հեղինակ՝ Ջոնաթան Սվիֆտ |
Հրատարակիչը ընթերցողներին
Այս ճանապարհորդությունների հեղինակ միստր Լեմյուել Գուլիվերն իմ վաղեմի և մտերիմ բարեկամն է, մորս կողմից մեր մեջ նույնիսկ ազգականություն կա։ Մոտ երեք տարի սրանից առաջ միստր Գուլիվերը, որին շատ էին ձանձրացրել հետաքրքիր մարդկանց հաճախումներն իր մոտ՝ Ռեդրիֆֆ, հարմար տնով մի հողամաս գնեց Նյուարկի մոտ, Նոտտինգհեմշայրում, իր հայրենի երկրում, ուր մինչև օրս ապրում է մեկուսացած, սակայն հարգված իր հարևանների կողմից։
Թեև միստր Գուլիվերը ծնվել է Նոտտինգհեմշայրում, ուր ապրում էր նրա հայրը, սակայն ես նրանից լսել եմ, որ նրանց տոհմը գաղթել է Օքսվորդշայրից․ հավաստիանալու համար ես դիտեցի Բանբերի գերեզմանատունն այդ երկրում և գտա Գուլիվերների մի քանի գերեզմաններ ու հուշարձաններ։
Ռեդրիֆֆից մեկնելուց առաջ նա պահ տվեց ինձ ներքոգրայլ ձեռագիրը, նրա կարգադրությունը թողնելով իմ հայեցողությանը։ Ես երեք անգամ ուշադրությամբ կարդացի այդ ձեռագիրը․ ոճը շատ հարթ է ու պարզ․ ես գտա միայն մի պակասություն․ այդ այն է, որ հեղինակը, հետևելով ճանապարհորդների սովորության, պատմում է չափազանց մանրամասն։ Ամբողջի մեջ, անշուշտ, ճշմարտության շունչ կա․ և հիրավի, հեղինակն իր ճշմարտասիրության համար այնքան է հռչակված, որ Ռեդրիֆֆում հարևանների մեջ առած է դառել, և երբ մեկն ուզում է մի բան հաստատել, ասում է, թե դա ճշմարիտ է այնպես, ինչպես միստր Գուլիվերի խոսքը։
Մի քանի արժանավոր մարդկանց խորհրդով, որոնց ես, հեղինակի թույլտվությամբ, հաղորդակից արի այս ձեռագրին, որոշում եմ լույս ընծայել այն հույսով, որ նա, համենայն դեպս, մի առ ժամանակ մեր երիտասարդ ընթերցողների համար կլինի ավելի լավ ժամանց, քան պոլիտիկոսների և պարտիաների սովորական խծբծանքները։
Այս հատորը թերևս երկու անգամ ստվար լիներ, եթե ես չհանդգնեի դեն ձգել քամիների, ամեն մի ճանապարհորդության օդերևութաբանական առանձնահատկությունների, ինչպես և մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ անթիվ էջեր․ դրա հետ միասին փոթորկի ժամանակ նավի ղեկավարության մանրամասն նկարագրությունը՝ ծովային ժարգոնով գրած։ Ճիշտ այդպես էլ վարվեցի լայնությունների ու երկարությունների հետ։ Միայն վախենում եմ, որ միստեր Գուլիվերը կարող է մի փոքր անբավական լինել դրանից․ սակայն իմ նպատակն էր նրա երկասիրությունը որքան կարելի է մատչելի դարձնել ընթերցողների լայն շրջանակի համար։ Իսկ եթե ծովային գործերի մեջ ունեցած իմ անգիտությունն ստիպել է ինձ որևէ սխալ կատարել, ապա միակ պատասխանատուն ես եմ։ Բայց եթե գտնվի որևէ ճանապարհորդ, որ կամենա ծանոթանալ ամբողջ գրվածքին իր ընդարձակ ծավալով, ինչպես որ ելել է հեղինակի գրչի տակից, ես պատրաստ եմ նրան գոհացնելու։
Հեղինակի վերաբերյալ հետագա մանրամասնություններն ընթերցողը կգտնի այս գրքի առաջին էջերում։
- Ռիչարդ Սիմփսոն
Կապիտան Գուլիվերի նամակը իր քեռորդի Սիմփսոնին
Հույս ունեմ, որ չեք մերժի հրապարակավ ընդունելու, երբ էլ ձեզ հարցնելու լինեն, որ դուք ձեր համառ և հաճախակի խնդրանքներով համոզեցիք ինձ հրատարակության տալու իմ ճանապարհորդությունների միանգամայն թերի և անստույգ պատմությունը, որ միևնույն ժամանակ, առաջարկեցիք ինձ այս կամ այն համալսարանից հրավիրել մի քանի երիտասարդ՝ կարգի բերելու իմ ձեռագիրն ու սրբագրելու իմ ոճը, ինչպես որ այդ, իմ խորհրդով, կատարեց իմ քեռորդին՝ Դեմպիերը[1] իր գրքի նկատմամբ, որ կոչվում է՝ «Ճանապորհորդություն աշխարհի շուրջը»։ Սակայն ես չեմ հիշում, որ ձեզ արտոնած լինեմ հավանություն տալու, որպեսզի որևէ բան բաց թողնեն և, մանավանդ, որևէ բան ավելացնեն․ այդ պատճառով ես այստեղ հայտարարում եմ, որ ինչ վերաբերում է վերջինիս, ես միանգամայն հաստատում եմ ասածներս, մասնավորապես մի պարբերության նկատմամբ, որ վերաբերում է նորին մեծության հանգուցյալ Աննա[2] թագուհու ամենաբարեպաշտ և փառապանծ հիշատակին․ թեև ես նրան հարգում ու գնահատում էի ավելի, քան մարդկային մի այլ էակի։ Իսկ դուք կամ բնագրի աղավաղիչը, նկատի պետք է առնեիք, որ ես սովորություն չունեմ քծնել ինձ նմաններին և ես անպատշաճ կհամարեի տիրոջս ՝ Հուիհընհնմին ուղղած իմ ճառում փառաբանել մեր կազմության տեսակի որևէ կենդանու։ Բացի այդ, հենց փաստն ինքնին սխալ է․ որքան ինձ հայտնի է, նորին մեծության թագավորության օրով, իմ Անգլիա եղած ժամանակ, թագուհին կառավարում էր երկիրն ավագ մինիստրի, մինչև անգամ, հաջորդական կերպով, երկուսի ձեռքով․ դրանից առաջինը լորդ Գոդոլֆինն էր, իսկ երկրորդը՝ լորդ Օքսվորդը․ այնպես որ դուք ինձ ասել եք տվել այն, ինչ չի եղել։ Նմանապես Ծրագրողների Ակադեմիայի պատմության և իմ տիրոջ Հուիհընհընմին ուղղած ճառի մի քանի մասերում դուք կամ բաց եք թողել մի քանի կարևոր հանգամանքներ և կամ մեղմացրել ու փոփոխության ենթարկել այնպես, որ ես դժվարությամբ եմ ճանաչում իմ սեփական երկասիրությունը։ Երբ ես նախապես ակնարկեցի այդ մասին իմ մի նամակում, դուք հաճեցիք ինձ պատասխանել, թե վախեցել եք անարգելուց․ թե իշխանավորները շատ աչալուրջ են մամուլի նկատմամբ և ընդունակ են ոչ միայն մեկնաբանության ենթարկելու ամեն ինչ, որ թվում է իրենց իբրև հեռավոր ակնարկ (կարծեմ դուք այդպես արտահայտվեցիք), այլև պատժի ենթարկելու։ Սակայն, աղաչում եմ, այն, ինչ ասել եմ այնքան տարի սրանից առաջ, հինգ հազար լիգ այստեղից հեռու, այլ պետության մեջ, ինչպե՞ս կարող է վերաբերել եհուներից որևէ մեկին, որոնք, այսպես ասած, կառավարում են հոտը․ մանավանդ, որ այդ ժամանակ ես ամենևին չեմ մտածել, որ պիտի ապրեմ նրանց իշխանության ներքո և վախ չեմ ունեցել այդ դժբախտությունից։ Արդյոք ես հիմք չունե՞մ զայրանալու, երբ տեսնում եմ, թե ինչպես այդ եհուները հուիհընհընմների վրա նստած քշում են, իբր թե իրենք իմաստուն արարածներ են, իսկ հուիհընհընմները՝ անբան անասուններ։ Իսկապես, իմ մեկուսացման հիմնական դրդապատճառը նման հրեշային և գարշելի տեսարաններից խուսափելու ցանկություն էր։
Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ էի համարում ասել իմ՝ դեպի ձեզ ցույց տված վստահության և ձեր մասին։
Այնուհետև ինձ ափսոսանք է պատճառում իմ սեփական անփութությունը, որի պատճառով ես զիջեցի ձեր և ուրիշների աղերսանքներին ու կեղծ առարկություններին և, հակառակ իմ սեփական համոզմունքի, տվի համաձայնություն իմ «Ճանապարհորդությունների» հրատարակության մասին։ Բարեհաճեցեք մտաբերել, թե երբ դուք պնդում էիք հրապարարական բարիքի վրա, քա՜նի անգամ ես ցանկություն հայտնեցի, որպեսզի ի նկատի առնեք, որ եհուները պատկանում են կենդանիների այն տեսակին, որոնք կատարելապես անընդունակ են կերպարանափոխվելու խրատների և օրինակների միջոցով․ և այդպես էլ եղավ։ Փոխանակ տեսնելու ամեն տեսակ զեղծումների և ապականությունների վերջը, գոնե այս փոքրիկ կղզու վրա, ինչպես ես հիմք ունեի ակնկալելու, ընդհակառակը, զգում եմ, որ վեց ամիս անցնելուց հետո ես չեմ նկատում, որ իմ գիրքն ունեցած լինի իմ նպատակներին համապատասխանող որևէ ազդեցություն։ Ես խնդրել էի ձեզ նամակով ինձ հաղորդել, թե ե՞րբ կանհետանան պարտիական հաշիվներն ու ինտրիգները․ երբ դատավորները կդառնան ուսյալ և ուղղամիտ․ փաստաբանները՝ ազնիվ, համեստ և, թեկուզ մի կաթիլ առողջ մտքի տեր․ երբ Սմիտսֆիլդը[3] կփայլատակի օրենսգրքերի բուրգերի բոցերից․ երիտասարդ ազնվականների դաստիարակությունն արմատական փոփոխության կենթարկվի, բժիշկները կվտարվեն․ իգական եհուները կպճնվեն առաքինությամբ, պատվով, ճշմարտությամբ և առողջամտությամբ․ արքունիքներն ու նշանավոր մինիստրների ընդունարանները կմաքրվեն և ավելով կսրբվեն․ հանճարը, արժանիքը և ուսումը կվարձատրվեն։ Տպագրական խոսքն անարգողները, լինի արձակ թե չափածո, կդատապարտվեն մի բանի՝ կերակրի փոխարեն ուտելու իրենց սեփական թուղթը և ծարավը հագեցնելու իրենց թանաքով։ Ձեր խրախուսանքներից ներշնչված ես հույս էի դրել այդ և հազար ուրիշ բարեփոխությունների վրա․ չէ՞ որ այդ ամենը պարզ և մեկին բխում է այն հրահանգներից, որ տալիս է իմ գիրքը։ Եվ պիտի խոստովանել, որ յոթ ամիսը[4] բավական ժամանակամիջոց է շտկելու համար ամեն մի մոլություն և խենթություն, որոնց ենթակա են եհուները, եթե միայն նրանք ունեցել են բնական հակում դեպի առաքինությունն ու իմաստությունը։ Սակայն ձեր նամակների մեջ տված պատասխանները ոչ միայն հեռու էին իմ ակնկալություններից, այլ դուք, ընդհակառակը, ամեն շաբաթ ծանրաբեռնում էիք թղթատարներին, ուղարկելով զանազան տեսակի պարսավագրեր, մեկնաբանություններ, հուշագրություններ և այլ երկրորդական բաներ։ Դրանց մեջ ես տեսա, որ ինձ մեղադրում են պալատականներին այպանելու մարդկային բնության ստորացման (որովհետև այդ հեղինակները հանդգնություն ունեն այդպես արտահայտվելու) և իգական սեռին վիրավորելու համար։ Ես նաև գտնում եմ, որ այդ անպետքության հորինողները նույնիսկ իրար հետ համաձայնության չեն եկել, նրանցից ոմանք չեն ցանկանում ճանաչել ինձ իմ Ճանապարհորդությունների հեղինակ, իսկ ոմանք ինձ են վերագրում այնպիսի հեղինակություններ, որոնք որևէ առնչություն չունեն ինձ հետ։
Ապա ես ուշադրություն եմ հրավիրում ձեր գրաշարի ծայր աստիճան անփութության վրա․ նա ժամանակագրության, իմ ճանապարհորդությունների և վերադարձների և ժամկետների նշանակումների մեջ ահագին շփոթ է մտցրել և ոչ մի տեղ ճշգրիտ չի նշել ոչ տարին, ոչ ամիսը և ոչ ամսաթիվը։ Ես լսել եմ, որ գրքի տպագրությունից հետո բնագիրն իսպառ ոչնչացված է, իսկ ինձ մոտ պատճեն չի մնացել։ Այնուամենայնիվ ուղարկում եմ ձեզ մի քանի ուղղումներ, որ դուք կարող եք մտցնել գրքի մեջ, եթե երբևիցե լույս տեսնի նրա երկրորդ տպագրությունը։ Ես չեմ պնդում այդ ուղղումների վրա, այլ թողնում եմ բանիմաց և անաչառ ընթերցողների վճռին՝ կարգադրելու այնպես, ինչպես նրանք կամենում են։
Ինձ լուրեր են հասնում, որ մեր ծովային եհուներից ոմանք իմ ծովային լեզվի մեջ սխալներ են գտնում՝ համարելով այն շատ դեպքերում անճիշտ և անգործածելի։ Որևէ կերպ օգնել նրանց չեմ կարող։ Երբ ես երիտասարդ էի, իմ առաջին ճանապարհորդությունների ժամանակ, ուսուցիչներս եղել են հին նավաստիներ և նրանցից էլ յուրացրել եմ այդ լեզուն։ Սակայն հետագայում ես համոզվեցի, որ ծովային եհուները, ցամաքայինների պես, հակամետ են հնարելու նորաձև խոսքեր, որոնք ամեն տարի փոխվում են այնպես, որ, ինչպես հիշում եմ, ամեն անգամ հայրենիք վերադառնալիս նրանց հին բարբառը գտնում էի այնքան փոփոխված, որ չէի կարողանում հեշտությամբ հասկանալ նորը։ Եվ ես նկատեցի․ երբ հետաքրքրասիրության համար մի որևէ եհու այցի է գալիս Լոնդոն՝ իմ սեփական տունը, մեզանից ոչ մեկը չէր կարողանում իմ միտքը հասկանալի դարձնել մյուսին։
Եթե եհուների կշտամբանքները որևէ կերպ ազդեին վրաս, ես հիմք կունենայի գանգատվելու իմ սեփական քննադատներից, որոնցից շատերը կարծում են, թե իմ ճանապարհորդությունները սեփական ուղեղիս երևակայության արդյունքն են և այնքան հեռու են գնում, որ ենթադրում են, թե հուիհընհընմներն ու եհուներն ավելի իրական չեն, քան Ուտոպիայի բնակիչները։
Մինչդեռ պիտի խոստովանեմ, որ ինչ վերաբերում է Լիլիպուտիայի, Բրոբդինգեգի[5] (այդ խոսքն այդպես պիտի արտասանվի և ոչ թե սխալ կերպով՝ բրոբդինգնեգ) և Լապուտայի ժողովուրդներին, ես երբեք չեմ լսել, որ մի որևէ եհու, որքան էլ որ նա հավակնոտ լինի, ժխտի նրանց գոյությունը, կա թե չէ նրանց վերաբերյալ իմ պատմած իրողությունները, որովհետև ճշմարտությունը միշտ հաղթում է ընթերցողին իր ակնհայտ փաստերով։ Եվ մի՞թե քիչ հավանականություն կա հուիհընհընմների և եհուների մասին իմ արած պատմության մեջ, երբ հայտնի է, որ վերջիններից նույնիսկ այս քաղաքում հազարներ կան, որոնք տարբերվում են հուիհընհընմների երկրում ապրող նրանց բիրտ եղբայրներից նրանով, որ նրանք խոսում են արագ և անհասկանալի ու մերկ ման չեն գալիս։ Ես գրել եմ նրանց ուղղելու համար և ոչ թե նրանցից հավանություն ստանալու համար։ Նրանց ամբողջ ցեղի միահամուռ գովեստն ինձ համար ավելի պակաս արժեք ունի, քան թե վրնջույնը երկու այլասերված հուիհընհընմի, որոնց ես կապում եմ իմ գոմի մեջ, որովհետև այս վերջիններից, որքան էլ այլասերված լինեն, ես կարող եմ որևէ առաքինություն սովորել, որ զերծ է մոլությունից։
Մի՞թե այդ թշվառ կենդանիները համարձակվում են մտածել, որ ես այն աստիճան այլասերված եմ, որ ուզում եմ պաշտպանել իմ ճշմարտությունը։ Թեև ես եհու եմ, սակայն հուիհընհընմների ամբողջ աշխարհին քաջ հայտնի է, որ իմ պայծառ տիրոջ հրահանգների և օրինակների շնորհիվ ես կարողացա երկու տարվա ընթացքում (թեև խոստովանում եմ՝ սոսկալի դժվարություններով) վտարել ինձնից ատելու, նենգելու, խաբելու, երկդիմաբանելու դժոխային սովորությունը, որ այնքան խոր արմատ է դրել մեր ցեղակիցների, մասնավորապես եվրոպացիների հոգում։
Ես ունեմ և այլ գանգատներ այդ անախորժ դեպքի վերաբերյալ։ Բայց ես չեմ ուզում ձանձրացնել թե՛ ինձ և թե՛, ավելի ևս, ձեզ։ Ես պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ վերջին վերադարձից հետո իմ մեջ վերակենդանացան իմ եհուական բնությանը հատուկ մի քանի մոլություններ, շնորհիվ մեր ցեղի մի քանի ներկայացուցիչների և մանավանդ իմ սեփական ընտանիքի հետ ունեցած շփման, որ անխուսափելի էր, հակառակ դեպքում ես երբեք չէի փորձի մեր թագավորության մեջ բարեփոխության ենթարկելու եհու ցեղը։ Այդ երևակայական ծրագրերն այժմ ես մի կողմ եմ նետել։
Առաջին մաս — Ճանապարհորդություն դեպի Լիլիպուտիա
Գլուխ առաջին
Հեղինակը տեղեկություն է տալիս իր և իր ընտանիքի մասին։ Նրա ճանապարհորդության դրդապատճառը։ Նրա նավը խորտակվում է, նա լողալով փրկվում է և անփորձ կերպով լիլիպուտների աշխարհի ափերին է հասնում։ Նրան գերի են վերցնում ու տանում երկրի խորքը։
Իմ հայրը Նոտտինգհեմփշայրում ուներ մի փոքրիկ կալվածք․ ես նրա հինգ զավակներից երրորդն էի։ Տասնչորս տարեկան հասակիս նա ինձ ուղարկեց Քեմբրիջի Էմանուել կոլեջը, ուր ես մնացի երեք տարի, ջանասիրությամբ անձնատուր լինելով իմ ուսմանը։ Սակայն իմ ապրուստի ծախքը (թեև իմ ստացած միջոցները շատ սուղ էին) հորս աննշան կարողության սահմաններից վեր էր, ուստի ինձ աշակերտ տվին միստր Ջեմս Բետսին, Լոնդոնի այդ ականավոր վիրաբույժին, որի մոտ ես ապրեցի չորս տարի։ Հորս ժամանակ առ ժամանակ ուղարկած փոքրիկ գումարները ես ծախսում էի նավարկության և մաթեմատիկայի այլ ճյուղերի ուսումնասիրության վրա, որ անհրաժեշտ է նրան, ով մտադիր է ճանապարհորդություն կատարելու, քանի որ ես միշտ հավատում էի, որ վաղ թե ուշ այդ բախտին կարժանանամ։ Հրաժեշտ տալով միստր Բետսին, ես եկա հորս մոտ, ուր նրանից, Ջոն հորեղբորիցս և մի քանի ազգականներիցս ստացա քառասուն ֆունտ ստեռլինգ և տարեկան երեսուն ֆունտ ստեռլինգի խոստում՝ հոգալու համար իմ ապրուստիս ծախքը Լեյդենում։ Այդտեղ ես երկու տարի և յոթ ամիս ուսումնասիրեցի բժշկությունը, համոզված լինելով, որ այդ կարող է պետք գալ հեռավոր ճանապարհորդությունների ժամանակ։
Շուտով, Լեյդենից վերադառնալուց հետո, իմ բարի ուսուցիչ միստր Բետսի հանձնարարականով, իբրև վիրաբույժ ծառայության մտա «Ծիծեռնակ» նավը, որի կապիտանն էր Աբրահամ Պեննելը․ նրա հետ ես ապրեցի երեք ու կես տարի, մի երկու անգամ ճանապարհորդելով դեպի Լեվանտ և այլ երկրներ։ Վերադառնալով Անգլիա, որոշեցի հաստատվել Լոնդոնում, որ և քաջալերեց իմ ուսուցիչ միստր Բետսը՝ հանձնարարելով ինձ մի քանի հիվանդ։ Օլդ֊Ջյուրիում մի փոքրիկ տան մեջ բնակարան վարձեցի և, ունկնդրելով հարազատների բարի խորհուրդներին՝ ամուրի չմնալ, ես ամուսնացա միսիս Մերի Բըրտոնի հետ, որը Նյուգետ փողոցի գուլպավաճառ միստր Էդմոնդ Բըրտոնի երկրորդ աղջիկն էր և որի համար չորս հարյուր ֆունտ ստեռլինգ օժիտ ստացա։
Սակայն երկու տարի անց իմ բարի ուսուցիչ միստր Բետսը վախճանվեց, և քիչ բարեկամներ ունենալով, գործերս վատ գնացին, որովհետև խիղճս թույլ չէր տալիս օրինակ առնեմ իմ արհեստակիցներից շատերի վատ արարքներից։ Ուստի խորհրդակցելով իմ կնոջ և մի քանի ծանոթների հետ՝ որոշեցի կրկին ծովային ուղևորությունների դիմել։ Ես հաջորդաբար երկու նավերի վիրաբույժ դառա ու վեց տարվա ընթացքում մի քանի ճանապարհորդություն կատարեցի դեպի Արևելյան ու Արևմտյան Հնդկաստան, որով մի փոքր բարելավեցի իմ վիճակը։ Ազատ ժամերս նվիրում էի անցյալ ու ժամանակակից լավագույն հեղինակների ընթերցանությանը, միշտ ունենալով գրքերի պաշար․ իսկ ծովի ափերին ես դիտում էի ժողովուրդների բարքերն ու սովորությունները և շատ հեշտությամբ սովորում նրանց լեզուն, և այդ՝ շնորհիվ իմ հիշողության։
Վերջին ճանապարհորդությունս այնքան էլ բախտավոր չէր, և ես, ծովից հոգնած, որոշեցի տանը մնալ կնոջս ու երեխաներիս հետ միասին։ Օլդ֊Ջյուրիից ես տեղափոխվեցի Ֆետտեր֊Լեն, իսկ այդտեղից՝ Ուոպպինգ, հույս ունենալով նավաստիների մեջ գործադրել արհեստս, սակայն իմ այդ հույսը չարդարացավ։ Երեք տարի սպասելուց հետո, թե ինչ է գործերս լավանան, կապիտան Ուիլյամ Պրիչադից, որ «Անտիլոպ» նավի տերն էր, մի նպաստավոր առաջարկ ստացա՝ մեկնելու դեպի Հարավային օվկիանոս։ Մենք ճանապարհ ընկանք Բրիստոլից 1699 թվի մայիսի 4֊ին, ու մեր ճանապարհորդությունն առաջին պահին շատ հաջող էր։
Այստեղ հարկ չկա այդ ծովերի վրա մեր ունեցած արկածների մանրամասնություններով հոգնեցնել ընթերցողին․ բավական է հիշել, որ Արևելյան Հնդկաստան անցնելու ժամանակ մի սոսկալի փոթորիկ Վան֊Դիմենի հողերից մեզ դեպի հյուսիս քշեց։ Ըստ մեր դիտողության մենք գտնվում էինք հարավային լայնության 30° 2' գծի վրա։ Մեր նավաստիներից տասներկու հոգի չարքաշ աշխատանքի և վատ սննդի հետևանքով մեռան, իսկ մնացածի կացությունն ուղղակի անտանելի էր։ Նոյեմբերի հինգին, այդ երկրի ամառվա սկզբի օրը, եղանակը շատ միգապատ էր, այնպես որ նավաստիները նավից միայն կես կերլ հեռավորության վրա նկատեցին մի ժայռ։ Մինչդեռ քամին այնքան ուժգին էր, որ մեր նավը թռավ ուղղակի այդ ժայռի վրա և անմիջապես փշուր֊փշուր եղավ։ Նավորդներից վեց հոգի, որոնց թվում և ես, ծովն իջեցրինք մակույկը և մի հնարքով անփորձ հեռացանք նավից ու ժայռից։ Իմ հաշվով մոտ երեք լիգ՝ մենք թիավարեցինք քանի դեռ կարող էինք, որովհետև նավի վրա մենք արդեն ուժասպառ էինք եղել։ Ուստի մենք մեզ հանձնեցինք ալիքների քմահաճույքին ու մոտ կես ժամ հետո հյուսիսային մի անակնկալ մրրիկ մեր մակույկը շրջեց։ Ի՞նչ եղան իմ մակույկի բախտակից ընկերները, կամ նրանք, որոնք փրկվեցին ժայռի վրա և կամ մնացին նավի վրա, չեմ կարող ասել, կարծում եմ՝ ամենքն էլ կորան։ Ինչ վերաբերում է ինձ, ես լողում էի, ինչքան աչքդ կկտրի՝ քամուց ու մակընթացությունից քշվելով։ Ես հաճախ իջեցնում էի ոտներս, սակայն հատակը չէր նշմարվում․ իսկ երբ արդեն ուժասպառ էի եղել ու զրկվել ալիքների հետ մաքառելու կարողությունից՝ հանկարծ փոթորիկը զգալիորեն հանդարտվեց և ես զգացի գետինը։ Այդ ժամանակ փոթորիկը բավականին մեղմացել էր։ Հատակն այդտեղ այնքան ծանծաղ էր, որ ես մի մղոնի չափ քայլեցի, մինչև որ հասա ափը, երբ, իմ ենթադրությամբ, երեկոյան ժամը մոտ ութն էր։ Ապա սկսեցի քայլել մոտ կես մղոն, սակայն տների կամ բնակչության ոչ մի հետք չգտա։ Գուցե այնքան թույլ էի, որ ոչինչ չէի կարողանում նկատել։ Ես սաստիկ հոգնել էի և մանավանդ տոթն ու նավի վրա խմած կես պինտ օղին տրամադրում էին ինձ քնելու։ Ես պառկեցի խոտի վրա, որ այդտեղ շատ կարճ ու փափուկ էր, ու քնեցի այնպես անուշ, ինչպես ոչ մի ժամանակ իմ կյանքում։ Իմ հաշվով ժամը մոտ ինն էր, որովհետև երբ ես արթնացա արդեն լույս էր։ Փորձեցի ոտքի կանգնել,[6] բայց չկարողացա տեղիցս շարժվել, ես պառկած էի մեջքիս վրա և զգում էի, որ ոտ ու ձեռս երկու կողմից ամուր կերպով գետնին կապված են և իմ մազերը, որ երկար էին ու խիտ, նույն կերպ կապված էին գետնին։ Միևնույն ժամանակ ես նշմարեցի բազմաթիվ բարակ թոկեր, որ անցնում էին իմ մարմնի վրայով, սկսած կռնատակերից մինչև իմ զիստը։ Ես կարող էի միայն դեպի վեր նայել․ արևն սկսեց այրել, ու նրա ճառագայթները կուրացնում էին իմ աչքերը։ Շուրջս լսում էի մի խառնաշփոթ ժխոր, բայց իմ պառկած դիրքն ինձ հնարավորություն չէր տալիս տեսնելու ոչ մի բան, բացի երկնքից։ Մի փոքր հետո իմ ձախ սրունքի վրա մի ինչ֊որ կենդանի բան շարժվեց, որ թեթևաքայլ բարձրանալով դեպի իմ կուրծքը, մոտեցավ ծնոտիս, երբ աչքերս կարողացածիս չափ խոնարհեցի դեպի ցած, նշմարեցի, որ դա մի մարդկային արարած է, հասակով մեկ մատնաչափից ոչ ավելի, նետ ու աղեղը ձեռքին ու կապարճը կռնակին։ Միևնույն ժամանակ զգացի, որ նրան հետևում են քառասունից ավելի (ինչպես ես կռահեցի) նրա պես արարածներ։ Ես զարմանքից մի այնպիսի ձայնով գոռացի, որ նրանք ամենքն էլ ահաբեկված ետ փախան․ նրանցից մի քանիսը, ինչպես ինձ հետո պատմեցին, վրայիցս գետնին ցատկելիս, ընկան ու վնասվեցին։ Սակայն նրանք նորից վերադարձան ու նրանցից մեկը, որ խիզախեց այնքան մոտենալ ինձ, որպեսզի տեսնի իմ ամբողջ դեմքը, ի նշան զարմանքի ձեռներն ու աչքերը վեր բարձրացրեց և զիլ ու հստակ ձայնով գոռաց «Հեկինահ դեգուլ»․ մյուսներն էլ մի քանի անգամ կրկնեցին այդ խոսքեըը, բայց այն ժամանակ ես չհասկացա դրանց իմաստը։ Ընթերցողը կարող է պատկերացնել, թե ես այդ պահին ինչ անհաճո վիճակի մեջ էի պառկած։ Վերջապես ջանալով դուրս պրծնել ինձ հաջողվեց կտրատել այն թելերն ու հանել այն սեպերը, որոնցով իմ ձախ ձեռքը կապել էին գետնին․ և ձեռքս դեպի իմ դեմքը տանելով հասկացա, թե ինչով են նրանք ինձ կապոտել, միևնույն ժամանակ մի ուժգին ճիգով, որ ինձ սաստիկ ցավ պատճառեց, ես մի փոքր թուլացրի այն թելերը, որոնցով իմ մազերը ձախ կողմից կապել էին գետնին և այդպես կարողացա գլուխս երկու մատնաչափ մի կողմ դարձնել։ Սակայն այդ արարածներն այս անգամ էլ, մինչև ես կարողանայի մեկն ու մեկին բռնել, փախան։ Ապա լսվեց մի բարձրագոչ աղաղակ, որ հետո դադարեց և նրանցից մեկը զիլ ձայնով գոռաց՝ «Տուկգու Ֆոնակ»․ նույն ակնթարթում ես զգացի, որ ձախ թևիս վրա տեղացին հարյուրավոր նետեր, որ ասեղի պես ծակծկում էին ինձ, մյուս կողմից մի այլ նետահարություն եղավ օդի մեջ, այնպես, ինչպես մենք Եվրոպայում անում ենք ռումբերով և շատ նետեր, ես կարծում եմ, ընկան իմ մարմնի վրա (թեև ես այդ չզգացի), իսկ մի քանիսը՝ իմ դեմքի վրա, որ ես անմիջապես ծածկեցի իմ ձախ ձեռքով։ Երբ նետերի այդ տարափը դադարեց, ես ցավից ու զայրույթից հառաչեցի և փորձեցի նորից դուրս պրծնել, սակայն տեղաց մի ավելի համատարափ, ավելի ուժգին, քան առաջին երկուսը, մինչդեռ այդ արարածներից մի քանիսն աշխատեցին նիզակներով ծակոտել իմ կողերը։ Բարեբախտաբար հագիս գոմեշի կաշվից կարած բաճկոն կար, և նրանք չէին կարողանում թափանցել։ Ես մտածեցի, որ մեծագույն խոհեմությունն այն կլինի, որ հանգիստ պառկեմ և շարունակեմ այդպես մնալ մինչև գիշերը, երբ իմ ազատ ձախ ձեռքով կարող կլինեմ ազատել ինձ։ Իսկ ինչ վերաբերում է բնիկներին, ես իրավունք ունեի հավատալու, որ կարող կլինեմ հաղթահարելու մի խոշոր զորաբանակ, եթե նրանք հանելու լինեին իմ դեմ, պայմանով, որ այդ զորաբանակի մեջ ամենքն էլ լինեն այն հասակի, ինչ֊որ ես մինչ այդ տեսել էի։ Սակայն բախտը որոշեց այլ կերպ։ Երբ նրանք նկատեցին, որ ես հանդարտվել եմ, այլևս նետեր չարձակեցին, բայց աղմուկից ես զգացի, որ նրանց թիվն ավելացավ․ ինձանից չորս յարդ հեռավորության վրա, իմ աջ ականջի դիմաց մոտ մի ժամ տևողությամբ, լսեցի թխկթխկոցներ, որ նման էին կառուցվող շինությունից լսվող ձայների։ Երբ գլուխս դարձրի այնչափ, որչափ թույլ էին տալիս ինձ թոկերն ու սեպերը, ես տեսա գետնից մեկ ու կես ոտնաչափ բարձրացող մի տախտակամած, որի վրա կարող էին տեղավորվել չորս հոգի բնիկներից, ու երկու թե երեք սանդուղք՝ բարձրանալու համար։ Այդտեղից մեկը, ըստ երևույթին մի պատվական անձ, դիմեց ինձ երկար ճառով, որից ոչ մի խոսք չհասկացա։ Սակայն ես պիտի հիշեմ, որ իր ճառն սկսելուց առաջ այդ արժանավոր անձը երեք անգամ գոչեց՝«Լանգրո դեհուլ սան» (այդ և նախորդ խոսքերը հետագայում կրկնեցին ու բացատրեցին ինձ)։ Ապա դրանից հետո անմիջապես հիսունի չափ բնիկներ եկան և կտրատեցին իմ գլխի ձախ կողմից կապած թելերը և ինձ ազատություն տվին թեքելու գլուխս դեպի աջ ու տեսնելու հռետորի դեմքն ու շարժուձևերը։ Երևում էր, որ նա միջին տարիքի էր, ավելի բարձրահասակ, քան նրա երեք ընկերակիցները, որ ուղեկցում էին նրան, որոնցից մեկը, իրեն մանկլավիկ, բռնել էր նրա քղանցքը և թվում էր մի փոքր ավելի, քան իմ միջին մատը։ Մյուս երկուսը կանգնել էին երկու կողմից՝ իբրև պատվավոր պահակներ։ Նա խոսում էր իսկական հռետորական արվեստով․ և ես նկատում էի, որ նրա ճառը տեղ֊տեղ արտհայտում էր սպառնալիք, տեղ֊տեղ՝ խոստում, գթություն և կամ բայրացկամություն։ Ես պատասխանեցի նրան մի քանի խոսքով, բայց ամենահնազանդ տեսքով, աջ ձեռքս ու զույգ աչքերս դեպի արևը դարձրած, վերջինիս, կարծես, վկա կանչելով։ Եվ քաղցից գրեթե սովամահ, քանի որ նավը թողնելուց մի քանի ժամ առաջ էի կերել, ես բնության պահանջները այնքան զորեղ զգացի իմ ներսը, որ չկարողացա զսպել անհամբերությունս (թերևս հակառակ պարկեշտության խիստ կանոնների) և մատներս հաճախակի բերանս տանելով ցույց տվի, թե ուտել եմ ուզում։ Հըրգոն (այդպես էր մեծ լորդի անունը, ինչպես ես հետո իմացա) ինձ շատ լավ հասկացավ։ Նա իջավ տախտակամածից և հրամայեց, որ իմ կողերին մի քանի սանդուխք դնեն, որով բարձրացան հարյուրի չափ բնիկներ ու քայլեցին դեպի իմ բերանը, բեռնված ուտելիքով լիքը կողովներով, որ պատրաստել և ուղարկել էին թագավորի հրամանով, հենց որ նա լուր էր առել իմ մասին։ Ես նկատեցի, որ այդ կերակուրների մեջ կային զանազան կենդանիների մսեր, բայց թե ինչ կենդանիների՝ համից չկարողացա որոշել։ Կային թիկունքի, սրունքի և սուկի մսեր, տեսքով ոչխարի մսի նման, հիանալի պատրաստած, սակայն ավելի փոքր, քան արտույտի թևերը։ Ես այդ ամենը երկու կամ երեք պատառ էի անում ու կուլ տալիս, միանգամից երեք հատ հաց վերցնելով, որոնցից ամեն մեկի մեծությունը մոտավորապես հրացանի գնդակի չափ էր։ Նրանք մատակարարում էին ինձ իրենց կարողացածի չափ ու հազար նշաններով իրենց հիացմունքն ու զարմանքը հայտնում իմ կազմվածքի և ախորժակի հանդեպ։ Հետո ես մի ուրիշ նշան արի, թե խմել եմ ուզում։ Ուտելուց նրանք հասկացել էին, թե քիչ բանով ինձ չի կարելի բավարարել․ ուստի ամենայն ճարպկությամբ դեպի ինձ նետեցին գինու մի մեծ տակառ, որ գլորվեց մինչև իմ ձեռքը, և ապա հանեցին նրա տակը։ Ես խմեցի այդ գինին մի ումպով, որովհետև նա կես պինտից[7] ավելի չէր, իսկ համով նման էր Բուրգունդի գինիներին, միայն շատ ավելի անուշ։ Նրանք բերին մի ուրիշ տակառ, որ ես դատարկեցի նույն ձևով ու նշան արի, որ էլի բերեն, բայց այլևս չկար։ Երբ ես կատարեցի այս հրաշքները, նրանք ուրախությունից գոռացին ու պար եկան իմ կրծքի վրա, շարունակ կրկնելով ինչպես առաջին անգամ՝ «Հեկինահ դեգուլ»։ Նրանք ինձ նշան արին, որ ես ցած գցեմ երկու տակառները, միայն նախքան այդ զգուշացրին ներքևի ժողովրդին, որ ետ քաշվեն, բարձրաձայն գոռալով՝ «Բորակ միվոլա»։ Իսկ երբ տակառները օդի մեջ թռան, հնչեցին ցնծագին բացականչություններ՝ «Հեկինահ դեգուլ»։ Խոստովանք լինի, հաճախ մեջս ցանկություն կար, երբ նրանք ետ ու առաջ էին քայլում իմ մարմնի վրա, ձեռքս ընկածներից մի քառասուն֊հիսուն հատ բռնեմ ու դեն շպրտեմ։ Սակայն այն գիտակցությունը, որ նրանք դեռ կարող են ինձ վատություն անել, այլև այն հանդիսավոր խոստումը, որ տվի ես նրանց, որովհետև ես այդպես էի բացատրում իմ հլու վարքը, անմիջապես վանեցին իմ այդ միտքը։ Բացի այդ, ես ինձ հյուրնկալության օրենքներով կապված էի համարում այդ ժողովրդի հետ, որն ինձ մեծարեց այնքա՜ն լիառատ ու հոյակապ։ Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, ես չէի կարող բավական չզարմանալ այդ փոքրիկ մահկանացուների խիզախության վրա, որոնք հանդգնեցին բարձրանալ ու քայլել իմ մարմնի վրա, երբ իմ մի ձեռքն ազատ էր, չսարսափելով մի այնպիսի վիթխարի արարածի տեսքից, ինչպես ես կարող էի թվալ նրանց։ Մի փոքր հետո, երբ նկատեցին, որ ես այլևս կերակուր չեմ խնդրում, նորին կայսերական մեծության անունից առաջս դուրս եկավ մի բարձրաստիճան անձ։ Նորին վսեմությունը բարձրանալով իմ աջ սրունքի վրա, քայլերն ուղղեց դեպի իմ երեսը, մոտ տասներկու արբանյակների հետ միասին։ Ու ներկայացնելով իր՝ թագավորական կնիքով դրոշմած լիազորագիրը, որ նա մոտեցրեց իմ աչքերին, խոսեց մոտ տասը րոպե, առանց զայրույթի որևէ նշանի, բայց վճռական և հեղինակավոր շեշտով։ Հաճախ նա մատով ցույց էր տալիս դեպի առաջ, ինչպես ես հետո իմացա, դեպի մայրաքաղաքը, որ գտնվում էր մոտ կես մղոն հեռավորության վրա, ուր նորին մեծությունն ու նրա խորհուրդը կարգադրել էին ինձ փոխադրել։ Ես պատասխանեցի մի քանի խոսքով, սակայն իզուր, և այն ձեռքով, որ ազատ էր, նշան արի ու ցույց տվի մյուս ձեռքս (բայց ձեռքս նորին վսեմության գլխի վրայով տարա, որովհետև վախենում էի, թե կվնասեմ նրան կամ նրա շքախումբը), ապա ցույց տվի գլուխս ու մարմինս, հասկացնելով, որ ազատություն եմ ուզում։ Թվաց, թե նա բավականին լավ հասկացավ ինձ, որովհետև գլուխը բացասաբար օրորեց ու ձեռքը մի այնպիսի ձևով բռնեց, որ ցույց տա ինձ, թե ես որպես գերի պիտի տարվեմ մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ նա ուրիշ նշաններ էլ արավ հասկացնելու համար ինձ, թե ես պիտի ունենամ բավական ուտելիք և խմելիք և շատ լավ վերաբերմունք։ Դրա վրա ես նորից մտածեցի փորձ անել կտրատելու իմ կապանքները, բայց երբ զգացի նետերից մնացած կսկիծն իմ դեմքի ու ձեռքերի վրա, որ ամբողջովին պատած էին խոցերով, և դեռևս բազմաթիվ տեղեր մնացել էին նրանց մեջ, այլև նկատելով, որ իմ թշնամիների թիվն աճում է, ես նշաններով իմացրի նրանց, որ նրանք ինձ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այն ժամանակ Հըրգոն և իր շքախումբն ամենայն քաղաքավարությամբ ու սիրաշահված ետ դարձան։ Շուտով լսվեց մի ընդհանուր աղաղակ, երբ անընդհատ կրկնվում էին հետևյալ խոսքերը՝ «պիպլոմ սիլեն», ու ձախ կողմս ես տեսա մի ահագին ամբոխ, որ պարանները թուլացրեց այն աստիճան, որ ես կարող էի թեքվել աջ կողքիս ու միզել։ Իմ այդ պետքին բավարարություն տվի առատ կերպով, մեծ զարմանք պատճառելով փոքրիկ արարածներին, որոնք իմ շարժումներից գուշակեցին, թե ինչ եմ ուզում անել և իսկույն չորս կողմ փախան, որպեսզի չընկնեն այն հեղեղի մեջ, որ դուրս էր ժայթքում իմ ներսից մեծ աղմուկով և ուժով։ Իսկ դրանից առաջ նրանք օծել էին իմ երեսն ու ձեռները մի տեսակ անուշահոտ յուղով, որը մի քանի րոպեում վերացրեց նրանց նետերից առաջացած կսկիծը։ Այդ հանգամանքը և իմ ստացած ուտելիքն ու խմիչքը, որ շատ սննդարար էին, բարերար ազդեցություն ունեցան ինձ վրա ու տրամադրեցին քնելու։ Ես քնեցի մոտ ութ ժամ, ինչպես ինձ հետո ասացին․ և զարմանալու բան չկար, քանի որ բժիշկները կայսեր հրամանով գինու տակառի մեջ քնաբեր հեղուկ էին խառնել։
Ըստ երևույթին ափ հասնելուց հետո, հենց որ գտել են ինձ գետնի վրա քնած, կայսրն անմիջապես սուրհանդակի միջոցով տեղեկություն է ստացել և պետական խորհրդի մեջ որոշել, որ ինձ կապոտեն այն ձևով, ինչ որ ես պատմեցի (և ինչ որ նրանք արել են գիշերը, երբ ես քնած եմ եղել), որ ինձ համար ուղարկեն առատ կերակուր ու խմիչք և պատրաստեն մի մեքենա՝ ինձ մայրաքաղաք բերելու համար։
Թերևս այդ որոշումը թվա շատ համարձակ ու վտանգավոր, և ես համոզված եմ, որ նման դեպքերում եվրոպական ոչ մի միապետ այդպես չէր անի, սակայն, իմ կարծիքով, դա նույնքան խելացի էր, որքան և վեհանձն։ Ենթադրենք, թե այդ մարդիկ ջանային ինձ սպանել նիզակներով ու նետերով, երբ քնած էի․ ես ամենայն հավանականությամբ, կարթնանայի ցավի առաջին խայթից և զայրույթի ու կատաղության մեջ կկտրատեի այն պարանները, որոնցով կապոտել էին ինձ․ դրանից հետո նրանք ոչ ընդդիմադրություն ցույց տալու հնարավորություն կունենային և ոչ էլ կարող կլինեին ինձնից գութ սպասել։
Այդ մարդիկ սքանչելի մաթեմատիկոսներ են և մեքենայագիտության մեջ հսկայական կատարելության են հասել շնորհիվ կայսեր խրախուսանքների ու քաջալերության, որ գիտության հովանավորի համբավն ունի։ Այդ միապետն ունի բազմաթիվ մեքենաներ անիվների վրա դրած՝ փայտեղեն և այլ ծանրություններ փոխադրելու համար։ Նա հաճախ կառուցում է հսկայական ռազմանավեր, որոնցից մի քանիսն ինը ոտնաչափ երկարություն ունեն, և այն անտառներից, ուր ատաղձ կա, այդ մեքենաների վրա երեք հարյուր կամ չորս հարյուր յարդ հեռավորությունից դեպի ծովի ափն է տեղափոխվում։ Հինգ հարյուր ատաղձագործ և ինժեներ անմիջապես գործի էին կպել շինելու համար մի խոշոր մեքենա, ինչպիսին նրանք չէին ունեցել։ Դա մի տախտակամած էր, որ գետնից երեք մատնաչափ բարձր էր, մոտ յոթ մատնաչափ երկարություն ուներ և չորս մատնաչափ լայնություն ու շարժվում էր քսաներկու անիվի վրա։ Աղաղակը, որ ես լսեցի, այդ մեքենայի գալու առթիվ էր, որ, ինչպես երևում է, իմ ափ հասնելուց չորս ժամ հետո էին ուղարկել։ Այդ մեքենան դրին իմ մարմնին զուգահեռ։ Սակայն մեծագույն դժվարությունն այն էր, թե ինչպես պիտի ինձ վերցնեն ու դնեն այդ սայլի մեջ։ Այդ նպատակով նրանք տնկել են ութսուն ցից, ամեն մեկը մի ոտնաչափ բարձրությամբ, իսկ հուժկու, ամուր չվաններից, որ բարակ թոկի հաստություն ունեն, ամրացրել են կարթերի միջոցով բազմաթիվ կապիչներ, որոնցով բանվորները պատել են իմ վիզը, ձեռները, մարմինն ու սրունքները։ Ինը հարյուր ուժեղ մարդ սկսել են քաշել այդ պարանների բազմաթիվ ճախարակների միջոցով, որ ամրացրել են ցցերից և այդպես, երեք ժամից հետո, ինձ բարձրացրել են մեքենայի վրա ու ամուր կապել նրանից։ Այդ ամենի մասին ինձ պատմեցին հետո, որովհետև այդ գործողությունները կատարելիս ես խոր քնի մեջ էի՝ շնորհիվ այն քնաբեր դեղի, որ խառնել էին իմ խմիչքի մեջ։ Հազար հինգ հարյուր խոշոր ձի կայսերական ախոռից, յուրաքանչյուրը չորս ու կես մատնաչափ բարձրությամբ ինձ տարան դեպի մայրաքաղաքը, որ ինչպես ասի, գտնվում էր կես մղոն հեռավորության վրա։ Մեր ճամբորդությունն սկսելուց չորս ժամ հետո ես արթնացա մի շատ զվարճալի արկածի շնորհիվ․ երբ կառքը կանգ էր առել մի ինչ֊որ բան շտկելու համար, երկու թե երեք երիտասարդ բնիկներ հետաքրքրվել են իմանալու, թե ինչ տեսք ունեմ ես քնած ժամանակ․ նրանք բարձրանում են մեքենայի վրա և զգուշությամբ մոտենում իմ դեմքին․ նրանցից մեկը, մի գվարդիական սպա, իմ քթանցքի մեջ է խրում իր նիզակի սուր ծայրը, որ հարդի պես խտուտ է անում և ուժեղ կերպով փռշտացնում ինձ։ Ահաբեկված քաջերը մի ակնթարթում անհայտանում են, իսկ ես միայն երեք շաբաթից հետո իմացա իմ հանկարծակի կերպով արթնանալու պատճառը։ Մեր երթը տևեց մինչև երեկո, իսկ գիշերը հանգստանալիս ամեն մի կողքիս կար հինգ հարյուր գվարդիական, կեսի ձեռքին ջահ, իսկ մյուս կեսի ձեռքին նետ ու աղեղ՝ ինձ խփելու պատրաստ, հենց որ փորձեմ տեղիցս շարժվել։ Հետևյալ առավոտ արևածագին մենք շարունակեցինք մեր երթը և կեսօրի մոտերը մայրաքաղաքի դռներից երկու հարյուր յարդ հեռավորության վրա էինք։ Կայսրն ու ամբողջ արքունիքը մեզ ընդառաջ եկան, սակայն ավագ պաշտոնյանները ոչ մի դեպքում չուզեցին թույլ տալ նորին մեծությանը, որ բարձրանա իմ մարմնի վրա ու վտանգի ենթարկի իր անձը։
Հրապարակի վրա, ուր կանգ առավ կառքը, մի հին տաճար կար, որ համարվում էր ողջ թագավարության մեջ ամենից մեծը, և որը մի քանի տարի առաջ սրբապղծվել էր մի գազանային սպանության պատճառով։ Այդ ժողովրդի կրոնասիրության հետևանքով տաճարը դադարել էր սրբավայր լինելուց ու հատկացվել էր հասարակական կարիքների, իսկ բոլոր զարդարանքներն ու կահ֊կարասին դուրս էին տարել։ Որոշված էր, որ ես ապրեմ այդ շենքի մեջ։ Մեծ դուռը, որ նայում էր դեպի հյուսիս, մոտ չորս ոտնաչափ բարձրություն ուներ և համարյա թե երկու ոտնաչափ լայնություն, որի միջով ես կարող էի հեշտությամբ ներս սողոսկել։ Դռան երկու կողմից, գետնից մոտ վեց մատնաչափ[8] բարձր պատուհաններ կային։ Թագավորի դարբինները ձախ պատուհանից անց էին կացրել իննսունմեկ շղթա, որոնք նման են եվրոպական լեդիների ժամացույցի շղթանեերին և համարյա թե նույն երկարությունն ունեին, որ կապել էին իմ ձախ ոտից երեսունվեց կողպեքով։[9] Տաճարի դիմաց, խճուղու մյուս կողմը, քսան ոտնաչափ հեռավորության վրա կար հինգ ոտնաչափ բարձրության մի աշտարակ։ Կայսրն իր բազմաթիվ պալատականների հետ միասին բարձրացած է եղել այնտեղ ինձ տեսնելու համար, ինչպես ինձ պատմեցին հետո, քանի որ ես նրանց չէի տեսել։ Հաշվել են, որ նույն նպատակով քաղաքից մոտ հարյուր հազար բնակիչ է դուրս եկել, կարծում եմ՝ ոչ պակաս, քան տասը հազար հոգի, չնայած պահապաններին, զանազան ժամանակ սանդուղքներ դնելով բարձրացան ինձ վրա։ Սակայն շուտով մի հրաման եկավ և մահապատժի սպառնալիքով արգելվեց այդ։ Երբ դարբինները համոզվեցին, որ ինձ համար անհնար է դուրս գալ այդտեղից, անմիջապես կտրատեցին ինձ կապող չվանները, և ես ոտի կանգնեցի մի այնպիսի մռայլ տրամադրությամբ, որի նմանը ես կյանքում չէի ունեցել։ Սակայն անկարելի է նկարագրել ամբոխի այն զարմանքն ու ուղմուկը, երբ տեսան ինձ կանգնած ու ման գալիս։ Ձախ ոտքիցս կապած շղթաները, որոնք մոտ երկու յարդ երկարություն ունեին, հնարավորություն էին տալիս ինձ միայն ետ ու առաջ քայլելու մի կիսաշրջանի մեջ․ սակայն որովհետև այդ շղթաները կապել էին դռնից չորս ոտնաչափ հեռավորության վրա դեպի ներս, ուստի ես կարողանում էի տաճարը մտնել և ամբողջ երկայնքով պառկել այնտեղ։
Գլուխ երկրորդ
Լիլիպուտիայի կայսրը բազմաթիվ իշխանազունների հետ գալիս է տեսնելու հեղինակին իր կալանքի մեջ։ Կայսեր անձնավորության և հագուստի նկարագրույթունը։ Նշանակում են ուսումնականներ՝ հեղինակին իրենց լեզուն սովորեցնելու համար։ Իր հեզ վարմունքով հեղինակն արժանանում է կայսեր շնորհին։ Խուզարկում են հեղինակի գրպանները և վերցնում նրանից թուրն ու ատրճանակը։
Ոտքի ելնելով ես նայեցի շուրջս, և պիտի խոստովանեմ՝ երբեք չէի տեսել ավելի հաճելի տեսարան։ Շրջակա տարածությունը նման էր մի համատարած այգու, իսկ ցանկապատած դաշտերը, որոնցից ամեն մեկը սովորաբար քառասուն քառակուսի ոտնաչափ տեղ էր բռնում, նման էին ծաղիկների ածուների։ Այդ դաշտերը միախառնվում էին անտառների հետ, որոնք կես ձողաչափ բարձրություն ունեին, իսկ ամենաբարձր ծառերը, ըստ իմ դատողության, յոթ ոտնաչափից ավելի չէին։ Ձախ կողմը ես տեսնում էի քաղաքը, որ ավելի շուտ բեմական դեկորի էր նման։
Արդեն մի քանի ժամ կար, ինչ նեղվում էի իմ բնական պետքից․ և այդ զարմանալի չէր, քանի որ վերջին անգամ ես թեթևացա համարյա թե երկու օր սրանից առաջ։ Ամոթի զգացումը տեղի էր տալիս սոսկալի կարիքին։ Ամենալավ բանը, որ միտս ընկավ, դա այն էր, որ հարկավոր է ներս մտնել տաճարը․ այդպես էլ արի․ փակելով իմ հետևից նրա դռները, ես անցա շինության խորքը, որքան որ թույլ էին տալիս շղթաները, այդտեղ ազատեցի իմ մարմինն իրեն նեղող ծանրությունից։ Համենայն դեպս դա միակ դեպքն է, երբ ինձ կարելի է մեղադրել անմաքրասիրության համար, բայց ես իմ հույսը դրել եմ անաչառ ընթերցողի ներողամտության վրա, մանավանդ, եթե նա խելացի և չնախապաշարված կերպով քննի իմ չարաբաստիկ կացությունը, որի մեջ ես գտնվում էի։ Հետագայում վերոհիշյալ պետքս արդեն հոգում էի վաղ առավոտները, բացօթյա, տաճարից հեռու, որքան որ իմ շղթաները թույլ էին տալիս, իսկ այդ նպատակի համար նշանակված երկու ծառան, նախքան հյուրերի գալը, ձեռի սայլերով դուրս էին տանում գարշահոտ առարկան։ Ես այսքան երկար կանգ չէի առնի մի նյութի վրա, որ առաջին տեսքից կարծես կարևոր չէ, եթե անհրաժեշտ չհամարեի հրապարակավ արդարանալ իմ անմաքրությունների համար, որ ինչպես ինձ հայտնի է, իմ մի քանի չարակամներ հաճեցին տեղի֊անտեղի կասկածանքի ենթարկել։
Այդ գործը վերջացնելուց հետո ես դուրս եկա փողոց՝ մաքուր օդ ծծելու։ Կայսրն արդեն իջել էր աշտարակից և ձիու վրա մոտենում էր ինձ․ այդ խիզախությունը քիչ մնաց նրան թանկ նստեր։ Թեև ձին շատ մարզված էր, սակայն մի այդպիսի անսովոր երևույթի առաջ, որ նման էր շարժվող լեռան, ձին ետին ոտների վրա ծառս եղավ։ Իսկ կայսրը, որը սքանչելի ձի նստող էր, թամբից չընկավ, մինչև որ նրա ուղեկիցները հասան, բռնեցին սանձը և օգնեցին իրենց տիրոջը ցած իջնել։ Երբ նա ձիուց իջավ, զարմանքով նայեց ինձ ոտից մինչև գլուխ, շղթայից բավականին հեռու կանգնած։ Նա հրամայեց իր խոհարարներին ու մառանապետներին, որոնք արդեն պատրաստ կանգնած էին, որ ինձ կերակուր և խմիչք տան․ և նրանք կերակուրն ու խմիչքը հատուկ սայլերի վրա առաջ մղեցին դեպի ինձ այն հեռավորության, որ ձեռքս հասնի։ Ես վերցրի այդ սայլերն ու անմիջապես պարպեցի․ նրանից քսանը լիքն էին մսեղենով, իսկ տասը՝ խմելիքներով, առաջինները ես կուլ էի տալիս երկու թե երեք պատառով, իսկ խմելիքներից առնում էի տասը աման, լցնում էի մեկի մեջ ու միանգամից կոնծում, և այդպես մինչև վերջ։ Բազկաթոռների վրա, որոշ հեռավորության, նստել էին թագուհին, երիտասարդ արքայազուններն ու դշխուհիները պալատական տիկինների հետ միասին․ կայսեր ձիուն պատահած արկածից հետո նրանք վեր կացան ու շրջպատեցին նորին մեծությանը, որին ես հիմա ուզում եմ նկարագրել։ Հասակով նա իմ եղունգի չափ բարձր էր[10] իր բոլոր պալատականներից, և դա միանգամայն բավական էր, տեսնողին պատկառանքի երկյուղ ներշնչելու համար։ Նրա արծվաքիթ և ձիթագույն ավստրիական շրթունքներով դեմքը խիստ էր և առնական, կեցվածը՝ քաջարի, մարմնի մասերը՝ համաչափ, շարժումները՝ վայելուչ, իսկ վերաբերմունքը՝ վեհ։ Նրա երիտասարդության առաջին տարիներն անցել էին արդեն․ նա քսանութ և երեք քառորդ տարեկան էր և մոտ յոթ տարի է, ինչ թագավորում էր՝ շատ երջանիկ և մեծ մասամբ հաղթական։ Նրան ավելի լավ տեսնելու համար ես պառկեցի կողքիս, այնպես որ իմ դեմքն նրա դեմքի դիմացն էր, թեև նա կանգնած էր երեք յարդ հեռավորության վրա։ Բացի այդ, ես հետագայում շատ անգամ նրան դրել եմ ձեռքիս վրա, այնպես որ իմ նկարագրության մեջ չի կարող սխալ լինել։ Նրա հագուստը շատ հասարակ էր ու անպաճույճ, տարազը՝ կիսաասիական֊կիսաեվրոպական, իսկ գլխին ուներ մի թեթև, ոսկեձույլ և ակնազարդ սաղավարտ, կատարին՝ մի փետուր։ Նա ձեռքին ուներ մերկ թուր՝ պաշտպանելու համար իրեն, եթե, բան է, ես կտրատեմ իմ շղթաները։ Այդ թուրը մոտ երեք մատնաչափ երկարություն ուներ, իսկ նրա ոսկեպատ կոթն ու պատյանը զարդարված էին ադամանդներով։ Նրա ձայնը զիլ էր, բայց հստակ ու հնչեղ, այնպես որ կանգնած տեղս ես կարողանում էի նրան պարզ լսել։ Տիկիններն ու պալատականներն այնպես էին պճնվել, որ այն տեղը, ուր նրանք կանգնած էին, կարծես թե մի ոսկե և արծաթե նկարներով նախշած շրջազգեստ էին փռել։ Նորին կայսերական մեծությունը հաճախ դիմում էր ինձ հարցերով և ես նրան պատասխանում էի, սակայն մեզանից ոչ ոք մի խոսք չէր հասկանում։ Այդտեղ կային մի քանի քահանաներ և իրավաբաններ (ինչպես ես եզրակացրի նրանց հագուստներից) և նրանց հրամայված էր ներկայանալ ինձ։ Ես խոսեցի նրանց հետ այն բոլոր լեզուներով, որոնց ես քիչ ու շատ ծանոթ էի, ինչպես, օրինակ՝ վերին և ստորին հոլանդերեն, լատիներեն, իտալերեն և ֆրանսերեն․ բայց այդ ամենն էլ իզուր։ Երկու ժամից հետո արքունիքը գնաց և ինձ թողին խիստ հսկողության տակ, զսպելու համար ամբոխի անպատկառ, գուցե թե և չարամիտ վերաբերմունքը, ամբոխի, որ անհամբեր շրջապատում էր ինձ, ջանալով որքան հնարավոր է մոտենալ, իսկ մի քանի հոգի էլ, երբ ես նստել էի իմ օթևանի դռան մոտ, դեպի ինձ լկտի կերպով նետեր արձակեցին, որոնցից մեկը քիչ մնաց հասներ իմ աչքը։ Գնդապետը դրանցից վեց հոգու ձերբակալեց և, իբրև պատիժ, որոշեց կապոտել ու տալ իմ ձեռքը, որ և հլու հնազանդ կատարեցին զինվորները, իրենց նիզակների բութ ծայրերով նրանց հրելով դեպի ինձ։ Ես բոլորին առա իմ ձեռքի վրա, հինգին դրի բաճկոնիս գրպանը, իսկ ինչ վերաբերում է վեցերորդին, այնպես ձևացրի, իբրև թե ուզում եմ ես ողջ֊ողջ ուտել։ Խեղճ մարդը գոռաց ահաբեկ, իսկ գնդապետն ու սպաները սաստիկ վրդովվեցին, մանավանդ երբ տեսան գրչահատս հանելիս։ Բայց ես շուտով նրանց հանգստացրի․ գուրգուրանքով նայելով նրան, ես անմիջապես արձակեցի կապկպող թոկերն ու զգուշությամբ նրան դրի գետնի վրա, և նա իսկույն փախավ։ Նույնն արի և մյուսների հետ՝ մեկ֊մեկ հանելով իմ գրպանից։ Եվ ես նկատեցի, որ զինվորներն ու ժողովուրդը շատ գոհ մնացին իմ այդ գթասիրտ վերաբերմունքից, որ հետո արքունիքում ինձ շատ պետք եկավ։
Գիշերը վրա հասնելուց հետո, բավական դժվարությամբ ես մտա իմ տունը, ուր պառկեցի գետնի վրա քնելու․ և այդպես շարունակեցի մոտ երկու շաբաթ․ այդ ժամանակամիջոցում կայսրը հրամայել էր, որ ինձ համար մի անկողին պատրաստեն։ Կառքով բերին իմ տունը վեց հարյուր սովորական մեծության ներքնակ․[11] դրանցից հարյուր հիսունը կարած էր միմյանց ըստ լայնության ու երկարության և չորս տակ արած, և հարմար էր ինձ համար, բայց իր կոշտությամբ շատ քիչ էր տարբերվում հատակից, որ ամբողջովին ողորկ քարից էր։ Նույն հաշվով պատրաստել էին սավանը, վերմակն ու ծածկոցը, որոնք միանգամայն տանելի էին ինձ պես վաղուց զրկանքների սովոր մի մարդու համար։ Հենց որ իմ գալու լուրը տարածվեց թագավորության մեջ, մեծ քանակությամբ հարուստ, պարապ և հետաքրքիր ժողովուրդ հավաքվեց ինձ տեսնելու համար․ այնպես որ գյուղերը համարյա թե դատարկվեցին, և մեծ թշվառություն կառաջանար գյուղատնտեսական և առտնին գործերի մեջ, եթե նորին կայսերական մեծությունը մի քանի հայտարարություններով ու հրամանով այդ անպատեհության առաջը չառներ։ Նա հրամայեց, որ նրանք, որոնք արդեն տեսել են ինձ, վերադառնան տուն և առանց արքունիքի թույլտվության չհամարձակվեն հիսուն յարդից ավելի մոտենալ իմ տանը, որ պետական պաշտոնյաներին զգալի արդյունք տվեց։
Միևնույն ժամանակ կայսրը հաճախ խորհրդի առաջ հարց էր դնում, թե ի՞նչ ընթացք պիտի բռնեն իմ հանդեպ։ Հետագայում մի մոտիկ բարեկամ, որ մի բարձր դիրքի անձնավորություն էր և ամենից իրազեկը պետական գաղտնիքներին, հավատացրեց ինձ, որ արքունիքն իմ հանդեպ մեծ դժվարությունների մեջ էր գտնվել։ Նրանք վախենում էին, որ կփախչեմ, իսկ մյուս կողմից գտնում էին, որ ինձ կերակրելը շատ թանկ կնստի և կարող է սովի պատճառ դառնալ։ Ոմանք ուզում էին սովամահ անել ինձ, կամ, հակառակ դեպքում, իմ ձեռներին ու երեսին թունավորված նետեր արձակել, որոնք կարող էին ինձ իսկույն ևեթ այն աշխարհն ուղարկել․ սակայն մյուսներն էլ մտածում էին, որ մի այսպիսի ահագին դիակի նեխումից կարող է ժանտախտ առաջանալ մայրաքաղաքում և տարածվել ամբողջ թագավորության մեջ։ Այդ խորհրդակցությունների կեսին բարձրագույն խորհրդարանի դռանը մոտեցան մի քանի զինվորականներ, նրանցից երկուսը ներս ընդունվելով զեկուցեցին իմ վարմունքի մասին՝ հանդեպ վերոհիշյալ վեց ոճրագործների, և դա մի այնպիսի նպաստավոր տպավորություն թողեց նորին մեծության և ամբողջ ժողովի վրա, որ անմիջապես կայսերական հրովարտակով պարտավորեցրին մայրաքաղաքից ինը հարյուր յարդ հեռավորության վրա գտնվող բոլոր գյուղերին, ամեն առավոտ բերելու վեց եզ, քառասուն ոչխար և այլ ուտելիք ինձ կերակրելու համար, հացի, գինու և այլ խմիչքի համապատասխան քանակության հետ միասին, սահմանված սակով և ի հաշիվ նորին մեծության սեփական գանձարանից հատկացրած միջոցների։ Պետք է նկատել, որ այդ միապետն ապրում է գլխավորապես իր սեփական կալվածքների արդյունքով, երբեմն միայն, ամենաանհրաժեշտ դեպքերում, դիմելով իր հպատակների աջակցությանը, որոնք սակայն պարտավոր են իրենց սեփական ծախքով պաշտպանել նրան պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ինձ ծառայություն մատուցելու համար նշանակեցին վեց հարյուր մարդ, որոնք ունեին օրապահիկ և իմ դռան երկու կողքին պատշաճ վրաններ։ Նաև հրամայված էր, որ երեք հարյուր դերձակ ինձ համար իրենց տարազով մի ձեռք հագուստ կարեն և նորին մեծության ամենախոշոր գիտնականներից վեց հոգի սովորեցնեն ինձ իրենց լեզուն, և վերջապես հրամայված էր, որ կայսեր ազնվականության ու թիկնապահ զորքի ձիերը մարզանքներ պիտի կատարեն իմ ներկայությամբ, որպեսզի ձիերը վարժվեն ինձ։ Այդ բոլոր հրամանները կանոնավոր կերպով ի կատար էին ածվում, և ես երեք շաբաթում մեծ առաջադիմություն արի լիլիպուտային լեզվի ուսումնասիրության մեջ։ Այդ ժամանակամիջոցում կայսրը հաճախ պատվում էր ինձ իր այցելությամբ և բարեհաճում ներկա գտնվել իմ դասերին։ Մենք արդեն սկսում էինք խոսել միմյանց հետ, և առաջին խոսքը, որ ես սովորեցի արտահայտելու համար իմ ցանկությունը, դա այն էր, որ նա բարեհաճի ինձ տալ իմ ազատությունը, և դա ես կրկնում էի ամեն օր ծնկաչոք։ Նրա պատասխանը, որքան ես կարողացա ըմբռնել, այն էր, թե դա ժամանակի խնդիր է, և չի կարելի շնորհել ինձ ազատություն առանց պետական խորհրդի, որ ես պետք է լումուս կելմին պեսսո դեսմար լոն էմպոզո, այսինքն՝ երդվեմ, որ նրա ու նրա թագավորության հետ խաղաղություն պիտի պահպանեմ։ Համենայն դեպս ինձ հետ կվարվեն ազնիվ և նա խորհուրդ էր տալիս, որ ես իմ համբերությամբ և խոհեմ վարմունքով աշխատեմ ստեղծել նրա և նրա հպատակների մեջ իմ մասին լավ կարծիք։ Նա ցանկանում էր, որ ես վիրավորական չհամարեմ, եթե նա հրամայի իր հատուկ պաշտոնյաներին խուզարկելու ինձ, որովհետև, հավանաբար, մոտս կարող է լինել զենք, որ շատ վտանգավոր պետք է լինի, եթե նա համապատասխանում է մի այսպիսի վիթխարի մարդու զանգվածին։ Ես ասացի, որ նորին մեծությունն անհոգ մնա, որովհետև ես պատրաաստ եմ մերկանալ և շուռ տալ նրա առաջ իմ գրպանները։ Այդ ամենը ես հաղորդեցի մասամբ խոսքերով, մասամբ նշաններով․ նա պատասխանեց, թե ըստ թագավորական օրենքների ինձ պիտի խուզարկեն նրա պաշտոնյաներից երկուսը․ գիտե, որ դա չի կարելի անել առանց իմ համաձայնության ու աջակցության, որ նա այնքան բարձր կարծիքի է իմ վեհանձնության և արդարամտության մասին, որ վստահում է իր պաշտոնյաներին իմ ձեռքը տալու․ իսկ ինչ որ նրանք վերցնեն ինձնից, նորից կվերադարձնեն ինձ, երբ ես հեռանամ այս երկրից, կամ թե չէ փոխարժեքը կվճարեն, ինչ գին էլ որ ես նշանակելու լինեմ։ Ես վերցրի երկու պաշտոնյաներին և նախ դրի վերարկուիս գրպանի մեջ, ապա մյուս գրպանների մեջ, բացի իմ ժամացույցի երկու գրպանից ու մի այլ գաղտնի գրպանից, որ ես չէի ուզի, որ նրանք խուզարկեն, որովհետև մեջն ունեի մի քանի անհրաժեշտ բաներ, որ ուրիշ ոչ ոքի համար պետքական չէին։ Փոքրիկ գրպաններիցս մեկում կար մի արծաթե ժամացույց, իսկ մյուսում՝ քսակի մեջ մի քանի ոսկի։ Այդ պարոններն ունենալով թանաք, գրիչ և թուղթ՝ կազմեցին իրենց տեսած իրերի մանրամասն ցուցակը։[12] Եվ երբ այդ ամենը նրանք վերջացրին, խնդրեցին, որ իրենց ցած իջեցնեմ, որպեսզի կարողանան ներկայանալ կայսրին։ Այդ ցուցակը ես հետագայում թարգմանեցի անգլերենի, որ բառ առ բառ հետևյալն է․
Նախ և առաջ, Հսկա Լեռ֊Մարդու (այդպես եմ թարգմանում Քուիբուս Ֆլեստրին բառերը) վերարկուի աջ գրպանում, մանրազնին խուզարկությունից հետո, մենք գտանք միայն կոշտ կտավի մի մեծ կտոր, որ կարող է ձերդ մեծության գլխավոր շքասենյակում գորգի տեղ ծառայել։ Ձախ գրպանում մենք տեսանք մի վիթխարի արծաթե արկղ, նույն մետաղից շինած կափարիչով, որ մենք՝ խուզարկուներս չկարողացանք բարձրացնել։ Մենք պահանջեցինք բաց անել արկղը և մեզանից մեկը մտավ ներս ու մինչև ծունկը խրվեց մի տեսակ փոշու մեջ, որի մի մասը մեր երեսին դիպչելով՝ ստիպեց մեզ երկուսիս իրար վրա մի քանի անգամ փռշտալ։ Բաճկոնի աջ գրպանում մենք գտանք մի ահագին հակ, մոտ երեք մարդու հաստությամբ, մեջը սպիտակ բարակ նյութեր, մեկը մյուսի վրա դարսած, ամուր թոկերով միմյանց կապած և սև նշաններով նախշած, որոնք, մեր համեստ ենթադրությամբ, գրություններ են և որոնց ամեն մի տառը համարյա թե մեր ձեռքի ափի կեսի չափ է։ Ձախ գրպանում կար մի տեսակ գործիք, որի կողքին տնկած է քսան հատ ձող, ձերդ մեծության պալատի դիմացի ցանկապատը հիշեցնող․ դրանով, մեր ենթադրությամբ, Լեռ֊Մարդը սանրում է իր գլուխը, մենք նրան միշտ չէինք նեղում մեր հարցերով, որովհետև մենք գտնում էինք, որ շատ դժվար է նրան մի բան հասկացնել։ Նրա միջին ծածկոցի (այդպես եմ թարգմանում րանֆուլո բառը, որով նրանք ուզում էին ասել ― անդրավարտիք) աջ կողմի մեծ գրպանում մենք տեսանք մի մարդահասակ, խոռոչավոր երկաթե գերան, կպցրած մի կտոր ամուր տախտակից, որ ավելի մեծ է, քան գերանը, գերանի կողքին կար դուրս ցցված մի մեծ կտոր երկաթ, տարօրինակ ձևով տաշած, որ մենք չիմացանք, թե ինչ բան է։ Ձախ գրպանում էլ կար դրա նման մի ուրիշ գործիք։ Աջ կողմի փոքրիկ գրպանում կար սպիտակ և կարմիր գույնի մետաղի մի քանի կլոր և տափակ կտոր, տարբեր մեծության․ սպիտակներից մի քանիսը, որ կարծես թե արծաթ լինեին, այնքան մեծ էին ու ծանր, որ իմ ընկերն ու ես հազիվ կարողացանք բարձրացնել։ Ձախ գրպանում կար երկու հատ անկանոն ձևի սյուն․ մեր ձեռը չկարողացավ այնքան էլ հեշտ կերպով հասնել նրանց ծայրին, քանի որ կանգնած էինք գրպանի հատակում։ Սյուներից մեկը կարծես թե ամբողջովին ձուլված էր, իսկ մյուսի վերին ծայրին կար սպիտակ գույնի մի կլոր մարմին, որ մեր գլխից մոտ երկու անգամ ավելի մեծ էր։ Նրանցից ամեն մեկի մեջ կար պողպատի մի ահագին շերտ․ ենթադրելով, որ դա կարող է վտանգավոր զենք լինել, մենք՝ հրամայելով ստիպեցինք նրան, որ մեզ ցույց տա։ Հանելով պատյաններից, նա բացատրեց մեզ, որ իրենց երկրում դրանցից մեկը գործ են ածում երես սափրելու, իսկ մյուսը՝ միս կտրատելու համար։ Բացի այդ ուրիշ երկու գրպան էլ կար, ուր մենք չկարողացանք մտնել, այդ գրպանները նա անվանում էր ժամացույցի գրպաններ․ դրանք նրա միջին ծածկոցի վերին մասում շինած և նրա փորի ճնշումից խիստ սեղմված երկու նեղ ճեղքեր էին։ Աջ գրպանից կախված էր արծաթե մի մեծ շղթա, իսկ հատակին կար մի զարմանալի մեքենա։ Մենք պահանջեցինք, որ այդ շղթայի ծայրին կպցրած բանը հանի, որ նման էր մի գնդի, որի կեսը արծաթ էր, իսկ մյուս կեսը՝ թափանցիկ մետաղի պես մի բան։ Թափանցիկ կողմի վրա մենք տեսանք տարօրինակ նշաններ՝ շրջանաձև դասավորված, և ուզեցինք ձեռք տալ և տեսանք, որ մեր մատները կանգ առան այդ պսպղուն իրի վրա։ Լեռ֊Մարդը մեր ականջին մոտեցրեց այդ մեքենան, որը ջրաղացի պես անընդհատ աղմուկ էր հանում։ Մենք ենթադրում ենք, որ դա կամ մի անծանոթ կենդանի է, կամ մի աստված, որին նա պաշտում է, բայց մենք հակամետ ենք վերջինին, որովհետև նա մեզ հավատացրեց (եթե նրան ճիշտ հասկացանք, որովհետև նա շատ թերի էր արտահայտվում), որ նա հազիվ է մի որևէ բան անում, առանց նրա խորհրդի։ Նա այդ առարկան համարում էր իր պատգամախոսը, և ասում է, որ ցույց է տալիս իր կյանքի ամեն մի քայլափոխի ժամանակը։ Ձախ գրպանից նա հանեց մի ցանց, որ գրեթե ուռկանի մեծություն ունի և կարելի է փոքր քսակի նման բաց անել և փակել, և ծառայում է նրան նույն նպատակի համար։ Այդ ցանցի մեջ մենք գտանք մի քանի հատ դեղին մետաղի ձույլ կտոր, որոնք, եթե իսկական ոսկուց են, ապա պիտի հսկայական արժեք ունենան։
Այս ամենից հետո, հնազանդ ձերդ մեծության հրամանին, ուշի ուշով խուզարկելով նրա բոլոր գրպանները, մենք նրա մեջքին նկատեցինք մի գոտի, որ շինած էր մի ինչ֊որ վիթխարի կենդանու կաշուց և որից, ձախ կողքին, կախված էր մի թուր՝ հինգ մարդու երկարությամբ․ աջ կողքին կախված էր մի տոպրակ կամ պայուսակ, երկու խորշի բաժանված, իսկ ամեն մի խորշի մեջ կարող են ձերդ մեծության հպատակներից երեք հոգի տեղավորվել։ Այդ խորշերից մեկի մեջ կային բազմաթիվ ծանրակշիռ մետաղյա գնդեր, գրեթե մեր գլխի չափ և բարձրացնելու համար մեծ ուժ պահանջող․ մյուս խորշն իր մեջ պարունակում էր մի տեսակ սև հատիկներ, բայց ոչ այնքան մեծ ու ծանր, որովհետև մենք կարողացանք դրանցից մոտ հիսուն հատ տեղավորել մեր բռի մեջ։
Այս է ճիշտ ցուցակը այն ամենի, ինչ որ մենք գտանք Լեռ֊Մարդու մարմնի վրա, որը խուզարկության ժամանակ մեզ հետ վերաբերվեց շատ քաղաքավարի և ձերդ մեծության հրամանատարների հետ հարգանքով վարվեց։ Ստորագրված և կնքված է ձերդ մեծության բարեբախտ թագավորության ութսունիներորդ լուսնի չորրորդ օրը։
- Կրեֆլին Ֆրելոկ,
- Մարսի Ֆրելոկ։
Երբ այս ցուցակը կարդացին կայսրին, նա ինձ կարգադրեց, թեև շատ փափկանկատ ձևով, որ ես նրան տամ ցուցակի մեջ հիշված առարկաներից մի քանիսը։ Սկզբում նա պահանջեց իմ թուրը, որ ես հանեցի տվի իրեն պատյանի հետ միասին։ Միևնույն ժամանակ նա կարգադրել էր երեք հարյուր հոգուց բաղկացած իր ամենաընտիր զորքին (որ պահպանում էր նրան) շրջապատել ինձ որոշ հեռավորության վրա, նետ ու աղեղներն արձակելու պատրաստ․ սակայն ես այդ չնկատեցի, որովհետև աչքերս հառել էի նորին մեծության վրա։ Ապա նա ցանկացավ, որ մերկացնեմ թուրս, որը թեև ծովի ջրից տեղ֊տեղ ժանգոտել էր, բայց էլի սաստիկ փայլում էր։ Ես այդպես էլ արի, և ամբողջ զորքն իսկույն սարսափից ու զարմանքից ճչաց, որովհետև արևը պայծառ շողում էր և արևի ցոլքը շլացրեց նրանց աչքերը, երբ ես ձեռքիս մեջ պտտեցնում էի թուրը։ Նորին կայսերական մեծությունը, որն ամենաքաջարի միապետն է, ավելի քիչ վախեցավ, քան ես կարող էի սպասել։ Նա հրամայեց ինձ սուրը նորից պատյանը կոխել և որքան կարելի է զգուշությամբ գետնին դնել, իմ շղթայից մոտավորապես վեց ոտնաչափ հեռավորության վրա։ Հետևյալ բանը, որ նա պահանջեց, այդ խոռոչավոր երկաթե գերաններից մեկն էր, այսինքն՝ իմ գրպանի ատրճանակներից մեկը։ Ես հանեցի ատրճանակը և նրա խնդիրքի համաձայն, այնպես, ինչպես կարող էի, բացատրեցի նրա գործածության եղանակը, և լցնելով լոկ վառոդ, որ չէր թրջվել ծովում իմ հերմետիկ փակված վառոդամանի մեջ (բոլոր կանխատես ծովագնացներն այդ տեսակետից նախազգուշության հատուկ միջոցներ են ձեռք առնում), ես նախօրոք զգուշացրի կայսրին, որ չվախենա, և կրակեցի օդի մեջ։ Սարսափն այս անգամ ավելի մեծ էր, քան իմ թուրը տեսած ժամանակ։ Հարյուրավոր մարդիկ ուշաթափ եղան, և անգամ կայսրը, որ թեև ոտքի վրա մնաց, սակայն մի առ ժամանակ չկարողացավ ուշքի գալ։ Ես հանձնեցի իմ զույգ ատրճանակները, ապա տվի վառոդի և գնդակների պարկերը, խնդրեցի նորին մեծությանը, որ վառոդը հեռու պահեն կրակից, որովհետև նա կարող է չնչին կայծից բոցավառվել և օդ ցնդեցնել կայսերական պալատը։ Նույնպես հանձնեցի իմ ժամացույցը, որը տեսնելու համար կայսրը շատ հետաքրքրվեց և հրամայեց իր պահակազորի երկու պարթև զինվորներին, ձողին անցկացրած տանեն ուսերի վրա այնպես, ինչպես Անգլիայում բեռնակիրները տակառով էլ են տանում։ Նրան զարմացրեց ժամացույցի անընդհատ աղմուկն ու սլաքի շարժումը, որ նա հեշտությամբ նշմարեց, որովհետև լիլիպուտների տեսողությունը ավելի սուր է, քան մերը։ Հետո նա իր գիտնականների կարծիքը հարցրեց այդ մասին, սակայն ընթերցողն առանց իմ ասելու էլ կգուշակի, որ նրանց կարծիքը շատ անորոշ ու թերի էր, հեռու՛ ճշմարտությունից, թեև ես, ի միջի այլոց, չկարողացա նրանց լիովին հասկանալ։ Հետո ես հանեցի իմ արծաթե և պղնձե դրամները, իմ փողի քսակը՝ ինը հատ խոշոր և մի քանի հատ մանր ոսկե դրամներով, իմ դանակն ու ածելին, իմ սանրն ու քթախոտի արծաթե տուփը, իմ թաշկինակն ու ծոցի տետրակը։ Իմ թուրը, ատրճանակն ու վառոդամանը սայլերի վրա ուղարկվեցին նորին մեծության զինապահեստը, իսկ մնացած իրերը վերադարձրին ինձ։
Ես ունեի, ինչպես մի փոքր առաջ ասի, մի գաղտնի գրպան, որ զերծ մնաց խուզարկությունից, ուր կար մի ակնոց (որ կարճատեսության պատճառով երբեմն գործ եմ ածում), մի գրպանի հեռադիտակ և մի քանի այլ մանրուքներ, որոնք չէին կարող ունենալ ոչ մի արժեք կայսեր համար։ Ուստի պարտք չհամարեցի հայտնել դրանց մասին, մանավանդ որ վախեցա, թե չլինի կորչեն կամ փչանան, եթե ընկնեն ուրիշի ձեռքը։
Գլուխ երրորդ
Հեղինակն անսովոր կերպով զվարճացնում է կայսրին ու երկսեռ ազնվականներին։ Պալատական զվարճությունների նկարագրությունը Լիլիպուտիայում։ Հեղինակին որոշ պայմաններով ազատություն են շնորհում։
Իմ հեզության ու բարի վարքի շնորհիվ կայսրը, արքունիքը, զորքն ու առհասարակ ժողովուրդն այն աստիճան հաշտվեցին ինձ հետ, որ ես սկսեցի հույս տածել, շուտով ազատություն ստանալու։ Ես ամեն կերպ աշխատում էի ամրացնել այդ բարենպաստ տրամադրությունը։ Բնիկներն աննկատելի կերպով դադարում էին ինձնից վախենալ։ Երբեմն ես պառկում էի գետնին ու թույլ տալիս, որ հինգ կամ վեց հոգի պարեն իմ ձեռքի վրա։ Վերջում մինչև անգամ երեխաները հանդգնեցին գալ և իմ մազերի մեջ տափկնոցի խաղալ։ Ես արդեն մեծ առաջադիմություն էի արել նրանց լեզվով թե՛ հասկանալու և թե՛ խոսելու։ Մի օր կայսրը մտածեց զվարճացնել ինձ ժողովրդական մի քանի խաղերով, որոնց մեջ նրանք գերազանցում էին իմ ծանոթ բոլոր ժողովուրդներին՝ թե՛ ճարպկությամբ և թե՛ շուքով։ Սակայն ոչ մի բան ինձ այնքան զվարճություն չպատճառեց, ինչքան լարախաղացները, որոնք խաղում էին մի բարակ սպիտակ թելի վրա, որ գետնից տասներկու մատնաչափ բարձր էր և երկու ոտնաչափ երկարություն ուներ։ Ես կուզենայի դրա վրա մի փոքր մանրամասն կանգ առնել, նախօրոք խնդրելով ընթերցողի ներողամտությունը։
Այդ մարզանքները կատարում էին միայն նրանք, որոնք խոշոր պաշտոնների կամ արքունական շնորհի թեկնածուներ են։ Այդ արվեստի մեջ նրանք վարժվում են մանկությունից և ընդհանրապես ո՛չ ազնիվ ծագում ունեն և ոչ էլ վայելուչ դաստիարակություն։ Երբ մի որևէ բարձր պաշտոն թափուր է մնում, կամ թե չէ մահվան ու շնորհազրկության դեպքում (որ շատ հաճախ է պատահում), այդ թեկնածուներից հինգ կամ վեց հոգի դիմում են կայսրին, որ նա թույլ տա նրանց նորին մեծությանն ու արքունիքը զվարճացնելու լարապարով, և ով առանց սայթաքելու ամենից բարձր է ցատկում, նա արժանանում է պաշտոնի։ Հաճախ ավագ մինիստրներն էլ հրաման են ստանում ցույց տալու իրենց հմտությունը, կայսրին համոզելու համար, որ նրանք դեռևս չեն կորցրել իրենց ձիրքը։ Պետական գանձապահ՝ Ֆլիմնապը[13] հայտնի է մի թռիչքով, որ նա գործել է ձգված լարի վրա, առնվազն մի մատնաչափ ավելի բարձր, քան մի այլ լորդ ամբողջ կայսրության մեջ։ Ես տեսա նրա թավալգլոր թռիչքները, որ իրար վրա մի քանի անգամ կատարեց խրամատի գլխին ձգված մի լարի վրա, որ Անգլիայում կապոցների համար գործածվող սովորական թոկից հաստ չէր։ Իմ բարեկամ Րիլդրիզելը,[14] որ գաղտնի գործերի ավագ քարտուղարն է, իմ կարծիքով, եթե այդ կողմնապահություն չէ, գանձապահից հետո երկրորդն է, մնացյալ բարձր պաշտոնյաները այդ արվեստի մեջ համարյա թե համահավասար արժեքի տեր են։
Այդ զվարճալիքները հաճախ վերջանում են աղետալի արկածներով, որոնցից շատերն արձանագրված են։ Ես ինքս տեսա երկու թե երեք թեկնածու ջարդուփշուր եղած։ Սակայն վտանգն ավելի է մեծանում, երբ մինիստրները հրաման են ստանում ցույց տալու իրենց հմտությունը․ որովհետև ձգտելով գերազանցել իրենց մրցակիցներին, այնքան ճիգ են թափում, որ հազիվ է պատահում՝ նրանք գեթ մեկ անգամ վայր չընկնեն, իսկ ոմանք էլ երկու կամ երեք անգամ։ Ինձ հավատացրին, որ իմ գալուց մեկ թե երկու տարի առաջ Ֆլիմնապն անկասկած կկոտրեր իր վիզը, եթե թագավորական բարձերից[15] մեկը, որ պատահմամբ ընկած է եղել գետնին, չմեղմացներ նրա անկման ուժը։
Բացի այդ, գոյություն ունի և մի այլ մարզանք, որ բացառիկ դեպքերում ցույց են տալիս միայն կայսեր, կայսրուհուն և ավագ մինիստրին։ Կայսրը սեղանի վրա է դնում երեք հատ մետաքսե բարակ թել՝ վեցական մատնաչափ երկարությամբ։ Մեկը ծիրանի գույն ունի, մյուսը՝ կանաչ, իսկ երրորդը՝ ճերմակ։[16] Այդ թելերից մրցանակ է ստանում նա, ում կայսրն ուզում է մեծարել իր շնորհի հատուկ նշանով։ Ծիսակատարությունը տեղի է ունենում նորին մեծության մեծ շքասենյակում, ուր թեկնածուները փորձում են իրենց հմտությունը, որ միանգամայն տարբեր է նախորդներից և նման չէ այն ամենին, ինչ ես տեսել եմ հին կամ նոր աշխարհի մի այլ երկրում։ Կայսրը հորիզոնական ուղղությամբ ձեռին մի գավազան է բռնում, և այդ միջոցին թեկնածուները մեկը կյուսի հետևից մոտենում են, թռչում նրա վրայից կամ նրա տակը ետ ու առաջ սողում, նայած թե գավազանը բարձր է պահած, թե ցածր։ Երբեմն կայսրը գավազանի մի ծայրիցն է բռնում, իսկ ավագ մինիստրը՝ մյուս։ Երբեմն էլ գավազանը բռնում է միայն մինիստրը։ Ով իր դերն ավելի ճարպիկ է կատարում և ամենից շատ աչքի ընկնում իր թռիչքներով ու սողալով, նա վարձատրվում է ծիրանագույն թելով․ կանաչ թելն ստանում է հաջորդը, իսկ ճերմակ թելը՝ երրորդը, ու նրանք այդ թելերը երկուտակ փաթաթում են իրենց մեջքին։ Կայսերական պալատում դուք շատ քիչ մարդ կտեսնեք, որ չկրի այդ գոտիներից որևէ մեկը։
Զինվորական և թագավորական ախոռների ձիերը, որ ամեն օր բերում էին ինձ մոտ, այլևս չէին խրտնում և առանց վախի մոտենում էին իմ ոտներին։ Ձիավորները թռչում էին իմ ձեռքի վրայով, երբ ես ձեռքս դնում էի գետնին, իսկ կայսերական որսորդներից մեկը, մի մեծ նժույգի վրա, թռավ իմ ոտի և կոշիկի վրայով․ դա իսկապես որ մի զարմանալի ոստյուն էր։ Մի օր ես բախտ ունեցա զվարճացնելու կայսրին մի շատ անսովոր կերպով։ Ես խնդրեցի նրան կարգադրելու, որ ինձ բերեն մի քանի ձող՝ երկու ոտնաչափ երկարությամբ, իսկ հաստությամբ՝ մի սովորական գավազանի չափ։ Նորին մեծությունը հրամայեց իր անտառապետին՝ համապատասխան կարգադրություններ անելու։ Հետևյալ օրը առավոտյան, եկան յոթ անտառապահ, նույնքան սայլերով, ամեն մի սայլին ութ ձի լծած։ Ես վերցրի այդ ձողերից ինը հատ և ամուր խրեցի գետնի մեջ քառակուսաձև, որի ամեն մի կողմը երկու և կես ոտնաչափ էր։ Ես վերցրի ուրիշ չորս ձող և գետնից երկու ոտնաչափ բարձր՝ հորիզոնական ուղղությամբ կապեցի անկյունների ձողերին․ հետո ես իմ թաշկինակը կապեցի ինը ձողերի, որոնք ամուր կանգնած էին և ամեն կողմից քաշեցի այնքան, որ նա ձգվեց ինչպես թմբուկի կաշի․ իսկ չորս զուգահեռ ձողերը չորս կողմից՝ ինչպես ճաղեր, հինգ մատնաչափ բարձրանում էին թաշկինակից դեպի վեր։ Երբ իմ աշխատանքը վերջացրի, ես խնդրեցի կայսրին, որ բերել տա քսանչորս լավագույն ձիավորներից բաղկացած մի ջոկատ՝ մարզանքներ կատարելու համար այդ հարթության վրա։ Նորին մեծությունը հավանություն տվեց իմ առաջարկին, և ես վերցրի զինված ձիավորներին ու մեկ֊մեկ վեր բարձրացրի՝ մարզանքներ կատարելու համար։ Հենց որ նրանք իրենց կարգի բերին, բաժանվեցին երկու բանակի և ձևացրին իբրև թե բախվում են իրար․ միմյանց վրա բութ նետեր արձակեցին, մերկ թրեր քաշեցին, մերթ նահանջելով, մերթ հետապնդելով միմյանց, մերթ գրոհի ու փախուստի դիմելով․ մի խոսքով ցուցադրեցին մի այնպիսի զինվորական կարգապահություն, որից ավելի լավը ես երբեք չէի տեսել։ Հորիզոնական ձողերը թույլ չէին տալիս, որ ձիավորներն ու իրենց նժույգները հարթավայրից ընկնեն ցած։ Կայսրն այնքան հիացավ, որ նա ստիպեց ինձ կրկնելու այդ զվարճությունը մի քանի օր իրար հետևից, և մի անգամ էլ բարեհաճեց բարձրանալ վերև և հրամաններ արձակել․ և մեծ դժվարությունից հետո միայն կայսրուհին համոզեց թույլ տալ իրեն, որ ես պահեմ նրան իր գահավորակի մեջ երկու յարդ հեռավորության վրա, որտեղից նա կարողացավ դիտել ամբողջ տեսարանը։ Իմ բախտից այդ զվարճությունների ժամանակ ոչ մի աղետալի դեպք չպատահեց, միայն մի անգամ մի տաքարյուն ձի, որը պատկանում էր հրամանատարներից մեկին, սմբակով ծակեց թաշկինակն ու սայթաքելով ցած գլորեց հեծնողին ու ինքն էլ ընկավ․ բայց ես երկուսին էլ անմիջապես օգնության հասա ու մի ձեռով ծածկելով ծակը, մյուսով ամբողջ ջոկատն իջեցրի ցած՝ այնպես, ինչպես նրանց բարձրացրել էի։ Վայր ընկած ձիու ձախ ոտքը դուրս էր ընկել, իսկ հեծնողը չէր տուժել։ Ես կարկատեցի իմ թաշկինակն այնպես, ինչպես կարող էի, սակայն այլևս չէի կարող հույս ունենալ նրա ամրությանն, մանավանդ այդպիսի վտանգավոր ձեռնարկների համար։
Ազատություն ստանալուց երկու թե երեք օր առաջ, երբ ես զվարճացնում էի արքունիքը նման հնարագիտություններով, մի սուրհանդակ եկավ հաղորդելու նորին մեծությանը, որ նրա հպատակներից մի քանիսը, երբ անցնում էին այն տեղից, ուր ինձ առաջին անգամ նկատել են, տեսել են գետնի վրա ընկած մի խոշոր, շատ տարօրինակ տեսքի սև իր, որի շրջանաձև եզրերն այնքան տեղ են բռնում, որքան նորին մեծության ննջարանը և որի միջին մասը մարդու հասակի բարձրություն ունի․ դա կենդանի արարած չպիտի լինի, ինչպես նրանք առաջին անգամ ենթադրել են, որովհետև ընկած է խոտի վրա անշարժ, ու նրանք մի քանի անգամ պտտել են նրա շուրջը և միմյանց ուսի վրա բարձրանալով՝ նրանք հասել են մինչև նրա կատարը, որը եղել է հարթ ու ողորկ, և ոտքով խփելուց հետո էլ նրանք գտել են, որ մեջը դատարկ է․ ու նրանք նվաստաբար ենթադրում են, որ դա կարող է լինել միայն մի բան, որ պատկանում է Լեռ֊Մարդուն, և եթե նորին մեծությունը բարեհաճի, նրանք հանձն կառնեն բերելու ոչ ավելի, քան հինգ ձիու օգնությամբ։ Ես անմիջապես հասկացա, թե ինչի մասին էր խոսքը և շատ ուրախ էի այդ տեղեկությունն ստանալու համար։ Երևի նավաբեկումից հետո, ափ հասնելու ժամանակ, ես այնքան հուզված եմ եղել, որ նախքան քնելու տեղը հասնելը, գլխարկս, որ թելով ամրացրել էի գլխիս, երբ ես թիավարում էի ու խոր կոխել էի գլուխս, երբ լողում էի, ընկել է։ Թելը, հավանաբար, կտրվել է այն ժամանակ ինձ համար աննկատելի կերպով, իսկ ես կարծել եմ, թե գլխարկս կորցրել եմ ծովի վրա։ Ես խնդրեցի նորին մեծությունից հրամայելու, որ ըստ հնարավորության անմիջապես ինձ բերեն գլխարկս, միևնույն ժամանակ բացատրելով նրա գործածության եղանակն ու նրա հատկությունները։ Մյուս օրը կառապանները բերին գլխարկս, սակայն ոչ այնքան լավ դրության մեջ․ նրանք գլխարկի եզրերի վրա, ծայրից մեկ ու կես մատնաչափ դեպի ներս, երկու տեղ ծակել էին և այդ ծակերից երկու կարթ անցկացրել, թոկերով կապել ու լծել ձիերին, և այդպես, մոտ կես անգլիական մղոն քարշ տալով, բերել։ Սակայն շնորհիվ նրան, որ հողն այդ երկրում հարթ է ու կակուղ, գլխարկս ավելի քիչ էր վնասվել, քան ես սպասում էի։
Այդ դեպքից երկու օր հետո կայսրը հրամայեց, որ իր զորքի այն մասը, որ բանակ է դրել մայրաքաղաքի մեջ ու մայրաքաղաքից դուրս, պատրաստ լինի, որովհետև միտք էր հղացել շատ տարօրինակ կերպով ինքն իրեն զվարճացնելու։ Նա ցանկացավ, որ ես կանգնեմ Կոլոսի պես, ոտքներս մեկը մյուսից կարողացածիս չափ հեռու դրած։ Հետո նա հրամայեց, որ զորապետը (որ մի վաղեմի հմուտ առաջնորդ էր և իմ մեծագույն հովանավորը) դասավորի զորքը խիտ շարքերով, ամեն մի շարքի մեջ ունենալով քսանչորս հետևակ և տասնվեց ձիավոր ու թմբկահարությամբ, ծածանվող դրոշակներով և ցից նիզակներով անցկացնի իմ տակով։ Այդ զորամասը բաղկացած էր երեք հազար հետևակներից և հազար ձիավորներից։
Նորին մեծությունը մահապատժի սպառնալիքով հրամայել էր զինվորներին, որ տողաշար երթի ժամանակ իմ նկատմամբ իրենց լավ պահեն․ սակայն դա չխանգարեց, որ մի քանի երիտասարդ սպաներ, տակովս անցնելու ժամանակ, բարձրացնեն իրենց աչքերը դեպի վեր․ և ճիշտն ասած իմ անդրավարտիքն այն ժամանակ այն վիճակի մեջ էր, որ առիթ էր տալիս ինձ վրա ծիծաղելու և զարմանալու։
Իմ ազատության համար ես այնքան շատ հուշագիր ու աղերսագիր ուղարկեցի, որ նորին մեծությունը, վերջապես, որոշեց հարցը քննության դնել նախ իր կաբինետում, ապա խորհրդի առաջ․ այդտեղ ոչ ոք չէր առարկել, բացի Սկայրիշ Բոլգոլամից,[17] որը բարեհաճել էր, առանց մի որևէ առիթի իմ կողմից, դառնալ իմ ոխերիմ թշնամին։ Սակայն հարցը որոշվել էր հակառակ նրա ցանկության, ամբողջ խորհրդի կողմից, և հաստատել էր կայսրը։ Այդ մինիստրը գալբետ էր, այսինքն՝ թագավորական ծովակալ, որն իր տիրոջ վստահությունը վայելող, գործերին լավ տեղյակ, սակայն խառնվածքով մի դժնդակ և խստասիրտ մարդ էր։ Սակայն նա ի վերջո համաձայնվել էր, բայց պնդել, որ ինքը պիտի կազմի այն հոդվածներն ու պայմանները, որոնց հիման վրա ես պիտի ազատվեմ և որոնց համար ես պիտի երդում տամ սրբությամբ պահպանել այն։ Այդ հոդվածներն ինձ բերեց Սկայլիշ Բոլգոլամը ինքն անձամբ, որին ուղեկցում էին երկու կրտսեր քարտուղար և մի քանի երևելի անձինք։ Կարդալուց հետո նրանք առաջարկեցին, որ ես երդվեմ այդ հոդվածները կատարելու համար․ սկսզբում ես երդվեցի իմ սեփական երկրի սովորության համաձայն, ապա իրենց օրենքների սահմանած կարգով, այսինքն՝ աջ ոտս դրի ձախ ձեռքիս մեջ, աջ ձեռքիս միջին մատը դրի գլխիս կատարին, իսկ բութ մատս՝ ականջիս ծայրին։ Սակայն թերևս ընթերցողն ուզենա հետաքրքրվել, գաղափար կազմելու այդ ժողովրդի ոճի և արտահայտության մասնակի ձևերի մասին կամ գուցե ուզենա ծանոթանալ այն հոդվածների հետ, որոնց հիման վրա ես ստացա իմ ազատությունը, ուստի ես կատարեցի ամբողջ պայմանագրի բառացի թարգմանությունը, կարողացածիս չափ հարազատությամբ, որ և հրապարակ եմ հանում․
Գոլբաստո մոմարեն Էվլամե գուրդիլս շեֆին մուլլի ուլլի գուե, ամենահզոր կայսրը Լիլիպուտիայի, բերկրանքն ու սարսափը տիեզերքի, որի հինգ հազար բլեստրեգ (մոտ տասներկու մղոն շրջագծով) կալվածները տարածվում են մինչև երկրագնդի[18] ծայրը․ թագավոր թագավորաց, մեծագույնը մարդկային որդիներից, որն իր ոտքով հենվում է երկրի կենտրոնին և իր գլխով դիպչում է արևին, որի ակնարկով ծունկ են չոքում երկրային իշխանները․ հաճելի՝ ինչպես գարուն, հանգստավետ՝ ինչպես ամառ, բերրի՝ ինչպես աշուն, դաժան՝ ինչպես ձմեռ։ Նորին բարձրագույն մեծությունն առաջադրում է վերջին ժամանակներս մեր երկնային տիրապետությունը ժամանած Լեռ֊Մարդուն, հետևյալ հոդվածները, որ հանդիսավոր երդմամբ պարտավոր է ընդունել և սրբությամբ կատարել․
Նախ և առաջ, Լեռ֊Մարդն իրավունք չունի հեռանալու մեր տիրապետության սահմաններից առանց մեր արտոնության, որ դրոշմված պետք է լինի մեր մեծ կնիքով։
2֊րդ, նա իրավունք չունի գալու մեր մայրաքաղաքը, առանց մեր հատուկ կարգադրության․ ընդսմին հարկավոր է նախազգուշացնել բնակիչներին երկու ժամ առաջ, որպեսզի տնից դուրս չգան։
3֊րդ, հիշյալ Լեռ֊Մարդն իր զբոսանքները պետք է սահմանափակի միայն մեր մեծ ճանապարհներով, և արգելել, որ զբոսնի կամ պառկի մարգագետինների և դաշտերի վրա։
4֊րդ, հիշյալ ճանապարհներով զբոսնելու ժամանակ նա պետք է չափազանց ուշադիր լինի, որ մեր սիրեցյալ հպատակները, նրանց ձիերը կամ կառքերը ոտնատակ չլինեն և չպետք է վերցնի մեր հիշյալ հպատակներից որևէ մեկին իր ձեռքը, առանց նրանց համաձայնության։
5֊րդ, եթե մի արտակարգ լուր հարկավոր լինի շտապ կերպով տեղ հասցնելու՝ Լեռ֊Մարդը լուսինը մի անգամ պարտավոր է սուրհանդակին և իր ձիուն գրպանի մեջ վեց օրվա ճանապարհ տանել և (եթե հարկը պահանջի) բերել ու ողջ֊առողջ հանձնել մեր կայսերական մեծությանը։
6֊րդ, նա պիտի լինի մեր դաշնակիցը հանդեպ մեր թշնամու, որ գտնվում է Բլեֆուսկու կղզու վրա և ամեն ջանք պետք է գործ դնի ոչնչացնելու նրանց նավատորմը, որ պատրաստվում է հարձակում գործելու մեզ վրա։
7֊րդ, հիշյալ Լեռ֊Մարդը պարապ ժամանակ պետք է աջակցի մեր բանվորներին՝ բարձրացնելու զանազան ծանր քարեր մեր գլխավոր հրանոթանոցի և այլ պետական շինությունների կառուցման համար։
8֊րդ, հիշյալ Լեռ֊Մարդը երկու լուսնի ընթացքում պետք է ճշգրիտ կերպով չափի մեր տիրապետության սահմանները, մեկ֊մեկ հաշվելով իր արած քայլերը ծովի շուրջը։
Վերջապես, վերոհիշյալ հոդվածները կատարելու համար տալով հանդիսավոր երդում, Լեռ֊Մարդը կստանա կերակուր և խմիչք այնքան, որքան որ կբավի մեր հպատակներից 1728 հոգի կերակրելու համար․ կստանա նաև ազատ մուտքի իրավունք մեր արքայական մեծության մոտ, ինչպես և այլ նշաններ՝ մեր շնորհից։
Տրված է Բելֆեբորակի պալատում, մեր թագավորության իննսունմեկերորդ լուսնի տասներկուերրորդ օրը։
Ես մեծ բավականությամբ ու հաճույքով երդվեցի ու ստորագրեցի այդ հոդվածների տակ, թեև դրանցից մի քանիսն այնքան պատվավոր չէին, որքան ես կցանկանայի․ սակայն ինձ մխիթարում էր այն, որ նրանք ամբողջովին արդյունք էին բարձրագույն ծովակալ Սկայրիշ Բոլգոլամի չար թելադրության։ Դրանից հետո իմ շղթաներն անմիջապես բացվեցին և ես ազատ համարվեցի։ Ինքը՝ կայսրը շնորհ արավ ինձ անձամբ լինելու այդ ծիսակատարությանը։ Ես, ի նշան երախտագիտության, գետնատարած խոնարհվեցի նորին մեծության ոտքերի առաջ, իսկ նա հրամայեց, որ ոտքի կանգնեմ։ Ապա մի քանի սիրաշահ խոսքերից հետո, որ խուսափելով փառամոլության նախատինքից՝ չեմ կրկնում, ասաց, թե հույս ունի, որ ես կլինեմ մի օգտակար ծառա, արժանի այն բոլոր շնորհներին, որ արդեն արել է ինձ և ապագայում էլ կարող է անել։
Ընթերցողը կհաճի նկատել, որ ինձ ազատություն շնորհելու վերջին հոդվածի մեջ կայսրը պայմանավորվում է տալ կերակրի ու խմիչքի մի քանակություն, որ բավական է 1728 լիլպուտ կերակրելու։ Մի առ ժամանակից հետո ես պալատի մի բարեկամիս հարցրի, թե ինչպես էին նրանք սահմանել այդ ստույգ թիվը․ նա պատմեց, թե նորին մեծության մաթեմատիկոսները քառորդակի միջոցով որոշել են իմ հասակի բարձրությունը և գտել, որ այդ բարձրությունը հարաբերում է նրանց հասակին այնպես, տասներկուսը՝ միավորին և այսպիսով եզրակացրել, որ իմ մարմինն ունի առնվազն 1728 լիլիպուտի կշիռ, և հետևապես պահանջում է այնքան կերակուր, որքան անհրաժեշտ է այդ թվով լիլիպուտ կերակրելու։ Ընթերցողը դրանից կարող է գաղափար կազմել այդ ժողովրդի հանճարի, ինչպես և այդ մեծ միապետի իմաստուն և ստույգ հաշվեգիտության մասին։
Գլուխ չորրորդ
Լիլիպուտների Միլդենդո մայրաքաղաքի և կայսերական պալատի նկարագրությունը։ Հեղինակի զրույցն ավագ քարտուղարի հետ՝ պետական գործերի մասին։ Հեղինակն առաջարկում է իր ծառայությունը կայսրին՝ պատերազմի ժամանակ։
Իմ ազատությունն ստանալուց հետո իմ առաջին խնդիրս այն էր, որ ինձ թույլ տան տեսնելու մայրաքաղաքը՝ Միլդենդոն։ Կայսրը հեշտությամբ տվեց իր հավանությունը, միայն մի հատուկ պայմանով, որ ես ոչ մի վնաս չպատճառեմ բնակիչներին կամ տներին։ Ժողովուրդը հայտարարություններից արդեն տեղյակ էր իմ քաղաք գալու մտադրության մասին։ Քաղաքը շրջապատված է երկու և կես ոտնաչափ բարձրության և առնվազն տասնմեկ մատնաչափ հաստության պարսպով, այնպես որ լծած կառքը հեշտությամբ կարող է պտույտ գործել նրա վրա․ անկյուններում, մեկը մյուսից տասը ոտնաչափ հեռավորության վրա, բարձրանում են խոշոր աշտարակներ։ Քայլելով արևմտյան դռների վրայից՝ ես զգուշությամբ ու կողքով անցա երկու գլխավոր փողոցների միջով, միայն ժիլետ հագած, որպեսզի բաճկոնիս փեշերով չվնասեմ տների կտուրներն ու երիզները։ Ես քայլում էի չորս կողմս նայելով, զգույշ՝ չկոխրտելու համար փողոցներում մնացած մի որևէ շրջմոլիկի, թեև խիստ հրաման կար, որ ոչ ոք տնից դուրս չգա։ Տների կտուրներն ու վերին պատուհանները լիքն էին հանդիսատեսներով և ինձ թվաց, որ իմ ամբողջ ճամփորդության ժամանակ դրանից ավելի մարդաշատ տեղ չէի տեսել։ Քաղաքը քառակուսու ուղիղ ձև ունի և նրա պարիսպների ամեն մի կողմի երկարությունը հինգ հարյուր ոտք է։ Երկու գլխավոր փողոցները, որոնք խաչաձև կտրում են միմյանց և քաղաքը բաժանում չորս թաղի՝ հինգ ոտնաչափ լայնություն ունեն։ Քաղաքը կարող է տեղավորել հինգ հարյուր հազար մարդ։ Տները չորա֊հինգ հարկանի են։ Խանութներն ու շուկաներն ապրանքներով լի։
Կայսեր պալատը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, ուր երկու գլխավոր փողոցները խաչաձևում են միմյանց։ Նա շրջապատված է երկու ոտնաչափ լայնության պարիսպներով, որոնք շինությունից քսան ոտնաչափ հեռավորության վրա են։ Ես նորին կայսերական մեծությունից թույլտվություն ունեի քայլելու այդ պարիսպների վրայով, և պարիսպների ու պալատի միջի տարածությունն այնքան մեծ էր, որ ես հեշտությամբ կարողացա շինությունը չորս կողմից դիտել։ Դրսի բակը քառասուն քառկուսի ոտնաչափ տարածություն ունի և իր մեջ պարունակում է ուրիշ երկու բակ․ միջի բակում գտնվում է թագավորական պալատը, որ ես մեծ ցանկություն ունեի տեսնելու, բայց շատ դժվարացա, որովհետև մի բակը մյուս բակի հետ միացնող գլխավոր մուտքը միայն տասնութ մատնաչափ բարձրություն ունի և յոթ մատնաչափ լայնություն։ Միևնույն ժամանակ մյուս բակի շինությունները հազիվ հինգ ոտնաչափ բարձրություն ունեին և անկարելի էր քայլել նրանց վրայից, առանց զգալի վնաս պատճառելու շենքին, թեև պատերը տաշած և ամուր քարից էին ու չորս մատնաչափ լայնություն ունեին։ Մինչդեռ կայսրը մեծ ցանկություն ուներ, որ ես տեսնեմ նրա պալատի շքեղությունը, իսկ այդ մեր ընդհանուր ցանկությունը ես կարողացա կատարել միայն երեք օրից հետո, երբ ես իմ դանակով կտրատեցի մի քանի հաստ ծառ թագավորական պարտեզի մեջ, որ գտնվում էր մայրաքաղաքից մոտ հարյուր յարդ հեռավորության վրա։ Այդ ծառերից ես շինեցի երկու աթոռ, որոնցից ամեն մեկը երեք ոտնաչափ բարձրություն ուներ, և բավականաչափ ամուր՝ իմ ծանրությունը պահելու համար։ Ժողովրդին երկրորդ անգամ հայտարարելուց հետո, ես նորից անցա մայրաքաղաքի միջով դեպի պալատը՝ երկու աթոռը ձեռքիս։ Երբ ես հասա պալատի մյուս կողմը, բարձրացա աթոռներից մեկի վրա ու մյուսը վերցրի ձեռքս ու տանիքի գլխով զգուշությամբ դրի առաջին և երկրորդ պալատների մեջտեղը, որ միմյանցից ութ ոտնաչափ հեռավորության վրա էին։ Ապա դյուրությամբ քայլելով շինության գլխով մի աթոռից մյուսի վրա՝ փայտիս կեռով վերցրի առաջին աթոռը։ Այդ հնարքով ես մտա ներքին պալատը, և, գետնին պառկելով, մոտեցրի իմ երեսը միջին հարկի պատուհաններին, որոնք դիտմամբ բաց էին արել ու դիտեցի ամենից հոյակապ ապարանքը, որ ես կարող էի երևակայել։ Այդտեղ ես տեսա կայսրուհուն ու երիտասարդ իշխանազուններին իրենց օթևանների մեջ, շքախմբերով շրջապատված։ Օգոստափառ կայսրուհին[19] բարեհաճեց ողորմածաբար ժպտալ ու պատուհանից մեկնեց ինձ իր ձեռքը, որը ես համբուրեցի։
Սակայն ես կանգ չպիտի առնեմ հետագա նման նկարագրությունների վրա, թողնելով այդ մի խոշոր երկասիրության, որ գրեթե պատրաստել եմ տպագրության համար և որը պարունակում է այդ կայսրության ընդհանուր նկարագրությունը, սկսելով նրա հաստատության առաջին օրից և անցնելով նրա թագավորների երկար շարքին, պիտի տամ նրա պատերազմների ու քաղաքականության, օրենքների, գիտության ու կրոնի, ինչպես նաև նրա բուսականության ու կենդանիների բնորոշ սովորությունների ու բարքերի մասնավոր տեղեկագրությունը՝ այլ հետաքրքրական ու օգտակար նյութերով հանդերձ։ Ներկայումս իմ գլխավոր նպատակն է միայն պատմել այն դեպքերի ու անցուդարձի մասին, որոնք պատահել են այդ կայսրության մեջ իմ մոտ ինն ամիս այնտեղ եղած միջոցին։
Մի առավոտ, ազտվելուցս մոտ երկու շաբաթ անց, Ռիլդրեզելը՝ գաղտնի գործերի գլխավոր քարտուղարը (ինչպես կոչում են նրան), եկավ տունս՝ ուղեկցությամբ միայն մի սպասավորի։ Նա հրամայեց իր կառապանին, որ սպասի ու ցանկացավ, որ ես նրան մի ժամ ունկնդրություն տամ․ ես իսկույն հավանություն տվի, ի նկատի ունենալով նրա բարձր հատկություններն ու անձնական արժանիքները․ ինչպես և նրա բազմաթիվ ծառայությունները, որ նա ինձ ցույց է տվել պալատում։ Ես փորձեցի պառկել գետնին, որպեսզի նա կարողանա հեշտությամբ հասնել իմ ականջին, սակայն նա գերադասեց ավելի, որ մեր խոսակցության ժամանակ նրան առնեմ իմ ձեռքի վրա։ Նախ և առաջ նա շնորհավորեց իմ ազատությունը, ասելով, թե այդ գործի մեջ ինքն էլ որոշ երախտիքի արժանի է․ սակայն, ավելացրեց նա, եթե պալատի մեջ չլիներ իրերի ներկա կացությունը, թերևս ես այդպես շուտ չազատվեի։ Որովհետև, ասաց նա, որքան էլ մի օտարականի համար հիանալի թվա կացությունը, երկու խոշոր չարիք նեղում են մեզ․ նախ սաստիկ անհամաձայնությունը՝ ներքուստ, ապա հարձակման վախն ուժեղ թշնամու կողմից՝ արտաքուստ։ Ինչ վերաբերում է առաջինին, դուք պետք է իմանաք, որ սրանից մոտ յոթանասուն լուսին առաջ, այս կայսրության մեջ առաջացել է երկու պայքարող պարտիա, Տրեմեկսըն և Սլեմեկսըն[20] անունների տակ, նայած իրենց կոշիկների բարձր ու ցածր կրունկների, որոնցով և նրանք տարբերվում են միմյանցից։ Բանն այն է, որ շատերն ապացուցում են բարձր կրունկների ավելի համապատասխան լինելը մեր հին սահմանադրությանը, սակայն, ինչ էլ որ լինի, նորին մեծությունը որոշել է, որ պետական ծառայությունը, թագի կողմից արտոնված բոլոր պաշտոնատեղերը պիտի գտնվեն միայն ցածր կրունկների ձեռքին, ինչպես դուք երևի նկատած կլինեք։ Եվ մասնավորապես՝ նորին մեծության կայսերական կրունկները մեկ դռըրր ավելի ցածր են, քան իր պալատականներից որևէ մեկի կրունկները (դռըրրը մի չափ է՝ մատնաչափի մոտ տասնչորսերորդ մասը)։ Ատելությունն այդ երկու պարտիաների միջև այնքան մեծ է, որ մեկը մյուսի հետ չի ուզում ո՛չ ուտել, ո՛չ խմել և ոչ էլ խոսել։ Մեր հաշվով Տրեմեկսընները կամ բարձրակրունկները թվով մեզանից գերադաս են, սակայն իշխանությունն ամբողջովին մեր ձեռքն է։ Մենք վախենում ենք, որ նորին կայսերական բարձրությունը՝ թագաժառանգը, որոշ չափով հակված է դեպի բարձրակրունկները․ վերջապես մենք ակնհայտ նկատում ենք, որ նրա կրունկներից մեկն ավելի բարձր է քան մյուսը, որ և առիթ է տալիս նրան կաղալու։[21] Այժմ, ներքին խռովությունների այս միջոցին, մեզ սպառնում է մի արշավանք Բլեֆուսկու կղզուց, որը մի ուրիշ խոշոր կայսրություն է տիեզերքի մեջ, գրեթե նույնքան ընդարձակ և զորեղ, որքան և նորին մեծության կայսրությունը։ Թեև, ինչպես մենք լսեցինք, դուք պնդում եք, թե աշխարհումս կան այլ թագավորություններ ու տերություններ, ուր ապրում են ձեզ պես խոշոր մարդ֊արարածներ, սակայն մեր փիլիսոփաները սաստիկ կասկածում են և ավելի շուտ ենթադրում են, որ դուք վայր եք ընկել լուսնուց կամ մի որևէ աստղից․ որովհետև կասկած չկա, որ ձեր զանգվածն ունեցող հարյուր մահկանացու կարճ ժամանակում կարող են ոչնչացնել նորին մեծության կալվածների բոլոր պտուղներն ու նախիրը։ Բացի այդ, մեր պատմագիրները վեց հազար լուսնի ընթացքում չեն հիշատակում մի այլ երկրի մասին, Լիլիպուտիայի և Բլեֆուսկուի երկու մեծ կայսրություններից բացի։ Եվ այսպես, այդ երկու զորեղ պետությունները, երեսունվեց լուսնից ի վեր, համառ պայքար են մղում միմյանց դեմ։ Դա սկսվեց հետևյալ դեպքի առիթով։ Ամենքը գիտեն, որ ուտելուց առաջ ձուն կոտրելու նախնական ձևը բութ ծայրից ջարդելն է․ իսկ նորին այժմյան մեծության պապը, երբ մանուկ էր, ուտելուց առաջ ձուն կոտրել է հին ձևով և վնասել իր մի մատը։ Դրա վրա նրա հայրը՝ կայսրը հրապարակել է մի հրովարտակ և հրամայել է իր բոլոր հպատակներին պատժի սպառնալիքով, որ ձուն կոտրեն սուր ծայրից։[22] Ժողովուրդն այն աստիճան զայրացել է այդ օրենքից, որ, ինչպես մեր պատմագիրները մեզ պատմում են, այդ հողի վրա տեղի է ունեցել վեց ապստամբություն, որի ժամանակ մեկ կայսր կորցրել է իր կյանքը, իսկ մյուսը՝ իր թագը։[23] Այդ քաղաքացիական խռովությունները մշտապես բորբոքել են Բլեֆուսկուի թագավորները․ և երբ այդ խռովություններն ընկճվել են, աքսորյալները միշտ ապաստան են գտել այդ կայսրության մեջ։ Հաշված է, որ տասնմեկ հազար մարդ, զանազան ժամանակ, գերադասել են մահը, միայն թե չհնազանդվեն ու չկոտրեն ձուն սուր ծայրից։ Այդ վեճի առթիվ մի քանի հարյուր խոշոր հատորներ են հրապարակված, սակայն բութ֊ծայրականների գրքերը վաղուցհետե արգելված են, և ամբողջ պարտիան ըստ օրենքի իրավունք չունի պաշտոններ գրավելու։ Այդ խռովությունների ընթացքում Բլեֆուսկուի կայսրներն իրենց դեսպանների միջոցով հաճախ հանդիմանել են մեզ, ամբաստանելով, թե մենք հերձված ենք առաջացրել կրոնի մեջ՝ խախտելով մեր մեծ մարգարե Լըստրոգի հիմնական վարդապետությունը, որ մեկնաբանված է Բրընդիկրալի (իրենց Ալ֊ղուրանի) հիսունչորսերորդ գլխում։ Մինչդեռ, մենք կարծում ենք, որ բացարձակապես տեղի է ունեցել բնաբանի սխալ մեկնություն, ուր ասված է՝ բոլոր իսկական հավատացյալները ձուն պիտի կոտրեն հարմար ծայրից։ Թե որ ծայրն է հարմար, իմ համեստ կարծիքով, թվում է պիտի թողնել ամեն մարդու խղճին, կամ թե չէ ավագ դատավորի վճռին։ Այժմ բութ ծայրական աքսորյալները Բլեֆուսկուի կայսեր արքունիքում այնքան համարում ունեն, և այստեղից՝ իրենց պարտիայի կողմից այնքան օժանդակություն և քաջալերություն, որ երկու կայսրները երեսունվեց լուսնից ի վեր, փոփոխակի հաջողությամբ, արյունահեղ պատերազմ են մղում միմյանց դեմ, որի ընթացքում մենք կորցրել ենք[24] քառասուն գծանավ և ավելի մեծ քանակությամբ նավակներ, նաև երեսուն հազար հոգի մեր լավագույն նավաստիներից ու զինվորներից․ իսկ մեր թշնամու կորուստը, թվում է, թե շատ ավելի մեծ է, քան մերը։ Տակավին նրանք նորից սպառազինել են մի հսկայական նավատորմիղ և այժմ ուզում են արշավել մեզ վրա․ ուստի նորին կայսերական մեծությունը, վստահելով ձեր քաջությանը և ուժին՝ ուղարկեց ինձ ձեզ մոտ զեկուցելու իր գործերի մասին։
Ես խնդրեցի քարտուղարին մատուցանել կայսրին իմ խորին մեծարանքը և հայտնել, որ թեև ինձ, իբրև օտարականի, վայել չէ միջամուխ լինել նրանց պարտիական գործերին, սակայն ես պատրաստ եմ իմ կյանքի գնով պաշտպանելու նրա անձն ու պետությունը ամեն մի հարձակման դեմ։
Գլուխ հինգերորդ
Հեղինակն անսովոր ռազմական հնարագիտությամբ խափանում է հարձակումը։ Նրան տալիս են պատվո մեծ տիտղոս։ Բլեֆուսկուի կայսրից դեսպաններ են գալիս հաշտություն խնդրելու։ Մի դժբախտ դեպքի պատճառով կայսրուհու օդևանում հրդեհ է առաջանում։ Հեղինակի եռանդուն ջանքով փրկվում են պալատի մյուս մասերը։
Բլեֆուսկուի կայսրությունը[25] մի կղզի է, որ գտնվում է Լիլիպուտիայից դեպի հյուսիս֊արևելք և բաժանվում է նրանից ութ հարյուր յարդ լայնության նեղուցով։ Ես չէի տեսել այդ կղզին, իսկ վերահաս հարձակման տեղեկություններից հետո ես խուսափում էի երևալ ծովափի այդ մասերում, վախենալով, որ ինձ կնկատեն թշնամու նավերը․ որոնք գաղափար չունեին իմ մասին, քանի որ երկու կայսրությունների մեջ հաղորդակցությունը պատերազմի ժամանակ, մահվան սպառնալիքի տակ, խստիվ արգելված էր, և մեր կայսրը բոլոր նավերի վրա ամբարգո էր դրել։ Ես հաղոորդեցի կայսրին իմ ծրագիրը՝ գրավել թշնամու ամբողջ նավատորմիղը, որը, ինչպես մեր հետախույզները հավատացնում էին մեզ, խարիսխ էր ձգել նավահանգստում և առաջին հաջող քամուն պատրաստ էր հարձակման։ Ես խորհրդակցեցի ամենափսրձառու նավաստիների հետ նեղուցի խորության մասին, որ նրանք հաճախ են չափում, և նրանք ինձ հայտնեցին, թե մակընթացության ժամանակ ամենաջրառատ տեղի խորությունն է յոթանասուն գլըմգլըֆֆ, որ եվրոպական չափով հավասար է յոթ ոտնաչափի, իսկ մյուս տեղերի խորությունն է առ առավել հիսուն գլըմգլըֆֆ։ Ես գնացի հյուսիս֊արևելյան ուղղությամբ, դեպի Բլեֆուսկուի դեմուդեմ գտնվող ափը և պառկեցի մի բլրակի հետև, հանելով իմ գրպանի հեռադիտակն ու դիտելով խարիսխ նետած թշնամու նավատորմը, որ բաղկացած էր հիսսուն ռազմական նավից և մեծ քանակությամբ փոխադրանավերից։ Ապա վերադարձա տուն ու հրամայեցի (դրա համար ես ունեի արտոնություն) բերելու բավականաչափ ամուր պարան ու երկաթե հաստ ձողեր։ Պարանը սովորական վուշի հաստություն ուներ, իսկ ձողերի մեծությունը գործվածքի ասեղի չափ էր։ Պարաններն ավելի ամուր դարձնելու համար ես երեքը միասին ոլորեցի և նույն նպատակով էլ երեք ձողը միասին գալարեցի, կռացնելով նրանց ծայրերը։ Դրանից հիսուն հատին կապելով նույն քանակության պարան, ես վերադարձա դեպի հյուսիս֊արևելյան ափը և հանելով վերարկուս, կոշիկներս ու գուլպաներս, կաշվե բաճկոնով մտա ծովը, մակընթացությունից մոտ կես ժամ առաջ։ Սկզբում ես արագ֊արագ քայլեցի ջրի մեջ, ապա լողացի մինչև նեղուցի կես մասը, մոտ երեսուն յարդ․ մինչև որ ոտս նորից կպավ հատակին, կես ժամ չանցած՝ ես հասա նրանց նավատորմիղին։ Թշնամիները երբ ինձ տեսան, ահաբեկ նավից ծովը թափվեցին, ինչպես գորտերն ու լողացին դեպի ափը, ուր ամենապակասը երեսուն հազար մարդ կար։ Այդ ժամանակ ես հանեցի իմ գործիքներն ու ձողերիս կեռերը գցելով նավերի ցռուկներին, իրար կապեցի բոլոր պարանների ծայրերը։ Երբ այդ գործով էի զբաղված՝ թշնամին հազարավոր նետեր արձակեց դեպի ինձ, որոնցից շատերը խրվեցին իմ ձեռներին ու երեսին և բացի սոսկալի ցավից, բավական խանգարեցին ինձ իմ աշխատանքի ժամանակ։ Ամենից շատ երկյուղ էի կրում իմ աչքից,[26] որ կարող էի անդարձ կորցնել, եթե անմիջապես չմտածեի պաշտպանության միջոցի մասին։ Մի քանի անհրաժեշտ բաների հետ միասին մոտս կար մի ակնոց, գաղտնի գրպանիս մեջ մնացած, որ ինչպես վերը հիշեցի, չէին նկատել կայսեր խուզարկուները։ Այդ ակնոցը դրի աչքերիս և ամուր կապեցի․ ու դրանով զրահավորված, ես համարձակությամբ շարունակեցի իմ աշխատանքը թշնամու նետերի տարափի տակ, որոնցից շատերն ապարդյուն կպչում էին ակնոցիս ապակիներին, առանց որևէ վնաս պատճառելու։ Ձողերիս կեռերով նավերը բռնած, պարանների հանգույցը ձեռքիս, սկսեցի քաշել նավատորմիղը․ սակայն ոչ մի նավ տեղիցը չշարժվեց, որովհետև ամենքն էլ խարիսխ էին նետել, այնպես որ իմ ձեռնարկիս ամենահանդուգն մասը դեռ մնում էր։ Ուստի ես բաց թողեցի պարանները և ձողերիս կեռերը նավերից կպցրած՝ համարձակ կերպով դանակով կտրատեցի խարիսխներից կապած պարանները, ստանալով մոտ երկու հարյուր հարված իմ երեսին ու ձեռներին․ ապա վերցրի պարանների կշկռած ծայրը, որից իմ ձողերն էին կապած, և հեշտությամբ հետևիցս քաշեցի թշնամու հիսուն ամենախոշոր ռազմանավերը։[27]
Բլեֆուսկուցիները, որոնք գաղափար չունեին իմ մտադրության մասին, սկզբում զարմանքից շփոթության մատնվեցին։ Նրանք տեսնելով ինձ պարանները կտրատելիս, կարծել են, թե ուզում եմ միայն նավերը արձակել և թողնել ջրի հորձանքներին կամ նավերն իրար խփել։ Բայց երբ նկատեցին, որ ամբողջ նավատորմը կարգով շարժվում է ու ես էլ պարաններով քաշում եմ, նրանք վշտի և հուսահատության մի այնպիսի ճիչ արձակեցին, որ անհանար է նկարագրել։ Վտանգից դուրս գալով, ես մի պահ կանգ առա՝ դուրս հանելու համար նետերը, որ խոցել էին իմ ձեռքերն ու երեսը և քսելու այն օծանելիքը, որ տվել էին ինձ իմ նոր եկած ժամանակը, ինչպես մի փոքր առաջ հիշեցի։ Ապա հանելով իմ ակնոցները և կես ժամի չափ սպասելով, մինչև որ մակընթացությունը մի փոքր տեղի տա, ես անցա նեղուցի մեջտեղով և իմ ավարի հետ անփորձ հասա Լիլիպուտիայի կայսերական նավահանգիստը։
Կայսրն իր ամբողջ արքունիքն ափին կանգնած սպասում էին իմ մեծ ձեռնարկի ելքին։ Նրանք տեսնում էին լայն մահիկի պես դեպի առաջ շարժվող նավերը, սակայն ինձ չէին նկատում, որովհետև ես մինչև կուրծքս ջրի մեջ էի։ Երբ հասա նեղուցի մեջտեղը, նրանք ավելի հետ վարանեցին, որովհետև ես մինչև վիզս ջրի տակն էի։ Կայսրը ենթադրեց, որ խեղդվել եմ և որ թշնամու նավատորմիղն, ահա, նենգորեն մոտենում է։ Սակայն նրա երկյուղը շուտով չքացավ, որովհետև նեղուցն իմ ամեն մի քայլափոխին ծանծաղանում էր և մինչև անգամ ափից նրանք ինձ կարող էին լսել։ Ու բարձրացնելով պարանների ծայրը, որոնցով կապել էի նավերը, բարձր ձայնով գոչեցի․ «Կեցցե՜ Լիլիպուտիայի ամենահզոր կայսրը»։ Ափ հասնելուց մեծ արքան ինձ ընդունեց ամենայն գովասանքով և շնորհեց ինձ նարդակ տիտղոսը, որ պատվո ամենամեծ նշանն է նրանց մեջ։
Նորին մեծությունը ցանկություն հայտնեց, որ ես պատեհ առիթով նավահանգիստը բերեմ թշնամու մնացած նավերը։ Իսկ թագավորների փառասիրությունն այնքան անսահման է, որ նա մտածեց, ըստ երևույթին, ոչ այլ ինչի մասին, քան վերածել ողջ Բլեֆուսկուի կայսրությունը մի գավառի[28] և կառավարել իր փոխարքայի ձեռքով, ու բնաջինջ անելով բոլոր բութ֊ ծայրական փախստականներին, հարկադրել ժողովրդին, որ ձուն սուր ծայրից կոտրեն, որով և նա կդառնար ամբողջ աշխարհի միակ տերը։ Բայց ես աշխատեցի ետ կանգնեցնել նրան այդ մտադրությունից՝ բերելով բազմաթիվ փաստեր թե՛ քաղաքական բնույթ ունեցող և թե՛ իրավական, որ բացարձակ բողոքեցի, թե չեմ ուզում գործիք դառնալ մի ազատ և քաջարի ժողովուրդ ստրուկ դարձնելու համար։ Իսկ երբ հարցը պետական խորհրդի քննությանը դրվեց, ամենաիմաստուն մինիստրներն իմ կարծիքը պաշտպանեցին։
Իմ ազատ և համարձակ հայտարարություն այն աստիճանի ներհակ էր նորին մեծության քաղաքական ծրագրերին, որ նա երբեք չէր կարողանում ներել ինձ։ Նա այդ շեշտեց շատ ճարպիկ կերպով խորհրդի մեջ, ուր, ինչպես ինձ հետո պատմեցին, իմաստուններից շատերը, առնվազն իրենց լռությամբ, համակարծիք էին ինձ, սակայն մյուսները, որոնք իմ գաղտնի թշնամիներն էին, չկարողացան զսպել իրենց արտահայտությունները, որոնք կողմնակի կերպով ուղղված էին ինձ։ Եվ այդ օրվանից նորին մեծության և դավադիր մինիստրների կողմից իմ դեմ սկսվեց մի չարամիտ ինտրիգ, որ պայթեց երկու ամիս չանցած ու քիչ մնաց ինձ վերջնականապես կործանի։ Այդքան չնչին կշիռ ունեն թագավորներին մատուցած ծառայությունները, եթե դրանց հակակշիռն է նրանց կրքերին գոհացում տալու մերժումը։
Այդ քաջագործությունից մոտ երեք շաբաթ հետո Բլեֆուսկուից մի պատվիրակություն եկավ, հաշտության խոնարհ առաջակով, որ շուտով կնքվեց մեր կայսեր համար շատ նպաստավոր պայմաններով, որոնցով ես չպիտի է հոգնեցնեմ ընթերցողին։ Այդ պատվիրակության մեջ կար վեց դեսպան, հինգ հարյուր հոգուց բաղկացած մի շքախումբ, ու նրանց մուտքը շատ հոյակապ էր և իրենց տիրոջ մեծությանն ու պաշտոնի կարևորությանը միանգամայն պատշաճ։ Ես պատվիրակությանը մեծ ծառայություններ մատուցեցի շնորհիվ այն վստահության, որ ունեի, կամ թվում էր, թե ունեի արքունիքում, ու նորին վսեմությունները, մասնավոր կերպով իմանալով, որ ես նրանց բարեկամն եմ, ինձ մոտ պաշտոնական այցելության եկան։ Իմ քաջության և վսեմության մասին նրանք բազմաթիվ հաճելի խոսքեր ասին և իրենց տիրոջ անունից հրավիրեցին ինձ իրենց թագավորությունը գալ, ապա ցանկացան տեսնել մի քանի ապացույց իմ ուժի, որի մասին նրանք լսել էին շատ հրաշքներ․ ես ամենայն պատրաստականությամբ համաձայնեցի նրանց ցանկությունը կատարել, սակայն չպիտի հոգնեցնեմ ընթերցողին դրանց մանրամասնությամբ։
Երբ մի առժամանակ զվաճացրի նորին վսեմություններին, պատճառելով նրանց մեծ բավականություն և զարմանք, ցանկություն հայտնեցի, որ նրանք հաճեն հայտնելու իմ ամենախոնարհ հարգանքն իրենց տիրոջը՝ կայսրին, որի հզորության հռչակը, իրավմամբ, ամբողջ աշխարհին հիացք է պատճառել և որի արքայական մեծությանը ես որոշել եմ ներկայալ նախքան իմ հայրենիք վերադառնալը։ Դրանից հետո ես պատիվ ունեցա տեսնելու մեր կայսրին և խնդրելու նրա բարձր թույլտվությունը՝ այցելելու Բլեֆուսկուի թագավորին, որ և հաճեց տալ մեծ սառնությամբ, սակայն ես դրա պատճառը չկարողացա հասկանալ, մինչև որ իմ ականջին հասան մի քանի շշուկներ, թե Ֆլիմենապն ու Բոլգոլեմն իմ պատվիրակության հետ ունեցած հարաբերությունը ներկայացրել են իբրև անհամկրության մի նշան, թեև խիղճս այդ տեսակետից միանգամայն մաքուր էր։[29] Եվ այդ օրվանից առաջին անգամ ես սկսեցի թերի կարծիք ունենալ արքունիքի և մինիստրների մասին։
Պիտի նկատեմ, որ այդ պատվիրակությունը խոսում էր ինձ հետ թարգմանի միջոցով․ այդ զույգ կայսրությունների լեզուները տարբերվում էին միմյանցից նույնչափ, որչափ Եվրոպայի մեջ երկու տարբեր կայսրությունների լեզուները․ և յուրաքանչյուր ազգություն հպարտանում է իր լեզվի հնությամբ, գեղեցկությամբ ու թափով, տածելով մի բացահայտ արհամարանք դեպի իր հարևանի լեզուն։ Իսկ մեր կայսրը, նրանց նավատորմիղը գրավելուց հետո, զգալով իր առավելությունը, պարտավորեցրեց պատվիրակությանը, որ անմիջապես ներկայացնեն իրենց հանձնարարական գրությունները և իրենց ուղերձները կարդան լիլիպուտների լեզվով։ Սակայն պետք է խոստովանել, որ այդ պետությունների մեջ գոյություն ունեցող առևտրական հարաբերությունների, աքսորյալների անընդհատ փոխադարձ ընդունելության, դաստիարակվելու, աշխարհ տեսնելու և մարդ ճանաչելու նպատակով ազնվական և միջին դասակարգի երիտասարդներին միմյանց մոտ ուղարկելու սովորության պատճառով այդ երկու կայսրությունների մեջ դուք կգտնեք շատ քիչ մարդ ծովափնյա մասերում ապրող ազնվականներից, առևտրականներից կամ նավաստիներից, որոնք չկարողանան խոսել այդ զույգ լեզուներով։ Այդ բանը ես նկատեցի մի քանի շաբաթից հետո, երբ գնացի իմ հարգանքը մատուցելու Բլեֆուսկուի կայսրին։ Իմ թշնամիների չարակամության պատճառով ինձ պատահած խոշոր դժբախտությունների մեջ դա մի երջանիկ դեպք էր, որի մասին ես կպատմեմ պատշաճ տեղում։
Ընթերցողը թերևս հիշի, որ երբ ես ստորագրեցի այն հոդվածները, որոնց հիման վրա ինձ շնորհվեց ազատություն, կային նվաստացուցիչ և ինձ անհաճո տեղեր, որ միմիայն ծայրահեղ հարկադրությունն ստիպեց ինձ ընդունել։ Սակայն այժմ լինելով կայսրության մեջ ամենաբարձր դիրքի նարդակ, նման հանձնառությունները կլինեին իմ արժանապտվությունից ստոր, և կայսրը (արդարություն տանք նրան) ոչ մի անգամ չհիշեցրեց ինձ դրանց մասին։
Մի օր, կես գիշերին, իմ ամրոցի դռան հետև հազարավոր մարդիկ աղմուկ բարձրացրին․ ես վախեցած արթնացա քնից ու լսեցի անընդհատ կերպով կրկնվող մի խոսք՝ բորգլըմ։ Մի քանի պալատական, ամբոխը ճեղքելով, աղաչեցին ինձ, որ անմիջապես պալատը գնամ, որովհետև թագուհու օթևանը բոցերի ճարակ է դառել պալատական տիկիններից մեկի անզգուշության պատճառով, որը վեպի ընթերցանության ժամանակ քնել է, առանց մոմերը հանգցնելու։ Ակնթարթի մեջ ես մի կերպ հագնվեցի, հրամայված էր, որ ինձ համար ճանապարհները մաքրեն․ բացի այդ, լուսնյակ գիշեր էր, այնպես որ հաջող կերպով հասա պալատը, ոչ ոքի կոխ չտալով։ Պալատի պատերին արդեն սանդուղքներ էին դրել և կուտակել մեծ քանկությամբ դույլեր, իսկ ջուրը շատ հեռու էր։ Դույլերից ամեն մեկը հավասար էր մի մեծ մատնոցի, և խեղճերը մեծ եռանդով ջուր էին բերում ինձ․ մինչդեռ կրակն այնքան ուժգին էր, որ այդ եռանդն իզուր էր անցնում։ Ես դյուրությամբ կարող էի հանգցնել հրդեհը՝ պալատի վրա փռելով իմ վերարկուն, սակայն աճապարանքից կարողացել էի հագնել միայն իմ կաշվե բաճկոնը։ Թվում էր, թե դրությունը շատ վշտալի ու անհույս էր, և այդ հոյակապ պալատն անկասկած, մինչև վերջը կայրվեր, եթե շնորհիվ իմ անսովոր զգաստության, անսպասելի կերպով չհղանայի մի միջոց։ Նախընթաց օրը, երեկոյան, ես խմել էի մի սքնչելի գինի, որ հայտնի է զլըմգրըմ անունով (բլեֆուսկուցիների լեզվով դա կոչվում է ֆլյունեկ, բայց մեր գինիներն ավելի լավ են), որ մեզն առատացնելու հատկություն ունի։ Բարեբախտաբար, ես դեռևս խմած գինուց չէի թեթևացել։ Մինչդեռ բոցերի ու հրդեհը հանգցնելու անդուլ աշխատանքի տաքությունն ազդեց ինձ վրա և խմածս գինին մեզի վերածեց։ Ու ես բաց թողի մեզը այնպիսի առատությամբ ու այնպես շեշտակի, որ երկու֊երեք րոպեի մեջ կրակը հանգավ ու մի քանի սերնդի աշխատանքի գնով շինած հոյակապ պալատի մնացած մասերը փրկվեցին ավերումից։[30]
Մինչ այդ, լույսն արդեն բացվեց, ու ես վերադաձա տուն, չսպասելով, որ կայսրը շնորհակալություն հայտնի, որովհետև, չնայած որ նրան շատ կարևոր ծառայություն մատուցեցի, սակայն չգիտեի, թե նորին մեծությունն ինչպես կվերաբերվի այն միջոցին, որով ես ցույց տվի այդ ծառայությունը, մանավանդ, եթե ի նկատի ունենամ պետության հիմնական օրենքները, որոնց համաձայն ոչ ոք, անգամ ամենաբարձր դիրքի մարդը, ծանր պատժի վտանգի տակ իրավունք չունի միզելու պալատի բակում։ Սակայն ինձ հանգստացրեց կայսեր նամակը, որով խոստանում էր հրամայել բարձրագույն դատարանին ձևական ներում շնորհել ինձ, որին ես այդպես էլ երբեք չհասա։ Մյուս կողմից ինձ, իբրև գազտնիք, հայտնեցին, որ թագուհին սաստիկ զայրացել է իմ արարքից և առանձնացել պալատի ամենահեռավոր մասերից մեկում, հաստատ վճռելով այլևս չվերադառնալ իր շենքը, միևնույն ժամանակ իր մտերիմների ներկայուցյամբ երդվել է ինձնից վրեժխնդիր լինել։[31]
Գլուխ վեցերորդ[32]
Լիլիպուտիայի բնակիչների մասին․ նրանց գիտությունը, օրենքներն ու սովորությունները, իրենց մանուկների դաստիարակության եղանակը։ Հեղինակի ապրելակերպն այդ երկրում։ Նա վերականգնում է մի նշանավոր լեդիի պատիվը։
Թեև ես մտադիր եմ այդ կայսրության մանրամասն նկարագրությունը թողնել մի հատուկ երկասիրության, այնուամենայնիվ կուզենայի գոհացնել հետաքրքրասեր ընթերցողին, տալով նրան որոշ գաղափար ընդհանուր առմամբ։ Բնիկների հասակը սսովորաբար մոտ վեց մատնաչափ է ու դրա համաչափ էլ բարձրություն ունեն թե՛ մյուս բոլոր կենդանիները և թե՛ բուսականությունն ու ծառերը․ օրինակ՝ ամենամեծ ձիերն ու եզները չորսից մինչև հինգ մատնաչափ բարձրություն ունեն, ոչխարները՝ մեկուկես մատնաչափից քիչ ավելի կամ պակաս, նրանց սագերը մեր ճնճղուկների չափ են, և այդպես աստիճանաբար՝ մինչև ամենափոքր արարածները, որոնք իմ աչքի համար գրեթե անտեսանելի էին։ Սակայն բնությունը հարմարեցրել է լիլիպուտների աչքը բոլոր առարկաները պարզ կերպով տեսնելու․ նրանք տեսնում են շատ պարզ, բայց ոչ մեծ հեռավորության վրա։ Դիտելու համար, թե որքան սուր է նրանց աչքը մոտիկ առարկաների նկատմամբ, ես մեծ հաճույքով տեսա մի խոհարարի՝ փետրհանան անելիս մի արտույտ, որ սովորական ճանճի մեծություն ուներ, և մի աղջկա, որ անտեսանելի մետաքսով թելում էր անտեսանելի ասեղը։ Նրանց ամեմամեծ ծառերը մոտ յոթ ոտնաչափ բարձրություն ունեն․ ես ի նկատի ունեմ կայսերական մեծ պուրակի մի քանի ծառերը, որոնց կատարներին ես կարողանում էի հասնել միայն ձեռքս երկարելով։ Մյուս բուսականությունը դրան համաչափ բարձրություն ունի․ սակայն այդ ամենը ես թողնում եմ ընթերցողի երևակայությանը։
Այժմ մի քանի խոսք էլ նրանց գիտության մասին, որ մի քանի դարերից ի վեր իր բոլոր ճյուղերով ծաղկում է այդտեղ։ Սակայն նրանց գրելու ձևը շատ տարօրինակ է․ նրանք չեն գրում ձախից աջ, ինչպես եվրոպացիները, ոչ էլ աջից ձախ, ինչպես արաբները, ոչ էլ վերից վար, ինչպես չինացիները, այլ շեղ գծով, թղթի մի անկյունից՝ մյուսը, ինչպես Անգլիայի լեդիները։
Նրանք իրենց մեռելները թաղում են գլխիվայր, որովհետև այն հավատն ունեն, թե տասնմեկ հազար լուսնից հետո նրանք նորից պիտի վեր կենան, երբ երկիրը (որ նրանց կարծիքով հարթ է) շրջած կլինի, և այդ միջոցին մեռելներն իրենց հարության ժամանակ կարող կլինեն ուղղակի ոտքի կանգնել։ Գիտնականներն այդ վարդապետությունը համարում են անիմաստ, սակայն, իբրև զիջում ռամիկ ժողովրդին, այդ սովորությունը մինչև հիմա էլ շարունակվում է։
Այդ կայսրության մեջ կան բավականին տարօրինակ օրենքներ ու սովորություններ, որոնք, եթե անչափ հակապատկեր չլինեին իմ թանկագին հայրենիքի օրենքներին ու սովորություններին, ես պիտի փորձեի մի փոքր արդարացի համարելու։ Միայն ցանկալի է, որ նրանք կարգին գործադրվեն։ Նախ և առաջ ես պիտի հիշեմ լրտեսների[33] վերաբերյալ օրենքների մասին։ Պետական բոլոր հանցանքների համար այնտեղ շատ խիստ պատիժ կա, սակայն եթե մեղադրյալը դատավարության ընթացքում հաստատում է իր անմեղությունը, այն ժամանակ ամբաստանողն անմիջապես դատապարտվում է անարգ մահվան․ նրան կայքն ու կալվածները գրավում են և քառապատիկ կերպով հատուցում անմեղին՝ իր ժամանակի կորուստի և սպառնացող վտանգի համար և բանտում կրած նեղության ու պաշտպանության վերաբերյալ ծախսերի դիմաց։ Իսկ եթե գումարը պակասում է, այն ժամանակ փոխարենը լրիվ կերպով հատուցանում է պետական գանձարանը։ Բացի այդ՝ կայսրը հրապարակավ իր շնորհից մաս է հանում նրան, և ամբողջ քաղաքում հայտարարում են նրա անմեղ լինելը։
Խարդախությունը նրանք համարում են ավելի մեծ ոճրագործություն, քան թե գողությունը և դրա համար էլ միայն հազվագյուտ դեպքերում են ազատում մահվան պատժից․ որովհետև, նրանց պատճառաբանությամբ, եթե մարդ զգույշ ու աչալուրջ լինի և մի փոքր էլ հասկացող, կարող է իր գույքը պաշտպանել գողերից, իսկ ազնիվ մարդը ճարպիկ խարդախի դեմ պաշտպանության միջոց չունի։ Եվ քանի որ առ ու ծախսի ժամանակ շարունակ տեղի են ունենում պայմանագրություններ՝ վստահության վրա հիմնված, ուր խարդախությունը հնարավոր է կամ աննկատելի և չկա օրենք, որ պատժի, ազնիվ վաճառականը նման դեպքերում միշտ տուժում է, իսկ սրիկան՝ շահում։ Հիշում եմ, մի անգամ ես բարեխոսեցի կայսեր առաջ մի ոճրագործի համար, որ իր տիրոջ կարգադրությամբ մի խոշոր գումար էր ստացել ու փախել․ և երբ իբրև մեղմացուցիչ հանգամանք նորին մեծությանն ասի, թե նրա կողմից դա եղել է միայն վստահության խախտում, կայսրն իմ արածը գտավ հրեշավոր, որովհետև ես բերի մի արդարացում, որ միայն սաստկացնում էր նրա մեղքը, և ճիշտն ասած ես առարկելու խոսք չգտա, բացի այն պատասխանից, թե տարբեր ազգություններ ունեն տարբեր սովորություններ․ և, խոստովանում եմ, ես սաստիկ ամաչեցի։
Թեև վարձատրությունն ու պատիժն այն երկու առանցքներն են, որոնց շուրջը պտտվում է պետությունը, սակայն ես գործնականում այդ սկզբունքը, բացի Լիլիպուտիայից, ոչ մի ազգության մեջ չտեսա։ Ով կարողանա բավականին ապացույցներ բերել, որ ինքը յոթանասուներեք լուսնի ընթացքում ճշտությամբ կատարել է իր երկրի օրենքները, նա իրավունք ունի պահանջելու որոշ արտոնություններ համաձայն իր կոչման ու դիրքին, և ստանալու համապատասխան գումար՝ այդ նպատակի համար նշանակված ֆոնդից։ Բացի այդ, նա ձեռք է բերում սնիպոլ (այսինքն օրենքների պահապան) տիտղոսը, որ կցվում է նրա ազգանվան, առանց հետագա սերունդներին անցնելու։ Եվ այդ ժողովուրդը համարեց վարչական խոշոր սխալ, երբ ես պատմեցի, թե մեզ մոտ օրենքները կատարվում են միայն պատժի սպառնալիքի տակ, առանց վարձատրության հիշատակության։ Լիլիպուտները համարեցին այդ մեր պետական կառուցվածքի մեծագույն թերությունը։ Այդ իմաստով էլ նրանց դատարաններում արդարադատության կուռքը պատկերվում է մի կնոջ տեսքով, որն ունի վեց աչք ― երկուսը առջևից, երկուսը՝ հետևից և մի֊մի հատ էլ՝ կողքերից, ի նշան գերզգոնության։ Աջ ձեռքին ունի ոսկու բաց պարկ, իսկ ձախ ձեռքին՝ պատյանի մեջ թուր, ցույց տալու համար, թե նա տրամադիր է ավելի շուտ վարձատրելու, քան պատժելու։
Պաշտոնների համար ընտրություն կատարելիս նրանք ավելի շատ ի նկատի ունեն մարդկանց բարոյականը, քան թե նրանց ճարտարությունը, քանի որ մարդկությունը կարիք ունի պետության, նրանք համոզված են, որ մարդկային սովորական հասկացողությունը միանգամայն բավական է այս կամ այն պաշտոնը կատարելու համար և որ նախախնամությունը երբեք մտադիր չի եղել հասարակական կամ պետական գործերի ղեկավարությունը դարձնելու մի գաղտնիք, որ պատկանում է բարձր հանճարի սակավաթիվ մարդկանց, որոնցից մի դարի ընթացքում հազիվ երեք հատ է ծնվում։ Ընդհակառակը, նրանք ենթադրում են, թե ճշմարտությունը, արդարությունը, ժուժկալությունը և նման առաքինությունները հատուկ են բոլորին, այդ առաքինությունների կիրառումը, փորձառության և բարեմտության հետ միասին, ամեն մարդու հնարավորություն է տալիս ծառայելու իր հայրենիքին, բացի այն պաշտոններից, որոնց համար մասնագիտություն է պահանջվում։ Նրանց կարծիքով ամենագերազանց մտավոր կարողությունը չի կարող փոխարինել բարոյական առաքինության, որ պաշտոնները չի կարելի տալ այդ որակի վտանգավոր մարդկանց ձեռքը․ և վերջապես, առաքինի հակումներով օժտված մարդու անգիտությամբ կատարված սխալները երբեք չեն կարող հասարակական բարօրության համար այնպիսի ճակատագրական հետևանք ունենալ, ինչ որ այն մարդկանց գործունեությունը, որոնք ունեն ապականված միտումներ և տաղանդ՝ այդ ապականությունները թաքցնելու, բազմապատկելու և պաշտպանելու։
Միևնույն ձևով աստվածային նախախնամությանը չհավատալը մարդուն դարձնում է անձեռնհաս հասարակական դիրք գրավելու համար, քանի որ թագավորներն իրենց համարում են նախախնամության առաքյալները, լիլիպուտները մտածում են, թե անիմաստ բան կլիներ, եթե մի թագավոր պաշտոն տար այնպիսի մարդու, որ ժխտում է այն հեղինակությունը, որի հիման վրա գործում է։
Պատմելով այս և հետագա օրենքների մասին, ես կուզենայի միայն ասել, որ ի նկատի ունեմ հիմնական սովորությունները և ոչ թե այն խայտառակ աղավաղումները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն խոր այլասերման հետևանք հանդիսացող ժամանակակից ապականված բարքերի հետ։ Այսպես, օրինակ՝ լարախաղացության համար պաշտոններ ստանալու կամ գավազանի վրայով թռչելու ու տակը սողալու համար շնորհի և հռչակի շքանշան տալու անվայել սովորությունը, ինչպես ընթերցողը նկատեց, առաջին անգամ ներմուծեց այժմ թագավորող կայսեր պապն ու ներկա ծաղկյալ վիճակին հասավ պարտիաների և խմբակցությունների աստիճանական աճման շնորհիվ։
Ապերախտությունը նրանք համարում են մահացու ոճիր (պատմությունից մենք գիտենք, որ նույն տեսակետը գոյություն ուներ և այլ երկրներում), որովհետև նրանք դատում են այսպես․ ով որ իր բարերարներին չարությամբ է հատուցում, նա թշնամի պիտի լինի ընդհանուր մարդկության, որի հանդեպ նա ոչ մի պարտականություն չունի, և հետևապես արժանի չի ապրելու։
Նրանց տեսակետը ծնողների ու զավակների պարտականությունների[34] նկատմամբ միանգամայն տարբեր է մերից։ Քանի որ արուի և էգի կապը հիմնված է բնության մեծ օրենքի վրա, որի նպատակն է տեսակի բազմացումն ու շարունակությունը, ուստի լիլիպուտներն ընդունում են, որ մարդ ու կին միանում են միմյանց, ինչպես մյուս կենդանիները, վավաշոտությունից դրդված, և որ նրանց գուրգուրանքն իրենց մատաղ սերնդի հանդեպ բխում է նույն բնական նախապատճառից․ այդ իսկ պատճառով նրանք երբեք չեն ընդունում, որ զավակը որևէ պարտականություն ունի հոր հանդեպ՝ իրեն ստեղծելու համար և ոչ էլ մոր հանդեպ՝ իրեն աշխարհ բերելու համար, մանավանդ որ այդ աշխարհը, նկատելով մարդու կյանքի թշվառությունը, մի առանձին բարիք չէ նրա համար․ իսկ նրա աշխարհ գալն էլ արդյունք չէ ծնողների մտադրությանը, որոնք իրենց սիրաբանության ժամանակ այդ միտքը գործադրել են այլ կերպ։ Այդ և նման դատողությունների հիման վրա նրանց կարծիքն այն է, որ սեփական զավակների դաստիարակությունն ամենից քիչ վստահել կարելի է ծնողներին, ուստի նրանք ամեն քաղաքի մեջ ունեն համայնական կրթարաններ, ուր բոլոր ծնողները, բացի գյուղացիներից ու բանվորներից, պարտավոր են ուղարկել իրենց երկսեռ մանուկները՝ մեծացնելու և դաստիարակելու համար՝ մինչև քսան ամիս դառնալը, երբ նրանց ենթադրությամբ, մանուկները սկսում են քիչ թե շատ խելքի գալ։ Այդ կրթարանները մի քանի տեսակ են, նայած երեխաների բարեմասնությանն ու սեռին։ Նրանք ունեն հմուտ ուսուցիչներ, որոնք երեխաներին կրթում են համեմատ կյանքի այն պայմանների, որ համապատասխանում է նրանց ծնողների դիրքին, երեխաների կարողությանն ու հակումներին։ Նախ մի քանի խոսք արական կրթարանների մասին, ապա իգական։
Ազնվական կամ բարձր ծագում ունեցող տղաների կրթարանները ղեկավարում են լուրջ և հմուտ ուսուցիչներն ու իրենց բազմաթիվ օգնականները։ Երեխաների հագուստներն ու ոտնամանները պարզ են ու համեստ։ Նրանց մեջ սնուցանում են պատվի, արդարության, քաջության, համեստության, գթության, կրոնի և հայրենասիրության զգացմունքներ․ նրանք միշտ զբաղված են որևէ բանով, բացի այն ժամանակից, երբ նրանք ուտում են կամ քնում, որ տևում է շատ կարճ, և հանգստի երկու ժամից, որ նրանք նվիրում են մարմնամարզության։ Մինչև չորս տարեկան հասակը նրանց հանում և հագցնում են ծառաները, իսկ ապա նույն բանը պիտի անեն նրանք, որքան էլ նրանք բարձր ծագում ունենան․ իսկ աղախինները, որոնք հիսուն տարեկան են մեր տարվա հաշվով, կատարում են միայն ստորին գործերը։ Երեխաներին երբեք թույլ չեն տալիս ծառաների հետ խոսելու, և նրանք խաղում են մեծ կամ փոքր խմբերով, միշտ ուսուցչի կամ նրա օգնականներից մեկի աչքի առաջ․ այսպիսով նրանք զերծ են մնում խենթության կամ մոլության վաղաժամ տպավորություններից, որոնց ենթակա են մեր երեխաները։ Ծնողները կարող են տեսնել իրենց երեխաներին տարին երկու անգամ․ տեսակցությունը տևում է միայն մեկ ժամ։ Նրանք կարող են համբուրել երեխաներին հանդիպումի և հրաժեշտի ժամանակ․ իսկ ուսուցիչը, որ միշտ ներկա է այդպիսի դեպքերում, թույլ չի տալիս շշուկով խոսելու, փաղաքշական արտահայտություններ գործածելու կամ խաղալիք, անուշեղեն և նման բաներ բերելու։
Ամեն մի ընտանիք իր երեխայի դաստիարակության և ապրուստի թոշակը վճարում է կանխիկ, զանցառության դեպքում նրանից գանձում են պետական պաշտոնյաների միջոցով։
Հասարակ ազնվականների, վաճառականների, խանութպանների և արհեստավորների երեխաների կրթարաննեերը, կառավարվում են նույն ձևով․ միայն այն երեխաները, որոնք ուզում են արհեստ սովորել, իրենց աշակերտությունն սկսում են տասնմեկ տարեկան հասակից, մինչդեռ բարձր դիրքի մարդկանց երեխաները շարունակում են իրենց կրթությունը մինչև տասնհինգ տարեկան հասակը, որ համապատասխանում է մեր քսանմեկ տարվան։ Սակայն վերջին երեք տարում դպրոցական սահմանափակումներն աստիճանաբար թուլացնում են։
Իգական կրթարաններում բարձր ծագում ունեցող աղջիկները դաստիարակվում են համարյա այնպես, ինչպես տղաները, միայն հագնվելիս և հանվելիս նրանց օգնում են պարտաճանաչ սպասուհիներ, միշտ ուսուցչի կամ նրա օգնականի ներկայությամբ, մինչև որ կարողանան իրենք հագնվել ու հանվել, այսինքն՝ մինչև հինգ տարեկան հասակը։ Եթե նկատվի, որ դայակը պատմել է որևէ սարսափելի ու տխմար հեքիաթ կամ մի անիմաստ պատմություն, որ մեզ մոտ հաճախ անում են սպասուհիները, նրան հրապարակավ երեք անգամ մտրակում են, ապա մի տարով բանտարկում, ու մինչև կյանքի վերջն աքսորում երկրի ամենաամայի վայրը։ Այսպիսով երիտասարդ լեդիները նույնքան են ամաչում երկչոտության և թեթևսոլիկության համար, որքան և տղամարդիկ, և արհամարում են սեփական զարդարանքը, բացի պարկեշտությունից ու մաքրասիրությունից։ Նրանց դաստիարակության մեջ ոչ մի տարբերություն չնկատեցի, որ կապված լիներ սեռերի տարբերության հետ, միայն աղջիկների մարմնամարզությունն ավելի թեթև է և գիտության դասընթացն ավելի սահմանափակ․ դրա փոխարեն նրանք անցնում են տնային տնտեսությունը վարելու օրենքները։ Որովհետև լիլիպուտները համոզված են, որ կինը, բարեկիրթ հասարակության մեջ, միշտ պետք է լինի ամուսնու խելացի և հաճելի ընկերակիցը, որովհետև միշտ երիտասարդ և գեղեցիկ չի մնում։ Երբ աղջիկը տասնմեկ տարեկան է դառնում, այսինքն՝ ըստ նրանց սովորության հասնում է ամուսնության հասակի, նրա ծնողները կամ խնամատարները, խորին շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին, տանում են տուն, և հազիվ է պատահում, որ երիտասարդ լեդին ու իր ընկերուհիներն արտասուք չթափեն։
Ստորին խավի համար հիմնված կրթարաններում երեխաներին վարժեցնում են ամեն տեսակի աշխատանքի, որ պատշաճ է նրանց սեռին ու դիրքին։ Արհեստի ձգտում ունեցող աղջիկներն արձակվում են կրթարանից յոթ տարեկան հասակում, իսկ մյուսները տասնմեկ։
Ստորին խավի ընտանիքները, որոնք այդ կրթարաններում երեխա ունեն, պատրավոր են մուծել կրթարանի տնտեսական վարիչին, բացի տարեկան թոշակից, որն ըստ հնարավորի չափավոր է, նաև իրենց ամսական եկամտի փոքրիկ մասը՝ աղջկա օժիտի համար, և այսպիսով բոլոր ծնողների ծախքերն օրենքով սահմանափակված են, որովհետև լիլիպուտները մտածում են, թե շատ անարդարացի կլիներ, եթե մարդ, իր ցանկություններին հագուրդ տալու համար, աշխարհ բերեր երեխաներ ու նրանց ապրուստի բեռը ձգեր հասարակության վրա։ Իսկ ինչ վերաբերում է բարձր դիրքի մարդկանց, նրանք երաշխավորում են իրենց դիրքի համապատասխան երեխաների համար որոշ գումար հատկացնել․ Այդ գումարները պահվում են մեծ խնայողությամբ և ամենայն արդարությամբ։
Գյուղացիներն ու բանվորներն իրենց երեխաներին պահում են տանը, որովհետև նրանց կոչումը միայն հողը հերկելն ու մշակելն է և այդ պատճառով էլ նրանց կրթությունը հասարակության համար քիչ արժեք ունի․ միայն ծերերն ու հիվանդները խնամվում են անկելանոցներում, ուստի մուրացկանությունը մի անծանոթ զբաղմունք է այդ կայսրության մեջ։
Թերևս հարցասեր ընթերցողին հաճելի լիներ ստանալու որոշ տեղեկություններ իմ զբաղմունքների և ապրելակերպի մասին այդ երկրում, ուր ես մնացի ինն ամիս ու տասներեք օր։ Ունենալով հակում դեպի մեքենագիտությունը և մասամբ անհրաժեշտությունից ստիպված՝ ինձ համար, պալատական պուրակի ամենամեծ ծառերից, շինեցի բավականին հարմար աթոռ ու սեղան։ Երկու հարյուր դերձակուհի զբաղված էր ինձ համար պատրաստելու շապիկ, սավան ու սփռոց ամենաամուր ու կոշտ քաթանից, որ հնարավոր էր գտնել․ այն էլ ստիպված էին նրանք մի քանի ծալ իրար վրա մկդակել, որովհետև նրանց ամենահաստ քաթանը մեր շղարշից բավական նուրբ է։ Այդ քաթանի կտորներն ընդհանրապես երեք ոտնաչափ երկարություն ունեն և երեք մատնաչափ լայնություն։ Կար անող կանայք չափս վերցրին այն ժամանակ, երբ ես պառկել էի անկողնում․ մեկը կանգնեց վզիս մոտ, մյուսը՝ ծնկիս ու մեջտեղը ձգեցին մի թոկ, ամեն մեկը մի ծայրից բռնած, իսկ երրորդը չափում էր մի քանոնով, որ մեկ մատնաչափ երկարություն ուներ։ Ապա նրանք չափեցին բութ մատս և դրանով բավականացան, թվաբանական հաշիվների օգնությամբ իմանալով, որ դաստակի շրջագիծը երկու անգամ ավելի է, բութ մատի շրջագծից, պարանոցի շրջագիծը երկու անգամ ավելի է դաստակի շրջագծից, իսկ մեջքի շրջագիծը երկու անգամ ավելի է պարանոցի շրջագծից․ նրանց առաջ գետնին փռած իմ հին շապիկի նմուշով նրանք ինձ համար հեշտությամբ պատրաստեցին նոր սպիտակեղեն։ Ճիշտ նույն կերպով էլ երեք հարյուր դերձակ զբաղված էին հագուստս կարելով․ միայն չափս հանելու համար նրանք այլ հնարքի դիմեցին։ Ես չոքեցի, իսկ նրանք գետնից մինչև իմ վիզը մի սանդուխք դրին․ այդ սանդուխքով նրանցից մեկը վեր բարձրացավ ու իմ օձիքից մինչև հատակը մի կապարալար ձգեց, որն ուղղակի հավասար էր իմ վերարկուի երկարության, իսկ իրանս ու թևերս ես չափեցի։ Երբ պատրաստ էր հագուստս, որ կարեցին իմ տանը (որովհետև իրենց ամենամեծ տան մեջ չէր կարող տեղավորվել), նման էր Անգլիայում տիկիններրի ձեռքով կարկատաններից շինած վերմակի, միայն այն տաբերությամբ, որ մի գույնի էր։
Կերակուր եփելու համար ես ունեի երեք հարյուր խոհարար, որոնք իրենց ընտանիքների հետ միասին ապրում էին տանս կից՝ հարմար խրճիթների մեջ ու ինձ համար ամեն անգամ պատրաստում էին երկու տեսակ ուտելիք։ Ես մի ձեռով վերցնում էի քսան հատ սպասավոր ու դնում սեղանի վրա, իսկ ավելի քան հարյուր հոգի սպասավորում էին ներքև, գետնի վրա։ Ոմանք բերում էին պնակներով կերակուր, ոմանք գլորում էին տակառներով գինի և այլ խմիչքներ… Վերի սպասավորները հնարամտությամբ, որոշ ճախարակի օգնությամբ, վեր էին բարձրացնում ուզածս բաները ճիշտ այնպես, ինչպես մենք Եվրոպայում ջրհորից դույլ ենք բարձրացնում։ Նրանց կերակուրների ամեն մի պնակը կուլ էի տալիս մի անգամից, իսկ խմիչքների ամեն մի տակառը մի կում ջուր էր ինձ համար։ Նրանց ոչխարի միսը նվազ համեղ էր մեր ոչխարի մսից, այնինչ կովի միսը սքանչելի էր։ Մի անգամ բերին մի մեծ կտոր սուկի, այնպես որ ես ստիպված էի երեք կտոր անել, սակայն այդ շատ հազիվ էր պատահում։ Իմ սպասավորները զարմացել էին, տեսնելով, որ ես միսն ուտում եմ ոսկորով, ինչպես մեր երկրում արտույտի ոտը։ Սագերն ու հնդուհավերն ուտում էի սովորաբար մի պատառով, և պետք է խոստովանել, որ նրանք մերիններից ավելի համեղ են։ Իսկ ինչ վերաբերում է մանր թռչուններին, քսան֊երեսուն հատը միանգամից առնում էի դանակիս ծայրին ու այնպես ուտում։
Մի օր նորին կայսերական մեծությունը տեղեկանալով իմ ապրելակերպի մասին, հայտնեց, որ ինքը, օգոստափառ ամուսինը, ազնվարյուն իշխանների ու իշխանուհիների հետ միասին, կուզենային բախտ ունենալ (ինչպես նա բարեհաճեց ասել) ճաշելու ինձ հետ։ Երբ եկան, ես նրանց դրի սեղանիս, թագավորական գահերի վրա, իմ դիմաց, իրենց շքախմբի հետ միասին։ Ներկա էր նաև լորդ գանձապահը՝ Ֆլիմնապը՝ սպիտակ գավազանը ձեռքին։ Ես նկատեցի, թե ինչպես նա հաճախ նայում է ինձ անբարյացակամ հայացքով, որ ես չտեսնելու դրի, և ուտում էի սովորականից ավելի՝ ի փառս իմ հայրենյաց և ի զարմանս ամբողջ արքունիքի։ Ես հիմք ունեմ որոշակի կարծելու, որ այս այցելությունն առիթ տվեց Ֆլիմնապին նորին մեծության առաջ վարկաբեկելու ինձ։ Այդ մինիստրը միշտ եղել է իմ ծպտյալ թշնամին, թեև արտաքուստ, հակառակ իր դաժան բնավորության, շատ սիրալիր էր։ Նա կայսրին զեկուցեց իր գանձարանի վատ վիճակի մասին․ որ նա ստիպված է մեծ պարտքեր անել․ որ գանձարանային տոմսերն ինը տոկոս զեղջից պակաս չեն կարող շրջանառել, որ ես նորին մեծությանն արդեն նստել եմ մոտ մեկ ու կես միլիոն սպրուգ (իրենց ոսկու ամենամեծ դրամն է, մեծությամբ փայլուն հատիկի չափ) և որ, վերջապես, կայսրը խոհեմություն կաներ, եթե առաջին հարմար պատեհին արտաքսեր ինձ։
Ես այստեղ պետք է պաշտպանեմ մի վսեմափայլ լեդիի պատիվը,[35] որ անմեղ տեղը տուժեց իմ պատճառով։ Գանձապահը երևակայել էր իմ պատճառով խանդելու իր կնոջը, տեղի տալով չար լեզուների բամբասանքին, որոնք լուր էին տվել նրան, իբր թե նորին վսեմափայլությունը բուռն տենչանք է տածել դեպի ինձ, և արքունիքում մեծ աղմուկ է բարձրացել, որ նրա կինը մի անգամ գաղտնի կերպով եկել է իմ օթևանը։ Այսու հանդիսավոր կերպով հայտարարում եմ, որ դա մի անարգ ստախոսություն է, առանց որևէ հիմքի, որ նորին վսեմափայլությունը հաճել է միայն տածելու դեպ ինձ մի անմեղ և անկաշառ բարեկամության զգացմունք։ Ես խոստովանում եմ, որ նա հաճախ գալիս էր իմ տունը, սակայն միշտ ակնհայտ կերպով, կառքի մեջ հետն ունենալով երեգ հոգի՝ քրոջը, աղջկան և որևէ ընկերուհու․ սովորաբար այդպես գալիս էին ինձ մոտ և այլ պալատական տիկիններ։ Ես դիմում եմ իմ սպասավորներին, թող նրանք ասեն՝ տեսե՞լ են արդյոք երբևիցե իմ դռան առաջ որևէ կառք, առանց իմանալու, թե ով է մեջը։ Այդպիսի դեպքերում ես սովորաբար մոտենում էի դռան՝ իմ ծառայողի զեկուցումից հետո։ Իմ հարգանքը մատուցելուց հետո ես ձեռքով զգուշությամբ վերցնում էի կառքն ու լծած երկու ձին (վեց ձի լծած դեպքում սուրհանդակը ետ էր անում չորսը) ու դնում սեղանիս վրա, որի չորս կողմը պատել էին հինգ մատնաչափ հաստությամբ շարժական ճաղերով՝ դժբախտ պատահարները կանխելու համար։ Հաճախ սեղանիս վրա էի տանում չորս լծած կառք՝ հյուրերով լեցուն, և աթոռին թիկն տված նայում նրանց․ ու երբ սկսում էի խոսել մեկի հետ, մյուս կառքը հանդարտ կերպով պտույտ էր գործում սեղանի վրա։ Քանի՜֊քանի՜ հաճելի իրիկնապահեր եմ անցկացրել այդպիսի զրույցներով։ Ու ես քաջություն ունեմ ապացուցելու գանձապահին կամ նրա երկու լրաբերներին (ես պիտի հայտնեմ նրանց անունները, ինչ ուզում են թող անեն) Կլեստրիլին և Դռընլոյին, որ ոչ ոք թաքուն կերպով ինձ մոտ չի եկել բացի քարտուղար Ռիլդրեզերից, որ, ինչպես պատմեցի, ուղարկված էր ինձ մոտ նորին կայսրության հատուկ հրամանով։ Այսքան երկար կանգ չպիտի առնեի այս մանրամասնությունների վրա, եթե այդ այնքան մոտիկ չշոշափեր իմ վսեմ լեդիի պատիվը, որ մի կողմ թողած իմը, թեև պատիվ ունեի կրելու նարդակ տիտղոսը, որ չուներ ինքը՝ գանձապահը, որովհետև ամբողջ աշխարհը գիտեր, որ նա միայն կլըմգլըմ էր, մի տիտղոս, որ այն աստիճանի ցածր է իմից, ինչ որ մարկիզի տիտղոսը դուքսի տիտղոսից, միևնույն ժամանակ ընդունում եմ, որ նա իր պաշտոնով ինձնից վեր էր։ Այդ զրախոսությունները, որ ես հետագայում իմացա, հիշատակելու անարժան դիպվածով, մի առժամնակ զայրույթ պատճառեցին գանձապահ Ֆլիմնապին իր կնոջ և մանավանդ իմ դեմ։ Թեև նա վերջապես ազատվեց այդ պատրանքից ու հաշտվեց իր կնոջ հետ, այնուանենայնիվ ես ընդմիշտ կորցրի նրա վստահությունն ու նկատեցի, որ իմ համարումը սաստիկ նվազել է կայսեր առաջ, որը գտնվում էր յուր շնորհառուի զորեղ ազդեցության տակ։
Գլուխ յոթերորդ
Հեղինակը տեղեկանալով, որ մտադիր են նրան մեղադրել պետական դավաճանության համար՝ փախչում է Բլեֆուսկու։ Նրան ցույց տված ընդունելությունն այնտեղ։
Նախքան պատմելը, թե ինչպես թողի այդ թագավորությունը, արժե ընթերցողին իրազեկ անել այն ինտրիգին, որ ահա, երկու ամիս է լարել են իմ դեմ։
Կյանքիս մեջ մինչ օրս ես եղել եմ արքունիքներին օտար՝ իմ ստորադաս դիրքի շնորհիվ։ Անշուշտ ես լսել և կարդացել եմ խոշոր միապետների ու մինիստրների բարքերի մասին․ սակայն չէի սպասում, թե կգտնեմ այդչափ ահռելի հետևանքներ մի հեռավոր երկրում, ուր կարծես թե տիրում են միանգամայն այլ սկզբունքներ, քան մեզ մոտ։
Երբ ես ուզում էի գնալ ներկայանալու համար Բլեֆուսկուի կայսրին, մի գիշեր, փակ պատգարակի մեջ, թաքուն կերպով արքունիքից տունս եկավ մի նշանավոր անձ (որին ես ծառայություններ էի մատուցել, երբ նա նորին կայսրության մեծության կողմից շնորհազուրկ էր արված) և առանց իր անունը տալու խնդրեց, որ ընդունեմ։ Պատգարակը կրողներին նա ետ ուղարկեց և ես վերցրի պատգարակն ու նորին լորդության հետ միասին դրի վերարկուիս գրպանի մեջ, որից հետո իմ հավատարիմ ծառային կարգադրեցի ինձ մոտ եկողներին ասել, որ ես ինձ վատ եմ զգում և ուզում եմ քնել․ ամուր կերպով փակեցի տանս դուռը, պատգարակը դրի սեղանի վրա և, սովորականի պես, նստեցի նրա դիմաց։ Միմյանց ողջունելուց հետո նկատեցի նորին լորդության դեմքի վրա մի անհուն մտահոգություն և ցանկացա իմանալ դրա պատճառը։ Այն ժամանակ նա խնդրեց, որ ես համբերությամբ լսեմ իրեն, որովհետև հարցը վերաբերում է իմ պատվին ու կյանքին։ Նրա ճառը հետևյալն է, որ ես անմիջապես, նրա գնալուց հետո, գրի առա։
«Դուք պիտի իմանաք, ― ասաց նա, ― որ ձեր պատճառով վերջերս խորհրդարանում մի քանի անգամ հրավիրվել է գաղտնի հանձնաժողով ու երկու օր առաջ նորին կայսերական մեծությունը վերջնական վճիռ է հանել։
Դուք շատ լավ գիտեք, որ ձեր եկած օրից Սկայլիշ Բոլգոլամը (Գալբետը կամ բարձրագույն ծովակալը) ձեր մահացու թշնամին է։ Բուն դրդապատճառն ինձ հայտնի չէ, սակայն նրա ատելությունն ավելի սաստկացավ ձեր՝ Բլեֆուսկուի դեմ տարած խոշոր հաղթանակից հետո, որով նրա հռչակը, իբրև ծովակալի, մթագնեց։ Այդ լորդը ընկերակցությամբ բարձրագույն գանձապահ Ֆլիմնապի, որի կնոջ պատճառով ձեր դեմ ունեցած թշնամությունը հայտնի է ամենքին, գնդապետ Լիմտոկի, սենեկապետ Լելկոնի և վերին դատավոր Բելմաֆֆի, կազմել են մի արձանագրություն մեղադրելու համար ձեզ դավաճանության և այլ ծանր ոճիրների համար»։
Այդ նախաբանն ինձ այնքան հուզեց, որ քիչ մնաց ես նրան ընդհատեմ, քանի որ գիտակցում էի իմ արժանիքներն ու անմեղ լինելը, իսկ նա աղաչեց, որ ես լռություն պահպանեմ ու շարունակեց այսպես․
«Ելնելով ձեր ծառայությունների հանդեպ ունեցած երախտագիտական զգացումունքից՝ ես ծանոթացա այդ արձանագրության բոլոր մանրամասնություններին և ձեռք բերի պատճենը, որի համար ես վտանգի եմ ենթարկում իմ գլուխը»։
Ահա այդ արձանագրությունը․
Մեղադրական ակտ[36]
Քուինբուս Ֆլիստրինի դեմ
(Լեռ֊մարդու)
Ի նկատի ունենալով, որ նորին կայսերական մեծություն Կելին Դեֆար Պլյունի թագավորության ժամանակ հրատարակված օրենքով, մահվան սպառնալիքի տակ, իբրև վիրավորանք նորին մեծության, արգելված է միզել թագավորական պալատի բակում, որ չնայած դրան, հիշյալ Քուինբուս Ֆլիստրինը, բացարձակորեն խախտելով հիշյալ օրենքը, իբր թե հանգցնելու համար այն հրդեհը, որով բռնկված էր նորին կայսերական մեծության սիրեցյալ ամուսնու ապարանքը, չարամտությամբ, դավաճանորեն ու սատանայությամբ բաց է թողել իր մեզը, հանգցրել հիշյալ ապարանքի հիշյալ հրդեհը, կանգնելով թագավորական հիշյալ պալատի բակում, հակառակ դրա համար գոյություն ունեցող օրենքների, ի խախտումն պարտաճանաչության և այլն և այլն։
Որ հիշյալ Քուինբուս Ֆլիստրինը բերելով Բլեֆուսկուի կայսերական նավատորմիղը թագավորական նավահանգիստը և նախօրոք ստանալով նորին կայսերական մեծության հրամանը՝ գրավել հիշյալ Բլեֆուսկու կայսրության մնացած բոլոր նավերը, վերածել այդ կայսրությունը մի գավառի մեր փոխարքայի միջոցով կառավարելու համար, ոչնչացրել և կոտորել ոչ միայն բոլոր բութ֊ծայրական աքսորականներին, այլև առհասարակ այդ կայսրության ամբողջ ժողովուրդը, որը չուզեց լքել բութ֊ծայրական ավանդույթը։ Նա, հիշյալ Ֆլիստրինը, իբրև մի խարդախ դավաճան նորին բարեշնորհ, պայծառափայլ կայսերական մեծության, աղերսեց, որպեսզի թույլ տրվի իրեն չկատարելու այդ ծառայությունը, պատրվակ բերելով, թե խղճի դեմ է ճնշել կամ ոչնչացնել մի անմեղ ժողովրդի ազատությունն ու կյանքը։
Ու երբ Բլեֆուսկուի արքունիքից որոշ պատգամավորություն եկավ նորին կայսերական արքունիքը՝ հաշտություն խնդրելու, նա, հիշյալ Ֆլիստրինը, իբրև մի խարդախ դավաճան օգնեց, քաջալերեց, սփոփեց ու զվաճացրեց հիշյալ պատվիրակությանը, թեև նա գիտեր, որ նրանք ծառա են մի թագավորի, որ վերջերս նորին կայսերական մեծության բացահայտ թշնամին էր և բացահայտ պատերազմ էր մղում նորին հիշյալ մեծության դեմ։
Որ հիշյալ Քուինբուս Ֆլիստրինը, հակառակ հավատարիմ հպատակի պարտականության, պատրաստություն է տեսնում մի ճանապարհորդություն կատարելու դեպի Բլեֆուսկուի արքունիքն ու կայսրությունը, որի համար նա ստացել է նորին կայսերական մեծության միայն բերանացի թույլտվությունը, և հիշյալ թույլտվության պատրվակի տակ նա մտադիր է խարդախությամբ ու դավաճանությամբ հիշյալ ճանապարհորդությունը կատարել և այդ միջոցով օգնել, սփոփել ու քաջալերել Բլեֆուսկուի կայսրին, որ դեռ վերջերս թշնամի էր և պատերազմ էր վարում նորին կայսերական հիշյալ մեծության հետ։
Կային և միքանի այլ հոդվածնեեր, սակայն սրանք էին ամենակարևորները, որ ես ամփոփ կերպով կարդացի ձեզ։
Այդ մեղադրանքի առթիվ եղած բազմաթիվ վիճաբանությունների ժամանակ, պետք է խոստովանել, նորին մեծությունը գթասրտության նշաններ ցույց տվեց, մատնանշելով ձեր իրեն ցույց տված ծառայությունները, մեղմելու համար ձեր մեղքը։ Գանձապահն ու ծովակալը պնդում էին, թե հարկավոր է ձեզ ամենատաժանելի և անարգ մահվան դատապարտել՝ գիշերը հրդեհի մատնելով ձեր տունը, ունենալով գնդապետի քսան հազար զինված զորքը, որ թունավոր նետեր պիտի արձակի ձեր դեմքին ու ձեռներին, կամ թե չէ ձեր ծառաներից ոմանք էլ գաղտնի հրաման պիտի ստանային ձեր սավաններն ու շապիկները օծելու թունավոր հյութով, որից դուք պիտի ձեր մարմնի միսը չանգռոտեիք ու մեռնեիք սոսկալի տանջանքներով։ Գնդապետն էլ միացավ այդ կարծիքին, այնպես որ ձեր դեմ առաջացավ մեծամասնություն։ Իսկ նորին մեծությունը որոշած լինելով, ըստ հնարավորին, խնայել ձեր կյանքը, ի վերջո կարողացավ իր կողմը քաշել սենեկապետին։
Այդ պարագային գաղտնի գործերի ավագ քարտուղար Ռիլդրեզելը, որը միշտ ձեր հավատարիմ բարեկամն է, կայսրից հրաման ստացավ արտահայտել իր կարծիքը․ որ և հաճույքով ընդունեց, արդարացնելով ձեր լավ համարումը նրա մասին։ Նա ընդունեց, որ ձեր մեղքը մեծ է, սակայն միևնույն ժամանակ նա ընդունեց, որ տեղ կա և ողորմածության, մի առաքինություն, որով զարդարում է իրեն նորին մեծությունն այնքան արդարացի կերպով։ Նա ասաց, որ իր և ձեր բարեկամությունը քաջ հայտնի է աշխարհին, այնպես որ մեծարգո ժողովը կարող է նրան աչառու համարել․ սակայն, հնազանդվելով ստացած հրամանին, նա ազատ կերպով պիտի հայտնի իր կարծիքը։ Եթե նորին մեծությունը, ի նկատի ունենալով ձեր ծառայությունները և հետևելով իր գթասիրտ հակումներին, բարեհաճի խնայել ձեր կյանքը և միայն հրամայի հանել ձեր զույգ աչքը՝[37] նա խոնարհաբար կարծում է, որ այդ միջոցով արդարադատությունը որոշ չափով կբավարարվի, և ամբողջ աշխարհը կփառաբանի որքան կայսեր գթասրտությունը, նույնքան և ազնիվ ու վեհանձն վարմունքն այն անձանց, որոնք պատիվ ունեն նրա խորհրդականը լինելու։ Այնուհետև նա ասաց, որ ձեր զույգ աչքերի կորուստը արգելք չի լինի ձեր մարմնական ուժին, որով դուք կարող եք օգտակար լինել նորին մեծությանը։ Կուրությունը, ծածկելով ձեզնից վտանգը, ավելացնում է համարձակությունը։ Որ ձեր աչքը կորցնելու երկյուղը եղել է մեծագույն դժվարությունը թշնամու նավատորմիղը բերելու ժամանակ, և բավական պետք է լինի, եթե ամենին դուք տեսնեք մինիստրների աչքերով, մանավանդ որ ամենամեծ միապետներն էլ նույն բանն են անում։
Այդ առաջարկը ժողովի կողմից հավանություն չգտավ։ Ծովակալ Բոլգոլամը չկարողացավ զսպել իրեն, կատաղությամբ վեր կենալով տեղից, ասաց, որ զարմանում է, թե քարտուղարը ինչպե՛ս համարձակվեց առաջարկ անել մի դավաճանի կյանքը խնայելու։ Թե մի մարդ, որ ընդունակ է պարզապես միզելու միջոցով (նա չի կարող առանց զզվանքի հիշել դրա մասին) հանգցնել նորին մեծության կայսրուհու ապարանքի հրդեհը, մի ուրիշ ժամանակ նա ընդունակ կլինի նույն ձևով հեղեղ առաջացնել և ամբողջ պալատը ջրի տակ անել․ թե այն ուժը, որ հնարավորություն տվեց ձեզ բերելու թշնամու նավատորմիղը, դժգոհության առաջին դեպքում կծառայի ձեզ՝ ետ տանելու․ վերջապես թե նա ունի հաստատ պատճառ կարծելու, որ դուք ձեր սրտում բութ֊ծայրական եք, և քանի որ դավաճանությունը սրտում ծայր է առնում նախքան իրականում իրեն ցույց տալը, ուստի նա մեղադրեց ձեզ իբրև դավաճանի և պնդեց, որ ձեզ մահվան դատապարտեն։
Նույն կարծիքին էր և գանձապահը․ նա ցույց տվեց, թե որ աստիճանի պակասել են նորին մեծության եկամուտները ձեր ապրուստի ծախսերը հոգալու պատճառով, մի բան, որ արդեն անտանելի է դառնում, թե քարտուղարի առաջարկը՝ հանել ձեր աչքերը, ոչ միայն չի դարմանի չարիքը, այլ հավանաբար ավելի ևս կխորացնի, որովհետև հայտնի է, որ նման գործողությունից հետո կենդանիներն ավելի շատ են ուտում և ավելի շուտ գիրանում, թե եթե նորին սուրբ մեծությունը և խորհուրդը, որոնք ձեզ դատում են, իրենց խղճի առաջ միանգամայն համոզված են ձեր հանցանքի համար, ապա այդ լիովին հիմք է տալիս դատապարտելու ձեզ մահվան, չսպասելով ձևական ապացույցների, որ պահանջում է օրենքի խստապահանջ տառը։
Սակայն նորին կայսերական մեծությունը վճռաբար առարկեց առավելագույն պատժի դեմ, բարեհաճելով ասել, թե եթե խորհուրդն աչքերի կորուստը համարում է թեթև պատիժ, հետագայում կարելի է սահմանել մի ուրիշը։ Իսկ ձեր բարեկամ քարտուղարն ի պատասխան գանձապահի, որ առարկեց ձեր ապրուստի վերաբերյալ նորին մեծության մեծ ծախսերի առիթով, ասաց, թե քանի որ նորին վսեմափայլությունը կայսերական եկամուտների միակ տնօրենն է, հեշտությամբ կարող է չարիքի առաջն առնել՝ աստիճանաբար նվազեցնելով ձեր մատակարարումը, և այդպես, կերակրի պակասից դուք ավելի պիտի թուլանաք ու նիհարեք, կորցնեք ձեր ախորժակն ու հետևապես մի քանի ամսում մաշվեք․ և ոչ էլ ձեր դիակի նեխած հոտը կարող է այնքան վտանգավոր լինել, երբ ձեր դիակը կիսով չափ կփոքրանա, և ձեր մահվանից անմիջապես հետո, նորին մեծության հպատակներից հինգ֊վեց հազար հոգի կարող են երկու֊երեք օրում զատել ձեր միսը ոսկրից, բեռնակառքերի մեջ դնել ու վարակիչ հիվանդությունների առաջն առնելու համար, մի հեռու վայր տանելով թաղել, իսկ կմախքը թողնել իբրև կոթող՝ ի զարմանս ապագա սերնդի։
Եվ այդպես քարտուղարի բարեկամական լավ վերաբերմունքի շնորհիվ՝ ձեր գործի նկատմամբ փոխադարձ համաձայնության հանգան։ Խիստ կերպով կարգադրված էր, որ ձեզ աստիճանաբար սովամահ անելու ծրագիրը մնա գաղտնիք, իսկ ձեր աչքերը հանելու որոշումն արձանագրվեց գրքի մեջ, հակառակ ծովակալ Բոլգոլամի կարծիքին, որը լինելով կայսրուհու գործիքը՝ նորին մեծության դրդմամբ համառորեն պահանջում էր ձեր մահը․ իսկ կայսրուհին ձեր դեմ ուներ մի հավերժական ոխ այն անպատկառ և ապօրինի միջոցի համար, որով դուք հանգցրել էիք նրա ապարանքի հրդեհը։
Երեք օրից հետո ձեր բարեկամ քարտուղարը հրաման կստանա գալ ձեզ մոտ և ձեր առաջ կարդալ մեղադրականի հոդվածներն ու բացատրել, թե որքան անհուն է նորին մեծության և իր խորհրդի գթասրտությունն ու շնորհը, որ դուք միայն դատապարտված եք կորցնելու ձեր աչքերը․ և նորին մեծությունը կասկած չունի, որ դուք այդ պատիժը հանձն կառնեք ամենայն խոնարհությամբ ու երախտագիտությամբ։ Իսկ նորին մեծության վիրաբույժներից քսան հոգի պիտի ճշմարտությամբ հսկեն, որ այդ գործողությունը կատարվի ինչպես հարկն է, այսինքն՝ ամենասրածայր նետերի օգնությամբ, որ պիտի արձակեն ձեր աչքերի սպիտակուցի մեջ, երբ դուք գետնի վրա պառկած լինեք։
Ձեր խոհեմությանն եմ թողնում, թե ինչ միջոցներ ձեռք կառնեք, իսկ ես, կասկածներից խուսափելու համար անմիջապես պիտի վերադառնամ՝ այնպես թաքուն, ինչպես եկա»։
Նորին լորդությունն այդպես էլ արավ, ու ես մնացի մենակ՝ տարակուսանքի ու վարանման մեջ։
Մի սովորություն կար, որ մուծված էր ներկա միապետի և իր մինիստրների կողմից (ինչպես ինձ հավատացրին՝ միանգամայն տարբեր նախկին ժամանակներում եղած սովորությունից)։ Երբ դատարանը կայսեր զայրույթին կամ նրա սիրեցյալ մինիստրի ոխակալությանը գահացում տալու համար մի որևէ դաժան պատիժ է նշանակում, այն ժամանակ կայսրն ամբողջ խորհրդի առաջ մի ճառ է արտասանում՝ արտահայտելու համար իր գութն ու գորովը՝ առաքինություններ, որոնք ծանոթ են ու հայտնի ողջ աշխարհին։ Այդ ճառն անմիջապես հրապարակում են ողջ թագավորության մեջ․ և ոչ մի բան այնքան չի սարսափեցնում ժողովրդին, որքան այդ ողորմածության գովասանքը․ որովհետև նկատված է, որքան ընդաձակ ու ուժգին է այդ ներբողը, այնքան վայրագ է պատիժը ու զոհն անմեղ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, պիտի խոստովանեմ, որ չունենալով պալատական կոչում ոչ իմ ծագման և ոչ էլ դաստիարակության հանգամանքով, այդ գործերի մեջ ես վատ դատավոր էի, և այդ որոշման մեջ չէի կարողանում գտնել գթասրտության կամ շնորհի որևէ հետք, այլ համարում էի (գուցե սխալմամբ) այդ պատիժն ավելի դաժան, քան մեղմ։ Երբեմն մտածում էի գնալ և ատյանի առաջ պաշտպանել ինձ, որովհետև թեև ես հնարավորություն չունեի ժխտելու բազմաթիվ հոդվածների մեջ առաջադրած փաստերը, տակավին հույս ունեի, որ այդ հոդվածները որոշ չափով թույլ են տալիս մեղմացնելու իմ պատիժը։ Մյուս կողմից կյանքիս մեջ կարդացած լինելով շատ քաղաքական դատավարությունների մասին՝ երբեք չէի նկատել, որ նրանք այն վախճանը չունենան, ինչ ուզում են որոշել դատավորները, և ես չէի ցանկանում այս ճգնաժամին իմ դատավճիռն այդքան զորավոր թշնամիների վստահել։ Մտքովս մի անգամ անցավ ընդդիմադրություն ցույց տալ․ քանի որ ես դեռ ազատ էի, այդ կայսրության ամբողջ զորությունը կարող էի ենթարկել ինձ ու քարերով հեշտությամբ քարուքանդ անել նրա մայրաքաղաքը։ Սակայն մտաբերելով կայսրին տված երդումս ու նրանից ստացած շնորհները, նաև նրա տված նարդակ տիտղոսը՝ ես մի կողմ նետեցի այդ մտադրությունը։ Ես այդքան շուտ չկարողացա վարժվել պալատների մեջ ընդունված երախտագիտության և ոչ էլ համոզել ինձ, որ նորին մեծության ներկա դաժանություններն ազատում են ինձ իմ անցյալ բոլոր պարտականություններից։
Վերջապես ես հանգա մի եզրակացության, որի համար, թերևս, իրավամբ շատերը կշտամբեն ինձ․ խոստովանում եմ, իմ աչքերի, հետևապես և իմ ազատության պահպանությունը պարտական եմ իմ սեփական անխոհեմությանն ու անփորձությանը․ որովհետև, եթե ես ծանոթ լինեի միապետների ու մինիստրների բարքերին, որ ես երբեմն դիտել եմ ուրիշ շատ պալատներում, ու նրանց վարվելու ձևերին ոճրագործների հետ, որոնք պակաս մեղք ունեն, քան ես, ավելի մեծ աշխույժով ու պատրաստականությամբ կընդունեի մի այդպիսի թեթև պատիժ։ Սակայն իմ հախուռն երիտասարդության աճապարանքն ու նորին կայսերական մեծության թույլտվությունը՝ այցելելու Բլեֆուսկուի կայսրին, պատեհություն տվեց ինձ, նախքան երեք օրն անցնի, մի նամակ ուղարկել իմ բարեկամ քարտուղարին և իմաց տալու նրան իմ որոշման մասին՝ հենց նույն օրն առավոտյան մեկնել դեպի Բլեֆուսկու,[38] համաձայն այն արտոնության, որ ես ունեի։ Ու պատասխանի չսպասելով, գնացի կղզու այն կողմը, ուր մեր նավատորմիղն էր գտնվում։ Վերցնելով զինվորական մի մեծ նավ, ցռուկից մի թոկ կապեցի, խարսխից հանեցի ու ապա հանելով վերարկուս (վերմակիս հետ միասին, որ կռանս տակ բերել էի) դրի նավի մեջ ու կես֊քայլելով, կես֊լողալով հասա Բլեֆուսկուի թագավորական նավահանգիստը, ուր ժողովուրդը վաղուցհետե սպասում էր ինձ։ Նրանք ինձ տվին երկու առաջնորդ ուղեկցելու համար մինչև մայրաքաղաքը, որ նույն անունն էր կրում, ինչ որ կղզին։ Ես դրանց իմ ձեռքիս վրա տարա մինչև երկու հարյուր յարդ քաղաքի դարպասից այս կողմ ու ցանկություն հայտնեցի, որ նրանք գալուս մասին իմաց տան քարտուղարներից որևէ մեկին և ասեն, որ ես այստեղ սպասում եմ նորին կայսերական մեծության հրամանին։ Մոտ մի ժամից հետո պատասխան ստացա, թե նորին մեծությունը, ունենալով իր հետ օգոստափառ ընտանիքն ու պալատական մեծամեծ պաշտոնյաներին, գալիս է դիմավորելու ինձ։ Ես մոտեցա մի հարյուր յարդ ևս։ Կայսրն ու իր շքախումբը ցած իջան ձիերից, կայսրուհին ու լեդիները՝ իրենց կառքերից, ու ես չնկատեցի, որ նրանք վախենան կամ անհանգստանան։ Նորին մեծություն կայսեր ու կայսրուհու ձեռը համբուրելու համար պառկեցի գետնին։ Նորին մեծությանը պատմեցի, որ եկել եմ համաձայն իմ խոստումի և իմ տեր կայսրից ստացած թույլտվության՝ պատիվ ունենալու ամենահզոր միապետին տեսնելու և, ուժերս ներածին չափ առաջարկելու իմ ծառայությունը, եթե այդ չի հակասում իմ սեփական կայսեր հանդեպ ունեցած պարտականություններին, չհիշելով ոչ մի խոսք իմ շնորհազրկության մասին, քանի որ դեռևս պաշտոնական տեղեկություն չունեի այդ մասին ու կարող էի ամենևին չիմանալ, թե կա մի այդպիսի մտադրություն։ Միևնույն ժամանակ, ամենայն իրավամբ, կարող էի ենթադրել, որ կայսրը չպիտի բաց աներ իր գաղտնիքը, քանի որ ես նրա իշխանության սահմաններից դուրս էի։ Սակայն շուտով ես ըմբռնեցի, որ չարաչար սխալվել եմ։
Ես չպիտի անհանգստացնեմ ընթերցողին մանրամասն նկարագրությամբ այդ պալատում ինձ ցույց տված ընդունելության մասին, որ հատուկ էր մի այդպիսի հզոր թագավորի վեհանձնությանը և ոչ էլ անհարմարությունների մասին, որ ես ունեցա տան և անկողնու բացակայության պատճառով․ ասեմ միայն, որ ստիպված էի պառկել գետնին, վրաս առնել վերմակս։
Գլուխ ութերորդ
Հեղինակը, շնորհիվ մի բախտավոր դեպքի, հնարավորություն է գտնում թողնելու Բլեֆուսկուն և, մի շարք դժվարություններից հետո, անփորձ վերադառնալու իր հայրենի երկիրը։
Գալուց երեք օր հետո, երբ զբոսնում էի կղզու հյուսիս արևելյան ափերին, մոտ կես լիգ հեռավորությամբ ծովի վրա նկատեցի մի բան, որ շատ նման էր շուռ տված նավի։ Կոշիկներս ու գուլպաներս հանելով ես երկու, թե երեք հարյուր յարդ ծովը մտա և նկատեցի, որ այդ առարկան մակընթացությունից մղվելով մոտենում է ափին․ կասկած չկար, որ դա մի իսկական մակույկ էր, գուցե որևէ փոթորկի հետևանքով նավից պոկված։ Անմիջապես վերադարձա քաղաք ու խնդրեցի նորին կայսերական մեծությունից տալ ինձ իր նավատորմիղի կորուստից հետո մնացած խոշոր նավերից քսան հատ ու երեք հազար նավաստի՝ փոխ֊ծովակալի հրամանատարությամբ։ Նավատորմիղը շրջան գործեց ծովով, իսկ ես կարճ ճանապարհով գնացի ծովափի այն տեղը, ուր նկատել էի մակույկը․ մինչ այդ մակընթացությունը մակույկն ավելի էր մոտեցրել ափին։ Նավաստիներն ամենքն էլ վերցրել էին թոկեր, որ ես ամրության համար երկու տակ միմյանց էի ոլորել։ Երբ նավերը տեղ հասան, ես հանվեցի և մտա ծովը և առաջ գնացի հարյուր յարդ մինչև մակույկը, իսկ հետո՝ լողացի։ Նավաստիներն ինձ մեկնեցին թոկի ծայրը, որ ես կապեցի մակույկի առաջի մասում գտնվող մի ճեղքից, իսկ մյուս ծայրը ռազմանավից․ սակայն գտա, որ իմ ջանքն ապարդյուն է անցնում, որովհետև ոտքս չէր հասնում հատակին, որպեսզի աշխատեի ինչպես հարկն է։ Հարկադրված ես ետ նահանջեցի ու սկսեցի մի ձեռքով, որքան ուժ ունեի, հրել մակույկը հետևից․ և որովհետև մակընթացությունը նպաստում էր ինձ, ես հասա այնքան հեռու, որ կարողացա ոտքս հատակին դնել, մինչև ծնոտս ջրի մեջ մնալով։ Երկու թե երեք րոպե հանգստանալով, նորից սկսեցի հրել մակույկը, մինչև որ ծովի ջուրը հասավ իմ կռնատակերը․ այժմ կատարած լինելով իմ աշխատանքի ամենադժվար մասը, ես վերցրի նավերից մեկի մեջ դարսած թոկերն ու կապեցի նախ մակույկից, ապա ինձ ուղեկցող ինը նավերից․ նավաստիները հեշտությամբ էին քաշում մակույկը, որովհետև քամին հաջող էր․ իսկ ես հրում էի հետևից, մինչև որ քառասուն յարդ մոտեցանք ափին․ և երբ մակընթացությունը վերջացավ, նավակը մնաց ցամաքի վրա և ես երկու հազար մարդու օգնությամբ, թոկերով ու մեքենաներով, շուռ տվի մակույկն իր հատակի վրա ու գտա, որ շատ քիչ է վնասված։
Ես չպիտի ձանձրացնեմ ընթերցողին, թե ինչ դժվարությամբ, թիավարելով, տասը օր տևող աշխատանքից հետո (որ ես թափեցի թիակներ պատրաստելու վրա), մակույկը բերի Բլեֆուսկուի նավահանգիստը, որ գալուս առիթով ահագին ժողովուրդ էր հավաքվել, մի այդպիսի վիթխարի նավի տեսքից զարմացած։ Ես կայսրին պատմեցի, թե բախտն այդ մակույկը բերել է ինձ, որպեսզի նրանով ես գնամ մի այնպիսի տեղ, որտեղից կարող կլինեի վերադառնալ իմ հայրենի երկիրը․ ապա խնդրեցի կայսրին, որ նա հրամայի տալ ինձ անհրաժեշտ պարագաներ՝ կարգի բերելու մակույկը և միևնույն ժամանակ թույլ տա ինձ մեկնելու։ Սկզբում նա փորձեց համոզել ինձ մնալու, բայց վերջը բարեհաճեց տալ իր համաձայնությունը։
Ես շատ զարմացա, որ այդ ժամանակամիջոցում, որքան ինձ հայտնի էր, Բլեֆուսկուի արքունիքն մեր կայսրից ոչ մի հարցում չեկավ։ Բայց հետագայում կողմնակի կերպով ես իմացա, որ նորին կայսերական մեծությունը ամենևին չկասկածելով, որ ինձ հայտնի է իր մտադրությունը, հավատացել է, թե գնացել եմ Բլեֆուսկո կատարելու համար իմ խոստումը՝ համաձայն այն թույլտվության, որ նա տվել էր ինձ և որ հայտնի էր մեր արքունիքին, ու համոզված էր, որ պիտի վերադառնամ մի քանի օրից հետո, երբ ծիսակատարությունները վերջանան։ Բայց վերջն իմ երկար բացակայությունը սկսեց նրան անհանգստացնել․ գանձապահի և մյուս մինիստրների հետ խորհրդակցելուց հետո նա Բլեֆուսկուի արքունիքն ուղարկեց մի երևելի անձ[39] մեղադրական ակտի հետ միասին։ Այդ պատվիրակին հանձնարարված էր նկարագրել Բլեֆուսկուի կայսրին այն մեծ գթասրտությունը, համաձայն որի իր տերը բավականացավ պատժել ինձ միայն իմ աչքերը հանելով ու հայտնել, որ ես փախել եմ արդարադատության ձեռքից, և եթե երկու ժամվա ընթացքում ես չվերադառնամ՝ պիտի զրկվեմ նարդակ տիտղոսից ու հայտարարվեմ իբրև դավաճան։ Բացի այդ, պատվիրակն ավելացրեց, թե երկու կայսրությունների միջև գոյություն ունեցող խաղաղությունն ու բարեկամությունը հաստատ պահելու համար, իր տերը հավատացած է, որ Բլեֆուսկուի իր եղբայրը կհրամայի ետ ուղարկել ինձ Լիլիպուտիա, ոտ ու ձեռս կապած՝ իբրև դավաճան պատիժ կրելու համար։
Բլեֆուսկուի կայսրը երեք օր խորհրդակցելուց հետո մի պատասխան ուղարկեց՝ լիքը բազմաթիվ հայհոյախոսություններով։ Նա ասաց, թե իր եղբայրը գիտե, որ անհնար է ինձ կապոտած ուղարկել․ որ՝ թեև ես զրկել եմ նրան նավատորմիղից, սակայն նա իմ հանդեպ մեծ պարտականություն է զգում այն բազմաթիվ ծառայությունների համար, որ ես ցույց տվի հաշտություն կնքելու ժամանակ, որ, համենայն դեպս, զույգ կայսրությունները շուտով ազատ շունչ կքաշեն, որովհետև ես ծովի ափին գտել եմ մի վիթխարի նավ, որ կարող է ինձ ծովը տանել․ որ նա հրամայել է կարգի բերել այդ նավն իմ ցուցմունքների համաձայն և իր աջակցությամբ․ և հավատացած է, որ քանի շաբաթից հետո զույգ կայսրությունները կազատվեն մի այսպիսի անտանելի բեռից։
Այս պատասխանի հետ պատվիրակը վերադարձավ Լիլիպուտիա, իսկ Բլեֆուսկուի միապետն ինձ պատմեց այն ամենը, ինչ տեղի ունեցավ, միևնույն ժամանակ առաջարկելով ինձ (սակայն իբրև մի խիստ գաղտնիք) իր բարեշնորհ հովանավորությունը, եթե, բան է, ես ուզենամ նրա ծառան դառնալ, թեև ես հասկանում էի նրա անկեղծությունը, սակայն որոշեցի այլևս երբեք հավատ չընծայել թագավորներին ու մինիստրներին, եթե միայն հնարավոր է նրանցից խուսափել, ուստի, երախտագետ նրա սիրալիր վերաբերմունքին, ես խոնարհաբար խնդրեցի, որ ինձ ներում շնորհի։ Ես նրան ասացի՝ քանի որ բախտը, լավ թե վատ, ուղարկել է ինձ մի նավակ, ես որոշել եմ ավելի շուտ ինձ ծովին հանձնել, քան կռվախնձոր դառնալ երկու այդչափ հզոր թագավորությունների միջև։ Թագավորին, կարծես թե, այդ պատասխանն ամենևին դժգոհություն չպատճառեց, այլ, ընդհակառակը, ինձ թվաց, որ նա իմ որոշումից շատ գոհ էր, և այդպես էլ նրա մինիստրներից շատերը։
Այս հանգամանքն առիթ տվեց ինձ, որ ես արագացնեմ իմ մեկնումն ավելի վաղ, քան մտադիր էի, իսկ արքունիքը, իմ գնալուն անհամբեր, մեծ հոժարությամբ ինձ սատարում էր։ Հինգ հարյուր բանվոր, իմ ցուցմունքի համաձայն, մակույկիս համար երկու հատ առագաստ շինեցին՝ իրենց երկրի ամենակոշտ տեսակի քաթանը տասներեք ծալ միմյանց վրա կարելով։ Թոկն ու պարաններն ինքս հանձն առա շինել, իրար ոլորելով տասը, քսան կամ երեսուն տեղական ամենահաստ ու ամուր թոկեր։ Մի մեծ քար, որ երկար որոնումներից հետո պատահմամբ գտա, ինձ պիտի ծառայեր խարիսխի տեղ։ Ինձ համար բերին երեք հարյուր կովի ճարպ՝ մակույկս և մյուս պարագաները յուղելու համար։ Անհավատալի ջանքով ես կտրեցի մի քանի ատաղձի ծառ՝ թիերի ու կայմերի համար․ իսկ նորին մեծության նավային ատաղձագործները բավականին աջակցեցին ինձ, ողորկելով այն ամենը, ինչ ես շինում էի անտաշ կերպով։
Մի ամիս անց, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, ես գնացի նորին մեծությունից հրաման ստանալու և միևնույն ժամանակ նրան հրաժեշտ տալու։ Կայսրը, օգոստափառ ընտանիքի հետ միասին, դուրս եկավ պալատից․ ես պառկեցի գետնին՝ համբուրելու համար նրա ձեռքը, որ սիրալիր կերպով մեկնել էր ինձ․ նույնն արին և կայսրուհին ու երիտասարդ արքայազունները։ Նորին մեծությունը հիսուն քսակ նվիրեց, ամեն մի քսակի մեջ երկու հարյուր սպրըգ, նվիրեց նաև իր ամբողջ հասակով նկարված լուսապատկերը, որն ես անմիջապես դրի ձեռնոցիս մեջ՝ ավելի ապահով պահելու համար։ Իմ մեկնման ծիսակատարությունն այնքան երկար տևեց, որ չպիտի հոգնեցնեմ ընթերցողին նրա նկարագրությամբ։
Մակույկի մեջ ես բարձեցի հարյուր մորթած եզ, երեք հարյուր մորթած ոչխար, դրա համապատասխան էլ՝ հաց, խմիչք և այնքան եփած միս, որքան կարող էին պատրաստել չորս հարյուր խոհարար։ Հետո վերցրի վեց կով ու երկու ցուլ, նույնքան էլ արու և էգ ոչխար, որ հետս հայրենիք տանեմ և այնտեղ բազմացնեմ։
Նավի վրա նրանց կերակրելու համար հետս վերցրի մի լավ խուրձ չոր խոտ ու մի պարկ հացահատիկ։ Հաճույքով կվերցնեի նաև տեղացիներից մի քանի հոգու, սակայն կայսրը ոչ մի կերպ թույլ չտվեց․ ավելի ևս մանրազնին խուզարկության ենթարկելով իմ գրպանները, նորին մեծությունը պատվո երաշխիք առավ, որ նրա հպատակներից ոչ ոքի հետս չեմ վերցնի, անգամ եթե ունենամ նրաց սեփական ցանկությունն ու համաձայնությունը։
Եվ այսպես, ըստ չափի հնարավորության կարգին պատրաստություն տեսնելուց հետո, 1701 թվի սեպտեմբերի 24֊ին, առավոտյան ժամը 6֊ին առագաստները պարզեցի․ և երբ հարավ֊արևելյան քամու ուղղությամբ մոտ չորս լիգ դեպի հյուսիս էի գնացել, հանկարծ հյուսիս֊արևմուտքում նկատեցի մի փոքրիկ կղզի։ Ես առաջ գնացի ու խարիսխ նետեցի կղզու քամուց պաշտպանված մասում, որ ինձ անմարդաբնակ թվաց։ Մի թեթև ուտելուց հետո՝ ես պառկեցի հանգստանալու։ Քնեցի շատ լավ․ իմ ենթադրությամբ ոչ պակաս, քան վեց ժամ, որովհետև արթնանալուց երկու ժամ հետո օրը բացվեց։ Գիշերը պարզ էր։ Դեռ արևը չծագած նախաճաշ արի ու խարիսխը հանելով, հաջող քամու հետ, իմ գրպանիս կողմնացույցի օգնությամբ, բռնեցի նույն ուղղությունը, ինչ որ առաջ էի բռնել։ Նպատակս էր, ըստ հնարավորին, հասնել կղզիներից մեկին, որ իմ ենթադրությամբ ընկած էր Վան Դիմեն երկրից դեպի հյուսիս֊արևելք։ Այդ օրը ես ոչ մի բան չգտա․ մյուս օրը իրիկնապահի մոտ ժամը երեքին, երբ իմ հաշվով ես արդեն 24 լիգ հեռացել էի Բլեֆուսկուից, նկատեցի մի առագաստ, որ տարվում էր դեպի հարավ֊արևելք, իսկ ես ինքս ընթանում էի ուղիղ դեպի արևելք։ Ես սկսեցի կանչել, սակայն ոչ մի պատասխան․ շուտով նկատեցի, որ ես հասնում եմ նրան, որովհետև քամին մեղմացել էր։ Կարողացածիս չափ ուժ տվի իմ բազուկներին ու կես ժամից հետո նավը նկատեց ինձ, պարզեց իր դրոշակն ու թնդանոթ արձակեց։ Հեշտ չէ արտահայտել այդ րոպեի իմ ուրախությունը, երբ իմ մեջ անսպասելի կերպով ծագեց մի հույս՝ տեսնելու իմ սիրեցյալ հայրենիքը և այն բոլոր թանկագին մարդկանց, որ թողել էի այնտեղ։ Նավը դանդաղեցրեց իր երթն ու ես երեկոյան ժամը մոտ հինգին թե վեցին ընդհուպ մոտեցա նրան․ սեպտեմբերի 26֊ին էր․ իսկ երբ տեսա անգլիական դրոշակները՝ սիրտս սկսեց արագ֊արագ բաբախել։ Վերարկուիս գրպանում դնելով իմ կովերին ու ոչխարները՝ ես իմ փոքրիկ պաշարեղենով նավը բարձրացա։ Դա մի անգլիական առևտրական նավ էր, որ հյուսիսային և հարավային ծովերը կտրելով գալիս էր Ճապոնիայից։ Նրա կապիտանը դեպտֆորդցի միստր Ջոն Բիդդլն էր՝ մի վերին աստիճանի սիրալիր մարդ և աննման ծովագնաց։ Մենք այժմ գտնվում էինք հարավային լայնության 30 աստիճանի վրա։ Նավի վրա մոտ հիսուն մարդ կար․ նրանց մեջ հանդիպեցի իմ վաղեմի բարեկամին՝ Պիտեր Ուիլյամսին, որ ինձ ներկայացրեց կապիտանին դրական կողմից։ Այդ ջենտլմենն ինձ շատ սիրալիր վերաբերմունք ցույց տվեց ու ցանկություն հայտնեց իմանալու, թե որտեղից եմ գալիս և ուր եմ գնում։ Երբ ես մի քանի խոսքով պատմեցի իմ տեսածները, նա կարծեց, թե զառանցում եմ կամ ինձ պատահած դեպքերը խելակորույս են արել ինձ։ Ես գրպանիցս հանեցի իմ կովերն ու ոչխարները, որոնք նրան մեծ զարմանք պատճառելով, առիթ տվին նրան համոզվելու, որ ես ճշմարտասեր մարդ եմ։ Ապա ես նրան ցույց տվի Բլեֆուսկուի կայսեր տված ոսկիները, նորին մեծության ամբողջ հասակով նկարված լուսապատկերը և այլ հազվագյուտ իրեր, որ վերցրել էի այդ երկրից։ Ես նրան ընծայեցի երկու քսակ՝ երկերկու հարյուր սպրըգ մեջն ու խոստացա Անգլիա վերադառնալուց հետո նվիրել նրան մի հղի կով ու մի հղի ոչխար։
Ես չպիտի հոգնեցնեմ ընթերցողին այդ ճանապարհորդության մանրամասն նկարագրությամբ, որ ըստ մեծի մասին հաջող անցավ։ Մենք 1702 թվի ապրիլի 13֊ին հասանք Դաունս։ Ճանապարհին միայն մի դժբախտ դեպք պատահեց․ նավի առնետները տարան իմ ոչխարներից մեկին․ մի ճեղքի մեջ ես նրա կրծոտած ոակորները միայն գտա։ Իսկ մյուս անասունները ես անփորձ կերպով ափը հասցրի և արածացնելու համար Գրինվիչում դրի մի կանաչ, թմբի վրա, որի դալար նրբությունն ավելի ախորժելի էր դարձնում նրանց կերը, թեև ես միշտ երկյուղ ունեի, թե ընհակառակը կլինի։ Թերևս երբեք չպիտի ողջ֊ողջ բերեի նրանց մի այդպիսի երկար ճանապարհորդությունից հետո, եթե կապիտանն ինձ չտար մի աննման պաքսիմատից, որ ևս փոշի էի դարձնում ու, ջրի մեջ շաղախելով, տալիս էի նրանց։ Անգլիայուն եղած ժամանակ, կարճ միջոցում, իմ անասունները շատ բարձրաստիճան և այլ մարդկանց ցույց տալով, ես պատկառելի դրամ վաատակեցի։ Ու նախքան իմ երկրորդ ճանապարհորդությունն սկսելը, այդ անասունները ծախեցի 500 ֆունտ ստեռլինգով։ Իմ վերջին վերադարձին այդ ցեղը սաստիկ բազմացել էր, մանավանդ ոչխարները, որոնց բրդի նրբության շնորհիվ մեր մանվածքային արդյունաբերությունը, ես հավատացած եմ, շատ պիտի շահի։
Կնոջս և ընտանիքիս հետ ես մնացի երկու ամիս, որովհետև անհագուրդ ցանկությունս՝ տեսնելու օտար երկրներ, ինձ հանգիստ չէր տալիս ավելի երկար մնալու։ Կնոջս թողի հազար հինգ հարյուր ֆունտ ստեռլինգ ու Ռիդրիֆֆում մի բնակարան՝ մի լավ տան մեջ։ Մնացած կարողությունս մասամբ դրամ, մասամբ կայք, վերցրի հետս՝ բախտս նորից փորձելու համար։ Իմ ավագ հորեղբայրը՝ Ջոնը, Էպպինգի մոտերքը կտակել էր ինձ մի կալվածք, որ տարեկան մոտ երեսուն ֆունտ ստեռլինգ եկամուտ էր բերում․ իսկ Ֆիտտըր֊Լեյում, երկար պայմանաժամով, ես վարձել էի Սև Ցուլ պանդոկը, որ կրկին նույնքան եկամուտ էր բերում, այնպես որ ոչ մի վտանգ չունեի, որ իմ ընտանիքը ծխականների բեռը դառնա։ Իմ որդին Ջոննը, որ կրում էր իր հորեղբոր անունը, հաճախում էր նախակրթարան ու մի առաջադեմ աշակերտ էր։ Բետտի աղջիկս (որ ամուսնացել է և երեխաներ ունի), ասեղնագործություն էր սովորում։ Հրաժեշտ տալով կնոջս, տղայիս ու աղջկաս և երկուստեք արտասուք թափելով նստեցի երեք հարյուր տաննանոց մի առևտրական նավ՝ «Էդվենչըր» անունով, որ մեկնում էր դեպի Սյուրատ։ Նրա կապիտանն էր Նիկոլասը՝ Լիվերպուլ քաղաքից։ Սակայն իմ այս ճանապարհորդության հաշվետվությունը պիտի կազմի իմ երկասիրության երկրորդ մասը։
Երկրորդ մաս — Ճանապարհորդություն դեպի Բրոբդինգնեգ
Գլուխ առաջին
Մի մեծ փոթորկի նկարագրություն։ Խմելու ջուր բերելու համար բարկաս են ուղարկում։ Հեղինակն այդ նավով գնում է ուսումնասիրելու երկիրը։ Նրան թողնում են ծովափին։ Բնիկներից մեկը բռնում է նրան և տանում մի ֆերմերի տուն։ Նրան այնտեղ ցույց տված ընդունելությունը և այլ արկածներ, որոնց ենթակա է լինում նա։ Ազգաբնակության նկարագրությունը։
Բնությունից ու ճակատագրից դատապարտված լինելով գործոն ու անհանգիստ կյանք վարելու, իմ վերադարձից երկու ամիս հետո, ես կրկին թողի իմ հայրենի երկիրն ու 1702 թվի հունիսի 20֊ին նստեցի «Էդվենչըր» նավը, որի կապիտանն էր կոռնիշեցի Ջոն Նիկոլասը և որը մեկնում էր դեպի Սյուրատ։ Քամին, մինչև Բարեհուստ հրվանդանը, հաջողակ էր․ այստեղ մենք խմելու ջրի համար ափ իջանք․ սակայն մեր նավը ջուր էր դուրս գցում ու մենք ստիպված էինք ափը հանելու մեր իրերն ու ձմեռելու այդտեղ, որովհետև կապիտանը տենդով հիվանդացավ ու մինչև մարտի վերջը չկարողացանք հեռանալ հրվանդանից։ Ապա մենք պարզեցինք առագաստները և անփորձ շարունակեցինք մեր ճանապարհորդությունը մինչև Մադագասկարի նեղուցն անցնելը։ Սակայն երբ դուրս եկանք այդ կղզուց դեպի հյուսիս, մոտավորապես հարավային լայնության 5 աստիճանը, ուր քամիներն այդ ծովում, ինչպես նկատված էր, դեկտեմբերի սկզբից մինչև մայիսի սկիզբը եղել էին միշտ հանդարտ, ապրիլի 19֊ին սկսեցին ավելի սաստկանալ[40] ու սովորականից ավելի՝ փչեց արևմտյան քամին, որ անընդհատ շարունակվեց քսան օր․ այդ ժամանակ քամին մեզ տարավ Մոլուկկա կղզուց դեպի արևելք, հասարակած գծից երեք աստիճան դեպի հյուսիս, ինչպես որոշեց մեր կապիտանը մայիսի 2֊ին[41] արած դիտողությունների հիման վրա, երբ քամին դադարեց, ծովը խաղաղվեց, մի բան որ ինձ շատ ուրախացրեց։ Իսկ կապիտանը, որ այդ ծովերի վրա մարզված նավաստի էր, մեզ հրամայեց պատրաստություն տեսնել փոթորկի դեմ, որ իսկապես պայթեց հետևյալ օրը, որովհետև սկսվեց մի հարավային քամի, որն հայտնի է մուսոն անունով։
Նկատելով, որ փոթորիկը սաստկանում է, մենք իջեցրինք ցռուկի առագաստը ու պատրաստեցինք առաջի առագաստը․ իսկ երբ եղանակը վատթարացավ, մենք ստուգեցինք, թե արդյոք թնդանոթներն ամու՞ր են իրենց տեղերում թե ոչ, և իջեցրինք հետևի առագաստը։ Նավը գտնվում էր բաց ծովում, ուստի մենք որոշեցինք ավելի շուտ առաջ վարել, քան մնալ անշարժ։ Մենք ծալեցինք առաջի առագաստը, մի կողմ դրինք ու քաշեցինք փոկերը։ Ղեկը մնացել էր զորավոր քամուն․ նավն արիաբար դիմադրում էր ալիքներին․ սակայն հանկարծ առագաստը պատռվեց, այն ժամանակ մենք իջեցրինք առագաստաձողը, հանեցինք վրայի առագաստը․ դրինք նավի մեջ, նմանապես և մյուս սարքն ու կարգը։ Փոթորիկը կատաղի էր․ ծովն ալեկոծվում էր ահավոր կերպով։ Մենք քաշեցինք ղեկի առասանները և օգնության հասանք ղեկավարին։ Վերնակայմը չէինք ուզում իջեցնել, այլ թողինք, որ կանգուն մնա, որովհետև նավը քամիներից տարվում էր, և մենք գիտեինք, որ կանգուն վերնակայմը նպաստում է նավի ընթացքին ջրերի վրա, մանավանդ որ առաջներիս բաց ծով էր։ Երբ փոթորիկը դադարեց, մենք հանեցինք առաջավոր ու մեծ առագաստները և հանձնվեցինք ալիքներին։ Մի փոքր հետո պարզեցինք հետին, գլխավոր ու առաջին առագաստը։ Մենք ընթանում էինք դեպի հյուսիս֊արևելք՝ հարավ֊արևմտյան քամու ուժով։ Մեծ պարաններն ամրացրինք նավի աջ կողմից․ թուլացրինք առագաստաձողի փոկերը, ամուր կերպով քաշեցինք քամու դեմ պարզած առագաստի թոկերն ու կապեցինք նավից, հետին առագաստը քամու կողմը դարձրինք, աշխատելով բռնել քամին ու պարզեցինք այնքան առագաստ, որքան կարող էին պահել կայմերը։
Այդ փոթորկի ժամանակ, որին զուգադիպեց արևմտա֊հարավ֊արևմտյան մի զորեղ քամի, մենք տարվեցինք, իմ հաշվով, մոտ 500 լիգ դեպի արևելք, այնպես որ ամենահասակավոր նավաստիներն անգամ չկարողացան ասել, թե աշխարհի ո՞ր մասումն ենք գտնվում։ Մենք ունեինք առատ պաշար, մեր նավը լավ վիճակի մեջ էր և նավաստիները ողջ ու առողջ էին, միայն խմելու ջրի պակասն էր մեզ տագնապ պատճառում։ Մեզ թվաց, թե ավելի լավ է նույն ուղղությունը բռնենք, քան թե թեքվենք դեպի հյուսիս, որովհետև այդպես մենք կարող էինք գնալ մինչև Մեծ Թաթարստանի հյուսիս֊արևմտյան մասերը կամ Սառուցյալ օվկիանոսը։
1703 թվի հունիսի 16֊ին մի տղա վերնակայմից տեսավ մի երկիր։ 17֊ին մենք մոտեցանք մի մեծ կղզու թե երկրամասի (այդ մեկը մենք չիմացանք), որի հյուսիսային կողմում կար դեպի ծովը դուրս ցցված մի նեղ պարանոց ու մի ծովախորշ, որ ծանծաղ լինելով՝ հազիվ թե կարողանար ընդունել հարյուր տոննանոց նավը։ Այդ ծովախորշից մի լիգ հեռավորության վրա մենք խարիսխ նետեցինք ու մեր կապիտանը բարկասով տասներկու զինված մարդ ուղարկեց, տալով նրանց ջրի ամաններ, եթե բան է՝ խմելու ջուր գտնեն։ Ես նրանից թույլատրություն խնդրեցի, որ ես էլ գնամ տեսնելու երկիրը և գյուտեր անեմ, եթե միայն կարողանամ։ Եվ մենք ափ իջանք, սակայն ոչ գետ տեսանք, ոչ առվակ ու ոչ էլ ազգաբնակության մի որևէ հետք։ Մերոնք սկսեցին ափերը պտտել՝ խմելու ջուր գտնելու համար, իսկ ես մենակ, մոտ կես մղոն, թափառելու գնացի հակառակ կողմը, ուր նույն անբերրի և ապառաժառ ցամաքն էր։ Արդեն սկսել էի հոգնել, և հետաքրքիր բան չգտնելով, առանց շտապելու, սկսեցի վերադառնալ դեպի ծովախորշը․ ծովն ամբողջովին բացվում էր առաջս և ես տեսա հանկարծ, որ մերոնք, մակույկը նստած, ամբողջ ուժով թիավարում են։ Ես ուզեցի նրանց հետևից կանչել, սակայն իզուր, որովհետև հանկարծ նկատեցի, որ մի հսկա արարած ծովի մեջ, ամբոջ թափով, նրանց հետապնդում է։ Ջուրը հասնում էր մինչև նրա ծնկները, ու նա ծովի մեջ վիթխարի քայլեր էր անում։ Բայց որովհետև արդեն կես լիգ նրանից հեռացել էին և ծովն էլ այդ կողմերը լիքն էր սրածայր ապառաժներով, հրեշը չէր կարողանում հասնել մակույկին։ Այդ ամենի մասին ինձ հետո պատմեցին, որովհետև ես անկարող էի կանգնել ու դիտել այդ հետապնդման ելքը, այլ ամբողջ ուժով ծլկեցի։ Խիստ հևալով ես մագլցեցի մի ժայռի վրա, որտեղից կարող էի գաղափար կազմել շրջակայքի մասին։ Հողը կանոնավոր մշակված էր, սակայն մի բան, որ ինձ զարմացրեց ամենից առաջ, դա մարգագետինների խոտն էր, որի բարձրությունը մոտ քսան ոտնաչափ էր։
Այդտեղից ես դուրս եկա մի լայն ճանապարհ, գոնե ինձ այդպես թվաց, թեև տեղացիների համար դա գարու դաշտի միջև անցնող լոկ մի արահետ էր։ Այդտեղ ես մի պահ կանգ առա, որովհետև հնձի ժամանակ լինելով, հասկերը քառասուն ոտնաչափ բարձրություն ունեին և մյուս կողմը ոչինչ չէր երևում։ Մի քանի ժամ քայլելուց հետո, ես հասա դաշտի ծայրին, որ պատած եր առնվազն հարյուր քսան ոտնաչափ բարձրություն ունեցող ցանկապատով, իսկ ծառերն այնքան վիթխարի էին, որ ես չկարողացա որոշել նրանց բարձրությունը։ Մի դաշտից մյուսն ընկնելու համար պետք էր բարձրանալ չորս աստիճան ու անցնել մի մեծ քարի վրայից։ Իմ ուժերից վեր էր բարձրանալ այդ սանդուղքով, որովհետև ամեն մի աստիճանի բարձրությունը վեց ոտնաչափ էր, իսկ վերի քարինը՝ մոտ քսան ոտնաչափ։ Ցանկապատի արանքում ես ուզում էի մի ճեղք գտնել անցնելու, երբ հանկարծ հարևան դաշտում նկատեցի տեղացիներից մեկին, որ գալիս էր իմ առաջ ու նույն չափի էր, ինչպես այն մեկը, որին ես տեսա ծովի մեջ՝ մեր մակույկը հետապնդելիս։ Նրա հասակը զանգակատան չափ էր և ամեն մի քայլ անելիս, որքան կռահեցի մոտ տասը յարդ։ Անհուն վախից ու զարմանքից ես փախա ու թաքնվեցի վարսակի հասկերի մեջ, որտեղից տեսա, թե ինչպես նա բարձրացավ սանդուղքի ծայրը, նայեց աջ կողմի դաշտը ու սկսեց մեկին կանչել այնպիսի ձայնով, որ մի քանի անգամ ուժեղ էր, քան բարձրախոս փողի ձայնը, և այդ օդի մեջ հնչեց այնքան ուժգին, որ ես սկզբում կարծեցի, թե ամպի որոտ է։ Նրա ձայնի վրա մոտեցան չորս հրեշներ, մանգաղները ձեռներին, ամեն մի մանգաղը՝ մեր վեց գերանդու չափ։ Այդ մարդիք այնքան էլ լավ չէին հագնված, ինչպես առաջինը, և երևվում էր, որ նրանք վերջինի ծառաները կամ բանվորներն էին, որովհետև նրա ասած մի քանի խոսքերից հետո իսկույն գնացին հունձի այն դաշտը, ուր ես թաքնվել էի։ Ես աշխատում էի կարողացածի չափ հեռու մնալ նրանցից, սակայն տեղիցս շարժվում էի մեծ դժվարությամբ, որովհետև հասկերի հեռավորությունը միմյանցից հաճախ մի ոտնաչափ էլ չկար, այնպես որ իմ մարմինը դժվարությամբ էր անցնում նրանց արանքից։ Բայց և այնպես ես մի հնարքով առաջ շարժվեցի մինչև դաշտի այն մասը, ուր հասկերն անձրևից ու քամուց պառկել էին։ Այդտեղ անհանրին էր մի քայլ անգամ անել, որովհետև հասկերն այնքան խճճված էին, որ չէի կարողանում միջիցը անցնել, և ընկած հասկերի քիստերն ամուր ու սրածայր էին, որ թափանցելով հագուստս՝ խրվում էին մսիս մեջ։ Մինչդեռ ես լսում էի, որ հնձվորները գտնվում են ինձնից հարյուր յարդից ոչ հեռու։ Հոգնությունից ջարդված, տառապանքից ու վհատությունից ընկճված, ես պառկեցի երկու ակոսի մեջ և սրտանց ուզեցի մեռնել։ Ես հեծեծում էի իմ տնանկ կնոջ ու որբացած երեխաների համար։ Ես ողբում էի իմ անմտության ու կամակորության վրա, որի հետևանքով ես ձեռնարկեցի իմ երկրորդ ճանապարհորդությունը, հակառակ իմ բարեկամների և ազգականների խորհրդին։ Այս սոսկալի մտահոգության մեջ ես ակամա հիշեցի Լիլիպուտիան, որի բնակիչները նայում էին ինձ վրա, իբրև աշխարհում չեղած մի հրաշքի․ այնտեղ՝ ուր ես կարող էի կայսերական մի ամբողջ նավատորմիղ մի ձեռքով քաշել իմ հետևից ու կատարել այլ գործեր, որոնք արձանագրված են այդ կայսրության ժամանակագրության մեջ մինչև հավիտյան և որոնց հետագա սերունդը դժվարությամբ պիտի հավատա, թեև այդ ամենը վկայված է միլիոնավոր մարդկանց կողմից։ Ես երևակայեցի, թե որքան ստորացուցիչ պիտի լինի ինձ համար այդ ժողովրդի մեջ երևալ, որտեղ ես մի այնպիսի աննշան էակ էի, ինչպիսին է լիլիպուտը մեր մեջ։ Բայց դա, անկասկած, իմ դժբախտությունների մեջ վերջինը չէր, որովհետև եթե մարդկանց վայրենությունն ու դաժանությունը, ինչպես նկատված է, ավելանում են իրենց զանգվածի համապատասխան, ապա ինչ էր մնում ինձ, եթե ոչ դառնալ բերանի մի պատառ այդ վիթխարի բարբարոսներից առաջինի համար, որ կարող էր բռնել ինձ։ Անկասկած փիլիսոփաներն իրավունք ունեն, երբ ասում են, թե առանց բաղդատության ոչ մի բան մեծ կամ փոքր չէ։ Բախտը կարող է այնպես անել, որ լիլիպուտներն էլ գտնեն այնպիսի երկիր, ուր մարդիկ նույնքան փոքր են իրենց համեմատությամբ ինչպես նրանք՝ իմ համեմատությամբ։ Եվ ով գիտե, գուցե աշխարհիս մի հեռավոր մասում, որ անհայտ է մեզ, կան մարդիկ, որոնք իրենց հասակով գերազանցում են մահկանացուների այս վիթխարի ցեղին ևս։
Չնայած ինձ պատած սարսափին և վարանմանը, ես անձնատուր էի եղել այդպիսի փիլիսոփայական խորհրդածություններին։ Մեկ էլ տեսնեմ հնձվորներից մեկը տասը յարդ հեռավորության վրա է գտնվում այն ակոսից, ուր ես էի պառկել․ ես սարսափեցի, թե միգուցե մի քայլ էլ անի և իր ոտների տակ ինձ ճզմի, կամ թե չէ իր մանգաղով կես անի ինձ։ Ու երբ մեկ էլ շարժվեց դեպի ինձ, ես սոսկալի գոռացի։ Հսկան կանգ առավ ու չորս կողմը նայելով, վերջապես նկատեց ինձ գետնի վրա պառկած։ Նա զգուշությամբ մի պահ դիտեց ինձ, նման մի մարդու, որն ուզում է բռնել մի փոքրիկ վտանգավոր կենդանու այնպես, որ նա չկարողանա ոչ չանգռել և ոչ կծել իրեն, ինչպես ես ինքս արել եմ Անգլիայում՝ աքիս բռնելու ժամանակ։ Վերջապես նա խիզախություն ունեցավ բռնել ինձ իմ իրանից իր բութով և ցուցամատով, ու մոտ երեք յարդ մոտեցնել իր աչքերին՝ ավելի լավ դիտելու։ Ես գուշակեցի նրա մտադրությունը և բախտս ինձ մի այնպիսի քաջություն տվեց, որ ես որոշեցի չդիմադրել նրան, երբ նա բռնել էր ինձ օդի մեջ, գետնից վաթսուն ոտնաչափ բարձրության վրա, թեև նա սոսկալի կերպով հուպ էր տալիս իմ կողերը, վախենալով, թե միգուցե ես դուրս պրծնեմ նրա մատների միջից։ Միակ բանը, որ ես համարձակվեցի անել, այն էր, որ բարձրացրի իմ աչքերը դեպի արևը, աղերսական ձևով ձեռքերս ծալեցի ու մելամաղձոտ ձայնով մի քանի խոսք ասացի, պատշաճ այն կացության, որի մեջ ես գտնվում էի։ Ամեն րոպե ես վախենում էի, որ նա կարող է ինձ շպրտել գետին, ինչպես մենք սովորաբար անում ենք, երբ մի զզվելի կենդանի ուզում ենք ոչնչացնել։ Բայց իմ բախտից իմ ձայնն ու շարժուձևը հաճելի թվացին նրան և նա սկսեց նայել ինձ վրա իբրև մի արտասովոր բանի, զարմանալով իմ հստակ կերպով արտասանած խոսքերին, որոնցից նա ոչինչ չէր հասկանում։ Միևնույն ժամանակ ես ակարող էի զսպել իմ տնքոցներն ու արտասուքները, և գլուխս դեպի կողերս թեքելով, կարողացածիս չափ, հասկացրի նրան, որ իր սեղմած մատները ցավ են պատճառում ինձ։ Նա կարծես թե ինձ հասկացավ, որովհետև բռնեց իր վերարկուի փեշը, զգուշությամբ դրեց ինձ վրան և իսկույն վազեց դեպի տերը, որ մի ունևոր ֆերմեր էր և հենց այն մարդն էր, որին ես առաջին անգամ դաշտում տեսա։
Ֆերմերն ստանալով որոշ տեղեկություններ իմ մասին (ինչպես ես կռահեցի իրենց խոսակցությունից), որքան որ իր ծառան կարողացավ տալ, վերցրեց մի փոքրիկ հարդ, որ մոտավորապես մի ձեռնափայտի չափ էր, ու դրանով սկսեց բարձրացնել վերարկուիս փեշերը, որ նրան թվում էին իբրև բնությունից տված մի տեսակ ծածկոց։ Նա փչեց իմ մազերը մի կողմ՝ դեմքս ավելի լավ տեսնելու համար։ Ապա նա իր մոտ կանչեց ծառաներին ու հարցրեց (ինչպես ես հետո իմացա), թե արդյոք նրանք դաշտի մեջ չե՞ն տեսել ինձ նման որևէ այլ փոքրիկ արարածներ։ Ապա նա զգուշությամբ, չորեքթաթ կերպով, դրեց ինձ գետնի վրա, իսկ ես անմիջապես ոտքի կանգնեցի ու հանդարտ սկսեցի ետ ու առաջ քայլել, այդ մարդկանց ցույց տալու, որ փախչելու մտադրություն չունեմ։ Նրանք ամենքն էլ շուրջբոլորս նստեցին՝ ավելի լավ դիտելու համար իմ շարժումները։ Ես հանեցի իմ գլխարկը և ֆերմերին խորը գլուխ տվի։ Ձեռքերս և աչքերս բարձրացնելով, չոքեցի ու բարձր ձայնով մի քանի խոսք ասացի․ հանեցի ոսկով լի իմ քսակը և հլու առաջարկեցի նրան։ Նա քսակն առավ իր ափի վրա, կիպ մոտեցրեց իր աչքերին, տեսնելու համար, թե դա ինչ բան է, ապա իր թևքից հանեց մի գնդասեղ ու ծայրով մի քանի անգամ շուռումուռ արեց, սակայն բան չհասկացավ։ Այնուհետև ես նրան նշան արի, որ իր ձեռքը դնի գետնին։ Ես վերցրի քսակն ու, բանալով ամբողջ ոսկին, թափեցի նրա ափի մեջ։ Այդտեղ վեց իսպանական ոսկի կար, ամեն մի ոսկին չորս պիստոլ, ու քսան թե երեսուն հատ մանր դրամ։ Ես տեսա, թե ինչպես նա լեզվով թրջեց իր ճկույթի ծայրն ու վերցեց ամենախոշոր դրամը, ապա մյուսը, սակայն երևաց, որ նա չիմացավ, թե դա ինչ բան է։ Նա ինձ նշան արեց, որ ոսկիները կրկին հավաքեմ իմ քսակն ու դնեմ գրպանս, որ և արի՝ մի քանի անգամ նրան առաջարկելուց հետո։
Ֆերմերը կամաց֊կամաց գլխի ընկավ, որ ես մի բնական արարած եմ։ Նա հաճախ խոսում էր իմ հետ, սակայն նրա ձայնը խլացնում էր իմ ականջը, ինչպես ջրաղացի աղմուկը, թեև նրա խոսքերը հնչում էին բավականին հստակ։ Ես պատասխանում էի նրան որքան կարելի է բարձրաձայն, տարբեր լեզուներով, իսկ նա իր ականջը մինչև երկու յարդ մոտեցնում էր ինձ, սակայն իզուր, որովհետև մենք իրար չէինք կարողանում հասկանալ։ Ապա նա ծառաներին ուղարկեց իրենց բանին ու գրպանից հանելով թաշկինակը, երկու տակ ծալեց, փռեց իր ձախ ձեռքին, որ դրել էր գետնի վրա՝ ափը դեպի վեր, ու նշան արավ, որ բարձրանամ վրան, մի բան, որ ես հեշտությամբ արի, որովհետև նրա ձեռքի հաստությունը մեկ ոտնաչափից ավելի չէր։ Իմ կողմից ես լավագույնը համարեցի հնազանդվել նրան, և ընկնելուց վախենալով ամբողջ երկարությամբ պառկեցի թաշկինակի վրա, որով նա, ապահովության համար փաթաթեց ինձ մինչև իմ գլուխն ու այդպես տարավ ինձ իր տունը։ Այդտեղ նա կանչեց իր կնոջն ու ինձ ցույց տվեց նրան․ իսկ նա ճչալով ետ փախավ, ինչպես Անգլիայում կանայք, երբ գորտ կամ սարդ են տեսնում։ Սակայն երբ նա տեսավ իմ բարի վարքն ու նկատեց, թե ինչպես նրա ամուսնու նշաններին համաձայն ամեն ինչ կատարում եմ, շուտով հաշտվեց և սկսեց դեպի ինձ մեծ քնքշությամբ վերաբերվել։
Կեսօրվա ժամը տասներկուսն էր, ծառաներից մեկը բերեց ճաշը։ Դա միայն մսի սովորական կերակուր էր (պատրաստած հողագործի պարզ պայմաններին համաձայն), մի ամանի մեջ լցրած, որ մոտ քսանչորս ոտնաչափ տրամագիծ ուներ։ Սեղանին նստեցին՝ ֆերմերը, իր կինը, երեք զավակներն ու պառավ տատը։ Նստելուց հետո ֆերմերը դրեց ինձ իր մոտ, սեղանի վրա, որ հատակից երեսուն ոտնաչափ բարձր էր։ Ես սաստիկ վախենում էի, որ վայր կընկնեմ այդ բարձրությունից, դրա համար էլ բավականին հեռացա սեղանի եզրից։ Ամուսինը կտրեց մի կտոր միս ու հաց և դրեց իմ առաջ։ Ես նրան խորը գլուխ տվի, հանեցի դանակս ու պատառաքաղս և սկսեցի ուտել, որ նրանց մեծ հաճույք պատճառեց։ Տանտիրուհին ուղարկեց աղախնին մի փոքրիկ սրվակ բերելու, որ մոտ երեք գալլոն՝ կտեղավորեր ու լցրեց խմիչքով․ երկու ձեռքով, մեծ դժվարությամբ, ես վերցրի այդ ամանը և ամենայն մեծարանքով խմեցի հարգելի տիկնոջ կենացը, բարձրաձայն արտասանելով իմ խոսքերն անգլերեն, որի համար նրանք սրտանց ծիծաղեցին, խլացնելով իմ ականջն իրենց ձայնով։ Այդ խմիչքի համը նման էր թեթև սայդրի՝ և բավականին անուշ էր։ Ապա տանտերն ինձ նշան արավ, որ գնամ իր պնակի մոտ․ բայց երբ քայլում էի սեղանի վրա, հացի կտորը ոտքերիս տակ ընկավ ու երեսնիվայր փռվեցի սեղանին, սակայն անվնաս։ Ներողամիտ ընթերցողը հեշտությամբ կհասկանա ինձ ու կների, որովհետև ամբողջ ժամանակ ապշանքի մեջ էի։ Ես անմիջապես ոտքի կանգնեցի ու նկատելով, որ այդ բարի մարդկանց մտահոգություն պատճառեցի, առա իմ գլխարկը (որ ըստ վայելչության դրել էի իմ կռան տակ) ու գլխիս վրա թափահարելով երեք անգամ «կեցցե» կանչեցի, ցույց տալու համար, որ ընկնելուց չեմ վնասվել։ Իսկ երբ մոտեցա իմ տիրոջը (այդպես պետք է անվանեմ նրան այսուհետև), նրա կողքին նստած փոքրիկ որդին, որ մի տասը տարեկան չարաճճի տղա էր, բռնեց իմ ազդրերից և բարձրացրեց օդի մեջ այնքան բարձր, որ շունչս կտրվեց․ բայց հայրը խլեց ինձ նրա ձեռքից ու նրա ձախ ականջին մի այնպիսի ապտակ զարկեց, որից երևի եվրոպական մի ամբողջ զորագունդ ձիերից վայր կընկներ, ու հրամայեց նրան, որ սեղանից հեռանա։ Բայց վախենալով, թե միգուցե տղան վրեժը պահի և լավ հիշելով, թե երեխաները մեզ մոտ սովորաբար ինչքան խստասիրտ են լինում դեպի ճնճղուկները, ճագարները, կատվի ձագերն ու շնիկները, իսկույն չոքեցի և տղային ցույց տալով, իմ տիրոջը հասկացրի, որքան կարող էի, որ ես ցանկանում եմ, որ նա իր տղային ների։ Հայրը մեղմացավ և տղան նորից նստեց իր տեղը․ դրա վրա ես մոտեցա նրան ու համբուրեցի նրա ձեռքը․ իմ տերը բռնեց նրա ձեռն ու նրանով քնքուշ կերպով շոյեց ինձ։
Ճաշի միջոցին իմ տիրոջ սիրած կատուն ցատկեց նրա գոգը։ Հետևից լսեցի մի աղմուկ, ասես թե տասնյակ գուլպայագործներ են աշխատում ոստայնի վրա․ ետ նայելով տեսա, որ դա կատուն է մռռում, որին կերակրում ու շոյում էր տանտիրուհին․ Նայած գլխին ու թաթերին, թվում էր, որ նա երեք անգամ խոշոր էր, քան եզը։ Այդ արարածի կատաղի տեսքը միանգամայն հուզեց ինձ, չնայած որ ես կանգնել էի սեղանի հեռավոր ծայրին, մոտ հիսուն ոտնաչափ հեռու, ու տանտիրուհին էլ ամուր կերպով բռնել էր կատվին, որ մի գուցե ցատկեր ու բռներ ինձ իր ճանկերով։ Սակայն ոչ մի վտանգ չպատահեց, որովհետև երբ իմ տերն ինձ մինչև երեք յարդ մոտեցրեց նրան, նա ոչ մի ուշադրություն չդարձրեց ինձ վրա։ Եվ քանի որ հաճախ ինձ պատմել էին ու ես էլ իմ ճանապարհորդության փորձով գիտեի, որ գիշատիչ կենդանիների առաջ փախչելը կամ վախ ցույց տալը ամենալավ միջոցն է, որպեսզի նրանք հետապնդեն կամ հարձակվեն քեզ վրա, ուստի ես որոշեցի այս վտանգավոր կացության մեջ անհանգստության ոչ մի նշան ցույց չտալ․ հինգ թե վեց անգամ անվեհեր մոտեցա կատվի դնչին մինչև կես յարդ հեռավորությամբ, իսկ նա ետ֊ետ գնաց, կարծես ինձնից ավելի վախեցած, քան ես՝ նրանից։ Նույն ճաշի ժամանակ նկատեցի, որ սենյակ մտան երեք թե չորս շուն, ինչպես ընդունված է գյուղական տներում, բայց նրանք ինձ շատ քիչ վախեցրին, դրանցից մեկը բակի շուն էր, չորս փղի մեծության, իսկ մյուսը՝ մի գորշ շուն, ավելի բարձրահասակ, քան առաջինը, բայց ավելի բարակ։
Երբ ճաշը համարյա թե վերջացել էր, ներս մտավ դայակը՝ ձեռքին մի տարեկան երեխա, որ անմիջապես նկատեց ինձ և ըստ մանկական պերճախոսության, մի այնպիսի գոռում֊գոչում բարձրացրեց, որ Լոնդոնի կամրջից կլսվեր Չըլսիում․ նա ինձ իբրև խաղալիք էր ուզում։ Ներողամիտ մայրը վերցրեց ինձ ու դրեց երեխայի առաջ․ երեխան իսկույն բռնեց իմ իրանից և իմ գլուխը տարավ իր բերանը, ես մի այնպիսի գոռոց բարձրացրի, որ չարաճճին վախեցած ինձ դեն շպրտեց․ և անկասկած ես կկոտրեի վիզս, եթե մայրը գոգնոցը չփռեր իմ տակ։ Երեխային հանգստացնելու համար դայակը տվեց նրա խաղալիքը, որ ամուր պարանով կապած էր նրան գոտուց․ դա մի դատարկ աման էր, քարերով լի։ Բայց այդ չօգնեց, այնպես որ մնացել էր վերջին միջոցը՝ ծիծ տալ։ Պիտի խոստովանեմ, որ կյանքումս երբեք ոչ մի բան այդքան զզվանք չէր պատճառել ինձ, ինչպես այդ հրեշային կուրծքը․ չկա մի այնպիսի առարկա, որի հետ ես կարողանայի համեմատել, որպեսզի հետաքրքիր ընթերցողին մի փոքրիկ գաղափար տամ նրա մեծության, ձևի և գույնի մասին։ Կասեմ միայն, որ դա մի կլոր բան էր, վեց ոտնաչափ բարձրությամբ և տասնվեց ոտնաչափից ոչ պակաս շրջագծով։ Ծծի պտուկն իմ գլխի կիսու չափ էր․ նրա մակերևույթը, ինչպես և ամբողջ ծծի մակերևույթն այն աստիճան ծածկված էր բծերով ու բշտիկներով, որից ավելի նողկալի տեսարան անկարելի է երևակայել։ Ես դիտում էի մոտիկից, որովհետև դայակը, ծիծ տալիս, հարմարության համար, հենց կողքիս էր նստել։ Նկարագրածս տեսարանը խորհրդածության որոշ առարկա դառավ ինձ համար, երբ հիշեցի Անգլիայի մեր տիկինների մաշկի քնքշությունն ու ճերմակությունը․ թվում է, որ այդ տիկինները մեզ այնքան գեղեցիկ են երևում, որովհետև նրանք մեզ նման միևնույն հասակն ունեն ու նրանց թերությունները մենք կարող ենք տեսնել միայն մանրադիտակով, որը մեզ պարզ կերպով ցույց կտա, թե որքան կոպիտ, հաստ ու տգեղ գույնի է ամենաքնքուշ և ճերմակ մաշկը։
Երբ ես Լիլիպուտիա էի, ինձ թվաց, թե աշխարհումս նրանց պես դեմքի սքանչելի գույն ունեցող մարդիկ չկան, մի բան որով բնությունը պարգևատրել է այդ մանր արարածներին։ Երբ այդ նյութի մասին խոսում էի իմ մի փոքրիկ բարեկամ գիտնական լիլիպուտի հետ, նա ասաց, որ իմ երեսն ավելի հաճելի տպավորություն է թողնում հեռվից, երբ նա նայում է ինձ գետնի վրայից, քան թե մոտիկից, և անկեղծորեն խոստովանեց, որ երբ առաջին անգամ ձեռքովս վերցրել եմ նրան ու մոտեցրել երեսիս՝ իմ տեսքը նրան սարսափ է ազդել։ Նրա ասելով իմ կաշվի վրա կարելի է տեսնել մեծ֊մեծ խոռոչներ, կաշվիս գույնը տարբեր ներկերի մի անհաճո խառնուրդ է, իսկ մորուքիս մազերը վայրի խոզի մազերից տասն անգամ հաստ են երևում․ սակայն թույլ եմ տալիս ինձ ասելու, որ ես իմ շատ հայրենակիցներից ավելի տգեղ չեմ և, չնայած իմ երկար ճանապարհորդություններին, դեմքս շատ քիչ է այրվել։ Մյուս կողմից, խոսելով տեղական պալատական տիկինների մասին, այդ գիտնականն ասում էր ինձ, թե մեկի դեմքը բծեր ունի, մյուսի բերանը մեծ է, երրորդի քիթն է մեծ, իսկ ես ոչ մի բան չէի նկատում։ Իհարկե այս խորհրդածությունները բավականին անհամ են, բայց ես ինձ չկարողացա զսպել, որպեսզի ընթերցողը չկարծի թե հսկաները, որոնց աշխարհը ես ընկա իսկապես շատ տգեղ են։ Ընդհակառակը, արդարության համար պիտի ասեմ, որ նրանց ցեղը գեղեցիկ է․ մասնավորապես իմ տիրոջ դիմագծերը, չնայած նա հասարակ գյուղացի է, ինձ թվացին շատ կանոնավոր, երբ ես նրան տեսա վաթսուն ոտնաչափ բարձրությունից։
Ճաշից հետո, իմ տերը գնաց իր մշակների մոտ, և որքան կարելի էր նրա ձայնից ու շարժումներից եզրակացնել, կնոջը խստիվ պատվիրեց, որ ինձ խնամեն։ Ես շատ հոգնել էի ու քնել էի ուզում, տանտիրուհիս նկատելով, դրեց ինձ իր սեփական անկողնու վրա ու ծածկեց մի մաքուր սպիտակ թաշկինակով, որ ավելի մեծ ու հաստ էր, քան թե զինվորական նավի գլխավոր առագաստը։
Ես քնեցի մոտ երկու ժամ ու երազիս տեսա, իբր թե իմ կնոջ ու երեխաների հետ եմ․ դա ավելի խորացրեց իմ վիշտը, մանավանդ երբ արթնացա և տեսա, որ մի ընդարձակ սենյակում եմ, որի լայնությունը երկու թե երեք հարյուր ոտնաչափ էր, բարձրությունը մոտ երկու հարյուր, ու պառկած եմ մի անկողնու մեջ, որի լայնությունը քսան յարդ է։ Տնտիրուհին գնացել էր իր տնային գործերն անելու ու թողել էր ինձ մենակ։ Մահիճն ութ յարդ հատակից բարձր էր, մինչդեռ որոշ բնական պիտույքներս ստիպում էին ինձ, որ իջնեմ մահճակալից։ Օգնություն կանչել չէի համարձակվում, միևնույն ժամանակ դա ապարդյուն էր, որովհետև իմ տկար ձայնը չէր լսվի այն հսկայական հեռավորությունից, որով սենյակը բաժանված էր խոհանոցից, ուր գտնվում էր ամբողջ ընտանիքը։ Այդ կացության մեջ էի, երբ երկու առնետ, վարագույրից բարձրանալով, սկսեցին ետ ու առաջ վազել անկողնու վրա։ Դրանցից մեկը բոլորովին մոտեցավ իմ դեմքին, ես սարսափած վեր թռա և հանեցի թուրս, որ ինձ պաշտպանեմ։ Այդ սոսկալի կենդանիները համարձակություն ունեցան հարձակվելու ինձ վրա երկու կողմից, իսկ նրանցից մեկն իր առաջին թաթերը դրեց իմ փողկապի վրա․ բայց իմ բախտից, նախքան ինձ վնաս տալը, ես պատռեցի նրա փորը։ Նա ընկավ իմ ոտքի տակ, իսկ մյուսը տեսնելով իր ընկերոջ վիճակը, փախուստի դիմեց՝ ունենալով մեջքին մի մեծ վերք, որ ես հասցրի նրան․ արյան կաթիլները հոսում էին նրա վերքից։ Այդ քաջագործությունից հետո ես սկսեցի ետ ու առաջ քայլել մահիճի վրա, որպեսզի մի փոքր շունչ առնեմ և հանգստանամ։ Այդ արարածները բակի շների չափ մեծ էին, բայց անհամեմատ ավելի ճկուն ու կատաղի, այնպես որ, եթե քնելուց առաջ թուրս հանած լինեի, անկասկած ինձ պիտի պատառ֊պատառ անեին ոի լափեին։ Սատկած առնետի պոչը ես չափեցի և տեսա, որ երկարությունը երկու յարդից մի մատնաչափ պակաս է։ Սակայն ես սիրտ չառա նրա դիակը ցած գլորելու մահճակալից, առնետից դեռ արյուն էր գնում․ ես նկատեցի, որ նա դեռ շունչ է քաշում, ուստի մի ուժեղ հարվածով կտրեցի նրա վիզն ու վերջնականապես այն աշխարհն ուղարկեցի։
Շուտով իմ տանտիրուհին ներս մտավ սենյակն ու տեսնելով որ ես արյունաթաթախ եմ, վազեց ու ինձ վերցրեց իր ձեռքի վրա։ Ես ցույց տվի սատկած առնետը, ծիծաղելով ու այլ նշաններով հասկացրի, որ ես վիրավորված չեմ, որի համար նա անչափ ուրախացավ, և կանչելով աղախնին հրամայեց, որ նա ունելիքով սատկած առնետը պատուհանից դեն ձգի։ Ապա ինձ դրեց սեղանի վրա, ու ես նրան ցույց տվի իմ արյունաթաթախ թուրը, որ վերարկուիս փեշերով սրբելով դրի պատյանի մեջ։
Բայց ես հրամայական պահանջ էի զգում կատարել այն, ինչ ոչ ոք որ իմ փոխարեն չէր կարող անել, և հետևապես ամեն կերպ աշխատում էի հասկացնել տանտիրուհուս, որ ուզում են իջնել ցած։ Երբ իմ այդ ցանկությունն արդեն կատարված էր, ես ամաչեցի ավելի ակնհայտ կերպով բացատրել, և բավարարվեցի նրանով, որ դուռը մատով ցույց տվի և մի քանի անգամ խոնարհվեցի։ Մեծ դժվարությամբ բարեսիրտ կինը վերջապես հասկացավ իմ միտքը։ Վերցնելով իր ձեռքը նա ինձ տարավ այգի և ցած իջեցրեց։ Հեռանալով մոտ երկու հարյուր ոտնաչափ, ես նշան արի, որ նա ինձ չնայի․ թաքնվեցի թրթնջուկի երկու տերևների արանքում ու կատարեցի իմ բնական պահանջը։
Հույս ունեմ, ազնիվ ընթերցողը կների, որ ես կանգ եմ առնում այս և նման մանրամասնությունների վրա, որոնք որքան էլ աննշան թվան ստոր և գռեհիկ խելքի տեր մարդկանց, այնուամենայնիվ անկասկած մի որևէ փիլիսոփայի կնպաստեն հարստացնելու իր միտքն ու երևակայությունը և կիռարելու հոգուտ հասարակական և անհատական կյանքի բարօրության, որ իմ միակ նպատակն է, երբ ես լույս եմ ընծայում այս և մյուս ճանապարհորդություններիս տեղեկագրությունները, ըստ որում ես գլխավորապես ճշմարտության ուսումնասեր եմ և չեմ ուզում փայլել գիտության որևէ պճրանքով կամ ոճով։ Այս ճանապարհորդության բոլոր դեպքերն ինձ վրա այնպիսի խիստ տպավորություն են թողել և այնքան խոր արմատ ձգել իմ հիշողության մեջ, որ թղթին հանձնելուց ես չեմ կարող դուրս ձգել որևէ կարևոր հանգամանք։ Այնուամենայնիվ, ուշադրությամբ աչքի անցկացնելուց հետո այս իմ երկասիրությունը, ես ջնջեցի այլ և այլ անցքերի մանրամասնությունները, որոնք կային իմ առաջին ձեռագրում, վախենալով կշտամբանքից, որ ես տաղտկալի ու սնամեջ եմ, որոնց համար, թերևս արդարացի կերպով, հաճախ մեղադրում են ճանապարհորդներին։
Գլուխ երկրորդ
Ֆերմերի աղջկա նկարագիրը։ Հեղինակին տանում են մի վաճառաշահ քաղաք, ապա մայրաքաղաքը։ Նրա ուղևորության մանրամասնությունները։
Իմ տանտիրուհին ինը տարեկան մի աղջիկ ուներ, որ իր տարիքի համեմատ առաջադեմ երեխա էր, ասեղ բանեցնելու մեջ հմուտ և տիկիններ հագցնելու գործում ճարտար։ Նա մոր հետ միասին ինձ համար գիշերային անկողին պատրաստեց տիկնիկի օրորոցում, որ դրել էին գզրոցի մի փոքրիկ արկղում և, առնետներից վախենալով, կախել առաստաղից։ Դա էր իմ անկողինն այդ մարդկանց մոտ եղած ամբողջ ժամանակ, թեև հետզհետե իմ հարմարություններն ավելանում էին, երբ ես սկսեցի սովորել նրանց լեզուն և արտահայտել իմ ցանկությունները։ Այդ աղջիկն այն աստիճան սիրալիր էր, որ երբ մի քանի անգամ նրա մոտ հանեցի շորերս ու հագա, նույնը սկսեց ինքն անել, թեև ես երբեք նեղություն չէի տալիս նրան և գերադասում էի, որ այդ աշխատանքը թողնի ինձ։ Նա ինձ համար յոթ շապիկ կարեց և այլ սպիտակեղեն՝ եղած ամենանուրբ կտավից, որն այնուամենայնիվ ավելի կոշտ էր, քան պարկի կտավը․ և այդ ամենը միշտ ինքն էր լվանում իր սեփական ձեռքերով։ Նա միևնույն ժամանակ լեզվի դասավանդության իմ վարժուհին էր․ երբ ես մի որևէ բան էի ցույց տալիս, նա անմիջապես իրենց լեզվով տալիս էր այդ առարկայի անունը, այնպես որ կարճ ժամանակում ես կարողացա խնդրել, այն ամենը, ինչ ես ուզում էի։ Նա հիանալի բնավորություն ուներ և, նայած իր տարիքին, կարճահասակ էր՝ քառասուն ոտնաչափից ոչ ավելի։ Նա ինձ անվանում էր Գրիլդրիգ․ և այդ անունն այդպես էլ մնաց այդ ընտանիքի և ապա ամբողջ թագավորության մեջ։ Այդ բառը նույն իմաստն ունի, ինչ որ լատիներենի homunkulus֊ը, իտալերենի homunceletino֊ն և անգլերենի mannikin֊ը։ Այդ երկրում իմ կյանքը ես գլխավորապես այդ աղջկան եմ պարտական։ Մենք երբեք, իմ այնտեղ եղած ժամանակ, չբաժանվեցինք միմյանցից։ Ես նրան անվանում էի Գլյումդալկլիչ, այսինքն՝ փոքրիկ դայակ։ Ես մեղավոր կլինեի, իբրև ապերախտ, նրա առաջ, եթե չհիշատակեի այստեղ նրա իմ հանդեպ ունեցած խնամքի ու խանդաղատանքի մասին, որ սրտանց կուզեի ըստ արժանվույն հատուցանել, փոխանակ դառնալու նրա կրած անպատվության անմեղ, բայց ապերախտ գործիքը, որի համար ես առիթ ունեմ վախենալու։
Հարևանների մեջ շուտով սկսեցին տարածվել լուրեր, որ իմ տերը դաշտում մի օտարոտի կենդանի է գտել՝ մոտավորապես մի սպլեկնըկ֊ի մեծության, իսկ ըստ ամենայնի մի կատարյալ մարդկային արարած, թե այդ արարածն իր բոլոր գործողություններով ընդօրինակում է մարդուն, որ նա նույնիսկ խոսում է իր լեզվով ու կարծես թե արդեն սովորել է մի քանի խոսք նրանց լեզվով, թե քայլում է երկու ոտքով և ընտանի է, հլու, մոտենում է, երբ կանչում ես, անում է այն, ինչ ուզում ես, թե կազմվածքով շատ քնքուշ է․ իսկ երեսի գույնով ավելի ճերմակ, քան ազնվական երեք տարեկան աղջիկը։ Մի այլ ֆերմեր, որ դրկից էր և իմ տիրոջ մտերիմ բարեկամը, նրա մոտ այցելության եկավ՝ իմանալու համար այդ պատմությունների իսկական եղելությունը։ Ինձ անմիջապես բերին ու դրին սեղանի վրա, ուր ես տիրոջս հրամանով ետ ու առաջ քայլեցի, պատյանից հանեցի իմ թուրն ու կրկին դրի իր տեղը, իմ տիրոջ հյուրին ողջույն տվի, նրանց լեզվով հարցրի նրա առողջությունն ու բարի գալուստ մաղթեցի, ճիշտ այնպես, ինչպես սովորեցրել էր ինձ իմ փոքրիկ դայակը։ Այդ ֆերմերը, որ մի ծեր ու կարճատես մարդ էր, դրեց իր ակնոցները՝ ինձ ավելի լավ տեսնելու համար, որի համար ես չկարողացա զսպել իմ ծիծաղը, որովհետև նրա աչքերը թվում էին երկու պատուհաններից սենյակը լուսավորող լիալուսին։ Մերոնք հասկանալով իմ ցանկության պատճառը, ինձ հետ միասին ծիծաղեցին, որի վրա ծերուկը այնքան հիմար գտնվեց, որ բարկացավ ու իմ դեմ իր սրտում ոխ պահեց։ Նա բնավորությամբ շատ կծծի մարդ էր և իմ բախտը այդ համբավին արժանի, որովհետև մի անիծյալ խորհուրդ տվեց իմ տիրոջը՝ իբրև մի չտեսնված իր, շուկայի օրը տանի և ցույց տա ինձ մոտակա քաղաքում, որ գտնվում էր կես ժամվա, և մեր տնից մոտ քսաներկու մղոն հեռավորության վրա։ Ես կռահեցի, որ ինչ֊որ մի վատ բան է ծրագրվում, մանավանդ երբ նկատեցի իմ տիրոջն իր բարեկամի հետ շշուկով խոսելիս, որոնք երբեմն մատով ցույց էին տալիս ինձ․ վախիցս մինչև անգամ թվաց ինձ, թե որ ականջիս հասան ու հասկացա մի քանի խոսք։ Իսկ մյուս օրն առավոտյան Գլյումդալկլիչը, իմ փոքրիկ դայակը, պատմեց ինձ ամեն բան, որ նա խորամանկությամբ տեղեկացել էր իր մորից։ Խեղճ աղջիկն առավ ինձ իր գիրկը և ամոթից ու վշտից լաց եղավ։ Նա վախենում էր, թե միգուցե ես որևէ վնաս կրեմ այդ անտաշ ու ռամիկ մարդկանցից, որոնք կարող էին ճզմել ինձ մեռցնելու չափ կամ ձեռքով բռնելիս կոտրել իմ մարմնի անդամներից մեկը։ Միևնույն ժամանակ նա նկատել էր, թե բնությամբ որքան համեստ մարդ եմ և պատվի խնդրում որքա՜ն նրբազգաց, և գիտեր, որ ես անարգանք պիտի համարեի, երբ ինձ դրամի համար ցույց տային ամբոխին, իբրև մի ժողովրդական զվաճալիք։ Նա ասում էր, թե հայրիկն ու մայրիկը խոստացել են, որ Գրիլդրիգը պիտի պատկանի իրեն, իսկ այժմ նա գտնում է, որ նրանք ուզում են անել այնպես, ինչպես անցյալ տարի, երբ նրան նվիրեցին մի գառ ու վերջը տեսան, որ արդեն չաղացել է՝ ծախեցին մսավաճառին։ Ճշմարիտն ասած, ինքս դրան ավելի քիչ կարևորություն էի տալիս, քան իմ դայակը։ Ես հաստատ հույս ունեի, և հույսս երբեք չէի կտրում, որ մի օր ես կստանամ իմ ազատությունը․ իսկ ինչ վերաբերում է այն անարգանքին, որ ինձ պիտի ցույց տան իբրև մի ճիվաղ, գտնում էի, որ ես մի կատարյալ օտարական եմ այս երկրում և մի այդպիսի դժբախտության համար ոչ ոք ինձ չպիտի հանդիմաներ, եթե անգամ ես վերադառնայի Անգլիա․ նույնիսկ ինքը, Մեծ Բրիտանիայի թագավորը, եթե իմ վիճակի մեջ գտնվեր, պիտի ենթարկվեր նույն նվաստացումներին։
Իմ տերը, հետևելով իր բարեկամի խորհրդին, առաջիկա շուկայի օրը մի արկղի մեջ ինձ տարավ մոտակա քաղաքը, հետը վերցնելով նաև իր փոքրիկ աղջկան՝ իմ դայակին, նրան նստեցնելով թամբի հետևը։ Արկղն ամեն կողմից փակ էր, ուներ միայն մի փոքրիկ դուռ, որպեսզի ես կարողանամ մտնել ու դուրս գալ և մի քանի ծակոտիներ՝ օդի համար։ Աղջիկն այնքան ուշադիր էր դեպի ինձ, որ արկղի մեջ դրել էր իր տիկնիկի մկդակած անկողինը, որպեսզի ես վրան պառկեմ։ Սակայն այդ ճանապարհորդությունն ինձ սոսկալի ցնցեց ու նեղացրեց, թեև տևեց ընդամենը կես ժամ։ Ձին ամեն քայլափոխին մոտ քառասուն ոտնաչափ էր անում և վազում էր այնպես արագ, որ կարծես փոթորկի ժամանակ շարժվելիս լինեի մի նավի մեջ, որն ալիքների վրա վեր ու վար է անում, միայն այն տարբերուցյամբ, որ այդ շարժումներն ավելի հախուռն էին։ Մեր կտրած ճանապարհը մոտավորապես այն հեռավորությունն ուներ, ինչ որ Լոնդոնից մինչև Սենտ֊Ալբըն ճանապարհը։ Իմ տերն իջավ մի պանդոկ, ուր նա սովորաբար կանգ էր առնում, պանդոկապետի հետ խորհրդակցելուց և մի շարք պատրաստություններ տեսնելուց հետո նա վարձեց մի գրուլտրըդ, այսինքն մի մունետիկ՝ քաղաքում հայտնելու, որ Կանաչ Արծվի դրոշի տակ ցույց պիտի տրվի մի օտարոտի արարած, որ մեծությամբ սպլեկնըկի չափ է (մի նուրբ կենդանի այդ երկրում՝ մոտ վեց ոտնաչափ երկարության) և ըստ ամենայնի մարդ արարածի է նման, կարողանում է արտասանել մի քանի խոսք և բազմաթիվ զվարճալի աճապարարություններ է անում։
Ինձ դրին սեղանի վրա, մոտ երեք հարյուր ոտնաչափ տարածություն բռնող պանդոկի ընդարձակ սենյակում։ Իմ փոքրիկ դայակը կանգնել էր սեղանի մոտ, մի կարճլիկ աթոռի վրա, որպեսզի կարողանա հսկել ինձ և ցույց տալ, թե ինչ պիտի անեմ։ Իրարանցումից զգուշանալով իմ տերը թույլ տվեց, որ ինձ տեսնելու համար միայն երեսուն մարդ մտնի։ Աղջկա հրամանով ես ետ ու առաջ էի քայլում սեղանի վրա․ նա ինձ հարցեր էր տալիս այնչափ, որչափ ծանոթ էր իմ գիտությունը նրանց լեզվին, և ես պատասխանում էի կարողացածի չափ, բարձր ձայնով։ Մի քանի անգամ ես դարձա դեպի ներկա եղողները, հայտնեցի իմ խորին հարգանքները, բարի գալուստ մաղթեցի և արտասանեցի մի քանի նախադասություններ, որ ես սովորել էի։ Ես վերցրի խմիչքով լիքը մի մատնոց, որ Գլյումդալկլիչը տվեց ինձ բաժակի փոխարեն, ու խմեցի նրանց առողջությանը։ Ես հանեցի իմ թուրն ու ճոճեցի օդի մեջ, ինչպես Անգլիայում սուսերամարտիկներն են անում։ Իմ դայակը տվեց ինձ մի հարդ, իբրև տեգ, որով ես մարզանքներ կատարեցի, երիտասարդությունից սովորած լինելով այդ արվեստին։ Այդ օրը, հերթով տասներկու անգամ ցույց տվին ինձ և ամեն անգամ ստիպված էի կրկնելու նույն հիմարությունները, այնպես որ հոգնությունից ու նեղությունից կիսամեռ վիճակում էի։ Նրանք, ովքեր տեսել էին ինձ, այնպիսի զարմանալի բաներ էին պատմում, որ ժողովուրդը քիչ էր մնում դռները կոտրատեր՝ ներս մտնելու համար։ Իմ տերը սեփական շահից դրդված, բացի աղջկանից, ոչ ոքի թույլ չէր տալիս ձեռք տալու ինձ և, վտանգի առաջն առնելու համար, նստարանները տեղավորել էր այնպիսի հեռավորության վրա, որ ոչ ոքի ձեռն ինձ չհասնի։ Սակայն մի չարաբաստիկ դպրոցական նշանի բռնեց իմ գլուխն ընկույզով, որն սակայն չկպավ․ այնինչ ընկույզը, որ դդումի չափ էր, նետել էր մի այնպիսի ուժով, որ եթե կպչեր՝ անշուշտ ջարդուփշուր պիտի աներ իմ գանգը։ Բայց ես բավականությամբ տեսա, թե ինչպես այդ անզգամ լակոտին մի լավ ծեծեցին ու սենյակից դուրս վռնդեցին։
Իմ տերը հայտարարեց ամբողջ քաղաքին, որ հետևյալ շուկայի օրն ինձ կրկին պիտի ցույց տա ժողովրդին, և միևնույն ժամանակ ինձ համար նա պատրաստեց ավելի հարմար սայլ, որ անհրաժեշտ էր ինձ, որովհետև իմ առաջին ճանապարհորդության ժամանակ և ութ ժամ անընդհատ ցուցադրելուց հետո այնքան հոգնել էի, որ ես հազիվ էի կարողանում ոտիս վրա մնալ ու խոսել։ Առնվազն երեք օր ժամանակ էր պետք, մինչև որ ես հավաքեի իմ ուժերը․ միևնույն ժամանակ ես տանը հանգիստ չունեի, որովհետև հարևան բոլոր ազնվականները, հարյուր մղոն հեռավորության վրա լսելով իմ համբավը, գալիս էին իմ տիրոջ տունը՝ ինձ տեսնելու համար։ Օրական առնվազն երեսուն մարդ էր գալիս՝ իրենց կանանց ու երեխաների հետ միասին (որովհետև այդ երկիրը խիտ ազգաբնակչություն ուներ). և իմ տերը, երբ ցույց էր տալիս ինձ իր տանը՝ պահանջում էր ամբողջ սենյակի վճարը, թեկուզ այդ սենյակում միայն մի ընտանիք լիներ․ այնպես որ մի առժամանակ շաբաթվա մեջ ոչ մի օր հանգստություն չունեի (բացի չորեքշաբթի օրերից, որ նրանց տոն օրն էր), չնայած նրան, որ ինձ քաղաք չէին տանում։
Իմ տերը մտադրություն ուներ ճանապարհի բոլոր քաղաքներում ցույց տալ ինձ, բացի այդ, նա հաճախ թեքվում էր ճանապարհից հիսուն կամ հարյուր մղոն այս ու այն կողմ, դեպի մի որևէ գյուղ կամ մի որևէ նշանավոր մարդու տուն, ուր նա կարող էր շահ ունենալ։ Մենք օրական հարյուր քառասուն կամ հարյուր վաթսուն մղոնից ավելի ճանապարհ չէինք գնում, որովհետև Գլյումդալկլիչը, խնայելով ինձ, տրտնջում էր, թե ձիով գնալուց հոգնել է։ Հաճախ նա իմ ցանկության համեմատ, հանում էր ինձ արկղից մաքուր օդի և շրջակայքը ցույց տալու համար, բայց միևնույն ժամանակ ամուր կերպով բռնում էր ինձնից։ Մենք անցանք հինգ թե վեց գետ, մի քանի անգամ ավելի լայն ու խոր, քան Նեղոսն ու Գանգեսը․ և համարյա թե չպատահեց մի որևէ վտակ, որ իր փոքրությամբ նման լինի Թեմզային, երբ նա հոսում է Լոնդոնի կամրջի տակով։ Մեր ճանապարհորդությունը տևեց տասը շաբաթ, և այդ ժամանակի ընթացքում ինձ ցուցադրեցին տասնութ քաղաքում, հաշվի չառած բազմաթիվ գյուղերն ու մասնավոր ընտանիքները։
Հոկտեմերի 26֊ին մենք հասանք մայրաքաղաքը, որ իրենց լեզվով կոչվում է Լորբրուլդրուդ, այսինքն՝ Տիեզերքի պարծանք։ Իմ տերն իջևանեց քաղաքի գլխավոր փողոցի վրա, թագավորական պալատից ոչ հեռու, և ընդունված ծանուցագրով մանրամսն կերպով տվեց իմ անձնավորության ու իմ կատարած դերի նկարագրությունը։ Նա երեքից չորս հարյուր ոտնաչափ տարածությամբ մի սրահ վարձեց։ Մեջը դրեց վաթսուն ոտնաչափ շրջագծով մի սեղան, որի վրա ես պիտի կատարեի իմ դերը, ու սեղանի չորս կողմը, եզրերից երեք ոտնաչափ բարձր մի ցանկապատ քաշեց, որպեսզի ես վայր չընկնեմ։ Ինձ ցույց էին տալիս օրեկան տասն անգամ՝ ամենքին պատճառելով բավականություն և զարմանք։ Ես արդեն բավականին տանելի կերպով խոսում էի նրանց լեզվով և հիանալի կերպով հասկանում էի ամեն մի խոսք, որ ուղղում էին ինձ։ Բացի այդ, ես սովորեցի նրանց այբուբենն ու մի քիչ գրաճանաչ դարձա շնորհիվ Գլյումդալկլիչի, որ ինձ հետ պարապում էր տանը և մեր ճանապարհորդության հանգստի ժամերին։ Նա գրպանում ուներ մի փոքրիկ գրքույկ, որը Սանսոնի ատլասից մի փոքր մեծ էր,[42] և պարունակում էր հավատո հանգանակը, աղջիկների համար համառոտած։ Այդ գրքով նա սովորեցրեց ինձ այբուբենն ու վարժեցրեց կարդալ։
Գլուխ երրորդ
Հեղինակին կանչում են արքունիք։ Թագուհին գնում է նրան ֆերմերից ու նվիրում թագավորին։ Նա վեճի է բռնվում նորին մեծության խոշոր գիտնականների հետ։ Պալատի մեջ հեղինակի համար օթևան են պատրաստում։ Թագուհին մեծ բարյացկամություն է ցույց տալիս դեպի հեղինակը։ Նա պաշտպանում է իր սեփական հայրենիքի պատիվը։ Նա կռվում է թագուհու թզուկի հետ։
Անընդհատ աշխատանքը, որ տևեց մի քանի շաբաթ և ամեն օր, վերին աստիճանի քայքայեց իմ առողջությունը, և որքան շատ էր վաստակում իմ տերը, այնքան ավելի անհագուրդ էր դառնում։ Ախորժակս իսպառ կորել էր և ես կմախք էի դառել։ Նկատելով այդ՝ ֆերմերն այն եզրակացության եկավ, որ ես շուտով կմեռնեմ, ուստի որոշեց յուղս քամի։ Երբ նա այդ համոզմանը հանգավ, արքունիքից նրա մոտ եկավ մի սլարդրալ, այսինքն՝ մի նվիրակ ու հրամայեց իմ տիրոջը, որ նա անմիջապես ինձ տանի արքունիք՝ թագուհուն և պալատական տիկիններին զվարճացնելու համար։ Վերջիններից մի քանիսն արդեն տեսել էին ինձ ու զարմանալի բաներ պատմել իմ գեղեցկության, վարմունքի ու խելքի մասին։ Օգոստափառ թագուհին[43] և իր շքախումբը հիացան իմ վերաբերմունքից։ Ես չոքեցի ու խնդրեցի, որ պատիվ անեն ինձ ու թույլ տան համբուրելու օգոստափառ թագուհու ոտքը․ իսկ բարեշնորհ թագուհին մեկնեց իր ճկույթը (երբ ինձ արդեն սեղանի վրա էին դրել), որը ես երկու ափի մեջ առա ու համբուրեցի մատի ծայրն ամենայն հարգանքով իմ շրթունքներին մոտեցնելով։ Նա ինձ մի քանի սովորական հարցեր ուղղեց իմ երկրի ու ճանապարհորդության վերաբերյալ, որոնց ես կարճ ու որոշակի պատասխան տվի։ Ապա նա հարցրեց, թե արդյոք ես գո՞հ կլինեի, եթե ապրեի արքունիքում։ Մինչև սեղանի երեսը խոր գլուխ տվի ու խոնարհաբար պատասխանեցի, թե ես իմ տիրոջ ստրուկն եմ, սակայն եթե իմ բախտի տնօրենը լինեի, հպարտություն կհամարեի նվիրելու իմ կյանքն օգոստափառ թագուհու ծառայության։ Այն ժամանակ նա հարցրեց իմ տիրոջը, թե արդյոք կցանկանա՞ր ինձ վաճառել լավ գնով։ Իմ տերը, ենթադրելով, որ մի ամսից ավել չպիտի ապրեմ, բավական ուրախացավ, որ ինձանից պիտի ազատվի, ու խնդրեց հազար ոսկի, որ անմիջապես տվին նրան․ ոսկիներից ամեն մեկի մեծությունը հավասար էր ութ հարյուրերորդ մոյդորի,[44] սակայն եթե ի նկատի առնենք այդ երկրի և Եվրոպայի մեջ եղած բոլոր իրերի հարաբերություններն ու ոսկու բարձր արժեքը նրանց մոտ, հազիվ թե դա ավելի լիներ, քան հազար գուինը Անգլիայում։ Այնուհետև թագուհուն ասի, քանի որ ես այսուհետ նորին մեծության ամենանվաստ ծառան եմ և ճորտը, խոնարհաբար պիտի խնդրեմ, որ Գլյումդալկլիչը, որ միշտ խնամել է ինձ այնպիսի՜ հոգատարությամբ և ազնվությամբ, ընդունվի իբրև ծառա և շարունակի մնալ իմ դայակն ու վարժուհին։ Օգոստափառ թագուհին հավանություն տվեց իմ խնդրին ու հեշտությամբ ստացավ ֆերմերի համաձայնությունը, որովհետև վերջինս վերին աստիճանի գոհ էր, որ իր աղջիկը ապրի արքունիքում։ Իսկ ինչ վերաբերում է Գլյումդալկլիչին, խեղճ աղջիկը չկարողացավ զսպել իր ուրախությունը։ Իմ նախկին տերը հեռացավ, մնաս բարով ասելով և հիշեցնելով, որ ինձ թողնում է լավ ծառայության մեջ․ ես նրան ոչ մի խոսք չասի, այլ միայն թեթև գլուխ տվի։ Թագուհին նկատեց իմ սառնությունը, և երբ ֆերմերը դուրս եկավ սենյակից, հարցրեց պատճառը։ Ես խիզախություն ունեցա պատասխանելու օգոստափառ թագուհուն, թե իմ նախկին տիրոջը պարտական եմ միայն նրանով, որ նա իր դաշտում պատահմամբ գտած մի խեղճ, անվնաս արարածի գանգը ջարդուփշուր չի արել, թե այդ պարտականությունը ես հատուցել եմ այն վաստակով, որ նա ստացել է թագավորության գրեթե կես մասի մեջ ինձ ցույց տալով ու այն վճարով, որ նա ստացավ այժմ ինձ վաճառելով․ թե իմ մինչայժմյան կյանքը եղել է այնքան տաժանելի, որին չէր դիմանա ինձնից տասն անգամ ուժեղ արարածը, թե իմ առողջությունն ավելի վատթարացավ օրվա մեջ ամեն ժամ ամբոխին զվարճացնելու մշտական աշխատանքով և, վերջապես, եթե իմ տերը վտանգված չհամարեր իմ կյանքը, թերևս օգոստափառ թագուհին առանց սակարկության այսքան աժան գնով ինձ չառներ։ Բայց քանի որ ես այլևս վատ վերաբերմունքի վախ չունեմ մի այնպիսի մեծ և ազնիվ թագուհու հովանավորության ներքո, որ բնության զարդն է, տիեզերքի սիրելին, իր հպատակների բերկրանքը, ստեղծագործության փյունիկը, ուստի ես հուսով եմ, որ իմ նախկին տիրոջ վախն անհիմն կլինի, որովհետև ես զգում եմ, որ նորին ամենաօգոստափառ թագուհու ներկայությամբ հոգեպես արդեն վերակենդանանում եմ։
Այդ էր իմ ճառի ընդհանուր իմաստը, որ ես արտահայտեցի մեծ դժվարությամբ ու վարանումով․ ճառիս վերջին մասի մեջ ամբողջապես պահեցի այդ ժողովրդի ինքնահատուկ ոճը, որից մի քանի դարձվածքներ սովորել էի Գլյումդալկլիչից, երբ ինձ բերում էր արքունիք։
Թագուհին ներողամիտ գտնվելով իմ խոսելու թերությունների հանդեպ, միևնույն ժամանակ զարմացավ, որ մի այսպիսի փոքրիկ արարած այդչափ խելք ու իմաստություն ունի։ Նա վերցրեց ինձ իր ձեռքն ու տարավ թագավորի մոտ, որ առանձնացել էր իր սենյակում։ Նորին մեծությունը, այդ ծանրաբարո ու խոժոռադեմ արքան, առաջին հայացքից ինձ լավ չդիտած՝ անտարբեր դեմքով հարցրեց թագուհուն, թե այդ ո՞ր օրվանից է նա սիրահարվել սպելկնըկների վրա, որովհետև, ըստ երևույթին, այդ կենդանու տեղ էր ընդունել ինձ, երբ ես կրծքիս վրա պառկել էի օգոստափառ թագուհու աջ ձեռքի վրա, իսկ թագուհին, որ սուր մտքի և զվարթ խառնավածքի տեր մի կին էր, զգուշությամբ ինձ դրեց գրասեղանի վրա ու հրամայեց, որ ես նորին մեծությանը պատմեմ իմ մասին, որը և կատարեցի մի քանի խոսքով։ Գլյումդալկլիչը, որ սպասում էր սենյակի դռան առաջ, ― նա ինձ ոչ մի րոպե աչքաթող չէր անում, ― ներս մտնելու թույլտվություն ստանալով՝ հաստատեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել նրա հոր տունը գալուց հետո։
Թագավորը,[45] թեև իր թագավորության մեջ ամենագիտուն մարդն էր և իր կրթությունն ստացել էր փիլիսոփայության և մասնավորապես մաթեմատիկայի դպրոցներում, սակայն, երբ մանրազնին կերպով դիտեց ինձ և տեսավ իմ ուղղահայաց քայլվածքը, նախքան իմ խոսելը՝ կարծեց, թե ես ժամացույցի պես լարված մի մեքենա եմ (մի բան, որ այդ երկրում շատ կատարելագործված է), մի որևէ հնարագետ վարպետի կողմից սարքված։ Բայց երբ լսեց իմ ձայնը և տեսավ, որ ես խոսում եմ կանոնավոր կերպով ու խելացի, չկարողացավ թաքցնել իր զարմանքը։ Իմ պատմությունը, թե ինչպես ես եկա նրա թագավորությունը, նրան ամենևին չբավարարեց․ նրան թվաց, թե դա Գլկումգալկլիչի և իր հոր կողմից սարքած մի պատմություն է, որոնք ինձ սովորեցրել են այդպես ասելու, որպեսզի ինձ թանկ գնով ծախեն։
Այդ ենթադրությամբ էլ նա ինձ մի քանի այլ հարցեր տվեց, բայց ստացավ խելացի պատասխաններ, որոնք այլ պակասություն չունեին, բացի այն, որ ես օտարերկրացու առոգանություն ունեի, իրենց լեզվին կատարելապես չէի տիրապետում ու գործ էի ածում մի շարք ռամկական դարձվածքներ, որ ես սովորել էի ֆերմերի տանը և որ պատշաճ չէր արքունիքի հղկած ոճին։
Նորին մեծությունն ուղարկեց երեք խոշոր գիտնականների հետևից, որոնք այդ ժամանակ, երկրի սովորության համաձայն, պալատի շաբաթական հերթապահներ էին։ Այդ ջենտլմենները, մանրազնին կերպով քննեցին իմ արտաքինը, իմ նկատմամբ տարբեր կարծիքների հանգան։ Նրանք ամենքն էլ համաձայնության եկան, որ ես չեմ կարող ծնված լինել բնության բնական օրենքների հիման վրա, որովհրտև ես օժտված չեմ ինքնապաշտպանության ընդունակություններով, և ոչ էլ սրընթացությամբ ու ծառերի վրա մագլցելու, կամ գետնի մեջ հոր փորելու կարողություններով։ Նրանք մանրամասն քննեցին իմ ատամներն ու գտան, որ ես մսակեր կենդանի եմ․ բայց քանի որ չորքոտանիների մեծագույն մասն ավելի զորավոր է, քան ես, իսկ դաշտային մկները և ուրիշ շատերն ավելի արագաշարժ, ուստի նրանք չկարողացան հասկանալ, թե ինչպես եմ հոգում իմ ապրուստը․ մի գուցե ես խխունջներ և այլ միջատներ եմ ուտում․ բայց այդ էլ մի շարք գիտական փաստերով հաստատեցին, թե դա անկարելի բան է։ Նրանցից մեկն այն կարծիքը հայտնեց, թե ես լոկ սաղմ եմ, կամ մի վաղածին մանուկ։ Սակայն այդ կարծիքը մերժեցին մյուս երկուսը, որոնք նշեցին այն հանգամանքը, որ իմ մարմնի անդամները կանոնավոր զարգացած և հասունացած են և որ ես ապրում եմ երկար տարիներ, մի բան, որի լավագույն ապացույցն է իմ մորուքը, որի փոքրիկ մազերը նրանք որոշակի կերպով տեսան խոշորացույցի տակ։ Նրանք նույնիսկ թզուկի տեղ չընդունեցին ինձ, որովհետև իմ մարմնի փոքրությունը ոչ մի համեմատության չէր դիմանում, քանի որ թագավորի սիրեցյալ թզուկը, որ ամենակարճլիկն էր այդ երկրում, մոտ երեսուն ոտնաչափ բարձրություն ուներ։ Երկար վիճաբանություններից հետո նրանք հանգան այն միաձայն կարծիքին, որ ես լոկ րելպլյում սկալկաթ եմ, որ բառացի կերպով թարգմանվում է lusus nature. մի որոշում, որ միանգամայն հաճելի է Եվրոպայի ժամանակակից փիլիսոփայությանը, որի պրոֆեսորներն արհամարանքով occult causes֊ի հին վկայությունը (որի օգնությամբ Արիստոտելի հետևորդներն անտեղի կերպով քողարկում են իրենց տգիտությունը), հնարել են դժվարությունների այս սքանչելի լուծումը, ի փաստ մարդկային գիտության անասելի առաջադիմության։
Այդ վճռական որոշումից հետո ես խնդրեցի, որ մի քանի խոսք էլ ես ասեմ։ Դառնալով դեպի թագավորը ես հավատացրի նորին մեծությանը, որ գալիս եմ մի երկրից, ուր ապրում է մի քանի միլիոն իմ հասակի, երկսեռ ժողովուրդ․ ուր կենդանիները, ծառերն ու տները նույն համեմատական չափն ունեն և ուր, հետևապես, ես կարող եմ նույնչափ պաշտպանել ինձ ու հայթաթել իմ պրուստը, որչափ նորին մեծության հպատակներից յուրաքանչյուրը՝ այստեղ։ Ահա իմ պատասխանը պարոն փիլիսոփաների բերած բոլոր պնդումներին։ Դրա վրա նրանք միայն արհամարանքով ժպտացին՝ ասելով, թե ֆերմերն իր տված դասը լավ է սերտել տվել։ Թագավորը, որ ավելի հասկացող էր, արձակելով իր գիտնականներին, մարդ ուղարկեց ֆերմերի հետևից, որ բարեբախտաբար, դեռ չէր հեռացել քաղաքից։ Սկզբում նորին մեծությունը հարցաքննության ենթարկեց նրան առանձին, ապա երես առ երես՝ ինձ ու փոքրիկ աղջկա հետ, որից հետո սկսեց մտածել, որ մեր պատմածը ճշմարտության մոտ բան է։ Նա ցանկություն հայտնեց, որ թագուհին կարգադրի, որ առանձին ուշադրություն դարձնեն ինձ վրա, և այն կարծիքին էր, թե Գլյումդալկլիչը պիտի մնա ինձ հետ՝ ինձ խնամելու, որովհետև նա նկատել էր մեր միմյանց հանդեպ ունեցած խանդաղատանքը։ Պալատի մեջ աղջկա համար մի հարմար սենյակ հատկացրին․ նրան դաստիարակելու համար մի վարժուհի նշանակեցին, մի սպասուհի, որ նրան հագցնի և երկու այլ նաժիշտներ՝ մանր ծառայությունների համար․ սակայն ինձ խնամելու ամբողջ հոգսը վերապահված էր Գլյումդալկլիչին։ Թագուհին հրամայեց իր պալատական հյուսնին, որ ինձ հարմար ննջարան պատրաստի, որի մոդելին Գլյունդալկլիչն ու ես նախորոք հավանություն պիտի տայինք։ Այդ մարդը մի զարմանալի վարպետ էր․ ըստ իմ ցուցմունքների նա երկու շաբաթվա ընթացքում փայտից մի սենյակ պտրաստեց, որ ուներ տասնվեց ոտնաչափ երկարություն, տասներկու ոտնաչափ բարձրություն, բացվող պատուհաններ, դուռ և երկու պատուհան, ճիշտ այնպես, ինչպես Լոնդոնի ննջարաններն են։ Այն տախտակը, որ ծառայում էր առաստաղի տեղ, երկու օղակների միջոցով բարձրանում ու իջնում էր, որպեսզի կարելի լինի ներս դնել նորին մեծության կահագործի ձեռքով շինած մահճակալը, որ Գլյումդալկլիչն ամեն օր դուրս էր բերում մաքուր օդ, իր ձեռքով անկողին պատրաստում և գիշերները կրկին տեղը դնում, իմ գլխավերև իջեցնելով առաստաղը։ Մի ընտիր արհեստավոր, որ հայտնի մանրագործ էր, փղոսկրի պես մի նյութից ինձ համար շինեց երկու աթոռ՝ իրենց թիկունքներով ու բազկակալներով հանդերձ, երկու սեղան ու մի պահարան՝ իրերս դնելու։ Սենյակն ամեն կողմից պատած էր փափուկ կտորներով, ինչպես և հատակն ու առաստաղը, որպեսզի ինձ որևէ տեղ տանելու ժամանակ անզգուշության հետևանքով եղած դժբախտ դեպքի առաջն առնեն կամ կառքով գնալու ժամանակ, ցնցումների ուժը մեղմացնեն։ Ես խնդրեցի, որ իմ դռանը փական դնեն՝ մկների կամ առնետների առաջն առնելու համար․ փականագոծը մի քանի փորձից հետո, շինեց մի այնպիսի փոքրիկ կողպեք, որի նմանը տեսնված չէր այդտեղ, սակայն որից ավելի մեծը ես տեսել էի Անգլիայում՝ մի ազնվականի տան դարբասի վրա։ Բանալին միշտ ես պահում էի իմ գրպանում՝ վախենալով թե մի գուցե Գլյումդալկլիչը կորցնի։ Միևնույն ժամանակ թագուհին հրամայեց, որ այդ երկրում եղած ամենաբարակ մետաքսից ինձ համար հագուստ կարեն, սակայն այդ մետակսն ավելի բարակ չէր, քան անգլիական բրդի վերմակը, որը մինչև իմ վարժվելը, սաստիկ նեղում էր ինձ։ Այդ հագուստը կարած էր թագավարության մեջ ընդունված տարազով, որ մասամբ հիշեցնում էր պարսկական, մասամբ՝ չինական տարազը և շատ համեստ ու վայելչաձև էր։
Թագուհին այնքան սիրում էր իմ ընկերակցությունը, որ առանց ինձ ճաշի չէր նստում։ Այն սեղանի վրա, ուր ճաշում էր օգոստափառ թագուհին, ուղիղ նրա ձախ արմունկի մոտ, դնում էին իմ սեղանն ու աթոռը՝ նստելու համար։ Գլյումդալկլիչը կանգնում էր հատակին դրած մի նստարանի վրա, իմ սեղանի մոտ՝ ինձ օգնելու և սպասավորելու համար։ Առաջս դրած էր պնակների, ափսեների և այլ ամանների արծաթե սերվիզ, որ թագուհու ամանների հետ համեմատած ավելի խոշոր չէր, քան Լոնդոնի խաղալիքների խանութներում ծախվող տիկնիկների ամանեղենը։ Իմ փոքրիկ դայակն այդ ամանները պահում էր իր գրպանում մի արծաթե արկղի մեջ ու ճաշին, ուզածիս պես, տալիս էր ինձ և ճաշից հետո ինքն էլ միշտ լվանում։ Թագուհու հետ ոչ ոք ճաշի չէր նստում բացի թագավորի երկու աղջիկներից, որոնցից ավագը տասնվեց տարեկան էր, իսկ կրտսերը տասներեք և մեկ ամսեկան։ Օգոստափառ թագուհին սովորաբար իմ ափսեներից մեկի մեջ դնում էր մի կտոր միս, որ ինքս անձամբ կտրատում էի, և նրան մեծ զվարճություն էր պատճառում, երբ տեսնում էր, թե ինչպես եմ մանր֊մանր ուտում։ Ինքը՝ թագուհին, չնայած իր մեղմ ախորժակին, այնպիսի խոշոր պատառներ էր վերցնում, որոնցից ամեն մեկը կարող էր կերակրել տասներկու անգլիացի ֆերմերի․ այդ տեսարանը մի քանի ժամանակից հետո ինձ սաստիկ զզվանք պատճառեց։ Թագուհին ատամներով կրծոտում և ոսկորների հետ միասին կուլ էր տալիս արտույտի թևը, չնայած, որ դա ինն անգամ ավելի խոշոր էր, քան հնդկահավի թևը, իր բերանն էր դնում հացի մի այնպիսի կտոր, որ երկու հատ տասներկու պեննիանոց՝ հացի չափ էր։ Խմելու համար նա ուներ ոսկե գավաթ, որ մի տակառի չափ էր։ Նրա դանակները՝ կոթից բերանը՝ ուղիղ երկու գերանդու չափ էին։ Նույն համեմատության էին նաև գդալները, պատառաքաղներն ու մյուս պարագաները։ Հիշում եմ, երբ Գլյումդալկլիչը հետաքրքրության համար տարավ ինձ պալատում ցույց տալու մի սեղանատուն, ուր միմյանց վրա տասը թե տասներկու այդպիսի վիթխարի դանակներ ու պատառաքաղներ էին դարսած՝ ինձ թվաց, թե երբեք մի այդպիսի ահռելի տեսարան չէի տեսել։
Սովորություն էր, ամեն չորեքշաբթի (որը, ինչպես մի փոքր առաջ հիշեցի, նրանց հանգստյան օրն էր) թագավորը, թագուհին, և նրանց երեխաները միասին ճաշում էին նորին մեծության օթևանում, որի սիրելին էի այժմ․ ճաշին իմ փոքրիկ սեղանն ու աթոռը դնում էին նրա ձախ ձեռքի մոտ, աղամաններից մեկի կողքին։ Թագավորը մեծ հաճույքով զրույց էր անում ինձ հետ և հարցեր տալիս՝ Եվրոպայի սովորությունների, կրոնի, օրենքների, պետականության ու գիտության մասին, և ես, կարողացածի չափ, տալիս էի մանրամասն տեղեկություններ։ Նրա իմացականությունն այնքան հստակ էր, դատողությունը՝ այնքան պարզ, որ իմ ասածների առիթով վերին աստիճանի խելացի խորհրդածություններ ու դիտողությունն էր անում։ Խոստովանում եմ, երբ չափից մի փոքր ավելի կանգ առա իմ սիրեցյալ հայրենիքի վրա ու պատմեցի մեր առևտրի ծովային և ցամաքային պատերազմների, կրոնական պառակտումների ու քաղաքական պարտիաների մասին, նրա դաստիարակության նախապաշարմունքներն այնքան հաղթահարեցին նրան, որ ինձ վերցրեց իր ձեռքի վրա և ձախ ձեռքով փաղաքշելով ինձ ու սրտանց ծիծաղելով հարցրեց, թե ես վիգ եմ, թե տորի։ Ապա դառնալով իր առաջին մինիստրին, ― որը կանգնել էր այդտեղ՝ ձեռքին մի սպիտակ գավազան, որ «Օգոստափառ Միապետ» անգլիական նավի մեծ կայմի չափ երկար էր, ― ասաց՝ ի՜նչ արհամարհելի բան է մարդկային մեծությունը, եթե նրան ընդօրինակել են ուզում այնպիսի չնչին միջատներ, ինչպիսին ես եմ։ Բացի այդ, ասաց նա, ես գրազ եմ գալիս, որ այս արարածներն ունեն տիտղոսներ և պատվի նշաններ, որ նրանք հնարում են փոքրիկ բներ ու որջեր, որոնց անվանում են տներ ու քաղաքներ․ նրանք շլացնում են մարդկանց իրենց հագուստներով ու կառքերով․ նրանք սիրահարվում են, զայրանում, վիճում, խարդախում, դավաճանում։ Եվ այսպես շարունակեց նա․ իմ արյունը գլխիս է խփում, երբ տեսնում եմ մի այդպիսի արհամարական վերաբերում դեպի իմ ազնիվ հայրենիքը, որ արվեստի ու զենքի պահապանն եր, Ֆրանսիայի պատիժը, Եվրոպայի արավարարը, առաքինության, բարեպաշտության, պատվի ու ճշմարտության անոթը, տիեզերքի պարծանքն ու նախանձը։
Բայց քանի որ ես այն վիճակի մեջ չէի, որպեսզի զայրանամ նախատինքի համար, ուստի ողջամտությամբ սկսեցի կասկածել, արդյոք իրավունք ունե՞մ ինձ վիրավորված համարելու թե ոչ։ Եվ իրավ, մի քանի ամսվա ընթացքում այդ ժողովրդի տեսքին ու խոսակցություններին վարժվելուց հետո նկատեցի, որ աչքիս ընկած ամեն մի իր հարաբերական մեծություն ունի․ ուստի կորցրի նրանց մարմինների և տեսքի թողած սկզբնական վախը և ինձ թվաց, թե գտնվում եմ անգլիական լորդերի ու լեդիների շրջանում, որոնք հագել են իրենց զարդարանքի և տոնական հագուստները և մեծ շնորհքով կատարում են իրենց դերերը՝ սիգաճեմ քայլվածքով, գլխիկոր ողջյուններով ու շաղակրատանքով, ճիշտն ասած՝ իմ մեջ էլ առաջացավ խիստ ցանկություն ծիծաղելու նրանց վրա այնպես, ինչպես թագավորն ու իր ավագանին ինձ վրա։ Եվ ոչ էլ կարողացա զսպել իմ ժպիտը, երբ թագուհին դրեց ինձ իր ձեռքի վրա ու մոտեցավ հայելուն, ուր ես տեսա մեր երկուսին, մեր ամբողջ հասակով․ ավելի ծիծաղելի բան, քան այն համեմատությունը, չէր կարող լինել, ու ես սկսեցի իրոք երևակայել, որ իմ իսկական հասակից ավելի թզուկ եմ։
Ոչ ոք ինձ այնպես չէր զայրացնում ու վիրավորում, ինչպես թագուհու թզուկը, որն ամբողջ երկրում ամենակարճահասակ մարդը լինելով (իմ կարծիքով նրա բարձրությունը երեսուն ոտնաչափ էլ չկար), իրենից ավելի կարճ արարած տեսած ժամանակն ամբարտավան էր դառնում, ուստի, ամեն անգամ, երբ անցնում էր թագուհու նախասենյակը, գոռոզանում և բարձրից էր նայում, իսկ երբ տեսնում էր ինձ սեղանի վրա կանգնած և արքունիքի լորդերի և լեդիների հետ խոսելիս՝ միշտ առիթը բաց չէր թողնում իմ պստիկության վերաբերյալ մի քանի կծու խոսք ասելու։ Այնինչ՝ նրանից վրեժս կարող էի միայն լուծել՝ նրան իմ եղբայրս անվանելով, ըմբշամարտի հրավիրելով և սրամիտ պատասխաններ տալով, մի բան, որ սովորաբար անում են պալատական մանկլավիկները։ Մի օր, ճաշին, այդ չար արջի ձագը, իմ մի ինչ֊որ նկատողությունից այնպես խայթվեց, որ վեր թռավ նորին մեծության աթոռի բազկակալի վրայից, բռնեց իմ մեջքից, երբ ինձ համար միամիտ նստել էի տեղս, նետեց սերով լիքն արծաթե մի մեծ գավաթի մեջ և պուկ փախավ։ Ես մինչև ականջներիս բլթակը խրվեցի կաթի մեջ և եթե լավ լողացող չլինեի, բանս բուրդ էր լինելու, որովհետև Գլույմդալկլիչն այդ րոպեին գտնվում էր սենյակի մյուս ծայրում, իսկ թագուհին սաստիկ վախից ռիսկ չարավ ինձ օգնելու։ Սակայն շուտով իմ փոքրիկ դայակն ինձ օգնութայն հասավ և դուրս հանեց, երբ ես արդեն մեկ քուարտի չափ սեր էի կուլ տվել։ Ինձ դրին անկողին, բարեբախտաբար ոչ մի վնաս չստացա, կորցրի միայն հագուստս, որ կարգին փչացել էր։ Թզուկին մի լավ ծեծեցին և իբրև պատիժ ստիպեցին խմել լիքը բաժակով սերը, որի մեջ նա ինձ ձգել էր․ նա այլևս չվերականգնեց իրեն հանդեպ ունեցած շնորհը, և շուտով թագուհին նրան նվիրեց մի անվանի տիկնոջ, այնպես որ ես այլևս թզուկին չտեսա, մի բան, որ ինձ մեծ բավականություն պատճառեց, որովհետև չեմ կարող ասել, թե ինչ ծայրահեղության էր հասել այդ այլանդակ արարածի չարակամությունը։
Դրանից առաջ նա իմ գլխին մի ստոր կատակ խաղաց, որի վրա թագուհին շատ ծիծաղեց, բայց միևնույն ժամանակ սաստիկ բարկացավ և անմիջապես դուրս պիտի վռնդեր նրան, եթե ես վեհանձնորեն չմիջամտեի։ Թագուհին մի անգամ դրել էր իր սենյակում մի ծուծոսկր, որից ուղեղը հանելով, ոսկորը կրկին դրել էր պնակի մեջ, ծայրը դեպի վեր․ թզուկը, օգտվելով պատեհությունից, այն ժամանակ, երբ Գլյումդալկլիչը բուֆետ էր գնացել, բարձրացավ այն նստարանը, որի վրա կանգնած աղջիկը ճաշին ինձ սպասարկում էր, բռնեց իմ երկու ձեռքից, ոտներս միմյանց սեղմեց և ինձ մինչև գոտիս ներս կոխեց դատարկ ոսկրը, ուր ես միառժամանակ մնացի շատ ծիծաղելի կացության մեջ։ Թերևս մի րոպե ժամանակ անցավ, նախքան կնկատեին, թե ինչ պատահեց, քանի որ ես չէի ուզում գոռալով ինձ նվաստացնել։ Որովհետև հազիվ է պատահում, որ թագավորները տաք կերակուր ուտեն, ուստի ես իմ ոտները չքաշեցի, այլ միայն իմ գուլպաներն ու անդրավարտիկը թշվառ վիճալի մեջ ընկան։ Թզուկը, շնորհիվ իմ միջամտության, ծեծից բացի, ուրիշ պատիժ չկրեց։
Թագուհին հաճախ ծաղրում էր իմ վախկոտությունը և սովորաբար հարցնում, թե արդյոք իմ բոլոր հայրենակիցներն էլ այդպես երկչո՞տ են, ինչպես ես։ Առիթը, ահա, այս էր։ Այդ թագավորության մեջ ամառը շատ ճանճ է լինում, այդ զզվելի միջատները, որոնցից ամեն մեկը Դընստեբլի արտույտի մեծություն ունի, իրենց անընդհատ բզզոցներով ու թռիչքներով ականջիս տակ, ճաշի ժամանակ, ինձ ամենևին հանգիստ չէին տալիս։ Հաճախ նրանք գալիս ու նստում էին իմ կերակրի վրա, թողնելով այնտեղ իրենց գարշելի կղանքներն ու ձվերը․ այդ ամենը ես որոշակի կերպով տեսնում էի, ինչ որ մնում էր անտեսանելի տեղացիների համար, որոնց աչքերն այնքան սուր չէին մանր առարկների նկատմամբ։ Երբեմն էլ այդ ճանճերը նստում էին իմ քթի ու ճակատի վրա՝ սաստիկ կծում և զզվելի հոտ տարածում․ և ես ամենայն հեշտությամբ նրանց թաթերի վրա տեսնում էի հետքերն այն մածուցիկ նյութի, որի օգնությամբ, ինչպես մեր բնագետներն են ասում, այդ արարածները կարողանում են գլխիվայր քայլել առաստաղի վրա։ Մեծ ուժ էր հարկավոր, որպեսզի ինձ պաշտպանեմ այդ գարշելի անասուններից՝ մանավանդ, որ առանց նողկանքի չէի կարողանում տեսնել, թե ինչպես են նրանք մոտենում ինձ։ Թզուկը սովորություն ուներ իր ափի մեջ առնել այն միջատներից մի քանիսը, ինչպես մեզ մոտ դպրոցական տղաներն են անում, և հանկարծակի բաց թողնել իմ քթի տակ՝ ինձ վախեցնելու և թագուհուն զվարճություն պատճառելու համար։ Ճարս կտրած դանակովս մաս֊մաս էի անում նրանց, երբ նրանք թռչում էին օդում, և իմ ճարպկությամբ մեծ հիացմունք պատճառում ամենքին։
Հիշում եմ, մի առավոտ Գլյումդալկլինչն արկղի մեջ ինձ դուրս էր բերել պատուհանի առաջ, մաքուր օդ ծծելու ինչպես նա սովորաբար անում էր լավ եղանակներին (որովհետև ես երբեք չէի համաձայնվում, որ իմ արկղը կախեն, պատուհանի հետևին, մեխից, ինչպես մենք Անգլիայում կախում ենք թռչունների վանդակները)։ Ես բաց էի արել իմ պատուհանը, նստել սեղանի առաջ նախաճաշի փոխարեն ուտելու մի կտոր քաղցր կարկանդակ, երբ քսանի չափ բոռեր, բուրմունքից հրապուրված, ներս թռան սենյակը մի այնպիսի բզզոցով, որ ավելի բարձր էր, քան քսան փքափողի ձայնը։ Նրանցից մի քանիսը գրավեցին իմ կարկանդակն ու կտոր֊կտոր արին, մյուսները թռան իմ գլխի և երեսի շուրջը՝ խլացնելով ինձ իրենց աղմուկով ու սարսափ ազդելով իրենց ահռելի խայթոցներով։ Սակայն ես խիզախություն ունեցա վեր կենալու, հանելու իմ թուրն ու հարձակվելու նրանց վրա։ Չորսին ես սատկեցրի, իսկ մյուսները փախան․ ապա անմիջապես ես փակեցի պատուհանս։ Այդ միջատները կաքավի չափ մեծ էին։ Ես հանեցի նրանց խայթոցները և տեսա, որ մեկ ու կես մատնաչափ երկարություն ունեն և ասեղի պես սուր են։ Ամենայն խնամքով ես այդ ամենը պահեցի և հետագայում մյուս հազվագյուտ իրերի հետ միասին, Եվրոպայի զանազան մասերում ցույց տվի, իսկ Անգլիա վերադառնալուց հետո, երեքը տվի Գրիշեմ Կոլեջին, իսկ չորրորդը պահեցի ինձ համար։
Գլուխ չորրորդ
Երկրի նկարագրությունը։ Ներկա աշխարհագրական քարտեզի սրբագրության մի առաջարկ։ Թագավորի պալատն ու մի քանի տեղեկություն մայրաքաղաքի մասին։ Հեղինակի ճանապարհորդության միջոցները։ Գլխավոր տաճարի նկարագրությունը։
Այժմ ես մտադիր եմ ընթերցողին տալ այդ երկրի համառոտ նկարագրությունը, գոնե այն չափով, որչափով ես ճանապարհորդեցի այդտեղ, նրանց մայրաքաղաք Լորբրուլդրուդից մոտ երկու հազար մղոն շրջագծով։ Թագուհին, որին ես ուղեկցում էի, երբեք այնքան հեռու չէր գնում, երբ նա ընկերակցում էր թագավորին նրա ճանապարհորդությունների ժամանակ, այլ կանգ էր առնում մի որևէ տեղ և սպասում, մինչև որ նորին մեծությունն իր երկրի սահմանները վերադառնա։ Այդ արքայի հողերի տարածությունը մոտ վեց հազար մղոն[46] երկարություն ունի ու երեքից մինչև հինգ հազար մղոն լայնություն։ Այդ հանգամանքը բերում է ինձ այն եզրակացության, որ մեր աշխարհագետները մեծ սխալ են գործում, երբ ենթադրում են, թե Ճապոնիայի և Կալիֆորնիայի մեջտեղը համատարած օվկիանոս է․[47] ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այդտեղ Թաթարիստանի խոշոր ցամաքին հակակշիռ մի երկիր պիտի լինի․ ուստի նրանք պետք է իրենց աշխարհագրական քարտեզների մեջ ուղղում մտցնեն, միացնելով այդ ընդարձակ հողերն Ամերիկայի հյուսիս֊արևմտյան մասերին, մի բան, որին ես պատրաստ եմ իմ աջակցությունը ցույց տալու։
Այս թագավորությունը մի թերակղզի է՝ եզերված հյուսիս֊արևելքից երեսուն մղոն բարձրության մի լեռնաշղթայով, որ գագաթների հրաբուխների պատճառով միանգամայն անանցանելի է։ Ամենախոշոր գիտնականներն անգամ չգիտեին, թե այդ լեռների հետեն ի՞նչ տեսակ մահկանացուներ են ապրում, և կամ առհասարակ այնտեղ բնակիչներ կա՞ն, թե ոչ։ Թերակղզին մյուս երեք կողմերից շրջապատված է օվկիանոսով։ Ամբողջ թագավորության մեջ մի հատիկ նավահանգիստ չկա, և ափերի այն մասերը, ուր գետերը թափվում են ծովը, այնքան լիքն են սրածայր ժայռերով, ու ծովն էլ սովորաբար այնքան փոթորկալից է, որ ոչ ոք չի խիզախում մտնել ծովն՝ անգամ փոքրիկ նավակով, այնպես որ այդ մարդիկ աշխարհի մյուս մասի հետ հարաբերություն ունենալուց միանգամայն զրկված են։ Սակայն նրանց լայն գետերը լիքն են նավերով և հիանալի ձկներով առատ․ Նրանք ծովից ոչ մի ձուկ չեն բերում, որովհետև ծովային ձկները նույն մեծությունն ունեն, ինչ որ Եվրոպայում, հետևապես և արժեք չունեն նրանց համար․ այստեղից պարզ է, որ բնությունն արտադրելով այնպիսի վիթխարի մեծության կենդանիներ ու բուսականություն, սահմանափակել է նրանց գոյությունն այդ երկրամասում, մի հանգամանք, որի պատճառները թողնում ենք փիլիսոփաներին լուծելու։ Սակայն երբեմն նրանք բռնում են և ապառաժներին զարկված կետ ձկները, որոնց միսը հասարակ ժողովուրդը սիրով գործ է ածում կերակրի տեղ։ Ես տեսա այնպիսի մեծության կետեր, որ մի մարդ իր ուսին դժվարությամբ էր կարողանում տանել․ երբեմն հետաքրքրության համար այդ ձկներից զամբյուղի մեջ բերում են Լորբրուլդրուդ։ Դրանցից մեկը ես տեսա թագավորի սեղանի վրա, մի ափսեի մեջ․ այդ ձուկը, ճիշտ է, համարվում է իբրև հազվագյուտ կերակուր, բայց ես չնկատեցի, որ թագավորը սիրեր, որովհետև ինձ թվաց նույնիսկ, որ նրա մեծությունը զզվանք պատճառեց թագավորին, թեև ես Գրենլանդիայում ավելի խոշորներն եմ տեսել։
Այդ երկիրը շատ խիտ բնակչություն ունի և պարունակում է հիսուն մեկ ավան, մոտ հարյուր պարսպապատ քաղաք ու բազմաթիվ գյուղեր։ Իմ հարցասեր ընթերցողին բավարարելու համար բավական է, եթե ես նկարագրեմ Լորբրուլդրուդը։ Քաղաքը երկու հավասար մասի է բաժանված և գտնվում է նրա միջով անցնող գետի ափին։ Նա ունի մոտ ութսուն հազար տուն և վեց հարյուր հազար բնակիչ։ Երկարությամբ մոտ երեք գլոնգլունգ է (որ անում է մոտ հիսունչորս անգլիական մղոն), իսկ լայնությամբ՝ երկու և կես գլոնգլունգ․ ես անձամբ հաշվեցի այդ տարածությունը թագավորի հրամանով պատրաստած քարտեզի վրա, որ փռել էին գետնին և հարյուր ոտնաչափ տեղ էր բռնում։ Ոտաբոբիկ մի քանի անգամ անցա նրա տրամագծի և շրջագծի վրայով և հաշվելով իմ քայլերը, ըստ մասշտաբի, ճիշտ կերպով որոշեցի քաղաքի տարածությունը։
Թագավորի պալատը մի համաչափ կառուցվածք չէր, այլ շինությունների մի կույտ՝ մոտ յոթ մղոն շրջագծով․ գլխավոր սենյակները սովորաբար ունեն երկու հարյուր քառասուն ոտնաչափ բարձրություն և դրա համեմատ էլ՝ երկարություն ու լայնություն։ Գլյումդալկլիչի և ինձ համար հատկացրել էին մի կառք, որով նա իր վարժուհու հետ հաճախ գնում էր շրջագայելու կամ թե չէ գնում էին խանութները․ իսկ ես միշտ մասնակցում էի նրանց զբոսանքներին՝ իմ արկղում նստած․ սակայն աղջիկը հաճախ, ցանկությանս համաձայն, հանում էր ինձ այնտեղից և ձեռքի մեջ պահում, որպեսզի փողոցներով անցնելիս ինձ համար ավելի հարմար լինի տեսնել տներն ու մարդկանց։ Իմ հաշվով մեր կառքը Վեստմինստրի սրահի չափ էր, բայց ոչ նրա չափ բարձր, թեև շատ դժվար է ստույգն ասել։ Մի օր վարժուհին հրամայեց մեր կառապանին, որ մի խանութի առաջ կանգ առնի, ուր մուրացկանները, առիթից օգտվելով, շրջապատեցին կառքը, և իմ առջև բացվեց սոսկալի, անգլիացու աչքին միանգամայն անսովոր, տեսարան։ Նրանց մեջ մի կին կար, որ քաղցկեղ ուներ․ նրա կուրցքն ահռելի կերպով ուռել էր ու վրան երևում էին այնպիսի մեծության վերքեր, որ նրանցից երկուսի կամ երեքի մեջ հեշտությամբ կարող էի ներս մտնել և ամբողջ մարմնով թաքնվել։ Մի ուրիշ մուրացկանի վզից կախված էր մի ուռուցք, որ բրդով լիքը հինգ հակի չափ էր։ Երրորդը կանգնած էր փայտե ոտների վրա, յուրաքանչյուրը 20 ոտնաչափ բարձրությամբ։ Բայց ամենանողկալի բանը նրանց հագուստների վրա սողացեղ ոջիլներն էին։ Հասարակ աչքով ես այդ պարազիտների թաթերն ավելի լավ էի տեսնում, քան խոշորացույցով, երբ մենք դիտում ենք մեր եվրոպական ոջիլները․ նույնքան պարզ կերպով ես տեսնում էի նրանց դնչերը, որոնցով նրանք խոզի պես, կեր էին որոնում։ Նման կենդանիներ կյանքիս մեջ ես առաջին անգամն էի տեսնում, և մեծ հետաքրքրությամբ անդամահատության կենթարկեի նրանցից մեկն ու մեկին, թեև նրանց զզվելի տեսքից սիրտս խառնում էր․ ափսոս միայն, որ անդամահատական գործիքներս հետս չէին (դժբախտաբար մնացին նավի մեջ)։
Բացի այն արկղը, որի մեջ ինձ սովորաբար տանում էին, թագուհին պատվիրեց մի տասներկու ոտնաչափ երկարությամբ ու տասը ոտնաչափ բարձրությամբ ավելի փոքր արկղ, հատկապես ճանապարհորդությունների համար, որովհետև մյուսը շատ մեծ էր Գլյումդալկլիչի ծնկներին դնելու, և կառքի մեջ ավելի շատ տեղ էր բռնում։ Այդ արկղը շինեց միևնույն արհեստավորը, ըստ իմ ցուցմունքների։ Դա ամբողջովին քառակուսի ձև ուներ, երեք կողմից, ամեն պատի մեջտեղը, մի֊մի պատուհան՝ երկաթե ճաղերով վանդակապատած՝ երկար ճանապարհորդությունների ժամանակ դժբախտ պատահարներից ինձ պաշտպանելու համար։ Չորրորդ կողմից, ուր պատուհան չկար, երկու օղակ էր ամրացված, որոնց միջով ինձ տանող մարդը, երբ ես ուզում էի ձիով ճանապարհ գնալ, անց էր կացնում մի կաշվե փոկ ու կապում իր գոտուն։ Այդ մարդու դերը միշտ կատարում էր ամենահավատարիմ և ընդունակ ծառաներից մեկը, որին ես կարող էի վստահել, երբ ես ուղեկցում էի թագավորին ու թագուհուն, կամ ցանկություն էի հայտնում այգիները տեսնելու և կամ երբ Գլյումդալկլիչը հիվանդության պատճառով չէր լինում, իսկ ես այցելության էի գնում պալատական մի որևէ նշանավոր տիկնոջ կամ մինիստրի, որովհետև արդեն մեծ պաշտոնյաների շրջանում ծանոթություն ու համարում էի ձեռք բերել, թեև իմ կարծիքով ոչ այնքան իմ սեփական արժանիքների շնորհիվ, որքան նորին մեծության և օգոստափառ թագուհու բարյացակամության հետևանքով։ Ճանապարհորդությունների ժամանակ, երբ ես հոգնածություն էի զգում կառքի մեջ, ձիավոր ծառաներից մեկն վերցնում էր արկղն ու դնում իր առաջը՝ բարձի վրա և երեք կողմի պատուհաններից դիմացս բացվում էր բնության ողջ տեսարանը։ Արկղի մեջ ես ունեի մի ճանապարհորդական մահճակալ, առաստաղից կախված մի ճոճք, երկու աթոռ ու մի սեղան՝ հատակին ամուր կպցրած, որպեսզի կառքի և ձիու ցնցումներից վայր չընկնեն։ Ծովային ճանապարհորդություններին վաղուց վարժված՝ այդ ցնցումները, որքան էլ երբեմն ուժեղ լինեին, առանձնապես չէին խանգարում ինձ։
Երբ ես ցանկություն էի հայտնում քաղաքը տեսնելու մտնում էի ճանապարհորդական տնակը, որ Գլյումդալկլիչը դնում էր իր ծնկների վրա ու նստում պատգարակի մեջ, որ, ըստ երկրի սովորության, տանում էին չորս հոգի՝ թագավորական երկու ուրիշ սպասավորների ուղեկցությամբ։ Ժողովուրդը, որ հաճախ լսել էր իմ մասին, մեծ հետաքրքրությամբ շրջապատում էր մեզ, և աղջիկը սիրահոժար կերպով հրամայում էր պատգարակի սպասավորներին կանգ առնելու, ապա վերցնում էր ինձ իր ձեռքի վրա, որպեսզի հարմարություն տա նրանց՝ ինձ տեսնելու։
Ես մեծ ցանկություն ունեի տեսնելու գլխավոր տաճարը և մասնավորապես նրա վրա բարձրացող աշտարակը, որ թագավորության մեջ համարվում էր ամենից բարձրը։ Վերջապես մի օր իմ դայակը տարավ ինձ այնտեղ, բայց ճիշտն ասած, ես հետ դարձա հուսախաբված, որովհետև աշտարակի բարձրությունը երեք հազար ոտնաչափից ավելի չէր՝ հաշված գետնից մինչև վերին, սրածայր կատարը․ իսկ եթե վերցնելու լինենք այդ ժողովրդի և եվրոպացիների մեջ եղած տարբերությունը՝ զարմնալու մի առանձին բան չկար, և ոչ էլ այդ աշտարակը հարաբերաբար հավասար էր (եթե չեմ մոռացել) Սալիսբըրի զանգակատան բարձրության։[48] Սակայն չնվաստացնելու համար այդ ժողովրդին, որի հանդեպ իմ ամբողջ կյանքում չափազանց երախտապարտ պիտի լինեմ, հարկավոր է խոստովանել, որ այդ նշանավոր աշտարակի բարձրության պակասը լիովին լրացնում են նրա գեղեցկությունն ու ամրությունը։ Նրա պատերը մոտ հարյուր ոտնաչափ հաստ են, տաշած քարերից շինած, ամեն մի քարը քառասուն քառակուսի ոտնաչափ, և ամեն կողմից զարդարված աստվածների և կայսրերի իրենց իսկական հասակներից ավելի բարձր արձաններով, որոնք կերտված են մարմարից և զետեղված շինության խորշերում։ Այդ արձաններից մեկի կոտրած ճկույթը, որ ընկած էր աղբակույտի մեջ, ես չափեցի և տեսա, որ ուղղակի չորս ոտնաչափ և մեկ մատնաչափ երկարություն ունի։ Գլյումդալկլիչը փաթաթեց այն մատն թաշկինակի մեջ և գրպանում տարավ տուն, խառնելու իր մյուս խաղալիքներին, որոնց շատ սիրահար են աղջիկները, ինչպես սովորաբար նրա հասակի ամեն մի երեխա։
Թագավորի խոհանոցն իրոք մի ազնիվ, կամարակապ շենք է և մոտ վեց հարյուր ոտնաչափ բարձությամբ։ Գլխավոր հնոցի լայնությունը տասը քայլ ավելի նեղ է, քան Սուրբ Պողոսի գմբեթը, որ հետագայում, Լոնդոն վերադառնալուց հետո, դիտմամբ չափեցի։ Թերևս դժվարությամբ պիտի հավատային ինձ, եթե ես սկսեի նկարագրել այդ խոհանոցի միս խորովելու երկաթե ցանցերը, վիթխարի ամաններն ու կաթսաները, շամփուրի վրա քաշած մսերի ահագին կտորները և ուրիշ շատ մանրամասնություններ․ վերջապես խիստ քննադատները կարող եմ մտածել, թե ես մի փոքր չափազանցնում եմ, ինչպես սովորաբար անում են ճանապարհորդները։ Սակայն այդ քննադատությունից խուսափելու ցանկությունը, ես վախենում եմ, որ ինձ բերի մի ուրիշ չափազանցության․ եթե այս բնագրությունը պատահմամբ թարգմանվի բրոբդինգնեգցիների լեզվով (Բրոդինգնեգն այդ թագավորության ընդհանուր անունն է) ու հրատարակվի այնտեղ, այն ժամանակ թագավորը և իր ժողովուրդն իրավունք կունենան գանգատվելու այն վիրավորանքի համար, որ ես հասցրել եմ նրանց, տալով սխալ և նվազեցուցիչ տեղեկություն նրանց մասին։
Նորին մեծությունն իր գոմում պահում է հազիվ վեց հարյուր ձի․ այդ ձիերը սովորաբար հիսունչորսից մինչև վաթսուն ոտնաչափ բարձրություն ունեն։ Իսկ երբ տոն օրերին թագավորը մի հեռու տեղ է գնում, նրան ուղեկցում է հինգ հարյուր ձիուց բաղկացած պահակախումբ, որ սկզբում ինձ եղածների մեջ թվաց ամենից հոյակապը, մինչև որ չտեսա նրա ռազմի պատրաստ բանակը, որի մասին ես ուրիշ տեղ առիթ կունենամ խոսելու։
Գլուխ հինգերորդ
Հեղինակի զանազան արկածները։ Մի ոճրագործի գլխատումը։ Հեղինակը ցույց է տալիս իր վարպետությունը ծովագնացության մեջ։
Այդ երկրում ես բավական երջանիկ պիտի ապրեի, եթե իմ պստիկությունն առիթ չտար զանազան ծիծաղելի և անախորժ արկածների, որոնցից մի քանիսի մասին ուզում եմ պատմել։ Գլյումդալկլիչը հաճախ փոքրիկ արկղի մեջ տանում էր ինձ պալատի պարտեզը, երբեմն հանում ինձ այնտեղից, վերցնում էր ձեռքը կամ դնում գետնին՝ ման գալու համար։ Հիշում եմ մի օր թզուկը, երբ դեռ նա չէր հեռացել պալատից, մեր հետևից եկավ այդ պարտեզը, ուր իմ դայակն ինձ դրել էր գետնին․ թզուկն ու ես նստել էինք միասին մի կարճլիկ խնձորենու մոտ, ես չկարողացա զսպել ինձ և ցանկանալով պարծենալ իմ սրամտությամբ, նրա ու այդ ծառերի կարճության մասին մի անմիտ ակնարկ արի, որ նրանց լեզվով նույնքան լավ դուրս եկավ, որքան և մեր։ Դրանից հետո այդ չարամիտ սրիկան հարմար առիթի սպասեց, և երբ ես անցնում էի ծառերից մեկի տակով, ուղիղ իմ գլխին թափահարեց ծառը, որից տասը֊տասներկու հատ խնձոր, ամեն մեկը մոտավորապես Բրիստոլի մի տակառի չափ, թափվեցին իմ շուրջը․ ես կռացա, խնձորներից մեկը ընկավ իմ մեջքին ու ինձ երեսի վրա վայր ձգեց, սակայն ես ոչ մի վնաս չստացա, իսկ թզուկին, իմ ցանկության համեմատ, ներեցին, որովհետև ես էի նրան գրգռել։
Մի ուրիշ անգամ Գլյումդալկլիչն ինձ մենակ էր թողել դալար խոտի վրա, իսկ ինքը, մի փոքր հեռու ման էր գալիս իր վարժուհու հետ։ Այդ ժամանակ հանկարծակի կերպով տեղաց կարկուտի մի այնպիսի սոսկալի տարափ, որ ես նրա ուժից իսկույն փռվեցի գետնին, և երբ ես ընկած էի՝ կարկուտի հատիկները մի այնպիսի ջարդ տվին իմ ամբողջ մարմնին, որ կարծես թե ինձ ծեծել էին թենիսի գնդակներով․ չորեքթաթ տալով մի կերպ սողացի և երեսի վրա պառկած պատսպարվեցի ծոթրինի ածվի մեջ, սակայն ոտից մինչև գլուխ ես այնպես ջարդված էի, որ տասն օր պառկեցի անկողնում։ Այստեղ զարմանալու բան չկա, որովհետև բնությունն այս երկրում իր բոլոր գործողությունների մեջ ևս պահպանում է միևնույն հարաբերությունը, այդ պատճառով այստեղ կարկտի ամեն մի հատիկը հազար ութ հարյուր անգամ ավելի մեծ է, քան Եվրոպայում, որ ես կարող եմ հաստատել իմ արած փորձով, որովհետև հետաքրքրության համար այդ հատիկները կշռել և չափել եմ։
Բայց միևնույն պարտեզում ես ունեցա մի ավելի վտանգավոր արկած, երբ իմ դայակը թողել էր ինձ, իր կարծիքով, մի ապահով տեղ՝ մեն֊մենակ, համաձայն իմ հաճախակի խնդիրներին, որպեսզի հնարավորություն ունենամ հանձնվելու իմ սեփական մտքերին․ նա իմ փոքրիկ արկղը, իրեն նեղություն չտալու համար, թողել էր տանը, ինքն էլ, իր վարժուհու ու մի քանի ծանոթ տիկինների հետ, գնացել էր պարտեզի մյուս ծայրը։ Երբ նա գտնվում էր այնքան հեռու, որ ինձ չէր կարող լսել, հանկարծ մոտեցավ պարտիզպաններից մեկի սպիտակ, իսպանական շունը, որ պատահմամբ մտել էր պարտեզը և թափառում էր այնտեղ, ուր ես էի պառկել։ Նկատելով ինձ, շունը հարձակվեց վրաս և ինձ իր բերանի մեջ դրած՝ ուղղակի վազեց իր տիրոջ մոտ, ապա զգուշությամբ վայր դրեց գետնին ու պոչը սկսեց շարժել։ Բարեբախտաբար շունն այնպես լավ էր դաստիարակված, որ երբ ինձ տարավ իր ատամների մեջ՝ ոչ վնաս տվեց ինձ, և ոչ էլ, մինչև անգամ, շորերս պատռեց։ Խեղճ պարտիզպանը, որ ինձ լավ ճանաչում էր և շատ սիրալիր էր հետս, սոսկալի վախեցավ։ Նա զգույշ կերպով վերցրեց ինձ իր երկու ձեռքի մեջ ու հարցրեց, թե ինչպե՞ս է իմ զգացողությունը․ բայց ես այնպե՜ս ապշել էի և շունչս էլ այնպե՜ս կտրել էր, որ ոչ մի խոսք չկարողացա պատասխանել։ Մի քանի րոպեից հետո ես ուշքի եկա, և նա ինձ ողջ֊առողջ տարավ իմ փոքրիկ դայակի մոտ, որն արդեն վերադարձել էր ինձ թողած տեղն ու սրտաճաք եղել, երբ տեսել էր, որ ես չկամ և իր կանչերին էլ չեմ պատասխանում․ նա խիստ կերպով շան համար հանդիմանեց պարտիզպանին ։ Բայց այդ դեպքը մնաց գաղտնի և արքունիքում ոչ ոք չիմացավ, որովհետև աղջիկը վախենում էր թագուհու զայրույթից, իսկ ես էլ, ճիշտն ասած, մտածեցի, թե այդ պատմությունը, եթե տարածվի, կարող է վարկաբեկել ինձ։
Այդ դեպքից հետո Գլյումդալկլիչը որոշեց, որ այսուհետև տանից դուրս գալիս, նա ոչ մի վայրկյան ինձ աչքաթող չպիտի անի։ Վաղուց ի վեր ես վախենում էի այդպիսի որոշումից ու դրա համար էլ նրանից թաքցնում էի բոլոր մանր արկածները, որ ես ունենում էի մենակ եղած ժամանակ։ Մի անգամ մի ցին, որ սավառնում էր պարտեզի վրա, հարձակվեց վրաս, և, եթե ես վճռական կերպով չհանեի թուրս ու պաշտպանվելով չմտնեի մի խիտ թփի մեջ, անշուշտ նա իր մագիլներով ինձ պիտի տաներ։ Մի ուրիշ անգամ խլուրդի քանդած թարմ հողաթմբի վրա քայլելիս ցած գլորվեցի ու մինչև իմ վիզն ընկա այդ կենդանու փորած փոսը, և հարկավոր էր հնարել հիշատակելու անարժան, մի ինչ֊որ առասպել, որպեսզի արդարանամ, թե ինչու են շորերս կեղտոտ։ Ճիշտ նունպես, երբ ես զբոսնում էի մեն֊մենակ՝ խորհելով Անգլիայի մասին, ոտիս տակ ընկավ մի խխունջի կճեպ, սայթաքեցի, վայր ընկա ու կոտրեցի աջ սրունքիս վերին մասը։
Չեմ կարող ասել՝ բավականությու՞ն էր ինձ համար, թե՞ նվաստացում, երբ իմ միայնակ զբոսանքների ժամանակ նկատում էի, որ փոքրիկ թռչունները ոչ միայն չէին վախենում ինձնից,[49] այլ կես յարդ հեռավորության մոտենում էին ինձ՝ ճիճու և այլ կուտ գտնելու համար այնքան անտարբեր ու վստահ, որ կարծես թե կողքին ոչ մի արարած չկա։ Հիշում եմ՝ մի կեռնեխ հանդգնեց իր կտուցով ձեռքիցս խլել կարկանդակը, որ Գլյումդալկլիչը նոր էր բերել նախաճաշի համար։ Երբ փորձում էի այդ թռչուններից մեկին բռնել, նրանք անվախ կերպով դառնում էին դեպի ինձ, աշխատելով կծել իմ մատները, որ ես վախենում էի ցույց տալ․ ապա անհոգ կերպով հետ էին թռչում առաջվա պես ճիճու կամ խխունջ որսալու։ Բայց մի օր վերցրի մի հաստ ցուպ և ամբողջ ուժով այնպես հաջող խփեցի մի կանեփակերի, որ նա կիսամեռ վայր ընկավ․ երկու ձեռքով ես բռնեցի նրա վզից և հաղթանակով վազեցի դեպի իմ դայակը։ Սակայն թռչունը, որ հարվածից միայն անզգայացել էր, ուշքի եկավ և սկսեց իր թևերով երկու կողմից այնքան հարվածել իմ գլխին ու մարմնին, որ քսան անգամ թվաց ինձ, թե բաց պիտի թողնեմ, չնայած նրան, որ երկարած ձեռներով բռնել էի նրան և նա չէր կարողանում իր կտուցը հասցնել ինձ։ Բայց շուտով ծառաներից մեկն ինձ օգնության հասավ ու կտրեց թռչունի վիզը, իսկ մյուս օրը թագուհու հրամանով ճաշին այդ թռչունը տվին ինձ։ Այդ կանեփակերը, որքան ես հիշում եմ, ավելի մեծ թվաց, քան անգլիական կարապը։ Հաճախ պալատական կանայք հրավիրում էին Գլյումդալկլիչին իրենց սենյակը և առաջարկում, որ ինձ հետը բերի, որպեսզի ինձ տեսնելով և ձեռք տալով բավականություն ստանան։ Հաճախ մերկացնելու չափ հանում էին իմ շորերն ու դնում իրենց կրծքին, որ ինձ համար միանգամայն անհաճելի էր, որովհետև, ճշմարիտն ասած, նրանց մաշկից շատ վատ հոտ էր գալիս։ Այդ հանգամանքն այստեղ ես հիշում եմ, չունենալով ոչ մի մտադրություն վարկաբեկելու այդ չքնաղ տիկիններին, որոնց հանդեպ ես հարգանքով եմ լցված, պարզապես ինձ թվում է, որ իմ զգայարանները, իմ հասակիս համեմատ, ավելի նուրբ են, և ոչ մի հիմք չկա կարծելու, որ այդ արժանապատիվ էակներն իրենց սիրեկաններին կամ միմյամց համար պակաս հաճելի են, քան թե նույն կարգի էակները մեզ մոտ՝ Անգլիայում։ Վերջապես ես գտնում եմ, որ նրանց բնական հոտն ավելի տանելի է, քան այն անուշահոտ օծանելիքները, որ նրանք սովորաբար գործ են ածում և որոնցից ես միշտ զզվանք եմ զգում։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի տաք օր, երկարատև ֆիզիկական աշխատանքից հետո մի լիլիպուտ, որ իմ մտերիմ բարեկամներից մեկն էր, համարձակվեց գանգատվել, թե ինձնից վատ հոտ է գալիս, թեև ես այդ պակասությունը նույնքան քիչ ուեմ, որքան և իմ սեռի ներկայացուցիչների մեծագուն մասը․ ենթադրում եմ, որ լիլիպուտի զգայնությունը նույնքան նուրբ էր իմ հանդեպ, որքան իմը՝ այդ հսկաների հանդեպ։ Սակայն միևնույն ժամանակ արդարացի լինելու համար պիտի ասեմ, որ թագուհու և իմ դայակ Գլյումդալկլիչի մարմինները նույնքան հոտավետ են, որքան ամենաբարեկիրթ անգլիական լեդիների մարմինները։
Ամենաանհաճո բանն ինձ համար պալատական տիկինների (երբ իմ փոքրիկ դայակը բերում էր ինձ նրանց մոտ) անպատկառ վերաբերմունքն էր։ Կարծես թե ես նրանց համար մի անարժեք արարած լինեի։ Նրանք հանվում էին մերկանալու չափ, և իմ ներկայությամբ, երբ ես կանգնած էի լինում նրանց զուգվելու սեղանի վրա, նրանց մերկ մարմինների առաջ, նրանք փոխում էին իրենց շապիկները, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ այդ տեսարանն ամենևին չէր գայթակղեցնում ինձ և ուրիշ ոչ մի զգացմունք իմ մեջ չէր առաջացնում, բացի զզվանքից ու նողկանքից․ երբ ես մոտիկից նայում էի, նրանց կաշին սաստիկ կոպիտ էր երևում և անողորկ, խայտաբղետ ու ափսեի մեծությամբ բնական բծերով, իսկ մազերը, որոնցով ծածկված էր կաշին, հաստ պարանների էին նման․ նրանց մարմինների մյուս մասերի մասին ես լռությամբ կանցնեմ։ Ճիշտ նույնպես նրանք ամենևին չէին քաշվում իմ առաջ թափելու այն, ինչ նրանք խմել էին, որ պակասը երկու տակառի չափ էր, և մի ամանի մեջ, որ երեք տոննա տարողություն ուներ։ Այդ տիկիններից ամենագեղեցիկը, որ մի չարաճճի, տասնվեց տարեկան աղջիկ էր, երբեմն նստեցնում էր ինձ իր ծծի պտուկի վրա և ստիպում, որ ես նրա մարմնի վրա զանազան արշավանքներ կատարեմ․ սակայն ընթերցողը թույլ կտա ինձ հետագա մանրամասնությունների մեջ չմտնել։ Այդ ամենն այն աստիճանի անհաճո էր ինձ, որ ես խնդրեցի Գլյումդալկլիչին՝ մի պատճառ հնարի, որպեսզի ես այդ աղջկա հետ այլևս չտեսնվեմ։
Մի օր մի երիտասարդ ջենտլմեն, որ իմ դայակի վարժուհու ազգականն էր, նրանց հրավիրեց որ գան և տեսնեն մի գլխատություն։ Դատապարտյալը մի ոճրագործ էր, որ սպանել էր այդ ջենտլմենի մտերիմ ծանոթներից մեկին։ Գլյումդալկլիչին հազիվ համոզեցի, որ ընկերակցի իրենց, որովհետև նա ի բնե քնքշասիրտ էր․ իսկ ինչ վերաբերում է ինձ, թեև ես զզվում եմ նման տեսարաններից, այնուամենայնիվ իմ հետաքրքրությունը հրապուրեց տեսնելու մի բան, որ իմ կարծիքով շատ արտասովոր պիտի լիներ։ Ոճրագործին կապել էին մի աթոռից, որ դրված էր հատկապես պատրաստած կառափնատի վրա․ նրա գլուխը կտրեցին մի սրով, որ մոտ քառասուն ոտնաչափ երկարություն ուներ։ Նրա երակներից ու շնչափողից արյունը խփեց մի այնպիսի ուժով և առատությամբ, որի հետ չէր կարող մրցել Վերսալի մեծ շատրվանը, և գլուխը ընկնելիս այնպես բախվեց կառափնատի հատակին, որ ես ցնցվեցի, թեև առնվազն կես անգլիական մղոն հեռավորության վրա էի։
Թագուհին, որը հաճախ լսել էր իմ ծովային ճանապարհորդությունների մասին, և միշտ օգտվում էր առիթից զվարճացնելու ինձ, երբ ես մելամաղձոտ էի լինում, մի անգամ հարցրեց, թե ես առագաստ կամ թի գործածել գիտե՞մ, կամ թե չէ թիավարության մի փոքրիկ վարժությունն օգտակար չէ՞ր լինի իմ առողջության համար։ Ես պատասխանեցի, թե երկուսից էլ լավ հասկացողություն ունեմ։ Թեև իսկական արհեստով եղել եմ վիրաբույժ կամ նավային բժիշկ, սակայն հաճախ, երբ հարկը պահանջել է, ստիպված եմ եղել աշխատել, իբրև սովորական նավաստի։ Միայն չգիտեի, թե ինչպե՞ս կարելի էր թագուհու ցանկությունը գլուխ բերել այդ երկրում, ուր ամենափոքր մակույկը հավասար էր մեր առաջնակարգ ռազմանավին, իսկ այն նավակը, որ ես կարող էի ղեկավարել, երբեք չէր դիմանա այստեղի գետերի հորձանքներին։ Օգոստափառ թագուհին ավելացրեց, որ եթե ես կազմելու լինեմ նավի նախագիծը, նրա հյուսնը կշինի, իսկ նավարկության համար ինքն ավազան պատրաստել կտա։ Հյուսնը, որ մի հմուտ վարպետ էր, տասն օրվա ընթացքում իմ ցուցմունքով շինեց խաղալիքի պես մի նավակ՝ իր բոլոր պարագաներով, ուր հեշտությամբ կարող էր ութ եվրոպացի նստել։ Երբ նավակը շինած պատրաստ էր, թագուհին այնպես հիացավ, որ գիրկն առած այն՝ վազեց թագավորի մոտ․ թագավորը հրամայեց, որ այդ նավակը ինձ հետ միասին, փորձի համար դնեն ջրով լի մի տաշտակի մեջ, ուր տեղի պակասության պատճառով չկարողացա բանեցնել իմ զույգ թիերը։ Բայց թագուհին սկզբում այլ ծրագիր էր նախագծել։ Նա հրամայել էր իր հյուսնին շինել փայտե մի երկար տաշտ երեք հարյուր ոտնաչափ երկարությամբ, հիսուն ոտնաչափ լայնությամբ և ութ ոտնաչափ խորությամբ, որ դրված էր պալատի մյուս սենյակի հատակին, պատի տակ, և որպեսզի չկաթի՝ լավ ձյութած էր։ Հատակին մի ծորակ կար՝ հնացած ջուրը բաց թողնելու համար, և երկու ծառա հեշտությամբ կես ժամվա մեջ կարող էին կրկին ջրով լցնել։ Այդտեղ ես հաճախ թիավարում էի թե՛ իմ հաճույքի և թե՛ թագուհու և իր ֆրեյլինների, որոնց մեծ զվարճություն էր պատճառում իմ հմտությունն ու ճարպկությունը։ Հաճախ ես առագաստ էի պարզում, և այդ դեպքում ինձ մնում էր միայն նավը կառավարել, որովհետև պալատական կանայք քամի էին անում իրենց հովհարներով․ իսկ երբ նրանք հոգնում էին, մանկլավիկներից մի քանիսը սկսում էին փչել բերանով, և այդ ժամանակ ես ցույց էի տալիս իմ նավաստու վարպետությունը, թեքելով նավը մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ։ Վերջացնելուց հետո Գլյումդալկլիչը տանում էր իմ նավակն իր սենյակն ու չորացնելու համար կախում մեխից։
Այդ վարժությունների ժամանակ մի անգամ մի դեպք պատահեց, որ քիչ մնաց կյանքից զրկվեի։ Երբ մանկլավիկներից մեկը նավակը դրեց տաշտակի մեջ Գլյումդալկլիչի վարժուհին սիրալիր կերպով վերցրեց ինձ նավը նստեցնելու, այդ րոպեին ես սահեցի նրա մատների միջից, և անկասկած քառասուն ոտնաչափ բարձրությունից ցած կգլորվեի, եթե իմ բախտից ինձ չպահեր այդ ազնիվ տիկնոջ կորսաժից դուրս ցցված գնդասեղը։ Գնդասեղի գլուխը մտավ իմ շապիկի և անդրավարտիքի գոտու մեջտեղն, ու ես մնացի օդի մեջ կախված, մինչև որ Գլյումդալկլիչը վազեց և ազատեց ինձ։
Մի ուրիշ անգամ ծառաներից մեկը, որի պարտականությունն էր երեք օրը մի անգամ մաքուր ջուր լցնել տաշտը, անուշադրությամբ թողել է, որ լիքը դույլի միջից մի մեծ գորտ ընկնի մեջը (առանց նշմարելու)։ Մինչև ինձ նավակ նստեցնելը գորտը թաքնվել էր․ բայց երբ նստելու տեղ տեսավ, վեր ցատկեց և ծանրությամբ այնքան թեքեց նավակը մի կողքի վրա, որ ես ստիպված էի իմ ամբողջ քաշով հակառակ կողմից հավասարակշռել նրան, որպեսզի նավակը չընկղմի։ Երբ գորտն արդեն նավակի մեջ էր, սկսեց իմ գլխի վրայով հետ ու առաջ ցատկոտել և իր գարշելի լորձունքը քսել իմ երեսին ու շորերին։ Իր վիթխարի կերպարանքով նա ինձ թվաց ամենաայլանդակ կենդանին, որ կարելի է երևակայել։ Չնայած դրան Գլյումդալկլիչին խնդրեցի թույլ տա, որ դրա հաշիվը ես տեսնեմ։ Թիով մի քանի անգամ հասցրի նրա գլխին ու ստիպեցի, որ նավակից դուրս ցատկի։
Բայց այդ թագավորության մեջ պատահած ամենամեծ վտանգի պատճառը եղավ մի կապիկ, որ պատկանում էր խոհանոցի ծառաներից մեկին։ Երբ Գլյումդալկլիչը գործով, կամ այցելության համար մի որևէ տեղ էր գնում, փակում էր ինձ իր սենյակի մեջ։ Եղանակը լավ էր, և սենյակի պատուհանը բաց էր, բաց էին նաև պատուհաններն ու դուռը իմ մեծ արկղի, որի մեջ ես սիրում էի ժամանակ անց կացնել, որովհետև այդտեղ շատ հարմար էր և ընդարձակ։ Երբ ես խոհերիս անձնատուր հանգիստ նստած էի սեղանիս առաջ՝ լսեցի, որ մեկը պատուհանից ներս ցատկեց ու սկսեց մի կողմից մյուսը թռչկոտել։ Թեև սաստիկ վախեցա, բայց և այնպես, առանց տեղից շարժվելու փորձեցի դուրս նայել․ և ես տեսա մի կապիկ, որ թռչկոտում էր ու վեր ու վար ոստոստում, մինչև որ նկատեց իմ արկղն ու սկսեց մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ դիտել՝ դռնից ու ամեն մի պատուհանից դեպի ներս նայելով։ Ես քաշվեցի իմ սենյակի, այսինքն արկղի հեռավոր անկյունը, բայց ամեն կողմ նայող կապիկի հայացքը մի այնպիսի սարսափ ազդեց վրաս, որ ես կորցրի մտածելու կարողությունս և խելքս չկտրեց, մահճակալի տակը մտնել, որ հեշտությամբ կարող էի անել։ Կսպիկը մի առ ժամանակ դես ու դեն նայելուց, ճչալուց ու ծամածռություններ անելուց հետո, վերջապես գտավ ինձ, և իր թաթը դռնից ներս խցկեով, մկան հետ խաղացող կատվի պես, հակառակ նրան, որ ես հաճախ նրանից խուսափելու համար մի տեղից մյուսն էի փախչում, բռնեց իմ վերարկուի փեշից (որ կարված էր այդ երկրի ամենահաստ և ամուր կերպասից) ու դուրս հանեց ինձ։ Նա վերցրեց ինձ իր աջ թաթի մեջ ու բռնեց այնպես, ինչպես, դայակը երեխային պահում է ծիծ տալու ժամանակ, ճիշտ նույն բանը ես տեսել եմ Եվրոպայում, երբ կապիկներն այդպես վերցնում էին կատվի ձագերին։ Եվ երբ ես դիմադրության փորձ արի, նա մի այնպիսի ուժով ինձ սեղմեց, որ ես ավելի խոհեմություն համարեցի ենթարկվել։ Ըստ երևույթին նա ինձ իր սեփական ցեղի մանուկներից մեկի տեղն էր ընդունել, որովհետև իր ազատ թաթով հաճախ քնքուշ փաղաքշում էր իմ երեսը։ Նրան ընդհատեց դռան աղմուկը, կարծես մեկը բաց էր անում․ կապիկն անմիջապես թռավ պատուհանի վրա, որտեղից ներս էր մտել, և երեք թաթի վրա, իսկ չորրորդով ինձ բռնած, ջրհորդաններով կողքի կտուրի վրա մագլցեց։ Ես լսեցի Գլյումդալկլիչի ճիչն այդ րոպեին, երբ արդեն նա ինձ տանում էր։ Խեղճ աղջիկը քիչ մնաց խելագարվի․ ամբողջ պալատը ոտքի կանգնեց․ ծառաները վազեցին սանդուղքներ բերելու․ բակից հարյուրավոր մարդիկ տեսնում էին կապիկին՝ տանիքի գլխին նստած նա բռնել էր ինձ, երեխայի պես, իր մի թաթի մեջ, իսկ մյուսով կերակրում էր ինձ՝ բերանս կոխելով զանազան ուտելիքներ, որ հանում էր նա իր դնչին կից պարկից և դմփում ինձ, երբ ես չէի ուզում ուտել։ Ներքև կանգնած ամբոխը չէր կարողանում զսպել իր ծիծաղը․ իմ կարծիքով չէր կարելի նրանց մեղադրել, որովհետև տեսարանը, անկասկած, բավականին զվարճալի էր ամենքի համար, իհարկե, ինձանից բացի։ Ոմանք սկսեցին քարեր նետել՝ կապիկին ցած բերելու հույսով, բայց այդ խստիվ արգելեցին, որովհետև այդպիսով անկասկած իմ գլուխը ջարդ ու փշուր կանեին։
Սանդուխքները դրին ու մի քանի հոգի բարձրացան վեր․ կապիկը տեսնելով նրանց ու հասկանալով, որ ինքը շրջապատված է և անկարող է իր երեք ոտքով փախչել, իսկույն բաց թողեց ինձ տանիքի վրա ու պուկ եկավ։ Եվ մնացի ես այդտեղ, հինգ հարյուր յարդ բարձրության վրա, ամեն րոպե սպասելով, որ քամին ինձ կնետի, կամ գլխապտույտից ինքս կգլորվեմ ցած․ բայց մի քաջ տղա, իմ դայակի ծառաներից մեկը, վեր բարձրացավ և ինձ իր անդրավարտիքի գրպանը դնելով, ողջ առողջ իջեցրեց ցած։[50] Ես համարյա խեղդվում էի այն զզվելի ախտոտություններից, որ կապիկը խցկել էր իմ կոկորդը․ սակայն իմ սիրելի փոքրիկ դայակը բարակ ասեղով դուրս հանեց այդ ամենն իմ բերանից, որից հետո ես փսխեցի ու մի փոքր հանգստացա։ Բայց ես այնպես թուլացել էի ու այնպես ջարդվել այդ գարշելի կենդանու գրկի մեջ, որ ստիպված էի երկու շաբաթ պառկել անկողնու մեջ։ Թագավորը, թագուհին և ամբողջ արքունիքն ամեն օր հարցնում էին իմ առողջությունը, իսկ օգոստափառ թագուհին իմ հիվանդության ժամանակ մի քանի անգամ այցելեց ինձ։ Կապիկին սպանեցին և հրաման տրվեց, որ պալատի մեջ այդպիսի կենդանիներ այլևս չպահեն։
Առողջանալուց հետո, երբ ես ներկայացա թագավորին՝ հայտնելու իմ շնորհակալությունը նրա ցույց տրված շնորհի համար, նա բարեհաճեց այդ արկածի առթիվ բավականին ծիծաղել։ Նա ինձ հարցրեց, թե ի՞նչ մտքեր ու խոհեր անցան իմ գլխով, երբ ես կապիկի գրկումն էի, ինչպե՞ս հավանեցի նրա տված ուտելիքը, նրա հյուրասիրելու ձևը, և թե տանիքի մաքուր օդից արդյոք չի՞ բացվել իմ ախորժակը։ Նա ցանկացավ նաև իմանալ, թե ինչ կանեի ես նման դիպվածին իմ հայրենիքում։ Նորին մեծությանը ես պատասխանեցի, թե Եվրոպայում կապիկ չկա, բացի հետաքրքրության համար ուրիշ տեղերից բերած կապիկներից, որոնք այնքան փոքր են, որ ես հեշտությամբ տասներկուսի հախից մի անգամից կգայի, եթե նրանք փորձեին հարձակվել ինձ վրա։ Իսկ ինչ վերաբերում է այդ հրեշավոր կենդանուն, որի հետ վերջերս գործ ունեցա (իսկապես նա մի փղի չափ էր), եթե սարսափը չխլեր ինձանից թուր բանեցնելու կարողությունս (այդ խոսքերն արտասանելիս կատաղի կերպով նայեցի ու ձեռքս խփեցի թրիս դաստակին), երբ նա իր թաթը խոթեր իմ սենյակը՝ մի այնպիսի հարված կհասցնեի, որ նա ավելի շուտ ուրախ կլիներ ծլկել իմ մոտից։ Այդ խոսքերը ես արտասանեցի զորավոր շեշտով, ինչպես մի մարդ, որ բծախնդիր է, թե մի գուցե իր քաջությունը կասկածի առարկա լինի։ Այսուհանդերձ իմ ճառը ծիծաղ առաջացրեց պալատականների մեջ, որոնք չնայած նորին մեծության հանդեպ ունեցած հարգանքին, չկարողացան իրենց զսպել։ Դա առիթ տվեց խորհրդածելու, թե որքան անօգուտ է պատվի արժանանալու ջանքն այն մարդկանց կողմից, որոնք քեզ հետ ոչ հավասարվել կարող են և ոչ էլ բաղդատվել։ Եվ իմ վարմունքի բարոյական կողմը շատ հաճախ ինձ համար տեսանելի էր դառնում Անգլիա վերադառնալուց հետո, ուր մի չնչին ստահակ, որ ոչ բարձր ծագում ունի, ոչ շնորհք, ոչ խելք և ոչ էլ հասկացողություն, համարձակվում է իրեն կարևոր տեսք տալ և թագավորության մեծ մարդկանց շարքը դասել։
Օր չէր անցնում, որ ես պալատում ծիծաղի առարկա չդառնայի, և Գլյումդալկլիչը, չնայած իր քնքուշ վերաբերմունքին դեպի ինձ, ինքնահատուկ հեգնանքով պատմում էր իմ արկածները թագուհուն, եթե նա համարում էր, որ այդ արկածները կարող են նրան զվարճություն պատճառել։ Մի օր աղջիկն իրեն վատ էր զգում, և վարժուհին նրան իր հետ վերցրեց զբոսանքի, պալատից երեսուն մղոն հեռու՝ մաքուր օդ ծծելու համար։ Կառքը կանգ էր առել դաշտի խաչաձև մի ճանապարհի վրա․ Գլյումդալկլիչը իմ արկղը դրեց գետնին ու ես գնացի զբոսանքի։ Ճանապարհին կովի մի մեծ կույտ աղբ կար։ Ես ուզեցի ցույց տալ իմ ճարպկությունն ու փորձեցի թռչել այդ աղբի վրայից։ Ես վազեցի, սակայն թռիչքս շատ կարճ էր և ընկա ուղիղ այդ աղբի մեջտեղն ու մինչև ծնկներս խրվեցի մեջը։ Ահագին ջանք էր հարկավոր, որ ես դուրս գայի այդտեղից․ ծառաներից մեկն իր թաշկինակով լավ սրբեց իմ շորերը, իսկ Գլյումդալկլիչը մինչև տուն գալը այլևս ինձ արկղից բաց չթողեց։ Թագուհին անմիջապես իմացավ այդ արկածի մասին, իսկ սպասավորները տարածեցին ամբողջ պալատում, այնպես որ մի քանի շաբաթ ծաղրի առարկա էի ամենքի համար։
Գլուխ վեցերորդ
Զանազան հնարագիտություններ հեղինակի կողմից՝ թագավորին ու թագուհուն զվարճություն պատճառելու։ Նա ցույց է տալիս իր շնորհքը երաժշտության մեջ։ Թագավորը հարց ու փորձ է անում Անգլիայի պետական ձևի մասին, և հեղինակը պատմում է նրան։ Թագավորի արած դիտողությունները։
Սովորաբար շաբաթը մեկ կամ երկու անգամ ներկայանում էի թագավորին իր հարդարանքի ժամանակ, ու հաճախ տեսնում էի նրան սափրվելիս, որ սկզբում ինձ վրա մեծ սարսափ էր ազդում, որովհետև ածելին համարյա երկու անգամ մեծ էր մեր սովորական գերանդուց։ Երկրի սովորության համեմատ նորին մեծությունը շաբաթը միայն երկու անգամ էր սափրվում։ Մի անգամ սափրիչից խնդրեցի մի քիչ օճառի փրփուր, որից ես քառասուն թե հիսուն հատ մազ հանեցի։ Ապա վերցրի փայտի մի բարակ կտոր, տաշեցի այնպես, որ սանրի կողի նմանի ու վրան, մեկը մյուսից հավասար հեռավորությամբ, Գլյումդալկլիչից առած ամենաբարակ ասեղով ծակոտիներ շինեցի։ Դանակովս քերթեցի և սրեցի մազերի ծայրերն ու ամրացրի այդ ծակոտիների մեջ մի այնպիսի հմտությամբ, որ ստացվեց կարգին սանր․ Այդ սանրը շատ տեղին ու ժամանակին էր, որովհետև իմս բանի պետք չէր, ատամները կոտրվել էին, իսկ այդ երկրի մեջ չկար մի այնպիսի հմուտ վարպետ, որ կարողանար նուրբ պատրաստել։
Այդ բանը հիշեցրեց սարքելու մի զվարճալի ժամանց, որին ես նվիրեցի իմ պարապ ժամերի մեծ մասը։ Ես խնդրեցի թագուհու սպասուհուն, որ ինձ համար հավաքի օգոստափառ թագուհու սանրվելուց մնացած մազերը, որից մի փոքր ժամանակ հետո ահագին մազ հավաքվեց։ Ապա խորհրդակցելով իմ բարեկամ պալատական հյուսնի հետ, որ հրաման ուներ ինձ համար մանր իրեր շինելու, իմ ցուցմունքներով պատրաստել տվի երկու բազկաթոռ, իմ արկղիս մեջ ունեցածներիցս ոչ ավելի մեծ և այդ աթոռների այն մասեի շուրջը, որ հատկացված են մեջքի ու նստատեղի համար մախաթով բացել տվի ծակոտիներ։ Այդ ծակոտիների մեջ ես հյուսեցի թագուհու մազերը՝ այն ձևով, ինչպես անգլիական եղեգնյա աթոռներն են շինում։ Վերջացնելուց հետո աթոռները նվիրեցի օգոստափառ թագուհուն, որը դնելով իր առանձնասենյակում, իբրև հազվագյուտ բան, ցույց էր տալիս ամենքին․ և ով տեսնում էր, իսկապես զարմանում էր։ Թագուհին ցանկություն հայտնեց, որ ես նստեմ այդ բազկաթոռներից մեկի վրա, բայց ես կտրականապես մերժեցի կատարելու նրա հրամանը, բողոքելով, թե ես հազար անգամ կուզենայի մեռնել, քան իմ մարմինը տեղավորել այն անգին մազերի վրա, որոնք երբեմն զարդարել են օգոստափառ թագուհու գլուխը։ Բացի այդ նրա մազերից ես շինեցի մի փոքրիկ չքնաղ քսակ (արհեստների մեջ ես միշտ շնորհք եմ ունեցել), որ հինգ ոտնաչափ երկարություն ուներ, վրան ոսկով դրոշմեցի օգոստափառ թագուհու սկզբնատառերն ու թագուհու համաձայնությամբ նվիրեցի Գլյումդալկլիչին։ Ճիշտն ասած, այդ քսակն ավելի շատ ցույց տալու համար էր, քան գործադրելու, որովհետև նրանց դրամների ծանրությունը պահելու համար այս քսակն այնքան ամուր չէր, ուստի դրա մեջ նա դնում էր մանր խաղալիքներ, որոնց աղջիկները շատ սիրահար են։
Թագավորը երաժշտություն շատ էր սիրում․[51] և արքունիքում հաճախ սարքում էին համերգներ, և ինձ ևս երբեմն տանում էին լսելու, սակայն գործիքների աղմուկն այնքան ուժգին էր, որ ես չէի կարողանում ըմբռնել եղանակը։ Հավատաված եմ, որ անգլիական թագավորական բանակի բոլոր թմբկահարներն ու փողահարները, եթե միանգամից թմբակահարեին ու փողահարեին ձեր ականջի տակ, չէին կարող հավասարվել այդ երաժշտությանը։ Սովորաբար համերգի ժամանակ իմ արկղը հեռացնում էի երաժիշտներից, ապա փակում արկղիս դուռն ու պատուհանները և իջեցնում վարագույրները․ դրանից հետո միայն գտնում էի, որ նրանց երաժշտությունն այնքան էլ անհաճո չէ։
Երիտասարդ ժամանակ ես մի փոքր սովորել էի սպինետի վրա նվագել․ դրանից մեկը դրված էր Գլյումդալկլիչի սենյակում, ու շաբաթը երկու անգամ նրան դաս տալու համար ուսուցիչ էր գալիս։ Դրան ես անվանում էի սպինետ,[52] որովհետև շատ նման է այն գործիքին և նվագելու ձևն էլ նույն է։ Մի անգամ մտքովս անցավ այդ գործիքի վրա անգլիական եղանակներ նվագելով զվարճացնել թագավորին ու թագուհուն։ Բայց այդ բանը շատ դժվար հաջողվեց, որովհետև սպինետը վաթսուն ոտնաչափ երկարություն ուներ, իսկ ամեն մի կլավիշը՝ պակասը երկու ոտնաչափ երկարություն, այնպես որ որքան էլ տարածեի իմ բազուկները՝ հինգ կլավիշից ավելի ձեռքս չէր հասնի, իսկ նրանց սեղմելու համար հարկավոր էր բռունցքի սաստիկ հարված, որ մեծ ջանք էր պահանջում ու նպատակին չէր հասցնում։ Իմ հնարած միջոցն այս էր։ Ես երկու հատ կլոր գավազան պատրաստեցի, սովորական ցուպի չափ, դրանց մի ծայրն ավելի հաստ էր, քան մյուսը․ հաստ ծայրերը ես փաթաթեցի մկան կաշիով, որպեսզի զարկելու ժամանակ չվնասեմ կլավիշներն ու չխանգարեմ նվագը։ Սպինետի առաջ, չորս ոտնաչափ ցածր, մի նստարան էր դրած, որի վրա դրին ինձ։ Ես սկսեցի արագ֊արագ այդ նստարանի վրա ետ ու առաջ վազել, ձեռքիս գավազաններով զարկելով հարկավոր կլավիշներին և այդպիսով նվագել մի պարի եղանակ, պատճառելով թագավորին ու թագուհուն խոշոր բավականություն։ Սակայն դա մինչև օրս ունեցած ամենադժվար մարմնամարզություններիցս մեկն էր․ և, չնայած դրան, ես ավելի քան տասնվեց կլավիշի չէի կարողանում զարկել ու հետևապես միանգամից չէի կարողանում նվագել բասի և դիսկանտի կլավիշների վրա, ինչպես անում են ուրիշ արտիստները, որից խիստ վնասվում էր եղանակի ներդաշնակությունը։
Թագավորը, որ, ինչպես առաջ հիշեցի, մեծ խելքի տեր արքա էր, հաճախ հրամայում էր, որ ինձ արկղի հետ բերեն ու դնեն իր կաբինետի սեղանի վրա։ Ապա հրամայում էր ինձ, որ աթոռներից մեկը արկղից հանեմ, և նստեցնում էր ինձ երեք յարդ հեռավորության պահարանի գլխին, համարյա իր երեսի դեմուդեմ։ Այս դիրքով ես նրա հետ շատ անգամ եմ զրուցել։ Մի օր ես համարձակվեցի նորին մեծության ասել, թե Եվրոպայի և աշխարհի մյուս մասի հանդեպ նրա ունեցած արհամարանքը չի համապատասխանում իր մտքի վսեմ ունակություներին․ որ այդ ունակությունների ծավալը զուգընթաց չէ մարմնի զանգվածին․ ընդհակառակը, մեր երկրում նկատված է, որ բարձրահասակ մարդիկ սովորաբար ավելի քիչ են օժտված այդ առավելությամբ․ որ մյուս կենդանիների մեջ մրջյուններն ու մեղուները ժրաջանության, ճարտարության ու խելացիության ավելի մեծ համբավ ունեն, քան խոշոր կենդանիներից շատերը, և որքան էլ ես չնչին երևամ նրան, այնուամենայնիվ հույս ունեմ, որ մի օր կարող եմ նորին մեծությանը մատուցել որևէ նշանավոր ծառայություն։ Թագավորն ուշադրությամբ լսեց և ապա սկսեց ավելի լավ կարծիք կազմել իմ մասին, քան առաջ։ Նա ցանկություն հայտնեց, որ ես կարողացածի չափ ճշգրիտ տեղեկություններ տամ նրան անգլիական կառավարության մասին, որովհետև, որքան էլ միապետները սիրահար լինեն իրենց սեփական երկրի սովորություններին (այդ եզրակացության էի եկել մյուս միապետների մասին՝ իմ նախկին զրույցներից հետո), նա երջանիկ կլինի, եթե լսի ընդօրինակության արժանի բաներ։
Ազնիվ ընթերցող, ինքդ երևակայիր, թե դրանից հետո քանի՜֊քանի անգամ եմ ուզել Դեմոսթենեսի կամ Կիկերոնի ճարտասանությունն ունենալ, որպեսզի կարողանայի իմ սիրելի հայրենիքի գովքն անել մի այնպիսի ոճով, որ համազոր լիներ նրա արժանիքներին և երջանկությանը։
Իմ ճառի սկզբում ես տեղեկություններ տվի նորին մեծությանը մեր պետության մասին, որ բաղկացած է երեք հզոր թագավորությունից, որոնք գտնվում են երկու կղզու վրա, չհաշված այն գաղութները, որ ունենք Ամերիկայում։ Ես երկար կանգ առա մեր երկրի հողերի պարարտության ու մեր եղանակների մեղմության վրա։ Ապա ես ընդարձակ կերպով պատմեցի անգլիական պառլամենտի, սահմանադրության մասին, մասնավորապես կանգ առնելով պառլամենտի մի հռչակավոր մասի վրա, որ կոչվում է լորդերի պալատ և բաղկացած է այնպիսի անձերից, որոնք ունեն ազնիվ արյուն և հնավանդ ու լայնատարած հայրենական ժառանգություն։ Ես նկարագրեցի, թե որպիսի՜ արտակարգ ու մշտական խնամքի առարկա է նրանց դաստիարակությունն արվեստի ու ռազմագիտության բնագավառում, որպեսզի թագավորի ու պետության համար նրանք դառնան կատարյալ խորհրդականներ, մասնակցեն օրենսդրության, անդամ լինեն գերագույն դատարանին, որի որոշումներն անբողոքելի են, և իրենց քաջությամբ, բարքով անփոխարինելի վարքագծով ու հավատարմությամբ միշտ պատրաստ լինեն իբրև ախոյան պաշտպանելու իրենց արքային և իրենց երկիրը։ Ես ասացի, որ այդ մարդիկ թագավորության զարդն ու պատնեշն են՝ արժանի զավակներն իրենց հռչակավոր նախահայրերի, որոնց առաքինությունը վարձատրվել է մեծարանքով և որոնց հետագա սերունդը երբեք չի շեղվել այդ առաքինություններից․ որ այդ ժողովին մասնակցում են մի քանի հոգևոր անձինք՝ եպիսկոպոսի տիտղոսով, որոնց մասնավոր պարտականությունն է հոգ տանել կրոնին և այդ ուղղութայմբ դաստիարակել ժողովուրդը, որ այդ հոգևորականներին ընտրում է ինքը արքան, իր իմաստուն խորհրդականների հետ միասին փնտրելով ամբողջ ազգության մեջ և այն հոգևորականների շարքից, որոնք ըստ արժանվույն հայտնի են իրենց սրբակրոն կյանքով, գիտության խորությամբ և որոնք կղերականների և ժողովրդի իսկական հոգևոր հայրերն են։
Այդ պառլամենտի մյուս մասը, շարունակեցի ես, բաղկացած է մի ժողովից, որ կոչվում է համայնքների պալատ, որի անդամներն անվանի ազնվականներ են՝ իրենց կարողության և հայրենասիրության համար ժողովրդի կողմից և իրենց դասի միջից ազատ ընտրված, որպեսզի ներկայացնեն ամբողջ ազգի իմաստությունը։ Եվ այդ երկու մարմինները Եվրոպայի մեջ հանդիսանում են այն վեհագույն ատյանները, որոնց, թագավորի հետ միասին, հանձնաված է երկրի օրենսդրությունը։
Այնուհետև ես անցա արդարության ատյանին ու նրա ղեկավար դատավորներին, այդ մեծահարգ իմաստուններին և օրենքի մեկնաբաններին, որոնք որոշում են խախտված իրավունքներն ու մարդկանց սեփականատիրությունը, պատժում մոլությունն ու պաշտպանում անմեղությունը։ Ես հիշատակեցի մեր պետական գանձարանի խոհեմ վարչության և ցամաքային ու ծովային ուժերի արիության ու քաջագործությունների մասին։ Ես տվի մեր ժողովրդի թիվը՝ հաշվելու՝ քանի՛ միլիոն կլինի ամեն մի կրոնական աղանդի և քաղաքական պարտիայի մեջ։ Ես չմոռացա նաև մեր սպորտները և ժամանցները և ոչ էլ մի այլ մանրամասնություն, որ իմ կարծիքով կարող էր բարձրացնել իմ հայրենիքի պատիվը։ Եվ ես վերջացրի այդ ամենը մի համառոտ պատմական ակնարկով՝ վերջին հարյուր տարվա ընթացքում Անգլիայում տեղի ունեցած գործերի և դեպքերի մասին։
Այս խոսակցությունը տեղի ունեցավ հինգ ունկնդրության ընթացքում և ամեն մի ունկնդրությունը տևեց մի քանի ժամ։ Թագավորը լսում էր ինձ մեծ ուշադրությամբ, հաճախ գրի առնելով իմ պատմածները և զանազան հարցեր, որ նա մտադիր էր տալ ինձ։
Երբ այս երկար պատմությունները վերջացան, վեցերորդ ունկնդրության միջոցին, նորին մեծությունը, կարգի բերելով իր գրած դիտողությունները, տեսավ, որ ամեն մի առարկայի վերաբերյալ ունի բազմաթիվ կասկածներ, հարցումներ և նկատողություններ։ Նա հարցրեց, թե ի՞նչ մեթոդներ են գործադրվում մեր երիտասարդ ազնվականների հոգևոր և մարմնավոր կրթության համար, առհասարակ ի՞նչ գործերի են նվիրում նրանք իրենց կյանքի առաջին և դյուրավարժ մասը։ Ի՞նչ կարգով են լրացնում ժողովը, երբ հանգչում է մի որևէ ազնվական տոհմ։ Ի՞նչ հատկություններ են հարկավոր, որպեսզի մեկը լորդ դառնա։ Արդյոք այդ առաջացումների ժամանակ չի՞ պատահում, որ դրդապատճառը լինի կամ միապետի քմահաճույքը, կամ մի որևէ պալատական տիկնոջ և առաջին մինիստրին տված գումարը, և կամ ժողովրդական շահերին հակամարտ պարտիան ուժեղացնելու ցանկությունը։ Որչա՞փ իրազեկ են այդ լորդերն իրենց երկրի օրենքներին և ընդունա՞կ են արդյոք վերջնականապես կարգադրելու իրենց հպատակների գործերը։ Մի՞թե նրանք միշտ այնքան զերծ են ագահությունից, կողմնապահությունից ու կարիքից, որ ոչ կաշառք, ոչ շողոքորթություն և ոչ էլ որևէ մի այլ խարդախ երևույթ գոյություն չունի նրանց մեջ։ Արդյոք այդ հոգևոր լորդերը, որոնց մասին ես պատմեցի, միշտ այդ պաշտոնի՞ն են արժանանում միմիայն շնորհիվ կրոնական խնդիրների մասին ունեցած իրենց ձեռնհասության ու սրբակրոն կյանքի և մի՞թե նրանք ոչ մի պակասություն չեն ունեցել այն ժամանակ, երբ եղել են հասարակ քահանա կամ ստրկորեն բռնաբարված մի կապելան որևէ ազնվականի տանը, որի կարծիքներին նրանք շարունակում են խոնարհաբար հետևել անգամ այդ ժողովը մուտք գործելուց հետո։
Այնուհետև նա ցանկացավ իմանալ, թե ի՞նչ կանոններ են գործադրվում, երբ ընտրում են դեպուտատներ, որոնց ես անվանեցի համայնքների պալատի անդամներ․ արդյոք մի օտար մարդ, որ ունի լիքը գրպան, չի՞ կարող ազդել ռամիկ ընտրողի վրա, որպեսզի նա իր ձայնը փոխանակ իր սեփական կալվածատիրոջ կամ մի որևէ նշանավոր հարևան ազնվականի տալու՝ իրեն տա։ Ինչպե՞ս է լինում, որ այդ մարդիկ սոսկալի կերպով ձգտում են այդ ժողովի անդամը դառնալու, թեև այդ, ինչպես ես ասացի, մի անհանգիստ և մեծածախս գործ է, որ հաճախ քայքայում է նրանց ընտանիքը և որի համար նրանք ոչ ռոճիկ են ստանում և ոչ էլ թոշակ։ Մի այդպիսի զոհողություն անելու համար այնքա՜ն առաքինություն ու ժողովրդասիրություն է պետք, որ նորին մեծությունն սկսեց կասկածել, թե ժողովրդին ծառայելու այդ ձգտումը կարող է պատահել, որ անկեղծ չլինի։ Եվ նա ցանկացավ իմանալ, թե այդ նախանձախնդիր ազնվականներն արդյոք չունե՞ն մի հետին միտք՝ հատուցանելու իրենց կրած չարչարանքներն ու անհանգստությունը նրանով, որ հասարակական գումարները տրամադրեն մի թուլակամ և անզգամ միապետի, որին ընկերակցած կլինեն և իր այլասերված մինիստրները։ Նա կրկնեց իր հարցումները, մանրազնին քննության ենթարկեց այս նյութի բոլոր կողմերը և արեց անթիվ դիտողություններ ու առարկություններ, որոնց կրկնելը, իմ կարծիքով, ոչ հարմար է և ոչ էլ խոհեմություն կլինի։
Արդարության ատյանի վերաբերյալ ասածներիս մի քանի կետերի նկատմամբ նորին մեծությունը ցանկացավ բացատրություն ստանալ․ այդ բանը ես կարողացա շատ հեշտությամբ անել, որովհետև առաջները մի անգամ ես համարյա թե քայքայվեցի մի երկարատև դատի ընթացքում, չնայած որ բարձրագույն դատարանը որոշել էր իմ օգտին, ինչպես և՛ դատական ծախքերը։ Թագավորը հարցրեց, թե արդարը ու մեղավորը որոշելու համար ինչքա՞ն ժամանակ է պետք և ինչքա՞ն ծախս է պահանջվում։ Թե փաստաբանները կարո՞ղ են դատ սկսել մեկի դեմ բացահայտ իմանալով, որ իրենք արդարացի չեն և խախտում են ուրիշի իրավունքը։ Արդյոք չի՞ նկատված, որ քաղաքական կամ կրոնական պարտիաները որևէ ճնշում գործեն արդարության կշռի նժարի վրա։ Հիշյալ փաստաբաններն իրավագիտական ընդհանու՞ր կրթություն են ստացել, թե՞ միայն ծանոթ են գավառական, ազգային ու տեղական այլ սովորությունների։ Այդ փաստաբանները, ինչպես և դատավորները, արդյոք չե՞ն մասնակցում այնպիսի օրենքների կազմության, որոնց լուսաբանությունն ու մեկնությունը թողնված են իրենց հայեցողության։ Արդյոք նրանք միևնույն գործի առթիվ, տարբեր ժամանակներում չե՞ն արտահայտվել և՛ թեր, և՛ դեմ և քաղվածքներ արել նախընթաց գործից, որպեսզի պաշտպանեն հակառակ տեսակետ։ Դրանք աղքա՞տ կորպորացիայի անդամներ են, թե՞ հարուստ։ Իրենց կարծիքը պաշտպանելու կամ արտահայտելու համար ստանու՞մ են նրանք որևէ դրամական վարձատրություն, թե՞ ոչ։ Մասնավորապես, իբր անդամ, նրանք ընդունվու՞մ են ստորին պալատ, թե՞ ոչ։
Թագավորն այնուհետև անդրադարձավ մեր գանձարանի վարչության և ասաց, թե իր կարծիքով հիշողությունս խաբում է ինձ, որովհետև մեր տարեկան եկամուտները ես հաշվեցի հինգ թե վեց միլիոն, մինչդեռ, իր խոսքերով, մեր ծախսերը երբեմն ավելի քան կրկնակի են։ Այդ կետում նրա գրի առած նկատողությունները շատ մանրամասն էին, որովհետև, իր ասելով, նա հույս ուներ, որ մեր ելևմտական գործերի մասին ստացած տեղեկությունները կարող են օգտակար լինել, և չի կարող պատահել, որ իր արած հաշիվները սխալ լինեն։ Բայց քանի որ իմ բերած թվերը ճիշտ էին, ապա նրա համար մնում էր առեղծված, թե կարո՞ղ է պատահել, որ մի թագավորություն վատնի իր կարողությունն այնպես, ինչպես մի մասնավոր մարդ է անում։ Նա հարցրեց, թե ո՞վ է մեզ պարտք տալիս և որտեղի՞ց ենք վճարում մեր պարտքերը։ Նա զարմացավ, երբ ես պատմեցի մեր մեծածախս և երկարատև պատերազմների մասին։ Կամ, ասաց նա, մենք կռվարար ժողովուրդ ենք, կամ մեր հարևաններն են վատ, իսկ մեր զորապետները պետք է որ ավելի հարուստ լինեն, քան մեր թագավորները։ Նա հարցրեց, թե ի՞նչ գործ ունենք մենք մեր կղզուց դուրս, բացի առևտրից ու դաշնություններից և մեր ափերը մեր նավերով պաշտպանելուց։ Մանավանդ նա զարմացավ, երբ լսեց, որ մենք իբրև ազատասեր ժողովուրդ խաղաղ ժամանակ մնայուն, վարձկան զորք[53] ենք պահում։ Նրա ասելով, եթե մենք ունենք ինքնավարություն, որին մասնակցում են մեր ներկայացուցիչները, ապա նա չի հասկանում՝ ումի՞ց է մեր վախը և ու՞մ դեմ ենք մենք պայքարում․ և հարցրեց իմ կարծիքը, թե արդյոք լավ չի՞ լինի, եթե ամեն մարդ ինքը պաշտպանի իր տունը, իր երեխաներին, իր ընտանիքը, քան թե այդ պաշտպանությունը հանձնի մի խումբ չնչին վարձով, պատահաբար փողոցից հավաքած սրիկաների, որոնք կարող են հարյուր անգամ ավելին ստանալ ու սրախողխող անել իրենց պաշտպանած մարդկանց։
Նա ծիծաղեց իմ անհեթեթ թվաբանության վրա (այդպես բարեհաճեց նա ասել), երբ մեր ժողովրդի թիվը ես հաշվեցի ի մի գումարելով կրոնական և քաղաքական աղանդների հետևորդների քանակը։ Հասկանալի չէ, ասաց նա, թե ինչու՞ նրան, ով հետևում է հասարակությանն աղետ բերող կարծիքին, ստիպում են, որ փոխի իր կարծիքը և չեն թողնում, որ այն իր մեջ պահի։ Եվ եթե առաջին դեպքում պահանջը մի պետության մեջ բարբարոսություն է, ապա երկրորդ դեպքում չբռնադատելը թուլության նշան է, որովհետև մեկին կարելի է թույլ տալ, որ իր տանը ունենա թույն, բայց չի կարելի թույլ տալ, որ այդ թույնը վաճառի որպես դեղանյութ։
Նա նկատեց, որ մեր ազնվականների և բարձր դասակարգի զվարճությունները թվելիս՝ ես հիշեցի նաև ազարտ խաղերը։ Նա ցանկացավ իմանալ, թե ի՞նչ հասակում են նրանք այդ զբաղմունքով պարապում և ե՞րբ՝ դադարում, ինչքա՞ն ժամանակ են նրանք կորցնում․ արդյոք այդ զբաղմունքը չի՞ հասնում այն աստիճանի, որ ազդի նրանց կարողության վրա, չի՞ պատահում, որ ստորաքարշ և արատավոր մարդիկ, ձեռք բերելով այդ արվեստի մեջ ճարպկություն, մեծ հարստություն են դիզում և այդպիսով կախյալ վիճակի մեջ են դնում մեր բարձր ազնվականներին, որոնք հետևելով իրենց անարգ ընկերների սովորություններին, շեղվում են իրենց մտավոր զարգացումից և ստիպված լինում, շնորհիվ իրենց խաղի մեջ ունեցած կորուստների, սովորելու և այլ վարկաբեկ խարդախություններ ուրիշների նկատմամբ։
Մեր երկրի մասին իմ տված վերջին հարյուր տարիների պատմական տեղեկությունները նրան մեծ զարմանք պատճառեցին։ Նա հայտարարեց, թե դա մի պատմություն է, ուր կա դավադրություննեերի մի կույտ, խռովություններ, սպանություններ, կոտորած, ռևոլյուցիաներ և աքսորներ, որ ագահության, անհամաձայնության, կեղծավորության, դավաճանության, դաժանության, կատաղության, ատելության, նախանձի, տռփանքի, չարության ու փառասիրության ամենավատթարագույն արդյունք են։
Մի այլ ունկնդրության ժամանակ նորին մեծությունը ջանաց տալ իմ բոլոր ասածների ամփոփումը՝ համեմատելով իմ պատասխաններն իր տված հարցերի հետ․ ապա վերցնելով ինձ իր ձեռքի վրա և քնքուշ փաղաքշանքով ինձ՝ նա դիմեց այնպիսի խոսքերով, որ ես երբեք չեմ մոռանա, ինչպես և այն ձևը, որով նա արտասանեց այդ խոսքերը։ Իմ փոքրիկ բարեկամ Գրիլդրիգ, դուք զարմանալի կերպով գովեցիք ձեր հայրենիքը, դուք պարզ կերպով ասացիք, որ տգիտությունը, ծուլությունը և մոլությունը հատուկ են միայն օրենսդիրներին․ որ օրենքներն ամենից լավ բացատրում, լուսաբանում ու գործադրում են նրանք, որոնք ամենից ավելի շատ են շահագրգռված և ամենից ավելի ճարպիկ են այդ օրենքները խեղաթյուրելու, շփոթելու ու զանց առնելու մեջ։ Ես ձեր հիմնարկներում նկատում եմ մի գիծ, որ ընդհանուր առմամբ գուցե և տանելի է, սակայն կիսով չափ կեղծված է ու կիսով չափ արատավորված և ապականված։ Քո ասածներից չի երևում, որ որևէ դիրքի հասնելու համար պահանջվելիս լինի որևէ առաքինություն, և մանավանդ չի երևում, որ մեկն ազնվական դառնա իր առաքինությունների համար, որ հոգևորականությունը բարձր պաշտոնների հասնի իր մաքրակրոն կյանքի և գիտության համար, զինվորները՝ իրենց բարքի ու քաջության համար, դատավորները՝ իրենց անկաշառության համար, ավագանին՝ հայրենասիրության համար ու պետական խորհրդականները՝ իրենց իմաստության համար։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ (շարունակեց թագավորը), կյանքի մեծագույն մասը դուք անց եք կացրել ճանապարհորդությունների մեջ և ես ավելի տրամադիր եմ կարծելու, որ դուք առայժմ զերծ եք մնացել ձեր հայրենիքի մի շարք մոլություններից։ Սակայն ձեր պատմածներն ու ձեզանից այնպիսի դժվարությամբ կորզած պատասխաններն ի մի ամփոփելով կարող եմ միայն մի եզրակացության գալ, որ ձեր հայրենակիցների մեծագույն մասը զզվելի զեռունների մի ոճրագործ ցեղ է, որի նմանը երբեք չի սողացել գետնի երեսով։
Գլուխ յոթերորդ
Հեղինակի հայրենասիրությունը։ Նա մի նպաստավոր առաջարկություն է անում թագավորին, իսկ թագավորը մերժում է։ Թագավորի տգիտությունը քաղաքական հարցերում։ Այդ երկրի գիտությունը շատ անկատար ու սահմանափակ է։ Նրանց օրենքները, զինվորական գործերն ու քաղաքական պարտիաները։
Միայն իմ չափազանց սերը դեպի ճշմարտությունն արգելեց ինձ թաքցնելու պատմությանս այս մասը։
Ցույց տալ իմ զայրույթն անտեղի էր, որովհետև դա միայն ծիծաղ կհարուցեր․ այդպիսի անիրավ վերաբերմունքի հանդեպ դեպի իմ ազնիվ ու սիրեցյալ հայրենիքը ես ստիպված էի համբերատար լինել․ ինձ վիճակված դերի համար ես սրտանց ափսոսում էի, ինչպես կափսոսար հավանաբար ամեն մի ընթերցող, սակայն այդ միապետն այնքան հետաքրքիր էր և ամեն մի մանրամասնության նկատմամբ այնքան բծախնդիր, որ ես ոչ իմ երախտապարտությամբ և ոչ էլ իմ բարեկրթությամբ անկարող էի զրկել նրան այդ բավականությունից։ Տակավին չքմեղ լինելու համար, թող թույլ տրվի ինձ ասել, վարպետորեն խույս էի տալիս նրա շատ հարցերից և շատ կետերում էլ հարցին տալիս էի նպաստավոր լուսաբանություն, քան թույլ էր տալիս ճշմարտության խստությունը։ Եվ հաճախ ցույց էի տալիս դեպի իմ հայրենիքն այն գովելի կողմնապահությունը, որ Դիոնիսիոս Հալիկարնասցին[54] արդարացի կերպով հանձնարարում է ամեն մի պատմաբանի։ Ես ուզում էի թաքցնել իմ հայրենիքի բոլոր անարդարություններն ու այլանդակությունները և դրանց փոխարեն ավելի նպաստավոր լույսի տակ ցույց տալ նրա առաքինի և գեղեցիկ կողմերը։ Այդ էր հզոր թագավորի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ իմ անկեղծ ջանքը, թեև այդ դժբախտաբար հաջող արդյունք չտվեց։
Բայց չի կարելի խստապահանջ լինել դեպի մի թագավոր, որ ամբողջովին կտրված է աշխարհի մյուս մասերից և այդ պատճառով էլ միանգամայն անծանոթ և ուրիշ ազգերի վարք ու բարքին և սովորություններին․ այդ ծանոթության պակասությունն առաջ է բերում բազմաթիվ նախապաշարումներ ու մտքի սահմանափակություն, որոնցից զերծ ենք թե՛ մենք և թե՛ Եվրոպայի լուսավոր երկրները։ Իհարկե անմիտ բան կլինի իբրև օրինակ առաջարկել մարդկությանը մի այդպիսի հեռավոր միապետի գաղափարներն առաքինության ու մոլության մասին։
Ասածներս հաստատելու համար, այլև սահմանափակ կրթության տխուր հետևանքները ցույց տալու նպատակով, ես այստեղ պիտի հիշեմ մի դիպված, որին դժվար է հավատալ։ Նորին մեծության շնորհին ավելի մեծ չափով արժանանալու հույսով, ես պատմեցի նրան սրանից չորս թե հինգ դար առաջ եղած մի տեսակ սև փոշու գյուտի մասին, որը եթե անգամ սարի չափ բարձրություն ունենա, մի ամենափոքր կայծից անմիջապես բոցավառվում է, օդի մեջ թռչում և որոտի նման գոռում ու երկիրը ցնցում։ Ես պատմեցի, որ այդ փոշուց որոշ քանակություն եթե լցնես պղնձի կամ երկաթի մի դատարկ խողովակի մեջ, կարող է, նայած իր մեծության, դուրս նետել երկաթի կամ արճճի գնդակը մի այնպիսի ուժով և արագությամբ, որ ոչ մի բան չի կարող նրա հարվածին դիմանալ․ որ այդպես արձակված մի մեծ գնդակ ոչ միայն կարող է ոչնչացնել զորաբանակի ամբողջ շարքեր, այլև հիմնահատակ է անում ամենաամուր պատնեշները, ծովի տակն անում հազարավոր մարդկանցով լի նավեր, իսկ երբ նրանք շղթայով միմյանց են կապված, այն ժամանակ ջարդուփշուր է անում նրանց կայմերն ու սարքավորումը, հարյուրավոր մարմիններ մաս֊մաս անում և չորս կողմն ամայություն սփռում։ Որ մենք հաճախ այդ փոշին լցնում ենք երկաթե մեծ գնդակների մեջ ու մեքենայի միջոցով արձակում դեպի պաշարած քաղաքը, ուր նրանք քարուքանդ են անում սալահատակները, կործանում տները, այրում, չորս կողմը ցրում նրանց բեկորները և ամենքի գլուխը, ով մոտիկ է կանգնած, ջարդուփշուր անում։ Որ ինձ հայտնի են այդ փոշու բաղկացուցիչ մասերը, որոնք շատ էժան են և պարզ․ որ ես գիտեմ այդ մասերն իրար խառնելու գաղտնիքը և կարող եմ բանվորներին ցույց տալ խողովակներ շինելու ձևը, որոնց չափը, իհարկե, հարաբերական պիտի լինի նորին մեծության թագավորության մեջ գոյություն ունեցող մյուս առարկաների հետ, և հարյուր ոտնաչափից ավելի երկար չպիտի լինեն․ քսան կամ երեսուն այդպիսի խողովակներ, լցված վառոդի ու գնդակի որոշ քանակությամբ, մի քանի ժամում կարող են ռմբակոծել իր տերության ամենաամուր քաղաքի պարիսպները, կամ ավերել ողջ մայրաքաղաքը, եթե այդ քաղաքը հավակնություն ունենա դիմադրելու թագավորի գերագույն իշխանության։ Այս ամենը ես հնազանդորեն առաջարկեցի նորին մեծությանն իբրև երախտագիտության մի չնչին տուրք՝ ի տրիտուր իմ ստացած արքայական բորոր շնորհների ու հովանավորության։
Այդ կործանարար գործիքների նկարագրության և իմ առաջարկության վրա թագավորը սարսափեց։ Նա զարմացավ, թե մի այդպիսի անկարող և չնչին միջատ (դա նրա արտահայտությունն էր) որպիսին ես եմ, ինչպե՞ս կարող եմ այդչափ տմարդի գաղափարներ ունենալ և այնքա՜ն ընտելանալ դրանց, որ անտարբեր լինեմ արյան ու ավերի տեսարաններին, որ ես նկարագրեցի, իբրև մի սովորական հետևանք այդ կործանարար մեքենաների, որոնց առաջին գյուտարարը, նրա ասելով, պետք է որ չար հանճար լինի և թշնամի ամբողջ մարդկության։ Նա հայտնեց, որ ոչ մի բան այնքան բավականություն չի պատճառել իրեն, որքան արվեստի ու բնության բնագավառում արած նոր գյուտերը, ու չնայած դրան, նա ուրախությամբ կկորցնի իր թագավորության կեսը, քան կմասնակցի այդ գաղտնիքներին, ուստի առաջարկեց ինձ, եթե թանկ է իմ կյանքը, այլևս երբեք չհիշեմ այդ մասին։
Նեղ սկզբունքների և սահմանափակ աշխարհայեցողության մի տարօրինա՜կ արգասիք։ Մի թագավոր, որ օժտված է բոլոր հատկություններով, որպեսզի հարգեն, սիրեն ու մեծարեն իրեն, խոշոր ընդունակությունների, մեծ իմաստության, խոր գիտության և վարչական զարմանալի տաղանդի տեր մի մարդ, իր հպատակների կողմից համարյա երկրպագության առարկա, և չնայած այդ ամենին, շնորհիվ մի անհարկի բծախնդիր խղճահարության, որից մենք Եվրոպայում ոչ մի գաղափար չունենք, իր ձեռքից բաց թողեց մի պատեհություն, որ նրան կդարձներ իր ժողովրդի կյանքի, ազատության ու բախտի լիակատար տերն ու տիրականը։ Այս ասելով ես ամենևին մտադրություն չունեմ վատաբանելու այդ վսեմափայլ թագավորի բազմաթիվ առաքինությունները և զգում եմ, որ այս տեղեկություններից հետո անգլիացի ընթերցողն ստոր կարծիք պիտի կազմի նրա մասին․ սակայն այդ պակասությունները ես համարում եմ նրանց տգիտության արդյունքը, որովհետև նրանք մինչև այժմ քաղաքականությունը չեն վերածել գիտության, ինչպես այդ արել են Եվրոպայում ավելի սուր մտքի տեր մարդիկ։ Հիշում եմ շատ լավ, որ մի օր, թագավորի հետ ունեցած զրույցների ժամանակ, երբ ես պատմեցի, թե մեր մեջ մի քանի հազար գրքեր են գրված կառավարելու արվեստի վերաբերյալ, առիթ տվի նրան (կատարելապես հակառակ իմ մտադրության), որ նա մեր հասկացողության մասին շատ ստոր կարծիք կազմի։ Նա հայտնեց, որ զզվելով ատում է ամեն մի գաղտնիք, փափկանկատություն և բանսարկություն, որոնցով շրջապատված է թագավորը կամ մինիստրը։ Նա չկարողացավ հասկանալ, թե ինչ ասել է պետական գաղտնիք, եթե այդ չի վերաբերում մի որևէ թշնամի կամ ախոյան ազգության։ Կառավարելու ամբողջ վարպետությունը նա սահմանափակում է շատ նեղ շրջանակների մեջ, որից պահանջվում է առողջ միտք և դատողություն, արդարություն և գութ, քաղաքական և քրեական գործերի շտապ որոշում և մի քանի հայտնի հատկություններ, որոնց վրա չարժե կանգ առնել։ Եվ նրա կարծիքով ով որ միևնույն հողամասի վրա կարող է այնպես անել, որ բուսնի ցորենի երկու հասկ,[55] կամ խոտի երկու ցողուն, փոխանակ նախկին մեկի, նա մարդկությանն՝ ավելի մեծ լավություն կանի և իր երկրին ավելի էական ծառայություն կմատուցի, քան թե բոլոր քաղաքագետները միասին վերցրած։
Այդ ժողովրդի ուսումը շատ պակասավոր է, նա բաղկացած է միայն բարոյականությունից, պատմությունից, պոեզիայից և մաթեմատիկայից, որոնց բնագավառում, պետք է այդ ընդունել, նրանք շատ գերազանց են։ Դրանից վերջինը՝ մաթեմատիկան, նրանք ամբողջովին կիրառում են գործնական կյանքում, հողագործության բարելավման համար և մեքենայական արհեստների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է այնպիսի հասկացողությունների, ինչպես օրինակ՝ գաղափար, էություն, վերացականություն և գերզգայնություն, ես չկարողացա մի չնչին մտապատկեր անգամ մտցնել նրանց գլուխը։
Ոչ մի օրենք նրանց երկրի մեջ չպիտի ունենա ավելի խոսք, քան նրանց այբուբենի տառերի թիվն է, իսկ նրանց այբուբենը բաղկացած է միայն քսաներկու տառից։ Այդ երկարությանը նույնիսկ քիչ օրենքներ են հասնում։ Օրենքները գրված են շատ պարզ և սովորական դարձվածքներով, և դրանց մեջ մի քանի իմաստ գտնելու համար այդ մարդիկ այդքան խորամանկ չեն։ Որևէ օրենքի համար լուսաբանություն գրել նրանք համարում են ոճիր։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական դատավճիռներ կայացնելուն կամ ոճրագործների դեմ դատ վարելուն՝ նրանք այնքան քիչ փորձ ունեն, որ իրենց արտակարգ հմտության համար պարծենալ առանձնապես չեն կարող։
Տպագրական արվեստ նրանք ունեն, ինչպես և չինացիները շատ հին ժամանակից սկսած։ Սակայն նրանց գրադարանները շատ էլ ընդաձակ չեն, այսպես, օրինակ՝ թագավորական գրադարանը, որ համարվում է ամենամեծը, հազար գրքից ավելի չունի և տեղավորված է հազար երկու հարյուր ոտնաչափ երկարություն ունեցող մի սրահում, որտեղից ես իրավունք ունեի վերցնելու ուզածս գիրքը։ Թագուհու հյուսնը Գլյումդալկլիչի սենյակներից մեկում հորինել էր քսանհինգ ոտնաչափ երկարություն ունեցող մի տեսակ փայտե մեքենա, որ նման էր կանգուն սանդուղքի․ աստիճաններից ամեն մեկի բարձրությունը հիսուն ոտնաչափ էր։ Սանդուղքը բաղկացած էր երկու շարժական թևից, որոնց ստորին մասերը գտնվում էին սենյակի պատից տասը ոտնաչափ հեռավորության վրա։ Իմ ուզած գիրքը կարդալու համար այն թեք կերպով դրվում էր պատի դիմաց։ Նախ և առաջ ես բարձրանում էի սանդուղքի վերին աստիճանը և երեսս դեպի պատը դարձնելով, սկսում էի կարդալ գրքի երեսի ամենաբարձր ծայրից՝ ութից տասը քայլ դեպի աջ և դեպի ձախ քայլելով, նայած տողի երկարությանը, մինչև որ հասնում էի իմ աչքի տեսողության սսահմանից ավելի ցածր գտնվող տողին․ այն ժամանակ ես աստիճանաբար իջնում էի ցած՝ մինչև երեսի վերջը․ այնուհետև կրկին բարձրանում էի վեր և նույն ձևով սկսում մյուս երեսը․ գրքի թերթերը շուռ էի տալիս երկու ձեռքով և բավական հեշտ, որովհետև նրանք խավաքարտի պես կարծր և հաստ էին, իսկ ամենամեծ ծավալ ունեցող թերթը տասնութից մինչև քսան ոտնաչափ երկարություն ուներ։
Նրանց ոճը[56] հստակ, առնական ու հղկված, սակայն ոչ գեղազարդ, որովհետև նրանք խույս են տալիս անհարկավոր բառերի խճողումից և բազմաձև դարձվածքների գործադրությունից։ Ես նրանց գրքերից շատերը կարդացի, մանավանդ պատմական և բարոյական բովանդակություն ունեցողները։ Ի միջի այլոց ինձ մեծ բավականություն պատճառեց մի փոքրիկ, հին շարադրություն, որ միշտ կարելի էր գտնել Գլյումդակլիչի ննջարանում և պատկանում էր նրա վարժուհուն, ծանրաբարո և տարիքավոր մի տիկնոջ, որը շատ էր սիրում կարդալ բարոյականության և պաշտամունքի վերաբերյալ գրքեր։ Գրքի նյութը կազմում էր մարդկային ցեղի թուլությունը․ բացի կանանցից և ռամիկ ժողովրդից, այդ գիրքը շատ քչերն էին գնահատում։ Սակայն ես շատ հետաքրքրվում էի իմանալու, թե տեղացի հեղինակն ինչ կարող է ասել նմանօրինակ նյութի մասին։ Ու տեսա, որ այդ հեղինակը կրկնում է եվրոպական բարոյագետների սովորական խոսքերը, ցույց տալով, թե որքան չնչին, արհամարելի և անօգնական կենդանի է մարդ արարածը՝ իր ամբողջ էությամբ․ թե ո՜ր աստիճանի անկար է նա՝ պաշտպանելու իրեն օդի խստության ու վայրի գազանների կատաղության հանդեպ․ թե ինչպե՜ս կենդանիներից մեկը գերազանցում է նրան իր ուժով, մյուսը՝ իր արագությամբ, երրորդը՝ իր կանախատեսությամբ և չորրորդը իր ջանասիրությմաբ։ Նա ապացուցում է, որ աշխարհի այս վերջին անկման շրջանում բնությունն այլասերվում է և կարող է այժմ միայն արտադրել միայն չնչին վիժվածքներ՝ համեմատած այն մարդկանց հետ, որոնք ծնվում էին հին ժամանակները։ Նրա ասելով հիմք կա կարծելու, որ մարդկային ցեղի նախատիպը ոչ թե եղել է միայն ավելի խոշոր, այլև այն, որ հին ժամանակներում եղել են հսկաներ, որոնք ինչպես վկայում են պատմությունն ու ավանդությունը և թագավորական զանազան մասերում եղած պատահական պեղումները, ունեցել են վիթխարի ոսկորներ ու գանգեր, և որ այդ նախահայրերն իրենց մեծությամբ զգալի կերպով գերազանցում են մեր օրերի մանրացած մարդկանց։ Նա հաստատում է, որ բնության օրենքներն իսկ բացարձակ կերպով պահանջում են, որ մենք սկզբնական շրջանում ստեղծված լինենք ավելի խոշոր ու կորովի, ամեն մի չնչին դիպվածից կործանման չենթարկվող, ինչպես օրինակ՝ տանիքից ընկնող կղմինդրից, տղայի ձեռքով նետած քարից կամ փոքրիկ գետակի մեջ խեղդվելու հնարավորությունից։ Այդ մտածելակերպից հեղինակը հանում է մի շարք կենսաբանական օգտակարություն ունեցող բարոյական առբերումներ, որ չարժե այստեղ կրկնել։ Իսկ ես ակամայից անդրադարձա այն մտքին, թե որքան տարածված է այդ ընդհանուր սովորությունը՝ կարդալ բարոյականության դասեր և մանավանդ դժգոհություն հայտնել ու տրտնջալ այն պայքարից, որ մենք վարում ենք բնության դեմ։ Ես համոզված եմ, որ նման գանգատները մանրազնին քննությունից հետո, միանգամայն անհիմն պիտի երևան թե՛ մեզանում և թե այս ժողովրդի մեջ։
Ինչ վերաբերում է ռազմական գործերին, նրանք պարծենում են, որ թագավորական զորաբանակն ունի հարյուր յոթանասունվեց հազար հետևակ և երեսուներկու հազար ձիավոր, եթե դա կարելի է համարել զորք, որովհետև կազմված է զանազան քաղաքներում ապրող վաճառականներից, իսկ գյուղերում ֆերմերներից, որոնց հրամանատարները բարձր և միջին կարգի ազնվականներ են և ոչ մի վարձատրություն չեն ստանում։ Զինվորական վարժությունների մեջ նրանք շատ հմուտ են և վերին աստիճանի կարգապահ, որ ես չեմ համարում մի առանձին արժանիք․ և ինչպես կարող էր ուրիշ կերպ լինել այնտեղ, ուր ամեն մի ֆերմեր գտնվում է իր կալվածատիրոջ հրամանի տակ և ամեն մի քաղաքացի ենթարկվում է իր քաղաքի երևելի անձին, և ուր այդ հրամանատարները, ինչպես Վենետիկում, ընտրվում են քվեարկությամբ։
Ես հաճախ տեսնում էի երկրապահ զորքը, որ վարժություններ էր անում քաղաքի մոտ գտնվող քսան քառակուսի մղոն տարածություն ունեցող դաշտի վրա։ Նրանք ընդամենը քսանհինգ հազար հետևակ էին և վեց հազար ձիավոր, սակայն նրանց թիվն անկարելի էր հաշվել, որովհետև փռված էին ահագին տարածության վրա։ Վիթխարի նժույգն ու վրան նստած ձիավորը միասին հարյուր ոտնաչափ բարձրություն ունեին։ Ես տեսա, թե ինչպես այդ հեծելազորը մի հրամանով թրերը հանեց ու ճոճեց օդի մեջ։ Անկարելի է երևակայել դրանից ավելի ահեղ, զարմանալի և անակնկալ տեսարան։ Կարծես թե ամեն կողմից երկրակամարի տակ միանգամից շեշտակի կերպով փայլատակեց տասը հազար կայծակ։
Ինձ համար հետաքրքիր էր իմանալ, թե այդ արքան, որի տերության սահմանները չեն շփվում այլ երկրի հետ, ինչպե՞ս եղավ որ մտածեց զորք հավաքել ու իր ժողովրդին զինվորական կարգապահության վարժեցնել։ Եվ զրույցներից և նրանց պատմությունը կարդալուց ահա թե ինչ իմացա։ Նրանք ևս դարեր շարունակ տուժել են այն ախտից, որին ենթակա է եղել ամբողջ մարդկությունը․ ազնվականությունը պայքարել է իշխանության համար, ժողովուրդը՝ ազատության, իսկ թագավորը՝ գերիշխանության։ Ամենքն էլ, չնայած թագավորական օրենքների մեղմարար ազդեցության, երբեմն֊երբեմն բռնություն են գործադրել մեկը մյուսի վրա, ու հաճախ տեղի են ունեցել քաղաքացիական պատերազմներ, որոնցից վերջինը բարեբախտաբար դադարել է ներկա արքայի պապի օրով, և բոլոր պարտիաներին փոխադարձ զիջումների բերել, այնուհետև ամենքի համաձայնությամբ կազմվել է երկրային զորքը՝ ընդմիշտ խաղաղություն պահպանելու համար։
Գլուխ ութերորդ
Թագավորն ու թագուհին ճանապարհորդում են դեպի տերության սահմանները։ Հեղինակն ուղեկցում է նրանց։ Մանրամսն պատմություն, թե հեղինակն ինչ կերպով է թողնում այդ երկիրը։ Նրա վերադարձը դեպի Անգլիա։
Միշտ մի նախազգացում ունեի, որ մի օր ես պիտի ստանամ իմ ազատությունը, թեև անհնար էր ենթադրել, թե ինչ կերպ, կամ կազմել մի այնպիսի ծրագիր, որ հաջողությամբ պսակվեր։ Այն նավը, որով ես եկա այստեղ, առաջին անգամն էր երևում այս ափերին, ուստի թագավորը խիստ հրաման տվեց, որ եթե երբևիցե մի ուրիշ նման նավ երևալու լինի, անմիջապես դեպի ափը քաշեն ու վրայի բոլոր նավորդներին, բեռնասայլի վրա դրած Լորբրուլգրուդ բերեն։ Թագավորը շատ էր ուզում[57] իմ հասակի մի կին գտնել, որից ես երեխաներ ունենայի։ Սակայն իմ կարծիքով ես կգերադասեյի մեռնել, քան անպատիվ կերպով թողնել մի սերունդ, որ պիտի ընտանի դեղձանիկի պես պահվի վանդակի մեջ ու թերևս ծախվի մի որևէ բարձրաստիճան մարդու՝ իբրև մի չտեսնված բան։ Ճիշտ է, ամենքի վերաբերմունքը դեպի ինձ շատ սիրալիր էր․ ես ամենազոր թագավարի և թագուհու աչքի լույսն էի և ամբողջ արքունիքի ուշադրության առարկան, սակայն իմ վիճակը միանգամայն անվայել էր մարդկային արժանապատվությանը։ Ես ամենևին չէի կարողանում մոռանալ հայրենիքում թողած ընտանիքս։ Ես ուզում էի գտնվել այնպիսի մարդկանց մեջ, որոնք ինձ հետ հավասար հասկացողություն ունեն, և քայլել փողոցներում ու դաշտերում առանց վախի՝ ոտնատակ լինելու իբրև մի գորտ կամ մի փոքրիկ լակոտ։ Բայց իմ ազատությունը վրա հասավ ավելի շուտ, քան ես էի սպասում, և շատ արտասովոր կերպով։ Մանրամասնությունը ես ամենայն բարեխճությամբ հիմա կպատմեմ։
Արդեն երկու տարի էր՝ այդ երկրում էի։ Երրորդ տարվա սկզբին Գլյումդալկլիչն ու ես մի անգամ ուղեկցում էինք թագավորին ու թագուհուն, երբ նրանք դեպի հարավային ափերը ճանապարհորդություն էին կատարում։ Սովորականի պես ինձ տանում էին ճանապարհորդական արկղի մեջ, որ, ինչպես առաջ նկարագրեցի, մի շատ հարմար ու տասներկու ոտնաչափ լայնության սենյակ էր։ Ես պատրաստել էի տվել մի ճոճք, որը մետաքսի թելերով կախված էր առաստաղի չորս անկյուններից՝ մեղմացնելու համար ցնցումներն այն ժամանակ, երբ ծառան, ըստ իմ ցանկության, ինձ առջևը դրած տանում էր ձիու վրա, կամ քնելիս, երբ մենք ճանապարհորդում էինք։ Սենյակիս առաստաղին, ուղիղ ճոճքի մեջտեղը, ես պատվիրել էի հյուսնին, որ մի երդիկ շինի՝ մեկ քառակուսի ոտնաչափ մեծությամբ, որպեսզի տոթ եղանակին, երբ ես քնում եմ, մաքուր օդ մտնի․ սիրտս ուզած ժամանակ այդ երդիկը փակում էի մի տախտակով, որ ակոսների մեջ ետ ու առաջ էր շարժվում։
Երբ մենք տեղ հասանք, թագավորը որոշեց մնալ իր մի պալատում, Ֆլենֆլասնիկի մոտ՝ մի քաղաքի, որ գտնվում էր ծովափից տասնութ անգլիական մղոն հեռավորության վրա։ Գլյումդալկլիչն ու ես սաստիկ հոգնել էինք։ Ես մի փոքր մրսել էի, իսկ խեղճ աղջիկն այնպես հիվանդ էր, որ չէր կարողանում դուրս գալ սենյակից։ Ես շտապում էի տեսնել օվկիանոսը, որ կարող էր ինձ համար փախուստի ճանապարհ բաց անել, եթե երբևիցե հաջողվեր։ Ես ինձ ձևացրի ավելի հիվանդ, քան էի և խնդրեցի, որ ինձ թույլ տան մաքուր օդ ծծելու համար ծովի ափը գնամ մի մանկլավիկի հետ, որին ես շատ էի սիրում և որին ինձ հաճախ վստահում էին։ Երբեք չեմ մոռանա, թե ի՜նչ դժկամությամբ Գլյումդալկլիչը համաձայնեց ինձ բաց թողնել և քանի՜ անգամ հանձնարարեց մանկլավիկին, որ լավ խնամի ինձ․ նա միևնույն ժամանակ աղի արտասուքներ էր թափում՝ կարծես նախազգալով այն, ինչ պատահեց։ Տղան ինձ արկղով մանգալու տարավ դեպի ծովափի ապառաժները, պալատից մոտ կես ժամ հեռավորությամբ։ Ես նրան հրամայեցի, որ ինձ վայր դնի, ապա պատուհաններից մեկը բանալով, իմ մելամաղձոտ հայացքը հառեցի դեպի ծովը։ Ես ինձ վատ էի զգում, ուստի մանկլավիկին ասացի, որ ուզում եմ ճոճքի մեջ մի քիչ քնել, հուսալով, որ քնից հետո մի փոքր կհանգստանամ։ Ես պառկեցի քնելու, իսկ մանկլավիկը փակեց իմ պատուհանները, որ չմրսեմ։ Քնելուց հետո, ինչպես ես կարողացա ենթադրել, կարծելով, որ ոչ մի վտանգ չի սպառնում ինձ, գնաց ժայռերի արանքներում թռչունի բներ փնտրելու, ինչպես առաջները նկատել էի իմ պատուհանից։ Թող լինի այնպես, ինչպես ուզում է, իսկ ես մեկ էլ այն տեսնեմ, որ արթնացա մի սոսկալի չանգռտոցից․ կարծես մեկը բռնում է իմ արկղի տանիքի վրա ամրացրած օղակից, որպեսզի ավելի հարմար կերպով վերցնի արկղը։ Ես զգացի, որ իմ արկղը բարձրացավ օդի մեջ և ապա սարսափելի արագությամբ սկսեց թռչել։ Առաջին ցնցումից քիչ մնաց, որ վայր ընկնեմ ճոճքից, բայց հետո շարժումն ավելի աննկատելի դարձավ։ Ես մի քանի անգամ բարձր ձայնով գոռացի, բայց իզուր։ Ես փորձեցի պատուհանից դուրս նայել, սակայն ամպերից ու երկնքից բացի ուրիշ ոչ մի բան չէր երևում։ Իմ գլխավերևը ես լսեցի մի աղմուկ, որ նման էր թռչունի թևերի բախումների, ու կամաց֊կամաց սկսեցի հասկանալ, թե ես ինչ աղետալի վիճակի մեջ էի ընկել։ Երևի մի որևէ արծիվ[58] իր կտուցով բռնել էր իմ արկղի օղակից և ուզում էր ինձ, ինչպես մի խեցապատ կրիայի, զարկել ապառաժներին, որպեսզի հետո կտցահարի իմ մարմինն ու լափի։ Այդ թռչուններին հատուկ իմաստությունն ու հոտառությունը հնարավորություն են տալիս նրանց նկատելու իրենց որսը շատ մեծ տարածության վրա, թեկուզ այդ որսն ավելի լավ թաքնված լինի, քան ես՝ իմ երկու մատնաչափ տախտակի տակ։
Մի փոքր հետո ես նկատեցի, որ աղմուկն ու թևերի բախումն ուժեղացան, և իմ արկղը սկսեց վեր ու վար օրորվել, ինչպես քամու ժամանակ ցուցանակը։ Ես լսեցի, որ մեկը մի քանի անգամ հարվածեց, իմ կարծիքով, արծվին (որովհետև ես համոզված էի, որ իմ արկղն արծիվ է բռնել իր կտուցով), ապա զգացի, որ ուղղահայաց կերպով մի րոպեի չափ թռչում եմ դեպի ցած, բայց մի այնպիսի անհավատալի արագությամբ, որից շունչս կտրվեց։ Իմ անկումը կանգ առավ մի այնպիսի ահավոր ճողփյունով, որի ձայն ավելի բարձր էր, քան Նիագարայի ջրվեժի աղմուկը․ ապա մի քանի րոպե ես ընկղմվեցի մթության մեջ, հետո իմ արկղը նորից սկսեց բարձրանալ այնքան, որ ես կարողացա իմ պատուհանների վերին մասից տեսնել լույսը։ Հիմա ես հասկացա, որ ընկել եմ ծովի մեջ։ Շնորհիվ իմ մարմնի ծանրության ու մեջը եղած իրերի և երկաթե շերտերի, որոնք ամրության համար խփված էին առաստաղի ու հատակի չորս անկյուններին, իմ արկղն ընկղմվեց ջրի մեջ հինգ ոտնաչափ խորը։ Այն ժամանակ ես ենթադրեցի, ինչպես և այժմ եմ ենթադրում, որ իմ արկղը տանող արծիվը հարձակման ենթարկվելով երկու֊երեք այլ արծիվներից, որոնք հույս են ունեցել մաս առնելու նրա ավարից, կռվի ժամանակ ինքնապաշտպանությունից դրդված իր կտուցից բաց է թողել արկղը։ Հատակին խփած երկաթե շերտերը (որովհետև դրանք շատ ծանր էին) անկաման ժամանակ պահպանեցին արկղի հավասարակշռությունը և թույլ չտվին, որ ջրի երեսին զարկվելուց փշրվի։ Երկաթե կապերը լավ էին ամրացված․ դռները ճարմանդների վրա չէին կախված, այլ վեր ու վար էին շարժվում ակոսների մեջ, ուստի և արգելք հանդիսացան, որ քիչ ջուր թափվի սենյակի մեջ։ Մեծ դժվարությամբ ես դուրս եկա ճոճքից և խիզախեցի բաց անել տանիքի հիշածս տախտակը, որպեսզի ներս թողնեմ մաքուր օդ, առանց որի քիչ էր մնում խեղդվեի։
Հաճախ ինչպե՜ս էի ուզում, որ իմ սիրելի Գլյումդալկլկլիչի հետ լինեի, որից ես այժմ, մի հատիկ ժամ անցնելուց հետո, այնքա՜ն հեռու էի։ Ճիշտն ասած, իմ այս անակնկալ դժբախտության մեջ անկարող էի չողբալ իմ խղճուկ դայակի վրա, չհիշել այն վիշտը, որ պիտի պատճառի նրան իրեն հասած կորուստը, թագուհու դժգոհությունն ու աղջկա բախտի կործանումը։ Երևի իմ ճակատագիրն ունեցող շատ քիչ ճանապարհորդներ են կրել այդքան նեղություն ու տառապանք, ինչպես ես, երբ ամեն րոպե սպասում էի, թե ահա իմ արկղն առաջին իսկ հորձանքից կամ կատաղի մրրիկից փշուր֊փշուր պիտի լինի կամ խորտակվի։ Բավական էր, եթե կոտրվեր թեկուզ պատուհանի մի ապակի, և մահը անխուսափելի կլիներ․ պատուհաններն էլ ոչ մի կերպ չէին պաշտպանված, բացի դրսի կողմի երկաթե ցանցերից, որոնք շինված էին ճանապարհորդությունների ժամանակ պատահարների առաջն առնելու համար։ Ես նկատեցի, որ ջուրն սկսեց ճեղքերից ներս ծորալ, թեև այդ ճեղքերը շատ աննշան էին․ ես աշխատեցի ջրի առաջն առնել, որքան կարող էի։ Բաց անել իմ սենյակի տանիքը չէի կարող, թեև ես ուրախությամբ բաց կանեի ու կբարձրանայի վեր, ուր հակառակ դեպքում, կարող էի իմ կյանքը մի քանի ժամով երկարել, քան ներսում փակված ժամանակ, այս, այսպես ասած, բանտի մեջ։ Եթե անգամ ես խուսափեի վտանգից մեկ ժամ կամ երկու օր, ինչ կլիներ իմ վերջը, բացի սովամահ ու ցրտահար լինելուց։ Այդ վիճակի մեջ ես մնացի չորս ժամ, ամեն րոպե սպասելով կամ նույնիսկ ցանկանալով, որ վրա հասնի իմ վախճանը։
Ընթերցողին ես արդեն պատմեցի, որ իմ արկղի այն կողմը, ուր պատուհան չկար, երկու ամուր օղակ էր կպցրած, որոնց միջով ինձ տանող ձիավոր ծառան կաշվե փոկ էր անց կացնում և իր գոտուց կապում։ Այդ անմխիթար վիճակի մեջ մեկ էլ լսեմ, կամ գուցե ինձ թվաց, որ իմ արկղը քարշ են տալիս ծովի մեջ․ մի֊մի անգամ էլ զգում էի, որ արկղը ցնցվում է քարշ տալու ժամանակ և ջուրը բարձրանում է դեպի վեր մինչև իմ պատուհանի վերին մասը, ընկղմելով ինձ մթության մեջ։ Դա օգության մի թեթև հույս ներշնչեց ինձ, թեև ես անկարող էի երևակայել, թե որտեղի՞ց էր այդ օգնությունը։ Ես պոկեցի աթոռներից մեկը, որ ամրացրած էր հատակին, ու նորից մեխեցի վերևի շարժական տախտակի տակը, որ մի փոքր առաջ բաց էի արել։ Բարձրանալով աթոռի վրա, ես բերանս ընդհուպ մոտեցրի ճեղքին և բարձր ձայնով օգնություն կանչեցի իմ գիտցած բոլոր լեզուներով։ Ապա թաշկինակս կապեցի ձեռնափայտիս, որ միշտ մոտս էր, ու անցկացնելով ճեղքի միջից, սկսեցի ծածանել օդի մեջ, որպեսզի եթե մոտիկ տեղերում մակույկ կամ նավ լինի՝ նավաստիներն իմանան, որ արկղի մեջ փակված մի դժբախտ մահկանացու կա։
Ես գտա, որ այդ ամենն անհետևանք անցավ, սակայն պարզ կերպով զգում էի, որ սենյակս առաջ է շարժվում։
Մի ժամ կամ ավելի անց արկղիս այն կողմը, ուր պատուհան չկար կպավ մի կոշտ բանի։ Ես վախեցա․ կարծեցի, թե դա մի ժայռ էր ու միևնույն ժամանակ զգացի, որ արկղն առաջվանից ավելի արագ է շարժվում։ Իմ սենյակի կտրին ես պարզ կերպով աղմուկ լսեցի, կարծես մի պարան ձգեցին և անցկացրին կտրի վրայի օղակի միջից։ Ապա ես զգացի, որ ինձ վեր բարձրացրին առնվազն երեք ոտնաչափ ավելի վեր, քան առաջ էի։ Ես կրկին դուրս հանեցի իմ ձեռնափայտն ու թաշկինակը և սկսեցի օգնություն կանչել, մինչև որ ձայնս կտրվեց։ Իբրև պատասխան ես լսեցի գոչումներ, որ կրկնվեցին երեք անգամ ու իմ սիրտը լցրին այնպիսի ուրախությամբ, որ կարող է հասկանալ նա, ով զգացել է այդ ուրախությունը։ Ես հիմա սկսեցի իմ գլախավերևը լսել ոտնաձայներ, ու մեկը բարձրաձայն, ճեղքի միջից անգլերեն լեզվով կանչեց․ «Եթե ներսը մարդ կա, թող խոսի, ես լսում եմ»։ Ես պատասխանեցի, որ անգլիացի եմ, որ բախտը նետել է ինձ մի այնպիսի մեծ թշվառության մեջ, որ նմանը ոչ մի արարած չի տեսել և աղաչեցի այնպես, որ նա գթաշարժվի և ազատի ինձ այդ զնդանից։ Ձայնը պատասխանեց, որ ես այժմ կարող եմ ապահով լինել, որովհետև իմ արկղը կապված է իրենց նավից, որ ատաղձագործը շուտով կգա և կսղոցի տախտակները, որպեսզի ես կարողանամ դուրս գալ։ Ես պատասխանեցի, թե դա ապարդյուն է և շատ ժամանակ կանցնի, որ ավելի լավ է, եթե նավաստիներից մեկը մատն անցակցնի օղակը, արկղը դնի նավի վրա և այնտեղից կապիտանի կաբինը։ Լսելով իմ անհեթեթ խոսքերը, մի քանի նավաստիներ կարծեցին, թե խելագարվել եմ, մյուսները ծիծաղեցին և իսկապես, ամենևին մտքովս չանցավ, որ այժմ գտնվում եմ այնպիսի մարդկանց շրջանում, որոնք իմ հասակը և ուժն ունեն։ Ատաղձագործը եկավ, մի քանի րոպեում սղոցով չորս քառակուսի ոտնաչափի անցք բաց արավ, ապա մի փոքրիկ սանդուխք իջեցրեց, որով ես վեր բարձրացա, որտեղից ինձ հետո տարան նավը՝ չափից դուրս տկար վիճակում։
Նավաստիները ամենքն էլ զարմացել էին և հազար ու մի հարցեր էին տալիս, որոնց ես տրամադիր չէի պատասխանել։ Մանավանդ այդքան թզուկներ տեսնելուց հետո ես ապուշ էի կտրել, որովհետև իմ աչքերը երկար ժամանակ վարժվել էին վիթխարի առարկաների, ու նրանք ինձ թզուկ էին երևում։ Սակայն կապիտան միստր Թոմաս Վիլկոկսը, որ մի պատվելի և արժանավոր շրոպշայրեցի էր, նկատելով, որ քիչ է մնում ուշաթափվեմ, տարավ ինձ իր կաբինը, ամրապնդելու համար մի դեղ տվեց, պառկեցրեց իր անկողնում ու խորհուրդ տվեց, որ մի փոքր հանգստանամ, որի կարիքը ես շատ էի զգում։ Քնելուց առաջ, ես նրան հասկացրի, որ իմ արկղի մեջ շատ արժեքավոր կահ֊կարասի կա, որ ես չէի ուզենա կորցնել՝ սքանչելի ճոճքս, դաշտային սիրուն մահճակալս, երկու աթոռը, սեղանը և իմ պահարանը, որ իմ սենյակի պատերից կախել են, կամ ավելի ճիշտն ասած, խփել են մետաքսի ու չթի կտորներ, որ եթե իր նավաստիներից մեկի միջոցով իմ արկղը բերել տա կաբինը, ես բաց կանեմ նրա առաջ և ցույց կտամ բոլոր իրերը։ Կապիտանը լսելով իմ տխմար խոսքերը, ենթադրեց, որ ես զառանցում եմ, սակայն (կարծում եմ ինձ հանգստացնելու համար) խոստացավ, որ իմ ուզածի պես կկարգադրի, ապա դուրս գալով նավի տախտակամածը, մի քանի հոգի ուղարկեց իմ սենյակը, որտեղից (ինչպես հետո իմացա) նրանք հանեցին իմ ամբողջ գույքը, ու պոկեցին պաստառները․ սակայն հատակին կպցրած աթոռները, պահարանն ու մահճակալը բավականին վնասվել էին, որովհետև նավաստիները չիմանալով՝ պոկել էին հատակից։ Նրանք հանեցին մի քանի տախտակներ նավի կարիքների համար, ու վերցնելով ուշադրության արժանի բոլոր իրերը, արկղի կմախքը նետեցին ծովը․ հատակի ու պատերի մեջ առաջացած ճեղքերի շնորհիվ արկղը ծովի տակը սուզվեց։ Միևնույն ժամանակ ես շատ գոհ էի, որ ավերման այդ տեսարանին ներկա չէի, որովհետև հավատացած եմ, դա իմ տրամադրությունը կփչացներ, հիշեցնելով անցյալը, որ ես կգերադասեի մոռանալ։
Ես քնեցի մի քանի ժամ, սակայն իմ թողած վայրերի և խույս տված վտանգների առթիվ տեսած երազները հաճախ խանգարում էին իմ քունը։ Չնայած դրան, արթնանալուց հետո զգացի, որ բավականին կազդուրվել եմ։ Արդեն երեկոյան ժամի ութն էր, և կապիտանն իմանալով, որ երկար ժամանակ ոչինչ չեմ կերել, անմիջապես պատվիրեց ընթրիք տալ։ Նա շատ սիրալիր կերպով ինձ հյուրասիրեց և միևնույն ժամանակ նկատեց, որ հայացքս խելացնոր է, իսկ խոսքերս անկապ։ Երբ մենք մնացինք մենակ, նա ցանկացավ, որ ես պատմեմ ճանապարհորդությանս մասին և ասեմ, թե ինչպե՞ս եղավ, որ ես այդ հրեշային սնդուկի մեջ ընկա ալեկոծ ջրերը։ Նա ասաց, թե երբ ցերեկվա ժամի տասներկուսի մոտերը հեռադիտակով նայում էր, ենթադրեց մի առժամանակ, որ դա մի առագաստանավ է․ որովհետև ճանապարհի վրա էր, նա որոշեց հասնել նրան, հույս ունենալով մի փոքր պաքսիմատ գնել, քանի որ իր պաշարն սկսել էր պակասել։ Մոտենալով, նա զգաց իր սխալն ու մի մակույկ ուղարկեց՝ իմանալու համար, թե դա ի՞նչ բան է։ Նրա նավաստիները վախեցած ետ եկան և երդվեցին, թե ջրի վրա մի շարժական տուն են տեսել։ Կապիտանը ծիծաղեց նրանց հիմարության վրա և ինքն անձամբ մակույկ նստելով՝ հրամայեց, որ հետները երկու հատ հաստ պարան վերցնեն։ Քանի որ եղանակը հանդարտ էր, նա մի քանի անգամ պտույտ գործեց իմ շուրջը և նկատեց երկաթե ցանցով պատած պատուհաններ։ Այնուհետև նա երկու օղակ տեսավ այն կողմը, որ ամբողջովին տախտակամած էր և լուսանցք չուներ։ Նա հրամայեց իր մարդկանց մոտենալ այդ կողմից և պարանն օղակներից մեկին հագցնելով քարշ տալ իմ սնդուկը նավի հետևից։ Երբ տեղ հասան, նա կարգադրեց մի ուրիշ պարան կապեն կտուրի օղակին ու ճախարակներով վեր բարձրացնեն իմ սնդուկը․ սակայն բոլոր նավաստիները միասին ինձ չկարողացան երկու թե երեք ոտնաչափից ավելի բարձրացնել։ Կապիտանն ասաց, որ նրանք տեսան ճեղքից դուրս ցցված ձեռնափայտն ու թաշկինակը և եզրակացրին, որ այդ արկղի մեջ մի որևէ դժբախտ մարդ է փակված։ Ես կապիտանին հարցրի, թե նա կամ իր նավաստիները նախքան ինձ գտնելը, օդի մեջ վիթխարի թռչուններ չտեսա՞ն։ Դրան նա պատասխանեց, թե երբ իմ քնած ժամանակ խոսում էր պատահած դեպքի մասին իր նավաստիների հետ, վերջիններից մեկն ասաց, որ նա նկատեց դեպի հյուսիս թռչող երեք արծիվ, որոնք, սակայն, սովորական արծիվներից ավելի մեծ չթվացին նրան։ Այդ հանգամանքը, իմ կարծիքով, բացատրվում է թռչունների բարձր թռիչքով․ իսկ կապիտանը չկարողացավ գուշակել, թե ի՞նչ նպատակով եմ տալիս այդ հարցը։ Այնուհետև կապիտանին հարցրի, թե ցամաքից ի՞նչ հեռավորության վրա ենք գտնվում։ Նա ասաց, թե ամենաճիշտ հաշվով մենք ցամաքից հարյուր լիգի վրա ենք գտնվում։ Ես նրան հավատացրի, որ նա առնվազն կիսով չափ սխալվում է, որովհետև նախքան իմ ծովն ընկնելը, այն երկիրը որտեղից գալիս եմ ես, թողի մոտ երկու ժամ առաջ։ Դրա վրա նա նորից սկսեց մտածել, որ իմ ուղեղը խանգարված է․ ակնարկելով այդ հանգամանքը, նա ինձ խորհուրդ տվեց, որ կաբինը գնամ ու քնեմ ինձ համար պատրաստած անկողնում։ Ես նրան հավատացրի, որ իր սիրալիր հյուրնկալության ու շրջապատի շնորհիվ ես միանգամայն կազդուրվել եմ ու ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևիցե իմ կյանքում։ Այն ժամանակ նա լրջացավ ու ցանկություն հայտնեց ինձ հետ խոսելու անկեղծ՝ թե արդյոք չի՞ խանգարված իմ ուղեղը խղճի խայթից, մի որևէ սոսկալի ոճրագործությունից, որի համար պատժել է ինձ մի որևէ թագավոր, հրամայելով նետել ինձ այդ սնդուկի մեջ, ինչպես դա անում են մի քանի երկրներում ոճրագործին դնելով, առանց պաշարի, ծակերով լի նավի մեջ և ծովին հանձնում։ Թեև նա շատ է ափսոսում, որ մի այդպիսի չարագործ մարդու ընդունել է իր նավը, սակայն նա խոստանում է ինձ ապահով տանել մինչև առաջին պատահած նավահանգիստը և ափ իջեցնել։ Նա ավելացրեց, որ նրա կասկածներն ավելի ամրացան, երբ ես առաջին անգամ իմ անիմաստ ճառով դիմեցի նավաստիներին և ապա իրեն՝ իմ սենյակի թե սնդուկի մասին, և երբ ընթրիքի ժամանակ նկատեց իմ ամհանգիստ հայացքն ու վարմունքը։ Ես խնդրեցի կապիտանին համբերությամբ լսել իմ արկածների մասին, որ բարեխճորեն պատմեցի՝ սկսած այն օրից, երբ ես հեռացա Անգլիայից, մինչև այն րոպեն, երբ նա գտավ ինձ։ Եվ որովհետև ճշմարտությունը միշտ մուտք ունի բանական ուղեղի մեջ, ուստի այդ պատվելի և արժանավոր ջենտլմենը, որ որոշ գիտության ու բարձր հասկացողության տեր մարդ էր, անմիջապես համոզվեց իմ անկեղծ և ճշմարտախոս լինելուն։ Բայց իմ ասածներն ավելի հաստատելու համար ես առաջարկեցի նրան, որ նա բերել տա իմ պահարանը, որի բանալին գրպանումս էր (նա արդեն ինձ հայտնել էր, թե նավաստիներն ինչպես են տնօրինել իմ սենյակը)։ Նրա ներկայությամբ ես բաց արի պահարանն ու ցույց տվի հազվագյուտ իրերի մի հավաքածու, որ ժողովել էի այն երկրում, որտեղից ես այնպես տարօրինակ կերպով հեռացա։ Այդտեղ էր թագավորի մորուքի մազերից շինած սանրը և մի ուրիշ սանր, որը թեև նույն մազերից էր շինած, բայց նրա կողի համար բանեցրել էի նորին մեծության բութ մատից կտրած եղունգը։ Ապա ցույց տվի ասեղների և գնդասեղների մի հավաքածու, որոնցից ամեն մեկը մեկ ոտնաչափից մինչև կես յարդ երկարություն ուներ․ չորս հատ փոքր ասեղ, որ ատաղձագործի խոշոր մեխերի էին նման․ մի քանի մազ թագուհու գլխի մազերից․ մեկ ոսկե մատանի, որ սիրալիր կերպով նվիրել էր ինձ թագուհին, ճկույթ մատից հանելով և անց կացնելով իմ վիզը, ինչպես մի մանյակ։ Ես խնդրեցի կապիտանին, որ բարեհաճի այդ մատանին ընդունել ինձնից ի հատուցումն իր ցույց տված սիրալիր վերաբերմունքի, սակայն նա կտրականապես հրաժարվեց։ Ես ցույց տվի նաև մի կոշտ, որ իմ սեփական ձեռքով կտրել էի պալատական տիկնոջ ոտի մատից․ նրա մեծությունը Կենտի խնձորի չափ էր և այնքան կարծր, որ Անգլիա վերադառնալուց հետո նրանից մի գավաթ տաշեցի և արծաթով պատեցի։ Վերջապես ես խնդրեցի, որ նա տեսնի իմ անդրավարտիքը, որ կարած էր մկան մորթուց։
Ես հազիվ կարողացա ստիպել նրան՝ ինձնից ընդունելու, իբրև նվեր, մի սպասավորի ատամ, որ նա մեծ հետաքրքրությամբ տնտղում էր և, ինչպես նկատեցի, շատ էր հավանում։ Կապիտանն ընդունեց այդ նվերը և այնքան շնորհակալ եղավ, որ իրոք չարժեր այդպիսի չնչին բանի համար։ Այդ ատամն անփորձ վիրաբույժը սխալմամբ հանել էր Գլյումդալկլիչի ատամնացավ ունեցող սպասավորներից մելի բերանից, բայց դուրս էր եկել նույնքան առողջ, որքան և նրա բերանի մյուս ատամները։ Մաքրելով այդ ատամը, ես դրի իմ պահարանը։ Նրա երկարությունը մեկ ոտնաչափ էր, իսկ շրջագիծը չորս մատնաչափ։
Կապիտանը շատ գոհ մնաց իմ անպաճույճ պատմությունից և ասաց, թե կարծում է, որ Անգլիա վերադառնալուց հետո աշխարհին մեծ ծառայություն մատուցած կլինեմ՝ եթե գրի առնեմ այդ ամենը և հրատարակության տամ։ Պատասխանեցի, թե իմ կարծիքով Անգլիան շատ է կուշտ ճանապարհորդական գրքերից, որ այժմ չկա մի պատահար, որ ընթերցողին արտասովոր թվա, ուստի ես կարծում եմ, որ շատ հեղինակներ մտահոգված են իրենց սնափառության ու սեփական շահերի համար, քան թե ճշմարտության, և աշխատում են միայն հաճույք պատճառել տգետ ընթերցողին։ Իմ պատմությունը պարունակում է միայն սովորական դեպքեր, ուր չկան բուսականություն, թռչունների և այլ կենդանիների, ինչպես և բարբարոսների սովորությունների ու վայրենիների կռապաշտության մասին զարդարուն նկարագրություններ, որոնցով լիքն են ճանապարհորդական գրքերը։ Համենայն դեպս ես շնորհակալություն հայտնեցի նրա լավ կարծիքի համար և խոստացա այդ մասին մտածել։
Մի բանի վրա կապիտանը շատ զարմացավ՝ դա իմ բարձր ձայնով խոսելն էր․ նա հարցրեց, թե միգուցե այդ երկրի թագավորի և թագուհու ականջները ծա՞նր են եղել։ Ես նրան պատասխանեցի, թե դա երկու տարվա ընթացքում ձեռք բերած մի սովորություն է և թեև, իր հերթին, ինձ զարմանք է պատճառում նրա ու իր նավաստիների ձայնը, որ նման է շշուկի և որ, տակավին լսելի է իմ համար։ Այդ երկրում խոսած ժամանակ ես նման էի մի մարդու, որ փողոցի մեջ կանգնած խոսում է զանգակատան կտրին նստած մի ուրիշի հետ, չհաշված այն դեպքերը, երբ ինձ դնում էին սեղանի վրա, կամ բռնում իրենց ձեռքերով։ Բացի այդ, նրան պատմեցի իմ արած ուրիշ նկատողության մասին ևս, երբ առաջին անգամ նավը մտա և նավաստիները շրջապատեցին ինձ, թվաց, թե դրանք փոքրագույն և չնչին արարածներ են, որոնց նմանը ես երբեք չեմ տեսել։ Եվ իսկապես, երբ ես այդ արքայի երկրումն էի, իմ աչքերն այնքան էին վարժվել վիթխարի առարկաների, որ ես չէի կարողանում հայելուն նայել, որովհետև համեմատությունից չափազանց արհամարհական կարծիք էի կազմում իմ մասին։ Կապիտանն ասաց, թե ընթրիքի ժամանակ ինքն էլ նկատեց, որ ես ամեն մի առարկայի նայում եմ մի տեսակ զարմանքով ու հաճախ զսպում իմ ծիծաղը, իսկ նա իմ այդ վարմունքը միայն բացատրեց նրանով, որ ուղեղս մի փոքր խանգարված է։ Ես պատասխանեցի, թե այդ ամենը շատ ճիշտ է․ ինչպե՞ս կարող էի զսպել իմ զարմանքը, երբ առաջիս ափսեն նման էր երեք պենսանոց մի արծաթի դրամի, խոզի ազդրը՝ մի պատառ մսի, բաժակն իր մեծությամբ ընկույզի կճեպի և այդպես նկարագրեցի ես մնացած տնային իրերը և ուտելիքները՝ նույն համեմատություններն անելով։ Թեև թագուհին ինձ տրամադրել էր ամեն տեսակի անհրաժեշտ սարք ու կարգ, երբ նրա ծառան էի, սակայն իմ մտապատկերները համապատասխանում էին այն ամենին, ինչ շրջապատում էր ինձ և ես անտես էի անում իմ փոքրությունն այնպես, ինչպես ուրիշները՝ իրենց պակասությունները։ Կապիտանը շատ լավ հասկացավ իմ ծաղրը և զվարթ կերպով հիշեց անգլիական մի հին առած, թե իր կարծիքով իմ աչքերն ավելի մեծ են, քան իմ փորը, որովհետև չնայած իմ ամբողջ օրվա ծոմին, նկատելի չէ, որ ես լավ ախորժակ ունենամ, և շարունակելով իր ծիծաղը, ասաց, թե նա մեծ հաճույքով հարյուր ֆունտ ստեռլինգ կվճարեր տեսնելու համար իմ սենյակն արծվի կտուցից կախ, ապա այդ սենյակի ընկնելը ծովի մեջ մի այդպիսի հսկայական բարձրությունից․ արդարև արժե այդ տեսարանը նկարագրել, ապագա սերնդին հաղորդելու համար, համեմատությունը Ֆաետոնի հետ[59] այնքան ակներև էր, որ նա անկարող էր չհիշել, թեև նրա այդ կարծիքն այնքան էլ չհավանեցի։
Տոնքինում կանգ առնելուց հետո կապիտանն ուղևորվեց Անգլիա․ նավը գտնվում էր հյուսիս֊արևելյան լայնության 44 աստիճանի և երկարության 143 աստիճանի վրա։ Նավը նստելուց երկու օր հետո փչեցին պասսատյան քամիները, ուստի երկար ժամանակ մենք բռնեցինք հարավային ուղղությունը, անցանք Նոր֊Հոլանդիայի ափերի մոտից, նորից բռնեցինք արևմուտք֊հյուսիս֊արևմուտք, մինչև որ հասանք Բարեհուսո հրվանդանը։ Մեր ճանապարհորդությունը շատ հաջողակ էր, սակայն ես չպետք է հոգնեցնեմ ընթերցողին նրա նկարագրությամբ։ Կապիտանը մի֊երկու անգամ մտավ նավահանգիստները և մակույկ ուղարկեց ուտելիք ու խմելու ջուր բերելու, իսկ ես ոչ մի անգամ դուրս չեկա նավից մինչև Դաունս, ուր հասանք 1706 թվի հունիսի 3֊ին, իմ ազատությունից մոտ վեց ամիս հետո։ Կապիտանին ես առաջարկեցի իմ բոլոր իրերը, իբրև վարձատրություն իմ ստացած ազատության․ սակայն նա հայտարարեց, որ մի ֆարթինգ անգամ չի վերցնի։ Մենք բարեկամաբար իրար մնաս բարև ասինք և ես նրանից խոստում առա, որ մի օր գա Ռիդրիֆֆ, մեր տունն ինձ այցի։ Ես վարձեցի մի ձի և մի առաջնորդ, ու տվի հինգ շիլլինգ, որ պարտք վերցրի կապիտանից։
Ճանապարհին, երբ տեսնում էի տների, ծառերի և մարդկանց փոքրությունը, թվում էր, թե գտնվում եմ Լիլիպուտիայում։ Վախենում էի՝ չլինի թե ոտնատակ անեմ ճանապարհով գնացողներին և հաճախ բարձր ձայնով գոռում էի նրանց վրա, որ ճանապարհից մի կողմ քաշվեն․ իմ այդ կոպտության համար մի երկու անգամ քիչ մնաց, որ գլուխս ջարդել տամ։
Երբ ես հասա տուն, որի ճանապարհը գտնելու համար ստիպված էի մի քանիսին հարցնել, իմ ծառաներից մեկը բաց արավ դուռը։ Ներս մտնելիս ես կռացա (դռան տակից անցնող սագի նման), վախենալով, որ գլուխս կդիպչի գերանին։ Կինս վազեց, որ ինձ գրկի, իսկ ես կռացա մինչև նրա ծնկները, կարծելով, թե այլ կերպ նա չի կարող համբուրել իմ շրթունքները։ Աղջիկս չոքեց իմ օրհնությունն ստանալու, բայց ես չկարողացա նրան տեսնել, մինչև որ չկանգնեց, որովհետև ես երկար ժամանակ սովորել էի գլուխս ու աչքերս ուղղել վաթսուն ոտնաչափ դեպի վեր․ այնուհետև ես արի մի շարժում, որով ցանկանում էի նրա իրանից բռնել ու վեր բարձրացնել։ Իմ ծառաների ու տանը գտնվող մի քանի բարեկամների վրա նայում էի բարձրից, կարծես թե նրանք թզուկներ լինեին, իսկ ես՝ մի հսկա։ Կնոջս ասի, թե նա, ինչպես երևում է, շատ խնայող կյանք է վարել, որովհետև թե՛ նա և թե աղջիկս կարծես թե ուզեցել են սովամահ անել իրենց և ոչնչացնել։ Կարճ խոսքով, իմ վարմունքով ես այնքան անճանաչելի էի դառել, որ ամենքն էլ կապիտանի կարծիքին էին, երբ նա առաջին անգամ տեսավ ինձ, այսինքն՝ որոշեցին, որ խելքս կորցրել եմ։ Այս ամենը ես այստեղ հիշում եմ, ցույց տալու համար, թե որքա՜ն մեծ է սովորության ու նախապաշարումների զորությունը։
Մի փոքր հետո իմ ընտանիքիս և բարեկամներիս մեջ եղած թյուրիմացությունները վերացան, սակայն իմ կինը հայտարարեց, թե այսուհետև ես երբեք ծովի երես չեմ տեսնի, թեև իմ չար բախտն այնպես տնօրինեց, որ կինս չկարողացավ արգելք հանդիսանալ ինձ, ինչպես ընթերցողը կիմանա հետագայում։ Միևնույն ժամանակ ես վերջացնում եմ իմ դժբախտ ճանապարհորդության երկրորդ մասը։
Երրորդ մաս — Ճանապարհորդություն դեպի Լապուտա
Գլուխ առաջին
Հեղինակն սկսում է իր երրորդ ճանապարհորդությունն ու գերի ընկնում ծովահեններին։ Հոլանդացու չարակամությունը։ Հեղինակը ժամանում է մի կղզի։ Նրան բարձրացնում են Լապուտա։
Տասն օր չկար, որ տանն էի, երբ մոտս եկավ կոռնիշեցի կապիտան Վիլյամ Ռոբինզոնը, «Հուսատու»֊ի հրամանատարը, մի նավի, որ երեք հարյուր տոննա տարողություն ուներ։ Մի ժամանակ, Լեվանտ ճանապարհորդելիս, ես վիրաբույժ էի մի ուրիշ նավի վրա, որի պետն ու չորրորդ մասի տերն էր նա։ Ինձ հետ նա վարվում էր ավելի շուտ իբրև եղբոր, քան ստորադաս ծառայողի, ուստի լսելով իմ գալուստը՝ ինձ այցելության եկավ, ինչպես թվաց, լոկ բարեկամական զգացմունքից դրդված, որ երկար բացակայությունից հետո միանգամայն հասկանալի էր։ Սակայն իր այցելությունները մի քանի անգամ կրկնելուց և ինձ ողջ և առողջ գտնելու համար իր խնդակցությունը հայտնելուց հետո նա հարցրեց, թե արդյոք ես այժմ նստակյա՞ց կյանք պիտի վարեմ, թե՞ ոչ, ու ավելացրեց, որ երկու ամսից հետո մտադիր է մի ճանապարհորդություն կատարել դեպի Արևելյան Հնդկաստան․ ի վերջո մի շարք ջատագովություններից հետո ուղղակի հրավիրեց ինձ՝ նրա նավում վիրաբույժ լինելու․ նա հայտնեց, որ ես, բացի երկու բուժակից, մի օգնական վիրաբույժ էլ պիտի ունենամ, որ իմ ռոճիկը սովորականից երկու անագամ ավելի պետք է լինի և որ փորձից գիտե, թե ես համարյա նրա չափ ծանոթ եմ ծովային գործերին․ ուստի նա պարտավորվում է հետևել իմ խորհուրդներին, ինչպես եթե ես նրա օգնականը լինեի։
Նա ինձ այնքա՜ն շատ սիրալիր խոսքեր ասած, և ես այնքա՜ն էի ճանաչում նրան, իբրև մի ազնիվ մարդու, որ անկարող էի մերժել նրա առաջարկը․ և վերջապես աշխարհ տեսնելու ցանկությունը, չնայած իմ ունեցած դժբախտություններին, առաջվա պես իմ մեջ շատ ուժգին էր։ Միակ դժվարությունը մնում էր իմ կնոջը համոզել․ սակայն վերջ ի վերջո ես ստացա նրա համաձայնությունը, երբ նկարագրեցի այն օգուտները, որ պիտի ունենան մեր երեխաներն այդ ճանապարհորդությունից։
Մենք մեկնեցինք 1706 թվի օգոստոսի 5֊ին ու 1707 թվի ապրիլի 11֊ին հասանք Սան֊Ջորջի[60] ամրոցը։ Մենք այդտեղ մնացինք երեք շաբաթ՝ կազդուրելու համար մեր նավաստիներին, որոնցից շատերը հիվանդ էին։ Այդտեղից մենք գնացինք Տոնքին, որտեղ կապիտանը որոշեց մի առժամանակ մնալ, որովհետև ապրանքի շատ մասը, որ նա մտադիր էր գնել, դեռ պատրաստ չէր և հույս չուներ, որ մի քանի ամսից կանուխ կարող էր վերջացնել գործը։ Ուստի ծախքերը մասամբ թեթևացնելու հուսով նա մի սլուպ գնեց, զանազան ապրանքներ բարձեց վրան, որոնցով տոնքինցիները միշտ առևտուր են անում հարևան կղզիների հետ, ու նավի մեջ տեղավորելով տասնչորս մարդ, որոնցից երեքը տեղացիներ էին, ինձ նշանակեց սլուպի գլխավորը և իրավունք տվեց ապրանքը վաճառելու, մինչև որ նա կավարտի իր գործերը Տոնքինում։ Երեք օր չանցած՝ մի մեծ փոթորիկ բարձրացավ, որ մեզ հինգ օր շարունակ քշեց հյուսիս֊արևելք, և ապա դեպի արևելք․ դրանից հետո եղանակը լավացավ, սակայն արևմուտքից միշտ փչում էր բավականին ուժեղ քամի։ Տասներորդ օրը մեզ սկսեցին հետապնդել երկու ծովահեն, որոնք շուտով հասան մեզ, որովհետև իմ սլուպն այնքան ծանրաբեռնված էր, որ չէր կարողանում արագ սուրալ, իսկ մենք ի վիճալի չէինք պաշտպանվելու։
Մենք համարյա թե միաժամանակ շրջապատվեցինք երկու ծովահենների կողմից, որոնք արագ բարձրացան մեր նավը իրենց մարդկանց հետ միասին, և տեսնելով, որ մենք ամենքս էլ գետնատարած չոքել ենք նրանց առաջ (որովհետև ես այդպես էի հրամայել), բավարարվեցին նրանով, որ թոկերով ամուր կապոտեցին ու հսկողներ դնելով մեզ վրա, սկսեցին խուզարկել սլուպը։
Նրանց մեջ ես նկատեցի մի հոլանդացու, որ կարծես թե նրանց մեջ հեղինակություն էր վայելում, թեև նավերից ոչ մեկի հրամանատարը չէր։ Մեր արտաքինից նա իմացավ, որ մենք անգլիացիներ ենք և դիմելով մեզ իրենց լեզվով՝ երդվեց, որ մեզ մեջք֊մեջքի պիտի կապի ու ծովը նետի։ Ես տանելի կերպով խոսում էի հոլանդերեն, և նրան ասացի, թե ո՛վ ենք մենք ու խնդրեցի նկատի ունենալ, որ մենք քրիստոնյա և բողոքական ենք, հարևան դաշնակից երկրի հպատակները, որ նա պիտի շարժի իրենց կապիտանի գութը մեր հանդեպ։ Իմ դիմումը նրան կատաղություն պատճառեց․ նա կրկնեց իր սպառնալիքներն ու դառնալով իր ընկերներին՝ սկսեց տաք֊տաք խոսել, ինչպես ես ենթադրեցի, ճապոնական լեզվով, հաճախ գործ ածելով քրիստիանոս խոսքը։
Ծովահենների ավելի խոշոր նավի հրամանատարն էր մի ճապոնացի, որը մի քիչ խոսում էր հոլանդերեն, բայց շատ թերի։ Մոտենալով ինձ, նա մի քանի հարցեր տվեց, որոնց ես պատասխանեցի խորին հնազանդությամբ․ նա ինձ ասաց, որ մեզ չպիտի սպանեն։ Ես խորը կերպով գլուխ տվի կապիտանին և ապա դառնալով հոլանդացուն, ասացի, թե ցավում եմ, որ մի կռապաշտի մոտ ավելի գթասրտություն եմ տեսնում, քան եղբայրակից քրիստոնյաի։ Բայց ես շուտով ափսոսացի այդ անմտածված խոսքերի համար, որովհետև այդ անգամ սրիկան, մի քանի անգամ իզուր փորձեր անելուց հետո, որպեսզի զույգ կապիտաններին համոզի՝ նետելու ինձ ծովը (իսկ նրանք խոսք տալուց հետո չէին ուզում, որ ես մեռնեմ), այնուամենայնիվ հաջողեցրեց, որ ինձ ավելի տմարդի պատիժ նշանակեն, քան ինքը մահն է։ Մերոնց հավասար կերպով բաժանեցին երկու ծովահենների նավերի վրա, իսկ իմ սլուպի վրա կարգեցին նոր հրամանատարություն։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, նրանք որոշեցին դնել մի փոքրիկ մակույկի մեջ, տալով ինձ առագաստ և թիեր ու չորս օրվա պաշար և թողնել հողմերի ու ալիքների քմահաճույքին։ Ճապոնացի կապիտանն այնքան բարի եղավ, որ այդ պաշարը կրկնապատկեց իր սեփական մթերքներից և թույլ չտվեց, որ ինձ խուզարկեն։ Ես իջա այդ մակույկը, իսկ հոլանդացին նավի տախտակամածի վրա կանգնած[61] ինձ վրա էր տեղում ամեն տեսակի անեծքներ ու հայհոյանքներ, որ գոյություն ունեին նրանց լեզվով։
Ծովահեններին տեսնելուց մի ժամ առաջ ես հաշվեցի, որ մենք գտնվում ենք հյուսիսային լայնության 46° և երկարության 183° վրա։[62] Երբ ես ծովահեններից մի որոշ տարածություն հեռացել էի՝ իմ գրպանի հեռադիտակի օգնությամբ հայտնաբերեցի հարավ֊արևելյան կողմում մի քանի կղզի։ Ես պարզեցի առագաստն ու հաջողակ քամուն հանձնելով մտադիր էի հասնել այդ կղզիներից ամենամոտիկին, որ և հաջողվեց երեք ժամում։ Կղզին ամբողջովին ապառաժոտ էր․ այդտեղ ես մեծ քանակությամբ թռչունների ձվեր գտա ու կրակ անելով՝ ցարասենուց ու ջրխոտերից օջախ արի և խաշեցի ձվերը։ Ընթրիքս միայն այդ էր, որովհետև որոշեցի հնարավոր չափով խնայողաբար գործածել իմ պաշարը։ Գիշերն անց կացրի ժայռին ապավինած և տակս ցարասենու ճյուղեր փռած, հիանալի կերպով քնեցի։
Հետևյալ օրը առագաստս պարզած՝ նավս քշեցի դեպի մյուս կղզին, ապա՝ երրորդ ու չորրորդ կղզիները, բանեցնելով բացի առագաստից և թիերը։ Սակայն չհոգնեցնելու համար ընթերցողին իմ դժբախտության մանրամասն նկարագրությամբ, բավական է, եթե ասեմ, որ հինգերորդ օրը ես հասա իմ նկատած վերջին կղզին, որն ընկած էր նախկին կղզուց դեպի հարավ ― հարավ֊արևելք։
Այդ կղզին ավելի հեռու էր, քան ես կարծում էի, ուստի առնվազն հինգ ժամից հասա նրա ափերին։ Ես համարյա թե պտտեցի նրա չորս կողմը, մինչև որ կարողացա հարմար տեղ գտնել իջնելու համար․ դա մի փոքրիկ ծովախորշ էր, մոտ երեք անգամ իմ մակույկից լայն։ Կղզին ամբողջովին ժայռոտ էր, տեղ֊տեղ միայն կար դալար խոտ և անուշահոտ ծաղիկներ։ Ես հանեցի իմ աղքատիկ պաշարը, մի փոքր կազդուրվեցի ու պաշարիս մնացորդը թաքցրի քարանձավներից մեկի մեջ, որոնց թիվն այնտեղ շատ֊շատ էր։ Ապառաժների վրա ես շատ ձվեր հավաքեցի, ապա մեծ քանակությամբ մամուռ ու խանձված խոտ կիտեցի, որոնցով ես հետևյալ օրը մտադիր էի կրակ անել ու խաշել ձվերը (որովհետև մոտս կար կայծքար, պողպատ, աբեթ և հրատու ապակի): Գիշերը ես պառկեցի քարանձավում, որտեղ իմ պաշարն էր։ Անկողինս նույն չոր խոտն էր ու մամուռը, որ ես պատրաստել էի վառելիքի համար։ Քնեցի ես շատ քիչ, որովհետև խռովված հոգիս հաղթահարում էր իմ հոգնությունը և ինձ արթուն պահում։ Ես խորհում էի, թե ինչպե՛ս պիտի պահպանեմ իմ կյանքս այս ամայի վայրերում և ինչքա՛ն խճալի պիտի լինի իմ վախճանը։ Ես ինձ այնքան թույլ և վատ էի զգում, որ սիրտ չէի անում տեղից վեր կենալու, և մինչև ուժերս հավաքեցի ու դուրս եկա քարանձավից, օրն արդեն բավականին բացվել էր։ Ես մի փոքր քայլեցի ապառաժների արանքներում․ երկինքը միանգամայն պարզ էր և արևն այնքա՜ն տաք, որ ես ստիպված էի արևից շրջել իմ երեսը․ այդ միջոցին հանկարծ օդը խավարեց, բայց ոչ այնպես, երբ արևը ծածկվում է ամպերի հետևը։ Ես ետ դարձա ու նկատեցի՝ արևի դեմ բռնել էր մի ահագին անթափանց մարմին, որ շարժվում էր կղզու ուղղությամբ․ այդ մարմինը, ինչպես թվում էր ինձ, մոտ երկու մղոն բարձրության վրա էր, և վեց թե յոթ րոպե ծածկում էր արևը։ Սակայն նկատելի չէր, որ դրանից օրն ավելի ցրտեր ու մթներ, քան այն ժամանակ, երբ կանգնում ես լեռան ստվերում։ Քանի այդ մարմինը մոտենում էր իմ կանգնած տեղին, այնքան թվում էր ինձ, որ դա մի կարծր նյութ է, հարթ, ողորկ և ծովի արտացոլումից լուսաշող հատակով։ Ես կանգնած էի ափից մոտ երկու հարյուր յարդ բարձր և տեսնում էի, թե ինչպես այդ լայնարձակ մարմինը գրեթե ինձ զուգահեռ ուղղությամբ իջնում է ցած, մոտ մեկ անգլիական մղոն հեռավորության վրա։ Հանեցի իմ գրպանի հեռադիտակն ու պարզ նկատեցի զառիվայրերով վեր ու վար անող մարդկանց, բայց թե ի՞նչ էին անում նրանք, չկարողացա որոշել։
Կյանքի բնական սերը լցրեց իմ սիրտն ուրախության զգացմունքով և իմ մեջ մի հույս ծագեց, որ այդ երևույթը այս կամ այն կերպ կարող է օգնել ինձ դուրս գալու այդ ամայի վայրից և այն խղճալի վիճակից, որի մեջ ես ընկել էի։ Միևնույն ժամանակ ընթերցողը հազիվ թե ըմբռնի իմ զարմանքը, երբ տեսնում էի օդի մեջ ճախրող մի կղզի, մարդկանցով լեցուն, որոնք կարող էին (ինչպես ինձ թվաց), ըստ իրենց ցանկության, բարձրանալ և իջնել կամ առաջ շարժվել։ Սակայն այդ րոպեին այն վիճակի մեջ չէի, որ փիլիսոփայություն անեի այդ տեսիլքի վրա, ավելի նախամեծար էի համարում դիտել, թե կղզին ի՞նչ ուղղություն պիտի բռնի, որովհետև նա մի պահ կարծես թե կանգ առավ։ Սակայն շուտով կղզին մոտեցավ ինձ, և ես կարողացա տեսնել, որ նա ամեն կողմից ունի մի շարք պատշգամբներ, որոնք դասավորված են աստիճաններով և հաղորդվում են մեկը մյուսից որոշ հեռավորության վրա գտնվող սանդուխքներով։ Ամենացածր պատշգամբում ես տեսա մի քանի մարդկանց, որոնք կարթերով ձուկ էին որսում, իսկ մյուսները դիտում էին։ Ես շարժեցի օդի մեջ իմ գիշերային գլխանոցը (որովհետև գլխարկս վաղուց արդեն մաշվել էր) և իմ թաշկինակը կղզու ուղղությամբ․ իսկ երբ նա ավելի մոտեցավ՝ ես սկսեցի կանչել և գոռալ ամբողջ ուժով․ ապա ուշադրությամբ նայելուց հետո տեսա, որ կղզու դեպի ինձ դարձած կողմը հավաքվեց մի ամբոխ։ Ես տեսա, որ նրանք նկատել են ինձ, որովհետև մատով ցույց էին տալիս ինձ և ապա միմյանց նշաններ անում, թեև իմ կանչերին ոչ մի պատասխան չտվին։ Միայն չորս թե հինգ հոգի սանդուղքներով արագ֊արագ բարձրացան կղզու կտուրն ու անհետացան այնտեղ։ Հաստատապես կարող եմ ենթադրել, որ նրանց ուղարկեցին մի որևէ հեղինակավոր անձի մոտ՝ եղած դեպքի առիթով հրահանգներ ստանալու։
Մարդկանց թիվը քանի գնում ավելանում էր․ ու չանցավ մեկ ու կես ժամ, երբ կղզին իրարանցվեց ու սկսեց բարձրանալ օդի մեջ, մինչև որ նրա ստորին պատշգամբը հարյուր յարդ հեռավորության վրա, հավասարվեց այն տեղին, ուր ես էի կանգնած։ Այնուհետև աղաչող մարդու կեցվածքով ես սկսեցի հլու շեշտերով խոսել, սակայն նրանք ինձ ոչ մի պատասխան չտվին։ Ինձ ավելի մոտ կանգնածները, ինչպես ես հասկացա նրանց հագուստներից, ըստ երևույթին նշանավոր մարդիկ էին։ Նրանք իրար հետ լուրջ կերպով խարհուրդ էին անում՝ հաճախ դեպի ինձ նայելով։ Վերջապես նրանցից մեկը գոչեց հստակ, վայելուչ ու սահուն բարբառով, որ նման էր իտալերենի, ուստի ես պատասխանեցի այդ լեզվով, հուսալով գոնե, որ այդ ներդաշնակությունն ավելի դուրեկան կլինի նրանց ականջին։ Թեև մենք իրար չհասկացանք, սակայն իմ մտադրությունը դժվար չէր գուշակել, որովհետև նրանք տեսնում էին այն դժբախտ կացությունը, որի մեջ ես գտնվում էի։
Նրանք ինձ նշան արին, որ ապառաժներից ցած իջնեմ դեպի ափը, որ ես անմիջապես կատարեցի։ Ու թռչող կղզին իջավ մինչև մի հարմար բարձրություն, իր մի եզրն ուղիղ իմ գլխավերևի կողմը դարձրեց, ապա ստորին պատշգամբից մի շղթա բաց թողին, ծայրին ամրացրած մի նստատեղի, որի վրա ես նստեցի, իսկ հետո ինձ ճախարակների օգնությամբ վեր բարձրացրին։
Գլուխ երկրորդ
Լապուտացիների բնավորության և խառնվածքի նկարագրությունը։ Պատկերացում նրանց գիտության մասին։ Թագավորի և նրա արքունիքի մասին։ Հեղինակի ընդունելությունն այնտեղ։ Տեղացիների երկյուղն ու տագնապը։ Լապուտայի կանայք։
Հենց որ ես բարձրացա, ինձ շրջապատեց մարդկային մի ամբոխ, սակայն ավելի մոտ կանգնածները, երևում էր, որ բարձր դասի մարդիկ էին։ Նրանք դիտում էին ինձ զարմանքի գերագույն նշաններով, սակայն ես էլ այդ տեսակետից նրանցից պակաս չէի, որովհետև մինչև օրս ես երբեք չէի տեսել մահկանացուների մի ցեղ, այդքա՜ն անօրինակ՝ իր կազմվածքով, հագուստով ու կերպարանքով։ Ամենքի գլուխները հակված էին կամ դեպի աջ, կամ դեպի ձախ․ նրանց մի աչքը նայում էր դեպի ներս, իսկ մյուսը՝ ուղղակի դեպի զենիթը։ Նրանց վրայի հագուստները զարդարված էին արևի, լուսնի ու աստղերի նկարներով, և, մեջ ընդ մեջ՝ ջութակի, սրնգի, տավիղի, շեփորի, կիթառի, դաշնամուրի և Եվրոպայում անծանոթ բազմաթիվ այլ երաժշտական գործիքների պատկերներով։ Աջ ու ձախ տեսնում էի ծառայի հագուստներով բազմաթիվ մարդկանց, որոնք ձեռներին բռնել էին մտրակի պես կարճ ձեռնափայտեր, ծայրերին կապած օդով լիքը փուչիկներ։ Ամեն մի փուչիկի մեջ կար մի քիչ չորացրած սիսեռ կամ մի քանի խիճ (ինչպես ինձ հաղորդեցին հետագայում): Այդ փուչիկները նրանք մերթ ընդ մերթ խփում էին իրենց մոտ կանգնած մարդկանց բերանին և ականջներին, բայց թե ի՞նչ նպատակով՝ ես սկզբում չհասկացա։ Ըստ երևույթին այդ մարդկանց միտքն այն աստիճան տարված է հախուռն խորհրդածություններով, որ նրանք անկարող են խոսել կամ լսել ուրիշի ասածները, մինչև որ մեկն արտաքուստ շփելով նրանց խոսելու և լսելու զգայարանները, չզարթեցնի նրանց․ ահա թե ինչու նրանք, ովքեր ի վիճակի են, իրենց ծառաների մեջ միշտ պահում են մի հարվածող (տեղացիների լեզվով՝ կլայմինոլ), առանց որի նրանք ոչ զբոսանքի են գնում և ոչ էլ այցելության։ Երբ երկու կամ ավելի հոգի հանդիպում են իրար, այդ ծառայի պարտականությունն է իր փուչիկով թեթև հարվածել նրա բերանին, ով պիտի խոսի և նրա կամ նրանց ականջին, ում դիմում է խոսողը։ Բացի այդ, հարվածողն զբոսանքի ժամանակ մշտապես պարտավոր է ուղեկցել իր տիրոջը և տեղն ընկած ժամանակ նրա աչքերին թեթև հարվածներ տալ, որովհետև իր տերն այնքան ընկղմված է լինում խոհերի մեջ, որ ամեն րոպե ենթակա է անդունդի մեջ ընկնելու, իր գլուխը սյունին խփելու, իսկ փողոցում՝ մեկին բախվելու կամ իրեն խրամատի մեջ նետելու վտանգին։
Հարկավոր էր, որ ընթերցողին ես տայի այս տեղեկությունը, առանց որի նա ինձ պես պիտի անկարող լիներ հասկանալ այդ մարդկանց արարքը, երբ նրանք սանդուղքներով տանում էին ինձ դեպի վեր՝ կղզու կտուրը, իսկ այնտեղից՝ դեպի թագավորական պալատը։ Երբ մենք բարձրանում էինք, նրանք մի քանի անգամ մոռացան, թե ի՞նչ պիտի անեն, ու թողին ինձ մենակ, մինչև որ հարվածողները նորից չվերականգնեցին նրանց հիշողությունը։ Ըստ երևույթին նրանց վրա ոչ մի ազդեցություն չէր թողել իմ օտարոտի հագուստն ու արտաքին տեսքը և ոչ էլ անբոխի աղմուկը, այն ամբոխի, որի խելքն ու միտքն ավելի քիչ է զբաղված։
Վերջապես մենք մտանք պալատը և անցանք ընդունարանը, ուր ես տեսա թագավորին՝ գահի վրա նստած և երևելի մարդկանցով շրջապատված։ Նրա առաջ դրված էր մի սեղան, որի վրա կային բազմաթիվ աշխարհագնդեր, մոլորակներ և այլ մաթեմատիկական գործիքներ։ Նորին մեծությունն ամենևին չնկատեց մեզ, թեև մեր մուտքը, շնորհիվ մեզ ուղեկցող պալատականների, բավականին աղմկահույզ էր։ Նա խորասուզվել էր մի ինչ֊որ առեղծվածի մեջ, ու մենք համարյա թե մի ժամ սպասեցինք, մինչև որ նա լուծեց այդ առեղծվածը։ Երկու կողմից կանգնած էին մի֊մի մանկլավիկ, փուչիկները ձեռներին։ Եվ երբ նրանք տեսան, որ թագավորն ազատ է, նրանցից մեկը մեղմորեն խփեց նրա բերանին, իսկ մյուսը ականջին․ դրանից թագավորը հանկարծակի արթնացածի պես վեր թռավ և նայելով ինձ ու շրջապատողներին, հիշեց մեր գալը, որի մասին նրան առաջուց զեկուցել էին։ Նա մի քանի խոսք ասաց, որից հետո մի երիտասարդ մոտեցավ ինձ և իր փուչիկով թեթև խփեց իմ աջ ականջին։ Սակայն ես նշան արի, որ այդ գործիքի կարիքը չեմ զգում․ դա, ինչպես ես հետո իմացա, առիթ տվեց նորին մեծության և ամբողջ պալատին շատ ստոր կարծիք կազմելու իմ մտավոր ընդունակությունների մասին։ Թագավորը, ինչպես ես կարողացա ենթադրել, ինձ զանազան հարցեր էր տալիս, իսկ ես պատասխանում էի նրան իմ գիտեցած բոլոր լեզուներով։ Երբ նա տեսավ, որ միմյանց չենք կարող հասկանալ, թագավորի հրամանով ինձ տարան պալատական սրահներից մեկը (այս թագավորը հայտնի էր իր հյուրնկալությամբ դեպի օտարակններն ավելի, քան իր նախորդները), որտեղ ինձ սպասավորելու համար նշանակեցին երկու ծառա։ Ինձ համար ճաշ բերին, և չորս երևելի անձինք, որոնց, ես հիշում եմ, որ տեսա իրեն՝ թագավորի կողքին նստած, պատիվ արին ինձ հետ ճաշելու։ Մեր ճաշը շարունակվեց երկու պահ, ամեն մի պահին տվին երեք տեսակի կերակուր։ Առաջին պահին տվին ոչխարի թիկունք՝ հավասարակող եռանկյունու ձևով կտրած, մի կտոր կովի միս, շեղանկյուն կտրած, և պուդդինգ՝ շրջանակաձև պատրաստած։ Երկրորդ պահին տվին ջութակաձև պատրաստած երկու բադ, սրնգաձև և շեփորաձև երշիկ և պուդդինգ ու տավիղաձև հորթի կրծքի միս։ Սպասավորները կտրում էին մեր հացը, տալով այդ կտորներին գլանակի, ռոմբի և ուրիշ շատ մաթեմատիկական պատկերների ձևեր։
Ճաշի ժամանակ ես համարձակություն ունեցա հարցնելու մի քանի իրերի անուններն իրենց լեզվով․ և այդ ազնվազարմ անձինք, իրենց հարվածողների աջակցությամբ, բարեհաճեցին պատասխանել ինձ, հույս ունենալով, որ նրանց ընդունակությունների մասին իմ զարմանքը կմեծանա, եթե ես կարողանամ նրանց հետ զրուցել։ Շուտով ես կարողացա խնդրել հաց, ջուր և ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ։
Ճաշից հետո իմ սեղանակիցները հեռացան, ու թագավորի հրամանով ինձ մոտ մի մարդ եկավ՝ ուղեկցությամբ մի հարվածողի։ Նա իր հետ բերեց գրիչ, թանաք, թուղթ, երեք թե չորս գիրք, ու նշաններով ինձ հասկացրեց, թե իրեն ուղարկել են ինձ սովորեցնելու։ Մենք չորս ժամ պարապեցինք, և այդ ժամանակամիջոցում ես գրեցի սյունակ առ սյունակ մեծ քանակությամբ բառեր, ամեն մի բառի դիմաց՝ իր թարգմանությունը։ Բացի այդ, ես փորձեցի սովորել մի քանի նախադասություն։ Իմ դասատուն հրամայեց իմ սպասավորներից մեկին, որ մի որևէ իր բերի, ետ դառնա, գլուխ տա, նստի, վեր կենա, ման գա և այլն։ Իսկ ես գրի էի առնում դասատուի արտասանած նախադասությունները։ Նմանապես նա ինձ իր գրքերից մեկում ցույց տվեց զանազան նկարներ՝ արևի, լուսնի, աստղերի, զոդիակի, արևադարձի, բևեռային շրջանների և միևնույն ժամանակ տվեց բազմաթիվ պատկերների և հաստատուն մարմինների անուններ։ Նա տվեց ինձ բոլոր երաժշտական գործիքների և այդ գործիքներից ամեն մեկի վրա նվագելու արվեստի կարևոր տերմինների անուններն ու նկարագրությունը։ Երբ նա գնաց, ես այդ բոլոր բառերն իրենց մեկնությամբ հանդերձ դասավորեցի այբուբենական կարգով։ Եվ այդպես, մի քանի օրում, շնորհիվ իմ լավ հիշողության, ես որոշ չափով սովորեցի նրանց լեզուն։
Ես ամենևին չկարողացա իմանալ իսկական ստուգաբանությունն այն խոսքի, որ ես թարգմանում եմ՝ թռչող կամ լողացող կղզի և որն իրենց լեզվով կոչվում է Լապուտա։ Հին, անգործածական լեզվով լապ խոսքը նշանակում է՝ գերագույն, իսկ ունտուն՝ վարիչ, որից, ասում են, աղավաղված կերպով ածանցված է Լապուտա խոսքը՝ փոխանակ՝ Լապունտու֊ի։ Սակայն ես չեմ կարող հավանություն տալ այդ ածանցման, որ թվում է ինձ մի փոքր բռնազբոսիկ։ Ես համարձակություն ունեցա առաջարկելու նրանց գիտնականներին իմ սեփական վարկածը, որ Լապուտա խոսքը quasi լապ աուտեդ֊ն է․ լապ ― հատկապես նշանակում է ծովի մեջ արևի շողերի խաղ, իսկ աուտեդ՝ նշանակում է թև․ սակայն ես չեմ պնդում այդ վարկածը, այլ միայն առաջարկում եմ արդարամիտ ընթերցողին։
Թագավորի հրամանով ինձ վրա կարգված խնամատարները նկատելով, թե ես որքա՜ն վատ եմ հագնված, կարգադրեցին, որ հետևյալ առավոտ մի դերձակ գա և վերցնի իմ չափը մի ձեռք հագուստի համար։ Այդ վարպետն իր պաշտոնը կատարեց միանգամայն այլ կերպ, քան անում են նրա արհեստակիցները Եվրոպայում։ Նախ և առաջ քառորդակի օգնությամբ վերցրեց իմ հասակի բարձրությունը, ապա քանոնով ու կարկինով որոշեց իմ մարմնի ծավալն ու շրջագիծը, և այս ամենն արձանագրեց թղթի վրա ու վեց օրից հետո բերեց իմ հագուստը, շատ վատ կարած և ոչ իմ վրայով, շնորհիվ այն սխալի, որ նա արել էր հաշվելու ժամանակ։[63] Սակայն ես մխիթարվում էի նրանով, որ նման դեպքեր հաճախ էի նկատում, ուստի այնքան էլ ուշադրություն չէի դարձնում։
Հագուստ չունենալու և ինձ մի փոքր վատ զգալու պատճառով ես մի քանի օր սենյակում փակված մնացի և այդ ժամանակամիջոցում կարողացա ավելացնել իմ բառապաշարը, և երբ հետագայում ես գնացի արքունիք, արդեն կարողանում էի թագավորի բառերից շատ բան հասկանալ ու քիչ թե շատ պատասխանել։ Նորին մեծությունը հրամայեց, որ կղզին քշեն հյուսիս֊արևելք, դեպի Լագադո, թագավորության մայրաքաղաքը, որ գտնվում էր ներքև, երկրի երեսին, մոտ իննսուն լիգ հեռավորության վրա։ Մեր ճանապարհորդությունը տևեց չորս և կես օր։ Ես ամենևին չզգացի կղզու՝ օդի մեջ արած շարժման թափը։ Հետևյալ օրը, առավոտյան, ժամը մոտ տասնմեկին, ինքը թագավորը, իր ազնվականությունը, պալատականներն ու պաշտոնյաները, ամենքը միասին սկսեցին նվագել իրենց երաժշտական գործիքները, ամբողջ երեք ժամ, առանց դադարի, այնպես որ ես այդ աղմուկից կատարելապես խլացա․ ես չկարողացա հասկանալ այդ համերգի իմաստը, մինչև որ իմ դասատուն չբացատրեց ինձ։ Նա ասաց, որ իրենց կղզու ժողովրդի ականջներն օժտված եմ երկնային երաժշտությունը լսելու կարողությամբ, իսկ այդ երաժշտությունը հնչում է որոշ ժամանակներ, ուստի պալատականները պատրաստություն են տեսնում մասնակցելու այդ տիեզերական համերգին այն գործիքներով, ինչի վրա նրանք ավելի լավ են նվագում։
Դեպի մայրաքաղաքը՝ Լագադո կատարած ճանապարհորդության ժամանակ նորին մեծությունը հրամայեց, որ կղզին կանգ առնի մի քանի քաղաքների ու գյուղերի վրա՝ իր հպատակներից խնդրագրեր ընդունելու համար։ Այդ նպատակով բաց էին թողնվում դեպի ցած բարակ թոկեր՝ ծայրերին փոքրիկ ծանրություններ կապած։ Այդ թոկերից ժողովուրդը կապում էր իր խնդրագրերը, որոնք վեր էին բարձրանում, ինչպես թղթի կտորները, որոնք աշակերտները կապում են իրենց թռչող առագաստի թելի ծայրին։ Երբեմն մենք ցածից ստանում էինք գինի և ուտելիքներ, որ ճախարակների միջոցով բարձրացնում էին վեր։
Մաթեմատիկայի մեջ ունեցած իմ գիտությունը մեծ ծառայություն մատուցեց ինձ ըմբռնելու նրանց ֆրազեոլոգիան, որ ըստ մեծի մասին առնված էր այդ գիտությունից ու երաժշտությունից, քանի որ վերջինիս նկատմամբ էլ անճարակ չէի։ Նրանց գաղափարները շարունակ պտտում են գծերի և ձևերի շուրջը։ Եթե նրանք ցանկանում են, օրինակի համար, գովել մի որևէ կնոջ կամ կենդանու գեղեցկությունը, նրանք նկարագրում են այդ գեղեցկությունը շեղանկյունների, շրջագծերի, զուգահեռագծերի, ձվաձև գծերի և այլ երկրաչափական տերմինների օգնությամբ կամ երաժշտությունից առնված խոսքերով, որոնց կրկնությունն այստեղ անտեղի կլիներ։ Թագավորական խոհանոցն ամբողջապես լեցուն էր մաթեմատիկական և երաժշտական գործիքներով, որոնց ձևերով նրանք կտրատում են նորին մեծության սեղանի համար պատրաստած մսեղենը։
Նրանց տները շինված են շատ վատ, պատերը ծուռ են, տների ներսը ոչ մի ուղիղ անկյուն չկա, և ճարտարապետական այդ թերությունը նրանք ընդունում են իբրև արհամարանք դեպի գործնական երկրաչափությունը, որ նրանք համարում են գռեհիկ և արհեստական և որի ցուցմունքները գտնում են անհասկանալի իրենց բանվորների համար, ու մշտական սխալմունքների առիթ տվող։ Թեև նրանք թղթի վրա վարպետորեն բանեցնում են քանոն, մատիտ և կարկին, սակայն առօրյա գործերում և կենսական հարցերում ես չեմ տեսել նրանցից ավելի անշնորհք, անճարակ և ապիկար մարդիկ, այնքա՜ն ծանծաղամիտ՝ ըմբռնելու բոլոր այն իրերը, որոնք առնչություն չունեն մաթեմատիկայի և երաժշտության հետ։ Նրանց դատողությունը շատ թերի է, բայց սիրում են ուժեղ հակաճառել, միայն ոչ այն դեպքերում, երբ նրանք արդարացի են, ինչ որ հազիվ է պատահում։ Մտահղացությունը, երևակայությունն ու հնարագիտությունը միանգամայն օտարոտի բաներ են նրանց համար, և այդ գաղափարներն արտահայտելու համար նրանց լեզվով համապատասխան բառեր գոյություն չունեն․ նրանց խելքն ու միտքը պարփակված են միայն այդ երկու գիտությունների շրջանակներում։
Նրանցից շատերը, և մանավանդ նրանք, որոնք աստղաբախշական մասնագիտություն ունեն, մեծ հավատ են ընծայում աստղաբաշխության, թեև ամաչում են հրապարակով խոստովանել։ Սակայն ինձ շատ զարմացրեց մի նկատելի հանգամանք, որ մնաց ինձ համար անբացատրելի․ այդ այն է, որ նրանք մեծ հակումն ունեն դեպի քաղաքական նորությունները, միշտ հետաքրքրվում են հասարակական գործերով, դատողություններ են անում պետական հարցերի մասին և կրքոտ կերպով պաշտպանում իրենց տեսակետը։ Սակայն նույն հակումը ես նկատել եմ Եվրոպայում ինձ ծանոթ մաթեմատիկոսներից շատերի մոտ, թեև ես ամենևին չիմացա, թե ինչ կապ կա մաթեմատիկայի և քաղաքականության մեջ․ գուցե այդ մարդիկ ելնելով նրանից, որ փոքրագույն շրջանակը նույնքան աստիճանաչափ ունի, որքան և մեծագույն շրջանակը, տրամադիր են կարծելու, որ աշխարհը կառավարելու և կարգի բերելու համար ավելի կարողություն չի պահանջվում, քան մի որևէ աշխարհագունդ գործածելու և պտտեցնելու համար։ Բայց իմ կարծիքով այդ հակումն ավելի շատ կապ ունի մարդկային այն համատարած թուլության հետ, որ դրդում է մեզ ավելի շատ հետաքրքրվելու և զբաղվելու այնպիսի գործերով, որոնք ամենից քիչ առնչություն ունեն մեզ հետ և որոնց հասկանալու համար թե՛ ուսումը և թե՛ բնությունն օժտել են մեզ նվազագույն կարողությամբ։
Այդ ժողովուրդը գտնվում է մշտական տագնապի մեջ, և հոգեկան խաղաղությունը նրանց ամենևին հրճվանք չի պատճառում․ իսկ նրանց հոգեկան խռովությունը բխում է այնպիսի պատճառներից, որոնք մնացած մահկանացուների վրա ոչ մի ազդեցություն չեն գործում։ Նրանց վրա սարսափ են ազդում այն մի շարք փոփոխությունները, որոնք, նրանց կարծիքով, տեղի են ունենում երկնային մարմինների մեջ։ Օրինակի համար, նրանք երկյուղ են կրում, որ երկիրը շարունակաբար մոտենալով արևին, մի օր պիտի ոչնչանա և կուլ գնա վերջինին։ Որ արևի երեսը կամաց֊կամաց պիտի ծածկվի իր սեփական վիժումներից ու աշխարհը պիտի մնա առանց լույսի։ Որ երկիրը հազիվ ազատվեց վերջին գիսավորի պոչի հարվածից, որ, անկասկած, նրան մոխիր պիտի դարձներ, և հետևյալ գիսավորը, որ իրենց հաշվով պիտի երևա երեսուն մեկ տարի հետո, հավանաբար պիտի ոչնչացնի մեզ, որովհետև նա իր արևամերձ կետում եթե մի փոքր ավելի մոտենա արևին (որի համար, նրանց հաշվով, պատճառ կա երկյուղ կրելու), այն ժամանակ նա արևից կստանա տասը հազար անգամ ավելի տաքություն, քան ունի հալած կաս֊կարմիր երկաթը․ հեռանալով արևից՝ այդ գիսավորն իրեն հետ պիտի տանի տասը հազար տասնչորս մղոն երկարությամբ մի բոցավառ պոչ․ և եթե պատահմամբ երկիրն անցնի այդ պոչի միջով, գիսավորի միջուկից կամ նրա գլխավոր մարմնից հարյուր հազար մղոն հեռավորության վրա, այն ժամանակ երկիրը պիտի բոցավառվի ու մոխիր դառնա։ Եվ, վերջապես, արևն ամեն օր վատնելով իր ճառագայթները և փոխարենը չստանալով ոչ մի սնունդ, վերջ ի վերջո պիտի սպառվի ու բնաջնջվի, որից հետո պիտի կործանվեն թե՛ երկիրը և թե այն բոլոր մոլորակները, որոնք իրենց լույսը ստանում են արևից։
Այդ և նման վերահաս ահեղ վտանգների պատճառով նրանք գտնվում են մի այնպիսի տագնապի մեջ, որ ոչ հանգիստ քնել են կարողանում իրենց անկողիններում և ոչ էլ կյանքի զվարճություններից ու սովորական հաճույքներից վայելք են ստանում։ Առավոտները, երբ նրանք հանդիպում են իրենց ծանոթներին, նախ և առաջ հարցնում են արևի առողջությունը, թե ինչպես է նրա տեսքը մայր մտնելու ու ծագելու ժամանակ, և արդյոք հույս կա՞, որ նրանք պիտի խուսափեն մոտեցող մոլորակի հետ բախում ունենալուց։ Այդ խոսակցություններով նրանք զբաղվում են նույն հրապույրով, ինչ որ նկատվում է երեխաների մոտ, երբ նրանք լսում են սոսկալի պատմություններ չար ոգիների և ճիվաղների մասին և ագահությամբ ականջ դնելուց հետո չեն համարձակվում քնելու գնալ։
Այդ կղզու կանայք ավելի կենսուրախ են․ նրանք արհամարում են իրենց ամուսիններին և չափազանց սիրում օտարականներին, որոնք ահագին թվով գալիս են ցամաքից կա՛մ ներկայանալու արքունիք, կա՛մ զանազան քաղաքների և համայնքների գործով և կամ իրենց անձնական հանգամանքով։ Բայց տեղացիները արհամարհանքով են նայում նրանց, որովհետև նրանք զուրկ են մտահայեցողական ընդունակություններից։ Նրանցից էլ այդ տիկիններն իրենց համար սիրահարներ են ջոկում․ միայն անհաճելին այն է, որ նրանք այդ բանն անում են մեծ դյուրությամբ ու բացարձակ կերպով, որովհետև ամուսինը միշտ այնքա՜ն է հափշտակված իր մտահայեցողությամբ, որ նրա աչքի առաջ սիրուհին ու նրա սիրեկանը կարող են ամբողջովին ցուցադրել միմյանց հանդեպ ունեցած իրենց մտերմությունը, միայն թե ամուսինն իր ձեռքի տակ ունենա թուղթ և մաթեմատիկական գործիքներ, իսկ իր հարվածողը բացակա լինի։
Կանայք ու աղջիկները կղզու վրա ունեցած իրենց փակ կյանքից շատ դժգոհ են․ թեև իմ կարծիքով այդ կղզին ամենահաճելի տեղն է աշխարհի երեսին, և չնայած նրան, որ նրանք այդտեղ լիառատ ու հոյակապ կյանք են վարում և անում են այն ամենը, ինչ ուզում են, այնուամենայնիվ նրանք ձգտում են տեսնելու ցամաքն ու վայելելու մայրաքաղաքի զվարճությունները, մի բան, որ առանց թագավորի մասնավոր թույլտվության իրավունք չունեն անելու․ իսկ այդ թույլտվությունն այնքան էլ հեշտ չէ ստանալ, որովհետև բարձրադիր մարդիկ հաճախակի փորձերից շատ լավ գիտեն, թե որքա՜ն դժվար է ստիպել իրենց կանանց, որ ներքևից վերադառնան կղզին։ Ինձ պատմեցին մի նշանավոր պալատական տիկնոջ մասին, որ ունեցել է մի քանի երեխա, եղել է առաջին մինիստրի և թագավորության ամենահարուստ, արտաքինից շատ դուրեկան, իրեն էլ քնքուշ սիրող մարդու կինը, ապրել է կղզու ամենահոյակապ պալատում, և որը մի անգամ գնացել է Լագադո բժշկվելու ու մի քանի ամիս անհայտացել է, մինչև որ թագավորը հրաման է արձակել որոնելու նրան, և ահա այդ երևելի տիկնոջը գտնում են մի աննշան պանդոկում, ցնցոտիներով պատած, իր հագուստները գրավ դրած՝ պահելու համար մի ծեր և այլանդակ սպասավորի, որ ամեն օր ծեծել է նրան և որից նրան բաժանել են հակառակ իր կամքի։ Եվ չնայած, որ ամուսինն ընդունել է նրան ամենայն սիրով և առանց որևէ հանդիմանության, այդ տիկինն այնուամենայնիվ դրանից հետո անմիջապես գաղտագողի կերպով մի կերպ փախել է դեպի ցած, իր սիրեկանի մոտ, հետն առնելով իր բոլոր թանկարժեք իրերը, և այդ օրվանից նրանցից ոչ մի լուր չկա։
Այս ամենը թերևս ընթերցողը համարի ավելի շատ իբրև մի եվրոպական կամ անգլիական առասպել, քան մի իսկական պատմություն, առնված մի այդքա՜ն հեռավոր երկրի կյանքից։ Սակայն նա թող բարեհաճի ընդունել, որ կանանց քմահաճույքը չի սահմանափակվում ոչ կլիմայով և ոչ էլ ազգությամբ, որ այդ քմահաճույն ավելի միօրինակ է, քան թվում է առհասարակ։
Մոտ մի ամսվա ընթացքում ես նրանց լեզվի մեջ բավական առաջադիմություն արի, և երբ բախտ էի ունենում ներկայանալու թագավորին, կարողանում էի նրա հարցերից շատերի պատասխանը տալ։ Իմ այցելած երկրների օրենքները, վարչական ձևը, պատմությունը, կրոնը և տեղական սովորություններն ամենևին հետաքրքրություն չառաջացրին նորին մեծության մեջ․ նա միայն հարցուփորձ արեց մաթեմատիկայի կացության մասին և լսեց իմ տված տեղեկությունները շատ անուշադիր և անտարբեր, չնայած որ նրա երկու կողքին կանգնած հարվածողներն անդադար լարում էին նրա ուշադրությունը։
Գլուխ երրորդ
Մի սքանչելի երևույթ, որ արդյունք է ժամանակակից փիլիսոփայության և աստղաբաշխության։ Լապուտացիների խոշոր առաջադիմություններն աստղաբաշխության մեջ։ Թե ինչպես է թագավորը ապստամբությունները ճնշում։
Թագավորից ես թույլտվություն խնդրեցի նայելու կղզու տեսարժան վայրերը, որի համար նա բարեհաճեց տալ իր հավանությունը՝ հրամայելով, որ իմ դասատուն առաջնորդի ինձ։ Գլխավորապես ես ուզում էի իմանալ, թե կղզին իր զանազան շարժումներով ի՞նչ արհեստական կամ բնական պատճառի է պարտական։ Այդ առիթով ես այժմ ուզում եմ ընթերցողին տալ մի փիլիսոփայական բացատրություն։
Թռչող կամ թե լողացող կղզին իսկական շրջանի ձև ունի՝ նրա տրամագիծը 7837 յարդ է, կամ մոտ չորս և կես մղոն, որ, հետևապես, անում է տասը հազար ակր։ Նրա հաստությունը երեք հարյուր յարդ է։ Նրա հատակը, կամ ստորին մակարդակը, որ տեսանելի է միայն ներքևի կանգնած մարդկանց, ադամանդի մի ողորկ տախտակ է, որ խոյանում է դեպի վեր երկու հարյուր յարդ բարձրությամբ։ Նրա վրա դարսված են զանազան հանքային քարեր իրենց սովորական կարգով, որոնց վրա՝ պարարտ հողի մի շերտ տասը թե տասներկու ոտնաչափ խորությամբ։ Շրջագծերից դեպի կենտրոնն իջնող նրա արտաքին մակերևույթի թեքության պատճառով կղզու վրա տեղացող ցողն ու անձրևը, վերածվելով փոքրիկ առվակների, հոսում են դեպի կենտրոնը, թափվում չորս ընդարձակ ավազանի մեջ, որոնցից ամեն մեկը մոտ կես մղոն շրջագիծ ունի և կղզու կենտրոնից՝ մոտ երկու հարյուր յարդ հեռավորություն։ Արևի ճառագայթներից այդ ավազանների ջուրն անընդհատ շոգիանում է, որի պատճառով և ավազանները չեն լցվում։ Բացի այդ արքան հնարավորություն ունի բարձրացնելու կղզին ամպերի և շոգիների սահմաններից ավելի վեր, որով և նա կարող է խափանել ցողերի և անձրևների տեղալը, եթե միայն նա ցանկանա։ Չէ՞ որ ամենաբարձր ամպերը երկու մղոնից ավելի չեն բարձրանում, ինչպես հավատացնում են բնագետները, և վերջապես այդ երկրում նման դեպքեր բոլորովին անծանոթ են։
Կղզու կենտրոնում կա մոտ հիսուն յարդ տրամագծով մի վիհ, որով աստղաբաշխներն իջնում են մի ընդաձակ գմբեթաձև քարայր, որ և այդ պատճառով կոչվում է՝ Ֆլանդոնա Գագնոլե, կամ աստղաբաշխական քարայր, որ ադամանդի մակերեսից հարյուր յարդ խորն է։ Այդ քարայրում միշտ վառվում են քսան ճրագ, որ, արտացոլվելով ադամանդից, պայծառ լույս են արձակում չորս կողմը։ Այդտեղ դիզված են բազմատեսակ վեցորդակներ, քառորդակներ, հեռադիտակներ, աստղադիտակներ և այլ աստղաբաշխական գործիքներ։ Սակայն ամենահետաքրքրական բանը, որից կախված է կղզու բախտը, դա հսկայական մագնիսաքարն է, որ իր ձևով նման է ջուլհակի մաքոքի։ Նրա երկարությունը վեց յարդ է, իսկ ամենահաստ մասի լայնությունը՝ երեք յարդից ավելի։ Այդ մագնիսը հագցված է մի հաստատուն ադամանդե առանցքի, որն անցնում է ամբողջ շերտի միջով և որի շուրջը դառնում է նա այնպիսի զուգակշռով, որ ձեռքի մի թեթև հպում բավական է, որպեսզի քարը պտտվի։ Նա չորս կողմից պատած է ադամանդե պարապ գլանակով, որ չորս ոտնաչափ խորություն ունի, չորս ոտնաչափ լայնություն և տասներկու յարդ տրամագիծ․ նա հորիզոնական ուղղությամբ տեղավորված է ադամանդյա ութ նեցուկների վրա, որոնցից ամեն մեկը վեց յարդ բարձրություն ունի։ Նրա գոգավոր մասի մեջտեղը կա տասներկու մատնաչափ խորությամբ երկու բույն, որոնց մեջ դրված են առանցքի ծայրերը և պտտվում են, երբ հարկավոր է։
Ոչ մի ուժ չի կարող տեղից շարժել այդ մագնիսաքարը, որովհետև գլանակն ու նրա նեցուկները կազմում են մի ամբողջություն ադամանդի շերտի հետ, որ կազմում է կղզու հատակը։
Այդ մագնիսաքարի օգնությամբ կղզին կարող է բարձրանալ, իջնել և շարժվել մի տեղից մյուսը։ Որովհետև երկրի այն մասի նկատմամբ, որի վրա տարածվում է արքայի իշխանությունը, մագնիսաքարի մի ծայրն ունի ձգողական ուժ, իսկ մյուս ծայրը՝ վանող։ Երբ մագնիսը դրված է ուղղահայաց և իր ձգող ծայրով դեպի ցած, այն ժամանակ կղզին իջնում է, իսկ երբ վանող ծայրն է դարձրած դեպի ցած, կղզին ուղղակի բարձրանում է դեպի վեր։ Երբ մագնիսաքարը դրված է թեք կերպով, այն ժամանակ կղզու շարժումն էլ թեք է, որովհետև այդ մագնիսաքարի ուժերը միշտ գործում են այն գծերով, որ զուգահեռ են նրա ուղղությանը։
Այդ շեղ շարժումների շնորհիվ կղզին տեղափոխվում է արքայի տիրապետության մի մասից մյուսը։ Կղզու առաջխաղացումների ձևը բացատրելու համար, ենթադրենք, թե AB այն գիծն է, որ անցնում է Բալնիբարբիի տերության միջով․ CD֊ն մագնիսաքարն է, որի D մասը ձգող ծայրն է, իսկ C մասը՝ վանող ծայրը․ կղզին էլ գտնվում է C կետի վրա։ Ասենք թե մագնիսաքարը գտնվում է CD դիրքում՝ իր վանող ծայրը դեպի ցած․ այն ժամանակ կղզին թեք ուղղությամբ պիտի շարժվի դեպի D կետը։ Երբ կղզին հասավ D կետին, եթե մագնիսաքարը պտտվի իր առանցքի շուրջը՝ մինչև որ նրա ձգող ծայրը դառնա դեպի E կետը, այն ժամանակ կղզին էլ թեք կերպով պիտի շարժվի դեպի Е կետը։ Եթե այդտեղ մագնիսաքարը կրկին պտտեցնենք իր առանցքի շուրջն այնքան, որ նա բռնի EF գծի ուղղությունը, իր վանող ծայրով դեպի ցած՝ կղզին թեք ուղղությամբ պիտի բարձրանա դեպի F, ուր ձգող ծայրը դարձնելով դեպի G, իսկ G֊ից դեպի H, եթե քարը շրջենք այնպես, որ նրա վանող ծայրը դարձրաց լինի ուղիղ դեպի ցած։ Եվ այդպես փոփոխելով քարի դիրքն այնքան անգամ, որքան հարկավոր է, կղզին կարելի է բարձրացնել և իջեցնել թեք ուղղություններով և այդ փոխեփոխ վայրէջքների շնորհիվ (աննշան թեքումներով) կղզին տեղափոխել տերության մի մասից մյուսը։
Սակայն պետք է նկատել, որ այդ կղզին անկարող է շարժվել իր տերության սահմաններից դուրս և ոչ էլ կարող է չորս մղոնից ավելի վեր բարձրանալ։ Այդ հանգամանքն աստղագետները (որոնք մագնիսաքարի մասին գրել են ընդաձակ շարադրություններ) հետևյալ կերպ են բացատրում․ մագնիսի ուժը չորս մղոն հեռավորությունից ավելի չի տարածվում, բացի այդ, երկրի ընդերքում և ծովի տակ գտնվող և մագնիսաքարի վրա ներազդող հանքերը, ափից վեց լիգ հեռավորության վրա գտնվում են ոչ թե ամբողջ երկրագնդում, այլ միայն արքայի տիրապետության սահմաններում, և վերջապես այդպիսի նպաստավոր կացության ընձեռած առավելությունների շնորհիվ մի թագավորի համար շատ հեշտ պիտի լիներ հնազանդեցնել այն բոլոր երկրները, որոնք ընկած են այդ մագնիսի ներգործության սահմաններում։
Երբ մագնիսաքարը դրված է լինում հորիզոնական ուղղությամբ, այն ժամանակ կղզին կանգ է առնում իր տեղը։ Եվ իսկապես, այդ դեպքում մագնիսաքարի ծայրերը գտնվելով միևնույն հեռավորության վրա երկրի մակերեսից և ունենալով միևնույն ուժը՝ մի մասով կղզին ձգում են դեպի ցած, մյուսով՝ հրում դեպի վեր, ուստի և ոչ մի շարժում չի առաջանում։
Մագնիսաքարը հանձնված է որոշ աստղագետների հսկողության, որոնք ժամանակ առ ժամանակ նրան տալիս են այն դիրքը, որ հրամայում է արքան։ Նրանք իրենց կյանքի մեծագույն մասը նվիրում են երկնային մարմինների հետազոտությանը․ այդ հետազոտությունը նրանք կատարում են հեռադիտակներով, որ ավելի կատարելագործված են, քան մեր հեռադիտակները։ Եվ չնայած որ նրանց խոշորագույն հեռադիտակները երեք ոտնաչափից ավելի մեծ չեն, սակայն նրանց խոշորացնելու կարողությունն ավելի զորավոր է, քան մեր հարյուր յարդանոց հեռադիտակինը և, միևնույն ժամանակ, նրանք աստղերը ցույց են տալիս ավելի մեծ պարզությամբ։ Այդ առավելությունը հնարավորություն է տվել նրանց ընդարձակելու իրենց հայտնագործումները շատ ավելի, քան այդ արել են մեր աստղագետները Եվրոպայում։ Օրինակի համար, նրանք կազմել են տասը հազար անշարժ աստղերի ցանկ, մինչդեռ մեր ամենաընդարձակ ցանկը չի պարունակում այդ թվի երրորդ մասն անգամ։ Բացի այդ՝ նրանք գտել են երկու նվազագույն աստղեր կամ արբանյակներ, որոնք դառնում են Մարսի շուրջը, որոնցից ամենամոտիկը գտնվում է այդ մոլորակի կենտրոնից մի այնպիսի հեռավորության վրա, որի տարածությունը հավասար է նրա երեք տրամագծին, իսկ ամենահեռավորի տարածությունը, հինգ տրամագծի։ Դրանցից առաջինը շրջադարձ է անում տասը ժամում, իսկ վերջինը՝ քսանմեկ և կես ժամում, այնպես որ նրանց շրջադարձի ժամանակի քառակուսին համարյա թե նույն հարաբերությունն ունի, ինչ որ նրանց Մարսի կենտրոնից ունեցած հեռավորության խորանարդը, մի հանգամանք, որ ակնհայտորեն ցույց է տալիս, թե այդ մոլորակները ենթակա են ձգողության նույն օրենքներին, ինչ որ երկնային մյուս մարմինները։
Նրանք դիտել են իննսուներեք տարբեր տեսակի մոլորակներ և ամենայն ճշտությամբ որոշել նրանց շրջադարձերը։ Եթե այդ ճիշտ է (իսկ նրանք հաստատում են այդ մեծ ինքնավստահությամբ), ապա շատ ցանկալի պիտի լիներ, որ նրանց դիտողությունները հրապարակ հանվեին, որով մոլորակների տեսությունը նույն կատարելությանը կհասներ, ինչ որ աստղաբաշխության մյուս մասերը։
Թագավորը տիեզերքի ամենամիահեծան արքան կլիներ, եթե կարողանար համոզել իր մինիստրներին համակարծիք լինել իր հետ։ Սակայն վերջինները ցամաքի վրա լինելով խոշոր սեփականատերեր, ինչպես և այն, որ հոմանիների դիրքը վերին աստիճանի անկայուն է, երբեք չեն համաձայնում, որ իրենց երկիրն ստրկության մատնվի։
Երբ մի որևէ քաղաք խռովություն կամ ապստամբություն է բարձրացնում, կամ բռնկվում են այնտեղ խառնակություններ և կամ հրաժարվում է իր սովորական տուրքը վճարելուց, թագավորը նրան հնազանդեցնելու համար երկու միջոց ունի։ Առաջին և ամենամեղմ միջոցն այն է, որ նա կղզին կանգնեցնում է այդպիսի քաղաքի և շրջակա հողամասերի վրա, որով զրկում է նրանց արևի և անձրևի բարերար ազդեցությունից և, հետևապես, ազգաբնակությանը մատնում է սովի ու հիվանդության։ Եվ նայած հանցագործության չափին, նրանք միևնույն ժամանակ վերևից ենթարկվում են քարկոծության․ թափվող խոշոր քարերից պաշտպանվելու համար նրանք թաքնվում են մառանների և նկուղների մեջ, թողնելով, որ իրենց տների կտուրները քարուքանդ լինեն։ Իսկ երբ նրանք շարունակում են իրենց համառությունը կամ փորձում են ուժեղացնել ապսամբությունը, այն ժամանակ թագավորը դիմում է վերջին միջոցին՝ նա թույլատրում է, որ կղզին ընկնի ուղիղ նրանց գլխին, որով նա կործանում է թե՛ տները և թե՛ մարդկանց։ Սակայն թագավորն այդ ծայրագույն միջոցին հազվագյուտ դեպքերում է դիմում և մեծ վարանումներից հետո, քանի որ մինիստրներն էլ չեն համարձակվում այդ խորհուրդը տալ, որովհետև դա մի կողմից ժողովրդի մեջ ատելություն է առաջացնում, իսկ մյուս կողմից կարող է մեծ վնաս հասցնել իրենց սեփական կալվածքներին, որոնք գտնվում են ցամաքի վրա, մինչդեռ կղզին թագավորի սեփականությունն է։
Բացի այդ կա մի կարևոր պատճառ, թե այդ երկրի թագավորներն ինչու՞ են խորշում այդ տեսակ սոսկալի արարքից, ի բաց առյալ այն ծայրահեղ դեպքերը, երբ հարկը պահանջում է․ որովհետև, եթե կործանումի դատապարտված քաղաքի մեջ կան բարձրաբերձ ապառաժներ, ինչպես սովորաբար պատահում են խոշոր քաղաքներում, մի հանգամանք, որ թերևս օգտագործվում է նման կատաստրոֆաներից խույս տալու համար, կամ եթե քաղաքում կան բարձր զանգակատներ, այն ժամանակ կղզու հանկարծակի անկումը կարող է վնասել նրա հատակը կամ ստորին մակերեսը, որը թեև շինված է ինչպես ես ասի, երկու հարյուր յարդ հաստության ձույլ ադամանդից, բայց կարող է պատահել, որ նա ուժեղ հարվածից կոտրվի կամ ցածր տների կրակներին մոտենալուց ճաքի, ինչպես օրինակ կրակարանի վրա դրած երկաթե կամ քարե կափարիչը։ Այդ ամենը ժողովուրդը շատ լավ գիտե և հասկանում է, թե ինչքան կարող է տևել իր դիմադրությունը, մանավանդ, երբ հարցն իր ազատության և գույքին է վերաբերում։ Եվ, թագավորը, երբ ծայր աստիճանի զայրացած է լինում կամ հաստատուն որոշման հանգած, քաղաքը փոշիացնել, հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն, ոչ թե նրա համար, որ խղճում է իր ժողովրդին, այլ որովհետև վախենում է, թե միգուցե կղզու ադամանդե հատակը կոտրվի, քանի որ այդ դեպքում, նրանց փիլիսոփաների ընդհանուր կարծիքով, մագնիսաքարն այլևս չի կարող կղզին պահել օդում և, ամբողջ զանգվածը կփլվի ներքև։
Լապուտացիների մոտ իմ գալուց մոտ երեք տարի առաջ, երբ թագավորը ճանապարհորդություն է կատարել իր տիրապետության վրա, տեղի է ունեցել մի արտակարգ դեպք, որ կարող էր ճակատագրական լինել այդ թագավորության համար, մանավանդ նրա ներկա շրջանի համար։ Թագավորության երկրորդ քաղաքը՝ Լինդալինոն առաջինն էր, որ արժանացավ նորին մեծության այցելությանը՝ իր ճանապարհորդության ժամանակ։ Նրա մեկնելուց երեք օր անց ազգաբնակությունը, որ հաճախ գանգատվել էր անսահման հարստահարություններից, փակել է քաղաքի դարպասները, ձերբակալել նահանգապետին և անհավատալի արագությամբ ու ջանքով կառուցել չորս հատ խոշոր աշտարակ քաղաքի չորս անկյուններում (քաղաքը քառակուսու ուղիղ ձև է ունեցել, և նույն մեծությամբ, ինչպես և քաղաքի կենտրոնում բարձրացող սրածայր ժայռն է։ Ամեն մի աշտարակի, ինչպես և աշտարակի ծայրին նրանք ամրացրել են մի֊մի խոշոր մագնիսաքար, իսկ իրենց մտադրությունը չհաջողվելու դեպքում նրանք նախօրոք պատրաստել են մեծ քանակությամբ հրաբորբոք վառելանյութ, նրանով կղզու ադամանդե հատակը պայթեցնելու նպատակով, եթե բան է՝ մագնիսաքարի ծրագիրն ի դերև ելնի։
Ութ ամիս անցնելուց հետո թագավորը լուր է ստանում, որ լինդանիլացիներն ապստամբել են։ Նա հրամայում է, որ կղզին քշեն դեպի քաղաքը։ Միահամուռ ժողովուրդը ուտելիքի ահագին պաշար է տեսել։ Քաղաքի միջով անցնելիս է եղել մի գետ։ Թագավորը մի քանի օր սավառնում է քաղաքի գլխին, զրկելով նրանց արևից ու անձրևից։ Նա հրամայում է կղզուց բազմաթիվ թոկեր իջեցնել, բայց ոչ ոք չի մտածում աղերսագիր ուղարկելու, այլ ընդհակառակը, դրա փոխարեն վեր են բարձրանում հանդուգն պահանջներ՝ վերջ տալ իրենց տառապանքներին, վերադարձնել արտոնությունները և իրենց համար նահանգապետ ընտրելու իրավունքը և նման արտառոց բաներ։ Դրան ի պատասխան նորին մեծությունը հրամայում է կղզու ամբողջ ազգաբնակությանը, որ ստորին պատշգամբից քաղաքի վրա քարեր նետեն։ Բայց այդ դժբախտությունից խույս տալու համար, քաղաքացիները, առնելով իրենց գույքը, մտնում են չորս աշտարակները և թաքնվում այլ և այլ ամուր շինությունների ու ստորերկրյա մառանների մեջ։
Այն ժամանակ թագավորը որոշում է ընկճել այդ հպարտ ժողովրդին և հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն դեպի աշտարակներն ու ժայռը մինչև չորս յարդ։ Թագավորի հրամանը կատարում են։ Սակայն այդ գործի վրա կարգած պաշտոնյաները տեսնում են, որ կղզու անկումը սովորականից ավելի արագ է կատարվում և մագնիսաքարը շուռ տալուց հետո միայն, մեծ դժվարությամբ, կարողանում են կղզին պահել անշարժ դրությամբ և, չնայած դրան, գտնում են, որ կղզին հակվում է դեպի ցած։ Նրանք անմիջապես տեղեկություն են տալիս թագավորին այդ զարմանալի երևույթի մասին և խնդրում, որ նորին մեծությունը թույլ տա բարձրացնել կղզին։ Թագավորը տալիս է իր համաձայնությունը և հրավիրում գերագույն խորհուրդ, հրամայելով, որ մագնիսաքարի պաշտոնյաները ներկա լինեն։ Ավագագույն և փորձված պաշտոնյաներից մեկը թույլտվություն է խնդրում մի փորձ կատարելու։ Նա վերցնում է հարյուր յարդ երկարությամբ թոկ, և երբ կղզին բարձրանում է քաղաքից այնքան, որ սպառվում է ներքևի ձգողական ուժի ներգործությունը, կապում է թոկի ծայրին ադամանդի մի կտոր, որի մեջ պարունակում է երկաթահանքի մի խառնուրդ, նման այն զանգվածին, որից շինված է կղզու հատակի ստորին մակերեսը, և այդ թոկը ստորին պատշգամբից հանդարտ կերպով իջեցնում է դեպի քաղաքի աշտարակների կատարը։ Դեռևս չորս յարդի վրա պաշտոնյան նկատում է, որ ադամանդը մի այնպիսի ուժով է ուզում ցած ընկնել, որ նրան հազիվ է հաջողվում հետ քաշել։ Այնուհետև նա նետում է ցած ադամանդի մի քանի փոքրիկ կտորներ և նկատում, որ աշտարակի կատարներն այդ կտորներն ուժգին կերպով ձգում են իրենց։ Նույն փորձը նա կատարում է մյուս երեք աշտարակների և ժայռի նկատմամբ և հետևանքը միևնույնն է լինում։
Այդ դեպքը խախտում է թագավորի ծրագիրը (մանրամասնությունների վրա կանգ չպիտի առնեմ) և նա ստիպված է լինում ձեռք վերցնել այդ քաղաքից։
Մի նշանավոր մինիստր հավատացրեց ինձ, որ եթե կղզին այնքան իջներ, որ այլևս չկարողանար վեր բարձրանալ, այն ժամանակ քաղաքացիները վերջնականապես կկանգնեցնեին նրան, կսպանեին թագավորին և իր բոլոր ծառաներին և միանգամայն կփոխեին կառավարման ձևը։
Այդ իշխանության հիմնական օրենքով ոչ թագավորը և ոչ էլ նրա երկու ավագ ժառանգներն իրավունք չունեն հեռանալու կղզուց․[64] նույն իրավունքից զրկված է նաև թագուհին մինչև իր ծննդաբերության ընդունակությունից զրկվելը։
Գլուխ չորրորդ
Հեղինակը հեռանում է Լապուտիայից։ Նրան փոխադրում են Բալնիբարբի։ Նա գալիս է մայրաքաղաքը։ Մայրաքաղաքի և արվարձանների նկարագրությունը։ Մի մեծ լորդ հյուրընկալում է հեղինակին։ Նրա զրույցներն այդ լորդի հետ։
Թեև չեմ կարող ասել, թե ինձ վատ ընդունեցին այդ կղզու վրա, սակայն պիտի խոստովանեմ, որ ինձ այդտեղ բանի տեղ չդրին և մինչև անգամ որոշ չափով արհամարհական վերաբերմունք ցուց տվին դեպի ինձ։ Ո՛չ արքան և ո՛չ էլ ժողովուրդը ոչ մի բանով չհետաքրքրվեցին, բացի մաթեմատիկայից ու երաժշտությունից, որոնց մեջ ես շատ տկար էի և այդ պատճառով էլ նրանց կողմից անուշադիր մնացի։ Մյուս կողմից այդ կղզու հետաքրքրության արժանի բոլոր բաները տեսնելուց հետո մեծ ցանկություն ունեի հեռանալու այդտեղից, մանավանդ, որ վերին աստիճանի ձանձրացել էի այդ ժողովրդից։ Նրանք իսկապես շատ կատարելագործված են այդ երկու գիտությունների մեջ, որոնց նկատմամբ ես մեծ համարում ունեմ և որոշ չափով էլ տեղեկություն․ սակայն միևնույն ժամանակ նրանք այնքան վերամբարձ են և այն աստիճանի խորասուզված մտահայեցողության մեջ, որ ես երբեք դրանց պես անհաճո խոսակիցներ չեմ ունեցել։ Երկու ամսվա ընթացքում, որ անց կացրի այդտեղ, ես միայն խոսում էի կանանց, վաճառականների, հարվածողների և պալատական մանկլավիկների հետ, և այդ պատճառով էլ ամենքը դեպի ինձ արհամարհանքով էին վերաբերվում, թեև վերը հիշածս անձինք միակ մարդիկն էին, որոնցից ես կարողանում էի ստանալ խելացի պատասխաններ։
Շնորհիվ իմ ջանասեր աշխատանքի ես բավականաչափ ուսումնասիրեցի նրանց լեզուն․ փակված այդ կղզու վրա ես տաղտուկ էի զգում, ուստի որոշեցի առանձին պատեհ դեպքում հեռանալ այդտեղից, որտեղ ինձ այդքան քիչ ուշադրություն էին նվիրում։
Այդտեղ կար մի պալատական լորդ, որ թագավորի մոտիկ ազգականն էր, և միայն այդ հանգամանքով էլ հարգանք էր վայելում։ Ամենքը նրան համարում էին իբրև ծայր աստիճանի տգետ և հիմար մարդ։ Նա պետությանը բազմաթիվ անգնահատելի ծառայություններ էր մատուցել, ուներ բնական և ձեռք բերված խոշոր ձիրքեր և աչքի էր ընկնում իր ուղղամտությամբ ու պատվասիրությամբ, սակայն ականջն այնքան թույլ էր դեպի երաժշտությունը, որ նրա չարախոսների ասելով հաճախ նա չափը տեղը չեր տալիս․ նրա դասատուներն էլ մեծ դժվարությամբ են սովորեցրել նրան ապացուցելու ամենահասարակ մաթեմատիկական թեորեմները։ Այդ լորդը բարեհաճում էր շատ անգամ ցույց տալ ինձ իր շնորհը, հաճախ պատվում էր ինձ իր այցելությամբ, ցանկանալով իրազեկ լինել եվրոպական կյանքին և իմ ճանապարհորդած զանազան երկրների օրենքներին, սովորություններին, բարքերին ու գիտությանը։ Նա լսում էր ինձ մեծ ուշադրությամբ և իմ ասածների մասին շատ խելացի դիտողություններ էր անում։ Ըստ օրինի նրա կողքին լինում էին երկու հարվածող, բայց երբեք նրանց ծառայությունից չէր օգտվում, ի բաց առյալ այն դեպքերը, երբ նա պալատումն էր, կամ երբ տեղի էին ունենում այցելություններ և ծիսակատարություններ, իսկ երբ մենք մնում էինք մենակ, միշտ հրամայում էր նրանց հեռանալ։
Ես խնդրեցի այդ պատվարժան մարդուն՝ բարեխոսելու նորին մեծության առաջ, որ նա ինձ բաց թողնի կղզուց։ Նա կատարեց իմ խնդիրը, ինչպես բարեհաճեց ինձ ասել՝ մեծ ափսոսանքով, որովհետև, իսկապես, բազմաթիվ նպաստավոր առաջարկություններ արեց, որոնցից ես խորին երախտագիտությամբ հրաժարվեցի։
Փետրվարի 16֊ին ես հրաժեշտ տվի նորին մեծությանը և իր արքունիքին։ Թագավորն ինձ մի պարգև տվեց, որ մոտ երկու հարյուր անգլիական ֆունտ արժեր․ պակաս նվերներ չստացա և նրա ազգականի և իմ հովանավորի կողմից, որը միևնույն ժամանակ ինձ տվեց մի հանձնարարական իր մի բարեկամի անունով, որ ապրում էր մայրաքաղաքում՝ Լագադոյում։ Ես որոշ չափով ինձ բավարարված զգացի, երբ ոտս դրի հաստատուն գետնին։ Ես քաղաք գնացի առանց որևէ դժվարության, քանի որ հագնված էի բնիկների նման և բավական վարժ էի տեղական լեզվով նրանց հետ խոսելու։ Շուտով ես գտա այն երևելի մարդու տունը, որի անունով հանձնարարական ունեի, ներկայացրի նրան կղզու նրա ազնիվ բարեկամի նամակը և սիրալիր ընդունելություն գտա նրա կողմից։ Այդ նշանավոր լորդը, որի անունն էր՝ Մյունոդի,[65] հրամայեց, որ իր տանը մի սենյակ պատրաստեն, ուր ես ապրեցի իմ այդտեղ եղած ժամանակ և արժանացա ամենասրտաբաց հյուրասիրության։
Տեղ հասնելու մյուս օրը, առավոտյան, նրա հետ կառքով գնացինք տեսնելու քաղաքը, որ Լոնդոնի կեսի չափ էր, իսկ տները շինված էին շատ տարօրինակ և մեծ մասամբ կիսավեր էին։ Փողոցներում մարդիկ անցնում էին շտապ քայլելով, նրանց հայացքը վայրի էր, աչքերը հառած մի կետի, և ընդհանրապես ամենքն էլ ցնցոտիապատ էին։ Մենք դուրս եկանք քաղաքի դարբասից և երեք մղոնի չափ գնացինք դեպի դաշտը, ուր ես տեսա բազմաթիվ գյուղացիներ, որոնք աշխատում էին դաշտում տարբեր տեսակի գործիքներով, բայց չկարողացա հասկանալ, թե ինչ էին անում, մանավանդ, որ ես չնկատեցի որևէ հացահատիկի կամ խոտի նշույլ, թեև հողը, ըստ երևույթին, հիանալի էր։ Ես չկարողացա զսպել իմ զարմանքն այդ տարօրինակ տեսարանի առաջ թե՛ քաղաքում և թե՛ դաշտում, և համարձակություն ունեցա դիմելու իմ ուղեկցին, որպեսզի նա բարեհաճի բացատրել ինձ, թե ի՛նչ նշանակություն ունեն այդ զբաղված ձեռքերը և մտազբաղ գլուխներն ու դեմքերը՝ թե՛ փողոցներում և թե՛ դաշտում, որովհետև ես չէի նկատում որևէ արդյունք, որ կարող էին արտադրել այդ մարդիկ․ ընդհակառակը, ես երբեք չէի տեսել մի ավելի անմշակ հող, ավելի վատ շինված ու կիսավեր շենքեր, քան այդտեղ, կամ թե չէ՝ մի ժողովուրդ, որի արտաքին տեսքն ու հագուստն այնքա՜ն թշվառ և պակասավոր լինեին։
Այդ լորդ Մյունոդին մի առաջնակարգ անձնավորություն էր, որը մի քանի տարի շարունակ եղել էր Լագադոյի նահանգապետը, սակայն մինիստրների մեքենայությունների շնորհիվ պաշտոնանկ էր եղել, իբրև անկարող մարդ։ Բայց թագավորը նրա հանդեպ սիրալիր էր, իբրև մի բարեմիտ մարդու, թեև նրան համարում էր սահմանափակ և նվազ հասկացողության տեր։
Երբ ես ազատ կերպով հայտնեցի իմ կարծիքն այդ երկրի և նրա բնակիչների մասին, նա պատասխանեց, թե ճիշտ կարծիք կազմելու համար ես քիչ եմ ապրել նրանց մեջ, և թե աշխարհի տարբեր ազգերն ունեն տարբեր սովորություններ և նման ընդհանուր կողմեր։ Իսկ երբ վերադարձանք նրա պալատը, նա հարցրեց, թե ինչպե՞ս հավանեցի նրանց շինությունները, ինչ անհեթեթություններ նկատեցի և ի՞նչ գանգատներ ունեմ նրա ծառաների արտաքին տեսքից ու հագուստներից։ Նա վստահ կերպով կարող էր այդ հարցերը տալ, որովհետև նրա տանն ամեն ինչ հոյակապ էր, կարգին ու վայելուչ։ Ես պատասխանեցի, թե նորին վսեմության խոհեմությունը, բարեմասնությունն ու հարստությունը զերծ են պահել նրան այն թերություններից, որ ծնունդ են առել ուրիշների մոտ շնորհիվ նրանց անխելքության և չքավորության։ Նա ասաց, թե եթե մենք գնալու լինենք քաղաքից դուրս կառուցած նրա տունը, որը գտնվում է քսան մղոն հեռավորության վրա, այնտեղ, ուր նրա կալվածքն է, այն ժամանակ մենք ավելի պատեհություն կունենանք նման զրույցներով զբաղվելու։ Ես նորին վսեմությանը հայտնեցի, թե ամբողջովին գտնվում եմ նրա տրամադրության տակ, և մյուս օրը առավոտյան մենք ճանապարհ ընկանք։
Մեր ճանապարհորդության միջոցին նա իմ ուշադրությունը հրավիրեց զանազան մեթոդների վրա, որ ֆերմերները գործադրում էին իրենց հողի մշակման համար և որոնք ինձ միանգամայն անհասկանալի էին, որովհետև, շատ քիչ բացառությամբ, ես կարողացա երևան հանել հացահատիկի որևէ հասկ կամ խոտի որևէ ծիլ։ Սակայն երեք ժամ տևող ճանապարհորդությունից հետո տեսարանը բոլորովին փոխվեց․ մենք հասանք մի չնաշխարհիկ բնակավայր․ տեսանք գյուղական կոկիկ տներ, մեկը մյուսից մի քիչ հեռու։ Ցանկապատով դաշտեր՝ ներսը խաղողի այգիներ, ցորենի արտեր և մարգագետիններ։ Այդպիսի հաճելի տեսարան ես վաղուց է չէի տեսել։ Նորին վսեմությունը նկատեց, որ իմ դեմքը պայծառացավ․ նա, հառաչելով ինձ ասաց, թե այստեղից սկսվում է իր կալվածքը և շարունակվում է մինչև նրա տունը։ Որ նրա հայրենակիցները ծիծաղում են նրա վրա և ծաղրում նրան, որ նա այդպես վատ է տանում իր գործերը և տերության համար տգեղ օրինակ է դառնում, որին շատ քչերն են հետևում, և այն էլ նրա պես ծեր, կամակոր և անզոր մարդիկ։
Վերջապես, մենք հասանք նրա տունը, որը մի հոյակապ շենք էր՝ հնագույն ճարտարապետության լավագույն կանոններով կառուցված։ Շատրվանները, այգիները, ծառուղիներն ու պուրակները դասավորված էին շատ խելացի և ճաշակով։ Այդ ամենը, ինչ ես տեսա, արժանի կերպով գովեցի, որին նորին վսեմությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց մինչև ընթրիքի վերջը, իսկ երբ մենք մնացինք մենակ, նա մելամաղձոտ ձայնով ասաց ինձ, թե իր մտքով երբեմն անցնում է քարուքանդ անել քաղաքի և գյուղի իր տները և վերաշինել այսօրվա ճաշակով․ ոչնչացնել իր բոլոր ագարակները և հիմնել նորերը, որ համապատասխան լինեն ժամանակի պահանջներին՝ նույն խորհուրդը տալով իր գյուղացիներին․ հակառակ դեպքում իրեն պիտի կշտամբեն գոռոզության, տարօրինակության, ցուցամոլության, տգիտության և քմահաճույքի համար, իսկ նորին մեծության դժգոհությունն էլ, ո՞վ գիտե, գուցե ավելի պիտի մեծանա։ Նա ասաց, որ իմ զարմանքն ավելի պիտի պակասի կամ չքանա, երբ նա պատմի ինձ մի քանի մանրամասնություններ, որոնց մասին ես պալատում ամենևին չլսեցի, որ մարդիկ այնքա՜ն են խորասուզված վերացական մտքերի մեջ, որ չեն տեսնում, թե այստեղ՝ ցածում ի՞նչ է կատարվում։
Նրա բոլոր ասածների իմաստն այս էր։ Սրանից քառասուն տարի առաջ մի քանի հոգի բարձրացան Լապուտա, ոմանք գործով, ոմանք զվարճության համար․ և հինգ ամիս մնալուց հետո հետ եկան մաթեմատիկական մակերեսային գիտությամբ, սակայն լիքը ցնդաբանություններով, որ նրանք ձեռք էին բերել այդ օդային երկրում։ Վերադարձից հետո ներքևի բոլոր հիմնարկություններն այդ մարդկանց աչքում անդուրեկան թվացին, և նրանք սկսեցին ծրագիր կազմել վերակառուցելու արվեստը, գիտությունը, լեզուն և տեխնիկան ըստ նոր ձևի։ Այդ նպատակով նրանք ձեռք բերին թագավորական արտոնություն՝ հիմնելու Լագադոյում Ծրագրողների Ակադեմիա։ Այդ միտքն այնքա՜ն հավանեց ժողովուրդը, որ թագավորության մեջ չմնաց քիչ թե շատ աչքի ընկնող մի քաղաք, ուր գոյություն չունենային նման ակադեմիաներ։ Այդ վարժարաններում պրոֆեսորները հնարում են հողագործության և ճարտարապետության նոր ձևեր ու մեթոդներ և արհեստագիտության ու արթյունաբերության նոր գործիքներ ու միջոցներ, և, ինչպես հավատացնում են նրանք, մեկը պիտի աշխատի տասը հոգու փոխարեն, մի որևէ պալատ կարելի է կառուցել մի շաբաթվա ընթացքում և մի այնպիսի ամուր շինանյութից, որ առանց նորոգման կարող է հավիտյան գոյություն ունենալ։ Երկրային բոլոր պտուղները տարվա բոլոր եղանակներին և մեր ուզած ժամանակ պիտի հասունանան և հարյուր անգամ ավելի մեծ պիտի լինեն, քան մեր այժմյան պտուղները, և ուրիշ այլ բազմաթիվ երջանիկ ծրագրեր։ Ափսոս միայն, որ այդ ծրագրերից ոչ մեկը կատարելապես չի մշակված, մինչդեռ ամբողջ երկիրն ապագա բարիքների հույսով մատնված է սոսկալի ամայության, տներն ավերակ վիճակի մեջ են, իսկ ժողովուրդը մնացել է առանց ապրուստի, ու ցնցոտիների մեջ։ Սակայն այդ ամենը նրանց չի վհատեցնում, այլ միայն ավելի ուժգին կերպով դրդում է հետապնդելու իրենց ծրագրերը, և նրանց հավասար կերպով ոգևորում է թե՛ հույսը և թե հուսահատությունը։ Իսկ ինչ վերաբերում է իրեն՝ Մյունոդիին, չունենալով ձեռներեց ոգի, գոհ է, որ ընդանում է հին կարգերով, ապրում իր նախնիների շինած տներում և անում այն, ինչ որ նախնիներն են արել, չմտցնելով իր կյանքի մեջ որևէ նորություն։ Նույն բանն են անում նաև մի քանի այլ երևելի և միջին դասակարգի մարդիկ, սակայն նրանց վրա նայում են արհամարանքով ու չարակամությամբ, իբրև գիտության թշնամիների, տգետների ու հասարակության վնասակար մարդկանց վրա, որոնք իրենց սեփական հանգիստն ու ծուլությունն ավելի են գերադասում, քան իրենց երկրի ընդհանուր բարիքը։
Նորին լորդությունն ավելացրեց, թե հետագա մանրամասնություններով չի ուզում զրկել ինձ այն հաճույքից, որ ես հավանաբար պիտի ստանամ գերագույն Ակադեմիան տեսնելուց, ուր նա որոշել էր ինձ տանել։ Նա միայն խնդրեց, որ ես ուշադրություն դարձնեմ մի ավերակ շինության վրա, որ գտնվում է սրանից երեք մղոն հեռավորության վրա․ նա պատմեց, թե իր տնից կես մղոն հեռավորության վրա նա ուներ կոկիկ ջրաղաց, որ բանում էր մեծ գետից առած ջրով ու բավարարում էր իր ընտանիքի և շատ գյուղացիների կարիքը։ Սրանից յոթ տարի առաջ նրա մոտ եկավ այդ ծրագրողներից մի խումբ և առաջարկեց քանդել այդ ջրաղացն ու շինել մի ուրիշ լեռան ստորոտում․ այդ լեռան կատարին նրանք պիտի անցկացնեին մի ջրանցք՝ ջուրն ամբարելու համար, ուր այդ ջուրը պիտի բարձրանա ջրմուղների օգնությամբ ու խողովակներով և ջրաղացը բանեցնի․ քանի որ քամին և օդը շարժման մեջ դնելով ջուրը, ավելի արագահոս պիտի դարձնեն նրան և ջուրը զառիվայրից պիտի թափվի, ուստի ջրաղացը բանեցնելու համար երկու անգամ ավելի քիչ ջուր կգնա, քան այն ժամանակ, երբ ջրանցքն ընկնում է հարթ տարածության վրա։ Նորին վսեմությունն ասաց, որ այդ ժամանակ իր հարաբերությունն արքունիքի հետ այնքան էլ լավ չէր, և մյուս կողմից զիջելով իր բարեկամներից շատերի խորհրդին՝ նա այդ առաջարկին տվեց իր համաձայնությունը։ Երկու տարվա ընթացքում հարյուր մարդ բանեցնելուց հետո, գործը վիժեց, ծրագրողները փախան, մեղադրանքն ամբողջովին բարդելով նրա վրա և դրանից հետո միշտ ծաղրելով նրան և միևնույն ժամանակ դրդելով ուրիշներին, որ նույն փորձը կատարեն, տալով այդ գործի հաջողության, ինչպես և հուսախաբության միևնույն երաշխիքը։
Մի քանի օրից հետո մենք վերադարձանք քաղաք և նորին վսեմությունը, ի նկատի ունենալով Ակադեմիայի՝ իր հանդեպ ունեցած վատ համարումը, չկամեցավ միասին գնալ այնտեղ, այլ հանձնարարեց իր մի բարեկամին, որ ընկերակցի ինձ։ Իմ լորդը բարեհաճեց ներկայացնել ինձ իբրև ծրագրերի սիրահարի և շատ հետաքրքրվող ու դյուրահավատ մարդու, որ իրոք ճշմարտությունից հեռու չէր, քանի որ ես իմ երիտասարդության օրերին ինքս էլ մի տեսակ ծրագիր կազմող էի։
Գլուխ հինգերորդ
Հեղինակին թույլ են տալիս տեսնելու Լագադոյի բարձրագույն Ակադեմիան։ Ակադեմիայի մանրամասն նկարագրությունը։ Արվեստներ, որոնցով զբաղված են պրոֆեսորները։
Այդ Ակադեմիան մի առանձին շինություն չէր, այլ տների մի շարք, որ կառուցված էր փողոցի երկու կողմը, որտեղ առաջ անմարդաբնակ էր և ապա ձեռք էր բերված ու հատկացված այդ նպատակին։
Ռեկտորը ինձ շատ սիրալիր կերպով ընդունեց, և ես շատ անգամ հաճախեցի Ակադեմիան։ Ամեն մի սենյակում մի ծրագրող կար, և ես կարծում եմ, որ եղա ոչ պակաս, քան հինգ հարյուր սենյակում։
Առաջին գիտնականը, որին ես այցելեցի, ուներ վտիտ տեսք և մրոտ ձեռքեր ու երես․ նրա մազերն ու մորուքը երկար էին, տեղ֊տեղ թախկված ու խանձված։ Նրա հագուստը, շապիկը և կաշին միևնույն գույնն ունեին։ Նա ութ տարի շարունակ ծրագիր էր կազմում վարունգից արևի ճառագայթներ հանելու համար, որ պիտի պարփակեր հերմետիկորեն փակած շշերի մեջ ու տաքացներ օդը, եթե ամառը լիներ սառը և անձրևոտ։ Նա ինձ ասաց, թե հույս ունի, որ ութ տարուց հետո հնարավորություն կունենա նահանգապետի այգին էժան գնով արևի ճառագայթներ մատակարարելու․ սակայն նա գանգատվեց, թե նրա պաշարը քիչ է և խնդրեց ինձ, որ նրա գյուտարարությունը խրախուսելու նպատակով մի որևէ բան տամ, մանավանդ, որ այդ տարին վարունգը շատ թանկ էր։ Ես նրան մի փոքրի նվեր տվի, քանի որ իմ լորդը դիտմամբ ինձ տվել էր մի քիչ դրամ, որովհետև նա գիտեր իրենց մուրալու սովորությունը, երբ մեկը գնում էր նրանց տեսնելու։
Մտնելով մի այլ սենյակ, քիչ մնաց, որ դուրս թռչեմ իսկույն, որովհետև համարյա թե պիտի խեղդվեի սոսկալի գարշահոտությունից։ Սակայն իմ առաջնորդը պահեց ինձ, շշնջալով իմ ականջին, թե հարկավոր է ներս մտնել, այլապես մենք նրան կվիրավորենք․ այդպիսով ես ստիպված էի ներս մտնելու սենյակը, մինչև անգամ առանց քիթս բռնելու։ Այդտեղ նստած գյուտարարն Ակադեմիայի հնագույն անդամներից մեկն էր։ Նրա դեմքն ու մորուքը դեղնադժգույն էին․ նրա ձեռներն ու հագուստն ապականված էին աղտոտության մեջ։ Երբ ինձ ներկայացրին նրան, գրկեց ինձ (մի սիրալիր վերաբերմունք, որ ամենայն սիրով կզիջեի նրան): Ակադեմիա մտնելու առաջի օրից նա զբաղված էր նրանով, որ մարդկային կղկղանքը վերածի սննդարար նյութերի, որոնցից այդ կղկղանքն առաջացել էր, աշխատելով հեռացնել նրանից մի քանի բաղադրիչ մասեր, վերացնել նրա գույնը, որ ստացվել էր լեղիից, գոլորշիացնել գարշահոտությունն ու զատել նրանից թուքը։ Քաղաքն ամեն օր բաց էր թողնում այդ գիտնականին մարդկային աղտեղություններով լիքը մի աման, որ բրիստոլյան տակառի մեծություն ուներ։
Այդտեղ ես տեսա մի այլ գիտնականի, որ զբաղված էր սառույցը վառոդ շինելով։ Նա ինձ ցույց տվեց բոցի կիզիչ ուժի մասին մի շարադրություն, որ մտադիր էր հրատարակության տալ։
Այստեղ կար նաև մի վերին աստիճանի հնարագետ ճարտարապետ, որ նախագծում էր տուն շինելու մի նոր ձև՝ սկսած տանիքից մինչև հիմքը։ Նա պաշտպանեց այդ մեթոդը երկու իմաստուն միջատների փորձառությամբ՝ մեղվի և մրջյունի։
Այդտեղ կար վերջապես ի բնե մի կույր մարդ, որն իր ձեռի տակ ուներ մի քանի նույնպես կույր աշակերտ։ Նրանց զբաղմունքն այն էր, որ նկարչի համար ներկեր խառնեն․ իսկ սրանց ուսուցիչը սովորեցնում էր, որ այդ ներկերը նրանք ջոկեն իրենց հոտոտելիքի և շաշափելիքի օգնությամբ։ Ճիշտ է, իմ բախտից ես չնկատեցի, որ նրանք իրենց դասն այնքան էլ լավ կատարեն և ինքն ուսուցիչն էլ շարունակ սխալներ էր անում, բայց և այնպես այդ վարպետն իր արհեստակիցների մեջ մեծ համարում ուներ։
Մի այլ սենյակում ինձ մեծ զվարճություն պատճառեց մի ծրագրող, որ գտել էր հողը խոզի օգնությամբ հերկելու միջոց, որպեսզի խնայի գութանի, անասունների ու մշակների ծախսերը։ Այդ մեթոդը հետևյալն է․ մի ակր հողում դուք թաղում եք մեկը մյուսից վեց մատնաչափ հեռավորությամբ և ութ մատնաչափ խորությամբ որոշ քանակության կաղին, արմավ, շագանակ և զանազան տեսակի ընդեղեն, որոնց շատ սիրահար են խոզերը․ ապա դուք քշում եք դեպի դաշտը վեց հարյուր կամ ավելի խոզ, և նրանք կեր գտնելու համար մի քանի օրում իրենց դնչով փորում են գետինը և հողը դարձնում ցանելու համար պիտանի և միևնույն ժամանակ պարարտացնում այդ հողն իրենց աղբով։ Ճիշտ է, փորձից հետո նրանք գտան, որ արած ծախսն ու գործադրած ջանքը շատ մեծ է և ստացած բերքը շատ աննշան։ Սակայն ոչ ոք չի կասկածում, թե այդ գյուտը կարող է կատարելագործվել և խոստանում է փայլուն ապագա։
Ես մտա մի ուրիշ սենյակ, որի պատերն ու առաստաղը ամբողջովին պատած էին սարդի ոստայնով,[66] բացի նեղ մուտքից, որով գյուտարարը ներս ու դուրս էր անում։ Ներս մտնելու ժամանակ նա ինձ վրա բարձր ձայնով գոռաց, որ ես չքանդեմ նրա ոստայնը։ Նա գանգատվեց այն ճակատագրական սխալից, որ մինչև օրս անում է աշխարհն օգտագործելով շերամի որդը, մինչդեռ մենք ունենք առատ չափով այնպիսի ընտանի միջատներ, որոնք անսահման կերպով գերազանցում են վերոհիշյալ որդերին, որովհետև այդ միջատները գիտեն թե՛ մանել և թե գործել։ Ապա գյուտարարն ասաց, թե սարդերի օգտագործումը միանգամայն պիտի կրճատի մետաքսը ներկելու ծախսերը․ այդ ինձ բոլորովին համոզիչ թվաց, երբ նա ցույց տվեց ահագին քանակությամբ գույնզգույն ճանճեր, որոնցով նա կերակրում էր իր սարդերը, հավատացնելով, թե նրանցից պիտի երանգավորվի ոստայնը․ և քանի որ նրա մոտ կային ամեն գույնի ճանճեր, ուստի նա հույս ուներ բավարարելու ամենքի ճաշակը, հենց որ նրան հաջողվեր իր ճանճերի համար համապատասխան կերակուր գտնել՝ լինի դա խիժ թե յուղ կամ մի այլ տեսակի մածուցիկ հյութ, որոնց միջոցով նա պիտի կարողանա ոստայնի թելերը դարձնել ավելի ամուր և դիմացկուն։
Այդտեղ կար և մի աստղագետ, որը ծրագիր էր կազմում տեղավորելու արևի ժամացույցը քաղաքային տան հողմացույցի վրա՝ ստուգելու համար երկրի և արևի տարեկան և օրական շարժումներն ու համաձայնեցնելու և համադրելու համար այդ շարժումները պատահական քամիներին։
Այդ ժամանակ ես զգացի, որ իմ ստամոքսը թեթև կերպով կծկվում է, և իմ առաջնորդն ինձ տարավ նշանավոր բժշկի սենյակը, որ հատկապես հայտնի էր ստամոքսային հիվանդությունների բժշկությամբ․ այդ բժշկությունը նա կատարում էր երկու հակադիր գործողությունների միջոցով, միևնույն գործիքով։ Նա ուներ մի մեծ փուքս՝ փղոսկրե երկար ծայրով։ Բժիշկը հավատացնում էր, որ երբ խողովակն ութ մատնաչափ խորությամբ մտցնում է հետույքի անցքն ու փչում փուքսը, այն ժամանակ նա աղիքներին տալիս է չոր փուչիկի տեսք։ Երբ հիվանդությունն ավելի հարատև է և դաժան, այն ժամանակ բժիշկը փուքսն օդով լցնելուց հետո խողովակը մտցնում է հետույքի անցքը և օդ մղում հիվանդի մարմինը, ապա նա հանում է խողովակը՝ փուքսը կրկին օդով լցնելու համար, միաժամանակ իր բութ մատով պինդ փակելով հետույքի անցքը։ Այդ գործողությունը նա կրկնում է երեք կամ չորս անգամ․ դրանից հետո ստամոքսի մեջ եղած օդը դուրս է գալիս, իր հետ բերելով բոլոր վնասակար նյութերը (ինչպես ջուրը ջրմուղի միջից), և հիվանդն այդպիսով առողջանում է։ Իմ աչքի առաջ նա այդ փորձը կատարեց մի շան վրա, բայց ես չնկատեցի, որ որևէ արդյունք տար։ Երկրորդ փորձից հետո կենդանին սարսափելի ուռավ և քիչ մնաց թե պիտի պայթի․ ապա այնքան առատ ձևով դուրս գնաց, որ թե՛ ինձ և թե՛ իմ առաջնորդին մեծ զզվանք պատճառեց։ Շունը մի ակնթարթում սատկեց, ու մենք հեռացանք բժշկից, որը կրկին ջանք էր թափում, նույն գործողությամբ շանը կենդանություն տալու։
Ես այցելեցի բազմաթիվ այլ սենյակներ, սակայն համառոտագրած լինելու համար ես չպիտի անհանգստացնեմ ընթերցողին այդ բոլոր զարմանալիքներով, որոնց ականատես եղա այտեղ։
Մինչև այժմ ես ծանոթացա միայն Ակադեմիայի մի բաժանմունքի հետ․ մյուս բաժանմունքը հատկացված էր վերացական գիտությունների ուսումնասերներին, որոնց մասին ես կասեմ մի քանի խոսք, երբ առիթ կունենամ մատնանշելու մի նշանավոր գիտնականի, որ հայտնի է նրանց մեջ տիեզերական վարպետ անունով։ Նա մեզ պատմեց, թե արդեն երեսուն տարի է իր ամբողջ միտքը նվիրել է մարդկային կյանքը բարելավելու խնդրին։ Նա ունի երկու ընդարձակ սենյակ՝ լիքը զարմանալի նորություններով, և հիսուն օգնական։ Ոմանք խտացնում են օդը, դարձնելով նրան չոր և շոշափելի առարկա, որից պատրաստում են բորակ՝ քամելով նրա ջրային և հոսուն մասերը․ մյուսները կակղացնում են մարմարիոնը բարձերի և ասեղակալների համար, և ոմանք էլ կենդանի ձիերի սմբակները քարացնում են, որպեսզի փտելուց ազատեն։ Ինքը վարպետն այդ ժամանակ զբաղված էր երկու խոշոր խնդրով․ առաջինը՝ հողը ցանել հարդով, որ, ինչպես պնդում էր նա, իր մեջ պարունակում է իսկական արտադրողական ուժը, որ նա ապացուցեց բազմաթիվ փորձերով, որոնք դժբախտաբար, ինձ համար անհասկանալի մնացին, երկրորդը՝ խեժի, հանքային և բուսական նյութերի մի տեսակ խառնուրդով պատել երկու մատղաշ ոչխարի մարմին և այդպիսով դադարեցնել նրանց բրդի աճումը։ Նա հավատացած է, որ մոտ ապագայում ամբողջ թագավորութայն մեջ կզբաղեցնի մերկ ոչխարների մի ցեղ։
Դրանից հետո մենք անցանք Ակադեմիայի մյուս մասը, ուր, ինչպես մի փոքր առաջ ասացի, ծրագրողների նիստն էր՝ վերացական գիտություններին նվիրված։
Առաջին պրոֆեսորը, որին ես տեսա, գտնվում էր մի խոշոր սենյակում՝ քառասուն աշակերտներով շրջապատված։ Ողջյունից հետո նա նկատեց, որ ես ուշադրությամբ նայում եմ մի դազգահի,[67] որ բռնում էր սենյակի մեծագույն մասը և ասաց, գուցե նրա զբաղմունքն ինձ զարմանք պատճառի, նրա նպատակն էր ծրագրել վերացական գիտությունների կատարելագործումը գործնական և տեխնիկական գործողությունների միջոցով։ Սակայն մարդկությունը շուտով պիտի գնահատի նրա ծրագրի օգտակարությունը, և նա շողոքորթում էր իրեն, թե ավելի վսեմ միտք դեռ ոչ ոքի գլխում չի ծագել։ Ամեն ոք գիտե, թե որքան դժվար է սովորական մեթոդներով ուսումնասիրել արվեստն ու գիտությունները․ մինչդեռ նրա գյուտով ամենատգետ անձնավորությունը չնչին ծախքով և նվազ ֆիզիկական աշխատանքով կարող է գրել փիլիսոփայության, բանաստեղծության, իրավագիտության, մաթեմատիկայի և աստվածաբանության վերաբերայլ գրքեր՝ տաղանդի և ուսման իսպառ բացակայությամբ։ Ապա նա ինձ տարավ դեպի դազգահը, որի շուրջը շարեշար կանգնել էին նրա աշակերտները։ Այդ դազգահի մեծությունը քսան քառակուսի ոտնաչափ էր և դրված էր սենյակի մեջտեղը։ Նրա երեսը տախտակի բազմաթիվ կտորներից էր, որոնցից ամեն մեկը նարդու զառի չափ էր, մեկը մյուսից մի փոքր ավելի։ Տախտակի այդ կտորները միացված էին իրար երկաթե բարակ լարով և ամեն կողմից կպցրած էր թղթի կտորներ, որոնց վրա իրենց լեզվով գրված էին բառեր, որ ունեին զանազան եղանակներ, ժամանակներ ու հոլովներ, սակայն առանց որևէ կարգի։ Ապա պրոֆեսորը խնդրեց, որ ես ուշադիր լինեմ, որովհետև նա ուզում էր բանեցնել իր մեքենան։ Պրոֆեսորի հրամանով աշակերտներից մեկը բռնեց երկաթե մի դաստակ, որ թվով քառասուն՝ կպցրած էին դազգահի չորս կողմից․ երբ աշակերտները մի քանի անգամ պտտացրին այդ դաստակները, բառերի նախկին շարադասությունը միանգամայն փոխվեց։ Այն ժամանակ պրոֆեսորը հրամայեց, որ երեսունվեց հոգի հանդարտ կերպով կարդան այն տողերը, որոնք առաջացել էին դազգահի վրա, և երբ նրանք այդ տողերում գտնում էին երեք կամ չորս բառ, որոնք մի որևէ դարձվածք էին կազմում, իսկույն թելադրում էին մնացած չորս աշակերտներին, որոնք գրագիրների դեր էին կատարում։ Այդ վարժությունը կրկնվեց երեք թե չորս անգամ, և մեքենան այնպես էր շինված, որ ամեն մի պտույտից հետո բառերը նոր դասավորություն էին ստանում, հենց որ տախտակի կտորները մի կողմից մյուս կողմն էին շարվում։
Այդ վարժությամբ երիտասարդ ուսանողները պարապում էին օրական վեց ժամ, պրոֆեսորը ցույց տվեց ինձ բազմաթիվ մեծադիր հատորներ՝ հատուկտոր դարձվածքներից կազմված, որ նա մտադիր էր իրար հետ միացնել և այդ կերպով գոյացած նյութի վրա մարդկությանը տալ արվեստների ու գիտությունների մի միաձույլ երկասիրություն․ այդ գործը կարելի էր ավելի կատարելագործել և արագացնել, եթե հասարակությունը որոշ գումար հատկացներ հինգ հարյուր նման դազգահ շինելու Լագադոյում և հնարավորություն տար այդ դազգահներից ստացած դարձվածքներն իրար հետ համեմատելու։
Նա ինձ հավատացրեց, որ պատանեկությունից սկսած իր միտքն զբաղված է այդ գյուտով, որ իր դազգահը պարունակում է իր մեջ մի ամբողջ բառարան և որ նա ճշգրիտ կերպով հաշվել է մասնիկների թվի, անունների, բայերի և մյուս խոսքի մասերի այն հարաբերությունը միմյանց հետ, որ գոյություն ունի գրքերում։
Ես իմ խորին շնորհակալությունը հայտնեցի այդ երևելի մարդուն իր խոշոր հայտնագործությունների համար և խոստացա, որ երբ բախտ ունենամ վերադառնալու իմ հայրենի երկիրը, պիտի ըստ արժանվույն գնահատեմ նրան իբրև եզակի գյուտարարի, որ գտել է այդ զարմանալի մեքենան, որի ձևն ու կառուցվածքը ես խնդրեցի թույլ տալ ընդօրինակելու թղթի վրա, որպեսզի կցեմ այս գրքին։ Ես նրան ասացի՝ թեև Եվրոպայում մեր գիտնականների մեջ սովորություն կա գյուտերը միմյանցից գողանալու, մի հանգամանք, որի առավելությունն այն է, որ բանավեճ է սկսվում, թե նրանցից ո՞րն է իրավազոր տերն այդ գյուտի, սակայն ես ձեռք կառնեմ այնպիսի միջոցներ, որպեսզի այդ պատիվը, առանց որևէ մրցակցի, ամբողջովին իրեն պատկանի։
Այնուհետև մենք գնացինք լեզվագիտական դպրոցը, ուր տեղի ուներ երեք պրոֆեսորների նիստը՝ նվիրված իրենց մայրենի լեզվի մշակման խնդրին։
Առաջին նախագիծն առաջարկում էր կրճատել խոսակցական լեզվի բոլոր բազմավանկ բառերն ու դարձնել միավանկ և վերացնել բայերն ու դերբայները, որովհետև իրականում բոլոր իմանալի առարկաները լոկ անուններ են։ Երկրորդ նախագիծը պահանջում էր առհասարակ ջնջել բոլոր բառերը և դա կունենար խոշոր օգուտ առողջության և համառոտության տեսակետից։ Հայտնի է, որ մեր արտասանած ամեն մի խոսք որոշ չափով մաշում է մեր թոքերը և հետևապես կրճատում մեր կյանքը։ Քանի որ բառերը լոկ իրերի անուններ են, ուստի ծրագրողն առաջարկում է, որ ավելի հարմար կլինի, եթե ամեն մի մարդ իր հետ վերցնի այն իրերը, որ անհրաժեշտ է իր մտքերն ու ցանկություններն արտահայտելու համար։ Եվ այդ գյուտն անշուշտ մեծ ընդունելություն կգտներ շնորհիվ իր հարմարության և անհատի առողջության համար ունեցած օգուտի, եթե կանայք միացած տգետ ամբոխի հետ չսպառնային ապստամբել՝ պահանջելով իրենց լեզվի համար խոսելու ազատություն՝ համաձայն իրենց նախնի սովորության․ այդչափ տևական է հասարակ ժողովրդի անհաշտ թշնամությունը գիտության հանդեպ։ Տակավին գիտնական և իմաստուն մարդկանցից շատերն օգտվում են այդ նոր ծրագրից և իրենց միտքն արտահայտում են իրերով։ Միակ անհարմարությունն այն է, որ մեկը տարբեր նյութերի մասին ասելիք ունենալու դեպքում ստիպված է դրա համապատասխան իր մեջքին կրել իրերով լիքը ահագին ծրար, եթե նա չի կարող մեկ կամ երկու սպասավոր վարձել այդ իրերը տանելու համար։ Հաճախ առիթ եմ ունեցել տեսնելու երկու նման իմաստունների, մեր մանրավաճառների նման իրենց բեռների տակ ճկած․ փողոցում միմյանց հանդիպելու ժամանակ նրանք ցած էին դնում իրենց բեռը, բաց անում ծրարը և այդպես մի ամբողջ ժամ իրար հետ խոսում․ ապա հավաքում էին իրենց գործիքները, իրար օգնում բեռն առնելու համար ու միմյանց հրաժեշտ տալիս։
Սակայն կարճ խոսակցության համար կարելի է անհրաժեշտ իրերը կրել գրպանի մեջ կամ կռնատակին, իսկ տանը կարիք չկա։ Ուստի այն սենյակը, ուր հավաքվում են այդ մեթոդը կիրառող մարդիկ, լիքն է նման տեսակի իրերով, որ անհրաժեշտ է նման շինծու խոսակցության համար։
Այդ գյուտի մյուս խոշորագույն առավելությոնն այն է, որ դա կարելի է գործադրել իբրև մի համաշխարհային լեզու՝ հասկանալի բոլոր քաղաքակրթված ազգությունների համար, որոնց կահ֊կարասին և ամանեղենն ընդհանուր առմամբ նույնն է, կամ համարյա իրար նման, այնպես որ դրանց գործածությունը դյուրըմբռնելի է։ Ուստի դեսպաններն առանց դժվարության կարող են խոսել օտար թագավորների և թագավորական մինիստրների հետ, որոնց լեզուն միանգամայն անհասկանալի է նրանց համար։
Ես եղա մաթեմատիկական դպրոցում, որտեղ ուսուցիչներն իրենց աշակերտներին դասավանդում են մի այնպիսի մեթոդով, որ հազիվ թե ըմբռնելի լինի մեզ մոտ՝ Եվրոպայում։ Խնդիրն ու ապացույցը հստակ կերպով գրում են հաբի վրա մի թանաքով, որ պարունակում է իր մեջ գլխացավի դեղ։ Ուսանողը անոթի փորով կուլ է տալիս հաբը և երեք օր շարունակ բացի հաց ու ջրից ուրիշ բան չի ուտում։ Երբ նա մարսում է հաբի կլեպը, դեղը բարձրանում է դեպի նրա ուղեղը, իր հետ բերելով և խնդրի լուծումը։ Սակայն արդյունքը մինչև օրս աննշան է եղել, որ բացատրվում է մասամբ դեղի չափի կամ նրա բաղադրիչ մասերի սխալ որոշման պատճառով, մասամբ տղաների հակառակության շնորհիվ, որոնց համար այդ հաբերն այնքան զզվելի են, որ նրանք նախքան դեղի ներգործումը, աշխատում են դուրս թքել․ բացի այդ, դժվար է համոզել, որպեսզի նրանք հարկը պահանջած չափով ժուժկալ չլինեն։
Գլուխ վեցերորդ
Ակադեմիայի նկարագրության շարունակությունը։ Հեղինակն առաջարկում է մի շարք բարեփոխություններ, որոնք սիրով ընդունվում են։
Քաղաքական ծրագրողների դպրոցն ինձ առանձնապես զարմանք չպատճառեց․ պրոֆեսորներն այդտեղ կարծես թե խելքը կորցրած մարդիկ լինեին, մի տեսարան, որ միշտ ինձ տաղտկություն է պատճառում։ Այդ թշվառականները նախագիծ էին կազմում՝ թագավորներին համոզելու, որպեսզի նրանք իրենց համար ֆավորիտներ ընտրեն իմաստուն, մինիստրներին սովորեցնելու, որպեսզի նրանք ի նկատի առնեն հասարակական բարիքը, վարձատրեն արժանիքը, տաղանդը և հասարակական վսեմ ծառայությունը․ թագավորներին հրահանգելու, որպեսզի նրանք ճանաչեն իրենց իսկական շահը, որ հիմնված է իրենց ժողովրդի շահի վրա․ պաշտոնների համար ընտրել արժանավոր մարդիկ և ապա գործի դնել․ և ուրիշ շատ անմիտ ցնորքներ, որոնք երբեք խելացի մարդու գլխով չեն անցնի։ Այդ ամենը հաստատեց մի հին դիտողություն, թե չկա մի այնպիսի անհեթեթ և արտառոց բան, որ փիլիսոփաներից ոմանք պաշտպանած չլինեն իբրև ճշմարտություն։
Սակայն արդարացի լինելու համար պիտի ասեմ, որ Ակադեմիայի այդ բաժանմունքում, ըստ իս, ամենքն էլ այդքան ցնդաբան չէին։ Այստեղ ես ծանոթացա մի շատ տաղանդավոր դոկտորի հետ, որ կարծես թե հիանալի կերպով ուսումնասիրել էր պետական իշխանության ամբողջ էությունն ու սիստեմը։ Այդ երևելի մարդը նվիրված էր մի վերին աստիճանի շահավետ ուսումնասիրության՝ գտնել զորավոր դարմանը բոլոր այն ախտերի և բարոյական ապականությունների, որոնց ենթակա են զանազան հասարակական հիմնարկներ՝ շնորհիվ վարիչների մոլության ու անկարության, ինչպես և հպատակների սանձարձակության։ Օրինակի համար՝ քանի որ գրողներն ու փիլիսոփաներն ապացուցում են, թե բնական և քաղաքական մարմինների մեջ գոյություն ունի խոշոր նմանություն, ուստի կա՞ արդյոք ավելի ակնհայտ բան, քան այն, որ այդ երկու մարմինների առողջությունը հարկավոր է խնայել և հիվանդությունները բուժել միևնույն միջոցներով։ Հայտնի է, որ սենատորներն ու նշանավոր խորհրդականներն ունեն շատախոսության, դյուրաբորբոքության և այլ ստոր հակումների պակասություն, գլխի և մանավանդ սրտի բազմաթիվ հիվանդություններ, սոսկալի ջղաձգումներ, զույգ ձեռքերի և մանավանդ աջ ձեռքի ջղերի ու մկանների տառապագին ցնցումներ, մաղձ, քամիներ փորի մեջ, գլխի պտույտ և զառացանք, խուլոտ ուռուցքներ՝ լիքը թարախով ու գարշահոտությամբ, թթու զկրտոցներ, գայլի ախորժակ և կոշտ մարսողություն, չհաշված բազմաթիվ այլ հիվանդություններ, որոնց մասին չարժե այստեղ հիշատակել։ Ուստի հռչակավոր դոկտորն առաջարկում է, որ գումարելով սենատը, առաջին երեք օրը նիստերին ներկա լինեն մի քանի բժիշկ և օրվա վիճաբանություններից հետո շոշափեն ամեն մի սենատորի զարկերակը․ ապա յուրաքանչյուր հիվանդության բնույթն ու բուժման ձևը լրջորեն քննության ու խորհրդակցության ենթարկելուց հետո՝ չորրորդ օրը վերադառնան սենատը՝ իրենց դեղագործների հետ միասին, որոնք կունենան անհրաժեշտ դեղերի պաշար, և նախքան նիստի բացվելն ամեն մի սենատորի կտան հանդարտեցնող, լուծող, մաքրող, հալող, զսպող, ամոքող, թուլացնող գլխացավի, դալկության, խորխի, ականջացավի դեղեր, նայած հիվանդության տեսակին․ իսկ երբ այդ դեղերը կներգործեն՝ նորից կկրկնեն, կտան ուրիշ կամ կդադարեն տալուց։
Այդ ծրագիրը ժողովրդին թանկ չպիտի նստի և իմ համեստ կարծիքով մեծ օգուտ պիտի տա գործերի արագացման տեսակետից այն երկրներում, ուր սենատն օրենսդրական իշխանության մեջ բաժին ունի․ ստեղծել միաձայնություն, կրճատել վիճաբանությունները, բաց անել մի շարք բերաններ, որոնք ներկայումս փակ են և փակել է՛լ ավելի շատ բերաններ, որոնք այժմ բաց են․ սանձել երիտասարդության կիրքը և մեղմացնել ծերության չարությունը․ արթնացնել հիմարներին և սառը ջուր ածել հանդուգն մարդկանց գլխին։
Այնուհետև, քանի որ ամենքն էր տրտնջում են, որ թագավորների ֆավորիտները տառապում են հիշողության կարճությամբ ու թուլությամբ, ուստի նույն դոկտորն առաջարկում է, որպեսզի առաջին մինիստրին այցելողներից յուրաքանչյուրն իր գործը շատ համառոտ ու պարզ խոսքերով պատմելուց հետո, հրաժեշտի ժամանակ, հիշյալ մինիստրի քթին մի անգամ խփի, կամ փորին զարկի, կամ ոտքի կոշտը կոխ տա, կամ ականջներից քաշի, կամ ասեղով հետույքը ծակի և կամ կմշտելով՝ նրա ձեռքը կապտացնի, որպեսզի այդպիսով նրան փրկի մոռացությունից․ և ամեն օր ընդունելության ժամանակ այդ գործողությունը կրկնի, մինչև որ մինիստրն իր խնդիրը կկատարի կամ վերջնականապես կմերժի։
Բացի այդ, նա առաջարկում է, որ ազգային խորհրդում ամեն մի սենատոր իր կարծիքը հայտնելուց և փաստարկելուց հետո պետք է իր քվեն ճիշտ հակառակ կողմին տա, որովհետև այդպիսով քվեարկության արդյունքն առանց այլևայլությունների կլինի ի նպաստ հասարակական բարիքի։
Պարտիաների պայքարը կատաղի լինելու դեպքում, նա հաշտության համար մի սքանչելի միջոց է առաջարկում։ Այդ միջոցը հետևյալն է․ դուք վերցնում եք ամեն մի պարտիայից հարյուր պարագլուխ և զույգերի բաժանում այնպես, որ զույգ պարագլուխների գլուխները մոտավորապես մի մեծության լինեն․ թող երկու հմուտ վիրաբույժներ միաժամանակ սղոցեն յուրաքանչյուր զույգի ծոծրակն այնպես, որ ուղեղը երկու հավասար մասի բաժանվի։ Ապա, թո՛ղ այդ կտրված ծածրակները փոխանակեն և կպցնեն հակառակորդ պարտիայի կողմնակցի գլխին։ Այդ անդամահատությունը ըստ երևույթի, պահանջում է խոշոր ճշտություն, սակայն պրոֆեսորը հավատացնում է մեզ, որ եթե ճարպիկ ձեռքով կատարվի, ապաքինումն ապահովված է։ Նա դատում է այսպես․ ուղեղի կիսված մասերն ստիպված լինելով վիճել միմյանց հետ մի գանգի խոռոչում, իսկույն համաձայնության կգան և երևան կհանեն այն չափավորությունը և մտքի այն կանոնավորությունը, որ ցանկալի է այն մարդկանց համար, որոնք երևակայում են, թե իրենք աշխարհ են եկել մարդկությունը պահպանելու և կառավարելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է մաքառող պարտիաների ղեկավարների ուղեղների քաղաքական և որակական տարբերությանը, դոկտորը, հիմնված իր փորձերի վրա, հավատացնում է, թե դա միանգամայն դատարկ բան է։
Ես լսեցի երկու պրոֆեսորի տաք վիճաբանությունը՝ ժողովրդից, առանց չարչարանքի, տուրք հավաքելու հարմարագույն և արդյունավետ միջոցների և ձևերի մասին։ Առաջինը պնդում էր, թե ամենաարդարացի միջոցն այն է, որ որոշ տուրքի ենթարկվի մոլությունը և խենթությունը, և այդ տուրքի գումարն ամեն մի մարդու վրա օրինավոր կերպով սահմանվի հարևաններից կազմված ժյուրիի կողմից։ Երկրորդն ուղղակի հակառակ կարծիքի էր՝ տուրքի պիտի ենթարկել մարմնի և հոգու այն հատկությունները, որոնց համար մարդիկ ավելի են գնահատում իրենց․ տուրքը կարող է ավելի կամ պակաս լինել՝ նայած այդ հատկությունների առավելության, որի չափը որոշում է ամեն մարդ ըստ իր խղճի։ Ամենաբարձր տուրքը վճարում են նրանք, ովքեր ամենից շատ են սիրված մյուս սեռի կողմից, և այդ հարկադրությունը տեղի է ունենում տուրքատուների ստացած շնորհների քանակի և բնույթի համաձայն և ըստ իրենց սեփական վկայության։ Բարձրագույն տուրքի են ենթարկվում նաև՝ իմաստությունը, քաջությունն ու վայելուչ բարքը և այդ տուրքի սահմանումն էլ կատարվում է նույն ձևով, այսինքն ամեն մարդ ինքն է որոշում այդ հատկությունների չափը։ Սակայն պատիվը, արդարամտությունը, խելացիությունը և գիտությունը չպիտի տուրքի ենթարկվեն, որովհետև դրանց որակումն այնքան եզակի հանգամանք ունի, որ ոչ ոք չի ուզում ընդունել այդ արժանիքների գոյությունն ուրիշների մոտ և ոչ էլ կարողանում է իր մեջ եղածը գնահատել։
Կանանց պիտի առաջարկել, որ տուրք տան ըստ իրենց գեղեցկության և լավ հագնվելու կարողության և նրանք, տղամարդկանց հետ միասին, պիտի ունենան նույն արտոնությունը՝ տուրքի սահմանումը պիտի կատարվի համաձայն իրենց վճռի։ Սակայն կանանց հաստատամտությունը, ողջախոհությունը, խելացի միտքն ու բարի վարքը տուրքի չպիտի ենթարկվեն, որովհետև գանձումը չի ծածկի արած ծախսերը։
Սենատորներին ստիպելու համար, որպեսզի նրանք ծառայեն թագի շահերին, նա առաջարկում է բարձր պաշտոնները նրանց մեջ բաժանել վիճակահանությամբ․ նախ և առաջ ամենքը պիտի երդվեն և խոսք տան, որ պիտի քվեարկեն ի նպաստ արքունիքի, անկախ նրանից՝ վիճակ կընկնի թե ոչ․ հետագայում նրանք, ում վիճակ չի ընկել, իրավունք ունեն, որևէ պաշտոն թափուր մնացած դեպքում, մասնակցելու վիճակահանության։ Այդպիսով նրանց մեջ հույսն ու սպասելիքը միշտ վառ կմնա, ոչ ոք չի գանգատվի խոստումնազանցության դեմ, այլ անհաջողությունն ամբողջապես կվերագրեն բախտին, որի թիկունքն ավելի լայն ու ամուր է, քան մի որևէ մինիստրի թիկունքը։
Մի այլ պրոֆեսոր ցույց տվեց ինձ հրահանգների մի ընդարձակ ձեռագիր,[68] պետության դեմ սարքած դավադրություններն ու մեքենայությունները երևան հանելու համար։ Նա պետական մարդկանց խորհուրդ էր տալիս քննության ենթարկելու բոլոր կասկածելի անձնավորությունների կերակուրը, իմանալու՝ թե երբ են նրանք ճաշում, ո՞ր կողքի վրա են պառկում, ո՞ր ձեռքովն են սրբում իրենց հետույքը, մանրազնին կերպով քննելու[69] նրանց կղկղանքի գույնի, հոտի, համի, թանձրության, թուլության ու պնդության հիման վրա կարծիք կազմել նրանց մտքի ու նպատակների մասին, որովհետև երբեք մարդն այնքան լուրջ, խորամիտ և կենտրոնացած չի լինում, քան այն ժամանակ, երբ նա նստած է արտաքնոցում, մի բան, որ պրոֆեսորը գիտե իր սեփական փորձից։ Եվ իսկապես, երբ նա այդ վիճակում ցանկացավ, լոկ փորձի համար, մտածել, թե ո՞րն է թագավորին սպանելու լավագույն միջոցը, այն ժամանակ նրա կղկղանքը կանաչավուն ներկով գունավորվեց, և այդ կղկղանքի գույնը միանգամայն այլ էր, երբ նա մտածում էր միայն ապսամբություն բարձրացնելու և մայրաքաղաքը հրդեհելու մասին։
Այդ բոլոր դատողությունները գրված են խոր նրբամտությամբ ու պարունակում են պետական մարդկանց համար հետաքրքրական և շահավետ բազմաթիվ դիտողություններ, թեև այդ դիտողություններն ինձ այնքան էլ լրիվ չթվացին։ Ես վստահություն ունեցա հեղինակին ասելու այդ և առաջարկեցի, որ նա բարեհաճի կցել մի քանի հավելումներ։ Նա մեծ հաճույքով ընդունեց իմ առաջարկը, ավելի, քան սովորաբար անում են մեզ մոտ գրողները, մանավանդ նրանք, որոնք աշխատում են ծրագրեր կազմելու վրա, և հայտնեց, թե ուրախությամբ կլսի հետագա հրահանգները։
Այն ժամանակ ես նրան ասացի, թե Տրիբնիայի թագավորության մեջ, որ տեղացիների կողմից կոչվում է Լանգդին,[70] ուր ես ապրել եմ մի առժամանակ, իմ կատարած ճանապարհորդությունների միջոցին՝ ժողովրդի մեծագույն մասը բաղկացած է հետախույզներից, վկաներից, լրտեսներից, ամբաստանողներից, դատապնդողներից, ականատեսներից, երդվյալներից և նրանց ստորադաս արբանյակներից, որոնք վարձված են մինիստրների և դեպուտատների կողմից։ Այդ թագավորության մեջ դավադրությունը վարպետություն են համարում նրանք, ովքեր ուզում են իրենց մասին եղած նուրբ պոլիտիկոսի համարումը, տոգորել քայքայված իշխանությունը նոր կորովով, խեղդել կամ շեղել ժաղովրդական անբավականությունը, լցնել իրենց գրպանը տուգանքներով և կենդանացնել կամ մեռցնել պետական վարկի հանդեպ եղած վստահությունը, նայած թե դրանցից որն է համապատասխան իրենց սեփական շահին։ Նախ և առաջ նրանք միմյանց հետ համաձայնության են գալիս ու որոշում, թե կասկածելի մարդկանցից որին է հարկավոր ամբաստանել դավադրության համար․ ապա ամեն ջանք գործ են դնում գրավելու նրանց նամակներն ու թղթերը և ոճրագործներին շղթայակապ անելու։ Այդ թղթերը ներկայացնում են վարպետ մարդկանց, որոնք ճարպկություն ունեն բառերի, վանկերի և տառերի մեջ խորհրդավոր նշանակություն գտնելու։ Զորօրինակ, նրանք երևան հանեցին, որ արտաքնոցի աթոռը նշանակում է գաղտնի խորհրդակցություն,
Սագերի երամը ― սենատ,
Կաղ շունը ― գահի թեկնածու,
Ժանտախտը ― մնայուն զորք,
Բվեճը ― առաջին մինիստր,
Պադագրան ― քահանայապետ,
Կախաղանը ― պետական քարտուղար,
Գիշերվա անոթը ― լորդերի կոմիտե,
Մաղը ― պալատական տիկին,
Ցախավելը ― ռեվոլյուցիա,
Մկան թակարդը ― պետական պաշտոն,
Անտակ կարասը ― պետական գանձարան,
Աղբի հորը ― արքունիք,
Միմոսի գդալը ― ֆավորիտ,
Կոտրած եղեգը ― դատական պալատ,
Դատարկ տակառը ― գնդապետ,
Թարախակալ վերքը ― կառավարման սիստեմ։
Երբ այդ մեթոդը անբավարար է լինում, այն ժամանակ նրանք դիմում են երկու այլ, ավելի զորավոր մեթոդի, որոնք կոչվում են նրանց գիտնականների կողմից ակրոստիքոս և անագրամ։ Ըստ առաջին մեթոդի՝ նրանք կարող են վերածել բոլոր սկզբնատառերը՝ ըստ քաղաքական իմաստի։ Զորօրինակ՝
N ― պիտի նշանակի դավադրություն,
B ― հեծելազոր,
L ― ծովային նավատորմիղ։
Ըստ երկրորդ մեթոդի՝ տեղափոխելով մի որևէ կասկածելի գրության տառերը, նրանք կարող են երևան հանել դժգոհ պարտիայի գաղտնի մտքերն ու նպատակները։ Օրինակ՝ երբ ես իմ ընկերոջը գրած նամակում ասում եմ «Թովմաս եղբայրս մայասիլ ունի ― հմուտ վերծանողը նույն այդ տառերից շինում է մի նախադասություն, թե դավադրությունը երևան է հանված, հարկավոր է ընդդիմադրել և այլն։ Այս էլ անագրամ մեթոդը։
Իմ այս դիտողությունների համար պրոֆեսորն ինձ խորին շնորհակալություն հայտնեց և խոստացավ իմ անունն ըստ արժանվույն հիշատակելու իր շարադրության մեջ։
Ուրիշ ոչ մի բան այդ երկրում ինձ այլևս չհրապուրեց ավելի երկար մնալու, և ես սկսեցի մտածել Անգլիա վերադառնալու մասին։
Գլուխ յոթերորդ
Հեղինակը հեռանում է Լագադոյից ու գալիս է Մալդոնադո։ Պատրաստի նավ չկա։ Նա կատարում է մի կարճառոտ ճանապարհորդություն դեպի Գլըբբդըբդրիբ։ Կառավարչի ցույց տված ընդունելությունը։
Այն ցամաքամասը, որի մասն է այս թագավորությունը, ինչպես ես հիմք ունեմ կարծելու, ընկած է Ամերիկայի անծանոթ երկրների արևելյան կողմը, Կալիֆորնիայից դեպի արևմուտք ու Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս․ այդ օվկիանոսից մոտ հարյուր հիսուն մղոն հեռավորության վրա գտնվում է Լագադոն, ուր կա հիանալի նավագանգիստ, որն առևտրական գործերով կապված է հյուսիս֊արևմտյան մասում՝ հյուսիսային լայնության 29 աստիճանի և երկայնության 140 աստիճանի վրա գտնվող Լըգգնեգգ խոշոր կղզու հետ։ Այս Լըգգնեգգ կղզին ընկած է Ճապոնիայի հարավ֊արևելյան կողմը, մոտ հարյուր լիգ հեռավորության վրա։ Ճապոնիայի կայսեր և Լըգգնեգգի թագավորի միջև գոյություն ունի սերտ բարեկամություն, որի շնորհիվ այդ երկու կղզիները մշտական կապ ունեն։ Ուստի ես որոշեցի այդ ճանապարհը բռնել՝ Եվրոպա վերադառնալու նպատակով։ Ես վարձեցի երկու ջորի, ճանապարհը ցույց տվող մի առաջնորդ ու փոխադրեցի իմ ճանապարհորդական թեթև իրերը։ Ես հրաժեշտ տվեցի իմ ազնիվ հովանավորին, որը դեպի ինձ այնքա՜ն սիրալիր էր, և իմ մեկնելու ժամանակ թանկագին նվերներ էր պարգևել։
Իմ ճանապարհորդությունը տեղի ունեցավ առանց որևէ դիպվածի կամ արկածի, որոնց մասին կարիք լիներ պատմելու։ Երբ ես հասա Մալգոնադո նավահանգիստը (այդպես էր անունը)՝ ափին Լըգգնեգգ մեկնող ոչ մի նավ չկար և ոչ էլ շուտով պիտի լիներ։ Քաղաքը մոտավորապես Պորտսմուտի չափ էր։ Շուտով ես ձեռք բերի որոշ ծանոթություններ, և ինձ մեծ հյուրասիրությամբ ընդունեցին։ Մի անվանի պարոն ինձ ասաց, թե քանի որ Լըգգնեգգ մեկնող նավը մի ամսից առաջ պատրաստ չի լինի, ուստի ինձ համար անհաճո բավականություն չէր լինի, եթե ես մի փոքրիկ պտույտ կատարեի դեպի Գլըբբդըբդրիբ կղզին, որ գտնվում է հարավ֊արևմտյան ուղղությամբ մոտ հինգ լիգ հեռավորության վրա։ Նա ասաց, որ ինքն ու իր բարեկամը կընկերակցեն և ճանապարհորդության համար ինձ կտրամադրեն մի փոքրիկ հարմար առագաստանավ։
Գլըբբդըբդրիբ, որքան կարողացա ես մեկնել այդ խոսքը, նշանակում է վհուկների և կախարդների կղզի։ Նա մոտավորապես Ուայտ կղզու մի երրորդի չափ է և չափազանց բերրի։ Նրա կառավարիչը կախարդների ցեղապետն է։ Այդ կղզու բնակիչներն ամուսնանում են միմիայն իրար հետ և ժառանգների մեջ ամենից մեծը դառնում է թագավոր կամ կառավարիչ։ Թագավորն ունի մի հոյակապ պալատ, երեք հազար ակր մեծության մի պուրակ, որ շրջապատված է քսանչորս ոտնաչափ բարձրության տաշած քարից շինած պարսպով։ Այդ պուրակում կան մի քանի ցանկապատած տեղեր՝ անասունների, հացահատիկների և այգիների համար։
Այդ կառավարչի սպասավորները և նրանց ընտանիքները մի քիչ արտասովոր տեսք ունեն։ Հոգեհարցություն քաջ գիտենալու շնորհիվ կառավարիչն ըստ իր ցանկության զորավոր է կանչելու մեռածներին և ստիպելու նրանց՝ ծառայել իրեն քսանչորս ժամից ոչ ավելի․ սակայն նույն ննջեցյալին նա չի կարող երեք ամիսը մի անգամից ավելի հաճախ կանչել, բացառությամբ արտակարգ դեպքերի։ Երբ մենք առավոտյան ժամը մոտ 11֊ին հասանք կղզին, ինձ առաջնորդող պարոններից մեկը գնաց կառավարչի մոտ ու խնդրեց ընդունելու մի օտարականի, որ եկել է կղզին նորին մեծությանը ներկայանալու պատվին արժանանալու համար։ Կառավարիչն անմիջապես տվեց իր համաձայնությունը, և մենք երեքս ներս մտանք պալատը, անցնելով երկու շարք պահակների արանքով, որոնց սպառազինումն ու հագուստը շատ հին տեսակի էր, կերպարանքներն այնքան սարսափելի, որ ես արտահայտել չեմ կարող։ Մենք անցանք մի քանի սենյակների միջով, նույն տեսակի սպասավորների կողքով, մինչև որ հասանք ընդունարանը, ուր երեք անգամ խորը գլուխ տալուց և մի քանի սովորական հարցուփորձից հետո՝ մենք թույլտվություն ստացանք նստելու նորին մեծության գահի ստորին աստիճանի մոտ՝ երեք աթոռակի վրա։ Նա հասկանում էր Բալնիբարբի կղզու լեզուն, թեև այդ լեզուն մի փոքր տարբեր էր։ Նա ցանկացավ, որ ես որոշ տեղեկություն տամ իմ ճանապարհորդության մասին․ և ցույց տալու համար, որ նա ինձ հետ պիտի վարվի առանց որևէ ձևականության՝ մատի շարժումով նա ազատ արձակեց բոլոր ներկա եղողներին, որից հետո, ի մեծ զարմանս իմ, նրանք մի ակնթարթում անհետացան, ինչպես երազը, երբ մենք հանկարծակի արթնանում ենք։ Ես մի առժամանակ չկարողացա ուշքի գալ, մինչև որ կառավարիչը հավատացրեց ինձ, որ ինձ ոչ մի վտանգ չի սպառնում․ տեսնելով, որ իմ երկու ընկերակիցները, որոնք վարժվել էին ընդունելության այդ ձևին, ոչ մի անհանգստություն չեն ցույց տալիս՝ մի փոքր զգաստացա ու նորին մեծությանը համառոտ պատմեցի իմ մի քանի արկածների մասին, տակավին չկարողանալով զսպել իմ հուզմունքը և հաճախ ետ նայելով դեպի այն տեղը, ուր ես տեսա ուրվական ծառաներին։ Ես բախտ ունեցա ճաշելու կառավարչի հետ միասին, երբ ուրվականների մի նոր շարք սպասարկում էր մեզ ու հոգ տանում սեղանին։ Այժմ արդեն ես ինձ ահաբեկված չէի զգում, ինչպես առավոտյան։ Ես մնացի այդտեղ մինչև արևի մուտքը և խոնարհաբար խնդրեցի նորին մեծությանը՝ ներել ինձ, որ չպիտի ընդունեմ նրա հրավերը՝ գիշերելու պալատում։ Իմ երկու բարեկամներն ու ես գիշերն անց կացրինք մի մասնավոր տան մեջ՝ քաղաքում, ուր այդ փոքրիկ կղզու մայրաքաղաքն էր․ և մյուս օրն առավոտյան մենք նորից եկանք կառավարչի մոտ՝ մատուցելու մեր հարգանաց հավաստիքը և մեզ դնելու նրա տրամադրության տակ։
Այսպես մենք անցկացրինք մեր ժամանակը ամբողջ տասն օր, օրվա մեծ մասը լինելով կառավարչի հետ, իսկ գիշերները՝ մեր օթևանում։ Շուտով ես այնքան վարժվեցի այս ոգիներին, որ երրորդ թե չորրորդ օրից հետո նրանք ինձ վրա այլևս չէին ազդում․ կամ թե չէ եթե անգամ իմ մեջ լինում էր որևէ ահ, հետաքրքրությունս հաղթում էր նրան։ Այդ նկատելով նորին մեծություն կառավարիչն առաջարկեց, որ ես տամ աշխարհի սկզբից մինչև այժմ մեռած մարդկանց ուզածս քանակի անուններ, ու հրամայեց նրանց պատասխանել այն բոլոր հարցերին, որ ես կտայի, միայն այն պայմանով, որ իմ հարցերը կապ չունենան նրանց կենդանության օրով տեղի ունեցած անցքերի հետ։ Համենայն դեպս ես կարող եմ վստահ լինել, որ նրանք ինձ անկասկած ճշմարտությունը պիտի ասեն, որովհետև հանդերձյալ կյանքում ստախոսությունը մի անպետք արվեստ է։
Ես հայտնեցի նորին մեծությանն իմ խորին շնորհակալությունը նրա ցույց տված մեծագույն շնորհի համար։ Մենք գտնվում էինք մի սենյակում, որտեղից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի պուրակը։ Եվ որովհետև ես տրամադիր էի զվարճանալու շքեղ և հոյակապ տեսարաններով, ուստի ցանկացա տեսնել Ալեքսանդր Մեծին Արբելայի ճակատամարտից հետո, անմիջապես իր զորքի գլուխին կանգնած։ Եվ ահա, կառավարչի մատի շարժումով նա անմիջապես երևաց դաշտում, պատուհանի տակ, որի մոտ մենք կանգնել էինք։ Ալեքսանդրը հրավիրվեց սենյակ։ Շատ դժվար էր հասկանալ նրա հին հունարենը և նա էլ դժվար էր հասկանում ինձ։ Նա երդվեց ինձ իր պատվով, որ իրեն չեն թունավորել, այլ որ ինքը մեռել է տենդացավից, խիստ հարբեցողության հետևանքով։
Ապա ես տեսա Հաննիբալին Ալպյան լեռներն անցնելիս․ նա հայտարարեց ինձ, որ իր ճամբարում ոչ մի կաթիլ քացախ չի ունեցել։
Ես տեսա Կեսարին ու Պոմպեոսին՝ իրենց զորքի գլուխին անցած, կռվի պատրաստ։ Ես տեսա նաև Կեսարին իր վերջին հաղթանակի ժամանակ։ Ես ցանկացա, որ Հռոմի սենատը երևան գա մի ընդարձակ սենյակում, իսկ համեմատության համար, մի ուրիշ սենյակում՝ վերջին ժամանակների պառլամենտը։ Առաջինը կարծես թե հերոսների և կիսաստվածների մի հավաքույթ էր, իսկ երկրորդը՝ չարչիների, գրպանահատների, ավազակների և ամբարտավանների մի խմբակ։
Իմ խնդրի համաձայն կառավարիչը նշան արավ, որ Կեսարն ու Բրուտոսը մոտենան մեզ։ Բրուտոսին տեսնելով ես լցվեցի անհուն պատկառանքով ու նրա դեմքի ամեն մի գծից հեշտությամբ կարողացա նկատել կատարյալ առաքինությունը, անսահման անվեհերությունն ու հոգեկան կորովը, իսկական հայրենասիրությունն ու բարյացակամությունը մարդկության հանդեպ։ Մեծ հաճույքով ես նկատեցի, որ այդ երկու անձերի հարաբերությունը միմյանց հետ շատ լավ է, ու Կեսարն անկեղծորեն խոստովանեց ինձ, որ իր կյանքի ամենամեծ գործերը երբեք չեն կարող հավասարվել հաղթանակների հետ այն մարդու, որ խլեց իր կյանքը։ Ես բախտ ունեցա երկար ժամանակ խոսել Բրուտոսի հետ․ նա ի միջի այլոց ինձ հաղորդեց, որ իր նախահայրերը՝ Յունիոսը, Սոկրատեսը, Եպամինոդասը, Կատոն Կրտսերը, սեր Թոմաս Մորը և ինքը շարունակ միասին են լինում․ մի վեցյակ, որին աշխարհի բոլոր ժամանակները չեն կարողանում կցել յոթերորդին։
Ես կհոգնեցնեի ընթերցողին, եթե պատմեի, թե թագավորը քանի՜֊քանի՜ հռչակավոր մարդկանց կանչեց, որպեսզի գոհացնի իմ անհագ ցանկությունը՝ տեսնելու աշխարհն իր հնագույն պատմության բոլոր շրջաններով։ Առավելապես ես հրճվում էի, երբ դիտում էի բռնակալների ու հափշտակիչների ոչնչացնողներին ու ընկճված ու իրավազուրկ ժողովուրդների ազատությունը վերականգնողներին։ Սակայն ինձ համար անհնար է ստացած հաճույքս արտահայտել մի այնպիսի պատշաճ ձևով, որ կարելի լինի ընթերցողի ուշադրությունը գրավել։
Գլուխ ութերորդ
Գլըբբդըբդրիբի նկարագրության շարունակությունը։ Հնագույն և ժամանակակից պատմության սրբագրությունը։
Ցանկանալով տեսնել հնագույն ժամանակների մարդկանց, որոնք հռչակվել են իրենց խելքով ու գիտությամբ՝ որոշեցի այդ նպատակի համար հատկապես մի օր նվիրել։ Ես մտադրություն ունեի կանչելու Հոմերոսին և Արիստոտելին՝ իրենց բոլոր մեկնիչների հետ միասին, սակայն վերջինների թիվն այնքան շատ էր, որ նրանցից մի քանի հարյուր հոգի ստիպված էին սպասել բակում ու պալատի մյուս սենյակներում։ Առաջին հայացքից ես ճանաչեցի այդ երկու հերոսներին և զատեցի նրանց ոչ միայն ամբոխից, այլև մեկը մյուսից։ Հոմերոսն ավելի բարձրահասակ էր ու վայելչակազմ, քան Արիստոտելը, նայած իր տարիքին քայլում էր ուղղահայաց, իսկ նրա աչքերը չափազանց աշխույժ և թափանցող էին։ Արիստոտելը բավականին կորաքամակ էր և ձեռնափայտ էր գործածում։ Նրա դեմքը նիհար էր, մազերը՝ երկար ու նոսր, ձայնը խորունկ։ Շուտով ես նկատեցի, որ այդ երկու մեծ անձանց համար միանգամայն օտար էին մյուս ընկերակիցները, որոնց նրանք ոչ տեսել էին և ոչ էլ նրանց մասին լսել։ Ուրվականներից մեկը, որի անունը չպիտի տամ, ականջիս ասաց, թե այդ մեկնիչներն այն աշխարհում իրենց պրինցիպալներից բավական տարածության վրա միշտ քաշված են պահում իրենց՝ ամոթի ու մեղավորության զգացմունքից դրդված, որովհետև նրանք սոսկալի աղավաղել են ապագա սերնդի համար այդ հեղինակների գրվածքների իմաստը։ Ես ծանոթացրի Դիդիմոսին ու Էվստատիոսին Հոմերոսի հետ և վերջինիս համոզեցի, որ նրանց հետ ավելի լավ վարվի, քան թերևս հարկավոր է, որովհետև նա շատ շուտ հասկացավ, որ այդ մեկնիչները չունեն բանաստեղծի ոգին ըմբռնելու ընդունակություն։ Բայց Արիստոտելը կորցրեց իր համբերությունը, երբ ես ներկայացրի նրան Սկոտուսին և Ռամուսին և սկսեցի պատմել նրանց հայացքների մասին․ նա հարցրեց, թե մի՞թե մեկնիչների մնացած ցեղն էլ այդքան ապուշ է, որքան այդ երկուսը։
Այնուհետև ես խնդրեցի կառավարչին, որ նա կանչի Դեկարտին ու Գասենդիին, որոնց առաջարկեցի բացատրել իրենց սիստեմներն Արիստոտելին։ Այդ մեծ փիլիսոփան անկեղծորեն խոստովանեց իր սխալները բնափիլիսոփայության բնագավառում, որովհետև նրա դատողությունները հաճախ հիմնված են եղել ենթադրությունների վրա, ինչպես կատարում է յուրաքանչյուր ոք․ նրա կարծիքով թե՛ Գասենդին, որ Էպիկուրի վարդապետությունը վերամշակել է ըստ ժամանակակից ճաշակի, և թե՛ Դեկարտը՝ իր հողմերի տեսությամբ հավասարապես կժխտվեն հետագա սերունդների կողմից․ նա գուշակեց, որ նույն բախտին պիտի արժանանա ձգողականության տեսությունը, որ այդպիսի եռանդով պաշտպանում են ժամանակակից գիտնականները։ Նա ասաց, որ բնագիտական նոր սիստեմները, ինչպես նորաձևությունը, փոփոխության են ենթարկվում սերնդից սերունդ և մինչև անգամ նրանք, ովքեր ուզում են ապացուցել այդ սիստեմները մաթեմատիկական մեթոդներով՝ հաջողություն են ունենում շատ կարճ ժամանակ և մոդայից ընկնում են, երբ հասնում է ճակատագրի կողմից սահմանված ժամը։
Մյուս հնագույն գիտնականների հետ ունեցած խոսակցությանը ես նվիրեցի հինգ օր։ Ես տեսա հռոմեական առաջին կայսրներից շատերին։ Կառավարչին ես թախանձեցի, որ նա կանչի Հելիոգաբալուսի խոհարարներին, որպեսզի նրանք ճաշ պատրաստեն մեզ համար, սակայն նրանք չկարողացան ցույց տալ իրենց հմտությունը մթերքների պակասության պատճառով։ Ագեսիկաուսի ստրուկներից մեկը պատրաստեց սպարտական մի արգանակ, որի համը տեսնելուց հետո, երկրորդ գդալը չկարողացա կուլ տալ։
Ինձ դեպի կղզին ուղեկցող երկու ջենտլմենները, իրենց մասնավոր գործերի հանգամանքով, ստիպված էին երեք օրից հետո վերադառնալ տուն։ Այդ օրերին ես տեսա ժամանակակից մեծ մարդկանցից ոմանց, որոնք վախճանվել էին վերջին երկու կամ երեք դարերի ընթացքում և խոշոր դեմքեր էին թե՛ մեր և թե՛ եվրոպական ուրիշ երկրներում։ Իբրև մշտական երկրպագու հնադարյան նշանավոր տոհմերի՝ ես կառավարչին խնդրեցի, որ նա կանչի մի կամ երկու տասնյակ թագավոր՝ իրենց նախահայրերով հանդերձ, թվով ութ կամ տասը սերունդ։ Սակայն հուսախաբությունս ցավագին ու անակնկալ եղավ։ Փոխանակ մի շարք արքայազուն թագակիրների՝ ես տեսա մի տոհմի պատկանող երկու ջութակահարների, երեք ճարպիկ պալատականի և մի իտալական եպիսկոպոսի։ Մյուս շարքում՝ մի սաբրիչի, մի աբբայի և երկու կարդինալի։ Սակայն թագակիր գլուխների հանդեպ ես մեծ պատկառանք ունեմ, որպեսզի ավելի երկար կանգ առնեմ այս նրբանկատ նյութի վրա։ Իսկ ինչ վերաբերում է կոմսերին, մարկիզներին, դքսերին և այլոց՝ ես չէի խճահարվի։ Խոստովանում եմ՝ ոչ առանց հաճույքի ես հետազոտեցի որոշ հռչակավոր տոհմերի առանձնահատուկ դիմագծերը՝ մինչև նրանց նախատիպերը։ Եվ պարզ երևան հանեցի, թե որտեղի՞ց են առաջանում մի տոհմի մեջ երկար դնչերը, ինչու՞ մյուս տոհմի երկու սերնդի մեջ առատ են սրիկաները, իսկ հետագա երկու սերնդի մեջ ապուշները․ ինչու՞ երրորդ տոհմի մեջ շատ էին խելագարները, իսկ չորրորդի մեջ՝ անպիտանները։ Ինչպե՞ս բացատրել Պոլիդոր Վիրգիլիոսի մի մեծ տոհմի մասին ասած խոսքերը․ «Nec vir fortis, nec foemina casta»։ Ինչպե՞ս է, որ դաժանությունը, նենգությունն ու երկչոտությունը դառել են հատկանիշ մի քանի նշանավոր տոհմերի համար, ավելի, քան նրանց զինանշանը։ Ո՞վ է առաջին անգամ այդ ազնիվ տոհմի մեջ բերել սիֆիլիսը, որ հետո անցել է հետագա սերնդին իբրև խուլավոր ուռուցք։ Այդ ամենն ինձ այլևս զարմանք չէր պատճառում․ երբ ես տեսա, որ նրանց սերունդների շառավիղներն ընդհատել են մանկլավիկները, սպասավորները, ծառաները, կառապանները, խաղամոլները, ջութակահարները, դերասանները։
Ավելի ևս զզվանք պատճառեց ինձ ժամանակակից պատմությունը։ Մանրամասն ուսումնասիրելով վեջին հարյուր տարվա թագավորական արքունիքներում մեծ անուն հանած անձերը, ես երևան հանեցի, թե պոռնկացած գրչակներն ինչպիսի թյուրիմացության մեջ են ձգել աշխարհը՝ ռազմական խոշոր քաջագործությունները վերագրելով երկչոտներին, իմաստուն խորհուրդները՝ տխմարներին, անկեղծությունը շողոքորթներին, հռոմեական առաքինությունը՝ հայրենիքի դավաճաններին, բարեպաշտությունը՝ անաստվածներին, ողջախոհությունը՝ արվագետներին, ճշմարտախոսությունը՝ լրտեսներին։ Քանի՜֊քանի՜ անմեղ և ընտիր մարդիկ մահվան կամ աքսորի են դատապարտվել շնորհիվ խոշոր մինիստրների մեքենայությունների, որոնք կաշառել են դատավորներին, և պարտիական չարամտության։ Քանի՜֊քանի՜ անզգամներ բարձր դիրքի են հասել և արժանացել վստահության, իշխանության, պատվի՝ ու շահ ձեռք բերել․ ինչպիսի՝ խոշոր մասնակցություն են ունեցել պալատների, պետական խարհուրդների և սենատների անց ու դարձին կավատները, պոռնիկները, մակաբույծներն ու միմոսները։ Ինչպիսի՜ ստոր կարծիք կազմեցի մարդկային իմաստության և ուղղամտության մասին, երբ ես ճշգրիտ կերպով տեղեկացա աշխարհի կարևոր դեպքերի և ռևոլյուցիաների զսպանակներին և շարժառիթներին և այն աննշան դիպվածներին, որոնց պարտական են նրանք իրենց հաջողության համար։
Այդտեղ ես երևան հանեցի անբարեխղճությունն ու տգիտությունն այն մարդկանց, որոնք հավակնություն ունեն գրելու մանրավեպեր և գաղտնի հիշատակարաններ, որոնք այնքա՜ն թագավորներ են ուղարկել մյուս աշխարհը՝ տալով նրանց թույնով լիքը բաժակներ, որոնք պատմել են ուզում թագավորի և առաջին մինիստրի խոսակցությունները, երբ նրանց մոտ ոչ մի վկա չի եղել․ որոնք պարզում են դեսպանների և պետական քարտուղարների մտքերն ու խորհուրդները և շարունակ դժբախտություն ունենում սխալվելու։ Այդտեղ ես երևան հանեցի գաղտնի պատճառները բազմաթիվ նշանավոր դեպքերի, որ ապշեցրել են աշխարհը, թե ինչպես հոմանուհին կարող է ղեկավարել գաղտնի սանդուղքը, գաղտնի սանդուղքը՝ մինիստրների խորհուրդը, մինիստրների խորհուրդը՝ սենատը։ Մի գնդաապետ իմ ներկայությամբ խոստովանեց, որ մի անգամ հաղթանակել է պարզե ի պարզ իր երկչոտության և վատ առաջնորդության շնորհիվ․ իսկ մի ծովակալ խոստովանեց, որ տեղեկությունների բացարձակ բացակայության շնորհիվ նա ջարդել է թշամուն, մինչդեռ մտադրություն ուներ անձնատուր լինել իր նավատորմիղով։ Երեք թագավոր ինձ հայտարարեցին, որ իրենց թագավորության ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի անգամ մեկին պաշտոն չեն հանձնել ըստ իր արժանիքների, բացի այն դեպքերից, երբ նրանք սխալվել են կամ իրենց վստահած մինիստրներից մեկը դավաճանել է և երբեք նրանք այդպիսի սխալ չէին գործի, եթե մի անգամ էլ ապրեին ու թագավորեին․ նրանք ամենայն համոզմունքով ապացուցում էին ինձ, որ թագավորական գահը չի կարող հաստատ մնալ առանց բարքերի ապականության, որովհետև դրական, վստահ և համառ բնավորությունը, որոնք առաքինություն ստեղծողն են մարդու մեջ, մշտական արգելք են հանդիսանում պետական գործերում։
Ես հետաքրքրվեցի ստույգ իմանալու, թե ի՞նչ ձևով են շատերը հասնում բարձր տիտղոսների և ստանում վիթխարի կալվածքներ։ Իմ հարցուփորձը սահմանափակեցի մոտիկ ժամանակների շրջանակով, սակայն առանց ներկան շոշափելու, վախենալով թե միգուցե վիրավորանք հասցնեմ օտարերկրացիներին (քանի որ, հույս ունեմ, ընթերցողին կարիք չկա ասելու, որ այդ առիթով իմ բոլոր ասածները ոչ մի կապ չունեն իմ հայրենիքի հետ)։ Իմ խնդրի համաձայն կանչվեց երևելի մարդկանց մի ահագին բազմություն, և մակերեսային հարցուփորձերից ես երևան հանեցի մի այնպիսի անարգ տեսարան, որին ես հանգիստ կերպով անդրադառնալ չեմ կարող։ Երդմնազանցությունը, հարստահարությունը, կաշառակերությունը, խաբեբայությունը, կավատությունը և նման գարշանքները նրանց հիշածների մեջ ամենաներելի արվեստներն էին, ուստի և ես, հասկանալի պատճառով, ներողամիտ վերաբերմունք ցույց տվի։ Բայց երբ նրանցից ոմանք խոստովանեցին ինձ, որ իրենց փառքն ու հարստությունը ձեռք են բերել շնորհիվ կավատության ու ազգապղծության, մյուսները՝ իրենց կանանց և աղջիկների վաճառքով, երրորդ կարգի մարդիկ՝ դավաճանելով իրենց հայրենիքին ու թագավորին, չորրորդը՝ ոմանց թունավորելով, իսկ մեծագույն մասը՝ խախտելով արդարությունը՝ անմեղին կործանելու համար ― այդ հայտնաբերումները, կարծեմ կներեք ինձ, մի փոքր նսեմացրին իմ այն խոր պատկառանքը, որ ես ի բնե տածում էի դեպի բարձր դիրք ունեցող անձինք, որոնք իրենց վսեմ առաքինությունների համար պետք է որ արժանանային իրենցից ավելի ստորադաս մարդկանց մեծարանքին։
Հաճախ ես կարդացել եմ թագավորին և պետությանը մատուցած մեծ ծառայությունների մասին, ուստի իմ մեջ ցանկություն առաջացավ տեսնելու այդ ծառայությունները մատուցած մարդկանց։ Հարցուփորձից իմացա, որ նրանց անուններն անհնար է գտնել, բացի մի քանիսների անուններից, որոնք պատմության կողմից հռչակված են իբրև անարգ սրիկաներ և դավաճաններ։ Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ես նրանց մասին ոչինչ չլսեցի։ Նրանք ամենքը երևան եկան վհատված տեսքով և վատ հագուստներով, ըստ մեծի մասին հայտարարելով, որ իրենք մեռել են թշվառության մեջ և անպատիվ կերպով, իսկ շատերը՝ կառափնատի ու կախաղանի վրա։
Նրանց մեջ կար մեկը, որի վիճակը մի փոքր բացառիկ էր։ Նրա կողքին կանգնած էր մի տասնութ տարեկան պատանի։ Նա ինձ ասաց, թե նա շատ տարիներ եղել է նավի պետ, ու Ակտիումի ծովային պատերազմին բախտ է ունեցել ճեղքելու թշնամու նավատորմիղի շարքը, ընկղմելու նրա երեք խոշոր նավերը, իսկ չորրորդը գերության վերցնելու, որի պատճառով Անտոնիուսը փախուստի է դիմել, իսկ պատերազմը ավարտվել է հաղթանակով։ Իսկ նրա կողքին կանգնած պատանին իր միակ զավակն է եղել, որ սպանվել է այդ գրոհի ժամանակ։ Նա ավելացրեց, որ վստահելով իր արժանիքներին, պատերազմը վերջանալուց հետո, Հռոմ վերադառնալով Ավգուստոսի արքունիքը գնաց և խնդրեց, որ իրեն հանձնեն մի խոշոր նավ, որի կապիտանը սպանված էր․ բայց նրա խնդիրքին ուշադրություն չդարձրին և նավը հանձնեցին մի պատանու, որ կայսեր հարճեերից մեկի սպասուհու՝ Լիբերտինայի որդին էր և երբեք ծովի երես չէր տեսել։ Իր նավը վերադառնալուց հետո արժանավոր մարդուն մեղադրեցին պարտազանցության համար ու նրա նավը տվին ծովակալի տեղապահ Պուրլիկոլայի սիրած մանկլավիկներից մեկին․ դրանից հետո նա քաշվեց Հռոմից բավական հեռու գտնվող մի աղքատ ֆերմա, ուր և գտավ իր կյանքի վախճանը։ Ես այնքա՜ն հետաքրքրվեցի իմանալու այդ պատմության իսկությունը, որ որ խնդրեցի կանչել Ագրիպպային, որն այդ պատերազմի ժամանակ ծովակալ էր։ Հայտնվելով նա հաստատեց այդ պատմության իսկությունն ու ավելացրեց մի քանի մանրամասնություններ հոգուտ կապիտանի, որը համեստորեն իր արժանիքների խոշոր մասը կամ նվազեցրել էր կամ թաքցրել։
Ինձ զարմացրեց այդ կայսրության մեջ եղած զեխությունների արագ և անչափ աճումը, որ հետևանք էր վերջին ժամանակները մուտք գործած շռայլության։ Դա արդեն առիթ տվեց ինձ, որ ես ավելի պակաս չափով զարմանամ նման երևույթների վրա ուրիշ երկրներում, որտեղ զանազան անառակություններ տիրում են ավելի երկար ժամանակ և ուր թե՛ փառքը, թե՛ ավարը պատկանում են գլխավոր հրամանատարներին, որոնք, թերևս, ամենից նվազ իրավունք ունեն թե՛ մեկի և թե մյուսի նկատմամբ։
Քանի որ մյուս աշխարհից կանչված ամեն մի անձ նույն կերպարանքն ուներ, ինչ որ կենդանի ժամանակ, ուստի ինձ պաշարեցին մելամաղձոտ խոհեր, երբ դիտեցի, թե մարդկությունը ո՜ր աստիճանի այլասերված է եղել վերջին դարերի ընթացքում։ Թե վեներական ախտն իր բոլոր հետևանքներով ու տեսակներով որքա՜ն է փոխել անգլիացու դիմագծերը, փոքրացրել նրա հասակը, քայքայել ջղերը, թուլացրել նյարդերն ու մկանները, դարձրել նրա դեմքը գունատ, իսկ մարմինը՝ մեղկ ու մգլած։
Ես այնքան նվաստացա, որ խնդրեցի կանչել հին տիպի անգլիական ագարակատերերին, որոնք երբեմն հայտնի էին իրենց պարզ բարքով, ապրուստով ու հագուստով, առևվտրի մեջ ունեցած ազնվությամբ, իսկական ազատասիրությամբ, քաջությամբ և հայրենասիրությամբ։ Ես ինձ ընկճված զգացի, երբ համեմատեցի կենդանի մարդկանց՝ մեռածների հետ և տեսա, թե մի կտոր դրամի համար այդ բոլոր մաքուր և հայրենի առաքինությունները որքա՜ն են ապականվել թոռների կողմից, որոնք պառլամենտական ընտրությունների ժամանակ, վաճառելով իրենց քվեները, ձեռք են բերել ամեն տեսակի մոլություններ ու զեխություններ՝ ընդօրինակելով այդ ամենն արքունիքից։
Գլուխ իններորդ
Հեղինակը վերադառնում է Մալդոնադո։ Այդտեղից նավով գնում է Լըգգնեգգի թագավորությունը։ Հեղինակին բանտարկում են։ Նրան տանում են արքունիք։ Ընդունելության ձևերը։ Թագավորի քաղցրաբարո վերաբերմունքը դեպի իր հպատակները։
Երբ վրա հասավ մեր մեկնելու օրը՝ ես հրաժեշտ տվի Գլըբբդըբդրիբի նորին մեծության կառավարչին և իմ զույգ ուղեկիցների հետ միասին վերադարձա Մալդոնադո, որտեղ երկու շաբաթ սպասելուց հետո, նավ նստեցինք դեպի Լըգգընեգգ։ Երկու իմ ընկերները և ուրիշ մի քանի հոգի այնքան սիրալիր գտնվեցին, որ ինձ համար ուտելիքի պաշար բերին և ինձ ճանապարհեցին դեպի նավը։ Իմ ճանապարհորդությունը տևեց մի ամիս։ Հանդիպեցինք մի կատաղի փոթորկի, որ ստիպեց մեզ արևմտյան ուղղությունը բռնել՝ հասարակածային քամիների տակ ընկնելու համար, որոնք ընդգրկում էին վաթսուն լիգ տարածություն։ 1708 թվի ապրիլի 21֊ին մենք մտանք Կլըմեգնիդ գետը, որի գետաբերանը ծառայում է իբրև նավահանգիստ՝ ընկած Լըգգնեգգի հարավ֊արևելյան ծայրում։ Քաղաքից մեկ լիգ հեռավորության վրա մենք խարիսխ նետեցինք և նշան արինք, որ մի նավաստի գա։ Կես ժամ չանցած երկու հոգի եկան ու դժվարանց խարակների միջով մեզ տարան մի ընդաձակ ծովախորշ, ուր նավերն ապահով կերպով կարող են կանգ առնել քաղաքի պարիսպներից մի պարանաչափ տարածության վրա։ Մեր նավաստիներից մի քանիսը, նենգամտությամբ թե անփութությամբ, հայտնեցին, որ նավի վրա մի օտարական և հայտնի ճանապարհորդ կա։ Մեր առաջնորդները հաղորդեցին այդ լուրը մաքսատան պաշտոնյաին, որն ինձ խիստ հարցաքննության ենթարկեց, երբ ես ծովափ հասա։ Նա ինձ հետ խոսում էր Բալնիբարբի լեզվով, որ աշխույժ առևտրական կապերի շնորհիվ ծանոթ էր այդ քաղաքին, մանավանդ նավաստիներին ու մաքսատան ծառայողներին։ Ես համառոտ կերպով պատմեցի մի քանի արկածներ իմ ճանապարհորդություններից, աշխատելով իմ ասածներին տալ հավատալի և պատշաճ բնույթ։ Սակայն հարկավոր համարեցի թաքցնելու իմ ազգությունը և ասելու, որ հոլանդացի եմ, որովհետև ես մտադրություն ունեի գնալ Ճապոնիա, ուր, ինչպես հայտնի է, բոլոր եվրոպացիներից միայն հոլանդացիներն ունեն իրավունք մուտք գործելու։ Ուստի ես մաքսատան պաշտոնյային ասացի, որ երբ մեր նավը Բալնիբարբիի ափերի մոտ խորտակվեց, ես ընկա մի ժայռի վրա, որտեղից բարձրացա Լապուտա կամ թռչող կղզին (որի մասին նա հաճախ առիթ էր ունեցել լսելու), իսկ այժմ փորձում եմ գնալ Ճապոնիա, իսկ այնտեղից գուցե հնարավորություն ունենամ վերադառնալու իմ հայրենիքը։ Պաշտոնյան պատասխանեց, թե մինչև պալատից կարգադրություն ստանալը պետք է ինձ բանտարկի և անմիջապես հաղորդի՝ ուր հարկն է, և հույս ունի, որ երկու շաբաթում պատասխանը կստանա։ Ինձ տվին մի հարմար օթևան, որի մուտքի մոտ կանգնեց պահակը։ Սակայն ինձ թույլ տվին զբոսանքի դուրս գալ մի ընդարձակ պարտեզ․ հետս վարվում էին բավական մարդավայել և իմ ապրուստը հոգում էին ի հաշիվ թագավորի։ Բազմաթիվ մարդիկ թույլտվություն էին խնդրում ինձ այցելելու, ըստ մեծի մասին հետաքրքրությունից դրդված, որովհետև լուր էին տարածել, որ ես եկել եմ շատ հեռավոր երկրներից, որոնց գոյության մասին նրանք ամենևին չէին լսել։
Իբրև թարգման՝ ես վարձեցի մի երիտասարդ, որ եկել էր միևնույն նավով․ նա Լըգգնեգգում էր ծնվել, բայց մի քանի տարի ապրել էր Մալդոնադոյում և երկու լեզվին էլ կատարելապես տիրապետում էր։ Նրա օգնությամբ ես կարողացա խոսել ամենքի հետ, որոնք գալիս էին ինձ այցի, սակայն ամբողջ խոսակցությունը բաղկացած էր նրանց հարցերից և իմ պատասխաններից։
Մեր սպասած ժամանակին արքունիքից եկավ նամակը։ Այդ նամակում հրաման կար շքախմբով և տասը ձիավորներով ուղարկել ինձ Տրալդրեգդըբ կամ Տրիլդրոդրիբ (որքան հիշում եմ՝ այդ անունը երկու տեսակ է հնչում)։ Իմ ամբողջ շքախումբը բաղկացած էր այդ խեղճ պատանի թարգմանից, որին ես համոզեցի ինձ ծառայելու, և իմ խոնարհ խնդրով ամեն մեկիս տվին մի֊մի ջորի հեծնելու համար։ Մեր մեկնելուց կես օր առաջ մի սուրհանդակ ուղարկեցին՝ թագավորին իմաց տալու իմ գալուստը և խնդրելու, որ նա բարեհաճի նշանակոլու այն օրն ու ժամը, երբ ես պատիվ կունենամ լիզելու նրա ոտնաթոռի առջևի փոշին։ Այդպես էր տեղիս արքունիքի ոճը և ես փորձով համոզվեցի, որ դա մի հասարակ ձևականություն չէր։ Արդարև, գալուց երկու օր հետո, ընդունելության ժամին, ինձ հրամայեցին փորի վրա սողալով առաջ գալ և լիզել ճանապարհի փոշին։ Բայց ի նկատի ունենալով իմ օտարական լինելը, հոգ էին տարել սրբելու հատակն այնքան մաքուր, որ վրայի փոշին շատ աննշան էր։ Դա մի բացառիկ շնորհ էր, որ ցույց էին տալիս միայն բարձրադիր անձանց, երբ նրանք ընդունելություն էին խնդրում։ Ընդհակառակը, երբ ընդունելություն խնդրող անձն ուժեղ թշնամիներ ունի արքունիքում, այն ժամանակ դիտմամբ հատակին փոշի են ցանում։ Մի անգամ ես ինքս տեսա մի նշանավոր լորդի, որի բերանն այնքան փոշի էր լցվել, որ երբ նա սողալով մոտեցավ գահին, մինչև որոշ տարածություն, այլևս հնարավորություն չուներ ոչ մի խոսք արտասանելու։ Ուրիշ ելք էլ չկար, որովհետև մահացու հանցանք է, ով ունկնդրության ժամանակ թքում է կամ սրբում իր բերանը նորին մեծության ներկայությամբ։ Բացի այդ, կա և մի այլ սովորություն, որ ամենևին ինձ հաճելի չէ։ Երբ թագավորն իր ազնավականներից մեկին ուզում է մահվան դատապարտել մեղմ և ներողամիտ կերպով, այն ժամանակ նա հրամայում է հատակին ցանել մի տեսակ դարչնագույն թունավոր փոշի, որ հանցապարտը լիզելով, առանց այլևայլության քսանչորս ժամվա մեջ մեռնում է։ Սակայն ի արդարություն այդ թագավորի մեծագույն գթության և իր հպատակների առողջության մասին ունեցած հոգածության (այդ տեսակետից ցանկալի պիտի լիներ, Եվրոպայի թագավորներն օրինակ վերցնեին նրանից) հարկավոր է նշել ի պատիվ նրա, որ ամեն մի այդպիսի մահապատժից հետո խիստ հրաման է տրվում մաքուր կերպով լվանալու հատակի վարակված մասը․ իսկ երբ ծառաները զանց են առնում այդ հրամանը, այդ ժամանակ նրանց սպառնում է արքայական դժգոհության արժանանալու վտանգը։ Ես ինքս լսեցի, թե ինչպես նա կարգադրեց, որպեսզի իր մանկլավիկներից մեկին խարազանեն, նրա համար, որ նա, չնայած իր հերթին, չարամտությամբ զանցառու էր եղել և ուշադրություն չէր դարձրել մահապատժից հետո հատակը լվալու․ այդ անհոգության շնորհիվ մի հուսատու երիտասարդ լորդ, որ ունկնդրության էր եկել, դժբախտ կերպով թունավորվեց, թեև թագավորն այդ ժամանակ ամենևին մտադրություն չուներ նրան կյանքից զրկելու։ Սակայն բարեմիտ թագավորն այնքա՜ն ողորմած էր, որ ազատեց թշվառ մանկլավիկին խարազանումից, որովհետև վերջինս խոստացավ, որ այլևս առանց հատուկ կարգադրության այդ բանը չի անի։
Գանք նորից մեր պատմությանը․ երբ սողալով անցել էի գահից մինչև չորս յարդ հեռավորություն, ես զգույշ կերպով չոքեցի ու գլուխս յոթն անգամ գետնին զարկելով՝ արտասանեցի հետևյալ խոսքերը, որ սովորեցրել էին ինձ նախընթաց գիշերը՝ իկկպլինգ գրոֆֆթրոբբ սքվուտսերումմ բըլհիոպ մլաշնալտ գվին տնողբալկգուֆֆհ սլհիոպհաղ գուրդլուբհ աշը։ Ոջյունի այս խոսքերը երկրի օրենքով սահմանված են այն բոլոր անձանց համար, որոնք արժանանում են թագավորի տեսությանը։ Կարելի է թարգմանել այսպես՝ թող ձերդ երկնային մեծությունն արևից տասնմեկ և կես լուսին ավելի երկար ապրի։ Թագավորը դրան պատասխանեց տալով մի քանի հարց, որ թեև ես չհասկացա, բայց և այնպես պատասխանեցի, ինչպես ինձ սովորեցրել էին՝ Ֆլուֆտ դրին յալերիկկ դվուլդումպրաստրադմիրպուշ, որի բուն իմաստն է՝ իմ լեզուն իմ բարեկամի բերանումն է․ այդ խոսքրով ես հասկացրի, որ ես խնդրում եմ դիմել իմ թարգմանին։ Դրա վրա վերոհիշյալ երիտասարդին անմիջապես ներս ընդունեցին և նրա աջակցությամբ ես պատասխանեցի այն բոլոր հարցերին, որ նորին մեծությունը բարեհաճեց տալ ինձ մոտ մի ժամվա մեջ։ Ես խոսում էի բալնիբարցիների լեզվով, իսկ երիտասարդն իմ ասածները թարգմանում էր լըգգնեգըգցիների լեզվով։
Թագավորն ինձ շատ հավանեց ու հրամայեց իր բլիֆֆմարկլուբին, այսինքն՝ գլխավոր սենեկապետին, որ արքունիքում ինձ և իմ թարգմանի համար սենյակ պատրաստեն, ամեն օր հոգան իմ ապրուստը և մանր ծախսերի համար մի քսան ոսկի տան։
Այդ երկրում ես մնացի երեք ամիս, հնազանդվելով նորին մեծության ցանկությանը, որը բարեհաճեց ինձ անել մեծ շնորհներ ու շատ սիրաշահող առաջարկներ։ Բայց ես ավելի խոհեմություն և արդարացի համարեցի իմ կյանքի վերջին օրերն անցկացնել կնոջս ու երեխաներիս հետ։
Գլուխ տասներորդ
Լըգգնեգգցիների գովեստը։ Ստրուլդբրուգների մանրամասն նկարագրությունը և այդ առարկայի շուրջը եղած բազմաթիվ խոսակցությունները հեղինակի և զանազան երևելի անձանց միջև։
Լըգգնեգգցիները շատ հեզահամբյուր և վեհանձն մարդիկ են ու թեև նրանք զուրկ չեն այն հպարտությունից, որ հատուկ է բոլոր արևելյան ժողովուրդներին, բայց և այնպես նրանք շատ սիրալիր են դեպի օտարականները և մանավանդ նրանք, որոնք արժանացել են արքունիքի բարյացակամության։ Եա բազմաթիվ ծանոթություններ ձեռք բերեցի բարձր շրջանի մարդկանց հետ և իմ թարգմանի օգնությամբ ունեցա նրանց հետ շատ հաճելի ու խրատական զրույցներ։
Մի օր ընտիր հասարակության շրջանում ինձ հարց տվին, թե արդյոք ես տեսե՞լ եմ ստրուլդբրուգներից կամ անմահներից որևէ մեկին։ Ես պատասխանեցի, թե՝ ոչ ու խնդրեցի, որ ինձ բացատրեն մահկանացուների նկատմամբ այդ խոսքի նշանակությունը․ իմ զրուցակիցն ասաց, թե երբեմն, շատ հազվագյուտ դեպքերում, մի որևէ ընտանիքում ծնվում է ճակատին կարմիր կլոր բիծ ունեցող մանուկ․ այդ բիծը լինում է ուղիղ ձախ ունքի վրա, որ մի անսխալ նշան է նրա անմահության։ Այդ նկարագրած բիծն սկզբում լինում է արծաթե երեք պենսանոց դրամի մեծության, բայց ժամանակի ընթացքում մեծանում է ու գույնը փոխում․ տասներկու տարեկան հասակում դառնում է կանաչ և այդպես մնում է մինչև քսանհինգ տարեկան հասակը․ այնուհետև նրա գույնը փոխվում է մուգ կապույտի։ Քառասուն հինգ տարեկան հասակում նրա գույնը դառնում է ածուխի պես սև, իսկ մեծությունը հասնում է անգլիական շիլինգին և այնուհետև այլևս ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ Նա ասաց, թե այդպես ծնված երեխաներն այնքան քիչ են, որ ամբողջ թագավորության մեջ հազիվ թե լինի ավելի, քան հազար երկու հարյուր երկսեռ ստրուլդբրուգ, որոնցից մոտ հիսունը նա հաշվում է մայրաքաղաքում․ դրանց մեջ կա մի աղջիկ, որ ծնվել է սրանից մոտ երեք տարի առաջ։ Այդ ծնունդները որոշ ընտանիքների առանձնահատկությունը չեն, այլ լոկ պատահականության արդյունք, այնպես որ անգամ ստրուլդբրուգների երեխաները, մյուս մարդկանց պես, հավասար չափով մահկանացու են։
Ճշմարիտն ասած այդ պատմությունը լսելիս մի աննկարագրելի հաճույք զգացի, և որովհետև իմ խոսակիցը հասկանում էր բալնիբարբցիների լեզուն, որով ես շատ լավ խոսում էի, ուստի ես չկարողացա զսպել իմ հիացմունքը և արտահայտեցի այն, թերևս, մի փոքր չափից ավելի։ Զմայլված ես գոչեցի՝ երջանի՜կ ազգ, որի ամեն մի ծնվող երեխան անմահանալու բախտն ունի։ Երջանի՜կ ժողովուրդ, որ վայելում է հնագույն առաքինությունների կենդանի օրինակները և ունի դաստիարակներ, որոնք կարող են ուսուցանել անցած բոլոր սերունդների իմաստությունը, բայց անհամեմատ երջանիկ են այն վսեմ ստրուլդբրուգները, որոնք ի ծնե ենթակա չեն մարդկային բնության ընդհանուր աղետին, ուստի մտքով ազատ և անկախ են և մահվան մշտական վախից ոչ ընկճված են և ոչ էլ հոգեպես վհատված։ Ես իմ զարմանքն արտահայտեցի, որ պալատում այդ պայծառ անձերից ոչ մեկին չնկատեցի․ ճակատի վրայի սև բիծն այն աստիճանի ակնառու նշան է, որ չէի կարող չնկատել, մինչդեռ անհնարին է, որ նորին մեծությունը, որ մի բանիմաց թագավոր էր, չշրջապատեր իրեն այդպիսի իմաստուն և հմուտ խորհրդականների բազմությամբ։ Թերևս այդ պատկառելի իմաստունների առաքինությունը չափից դուրս դաժան է արքունիքի այլասերված և անառակ բարքերի համար։ Իսկ մենք հաճախ փորձից գիտենք, որ երիտասարդներն ինչպիսի կամակորությամբ ու թեթևամտությամբ խույս են տալիս լսելու իրենց ավագների զգաստ խորհուրդները։ Եվ քանի որ թագավորը բարեհաճել է թույլ տալ ինձ իր արքայական մեծության մոտ ազատ մուտք ունենալու, ուստի ես որոշել եմ առաջին հարմար պատեհին թարգմանիս միջոցով անկեղծ և ընդարձակ արտահայտելու իմ կարծիքն այդ հարցի մասին։ Արդյոք պիտի հաճի լսել իմ խորհուրդը, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ է, որ ունենալով նորին մեծության հաճախակի առաջարկը՝ հաստատվելու իր երկրում, ես պիտի շնորհակալությամբ ընդունեմ այդ շնորհը և իմ կյանքը նվիրեմ այդ գերագույն էակների՝ ստրուլդբրուգների հետ ունեցած զրույցներին, եթե միայն նրանք բարեհաճեն ընդունել ինձ։
Այն ջենտլմենը, որին ես ուղղեցի իմ ճառը, որովհետև (ինչպես արդեն նկատեցի) նա խոսում էր բալնիբարբցիների լեզվով, ժպիտը դեմքին, որ բխում էր անգիտության հանդեպ ունեցած խղճահարությունից, ասաց, թե ուրախությամբ պիտի պահի ինձ իրենց երկրում, և թույլտվություն խնդրեց թարգմանելու իմ ասածները ներկա եղողներին։ Նա այդպես էլ արավ, և նրանք մի առժամանակ խոսում էին իրենց լեզվով միմյանց հետ, որից ես ոչ մի բառ չհասկացա և ոչ էլ նրանց դեմքի արտահայտություններից կարողացա նկատել, թե ի՞նչ տպավորություն թողեց իմ ճառը նրանց վրա։ Մի փոքրիկ լռությունից հետո նույն անձնավորությունն ինձ ասաց, թե նրա և իմ բարեկամները (նա պատշաճ համարեց այդպես արտահայտվելու) հիացել են գերագույն երջանկության և անմահ կյանքի առավելությունների մասին իմ ասած ողջամիտ նկատողության վրա, և ցանկանում են իմանալ, թե ինչպե՞ս կծրագրեի իմ կյանքը, եթե բախտի բերմամբ ծնվեի իբրև ստրուլդբրուգ։
Ես պատասխանեցի, թե մի այդպիսի հարուստ և հաճելի նյութի համար պերճախոս դառնալը շատ հեշտ է, մանավանդ ես, որ միշտ հակամետ եմ եղել խոկալու այն երազների մասին, թե ի՞նչ պիտի անեի ես, եթե մի թագավոր, մի գնդապետ կամ մի մեծ լորդ լինեի․ իսկ ինչ վերաբերում է անմահության, ես հաճախ անդրադարձել եմ այն խնդրին, թե ի՞նչ պիտի անեի և ինչպե՞ս պիտի անցկացնեի իմ կյանքը, եթե ես հաստատ գիտենայի, թե պետք է ապրեմ հավիտյան։
Եվ եթե բախտն ինձ աշխարհ բերեր իբրև մի ստրուլբրուգ, այն ժամանակ մահվան և կյանքի մեջ տարբերությունը հասկանալուն պես, ես պիտի գտնեի իմ երջանկությունը, ու նախ և առաջ ամեն ջանք պիտի գործադրեի, որպեսզի հարստանամ։ Հետապնդելով այդ նպատակը, կարող էի հույս ունենալ, որ խնայողությամբ ու տնտեսությամբ, մի երկու հարյուր տարուց հետո կդառնամ թագավորության մեջ ամենից հարուստ մարդը։ Այնուհետև պատանեկությանս առաջին օրերից ինձ կնվիրեի արվեստների և գիտության և այդպիսով, ժամանակի ընթացքում ամենքին իմ պատրաստականությամբ կգերազանցեի։ Եվ վերջապես, ամենայն խնամքով կարձանագրեի հասարակական բոլոր արժեքավոր գործերն ու դեպքերը, անաչառ կերպով կնկարագրեի միմյանց հաջորդող թագավորների և պետական խոշոր անձանց բնութագրերը՝ կցելով դրանց իմ սեփական դատողություններն ու դիտողությունները։ Ճշգրիտ կշարադրեի սովորությունների, լեզվի, հագուստի, կերակրի և զվարճությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Կդառնայի գիտության և իմաստության կենդանի շտեմարան և իմ ազգի իսկական պատգամախոսը։
Վաթսուն տարեկան դառնալուց հետո երբեք չէի ամուսնանա, այլ կլինեի հյուրասեր և միշտ կմնայի խնայող։ Ես կնվիրեի ինձ շնորհալի երիտասարդ մարդկանց մտքերի կաղապարմանն ու ղեկավարությանը, իմ սեփական հիշողություններով և մանավանդ բազմաթիվ օրինակներով համոզերով նրանց, թե որքան օգտակար են առաքինությունները հասարակական և անհատական կյանքում։ Իսկ իմ ընտրյալ մշտական ընկերները կլինեն իմ անմահ եղբայրացիները, որոնց միջից կնտրեի ինձ հասակակից՝ և ինձանից ծեր տասներկու հոգի։ Եթե նրանց մեջ մեկը կարիք ունենար՝ ես հարմար տեղ կտայի իմ տան մեջ և շարունակ ինձ մոտ ճաշի կհրավերեի, նրա հետ միասին հրավիրելով և մի շարք արժանի մահկանացու երիտասարդների․ ժամանակի ընթացքում իմ սիրտը կկարծրանար այդ մահկանացուների մահվան հանդեպ և ես չէի դժկամի․ իսկ նրանց հետագա սերունդների վրա կնայեի այնպես, ինչպես մենք հաճույք ենք զգում տեսնելով մեր այգում ամեն տարի մեխակի և կակաչի հաջորդական փոփոխությունը՝ չզգալով ոչ մի ափոփսանք այն ծաղիկների համար, որոնք թոշնել են նախընթաց տարին։
Այդ ստրուլդբրուգների հետ ես կփոխանակեի ժամանակի ընթացքում իմ արած դիտողություններն ու հավաքած հիշողությունները, կհիշատակեի ապականությունների աստիճանական մուտքն աշխարհ և ամեն քայլափոխում կպայքարեի դրա դեմ՝ մարդկությանն արած մշտական նախազգուշացումների և հրահանգների միջոցով ավելացնելով դրանց անհատական փորձի հզոր ազդեցությունը, և այդ ամենը թերևս խափաներ մարդկության այլասերումը, որ դարերից ի վեր, ամենայն իրավամբ, տրտունջի առիթ է դարձել։
Ավելացրեք այդ ամենին այն հաճույքը, որ ես կստանայի տեսնելով զանազան ռևոլյուցիաներ՝ թագավորությունների և կայսրերի խորտակումը, փոփոխություններ հասարակության բարձր և ստորին խավերում, հնագույն քաղաքների ավերակները, հետամնաց գյուղերի թագավորական մայրաքաղաք դառնալը, հայտնի գետերի ծանծաղելը, մի ափը ցամաքեցնող և մյուս ափը հեղեղող օվկիանոսը, դեռևս անհայտ երկրների հայտնաբերումը, քաղաքակիրթ ազգությունների բարբարոսացումը և ամենաբարբարոս ազգությունների կատարելագործություններ։
Ի՞նչ զարմանալի գյուտեր կանեինք աստղաբաշխության բնագավառում՝ վերապրելով և հնարավորություն ունենալով անձամբ ստուգելու մեր սեփական գուշակությունները, դիտելով մոլորակների երևումը և վերադարձը, արևի, լուսնի և աստղերի շարժման մեջ եղած բոլոր փոփոխությունները։
Ես հանգամանորեն կանգ առա ուրիշ այլ նյութերի վրա, որ առատորեն մատուցեց ինձ անվախճան կյանքի և լուսնի տակ եղած երջանկության բնական ցանկությունս։ Երբ ես վերջացրի և իմ ճառի բովանդակությունը թարգմանվեց ներկա եղողներից նրանց համար, ովքեր չէին հասկանում, լըգգնեգգցիները աշխուժորեն սկսեցին տեղական լեզվով խոսել միմյանց հետ, մերթ ընդ մերթ հեգնանքով նայելով ինձ վրա։ Վերջապես միևնույն ջենտլմենը, որ իմ թարգմանի դերն էր կատարում, ասաց, թե նրան խնդրում են, որ ես ուղղեմ իմ սխալները, որոնք արդյունք են մարդկային տխմարության, հետևապես և ներելի են ինձ համար։ Մանավանդ որ ստրուլդբրուգների այդ ցեղն իրենց երկրում բացառիկ հանգամանք ունի, որովհետև այդպիսի մարդիկ չկան ոչ Բալնիբարբիում և ոչ էլ Ճապոնիայում, ուր նա նորին մեծության կողմից պատիվ է ունեցել դեսպան լինելու․ վերոհիշյալ երկու թագավորությունների ժողովուրդները շատ թերահավատ են այդ երևույթի հնարավորության նկատմամբ։ Իսկ իմ զարմանքը, երբ նա առաջին անգամ հիշատակեց դրանց մասին, ցույց է տալիս, թե որ աստիճանի նորություն էր ինձ համար այդ փաստը և հազիվ հավատալի։
Վերոհիշյալ երկու թագավորություններում եղած ժամանակ նա շատ է խոսել այդ մասին և նկատել է, որ երկարակեցությունը հանդիսանում է մարդկաության ընդհանուր ցանկությունն ու երանելի տենչանքը, որ մարդս իր մի ոտը գերեզմանում եղած ժամանակ աշխատում է որքան կարելի է ամուր կերպով մյուս ոտը ետ պահել։ Զառամած ծերերը դեռևս հույս ունեն մի օրով երկարացնելու իրենց կյանքը և մահվան վրա նայում են, իբրև մեծագույն չարիքի, որից բնությունը միշտ դրդում է ետ փախչելու, միայն այս Լըգգնեգգ կղզու վրա կյանքի ծարավն այնքան խիստ չէ, որովհետև ամենքի աչքի առաջ կանգնած են երկարակեցության մշտական նմուշները՝ ստրուլբրուգները։
Իմ խորհած ապրելակերպը թե՛ անիմաստ է, և թե սխալ, որովհետև դա պայմանավորված է հավիտենական երիտասարդության , առողջության և ուժի հետ, մի հանգամանք, որին ոչ ոք այնքան տխմար չպիտի լինի, որ հավատա, որքան էլ բուռն լինի նրա ցանկությունը։ Խնդիրն ուրեմն այն չէ՝ կնախնտրի՞ արդյոք մարդս երիտասարդության մշտական թարմությունը և նրա հետ կապված ուժն ու առողջությունը, թե ոչ, այլ այն, թե ինչպես անց կկացնի իր անվախճան կյանքը, որ լիքն է ծերության զուգընթաց ձախորդություններով։ Թեև շատ քչերն են ցանկություն հայտնում այդ դժվարին պայմաններով անմահ մնալու, սակայն վերոհիշյալ երկու թագավորությունների՝ Բալնիբարբիի և Ճապոնիայի մեջ նկատված է, որ ամեն մի մարդ աշխատում է իր մահից հեռու փախչել, թեկուզ և դա գա ամենախոր ծերության հասակում։ Եվ չլսված բան է, որ մեկը իր կամքով մեռնի, բացի նրանցից, որոնց մահվան շարժառիթը կամ ծայրահեղ տառապանքն է, կամ մեծագույն վիշտը։ Ու նա հարցրեց, թե չե՞մ նկատել միևնույն երևույթը և այն երկրներում, ուր ես եղել եմ իմ ճանապարհորդությունների ժամանակ և կամ թե չե սեփական հայրենիքում։
Այս առաջաբանից հետո նա ինձ տվեց իրենց մեջ ապրող ստրուլբրուգների մանրամասն նկարագրությունը։ Նա ասաց, որ նրանք մինչև երեսուն տարեկան հասակը սովորական մահկանացուների պես են, ապա կամաց֊կամաց դառնում են թախծոտ ու նկուն, և այդ տրամադրությունը գնալով աճում է մինչևն ութսուն տարեկանին հասնելը։ Այդ իմացել է նա նրանց արած խոստովանությունից, քանի որ հարյուր տարվա ընթացքում նրանցից երկու թե երեք հոգուց ավելի չի ծնվում, ուստի նրանք շատ սակավաթիվ են, որպեսզի կարելի լինի օբյեկտիվ դիտողությունների վրա հիմնված մի ընդհանուր կարծիք կազմել։ Երբ նրանք դառնում են ութսուն տարեկան, որ համարվում է այդ երկրում մարդկային կյանքի սահմանագիծը, նրանց բաժին է ընկնում ոչ միայն ծերերին հատուկ հիվանդություններն ու անկարողությունը, այլև անմահության սոսկալի հեռանկարը։ Նրանք ոչ միայն կամակոր են, տրտնջացող, կծծի, թախծոտ, սնապարծ, շատախոս, այլև բարեկամության անընդունակ, բնական զգացմունքներից զուրկ, զգացմունքներից, որ իրենց թոռներից այն կողմ չի տարածվում։ Նախանձն ու անզոր փափագը անընդհատ կրծում է նրանց։ Նրանց նախանձի առարկաներն առավելապես հանդիսանում են՝ երիտասարդական մոլությունն ու ծերերի մահը։ Առաջինին անդրադառնալով՝ նրանք զգում են, որ իրենք զուրկ են հաճույք ստանալու հնարավորությունից, իսկ թաղում տեսած ժամանակ նրանք տրտնջում ու գանգատվում են, որ ուրիշները կարող են հասնել հանգստության ափին, մինչդեռ նրանք զուրկ են այդ հույսից։ Նրանք հիշում են միայն այն ամենը, ինչ նրանք իմացել կամ տեսել են իրենց երիտասարդության և հասունության տարիներին, և այն էլ ոչ կատարյալ կերպով, այնպես որ, որևէ իրադարձության իսկությունը ստուգելու կամ այդ իրադարձության մասին մանրամասն տեղեկանալու դեպքում ավելի վստահելի են բանավոր ավանդությունները, քան նրանց ամենահստակ հիշողությունները։ Նրանց մեջ ամենից թշվառները նրանք են, որոնք զառամության մեջ են ընկել կամ վերջնականապես կորցրել են իրենց հիշողությունը․ դրանք ամենից ավելի են գթաշարժության ու կարեկցության հանդիպում, որովհետև չունեն այն վատ հատկությունները, որոնցով հարուստ են ուրիշները։
Եթե ստրուլբրուգներից մեկն ամուսնանա իր բախտակից մի աղջկա հետ, շնորհիվ թագավորության մեջ տիրող ամուսնական իրավունքի, լուծելի է, երբ երկու ամուսիններից կրտսերը դառնում է ութսուն տարեկան․ որովհետև օրենքը միանգամայն արդարացի է համարում, որպեսզի նրանք, որոնց վիճակված է այս աշխարհում ընդմիշտ մնալու, չկրկնապատկեն իրենց թշվառությունը հավիտենական կնոջ բեռով։
Հենց որ ստրուլբրուգներն ութսուն տարեկան են դառնում, հասնում է նրանց քաղաքացիական մահվան ժամկետը, ժառանգներն անմիջապես տիրապետում են նրանց կայքը, ապրուստի համար թողնելով միայն մի փոքրիկ բաժին․ իսկ աղքատների ապրուստը հոգում են ժողովրդական միջոցներից։ Այդ տարիքին հասնելուց հետո նրանք համարվում են վստահության կամ եկամուտի հետ կապված որևէ պաշտոնի անընդունակ․ նրանք չեն կարող ոչ հող գնել կամ վարձել, ոչ էլ իրավունք ունեն վկա լինելու քրեական կամ քաղաքացիական գործերի կամ անգամ հողային սահմանավեճերի ժամանակ։
Իննսուն տարեկանում թափվում են նրանց ատամներն ու մազերը․ այդ տարիքում նրանք կերակրի համը չեն տարբերում, ուտում են ու խմում այն ամենը, ինչ որ նրանց ձեռքն է ընկնում, սակայն առանց հաճույք ստանալու և առանց ախորժակի։ Հիվանդությունները, որոնց ենթակա են նրանք, տևում են առանց սաստկանալու կամ նվազելու։ Խոսակցության ժամանակ նրանք մոռանում են սովորական իրերի և մարդկանց անունները, անգամ նրանց, որոնք իրենց մտերիմ բարեկամներն ու ազգականներն են եղել։ Ուստի այդ պատճառով նրանք չեն կարող ընթերցանությամբ իրենց հաճույք պատճառել, որովհետև նրանց հիշողության մեջ չի մնում նախադասության սկիզբը, երբ նրանք հասնում են նրա վախճանին․ և այդ թերության շնորհիվ նրանք զուրկ են իրենց համար միակ մատչելի հաճույքից։
Քանի որ այդ երկրի լեզուն շարունակ փոփոխության է ենթարկվում, ուստի մի դարում ծնված ստրուլբրուգները չեն հասկանում մյուս դարում ծնվածներին, իսկ երկու հարյուր տարի անցնելուց հետո նրանք մոտակա մահկանցաների հետ առհասարակ չեն կարողանում որևէ խոսակցություն վարել (բացի մի քանի ընդհանուր բառերից), և այդպիսով նրանք դժբախտություն ունեն ապրելու իրենց սեփական հայրենիքում՝ իբրև օտարականներ։
Ահա ստրուլբրուգների մասին ինձ տված տեղեկությունները, որ հաղորդում եմ ձեզ, որքան ես հիշում եմ, նույնությամբ։ Հետագայում ես տեսա տարբեր տարիքի հինգ թե վեց հոգու, որոնցից ամենաերիտասարդը երկու հարյուր տարեկանից ավելի չէր․ իմ բարեկամները նրան մի քանի անգամ բերին ինձ մոտ․ թեև նրանց ասել էին, որ ես մի նշանավոր ճանապարհորդ եմ, ամբողջ աշխարհը տեսած, սակայն նրանք ամենևին հետաքրքրություն չունեցան ինձ մի որևէ հարց տալու․ միայն խնդրեցին, որ ես նրանց մի սլումսկուդասկ տամ, այսինքն՝ հիշատակի համար մի նվեր։ Դա ողորմություն խնդրելու մի քաղաքավարի ձև է, որն օրենքով խիստ արգելված է, որովհետև նրանց ապրուստը հոգում է՝ հասարակությունը, թեև, ճիշտն ասած, բավականին չնչին օրապահիկով։
Ժողովրդի բոլոր խավերը նրանց արհամարում և ատում են։ Երբ նրանցից մեկը ծնվում է, այդ ծնունդը համարում են մի չարագուշակ երևույթ և ստույգ կերպով արձանագրում են, այնպես որ նրանցից ամեն մեկի տարիքը կարող եք իմանալ պետական հնադարանից, որը հազիվ թե հազար տարուց ավելի գոյություն ունենա, իսկ դրանից առաջ եղածները թերևս ոչնչացել են ժամանակի ընթացքում կամ ժողովրդական խռովությունների ժամանակ։ Բայց ստրուլդբրուգի տարիքը հաշվելու սովորական ձևն այն է, որ հարցնես, թե ի՞նչ թագավոր կամ նշանավոր մարդ է հիշում նա և ապա տեղեկանաս պատմությունից, որովհետև վերջին թագավորը որին նա հիշում է իր թագավորությունը պետք է սկսած լինի այն ժամանակ, երբ դեռևս նա ութսուն տարեկան չի եղել։
Ավելի զազիր տեսարան ես երբեք չէի տեսել, իսկ կանայք ավելի հրեշավոր էին, քան տղամարդիկ։ Բացի զառամյալ մարդկանց հատուկ այլանդակություններից, նրանք տարիների ընթացքում ավելի ու ավելի են նմանվում ուրվականների, այնքան զարհուրիչ դառնում, որ անկարելի է նկարագրել․ նրանցից հինգ թե վեց կանանց մեջ ես արդեն ջոկում էի, թե որն է ավելի ծերը, թեև տարիքների մեջ եղած տարբերությունը հազիվ թե մեկ կամ երկու դար լիներ։
Ընթերցողը հեշտությամբ կհավատա, որ այդ ամենը լսելուց և տեսնելուց հետո անմահության իմ բուռն ցանկությունը պաղեց։ Ես ամբողջ սրտով ամաչեցի այն հաճելի ցնորքների համար, որոնցով ես տարվել էի և մտածեցի, թե ոչ մի բռնակալ չէր կարող հնարել մի այնպիսի մահապատիժ, որ ես հաճույքով չնդունեի, միայն թե ազատվեի այդ տեսակ կյանքից։
Թագավորը զվարթ ծիծաղեց, երբ իմացավ իմ և իմ բարեկամների մեջ եղած խոսակցության մասին և առաջարկեց, որ ես մի զույգ ստրուլդբրուգ հետս տանեմ իմ հայրենիքը՝ բժշկելու համար իմ հայրենակիցներին մահվան հանդեպ ունեցած վախից։ Սակայն պարզվեց, որ ըստ թագավորության հիմնական օրենքների՝ այդ արգելված է, եթե ոչ՝ նա մեծ բավականությամբ հանձն կառնի նրանց տեղափոխության հետ կապված նեղությունն ու ծախսը։
Անկարելի է չհամաձայնել, որ այդ թագավորության մեջ ստրուլդբրուգների վերաբերյալ օրենքները, սահմանված են շատ խելացի կերպով և հարկավոր էր, որ ամեն մի երկիր, նման պայմաններում, նույն բանն աներ։ Այլապես այդ անմահները, շնորհիվ այն ագահության, որ ծերության անխուսափելի հետևանքն է, ժամանակի ընթացքում կտիրեին ամբողջ ազգի սեփականությանը, կգրավեին քաղաքացիական իշխանությունը և կառավարելու ընդունակություններից զուրկ լինելով՝ կկործանեին ժողովուրդը։
Գլուխ տասնմեկերորդ
Հեղինակը թողնում է Լըգգնեգգն ու մեկնում է դեպի Ճապոնիա։ Այդտեղից մի հոլանդական նավով վերադառնում է Ամստերդամ, իսկ Ամստերդամից՝ Անգլիա։
Կարծում եմ, որ ստրուլդբրուգների մասին արած այս պատմությունը որոշ բավականություն պիտի պատճառի ընթերցողին, որովհետև դա մի փոքր արտասովոր է թվում․ գոնե ես չեմ հիշում, որ ձեռս ընկած ճանապարհորդական մի որևէ գրքում հանդիպած լինեմ դրա նման մի այլ պատմության։ Եթե ես սխալվում եմ, ապա թող ներելի լինի ինձ այն, ինչ անխուսափելի է մի ճանապարհորդի համար, որը նկարագրելով մի որևէ երկիր, հաճախ ակամա կանգ է առնում միևնույն մանրամասնության վրա, որի մասին գրել է նաև մի այլ ճանապարհորդ, առանց դրա համար ուրիշից փոխ առնելու կամ արտագրելու մեղադրանքին ենթարկվելու։
Այս թագավորությունը ու ճապոնական մեծ կայսրությունը շարունակ առևտուր են անում միմյանց հետ և հավանական է, որ ճապոնական հեղինակները տեղեկություն ունենան ստրուլդբրուգների մասին․ սակայն ես Ճապոնիայում այնքա՜ն քիչ մնացի և այնքա՜ն օտար էի նրանց լեզվին, որ հնարավորություն չունեի հարցուփորձ անելու։ Բայց ես հույս ունեմ, որ հոլանդացիներն իմ պատմության հիման վրա կհետաքրքրվեն անմահներով և կսրբագրեն իմ թերությունները։
Նորին մեծությունը հաճախ ինձ ստիպում էր, որ իր արքունիքում մի որևէ պաշտոն հանձն առնեմ, բայց տեսնելով իմ հայրենիք վերադառնալու վերջնական որոշումը, բարեհաճեց տալ մեկնելու հնարավորություն և արժանացրեց ինձ իր հանձնարարական նամակին, որ իր սեփական ձեռքով գրեց ճապոնական կայսրին։ Բացի այդ՝ նա ինձ նվիրեց չորս հարյուր քառասունչորս խոշոր ոսկեդրամ (այս ժողովուրդը սիրում է զույգ թվեր) և մի կարմիր ադամանդ, որ ես Անգլիայում ծախեցի տասնմեկ հազար ֆունտով։
1709 թվի մայիսի 6֊ին ես հանդիսավոր կերպով հրաժեշտ տվի նորին մեծությանն ու իմ բարեկամներին։ Թագավորն այնքան սիրալիր եղավ, որ հրամայեց իր պահակին ուղեկցելու ինձ մինչև Գլանգուենստալդ, որ կղզու հարավ֊արևմտյան կողմում մի նավահանգիստ էր։ Վեց օրից հետո ես գտնվում էի Ճապոնիա մեկնելու պատրաստ մի նավում։ Ճանապարհորդությունս տևեց տասնհինգ օր։ Մենք իջանք մի փոքրիկ ծովային քաղաք, որ կոչվում է Քսամոշի և գտնվում է Ճապոնիայի հարավ֊արևելյան մասում։ Քաղաքն ընկած էր արևմտյան ծայրամասում, որտեղից սկսվում էր մի ոչ լայն նեղուց, դեպի ծովի հյուսիսային երկարաձև թևը, որի հյուսիս֊արևմտյան կողմում գտնվում է Եդոն՝ կայսրության մայրաքաղաքը։ Ափ իջնելուց հետո մաքսատան պաշտոնյաներին ես ցույց տվի Լըգգնեգգի թագավորի ձեռքով նորին մեծության անունով գրած նամակը։ Պաշտոնյաները շատ լավ գիտեին թագավորական կնիքը, որ իմ ափի մեծության չափ էր։ Վրան նկարած էր՝ մի թագավոր կաղ մուրացկանին բարձրացնում էր գետնից։ Քաղաքագլուխը լուր առնելով նամակի մասին, ինձ ընդունեց իբրև բարեկամական տերության դեսպանի։ Նա իմ տրամադրության տակ դրեց կառք և ծառաներ ու հոգած իմ ծախսերը մինչև Եդոն, ուր ես արժանացա կայսերական ընդունելության։ Այդտեղ ես հանձնեցի իմ նամակը, որը բաց արին մեծ ծիսակատարությամբ և թարգմանի միջոցով կարդացին կայսրին․ հետո թարգմանը նորին մեծության հրամանով ինձ հասկացրեց, որ ես կարող եմ ներկայացնել իմ խնդիրը, և ինչ էլ որ խնդրելու լինեմ՝ կշնորհվի ինձ ի հարգանս նորին արքայական եղբոր Լըգգնեգգի թագավորի։ Այդ թարգմանի պաշտոնը հոլանդացիների գործերը վարեն էր․ նա իմ արտաքինից իսկույն իմացավ, որ ես եվրոպացի եմ և նորին մեծության հրամանը կրկնեց հոլանդերեն, որին նա կատարյալ տիրապետում էր։ Ես պատասխանեցի (ինչպես սկզբում որոշել էի), որ մի հոլանդացի վաճառական եմ, որ իմ նավը խորտակվել է մի հեռավոր երկրում, որտեղից ցամաք ու ծով անցնելով եկել եմ Լըգգնեգգ, իսկ Լըգգնեգգից նավ եմ նստել մինչև Ճապոնիա, ուր իմ հայրենակիցները, ինչպես հայտնի է, հաճախ առևտուր են անում, և որտեղից, հույս ունեմ, այդ առևվտրականներից որևէ մեկի հետ վերադառնալ Եվրոպա, ուստի ես խոնարհաբար խնդրում եմ, որ նորին արքայական մեծությունը շնորհ անի և հրամայի, որպեսզի ինձ ապահով կերպով տանեն մինչև Նագասակի։ Ես խնդրեցի նաև, որ նորին մեծությունը, ի սեր իմ հովանավոր Լըգգնեգգի թագավորի, ազատի ինձ իմ հայրենակիցների համար պարտադիր խաչելությունը ոտնահարելու ծիսակատարությունից, քանի որ ես նրա երկիրն եմ ընկել դժբախտության շնորհիվ և առևտուր անելու որևէ մտադրություն չունեմ։ Երբ իմ այս վերջին խնդիրը թարգամանեցին կայսրին, նա մի փոքր զարմացավ և ասաց, թե իմ հայրենակիցների մեջ ես առաջին մարդն եմ, որ իմ վարանումն եմ ցույց տալիս այդ խնդրի հանդեպ, ուստի նա սկսում է կասկածել, թե գուցե ես իսկական հոլանդացի չեմ, այլ միայն, ինչպես երևում է, քրիստոնյա։ Այնուամենայնիվ իմ արած պատճառաբանությունից հետո, բայց գլխավորապես իր շնորհի արտակարգ նշանով Լըգգնեգգի թագավորին գոհություն պատճառելու համար՝ նա հարգեց իմ այդ եզակի քմահաճույքը․ սակայն ասաց, որ այդ զանցառությունը հարկավոր է շատ ճարպիկ կերպով անել, իսկ ինքը կհրամայի իր պաշտոնյաներին, որ ինձ անցկացնեն իբր թե մոռացմամբ, որովհետև, ասաց նա, եթե իմ հայրենակից հոլանդացիներն իմանան այդ գաղտնիքը՝ ճանապարհին ինձ սրախողխող կանեն։ Թարգմանի միջոցով ես խորին շնորհակալություն հայտնեցի այդ անսովոր շնորհի համար։ Եվ քանի որ մի փոքր զորագունդ պիտի գնար Նագասակի, ուստի հրամանատար սպան կարգադրություն ստացավ, որ ինձ ողջ֊առողջ ճանապարհ դնի, ստանալով նաև խաչելության վերաբերյալ մասնավոր հրահանգներ։
1709 թվի հունիսի 9֊ին, երկար ու չարչարանքներով լի ճանապարհորդությունից հետո ես հասա Նագասակի։ Շուտով ես ընկա հոլանդացի նավաստիների շրջանը, որոնք ծառայում էին Ամստերդամից եկած «Ամբորինա» նավի վրա, որ 450 տոննա տարողություն ուներ։ Ես երկար ժամանակ ապրել էի Հոլանդիայում, իմ ուսումն ավարտել էի Լեյդենում և հիանալի կերպով խոսում էի հոլանդերեն։ Նավաստիները շուտով իմացան իմ որտեղից գալը և սկսեցին հետաքրքրությամբ հարցուփորձ անել իմ ճանապարհորդության ու վարած կյանքի մասին։ Ես հնարեցի մի համառոտ, բայց հավանական պատմություն, թաքցնելով դեպքերի կարևոր մասերը։ Հոլանդիայում ես շատ ծանոթներ ունեի․ ես հնարավորություն ունեի հորինելու իմ ծնողների անունները, ձևացնելով, որ նրանք Գելդեռլանդ գավառի հետամնաց բնակիչներ են։ Ես առաջարկեցի կապիտանին (մի ոմն Թեոդորիս Վանգրուլտ), որ նա իր ուզած ճանապարհածախսը վերցնի մինչև Հոլանդիա․ բայց իմանալով, որ ես վիրաբույժ եմ, նա բավականացավ ծախսի կեսն առնելով, պայմանով, որ ես ճանապարհին բժշկի պաշտոնը կատարեմ։ Նախքան մեկնելը՝ նավաստիներից մի քանիսը հարցրին, թե վերոհիշյալ ծիսակատարությունը ես կատարե՞լ եմ թե՞ ոչ։ Ես խուսափեցի այդ հարցից՝ տալով անորոշ պատասխան, որ ես կատարել եմ կայսեր և նրա արքունիքի բոլոր պահանջները։ Սակայն մի սրիկա նավաստի գնաց սպայի մոտ և ինձ մատնացույց անելով ասաց, թե ես խաչելությունը դեռ չեմ ոտնահարել։ Սակայն ապան, որին կարգադրված էր ազատելու ինձ այդ ծիսակատարությունից, այդ անզգամի թիկունքին բամբուկի քսան հարված հասցրեց, որից հետո ոչ ոք այլևս նման հարցերով ինձ չէր նեղացնում։
Այդ ճանապարհորդության միջոցին հիշատակելու արժանի բան չպատահեց։ Մեր նավը գնաց հաջող քամու տակ մինչև Բարեհուստ հրվանդանը, ուր մենք կանգ առանք խմելու ջուր վերցնելու համար։ Ապրիլի 10֊ին մենք անփորձ հասանք Ամստերդամ՝ ճանապարհին հիվանդությունից կորցնելով երեք հոգի, իսկ չորրորդը Ջենովայի ափերի մոտ նախակայմից իրեն նետեց ծովը։ Ամստերդամից, քաղաքին պատկանող մի նավով, ես շուտով գնացի Անգլիա։
1710 թվի ապրիլի16֊ին մենք մտանք Դաունս։ Հետևյալ առավոտ ափ իջա և հինգ ու կես տարվա բացակայությունից հետո կրկին տեսա իմ հայրենի երկիրը։ Ես ուղղակի գնացի Ռեդրիֆֆ, ուր հասա նույն օրը՝ կեսօրից հետո ժամը երկուսին և կնոջս ու երեխաներիս գտա ողջ֊առողջ։
Չորրորդ մաս — Ճանապարհորդություն դեպի Հուիհընհընմների երկիրը
Գլուխ առաջին
- Հեղինակը ճանապարհ է ընկնում իբրև նավի կապիտան։ Նավաստիները դավադրում են նրա դեմ, երկար ժամանակ փակում է իր կաբինի մեջ ու մի անհայտ երկրում ափ իջեցնում։ Նա գնում է երկրի ներսը։ Եհուների, կենդանիների այդ օտարոտի ցեղի նկարագրությունը։ Հեղինակը հանդիպում է երկու հուիհընհընմի։
Կնոջս ու երեխաներիս հետ միասին ես տանը մնացի մոտ հինգ ամիս, և ինձ երջանիկ կհամարեի, եթե վերջապես ըմբռնեի, թե ինչ բան է երջանկությունը։ Ես թողի իմ թշվառ կնոջս հղի վիճակում և ընդունեցի շահավետ առաջարկություն՝ դառնալ Էդվենչի նավի կապիտանը, մի առևտրական խոշոր նավի, որ 350 տոննա տարողություն ուներ։ Ես հիանալի կերպով ուսումնասիրել էի ծովագնացությունը, և ձանձրացած լինելով վիրաբույժի պաշտոնից, որոշեցի չհրաժարվել և հանգամանքից օգտվելով զբաղվել նաև այդ գործով։ Ես նավ հրավիրեցի մի երիտասարդ հմուտ բժկի՝ ոմն Ռոբերտ Պյուրիֆոյ։ 1710 թվի սեպտեմբերի 7֊ին մենք մեկնեցինք Պորտսմուտից։ 14֊ին Տեներիֆում մենք հանդիպեցինք բրիստոլցի կապիտան Պոկոկկին, որն ուղևորվում էր Կամպեշի ափերը՝ կարմիր փայտ կտրելու։ Բայց 16֊ին սկսած փոթորիկը նրան բաժանեց մեզանից․ վերջապես ես լսեցի, որ նրա նավը խորտակվել է և ազատվել է միայն կաբինի մի սպասավոր։ Կապիտանը պարկեշտ մարդ էր և հմուտ ծովագնաց, բայց մի փոքր համառ․ նրա այդ պակասությունը դարձավ թե՛ իր և թե՛ ուրիշ շատ֊շատերի կործանման պատճառ։ Եթե նա իմ խորհրդին հետևեր, հիմա երևի ինձ պես իր ընտանիքի հետ միասին ողջ և առողջ տանը կլիներ։
Նավի վրա ջերմախտից ես մի քանի մարդ կորցրի, ուստի ստիպված էի պակասը լրացնել Բարբադոսից և Անտիլյան մյուս կղզիներից, ուր ես կանգ էի առնում՝ համաձայն ինձ պաշտոնի հրավիրած առևտրականների հրահանգների։ Բայց ես շուտով դրա համար զղջացի, որովհետև հետագայում իմացա, որ նրանց մեծագույն մասը ելուզակներ են։ Նավի վրա ես հիսուն մարդ ունեի, և ինձ կարգադրված էր, որ Հարավային օվկիանոսում հնդիկների հետ առևտուր անեմ և ուսումնասիրեմ այդ կողմերը։ Այդ անզգամները հորդորելով մնացած նավաստիներին, դավադրություն սարքեցին նավին տիրանալու և ինձ ձերբակալելու համար։ Մի օր առավոտյան նրանք կատարեցին իրենց մտադրությունը՝ ներս թափվեցին իմ կաբինը, կապկպեցին իմ ոտքն ու ձեռքը և սպառնացին ինձ ծովը նետել, եթե ես փորձեմ դիմադրություն ցույց տալ։ Ես ասացի, որ նրանց գերին եմ և անձնատուր եմ լինում։ Նրանք ինձ ստիպեցին երդվել, որից հետո արձակեցին իմ կապանքները, միայն մի ոտքս շղթայով կապեցին մահճակալից և իմ դռան առաջ հրացանը պատրաստ մի պահակ դրին, որին հրամայեցին կրակել ինձ վրա, եթե ազատվելու փորձ անեմ։ Նրանք ինձ ուտելիք և խմելիք ուղարկեցին և նավի ղեկավարությունն իրենց ձեռքն առան։ Նրանց նպատակն էր ծովահեն դառնալ և իսպանացիներին կողոպտել, սակայն նրանք չկարողացան այդ գործով զբաղվել, որովհետև սակավաթիվ էին։ Ուստի նրանք նախ և առաջ որոշեցին վաճառքի հանել նավի ապրանքները և ապա գնալ Մադագասկար կղզին՝ մարդկանց պակասը լրացնելու, որովհետև նրանցից շատերը, իմ ձերբակալությունից հետո, մեռել էին։ Նրանք մի քանի շաբաթ ծովով ճանապարհ գնացին և առևտուր արին հնդիկների հետ, բայց թե ի՞նչ ուղղություն էին բռնել՝ ես չիմացա, որովհետև ինձ փակել էին կաբինի մեջ որպես բանտարկյալ և ամեն րոպե սպառնում էին հրացանազարկ անել։
1711 թվի մայիսի 9֊ին մի ոմն Ջեմս Ուելս իմ կաբինը եկավ ու ասաց, որ նա կապիտանից հրաման ունի ինձ ափ իջեցնելու։ Ես փորձեցի հակաճառել, բայց իզուր, նա նույնիսկ չուզեց ասել, թե ո՞վ է նրանց նոր կապիտանը։ Նրանք ինձ մի լաստանավ նստեցրին, թույլ տալով, որ հագնեմ իմ լավագույն և նոր հագուստը և վերցնեմ մի փոքրիկ կապոց սպիտակեղեն , իսկ իմ զենքերից միայն մի սուր։ Նրանք այնքան սիրալիր եղան, որ չխուզարկեցին իմ գրպանները, ուր ես ունեի մի քիչ դրամ և այլ մանր հարկավոր իրեր։ Նավից մոտ մեկ լիգ հեռանալով նրանք ինձ ծովափ իջեցրին։ Ես խնդրեցի , որ ասեն, թե ինչ երկիր է դա։ Նրանք երդվեցին, թե իրենք ավելին չգիտեն, քան ես, և ասացին, որ կապիտանը (ինչպես անվանում էին նրան) որոշել էր ապրանքները ծախելուց հետո ազատվել ինձնից՝ հենց որ մի ցամաք երկիր տեսնեին։ Նրանք անմիջապես հեռացան ափից՝ խորհուրդ տալով, որ մի փոքր աճապարեմ, որպեսզի ծովի մակընթացությունը չհասնի ինձ, և բարի ճանապարհ մաղթեցին։
Այդ աննախանձելի վիճակում ես իմ քայլերն ուղղեցի դեպի առաջ և շուտով հասա մի բլրակի, նստեցի այնտեղ՝ հանգիստ առնելու և մտածելու, թե ի՞նչ անեմ։ Հանգիստը մի փոքր կազդուրեց իմ ուժերը, և ես քայլերս ուղղեցի դեպի երկրի ներսը, որոշելով անձնատուր լինել առաջին հանդիպած վայրենուն ու գնել իմ կյանքը նրանից՝ տալով մի քանի ապարանջան, օղակաձև ապակիներ և անարժեք զարդեր, որ սովորաբար ծովագնացները ճանապարհորդության ժամանակ ունեն իրենց գրպանում և որոնցից մի քանի հատ էլ ինձ մոտ կար։ Այդ վայրը բաժանված էր ծառերի երկար շարքերով, բայց ոչ կանոնավոր տնկած, այլ վայրի աճած․ կային խոշոր մարգագետիններ և գարու արտեր։ Ես զգույշ առաջ էի գնում, վախենալով, որ հանկարծակիի չգամ, որ ինձ թիկունքից կամ մի այլ կողմից նետով չզարկեն։ Ես ընկա մի բանուկ ճանապարհ և նկատեցի մարդկային ոտքերի բազմաթիվ հետքեր․ բայց ավելի շատ ձիերի հետքեր։ Վերջապես դաշտում ես տեսա ինչ֊որ կենդանիների․ մի երկուսն էլ նստել էին ծառերի վրա։ Դրանց վերին աստիճանի տարօրինակ և այլանդակ տեսքը մի փոքր շփոթեցրեց ինձ, ուստի ես պառկեցի մի թփի տակ՝ ավելի լավ դիտելու համար։ Նրանցից մի քանիսը մոտեցան այն տեղին, ուր ես էի պառկել, և հնարավորություն տվին ինձ ավելի որոշակի դիտելու իրենց կերպարանքը։ Նրանց գլուխն ու կուրծքը ծածկված էին խիտ մազերով, մի քանիսներինը՝ գանգուր, մյուսներինը՝ հարթ․ նրանց մորուքը նման էր այծի մորուքի․ նրանց մեջքն ու թաթերի առաջին մասերը պատած էին շերտ֊շերտ մազերով, իսկ մարմնի մյուս մասերը լերկ էին, այնպես որ ես կարողանում էի տեսնել նրանց մորթը, որ մուգ դարչնագույն էր։ Նրանք պոչ չունեին, իսկ նրանց հետույքը մերկ էր, բացառությամբ այն տեղի, ուր հետին անցքն էր․ թվում է, որ բնությունն այդ տեղը պատել է մազերով, գետնին նստած ժամանակ պաշտպանելու համար․ այդ արարածները նստում էին, պառկում և հաճախ կանգնում իրենց հետին թաթերի վրա։ Նրանք սկյուռի ճարպկությամբ մագլցում էին բարձր ծառերի վրա, որովհետև իրենց հետին և առաջին թաթերին ունեին սրածայր և կեռ ճանկեր։ Նրանք հաճախ զարմանալի ճկունությամբ թռչկոտում էին և մագլցում ամենաբարձր ծառերը։ Էգերն ավելի փոքր էին, քան արուները․ նրանց գլխի մազերը երկար էին, իսկ դեմքերը՝ մաքուր, միայն մարմնի մի քանի մասերը ծածկված էին բարակ աղվամազով, բացի հետույքի անցքն ու ամոթալի տեղերը․ նրանց ծծերը կախված էին առաջին թաթերի միջև և հաճախ, երբ նրանք չորեքթաթ անելով սողում էին՝ այդ ծծերը համարյա թե դիպչում էին գետնին։ Երկու սեռն ուներ տարբեր գույնի մազեր՝ դարչնագույն, կարմրագույն, սևագույն և ոսկեգույն։ Մի խոսքով իմ բոլոր ճանապարհորդությունների ընթացքում չէր պատահել ավելի զզվելի կենդանի, որ առաջին իսկ հայացքից կարողանար ինձ այդչափ նողկանք պատճառել։ Մտածելով, որ հարկավոր չափով դիտեցի նրանց, ես, զզվանքով ու գարշանքով լցված, շարունակեցի իմ ճանապարհը մի որևէ հնդիկի խրճիթ գտնելու հուսով։ Մի փոքր անց ես հանդիպեցի այդ արարածներից մեկին, որ ուղղակի դեպի ինձ էր գալիս։ Այլանդակ ճիվաղը երբ նկատեց ինձ ծամածռեց դեմքը և աչքերը սևեռեց վրաս, կարծես թե առաջին անգամն էր տեսնում ինձ նման մի մարդու․ ապա մոտեցավ ու բարձրացրեց իր առաջին թաթը՝ միայն չհասկացա՝ հետաքրքրությունի՞ց դրդված, թե՞ չարամտությունից։ Ես հանեցի իմ սուրն և նրա տափակ կողմով ուժեղ խփեցի նրան, որովհետև չուզեցի զարկել սուր բերանով, վախենալով, թե միգուցե այդ երկրի բնակիչները գրգռվեն իմ դեմ, երբ իմանան, որ ես իրենց կենդանիներից մեկին սպանել եմ կամ վնասել։ Այդ անասունը ցավից ետ փախավ ու ճչաց այնքա՜ն բարձրաձայն, որ հարևան դաշտից վրա վազեց մի ամբողջ հոտ՝ մոտ քառասուն նրա նման արարածներ, որոնք ոռնալով ու դեմքերը ծամածռելով շրջապատեցին ինձ։ Ես ետ քաշվեցի դեպի ծառի բունը և մեջքս հենելով՝ սկսեցի թափահարել սուրս, չթողնելով, որ մոտենան ինձ։ Այդ անիծյալ ճտերից մի քանիսը հետևիցս բռնեցին ծառի ճյուղերն ու բարձրանալով ծառի վրա, սկսեցին այնտեղից արտաթորել ուղիղ իմ գլխին։ Ես հաջող կերպով խույս էի տալիս՝ կպչելով ծառի բնին, բայց ամեն կողմից թափվող կղկղանքի հոտը քիչ մնաց, որ շունչս կտրեր։
Այդ տառապալի վիճակի մեջ նկատեցի, որ հանկարծ ամենքն էլ սկսեցին փախչել։ Այն ժամանակ ես որոշեցի հեռանալ ծառի մոտից ու շարունակել իմ ճանապարհը, միևնույն ժամանակ չիմանալով, թե ինչի՞ց նրանք այդքան սարսափեցին։ Սակայն դեպի ձախ նայելով, ես նկատեցի մի ձի, որ հանդարտ կերպով քայլում էր դաշտում․ նրանց փախուստի պատճառն այդ ձին էր, որին մի փոքր առաջ ինձ հետապնդողները նկատել էին։ Մոտենալով ինձ, ձին մի փոքր ցնցվեց, բայց շուտով ուշքի եկավ ու սկսեց զարմանքով լի արտահայտությամբ նայել ուղղակի իմ դեմքին։ Նա ուշադրությամբ դիտեց իմ ձեռքերն ու ոտքերը և մի քանի անգամ պտտվեց շուրջս։ Ես ուզում էի շարունակել ճանապարհս, բայց նա կտրեց իմ ուղին և հեզահամբյուր տեսքով նայեց ինձ, չունենալով ամենևին բռնություն գործելու որևէ մտադրություն։ Այդպես մնացինք մի առժամանակ, մեր աչքերը միմյանց հառած, վերջապես ես համարձակվեցի իմ ձեռքը մեկնել նրա բաշին, նրան շոյելու մտադրությամբ, դիմելով ժոկեյների սովորական միջոցներին ու սուլոցներին, երբ նրանք ուզում են ընտելացնել մի որևէ անծանոթ ձի։ Բայց կենդանին, ըստ երևությին, իմ այդ փաղաքշանքն ընդունեց արհամարհանքով, թափահարեց իր գլուխը, հոնքերը կիտեց և հանդարտորեն բարձրացնելով իր առաջի աջ ոտքը, ետ հրեց իմ ձեռքը։ Ապա նա երեք թե չորս անգամ վրնջաց, բայց այնպիսի տարբեր ելևէջներով, որ սկսեցի մտածել, թե մի գուցե նա խոսում է իրենց սեփական լեզվով։
Երբ ես ու նա այդ դրությամբ էինք, մեզ մոտեցավ մի ուրիշ ձի, առաջինին ողջունեց զարմանալի կերպով․ նրանք իրենց առջևի աջ ոտքերի սմբակները մեղմորեն զարկեցին իրար, մի քանի անգամ, մեջ ընդ մեջ, վրնջացին, ելևէջելով իրենց ձայնը, որ ինձ միանգամայն հոդավորված թվաց։ Ապա նրանք մի քանի քայլ հեռացան ինձանից, կարծես թե միմյանց հետ խորհուրդ անելու մտադրությամբ, ու կողք֊կողքի ետ ու առաջ քայլեցին, նման այն մարդկանց, որոնք մի կարևոր խնդիր են լուծում, միևնույն ժամանակ հաճախ իրենց հայացքն ուղղելով դեպի ինձ, կարծես թե հսկելու համար, որ ես չփախչեմ։ Անբան անասունների այդ վարմունքից զարմացած ես եկա այն եզրակացության, որ այդ երկրի բնակիչները աշխարհիս ամենաիմաստուն ժողովուրդը պիտի լինեն, եթե դատողության նույն համեմատական չափով օժտված են և իրենք։ Այդ միտքն այնքան քաջալերեց ինձ, որ ես որոշեցի շարունակել իմ ճանապարհը, մինչև որ մի որևէ տան կամ գյուղի հասնեմ, կամ մի որևէ բնիկի հանդիպեմ, թողնելով որ երկու ձիերը զրուցեն իրար հետ որքան կամենան։ Բայց նրանցից առաջինը, որը գորշ խատուտիկ էր, նկատելով իմ փախուստը, վրնջաց իմ հետևից մի այնպիսի արտահայտիչ ձայնով, որ ինձ թվաց, թե հասկանում եմ նրա միտքը․ ես ետ դարձա ու մոտեցա նրան, սպասելով նրա հետագա հրամանին, սակայն թաքցնելով իմ վախը, որովհետև ես արդեն մտահոգ էի, թե ի՞նչ վախճան պիտի ունենա այս արկածը․ իսկ ընթերցողը հեշտությամբ կպատկերացնի, որ իմ կացությունն այնքան էլ դուրեկան չէր։
Երկու ձիերը մոտեցան ինձ ընդհուպ ու սկսեցին լրջությամբ դիտել իմ դեմքն ու ձեռքերը։ Գորշ ձին իր առջևի աջ ոտքի սմբակով չորս կողմից շոշափեց իմ գլխարկն ու այնքան ճմլեց, որ ես ստիպված էի հանել իմ գլխից, շտկել ու նորից դնել գլխիս։ Դրա վրա նա և իր ընկերը (որ թուխ գույնի էր), ըստ երևությին շատ զարմացան․ վերջինս դիպավ իմ հագուստի փեշերին, ու տեսնելով, որ ազատ կերպով կախված են, զարմանքով նայեցին ինձ։ Թուխ ձին շոյեց իմ աջ ձեռքը, կարծես թե զարմանալով նրա փափկության ու գույնի վրա, բայց նա այնքան պինդ սեղմեց իր սմբակի ու ճախանոցի մեջ, որ ես ստիպված էի գոռալ։ Դրանից հետո նրանք ինձ դիպչում էին զգուշությամբ։ Նրանց շատ էր շվարեցնում իմ կոշիկն ու գուլպան, որ նրանք շոշափում էին միմյամց հետ վրնջալով ու կիրառելով այն բազմազան ձևերը, որոնցից օգտվում է փիլիսոփան, երբ աշխատում է բացատրել մի որևէ նոր և դժվար լուծելի երևույթ։
Ընդհանրապես այդ կենդանիներն իրենց վարվեցողությամբ այնքան հետևողական ու բանիմաց էին, նրբամիտ ու ողջախոհ, որ ես վերջ ի վերջո եկա այն եզրակացության, որ միգուցե դրանք կախարդներ են, որոնք մի ինչ֊որ նպատակով այդպես կերպարանափոխվել են, ու հանդիպելով ճանապարհին մի օտարականի, որոշել են հետը խաղալ․ կամ գուցե իսկապես զարմացել են, տեսնելով մի մարդու, որ իր հագուստով, դիմագծերով ու կազմվածքով ամենևին նման չէ այն մարդկանց, որոնք թերևս ապրում են այս հեռավոր երկրում։ Գալով այս եզրակացության, ես որոշեցի դիմել նրանց հետևյալ ճառով․ ― Պարոններ, եթե դուք վհուկներ եք, ինչպես ես բավականաչափ հիմք ունեմ կարծելու, ապա դուք կարող եք հասկանալ ամեն մի լեզու․ ուստի ես համարձակություն ունեմ հաղորդելու ձերդ մեծություններին, որ ես մի թշվառ անգլիացի եմ, որին չար բախտը նետել է ձեր ափերը․ և ես աղաչում եմ, որ ձեր երկուսից մեկը թույլ տա նստելու իր մեջքին, ինչպես մի իսկական ձիու, և գնալու մի որևէ խրճիթ կամ գյուղ, ուր ես կարող կլինեի ապաստանել ու դադար առնել։ Այդ շնորհի փոխարեն ես ձեզ կնվիրեի այս դանակն ու ապարանջանը (որ իսկույն հանեցի իմ գրպանից)։ Խոսելու ժամանակ այդ երկու արարածները լուռ կանգնել էին և, կարծես թե, ուշադրությամբ լսում էին ինձ․ և երբ խոսքս վերջացրի, նրանք սկսեցին հաճախակի իրար հետ վրնջալ, կարծես թե մի ինչ֊որ լուրջ խոսակցություն ունեին։ Ինձ համար պարզվեց, որ նրանց լեզուն հիանալի արտահայտում է զգացմունքներ և որ մի թեթև ջանքից հետո նրանց լեզվի բառերը կարելի է հնչյունների բաժանել, և գուցե ավելի հեշտությամբ, քան չինարենի բառերը։
Ականջիս հաճախակի հասնում էր եհու բառը, որ նրանք երկուսն էլ շարունակ կրկնում էին․ և քանի որ անհնար էր ըմբռնել նրա իմաստը, ես երկու ձիերի խոսակցությունը լսելով, ճիգ էի թափում լեզուս վարժեցնել այդ բառին․ հենց որ նրանք լռում էին, ես համարձակ կերպով, բարձրաձայն, գոչում էի՝ եհո՜ւ, միևնույն ժամանակ ձայնս աշխատելով նմանեցնել ձիու վրնջոցին։ Ըստ երևույթին, այդ նրանց երկուսին էլ մեծ զարմանք պատճառեց, իսկ գորշ ձին երկու անգամ կրկնեց այդ բառը, կարծես նրա ճիշտ արտասանությունն ինձ սովորեցնելու նպատակով։ Ես սկսեցի նրա հետ միասին կրկնել այդ բառը և տեսա, որ կամաց֊կամաց զգալի առաջադիմություն եմ անում, թեև իմ արտասանությունը դեռևս շատ հեռու էր կատարյալ լինելուց։ Ապա թուխ ձին փորձեց վարժեցնել ինձ մի նոր բառի, որ արտասանության համար ավելի դժվար էր․ ըստ անգլիական ուղղագրության այդ բառը կարելի է այսպես հեգել՝ հուիհընհընմ։ Դրա արտասանությունն այնքան հեշտ չէր, որքան առաջին բառի, սակայն երկու֊երեք փորձից հետո գործս ավելի հաջող գնաց, ու կարծես թե երկու ձիերն էլ զարմացան իմ ձիրքի վրա։
Շարունակելով մի առժամանակ իրենց խոսակցությունը, որ ըստ երևույթին իմ մասին էր, նրանք հրաժեշտ տվին միմյանց և նույն մեծարանքով իրենց սմբակները խփեցին իրար․ ապա գորշ ձին ինձ նշան արավ, որ իր առաջն ընկնեմ և ես խոհեմություն համարեցի ենթարկվելու նրան, մինչև որ ավելի լավ ղեկավար կգտնեմ։ Երբ ես փորձում էի դանդաղացնել քայլերս, նա սկսում էր աղաղակել՝ հհըըն, հհըըն։ Գուշակելով դրա իմաստը, ես աշխատում էի ըստ չափի կարողության հասկացնել նրան, որ ես հոգնել եմ և ավելի արագ չեմ կարող քայլել․ դրա վրա ձին մի պահ կանգ էր առնում և թույլ տալիս, որ հանգստանամ։
Գլուխ երկրորդ
Մի հուիհընհընմ հեղինակին առաջնորդում է դեպի իր տունը։ Այդ տան նկարագրությունը։ Հեղինակին ցույց տված ընդունելությունը։ Հույհընհընմների սնունդը։ Հեղինակի կրած դժվարությունը համապատասխան կերակրի բացակայության հետևանքով և այդ դժվարության վերացումը։ Ինչով էր կերակրվում հեղինակը այդ երկրում։
Մոտ երեք մղոն ճանապարհ գնալուց հետո, մենք հասանք մի երկարաձև, ցածլիկ և ծղնոտով ծածկված շինության, որի պատերը շինված էին ճյուղերով իրար հյուսած և գետնի մեջ խրած ձողերից։ Այստեղ ես ինձ մի փոքր թեթևացած զգացի և գրպանիցս հանեցի մի քանի անարժեք զարդեր, որ ճանապարհորդները սովորաբար վերցնում են իրենց հետ Ամերիկայի կամ այլ երկրների վայրենի հնդիկներին նվիրելու համար․ ես հույս ունեի, որ այդ զարդերի շնորհիվ տան ապրողներն ինձ ավելի սիրալիր ընդունելություն ցույց կտան։ Ձին նշանով ցույց տվեց, որ առաջ ես ներս մտնեմ։ Դա մի ընդարձակ սենյակ էր, կավե մաքուր հատակով․ պատերից մեկի ամբողջ երկարությամբ ձգվում էր մսուրների շարքը․ այդտեղ կար երեք քուռակ և երկու մատակ ձի, որոնք չէին կանգնած մսուրի մոտ և չէին ուտում, ինչպես այդ միշտ անում են պարապ ձիերը, այլ նստել էին իրենց զիստերի վրա, մի բան, որ ինձ շատ զարմացրեց․ բայց ինձ ավելի զարմացրին մյուսները, որոնք զբաղված էին տնային գործեր կատարելով, ըստ երևույթին սպասավորների պարտականությունը․ այդ ամենը հաստատեց իմ նախկին ենթադրությունը, թե մի ժողովուրդ, որ կարողացել է այդ աստիճանի կրթել անբան անասունները, անշուշտ իր իմաստությամբ պիտի գերազանցի աշխարհիս բոլոր ազգություններին։ Ինձնից հետո անմիջապես ներս մտավ գորշ ձին, և այսպիսով կանխեց, որ մյուսները դեպի ինձ վատ չվերաբերվեն։ Նա մի քանի անգամ հեղինակավոր ձայնով վրնջաց և նրանց կողմից պատասխան առավ։
Այդ սենյակից բացի տան երկարությամբ կար ուրիշ երեք սենյակ ևս․ մենք մտանք այդ սենյակները երեք դռներից, որոնք, ինչպես ծառուղի, գտնվում էին մի ուղղության վրա․ երկրորդ սենյակում մենք կանգ առանք․ այստեղ գորշ ձին մենակ մտավ երրորդ սենյակը, նշան անելով, որ սպասեմ։ Ես մնացի երկրորդ սենյակում և պատրաստեցի իմ նվերները՝ տանտիրոջը և տան տիրուհուն տալու համար․ ունեի երկու դանակ, երեք ապարանջան կեղծ մարգարիտներից, մի փոքրիկ հայելի և մի ուլունքե ժանյակ։ Ձին երեք֊չորս անգամ վրնջաց և ես սպասում էի, որ իբրև պատասխան կլսեմ մարդկային մի որևիցե ձայն։ Սակայն դրա փոխարեն ես լսեցի մի այլ վրնջյուն, որ հնչեց մի քիչ ավելի հուժկու։ Ես սկսեցի մտածել, թե երևի այդ տունը պատկանում է մի նշանավոր մարդու, քանի որ նրա ընդունելությանն արժանանալու համար այսքան շատ ձևականություններ են պետք։ Բայց թե այդ երևելի մարդու սպասավորները կարող են լինել միայն ձիեր, դա իմ ըմբռնողությունից վեր էր։ Ես վախեցա, թե միգուցե կրած նեղություններից ու չարչարանքներից հետո կորցրել եմ խելքս։ Ես ուշքի եկա և սկսեցի նայել չորս կողմս․ սենյակը, ուր ես մենակ էի մնացել, կահավորված էր այնպես, ինչպես նախկին սենյակը, միայն նրանից մի փոքր ավելի շքեղ էր։ Ես մի քանի անգամ տրորեցի աչքերս, բայց իմ առաջ կանգնած էին կրկին նույն իրերը։ Ես կսմթեցի ձեռքերս ու կողերս, որպեսզի արթնանամ, որովհետև հավատացած էի, թե երազի մեջ եմ։ Դրանից հետո ես վերջնականապես եկա այն եզրակացության, որ այդ ամբողջ երևույթը կարող է միայն կախարդություն և մոգություն լինել։ Բայց ես ժամանակ չունեցա խորանալու այդ մտքի մեջ, որովհետև գորշ ձին մոտեցավ դռանը և նշան արավ, որ հետևեմ իրեն դեպի երրորդ սենյակը, ուր ես տեսա մի գեղեցիկ մատակ՝ իր երկու քուռակի հետ միասին ծալապատիկ նստած խոտե խսիրի վրա, որ թեև ճաշակով չէր գործած, բայց շատ կոկիկ և մաքուր էր։
Ներս մտնելուց անմիջապես հետո մատակը վեր կացավ տեղից ու մոտեցավ ինձ․ ուշադրությամբ ձեռքերս ու դեմքս դիտելուց հետո մի արհամարհական հայացք ձգեց վրաս ու գլուխը շրջեց դեպի գորշ ձին․ ականջիս էր հասնում եհու խոսքը, որը հաճախ կրկնում էին նրանք․ դրա իմաստն առայժմ չգիտեի, թեև դա առաջին բառն էր, որ սովորել էի արտասանել։ Բայց շուտով, ի մեծ վիշտ իմ, իմացա այդ բառի նշանակությունը։ Ահա՛ թե ինչպես։ Վերջացնելով բանակցությունները մատակի հետ, գորշ ձին գլխով նշան արավ և, ինչպես ճանապարհին գալիս, կրկնեց հհըընն, հհըընն խոսքը, որի իմաստն այն էր, որ ես հետևեմ նրան և դուրս գամ բակը, ուր տնից որոշ հեռավորության վրա գտնվում էր մի այլ շինություն։ Երբ մենք ներս մտանք այդտեղ, ես տեսա երեք գարշելի արարած, որոնց հանդիպեցի, հենց որ այդ երկիրը եկա․ նրանք լափում էին արմտիք և ինչ֊որ կենդանու միս, որը, ինչպես հետագայում իմացա, դժբախտ պատահարներից և հիվանդությունից սատկած շան, էշի կամ կովի միս էր։ Ուռենու ամուր ճյուղերով նրանց ամենքին վզից կապել էին մի գերանի։ Առջևի ոտքերի ճանկերի մեջ բռնած ուտելիքը նրանք հոշոտում էին իրենց ատամներով։
Գլխավոր ձին հրամայեց իր ծառաներից մեկին՝ կարմիր ձիաջորուն, որպեսզի այդ կենդանիների միջից ամենից խոշորին արձակի և դուրս բերի գավիթը․ ինձ և այդ անասունին իրար կողքի կանգնեցնելով, տերն ու ծառան սկսեցին ուշի֊ուշով համեմատել մեր արտաքին տեսքը՝ մի քանի անգամ կրկնելով եհու բառը։ Անկարելի էր նկարագրել իմ զարմանքն ու սարսափը, երբ նկատեցի, որ այդ զազիր կենդանին մարդու կերպարանք ուներ․ նրա երեսը տափակ էր ու լայն, քիթը՝ սեղմված, շրթունքները՝ հաստ, իսկ բերանը՝ մեծ։ Բայց այդ հատկությունները սովորական երևույթ են բոլոր վայրենի ազգերի մեջ, որովհետև մայրերն իրենց երեխաներին պառկեցնում են գետնին փորի վրա կամ տանելու ժամանակ կապում են իրենց մեջքին, որից երեխան իր քիթը շարունակ զարկում է մոր ուսերին։ Եհուի առջևի թաթերը տարբերվում էին իմ ձեռներից միայն նրանով, որ նրա եղունգներն ավելի երկար էին, ձեռքի ափերն ավելի կոշտ ու դարչնագույն, իսկ ափերի հետին կողմը՝ բոլորովին մազոտ։ Նույն տարբերությունն ու նմանությունը գոյություն ուներ և մեր ոտքերի միջև․ ես իսկույն իմացա այդ, թեև ձիերն այդ չէին կարող իմանալ, որովհետև հագիս կոշիկ ու գուլպա կար․ նույնը կարելի էր ասել իմ ամբողջ մարմնի մասին, բացի մազերից և մարմնիս գույնից, որ ես արդեն նկարագրեցի։
Երկու ձին էլ, ըստ երևույթին, վարանման մեջ էին, երբ շնորհիվ հագուստիս, որի մասին նրանք ոչ մի գաղափար չունեին, տեսան իմ և եհուի մարմինների մեջ եղած խոշոր տարբերությունը։ Կարմիր ձիաջորին ինձ մի արմատ առաջարկեց, որ նա բռնել էր իր սմբակի և ճախանոցի մեջ (թե ինչպե՞ս՝ մենք տեղն ընկած ժամանակը կնկարագրենք)․ ես այդ արմատը վերցրի ձեռքս և հոտոտելուց հետո շատ քաղաքավարի կերպով վերադարձրի իրեն։ Նա եհուի փարախից մի կտոր էշի միս բերեց, որից այնքա՜ն զզվելի հոտ էր գալիս, որ ես ստիպված էի գարշանքով երեսս շուռ տալ․ այդ ժամանակ նա այդ միսը շպրտեց եհուին և եհուն ագահությամբ լափեց։ Այնուհետև նա ինձ ցույց տվեց մի խուրձ չոր խոտ և մի աման լիքը քարի․ ես գլուխս շարժելով հասկացրի, թե ոչ մեկը և ոչ էլ մյուսն ինձ համար պիտանի սնունդ չեն։ Ու իմ մեջ ահ ծագեց, թե անպատճառ սովամահ պիտի լինեմ, եթե այստեղ ինձ նման մեկը չճարեմ։ Իսկ ինչ վերաբերում է այդ զազրելի եհուներին՝ հավատացած եմ, որ ով էլ որ լիներ այն ժամանակ իմ տեղը, նույնիսկ մարդկային ցեղի ամենամեծ բարեկամը, այնուամենայնիվ պիտի ընդուներ, որ դրանք բոլոր շնչավոր կենդանիների մեջ ամենից գարշելի արարածներն են․ և այդ երկրում եղած ժամանակ որքան շատ էի մոտենում նրանց, այնքան ավելի ատելի էին դառնում նրանք ինձ համար։ Իմ վերաբերմունքից կռահելով այդ՝ տանուտեր ձին եհուին ետ ուղարկեց իր գոմը։ Այնուհետև նա իր առջևի սմբակը տարավ բերանը, որ ինձ զարմանք պատճառեց, թեև այդ բանը նա արեց առանց դժվարության և այնպիսի շարժումով, որ միանգամայն բնական թվաց, և այդ նշանով հասկացրեց ինձ, թե ի՞նչ պիտի ուտեմ։ Սակայն ես չկարողացա այնպիսի պատասխան տալ, որ նա ըմբռներ․ և եթե անգամ նա ինձ հասկանար, ես չգիտեմ, թե որտեղից նա ինձ համար պիտի գտներ սննդարար կերակուր։ Մեր այդ խոսակցության ժամանակ ես նկատեցի, որ մեր կողքից մի կով անցավ ու ես մատով ցույց տվի ու ցանկություն հայտնեցի, որ նա թույլ տա, որ ես նրանից կաթ կթեմ։ Այդ ունեցավ իր արդյունքը, որովհետև նա ինձ վերադարձրեց իր տունը և հրամայեց մի մատակ ծառայի՝ որպեսզի բաց անի մի սենյակ, ուր կարգով շարված մաքուր կավե և փայտե ամանները լցված էին կաթով։ Մատակն ինձ մի գավաթ կաթ տվեց, որից հաճույքով խմելուց հետո ինձ բավականին կազդուրված զգացի։
Կեսօրին տանը մոտեցավ սայլի պես մի բան, որին լծված քարշ էին տալիս չորս եհու։ Սայլի վրա նստել էր ըստ երևույթին բարձր դիրք ունեցող, մի պառավ նժույգ․ նա ցած իջավ սայլից իր հետին երկու ոտքով, որովհետև նրա առջևի ձախ ոտքը վնասվել էր։ Նա ճաշի էր եկել մեր ձիու տունը, որը նրան շատ սիրալիր կերպով ընդունեց։ Նրանք ճաշեցին լավագույն սենյակում։ Նրանց երկրորդ կերակուրը կաթի մեջ խաշած գարի էր, որը պառավ նժույգը կերավ տաք֊տաք վիճակում, իսկ մյուս ձիերը՝ սառը։ Նրանց մսուրները շրջանաձև դասավորված էին սենյակի մեջտեղը և մասերի էին բաժանված․ նրանք նստեցին մսուրների չորս կողմը, հարդե բարձերի վրա։ Վերևից կախված էր խոտով լիքը մի խոշոր վանդակ, որը մսուրներին համապատասխան բաժանմունքներ ուներ, այնպես որ ամեն մի ձի և ամեն մի մատակ հնարավորություն ուներ վայելուչ և կարգապահությամբ ուտելու իր բաժին խոտն ու կաթի և գարու խառնուրդը։ Քուռակներն իրենց վարքով շատ համեստ էին, իսկ տանտերը և տանտիրուհին վերին աստիճանի սիրալիր և բարեհամբույր՝ դեպի իրենց հյուրը։ Գորշ ձին հրամայեց, որ ես մոտենամ իրեն, որից հետո նա իր բարեկամի հետ իմ մասին երկար ժամանակ խոսեց, ինչպես այդ երևաց նրա՝ ինձ վրա նետած օտարոտի հայացքներից և հաճախակի կրկնվող եհու բառից։
Այդ ժամանակ ես հագա իմ ձեռնոցները։ Գորշ տերս նկատելով այդ, զարմացավ և նշաններով հարցրեց, թե ի՞նչ արի ես իմ առջևի ոտքերի հետ․ երեք թե չորս անգամ նա սմբակը կպցրեց ինձ, կարծես թե հասկացնելու համար, որ ձեռքերիս տամ նախկին տեսքը․ ես կատարեցի նրա ցանկությունը, հանեցի զույգ ձեռնոցներս և դրի գրպանս։ Իմ վարմունքը մեծ խոսակցության առարկա դարձավ և ըստ երևույթին հաճելի եղավ ամենքին, որի արդյունքը ես շուտով զգացի։ Ինձ հրամայեցին, որ ես արտասանեմ իմ սովորած մի քանի բառերը, իսկ երբ նրանք ճաշի նստեցին, տերս ինձ սովորեցրեց գարու, կաթի, կրակի, ջրի և ուրիշ մի քանի բառերի անունները․ ես հեշտությամբ կրկնում էի նրա ասածները, որովհետև դեռևս մանկությունից լեզուներ սովորելու մեծ ընդունակություն ունեի։
Ճաշից հետո իմ տեր ձին ինձ մի կողմ քաշեց և նշաններով և խոսքերով հասկացրեց, որ ինքը շատ ափսոսում է, որ ինձ համար արժանի կերակուր չունի։ Գարին նրանց լեզվով կոչվում է հլուննհ։ Այդ բառը երկու թե երեք անգամ կրկնեցի․ թեև ես սկզբում հրաժարվեցի գարուց, բայց երկրորդ անգամ մտածելուց որոշեցի, որ նրանից ես կարող եմ հացի նման մի բան պատրաստել, որը կաթի հետ միասին կարող է պահպանել իմ գոյությունը մինչև մի ուրիշ երկիր գնալս, ուր ես կգտնեմ ինձ նման արարածներ։ Ձին անմիջապես հրամայեց իր ընտանիքի սպիտակագույն մատակ֊սպասուհիներից մեկին, որ ինձ համար փայտե ափսեով գարի բերի։ Ես գարին մի կերպ աղանձեցի կրակի վրա, տրորեցի մինչև թեփը դուրս գա ու մաղերով զատեցի հատիկից, ապա երկու քարի արանքում ծեծեցի, վերցրի ջուրը, խմոր արի և կրակի վրա թխեցի ու կաթով տաք֊տաք կերա։ Սկզբում այդ ինձ շատ անհամ թվաց, թեև եվրոպական շատ երկրներում այդ կերակուրը բավականին տարածված է, սակայն ժամանակի ընթացքում վարժվեցի դրան․ կյանքիս մեջ շատ նեղություններ տեսած լինելով, պիտի ասեմ, որ առաջին անգամը չէր, երբ ես համոզվում էի, թե ինչքա՛ն սակավապետ է մարդկային բնությունը։ Ես կարող եմ ասել, որ այդ երկրում եղած ժամանակ ոչ մի րոպե չհիվանդացա։ Ճիշտ է, երբեմն ես առիթ էի ունենում եհուների մազերից շինած թակարդով ճագար կամ որևէ մի թռչուն բռնելու․ հաճախ օգտակար խոտեր էի գտնում, որ եփելով՝ աղցանի տեղ հացի հետ ուտում էի․ երբեմն էլ իբրև հազվագյուտ բան, յուղ էի հարում ու թան խմում։ Սկզբում ես սաստիկ կարիք էի զգում աղի․ սակայն շուտով ես հաշտվեցի այդ պակասի հետ, իսկ հիմա համոզված եմ, որ աղի մշտական գործածությունը մեզանում զեխության հետևանք է, ծարավ առաջացնելու համար ներմուծված, բացի այն դեպքերից, երբ նա անհրաժեշտ է երկար ճանապարհորդությունների ժամանակ կամ շուկայից հեռու գտնվող վայրերում միս պահելու համար։ Մեզ հայտնի չէ ոչ մի կենդանի, որ սիրահար լինի աղին այնքան, որքան մարդը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, պիտի ասեմ, որ երբ հեռացա այդ երկրից, երկար ժամանակ կերակուրների աղի համին չէի կարողանում վարժվել։
Սակայն բավական է, որքան ես խոսեցի իմ սննդի առարկաների մասին, մի բան, որով ուրիշ ճանապարհորդներ լցնում են իրենց գրքերը, կարծես ընթերցողի համար շատ է հետաքրքիր, թե հեղինակը լավ է սնվել, թե վատ։ Սակայն այդ մասին անհրաժեշտ էր հիշատակել, որպեսզի մարդիկ չկարծեն, թե անհնարին բան է, որ ես կարողանամ երեք տարի քարշ տալ իմ գոյությունը մի այդպիսի երկրում և այդպիսի բնակիչների մեջ։
Երեկոյան դեմ իմ տեր ձին հրամայեց, որ ինձ համար քնելու տեղ պատրաստեն․ այդ տեղը գտնվում էր տնից վեց յարդ հեռավորության վրա և եհուների գոմից միանգամայն առանձին։ Այդ տեղ ես մի քիչ խոտ գտա և հագուստիս մեջ փաթաթվելով՝ խորը քնեցի։ Սակայն մի փոքր հետո տեղս ավելի հարմարեցրի, ինչպես ընթերցողը կիմանա իմ հետագա պատմությունից, երբ ես ավելի մանրամասն կերպով կնկարագրեմ ին ապրելակերպը։
Գլուխ երրորդ
Հեղինակը սովորում է տեղական լեզուն։ Հուիհընհընմը, նրա տերը, պարապմունքների ժամանակ օգնում է նրան։ Լեզվի նկարագրությունը։ Նշանավոր հուիհընհընմներից շատերը հետաքրքրությունից դրդված գալիս են հեղինակին տեսնելու։ Նա իր տիրոջը համառոտ կերպով պատմում է իր ճանապարհորդության մասին։
Իմ գլխավոր զբաղմունքը լեզվի ուսումնասիրությունն էր․ թե՛ իմ տերը (այսուհետև այդպես պիտի անվանեմ գորշ ձիուն), թե՛ նրա զավակները և թե՛ տան ծառաներն ուրախությամբ աջակցում էին ինձ։ Նրանք հրաշք էին համարում, որ մի բիրտ կենդանի կարող է բանական արարածի չափ այդքան ուշադիր լինել։ Ես մատով ցույց էի տալիս մի որևէ իր ու հարցնում նրա անունը, որը այնուհետև, երբ մենակ էի մնում, գրի էի առնում ճանապարհորդական հուշատետրիս մեջ․ վատ արտասանությունս շտկելու համար ես խնդրեցի ընտանիքի անդամներից մեկին, որ դժվար արտասանելի բառերը հաճախ կրկնի։ Այդ պարապմունքներին առանձնապես օգնում էր ինձ տան ծառաներից մեկը՝ կարմիր ձիաջորին։
Նրանք բառերն արտասանում էին քթի մեջ և կոկորդում, նրանց լեզուն իմ իմացած եվրոպական լեզուներից ավելի շատ մոտ էր հոլանդերենին կամ գերմաներենին, միայն նրանցից ավելի գեղեցիկ էր և ավելի արտահայտիչ։ Համարյա նույն դիտողությունն է արել Կարլոս v֊ը, երբ ասել է, թե՝ եթե նա խոսելու լիներ իր ձիու հետ, ապա այդ խոսակցությունը պիտի լիներ գերմաներեն։
Տիրոջս հետաքրքրությունն ու անհամբերությունն այնքան մեծ էր, որ նա իր պարապ ժամերից շատերը նվիրեց իմ դասավանդության։ Նա համոզված էր, (ինչպես հետո ինքը պատմեց ինձ), որ ես եհու եմ, սակայն իմ ընդունակությունը, քաղաքավարությունն ու մաքրասիրությունը զարմանք էին պատճառում նրան, որովհետև այդ հատկություններից եհուները միանգամայն զուրկ էին։ Ամենից շատ նրան շփոթեցնում էր իմ հագուստը, ու նա երբեմն ինքն իրեն հարց էր տալիս, թե միգուցե դա իմ մարմնի մի մասն է, որովհետև ես երբեք հագուստս չէի հանում, մինչև որ ամբողջ ընտանիքը քնած չլիներ, իսկ առավոտները հագնում էի նախքան նրանք զարթնեին։ Իմ տերը ջերմ փափագ ուներ իմանալու, թե որտեղի՞ց եմ գալիս և ինչպե՞ս եմ ձեռք բերել այդ առերևույթ բանականությունը, որ նկատվում է իմ արած բոլոր գործերում․ նա ուզում էր իմ սեփական բերանից լսել իմ արկածների պատմությունը և հույս ուներ, որ դա պիտի լիներ շատ շուտով, շնորհիվ այն առաջադիմության, որ ես արել էի իրենց բառերի և դարձվածքների ուսումնասիրության և արտասանության ասպարեզում։ Հիշողությանս նպաստելու համար իմ սովորած բոլոր խոսքերը դասավորեցի անգլիական այբուբենի կարգով ու թարգմանությունների հետ միասին գրի առա։ Մի փոքր անց այդ բանը ես փորձեցի անել իմ տիրոջ ներկայությամբ։ Մեծ ջանք էր հարկավոր նրան բացատրելու, թե ի՞նչ եմ անում ես, որովհետև այդ երկրի բնակիչները ոչ մի գաղափար չունեն գրքի ու գրականության մասին։
Մոտ տասը շաբաթից հետո ես արդեն կարողանում էի հասկանալ իմ տիրոջ տված հարցերի մեծագույն մասը, իսկ երեք ամսից հետո՝ տանելի կերպով պատասխանել։ Նա չափազանց հետաքրքրվում էր իմանալու, թե աշխարհի ո՞ր մասիցն եմ գալիս և որտեղի՞ց եմ ձեռք բերել բանական արարածներին նմանվելու կարողությունս, որովհետև եհուները (որոնց իմ կարծիքով նման էի իմ գլխով, ձեռքերով ու դեմքով, այսինքն մարմնի այն մասերով, որոնք երևում են) իրենց խորամանկ երևույթով ու չարամիտ հակումներով հանդերձ, բոլոր կենդանիների մեջ ամենից բթամիտներն են համարվում։ Ես պատասխանեցի, որ եկել եմ ծովով մի շատ հեռու տեղից, ինձ պես ուրիշ շատ մարդկանց հետ միասին, մի գոգաձև և փայտաշեն խոշոր նավի վրա, որ իմ ընկերները ինձ ափ իջեցրին այս երկրում, թողնելով ինձ իմ ճակատագրին։ Ասածներս հասկացրի նրան մեծ դժվարությամբ և այն էլ բազմաթիվ նշանների օգնությամբ։ Տերս պատասխանեց, թե երևի ես սխալվում եմ, կամ թե չէ ես ասում եմ մի բան, որ չի եղել (նրանց լեզվով գույություն չունեն ստություն կամ խաբեբայություն արտահայտող բառեր): Նրան թվաց, թե անհնարին բան է, որպեսզի ծովի այն կողմը ցամաք լինի կամ թե կենդանիների մի խմբակ կարողանա ուզածի պես ջրի վրա շարժել մի փայտե նավ։ Նա հավատացած էր, որ հուիհընհընմներից ոչ ոք չէր կարող կառուցել մի այնպիսի նավ և ոչ էլ կարող էր վստահել, որպեսզի եհուները ղեկավարեն նրան։
Հուիհընհընմ խոսքը նրանց լեզվով նշանակում է՝ ձի․ իսկ իր ստուգաբանությամբ՝ բնության կատարելություն։ Տիրոջս ասացի, թե դեռևս դժվարանում եմ արտահայտել իմ մտքերը, բայց հնարավորին չափ պիտի փորձեմ և հույս ունեմ, որ կարճ ժամանակում պիտի կարողանամ պատմելու հրաշալի բաներ։ Նա բարեհաճեց կարգադրել իր ամուսնուն, զավակներին և տան ծառաներին, որ նրանք ոչ մի առիթ բաց չթողնեն, որպեսզի ես սովորեմ լեզուն, իսկ ինքն օրական երկու֊երեք ժամ նվիրում էր իմ պարապմունքներին։ Շուտով ամբողջ շրջակայքում տարածվեց զարմանալի եհուի համբավը, որը հուիհընհընմի պես խոսում էր իր բառերով և որի գործերում կարծես թե բանականության որոշ նշույլներ կան այնպես որ շատ երևելի ձիեր գալիս էին մեր տուն ինձ տեսնելու։ Նրանք հաճույքով խոսում էին ինձ հետ, զանազան հարցեր տալիս և այդ հարցերին ես պատասխանում էի որքան կարողանում էի։ Այդ բարենպաստ պայմաններում ես հսկայական առաջադիմություններ էի անում, այնպես որ իմ գալուց հինգ ամիս անց արդեն ամեն ինչ հասկանում էի և միանգամայն տանելի կերպով արտահայտում իմ մտքերը։
Ինձ տեսնելու և հետս խոսելու ցանկությամբ տիրոջս այցի եկող հուիհընհընմները դժվարությամբ էին հավատում, որ ես իսկական եհու եմ, որովհետև ես իմ մարմնի արտաքին տեսքով միանգամայն տարբերվում էի նրանցից։ Նրանց զարմանք էր պատճառում, որ մարմնիս վրա, բացի գլխից, երեսից և ձեռքերից, սովորական մազ կամ մորթի չէին տեսնում․ սակայն մի դեպքի պատճառով, որ տեղի ունեցավ երկու շաբաթ առաջ, իմ տիրոջ համար այդ գաղտնիքը բացվեց։
Ընթերցողին ես արդեն պատմեցի, որ ամեն գիշեր, քնելուց առաջ, հանում էի շորերս ու նրանով ծածկում ինձ։ Մի օր, վաղ առավոտյան, իմ տերը հետևիցս ուղարկեց կարմիր ձիաջորուն, որ նրա սպասավորն էր․ երբ նա ինձ մոտ եկավ, ես խոր քնի մեջ էի, վրայիս շորերը մի կողմ էին ընկել, իսկ հագիս շապիկը մինչև գոտկատեղիս, վեր քաշվել։ Նրա բարձրացրած աղմուկից ես արթնացա և նկատեցի, որ նա գլուխը կորցրել է․ այդպես նա վերադարձավ իմ տիրոջ մոտ և սարսափահար ու շփոթված պատմեց իր տեսածի մասին։ Ես իսկույն իմացա այդ, որովհետև երբ հագնվելուց հետո գնացի իմ հարգանքները մատուցելու նորին մեծապատվությանը, նա հարցրեց, թե ի՞նչ են նշանակում իր սպասավորի ասածները, որ իբր թե ես քնած ժամանակ այն չեմ, ինչ որ արթուն ժամանակ, որ իմ մարմնի մի քանի մասերը սպիտակ են, մյուսները՝ դեղին կամ համենայն դեպս, ոչ այնքան սպիտակ, իսկ մի քանի մասերն էլ՝ բոլորովին թուխ։
Մինչև օրս ես թաքցնում էի իմ հագուստի գաղտնիքը, որպեսզի եհուների այդ զազրելի ցեղից որքան կարելի է ավելի շատ տարբերվեմ․ սակայն այսուհետև արդեն արժեք չուներ այդ գաղտնապահությունը։ Բացի այդ՝ իմ հագուստն ու ոտնամանները արդեն մաշվել էին ու հեռու չէր այն ժամանակը, երբ նրանք բոլորովին հալից կընկնեին և ստիպված կլինեի փոխարինել նրանց եհուների կամ այլ կենդանիների կաշուց շինած զգեստով․ այդպիսով իմ գաղտնիքը պիտի պարզվեր։ Ուստի ես պատմեցի իմ տիրոջը, թե այն երկրում, որտեղից ես գալիս եմ, մարդիկ ծածկում են իրենց մարմինը զանազան կենդանիների մորթիներից արվեստական կերպով պատրաստած մազեղենով՝ մասամբ պարկեշտությունից դրդված, մասամբ օդից և տաք ու ցուրտ եղանակներից պաշտպանվելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ ես կարող եմ նրա հրամանն ստանալուց հետո անմիջպես փաստեր բերել ասածներս հաստատելու համար, միայն ներողություն եմ խնդրում, որ նրան ցույց չպիտի տամ մարմնիս այն մասերը, որ ինքը՝ բնությունը սովորեցրել է մեզ թաքցնել։ Նա ասաց, որ բավական տարօրինակ են թվում իմ ասածները, մանավանդ վերջին մասը․ նա չէր կարող հասկանալ, թե բնությունն ինչպե՞ս է ներշնչում մեզ թաքցնել այն, ինչ որ ինքն է տվել։ Ո՛չ ինքը և ո՛չ էլ իր ընտանիքի անդամներն իրենց մարմնի ոչ մի մասի համար ամոթ չեն զգում․ համենայն դեպս ես կարող եմ ուզածս անել։ Դրա վրա ես կոճակներս բաց արի, հանեցի բաճկոնս, ապա ժիլետս, կոշիկներս, գուլպաներս ու անդրավարտիքս․ շապիկս իջեցնելով մինչև գոտկատեղիս, փաթաթեցի այն գոտու պես մարմնիս միջին մասին, որպեսզի թաքցնեմ մերկությունս։
Տերս մեծ հետաքրքրությամբ ու զարմանքով դիտում էր իմ բոլոր գործողությունները։ Նա իր ճախանոցով մեկը մյուսի հետևից վերցնում էր իմ հագուստների մասերը և ուշադրությամբ զննում․ ապա նա մեղմորեն շոյեց մարմինս ու մի քանի անգամ չորս կողմից նայեց վրաս։ Հետո նա ասաց, թե պարզ է, որ ես մի իսկական եհու եմ, միայն ցեղակիցներիցս տարբերվում եմ իմ մորթի փափկությամբ, սպիտակությամբ և հարթությամբ, մազերի բացակայությամբ՝ մարմնիս մի քանի մասերի վրա, եղունգներիս ձևով ու երկարությամբ և այն, որ ձևանում եմ, իբր թե շարունակ ման եմ գալիս հետին երկու ոտքերի վրա։ Նա ինձ վրա այլևս նայել չցանկացավ ու թույլ տվեց, որ շորերս կրկին հագնեմ, որի համար ես շատ շնորհակալ եղա, մանավանդ որ ցրտից սկսել էի դողդողալ։
Ես իմ դժգոհությունը հայտնեցի, որ տերս հաճախ ինձ անվանում է եհու, մի զզվելի կենդանու անունով, որին ես բացարձակ կերպով ատում և արհամարում եմ։ Ես խնդրեցի, որ նա հրաժարվի ինձ այդ անունով կոչել և մի այդպիսի հրաման էլ տա իր ընտանիքին և բարեկամներին, որոնք ինձ տեսնելու են գալիս։ Նմանապես խնդրեցի, որ նա գաղտնի պահի, որ ոչ ոք չիմանա իմ մարմնի արհեստական ծածկոցի մասին, մինչև որ ներկա հագուստս վերջնականապես չմաշվի․ իսկ ինչ վերաբերում է նրա սպասավորին՝ կարմիր ձիաջորուն, նորին մեծապատվությունը թող հրամայի նրան, որ այդ գաղտնիքը ոչ ոքի չասի։
Այդ ամենին իմ տերը բարեհաճեց տալ իր համաձայնությունը և այդպիսով գաղտնիքը պահվեց, մինչև որ հագուստս ամենևին մաշվեց և ես ստիպված եղա հնարագիտության դիմել այն որևէ բանով փոխարինելու համար, որի մասին կհիշատակեմ հետագայում։ Միևնույն ժամանակ տերս ցանկացավ, որ ես ամեն ջանք գործ դնեմ ուսումնասիրելու իրենց լեզուն, որովհետև նրան ավելի շատ զարմանք էր պատճառել իմ խոսելու և դատելու ընդունակությունը, քան իմ մարմնի ձևը՝ թե արդյոք ծածկոց ունի՞ թե ոչ․ և ավելացրեց, թե անհամբեր սպասում է լսելու այն հրաշքների մասին, որ ես խոստացա պատմել նրան։
Այդ օրվանից իմ տերն սկսեց կրկնապատիկ եռանդով պարապել ինձ հետ․ նա տանում էր ինձ իր հետ զանազան շրջաններ և միևնույն ժամանակ ամենքին նախազգուշացնում, որպեսզի ինձ հետ քաղաքավարի վարվեն, որովհետև, ինչպես նա էր ասում, այդպիսով իմ տրամադրությունն ավելի լավ է լինում և ինքս էլ ավելի ուշագրավ եմ դառնում։
Բացի ինձ սովորեցնելու համար կրած նեղությունից, տերս ամեն օր, երբ գնում էի նրա մոտ, իմ մասին զանազան հարցումներ էր անում, որոնց ես պատասխանում էի ամենայն պատրաստակամությամբ․ այդպիսով նա կամաց֊կամաց իմ ասելիքի մասին կազմեց մի ընդհանուր գաղափար, թեև, միևնույն ժամանակ, վերին աստիճանի թերի։ Տաղտկալի կլիներ, եթե ես մեկ առ մեկ պատմեի կանոնովոր խոսակցություն վարելու համար իմ արած աստիճանական առաջադիմությունների մասին․ կասեմ միայն, որ առաջին ընդարձակ տեղեկությունը, որ հաղորդեցի նրան իմ մասին, հետևյալն էր։
Ես եկել եմ շատ հեռավոր երկրից, ինչպես արդեն փորձել էի նրան պատմել․ հետս կար ինձ նման հիսուն մարդ․ մենք գալիս էինք ծովով մի մեծ գոգավոր փայտե նավի վրա, որը նորին մեծապատվության տնից ավելի խոշոր էր։ Ես հասկանալի խոսքերով տվի նավի նկարագրությունը և թաշկինակս բաց արած հասկացրի, թե նավն ինչպե՞ս է քամուց շարժվում։ Նավի վրա ծագած գժտություններից հետո ինձ իջեցրին այս ափը, ուր ես առաջ էի գնում, չիմանալով՝ թե ու՞ր, մինչև որ նա ազատեց ինձ այդ գարշելի եհուների հարձակումից։ Նա ինձ հարցրեց, թե ո՞վ է կառուցել այդ նավը և ինչպե՞ս է եղել, որ մեր երկրի հուիհընհնմերը հանդուրժել են, որ նավի ղեկավարներն անասունները լինեն։ Ես պատասխանեցի, թե կշարունակեմ իմ պատմությունը, եթե նա ինձ ազնիվ խոսք տա, որ ասածներս վիրավորանք չպիտի համարի, և այն ժամանակ ես կպատմեմ նրան իմ խոստացած հրաշքների մասին։ Նա համաձայնեց։ Ու ես շարունակեցի, հավատացնելով նրան, որ նավը կառուցել են ինձ նման արարածներ, որոնք իմ բոլոր ճանապարհորդած երկրներում, ինչպես և իմ հայրենիքում միակ տիրող և բանական կենդանիներն են, որ այստեղ գալով, ես նույնքան զարմացա, երբ տեսա հուիհընհընմներին բանական արարածների նման, որքան և նա կամ իր բարեկամները կզարմանային, եթե մտքի նշույլ գտնեին մի այնպիսի կենդանու մեջ, որին նա բարեհաճեց եհու անվանել․ իհարկե, ես ըստ ամենայնի նման եմ եհուներին, սակայն անհասկանալի է ինձ համար նրանց այլասերման և վայրի բարքի պատճառը։ Ես ավելացրի, թե բախտի բերմամբ, եթե ես կրկին վերադառնալու լինեմ իմ հայրենի երկիրը, պիտի պատմեմ իմ այս ճանապարհորդության մասին, ինչպես որ արդեն որոշել եմ, և ամենքը պիտի կարծեն, թե ես ասում եմ մի բան, որ չի եղել և որ ասածներս, սկզբից մինչև վերջ, հնարել եմ իմ գլխից․ և չնայած այն պատկառանքին, որ ես տածում եմ նրա, նրա ընտանիքի և բարեկամների հանդեպ, և վստահ նրա խոստմանը, որ չպիտի վիրավորվի, համարձակություն եմ առնում ասելու, որ իմ հայրենակիցները հազիվ թե հավանական համարեն, որպեսզի հուիհընհընմները մի որևէ երկրում տիրող արարած լինեն, իսկ եհուները՝ անբան անասուններ։
Գլուխ չորրորդ
Հուիհընհընմների ունեցած ըմբռնումը ճշմարտության և ստության մասին։ Հեղինակի խոսակցությունը դուր չի գալիս նրա տիրոջը։ Հեղինակը տալիս է ավելի մանրամասն տեղեկություններ իր ճանապարհորդական արկածների և իր մասին։
Իմ տերը լսում էր ինձ դեմքի շվարած արտահայտությամբ, որովհետև կասկածն ու երկմտությունն այնքան անծանոթ էին այս երկրում, որ նրա բնակիչները չգիտեն, թե ինչպես պիտի վարվեն նման դեպքերում։ Եվ ես հիշում եմ, երբ պատմում էի ուրիշ երկրների մարդկանց բնավորության մասին, և առիթ էի ունենում խոսելու նաև սուտ և կեղծ հասկացողությունների մասին, նա մեծ դժվարությամբ էր ըմբռնում ասածներս, չնայած որ նա ընդհանրապես շատ սուր մտքի տեր էր։ Նա դատում էր այսպես․ խոսելու կարողությունը նրա համար է, որ մենք հասկանանք միմյանց և ստանանք իրականության մասին տեղեկություններ․ բայց երբ մեկն ասում է մի բան, որ չի եղել, այն ժամանակ այդ կարողությունն ի դերև է ելնում, որովհետև նա չի կարող հասկանալ նրան, ով խոսում է իր հետ, և այդ մեկը ոչ միայն չի ստանում իսկական տեղեկություն, այլև ընկնում է ավելի վատթար վիճակի մեջ, որովհետև նրան ստիպում են հավատալ, որ սևը՝ սպիտակ է, իսկ երկարը՝ կարճ։ Այդ էր նրա ունեցած ըմբռնումը ստելու կարողության մասին, մի կարողություն, որ այնքա՜ն քաջ ծանոթ է և այնքան լայն տարածված բոլոր մարդկային հասարակություններում։
Սակայն չշեղվենք պատմությունից։ Երբ ես հավատացնում էի նրան, որ իմ հայրենի երկրում եհուները միակ տիրող կենդանիներն են, մի բան, որ իմ տիրոջ հասկացողությունից վեր էր, նա ցանկացավ իմանալ, թե արդյոք մեր մեջ հուիհընհընմներ չկա՞ն, իսկ եթե կան՝ ի՞նչ է նրանց պաշտոնը։ Ես պատասխանեցի, որ նրանց թիվը մեզանում շատ մեծ է, որ նրանք ամռանը արածում են դաշտում, իսկ ձմեռը նրանց տալով խոտ և գարի, պահում են հատուկ տներում, ուր եհուների ծառաները մաքրում են նրանց կաշին, սանրում բաշը, լվանում ոտքերը, հոգում նրանց կերը և քնելու տեղ պատրաստում։ Հիմա ես ձեզ շատ լավ եմ հասկանում, ― ասաց իմ տերը, ― և ինձ համար միանգամյան պարզ է ձեր ասածներից, որ ինչքան էլ ձեր եհուները հավակնություն ունենան իրենց բանական համարելու, այնուամենայնիվ ձեր տերերը հուիհընհընմներն են և ես անկեղծ կցանկանայի, որ մեր եհուներն էլ այդչափ հնազանդ լինեին։ Այն ժամանակ ես խնդրեցի, որ նորին մեծապատվությունը բարեհաճի թույլ տալ, որպեսզի չշարունակեմ խոսքս, որովհետև հավատացած էի, որ այն մանրամասնությունները, որոնց նա անհամբեր սպասում էր, վերին աստիճանի անհաճո պիտի թվան նրան։ Բայց նա պահանջեց, որ ես նրան հաղորդեմ թե՛ լավը և թե՛ վատը։ Ես խոստովանեցի, որ մեզանում հուիհընհընմները, որոնք կոչվում են ձիեր, ամենագեղեցիկ և ամենաազնիվ կենդանիներն են․ որ նրանք աչքի են ընկնում իրենց ուժով և արագաշարժությամբ, իսկ երբ նրանք պատկանում են երևելի մարդկանց, այն ժամանակ նրանց օգտագործում են ճանապարհորդությունների ժամանակ, ձիարշավներում, կամ զբոսակառք քաշելու համար ու նրանց հետ վարվում են մեղմ և մեծ խնամքով՝ քանի դեռ նրանց առողջությունը տեղն է և ոտքերը՝ ամուր․ հակառակ դեպքում նրանց ծախում են, չարքաշ աշխատանքի դնում, մինչև որ սատկում են․ մահից հետո նրանց կաշին քերթում են, ծախում չնչին գնով, իսկ դիակը նետում շներին ու գիշատիչ թռչուններին։ Սակայն հասարակ ցեղի պատկանող ձիերն այդքան բախտավոր չեն․ նրանք պատկանում են գյուղացիներին ու սայլապաններին և ուրիշ ստոր աստիճանի մարդկանց, որոնք նրանց չարաչար աշխատեցնում են և ավելի վատ կերակրում։ Ես մանրամասն նկարագրեցի, թե ինչպե՞ս ենք մենք ձի հեծնում, ինչպե՞ս է սանձի ձևն ու գործածելու եղանակը, ի՞նչ է մտրակը, թամբը, խթանը, ձիու սարքն ու կարգը, անիվը։ Ավելացրի, որ մենք ձիերի ոտների ստորին մասին ամրացնում ենք մի տեսակ կարծր նյութի կտոր, որ կոչվում է պայտ՝ որպեսզի նրանց սմբակները քարքարոտ ճանապարհներին փշուր֊փշուր չլինեն, քանի որ նրանք շարունակ աշխատում են այդպիսի ճանապարհների վրա։
Արտահայտելով իր բուռն ցասումը՝ իմ տերը զարմացավ, թե ինչպե՞ս ենք մենք համարձակվում նստել հուիհընհընմի մեջքին, քանի որ նա հավատացած էր, որ իր տան ամենաանզոր ծառան անգամ կարող է ցած գլորել ամենաուժեղ եհուին, կամ թե չէ, պառկելով գետնին ու մեջքի վրա թավալվելով՝ ջարդուփշուր անել այդ անասունին։ Ես պատասխանեցի, որ մեր ձիերին երեք֊չորս տարեկանից սկսած վարժեցնում են զանազան նպատակների համար, որ խելառներին լծում են բեռնատար կառքերի, որ երիտասարդ ժամանակ նրանց ամեն մի չարաճճի զանցառության համար սաստիկ ծեծում են․ որ հեծնելու կամ լծելու հատկացրած արու ձիերին մինչև երկու տարեկան դառնալը սովորաբար կրտում են, որպեսզի նրանց գլխի քամիները հանեն և դարձնեն նրանց ավելի ձեռնասուն և հլու․ որ նրանք չափազանց դյուրազգաց են պարգևների և պատիժների նկատմամբ․ սակայն նորին մեծապատվությունը թող բարեհաճի նկատի առնել, որ նրանք այս երկրի եհուների պես ցույց չեն տալիս բանիմացության նշույլ անգամ։
Անհրաժեշտ էր, որ ես բազմաթիվ այլաբանությունների դիմեի, որպեսզի իմ տերը ճիշտ գաղափար կազմեր ասածներիս մասին․ դժբախտաբար նրանց լեզուն հարուստ չէ բազմապիսի բառերով, որովհետև նրանց պահանջներն ու կրքերն ավելի սակավաթիվ են, քան մերը։ Սակայն անկարելի էր նկարագրել նրա ազնիվ զայրույթը, երբ լսեց մեր բարբարոս վերաբերմունքի մասին դեպի հուիհընհընմների ցեղը և մանավանդ մեր սովորության մասին՝ կրտելու նրանց, որպեսզի նրանք ավելի հլու դառնան և զրկվեն սերունդ արտադրելու կարողությունից։ Նա ասաց՝ եթե հնարավոր է, որ մի երկիր լինի, որտեղ բանականությամբ օժտված են միայն եհուները, ապա անշուշտ նրանք պիտի լինեն այդ երկրի տիրող կենդանիները, որովհետև բանականությունը միշտ վեր է բռնի ուժից։ Սակայն ի նկատի ունենալով մեր ցեղի և մանավանղ իմ մարմնի կազմությունը, նա գտնում է, որ իմ մեծության ոչ մի արարած, բանականությունը կյանքի առօրյա պահանջներին հարմարեցնելու տեսակետից, այդ աստիճանի անշնորհք չէ, ուստի նա ցանկություն ունի իմանալու, թե այդ արարածները, որոնց մեջ ես ապրում եմ, ու՞մն են ավելի նման՝ ի՞նձ, թե այդ երկրի եհուներին։ Ես հավատացրի նրան, որ ես նույնքան լավ կազմվածք ունեմ, որչափ իմ տարիքն ունեցողներից շատ֊շատերը․ որ պատանիներն ու կանայք ավելի նուրբ և քնքուշ են, իսկ վերջինների մարմինը կաթի նման սպիտակ է։ Նա ասաց, որ ես տարբերվում եմ մյուս եհուներից նրանով, որ ավելի մաքրասեր եմ և նրանց չափ այլանդակ չեմ, իսկ ինչ վերաբերում է իրական առավելություններին՝ ես նրանցից ամենևին չեմ տարբերվում։ Որ իմ ո՛չ առաջին և ո՛չ էլ հետին ոտքերի եղունգները բանի պետք չեն, իսկ ինչ վերաբերում է առաջին ոտքերին, նրանք մինչև անգամ այդ անունին արժանի չեն, որովհետև նա երբեք չի տեսել , որ ես ման գալու ժամանակ դրանք գործածեմ, որ նրանք շատ նուրբ են գետնին դիմանալու․ որ դրանց ես միշտ բաց եմ պահում, իսկ եթե երբեմն ծածկում եմ, ապա այդ ծածկոցները չունեն իմ հետին ոտքերի ծածկոցների ձևն ու ամրությունը։ Որ ես չեմ կարող վստահ կերպով քայլել, որովհետև, եթե իմ հետին ոտքերից մեկն ու մեկը սայթաքի՝ իմ անկումը կլինի անխուսափելի։ Ապա նա սկսեց պակասություններ գտնել իմ մարմնի մյուս մասերի վրա ևս՝ դեմքս տափակ է, քիթս դուրս ցցված, աչքերս զետեղված են ուղղակի ճակատիս վրա, այնպես որ առանց գլուխ դարձնելու, չեմ կարող աջ ու ձախ նայել․ որ ես չեմ կարող ինձ կերակրել, մինչև որ առջևի ոտքերիցս մեկը չտանեմ բերանս․ ու թերևս այդ նպատակն ունեն բնության կողմից ինձ տրված այդչափ հոդերը։ Նա չգիտեր, թե ինչի՞ են պետք, իմ հետին ոտքերի վրա գտնվող ճեղքերն ու բաժանումները․ նրա կարծիքով այդ ոտքերը շատ նուրբ են ու չեն կարող դիմանալ սուր և կոշտ քարերին, եթե ծածկված չլինեն ուրիշ կենդանու մորթուց շինած պատյանով, իսկ իմ ամբողջ մարմինը պաշտպանության կարիք ունի և՝ ցրտի, և՛ տաքի դեմ և ես դատապարտված եմ ամեն օր հագնվել ու հանվել, մի բան, որ շատ ձանձրալի է և դժվար։ Վեջապես, ըստ նրա դիտողության, այդ երկրում ամեն մի կենդանի բնական գարշանք ունի եհուների հանդեպ, տկարները նրանցից խուսափում են, իսկ զորեղները՝ վռնդում են նրանց։ Եթե անգամ ենթադրենք, որ մենք օժտված ենք բանականությամբ, ապա նա չգիտե, թե ինչպե՞ս կարելի է հաղթահարել այն բնական հակակրանքը, որով լցված են բոլոր արարածները դեպի մեզ։ Համենայն դեպս նա չուզեց (ինչպես նա ասաց) այլևս խոսել այդ մասին, որովհետև ավելի շատ նրա ցանկությունն էր լսել իմ մասին, թե որտեղ եմ ծնվել, և ի՞նչ էի անում, նախքան այստեղ գալը։
Ես պատասխանեցի, թե նրան ըստ ամենայնի բավարարելու ցանկությունս անսահման է․ միայն սաստիկ կասկածում եմ, որ հնարավոր լինի բացատրել այն բոլոր առարկաները, որոնց մասին նորին մեծապատվությունը ոչ մի գաղափար չունի, որովհետև այդ երկրում չկա մի այնպիսի իր, որի հետ կարելի լիներ բաղդատել։ Համենայն դեպս ձեռքիցս եկածը կանեմ ու կաշխատեմ արտահայտվել համեմատությունների միջոցով, միևնույն ժամանակ խոնարհաբար խնդրեցի, որ այն դեպքում, երբ անհրաժեշտ բառերի պակաս զգամ՝ աջակցի ինձ․ նորին մեծապատվությունը խոստացավ կատարել իմ խնդիրը։
Ես ասացի, որ ծնվել եմ պատվավոր ծնողներից, մի հեռավոր կղզու վրա, որ կոչվում է Անգլիա, որին հասնելու համար այնքան օրվա ճանապարհ է պետք, որքան որ նրա ուժեղ ծառաներից մեկը հազիվ կարողանա հասնել արևի մի տարվա շրջադարձի ընթացքում։ Որ ես մի ուսյալ վիրաբույժ եմ և բժկում եմ մարմնի վրա դժբախտ պատահարներից կամ հարձակումներից ստացած վերքերն ու վնասված տեղերը։ Որ իմ հայրենիքը կառավարում է մի էգ, որին մենք անվանում ենք թագուհի։ Որ ես հեռացել եմ իմ հայրենիքից հարստություն ձեռք բերելու նպատակով, որով ես պիտի հոգամ իմ և իմ ընտանիքի ապրուստը, հենց որ վերադառնամ տուն։ Որ իմ վերջին ճանապարհորդության ժամանակ նավի կապիտանն էի, և իմ ղեկավարության տակ հիսուն եհու կար, որոնցից շատերը ճանապարհին մեռան, և ես ստիպված էի նրանց փոխարինել զանազան ազգությունների պատկանող այլ եհուներով։ Որ մեր նավը երկու անգամ ընկղմվելու վտանգի էր ենթարկվել․ առաջին անգամ՝ սաստիկ փոթորկի ժամանակ, իսկ երկրորդ անգամ՝ մի ժայռի կպչելուց հետո։ Այստեղ իմ տերն ընդհատեց ինձ՝ հարցնելով, թե այդքան կորուստներից և վերահաս վտանգներից հետո ես ինչպե՞ս կարողացա համոզել տարբեր երկրների օտարականներին, որ մասնակցեն իմ վտանգավոր ձեռնարկին։ Ես ասացի, թե նրանք բախտից հուսահատված մարդիկ են, որոնք ստիպված են փախչել իրենց ծննդավայրից կամ թշվառությունից դրդված և կամ ոճրագործություն անելուց հետո։ Ոմանք սնանկացել են դատավարությունների ժամանակ, ոմանք իրենց ունեցածը վատնել են հարբեցողությամբ, բախտախաղով ու անառակ կյանքի հետևանքով, ոմանք փախչում են մատնություն անելուց հետո, շատերին էլ փախուստի է մատնում մարդասպանությունը, գողությունը, ուրիշին թունավորելը, ավազակությունը, երդմնազանցությունը, կեղծիքը, դրամանենգությունը, բռնաբարությունը, զորքից փախչելը և թշնամու կողմն անցնելը, իսկ մեծագույն մասը՝ բանտից փախչողներ են։ Կախվելու կամ բանտում սովամահ լինելու վտանգը նրանցից ոչ մեկին թույլ չէր տալիս՝ վերադառնալ իր հայրենի երկիրը․ այդ էր պատճառը, որ նրանք ստիպված էին իրենց կյանքի ապրուստը հոգալ ուրիշ վայրերում։
Այս խոսակցության ժամանակ իմ տերը բարեհաճեց մի քանի անգամ ընդհատել ինձ։ Ես ստիպված էի շարունակ դիմել այլաբանությունների, որպեսզի նրան բացատրեմ բազմաթիվ ոճիրների էությունը, որոնց շնորհիվ իմ նավաստիներից շատերը հարկադրված փախել էին իրենց հայրենիքից։ Մի քանի օր տևող աշխատանքից հետո միայն նա կարողացավ հասկանալ ինձ։ Նրա համար առեղծված էր, թե ի՞նչն է դրդում կամ հարկադրում, որ այդ մարդիկ այդպիսի ոճիրներ գործեն։ Այդ ամենը պարզելու համար ես փորձեցի նրան որոշ գաղափար տալ անհագ ծարավի, հարստության տենչանքի, հեշտասիրության սոսկալի հետևանքների և շվայտության, չարակամության ու նախանձի մասին։ Այդ ամենն ստիպված էի որոշել և նկարագրել օրինակների և համեմատությունների օգնությամբ։ Դրանից հետո նա զարմացած ու ցասումով լի աչքերը վեր բարձրացրեց, ինչպես մի մարդ, որի երևակայության վրա ազդել է մի չտեսնված կամ չլսված բան։ Հուիհընհընմների լեզվով գոյություն չունեն համապատասխան տերմիններ իշխանության, պետության, պատերազմի, օրենքի, պատժի և ուրիշ շատ հասկացողությունների համար, մի բան, որ վերին աստիճանի դժվարացնում էր, որպեսզի ես իմ տիրոջը գաղափար կազմել տամ այն ամենի մասին, ինչի մասին ես խոսում էի։ Սակայն լինելով ի բնե խոշոր խելքի տեր և այդ խելքը կատարելագործած լինելով զանազան խորհրդակցությունների և խոսակցությունների ժամանակ, վերջի վերջո նա լիովին ըմբռնեց այն ամենը, ինչ կարող է անել մարդկային բնությունն աշխարհի մեզ պատկանող մասում, և ցանկություն հայտնեց, որ ես ավելի մանրամասն նկարագրեմ աշխարհի այն մասը, որը մենք անվանում ենք Եվրոպա, և մանավանդ իմ սեփական հայրենիքը։
Գլուխ հինգերորդ
Հեղինակը, իր տիրոջ հրամանով, տեղեկություններ է տալիս Անգլիայի կայսրության մասին։ Եվրոպայի թագավորների միմյանց դեմ վարած պատերազմների պատճառը։ Հեղինակն սկսում է մեկնաբանել անգլիական սահմանադրությունը։
Ընթերցողը, թող բարեհաճի նկատի առնել, որ իմ տիրոջ հետ ունեցած զրույցների ներքոհիշյալ այս քաղվածքը պարունակում է իր մեջ համագումարն այն էական նյութերի, որոնց մասին հաճախ խոսել եմ նրա հետ մոտ երկու տարվա ընթացքում․ հուիհընհընմների լեզվում իմ արած առաջադիմության հետ զուգընթաց, նորին մեծապատվությունը պահանջում էր ինձնից ավելի շատ մանրամասնություններ։ Ես կարողացածիս չափ նկարագրեցի նրան Եվրոպայի ընդհանուր կացությունը․ պատմեցի առևտրի և արդյունաբերության, գիտության և արվեստների մասին, իսկ զանազան նյութերի շուրջը նրա հարցերին իմ տված պատասխաններն անսպառ խոսակցությունների նոր աղբյուր էին դառնում։ Բայց ես այստեղ պիտի բերեմ իմ հայրենի երկրի վերաբերյալ մեր մեջ տեղի ունեցած խոսակցության հիմնական մասը, վերածելով այն որոշ կարգ ու կանոնի, և ուշադրություն չդարձնելով ժամանակագրական հետևողականության և այլ կողմնակի հանգամանքների վրա, որովհետև ինձ մտահոգություն պատճառողը ճշմարտությունն է։ Ինձ համար միակ կարևորն այն է, որ ես կարողանամ ճշգրիտ տալ իմ տիրոջ առարկություններն ու արտահայտությունները, որոնք կարող են տուժել թե՛ իմ անկարողության և թե՛ մեր բարբարոս լեզվով թարգմանելու շնորհիվ։
Հնազանդվելով նորին մեծապատվության հրամանին, ես պատմեցի նրան Օրանի պրինցի առաջնորդությամբ տեղի ունեցած մեր վերջին ռևոլյուցիայի մասին․ նաև վերոհիշյալ պրինցի կողմից Ֆրանսիայի դեմ սկսած բազմամյա պատերազմի մասին, որ նորից սկսեց նրա հաջորդը՝ թագուհի Աննան, մի պատերազմ, որին մասնակցեցին բոլոր քրիստոնյա պետությունները և որը մինչև օրս էլ շարունակվում է։ Իմ տիրոջ խնդրի համաձայն ես հաշվեցի, որ այդ պատերազմի ժամանակ սպանվել է մոտ մի միլիոն եհու և թերևս հարյուրավոր քաղաքներ են գրավված եղել և երեք անգամ ավելի նավեր են այրվել, կամ ծովի տակ ընկղմվել։
Նա հարցրեց, թե սովորաբար ի՞նչն է դրդապատճառը, որ մի երկիր պատերազմ է մղում մյուսի դեմ։ Ես պատասխանեցի, որ այդ պատճառներն անթիվ ու անհամար են, բայց ես կհիշեմ գլխավորներից մի քանիսը։ Երբեմն թագավորների փառասիրությունը, որոնք միշտ կարծում են, որ իրենց իշխանության տակ եղած հողն ու ժողովուրդը քիչ է, երբեմն՝ ապիկարությունը մինիստրների, որոնք իրենց թագավորին դեպի կռիվ են մղում, որպեսզի խեղդեն կամ խոտորեն հպատակների դժգոհությունն իրենց կառավարության հանդեպ։ Կարծիքների տարբերությանը զոհ է գնացել միլիոնավոր մարդկանց կյանք, օրինակ՝ մարմինը հա՞ց է, թե՞ հացն է մարմին, պտուղներից մի քանիսի հյութը արյու՞ն է , թե՞ գինի․ սուլելը մոլությու՞ն է, թե՞ առաքինություն, ավելի լավ է փայտի կտորը համբուրե՞ս, թե՞ նետես կրակի մեջ, հագուստն ի՞նչ գույնի պիտի լինի՝ սև՞, սպիտա՞կ, թե՞ գորշ, և ինչպե՞ս պիտի լինի նա՝ կա՞րճ՝ թե՞ երկար, նե՞ղ, թե՞ լայն, կեղտո՞տ, թե՞ մաքուր և այլն։ Ես ավելացրի, որ ոչ մի կռիվ այնքան կատաղի և արյունահեղ կամ երկարատև չէ, քան այն կռիվները, որոնց պատճառը կարծիքների տարբերությունն է, մանավանդ, երբ այդ տարբերությունը վերաբերում է ոչ էական խնդիրներին։ Երբեմն երկու թագավոր կռվում են միմյանց հետ, թե նրանցից ո՞ր մեկը պիտի գահընկեց անի երրորդ թագավորին, թեև նրանցից ոչ մեկն էլ չունի այդ իրվունքը։ Երբեմն մի թագավոր կռվում է մյուսի հետ՝ վախենալով, թե միգուցե վերջինս պատերազմի իր դեմ։ Երբեմն պատերազմն սկսվում է, որովհետև թշնամին շատ է ուժեղ, երբեմն էլ, որովհետև թշնամին շատ է թույլ։ Երբեմն, որովհետև մեր հարեևանները չունեն այն, ինչ մե՛նք ունենք, կամ ունեն այն, ինչ մենք չունենք․ ու մենք կռվում ենք իրար հետ, մինչև որ նրանք վերցնեն մեր ունեցածը, կամ թե չէ տան իրենց ունեցածը։ Պատերազմի համար շատ արդարացի պատճառ է համարվում, երբ հարձակվում ես մի երկրի վրա, որի ժողովուրդը սովահար է եղել, կամ ժանտախտի է մատնվել և կամ ներքին խռովություններից հետո՝ տկարացել։ Մեր մտերիմ դաշնակցի դեմ սկսած պատերազմն արդարացի է համարվում նաև այն դեպքում, երբ նրա քաղաքներից մեկի դիրքը հարմար է մեզ համար, և նրա հողերի մի որևէ կտորը կարելի է կցել մեր տերության հողերին իբրև լրացում։ Երբ մի որևէ թագավոր իր զորքերն ուղարկում է մի երկիր, որի ժողովուրդը թշվառ է ու տգետ, նրան քաղաքակիրթ դարձնելու և բարբարոս վիճակից ազատելու նպատակով, նա կարող է այդ ժողովրդի մի մասը միանգամայն հանուն օրենքի կոտորել, իսկ մյուս մասը՝ ստրուկ դարձնել։ Լայն տարածված է նաև հետևյալ ազնիվ և արքայական գործողությունների ձևը․ մի թագավոր շատ սիրալիր և պատվավոր կերպով ցանկանում է օգնել մի ուրիշ թագավորի ՝ պաշտպանելու համար նրան մի որևէ հարձակումից և հարձակվող կողմը վռնդելուց հետո նա գրավում է իր պաշտպանած թագավորի հողերը, թագավորին սպանում, բանտարկում կամ աքսորում։ Արյունակցական կամ ամուսնական հողի վրա կնքված դաշինքը երկու թագավորների միջև հաճախ առիթ է դառնում պատերազմների․ և որքան մոտ է նրանց խնամությունը, այնքան խոշոր է միմյանց դեմ կռվելու միտումը։ Չքավոր ազգերն ագահ են լինում, իսկ ունևոր ազգերը՝ ամբարտավան, իսկ ամբարտավանությունն ու քաղցը երբեք իրար հետ հաշտ չեն լինում։ Ուստի, այդ իսկ պատճառներով զինվորի պաշտոնը ամենապատվավոր պաշտոնն է, որովհետև ամեն մի զինվոր եհու է, որին վարձում են սառնասիրտ կերպով սպանելու իր նման շատերին, որոնք երբեք նրան ոչ մի վնաս չեն պատճառել։
Եվրոպայում գոյություն ունեն մի տեսակ մուրացիկ թագավորներ, որոնք անկարող լինելով պատերազմ մղելու ինքնուրույն, իրենց զորքը, մարդագլուխ, վարձով են տալիս հարուստ պետություններին և իրենք վերցնում են այդ վարձի երեք քառորդ մասը, որ խոշոր տեղ է բռնում նրանց եկամուտների մեջ․ այդպես է ընդունված, գոնե Գերմանիայում և Եվրոպայի հյուսիսային երկրներում։
Պատերազմի մասին ձեր պատմածը (ասաց իմ տերը) լավագույն արդյունքն է այն բանականության, որը հավակնում եք ձեր սեփականությունը համարելու, սակայն, բարեբախտաբար, այդ ձեր ասածների մեջ ավելի շատ խայտառակություն կա, քան վտանգ․ իսկ բնությունն էլ, իր հերթին այնպես է արել, որ դուք չեք կարող մեծ վնասներ հասցնել։
Ձեր բերանը գտնվում է ձեր դեմքին, մի հարթության վրա, և դուք դժվար թե կարողանաք միմյանց կծել, առանց փոխադարձ համաձայնության։ Ապա ինչ վերաբերում է ձեր առաջի և հետևի ոտքերի եղունգներին՝ նրանք այնքան կարճ են և նուրբ, որ մեր եհուներից մեկը կարող է ետ մղել ձեզ պես տասներկուսին։ Ուստի ինչ վերաբերում է մարդկանց այն թվին, որ դուք սպանել եք պատերազմի ժամանակ, ինձ թվում է, որ ասացիք այն, ինչ չկա։
Ես չկարողացա ինձ զսպել և գլուխս շարժելով ժպտացի նրա անգիտության վրա։ Ու անծանոթ չլինելով պատերազմական արհեստին, ես նկարագրեցի, թե ինչ է թնդանոթը, կուլվերինը, մուշկեթը, կարաբինը, ատրճանակը, գնդակը, վառոդը, թուրը, սվինը, պաշարումը, նահանջը, գրոհը, ականն ու հակաականը, ռմբակոծումը, ծովերի խորտակումը, հազարավոր մարդկանցով լիքը նավերի խորտակումը, երկուստեք տասնյակ հազար մարդկանց կոտորածը, մահամերձների հառաչանքը, օդի մեջ թռչող մարդկային մարմնի մասերը, ծուխը, աղաղակը, խուճապը, մահը՝ ձիերի ոտքերի տակ, փախուստը, հետապնդումը, հաղթանակը․ շներին, գայլերին և գիշատիչ թռչուններին բաժին դարձած դիակներով ծածկված դաշտերը, ավազակությունը, կողոպուտը, բռնաբարությունը, հրդեհն ու ավերումը։ Եվ իմ սիրելի հայրենակիցների քաջագործությամբ պարծենալու նպատակով, ես նրան հավատացրի, որ պաշարման ժամանակ մի անգամ տեսել եմ, թե ինչպես հարյուրավոր թշնամիներ հօդս ցնդեցին, և մի այդքան էլ ծովային կռվի ժամանակ, երբ մարդկային դիակները թափվում էին կարծես երկնքի ամպերից և մեծ բավականություն պատճառում ականատեսներին։
Ես ուզում էի կանգ առնել մանրամասնությունների վրա, երբ իմ տերը հրամայեց, որ լռեմ։ Նա ասաց, թե ով ծանոթ է եհուների բնավորությանը, հեշտությամբ կարող է հավատալ, որ այդ գարշելի անասունները լիովին ընդունակ են իմ հիշած բոլոր արարքներին, եթե միայն նրանք իրենց ուժի և խորամանկության համեմատ չարամտություն ունենան։ Դեպի այդ ցեղը նրա ունեցած գարշանքը իմ ասածներից հետո ավելի ևս սաստկացավ և մտքում անհանգստություն սերմանեց, մի բան, որ մինչ օրս անծանոթ էր նրան։ Նա վախենում էր, որ իր ականջները կվարժվեն այդ զզվելի խոսքերին և որոշ չափով կնվազի եհուների հանդեպ իր ունեցած գարշանքը։ Թեև նա ատում էր այդ երկրի եհուներին․ սակայն ավելի չէր մեղադրում նրանց՝ իրենց զզվելի հատկությունների համար, քան մի զննայհ֊ի (գիշատիչ թռչունի), որովհետև նա դաժան է, կամ մի սրածայր քարի, որովհետև նա վնասել է իր սմբակը։ Իսկ երբ մի արարած հավակնություն ունի իրեն բանական համարելու և ընդունակ է նման վայրագությունների, անտարակույս այդ այլասերված բանական կարողությունը կարող է ավելի վատթար լինել, քան ինքը՝ գազանային դաժանությունը։ Ուստի նա կարծում է, որ բանականության փոխարեն մենք օժտված ենք մի տեսակ հատկությամբ, որի միջոցով մենք բազմացնում ենք մեր բնական պակասությունները․ ինչպես ջրի անհանգիստ հոսանքի արտացոլումը, որ տալով մի որևե տգեղ մարմնի պատկերը, ոչ միայն խոշորացնում է նրան, այլև ավելի անճոռնի դարձնում։
Նա ավելացրեց, որ բավականաչափ լսեց պատերազմի մասին թե՛ այս և թե՛ նախկին խոսակցությունների ժամանակ։ Այժմ նրան մի փոքր շփոթություն է պատճառում մի այլ խնդիր։ Ես նրան հաղորդել էի, որ մեր նավաստիներից ոմանք թողել էին իրենց հայրենիքը, որովհետև օրենքը սնանկացրել է նրանց․ թեև ես արդեն բացատրել էի այդ բառի իմաստը, սակայն նա տարակուսանքի մեջ էր, թե ինչպես կարող է պատահել, որ ամենքի պաշտպանության համար սահմանված օրենքը որևէ մեկին ավերի։ Ուստի նա ցանկացավ հանգամանորեն իմանալ, թե ի՞նչ է իմ կարծիքն օրենքի և նրա գործադրողների մասին, համաձայն այն ամենի, ինչ այժմ, իրականում, գոյություն ունի իմ հայրենիքում, որովհետև, նրա կարծիքով, բնությունն ու իմացականությունը լավագույն առաջնորդներն են բանական արարածների համար, ինչպիսին մենք հավակնություն ունենք մեզ համարելու, և որոշակի կեպով ցույց են տալիս, թե ի՛նչ պետք է մենք անենք և ինչի՛ց խուսափենք։
Ես հավատացրի նորին մեծապատվությանը, որ օրենքը մի գիտություն է, որին ես այնքան տեղյակ չեմ, և իմ ծանոթությունը սահմանակվում է նրանով, որ կարիքի դեպքում դիմում եմ փաստաբաններին, երբ ես տուժում եմ մի որևէ անարդարությունից․ այնուամենայնիվ, կարողացածիս չափ ես կաշխատեմ բավարարություն տալ նրա հետաքրքրասիրությանը։
Ես ասացի, որ մեզանում գոյություն ունի մարդկանց մի ընկերակցություն, որը պատանեկությունից սովորում է մի արհեստ՝ շատախոսությամբ ապացուցելու, որ սպիտակը՝ սև է, իսկ սևը՝ սպիտակ, նայած, թե որքա՞ն են նրանց վճարում։ Այդ ընկերակցությունը ողջ ժողովրդին պահում է ստրկության մեջ։ Օրինակ, եթե իմ հարևանը հավանում է իմ կովը, իսկույն մի օրենսգետ է վարձում՝ ապացաուցելու, որ նա ունի իրավունք խլելու իմ կովը։ Իրավունքս պաշտպանելու համար ստիպված ես մի ուրիշ օրենսգետ եմ վարձում, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ մեկն իրեն անձամբ պաշտպանի։ Այդ դեպքում, իբրև իրավատեր իմ կացությունը կրկնակի աննպաստ է։ Նախ իմ օրենսգետը, որ գրեթե օրորից վարժված է պաշտպանելու սուտը, իր տարերքի մեջ չի գտնվում, երբ պիտի պաշտպանի արդարությունը։ Գտնելով, որ իր կացությունն անբնական է, նա գործում է անշնորհք կերպով և հաճախ նույնիսկ չարամտորեն։ Ապա իմ օրենսգետը մեծ զգուշություն պետք է բանեցնի, եթե ոչ՝ պիտի արժանանա դատավորների հանդիմանությանը և իր ընկերակիցների դժկամությանը, որովհետև նա այդպիսով նվաստացնում է իրենց պրոֆեսիոնալ արժանապատվությունը։ Ուստի կովը պաշտպանելու համար մնում է երկու ելք։ Կա՛մ պետք է կրկնակի վարձով կաշառեմ հակառակորդի օրենսգետին, որը դավաճանելով իր պաշտպանյալին՝ ակնարկով հասկացնել է տալիս դատարանին, որ արդարությունը նրա կողմն է, կամ իմ օրենագետը պիտի աշխատի իմ գործը ձևացնել իբրև մի անարդարացի գործ, ընդունելով, որ իմ կովը պատկանում է հակառակորդին, և եթե նա այդ անի հմուտ կերպով, անկասկած պիտի շահեմ դատարանի հավանությունը։
Ուրեմն ձերդ մեծապատվությունը պիտի իմանա, որ այդ դատավորերն այնպիսի մարդիկ են, որոնք նշանակված են որոշելու սեփականատիրական վեճերն ու քրեական գործերը և ընտրված են ամենահմուտ օրենսգետներից, որոնք արդեն թե՛ ծեր են և թե՛ ծույլ։ Իրենց կյանքում մշտապես հանդես գալով ճշմարտության և արդարության դեմ, նրանք ճակատագրական անհրաժեշտությամբ հովանավորում են կեղծիքը, սուտ երդումն ու հարստահարությունը․ և ես գիտեմ, որ նրանցից շատերը հրաժարվել են ընդունելու խոշոր կաշառքներ այն կողմից, ուր արդարությունն է, որպեսզի չխախտեն իրենց արտոնությունը մի այնպիսի գործով, որ անվայել է թե՛ իրենց բնությանը և թե՛ պաշտոնին։
Այդ օրենսգետները կարգ են սահմանել, որ մի անգամ հանած վճիռը կարելի է գործադրել համանման դեպքում։ Ուստի նրանք ամենայն ջանքով պահպանում են նախկին որոշումները, որոնք դեմ են թե՛ սովորական արդարությանը և թե՛ մարդկային առողջ դատողությանը։ Այդ որոշումները, որոնք հայտնի են նախընթաց անունով, նրանք օգտագործում են իբրև հեղինակություն՝ ամենաանարդարացի կարծիքները պաշտպանելու համար․ և դատավորները նրանցով ղեկավարվելու առիթը բաց չեն թողնում։
Դատավարության ժամանակ նրանք ամենայն խնամքով անտեսում են գործի էական մասը, իսկ բուռն եռանդով և խռպոտության աստիճանի գոռում այնպիսի հանգամանքների մասին, որոնք ոչ մի արժեք չունեն։ Օրինակ՝ մի փոքր առաջ հիշածս գործի ժամանակ, նրանք երբեք չեն ցանկանում իմանալ, թե ի՞նչ իրավունք ունի հակառակորդը իմ կովի նկատմամբ և ի՞նչ ապացույցներ, այլ միայն սկսում են խոսել, թե կովը կարմի՞ր գույն ունի, թե՞ սև, նրա եղջույրները երկա՞ր են, թե՞ կարճ, և այն դաշտը, ուր ես արածացնում եմ նրան, շրջանաձև՞ է, թե՞ քառակուսի, տա՞նն եմ կթում, թե՞ դուրսը, ի՞նչ հիվանդությունների է նա ենթակա և այլն, և այլն․ այդ ամենից հետո նրանք տեղեկություն են պահանջում նախընթաց որոշումների մասին, գործը հետաձգում մի ժամկետից մյուսը, և տասը, քսան կամ երեսուն տարուց հետո մի որևէ որոշման հանգում։
Բացի այդ պետք է նկատել, որ դատավորական այդ ընկերակցությունն ունի իր սեփական առանձնակի լեզուն և ժարգոնը, որ ուրիշ ոչ մի մահկանացու չի կարող հասկանալ և որով գրված են նրանց բոլոր օրենքները․ այդ օրենքները նրանք մի մասնավոր ջանքով բազմացնում են, և այդպիսով վեջնականապես խեղաթյուրում ճշմարտության և ստության, արդարության և անարդարության իսկական էությունը․ այնպես որ երեսուն տարի է հարկավոր՝ որոշելու համար, թե դաշտը, որ մնացել է ինձ իմ նախնիներից, սրանից վեց սերունդ առաջ, ի՞նձ է պատկանում, թե՞ մի օտարականի, որ ապրում է երեք հարյուր մղոն հեռավորության վրա։
Պետության դեմ հանցանք գործած մարդկանց դատավարությունն ավելի կարճատև է և գովելի․ նախ և առաջ դատավորն իմանում է այն մարդկանց տրամադրությունը, որոնք իշխանություն ունեն, ապա նա հեշտությամբ մեղադրյալին կամ կախում է, կամ ազատ արձակում, անշեղ կերպով պահպանելով օրենքի բոլոր պատշաճ ձևականությունները։
Այստեղ իմ տերն ինձ ընդհատեց, ափսոսանք հայտնելով, որ այդ օրենսգետների պես արարածները, որոնք օժտված են զարմանալի ընդունակություններով, ինչպես ես նկարագրեցի նրանց, չեն խրախուսվում, որպեսզի նրանք ուրիշներին ավելի շատ խելք ու իմաստություն սովորեցնեն։ Պատասխանելով դրան, ես հավատացրի նորին մեծապատվությանը, որ իրենց պաշտոնից դուրս նրանք մեզանում ըստ ամենայնի ամենատգետ և ամենատխմար մարդիկ են, սովորական խոսակցությունների ժամանակ՝ ամենից անկարողը, ուսման և գիտության երդվյալ թշնամիները և ամեն մի բնագավառում տրամադիր՝ մարդկային առողջ դատողությունը նույնքան խեղաթյուրելու, որքան իրենց սեփական պաշտոնակատարության ընթացքում։
Գլուխ վեցերորդ
- Անգլիայի նկարագրության շարունակությունը։ Եվրոպայի արքունիքների առաջին կամ ավագ մինիստրների բնութագիրը։
Բայց և այնպես իմ տերը չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ շարժառիթներ են դրդում օրենսգետների այդ ցեղին, որպեսզի նրանք շվարման, վարանմունքի և իրարանցման մեջ ընկնեն, դաշն կապեն անարդարության հետ՝ պարզապես իրենց ցեղակից֊անասուններին վնասելու համար․ նմանապես չէր կարողանում ըմբռնել, թե ի՞նչ իմաստով եմ ես ասում, թե նրանք աշխատում են վարձի համար։ Ուստի ես ստիպված էի ահագին ջանք գործ դնել բացատրելու համար, թե ի՞նչ բան է դրամի գործածությունը, այն մետաղը, որից պատրաստում են դրամը և դրամի արժեքը․ երբ եհուն, ասացի ես, մեծ քանակությամբ կուտակում է այդ անգին նյութից, այն ժամանակ նա հնարավորություն ունի ձեռք բերելու ինչ որ սիրտն ուզում է՝ ընտիր հագուստներ, հոյակապ տներ, ընդարձակ հողամասեր, թանկագին ուտելիքներ ու խմիչքներ, և իր համար ընտրում է ամենից գեղեցիկ էգերը։ Քանի որ միայն դրամն է ընձեռում նրանց այդ բոլոր բարիքները, ուստի մեր եհուններին միշտ թվում է, որ ծախսերի և խնայողության համար նրանք բավականաչափ դրամ չունեն, նայած թե բնությամբ ինչի են հակված՝ շռայլությա՞ն, թե ժլատության։ Ես ասացի նաև, որ հարուստները վայելում են չքավորների աշխատանքի պտուղը, որ ամեն մի հարուստի, հարաբերաբար, ընկնում է հազար չքավոր, որ ժողովրդի մեծագույն մասը ստիպված թշվառ կյանք է վարում, միևնույն ժամանակ օրեցօր աշխատելով մի չնչին վարձով, որպեսզի փոքրամասնությունը փարթամ ապրի։ Ես ընդարձակ կերպով կանգ առա այս ամենի և հարակից ուրիշ մանրամասնությունների վրա․ սակայն նորին մեծապատվությունը դժվարությամբ էր հասկանում ինձ, որովհետև նրա ենթադրությամբ բոլոր կենդանիները հավասար իրավունքներ ունեն մասնակցելու երկրային բարիքներին, մանավանդ նրանք, որոնք իշխում են մյուսների վրա։ Ուստի նա ցանկացավ իմանալ, թե որո՞նք են այդ թանկարժեք ուտելիքները, և ինչպե՞ս է, որ մեզանից որևէ մեկն զգում է նրա կարիքը։ Ուստի ես թվեցի կերակուրների բոլոր տեսակները, որ հիշում էի նրանց պատրաստելու տարբեր ձևերով և համեմներով հանդերձ, թվեցի նաև խմիչքները և ուրիշ անհամար պարագաներ, ասելով, որ առանց աշխարհի չորս կողմը նավ ուղարկելու՝ անհնարին է ունենալ այդ ամենը։ Ես նրան հավատացրի, որ երկրագունդն առնվազն երեք անգամ պտտել է հարկավոր, մինչև որ մեր եհուների ամենից գեղեցիկ էգի համար կարելի լինի նախաճաշ գտնել, կամ մի որևէ աման՝ այդ նախաճաշը մատուցելու համար։ Նա ասաց, որ թշվառ է այն երկիրը, որ չի կարողանում կերակրել իր բնակիչներին։ Բայց նրան ամենից շատ զարմացրեց այն, որ իմ նկարագրած ընդարձակ երկրամասերը զուրկ են ջրից, և խմելու ջուր բերելու համար ազգաբնակությունն ստիպված է ծովեծով ընկնել։ Ես պատասխանեցի, որ Անգլիան (իմ թանկագին հայրենիքը) արտադրում է երեք անգամ ավելի սննդամթերք, քան նրա բնակիչները կարող են սպառել․ իսկ ինչ վերաբերում է խմիչքներին՝ հատիկներից և մի քանի բույսերի պտուղներից մենք պատրաստում ենք սքանչելի ըմպելիքներ․ նույն համեմատությամբ մենք պատրաստում ենք նաև այլ կենսամթերքներ։ Ի գոհացումն արուների հեշտասեր և զեխ կյանքի և էգերի ունայության՝ մենք մեր անհրաժեշտ պիտույքների մեծագույն մասն ուրիշ երկրներն ենք ուղարկում, որի փոխարեն ստանում ենք հիվանդություններ, քմահաճույքներ և մոլություններ սնուցանող նյութեր։ Այստեղից էլ անխուսափելիորեն բխում է այն, որ իմ հայրենակիցների մեծամասնությունն ստիպված է իր ապրուստը հոգալ մուրացկանությամբ, ավազակությամբ, գողությամբ, կավատությամբ, նենգությամբ, ուրացողությամբ, շողոքորթությամբ, կեղծիքով, խարդախությամբ, բախտախաղով, ստությամբ, քծնությամբ, սնապարծությամբ, քվեարկության առևտրով, խծբծանքով, աստղեր համարելով, թունավորելով, անառակությամբ, անվանարկությամբ, կրոնամոլությամբ, ազատախոհությամբ ու այլ և այլ պարապմունքներով։ Ամեն մի բառի իմաստը նրան հասկացնելու համար հարկավոր էր մեծ ջանք գործ դնել։
Ես ասացի, որ գինին բերում ենք ուրիշ երկրներից ոչ թե ջրի կամ այլ խմիչքների պակասը լրացնելու համար, այլ որովհետև դա մի տեսակ հյութ է, որը մեզ ուրախացնում է, խելքահան անում, ցրում մելամաղձոտ մտքերը, լցնում մեր ուղեղն անհեթեթ մտապատկերներով, հուսադրում, վերացնում վտանգի զգացմունքը, ժամանակավորապես դադարեցնում մեր իմացականության կարողությունը, զրկում մեր մարմնի անդամները գործածելու հնարավորությունից՝ մինչև որ մենք խոր քնով քնենք․ միևնույն ժամանակ հարկավոր է խոստովանել, որ դրանից հետո մենք միշտ արթնանում ենք հիվանդ ու վհատ վիճակի մեջ և որ այդ հյութի գործածությունն առաջ է բերում զանազան հիվանդություններ, որոնք մեր կյանքը դառնացնում ու կարճացնում են։ Բացի այդ ազգաբնակության մեծագույն մասն իր ապրուստը հայթայթում է հարուստներին կամ մեկը մյուսին կենսական անհրաժեշտ պիտույքներ և արդուզարդ մատակարարելով։ Օրինակ՝ երբ ես տանը հագնվում եմ ինչպես հարկն է, իմ մարմնի վրա ունեմ առնվազն հարյուր մարդու աշխատանքի արդյունքը․ իմ տան շինության ու կահավորման վրա աշխատում է է՛լ ավելի մարդ, և թվով հինգ անգամ ավելի է պետք կնոջս արդուզարդի համար։
Ես ուզում էի պատմել նաև մի այլ կարգի մարդկանց մասին, որոնք իրենց ապրուստը հայթայթում են հիվանդներին խնամելով, որովհետև մի անգամ արդեն հաղորդել էի նորին մեծապատվությանը, որ իմ նավաստիներից շատերը մեռան հիվանդությունից։ Բայց այստեղ ես մեծ դժվարության հանդիպեցի, որպեսզի կարողանամ նրան հասկացնել, թե ի՞նչ էր իմ մտադրությունը։ Նա շատ լավ գիտեր, որ հուիհընհընմները իրենց մահվանից մի քանի օր առաջ հիվանդանում են, և ծանրանում կամ մեռնում են մարմնի անդամներից որևէ մեկը վնասվելուց հետո։ Բայց նա անկարելի էր համարում, որ բնությունը, որի բոլոր գործերը կատարյալ են, թույլ տա, որ մեր մարմնի ներսը բույն դնի հիվանդությունը, և նա ցանկացավ իմանալ այդ անպատմելի չարիքի պատճառը։ Ես նրան բացատրեցի, որ մենք մեր կերակրի մեջ գործ ենք ածում հազար ու մի բան, որոնք մեկը մյուսին ժխտում են․ որ մենք ուտում ենք այն ժամանակ, երբ քաղցած չենք, խմում ենք՝ ծարավ չլինելով․ որ մենք ողջ գիշերը թունդ խմիչքներ ենք գործածում, առանց մի կտոր բան ուտելու և դա մեզ տրամադրում է ծուլության, բորբոքում է մեր որովայնը և խանգարում կամ քայքայում մեր մարսողությունը․ որ պոռնկությամբ պարապող էգերն ստանում են մի այնպիսի հիվանդություն, որից փտում է նրաց ոսկորը, ու վարակում են ամեն մի մարդու, որ նրանց գիրկն է ընկնում․ որ այդ, ինչպես և ուրիշ շատ հիվանդություններ, հորից անցնում են որդուն, այնպես որ մեզանից շատերը ծնվում են հիվանդություններով ծանրաբեռնված․ որ աննպատակ կլիներ, եթե ես տայի մարդկային մարմնի հետ առնչություն ունեցող հիվանդությունների ցանկը, որովհետև դրանցից առնվազն հինգ֊վեց հարյուրին ենթակա են մեր մարմնի անդամներն ու հոդերը․ կարճ ասած՝ մեր մարմնի ամեն մի մասը, թե՛ ներքին և թե՛ արտաքին, ունի իր հատուկ հիվանդությունը։ Այդ հիվանդությունները դարմանելու համար մեզանում գոյություն ունի ուսյալ մարդկանց մի դաս, որն ըստ կոչման կամ գուցե առերևույթ, պարապում է այդ գործով։ Քանի որ որոշ չափով ծանոթ է ինձ այդ արհեստը, ի սեր նորին մեծապատվության, կարող եմ հաղորդել այդ դասի գործունեության ամբողջ գաղտնիքն ու գործելակերպը։
Նրանց գիտության հիմնական տեսակներով բոլոր հիվանդություններն առաջ են գալիս նրանից, որ մարդս լցված է, ուստի նրանք արդարացի կերպով եզրակացնում են, որ նախ և առաջ պետք է դատարկել մարմինը կամ բնական անցքից և կամ վերևից՝ բերանից։ Այդ նպատակին հասնելու համար նրանք վերցնում են զանազան տեսակի բույսեր, հանքեր, խեժեր, յուղեր, խեցիներ, աղեր, հյութեր, մամուռներ, կղկղանքներ, կևեղներ, օձեր, դոդոշներ, գորտեր, սարդեր, մեռածների միսն ու ոսկորները, թռչուններ, կենդանիներ ու ձկներ և այդ ամենից պատրաստում են մի տեսակ հեղուկ, որի համն ու հոտն այնքա՜ն զզվելի, այնքա՜ն սիրտ խառնող ու այնքա՜ն նողկալի է, որ անհնարին է երևակայել, այնպես որ ստամոքսն անմիջապես այդ հեղուկը դուրս է փսխում․ նրանք դրա անունը դրել եմ սիրտ խառնող հեղուկ։ Կամ թե չէ, ավելացնելով այդ նյութերին մի քանի թույն՝ նրանք պատրաստում են դրա նման մի գարշելի և աղիքների համար անտանելի դեղ ու ստիպում, որ հիվանդն ընդունի (նայած բժշկի տրամադրության) կամ վերին կամ հետին անցքից․ այդ դեղը թուլացնելով ստամոքսը, դուրս է վանում միջի պարունակությունը և կոչվում է լուծողական կամ դաստուր։ Եվ իսկապես, քանի որ բնության կարգադրությամբ (այդպես են կարծում բժիշկները) մարդուս վերին անցքի պաշտոնը միայն կարծր և հեղուկ նյութերի ընդունելն է, իսկ հետին անցքինը՝ արտաթորելը, իսկ հիվանդությունների ժամանակ, այդ ճարպիկ մարդկանց սրամիտ կարծիքով, բնությունն ըստ երևույթին շեղում է իր ուղիղ ճանապարհը, ուստի նրան իր տեղը բերելու համար հիվանդի մարմնի հետ պիտի վարվես ճիշտ հակառակը և ստիպես, որ նրա երկու անցքերն իրենց դերերը փոխեն՝ այսինքն՝ հարկավոր է կարծր ու հեղուկ նյութերը նրա մարմինը լցնել հետին անցքից, իսկ արտաթորել տալ՝ բերանից։
Սակայն բացի իրական հիվանդություններից՝ մենք ենթակա ենք նաև ուրիշ շատ հիվանդությունների, որոնք միանգամայն երևակայական են և որոնց համար բժիշկները հնարել են երևակայական բժշկություն․ այդ հիվանդություններն ունեն իրենց անունները և համապատասխան դեղերը որոնցից շարունակ տուժում են մեր եհուների էգերը։
Այս տոհմն առանձնապես աչքի է ընկում նախատեսելու հմտությամբ, և միշտ էլ ոչ առանց սխալի․ լուրջ հիվանդությունների ժամանակ, մանավանդ, երբ այդ հիվանդությունն աղետալի է, նրանք գուշակում են մահ, որը միշտ բժիշկների իշխանության տակ է, մինչդեռ ապաքինումը՝ ոչ ուստի երբ հիվանդն անսպասելի կերպով առողջանալու նշաններ է ցույց տալիս, մինչդեռ նրանք արդեն հայտարարել են իրենց աննպաստ վճիռը, որպեսզի չմեղադրվեն իբրև կեղծ մարգարեներ, նրանք ժամանակին տված դեղաչափով կարողանում են հաստատել իրենց իմաստությունը մարդկանց առաջ։
Բացի այդ՝ նրանք առանձնապես պիտանի մարդիկ են ամուսնական շղթաներից ձանձրացած տղամարդկանց և կանանց, ինչպես նաև ավագ որդիների, խոշոր մինիստրների և երբեմն էլ թագավորների համար։
Ես մի փոքր առաջ առիթ ունեցա իմ տիրոջը պատմելու մեր պետական կազմի էության մասին՝ ընդհանրապես և մասնավորապես մեր սքանչելի սահմանադրության մասին, որը միանգամայն արժանի կերպով շարժել է ամբողջ աշխարհի զարմանքն ու նախանձը։ Բայց երբ պատահմամբ հիշեցի մինիստրների մասին, իմ տերը մի առժամանակից հետո հրամայեց, որ ես հաղորդեմ իրեն, թե այդ խոսքն արտասանելիս՝ մասնավորապես մեր եհուների որ տեսակն ի նկատի ունեմ։
Ես նրան ասացի, որ պետության առաջին կամ ավագ մինիստրը, որին ես այժմ մտադիր եմ նկարագրել, մի արարած է, որ ամենևին չգիտե, թե ի՞նչ բան է ուրախությունն ու վիշտը, սերն ու ատելությունը, գութն ու ցասումը․ գոնե նրան ուրիշ ոչ մի կիրք հայտնի չէ, բացի հարստության, իշխանության և տիտղոսների անհագ ցանկությունից․ նա իր խոսքերը գործ է ածում ամեն մի նպատակի, միայն ոչ իր մտքերն արտահայտելու համար․ նա երբեք ճիշտ չի խոսում, բացի այն դեպքերից, երբ մտադրություն ունի, որ իր ասածն ընդունեն որպես սուտ, և ոչ էլ ստում է, եթե միայն չի ուզում, որ իր ասածներն ընդունեն ճշմարտության տեղ․ եթե մեկի հետևից վատ է խոսում, ապա այդ մեկը կարող է վստահ լինել, որ կանգնած է մեծարանքների ճանապարհի վրա․ իսկ երբ սկսում է գովել ձեզ ուրիշների կամ ձեր առաջ՝ այդ օրվանից արդեն դուք կորած եք։ Նրա խոստումը պիտի լինի ձեզ համար ամենավատ ցուցանիշը, մանավանդ, երբ այդ խոստումը հիմնված է երդման վրա․ դրանից հետո խելոք մարդը ետ է քաշվում և ընդմիշտ կորցնում իր բոլոր հույսերը։
Ավագ մինիստր դառնալու համար երեք միջոց կա։ Առաջին միջոցն է՝ իմանալ, թե ինչպիսի խոհեմությամբ պիտի տնօրինես քո կնոջը, աղջկան կան քրոջը․ երկրորդը՝ քո նախորդին մատնես կամ տակը հոր փորես և երրորդը՝ հասարակական հավաքույթներին կատաղի կերպով հարձակվես արքունիքում տիրող ապականության վրա։ Սակայն իմաստուն թագավորները նախամեծար են համարում պաշտոնի հրավիրել նրանց, որոնք դիմում են վերջին միջոցին, որովհետև այդ մոլեռանդներն ավելի շատ քծնող և հաճոյակատար են իրենց տերերի առաջ։ Իրենց տրամադրության տակ ունենալով բոլոր պաշտոնները, այդ մինիստրները կաշառում են սենատի և բարձրագույն խորհրդի անդամներից շատերին և այդպիսով ամրապնդում իրենց իշխանությունը, և ի վերջո, ընտրում են վայելուչ միջոց, որ կոչվում է Անվնասարկության օրենք (նշանակությունը ես բացատրեցի նրան), և այդպիսով ապահովում իրենց՝ հետագա պահանջներից և հեռանում հասարակական գործունեությունից, ծանրաբեռնված՝ ժողովրդից կողոպտած հարստությամբ։
Ավագ մինիստի պալատը մի դպրոց է, ուր իրենց պաշտոնի համար կրթվում են և ուրիշները․ ընդօրինակելով տիրոջը՝ մանկլավիկները, սպասավորները, դռնապանները մինիստրի դեր են կատարում իրենց շրջանում՝ կատարյալ կերպով ուսումնասիրում են երեք հիմնական պայմաններ՝ այսինքն՝ ամբարտավանությունը, ստախոսությունը և կաշառակերությունը։ Դրա հետևանքով նրանցից յուրաքանչյուրը բարձր կոչման անձնավորությունների ծախքով պահում է իր սեփական արքունիքը։ Հաճախ ճարպկությամբ և լրբությամբ, նրանք աստիճանաբար վեր են բարձրանում, ու դառնում իրենց տիրոջ հաջորդը։
Ավագ մինիստրի գործերին սովորաբար ընթացք է տալիս մի որևէ պառավ անառակուհի կամ սիրեցյլալ սպասավոր։ Նրանք այն խողովակներն եմ, որոնց միջոցով հոսում են բոլոր շնորհները և իրավամբ կարելի է ասել, որ պետության իսկական ղեկավարները նրանք են։
Մի օր խոսակցության ժամանակ, երբ ես պատմում էի իմ հայրենիքի ազնվականության մասին, իմ տերը բարեհաճեց մի հաճոյախոսություն անել, որին ես չէի կարծում, թե կարժանանամ։ Նա ասաց, թե կասակած չկա, որ ես ծնվել եմ մի ազնվատոհմ ընտանիքում, որովհետև իմ կազմվածքով, մարմնի գույնով և մաքրասիրությամբ ավելի գերազանց եմ, քան իր հայրենիքի եհուները, թեև, ըստ երևույթին, ուժով և ճարպկությամբ նրանցից պակաս եմ, և այդ պետք է վերագրել այն տարբերությանը, որ գոյություն ունի իմ և այլ կենդանիների ապրելակերպի մեջ․ բացի այդ՝ ես հարուստ եմ ոչ միայն խոսելու ձիրքով, այլև իմացականության մի քանի սաղմերով մինչ այն աստիճան, որ իր բոլոր ծանոթներն իմ գոյությունը հրաշք են համարում։
Նա ինձ դիտել տվեց, որ հուիհընհընմների մեջ սպիտակ, կարմիր և թուխ գույն ունեցողներն այնքան լավ կազմվածք չունեն, որքան շառատ, խատուտիկ և սև գույն ունեցողները․ ի ծնե նրանք չունեն այդ բնական տաղանդը և ոչ էլ կատարելագործվելու որևէ ընդունակություն․ այդ պատճառով նրանք շարունակ մնում են ծառայի վիճակում, իսպառ չունենալով այդ վիճակից ելնելու տենչը, որ այդ երկրում կհամարվեր թե՛ անբնական և թե՛ հրեշային։
Նորին մեծապատվությանը ես հայտնեցի իմ խորին շնորհակալությունն այն բարձր կարծիքի համար, որ նա կազմել էր իմ մասին․ բայց միևնույն ժամանակ նրան հավատացրի, որ ես նվաստ ծագում ունեմ և ծնվել եմ համեստ ու պատվավոր ծնողներից, որոնք հազիվհազ կարողացան տալ ինձ քիչ թե շատ տանելի կրթություն, ես ասացի, որ մեր ազնվականությունն ամենևին չի համապատասխանում այն հասկացողությանը, որ նա կազմել է նրանց մասին․ որ մեր երիտասարդ ազնվականները մանկությունից վարժվում են ծուլության և շռայլության և չափահաս դառնալով՝ սպառում իրենց ուժերն անառակ կանանց հետ, որոնք վարակում են նրանց զանազան վատ հիվանդություններով․ այդպիսով իրենց կարողությունը վատնելուց հետո նրանք փողի համար ամուսնանաում են նվաստ ծագում ունեցող կանանց հետ, որոնք ո՛չ առողջ և ո՛չ էլ և գեղեցիկ են և որոնց ատում և արհամարում են նրանք։ Նման ամուսնությունների արդյունքը սովորաբար լինում են՝ խուլագար, հյուծված և այլանդակ երեխաներ․ այդ պարագաներում ընտանիքը շարունակում է իր գոյությունը հազիվ թե մինչև երրորդ սերունդը, եթե միայն կանայք հեռատեսությամբ հարևանների կան ծառաների միջից չեն ընտրում առողջ հայրեր՝ սերունդը բարելավելու կամ շարունակելու նպատակով։ Թույլ, հիվանդագին մարմինը, նիհար կերպարանքը և երեսի դժգունությունը համարվում են ազնիվ արյուն ունենալու իսկական նշաններ։ Առողջ և հուժկու կազմվածքը մի որևէ բարձր ծագում ունեցող մարդու համար համարվում է մինչև անգամ խայտառակություն, որովհետև ամենքը դրանից եզրակացնում են, որ նրա իսկակակն հայրը եղել է ձիապան կամ կառապան։ Ֆիզիկական թերություններին զուգընթաց ուղեկցում է և նրանց մտավոր անկատարությունը, և նրանք ըստ էության մի խառնուրդ են՝ սևամաղձության, բթամտության, տգիտության, քմահաճույքի, հեշտասիրության և գոռոզության։
Եվ ահա, առանց այդ պայծառափայլ դասի համաձայնության ոչ մի օրենք չի կարելի ո՛չ հրատարակել, ո՛չ ջնջել և ոչ էլ փոփոխել։ Այդ նույն մարդիկ էլ անքնին վճիռներ են արձակում մեր ստացվածքային բոլոր գործերի մասին։
Գլուխ յոթերորդ
- Հեղինակի խորին հայրենասիրությունը։ Նորին մեծապատվության դիտողությունները հեղինակի նկարագրած անգլիական սահմանադրության և վարչական կազմի մասին՝ համապատասխան պարագաներով և համեմատություններով հանդերձ։ Հեղինակի տիրոջ դիտողությունները մարդկային բնության մասին։
Ընթերցողը երևի պիտի զարմանա, թե ինչպե՞ս վստահեցի ես այդչափ մերկացնել մեր սերունդը մահկանացուների մի ցեղի առաջ, որն առանց այն էլ տրամադիր էր ամենաանարգ կարծիքը կազմելու մեր մասին շնորհիվ այն բացարձակ նմանության, որ գոյություն ունի իմ և նրանց եհուների միջև։ Բայց անկեղծ պիտի խոստովանեմ, որ այդ սքանչելի չորքոտանիների առաքինությունների և մարդկային թերությունների բաղդատությունն այն աստիճան բաց արեց իմ աչքերը և ընդարձակեց իմ մտավոր հորիզոնը, որ մարդկանց գործերն ու կրքերը սկսեցին երևալ իմ աչքին միանգամայն այլ լույսի տակ և ես որոշեցի, որ չարժե խնայել իմ ցեղակիցների պատիվը, մանավանդ, որ ես չէի կարող անել այդ մի այնպիսի նրբամիտ անձնավորության առաջ, ինչպիսին էր իմ տերը, որն ամեն օր իմ մեջ գտնում էր հազար ու մի պակասություններ, որոնց մասին ես մինչև օրս գաղափար չունեի և որոնք մեզանում մարդկային թերությունների ցուցակի մեջ երբեք չեն հաշվում։ Բացի այդ՝ հետևելով նրա օրինակին՝ ես սովորեցի ատել ստությունն ու կեղծիքը և այնքա՜ն սիրեցի ճշմարտությունը, որ որոշեցի նրա համար զոհաբերել ամեն ինչ։
Ընթերցողի առաջ ազնիվ լինելու համար ես պիտի խոստովանեմ, որ կար մի ավելի զորեղ շարժառիթ, քողարկված կերպով նրան ներկայացնելու իրերի կացությունը մեզանում։ Այդ երկրում դեռ մի տարի չէի ապրել, երբ իմ մեջ առաջացավ մի այնպիսի սեր և հիացմունք նրա բնակիչների հանդեպ, որ հաստատ որոշում կայացրի՝ այլևս չվերադառնալ դեպի մարդկությունն ու իմ կյանքի մնացորդն անց կացնել այդ սքանչելի հուիհընհընմների հետ՝ խորհրդածություններով ու փորձով վարժվելու նրանց բոլոր առաքինություններին, ուր մոլության համար ես չպիտի ունենամ ո՛չ օրինակ և ո՛չ էլ դրդապատճառ։ Բայց իմ բախտը, որ իմ մշտական թշնամին էր, կարգադրել էր, որպեսզի ես չարժանանայի մի այդպիսի մեծ երջանկության։ Համենայն դեպս հաճույքով հիշում եմ, որ իմ հայրենակիցների մասին պատմելու ժամանակ մեղմացնում էի նրանց թերությունները, որքան որ հնարավոր էր անել այդ նրա նման մի խիստ քննադատի առաջ, և ամեն անգամ ասածներս այնպես էի ձևակերպում, որպեսզի նրա ստացած տպավորությունը նպաստավոր լինի։ Որովհետև, կա՞ արդյոք մի կենդանի արարած, որ չունենա այդ թերությունն ու ներողամտությամբ չվերաբերվի դեպի իր ծննդավայրը։
Ես պատմեցի իմ տիրոջ հետ ունեցած բազմաթիվ զրույցների էական մասը, որ շարունակ տեղի էին ունենում, երբ պատիվ ունեի նրա ծառան լինելու, սակայն համառոտ լինելու համար շատ ավելի կրճատում եմ, քան հիշատակում այստեղ։
Երբ ես պատասխանեցի նրա բոլոր հարցերին, և նրա հետաքրքրությունը կարծես թե լիովին բավարարված էր, մի օր, վաղ առավոտյան, նա ինձ կանչեց և առաջարկելով, որ նստեմ որոշ հեռավորության վրա (այդ պատվին մինչև օրս չէի արժանացել), ասաց, թե նա շատ լուրջ խորհրդածության նյութ է դարձրել թե՛ իմ և թե՛ իմ հայրենիքի մասին արած պատմությունը և եկել է այն եզրակացության, որ մենք պատկանում ենք կենդանիների մի տեսակին, որին բաժին է ընկել, անհասկանալի է թե ի՞նչ դիպվածով, մի անհամեմատ չնչին կարողություն, որի միջոցով մենք սաստկացնում ենք մեր բնական թերություններն ու տիրանում նոր, բնությունից չտրված, մոլությունների։ Կաշկանդելով մեր մեջ բնությունից պարգև ստացած սակավաթիվ կարողությունները, միևնույն ժամանակ հաջող կերպով բազմապատկում ենք մեր նախնական պակասությունները և, կարծես թե, մեր ամբողջ կյանքը նվիրում մի զուր աշխատանքի՝ մեր իսկ հնարագիտությամբ պաշար տալու այդ պակասություններին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ հայտնի է, որ ես չունեմ սովորական եհուի ո՛չ ուժը և ո՛չ էլ ճարպկությունը, որ քայլում եմ հետևի ոտքերի վրա անհաստատ կերպով, եղունգներս, մի ինչ֊որ հնարքով, գործածության կամ ինքնապաշտպանության համար անպետք եմ դարձրել, ու վերացրել եմ ծնոտիս վրայի մազերը, որոնք ստեղծված են արևից ու վատ եղանակներից պատսպարելու համար։ Վերջապես ես չեմ կարող արագ կերպով վազել և ոչ էլ ծառերը մագլցել՝ ինչպես որ այս երկրի իմ եղբայրակից (այդպես էր անվանում նրանց) եհուները։
Նա ասաց նաև, որ մեր պետության և օրենքների գոյությունը պարզապես պարտական է մեր բանականության, հետևապես և մեր առաքինության թերություններին, որովհետև բանական արարածներին կառավարելու համար բավական է միայն խելք ունենալ․ մի հանգամանք, որ ինչպես երևում է մեր նույնիսկ երկրի մասին արած պատմությունից, ամենևին մենք տրամադիր չենք ի նկատի ունենալ, թեև նա պարզե ի պարզ նշմարեց, որ իմ հայրենակիցներին սիրաշահելու համար մի շարք մանրամասնություններ երևան չհանեցի և հաճախ ասացի այն, ինչ չի եղել։
Նա իր կարծիքին ավելի քան հաստատ մնաց, որովհետև նկատել էր, որ իմ մարմնի ձևով նման եմ եհուներին, բացի այն ամենից, ինչ ինձ համար աննպաստ էր ուժի, արագաշարժության, աշխուժության, եղունգների կարճության և մի քանի այլ առանձնահատկությունների տեսակետից, որոնց մեջ բնությունը մաս չունի․ մեր կյանքի, վարք ու բարքի, արարմունքի մասին հաղորդած տեղեկություններից նա եկավ այն եզրակացության, որ մեծ նմանություն կա մեր և եհուների մեջ նաև մտավոր կարողության տեսակետից։ Նա ասաց, որ եհուները միմյանց ավելի են ատում, քան թե կենդանիների մի որևէ այլ ցեղի, դրա պատճառը սովորաբար համարում են նրանց սեփական կերպարանքի այն այլանդակությունը, որ նրանք վերագրում են մյուս ցեղակիցներին, իսկ իրենց՝ ոչ։ Ուստի իմ տերը տրամադիր է կարծելու, որ այնքան էլ անիմաստ բան չէ մեր մարմինը հագուստով ծածկելու սովորությունը, երբ մենք այդ հնարագիտությամբ միմյանցից թաքցնում ենք մեր մարմնական տգեղությունների մեծագույն մասը, որոնք այլապես անտանելի կլինեին։ Իսկ այժմ նա գտնում է, որ սխալվել է և որ այդ անասունների մեջ տեղի ունեցող տարաձայնություններն իրենց երկրում նույն պատճառն ունեն, ինչ որ իմ նկարագրած տարաձայնությունները՝ մեր երկրում։ Եվ իսկապես (ասաց նա), երբ հինգ եհուի այնքան կեր ես տալիս, որ կբավի հիսունի համար, նրանք խաղաղ կերպով ուտելու փոխարեն՝ սկսում են իրար հետ կռվել և ամեն մեկն ուզում է ամբողջ կերն իրեն առնել․ այդ պատճառով էլ դուրսը կերակրելու ժամանակ նրանց մոտ միշտ մի ծառա է կանգնում, իսկ տանը նրանք կապված են լինում մեկը մյուսից որոշ հեռավորության վրա․ երբ մի որևէ կով ծերությունից կամ պատահարից սատկում է, նախքան հուիհընհընմը կվերցնի նրան իր եհուների համար, մոտակա տեղերից այդ կովի վրա թափվում են եհուների հոտերն ու նրանց մեջ սկսվում է մի կռիվ, որ նման է իմ նկարագրած կռիվներին․ նրանք իրենց ճանկերով վերքեր են հասցնում միմյանց, թեև շատ քիչ դեպքերում են կարողանում իրար սպանել, որովհետև նրանք չունեն մեր հնարած մահատու գործիքները։ Երբեմն էլ նման կռիվներ ծայր են տալիս տարբեր տեղերի եհուների մեջ առանց որևէ նկատելի պատճառի․ մի տեղ եհուները հանկարծակիի են բերում մյուսներին, նախքան սրանց պատրաստություն տեսնելը։ Իսկ երբ նրանց ծրագիրը վիժում է, այն ժամանակ նրանք վերադառնում են իրենց տներն ու, թշնամի չգտնելով, սկսում են միմյանց դեմ այն, ինչ ես անվանեցի քաղաքացիական պատերազմ։
Այդ երկրի մի քանի մասերում կան մի տեսակ գույնզգույն , փայլուն քարեր, որոնց սաստիկ սիրահար են եհուները․ և երբ, հաճախ, այդ քարերն ամուր կերպով կպած են լինում գետնից, նրանք իրենց ճանկերով ողջ օրը փորում են գետինը և քարերը հանելուց հետո տանում են հետներն ու թաքցնում իրենց որջերում․ միևնույն ժամանակ, նրանք ուշի֊ուշով նայում են իրենց չորս կողմը, վախենալով, թե միգուցե ընկերները գտնեն իրենց գանձը։ Իմ տերն ասաց, թե նա ամենևին չկարողացավ իմանալ այդ անբնական ցանկության պատճառը և թե՝ ինչի՞ են պետք այդ քարերը եհուներին․ իսկ այժմ նա հավատացած է, որ այդ բխում է ագահության նույն հիմնական պատճառից, ինչ֊որ ես վերագրեցի մարդկությանը։ Մի անգամ, փորձի համար, իր եհուներից մեկի թաղած տեղից ծածուկ կերպով վերցրեց այդ քարերից մի կույտ․ գծուծ կենդանին, նկատելով իր գանձի կորուստը, իր ողբ ու կոծով հավաքեց գլխին եհուների ամբողջ ոհմակը, ու բարձացավ մի աղերսագին ոռնոց․ ապա նա սկսեց կատաղի կերպով կծոտել ընկերներին, իսկ հետո ափսոսանքից ո՛չ կարողանում էր ուտել, ո՛չ քնել և ոչ էլ աշխատել, մինչև որ տերը չհրամայեց իր ծառային, որ քարերն աննկատելի կերպով դնի նույն խորշը և առաջվա պես թաքցնի․ իր գանձը գտնելուց հետո եհուի տրամադրությունն անմիջապես լավացավ, և նա խնամքով գանձն ավելի լավ տեղ թաքցրեց ու այնուհետև դարձավ շատ պիտանի անասուն։
Իմ տերը հավատացրեց ինձ նաև, և ինքս էլ անձամբ նկատեցի, որ ամենակատաղի կռիվները հաճախ տեղի են ունենում այն դաշտերում, որտեղ առատ են այդ փայլուն քարերը, որովհետև այդ դաշտերը շարունակ ենթարկվում են շրջակա եհուների ասպատակության։
Սովորաբար, ասաց նա, երբ երկու եհու դաշտում գտնում են այդ քարից և սկսում կռվել իրար հետ, թե ո՞վ պիտի լինի նրա տերը, երրորդն օգտվում է հանգամանքից ու վերցնելով, փախչում նրանցից, մի բան, որ իմ տիրոջ կարծիքով որոշ չափով նման է մեր դատավարություններին․ մեր վարքը պաշտպանելու համար կարծեմ չարժեր փարատել նրա սխալ կարծիքը, որովհետև նրա մատնանշած հարցի որոշումն ավելի արդարացի էր, քան մեր դատական վճիռներից շատերը, քանի որ գանգատ անողն ամբաստանյալը բացի այդ քարից, որ նրանց կռվի առարկան է, ուրիշ ոչ մի բան չեն կորցնում, մինչդեռ մեր դատարանները գործն այնքան են ձգձգում, մինչև երկու կողմն էլ սնանկանում են։
Շարունակելով իր խոսքը, իմ տերն ասաց, թե ոչ մի բան այնքան զզվանք չի պատճառում նրանց, որքան եհուների որկրամոլությունը, որի շնորհիվ նրանք լափում են ամեն բան, ինչ նրանց ձեռքն է ընկնում՝ խոտ, արմտիք, հատապտուղներ, կենդանիների հոտած մսեր, կամ այդ ամենը՝ միասին խառնած․ և նրանց մի իքնահատուկ կողմն էլ այն է, որ հեռու տեղերից ճանկած կամ շորթած ուտելիքներն ավելի շատ են սիրում, քան տանը պատրաստած կերակուրները։ Եթե առած ավարը շատ է, նրանք այնքա՜ն են ուտում, մինչև կերածը փսխեն։
Այստեղ կա մի տեսակ հյութալի, բայց շատ հազվագյուտ արմատ, որ եհուները փնտրում են մեծ փափագով ու հաճույքով ծծում․ Այդ արմատը նրանց վրա նույն ներգործությունն ունի, ինչ որ մեզ վրա գինին։ Դրանից նրանք մերթ գրկում են իրար, մերթ՝ միմյանց բզկտում․ ապա սկսում են ոռնալ, ծամածռություններ անել, անկապ֊անկապ խոսել, երերալ, սայթաքել, վայր ընկնել ու վերջը ցեխի մեջ պառկել ու քնել։
Ես նկատեցի, որ այդ երկրում հիվանդությունների ենթակա միակ կենդանիներն եհուներն են․ հիվանդություններն այդտեղ ավելի քիչ են, քան մեր ձիերի շրջանում և առաջանում են ոչ թե եհուների հետ ունեցած վատ վերաբերմունքից, այլ շնորհիվ այդ զզվելի անասունների անմաքրասիրության և որկրամոլության։ Հուիհընհընմների լեզուն ունի այդ հիվանդությունների միայն մի ընդհանուր անուն, որ կազմված է այդ իսկ անասունի անունից և կոչվում է հնի֊եհու, այսինքն՝ եհուի հիվանդություն։ Բուժման համար կա մի հեղուկ, որ շինված է այդ կենդանիների կղկղանքից ու մեզից և որը զոռով լցնում են հիվանդ եհուների որկորը։ Ըստ իմ դիտողությունների՝ այդ դեղը շատ է օգնում հիվանդին, և հասարակական բարօրության տեսակետից ես վստահ կերպով հանձնարարում եմ իմ հայրենակիցներին՝ իբրև մի սքանչելի միջոց՝ ամեն տեսակի հիվանդությունների դեմ մաքառելու համար։
Ինչ վերաբերում է գիտության, վարչական ձևին, արվեստներին, արդյունաբերությանը և դրա նման բաներին՝ իմ տերը խոստովանեց, որ նա այդ տեսակետից շատ քիչ, կամ ավելի շուտ ոչ մի նմանություն չի գտնում իրենց և մեր երկրի եհուների միջև։ Որովհետև նրան հետաքրքրում էին միայն այն նմանությունները, որ գոյություն ունեն մեր բնավորությունների միջև։ Նա մի քանի հարցասեր հուիհընհընմից լսել է, որ եհուների ոհմակներից շատերն ունեն իրենց հատուկ առաջնորդները (ինչպես սովորաբար մեր որսատեղերում արու եղջերուներն են), որոնք մյուս եհուներից ավելի տձև են և ավելի չարամիտ։ Ամեն մի այդպիսի առաջնորդ ունի մի որևէ ֆավորիտ, որ շատ նման է իրեն և որի զբաղմունքն է լիզել իր տիրոջ ոտքերն ու հետույքը և էգ եհուներ բերել նրա որջը․ իբրև վարձ, նա մերթ ընդ մերթ մի կտոր էշի միս է ստանում։ Ամբողջ ոհմակն ատում է այդ ֆավորիտին, այդ պատճառով էլ, ապահովության համար, նա միշտ իրեն պահում է իր տիրոջ մոտերքը։ Սովորաբար նա մնում է այդ պաշտոնում այնքան ժամանակ, մինչև որ գտնվում է նրանից վատթարագույնը․ հենց որ նա պաշտոնանկ է լինում, անմիջապես իր շրջանի բոլոր եհուները, թե՛ երիտասարդ և թե՛ ծեր, թե՛ արու և թե՛ էգ, իր հետնորդի հետ միասին, շրջապատում են նրան ու ոտից մինչև գլուխ իրենց կղկղանքները քսում նրա մարմնին։ Թե որ չափով այս ամենը կարելի է կիրառել մեր արքունիքում և մեր ֆավորիտների ու մինիստրների նկատմամբ, իմ տերը թողեց որ ես որոշեմ։
Ես չհամարձակվեցի առարկել այդ չարամիտ հերյուրանքներին, որով մարդկային իմացականությունն ավելի ստոր է դասվում, քան որևէ որսորդական շան խելքը, մի շան, որը բավականաչափ հոտառություն ունի անսխալ կերպով որոշելու շների ոհմակի մի ուրիշ փորձառու շան հաչոցն ու հետևելու նրան։
Իմ տերն ասաց, թե եհուներն ունեն մի քանի ակնառու առանձնահատկություններ ևս, որոնց վրա ես կանգ չառա կամ թե շատ անցողիկ հիշատակեցի, երբ պատմում էի մարդկային ցեղի մասին։ Նա ասաց, որ այդ կենդանիների էգերը, մյուս անասունների նման, համայնական են, միայն այն տարբերությամբ, որ եհուների էգերը թույլ են տալիս արուներին մոտենալու իրենց մինչև անգամ այն ժամանակ, երբ հղի են և արուները կռվում են էգերի հետ ու ծեծում նրանց ավելի վայրագ կերպով, քան մեկը մյուսին։ Դա այն աստիճանի զազրելի գազանային մի սովորություն է, որի նմանը չունի ոչ մի շնչավոր արարած։
Եհուների մյուս տարօրինակ առանձնահատկությունը, որ զարմանք էր պատճառել իմ տիրոջ, նրանց անմաքրասիրությունն ու կեղտոտությունն էր, մինչդեռ մյուս կենդանիների մաքրասիրության զգացմունքը միանգամայն բնական երևույթ է։ Ինչ վերաբերում է նախընթաց երկու մեղադրանքին, ես թողի առանց պատասխանի, որովհետև, չնայաց դեպի ցեղակիցներս տածած իմ սիրույն, պաշտպանության ոչ մի խոսք չգտա։ Բայց ես հեշտությամբ կարող էի հերքել իմ ցեղակիցներին վերագրված մեղադրանքը, որ իբր թե նրանք կեղտոտության մեջ եզակի են, եթե միայն հուիհընհընմների երկրում խոզեր լինեին (որոնցից, դժբախտաբար, ոչ մի հատ չկար). թեև վերջիններս ավելի հաճելի չորքոտանիներ են, քան եհուները, սակայն իմ համեստ կարծիքով, արդարությունը պահանջում է ասելու, որ նրանք չեն կարող պարծենալ իրենց մաքրասիրությամբ․ և նորին մեծապատվությունը կհամաձայներ ինձ հետ, եթե նա տեսներ նրանց ուտելու գարշելի ձևը և տիղմերի մեջ թավալվելու ու քնելու սովորությունը։
Բացի այդ՝ իմ տերը մատնանշեց և մի այլ առանձնահատկություն, որ երևան էին հանել նրա ծառաները մի քանի եհուների մոտ և որը նրա համար մնացել էր միանգամայն անբացատրելի։ Նրա ասելով, երբեմն եհուները սիրում են մի անկյուն քաշվել, պառկել գետնին, ոռնալ և հառաչել և մոտեցողին վանել իրենցից, չնայած իրենց երիտասարդ ու գեր լինելուն և կերակրի ու ջրի կարիք չունենալուն․ ծառաները չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչն է նրանց անհանգստության պատճառը։ Եվ դրա միակ դեղը նրանք համարում են այն ծանր աշխատանքը, որ տալիս են այդպիսի եհուներին, որից հետո նրանք առանց այլևայլության զգաստանում են։ Նրա այդ խոսքերին ես լուռ մնացի, իմ ցեղակիցների հանդեպ ունեցած սիրուց դրդված, թեև ինձ համար պարզ էր, որ դա սկիզբն է սևամաղձության, որից սովորաբար տառապում են պարապ, շվայտ ու հարուստ մարդիկ և որոնց ես ուրախությամբ կբժկեի, ենթարկելով հուիհընհընմների գործադրած ռեժիմին։
Այնուհետև նորին մեծապատվությունն ասաց, որ ըստ դիտողության, երբ մի էգ եհու տեսնում է իր կողով անցնող երիտասարդ արուներին, անմիջապես թաքնվում է մի որևէ բլրի կամ թփի հետև, որտեղից սկսում է մերթ ընդ մերթ ծիծաղելի շարժուձևերով ու ծամածռություններով դուրս նայել․ նկատված է, որ այդպիսի դեպքերում նրանից սարսափելի հոտ է գալիս։ Երբ արուներից ոմանք մոտենում են նրան, նա հանդարտ կերպով հեռանում է, շարունակ ետ֊ետ նայելով, ապա, իբր թե վախեցած, մի հարմար վայր է փախչում, շատ լավ իմանալով, որ արուն պիտի հետապնդի նրան մինչև այդ թաքստի վայրը։
Երբ նրանց հոտի մեջն է ընկնում մի օտար էգ, նրա սեռին պատկանող չորս֊հինգ եհու շրջապատում են, աչքերը չռում նրա վրա, մռթմռթում, ծամածռություններ անում ու ամեն կողմից հոտոտում, ապա սկսում են արհամարհրանք ու զզվանք արտահայտող դեմքերով ետ դառնալ։
Թերևս իմ տերն այդ խորհրդածություններն անելիս, որոնք նրա սեփական դիտողությունների և ուրիշներից լսած պատմությունների արդյունքն էին, մի փոքր խտացրեց գույները․ բայց և այնպես ես չեմ կարող առանց որոշ շվարման ու մեծագույն ափսոսանքի չանդրադառնալ, որ անառակության, սեթևեթանքի, աչառու քննադատության և գայթակղության տարերքը բնազդական հանգամանք ունի կանանց մեջ։
Ես դեռևս սպասում էի, որ իմ տերը կմեղադրի եհուներին անբնական հակումների համար, որոնք այնքան տարածված են մեզանում՝ երկու սեռի մեջ ևս։ Սակայն ըստ երևույթին բնությունն այդ նրբին հաճույքների խնդրում այնքան էլ փորձված ուսուցիչ չէ, և դրանք երկրագնդի մեր մասում ամբողջովին ծնունդ են արվեստի ու բանականության։
Գլուխ ութերորդ
Հեղինակը պատմում է եհուների մի քամի առանձնահատկությունների մասին։ Հուիհընհընմների մեծագույն առաքինությունները։ Նրանց երիտասարդ սերնդի դաստիարակությունն ու վարժությունները։ Նրանց ազգային ժողովը։
Քանի որ ես մարդկային բնությունն ավելի լավ եմ հասկանում, քան, իմ ենթադրությամբ, կարող էր հասկանալ իմ տերը, ուստի ինձ համար հեշտ էր եհուների մասին նրա տված նկարագիրն առբերել իմ և իմ հայրենակիցներին և հավատացած եմ, որ ինքնուրույն դիտողությունների հիման վրա ես կանեմ իմ հետագա գյուտերը։ Ուստի հաճախ խնդրում էի նորին մեծապատվությանը, որպեսզի նա թույլ տա ինձ հաճախելու շրջակա եհուների հոտերը, որի համար նա միշտ սիրալիր տալիս էր իր հավանությունը, համոզված, որ այդ անասունների հանդեպ տածած զզվանքս արգելք պիտի հանդիսանա, որպեսզի նրանք փչացնեն ինձ, բայց նորին մեծապատվությունը հրամայեց իր ծառաներից մեկին, որ մի կարմիր ձիաջորի էր, պարկեշտ ու լավ բնավորության տեր, որպեսզի ուղեկցի ինձ, և ես խոստովանում եմ, որ առանց նրա հովանավորության չպիտի համարձակվեի նման էքսկուրսիաներ կատարել։ Ես արդեն ընթերցողին պատմեցի, թե այդ զզվելի անասուններն իմ գալստյան առաջին օրն ինչքա՜ն նեղացրին ինձ։ Հետագայում, երեք թե չորս անգամ, քիչ մնաց, որ նրանց ճանկն ընկնեմ, երբ ես առանց սրի դուրս էի եկել թափառելու մոտակա վայրերը։ Հիմք ունեմ կարծելու, որ այդ կենդանիներն ինձ իրենց ցեղակիցն էին համարում, և ես հաճախ ինքս էի առիթ տալիս այդպես կարծելու, երբ իմ հովանավորի ներկայությամբ, վեր էի քաշում թևերս ու ցույց տալիս իմ մերկ բազուկներն ու կուրծքը։ Այդպիսի դեպքերում նրանք կարողացածի չափ մոտենում էին ինձ և կապկի նման իմ շարժուձևերն անում, սակայն ատելության ամենախոր արտահայտությամբ․ ճիշտ այդպես են հալածում վայրի ճայուկները գդակ և գուլպա հագած մի այլ ճայուկի, երբ նա պատահմամբ ընկնում է նրանց երամը։
Եհուները մանկությունից զարմանալի արագաշարժ են, սակայն մի անգամ ես բռնեցի մի երեք տարեկան արուի, և փաղաքշելով, ամեն կերպ աշխատեցի նրան հանդարտեցնել, իսկ այդ փոքրիկ ճիվաղն սկսեց սոսկալի կերպով այնպես գոռալ, չանգռտել ու կծոտել ինձ, որ ստիպված նրան բաց թողի․ և դա ճիշտ ժամանակին էր, որովհետև հասակավորների մի ամբողջ խումբ, նրա աղաղակի վրա, վազեց դեպի մեզ, բայց տեսնելով, որ այդ ձագը ողջ և առողջ է (այդ միջոցին նա փախավ), և իմ կարմիր ձիաջորին էլ մոտս կանգնած, նրանք չհամարձակվեցին մոտենալ։ Ես զգացի, որ այդ մատղաշ եհուի մարմնից կծու հոտ է գալիս, որ նման էր և՛ աքիսի, և՛ աղվեսի հոտի, միայն ավելի անհաճո էր։ Ես մոռացա հիշել և մի այլ մանրամասնություն (թեև, ըստ երևույթին, ընթերցողը ներողամիր կլիներ, եթե իսպառ բաց թողնեի)․ երբ այդ գարշելի արարածին բռնել էի ձեռիս, նա իր դեղին և հեղուկաձև կղկղանքով աղտոտեց իմ հագուստը․ բարեբախտաբար մենք գտնվում էինք մի փոքրիկ առվակի մոտ, և ես ամենայն խնամքով լվացվեցի․ սակայն ես չհամարձակվեցի իմ տիրոջ աչքին երևալ, մինչև որ հագուստս բոլորովին չորացավ։
Ըստ իմ հետազոտության՝ եհուներին կարելի է համարել կենդանիների մեջ ամենից անբանը և նրանք բեռ կրելուց զատ ուրիշ բանի պետք չեն։ Սակայն ես այն կարծիքին եմ, որ այդ թերությունը բխում է նրանց խելառությունից և համառ բնավորությունից։ Որովհետև նրանք խորամանկ են, չարասիրտ, նենգամիտ և վրեժխնդիր։ Նրանք ուժեղ են և հանդուգն, միևնույն ժամանակ վախկոտ, հետևապես՝ ամբարտավան, գծուծ ու դաժան։ Նկատված է, որ երկու սեռին պատկանող շեկերը է՛լ ավելի վավաշոտ ու չարասիրտ են, քան մյուսները, որոնցից նրանք գերազանց են իրենց ուժով ու ճարպկությամբ։
Հուիհընհընմներն այն եհուներին, որոնց բանեցնում են, պահում են տներից ոչ հեռու գտնվող գոմերի մեջ․ իսկ մյուսներին նրանք քշում են դաշտերը, ուր նրանք գետնից արմատիքներ են հանում, ուտում են զանազան տեսակի բուսեղեններ, սատկած կենդանիներ են փնտրում, երբեմն էլ աքիս կամ լուհիմուհ (դաշտային մկների տեսակ) են որսում և ագահությամբ լափում։ Բնությունը նրանց վարժեցրել է իրենց ճանկերով բլուրների ստորոտներում խոր փոսեր փորելու, ուր նրանք ապրում են առանձին֊առանձին․ միայն էգերի որջերն ավելի ընդարձակ են, այնպես որ այնտեղ կարող են տեղավորվել երկու կամ երեք ձագ ևս։
Նրանք մանկությունից գորտի պես լողում են և կարող են երկար ժամանակ մնալ ջրի տակ, ուր նրանք միշտ ձուկ են որսում, այդ ձուկն էգերը տանում են իրենց մանուկների համար։
Հուսով եմ, որ ընթերցողը ներողամիտ կլինի, եթե ես պատմեմ այդ կապակցությամբ մի տարօրինակ արկած։
Մի օր իմ զբոսանքների ժամանակ եղանակն այնքան տաք էր, որ իմ կարմիր ուղեկցին խնդրեցի թույլ տալ գետում լողալու։ Նրա համաձայնությունն ստանալուց հետո ես հանեցի շորերս և մերկանդամ մտա ջուրը։ Պատահմաբ ինձ էր նայում բլրին կանգնած մի երիտասարդ եհու էգ։ Կրքից վառված (նրա շարժումներն այդպես բացատրեցինք մենք՝ կարմիր ձիաջորին ու ես) նա արագ֊արագ վազեց և իմ լողացած տեղից հինգ յարդ հեռավորության վրա իրեն նետեց ջուրը։ Կյանքումս երբեք այդպես չէի վախեցել։ Կարմիր ձիաջորին պոկում էր իր ոտի տակի խոտը, չկասկածելով ոչ մի չարիք։ Ամենաանպատկառ ձևով այդ էգը գրկեց ինձ․ ես ամբողջ ձայնով գոռացի, և կարմիր ձիաջորին վազեվազ ինձ օգնության հասավ․ այն ժամանակ էգը մեծ անբավականությամբ բաց թողեց ինձ իր գրկից ու դուրս եկավ դիմացի ափը, կանգնեց ու սկսեց ոռնալ և աչքերը շարունակ ինձանից չէր հեռացնում, մինչև ես հագնվեցի։
Այդ արկածն իմ տիրոջը և իր ընտանիքին մեծ զվարճություն պատճառեց․ սակայն ինձ համար ծայր աստիճանի նվաստացուցիչ էր, որովհետև ես այժմ այլևս չեմ կարող բացասել, որ ես իսկական եհու չեմ, ոտից մինչև գլուխ, քանի որ նրանց էգերը դեպի ինձ, ինչպես իրենց ցեղակցի ներկայացուցիչներից մեկին, տածում են միևնույն բնական կիրքը։ Մանավանդ, որ այդ էգը շիկահեր չէր (մի հանգամանք, որ կարող էր որոշ չափով արդարացնել նրա անկարգ բնազդը), այլ սևամորթ, ինչպես մի վայրի սալոր, և ոչ էլ այնքան այլանդակ, ինչպես եհուների էգերի մեծագույն մասը․ արտաքին տեսքով նա հազիվ լիներ տասնմեկ տարեկան։
Որովհետև երեք տարի ապրել եմ այդ երկրում, ընթերցողն անշուշտ պիտի սպասի, որ ես այլ ճանապարհորդների պես, նրա բնակիչների բարքերի ու սովորությունների մասին որոշ տեղեկություններ տամ, մի բան, որ իսկապես իմ ուսումնասիրության էական առարկան էր։
Քանի որ այդ պատվական հուիհընհընմները բնականից օժտված են ընդհանուր հակումով դեպի ամեն մի առաքինություն և ոչ մի գաղափար չունեն, թե ի՞նչ բան է չարիքը բանական արարածի համար, ուստի նրանց կյանքի հիմնական կանոնն այն է, որ կատարելագործեն իմացականությունը և ամբողջովին առաջնորդվեն նրանով։ Նրանց համար իմացականությունը, ինչպես մեզանում, մի անստույգ հասկացողություն չէ, որով մարդ կարող է միևնույն հավանականությամբ մի խնդրի մասին առարկել թե՛ թեր և թե՛ դեմ․ ընդհակառակը, նա ներգործում է ձեր մտքին, անմիջական և համոզիչ, ինչպես այդ պիտի լինի, եթե այդ իմացականությունը մեզ սովորեցրել է հաստատել կամ ժխտել մի բան, ինչ որ մենք ստույգը չգիտենք, չենք կարող ո՛չ ժխտել, ո՛չ էլ հաստատել։ Այդպիսով վիճաբանությունը, բանակռիվը, բանավեճը և սխալ կամ երկբայելի առաջադրության համառ պաշտպանությունը հուիհընհընմների համար միանգամայն անծանոթ մոլություններ են։ Միևնույն ձևով, երբ եո փորձեցի բացատրել մեր բնափիլիսոփայության տարբեր սիստեմները, նա քմծիծաղ տվեց և տարակուսանք հայտնեց, թե մի արարած, որ հավակնություն ունի իրեն բանական համարելու, ինչպե՞ս կարող էր պարծենալ, որ գիտե ուրիշ արարածների խոհերը, և այն էլ այնպիսի բաների մասին, որոնց նկատմամբ այդ գիտությունը, եթե անգամ ստույգ լիներ, ոչ մի գործնական իմաստ չունի։ Այդ տեսակետից նրա ասածները միանգամայն համապատասխանում են Սոկրատի այն կարծիքին, որ Պլատոնն է մեզ հաղորդում, և ինձ թվում է, որ մատնանշելով այդ հանգամանքը՝ ես մեծ պատիվ եմ անում մեր փիլիսոփայության թագավորին։ Եվ այդ օրվանից սկսած ես հաճախ խորհել եմ, այն մասին, թե դրա նման մի վարդապետության գոյությունն ինչպիսի՜ ավերումներ կարող էր անել մեր եվրոպական մատենադարանում, և գիտական աշխարհի համար հռչակի քանի֊քանի ուղիներ կփակվեին։
Բարեկամությունն ու բայրացակամությունը հուիհընհընմների հիմնական երկու առաքինություններն են և այդ առաքինություններն առանձին անհատների սեփականությամբ չեն սահմանափակվում, այլ տարածվում եմ ամբողջ ցեղի վրա։ Ուստի ամենահեռավոր երկրներից եկած օտարականն այնպիսի ընդունելություն է գտնում այստեղ, ինչպես մտերիմ հարևանը և, ուր էլ նա գնալու լինի, իր տանն է համարում իրեն։ Հուիհընհընմնեերը վերին աստիճանի պարկեշտ և քաղաքավարի են, բայց միևնույն ժամանակ հակառակ են ամեն մի էտիկետի։ Նրանք իրենց քուռակներին երես չեն տալիս, սակայն նրանց դաստիարակելու համար ցուցադրած հոգացողությունը բխում է իրենց բանականության թելադրությունից։ Եվ ես նկատեցի, որ իմ տերն հարևանի զավակներին նույն սերն էր ցույց տալիս, ինչ որ իր սեփական զավակներին։ Նրանք ընդունում են, որ բնությունը սովորեցրել է հավասարապես սիրել իրենց բոլոր ցեղակիցներին և միայն բանականությունն է, որ տարբերություն է դնում անհատների մեջ՝ համաձայն նրանց առաքինությունների աստիճանաչափի։
Հուիհընհընմների գերդաստանի մայրն ամեն մի սեռից մի֊մի զավակ աշխարհ բերելով, վերջ է տալիս ամուսնական հարաբերություններին, բացի այն դեպքից, երբ կորցնում է իր սաներից մեկին, մի բան, որ շատ հազիվ է պատահում։ Բայց այդպիսի դեպքերում ամուսինները վերսկսում են հարաբերությունները, կամ եթե կինը ծննդաբերության ընդունակ չի, մի ուրիշ զույգ տալիս է անզավակ ծնողներին իր քուռակներից մեկին ու կրկին կենակցության մեջ մտնում , մինչև որ մայրը հղիանում է։ Նման նախազգուշությունն անհրաժեշտ է երկիրը գերբնակչությունից զերծ պահելու համար։
Սակայն ստոր դասի հուիհընհընմներն այդ տեսակետից այդքան խիստ սահմանափակված չեն․ նրանք իրավունք ունեն ամեն մի սեռից երեք զավակ ունենալու, որոնք հետագայում դառնում են ազնվական ընտանիքների սպասավորները։
Հարսանիքի ժամանակ նրանք ամենամեծ խնամքով ընտրում են այնպիսի գույնի ամուսիններ, որպեսզի սերունդների համար չստեղծեն գույների անհաճո խառնուրդ։ Արուների համար գլխավոր արժանիքն ուժն, իսկ էգերի համար վայելուչ տեսքը, և այդ էլ գնահատվում է ոչ թե սիրո, այլ ցեղն այլասերումից զերծ պահելու տեսակետից, ուստի, երբ էգը պատահմամբ գերազանցում է իր ուժով, այն ժամանակ նրան ընկեր ընտրելիս նախ և առաջ աչքի են առնում վայելուչ տեսքը։ Նրանք ոչ մի հասկացողություն չունեն, թե ի՞նչ բան է շողոքորթությունը, սերը, ընծան, այրի կնոջ հասանելիքը, և ոչ էլ նրանց լեզվով գոյություն ունեն բառեր այդ ամենն արտահայտելու համար։ Երիտասարդ զույգերը հանդիպում են միմյանց և կապվում իրար հետ պարզապես նրա համար, որովհետև իրենց ծնողների կամ բարեկամների կամքն այդ է պահանջում․ և քանի որ նրանց աչքի առաջ ամեն օր տեղի են ունենում այդպիսի ամուսնություններ, ուստի նրանք համարում են, որ դա բանական արարածի անխուսափելի գործողություններից մեկն է։ Բռնի ամուսնությունն ու ցոփությունը չլսված բաներ են, և ամուսնացած զույգն իր կյանքը անց է կացնում նույնպիսի բարեկամական և փոխադարձ մտերմության զգացմունքներով, ինչպիսի զգացմունքներով նա վերաբերվում է իր ամեն մի ցեղակցին, որին նա հանդիպում է․ և այդ ամենը՝ առանց խանդի, սիրո տենչանքի, կռվի և դժգոհության։
Նրանց երկսեռ պատանեկության դաստիարակությունը զարմանալի է և մեծապես արժանի մեր ընդօրինակության։ Երիտասարդներին, մինչև տասնութ տարեկան դառնալը, բացի մի քանի հատուկ օրերից, թույլ չեն տալիս, որ գարու հատիկի համը տեսնեն, կաթը թույլ են տալիս շատ քիչ․ ամառը նրանք, իրենց ծնողների պես, արածում են առավոտ և երեկո երկուական ժամ․ իսկ ծառաներին թույլատրվում է արածել այդ ժամանակի միայն կես մասի ընթացքում․ նրանք կերի մեծ մասը բերում են տուն և աշխատանքի ազատ ժամերին ուտում այդ կերը։
Ժուժկալությունը, աշխատասիությունը, վարժություններն ու մաքրասիրությունը պարտադիր առարկաներ են երկու սեռի պատանիների համար․ և իմ տիրոջ կարծիքով հրեշային սովորություն է, որ մենք էգերին տարբեր դաստիարակություն ենք տալիս, քան արուներին, ի բաց առայլ, իհարկե, տնային տնտեսությանը․ այդ պատճառով էլ, ըստ նրա ճիշտ դիտողության, մեր ազգաբնակության ուղիղ կես մասը, բացի երեխա բերելուց, ուրիշ բանի պետք չէ․ և մեր մանուկների խնամատարությունը այդպիսի անպետք անասուններին վստահելու հանգամանքը, ինչպես նա ասաց, մեր վայրենի լինելու ամենախոշոր ցուցանիշն է։
Հուիհընհընմները իրենց մանուկ սերնդին սովորեցնում եմ ուժ, փութկոտություն և տոկունություն՝ վարժեցնելով, գահավիժ և քարքարոտ ճանապարհներով վեր ու վար վազել․ և երբ նրանք քրտինքի մեջ կորչում են, նրանց ստիպում են, որ մինչև ականջները գետի կամ լճի մեջ մտնեն։ Որոշ մարզի երիտասարդներ, տարին չորս անգամ, ժողովվում են, ցույց տալու իրենց վազելու ու թռչկոտելու հմտությունը և ուժ ու ճարպկություն պահանջող այլ վարժություններ։ Հաղթանակողին, լինի արու, թե էգ, վարձատրում են գովաբանական երգով։ Այդ հանդեսին, հուիհընհընմներին հյուրասիրելու համար, ծառաները դեպի դաշտն են քշում եհուների հոտը՝ խոտով, գարիով ու կաթով բարձած․ ապա այդ անասուններին անմիջապես ետ են քշում, վախենալով, որ միգուցե նրանց կերպարանքը հանդիսականներին գարշանք պատճառի։
Չորս տարին մի անգամ, գարնանային զուգօրյակներին, տեղի է ունենում ամբողջ ազգի պատգամավորական ժողովը, որ գումարվում է մի դաշտավայրում, իմ տիրոջ տանից քսան մղոն հեռավորության վրա և տևում է հինգ թե վեց օր։ Այստեղ նրանք քննության են առնում երկրի զանազան մարզերի կացությունն ու վիճակը՝ արդյոք խոտի, գարու, կովերի և եհուների կողմից ապահո՞վ են, թե՞ պակասություն ունեն։ Եվ եթե մի որևէ տեղ կարիք կա (որը հազիվ է պատահում), ապա այդ կարիքն անմիջապես վերացնում են միահամուռ հանգանակությամբ, որ տեղի է ունենում ընդհանուրի հավանությամբ։ Բացի այդ, այդտեղ կատարվում է երեխաների բաշխումը․ օրինակի համար, եթե մի որևէ հուիհընհընմ ունի երկու արու զավակ, նա փոխանակություն է անում ուրիշի հետ, որ ունի երկու էգ զավակ․ և եթե մի որևէ պատահարի շնորհիվ մեկը կորցրել է իր զավակին, և մայրն այլևս չի կարող նորը ծնել, այդտեղ որոշում է կայանում, թե մարզի ո՞ր ընտանիքը պիտի ծնի մի նոր երեխա, որպեսզի լրացնեն պակասը։
Գլուխ իններորդ
Հուիհընհընմների ընդհանուր ժողովում տեղի ունեցած խոշոր վիճաբանությունները և թե ինչ վախճան ունեցան այդ վիճաբանությունները։ Հուիհընհընմների գիտությունը։ Նրանց շենքերը։ Նրանց թաղման ծիսակատարությունը։ Նրանց լեզվի թերությունները։
Այդ մեծ ժողովներից մեկը տեղի ունեցավ իմ այնտեղ եղած ժամանակ, մեկնելուց երեք ամիս առաջ, որին մասնակցում էր իմ տերը, իբրև մի շրջանի ներկայացուցիչ։
Այդ խորհրդաժողովին կրկին սկսվեց նրանց հին պայքարը, այսպես ասած, միակ պայքարը, որ երբևիցե եղել է այդ երկրում․ իմ տերը, երբ վերադարձավ ժողովից, մանրամասն պատմեց այդ մասին։
Վեճի առարկա խնդիրն այն էր, թե արդյոք հարկավո՞ր է ջնջել եհուներին աշխարհի երեսից, թե՞ ոչ։ Թեր խոսողներից մեկը մեջտեղ բերեց բազմաթիվ զորեղ և ծանրակշիռ փաստեր՝ հաստատելու, որ եհուները ոչ միայն ամենափնթի, գարշահոտ և այլանդակ կենդանիներն են, որոնց նմանը չի արտադրել բնությունը, այլև վերին աստիճանի համառ են, բթամիտ, չարասիրտ ու վրեժխնդիր․ որ եթե մշտական հսկողություն չլիներ, նրանք կծծեին հուիհընհընմների կովերի կաթը, կսպանեին ու կլափեին կատուներին, ոտնատակ կանեին գարին ու խոտը և հազար և հազար ու մի այլ հանցագործություններ կկատարեին։ Նա հիշեց մի տարածված ավանդություն, ըստ որի եհուները միշտ այդ երկրում չեն եղել, այլ շատ տարիներ առաջ այդ կենդանիներից մի զույգ երևան է եկել մի լեռան վրա, և մինչև հիմա հայտնի չէ, թե դրանք արդյունք են նեխվող տիղմի և ցեխի վրա ունեցած արևի ջերմության, թե՞ ծնունդ են առել ծովի մամուռներից ու փրփուրներից։ Նա ասաց, որ այդ զույգ եհուներն սկսեցին բազմանալ և կարճ ժամանակվա ընթացքում նրանց սերունդներն այնքա՜ն աճեցին, որ լցրին և ապականեցին ամբողջ երկիրը․ որ այդ դժբախտությունից ազատվելու համար հուիհընհընմերը խմբովին որսի դուրս եկան և վերջ ի վերջո շրջապատեցին նրանց ամբողջ հոտը․ կոտորելով հասակավորներին՝ հուիհընհընմներից ամեն մեկն իր ախոռը տարավ երկու ձագ և սկսեց մինչ այն աստիճանի ընտելացնել, ինչ աստիճանի որ կարող է մի այդպիսի վայրենի արարած օժտված լինել բնական ձիրքով։ Եհուներին բանեցրին բեռներ կրելու և փոխադրելու համար։ Թվում է, որ այդ ավանդության մեջ շատ ճշմարտություն կա և որ այդ արարածները չեն կարող իլնհնիամսհի (կամ բնիկներ) եղած լինել, որովհետև սոսկալի ատելությամբ են վերաբերվում նրանց ոչ միայն հուիհընհընմները, այլև մյուս բոլոր կենդանիները։ Թեև նրանց չարամտությունը միանգամայն արժանի է այդ ատելության, սակայն այնուամենայնիվ, այդ աստիճանի չպիտի հասներ, եթե եհուները տեղացիներ լինեին, եթե ոչ նրանք վաղուց անհետացած կլինեին։ Վերջապես նա ասաց, որ եհուներին բանեցնելու մտադրությամբ տեղացիները կոպիտ կերպով զանց առան էշերին կրթելու հնարավորությունը, որոնք ավելի հեզ ու հնազանդ կենդանիներ են, հեշտ խնամվող և ավելի պարտաճանաչ և, միևնույն ժամանակ, նրանցից վատ հոտ չի գալիս, աշխատանքի համար բավականաչափ ուժեղ են, թեև զուրկ են ուրիշ կենդանիների ճարպկությունից։ Թեկուզ նրանց զռռոցն ախորժալուր չէ, բայց և այնպես ավելի գերադասելի է, քան եհուների անտանելի ոռնոցը։
Երբ այդ առիթով մի քանի հոգի էլ արտահայտվեցին, իմ տերը ժողովին առաջարկեց մի հարմար միջոց, որը, իսկապես, բխում էր իմ թելադրությունից։ Մի փոքր առաջ ժողովում խոսող պատվելի անդամի մատնանշած ավանդությունը նա ընդունելի գտավ, սակայն ապացուցեց, որ առաջին անգամ իրենց երկրում երևան եկած եհուները եկել են ծովի կողմից․ որ ցամաքն իջնելով, իրենց ընկերների կողմից լքվել են, լեռները քաշվել ու աստիճանաբար այլասերվել, ժամանակի ընթացքում ավելի վայրենացել, քան թե իրենց ցեղակիցներն են եղել այն երկրում, որտեղից այդ երկու նախահայրերը եկել են։ Իր ասածներին իբրև ապացույց կարող է լինել այն, որ այժմ իր տրամադրության տակ ունի մի զարմանալի եհու (նա ակնարկել էր ինձ), որի մասին նրանցից շատերը լսել են և որին շատերն էլ տեսել են։ Այնուհետև պատմեց, թե ինչպես նա առաջին անգամ գտավ ինձ․ որ իմ մարմինն ամբողջովին ծածկված է ուրիշ կենդանիների մորթու և մազեղենի արհեստական գործվածքով․ որ ես խոսում եմ իմ սեփական լեզվով և կատարելապես սովորել եմ իրենց լեզուն․ որ ես պատմել եմ նրան այն պատահարների մասին, որոնք ինձ բերել են այստեղ․ որ երբ նա տեսավ ինձ առանց ծածկոցի, գտավ, որ ես ըստ ամենայնի իսկական եհու եմ, միայն կաշիս ավելի ճերմակ է, վրայիս մազերն ավելի քիչ են և ճանկերս էլ՝ կարճ։ Նա ավելացրեց, թե ինչպե՞ս եմ ես աշխատել համոզել նրան, որ իմ հայրենիքում և կամ այլ երկրներում եհուները տիրող, բանիմաց կենդանիներ են և հուիհընհընմներին էլ ստրուկ են պահում․ որ նա իմ մեջ նկատել է եհուների բոլոր հատկությունները, միայն ես ավելի եմ քաղաքակրթված շնորհիվ իմ ունեցած բանականության նշույլների, սակայն այդ տեսակետից ես մի աստիճան ցածր եմ կանգնած հուիհընհընմների ցեղից, ճիշտ այնպես, ինչպես իրենց երկրի եհուներն ինձնից։ Նա հիշեց երիտասարդ հուիհընհընմներին կրտելու՝ իմ պատմած սովորությունը և որ ամոթ բան չէ կենդանիներից իմաստություն սովորելը, ինչպես օրինակ՝ աշխատասիրությունն ու կանխատեսությունը կարելի է սովորել մրջյուններից, իսկ շինանարությունը՝ ծիծեռնակներից (այդպես եմ թարգմանում լիխաննխ բառը, թեև նրանք այդպես անվանում են և ավելի խոշոր թռչունների). որ այդ գործողությունը կարելի է կատարել այստեղի երիտասարդ եհուների վրա, և դրա շնորհիվ նրանք կդառնան ոչ թե միայն ավելի հնազանդ և աշխատունակ, այլև, մի սերնդից հետո, կվերանա ամբողջ ցեղը, այնպես որ կարիք չի լինի դիմելու նրանց կյանքին վերջ տալու միջոցներին․ և որ այդ ժամանակամիջոցում լավ կլիներ, եթե հուիհընհընմները պարապեին էշերի կրթությամբ, որոնք թե՛ ըստ ամենայնի ավելի արժեքավոր կենդանիներ են և թե՛ ունեն այն առավելությունը, որ աշխատունակ են դառնում հինգ տարեկանից սկսած, մինչդեռ եհուները մինչև տասներկու տարեկան դառնալը ոչ մի բանի պետք չեն։
Ահա այն ամենը, ինչ այդ ժամանակ հարկ համարեց իմ տերը հաղորդելու ինձ մեծ խորհրդում տեղի ունեցած անց ու դարձի մասին։ Սակայն նա բարեհաճեց թաքցնելու ինձնից մի մանրամասնություն, որ վերաբերում էր իմ անձին և որի կորստաբեր հետևանքները շուտով ես զգացի, ինչպես կիմանա ընթերցողը տեղը եկած ժամանակ։ Ես համարում եմ, որ այդտեղից սկսվեցին իմ կյանքի հետագա դժբախտությունները։
Հուիհընհընմները գրավոր դպրություն չունեն, ուստի նրանց գիտությունն ամբողջովին բանավոր է։ Բայց քանի որ մի ժողովուրդ այդ աստիճանի համերաշխ է, բնածին հակում ունի դեպի ամեն մի առաքինություն, կառավարվում է բացառապես բանականությամբ և կտրված է այլ ժողովուրդների հետ հաղորդակցություն ունենալու հնարավորությունից ու նրա կյանքում շատ քիչ դեպքեր են տեղի ունենում, ուստի նրա պատմությունը հեշտությամբ է անցնում սերնդից սերունդ առանց ծանրաբեռնելու հիշողությունը։ Ես մի փոքր առաջ հիշատակեցի, որ նրանք ոչ մի հիվանդության ենթակա չեն․ այդ պատճառով էլ բժշկի կարիք չունեն։ Սակայն նրանք ունեն զանազան խոտերից շինած սքանչելի դեղեր, որոնցով նրանք բուժում են իրենց ճախանոցներն ու սմբակների միջի փափուկ տեղերը, երբ վնասում կամ քերծում են սրածայր քարերից, ինչպես նաև իրենց մարմնի մյուս մասերի ջարդված տեղերը և կամ վերքերը։
Նրանք տարին հաշվում են ըստ արևի և լուսնի շրջանների, իսկ շաբաթական ստորաբաժանումներ չեն գործածում։ Նրանք բավականաչափ ծանոթ են այդ երկու լուսատուների շարժումներին և հասկանում են խավարման էությունը, որ և նրանց աստղաբաշխության գերագույն նվաճումն է։
Սակայն պետք է խոստովանել, բանաստեղծության մեջ նրանք գերազանցում են մյուս բոլոր մահկանացուներին․ արդարև, նրանց տեղին համեմատությունները և նրանց նկարագրությունների մանրամասնություններն ու ճշգրտությունն աննման են։ Նրանց ոտանավորների մեջ առատ են այդ երկու առանձնահատկությունները և նյութը սովորաբար լինում է կամ բարեկամության ու բարեսիրության վսեմ գաղափարը և կամ արշավների և այլ մարմնական վարժությունների ժամանակ հաղթողների փառաբանությունը։ Նրանց շինությունները թեև շատ անտաշ և հասարակ են, սակայն զուրկ չեն հարմարություններից և հիանալի կերպով նրանց պաշտպանում են թե՛ ցրտից և թե՛ տաքից։ Նրանց մոտ աճում է մի տեսակ ծառ, որ քառասուն տարեկան դառնալուց հետո, զրկվում է իր արմատների ամրությունից և առաջին իսկ փոթորկին վայր է ընկնում․ այդ ծառերը շատ ուղղաձիգ են․ սրածայր քարերով (հուիհընհընմներին անծանոթ երկաթի գործածությունը) նրանց ծայրերը ցցերի պես սրելուց հետո, նրանք այդ գերաններն ուղղահայաց կերպով խրում են գետնի մեջ՝ մեկը մյուսից տասը մատնաչափ հեռու և ապա գարու ծղոտով կամ այլ ճղներով հյուսում։ Նույն ձևով էլ շինում են տանիքներն ու դռները։
Հուիհընհընմներն իրենց առջևի ոտքերի սմբակների և ճախանոցների մեջտեղի փոս ընկած մասը գործ են ածում այնպես, ինչպես մենք մեր ձեռքերը, և մի այնպիսի ճարպկությամբ, որ ես սկզբում չէի կարող երևակայել։ Ես տեսա մեր գերդաստանի սպիտակ մատակներից մեկին այդ ձևով ասեղը թելելիս (որ ես փորձի համար տվի նրան)։ Նրանք կթում են իրենց կովերը, հնձում են իրենց գարին և կատարում այն բոլոր գործերը, ինչ որ հարկավոր է ձեռքով անել։ Նրանք մի տեսակ ամուր կայծքարով սրում են քարեր ու շինում գործիքներ, որոնք փոխարինում են մեր սեպերին, կացիններին և մուրճերին։ Կայծքարով շինած այդ գործիքների միջոցով նրանք նմանապես քաղում են իրենց խոտը, հնձում գարին, որ բնական կերպով աճում է բազմաթիվ դաշտերում։ Եհուները սայլերով խուրձերը բերում են տուն, իսկ ծառաները տրորում են հատուկ շինած խրճիթներում, զատում են հատիկները և պահում ամբարներում։ Նրանք շինում են կոպիտ տեսակի փայտե և կավե ամաններ և վերջինները թրծում արևի տակ։
Եթե դժբախտ դեպք չի պատահում նրանք մեռնում են ծերությունից և նրանց թաղում են մի որևէ ետ ընկած տեղ։ Հանգուցյալի բարեկամներն ու ազգականներն անջատման ժամանակ ոչ ուրախանում են և ոչ էլ վշտանում, իսկ ինքը՝ մեռնողն ամենևին չի ափսոսում, որ հեռանում է այս աշխարհից, այլ կարծես թե իր հարևանին այցելելուց հետո տուն է վերադառնում։ Հիշում եմ՝ մի անգամ իմ տերը հրավիրել էր իր բարեկամին և նրա ընտանիքին իր տունը մի շատ կարևոր գործի, և նշանակված օրը տիկինն ու նրա երկու երեխաները շատ ուշ եկան․ տիկինը կրկնակի ներողություն խնդրեց, նախ իր ամուսնու համար, որը, ինչպես նա ասաց, այս առավոտ սըհնուվնհ։ Այդ խոսքը նրանց լեզվով շատ արտահայտիչ է, բայց շատ դժվար թարգմանելի․ բառացի կերպով նշանակում է՝ վերադարձավ իր նախամոր մոտ։ Ապա ներողություն խնդրեց, որ ինքն ուշացավ, որովհետև իր ամուսինը մեռավ առավոտյան, ու նա երկար ժամանակ խորհուրդ էր անում իր ծառաների հետ մի հարմար տեղ գտնելու, որտեղ կարելի լինի դնել նրա դիակը․ և ես նկատեցի, որ նա մեր տանն իրեն այնքան ուրախ էր պահում, որքան և մյուսները։ Երեք ամսից հետո նա մեռավ։
Ընդհանրապես հուիհընհընմներն ապրում են յոթանասուն կան յոթանասունհինգ տարի, երբեմն էլ մինչև ութսուն տարի։ Մահից մի քանի շաբաթ առաջ նրանք զգում են ուժերի հետզհետե նվազելը, սակայն առանց տանջանքների։ Այդ ժամանակամիջոցում հաճախ այցելության են գալիս բարեկամները, որովհետև մեռնողն այլևս չի կարողանում իր սովորական թեթևությամբ ու ճարպկությամբ տնից դուրս գալ։ Սակայն մահից տասն օր առաջ, այդ հաշվում նրանք շատ քիչ են սխալվում, մեռնողը փոխադարձ այցելության է գնում նրանց, որոնք ամենամոտիկ հարևաններն են․ մեռնողը նստում է եհուներ լծած մի հարմար սահնակ։ Այդ սահնակները նրանք գործ են ածում ոչ միայն այդպիսի դեպքերում, այլև այն ժամանակ, երբ նրանք ծերանում են և երկար ճանապարհորդություն պիտի կատարեն, կամ թե չէ՝ երբ որևէ դիպվածով վնասում են իրենց ոտքը։ Եվ ահա, մեռնող հուիհընհընմը կատարելով այդ փոխադարձ այցելությունները՝ հանդիսավոր կերպով հրաժեշտ է տալիս իր բարեկամներին այնպես, ինչպես եթե նա գնալիս լիներ մի հեռավոր երկիր, ուր նա ցանկանում է անց կացնել իր կյանքի մնացորդը։
Չգիտեմ՝ արժե՞ արդյոք հիշել, որ հուիհընհընմների լեզվում բառեր չկան արտահայտելու մի որևէ բան, որ կապ ունի չարության հետ, բացի այն բառերից, որոնցով արտահայտում են եհուների այլանդակություններն ու վատ հատկությունները։ Այդպիսով ծառայի հիմարությունը, երեխայի զանցառությունը, նրանց ոտը կտրող քարը, աննպաստ կամ անպատեհ եղանակն ու նման բաներ արտահայտելու համար նրանք բառին կցում են եհու մակդիրը։ Օրինակի համար հընմ եհու, վհնահոլմ եհու, իմլհմդվիհլմա եհու, իսկ վատ շինած տան մասին ասում են ինհոլնհնմրռհլնվ եհու։
Ես մեծ հաճույքով ավելի երկար կանգ կառնեի այդ սքանչելի ժողովրդի վարք ու բարքի և առաքինությունների վրա, սակայն մտադրություն ունենալով մոտիկ ապագայում այդ նյութի մասին մի առանձին գիրք հրատարակելու, ես ընթերցողին հանձնարարում եմ այդ գիրքը և միևնույն ժամանակ անցնում իմ տխուր աղետի պատմությանը։
Գլուխ տասներորդ
- Հեղինակի տնտեսությունը և երջանիկ կյանքը հուիհընհընմների աշխարհում։ Շնորհիվ նրանց հետ ունեցած շփումների նա առաքինությունների մեջ խոշոր առաջադիմություն է անում։ Նրանց զրույցները։ Տերն ազդարարում է հեղինակին, որ հեռանա երկրից։ Վշտից նա ուշաթափվում է, սակայն հնազանդվում է։ Իր մտերիմ ծառայի օգնությամբ նա մի նավակ է շինում և, բախտին հանձնվելով, դիմում դեպի ծով։
Իմ փոքրիկ տնտեսությունը ես կարգի բերի սիրտս ուզածի պես։ Իմ տերը կարգադրեց, որ իրենց ձևով, տնից մոտ վեց յարդ հեռու, ինձ համար մի սենյակ պատրաստեն։ Պատերն ու հատակը ես ծեփեցի կավով ու ծածկեցի իմ ձեռքով շինած խսիրներով։ Ծեծելով կանեփը, որ այստեղ բսնում է վայրի, ես մի կերպ բարձի երեսի համար կտավ գործեցի և մեջը լցրի զանազան թռչունների փետուրներով, որ բռնում էի եհուների մազերից շինած մաղերով․ այդ թռչունների միսը հիանալի համ ունի։ Երկու աթոռ շինեցի, ունենալով կարմիր ձիաջորու գործոն աջակցությունը, որն իր վրա վերցրեց աշխատանքի դժվարագույն մասը։ Երբ հագուստս մաշվեց և ծվեն֊ծվեն եղավ, ես ինձ համար կարեցի մի ուրիշը՝ ճագարի, ինչպես և ուրիշ գեղեցիկ կենդանիների մորթուց, որոնք ճագարի չափ մեծ են և կոչվում են ննուհնոհ և որոնց մաշկը ծածկված է նուրբ աղվամազով։ Նույն մաշկերից ես կարեցի ինձ համար բավական տանելի գուլպաներ։ Կոշիկիս ներբանը շինեցի տախտակից, որ տաշել էի մի ծառի բնից, ու վրան մի կաշի քաշեցի, և երբ այդ մաշվեց, փոխարինեցի եհուի կաշվով, որ չորացնում էի արևի տակ։ Ծառերի փչակից ես հաճախ մեղր էի հանում, որը խառնում էի ջրի հետ և խմում, կամ հացով ուտում։ Ոչ ոք ինձանից ավելի լավ չի կարող հաստատել այս երկու ասացվածքի ճշտությունը՝ բնությունը սակավապետ է և կարիքը հնարագիտության մայրն է։ Ես հրճվում էի իմ մարմնի կատարյալ առողջությամբ և իմ հոգեկան անդորությամբ․ ես վախ չունեի ոչ բարեկամիս դավաճանությունից կամ նրա անկայուն վերաբերմունքից և ոչ էլ անհայտ կամ հայտնի թշնամուս անիրավությունից։ Մի որևէ մեծ մարդու կամ նրա սիրեցյալի շնորհին արժանանալու համար հարկավոր չէր, որ ես դիմեի կաշառատվության, շողոքորթության կամ կավատության․ պաշտպանության պետք չունեի ո՛չ խաբեբայության և ո՛չ էլ բռնության դեմ․ այստեղ ոչ բժիշկ կար, որ քայքայեր իմ առողջությունը և ոչ էլ օրենսգետ, որ ինձ անբախտացներ․ չկար և լրտես, որ հետապնդեր իմ խոսքերը և գործերը կամ փողի համար սուր մեղադրանքներ վրաս․ այստեղ չկար ոչ մի երգիծող, պարսավող, բամբասող, գրպանահատ, ավազակ, տուն կողոպտող, փաստաբան, կավատ, միմոս, խաղամոլ, պոլիտիկան, սրախոս, մաղձոտ, գրախոս, վիճաբանություն սիրող, բռնաբարող, մարդասպան, գող, վիրտուոզ․ ոչ մի լիդեր կամ քաղաքական պարտիաների ու խմբակցությունների անդամ․ հրապույրով կամ օրինակով՝ մոլության ոչ մի քաջալերիչ․ ոչ մի բանտ, կացին, կախաղան, անարգանքի կամ նշավակության սյուն․ ոչ մի խաբեբա խանութպան կամ արհեստավոր․ չկար և գոռոզություն, սնափառություն կամ կեղծիք․ ոչ մի ցուցամոլ, ամբարտավան, արբեցող, պոռնիկ և վեներական հիվանդություն․ ոչ մի պոռոտախոս, շռայլ և անամոթ կին․ ոչ մի ապուշ, հպարտ, իմաստալ, ոչ մի տաղտկալի, գոռոզ, կռվարար, աղմկարար, գոռգոռացող, սնամեջ, ինքնահավան, հայհոյաբան ընկեր բարեկամ․ ոչ մի սրիկա, որ բարձրացել է ցեխից իր մոլությունների շնորհիվ, և ոչ էլ ազնիվներ, որոնք այդ ցեխի մեջն են ընկել իրենց առաքինությունների պատճառով․ ոչ մի լորդ, ջութակահար, դատավոր կամ պարի ուսուցիչ։
Ես բախտ ունեցա ներկայանալու մի քանի հուիհընհընմների, որոնք իմ տիրոջն այցելության կամ ճաշկերույթի էին եկել․ նորին մեծապատվությունը հաճեց թույլ տալ ինձ, որպեսզի մնամ սենյակում և լսեմ նրանց խոսակցությունը։ Թե՛ նա և թե՛ նրա հյուրերը հաճախ բարեհաճում էին ինձ հարցեր տալ ու պատասխան առնել։ Երբեմն նաև բախտ էի ունենում ուրիշներին արած այցելությունների ժամանակ ուղեկցելու իմ տիրոջը։ Երբեք չէի համարձակվում խոսելու, այլ միայն պատասխանում էի ինձ տված հարցումներին․ և սրտանց ափսոսում էի, որովհետև ես համարում էի այդ իմ ինքնազարգացման տեսակետից ժամանակի կորուստ․ այդ տեսակ խոսակցությունների ժամանակ համեստ լսողի դերում լինելն ինձ անհուն հաճույք էր պատճառում, ուր միայն գործի մասին էին խոսում, և նրանց արտահայտությունները սակավաթիվ և նշանակալից խոսքեր էին, ուր (ինչպես ես արդեն ասացի) մեծապես ի նկատի էր առնվում պարկեշտությունը, առանց որևէ ծիսակատարության, ուր ոչ ոք չէր խոսում առանց հաճույք պատճառելու թե՛ իրեն և թե իր ունկնդիրներին․ ուր իրար չէին ընդհատում, և ուր չկար ո՛չ տաղկտություն, ո՛չ տաքարյունություն և ո՛չ էլ կարծիքների տարբերություն։ Նրանց կարծիքով երբ մարդիկ հանդիպում են միմյանց, լավ է խոսակցությունը ընդհատել կարճատև ընդմիջումներով․ և ես գտնում եմ, որ այդ ճիշտ է․ որովհետև զրույցների փոքրիկ ընդմիջումներին ծագում են նորանոր մտքեր, որոնք կենդանություն են տալիս խոսակցությանը։ Խոսակցության նյութ ընդհանրապես լինում են՝ բարեկամությունը և բարի ցանկությունները, կամ կարգապահությունն ու խնայողությունը, երբեմն էլ բնության տեսանելի երևույթները և կամ հին ավանդույթները․ առաքինության չափն ու սահմանը․ բանականության անսխալ կանոնները կամ մի շարք որոշումներ, որ պիտի ընդունի առաջիկա մեծ ժողովը․ հաճախ էլ բանաստեղծության տարբեր տեսակների վսեմությունը։ Առանց սնափառության կարող եմ ավելացնել, որ իմ ներկայությունը հաճախ առատ նյութ էր տալիս նրանց խոսակցությանը, որովհետև ես առիթ էի իմ տիրոջ համար իր բարեկամներին պատմելու իմ և իմ հայրենի երկրի պատմությունը, որը լսելուց հետո նրանք մարդկային ցեղի մասին այնքան էլ նպաստավոր կարծիք չէին հայտնում․ դրա համար էլ ես չպիտի կրկնեմ նրանց ասածները։ Միայն ես թույլ պիտի տամ ինձ նկատելու, որ նորին մեծապատվությունը, ի մեծ զարմանս իմ, թվաց, թե բոլոր երկրների եհուների բնությունն ավելի լավ հասկացավ, քան թե ես։ Նա մի առ մի թվեց մեր բոլոր մոլություններն ու անիմաստությունները և հայտնաբերեց այնպիսի բաներ, որոնց մասին ոչ մի խոսք չէի ասել նրան․ բավական էր նրան միայն ենթադրել, թե ինչ բանի ընդունակ կլինեին իրենց երկրի եհուները, եթե օժտված լինեին բանականության մի չնչին մասով, և նա հանգում էր այն հավանական եզրակացության, թե որքա՜ն անարգ և թշվառ պիտի լինեին այդ արարածները։
Ես անկեղծ խոստովանում եմ, որ իմ, քիչ թե շատ արժեք ունեցող, չնչին գիտությունը ես ստացել եմ իմ տիրոջից և այն իմաստուն զրույցներից, որ ես լսել եմ նրանցից և իր բարեկամներից․ ես կգերադասեի պարծանքով լսել նրանց, քան թե իմ թելադրությունն անել Եվրոպայի ամենամեծ և ամենաիմաստուն պառլամենտին։ Այդ երկրի բնակիչների ուժը, շնորհալիությունն ու արագաշարժությունը զարմանք էին պատճառում ինձ․ և այդչափ սիրալիր անձնավորությունների առաքինությունների այդ աստիճանի համադրությունն առաջ էր բերում իմ մեջ ամենաբարձր հարգանք։ Սկզբում, ճիշտ է, ես չէի զգում այն բնական պատկառանքը, որ տածում էին նրանց հանդեպ եհուներն ու մյուս բոլոր կենդանիները, սակայն այդ զգացմունքը կամաց֊կամաց պատեց և ինձ, և ավելի շուտ, քան ես կարող էի երևակայել․ և դրան միանում էր իմ ակնածալի սերն ու երախտագիտությունը, որովհետև նրանք բարեհաճել էին ինձ զատելու իմ մյուս ցեղակիցներից։
Երբ ես մատծում էի ընտանիքիս, բարեկամներիս, իմ հայրենակիցների կամ առհասարակ մարդկային ցեղի մասին, սկսում էի համարել նրանց, թե՛ իրենց արտաքինով և թե՛ խառնվածքով, եհուներ, թերևս մի փոքր ավելի քաղաքակրթված և խոսելու ձիրքով օժտված, սակայն որոնք իրենց բանականությունը գործադրում են միայն զարգացնելու և բազմացնելու այն մոլությունները, որոնցից մասն ունեն այս երկրի նրանց եղբայրակիցները լոկ այն չափով, որ չափով որ բնությունը նրանց բաժին է հանել։ Երբ պատահմամբ տեսնում էի իմ պատկերը լճի կամ աղբյուրի մեջ, ինքս ինձնից սարսափած ու զզված՝ երեսս շուռ էի տալիս, և ես ավելի շուտ կարող էի տանել սովորական եհուի, քան թե իմ սեփական տեսքը։ Հուիհընհընմների հետ ունեցած մշտական հարաբերությունից և նրանց հանդեպ տածած հիացական վերաբերմունքից հետո ես սկսեցի ընդօրինակել նրանց քայլվածքն ու շարժուձևերը, որ այժմ ինձ համար սովորություն էր դարձել, և իմ բարեկամները հաճախ հանդիմանական ձևով ասում են, թե ես ձիու պես եմ վազում, թեև ես այդ խոսքերը ընդունում եմ իբրև մեծագույն մի հաճոյախոսություն։ Չպիտի բացասեմ և այն, որ խոսելու ժամանակ հակամետ եմ ընդօրինակելու հուիհնհընմների ձայնն ու ձևերը և առանց ամոթի լսելու, թե այդ առիթով ինչպե՜ս են ինձ ծաղրում։
Այս բոլոր երջանկություններով շրջապատված, երբ կարծում էի, թե մինչև կյանքիս վերջն անխախտ տեղավորվել եմ, մի առավոտ սովորականից ավելի վաղ, իմ տերն ինձ կանչեց իր մոտ․ նրա դեմքից նկատեցի, որ վարանման մեջ է և չգիտի, թե ինչպե՞ս սկսի իր խոսքը։ Կարճատև լռությունից հետո նա ասաց, թե չգիտե՝ ինչպես պիտի ընդունեմ այն, ինչ նա ուզում է ասել․ որ վերջին ընդհանուր ժողովի ժամանակ, երբ հարց բարձրացավ եհուների մասին, պատգամավորները նախատեցին նրան, որ նա եհու է պահում իր տանը (նրանք ի նկատի ունեին ինձ) ու վարվում է իբրև մի հուիհընհընմի և ոչ թե մի վայրենի անասունի հետ։ Հայտնի է, որ իմ տերը հաճախ զրույցներ է ունենում ինձ հետ, կարծես թե կարող է նա ինձնից մի որևէ օգուտ կամ բավականություն ստանալ․ մի այդպիսի վարմունք հաճելի չէ ո՛չ բանականության և ո՛չ էլ բնության և չլսված մի բան է նրանց համար։ Ուստի ժողովը հորդորում է նրան, որպեսզի նա կամ վարվի ինձ հետ ինչպես մյուս ցեղակիցների հետ, կամ առաջարկի, որպեսզի ես վերադառնամ այնտեղ, որտեղից եկել եմ։ Այդ առաջարկներից առաջինը վճռական կերպով մերժվեց այն բոլոր հուիհընհընմների կողմից, որոնք երբևիցե տեսել էին ինձ իմ տիրոջ կամ իրենց տանը, այն հիման վրա, որ ես ունենալով բանականության որոշ սաղմ և դրա հետ միասին՝ այդ անասունների բնածին անբարոյականությունը, երկյուղ կա, որ ես հնարավորություն կունենամ գրավելու նրանց դեպի անտառն ու երկրի լեռնային մասերը և հոտեր կազմած գիշերները հարձակվել և ոչնչացնել հուիհընհընմների անասունները, ինչ որ բնական է որկրամոլ և աշխատանքից խորշող կենդանիների համար։
Իմ տերն ավելացրեց, որ հարևան հուիհընհընմներն ամեն օր ստիպում են նրան, որ նա ի կատար ածի ժողովի հորդորը, որը նա այլևս անկարող է հետաձգել։ Նա կասկածում է, որ ես կարող լինեմ լողալով գնալ մինչև մի այլ երկիր, ուստի ցանկանում է, որ ես շինեմ իմ նկարագրածի նման մի սայլ, որով ես կարողանամ ծովով գնալ․ այդ աշխատանքին ինձ կօգնեն թե՛ իր և թե՛ իր հարևանների ծառաները։ Իսկ ինչ վերաբերում է իրեն, նա ամենայն հաճույքով կպահեր ինձ իբրև ծառա մինչև իմ կյանքի վերջը, որովհետև նա գտնում է, որ ես բուժվել եմ մի շարք վատ սովորություններից ու հակումներից, ջանալով նմանվել հուիհընհընմներին, որչափ թույլ է տալիս իմ ստոր բնությունը։
Այստեղ ես պիտի ընթերցողին դիտել տամ, որ ընդհանուր ժողովի որոշումն այս երկրում կոչվում է հնհլոյան, որ բառացի կերպով նշանակում հորդոր, որովհետև նրանք գաղափար չունեն, թե ինչպե՛ս կարելի է բանական արարածին հարկադրել․ կարելի է միայն խորհուրդ տալ նրան, կամ հորդորել․ և ով չի հպատակվում բնությանը, նա արժանի չէ բնական արարածի կոչման։
Իմ տիրոջ ասածներն ինձ սաստիկ վշտացրին և հուսահատության հասցրին և, անկարող լինելով տանել այդ հարվածը, ես ուշաթափ ընկա նրա ոտքերի առաջ․ ու երբ ուշքի եկա, նա ասաց, թե կարծել է, որ ես մեռա (որովհետև այդ ժողովուրդը ենթակա չէ բնության այդ թուլություններին): Ես նվաղած ձայնով պատասխանեցի, թե մահն ինձ համար մեծ երջանկություն կլիներ․ թեև ես չեմ պարսավում ժողովի հորդորը և ոչ էլ նրա բարեկամների հարկադրանքը, սակայն, իմ անզոր և թերի դատողությամբ կարծում եմ, որ այդ որոշման դաժանությունը, իր բնական էությամբ հանդերձ, կարող էր ավելի նվազ լինել․ որ ես մի լիգ տարածություն անգամ չեմ կարող լողալով անցնել, մինչդեռ այստեղից մինչև մի որևէ ցամաք հավանորեն մոտ հարյուր լիգ է․ որ այս երկրում չկան անհրաժեշտ նյութեր մի փոքրիկ նավ շինելու, որով ես կարողանամ ճանապարհ ընկնել․ բայց ես ի նշան նորին մեծապատվության հանդեպ ունեցած երախտագիտության ու շնորհակալության, պիտի փորձեմ, թեև այդ համարում եմ անհնարին և ինձ վրա նայում եմ, իբրև մի մարդու, որ դատապարտված է կորստի․ որ անբնական մահվան հեռանկարը չարյաց փոքրագույնն է, որովհետև, եթե անգամ հրաշքով փրկելու լինեմ իմ կյանքը, ինչպե՞ս ես կարող եմ հաշտվել այն մտքի հետ, որ իմ օրերը պիտի անցկացնեմ եհուների հետ ու նորից ընկնեմ իմ հին մոլությունների գիրկը, չունենալով իմ աչքի առաջ ոչ մի օրինակ, որ կարող լիներ առաջնորդել ինձ ու պահել առաքինության ուղիների վրա։ Ես շատ լավ գիտեմ, թե իմաստուն հուիհընհընմների որոշումներն ինչպիսի՜ հաստատուն պատճառաբանության վրա են հիմնված և ես, լինելով մի թշվառ եհու, չեմ կարող խախտել այդ որոշումը․ ուստի, նավը շինելու համար իր ծառաների աջակցությունն ինձ առաջարկելու առիթով ես հայտնեցի նրան իմ խորին շնորհակալությունն ու խնդրեցի, որ նա ինձ տա բավականաչափ ժամանակ այդ դժվարին աշխատանքն ավարտելու համար․ ես ասացի նաև, որ պիտի ջանամ պահպանել իմ ողորմելի գոյությունը և եթե երբևիցե վերադառնալու լինեմ Անգլիա՝ հույս ունեմ, որ գովաբանելով փառապանծ հուիհընհընմներին և նրանց առաքինությունները, իբրև օրինակ առաջադրելով մարդկությանը, պիտի լինեմ իմ ցեղակիցների համար մի պիտանի անդամ։
Իմ տերը համառոտակի շատ սիրալիր պատասխանեց և նավս վերջացնելու համար երկու ամիս ժամանակ տրամադրեց ինձ․ նա հրամայեց կարմիր ձիաջորուն, իմ այդ ընկեր ծառային (այսինքն հեռավոր վայրում ես իրավունք ունեմ նրան այդպես անվանելու), որ կատարի իմ կարգադրությունները, որովհետև իմ տիրոջն ասացի, որ նրա աջակցությունը միանգամայն բավական է ինձ համար, և գիտեի, որ նա շատ լավ է ինձ հետ։
Նրա հետ միասին ես նախ և առաջ գնացի ծովափի այն մասը, որտեղ իմ ապստամբած նավաստիները հրամայեցին ցամաք իջեցնել։ Ես մի բլուր բարձրացա, նայեցի չորս կողմը և կարծես թե ծովի հյուսիս֊արևելյան կողմը նշմարեցի մի փոքրիկ կղզի․ գրպանից հանեցի հեռադիտակս ու պարզ կերպով տեսա այդ կղզին, որն ըստ իմ ենթադրության, գտնվում էր ափից մոտ հինգ լիգ հեռավորության վրա։ Իսկ կարմիր ձիաջորուն այնպես էր թվում, որ այդ կղզին լոկ մի կապույտ ամպ է, որովհետև նա իրենց երկրից դուրս մի այլ երկրի մասին ոչ մի գաղափար չուներ, հետևապես և չէր կարողանում հեռավոր առարկաները նշմարել ծովի վրա այնպես, ինչպես մենք, որ վարժված ենք այդ տարերքին։
Այդ կղզին հայտնաբերելուց հետո ես ուրիշ հետազոտություններ չկատարեցի, այլ որոշեցի, որ դա պիտի լինի իմ աքսորի առաջին վայրը, մնացածը թողնելով իմ բախտի վճռին։
Տուն վերադառնալուց հետո կարմիր ձիաջորու հետ խորհուրդ արի և միասին գնացինք մոտակա պուրակը, ուր ես՝ իմ դանակով և նա՝ իր սուր կայծքարով, որը, ըստ իրենց սովորության, շնորհքով կպցրած էր մի փայտե կոթի, կտրատեցինք կաղնու բազմաթիվ ճյուղեր, որոնցից շատերը ձեռնափայտի հաստություն ունեին և մի քանիսն էլ ավելի խոշոր։ Սակայն ես չպիտի ձանձրացնեմ ընթերցողին իմ աշխատանքի մանրամասն նկարագրությամբ․ բավական է ասեմ, որ վեց շաբաթվա ընթացքում, կարմիր ձիաջորու հետ միասին, որ կատարում էր աշխատանքի դժվարագույն մասը, ես շինեցի հնդկական նավակի պես մի բան, միայն ավելի խոշոր տեսակի, կողքերը պատեցի եհուի կաշիներով, որ ամուր կերպով կարել էի միմյանց իմ սեփական ձեռքի գործ կանեփի թելերով։ Նավակիս առագաստը նույնպես շինեցի այդ անասունների կաշուց, միայն ընտրելով ավելի երիտասարդ եհուների կաշիները, որովհետև ծերերինը շատ կոշտ և հաստ էին։ Բացի այդ՝ ես շինեցի չորս թիակ ևս։ Ճագարի և այլ ընտանի թռչունների եփած մսից պաշար պատրաստեցի ու հետո առա երկու աման․ մեկը լցրի կաթով, իսկ մյուսը՝ խմելու ջրով։
Տիրոջս տան մոտ գտնվող լճակի վրա նավակս փորձի ենթարկեցի և շտկեցի բոլոր պակաս կողմերը․ աչքի ընկնող ճեղքերը լցրի եհուի ճարպով և այնպես արի, որ նավակը պիտանի լինի թե՛ նստելու և թե՛ բեռներս բարձելու համար։ Ձեռքիս եկածն անելով, ես նավակը բարձեցի մի սայլի վրա և եհուներին լծած՝ կարմիր ձիաջորու և մի այլ ծառայի հսկողության ներքո, զգուշությամբ տարա մինչև ծովի ափը։
Երբ ամեն ինչ պատրաստ էր և հասավ իմ մեկնման օրը, ես մնաս բարև ասացի տիրոջս, նրա կնոջն ու ամբողջ ընտանիքին․ աչքերս լիքն էին արտասուքներով և վշտից կսկծում էր սիրտս։ Իսկ նորին մեծապատվությունը, մասամբ հետաքրքրությունից և մասամբ էլ թերևս (եթե իհարկե իրավունք ունեմ առանց սնապարծության այսպես ասելու) բայրացակամությունից դրդված՝ որոշեց գալ և տեսնել ինձ իմ սեփական նավի մեջ, իր հետ վերցնելով մի քանի հարևաններ։ Մոտ մի ժամ ստիպված էի սպասել ծովի տեղատվությանը, և նկատելով հաջողակ քամին, որ փչում էր դեպի կղզին՝ ուր որոշել էի դադար առնել, ես երկրորդ անգամ մնաս բարև ասացի իմ տիրոջը․ և երբ ուզում էի գետնատարած համբուրել նրա սմբակը, նա սիրալիր կերպով բարեհաճեց մոտեցնել իր ոտքն իմ շրթունքներին։ Հայտնի է ինձ, թե այս վերջին մանրամասնությունը հիշատակելու համար քանի՜֊քանի՜ անգամ ինձ քննադատեցին։ Իմ այդ չարախոսներն անհավանական են համարում, որ մի այդպիսի պայծառ անձնավորություն կարող է նվաստացնել իրեն, ցույց տալու համար այդքա՜ն մեծ շնորհ ինձ պես ստորածին արարածի։ Ես չեմ մոռացել նաև, որ զանազան ճանապարհորդներ ինչպե՜ս են ձգտում պարծենալու իրենց ցույց տրված շնորհների համար։ Բայց եթե այդ քննադատներն ավելի լավ ծանոթ լինեին հուիհընհընմների ազնիվ և բարեկիրթ խառնվածքին, իսկույն պիտի փոխեին իրենց կարծիքը։
Մատուցանելով իմ հարգանքները նորին մեծապատվության հետ եկած մյուս հուիհընհընմներին՝ նստեցի իմ նավակն ու հեռացա ծովափից։
Գլուխ տասնմեկերորդ
- Հեղինակի վտանգավոր ճանապարհորդությունը։ Նա գալիս է Նոր Հոլանդիա՝ այնտեղ բնակվելու հույսով։ Բնիկներից մեկը նետով վիրավորում է նրան։ Նրան բռնում են և ուժով նստեցնում պորտուգալական մի նավ։ Կապիտանի սիրալիր վերաբերմունքը։ Հեղինակը վերադառնում է Անգլիա։
Ես սկսեցի այս անհույս ճանապարհորդությունը 1714 ― 5 թվի, փետրվարի 15֊ի առավոտյան ժամը 9֊ին։ Քամին հաջողակ էր․ սկզբում ես գործ էի ածում միայն թիակները, բայց հետո մտածելով, որ շուտ կհոգնեմ, իսկ քամին էլ կարող է փոխել իր ընթացքը, ես փորձեցի պարզել իմ փոքրիկ առագաստը․ և այդպես, ծովի տեղատվության աջակցությամբ, ես գնում էի իմ հաշվով ժամը մեկ ու կես լիգ։ Իմ տերն ու իր բարեկամները կանգնած էին ծովափին, մինչև իմ անհետանալը․ և ես հաճախ լսում էի կարմիր ձիաջորու (որը միշտ սիրում էր ինձ) բացականչությունը՝ հնույ իլլա նիհա մաջան եհու՝ պահպանիր քեզ, ազնիվ եհու։
Ւմ ցանկությունն էր, եթե հնարավոր է, գտնել մի որևէ փոքրիկ, անմարդաբնակ կղզի, ուր կարողանայի իմ սեփական աշխատանքով ապրուստիս միջոցները հայթայթել․ նման կյանքի հեռանկարը ինձ ավելի էր հրապուրում, քան թե Եվրոպայի ամենաբարեկիրթ արքունիքում առաջին մինիստրի պաշտոնը․ այդչափ սոսկալի էր թվում ինձ Եվրոպա վերադառնալու և եհուների հասարակության մեջ ու նրանց իշխանության ներքո ապրելու հեռանկարը։ Իմ տենչած միայնության մեջ ես կարող էի գոնե ապրել իմ սեփական մտորումներով ու հաճույքով վերհիշել այդ աննման հուիհընհընմների առաքինությունները, չունենալով ոչ մի պատեհություն նորից ընկնելու իմ ցեղակիցների մոլությունների և ապականությունների գիրկը։
Ընթերցողը հիշում է անշուշտ իմ պատմությունը, թե ինչպես իմ նավաստիները դավադրություն սարքեցին ու բանտարկեցին ինձ իմ կաբինի մեջ։ Թե ինչպես ես մնացի այդտեղ մի քանի շաբաթ, առանց իմանալու, թե ի՞նչ ուղղությամբ ենք գնում․ իսկ երբ ինձ ափ իջեցրին՝ ինչպե՜ս էին նրանք հավատացնում ինձ երդումով, սուտ թե ճիշտ, որ իրենք էլ չգիտեն, թե աշխարհիս ո՞ր մասումն ենք գտնվում։ Տակավին ինձ այնպես էր թվում այն ժամանակ, որ մենք գտնվում ենք Բարեհուսո հրվանդանից տասն աստիճան դեպի հարավ և մոտավորապես հարավային լայնության 45֊րդ աստիճանի վրա․ այդ ենթադրությանը եկա լսելով նրանց իրար հետ ունեցած մի քանի պատահական խոսքերն այն մասին, թե նրանք մտադրություն ունեն Մադագասկար կղզին գնալու և որ այժմ նրանք գտնվում են կղզու հարավ֊արևմտյան կողմերում։ Թեև այդ մի սին ենթադրություն էր, այնուամենայնիվ, ես որոշեցի բռնել արևելյան ուղղությունը, հույս ունենալով հասնել Նոր Հոլանդիայի հարավ֊արևմտյան ափերին կամ թերևս մի այլ կղզու, որ ես կուզենայի տեսնել նրա արևմտյան կողմերում։ Քամին բոլոր ժամանակ փչում էր արևմուտքից, և իմ հաշվով երեկոյան ժամը 6֊ին ես անցել էի դեպի արևելք առնվազն 18 լիգ, երբ մոտ կես մղոն հեռավորության վրա նկատեցի մի փոքրիկ կղզի, որին և շուտով հասա։ Դա մի լերկ ապառաժ էր, որ ուներ փոթորիկներից առաջացած կամարաձև ծովախորշ։ Իմ նավակը ես թողի այդտեղ և մագլցելով ապառաժը՝ կարողացա պարզ կերպով տեսնել արևելյան կողմում, հարավից դեպի հյուսիս ձգվող ցամաքը։ Գիշերը մինչև լույս ես պառկեցի նավակի մեջ և վաղ առավոտյան շարունակելով իմ ճանապարհորդությունը, ժամը յոթին հասա Նոր Հոլանդիայի հարավ֊արևելյան ափերին։ Դա հաստատեց իմ վաղուց ի վեր կազմած կարծիքն այն մասին, որ աշխարհագրական քարտեզների վրա այդ երկիրը տեղավորում են արնվազն երեք աստիճան ավելի արևելք, քան նա իսկապես ընկած է․ տարիներ առաջ ես այդ կարծիքը հաղորդեցի իմ բարեկամ միստեր Հերման Մոլլին ու հայտնեցի պատճառները, սակայն նա գերադասեց հետևել ուրիշների հեղինակությանը։
Իմ իջած վայրում բնիկներ չտեսա և հետս զենք չունենալով, ես վստահություն չունեցա երկրի խորքը մտնելու։ Ծովափին գտա մի քանի խեցի և հում֊հում կերա, չհամարձակվելով կրակ անել, որպեսզի բնիկներն ինձ չնկատեն։ Որպեսզի խնայեմ իմ պաշարը, երեք օր շարունակ իմ կերակուրը ոստրեներն ու խեցիներն էին․ բարեբախտաբար սքանչելի ջրի մի աղբյուր ճարեցի, որ ինձ բավականին կազդուրեց։
Չորրոդ օրը, վստահանալով մի քիչ գնալ երկրի խորքը, ինձնից հինգ հարյուր յարդ հեռու, մի բլրի վրա, քսան թե երեսուն բնիկ տեսա։ Նրանք՝ մարդ, կին ու երեխա, ամբողջովին մերկ էին ու, ինչպես բարձրացող ծխից նկատեցի, բոլորել էին կրակի շուրջը։ Նրանցից մեկը նշմարեց ինձ և իմաց տվեց մյուսներին․ հինգ հոգի դեպի ինձ եկան՝ կանանց ու երեխաներին թողնելով կրակի մոտ։ Ես իսկույն փախա դեպի ափն ու նավակը նստելով հեռացա ափից։ Վայրենիները նկատելով իմ փախուստը հետապնդեցին, և նախքան ես կարող էի բավականաչափ հեռանալ, հետևից արձակեցին մի նետ, որ խոր վերք հասցրեց իմ ձախ ծնկանը (դրա նշանը կմնա մինչև իմ գերեզմանը)։ Ես վախեցա, թե միգուցե նետը թունավոր լինի, ուստի նրանց նետաձգության սահմանից ելնելով (օրն էլ հանդարտ էր), հնարավորություն ունեցա ծծել միջի թույնն ու վերքս կապելու։
Ես չգիտեի, թե ինչ անեմ, որովհետև չէի համարձակվում վերադառնալ իմ նախկին իջևանը․ ուստի բռնեցի հյուսիսային ուղղությունը, միևնույն ժամանակ ստիպված լինելով ուժ տալ թիերին, քանի որ քամին, թեև մեղմ, փչում էր հյուսիս֊արևմուտքից՝ ուղիղ իմ դեմ։ Աչքս չորս կողմը դարձնելով, որպեսզի ափ իջնելու մի հարմար տեղ գտնեմ, հանկարծ նկատեցի հուսիս֊հյուսիս֊արևելքում մի առագաստ, որը րոպե առ րոպե ավելի տեսանելի էր դառնում․ ես տատանվում էի՝ սպասե՞մ արդյոք նրան թե՞ ոչ․ բայց ի վերջո եհուների ցեղի դեմ իմ ունեցած ատելությունը գերակշռեց․ ես ետ դարձրի իմ նավակը և առագաստն արձակելով և միևնույն ժամանակ թիերին ուժ տալով՝ մեկնեցի դեպի հարավ ու գնացի դեպի այն ծովախորշը, որտեղից փախել էի այս առավոտ, գերադասելով անձնատուր լինել այդ բարբարոսներին, քան թե ապրել եվրոպական եհուների հետ։ Ես իմ նավակը վարեցի ուղղակի դեպի ծովափ ու ինքս թաքնվեցի մի քարի հետև, վերև հիշած սքանչելի աղբյուրի մոտ։
Նավը մինչև կես լիգ մոտեցավ այդ ծովախորշին ու տակառներով լիքը մի մակույկ ուղարկեց դեպի ափը՝ խմելու ջուր վերցնելու (ըստ երևույթին դա հայտնի տեղ էր). բայց որովհետև մինչև ափին մոտենալը ես չնկատեցի մակույկը՝ ուստի այլևս ուշ էր թաքստի մի ուրիշ վայր որոնելը։ Ափ իջնելով նավաստիները նկատեցին իմ նավակը ու չորս կողմը նայելուց հետո, կռահեցին, որ նրա տերը հեռու տեղ չպիտի լինի։ Չորս հոգի, լավ զինված, նայեցին ամեն մի ծակուծուկ ու թաքստոց և վերջապես գտան ինձ քարի հետևը, գետնին երեսն ի վայր պառկած։ Նրանք զարմանքով սկսեցին դիտել իմ տարօրինակ և անճոռնի հագուստը, կաշուց կարած իմ վերարկուն, տախտակի ներբաններով իմ կոշիկները և մորթուց շինած իմ գուլպաները․ սակայն իմ հագուստից նրանք եզրակացրին, որ ես տեղացի չեմ, որովհետև վերջիններս ամենք էլ մերկ էին։ Նավաստիներից մեկը պորտուգալերեն հրամայեց ինձ վեր կենալ ու հարցրեց, թե ո՞վ եմ։ Ես հիանալի կերպով հասկացա այդ լեզուն և ոտքի ելնելով ասացի, որ ես մի թշվառ եհու եմ, հուիհընհընմների երկրից արտաքսված և խնդրում եմ, որ նրանք բարեհաճեն ինձ բաց թողնել։ Նավաստիները զարմացան, երբ լսեցին իմ պատասխանն իրենց մայրենի լեզվով և իմ տեսքից կռահեցին, որ ես եվրոպացի պետք է լինեմ, սակայն նրանք չկարողացան հասկանալ, թե ի՞նչ են նշանակում եհու և հուիհընհընմ բառերը և միևնույն ժամանակ ծիծաղեցին իմ խոսելու օտարոտի ձևի վրա, որ նման էր ձիու վրնջոցին։ Ամբողջ ժամանակ ես սարսափից ու ատելությունից դողում էի։ Մի անգամ էլ խնդրեցի, որ նրանք ինձ բաց թողնեն, և սկսեցի կամաց֊կամաց շարժվել դեպի իմ նավակը․ սակայն նրանք ինձ կանգնեցրին, ցանկանալով իմանալ, թե ի՞նչ երկրում եմ ծնվել, որտեղի՞ց եմ գալիս և ուրիշ շատ հարցեր։ Ես նրանց պատասխանեցի, որ ծնվել եմ Անգլիայում, որտեղից հեռացել եմ հինգ տարի առաջ, երբ մեր և նրանց երկրները հաշտ էին։ Ուստի ես հույս ունեմ, որ նրանք ինձ չպիտի ընդունեն իբրև թշնամի, մանավանդ, որ ես մտադրություն չունեմ նրանց վնաս հասցնելու․ ես լոկ մի թշվառ եհու եմ և որոնում եմ մի ամայի վայր իմ տարաբախտ կյանքի մնացորդն անցկացնելու։
Երբ նրանք սկսեցին խոսել, ինձ թվաց, թե դրանից ավելի անբնական բան չէի լսել, որովհետև, իմ կարծիքով, դա նույնքան հրեշային էր, որքան եթե Անգլիայում մի շուն կամ մի կով խոսեր կամ թե չէ մի որևէ եհու՝ հուիհընհընմների երկրում։ Պակաս զարմանք չէր պատճառում պատվական պորտուգալացիներին և իմ տարօրինակ հանդերձը և իմ արտասանության օտարոտի ձևը, թեև նրանք հիանալի կերպով հասկանում էին ինձ։ Նրանք ինձ հետ խոսում էին շատ սիրալիր և հայտնեցին, թե կասկած չունեն, թե իրենց կապիտանն ինձ ձրի կտանի մինչև Լիսաբոն, որտեղից ես կարող եմ վերադառնալ իմ հայրենի երկիրը․ որ նավաստիներից երկու հոգի կվերադառնան նավը՝ կապիտանին հաղորդելու իրենց տեսածը և նրա կարգադրությունը ստանալու․ միևնույն ժամանակ, եթե ես ազնվությամբ չերդվեմ, որ չպիտի փախչեմ, ապա նրանք ինձ պիտի զոռով պահեն։ Ես լավագույնը համարեցի հնազանդվել նրանց առաջարկին։ Նրանք շատ հետաքրքրվեցին իմանալու իմ արկածների մասին, բայց ես նրանց ցանկությունը լիովին չբավարարեցի, ու նրանք եկան այն եզրակացության, որ ինձ հետ պատահած դժբախտությունից հետո խելքս կորցրել եմ։ Երկու ժամից հետո նավակը, որ բարձած էր համեղ ջրով լի տակառներով վերադարձավ, ունենալով և կապիտանի հրամանը՝ ինձ նավ վերցնելու։ Ես չոքեցի և աղերսեցի, որ ինձ ազատ թողնեն․ բայց իզուր․ նավաստիները թոկերով կապկպեցին ինձ, նավակը նետեցին, որտեղից ինձ նավ բարձրացրին և ապա տարան կապիտանի կաբինը։
Կապիտանի անունն էր Պեդրո դը Մենդեզ․ նա վերին աստիճանի բարեկիրթ և վեհանձն անձնավորություն էր․ նա ինձ առաջարկեց, որ իմ մասին որոշ տեղեկություններ տամ և ցանկացավ իմանալ, թե ի՞նչ եմ ուզում ուտելու կամ խմելու․ նա ասաց, որ ինձ հետ պիտի վարվեն այնպես, ինչպես իրեն հետ, և այնքան սիրալիր խոսքեր ասած, որ մի եհուի կողմից այդքան քաղաքավարություն տեսնելը զարմացրեց ինձ։ Տակավին ես լուռ ու տխրադեմ էի․ նրա և նրա նավաստիների հոտից քիչ մնաց, որ ուշաթափվեմ։ Վերջապես ես խնդրեցի, որ իմ նավակից ուտելու բան բերեն․ բայց կապիտանն ինձ համար պատվիրեց վառեկ և սքանչելի գինիներ ու կարգադրեց, որ ամենամաքուր կաբիններից մեկում ինձ համար անկողին պատրաստեն։ Ես շորերս չուզեցի հանել և այնպես, հագուստով, պառկեցի անկողնում․ կես ժամ անց, երբ իմ հաշվով նավաստիները ճաշի պիտի նստած լինեին, գաղտագողի նավի մի կողմն անցա, որպեսզի ծովը նետվեմ և լողալով կյանքս ազատեմ, միայն թե չմնամ եհուների մեջ։ Սակայն նավաստիներից մեկը խանգարեց ինձ, իսկ կապիտանը տեղեկանալով այդ մասին, հրամայեց, որ կաբինի մեջ ինձ շղթայակապ անեն։
Ճաշից հետո դոն Պեդրոն մոտս եկավ ու ցանկացավ իմանալ իմ այդ հուսահատ վարմունքի պատճառը, հավատացնելով, որ նրա միակ ցանկությունն է ինձ ամեն կերպ ծառայություն մատուցել․ նա այնքան սրտառուչ էր խոսում ինձ հետ, որ կամաց֊կամաց ես որոշեցի նրա հետ վարվել այնպես, ինչպես մի կենդանու հետ, որն օժտված է աննշան բանականությամբ։ Ես համառոտ կերպով պատմեցի իմ ճանապարհորդության, նավաստիների՝ իմ դեմ սարքած դավադրության մասին, այն երկրից, ուր նրանք ինձ ափ իջեցրին և այդ երկրում իմ անցկացրած իմ երեք տարվա կյանքից։ Իմ ասածները կապիտանը ընդունում էր իբրև երազ կամ զառանցանք, որ ինձ վիրավորանք էր պատճառում, որովհետև ես արդեն կորցրել էի ստելու կարողությունը, որ հատուկ է բոլոր երկրների եհուներին, ուր նրանք տիրապետում են, հետևապես կորցրել էի իրենց նմանների ասածներին թերահավատությամբ վերաբերվելու հակումը։ Ես նրան հարցրի, թե մի՞թե նրանց երկրում սովորություն կա ասելու այն, ինչ չի եղել։ Ես նրան հավատացրի, որ ես համարյա թե մոռացել եմ, թե ինչ բան է սուտը, ու եթե ես հազար տարի էլ ապրեի հուիհընհընմների երկրում, ամենավերջին ծառայից անգամ ստախոսություն չպիտի լսեի․ ես ասացի նաև, որ ինձ համար միևնույն է, հավատում է նա ինձ, թե ոչ, սակայն ի տրիտուր նրա ցույց տված շնորհների, ես ներողամիտ կլինեմ նրա բնական թերությունների հանդեպ ու կպատասխանեմ այն բոլոր առարկություններին, որ կհաճի անել․ այնպես որ նա հեշտությամբ կկարողանա ճշմարտությունը գտնել։
Կապիտանը, որը մի խելացի մարդ էր, իմ պատմության զանազան մասերի մեջ հակասություններ գտնելու փորձից հետո, վերջապես սկսեց ավելի լավ կարծիք կազմել իմ ճշմարտասիրության մասին։ Միայն նա ավելացրեց, թե քանի որ ես այդչափ սերտ կապով կապված եմ ճշմարտության հետ, ապա ազնիվ խոսք պիտի տամ նրան, որ այս ճանապարհորդության ընթացքում իմ կյանքի դեմ ոչ մի մահափորձ չպիտի կատարեմ, եթե ոչ, մինչև մեր Լիսաբոն հասնելը նա ինձ կշարունակի պահել իբրև մի կալանավորի։ Ես տվի նրա պահանջած խոստումը, բայց միևնույն ժամանակ հայտարարեցի, որ պատրաստ եմ կրելու ամեն մի զրկանք, միայն թե նորից չվերադառնամ եհուների աշխարհը։
Մեր ճանապարհորդությունը անցավ առանց որևէ կարևոր դիպվածի։ Դեպի կապիտանն ունեցած երախտագիտությունից դրդված ես երբեմն, զիջելով նրա ջերմ փափագին, զրուցում էի նրա հետ, աշխատելով թաքցնել իմ հակակրությունը դեպի մարդկային ցեղը, թեև այդ հաճախ երևան էր գալիս, իսկ կապիտանը ձևացնում էր, թե չի նկատում։ Օրվա մեծ մասը փակվում էի կաբինի մեջ, որպեսզի նավաստիներից ոչ մեկին չտեսնեմ։ Կապիտանը հաճախ համոզում էր ինձ, որ ես հանեմ իմ վայրենու հագուստը և առաջարկում էր իր լավագույն զգեստը, բայց ես հրաժարվում էի, գարշելով վրաս առնել մի այնպիսի բան, որը եղել է եհուի մարմնի վրա։ Ես միայն խնդրեցի, որ երկու մաքուր շապիկ տա ինձ, որոնք նրա հագնելուց հետո, լվացած էին և թվում էր, որ ինձ այնքան էլ չպիտի ապականեին։ Այդ շապիկներն ամեն օր փոխում էի և լվանում իմ ձեռքով։
Մենք Լիսաբոն հասանք 1715 թվի նոյեմբերի 5֊ին։ Ափ իջնելով, կապիտանը ստիպեց, որ վրաս առնեմ նրա վերարկուն, որպեսզի ամբոխն ինձ վրա չծիծաղի։ Նա ինձ տարավ իր տունը և իմ ջերմ փափագի համաձայն, տեղավորեց դեպի բակը նայող ամենաբարձր սենյակում։ Ես նրանից երդում առա, որ հուիհընհընմների մասին իմ պատմածը ոչ մեկի չասի, որովհետև այդ պատմության ամենաչնչին ակնարկն անգամ ոչ միայն կմղի անթիվ մարդկանց՝ ինձ տեսնելու, այլ, հավանաբար, կարող է ինձ ձերբակալման կամ թե չէ հավատաքննության կողմից հրկիզման վտանգի մեջ նետել։ Կապիտանը համոզում էր ինձ մի ձեռք շոր կարել տալու, բայց ես թույլ չէի տալիս դերձակին, որ չափսը հանի և քանի որ դոն Պեդրոն իմ հասակի էր, ուստի նրա զգեստն ինձ շատ հարմար եկավ։ Նա ինձ համար հայթայթեց նաև այլ անհրաժեշտ բաներ, որ ես գործադրելուց առաջ օրերով քամուն էի տալիս։
Կապիտանը կին չուներ և ծառաներն էլ երեք հոգուց ավելի չէին, որոնցից ոչ մեկին թույլ չէր տալիս ճաշի ժամանակ սպասավորելու․ նրա վարվեցողությունն այնքան պարտավորեցնող էր և հասկացողությունն էլ այն աստիճան մարդկային, որ ես սկսեցի իսկապես հաշտվել նրա ընկերակցությանը։ Նրա հորդորների ազդեցության տակ ես մինչև անգամ որոշեցի հետևի պատուհանից նայել դուրս։ Կամաց֊կամաց ինձ տարան մի այլ սենյակ, որտեղից ես դեպի փողոցը նայեցի, բայց սոսկումով ետ քաշվեցի։ Մի շաբաթից հետո կապիտանն ինձ տարավ ներքև, դեպի փողոցի դուռը։ Իմ մեջ ահը կամաց֊կամաց պակասում էր, իսկ ատելությունն ու արհամարհանքը դեպի մարդիկ, կարծես թե, ավելանում։ Վերջապես ես քաջություն ունեցա կապիտանի հետ միասին փողոց դուրս գալ, բայց քթածակերս սպանդ կամ քթախոտ էի լցնում։
Տասն օրից հետո դոն Պեդրոն, որին ես մոտավորապես պատմել էի իմ ընտանեկան գործերի մասին, ասաց, որ իմ պատվո զգացումն ու խիղճը պահանջում է, որպեսզի վերադառնամ իմ հայրենի երկիրը և ապրեմ իմ տանը՝ կնոջս ու երեխաներիս հետ։ Նա ասաց, որ ծովափին մեկնելու պատրաստ մի անգլիական նավ է կանգնած, ու նա կարող է ինձ հայթայթել ճանապարհի համար բոլոր անհրաժեշտ պիտույքները։ Նա ասաց, որ միանգամայն անհնարին է գտնել ապրելու համար մի այնպիսի ամայի կղզի, որպիսին ես էի ուզում, իսկ իմ սեփական տանը ես տեր ու տիրական եմ և կարող եմ ժամանակս անցկացնել որպես որևէ մենակյաց։
Վերջ ի վերջո ես հնազանդվեցի՝ գտնելով, որ ավելի լավ բան չէի կարող անել։ Ես մեկնեցի Լիսաբոնից նոյեմբերի 24֊ին, մի անգլիական առևտրական նավով, բայց թե ո՞վ էր նրա տերը՝ ամենևին չհարցրի։ Դոն Պեդրոն ուղեկցեց ինձ մինչև նավն ու քսան ֆունտ ստեռլինգ պարտք տվեց։ Նա սիրալիր կերպով ինձ մնաս բարով ասաց և հրաժեշտի ժամանակ գրկախառնվեց ինձ հետ, որ ես հազիվ կարողացա տանել։ Այդ վերջին ճանապարհորդության ժամանակ ես նավի տիրոջ կամ նրա նավաստիներից որևէ մեկի հետ ոչ մի հարաբերության մեջ չմտա և ինձ հիվանդ ձևացնելով, փակվեցի կաբինիս մեջ։ 1715 թվի դեկտեմբերի 5֊ին, առավոտյան մոտ ժամը 9֊ին, մենք խարիսխ նետեցինք Դաունսում և կեսօրից հետո ժամը 3֊ին ողջ և առողջ եկա մեր տունը՝ Ռոթերհիթ։
Կինս ու երեխաներս ինձ ընդունեցին մեծ զարմանքով և ուրախությամբ, որովհետև նրանք ինձ վաղուց մեռած էին համարում․ բայց ես անկեղծ կերպով պիտի խոստովանեմ, որ նրանց տեսքն իմ մեջ ատելություն, զզվանք և արհամարհանք հարուցեց, մանավանդ, երբ հիշեցի այն սերտ կապի մասին, որ գոյություն ունի մեր մեջ։ Թեև հուիհընհընմների երկրից դժբախտ կերպով արտաքսվելուց հետո ես ինձ հարկադրել էի դեպի եհուները համբերատար լինել ու զրուցել դոն Պեդրո դը Մենդեզի հետ, բայց և այնպես իմ հիշողությամբ և երևակայությամբ ես ամբողջապես տարված էի պայծառ հուհիհընհընմների առաքինություններով ու գաղափարներով։ Եվ երբ ես սկսում էի խորհել, որ եհու էգերից մեկի հետ իմ ունեցած կապի շնորհիվ այդ կենդանիներից մի քանիսի հայր եմ դարձել, ինձ պատում էր անսահման ամոթ, շփոթ ու զզվանք։
Հենց որ ներս մտա տուն՝ կինս գրկեց ու համբուրեց ինձ․ տարիներ շարունակ անսովոր լինելով շփվելու այդ զազիր անասունների հետ, ես համարյա մի ժամ ուշաթափվեցի։
Երբ ես գրում եմ այս տողերը, անցել է հինգ տարի այն օրից, երբ վերջին անգամ վերադարձա Անգլիա։ Առաջին տարվա ընթացքում ես չէի կարողանում տանել կնոջս կամ երեխաներիս ներկայությունը․ անտանելի էր ինձ համար անգամ նրանց հոտը․ մանավանդ անհնար էր նրանց հետ ճաշի նստել միևնույն սենյակում։ Մինչև օրս էլ նրանք իրավունք չունեն ձեռք տալու իմ հացին կամ խմելու միևնույն գավաթից և ոչ էլ կարողանում եմ թույլ տալ, որ նրանցից որևէ մեկը հպի իմ ձեռքը։ Իմ խնայած առաջին դրամով ես գնեցի երկու ձի, որոնց ես պահում էի սքանչելի գոմում․ դրանցից հետո իմ ամենամեծ սիրելին ձիապանն է, որովհետև նրա՝ գոմից բերած հոտը կենդանություն է տալիս իմ հոգուն։ Իմ ձիերը բավական հասկանում են ինձ, և ես օրական առնվազն չորս ժամ խոսում եմ նրանց հետ։ Նրանց համար օտար է սանձը և թամբը, նրանք իմ ամենամտերիմ բարեկամներն են և իրար հետ շատ սիրով են։
Գլուխ տասներկուերորդ
- Հեղինակի ճշմարտասիրությունը։ Այս երկասիրությունը հրատարակելու նրա նպատակը։ Նա կշտամբում է այն ճանապարհորդներին, որոնք շեղվում են ճշմարտությունից։ Հեղինակը հայտարարում է, որ այս գիրքը գրելու ժամանակ որևէ չար դիտավորություն չի ունեցել։ Մի առարկության պատասխանը։ Գաղութներ հաստատելու մեթոդը։ Իր հայրենի երկրի գովեստը։ Հեղինակի նկարագրած երկրների հանդեպ գահի ունեցած իրավունքն անպարտ է։ Այդ երկրները նվաճելու դժվարությունը։ Հեղինակն իր վերջին հրաժեշտն է տալիս ընթերցողին, շարադրում է իր ապագա ապրելակերպը, բարի խորհուրդներ է տալիս և ավարտում գիրքը։
Եվ այսպես, ազնիվ ընթերցող, քեզ տվի իմ տասնվեց տարվա և ավելի քան յոթ ամսվա ճանապարհորդության ճշգրիտ պատմությունը, ուր ես աշխատանք եմ թափել ոչ այնքան պճրանքների, որքան ճշմարտության համար։ Ուրիշ ճանապարհորդների պես թերևս կարող էի քեզ զարմացնել օտարոտի և անհավանական պատմություններով, սակայն ես նախամեծար համարեցի հաղորդելու քեզ իրողության անպաճույճ էությունը պարզ ձևով ու ոճով, որովհետև իմ գլխավոր նպատակն էր քեզ իրազեկ դարձնել և ոչ թե զվարճություն պատճառել։
Մենք, որ ճանապարհորդել ենք հեռավոր երկրներ, ուր քիչ են եղել անգլիացիներն ու այլ եվրոպացիները, կարող ենք շատ հեշտ հորինել նկարագրություններ թե՛ ծովային և թե՛ ցամաքային զարմանալի կենդանիների մասին։ Մինչդեռ ճանապարհորդների հիմնական նպատակը պիտի լինի մարդկանց ավելի խելացի և ավելի լավ դարձնելու գործը և նրանց մտքի կատարելությունը՝ թե՛ լավ և թե՛ վատ օրինակներով այն ամենից, ինչ նրանք հաղորդում են օտար վայրերի վերաբերյալ։
Ես սրտանց կցանկանայի, որ հրատարակվեր մի օրենք, որով ամեն մի ճանապարհորդ, որ կուզենար լույս ընծայել իր ճանապարհորդությունը, ստիպված լիներ երդվել լորդ բարձրագույն կանցլեռին, որ այս ամենը, ինչ նա մտադիր է տպագրելու, ըստ իր լավագույն հասկացողության, պիտի լինի անպայման ճշմարտություն․ այն ժամանակ մարդիկ, ինչպես սովորաբար լինում է, այլևս չէին խաբվի, երբ զանազան հեղինակներ, իրենց գրվածքներով հասարակության կողմից լավ ընդունելություն գտնելու համար, միամիտ ընթերցողին հրամցնում եմ անսահման ստեր։ Իմ պատանեկության օրերին ես հաճույքով կարդացել եմ բազմաթիվ ճանապարհորդական գրքեր, սակայն պտտելով երկրագնդի մեծագույն մասը և հնարավորություն ունենալով իմ սեփական դիտողությունների հիման վրա ժխտել բազմաթիվ առասպելներ, ես զզվանք զգացի դեպի այդ տեսակի ընթեցանությունը և ցասումով եմ տեսնում, թե ինչպես անամոթաբար ի չարն է գործադրվում մարդկային դյուրահավատությունը։ Քանի որ ծանոթներիս հաճելի էր իմ համեստ ջանքերը համարել ոչ անընդունելի իմ հայրենիքի համար, ուստի ես ընդունեցի որպես կանոն, որից երբեք չեմ շեղվում, խստորեն հարել ճշմարտությանը․ և չի էլ կարող պատահել, որ ես գայթակղվելով շեղվեմ այդ կանոնից, քանի որ իմ հիշողության մեջ կենդանի եմ պահում իմ ազնիվ տիրոջ և մյուս լուսամիտ հուիհընհընմների խրատներն ու օրինակը, այն հուիհընհընմների, որոնց հնազանդ ունկնդիրը լինելու պատիվն եմ ունեցել ես երկար ժամանակ։
― Nec, si miserum Fortuna Sininem Finxit, vanun etiam, mendacemque improba finget:
Ես շատ լավ գիտեմ, թե ինչպիսի համեստ համբավի է արժանանում հեղինակը, որի գրվածքն իր մեջ չի պարունակում ո՛չ հմտություն և ո՛չ էլ մի որևէ այլ տաղանդ, բացի հիշողությունից և ճշգրիտ հիշատակարանից։ Ես գիտեմ նաև, որ ճանապարհորդություն գրողները, բառարան կազմողների պես, ընկղմվում են մոռացության մեջ այն մարդկանց ծանրությունից և զանգվածից, որոնք գալիս են նրանցից հետո և ուրեմն ծածկում նրանց։ Եվ միանգամայն հավանական է, որ այն ճանապարհորդները, որոնք հետագայում պիտի այցելեն իմ այս աշխատասիրության մեջ նկարագրած երկրները, թերևս, երևան հանելով իմ սխալները (եթե կան այդպիսիք), ավելացնելով իրենց սեփական բազմաթիվ նորագույն գյուտերը և իմ տեղը բռնելով, մոռացնել կտան աշխարհին, թե երբևիցե ես հեղինակ եմ եղել։ Այդ կպատճառեր ինձ մեծ դառնություն, եթե ես գրեի հռչակի համար․ բայց որովհետև իմ միակ ձգտումը հասարակական բարօրությունն է, ուստի այդ հանգամանքն ինձ ամենևին չի կարող հիասթափեցնել։ Արդարև, ո՞վ կարող է կարդալ երանելի հուիհընհընմների իմ հիշատակած առաքինությունների մասին, առանց ամոթ զգալու իր սեփական մոլությունների համար, եթե նա իրեն համարում է իր երկրի բանական և գերիշխող կենդանին։ Ես ոչ մի բան չպիտի ասեմ այն հեռավոր երկրների մասին, ուր առաջնակարգ տեղ են բռնում եհուները, որոնց մեջ ամենաքիչ ապականվածները բրոբդինգնեգնեգցիներն են․ մեզ համար մեծ երջանկություն կլիներ պահպանել նրանց վարքի իմաստուն կանոնները։ Բայց ես հեռուն չպիտի գնամ և ողջամիտ ընթերցողին եմ թողնում, որպեսզի նա իր սեփական դիտողություններն ու եզրակացություններն անի։
Ինձ քիչ հաճույք չի պատճառում և այն, որ իմ այս աշխատությունը կարող է քննադատության չենթարկվել։ Արդարև, ի՞նչ առարկություն կարելի է անել մի գրողի, որը շարադրել է լոկ բացահայտ փաստերը, որոնք տեղի են ունեցել մի այնպիսի հեռավոր երկրում, ուր մենք չունենք ո՛չ առևտրական և ո՛չ էլ քաղաքական շահեր։ Ես ըստ ամենայնի խույս եմ տվել այն բոլոր թերություններից, որոնց համար սովորաբար ճանապարհորդությունների հեղինակներին կշտամբում են։ Բացի այդ, ես ոչ մի կողմնապահություն չեմ անում, այլ գրում եմ որևէ մեկի կամ մի խումբ մարդկանց հանդեպ, առանց կրքի նախապաշարման կամ չարակամության։ Ես գրում եմ ազնիվ միտումերից դրդված, տեղեկություններ և խրատներ տալու համար մարդկությանը, որի հանդեպ, առանց անհամեստ լինելու, կարող եմ ինձ ավելի գերադաս համարել շնորհիվ այն առավելությունների, որ ես ձեռք եմ բերել բարոյապես կատարյալ հուիհընհընմներից, նրանց հետ երկար ժամանակ հարաբերություն ունենալուց հետո։ Ես գրում եմ առանց որևէ շահի կամ գովեստի ակնկալության։ Ես ինձ թույլ չեմ տալիս մի այնպիսի խոսք, որ նման լինի ծաղրասիրության կամ թե չէ կարողանա վիրավորանք պատճառել անգամ ամենանրբազգաց մարդկանց։ Ուստի կարծում եմ, որ ես կարող եմ իրավամբ հայտարարել ինձ իբրև մի անբասիր գրող, որի հանդեպ հակաճառողների, նկատառուների, դիտողների, ամբաստանողների, հայտնաբերողների և նշմարողների ցեղերն առիթ չպիտի ունենան նյութ գտնելու իրենց տաղանդի վարժության համար։
Խոստովանում եմ՝ իմ ականջին շշուկներ հասան, որ, իբրև անգլիական հպատակ, ես պարտավոր եմ իմ վերադարձից հետո պետական մինիստրներից որևէ մեկին հուշագիր ներկայացնել, որովհետև հպատակների կողմից բոլոր նոր հայտնաբերված երկրները պատկանում են գահին։ Բայց ես կասկածում եմ, որ իմ հիշած երկրների նվաճումն այնքան հեշտ չի լինի, որքան ամերիկյան վայրենիների նվաճումը Ֆերդինանդ Կորտեզի ձեռքով։ Լիլիպուտները, իմ կարծիքով, հազիվ թե ունեն այնքան արժեք, որպեսզի նրանց նվաճման համար նավատորմիղ և զորք կազմվի․ չեմ կարծում, թե խոհեմություն կլինի կամ թե անվտանգ, եթե այդ փորձը կատարվի բրոբդինգնեգցիների նկատմամբ․ և ոչ էլ կարծում եմ, որ անգլիական զորաբանակն իրեն լավ զգա, երբ նրա գլխավերևը սկսի սավառնել թռչող կղզին։ Ճմարիտ է, հուիհընհընմները կարծեք թե այնքան էլ լավ պատրաստ չեն պատերազմ մղելու, մի արհեստ, որին նրանք միանգամայն խորթ են և մասնավորապես դեմ են հրազենին։ Սակայն, եթե ես մինիստր լինեի, երբեք խորհուրդ չէի տա նրանց վրա հարձակվելու։ Նրանց խոհեմությունը, համերաշխությունը, անվեհերությունն ու հայրենասիրությունը լիովին փոխարինում են զինվորական արհեստի մեջ նրանց ունեցած թերություններին։ Երևակայացեք քսան հազար հուիհընհընմ ճեղքելով մի որևէ եվրոպական զորաբանակ, մտել են նրա մեջտեղը, խորտակել նրա շարքերը, շուռ տվել սայլերը և իրենց հետին սմբակի սոսկալի աքացիներով ջարդուփշուր արել զինվորների քիթն ու պռունկը, որովհետև նրանք միանգամայն արժանի են Ավգուստոսի տված բնորոշմանը՝ recalcitrat undique tutus: Սակայն այդ վեհանձն ազգությունը նվաճելու առաջարկի փոխարեն ես ավելի շուտ կնախընտրեի, որ նրանք հնարավորություն կամ ցանկություն ունենային այնտեղից բավականին թվով բնակիչներ ուղարկելու՝ Եվրոպան քաղաքակրթելու համար, սովորեցնելով մեզ պատվազգացության, արդարամտության, ճշմարտասիության, ժուժկալության, համերաշխության, արիության, ողջախոհության, բարեկամության, բարեսիրության և հավատարմության հիմնական սկզբունքները։ Այդ բոլոր առաքինությունների անունները դեռևս պահպանվել են մեզանում, լեզուների մեծագույն մասի մեջ և պատահում են թե՛ ժամանակակից և թե՛ հնագույն հեղինակների գրվածքներում, ինչ որ կարող եմ ես վկայել իմ համեստ ընթերցանության հիման վրա։
Բայց ես ունեմ մի այլ պատճառ ևս, որ թույլ չի տալիս ինձ ընդառաջ գնալու նորին մեծության այն տիրապետությունների ընդարձակմանը, որ հայտնաբերել եմ ես։ Իսկն ասած, թագավորների ունեցած իրավազորությունը նման դեպքերում իմ մեջ մի փոքրիկ կասկած է առաջացնում։ Օրինակի համար, փոթորիկն անհայտ ուղղությամբ տանում է մի խումբ ծովահենների, և ապա մի փոքրիկ տղա նավի կայմից նկատում է ցամաքը․ նրանք ափ են իջնում, որպեսզի ավազակություն և կողոպուտներ անեն․ նրանք այդտեղ գտնում են մի անվնաս ժողովուրդ, որ նրանց սիրալիր ընդունելություն է ցույց տալիս․ նրանք այդ երկրին նոր անուն են տալիս և օրինական կերպով իրենց թագավորի համար տիրապետում․ իբրև հիշատակ, նրանք մի փտած տախտակ կամ քար են տնկում, երկու կամ երեք տասնյակ բնիկներ են սպանում, մի քանիսին էլ նմուշի համար վերցնում են հետները, վերադառնում իրենց հայրենիքը և ներումն ստանում։ Եվ այսպես հիմք է դրվում մի նոր տիրապետության, որ ձեռք է բերված աստվածային իրավունքով։ Առաջին պատեհ առիթով նավեր են ուղարկում այնտեղ․ բնիկներին կամ դուրս են քշում, կամ ջարդում․ նրանց իշխաններին տանջանքի են ենթարկում, որպեսզի նրանք երևան հանեն իրենց ոսկին, և անառակ ու տմարդի գործողությունների համար ազատություն է տրվում․ երկիրը ներկվում է իր զավակների արյունով։ Եվ այդ մսագործների գարշելի խումբը, որ կատարում է նման բարեպաշտ արշավանքներ, դառնում է մի ժամանակակից գաղութ, որ առաքված է կռապաշտ և վայրենի ժողովրդին դարձի բերելու և քաղաքակրթելու համար։
Բայց այս նկարագրությունը, խոստովանում եմ, ոչ մի առնչություն չունի բրիտանական ազգության հետ, որը, երբ գաղութներ է հիմնում, ամբողջ աշխարհի առաջ օրինակ կարող է հանդիսանալ իր իմաստությամբ, խնամատարությամբ և արդարադատությամբ, իր ազատախոհ վերաբերմունքով՝ դեպի կրոնի և գիտության առաջադիմությունը․ ջերմեռանդ և ընդունակ քահանաներ ընտրելու իր կարողությամբ՝ քրիստոնեությունը տարածելու համար․ իր շրջահայեցողությամբ, երբ սակավախոս և բարեհոգի մարդիկ է ուղարկում մայր երկրից գավառները բնակեցնելու համար․ իր խստագույն արդարադատությամբ, երբ նա իր գաղթավայրերի վարչական կազմը լրացնում է մեծ կարողության տեր և մոլություններից միանգամայն զուրկ պաշտոնյաներով․ և այդ ամենի թագն ու պսակը երբ ուղարկվում է աչալուրջ և առաքինի նահանգապետների, որոնք միայն մտածում են իրենց գերիշխանության տակ գտնվող ժողովրդի երջանկության իրենց տեր թագավորի պատվո մասին։
Բայց որովհետև իմ նկարագրած երկրները, ըստ երևույթին, ցանկություն չունեն նվաճվելու, ջարդվելու, դուրս վտարվելու նվաճողների կողմից կամ նրանց ստրուկը դառնալու և ոչ էլ հարուստ էին ոսկով, արծաթով, շաքարով կամ ծխախոտով, ուստի, իմ համեստ կարծիքով, նրանք մեր նպատակների, արիության և շահերի տեսակետից ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Իսկ եթե նրանք, ում այս ամենը վերաբերում է, հարկ են համարում այլ կարծիքի լինել, ես պատրաստ եմ, երբ ինձ օրենքի առաջ կանչեն երդմամբ վկայելու, որ ինձնից առաջ ոչ մի եբրոպացի այդ երկրներում չի եղել․ եթե միայն կարելի է հավատ ընծայել տեղացիների ասածներին․ վեճ կարող է ծագել միայն երկու եհուների նկատմամբ, որոնց իբր թե շատ տարիներ առաջ տեսել են Հուհիհընհընմլանդում, մի լեռան վրա, որոնցից, ըստ այդ ավանդության, առաջ է եկել այդ գարշելի անասունների ցեղը․ այդ երկու եհուները, ըստ իս, կարող են անգլիացիներ եղած լինել, մի կասկած, որ առաջանում է իմ մեջ նրանց հետագա սերունդների դեմքի, թեկուզ բավականին եղծված գծագրության հիման վրա։ Բայց թե ո՞ր չափով կարելի է այդ ապացուցել, թող գաղութային օրենսգետները դատեն։
Իսկ ինչ վերաբերում է նորահայտ երկրների՝ հանուն իմ տեր արքայի ձևական գրավման, այդ հարցը երբեք մտքովս չի անցել, ապա ի նկատի ունենալով իմ այն ժամանակվա վիճակը, թերևս խոհեմությունն ու հեռատեսությունը թելադրել են ինձ, որ այդ հարցի լուծումը թողնեմ ավելի պատեհ պարագաների։
Եվ այսպես, պատասխանելով միակ առարկությանը, որ կարող էին ուղղել ինձ, ինչպես ճանապարհորդի, ես վերջնականապես հրաժեշտ եմ տալիս իմ ազնիվ ընթերցողին և վերադառնում եմ Ռեդրիֆֆի իմ փոքրիկ պարտեզը, որպեսզի այնտեղ հանձնվեմ իմ սեփական խոհերին, կյանքում կիրառեմ առաքինության այն աքանչելի դասերը, որ ես առել եմ հուիհընհընմներից, դաստիարակեմ իմ սեփական ընտանիքի եհուներին այն չափով, որչափով այդ կենդանիներն ընդունակ են ուսման․ հաճախ հայելու մեջ նայեմ իմ պատկերին և այդպիսով, եթե հնարավոր է, հետզհետե վարժվեմ համբերատար լինելու մարդկային արարածների կերպարանքին․ ողբամ իմ հայրենի երկրի հուիհընհընմների վայրենությունը, սակայն միշտ հարգանք ունենամ դեպի նրանց անձնավորությունը՝ ի պատիվ իմ ազնիվ տիրոջ, նրա ընտանիքի, նրա բարեկամների և առհասարակ հուիհընհընմների ամբողջ ցեղի, որոնց բախտ ունեն նմանվելու մեր ձիերն իրենց կերպարանքով, թեև իրենց մտավոր կարողությամբ նրանցից ցածր են կանգնած։
Անցյալ շաբաթից ես սկսեցի թույլ տալ իմ կնոջն ինձ հետ միասին, երկարավուն սեղանի հեռավոր ծայրին, ճաշի նստելու և պատասխանելու (որքան կարելի է համառոտ) իմ սակավաթիվ հարցերին, որ ես տալիս էի նրան։ Եհուների հոտն ինձ համար տակավին շարունակում է գարշելի թվալ, ես միշտ քիթս ծածկում եմ սպանդով, եպնդեղով կամ ծխախոտի տերևներով։ Թեև դժվար է հասակն առած մարդու համար փոխել իր կյանքի հին սովորությունները, այնուամենայնիվ հույսս չեմ կորցնում, որ կգա ժամանակ, երբ ես համբերությամբ կտանեմ իմ եհու հարևանների շրջանը և այլևս չեմ վախենա նրանց ատամներից և ճանկերից։
Առհասարակ ես հեշտությամբ կհաշտվեի եհուների ցեղի հետ, եթե նրանք բավականանային այն մոլություններով ու ցնորամտություններով, որ նրանց բնությունից բաժին է ընկել։ Ինձ ամենևին չի հուզում օրենսգետի, գողի, գնդապետի, խեղկատակի, լորդի, խաղամոլի, քաղաքագետի, բժշկի, սուտ վկայի, սուտ երդմնարարի, դատախազի, մատնիչի և նման մարդկանց տեսքը․ դրանց բոլորի գոյությունը սովորական երևույթ է։ Բայց երբ տեսնում եմ մարմնավոր և մտավոր այլանդակությունների ու հիվանդությունների մի դեզ՝ գոռոզության հետ խառնված՝ իմ համբերությունն անհապաղ հատնում է, երբեք չեմ կարող ըմբռնել, թե ինչպե՞ս կարող են միմյանց հետ համակերպվել մի այդպիսի կենդանի և մի այդպիսի մոլություն։ Իմաստուն և առաքինի հուիհընհընմները, որոնք առատությամբ օժտված են բանական արարածի վսեմ հատկություններով, իրենց լեզվով այդ մոլությունների համար անուն չունեն և ոչ էլ բառեր՝ արտահայտելու մի որևէ վատ բան, բացի այն բառերից, որոնցով նրանք նկարագրում են իրենց եհուների գարշելի արարքները, այն եհուների, որոնց մոտ նրանք հնարավորություն չեն ունեցել նշմարելու գոռոզություն, որովհետև կատարելապես ծանոթ չեն եղել մարդկային բնությանը, գոռոզություն, որ ցուցադրում է իրեն այլ երկրներում, ուր իշխում են այդ կենդանիները։ Իսկ ես, շնորհիվ իմ մեծագույն փորձառության, պարզ կերպով նկատում էի այդ մոլության որոշ սաղմերը վայրենի եհուների մեջ։
Սակայն հուիհընհընմները, որոնք ապրում են բանականության գերիշխանության ներքո, նույնքան չեն հպարտանում իրենց ունեցած վսեմ հատկություններով, որքան և ես երկու ձեռք և երկու ոտք ունենալու համար, մի բան, որով ոչ մի խելքը գլխին մարդ չի պարծենա, թեև նա առանց դրան շատ դժբախտ պիտի համարեր իրեն։ Ես երկար կանգ առա այս նյութի վրա, ցանկանալով անգլիական եհուների հասարակությանը մի կերպ տանելի դարձնել, ուստի ես խնդրում եմ, որ նրանք, որոնք որևէ կերպ արատավորված են այդ մոլությամբ, չհանդգնեն աչքիս երևալ։
- ↑ (Dampiep William)․ ― 1652 ― 1715, անգլիայի ծովագնաց։ «Գուլիվերի» մեջ Սֆիվտն ընդօրինակում է նրա ոճը։
- ↑ Աննա թագուհին․ ― Տե'ս 109-րդ ծանոթագրությունը։
- ↑ Լոնդոնի նշանավոր հրապարակը, ուր տեղի էին ունենում հրապարակային պատիժները։
- ↑ Յոթ ամիս․ ― Գիրքը լույս է տեսել 1727 թվի ապրիլի 2֊ից միայն հինգ ամիս առաջ և ոչ թե՝ յոթ։ ինչպես Կրեյկն է ցույց տալիս, այդ սխալն անհավանական կլիներ, եթե նամակն իրոք գրված լիներ 1727 թվին և դա միանգամայն հնարավոր է ինը տարի անց՝գրքի 1735 թվի հրատարակությունից հետո։
- ↑ Բրոբդինգնեգ․ ― Հազիվ թե հարկ լինի նշելու, որ այդ ուղղումը (պատմության ճշգրտությունը վկայող մի ավելորդ շտրիխ է) չի կարելի լուրջ համարել։ Բրոբդինգնեգ խոսքը (Brobdingneg) Անգլիայում լիլիպուտ բառի պես համարյա թե մականուն է դառել (մանավանդ դրանից ածանցված բառերը)։
- ↑ Ես փորձեցի ոտքի կանգնել․ ― Այստեղ առաջին անգամ Վալտեր Սկոտն է նկատել նմանությունը (Works ofJonathan Swift xi,7) Ֆիլոստրատի պատմության հետ, որ գրված է Հերկուլեսի վրա արած թզուկների հարձակման մասին (im igines, lib. ii)։ «Մի ֆալանգ գրոհի դիմեց նրա ձախ ձեռքի կողմից, իսկ աջ ձեռքի դիմաց, որպես ավելի ուժեղի, առաջ խաղաց երկու ֆալանգ։ Աղեղնավորները ու պարսատիկավորները պաշարեցին նրա ոտները, զարմանալով նրա ազդրերի ահագին մեծության վրա, իսկ նրա գլխի չորս կողմը, ինչպես զինամթերանցի, նրանք դրին պաշարման թնդանոթները, ուր և տեղ գրավեց ինքը՝ թագավորը։ Նրանք այրեցին նրա մազերը, սկսեցին նրա աչքերի մեջ նետել մանգաղներ․ և որպեսզի նա չկարողանա շնչել՝ նրանք փակեցին նրա բերանն ու քթածակերը։ Սակայն այդ աղմուկը կարող էր նրան միայն քնից արթնացնել․ արթնանալուց հետո նա ամենևին ուշադրություն չդարձնելով նրանց հիմարությունների վրա, ամենքին հավաքեց մի առյուծի մորթու մեջ և հետը տարավ Էվրիսֆեյ։
- ↑ Որովհետև նա կես պինտից ավելի չէր․ ― Մեր խորանարդային չափերը 1728 անգամ մեծ են լիլիպուտների չափերից․ այսպիսով կես պինտը հավասար է 108 (լիլիպուտական) գալոնի (մոտ 500 լիտրի)։
- ↑ Վեց մատնաչափ․ ― Գուլիվերի հասակի բարձրության հարաբերությունը լիլիպուտների հասակի բարձրության հետ հավասար է ոտնաչափի հարաբերությանը մատնաչափին, այսինքն՝ տասներկուսի հարաբերությանը միավորին․ իսկ նրա հասակի բարձրության հարաբերությունը բրոբդինգնեգցիներին՝ ուղղակի ընդհակառակն է (1֊ը՝ 12֊ին)։ Այս պարզ հարաբերությունը թույլ է տալիս շատ հեշտ կերպով ստուգելու այն տվյալները, որ հետագայում հաղորդում է Սվիֆտը։
- ↑ Երեսունվեց կողպեքով․ ― Հետաքրքրական է, որ նույն այդ թվերը մենք գտնում ենք Սվիֆտի Տակառի հեքիաթի մեջ, որ լույս է տեսել Գուլիվերից տասներկու տարի առաջ․ «Ես գրել եմ 91 պարսավագիր երեք թագավորությունների ժամանակ 36 ֆրակցիայի ծառայություն մատուցելու համար»։
- ↑ Իմ եղունգի չափ բարձր էր բոլոր պալատականներից․ ― Ըստ Սվիֆտի նախնական մտադրության՝ լիլիպուտների կայսրը պիտի հիշեցներ անգլիական թագավոր Գեորգ i֊ին, սակայն նմանությունը տարածվում է միայն նրա բնավորության մի քանի գծերի վրա, այսինքն՝ չափավորության, պարզության և մանավանդ խոշոր ժլատության․ արտաքինով այդ երկու թագավորներն ամենևին նման չեն միմյանց։ Կարճահասակ և անճարակ Գեորգը զուրկ էր որևէ վեհությունից։ Նմանության բացակայությունը մասամբ բացատրվում է Սվիֆտի զգուշությամբ և մասամբ էլ, թերևս, սկզբնական ուրվագիծը քաղաքական երգիծանք դարձնելու փաստով։
- ↑ Վեց հարյուր ներքնակ․ ― Գուլիվերի ներքնակի տարածությունը, որ հավասար է լիլիպուտների 150 ներքնակի տարածությանը, համապատասխանում է սկզբից ևեթ ընդունված հարաբերությանը՝ 12֊ը՝ 1֊ին (12x12=144)։ Եվ Գուլիվերը միանգամայն արդարացի կերպով է գանգատվում իր անկողնու կոշտության համար, որովհետև հարկավոր էր միմյանց վրա փռել ոչ թե չորս, այլ 12 ներքնակ։
- ↑ Ցուցակը․ ― Ծաղր է գաղտնի կոմիտեի արաքների վրա, այն կոմիտեի, որ հիմնել էր Ուոլպոլը (վիգերի մինիստրությունների պետը Գեորգ i֊ի ժամանակ) հակոբականների (այսինքն՝ արտաքսված Հակոբ ii Ստյուարտի որդուն գահ բարձրացնելու կողմնակիցների) ինտրիգներն ու դավադրությունները քննելու համար։ Խուզարկության նկարագրությունը Սվիֆտն արել է վարպետորեն։
- ↑ Ֆլիմնապ․ ― Ֆլիմնապի նկարագրով Սվիֆտը ծաղրում է իր բարեկամ, տորիների բոլինգբրոկյան մինիստրությանը հաջորդող Ռոբերտ Ուոլպոլին, դեպի որը, իբրև վիգերի մինիստրության պետին, մեծ թշնամանքով էր վերաբերվում։ Ֆլիմնապի «ձգված լարի վրա կատարած թռիչքները» պատկերացնում են Ուոլպոլի քաղաքական ճարպկությունը։
- ↑ Րիլդրիզելը․ ― Երևի պիտի լինի կամ կոմս Ստենհոպը, որը 1717 թվին պրեմիերի պաշտոնով հաջորդել էր Ուոլպոլին և հայտնի էր իր համբերատարությամբ դեպի տորիները, կամ Իռլանդիայի թագավորի տեղակալ լորդ Կարտերետը․ թեև սա բայրացակամ էր դեպի Սվիֆտը, այնուամենայնիվ ստիպված էր «Մահուդավաճառի նամակների» հեղինակին գտնելու համար 300 ֆունտ ստեռլինգ պարգև նշանակելու (այդ մասին տես գլ․ vii֊ի ակնարկը). կամ գուցե հանձին Րիլդրիզելի՝ Սվիֆտը պարզապես ցանկանում էր պատկերացնել անդրկուլիսյան ազդեցությունների ուժը՝ պալաատական կյանքի այդ անհրաժեշտ պարագան։
- ↑ Թագավորական բարձ․ ― Կենդելի դքսուհին Գեորգ i֊ի սիրուհին էր, որի ազդեցության շնորհիվ 1721 թվին, Ստենհոպի մահից հետո, Ուոլպոլը կրկին մինիստր դարձավ։
- ↑ Ծիրանագույն, կանաչ և ճերմակ․ ― Վարտքակապի, Բաղնիսի և սուրբ Անդրեասի շքանշանների գույներն են։ Ուոլպոլը պարգևատրված էր Վարտքակապի շքանշանով 1726 թվին, այնպես որ այս հատվածը Սվիֆտը մտցրել էր գրքի մեջ նրա լույս տեսնելուց մի փոքր առաջ։
- ↑ Սկայրիշ Բոլգոլամ․ ― Արջիլի դուքսը (ըստ Թեյլորի կարծիքի) ու Նոտինհայմի կոմսը (ըստ Չարլզ Ֆերստի կարծիքի)։
- ↑ Երկրագունդը․ ― Անհետևողականություն․ vi գլխում Սվիֆտն ասում է, թե լիլիպուտները երկիրը տափակ էին պատկերացնում։
- ↑ Օգոստափառ կայսրուհին․ ― Աննա թագուհին է, որը «բարեհոգի, բայց շուտ խաբվող անձնավորություն էր» (Թեյլոր)։
- ↑ Տրեմեկսըններն ու Սլեմեկսընները․ ― Կամ բարձրագույն և ստորին եկեղեցիներն են, կամ տորիները և վիգերը։ Կայսեր ցածր կրունկները ցույց են տալիս, որ նա պատկանելիս է եղել վիգերի պարտիային։
- ↑ Որ և առիթ էր տալիս նրան կաղալու։ ― Ուելսի թագաժառանգը (հետագայում Գեորգ ii֊ը) թեև տարակարծիք էր իր հոր և մինիստրության հետ և տորիները նրա վրա մեծ հույս ունեին, սակայն գահ բարձրանալուց հետո, թագուհու խորհրդով, Ուոլպոլին պահեց մոտը։
- ↑ Ձուն կոտրել սուր ծայրից․ ― Բթածայրականներն ու սրածայրականները՝ կաթոլիկներն ու բողոքականներն են։ Նրանց միջի վեճը՝ եկեղեցական խորհուրդների մասին եղած վեճն է։ Հետագա այլաբանության բացատրությունը հեշտությամբ կարելի է գտնել Անգլիայի պատմության, ռեֆորմացիայի սկզբից ի վեր՝ հալածանքների, ապստամբությունների, ռևոլյուցիաների և կաթոլիկների և հակոբականների օգտին եղած արտաքին, մանավանդ ֆրանսիական, ինտրիգների մեջ։ Անգլիայից արտաքսված պապականներն ու հակոբականներն օթևան էին գտնում Ֆրանսիայում, որի վարիչներն ավելի կամ պակաս չափով սրտանց համակրում էին նրանց և աջակցություն ցույց տալիս։
- ↑ Մեկ կայսրը կորցրել է իր կյանքը, իսկ մյուսը՝ իր թագը․ ― Կարլ i֊ին և Հակոբ ii թագավորներն են։
- ↑ Մենք կորցրել ենք․ ― Տորիների ընդդիմադիր պարտիան անբավական էր Ֆրանսիայի հետ վարած երկարատև պատերազմից (որին աջակցում էին վիգերն ու Մալբորոն)։ Ընդդիմադիրների զգացմունքները Սվիֆտը պատկերացրել է մի պամֆլետով՝ «Դաշնակիցների վարքագիծը» վերնագրով։
- ↑ Բլեֆուսկուի կայսրությունը․ ― Ֆրանսիան է։
- ↑ Երկյուղ էի կրում իմ աչքից․ ― Համեմատիր՝ Ռաբլե, գիրք առաջին, գլ․ xxxvi:
- ↑ Թշնամու հիսուն խոշոր ռազմանավերը․ ― Պրոֆեսոր Մորգանի կարծիքով (notes and Queries 2-nd ser. p. 124) այդ ձեռնարկությունը թերևս Գուլիվերի ուժերից վեր էր։ Բլեֆուսկուցիների նավատորմիղի գերի վարելը պատկերացնում է Ֆրանսիայի դեմ Անգլիայի տարած հաղթանակը և վերջինիս ծովային հզորության աճումը՝ շնորհիվ 1713 Ուտրեխտի հաշտության։
- ↑ Վերածել ողջ Բլեֆուսկուի կայսրությունը մի գավառի․ ― Մալբորոյի հաջողությունները շատերին միտք էր ներշնչում Ֆրանսիային ամբողջովին հնազանդեցնելու հնարավորության մասին։
- ↑ Խիղճս միանգամայն մաքուր էր․ ― Մի ակնարկ է Ուոլոպոլի կողմից Բոլինգբրոգին (որն Անգլիայի անունից հաշտության բանակցություններ էր վարում Ֆրանսիայի հետ) ուղղած այն մեղադրանքին, թե նա ոճրագործ գրագրություն ուներ ֆրանսիական պատգամավորների հետ։
- ↑ Պալատի մնացած մասերը փրկեցին ավերումից․ ― Այս տեարանը ներշնչել է երևի Ռաբլեն:
- ↑ Երդվել է ինձնից վրեժ հանել․ ― Հավանական է, որ Սվիֆտն ուզում էր ծաղրել Աննա թագուհու այն նախապաշարումները, որ վերաբերում էր նրա երգիծանքի անքաղաքավարի ու անբարոյական կողմերին, չնայած այն ծառայությանը, որ այդ երգիծանքը մատուցեց նրա մինիստրությանը (ականարկ է «Տակառի հեքիաթի» մասին։
- ↑ Հարոլդ Վիլյամսի կարծիքով («Գուլիվերի» հոբել․ հրատ․1926 թ․) Սվիֆտն այս գլուխն ավելացրել է, երբ ճանապարհորդությունն արդեն գրված էր։ Գուլիվերն այլևս հարցասեր ճանապարհորդ չէ մի օտար երկրում, այլ շարադրում է հեղինակի տեսություններն ու մտքերը։
- ↑ Լրտեսներ․ ― Սվիֆտն այդ մարդկանց ատում էր մասամբ Ստերրերիի դատավարության շնորհիվ (տե՛ս 84֊րդ ծանոթագրությունը):
- ↑ Ծնողների և զավակների պարտականությունները․ ― Նույն միտքը կա նաև Սիրանո դը Բերժերակի «Լուսնի պատմությունը» գրքում (մի գրվածք, որից Սվիֆտը քիչ չէ փոխ առել)։
- ↑ Մի վսեմափայլ լեդիի պատիվը․ ― Մի քանի մեկնիչներ այստեղ ակնարկ են գտնում որոշ անձնավորությունների մասին, սակայն ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ Սվիֆթին պարզապես զվարճալի էր թվում նման արտառոց բամբասանքի հանդիսավոր հերքումը։
- ↑ Մեղադրական ակտը․ ― Մի երգիծանք է Բոլինբրոկի, Օքսվորդի և Օրմոնդայի դեմ վարած դատավարության մասին։
- ↑ Հանել ձեր զույգ աչքը․ ― Ծաղր է Օքսվորդի և Բոլինբրոգի մեղադրանքի առիթով համայնքների պալատում եղած վիճաբանությունների մասին։ Ըստ երևույթին Րիդրիզելի ճառը ակնարկ է մի քանի վիգերի առաջարկի մասին՝ դավաճանության մեղադրանքը փոխարինելու վստահությունն ի չարը գործադրելու մեղադրանքով, այն վստահության, որ ցույց է տվել նրան պետությունը․ այդ դեպքում մեղադրյալներին չէր սպառնա մահվան պատիժ, այլ միայն ինչքի գրավում և լիակատար իրավազրկություն։ Համեմատիր նաև 14֊դ ծանոթությունը Րիլդրիզելի մասին։
- ↑ Հենց նույն օրն առավոտյան մեկնել Բլեֆուսկու․ ― Բացահայտ ակնարկ է Բոլինգբրոկի և նրա 1715 թվին դեպի Ֆրանսիա փախուստի մասին։ Գուլիվերի նման նա ևս վախենում էր, որ Անգլիայում մնալը նրա համար հավասար էր մահվան դատավճռին սպասելուն։
- ↑ Նա Բլեֆուսկուի արքունիքն ուղարկեց մի երևելի անձ․ ― Մի ակնարկ է անգլիական հաճախակի առաջադրությունների մասին՝ ուղղված ֆրանսիական արքունիքին՝ վերջինիս կողմից հակոբական էմիգրանտներին և դավադիրներին հովանավորություն ցույց տալու մասին։
- ↑ Քամիներն․․․ սկսեցին ավելի սաստկանալ․ ― Փոթորկի այս նկարագրությամբ Սվիֆտը ծաղրում է՝ ծովային ժարգոնի ի չարը գործ դնելը, որ մի սովորական երևույթ էր ճանապարհորդությունների հեղինակների կողմից։ Համենայն դեպս այդ նկարագրությունը ծովային տերմինների անկանոն հավաքածու չէ, ինչպես կարծում էին Վալտեր Սկոտն ու Թեյլորը, այլ, համարյա թե բառացի փոխառություն Սամուել Ստերմիի Mariner's Magazine֊ից, որի առաջին հրատարակությունը լույս տեսավ 1699֊ին։
- ↑ Ապրիլի 19֊ին․․․ քսան օր․․․ մայիսի 2֊ին․ ― Տարօրինակ վրիպում է։
- ↑ Սանսոնի ատլասից մի քիչ մեծ․ ― Նիկողայոս Սանսոնը (1600-1667) ֆրանսիական աշխարհագրության հայրն է։ Սակայն հազիվ թե Սվիֆտը տեսած լիներ իր՝ Սանսոնի ատլասը (լույս է տեսել 1654֊ի և 1667֊ի միջև)։ Ն․ Սանսոնի մահից հետո նրա երկու կրտսեր որդիները՝ Գիյոմը և Ադրիանը Ալեքսի Հյուբեր Ժայոյի աշխատակցությամբ 1689 թվին հրատարակեցին մի նոր ատալաս (Atlas Nouveau), որը մի քանի անգամ վերահրատարակվեց 18֊րդ դարի ընթացքում։ Երևի Սվիֆտն այդ ատլասն ի նկատի ունի։ Դա մի քառակուսի գիրք էր մոտ քսան մատնաչափ երկարությամբ և լայնությամբ, ուրեմն «բրոբգինգնեգցիների» երկու մատնաչափից պակաս։
- ↑ Օգոստափառ թագուհին․ ― Կարող է պատահել, որ թագուհու պատկերով Սվիֆտը կամեցել է տալ Ուելսի իշխանուհու նկարագիրը, որը մի տաղանդավոր և ուժեղ բնավորությամբ կին էր։
- ↑ Մոյդոր․ ― Պորտուգալական ոսկե դրամ՝ մոտ 27 շիլլինգի արժողությամբ։
- ↑ Թագավորը․ ― Բրոբդինգնեգցիների թագավորը ոչ մի կերպ նման չէ Ուելսի թագաժառանգին (ապագա Գեորգ II֊ին), բայց որովհետև տորիները հույս էին դրել նրա շնորհների վրա, ուստի Սվիֆտը կարող էր նրան շողոքորթել։ Վալտեր Սկոտը կարծում է, թե Սվիֆտը ի նկատի ունի Վիլհելմ III֊ին։ Սակայն II մասի քաղաքական տարրն աննշան է․ ուստի հորինելով թագավորի և թագուհու նկարագիրը, կարող է պատահել, որ Սվիֆտն ամենևին ի նկատի չի ունեցել կոնկրետ մարդկանց։
- ↑ Վեց հազար մղոն․ ― Գրքի քարտեզի վրա Բրոդինգնեգն անհամեմատ ավելի փոքր է․ կարող է պատահել, որ հանցանքը քարտեզ կազմողինն է։
- ↑ Ճապոնիայի և Կալիֆորնիայի մեջտեղը համատարած օվկիանոս է․ ― Այն ժամանակվա աշխարհագրագետների մեջ տարաձայնություն կար, թե Ճապոնիան Ամերիկայի հետ ցամաքով է միացած, թե՞ ոչ։
- ↑ Սալիսբըրի զանգակատունը․ ― Ունի 404 ոտնաչափ բարձրություն։ Մինչդեռ բրոբդինգնեգցիների 3000 ոտնաչափը հավասար է միայն 250 անգլիական ոտնաչափի։
- ↑ Որ փոքրիկ թռչունները ոչ միայն չէին վախենում ինձնից․․․ ― Արևային կղզիներից մեկի վրա Սիրանոն նկատում է միևնույն բանը։
- ↑ Ողջ առողջ իջեցրեց ցած․ ― Monsk Mason֊ը կարծում է, որ կապիկի հետ տեղի ունեցած այդ դեպքը ներշնչել է Սվիֆտին «հնամյա մի ավանդություն, որը պատմում է այն միջոցի մասին, որով կիլդեյրների նշանավոր տոհմի ժառանգին ազատել է կապիկը»։
- ↑ Թագավորը երաժշտություն շատ էր սիրում․ ― Մի ակնարկ է այն հովանավորության մասին, որ ցույց է տվել Գեորգ I֊ը Հենդելին, որն անգլիական բարձր հասարակության մեջ մեծ հաջողություն ուներ։ Երաժշտությամբ զբաղվելը Սվիֆտը ծաղրում է նաև «Ճանապարհորդություն դեպի Լապուտա» մասում։
- ↑ Սպինետ․ ― Հնամենի երաժշտական գործիք, որ պատկանում է կլավեսինի կամ կլավիկորդի տեսակին։
- ↑ Վարձկան զորք․ ― Մնայուն զորաբանակն ու պետական պարտքը, որոնց մասին մի փոքր վերև ակնարկում է Սվիֆտն, տորիների կատաղի հարձակման առարկան էր վիգերի դեմ։ Գուլիվերի այդ զրույցը հանդիսանում է մի կծու երգիծանք անգլիական պետական կառուցվածքի վրա։ Հմմտ․ չորրորդ մասի չորրորդ գլուխը։
- ↑ Դիոնիսիոս Հալիկարնասցին․ ― Հունական պատմաբան, որ ապրում էր Օգոստոս կայսեր ժամանակ։ Իր «Հնագիտության» ներածության մեջ ասում է, որ իր նպատակն է հույների առաջ հումայեցիներին ներկայացնել նպաստավոր գույներով։ «Հնագիտության» հրատարակություններից մեկը լույս է տեսել Օքսվորդում 1704 թվին։
- ↑ Երկու հասկ․ ― Տորիները պաշտպանում էին երկրի գյուղատնտեսական շահերը․ երևի այդ առնչությամբ Սվիֆտը թագավորին է վերագրում տորիների տեսակետը։ Առհասարակ Բրոբդինգնեգի քաղաքական սկզբունքները սերտ կապ ունեն տորիների քաղաքականության սկզբունքների հետ։
- ↑ Նրանց ոճը․․․ ― Այստեղ Սվիֆտն արտահայտում է այն պայմանները, որոնց բավարարություն պիտի տա օրինակելի արձակագրությունը և որոնց հետևում է նաև ինքը։
- ↑ Թագավորը շատ էր ուզում․․․ Լիովին նման է Սիրանոյին։
- ↑ Արծիվ․ ― Գրիֆի կամ մարդիկ և կենդանիներ որսացող ու տանող հսկայական թռչունի առասպելն արաբական ծագում ունի։ Նույն ձևով է Սիրանոն հեռանում լուսնից։ Վիթխարի արծվի գաղափարը երևի Սվիֆտին ներշնչել է կամ Սիրանոն և կամ մեկն այն բազմաթիվ ճանապարհորդներից, որոնց գրվածքները ժրաջան կերպով նա կարդում էր։
- ↑ Համեմատություն Ֆաետոնի հետ․ ― Ֆաետոնն Արևի և Կլիմենայի որդին էր։ Իր հորից թույլտվություն ստանալով մի օրով կառավարելու նրա կառքը, նա իր անփորձության շնորհիվ քիչ մնաց հրդեհեր ամբողջ տիեզերքը։ Իբրև պատիժ Յուպիտերը նրան գլորեց Էրիդանը (այսինքն՝ Պո գետը)։
- ↑ Սան֊Ջորջ․ ― Այժմյան Մադրասը։
- ↑ Հոլանդացին նավի տախտակամածի վրա կանգնած․․․ Հոլանդացիների ատելությունը դեպի արևելքում գտնվող անգլիացիները շարունակ նկարագրվել է այդ ժամանակաշրջանի ճանապարհորդությունների մեջ։
- ↑ Հյուսիսային լայնության 46° և երկարության 183° (թերևս ըստ Ֆերրոյի)․ ― Այսինքն՝ Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայից դեպի արևելք և Ալեուտի կղզիներից հարավ։
- ↑ Սխալը, որ նա արել էր հաշվելու ժամանակ․ ― Այն ժամանակվա մաթեմատիկոսների և փիլիսոփաների ցրվածության մասին գրած երգիծանքում Սվիֆտը, երևի, ի նկատի ուներ գլխավորապես Նյուտոնին, որի մասին եղած անեկդոտները նա սիրում էր պատմել։
- ↑ Թագավորը և ոչ էլ նրա երկու ավագ ժառանգներն իրավունք չունեն հեռանալու կղզուց․ ― Մի ակնարկ է Գեորգ I֊ի մասին, որ հաճախ Անգլիայից գնում էր Հաննովեր։
- ↑ Այդ նշանավոր լորդը, որի անունն էր Մյունոդի․ ― Ենթադրվում է, որ Սվիֆտի նախատիպը Վիկոնտ Միդդլետոնն էր, Իռլանդիայի լորդ կանցլերը, որ այնտեղ ոոշ ժողովրդականություն էր վայելում այն պատճառով, որ Իռլանդիայում ընդդիմադրում էր վիգերի կործանիչ ծրագրերին։ Հավանական է սակայն, որ դա մի ակնարկ է Բոլինգբրոկի մասին, որն աքսորից վերադառնալուց հետո դեմոնստրատիվ կերպով մեկուսացավ Դաուլեի մի հեռավոր գյուղում։
- ↑ Ամբողջովին պատած էին սարդի ոստայնով․ ― 1710 թվին մի հնարագետ ֆրանսիացի Բոն անունով մի գրքույկ հրատարակեց, ուր ապացուցում էր, թե հնարավոր է սարդի ոստայնից գուլպաներ և ձեռնոցներ պատրաստել։ Նման փորձեր կատարվել են և հետագայում։
- ↑ Դազգահ․ ― Տրամաբանական գործողություններ կատարելու ընդունակություն ունեցող մեքենաների գաղափարը ծագել է մի քանի անգամ՝ xvi դարում Կորնելիուս Ագրիպիոսի, Լայնբնիցի, Ջեվոնսի (xix դ․) և «ժամանակակից» տրամաբանության ներկայացուցիչների մոտ, իսկ առաջին անգամ՝viii դարում իսպանական սխոլաստիկ և ալքիմիկ Ռայմոնդ Լուլլիուսից։
- ↑ Հրահանգների մի ընդարձակ ձեռագիր․․․ Այս գլխի վերջին մասը (որ արգելել և խեղաթյուրել է ցարական Ռուսաստանի ցենզուրան) ծաղրում է այն ձևերը, որ կիրառվել էին Ատտերբիի, Ռոչեստերի եպիսկոպոսի և Վեստմինստերի դեկանի դատավարության ժամանակ, որոնցից վերջինը դատի էր կանչված պետական դավաճանության համար։ Նա Աննա թագուհու կողմնակիցն էր և Գեորգ I֊ի գահ բարձրանալու ժամանակ հրաժարվել էր երդվելուց, հույս ունենալով, որ կվերադառնա «Հակոբ III֊րդ թագավորը», ինչպես նա կոչում էր Աննայի եղբորը, անգլիական գահի այդ թեկնածուին։ 1722-ին նա կալանքի ենթարկվեց Տաուերում, հակապետական դավադրությանը մասնակցելու համար։ Ոչ մի կասկած չկա, որ նա Ստյուարտների վերահաստատման կողմնակից էր, սակայն նրա հանցանքը հաստատող ուղղակի փաստեր չկային ու նրա աքսորումը տորիներին մեծ զայրույթ պատճառեց, մասնավորապես Սվիֆտին ու Պոպին։
- ↑ Մանրազնին ձևով քննելու․ ― Մի ակնարկ է հերցոգ Որտոնի ճառի մասին, ուր նա հիշում է երկու նամակներ, որոնք գտնվել էին եպիսկոպոսի արտաքնոցում։
- ↑ Տրիբնիա․․․ Լագդին․ ― Բրիտանիա (Britain) և Անգլիա (England) բառերի տառափոխությունն է։