Վերջին թարմացում 18 Դեկտեմբերի 2014, 10:39

Արքայի կինը

Արքայի կինը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

I

Այն օրերին, երբ Հյուսիսային Երկիրը դեռ երիտասարդ էր, այնտեղ ընդունված անձնական ու քաղաքացիական առաքինությունհերի կոդեքսը աչքի էր ընկնում պարզությամբ ու հակիրճությամբ։ Երբ տնային հոգսերի լուծը անտանելի էր դառնում, իսկ տխուր մենակությունը երեկոյան բուխարիկի մռտ առաջացնում էր հզոր բողոք, արկածներ որոնողը, ավելի լավ տեղ չունենալու պատճառով, Հարավային Երկրից գնում էր հնդկացիների բնակատեղին, մուծում էր սահմանված վճարը և կին առնում ցեղի դուստրերից մեկին։ Նրա համար, ում վիճակվում էր այդ ընտրությունը, դա դրախտային երանության կանխաճաշակում էր, քանի որ, ճիշտն ասած, սպիտակամորթ ամուսինները կանանց հետ վարվում էին շատ ավելի մեղմ ու հոգատար, քան հնդկացիները։ Սպիտակամորթ ամուսինը գոհ էր մնում գործարքից, և հնդկացիներն էլ գանգատվելու բան չունեին։ Աղջկան կամ քրոջը մի քանի բամբակյա վերմակների ու մի հին հրացանի դիմաց վաճառելով և տաք մորթիները բարակ չթի ու զզվելի վիսկիի հետ փոխանակելով, երկրի որդին կայտառ քայլքով ընդառաջ էր գնում մահվան, որը նրան դարանակալում էր մերթ սրընթաց թոքախտի, մերթ մեկ ուրիշ, նույնքան անսխալականորեն գործող հիվանդության ձևով, որ իր երկիրն էր ներմուծվել բարձրագույն քաղաքակրթության զանազան բարիքների հետ միաժամանակ։

Բարքերի արկադյան պարզության հենց այդ դարաշրջանում էր, որ Քել Գալբրեյթր թափառում էր Հյուսիսային Երկրում։ Ճանապարհին նա հիվանդացավ և ստիպված եղավ կանգ առնել ինչ-որ տեղ Ստորին գետի շրջանում։ Նրա հայտնվելը հաճելի բազմազանություն մտցրեց Սուրբ Խաչի առաքելության բարի քույրերի կյանքում, որոնք ապաստան տվեցին հիվանդին ու սկսեցին բուժել նրան։ Նրանք, իհարկե, չէին կարող պատկերացնել, թե հիվանդի երակներով ինչպիսի կրակ էր անցնում իրենց սիրալիր հոգատարությունից, քնքուշ ձեռքերի ամեն մի հպումից։ Տարօրինակ մտքեր սկսեցին պաշարել Քել Գալբրեյթին, համառ, դադար չտվող մտքեր։ Եվ ահա նրա աչքը կպավ առաքելության սանուհի Մագդաղենային։ Բայց նա այդ բանը ցույց չտվեց՝ վճռելով սպասել մի որոշ ժամանակ։ Գարնանը նա մի փոքր կազդուրվեց, և երբ արևը նորից սկսեց իր կրակե շրջանը գծել երկնակամարում, ու հողը կենդանացավ հրճվալից թրթիռով, Քել Գալբրեյթը, ուժերը հավաքելով, ճանապարհ ընկավ։

Առաքելության սանուհի Մագդաղենան որբ էր։ Նրա սպիտակամորթ հայրը մի օր կածանում արջի հանդիպելով, բավականաչափ ճարպկություն չէր ցուցաբերել ու զրկվել էր կյանքից։ Մագդաղենայի մայրը, որ հնդկացուհի էր, մնալով առանց ձմռան պաշար հայթայթող տղամարդու, մի համարձակ փորձ կատարեց, որոշեց սաղմոնների ձվադրմանը սպասել, ունենալով ընդամենը հիսուն ֆունտ ալյուր և մի քսանհինգ ֆունտ խոզի ապուխտ։ Դրանից հետո որբացած Չուկրային դաստիարակության ուղարկեցին գթության Քույրերի մոտ, որոնք և նրան անվանեցին Մագդաղենա։

Բայց, այնուամենայնիվ, Մագդաղենան հարազատներ ուներ, և ամենամոտիկը քեռին էր՝ մի փուչ մարդ, որը սպիտակամորթների խմիչքի՝ վիսկիի օգնությամբ վերջնականապես քայքայել էր իր առողջությունը։ Նա աշխատում էր աստվածների հետ շփվել ամեն օր, այլ խոսքով, որոնում էր գերեզման տանող ամենակարճ ճանապարհը։ Իսկ երբ պատահում էր, որ հարբած չէր լինում, դժոխային տանջանքներ էր զգում։ Թե ինչ է խիղճը՝ նա չգիտեր։ Ահա հենց այս ծեր անբանի մոտ էլ եկավ Քել Գալբրեյթր։ Շատ խոսեցին, շատ ծխեցին։ Երկու զրուցակիցները որոշ պարտականություններ ստանձնեցին և գործն ավարտվեց նրանով, որ հարգարժան հեթանոսը մի քանի ֆունտ չորացրած սաղմոն դնելով նավակի մեջ, ուղղություն վերցրեց դեպի Սուրբ Խաչի առաքելությունը։

Թե ինչ խոստումներ տվեց նա այնտեղ, ինչ ասաց նրանց, այդ բոլորի մասին աշխարհին վիճակված չէ իմանալ, քանի որ քույրերը երբեք չեն բամբասում։ Միայն հայտնի է, որ երբ նա հեռացավ առաքելությունից, կրծքին փայլում էր պղնձե խաչ, իսկ նավակի մեջ, կողքին նստել էր Մագդաղենան։ Նույն երեկոյան էլ ճոխ հարսանիք եղավ, որը ավարտվեց փոտլաչով։ Այդպիսի տոնախմբությունից հետո հնդկացիները, ինչպես սովորաբար լինում է, երկու օր ձկնորսության դուրս չեկան։ Բայց Մագդաղենան հենց հաջորդ առավոտյան հրաժեշտ տվեց Ստորին գետին և, ամուսնու հետ նավակ նստելով, ուղևորվեց դեպի Յուքոնի Ստորին հոսանքներում գտնվող Վերին գետը։ Պարզվեց, որ Մագդաղենան լավ կին է․ նա ամուսնու հետ անտրտունջ կիսում էր բոլոր հոգսերը և նրա համար կերակուր պատրաստում։ Նա ամուսնուն սանձած պահեց, մինչև սա սովորեց ոսկե ավազ կուտակել և ձեռքերը քշտած աշխատել։ Վերջ ի վերջո նա հանդիպեց ոսկե երակի և իր համար տուն կառուցեց Սյորքլում։ Նրա ընտանեկան երջան կությունը տեսնելով, մարդիկ ակամա նախանձ էին զգում և տանջվում։

Այդ Ժամանակ արդեն Հյուսիսային Երկիրը թևակոխել էր հասունության շրջանը և հաղորդակից դարձել աշխարհիկ կյանքի վայելքներին։ Մինչև հիմա Հարավային Երկիրը իր որդիներին ուղարկում էր այստեղ, իսկ հիմա սկսվեց մի նոր ուխտագնացություն՝ Հարավի դուստրերի ուխտագնացությունը։ Թեև այդ տիկինները վաղօրոք այստեղ եկած սպիտակամորթ տղամարդկանց, խիստ ասած, ոչ կինն էին, ոչ քույրը, բայց և այնպես կարողացան ներգործել իրենց հայրենակիցների վրա ու լավ տոն ներարկել նրանց, ինչպես իրենք հասկանում էին։ Սպիտակամորթների հնդկացի կանայք այլևս չէին հայտնվում պարահանդեսներում, չէին մասնակցում վիրջինյան հին պարերին, կամ «Դան թաքեր» ուրախ պարին։ Նրանք յուրահատուկ ստոիկությամբ իրենց տնակների շեմերից առանց բողոքի ու կշտամբանքի նայում էին սպիտակամորթ քույրերի տիրակալությանը։

Բայց ահա անսպառ Հարավը լեռների այն կողմից մի նոր համալրում ուղարկեց։ Այս անգամ եկան կանայք, որոնց վիճակված էր կառավարել երկիրը։ Նրանց խոսքը օրենք դարձավ, իսկ նրանց օրենքը պողպատի պես ամուր էր։ Նրանք խեթ-խեթ էին նայում հնդկացի կանանց, իսկ առաջին հոսանքի սպիտակամորթ կանայք հանկարծ քաշվեցին ու սսկվեիցին։ Տղամարդկանց մեջ գտնվեցին փոքրոգիներ, որոնք ամաչեցին երկրի դուստրերի հետ կնքած իրենց դաշինքներից և սկսեցին դժկամությամբ նայել իրենց թխադեմ ժառանգներին։ Բայց կային նաև ուրիշ, իսկական տղամարդիկ․ սրանք հպարտությամբ պահպանում էին հավատարմության երդումը։ Երբ հնդկացի կանանցից բաժանվելը մոդա դարձավ, Քել Գալբրեյթը չկորցրեց արիությունը, բայց անմիջապես իր վրա զգաց այն կանանց ծանր ձեռքը, որոնք բոլորից ուշ էին երկիր եկել, բոլորից քիչ բան գիտեին նրա մասին և, այնուամենայնիվ, անբաժան կերպով իշխում էին։

Մի գեղեցիկ օր պարզվեց, որ Յուքոնի Վերին հոսանքները հարուստ են ոսկով։ Շնալծվածքները այդ լուրը հասցրին Աղի Ջուր, իսկ ոսկի տանող նավերը գայթակղիչ նորությունը փոխադրեցին Խաղաղ օվկիանոսից այն կողմ. այդ հայտնագործությամբ աղմկում էին հեռագրալարերն ու ստորջրյա կաբելը։ Եվ ամբողջ աշխարհն իմացավ Քլոնդայկ գետի ու Յուքոնյան տերիտորիայի մասին։

Այդ տարիներին Քել Գալբրեյթն ապրեց հանգիստ ու խաղաղ։ Նա լավ ամուսին էր իր Մագդաղենայի համար, և նրանց ամուսնությունը անպտուղ չմնաց։ Սակայն աստիճանաբար նրան պատեց դժգոհության զգացումը։ Նա սկսեց անորոշ կերպով կարոտել իր նմանների հետ շփվելուն, կարոտել այն կյանքին, որից հեռացել էր, նրա մեջ սկսեց աճել մի աղոտ ցանկություն, որը երբեմն հայտնվում է ամեն մի տղամարդու մեջ՝ ազատ լինելու, կյանքի վայելքները ճաշակելու ցանկություն։ Բացի այդ, նա ֆանտաստիկ առասպելներ էր լսում այդ զարմանահրաշ Էլդորադոյի մասին, վրաններով nւ տնակներով կառուցապատված նոր քաղաքի գայթակղությունների մասին, անհավատալի պատմություններ էր լսում չեչակոների մասին, որոնք իսկական հեղեղի պես թափվել էին այդ երկիրը։ Սյորքլը դատարկվեց, քաղաքի կյանքը մեռավ։ Նորոգ ու հրաշագեղ աշխարհը փոխադրվեց հոսանքով դեպի վեր։

Քել Գալբրեյթի սիրտր ձգվեց դեպի իրադարձությունների խորքը, նա ուզում էր ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։ Ուստի հենց որ ձմեռային ողողման աշխատանքներն ավարտվեցին, նա մեկ-երկու հարյուր ֆունտ ոսկե ավազ դրեց Ընկերության մեծ կշեռքի վրա և Դոուսոնում համապատասխան գումար ստանալու չեկ վերցրեց։ Այնուհետև հանքի հսկողությունը հանձնելով Թոմ Ռիքսոնին, համբուրելով Մագդաղենային և խոստանալով վերադառնալ, երբ հայտնվի առաջին սառույցը, շոգենավ նստեց ու գնաց հոսանքն ի վեր։

Մագդաղենան սպասեց։ Սպասեց արևոտ բոլոր երեք ամիսներին։ Նա կերակրում էր շներին, զբաղվում էր փռքրիկ Քելի հետ, ճանապարհ դնելով կարճատև ամառը ու նայելով հեռացող արևի հետևից, որն իր երկար ուղևորությունն սկսեց դեպի հարավ։ Բացի դրանից, նա շատ էր աղոթում, այնպես, ինչպես Սուրբ Խաչի քույրերն էին սովորեցրել իրեն։ Աշունր եկավ, Յուքոնի վրա հայտնվեց առաջին սառույցը, Սյորքլի արքաները վերադառնում էին ձմեռային աշխատանքների, իսկ Քել Գալբրեյթր չկար ու չկար։ Ինչպես երևում է՝ Թոմ Դիքսոնը նրանից նամակ էր ստացել, քանի որ բանվորները նրա կարգադրությամբ շնասահնակով չոր փայտ էին բերել ձմռան համար։ Պետք էր ենթադրել, որ Ընկերությունը նույնպես նամակ էր ստացել, քանի որ ամենաընտիր որակի մթերքներ էր ուղարկել մի քանի շնասահնակով, Մագդաղենային տեղեկացնելով, որ նա կարող է անսահմանափակ վարկ վերցնել իրենցից։

Կանացի բոլոր դառնությունների մեղավորը դարեր ի վեր ընդունված է համարել տղամարդուն, բայց հենց այստեղ էր, որ տղամարդիկ լռում էին, իրենց թույլ տալով միայն ժամանակ առ ժամանակ մի թունդ խոսք նետել բացակայող եղբայրակցի հասցեին, իսկ կանայք, նրանց օրինակին հետևելու փոխարեն, շտապեցին Քել Գալբրեյթի գործերի ու անցկացրած օրերի մասին արտառոց պատմություններ հասցնել Մագդաղենայի ականջին։ Այդ պատմությունները պտտվում էին ինչ-որ մի հույն պարուհու շուրջը․ ասում էին, թե տղամարդիկ նրա համար նույն զվարճալիքն են, ինչ օճառի պղպջակները երեխաների համար։ Մագդաղենան հնդկացուհի էր, և բացի այդ, չուներ մի րնկերուհի, որից կարողանար խորհուրդ հարցնել։ Նա մի ամբողջ օր աղոթեց ու խորհրդածեց, իսկ իրիկնադեմին, լինելով վճռական ու եռանդուն կին, շները լծեց, փոքրիկ Քելին կապեց սահնակին ու ճանապարհ ընկավ։

Յուքոնը դեռ կանգ չէր առել, բայց առափնյա սառույցը օրեցօր ավելանում էր, գետը վերածելով մի պղտոր ու նեղ առվի։ Միայն նա, ում երբևէ վիճակվել է հարյուր մղոն անցնել սառցաշերտի վրայով, իսկ այնուհետև էլի երկու հարյուր մղոն՝ արդեն սառած գետի սառցակույտերի վրայով, կարող է պատկերացնել, թե ինչե՜ր է քաշել այդ կինը, որքա՜ն է նա տառապել ու տանջվել այդ անցումի Ժամանակ։ Բայց Մագդաղենան հնդկացուհի էր։ Եվ ահա, մի գիշեր Մեյլմյութ Քիդի դուռը ծեծեցին։ Տանտերը դուռը բացեց, սոված շներին կերակրեց, ամրակազմ փոքրիկին անկողին դրեց և զբաղվեց կնոջով, որը հոգնածությունից հազիվ էր ոտքի վրա մնում։ Մինչ կինը պատմում էր իր արկածները, նա հանեց կնոջ սառցակալած մոքասինները և սկսեց նրա ոտքերը ծակծկել դանակով, որպեսզի ստուգի, թե ի՛նչ աստիճանի են ցրաահարված։

Մեյլմյութ Քիդի առնական հոգում նուրբ, կանացի ինչ-որ բան կար, որի շնորհիվ ամենակատաղի շներն անգամ վստահում էին նրան և ամենախստաշունչ սրտերը բացվում նրա առջև։ Ինքը չէր, որ ձգտում էր որևէ զեղումի. սրտերը նրա առջև բացվում էին նույնքան բնականորեն, ինչպես ծաղիկներն են բացվում արևի դիմաց։ Ասում էին, թե հայր Ռուբոն ինքը, որ քահանա էր, խոստովանվում էր նրան, իսկ Հյուսիսային Երկրի հասարակ մահկանացու տղամարդիկ ու կանայք անվերջ թակում էին նրա դուռը, մի դուռ, որի փականը երբեք գցված չէր լինում։ Մեյլմյութ Քիդը Մագդաղենայի աչքում այնպիսի մի մարդ էր, որը չէր կարող սխալվել ոչ խոսքի մեջ, ոչ էլ արարքներում։ Նա Քիդին ճանաչում էր մանուկ հասակից, այն օրից, երբ սկսեց ապրել իր հոր հայրենակիցների շրջանում։ Եվ նա՝ կիսավայրենուհին, կարծում էր, թե Մեյլմյութ Քիդի մեջ է ամփոփված դարերի ամբողջ իմաստությունը, որ նրա հայացքը կարող է թափանցել ապագայի խորքերը։

Երկրում կեղծ իդեալներն էին տիրում։ Դոուսոնի այժմյան հասարակական բարոյականությունը չէր համընկնում նախկինի հետ, և Հյուսիսային Երկրի բուռն աճը մեծ թվով վատ բաներ էր կյանքի կոչում։ Մեյլմյութ Քիդը հասկանում էր այդ բոլորը. նա գիտեր նաև, թե ինչ է ներկայացնում իրենից Քել Գալբրեյթը։ Նա գիտեր, որ հապճեպորեն ասված ու չմտածված մի խոսքը հաճախ կարող է անուղղելի վնաս հասցնել․ բացի դրանից, նա ուզում էր մի լավ դաս տալ այդ մարդուն, ամաչացնել նրան ինչպես հարկն է։ Հաջորդ օրը երեկոյան նա մի փոքրիկ խորհրդակցություն գումարեց իր մոտ, հրավիրելով երիտասարդ լեռնային ինժեներ Սթենլի Փրինսին և «Երջանիկ Ջեկ» մականունով Ջեկ Հարրինգտոնին՝ իր ջութակով։ Նույն գիշեր Բեթլզը, որին Մեյլմյութ Քիդը ժամանակին անգնահատելի ծառայություն էր մատուցել, լծեց Քել Գալբրեյթի շները, Քել Գալբրեյթ-կրտսերին կապեց սահնակին ու նրանց հետ անհետացավ մթության մեջ, Սթյուարտ գետի ուղղությամբ։


II

— Այսպես ուրեմն, մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք։ Մյուս կողմը։ Ո'չ, այդպես չէ։ Նորի'ց, Ջեկ։ Տեսեք, ահա այսպես,— Փրինսը անհրաժեշտ պարաքայլը կատարեց այնպիսի մարդու նրբությամբ, որը սովոր է կոտիլյոն ղեկավարել։

— Մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք։ Ետ դա՛րձ։ Ա՛յ, դա արդեն ավելի լավ է։ Կրկնեցեք։ Ինչո՞ւ եք ոտքերիդ նայում։ Մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք։ Քայլն ավելի կարճ։ Հո շուն չեք քշում։ Մի անգամ էլ փորձենք։ Ահա։ Լավ է։ Մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք...

Փրինսը և Մագդաղենան պտտվում էին անվերջանալի վալսով։ Սեղանն ու աթոռները քաշել էին պատի տակ, որպեսզի պարելու տեղ լինի։ Մեյլմյութ Քիդը նստել էր մահճակալին, կզակը հենել ծնկներին ու հետաքրքրությամբ նայում էր պարողներին։ Ջեկ Հարրինգտոնը նստել էր նրա կողքին և ամբողջ ուժով ճզճզացնում էր իր ջութակը, աշխատելով հարմարվել պարողներին։

Դա մի չտեսնված, համարձակ միտք էր, որ հղացել էին այդ երեք տղամարդիկ, ցանկանալով օգնել կնոջը։ Այդ ամենի մեջ ամենահուզիչը թերևս այն լրջությունն էր, որով նրանք վերաբերվում էին իրենց գործին։ Մագդաղենային սովորեցնում էին այնպիսի խստությամբ, ինչպես մարզիկին են նախապատրաստում մրցումների կամ շանն են վարժեցնում լուծ քաշելու։ Սակայն Մագդաղենան իրենից ներկայացնում էր մի ազնիվ նյութ, քանի որ, ի տարբերություն իր ցեղակից կանանց, նա մանուկ հասակում ծանրություն չէր կրել և ձյունածածկ խոպանում ճանապարհ չէր հարթել։ Բացի այդ, նա լավ կազմվածք ուներ, շարժունակ էր և ինչ-որ վեհերոտ նազելիություն կար նրա մեջ։ Եվ նրանք ուզում էին բացահայտել ու զարգացնել հենց այդ թաքնված նազելիությունը։

— Ամբողջ դժբախտությունն այն է, որ նա հենց սկզբից սխալ սովորեց պարել,— ասում էր Փրինսը ընկերներին, իր հևացող աշակերտուհուն նստեցնելով սեղանին,— նա շուտ է ըմբռնում, բայց լավ կլիներ, որ նա բոլորովին պարել չիմանար։ Ի դեպ, Քիդ, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե նա որտեղից է ձեռք բերել այդ մաներան,— Փրինսը կրկնեց ուսերի ու վզի այն յուրօրինակ շարժումը, որը հատուկ էր Մագդաղենայի քայլքին։

— Սա՜ ինչ է։ Իր բախտից է, որ առաքելությունում է դաստիարակվել, — պատասխանում էր Մեյլմյութ Քիդը։— Դա մեջքի վրա ծանրություն կրելու սովորությունից է,— բացատրում էր նա,— այն ձգափոկից, որը ամրացվում է գլխին։ Մյուս հնդկացուհիների մոտ դա ավելի նկատելի է։ Իսկ սրան չի վիճակվել ծանրություն քաշել, բացի այն ժամանակից, երբ ամուսնացել է, և այն էլ միայն սկզբնական շրջանում։ Ասենք, նա և ամուսինը դառնություն ճաշակել են. սովի ժամանակ եղել են Քառասուներորդ Մղոնում։

— Ինչպե՞ս անենք, որ նրան ազատենք այդ սովորությունից։

— Ինքս էլ չգիտեմ։ Գուցե փորձենք օրական մի երկու ժամ զբոսնե՞լ նրա հետ ու նայել, թե ինչպես է իրեն պահում քայլելիս։ Գուցե մի քիչ օգնի։ Ճի՞շտ է, Մագդաղենա։

Երիտասարդ կինը լուռ գլխով արեց։ Քանի որ այդպես ասում է Մեյլմյութ Քիդը, որն աշխարհում ամեն ինչ գիտե, նշանակում է ճիշտը դա է։ Եվ վերջ։

Կինը մոտեցավ նրան. նա անհամբեր ուզում էր շարունակել ընդհատված պարապմունքները։ Հարրինգտոնը ուշադիր զննում էր կնոջը, ինչպես մանրամասն զննում են ձիերին։ Հավանաբար, նա գոհ մնաց զննումից, քանի որ անսպասելի ոգևորությամբ հարցրեց.

— Իսկ ձեր փոխարեն ի՞նչ է վերցրել այդ պառավ թափառաշրջիկը, ձեր քեռին, հը՞։

― Մի հրացան, մի վերմակ, քսան շիշ վիսկի։ Հրացանն էլ կոտրված էր։— Վերջին խոսքերը կինն ասաց արհամարհանքով. երևում էր, նրան վրդովեցնում էր այն, որ իրեն այդքան քիչ էին գնահատել։

Նա վատ չէր խոսում անգլերեն, ընդօրինակելով իր ամուսնու խոսելու բոլոր առանձնահատկությունները, բայց և այնպես հնդկացիներին հատուկ որոշ առոգանությամբ, նրանց համար բնորոշ հակումով դեպի կոկորդային քմահաճ հնչյունները։ Նրա ուսուցիչները զբաղվեցին նաև դրանով և, պետք է ասել, բավականաչափ հաջող կերպով։

Հաջորդ ընդմիջմանը Փրինսը իր ընկերների ուշադրությունը հրավիրեց մի հանգամանքի վրա ևս։

— Լսեցեք, Քիդ,— ասաց նա։— Ինչպե՞ս մտքներովս չի անցել։ Ախր չի կարելի պարել սովորել մոքասիններով։ Բարձրակրունկ կոշիկներ հագցրեք ու բաց թողեք մանրահատակի վրա, այն ժամանակ նա ձեզ ցույց կտա։

Մագդաղենան ոտքը բարձրացրեց ու զարմանքով սկսեց զննել իր տձև մոքասինը։ Նախորդ տարիներին ինքը ճիշտ և ճիշտ այսպիսի ոտնամաններով պարել էր և՛ Սյորքլում, և՛ Քառասուներորդ Մղոնում, և այն ժամանակ դա ոչ ոքի չէր զարմացրել։ Իսկ հիմա... Ասենք Մեյլմյութ Քիդը գիտե, թե ինչն է հարկավոր և ինչը՝ չէ։

Իհարկե, Մեյլմյութ Քիդը գիտեր։ Բացի այդ, նա լավ աչքաչափ ուներ։ Գլխարկը դնելով ու թաթմանները հագցնելով, նա այցելության գնաց միսիս Էպինգուելի՝ պետական խոշոր աստիճանավոր Քլոուդ Էպինգոլելի կնոջ մոտ։ Քիդը մի անգամ նահանգապետի պարահանդեսում նկատել էր, թե որքան նրբակերտ ոտք ունի միսիս Էպինգուելը։ Բացի այդ, նա գիտեր, որ միսիս Էպինգուելը ոչ միայն լավ արտաքին ունի, այլև խելոք է։ Այդ իսկ պատճառով էլ նա համարձակորեն դիմեց այդ կնոջը, խնդրելով մի փոքրիկ ծառայություն մատուցել։

Քիդի վերադառնալուց հետո Մագդաղենան մի րոպեով անցավ կից սենյակը։ Երբ նա դուրս եկավ, Փրինսը քիչ մնաց զարմանքից վեր թռչեր։

— Սատանա՜ն տանի,— բացականչեց նա։— Ո՜ւմ մտքով կանցներ։ Այ քեզ սատանա։ Ախր իմ քրոջից․․․

— Ձեր քույրն անգլուհի է,— ընդհատեց նրան Մեյլմյութ Քիդը,— ու նրա ոտքն էլ անգլիական է։ Մինչդեռ այն ցեղր, որին պատկանում է այս աղջիկը, աչքի է ընկնում փոքրիկ ոտքով։ Մոքասինները սոսկ մի քիչ լայնացրել են նրա թաթը, իսկ քանի որ նա մանուկ հասակում շնալծվածքի հետևից չի վազել, նրա ոտքը չի այլանդակվել։

Բայց այս բացատրությունը բոլորովին էլ չպակասեցրեց Փրինսի հիացմունքը։ Իսկ Հարրինգտոնը, որ գործնական մարդ էր, բարձր ոտնաթմբով նեղ ու գեղեցիկ թաթին նայելով, ակամա հիշեց զզվելի թվարկումը՝ «Մեկ հրացան, մեկ վերմակ, քսան շիշ վիսկի»։

Մագդաղենան այնպիսի մի արքայի կին էր, որի գանձերը կբավականացնեին վերջին մոդայով հագցնելու քսան գեղեցկուհիների, սակայն նա իշայծյամի դաբաղած կաշուց կարված մոքասիններից բացի ուրիշ կոշիկ չէր հագել։ Նա սրտի դողով նայեց ատլասե սպիտակ կոշիկներով իր ոտքերին, բայց նույն պահին հիացմունք, զուտ տղամարդկային հիացմունք կարդաց իր բարեկամների աչքերում։ Նրա դեմքը ողողվեց հպարտ շիկնանքով։ Սեփական հմայքի առաջին անգամ ապրած այդ զգացումը արբեցրեց նրան, և նա առաջվանից ավելի մեծ արհամարհանքով փնթփնթաց.

— Եվ մի հրացան, կոտրված։

Վարժությունները շարունակվում էին։ Մեյլմյութ Քիդը ամեն օր երկարատև զբոսանքներ էր կատարում աղջկա հետ, որպեսզի ուղղի նրա կեցվածքը և մոռացնել տա տղամարդկային մեծ քայլերը։ Այն վտանգը, թե նրան կճանաչեն, մեծ չէր, քանի որ Քել Գալբրեյթը և մյուս վետերանները կորել էին երկիրը ողողած նորեկների բազմության մեջ։ Բացի դրանից, Հարավի փափկասուն կանայք քաթանե դիմակ կրելու սովորություն էին մտցրել, որպեսզի իրենց այտերը պահպանեն Հյուսիսային սառնամանիքի այրող համբույրներից։ Մայրը, կածանում հանդիպելով սկյուռի մորթով փաթաթված, երեսը դիմակով ծածկած իր հարազատ աղջկան, չճանաչելով կանցներ նրա կողքով։

Մինչդեռ ուսուցումը արագ քայլերով առաջ էր ընթանում։ Ճիշտ է, սկզբում գործը դժվար էր գնում, բայց վերջին ժամանակներս զգալի հաջողություններ էին ձեռք բերվել։ Բեկումը վրա հասավ այն երեկոյան, երբ Մագդաղենան, ատլասե սպիտակ կոշիկները փորձելով, հանկարծ գտավ ինքն իրեն։ Սեփական արժանապատվության զգացումը նրան միշտ էլ հատուկ էր եղել։ Իսկ այժմ նրա մեջ արթնացավ սպիտակամորթ հոր աղջկա հպարտությունը։ Մինչև հիմա նա այստեղ իրեն զգում էր օտար, ցածր ռասայի կին՝ քմահաճույքի համար գնված իր տիրոջ կողմից։ Ամուսինը նրան թվում էր աստված, որը չգիտես ինչու ուզեց իրեն՝ անարժանին, հասցնել իր աստվածային մակարդակին։ Նա երբեք չէր մոռանում, նույնիսկ փոքրիկ Քելի ծնվելուց հետո, որ իր ամուսնու ցեղին չի պատկանում։ Ամուսինը աստված էր, նրա ցեղի կանայք՝ աստվածուհիներ, և ինքը իրեն նույնիսկ համեմատել չէր կարող նրանց հետ։

Ասում են, թե սովորութականը դառնում է սովորական, այս, թե մեկ ուրիշ պատճառով, բայց վերջ ի վերջո նա ճանաչեց արկած որոնող սպիտակամորթներին և սովորեց ըստ արժանվույն գնահատել նրանց։

Նա այսպիսի ըմբռնման հասավ ոչ թե դատողությունների միջոցով (դրանք օտար էին նրա մտքի համար), այլ ավելի շուտ կանացի խորաթափանցությամբ, որից նա բոլորովին էլ զուրկ չէր։ Մագդաղենայից թաքուն չմնաց իր բարեկամների անկեղծ հիացմունքը այն երեկոյան, երբ ինքը առաջին անգամ ատլասե սպիտակ կոշիկներ հագավ և այն ժամանակ էլ առաջին անգամ նրա մտքով անցավ, որ հնարավոր է համեմատվել սպիտակ կնոջ հետ։ Ճիշտ է, խոսքը սոսկ ոտքի ձևի մասին էր, բայց ակամայից ծնվում էին և ուրիշ համեմատություններ։ Լուսապսակը, որը մինչ այդ շրջապատում էր իր սպիտակամորթ քույրերին, հօդս ցնդեց, հենց որ նա իր նկատմամբ կիրառեց այն չափանիշը, որով ընդունված է մոտենալ Հարավի կանանց։ Եվ հասկացավ, որ նրանք սոսկ կին են։ Ինչո՞ւ ինքն էլ այնպիսի դիրք չգրավի, ինչպիսին գրավում են նրանք։ Նա տեսավ, թե ինչ պակասություններ ունի ինքը, իսկ սեփական թերությունների գիտակցումը ուժ է տալիս մարդու։ Նա այնքան համառություն ցուցաբերեց, որ նրա երեք դաստիարակները հաճախ նստում էին մինչև ուշ գիշեր, զարմանալով կնոջ հավերժական առեղծվածի վրա։

Մոտենում էր Գոհության օրը։ Բեթլզը Ժամանակ առ ժամանակ լուր էր ուղարկում Սթյուարտ գետի ափերից, հաղորդելով փոքրիկ Քելի առողջության մասին։ Սպասվում էր, որ շուտով նրանք կվերադառնան։ Հաճախ, վալսի հնչյուններ ու ոտքերի ռիթմիկ դոփյուններ լսելով, որևէ պատահական հյուր մտնում էր Մեյլմյութ Քիդի բնակարանը։ Բայց տեսնում էր միայն ջութակը ճզճզացնող Հարրինգտոնին և երկու ընկերներին, որոնք ոտքով դոփում էին համաչափ կամ աշխուժորեն քննարկում վիճելի պարաքայլը։ Իսկ Մագդաղենային ոչ ոք չէր տեսել. այդպիսի դեպքում նա միշտ կարողանում էր ժամանակին թաքնվել կից սենյակում։

Մի անգամ երեկոյան նրանց մոտ եկավ Քել Գալբրեյթը։ Այդ օրը Մագդաղենան, Սթյուարտ գետի ափերից հաճելի լուր ստացած լինելով, լավ տրամադրության մեջ էր։ Նա ինքն իրեն գերազանցել էր և այն էլ ոչ միայն քայլելու, շարժուձևերի, նազելիության մեջ, այլև զուտ կանացի կոկետության մեջ։ Տղամարդիկ սրախոսություններ էին անում, իսկ նա փայլուն պատասխաններ էր տալիս։ Հաջողությունից և սեփական հզորության զգացումից արբած՝ նա արտակարգ ճարպկությամբ մերթ կամայականորեն էր վարվում իր կավալերների հետ, մերթ բարեհաճ լինելով, շնորհ անում նրանց։

Բոլորովին բնազդաբար երեքն էլ ենթարկվեցին հմայքին՝ ոչ գեղեցկության, ոչ խելքի, ոչ էլ սրամտության, այլ կնոջ այն բնորոշ հատկության հմայքին, որի առջև մարդիկ խոնարհվում են՝ չիմանալով, թե ինչ անուն տան նրան։ Ամբողջ սենյակը ցնցվում էր։ Մագդաղենան և Փրինսը եզրակափիչ պարն էին պարում, Հարրինգտոնը աներևակայելի պարեղանակներ էր նվագում իր ջութակով, իսկ Մեյլմյութ Քիդը ինչ-որ մի մոլեգնությամբ գրկել էր ավելը և վայրի անտրաշներ էր կատարում։

Հանկարծ դրսի դուռը ուժգին հարվածներից ցնցվեց, և դավադիրները նույն պահին տեսան, թե ինչպես բարձրացավ փականը։ Նրանք գիտեին, թե ինչ պետք է անել այդպիսի դեպքում։ Հարրինգտոնը շարունակեց նվագել։ Մագդաղենան բաց դռնով իրեն գցեց կից սենյակը։ Ավելը նետվեց մահճակալի տակ, և երբ Քել Գալբրեյթն ու Լուի Սավոյը ներս մտան, Մեյլմյութ Քիդը Փրինսին գրկած շոթլանդական աշխույժ ջիդան էր պարում։

Հնդկացի կանայք ուժեղ ապրումների ազդեցության տակ ուշագնաց լինելու սովորություն չունեն, բայց այս անգամ Մագդաղենան քիչ էր մնում իրեն կորցներ։ Դռան տակ կծկվելով, նա մի ամբողջ ժամ լսում էր տղամարդկանց խուլ ձայները, որոնք նմանվում էին հեռավոր ամպրոպի։ Ամուսնու ձայնը, նրա խոսքի բոլոր առանձնահատկությունները տակնուվրա էին անում Մագդաղենայի հոգին, ինչպես մանուկ հասակում լսված երգի արձագանքը, նրա սիրտը ավելի ու ավելի ուժգին էր բաբախում, նա թուլություն զգաց ծնկներում, և վերջապես, գրեթե անզգա վիճակում ընկավ դռան մոտ։

Այսպիսով նա ոչ տեսավ, ոչ էլ լսեց, թե ինչպես ամուսինը հեռացավ։ Եվ փառք աստծու։

— Ե՞րբ եք մտադիր Սյորքլ վերադառնալ,— ասես ի միջի այլոց հարցրեց Մեյլմյութ Քիդը Քել Գալբրեյթին։

— Ճիշտն ասած՝ չգիտեմ,— պատասխանեց նա։— Համենայն դեպս՝ գետը բացվելուց ոչ շուտ։

― Իսկ Մագդաղենա՞ն։

Քել Գալբըեյթը աչքերը խոնարհեց ու կարմրեց։ Եթե Մեյլմյութ Քիդը այնքան լավ չճանաչեր մարդկային ցեղը, նա արհամարհանք կզգար դեպի այդ մարդը։ Բայց Մեյլմյութ Քիդի վրդովմունքը ուղղված էր ոչ այն սպիտակամորթ եկվորուհիներին, որոնք, չբավականանալով բնիկ կանանց դուրս մղելով, կեղտոտ մտադրություններ ու կեղծ ամոթանք էին ներշնչում տղամարդկանց։

— Նրա հետ ոչինչ չի պատահի,— հապճեպորեն ասաց Սյորքլի արքան, կարծես նեղանալով։— Գիտեք ինչ, այնտեղ Թոմ Դիքսոնը հսկում է իմ գործերը, և նա էլ հոգում է Մագդաղենայի մասին։

Մեյլմյութ Քիդը ձեռքը դրեց նրա ուսին՝ հրավիրելով լռել։

Նրանք դուրս եկան փողոց։ Հյուսիսափայլի կախարդական կրակները շողշողում ու կայծկլտում էին նրանց գլխավերևում. ներքևում՝ բլրի ստորոտում ընկած էր քնած քաղաքը։ Բոլորովին ներքևից շան միայնակ հաչոց լսվեց։ Այն է՝ արքան բերանր բացեց, որ խոսի, Քիդը սեղմեց նրա ձեռքը։ Հաչոցը կրկնվեց։ Շները մեկը մյուսի հետևից արձագանքեցին նրան, և շուտով գիշերային լռությունը լցվեց բազմաձայն խմբերգով։

Ով առաջին անգամ է լսում այդ հոգեմաշ երգը, նրա առջև բացվում է Հյուսիսի գլխավոր և ամենամեծ գաղտնիքը, իսկ նա, ով շատ է լսել այդ, նրա մեջ զգում է չիրագործված հույսերի թաղման ղողանջը։ Դա անհանգիստ հոգիների ճիչն է, որովհետև այդ երգը իր մեջ առել է հյուսիսի ամբողջ ժառանգությունը, շատ սերունդների տառապանքները։ Այն և՛ նախազգուշացում է, և՛ մահերգ բոլոր նրանց համար, ովքեր շեղվել են մարդկային հոտից։

Ունկնդրելով այդ երգի մեռնող հառաչանքները, Քել Գալբեյթը ակամա ցնցվեց։ Քիդը գրքի պես կարդում էր նրա հոգին, նրա հետ միասին ինքն էլ վերստին ապրում էր սովի ու հիվանդությունների տանջալից օրերը, նրա հետ միասին ինքն էլ տեսնում էր համբերատար Մագդաղենային, որը անտրտունջ բաժանել էր բոլոր վտանգներն ու բոլոր տառապանքները։ Խստաշունչ ու հստակ պատկերները իրար հետևից անցնում էին Քել Գալբրեյթի հայացքի առջևով և անցյալի ամուր մատները սեղմում էին նրա սիրտը։ Լարված պահ էր։ Մեյլմյութ Քիդը իր հիմնական հաղթաթուղթը տեղնուտեղը բացելու ու անմիջապես խաղը շահելու մեծ գայթակղություն էր զգում։ Բայց նա ավելի խիստ դաս էր պատրաստում Գալբրեյթի համար և դիմացավ գայթակղությանը։ Նրանք իրար ձեռք սեղմեցին։ Ձյունը տխուր ճռճռաց ուլունքներով զարդարված մոքասինների տակ. արքան իջնում էր բլրից։

Մագդաղենան փշրվել և իրեն կորցրել էր։ Հետք անգամ չմնաց այն ուրախ սատանի ճտից, որի ծիծաղն այնքան վարակիչ էր, և որի շիկնանքն ու շողարձակ հայացքը ընդամենը մեկ ժամ առաջ նրա ուսուցիչներին ստիպեցին ամեն ինչ մոռանալ աշխարհում։ Թուլացած ու անտարբեր՝ նա նստել էր աթոռի վրա նույն դիրքով, ինչ դիրքով նրան թողել էին Փրինսն ու Հարրինգտոնը։ Մեյլմյութ Քիդը մթագնել էր։ Դա բանի նման չէր։ Ամուսնու հետ առաջիկա հանդիպման ժամանակ նա իրեն պետք է պահի վեհ գոռոզությամբ։ Նա ամբողջ տեսարանը պետք է անցկացնի ինչպես իսկական սպիտակամորթ կին, հակառակ դեպքում՝ նրա հաղթանակը հաղթանակ չի լինի։ Քիդը Մագդաղենայի հետ խոսեց խիստ, բացեիբաց, նրան բացատրելով տղամարդու հոգեբանության նրբություններր, և Մագդաղենան վերջ ի վերջո հասկացավ, թե տղամարդիկ ի՛նչ պարզամիտն են, և ինչու կնոջ խոսքը օրենք է նրանց համար։

Գոհության օրից մի փոքր առաջ Մեյլմյութ Քիդը նորից այցելեց միսիս Էպինգուելին։ Սա արագորեն աչքի անցկացրեց իր հանդերձանքը, և երկարատև այց կատարեց դեպի Խաղաղօվկիանոսյան ափի Ընկերության կտորեղենի պահեստը, որից հետո Քիդի հետ միասին գնաց ծանոթանալու Մագդաղենայի հետ։ Այստեղ սկսվեց մի այնպիսի բան, որ այդ տան բնակիչների մտքով անգամ չէր անցնի. կարում էին, ձևում, չափափորձում, կտրում, նշումներ անում, մի խոսքով կատարում էին հազար ու մի անհասկանալի և զարմանալի գործողություններ, որոնց ժամանակ տղամարդկանց հաճախ քշում էին տնից. սրանք ստիպված էին լինում ապաստան գտնել ռեստորանի կրկնակի դռների հետևում։ Նրանք այնքան էին փսփսում սեղանի շուրջը, նրանց առաջարկած կենացներն այնքան հանելուկային էին, որ «Օպերայի» մշտական այցելուներն սկսեցին դրանց տակ տեսնել նոր հայտնաբերված հանք, որը մեծ հարստություն էր խոստանում. ասում են, թե մի քանի նորեկներ և նույնիսկ մի վետերան գարեջրատան վաճառասեղանի տակ պատրաստ պահում էին իրենց արշավապարկերը, որպեսզի առաջին իսկ ազդանշանով ճանապարհ ընկնեն։

Միսիս Էպինգուելը իսկապես ոսկի ձեռքեր ուներ, և երբ տոնի նախօրյակին Մագդաղենան ներկայացավ իր ուսուցիչներին, սրանք նույնիսկ ապշեցին։ Փրինսը նրան կանադական վերմակի մեջ էր փաթաթել մի զվարճալի արժանապատվությամբ, որի մեջ, այնուամենայնիվ, ավելի շատ արժանապատվություն կար, քան հումոր։ Մեյլմյութ Քիդը ձեռքը մեկնեց նրան և զգաց, որ իր ստանձնած հովանավորի դերը մոռանալու ռիսկ է անում։ Հարրինգտոնը, որ ոչ մի կերպ չէր կարող մտքից հանել այն թվարկումը, ուր աչքի էր զարնում կոտրված հրացանը, եզրափակում էր երթը և բլրից քաղաք իջնելու ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի անգամ բերանը բաց չարեց։ «Օպերայի» շենքին մոտենալով ետնամուտքից՝ նրանք Մագդաղենայի վրայից հանեցին վերմակը և փռեցին ձյան վրա։ Մագդաղենան ոտքերը հեշտությամբ ազատելով Փրինսի մոքասիններից, ատլասե նոր կոշիկներով կանգնեց վերմակի վրա։ Դիմակահանդեսի թեժ ժամանակն էր։ Մագդաղենան մի պահ չիմացավ ինչ անել, բայց նրա բարեկամները դուռը բացեցին ու ներս հրեցին նրան։ Իսկ իրենք, պտույտ գործելով տան շուրջը, ներս մտան շքամուտքից։


III

— Որտե՞ղ է Ֆրեդան,— հարցնում էին վետերանները այն ժամանակ, երբ չեչակոները ոչ պակաս կրքոտությամբ հարցնում էին, թե ով է Ֆրեդան։ Դահլիճը թնդում էր։ Այդ անունը բոլորի շուրթերի վրա էր։ Ի պատասխան մաքուր ու կոկիկ հագնված նորեկների հարցուփորձին, օրավարձուները, որոնք սպիտակել էին հանքերում և հպարտ էին իրենց «ծերունի» անվան համար, կամ ոգևորված ստում էին (նրանք վարպետ էին այդ գործում), կամ դեղնակտուցների տգիտությունից վրդովված, կատաղորեն լռում էին։ Յուքոնի Վերին ու Ստորին հոսանքներից այստեղ հավաքվել էին գրեթե քառասուն արքաներ։ Նրանցից յուրաքանչյուրը հավատացած էր, որ իրեն կհաջողվի հեւտքը գտնել, և յուրաքանչյուրը պատրաստ էր իր թագավորության դեղին ոսկով գրազ գալ իր կռահումների ճշգրտության համար։ Շուտով հարկ եղավ մի մարդ առանձնացնել կշռավարին օգնելու համար, սրան բաժին էր ընկել ոսկու տոպրակները կշռելու պարտականությունը, իսկ կողքին խաղամոլների մի խումբ, նրանցից, որոնք ամենայն նրբությամբ ուսումնասիրել են դեպքերը ղեկավարող օրենքներր, սկսեցին գրանցել գրազները և նշել ֆավորիտներին։

Իսկ ո՞րն է Ֆրեդան։ Քանի-քանի անգամ թվաց, թե հույն պարուհին հայտնաբերված է, քանի-քանի անգամ նոր հայտնագործությունը խուճապ առաջացրեց խաղացողների մեջ, և բուքմեքերները նոր գրազներ գրանցեցին իրենց գրքույկներում։ Մարդիկ իրենց ապահովագրում էին համենայն դեպս։ Մետյլմյութ Քիդին, որին զվարճացողները դիմավորեցին հիացական բացականչություններով (չկար մեկը, որ դեմքով չճանաչեր նրան), նույնպես մտցրին ընդհանուր որոնումների մեջ։ Նրա սուր աչքը շուտ էր ընկալում քայլվածքի առանձնահատկությունները, իսկ նուրբ լսելիքը որսում էր ձայնի տեմբրը։ Մեյլմյութ Քիդը ընտրեց մի գեղեցկուհու, որը ներկայացնում էր «Հյուսիսափայլը»։ Բայց նույնիսկ նրա խորաթափանց հայացքը չէր կարող հայտնաբերել սքանչելի հույն պարուհուն։ Հասարակական կարծիքը հակվում էր հօգուտ «Ռուսական իշխանուհու»։ Նա պարահանդեսում ամենանրբակերտ դիմակն էր, հետևապես հենց նա էլ Ֆրեդա Մոլուֆն էր։

Կադրիլի ժամանակ ուրախ աղմուկ բարձրացավ. Ֆրեդան գտնվե՜ց։ Նախորդ պարահանդեսներում, երբ գրան-ռոն էին պարում, Ֆրեդան կատարում էր իր իսկ հայտնագործած անկրկնելի պարաքայլը։ Այս անգամ էլ, երբ հասան այդ պարաձևին, «Ռուսական իշխանուհին» մեջտեղ եկավ, և բոլորը տեսան մարմնի նույն յուրօրինակ շորորումները, ձեռքերի ու ոտքերի նույն շարժումները։ Դեռ նոր էր խաղաղվել բազմության ցնծությունը («Տեսնո՞ւմ ես», «Ախր ես ասո՜ւմ էի»), որից պատերը դողացին, երբ հանկարծ պարզվեց, որ «Հյուսիսափայլը» և մյուս դիմակը՝ «Բևեռային ոգին», ոչ պակաս վարպետությամբ են կատարում նույն պարաքայլը։ Իսկ երբ նրանց օրինակին հետևեցին երկու միանման դիմակներ, որոնք պատկերում էին «Արևի շողակներ», և երրորդը՝ «Ձյունե թագուհին», հարկ եղավ կշռավարին մի օգնական ևս տալ։

Տոնախմբության ամենաթունդ պահին սառնաշունչ քամու հետ սրահ խուժեց Բեթլզը, որր նոր էր վերադարձել արշավից։ Նա սկսեց պարել, և նրա եղյամապատ թարթիչներից ցայտեր էին թռչում չորս կողմը, չհալված բեղերի վրա ծիածանի բոլոր գույներով փայլփլում էին ադամանդները, իսկ մոքասիններից դես ու դեն էին նետվում զրնգուն սառցակտորները, ընկնելով նրա ոտքերի տակ։ Հյուսիսային Երկրում սովորել են ուրախանալ առանց ձևականության. ոսկու հանքերի և կածանի մարդիկ վաղուց արդեն մոռացել են իրենց երբեմնի բծախնդրությունը․ միայն բարձրաստիճան շրջաններում էին դեռևս հետևում ինչ-որ պայմանականությունների։ Իսկ այստեղ կաստայական տարբերությունները ոչ մի նշանակություն չունեին։ Միլիոնատերերն ու աղքատները, սահնակավարներն ու ոստիկանները, կանանց գրկված, պտտվում էին՝ ամենատարօրինակ շարժումներ անելով։ Նրանք, զվարճության մեջ պարզ ու անպաճույճ, բուռն և անտաշ լինելով հանդերձ, գռեհիկ չէին, սակայն, ընդհակառակը, նրանց փոքր-ինչ անճոռնի քաղաքավարությունը արժեր ամենաընտիր սիրալիրությանը։

Հույն պարուհուն որոնելիս՝ Քել Գալբրեյթին հաջողվեց տեղ գրավել կադրիլում, որտեղ պարում էր «Ռուսական իշխանուհին»․ հասարակությունը աստիճանաբար գալիս էր այն համոզման, որ Ֆրեդան հենց դա էր։ Բայց նրա հետ անցկացրած առաջին իսկ պարից հետո Քել Գալբրեյթը պատրաստ էր իր բոլոր միլիոններով գրազ գալ, որ դա Ֆրեդան չէ, և դեռ ավելին, որ իր ձեռքը ինչ-որ ժամանակ արդեն գրկել էր այդ մեջքը։ Նա չէր կարողանում հիշել, թե երբ և որտեղ է եղել այդ, բայց ինչ-որ մի տանջալի ծանոթ բանի զգացումն այն աստիճան համակեց նրան, որ նա ամբողջությամբ տարվեց նոր գաղտնիքով։ Մեյլմյութ Քիդը, նրան օգնելու փոխարեն, անընդհատ տանում էր «իշխանուհուն» և, նրա հետ պարելով, աշխուժորեն ինչ-որ բան էր շշնջում ականջին։ «Ռուսական իշխանուհուն» ամենից ավելի մեծ եռանդով սիրահետում էր Ջեկ Հարրինգտոնը։ Նա նույնիսկ Քել Գալբրեյթին մի կողմ տարավ և նրա մոտ անծանոթուհու անձնավորության վերաբերյալ ամենաֆանտաստիկ ենթադրություններ անելով, ասաց, որ ինքը մտադիր է նվաճել նրա սիրտը։ Այս բանը դիպավ Սյորքլի արքայի սրտին. տղամարդը իր բնությամբ միասեր չէ, և Քել Գալբրեյթը իր նոր հափշտակության մեջ մոռացավ և՛ Մադդաղենային, և՛ Ֆրեդային։

Շուտով ամենուրեք սկսեցին խոսել, որ «Ռուսական իշխանուհին» բոլորովին էլ Ֆրեդա Մոլուֆը չէ։ Դիմակի նկատմամբ եղած ընդհանուր հետաքրքրությունը մեծացավ։ Առաջարկվում էր մի հանելուկ ևս։ Ֆրեդային բոլորն էլ ճանաչում էին, նրան պարզապես չէին կարողանում հայտնաբերել, իսկ թե ով էր այս նորը, ոչ ոք չգիտեր։ Նույնիսկ կանայք չէին կարողանում որոշել, թե ով է այդ «Ռուսական իշխանուհին», իսկ չէ որ նրանք մեկ առ մեկ գիտեին քաղաքի բոլոր լավ պարուհիներին։ Շատերն այն կարծիքին էին, թե այդ տիկինը բարձրաստիճան շրջաններից է, և նրա մտքով անցել է մի քիչ կատակել։ Ոմանք պնդում էին, թե հենց որ դիմակներն սկսեն իջեցնել, նա կանհետանա։ Ոմանք էլ ոչ պակաս կրքոտությամբ պնդում էին, թե այդ կինը Կանզասի «Սթար» թերթի ռեպորտյորն է, որ այստեղ եկել է իրենց բոլորին նկարագրելու հատուկ առաջադրանքով (մեկ սյունակի համար իննսուն դոլլար գումարով)։ Կշռավարների գործը ավելի դժվարացավ։

Ճիշտ ժամը մեկին բոլոր զույգերը դահլիճի մեջտեղ դուրս եկան։ Ընդհանուր հիացմունքի և իսկական մանկական անհոգ ծիծաղի մթնոլորտում սկսվեց դիմակներն իջեցնելու արարողությունը։ Դիմակները ցած էին ընկնում իրար հետևից, առաջացնելով զարմանքի անվերջ բացականչություններ։ Պարզվեց, որ շողշողացող «Հյուսիսափայլը» մի մարմնեղ նեգրուհի է, որը տեղացիների համար լվացք անելով ամսական վաստակում էր հիսուն դոլլար։ «Արևի շողակներ» դիմակի տակ հայտնվեցին բեղեր, և բոլորը ճանաչեցին երկու եղբայրներին՝ Էլդորադոյի արքաներին։ Հասարակության մեջ ամենամեծ հետաքրքրությունն առաջացրեց այն կադրիլը, որտեղ Քել Գալբրեյթը պարում էր «Հյուսիսային ոգու», իսկ Ջեկ հարրինգտոնը՝ «Ռուսական իշխանուհու» հետ։ Նրանք ուշացնում էին դիմակներն իջեցնելը։ Նրանցից բացի, բոլորն արդեն դեմքները բացել էին, բայց հույն պարուհին դեռ չէր գտնվել։ Բոլորի հայացքները ուղղված էին այդ չորսի վրա։ Բազմության բացականչություններից խրախուսված՝ Քել Գալբրեյթը իջեցրեց իր դիմացինի դիմակը։ Երևաց Ֆրեդայի հրաշագեղ դեմքը, և նրա վառվռուն աչքերը շողացին։ Բարձրացած աղմուկն անմիջապես հանդարտվեց։ Բոլորր սպասում էին վերջին առեղծվածի լուծմանը։ Ո՞վ է այդ «Ռուսական իշխանուհին»։ Նրա դեմքը դեռ ծածկված էր։ Ջեկ Հարրինգտոնին ոչ մի կերպ չէր հաջողվում հանել նրա դիմակը։ Մարդիկ անհամբերությունից իրենց կորցրել էին։ Հարրինգտոնը ստիպված եղավ տրորել անծանոթուհու գեղեցիկ զգեստը, և վերջապես դիմակը մի կողմ թռավ։ Դահլիճում իսկական պայթյուն լսվեց։ Յուրաքանչյուրն իրեն զգում էր հիմար վիճակում։ Պարզվեց, որ իրենք ամբողջ գիշեր պարել են հնդկացուհու հետ, իսկ դա կանոններին հակառակ էր։

Սակայն նրանք, ովքեր գիտեին, թե բանն ինչումն է, իսկ նրանց թիվն այնքան էլ քիչ չէր, անմիջապես սսկվեցին, և լիակատար լռություն տիրեց։ Գազազած Քել Գալբրեյթը ջղայնացած, խոշոր քայլերով անցավ ամբողջ դահլիճը և Մագդաղենային մոտենալով, նրա հետ խոսեց չինուկյան բարբառով։ Լիակատար հանգստություն պահպանելով, ասես թե չնկատելով, որ ընդհանուրի ուշադրության առարկան է, Մագդաղենան Գալբրեյթին պատասխանում էր անգլերեն։ Ոչ վախ, ոչ էլ նյարդայնություն չցուցաբերեց նա, և նրա զսպվածությունը ակամա ժպիտ առաջացրեց Մեյլմյութ Քիդի դեմքին։ Արքան շվարել էր և իրեն կորցրել, նրա կինը, մի հասարակ հնդկացուհի, իրեն գերազանցեց ինքնատիրապետման հմտությամբ։

― Գնա՛նք,— վերջապես ասաց նա։— Գնա՛նք տուն։

— Ներեցեք, խնդրեմ,— պատասխանեց կինը,— Բայց ես միստր Հարրինգտոնին խոստացել եմ ընթրել նրա հետ։ Բացի այդ, ես պարի եմ հրավիրված...

Հարրինգտոնը ձեռքը մեկնեց կնոջը, որպեսզի նրան տանի, բոլորովին չհոգալով այն մասին, որ այդ անելիս ինքը մեջքով շրջվեց դեպի Գալբրեյթը, ճիշտ է, Մեյլմյութ Քիդը, համենայն դեպս, ավելի մոտեցավ նրանց։ Սյորքլի արքան շշմել էր։ Նրա ձեռքը երկու անգամ գնաց դեպի գոտին, և երկու անգամն էլ Մեյլմյութ Քիդը ավելի մոտեցավ, պատրաստվելով ոստնելու։ Բայց հեռացող զույգը բարեհաջող հասավ ճաշարան, որտեղ նրանց սպասում էին պահածոյացված ոստրեները (յուրաքանչյուր բաժինը հինգ դոլլար)։ Բազմությունը թեթևացած շունչ քաշեց, և բոլորը ձգվեցին նրանց հետևից։ Ֆրեդան, շուրթերն ուռցնելով, ներս մտավ Քել Գալբրեյթի հետ, բայց նա բարի սիրտ ուներ ու չար լեզու և չհապաղեց փչցնելու ոստրեներից ստացած նրա հաճույքը։ Թե նա ինչ ասաց Քել Գալբրեյթին, դա կարևոր չէ, այլ կարևոր է այն, որ Գալբրեյթի դեմքը մերթ կարմրում էր, մերթ գունատվում, և նա մի քանի անգամ թունդ խոսքեր ասաց իր հասցեին։

Զվարճացողները աղմկում էին դահլիճով մեկ, բայց հենց որ Քել Գալբրեյթը մոտեցավ այն սեղանին, որի մոտ նստած էր իր կինը, բոլորը լռեցին։ Այն բանից հետո, երբ դիմակների գաղտնիքը լուծված էր, նորից ոսկի թափվեց կշեռքի վրա։ Այս անգամ գրազ էին գալիս այդ ամբողջ պատմության վախճանի համար։ Հյուրերը շունչները պահած հետևում էին գլխավոր հերոսներին։ Հարրինգտոնի երկնագույն աչքերը հանգիստ էին, բայց սեղանից կախված սփռոցի տակ ծնկան վրա պահել էր սմիթ-ի-վեսոնը։ Մագդաղենան ձանձրույթ և անտարբերություն արտահայտող հայացքը հառեց ամուսնուն։

— Ը՜... ը՜... թույլ կտա՞ք ձեզ պարի հրավիրել,— հարցրեց արքան, թեթևակի կմկմալով։

Արքայի կինը աչքի անցկացրեց իր պարահանդեսային գրքույկը և գլուխը խոնարհեց ի նշան համաձայնության։