Վերջին թարմացում 24 Փետրվարի 2015, 01:35

Մարտին Իդեն, Գլուխ II

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ I Մարտին Իդեն, Գլուխ III ▶


Ճաշասրահ անցնելու ընթացքը մի ամբողջ մղձավանջ էր։ Շարժում այդ բոլոր առարկաների միջև, երբ ամեն րոպե կարելի էր դիպչել դրանց, երբեմն անհնար էր թվում. նա դանդաղում էր, գայթում, կանգ առնում։ Երբեմն նրան թվում էր, թե երբեք տեղ չի հասնի, բայց ի վերջո նա անցավ այդ վտանգավոր ճանապարհը և այժմ նստել է Ռութի կողքին։ Դանակների ու պատառաքաղների առատությունը վախեցրեց նրան։ Այդ իրերը նրան սպառնում էին անիմանալի վտանգներով և նա, կարծես հմայված, երկար նայում էր դրանց, մինչև որ աչքերը շլացան փայլից․ և այդ պսպղուն ֆոնի վրա նրա աչքին երևաց նավաստիների ընդհանուր սենյակի ծանոթ պատկերը, ուր նա իր ընկերների հետ աղած միս էին ուտում ծալովի դանակներ օգտագործելով կամ պարզապես մատներով, և կամ երկաթե ծռմռված գդալներով խփշտում էին սիսեռի թանձր ապուրը ընդհանուր ամանից։ Նրա քթածակերում դեռևս մնում էր վատորակ մսի հոտը, ականջներին հնչում էր նավաստիների աղմկաձայն չփչփոցը, որին նվագակցում էր կայմասարքի ճռճռոցը։ Նա եզրակացրեց, որ նավաստիները խուլերի նման էին ուտում։ Դե՜, նա այստեղ ուշադիր կլինի իր նկատմամբ. կաշխատի ծամել անաղմուկ, երբեք չի մոռանա այդ։

Նա աչքով զննեց սեղանը։ Դիմացը նստած էին Արթուրը և երկրորդ եղբայրը՝ Նորմանը։ Ռութի եղբայրներն են, ասաց նա մտովի և անկեղծ համակրանք զգաց նրանց նկատմամբ։ Որքա՜ն սիրում են իրար այդ ընտանիքի անդամները։ Նա հիշեց, թե ինչպես Ռութը դիմավորեց մորը, ինչպես նրանք համբուրվեցին, թե ինչպես գրկախառն ուղղվեցին դեպի նա։ Այն աշխարհում, որտեղից ծագում է առել ինքը, ծնողներն ու զավակները այդպիսի քնքշությունների սովոր չեն։ Դա նրա աչքին յուրահատուկ մի հայտնություն էր, զգացումների այն վեհության ապացույց, որին հասել են բարձր դասակարգերը։ Այն ամենից, ինչ Մարտինը տեսել է իր համար նոր այդ աշխարհում, դա ամենագեղեցիկն էր։ Նա խորապես զգացվեց, սիրտը համակվեց քնքշությամբ ու համակրանքով։ Ինքը իր ամբողջ կյանքում սեր էր որոնում, իր բնությունը ծարավի էր սիրո։ Դա նրա էության համար օրգանական մի պահանջ էր, բայց ապրում էր առանց սիրո, և հոգին մենակության մեջ ավելի ու ավելի էր խստացել․ ինքը երբեք չէր գիտակցել, որ սիրո կարիք ունի։ Նա այժմ էլ չէր գիտակցում այդ, տեսել էր միայն սիրո արտահայտություններ, որոնք հուզում և ոգեշնչում էին իրեն։

Մարտինն ուրախ էր, որ միստր Մորզը բացակա է. բավական էր ծանոթանալ Ռութի, նրա մոր և նրա եղբոր՝ Նորմանի հետ։ Արթուրին արդեն մի քիչ ճանաչում էր․ հոր հետ ծանոթանալը արդեն չափազանց շատ կլիներ։ Նրան թվում էր, թե իր կյանքում երբեք այդքան չի աշխատել։ Ամենածանր աշխատանքը, համեմատած սրա հետ, մանկական խաղ էր։ Նրա ճակատին քրտնքի մանր կաթիլներ երևացին, իսկ շապիկը թրջվեց այն ճիգերից, որ պահանջվում էին վճռելու համար միանգամից առաջացած այդքան անսովոր խնդիրները։ Պետք է ուտել այնպես, ինչպես նա չի կերել երբեք, օգտագործել առարկաներ, որոնցով չգիտեր ինչ անել, աչքի տակով նայել ուրիշներին՝ հասկանալու համար, թե ինչպես անել այդ բոլորը և միաժամանակ հավաքել նոր տպավորությունների հեղեղը՝ հազիվ ժամանակ ունենալով դասավորել դա իր գիտակցության մեջ. դեպի աղջիկը զգալ անդիմադրելի հրապուրանք, որը լցնում էր նրա հոգին տարտամ և հիվանդագին խռովքով. տոչորվել բուռն ցանկությամբ՝ թափանցելու համար կյանքի այն ոլորտները, ուր ապրում էր աղջիկը, և լարված ու անընդհատ խորհրդածել, թե ինչպես հասնել այդ նպատակին։ Աչքի տակից նայելով իր դիմացը նստած Նորմանին և կամ ճաշողներից մեկ ուրիշին, որպեսզի իմանա, թե որ դանակը կամ պատառաքաղը պիտի օգտագործել այս կամ այն դեպքում, նա միաժամանակ ջանում էր տպավորել իր գիտակցության մեջ յուրաքանչյուրի դիմագծերը և կռահել, թե ամեն մեկը ինչպիսի հարաբերության մեջ է Ռութի հետ։ Բացի այդ, նա պետք է խոսեր, լսեր, թե ինչ են ասում իրեն, ինչ է խոսվում իր շուրջը, պատասխաներ, երբ դա հարկավոր էր, ուշադիր լինելով, որ սանձարձակ խոսքերի սովոր իր լեզուն անպատշաճ բան չասի։ Կարծես այդ բոլորը հերիք չէր, գոյություն ուներ մի մշտական սպառնալիք հանձին սպասավորի, որն անաղմուկ հայտնվում էր նրա ուսերի մոտ և ինչ֊որ սֆինքսի նման ասում էր հանելուկներ՝ պահանջելով անմիջապես պատասխանել։ Եվ շարունակ անհանգստանում էր՝ մտածելով մատները ողողելու թասի մասին։ Նա, ակամա, մերթընդմերթ, հիշում էր այդ թասերը՝ մտածելով, թե ի՞նչ են նրանք ներկայացնում իրենցից և ե՞րբ կբերեն դրանք։ Մինչ այդ նա թասերի մասին միայն լսել էր. ահա թերևս մի երկու րոպեից կտեսնի դրանք. չէ որ սեղանակցում է բարձրագույն արարածների, որոնք սովոր են ուտելուց հետո լվանալ իրենց մատները, այնպես որ ինքն էլ (այո, ինքն էլ) պետք է անի նույն բանը։ Բայց ամենից շատ նրան զբաղեցնում էր մի համառ միտք. ինչպես պահել իրեն այս մարդկանց մոտ։ Ինչպե՞ս պահել իրեն։ Տանջվելով ու լարվածությամբ նա աշխատում էր վճռել այդ առեղծվածը։ Երբեմն նրա մտքով անցնում էր, թե լավ կլինի ձևացնել այնպես, որ նա այն չէ, ինչպիսին է իրականում։ Բայց իսկույն ծագում էր մի այլ երկչոտ միտք. դա չի հաջողվի և նա սովոր չէ կեղծել, այնպես որ հեշտությամբ կարող է հիմար դրության մեջ ընկնել։

Զբաղված լինելով բոլոր այդ խորհրդածություններով՝ Մարտինը ճաշի առաջին կեսին լուռ մնաց։ Նա չգիտեր, որ դրանով հերքեց Արթուրի՝ տնեցիներին ասած նախազգուշական խոսքն այն մասին, թե ճաշի կբերի մի վայրենու, բայց չպիտի վախենալ, որովհետև վայրենին շատ հետաքրքրական է։ Մարտին Իդենի մտքով երբեք չէր անցնում, թե Ռութի եղբայրը կարող է ընդունակ լինել դավաճանության, մանավանդ այն բանից հետո, երբ Մարտինը ազատեց նրան փորձանքից։ Եվ նա սեղան էր նստել, ճնշվելով այն գիտակցությունից, որ ինքը ոչնչություն է և դյութված է այն ամենով, ինչ կատարվում է իր շուրջը։

Ինքն այժմ հասկացավ, որ ուտելը միայն ֆիզիկական պահանջի բավարարում չէ։ Առաջներում երբեք չէր նկատում, թե ինչ է ուտում. դա ուտելիք է, ուրիշ ոչինչ։ Իսկ այստեղ, այս սեղանի շուրջը, ինքը գտնում էր գեղեցիկի իր զգացման բավարարումը, որովհետև ուտելն այստեղ մի էսթետիկական ֆունկցիա էր. և ոչ միայն էսթետիկական, այլև իմացական։ Նրա ուղեղն աշխատում էր ուժգին։ Շուրջն արտասանվում էին իր համար անհասկանալի բառեր, և այնպիսի բառեր, որոնց հանդիպել էր միայն գրքերում, և որոնք իր աշխարհին պատկանող մարդկանցից ոչ մեկը չէր կարող նույնիսկ արտասանել։ Երբ ինքը լսում էր, թե այդպիսի բառերը ինչքա՜ն հեշտ էին արտասանվում այս զարմանալի ընտանիքում, աղջկա ընտանիքում, նա հիացմունքից սարսռում էր։ Բոլոր այն հրապուրիչ, վսեմ ու գեղեցիկ բաները, որոնց մասին նա կարդացել էր գրքերում, ճշմարիտ դուրս եկան։ Նա գտնվում էր այն մարդու երանելի վիճակում, որի երազները հանկարծ դադարել են երազ լինելուց և իրականացել են։

Նա դեռ երբեք չէր եղել կյանքի այդպիսի բարձունքներում, և դիտելով ու լսելով, աշխատում էր իր վրա քիչ հրավիրել ընդհանուրի ուշադրությունը՝ պատասխանելով միավանկ բառերով՝ «այո՛, միսս», «ո՛չ, միսս»՝ երբ աղջիկն էր խոսք ուղղում նրան․ «այո՛, մեմ», «ո՛չ, մեմ»՝ երբ նրան խոսք էր ուղղում Ռութի մայրը։ Նա հազիվ զսպեց իրեն, որ չասի նրա եղբորը «այո՛, սըր», ինչպես այդ պահանջվում էր ծովային կարգապահության կանոններով։ Նա զգաց, որ դրանով կստորացներ իրեն, իսկ այդպիսի բան չպետք է լինի, եթե ուզում է նվաճել աղջկա սիրտը։ Բացի այդ, նրա հպարտությունն էլ ըմբոստանում էր դրա դեմ։ Աստված վկա, մտածում էր նա, ես նրանցից վատը չեմ․ և եթե նրանք գիտեն շատ բան, որ ես չգիտեմ, ապա ես էլ որոշ բաներ կարող եմ սովորեցնել նրանց։ Բայց հետևյալ պահին, երբ աղջիկը կամ նրա մայրը ասում էին նրան «միստր Իդեն», նա մոռանում էր իր ըմբոստ հպարտությունն ու ճառագայթում էր հիացմունքից։ Ինքը այժմ քաղաքակիրթ մարդ է (այո, այո, հենց այդպես) և ճաշում է այնպիսի մարդկանց շրջանում, որոնց մասին առաջներում միայն գրքույկներում էր կարդացել։ Ասես՝ նա ինքն էլ գրքի մեջ էր ընկել և դեգերում էր կազմած հատորի էջերում։

Սակայն սեղան նստելով և նմանվելով ավելի շուտ հեզ գառնուկի, քան վայրենու, որպիսին նկարագրել էր Արթուրը, Մարտինը շարունակ գլուխ էր կոտրում, թե ինչպես պետք է պահի իրեն։ Նա բնավ էլ հեզ գառնուկ չէր, և նրա տիրական բնությունը չէր հաշտվում երկրորդական դերի հետ։ Նա խոսում էր միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր, և խոսելակերպը շատ էր հիշեցնում հյուրասենյակից ճաշասրահ անցնելուն, երբ ինքը սայթաքում և դիպչում էր կահույքին։ Մարտինը պրպտում էր իր բազմալեզու բառապաշարը՝ վախենալով, որ չի կարողանա պետք եղածին պես արտասանել հարկավոր բառերը, իսկ նրան ծանոթ այլ բառեր դուրս կգան կոպիտ կամ անհասկանալի։ Նրան շարունակ հալածում էր այն միտքը, թե առոգանության մասին այդ հոգատարությունը վնասում է իրեն, խանգարում է արտահայտել այն, ինչ նա ինքը զգում է և մտածում։ Բացի այդ, ակամա սանձը կաշկանդում էր նրա անկախ ոգին ճիշտ այնպես, ինչպես օսլայած օձիքը ճնշում էր նրա վիզը։ Մարտինը գիտեր, որ երկար չի դիմանա։ Իրեն փոթորկող զգացմունքներն ու մտքերը համառորեն ձգտում էին լույս աշխարհ գալ ու որոշակի ձև ընդունել, բայց, ի վերջո, նա մոռացավ, թե որտեղ է գտնվում․ և հին, ծանոթ մի բառ, սովորաբար իր գործածած բառերից մեկը, դուրս պրծավ նրա լեզվից։

Մարտինը մերժեց շարունակ իր կռնակին երևացող սպասավորի առաջարկած կերակուրը և կարճ ու արտահայտիչ կերպով ասաց․

— Փաո՜ւ։

Սեղանի շուրջ նստածները ապշահար քարացան, սպասավորը դժվարությամբ զսպեց չարախինդ Ժպիտը, իսկ ինքը՝ Մարտինը արձանացավ սարսափահար, սակայն շուտով տիրապետեց իրեն։

— Դա կանակերեն բառ է,— ասաց նա,— և նշանակում է՝ «բավական է», «հերիք է»։ Լեզվիցս դուրս թռավ հանկարծ։

Նա որսաց Ռութի՝ իր ձեռքերին ուղղված հետաքրքիր հայացքը և պատմելու մի ցանկություն ունենալով, շարունակեց․

— Ես նոր եմ ցամաք հասել Խաղաղ օվկիանոսի փոստատար շոգենավերից մեկով։ Նավն ուշանում էր, մենք ստիպված եղանք Փյուջեթ ծովածոցի նավահանգիստներում կարգին աշխատել․ նավեր էինք բեռնում։ Այդ ժամանակ էլ կաշիս մի քիչ պլոկվեց։

— Օ՜, ես բոլորովին էլ դրան չէի նայում,— հապճեպ ասաց աղջիկը․— ձեր ձեռքերը, համեմատած ձեր կազմվածքի հետ, փոքր են։

Մարտինը կարմրեց, կարծես նրա մի այլ թերությունն էլ նշեցին։

― Այո,— ասաց նա զգույշ,— իմ բռունցքները մի քիչ փոքր են, դա ճիշտ է. բայց մկաններս ուժեղ են, և իմ հարվածը հարվա՜ծ է․․․ ինչպես հարկն է։ որևէ մեկի քթին֊բերանին որ հասցրի, պրծա՜վ․ ձեռքս արյունաթաթախ է լինում։

Մարտինը գժգոհ էր, որ ասաց այդ։ Նա զզվանք զգաց իր նկատմամբ, դադարեց ուշադիր լինել իր խոսքին և միանգամից սկսեց շաղակրատել ոչ այնքան հաճելի բաների մասին։

— Ի՜նչ քաջություն էր ձեր կողմից, երբ դուք օգնության հասաք Արթուրին, մանավանդ որ նա բոլորովին օտար էր ձեզ համար,— ասաց Ռութը փափկանկատորեն՝ տեսնելով Իդենի շփոթմունքը, բայց առանց հասկանալու դրա պատճառը։

Իսկ Մարտինը կատարելապես հասկացավ ու գնահատեց աղջկա նրբազգացությունը և շնորհակալության զգացումից բորբոքվելով, նորից սկսեց անկաշկանդ խոսել։

— Չնչին բան է,— ասաց նա,— իմ տեղը ով էլ լիներ, նույնը կաներ։ Այդ սրիկաների խումբը պարզապես ուզում էր կռիվ-դավի սարքել։ Արթուրը ձեռք էլ չէր տվել նրանց։ Նրանք հարձակվեցին Արթուրի վրա, ես էլ նրանց վրա, և ես նրանց թակեցի, ինչպես հարկն է։ Ճիշտ է, իմ ձեռքերը վնասվեցին, կաշին պլոկվեց, բայց դրա փոխարեն նրանցից մի քանիսն էլ իրենց ատամները կորցրին։ Ես շատ ուրախ եմ, որ այդպես պատահեց։ Երբ ես տեսնում եմ․․․

Հանկարծ նա լռեց բերանբաց, ապշած իր սեփական ոչընչությունից, զգալով, որ անարժան է մինչև անգամ աղջկա հետ միևնույն օդը շնչելու։ Եվ երբ Արթուրը խոսքի խառնվելով, սկսեց քսաներորդ անգամ պատմել լաստանավի արկածը, թե ինչպես ինչ֊որ հարբած խաժամուժ հարձակվեց իր վրա, և թե ինչպես Մարտին Իդենը հասավ նրանց և փրկեց իրեն։ Այդ արկածի հերոսը հոնքերը կիտած՝ լուռ մտածում էր, որ տխմարություն արեց պատմելով այդ և առաջվանից ավելի էր մտատանջվում, թե ինչպես պիտի պահի իրեն այս մարդկանց շրջանում։ Պարզ է, որ նա շարունակ անում է ոչ այն, ինչ հարկավոր է։ Ինքը այդ տեսակի մարդկանցից չէ, դրա համար էլ նրանց լեզվով չի կարող խոսել։ Դրան նա չէր կասկածում։ Նմանվել սրա՞նց։ Այդ դիմակահանդեսը չի հաջողվի, և բացի այդ, կեղծավորությունը օտարոտի է նրա բնությանը. խաբեությունն ու կեղծիքը հող չունեն նրա մեջ։ Ինչ էլ որ պատահի, ինքը պետք է հարազատ մնա իրեն։ Նա վճռական էր այս հարցում։ Այժմ պետք է խոսի, խոսի իր լեզվով, իհարկե մեղմելով արտահայտությունները, որպեսզի իր ասածները հասկանալի լինեն և այնքան էլ չվիրավորեն նրանց դյուրազգացությունը։ Բացի այդ, նա չի ուզում լռությամբ առիթ տալ նրանց մտածելու, թե իր համար պարզ է այն, ինչ իսկապես բոլորովին էլ պարզ չէ։ Դրա համար էլ, երբ եղբայրները համալսարանական գործերի մասին խոսելիս մի քանի անգամ կիրառեցին «եռանկ» բառը, Մարտին Իդենը հարցրեց.

— Ի՞նչ բան է «եռանկ»։

— Եռանկյունաչափություն, — պատասխանեց Նորմանը։— Բարձրագույն «մաթիկի» մի մասը։

— Իսկ ի՞նչ բան է «մաթիկը»,— հարցրեց երկրորդ անգամ Մարտինը․ և այս անգամ արդեն բոլորը ծիծաղեցին՝ Նորմանին նայելով։

— Մաթեմատիկա, դե՜, թվաբանությո՜ւն, էլի,— պատասխանեց նա։

Մարտին Իդենը գլխով արեց։ Նա թափանցեց իմաստության՝ առաջին ակնարկից անսահման թվացող ոլորտները։ Բայց ինչ որ տեսավ, նրա համար շոշափելի ձևեր ընդունեց։ Նրա երևակայության անսովոր ուժը վերացական հասկացողությունները վերածում էր կոնկրետ կերպարների։ Նրա ուղեղի ալքիմիական սարքում եռանկյունաչափությունը, մաթեմատիկան ու գիտելիքների ամբողջ մարզը, որի խորհրդանիշն էին այդ բառերը, վերածվեցին մի պայծառ դաշտանկարի։ Ինչպես նկարում, նա տեսնում էր կանաչ սաղարթը, անտառի բացատները մերթ վառ լուսավորված, մերթ ոսկե ճառագայթներով պարուրված։ Այդ բոլորը հեռվից թվում էր թեթև ծիրանագույն շղարշով պատած, բայց նա հաստատ գիտեր, որ այդ շղարշի հետևը գտնվում է անծանոթ երկիրը, ռոմանտիկ հրաշալիքների աշխարհը։ Այդ բոլորը նրան արբեցնում էին, ինչպես գինին։ Այստեղ հող կար սխրագործության համար, ասպարեզ՝ մտքի ու գործի համար, որը կարելի էր նվաճել։ Եվ իսկույն իր գիտակցության խորքից հայտաբերեց մի միտք, նրա՝ իր դիմացը նստած, շուշանի պես դժգույն այդ աղջկա սիրույն նվաճել այդ ասպարեզը։

Այդ փայլուն տեսիլքը քանդեց Արթուրը, որ ամեն ջանք թափում էր, որպեսզի Մարտինի մեջ վերջապես հայտաբերվի վայրենին։ Մարտին Իդենը չէր մոռացել իր որոշումը։ Այդ երեկո առաջին անգամ նա գիտակցաբար դարձավ այն, ինչ ինքը իրականում էր և ապա սկսեց անկաշկանդ, ստեղծագործության հրճվանքից տարված, պատմել ջանալով պատկերել կյանքը իր ունկնդիրների համար այնպես, ինչպես գիտեր։ Նա եղել է մաքսանենգների «Հալսիոն» երկկայմ նավի նավաստի, երբ դա բռնվեց մաքսատան կատերի կողմից։ Մարտինը ցուցաբերում էր իր դիտողականությունը և այնքան հստակ էր հաղորդում դա, որ ունկնդիրներն իր աչքերով էին տեսնում այն, ինչ տեսել էր ինքը։ Իսկական արվեստագետի լուրջ զգացումով նա բազմաթիվ մանրամասներից ընտրում էր ամենապայծառն ու ապշեցուցիչը, ստեղծում էր կյանքի լուսավոր ու գունեղ պատկերներ, այնպես որ ունկնդիրները գրավվում էին նրա ինքնատիպ պերճախոսությամբ, ոգեշնչումով և ուժով։ Երբեմն նրա նկատողությունների աշխուժությունը կամ խոսքի դարձվածքները շշմեցնում էին ունկնդիրներին, սակայն նրա պատմվածքներում կոպիտին անմիջապես հետևում էր գեղեցիկը, ողբերգականությունը մեղմանում էր զվարճախոսությամբ, նավաստիների սրամտության տարօրինակ և զվարճալի նմուշներով։

Եվ մինչ Մարտին Իդենը խոսում էր, աղջիկը հիացմունքով նայում էր նրան։ Նրա հուրը ջերմություն էր տալիս աղջկան։ Ռութը կյանքում առաջին անգամ զգաց, որ ինքը իր բոլոր տարիները ապրել էր սառը կյանքով։ Նա ցանկանում էր կպչել այդ հուժկու, վառվռուն մարդուն, որի մեջ եռում էր ուժի և առողջության մի ամբողջ հրաբուխ։ Այդ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ աղջիկը դժվարությամբ էր զսպում իրեն, բայց միաժամանակ ինչ֊որ բան վանում էր նրան Մարտինից։ Վանում էին այդ խոցոտված ձեռքերը, որոնց վրա մնում էին աշխատանքի և առօրյա կյանքի կեղտոտ ու անջնջելի հետքերը, այդ փքված մկանները, օձիքից տրորված այդ վիզը։ Մարտինի կոպտությունը խրտնեցնում էր աղջկան, նրա ամեն մի կոպիտ բառը վիրավորում էր աղջկա լսելիքը, նրա կյանքի ամեն մի կոպիտ մանրամասնությունը խոցում էր աղջկա հոգին։ Այնուամենայնիվ, տղան ձգում էր նրան, և ինչպես աղջկան էր թվում, ձգում էր ինչ֊որ դիվային ուժով։ Այն ամենը, ինչ աղջկա ուղեղում ամուր նստել էր, հանկարծ սկսեց տատանվել։ Մարտինի ռոմանտիկայով ու արկածներով լի կյանքը տապալում էր բոլոր սովորական պայմանական ըմբռնումները։ Լսելով Մարտինի ծիծաղը, նրա ուրախ պատմությունները վտանգների մասին, աղջիկը դադարում էր համարել կյանքը ինչ֊որ լուրջ ու դժվար բան։ Կյանքն սկսում էր պատկերանալ նրան որպես մի խաղալիք, որով հաճելի է խաղ անել, անհոգ շուռ տալ նրան ամեն կողմ, բայց որը կարելի է դեն շպրտել առանց ափսոսանքի։ «Դու էլ խաղ արա այդպես,— ասում էր աղջկան մի ներքին ձայն,— սեղմվիր նրան, եթե ուզում ես, գրկիր նրա պարանոցը»։ Նա ցանկանում էր պարսավել իրեն այդ թեթևամիտ սադրանքների համար, բայց զուր էր հակադրում նրան իր մաքրությունը, իր կուլտուրան՝ այն ամենը, ինչ իրեն տարբերում էր Մարտինից։ Նայելով իր շուրջը, Ռութը տեսավ, որ մյուսներն էլ լսում են նրան կախարդվածների պես, բայց մոր աչքերում նա կարդաց նույն սարսափը․ հիացական, բայց և այնպես սարսափը։ Եվ դա ուժ ներշնչեց աղջկան։ Այո, խավարից եկած այդ մարդը չարի ծնունդ է։ Նրա մայրը նույնպես տեսնում է այդ, նշանակում է՝ դա այդպես էլ է։ Ռութը պատրաստ էր հավատալ իր մոր դատողությանը, ինչպես սովոր էր հավատալ միշտ։ Մարտինի բոցը դադարեց նրան այրելուց և սարսափը, որ ներշնչում էր նրան Մարտինը, կորցրեց իր սրությունը։

Ճաշից հետո Ռութը դաշնամուր նվագեց նրա համար, որպես թաքուն մարտահրավեր, իր և Մարտինի միջև գտնվող անդունդը ավելի ևս ընդլայնելու չգիտակցված ցանկությամբ։ Նրա նվագը շշմեցրեց Մարտինին, ազդեց նրա վրա՝ որպես գլխին հասցրած մի դաժան հարված, բայց, շշմեցնելով ու ջախջախելով, միաժամանակ մտրակեց նրան։ Նա ակնածությամբ էր նայում Ռութին։ Նա, ինչպես և աղջիկը, զգաց, որ իրենց բաժանող անդունդը ավելի ևս լայնացավ, բայց հենց այդ պատճառով էլ նա ավելի ուժգին էր ցանկանում անցնել այդ անդունդը։ Մարտինը չափազանց զգայուն և սրտազեղ էր, որպեսզի կարողանար ամբողջ երեկո լուռ նայել այդ անդունդին, մանավանդ երաժշտության հնչյունների տակ։ Երաժշտությանը միշտ էլ ուժեղ ազդեցություն էր գործում Մարտինի վրա որպես թունդ գինի, դրդում էր նրան համարձակ մտքերի ու արարքների, բոցավառում էր նրա երևակայությունը և տանում էր նրան դեպի եթերային բարձունքներ։ Կարծես նրա թիկունքին թևեր էին բուսնում։ Տգեղ իրականությունը դադարում էր գոյություն ունենալուց՝ տեղի տալով գեղեցիկին ու անսովորին։ Իհարկե, նա չէր հասկանում Ռութի նվագածը։ Դա ամենևին նման չէր նավաստիների պարերեկոներին նրա լսած ջարդված դաշնամուրի և կամ փողային գործիքների նվագախմբի ականջ ծակող հնչյուններին։ Բայց պատահել է, որ գրքերում կարդացել է այդպիսի երաժշտության մասին, դրա համար էլ հավատ է ընծայում Ռութի նվագին՝ համբերությամբ սպասելով լսել պարզ, հստակ ռիթմ, որին սովոր է իր ականջը։ Երբեմն նրան թվում էր, թե բռնեց ռիթմերի մի պատկեր և արդեն պատրաստ էր նրան ենթարկել իր աչքի առաջ պատկերացող կերպարների շարանը, բայց իսկույն դարձյալ իրեն կորցնում էր իր համար անիմաստ հնչյունների քաոսում, և դա կասեցնում էր նրա երևակայությունը, որը տապալվում էր գետին, որպես հենարանից զուրկ մի ծանրություն։

Մինչև անգամ Մարտինի մտքով անցավ՝ չլինի՞ թե աղջիկը ծիծաղում է իր վրա։ Նրան թվում էր, թե Ռութի նվագում ինչ֊որ թշնամական բան կա, և նա աշխատում էր կռահել, թե ի՛նչ են ուզում ասել աղջկա՝ ստեղներին խփող ձեռքերը։ Սակայն նա շուտով վանեց այդ միտքը՝ համարելով անարժան ու անկարելի և ջանաց ավելի ազատորեն նվիրվել երաժշտությանը։ Վերջապես սովորական թովչանքը դարձյալ նվաճեց նրան։ Կարծես նրա ոտքերը կտրվեցին գետնից, մարմինը դարձավ ոգի, աչքերի առաջ ծավալվեց լուսաշող ճաճանչը։ Նրան շրջապատող տեսարանն անհետացավ, նա ճախրում էր ինչ-որ անծանոթ աշխարհի վրա, որի մասին վաղուց էր երազում։ Ծանոթն ու անծանոթը իրար խառնվեցին այդ պայծառ ու սևեռուն տեսիլքում։ Մարտինը տեսնում էր արևակեզ երկրների անծանոթ նավահանգիստներ, թափառում էր մարդաշատ հրապարակներում, վայրենի ցեղերի գյուղերում, որոնք ոչ ոք երբեք չի տեսել։ Կարծես նա զգում էր կղզիների ծանոթ բույրը, որ նա սովոր էր շնչել ծովում շոգ գիշերներին, նորից Մեծ օվկիանոսում՝ նավարկում էր արևադարձային գոտու երկարատև ցերեկներին, արմավենիներով ծածկված կորալյան կղզիների արանքով, որոնք փիրուզյա մակերևույթին մերթ անհետանում էին, մերթ դարձյալ հայտնվում։ Պատկերները երևում ու անհետանում էին արագ ինչպես մտքեր։ Նա մերթ ձի նստած սլանում էր Արիզոնայի արևակեզ անապատով, մերթ, մի պահ հետո, շիկացած օդի ծիածանային շղարշի միջով զննում Մահվան հովտի սպիտակ դամբարանը կամ թիակներով խփում էր Սառուցյալ օվկիանոսի ալիքներին, ուր արևի տակ փայլում էին սառույցի ահագին կղզիները։ Նա մերթ պառկած էր կորալյան կղզում կոկոսյան ընկուզենու տակ՝ ունկնդրելով մակընթացության համաչափ ժխորին։ Հին, խորտակված նավի կմախքը վառվում էր կապտավուն բոցով, և այդ խորհրդավոր լույսի տակ պարողները կատարում էին «հուլա» պարը՝ երգիչների կրքոտ ոռնոցների երգակցությամբ՝ հավայան կիթառի հնչյունների և տամտամի թնդյունի նվագակցությամբ։ Արևադարձային գիշեր էր՝ երգով արբած։ Հեռվում աստղազարդ երկնքի ֆոնի վրա երևում էր հրաբխի ուրվանկարը։ Գլխավերևում դանդաղ սահում գնում էր գունատ լուսինը և ցածրադիր հորիզոնում առկայծում էին հարավային Խաչի աստղերը։

Մարտինն ասես դարձավ էոլյան տավիղ։ Այն, ինչ ապրել ու փորձել էր իր կյանքում, այդ նվագարանի լարերն էին, իսկ երաժշտությունը՝ դա քամին էր, որը երերում էր այդ լարերը, որոնք ճոճվում էին հիշողություններով ու երազներով։ Նա ոչ միայն պարզապես զգում էր, նրանում ամեն մի զգացողություն ձև ու գույն էր ստանում և ինչ-որ զարմանալի խորհրդավոր ուղիով վերածվում կերպարների։ Անցյալը, ներկան ու ապագան միաձուլվում էին. նա փոխադրվում էր մի ահագին, տոթ, սքանչելի աշխարհ, կատարում էր մեծ քաջագործություններ՝ ձգտելով ձեռք բերել Ռութին։ Եվ ահա նրա հետ է, նվաճել է նրա սիրտը, գրկում է նրան, թռցնում տանում է նրան իր երազների թագավորությունը։

Ռութը նայեց Մարտինին կողմնակի հայացքով և նրա դեմքին կարդաց այն, ինչ նա զգում էր։ Դա բոլորովին այլ դեմք էր՝ մեծ, փայլատակող աչքերով, որոնք կարծես թափանցում էին հնչյունների քողից այն կողմ և որսում այնտեղ կենդանի կյանքի բաբախումը և երևակայության վիթխարի տեսիլքները։ Աղջիկը ցնցված էր։ Կոպիտ, անտաշ տղան անհետացել էր։ Վատ կարված կոստյումը, սպիավոր ձեռքերն ու արևակեզ դեմքը առաջվա պես մնում էին, բայց դրանք այժմ թվում էին նրան լոկ բանտի վանդակապատ լուսամուտ, որի հետևում աղջիկը տեսնում էր մեծ, հեռուները նայող, բայց անճար ու անխոս հոգին, որովհետև չկան բառեր, որոնք կարողանային արտահայտել այդ հոգին հուզող զգացմունքները։ Սակայն Ռութը միայն մի պահ տեսավ այդ բոլորը․ նորից նրա աչքի առաջ կանգնեց անտաշ երիտասարդը, և նա ծիծաղեց իր երևակայության վրա։ Սակայն այդ մի պահի տպավորությունը պահպանվեց և երբ Մարտինը անճարակ կերպով մոտեցավ նրան հրաժեշտ տալու, աղջիկը նրան տվեց Սուինբեռնի հատորիկը, բացի այդ և Բրաունինգի գրքույկը․ հենց այժմ Ռութը անգլիական գրականության դասընթացում ուսումնասիրում էր Բրաունինգը։ Երբ Մարտինը մրթմրթում էր շնորհակալության իր բառերը, նա միանգամից աղջկան թվաց մի երեխա, որի նկատմամբ օրիորդը ակամա զգաց մայրական քնքշություն և կարեկցություն։ Նա մոռացավ և՛ կոպիտ երիտասարդին, և՛ գերված հոգին, և՛ տղամարդուն, որն այնքան առնական հայացքով նայում էր իրեն, ուրախացնելով, միաժամանակ և վախեցնելով։ Աղջիկն իր առջև տեսնում էր մի երեխայի, որն իր կոշտ ու կոպտացած ձեռքով սեղմելով իր ձեռքը՝ ճանկռեց նրա մաշկը, և որը կարկամելով ասում էր նրան.

— Սա իմ կյանքում ամենանշանավոր օրն է։ Գիտե՞ք ինչ, ես այնքան էլ սովոր չեմ այս բոլորին․․․― նա շփոթված նայեց իր շուրջը,— այսպիսի մարդկանց ու այսպիսի տներին։ Այդ ամենը նորություն է ինձ համար և դա ինձ դուր է գալիս։

— Հույս ունեմ, որ դուք էլի կգաք մեզ մոտ, — ասաց աղջիկը, երբ տղան հրաժեշտ էր տալիս նրա եղբայրներին։

Նա գլխին քաշեց իր կեպին, անշնորհք կերպով գայթեց շեմքին և դուրս եկավ։

— Դե՛, ասա, ի՞նչ կարծիք կազմեցիր նրա մասին,— հարցրեց Արթուրը։

— Շատ հետաքրքրական է, և մեզ համար կարծես օդի թարմ մի հոսանք է,— պատասխանեց աղջիկը։— Քանի՞ տարեկան է։

— Քսան, շուտով քսանմեկ կլինի. ես այսօր հարցրի։ Երբեք չէի կարծում, թե այդքան երիտասարդ է։

«Նշանակում է, ես երեք տարով մեծ եմ նրանից», մտածեց Ռութը՝ համբուրելով և բարի գիշեր մաղթելով իր եղբայրներին։