Վերջին թարմացում 9 Օգոստոսի 2013, 01:50

Լուսաֆոր

Լուսաֆոր

հեղինակ՝ Ֆազիլ Իսկանդեր
թարգմանիչ՝ Ա․ Վարդանյան
աղբյուր՝ անհայտ

Փոքր, խաղալիքի պես հմայիչ հնագույն գերմանական քաղաք։ Մենք՝ ռուսական պատվիրակության մի քանի անդամներս, ուշ գիշերով վերադառնում ենք հյուրանոց։ Չնայած լուսաֆորը ցույց է տալիս, որ չի կարելի անցնել փողոցը, մենք այն անցնում ենք։ Անցնում ենք, քանի որ ոչ մի շարժվող մեքենա չի երեւում։

Երբ մենք այն անցնում էինք, ես լսեցի մի քանի գերմանացիների դժգոհ քրթմնջոց, ովքեր մայթին կանգնած, ի տարբերություն մեզ, սպասում էին կանաչ լույսին։ Եւ չնայած ոչ մի մեքենա չկար, բայց նրանք միեւնույնն է կանգնած սպասում էին։

Ես մտածեցի, որ սա է հենց դեմոկրատիան՝ ամենացածր եւ հավանաբար ամենակարեւոր մակարդակում։ Սա նման է պետության եւ քաղաքացու միջեւ կնքված անխոս պայմանագրի։ Կան բաներ, որոնք քաղաքացին ունակ չէ հսկել, սակայն պետությունը պարտավոր է կատարել դա, եւ կան բաներ, որոնք պետությունը չի կարող հսկել, սակայն քաղաքացին է պարտավոր կատարել։

Քաղաքացիությունը ծխախոտի կոթուկը մինչեւ աղբաման հասցնելն է։ Իսկ պետականությունը այնպես անելն է, որ մինչ հաջորդ աղբաման ընկած ճանապարհը շատ հոգնեցուցիչ չլինի։

Դեմոկրատական պետության քաղաքացին հասկանում է, որ իր իսկ անձնական արժանապատվության համար շահավետ է չսպասել ոստիկանությանը եւ կոթուկը սեփական կամքով աղբաման հասցնել, իսկ դեմոկրատական պետությունը հասկանում է, որ ավելի շահավետ է մի քանի ավել աղբաման տեղադրել, քան շատ ոստիկան։ Դա էլ հենց ժողովրդավարության փոխշահավետ գործելակերպն է։

Բայց ինչպես է այն սկսվու՞մ։ Կարելի է մտածել, որ սա միաժամանակ իրականացվող պրոցես է՝ վերից վար եւ վարից վեր։ Բայց այդպես չէ։ Ամեն ինչ սկսվում է վառ օրինակից։ Պետության մեջ ամենալավ երեւացող կետը, որին բոլորն ուշադիր ետեւում են, դա պետության իշխանությունն է։

Եւ երբ քաղաքացին, նայելով իշխանությանը, ինքն իրեն ասում է․ «Տես է, չեն գողանում։ Տես է, չեն ստում։ Տես է, երեկ սխալվել է, այսօր, այլ ոչ թե տարիներ անց, ընդունում է, որ սխալ է թույլ տվել» հանգում է նաեւ այս եզրակացությանը՝ «Չէ, երեւում է ստիպված եմ կոթուկս աղբաման հասցնել»։