարօրինակ մի տղամարդ է երևացել նրան, ում գլուխը գագաթ չի ունեցել մահկանացուների նման և նրա գլխից ասես սկսվել է երկինքը, տիեզերքն ասես իջել ու միացել է նրա գլխին։ Հետո պատկերն այդ մոտեցել է, ու Ռոնցոն ճանաչել է այդ մարդուն՝ դա Ֆելիպեն է եղել...

Կարդինալը համրացել էր ու անբացատրելի մի հայացքով նայում էր հայր Հոնորիոսին։ Հետո նա նորից խաչակնքեց ու նայեց վեր, ճիշտ և ճիշտ Մակոյի մարմնի ուղղությամբ։ Այդպես անշարժ մնաց երկար, հետո ափերով ասես մաքրեց դեմքը։

— Եվ արդյո՞ք ամենը, որ անում ենք մենք, Աստծո կամքն է իրականում,— հարցրեց նա եթերին տարակուսանքով։

— Սրբազան ինկվիզիցիան չի սխալվում, մոնսենյոր,— արձագանքեց հայր Հոնորիոսը արագ և խրոխտ. նա առաջին անգամ էր կարդինալին տեսնում վհատության մեջ։ Եվ շտապեց նրան օգնության.— Ցորենի դաշտը, որ վստահված է մեզ, պիտի լինի մաքուր և թույլ չպիտի տրվի որոմն աճի այնտեղ ու հասնի ծաղկունքի։ Չէ՞ որ գրված է՝ «Նա կսրբե իր կալը իր ցորենը կհավաքե շտեմարանը, իսկ հարդը կայրե անանցանելի կրակով» և կամ՝ «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի ու կրակի մեջ կգցվի», և կամ՝ «Ինչպես որոմը հավաքվում է և կրակի մեջ այրվում, այնպես կլինի այս աշխարհի վախճանին։ Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղությունները և նրանց, որոնք անօրինություն են գործում։ Եվ կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ»։

— Դա այդպես է, հայր Հոնորիոս,— կիսաձայն արտաբերեց կարդինալը՝ քայլելով սրահի երկարությամբ,— բայց և երբեմն ես իմ իսկ հարցերին պատասխան դժվարանում եմ գտնել։ Եվ տեսիլքներ են տանջում ինձ հաճախ, այն պահից ի վեր, երբ Մոչենիգոն մատնեց նրան իմ կամոք։ Իսկ այս գիշեր ինձ տեսա զնդաններում շրջելիս։ Ես անցնում էի նեղլիկ մի միջանցքով, որի մի կողմում անսահման բարձր պատ էր, իսկ մյուսում ցանկապատված հողափոր խորշեր էին՝ լի տանջահար մարդկանցով։ Նրանք ճաղերից բռնած՝ նայում էին ինձ։ Հանկարծ նկատեցի, որ առաջանալով՝ տեսնում եմ նրանց ոտքերը միայն՝ ցածրից։ Դա փշաքաղեցրեց ինձ, և այդ պահին հայտնաբերեցի, որ հայացքս տարօրինակորեն մոտ է գետնին, ասես գնում էի ծնկաչոք։ Զարմանքից ապշահար՝ կամեցա տեսնել ոտքերս, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում ինձ հետ, ու սոսկացի. գայլի բրդոտ թաթեր էին ձեռքերիս փոխարեն։ Ես գայլ էի, հայր Հոնորիոս։ Ես վեր թռա ու ինձ գտնելով անկողնու մեջ՝ փառաբանեցի Աստծուն, որ ամենը երազ էր։ Բայց...

— Տագնապելու հարկ չկա,— անվրդով ընդհատեց նրան հայր Հոնորիոսը,— Դուք, մոնսենյոր, ինքներդ ձեզ տեսել եք ոչ թե գայլի, այլ շան կերպարանքի մեջ։ Իսկ դա ոչ թե մտահոգություն, այլ հպարտություն պիտի հաղորդի Ձեզ, քանզի մենք՝ սրբազան ինկվիզիցիայի հետևորդներս, կոչում ենք մեզ Աստծո շներ, որովհետև շան պես հավատարիմ ենք Աստծուն և շան պես անողոք Սուրբ գրքերը պղտորել կամեցողների հանդեպ։ Դուք, մոնսենյոր, տեսել եք Ձեզ կատարելության մեջ։

Կարդինալը շրջվեց դեպի հայր Հոնորիոսը. նա անչափ կուզենար, որ լիներ այնպես, ինչպես հենց նոր իրեն ներկայացվեց...

Գլուխ վեցերորդ։ Աղետ

«Դատապարտելի է՝ տալ բնութագրումներ չուսումնասիրված իրերին, ցածր է՝ մտածել ուրիշի խելքով, ծախվածություն է, ստրկություն և անարժան մարդկային արժանապատվությանը՝ հնազանդվել, հիմարություն է՝ հավատալ համաձայն սովորույթի, անմտություն է՝ համաձայնել ամբոխի կարծիքին, կարծես թե խելացիների քանակը պետք է գերազանցի կամ հավասարվի, գոնե մոտենա հիմարների անսահման քանակին»։

Ջորդանո Բրունո

— Աղե՜տ, աղե՜տ,— սրտակեղեք մի ճիչ լսվեց հանկարծ լռության մեջ թաղված միջանցքում։

Հետո կրնկի վրա բացվեց Ֆելիպեի խցի դուռը։

Լուիջին ներսում, մահճակալի եզրին նստած՝ կերակրում էր Մակոյին։

— Աղե՜տ,— կանչեց շեմքին հայտնված Սեղբետրիոսը շնչասպառ։

Լուիջին տագնապած ոտքի ելավ։

— Նրան ողջակիզման դատապարտեցին,— ասաց Սեղբետրիոսը լացակումած։

— Բայց... ինչպե՞ս... քաղաքացիական դատավոր-ները... ախր...,— լսածից շանթահար՝ Լուիջին չէր կարո-ղանում կապակցված խոսել։

Սեղբետրիոսը նստեց մահճակալին, գլուխը թուլացած հենեց պատին։

Մակոն դադարեց ուտել և վարից պլշած նայում էր եղբայրներին։

— Բայց... ախր... ամենքն էին խոսում, թե դատավորներն ակնածանք ունեն նրա հանդեպ,— Լուիջին չէր ուզում հավատալ ունկերին։

— Այո, ունեին, և Ֆելիպեն էլ իր խոսքով հմայեց բոլորին՝ թե դատավորներին, թե մյուս ներկա գտնվողներին, ու տերտերները մթագնած կուչ էին եկել աթոռների վրա։ Եվ ամենքը համոզված էին, թե որոշումը կլինի արդարացման, բայց երբ քվեները դուրս բերին արկղից, մի սարսուռ պատեց դահլիճին. բոլորը ձայն էին տվել ողջակիզման օգտին։

— Բայց ինչպե՞ս, Սեղբետրիոս,— Լուիջիի դեմքին մի մեծ հարցական էր դրոշմվել։

— Օ՜, դավ է եղել, եղբայր իմ, դավ,— Սեղբետրիոսը դառնությամբ օրորեց գլուխը։— Երբ վճիռն իմացվեց, Ֆելի-պեին տարան։ Տերտերներն էլ գնացին նրա հետ։ Նրանք, որ ամեն առիթով հայտարարում էին, թե ութ դրույթներով հերետիկոսության մեղադրանք են հարուցել Ֆելիպեի դեմ, դահլիճի առջև այդպես էլ չկարդացին և ոչ մեկը. նրանք թաքցրին մեղադրանքը։

Իսկ դատավորները բռնել էին գլուխներն ու ապշած միմյանց էին նայում։ Ես լսեցի, թե ինչպես մեսսեր Սերեջիոն հառաչեց. «Այս ի՜նչ արեցի։ Այս ինչպե՜ս հիմարացրին ինձ»։ Մեսսեր Սալանինին էլ տրտնջաց, թե մոլորեցրել են իրեն։ Եվ ի՞նչ պարզվեց. նրանք, բոլոր դատավորները, հայր Հոնո-րիոսի խորամանկության զոհն էին դարձել։ Նա դատից անմիջապես առաջ տեսնվել էր բոլոր դատավորների հետ առանձին-առանձին և յուրաքանչյուրի մոտ տրտնջացել, թե դատավորները հմայված են Ֆելիպեի գաղափարներով և նրա արդարացման օգտին են մտադիր քվեարկել, մինչդեռ սրբազան կրոնն անուղղելիորեն կվարկաբեկվի Քրիստոսի ծննդյան հազարվեցհարյուրամյակի պատվին ողջ Եվրոպայից առաքյալների շիրիմներին մեղքերի թողության համար այցի եկած հավատացյալների աչքերում, եթե վճիռը միաձայն լինի։ Եվ խնդրել էր, հանուն հավատի պատվի, քվե տալ մահավճռի օգտին՝ ասելով, թե մեկ քվեն, միևնույն է, ոչինչ փոխել չի կարող։

Այսպես նա հիմարացրել է բոլորին՝ գաղտնի պահելով իր հանդիպումները մյուս դատավորների հետ։ Եվ նրանք անհոգորեն կողմ էին քվեարկել մահավճռին՝ հա-մոզված, որ մյուսները ձայն են տալու արդարացման օգտին։

Լուիջին ճակատը հենեց մետաղե դռանը, ասես պաղությունը կօգներ իրեն՝ դիմանալու լսածին, և անշար-ժացավ։ Սեղբետրիոսը նկատեց, որ նրա թիկունքը ցնցվում է, բայց եղբորը ոչնչով օգնել չէր կարող։

— Նրան ուր որ է՝ կբերեն այստեղ,— ասաց Սեղբետրիոսը։ Եվ շարունակեց կարճ դադարից հետո.— Նա իրեն արժանապատիվ պահեց։ Իմանալով քվեարկության արդյունքը՝ ասաց դատավորներին՝ «Դուք, որ հայտարարում եք իմ մահվան վճիռը, շատ ավելի երկյուղած եք, քան ես, որ լսում եմ»։

Լուիջին կարծես չէր լսում նրան։

— Խայտառակվեցինք,— ի վերջո ասաց նա՝ մնալով նույն դիրքում,— Իտալիան խորտակվեց խայտառակության ծովի մեջ։ Ի՞նչ ենք պատասխանելու, ինչպե՞ս ենք արդա-րանալու աշխարհի առջև, երբ մարդկանց հայտնի դառնան Ֆելիպեի մտքերը և պարզվի, որ դրանք վերին ճշմար-տություն են։ Ի՞նչ ենք պատասխանելու Աստծուն, որ կրկին անգամ մահվան ենք ուղարկում Մարդուն և ապրելու թողնում անարժաններին։ Վաղն այս ժամին Ֆելիպեն կլինի արդեն մեռյալների մեջ, և փողոց մաքրողները բիրտ շարժումներով Տիբրոս կնետեն նրա մոխիրը,— օ՜, որքա՜ն դժվար է հաշտվել այդ մտքի հետ,— իսկ ու՞մ ենք թողնում ապրելու, Սեղ-բետրիոս. հայր Հոնորիոսի՜ն, նրա լրտեսներին ու մատնիչ-ների՜ն, որդացած ու վախվորած մարդուկների՜ն, որ անա-սունի նման երկու բանի են միայն արձագանքում՝ գայթա-կղությանը և տագնապին, և որոնք վաղը հացաբաժանումի ակնկալիքով կհեղեղեն Ծաղկի հրապարակն ու ոչխարի պես կբառաչեն տերտերների սովորեցրած վանկարկումները... Օ՜, ողբ, օ՜, ողբ...

Անկարող լինելով ոտքի վրա մնալ այլևս՝ Լուիջին նստեց եղբոր կողքին։

Սեղբետրիոսն անորոշ հայացքով նայում էր հեռուն։

— Եվ ի՞նչ է դառնալու Երկիրն այս, Լուիջի,— հարցրեց նա՝ հայացքն այդպես էլ հեռուներից չկտրելով։

— Աղբանո՛ց,— արձագանքեց նրան Լուիջին։— Ի՞նչ է եղել, որ։ Թող մի մոլորակ էլ աղբանոցի վերածվի. ինչպես որ ամեն քաղաք ու շեն ունեն մի վայր աղտեղությունը հավա-քելու համար, այդպես էլ Տիեզերքը կարիք ունի նման վայրի։ Սա էլ կլինի Տիեզերքի աղբանոցը, ուր կհավաքվեն (գուցե հավաքվու՞մ են վաղուց) մեր և այլ մոլորակների աղբ-մարդիկ։ Ի՞նչ է եղել. թող նրանք ամենքը հավաքվեն այստեղ՝ հանուն մնացյալ Տիեզերքի անաղարտության։ Եվ Աստվածն էլ, Սեղբետրիոս, այլևս Որդի չի ուղարկի այստեղ՝ զոհաբերելու մարդկանց ստոր կրքերին։ Մենք մոռացված ենք արդեն ու արհամարհված, քանի որ Աստծո հանդեպ այդպես վարվեցինք նախ մենք։

— Եվ այդպես էլ կլինի,— տխրությամբ համաձայնեց Սեղբետրիոսը,— մենք, իրավ, մոռացել ենք ճշմարիտ Աստծուն։

Գլուխ յոթերորդ։ Անջելիա

Խցի դուռը բացվեց անշտապ ու մի պահնորդ հայտնվեց շեմքին։ Ֆելիպեն, որ մահճակալին պառկած՝ առաստաղին էր նայում, մտազբաղ հայացքը դարձրեց պահնորդին։ Սա ձեռքի շարժումով լայն բացեց դուռը, և աղմուկից մահճակալի տակ ապաստանած Մակոն գետնային իր ցածրությունից տեսավ, թե ինչպես ուրվականի պես անշշուկ՝ խուց մտավ մի կին։ Հետո պահնորդը դուրս եկավ ու իր ետևից փակեց դուռը։

Կինն ամբողջովին սև զգեստների մեջ էր, գլխանոցի փոխարեն ցանցկեն մի քող էր, որ փունջ ունենալով ճակատից քիչ վեր, այտոսկրերի վրայով իջնում էր ուսերին։ Գունատությունից սպիտակավուն նրա դեմքին անդիմադրելի վիշտ էր դրոշմված, այնքան խոր, որ ասես նա քողի տակ գիպսե դիմակ էր կրում. անգամ աչքերն էին անկենդան դարձել տառապանքից։

Ֆելիպեն դանդաղ շարժումներով,— տանջահարումներից ընդարմացած մարմինը չէր ենթարկվում նրան,— նստեց մահճակալին, քննող հայացքը կնոջից չկտրելով՝ ոտքերն առավ սանդալների մեջ, ու երբ պատին հենվելով՝ ջանում էր ոտքի ելնել, հանկարծ ճանաչեց նրան և «Անջելիա՞» արտաբերելով՝ երերուն կանգնեց նրա առջև։

Անջելիան նայեց նրան և սոսկումից ձեռքերն ակամա հավաքեց կրծքին։

Ֆելիպեի մազերն անբնական խռնված էին, տեղ-տեղ բացակայում էին իսպառ, որ եռացրած ջրով խոշտանգումից էր։ Ունկերի մոտ ոսկորները փոս ընկած էին գելարանի սեղմումից, ճակատը և դեմքը սպիապատ էին, այնքան խիտ ու դարս-դարս, որ չէր երևում իրական մաշկը։ Շուրթերին պատառոտումների հետքեր էին ու ներս էին ընկած, քանզի ատամները փորփրելով հանել էին։ Պարանոցին պրկա-րանի կաշեփոկի լայնությունն էր դաջված, խիտոնե երկար շապիկի փորվածքը ցուցանում էր բազմակի ջարդումներից ծռմռված անրոսկրերը, լանջին և դաստակներին ամենուր մուգ ու խիտ բծեր էին՝ եռացրած կուպրն էր թափանցել ու մնացել մկանների մեջ։ Ձեռքերի մատները եղունգազերծ էին, մթագույն և օձի գլխի պես տափակեցված ունելիի սեղմումներից։

Անջելիան սարսափով պատկերացրեց, թե ինչ զար-հուրությունների հետքեր է քողարկում իր տակ նրա զգեստը։

Նա հայացքը խոնարհեց ցած և Ֆելիպեի սրունքները ամբողջությամբ սև տեսավ շղթաների հարքից, կալանդների սեղմումներից, շափյուղի բացած խոռոչներից ու խորդուբորդված՝ պատառոտումներից։

Անջելիան անշարժացավ քարե արձանի պես, իսկ երբ վերջապես հայացքը կրկին բարձրացրեց, իր հետ խուց բերած վշտահարությունը հասցրել էր փոխակերպվել անափ զարմանքի, բայց այն ևս կայուն չէր։

Անջելիան սևեռուն նայեց Ֆելիպեի աչքերի մեջ, որ նրա մարմնի միակ չհոշոտված հատվածն էր։

Մակոյին չէր երևում, թե ի՞նչ է կինը տեսնում այդ պահին Ֆելիպեի աչքերի մեջ, բայց նկատեց, թե ինչպես նա ափերը դանդաղ, ասես դրանք պաղեցված էին սառույցով և իրեն չէին ենթարկվում, միացրեց իրար հայացքի դեմ և ինչ-որ բառեր մրմնջաց։ Հաջորդ ակնթարթին կինը, ձեռքերը Ֆելիպեի հագուստի վրայով սահեցնելով, ծունկ չոքեց նրա առջև՝ արտաբերելով.

— Օ՜, մեղա՜, Աբբա Հայր... այսքան տարի ինչպե՞ս չէի ճանաչել... որպիսի՜ կուրություն... օ՜, մեղա, մեղա... Եվ Դու, օ՜, տեր իմ, օ՜, տեր իմ, օ՜, երկնային զորություն, օ՜, Սրբություն...

Ֆելիպեն ձեռքերն առաջ պարզեց՝ կասեցնելու հա-մար նրա խոնարհումը, բայց կինն արդեն իր ոտքերի մոտ էր, և նա կարկամեց այդ դիրքում՝ չիմանալով ինչ անել։

Անջելիան գրկեց նրա սրունքները և դեմքը հպեց ոտքերին։ Քողը ետ սահեց Անջելիայի գլխից և ընկավ հատակին։ Նա ցնցվում էր և արտասվում, նա բաց չէր թողնում Ֆելիպեին։ Հետո հանդարտվեց, բայց մնաց նույն դիրքով։ Ապա ծնկաչոք, որպես մի սրբության առջև, ետ-ետ գնաց ու պատին հասնելով՝ խոնարհումով ոտքի ելավ։

— Ներիր,— ասաց,— որ կամենում էի երկրային կյանքիդ վերջին օրը պղտորել մանր իմ խնդրանքով։ Ներիր, որ եկա ու խճողեցի հրաժեշտիդ մտքերը։ Դու ինձ ոչինչ չասացիր, ահա, բայց ես հասկացա, որ մեր հոգսերը, վշտերն ու դժբախտությունները ոչինչ են տիեզերական ահռելիության մեջ, անգամ մենք՝ ինքնե՛րս ենք ոչինչ այնտեղ։ Ու անցավոր ոչինչ չարժե արտասուքի...

Անջելիան մի պահ դադար տվեց, քանի որ դժվարությամբ էր խոսում։

— Ես, ահա, ճանաչեցի քեզ ու հասկացա վերջապես, թե ինչու դու ո՛չ երեք, ո՛չ երկու և ո՛չ մեկ անգամ չխնդրեցիր՝ «Աբբա, Հայր, ամեն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրու՛», և հրաժարվելով զղջումի դիմաց առաջարկվող կյանքից ու կարողությունից՝ այրվելու ես գնում ինքնակամ։ Իսկ դա այդպես է, քանի որ դու հիմա՛ էլ կանգնած ես խարույկի վրա, քո ներսում դու ի՛նքդ խարույկ ես՝ ողողված բոցե լեզուներով, քեզ համար չկա արդեն հոգու և մարմնի տարանջատման բաղձանք, քանզի քո ներսի հուրը միահյուսել է դրանք, ու դու հիմա ամբողջովին ոգի ես և տենչում ես վաղվան՝ հոգուդ կրակը միախառնելու իրական կրակին, որպեսզի այդկերպ կարողանաս ամբողջությամբ տեղափոխվել այնտեղ, որտեղից եկել ես...

Ներիր ինձ...

Անջելիան լուռ նայում էր Ֆելիպեի աչքերի մեջ, ապա, հաստատուն մի վճիռ կայացրած, մոտ գնաց նրան՝ ասելով.

— Ես թույլ չեմ տա, որ դու գնաս այդպես՝ չսիրված...

Գլուխ ութերորդ։ Եվ վերջին

Այրել, չի նշանակում հերքել։

Ջորդանո Բրունո

Մակոն ինքն էլ չհասկացավ, թե ինչն ստիպեց իրեն արթնանալ քնից. նա աղմուկ չլսեց, ոչ էլ՝ որևէ ձայն։ Ոչինչ չհպվեց իրեն, անգամ օդի չնչին տատանում չեղավ այդ պահին, որ լինում էր սովորաբար, երբ կողքի խցերից որևէ մեկի դուռը բացվում էր։

Նա բացեց աչքերը՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու, և նույն այդ միջոցին նկատեց, թե ինչպես երեք թե չորս անձնավորություն կամ էլ անձնավորություն հիշեցնող կերպարանքներ մտան խուց։ Նրանք ներս մտան բոլորը միասին, կողերով միմյանց կիպ հպված, և Մակոյի համար դժվար էր հստակ զանազանել, թե քանիսն են։ Հատկապես, որ ինքը դեռ քնատ էր։ Եվ արտառոցն այն էր, որ այդ ընթացքում խցի դուռը չբացվեց, և նրանք ներս անցան պատի միջով։

Մակոն սևեռուն հետաքրքրությամբ նայեց նրանց, և տարօրինակն այն էր, որ նա կարծես թե կարողանում էր նայել այդ կերպարանքների միջով. նրանք ասես ամպից լինեին կամ էլ կիսաթափանց, կաթնագույն ինչ-որ նյութից։

Նրանք դեմք չունեին, նրանց գլուխներին հագցված էր նույնպես կաթնագույն այդ անիմանալի նյութից մի-մի ողորկ փաթոթ, որն արդեն նվազ թափանցելի էր։ Ողորկությունից այն կողմ Մակոն որևէ դեմք չէր տեսնում։

Անչափ դանդաղ շարժումներով նրանք մոտ գնացին մահճին (Մակոն չտարբերակեց՝ քայլեցի՞ն, թե՞ սահեցին հատակի վրայով) ու կանգնեցին Ֆելիպեի մոտ։ Ֆելիպեն քնած էր անշարժ և որևէ կերպ չէր արձագանքում նրանց հայտնվելուն։

Կերպարանքները կողք-կողքի, ինչպես ներս էին մտել, արձանացան մահճակալի մոտ։ Ոչ մի ձայն չէր լսվում, բայց Մակոն զգում էր, որ նրանք խոսում են միմյանց հետ, մտքեր փոխանակում, թեև այդ ողջ ընթացքում նրանք որևէ շարժում չարեցին։ Ապա նրանցից մեկը, որ Մակոյի կողմից կարծես թե երկրորդ էր, խոնարհվեց Ֆելիպեի վրա։ Նա լսելի ոչինչ չարտաբերեց, չհպվեց Ֆելիպեին, խոնարհված մնաց մի քանի ակնթարթ, ապա ուղղվեց։ Մյուսներն այդ ընթաց-քում անշարժ էին։

Կերպարանքներից մեկը, որ ամենամոտն էր Մակոյին, հանկարծ անջատվեց մյուսներից ու եկավ դեպի Մա-կոն այնպիսի վստահությամբ, ասես վաղուց նկատել էր նրան։

Մակոն չշարժվեց տեղից, քանի որ կերպարանքի մոտենալը տագնապ կամ որևէ տհաճ զգացողություն չառաջացրեց նրա մոտ։ Իսկ կերպարանքը հասնելով պատին՝ ծնկի իջավ, ապա խոնարհվեց մինչև գետին, իր անդեմ գլուխը մոտեցրեց Մակոյի մռութիկին և ասաց.

— Ինչպե՞ս ես, մեր փիսիկ։

Հետո մատի ծայրով մտերմիկ կտտացրեց Մակոյի բեղիկին ու արտաբերեց գոհունակությամբ.

—... Դու քո գործն արեցիր։

Այդ հպումից Մակոյին տարօրինակ զգացողություն համակեց, նա զգաց, որ անհաղթահարելի մի քուն, ավելի ստույգ՝ թմրություն է համակում իրեն, որից իր մարմինը հետզհետե ընդարմանում է։ Նա կորցնում էր իրականության ընկալումը՝ մնալով արթուն, և անջատումի ամենավերջին պահին հանկարծ հայտնաբերեց, որ ինքը, ո՜վ զարմանք, լսել է կերպարանքին ու հասկացել նրա ասածը, տարբերակել անգամ, որ իրեն ա՛յլ կենդանու անուն տվեցին։ Եվ բերկրանքով շշնջաց ինքն իրեն.

«Որքա՜ն հաճելի է խոսքեր հասկանալը...»։

Թե թմրության վիճակը որքան տևեց, Մակոն պատկերացում չուներ, բայց առաջին զգացողությունը, որ նա ունեցավ իրականություն վերստին վերադարձից հետո, այն էր, որ հասկացավ, թե ինքն այդ իրականությունն արդեն ընկալում է բոլորովին այլ կերպ։ Նա նայեց դռանը և հասկացավ, որ դա դուռ է, որով ելումուտ են անում։ Նայեց պատուհանիկին և հասկացավ, որ այն սնունդ հասցնելու համար է։ Նա պարզեց ինքն իր համար, որ գիտի, թե ինչ է սնունդը և ինչի համար է։ Դա նրա համար անչափ տա-րօրինակ, առաջին ակնթարթներին նաև փշաքաղեցնող զգացողություն էր։ Ու նա կիսաընդարմացումից հատակին փլված՝ տագնապախառն վայելումով ապրում էր իր նոր վիճակը։

Հետո նա հարցրեց ինքն իրեն.

«Հետաքրքիր է, աշխարհն իրականում այսպիսի՞ն է, թե՞ ես եմ այն սոսկ սև և սպիտակ տեսնում»։

Ապա ծուլորեն շուրջը նայելով՝ ավելացրեց.

«Բայց մի՞թե արժանի գույներ կան զանազանելու»։

Եվ այդ պահին հասկացավ, որ ոչ միայն գիտակցում է տեսածը, այլև կարողանում է մտածել։

«Իսկ խոսել կարո՞ղ եմ»,— հարցրեց ինքն իրեն, բայց արագ հասկացավ, որ դա իր ուժերից վեր է։

Այդ պահին հանկարծահաս մի միտք շամփրեց նրա մարմինը. նա հուզմունքով գիտակցեց, որ հիշում է այն ամենը, ինչ պատմել է իրեն Ֆելիպեն՝ որպես բանտային միակ անդավաճան ընկերոջ։ Նախ նրա հիշողությունն ամբողջացավ, քանի որ դա առաջին անգամն էր, ապա լսածը դասակարգվեց, և դրանից հետո նա գիտակցեց Ֆելիպեից իրեն հաղորդված մտքերի էությունը։ Նա դրանից սարսռաց, զգաց, որ հազիվ է դիմանում իմացածի ծանրությանը ու շշնջաց ինքն իր մեջ.

«Այս որքա՜ն զորավոր է Աստված և ի՜նչ խորհր-դավորություններով է լի կյանքն իրականում, մինչդեռ մարդն ապրում է՝ ամենին անտեղյակ։ Օ՜, ինչե՞ր չգիտի նա, ինչե՜ր... և ինչե՜ր դեռ պիտի իմանա Ֆելիպեից... ու այդժամ կյանքն ինքը կդառնա այլ...»։

Ֆելիպեին մտաբերելով՝ նա ակնթարթորեն թոթա-փեց ընդարմացումի բեկորները, տագնապով լեցուն ոս-տյունով վեր ցատկեց հատակից, նետվեց դեպի մահճակալի հանդիպակաց պատը, շուռ եկավ և սառը քրտինք պատեց նրան. մահճակալը դատարկ էր։

Սոսկալի արագությամբ նրա գիտակցության միջով անցան վերջին օրերին բանտում լսած բոլոր խոսակցու-թյունները, և նա սարսուռով հասկացավ, թե ինչ է կատարվելու դրսում։ Նա մի պահ մոլորվեց՝ չիմանալով դեպի որ խոռոչը նետվել, ապա ընտրեց գավիթ տանող ամենակարճ ուղին և նետի պես արագ անհետացավ դուռը պահող պատի մեջ։

Նա մոռացավ սեփական անվտանգությունն ու պատերի միջով անցնելու փոխարեն դուրս եկավ տանջա-րան։ Նրա բախտից այդ պահին այնտեղ դահիճներից կամ պահակներից ոչ ոք չկար, և սրահը հատելով անկյունագծով՝ սուրաց դեպի միջանցք տանող խոռոչը։ Նա գլխապատառ մխրճվեց պատի մեջ, բայց հազիվ էր երկու արմունկ առաջացել, երբ մի հիշողություն կամ թե ծանոթ մի պատկեր նրան դրդեց ետ դառնալ։ Նա արգելակեց կտրուկ, այնքան կտրուկ, որ թափը կասեցնել չկարողանալով՝ թավալվեց գետնին։ Ապա ետ դարձավ տանջանքի սրահ։

Ցածրիկ պրկարանին գամված մի տղամարդ տեսավ նա, որին ուշք չէր դարձրել ընթացքի պահին։ Տղամարդը կլիներ քառասունվեց տարեկան, գանգուր, բայց կարճ մազերով, ոսկրոտ դեմքով, բարձրահասակ։ Նա մերկ էր, քաթանի մի կտոր էր միայն անփույթ կերպով ծածկում նրա գոտկատեղը։

Մի փարչ ջուր էր դրված նրա կողքին, որից առատ գոլորշի էր ելնում։

«Գու՛յնը,— հայտնագործեց Մակոն,— գույնը. ահա թե ի՛նչը գրավեց ինձ. նա էլ, Ֆելիպեի նման, մարդագույն չէ»։

Իսկ տղամարդը նայում էր նրան այնպիսի հայաց-քով, ասես ուզում էր ճանաչել։

Նրա ձեռքերն ու ոտքերը կապված էին կաշվե փոկերով։ Նրան դեռ չէին խոշտանգել։

«Բայց նա ինչու՞ է այստեղ,— Մակոն մոտ գնաց և ուշադիր նայեց նրան,― չէ՞ որ ամենը դեռ ավարտված չէ»։

Հետո ընդգրկող մի հայացք գցելով տղամարդու վրա՝ շշնջաց ինքն իրեն.

«Նրա փափլիկ մարմինը դժվար թե դիմանա տանջանքին»։

Ապա տղամարդուն մոռանալով՝ Մակոն նախկին սրընթացությամբ մխրճվեց նույն խոռոչի մեջ։ Միջանցքից նա իրեն հայտնի թունելիկներով, երբեմն էլ խցերի կամ սրահների միջով անցնելով՝ հասավ առաջին հարկ։

Նա Նոնա աշտարակի գավթում հայտնվեց այն պահին, երբ վաղ առավոտյան Սուրբ Ուրսուլայի տաճարում աղոթք արած վանահայրերը և կաստելանը (վանքի պարետ) մտան տաճար։ Միևնույն ժամանակ ներքին դռնից գավիթ մտավ Ֆելիպեն՝ արկեբուզ բռնած վեց բերդականների ու մի դահճի ուղեկցությամբ։

Նրան անարգանքի զգեստ էին հագցրել, գլխին հերետիկոսի սրածայր գլխանոց էր, իսկ ձեռքին՝ վառվող մի մոմ։

Նրան տեսնելով՝ եկվորներից սև պարեգոտ հագած երկու դոմինիկյան վանական, երկու ճիզվիտ, երկու վանական Նոր եկեղեցուց ու մեկն էլ սուրբ Հիերոնիմի տաճարից (սրանք արդեն ճերմակ զգեստով էին), առաջ եկան, ընդունված կարգի համաձայն Ֆելիպեին մեկ անգամ ևս բացատրեցին իր բոլոր մոլորությունները և խորհուրդ տվեցին հրաժարվել դրանցից։

— Բայց ո՞վ եմ ես, որպեսզի դեմ գնամ Աստծուն և հերքեմ այն, ինչն իրականում ինքն ստեղծել է. և ի՞նչ պա-տասխան կտամ այդ դեպքում ես Նրան,― եղավ Ֆելիպեի արձագանքը։

Այդ ժամանակ վանականները կողմ քաշվեցին և դարձան թիկունքով դեպի գլխավոր բեմը. մկրտության ավազանի վրա բարձրացող արծաթե վիթխարի մի եղնիկ էր անըմբռնելի հայացքով նայում նրանց, բոլորաձև շարված մարդահասակ երեսունութ աշտանակների լույսից պսպղում էին զանգվածեղ ոսկուց կերտված սուրբ հաղորդության նվերների գանձարանի թանկարժեք քարերը. սատանային խափանող յուղի սաթե մի արկղիկ էր շողշողում գանձարանի վրա։

Դահիճն անհույզ առաջ եկավ, բիրտ շարժումով Ֆելիպեի ձեռքից առավ մոմը և փչելով՝ հանգցրեց այն, որ էր՝ ավարտ երկրային կյանքի։

Բերդականները շղթաներ հագցրին նրա ձեռքերին ու ոտքերին, ապա դրանք միացրին իրար։ Վանականները կիսալուսնաձև՝ դեմքով դեպի դուռը, կանգնեցին Ֆելիպեի թիկունքում։

Ֆելիպեն հասկացավ, որ դուրս պիտի գա տաճարից։ Բայց հազիվ էր քայլ արել դեպի ելքը, երբ Մակոն, որ կծկված նայում էր այս ամենին, աղիողորմ ծվծվոցով վազեց դեպի նա ու գետնին քսվող զգեստի վրայով մագլցեց դեպի նրա կուրծքը։

Խլրտոց սկսվեց վանականների և բերդականների շարքերում։ Ֆելիպեն կտրուկ շարժումով Մակոյին պոկեց կրծքից և խոնարհվելով, նրան փութով սահեցրեց-նետեց դեպի այն խոռոչը, որտեղից դուրս էր պրծել գլխապատառ։

— Խելառություն մի՛ անի, Մակո, հույզերի ժամանակը չէ,— կանչեց՝ անհանգիստ հայացքով հետևելով նրա ընթացքին,— այլապես ամենը կկորչի մոռացության վիհում։

Մինչ Մակոն նետման թափից սահում էր հատակի վրայով, բերդականներից մեկը կամեցավ ճխլել նրան ոտքի տակ, բայց Մակոն զգալով հանկարծահաս խավարումն իր գլխավերևում՝ հասցրեց կանգնել տոտիկների վրա և առաջ սուրալով՝ մխրճվեց ճեղքի մեջ ճիշտ այն նույն պահին, երբ կոշտ մի ներբան դրմփաց հատակին։

Մակոն վայրկյան իսկ կանգ չառավ մահվան տագնապից շունչը տեղը բերելու համար, այլ սլացավ խոռոչների միջով դեպի բանտի ելքը։ Նա մերթ ընդ մերթ հայտնվում էր խցերում, ուր բանտվածներն էին, միջանցքներում, որ դատարկ էին, զնդաններում, ուր մարդիկ էին հեծում առաստաղից կախ, բայց ոչինչ չէր գրավում նրա ուշադրությունը, ոչինչ ուրիշ չէր հուզում նրան։

Դուրս գալով բանտից բաց երկնքի տակ՝ նա վազեց մամռոտած կցակառույցների երկայնքով, անցավ ատամնավոր պարսպի տակով և թեքությամբ վեր մագլցեց ապառաժի վրայով։

Քիչ անց նա դեմ առավ Ավենտինից եկող գլաքարե ճանապարհին, որով մի շքեղ թափոր էր աշխուժորեն հոսում դեպի Ծաղկի հրապարակ։ Ոսկեզօծ եզրաժապավեններով պարեգոտ հագած վանականներ էին առաջնորդում նրանց, որ գալիս էին ահեղուրախ դեմքերով և հընթացս ընդունում էին ճամփեզրին շարված մարդկային խմբերի ողջույնները։ Արևի շողերից փայլփլող ոսկե խաչեր էին նրանց կրծքերին ու բուրվառներ՝ ձեռքերին։ Ինկվիզիցիայի խաչվառն էր խոյանում վեր նրանց վրա։

Նրանց հետքերով սրտատրոփ գնում էին դեռևս ազնիվ դեմքերով մոնթերն ու վանական դպրոցի սաները, որ մի-մի ջահ էին տանում սրբազան կրակը բորբոքելու համար։

Նրանք բոլորն արծաթափայլ ոլորքներով զարդա-շղթաներ էին կրում, որոնց եզրերը քսվում էին գլաքարերին. և մի միալար խշշոց էր երաժշտության նման ուղեկցում նրանց։

Նրանց ետևից գալիս էր քաղաքի ավագանին։

Այդտեղից առաջ գնալ Մակոն այլևս անկարող էր, քանի որ կոտնատակվեր։

Նա նայեց հեռուն, և Ծաղկի հրապարակը, մերձակա փողոցները, տների պատշգամբներն ու կտուրները մթագնած տեսավ Քրիստոսի ծննդյան հազարվեցհարյուրամյակի պատվին ողջ Եվրոպայից առաքյալների շիրիմներին այցի եկած բազմության հագուստներից. հանրահայտ հերետի-կոսի մահապատժին ներկա լինելը նրանք համարում էին երկնային հաջողակ նշան ու ստեպ-ստեպ գոհունակության աղոթք էին հղում առ երկինք։ Իսկ վիթխարի տրիբունաներին, Պապի շուրջը հասցրել էին արդեն բազմել հոգևոր և աշխարհիկ բարձր աստիճանավորները, որ իրենցով ներկել էին տրիբունաները մոխրագույնի տարբեր երանգներով. Մակոյին այդ կերպ էին երևում բոլոր գույները։

Նրանց առջև, փայտամածե հարթակի վրա պանծալի սպասում ապրող մի վանական էր նշմարվում, իսկ երկու ոստիկան մետաղե շղթաներ էին կախում հարթակից հառնող գերանից։

Նախ մի դղրդյուն հասավ Մակոյին, ապա գետի մյուս ափով ձգվող ճանապարհին երկու շարքով ընթացող ութ հեծյալ երևացին։ Նրանցից հետո՝ զույգ ջորի լծած կոպիտ մի սայլ։ Սայլի մեջքին մետաղե մարդահասակ վանդակ էր ամրացված, որի մեջ Մակոն տեսավ Ֆելիպեին։ Նա կանգնած էր. ձեռքերը կապված էին ճաղերին, լեզուն մեխված էր ծնոտին, իսկ բերանը խցված էր փայտի կտորով։

Ֆելիպեն և գունատ էր, և հանգիստ, ու ոչերկրային անտարբերություն էր իջել նրա հոգնած դեմքին։ Նա անդադար նայում էր երկնքին։ Ամենքը կարծում էին, թե նա այդպես է անում, քանի որ ութ տարի երկինք չէր տեսել։ Բայց Մակոն գիտեր իրական պատճառը։

Տասնյակ ջահակիրներ էին հաջորդում սայլին՝ սրբազան կրակը բորբոքելու կանխավայելումը պարարտ դեմքերին, ապա՝ աղոթող ու երգող վանականների մի կոհորտա. դրոշներ էին ծածանվում նրանց գլխավերևում՝ զանգերի կանչին համահունչ։

Ողորմություն խնդրող հաշմանդամների և այլանդակների ցաքուցրիվ մի ամբոխ էր քարշ գալիս սայլի ետևից, որ հույս ուներ մի քանի սոլդո հաջողեցնել այդպիսի օրերին առատաձեռն դարձող վանականներից։ Իսկ թե պատշաճ խանդավառություն դրսևորեին, գուցե թե Սուրբ Պետրոսի տաճարի մառաններից քյանտի ըմբոշխնելու բախտին արժանանային։ Եվ նրանք աղաղակում էին այդ հույսով։

Նրանց հետ միախառնված գալիս էին նվազ մեղքերի համար դատապարտված հարազատներ ունեցողները. նրանց ասել էին, թե գուցե ոմանց ազատեն բանտերից, եթե համընդհանուր ցնծությունը դուր գա Գլխավոր ինկվիզիտորին։

Մակոյից քիչ հեռու, արդեն գետի այս ափին, արևից կտորտանքներով պաշտպանված մի տաղավար էր, ուր սպասումը կարճելու համար անցորդներին արևածաղկի սերմ և նուշ էին վաճառում։

Տաղավարի եզրին, դեպի Մակոն, մի ճեփ-ճերմակ գառ էր կանգնած, որքան էլ տարօրինակ էր՝ անպարան։ Մակոն տագնապին տրված լինելով՝ սկզբում ուշադրություն չէր դարձրել նրան, բայց երբ իր անհանգիստ հայացքը երկրորդ անգամ որսաց նրան, մի տարօրինակ զգացում համակեց իրեն, ապա հոգեհարազատության վարար հորձանք ակնթարթորեն թափանցեց իր մեջ, և Մակոն զարմանքով գիտակցեց, որ այդ գառը նույն ինքն է։ Այդ միջոցին գառը սկսեց ցնցվել տենդագին, ու նրա միջից մի ջահել տղամարդ հանկարծ դուրս եկավ, իսկ գառը չքացավ։ Տղա-մարդը, որ երկար խիտոն ուներ ու վարսերը կտրված էին ուսերից քիչ վերև, մի պահ նայեց Մակոյի ուղղությամբ, բայց նրան չտեսավ, քանի որ Մակոն գոյություն չուներ այլևս, և անշտապ իջավ դեպի Ծաղկի հրապարակ։

Նույն ակնթարթին երկրաշարժ եղավ հարավում ու Վեզուվն ատելությամբ հուր թքեց մարդկանց վրա։

Եվ վանդակասայլը, շարունակ տարուբերվելով՝ հասավ Ծաղկի հրապարակի մատույցներին։ Բազմությունը խլրտաց մի պահ և դեմքերի անշարժացած մի դեղնությամբ դարձավ դեպի այն։ Դեմքերի այդ բազմուրախ ծովում լացող կանացի մի կերպարանք էր սոսկ ու նաև Լուիջին՝ քարացնող մռայլությամբ։

Երթի աջ կողմում երկհարկ իջևանատներ էին արդեն, որ մեկընդմեջ բաց պատշգամբներ էին կախ գցել փողոցի վրա։ Ֆելիպեն քանի որ սայլի վրա էր ու կանգնած՝ նրա գլուխը գրեթե պատշգամբների բարձրության էր։

Տներից մեկի մոտով անցնելիս տարփանքի ձայն հասավ նրան. պատշգամբի ետևում՝ կիսաբաց լուսամուտից ներս, մի կին մոլեգնորեն տրվում էր մեկին...

Վերջ