Վերջին թարմացում 23 Հոկտեմբերի 2013, 22:29

Խաղ երեխաների համար

Խաղ երեխաների համար

հեղինակ՝ Վիլիամ Թեն
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Աստղային_կարուսել»

Երբ ցրիչը հասկացավ, որ իրեն փող չեն տա ու չրխկոցով փակեց դուռը, Սեմ Վեբերը որոշեց արկղը մոտեցնել սենյակի միակ լամպին։ Ցրիչը շատ անտարբեր փնչացրեց․ «Չգիտեմ։ Դա մեր գործը չէ, միսթր, մենք միայն տեղ ենք հասցնում»։ Բայց չէ՞ որ պետք է լինի մի որեւէ խելամիտ բացատրություն։

Նախազգացումը չէր խաբում Սեմին։ Արկղը բավականին ծանր էր։ Սեմը, փնթփնթալով, մի քանի մետր առաջ քաշեց։ Հասկանալի չէ, թե ցրիչը ինչպես է այս ծանր բեռը բարձրացրել չորրորդ հարկ։

Նկատելով փայլփլուն բացիկը, որի վրա գրված էր իր անունը, հասցեն եւ «Ուրախ ծնունդ 2153 թվականին» ավանդական մաղթանքը, Սեմը ուղղվեց տեղում եւ հոնքերը խոժոռեց։

Կատա՞կ է։ Նա այդպիսի ծանոթներ չուներ, որոնք սրամտություն կհամարեն այդ տարեթվով շնորհավորանք ուղարկելը։ Չէ որ մինչեւ այդ թիվը դեռ երկու հարյուր տարի կար։ Իսկ գուցե իրավաբանական ինստիտուտի ընկերներից մի որեւէ կատակասեր ցանկացել է իր կարծիքն արտահայտել այն բանի վերաբերյալ, թե Վեբերը երբ պիտի վարի իր առաջին գործըը։ Բայց դե այդ դեպքում էլ…

Տառերը շատ տարօրինակ էին՝ ինչ֊որ կանաչ խզբզանք գծերի փոխարեն։ Իսկ բացիկը ամբողջովին ոսկուց էր։ Հետաքրքրասիրությունը համակեց Սեմին։ Նա պոկեց բացիկը, ապա բարակ թուղթը, որով փաթաթված էր արկղը, եւ քարացավ զարմանքից։ Հետո կամացուկ սուլեց եւ ջղաձգորեն կուլ տվեց թուքը։

«Սա ի՞նչ է։ Ցնդե՜լ կարելի է»։

Արկղը ոչ կափարիչ ուներ, ոչ էլ բռնակներ։ Նրա մակերեսին ոչ մի ճեղք չկար։ Դա միասեռ ինչ֊որ դարչնագույն նյութից պատրաստված խորանարդ էր։ Բայց երբ Սեմը այն շարժում էր, ներսում ինչ֊որ բան էր զնգզնգում։

Փնչացնելով ու տնքտնքալով, Սեմը արկղը բարձրացրեց հատակից։ Արկղի հակառակ կողմն էլ լրիվ հարթ էր, նույնպես առանց որեւէ ճեղքի։ Սեմը զրխկոցով արկղը դրեց հատակին։

— Լավ,— փիլիսոփայաբար նկատեց նա,— ի վերջո հարցը նվերը չէ, այլ սկզբունքը։

Ու հիշեց, որ պետք է նամակներ գրի։ Նա դեռ շնորհակալություն չէր հայտնել ծննդյան տոներին ստացած նվերների համար։ Հարկավոր է մի որեւէ հատուկ բան հնարել մորաքույր Մեգիի համար։ Նրա ուղարկած փողկապները իսկը աբստրակցիոնիստական մղձավանջ էին, բայց դե ինքը մի թաշկինակ էլ չէր ուղարկել նրան։ Բոլոր փողերը մինչեւ վերջին ցենտը խժռեց Թինայի զարդը։ Ճիշտ է, զարդը մատանի չէ, բայց դե Թինան գուցե հաշվի կառնի հանգամանքները…

Սեմը մոտեցավ մահճակալին, որը միաժամանակ ծառայում էր եւ որպես սեղան, եւ որպես աթոռ։ Արկղի կողքով անցնելիս ոտքով խփեց եւ փնթփնթաց, «Թող այդպես լինի, չես ուզում բացվել՝ մի բացվիր»։

Հանելուկային խորանարդը նրա հարվածից ասես քնքշացած՝ բացվեց։ Սկզբում մի ճեղք գոյացավ, հետո դա արագորեն լայնացավ, ու կափարիչը ետ գնաց երկու կողմի վրա, ինչպես ուղեպայուսակն է բացվում։ Սեմը ձեռքով խփեց ճակատին ու հիշեց բոլոր աստվածներին, սկսած եգիպտական Սեթից մինչեւ երկնային հայրը։ Հետո հիշեց իր վերջին բառերը։

— Փակվի՛ր,— ասաց նա։

Արկղը հնազանդորեն փակվեց եւ դարձավ նորածնի մաշկի պես հարթ։

— Բացվի՛ր։— Արկղը բացվեց։

Վատ ներկայացում չէ, մտածեց Սեմը։ Նա կռացավ եւ սկսեց նայել արկղի պարունակությունը։

Ներսում Սեմը տեսավ փոքրիկ դարակների լաբիրինթոս։ Այնտեղ դրված էին կապույտ հեղուկով սրվակներ, կարմիր փոշիով բանկաներ, դեղին, կանաչ, նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն եւ այլ գույների մածուկներով թափանցիկ պարկուճներ։ Սեմը նույնիսկ չէր կարող հիշել այդ բոլոր գույների անունները։ Արկղի հատակին դրված էին յոթ տարօրինակ սարքեր, որոնց տեսքն այնպիսին էր, կարծես դրանք հավաքել էր լամպերի վրա խելագարված ռադիոսիրողը։ Եվ ի լրումն ամենի՝ արկղի մեջ մի գիրք կար։

Սեմը ձեռքը վերցրեց այդ գիրքը եւ զարմանքով նկատեց, որ թեեւ էջերը մետաղից էին, բայց գիրքը բոլորովին ծանր չէր, համենայն դեպս ավելի թեթեւ էր, քան մինչ այդ իր տեսած գրքերից որեւէ մեկը։ Նա նստեց մահճակալին, աղմուկով օդ ներշնչեց եւ բացեց առաջին էջը։

— Ա՜յ քեզ բան,— ասաց նա եւ ինչքան ուժ ուներ արտաշնչեց օդը։ Կանաչ տառերը ծռմռվում էին խելացնոր գալարներով։

«Սարքիր մարդ», հավաքածու № 3։
Այս հավածուն նախատեսված է 11—13 տարեկան երեխաների համար։ Սարքավորումն ավելի բարդ է քան «Սարքիր մարդ» №1 եւ №2 հավաքածուների սարքավորումը, եւ տվյալ տարիքային խմբի երեխային թույլ կտա հավաքել գործով տարիքավոր մարդ։ Ետ մնացող պատանիները կարող են հավաքել նաեւ փոքր երեխա ու կենդանի մանեկեն՝ նախորդ համարների հավաքածուների օգնությամբ։ Կան երկու դեզասաբլյատոր, այնպես որ նյութը կարելի է նորից օգտագործել։ Ինչպես №1 եւ №2 հավաքածուների դեպքում, քանդումը հանձնարարվում է կատարել Ցենզի Պահապանի ներկայությամբ։ Լրացուցիչ ռեակտիվները եւ պահեստամասերը կարելի է ստանալ «Սարքիր մարդ» ընկերությունից, №298, Անկյունագծի մակարդակ, Գլենթ֊Սիթի, Օհայո։ Հիեշք՝ միայն «Սարքիր մարդ» հավաքածուի օգնությամբ դուք կկարողանաք մարդ սարքել»։

Սեմն աչքերը կկոցեց։ Ինչ հիմար տրյուկներ տեսավ երեկ կինոյում։ Աներեւակայելի տխմարություն։ Ամբողջ ֆիլմն էր զզվելի։ Միայն գույներն էին լավ։ Հետաքրքիր է, թե այդպիսի ֆիլմի պրոդյուսեր շաբաթական որքա՞ն է վաստակում։ Իսկ օպերատո՞րը։ Հինգ հարյո՞ւր։ Հազա՞ր։

Նա կամացուկ բացեց աչքերը։ Արկղը դարձյալ սենյակի մեջտեղում էր։ Գիրքն էլ չէր չքվել։ Եվ առաջին էջում նա նորից կարդաց․ «Հիշեցեք, միայն «Սարքիր մարդ» հավաքածուի օգնությամբ դուք կկարողանաք մարդ սարքել»։

Հաջորդ էջը գրավում էր «լրացուցիչ ռեակտիվների եւ պահեստամասերի» գնացուցակը։ Մեկ լիտր հեմոգլոբինի, էնզիմների հավաքածուի երեք գրամի գները եւ նման այլ բաները խիստ տարօրինակ էին՝ մեկ սլանկ հիսուն կամ երեք սլանկ քառասունհինգ։ Էջի վերջում ռեկլամվում էր №4 հավաքածուն։ «Դուք անասելի հաճույք կստանաք, երբ կառուցեք ձեր առաջին կենդանի մարսեցուն»։ Մանր տառերով գրված էր․ «2148 թվականի պատենտ»։

Երրորդ էջում՝ գրքի բովանդակությունն էր։ Սեմը քրտնած ձեռքով ամուր բռնեց ներքնակից ու կարդաց․

Գլուխ 1․ Մանկական բիոքիմիական այգի։

Գլուխ 2․ Պարզագույն կենդանի իրերը տանը եւ դրսում։

Գլուխ 3․ Կենդանի մանեկենները եւ ինչպես են նրանք աշխատում մարդկության համար։

Գլուխ 4․ Երեխաները եւ մյուս փոքրիկ մարդուկները։

Գլուխ 5․ Երկվորյակները՝ կյանքի զանազան դեպքերի համար։ Պատճենահանեք ձեզ եւ ձեր ընկերներին։

Գլուխ 6․ Ի՞նչ է հարկավոր մարդ սարքելու համար։

Գլուխ 7․ Մարդու հավաքումը։

Գլուխ 8․ Մարդու քանդումը։

Գլուխ 9․ Կյանքի նոր ձեւեր ժամանցի համար։

Սեմը նորից արկղի մեջ դրեց գիրքը եւ նետվեց դեպի հայելին։ Նրա դեմքը բոլովորին չէր փոխվել։ Ճիշտ է, կավճից էլ սպիտակ էր, բայց դիմագծերը նույնն էին մնացել։ Նա չէր երկատվել, մանեկեն չէր դարձել, կյանքի նոր ձեւեր չէր սարքել ժամանցի համար։ Այդ տեսակետից ամեն ինչ կարգին էր։

Մի քիչ հանգստանալուց հետո Սեմը վերստացավ դեմքի նախկին արտահայտությունը, թե չէ աչքերը քիչ էր մնում դուրս պրծնեին ակնակապիճներից։

«Սիրելի Մեգի մորաքույր,— տենդագին սկսեց գրել նա,— ձեր փողկապները ամենալավն են ծննդյան տոների առթիվ իմ ստացած նվերների մեջ։ Ափսոս, որ…»

… Ափսոս, որ ես մի գրոշ էլ չունեմ ծննդյան նվեր գնելու համար… բայց ում մտքին է փչել այդպիսի աներեւակայելի ջանքեր թափել նման բան ստեղծելու համար։ Լյու Նայթի՞։ Բայց նույնիսկ Լյուն իր ողջ չորությամբ հանդերձ պետք է, որ հարգանքի զգացում ունենար տոնի նկատմամբ։ Եվ հետո հազիվ թե Լյուի խելքն ու համբերությունը բավականացնեին այդպիսի դժվար գործի համար։

Թինա՞ն։ Ճիշտ է, նա բարդություններ առաջացնելու հատուկ տաղանդ ունի։ Ու թեեւ Թինան լրիվ օժտված է բոլոր մյուս ֆիզիկական ու բարոյական հատկություններով, բայց գրեթե զուրկ է հումորի զգացումից։

Սեմը գետնից վերցրեց թուղթը, որով փաթաթված էր արկղը եւ ձեռքով հարթեցրեց։ Նրան թվաց, թե թղթի վրա դեռ պահպանվել է Թինայի օծանելիքի բույրը, եւ աշխարհում նորից ամեն ինչ ընկավ իր տեղը։

Հատակին ընկած է մի փայլուն մետաղե թիթեղիկ։

Գուցե հակառակ երեսին գրվա՞ծ է արկղն ուղարկողի հասցեն։

Սեմը վերցրեց այն։ Ոչինչ չկար․ միայն հարթ ոսկյա մակերես։ Իսկական ոսկի։ Դրանում Սեմը չէր կասկածում․ նրա հայրը ոսկերիչ էր։ Հենց միայն թիթեղիկի արժեքը բացառում էր ամեն մի կատակ։ Եվ հետո, սա ի՞նչ կատակի բան է։

«Ուրախ ծնունդ 2153 թվականին…»

Ինչի՞ կհասնի մարդկությունը 200 տարի հետո։ Ճանապարհ կհարթի դեպի աստղերը կամ ավելի հեռու, հետապնդելով ինչ֊ինչ աներեւակայելի նպատակներ։ Մեքենաների եւ ռոբոտներիր փոխարեն կօգտագործի փոքրիկ կենդանի մանեկենների։ Երեխաների համար խաղեր կսարքի…

Իսկ գուցե արկղի մեջ մի ուրիշ բացիկ էլ կա։ Սեմը որոշեց թափել արկղի ողջ պարունակությունը, բայց հայացքն ընկավ մի խոշոր մոխրագույն բանկայի, որի վրա գրված էր․ «Հեղուկազրկված ներվային հյուսվածք։ Միայն մարդ պատրաստելու համար»։

Նա թափով ես քաշվեց ու գոռաց․ «Փակվի՛ր։ Ու նորից նրա առջեւ հարթ մակերես էր։ Սեմը թեթեւացած շունչ քաշեց եւ որոշեց քնել։

Շորերը հանելիս ափսոսանքով մտածեց, որ գլխի չնկավ ցրիչից իմանալ իրենց ֆիրմայի անունը։ Գուցե դա կօգներ պարզել կասկածելի նվերի ծագումը։


Հաջորդ առավոտյան, երբ Լյու Նայթը գրասենյակ խուժեց իր սովորական «Բարի լույս, կոլեգաներ» ողջույնով, Սեմը սպասում էր, որ Լյուն ուր որ է կփորձի իրեն խայթել։ Հազիվ թե Լյուի նման մարդը կարողանար իրեն զսպել ու ակնարկներ չանել։ Բայց Լյուն քիթը մտցրեց «Նյու Յորք նահանգի օրենքների ժողովածուի լրացումների» մեջ եւ այդպես նստեց ամբողջ առավոտյան։ Ընդհանուր գրասենյակի մյուս համատերերը՝ հինգ ջահել օրենսգետները, կամ շատ ընկճված էին թվում, կամ չափազանց զբաղված։ Ոչ խորամանկ ժպիտներ կային, ոչ հեգնալից հայացքներ, ոչ էլ գլխի գցող հարցեր։

Ուղիղ ժամը տասին հայտնվեց Թինան։ Նա հիշեցնում էր ռեկլամի վրա նկարված աղջկա, միայն թե՝ հագուստով։

— Բարի առավոտ, — ասաց նա։

Ամեն մեկը նրան պատասխանեց իր տրամադրությանը համապատասխան՝ մեկը ժպիտով, մյուսը՝ փնթփնթոցով, երրորդը՝ գլխի շարժումով։ Լյու Նայթը փնթփնթաց։ Սեմ Վեբերը ժպտաց։

Սանրելով մազերը, Թինան մեկ րոպեում հասցրեց հասկանալ եւ գնահատել իրադրությունը։ Վերջապես, վճիռն ընդունվեց, եւ, արմունկները դնելով Լյու Նայթի սեղանին, Թինան հարցրեց, թե ինչ կարող է անել հիմա նրա համար։ Սեմը ցուցադրաբար խորասուզվեց Հաքլեուորթի «Խարդախությունների մասին» աշխատության մեջ։ Թինայի ծառայությունների համար վճարում էին բոլոր յոթ հոգին էլ։ Նա տեսականորեն կատարում էր քարտուղարուհու, հեռախոսավարուհու, մեքենագրուհու պարտականությունները, ինչպես նաեւ ընդունում էր այցելուներին։ Գործնականում՝ ամենաբարեխիղճ աշխատելու դեպքում էլ նա օրական մեքենագրում կամ ուղարկում էր երկու֊երեք պատահական նամակից ոչ ավելի։ Շաբաթը մեկ անգամ կարող էր եւ մի լուրջ նամակ լինել, որն, ի դեպ, չէր պահանջում հատուկ իրավաբանական գիտելիքներ։ Դրա համար Թինան իր սեղանի դարակներից մեկում ուներ մոդայիկ հանդեսների բավական լավ գրադարան, իսկ մյուս երկուսում՝ կոսմետիկայի լաբորատորիա։ Աշխատանքային ժամանակի մեկ երրորդ մասը նա անց էր կացնում կանանց սենյակում, մյուս քարտուղարուհիների հետ քննարկելով գուլպաների գներն ու դրանք ձեռք բերելու եղանակները։ Մնացած ժամանակը նվիրված ծառայում էր իրեն վարձողներից նրան, ով տվյալ պահին, ըստ իր կարծիքի, ամենից շատ էր զգում իր օգնության կարիքը։ Նրա աշխատավարձը համեստ էր, բայց կյանքը՝ լեցուն էր։

Միայն արդեն լենչից առաջ, երբ բաժանում էր առավոտյան փոստը, նա մոտեցավ Սեմին։

— Այսօր առավոտյան ոնց որ մենք այնքան էլ զբաղված չէինք, միսթր Վեբեր…— սկսեց նա։

— Դա ձեզ թվացել է միայն, միսս Հիլլ,— առարկեց նա փոքր֊ինչ նեղացած, ենթադրելով, թե դա իրեն սազում է։— Ես սպասում էի, որ դուք կվերջացնեք ձեր բարձրաշխարհիկ գործերը, որպեսզի մենք կարողանանք իջնել այն մակարդակին, որը որոշ դեպքերում կոչվում է աշխատանք։

Թինան զարմացած էր այն կատվիկի պես, որին քշում են բարձի վրայից։

— Բայց չէ որ այսօր երկուշաբթի չէ, «Սոմերսեթը եւ Օջեքը» միայն երկուշաբթի օրն են փաստաթղթեր ուղարկում ձեզ։

Սեմը կնճռոտվեց այդ հիշատակումից, որ եթե չլիներ «Սոմերսեթ եւ Օջեք» ֆիրմայի համար շաբաթը մեկ թղթեր ձեւակերպելու զուտ մեխանիկական աշխատանքը, ապա ինքը միայն անունով կլիներ իրավաբան։

— Ես պետք է նամակ թելադրեմ, միսս Հիլլ,— չոր ասաց նա։— Երբ դուք ամեն ինչ կպատրատսեք, մենք կսկսենք։

Թինան իսկույնեւեթ զինվեց սղագրական բլոկնոտով ու մատիտներով։

— Սովորական վերնագիր, այսօրվա ամսաթիվ,— սկսեց Սեմը։— Հասցեագրեք Առեւտրի պալատին, Գլենթ֊Սիթի, Օհայո։ Գրեք։

«Ջենթլմեններ։ Խնդրում եմ տեղեկացնել ինձ, արդյոք վերջերս ձեզ մոտ չի՞ գրանցվել «Մարդ սարքիր» անունով կամ համանման որեւէ անունով մի որեւէ ընկերություն։ Ես նաեւ կցանկանայի իմանալ, թե վերոհիշյալ անունով կամ համանման անունով ընկերությունը ձեզ չի՞ հայտնել մեր օկրուգում հիմնավորվելու իր մտադության մասին։ Այս հարցումը կատարվում է ոչ պաշտոնական, մի հաճախորդի խնդրանքով, որը հետաքրքրվում է վերոհիշյալ ընկերության արտադրանքով եւ որի հասցեն իմ հաճախորդը կորցրել է»։

Ստորագրություն եւ ապա ետգրություն․

«Բացի այդ, իմ հաճախորդը հետաքրքրվում է այն շրջանի առեւտրական հեռանկարների վերաբերյալ տեղեկություններով, որին պատկանում է «Անկյունագծային ավենյու» կամ «Անկյունագծային մակարդակ» անունը կրող փողոցը։ Այս շրջանի եւ ներկայումս այնտեղ տեղավորված ընկերությունների վերաբերյալ բոլոր տեղեկությունները կընդունվեն երախտագիտությամբ»։

Թինան նրա վրա հառեց լայն բացված կապույն աչքերը։

— Օ՜, Սեմ,— շշնջաց նա, անտեսելով նրա պաշտոնական տոնը։— Օ, Սեմ, դուք երկրորդ հաճախո՞րդն եք ձեռք բերել։ Ես շատ ուրախ եմ։ Ճիշտ է, նա մի քիչ դժնի տեսք ուներ, բայց այնպիսի արժանապատվությամբ էր իրեն պահում, որ ես համոզված էի, թե…

— Ո՞վ։ Ո՞վ դժնի տեսք ուներ։

— Դե ձեր նոր հաճախորդը…

— Սեմը տհաճություն զգաց, որ խոսքի վերջում նա ուզում էր ավելածնել՝ հի֊մարիկ։

— Երբ առավոտյան եկա, նախասրահում տնկվել էր մի տարօրինակ բարձրահասակ ծերուկ՝ երկար սեւ վերարկուով եւ խոսում էր վերելակապանի հետ։ Նա դարձավ իմ կողմը (ես նկատի ունեմ վերելակապանին) ու ասաց․ «Սա միսթր Վեբերի քարտուղարուհին է, նա կարող է ձեզ հետաքրքրող բոլոր բաները ասել»։ Հետո նա մի քիչ տարօրինակ ձեւով աչքով արեց ինձ։ Դա այնքան էլ պատշաճ չէր այդ պայմաններում։ Ծերուկը հայացքը հառեց վրաս, եւ ես շատ վատ զգացի, իսկ նա քթի տակ մռթմռթաց… «Կամ ցնդած են, կամ գիշատիչ։ Մեկը չկա նորմալ։ Մեկը չկա հավասարակշռված»։ Եվ գնաց։ Իսկական ջենթլմենը այդպիսի բան չէր անի։ Դուք պիտի դա իմանաք, եթե նա ձեր հաճախորդն է։

Թինան ես ընկավ աթոռի թիկնակին ու շունչ քաշեց։

Երկար, սեւ վերարկուով, բարձրահասակ, դժնի ծերուկ, որը վերելակապանին հարցուփորձ է անում Սեմի մասի՞ն։

Դժվար թե դա լուրջ բան լինի։ Ինքը ոչ մի բանի մեջ չի խառնված։ Բայց գուցե այստեղ մի կապ կա արտառոց ծննդյան նվերի հետ։ Այստեղ մտածելու բան կա։

— Մեր տունը հյուր է եկել սիրելի մորաքույրս, ես արդեն ասել եմ ձեզ,— շարունակում էր Թինան,— ու այնքան անսպասելի եկավ…

Աղջիկն ինչ֊որ բան էր բացատրում ծննդյան երեկոյի մասին։ Ու երբ նա թեքվեց իր կողմը, Սեմը քնքշանքի հորդում զգաց իր մեջ։

— Մի անհանգստացեք,— ասաց նա։— Ես գիտեմ, դուք այնպիսի բան չէիք անի, որ մեր ժամադրությունը չկայանար։ Ես մի քիչ տխրեցի, երբ զանգահարեցիք, բայց դե հաշտվեցի այդ մտքի հետ, չէ որ ես հայտնի եմ որպես Սեմ, որը երբեք չի բարկանում գեղեցիկ աղջիկների վրա։ Իսկ ի՞նչ կասեք լենչի մասին։

— Լենչի՞,— նա անհանգստացավ։— Ես խոստացել եմ Լյուին, այսինքն միսթր Նայթին… Բայց նա դեմ չի լինի, որ դուք էլ գաք։

— Դե լավ։ Գնացինք։

Այ սա լավ եղղավ, Լյուի քիթը կտրորվի։

«Մեծ խմբով» ճաշելու հեռանկարը հիմնավորապես փչացրեց Նյու Նայթի տրամադրությունը, ինչը որ, իսկապես ասած, հենց ուզում էր անել Սեմը։ Դժբախտաբար, Լյուն ռեվանշ վերցրեց։ Նա զարմանալի պերճախոսությամբ նկարագրեց իրեն հանձնարարված գործի մանրամասները, պարծեցավ սպասվող հոնորարներով, չմոռանալով հիշատակել նաեւ մոտալուտ փառքի մասին։ Սեմը մի երկու փորձ արեց խոսելու հետաքրքիր կտակի մասին, որը նա ձեւակերպում էր «Սոմերսեթ եւ Օջեք» ընկերության համար, եւ իր սպասելիքներից խաբված՝ ընկղմվեց մտքերի մեջ։ Լյուն, օգտվելով նրա կապիտուլյացիայից, անմիջապես դադարեց խոսել «Ռոզենտալը Ռոզենտալի դեմ» գործի վերաբերյալ ու սկսեց սիրաշահել Թինային։

Փողոցում ձյունը վեր էր ածվել ջրիկ ցեխի։ Շատ խանութներում արդեն զարդարում էին ծննդյան ցուցափեղկերը։ Սեմի աչքովն ընկան մանկական կոնստրուկտորական հավաքածուները, որոնք փաթափված էին ոսկե եւ արծաթե թելերով ու ծածըված էին փայլփլուն արհեստական ձյունով։ «Սարքիր ռադիո», «Սարքիր երւնաքեր», «Սարքիր օդանավ»… Բայց «Միայն սարքիր մարդ» հավաքածուի օգնությամբ, դուք կարող եք…»։

— Ես տուն եմ գնում,— հանկարծ ասաց Սեմը։— Մի գործ հիշեցի։ Եթե որեւէ մեկը գա, զանգահարեք ինձ։

«Լյուն հաղթող մնաց ճակատամարտի ժաշտում»,— ասաց նա ինքն իրեն, տեղ զբաղեցնելով մետրոյի վագոնում։ Սակայն դառն ճշմարտությունն այն էր, որ ճակատամարտը տանուլ էր տված անկախ այն բանից, թե որտեղ էր գտնվում Սեմը։

Դեռեւս իրավաբանական ինստիտուտում ասում էին, որ Լյուի ձեռքից պրծում չկա։ Այն օրից, երբ Լյուն նկատեց, որ Թինայի հագուստները լցնող սուբստանցիան համաչափ ձեւեր ունի, Սեմի հաղթանակի շանսերը հավասարվեցին Նոքս բերդի ոսկե գանձարաններում պահվող երկաթի կտորի արժեքին։

Սեմի նվիրած կրծքազարդը Թինան այսօր չէր կպցրել։ Դրա փոխարեն նրա աջ ձեռքի ճկույթին հայտնվել էր բավական անճաշակ մատանի։

«Ոմանք շահում են, ոմանք էլ՝ տարվում,— փիլիսոփայում էր Սեմը։— Ես չշահեցի»։

Բայց որքան հաճելի կլիներ Թինային «շահելը»։

Իր սենյակի դուռը բացելով, Սեմը զարմացավ, որ անկողինը չի հավաքված։ Ուրեմն, աղախինը չի եկել։ Առաջ այդպիսի բան չէր լինում… Դե, իհարկե։ Չէ որ ինքը առաջ երբեք դուռը բանալիով չէր փակում։ Աղջիկը երեւի մտածել է, թե Սեմը չի ուզում, որ իր սենյակը մտնեն։ Իսկ գուցե իսկապես ինքը չի ուզում։

Մահճակալի թիկնակին լպիրշ անամոթությամբ ծիածանի բոլոր գույներով երփներանգում էին մորաքույր Մեգիի նվիրած փողկապները։ Հանելով վերարկուն եւ գլխարկը, Սեմը դրանք նետեց զգեգստապահարանի մեջ։ Հետո մոտեցավ լվացարանին եւ երկար լվաց ձեռքերը։ Հետո թափով շրջվեց։ Ոչինչ չէր փոխվել։ Շագանակագույն խոշոր խորանարդը, որին նա շարունակ խեթ֊խեթ էր նայում, կանգնած էր նույն տեղում եւ, անկասկած, պարունակում էր նույն արտառոց հավաքածուն, որն այդպես ցնցել էր նրա երեւակայությունը։

— Բացվի՛ր,— ասաց Սեմը։ Եվ արկղը բացվեց։

Ցանկի վրա բացված գիրքը առաջվա պես ընկած էր արկղի մեջ։ Նրա ծայրը մտել էր տարօրինակ սարքերից մեկի խցիկը։ Սեմը զգուշորեն արկղից հանեց եւ մեկը, եւ մյուսը, ընդսմին նկատելով, որ սարքը բաղկացած է հիմնականում ինչ֊որ օկուլյարներից, որոնք ամրացված են կանաչ տափակ թիթեղի վրա շարված եւ իրար հյուսված խողովակներով ու զսպանակներով։ Նա շրջեց սարքը։ Թիթեղի ներքեւի կողմի վրա նույնպես տարօրինակ տառերով, ինչպիսիք գրքի տառերն էին, գրված էր․ «Էլեկտրոնային մանրադիտակի եւ աշխատասեղանի կոմպլեկտ»։

Սեմը մեծ զգուշությամբ ապարատը դրեց հատակին, ապա իրար հետեւից արկղից հանեց մյուս բոլոր սարքերը՝ «Մանկական բիոկալիբրատորից» մինչեւ «Ջիֆֆիի վիտալիզերը»։ Հետո խնամքով հինգ շարքով շարեց ավիշով գույնզգույն սրվակները եւ ամեն տեսակ կոճիկներով բանկաները։ Պարզվեց, որ արկղի պատերը ներսից սարքված են տարբեր կոնֆիգուրացիայի զարմանալիորեն բարակ թերթերից։ Բավական էր մի փոքր սեղմել այդ թերթերի եզրերը, եւ դրանք դառնում էին մարդու օրգանիզմի եռաչափ մոդելներ, որոնց ուրվագծերը եւ մեծությունը կարելի էր փոխել՝ մակերեսի ցանկացած մասը ձգելով։ Պարզ էր, որ դրանք մարմնի մասերի ձեւեր էին։ Լավ ասորտիմեն է։ Եթե այս ամենը որեւէ չափով առնչվում է գիտության հետ, ապա արկղը հսկայական արժեք կարող է ներկայացնել։ Կամ էլ ծառայել որպես բավական օգտակար ռեկլամ։ Կա էլ…

Եթե այս ամենը գոնե որեւէ չափով առնչվում է գիտության հետ…

Նա նստեց մահճակալին եւ բացեց գրքի «Մանկական բիոքիմիական այգի» գլուխը։

Եկերոյան ժամը իննին նա պպզեց «Էլեկտրոնային մանրադիտակ եւ աշխատասեղան» կոմպլեկտի առջեւ ու սկսեց բացել փոքրիկ շշերը։ Ինն անց քառասունվեց րոպեին Սեմ Վեբերը առաջին անգամ «սարքեց» պարզագույն կենդանի օրգանիզմ։

Իհարկե, դա մեծ բան չէր, եթե համեմատենք առաջին Գիրք եղելոցի հետ։ Պարզագույն դարչնավուն բորբոս, որը մանրադիտակի տեսադաշտում սողալով տարածվեց կարկանդակի կտորի վրա, տվեց մի քանի սպոր եւ քսան րոպե հետո դադարեց գոյություն ունենալ։ Բայց չէ որ նրան սարքել էր Սեմը։ Նա ստեղծել էր կյանքի հատուկ ձեւ, որը ընդունակ էր սնվելու միայն հենց այդ կարկանդակի բաղադրամասերով։ Ուրիշ ոչ մի բանով նա չէր կարող սնվել։

Սեմը հաստատ որոշեց հարբել եւ գնաց ընթրելու։ Բայց մի երկու կումից հետո նա վերստացավ աստվածային հզորության զգացումը եւ վազելով ետ եկավ իր սենյակը։

Հիացմունքի զգացողությունը, որ համակել էր նրան դարչնագույն բորբոսի ստեղծումից հետո, այդ երեկո այլեւս չկրկնվեց, չնայած նա սարքեց վիթխարի սպիտակուցային մոլեկուլ եւ զտվող վիրուսների մի ամբողջ ընտանիք։

Առավոտյան Սեմը գրասենյակ զանգահարեց փոքրիկ խորտկարանից, որտեղ նա սովորաբար նախաճաշում էր։

— Այսօր ամբողջ օրը ես տանը կլինեմ,— հաղորդեց նա Թինային։

Աղջիկը զարմանք արտահայտեց, ինչպես եւ Լյու Նայթը, որը նրա ձեռքից վերցրեց լսափողը։

— Հը, կոլեգա, հարեւաններիդ մեջ հո հաճախորդներ չե՞ս գտել։ Խղճուկ Բլեքսթոունը[1] առանց գործ է մնացել։ Արդեն շտապ օգնության երկու մեքենա են ուղարկել նրա մոտ։

— Լավ,— ասաց Սեմը,— ես ինքս նրա հետ կբացատրվեմ, երբ երեւա ինձ մոտ։

Շաբաթն արդեն վերջանում էր, դրա համար էլ նա որոշեց հաջորդ օրն էլ մնալ տանը։ Նա գիտեր, որ մինչեւ երկուշաբթի, երբ «Սոմերսեթ եւ Օջեքըց զամբյու կգցեն նրա միակ ձուն, միեւնույն է, ինքը ոչ մի իսկական գործ էլ չի ունենա։

Վերադառնալով տուն, Սեմը մանրէաբանության մասին գիրք գնեց։ Շատ զվարճալի բան էր միաբջիջ օրգանիզմներ ստեղծելն ու կատարելագործելը, որոնց տեղի մասին դասակարգման համակարգում երկար ու ձանձրալի գիտական վեճեր են գնում։

Իհարկե, «Սարքիր մարդ»֊ի ուղեցույցը տալիս էր միայն մի քանի օրինակներ եւ ընդհանուր կանոններ, սակայն մանրամասն նկարագրություններ քաղելով մանրէաբանության դասընթացից, Սեմն իրեն զգում էր դրության տերը։

Նա բացում էր աշխարհի գաղտնիքները, ինչպես բացում են ոստրները։

Ի դեպ, այդ համեմատությունը նրան հուշեց մի քանի ոստրե սարքել։ Ճիշտ է, խեցիներն այնքան էլ ամուր չէին ստացվում, եւ Սեմն ինքը չէր խիզախում տեսնել դրանց համը, բայց դրանք, անկասկած, երկխեցիների դասին էին պատկանում։ Եթե հաջողվեր կատարելագործել նրանց պատրաստման տեխնիկան, սնվելու պրոբլեմը վերջնականապես կլուծվեր։

Ուղեցույցը գրված էր պարզ ու հստակ, ուներ հրաշալի իլյուստրացիաներ, որոնք դառնում էին եռաչափ, հենց որ բացում էիր հարկ եղած էջը։ Շատ քիչ բան էր նախապես հայտնի համարվում, ավելի բարդ բացատրությունները հաջորդում էին պարզերին։ Միայն հարակից դիտողություններն էին ոչ միշտ հասկանալի։ «Այս մեթոդը կիրառվում է ֆանֆոնպլինկյան խաղալիքներում…», «Երբ հաջորդ անգամ ձեր ատամները կիոկեկլիրացնեն կամ դեմորտոնացնեն, մտածեք բակտերիում ցիանոգենումի եւ այն համեստ դերի մասին, որ նա խաղում է…», «Եթե դուք տանը ունեք ռուբիկուլյար մանեկեն, կարող եք բաց թողնել մանեկենների վերաբերյալ գլուխը» եւ այլն, եւ այլն։

Այն բանից հետո, երբ թռուցիկ զննումը Սեմին համոզեց, որ իր սենյակի իրերից ոչ մեկը նույնիսկ հեռավոր նմանություն չունի ռուբիկուլյար մանեկենի հետ, իրեն իրավունք վերապահեց նայել մանեկենների վերաբերյալ գլուխը։

Այն զգացումները, որ ունենում է իր տղայի խաղալիք գնացքով խաղացող հայրը, արդեն անցած էտապ էին Սեմի համար։ Նա արդեն արել էր ավելին, քան աշխարհի ամենահռչակավոր կենսաբանները կարող էին երազել մոտակա տասնամյակների ընթացքում։ Էլ ի՞նչ էր սպասում նրան առջեւում։ Ի՞նչ հեռանկարներ են բացվելու։

«Երբեք մի մոռացեք, որ մանեկենները պատրաստվում են միայն մեկ, գեթ միայն մեկ նպատակի համար»։

«Ես չեմ մոռանա»,— մտքում խոստացավ Սեմը։

«Դրանք կլինեն սանիտար֊մանեկեն, ձեւարար֊մանեկեն, մեքենագրուհի֊մանեկեն կամ թե նույնիսկ հուշանվեր֊մանեկեն, կառուցելիս պետք է նկատի ունենալ միայն մեկ որոշակի գործողություն կամ մեկ առաջադրված պրոցես։ Եթե դուք պատրաստվում եք մեկից ավելի գործողություն կատարելու ընդունակ մանեկեն, ապա գործում եք այնպիսի լուրջ հանցանք, որը պատժվում է հրապարակային պարսավանքով…»

«Տարօրինակ մանեկեն պատրաստելու համար…»

Դա շատ դժվար գործ էր։ Երեք անգամ նա քանդեց իր ստեղծած այլանդակին եւ նորից սկսեց։ Միայն կիրակի առավոտյան մանեկենը պատրաստ էր, կամ, ավելի ճիշտ ասած՝ լրիվ պատրաստ չէր։

Նա ուներ շատ երկար, իրար անհավասար ձեռքեր, դեմքի նշաններից զուրկ գլուխ եւ իրան։ Ոտքեր ընդհանրապես չկային։

Ոչ աչք կար, ոչ ականջ։ Մանեկենը պառկած էր մահճակալին եւ փնչացնում էր բերանի վարդագույն ճեղքով, որը պետք էր ծառայեր եւ սննդի ընդունման, եւ արտաթորությունների համար։ Նա դանդաղ թափահարում էր երկար ձերքերը, որոնք նախատեսված էին մեն֊միակ, դեռեւս չորոշված գործողության համար։

Նայելով նրան, Սեմը մտածեց, որ երբեմն կյանքը կարող է նույնքան զզվելի լինել, որքան աղբահորը ամռան շոգ օրը։ Մանեկենը պետք էր քանդել, բայց նա չափազանց մեծ էր փոքրիկ դեզասսամլիյատորի համար, որի օգնությամբ Սեմը մինչ այդ քանդում էր ոստրերին եւ իր մյուս պստլիկ արարածներին։ Իսկ մեծ դեզասամբլյատորի վրա կար վառ նարնջագույն մակագրություն․ «Օգտագործել միայն Ցենզի Պահապանի անմիջական հսկողության տակ։ Օգտվեք Ա—76 բանաձեւից կամ Ձեր իդը պակաս կայուն դարձրեք»։

«Ա—76 բանաձեւ» արտահայտությունը ավելի շատ ասոցիացիա չառաջացրեց, քան «սունեվիարային» բառը, եւ Սեմը որոշեց, որ իր «իդը» առանց այն էլ բավականաչափ անկայուն է, եւ դրանից ավելին՝ հնարավոր չէ։ Ստիպված է գործել առանց Ցենզի Պահապանի։ Պետք է ենթադրել, որ մեծ դեզասսամբլյատորի գործողությունը հիմնված է նույն սկզբունքների վրա, ինչ որ փոքրինը։

Սեմը սարքն ամրացրեց մահճակալի թիկնակին եւ կարգավորեց ֆոկուսը։ Հետո չրխկացրեց անջատիչը, որը գտնվում էր ստորին հարթ մակերեսի վրա։

Հինգ րոպե հետո մանեկենը վերածվեց փայլուն լպրծուն զանգվածի, որը տարածվեց մահճակալի վրա։

Օդափոխելով սենյակը, Սեմը եկավ այն եզրակացության, որ մեծ դեզասսամբլյատորն, իրոք, պահանջում է Ցենզի Պահապանի հսկողությունը։ Համենայն դեպս՝ մի որեւէ Պահապանի։ Նա աշխատեց հնարավորին չափ շատ փրկել անոտ արարածի բաղադրամասերը, թեեւ կասկածում էր, որ մոտակա հիսնամյակում հազիվ թե մեկ անգամ էլ օգտվի «Սարքիր մարդ» հավաքածուից։ Եվ որ (դա հաստատ) հեռու կմնա մեծ դեզասսամբլյատորից։ Նույնիսկ եթե մանեկենին գցեր մսաղացի մեջ եւ ձեռքով պտտեր, մինչեւ որ ֆարշ դառնար, դարձյալ այդքան զզվելի չէր լինի։

Սեմը դուռը փակեց իր հետեւից եւ գնաց բար, մտածելով այն մասին, որ վաղն առավոտյան հարկավոր է մի զույգ նոր սավան գնել։ Իսկ այսօր ստիպված է քնել հատակին։

Երկուշաբթի առավոտյան Սեմը խորասուզվեց «Սոմերսեթ եւ Օջեք» ընկերության ուղարկած գործերի մեջ։ Նա շարունակ իր վրա զգում էր Լյու Նայթի սեւեռուն եւ Թինայի զարմացած հայացքը։ Եթե միայն իմանային նրանք՝ հրճվում էր Սեմը։ Այսինքնս, Թինան երեւի կասեր․ «Զար֊մա֊նա֊լի է», իսկ Լյու Նայթը մի որեւէ հիմար սրամտություն կնետեր, օրինակ․ «Հա՜֊հա՜։ Ճստո Ֆրանկեյշտեյնը իր սեփական անձով»։ Եվ Սեմը մտածեց, որ Լյուն անպայման մի միջոց կգտներ, որ պաիտճենահաներ «Սարքիր մարդ» հավաքածուի պարունակությունը ու կծախեր՝ թեկուզեւ սահմանափակ մասշտաբով։ Չէ, Սեմն ինքը այնպիսին չէ, նա ավելի հետաքրքիր բաներով կզբաղվի։ Այդ «խաղալիքի» մեջ թաքնված են մեծ հնարավորություններ։

— Հեյ, կոլեգա,— Լյու Նայթը նստեց նրա սեղանի ծայրին,— ինչի՞ համար եք հանկարծ արձակուրդ վերցնում։ Թերեւս, իրավաբանական գործունեությունից ձեր ստացած եկամուտները թույլ են տալիս ավելին կամենալ, բայց միթե դիմլոմավոր փաստաբանին վայել է փող վաստակել՝ ամսագրերի բաժանորդագրումով զբաղվելով։

Սեմն ուզում էր ականջները փակել, որ չլսի հղկաքարի խզզոց հիշեցնող այդ ձայնը։

— Ես գիրք եմ գրում։

— Իրավաբանակա՞ն։ Սեմ Վեբեր, «Սնանկացման մասին»։

— Ոչ, պատանեկության համար։ «Լյու Նայթ՝ խելապակաս նեանդերտալացի»։

— Չեղավ։ Վերնագիրը գրավիչ չի։ Մի այսպիսի բան դիր՝ «Հերցոգները, գանգստերները եւ գորիլաները»— այ էսիպիսի բան է ուզում մեր օրերում հասարակությունը։ Ի միջի այլոց, Թինան ինձ ասաց, որ դուք ինչ֊որ պայմանավորվածություն ունեիք Նոր տարվա վերաբերյալ, եւ նա կարծում է, որ դուք դեմ չէիք լինի, եթե ես գնամ ձեր փոխարեն։ Ինձ էլ է թվում, որ դուք դեմ չեք լինի, բայց գուցե ես սխալվում եմ։ Ի դեպ, նկատի ունեցեք, որ ինձ հաջողվել է սեղան պատվիրել «Սիգալ» ռեստորանում, որտեղ Նոր տարուն ավելի քիչ մարդ է լինում, քան ավտոմատ֊սրճարանում։

— Ես դեմ չեմ։

— Հրաշալի է,— ասաց Նայթը չթաքնված գոհունակությամբ։— Ի միջի այլոց, ես շահեցի այն գործը։ Կարգին հոնորար է։ Շնորհակալություն ուշադրության համար։

Փոստը բաժանելիս, Թինան նույնպես ցանկացավ պարզել թե նա հո՞ չի առարկում Նոր իտարվա իր պլանների փոփոխման դեմ։ Ոչ, Սեմը չի առարկում։ Ո՞ւր էր նա կորել այս երկու օրը։ Պարզապես զբաղված էր, շատ խիստ էր զբաղված։ Բոլորովին նոր մի բան։ Եվ շատ կարեւոր։ Թինան նայում էր նրան վերից վար, մինչեւ նա բանեցրած ավտոմեքենաների (որոնք երաշխավորված էին, թե չեն կտրել մեկ քառորդ միլիոն կիլոմետրից ավելի) վաճառքի առաջարկները առանձնացնում էր իրավաբանական ինստիտուտի վերջին կուրսում ուսանելու վճարն ուշացնելու մասին հարգալից հիշեցումներից, որոնք խնդրում էին հայտնել, թե երբ է նա մտադիր վերջապես փակել պարտքը։

Վերջապես, Սեմը հասավ մի նամակի, որը ոչ հայտարարություն էր, ոչ էլ հաշիվ։ Սեմի շունչը հանկարծ կտրվեց, երբ տեսավ փոստային դրոշմը՝ Գլենթ Սիթի, Օհայո։

«Թանկագին սըր։
«Գլենթ֊Սիթիում չկա մի ընկերություն, որը կոչվեր «Մարդ սարքիր» կամ դրա նման մի այլ անունով, ու մենք չգիտենք համանման մի կազմակերպություն, որը կամենում է հիմնավորվել մեր օկրուգում։ Մենք նաեւ չունենք «Անկյունագծային» կոչվող շրջան, մեր փողոցները, որ ձգվում են հյուսիսից հարավ, կրում են հնդկական ցեղերի անուններ, իսկ արեւմուտքից արեւելք ձգվող փողոցները համարակալված են հինգի վրա բաժանվող թվերով։
Գլենթ֊Սիթիում բոլովորին չկան արդյունաբերական ձեռնարկություններ, եւ մենք մտադիր ենք քաղաքը պահպանել այնպես, ինչպես նա եղել է։
Մեր քաղաքում առեւտրական եւ սպասարկող ձեռնարկությունների թիվը նվազագույնն է։ Գլենթ֊Սիթի֊ում շինարարությունը խիստ սահմանափակված է։ Եթե դուք ուզում եք բնակվել մեզ մոտ եւ կարող եք ապացուցել, որ ձեր նախնիները եղել են սպիտակամորթ, քրիստոնյա եւ, բացի այդ, մինչեւ տասնհինգերորդ պորտը անգլոսաքսոնական ծագումով, մենք ուրախ կլինենք լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել ձեզ։
Թոմաս Հ․ Պլանտագենետ, քաղաքագլուխ
P.S. քաղաքից դուրս օդանավակայան է կառուցվում սեփական, ռեակտիվ եւ պտուտակաթիռ ինքնաթիռների համար»։

Ամեն ինչ այժմ պարզ էր։ Նա ոչ մի լրացուցիչ պրեպարատ չի ստանա իր սրվակների եւ բանկաների պարունակությունը լրացնելու համար, եթե նույնիսկ դրանց համար վճարելու մի կամ երկու սլանկ էլ ունենար։ Ուրեմն եղած նյութը պետք է շատ խնամքով ծախսել, բայց եւ ոչ մի դեպքում չպետք է քանդի սարքածը։

Արդյո՞ք «Մարդ սարքիր» ընկերությունը հեռավոր ապագայում կծավալի իր գործողությունը Գլենթ֊Սիթիում, երբ հակառակ նրա կարճամիտ քաղաքացիների խիստ սահմանափակումներին, քաղաքը կդառնա արդյունաբերական կենտրոն։ Թե՞ խորանարդ արկղը մեր տարածության եւ ժամանակի մեջ է թափանցել մի ինչ֊որ ուրիշ չափումից, մի ինչ֊որ ուրիշ դարաշրջանից, ուրիշ մոլորակից։ Այսինքն, դա քիչ է հավանական, չէ որ ուղեկից տեքստը գրված է անգլերեն։ Եվ արդյո՞ք մի չար միտում չկա այն բանում, որ հենց ինքը՝ Սեմ Վեբերն է ստացել այդ հավաքածուն։

Թինան ինչ֊որ բան հարցրեց նրան։ Սեմը կտրվեց իր վերացական մտքերից եւ ունկնդրեց նրա միանգամայն կոնկրետ առաջարկություններին։

— Այնպես որ, եթե դուք առաջվա պես ուզում եք, որ ես գամ ձեզ մոտ Նոր տարին դիմավորելու, կարող եմ Լյուին ասել, որ մայրս նոպա է ունեցել (նա լյարդում քարեր ունի) եւ ես պիտի տանը մնամ։ Եվ այն ժամանակ, ես կարծում եմ, դուք կկարողանաք նրանից էժան գնել «Սիգալ»֊ում պատվիրած սեղանը։


— Շատ շնորհակալություն, Թինա, բայց, ազնիվ խոսք, ես հիմա փող չունեմ։ Եվ հետո, էհ անկեղծ լինենք, Լյուն ավելի հարմար զույգ է ձեր համար։

Լյու Նայթը երբեք այդպես չէր վարվի։ Նա կարող էր անհոգ բավականությամբ կոխրտել ձեզ։ Բայց Թինան, թերեւս, ավելի շատ հարմար էր Լյուին։

Ինչո՞ւ։ Այն ժամանակներում, երբ Լյուն դեռ չէր նայում Թինայի կողմը, Սեմը կայուն դիրք էր գրավում գրասենյակում։ Բոլորն այդ փաստն ընդունում էին ու նրա ոտքերի տակ չէին ընկնում։ Իսկ հիմա բանը միայն նրանում չէր, որ Լյուի հաջողություններն ավելի ակնհայտ էին եւ ֆինանսական վիճակն էլ՝ ավելի լավ։ Ուղղակի Լյուն որոշեց, որ Թինան իրեն պետք է եւ ստացավ նրան։

Դա ցավ էր պատճառում։ Իհարկե, Թինան կատարելություն չէր, նա Սեմին համապատասխան չէր ոչ իր կուլտուրայով, ոչ էլ ինիտելեկտով, բայց նա դուր էր գալիս Սեմին։ Սեմին հաճելի էր նրա հետ ժամանակ անցկացնելը։ Դա այն կինն էր, որին նա ցանկանում էր, չխորհելով այն մասին՝ ճի՞շտ է դա, թե չէ, եւ արդյո՞ք խելամիտ հիմքեր կան իրենց հարաբերությունների համար։ Սեմը հիշեց իր ծնողներին․ նա լրիվ որբացել էր, երբ ծնողները զոհվեցին երկաթուղային աղետի ժամանակ։ Սեմի ծնողները շատ երջանիկ էին, թեեւ, եթե օբյեկտիվ լինենք, բնավ էլ իրար չէին համապատասխանում։

Նա այդ մասին մտածում էր նաեւ երեկոյան, երբ նայում էր․ «Պատճենահանեք ձեզ եւ ձեր ընկերներին» գլուխը։ Այ թե պատճենահանի Թինային։

«Մեկը ինձ համար, մյուսը՝ Լյուի»։

Բայց այստեղ կար սոսկալի սխալի հնարավորությունը։ Չէ որ իր ստեղծած մանեկենը կատարյալ չէր՝ ձեռքերը տարբեր երկարության էին ստացվել։ Սեմը նույնիսկ ցնցվեց, պատկերացնելով ծռմռված, կաղեկար քարշ եկող Թինային, որին, ինքը, իհարկե չէր կարողանա քանդել։

Բացի այդ, գիրքը զգուշացնում էր․ «Չնայած ձեր կրկնօրինակը ֆիզիկապես ջրի երկու կաթիլի պես նման է ձեզ, բայց նա չի ստացել հարկ եղած դաստիարակությունը եւ չի զարգացել աստիճանաբար, ինչպես դուք։ Նա օժտված չի լինի ձեր մտավոր հավասարակշռությամբ, նրա համար դժվար կլինի հաղթահարել արտասովոր վիճակները՝ չենթարկվելով նեւրոզների։ Միայն պրոֆեսիոնալ կարնուպլիկատորը կկարողանա ստեղծել մարդկային բնավորության ճշգրիտ պատճենը, օգտագործելով պրեցիզիոնային սարքավորում։ Ձեր սարքած պատճենը կարող է ապրել եւ նույնիսկ սերունդ ունենալ, բայց նրան երբեք չեն համար իր արարքների համար պատասխանատու հասարակության անդամ»։

Լավ, ասենք թե դիմեց այդպիսի ռիսկի։ Եթե Թինան մի քիչ պակաս հավասարակշիռ ստացվի, ապա դժվար թե դա աչքի զարնվի։ Այդպիսի հատկությունը նույնիսկ ցանկալի կլիներ։

Դուռը բախեցին։ Տանտիրուհին էր։ Սեմը կանգնեց շեմին, աշխատելով մարմնով ծածկել արկղը։

— Այս ամբողջ շաբաթ ձեր սենյակը փակ էր, միսթր Վեբեր։ Դրա համար էլ սպասուհին չի հավաքել։ Մենք մտածեցինք, թե չեք ուզում, որ ձեզ մոտ մտնեն։

— Այո,— Սեմը դուրս եկավ միջանցք եւ իր հետեւից փակեց դուռը։— Ես շատ կարեւոր իրավաբանական գործ եմ անում տանը։

— Ա՜։

Այդ բացականչության մեջ նա զգաց մահացու հետաքրքրասիրություն եւ փոխեց թեման։

— Ի՞նչ առիթով եք այսպես շքեղ պճնվել, միսիս Լիփանթի,— Նոր տարին դիմավորելո՞ւ։

Միսիս Լիփանթին սեփական արժանապատվության զգացումով ձեռքով հարթեց սեւ ծալքավոր զգեստը։

— Այո֊այո։ Այսօր քույրս ու ամուսինը եկել են Սպրինգ֊ֆիլդից, ու մենք ուզում էինք ուրախ երեկո անցկացնել։ Միայն թե… միայն թե այն աղջիկը, որ խոստացել էր նայել քրոջս փոքրիկին, նոր հեռախոսով հայտնեց, որ հիվանդացել է։ Այնպես որ մենք չենք գնա, եթե որեւէ մեկը չհամաձայնվի… Ես ուզում եմ ասել, եթե չգտնենք մեկին, ով կպահի… ով ընկերներով չի հավաքվում ու դեմ չի լինի…

Հասկանալով, որ խնդրանքն արդեն արտահայտված է, ու կեղծ շփոթվելով, միսիս Լիփանթին լռեց։

Էհ, ինչ, այսօր երեկոյան ինքն ազատ է։ Եվ տանտիրուհին էլ հազվադեպ սիրալիրություն էր ցուցաբերում, երբ ինքը ստիպված էր լինում հին երգը երգել․ «Մի անհանգստացեք, երկու֊երեք օրից տան վարձը կբերեմ»։ Բայց ինչու էր միշտ այնպես ստացվում, որ Երկրի երկու միլիարդ բնակիչներից ամեն մեկը աշխատում էր անպայման Սեմ Վեբերի վրա գցել բոլոր տհաճ գործերը։

Եվ այստեղ նա հիշեց «Երեխաները եւ մյուս փոքրիկ մարդուկները» գլուխը։ Այն գիշերվանից հետո, երբ նա քանդեց անհաջող մանեկենը, նա ուղեցույցից օգտվում էր միայն մտքի մարզման համար։ Նա իրեն պատրաստ չէր զգում ֆանսաստիկ սխալների համար, որոնք կարող են լինել փոքրիկ մարդուկներ պատրաստելիս։ Սակայն երեխաների պատճենահանումը, երեւի, առանձնապես դժվար չլինի։

Միայն թե նա երդվեց Գոգի ու Մագոգի անունով, հռչակավոր էսկուլապով, մեծ դոկտոր Կիլդեյրով, որ այս անգամ ոչ մի դեպքում իր սարքածը չի քանդի։ Մեծ քաղաքում, այն էլ մութ գիշերով, մի ուրիշ ձեւով կարելի է ազատվել իր ձեռքով սարքածներից։ Մի բան կմտածի։

— Ես հաճույքով մի քանի ժամ կմնամ երեխայի հետ։

Սեմն արագ քայլեց միջանցքով, որպեսզի կանխի տանտիրուհու շինծու արարկությունները։

— Ես այսօր տեղ չունեմ։ Չէ, չէ, շնորհակալություն մի հայտնեք, միսիս Լիփանթի։ Հաճույքով եմ դա անում ձեզ համար։

Տանտիրուհու սենյակում նրա հուզված քույրը որոշ անվստահությամբ ցուցումներ տվեց Սեմին։

— … Ու միայն այդ ժամանակ է նա գոռում ցածր, միալար ձայնով, այնպես որ եթե դուք չուշացնեք, ոչ մի տհաճ բան չի լինի, դե եթե ուշացնեք էլ՝ դարձյալ չի լինի։

Սեմն ուղեկցեց նրանց մինչեւ դուռը։

Դռների մոտ միսիս Լիփանթին շրջվեց դեպի նա։

— Ես ձեզ ասե՞լ եմ, որ այսօր առավոտյան մի տղամարդ էր ձեզ հարցնում։

«Նորի՞ց»,— մտածեց Սեմը։

— Տարօրինակ ծերո՞ւկ էր, երկար, սեւ վերարկուով։

— Այո եւ շատ տհաճ վարվելաձեւով, աչքերը հառել էր վրաս ու ինչ֊որ բան էր փնթփնթում քթի տակ… Դուք ճանաչո՞ւմ եք նրան։

— Է, ոչ, ի՞նչ էր ուզում։

— Նա հարցնում էր, թե այստե՞ղ է ապրում Սեմ Վեվերը, իրավվաբանը, որ այս վերջին շաբաթը լրիվ նստեց իր սենյակում։ Ես նրան պատասխանեցի, որ մեզ մոտ է ապրում Սեմ Վեբերը, ձեր անունը Սեմ է, չէ՞,— որ նա լրիվ համապատասխանում է այդ նկարագրությանը, բայց Վեվեր ազգանունով վերջին տնվորը մեր մոտից գնացել է մոտավորապես մեկ տարի առաջ։ Նա ուղիղ նայեցի աչքերիս մեջ, ասելով․ «Վեվեր, Վեբեր,— նրանք կարող էին այնտեղ սխալ թույլ տալ»,— եւ գնաց, ոչ շնորհակալություն հայտնեց եւ ոչ էլ ցտեսություն ասաց։ Նա այն տղամարդկանցից չէր, որոնք հարգալից են։

Տարօրինակ է, թե ինչ հստակությամբ Սեմը պատկերացրեց այդ մարդուն իր երեւակայության մեջ։ Գուցե այն պատճառով, որ նրան տեսած երկու կինն էլ բավական ուժեղ տպավորվող էին։ Բայց, դատելով նրանց պատմածներից, անծանոթն իսկապես ճնշող տպավորություն էր գործում։ Իր մտքերի մեջ խորասուզված՝ Սեմը ետ եկավ երեխայի մոտ։

Նա գրեթե համոզված էր, որ ոչ մի սխալ չի եղել, այդ մարդը երկու անգա էլ հենց իրեն է փնտրել։ Անցյալ շաբաթ աշխատանքի նկատմամբ Սեմի անփույթ վերաբերմունքի մասին ասածն էլ է համապատասխանում իրականությանը։ Թվում էր, թե ծերուկը շահագրգռված չէ անձնական հանդիպման մեջ, մինչեւ լրիվ չհաստատի Սեմի նույնությունը իր որոնումների օբյեկտի հետ։ Գուցե ինչ֊որ իրավաբանական գո՞րծ ունի։

Սեմը համոզված էր, որ գործը այս կամ այն կերպ կապված է «Սարքիր ինքդ» հավաքածուի հետ։ Այս գաղտնի հետաքննությունը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ Սեմը նվեր ստացավ քսաներկուերորդ դարից։

Բայց նա ոչինչ չի կարող նաքաձեռնել, մինչեւ երկար վերարկուով այդ տիպը ինքը չկամենա անձամբ հայտնվել եւ ասել իր գործի մասին։

Սեմը գնաց իր սենյակը ու բերեց «Մանկական բիոկալիբրատորը»։ Բացված ուղեցույցը հենելով մահճակալին, նա լրիվ հզորությամբ միացրեց պատճենահանման ապարատը։ Երեխան հաճույքով չփչփացնում էր, երբ կալիբրատորը կամացուկ գլորվում էր նրա հաստլիկ մարմնով եւ մետաղե ժապավենը ճեղքից դուրս էր գալիս ֆիզիոլոգիական նկարագրության ամենայն մանրամասնությամբ, ինչպես պնդում էր ուղեցույցը։

Նկարագրությունը իսկապես մանրամասն էր։ Սեմի շունչը կտրվեց, երբ օպտիկական խոշորացույցի տակով անցնող ժապավենի վրա նա տեսավ երեխայի մասին մի այնպիսի ինֆորմացիա, որի համար ուզածդ մանկաբույժը երեք անգամ իր անմահ հոգին կծախեր սատանային։ Վահանագեղձի արտադրողականությունը, քրոմոսոմների հատկությունը, ուղեղի մտավոր ունակությունները․ բոլոր տվյալները խնամքով շարված էին սյունակներով, հավանաբար՝ կոնստրուկտիվ նպատակներով։ Տեղեկություններ այն մասին, թե մոտակա տասը ժամվա ընթացքում ամեն մի րոպեում ինչքան է մածենում գանգը։ Կռճիկների առաջացման արագությունը, հորմոնալ սեկրեցիայի փոփոխությունները հանգստի եւ շարժման ժամանակ, ասես երեխայից մատրիցա էին հանել։

Սեմը մենակ թողեց երեխային, որը զարմացած նայում էր իր պորտին, եւ շտապ բարձրացավ իր սենյակը։ Ղեկավարվելով ժապավենով, նա անհրաժեշտ չափեր էր հաղորդում ձեւերին։ Այնուհետեւ, դեռեւս չհասցնելով ինչպես հարկն է դա գիտակցել, Սեմն սկսեց փոքրիկ մարդ սարքել։

Նա զարմացած էր, թե որքան հեշտ է առաջ գնում աշխատանքը։ Հավանաբար, հմտությունը ձեռք էր բերվում խաղի պրոցեսում։ Մանեկեն հավաքելն ավելի դժվար էր։ Այսինքն, առանձին մասերը կրկնօրինակելը ավելի դժվար էր։ Ժապավենի օգնությամբ աշխատելը շատ էր հեշտացնում գործը։

Երեխան ձեւավորվում էր նրա աչքի առաջ։

Ամեն ինչ վերջացավ այն բանից ժամուկես հետո, երբ Սեմը սկսեց չափումները։ Մնում էր միայն մի բան՝ շնչավորել երեխային։

Այստեղ Սեմը տատանվեց։ Քանդելու մասին տհաճ միտքը ստիպեց նրան մտածել։ Վերջապես, նա վճիռը կայացրեց։ Հարկավոր էր իմանալ, թե որքանով է հաջողվել լավ կատարել աշխատանքը։ Եթե այդ երեխան կարողանա շնչել, ապա ինչպիսի՜ հեռանկարներ կբացվեն Սեմի առջեւ։ Բացի այդ, չի կարելի շատ երկար ժամանակով երեխային թողնել անկենդան վիճակում, թե չէ կկործանվեն եւ աշխատանքը եւ թանկարժեք նյութերը։

Սեմը վիտալիզատորը միացրեց։

Երեխան ցնցվեց ու սկսեց կամացուկ, միալար ճչալ։ Սեմը նորից նետվեց տանտիրուհու սենյակը եւ վերցրեց սպիտակ քառակուսի կտորը, որը թողել էին՝ օգտագործելու, եթե երեխան տակը թրջի։ Գրողը տանի, էլի մաքուր սավանի կարիք պիտի լինի։

Երբ ամեն ինչ կարգավորվեց, Սեմը վեր կացավ եւ ուշադիր նայեց իր արարչագործությանը։ Որոշ իմաստով՝ նա իրեն հայրիկ էր զգում։ Համենայն դեպս, իսկական հորից պակաս չէր հպարտանում։

Նրա դիմաց պառկած էր փթթուն առողջությամբ, հրաշալի սարքված մի փոքրիկ արարած։

«Վատ պատճեն չի ստացվել,— հրճվանքով ասաց նա։— Ամեն ինչ համընկնում է, բոլոր մանրուքներով, ներառյալ ոչ սիմետրիկ դեմքը եւ նույնիսկ նախաճաշի պատճենը, որը մարսել էր տիպար֊երեխան։ Նույն աչքերը, նույն մազերը… Նո՞ւյն։ Սեմը կռացավ պստլիկ աղջկա վրա։ Նա պատրաստ էր երդվել, որ նրա, մյուսի մազերը շեկ էին։ Իսկ այս երեխայի մազերը սեւ էին եւ ավելի էին սեւանում, մինչ ինքը ուշադիր նայում էր նրան։

Սեմը մի ձեռքով վերցրեց իր «երեխային», մյուսով՝ «Մանկական բիոկալիբրատորը»։

Մտնելով տանտիրուհու սենյակը, նա երեխաներին իրար կողքի դրեց մեծ մահճակալի վրա։ Կասկած չկար։ Մեկը շեկլիկ էր, երկրորդը՝ իր սարքածը՝ թուխ մազերով էր։

Բիոկալիբրատորը ուրիշ տարբերություններ էլ ցույց տվեց։ Պատճենի պուլսն ավելի արագ էր խփում։ Արյան գնդիկները մի քիչ պակաս էին։ Փոքր֊ինչ ավելի լավ էին մտավոր ունակությունները, չնայած ուղեղի պարունակությունը նույնն էր, իսկ ադրենալինի եւ լեղու արտազատումը բոլորովին տարբեր էր։

Այս բոլորը, միային վերցրած, վկայում էին սխալի մասին։ «Իր» երեխան կարող էր լինել ավելի լավ կամ ավելի վատ, բայց ճշգրիտ պատճեն չէր ստացվել։ Չէր կարելի կանխապես ասել, արդյո՞ք իր ստեղծած երեխան կարող էր մեծանալ եւ դառնալ մեծ մարդ, ինչպես այն մյուսը, իսկականը։

Բանն ինչո՞ւմն է։ Նա ամենայն ճշտությամբ հետեւել է ուղեցույցին, անընդհատ նայել է բիոկալիբրատորի ժապավենին, եւ ահա թե ինչ է ստացվել։ Գուցե շա՞տ ուշացրեց վիտալիզատորի միացնելը։ Կամ գուցե պարզապես իրեն պակասո՞ւմ էր հմտությունը։

Ժամացույցն իր զարկերով նրբանկատորեն հիշեցրեց Սեմին, որ շուտով կեսգիշեր կլինի։ Հարկավոր էր հավաքել, մաքրել երեխայի սարքելու հետքերը, քանի դեռ Լիփանթի քույրերը տուն չէին եկել։ Սեմն արագ որոշեց, թե ինչ պետք է անի։

Մի քանի րոպե հետո նա ցած իջավ ու բերեց մի հին սփռոց եւ ստվարաթղթից սարքած տուփ։ Նա «Սեւուկին» փաթաթեց սփռոցով եւ դրեց տուփի մեջ, ուրախանալով, որ դրսում այնքան էլ ցուրտ չէ։

Երեխան բլբլացնում էր։ Սեմը կամացուկ դուրս եկավ փողոց։

Հարբած զվարճասերները թափառում էին փողոցներում, թմբկահարելով փոքրիկ թմբոկները։ Անցորդները իրար երջանիկ Նոր տարի էին մաղթում։

Սեմը զգուշորեն անցավ երեք թաղամաս, քայլելով տների պատերի տակով եւ աշխատելով չերեւալ մարդկանց աչքերին։

Թեքվելով ձախ, նա տեսավ ցուցանակը․ «Ընկեցիկների քաղաքային ապաստան»։ Կողքի դռան մոտ լույս էր վառվում։ Իսկն է, շատ հարմար է։ Ի՜նչ է նշանակում ապրել մեծ քաղաքում։

Հանկարծ Սեմի գլխում մի նոր միտք առկայծեց, եւ նա արագ քայլեց դեպի ապաստանի դիմացի ծառուղին։

Ամեն ինչ պիտի իսկականի նման լինի։ Նա գրպանից հանեց մատիտը եւ հնարավորին չափ մանր տառերով տուփի վրա գրեց․

«Աղաչում եմ, հոգ տարեք իմ թանկագին պստլիկի մասին։ Ես ամուսնացած չեմ»։

Հետո տուփը դրեց «Ապաստանի» շեմին եւ զանգը սեղմած պահեց այնքան ժամանակ, մինչեւ որ ներսից ոտնաձայներ լսեց։ Այդ ժամանակ վազելով կտրեց փողոցը եւ հասրցրեց թաքնվել ծառուղում հենց այն պահին, երբ բուժքույրը դուռը բացեց։

Միայն տուն գալուց հետո նա հիշեց պորտի մասին։ Նա քարացավ տեղում եւ աշխատեց ամեն ինչ հիշել հերթականությամբ։ Այո, այո, «նրա» աղջիկը պորտ չուներ։ Նրա փորիկը լրիվ հարթ էր։ Ահա ինչ է նշանակում շտապելը։ Վատ գործ ստացվեց։

Ընկեցիկների ապաստանում կշշմեն, երբ երեխային կհանեն սփռոցի միջից։ Հետաքրքիր է, ի՞նչ կմտածեն։

Սեմը խփեց ճակատին։ «Ես ու Միքելանջելոն։ Նա Ադամի պորտն ավելացրեց, իսկ ես մոռացա պորտի մասին»։

Եթե հաշվի չառնենք պատահական հոգոցները, Նոր տարվա հաջորդ օրը բավական խաղաղ էր գրասենյակում։

Սեմը կլանում էր գրքի վերջին հուզիչ էջերը, երբ հանկարծ նրա ուշադրությունը գրավեցին իր սեղանի շուրջը պտտվող երկու անձնավորություն։ Նա տհաճությամբ մի կողմ դրեց ուղեցույցը։ «Կյանքի նոր ձեւեր ժամանցի համար»— ա՜յ թե հետաքրքիր էր։

Թինա եւ Լյու Նայթ։

Սեմը գնահատեց այն փաստը, որ նրանցից ոչ մեկը չնստեց իր սեղանին։

Թինան ձախ ձեռքի միջամատին հագել էր մի փոքրիկ մատանի, որ նվեր էր ստացել Նոր տարվա առթիվ։ Լյու Նայթը անմեղ գառ էր ձեւանում, բայց դա նրան քիչ էր հաջողվում։

— Օ՜, Սեմ։ Անցյալ գիշեր Լյուն… Սեմ, մենք կուզեինք, որ դուք լինեիք առաջինը․ այնպիսի սյուրպրիզ է, չտեսնված։ Ես գրեթե… Իհարկե, մենք գիտենք, որ դա մի քիչ դժվար կլինի… Սեմ, մենք պատրաստվում ենք, այսինքն մենք հույս ունենք…

— … ամուսնանալ,— վերջացրեց Լյու Նայթը գրեթե շշնջալով։ Այն ժամանակից ի վեր, ինչ Սեմը ճանաչում էր նրան, Լյուն առաջին անգամ էր այսպես անվստահ ու ինչ֊որ կասկածանքով նայում կյանքին, նմանվելով այն մարդուն, որը նախաճաշին մատուցված նարնջի հյութի մեջ հանկարծ գտնում է ութոտնուկի նորածին ձագ։

— Ձեզ շատ դուր կգար, թե Լյուն ինչպես արեց առաջարկությունը,— իր զգացմունքներն էր զեղում Թինան,— մի տեսակ անուղղակի ճանապարհով։ Այնքա՜ն համեստորեն։ Ես հետո նրան ասացի, որ կարծում էի, թե նա բոլորովին ուրիշ բանի մասին է խոսում։ Ես սկզբում քեզ չհասկացա, չէ՞, սիրելիս։

— Հը՞։ Հա, իհարկե, քեզ համար դժվար էր ինձ հասկանալը։— Լյուն նայեց իր նախկին ախոյանին,— Դու շա՞տ ես զարմացած։

— Օ, ոչ։ Բոլորովին։ Դուք երկուսդ էլ այնպես լավ եք իրար համապատասխանում, որ ես հենց սկզբից էլ դա շատ ճիշտ էի համարում։— Սեմը իր շնորհավորանքներն էր վրա տալիս Թինայի հարցական հայացքի տակ։— Իսկ այժմ՝ ներեցեք, ես շտապ գործ ունեմ։ Միանգամայն բացառիկ հարսանյաց նվեր։

Լյուն շփոթված էր։

— Հարսանյա՞ց նվեր։ Այդպես շո՞ւտ։

— Դե, իհարկե,— նկատեց Թինան։— Շատ դժվար է հարմար բան գտնելը։ Իսկ այնպիսի հրաշալի ընկերը, ինչպիսին Սեմն է, իհարկե, ուզում է հատուկ նվեր առնել։

Սեմը որոշեց, որ այդքանն էլ իրեն հերիք է։ Նա վերցրեց գիրքն ու վերարկուն եւ դուրս թռավ։

Սակայն հասնելով իր պանսիոնի կարմիր աղյուսից աստիճաններին, հանգեց այն եզրակացության, որ վերքը թեեւ ցավոտ է, բայց մահացու չէ։ Նա նույնիսկ քմծիծաղեց, հիշելով Լյու Նայթի դեմքը։ Հանկարծ ինչ֊որ մեկը քաշեց նրա թեւքից։ Տանտիրուհին էր։

— Այն մարդը այսօր էլ էր եկել, միսթր Վեբեր։ Նա ուզում էր տեսնել ձեզ։

— Ի՞նչ մարդ։ Բարձրահասակ ծերո՞ւկը։

Միսիս Լիփանթին գլխով արեց, նրա ձեռքերը դատապարտող կերպով խաչված էին կրծքին։

— Շատ տհաճ անձնավորություն է։ Երբ ես նրան ասացի, որ դուք տանը չէք, նա պնդում էր, որ իրեն տանեմ ձեր սենյակը։ Ես ասացի, որ առանց ձեր թույլտվության այդպիսի բան անել չեմ կարող, եւ նա այնպիսի սպանիչ հայացք նետեց վրաս… Երբեք չար աչքին չեմ հավատացել, բայց եթե գոյություն ունի չար աչք, ապա դա հենց այդ տիպի աչքն է։

— Նա էլի կգա՞։

— Այո։ Նա հարցրեց, թե սովորաբար երբ եք տուն գալիս, ես ասացի՝ ութի մոտ, մտածելով, որ եթե դուք չուզենաք նրան տեսնել, ապա ժամանակ կունենաք լվացվելու, շորերը փոխելու եւ մի տեղ գնալու մինչեւ նրա գալը։ Եվ, ներեցեք անկեղծությանս համար, միսթր Վեբեր, բայց ինձ թվում է, թե դուք հազիվ թե ուզենաք հանդիպել նրան։

— Շնորհակալություն։ Բայց երբ նա գա, խնդրեմ, բերեք իմ սենյակը։ Եթե նա այն անձնավորությունն է, որի մասին մտածում եմ, ապա հիմա ես անօրինաբար տեր եմ դարձել նրա սեփականությանը։ Ես ուզում եմ իմանալ նրա սեփականության ծագումը։

Ներս մտնելով իր սենյակը, Սեմը զգուշորեն տեղը դրեց ուղեցույցը եւ արկղին հրամայեց փակվել։ «Մանկական բիոկալիբրատորը» շատ մեծ չէր, եւ թերթը լրիվ ծածկում էր այն։ Մի քանի րոպե հետո Սեմը արդեն քայլում էր գրասենյակի կողմը, թեւի տակ պահելով տարօրինակ ձեւի մի փաթեթ։

Նա մտածում էր, թե գուցե այլեւս չի․ ուզում պատճենահանել Թինային։ Ոչ, այնուամենայնիվ, Թինային նա ավելի շատ էր ցանկանում, քան որեւէ մի ուրիշ կնոջ, եւ քանի որ օրիգինալը ամուսնացել էր Լյուի հետ, պատճենը ուրիշ ոչ մի ընտրություն չուներ, բացի իր հետ ամուսնանալուց։ Բայց չէ որ պատճենը Թինայի բոլոր գծերով կօժտվի այն պահին, երբ բնուտագրերը հանվեն։ Եվ գուցե կրկնօրինակն էլ կձգտի ամուսնանալ Լյուի հետ…

Իսկը ոնց որ անեկդոտում․ «Կամ դու գնա, իսկ ես նստեմ, կամ էլ ես կնստեմ, իսկ դու գնա»։ Բայց դե դա դեռ հեռու է։ Իսկ գուցեեւ զավեշտական լինի…

Սեմը ամենից շատ անհանգստանում էր, որ հանկարծ որեւէ անճշտություն թույլ չտա։ Հանկարծ ու իր սարքած Թինան արատներ ունենա։ Կարմիր գույնը տարածվի վարդագույնի վրա, ինչպես լինում է անհաջող գունավոր ռեպրոդուկցիաներում․ հանկարծ նրա ենթագիտակցության խորքերում լինեն առեղծվածային եւ անբուժելի խելագարության սաղմեր, որ հատուկ են իր մոդելին, ընդ որում դրանք կարող են միանգամից ի հայտ չգալ, այլ հենց այն ժամանակ, երբ փոխադարձ լուրջ զգացմունքը կտա իր պտուղները։ Սեմը արդեն համոզվել էր, որ ինքը մարդ պատճենահանելու խոշոր մասնագետ չէր, միսիս Լիփանթիի զարմուհու կրկնօրինակին սստեղծելիս թույլ տված սխալները ցույց տվին, որ այդ գործում նա դեռ դիլետանտ է։

Սեմը գիտեր, որ երբեք չի կարողանա քանդել Թինային, եթե նույնիսկ նա արատներով ստացվի։ Եթե չհիշենք կնոջ նկատմամբ նրա ասպետական հարգանքը, որ հասնում էր նախապաշարվածության, հարգանք, որ նրան ներշնչել էին փոքրիկ գավառական քաղաքում անցկացրած մնակության տարիներին, նա սոսկում էր այն մտքից, որ իր պաշտած էակը կենթարկվի քայքայման նույն պրոցեսին, ինչ որ, օրինակ, մանեկենը։ Բայց եթե նա իր կոնստրուցկիայում մի շատ էական բան բաց թողած լինի, ապա ստիպված կլինի դիմել այդ քայլին։ Որոշված է՝ ոչ մի վրիպում չպետք է լինի։

Սեմը դառնորեն ժպտաց, մինչ հինավուրց վերելակը նրան բարձրացնում էր գրասենյակ։ Էհ, գոնե մի քիչ ժամանակ լիներ։ Կարելի էր փորձի համար մի ուրիշ մարդ վերցնել, որի բոլոր ռեակցիաները ինքը այնքան լավ գիտեր, որ նորմայից նվազագույն շեղումն իսկ կնկատեր։ Բայց տարօրինակ ծերուկն այսօր կհայտնվի միայն երեկոյան, եւ եթե խոսքը վերաբերում է «Մարդ սարքիր» հավաքածուին, ապա Սեմի փորձերը կարող են անմիջապես դադարեցվել։ Իսկ որտեղից գտնի այնպիսի մարդ, որն այս ամենը լավ իմանա։ Նա քիչ ընկերներ ուներ եւ ոչ մի մտերիմ բարեկամ։ Իսկ որպեսզի արդյունքը լավ լինի, նա այդ մարդուն պետք է իմանա՝ ինչպես ինքն իրեն։

— Ինքն իրեն։

— Ձեր հարկն է, սըր։— Վերելակավարը նախատինքով նայեց Սեմին։ Սեմի հուզված բացականչության պատճառով նա վերելակը բարձրացրել էր հարկի բարձրությունից վեց սանտիմետր ներքեւ, ինչ եէր տատահել նրա հետ վաղուց մոռացված այն օրերից հետո, երբ առաջին անգամ անվստահությամբ ձեռքը մեկնեց վերելակի կոճակներին։ Վերելակավարը զգաց, որ ստվեր ընկավ իր արվեստի վրա, եւ սառը փակեց դուռը իրավաբանի հետեւից։

Իսկ ինչո՞ւ չսարքի ինքն իրեն։ Սեմն իր ֆիզիկական հատկությունները ավելի լավ գիտեր, քան Թինայինը։ Ինքը անպայման կնկատի ամեն մի շեղումը, եւ բանի չի հասնի հոգեկան խանգարման կամ մի ավելի վատ բանի։ Այսպիսի վճռի ողջ հմայքն այն է, որ նա ոչ մի խղճի խայթ չի ունենա արտակոմպլեքտային Սեմ Վեբերին քանդելու ժամանակ․ տվյալ դեպքում տհաճություն կլիներ «երկրորդ եսի» շարունակվող գոյությունը, իսկ նրանից ազատվելը՝ կթեթեւացներ վիճակը։

Ինքն իրեն պատճենեհանելը անհրաժեշտ պրակտիկա կլինի ծանոթ նյութի հիման վրա։ Իդեալական որոշում։ Պետք է շատ կանոնավոր ու խնամքով գրառումներ անել, եւ եթե որեւէ բան չստացվի, ինքը ստույգ կիմանա, թե որտեղ պետք է զգույշ լինել իր սեփական Թինային պատրաստելիս։

Ինչ վերաբերում է այդ տիպին, ապա գուցեեւ նա բնավ չի հետաքրքրվում հավաքածուով։ Իսկ եթե նույնիսկ հետաքրքրվում է, Սեմը կարող է հետեւել իր տանտիրուհու խորհրդին եւ մինչեւ նրա գալը տնից դուրս գալ։ Մի խոսքով, չտեսնված հեռանկարներ են։

Լյու Նայթը հայացքը գամեց Սեմի բերած սարքին։

— Հանուն մեծ իրավաբան Բլեքսթոունի, սա ի՞նչ օյին է։ Շատ է նման պատուհանի գոգին դրվող ծաղկի արկղների մեջ աճող խոտը խուզելու գործիքին։

— Սա, այսպես ասած, չափիչ գործիք է։ Սրանով վերցնում են ցանկացածդ առարկայի ճշգրիտ չափերը, եւ հետո ընդհանրապես… Ես չեմ կարողանա մտքիս դրած նվերը տալ ձեզ, եթե չիմանամ անհրաժեշտ չափը։ Կամ չափերը։ Թինա, ձեզ համար դժվար չի՞ լինի ինձ հետ միջանցք դուրս գալը։

— Ո… ոչ,— նա կասկածանքով նայեց գործիքին։— Իսկ դա չի՞ ցավացնի։

— Չէ, բոլորովին,— հավատացրցեց նրան Սեմը։— Ես միայն ուզում եմ ամեն ինչ Լյուից գաղտնի պահել մինչեւ ձեր հարսանիքը։

Այս խոսքերից Թինան փայլեց։

— Հեյ, կոլեգա,— դիմեց երիտասարդ իրավաբաններից մեկը Լյուին, երբ նրանք դուրս էին գալիս սենյակից։— Մի թույլ տվեք նրան դա անի։ Փաստական տիրումը՝ հաջողության իննսուն տոկոսն է արդեն։ Սեմը ինքն էր միշտ դա ասում։ Նկատի ունեցեք, նա Թինային չի վերադարձնի ձեզ։

Լյուն քթի տակ ծիծաղեց եւ գլուխն իջեցրեց առջեւի թղթերի վրա։

— Ես ուզում եմ, որ դուք մտնեք կանանց զուգարանը,— բացատրեց Սեմը զարմացած Թինային,— ես կմնամ դրսում եւ մյուս ցանկացողներին կբացատրեմ, որ փակ է վթարի պատճառով։ Եթե այնտեղ մեկնումեկը լինի, կսպասեք, որ դուրս գա։ Հետո կհանվեք։

— Լրի՞վ,— ճչաց Թինան։

Նա գլխով արեց։ Ապա ամենայն մանրամասնությամբ, ընդգծելով կատարվելիք գործողության յուրաքանչյուր կարեւոր դետալը, Սեմը բացատրեց նրան, թե ինչպես պետք է գործի դնի «Մանկական բիոկալիբրատորը»։ Ինչպես պետք է զգուշորեն շրջի անջատիչը եւ բաց թողնի ժամապենը։ Ինչպես պետք է ծածկի մարմնի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը։

— Այս փոքրիկ բռնակը թույլ կտա ձեզ գործիքը սահեցնել մեջքի վրայով։ Հարցերի ժամանակ չկա։ Հասկացա՞ք։

— Հասկացա։

Թինան վերադարձավ տասնհինգ րոպե հետո, ուղղելով զգեստը եւ հիացած նայելով ժապավենին։

— Զարմանալի բան է… Եթե հավատանք այս ժապավենին, յոդի պարունակությունը իմ մեջ…

Սեմն արագ խլեց նրա ձեռքից բիոկալիբրատորը։

— Ուշադրություն չարժե դարձնել… Դա կոդի նման բան է։ Միայն հիմա ինձ ասեք, թե քանի հատ… Դուք յոթերորդ երկինք կթռչեք, երբ տեսնեք նվերը։

— Ես այդպես էլ կարծում էի։

Թինան կռացավ Սեմի վրա, որը չոքել եւ ուսումնասիրում էր ժապավենը, որպեսզի համոզվի, թե Թինան ճիշտ էր օգտագործել ապարատը։

— Սեմ, դուք գիտեք, որ ես միշտ զգացել եմ ձեր իդեալական ճաշակը։ Ես ուզում եմ, որ դուք գաք մեր տուն, երբ մենք կամուսնանանք։ Դուք միշտ հրաշալի մտքեր եք ունենում։ Լյուն մի քիչ շատ է գործնական, չէ՞։ Ես հասկանում եմ, դա անհրաժեշտ է կյանքում հաջողության հասնելու համար, բայց չէ որ միայն հաջողությունը բավական չէ, իմ կարծիքով, կուլտուրա էլ պետք է ունենալ։ Դուք ինձ կօգնեք պահպանել կուլտուրական հետաքրքրությունները, չէ՞, կօգնեք, Սեմ։

— Իհարկե,— անորոշ ասաց Սեմը։ Ժապավենը լավ վիճակում էր։ Կարելի է սկսել։— Ուրախությամբ կօգնեմ։ Միշտ պատրաստ եմ ձեզ ծառայելու։

Վերելակը կանչելիս նա որոշ շփոթվածություն նկատեց Թինայի դեմքին։

— Մի հուզվեք, Թինա։ Դուք երջանիկ կլինեք Լյուի հետ։ Եվ ձեզ դուր կգա իմ հարսանյաց նվերը։ «Բայց ոչ այնքան, որքան ինձ»,— ասաց նա ինքն իրեն, մտնելով վերելակի մեջ։

Վերադառնալով իր սենյակը, Սեմը սեղանին դրեց ժապավենը եւ շորերը հանեց։ Մի քանի րոպեից պատրաստ էր նրա սեփական չափերի գրառումը։ Հարկավոր էր, իհարկե, ամեն ինչ հանգամանորեն մտածել, սակայն նպատակի մոտիկությունը անհամբեր էր դարձնում նրան։ Նա փակեց դուռը, արագ հավաքեց սենյակով մեկ ցփնված իրերը, մի անգամ էլ քթի տակ մռթմռթաց մորաքույր Մեգիի փողկապների հասցեին (կապույտն ու կարմիրը ուղղակի շողարձակում էին սենյակով մեկ), արկղին հրամայեց բացվել եւ նախապատրաստվեց փորձն սկսելու։

Առաջին հերթին՝ ջուր։ Քանի որ ջրի քանակը չափազանց շատ է մարդու մարմնի մեջ, հարկավոր էր միանգամից շատ ջրի պաշար ունենալ։ Տուն գալիս նա մի քանի մեծ թաս էր գնել, բայց միակ ծորակից դրանց մեջ ջուր լցնելը բավական երկար կտեւեր։

Երբ Սեմը առաջին թասը դրեց ջրի տակ, հանկարծ մտքովն անցավ, թե ջրի մեջ եղած խառնուրդները կարող են ազդել վերջնական պրոդուկտի վրա։ Գուցե, կարող են ազդել։ Հավանաբար, պետք է օգտագործել քիմիապես մաքուր ջուր։ Ճիշտ է, ուղեցույցում այդ մասին բան չի գրված, բայց հակառակ դեպքում նշված կլիներ, թե հատկապես ինչպիսի ջուր պետք է օգտագործել։

Դե, ինչ, ստիպված է ջուրը եռացնել, իսկ երբ կսկսվի Թինային պատրաստել, ապա կաշխատի թորած ջուր ճարել։ Եվս մեկ նկատառում, հօգուտ այն բանի, որ նախապես պետք է սարքել Սեմի կրկնօրինակը։

Մինչեւ ջուրը կեռար Սեմն իր բոլոր նյութերն այնպես դասավորեց, որ ամեն ինչ ձեռքի տակ լինի։ «Հըմ, շատ չի»,— մտածեց նա։ Այդ պստլիկը բավական շատ անհրաժեշտ ռեակտիվներ էր կլանել, ափսոս, որ ինքը չքանդեց նրան։ Այժմ արդեն նմանակին պահելու օգտին խոսող արգումենտները ոչ մի ուժ չէին կարող ունենալ։ Նմանակին անխուսափելիորեն պետք էր մաս֊մաս քանդել, որպեսզի «№ 2» Թինայի համար նյութ լինի ձեռքի տակ։ Իսկ գուցե այդ Թինան կլինի՞ «№ 1»։

Սեմը մեկ անգամ էլ թերթեց 6, 7 եւ 8֊րդ գլուխները, թարմացնելով մարդկանց բաղադրամասերի, պատրաստման եւ քանդման վերաբերյալ տեղեկությունները։ Նա դա կարդում էր արդեն բազումերորդ անգամ, բայց հիշում էր, որ ժամանակին իրավաբանական շատ քննություններից «պրծել» է վերջին րոպեն իմացած տեղեկությունների շնորհիվ։

Նրան անհանգստացնում էր անկայունության վերաբերյալ մշտական հիշեցումը․ «Այս հավաքածուի օգնությամբ սարքած մարդկային էակները նույնիսկ լավագույն դեպքերում օժտված կլինեն նեւրոտիկ կոմպլեքսների եւ նախապաշարմունքների նկատմամբ որոշակի հակումներով, ինչը բնորոշ էր միջնադարի մարդկությանը։ Ի վերջո նրանք , այսուամենայնիվ, նորմալ մարդիկ չեն, բոլոր ջանքերը գործադրեք, որ այդ մասին չմոռացվի»։ Այսինքն, դա էական դեր չպիտի խաղա ապագա Թինայի համար, իսկ մնացածը՝ նրան քիչ էր հետաքրքրում։

Սեմը վերջացրեց ձեւերը հարմարեցնելը, տալով նրանց հարկավոր չափերը, եւ վիտալիզատորն ամրացրեց մահճակալին։ Ապա շատ դանդաղ, անընդհատ նայելով ուղեցույցին, սկսեց պատճենահանել Սեմ Վեբերին։ Հաջորդ երկու ժամվա ընթացքում նա իր ֆիզիկական առավելությունների եւ թերությունների մասին ավելի շատ բան իմացավ, քան գիտեր մարդկային որեւէ էակ սկսած այն օրից, երբ պարզամիտ պրիմատն սկսեց ուսումնասիրել միայն ստորին վերջույթներով գետնի վրա տեղաշարժվելու հնարավորությունները։

Որքան էլ որ տարօրինակ է, նա ոչ հուզված էր եւ ոչ էլ գրգռված։ Դա հիշեցնում էր առաջին սիրողական ռադիոընդունիչ սարքելը։ Երեխաների խաղալիք։

Երբ Սեմը վերջացրեց, շշերի ու բանկաների մեծ մասը դատարկ էր։ Արկղից դուրս էին ցցվել խոնավ ձեւերը, որոնք նման էին մուլյաժի։ Ուղեցույցն ընկած էր հատակին։

Սեմ Վեբերը կանգնել էր մահճակալի մոտ ու նայում էր մահճակալին պառկած Սեմ Վեբերին։

Մնում էր շունչ հաղորդել կրկնակին։ Սեմը վախենում էր ուշացնելուց, ինչ շեղում ասես կարող էր ի հայտ գալ։

Նա չէր մոռացել թխահեր աղջնակին։ Մի կողմ նետելով անիրական լինելու գարշելի զգացումը, նա համոզվեց, որ մեծ դեզասսամբլյատորը ձեռքի տակ է եւ միացրեց Ջիֆֆիի վիտալիզատորը»։

Մահճակալի վրայի մարդը հազաց։ Շարժվեց։ Նստեց։

— Ո՜ւֆ,— ասաց նա։ — Վատ չի, եթե ինձ թույլատրվի ասել։

Հետո նա վեր թռավ մահճակալից, վերցրեց դեզասսամբլյատորը, սարքի մեջտեղից պոկեց լարի մեծ կտորներ, շպրտեց հատակին ու ոտքերով կոխկրտեց։

— Ես չեմ ուզում, որ գլխիս վրա դամոկլեսյան սուր կախված լինի,— հայտնեց նա Սեմ Վեբերին, որը կանգնել էր բերանը բաց։— Մտածեք նաեւ այն մասին, որ ես դա կարող էի օգտագործել ձեր դեմ։

Սեմը մի կերպ հասավ մահճակալին ու նստեց։ Նրան պատած հուզմունքը անցավ, եւ այժմ նա ամբողջովին համակված էր բութ զարմանքով։ Նա դեռեւս շարունակում էր մնալ երեխայի եւ մանեկենի անօգնականության տպավորության տակ։ Նրա մտքովն իսկ չէր անցնում, որ իր պատճենը կարող է այսպիսի եռանդով ընդունել կյանքը։ Իհարկե, ինքը պետք է դա նկատի ունենար․ այժմ ինքն ստեղծել է հասուն մարդ՝ ֆիզիկական եւ հոգեւոր ուժերի լրիվ ծաղկման տարիքում։

— Շատ վատ է,— խռպոտ ձայնով ասաց Սեմը։— Դուք անհավասարակշիռ եք։ Դուք չեք կարող ընդունվել նորմալ հասարակության մեջ։

— Ե՞ս եմ անհավասարակշիռ,— հարցրեց կրկնակը։— Եվ ո՞վ է ասողը։ Մի մարդ, որ անպտուղ երազանքներով է անցկացրել ողջ կյանքը, որը երազել է ամուսնանալ ճչան հագնված, բիոլոգիական իմպուլսների փառատենչ հավաքածուի հետ, որը ծնկաչոք կսողար ցանկացածդ տղամարդու մոտ, ով կսեղմեր նրա հարկ եղած կոճակները…

— Հանգիստ թողեք Թինայի իսկ անունը,— առարկեց նրան Սեմը։ Նա իրեն վատ զգաց, արտասանելով այդ թատերական ֆրազը։

Սեմի նմանակը նայեց նրան քմծիծաղով։

— Լավ, թող այդպես լինի։ Բայց ոչ մարմինը նրա։ Այ թե ինչ, Սեմ, կամ Վեբեր, կամ ինչպես որ կուզեք ձեզ կոչեմ։ Դուք ապրում եք ինքներդ ձեզ համար, ես՝ ինքս ինձ համար։ Ես նույնիսկ կարող եմ իրավաբան լինել, եթե դա ձեզ բավականություն կպատճառի։ Բայց ինչ վերաբերում է Թինային (քանի որ էլ ինգրեդիենտներ չեն մնացել պատճենը սարքելու համար, եւ ընդհանրապես դա գարշելի արտառոց միտք էր), ապա իմ մեջ բավականաչափ ներդրված են ձեր համակրանքներն ու հակակրանքները, որպեսզի ես ամենայն կրքոտությամբ ցանկանամ նրան։ Ու ես կկարողանամ ստանալ նրան, իսկ դուք չեք կարողանա։ Դուք այդքան խիզախություն չունեք։

Սեմը վեր թռավ տեղից՝ բռունցքները սեղմած։ Բայց եւ անմիջապես մտածեց, որ հակառակորդը ֆիզիկական տեսակետից բոլորովին չի զիջում իրեն, եւ ուշադրություն դարձրեց նրա ինքնավստահ ժպիտին։ Ֆիզիկական գոտեմարտը ոչ մի իմաստ չուներ, լավագույն դեպքում կարող էր վերջանալ ոչ ոքի։ Նա նորից դիմեց փաստարկներին։

— Համաձայն ուղեցույցի,— սկսեց Սեմը,— դուք ենթակա եք նեւրոզների…

— Ուղեցույց։ Ուղեցույցը գրված է գիտական մտահորիզոն ունեցող երեխաների համար, որոնք կապրեն երկու հարյուր տարի հետո։ Նրանց ժառանգական հատկանիշները մանրակրկիտ հսկողության տակ կլինեն։ Անձամբ ես մտածում եմ, որ…

Դուռը երկու անգամ բախեցին։

— Միսթր Վեբեր։

— Այո,— ասացին երկուսը միաժամանակ։

Դռան հետեւում կանգնած տանտիրուհին քիչ մնաց զարմանքից շնչահեղձ լինի եւ անվստահ ձայնով ասաց․

— Ա՜…ա՜—այդ պարոնը ներքեւում է։ Նա ուզում է ձեզ տեսնել։ Ասե՞մ, որ դուք տանն եք։

— Ոչ, առայժմ ոչ,— ասաց կրկնակը։

— Ասացեք, որ ես տնից դուրս եմ եկել մեկ ժամ առաջ,— ասաց Սեմը նույն րոպեին։

Դռան հետեւում լսվեց մի երկար հոգոց եւ արագ հեռացող ոտնաձայն։

— Շատ խելոք մեթոդ էր տվյալ դրության մեջ,— պոռթկաց կրկնակը։— Դուք չէի՞ք կարող լեզուներդ ձեզ պահել։ Խեղճ կինը երեւի կուշաթափվի։

— Դուք մոռանում եք, որ սա իմ սենյակն է, իսկ դուք պարզապես անհաջող ստացված փորձ եք,— զայրացած պատասխանեց Սեմը։— Ես նույնքան իրավունք ունեմ, որքան դուք, նույնիսկ ավելին… Հեյ, այդ ի՞նչ եք անում։

Պատճենը բացեց պահարանի դուռը եւ սկսեց հագնել Սեմի շալվարը։


— Հագնվում եմ։ Դուք կարող եք մերկ ման գալ, եթե դա ձեզ դուր է գալիս, իսկ ես ուզում եմ պատշաճ տեսք ունենալ։

— Ես հանվեցի, որ անհրաժեշտ տվյալներ ստանամ իմ մասին… կամ ձեր մասին։ Սա իմ հագուստն է, իմ սենյակը…

— Լսեք, մի անհանգստացեք։ Դուք երբեք չեք կարողանա դա հաստատել դատարանում։ Ինձ մի ստիպեք վկայակոչել հանրահայտ դրույթներն այն մասին, որ ձերը՝ դա իմն է, եւ այլն։


Միջանցքում լսվեցին ծանր ոտնաձայներ։ Ինչ֊որ մեկը կանգ առավ դռան մոտ։ Հանկարծ երկու Սեմին էլ թվաց, որ շուրջը դղրդաց եւ անտանելի տաք հոսանքը գավավիժեց իրենց վրա։ Ապա թնդուն ձայները սլացան հեռուն։ Պատերը դադարեցին դողալ։ Լռություն տիրեց, եւ սենյակում տարածվեց փայտի հոտ։

Նրանք շրջվեցին հենց այն ժամանակ, որ տեսնեն անհավատալիորեն բարձրահասակ, երկար սեւ վերարկուով շատ ծեր մարդուն, որը ներս էր մտնում դռան ծխացող անցքից։ Չնայած նա անհամեմատ մեծ էր այդ դռնից, բայց չկռացավ, այլ մի տեսակ գլուխը քաշեց ուսերի մեջ եւ հետո նորից դուրս հանեց։ Սեմն ու կրկնակը բնազդասար մի քայլ արեցին դեպի իրար կողմ։

Ներս մտնողն ուներ խոր ընկած, փայլուն՝ առանց սպիտակուցների սեւ աչքեր, որոնք Սեմին հիշեցնում էին բիոկալիբրատորի չափման հարմարանքը․ այդ աչքերը չէին նայում, այլ գնահատում էին եւ եզրակացություններ անում։

— Իզուր չէր, որ ես վախենում էի ուշանալուց,— վերջապես խոսեց նա բամբ֊ գերբնական, ճնշող ձայնով,— դուք արդեն ձեզնից պատճեն եք հանել, միսթր Վեբեր, իսկ դա հարուցում է որոշ տհաճ գործողությունների անհրաժեշտություն։ Եվ կրկնակը ոչնչացրել է դեզասսամբլյատորը։ Շատ վատ է։ Ես պետք է ձեռքով աշխատեմ։ Տհաճ գործ է։ Ծերուկն այնքան շատ մոտեցավ, որ նրանց վախեցած շունչը դիպավ նրան։

— Այս պատմությունն արդեն ուշացրեց հետազոտությունների չորս կարեւոր ծրագրերի կատարումը, բայծ մենք ստիպված էինք մշտապես հաշվի առնել քաղաքակիրթ հասարակության համընդհանուր նորմաները եւ ստույգ որոշել հասցեատիրոջ անձնավորությունը, նախքան սարքը նրա մոտից վերցնելը։

Միսիս Լիփանթիի ուշաթափությունը, բնականաբար, պահանջեց շտապ միջոցներ ձեռք առնել։

Կրկնակը մաքրեց կոկորդը։

— Ուրեմն, դո՞ւք…

— Ոչ, ես մարդ չեմ այդ բառի ճիշտ իմաստով։ Ես համեստ քաղաքացիական չինովնիկ եմ՝ պատրաստված ստույգության բարձրագույն դասով։ Ես ամբողջ քսանիններորդ շրջանի Ցենզի Պահապանն եմ։ Ձեր հավաքածուն նախատեսված էր Ֆրեգանդայի երեխաների համար, որոնք էքսկուրսիա են կատարում այս շրջանում։ Ֆրեգանդացիներից մեկը, Վեվերի անունով փաստաթղթերով, պատվիրել էր այս հավաքածուն քրոնոդրոմների միջոցով, որոնք այդպիսի անսովոր բեռնվածությունից այնպես էին քայքայվել, որ այլեւս հնարավոր չէր դրանք կարգի բերել։ Դրա համար էլ դուք ծանրոցը ստացաք նրա փոխարեն։ Դժբախտաբար, վնասվածքներն այնքան զգալի էին, որ մենք ստիպված եղանք ձեզ փնտրել կողմնակի մեթոդներով։

Ցենզի Պահապանը դադար տվեց, եւ համար երկու Սեմը ներվային շարժումով ձգեց շալվարը։ Իսկ ինքը Սեմը անչափ ուզեց, որ հագին մի բան լինի, գոնե թզի տերեւ՝ մերկությունը ծածկելու համար։ Նա իրեն զգում էր ինչպես հանրահայտ անձնավորությունը դրախտի այգում, որը փորձում է բացատրել, թե խնձորն ինչո՞ւ է կերել, եւ մռայլ մտածեց, որ հագուստն ավելի շատ է ստեղծում մարդուն, քան նույնիսկ «Սարքիր մարդ» հավաքածուն։

— Մենք, իհարկե, հավաքածուն պիտի տանենք,— շարունակում էր դղրդալ բեկբեկուն որոտը,— եւ վերացնել նրա այստեղ գտնվելու բոլոր հետեւանքները։ Երբ ամեն ինչ կարգի կբերվի, ձեզ թույլ կտրվի ապրել նախկինի պես, ասես ոչինչ չի պատահել։ Ի միջի այլոց, խնդիրն այն է, որ իմանաք, թե ձեզնից որն է իսկական Սեմ Վեբերը։

— Ես,— ասացին երկուսն էլ դողդոջուն ձայնով եւ իրար նայեցին։

— Դժվարանում է,— որոտաց ծերուկը։ Նրա հոգոցթ նման էր սառցաքամու շառաչի։— Ինչո՞ւ բախտս միշտ չի բերում։ Ինչո՞ւ ոչ մի անգամ ինձ հետ հասարակ բան չի պատահում։

— Լսեք,— սկսեց կրկնակը,— օրիգինալը պիտի լինի…

— Միանգամայն հավասարակշռված եւ լավագույն զգացմունքային վիճակում, քան պատճենը,— ընդհատեց Սեմը։— Ինձ թվում է…

— որ դուք հեշտությամբ կարող եք տեսնել տարբերությունը,— եզրափակեց կրկնակը, առանց շունչ քաշելու,— պարզելով, թե մեզանից որ մեկն է հասարակության արժանավոր անդամը։

(«Այս տիպն ուզում է թոզ փչել աչքին»,— մտածեց Սեմը հանգիստ համոզվածությամբ։— Ինչպես նա չի հասկանում, որ գործ ունի այնպիսի էակի հետ, որն իսկապես կարող է տեսնել մտավոր տարբերությունները։ Դա հո խղճուկ ժամանակակից հոգեբույժ չի, այս էակը կարող է արտաքին թաղանթի միջով տեսնել ամենաթաքուն խորքերը։

— Դե, իհարկե, կկարողանամ։ Մի րոպե։— Ծերունին սկսեց ուշադիր զննել նրանց։ Նրա աչքերը անկիրք վեր ու վար վազեցին նրանց մարմիններով։ Երկու Սեմ Վեբերները սպասում էին, դողալով, լռության մեջ։

— Պարզ է,— վերջապես ասաց ծերուկը։— Միանգամայն պարզ է։

Նա մի քայլ առաջ եկավ ու առաջ նետեց երկար, բարակ ձեռքը, հետո սկսեց մասնատել Սեմ Վեբերին։

— Բայց լս… եք…— սկսեց Սեմ Վեբերը աղեկտուր ձայնով, որը վերածվեց հուսահատ գոռոցի եւ խզվեց անհասկանալի քրթմնջոցով։

— Հոգեկան հավասարակշռությունը չկորցնելու համար ավելի լավ կլինի, որ դուք չնայեք,— նկատեց Ցենզի Պահապանը։

Կրկնակը դանդաղ շունչ քաշեց, շրջվեց մեջքով եւ սկսեց կոճկել վերնաշապիկը։ Նրա հետեւում մերթ ուժեղանում, մերթ թուլանում էր քրթմնջոցը։

— Տեսնում եք,— շարունակում էր որոտընդոստ, ճնշող, ձայնը,— բանը նրանում չէ, որ մենք վախենում ենք նվեր թողնել ձեզ, բանը սկզբունքի մեջ է։ Ձեր քաղաքակրթությունը նախապատրաստված չէ այդ նվերի համար։ Դուք պետք է դա հասկանաք։

— Անշուշտ,— պատասխանեց կեղծ Վեբերը, կապելով մորաքույր Մեգիի կարմրակապույտ փողկապը։

  1. Բլեքսթոուն (1723 — 1780) — հռչակավոր անգլիացի իրավաբան, անգլիական իրավագիտության հիմնադիրներից մեկը։