հեղինակ՝ Վիլհելմ Հաուֆ |
Գերմանիայի հարաւային մասում մի փոքրիկ քաղաք կայ Գրիւնվիզէր անունով։ Քաղաքի արտաքինը այնպէս է՝ ինչպէս միւս բոլոր փոքրիկ քաղաքներինը․— քաղաքի մէջ տեղումը շուկայի փոքրիկ հրապարակն է, ուր եւ ջրհոր կայ․ հրապարակից ոչ հեռու գտնւում են հաշտարար դատաւորի եւ ամէնից հարուստ վաճառականների տները, իսկ մնացած բնակիչներն ապրում են քաղաքի մի քանի նեղ ու յետ ընկած փողոցներում։ Այստեղ ամենքը ճանաչում են իրար․ ամեն մէկը գիտէ, թէ ի՛նչ է կատարւում իւր դրացու տանը․ եւ նոյն֊իսկ երբ քահանայի, քաղաքագլխի եւ կամ բժշկի խոհանոցում մի նոր կերակուր է պատրաստւում ճաշի համար՝ արդէն ամբողջ քաղաքին յայտնի է լինում այդ բանը։ Ճաշից յետոյ քաղաքի տիկինները ըստ սովորութեան այցելում են միմեանց եւ սուրճի գաւաթները առաջներին դրած՝ խօսում, դատում են քաղաքի երեւելի անցքերի մասին։ Շատ խօսելուց յետոյ, վերջապէս ամենքը գալիս են այն եզրակացութեան, թէ շատ հաւանական է, որ վիճակախաղի ժամանակ քահանան անբարեխղճութեամբ տարաւ․ որ քաղաքագլուխը սկսել է կաշառքներ ուտել․ որ դեղագործը կաշառել է բժշկին, որպէսզի վերջինս հիւանդների համար թանգ թանգ դեղեր նշանակէ։ Ուրեմն կարող էք երեւակայել, թէ ո՛րչափ անհաճոյ բան էր Գրիւնվիզէլի պէս բարեկարգ քաղաքի բնակիչների համար այն հանգամանքը, որ քաղաք եկաւ մի մարդ՝ որի մասին ոչ ոք ոչինչ չգիտէր․ ո՛չ գիտէին, թէ ո՛րտեղից է եկել, ո՛չ՝ թէ ինչի՛ է եկել, եւ ոչ էլ՝ թէ ինչո՛վ է ապրում։ Ճիշտ է, քաղաքագլուխը տեսել էր նրա անցագիրը եւ մի անգամ բժշկի մօտ սուրճ խմելիս յայտնել էր, որ անցագիրը բոլորովին կանոնաւոր է․ բայց միեւնոյն ժամանակ նկատել էր, որ ինքը այնքան էլ լաւ բան չէ համարում մի անծանօթ մարդու իրանց քաղաքում ապրելը, եւ որ նա բաւական կասկածելի մարդ է երեւում իւր աչքին։
Քաղաքագլուխը քաղաքի առաջին մարդն էր․ հասկանալի է ուրեմն, թէ ինչո՛ւ նրա խօսքերից յետոյ ամենքն էլ սկսեցին նոր եկողի վրայ ծուռ աչքով նայել։ Ճիշտն ասած՝ անծանօթն իրան այնպէս էր պահում, որ աւելի էր հաստատում իւր մասին եղած կասկածները։ Նա մի մեծ տուն էր վարձել, որը մինչեւ այդ ոչ ոք չէր բռնում, այնտեղ էր փոխադրել մի սայլ լիքը զանազան օտարոտի բաներ եւ սկսել էր ապրել ճգնաւորի պէս։ Նա ինքն էր իւր համար կերակուր պատրաստում եւ բացի մի գրիւնվիզէլցի ծերունուց՝ ուրիշ ոչ ոքի չէր ընդունում։ Այդ ծերունին ամեն առաւօտ շուկայից նրա համար ուտելիքի պաշարեղէն էր առնում բերում, բայց երբէք չէր մտնում տան ներսի սենեակները․ տանտէրը նրան ընդունում էր նախասենեակում, ձեռքից առնում գնած բաներն եւ իսկոյն արձակում։
«Նորեկը», ինչպէս անուանում էին նրան քաղաքում՝ ամենքի համար մի կատարեալ հանելուկ էր։ Ճաշից յետոյ ո՛չ ուրիշների պէս կեգլի խաղալու էր գնում եւ ոչ էլ երեկոները ճաշարան մտնում՝ լրագրական նորութիւնների մասին զրոյց անելու։ Ի զուր էին քաղաքագլուխը, դատաւորը, բժիշկն ու քահանան նրան հերթով իրանց մօտ ճաշի կամ սուրճի հրաւիրում— նա ո՛չ մի հրաւէր չընդունեց։ Հէնց այդ պատճառով ոմանք նրան խելագար էին անուանում, ոմանք հրէայ էին համարում եւ վերջապէս ոմանք էլ պնդում էին, թէ նա կամ կախարդ է եւ կամ դրա նման մի բան։
Անցաւ ութ թէ տասը տարի, բայց քաղաքում նրան դեռ էլի «նորեկ» էին անուանում։
Մի անգամ Գրիւնվիզէլ եկան մի քանի ծաղրածուներ։ Նրանք իրանց հետ բերել էին եւ սովրացրած կենդանիներ— ուղտ, արջ եւ մի քանի շուն ու կապիկ։ Ուղտը գլուխ էր տալիս, արջը պարում էր, իսկ շներն ու կապիկները մարդու շորերով էին։ Բայց այդ բոլոր կենդանիների մէջ ամենից նշանաւորը օրանգ֊ուտանգ կոչուած կապիկն էր․ նա համարեա մարդու հասակ ունէր, ման էր գալիս երկու ոտների վրայ եւ զանազան ծիծաղաշարժ բաներ էր անում։ Ծաղրածուները քաղաքում շրջում էին փողոցից փողոց, ճանապարհների ու հրապարակների մէջ տեղում կանգ էին առնում եւ ցոյց էին տալիս իրանց ձեռնածութիւնները եւ յետոյ հանդիտեսներից փող ժողովում։ Մի անգամ նրանք կանգ առան եւ «նորեկի» տան առաջ։ Հէնց որ նրանց երաժշտութեան սուր ձայները հնչեցին՝ «նորեկը» խոժոռած դէմքով եկաւ կանգնեց լուսամուտի առաջ․ սակայն նրա դէմքն իսկոյն պայծառացաւ, եւ ի զարմանս ամենքի՝ լուսամուտի առաջ նա կանգնած մնաց մինչեւ ներկայացման վերջը։ Օրանգ֊ուտանգի ծաղրալի շարժումների վրայ նա սրտանց ծիծաղում էր, եւ երբ ներկայացումը վերջացաւ՝ նա ծաղրածուներին մի այնպէս մեծ արծաթ փող ձգեց, որ ամբողջ քաղաքն սկսեց խօսել նրա այդպիսի առատաձեռնութեան վրայ։ Հետեւեալ առաւօտը ծաղրածուները քաղաքից հեռացան։ Ուղտի վրայ բարձած էին բազմաթիւ կողովներ, որոնց մէջ հանգիստ տեղաւորուած էին կապիկներն ու շները, իսկ տէրը օրանգ֊ուտանգի հետ միասին գնում էին բոլորի յետեւից։ Բայց նրանց քաղաքից դուրս գալուց մի քանի ժամ էլ դեռ չէր անցել՝ որ «նորեկը» մարդ ուղարկեց փոստի կայարանը, ձիաներ պահանջեց եւ անմիջապէս ճանապարհ ընկաւ եւ գնաց նոյն ուղղութեամբ՝ որով ճանապարհ էին ընկել ծաղրածուները։ Ամբողջ Գրիւնվիզէլը ալեկոծւում էր, որ չկարողացան իմանալ, թէ ո՛ւր գնաց օտարականը։ Արդէն գիշեր էր՝ երբ նա քաղաք վերադարձաւ․ սակայն այժմ նա մենակ չէր․ կառքի մէջ նրա հետ նստած էր եւ մի ուրիշ պարոն, որի բերանն ու ականջները կապած էին մետաքսեայ թաշկինակով, իսկ գլխարկը ծածկում էր ճակատը մինչեւ քիթը։ Քաղաքի դռան մօտ կանգնած գրագիրը իւր պարտքը համարեց դիմել նոր ճանապարհորդին եւ խնդրել՝ որ ցոյց տայ անցագիրը․ բայց նա մի ինչ֊որ անծանօթ լեզուով խիստ կոպիտ պատասխանեց գրագրին։— Սա իմ ազգականս է,— ասաց «նորեկը», սիրալիր կերպով դիմելով պահապանին եւ նրա ձեռքի մէջ սահեցրեց մի քանի արծաթեայ դրամ․— նա դեռ գերմաներէն չգիտէ․ մի քիչ առաջ սկսեց հայհոյել, որ մեզ այստեղ պահում են եւ թոյլ չեն տալիս ազատ քաղաք մտնել։
— Օ՜, եթէ սա ձեր ողորմութեան ազգականն է՝ — պատասխանեց պահապանը,— այն ժամանակ նա կարող է ազատ անցնել առանց անցագրի էլ։ Նա անկասկած ձեզ մօտ պէտք է ապրի, այնպէս չէ՞։
— Անշուշտ, անշուշտ,— պատասխանեց ծերունին,— եւ հաւանական է, որ շատ երկար մնայ Գրիւնվիզէլում։
Պահապանն այս բացատրութիւնից բոլորովին գոհ մնաց, իսկ «նորեկն» իւր ազգականի հետ քաղաք մտան։ Սակայն քաղաքագլուխն ու ամբողջ Գրիւնվիզէլը սաստիկ անբաւական մնացին պահապանից․ պէտք էր որ նա ազգականի ասածներից գոնէ մի քանի խօսք մտքումը պահէր, ասում էին նրանք․ որովհետեւ դրանից կարելի կը լինէր եզրակացնել, թէ ի՛նչ ազգութեան է պատկանում «նորեկը» եւ նրա ազգականը։ Բայց պահապանը հաւատացնում էր, որ նրա լեզուն ո՛չ ֆրանսերէն էր, ո՛չ իտալերէն, եւ աւելի անգլերէնի էր նման, եւ եթէ չէ սխալւում՝ պատանի պարոնն ասաց «Goddam!»։ Այսպիսով՝ պահապանի շնորհիւ նորեկը հռչակուեց իբր անգլիացի, եւ քաղաքում խօսակցութեան միակ առարկան այս երիտասարդ անգլիացին էր։
Երիտասարդ անգլիացին նոյնպէս ոչ մի տեղ չէր դուրս գալիս։ Նա եւս չէր գնում ո՛չ կէգլի խաղալու եւ ոչ էլ գարեջուր խմելու, բայց եւ այնպէս նա հասարակութեան խօսելու անսպառ նիւթ էր տալիս։ Երիտասարդի Գրիւնվիզէլ եկած օրից «նորեկի» տան մէջ այլ եւս չէր թագաւորում առաջուայ խորին լռութիւնը․ ընդհակառակը, յաճախ փողոցում լսելի էին լինում սարսափելի աղաղակներ, այնպէս որ մարդկանց մեծ բազմութիւն էր հաւաքւում նրա տան առաջ՝ աղմուկի պատճառը իմանալու։ Տեսնում էին, թէ ի՛նչպէս երիտասարդ անգլիացին կարմիր ֆրակ եւ կանաչ վարտիք հագած, մազերը գզգզած, սարսափելի դէմքով վազվզում էր սենեակներում եւ մի կամ միւս լուսամուտին էր մօտենում, իսկ նրա ծերունի քեռին, կարմիր խալաթը հագին եւ մի մտրակ էլ ձեռքին՝ գնում էր նրա յետեւից։
Մեծ մասամբ նա չէր կարողանում խփել նրան․ բայց դուրսը կանգնած մարդկանց այնպէս թուաց, թէ ծերունին վերջապէս բռնելէ պատանուն, որովհետեւ ներսից լսւում էին մտրակի հարուածների ու սուր ճիչերի ձայներ։ Քեռու խիստ վարմունքը գրգռեց ընդհանուր զայրոյթ։ Մանաւանդ դժգոհ էին կանայք․ նրանք մինչեւ անգամ համոզեցին քաղաքագլխին որ միջամտէ։ Վերջինս «նորեկին» բաւական խիստ ոճով մի նամակ գրեց, որի մէջ նախատում էր ծերունուն՝ իւր ազգականի հետ տմարդի վարուելուն համար եւ սպառնում էր, որ եթէ նոյնանման տեսարաններ դարձեալ կրկնուին՝ այն ժամանակ նա պատանուն իւր հովանաւորութեան տակ կառնէ։
Ո՜րքան մեծ եղաւ քաղաքագլխի զարմանքը․— «նորեկը» տասը տարի քաղաքում ապրելուց յետոյ՝ յանկարծ մի օր այցելութեան եկաւ նրա մօտ։ Ծերունին բացատրեց, որ ստիպուած է խիստ վարուել իւր ազգականի հետ, որովհետեւ այդպէս են ցանկանում նրա ծնողները, որոնք պատանու կրթութիւնը իրան են յանձնել։
— Նա շատ խելօք եւ ընդունակ տղայ է,— ասում էր քեռին,— միայն դժուարութեամբ է լեզուներ սովորում, այն֊ինչ ես սաստիկ ցանկանում եմ, որ նա շուտով սկսի գերմաներէն խօսել․ այն ժամանակ բաւականութիւն կունենամ նրան դուրս բերել Գրիւնվիզէլի հասարակութեան մէջ։ Միայն ափսո՜ս, որ գործը շատ դանդաղ է առաջ ընթանում, ուստի եւ մի֊մի անգամ, թէեւ ակամայ՝ ստիպուած եմ լինում դիմել մտրակի օգնութեան։
Քաղաքագլուխը լիովին բաւականացաւ այս բացատութիւնից, բայց եւ այնպէս խորհուրդ տուեց՝ ներողամիտ լինել դէպի իւր պատանի հիւրը․ իսկ երեկոյեան, գարեջուր խմելիս, քաղաքագլուխն ամենքին պատմեց, որ այնպիսի կրթուած ու քաղցրաբարոյ մարդ, ինչպիսին «նորեկն» է՝ ինքը շատ քիչ է տեսել։
— Շատ ցաւում եմ, աւելացրեց քաղաքագլուխը, որ նա հասարակութիւնից հեռու է պահում իրան․ ես յոյս ունիմ, որ երբ նրա ազգականը սկսի մի փոքր գերմաներէն խօսել՝ ծերունին յաճախ կայցելէ իմ տունը։
Այս դէպքի շնորհիւ Գրիւնվիզէլում հասարակական կարծիքը յանկարծ բոլորովին փոխուեց «նորեկի» մասին։ Նա հռչակուեց մի պատուելի անձն․ ամենքը սաստիկ փափագում էին մօտիկից ծանօթանալ նրա հետ, եւ ոչ ոք այլ եւս չէր զայրանում՝ երբ ժամանակ առ ժամանակ դատարկ տնից սարսափելի ձայներ էին լսւում։
— Ծերունին գերմաներէն լեզուի դաս է տալիս իւր ազգականին, ասում էին գրիւնվիզէլցիք եւ շարունակում իրանց ճանապարհը։
Երեք ամսից յետոյ գերմաներէն լեզուի դասերն ըստ երեւոյթին դադարեցին, որովհետեւ ծերունին սկսեց զբաղուել պատանուն աւելի լայն կրթութիւն տալով․ պատանի անգլիացու համար նա այժմ պարի ուսուցիչ հրաւիրեց։ Այդ միջոցին Գրիւնվիզէլում ապրում էր մի ծեր ֆրանսիացի, որ տեղացի երիտասարդներին պարի դասեր էր տալիս։ Ծերունին այս ֆրանսիացուն հրաւիրեց իւր մօտ եւ առաջարկեց պար սովորեցնել իւր ազգականին։ Նախ քան դասերն սկսուելը՝ ծերունին զգուշացրեց ֆրանսիացուն ասելով, որ պատանին ամեն բանի մէջ թէեւ շատ ընդունակ է՝ բայց պարի վերաբերմամբ փոքր ինչ յամառ է։
Ծերունին յայտնեց եւ այն, որ անգլիացին առաջ պարի ուսուցիչ ունեցել է, բայց վերջինս սովորեցնելիս է եղել այնքան օտարոտի կերպով, որ այժմ մատաղահաս երիտասարդը իւր իմացած պարով անկարող է հասարակութեան մէջ դուրս գալ։ Չնայելով սորան՝ ազգականը իրան երեւիելի պարող է երեւակայում, մինչդեռ նրա պարը ամենափոքր նմանութիւն անգամ չունի վալʼսի, գալօպի եւ կապ այստեղ ընդունուած մի որեւէ ուրիշ պարի։ Ծերունին խոստացաւ ամեն մի դասի համար մի տալէր վճարել, եւ պարի ուսուցիչը մեծ բաւականութեամբ համաձայնուեց պարապել նրա յամառ սանի հետ։
Ֆրանսիացին իբր խոստովանանք պատմում էր, որ դեռ երբէք ինքը գործ չէ ունեցել մի այդպիսի օտարոտի աշակերտի հետ։ Վերջինս բաւական բարձրահասակ, վայելչակազմ մարդ է, փոքր ինչ կարճ ոտներով, միշտ գալիս է դասին՝ մազերը հրաշալի գանգուրներ շինած, կարմիր ֆրակով եւ մաշկէ ձեռնոցներով։ Խօսելիս նկատւում է նրա օտարազգի արտասանութիւնը․ դասի սկզբում իրան պահում է բաւական վայելուչ եւ քաղաքավարի, բայց յետոյ սկսում է ամենատգեղ քայլեր (պա) անել եւ այնպէս ցատկել, որ նրան նայելիս մարդու աչքերը բոլորովին մթնում են։ Իսկ երբ ինքը ուսուցիչը կամենում է նրան դադարեցնել՝ այն ժամանակ աշակերտը բարկութիւնից հանում է ոտներից պարի կօշիկները, խփում է ծեր ուսուցչի գլխին եւ սկսում չորս ոտների վրայ վազվզել սենեակում։ Աղմուկի միջոցին սովորաբար ներս է մտնում ծերունի քեռին, կարմիր լայն խալաթ հագած, գլխին ոսկեգոյն թղթից գլխարկ, եւ իսկոյն գործ է դնում իւր մտրակը։ Պատանի ազգականն այն ժամանակ սկսում է սաստիկ լաց լինել, բարձրանում է սեկանների վրայ, պահարանների գլուխը, մինչեւ անգամ փորձում է նստել վարագոյրների փայտերի վրայ եւ սկսում է խօսել մի բոլորովին անհասկանալի եւ օտարոտի լեզուով․ բայց խալաթը հագին ծերունին այդ բոլորին ուշադրութիւն չէ դարձնում․ բռնում է նրա ոտից, գցում յատակի վրայ եւ մտրակով լաւ ծեծելուց յետոյ, պինդ կապում նրա փողպատը․ պատանին դարձեալ դառնում է հնազանդ եւ քաղաքավարի։ Այնուհետեւ դասը շարունակւում է առանց ընդհատումների։
Բայց երբ վերջապէս պարի ուսուցիչը սովորեցրեց իւր աշակերտին պարել երաժշտութեան ներդաշնակութեամբ՝ ազգականը, կարծես թէ, վերածնուեց։
Վարձեցին քաղաքային երաժիշտներից մէկին․ նա դասի միջոցին նստում էր դատարկ տան դահլիճի սեղանի վրայ․ ծերունի ուսուցիչը ներկայանում էր իբր տիկին— նորեկը ստիպում էր նրան մետաքսեայ շրջազգեստ հագնել եւ վրան էլ հնդկական շալ գցել․ պատանի ազգականը մօտենում էր նորան վալʼս պարելու, եւ սկսում էին պտտուել։ Դժբախտաբար երիտասարդ անգլիացին երբէք պարելուց չէր յոգնում, նա մինչեւ անգամ մի մոլի պարող էր։ Նա ուսուցչին բաց չէր թողնում իւր երկար ձեռների միջից, չնայելով խեղճի յոգոցներին ու տնքոցներին, եւ այն աստիճան պտտացնում էր, որ կա՛մ նա սաստիկ յոգնածութիւնից գետին էր փռւում եւ կամ քաղաքային երաժշտի ձեռքը հրաժարւում էր այլ եւս ջութակի աղեղը (смычекъ) բռնել։ Խեղճ ֆրանսիացին բոլորովին ոյժից ընկնում էր, սակայն այն տալէրը, որ ճշտութեամբ ստանում էր ամեն օր դասից յետոյ, եւ այն լաւ գինին, որով ծերունին հիւրասիրում էր նրան՝ ստիպում էին նրան մոռանալ կրած բոլոր տանճանքները, եւ նա նորից գնում էր դասի, թէեւ դեռ նախընթաց օրը ինքն իրան խօսք էր տուած լինում՝ երբէք այլ եւս չերեւալ դատարկ տան մէջ։ Սակայն գրիւնվիզէլցիք բոլորովին գործին այլ կերպ էին վերաբերւում․ — նրանք երիտասարդ անգլիացու մէջ մեծ ընդունակութիւններ էին տեսնում, այնպիսի ընդունակութիւններ, որոնց շնորհիւ նա յաջողութիւն կունենայ հասարակութեան մէջ, իսկ քաղաքի կանայք, տղամարդկանց պակասութեան պատճառով, նախօրօք ուրախանում էին, որ առաջիկայ ձմեռը մի այնպիսի ճարպիկ պարող պիտի ունենան։
Մի գեղեցիկ առաւօտ խոհարար կանայք շուկայից տուն վերադառնալիս, մի զարմանալի նորութիւն հաղորդեցին իրանց տիկիններին։
Դատարկ տան առաջ հրաշալի գեղեցիկ ձիեր լծած մի կառք կանգնեց․ կառքի դռանը կանգնած էր մի սպասաւոր, թանկագին լիվրէյ հագին։ Շուտով դատարկ տան դռները բացուեցան, այնտեղից դուրս եկան շքեղ հագնուած պարոններ․ նրանցից մէկը ծերունի «նորեկն» էր, իսկ միւսը շատ հաւանական է նրա ազգականը լինէր, նա որ այնքան դժուարութեամբ կարողացաւ գերմաներէն լեզուն սովորել եւ որ պարում է այնչափ մոլի կերպով։ Երբ երկուսն էլ կառք նստեցին՝ ծառան ետեւից ցատկեց աթոռակի վրայ եւ կառքը սլացաւ— կարո՞ղ էք ձեզ երեւակայել— ուղիղ դէպի քաղաքագլխի տունը։
Կանայք, այս բանը լսելուն պէս՝ շտապով յետ արին իրանց գոգնոցները, հանեցին գլխների ոչ֊բոլորովին մաքուր փաթթոցները եւ հագան իրանց նոր շորերը։
— Ո՛չ մի կասկած չը կայ,— ասում էին նրանք տանեցոց, որ նոյնպէս շփոթուած այս ու այն կողմն էին ընկնում, վազվզում՝ ընդունարանը կարգի բերելու համար․— ոչ մի կասկած չկայ, որ «նորեկն» այժմ սկսել է իւր ազգականի հետ միասին այցելութիւններ անել։ Այդ տխմար ծերի գլուխը մինչեւ հիմայ այս ամբողջ տասը տարուայ ընթացքում չմտածեց ծանօթանալ քաղաքացիների հետ, սակայն նորան պէտք է ներել․ դրա պատճառը նրա ազգականն է եղել։ Ասում են՝ վերջինս մի հիանալի երիտասարդ է։
Այսպէս էին խօսում գրիւնվիզէլցի կանայք եւ միեւնոյն ժամանակ յիշեցնում իրանց որդիներին եւ աղջիկներին, որ նրանք իրանց լաւ պահեն հիւրերի եկած ժամանակ, ուղիղ նստեն եւ ընտիր ոճեր գործածեն։
Քաղաքի նրբամիտ կանայք սխալուած չէին․ յիրաւի, ծերունի «նորեկը» հերթով շրջեց բոլորի տները եւ իւր ազգականին ներկայացրեց Գրիւնվիզէլի հասարակութեան։
Հիւրերը ամեն տեղ շատ լաւ տպաւորութիւն թողին։ Ամենքն եւս ափսոսում էին, որ մինչեւ այժմ առիթ չեն ունեցել մի այսպիսի հաճելի ծանօթութիւն ունենալու։ Ծերունին շատ պատկառելի եւ խելօք մարդ ճանաչուեց, եւ թէեւ շարունակ կամացուկ ժպտում էր, այնպէս որ իսկապէս չէր իմացւում, նա լո՞ւրջ է խօսում, թէ կատակում է՝ բայց շատ խելացի կերպով էր խօսում եղանակի, տեղի, ամարային զուարճութիւնների մասին, այնպէս որ ամենքն էլ հիացած մնացին։
Իսկ ազգակա՜նը… նա կատարելապէս հիացրեց եւ առանց բացառութեան տիրեց ամենքի սրտերին։ Ճիշտն ասած՝ նրա արտաքինը շատ հեռու էր գեղեցիկ լինելուց, եւ նրան գեղեցիկ չէր կարելի անուանել․ դէմքի ստորին մասը, մանաւանդ ներքին ծնօտը, չափազանց դուրս պրծած էր, երեսի գոյնը սաստիկ մուգ, եւ բացի դրանից, նա երբեմն դէմքի վրայ զարմանալի ծամածռութիւններ էր անում, աչքերը փակում էր, ատամները բաց անում եւ այլն։ Բայց եւ այնպէս՝ ամենքն եւս կարծում էին, թէ նա մի անսովոր հետաքրքրական դէմք ունի։ Չէր կարելի մի աւելի շարժուն եւ ճարպիկ մարդ երեւակայել, ինչպիսին երիտասարդ անգլիացին էր։ Նրա հագուստը թէեւ վրա լաւ չէր նստում, բայց շատ լաւ սազում էր։ Նա վերին աստիճանի աշխոյժ էր եւ ամենքի տանը իրան անչափ ազատ էր պահում․ պառկում էր բազմոցի վրայ, նստում բազկաթոռի մէջ եւ երկարումէկ ձգւում։ Եւ այն, ինչ որ մի ուրիշ երիտասարդի համար անվայել ու կոպիտ բան կը նկատուէր՝ երիտասարդ անգլիացու համար եզակի մի ձեւ էր համարւում։ «Դէ՜, չէ՞ որ նա անգլիացի է, ասում էին գրիւնվիզէլցիք, իսկ անգլիացիք ամենքն էլ այդպէս են։ Անգլիացին կարող է պառկել եւ մինչեւ անգամ քնել այն միջոցին՝ երբ տասը տիկին ներկայ են եւ տեղ չունին նստելու։ Այդպիսի դէպքերում նրանցից չպէտք է վիրաւորուել»։
Քեռու վերաբերութեամբ երիտասարդը իրան շատ մեծ ակնածութեամբ էր պահում, որովհետեւ հէնց որ նա սկսում էր սենեակում ցատկել եւ կամ պահանջ էր զգում ոտները բազկաթոռի վրայ դնելու՝ ծերունին իսկոյն նրա վրայ մի խիստ հայեացք էր գցում եւ նրան կարգի էր հրաւիրում։ Վերջապէս ի՞նչպէս կարելի է վիրաւորուել մի դեռահաս պատանուց՝ երբ քեռին ինքը ամեն տեղ ասում էր տան տիկնոջ․
— Իմ ազգականը դեռ մի փոքր վայրենի եւ անտաշ է, բայց ես շատ բան եմ սպասում հասարակութիւնից․ հասարակութիւնը նրան կը կրթէ եւ մանաւանդ ինձ կօգնէ սիրալիսր կերպով՝ նրան կրթելիս։
Այսպէս ուրեմն ազգականը վերջապէս հասարակութեան մէջ մտաւ։ Ամբողջ այդ օրը եւ մինչեւ անգամ հետեւեալ մի քանի օրերը Գրիւնվիզէլում միակ խօսակցութիւնը այդ դէպքն էր։ Բայց ծերունին միայն սրանով չբաւականացաւ․ կարծես թէ նա ինքն էլ այս անցքից յետոյ բոլորովին ուրիշ մարդ դարձաւ,— այնքան խիստ կերպով փոխեց նա իւր առաջուայ կեանքի եղանակը։ Ամեն օր ճաշից յետոյ նա իւր ազգականի հետ գնում էր սարի վրայի գարեջրատունը, ուր Գրիւնվիզէլի նշանաւոր քաղաքացիք հաւաքւում էին գարեջուր խմելու եւ զուարճանում կէգլի խաղալով։ Ծերունու ազգականը երեւելի խաղացող դուրս եկաւ․ նա երբէք հինգ կամ վեց կէգլից պակաս չէր վէր գցում։ Բայց երբեմն նա մի տեսակ օտարոտի տրամադրութեան մէջ էր ընկնում․ սկսում էր ամեն տեսակ յիմարութիւններ անել, կամ յանկարծ ինքն էլ գունդի հետ միասին սկսում էր գլորուել կէգէլբանի վրայով, կամ երբ ութ կէգլի միանգամից էր վէր գցում՝ կանգում էր գլինի վրայ, ոտները վեր բարձրացնում եւ ապա սկսում գլորուել։ Պատահում էր, որ երբ այդպէս գլորուելիս անցնում էր նա կառքի մօտով՝ ցատկում էր յանկարծ կառքը, նստում կառապանի տեղում եւ սկսում զանազան ծամառծռութիւններ անել, մի փոքր ժամանակ անցնելուց յետոյ նա դարձեալ գլորուելով վերադառնում էր գարեջրատուն։
Այսպիսի դէպքերում քեռին սովորաբար ներողութիւն էր խնդրում քաղաքացիներից եւ բոլոր միւս ներկայ եղողներից իւր ազգականի անկրթութեան համար։
Բայց նրանք միայն ծիծաղում էին նրա արարքների վրայ, այդ վերագրելով նրա ջահէլութեան, եւ հաւատացնում էին որ իրանք էլ այդ հասակում նոյնպիսի չարաճճիներ էին՝ ինչպիսին է անգլիացին։ Եւ «չարաճճին», ինչպէս անուանում էին նրան՝ մնում էր ընդհանուրի սիրելին։
Սակայն լինում էին նաեւ դէպքեր՝ երբ նրա վրայ լաւ բարկանում էին, բայց եւ այնպէս ոչ ոք չէր համարձակւում նրա մասին վատ խօսք ասել, որովհետեւ երիտասարդ անգլիացու խելքն ու կրթութիւնը ամենքին յայտնի էին։ Այսպէս, օրինակ, երբ յաճախ երեկւները քեռին տանում էր նրան իւր հետ «Ոսկեղնիկ» կոչուած հիւրանոցը՝ անգլիացին, չնայելով որ դեռ բոլորովին պատանի էր՝ բայց իրան ճիշտ այնպէս էր պահում՝ ինչպէս հասակաւոորները։ Նա էլ իւր համար մի գաւաթ գարեջուր էր պահանջում, մեծ֊մեծ ակնոցներ դնում քթին, գրպանից հանում երկար չիբուխը, վառում եւ սկսում ծխել ու ամենքից աւելի ծուխ անել։ Իսկ երբ խօսակցութիւնն անցնում էր լրագրական նորութիւններին, օրինակ, երբ վիճում էին, պատերազմ կը լինի՞ թէ ոչ, եւ բժիշկն ու քաղաքագլուխը յայտնում էին իրանց կարծիքները, իսկ միւսները բարձրաձայն արտայայտում էին իրանց զարմանքը նրանց երկուսի խելքի ու նրբամտութեան վրայ՝ յանկարծ «նորեկի» պատանի ազգականի խելքին փչում էր մի բոլորովին հակառակ կարծիք յայտնել։
Նա ձեռքով, որից երբէք ձեռնոցը չէր հանում՝ պինդ խփում էր սեղանին եւ առանց քաշուելու հասկացնում քաղաքագլխին եւ բժշկին, որ այդ բաներում նրանց խելքը ոչինչ չէ կտրում եւ որ ինքը գործին լաւ տեղեակ է աւելի ճիշտ աղբիւրներից։ Յետոյ նա կոտրտուած գերմաներէն լեզուով արտայայտում էր իւր սեփական կարծիքը, եւ ամենքը, ի մեծ ցաւ քաղաքագլխի, նրա կարծիքը համարում էին հիանալի։
— Չէ՞ որ նա իբր անգլիացի այդ բաներին աւելի լաւ ծանօթ պէտք է լինի, ասում էին նրանք։
Եւ երբ բժիշկն ու քաղաքագլուխը թագցնելով իրանց զայրոյթը, նստում էին շախմատ խաղալու, ազգականը, կարծես բոլորովին անպարտ, մեծ֊մեծ ակնոցները քթին դրած, մօտենում էր խաղացողներին եւ նայում նրանց խաղին, յանդիմանում էր քաղաքագլխին, որ խաղալ չգիտէ, եւ ցոյց էր տալիս բժշկին, թէ նա ի՛նչպէս պէտք է քայլ անէ։ Այս բանը մանաւանդ երկուսին էլ ամենից աւելի էր բարկացնում։ Իսկ երբ քաղաքագլուխը, արդեն բարկացած, առաջարկում էր նորան իւր հետ խաղալ, հաստատ համոզուած լինելով, որ անպատճառ կը յաղթէ՝ այն ժամանակ «նորեկ» ծերունին աւելի եւս պինդ էր կապում նրա փողպատը, եւ պատանին կրկին քաղաքավարի էր դառնում, նստում էր քաղաքագլխի դիմաց եւ նրան սպառնալիքներ անում։ Մինչեւ այդ՝ Գրիւնվիզէլում համարեա ամեն երեկոյ կէս կոպէկով թուղթ էին խաղում․ բայց անգլիացին յայտնեց, որ կէս կոպէկով խաղը իւր համար չնչին բան է։ Նա ինքը միշտ մանէթներ եւ ոսկէ դրամներ էր վէր տալիս, եւ ասում էր որ ոչ ոք իւր հետ չէ կարող մրցել․ վիրաւորուած խաղացողները ակամայ հաշտւում էին նրա հետ հէնց միայն այն պատճառով, որ նա ահագին գումարներ էր տանուլ տալիս։ Այդ բանի համար ոչ ոք նրան չէր խղճահարում․ աշխատում էին որքան հնարաւոր է աւելի փող տանել նրանից։ «Չէ՞ որ նա անգլիացի է, իսկ այդ անգլիացիները իրանք էլ չգիտեն թէ ի՛նչ անեն իրանց փողերը», ասում էին գրիւնվիզէլցիք եւ հանգիստ սրտով նրա փողերը դնում իրանց գրպանները։
Այս բոլորի շնորհիւ կարճ միջոցում «նորեկի» ազգականը ընդհանուրի յարգանքին արժանացաւ։ Գրիւնվիզէլում դեռ երբէք մի այդպիսի երիտասարդ չէին տեսել։ Ճիշտն ասած՝ ըստ երեւոյթին, նա բացի պարից ոչինչ չէր սովորել․ լատիներէն եւ յունարէն լեզուները նրա համար, ինչպէս կասեն՝ չինական այբուբեն էր։ Մի անգամ քաղաքագլխի տանը երեկոյթի ժամանակ երիտասարդները մի խաղ սարքեցին․ պատանի անգլիացին, որ մասնակցում էր՝ պէտք է մ բան գրէր, բայց բանից դուրս եկաւ, որ նա մինչեւ անգամ իւր սեփական անունը չգիտէր գրել։ Աշխարհագրութեան մէջ էլ նա բոլորովին տգէտ էր․ նրա համար ոչ մի նշանակութիւն չունէր գերմանական քաղաքը Ֆրանսիա տեղափոխել եւ կամ դանիականը Լեհաստան։ Նա ոչինչ չէր կարդացել, ոչինչ չէր սովորել, եւ քահանան քանի՛ քանի անգամ գլուխը շարժել էր այս երիտասարդի տգիտութեան վրայ։ Բայց չնայելով այս բանին, բոլորը
որ նա անում էր կամ խօսում՝ ա
հիանալի բան էր երեւում, որովհետեւ նա չափազանց հաւատացած էր խօսում եւ միշտ կամենում էր ինքը իրաւացի լինել։ «Այդ արդէն ես լաւ գիտեմ», նա միշտ այսպէս էր վերջացնում իւր խօսքը։ Ձմեռն եկաւ, եւ պատանի անգլիացին երեւաց իւր ամբողջ փայլով։ Ո՛չ մի երեկոյթ չէր կայանում առանց նրան։ Երբ նա չէր լինում՝ ամենքը տխրում էին․ խելօք մարդու խօսելիս համարեա ամենքը յօրանջում էին։ Մինչդեռ, ընդհակառակը, երբ երիտասարդ անգլիացին սկսում էր գերմաներէն լեզուով կոտրտելով ամեն տեսակ յիմարութիւններ դուրս տալ՝ այն ժամանակ ամենքը լսելիք էին դառնում։ Բանից դուրս եկաւ, որ այս զարմանալի երիտասարդը բանաստեղծ էլ էր։
Օր չէր անցնում, որ նա երեկոյեան յուշատետրը չհանէր գրպանից եւ հասարակութեան առաջ չկարդար մի քանի սօնէտներ․ յիրաւի, գտնւում էին մարդիկ, որ պնդում էին, թէ նրա բանաստեղծութիւններից մի քանիսը վատ են, բոլորովին զուրկ են մտքից, իսկ ուրիշներն էլ ասում էին, որ այդ բանաստեղծութիւինները արդէն տպագրուած են եղել․ բայց երիտասարդ անգլիացին այս խօսքերից ամենեւին չէր քաշւում, շարունակում էր կարդալ իւր շարադրութիւնները եւ միեւնոյն ժամանակ ներկայ եղողների ուշադրութիւնը դարձնում նրանց գեղեցկութեան վրայ ու ամեն անգամ արժանանում բարձր ծափահարութիւնների։
Բայց անգլիացու համար ամենից գլխաւոր տօնը Գրիւնվիզէլի պարահանդէսներն էին։ Ոչ ոք չէր կարողանում նրա պէս առանց յոգնելու երկար պարել։ Ոչ ոք չէր կարողանում այնպէս վստահ եւ վայելուչ ոստիւններ անել՝ ինչպէս նա։ Քեռին էլ նրան շատ լաւ էր հագցնում եւ վերջին մօդայով, եւ թէեւ հագուստը նրա վրայ այնպէս էր լինում նստած, որ կարծես կախարանից կախած լինի՝ բայց եւ այնպէս ամենքը ասում էին, որ նա շատ ու շատ գեղեցիկ է այդ շորերով։ Չմոռանանք ասել, որ այս պարահանդէսների ժամանակ էլ տղամարդիկ շատ յաճախ զանազան վիրաւորանքներ էին կրում նրանից։ Առաջ միշտ քաղաքագլուխն էր բաց անում պարահանդէսը, իսկ քաղաքի նշանաւոր երիտասարդները կարգադրում էին պարերը․ բայց այն օրից որ երիտասարդ անգլիացին յայտնուեց՝ ամեն բան ուրիշ ընթացք ստացաւ։ Առանց երկար մտածելու՝ նա առաջին պատահած տիկնոջ հրաւիրում էր իւր հետ պարել․ կանգնում էր նրա հետ միասին առաջին տեղում եւ սկսում էր պարել՝ ինչ որ ինքն էր կամենում եւ առհասարակ իրան այնպէս էր պահում, որ կարծես թէ պարահանդէսի կարգադրիչը կամ թագաւորը ինքը լինէր։ Եւ որովհետեւ տիկիններին այդ բանը շատ էր դուր գալիս, ուստի տղամարդիկ ստիպուած զսպում էին իրանց բարկութիւնը առանց մի բան ասելու, իսկ անգլիացին ամեն տեղ շարունակում էր իւր կարգադրութիւնները, կարծես իրանց տանը լինէր։
Այս բոլորը ամենից աւելի ծերունի քեռուն էր ուրախացնում․ նա երբէք աչքը սանից չէր հեռացնում եւ ամբողջ ժամանակ ժպիտը խաղում էր նրա շրթունքների վրայ։ Իսկ երբ միւս հիւրերը մօտենում էին նորան, որ արտայայտեն իրանց հիացմունքը բարեկիրթ եւ ապագայի համար շատ խոստումներ տուող երիտասարդից՝ այն ժամանակ ծերունին գլուխը ուրախութիւնից բոլորովին կորցրած՝ բարձրաձայն ծիծաղից քիչ էր մնում թէ մեռնէր։ Բայց գրիւնվիզէլցիք ծերունու ուրախութեան այս մեծ արտայայտութիւնները վերագրում էին նրա դէպի իւր ազգականն ունեցած չափազանց մեծ սիրուն եւ այդ շատ բնական բան էին համարում։
Սակայն այնու ամենայնիւ նա դեռ ժամանակ առ ժամանակ իւր սանին հայրական խրատներ էր տալիս։ Բայց զարմանալին այն է, որ երբեմն պարի ամենաթունդ միջոցին երիտասարդ անգլիացու խելքին փչում էր մի որեւէ չար միտք, օրինակ նա մի յանդուգն ոստիւնով ցատկում էր էստրադի վրայ, ուր սովորաբար նստում էին երաժիշտները, խլում էր կօնտրբասի ձեռքից աղեղը եւ սկսում ոչ թէ նուագել, այլ իսկ եւ իսկ սղոցել․ կամ յանկարծ սկսում էր գլորուել եւ կամ ոտները դէպի վեր բարձրացրած՝ ձեռների վրայ պարել․ այսպիսի դէպքերում քեռին սովորաբար նրան մի կողմն էր տանում, խիստ յանդիմանում եւ հէնց այստեղ էլ ձգում նրա փողպատը, որից յետոյ երիտասարդը նորից սկսում էր իրան լաւ պահել։
Անգլիացին հասարակութեան մէջ իրան ահա այսպէս էր պահում։ Ինչպէս յայտնի է՝ վատ բարքերը աւելի արագ են իւրացնում մարդիկ, քան թէ լաւերը․ ամեն մի նոր, աչքի
ցուն էին ցոյց տալիս։ Իզուր էին մեծերն ապացուցանում, որ այդ կոպտութիւնը անգլիացու բնածին յատկութիւնն է, ուստի եւ ներելի․ սակայն երիտասարդ գրիւնվիզէլցիք պնդում էին, որ իրանք էլ ոչ պակաս իրաւունք ունին սրամիտ կոպտութիւններ անելու։ Մի խօսքովՔաղվածելու սխալ՝ Invalid <ref>
tag;
refs with no name must have content, ցաւալի էր տեսնել, թէ ի՛նչպէս Գիրւնվիզելում, ծերունու սանի շնորհիւ բարի բարքերն ու սովորութիւնները փոքր առ փոքր փչանում էին։ Բայց երիտասարդութիւնը երկար չվայելեց այս ազատութիւնը։ Հետեւեալ դէպքը յանկարծակի փոխեց իրերի դրութիւնը։
Ձմեռային զուարճութիւնները վերջանալու վրայ էին, եւ նրանց վերջ պէտք է դնուէր երաժշտական մի մեծ երեկոյթով, որին խոստացան մասնակցել թէ՛ քաղաային նուագախումբը եւ թէ Գրիւնվիզէլում երաժշտութիւն սիրող մի քանի անձինք։ Քաղաքագլուխը գիտէր շատ լաւ ածել վիօլօնչելի վրայ, բժիշկը՝ ֆագօտի, իսկ դեղագործը՝ ֆլէյտի, թէեւ երբեմն սխալւում էլ էր։ Մի քանի օրիորդներ սովորեցին արիաներ երգել— մի խօսքով ամեն ինչ շատ լաւ կարգադրուած էր։ Բայց մի օր յանկարծ ծերունի քեռին յայտնեց, որ թէեւ երեկոյթը, ըստ երեւոյթին, հետաքրքրական պէտք է լինի, բայց ափսո՜ս որ դուէտ չկայ, եւ որ լաւ կազմուած երաժշտական երեկոյթները երբէք առանց դուէտի չեն լինում։ Այս խօսքերը մասնակցողներին մի փոքր շփոթեցրին։
Քաղաքագլխի աղջիկը, ճիշտ է, կատարեալ սոխակի պէս էր երգում․ բայց ո՞րտեղ գտնէին եւ մի երիտասարդ, որ կարողանար նրա հետ դուէտ երգել։ Մէկը մատնացոյց արաւ մի ծեր երաժշտի վրայ, որ երբեմն նշանաւոր բաս էր․ բայց «նորեկը» յայտնեց, որ իզուր են դէս ու դէն ընկնում, քանի որ իւր ազգականը հիանալի երգել գիտէ։
Ամենքը գնացին զարմացած, երբ իմացան, որ երիտասարդ անգլիացին դեռ մի ուրիշ տաղանդ էլ ունի։ Փորձի համար մի բան երգել տուին, եւ բացի մի քանի պակասութիւններից, որ նրա անգլիական ծագումով բացատրուեցան՝ յայտնուեց, որ նա հրեշտակի պէս է երգում։ Դուէտը սովորելու համար սկսեցին փորձեր անել, եւ վերջապէս հասաւ երեկոյթի օրը, երբ գրիւնվիզէլցիների լսելիքը պէտք է հրճուէր հրաշալի նուագներով։
Աւա՜ղ, խեղճ քեռին չկարողացաւ վկայ լինել ազգականի այդ մեծ տօնին։ Ծերունին այդ օրը հիւանդացաւ եւ ստիպուած էր պառկել, սակայն այնու ամենայնիւ նա չմոռացաւ իւր սանի վերաբերութեամբ մի քանի անհրաժեշտ խրատներ տալ քաղաքագլխին, որ երեկոյթից մի ժամ առաջ եկել էր հիւանդին այցելելու։
— Քրոջս որդին շատ լաւ տղայ է,— ասաց ծերունին քաղաքագլխին,— բայց ժամանակ առ ժամանակ նա ընկնում է մի տեսակ անհասկանալի տրամադրութեան մէջ եւ սկսում է զանազան յիմարութիւններ անել։ Ահա ինչո՛ւ ես աւելի եւս ափսոսում եմ, որ չեմ կարող երեկոյթին ներկայ լինել։ Նա միայն ինձնից է մի փոքր վախենում— մե՛նք գիտենք, թէ ինչու․ — սակայն ի պատիւ նրա պէտք է ասեմ, որ այս օտարոտի արարքները առաջ են գալիս ոչ թէ բարոյապէս փչացած լինելուց՝ այլ ֆիզիկապէս հիւանդ դրութիւնից։ Սա արդէն նրա կազմի մէջ է։ Ուստի խնդրում եմ ձեզ, պարոն քաղաքագլուխ, երբ իմ սանը կսկսի նորից իւր յիմարութիւնները, օրինակ, երբ յանկարծ նրա խելքին փչէ պիւպիտրի վրայ բարձրանալ, կամ կօնդրբասի ձեռքից առնել գործիքը եւ նուագել՝ այն ժամանակ, բարի եղէք, մի փոքր թուլացրէք նրա փողպատը, իսկ եթէ այդ չօգնէ՝ բոլորովին հանեցէք։ Յետոյ արդէն կտեսնէք, թէ նա ի՛նչպէս կսկսի իրան հեզ եւ բարեկիրթ պահել։
Քաղաքագլուխը շնորհակալութիւն յայտնեց հիւանդին դէպի ինքը ունեցած այդպիսի վստահութեան համար եւ խոստացաւ կատարել ծերունու բոլոր ասածները։
Երեկոյթի օրը դահլիճում ասեղ գցելու տեղ չկար․ ներկայ էին ո՛չ միայն քաղաքացիք, այլ եւ երեք մղոն շրջակայքից եկել էին բոլոր որսորդները, քահանաները, ծառայողներն ու կալուածատէրերը՝ իրանց բազմաթիւ ընտանիքներով։
Գրիւնվիզէլցիների հետ միասին նրանք եւս ցանկացան հրճուել այս հազուագիւտ երեկոյթով։ Քաղաքային նուագախումբը շատ հիանալի նուագեց․ յետոյ դուրս եկաւ քաղաքագլուխը եւ ֆլէյտի ներդաշնակութեամբ ածեց վիօլօնչելի վրայ։ Ապա ծերունի բասը մեծ յաջողութեամբ երգեց մի արիա, իսկ բժիշկը նուագեց ֆագօտի վրայ եւ նոյնպէս արժանացաւ բուռն ծափահարութիւնների։ Երեկոյթի առաջին մասը վերջացաւ։ Ամենքն անհամբերութեամբ սպասում էին երկրորդ մասին, երբ պատանի անգլիացին եւ քաղաքագլխի աղջիկը երկուսով դուէտ պէտք է երգէին։
Անգլիացին այդ օրը հագնուած էր շատ ճաշակով եւ արդէն վաղուց էր իւր վերայ դարձրել ամենքի ուշադրութիւնը։ Առանց որեւէ մէկից հարցնելու՝ նա պառկեց մի փափուկ բազկաթոռի մէջ, որ պատրաստուած էր մի դքսուհու համար, (դքսուհին պէտք է գար Գրիւնվիզէլի շրջակայքից), շփեց ոտները եւ սկսեց նայել հասարակութեան վերայ ակնոցների միջից մի ահագին դիտակով․ նա միեւնոյն ժամանակ խաղում էր մի մեծ շան հետ, որին հետը դահլիճ էր բերել, չնայելով որ այդ թոյլ չէր տրւում։ Իսկ երբ դքսուհին եկաւ՝ նա ոչ միայն վեր չկացաւ նրա տեղից, այլ ընդհակառակը, դեռ աւելի եւս հանգիստ տեղաւորուեց նրա մէջ, եւ ոչ ոք չհամարձակուեց նորան նկատողութիւն անել։ Ուստի դքսուհին պէտք է բաւականանար մի հասարակ աթոռով եւ նստէր քաղաքացի միւս տիկինների կողքին, թէեւ այս նրա համար մի շատ տհաճ բան էր։ Քաղաքագլխի հրաշալի խաղի եւ ծեր երաժշտի սքանչելի արիայի ժամանակ, մինչեւ անգամ այն միջոցին, երբ բժիշկը, փոխանակ ածելու ֆագօտի վրայ, իրանից շարադրում էր, եւ ամենքը շունչը բռնած լսում էին՝ դարձեալ պատանի անգլիացին իրան պահում էր ամենաանքաղաքավար կերպով․ նա կա՛մ ստիպում էր շանը թաշկինակը բերել եւ կամ ինքը բարձրաձայն խօսում էր իւր մօտ նստած անձանց հետ, այնպէս որ ո՛վ նրան չէր ճանաչում՝ զարմացած յետ էր դառնում եւ նայում այդ տարօրինակ երիտասարդի վրայ։
Հասկանալի է, թէ ի՛նչ անհամբերութեամբ բոլորն սպասում էին դուէտը լսելուն։ Երեկոյթի երկրորդ մասն սկսուեց․ նուագախումբը նուագեց մի փոքրիկ պիէս, յետոյ քաղաքագլուխը իւր աղջկայ հետ մօտեցաւ ջահել երիտասարդին, տուեց նորան նօտաները ու ասաց․ «պարոն, հաճեցէք այժմ դուէտում երգել»․ երիտասարդ անգլիացին ծիծաղեց, ասամները բաց արաւ, վեր թռաւ տեղից, մօտեցաւ պիւպիտրին եւ կանգնեց նրա առաջ։ Քաղաքագլուխն ու նրա աղջիկը հետեւեցին պատանի անգլիացուն։ Ամենքն էլ ականջները սրեցին։ Երաժիշտը չափը որոշեց եւ նշան արաւ, որ սկսեն․ անգլիացին նայեց նօտաներին եւ, փոխանակ երգելու, յանկարծ սարսափելի ձայներ սկսեց հանել։ «Ցա՛ծ, յարգելի պարոն, երկու նօտա ցած վերցրէք․ դուք պէտք է C֊ից սկսէք, — գոչեց երաժիշտը։
Բայց փոխանակ C֊ից սկսելու՝ նա հանեց կօշիկներից մէկը եւ խփեց երաժշտի գլխին, այնպէս որ խեղճի մազերի վրայից պուդրը ցրիւ եկաւ։ Այս տեսնելուն պէս՝ քաղաքագլուխը մտածեց․ «Էհէ՜, նրա ցաւը դարձեալ բռնեց»,— եւ շտապով թուլացրեց նրա փողպատը։ Բայց երիտասարդի դրութիւնը ոչ միայն չլաւացաւ, այլ աւելի եւս վատացաւ․ նա այդ միջոցին գերմաներէն չէր խօսում, այլ մի ինչ֊որ անհասկանալի լեզուով բաներ էր ասում եւ վազվզում դահլիճում։ Այս անհաճոյ ընդհատումը վատ ազդեց քաղաքագլխի վրայ․ նա, երկիւղ կրելով, թէ երիտասարդին մի որեւէ անսովոր բան է պատահել՝ վճռեց շուտով բոլորովին բաց անել նրա փողպատը՝ ինչպէս պատուիրել էր ծերունին։ Բաց անելիս՝ զարմանքից մնաց քարացած՝ երբ տեսաւ ջահել մարդու վիզն ամբողջապէս ծածկուած մուգ կինամոնագոյն մազերով։ Փողպատը հանելուց յետոյ, պատանի անգլիացին, փոխանակ հանգստանալու՝ աւելի եւս մեծ մոլեգնութեամբ՝ սկսեց վազվզել եւ ցատկոտել դահլիճում։
Նա կատաղութեամբ բռնում էր իւր մազերը եւ քաշկռտում, եւ զարմանալի՜ բան— նրա գեղեցիկ գանգուր մազերը կեղծ էին․ նա այդ մազերը հանեց եւ շպրտեց քաղաքագլխի երեսին։ Գլուխն էլ նոյնպէս ծածկուած էր նոյն տեսակ մազերով։ Ապա նա սկսեց վազվզել աթոռների վրայով, պիւպիտրը վայր գցեց, ջութակն ու կլարնէտը կոտրտեց եւ կատաղած գազանի պէս սկսեց ամեն բան տակն ու վրայ անել։ «Բռնեցէ՛ք, բռնեցէ՛ք,— սաստիկ բարկացած գոռում էր քաղաքագլուխը․— նա խելագարուել է, շո՛ւտ բռնեցէ՛ք»։ Բայց նրան բռնելը այնքան էլ հեշտ բան չէր․ որովհետեւ այս անգամ նա հանել էր ձեռնոցները եւ անգութ կերպով ճանկռում էր՝ ով որ փորձում էր մօտենալ իրան։
Ձեռնոցները մինչեւ այժմ ծածկելիս են եղել նրա սուր ճանկերը հասարակութեան աչքից։ Վերջապէս մի քաջասիրտ որսորդ կարողացաւ նրան բռնել։ Որսորդը այնպէս սաստիկ սեղմեց նրա երկար ձեռները, որ խեղճը հազիւ կարողացաւ ոտները շարժել, եւ մի խռպոտ ձայն արձակեց։ Հասարակութւնը սիրտ առաւ․ շրջապատեց նրան եւ զարմանքով սկսեց նայել պատանի անգլիացու վրայ ,որ այժմ մարդկային ոչինչ չունէր։ Հիւրերի թւում պատահմամբ մի գիտնական էլ կար․ նա ապրում էր Գրիւնվիզէլի շրջակայքում եւ մի մեծ սենեակ լիքը հազուագիւտ բաներ ունէր, ի թիւս որոց նաեւ շատ կենդանիների եւ գազանների խրտուիլակներ։ Նա մօտեցաւ արդէն կապկպած ջահել մարդուն, ուշադրութեամբ նայեց֊նայեց նրա վրայ եւ գոչեց․
— Աստուա՜ծ իմ, ի՞նչպէս կարող էիք դուք, պարոններ, թոյլ տալ այս գազանին մի այսպիսի պատուելի հասարակութեան մէջ մտնել։ Սա Homo troglodytes Bhnnaei կոչուած կապիկներից է։ Ես այս րոպէիս պատրաստ եմ վեց տալէր վճարել՝ եթէ դուք համաձայնէք նրան ինձ տալ։
Ո՞վ կարող է նկարագրել գրիւնվիզէլցիների զարմանքը, երբ լսեցին գիտնականի այս խօսքերը։
— Ի՞նչպէս, օրանգ֊ուտանգ կապիկը մեր հասարակութեան անդա՜մ․ ի՞նչպէս, այս օտարականը ոչ այլ ոք է, եթէ ոչ մի կապի՜կ։ Անկարելի բան է… գոչում էին ամենքը եւ նայում միմեանց երեսին։
Ոչ ոք չէր ուզում հաւատալ ականջներին։
Տղամարդիկ ուշադրութեամբ նայում էին պատանի անգլիացուն, բայց աւա՜ղ, նա այժմ մի իսկական կապիկ էր՝ ինչպէս որ էր առաջ էլ։
— Սակայն ի՞նչպէս կարելի է,— գոչում էր քաղաքագլխի կինը— մի՞թէ սա էր որ յաճախ ինձ մօտ կարդում էր իւր բանաստեղծութիւնները։ Մի՞թէ սա էր, որ ուրիշների հետ միասին քանի՛ անգամ ճաշել է ինձ մօտ։
— Ի՞նչպէս,— ասում էր զարմացած բժշկի կինը․— մի՞թէ այս կապիկն էր ինձ մօտ յաճախ սուրճի մնում, մարդուս հետ գիտնական զրոյցներ անում, ծխում։
— Անկարելի բան , կրկնում էին տղամարդիկ․— չէ՞ որ նա մեզ հետ կէգլի էր խաղում եւ վիճում քաղաքական հարցերի մասին։
— Ինչպէ՞ս,— գանգատւում էին ամենքը․— մի՞թէ սա էր, որ միշտ մեր պարահանդէսների ժամանակ պարերն սկսում էր… Կապի՜կ․ անկարելի է․ սա հրաշք է, սա մի կախարդութիւն է։
— Այո՛, սա կախարդական, սատանայական մի գործ է,— ասաց քաղաքագլուխը՝ ցոյց տալով փողպատը։
— Տեսէ՛ք, սրա մէջ է այն կախարդութիւնը, որ նրան մեր աչքում գրաւիչ էր դարձնում։ Փողպատին կարած էր մի լայն մագաղաթի կտոր, որի վրա զանազան օտարոտի նշաններով բաներ էր գրոտած․ կարծեմ սա լատիներէն պէտք է լինի։ Պարոններ, ձեզնից ո՞վ կարող է կարդալ, հարցրեց քաղաքագլուխը։
Քահանան, որ ուսումնական մարդ էր եւ յաճախ անգլիացու հետ շախմատ էր խաղացել եւ մեծ մասամբ վաստակել մեծ֊մեծ գումարներ՝ մօտեցաւ քաղաքագլխին նայեց մագաղաթի վրայ եւ ասաց․
— Սրա կարդալը դժուար չէ, միայն տառերն են լատիներէն, իսկ ահա՛ թէ ի՛նչ է բովանդակութիւնը․— «կապիկը շատ ու շատ զուարճալի է լինում՝ երբ արգելուած պտուղի համը չէ առնում։»
— Այո՛, այս սատանայական խաբէութիւնը նոյնպէս կախարդութիւն է, աւելացրեց քահանան, եւ արժանի է մի լաւ պատժի, որ օրինակ լինի ուրիշների համար, ասաց քահանան։
Քաղաքագլուխը, որ նոյնպէս միեւնոյն կարծիքին էր, իսկոյն ուղեւորուեց ծերունու բնակարանը։
Ամենքը արդեն ծերունուն կախարդ էին համարում։ Վեց հոգի, կապիկը հետները, գնացին քաղաքագլխի հետ, որպէս զի բոլորի ներկայութեամբ ծերունուն հարցուփորձի ենթարկէին։
Մինչ այս մինչ այն՝ դատարկ տան առաջ ահագին բազմութիւն հաւաքուեց․ ամենքը հետաքրքիր էին, թէ բանը ինչո՛վ կըվերջանայ։ Եկողները առաջ ծեծեցին տան դուռը, յետոյ զանգը քաշեցին, բայց իզուր— ոչ ոք չերեւաց։ Այն ժամանակ քաղաքագլուխը, սաստիկ բարկացած՝ հրամայեց դուռը կոտրել, եւ ուղիղ մտաւ տանտիրոջ սենեակը։ Բայց այնտեղ ո՛չ մարդ կար եւ ոչ էլ մի աչքի ընկնող առարկայ, բացի մի քանի հին֊ու֊մին բաներից։ Տան մէջ ոչ մի տեղ չկարողացան ծերունուն գտնել։ Յանկարծ նրա աշխատութեան սեղանի վրայ մի փակ ծրարով նամակ տեսան, որի վրայ գրած էր քաղաքագլխի հասցէն։
Վերջինս շտապով բաց արաւ նամակը եւ կարդաց հետեւալ տողերը․
«Իմ սիրելի գրիւնվիզէլցիք․
Երբ դուք այս տողերը կարդալիս կլինէք՝ ես արդէն ձեր քաղաքում չեմ լինի․ սակայն դուք արդէն իմացած կլինէք իմ սիրելի ազգականի ծագումն ու հայրենիքը։ Թո՛ղ այս կատակը, որ ես ինձ թոյլ տուի ձեր վերաբերութեամբ՝ ձեզ համար լաւ դաս լինի, որպէսզի այսուհետեւ ոչ ոքի չստիպէք՝ ձեր հասարակութեան մէջ մտնելու։ Ես իմ արժանաւորութիւնից ստոր բան էի համարում մասնակցել ձեր անվերջ բամբասանքներին եւ հետեւել ձեր աննպատակ կեանքի ծաղրալի ձեւին։ Ուստի ես կրթեցի մի ջահէլ օրանգ֊ուտանգ, որ փոխարինեց ինձ ձեզ համար եւ որին դուք այդչափ սիրեցիք։ Մնաք բարեաւ․ աշխատեցէք որքան կարելի է շատ օգտուել այս դասից»։
Երկար եւ շատ երկար ժամանակ գրիւնվիզէլցիք չէին կարողանում մոռանալ այս խայտառակութիւնը։ Բայց ամենից աւելի ամաչում էին Գրիւնվիզէլի երիտասարդները, որ ամեն բանի մէջ ձգտում էին կապիկին նմանուել։
Փոքր ժամանակից յետոյ նրանք նորից բարեկիրթ եւ վայելուչ մարդիկ դարձան։ Եւ եթէ պատահում էր, որ մէկը նորից ընտելանում էր վատ եւ ծաղրալի կենցաղի՝ այն ժամանակ գրիւնվիզէլցիք նրան «կապիկ» էին անուանում։ Իսկ օրանգ֊ուտանգը, որ այնքան ժամանակ իբր պատանի անգլիացի էր ներկայացել՝ այժմ գտնւում է այն գիտնականի հազուագիւտ իրերի թւում։ Գիտնականը կերակրում է նրան, ցոյց է տալիս ամեն մի նորեկի, թոյլ է տալիս այդ կենդանուն զբօսնել բակում, ուր նրան այսօր էլ կարելի է տեսնել։