Վերջին թարմացում 1 Փետրվարի 2015, 18:12

Անհետացում

Անհետացում

հեղինակ՝ Անահիտ Թոփչյան

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



Ազգային հեռուստատեսության ամփոփիչ լրատվության մեջ, որ հեռարձակվում էր օրվա ավարտից առաջ, արդեն երկու անգամ հնչած և մի քանի ժամում հնություն դարձած նորությունների վերջում, էկրանով մեկ հայտնվեց նշանավոր դերասանուհի Ա.Թ.֊ի լուսանկարը, և կադրից դուրս ընթերցվեց հետևյալ լուրը.

«Այսօր, օգոստոսի 21֊ին, տեղական ժամանակով 15:35-ին, HELVETICA ընկերության՝ Ցյուրիխ-Երևան երթուղիով թռչող օդանավում պետք է գտնվեր հանրաճանաչ դերասանուհի Ա.Թ.֊ն։ Թռիչքից երկու ժամ առաջ նա ներկայացել է գրանցման, հանձնել ուղեբեռը, սակայն ուղևորների մեջ չի եղել։ Օդանավակայանի ռադիոհանգույցը մի քանի անգամ, տարբեր լեզուներով, այդ թվում և հայերեն, հրավիրել է թռիչքի, սակայն աիկին Ա.Թ.-ն այդպես էլ չի ներկայացել, ուստի օդանավը մեկնել է առանց նրա։

Դերասանուհու «Samsonite» մակնիշի ճամպրուկն անմիջապես դուրս է բերվել օդանավից և հանձնվել Ցյուրիխի ոստիկանության հակատեռորիստական բաժանմունք։ Քննության արդյունքներն առայժմ հայտնի չեն։

Ա.Թ.֊ի անհետացումն անչափ մտահոգել է Շվեյցարիայի իրավապահ մարմիններին։ Երկրի գերմանալեզու, ֆրանսալեզու և իտալալեզու հեռուստատեսությունները հայտարարություն են հեռարձակել, ցուցադրել դերասանուհու լուսանկարները, նույնիսկ մի դրվագ Շվեյցարիայում նկարահանված նրա ֆիլմից, և խնդրել նրան տեսնողներին անմիջապես զանգահարել ոստիկանություն։

Մենք ևս խնդրում ենք արտերկրում գտնվող մեր հեռուստադիտողներին, բոլոր նրանց, ովքեր միջին եվրոպական ժամանակով ժամը 15:00֊ից հետո տեսել են Ա.Թ.֊ին, զանգահարել Շվեյցարական համադաշնության ոստիկանություն կամ հյուպատոսական ծառայություն Շվեյցարիայում»

Հաղորդավարուհու շփոթված հայացքը, բառեր կուլ տալը, սխալ ընթերցումը, ինչը վկայում էր, որ տեքստը վերջին պահին է հանձնվել, բավական մռայլ, տագնապալի տրամադրությամբ էր համակում հեռուստադիտողին։ Էկրանով մեկ ցուցադրվող դերասանուհու դեմքը 60֊ականներին նկարահանված սև-ճերմակ պատմական ֆիլմից, որտեղ տասնութամյա Ա.Թ.֊ն հանդես էր գալիս պատանի իշխանուհու դերում, պատմության խորքերը տանող այդ պատկերը, նրա տխուր ժպիտը, ստեղծում էին անվերադարձ մեկնումի մի տրամադրություն։ Ասես խոսքը ոչ թե քմահաճ աստղի հերթական անակնկալի մասին էր, այլ ողբերգականորեն անդառնալի իրողության։


✻    ✻



— Մնում է Շոպենի քայլերգը նվագեն,― շպրտեց նա և անջատեց հեռուստացույցը։

Այնուհետև, դատարկ էկրանին նայելով, ավելացրեց.

— Հույս չունենաք, այդ հաճույքը ձեզ չեմ պատճառի։

Նա արդեն կլինիկայում էր։ Իրեն հատկացված հիվանդասենյակում։ Ժամը 12:30-ն էր։ Նախորդ օրվա զգայացունց լուրը հարստացվել էր մի երկու մանրամասնով. Դերասանուհու ամուսինն անհաղորդ դեմքով պատասխանում էր աննրբանկատ լրագրողուհու կպչուն հարցերին («Ճի՞շտ է, որ դուք դիմել եք դատարան ամուսնալուծվելու»,― «Ի՞նչ կարիք կա դատարան դիմելու, երբ մենք փաստորեն ամուսնալուծված ենք»,― «Ասում են ձեր բնակարանը 100.000-ով եք վաճառել մի պարսիկի»,— «Հա՞, ես իմ բնակարանին նույնիսկ 1000 դոլար չէի տա...»)։ Զրույցի վերջում նա հաստատեց, որ իր կինն, իսկապես, զանգել է թռիչքից առաջ և հայտնել, որ գալիս է («Եվ դուք գիտեի՞ք, որ չի գալու»,— «Ինչո՞ւ եք այդպես կարծում»,― զարմանում է ամուսինը։ Նրա դեմքն այլևս անհաղորդ չէ։ «Որովհետև չգնացիք դիմավորելու, հավանաբար, գիտեիք, որ օդանավ չի նստելու»,― շարունակում էր հարցախեղդ անել հեռուստալրագրողը)։

Երկրորդ լրացումը, որ ստացվել էր Ցյուրիխից, ընդամենը խորհրդավորություն էր հաղորդում առեղծվածային անհետացմանը։ Մոտավորապես ժամը 15։ՕՕ-ին Դերասանուհուն տեսել էին օդանավակայանի տարածքում հեռախոսով զրուցելիս։ «Սակայն դա չէ խորհրդավորը,― հարկ համարեց ճշտել հաղորդավարը,— այլ որ նույն օրը, ոստիկանությունը Ա.Թ.-ի ձեռքի հեռախոսը հայտնաբերել է Ցյուրիխի Բանհոֆշտրասեի գարեջրատանը՝ տասնութամյա մի ալբանացու ձեռքին։ Վերջինս պնդում էր, որ գործիքը գտել է օդանավակայանի սրճարանում․․․»։


Այո, այդպես է, ալբանացին չի խաբում։ Իսկապես սրճարանում թողեցի հեռախոսը, ուղղակի սեղանին, ափսեի և գարեջրի գավաթի արանքում։ Նույնիսկ ծածկեցի անձեռոցով, որպեսզի անմիջապես չգտնեն և հետևիցս վազելով չհանձնեն։ Հիշեցի այդ տղային, որ նստած էր կողքի սեղանին։ Հեռանալիս աչքի պոչով տեսա, թե ինչպես, իբր անտարբեր, իմիջիայլոց, մոտեցավ և գողունի շուրջբոլորը նայելով, հեռախոսը գցեց գրպանը։ Այդ պահին բարձրախոսն, արդեն հինգերորդ անգամ (այս անգամ հայերեն), ինձ հրավիրում էր թռիչքի։

Անտարբեր անցա ճանապարհող և ճանապարհվող բազմության միջով, դուրս եկա օդանավակայանից և նստեցի Լոզան մեկնող գնացքը։ Ժամուկես հետո կհասնեմ, իսկ այնտեղից դեպի կլինիկա... հավանաբար մի քսան րոպե տևի՝ անշուշտ, դոկտոր Տեսիեի մեքենայով։

Կայարանում ինձ դիմավորում է 30 տարեկան մի երիտասարդ։ Ասես դոկտորը լինի՝ մի տասը տարով երիտասարդացած։ «Ինքնիրեն պլաստիկ գործողություն է արել»,― անմիջապես մտածում եմ ես։

― Ժերար Տեսիե,― ներկայանում է նա։― Ես դոկտորի եղբայրն եմ։

Կլինիկան գտնվում է Լյուտրիում՝ Լոզանի արվարձաններից մեկն է, լճին շատ մոտ։


... Դոկտորի հետ ծանոթացա ժնևում, բարձրաշխարհիկ մի երեկոյի ժամանակ։ Հրավիրվածները գերազանցապես թատրոնի և կինոյի մարդիկ էին, կային նաև նկարիչներ, նշանավոր լրագրողներ։ Երեկոն սովորական չէր, այն լցված էր խորհրդավորությամբ և նույնիսկ վերնագիր ուներ. «New Look»։ Հենց այդ երկու բառն էր դրոշմված կարմիր խոշոր տառերով հրավիրատոմսի վրա, որտեղ մասնավորապես ասվում էր. «Տեր և Տիկին ...ները ձեզ խնդրում են պատիվ անել ներկա գտնվելու Էլիզաբեթի Նոր Կերպարի հայտնագործմանը։ Հագուստը երեկոյան, հնարավորին չափ արտառոց»։

Էլիզաբեթը տանտիրուհին էր, իմ ընկերուհին, Ժնևի թատրոններից մեկի բարձրացող մի աստղ։ Նրա ժողովրդականությանն ինչ-որ առումով նպաստեցի նաև ես։ Ռուսական հեղինակավոր թերթերից մեկում տպագրված իմ թատերախոսականը պատճառ դարձավ, որ ներկայացումը հրավիրվի Մոսկվայի թատերական փառատոն, որտեղ նա պատվավոր մրցանակի արժանացավ։

Հրավիրատոմսն ուղարկվել էր հանդիսությունից երեք շաբաթ առաջ, և մենք՝ բարեկամների մեր շրջանակում, փորձում էինք գուշակել, թե ինչ է նշանակում այդ «Նոր Կերպարը»։ Ընկերուհուս ընտանիքի գաղտնիքներին քաջատեղյակ մի լրագրող ասաց, որ Էլիզաբեթը հիմա Մյունխենում է, ուր նկարահանվում է գերմանական մի հեռուստասերիալում։ «Նոր Կերպարը», ամենայն հավանականությամբ, այդ նոր դերն է, և, ըստ երևույթին, ցանկանում են նշել բացառիկ հաջողությունը։ Կատակ բան չէ, մոտ երեք միլիոն է ստանալու։

Իրողությունը, սակայն, պարզվեց, կապ չունի կինոյի հետ։

Հրավիրվածներն արդեն կես ժամ կլիներ, ինչ հավաքվել էին։ Էլիզաբեթը, սակայն, չկար։ Ամուսինն ասաց, թե ուր որ է կհայտնվի։ Եվ, իսկապես, մի քանի րոպե անց լույսերը մարեցին, և երաժշտության հանդիսավոր հնչյունների ներքո, կիսախավարի մեջ, Էլիզաբեթն սկսեց դանդաղ իջնել երկրորդ հարկի աստիճաններով։ Երբ վերջապես հասավ ընդարձակ սրահ և հայտնվեց հյուրերից կազմված շրջանակի կենտրոնում, լույսերը միանդամից վառվեցին։

Զարմանքի մի ընդհանուր արտահայտություն հնչեց, որին հաջորդեցին ծափերն ու հիացմունքի աղաղակները։

Էլիզաբեթը դարձել էր անճանաչելի՝ ուրիշ, մի նոր մարդ։ Դա իսկապ ես «New Look» էր, և ապշեցնողը միայն նրա փոփոխված դեմքը չէր, փոխփել էր նաև մարմինը, փոխվել էին անգամ շարժումները, որ սոփորաբար կտրուկ էին, մի քիչ կոպիտ։ Թվում էր նույնիսկ, որ եթե խոսի, ուրիշ ձայն ենք լսելու, առնվազն ուրիշ երանգ։ Եվ, իսկապես, սրահի կենտրոնում դառնալով, որպեսզի բոլորը հավասարապես նրան տեսնեն, ներկաներին դիմեց մի ձայնով, որը ծանոթ էր բոլորին, միաժամանակ՝ անծանոթ։

― Սիրելի բարեկամներ, ես եմ ձեր առջև՝ Էլիզաբեթը... Եվ այս հրաշալի կերպարանափոխության համար պարտական եմ...

Նա ձեռքը մեկնեց դեպի սրահի խորքը, որտեղ մի անծանոթ տդամարդ էր կանգնել՝ պատին հենված, բաժակը ձեռքին։

― Թույլ տվեք ներկայացնել հրաշագործին... Դոկտոր Տեսիե։

Մոտ հիսուն տարեկան տդամարդ՝ վճռականություն արտահայտող կանոնավոր դեմքով։ Սրահի կենտրոն չի գալիս, մնում է պատի մոտ կանգնած և գլխի զուսպ խոնարհումներով ընդունում ծափերը, իսկ Էլիզաբեթը շարունակում է ներկայացնել բժշկին.

― Ես գիտեմ, գուցե ոմանք ցանկանային անմիջապես նրա պացիենտը դառնալ, բայց, ավա՜ղ, առաջիկա երկու տարին արդեն զբաղված է... Այդպես չէ՞, դոկտոր։

― Թերևս...— նորից խոնարհվելով պատասխանեց վերջինս։

Հրավիրված կանանց առնվազն կեսը հավանաբար կերազեր հենց հիմա դոկտորի պացիենտը դառնալ, մյուս կեսն էլ ժամանակի հետ... Ուստի պատահական չէր, որ կանայք իրենց ամբողջ ուշադրությունը սևեռել էին նրա վրա, իսկ տղամարդիկ աչքները չէին կտրում Էլիզաբեթից։ Նա դարձել էր կնոջ այն տեսակը, որն այլևս տարիք չունի և, չնայած անձնագրով քառասուն էր, հիմա հանգիստ կարող էր երեսուն տարեկան կանանց դերեր խաղալ։

Իմ քառասունը ես վաղուց էի նշել և անդառնալիորեն մոտենում էի հիսունին, ուստի բնական էր, որ արդեն սկսել էի մտորել նման գործողության մասին, անշուշտ, հեռավոր, տարտամ, անորոշ Ժամանակի մեջ։ Սակայն Էլիզաբեթի աներևակայելի կերպարանափոխությունը բորբոքեց երևակայությունս... Ես, իհարկե, կարող էի միայն երազել այդ մասին, քանի որ երկու տարվա հերթից զատ, պատկերացնում էի, թե որքան կարժենա։

...Ես չզգացի, թե ինչպես հայտնվեցի դոկտորի առջև։ Նա ժպտաց, հետո շեշտակի նայելով ինձ, ասաց.

— Տիկին, ես մեկ ժամ է ուսումնասիրում եմ ձեզ։ Դուք դերասանուհի՞ եք։

— Այո, դոկտոր... Սակայն, կներեք, եթե բեմադրիչ լինեիք, կհասկանայի, թե ինչու եք ուսումնասիրում... Մանավանդ երկու տարվա հերթի հետ...

— Այդ երկու տարին Էլիզաբեթի երևակայության արգասիքն է։ Եվ հետո, մի քանի հանգամանք կա, որ ստիպում են ուրիշ կերպ նայել ձեր պարագային։

— Հետաքրքիր է, ի՞նչ հանգամանքն եր,― զարմացա ես։

— Նախ, որ հայ եք։

— Դուք առանձնահատուկ սեր ունե՞ք հայերի հանդեպ։

— Չէի ասի սեր,― ժպտաց դոկտորը։― Ավելի շուտ պարտականnւթյուն։

— Դուք շատ խորհրդավոր մարդ եք։

— Ոչ մի խորհրդավորություն չկա։ Իրողությունը շատ պարզ է. իմ կինը կիսով չափ հայ է, մոր կողմից...— հետո, գաղտնիք հայտնելու պես, ավելացրեց.— Եվ նրա լավագույն որակներն այդ կողմից են։

― Իսկ մյուս հանդամա՞նքը։

— Օ՜, դա երկար խոսելու նյութ է... Բացատրեմ երկու բառով, իմ պացիենտներին ես եմ ընտրում, և ոչ թե հակառակը։

— Բայց դա անմարդկային է,― ինձնից անկախ պոռթկացի ես։

― Եթե սովորական վիրաբույժ լինեի, այո, դա կլիներ անմարդկային, բայց ես յուրովի եմ բուժում մարդկանց, ես գեղեցկացնում եմ նրանց, փոխում արատքինը։ Իմ առաքելությունը գեղագիտական է, ուստի ամեն մի արվեստագետի պես պետք է ագատ ընտրության հնարավորություն ունենամ։

― Ահա թե ի՜նչ...

— Գիտեք, ես կանանց... ի դեպ, ես միայն կանանց եմ վիրահատում, ես նրանց նայում եմ... կներեք... որպես նյութի, ինչպես քանդակագործը մարմարի ժայռակտորին կնայեր, որից կարելի է մի հանճարեղ քանդակ ստեղծել։

― Բայց մենք արարված ենք արդեն։

― Իրավացի եք, այնուհանդերձ նայում եմ ձեզ և տեսնում, որ արարումը պետք է շարունակել...

— Իմ դեմքը... տգե՞ղ է,― զարմացա ես։

— Ի՜նչ եք ասում, տիկին, կանանցից շատերը կերազեին ձեր գեղեցկությունն ունենալ։

— Շնորհակալ եմ, ուրեմն ձեզ մնում է մի տասը տարով երկարաձգել այդ գեղեցկությունը։

— Նման գործողության համար դուք կարող եք բազմաթիվ ուրիշ վիրաբույժներ գտնել, որոնք չնչին միջամտությամբ կթարմացնեն ձեր դեմքը, սակայն իմ առաքելությունն ուրիշ է...

Նրա աչքերում տարօրինակ փայլ հայտնվեց.

― Ինչպե՞ս բացատրեմ... Ես այսօր նայում էի ձեզ և բազմաթիվ դեմքեր տեսնում, մեկը մյուսից հետաքրքիր... Դուք հոյակապ նյութ եք... Կներեք... Կանայք կան հաճելի, համակրելի, բայց նրանց դեմքը ոչինչ չի ասում իմ երևակայությանը։ Մինչդեռ, դուք... Օ՜, ես պատկերացնում եմ ձեզ իմ միջամտությունից հետո։ Այսօր բոլորդ հիացած էիք Էլիզաբեթի կերպարանափոխությամբ, բայց, հավատացեք, ձերն առավել տպավորիչ կլինի... Պարզապես ցնցող...

Նա խոսում էր զուսպ, բայց ոգևորված, համոզիչ։ Նրա առնական և գրավիչ արտաքինի տակ բացահայտվում էր խորունկ և բացառիկ մի անձնավորություն։ Հենց այսպիսի տղամարդկանց մասին են երազում կանայք։

― Ասացիք, որ մի քանի հանգամանք կա...

Նա ժպտաց և, ծոցագրպանից մի լուսանկար հանելով, ասաց.

― Դուք շատ նման եք իմ կնոջը։

Լուսանկարի կինը քառասունից պակաս կլիներ։ Գեղեցկուհի չէր, բայց գրավիչ մի բան ուներ դեմքին, որ ստիպում էր շարունակ նայել։ Նրա դիմագծերն, առանձին վերցված, չէի ասի, թե նման էին, սակայն արտահայտության մեջ մի բան կար, որ իսկապես իմն էր, նույնիսկ կարող էի ասել, թե այդ կինը ես եմ, ավելի շուտ իմ մարմնավորած կերպարներից մեկը, ասես այնպես եմ մտել պերսոնաժի «մաշկի» մեջ, որ նրա դեմքին հադորդել եմ իմ էությունը։ Ուստի, եթե այդ լուսանկարը ներկայացնեի որպես իմ դերակատարումներից մեկը, հազիվ թե կասկածներ առաջանային։

― Տասը տարվա լուսանկար է,― հարկ համարեց ճշտել դոկտորը։― Այստեղ նա երեսունինը տարեկան է։ Մենք տարեկիցներ ենք։

— «Մենք» ասելով նաև ինձ նկատի ունե՞ք։

— Այո, տիկին,― պատասխանեց դոկտորը։― Ես կարողանում եմ գրեթե անսխալ գուշակել կանանց տարիքը... Մասնադիտական սովորույթ է, նաև պարտականություն, չէ՞ որ պիտի իմանամ, թե քանի տարով երիտասարդացնեմ իմ պացիենտին։

— Եթե խոսքն իմ մասին է, ապա տասը տարով... Ափսոս, որ մոտս չունեմ տասը տարի առաջվա իմ լուսանկարները, մեր հաջորդ հանդիպմանն անպայման կբերեմ։

― Պետք չէ, տիկին... Երբ ասում եմ, թե տասը տարով կերիտասարդանաք, չի նշանակում, թե ճիփ ճիշտ տասը տարի առաջվա պես կլինեք... Այդ գետն այլևս մտնել չեք կարող, և իմաստ էլ չունի։ Դուք արդեն եղաք այդպես, ի՞նչ կարիք կա ինքներդ ձեզ կրկնելու։ Երիտասարդացեք առաջ գնալով, նոր էություն հաղորդելով ձեզ, վերջապես, նոր դեմք, նոր կերպար ստանձնելով...

Նա խոսում էր ոգևորված, աչքերը նայում էին ինձ, բայց հայացքն ուրիշ տեղ էր՝ հեռուներում, և ինձ թվաց, որ եթե այսպես մի քանի ժամ, մի քանի օր լսեմ նրան, ապա կկերպարանափոխվեմ... Եվ, իսկապես, ես արդեն զգում էի, որ ինչ֊որ անծանոթ հույզեր, տարօրինակ գրգիռներ են արթնանում իմ մեջ...

Մեր զրույցն ավարտված համարելով, ինձ մեկնեց իր այցեքարտը և խնդրեց իմը։

― Առաջիկա շաբաթների համար ոչինչ չեմ խոստանում,― ասաց դոկտորը։― Սակայն չեմ կարծում, թե մեր հանդիպումը շատ ուշանա։


✻    ✻



Կլինիկան ճիշտ իմ պատկերացրածի պես էր։ Այցեքարտն ստանալու հաջորդող օրերին փորձում էի քարտեզի վրա տեղորոշել հաստատությունը և պատկերացնում ճերմակությունից փայլող հիվանդասենյակներ։ Պարզվեց, որ հենց այդպես է, և նույնիսկ ավելին.

— Մեր սենյակներր շատ չեն, ընդամենը չորսը. երկուսը լճահայաց են, մյուս երկուսը նայում են լեռներին,― բացատրեց դոկտորի եղրայրը։― Որը կուզեք ընտրեք, մանավանդ, որ դուք միակ պացիենտն եք լինելու։

Դոկտորը չկա։ Նա վաղը կժամանի Փարիզից, որտեղից և զանգեց ձեռքիս հեռախոսի վրա, թռիչքից առաջ, և հայտնեց, որ իր ծրագրերը փոխվում են, որ առաջիկա շաբաթները կատարելապես ազատ է, ուստի պետք է շտապեմ օգտվել առիթից, հայտնի չէ մեկ էլ երբ կլինի։

Բոլոր սենյակներում դոկտորի կնոջ խոշոր լուսանկարներն են փակցված։ Բարձրարվեստ գործեր, որ խոշոր պլանով հոգեկան տարբեր վիճակներ են ներկայացնում։ Այս նկարները վաղո՞ւց են այստեղ կախված, թե՞... Ինչ որ է, հաճելի է, և ես ուշադիր նայում եմ...

Գուցե ոչ մի վիրահատություն չի լինելու, ինչպես ասում էր դոկտորր, գուցե այսպես օրեր և շաբաթներ, կաթիլ առ կաթիլ փոխվելու եմ ներքուստ, և այդ փոփոխությունն արտահայտվելու է դեմքիս... Մի՞թե այդքան դյուրին է։ Հապա անցյալս, ժառանգականությունս, սերերս ու ատելությունները, երկիրս, ազգս... Այս ամենի հետ ի՞նչ է լինելու... Դրանք ևս պիտի փոխվե՞ն, անհետանան...


✻    ✻



Քնեցի զարմանալի խորը քնով։ Վաղո՜ւց այդպես չէի քնել։ Ինչ֊որ երազներ էի տեսնում, մոգական ձայներ, դյութող երաժշտություն լսում։ Արթնացա թեթևության անհավատալի մի զգացումով, անհոգ սրտով։ Գերագույն հաճույքով վայելեցի նախաճաշը, որ մատուցվեց անմիջապես լոգանքս առնելուց հետո։

Դոկտորն այստեղ կլինի կեսօրին։ Մինչև նրա գալը դեռ բավական ժամանակ կա...

Վերցնում եմ DVD-ներ ից մեկը։ Ո՜վ զարմանք. տուփի վրա դարձյալ դոկտորի կինն Է, այն նույն լուսանկարը, որ տեսա ընկերուհուս տանը։ Միացնում եմ։ Նրա անունն Է հայտնվում էկրանին. Դոմինիկ։ Հետո, մի վերնագիր, ավելի ճիշտ, մի պատվիրան. «Սիրիր մերձավորիդ»։ Վերջապես, էկրանին երևում է ինքը՝ Դոմինիկը խոշոր պլանով, և ես ցնցվում եմ. նրա ձայնը ասես ծանոթ Է ինձ. «Սիրիր մերձավորիդ... Այս պատվիրանը լսում ենք մեր ծննդյան օրվանից, կրկնում հաճախ, հորդորում, պահանջում բոլորից, բայց մեզնից քանի՞սն է հասկանում այդ բառերի բուն իմաստը, հետևում այդ խորհրդին, իսկապես սիրում մերձավորին։

...Ուշադրություն դարձրե՞լ եք ծեր մարդկանց դեմքին. այնտեղ մեծ մասամբ հեզություն, բարություն, երբեմն էլ տառապանք, վիշտ ու համակերպվածություն է տպված։ Այսպիսով, մեր դեմքը դառնում է ոչ միայն մեր կյանքի, այլև մեր էության հայելին, պատկերավոր ասած՝ մեր ներսը դառնում Է մեր «դուրսը»։

Սակայն հանդիպում են տարեց մարդիկ, որոնց դեմքին մաղձ ու չարություն է տպված։ Այդպիսին են եղել նրանք ամբողջ կյանքում, և նրանց ներսն անխուսափելիորեն դուրս է եկել լույս աշխարհ, նրանք այլևս անկարող են թաքցնել իրենց էությունը։ Մի նշանավոր դերասանուհի կա, որ երիտասարդ տարիներին անմեղ ու հրեշտակաբարո կերպարներ էր մարմնավորում։ Ծերանալու հետ նրա դեմքին դիվական մի բան հայտնվեց, և դա ոչ միայն նրա, այլև այն միջավայրի էությունն էր, որ դուրս պրծավ տարիների հետ... Մի՞թե իրոք այդպիսին չեն կինոյի բարքերտ. դիվական...»։

Անջատեցի։ Այլևս չէի կարող լսել։ Մյուսները վերցրեցի՝ թվով վեց։ Բոլորի վրա նույն դիմանկարն էր, տարբերությունը նշում էին լոկ հռոմեական թվերն ու վերնագրերը. «Հոգևոր կատարելագործման սկզբունքները», «Ներաշխարհի ճանաչումը», «Ինչպես փոխես ինքդ քեզ», «Ինչպես դառնալ երիտասարդ», «Տրանսցենդենտալ մոգության ծեսը» և այլն։ Չուզեցի նայել... Թող մնա հետո։

Գրապահարանը նայեցի։ Առանձնապես հարուստ չէր։ Հինգ-վեց գիրք։ Բոլորի հեղինակը Դոմինիկն էր. «Սիրիր մերձավորիդ» և «New Look», «Փնտրեք ձեր միջի երեխային», «Հոգու սքանչացում», «Արթնացրեք ձեր հոգևոր կարողությունները»։ Հավանաբար ավելի դյուրին կլինի կարդալը... Եվ արդեն ուզում էի դրանցից մեկը վերցնել, երբ զանգեց հեռախոսը։ Դոկտորն էր.

― Բարի լույս, տիկին։ Հուսամ, լավ քնեցիք։

― Քի՜չ է ասել լավ։

― Հրաշալի է։ Կցանկանայի՞ք այսօր ժամը մեկին ինձ հետ ճաշել... կլինիկայում։

― Սիրով։

Ճաշի ընթացքում նա խոսում էր իր ուղևորությունից, գիտական ինչ֊որ խորհրդաժողովից՝ նվիրված մարդկության ապագային։

Ես նրան կտրուկ ընդհատեցի.

― Դուք դիտե՞ք, որ շվեյցարական ոստիկանությունն ինձ փնտրում է։

Մինչև հարց տալը նա քահ֊քահ ծիծաղեց.

— Հուսամ, բանկ չեք կողոպտել։

— Ոչ էլ խանութ։

— Ուրեմն, մնում է...

― Սպանությունը,― վճռական եզրափակեցի ես։

— Հրաշալի՜ է,― նորից ծիծաղեց նա։― Ուրեմն, ճիշտ ժամանակին եկաք ինձ մոտ։ Նրանք ձեզ այստեղ չեն գտնի։ Իսկ մինչև գտնեն, դուք արդեն կատարելապես փոխված կլինեք։

— Մանավանդ որ հետքեր չեմ թողել։

— Պաշտում եմ գեղեցիկ ու խելացի կանանց։

Ճաշից հետո, սուրճ խմելիս, նա ընդհանուր գծերով ներկայացրեց իր մեթոդը.

— Սկզբունքը հետևյալն է. հնարավորին շատ խոսք և քիչ նշտար։

― Իսկ պատահե՞լ է, որ նշտարն իսպառ չգործածվի,― հարցրի ես։

— Առայժմ ոչ, բայց ես ձգտում եմ դրան։

— Կարծում եք դա հնարավո՞ր է։

— Տեսականորեն այո, և եթե պացիենտը ցանկանա, եթե ինձ օգնի...

Նա անսպասելի ընդհատեց և ոգևորված շարունակեց, ինչպես մեր առաջին հանդիպման ժամանակ.

— Դուք միանգամից բուն խնդրին մոտեցաք, քանի որ արդեն սկսել եք կերպարանափոխվել։ Ես ձեզ հիմա մի բան ցույց կտամ...

Մենք մտնում ենք մի մութ, անպատուհան սենյակ, որտեղ օպտիկական գործիք էր դրված, կողքը՝ երկու, աթոռ, իսկ դիմացի պատին՝ էկրան։

Իմ առջև հայտնվում է շրջանակված մի հայելի, որը սակայն ոչինչ չի արտացոլում։ Տարօրինակ է, ասես կլանում է պատկերդ, գողանում։ Ես նույնիսկ թեթևակի խուճապի մատնվեցի, ինձ թվաց, որ հիմա, եթե նորմալ հայելու մեջ նայեմ, դեմքս չեմ տեսնելու...

Սակայն դոկտորը, որ նստել է վահանակի առջև, միանգամից փարատում է տագնապս, նա միացնում է սարքը, և տեղնուտեղը էկրանին տեսնում եմ ինձ խոշոր պլանով, ամենայն մանրամասներով, երևում է յուրաքանչյուր մազը։ Մաքիյաժ չեմ արել, դա պարտադիր պայման է, մեկ ամիս իմ դեմքին ոչինչ չպիտի քսվի։ Ես հմայված նայում եմ ինձ և տեսնում, թե ինչպես, բառացիորեն մի քանի վայրկյանում, փոխվում է դեմքիս արտահայտությունը... Հետո, ասես, մի օտար կին է հայտնվում էկրանին... Մի՞թե սա ես եմ... Դոկտորի ձայնն եմ լսում, իսպառ, մոռացել էի նրա գոյությունը.

― Այդ շրջանակի մեջ դրված է անտեսանելի էլեկտրոդներով հարստացված հզոր մի ոսպնյակ, որը ոչ միայն խոշորացնում է ձեր դեմքը, այլև, գրանցում այն ամենը, ինչ կա նրանից անդին, այլ կերպ ասած, մտնում է ձեր հոգու մեջ և բացահայտում, ինչ ջանում եք թաքցնել։ Ասենք, դուք վախենում եք, բայց փորձում եք անհոգ երևալ։ Իսկ այժմ աշխատեք անկեղծ պատասխանել յուրաքանչյուր հարցին։

Ասես հայտնվել էի հեքիաթային մի աշխարհում։ Դոկտորը զանազան հրահանգներ էր տալիս, մեկը մյուսից տարբեր, երբեմն հակասական։ «Հիշեք ձեր ամենաատելի մարդուն»։ «Օ՜, մեկը չէ»։ «Հիշեք ձեր առաջին օրգազմը»։ «Ես կգերադասեի ոչ թե հիշել, այլ ապրել»։ «Ձեր ամենածանր կորուստը»։ «Մեկ բառով դժվար է ասել»։ «Այնուամենայնիվ»։ «Մի ստիպեք...»։ «Ես չեմ ստիպում, մեր մեթոդն է ստիպում...»։ Ասես պատին եմ դեմ առել, մեջս դատարկություն է։ Էկրանին տեսնում եմ արցունքի մի խոշոր կաթիլ, որ գլորվում է իմ այտի վրայով։ Լույսերն անսպասելի վառվում են, պատկերն անհետանում է էկրանից։ Վե՞րջ։

— Ինչո՞ւ դադարեցրիք,― հարցնում եմ։

Նա հետաքրքրված նայեց ինձ.

— Իսկ ի՞նչ կուզեիք ասել։ Ո՞րն է ձեր ամենամեծ կորուստը։

— Մեկը չէ, երկուսն է, գուցեև երեքը... նախ երեսունհինգ տարին, որ խլեցին ինձնից, տասնհինգ տարին, որ ապրեցի այստեղ և առաջիկա տարիները, որ պիտի ապրեմ... չգիտեմ՝ որքան և որտեղ...

— Ուրեմն, կորած եք համարում ոչ միայն ապրած, այլև ապրելիք տարիները։ Ես ճիշտ հասկացա՞։

— Դուք ճիշտ հասկացաք։

— Անկախ այն բանից, թե որտե՞ղ։

— Անկախ այդ բանից,― պատասխանում եմ։

— Այդ դեպքում ինչո՞ւ էիք ուզում գնալ Երևան։

Չգիտեմ, թե ինչ ասեմ։ Կարծես ինչ֊որ բանի մեջ բռնացրին ինձ։

— Անկեղծ եղեք,― հորդորում է դոկտորը։

— Չեմ կարող չգնալ... հարազատներ ունեմ այնտեղ...

— Անցյալի համար հասկանում եմ,― մտորելուց հետո ասաց դոկտորը։― Ներկայի համար էլ ինչ֊որ կերպ կարող եմ համաձայնել, բայց ապագայի հարցում ձեր հոռետեսությունն ինձ համար կատարելապես անընդունելի է։

— Կարո՞ղ եք փոխել իմ ապագան։

— Ապագան փոխել չեմ կարող, բայց կարող եմ փոխել ձեր հայացքը ձեր ապագայի հանդեպ։ Գուցեև՝ անցյալի... Հասկացեք, կարևորն այն չէ, թե ինչպես եք նայում աշխարհին, այլ թե որքանով է այդ ընկալումը ձեզ երջանիկ դարձնում...


✻    ✻



Մենք նույն անպատուհան և մութ սրահում ենք։ Էկրանի վրա հերթով ցուցադրվում են իմ «ներքին» և «արտաքին» վիճակները։

— Հազվագյուտ անձնավորություն եք,― ասում է դոկտորը։— Գրեթե ոչ մի տարբերություն չկա ձեր ներսի և դրսի միջև։

― Դա լա՞վ է, թե՞ վատ։

― Դա շատ լավ է, բայց ձեզ նման մարդկանց կյանքը վերածվում է դժոխքի։ Mondus vult decipi, ասում էր Կյերկեգորը. «Աշխարհն ուզում է խաբված լինել»։

― Բայց ես չեմ ուզում խաբված լինել։

— Մի խաբվեք, բայց խաբվածներին մի ձգտեք տարհամոզել, այլապես կհայտնվեք անապատում, բացարձակ մենության մեջ։

― Ես արդեն անապատում եմ։

— Այդ պատճառով էլ ամեն ինչ համարում եք կորած... ավելի ճիշտ՝ կորցրած..․

― Ի՞նչ տարբերություն։

― Այն, որ կորածը ֆորս մաժորն է, անհաղթահարելի ուժը, իսկ կորցրածի պատասխանատուն կամ մեղավորը դուք եք։ Դուք կորցնում եք և հրաժարվում տեր կանգնել ձեր ունեցածին։

— Ինչի՞ն տեր կանգնեմ, երբ առջևս ոչինչ չեմ տեսնում։

— Փոխեք ձեր հայացքը։

— Ուրեմն ֆնջեմ ամեն ինչ և զրոյից սկսե՞մ,― հարցրի ես։

— Պետք չէ ջնջել, չեք էլ կարող... Պարզապես փոխեք ձեր վերաբերմունքն այդ ամենի հանդեպ։

Մենք շարունակեցինք դիտել իմ պատասխան-արտահայտությունները։ Եվ ես իսկապես նկատեցի, որ թեկուզ չնչին, աննշմարելի, բայց այստեղ անցկացրած քսանչորս ժամվա ընթացքում արդեն ինչ֊որ անծանոթ բաներ էին հայտնվել իմ դեմքին։


✻    ✻



Ինձ համար այլևս հայելի գոյություն չունի։ Անգամ լոգանքի սրահում։ Աստված տա բարեհաջող դուրս գամ այս փորձությունից՝ պիտի գիրք գրեմ. «Կինն առանց հայելու»։ Հրաշալի վերնագիր է։ Սկսեցի հիշել, համրել, թե օրը քանի անգամ էի նայում հայելուն։ Նկատի չունեմ միայն իմ տան կամ պայուսակիս հայելիները (սովորական, խոշորացնո՜ղ)։ Նկատի ունեմ ընդհանրապես հայելային իմ բոլոր արտացոլումները։ Օրինակ իմ փողոցում մի խանութ կա, որի ցուցափեղկի մեջ օրն առնվազն երկու անգամ նայում էի, առանց որևէ հատուկ նպատակի, պարզապես ինձ տեսնելու համար։ Հիմա ինձ զրկել են ինձնից։ Ինչպե՞ս կարող է կինն ապրել առանց հայելու։ Մանավանդ ինձ նման կինը։ Ոչ, խոսքն ինչ-որ բացառիկության մասին չէ, այլ եթե կուզեք էքզիստենցիալ երևույթների։ Չէ, գրքի վերնագիրն ավելի ճիշտ պետք է լինի այսպես. «Կինը հայելուց առաջ և հետո»։ Ես նկատի ունեմ հայելու գյուտից առաջ և հետո։ Մինչև հայելու գյուտը կանայք կարող էին իրենց արտացոլումը տեսնել ջրի մակերեսին՝ խաբուսիկ և վաղանցուկ մի բան։ Հեղափոխությունն սկսվեց այն օրվանից, երբ հայելին դարձավ կենցաղային իր, մտավ տուն և դարձավ մատչելի ուզած պահին։ Կնոթ ծնունդը Ադամի կողից չեղավ, այլ տուն մտած հայելուց։ Ինձ հիմա միանգամից ետ տարան դեպի քարանձավ։ Բայց կանայք հնարամիտ են։ Լվացարանի մեջ ջուր կլցնեմ և կնայեմ իմ արտացոլմանը, ինչպես նախնադարի կանայք...


✻    ✻



— Դուք ճանաչո՞ւմ եք այս կնոջը։

Արդեն երկու շաբաթ է այստեղ եմ։ Դոկտորի հսկողության տակ։ Ուղղակի և փոխաբերական իմաստով։ Ոչ, ես չէի ասի, թե սա բանտ է։ Երկու անգամ, երբ թեթևակի փորձ արեցի ընդվզելու, դոկտորը սառնասրտորեն պատասխանեց. «Ոչ ոք ձեզ այստեղ բռնի չի պահում, դուք կարող եք ուզած պա հին հեռանալ»։ Հետո կատակով ավելացրեց. «Ոստիկանությունը վերջապես կիմանա, թե որտեղ էիք թաքնվում»։ Նա կրկնում է հարցը.

― Դուք ճանաչո՞ւմ եք այս կնոջը։

Հավանաբար պատասխանս շատ ուշացավ։ Ճանաչում եմ, անշուշտ, բայց ինչո՞ւ եմ վարանում։ Եթե իսկապես անծանոթ մեկը լիներ, անմիջապես կասեի. «Ոչ, առաջին անգամ եմ տեսնում»։

Սակայն առջևս իմ լուսանկարներն են՝ տասնչորս օրվա վաղեմությամբ, երբ առաջին անգամ մտանք մութ սենյակ։ Դրանց կողքին իմ մի քանի խոշոր պլաններն են ֆիլմերից, որ դոկտորը գտել է ինտերնետում։

Ես հիմա եմ հասկանում, թե ինչ է նշանակում երկու շաբաթ սեփական դեմքը հայելու մեջ չտեսնել, և պատասխանս ուշացնելով, ասես ուզում եմ այդ օրերի պարապը լցնել։

— Այո, ճանաչում եմ։

Նա առանձնացնում է երկու լուսանկար՝ վերջիններից մեկը և քսան տարի առաջ նկարահանված ֆիլմից մի կադր։

— Սրանք հավասարապես ծանո՞թ են։

Դժվարանում եմ պատասխանել։

― Հավանաբար... ոչ։

Դոկտորն, ըստ երևույթին, գոհ է իմ պատասխանից։ Ինձնից անկախ հարցնում եմ.

― Դոկտոր, ձեր կնոջը կարո՞ղ եմ տեսնել։

— Դեռ ոչ,― ժպտալով պատասխանում է նա։― Համբերեք մի քիչ, դուք անպայման կհանդիպեք նրան։

Օրը երկու անգամ մտնում ենք մութ սրահ։ Ես տեղավորվում եմ զարմանահրաշ հայելու, իսկ դոկտորը՝ վահանակի առջև։ Նա զբաղված է ինչ֊որ մոգությամբ։ Ինձ շարունակ արգելված է նայել էկրանին, եթե ցանկանամ էլ, ոչինչ չեմ տեսնի. հսկայական հայելի-ոսպնյակն իսպառ ծածկել է տեսադաշտս։ Ես միայն պատասխանում եմ հարցերին՝ ամենաբազմազան։ Կարող եմ և չպատասխանել, բայց դա ևս կհամարվի պատասխան։

— Քանի՞ անգամ եք դավաճանել ձեր ամուսնուն։

― Օ՜,― ծիծաղում եմ ես։― Հաշիվը կորցրել եմ...

― Վուայորիզմը բնորո՞շ է ձեզ։

— Իսկ ո՞ւմ բնորոշ չէ։

― Կա՞ մարդ, որին կուզեիք սպանել։

― Սպանել ոչ, պատժել՝ այո, անպայմա՛ն։

― Ինչպիսի՞ պատիժ, մարմնակա՞ն։

― Ոչ, բարոյական։

— Բայց արյունարբու ոճրագործներ կան, նրանց ինչպե՞ս կպատժեիք։

― Ցմահ կբանտարկեի և կստիպեի օրը քսանչորս ժամ իրենց զոհերի լուսանկարներին նայել։

― Կուզեի՞ք պառկել ինձ հետ։

― Գործից դուրս՝ թերևս։

— Ոչ, հենց այս պահին։

— Տեղը հարմար չէ, և հետո...

— Դուք լրտեսե՞լ եք ձեր ծնողների մտերմությունը։

― Պայմանները թույլ չէին տալիս։

― Իսկ եթե թույլ տայի՞ն։

― ․․․

— Կուզեի՞ք զբաղվել քաղաքականությամբ։

— Մի՞թե ես այդքան...

― Ձուկ սիրո՞ւմ եք։

― Միայն ճերմակ գինու հետ։

— Սիրո՞ւմ եք գաղտագողի խմել։

— Ծխել այո։

― Արե՞լ եք այնպիսի մի բան, որի համար կարմրում եք։

― Թերևս, շատ չէ։

― Կուզեի՞ք փոխվել անճանաչելի դառնալու չափ։

― Փոխվել՝ այո, բայց որքան, չգիտեմ։

― Կուզեի՞ք հրաժարվել ինքներդ ձեզնից։

— Սիրով... Հոգնել եմ ինքս ինձնից։

— Դուք գո՞հ եք Աստծո տվածից։ Ձեր արտաքինը նկատի ունեմ...

― ․․․


✻    ✻



Դոկտորի վերջին հարցերր սադրիչ էին։ Հարցեր կան, որոնց չպատասխանելն արդեն պատասխան է։ Տասներկու֊տասներեք տարեկանից թաքուն նայում էի հայելուն և ինձ այլ կերպ էի պատկերացնում։ Մեկ երազում էի հունական արձանների ուղիղ, դասական քիթը, մեկ փոքրիկ, մի քիչ վեր ցցվածը... Մինչդեռ, իմս ստանդարտ չէր։ Աչքե՞րս... Այդպես էլ չհասկացա գեղեցի՞կ են, թե ոչ։ Բայց հետագայում, երբ սկսեցի քսվել, դարձան տպավորիչ, նույնիսկ գեղեցիկ, և կինոյում շատ էին սիրում ինձ խոշոր պլանով նկարել։ Քիչ թե շատ գոհ էի իմ բերանից և դեմքիս գծագրից, բայց ընդհանրապես, ինքս ինձ այնքան էլ դուր չէի գալիս։ Իսկ երբ տասնութ տարեկանից սկսեցի նկարահանվել ֆիլմերում, ապա մի սևեռուն գաղափար մտավ գլուխս անպայման պլաստիկ վիրահատություն անել։ Ինչ֊ինչ հանգամանքներ խանգարեցին իրականացնել այդ ցանկությունը, որոնցից մեկը իրար ետևից քաղաքում հայտնվող, կտրած քթերով կանայք էին, մեկը մյուսին նման, նկարագիրը կորցրած։ Ասես կլոնավորած մուտանտներ լինեին։

Վիրահատության գաղափարից հրաժարվեցի, բայց դժդոհությունը սեփական դեմքից երբեք չի լքել ինձ։ Ամսագրերի շապիկներին իմ լուսանկարներն էին տպագրվում, հոդվածագիրները խոսում էին իմ տաղանդի և գեղեցկության մասին, իսկ ես, հայելու առջև նստած, շարունակ թերություններ էի տեսնում իմ դեմքին։

Բայց մի՞թե միայն դեմքին... Ես միշտ դժգոհ եմ եղել ինքս ինձնից։ Իմ ամենափայլուն հաջողությունների մեջ մշտապես անբավարարություն է խառնված եղել։ Գուցե պատճառը կատարելության իմ անհագ ծարավն էր։

Իմ տարիքին հասած յուրաքանչյուր կին տագնապով է նայում իր դեմքի և մարմնի փոփոխություններին, մանավանդ եթե դերասանուհի է։ Քանի՜ հոյակապ դերեր չխաղացի և գիտեմ, որ այլևս չեմ խաղա...

Այդ ամենից զատ ուրիշ բան էլ կա. մեկ այլ կյանքի, մեկ այլ մարդ դառնալու երազը, որն, ըստ երևույթին, ապրում է շատերի մեջ, և գուցե այդ երազն էր, որ ինձ ստիպեց ընդունել դոկտոր Տեսիեի հրավերը։ Շատ էի հոգնել ինքս ինձնից։ Բայց ո՞րն է լինելու այն նոր կյանքը, որ պիտի առաջարկվի ինձ... Իսկ ինքս ինչպե՞ս եմ պատկերացնում... Տարիներ շարունակ խաղացած իմ դերերն այդ ուրիշ կյանքին չէին փոխարինո՞ւմ։ Գուցե, բայց որքա՜ն թանկ էի վճարում դրա համար... Հիմա մտել եմ մի արկածախնդրության մեջ, որից չգիտեմ, թե ինչպես եմ դուրս գալու։

Բայց ես սիրում եմ արկածախնդրությունը...


✻    ✻



― Այս կնոը ճանաչո՞ւմ եք։

Այդ կինը ես եմ։ Չէի ասի, թե միանգամից ճանաչեցի։ Բայց ճանաչեցի։ Մանավանդ կիսադեմից։ Քթիս շնորհիվ։ Իսկ դիմացից՝ աչքերիս, ավելի շուտ, կոպերիս։ Մնացած ամեն ինչը փոխվել է։ Մանավանդ՝ դեմքիս գծագիրը։ Ասես ավելի է երկարել։ Ես կբնորոշեի այսպես, փոխվել է առանց փոխվելու։ Օրինակ՝ բերանս նույնն է, բայց ինչ-որ վճռականություն է հայտնվել։ Աչքերիս արտահայտությանը կարծես նոր բան է ավելացել։ Ես այդպիսին էի լինում որոշ դերերում ամիսներ շարունակ աշխատելիս՝ «ներսը դուրս է դառնում», ինչպես կասեր Դոմինիկը։

Ես բեմական հարյուրավոր լուսանկարներ ունեմ։ Կյանքիս լուսանկարներն էլ շատ են։ Գրեթե մեկ առ մեկ հիշում եմ, մտովի համեմատում և զարմանում վիճակների բազմազանությունից։


Այսպիսի մի դեպք տեղի ունեցավ։ Տարիներ առաջ էր, Երևանում ներկայացման ավարտից հետո բարձրացել էի հանդերձասրահ... Խմբի վարիչը դուռս թակեց և խորհրդավորությամբ ասաց, թե Մոսկվայից եկած մի կինոռեժիսոր ուզում է հետս խոսել։ «Հավանաբար քեզ դեր ունի առաջարկելու իր նոր ֆիլմում»,― ասաց նա։ Դուրս եկա հանդերձասրահից և միջանցքում տեսա ինձ սպասող ռեժիսորին, որի հետ լավ ծանոթ էինք, բազմիցս հանդիպել էինք Երևանում և Մոսկվայում։ Ինձ տեսնելուն պես քարացավ։ Հետո ուշքի գալով՝ հարցրեց.

— Ուրեմն, այդ դո՞ւ էիր բեմում։

— Այո, ես էի։

― Այդ ինչպե՞ս էիր փոխվել, որ չճանաչեցի։

— Դուցե խորքում էիր նստած,― փորձեցի մեղմել կացությունը։

— Ոչ, ցավն էլ այն է, որ շատ մոտիկ էի բեմին։ Դեմքերը հստակ տեսնում էի։

— Դե, ուրեմն, թույլ տուր ասել՝ այնպես էի կերպարանափոխվել, որ նույնիսկ քեզ նման մասնագետը չտեսավ դերակատարին։ Ի դեպ, գրիմ շատ չեմ անում... փոխվում եմ ներսից։

Այս միջադեպից հետո իսկապես նոր դեր ստացա կինոյում, բայց ուրիշ ռեժիսորի մոտ։ Այն մեկը, հավանաբար, ինձնից զգուշացավ։ Գուցե, որ ինձ հետ ամեն ինչ բարդ էր։ Ես շարունակ փոխվում եմ, անորսալի եմ, անըմբռնելի, անկանխատեսելի... Իսկ գուցե համոզված էր, որ իր սիրուհին չեմ դառնա... Քանի որ ընկերներ էինք։ Չէ որ մեր ռեժիսորների մեծ մասը ֆիլմն սկսելուց առաջ նախ սիրուհի են փնտրում, հետո նոր դերակատար։ Այդ «կատակներն» ինձ հետ չէին անցնում, և բոլորը գիտեին այդ մասին կամ, առնվազն, ենթադրում էին։


Այժմ իմ առջև երեք շաբաթվա աշխատանքի արդյունքն էր դրված։ Ես գիտեի, արդեն սպասում էի այդ լուսանկարներին։ Եթե դրանք ցույց տային մեկին, որն ինձ լավ գիտի, կճանաչե՞ր արդյոք։

— Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ արտահայտությունը չի փոխվել,― հարցնում եմ։

— Եղել են։

— Եվ ինչպե՞ս եք շարունակել։

— Վիրաբուժական միջամտությամբ։

Դոկտորը լռում է, մի քանի լուսանկարներ առանձնացնում.

― Եվ չնայած դուք այս երեք շաբաթում հսկայական առաջընթաց ունեցաք, այնուամենայնիվ, կուզեի ձեր դեմքին վիրաբուժական մի քանի փոքրիկ գործողություն կատարել։ Իսկ դրա համար պետք է ստանամ ձեր գրավոր համաձայնությունը։

Երկու լուսանկար է դնում առջևս.

― Ահա դուք առաջին օրը և այսօր։

Ես ցնցվում եմ։ Դոկտորն իսկապես հրաշագործ է։

— Այս վիճակը ձեզ բավարարո՞ւմ է,― հարցնում է նա։

― Դոկտոր, ես արդեն քսան օր է հայելու երես չեմ տեսել, թույլ տվեք նայել, գոնե մեկ վայրկյան, հավանաբար ես էլ մի երկու բան նկատեմ։

— Գիտեմ, թե ինչ եք ուզում ստուգել՝ պարանոցի և բերանի մոտի կնճիռները։ Դրանք այլևս չկան։

Թերահավատությամբ շոյում եմ դեմքս, պարանոցս, և ինձ թվում է, որ դոկտորը չի խաբում։

― Եթե այդպես է, համաձայն եմ։


✻    ✻



Դոկտորը գոհ է վիրահատությունից։ Նրա ասելով, տասը-տասներկու օրից ամեն ինչ վերջացած կլինի։ Այդ ընթացքում ես պիտի շարունակեմ սերտել Դոմինիկի գրքերը, որոնք արդեն մեկ անգամ ծայրեծայր կարդացել եմ։ Դրանք հետաքրքիր են, այդ մտքերը թափանցում են ներսդ, դառնում քոնը։ Ես արդեն սկսում էի կասկածել, թե գուցե դոկտորը հատուկ է նրան հեռու պահում ինձնից, այսպես ասած, չխախտելու համար բուժման իր մեթոդը։ Սակայն պարզվում է, որ իրավապաշտպան միջազգային մի կազմակերպության հանձնարարությամբ մեկնել է աֆրիկյան ինչ֊որ երկիր՝ տեղի քաղբանտարկյալների մասին ռեպորտաժներ անելու։ Նրա առաքելությունն արդեն ավարտին է մոտենում, և այս քանի օրը պիտի վերադառնա։ Դոկտորը խոստանում է հանդիպում կազմակերպել, իրենց տանը։

Իսկ մինչ այդ, վիրակապված երեսով ուսումնասիրում եմ նրա աշխատությունները։ Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է իմ կերպարանքը, երևի նման եմ այլմոլորակայինի...


✻    ✻



Արդեն սեպտեմբերի 12-ն է։ Այսօր պիտի վերադառնայի Երևանից, որպեսզի երկու օր հետո մեկնեի Միլան՝ փորձնական նկարահանումների կամ, ինչպես այստեղ են ասում, casting-ի։ Մնաս բարով իտալական կինոյում նկարահանվելու տարտամ հույս, թող մնա հաջորդ անգամ, իմ «նոր կերպարով», որն իտալացիներին գուցե ավելի հրապուրիչ թվա։ Ի դեպ, դոկտորը պատմեց, որ ընկերուհուս՝ Էլիզաբեթի «կերպարանափոխությունը» մեծ աղմուկ է առաջացրել կինոյի աշխարհում, և օրվա կոնյուկտուրան ճիշտ ժամանակին հոտոտող հեղինակներից մեկն արդեն սցենար է գրում այդ նյութի վրա։ Լավ, «նոր կերպարը», հասկացանք՝ Էլիզաբեթն է խաղալու, իսկ ո՞վ պիտի մարմնավորի «հինը»... Ավելի լավ է ես իմ հոգսերով զբաղվեմ և Դոմինիկի վերջին հրահանգները սերտեմ՝ մեդիտացիա, խորասուզում «ես»-իդ մեջ, վերացում իրականությունից և նույնիսկ իրականից... Շարունակ հնչում է Դոմինիկի ձայնը, որը լսում եմ ավելի շատ ներսից, քան դրսից... Նա իրոք թափանցել է իմ մեջ, դարձել իմ էությունը, ես «նա» եմ կամ, ավելի ճիշտ, «նա» ես եմ։


✻    ✻



Մի՞թե մարդը չի կարող իր միջից ծնվել։ Մի՞թե այն, ինչ կատարվում է ինձ հետ վերածնունդ չէ։ Ես այսօր վերջապես հայելու մեջ կնայեմ, դա կլինի ծես, արարողություն, իսկ մինչ այդ, դոկտորն զգուշորեն հեռացնում է վիրակապերը։ Կարծես ամեն ինչ սպիացել է, որովհետև ցավ չեմ զգում։ Վիրակապերը հեռացնելուց հետո, դոկտորը հատուկ անձեռոցիկով սրբում է երեսս։ Տեղ-տեղ թեթևակի այրում է։ Վե՛րջ։

— Ձեր տեղը լինեի, դեռ չէի նայի հայելու մեջ, մի փոքր էլ կհամբերեի։

Բայց ես անհամբեր եմ, ուստի շաբաթների զրկանքից հետո առջևս մի մեծ հայելի է դրվում։ Դոկտորն իրավացի էր։ Երանի համբերեի ևս մի երկու օր։ Կարմիր բծեր եմ տեսնում...

― Դա անխուսափելի է,― հանգստացնում է նա ինձ։― Կանցնի շատ արագ։ Կարևորւ ոչ մի սպի չկա, ասես միջամտություն չի եղել։

Իսկապես, ոչ մի սպի չեմ տեսնում։ Անթերի աշխատանք է, իսկ բծերը, հուսանք, շուտով կանցնեն։ Եվ, ասես ավելի վստահեցնելու ինձ, որ իրոք այդպես է լինելու, դոկտորն ազդարարում է.

— Վաղը չէ մյուս օրը դուք հրավիրված եք մեր տուն։ Դոմինիկն անհամբեր սպասում է ձեզ։

...Հայելու միջից ինձ է նայում լուսանկարի կինը։ Դոմինիկը։ Իսկ ես... ես անհետացել եմ, ես այլևս չկամ...

— Դոկտոր, ես ուզում էի, որ ինձ հեռացնեք ինձնից, սակայն... չափից ավելի մոտեցրիք ձեր կնոջը։

— Դա է կանացի իմ իդեալը,― անվրդով պատասխանում է դոկտորը։

Անհասկանալի, անծանոթ ու տագնապալի զգացումներ են համակում ինձ։

― Այս ի՞նչ արեցի...— հանկարծ հայերենով արտաբերում եմ ես։

Զարմանալի է. դոկտորր նույնիսկ չի հարցնում այդ բառերի նշանակությունը։ Նա պարզապես ուշադիր հետևում է ինձ։ Իսկ ես նայում եմ իմ դեմքին և մահ եմ արձանագրում, միաժամանակ ծնունդ։ Երկուսն էլ իմն են։ Բայց մի՞թե մահը հիմա փաստեցի, մի՞թե վերջին տասնհինգ տարին դանդաղ մահացում չէր՝ չնայած իմ ամենօրյա պայքարին, չնայած հեռավոր հույսերին, որ միամտորեն շարունակում էի փայփայել, իմանալով, որ դրանք հազիվ թե իրականություն դառնան։ Ասացի տասնհի՞նգ...

Դոկտորն ահա հետ բերեց այդ տարիները, ավելի շուտ, հնարավորություն տվեց դրանք նորից ապրելու։ Ես հիմա երեսունհինգ տարեկան եմ, ոչ ոք ինձ ավելին չի տա, և հրճվանքի պոռթկումով ելնում ու համբուրում եմ նրան, իսկ նա.

― Սպասեք, դուք դեռ ամեն ինչ չտեսաք։

Ինձ առաջնորդում է մի սենյակ, որտեղ կշեռք է դրված հատակին, կողքը՝ մի բարձր հայելի, իսկ սեղանին՝ տարբեր լողազգեստներ։

― Մինչև հայելուն նայելը խնդրում եմ կանգնեք կշեռքին,― առաջարկում է դոկտորը։

Ես կանգնում եմ։

— Առաջին օրը երբ կշռվեցիք յոթանասունմեկ կիլո էիք։ Մեկ ու յոթանասուն հասակի համար դա առաձնապես շատ չէր, բայց արդեն գիրանալու միտումներ էին նկատվում։

― Իսկ հիմա որքա՞ն եմ։

― Վաթսունութ ու կես, մի կիլո էլ որ նիհարեք կմոտենաք նորմային։

― Ինչպե՞ս,― անհամբեր հարցնում եմ ես չհավատալով լսածիս։― Միայն մարզանքի շնորհի՞վ։

― Ոչ միայն, նաև ներշնչման, ձգտման...― պատասխանում է դոկտորը և, սեղանին դրված լողազգեստները ցույց տալով, ասում.— Այժմ ես ձեզ լքում եմ մի քանի րոպեով։ Փորձեք այս լողազգեստները և եթե համոզվեք, որ ձեր մարմինը ձեր գեմքի պես երիտասարդացել է, խնդրում եմ կանչեք ինձ, կուզեի իմ աշխատանքի պտուղներն ամրողջությամ տեսնել։

Նա գուրս է գալիս, իսկ ես շտապում եմ ինձ տեսնել նախ սպորտային զգեստով, որ հիմա հագիս է։ Իսկապես որ նիհարել եմ։ Բայց մարմինս արդյոք շահե՞լ է դրանից։ Դանդաղ, անշտապ հանվում եմ հայելու առաջ։ Կարելի է ասել ինքս ինձ համար ստրիպտիզ եմ անում։ Իմ առջև ոչ թե ես եմ, այլ անծանոթ մեկը, որի դեմքը նոր֊նոր սկսում եմ ստանձնել, և այդ դեմքին հիմա ավելանում է կատարելապես նոր, ամեն ինչով անծանոթ մի մարմին... Ես ոչ թե տասնհինգ, այլ քսան տարով եմ երիտասարդացել։ Սիրահարվում եմ այդ մարմնին, տարօրինակ հույզեր են անցնում իմ միջով... Իմ մարմնից դժգոհ չէի, մանավանդ երիտասարդ տարիներիս, բայց այսպես երբեք չեմ եղել։ Այսպիսի մարմնով պետք է շտապել լողափ, մանավանդ որ եղանակը դեռ տաք է։

Սկսում եմ լողազգեստները չափել։ Ցնցո՜ղ է... «Դուք դեռ պատրաստ չե՞ք...»,― լսվում է դրսից։ Հավանաբար երկար մնացի... Վերջին շտկումներն եմ անում և դոկտորին հրավիրում ներս։ Նա մտնում է, ուշադիր զննում ինձ և, ծափահարելուց հետո, հայտարարում.

― Տիկին, եթե ճիփ-ճիշտ ձեր նմանը չունենայի տանը, անպայման կսիրահարվեի ձեզ։

— Այդ դեպքում, դոկտոր, ձեզ նման մի երկրորդը ստեղծեք։

— Ավա՜ղ, տիկին, անկարող եմ...


✻    ✻



Առավոտից նստած եմ հայելու առջև։ Իմ «Նոր Կերպարը» ոչ միայն տարբերվում է իմ նախորդ դեմքից, այլև. անսահման փոփոխությունների հնարավորություններ տալիս։ Ասես մի tabula rasa է, որի վրա ամեն ինչ կարող եմ գծել։ Ի դեպ, դոկտորն այդպես բնորոշեց։ Բայց խնդրեց իրենց տուն գնալուց առաջ ոչ մի մաքիյաժ չանեմ։

... Տպավորությունն ապշեցնող էր։ Դոմինիկն ինձ ընդունեց անկեղծ ջերմությամբ։ «Ես քույր ունեցա, այն էլ երկվորյակ»։ Այնուհետև որոշում ենք այսպիսի խաղ խաղալ. երկուսով միասին ներկայանում ենք հյուրերին, և թող որոշեն, թե ով ով է։

... Նրանք բերանները բաց նստել էին և չէին կարողանում մեզ զանազանել։ Ամեն ինչ պարզ դարձավ, երբ սկսեցինք խոսել։ Ինձ մատնեց իմ առոգանությունը։ Այնուամենայնիվ, ֆրանսերենն իմ մայրենի լեզուն չէ։

Ընթրիքի ընթացքում Դոմինիկը հետաքրքիր մանրամասներ էր պատմում աֆրիկյան ուղևորությունից։ Բոլորս կլանված լսում էինք։ Ես հմայված էի նրա դիտողականությամբ, վերլուծելու, երևույթների մեջ թափանցելու կարողությամբ, նրա զգայուն սրտով, միաժամանակ համարձակությամբ։ Ես ուրախ էի, որ նման ենք ոչ միայն արտաքինով, այլև համոզմունքներով։ Ճիշտ է, ես նրա գիտելիքներր և վերլուծական հմտությունը չունեի, բայց պատրաստ էի ստորագրել նրա յուրաքանչյուր բառի տակ։ Ներկաներից մեկը, նշանավոր մի գրող, խորհուրդ տվեց շտապել գրի առնել տպավորությունները քանի դեռ թարմ են։

— Ես այդպես էլ ուզում էի անել,— համաձայնեց Դոմինիկը։― Մեկ ամսով փակվել մեր գյուղի տանր, ոչ մեկին չտեսնել ու գրել, բայց, ավաղ, չեմ կարող։

— Ինչո՞ւ։

— Արդեն նոր հանձնարարություն են տալիս, և չգիտեմ, թե ինչ պատասխանեմ։

— Իսկ ո՞ւր են ուղարկում։

— Հայաստան..․

Քիչ մնաց ճչայի։

— Շատ կուզեի գնալ, վաղուց երազում եմ, ի վերջո տատիկիս ծննդավայրն է։ Խնդրեցի հետաձգել, բայց չեն կարող. ընդդիմադիր մի քանի գործիչներ արդեն երրորդ անգամ մեր միջամտությունն են խնդրում... Ահավոր բաներ են գրում, պետք է գնալ տեղում ստուգել։

— Իսկ դուք հայերեն դիտե՞ք,― հարցրի ես։

— Շատ քիչ, կարելի է ասել՝ չգիտեմ։

— Ասացիք՝ մի քանի հոգի՞,― նորից հարցնում եմ ես։― Իսկ հիշո՞ւմ եք նրանց անունները։

Դոմինիկը ելնում է տեղից.

— Սպասեք հիմա կբերեմ, սեղանիս վրա է, այսօր առավոտյան ստացա, նույնիսկ լուսանկարներր կան, հասցե, հեռախոս, բոլոր տվյալները։

Նա դուրս է գալիս, քիչ հետո վերադառնում և A4 չափի երեք թերթ մեկնում ինձ։ Ես զարմանքից քարանում եմ. իմ առջև ամուսնուս լուսանկարն է՝ գրեթե ամբողջ էջով։ Նկարի տակ, մանր տառերով գրված է անուն-ազգանունը, փոստային և էլեկտրոնային հասցեները, հեռախոսը, մասնագիտությունը («փիլիսոփա, լրագրող, հրապարակախոս»)։ Նշվում է, որ վերջին տարիներին, իր քաղաքական հայացքների համար մշտապես հալածվել է, նույնիսկ մի քանի ամիս բանտ նստել, որտեղից վերջերս է դուրս եկել (բանտարկության մասին ես իմացա բառացիորեն հաջորդ օրը։ Նրա ընկերներից մեկն ինձ զանգեց և խստորեն հրահանգեց, որ ոչ մի դեպքում Երևան չգամ։ Ասաց, որ դա ամուսնուս պահանջն է, որ կարող է ինձ քաղաքական շանտաժի ենթարկեն և այդ կերպ ճնշում բանեցնեն նրա վրա։ Նույն ընկերն ինձ զանգեց երկու ամիս հետո, դարձյալ առավոտյան վեցին, երբ այնտեղ ժամը ինն է, և ասաց, որ շտապ Երևան գամ, քանի որ ամուսնուս ազատել են, բայց առողջական վիճակը լավ չէ, բողոքում է սրտից, ահավոր դեպրեսիայի մեջ է, որ պետք եմ նրան, որ մենակ է և ոչ մեկին չի ուզում տեսնել...)։


Այդ օրը առավոտ կանուխ նկարահանում ունեի, ռեժիսորն անչափ գոհ էր, ասաց, որ միաժամանակ մի քանի պլան էի խաղում, իսկ ես ասացի, որ այսօր, հենց հիմա պիտի գնամ օդանավակայան և առաջին իսկ թռիչքով մեկնեմ Երևան... Եվ պատմեցի նրան առավոտյան զանգի մասին։ Ռեժիսորը բերանը բաց կանգնել էր. «Բայց դեռ տասն օրվա աշխատանք ունենք»։ Տասը օրը, վերջապես, դառնում է վեց, և նկարահանման հրապարակից ինձ ուղղակի օդանավակայան են տանում։ Ճամպրուկը հանձնելուց հետո անմիջապես զանգում եմ Երևան. «Գալիս եմ, հինգ ժամից կլինեմ։ Եթե կարող ես, դիմավորիր, եթե ոչ...»։ «Իսկ քեզ ո՞վ է կանչել»,― կտրուկ ընդհատում է ամուսինս։ Ապշած այդ պատասխանից, չգիտեմ, թե ինչ ասել, բառերը դուրս են գալիս ինձնից անկախ. « Բայց լսիր...»։ «Ոչ մի բայց, քեզ այստեղ սպասող չկա»,― նորից ընդհատում է ինձ և լսափողը դնում։ Մի կերպ, ծեծված շան պես, անարգված, ջարդված, ոտքերս քարշ տալով հասնում եմ օդանավակայանի սրճարան, նստում ազատ սեղաններից մեկի մոտ, որ պեսզի չընկնեմ, և աչքերս հառում անորոշ մի կետի։ Ինչո՞ւ եկա այստեղ... Հա, հիշեցի, ահավոր քաղցած եմ, առավոտից ոչինչ չեմ կերել։ «Տիկին, այստեղ ինքնասպասարկում է»,― հուշում է կողքի սեղանից մի երիտասարդ։ Ես, անզգա, վեր եմ կենում, մոտենում ընդարձակ մատուցասեղանին, վերցնում պատահական մի բան, առանց հասկանալու, թե ինչ, վճարում, վերադառնում տեղս և սկսում ծամել՝ առանց հասկանալու, թե ինչ...

Ինչո՞ւ այդպես կոպիտ խոսեց, բանտի պայմաններն են կոշտացրե՞լ, թե՞ վիրավորված է, որ ինքը բանտում էր, իսկ ես այստեղ թքած եմ ունեցել... Բայց չէ՞ որ ընկերը պնդեց այդ օրերին և շատ լուրջ պատճառաբանությամբ խորհուրդ տվեց մնալ այստեղ... Ի դեպ, երկրորդ անգամ է, որ ինձ այսպես կոպիտ վանում է։ Առաջինը...

Այդ պահին ձեռքիս հեռախոսը Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիայի առաջին ակորդներն է հնչեցնում պայուսակիս մեջ։ Հըմ, հաստատ խղճի խայթ է զգացել և հիմա զանգում է, որպեսզի մեղքը քավի։ Վերցնում եմ անհամբեր։ Անծանոթ մի բարիտոն ֆրանսերենով ինձ է ուզում։ Դոկտոր Տեսիեն է։ Հենց հիմա հրավիրում է ինձ կլինիկա։ Վաղվանից կարող ենք սկսել։ Ես ենթարկվում եմ բարիտոնի հորդորին։ Պայուսակս վերցնում եմ և վազում կայարան՝ հեռախոսը թողնելով սեղանին։ Անում եմ դա բնազդաբար, առանց գիտակցելու, հետո եմ հասկանում, թե ինչու, որպեսզի ինձ չգտնեն... Եթե, իհարկե, ինձ փնտրելու են... Ես թողնում եմ այս աշխարհը... Ուզում եմ, որ ինձ էլ հանգիստ թողնեն...


Արցունքս կաթում է ուղիղ ամուսնուս աչքի մեջ։ Ե՞րբ սկսեցին հոսել։ Քանի րոպե է A4 չափի թղթերն եմ նայում մեկ առ մեկ․․․ Դոմինիկը մոտենում, գրկում է ինձ և «Kleenex» մեկնում։

― Կներեք, ես չգիտեի, որ այդքան զգայուն եք,― արդարանում է նա։― Հավանաբար, պետք չէր ցույց տալ...

Հետո, թաշկինակը ձեռքիցս առնելով, ինքն է սրբում արցունքներս և իմիջիայլոց հարցնում.

— Դուք դիտե՞ք նրանց։

― Այո...

Ավելին չեմ ասում։ Բարեբախտաբար, իմ և ամուսնուս ազգանունները տարբեր են։ Այնպես որ, նրանք հիմա չհասկացան, որ արցունքներիս պատճառը նա էր։

Ուրիշ հարց չեն տալիս։ Նրբանկատորեն ինձ հանգիստ են թողնում և խոսում այլ բաներից։ Ինձ թվում է, թե այս հուզմունքից դոկտորի աշխատանքն իսպառ ջնջվեց, և ես հիմա նման եմ ժամանակից շուտ պառաված մի կնոջ՝ տառապանքի դրոշմը դեմքին։

Գնում եմ զուգարան՝տեսնելու, թե իրո՞ք այդպես է։ Լվացարանի հայելին ցույց է տալիս երեսունհինգ-երեսունվեց տարեկան մի կին լաց եղած դեմքով, տխուր աչքերով։ Թեթևացած շունչ եմ քաշում և դեմքիս մի քանի շտկումներ անում, դիմափոշի քսում... Տեր Աստվա՜ծ, որքա՜ն նման եմ Դոմինիկին... Եվ իմ գլխում մի շատ տարօրինակ միտք է ծնվում... Վերադառնում եմ սրահ։

Հյուրերն արդեն պատրաստվում են գնալ։ Ժամանակից շուտ, ինչպես ինձ է թվում։ «Փչացրի նրանց երեկոն»,― մտածում եմ ես։ Ինքս էլ եմ վեր կենում, բայց տանտերերը խնդրում են, որ չշտապեմ։ Հյուրերին ճանապարհելուց հետո, Դոմինիկն, առարկություն չընդունող ձայնով, դիմում է ինձ.

— Երևի ճիշտ կլինի, որ այս գիշեր մնաք մեզ մոտ, այդ տրամադրությամբ պետք չէ, որ գնաք։

― Բան չկա, արդեն ամեն ինչ անցավ... Եվ հետո, չէի ուզի ձեզ նեղություն պատճառել։

― Մի մտահոգվեք,― հանգստացնում է ինձ Դոմինիկը,― մենք առանձին սենյակ ունենք հյուրերի համար։


✻    ✻



Առավոտյան, նախաճաշի ժամին, հարցնում եմ Դոմինիկին.

— Ի՞նչ որոշում ընդունեցիք։ Գնալո՞ւ եք, թե ոչ։

― Չգիտեմ, մի հարցրեք... Երևի մերժեմ։

― Համաձայնեք,― համոզում եմ։

— Չեմ կարող, սիրելիս, ես ուզում եմ մնալ և աշխատել։

― Դուք կմնաք և կաշխատեք։ Համաձայնեք։

― Չեմ հասկանում ձեզ, բացատրեք, խնդրեմ, ինչպե՞ս կարող եմ գնալ և միաժամանակ մնալ ու աշխատել։

― Դա շատ պարզ է,― պատասխանում եմ և ներկայացնում իմ ծրագիրը։

Նախ հայտնում եմ, որ այդ երեք անձնավորություններից մեկն իմ ամուսինն է։

― Դուք պետք է անհապաղ մեկնեք Երևան,― հորդորում է նա։

Ես պատմում եմ մեր վերջին հեռախոսազրույցի մասին։

— Առավելևս,― պնդում է Դոմինիկը։― Նա հիմա հոգեկան ծանր վիճակում է, դուք պիտի նրա կողքին լինեք։

― Համաձայն եմ, ես ուզում եմ գնալ, բայց որպես ո՞վ... որպես նրա կի՞նը, թե՞...

Դոմինիկը հարցական և զարմացած նայում է ինձ, իսկ ես կրկնում եմ հարցս.

— Որպես նրա կի՞նը, թե՞ որպես Դոմինիկ Տեսիե...

Վերջապես նա հասկանում է և, չգիտես ինչու, ծիծաղում.

― Բայց դա խենթություն է։

― Այո,― համաձայնում եմ։

— Եվ վտանգավոր արկածախնդրություն։

― Այո, արկածախնդրություն է, բայց ոչ վտանգավոր։ Այդ մասին իմանալու են ընդամենը երեք հոգի, ես, դուք և դոկտորը։ Մնում է, պարզապես, ձեր անձնագիրը վստահեք ինձ մեկ ամսով։

― Ինչպե՞ս կարող եմ վստահել, դա կոպիտ խախտում է... Եվ հետո, ես շատ տգեղ կացության մեջ կհայտնվեմ, ստիպված կլինեմ խաբել իմ ղեկավարությանը։

Ես լավ գիտեմ, թե շվեյցարացիք որքան օրինապահ են ու պարտաճանաչ։ Հասկանում եմ, թե նրան ինչի եմ մղում, բայդ գիտեմ նաև, որ դիմացս խելացի ու սրտացավ մի կին է, և դա է իմ միակ հույսը։

— Ձեր գյուղում կարո՞ղ է ոստիկանները գան և անձնագիր հարցնեն։

― Ոչ, ի՜նչ եք ասում, անգամ բանկում ինձնից անձնագիր չեն հարցնում... Անձնագիրն ինձ պետք է գալիս մի այն ճամփորդելիս։

― Ուրեմն, այդ երեսուն օրվա ընթացքում անձնագրի կարիք չեք ունենալու։

― Իսկ ի՞նչ անեմ իմ գիտակցության հետ, որ օրենքի կոպիտ խախտում եմ կատարում և խաբում գործընկերներիս։

— Դե ֆակտո դուք չեք խախտում և չեք խաբում։

― Իսկ դե յուրե՞...

— Եթե կուզեք, դե յուրե՝ նույնպես...

Ես միտումնավոր և լիովին գիտակցված ընդհատում եմ խոսքս։ Չէ՞ որ փորձառու դերասանուհի եմ, պիտի կարողանամ անհրաժեշտ պահին արտասուք հոսեցնել։ Այս դեպքում արդեն արհեստականություն գրեթե չկա. ես հիշեցի իմ ցնցումն օդանավակայանում... և արցունքներս հոսեցին ավելի առատ, քան երեկ։ Այնպես որ, դերասանական վարպետությունը ավելացավ բնական վիճակին։ Դիմացինդ քարսիրտ մեկը պիտի լիներ՝ այդ արցունքներին անտարբեր նայելու համար։ Բայց ես գիտեմ, որ Դոմինիկը քարսիրտ չէ, և նա կարծես զիջում է։

— Սպասեք, սպասեք,― հանգստացնում է նա ինձ։― Պետք չէ... Ես ձեզ լիովին հասկանում եմ, թողեք մտածենք...

— Գիտեք ինչ,― անմիջապես գրոհի եմ անցնում ես։― Այստեղ հանգիստ ու ապահով նստած եմ, իսկ այնտեղ, ամեն վայրկյան կարող է... Նա ծանր հիվանդ է, հասկանո՞ւմ եք, ես պիտի նրա կողքին լինեմ... Այսօր իսկ, հենց հիմա... Ճիշտ է, նա ինձ կոպտեց, վիրավորեց, բայց ես ներում եմ նրան, ես պատկերացնում եմ նրա հոգեվիճակը...

― Այո, իհարկե,― համաձայնում է Դոմինիկը։― Բայց ինչո՞ւ ինքներդ չեք գնում, ձեր անձնագրով։

― Իհարկե, կարող եմ և իմ անձնագրով գնալ, բայց... դե՞մքս... ես այլևս ես չեմ... Եվ հետո, այն գործը, որն ստիպված եք մեկ ամսում անել, ես կանեմ մի քանի օրում։ Դա իմ երկիրն է, ես լավ գիտեմ մարդկանց, լեզուն, սովորույթները... ամեն ինչ... Ես բաներ գիտեմ, որ դուք երբեք չեք իմանա, չեք հասկանա...

Նա ուշադիր լսում է ինձ, դա արդեն լավ է, դա նշանակում է, որ ես համոզելու ճամփան եմ բռնել.

― Բացի այդ, ինչպե՞ս չօգտվել այս կացությունից... Չէ՞ որ մենք փաստորեն նույնացանք...

Նա շարունակ լուռ է։ Չգիտեմ ինչպես դա բացատրել, համոզո՞ւմ եմ նրան, թե ոչ։

― Եվ հետո, ձեզ մի բան ասեմ, այո, այդ երեք հոգին, և ոչ միայն նրանք, ենթարկվել են քաղաքական հալածանքների, բայց իմացեք նաև, որ նրանք հրեշտակներ չեն, այդ թվում և ամուսինս... և եթե կուզեք իմանալ իրար արժեն, այսպես կոչված, ընդդիմությունը և վարչակարգը։

— Ինձ նորություն չեք հայտնում, ես գիտեմ, որ քաղաքականության մեջ բացարձակ սև և բացարձակ սպիտակ չի կարող լինել։

— Այդ դեպքում ինչո՞ւ եք զուր ծախսեր անում, հարցրեք այնտեղ հավատարմագրված եվրոպական դեսպաններին և նրանք ձեզ սպառիչ տեղեկություններ կուղարկեն այդ ամենի մասին։

— Մենք անկախ, ոչ պետական կազմակերպություն ենք, և եղել են դեպքեր, երբ մեր գործունեությունը ոչ միշտ է համերաշխվել մեր երկրի արտաքին քաղաքականության հետ։ Պետական բարձրագույն շահերը, մեղմ ասած, ոչ միշտ են համընկնում մարդու իրավունքների տառի և ոգու հետ՝ նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում... Ավա՜ղ, նման դեպքերը հազվագյուտ չեն։

— Ուրեմն, դուք ուզում եք ինքներդ տեղում ծանոթանալ փաստերին և կարծիք կազմել առանց որևէ կողմի բարոյական ճնշման։

— Ճիշտ այդպես։

— Հրաշալի է։ Դուք կունենաք այդ տեղեկությունները՝ բազմազան, հարուստ և, ամենակարևորը՝ անկողմնակալ։

— Այն, որ մեր մեկ ամսվա գործը կանեք մի քանի օրում, ինչպես դուք ասացիք, հավատում եմ։ Որ դա կլինի բազմազան, հարուստ, դարձյալ հավատում եմ։ Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, կներեք, մի քիչ կասկածում եմ։

— Ինչո՞ւ։

― Որովհետև այդ երեքից մեկը ձեր ամուսինն է։ Երեկվա և այսօրվա ձեր արցունքները եթե ինձ օգնեցին ընդհանուր առմամբ, շատ լուրջ վերապահումներով ընդունելու ձեր արկածախնդրական առաջարկը, ապա հիմա լրջորեն խանգարում են վերջնական վճիռ, կայացնելուն։

― Դուք վախենում եք, որ ամուսնուս դեպքում ինչ-ինչ փաստեր կթաքցնե՞մ ձեզնից, որ կաշխատեմ իմ ուզած ձևով ներկայացնե՞լ։

— Այո,― հաստատում է Դոմինիկը։― Եվ դա բնական կլինի... Մեղադրելու համար չեմ ասում։

Նա ինձ մտցրեց փակուղի։ Արցունքն արդեն անզոր է։ Ավելին, գործը կարող է վերածել մելոդրամայի և փչացնել ամեն ինչ։ Հիմա միայն երկաթյա տրամաբանությունը կարող է համոզել Դոմինիկին։

— Ձեզ մի բան պիտի ասեմ, Դոմինիկ։ Ես էլ ձեզ նման ուզում եմ ամբողջ ճշմարտությունն իմանալ... Ամուսնուս մասին է խոսքը։ Ես նկատի չունեմ նրա քաղաքական գործունեությունը, ամենից քիչ դա է ինձ հետաքրքրում։ Ես նկատի ունեմ իմ հարաբերությունները նրա հետ որպես կին և ամուսին... Նույնիսկ դժվարությամբ եմ արտասանում այդ բառերը, դյուրին բան չէ տասնհինգ տարի զատ-զատ ապրել տարբեր երկրներում... Ոչ, ոչ, ես նրան չեմ խանդում, ավելին, երբ անկախությունից հետո ահավոր տարիներ էին, և նա մեն-մենակ էր մութ և ցուրտ բնակարանում և ինձ կտրականապես արգելում էր վերադառնալ՝ ասելով, թե չեմ դիմանա այդ դժվարություններին, ես նրան գրեցի, որ դեմ չեմ, որ թույլ եմ տալիս, ավելին պնդում եմ՝ ընկերուհիներիցդ մեկին կանչիր, թող հետդ մնա, կողքիդ մի կին լինի... Իմ մասին մի մտածիր, ես հիմա վեր եմ դրանից, ես ամեն ինչ հասկանում եմ, և նման բաներ... Եվ ասում էի այդ խոսքերը կատարելապես անկեղծ, զգալով իմ մեջ հսկայական մի սեր և կարեկցանք մերձավորի հանդեպ ընդհանրապես... Նույնիսկ ինքս իմ աչքին բարձրացա, որ ընդունակ եմ այդպիսի գիտակցված զոհաբերության... Այդ ամենը, իհարկե, հեշտ չէր, և այնուամենայնիվ...

― Եվ ի՞նչ, հետևեց ձեր խորհրդին,― հարցնում է Դոմինիկը, և ես նկատում եմ, որ իմ անկեղծ մենախոսությունը լրջորեն հետաքրքրել է նրան։

― Ոչ։ Հաջորդ օրը զանգեց և վրդովված, վիրավորված, երկրից-երկիր սկանդալ սարքեց գլխիս. «Ինձ ո՞ւմ տեղն ես դրել, մի՞թե այդքան ստոր եմ...»։ Նա ոչինչ չհասկացավ, չգնահատեց իմ զոհաբերությունը։ Բայց այդ խոսակցությունից մեկ տարի անց, բացեիբաց, առանց քաշվելու, կանայք էր բերում իր մոտ...

― Դարձյալ չխանգեցի՞ք։

— Ինչպե՞ս ասեմ... Ավելի շուտ հասկացա, որ տղամարդ է, կնոջ կարիք ունի...

― Եվ լուռումունջ կուլ տվեցի՞ք։

— Իհարկե, ոչ։ Զանգեցի Երևան և պահանջեցի, որ այդ լրբերին չհամարձակվի իմ անկողնում օգտագործել։

― Իսկ կասեի՞ք...,― մի պահ վարանելուց հետո հարցրեց Դոմինիկը,― թե նա ինչ պատասխանեց։

— Ասաց, որ իր անկողինը լիուլի բավական է... Նա հարբած էր կամ ձևացնում էր։

― Եվ դարձյա՞լ չխանդեցիք։

— Ոչ, խղճացի, արգահատեցի, որովհետև դա անկում էր... ինքնաուծացում... Նրա նման մտավորականը չէր կարող չհասկանալ, թե ինչ է անում իր հետ... և մեզ հետ...

— Իսկ հիմա քեն չունե՞ք նրա հանդեպ։

― Գիտե՞ք, դժվար է մի բառով ասել։ Ամեն ինչ խառնվել է. և՛ քեն, և՛ ատելություն, ե՛ սեր, և՛ խղճի խայթ, և՛ մեղավորության զգացում... Պետք է գնալ և տեղում պարզել։

― Դուք կարծես համոզեցիք ինձ, բայց թույլ տվեք մի քիչ էլ մտածել։ Բացի այդ, ես պետք է անպայման խորհրդակցեմ ամուսնուս հետ, առանց նրա չեմ կարող նման վճիռ ընդունել։

Ես վեր կացա և գորովով համբուրեցի նրան.

― Հուսամ՝ վաղը վերջնական պատասխանը կստանամ։