հեղինակ՝ Անդրեյ Բիտով |
Տղան սառել էր կամարի տակ։ Արդեն կես ժամ է անցել։ Իհարկե, եթե նա էսպես ուշացավ, ապա էլ չի գա։ Միանգամից շքամուտք կմտնի։ Գուցե արդեն եկել ու բարձրացել է երրորդ հարկ, դուռը բացել են, եւ նա ներս է մտել… Կամ էլ ուշացել է ու որոշել, որ տղան էս սառնամանիքին իրեն այդքան երկար չի սպասի եւ արդեն վերեւում է… Հապա ի՞նքը… Բայց, գուցե մտածել է, թե տղան վերեւ կբարձրանա։ Ու հիմա իրեն սպասում է էնտեղ՝ երրորդ հարկի բնակարանում… Բա ինքն ինչպե՞ս մտնի, երբ ընդամենը մի անգամ է եղել էնտեղ․ էն ժամանակ բոլոր այդ տղամարդիկ խնդմնդում էին իր վրա… իսկ եթե նա դեռ չի էլ եկե՞լ…
Տղան դուրս եկավ կամարի տակից, հասավ շքամուտքին, չորս կողմը նայեց՝ չի՞ գալիս արդյոք դիմացից, թիկունքից կամ փողոցի մյուս կողմից։ Մտավ շքամուտք։ Հիմա նրան բաց չեմ թողնի…
Էստեղ ավելի տաք էր։ Կարեւորը՝ չէր փչում։ Նա շփեց քիթը, այտերը, ճակատը։ Դեմքը սկսեց վառվել։ Հանկարծ մտածեց, որ դեմքը կարմրատակած է ու որ նա հիմա ներս կմտնի։ Եւ այն մտքից, որ ահա կարմրատակել եւ բոլորովին երեխա է, ավելի կարմրեց։
Բայց նա չէր գալիս։ Սկզբում տղային թվում էր, թե դուռը նույն ակնթարթին կբացվի։ Նա ցնցվելով նայում էր դռանը։ Բայց դա միայն թվում էր, կամ էլ ներս էր մտնում ուրիշ մեկը։ Ո՛չ նա։
Այնժամ մտածեց, որ մինչ էստեղ տաքանում է, գուցե նա, այնուամենայնիվ, անցել է շքամուտքի մոտով եւ սպասում է կամարի տակ։ Դուրս վազեց, հասավ կամարին․ ոչ ոք չկար։ Այդ ժամանակ մտածեց, որ այդ պահին նա շքամուտք է մտնում։ Եւ իրար չեն հանդիպի։ Նա ետ շտապեց։ Շքամուտքում ոչ ոք չկար։ Տղան կանգնել էր ապակեպատ դռան ետեւում եւ դուրս էր նայում՝ չլինի՞ թե կողքով անցնի, գնա դեպի կամարը։ Բայց մի պահ, երբ շրջվեց նայելու՝ ո՞վ է իջնում աստիճաններով, թվաց, որ նա անցավ դռան մոտով, միայն թե ինքը չնկատեց։ Իջնողը գեր ծերուկ էր։ Իսկ ապակե դռնից անդին, իհարկե, նա էր առկայծողը։ Տղան մի անգամ էլ վազ տվեց կամարի կողմը։ Այնտեղ ոչ ոք չկար։ Եվ նա ետ դարձավ։
Չի կարելի այսքան երեխա լինել, մտածում էր տղան։ Ամեն բան կշռադատել է պետք, այլ ոչ թե դեսուդեն զարկվել եւ խելքը թռցնել։ Քառասուն րոպե է անցել, էլ ի՜նչ, նա արդեն չի գա կամարի մոտ։ Երկուսից մեկը, ուրեմն՝ կամ մինչ ես էստեղ վազվզում եմ, նա արդեն եկել ու նստած է էնտեղ՝ երրորդ հարկի բնակարանում, կամ դեռ չի եկել եւ ուրեմն նրան պետք է սպասել էստեղ՝ աստիճանների վրա։ Պարտադիր չէ՝ դռների մոտ, որովհետեւ նա, միեւնույն է, չի գնա կամարի կողմը։ Էսպե՜ս։
Տղան վճռականորեն բարձրացավ երրորդ հարկ։ Ձեռքերը տաքացրեց մարտկոցի վրա։ Նայեց լուսամուտի ապակուն։ Հանեց գլխարկը, սանրվեց ու նորից գլխին դրեց։ Ուղղեց շարֆը։ Դեմքն արդեն չէր այրվում։ Նստեց մարտկոցի վրա, անշտապ ծխախոտ ծխեց։ Գլուխը պտտվեց, շուրջն ամեն ինչ թեթեւակիորեն լող տվեց։ Տղան նոր էր սկսել ծխել։ Հաճելի էր․ ասես ճոճում էին իրեն։ Նա դիտում էր ծուխը, որ մեկ բաց էր թողնում բերանից, մեկ ռունգերից, մեկ էլ փորձում էր օղակներ սարքել…
Ներքեւում շրխկաց մուտքի դուռը։ Տղան ցնցվեց։ Մի անգամ եւս ուղղեց շարֆը։ Դեմքը նորից անտեղի շառագունեց։ Ու սիրտը ծուլ եկավ։ Եկողը տատիկ էր։ Նա տղայի մոտով անցավ մի տեսակ կողքանց՝ ոտքից գլուխ չափելով նրան։ Այդպես էլ բարձրացավ՝ հայացքը տղայից չկտրելով՝ վերելքին համընթաց շուռումուռ գալով սեփական առանցքի շուրջը։ Դռանը նա արդեն մոտեցավ թիկունքով։ Սա այն դռան կից դուռն էր, որին հետեւում էր տղան։ Շուրջը նայելով՝ պառավը դուռը ծերպ արեց, դժվարությամբ ներս սողոսկեց նեղ ճեղքից եւ իր ետքից փութով շրխկացրեց դուռը, ապա զնգզնգացին կեռիկներն ու շղթաները։
Տղան նայեց ժամացույցին՝ ինն անց էր քսան։ Արդեն մի ժամ քսան րոպե սպասում է։ Արդեն ուշ է։ Ինքը պետք է տեսնի նրան եւ տուն դառնա։ Որովհետեւ մայրը չգիտի, թե էսքան երկար ուր է կորել՝ գնալով դեմուդեմ ապրող ընկերոջ մոտ՝ կարկինի հետեւից։ Ճիշտ է, նա խեթ տնտղեց որդու նոր վերնաշապիկն ու կոշիկները եւ ասաց, որ նա իրեն գերեզման կիջեցնի։ Ի դեպ, նա վաղուց զանգել է ընկերոջը, եւ հիմա նրանք՝ երկու մայր, խոսում են։ Տղան ցած իջավ, զանգեց տուն, հետո՝ ընկերոջը։ Էդպես էլ կա․ կարճ ազդանշաններ երկու տեղից էլ։ Տղան ուրախացավ, որ չստացվեց խոսել։ Չէ՞ որ շուտով կվերադառնա, եւ բնավ էլ չարժե այդ մասին ասել հեռախոսով…
Երկու ժամ է անցել։ Տղան մտածեց․ նա պետք է որ արդեն էնտեղ լինի եւ իրենք պարզապես չեն հանդիպել։ Պարզապես անհրաժեշտ է իմանալ՝ էնտե՞ղ է արդյոք։ Գուցե ինքն իզուր է սպասում։
Նա բարձրանում էր՝ ավելի ու ավելի դանդաղեցնելով քայլերը։ Բայց ահա եւ դուռը։ Դարձյալ ուղղեց շարֆը ու գլխարկը։ Ձգվեց դեպի զանգը։ Վարանեց․ վերհիշեց այն գեղեցիկ երիտասարդին, որ ափով թեթեւակի խփում էր իր այտին ու քամահրանքով խնդմնդում։ Նա էլ էր ծիծաղում։ Միաժամանակ տղան մտածում էր, որ դուռը, այնուամենայնիվ, զանգել է պետք։ Ի վերջո ամեն ինչ պետք է պարզել։ Եվ երբ նա, այնուամենայնիվ, սեղմեց կոճակը, ապա ավելի վստահ ու համարձակ զգաց իրեն։
Նա լսեց՝ ինչպես դռան հետեւում մեկ ուրիշ դուռ բացվեց, ուրկից անորոշ աղմուկ պոռթկաց, ինչպես քայլերը մոտեցան դռանը, ինչպես չխկաց փականքը…
Եւ ահա նրա դիմաց նույն այն ընկերուհին է։
Աղմուկն արդեն լսելի էր։ Խիստ որոշակի բնույթի մի աղմուկ, այնպես, որ տղան լսեց ոչ միայն ձայները եւ երաժշտությունը, այլեւ ծխախոտի ծուխն ու սեղանի շշերը։
― Վահ, այդ դո՞ւ ես, տղա… ― ասաց ընկերուհին՝ ունքերը բարձրացնելով։
― Ես եմ, ― ասաց տղան։
― Բայց նա դեռ չի եկել, ― ասաց ընկերուհին։
Նա ուղիղ նայում էր ընկերուհու դեմքին՝ ջանալով որսալ հայացքը, որ հասկանա՝ ստո՞ւմ է նա, թե՞ ոչ։ Որովհետեւ մյուսների մեջ այդ նրա՞ ձայնը չէր արդյոք իր ականջին պարզորոշ հասնողը։ Հիմա էլ լսում է։
Այս ընկերուհին նման էր մեծ, գեղեցիկ ձկան։ Եւ այժմ, երբ տղան այնտեղի աղմուկի մեջ, մյուսներից հաստատ տարբերել էր ձայներից մեկը, ընկերուհին է՛լ ավելի դուր չէր գալիս իրեն եւ ավելի էր նմանվում ձկան, բայց արդեն՝ տգեղ ձկան։ Շատ դժվար է էս ձկան մեծ, մոխրագույն, դուրս պրծած աչքերին նայելը․ ոնց էլ նայելու լինես՝ միշտ քթարմատին դեմ կառնես։ Այս ձուկը շարունակ շոյում է իր տռուզ կոնքերը, ասես սրբելով մշտապես տամուկ ձեռքերը…
Ձուկը բացում է բերանը, ձուկը փակում է բերանը։
Հետո, երբ դուռը փակ էր եւ ձուկն ասես սուզվել էր պատի մեջ, նա հասկացավ շուրթերի շարժումը․
― Նա երեւի էսօր չի գա։
«Ես ախր լսում էի նրա ձայնը, ― մտածում էր տղան, ― էնտեղ, մյուսների մեջ։ Ուրեմն նա չի ուզում ինձ տեսել։ Նա էնտեղ է, նրանց հետ, հենց նրա՛ հետ…»։ Այն մեկի, որը բարձրացրեց տղայի կզակը։ Իսկ ինքն էստեղ… աստիճանների վրա… Եւ նա գիտի այդ։ Եւ ինքն էլ ասել է ընկերուհուն, որ սա քշի տղային…
― Սողո՜ւն, ― ասաց տղան։ ― Սողուն, ― ասաց նա բարձրաձայն։ ― Սողո՛ւն, ― ասաց նա՝ ցած իջնելով։
Իսկ եթե նա իրոք էնտե՞ղ չի, մտածեց տղան։ Եթե ինձ՝ տխմար խանդոտիս, պարզապես թվաց, թե դա նրա ձայնն էր… Նա ախր չի կարող էդպես խաբել։
―Տխմար խանդոտ, ― ասաց տղան։ ― Տխմար խանդոտ։
Դա նրան մի տեսակ հանգստացրեց։ Իսկ գուցե այդ ընկերուհին խաբեց թե՛ իրեն, թե՛ նրան։ Չասաց, որ տղան եկել է։
― Տակա՛նք, տակա՛նք, տակա՛նք, ― ասաց նա։
Տղան կանգնել էր ներքեւում եւ չէր կարողանում կենրոնանալ։ Չէր իմանում՝ երեքից որ մեկին մեղադրի։ Մեկին հաստատ պետք էր։ Որ ամեն ինչ պարզ դառնա։
Պետք է զանգել։ Տղան վախենում էր հաճախ զանգել նրան հեռախոսով։ Նա ասում էր, որ տհաճություններ է ունենում հեռախոսի պատճառով, որ տղան հենց էնպես չզանգի։ Տղան հենց էնպես չի զանգում․ պետք է, չէ՞, ինչ որ բան պարզել։ Գուցե նա տանն է եւ չի գալու… Այնժամ բոլոր կասկածներն իզուր են, եւ ինքը պետք է տուն շտապի։
Նա դրեց մետաղադրամը, հավաքեց համարը։ Սիրտը թպրտում էր։ Կոպիտ ձայն։ Տանը չէ։ Ո՛չ, վաղուց։ Այո՛, հայտնի չէ։ Ամեն դեպքում, մտածում էր տղան, պետք է էլի սպասել։ Գուցե նա ճամփին է եւ ուր որ է կգա։ Տղան մոտեցավ իր մարտկոցին եւ նորից ծխեց։
Նա իրեն շատ հանգիստ ու հասուն էր զգում։
Սեղմում էր շուրթերը, անհողդողդ դեմք սարքում, պատուհանի ապակու մեջ զննում իրեն, իր մասին երրորդ դեմքով տարբեր բաներ մտածում, դիտում, թե ինչպես է բաց թողնում ծուխը, թափ տալիս մոխիրը։
Իսկ նա չկար ու չկար․ չէր գալիս։
Տղան սրդողեց։ Չէ՞ որ դեռ կարագ էլ պիտի առնի․ մայրը պատվիրել է։ Եւ հետո՝ մայրիկը… Սպասում է։ Խայտառակություն։ Շուտով խանութները կփակվեն։
Հիմարություն արեց… Պետք էր ճամփին՝ տնից այստեղ գալիս առնել կարագը։ Եթե անգամ ուշանար․ չէ՞ որ, միեւնույն է, նա չեկավ։ Հիմարություն, ի՞նչ իմանայի… Իսկ հիմա նրան բաց կթողնեմ։
Իսկ նա չի գալիս։
Բայց գուցե ինքը չի սխալվել․ նրա՛ ձայնն էր, եւ նա իրոք էլ հիմա էնտե՛ղ է, ապա մի րոպեով խանութ վազ տալը, կարագ առնելն ու ետ դառնալը նույնն է, թե ծովում կաթիլը… Նա ոչինչ բաց չի թողնի։ Հավանականության տեսության համաձայն։ Եվ պետք չէ կարծել, թե նա կգա հենց այն վայրկյանին, երբ ինքը բացակա կլինի։ Դա արդեն զառանցանք է։ Վերջապես տղամա՛րդ է պետք լինել։
Այսպես իրեն տրամադրելով՝ նա վճռականորեն փողոց ելավ, վազելով խանութ հասավ եւ ներս սպրդեց դուռը փակել պատրաստվող տիկնոջ կողքից։
Կարագի հարցը լուծված է։ Նա վազեվազ կտրեց փողոցը, շքամուտք մտավ, սուրաց սանդուղքով վեր… Գուցե նա, այնուամենայնիվ, հենց այդ րոպեին է ներս մտել, գուցե ինքը հիմա կհասնի նրան։ Վազքով հասավ սանդղահարթակ… Ոչ ոք…
Նստեց իր մարտկոցին։
Իհարկե, մտածում էր տղան, որ նա գար հենց այն պահին, երբ ես թռա կարագի հետեւից, էդ տեսակ պատահականություն չի կարող լինել։ Մանավանդ, որ նետի պես ետ դարձա։
Ուրեմն, նա արդեն էնտեղ է ու խաբել է իրեն։ Հիմա ընկերուհու մոտ գալը ոչ մի իմաստ չունի։ Բայց, գուցե նա տնից դուրս չի էլ եկել, իսկ իրեն պարզապես ստեցին։ Թե տանը չի։ Պետք է տուն գնա։ Տանը՝ կռիվ։ Այո, եթե նա գործով է գնացել կամ եթե իրեն ստեցին, ապա պետք է արագ տուն վազել։
Դեհ, իսկ եթե ինքը չի՞ սխալվել եւ դա նրա ձայնն էր… այնտեղ՝ ծխով ու շշերով լի սենյակում։ Ուրեմն ինչպե՞ս համոզվի, ինչպե՞ս իմանա ճշմարտությունը։ Ուրեմն պետք է սպասել, մինչեւ նա դուրս գա։ Եթե նա էնտեղ է, հո չի՞ կարող հօդս ցնդել։ Եթե նա դուրս գա՝ ամեն բան պարզ կդառնա։
Ներքեւում կեռիկների զնգոց լսվեց։ Բայց դուռ չբացվեց։ Ոչ ոք դուրս չեկավ։ Մարդ֊մուրդ չկա, եկող էլ չի լինի, էլ ոչ մեկի չեն սպասում… Տարօիրնակ է, հանկարծ բոլոր հարկերում զնգացին կեռիկներն ու շղթաները՝ գիշերն ի լույս կողպելով դռները։ Գրեթե միաժամանակ հարկերում աղմկեցին սողնակները, եւ այդ աղմուկը լավ լսելի է աստիճանների վրա։
Տղան հիշում է, որ մայրը նույնպես դուռը սողնակով է փակում եւ այդժամ բանալիով դրսից չես կարող բանալ։ Պահ, մտածում է նա, ոչ ոք էլ չի պատրաստվում թալանել իրենց… Նա ցնցվում է յուրաքանչյուր զնգոցից։ Ցնցվում է ավելի շուտ, քան կհասկանար, որ դա այն դուռը չէ, որին հետեւում է, այլ՝ մեկ ուրիշը։
Ինչ֊որ մեկը մոտեցավ իր դռանը։ Տղան քայլեր է լսում։
Ահա հիմա… դուռը կբացվի ու… նրա դուրս կգա։
Նույն կերպ, միայն ավելի բարձր ավելի բարձր զրնգացին կեռիկները։
Ուրեմն նրանք բոլորն էնտեղ կմնան գիշերելու։ Մի՞թե նա էլ…
Տղան ուզեց նետվել դռան վրա, ներս խուժել, տեսնել։
Քայլերը հեռացան գիշերվա համար կողպած դռնից։
… Ահա ինքը ներս է խուժում․ նա այնտեղ է, ինքը նրան չափում է հայացքով եւ ասում դաժան ճշմարտությամբ լի կծու, հպարտ խոսքեր։ Նա հեկեկում է, նա ներում է խնդրում… ծնկաչոք սողում, գրկում է իր ծնկները։ Բայց ինքը կանգնած է դալուկ, գեղեցիկ, եւ այլեւս ոչինչ չի կարող շարժել նրա գութը։ Այսուհետ էլ ոչ մի բանի չի հավատալու։ Եւ հեռանում է։ Իսկ նա հեծկլտում է, լալիս…
Լալիս է… Տղան մի անգամ տեսել է, թե նա ինչպես է լալիս։ Այն ժամանակ նա դարձյալ ուշացել էր եւ եկավ արցունքն աչքերին։ Ասաց, որ եղբայրը նեղացրել է իրեն, եւ միմիայն տղան է իր ապավենը։ Տղան հիշեց եւ սաստիկ խղճաց նրան։ Քիթը խտուտ եկավ։
Նա վանեց խղճահարությունը եւ կանգ առավ այն բանի վրա, ինչ հենց նոր երեւակայել էր։ Քմծիծաղեց։ Երեխայություն, հիմարություն… Ախր եթե ներխուժես էլ… բա որ նա էնտեղ չլինի՞։ Ի՞նչ կասի ինքն այդ զարմացած մարդկանց։ Ո՞ւր կչքվի։ Տղան կարմրեց՝ այնքան որ սուր պատկերացրեց այդ պահի ամոթը։
Համ էլ ո՞նց ներխուժես։
Հա․․ բայց մի բան պետք է որոշի։ Ինչ֊որ բան պետք է անել։ Արդեն անհնար է զանգել, ուշ է։ Լավ, հիմա կզանգի։ Եթե նա վերցնի լսափողը՝ ամեն բան կարգին է, եթե ոչ… դե, այն ժամանակ կկախի լսափողը։ Եվ սիրտը, ասես տեղից պոկվելով, թպրտաց ամայության մեջ։
Մարտկոցը տաք է։ Տան կռիվն արդեն ավելի սարսափելի չի դառնա։ Մի բան էլ կպակասի։ Խեղճ մայրիկ… Վերջին միտքն առկայծում է գլխում, ինչպես փոքրիկ, գորշ ու երկչոտ գազանիկ ու միանգամից անհետանում։ Տղան խոնջանում է, ջերմանում։ Ամեն ինչ թեթեւակի գվվում է։ Չի շարժի։ Հավես չկա։ Աչքերդ կփակես՝ մթան մեջ կցատկոտի լուսավոր կանաչ կետը՝ սանդուղքի լամպի ցոլքը…
Ահա ինքը պառկած է հիվանդ ու մեռնում է։ Դալուկ, վտիտ։ Նա վերջապես գտնում է իրեն։ Գալիս է իր մոտ։ Լալիս է։ «Մի լար, ես միշտ սիրել եմ քեզ։ Դու մեղավոր չես»։ Նա լալիս է, աղերսում․ ամեն ինչ այլ կերպ կլինի։ «Չէ, ինձ համար արդեն ոչինչ չի լինի…»։
… Տարիք են անցել։ Ահա ինքը գալիս է նրա մոտ։ Առնացի դեմքը կրում է ապրած զրկանքների ու արկածների հետքերը։ Ճակատին թափվող թավ գանգուրները չեն կարող թաքցնել խոր սպին։ Ճերմակ գանգուրները։ Այսքա՜ն երիտասարդ եւ արդեն ճերմակած… «Ուշ է, ամեն բան ուշ է», ― ասում է ինքը։ Եւ հեռանում է։ Նա հեկեկում է։ Իսկ ինքը հեռանում֊անցնում է դահլիճներով, դահլիճներով, բացում է դռներ, դռներ…
Երբ տղան արթնացավ, սարուռ զգաց։ Ցուրտ էր։ Մի քանի անգամ ձեռքերը թափով դեսուդեն գցեց, թռչկոտեց․ թմրած արյունը տարածվեց մարմնով մեկ։
Ամեն ինչ մի տեսակ անհեթեթ, հիմար ստացվեց, մտածում էր նա։ Պետք էր նախազգուշացնել մայրիկներին։ Կամ ավելի լավ կլիներ առհասարակ դուրս չգալ երեկոյան, այլ էստեղ գալ ահա հիմա․ միեւնույն է նա չէր գալու, եւ այս ամբողջ ժամանակ ինքն էստեղ իզուր է ցցվել։ Հիմա գար եւ սկսեր սպասել նրան։ Իսկ մորն ասեր…մայրիկին էնպիսի մի բան ասեր․․ Հիմարություն։ Պետք էր անմիջապես տուն դառնալ… Իսկ հիմա… Հիմա գիշեր է, ժամը երկուսը, երեքը։ Պետք է իմանա։
Տղան նստել էր մարտկոցին, գլուխը թաղել ուսերի մեջ, շնչում էր սվիտերի տակ։
Ու էլ ոչ մի բանի մասին չէր մտածում։
Գիշերվա երեքն է։
Չորսը։
Բութ սպասում… Երբեմն դանթում, երբեմն էլ դողից զարթնում է։ Նա արդեն ամեն ինչ գիտի այս աստիճանների, ցուլի նմանվող պատի այս ճեղքի մասին եւ մյուսի, որ նման է Մարի Ստեպանովնային, այն մասին, որ Մինկան բզեզ, իսկ Վալյան՝ հիմար է եւ այս դռան՝ իր դռան մասին՝ ինչպիսին են զանգի կոճակները եւ ինչպես է աջ անկյունում պոկված թաղիքը։
Քայլեր։ Ձայներ։ Երկու ձայն։ Սողնակը զնգաց։ Սա ի՛ր դուռն է։
Դուռը կիսաբաց եղավ։
Նա՛։
Տղան վեր թռավ մարտկոցի վրայից։ Նա տեսավ տղային։ Ետ ցատկեց։ Դուռը շրխկոցով փակվեց։ Այդ ամենը մի տեսակ ակնթարթորեն առկայծեց ու չքացավ։ Տղան շվարեց֊մնաց։ Սիրտը թպրտում էր անսպասելիությունից, նաեւ նրանից, որ ինքն այդպես ընդոստ վեր ցատկեց, իսկ դրանից առաջ երկար նստած էր անշարժ։ Դռան հետեւում՝ ձայներ։ Տղան ջանում է տարբերել։ Նրա ականջին ձայներ են հասնում՝ տղամարդու եւ կնոջ, նրա՛ ձայնը։ Տղան արդեն վստահ է, որ այդ աղմուկը, այս երկու ձայները՝ նրանց ձայներն են։ Որքան պարզ են լսվում… Որքան բարձր… Բառերը տարածվում, աճում, սողում են տղայի վրայով…
Փականքը դարձյալ չրխկում է, եւ դուռը բացվում է։
Երիտասարդը, նույն այն երիտասարդը, դուրս է գալիս՝ ետ֊ետ նայելով, մեկին ինչ֊որ բան ասելով։ Նրա՛ն։ Տղան կանգնած է մարտկոցի մոտ ու նայում է։ Երիտասարդը շրջվեց։ Գնաց։ Դուռը փակվեց նրա հետեւից։ Սողնակը չրխկաց։ Երիտասարդը իջնում է աստիճաններով։ Ավելի ու ավելի է մոտենում տղային։ Հավասարվեց։ Նայեց տղային։ Ի՞նչ կար այդ հայացքում։ Տղան սարսռաց․ ի՜նչ ասես չկար նրանում…
Երիտասարդն իջնում էր․ ներքեւ, էլի ներքեւ։ Տղան նայում էր նրա հետեւից։ Երբ երիտասարդը հասավ հաջորդ ոլորանին, նայեց վերեւ՝ տղային։ Հայացքում՝ հետաքրքրություն։
Երիտասարդի ոտնաձայները խլացան ներքեւում։
Տղան դարձյալ նստեց մարտկոցին։ Կծեց շրթունքը։ Հիմա արդեն հաստատ կտեսնի նրան։ Հիմա ինքը գիտի, որ նա էնտեղ է։ Ինքը կսպասի եւ կասի նրան ամե՛ն ինչ։
― Ես կսպանեմ նրան։ Կսպանե՛մ։ Կսպանե՛մ, ― կրկնում էր տղան։
Հինգն անց կես շրխկաց առաջին դուռը։ Ինչ֊որ մեկը կոճկվելով ցած սուրաց աստիճաններով։ Ապա դռներն ավելի ու ավելի հաճախակի բացուխուփ եղան։ Վերեւում ու ներքեւում։ Սկզբում շտապում էին բանվորները։ Նրանք տղայի կողքով անցնում էին գործարար կեցվածքով, անհաղորդ դեմքերով։ Եւ նա շնորհակալ էր նրանց։
Այնուհետեւ՝ ծառայողները․ կանայք՝ պայուսակներով, տղամարդիկ՝ թղթապանակներով։ Սրանք տնտղում էին տղային, ոմանք էլ՝ շրջվում էին։ Ոմանց տղան ճանաչեց․ երեկ երեկոյան նրանք բարձրացել եւ ուշադիր զննել էին իրեն։ Այժմ նրանց հայացքներից հետաքրքրասիրություն ու հարց էր կաթում…
«Ես կսպանեմ նրան»։
Տղան կուչ էր գալիս։ Տառապալից ջանքերով հանդարտ դեմք էր սարքում։ Սակայն կանգնել էր առնական, շուրթը կրծելով։
Դռները բացուխուփ էին լինում որոշակի օրինաչափությամբ։ Ալիքներով։ Կես եւ մեկժամյա ընդմիջումներով ալիքները սաստկանում, ապա գնալով մարում էին՝ իջնելիս ծամել շարունակող վերջին սուրացողների հետ։ Ապա վրա էր հասնում կարճատեւ դադարը։ Տղան թուլանում եւ մեկեն անսահման հոգնած էր զգում իրեն։
Երկու անգամ շրխկաց նրա դուռը։ Սակայան դրանք ընդամենը տան կենվորներ էին, ո՛չ նա։ Տղան վախենում էր, որ սրանք կճանաչեն իրեն։ Առաջին անգամ նա շրջվեց դեպի լուսամուտը եւ փորձեց իրեն։ Առաջին անգամ նա շրջվեց դեպի լուսամուտը եւ փորձեց անհոգ շվշվացնել։ Երկրորդ անգամ այնպիսի տեսք ընդունեց, ասես իջնում է մեկ ուրիշ բնակարանից։
Ինննից տասը պակաս արագորեն ցրվեց վերջին ալիքը։
Ինն անց կես պայուսակներով, շշերով, բիդոններով սկսեցին ցած իջնել տնային տնտեսուհիները։ Բայց տղան արդեն հոգնել էր կծկվել ամեն անցնողի հետ։ Եվ իրոք էլ անտարբեր դարձավ նրանց հանդեպ։
«Վերջապես ե՞րբ է դուրս գալու», ― բութ կրկնում էր նա ինքն իրեն։ Սպասումն այլեւս խելահեղ ու տառապալից չէր։
Պարզապես՝ երանի շուտ վերջանար։ Բայց թողնել֊գնալ արդեն անկարող էր։
Տնային տնտեսուհիների ալիքն էլ մարեց։
Նա մտածեց, որ եթե մի երկու ժամ էլ կանգնած մնա, արդեն կսկսվի վերեւ բարձրացողների երթը։
Եւ արդեն բոլորովին անսպասելի խոսեց նրա դուռը։
Նա դուրս եկավ։
Հանգի՛ստ։ Գեղեցի՛կ… Որքա՜ն գեղեցի՛կ։
Սկսեց իջնել։ Տեսավ տղային։ Ճանաչեց։ Ժպտաց։ Ի՜նչ լավ ժպտաց նա։ Բայց ո՛չ, հիմա արդեն իրեն չի՛ լինի խաբել…
― Ախ, դո՞ւ ես, տղաս, ― ասաց նա։ ― Սիրելիս, ուրեմն ամբողջ ժամանակ ի՞նձ էիր սպասում։
― Հա՛, ― ասաց տղան։ Նրա ձայնը դողում էր, եւ նա կուլ էր տալիս փղձուկը։ ― Հա՛։ Դու ամբողջ գիշեր էնտեղ էիր։ Ես սպասում էի քեզ կամարի տակ․ դու չեկար։ Հետո, երբ զանգեցի դուռը, դու պատվիրեցիր ասել, որ էնտեղ չես։ Դու գիտեի՛ս, որ ես էստեղ եմ… Իսկ գիշերը, ժամը չորսին, դու բացեցիր դուռը, տեսար ինձ ու թաքնվեցիր։ Բայց այն երիտասարդը, նա՛, դուրս եկավ՝ գնաց։ Ես ամե՛ն ինչ գիտեմ… ― տղան փուլ եկավ։
― Իմ լա՜վս, ― ասաց նա քնքուշ ու կամացուկ, ― այդպե՛ս չի եղել։ Ո՛չ էնպես, ինչպես դու ես ասում։ Ես չկարողացա ժամանակին գալ կամարի մոտ․ այդպես ստացվեց, ու ես ուրիշ կերպ չէի կարող։ Ես չգիտեի ինչպես զգուշացնեմ քեզ այդ մասին։ Ես այստեղ եկա ավելի ուշ։ Երբ դու ինձ հարցրել ես՝ ես դեռ չէի եկել, այստեղ չէի։ Իսկ հետո, երբ բարձրանում էի սանդուղքով, քեզ չտեսա, դու այստե՛ղ չէիր։ Ես մտածեցի, որ դու չես սպասել, գնացե՛լ ես։
― Ես ամբողջ ժամանակ էստեղ՝ աստիճանների վրա եմ եղել։
― Ո՛չ, սիրելիս, ո՛չ ամողջ ժամանակ։ Չէ՜, իմ լա՛վս։
― Անունս չտա՛ս։ Դու ամբողջ գիշեր էստե՛ղ ես եղել։ Նրա՛ հետ…
― Խե՜նթս։ Ես պետք է որ բարկանամ վրադ։ Խենթո՜ւկ։ Պարզապես ուշ էր, եւ ես մնացի գիշերելու ընկերուհուս մոտ, հասկանո՞ւմ ես։ Իսկ այս երիտասարդը նրա եղբայրն է։ Մենք միասին ենք սովորել։ Գիշերը նա մեկնեց։ Հեռու։
― Ո՛չ, ― ասաց տղան։
― Սիրելի՛ս, լա՜վս, անո՛ւշս… ինչպես ասում եմ՝ էնպես էլ եղել է։ Դե, ինչո՞ւ ենք կանգնել էստեղ։ Գնացինք։ Չլինի՞ ամբողջ գիշեր էսպես նստել ես էստեղ։ Ով գիտի ի՜նչ է կատարվում ձեր տանը…
― Հեչ էլ չէ, բան չկա, ― ասաց տղան։
Նա ծիծաղեց։
Նրանք դուրս ելան։
― Գնա, ― ասաց նա, ― գնա՛, տղաս։ Վա՛ղը։
Տղան տուն էր դառնում։ Տունը հեռու չէր։ Գորշ, տաք, մշուշոտ օր էր։ Մշուշից ամեն բան մի տեսակ անորոշ, սխալ էր դարձել։ Ամեն ինչ մեկեն հայտնվում ու մեկեն չքանում էր։ Թեթեւ, անկշիռ։ Ասես երազում։
Եւ մարմինն ինքն էլ թեթեւ էր, անկշիռ։ Մտքերը՝ նույնպես։
Ներսում հաճելի գվվոց էր։ Ինչ֊որ տեղ թաք էր կացել քունը։
Էսպե՜ս, տղան քայլում էր, էսպե՜ս։ Հենց էսպես էլ եղել է, ինչպես ինքն է ասում։ Իսկ ես՝ խո՛զ եմ։ Ես բոլորի առաջ մեղավոր եմ։ Եւ տա՛ն։ Եւ նրա՛ առաջ։ Խո՛զ։ Ամեն ինչ հենց էդպես էլ եղել է։