Վերջին թարմացում 18 Հոկտեմբերի 2016, 19:38

Իմ ժամացոյցի արկածքները

Իմ ժամացոյցի արկածքները

հեղինակ՝ Մարկ Տուէն
աղբյուր՝ «Զւարճալի պատմւածքներ»

Ես ունէի մի հրաշալի ժամացոյց, որ ամբողջ տարի ու կէս ժամանակ բանում էր բոլորովին կանոնաւոր, ոչ յետ էր մնում, ոչ առաջ էր գնում, ոչ մի խանգարումներ չունէր եւ երբէք էլ չէր կանգնում։ Ես արդէն սկսում էի այն համոզմունքին գալ, որ իմ ժամացոյցը անսխալական է իւր ցուցմունքներում, իսկ նորա կազմւածքը եւ ներքին աշխարհը մշտնջենական է։

Բայց չը գիտեմ ինպէս եղաւ՝ մի անգամ գիշերը մոռացայ ժամացոյցս լարելու եւ նա կանգնեց։ Այս դէպքի մասին ես շատ ցաւեցի, տեսնելով այդտեղ ապագայ դժբախտութեան մի նախաբան, մի շարագուշակ նշան։

Ես սակայն ինձ քաջալերեցի եւ դիմեցի ժամագործին, որ նա կարգի բերի բոլորը։ Ժամագործը ձեռքն առաւ իմ ժամացոյցը, եւ բաց արաւ ներսը եւ սկսեց մանրամասն զննութիւն, որից յետոյ վճռական կերպով յայտնեց՝ «ժամացոյցը չորս րոպէ յետ է մնում, պէտք է նորա խաղը աւելացնել»։

Ես կամեցայ նորա ձեռքը բռնել, յետ պահել, փորձեցի հասկացնել նորան, որ ժամացոյցի խաղը բոլորովին ճիշդ է, բայց աւաղ, ի զուր։ Ախմախը մի բերան հա պնդում էր, որ ժամացոյցը յետ է մնում, պէտք է ղեկը փոքր ինչ ծռել եւ էլ ոչինչ չէր ուզում լսել։ Մինչդեռ ես վրդովմունքից եւ բարկութիւնից պար էի գալիս կանգնած տեղումս չարագործը սառնասիրտ եւ կոպիտ կերպով իրագործեց իւր խայտառակ մտադրութիւնը։

Եւ ի՞նչ դուրս եկաւ։ Ժամացոյցս սկսեց վազել։ Նա վազում էր անդադար՝ օր օրի վերայ՝ աւելի ոգեւորւելով։ Մի շաբաթից յետոյ նա արդէն հասաւ մի հիւանդոտ տենդային արագութեան եւ նորա զարկը բարձրացաւ մինչեւ հարիւր յիսունի ստւէրում։ Երկրորդ ամսի վերջում նա մեր քաղաքի բոլոր ժամացոյցներից առաջ ընկաւ եւ նորա ցոյց տւած ժամանակը (եթէ հաշւենք բոլոր աւելորդ անցած ժամերը) օրացոյցի ցուցմունքից տասներեք օր աւելի առաջ անցաւ։ Ժամացոյցս նոյեմբեր ամիսն էր մտել՝ փոթորիկների եւ ձիւնի եղանակները, մինչդեռ դրսումը՝ հոկտեմբերի տերեւները դեռ ծառերի վերայ թփթփում էին։ Հետեւելով ժամացոյցիս ցուցմունքին՝ ես վաղ վճարեցի բնակարանիս փողը, պայմանաժամից առաջ տւի հաշիւներս եւ կատարեցի ուրիշ պարտաւորութիւններս այնպէս տնաքանդ կերպով, որ հազիւ ազատւեցի կատարեալ սնանկութիւնից։

Չէ, տեսայ բանս շատ է վատանում․ ես վճռեցի դիմելու մի ուրիշ ժամագործի։ Նա հարցրեց ինձ, արդեօ՞ք երբ եւ իցէ տւել եմ ժամացոյցս ուղղելու։ Ես բացասական պատասխան տւի, հաւատացնելով նորան, որ ժամացոյցս ոչ մի պակասութիւն երբեք չի ունեցել։

Նա նայեց ժամացոյցիս մի դիւական զզւելի չարախնդացութեամբ, արագ բացեց ներսը եւ յետոյ՝ իւր աչքին դնելով խոշորացոյցը՝ սկսեց զննել ժամացոյցի կազմութիւնը։ Զննութիւնից յետոյ՝ ժամագործըթ յայտնեց, որ հարկաւոր է ժամացոյցը մաքրել, օծել եւ նորա ղեկի դիրքը փոխել։ «Մի շաբաթից յետոյ, ասաց նա, պատրաստ կը լինիր։

Այս գործողութիւնից, այսինքն, մաքրելուց, օծելուց եւ ղեկը տեղափոխելուց յետոյ, դժբաղդ ժամացոյցս սկսեց այնպէս յետ մնալ, որ նորա յուսակտուր չկխչխկոցը յիշեցնում էր թաղումի զանգահարութիւնը։ Ժամացոյցիս շնորհքից՝ ես բաց էի թողնում հարկաւոր գնացքները, ուշանում էի գործքիս վերաբերեալ բոլոր այցելութիւններին եւ վերջապէս բաց էի թողնում մինչեւ անգամ իմ ճաշերը։ Ժամացոյցս մի անգամ կարեւոր պարտամուորհակիս օրը գողացաւ եւ ես սաստիկ տուժեցի։ Աստիճանաբար ես յետ էի գնում դէպի երեկւայ օրը, յետոյ անցեալ օրը, եւ վերջապէս մի շաբաթ յետ։ Ես սկսեցի վախենալ, որ մի գուցէ աւելի եւս յետ գնամ եւ անցած ամիսը ընկնեմ։ Բոլոր աշխարհը սկսեց մթնել աչքումս։ Այդպէս յետ գնալով ախր ուր պէտք է հասնէի։ Ես արդէն նկատում էի, որ իմ մէջ մի ձգտում է սկսում երեւալ դէպի մեր թանգարանում դրւած մումիան եւ պահանջ է զգացւում նորա հետ զրոյցի մտնել ընթացիկ ասեկոսէների մասին։

Ես նորից գնացի ժամագործի մօտ։ Իմ ներկայութեամբ նա նորան քանդեց՝ մանր մասների վերածելով, որից յետոյ ասաց, որ սլաքը ձգւել է եւ որ նա յանձն է առնում երեք օրում ուղղել։ Այս անգամւայ կարկատանից ժամացոյցս սկսեց օրւայ հաշիւը ուղիղ ցոյց տալ մօտաւորապէս․ բայց ահա ինչ օտարոտի սովորութիւններով։ Օրւայ կէսը նա շարժւոմւ էր աշխուժով, անգթաբար արագ եւ բարձրացնում էր մի այնպիսի հաջոց, ոռնոց, շււոց, փռնչոց եւ փռշտոց, որ նորա դժոխային աղմուկից մտքերս խառնւում էին իմ գլխումը, էլ չը խօսած այն բանի մասին, որ այդ արշաւանքի ուժգնութեան շնորհիւ՝ քաղաքի ամենաեռանդուն ժամացոյցներն անգամ չէին կարողանում դիմանալ եւ յետ էին մնում։ Իսկ օրւայ երկրորդ կէսից նա սկսում էր դանդաղ շարժւել եւ ապուշանալ, մինչեւ որ դարձեալ գալիս էր եւ հաւասարւում միւս ժամացոյցներին իւր հաշիւներով։

Այդպիսով, վերջ ի վերջոյ, մի ամբողջ օրը լրանալուց յետոյ՝ ժամացոյցս հասնում էր մրցանակի սիւնին՝ բոլորովին ճիշդ պայմանաժամին, կարծես թէ մոռանալով իւր բոլոր շեղումները։

Նա ցոյց էր տալիս միջին ժամանակը ուղիղ եւ ոչով չէր կարող յանդիմանել, որ նա աւելի կամ պակաս է բան արել։ Բայց միջին ժամանակի ուղիղ ցոյց տալը կազմում է մի ժամացոյցից պահանջւող առաքինութիւններից ամենափոքրը։

Ես տարի ժամացոյցս մի ուրիշ ժամագործի մօտ։ Նա ասաց, որ գզրոցը փչացած է։ Ես ուրախացայ, իմանալով, որ աւելի մեծ վտանգ չէ վերահասել իմ ժամացոյցին։ Իսկն ասած, ես հասկացողութիւն անգամ չʼունէի թէ ի՞նչ բան է ժամացոյցի «գզրոցը», բայց չէի ուզում տգէտ երեւալ անծանօթի առաջ։ Ժամագործը ուղղեց կոճակը․ բայց ժամացոյցը՝ որչափ դորանից լաւացաւ, այնքան էլ վատացաւ, որովհետեւ փոքր ինչ գնում էր՝ փոքր ինչ կանգնում, յետոյ դարձեալ գնում եւ կանգնում եւ այլ, ինքնահաճ կերպով կարգադրելով իւր գնալու եւ կանգնելու միջոցները։ Ամէն անգամ էլ՝ ճանապարհ ընկնելուց՝ աղմուկով յետ էր տալիս, ինչպէս մի հրացան։ Ստիպւած՝ մի քանի օր ես բամբակի կրծքակալ էի դնում բաճկոնակիս տակը… բայց վերջապէս տարի իմ չարաբաղդ ժամացոյցը մի ուրիշ ժամագործի մօտ։

Սա քանդեց ժամացոյցս։ Երկայն ժամանակ նա խոշորացոյցով քննում էր իւրաքանչիւր մասնիկը եւ վերջումը յայտնեց, որ պէտք է մազը փոխել։ Յետոյ նորից հաւաքեց բոլորը եւ բանի գձեց։ Այժմ ժամացոյցը սկսեց յաջող առաջ գնալ․ միայն ամեն անգամ՝ երբ հասնում էր տասն ժամին առանց տասն րոպէի, սլաքները միմիանց գրկում էին, ինչպէս մկրատի թաթերը, եւ այդ կէտից շարունակում էին իրանց զբօսանքը միասին։ Աշխարհիս ամենափորձառու ծերունին անգամ չէր կարող այդպէս ժամացոյցով որոշել ժամանակը, ուստի ես դարձեալ տարի վարպետի մօտ։

Նոր ժամագործը ինձ ասաց, որ ապակին ճնշում է եւ սլաքը թուլացել է, ուստի պէտք է այդ մասերը փոխւեն։ Նա իսկապէս մեծ ճշտութեամբ կատարեց, ինչ հարկաւոր էր։ Եւ ժամացոյցս յիրաւի բաւական առողջացաւ, միայն մի արատաւորութիւն ունենալով։ Անվրդով եւ բարեխիղճ կերպով ութ ժամ շարունակ շարժւելուց յետոյ, նորա ներքին համակարգութիւնը խանգարւում էր, մեքենան սկսում էր բզզալ մեղրաճանճի նման, ըստ որում սլաքները սկսում էին արագընթաց պտըտել՝ մէկը միւսի ետեւից՝ այնպիսի ուժգնութեամբ, որ նոցա անհատականութիւնը չքանում էր արտաքին տեսքից եւ նոքա երեւում էին ժամացոյցի երեսին, իբրեւ ոստայնի թելեր։

Ժամացոյցը այդպիսի դէպքերում մի վեց֊եօթ րոպէում անում էր քսանչորս ժամւայ գործ եւ յետոյ կանգ էր առնում ուժգին հարւածով։ Տխուր սրտով՝ ես գնացի դարձեալ մի ժամագործի մօտ եւ վճռեցի, որ այս անգամ արդէն մանրամասն հետեւեմ ժամացոյցիս վերայ կատարւող փորձերին եւ կէտ առ կէտ հարց ու փորձ անեմ բոլորի մասին, որովհետեւ, ինչպէս տեսնում էի, ինձ սպառնացող վտանգը շատ լուրջ կերպարանք էր սկսում ստանալ։

Առաջ ժամացոյցս արժէր երկու հազար դօլլար, իսկ զբաղւելով նորան ուղղելու եւ կարկատելու գործով ես կարծեմ ծախք էի արել արդէն երկու երեք հազար դօլլար։

Մինչդեռ ճնշւած այս խորհրդածութիւններից՝ սպասում էի վարպետի վճռին, սկսեցի նկատել, որ ժամագործը ինձ ծանօթ է երեւում։ Միթէ՞ սա իմ վաղեմի ծանօթ՝ շոգենաւի մեքենավարն է, որ ամենեւին հմուտ մասնագէտի անուն չունէր։ Ես դիտում էի, աչքիս չէի հաւատում։ Նա մանրամասնաբարտր զննեց ժամացոյցի կազմութիւնը, ինչպէս արել էին եւ նախորդ վարպետները եւ յետոյ յայտնեց իւր որոշումը նոյն անպայման անձնապաստանութեամբ։

— Ձեր ժամացոյցը, ասաց նա, չափազանց շատ շոգի է արտաբերում․ պէտք է նախապահ լեզւակը փակւի…

Համբերութիւնս այդտեղ հատաւ․ բարկացայ եւ այնպէս սաստիկ վերան յարձակւեցի, որ գլուխը իսպառ ջարդեցի, իրան մեռցրի եւ թաղեցի թշւառականին իմ հաշւով։

______________

Իմ հանգուցեալ հօրեղբայր Ուիլեամը (Աստուած հոգին լուսաւորի) յաճախ ասում էր, որ լաւ ձին մինչեւ այն ժամանակն է լաւ ձի, քանի տնից չէ փախել եւ որ լաւ ժամացոյցն էլ՝ մինչեւ այն ժամանակն է լաւ, քանի չէ ընկել կարկատողների ձեռքը։ Նա առհասարակ զարմանում է, թէ ի՞նչ տեսակ են կարողանում աշխարհումս ապրուստ ճարել բոլոր անյաջող պղնձագործները, զինագործները, կօշկակարները, մեքենագործները, դարբինները, եւ այլն եւ այլն։ Եւ այդ բանի վերաբերմամբ՝ ոչով չէր կարողանում նորան մի կարգին պատասխան տալ։