Վերջին թարմացում 4 Հունիսի 2015, 14:51

Աքիլլեսն ու կրիան

Աքիլլեսն ու կրիան

հեղինակ՝ Անդրեյ Բիտով
թարգմանիչ՝ Անահիտ Խաչատրյան
աղբյուր՝ «Ապրելու մտադրություն»


Ես այստեղ կփորձեմ պատմել այն մասին, թե ինչպես նույնիսկ ոչ այնքան հասկանալի մի ընթերցողական նամակ հուշեց ինձ դժվարին ստեղծագործական կացությունից դուրս գալու եթե անգամ ոչ ճիշտ, ապա միակ ճանապարհը: Իմ հերթին, շարադրելով այս պատմությունը, կնշեմ մի փափուկ խնդիր, որը կարող է պարապ թվալ լոկ նրանց, ովքեր գործ չեն ունեցել դրա հետ։ Միաժամանակ ինձ կհաջողվի պատասխանել այս նամակում առաջադրված մի շարք հարցերի։ Այդ ամենը կջանամ անել՝ հենվելով միայն սեփական փորձիս վրա։

Ահա արդեն մի քանի տարի է, ինչ ճակատագիրն ինձ կապել է ԼեւՆիկոլաեւիչ Օդոեւցեւի, ավելի պարզ՝ Լյովայի հետ… Հաճախ ինձ թվում է, թե նրա մասին շատ ավելին գիտեմ, քան՝ ինքս իմ մասին, դրության տիրոջ սովորական մոլորություն։ Ես նրա համար ամեն առումով պակաս հասկանալի եմ․ իմ մտադրությունները կռահելու նրա փորձերը ես սանձահարել եմ, եւ նրա այդ խոնարհությունը միակ բանն է, որով նա սպառնում է ինձ․ եթե նրա անձիցս կախվածությունը վերածվի հնազանդության, կկորչի բազմամյա աշխատանքս։

Այո, ի՛նչ ասել կուզի, բա՜րդ հարաբերություններ են… Բարդ հարաբերություններ են կապում մեզ՝ հերոսին եւ նրա հեղինակին։ Մեր սիրավեպի վերջը չի երեւում։ Ես այդպես էլ դեռ չեմ կարողանում վճռել՝ կմեռնի՞ արդյոք նա դժբախտ պատահարից, թե՞ կենդանի կմնա։ Եվ ահա Լյովւսն դեռ ողջ է եւ սաստիկ հոգնել, հալումաշ է եղել՝ սպասելով հեղինակի ընտրությանը։ Աննախանձելի վիճակ։

Ահա արդեն մի քանի տարի… Մինչդեռ ամեն ինչ սկսվել է անեկդոտից։ Պրոֆեսոր Բ֊ն, որը տասը տարի առաջ իմ ուղեկիցն էր տուն վերադառնալիս, պատմեց, թե ինչպես իրենց հիմնարկին հանձնված թանգարանում տոներին հերթապահելու մնացած երկու աշխատակից լավ կոնծել եւ տուրուդմփոց էին սարքել՝ ապակի ու ցուցանմուշ ջարդելով։ Սակայն հաջորդ օրը (տոնը դեռ շարունակվում էր) կայծակնորեն կարգի էին բերել ու վերականգնել ամեն ինչ, այն էլ այնպես, որ աշխատանքի գալով ոչ մեկը ոչինչ չէր նկատել (հիմա չեմ հիշում, թե ինչպես է, այնուամենայնիվ, այս ամենը ջրի երես դուրս եկել եւ հայտնի դարձել նույն այդ Բ֊ին, որն այս ամենը պատմել է ինձ…)։ Մի տեսակ մերկապարանոց, առանց վառ մանրամասների պատմված այս պատմությունն ինչ որ բանով ապշեցրեց, խռովեց ինձ։ Առանց որեւէ հիմքի ես այն սյուժե համարեցի եւ որոշեցի այդ սյուժեով գրել «Աուտ» վերնագրով մի պատմվածք։ Ես միտք էի անում, մանածագործական հաստոցները ոչնչացնող լուդդիտների պես ըմբոստացող դիպլոմավոր բանասերնե՞ր… Չէ, սարսափելի է… Ապա իրենց անճոռնի, զայրացուցիչ ապստամբության հետեւանքներն այդպես ստրկամտորեն սրբել֊վերացնելը նույնպես գրավում էր ինձ։ Թեկուզեւ վատ, բայցեւայնպես արարք֊սխրանքի այդ գոլորշիացումը զբաղեցնում էր միտքս։

Սյուժեն բաց չէր թողնում ինձ, եւ ես որոշեցի ազատվել դրանից։ Սակայն պետք է ինչ֊որ կերպ արդարացնեի իմ մտադրությունը ապագա ընթերցողի առաջ։ Իրոք, ավելի քան տարօրինակ է այդչափ մասնավոր եւ ոչ բնութագրական դեպք ընտրելը։ Այնժամ ես որոշեցի հակիրճ շարադրել հերոսի ինչ֊որ մի նախապատմություն, այն նպատակով, որ նախապես ուրվանշված խառնվածքը հատկապես այդ անեկդոտում կարողանար երեւան գալ առավել ցայտունորեն, քան դրա դրսեւորման պայմանները։ Ես տարվեցի յուրատեսակ հնէաբանությամբ՝ ոսկոր առ ոսկոր վերականգնելով հրեշին եւ՝ հլու մեթոդի բնական հաջորդականությանը, պատմությունն ավարտեցի նրանով, որ խանձարուրի մեջ շուռումուռ եկավ իմ՝ դեռեւս անմեղ հերոսը, բացեց աչուկներն ու լաց եղավ՝ իր գլխավերեւում տեսնելով հեղինակի չածիլված մռութը։ Դրանից հետո ես ձեռնոցի պես շուռ տվի պատմությունը, եւ այն սկսվեց հենց այն սկզբից, որով, հեղինակային անդրանիկ մոտեցմամբ,

124

ավարտվել էր, այն է՝ անմիջապես ծնունդից։ Ոչ ոք այլեւս չի կասկածի, թե ձեռնոցը շրջված է, որ այն մյուս ձեռքինն է, որ պատմության ներքին ու արտաքին երեսները փոխել են իրենց տեղերը…

Ես նստեցի գրելու այս միջին մեծության պատմվածքը, աստիճանաբար համոզվելով, որ այն գնալով երկարում է, հետզհետե համաձայնվելով այն բանի հետ, թե սա թող արդեն ոչ թե պատմվածք, այլ փոքրիկ վիպակ լինի։ Բայց վիպակն եւս բավական ծավալուն էր դառնում, դրա ձեւը ձգվում էր՝ կազմելով երկար ու գործածության համար անհարմար մի առարկա, որն արդեն չի հիշեցնում ոչ նրբագեղ պատմվածք՝ նման նորաձեւ փոքրիկ ճամպրուկներին, որոնցով այժմ բոլորը շրջում են, ոչ էլ անգամ տեղափոխման համար քիչ թե շատ պիտանի ճամպրուկ֊վիպակ․ դա արդեն մի իր էր, որով չեն թողնում մետրո մտնել՝ դահուկներից էլ երկար ու պայթյունավտանգ։

Թող լինի՝ ինչ լինելու է, վճռեց հեղինակը՝ ձեռքից բաց թողնելով ձեւի առաջնությունը։ «Ու ազատ վեպի անծայր հեռուն…»։

Եվ այսպես, սա արդեն «Աուտ» պատմվածքը չէր, այլ «Տուն» վեպի սկիզբը (ինձ միշտ գրավել են եռատառ կարճ վերնագրերը)։ Որդու կողքին հայտնվեցին հայրն ու մայրը, թոռանը պապ ծնվեց (ամեն ինչ նույն այդ ձեռնոցային հաջորդականությամբ), ես հասցնում էի նրանց տեղերը փոխել պատմվածքում, որպեսզի հերոսը ժառանգի իր նախնիներին, թեպետ նրանք ծնվել էին հետնորդից (այնուամենայնիվ վեպը ժամանակի հետ կամայականորեն վարվելու զարմանալի միջոց է)։ Ի հայտ եկան ապօրինի քեռին եւ հիմնական երթուղու էքսկուրսիոն ընձյուղները, բոլոր այդ մարդիկ , չկասկածելով, գոյություն ունեին հենց նրա համար, որպեսզի իրենց ստեղծած հերոսը չարաբաստիկ խառնաշփոթ սարքի գոյություն չունեցող սենյակում։

Այսպես, կամաց֊կամաց, ես պատմությունը հասցրի մինչեւ հերթապահության ցանկալի պահը, այստեղ է, որ երազանքիս հետքով, գրիչս պիտի վազ տար, մինչդեռ քարացավ՝ կախվելով ներկա ժամանակի կատարից… Ես հայտնաբերեցի, որ ամեն ինչ

125

պատմելով հերոսի անցյալի մասին, ոչ մի բան էլ, պարզվում է, չեմ պատմել անձամբ նրա մասին, այսինքն նրա մասին պատմել եմ կողքից՝ այս օրվա հեռանկարից ու փորձից ելնելով եւ ոչինչ չեմ պատմել այն մասին, թե ինքն ինչպես էր, անձամբ ի՛նքն ի՚նչ էր զգում իմ գնահատականից առաջ՝ իր անցյալի ցանկացած պահ գտնվելով ինչպես ներկայում։ Խռովված ու շվար, ես հասկացա, որ այդպես էլ չեմ հասել ընտրածս սյուժեի սկզբին, որ ստիպված եմ ամեն ինչ սկզբից ու նորից սկսել, որ այն ամենը, ինչ պատմել եմ հերոսի ընտանիքի ու անցյալի մասին, գոյություն ունի միայն որպես առաջին մաս, եւ հարկավոր է նաեւ երկրորդը՝ նախքան լիակատար հիմունքով փայփայածս շարունակությանը ձեռնամուխ լինելը։

Այսպես, իբրեւ առաջինի մեկնակերպ ու տարբերակ, ծնվեց երկրորդ մասը գրված արդեն ոչ այնքան հեղինակի, որքան հերոսի տեսանկյունից։ Հեղինակը չէ, որ շուռումու տալով տնտղում էր հերոսին պատմական անցյալում, այլ հերոսն էր ինքնուրույն ճողփում ներկայի ջրերում։ Փոխարենը՝ այստեղ միայն իր համար էին ծաղկում նրա աղքատիկ այգիները, այստեղ էին հասունանում նրա սերը, թշնամանքն ու բարեկամությունը, կյանքը՝ հերբարիումային առաջին մասի պատմական դարակներում դարսված ծաղկաթերթերի փոխարեն։

Մինչ այդ անցնում էին նաեւ հեղինակային կյանքի տարիները ոչ տասնամյակները, ինչպես հերոսի պարագայում, այլ տարիները, թող որ մեկը՝ տասի դիմաց, սակայն՝ իմը։ Եվ մի տեսակ խամրեց ու հեռացավ այն պատմությունը, որ ես այնքան երկար փայփայել էի, որի սկզբին վերջապես հասել էի։ Ինչպիսին էլ որ լիներ իմ հերոսը, ես մասամբ կապվել էի նրա հետ եւ չէի ուզում փակել նրա հաշիվը։ Ինչ որ բան ես արդեն հասցրել էի ասել, եփել էի այն կացնով ապուրը, որը մտահղացում է կոչվում։

«էլ չեմ կարողանում,– գրում էր հեղինակը՝ դառը քնարական շեղում կատարելով։– Մանավանդ որ հետագայում ամեն ինչ զարգանում է Օր տեսակ քիմիական անխուսափելիությամբ։

Կարծես այսպես է․ վաղ առավոտ, ջահել կին, մենք տուն ենք շինում։ Տաշեղից անտառի բույր ես առնում, հենց անտառն

126

էլ հեռու չէ։ Մենք սիրում ենք, դա դեռեւս դժվար չէ… մենք, սկզբի համար, փոս ենք փորում, փոսորակ, հիմք, առաջին պսակը… Կինս գլուխը դնում է ուսիս, շշնջում է։ Մենք տղա ենք ունենալու։ Վերնաշապիկս կպչում է թիկունքիս, ավելի ճարպկորեն եմ բանեցնում կացինը, ապագա՝ որդի, տուն։ Գլուխներ, մասեր, կողաշենքեր, որմնախորշեր։ Հերոսը ներս մտավ, մոռացավ դուրս ելնել, ինչ֊որ մեկը ներս է խցկվում պատուհանից։ Բայց… ախ, ես հոգնում եմ, ամեն ինչ հոգնում է… հոգնում Է կացինը, հոգնում Է գերանը, հոգնում Է կինը, երեխան Է հոգնում մեր արգանդում։ Արդեն ծուլանում Է ծնվել, հոգնում Է ժամանակն ինքը։

Իսկ գուցեեւ այսպես, առանց տանիքի… Որպեսզի կանգուն լինի տաշեղի մեջ, երկրի բոլոր կողմերը բացվող լուսամուտներով, հարավային միջանցահովիկ, արեւելյան անտառ, արեւմտյան հարեւան, հյուսիսային կողմնուղի։

Կասեն․ «Ինչպե՞ս ապրել այսպիսի տանը»։

Հեղինակի ձեռքերը թուլացան, նա անկարող եղավ իր հերոսի դանդաղորեն ծորող ներկայում որեւէ սյուժե որսալ։ Եվ ուրիշ ելք չէր մնում, քան սպանել նրան հենց այն պահին, երբ նա վերջապես անմիտ ներս էր սողում, ինչպես կենդանի մեկը։ Սակայն ես չեմ սիրում գրական սպանություններ։ Դրանց դիմաց սեփական հատուցումն է երեւում աչքիս։

Այստեղ ահա, ինչպես երկնքից, ինձ է հասնում ընթերցողի այս նամակը։

«Հարգելի Անդրեյ, Գեորգեւիչ (Գեորգեւիչ… ուրեմն աչքի է անցկացրել կենսագրական տվյալներս)։ Դուք, իհարկե, կարող եք չկարդալ այս նամակը… (Ապա հետեւում են գրեթե մեկ էջ կազմող հավաստիացումներ, թե նամակի հեղինակը չի պատկանում այն մարդկանց թվին, ովքեր նամակներ են գրում)։ Մեծ ու չընդմիջվող հետաքրքրությամբ կարդացի ձեր «Դեղատնային կղզին»։ Շատ գոհ եմ, որ կարդացի այն, թե չէ երբեք չէի ընթերցի, եթե չլիներ այս առիթը… (ապա հետեւում է միայն հեղինակիս համար հետաքրքրություն ներկայացնող առիթի նկարագրությունը, որը ես բաց եմ թողնում)։

Սրանով վերջացնում եմ֊ գրում էր իմ թղթակիցը– կամ ես ձեզ լավ չեմ հասկացել, կամ էլ դուք ուրիշ բան էիք ուզում ասել։ Հասկացեք,

127

ես հայրաբար հետաքրքրված եմ ձեր հերոսով, կյանքումս չեմ հանդիպել ինձ այդքան նման մի մարդու։ Այդ պատճառով էլ ձեր ստեղծագործությունը համարում եմ ծայր աստիճան ոչ տիպական եւ պարզ չէ՝ ում համար գրված, քանի որ, այդ առումով ես հաշվի մեջ չեմ եւ դուք ինձ չեք ճանաչում։ Ինձ միայն խիստ հետաքրքրում է՜ եղե՞լ է ձեր հերոսի նման մի մարդ, թե՞ դուք նրան հորինել եք։

Ես հասկանում եմ, որ հերոսի ազգանունն, իհարկե, այդպիսին չէ, եթե այդ մարդը գոյություն ունի։ Կարծում եմ, որ այդ ամենը ինքներդ եք ապրել՜ թաքուն չծիկրակելով, սակայն ինչո՞ւ գրել այդ մասին։ Իսկ եթե դուք այդ ամենը հորինելով եք ընդհանրացրել, ապա տարօրինակ է, չեմ հավատա։ Իսկ եթե ինչ որ մեկին եք նկատի ունեցել, հապա ինչպե՞ս եք դուք նրան այդպես քերթել֊տկլորացրել։ Մի՞թե չեք խղճում։ Ի՞նչ կզգա խեղճը, երբ կարդա իր մասին։ Ինչի՞ համար եք դուք նրան այդպես տանջում։ Եթե ձեր հերոսը կենդանի մարդ է, ես կուզեի գրել նրան, ոչ թե ձեզ։

Մաղթում եմ հետագա ստեղծագործական հաջողություններ նաեւ կյանքում։

Վալերի Կարետա, օպերատոր»։

Բառացիորեն այսպես գրված այս նամակը ես բառացիորեն էլ ընկալեցի։ Տարօրինակ կերպով հենց այն ստիպեց ինձ մտահոգվել հերոսի մասին, այսինքն, թե որքանո՞վ է նա իրական, ոչ թե իրականությանը համապատասխանող, այլ հատկապես իրական, ասել է՝ կենդանի, ինչպես մենք (ես եւ դուք), ինչպես մարմին… Այ քեզ հանելուկ, ո՞վ է ավելի շուտ ծնվել՝ հերոսը, թե՞ հեղինակը։ Մորուքդ որտե՞ղ դնես՝ վերմակի վրա, թե՞ տակ։ Ձուն, թե՞ հավը։ Պովիդլոն ինչպե՞ս է դրվում բարձրկ– կոնֆետների մեջ։

Վերապահումով ասեմ, որ ես հեռու եմ հեգնանքից։ Սա այն դեպքը չէ (կամ էլ ես այլ կերպ եմ ընկալել), երբ գրականության թողած ազդեցությունը շանթահարված է լինում ընթերցողական ըմբռնումի բառացիությամբ, երբ ընթերցողն իզուր շողոքորթելով գրողին նրա մարմնավորումների ճշգրտության

128

համար, պատրաստ է ժողովի ժամանակ մշակել հերոսին…

Բանն այն է, հանկարծ մտածեցի ես, որ ինչ֊որ իմաստով ես նամակ եմ ստացել իմ հերոսի անունից։ Ինչ հարկ՝ խնդմնդալ միամտության վրա, երբ գրականության մեջ շահարկվում է հենց այդ հատկությունը՝ երբ հերոսների կյանքը վերապրվում է իբրեւ կենդանի, իրականության մեջ գոյություն ունեցող կյանք։

Մի ժամանակ ես ծիծաղում էի սիրված հերոսների հետագա ճակատագրով հետաքրքրվող պարզամիտների վրա, ծիծաղում էի գրական ստեղծագործության կառուցվածքի օրենքների չիմացության, պայմանականության չափը չհասկացողների եւ այլնի վրա, քանզի ի՞նչ շարունակություն կարող է լինել ստույգ նշված վերջաբանից հետո։

Այժմ հեղինակիս նույնպես սկսել է հետաքրքրել, թե հետագայում ի՞նչ է լինում հերոսների հետ… Ինչպե՞ս է, օրինակ, կերպարանափոխվում Ռասկոլնիկովն այն բանից հետո, երբ նրա մեծն տարեգիրը նրանից քամել է ողջ կյանքը եւ մսխել այն մի կարճ ժամանակահատվածում այնպես, որ դատավճռից բխող նման եզրակացությունից հետո կյանքն այլեւս անհնար է։ Դատավճիռն ի կատար է ածված, ի՞նչ տաշեղ ու փշրանք է ավլում֊լցնում հեղինակն իր սեղանից դեպի վերջաբանը։ Այնտեղ անվերահսկելի ներկա ժամանակն է, եւ հեղինակը դադարում է գրել ոչ այն պատճառով, որ ամեն ինչ ասել է, այլ որովհետեւ հետո ուժը չի պատում, հետո չի կարողանում։

«Ներկան անտրոհելի է»,– գրում էի ես նահանջելով։ ֊ Այն՝ ամեն ինչ է։ Մենք կարող ենք հայացք ձգել նրա բաբախող մարմնին եւ տեսնել, որ նա կենդանի է։ Նրա այդ մեզանից անկախ կյանքը լիակատար դավաճանություն է, քանզի ներկան մեզ հետ առնչություն չունի, իսկ մենք մեզ վարժեցրել ենք ենթակայության՝ վերաձեւելով անցյալը։ Միաձույլ, անբաժանելի՝ արտացոլման փորձն աղքատիկ է ամեն ինչում, մեր ամեն մի փորձում արդեն մենք չէ, որ ինչ֊որ բան ենք ապացուցում, այլ մեր փորձն է ապացուցում մեզ։ Քանզի գոյություն ունեցող ամենայն ինչ չունի ավելի մեծ ապացույց, քան սեփական գոյությունը»։

129

Ամենն այսպես է։ Լյովան կա։ Եվ ահա մենք դեգերում ենք միասին նրա ու իմ ներկա ժամանակում, որտեղ ամեն հաջորդ քայլը նախորդի անէացումն է եւ յուրաքանչյուրն այդ իմաստով ամբողջ ճանապարհի վերջնամասն է։ Ուստի վեպի ներկա ժամանակը իրականությունը հետագծող ավարտների շղթա է, որով մենք ծայրեծայր ծակծկված֊խոցոտված ենք։ Ներկայի ցանկացած կետ անցյալի, բայցեւ ներկայի վերջն է։ Աքիլլեսն երբեք չի հասնի կրիայի հետքից, մենք անկարող ենք խույս տալ այս լեմմայից։

Սակայն այս գզգզված տեսքով դեն նետելով հերոսին, մենք չենք կարող ազատվել նրա նկատմամբ ունեցած մեղքի զգացումից։ Հենց այդ մեղքն է ստիպում մեզ շարունակ հետաձգել վեպը, որպեսզի հասունանա նոր, մեզ դարձյալ չգոհացնող վերջը։

Այստեղ էլ երեւան է գալիս այն բարոյական խնդիրը, կամ եթե ոչ խնդիրը, ապա հեղինակի եւ հերոսի փոխհարաբերություններին վերաբերող բացառիկ պարագան։ Մեզ կասեն, թե հերոսը նյութեղեն չէ, տեսիլք է, մտքի ու երեւակայության պտուղ, եւ այդ պատճառով հեղինակը նրա հանդեպ չի կրում նույն այն պատասխանատվությունը, ինչ կենդանի՝ միս ու արյուն ունեցող մարդու հանդեպ։ ճիշտ հակառակը։ Կենդանի մարդը կարող է ընդդիմանալ, նույնով պատասխանել, մեզ դառնություն պատճառել… Եվ վերջապես օրենքը նրա կողմն է, եւ ես ավելի շատ կաշկանդված եմ ոչ հողեղեն էակի, քան մարդու հետ ունեցած վարվեցողությանս մեջ։ Այնինչ, հերոսը հլուհնազանդ է, նա ավելի քան ստրուկ է, եւ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքը ավելի մեծ չափով է հեղինակի խղճի գործը, քան կենդանի մարդկանց հետ ունեցած հարաբերությունները։ Խենթի մեկն ամենայն լրջությամբ կարող էր հիմնել գրական հերոսներին իրենց հեղինակներից պաշտպանող ընկերություն։ Եվ իրոք, հավիտյանս խիտ հատորներում կալանված այդ համր տառապյալների շարանը, այդ գունատ, ծայրաստիճան հյուծված, գրեթե անմարմին, իդեալների եւ կատեգորիաների դեմ գործած իրենց ոճիրներից սահմռկած ու ընդմիշտ տապալված անմեղ կալանավորները անկեղծ

130

կարեկցանք են հարուցում։ Նրանք ավելի են արժանի կարեկցանքի, քանզի նրանց տառապանքները լոկ մասամբ են իրենցը․ նշանակալից չափով դրանք մեկ այլ մարդու՝ հեղինակի տառապանքներն Են։ Սեփական ւսրարչի տառապանքների հանդեպ հերոսի ունեցած գթասրտությունը, նրա համբերությունն ու հանդուրժողականությունը անօրինակ են, բացառիկ։ Հերոսները կարեկցանք հարուցում, բայց չեն ստանում այն։ Նրանք անմռունչ իրենց ուսերին կրում են ուրիշների բարոյախոսական, բարոյական, քաղաքացիական, սոցիալական եւ էլի որքան ասես խնդիրներ, որոնք նրանց անմարմին ուսերին են բարդում գրողները։ Մի բան անվիճելի է․ իր հերոսներից հեղինակը պահանջում է ավելին, քան ինքն իրենից՝ իրական կյանքում։ Նրանց նկատմամբ ճակատագրի, հատուցման ու վրեժի օրենքներն զգալիորեն ավելի հստակ ու անվրեպ են գործում, քան կյանքում։ Քանզի կյանքը՝ ամեն ինչ է, իսկ գրականությունը, այնուհանդերձ, ինչ֊որ բան է լոկ։

Միայն անցյալը կարելի է ապրել այն միակ եղանակով, որ կայացել է եւ այլեւս ենթակա չէ սրբագրման եւ անցյալում է, որ մենք պատասխանատու չենք մեր հերոսի հանդեպ։ Այնինչ իրականությունը փորձով ամրագրված չէ, եւ հեղինակային այն նենգությունը, որի դեպքում մենք գիտենք, թե ինչ է լինելու մեր հերոսի հետ, ոչ մի կերպ չի կարող զուգակցվել արդարության զգացման հետ, քանզի դա անծանոթ է նրան։ Ի դեպ, երբեմն, ստեղծագործության ավարտին հերոսն սկսում է «կռահել», որ իր հետ առնչություն ունեցող չարի եւ ինչ֊որ մեկի հեղինակային կամքի ուժերն իր համար ընտրել են կյանքի անխուսափելիության գեղարվեստական մանրամասներ․ հերոսն սկսում է փոքր֊ինչ տրտնջալ, դիմադրել, երբեմն նույնիսկ (երջանիկ, ոգեշունչ օրինակ) նրան հաջողվում է ինչ֊որ բան պարտադրել հեղինակին՝ մեծ կարեւորություն չունեցող, փոքրիկ քմահաճույք… Բայց կխելագարվես, իմանալով, որ ոմն մեկը իր ձեռքով խախտում է սեփական եւ քանդում մեր կյանքը, կխելագարվես, որ մեկն իրեն իրավունք է վերապահել դառնալ մեր բախտն ու ճակատագիրը… Հենց այստեղ է, որ երբեմն հերոսը բռնում է հեղինակի ձեռքը, հեղինակը սթափվում է։

131

Չէ՞ որ քանի դեռ գրվում է նախադասությունը, անցյալի գիրկն է անցնում ակնթարթը, ամբողջ պատմությունը։ Վեպի նույնիսկ վերջին արտահայտությունը բավական էական է․ հերոսը փակեց աչքերը կամ բացեց աչքերը, արթնացավ կամ քնեց, տեղից բարձրացավ կամ թրխկոցով ցած ընկավ, խոսեց կամ լռեց, հիշեց, թե մոռացավ, մտքի մեջ ընկավ, թե ձեռքը թափ տվեց, արեւ ծագեց, թե անձրեւ տեղաց, շնչեց, թե արտաշնչեց։ Վերջին արտահայտության այս գործողություններից յուրաքանչյուրն ըստ էության ընդհանուր առմամբ ամեն ինչի գնահատականն ու ամփոփումն է։ Բայց միշտ ուզում ես վերջակետ դնել շնչառության ու լավ եղանակի ժամանակ։

Վեպն ավարտվում է, կյանքը՝ շարունակվում։ Սակայն ինչի՞ հասանք մենք՝ միաձուլելով հեղինակի եւ հերոսի

ժամանակները։

Արդյոք այն ստեղծագործությո՞ւնը չենք վեպ համարում, որի վերջը նրա սկիզբն է։ Այսինքն, գրողի կողմից հերոսի ներկա ժամանակի նվաճումը ցանկացած սյուժեի օբյեկտիվ վերջը չէ՞ արդյոք։ Եթե այդպես է, ապա վեպն ավարտված է։

հերոսի եւ մեր հայացքները հանդիպում են։ Մենք վերհիշում ենք խանդոտի այն մոլոր֊կասկածամիտ, դեռեւս չապացուցված մեղադրանքով խանդի առարկային վիրավորել վախեցող հայացքը, իսկական զգացմունքով թաթավուն հայացքը, որ զուրկ է սակայն ձայնի իրավունքից, Լյովայի՝ ինձ վրա նետած տառապանքով լի հայացքը այն բարոյազուրկ (ճիշտ է՝ մեկ֊միակ) պահին, երբ ես չդիմացա եւ հետաքրքրասիրություն հանդես բերելով՝ նայեցի նրան։ Այդ մանկական հայացքին անհնար էր դիմանալ, եւ հեղինակը շփոթվեց ու գետին

հառեց հայացքը։

… Այսպես է ապրում հեղինակը՝ գերագնահատելով իր հանդեպ ունեցած ուրիշների եւ թերագնահատելով սեփական զգացմունքները, եւ ժամանակն ընդհուպ մեզ է մոտենում։ Մենք կանգնած ենք դեմ֊դիմաց եւ արդարանում ենք նրանով, որ մոտիկից չենք տեսնում։ Ապագայում մենք կարճատես ենք,

132

անցյալում՝ հեռատես։ Ախ, ակնոց նշանակեք ինձ հիմա։ Այդպիսին՝ չիք։

Եվ այժմ, հերոսին արհեստականորեն հեղինակի հետ առերես տեսակցության մղելով, մենք այլեւս նահանջի տեղ չունենք, մեր ժամանակները վերջնականորեն համընկնում են, այս պահից սկսյւսլ մենք նրա հետ միասին ապրում ենք միեւնույն ժամանակում՝ յուրաքանչյուրս մեր կյանքով, եւ մեր առօրյա տարածության մեջ զուգահեռները երբեք չեն խաչաձեւվի։ Այնպես որ, այդ կարճ տեսակցությունը բաժանում է։ Ըստ էության, յուրաքանչյուր ժամադրություն, որքան էլ, որ տխուր է…

Այն վաղուց նախատեսվել, այն վաղուց է կայացել… Երբ զուգաչափությունը լրիվ կառուցված էր, եւ անցյալը ներկայի հայելում տեսավ ապագայի արտացոլքը, երբ սկիզբը կրկնեց վերջը եւ օղակվեց կարիճի պես, եւ սպառնալիքն իրականացավ հույսի մեջ, երբ վեպն ավարտվեց եւ սկսվեց հեղինակային կամայականությունը գետնատարած անշունչ մարմնի հանդեպ՝ նրան մեռած թողնել անհեթեթ, դժբախտ պատահարից, թե՞ հարություն տալ ողջախոհության ու լավատեսության (իրապաշտության) ավանդույթների համաձայն՝ պատժելով զարթխումի (հատուցման…) օրենքներով,– այնժամ արդեն… եւ այն ժամանակից ի վեր (այնուամենայնիվ հարություն տալով), տառապելով պատահականությունից ու անսկզբունքայնությունից, հեղինակը սեփական կյանքից էր գողանում յուրաքանչյուր հաջորդ գլուխը եւ այն գրում բացառապես ի հաշիվ այն իրադարձությունների, որ հասցնում էին տեղի ունենալ նախորդը գրելու ընթացքում։ Հեռավորությունը կրճատվում էր, եւ սեփական շարժումների կարճատեւությունը զավեշտական էր դառնում։ Աքիլլեսը կոխրճեց կրիային, խշրտոցը լսվեց ներկայում եւ այդ պահից սկսյւսլ… ապրել չես ուզում, որքան ծանր է, ա՜հ, ձանձրանալով հեղինակի վրա ծանրումեծ փլվեց նրա սեփական կյանքը։ Իսկ ի՞նչ ասել…

Հիմա մենք այս էջը մեքենագրուհուն կտանենք եւ սրանով Կվերջացնենք։

133


Մենք սուսուփուս կնստենք, քանի դեռ նա մեքենագրում է, նրա այդ գնդացրային ճարճատյունը մեր վերջին լռությունն է։ Կսթափվենք, լուսամուտից դուրս կնայենք։

… Վերջին անգամ մենք կովային կտեսնենք դիմացի մուտքից դուրս գալիս․ Ըհը՜, ահա թե որտեղ է նա գիշերել։ Նա քնատ տեսք ունի։ Նա կանգնել ու մի տեսակ մոլորված դողդողում է, ասես չգիտի որտե՞ղ է ինքը եւ ո՞ր կողմը գնա։ Նայում է երկնքին։ Երկնքում տեսնում է երկնագույն մի ճեղք… ո՞ւմ ես ժպտում, սիրազեղ հիմար… Ես չգիտեմ։ Գրպանները թփթփացրեց, սրսփալով կուչ եկավ։ Ուրիշ է՞լ ինչ կարող է անել։ Դեհ, ծխախոտ վառեց, ծխեց։ Եվ տեղում դոփեց։ Ու գնաց։

Ողջույն։ Առայժմ։ Մենք դեռ կարող ենք ցած նայել ու ձայն տալ․ «Հե՜յ, հե՜յ։ Կանգնիր։ Ներս արի… ներս արի»։

Եվ մենք ձայն չենք տա նրան։ Չենք կարող, իրավունք… էդ ո՞ւր է նա գնալով հեռանում…

1971,1974