հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Ծանրացած սրտով եմ սկսում գրել վերջին տողերն այս նոթերի, որոնք պատմում են իմ բարեկամի՝ միստըր Շերլոկ Հոլմսի արտասովոր տաղանդի մասին։
Ճիշտն ասած՝ ուզում էի լռել եւ ոչինչ չասել այն իրադարձության վերաբերյալ, ինչն իմ կյանքում այնպիսի դատարկություն թողեց, որ ոչ մի բանով լցնել չեմ կարող, չնայած՝ այդ օրվանից անցել է արդեն երկու տարի։ Բայց ինձ ստիպեցին գրիչ վերցնել գնդապետ Ջեյմս Մորիարտիի վերջին նամակները, որոնցով նա պաշտպանում է իր հանգուցյալ եղբոր հիշատակը։ Ես իմ պատքը համարեցի՝ հասարակության համար շարադրել բոլոր դեպքերն այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել իրականում։ Միմիայն ինձ է հայտնի ամբողջ ճշմարտությունը, և ուրախ եմ, որ հասել է ժամանակը, երբ արդեն որևէ պատճառ չկա այդ թաքցնելու։
Որքան ինձ հայտնի է, լրագրերում հրապարակվել է միայն երեք հաղորդագրություն․ 1891 թվականի մայիսի 6֊ին «Ժուռնալ դը Ժնև»[1] լրագրի թղթակցությունը, Ռեյթեր գործակալության[2] հեռագիրը մայիսի 7֊ի անգլիական մամուլում և, վերջապես, օրերս ստացված նամակները, որոնք հիշատակված են վերևում։ Այդ նամակներից առաջինն ու երկրորդը արտակարգ կերպով կրճատված են, իսկ վերջինը աղավաղում է իսկական փաստերը, ինչպես հիմա կապացուցեմ։ Իմ պարտականությունն է վերջապես հայտնել աշխարհին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել պրոֆեսոր Մորիարտիի և Միստր Շերլոկ Հոլմսի միջև։
Գուցե ընթերցողը հիշում է, որ ամուսնությունիցս անմիջապես հետո իմ ու Հոլմսի միջև եղած շատ մոտիկ հարաբերությունները որոշ չափով փոխվեցին։ Ես սկսեցի զբաղվել բժշկական մասնավոր պրակտիկայով։ Հոլմսը շարունակում էր ժամանակ առ ժամանակ այցելել ինձ, երբ ուղեկցի կարիք էր զգում իր հետաքննությունների ընթացքում, բայց այդ բանը լինում էր ավելի ու ավելի հազվադեպ, իսկ 1890 թվականին ես նրա արկածների մասին երեք հաշվետվություն գրեցի։
Այդ տարվա ձմռանը և 1891 թվականի գարնան սկզբին լրագրերում հրապարակվեց մի նյութ, որ ֆրանսիական կառավարությունը Հոլմսին հրավիրել է Ֆրանսիա հույժ կարևոր գործի կապակցությամբ և բարեկամիցս ստացած երկու նամակից, որ գրել էր նա Նարբոննից ու Նիմից, եզրակացրի, որ ըստ երևույթին, նրա մնալը Ֆրանսիայում խիստ կձգձգվի։ Դրա համար էլ մի փոքր զարմացա, երբ ապրիլի 24֊ի երեկոյան նա հանկարծակի հայտնվեց իմ առանձնասենյակում։ Ես անմիջապես նկատեցի, որ նա սովորականից ավելի գունատ ու նիհարած է։
― Այո՛, կարգին քայքայեցի ուժերս, ― ասաց նա, ավելի շուտ հայացքիս, քան թե խոսքիս պատասխանելով։ ― Վերջին ժամանակներս ինձ համար դժվար էր աշխատել․․․ Ի՞նչ կլինի, եթե փակեմ փեղկերը։
Սենյակս լուսավորված էր միայն սեղանի լամպի լույսով, որի ներքո սովորաբար կարդում էի։ Պատի երկայնքով զգուշորեն շարժվելով, Հոլմսը շրջեց ամբողջ սենյակում, փակելով լուսամուտների դրսի փեղկերն ու խնամքով գցելով նիգերը։
― Ինչ֊որ բանից վախենո՞ւմ եք, հա՞, ― հարցրի ես։
― Այո՛, վախենում եմ։
― Իսկ ինչի՞ց։
― Օդամուղ հրացանից։[3]
― Ի՞նչ եք ուզում ասել դրանով, սիրելի Հոլմս։
― Ուո՛տսըն, իմ կարծիքով դուք ինձ բավականաչափ լավ գիտեք և ձեզ հայտնի է, որ ես վախկոտներից չեմ։ Սակայն հաշվի չառնել մարդուն սպառնացող վտանգը, դա ավելի շուտ հիմարություն է, քան թե քաջություն։ Տվեք ինձ լուցկին, խնդրում եմ։
Հոլմսը կպցրեց գլանակը, և ըստ երևույթին, ծխախոտի ծուխը բարերար ազդեցություն ունեցավ նրա վրա։
― Նախ և առաջ ներողություն պիտի խնդրեմ ուշ ժամին այցելությանս համար, ― ասաց նա։ ― Եվ բացի դրանից, ստիպված եմ խնդրել ձեր թույլտվությունը որպեսզի երկրորդ ոչ պատշաճ մի արարք կատարեմ՝ անցնեմ ձեր այգու հետևի պատի վրայով, քանի որ հենց այդ ճանապարհով պիտի հեռանամ ձեր տնից։
― Բայց ի՞նչ է նշանակում այս բոլորը, ― հարցրի ես։
Հոլմսը ձեռքը տարավ լամպին, ու ես տեսա, որ նրա երկու մատի հոդերը քերծված են ու արյունոտ։
― Ինչպես տեսնում եք, դա այդքան էլ դատարկ բան չէ, ― ասաց նա ժպտալով։ ― Այսպես հո կարելի է ամբողջ ձեռքն էլ կորցնել։ Իսկ ո՞ւր է միսսիս Ուոտսընը, տա՞նն է։
― Ո՛չ, նա հյուր է գնացել ծանոթների մոտ։
― Ըհը՛, նշանակում է դուք մենա՞կ եք։
― Միանգամայն մենակ։
― Եթե այդպես է, ապա ինձ համար հեշտ կլինի առաջարկել ձեզ՝ հետս մի շաբաթով գալ մայր ցամաք։
― Հատկապես ո՞ւր։
Ուր ուզում եք, ինձ համար բացարձակապես միևնույն է։
Այս բոլորն ինձ ավելի քան տարօրինակ թվաց։ Հոլմսը ժամանակն իզուր վատնելու սովորություն չուներ, և նրա գունատ ու նիհար դեմքի վրա ինչ֊որ մի բան խոսում էր ծայրահեղ նյարդային լարվածության մասին։ Նա հայացքիս միջի տարակուսանքը նկատեց և, արմունկներով ծնկներին հենված ու մատների ծայրերն իրար կպցրած, սկսեց բացատրել գործերի դրությունը։
― Կարծում եմ, որ դուք պրոֆեսոր Մորիարտիի մասին ոչինչ չեք լսել, չէ՞, ― հարցրեց Հոլմսը։
― Ոչինչ։
― Հանճարեղ է ու անբացատրելի՜։ Մարդն իր ցանցի մեջ խճճել է ամբողջ Լոնդոնը, և ոչ ոք չի լսել նրա մասին։ Հենց դա էլ քրեական աշխարհում նրան բարձրացնում է անհասանելի գագաթի։ Հավատացնում եմ ձեզ, Ուո՛տսըն, որ եթե ինձ հաջողվի հաղթել այդ մարդուն, եթե հաջողվի հասարակությունն ազատել նրանից, դա կլինի իմ գործունեության պսակը, ես իմ կարիերան կհամարեմ վերջացած և պատրաստ կլինեմ անցնել ավելի հանգիստ զբաղմունքների։ Մեր մեջ ասած, Ուո՛տսըն, վերջին երկու գործը, որոնք հնարավորություն տվին Սկանդինավիայի թագավորական տոհմին ու Ֆրանսիա ռեսպուբլիկային որոշ ծառայություն մատուցել, ինձ համար միջոցներ ստեղծեցին, որ ես իմ հակումներին ավելի համապատասխանող կյանք վարեմ ու ամբողջապես զբաղվեմ փորձերով քիմիայի ասպարեզում։ Բայց դեռ չեմ կարող հանգստանալ, չեմ կարող անվրդով բազմել աթոռիս, քանի դեռ պրոֆեսոր Մորիարտիի նման մարդը ազատ ման է գալիս Լոնդոնի փողոցներում։
― Ի՞նչ է արել նա։
― Օ՜, անսովոր կենսագրություն ունի։ Նա լավ ընտանիքի որդի է, փայլուն կրթություն է ստացել և բնականից օժտված է մաթեմատիկական ֆենոմենալ ընդունակություններով։ Երբ նրա քսանմեկ տարին լրացավ, Նյուտոնի երկանդամի մասին մի տրակտատ գրեց, որը նրան հայտնի դարձրեց ամբողջ Եվրոպայում։ Դրանից հետո նա մեր գավառական համալսարաններից մեկում մաթեմատիկայի ամբիոն ստանձնեց և, ամենայն հավանականությամբ, նրան փայլուն ապագա էր սպասում։ Բայց Մորիարտին անմարդկային դաժանության ժառանգական հակում ունի։ Նրա երակներում ոճրագործի արյուն է հոսում։ Եվ այդ դաժանությունն ավելի վտանգավոր դարձավ նրա արտասովոր խելքի շնորհիվ։ Վատ լուրեր էին պտտվում նրա մասին այն համալսարանի ավանում, որտեղ նա դասախոսում էր, և վերջ ի վերջո նա ստիպված էր թողնել ամբիոնն ու տեղափոխվել Լոնդոն, որտեղ երիտասարներին սկսեց քննության պատրաստել՝ սպայական աստիճանի համար։ Սրանք հանրահայտ փաստեր են, իսկ հիմա դուք կլսեք, թե ինչ հաջողվեց իմանալ ինձ։
Ինչպես ձեզ հայտնի է, Ուո՛տսըն, Լոնդոնի քրեական աշխարհն ինձանից լավ իմացող չկա։ Եվ ահա, վաղուց սկսել եմ զգալ, որ շատ հանցագործների թիկունքում գոյություն ունի ինձ անհայտ մի ուժ՝ կազմակերպող հզոր մի ուժ, որ գործում է ի հեճուկս օրենքի, կեղծած անձնավորություններով քողարկված։ Ամենաբազմազան դեպքերում, լինի դա կեղծիք, կողոպուտ թե սպանություն, քանի՜ քանի անգամ եմ զգացել այդ ուժի ներկայությունը և տրամաբանելու միջոցով հայտնաբերել եմ դրա հետքերը նաև դեռևս չբացված այն ոճրագործություններում, որոնց հետաքննությանը անմիջականորեն չեմ մասնակցել։ Շատ տարիների ընթացքում փորձել եմ ճեղքել այդ ուժը թաքցնող վարագույրն ու անցնել, և ահա հասել է ժամանակը, երբ գտել եմ թելի ծայրն ու սկսել քանդել հանգույցը, մինչև որ այդ թելը, հազարավոր խորամանկ կապերից հետո, ինձ բերեց ու հասցրեց նախկին պրոֆեսոր Մորիարտիին՝ հայտնի մաթեմատիկոսին։
Պրոֆեսոր Մորիարտին հանցագործների աշխարհի Նապոլեոնն է, Ուո՛տսըն։ Նա այս քաղաքի բոլոր չարագործությունների կեսի ու չբացայատված բոլոր հանցագործությունների կազմակերպիչն է։ Նա հանճար է, փիլիսոփա․ նա մի մարդ է, որ կարողանում է մտածել վերացականորեն։ Այդ մարդն առաջնակարգ խելքի տեր է։ Սարդի նման նա անշարժ նստած է իր ոստայնի կենտրոնում, բայց այդ ոստայնը հազարավոր թելեր ունի, և նա զգում է դրանցից ամեն մեկի թրթիռը։ Նա ինքը հազվադեպ է գործի դիմում․ միայն պլան է կազմում։ Բայց նրա գործակալները բազմաթիվ են ու հրաշալի կազմակերպված։ Եթե որևէ մեկին պետք լինի մի փաստաթուղթ գողանալ, կողոպտել մի տուն, ճամփից հեռացնել մի մարդու, բավական է որ տեղեկացնեն պրոֆեսորին, և հանցագործությունը կնախապատրաստվի, հետո էլ կիրագործվի։ Կարող է պատահել, որ գործակալին բռնեն։ Այդպիսի դեպքերում փող միշտ էլ ճարվում է, որպեսզի այդ գործակալին երաշխավորությամբ բաց թողնեն կամ դատապաշտպան հրավիրեն։ Բայց գլխավոր ղեկավարը, նա, ով ուղարկել է այդ գործակալին, երբեք չի բռնվի․ նա կասկածներից վեր է։ Այդպիսին է այդ կազմակերպությունը, Ուո՛տսըն, որի գոյությունը հայտնաբերեցի տրամաբանելու ճանապարհով, և իմ ամբողջ եռանդը տրամադրել եմ այդ կազմակերպությունը գտնելու և ջախջախեու գործին։
Սակայն պրոֆեսորը քողարկված է խորամանկորեն և այնքան հոյակապ է պաշտպանված, որ չնայած իմ բոլոր ջանքերին, դատարանի վճռի համար բավարար հանցանշաններ ներկայացնել անհնար է։ Դուք գիտեք, թե ես ինչի եմ ընդունակ, սիրելի՛ Ուոտսըն, բայց ինչ էլ լինի, երեք ամիս անց ստիպված եմ խոստովանել, որ վերջապես հանդիպել եմ արժանավոր հակառակորդի։ Այն սարսափը, որ ներշնչում էին ինձ այդ մարդու ոճրագործությունները, գրեթե տեղը զիջեց նրա վարպետության նկատմամբ տածած հիացմունքին։ Սակայն վերջ ի վերջո նա մի վրիպում կատարեց, փոքրիկ, բոլորովին փոքրիկ վրիպում, բայց նրան թույլատրելի չէր անգամ այդ փոքրիկը, որովհետև նրան կրնկակոխ հետևում էի ես։ Հասկանալի է, որ ես օգտվեցի այդ վրիպումից, և դա ելակետ ընդունելով, Մորիարտիի շուրջն սկսեցի հյուսել իմ ցանցը։ Այդ ցանցն այժմ գրեթե պատրաստ է, և երեք օր հետո, այսինքն՝ մոտակա երկուշաբթի օրը ամեն ինչ կվերջանա։ Պրոֆեսորն ու նրա շայկայի գլխավոր անդամները արդարադատության ձեռքում կլինեն։ Իսկ հետո կսկսվի մեր դարի քրեական ամենախոշոր դատավարությունը։ Կպարզվի բոլոր քառասուն առեղծվածային ոճրագործությունների գաղտնիքը, և բոլոր մեղավորները կկրեն իրենց պատիժը։ Բայց հերիք է, որ շտապենք, մի սխալ քայլ անենք, և նրանք կարող են ձեռքներիցս դուրս պրծնել նույնիսկ ամենավերջին մոմենտին։
Ամեն ինչ լավ կլիներ, եթե ես կարողանայի գործել այնպես, որ պրոֆեսոր Մորիարտին չիմանար այդ։ Բայց նա չափից անց խարդախ է։ Նրան հայտնի էր դառնում իմ յուրաքանչյուր քայլը, որը ես անում էի՝ նրան իմ ցանցի մեջ գցելու համար։ Շատ անգամ է փորձել նա դուրս պրծնել այդ ցանցից, բայց ամեն անգամ ես նրա ճանապարհը փակել եմ։ Իսկապես ասած, բարեկա՛մս, եթե այս լռելայն պայքարի մանրամասն նկարագրությունը հնարավոր լիներ հրապարակել մամուլում, դա կգրավեր իր տեղը դետեկտիվի պատմության մեջ եղած ամենափայլուն և հուզիչ գրքերի շարքում։ Ես երբեք չեմ հասել այսպիսի բարձրության, և երբեք հակառակորդիս գործողություններից այսքան դժվարություններ չեմ քաշել։ Նրա հարվածները ուժեղ էին, բայց ես ետ էի մղում դրանք ավելի մեծ ուժով։ Այս առավոտ ձեռնարկեցի վերջին քայլերս, ու ինձ պետք էր ևս երեք օր, միայն երեք օր, որպեսզի գործն ավարտեմ։ Նստած էի սենյակումս ու մտմտում էի այս գործի մասին, երբ հանկարծ դուռը բացվեց։ Իմ դեմ կանգնած էր պրոֆեսոր Մորիարտին։
Ես պողպատե ջղեր ունեմ, Ուո՛տսըն, բայց խոստովանում եմ, որ չկարողացա չցնցվել, իմ առաջ տեսնելով մի մարդու, որն զբաղեցնում էր իմ բոլոր մտքերը։ Նրա արտաքինն առաջ էլ լավ ծանոթ էր ինձ։ Նա շատ նիհար է և բարձրահասակ․ ճակատն սպիտակ է, լայն և ուռուցիկ, աչքերը՝ խորն ընկած։ Դեմքը մաքուր սափրած է, գունատ, ասկետական․ պրոֆեսոր Մորիարտիից նրա մեջ ինչ֊որ բան դեռ մնացել էր։ Ուսերը կորացած են, երևի միշտ գրասեղանի առաջ նստելուց, իսկ գլուխն առաջ է եկած, ու դանդաղ, օձի գլխի պես, այս ու այն կողմ է ճոճվում։ Նրա ծակող աչքերն ուղղակի մեխվեցին իմ մեջ։
«Ձեր ճակատի ոսկրերն այնքան զարգացած չեն, ինչպես սպասում էի, ― ասաց նա վերջապես։ ― Լցրած ատրճանակը սեփական խալաթի գրպանում պահելը վտանգավոր սովորություն է, մի՛ստր Հոլմս»։
Եվ իսկապես, երբ նա ներս մտավ, անմիջապես հասկացա, թե ինչ վիթխարի վտանգ է սպառնում ինձ․ չէ՞ որ նրա փրկության միակ հնարավորությունն այն էր, որ ստիպեր իմ լեզվին լռելու ընդմիշտ։ Դրա համար էլ ատրճանակս սեղանի դարակից կայծակի արագությամբ տեղափոխեցի գրպանս, և այդ մոմենտին շոշափում էի մահուդի վրայից։ Մորիարտիի նկատողությունից հետո ատրճանակը գրպանիցս հանեցի և, ձգանը մարտական վիճակի բերելով, դրեցի սեղանին՝ իմ առաջ։ Մորիարտին շարունակում էր ժպտալ ու աչքերը կկոցել, բայց նրա աչքերի արտահայտության մեջ ինչ֊որ մի բան ստիպեց ինձ ուրախանալ, որ զենքս մոտիկ է։
«Երևի դուք չե՞ք ճանաչում ինձ», ― ասաց նա։
«Ընդհակառակը, ― առարկեցի ես, ― ինձ թվում է, թե ձեզ համար դժվար չէր հասկանալ, որ ճանաչում եմ։ Նստեցեք, խնդրեմ։ Եթե դուք ուզում եք ինձ որևէ բան ասել, կարող եմ տրամադրել ձեզ հինգ րոպե»։
«Այն բոլորը, ինչ ուզում էի ձեզ ասել, դուք արդեն գուշակեցիք», ― պատասխանեց նա։
«Այդ դեպքում դուք, հավանաբար արդեն գուշակեցիք իմ պատասխանը»։
«Դուք հաստա՞տ եք կանգնած ձեր ասածի վրա»։
«Միանգամայն հաստատ»։
Նա ձեռքը գրպանը խոթեց, իսկ ես սեղանի վրայից վերցրի ատրճանակս։ Բայց նա գրպանից հանեց միայն ծոցատետրը, որտեղ խզմզված էին ինչ֊որ թվականներ։
«Դուք իմ ճանապարհի վրա եք կանգնել, հունվարի չորսին, ― ասաց նա։ ― Քսաներեքին նորից անհանգստություն եք պատճառել ինձ։ Փետրվարի կեսին դուք շատ լուրջ կերպով խռովեցիք իմ հանգիստը։ Մարտի վերջին դուք միանգամայն քանդեցիք իմ պլանները․ իսկ այժմ ձեր անդադար հետապնդման պատճառով այնպիսի դրության մեջ եմ ընկել, որ իմ առջև ծառացել է ազատությունս կորցնելու ռեալ վտանգը։ Այսպես շարունակվել չի կարող»։
«Ի՞նչ եք առաջարկում», ― հարցրի ես։
«Ձեռք քաշեք այդ գործից, մի՛տր Հոլմս, ― ասաց նա, ճոճելով գլուխը։ ― Ճիշտ եմ ասում, ձեռք քաշեք»։
«Երկուշաբթվանից հետո», ― պատասխանեցի։
«Բավական է, մի՛տր Հոլմս։ Դուք չափազանց խելացի եք և, իհարկե, կհասկանաք ինձ․ ձեզ անհրաժեշտ է վերանալ մեջտեղից։ Ինքներդ գործն այնպես տարաք, որ ուրիշ ելք չկա։ Ես ինտելեկտուալ հաճույք ստացա պայքարի ձեր մեթոդները դիտելով և, հավատացեք շատ կվշտանայի, եթե ինձ ստիպեիք՝ դիմել ծայրահեղ միջոցների․․․ Դուք ժպտում եք, սը՛ր, բայց հավատացնում եմ ձեզ, որ անկեղծ եմ խոսում»։
«Վտանգն իմ պրոֆեսիայի անխուսափելի ուղեկիցն է», ― նկատեցի ես։
«Դա ոչ թե վտանգ է, այլ անխուսափելի ոչնչացում, ― առարկեց նա։ ― Դուք ոչ թե մի մարդու ճանապարհին եք կանգնած, այլ վիթխարի մի կազմակերպության, որի ամբողջ հզորությունը, անգամ դուք ձեր ամբողջ խելքով հանդերձ, ի վիճակի չեք ըմբռնելու։ Դուք, մի՛ստր Հոլմս, մի կողմ պիտի քաշվեք․ կամ թե չէ ձեզ կտրորեն ոտքերի տակ»։
«Վախենում եմ, ― ասացի ես ոտքի կանգնելով, ― որ մեր այս հաճելի զրույցի պատճառով կարող է բաց թողնեմ մի կարևոր գործ, որն ինձ ուրիշ տեղ է կանչում»։
Վեր կացավ նաև Մորիարտին և գլուխը թախծալի օրորելով, անխոս նայեց ինձ։
«Ի՜նչ արած, ― ասաց նա վերջապես, ― շատ եմ ափսոսում, բայց արեցի այն ամենը, ինչ կարող էի։ Ձեր խաղի բոլոր քայլերը ես գիտեմ։ Մինչև երկուշաբթի դուք անզոր եք։ Սա մենամարտ է իմ և ձեր միջև, մի՛ստր Հոլմս։ Դուք հույս ունեք, որ ինձ մեղադրյալի աթոռին կնստեցնեք․ հայտարարում եմ ձեզ, որ դա երբեք չի լինի։ Դուք հույս ունեք, որ կհաղթեք ինձ․ հայտարարում եմ, որ դա երբեք չի հաջողվի։ Եթե դուք կարողանաք կործանել ինձ, ապա հավատացնում եմ, որ դուք էլ ինձ հետ կկործանվեք»։
«Դուք ինձ այնքան կոմպլիմենտներ ասացիք, մի՛ստր Մորիարտի, որ ուզում եմ նույն ձևով պատասխանել ձեզ․ դրա համար էլ կասեմ, որ հանուն հասարակական բարիքի ուրախությամբ կհամաձայնեի երկրորդին, եթե հավատացած լինեի առաջինի նկատմամբ»։
«Առաջինը խոստանալ չեմ կարող, բայց պատրաստակամությամբ խոստանում եմ երկրորդը», ― արձագանքեց նա չար հեգնանով։
Եվ կորացած թիկունքով դառնալով իմ կողմը, դուրս եկավ, ետ֊ետ նայելով ու աչքերը կկոցելով։
Այսպիսին էր իմ յուրահատուկ հանդիպումը պրոֆեսոր Մորիարտիի հետ, և ճիշտն ասած, դա իմ մեջ թողեց տհաճ մի զգացում։ Պրոֆեսորի արտահայտվելու նուրբ և չափած֊ձևած մաներան ստիպում է մարդու հավատալ նրա անկեղծությանը, որ հատուկ չէ սովորական հանցագործներին։ Նա սնապարծի մեկը չի։ Դուք, իհարկե, կասեք ինձ․ «Իսկ ինչո՞ւ չդիմել ոստիկանության օգնությանը»։ Բայց բանն այն է ախր, որ հարվածը ոչ թե հենց ինքը կհասցնի, այլ իր գործակալները, հավատացած եմ։ Եվ ես արդեն ապացույցներ ունեմ։
― Արդեն հարձակո՞ւմ են գործել ձեզ վրա։
― Սիրելի՛ իմ Ուոտսըն, պրոֆեսոր Մորիարտին այն մարդկանցից չէ, որոնք սիրում են հետաձգել գործը երկար ժամանակով։ Նրա հեռանալուց հետո, ժամը տասներկուսին մոտ, հարկ եղավ գնալ Օքսֆորդ֊ստրիտ։ Բենտինկ֊ստրիտի և Ուելբըք֊ստրիտի անկյունում փողոցն անցնելիս, ես տեսա զույգ ձիեր լծած մի ֆուրգոն, որը սարսափելի արագությամբ սլանում էր ուղիղ ինձ վրա։ Հազիվ հասցրի ցատկել մայթ։ Վայրկյանի մի չնչին մասն էլ բավական էր, որ ես ջնջխվեի կառքի տակ ու մեռնեի։ Ֆուրգոնն անցավ ակյունն ու մի ակնթարթում անհետացավ։ Դրա համար էլ որոշեցի մայթից այլևս չիջնել, բայց Վիր֊ստրիտում, տներից մեկի կտուրից ընկավ մի աղյուս և փշուր֊փշուր եղավ ոտքերիս մոտ։ Ես կանչեցի ոստիկանին ու կարգադրեցի նայել դեպքի տեղը։ Վերանորոգման համար կտուրին դարսված էին աղյուսներ ու շիֆերի սալիկներ, և ինձ ուզում էին համոզել, թե աղյուսը քամին է գցել։ Իհարկե, ես ավելի լավ գիտեի գործի էությունը, բայց ապացույց չունեի։ Մի կեբ վարձեցի ու հասա եղբորս՝ Պել֊Մելում գտնվող բնակարանը, որտեղ և անցկացրի ամբողջ օրը։ Այնտեղից ճանապարհվեցի ուղիղ ձեզ մոտ։ Ճանապարհին ինձ վրա հարձակվեց մի սրիկա՝ մահակը ձեռքին։ Ես գետին տապալեցի այդ մարդուն, և ոստիկանությունը բռնեց նրան, բայց երդվում եմ, որ ոչ մի մարդու չի հաջողվի բացահայտել կապն այդ ջենտլմենի, որի ատամներին խփելով այսօր ջարդեցի ձեռքս, և մաթեմատիկայի այն համեստ ուսուցչի միջև, որը հիմա հավանաբար խնդիրներ է լուծում քարե տախտակի վրա, այստեղից տասը կիլոմետր հեռու։ Հիմա դուք կհասկանաք, Ուո՛տսըն, թե ինչու երբ ձեր տուն եկա, ամենից առաջ փակեցի փեղկերը, և թե ինչու ինձ հարկավոր եղավ խնդրել ձեր թույլտվությունը այստեղից գնալ ոչ թե շքամուտքով, այլ մի ուրիշ՝ ավելի քիչ նկատելի ճանապարհով։
Մի անգամ չէ, որ հիացել եմ բարեկամիս խիզախությամբ, բայց այդ օրն ինձ առանձնապես զարմացրեց նրա հանգիստ թվարկումն այն դեպքերի, որոնք այնքան էլ պատահական չէին։
― Հուսով եմ, որ ինձ մոտ կգիշերեք, այնպես չէ՞, ― հարցրի ես։
― Ոչ բարեկամս, կարող է պատահել, որ վտանգավոր հյուր դառնամ։ Ես արդեն մտմտացել եմ գործողության մի ծրագիր, և ամեն ինչ լավ կվերջանա։ Հիմա գործն այն աստիճանին է հասել, որ ձերբակալումը կարող են առանց ինձ կատարել։ Իմ օգնությունը հարկավոր կլինի միայն դատաքննության ժամանակ։ Այսպիսով, այն մի քանի օրը, որ դեռ մնում է մինչև ոստիկանության վճռական գործողությունները, ավելի լավ կլինի մեկնեմ մեկ ուրիշ տեղ։ Եվ շատ ուրախ կլինեի, եթե դուք կարողանայիք ինձ հետ գալ մայր ցամաք։
― Հիմա քիչ հիվանդներ ունեմ, ― ասացի ես, ― իսկ կոլեգաս, որ ապրում է հարևան շենքում, սիրով կհամաձայնի փոխարինել ինձ։ Այնպես որ՝ հաճույքով կգամ ձեզ հետ։
― Եվ կարող եք հենց վաղն առավոտյան մեկնե՞լ։
― Այո՛, եթե դա անհրաժեշտ է։
― Օ՜, միանգամայն անհրաժեշտ է։ Այժմ լսեք իմ կարգադրությունները, և խնդրում եմ ձեզ, Ուոտսըն, հետևել դրանց կետ առ կետ, որովհետև մենք երկուսով պետք է կռիվ մղենք Եվրոպայի ամենավտանգավոր սրիկայի և ոճրագործների ամենահզոր միավորման դեմ։ Այսպես, ուրեմն, լսեցեք։ Ձեր բագաժը, առանց վրան նշելու, թե ուր է գնում, հենց այս երեկո մի վստահելի մարդու միջոցով պետք է ուղարկեք Վիկտորիա կայարանը։ Առավոտյան ծառային կուղարկեք կեբ վարձելու, բայց կասեք, որ ոչ առաջին հանդիպած կառքը վարձի, ոչ էլ երկրորդ։ Դուք կնստեք կեբ ու կգնաք Ստրենդ՝ լոուսերյան պասաժի կողմը, ըստ որում հասցեն կգրեք մի թերթիկի վրա, կտաք կառապանին ու կասեք, որ նա ոչ մի դեպքում դեն չգցի։ Վարձը նախօրոք կտաք, և հենց որ կեբը կանգ առնի, վայրկենապես մտեք պասաժ այն հաշվով, որ ուղիղ ինն անց քառորդ լինեք նրա մյուս ծայրում։ Այստեղ, հենց մայթի եզրի մոտ կտեսնեք մի փոքր կառք։ Կառքը կվարի կարմիր երիզով շրջանավորված օձիք ունեցող սև, թանձր անձրևանոց հագած մի մարդ։ Կնստեք այդ կառքը և կայարան կհասնեք ճիշտ ժամանակին, որպեսզի ընկնեք մայր ցամաք գնացող էքսպրեսը։
― Իսկ որտե՞ղ կհանդիպեմ ձեզ։
― Կայարանում։ Մեզ համար ազատ կթողնեն առաջին կարգի երկրորդ կուպեն։
― Ուրեմն մենք կհանդիպենք արդեն վագոնո՞ւմ։
― Այո՛։
Շատ իզուր էի համոզում Հոլմսին, որպեսզի մնա ինձ մոտ գիշերելու։ Ինձ համար պարզ էր, որ նա վախենում է անախորժություններ բերի իրեն ապաստան տվող տան վրա, և որ դա այդ տնից նրան վանող միակ պատճառն է։ Մի քանի հապճեպ ցուցումներ ևս տալով ինձ վաղվա մեր ծրագրերի վերաբերյալ, Հոլմսը վեր կացավ, ինձ հետ միասին դուրս եկավ պարտեզ, մագլցեց֊անցավ ուղիղ Մորտիմըր֊ստրիտի կողմը եղած պատը, սուլոցով մոտ կանչեց մի կեբ, և իմ ականջին հասավ հեռացող անիվների թխկթխկոցը։
Հաջորդ առավոտյան ես ամենայն ճշտությամբ կատարեցի Հոլմսի ցուցումները։ Կեբը վարձեցի բոլոր նախազգուշական միջոցներից հետո․ դա ոչ մի կերպ ծուղակ լինել չէր կարող, և նախաճաշից անմիջապես հետո մեկնեցի պայմանավորված տեղը։ Լոուսերյան պասաժին հասնելով, ես ամբողջ արագությամբ, ինչքան որ հնարավոր էր, սլացա նրա միջով ու տեսա մի կառեթ, որ սպասում էր ինձ, ինչպես պայմանավորվել էինք։ Հենց որ նստեցի այդ փակ կառքը, մուգ անձրևանոցով փաթաթված վիթխարահասակ կառապանը մտրակեց ձին և մի ակնթարթում ինձ հասցրեց Վիկտորիա կայարանը։ Հազիվ էի իջել, երբ նա ձիու գլուխը թեքեց ու նորից սլացավ, իմ կողմն անգամ չնայելով։
Դեռևս ամեն ինչ հիանալի էր գնում։ Իմ բագաժն արդեն սպասում էր կայարանում, ու ես առանց դժվարության գտա Հոլմսի հիշատակած կուպեն թեկուզ նրանով, որ դա միակն էր, դռանը գրած՝ «զբաղված» է» մակագրությամբ։ Դրանից հետո, ինձ սկսեց անհանգստացնել Հոլմսի բացակայությունը։ Նայեցի կայարանի ժամացույցին․ մինչև գնացքի մեկնելը մնացել էր ընդամենը յոթ րոպե։ Մեկնողների ու ճանապարհողների բազմության մեջ իզուր էի փնտրում բարեկամիս նիհարավուն կերպարանքը, նա չկար։ Մի քանի րոպե սպանեցի, օգնելով իտալացի մի պատկառելի քահանայի, որն աղավաղված անգլերենով փորձում էր բեռնակրին բացատրել, թե իր բագաժն ուղիղ պետք է ուղարկվի Փարիզ։ Հետո մի անգամ էլ պտտվեցի կառամատույցով ու վերադարձա իմ կուպեն, որտեղ տեսա արդեն ծանոթ զառամյալ իտալացուն։ Բանից դուրս եկավ, որ քահանան այդ կուպեի տոմս չունի, բայց բեռնակիրն այնուամենայնիվ նրան նստեցրել է այդտեղ։ Անօգուտ էր ճանապարհիս անկոչ ուղեկցիս բացատրել, որ նրա ներխուժումն ինձ համար տհաճ է, ես իտալերեն ավելի վատ գիտեի, քան թե նա՝ անգլերեն։ Դրա համար էլ միայն ուսերս վեր քաշեցի ու շարունակեցի լուսամուտից տագնապահար նայել դուրս, սպասելով բարեկամիս։ Ինձ արդեն սկսում էր տիրել վախը․ հանկարծ ու նրա բացակայությունը նշանակում է, որ գիշերը նրան ինչ֊որ դժբախտություն է պատահել։ Բոլոր դռներն արդեն փակվեցին, շոգեքարշը սուլեց, երբ հանկարծ․․․
― Սիրելի Ուոտսըն, դուք նույնիսկ չբարեհաճեցիք բարևել ինձ, ― իմ կողքին արտասանեց ինչ֊որ մեկը։
Ապշած ետ նայեցի։ Տարեց քահանան կանգնած էր դեմքով դեպի ինձ։ Մի վայրկյան նրա կնճիռները հարթվեցին, քիթը ծնոտից գնաց մի կողմ, ցածի շրթունքը դադարեց առաջ ցցվելուց, իսկ բերանը՝ չփչփացնելուց, խամրած աչքերը փայլեցին առաջվա կրակով, կոր մեջքն ուղղվեց։ Բայց այս բոլորը տևեց մի ակնթարթ․ և Հոլմսը չքացավ նույնքան արագ, որքան հայտնվեց։
― Ողորմա՜ծ աստված, ― բացականչեցի ես։ ― Ա՛յ թե վախեցրիք ինձ․․․
― Մեզ համար դեռ անհրաժեշտ է մեծագույն զգուշություն պահպանել, ― շշնջաց նա։ ― Հիմքեր ունեմ կարծելու, որ նրանք գտել են մեր հետքը։ Ահա և ինքը Մորիարտին։
Երբ Հոլմսն արտասանում էր այս բառերը գնացքն արդեն շարժվեց։ Լուսամուտից դուրս՝ դեպի ետ նայելով, տեսա բարձրահասակ մի մարդու, որը բազմությունը կատաղորեն այս ու այն կողմ էր հրում և թափահարում ձեռքը, կարծես թե ցանկանում էր գնացքը կանգնեցնել։ Բայց արդեն ուշ էր, շարժման արագությունն աընդհատ ավելանում էր և շատ շուտով կայարանը ետ մնաց։
― Ահա, տեսա՞ք, ― ասաց Հոլմսը ծիծաղելով, ― չնայած մեր բոլոր նախազգուշական միջոցներին, հազիվհազ կարողացանք պոկվել այդ մարդկանցից։
Նա վեր կացավ, հանեց իր դիմակահանդեսի պարագաները՝ սև կապան ու գլխարկը և դրեց սակվոյաժը։
― Առավոտյան լրագրերը կարդացե՞լ եք, Ուո՛տսըն։
― Ո՛չ։
― Ուրեմն դեռ չգիտե՞ք, թե ինչ է պատահել Բեյքր֊ստրիտում։
― Բեյքր֊ստրիտո՞ւմ։
― Այս գիշեր նրանք հրկիզել են մեր բնակարանը, բայց մեծ վնաս չեն տվել։
― Հապա ի՞նչ անենք, Հոլմս։ Այս բոլորն անտանելի է դառնում։
― Ինչպես երևում է, մահակավոր գործակալի ձերբակալությունից հետո, նրանք վերջնականապես հետքս կորցրել են, ապա թե ոչ չէին կարող երևակայել, որ ես տուն եմ վերադարձել։ Բայց հետո, ըստ երևույթին, սկսել են հետևել ձեզ, ահա թե ինչը Մորիարտիին բերեց Վիկտորիա կայարան։ Կայարան գալիս դուք հո որևէ վրիպում չե՞ք ունեցել։
― Ես ամենայն ճշտությամբ կատարել եմ ձեր բոլոր ցուցումները։
― Կառքը տեղում գտա՞ք։
― Այո՛, նա ինձ էր սպասում։
― Իսկ կառապանին ճանաչեցի՞ք։
― Ո՛չ։
― Դա եղբայրս էր՝ Մայկրոֆտը։ Այսպիսի գործերի ժամանակ լավ կլինի վարձու մարդուն մասնակից չդարձնել սեփական գաղտնիքներին։ Իսկ հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես վարվենք Մորիարտիի հետ։
― Քանի որ մենք գնում ենք էքսպրեսով, իսկ նավը կմեկնի, երբ մեր գնացքը տեղ հասնի, ինձ թվում է, որ հիմա Մորիարտին արդեն չի հասնի մեզ։
― Սիրելի իմ Ուոտսըն, ախր ասացի ձեզ, որ երբ խոսքը բանականությանն է վերաբերում, այդ մարդուն պետք է մոտենալ ճիշտ այն չափանիշով, որ ինձ ես մոտենում։ Մի՞թե դուք կարծում եք, թե հետապնդողի տեղը ես լինեի, նման չնչին խոչընդոտն ինձ կկարողանար կանգնեցնել։ Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ այդքան վատ կարծիք ունեք նրա մասին։
― Բայց ի՞նչ կարող է անել նա։
― Նույն բանը, ինչ որ ես կանեի։
― Այդ դեպքում ասացեք, թե ինչպե՞ս կվարվեիք դուք։
― Արտակարգ գնացք կպատվիրեի։
― Բայց չէ՞ որ միևնույն է կուշանա։
― Ոչ մի դեպքում։ Մեր գնացքը կանգ է առնում Քենտրբերիում, իսկ այնտեղ ամենաքիչը մի քառորդ ժամ ստիպված ես լինում սպասել նավի։ Հենց այնտեղ էլ նա կհասնի մեզ։
― Այնպիսի տպավորություն է ստացվում, որ հանցագործները մենք ենք և ոչ թե նա։ Հենց որ նա տեղ հասնի, հրամայեցեք ձերբակալել։
― Դա կոչնչացնի երեք ամսվա աշխատանքիս պտուղները։ Դրանով մենք խոշոր ձկանը կբռնենք, իսկ մանրերը ցանցից կծլկեն տարբեր կողմեր։ Երկուշաբթի օրը նրանք բոլորն էլ մեր ձեռքում կլինեն։ Ո՛չ, ձերբակալումն այժմ անթույլատրելի է։
― Ի՞նչ անենք հապա։
― Մենք պետք է իջնենք Քենտրբերիում։
― Իսկ հետո՞։
― Իսկ հետո ստիպված կլինենք գնալ Նյուհևեն, այնտեղից էլ՝ Դյեպ։ Մորիարտին էլի կանի այն, ինչ կանեի ես․ կգա Փարիզ, նշաններ կանի մեր ճամպրուկների վրա ու բագաժի պահասենյակում երկու օր կսպասի։ Մինչ այդ, մենք մեզ համար գորգից կարած երկու ուղեպարկ կգնենք, այսպիսով խրախուսելով այն վայրերի արդյունաբերությունը և առևտուրը, որտեղով կճանապարհորդենք, և հանգիստ կերպով Լյուքսեմբուրգի ու Բազելի վրայով կուղևորվենք Շվեյցարիա։
Ես ավելի քան հմուտ ճանապարհորդ եմ և այդ պատճառով ինքս ինձ թույլ չտվեցի վշտանալ բագաժի կորստյան համար, բայց, խոստովանում եմ, որ ինձ համար շատ տհաճ էր այն միտքը, թե մենք պետք է խույս տանք ու թաքնվենք մի ոճրագործից, որի հաշվում այդքան զազրելի չարագործություններ կան։ Սակայն Հոլմսը, իհարկե, իրերի դրությունն ավելի լավ էր հասկանում։ Դրա համար էլ Քենտրբերիում մենք իջանք գնացքից։ Այստեղ իմացանք, որ Նյուհևենի գնացքը մի ժամից հետո կշարժվի միայն։
Ես ընկճված դեռ նայում էի հեռվում անհետացող բեռնատար վագոնին, որն արագորեն տանում էր իմ բոլոր հագուստները, երբ Հոլմսը թևս քաշեց ու մատնացույց արեց երկաթուղագծերը։
― Տեսնո՞ւմ եք, թե ինչքան արագ հասավ, ― ասաց նա։
Հեռվում՝ Քենտի անտառների միջով ձգվում էր ծխի բարակ մի ծորք։ Մի րոպե անց շոգեքարշից ու մի վագոնից կազմված մեկ ուրիշ գնացք երևաց դեպի կայարան գնացող ռելսերի կորագծի վրա։ Մենք հազիվ հասցրինք ինչ֊որ հակերի հետևը թաքնվել, այդ գնացքը չխկչխկոցով ու դղրդոցով սուրաց մեր կողքով, տաք գոլորշու մի շիթ մղելով մեր դեմքերին։
― Անցավ, ― ասաց Հոլմսը, հայացքով ռելսերի վրա վեր֊վեր թռչող ու թեթևակի օրորվող վագոնին հետևելով։ ― Ինչպես տեսնում եք, մեր բարեկամի խորաթափանցությունն էլ սահման ունի։ Իսկական հրաշք կլիներ, եթե նա ճիշտ ու ճիշտ նույն եզրակացություններն աներ, ինչ որ ես արեցի, և գործեր դրանց համապատասխան։
― Իսկ ի՞նչ կաներ, եթե հասներ մեզ։
― Անկասկած կփորձեր ինձ սպանել։ Բայց չէ՞ որ ես էլ ձեռքերս ծալած չէի սպասի նրան։ Հիմա ամբողջ հարցն այն է, նախաճաշենք այստեղ, թե՞ խիզախենք մեռնել սովից ու սպասել մինչև Նյուհևեն հասնելը։
Հենց նույն գիշերը մենք հասանք Բրյուսել ու երկու օր անցկացրինք այնտեղ, իսկ վրա երրորդին՝ շարժվեցինք դեպի Ստրասբուրգ։
Երկուշաբթի առավոտյան Հոլմսը հեռագիր ուղարկեց Լոնդոնի ոստիկանությանը, և երեկոյան, մեր հյուրանոցը գալով, մենք այնտեղ գտանք պատասխանը։ Հոլմսը բացեց հեռագիրը, կարդաց ու նզովելով ամեն ինչ, շպրտեց բուխարիկի մեջ։
― Ես դա պետք է նախատեսեի, ― տնքալով ասաց նա։ ― Փախե՜լ է։
― Մորիա՞րտին։
― Նրանք հանկարծակի բռնել են ամբողջ շայկան, բացի նրանից։ Միայն նա է ճողոպրել։ Դե, իհարկե, ես մեկնեցի և այդ մարդիկ չէին կարողանա նրա հախից գալ։ Չնայած որ համոզված էի, թե նրանց ձեռքն եմ տվել բոլոր կապերը։ Գիտե՞ք ինչ, Ուոտսըն, ավելի լավ կլինի դուք շուտափույթ վերադառնաք Անգլիա։
― Ինչո՞ւ որ։
― Ես ձեզ համար հիմա վտանգավոր ուղեկից եմ։ Այդ մարդն ամեն ինչ կորցրեց։ Եթե նա վերադառնա Լոնդոն՝ կորած է։ Որքան ես գիտեմ նրա բնավորությունը, նա իր բոլոր ուժերը կգործադրի, որ ինձանից վրեժ առնի։ Այդ բանը նա որոշակի ասաց մեր կարճատև տեսակցության ժամանակ, ու ես համոզված եմ, որ դա սոսկ սպառնալիք չէր։ Ճիշտ եմ ասում, խորհուրդ եմ տալիս ձեզ՝ վերադառնալ Լոնդոն ձեր հիվանդների մոտ։
Բայց ես, հին զինվորս և Հոլմսի հինավուրց բարեկամը, հնարավոր չհամարեցի, իհարկե, այդպիսի պահին լքել նրան։ Կես ժամից ավելի մենք վիճում էինք այդ հարցի շուրջը՝ ստրասբուրգյան հյուրանոցի ճաշարանում նստած, ու հենց նույն գիշեր շարժվեցինք դեպի Ժնև։
Ամբողջ մի շաբաթ մենք մեծ բավականությամբ թափառում էինք Ռոնայի հովտում, իսկ հետո, անցնելով Լեյկը, ուղևորվեցինք դեռևս խոր ձյունով ծածկված լեռնանցքների վրայով, ապա Ինտերլակենի միջով գնացինք դեպի Մեյրինգեն գյուղակը։ Դա մի հրաշալի զբոսանք էր․ ներքևում՝ գարնանային քնքուշ կանաչ, իսկ մեր գլխի վերևը՝ կուսական ձյուների սպիտակություն․․․ Բայց ինձ համար պարզ էր, որ Հոլմսը ոչ մի րոպե չէր մոռանում իր կյանքի վրա կախված սպառնալիքը։ Թե՛ ալպիական հարմարավետ գյուղակներում, թե՛ լեռնային խուլ կածանների վրա, ամենուրեք նրա սուր, արագասահ հայացքում, որով նա ուշի֊ուշով ուսումնասիրում էր ամեն մի հանդիպած անցորդի դեմքը, ես տեսնում էի, որ նա հաստատորեն համոզված է վտանգի անխուսափելիության մեջ, որը կրնկակոխ գալիս էր մեր հետևից։
Հիշում եմ այսպիսի մի դեքպք։ Անցնում էինք Ժեմմիի միջով և խոհուն Դաուբենզեի ափով գնում էինք առաջ, երբ հանկարծ աջ կողմում վեր խոյացած ժայռից պոկվեց ապառաժի մի մեծ զանգված, մեր հետևով գլորվեց ցած ու շառաչյունով սուզվեց լիճը։ Հոլմսը վազելով բարձրացավ սրածայր գագագթն, ու, վիզը ձգելով, սկսեց շուրջը նայել։ Մեզ առաջնորդող մարդն իզուր էր հավաստիացնում նրան, թե գարնանը քարաբեկոորների փլվածքները ամենասովորական երևույթն են այդ կողմերում։ Հոլմսը ոչինչ չասաց, բայց ժպտաց այնպիսի մարդու պես, որը վաղուց է կանխագուշակել այդ դեպքերը․ ինչ էլ լիներ, չնայած իր ամբողջ զգուշավորությանը, բարեկամս վհատության չէր ենթարկվում։ Ընդհակառակը, ես չեմ հիշում, որ նրան տեսած լինեմ այդքան կենսախինդ տրամադրությամբ։ Նա նորից ու նորից կրկնում էր, որ եթե հասարակությունն ազատվի պրոֆեսոր Մորիարտիից, ինքն ուրախությամբ կդադարեցնի իր գործունեությունը։
― Ինձ թվում է, Ուո՛տսըն, թե ես իրավունք ունեմ ասելու, որ այնքան էլ անօգուտ չեմ անցկացրել կյանքս, ― ասում էր նա․ ― և եթե նույնիսկ կյանքիս ուղին կտրվելու լիներ այսօր, էլի հետ կնայեի հոգեկան բավարարվածության զգացումով։ Իմ շնորհիվ Լոնդոնի օդն ավելի մաքուր դարձավ։ Ես ավելի քան հազար գործի եմ մասնակցել ու համոզված եմ, որ երբեք չեմ չարաշահել իմ ազդեցությունը, օգնելով ոչ իրավացի կողմին։ Ճիշտ է, վերջին ժամանակներս ինձ ավելի հրապուրում էր առեղծվածների ուսումնասիրությունը, որ մեր առջև դրել է բնությունը, քան թե այն մակերեսային պրոբլեմները, որոնց պատասխանատվությունը կրում է մեր հասարակության ոչ կատարյալ կառուցվածքը։ Այն օրը, Ուո՛տսըն, երբ իմ կարիերան կպսակեմ Եվրոպայի ամենավտանգավոր ու ամենատաղանդավոր ոճրագործին բռնելով կամ ոչնչացնելով, ձեր մեմուարներին վերջ կլինի։
Այժմ ես կաշխատեմ հակիրճ, բայց ճշգրիտ կերպով շարադրել այն քիչը, որ դեռ չեմ պատմել։ Ինձ համար հեշտ չէ կանգ առնել այդ մանրամասնությունների վրա, բայց ես իմ պարտքն եմ համարում ոչ մեկը բաց չթողնել։
Մայիսի 3֊ին մենք հասանք Մեյրինգեն բնակավայրն ու իջևանեցինք «Անգլիա» հյուրանոցում, որ այն ժամանակ Պետր Շտայլեր֊ավագն էր պահում։ Մեր հյուրանոցի տերը խելքը գլխին մարդ էր և հիանալի խոսում էր անգլերեն, որովհետև մոտ երեք տարի Լոնդոնի «Գրոսվենոր» հյուրանոցում ծառայել էր որպես ճաշարանի մատուցող։ Մայիսի 4֊ի երկրորդ կեսին, նրա խորհրդով, մենք գնացինք լեռներն այն մտադրությամբ, որ գիշերն անցկացնենք Ռոզենլաու գյուղում։ Հյուրանոցատերը մեզ խորհուրդ տվեց դիտել Ռեյխենբախի ջրվեժը, որ գտնվում էր մոտավորապես վերելքի կեսին, բայց ճանապարհից մի քիչ դուրս։ Դա իսկապես որ սարսափելի տեղ է։ Հալչող ձյունից հորդացած լեռնային հորձանքը գահավիժում է անհատակ անդունդը, և նրա ցայտերը վեր են ժայթքում ինչպես ծուխը այրվող շենքից։ Այն կիրճը, ուր բուռն հորձանքով մղվում է ջրվեժը, շրջապատված է ածուխի պես սև ու փայլուն ժայռերով։ Ներքևում՝ անհասանելի խորության մեջ, հեղեղը նեղանում է ու դառնում փրփրադեզ մի ջրհոր, որն անդադար լցվում ու դատարկվում է, և սարսափելի ուժով նորից դուրս է մղում ջուրը դեպի ատամնավոր ժայռերը։ Կանաչ շիթերի անընդհատ շարժումը, որոնք ցած են թափվում անդադար դղրդոցով, և ջրափոշու թանձր, ալեկոծվող վարագույրը, որն անկանգ մրրիկի պես ժայթքում է վեր․․․ այս բոլորը մարդուն հասցնում են գլխապտույտի և անլռելի մռնչոցով խլացնում նրան։
Մենք կանգնած էինք անդունդի եզրին ու նայում էինք խորխորատին, ուր սև քարերին զարնվելով ու փշրվելով շողշողում էր ջուրը, և լսում էինք անդունդից հասնող խորհրդավոր աղմուկը, որն ամբոխի հեռավոր գվվոց էր հիշեցնում։
Արահետը, որով մենք բարձրացանք, կիսաշրջանի ձևով է սարքած, որպեսզի ճանապարհորդները հնարավորություն ունենան ավելի լավ տեսնելու ջրվեժը, բայց վերջանում է զառիթափով, և մարդ ստիպված է լինում վերադառնալ այն ուղիով, որով եկել է։ Մենք շրջվել էինք, որ ետ դառնանք, երբ հանկարծ տեսանք շվեցարացի մի տղայի, որը մեր կողմն էր վազում մի նամակ ձեռքին։ Ծրարի վրա այն հյուրանոցի կնիքն էր, որտեղ մենք իջևանել էինք։ Դուրս եկավ, որ նամակը հյուրանոցի տիրոջից էր և հասցեագրված էր ինձ։ Նա գրում էր, որ մեր հեռանալուց մի քանի րոպե չանցած, հյուրանոց ժամանեց մի անգլուհի, որը թոքախտի վերջին շրջանն է ապրում։ Անգլուհին ձմեռն անցկացրել է Դավոսում, իսկ այժմ գնում է Լյուցերն՝ մտերիմ ընկերների մոտ, բայց ճանապարհին հանկարծ կոկորդից արյուն է գնացել։ Հավանաբար նրան մի քանի ժամից ավել չի մնացել ապրելու, սակայն նրա համար մեծ սփոփանք կլինի, եթե իր կողքին տեսնի անգլիացի բժշկի, և եթե ես գնամ, ապա․․․ և այլն, և այլն։ Նամակի հետգրության մեջ բարեհոգի Շտայերն ավելացնում էր, թե ինքն էլ շատ պարտական կլինի ինձ, եթե համաձայնեմ գալ, քանի որ նորեկ կինը կտրականապես հրաժարվում է շվեցարացի բժշկի ծառայությունից և հյուրանոցատերը իր վրա ընկած հսկայական մի պատասխանատվություն է զգում։
Ես չէի կարող չարձագանքել այդ կանչին, չէի կարող մերժել հայրենակցուհուս խնդիրը, որ մեռնում է օտար երկրում։ Միևնույն ժամանակ վախենում էի Հոլմսին մենակ թողնել։ Բայց որոշեցինք, որ նրա հետ որպես ուղեկից ու առաջնորդ կմնա պատանի շվեցարացին, իսկ ես կվերադառնամ Մեյրինգեն։ Բարեկամս մտադիր էր մի քիչ մնալ ջրվեժի մոտ, իսկ հետո բլուրների լանջերով կամաց֊կամաց ուղևորվել Ռոզենլաու, որտեղ երեկոյան ես պիտի միանայի նրան։ Մի փոքր հեռանալով, ետ նայեցի, Հոլմսը կանգնել էր քարափին հենված թևերը խաչած նայում էր ներքև՝ գահավանդի հատակին։ Այբ ժամանակ չգիտեի, որ ինձ այլևս չի վիճակվի տեսնել բարեկամիս։
Իջնելով ցած, մե՛կ էլ նայեցի ետ։ Այդտեղից ջրվեժն այլևս չէր երևում, բայց ես նշմարեցի դեպի այն տանող կածանը, որը ոլորվում էր լեռան խորշի երկայնքով։ Այդ կածանով արագ֊արագ գնում էր ինչ֊որ մի մարդ։ Նրա սև սիլուետը պարզ ու որոշ առանձնանում էր վառ կանաչ ֆոնի վրա։ Ես նկատեցի նրան, նկատեցի այն արտասովոր արագությունը, որով բարձրանում էր նա․ սակայն ես նույնպես շատ էի շտապում հիվանդիս մոտ, դրա համար էլ շուտով մոռացա այդ մարդուն։
Մոտ մի ժամ հետո հասա Մեյրինգենի մեր հյուրանոցը։ Ծերունի Շտայերը կանգնած էր շեմքին։
― Հը՛, ինչպե՞ս է, ― հարցրի ես, մոտ վազելով․ ― հուսով եմ, որ հիվանդի վիճակը չի վատացել։
Նրա դեմքին զարմանք երևաց, հոնքերը բարձրացան։ Սիրտս ուղղակի պոկվեց տեղից։
― Ուրեմն դո՞ւք չեք գրել, այս, ― հարցրի ես, նամակը գրպանիցս հանելով։ ― Հյուրանոցում հիվանդ անգլուհի չկա՞։
― Իհարկե ոչ, ― գոչեց նա։ ― Բայց սա ի՞նչ է, ծրարի վրա իմ հյուրանոցի կնի՞քն է․․․ Ա՜, հասկանում եմ։ Նամակը հավանաբար գրել է բարձրահասակ անգլիացին, որ ժամանեց ձեր գնալուց անմիջապես հետո։ Նա ասաց որ․․․
Բայց ես չսպասեցի հյուրանոցի տիրոջ հետագա բացատրություններին։ Սարսափով համակված, արդեն վազում էի գյուղի փողոցով դեպի այն լեռնային կածանը, որով հենց նոր իջել էի։
Վայրէջքն ինձանից խլեց մի ժամ, և չնայած այն բանին, որ վազում էի ինչքան ոտքերումս ուժ կար, անցավ ևս երկու ժամ, մինչև որ հասա Ռեյխենբախի ջրվեժին։ Հոլմսի ալպենշտոկը[4] դեռ տնկված էր ժայռի մոտ, որտեղ թողել էի նրան, բայց ինքը՝ Հոլմսը չկար, ու ես իզուր էի կանչում նրան։ Միակ պատասխանն արձագանքն էր, որ խուլ կերպով կրկնում էր ձայնս ինձ շրջապատող ուղղաբերձ ժայռերի մեջ։
Այդ ալպենշտոկը տեսնելով, սարսռեցի։ Ուրեմն, Հոլմսը չի գնացել Ռոզենլաու։ Նա մնացել է այստեղ, երեք ոտնաչափ լայնություն ունեցող կածանի վրա, որը մի կողմից շրջանակված է ուղղաբերձ պատով, մյուս կողմից վերջանում է դիք զառիթափով։ Եվ այստեղ նրան հասել է թշնամին։ Պատանի շվեցարացին նույնպես չկար։ Հավանաբար նա կաշառված էր Մորիարտիի կողմից և հակառակորդներին թողել էր երես առ երես։ Իսկ ի՞նչ է եղել հետո․․․ Ո՞վ կարող էր ասել, թե ինչ է եղել հետո․․․
Մի երկու րոպե կանգնեցի անշարժ, սարսափով կաշկանդված, ճգնելով ուշքի գալ։ Հետո հիշեցի հենց իրեն Հոլմսի մեթոդի մասին ու փորձ արեցի գործադրել, որպեսզի հասկանամ տեղի ունեցած ողբերգությունը։ Ավա՜ղ, դա դժվար չէր։ Հոլմսի հետ զրուցելով մենք հասանք մինչև կածանի ծայրը, և ալպենշտոկը նշում էր այն տեղը, ուր մենք կանգ առանք։ Այստեղի թխավուն հողը երբեք չի չորանում հորձանքի ցայտերի պատճառով, այնպես որ թռչուն էլ եթե լինի, հողի վրա հետք կթողնի։ Ոտքատեղերի երկու շարք պարզորոշ դաջվել էին կածանի վերջում։ Դրանք ինձանից հեռանում էին։ Ետ եկող հետքեր չկային։ Կածանի վերջից մի քանի քայլ այս կողմ, հողն ամբողջովին տրորված էր ու փորփորված, իսկ կումանիկյի ու ձարխոտի թփերը, որ աճել էին զառիթափի երկայնքով, պոկոտված ու ցեխակոկոլ էին։ Երեսսիվայր պառկեցի ու սկսեցի խորազնին նայել սրընթաց հոսող հորձանքին։ Մութն ընկավ ու ես այդ պահին կարող էի տեսնել միայն թացությունից փայլող քարե սև պատերը և ինչ֊որ հեռու խորքում առկայծող ջրի անհամար ցայտերը։ Ես գոռացի, բայց ջրվեժի էլի նույն՝ ինչ֊որ բանով մարդկանց ձայների նման խուլ որոտը միայն հասավ ականջիս։
Սակայն ճակատագրին ցանկալի էր, որպեսզի բարեկամիս ու ընկերոջս վերջին ողջույնը՝ համենայն դեպս հասնի ինձ։ Ինչպես ասացի, նրա ալպենշտոկը մնացել էր հենած ցածրիկ այն քարափին, որը կախված էր կածանի վրա։ Եվ հանկարծ այդ ելուստի գլխին ինչ֊որ մի բան փայլեց։ Ձեռքս վեր տարա ու տեսա, որ դա արծաթե ծխամանն էր, որ Հոլմսը միշտ պահում էր իր մոտ։ Երբ ծխամանը վերցրի, նրա տակ եղած թղթի մի քանի թերթիկ ցրիվ եկան ու ընկան գետին։ Ես վերցրի այդ թերթիկները։ Դրանք ծոցատետրից պոկված երեք թերթիկ էին և հասցեագրված էին ինձ։ Բնորոշ է, որ հասցես նույնքան պարզ էր գրած, ձեռագիրը այնքան հաստատուն էր ու հատու, ինչպես որ Հոլմսը կգրեր, եթե առանձնասենյակում նստած լիներ։
Սիրելի իմ Ուոտսըն, ― ասվում էր գրության մեջ։ ― Այս տողերը գրում եմ շնորհիվ միստր Մորիարտիի սիրալիության, որն ինձ սպասում է՝ մեղ երկուսիս վերաբերող հարցերի վերջնական լուծման համար։ Նա թռուցիկ կերպով նկարագրեց այն միջոցները, որոնց օգնությամբ նրան հաջողվել է դուրս պրծնել ոստիկանության ձեռքից ու իմանալ մեր մարշրուտի մասին։ Դրանք միայն հաստատում են իմ բարձր կարծիքը նրա աչքի ընկնող ընդունակությունների վերաբերյալ։ Ինձ համար հաճելի է կարծել, որ կարող եմ հասարակությունն ազատել հետագա անհարմարություններից, որ կապված են նրա գոյության հետ, բայց վախենում եմ, որ դա ձեռք կբերվի այնպիսի գնով, ինչը կվշտացնի իմ բարեկամներին և առանձնապես ձեզ, շատ սիրելի իմ Ուոտսըն։ Դե՛, արդեն ասել եմ ձեզ, որ կյանքիս ուղին հասել է իր բարձրագույն կետին, և ինձ համար չէի կարող ցանկանալ ավելի լավ վերջ։ Ի միջի այլոց, անկեղծ որ խոսեմ, ես բոլորովին չէի կասկածում, որ Մեյրինգենից բերված նամակը ծուղակ է, և բաց թողնելով ձեզ, հաստատ համոզված էի, որ նման մի բան կհետևի դրան։ Հաղորդեցեք տեսուչ Պետերսընին, որ շայկան մերկացնելու համար անհրաժեշտ թղթերն իմ դարակի մեջ են, «Մ» լիտերայով արկղում՝ դա մի կապույտ ծրար է «Մորիարտի» մակագրությամբ։ Անգլիայից մեկնելուց առաջ բոլոր կարգադրություններն արել եմ գույքիս վերաբերյալ և թողել եմ եղբորս՝ Մայկրոֆտի մոտ։ Խնդրում եմ սրտագին ողջույնս հաղորդես միսսիս Ուոտսընին։
- ԱՆկեղծորեն ձեզ նվիրված՝
- Շերլոկ Հոլմս
- ԱՆկեղծորեն ձեզ նվիրված՝
Մնացածը կարելի է պատմել երկու խոսքով։ Դեպքի վայրի հետազոտությունը, որ կատարեցին էքսպերտները, ոչ մի կասկած չէին հարուցում, որ հակառակորդների գոտեմարտը վերջացել է այնպես, ինչպես անխուսափելիորեն պետք է վերջանար նման հանգամանքներում․ երևի նրանք միասին ընկել են անդունդը, այդպես էլ չբացելով իրենց մահացու գրկախառնությունը։ Դիակները փնտրելու փորձերն անմիջապես անհուսալի ճանաչվեցին, և այնտեղ, եռացող ջրի ու փոթորկվող փրփուրի այդ խոր կաթսայի մեջ հավետ մնացին պառկած ամենավտանգավոր ոճրագործի և իր ժամանակի արդարադատության ամենահմուտ ջատագովի մարմինները։ Շվեցարացի տղային այդպես էլ չգտան, հասկանալի է, նա Մորիարտիի տրամադրության տակ գտնվող բազմաթիվ գործակալներից մեկն էր։ Ինչ վերաբերում է հենց իրեն՝ շայկային, ապա հավանաբար Լոնդոնում բոլորը հիշում են, թե Հոլմսի հավաքած հանցանշանները ինչպիսի՜ լիակատարությամբ մերկացրին ամբողջ կազմակերպությունը և բացահայտեցին, թե ինչպիսի՜ երկաթե սեղմիչների մեջ էր պահում այդ կազմակերպությունը հանգուցյալ Մորիարտին՝ նրա ղեկավարն ու ոգեշնչողը։ Դատավարության ժամանակ այդ սարսափելի մարդու անձնավորությունը գրեթե մութ մնաց, և եթե ես ստիպված եղա այստեղ բաց անել ամբողջ ճշմարտությունը նրա հանցավոր գործունեության մասին, դա էլ այն անբարեխիղճ պաշտպանների շնորհիվ, որոնք փորձում էին մաքուր պատկերացնել նրա հիշատակը, հարձակվելով այն մարդու վրա, որին ես միշտ կհամարեմ ամենաազնիվն ու ամենաիմաստունն ինձ հայտնի բոլոր մարդկանցից։