Վերջին թարմացում 10 Հուլիսի 2015, 14:11

Կատուն անձրեւի տակ

Կատուն անձրեւի տակ

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» [Կատուն անձրեւի տակ]

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կային։ Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի։ Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին։ Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը։ Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային։ Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ֊որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով։ Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները։ Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ։ Անձրևում էր։ Կաթիլները մեկիկ— մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից։ Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել։ Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ։ Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել։ Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին։

Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս։ Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրաևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել։ Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան։

—Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,— ասաց ամերիկուհին։

— Ես կգնամ,— առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը։

—Ոչ, ինքս կբերեմ։ Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի։

Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ։

—Տես՝ չթրջվես,— ասաց նա։

Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան։ Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր։ Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր։

— Անձրևում է,— ասաց կինը։

— Այսօր շատ վատ եղանակ է։

Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում։ Նա դուր էր գալիս կնոջը։ Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս։ Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը։ Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն։ Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը։ Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը։

Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս։ Տեղատարափ անձրև էր։ Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում։ Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ։ Գուցե քիվի տակով անցնի։ Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց։ Նրանց սենյակը հավաքող աղախինն էր։

— Այսպես չեք թրջվի,— ժպտալով ասաց աղախինը իտալերեն։ Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել։

Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ։ Սեղանն այնտեղ էր։ Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար։ Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը։ Աղախինը ակնածանքով նայեց նրան։

— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա։

— Այստեղ կատու կար։

— Կատո՞ւ։

— Այո, կատու։

—Կատո՞ւ,— ծիծաղեց աղախինը։— Կատուն՝ անձրևի տա՞կ։

— Այո,— ասաց կինը,— սեղանի տակ էր։ Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ։

Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց։

— Եկեք, սենյորա,— ասաց նա։— Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք։

— Գնանք, իհարկե,— ասաց մանկամարդ ամերիկուհին։

Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան։ Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի։ Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում։ Կնոջ մեջ ինչ֊որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ։ Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ։ Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց։ Նա բարձրացավ աստիճաններով։ Բացեց սենյակի դուռը։ Ջորջը մահճակալին պառկած կարդում էր։

— Կատվին բերի՞ր,— հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով։

— Այնտեղ չէր։

—Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,— ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից։

Կինը նստեց մահճակալին։

— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,— ասաց նա։— Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում։ Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում։ Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է։

Ջորջը նորից սկսել էր կարդալ։

Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն։ Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը։ Ապա՝ ծոծրակն ու պարանոցը։

—Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,— հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին։

Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը։

— Այդպես էլ է ինձ դուր գալիս։

— Ես ձանձրացել եմ,— ասաց կինը։— Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից։

Ջորջը փոխեց դիրքը։ Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից։

— Այսօր դու շատ ես սիրունացել,— ասաց Ջորջը։

Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս։ Մթնում էր։

— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,— ասաց կինը։— Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա։

—Ի՞նչ…

— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն։ Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…

— Դե լավ, վերջացրու։ Մի գիրք վերցրու կարդա,— ասաց Ջորջը։ Նա նորից կարդում էր։

Կինը պատուհանից նայում էր դուրս։ Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին։

—Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,— ասաց ամերիկուհին։— Հենց հիմա կատու եմ ուզում։ Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ։

Ջորջը չէր լսում։ Նա կարդում էր։ Կինը պատուհանից նայեց դուրս։ Հրապարակի լույսերն արդեն վառվել էին։

Ինչ֊որ մեկը թակեց դուռը։

—Մտեք ,— ասաց Ջորջը։ Նա գլուխը բարձրացրեց գրքից։

Աղախինը կանգնեց դռան շեմին։ Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից։

— Ներեցեք,— ասաց աղախինը,— հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային։