Վերջին թարմացում 14 Ապրիլի 2015, 22:58

Եվ մոլեգնեցին ձիերը դաշտում

Եվ մոլեգնեցին ձիերը դաշտում

հեղինակ՝ Վասիլի Շուկշին
թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան


Եվ մոլեգնեցին ձիերը դաշտում
Ու կոխկրտեցին լուսաբացը ողջ,
Այդ ի՞նչ են անում,
Լայն դաշտերի մեջ,
Իմ բաժինը չե՞ն քրքրում արդյոք։
Անդորր է արդեն
Արձակ դաշտերում
Անդորր է, խաղաղ
Կանչես, չկանչես,
Լճակում, ինչպես սրբապատկերում։
Շրջափակվել է լուսաբացը կեզ․․․

Մինկան սովորում էր Մոսկվայում, դերասան պիտի դառնար։

Ամռան սկիզբն էր։ Քննություն հանձնեցին դերասանի վարպետությունից։

Մինկան գնում էր հանրակացարան , մտովի վերարտադրելով օրվա անցուդարձը։ Լավ, նույնիսկ գերազանց օր էր։ Հոգին թեթև էր։ Սատանան գիտե, թե ինչ ճակատագիր էր պատկերացնում իր համար՝ գեղեցիկ ճակատագիր։ Իր մեջ մեծ ուժ էր զգում։

«Ամռանը մի քսան գիրք կկարդամ արվեստի մասին,― մտածում էր նա,— դասականների քիթումռութը կջարդեմ, կոլտնտեսային կյանքից մի պիես կգրեմ ինձ համար, այն ժամանակ կտեսնենք»։

Հանրակացարանում նրան էր սպասում հայրը՝ Կոնդրատ Լյուտաևը։

Կոնդրատն առողջարան էր գնացել, և ճանապարհը թեքել էր, որդուն տեսնելու։ Ու հիմա նստած նրա մահճակալին, սպասում էր՝ խոշորամարմին, արևառ, բոստոնե կոստյումը հագին։ Անգործությունից արտասահմանյան պատկերազարդ մի ամսագիր էր թերթում։ Թքոտում էր հաստ, ծխից դեղնած մատն ու շրջում հարթ, բարակ էջերը։ Երբ մերկ կանայք էին լինում, ուշադրությամբ զննում էր, խոշոր գլուխը բարձրացնում ու նայում Մինկայի ընկերոջը, որն իր մահճակալին պառկած, կարդում էր։ Երկար էր նայում, ակնդետ։ Կոնդրատի աչքերն անսպասելի երկնագույն են, ասես ուրիշինն են։ Նա կարծես ուզում էր ինչ֊որ բան հարցնել, բայց չէր հարցնում։ Կրկին թքոտում էր մատն ու շրջում էջը։

Կոնդրատ Լյուտաևն արդեն յոթը տարի մի հսկայական կոլտնտեսության նախագահ էր տափաստանային Ալտայում։ Լավ էր ղեկավարում, նրան գովում էին, որի համար Կոնդրատը ներքուստ շատ էր հպարտանում։ Անցյալ տարի, երբ Մինկան, տասնամյակն ավարտելով, բռնեց ու հայտնեց, թե գնում է դերասանություն սովորելու, հայր ու տղա կռվեցին։ «Մի ինձ հարցրու-ու,— այն ժամանակ բղավում էր Կոնդրատը ու վիթխարի, թեյնիկի պես բռունցքով խփում կրծքին։— Ինձ հարցրու, քո էդ ասած դերասաններից էնքա՜ն եմ տեսել։ Ճակատում ամեն շաբաթ գալիս էին մեզ մոտ։ Բոլորը հարբեցող են։ Կնանի՛ք էլ։ Ու փչան»։ Մինկան իրենը պնդեց, ու նրանք բաժանվեցին։

Հորը տեսնելով, Սինկան զարմացավ։

Կոնդրատը ծուռ ժպտաց, ամսագիրը մի կողմ դրեց։

Զեռք֊ձեռքի տվեցին։ Երկուսն էլ մի քիչ շփոթված էին։

— Հը՞, քեզ ո՞նց ես զգում էստեղ,— հարցրեց Կոնդրատը։

— Սովորական։

Որոշ ժամանակ լուռ էին։

— Ձեզ մոտ գոնե խմել կարելի՞ է,— հարցրեց Կոնդրատը՝ շրջվելով ու մյուս ուսանողին նայելով։

Սա յուրովի հասկացավ հարցը։

― Հիմա մի տեղից պարտք կանենք․․․ Վաղը թոշակ են տալու։

Կոնդրատը նույնիսկ կարմրեց։

— Խելքներդ հո չգցեցի՞ք։ Ես էդ մտքով չասի։ Ուզում էի ասել, ձեր վրա չե՞ն խոսի, եթե էստեղ մի երկու բաժակ բան խմենք։

— Ընդհանրապես չի թույլատրվում,— ասաց Մինկան ու ժպտաց։ Տարօրինակ էր հորը շփոթված, նոր, շքեղ կոստյումով տեսնելը։— Միայն բացառիկ դեպքերում...

— Դե, ուրեմն, գնացինք։— Կոնդրատը ոտքի ելավ։― Հետո կասեք՝ բացառիկ դեպք էր։

Խանութ գնացին։

Կոնդրատն ինչ-որ բանից հուզվել էր, սկսեց ձեռքն ընկածը գնել՝ թանկարժեք երշիկ, կոնյակ, շպրոտ․․․ Մի քառասուն ռուբլու չափ։ Մինկան փորձում էր նրան կանգնեցնել, բայց հայրը միայն ասում էր բարկացած․ «Լավ, քո գործը չի»։

Իսկ երբ ետ էին գալիս խանութից, խոսքի բռնվեցին։ Շփոթմունքը կամաց֊կամաց անցնում էր։ Կոնդրատն իր սովորական՝ ներողամիտ տոնը վերգտավ։

— Որ նշանավոր դառնաս, չմոռանաս, հա՜, դերասան։ Վայ թե մոռանաս, հը՞։

— Դատարկ բաներ ես ասում։ Ո՞ւմ մոռանամ․․․

— Լավ․․․ Ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը։ Չնայած սկզբից պետք է նշանավոր դառնաս․․․ Չէ՞։

— Իհարկե։

Չորսով խմեցին՝ Մինկայի ընկերներից մեկն էլ էր եկել։

Կոնգրատը կարմրել էր, հանեց բոստոնե պիջակն ու մի տեսակ լայնացավ միանգամից՝ բարակ շապիկի տակից զգացվում էր նրա խոշոր, դեռևս հուժկու մարմինը։

— Դժվար չի՞,— հարցնում էր նա տղաներին։

― Ոչինչ...

— Տեսնում եմ ձեր ոչինչը․․․ Ուզած ժամանակ խմել էլ չի կարելի։ Էսպես ապրելը վայ թե տխուր է, հը՞։ Ուզենաս աղջկա հետ մի քիչ ման գաս, չէ՜, հարկավոր է գրքեր կարդալ։ Չէ՞։

Տղաները ծիծաղում էին. կոնյակն ազդել էր։ Մինկան ուրախ էր, որ հայրը բացահայտորեն հաշտության գնաց։ Գուցե առողջարանում մեկնումեկը նրան համոզել էր, որ ոչ բոլոր դերասաններն են հարբեցող։ Եվ որ դատարկ զբաղմունք չէ դա, ինչպես ինքն էր կարծում։

— Իսկ ես կարծում եմ, որ ճիշտ է,— թավաձայն ասում էր Կոնդրատը։― Քանի որ եկել եք սովորելու՝ սովորեք։ Աղջիկները ձեզնից չեն փախչի։ Խմելն էլ է շատ՝ բերաններիցդ դեռ կաթի հոտ է գալիս։ Անցյալ տարի ես ջղայնացա Մինկայի վրա․․․ Ասածս ետ եմ վերցնում, Միտրի։ Սովորեք։ Իսկ եթե ասենք, ավարտելուց հետո գործ գտնելու մեջ դժվարացաք, եկեք իմ մոտ, ակումբում կաշխատեք։ Մինկան գիտի, թե ինչ ակումբ ունեմ, սյուներով, բանով։ Փոխանակ թրև գաք Մոսկվայում․․․

— Ա՛յ հեր...

— Սխալ բան ասացի՞։ Դե, լավ, լավ... Մոռացա, որ գիտուն մարդիկ եք։ Իմ տնտեսությունն էլ հո՜․․․ Հրեն, Մինկան գիտի...

Հետո Կոնդրատն ու Մինկան գնացին ցուցահանդես՝ ԺՏՆՑ։

Մինկան հիշեց իր քննությունը, և նրա ուրախությունը կրկնապատկվեց։

— Այ, օրինակ, դու մարդ ես,— սկսեց նա, թեթևակի ճոճվելով։— Ինձ էլ ասում են, որ քո դերը պիտի խաղամ։ Բայց չէ՞ որ դու՝ ես չէմ, չէ՞։ Հասկանո՞ւմ ես։

— Հասկանում եմ։– Կոնդրատն ուղիղ էր քայլում, չէր ճոճվում։— Ապուշ հո չեմ՝ չհասկանամ։

― Ուրեմն, ես պիտի ուսումնասիրեմ քեզ՝ քո բնավորությունը, սովորությունները, քայլելը... Ինչպես մեզ մոտ են ասում, քո բոլոր ձևերը։

— Իբր թե չգիտե՞ս։

― Օրինակի համար եմ ասում։

— Դե, մի ման գալուս ձևը վերցրու,— Կոնդրատի հետաքրքրությունը շարժվեց։

— Ի՜նչ կա որ,— բացականչեց Մինկան։— Դատա՜րկ բան է։— Առաջ ընկավ ու քայլեց հոր պես՝ ձեռքերը տաբատի գրպաններում, թեթևակի ճոճվելով, անշտապ, ոտքն ամուր դնելով հողին։

Կոնդրատը խլացուցիչ քրքջաց։

— Տես է, նմա՜ն է,— բղավեց նա։

Անցորդները նրանց նայեցին։

― Նման է, չէ՞,— նրանց դիմեց Կոնգրատը, Մինկային ցույց տալով։— Ձևս է վերցնում, ման գալուս ձևը։

Մինկան անհարմար զգաց։

― Ապրե՛ս,— լրջորեն գովեց Կոնգրատը։— Սովորիր՝ մարդ կդառնաս։

— Սա ի՜նչ է որ... կարևորը սա չէ։— Մինկան երջանիկ էր։— Կարևորը քո բնավորությունը վերարտադրելն է, հոգին։ Իսկ սա, որ նոր արեցի՝ կապկություն է։ Սրա համար մեզ ջարդում են։

― Ինչի՞ են ջարդում։

― Որովհետև սա արվեստ չէ։ Արվեստն այն է, որ․․․ Այ, ես քեզ խաղում եմ, չէ՞։

― Հա։

― Եվ պետք է, որ այն մարդու մեջ, որն ի վերջո կստացվի, լինենք և ես, և դու։ Հասկացա՞ր։ Այդ ժամանակ ես արվեստագետ եմ...

― Հիմի գնանք, մի հովատակ կա, նայենք,— հանկարծ ասաց Կոնդրատը լրջորեն։— Ցուցահանդեսում մի օրինակելի հովատակ կա...— Չարացած թքեց, գլուխն օրորեց։― Բույանին հիշո՞ւմ ես։

― Հիշում եմ։

― Հանձնաժողով էր եկել, նայելու՝ ուզում էի ցուցահանդես ուղարկել։ Խոտանեցին շան որդիք։ Էսօր էլ գամ ցուցահանդես, տեսնեմ մի օրինակելի հովատակ է կանգնած... Որ ասեմ, մի տեսակ վատ զգացի։ Ախր, դա ի՜նչ օրինակելի հովատակ է, դրանց մոր հոգին․․․ Ախր, իմ Բույանի դիմաց՝ ոնց որ ճագար։ Մի զարկով կչոքացնեի էդ օրինակելուն։

Մինկան պատկերացրեց Բույանին՝ հպարտ, սևաթույր հովատակին, և մի տեսակ տագնապախռով, մեղմ ու անուշ կսկծաց սիրտը։ Տեսավ, թե ինչպես երամակի հետ հեռու-հեռուներում, տափաստանում գզգզված բաշը քամուն տված, սլանում է կիսավայրի պատկերք-ձին։ Իսկ արևմուտքում, երկնքի կեսը վերջալույսն է պատել կրակ բռնած ու հանգչող ծղոտի պես, ու սրընթաց սև ստվերները թրատում են վերջալույսը, և ձիու դոփյուն էլ չի լսվում՝ լուռ է, խաղաղ։

— Բույանին հիշում եմ, ինչպես չէ,― կամացուկ ասաց Մինկան։— Լավ ձի է։

Կոնդրատը երկար ժամանակ չէր խոսում։ Կապույտ աչքերը կկոցել ու դիմացն էր նայում՝ չար ու վատ հայացքով։

— Վերջերս ինքս էի նրան խնամում,— սկսեց նա։— Ախոռում ֆիկուս էի դրել, ոնց որ հարսի սենյակ լիներ։ Հարազատ երեխայի պես ուսումնասիրել էի։ Ո՛ր գրողի ծոցում էլ վրնջար, կլսեի տեղնուտեղը։ Խոտանեցին․․․— Կոնդրատը լոեց։ Դառացած էր։

Մինկան էլ էր լուռ։ Այլևս չէր ուզում խոսել արվեստի մասին, չէր մտածում դերասանի փառավոր, շքեղ ճակատագրի մասին․․․ Տուն գնալ ուզեց։ Ուզեց ամբողջ կրծքով ներշնչել տափաստանի օշինդրաբույր քամին․․․ Ընկնել֊մնալ մի տաք սարալանջի ու տրվել մտքերի։ Իսկ աչքերի առաջ կրկին գծագրվեց նույն պատկերը․ տափաստանով սլանում է ձիերի արձակ երամակը, և առջևում, բարակ վիզը հպարտորեն, ցցած, թռչում է Բույանը։ Բայց զարմանալի լռություն է տիրում տափաստանում։

— Հա,— ասաց նա։

— Ամբողջ երկրամասից եկել էին նայելու...

— Դե լավ, հիմա՝ էլ ի՜նչ։


Օրինակելի հովատակը կանգնած էր օրինակելի ախոռում, ցածր ցանկապատից այն կողմ։ Խոշոր, բաց-մանուշակագույն աչքը մարդկանց վրա հառած, զգուշորեն թափահարում էր գլուխը, ցնցում ականջը։

Կանգ առան նրա մոտ։

― Սա՞ է։

― Հա, դե․․․– Կոնդրատը հովատակին էր նայում որպես մի վատ մարդու, ում նենգ սովորությունները լավ ուսումնասիրել էր։— Դա է որ կա։

— Օռլովյան է։

— Ծանոթով է էստեղ ընկել։

— Սիրուն է։

— «Սիրուն է»,— որդու ձևը վերցրեց Կոնգրատը։— Ավելի լավ․․․ լավ կլինի, եղած-չեղածը տնտղես, թե որ բան չես հասկանում։

— Քեղ ի՞նչ եղավ,— վիրավորվեց Մինկան։

― Մի հատ նստի ու հիսուն վերստ քշի, հետո նայենք, թե էդ սիրունությունից ի՜նչ կմնա։

— Բայց հո չես ասի, թե սիրուն չէ։

— Այ, հենց էդ սիրունության համար է ընկել էստեղ։ Մեզ մոտ ամեն ինչ էդպես է․․․ Խոսք չունեմ, նայելու համար վատ չի, մանավանդ եթե նայողը բան չի հասկանում։ Մի դեսը նայի։— Կոնդրատը ցանկապատն անցավ ու քայլեց դեպի հովատակը։ Սա անհանգստացավ, վեր-վեր գցեց ոտքերը։– Փը՜ռռ, հանգիստ,— բղավեց Կոնդրատը։— Դեսը նայի՝ բա սա կո՞ւրծք է։ Ծտի ծունկ է, ոչ թե կուրծք։ Քսան վերստից խռխռոցը կդնի․․․

Այդ ժամանակ նրանց մոտեցավ կապույտ կոմբինեզոն հագած ծառայողը։ հագարացի, ինչո՞ւ եք մտել այստեղ։

― Քաղաքացի, ինչո՞ւ եք մտել այստեղ։

― Հիանում եմ ձեր ձիուկով։

― Նայել կարելի է այստեղից։ Դուրս եկեք։

― Իսկ եթե մոտիկից եմ ուզո՞ւմ։

― Ձեզ պարզ լեզվով ասացի՝ դուրս եկեք։ Այդտեղ չի կարելի։

Կոնդրատը արտահայտիչ մի հայացք գցեց որդու վրա, դուրս եկավ։

Հասկացա՞ր։ Մենակ հեռվից կարելի է։ Որովհետև հասկացող մարդիկ ձեռաց գլխի կընկնեն։ Լա՜վ գործ է։

Ծառայողը չգիտեր, թե խոսքն ինչի մասին է։

Կոնդրատն արդեն ուզում էր հեռանալ, բայց հանկարծ շրջվեց դեպի ծառայողն ու միանգամայն լուրջ հարցրեց․

― Մի հարց կարելի՞ է։

― Խնդրեմ։— Ծառայողը գլուխը մի կողմ թեքեց հանդիսավոր։

― Էս ձին հովատա՞կ է, թե զամբիկ։

Ծառայողը փորը բռնեց... Սրտանց քրքջում էր, հավահորեն, վաղուց այդպես չէր քրքջացել։

Կոնդրատն ուշադիր, տխուր֊տրտում նրան էր նայում, սպասում էր։

― Ուրեմն, դու ուրեմն․․․ Հա֊հա֊հա․․․ Օ՜յ, էս ինչ բան էր։ Ուրեմն, դրա համա՞ր էիր ներս մտել։ Իմանալո՞ւ։ Հա-հա-հա․․․

― Տես հա, զոռից չտրաքես,— ասաց Կոնդրատը։

Ծառայողն աչքերը սրբեց։

― Հովատակ է, թանկագին ընկեր, հովատակ։

― Չէ՜ մի։

― Ի՞նչ «չէ մի»։

― Հաստա՞տ հովատակ է։

― Իհարկե, հովատակ է։

— Ուրեմն, ես էլ Գեղեցկուհի Վասիլիսան եմ։

— Վասիլիսա՞ն ինչ կապ ունի։

— Էն կապը, որ սա հովատակ չի։ Սա էշ է։

Ծառայողը բարկացավ։

— Երևում է, կարգին կոնծել ես երեկ։ Գնա, խումհարդ արա։

— Ինքդ գնա։ Կամ թե չէ, քո էդ հովատակը քշի։ Դրանով մենակ գինետուն գնաս, ուրիշ տեղ չի լինի։

Այս մեկը ծառայողը խիստ վիրավորական համարեց։

— Դուրս եկեք այստեղից։ Արագ, արագ... Թե չէ հիմա միլիցիա կկանչեմ։— Նա դիպավ Կոնդրատի ձեռքին։

Կոնգրատը հեռացավ ախոռից։ Մինկան հետևեց նրան։

— Հովատակը տեսա՞ր։— Կոնդրատը ծխախոտ վառեց, մի քանի անգամ խորը ներշնչեց ծուխը։― Տեղ հասնեմ՝ գնալու եմ էդ հանձնաժողովի մոտ... Մի երկու քաղցր խոսք կասեմ։ Էդ հովատակի բոլոր տվյալները կարտագրես ու նամակով ինձ կուղարկես։ Բերանս եկածը կասեմ դրանց՝ էդ հանձնաժողովի անդամներին․․․ Գրողի տարածներ։

Մինկան էլ ծխախոտ վառեց։

— Հիմա ո՞ւր։

― Կայարան։ Ինն անց տասնհինգ գնացքը շարժվում է։

Մինկայի սիրտը մրմռաց։ Նոր միայն գիտակցեց, թե որքան հեշտ է հոր հետ, ուրախ ու թեթև։

― Մերոնք ո՞նց են,— հարցրեց նա։

― Ոչինչ, ողջ֊առողջ։ Մերդ է քեզ կարոտում։ Մի գիշեր վեր թռավ տեղից, իբր, լուսամուտից մեկը ձեն էր տվել իրեն։ Դուրս եկա՝ մարդ չկար։ Կարոտից է էդպես լինում։

Մինկան խոժոռվեց։

― Ինչի՞ համար․․․

― Հիմա էլ հո ջահել չենք... «Ինչի՞»։

― Գյուղում ի՞նչ կա։

— Գյուզում՝ ի՞նչ։

— Բան չի փոխվե՞լ։

― Ոչ մի բան։ Էս տարի ցանքը շուտ պրծանք։ Աղուտների հետևի էն հանդը հիշո՞ւմ ես։ Միշտ արինճ էինք ցանում․․․

— Հա։

― Լրիվ այգի տնկել տվեցի։ Չեմ իմանում, ինչ կստացվի։ Ծերերն ասում են՝ իզուր։

Մինկան չգիտեր, թե էլ ինչ հարցնի։ Հո չե՞ս հարցնի՝ «Իրիկունները հարմոնով էլի մա՞ն են գալիս»։ Լուրջ բան չէ։ հարցնելու բան էլ չէ՝ ման են գալիս։ Որքան հեռո՜ւ է այդ ամենը։ Հայրը գնում է այնտեղ։ Այնտեղ են մայրը, ընկեր-տղերքը․․․

― Երեք օր հետո տանը կլինես։

― Իսկ դու ամառը չե՞ս գա։

― Չգիտեմ։ Մի խմբակ ունեմ այստեղ․․․ Չգիտեմ, գուցե գամ։

― Մյուս տարի նա էստեղ կլինի,― հաստատ ասաց Կոնդրատը։ Ես իմ ասածը կանեմ։

― Ո՞վ։

― Բույանը։ Արդեն պլանը քաշել եմ, թե երկաթուղով ոնց եմ բերելու։ Իրանց իմացածներից չեմ, ինքս կխոտանեմ դրանց։

― Հիմա մեր մոտ լավ է, չէ՞։ Գիշերները, չէ՞․․․

― Տխրում ես էստեղ։

― Չէ, ի՜նչ ես ասում։ Էստեղ էլ է լավ։ Օրինակ, գնաս Գորկու կուլտուրայի պարկ՝ կարգին կուրախանաս։

― Մոսկվա կասեն, է՜,― մտազբաղ ասաց Կոնդրատը։― Դրա համար էլ մայրաքաղաք է։ Հիմա ո՞նց ենք գնալու։

― Մետրոյով էլ կարելի է, տրոլեյբուսով էլ։ Իհարկե, ավելի լավ է մետրոյով։ Մի գնացք կփոխենք, ու վերջ։

Կոնդրատը նայեց որդուն։

― Արդեն վարժվել ես քաղաքին։

― Էնքան էլ չէ, բայց...

― Մոսկվա՜,— մի անգամ էլ ասաց Կոնդրատը։— Կռվի ժամանակ եմ էստեղ եղել։ Բայց էն ժամանակ, ինչ խոսք, էսպես չէր։

Կայարանում Մինկային մի սուր զգացում պաշարեց, որ ցավի էր նման։ Հանկարծ շատ ծանր զգաց։

Հայրը պահասենյակից վերցրեց ճամպրուկները։ Դեպի վագոն քայլեցին։ Քանի դեռ գնում էին դահլիճի միջով ու կառամատույցով, լուռ էին։ Մտան վագոն։ Բավական ժամանակ հայրը ճամպրուկն էր տեղավորում վերին մահճակի վրա, հետո նստեց սեղանիկի մոտ, որդու դիմաց։ Ու կրկին լուռ էին, պատուհանից դուրս էին նայում։

Կառամատույցով քայլում ու քայլում էին մարդիկ։ Ոմանք շտապում էին, ոմանք էլ՝ գնացքով բավականաչափ երթևեկածները, հանգիստ էին քայլում։

«Եվ այս բոլորը հիմա կմեկնեն»,— մտածում էր Մինկան։ Կուպեում մի թարմ բանի հոտ կար՝ կամ ներկի հոտ էր, կամ կաշվի։

Հետո ռադիոյով հայտնեցին, որ ճանապարհ դնողները դուրս գան վագոններից և որ չմոռանան տոմսերը տալ մեկնողներին։

Մինկան դուրս եկավ վագոնից ու մոտեցավ պատուհանին։ Հայր ու որդի միմյանց էին նայում։ Կոնդրատը նայում էր ուշադրությամբ ու լրջորեն։

«Ինչո՞ւ է այդպես նայում։ Ինչպես վերջին անգամ»,― մտածեց Մինկան։

Գնացքը դեռ չէր շարժվում։

Վերջապես շարժվեց։

Մինկան երկար Ժամանակ գնում էր պատուհանի կողքով, հորն էր նայում։ Հայրն էլ նրան էր նայում։ Նստած էր, ամբողջ մարմնով ընկած սեղանի վրա, չէր շարժվում։ Մազերը ճերմակած էին, խոժոռադեմ նայում էր առաջվա պես՝ ուշադիր ու խիստ։

Մինկան կանգնեց։ Վերջին անգամ տեսավ, թե ինչպես հայրը բարձրացավ տեղից ու հպվեց ապակուն... Եվ վերջ։ Գնացքը թավաձայն սուլեց ու արագացրեց ընթացքը։

Մինկան տուն գնաց։

Մինչև հանրակացարան ոտքով գնաց։ Գնում էր անխոհ ու ցրված, դիտմամբ թեքվում֊մտնում էր այս ու այն նրբանցքը, որպեսզի հոգնի, և տուն հասնելուն պես քնի։


Սենյակում ոչ ոք չկար։ Սեղանի վրա՝ ամեն տեսակի ուտեստեղեն ու թանկարժեք կոնյակի կիսատ շիշը։

Մինկան բացեց անկողինը․․․ Երկար Ժամանակ նստած էր, առանց հանվելու։ Հետո հանվեց ու պառկեց։

Լուսինը դուրս եկավ։ Սենյակը լուսավորեց։ Մինկան պատկերացրեց, թե տափաստանում ինչպես է դղրդում հորը տանող գնացքը... Հայրը, հավանորեն, պատուհանից դուրս է նայում։ Իսկ երկրի վրայով լուսնկա գիշերն է սուրում, սպիտակ սավաններ փռելով սարալանջերին․․․

Մինկան բերանքսիվայր պառկեց, գլուխը թաղեց բարձի մեջ։ Ու կրկին, քանիերորդ անգամ, տեսավ. տափաստան, և ձիերի երամակը սլանում է տափաստանով...

Այսպես էլ քնեց Մինկան։ Եվ լսում էր, թե ինչպես է հարևան սենյակում նվագում ռադիոլան։ Եվ երազում տեսավ, որ ցուցահանդեսի ծառայողն իր գլխավերևում կանգնած քրքջում է՝ բարձրաձայն ու հիմարաբար։