հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելի գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել էիր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին: Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են: Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա անարգված ու շփոթված թափառեց մինչև երեկո: Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց և գտավ դուռը: Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքն Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա: Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին: Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ: Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց . «— Օ՜հ, թագավոր ժամանակի, նյութ ու թիվ դարերի, աստիճաններով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ինձ ուզում կորցնել, հիմա Ամենակարողը պարգևել է իմը քեզ ցույց տալ, ուր ոչ բարձրանալու աստիճաններ կան, ոչ բացելու դռներ, ոչ էլ ճանապարհդ կտրող պատեր» :
Հետո կապերն արձակեց և թողեց անապատում, ուր նա սոված ու ծարավ մեռավ: Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում: