Հաղթական կամար | |
◀ Հաղթական կամար - IX գլուխ | Հաղթական կամար - XI գլուխ ▶ |
— Ինձ ի՞նչ էր պատահել, Ռավիկ,— հարցրեց Կետ Հեգստրեմը։ Նա պառկած էր անկողնում, փոքր-ինչ վեր բարձրացրած գլխով, որի տակ երկու բարձ էր դրված։ Հիվանդասենյակից հոտավետ ջրի և դուխու բուրմունք էր գալիս։ Լուսամուտի վերնամասը փոքր-ինչ բաց էր։ Դրսից ներս թափանցող մաքուր, ցուրտ օդը խառնվում էր սենյակի ջերմությանը, և թվում էր, թե պատուհանի հետևում ոչ թե հունվարն է, այլ ապրիլը։
— Դուք բարձր ջերմություն ունեիք, Կետ։ Եվ դա պահպանվում էր մի քանի օր շարունակ։ Հետո դուք քնեցիք և գրեթե քսանչորս ժամ այլևս չարթնացաք։ Հիմա ձեր ջերմությունն արդեն անցել է, և ամեն ինչ լավ է։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։
— Հոգնած։ Հոգնածությունս դեռ չի անցել։ Բայց հիմա ուրիշ տեսակ է։ Այլևս առաջվա ծեծվածությունը չկա։ Ցավեր համարյա նույնպես չեմ զգում։
— Որոշ ցավեր դեռ կլինեն։ Բայց ոչ առանձնապես ուժեղ։ Հիմա մենք պետք է այնպես անենք, որպեսզի դուք կարողանաք դրանք հեշտ տանել, համենայն դեպս այս ձևով չի մնա, կմեղմանա։ Ասենք, դա դուք ինքներդ էլ գիտեք։
Կետը գլխով արեց։
— Դուք ինձ վիրահատե՞լ եք, Ռավիկ...
— Այո, Կետ։
— Դա իսկապե՞ս անհրաժեշտ էր։
— Այո։
Ռավիկը լուռ սպասում էր, նա թողնում էր, որ Կետն ինքը հարցերը տա։ Այդպես ավելի լավ էր։
— Ես ինչքա՞ն ժամանակ եմ այստեղ պառկելու։
— Մի երկու֊երեք շաբաթ։
Կետը փոքր-ինչ լռեց,
— Ինձ թվում է, դա ինձ համար լավ կլինի։ Կհանգստանամ։ Սոսկալի հոգնած եմ։ Հիմա եմ զգում։ Ուժերս ուղղակի սպառվել են։ Ես այդ բոլորը լուրջ չէի ընդունում։ Ի՞նչ եք կարծում, վիրահատությունը կապվա՞ծ է այդ գործի հետ։
— Իհարկե, այդ մասին կասկած լինել չի կարող։
— Նաև այս անկանոն արնահոսություննե՞րը, որոնք ես ունենում եմ ամսականների միջև։
— Դա նույնպես, Կետ։
— Այդ դեպքում լավ է, որ ես անհետաձգելի գործեր չունեմ։ Գուցե դա անհրաժեշտ էր, և հիմա ավելի լավ կլինի։ Որովհետև այս վիճակով ոտքի կանգնել ու նորից մտնել այդ ծանրությունների տակ... ինձ թվում է, ես այլևս չէի կարող։
— Դա պետք էլ չի։ Մոռացեք այդ։ Մտածեք միայն մոտիկ և ամենակարևոր բաների մասին։ Նախաճաշի մասին, օրինակ։
— Շատ լավ,— հազիվ նկատելի ժպտալով, ասաց Կետը։― Որ այդպես է, հայելին ինձ տվեք։
Ռավիկը գիշերային սեղանից վերցրեց հայելին ու տվեց նրան։ Կետը ուշադիր զննեց իրեն։
— Այդ ծաղիկները, Ռավիկ, դո՞ւք եք բերել ինձ համար։
— Ոչ, կլինիկան։
Կետը հայելին դրեց մահճակալի վրա։
— Կլինիկաները հունվարին յասաման չեն ուղարկում իրենց հիվանդներին։ Նրանք կամ աստրաներ են ուղարկում, կամ նման մի բան։ Էլ չեմ ասում, որ կլինիկաները ամենևին էլ չգիտեն, որ յասամանն իմ ամենասիրած ծաղիկն է։
— Այստեղ ամեն ինչ գիտեն։ Չէ՞ որ դուք այստեղի ամենահին պացիենտներից եք, Կետ։— Ռավիկը տեղից կանգնեց։— Հիմա ես պետք է գնամ։ Իսկ ժամը վեցի մոտերքը մի անգամ էլ կանցնեմ՝ ձեզ տեսնելու համար։
― Ռավիկ...
— Համեցեք..․
Ռավիկը շրջվեց։ Արդեն․․․ մտածեց նա։ Հիմա կհարցնի։
Կետը ձեռքը մեկնեց։
— Շնորհակալություն,— ասաց Կետը։— Շնորհակալություն ծաղիկների և ուշադրության համար։ Ես ձեզ մոտ ինձ միշտ այնպե՜ս եմ ապահով զգացել։
— Լավ, լավ, Կետ, ինչեր եք ասում։ Ինչի՞ մասին է խոսքը... Հիմա ավելի լավ է մի քիչ էլ քնեք, եթե կարող եք։ Իսկ եթե հանկարծ ցավեր ունենաք, զանգեք քրոջը։ Ես կհոգամ, որ նա իր մոտ պատրաստի որևէ դեղ ունենա ձեզ համար։ Ճաշից հետո ես մի անգամ էլ կգամ։
— Վեբեր, կոնյակը որտե՞ղ է։
— Այդքան դժվա՞ր էր։ Այդտեղ է, վերցրու։ Էժենի, բաժակ տվեք։
Էժենին դժկամորեն բաժակ տվեց։
— Այս մատնոցանոց բաժակը որտեղի՞ց գտաք,— դժգոհեց Վեբերը։— Մի խելքը գլխին բաժակ բերեք։ Ասենք, սպասեք։ Դուք կարող եք ձեր ձեռքը ջարդել։ Ավելի լավ է ես ինքս բերեմ։
— Ես ուղղակի ձեզ չեմ հասկանում, բժիշկ Վեբեր,— կոպտորեն ասաց Էժենին։— Միշտ, հենց որ պարոն Ռավիկը ներս է գալիս, դուք սկսում եք․․․
— Լավ, լավ,— ընդհատեց նրան Վեբերը և բաժակը կոնյակ լցրեց։— Վերցրեք, Ռավիկ։ Ինչպե՞ս է Հեգստրեմը։
— Ոչինչ չի հարցնում։ Հավատում է, առանց հարցնելու։
Վեբերը հայացքը բարձրացրեց։
― Տեսնո՞ւմ եք,— հարցրեց նա հաղթանակող տոնով։ Ես ի՞նչ էի ասում։
Ռավիկը խմեց իր բաժակը։
— Պատահե՞լ է երբևէ դուք շնորհակալություն ստանաք որևէ պացիենտից, Վեբեր, որին ոչնչով չեք կարողացել օգնել։
— Ինչու չէ, հաճախ։
— Եվ այդ պացիենտը ձեզ ամեն ինչում հավա՞տ է ընծայել։
— Ինքնըստինքյան հասկանալի է։
— Իսկ այդպիսի դեպքերում դուք ինչպե՞ս եք ձեզ զգացել։
— Թեթևացած,— զարմանքով պատասխանեց Վեբերը։— Շատ թեթևացած։
— Իսկ ես, ընդհակառակը, ինձ նվաստացած եմ զգում։ Թվում է, թե մեկին խաբել եմ։
Վեբերը ծիծաղեց և շիշը դրեց մի կողմ։
— Այո, նվաստացած...— կրկնեց Ռավիկը։
— Առաջին անգամն է, որ ես ձեր մեջ մարդկային զգացում եմ հայտնագործում,— ասաց Էժենին։— Եթե, իհարկե, հաշվի չառնենք ձեր արտահայտության ձևը։
— Դուք հայտնագործող չեք, Էժենի։ Դուք ընդամենը հիվանդանոցային քույր եք, որի մասին հաճախ եք մոռանում,— մեջ մտավ իսկույն Վեբերը։— Ուրեմն, ամեն ինչ կարգի՞ն է, Ռավիկ։
— Այո, առայժմ գոնե։
— Գեղեցիկ։ Այսօր առավոտյան նա բուժքրոջն ասել է, որ հենց լավանա, մեկնելու է Իտալիա։ Ահա և մենք գլուխներս կազատենք։— Վեբերը եռանդով տրորեց ձեռքերր։— Թող այնտեղի բժիշկները այդ մասին հոգան։ Ես չեմ սիրում, երբ իմ կլինիկայում մարդ է մեռնում։ Դա վնաս է հասցնում մեր համբավին։
Ռավիկը սեղմեց այն մանկաբարձուհու դռան զանգի կոճակը, որը Լյուսիեննային աբորտ էր արել։ Բավական երկար սպասելուց հետո դուռը բացեց չսափրված սև երեսով մի մարդ։ Ռավիկին տեսնելով, նա դուռը բռնած կանգնեց.
— Ի՞նչ եք ուզում,— մռնչաց նա։
— Ես կուզեի մադամ Բուշեին տեսնել։
— Նա զբաղված է։
— Ոչինչ։ Ես կսպասեմ։
Չսափրված մարդը ուզեց դուռը փակել։
— Եթե չի կարելի սպասել, ես կարող եմ մի քառորդ Ժամից հետո նորից անցնել,— ասաց Ռավիկը։— Սակայն ոչ թե մենակ, այլ մի անձնավորության հետ, որին ուզի-չուզի կընդունի։
Չսափրված մարդը խստորեն նայեց Ռավիկին։
— Դա ի՞նչ է նշանակում։ Զեզ ի՞նչ է պետք։
— Ես արդեն ձեզ ասացի։ Ուզում եմ մադամ Բուշեին տեսնել։
Դուռը բացող մարդը մի պահ մտածեց։
— Սպասեք,— ասաց նա և փակեց դուռը։
Ռավիկը զննեց շագանակագույն պլոկված դուռը, որի վրա նամակների թիթեղյա արկղ էր փակցրած և ազգանունը վրան էմալե կլոր մի տախտակ։ Ինչքան դժբախտություն ու սարսափ էր անցել այդ դռան միջով։ Եվ այդ բոլորը մի քանի անմիտ օրենքների պատճառով, որոնք կանանց հարկադրում էին կարգին բժիշկներին դիմելու փոխարեն դիմել փինաչիներին։ Միթե այդ օրենքներր փրկել են որևէ մանկան կյանք։ Ծննդաբերել չցանկացող կինը միշտ էլ կարողանում է գտնել օրենքը շրջանցող ճանապարհը։ Արդյունքը լինում էր այն, որ տարեկան հազարավոր կանայք կորցնում էին իրենց առողջությունը։
Դուռը նորից բացվեց։
— Դուք ոստիկանությունի՞ց եք,— հարցրեց չսափրված մարդը։
— Եթե ես ոստիկանությունից լինեի, այսքան երկար չէի սպասի։
— Ներս եկեք։
Չսափրված մարդը Ռավիկին մութ միջանցքով քարշ տվեց տարավ մի սենյակ, որը ամբողջովին կահույքով էր պատած։ Թավշյա դիվան, բազմաթիվ ոսկեզօծ աթոռներ, կեղծ օբուսսոնյան գորգ, ընկուզենու փայտից դեկորատիվ պահարանիկներ, պատերին կախած հովվերգական ոճի էստամպներ։ Լուսամատի առաշ՝ մետաղյա պատվանդանի վրա դրված էր դեղձանիկը մեջը մի վանդակ։ Ամենուրեք, որտեղ ազատ տեղ էր գտնվել, ճխտված էին հախճապակյա ամանեղեններ ու արձանիկներ։
Հայտնվեց մադամ Բուշեն։ Դա անսահման հաստության մի կին էր, հագած ոչ ամբողջովին մաքուր և բոլոր կողմերից փողփողացող մի կիմոնո։ Դա ոչ թե կին, այլ կատարյալ հրեշ էր, Բայց երեսը ողորկ էր և բավական սիրունատես, եթե նկատի չունենանք անհանդիստ ու այսուայն կողմ վազող աչքերը։
— Ես ձեզ լսում եմ, մեսյո,— ասաց մադամ Բուշեն ու մնաց տեղում կանգնած։
Ռավիկը վեր կացավ։
— Ես եկել եմ Լյուսիեննա Մարտինեի կողմից։ Դուք նրան աբորտ եք արել։
— Դա բացարձակ սուտ է,— անմիջապես ասաց մադամ Բուշեն միանգամայն հանգիստ։— Ես ոչ Լյուսիեննա Մարտինեի եմ ճանաչում և ոչ էլ աբորտ եմ անում։ Դուք կամ սխալվում եք, կամ ձեզ մոլորության մեջ են գցել։
Նա այնպես ստեց, որ թվաց, թե հարցը համարում է վերջացած և ուզում է գնալ։ Բայց դեռ կանգնած էր։ Ռավիկն սպասում էր։ Մադամ Բուշեն նորից շրջվեց դեպի նա։
― Դուք ուրիշ որևէ բան է՞լ եք ուզում,— հարցրեց նա։
― Աբորտը անհաջող է անցել։ Աղջիկը ուժեղ արնահոսություն է ունեցել և հազիվ է փրկվել մահից։ Միակ ելքը վիրահատությունն էր։ Եվ ես վիրահատեցի նրան։
— Սո՜ւտ է,— ֆշշացրեց հանկարծ մադամ Բուշեն։— Բացարձակ սուտ է։ Լրբեր։ Բավական չի իրենք խոլխլում են իրենց, հիմա էլ ուրիշներին են ուզում կրակը գցել։ Բայց ես նրան ցույց կտամ, ինչ է նշանակում ուրիշի անվան հետ խաղալ, լրբի մեկը։ Հիմա դրանով իմ փաստաբանը կզբաղվի։ Այստեղ ինձ բոլորը ճանաչում են, և ես միշտ էլ կանոնավոր կերպով եմ վճարում իմ հարկերը։ Ես ուզում եմ տեսնել, թե այդ անպատկառ լիրբը, այդ պոռնիկը...
Ռավիկը զարմացած նայում էր մադամ Բուշեին։ Կատաղության այդ պոռթկումը ոչ մի չափով չէր փոխել նրա դեմքի արտահայտությունը։ Նրա երեսը մնացել էր նույն ողորկն ու սիրունատեսը։ Միայն բերանն էր, որ կլորացել էր ու գնդացիրի նման դուրս էր թքում բառերը։
― Աղջիկը քիչ բան է ուզում ձեզանից,— ընդհատեց մադամ Բուշեին Ռավիկը։ Նա պարզապես ուզում է, որ դուք փողը վերադարձնեք, ինչքան որ ինքը տվել է ձեզ։
Մադամ Բուշեն արհամարհանքով ծիծաղեց,
― Փո՞ղը։ Վերադարձնե՞մ,— զարմացած կրկնեց նա։— Այդ ե՞րբ եմ ես նրանից փող վերցրել։ Իսկ նա ստացական ունի՞։
— Իհարկե, ոչ։ Մի՞թե դուք ստացականներ կտաք։
— Չեմ տա, որովհետև ես նրա երեսն էլ չեմ տեսել։ Մի՞թե մեկնումեկը նրան կհավատա։
— Այո, կհավատան։ Վկաներ ունի։ Նա վիրահատվել է բժիշկ Վեբերի կլինիկայում։ Քննությունը պարզորեն հաստատել է փաստի անհերքելիությունը։ Այդ հիման վրա կազմված է նաև արձանագրություն։
— Դուք կարող եք նույնիսկ հազար արձանագրություն էլ ունենալ։ Ո՞վ կարող է ապացուցել, որ ես թեկուզ մատով կպել եմ նրան։ Կլինի՜կա։ Բժիշկ Վեբե՜ր։ Եփած հավի ծիծաղը կգա։ Այդպիսի լրբին կարգին հիվանդանոցում պառկեցնեն։ Դուք, ի՞նչ է, բան ու գործ չունե՞ք։
— Բան ու գործ ինչքան ասեք կա։ Բայց լսեք, թե ինչ եմ ասում։ Այդ աղջիկը ձեզ վճարել է երեք հարյուր ֆրանկ։ Նա կարող է ձեր դեմ հայց հարուցել հաշմանդամության դիմաց ստանալու համար։
Դուռը բացվեց։ Ներս մտավ չսափրված մարդը։
— Ի՞նչ է պատահել։ Ադել։
— Ոչ մի բան։ Մի սրանց նայեք, հայց։ Թող դատարան տա։ Դատարանն առաջին հերթին իրեն կդատի։ Թեկուզև այն պատճառով, որ աբորտ է արել, դրանում կարող եք չկասկածել։ Իսկ ինչ ինձ է վերաբերում, դա դեռ պետք է ապացուցել։ Չկարծեք, թե դա հեշտ բան է։
Չսափրված մարդը քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց։
— Քեզ հանգիստ պահիր, Ռոժե,— ասաց մադամ Բուշեն։— Դու գնա քո գործին։
— Բրունիեն դրսում սպասում է։
― Ի՞նչ անենք,— ասա թող սպասի։ Ինքդ լավ գիտես...
Ռոժեն գլխով արեց ու անհետացավ։ Նրա հետ չքացավ նաև կոնյակի սուր հոտը։ Ռավիկը քիթը վեր քաշեց։
— Հին կոնյակ է,— ասաց նա։— Ամենաքիչը մի երեսուն-քառասուն տարվա։ Երջանիկ է այն մարդը, որն այսպիսի բաները նույնիսկ ցերեկն է խմում։
Մի պահ զարմացած մադամ Բուշեն նայեց Ռավիկին։ Հետո դանդաղ շրթունքները ետ գնացին։
— Ճիշտ եք ասում։ Ուզո՞ւմ եք մի բաժակ։
— Ինչո՞ւ չէ։
Չնայած իր գերությանը, մադամ Բուշեն զարմանալի արագ և անաղմուկ վազեց դեպի դուռը։
— Ռոժե՜։
Չսափրված սև մարդը իսկույն հայտնվեց։
— Դու նորի՞ց ես թանկ կոնյակի համը տեսել։ Չխաբես, հոտը գալիս է։ Շիշը բեր այստեղ։ Առանց խոսելու։ Շիշը բեր։
Ռոժեն բերեց կոնյակի շիշը։
— Ես մի բաժակ Բրունիեի համար լցրի, իսկ նա ինձ ստիպեց, որ իր հետ մի բաժակ էլ ես խմեմ։
Մադամ Բուշեն ոչինչ չասաց։ Նա դուռը փակեց և ընկուզենու պահարանից ձևավոր ապակու մի բաժակ վերցրեց։ Ռավիկը զզվանքով նայեց բաժակին, որի վրա կանացի մի գլուխ էր քանդակված։ Մադամ Բուշեն բաժակը լցրեց ու դրեց Ռավիկի առաջը՝ վրան սիրամարգեր գործած սփռոցի վրա։
— Դուք խելոք մարդ եք երևում, մեսյո,― ասաց Բուշեն։
Ռավիկը այն կարծիքին չէր, թե այդ կինը զուրկ է իր նկատմամբ որոշ հարգանք ներշնչելուց։ Նա ոչ թե երկաթից էր, ինչպես ասում էր այդ նրա մասին Լյուսիեննա Մարտինեն, այլ ավելի վատ էր — ռետինից էր։ Երկաթը կարելի է ջարդել, ռետինը՝ երբեք։ Նրա առարկությունները փողը վերադարձնելու վերաբերյալ միանգամայն իրավացի էին։
— Ձեր արած աբորտը անհաջող է եղել,— ասաց Ռավիկը,— որը և հանգեցրել ծանր հետևանքների։ Մի՞թե սա բավական հիմք չի ծառայում, որպեսզի դուք վերադարձնեք աղջկանից ստացած դրամը։
― Իսկ դուք վերադարձնո՞ւմ եք, եթե վիրահատությունից հետո ձեր պացիենտը մահանում է։
— Ոչ, Սակայն մեզ մոտ լինում են դեպքեր, երբ վիրահատությունն արվում է ձրի։ Այդպիսին է, օրինակ, Լյուսիեննայի դեպքը։
Մադամ Բուշեն նայեց Ռավիկին։
— Տեսնո՞ւմ եք։ Ուրեմն, առավել ևս։ Էլ ինչ է աղմուկ բարձրացնում։ Նա, ընդհակառակը, դեռ պետք է ուրախ լինի։
Ռավիկը բաժակը բարձրացրեց։
— Մադամ,— ասաց նա։— Ընդունեք իմ խորին հարգանքները։ Ձեզանից գլուխ հանելը այնքան էլ հեշտ չէ։
Կինը դանդաղորեն շիշը դրեց սեղանին։
— Մեսյո, շատերն են ուզեցել այդպիսի բաներ անել։ Բայց դուք մյուսներից ավելի խելացի եք երևում։ Կարծում եք, թե այդ բոլոր գործերը միայն հաճույք են պատճառում ու հարստացնո՞ւմ։ Երեք հարյուր ֆրանկից համարյա հարյուրը ոստիկանությունն է վերցնում։ Եթե դա չլիներ, կարծում եք, թե ինձ թո՞ւյլ կտային, որ ես աշխատեի։ Ահա, տեսեք, դրսում մեկն արդեն նորից սպասում է։ Եկել է փո՜ղ տանի։ Պետք է մարդ անընդհատ դրանց կտուցները քաղցրացնի, անընդհատ։ Ուրիշ ելք չկա։ Այս բոլորը թող մնա մեր մեջ, իսկ եթե ուզենաք գործը քչփորել, ամեն ինչից կհրաժարվեմ, և ոստիկանությունը դրա հետքերն այնպես կկորցնի, որ ձեր աչքերը կմնան բաց։ Կարող եք ինձ հավատալ։
— Ես հավատում եմ։
Մադամ Բուշեն Ռավիկի վրա մի հայացք գցեց։ Տեսնելով, որ նրա պատասխանը հեգնանքի ոչ մի նշույլ չի պարունակում իր մեջ, Բուշեն աթոռներից մեկը քաշեց իրեն ու նստեց։ Աթոռը նրա ձեռքին կարծես փետուրի պես թեթև մի բան լիներ։ Թվում էր, թե նրա ճարպերի տակ ֆիզիկական վիթխարի ուժեր են թաքնված։ Մադամ Բուշեն մի անգամ էլ կոնյակ լցրեց Ռավիկի բաժակը։
— Երեք հարյուր ֆրանկը առաջին հայացքից թվում է, թե մեծ փող է։ Բայց, ոստիկանությունից բացի, կարծում եք էլ ուրիշ ծախսեր չկա՞ն։ Դրանից մարդ բնակարանի վարձ է վճարում, որն այստեղ Փարիզում շատ ավելի թանկ է, քան որևէ այլ տեղ։ Սպիտակեղեն պետք է գնի, գործիքներ — դրանք ինձ վրա երկու անգամ ավելի թանկ են նստում, քան բժիշկների վրա։ Իսկ միջնորդադրամնե՞րը, որ տրվում է նրանց, ովքեր պացիենտներ են գտնում, իսկ կաշառքնե՞րը... Հետո քանի֊քանիսներին պետք է սիրաշահես — խմիչքներ, նոր տարվա ու Ծննդյան օրվա նվերներ՝ պետերի և նրանց կանանց համար... Մի՞թե հնարավոր է այդ բոլորը թվել, մեսյո։ Երբեմն այնպես է ստացվում, որ էլ տակին ոչինչ չի մնում։
― Դրա դեմ առարկելու բան չկա։
― Ուրեմն, էլ ինչի՞ դեմ եք առարկում։
― Նրա դեմ, ինչ Լյուսիեննային է պատահել։
― Իսկ այդպիսի բաներ բժիշկների մոտ չի՞ պատահում,― իսկույն վրա բերեց մադամ Բուշեն։
— Ամենևին ոչ այդքան հաճախ։
— Մեսյո,— նա միանգամից ուղղվեց։— Ես ազնիվ կին եմ։ Ամեն անգամ ինձ մոտ եկողին ես զգուշացնում եմ, թե հանկարծ ինչ կարող է պատահել, ինչ հետևանքներ կարող են լինել։ Բայց նրանցից ոչ մեկը ետ չի գնում։ Նրանք աղերսում են, որ ես չհրաժարվեմ, լալիս են հուսահատորեն, սպառնում են, որ եթե ես իրենց չօգնեմ, կկախվեն, թույն կխմեն։ Ի՜նչ տեսարաններ ասես, որ մարդ չի տեսնում այստեղ։ Ոտքերս են ընկնում և պաղատում։ Տեսնո՞ւմ եք այն անկյունի պահարանը, որ ընկուզենուց է։ Մի տեսեք, թե ո՞նց է պլոկվել։ Դա մի հարուստ կին է արել իր հուսահատության րոպեին։ Ես նրան օգնեցի։ Ուզում եք ուրի՞շ բան էլ տեսնել։ Իմ խոհանոցում հիմա մի տասը ֆունտանոց սալորի ջեմի բանկա է դրված։ Դա նույն այդ կինն է երեկ ուղարկել։ Ի նշան շնորհակալության, թեև ինքն ինձ արդեն վճարել էր։ Ահա թե ինչ եմ ուզում ձեզ ասել, մեսյո...— Մադամ Բուշեի ձայնը ավելի հնչեղ ու հաստատ դարձավ,— դուք ուզում եք ինձ խաբեբա անվանեք, ինչ ուզում եք անվանեք, բայց ուրիշներն ինձ իրենց, բարերարն ու հրեշտակն են համարում։
Բուշեն տեղից վերկացավ։ Նրա կիմոնոյի ծալքերը վեհորեն թափվեցին ցած։ Վանդակի դեղձանիկը, կարծես ըստ հրամանի, սկսեց երգել։ Ռավիկը նույնպես տեղից կանգնեց։ Նրան ծանոթ էին շատ մելոդրամաներ, բայց այստեղ նա զգում էր, որ մադամ Բուշեն նույնպես բոլորովին չի չափազանցում։
— Գեղեցիկ,— ասաց Ռավիկը։— Ես հիմա գնում եմ։ Բայց պետք է ասեմ, որ Լյուսիեննայի նկատմամբ դուք ուղղակի բարերար չգտնվեցիք։
— Դուք պետք է նրան տեսնեիք այն ժամանակ, երբ ինձ մոտ էր եկել։ Էլ ի՞նչ է ուզում։ Ինքը առողջ է, երեխա չկա, չէ՞ որ հենց նրա ուզածն էլ այդ էր։ Մանավանդ որ կլինիկայի համար նույնպես չի վճարում։
— Նա այլևս երեխա ունենալ չի կարող։
Մի վայրկյան Բուշեն շփոթահար լռեց, բայց հենց նույն րոպեին բոլորովին հանգիստ ասաց.
— Ավելի լավ։ Իրեն ավելի երջանիկ կզգա, լրբին ի՞նչ է պետք։
Ռավիկը տեսավ, որ ինքը ոչնչի չի հասնի։
— Au revoir, մադամ Բուշե,— ասաց նա։— Ինձ համար հետաքրքիր էր ձեզ մոտ լինելը։
Բուշեն ընդհուպ մոտեցավ Ռավիկին։ Ռավիկը վախենում էր, թե հիմա նա հրաժեշտ տալիս ձեռքը կմեկնի իրեն։ Բայց մադամ Բուշեի մտքով դա չէր էլ անցնում։
— Դուք ավելի խելամիտ եք, մեսյո,— ասաց նա վստահող ու ցածրացրած ձայնով,— ավելի խելամիտ, քան բժիշկներից շատ շատերը։ Ափսոս, որ դուք...— նա մի վայրկյան կանգ առավ և քաջալերող հայացքով նայեց Ռավիկին։— Մեկ-մեկ մարդ որոշ դեպքերի համար խելքը գլխին բժշկի կարիք է զգում։ Իր գործը լավ իմացող բժիշկը ինձ շատ կարող էր օգնել․․․
Ռավիկը ոչինչ չասաց։ Նա աշխատում էր միայն լսել։
— Դա ձեզ ոչ մի վնաս չէր հասցնի,— ավելացրեց մադամ Բուշեն։― Հատկապես առանձին դեպքերի ժամանակ։
Նա Ռավիկին այնպես էր նայում, ինչպես կատուն է ձևացնում, թե սքանչանում է թռչնակով։
— Երբեմն ապահովված պացիենտներ են հանդիպում․․․ վճարն, իհարկե, նախապես է տրվում։ Իսկ ինչ ոստիկանությանն է վերաբերում, իմացեք, որ հարյուր տոկոսով ապահովված ենք։ Ես կարծում եմ, որ դուք բոլորովին հանգիստ մի քանի հարյուր ֆրանկ կարող եք ձեր գրպանը դնել...— մադամ Բուշեն թփթփացրեց Ռավիկի ուսին,— ձեզ նման արտաքին ունեցող մարդը․․․
Ամբողջ երեսով մեկ ժպտալով, նա ձեռքը նորից տարավ դեպի շիշը։
― Հը, ի՞նչ կարծիքի եք։
― Շնորհակալ եմ,— ասաց Ռավիկը, շիշը ետ հրելով։— Ես էլ չեմ ուզում։ Ինձ շատ չի կարելի։
Նա հազիվ իրեն ստիպեց արտասանել այդ բառերը, քանի որ կոնյակը սքանչելի էր։ Շշի վրա գործարանային պիտակ չկար, ըստ երևույթին, դա դուրս էր եկել առաջին կարգի մասնավոր մառանից։
— Մյուս բաների մասին կմտածեմ։ Մոտ օրերս մի անգամ էլ կանցնեմ ձեզ մոտ։ Ես հաճույքով կուզեի նայել ձեր գործիքները։ Գուցե որևէ խորհուրդ տայի ձեզ։
— Երբ դուք հաջորդ անգամ գաք այստեղ, ես իմ գործիքները ձեզ ցույց կտամ։ Բայց դուք էլ ցույց կտաք ձեր դիպլոմը։ Վստահության դիմաց վստահություն։
— Դուք արդեն ապացուցեցիք, որ որոշ բաներում ինձ վստահում եք։
— Ամենևին էլ ոչ,— ժպտալով ասաց մադամ Բուշեն,— ես ընդամենը ձեզ մի առաջարկություն արի, որից ուզածդ րոպեին կարող եմ հրաժարվել։ Դուք ֆրանսիացի չեք, դա իսկույն զգացվում է ձեր արտաբերումից, թեև լավ եք խոսում և ազատ։ Դուք նաև ֆրանսիացու նման չեք։ Ըստ երևույթին էմիգրանտ եք։— Մադամ Բուշեն ժպտաց ավելի ընդգծված և սառը հայացքով նայեց Ռավիկին։— Չէ՞ որ ձեզ կարող են չհավատալ, էլ չեմ ասում այն, ոը կարող են ձեզանից ֆրանսիական դիպլոմ պահանջել, որը դուք չունեք։ Հիմա այնտեղ նախասենյակում մի ոստիկանական պաշտոնյա է նստած։ Եթե ցանկություն ունեք, հենց այս րոպեիս կարող եք ինձ մատնել։ Բայց դուք դա չեք անի։ Իսկ ինչ վերաբերում է իմ առաջարկությանը, մտածեք այդ մասին։ Միևնույն է, դուք ինձ ոչ ձեր անունն եք ասելու և ոչ էլ հասցեն։ Ճի՞շտ է։
— Այո,— ասաց Ռավիկը, որն իրեն պարտված էր զգում։
— Ես այդպես էլ գիտեի։— Այժմ արդեն Բուշեն իսկապես որ նման էր հրեշավոր կերպով ճարպակալած կատվի։— Au revoir, մեսյո։ Մտածեք իմ առաջարկության մասին։ Ես հաճախ եմ մտածել մի էմիգրանտ բժիշկ գտնել։
Ռավիկը ժպտաց։ Նա գիտեր ինչու։ Էմիգրանտ բժշկին Բուշեն կարող էր ամբողջովին իր բռում պահել։ Իսկ եթե երբևէ հանկարծ մի բան պատահեր, պատասխան տվողը կլիներ ոչ թե ինքը, այլ հենց այդ էմիգրանտը։
— Ես կմտածեմ,— ասաց Ռավիկը։ Au revoir, մադամ։
Նա գնաց մութ միջանցքի երկարությամբ։ Դռներից մեկի հետևում տնքոցի ձայն էր գալիս։ Ռավիկն հասկացավ, որ Բուշեի բնակարանում մահճակալներով կահավորված հիվանդանոցային հատուկ բաժանմունք կա, որտեղ կանայք, աբորտից հետո, մի քանի ժամ պառկում էին և ապա նոր միայն գնում իրենց տուն։
Նախասենյակում նստած էր բեղիկները կարճ խուզած և թուխ՝ ձիթապտղի գույնի մաշկով սլացիկ հասակ ունեցող մի մարդ։ Նա ուշադիր ոտից գլուխ զննեց Ռավիկին։ Կարճ բեղիկներով մարդու կողքին նստած էր Ռոժեն։ Սեղանի վրա դրված էր հին կոնյակից ևս մի շիշ։ Ռավիկին տեսնելուն պես Ռոժեն իրենից անկախ ուզեց կոնյակի շիշը թաքցնել, բայց չհասցնելով այդ, արհեստականորեն ժպտաց ու ձեռքը ցած թողեց։
— Բարի գիշեր, բժիշկ,— ասաց Ռոժեն, մերկացնելով իր փտած ատամները։ Ըստ երևույթին, նա դռան հետևը կանգնած ականջ էր դնում։
— Բարի գիշեր, Ռոժե,— Ռավիկը որոշեց, որ տվյալ դեպքում ավելի տեղին է մտերմավարի պահել իրեն։
Ընդամենը մի կես ժամվա ընթացքում այդ անընկճելի կնիկը Ռավիկին բացարձակ թշնամուց քիչ մնաց դարձնի իր մեղսակիցը։ Եվ այժմ Ռավիկի համար ուղղակի թեթևություն էր առանց ձևականությունների բարի գիշեր ասել Ռոժեին, որի մեջ այդ բոլորից հետո հանկարծ ինչ-որ զարմանալի մարդկային մի բան տեսավ։
Աստիճանների ներքևում Ռավիկը հանդիպեց երկու աղջիկների։ Նրանք անցնում էին դռնից դուռ ու նայում անվանատախտակներին։
— Մեսյո,— դիմեց նրան աղջիկներից մեկը, հաղթելով իր անվճռականությունը,— չե՞ք ասի, մադամ Բուշեն այս տա՞նն է ապրում։
Ռավիկը փոքր-ինչ հապաղեց։ Սակայն ի՞նչ միտք ուներ նրանց որևէ բան ասել։ Մի՞թե դա կարող էր որևէ օգուտ տալ։ Միևնույն է, նրանք գտնելու են Բուշեին։ Եվ վերջին հաշվով, ինքը ի՞նչ կարող էր առաջարկել նրանց Բուշեի փոխարեն։
Ժամացույցի լուսավորվող թվահարթակը խավարում առկայծում էր ինչպես գիշերային փոքրիկ լուսատու։ Ժամը առավոտյան հինգն էր։ Ժոանը պետք է գար երեքին։ Հնարավոր է, որ նա դեռ գա։ Բայց կարող է լինել նաև այնպես, որ խիստ հոգնած լինելու պատճառով գնացել է ուղիղ իր հյուրանոցը։
Ռավիկը նորից պառկեց, որպեսզի քնի։ Բայց քունը չտարավ։ Այդպես երկար նա պառկել ու նայում էր առաստաղին, որտեղ մերթ ընդ մերթ սահում֊անցնում էր դիմացի շենքի տանիքի վրա վառվող ու հանգչող լուսային ռեկլամի շերտը։ Նա իրեն դատարկ ու ամայացած էր զգում և չգիտեր ինչու։ Թվում էր, թե նրա մարմնի ամբողջ ջերմությունը կամաց֊կամաց դուրս է գալիս մաշկի ծակոտիների միջով և կորչում ինչ֊որ տեղ, թվում էր, թե արյունը ինչ-որ բանի մեջ հենարան է փնտրում և, չգտնելով այդ հենարանը, ընկնում և ընկնում էր մի մեղմ ու հաճելի ոչ մի տեղ։ Նա ձեռքերր խաչաձև դրեց գլխի տակ և անշարժ մնաց պառկած։ Այժմ նա արդեն գիտեր, որ ինքը սպասում է, սպասում է Ժոան Մադուին, գիտեր, որ ոչ միայն իր բանականությունն է սպասում նրան, այլև իր միսն ու արյունը, մարմինը, ձեռքերը, նյարդերը, և ինչ֊որ տարօրինակ, իրեն անծանոթ մի քնքշություն։ Մի խոսքով, իր մեջ ամեն ինչ նրան էր սպասում։
Նա տեղից ելավ, հագավ խալաթը և նստեց լուսամատի մոտ։ Մարմինը զգաց փափուկ բրդի ջերմությունը։ Խալաթը հին էր, տարիներ շարունակ նա իր հետ ամենուրեք քարշ էր տվել այդ խալաթը։ Նա այդ խալաթի մեջ էր քնել իր փախստական տարիներին, նրանով էր փրկվել իսպանական գիշերների ցրտից, երբ ինքը մահու չափ հոգնած լազարեթից բարաք էր գալիս։ Տասներկու տարեկան Խուաննան, որը ութսուն տարեկան պառավի աչքեր ուներ, այդ խալաթի տակ էր մահացել Մադրիդի ռմբակոծված հյուրանոցներից մեկում, այն Խուաննան, որը սոսկ մի ցանկություն ուներ — երբևէ այսպիսի փափուկ բրդից մի շոր ունենալ և մոռանալ, թե ինչպես մորը բռնաբարեցին ու հորը մահվան ենթարկեցին ոտքերի տակ տրորելով։
Ռավիկը նայեց շուրջը։ Սենյակ, մի երկու-երեք ճամպրուկ, մի քանի իրեր, քրքրված գրքերի մի կապ — տղամարդուն շատ բան պետք չի՝ ապրելու համար։ Անհանգիստ կյանքի պայմաններում ի՞նչ պետք է, որ մարդ շատ բաների ընտելանա։ Չէ՞ որ մարդ դրանք միշտ կամ ստիպված է լինում թողնել ու գնալ և կամ էլ վերցնել հետը։ Մինչդեռ դու պետք է յուրաքանչյուր րոպե պատրաստ լինես ճանապարհ ընկնելու։ Ահա հենց այդ էր պատճառը, որ նա մենակ էր ապրում։ Եթե մարդ ճանապարհ է ընկել, ուրեմն, նրան ոչ մի բան չպետք է ոչ կաշկանդի և ոչ էլ հուզի։ Ամենաշատը այդ հուզմունքը կարող է պատճառել որևէ պատահական կապ, սակայն ոչ ավելին։
Ռավիկը նայեց մահճկալին։ Ճմրթված, գորշագույն սավան։ Սպասելը նրա համար առանձնապես մեծ դժվարություն չէր։ Նա հաճախ էր սպասել կանանց։ Բայց զգում էր, որ առաջ սպասել էր բոլորովին ուրիշ տեսակ — առանց խոր զգացմունքների, պարզ, կոպիտ։ Երբեմն էլ կարծես տենչանքը ազնվացնող թաքնված մի քնքշությամբ։ Բայց երկար ժամանակ է, ինչ ոչ ոքի չէր սպասել այսօրվա նման։ Նրա մեջ աննկատելի կերպով ինչ-որ բան էր սողոսկել։ Մի՞թե նա արթնացել է նորից։ Մի՞թե նորից նա սկսել է շարժվել։ Երբվանի՞ց այդ բոլորն սկսեց։ Գուցե կրկին ինչ֊որ բա՞ն է կանչում հեռավոր անցյալից, խորքերից կապույտ, գուցե թեթև մի սյո՞ւք է դա, որ գալիս է անանուխով պատված մարգագետիններից, բարդիների շարքե՞ր են գուցե, որ բարձրանում են հորիզոնի վրա, գուցե ապրիլյան անտառների բուրմո՞ւնքն է այդ։ Նա այլևս այդ չէր ուզում։ Չէր ուզում տիրանալ դրան։ Չէր ուզում համակվել այդ ամենով։ Նա արդեն ճանապարհին էր։
Նա տեղից վեր կացավ և սկսեց հագնվել: Անհրաժեշտ էր միշտ անկախ մնալ։ Ամեն ինչ սկսվեց փոքրիկ անկախությունների կորստից։ Մարդ ուշադրություն չի դարձնում դրանց վրա և ահա հանկարծ հայտնվում է սովորույթների ցանցի մեջ։ Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է։ Ոչ մի բանի չպետք է ընտելանալ։ Նույնիսկ կնոջ մարմնին։
Ռավիկը դուռը բանալիով չփակեց։ Եթե Ժոանը գա, իրեն չի գտնի։ Նա կարող է սպասել այստեղ ցանկության դեպքում։ Նա մի պահ մտածեց, թե մի երկտող չգրի՞ արդյոք թողնելու համար։ Բայց ստել չէր ուզում, իսկ ասել, թե ուր է գնացել — նույնպես ցանկություն չուներ։
Ռավիկը վերադարձավ առավոտյան ժամը ութի կողմը։ Քայլելով վաղորդյան ցուրտ, դեռ լապտերներով լուսավորված փողոցներով, նա թարմացավ ու թեթևություն զգաց։ Սակայն հենց որ հասավ հյուրանոցին, նրան նորից համակեց նախկին լարվածությունը:
Ժոանը չէր եկել։ Ռավիկն զգաց, որ ինքը հենց այդպես էլ կարծում էր։ Սակայն սենյակը նրան թվաց սովորականից ավելի դատարկ։ Ռավիկը նայեց իր շուրջը, փնտրելով որևէ նշան, որով կարելի կլիներ իմանալ Ժոանը եկել է թե ոչ։ Սակայն ոչինչ չգտավ։
նա զանգեց աղախնուն։ Փոքր-ինչ հետո հայտնվեց աղախինը։
― Ես կուզեի նախաճաշել,— ասաց Ռավիկը։
Աղախինը նայեց նրան, բայց ոչինչ չասաց։ Ռավիկը նույնպես աղախնուն ոչինչ չհարցրեց։
— Սուրճ և եղջյուրիկ բուլկի, Եվա։
— Այս րոպեիս, մեսյո Ռավիկ։
Ռավիկը նայեց մահճակալին։ Եթե Ժոանը եկած լիներ, հազիվ թե պառկեր դատարկ, խառնիխշտոր թափված անկողնու մեջ։ Տարօրինակ է, թե այն ամենը, ինչին կպչում է մարմինը — լինի դա անկողին, սպիտակեղեն, թե նույնիսկ վաննա,— որքան շուտ է դառնում մի տեսակ մեռած, երբ զրկվում է մարդկային մարմնի ջերմությունից։ Իրերը կորցնելով իրենց ջերմությունը, իսկույն դառնում են վանող։
Ռավիկը վառեց սիգարետը։ Ժոանը կարող էր ենթադրել, թե իրեն հիվանդի մոտ են կանչել։ Բայց այդ դեպքում նա որևէ գրություն կթողներ։ Հանկարծ Ռավիկն իրեն ապուշի դերում զգաց։ Նա ուզում էր պահպանել իր անկախությունը, բայց վարվեց խիստ աննրբանկատ։ Աննրբանկատ ու հիմար ձևով, ինչպես տասնութ տարեկան մի պատանի, որն ինքն իրեն ուզում է ինչ-որ բան ապացուցել։ Այդ վարմունքի մեջ շատ ավելի կախվածություն կար, քան եթե նա մնար ու սպասեր։
Աղախինը նախաճաշը բերեց։
— Անկողինը հավաքե՞մ,— հարցրեց նա։
— Իսկ ինչո՞ւ հենց հիմա։
— Գուցե դեռ ուզենաք քնե՞լ։ Թարմ հավաքած անկողնում մարդ ավելի լավ է քնում։
Աղախինը անտարբեր նայեց նրան։
― Որևէ մեկը եկե՞լ է այստեղ,— հարցրեց Ռավիկը։
— Չգիտեմ, ես ժամի յոթին եմ եկել։
— Եվա,— հարցրեց Ռավիկը,— ի՞նչ է մարդ զգում, երբ ամեն առավոտ մի տասը ուրիշի անկողին է հավաքում։
— Դա դեռ տանելի է, մեսյո Ռավիկ։ Միայն թե պարոնայք ավելին չպահանջեն։ Բայց միշտ գտնվում են այնպիսիները, որոնք տւրիշ բան էլ են ուզում։ Գոնե այդ պահանջներն էլ գնային պոռնկատներում բավարարելու։ Փարիզում ինչն է բոլ՝ պոռնկատունը․․․ և շատ և էժան։
— Առավոտյան ով կվերկենա, կգնա պոռնկատուն, Եվա։ Մինչդեռ հյուրանոցային որոշ բնակիչներ հենց այդ ժամերին, են իրենց առանձնապես ուժեղ զգում։
— Այո, հատկապես ծերերը։— Նա ուսերը վեր քաշեց։— Չես համաձայնվում, մի քիչ թեյափող պետք է տան, դա ես կորցնում, եղած֊չեղած օգուտը դա է մնում։ Ոմանք էլ սկսում են ամեն առիթով բողոքել վրադ — կամ սենյակն է կեղտոտ, կամ կոպիտ պատասխաններ ես տվել... Եվ այդ բոլորը, իհարկե, զայրույթից։ Ի՞նչ կարող ես անել։ Կյանքի օրենքն է։
Ռավիկը գրպանից մի թղթադրամ հանեց։
— Գիտեք ինչ, Եվա, եկեք այսօր մեր կյանքը մի քիչ թեթևացնենք։ Սրանով կամ մի գլխարկ գնեք ձեզ համար և կամ էլ բրդե մի ժակետ։
Եվայի աչքերը կենդանացան։
— Շնորհակալություն, մեսյո Ռավիկ։ Օրը հաջողությամբ է սկսվում։ Ուրեմն, ես ձեր անկողինը հետո՞ հավաքեմ։
— Այո, հետո կհավաքեք։
Եվան նայեց նրան։
— Իսկ այդ դաման շատ հետաքրքիրն է,— ասաց նա։— Այն դաման, որը հիմա հաճախ ձեզ մոտ է գալիս։
— Մի խոսք էլ ասացիք, ես այդ փողը ետ կվերցնեմ ձեզանից։— Ռավիկը Եվային հրեց դեպի դուռը։ Գնացեք, ծեր վավաշոտները հիմա արդեն ձեզ են սպասում։ Մի՛ հիասթափեցրեք նրանց։
Ռավիկը նստեց սեղանի մոտ և սկսեց ուտել։ Նախաճաշը առանձնապես համով չէր։ Նա տեղից վեր կացավ և ուտելը շարունակեց կանգնած։ Այդպես ավելի էր դուր գալիս։
Տանիքների վերևում հայտնվեց կարմիր արևը։ Հյուրանոցն արթնացավ։ Ծերունի Գոլդբերգը, որը մի հարկ ներքև էր ապրում, սկսեց իր առավոտյան համերգը։ Նա այնպես էր հազում ու տնքում, կարծես վեց թոք ունենար։ Էմիգրանտ Վիզենհոֆը բացել էր լուսամուտի փեղկերը և զորահանդեսային մի քայլերգ էր սուլում։ Վերևի հարկում ջուրն սկսեց քչքչալ։ Դռները բացվում ու փակվում էին։ Իսպանացիների մոտ էր միայն, որ խաղաղ էր։ Ռավիկը ճլմկոտաց։ Գիշերն անցել էր։
Հոգին քայքայող խավարը արդեն չքացավ։ Նա որոշեց մի քանի օր առանձին մնալ։
Դրսից լսվում էին լրագրավաճառ երեխաների ձայները, որոնք առավոտյան նորություններ էին հայտնում — ընդհարումներ չեխական սահմանի վրա, Գերմանական զորքերը մոտեցան Սուդետներին, Մյունխենի համաձայնագիրը վտանգի տակ է։