հեղինակ՝ Վանո Սիրադեղյան |
Կասպից ծովի ավազանի նավթը, այսպիսով, ըստ նախադպրոցական տարիքի մեր պատկերացման, հոսելու է ցած։ Իրանը «քաղաքակրթությունների երկխոսության» հռչակած քաղաքացիական գիծը իրագործելիս, սակայն, նախորդ տասնամյակների նման միակողմանի կապվածության, հավանաբար, չի գնա եւ միառժամանակ կազատվի ռուսական կենսունակ տեխնոլոգիաներից։ Մի բան, որ նորից թյուրիմացության մեջ է թողնելու հայ տնաբույծ քաղաքական միտքը։
Կասպյան նավթի ու գազի ելքի վճիռն անկհայտորեն պարզում է քաղաքական այն գերլարվածությունը, որ իր կիզակետին հասավ 97 թվականին, երբ իրար հետեւեցին մահափորձերը Ալիեւի, Շեւարդնաձեի, Մասխադովի դեմ, եւ Տեր֊Պետրոսյանի հրաժարականը, որը տեղի ունեցավ ոչ թե 98֊ի փետրվարին, այլ նույն 97֊ի աշնանը՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի հրապարակումով եւ Քոչարյանին Ժակ Շիրակի մոտ ուղարկելով՝ որպես իրեն փոխարինողի։
Եթե մահափորձերն իրական էլ չէին, ուրեմն քաղաքական իրավիճակն այն աստիճան վտանգավոր էր Կովկասում, որ մահափորձեր պետք էր բեմադրել՝ հասարակայնությանը զգաստացնելու, համախոհներին համախմբելու, հակառակորդի հաշիվները խառնելու համար։ Նաեւ՝ դաշնակիցներին գործողությունների մղելու։
Ինչեւէ, արագացավ Բաքու֊Ջեյհան նավթամուղի կայացումը։ Իսկ Աֆղանստանի զինադադարով ու Իրանի զգաստ կողմնորոշումով Կովկասը, որ վերջին տասը տարին տապակվում էր Ռուսաստանի ու Արեւմուտքի շահերի բախման կիզակետում, միաժամանակ հայտնվում է քաղաքական վակուումում։
Ռուսական շահերի ճակատը իր կամքին էլ հակառակ շրջվում է իր համար առավել աննպաստ ու բարդ ուղղությամբ, ուր որպես Արեւմուտքի շահերի կրողներ կամ աջակիցներ, հանդես են գալիս միջինասիական կենսունակ պետությունները, Ադրբեջանը, Իրանը, Աֆղանստանը, թերեւս՝ Պակիստանը, համատեղ։ Գումարած, որ Աֆղանստանի զինադադարով թուլանում է Ռուսաստանի ազդեցությունը Տաջիկստանում եւ ընդհանրապես Միջին Ասիայում։
Արեւմուտքն ընդգծված սառնություն է ցուցաբերում Ղարաբաղի եւ Աբխազիայի կարգավորման խնդրի հանդեպ։ Եվ Արեւմուտքի դիվանագիտական ջանքերի դադարը, եւ Ռուսաստանի կողմից նախաձեռնության բացակայությունը մի ավելորդ անգամ ապացուցում են Կովկասի քաղաքական էլիտային, որ կայունացումը Կովկասում չի բխում Ռուսաստանի այսօրվա շահերից։ Լավագույն դեպքում ցուցադրում է Ռուսաստանի անկարողությունը։
Հարավսլավիայի ռմբակոծմամբ ի թիվս այլ, նաեւ իմ նախորդ հոդվածում շոշափված խնդիրների, լուծում է ամենաէական՝ ուժերի փոխհարաբերության պատկերի հստակեցման հարցը։ Ռուսաստանի դաշնակիցների, պոտենցիալ հակառակորդների, հենց Ռուսաստանի քաղաքական գործիչների եւ հասարակայնության աչքում գցվում է ռուսական ռազմական հզորության պատրանքը՝ մասնավորապես բացահայտելով ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի սնանկությունը․ 2000 օդային թռիչքներից կործանումով է ավարտվել ընդամենը 10֊ը։ Արյդունավետությունը՝ 0.5 տոկոս։
Այս է մեր դաշնակցի կարողությունը։ Եվ մեկ տասնամյակից շուտ՝ ավելին չի լինի։ Եվ այդ հսկայածավալ երկիրը 20 միլիարդ ողորմելի պետբյուջեով պահպանում է մեր սահմանը 60 միլիարդ բյուջե ունեցող Թուրքիայի հետ։ Այն էլ ասենք, որ Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգները ամեն օր (ամեն օր) բանակի վրա ծախսում են 800 միլիոն դոլար, իսկ հետախուզական ծառայությունների վրա (ամեն օր)՝ 80 միլիոն դոլար։
Իրանի շրջդարձային քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը, փաստորեն, դուրս է գալիս կովկասյան լարվածության դաշտից՝ միաժամանակ դուրս գալով Ռուսաստանի ազդեցության որոլտից։
Վրաստանը շարունակում է իր դիրքային պայքարը՝ տարածքային ամբողջականութունը պահպանելու գործում նորանոր դաշնակիցներ ձեռք բերելով ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, նաեւ Իսրայելի։ Այդ երկրի ղեկավարի «երկու երկրների համագործակության միջեւ սահմանափակում չի լինի» արտահայտությունը Վրաստան այցի ժամանակ, միայն պարզ խոսք չէ։ Այդ խոսքին թիկունք են Իսրայելի ուժեղ, ճկուն պետական մեքենան եւ միջազգային ֆինանսական ինստիտուտները։ Վրաստանը լրացուցիչ ապահովություն է ձեռք բերում նաեւ Կովկասում՝ դաշնակցելով Չեչնիայի հետ։ Եթե վրաց֊աբխազական առաջին հակամարտության ժամանակ չեչենական գումարտակը կռվում էր Վրաստանի դեմ, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ հակառակը չի լինի։ Նույնը կարող է լինել նաեւ վրաց֊օսական կոնֆլիկտի դեպքում։
Հապա ո՞րն է Հայաստանի ապահովությունը, եթե ժամանակն էլ է աշխատում հակառակորդի օգտին։
Մեկ բան։ Պարզ, անհնարինին շատ մոտ մի բան հայերիս համար՝ շուտափույթ գիտակցումը այն ճշմարտության, որ մեծ շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդը շահելու բան չունի, շահն այն է, որ այդ կռվից դուրս գա փոքր կորուստներով։