Վերջին թարմացում 4 Հուլիսի 2015, 23:53

Հաղթական կամար - XIX գլուխ

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XVIII գլուխ Հաղթական կամար - XX գլուխ ▶


— Նա այստեղ է,— ասաց Մորոզովը։

— Ո՞վ։

Մորոզովն ուղղեց իր շքազգեստը։

— Մի ձևացնի, թե չես հասկանում, խոսքն ում մասին է։ Եվ այս փողոցի մեջտեղը մի բարկացնի քո հայր Բորիսին։ Կարծում ես, ես չե՞մ հասկանում, թե դու ինչու ես վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք անգամ եղել «Շեհերազադեում»։ Ճիշտ է, առաջին անգամ քեզ հետ մի կապուտաչվի և սև մազերով հրաշք կար, Բայց երկրորդ և երրորդ անգամ դու արդեն մենակ էիր։ Մարդը թույլ է — ահա թե որտեղ է նրա հմայքը։

— Կորի գրողի ծոցը, դուռ բացող զավզակ,— ասաց Ռավիկը,— ես հազիվ եմ դիմանում, իսկ դու ամեն կերպ աշխատում ես ինձ նվաստացնել։

― Քեզ համար ավելի լա՞վ կլիներ, եթե ես ոչինչ չասեի։

— Իհարկե։

Մորոզովը մի կողմ քաշվեց, ճանապարհ տալով երկու ամերիկացու։

― Որ այդպես է, ետ գնա։ Մի ուրիշ անգամ կգաս,— ասաց նա։

— Նա մենա՞կ է։

— Մենակ մենք թույլ չէինք տա ներս մտնել նույնիսկ իշխանուհու։ Դա քեզ հայտնի պետք է լինի։ Քո հարցը կարող է ուրախություն, պատճառել իրեն Զիգմունդ Ֆրեյդին։

— Ի՞նչ ես հասկանում Զիգմուդ Ֆրեյդի ուսմունքից։ Դու հարբած ես, և քեզանից կբողոքեմ ձեր «Շեհերազադեի» վերակացուին՝ կապիտան Չեչենիձեին։

— Կապիտան Չեչենիձեն ինձ հետ ծառայում էր միևնույն գնդում, տղաս։ Նա լեյտենանտ էր, իսկ ես՝ փոխգնդապետ։ Եվ մինչև հիմա նա այդ չի մոռանում։ Փորձիր, եթե ուզում ես բողոքիր։

— Շատ լավ։ Որ այդպես է, բաց թող անցնեմ։

— Ռա՜վիկ։— Մորոզովը իր ծանր ձեռքերը դրեց նրա ուսերին։— Էշություն մի անի։ Գնա զանգիր քո կապույտ աչքերով հրաշքին և նրա հետ միասին արի, եթե, իհարկե, որոշել ես երեկոն անպայման մեզ մոտ անցկացնել։ Ահա քեզ կյանքի մեծ փորձ ունեցող ծերունու խորհուրդը։ Արտաքուստ դա կարող է էժանագին թվալ, բայց իրականում գործնական քայլը դա է։

— Ոչ, Բորիս։— Ռավիկը նայեց նրան։— Խորամանկելու կարիք չկա։ Եվ առհասարակ ես խորամանկություններ չեմ էլ սիրում։

— Ուրեմն, գնա տուն։— ասաց Մորոզովը։

— Ի՞նչ տուն։ Արմավենու գարշահոտ սրա՞հը, թե՞ իմ խուցը։

Մորոզովը Ռավիկին թողեց այդտեղ և գնաց դեպի այն զույգը, որը տաքսի էր փնտրում։ Ռավիկն սպասեց տեղում մինչև նրա վերադարձը։

— Դու ավելի խելացի ես, քան ես կարծում էի,— ասաց Մորոզովը։— Թե չէ դու վաղուց ներսում նստած կլինեիր։

Նա ետ հրեց իր ոսկերիզ գլխարկր և ուզեց ինչ֊որ բան ասել, երբ հանկարծ «Շեհերազադեի» շեմքին հայտնվեց սպիտակ սմոկինգը հագին գինովցած մի երիտասարդ։

— Պարոն գնդապետ։ Մի մրցարշավի մեքենա։

Մորոզովը ձեռքով արեց կանգառում հերթի սպասող առաջի տաքսու վարորդին և, ուղեկցելով թեթևակի օրորվող երիտասարդին, նստեցրեց նրան մեքենայի մեջ։

― ինչո՞ւ չեք ծիծաղում,— ասաց հարբած երիտասարդը։― Ես ձեզ գնդապետ անվանեցի, մի՞թե դա սրամիտ չէ։

— Շատ սրամիտ էր։ Իսկ մրցարշավի մեքենան ուղղակի սքանչելի էր։

— Ես տվի-առա և գտա, որ ավելի լավ է ներս գնաս,― ասաց Մորոզովը, վերադառնալով Ռավիկի մոտ։— Թքած, թե ինչ կասեն։ Ես էլ այդպես կանեի։ Միևնույն է, դա մի օր տեղի է ունենալու։ Ուրեմն, ինչո՞ւ քարշ տալ։ Վերջացրու թող կորչի։ Կամ այսպես, կամ այնպես։ Եթե մենք դադարում ենք երեխայություն անելուց, իմացիր, որ արդեն ծերացել ենք։

— Ես էլ մտածեցի։ Եվ որոշեցի ուրիշ տեղ գնալ։

Մորոզովը քմծիծաղին տալով նայեց Ռավիկին։

— Լավ,— ասաց նա վերջապես,— այդ դեպքում ես քեզ կես ժամից հետո կտեսնեմ։

— Գուցե և ոչ։

— Որ այդպես է, մի ժամից հետո։


Երկու ժամ հետո Ռավիկը նստած էր «Կլոշ դ'Օրում», որը դեռ համարյա բոլորովին դատարկ էր։ Ներքևում, սրահի երկարությամբ, ինչպես թութակները՝ թառին, նստել էին պոռնկուհիները և շաղակրատում էին։ Նրանց միջև կանգնած էին մի քանի կոկաին վաճառողներ և տուրիստների էին սպասում։ Վերևում մի քանի զույգեր նստած սոխից պատրաստած սուպ էին ուտում։ Ռավիկի դեմդիմացի անկյունում գտնվող բազմոցին նստել էին երկու լեզբուհի, որոնք շերրի֊բրենդի էին խմում և քչփչում։ Նրանցից մեկը, որի աչքին մոնոկլ կար, հագել էր տղամարդու ձևվածքի կոստյում և փողկապ էր կապել։ Մյուսը, որ կարմիր մազերով լիքը-լիքը մի կին էր, հագել էր իրիկնային խոր դեկոլտեով ու փայլազարդերով մի շոր։

Ինչ տխմարություն, մտածեց Ռավիկը: Ինչո՞ւ «Շեհերազագե» չգնացի։ Ինչի՞ց եմ վախենում։ Կամ ինչի՞ց եմ փախչում։ Իմ զգացմունքը հասունացել է, ես դա գիտեմ։ Անջատման այս երեք ամիսները ոչ թե թուլացրել, այլ ավելի ուժեղ են դարձրել այդ զգացմունքը։ Մի՞թե ես որևէ նպատակ եմ հետապնդում, երբ ինքս ինձ խաբում եմ։ Այդ զգացմունքը միակ բանն է եղել, որ մնացել է ինձ հետ, երբ ես քարշ եմ եկել խուլ նրբանցքներում, երբ թաքնված սպասել եմ ինչ-որ սենյակներում, երբ կաթիլ առ կաթիլ իմ մեջ է լցվել օտար և անաստղ գիշերների մենությունը։ Այդ անջատումն ավելի բորբոքեց իմ զգացմունքները, քան դա կարող էր անել այն ժամանակ ինքը՝ Ժոանը, իսկ այժմ...

Խեղդված մի ճիչ սթափեցրեց Ռավիկին։ Այդ ընթացքում մի քանի կանայք արդեն ներս էին եկել։ Նրանցից մեկը, որը սպիտակավուն նեգրուհու էր նման, բավական հարբած էր և վրան ծաղիկ կպցրած գլխարկը ետ էր հրել ծոծրակին։ Նա շպրտեց ձեռքին բռնած սեղանի դանակը և դանդաղ քայլերով աստիճաններով իջավ ներքև։ Ոչ ոք նրան չբռնեց։ Քելներներից մեկը այդ նույն աստիճաններով բարձրանում էր վերև։ Կանանցից մի ուրիշը, վերևում կանգնած, փակել էր նրա ճանապարհը։

— Ոչինչ չի եղել,— ասաց քելների առաջն առնող կինը,— ոչ մի բան չի պատահել։

Քելները ուսերը վեր քաշեց և, շրջվելով, ետ գնաց։ Ռավիկը տեսավ, թե ինչպես անկյունի բազմոցին նստած կարմիր մազերով կինը տեղից վեր կացավ։ Այդ նույն րոպեին քելների առաջն առնող կինը արագ֊արագ գնաց ներքև։ Կարմիր մազերով կինը, ձեռքը փարթամ կրծքին դրած, անշարժ կանգնել էր։ Նա զգուշորեն բացեց ձեռքի երկու մատը և ցած նայեց։ Շորի կտրվածքը մի քանի սանտիմետր ավելի խորն էր, որի տակից երևում էր բաց վերքը։ Մաշկ չկար, միայն բաց վերքն էր երևում իրիկնային կանաչ, երփներանգող շորի տակից։ Կարմիր մազերով կինն այնպես էր նայում, թվում էր, թե չի հավատում, որ դա վերք է։

Ռավիկն ակամա մի շարժում արեց։ Հետո նորից ետ ընկավ տեղը։ Մի անգամ արտաքսվելն արդեն բավական էր։ Նա տեսավ, որ տղամարդու ձևվածքի կոստյում հագած կինը կարմիր մազերով կնոջը ետ քաշեց դեպի բազմոցը։ Այդ նույն ակնթարթին աստիճաններով վեր բարձրացավ երկրորդ կինը՝ մի բաժակ օղի ձեռքին։ Տղամարդու ձևվածքի կոստյում հագած կինը չոքեց նստարանի վրա, մի ձեռքով փակեց կարմիր մազերով կնոջ բերանը և մյուս ձեռքը արագ ետ քաշեց նրա վերքի վրայից։ Երկրորդ կինը բաժակի օղին լցրեց վերքի վրա։ Ախտահանման հասարակ ձև է, մտածեց Ռավիկը։ Կարմիր մազերովը տնքում էր ու ցնցվում, սակայն մյուսը երկաթի պես ամուր բռնել էր նրան։ Երկու ուրիշ կին սեղանն հավաքեցին մյուս հաճախորդների առջևից։ Այդ ամենը կատարվեց վերին աստիճանի արագ և գործիմացորեն, այնպես, որ ոմանք նույնիսկ չնկատեցին էլ։ Դրանից մի քանի րոպե անց ներս խուժեց լեզբիական սիրով տարվածների և հոմոսեքսուալիստների մի բազմություն։ Նրանք շրջապատեցին անկյունում գտնվող սեղանը, կարմիր մաղերով կնոջը վեր բարձրացրին, բռնեցին բոլոր կողմերից և ծիծաղելով ու շաղակրատելով այնպես դուրս եկան սրահից, կարծես ոչինչ չէր պատահել։ Հաճախորդների մեծ մասը դա նույնիսկ չնկատեց։

— Մաքուր գործ էր, ճի՞շտ է,— հարցրեց Ռավիկի հետևից քելները։

Ռավիկը գլխով արեց։

— Այդ ի՞նչ էր պատահել,— հարցրեց նա։

— Խանդի հողի վրա էր։ Այդ այլասերվածները կարծես գազազածների բանդա լինեն։

— Այդ որտեղի՞ց այդպես վայրկենապես հավաքվեցին։ Իսկապես որ տելեպատիա գոյություն ունի։

— Նրանց հոտառությունը զարգացած է, մեսյո, հոտ առան,— ասաց քելները։

— Ըստ երևույթին մեկը հեռախոսով հաղորդել էր։ Բայց շատ արագ ու ստույգ կատարվեց այդ բոլորը։

— Նրանք հոտ առան։ Իսկ բոլորը միանգամից հայտնվեցին, որովհետև միասին են լինում՝ ինչպես սատանան ու մահը։ Միևնույն կողմից են ներկայանում։ Միայն թե գործը ոստիկանություն չհասնի — ահա նրանց ուզածը։ Իսկ մնացած հարցերում իրենք իրար լեզու հասկանում են։

Քելները Ռավիկի բաժակը վերցրեց սեղանից։

— Մի բաժա՞կ էլ բերեմ։ Ի՞նչ էիք խմում,— հարցրեց նա։

— Կալվադոս,— ասաց Ռավիկը։

— Շատ լավ։ Եվս մի կալվադոս։

Քելները հեռացավ։

Ռավիկը հայացքը բարձրացրեց ու տեսավ ժոանին, որը նստած էր իրենից մի քանի սեղան այն կողմ։ Ըստ երևույթին, նա ներս էր եկել այն ժամանակ, երբ Ռավիկը քելների հետ խոսելիս էր եղել։ Համենայն դեպս նրա ներս մտնելը Ռավիկը չէր նկատել։ Ժոանը նստած էր երկու տղամարդու հետ։ Ռավիկն ու Ժոանը իրար նկատեցին միաժամանակ։ Ժոանի արևից սևացած դեմքը գունատվեց։ Մի պահ Ժոանը տեղում անշարժացավ, առանց հայացքը Ռավիկից հեռացնելու։ Հետո անսպասելի մի շարժումով սեղանը ետ հրեց, կանգնեց տեղից և շարժվեց դեպի Ռավիկը։ Նրա դեմքը տարօրինակորեն փոխվեց։ Դարձավ մի տեսակ աղոտ ու անորոշ բիծ, որի վրա երևում էին միայն անշարժ, բյուրեղի նման վճիտ աչքերը։ Երբեք մինչև այդ Ռավիկը Ժոանի աչքերը այդքան պայծառ ու շողշողուն չէր տեսել։ Այդ աչքերի փայլում ինչ-որ զայրույթ կար արտացոլված։

— Դու վերադարձե՞լ ես,— կամացուկ, գրեթե շունչը կտրվելով հարցրեց ժոանը։

Նա կանգնել էր Ռավիկի դիմաց, և ակամայից այնպիսի մի շարժում արեց, որ թվաց, թե ուզում է գրկել Ռավիկին։ Սակայն այդ չարեց։ Նույնիսկ ձեռքը չպարզեց Ռավիկին՝ բարևելու համար։

— Դու վերադարձե՞լ ես,— կրկնեց Ժոանը։

Ռավիկը լուռ էր։

— Այդ ե՞րբ ես վերադարձել,— հարցրեց նա նույն կամացուկ ձայնով։

— Արդեն երկու շաբաթ է։

— Երկու շաբաթ... Եվ ես... Դու նույնիսկ չես էլ մտածել․․․

— Ոչ ոք քո տեղը չգիտեր։ Ոչ հյուրանոցում և ոչ էլ «Շեհերազադե»-ում։

— «Շեհերազադե»-ում․․․ չէ՞ որ ես...— Ժոանը կմկմաց։— Ինչո՞ւ նամակ չէիր գրում։

— Չէի կարողանում։

— Սուտ ես ասում։

— Եթե դա սուտ ես համարում, ուրեմն, չէի ուզում գրել։ Ես չգիտեի, կվերադառնամ թե չէ։

— Նորից ես ստում։ Դա ոչ մի կապ չունի գրել֊չգրելու հետ։

— Ոչ, կապ ունի։ Ես կարող էի վերադառնալ, բայց կարող էի նաև չվերադառնալ։ Մի՞թե դու դա չես հասկանում։

— Ոչ, չեմ հասկանում։ Բայց դրա փոխարեն ուրիշ բան եմ հասկանում։ Հասկանում եմ այն, որ դու արդեն երկու շաբաթ է, ինչ այստեղ ես, բայց ամենափոքրիկ ջանքն անգամ չես գործադրել՝ ինձ գտնելու համար...

— Ժոան,— հանգիստ տոնով ասաց Ռավիկը։— Չէ՞ որ Փարիզում չեն քո ուսերն այդպես սևացել արևից։

Քելներն ականջը սրած ու ոտքը կախ գցելով անցավ նրանց կողքով։ Նրա հայացքը մի վայրկյան կանգ առավ Ժոանի և Ռավիկի վրա։ Փոքր֊ինչ առաջ տեղի ունեցած տեսարանը դեռ թարմ էր նրա հիշողության մեջ։ Նա կարծես պատահականորեն կարմիր ու սպիտակ վանդակավոր սփռոցի վրայից մի ափսեի հետ վերցրեց երկու դանակ ու երկու պատառաքաղ։ Դա Ռավիկի աչքից չվրիպեց։

— Ամեն ինչ կարգին է,— ասաց նա։

— Ի՞նչն է կարգին,— հարցրեց Ժոանը։

— Ոչինչ։ Քիչ առաջ մի բան եղավ, խոսքս դրա մասին է։

Ժոանը սևեռված նայեց Ռավիկին։

— Դու այստեղ որևէ կնո՞ջ ես սպասում։

— Տե՜ր իմ աստված։ Ի՞նչ կին։ Այստեղ մի տեսարան տեղի ունեցավ, խոսքը դրա մասին է։ Մեկին դանակով խփել էին։ Բայց այս անգամ ես խառնված չէի։

— Խառնվա՞ծ,— կարծես նոր միայն հասկանալով, բացականչեց Ժոանը։ Հանկարծ նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։

— Դու ի՞նչ ես անում այստեղ։ Քեզ նորից կբանտարկեն։ Ես ամեն ինչ գիտեմ։ Հիմա եթե քեզ բռնեն, արդեն կես տարի բանտարկություն կտան։ Դու պետք է հեռանաս։ Ես չգիտեի, որ դու Փարիզում ես։ Կարծում էի, այլևս չես վերադառնա։

Ռավիկը լուռ էր։

— Ես կարծում էի դու այլևս չես վերադառնա,— կրկնեց Ժոանը։

Ռավիկը նայեց նրան։

— Ժոան...

— Ոչ։ Դա ճիշտ չէ։ Այդ բոլորը սուտ է։ Բոլորը։

— Ժոան,— զգուշորեն ասաց Ռավիկը։— Դու գնա քո սեղանի մոտ։

Ժոանի աչքերը լցվեցին։

— Գնա քո սեղանի մոտ։

— Դու ինքդ ես մեղավոր,— դուրս պրծավ ժոանի շուրթերից։— Դու ինքդ, միայն դու, ուրիշ ոչ ոք։

ժոանը միանգամից շրջվեց ու ետ գնաց։ Ռավիկն իր սեղանը թեթևակի մի կողմ հրեց ու նստեց տեղը։ Հանկարծ նրա աչքն ընկավ կալվադոսի բաժակին։ Նա ձեռքը մեկնեց, որպեսզի խմի, բայց նորից ետ քաշեց։ Ժոանի հետ խոսելիս նա իրեն շատ հանգիստ էր զգում։ Իսկ այժմ հանկարծ նրան համակեց հուզմունքը։ Տարօրինակ է, մտածեց Ռավիկը։ Կրծքիս մկանները դողում էն մաշկիս տակ։ Ինչո՞ւ հենց այդ մկանները։ Նա վերցրեց բաժակը և սկսեց զննել իր ձեռքը։ Ձեռքը միանգամայն հանգիստ էր։ Առանց ժոանին նայելու, նա խմեց կալվադոսի կեսը։

— Մի տուփ սիգարետ,— ասաց Ռավիկը մոտից անցնող քելներին։ «Կապորալ»։

Նա մի սիգարետ վառեց և խմեց բաժակի մեջ մնացած կալվադոսը։ Ռավիկը դարձյալ իր վրա զգաց Ժոանի հայացքը։ Ի՞նչ է սպասում, մտածեց նա։ Այն, որ ես վշտից խմո՞ւմ եմ նրա աչքի առաջ։ Նա մոտ կանչեց քելներին և վճարեց։ Երբ Ռավիկը տեղից վեր կացավ, Ժոանը աշխույժ զրույցի էր բռնված իրեն ուղեկցողներից մեկի հետ։ Նա հայացքը չբարձրացրեց, երբ Ռավիկը անցնում էր կողքով։ Ժոանի դեմքը մռայլ էր, սառը և առանց որևէ արտահայտության, թեև լարված ժպտում էր։


Ռավիկը քայլում էր փողոցներով և իրենից անկախ ու անսպասելի նորից հայտնվեց «Շեհերազադեի» առաջ։ Մորոզովը նրան դիմավորեց ժպիտը երեսին։

— Լա՜վ ես դիմանում, զինվոր։ Իսկ ես քեզ համարյա կործանված էի համարում։ Մարդ ակամայից ուրախանում է, երբ տեսնում է, որ իր կանխագուշակումները կատարվում են։ Տեսա՞ր նորից ոնց վերադարձար։

— Ժամանակից շուտ մի ուրախացիր։

— Դու նույնպես։ Ուշացել ես։ ժոանն արդեն գնաց:

— Ես այդ գիտեմ։ Իրեն հանդիպեցի։

— Ի՞նչ։ Հանդիպեցի՞ր։

— Այո։ «Կլոշ դ'Օրում»։

— Ասացեք, խնդրե՜մ...— Վրա բերեց Մորոզովը զարմացած։— Մայրիկ-կյանքը միշտ հոգեպահուստ անակնկալներ է ունենում։ Գիտե ինչպես զարմացնել։

— Ասա, տեսնենք, ե՞րբ ես այստեղ գործդ վերջացնում, Բորիս։

— Մի քանի րոպեից հետո։ Բոլորն արդեն գնացել են։ Միայն պետք է շորերս փոխեմ։ Իսկ դու մինչև այդ արի գնա ներս։ Մի քիչ էլ օղի կխմես ռեստորանի հաշվին։

― Ոչ, ավելի լավ է ես այստեղ սպասեմ։

Մորոզովը նայեց նրան։

— Ինչպե՞ս ես քեզ զգում։

— Շատ վատ։

— Իսկ դու ուրի՞շ բան էիր սպասում։ Դե լավ, գնա հագնվիր։

Ռավիկը հենվեց պատին։ Նրա կողքին պառավ ծաղկավաճառուհին չվաճառված ծաղիկները զամբյուղի մեջ էր հավաքում։ Ծաղկավաճառուհին նրան ոչինչ չառաջարկեց գնելու։ Թեև դա անմտություն էր, բայց Ռավիկը հանկարծ ուզեց, որ պառավն իրեն մի փունջ ծաղիկ առաջարկի։ Կարծես այդ ծաղկավաճառը Ռավիկի դեմքից կարդում էր, որ նա ծաղկի պահանջ հիմա չունի։ Ռավիկը նայեց տների շարքի երկարությամբ։ Մի քանի լուսամուտներում դեռ լույսեր էին վառվում։ Տաքսիները դանդաղ անցնում էին նրա մոտով։ Թե ինչի՞ էր նա սպասում։ Դա ինքը շատ ստույգ գիտեր։ Նա չէր սպասում միայն, թե Ժոանը կարող է իրենից առաջ ընկնել։ Իսկ ինչո՞ւ չպետք է ընկնի։ Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարվածն հասցնում։

«Շեհերազադեից» քելներները դուրս եկան։ Գիշերը նրանք կարմիր կուրտկաներ և երկարաճիտք չուվյակներ հագած կովկասցիներ ու չերկեսներ էին։ Իսկ հիմա, լուսադեմին, նրանք հոգնած էին և իրենց ամենօրյա սովորական զգեստով, որ գիշերային դիմակահանդեսից հետո նույնիսկ, կարծես, տարօրինակ էր թվում, գնում էին իրենց տները։ Մորոզովը դուրս եկավ վերջինը։

— Հը, ո՞ւր ենք գնում,— հարցրեց նա։

— Այսօր տեղ չի մնացել, որ ես եղած չլինեմ։

— Այդ դեպքում արի գնանք հյուրանոց, շախմատ խաղանք։

— Ի՞նչ։

— Շախմատ։ Փայտե ֆիգուրներով այդպիսի մի խաղ կա։ Նա մարդու միտք և ցրում է և կենտրոնացնում։

— Լավ,— ասաց Ռավիկը։— Ինչո՞ւ չէ։ Գնանք խաղանք։


Ռավիկն արթնացավ և իսկույն զգաց, որ ժոանը սենյակում է։ Դեռ բավական մութն էր, և Ռավիկը նրան չէր կարողանում տեսնել, բայց գիտեր, որ նա այդտեղ է։ Սենյակն ուրիշ էր, ուրիշ էր լուսամուտը, ուրիշ էր օդը, ուրիշ էր ինքը։

— Հիմարությունդ թող,— ասաց նա։— Լույսը վառիր և արի ինձ մոտ։

Ժոանը տեղից չշարժվեց։ Ռավիկը նույնիսկ չէր զգում, որ նա շնչում է։

— Ժոան,— ասաց նա։— Հո տափկնոցի չենք խաղում։

— Ոչ,— պատասխանեց նա՝ հազիվ լսելի ձայնով։

— Այդ դեպքում արի այստեղ։

— Դու գիտեի՞ր, որ ես կգամ։

— Ես որտեղի՞ց դա կարող էի իմանալ։

— Սենյակիդ դուռը չէր փակած։

— Իմ սենյակի ղուռը ես համարյա չեմ փակում։

Ժոանը մի վայրկյան լռեց։

— Ես կարծում էի, դեռ չես վերադարձել,— ասաց վերջապես Ժոանը։— Միայն ուզում էի․․․ Ես կարծում էի, դու որևէ տեղ նստած խմում ես։

— Ես էլ էի կարծում, որ այդպես կլինի։ Բայց դրա փոխարեն նստած շախմատ էի խաղում։

— Ի՞նչ։

— Շախմատ։ Մորոզովի հետ։ Ներքևի խցիկում, որը, կարծես, առանց ջրի ակվարիում լինի։

— Շախմա՞տ։— Նա սենյակի անկյունից մի քանի քայլ արեց դեպի առաջ։— Ասում ես, շախմա՞տ էիր խաղում... Բայց մարդ շախմա՞տ է խաղում, երբ...

— Ես էլ էի կարծում, որ հնարավոր չէ խաղալ, բայց, երևակայիր, խաղացվում է։ Եվ բավականին լավ է խաղացվում։ Ես նույնիսկ մի պարտիա տարա։

— Ուրեմն, դու ամենասառը, ամենաանսիրտ․․․․

— Ժոան,— ասաց Ռավիկը։— Հիմար տեսարաններ մի սարքիր։ Ես սիրում եմ թատրոն... Բայց այսօր այդ տրամադրությունը չկա։

— Ես ոչ մի տեսարան էլ չեմ սարքում։ Պարզապես ես վերին աստիճանի դժբախտ կին եմ։

— Գեղեցիկ։ Ուրեմն, արի այս բոլորին վերջ տանք։ Տեսարանները տեղին են, երբ մարդ միջին աստիճանի է դժբախտ։ Ես մի ծանոթ ունեի, որը կնոջ մահից անմիջապես հետո փակվեց իր սենյակում և մինչև նրա թաղման օրը զբաղված էր շախմատային խնդիրների լուծումով։ Շատերը նրան անսիրտ մարդ էին համարում, բայց ես գիտեի, որ նա իր կնոջը աշխարհի չափ սիրում է։ Պարզապես նա չգիտեր, ինչ անի։ Եվ ահա գիշեր ու ցերեկ շախմատային խնդիրներ էր լուծում, որպեսզի իր մեծ կորստի մասին չմտածի։

Ժոանն այժմ կանգնած էր սենյակի մեջտեղում։

— Ուրեմն, դու է՞լ էիր մոռացության տալու համար շախմատ խաղում, Ռավիկ։

— Ոչ։ Ես քեզ ուրիշի մասին պատմեցի։ Իսկ ես քնած էի, երբ դու եկար։

— Այո, դու քնած էիր։ Դու կարողանում ես քնել։

Ռավիկը անկողն ու մեջ փոքր-ինչ բարձրացավ։

— Ես մի ուրիշ ծանոթ էլ ունեի, որը նույնպես իր կնոջը կորցրեց։ Սա էլ մտավ անկողին ու երկու օր շարունակ քնեց։ Նրա զոքանչը այդ տեսնելով, կատաղել, իրենից դուրս էր եկել։ Նա չէր կարողանում հասկանալ, որ մարդ կարող է այդպիսի անհեթեթ, անբնականորեն հակառակ բան անել և միևնույն ժամանակ լինել միանգամայն անսփոփելի։ Ուղղակի տարօրինակ է, թե որքան է անհեթեթ վշտի էտիկետը։ Եթե դու ինձ հարբած, ոտից֊գլխից ընկած գտնեիր, քեզ դա շատ բնական կթվար։ Բայց քանի որ ես շախմատ եմ խաղացել և քնել, մի՞թե դա արդեն ապացույց չէ, որ ես կոպիտ եմ և անզգա։ Դա պարզ է և հասկանալի, ճի՞շտ է։

Հանկարծ մի շրխկոց ու զրնգոց լսվեց։ Ժոանը ձեռքը գցեց վազին ու շրմփալով հատակին խփեց։

— Հիանալի է,— ասաց Ռավիկը,— առանց այն էլ ես տանել չէի կարողանում այդ կճուճը։ Միայն զգույշ եղիր, որ բեկորները ոտքերդ չմտնեն։

Ժոանը ապակու ջարդված կտորները ոտքով մի կողմ տվեց։

— Ռավիկ,— ասաց նա,— ինչո՞ւ ես դու դրանք ինձ ասում։

— Իսկապես որ,— պատասխանեց Ռավիկը,— ինչո՞ւ եմ ասում։ Ըսա երևույթին, ուզում եմ ինքս ինձ գոտեպնդել, քո կարծիքով այդպես չէ՞, Ժոան։

Ժոանը վայրկենապես շրջվեց նրա կողմը։

― Երևում է, որ այդպես է։ Բայց մարդ չգիտի, թե դու ինչն ես լուրջ ասում և ինչը կատակով։

Ժոանն զգուշորեն անցավ ապակու կտորներ թափված հատակի վրայով և նստեց մահճակալին։ Բացվող օրվա վաղորդյան լույսի մեջ Ռավիկն արդեն պարզ տեսնում էր ժոանի դեմքը։ Բայց զարմանալին այն էր, որ այդ դեմքի վրա հոգնածության նշույլ անգամ չկար։ Ընդհակառակը, Ժոանի դեմքը, կարծես, երիտասարդացել էր, դարձել մի տեսակ պայծառ և լարված։ Ժոանի հագին բարալիկ մի վերարկու էր, որը Ռավիկն առաջին անգամ էր տեսնում, և մի շոր, որ լրիվ տարբերվում էր «Կլոշ դ'Օրում» հագած նրա շորից։

— Ես կարծում էի, որ դու այլևս չես վերադառնա, Ռավիկ,— ասաց Ժոանը։

— Այո, Շվեյցարիայում ես շատ ավելի երկար մնացի, քան ենթադրում էի։ Ավելի շուտ գալ չկարողացա։

— Ինչո՞ւ դու երբեք ոչինչ չգրեցիր։

— Իսկ դա ի՞նչ օգուտ էր տալու։

Ժոանը հայացքը մի կողմ շրջեց։

— Համենայն դեպս, ավելի լավ կլիներ։

— Ավելի լավ կլիներ, եթե ես առհասարակ չվերադառնայի։ Բայց ինձ համար ոչ ուրիշ երկիր այլևս գոյություն ունի և ոչ էլ ուրիշ քաղաք, բացի Ֆրանսիայից ու Փարիզից։ Շվեյցարիան չափազանց փոքր է, մյուս երկրներում ամենուրեք ֆաշիստներ են։

— Իսկ այստեղ էլ ոստիկանություն է...

— Ոստիկանությունը հիմա նույնքան շատ, կամ ավելի ճիշտ, նույնքան քիչ շանսեր ունի ինձ բանտարկելու, որքան և առաջ։ Վերջին անգամ ուղղակի բախտս չբերեց, դա պարզապես դժբախտ պատահականություն էր։ Եկեք այլևս այդ մասին չխոսենք։

Ռավիկը մահճակալի մոտ գտնվող սեղանից վերցրեց սիգարետի տուփը։ Դա միջին մեծության մի սեղան էր, շատ հարմար գրքեր, սիգարետներ և ուրիշ մանր֊մունր իրեր դնելու համար։ Ռավիկը սովորաբար տանել չէր կարողանում մահճակալների կողքին դրված նախշազարդ ոտքերով ու կեղծ մարմարե երեսներով գիշերային սեղանները։

— Ինձ էլ տուր մի սիգարետ,— ասաց Ժոանը։

— Որևէ բան ուզո՞ւմ ես խմել,― հարցրեց Ռավիկը։

— Ուզում եմ։ Մի վեր կենա։ Ինքս կբերեմ։

Ժոանը շիշը բերեց, լցրեց Ռավիկի և իր բաժակները։ Հետո վերցնելով դրանք, մեկը տվեց Ռավիկին, մյուսը թողեց իրեն։ Խմելիս Ժոանի վերարկուն ուսերից ցած սահեց։ Ռավիկն առավոտյան բացվող լույսի տակ տեսավ, որ Ժոանի հագին հենց այն շորն է, որն ինքն էր նվիրել նրան Անտիբ մեկնելուց առաջ։ Ինչի՞ համար էր Ժոանը հագել այդ։ Դա իր տված նրա միակ շորն է, Ռավիկը ոչ մի բանի մասին այդպես չէր մտածել։ Նա հիմա նույնպես մտածել չէր ուզում։

— Երբ ես քեզ տեսա, Ռավիկ... այդպես անսպասելի...— ասաց Ժոանը,— ոչինչ չէի կարողանում մտածել։ Ոչ մի բան։ Իսկ երբ գնացիր, ինձ թվաց, թե երբեք այլևս քեզ չեմ տեսնի։ Սկզբում սպասում էի, թե դու «Կլոշ դ'Օր» կվերադառնաս։ Ինձ թվում էր, դու գալու ես։ Ինչո՞ւ չեկար։

— Ինչո՞ւ պետք է գայի։

— Ես կգայի քեզ հետ։

Ռավիկը գիտեր, որ Ժոանի ասածը ճիշտ չէ։ Բայց այդ մասին չէր ուզում մտածել։ Հանկարծ նա իր մեջ ոչ մի բանի մասին այլևս չմտածելու ցանկություն զգաց։ Ռավիկը չէր ուզում հավատալ, որ Ժոանի այցը անդորր կբերի իրեն։ Նա չգիտեր, թե Ժոանն ինչո՞ւ է եկել և ի՞նչ է նրա ուզածը։ Բայց անսպասելի կերպով զգաց ինչ-որ մի տարօրինակ և խոր խաղաղություն։ Հենց միայն Ժոանի ներկայությունը բավական էր այդ խաղաղության համար։ Սա ի՞նչ բան է, մտածեց Ռավիկը։ Մի՞թե ես նորից եմ կորցնելու ինձ տիրապետելու կարողությունը, նորից եմ սուզվում խավարի մեջ, ուր փոթորկվում է արյունը, նորից եմ անձնատուր լինում երևակայությանը և ենթարկվում սկսվող վտանգներին։

— Ինձ թվում էր, թե դու ինձ ուզում ես թողնել,— ասաց Ժոանը։— Ասենք, հենց այդպես էլ ուզում էիր, ճիշտն ասա, ուզո՞ւմ էիր։

Ռավիկը չէր պատասխանում։

Ժոանը նայում էր նրան։

— Ես դա գիտեի։ Այո, գիտեի,— կրկնում էր նա խոր համոզվածությամբ։

— Ինձ էլի մի բաժակ կալվադոս տուր։

— Սա կալվադո՞ս է։

— Այո։ Մի՞թե դու չնկատեցիր։

— Ոչ։

Ժոանը կալվադոսը լցնելիս ձեռքը դրեց Ռավիկի կրծքին, և Ռավիկն հանկարծ զգաց, որ շունչը կտրվում է։ Ժոանը վերցրեց իր բաժակը և խմեց։

— Այո։ Իսկապես որ կալվադոս է։

Նա կրկին նայեց Ռավիկին։

— Լավ է, որ եկա,— ասաց Ժոանը։— Ես դա գիտեի։ Գիտեի, որ լավ կլինի։

Գնալով լույսն ավելի էր բացվում։ Լուսամուտի ծածկոցափեղկերը սկսեցին ճռռալ։ Փչեց առավոտյան քամին։

— Լա՞վ է, որ եկա,— հարցրեց Ժոանը։

— Չգիտեմ, Ժոան։

Ժոանը խոնարհվեց Ռավիկի վրա։

— Գիտես, դու պետք է իմանաս։

Ժոանի դեմքն այնքան էր մոտեցել Ռավիկին, որ մազերը թափվել էին նրա ուսերին, Ռավիկը հայացքը բարձրացրեց։ Ծանոթ պատկեր է, մտածեց Ռավիկը, և անսահմանորեն օտար է, և անչափ հարազատ, միշտ միևնույնն է, բայց նաև միշտ նորը։ Ռավիկը տեսավ, որ Ժոանի ճակատի մաշկը թեփոտվել է։ Տեսավ անփութորեն շրթներկ քսած նրա վերին շրթունքը, որի վրայից բարձրացել էին ներկի չորացած շերտիկները։ Ռավիկը նայում էր Ժոանի երեսին, որը հիմա այնքան մոտիկ էր խոնարհվել իր դեմքի վրա և որը ծածկում էր մնացած ամբողջ աշխարհը։ Նայում էր ու մտածում, որ միայն իր ֆանտազիան կարող էր այդ դեմքի վրա այդքան խորհրդավոր բաներ գտնել։ Նա գիտեր, որ աշխարհում կան ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի անաղարտ դեմքեր։ Բայց դրա հետ միասին նաև գիտեր, որ ամբողջ աշխարհում չկա մի այլ դեմք, որն օժտված լինի նրա վրա իշխելու այդպիսի մեձ ուժով։ Եվ հենց ինքն էր, որ նրան էր տվել իշխելու այդ մէծ ուժը։

― Այո,— ասաց Ռավիկը։— Դա շատ լավ է։ Ինչպես էլ ուզում է լինի, լավ է։

— Ես չէի կարող դա տանել, Ռավիկ։

— Ի՞նչը։

— Քո հեռանալը։ Անվերադարձ հեռանալը։

— Բայց չէ՞ որ դու հենց նոր ասացիր, որ թեզ թվում էր, որ ես այլևս չեմ վերադառնալու։

— Դա միևնույն բանը չէ։ Եթե դու մի որևէ այլ երկրում ապրեիր, ես պարզապես կմտածեի, որ մենք երկար ժամանակով բաժանվել ենք։ Ես երբևէ կարող էի գալ քեզ մոտ։ Կամ գոնե կարող էի այդպես մտածել։ Սակայն այստեղ, միևնույն քաղաքում... Մի՞թե դու չես հասկանում։

— Ես դա հասկանում եմ։

Ժոանն ուղղվեց ու ետ գցեց մազերը։

― Դու ինձ մենակ չես թողնի՞։ Դու պատասխանատու ես ինձ համար։

— Մի՞թե դու մենակ ես։

— Դու պատասխանատու ես ինձ համար,— ասաց Ժոանը և ժպտաց։

Ռավիկը մի վայրկյան ատելության ինչ-որ զգացումով լցվեց Ժոանի նկատմամբ։ Այդ զգացումը նրա մեջ առաջացրեց Ժոանի ժպիտը, խոսելու ձևը։

— Հիմարություններ մի ասա, ժոան։

— Դա հիմարություն չէ։ Այո, դու պատասխանատու ես ինձ համար։ Մեր առաջին հանդիպումից ի վեր։ Ես առանց քեզ...

— Շատ լավ։ Ես պատասխանատու եմ, երևի, նաև Չեխոսլովակիայի բռնագրավման համար։ Իսկ հիմա վերջ տուր այդ բոլորը։ Արդեն լույս է։ Դու շուտով գնալու ես։

— Ի՞նչ։

Ժոանն աչքերը սևեռեց Ռավիկի վրա։

— Դու չե՞ս ուզում, որ ես մնամ այստեղ։

— Ոչ։

— Ախ այդպե՜ս...— ասաց նա շատ կամաց և ապա խիստ զայրագին ձայնով։— Ուրեմն, այդպե՜ս։ Դու այլևս ինձ չես սիրում։

— Ամենակա՜լ տեր,— ասաց Ռավիկը։— Միայն սա էր ինձ պակասում։ Ի՞նչ ապուշների հետ ես եղել վերջին ամիսներին։

— Նրանք ապուշներ չէին։ Իսկ ես ի՞նչ պետք է անեի։ Նստեի «Միլան» հյուրանոցում ու նայեի նրա պատերին, մինչև որ խելագարվեի՞։

Ռավիկը անկողնում փոքր֊ինչ վեր բարձրացավ։

— Միայն թե առանց խոստովանանքի,— ասաց նա։— Խոստովանանք լսելու ցանկություն չունեմ։ Ես միայն ուզում եմ, որ մեր խոսակցությունը մի քիչ բովանդակալից լինի։

Ժոանը զարմացած նայեց Ռավիկի երեսին։ Ժոանի աչքերն ու բերանը թվում էր, թե ամբողջովին տափակացել են։

— Ինչո՞ւ ես դու ինձ ամեն բանում քննադատում։ Մյուսներն այդպես չեն քննադատում։ Քեզ մոտ ամեն ինչ իսկույն պրոբլեմ է դառնում։

— Ճիշտ է։

Ռավիկը բերանը մի կում կալվադոս առավ ու նորից պառկեց տեղում։

— Իհարկե, ճիշտ է,— վրա բերեց Ժոանը։— Մարդ չգիտի, թե իրեն ինչպես պահի քեզ հետ։ Դու ստիպում ես այնպիսի բաներ անել, որ մարդու մտքով չի էլ անցել։ Եվ հետո էլ սկսում ես ինքդ հարձակվել։

Ռավիկր խոր շունչ քաշեց։ Ինչի՞ մասին էր նա քիչ առաջ մտածում։ Հա... սիրո խավար, երևակայության իշխանություն... Որքա՜ն շուտ են սրանք ուղղումներ ընդունում։ Եվ մարդիկ իրենք են այդ անում, միշտ և անվերջ իրենք։ Հենց նրանք են ծայրահեղ կրքոտությամբ կործանում իրենց երազանքները։ Բայց ուրիշ ի՞նչ կարող են անել նրանք։ Իսկապես, ի՞նչն է նրանց հանցանքը։ Նրանք իրենց գեղեցիկ են թվում, թվում են կորած, հետապնդված... Խոր հողի ընդերքում ինչ-որ տեղ վիթխարի մի մագնիս է գտնվում, իսկ մակերեսին՝ խայտաբղետ ֆիգուրներ, որոնց թվում է, թե իրենք ունեն սեփական կամք, սեփական ճակատագիր... Ուրիշ ի՞նչ կարող են անել նրանք։ Եվ մի՞թե ինքը նույնպես այդպիսին չէ։ Դեռ չհավատացած, դեռ ճիգով կառչած զգուշությունից ու էժանագին սարկազմից, բայց արդեն լրիվ քաջատեղյակ այն ամենին, ինչ անխուսափելիորեն կատարվելու է։

Ժոանը նոտել էր մահճակալի ոտքերի կողմը։ Նա կարծես բարկացած, գեղեցիկ լվացարարուհի լիներ և միևնույն ժամանակ լուսնից ընկած մի էակ, որ երկրային գործերից ամենևին տեղեկություն չուներ։ Նրա երեսին խայտում էին արշալույսի կարմիր ցոլքերը, որոնք փոխարինել էին վաղորդյան աղջամուղջին։ Կեղտոտ բակերի, լուսամուտների և մրից սևացած տանիքների վրա զգացվում էր երիտասարդ օրվա անաղարտ շունչը։ Այդ շնչի մեջ լսվում էր անտառի աղմուկը, և կյանքի բաբախյունն էր լսվում այդ շնչի մեջ։

— Ժոան,— ասաց Ռավիկը։— Ինչո՞ւ ես եկել։

— Ինչո՞ւ ես դա հարցնում։

— Իսկապես, ինչո՞ւ եմ հարցնում։

— Ինչո՞ւ ես անընդհատ հարցնում։ Ես այստեղ եմ։ Դա բավական չէ՞։

— Այո, Ժոան, դու իրավացի ես։ Բավական է։

Ժոանը գլուխը բարձրացրեց։

— Վերջապե՜ս։ Բայց սկզբից դու պետք է անպայման մարդու ուրախություն թունավորես։

Ուրախությո՜ւն։ Ժոանը դա ուրախություն է համարում։ Հետապնդվել բազմաթիվ սև պրոպելլերներից, շնչակտուր լինել, ընկնել ցանկությունների մրրիկի մեջ... և կոչել այդ ուրախություն։ Ուրախությունը դրսում է, լուսամատի այն կողմը։ Վաղորդյան շամանդաղ, խաղաղության տասը րոպե, քանի դեռ օրը իր ճանկերը ցույց չի տվել... Բայց ի՞նչ է։ Ռավիկը նորի՞ց է փորձում անդրադառնալ այդ բոլորին։ Գրողի ծոցը թող կորչեն դրանք։ Մի՞թե ժոանը իրավացի չէր։ Մի՞թե իրավացի չէր, ինչպես իրավացի են վաղորդյան ցողը, ճնճղուկները, քամին, արյունը։ Ինչո՞ւ էր ինքն այդ հարցնում։ Ի՞նչ էր ուզում իմանալ։ Ժոանն այստեղ է, գիշերային այդ թիթեռը, որն անհոգորեն թռել եկել էր այստեղ... իսկ ինքն ահա պառկել է, նրա թևերի բծերն ու երակաճյուղերն է համրում և նայում նրա փոքր֊ինչ խունացած գույներին։ Նա եկել է, և ես, հիմարս, ուզում եմ նրան ցույց տալ իմ առավելությունը, հենց միայն այն պատճառով, որ ինքն է եկել, մտածեց Ռավիկը։ Ինչպիսի՜ անհեթեթություն։ Իսկ եթե եկած չլիներ, ես կպառկեի այսպես և կմտածեի անվերջ, փորձելով հերոսաբար խաբել ինքս ինձ և թաքուն երազել նրա գալստյան մասին։

Ռավիկը վերմակը մի կողմ նետեց, ոտքերը ցած կախեց մահճակալի եզրից և խրեց ուղղակի կոշիկների մեջ։

— Ի՞նչ ես անում,— զարմացած հարցրեց Ժոանը,— ուզում ես ինձ այստեղից դո՞ւրս շպրտել։

— Ոչ։ Ուզում եմ քեզ համբուրեմ։ Ես դա պետք է վաղուց արած լինեի։ Ես ապուշ մարդ եմ, Ժոան։ Ինչ հիմարություններ ասես, որ դուրս չտվի։ Ինչքա՜ն է լավ, որ դու այստեղ ես։

Ժոանի աչքերը պայծառացան։

— Մի վեր կենա, դու ինձ կարող ես պառկած էլ համբուրել։


Բարձրում՝ տների հետևից, բռնկվել էր արշալույսը։ Երկինքը դեռ գունաթափ կապույտին էր տալիս։ Ամպերի մի քանի քուլաներ, որոնք քնած ֆլամինգոների էին նման, լողում էին երկնքի վրայով։

— Ապա մի նայիր, Ժոան, թե ի՜նչ հիանալի օր է։ Հիշո՞ւմ ես, թե ինչպիսի անձրևներ էին գալիս։

— Այո, սեր իմ, հիշում եմ։ Գորշ, մթնգած եղանակներ էին, և անընդհատ անձրև էր թափվում։

— Երբ ես մեկնում էի, դեռ անձրևները չէին կտրվել։ Դու հուսահատվել էիր այդ անձրևներից։ Իսկ հիմա...

― Այո,— ասաց Ժոանը։— Իսկ հիմա...

Ժոանը պառկել էր, ամուր կպած Ռավիկից։

— Հիմա ամեն ինչ կա,— ասաց Ռավիկը։— Նույնիսկ՝ պարտեզ։ Տեսնո՞ւմ ես ներքևի լուսամուտում փթթած Վիզենհոֆի մեխակները։ Եվ բակի շագանակենու ճյուղերին թռչկոտող թռչուններին։

Հանկարծ Ռավիկը նկատեց, որ Ժոանը լալիս է։

— Ինչո՞ւ դու ինձ ոչինչ չես հարցնում, Ռավիկ,— հարցրեց Ժոանը։

— Ես առանց այն էլ քեզ շատ հարցեր եմ տվել։ Մի՞թե քիչ առաջ ինքդ չէիր ասում։

— Խոսքս դրա մասին չէ։

— Այլևս հարցնելու ոչինչ չկա։

— Չի՞ հետաքրքրում, թե ինչեր է եղել ինձ այդ ժամանակաընթացքում։

— Քեզ ոչինչ էլ չի եղել։

Ժոանը, կարծես հանկարծ սթափվելով, գլուխը ետ գցեց։

― Դու ինչի՞ տեղ ես ինձ գնում, Ժոան,— հարցրեց Ռավիկը։— Ավելի լավ է մի դուրս նայիր, տես, թե բոսորը, կապույտը և ոսկեգույնը ինչպես են ծածկել երկինքը։ Մի՞թե դրանք հարցնում են, երեկ անձրև եկե՞լ է թե ոչ, Չինաստանում և Իսպանիայում պատերազմ կա՞ թե չկա։ Այս վայրկյանին քանի հազար մարդ ծնվեց և կամ թե մահացավ։ Արև կա, արևը դուրս է գալիս — ուրեմն, ամեն ինչ իր տեղում է։ Իսկ դու ուզում ես, որ ես հարցնե՞մ։ Քո ուսերը բրոնզ են դարձել նրա շողերի տակ, և ես դեռ պետք է ինչ-որ բա՞ն հարցնեմ։ Քո աչքերը արշալույսի այս կարմիր լույսի մեջ կարծես հույների ծովը լինի, մանիշակագույն և գինեվետ, և ես դեռ պետք է ինչ֊որ բան ցանկանամ իմանալ, օրն արդեն անցե՞լ է։ Դու ինձ հետ ես, և ես հիմարի նման պետք է անցյալի թառամած տերևնե՞րը խառնշտորեմ։ Ինչի՞ տեղ ես ինձ դրել, Ժոան։

Ժոանի արցունքները դադարեցին։

— Ես վաղուց է, ինչ այդպիսի խոսքեր չէի լսել,— ասաց նա։

— Ուրեմն, դու դդումներով ես շրջապատված եղել և ոչ թե մարդկանցով։ Կնոջը կամ պետք է աստվածացնել և կամ թողնել ու հեռանալ։ Միջին դրություն գոյություն չունի։

Ժոանը քնել էր այնպես սեղմված ու գրկած Ռավիկին, կարծես երբեք այլևս բաց չէր թողնելու նրան։ Նա քնել էր խոր, ամուր քնով, և Ռավիկն զգում էր իր կրծքի վրա նրա թեթև ու հավասար շնչառությունը։ Ռավիկի քունը որոշ ժամանակ դեռ չտարավ։ Հյուրանոցն սկսում էր արթնանալ։ Ջրերի ծորակներում աղմկում էր ջուրը, ամենուրեք բացվող ու փակվող դռների շրփշրփոցներ էին, ներքևից լսվում էր էմիգրանտ Վիզենհոֆի հազի ձայնը։ Առնելով Ժոանի ուսերը իր թևերի մեջ, Ռավիկն զգաց նրա մարմնից բուրող քնաբեր ջերմությունը, իսկ երբ գլուխը շրջեց, տեսավ նրա խաղաղ, անսահմանորեն նվիրված, անմեղության պես անաղարտ դեմքը։ Աստվածացնել կամ թողնել ու հեռանալ, մտածեց նա։ Վերամբարձ խոսքեր են։ Ո՞վ այդքան ուժ կունենար։ Եվ ո՞վ էլ կուզենար անել այդ։