Գլուխ երկրորդ
Աղմկեցին ստրելեցները։ Կոտորեցին բոյարներին՝ թագուհու եղբայրներ Իվան և Աֆանասի Նարիշկիններին, իշխաններ Յուրի և Միխայլա Դոլգոռուկիներին, Գրիգորի և Անդրեյ Ռոմոդանովսկիներին, Միխայլա Չերկասսկուն, Մատվեևին, Պյոտր և Ֆյոդոր Սալտիկովներին, Ցազիկովին և այլոց՝ սակավ նշանավոր տոհմերից։ Ստացան իրենց ստրելեցական ռոճիկը՝ երկու հարյուր քսան հազար ռուբլի, հավելյալ տասական ռուբլի ևս, որպես պարգև ամեն մեկին։ (Ստիպված եղան բոլոր քաղաքներից ոսկյա և արծաթյա ամանեղեն հավաքել ու ստրելեցներին վճարելու համար դրամի վերաձուլել։) Կարմիր հրապարակում սյուն կանգնեցրին, որի չորս կողմերում գրեցին սպանված բոյարների անունները, նրանց գործած մեղքերն ու չարագործությունները։ Գնդերը շնորհագրեր պահանջեցին, որոնցով բոյարները երդվում էին ոչ հիմա, ոչ հետայսու հայհոյական ոչ մի խոսք չասել, խռովարար ու դավաճան չկոչել ստրելեցներին, զուր տեղը մահապատժի չենթարկել ու աքսոր չուղարկել նրանց։
Կրեմլի պաշարներն ուտելուց և խմելուց հետո ստրելեցները ցրվեցին արվարձանները, պոսադականներն՝ իրենց պոսադները։ Ու ամեն ինչ հին հունով ընթացավ։ Ոչինչ չկատարվեց։ Մոսկվայի, քաղաքների, անծայրածիր երկրով սփռված հարյուրավոր գավառների վրա դարավոր աղջամուղջն էր թթվել-կանգնել՝ չքավորություն, ճորտություն, անտերություն։
Քամակը բաց մուժիկը մի կերպ քչփորում էր անտանելի հողը։ Իրենց ցուրտ տներում վնգում էին պոսադականները ծանր հարկերից ու պարհակներից։ Տնքում էին մանր առևտրականները, աղքատանում էր մանրակալվածք ազնվականությունը։ Հողն ուժասպառ էր եղել, մեկին երեք բերք լիներ՝ էլի փառք քեզ, տեր աստված։ Նույնիսկ բոյարներն ու երևելի վաճառականներն էին ճռռում։ Պապական ժամանակներում շա՞տ բան էր պետք բոյարին՝ սամույրե մի մուշտակ ու մորթեբոլոր գլխարկ՝ պատիվը կար ու կար։ Իսկ տանը նույն շչին էր խպշտում աղ դրած մսով, քնում էր ու աստծուն աղոթում։ Հիմա աչքածակ էին դարձել, լեհական պաներից, կամ լիֆլյանդացիներից, կամ գերմանացիներից պակաս ապրել չէին ուզում, շատ բան էին տեսել։ Անկշտությունը պաշարեց սրտները։ Հարյուր շնչից աղխ սկսեցին պահել բոյարները։ Առաջվա փողը չէր հերիքի տոհմանշանով կաֆտան ու կոշիկ հագցնելու, անկշտում բազմությանը կերակրելու համար։ Փայտյա խրճիթներում ապրելը դարձավ անվայելուչ։ Բոյարինը կամ բոյարուհին առաջ միաձի սահնակով կելնեին տնից, ճորտը՝ ձիու վրա, աղեղի ետև։ Անուրից, շլնոցից ու երասաններից աղվեսի պոչեր կախ կտային, որ մարդիկ նախանձեն։ Հիմա դրսերից ոսկեզօծ կառքեր պիտի բերել տային, չորս ձի լծեին, այլապես, անպատիվ կլինեին։ Իսկ դրա՞մ որտեղից; Նեղության մեջ էին, մեծ նեղության։ Առևտուրը նվազ էր։ Ներսում շատ բան չէր ծախվում, ժողովուրդը տկլոր էր։ Արտասահման տանել չէր լինում՝ փոխադրական չկար։ Ծովերն ուրիշի էին պատկանում։ Արտասահմանի հետ առևտուրն իրենց ձեռքն էին վերցրել օտարերկրացիները։ Զայրույթից գլուխները պատեպատ էին զարկում, իմանալով, թե ուրիշ երկրներում ինչպես են առևտուր, անում։ Այս ի՞նչ կախարդված երկիր ես, Ռուսաստան աշխարհ, ե՞րբ ես տեղիցդ շարժվելու։
Մոսկվայում երկու ցար կար՝ Իվանը և Պյոտրը, նրանցից վեր կառավարչուհին էր, արքայադուստր Սոֆյան։ Մի քանի բոյարներ մյուսներով փոխարինվեցին։ Ուրիշ ոչինչ։ Ձանձրույթ։ Ժամանակը կանգ էր առել։ Սպասելիք չկար։ Կարմիր հրապարակի ստրելեցների սյան կողքին որոշ ժամանակ տապարակիր ժամապահ կանգնեց, հետո հեռացավ։ Սյան շուրջը ժողովուրդն ինչ ասես լցրեց։ Ու վերստին շուկաներում փսփսացին մարդիկ, ալիք տվեցին շշուկները։ Ստրելեցները երկմտել սկսեցին, գործը մինչև վերջ չհասցրեցին, աղմուկը շատ էր, օգուտը՝ ոչ մի։ Քանի դեռ ուշ չէ, չավարտե՞ն գործը։
Ծերերը պատմում էին, թե ինչ լավ էր հնում՝ էժանություն, կշտության, բարեպաշտություն։ Գյուղերում մուժիկ ու կին շուրջպարեր էին բռնում։ Պոսադի ժողովուրդը ճարպակալել էր անգործությունից։ Թալանից-բանից չէին խոսում։ Է՜հ, ի՜նչ օրեր էին, եկան ու անցան...
Ստրելեցների արվարձանում վեց աղանդավոր հայտնվեցին՝ կաշի-ոսկոր դարձած, անհողդողդ հերձվածողներ։ «Մի փրկություն կա,— ասում էին ստրելեցներին,— մի փրկություն ունեք՝ տապալեք նիկոնական պատրիարքին ու բոյարական համայն նիկոնականացված ու լեհականացված սինկղիտոսը ու վերադառնաք աստվածավախ հավատքին ու հին կյանքին»։ Աղանդավորները կարդում էին ոսլովեցկյան տետրակներն այն մասին, թե ինչպես խուսափեն նիկոնական գայթակղություններից և փրկեն կյանքն ու հոգին։ Ստրելեցները լաց էին լինում՝ լսելով։ Ամենածեր աղանդավորը՝ Նիկիտա Պուստոսվյատը, շուկայում, սայլի վրա կանգնած, սոլովեցկյան տետրակներից քաղվածքներ էր կարդում ժողովրդի համար.
«Ես տեսել եմ նեռին, եղբայրք, իրավ, տեսել եմ, երբ հոգով տրտմած, միտք էի անում, թե ինչպես, է գալու նեռը, և աղոթքներ էի անում ու ննջեցի՝ նզովված լինեմ։ Ու տեսա դաշտի մեջ մարդկանց բազում բազմություն։ Կողքս կանգնած էր մեկը։ Ասացի՝ ինչո՞ւ այսքան շատ են մարդիկ։ Պատասխան տվեց ու ասաց՝ նեռն է գալու, կանգնիր, չվախենաս։ Երկճյուղ գավազանիս հենվեցի ու կանգնեցի անխոնջ։ Ու տեսա՝ բերում են մի մերկ մարդու, ամբողջ մարմինը գարշահոտ ու անչափ տգեղ, կրակ էր շնչում, ռունգ ու ականջից գարշահոտ բոց էր ելնում։ Ետևից մեր ցարն էր գալիս, իշխանավորներն էին գալիս, և բոյարները, և օկոլնիչիները, և դումայական ազնվականները... Ու թքեցի նրա վրա, սաստիկ վատ զգացի և զարհուրեցի... Սուրբ գրքերից գիտեմ, որ շուտով գալու է նա։ Արդեն շատացել են նրա վիժվածքները, կատաղած շները...»։
Հիմա արդեն հասկանալի էր, թե ինչ պիտի պահանջեն։ Ստրելեցները խռնվեցին Կրեմլում։ Ստրելեցյան ատյանի պետ Իվան Անդրեևիչ Խովանսկին հերձվածողների կողմը բռնեց։ Նիկիտա Պուստոսվյատով հանդերձ, ոսկրացած վեց աղանդավոր՝ երեք օր բերանները փշուր չդրած, կաթիլ ջուր չխմած, Նստատաշ պալատ բերեցին գրակալներ, փայտյա խաչեր ու հին գրքեր, և Սոֆյայի աչքի առաջ պախարակեցին ու խայտառակեցին պատրիարքին ու հոգևորականությանը։ Գլխադռան առաջ խռնված ստրելեցները գոռում էին. «Հին հավատն ենք ուզում, հին կյանքն ենք ուզում»։ Ոմանք է՛լ ավելի թունդ բաներ էին ասում. «Ժամանակն է, որ արքայադուստրը մենաստան գնա, հերիք եղավ տերությունը խառնեց»։ Մի միջոց էր մնացել, և Սոֆյան զայրացած սպառնաց.
— Ուզում եք մեզ փոխարինել վեց վանականո՞վ, անկիրթ մուժիկներո՞վ։ Որ այդպես է մեզ՝ ցարերիս, այստեղ ապրել չի կարելի, կգնանք ուրիշ քաղաքներ, ժողովրդին կհայտնենք մեր քայքայման, ձեր դավաճանության մասին...
Ստրելեցները հասկացան, թե ինչով է սպառնում Սոֆյան, վախեցան. «Տղերք, մեկ էլ տեսար ազնվական աշխարհազոր բերեց Մոսկվայի վրա...»։ Ընկրկեցին։ Սկսեցին ծանրութեթև անել։ Եվ արդեն Վասիլի Վասիլևիչ Գոլիցինի հրամանով ցարական նկուղներից օղու և գարեջրի տակառներ էին հանել հրապարակ։ Ստրելեցները երերացին, գլուխները պտույտ եկավ։ Ինչ-որ մեկը բղավեց. «Մեր ինչի՞ն է պետք հին հավատքը, տերտերների գործն է դա, խփե՛ք աղանդավորներին»։ Կմախք ծերուկներից մեկի գլուխը տեղնուտեղը թռցրեցին, մնացածները հազիվ ճողոպրեցին։
Անիծյալ բոյարները հարբեցրին հասարակ մարդկանց, գլուխներն ազատեցին։ Մոսկվան բզզում էր փեթակի նման։ Ամեն մեկն իրենն էր գոռում։ Գլխավորող մեկը չգտնվեց՝ փոթորկվել էին տարանջատ։ Թալանում էին ցարապատկան պանդոկները։ Բռնում էին ատյանների փոքրավորներին, պատառ-պատառ անում։ Մոսկվայով անցնել ու քայլել չէր լինի։ Պաշարելու էին գնում բոյարական տները, բոյարները հազիվ էին պաշտպանվում, կրակ բացելով, այն օրերին մեծ արյունահեղություններ եղան։ Խրճիթճեր էին վառվում շարքերով։ Անթաղ մեռելներ էին թափված փողոցներում ու շուկաներում։ Լուր տարածվեց, թե բոյարները աշխարհազոր են հավաքել Մոսկվայի տակ՝ միանգամից են ուզում բնաջնջել խռովարարներին։ Եվ մի անգամ էլ ստրելեցները, փախստական ճորտերի ամբոխի հետ, Կրեմլ գնացին, նիզակի ծայրին խնդրագիր խրած, որ իրենց տան անխտիր բոլոր բոյարներին՝ դատ ու դատաստան տեսնելու։ Զայրույթից գունատված Սոֆյան շքամուտք ելավ. «Սուտ են ասում մեր մասին, աշխարհազորի միտք էլ չենք ունեցել, խաչը համբուրելով եմ երդվում,— բղավեց նա, կրծքից պոկելով ադամանդյա լանջախաչը,— սուտը արքայազն Մատվեյկայից է գալիս»։ Եվ շքամուտքից ստրելեցների նիզակների վրա շպրտեցին ընդամենը մի հոգու՝ թաթարական աննշան արքայազն Մատվեյկային. առեք, կշտացեք։
Պատառ-պատառ արեցին Մատվեյկային, կատաղությունները հագեցրին ու նորից ձեռնունայն դարձան ստրելեցները... Երեք օրուգիշեր փոթորկվում էր Մոսկվան, կոչնազանգերից ագռավների երամները վերևներում էին թռչում։ Եվ այդժամ ամենահանդուգնները վճռեցին գլուխն իսկ թռցնել, սպանել երկու ցարերին ու Սոֆյային։ Բայց երբ չորրորդ օրն արթնացավ Մոսկվան, Կրեմլն արդեն դատարկ էր. ո՛չ ցարերը կային, ո՛չ արքայադուստրը՝ հեռացել էին բոյարների հետ։ Սարսափ պատեց ժողովրդին։
Սոֆյան գնաց Կոլոմենսկոյե գյուղը և բանբերներ ուղարկեց գավառները ազնվական աշխարհազոր ժողովելու։ Ամբողջ օգոստոսը պտտվում էր նա Մոսկվայի շուրջը, գյուղերում ու մենաստաններում, լաց լինում գավիթներում, գանգատվում վիրավորանքներից ու քայքայումից։ Կրեմլում ստրելեցների հետ մնաց Իվան Անդրեևիչ Խովանսկին։ Միտք արեցին՝ արդյոք ցար չհռչակե՞ն նրան, սիրահոժար, հնագույն տոհմից, հին ավանդույթների տեր մարդ էր։ Հասարակ ժողովրդի համար հարազատ ցար կլիներ։
Առատ շնորհների ակնկալությամբ, ազնվականները հաճույքով էին թամբում ձիերը։ Հսկայական, երկու հարյուր հազարանոց աշխարհազորը հավաքվեց Տրոիցե-Սերգիևի մենաստանում։ Իսկ Սոֆյան թռչունի պես դեռ պտույտ էր տալիս Մոսկվայի շուրջը։ Սեպտեմբերին նրա ուղարկած հեծելախումբը՝ Ստյոպկա Օդոևսկու գլխավորությամբ, լուսաբացին հարձակվեց Պուշկինո գյուղի վրա։ Այնտեղ, ստրելեցների հետ մերձմոսկովյան գնդերը շրջագայելիս, բլրի վրա խփած վրանում քնած էր Իվան Անդրեևիչ Խովանսկին։ Ստրելեցներն էլ էին անհոգ քնած։ Բոլորին սրի քաշեցին քնաթաթախ։ Իվան Անդրեևիչը շապիկ-ոտաշորով դուրս թռավ վրանից, տապարը թափահարելով։ Միխայլա Տըյրտովը ձիուց իրեն շպրտեց նրա ուսերին։ Իվան Անդրեևիչին, թամբին կապած, տարան Վոզդվիժենսկոյե գյուղը, ուր Սոֆյան իր անվանակոչությունն էր տոնում։ Գյուղի ցանկապատի մոտ, դուրս բերած նստարանների վրա նստած էին բոյարները՝ պատերազմական ժամանակի հանդերձներով, սաղավարտներով ու այծենակաճներով։ Միխայլա Տըյրտովը թամբից ցած գցեց Խովանսկուն, ու սա՝ վշտահար և ամոթահար, կիսամերկ չոքեց խոտերին ու լաց եղավ։ Դումայական դպրավոր Շակլովիտին գիր կարդաց նրա մեղքերի մասին։ Իվան Անդրեևիչը մոլեգնած բղավում էր. «Սո՜ւտ է։ Ես չլինեի, Մոսկվայում վաղուց ծնկահաս արյուն էր հոսելու...»։ Բոյարների համար ծանր էր այդքան հնամենի տոհմի ներկայացուցչի արյունը հեղելու վճիռը կայացնել։ Վասիլի Վասիլևիչը նստել էր՝ ձյան պես սպիտակած։ Թե ինքը, թե Խովանսկին Գեդիմինովիչներից էին, և մի Գեդիմինովիչի հիմա դատում էին ցածրատոհմ մարդիկ, երեկվա նորելուկներ։ Նման տարակուսանք տեսնելով, Իվան Միխայլովիչ Միլոսլավսկին մոտեցավ հեծյալներին ու շշնջաց Ստյոպկա Օդոևսկու ականջին։ Սա պոկվեց տեղից ու գյուղի միջով ամբողջ թափով սլացավ արքայադուստր Սոֆյայի վրանն ու նույն թափով, հավ ու մանուկ ոտատակ տալով, ետ եկավ. «Կառավարչուհին հրամայեց երկմտանք չանել, իշխանի վերջը տալ»։ Վասիլի Վասիլևիչը փութով հեռացավ, աչքերը թաշկինակով ծածկելով։ Վայրենաձայն բղավեց Խովանսկին, երբ Միխայլա Տըյրտովը, նրա մազերից բռնած, քարշ տվեց փոշոտ ճանապարհով։ Հենց այդտեղ էլ, ցանկապատի մոտ, կտրեցին Խովանսկու գլուխը։
Ստրելեցները մնացին անգլուխ։ Իմանալով մահապատժի մասին, սարսափահար լցվեցին Կրեմլ, դարպասները փակեցին, թնդանոթները լցրեցին, պատրաստվելով պաշարման։
Սոֆյան շտապեց Տրոիցե-Սերգիևո՝ անմատչելի պարիսպների պաշտպանության տակ։ Աշխարհազորը ղեկավարելը հանձնարարնեցին Վասիլի Վասիլևիչին։ Եվ այդպես, միմյանց սպառնալով, կանգնել էին երկու կողմերը, սպասելով, թե որ մեկն է առաջինը երկյուղելու։ Վախեցան ստրեւեցները և խնդրատուներ ուղարկեցին Տրոիցե։ Մեղայական էին բերել։ Դրանով իսկ վերջացավ նրանց ազատությունը։ Հրապարակի սյունը հանեցին։ Ազատագրերը ետ առան։ Ստրելեցների ատյանի պետ նշանակեցին Շակլովիտիին, որն անհապաղ էր հաշվեհարդար տեսնում։ Շատ գնդեր ցրեցին քաղաքներում։ Ժողովուրդը դարձավ աստծու գառ։ Ու նորից Մոսկվայի վրա, ամբողջ երկրի վրա անելանելի լռություն կախվեց։ Ձգվեցին տարիները։
Մթնշաղին, փողոցով, ցանկապատերի տակով վազում էր Ալեքսաշկան։ Սիրտը կտոր-կտոր էր լինում, քրտինքը մշուշել էր աչքերը։ Հեռվում կրակ բռնած խրճիթը մռայլ լուսավորում էր անվահետքերի ջրափոսերը։ Նրանից քսան քայլի վրա, սապոգները դմփդմփացնելով, վազում էր հարբած Դանիլա Մենշիկովը։ Այս անգամ մտրակ չէր ձեռքին, կեռ դաշույնն էր փայլում։ «Կանգնի՜,— սարսափազդու բղավում էր Դանիլան,— կսպանե՜մ...» Ալյոշկան վաղուց էր ետ մնացել, բարձրացել էր ճամփեզրի ծառը։
Մի տարուց ավելի Ալեքսաշկան չէր տեսել հորը, և ահա հանդիպել էին թալանված ու հրդեհված պանդոկի մոտ, ու Դանիլան իսկույն ընկել էր որդու ետևից։ Այդ ամբողջ ընթացքում Ալեքսաշկան ու Ալյոշկան թեև կիսաքաղց, բայց ուրախ էին ապրում։ Արվարձաններում տղաներին լավ ճանաչում ու սիրով գիշերելու տեղ էին տալիս։ Ամառն անցկացրեցին Մոսկվային մերձակա բացատներում ու գետակների ափերին թափառելով։ Երգող թոչուններ էին որսում, ծախում առևտրականներին։ Բանջարեղեն ու պտուղ էին թռցնում բանջարանոցներից։ Շարունակ մտածում էին մի արջ բռնել ու սովորեցնել, բայց գազան չէր ընկնում ձեռքները։ Ձուկ էին որսում։
Մի անգամ կարթը գցեցին հանդարտահոս ու ջինջ Յաուզան, որը սկիզբ էր առնում Լոսինով կղզու թավուտ անտառներից, և դիմացի ափին մի տղա տեսան, որը նստած էր, ծնոտը ձեռքին հենած։ Տարօրինակ էր հագնված՝ ճերմակ գուլպաներ, ոչ-ռուսական կանաչ կաֆտան, կարմիր դարձածալերով ու պսպղուն կոճակներով։ Հեռվում, բլրի վրա, լորենիների կատարների ետևից բարձրանում էին Պրեոբրաժենսկի պալատի ալիքավոր տանիքները։ Ժամանակին ամբողջությամբ էր երևում պալատը, արտացոլվում գետի մեջ՝ շքեղ ու գույնզգույն, հիմա ծածկված էր սաղարթով, բարձիթողի վիճակում էր։
Դարպասի մոտ ու մարգագետնում կանայք էին վազվզում, ինչ-որ մեկին ձայն տալով՝ երևի տղային էին փնտրում։ Սակայն նա, կռատուկի թփերի տակ նստած, ուշադրություն իսկ չէր դարձնում։ Ալեքսաշկան թքեց որդի վրա ու բղավեց գետի մյուս կողմը.
— Էյ, մեր ձկներին չվախեցնես հա՜... Թե չէ շալվարներս կհանենք, կգանք էդտեղ, քեզ...
Տղան քիթը քաշեց միայն։ Ալեքսաշկան՝ նորից.
— Դու ո՞վ ես, ումոնցի՞ց ես։ Ա՛յ տղա...
— Հիմա հրաման կտամ գլուխդ կթռցնեն,— խլաձայն ասաց տղան,— էն ժամանակ կիմանաս...
Ալյոշկան իսկույն շշնջաց Ալեքսաշկայի ականջին.
— Ի՞նչ ես ասում, ախր ցա՜րն է,— ու գցեց կարթը, գլխապատառ փախչելու համար։ Ալեքսաշկայի կապույտ աչքերի մեջ չարաճճիություն խաղաց...
— Համբերի, կհասցնենք փախչել։— Կարթը ջուրը գցեց, ծիծաղելով տղային նայեց։— Շատ վախեցանք քեզնից, գլուխ թոցնողի՜ս, տեսեք... Էդ ինչի՞ ես նստել։ Քեզ են ման գալիս...
— Նստել եմ էլի, կնիկներից եմ փախել։
— Ոնց որ տեսնում եմ՝ մեր ցարը չե՞ս։ Հը՞։
— Ցարն եմ։ Քե՞զ ինչ։
— Ո՞նց թե ինչ... Օրինակի համար, գնայիր ու մեզ համար շաքարած պրյանիկ բերեիր։ (Պյոտրն Ալեքսաշկային էր նայում անքթիթ, անժպիտ։) Աստված վկա, վազի բեր, մի բան ցույց կտամ։— Ալեքսաշկան գլխարկը հանեց, աստառի տակից ասեղը քաշեց։— Տես, ասե՞ղ է, թե չէ... Կուզե՞ս, թելած ասեղը թշիս միջով անցկացնեմ, ու բան չլինի...
— Սուտ չե՞ս, ասում,— հարցրեց Պյոտրը։
— Հրես, խաչ անեմ։ Կուզե՞ս ոտքով խաչ անեմ։— Ալեքսաշկան թափով նստեց, բոբիկ ոտքը բռնեց ու ոտքով խաչակնքեց։ Պյոտրն ավելի զարմացավ։
— Չէ մի, ցարը պիտի վազ տա, քեզ պրյանիկ բերի,— մրթմրթաց նա։— Ասեղը փողով չե՞ս անցկացնի։
— Արծաթ փող տաս, երեք անգամ կմտցնեմ, բան էլ չի լինի։
— Սուտ չե՞ս ասում,— Պյոտրն աչքերը սկսեց թարթել հետաքրքրությունից։ Վեր կացավ, կռատուկի թփերի տակից նայեց պալատի կողմը, ուր դեռ իրար անցած, ձայն էին տալիս ու կանչում ինչ-որ կանայք, և դիմացի ափով վազեց կամրջակի կողմը։
Հասնելով կամրջակի ծայրին, հայտնվեց Ալեքսաշկայից երեք քայլի վրա։ Ջրի վրա կապույտ ճպուռներ էին ճռճռում։ Ամպերն ու կայծակնահար լացող ուռենին էին արտացոլված ջրի վրա։ Ալեքսաշկան Պյոտրին ցույց տվեց հունարը՝ սև թելով ասեղը երեք անգամ անցկացրեց թշի միջով, ու ոչինչ չեղավ, ոչ մի կաթ արյուն, երեք կեղտոտ կետ մնաց թշի վրա։ Պյոտրը նայում էր բվեճի աչքերով։
— Ասեղն ինձ տուր,— ասաց անհամբեր։
— Բա դու փողը չե՞ս տալիս։
— Ա՛ռ...
Ալեքսաշկան օդի մեջ բռնեց շպրտած ռուբլիանոցը։ Պյոտրը, ասեղն առնելով, սկսեց անցկացնել թշի միջով։ Ծակեց, անցկացրեց ու ծիծաղեց, ետ գցելով գանգուրները։ «Քեզնից վատ չարեցի, քեզնից վատ չարեցի»։ Տղաներին մոռացած, վազեց պալատի կողմը՝ երևի բոյարներին սովորեցնելու այտի միջով ասեղն անցկացնելը։
Նոր ռուբլիանոց էր. մի երեսին երկգլուխ արծիվն էր, մյուսին՝ կառավարչուհի Սոֆյան։ Ալեքսաշկան ու Ալյոշկան իրենց օրում այդքան չէին վաստակել։ Այդ օրվանից հաճախ էին գալիս Ցաուզայի ափը, բայց Պյոտրին միայն հեռվից էին տեսնում։ Կամ թզուկ ձիով էր զբոսնում, ետևից էլ հաստլիկ մարդիկ էին արշավում, կամ թմբուկով քայլում էր գերմանական կաֆտաններով ու փայտյա մուշկետներով տղաների առջևից, ու նույն հաստլիկները դարձյալ չորս կողմն էին պտույտ գալիս, ձեռքները թափահարելով։
— Դատարկ բաներով է զբաղվում,— ասում էր Ալեքսաշկան, ճղակոտոր ուռենու տակ նստելով։
Ամռան վերջում նա վերջապես կարողացավ հիսուն կոպեկով մի նիհար, խոզի պես, սապատ ունեցող արջուկ գնել գնչուներից։ Ման ածողն Ալյոշկան էր՝ օղն արջուկի վիզը գցած։ Բայց եկավ աշունը, անձրևներից ցեխը ծնկահաս դարձավ մոսկովյան փողոցներում ու հրապարակներում։ Պարացնելու տեղ չկար։ Քնելու տեղ չէին տալիս գազանի հետ միասին։ Արջն էլ այնքան շատ էր խժոում, որ ամբողջ փողը ծախսում էին, դեռ չհաշված, որ ուզում էր ձմռան քուն մտնել։ Ստիպված էին վնասով ծախել։ Ձմռանն Ալյոշկան, հնարավորին չափ խղճալի հագնվելով, ողորմություն էր խնդրում։ Ալեքսաշկան եկեղեցիների առաջ մինչև գոտին մերկ ցնցվում էր սառնամանիքներին, համր ու կաթվածահար ձևացնելով՝ ահագին փող էր մուրում։ Հոգուն մեղք անել պետք չէ՝ վատ չապրեցին ձմռանը։
Ու նորից չորացավ գետինը, կանաչեցին անտառակները, երգեցին թռչունները։ Գործի մեջ թաղված էին. առավոտյան արշալույսին մշուշապատ գետակի վրա ձուկ էին բռնում, ցերեկը թրև գալիս շուկաներում, երեկոներն անտառ էին գնում՝ թոչնի թակարդ դնելու։ Ճանաչողները քանի անգամ ասացին Ալեքսաշկային. «Տես հա՜, հերդ Մոսկվայով մեկ քեզ է ման գալիս, ասում է՝ բռնեմ, սպանելու եմ»։ Ալեքսաշկան ընդամենը թքում էր ատամների արանքից երեք սաժեն հեռու։ Մեկ էլ մի օր վրա պրծավ...
Ստարայա Բասմաննայա փողոցը ծայրեծայր վազեց Ալեքսաշկան՝ ոտքերն արդեն բռնվում էին։ Այլևս ետ չէր նայում, լսում էր, որ ավելի մոտեցած են գռգռում սապոգները, Դանիլան շնչում էր հևասպառ ու սուլոցով։ Վերջն եկել էր։ «Օգնեցեեեե՜ք»,— բարակ ձայնով բղավեց Ալեքսաշկան...
Այդ ժամանակ մի բարձր կառք նրբանցքից դեպի Ռազգուլյայ թեքվեց ճոճվելով՝ հայտնի պանդոկ կար այնտեղ։ Իրար ետևից լծած երկու ձի խոշորաքայլ վարգով էին ընթանում։ Առջևի ձիու վրա գուլպաներով ու լայնեզր գլխարկով մի գերմանացի էր նստած։ Ալեքսաշկան իսկույն նետվեց ետևի անիվների կողմը, կախվեց սռնիից ու մագլցեց կառքի ետնամասին։ Դանիլան, տեսնելով դա, ոռնաց. «Կանգնի՜...»։ Բայց գերմանացին դաղեց նրան մտրակով, և Դանիլան, հայհոյելով ու շնչասպառ, ընկավ ցեխի մեջ։ Կառքը հեռացավ։
Ետնամասին կպած, Ալեքսաշկան հանգստանում էր՝ հարկավոր էր հնարավորին չափ հեռանալ այդ տեղից։ Պոկրովսկիյե դարպասից այն կողմ կառքը հարթ ճանապարհ ելավ, արագացրեց ընթացքն ու շուտով մի բարձր ցանկապատի մոտեցավ։ Դարպասի մոտից առաջ եկավ օտարերկրացի մեկը, ինչ-որ բան հարցրեց։ Կառքի միջից տերտերի երկար խոպոպներով մի գլուխ դուրս եկավ, բայց դեմքն ածիլված էր։ «Ֆրանց Լեֆորտը»,— պատասխանեց գլուխը։ Դարպասը բացվեց, և Ալեքսաշկան հայտնվեց Կուկույում, Գերմանական արվարձանում։ Անիվները խշշում էին ավազի վրա։ Փոքր տնակների լուսամուտներից հաճելի լույս, էր ընկնում ցածրիկ ցանկապատերի, խուզած ծառերի, ավազապատ արահետների արանքում սյուներին դրված ապակյա գնդերի վրա։ Տնակների առջևի պարտեզներում ճերմակին էին տալիս ու անուշ բույր արձակում ծաղիկները։ Տեղ-տեղ նստարանների վրա, մուտքերի մոտ գերմանացիներ էին նստած՝ գործած թասակներով, երկարուկ ծխափողեր բռնած։
«Տեր աստված, էս ի՜նչ մաքուր են ապրում»,— մտածեց Ալեքսաշկան, գլուխը դեսուդեն պտտելով կառքի պոչից։ Աչքերի մեջ լույսեր թրթռացին։ Անցան քառանկյուն լճակի մոտով՝ եզրերին կլոր ու փոքրիկ ծառեր էին դրված կանաչ ուղղանկյուն տակառների մեջ, դրանց արանքներում ճրագաթասեր էին վառվում, լուսավորելով մի քանի նավակներ, որոնց մեջ շրջազգեստները վեր քաշած որ չճմրթվի, բազուկները մերկ, կրծքաբաց, փետրազարդ գլխարկներով կանայք էին նստծ, ծիծաղում ու երգում էին։ Հենց այդտեղ, հողմաղացի տակ, աուստերիայի, կամ պանդոկի լուսավորված մուտքի առաջ տղա աղջիկ՝ իրար բռնած, պար էին գալիս։
Ամենուրեք հրացանակիրներ էին շրջում, որոնք Կրեմլում խստադեմ էին ու լուռ, իսկ այստեղ՝ կաֆտաններն արձակ, անզեն ու թևանցուկ, երգում էին, քրքջում՝ անչար, խաղաղ։ Ամեն ինչ խաղաղ էր այստեղ, բարեհամբույր, կարծես երկրի վրա չլիներ՝ աչքերը տրորելու ժամանակն էր...
Հանկարծ մտան մի ընդարձակ բակ, որի կենտրոնում կլոր լճակից ջուր էր շատրվանում։ Խորքում երևում էր աղյուսաձև ներկած մի տուն, դիմհարված ճերմակ գերաններով։ Կառքը կանգ առավ։ Երկարամազն իջավ ու տեսավ պոչից ցած ցատկող Ալեքսաշկային։
— Դո՞ւ ով ես, որտեղի՞ց ու ինչի՞ համար ես այստեղ,— հարցրեց նա, ծիծաղելի առոգանությամբ։— Քե՛զ էմ հարցնում, տղա՛։ Գո՞ղ ես։
— Ե՞ս եմ գող։ Ուրեմն, ծեծելով սպանի, թե գող եմ։— Ալեքսաշկան ժիր-ժիր նայում էր նրա ածիլած դեմքին, ցից քթին ու ժպտացող փոքր բերանին։— Տեսա՞ր, թե Ռազգուլյայում հերս ոնց էր ընկել ետևիցս, դանակը ձեռքին։
— Ա՜։ Այո, տեսա... ծիծաղեցի՝ մեծն ընկել է փոքրի ետևից...
— Հերըս մեկ է ինծ կմորթի... խնդրում եմ, ինձ ծառայության վերցրու... Քեռի՜...
— Ծառայությա՞ն։ Իսկ ի՞նչ գիտես անել։
— Ամեն ինչ... առաջինը՝ երգել, ինչ երգ ասես... Փող ու սրինգ եմ նվագում, գդալ զարկում։ Ծիծաղեցնել գիտեմ՝ քանի անգամ են մարդիկ փորները բռնել, հենց սկսել եմ։ Պարել գիտեմ՝ առավոտը սկսեմ, էն մյուս առավոտ պրծնեմ, ու չքրտնեմ։ Ինչ ասես ինձ, էն էլ կկարողանամ...
Ֆրանց Լեֆորտը բռնեց Ալեքսաշկայի սուր ծնոտից։ Ըստ երևույթին, տղան դուրը եկել էր։
— Օ՜, դու շատ լավ տղա ես... Օճառ կվերցնես ու կլողանաս, քանի որ կեղտոտ ես... Հետո քեզ հագուստ կտամ... Բայց եթե գողություն անես...
— Դրանով չենք զբաղվում, ինչքան չլինի խելք ունենք, թե՞ չունենք,— այնքան վստահ ասաց Ալեքսաշկան, որ Ֆրանց Լեֆորտը հավատաց։ Ձիապանին ինչ-որ բան ասելով Ալեքսաշկայի մասին, տուն գնաց սուլելով, ոտնաթաթերը կողք գցելով ու ասես պարաքայլ. հավանաբար, որովհետև լճակի մոտ երաժշտություն էր հնչում ու գրգռիչ ձայնում էին գերմանուհիները։
— Դե, բավական է, Նիկիտա Մոիսեևիչ, երեխայի գլուխը հանկարծ չցավի...
Նատալյա Կիրիլովնան դեռ չէր վերջացրել, Պյոտր ցարը բառի կեսից ընդհատեց Առաքյալ կարդալը, շտապ-շտապ խաչակնքեց թանաքոտ մատներով և չսպասելով, որ ուսուցիչն ու քեռին՝ Նիկիտա Մոիսեևիչ Զոտովը, ըստ կանոնի, մինչև գետին գլուխ խոնարհի, համբուրեց մոր ձեոքը, որն անօգնական թափահարվեց՝ որդուն մի պահ բռնելու, մոտը պահելու համար, և ճռճռացող տախտակների, միջանցքների ու սանդուղքների վրայով փութով սուրացին նրա ծուռթաթ քայլերը, վախեցնելով Պրեոբրաժենսկի պալատի մութ անկյուններում ծվարած հացփորի պառավներին։
— Գլխա՜րկդ, գլխա՜րկդ, գլուխդ կվառվի արևից,— թույլ բղավեց թագուհին նրա ետևից։
Նիկիտա Զոտովը կանգնած էր նրա առաջ՝ ջերմեռանդ և ուղիղ, ինչպես եկեղեցում, սանրված, մաքուր, փափլիկ ոտնամաններով, բարակ մահուդի մգագույն ֆերյազով, որի օձիքը ետևից կանգնած էր գլխից բարձր։ Փափուկ շրթունքներով ու գանգուր մորուքով բարեպաշտ դեմքը ջերմեռանդությունից ետ էր գցել։ Բոլորանվեր մարդ էր՝ խոսք չկար։ Ասեիր, Նիկիտա, քեզ գցիր դաշույնի վրա, կգցեր։ Շնից ավելի հավատարիմ էր, բայց շատ էր պայծառ, հոգին թեթև։ Այդպիսի քեռի պետք չէր կամակոր տղային։
— Նիկիտա Մոիսեևիչ, նրա հետ ավելի շատ կարդա սուրբ գրքեր։ Թե չէ ցարի նման չէ մի տեսակ... Մինչև դես-դեն՝ պսակելու ժամանակը կգա... Թաթերի վրա ճեմելով քայլելը մինչև հիմա չի սովորել, մի գլուխ վազում է հասարակ մարդու պես։ Այ, նայիր...
Պատուհանից դուրս նայելով, թագուհին ձեռքերը թույլ-թույլ իրար զարկեց։ Բակում վազում էր Պյոտրը՝ շտապելուց գայթելով։ Ետևից՝ լողլող տղաներն էին, պալատական սպասավորներից, ձեռքներին մուշկետներ ու փայտյա երկարապոչ կացնիկներ։ Հողապատնեշի վրա, որը պալատի առաջ սարքած ռազմախաղի ամրոց էր, ցցապատի ետև կանգնած էին գյուղից այստեղ քշված մուժիկները՝ գերմանական լայնեզր գլխարկներով։ Նրանց հրամայված էր նաև ծխախոտով լի ծխամորճեր պահել բերաններում։ Վախեցած նայելով ցատկոտելով վազող ցարին, նրանք մոռացան, թե ինչպես են խաղալու։ Պյոտրը զայրացած բղավեց աքլորի ձայնով։ Նատալյա Կիրիլովնան զարհուրելով տեսավ Պետյայի կատաղած կլոր աչքերը։ Նա մագլցեց ամրոցի վրա ու զայրացած, փոքր մուշկետով մի քանի անգամ խփեց խաղացող մուժիկներից մեկին, որը գլուխն ուսերի մեջ քաշեց։
— Իր ասածով թե չեղավ, կսպանի,— ասաց Նատալյա Կիրիլովնան,— և ո՞ւմ է քաշել կատաղած բնավորությամբ։
Խաղը նորից սկսեցին։ Կացնիկներով լողլող պատանյակներին շարք կանգնեցնելով, Պյոտրը նորից բարկացավ, որ իրեն վատ են հասկանում։ Փորձանք էր. տաքանալիս, սկսում էր անհասկանալի խոսել, շտապելուց խեղդվում ու բառերը կուլ էր տալիս, ասես ավելին էր ուզում ասել, քան ունեցած բառերը։
— Գլուխն ինչի՞ց է այդպես սկսել ցնցվել,— ասաց Նատալյա Կիրիլովնան, վախով նայելով որդուն։ Եվ հանկարծ փակեց ականջները։ Ամրոցի վրայի մուժիկները առաջ բերեցին կաղնեփայտե թնդանոթը, որը թագուհու խստիվ հրամանով շատ փափուկ բաներով էր լցված՝ խաշած շաղգամով ու խնձորով, և կրակեցին։ Ու տեղնուտեղը, զենքերը ցած գցելով, ձեռքները վեր պարզեցին՝ ի նշան հանձնվելու։
— Հանձնվել չի՜ կարելի։ Պիտի կռվե՜ք,— բղավում էր Պյոտրը, պտույտ գալով ու գլուխը թափահարելով։— Սկզբից։ Ամեն ինչ սկզբից...
— Նիկիտա Մոիսեևիչ, պատուհանը փակիր, շատ են աղմկում, գլուխս ցավեց,— ասաց թագուհին։
Փակվեց գունավոր լուսամուտը։ Նատալյա Կիրիլովնան գլուխը կախեց ու խաղացրեց մատները, գցելով սրբազան խխունջներից պատրաստված աֆոնյան տերողորմյան։ Տրտմալի էր։ Այդ տարիների ընթացքում վշտից ու արցունքից թոշնել էր Նատալյա Կիրիլովնան, միայն հոնքերն ու երբեմնի հրացայտ, մթին աչքերն էին մնացել գեղեցկությունից։ Միշտ սևազգեստ էր, սև գլխաշորով։ Այդպես ժամանակին Մարիա Նագայան էր ապրում Ուգլիչում, տարաբախտ Դմիտրիի հետ... Նույն դժբախտությունն այստեղ էլ չպատահեր... Կառավարչուհի Սոֆյան քնում ու երազ է տեսնում՝ պսակվի Գոլիցինի հետ ու թագավորի։ Արդեն թագ է պատվիրել իր համար գերմանացի վարպետներին։
Պրեոբրաժենսկի պալատում ամայություն է, միայն սպասավորներն են վազվզում ոտնաթաթերի վրա և մութ անկյուններում քչփչում են պառավ ծծմայրերը, դայակները։ Ցարը թեև պատանի է, բայց տանել չի կարողանում պառավներին. հենց տեսավ մոմը վրան կաթկթած մի դայակ քարշ է գալիս պատերի տակով, այնպես կգոռա, որ ուշակորույս պառավը հազիվ կհասնի իր անկյունը։
Բոյարները Պրեոբրաժենսկում չեն լինում՝ ոչ պատիվ կա այստեղ, ոչ շահ; Բոլորը խռնվել են Կրեմլում, տաք արևի տակ։ Շատ պախարակելի չլինելու համար Սոֆյան Պյոտր ցարի արքունիքում լինելու հրաման էր տվել չորս բոյարների՝ իշխան Միխայլա Ալեգուկովիչ Չերկասսկուն, իշխան Լըյկովին, իշխան Տրոեկուրովին ու իշխան Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինին։ Եվ ի՞նչ օգուտ նրանցից։ Ձիերից ալարելով կիջնեին շքամուտքի մոտ, կհամբուրեին թագուհու ձեռքն ու կնստեին՝ լուռ, հոգոց հանելով։ Խոսելու քիչ բան կգտնվի շնորհազուրկ թագուհու հետ։ Վազեվազ գլխատուն կմտներ Պյոտրը, բոյարները խոնարհվելով չթագավորող թագավորին, կհարցնեին նրա արքայական ողջությունն ու նորից հոգոցներ կհանեին, գլուխները տարուբերելով. շատ ժիր ու ճարպիկ է դառնում ցարը, տես, այտը ճանկռված է, ձեոքերը՝ ճաքճքած։ Վայել չէ։
— Նիկիտա Մոիսեևիչ, ինձ ասացին՝ Մըյտիշչիում մի կնիկ կա, Վորոբյիխա է անունը, կվասի մրուրով գուշակում է, ու շատ ճիշտ, ամեն ինչ կատարվում է...— ասաց թագուհին։— Մարդ ուղարկենք, կանչեն... Մենակ թե վախենում եմ... Մի գեշ բան չգուշակի...
— Մայր թագուհի, ի՞նչ գեշ բան կարող է ձեզ գուշակել այդ եղկելի Վորոբյիխան,— երգեցիկ, դուրեկան ձայնով պատասխանեց Զոտովը։— Այդ դեպքում Վորոբյիխային պատառ-պատառ անելն էլ քիչ է։
Նատալյա Կիրիլովնան մատը բարձրացրեց, մոտ կանչեց նրան։ Զոտովն անաղմուկ, փափուկ ոտնամանների թաթերի վրա մոտեցավ։
— Մոիսեևիչ... Քիչ առաջ խոհանոցում մի ստրելեցի այրի էր եկել, մաղով հատապտուղ էր բերել, ասաց, թե Սոֆյան օրերս պալատում բարձր-բարձր ասել է, բոլորն էլ լսել են. «Ափսոս, ասել է, ստրելեցներն այն ժամանակ գայլաճտին ու էգ գայլին էլ չխեղդեցին...»։
Նատալյա Կիրիլովնայի շրթունքները դողացին, սև գլխակապով եզերված կրկնակի կզակը ցնցվեց, խոշոր աչքերն արցունքով լցվեցին։
Ի՞նչ պատասխանել նրան։ Ինչո՞վ սփոփել։ Սոֆյայի ձեռքի տակ ստրելեցների գնդերն են, ազնվական ամբողջ աշխարհազորը Սոֆյայի կողմն է բռնել, իսկ Պյոտրը ռազմախաղի մի երեք տասնյակ տխմար-պատանյակ ունի, մեկ էլ շաղգամով լցված փայտյա թնդանոթ... Նիկիտա Զոտովը ձեռքերը տարածեց, գլուխը ետ տարավ, մինչև որ ծոծրակը դեմ առավ կոշտ օձիքին...
— Մարդ ուղարկիր, Վորոբյիխային կանչեն,— շշնջաց թագուհին,— թող գոնե ճիշտն ասի, թե չէ սարսափելի է մի տեսակ...
Երկար ու ձանձրալի է ամռան օրը։ Ճերմակ ամպերը լողում ու կարծես կանգնած են Ցաուզայի վրա։ Տապ է։ Ճանճեր։ Մշուշի միջից երևում են Մոսկվայի անհամար գմբեթները, ամրոցի աշտարակի կատարները։ Ավելի մոտ գերմանական կիրխեի սուր ծայրն է երևում, Կուկույի հողմաղացները։ Կռռում են հավերը՝ նինջ բերելով։ Խոհանոցում դանակներ են չխկչխկում։
Ալեքսեյ Միխայլովի չի օրոք երբեմն ծիծաղ ու աղմուկ էր հնչում Պրեոբրաժենսկում, մարդիկ էին հավաքվում, ձիեր էին վրնջում։ Միշտ մի զվարճանք լինում էր՝ որս, կամ արջի հետապնդում, ձիարշավ։ Իսկ հիմա՝ քարաշեն դարպասից այստեղ բերող ճանապարհին խոտ է բսնել արդեն։ Կյանքն անցավ։ Նստիր ու տերողորմյադ գցիր։
Ապակուն ինչ-որ բանով խփեցին։ Զոտովը բացեց պատուհանը։ Լորենու տակ, ոտից գլուխ փոշեկոլոլ, հողաթաթախ ու քրտնած, կանգնած էր Պյոտրը՝ կարծես մուժիկի զավակ լիներ։ Ձայն տվեց.
— Նիկիտա, հրաման գրիր... Մուժիկներս, բանի պետք չեն, քանի որ ծեր են ու անխելք... Շուտ արա։
— Ի՞նչ կհրամայես գրել, Տերդ արքայական մեծություն,— հարցրեց Նիկիտան։
— Ինձ հարկավոր է հարյուր մուժիկ՝ ուժեղ, խելացի... Շուտ արա...
— Գրեմ՝ ինչի՞ համար են սույն մուժիկները։
— Ռազմախաղերի... Թող չփչացած մուշկետներ ուղարկեն, հետն էլ վառոդ... Ու երկու թուջե թնդանոթ՝ կրակելու համար... Շուտ արա, շուտ... Կստորագրեմ, սուրհանդակ կուղարկենք...
Լորենու ճյուղը դեն տանելով, պատուհանից ցած հակվեց թագուհին.
— Պետենկա, աչքիս լույս, հերիք է կռիվ անես... Մի քիչ հանգստացիր, կողքս նստիր...
— Ժամանակ չկա, մւսմանյա, հետո...
Նա վազեվազ հեռացավ։ Երկար հոգոց հանեց թագուհին որդու ետևից։ Զոտովը, երեսը խաչակնքելով, գրպանից հանեց սագի փետուրը և գրչահատը, խնամքով սրեց ծայրը, ստուգեց եղունգով։ Մի անգամ էլ խաչակնքեց, աղոթք մրմնջալով, թևքը ծալեց ու նստեց գրելու՝ պոլուուստավով. «Ողորմածությամբն Աստուծո, մենք՝ լուսապայծառ և վեհապետագույն թագավորն մեծ, ցար և մեծն իշխան Պյոտր Ալեքսեևիչը, ինքնակալը համայն Մեծ և Փոքր և Սպիտակ Ռուսիո...»։
Ձանձրույթից թագուհին վերցրեց որդու տետրը։ Թվաբանություն էր։ Թանաքոտված էր տետրը, թեքուծուռ, անընթեռնելի գրոտած. «Ադիցիայի օրինակ... Պարտկը շատ է, իմ մոտի փողն քիչ է եղած պարտկիծ, պետկ է հաշվել ինչքան է պետկ վճառել։ Դա գրվում է այսպես, պարտկը վերեվից, տակը փողն ու վերեվինից հանում են տակի եղածը։ Օրինակ, մեկը էրկուսից մնաց մեկ։ Վերեվը գրի էրկու, դրա տակը մեկ, մեկի տակը հաշվելու գիծը, հաշվելու գծի տակ ինչ թիվ կստանաս կամ ստացած թիվը...»։
Թագուհին հորանջեց՝ ուտել էր ուզում, թե մեկ ուրիշ բան...
— Նիկիտա Մոիսեևիչ, մոռացել եմ, ճաշից հետո բան կերա՞նք, թե չէ։
— Մայր թագուհի, Նատալյա Կիրիլովնա,— գրիչը կողմ դնելով, Զոտովը վեր կացավ, գլուխ խոնարհեց։— Հենց որ ճաշեցինք, դուք բարեհաճեցիք ննջել, արթնացաք, ձեզ հատապտուղ մատուցեցին սերուցքով, տանձի եփուկ ու վանքական մեղր...
— Թե չէ... Շուտով իրիկնային ժամերգության ենք կանգնելու...
Թագուհին ծույլ-ծույլ վեր կացավ ու գնաց ննջարան։ Այստեղ ճրագներ էին վառվում (պատուհանները վարագուրված էին), պատերի տակ, ծածկոց գցած սնդուկների վրա նստած էին չարալեզու հացփորի պառավները և միմյանց հին-հին վիրավորանքներ էին հիշեցնում շշնջաձայն։ Միանգամից ոտքի ելնելով, ասես անոսկր պուպրիկներ լինեին, խոնարհվեցին թագուհուն։ Նա նստեց սրբապատկերների տակ, վենետիկյան բարձրաթիկնակ աթոռին։ Մահճակալի ետեից դուրս սողաց ճպռոտած աչքերով գաճաճ կինը, երեխայի պես թնկթնկալով՝ կուչ եկավ թագուհու ոտքերի մոտ՝ պառավները նեղացրել էին նրան։
— Չլինի՞ երազ եք պատմում, անխելքներ,— ասաց Նատալյա Կիրիլովնան։— Ոչ մեկդ միեղջյուր չի՞ տեսել։
Օրն ավարտելով, դանդաղ զարկեց պալատի եկեղեցու աշտարակազանգը։ Նախասենյակով, աստիճանների վրա, ուռած աչքերը տրորելով, հայտնվեցին մանրակալվածք, ցածրատոհմիկ բոյարների զավակները՝ Պյոտրի պալատին Սոֆյան նրանց էր կցել որպես սեղանապետ-պալատականներ։ Այստեղ էր և Վասիլի Վոլկովը՝ հայրը դուռ չմնաց, ճակատով բացեց, տղային պատվի արժանացրեց։ Հեշտ ու կուշտ ապրուստ էր, ռոճիկը՝ տարեկան վաթսուն ռուբլի։ Բայց ձանձրալի էր։ Համարյա օրուգիշեր պալատականները քնած էին։
Իրիկնային ժամերգության զանգերը զարկեցին։ Ցարը ոչ մի տեղ չկար։ Սեղանապետերը ցրվեցին՝ փնտրելու բակում, բանջարանոցներում, գետակի ափի մարգագետիններում։ Թագուհին մի երկու տասնյակ ձայնեղ ծծմայրեր ուղարկեց նրանց օգնության։ Ամբողջ շրջակայքը փնտրեցին, ձայն տվեցին՝ ոչ մի տեղ չկար։ Տեր աստված, հո չէ՞ր խեղդվել։ Պալատականների քնեածությունը չքացավ։ Թռան անթամբ ձիերի վրա, ցրվեցին իրիկնային դաշտերում՝ բղավելով ու ձայն տալով։ Պալատում իրարանցում սկսվեց։ Պառավները վրա տալով փսփսացին բոլոր անկյուններում. «Հաստատ Սոնյայի արածը կլինի... Քիչ առաջ մի մարդ էր ման գալիս պալատի կողքերը... Ոտքի մեջ խրած դանակ էին տեսել... Մորթեցին, մորթեցին մեր տիրոջը, մեզ հաց ու ջուր տվողին...»։ Չարագույժ այդ շշուկներով Նատալյա Կիրիլովնային խելագարության հասցրեցին, և նա դուրս վազեց առմուտք։ Մշուշ էր գալիս մթնած դաշտերից, լորերն էին կրթկրթում խոնավ խանդակներում։ Հեռվում, Սոկոլնիչի սևացած անտառի վրա աղոտ ու մռայլ մի աստղ երԱաց։ Նատալյա Կիրիլովնայի սիրտը թախիծ սողոսկեց։ Ձեոքերը կոտրատելով, նա բղավեց.
— Պետենկա՜, զավա՜կս։
Վասիլի Վոլկովը, գետի ափով ձին չափ գցած, դեմ առավ ձկնորսների խարույկին՝ ձկնորսները վախեցած վեր թռան, եփվող ձուկը շրջվեց կրակի վրա։ Հևասպառ Վոլկովը հարցրեց.
— Ժողովուրդ, ցարին չե՞ք տեսել։
— Մի քիչ առաջ նավակի մեջ նա չէ՞ր... Ոնց որ թե ուղիղ Կուկույ գնացին։ Գերմանացիների մոտ ման եկեք...
Արվարձանի դարպասը դեռ փակ չէր։ Վոլկովը փողոցով սլացավ այն կողմն, ուր գերմանացիներ կային հավաքված։ Ձիու վրայից տեսավ ցարին ու նրա կողքը կանգնած երկարամազ, միջահասակ, հնդուհավի պես կարճ կաֆտանի փեշերը տնկած մի մարդու։ Կողք պարզած մի ձեռքում գլխարկն էր, մյուսում՝ ձեռնափայտը, և համարձակ ծիծաղելով, շան որդին խոսում էր ցարի հետ։ Պյոտրը լսում էր, եղունգը կրծելով։ Ու բոլոր գերմանացիները կանգնած էին անամոթաբար ազատ ու համարձակ։ Վոլկովը ցած թռավ ձիուց, հրմշտելով առաջացավ ու ծնկի իջավ ցարի առաջ.
— Ողորմած տեր, մայր թագուհին գլուխը կորցրել է, աստված գիտե, թե ինչեր մտածեցին ձեր մասին։ Բարեհաճեցեք տուն գնալ՝ երեկոյան ժամերգության...
Պյոտրն անհամբերությամբ ցնցեց գլուխն ուսի վրա.
— Չեմ ուզում... Կորի՛ր էստեղից...— Եվ քանի որ Վոլկովը շարունակում էր պաղատագին իրեն նայել ծնկաչոք, բարկացավ ցարն ու ոտքով խփեց նրան։— Չքվիր գնա, ճորտ։
Վոլկովը խոր գլուխ խոնարհեց և խոժոռված, չնայելով ծիծաղող մարդկանց, չափավոր վարգով գնաց զեկույց տալու թագուհուն։ Մեղմաբարո, վարդագույն կրկնակի կզակով, ժիլետով ու գործած գդակով, ասեղնագործ ոտնամաններով մի գերմանացի՝ գինեվաճառ Իվան Մոնսը, երիտասարդ ցարին նայելու համար ելավ աուստերիայից, բերանից հանեց ճենապակյա ծխամորճը.
— Նորին արքայական մեծության համար մեզ մոտ ավելի ուրախ է...
Չորսբոլորը կանգնած օտարերկրացիները, ծխամորճները հանելով, գլուխները թափահարեցին, բարեսիրտ ժպիտներով հաստատելով.
— Օ՜, այո, մեզ մոտ ավելի ուրախ է...
Ու մոտեցան լսելու, թե երկարահասակ, մանկական երկար վզով ցարին ինչ է ասում պճնազգեստ, փարթամահյուս կեղծամ դրած մարդը՝ Ֆրանց Լեֆորտը։ Պյոտրը նրան հանդիպել էր Յաուզայի վրա. ծանր գետանավով էին լողում, ծառաներն անվարժ էին թիավարում, չխկչխկացնելով թիակալները։ Պյոտրը նստած էր ցռուկին, ոտքերն իրեն քաշած։ Վերջալույսի շողերով ողողված, դանդաղ մոտենում էին կղմինդրե տանիքները, սուր կտրաձողերը, խուզված ծառերի կատարները, հողմացույցներով ջրաղացները, աղավնատները։ Կուկույից օտարոտի երաժշտության հնչյուններ էին գալիս։ Ասես յոթ սար, յոթ ձոր այն կողմ ընկած մի քաղաք էր երևում հարթմնի, որի մասին Պյոտրի ականջին դեռ օրորոցում էին մրմնջացել դայակները։
Ափին, աղբակույտի վրա, փեշերը ցից կաֆտանով, սուսերով ու երեք եզրերը ծալած սև գլխարկով մի մարդ հայտնվեց՝ կապիտան Ֆրանց Լեֆորտն էր։ Պյոտրը տեսել էր նրան Կրեմլում, երբ օտարերկրյա դեսպաններին էին ընդանում։ Ձեռնափայտ բռնած ձախ ձեռքը կողք պարզելով, գլխարկը հանեց, ետքայլ արեց ու խոնարհվեց՝ կեղծամի գալարները ծածկեցին դեմքը։ Նույն ճարպկությամբ ուղղվեց և բերանի անկյունները թռցրած ժպտալով, կոտրատված ռուսերենով ասաց.
— Պատրաստ եմ ծառայել ձերդ արքայական մեծությանը...
Պյոտրը նրան էր նայում վիզը ձգած, որպես մի հրաշքի՝ շատ էր ճարպիկ այդ մարդը, զվարթ, ու նման չէր և ոչ մեկի։ Գանգուրները թափահարելով՝ Լեֆորտը խոսում էր.
— Ես կարող եմ ջրաղաց ցույց տալ, որը քթախոտ է աղում, կորեկ ծեծում, ջուլհակի դազգահ շարժում և ջուր լցնում հսկայական տակառի մեջ։ Կարող եմ ցույց տալ և ջաղացի անիվ, որի ներսում շուն է վազում ու պտտում անիվը։ Գինեվաճառ Մոնսի տանը երաժշտական արկղիկ կա՝ վրան տասներկու կավալեր ու դամա, ինչպես նաև երկու թոչուն, անչափ նման բնականին, բայց եղունգի մեծության։ Թոչունները սոխակի պես երգում են, պոչերն ու թևերը թափահարում, թեև սույնը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեխանիկայի օրենք։ Դիտափող ցույց կտամ, որով լուսնին են նայում ու տեսնում այնտեղի ծովերն ու սարերը։ Դեղագործի տանը սպիրտի մեջ ապրող իգական սեռի մի մանկիկ կարելի է տեսնել՝ դեմքը լայնակի մեկուկես քառորդ է, մարմինը բրդով ծածկված, ձեռքերի ու ոտքերի վրա երկուական մատ։
Պյոտրի աչքերն ավելի ու ավելի էին կլորանում հետաքրքրությունից։ Բայց նա լսում էր, փոքր բերանը սեղմած։ Չգիտես ինչու նրան թվում էր, որ եթե ինքը՝ լողլող, երկար ձեռքերով, իջնի ափ, Լեֆորտն իր վրա կծիծաղի։ Ամաչելուց քիթն էր ֆսֆսացնում բարկացած ու սիրտ չէր անում իջնել, թեև նավակն արդեն քիթը խրել էր ափի մեջ։ Այդժամ Լեֆորտը մոտ վազեց ջրին՝ ուրախ, գեղեցիկ, բարեսիրտ, Պյոտրի ճանկռոտված, կրծոտած եղունգներով ձեռքը բռնեց ու կրծքին սեղմեց.
— Օ՜, մեր բարի կուկույցիննրը սրտանց ուրախ կլինեն տեսնել Ձերդ մեծությանը... Նրանք անչափ զվարճալի կունդշտյուկներ ցույց կտան ձեզ...
Ճարպիկ էր, խորամանկ էր Լեֆորտը։ Դեո ուշքի չեկած՝ Պյոտրն արդեն, ձեռքերը թափ տալով, քայլում էր նրա կողքով դեպի արվարձանի դարպասը։ Այստեղ նրան շրշապատեցին կուշտուկուռ, կարմրաթուշ, բարեհոգի կուկույցիները, և յուրաքանչյուրը կամեցավ իր տունը ցույց տալ, իր ջրաղացը, ուր անվի ներսում շուն էր վազում, իր պարտեզը՝ ավազապատ կածաններով, խուզված թփուտներով և ոչ մի ցողուն ավելի խոտով։ Հնարամիտ բոլոր սարքերը ցույց տվեցին, որոնց մասին ասել էր Լեֆորտը։
Պյոտրը զարմանում էր ու շարունակ հարցնում. «Իսկ սա՞ ինչ է։ Իսկ սա՞ ինչի համար է։ Իսկ սա՞ ինչպես է սարքված...»։ Կուկույցիները գլուխներն էին թափահարում և հավանություն տալով ասում. «Օ՜, երիտասարդ Պյոտր Ալեքսեևիչն ուզում է ամեն ինչ իմանալ, գովական բան է դա...»։ Վերջապես, մոտեցան քառանկյուն լճակին։ Արդեն մութ էր։ Աուստերիայի բաց դռնից լույս էր ընկնում ջրի վրա։ Պյոտրը պստլիկ մի նավակ տեսավ, փոքր, քամու բացակայությունից կախված առագաստով։ Նավակի մեջ դեռատի աղջիկ էր նստած, վարդի պես ճերմակ ու փարթամ զգեստով։ Մազերը վեր էին սանրած ու ծաղիկներով զարդարված, մերկ ձեռքերով վին էր բռնել։ Պյոտրը անչափ զարմացավ, նույնիսկ սարսափեց մի տեսակ։ Մթնշաղի մեջ հրաշալի դեմքը Պյոտրին դարձնելով, աղջիկը զարկեց լարերին ու բարալիկ ձայնով գերմաներեն այնպիսի սրտաճմլիկ ու հաճելի բան երգեց, որ բոլորի քթները խտղտացին։ Կանաչ գնդերի և կոնաձև խուզված ծառերի արանքում անուշ բույր էին արձակում ծխախոտի սպիտակ ծաղիկները։ Անհասկանալի տպավորությունից Պյոտրի սիրտը շատ արագ բաբախեց։ Լեֆորտը նրան ասաց.
— Նա երգում է ձեր պատվին։ Շատ լավ աղջիկ է, ունևոր գինեվաճառ Յոհանն Մոնսի աղջիկն է։
Ինքը՝ Յոհանն Մոնսը, ծխամորճը բերանին, ուրախ-ուրախ բարձրացրեց ձեռքը և ողջունեց Պյոտրին։ Լեֆորտի գայթակղիչ ձայնը շշնջաց.
— Հիմա աուստերիայում կհավաքվեն աղջիկները, պարեր կլինեն ու հրավառություն, կամ կրակի խաղեր...
Մութ փողոցում կատաղորեն դոփեցին ձիերի սմբակները։ Ցարական սեղանապետերի մի ամբողջ բազմություն էր եկել ցարի մոտ և խիստ հրաման բերել թագուհուց՝ տուն գնալ։ Այս, անգամ ստիպված էր հնազանդվել։
Կրեմլում եղած օտարերկրացիները զարմանքով էին խոսում, որ ի տարբերություն Փարիզի, Վիեննայի, Լոնդոնի, Վարշավայի կամ Ստոկհոլմի, ցարական արքունիքն ավելի շատ վաճառականական գրասենյակի է նման։ Ոչ կիրթ զվարճանք, ոչ պարահանդես, ոչ խաղեր, ոչ նրբին զբաղումն երաժշտությամբ։ Ոսկեկար մուշտակներով բոյարները, գոռոզամիտ իշխանները, երևելի վոյեվոդաները կրեմլյան ցածրառաստաղ ու շոգ սրահներում խոսում էին միայն կանեփի, պոտաշի, ճարպի, ցորենի, կաշվի առևտրական գործարքներից... Վիճում ու անպատվում էին միմյանց՝ գների խնդրով։ Տրտնջում, թե ահավասիկ, հողն էլ է բերրի, ամեն ինչ էլ շատ կա, սակայն նվազ է առևտուրը, ընդարձակ են բոյարական վոտչինաները, բայց ծախելու բան չկա։ Սև ծովում թաթարներն են, Բալթիականով անցնել չի լինի, Չինաստանը հեռու է, հյուսիսում անգլիացիներն են ամեն ինչ բռնել։ Նվաճել է պետք ծովերը, բայց ուժ չկա։
Նաև՝ սակավ ձեռներեց էին ռուսները։ Արջերի պես ապրում էին ամուր դարպասների ետևում, անանցանելի ցանկապատերով պատնեշված մոսկովյան դաստակերտներում։ Օրվա ընթացքում երեք ժամերգության էին կանգնում։ Չորս անգամ կուշտ ուտում էին, դեռ ցերեկներն էլ քնում՝ բարեպատշաճության ու առողջության համար։ Ազատ ժամանակ քիչ էր մնում, բոյարինը պալատ պիտի գնար, սպասելու, թե իրենից երբ է ծառայություն պահանջվելու ցարին, վաճառականը պիտի նստեր ու հաճախորդ կանչեր, ատենավորը՝ ֆսֆսացներ պաշտոնագրերի վրա։
Դեռ երկար պիտի կողերը քորեին, գռմռային ու տրտնջային ռուսները, բայց անսպասելի բան կատարվեց՝ բախտները բացվեց։ Լեհաց թագավոր Յան Սոբեսսկին մեծ դեսպաններ ուղարկեց Մոսկվա՝ Թուրքերի դեմ դաշինքի շուրջ խոսելու։ Մեղրածոր խոսեցին լեհերը, որ չի կարելի թույլ տալ պիղծ թուրքերին տանջել քրիստոնյաներիս, և լավ չէ, որ ուղղափառ ռուսները հաշտ են թուրքական սուլթանի և Ղրիմի խանի հետ։ Մոսկվայում իսկույն հասկացան, որ լեհերը նեղության մեջ են ու իսկական ժամանակն է առևտուր անել նրանց հետ։ Այդպես էլ կար. ավստրիական կայսեր հետ դաշնակից Լեհաստանը հազիվ էր պաշտպանվում թուրքերից, հյուսիսից շվեդներն էին սպառնում նրան։ Բոլորը դեռ հիշում էին Երեսնամյա պատերազմը, երբ սասանվեց Ավստրիական կայսրությունը, ամայացավ Գերմանիան և Լեհաստանը համարյա թե շվեդական վոտչինա դարձավ։ Ծովերի տիրակալ դարձան ֆրանսիացիները, հոլանդացիները, թուրքերը, իսկ ամբողջ Բալթիականի ափերով՝ շվեդները։ Պարզ էր, թէ հիմա ինչի էին հետամուտ լեհերը. ռուսական զորքերով ուկրաինական տափաստանները պաշտպանել թուրքական սուլթանից։
Ցարական մեծ կնիքների և պետական դեսպանատան գործերի պահպան ու նովգորոդյան փոխարքա, իշխան Վասիլի Վասիլևիչ Գոլիցինը լեհերից պահանջեց վերադարձնել Կիևը։ «Մեզ վերադարձրեք ցարական վաղնջական վոտչինա Կիևն իր փոքր քաղաքներով, այդ դեպքում հաջորդ տարի զորք կուղարկենք Ղրիմ՝ խանի դեմ պատերազմելու»։ Երեքուկես ամիս վիճում էին լեհերը. «Ավելի լավ է ամեն ինչ կորցնենք, քան Կիևը տանք»։ Ռուսները չէին շտապում, իրենցն էին պնդում, լեհերի համար կարդացին բոլոր տարեգրությունները՝ Ռուսիայի մկրտությունից սկսած։ Եվ դիմացան, վեճը շահեցին։
Թուրքերի կողմից Բեսարաբիայում ջախջախված Յան Սոբեսսկին, լաց լինելով, հավերժ խաղաղություն ստորագրեց Մոսկվայի հետ ու վերադարձրեց Կիևը՝ փոքր քաղաքներով։ Հաջողությանը մեծ էր, բայց ուրիշ ելք էլ չկար՝ ստիպված էին զորք հավաքել, գնալ խանի դեմ պատերազմելու։
Օխոտնի ռյադի դիմաց գոլիցինյան տունն էր՝ մաքուր և արժանապատիվ։ Տանիքից գետին շոգ փայլ էին արձակում պղնձակուռ պատերը։ Մուտքի մոտ պարսկական փոքրիկ գորգերի վրա երկու թիկնեղ հրացանակիր էին կանգնած՝ շվեյցարացիներ էին, երկաթյա սաղավարտներով ու եզան կաշվից զրահներով։ Մյուս երկուսը պահպանում էին ոսկեզօծ միջանցիկ դարպասը։ Հակառակ կողմից Օխոտնի ռյադով թափառող հասարակ ժողովուրդը նայում էր շվեյցարացիների կուշտուկուռ դեմքերին, գունավոր սալիկներով պատված ընդարձակ բակին, ամբողջովին ապակեպատ, շքեղ, չորս դեղին ձի լծած կառքին, պահպանի ու արքայադուստր-կառավարչուհու սիրեկանի պղնձափայլ տանը։
Ինքը՝ Վասիլի Վասիլևիչը, անտանելի այդ տոթին նստած էր բաց պատուհանից փչող հովի տակ և լատիներեն զրուցում էր Վարշավայից ժամանած օտարերկրացի դը Նեվիլլի հետ։ Հյուրը կեղծամով էր, ֆրանսիական զգեստով, որ նոր-նոր էին սկսել կրել Լյուդովիկոս Տասնչորսերորդի արքունիքում։ Վասիլի Վասիլևիչն առանց կեղծամի էր, բայց նույնպես ֆրանսիական զգեստով, գուլպաներ ու կարմիր ոտնամաններ, թավշյա կարճ, ժապավեններով շալվար, փորի վրա և կողքերից, թավշյա բաճկոնի տակից ժանեկազարդ բարակ սպիտակեղենն էր դուրս եկել։ Մորուքը սափրել էր, բայց բեխերը թողել։ Ֆրանսիական սեղանիկի վրա, դիմացը դրված էին թղթագալարներ ու տետրեր, լատինական մագաղաթյա գրքեր, քարտեզներ ու ճարտարապետական գծագրեր։ Ոսկենախշ կաշվով ծածկված պատերից կախ էին արած Գոլիցին իշխանների պարսունաները, կամ նոր ձևով ասած՝ դիմանկարները, և վենետիկյան շքեղ շրջանակի մեջ՝ Սոֆյայի նկարը ճանկերի մեջ բռնած երկգլուխ արծվի պատկերը։ Ֆրանսիական վանդականախշ ու իտալական դիպակե բազմոցներ, գունեղ գորգեր, մի քանի պատի ժամացույցներ, պարսկական զենքեր, պղնձյա գլոբուս, ինգլիզի ձեռքի գործ մի ջերմաչափ, գրքերի կազմեր, և ոսկով, արծաթով ու բաց կապույտով պատկերված երկնային ոլորտը կամարակապ առաստաղի վրա իր բազմապատիկ արտացոլումն էր գտնում հայելիների մեջ, միջնապատերի վրա և դռների վերևներում։
Հյուրը գոհունակ հետաքրքրությամբ նայում էր սույն կիսաասիական, կիսաեվրոպական կահավորությանը։ Սագի փետուրը խաղացնելով, ոտքը ոտքին գցած ու մեծահոգաբար ժպտալով, Վասիլի Վասիլևիչը խոսում էր (սոսկ երբեմն կմկմալով ու լատինական բառերը փոքր-ինչ մոսկովյան եղանակով արտասանելով).
— Բացատրեմ ձեզ, պարոն դը Նեվիլլ։ Մեր պետության հիմքն են կազմում երկու դաս. կերակրողներն ու ծառայության մեջ գտնվողները, իմա՝ գյուղացիությունը և ազնվականությանը։ Սույն երկու դասերը մեծ նվազության մեջ են կենում, ուստիև պետությունը որևէ օգուտ չունի նրանցից, նույնիսկ քայքայում են բերում միայն։ Մեծ բարեբախտություն կլիներ կալվածատերերին պոկել գյուղացիներից, քանզի կալվածատերը ներկայումս, լոկ հանուն շահի, անխնա խժոում է ճորտ մուժիկին, ու դրանից թե գյուղացին է նվազ, թե պետությունն է նվազ...
— Բարձրիմաստ ու խելացի խոսքեր են, պարոն կանցլեր,— ասաց դը Նեվիլլը։— Բայց ինչպե՞ս եք երազում կատարել սույն դժվարին խնդիրը։
Վասիլի Վասիլևիչը, խանդավառ ժպիտով, սեղանի վրայից վերցրեց սեկե կազմով տետրը, գրված իր իսկ ձեռքով. «Քաղաքացիական ապրուստի կամ բոլոր գործերը բարվոքելու մասին, որք հարկ են համայն ժողովրդին...»։
— Մեծ և դժվարագույն գործ է, եթե հարստանա ժողովուրդն ամբողջությամբ,— աասց նա ու սկսեց ընթերցել տետրից. «Բազում միլիոնավոր դեսյատիններ ամայուտներ են։ Այդ հողերը հարկ է որ վարեն ու ցանեն։ Անասունը շատացնեն։ Ռուսական վատացեղ ոչխարը վերացնել ու փոխարենը պարտադրել ձեռք բերել ինգլիզի նրբաբուրդ ոչխար։ Մարդկանց տրամադրել բոլոր տեսակի արհեստներին ու հանքային գործին, դրանից արդար օգուտ հասցնելով նրանց։ Ուժից վեր բազում հողատուրքերը, կոռերը, հարկերը և պարհակները ոչնչացնել ու բոլորի վրա միասնական շնչագլուխ, չափավոր հարկ դնել։ Սույնը հնարավոր է սոսկ այն պարագային, երբ ամբողջ հողը կալվածատերերից վերցվի, ու դրա վրա ազատ գյուղացիներ դրվեն։ Նախկինում եղած ճորտական բոլոր պարտագրերը վերացնել, որպեսզի ժողովուրդն այլևս ոչ մեկի առաջ պարտագիր չունենա, թերևս, սակավ թվով տների ծառաները...»։
— Պարոն կանցլեր,— բացականչեց դը Նեվիլլը,— պատմությունը չգիտե օրինակներ, որ կառավարողն այսչափ մեծ ու վճռական ծրագրումներ ունենա։ (Վասիլի Վասիլևիչն իսկույն իջեցրեց աչքերը, և նրա փայլատ այտերը շառագունեցին։) Բայց մի՞թե ազնվականությունը կհամաձայնի հողը գյուղացիներին հանձնել անտրտունջ, և ազատ արձակել ճորտերին։
— Հողի փոխարեն կալվածատերերը ռոճիկ կստանան։ Զորքը կհավաքվի միայն ազնվականներից։ Ճորտերից հարկատու նորակոչիկներին ու կոռապարտ մարդկանց մենք ազատում ենք։ Գյուղացին թող իր գործով զբաղվի։ Իսկ ազնվականները ծառայության համար ոչ թե հողաբաշխում կստանան և ճորտեր, այլ բազմապատկված ռոճիկ, ինչը ցարական գանձատունը կառնի ընդհանուր հողատուրքից։ Առավել քան կրկնապատիկ պիտի բարձրանա պետության եկամուտը...
— Թվում է, թե հին աշխարհի փիլիսոփայի եմ ունկնդրում,— շշնջաց դը Նեվիլլը։
— Ազնվականների զավակներին, դեռահասներին, որպեսզի ոազմական գործ ուսանեն, հարկ է ուղարկել Լեհաստան, Ֆրանսիա և Շվեդիա։ Հարկ է ակադեմիաներ ու գիտությունների օջախներ բաց անել։ Մենք մեզ կգեղեցկացնենք արվեստներով։ Աշխատասեր գյուղացիներով կբնակեցնենք անապատները մեր։ Վայրենի ժողովրդին ուսյալ կդարձնենք, կեղտոտ շալաշները քարե պալատներ կդարձնենք։ Վախկոտները քաջարի կդառնան։ Մենք կհարստացնենք աղքատներին։ (Վասիլի Վասիլևիչը խեթ նայեց պատուհանին, որտեղից երևում էր փողոցով շարժվող, հետը բմբուլ ու ծղոտ բերող փոշե սյունը։) Փողոցները կսալարկենք... Մոսկվան քարից ու աղյուսից կկառուցենք... Իմաստությունը կճառագի թշվառ երկրի վրա։
Սագի փետուրը ձեռքից չդնելով, նա ելավ բազկաթոռից ու քայլում էր գորգերի վրա, և դեռ շատ անսովոր մտքեր հայտնեց իր հյուրին.
— Անգլիացի ժողովուրդն ինքը կործանեց անիրավ կարգերը, բայց չարացածության մեջ մեծ հանցանքների հասավ՝ օծյալի գլխին դիպավ... Նույն սարսափներից երկյուղելով, մենք բարիք ենք կամենում հավասարապես բոլոր դասերին։ Եթե ազնվականությունը մեր ձեռնարկումներին դեմ կանգնի, ուժով կկոտրենք նրանց վաղեմի համառությունը...
Զրույցն ընդհատվեց։ Լիվրե հագած սպասավորը, վախեցած աչքերը կլորացրած, ոտնաթաթերի վրա մոտեցավ ու ինչ-որ բան շշնջաց իշխանի ականջին։ Վասիլի Վսաիլևիչի դեմքը լարվեց ու լրջացավ։ Նկատելով, դը Նեվիլլը վերցրեց գլխարկն ու խոնարհվելով հրաժեշտ տվեց, ետ-ետ գնալով դեպի դուռը։ Նրան հետևելով, նույնպես խոնարհվելով, մատանիներով ու ժանեկազարդ ձեռքի կլոր շարժումներով, քայլում էր Վասիլի Վասիլևիչը.
— Անչափ դառնացած եմ ու սաստիկ հուզված, պարոն դը Նեվիլլ, որ այսքան շուտ եք բարեհաճում թողնել ինձ։
Մենակ մնալով, իրեն զննեց հայելու մեջ և կրունկները փութով կտկտացնելով, ննջարան մտավ։ Այնտեղ, երկտեղանի մահճակալի վրա, վերևից ջայլամի փետուրներով զարդարված կարմրակերպաս առագաստի տակ, քունքը հենած պարույրաձև սյանը, նստած էր կառավարչուհի Սոֆյան։ Ինչպես միշտ, եկել էր գաղտնի, փակ կառքով, ետնամուտքից։
— Սոնյուշկա, բարև, աչքիս լույս...
Առանց պատասխանելու, նա բարձրացրեց խոժոռ դեմքը, իր կանաչ, տղամարդու աչքերով ուշադիր նայեց Վասիլի Վասիլևիչին։ Վերջինս տարակուսած կանգ առավ, մահճակալին չհասած։
— Որևէ դժբախտությո՞ւն է պատահել, տիրուհի...
Այս ձմռանը Սոֆյան գաղտնի վիժել էր։ Նրա գիրացած, բերանի եզրերից խիստ մկանուտ դեմքը նախկին շառագույնը չուներ՝ հոգսերը, մտածմունքը, տագնապները խորշագին արտահայտություն էին հաղորդել դեմքին։ Ճոխ էր հագնվում, դեռևս օրիորդավարի, սակայն վարմունքը կանացի էր, մարմնական, վստահ։ Նրան տանջում էր Վասիլի Վսաիլևիչի նկատմամբ իր սերը թաքցնելու անհրաժեշտությունը։ Չնայած այդ մասին գիտեին բոլորը մինչև վերջին աման լվացողը, և վերջին ժամանակներս «սիրեկան» մեղսալի ու ամոթաբեր անվան փոխարեն օտարերկրյա «գալանտ» պատշաճ բառն էր գտնվել, այդուհանդերձ, անտանելի ու գեշ էր, ապօրինաբար, անպսակ ու անմատնիք՝ սիրեցյալին տալ իր արդեն ոչ ջահել մարմինը։ Ահա, հենց այս գարնանը կանացի ամբողջ ուժով ու անուշ տանջանքով կծներ... Մարդիկ ստիպեցին վիժել պտուղը... Վասիլի Վսաիլևիչի հանդեպ նրա սերն էլ էր անհանգիստ, տարիքին չբռնող. այդպես լավ է սիրել տասնյոթամյա աղջկան՝ մշտական տագնապով, թաքնվելով, անվերջ մտածելով, գիշերներն անկողնում վառվելով։ Մեկ-մեկ էլ ատելություն էր գունդ դառնում կոկորդին՝ չէ որ նրանից էր ամբողջ տանջանքը, նրանից էր վիժած պտուղը... Պետքն էլ չէր՝ սրբվեց ու կողմ քաշվեց...
Նստած մահճակալին՝ լայնկոնք, գետնին չհասնող ոտքերով, ծանր զգեստի մեջ տաք քրտինքով պատած, Սոֆյան անբարյացակամորեն նայեց Վասիլի Վասիլևիչին։
— Ծիծաղելի բաներ ես հագել,— ասաց նա,— ի՞նչ է, ֆրանսիակա՞ն է հագինդ։ Կես շալվարն էլ չլիներ, մաքուր կնկա շոր... Կծիծաղեն մարդիկ... (Շրջվեց, տնքոցը զսպելով։) Այո, վատ է, վատ, պատվելիս... Ուրախանալու քիչ բան ունենք...
Վերջին ժամանակներս Սոֆյան ավելի հաճախ էր նրա մոտ գալիս մռայլված, անավարտ թողած մտքերով։ Վասիլի Վասիլևիչը գիտեր, որ կառավարչուհուն մոտ երկու ծաղրածուհի, օրնիբուն թափառելով պալատի անկյուններում, ականջ են դնում բոյարների խոսակցությանը, և հենց Սոֆյան գնում է քնելու, ամեն ինչ հաղորդում են նրան։
— Դատարկ բան է, տիրուհի,— ասաց Վասիլի Վասիլևիչը,— ինչ ասես դուրս կտան մարդիկ, մի մտածիր, հոգ մի արա...
— Հոգ չանե՞մ։— Նա եղունգներով կտկտացրեց մահճակալի սյունը, ատամները չարությամբ բացվեցին մի քիչ։— Իսկ գիտե՞ս Մոսկվայում ինչ են խոսում։ Իբր, թագավորությունը կառավարելու համար մենք թույլ ենք... Մեր արած մեծ գործերը չեն երևում...
Վասիլի Վասիլևիչը մատով շփեց բեխերը, ուսը թոթվեց։ Սոֆյան նրան՝ օ՜հ, գեղեցիկ էր, տանջանք էր, տանջանք... Այո՝ թույլ է, երակներում կնոջ արյուն է... ժանյակներով է պճնվել...
― Այ, այդպես, պատվելիս... Գիրք կարդալու մեջ վարժ ես, գրելու մեջ էլ, պայծառ մտքեր ունես, ինքս գիտեմ... Իսկ երեկ, երեկոյան ժամերգությունից հետո հորեղբայր Իվան Միխայլովիչը քո մասին ասաց․ «Վասիլի Վասիլևիչն իր տետրից ինձ համար կարդաց ճորտ գյուղացիների մասին՝ զարմացա․ հո բան չի՞ պատահել մեր իշխանի գլխին»։ Ու բոյարները ծիծաղեցին...
Օրիորդի պես բռնկվեց Վասիլի Վասիլևիչը, երկար արտևանունքների տակից խոցեց երկնագույն աչքերով.
— Նրանց խելքի համար չի գրված։
— Եղածը դա է՝ ավելի խելոք ծառաներ մեզ չեն տվել... Ինքս էլ եմ դիմանում, ես էլ կուզեի պար գալ լեհական թագուհու պես կամ բազեով որսի գնալ, երկարափեշ շորով ձիանը կողքանց նստած։ Բայց ձայն չեմ հանում... Ոչինչ չեմ կարող, կասեն՝ հերետիկոս է։ Պատրիարքն առանց դրա էլ ձեռքը բահի պես է առաջ պարզում։
— Հրեշների մեջ ենք ապրում,— շշնջաց Վասիլի Վասիլևիչը։
— Գիտե՞ս, քեզ ինչ կասեմ, պատվելիս... Հագիցդ հանիր էդ ժանյակները, գուլպաները, ռազմերթի այծենակաճդ հագիր, թուրը ձեռքդ առ... Մեծ գործեր ցույց տուր...
— Ի՞նչ... Մի՞թե նորից խոսակցություն է եղել խանի մասին։
— Հիմա բոլորի մտքին մի բան կա՝ գրավել Ղրիմը... Դրանից խուսափել չի լինի, հոգիս։ Հաղթանակած ետ գաս, ինչ կուզես արա այն ժամանակ։ Ուժեղներից ուժեղը կլինես այն ժամանակ։
— Հասկացիր, Սոֆյա Ալեքսեևնա, մեզ չի կարելի պատերազմել... Փողն ուրիշ բանի համար է պետք...
— Ուրիշ բանը Ղրիմից հետո կլինի,— հաստատ ասաց Սոֆյան։— Ես արդեն պատրաստել եմ պաշտոնագիրը՝ դու ես մեծ վոյեվոդան։ Գիշեր ու ցերեկ աղոթքներիս մեջ քո անունն եմ տալու, ծնկներս եմ մաշելու, բոլոր մենաստանները ոտքով եմ շրջելու, իմ տեր ու տիրական... Հաղթանակած վերադարձար՝ ո՞վ մի խոսք կասի այն ժամանակ։ Էլ չենք թաքնվի ամոթից... Հավատում եմ, հավատում, աստված մեզ կօգնի խանի դեմ։— Սոֆյան իջավ անկողնուց ու վարից վեր նայում էր իշխանի թեքած աչքերին։— Վասյա, վախենում էի քեզ ասել... Գիտե՞ս, էլ ինչ են փսփսում։ «Պրեոբրաժենսկում, ասում են, ուժեղ ցար է հասակ առնում... Իսկ արքայադուստրն, ասում են, իզուր տեղը կնգումի թիկնոց է մաշում...»։ Մեղք արի իմ մտածմունքներին... վատ բաներ եմ մտածում։— Սոֆյան տաք ափերով բռնեց իշխանի դող բռնած ձեռքը։— Տասնհինգ տարեկան է արդեն։ Մի վերստի վրա բոյն երևում է։ Հրաման է ուղարկել՝ բոլոր ձիապաններին ու բազեպաններին հավաքագրել ռազմախաղերի համար։ Բայց նրանց թրերն ու մուշկետներն ախր երկաթից են... Վասյա, ինձ փրկիր մեղքից... Մի գլուխ ականջներիս փսփսում են Դիմիտրիի մասին, Ուգլիչի մասին... Բայց չէ որ դա մեղք բան է։ (Վասիլի Վասիլևիչը ձեռքը քաշեց նրա ափերի միջից։ Սոֆյան դանդաղ, խղճալի ժպտաց։) Ես էլ եմ ասում, որ մեղք է նման բաների մասին մտածելը... Դա հնում է եղել... Ու դու երկու հարյուր հազարանոց զորք կհավաքես, կգնաս դեպի Ղրիմ։ Ամբողջ Եվրոպան կիմանա քո քաջագործությունների մասին։ Այն ժամանակ նրանից վախենալու պետք չի լինի, թող խաղ անի...
— Մեզ չի կարելի պատերազմել,— դառնությամբ բացականչեց Վասիլի Վասիլևիչը։— Կարգին զորք չունենք, փող չկա... Մեծ ծրագրումնե՜ր... Է՛հ, բոլորը փուչ տեղը։ Ո՞վ է գնահատողը, ո՞վ է հասկացողը։ Տեր աստված, գոնե երեք, գոնե երկու տարի առանց պատերազմ...
Նա անհուսորեն թափ տվեց ժանյակե թեզանիքը... Խոսել, համոզել, հակառակվել՝ միևնույն է, անօգուտ էր։
Նատալյա Կիրիլովնան հանդիմանում էր Նիկիտա Զոտովին. «Դե, վազ տուր նրա ետևից, գտիր նրան՝ լույսը չբացված, վազեց գնաց, ոչ խաչ արեց երեսին, ոչ մի կտոր բան կերավ...»։
Պյոտրին գտնելն այնքան էլ հեշտ չէր, եթե անտառի մի ծայրում կրակոցներ լսվեին, թմբկազարկ, ուրեմն, ցարն այնտեղ էր՝ կռիվ-կռիվ էր խաղում։ Քանի անգամ գերի վերցրին Նիկիտային, կապեցին ծառից, որ գլուխ չտանի խնդիրքներով՝ կեսօրվա ժամերգության գնալ, կամ ունկնդրելու Մոսկվայից եկած ոմն բոյարինի։ Որ Նիկիտան ծառի մոտ չձանձրանար, Պյոտրը հրամայում էր մի շտոֆ օղի դնել առաջը։ Այսպես, կամաց-կամաց Զոտովն ընտելացավ կոնծելուն, և մեկ-մեկ ինքն էր խնդրում գերեվարվել ու կապվել կեչուց։ Թևաթափ ետ դառնալով Նատալյա Կիրիլովնայի մոտ, նա ձեռքերն էր տարածում.
— Ուժ չկա, մայր թագուհի, մեր արծիվը տուն չի գալիս...
Խաղերի համար Պյոտրի խելքն իրենը չէր՝ կարող էր անքուն, առանց ուտելու օրերով խաղ անել ինչ ասես, միայն թե աղմուկ լիներ, ուրախ ու հետաքրքիր, կրակեին թնդանոթները, զարկեին թմբուկները։ Ցարական ձիապաններից, բազեպաններից, նույնիսկ ազնվական ընտանիքների պատանիներից կազմված ռազմախաղի զինվորները հիմա երեք հարյուր հոգի կլինեին։ Նրանց հետ արշավների էր ելնում Մոսկվայի շրջակա գյուղերն ու մենաստանները։ Որոշ վանականների մահու չափ վախեցնում էին. միջօրեի տապին, երբ տերև անգամ չէր շարժվում կեչու վրա, լոկ մեղուներն էին ծանր բզզում լորենիների տակ ու նինջն էր հաղթում, հանկարծ դիվական աղաղակներով անտառակից դուրս էին թափվում կանաչ կաֆտաններով, արտաքինից ոչ ռուսի նման մարդիկ, և բո՜ւմ, տրաք-տրա՜ք, փայտյա արկերով կրակում մենաստանի խաղաղ պատերին։ Վանականների սարսափը բազմապատկվում էր, երբ ի դեմս լողլող, ցեխի ու վառոդի ծխի մեջ կորած, անդադրում պատանու, ճանաչում էին իրեն՝ ցարին։
Ռազմախաղերի զորքում ծառայելը ծանր էր՝ ոչ կարգին քուն ունեին, ոչ ուտելիք։ Անձրև լիներ, թե անտանելի շոգ, ցարի գլուխը եթե մտներ, պիտի գնային, սատանան գիտե ուր և ինչու, խաղաղ մարդկանց վախեցնելու։ Մեկ-մեկ նրանց արթնացնում էին գիշերով. «Հրամայված է շրջանցել հակառակորդին։ Լողալով անցնել գետակը...»։ Մի քանիսը խեղդվեցին ջրերի մեջ, մթի պատճառով։ Ծուլության կամ բացակայության համար ծեծում էին բրերով. մեկնումեկը եթե ճամփեքով աննպատակ քայլելուց հոգնած տուն փախչել ուզենար, կհայտնվեր բացակա վիճակում։ Վերջերս գորքի գլուխ վոյեվոդա էին կարգել, կամ նոր ձԱով ասած՝ գեներալ, Ավտոմոն Գոլովինին։ Բավական հիմար մարդ էր, բայց լավ գիտեր զինվորական վարժությունները և խիստ կարգուկանոն սահմանեց։ Նրա ձեռքի տակ, խառնիխուռն զվարճանքի փոխարեն, Պյոտրը սկսեց լրջորեն զինվորական ուսուցում անցնել Պրեոբրաժենսկի անվանված առաջին գումարտակում։
Ֆրանց Լեֆորտը Պյոտրի մոտ պաշտոն չուներ, քանի որ զբաղված էր Կրեպում իր ծառայությամբ, բայց հաճախ ձիով գալիս էր զորքի մոտ ու խորհուրդներ տալիս, թե ինչն ինչպես անեն։ Նրա միջոցով ծառայության վերցրեցին օտարերկրացի կապիտան Ֆյոդոր Զոմմերին՝ հրաձգային և նռնակային մարտի համար, և նույնպես գեներալ դարձրեցին։ Թնդանոթային ատյանից տասնվեց թնդանոթ բերեցին, սկսեցին զինվորներին սովորեցնել թուջե արկերով կրակել՝ խիստ էր ուսուցումը։ Ֆյոդոր Զոմմերը զուր տեղը ռոճիկ ստանալ չէր ուզում։ Արդեն խաղ չէր գնում։ Հանդերում ահագին անասուն ջարդվեց ու մարդիկ խեղանդամվեցին։
Կուկույում օտարերկրացիները հաճախ էին խոսում երիտասարդ Պյոտր ցարի մասին։ Երեկոները հավաքվելով խուզված ծառերով եզերված ավազածածկ հրապարակում, ձեռքի ափերով հարվածում էին սեղաններին.
— Է՜յ, Մոնս, մի գավաթ գարեջուր։
Գործած թասակը գլխին, կանաչ ժիլետով Մոնսը դուրս էր լողում աուստերիայի լուսավորված դռնից, յուրաքանչյուր ձեռքում կավե հնգական գավաթ։ Փրփուրի գլխարկ էր կանգնած լինում գավաթների վրա։ Երեկոն՝ մեղմ ոլ հաճելի։ Աստղերը՝ սփռված ռուսական երկնքում, իհարկե, ոչ այնքան վառ ու շողշողուն, ինչպես Թյուրինգիայում, Բադենում կամ Վյուրտենբերգում, սակայն ռուսական աստղերի տակ էլ կարելի էր ոչ վատ ապրել։
— Մոնս, պատմիր տեսնենք, թե Պյոտր ցարն ինչպես էր քեզ հյուր եկել։
Մոնսը նստում էր սեղանի մոտ, ուրիշի գավաթից մի ումպ խմում և աչքով անելով, սկսում պատմել.
— Շատ հետաքրքրասեր մարդ է Պյոտր ցարը։ Իմացել էր իմ հրաշալի երաժշտական արկղիկի մասին, որը ճաշասենյակում է դրված։ Կնոջս հայրը Նյուրնբերգում էր գնել դա...
— Օ՜, այո, բոլորս էլ գիտենք քո հրաշալի արկղիկը,— հաստատում էին ունկնդիրները, միմյանց նայելով ու կախ գցած ծխամորճները թափահարելով։
— Մի քիչ վախեցա, երբ մի անգամ մեր ճաշասենյակը մտան Լեֆորտն ու Պյոտր ցարը... նման դեպքերում ռուսները ծունկ են չոքում։ Ես չուզեցա։ Բայց ցարը տեղնատեղը ինձ հարցրեց. «Ո՞ւր է քո արկղիկը»։ Պատասխանեցի. «Ահա, սա է, ձերդ օծյալ մեծության»։ Այդ ժամանակ ցարն ասաց. «Յոհանն, ինձ ձերդ օծյալ մեծություն մի ասա, տանը դրանից ձանձրացել եմ, ինձ այնպես կոչիր, որ կարծես բարեկամդ եմ»։ Ու Լեֆորտն ասաց. «Օ՜, այո, Մոնս, մենք բոլորս նրան հեռ Պիտեր ենք ասելու»։ Ու երեքով երկար ծիծաղեցինք այդ կատակի վրա։ Դրանից հետո կանչեցի աղջկաս՝ Անխենին, ու ասացի, որ արկղիկը գործի գցի։ Սովորաբար տարին մեկ ենք լարում՝ թաթախման երեկոյին, որովհետև շատ արժեքավոր արկղիկ է։ Անխենս ինձ նայեց, ու ես ասացի. «Ոչինչ, լարիր»։ Լարեց, ու կավալերները դամաների հետ սկսեցին պարել, թոչունները երգեցին։ Պիտերը զարմացավ ու ասաց. «Ուզում եմ տեսնել, թե ինչպես, է սարքված»։ Մտածեցի՝ «Կորավ իմ երաժշտական արկղիկը»։ Բայց Անխենս շատ խելացի աղջիկ է։ Գլուխը գեղեցիկ խոնարհեց ու ասաց Պյոտրին, իսկ Լեֆորտը թարգմանեց։ Անխենս ասաց. «Ձերդ մեծության, ես նույնպես գիտեմ երգել ու պարել, բայց, ավաղ, եթե դուք կամենաք տեսնել, թե ինչ կա իմ ներսում, ինչից եմ երգում ու պարում, իմ խեղճ սիրտը դրանից հետո անպայման կկանգնի...»։ Թարգմանելով, Լեֆորտը ծիծաղեց, ես էլ բարձրաձայն ծիծաղեցի, Անխենն էլ ծիծաղեց, արծաթե զանգակի պես։ Բայց Պիտերը չծիծաղեց, կարմրեց ցուլի արյան պես, ու Անխենին էր նայում, կարծես փոքրիկ թռչնակ լիներ նա։ Ու ես մտածեցի. «Օ՜, այս պատանու ներսում հազար դև կա նստած»։ Անխենն էլ կարմրեց և արցունքը երկնագույն աչքերից կախ, դուրս վազեց...
Մոնսը ֆսֆսացրեց ու մի կում էլ արեց ուրիշի գավաթից։ Նա կարողանում էր զարմանալի և հուզիչ պատմել։ Գիշերային դուրեկան զովը շարժում էր զրուցակիցների գործած թասակների փնջիկները։ Լուսավորված դռան մեջ հայտնվեց Անխենը, անմեղ աչքերը հառեց աստղերին, երջանիկ մի հոգոց հանեց ու անհետացավ։ Ծխամորճները փստացնելով, հաճախորդներն ասացին, որ աստված լավ աղջիկ է տվել Յոհանն Մոնսին։ Օ՜, այդպիսի աղջիկը հարստություն կբերի տուն։ Մորուքավոր, կարմրատակած, հոլանդացի աժդահա դարբին Գերրիտ Կիտսը՝ ծնված Զաանդամ քաղաքում, ասաց․
— Ես տեսնում եմ, որ եթե խելքով գործ բռնվի, երիտասարդ ցարից շատ օգուտ կարելի է ստանալ։
Ծեր ժամագործ Լյուդվիգ Պֆեֆերը նրան պատասխանեց.
— Է, չէ, դրա վրա հույս դնել չի լինի։ Պյոտր ցարն ուժ չունի... Կառավարչուհի Սոֆյան երբեք չի թողնի նրան թագավորել։ Դաժան ու վճռական կին է... Հիմա երկու հարյուր հազարանոց զորք է հավաքում՝ Ղրիմի խանին հաղթելու համար։ Զորքը Ղրիմից որ ետ դարձավ, տասը պֆեննիգ էլ չեմ դնի հօգուտ ցարի...
— Իզուր եք այդպես դատում, էյուդվիգ Պֆեֆեր,— պատասխանեց Մոնսը,— քանի անգամ է ինձ պատմել գեներալ Թեոդոր ֆոն Զոմմերը, որը վերջերս պարզապես Զոմմեր էր... (Մոնսը քահ-քահ ծիծաղեց՝ բերանը բաց, բոլորը ծիծաղեցին կատակի վրա։) Քանի անգամ է ասել․ «Համբերեք, մեկ կամ երկու տարի ժամանակ տվեք մեզ, Պյոտր ցարը երկու այնպիսի գումարտակ կունենա, որ ֆրանսիական թագավորը, կամ ինքը՝ արքայազն Մորիս Սաքսոնացին անհարմար չեն զգա գլխավորել այդ զորքը...»։ Ահա ինչ ասաց Զոմմերը...
— Օ՜, դա լավ է,— խոսեցին զրուցակիցներն ու նշանակալից հայացքներ փոխանակեցին...
Նման զրույցներ էին լինում երեկոները Յոհանն Մոնսի աուստերիայի դռան առաջ, ավլած հրապարակի վրա։
Պալատական ատյանի կամարակապ սրահներում շոգ էր, հեղձուկ։ Երկարուկ սեղանների մոտ գլուխները ծռած, մազերն աչքերին թափած գրագիրները ճռճռացնում էին փետուրները։ Թանաքի մեջ ճանճեր կային։ Շրթունքներին ու թաց քթներին ճանճեր էին կպչում։ Ատենավորը կուշտ կերել, թախտին նստած էր ննջակոխ։ Գրագիր Իվան Վասկովը թղթից մաքրագրում էր գրքի մեջ.
«...հրամանավ թագավորաց մեծից կարված է զգեստ գերմանական և տարված ապարանքը համայն Մեծ և Փոքր և Սպիտակ Ռուսիո ինքնակալ մեծն թագավոր ցար և մեծն իշխան Պյոտր Ալեքսեևիչի համար, և գեներալ Ֆրանց Լեֆորտից ապրանք է վերցված դրա համար, ոսկեկարի երկու կոճ, վճարված է մեկ ռուբլի, 13 ալտին, 2 գռոշ, նաև ինն դյուժին կոճակ, դյուժինը վեց ալտինով, նաև տակի կաֆտանի համար 6 դյուժին կոճակ, դյուժինը 2 ալտին, 4 գռոշ, և քաթան 10 ալտինի, նաև դնովի մազեր երեք ռուբլու...»։
Փչելով ճանճի վրա, Վասկովը բարձրացրեց շշմած աչքերը։
— Լսի, Պետրուխա, «դնովի մազերը» ո՞նց գրեմ՝ մեծատառով, թե՝ փոքրատառով։
Դիմացը նստած փոքրավորը, մտածելով, պատասխանեց.
— Փոքրատառով գրիր։
— Կրտսեր թագավորն իր մազը չունի՞, ինչ է։
— Տես հա, էդ խոսքերիդ համար...
Գլուխը ձախ թեքած, որ ավելի վարժ գրի, Վասկովը գողունի խեղդվեց ծիծաղից՝ նրան շատ զարմանալի էր թվում, որ թագավորի համար Գերմանական արվարձանում գերմանուհիների մազերն են գնում, երեք ռուբլի տալիս այդ անպետք բաներին։
— Պետրուխա, էդ մազերը որտեղի՞ց է կախ տալու։
— Իր թագավորական կամքն է՝ որտեղից ուզեցավ, էնտեղից էլ կախ կտա։ Թե էլի հարցեր տաս, ատենավորին կբողոքեմ...
Ճանճերը ատենավորի հոգին էլ հանեցին։ Մետաքսե թաշկինակը հանելով, թափ տվեց չորս կողմը, սրբեց երեսն ու այծի մորուքը։
— Է-է՜յ,— ծուլորեն բղավեց նա։— Բm դուք գրագիր ե՞ք, բա դուք փոքրավոր ե՞ք։ Թողնեն՝ պետության փողերը խժռեք ձրի տեղք։ Վախ չի մնացել մեջներդ, աստծուն եք մոռացել ծաղրածու անտերներ... Ամբողջ ատյանը բրածեծ անել կտամ, կիմանաք, թե ինչ բան է խնայելով աշխատելը... Ոչ թանաք է ձեզ հերիքում, ոչ թուղթ... Երկնքի կրակը թափվի ձեր գլխին, սատանի սերունդ...
Թաշկինակը թույլ-թույլ թափահարելով, ատենավորը նորից ննջեց։ Տխուր ժամանակներ էին՝ ոչ խնդրատուներ կային, ոչ նվերներ՝ Մոսկվան դատարկվել էր. ստրելեցները, բոյարների զավակները, կալվածատերերը՝ բոլորն արշավի էին ելել, դեպի Ղրիմ։ Ճանճ ու փոշի էր մնացել, մեկ էլ պետության մանր-մունր գործերը։
— Պետրուխա, կվաս լիներ, խմեինք,— աասց Վասկովը և ետ նայելով ատենավորին, ձգվեց, ջարդջրդվեց, այնպես, որ փտած կաֆտանը ճղվեց կռնատակից։— Իրիկունը գնալու եմ մի այրու տուն, հո կվաս չեմ խմելու։— Գլուխը թափ տալով, նորից անցավ գրելուն.
«...հրամանւսվ համայն Մ. և Փ. և Ս. Ռ. ինքնակալի, Կոլոմենսկոյե գյուղ է հրամայված ուղարկել համայն Մ. և Փ. և Ս. Ռ․ ի. մ. թ. ց. և մ. ի. Պյոտր Ալեքսեևիչի մոտ արքունի ձիապաններ Յակիմ Վորոնինին, Սերգեյ Բուխվոստովին, Դանիլա Կարտինին, Իվան Նագիբինին, Իվան Իեվլևին, Սերգեյ Չերտկովին ու Վասիլի Բուխվոստովին։ Վերոհիշյալ արքունի ձիապաններին հրամայված է վերցնել ու դարձնել ռազմախաղերի թնդանոթաձիգներ և ռոճիկ նշանակել մարդուն հնգական ռուբլի, հացահատիկ հնգական չետվերտ վարսակ, գարի...»։
— Պետրուխա, մարդկանց բախտը բերում է հա՜...
— Էլի խոսո՞ւմ եք, է-է՜յ, կապը կտրած շներ,— կիսանիրհի մեջ սպառնաց ատենավորը։
Գերմանական զգեստը և կեղծամը ստորագրությամբ ընդունեց սեղանապետ Վասիլի Վոլկովը և հոգածությամբ տարավ թագավորի ննջասենյակը։ Դեռ նոր էր լուսանում, իսկ Պյոտրն արդեն վեր էր կացել թախտից, ուր քնում էր թաղիքի վրա, քուրքի տակ։ Առաջինը ձեռքը գցեց կեղծամին՝ նեղ էր գալիս, ուզում էր մկրատով իր սև խոպոպները կտրել, Վոլկովը դժվարությամբ, աղաչելով կարողացավ չթողնել, կեղծամը գլխին հագցրեց ու քթի տակ ծիծաղեց հայելու մեջ։ Այս անգամ ձեռքերը լվաց օճառով, եղունգների տակի կեղտը մաքրեց, շտապ-շտապ հագավ նոր զգեստը։ Լեֆորտի սովորեցրածի պես, ճերմակ թաշկինակ կապեց վզին և մետաքսյա նույնպես ճերմակ փաթթոց կապեց գոտկատեղին, փեշերը ցից կաֆտանի վրայից։ Նրան ծառայելով, Վոլկովը զարմացել էր. Պյոտրը հագուստով զբաղվելու սովորություն չուներ։ Նեղ կոշիկները փորձելիս, նա կրճտացրեց ատամները։ Կանչեցին ծառաներից մեկին՝ աժդահա Ստյոպկա Մեդվեդին, որ կոշիկները լայնացնի. ահռելի ոտնաթաթերը դրանց մեջ խցկած, Ստյոպկան հովատակի պես վազում էր աստիճանների վրայով։ Ժամը իննին (ժամանակի նոր հաշվումով) եկավ Նիկիտա Զոտովը՝ վաղ ժամերգության կանչելու։ Պյոտրն անհամբեր պատասխանեց.
— Մայրիկին կասես, որ պետական անհետաձգելի գործեր ունեմ... Մենակս կաղոթեմ։ Հա՛, գիտես ինչ, ինքդ էլ ետ կգաս, ու վազելով, լսեցի՞ր...
Նա հանկարծ ետ գցեց գլուխն ու ծիծաղեց ինչպես միշտ, ասես ծիծաղը ներսից պոկելով։ Նիկիտան հասկացավ, որ ցարը նորից որևէ խաղ է հորինել, որպիսիք շատ-շատ էին սովորեցրել նրան Գերմանական արվարձանում։ Սակայն խոնարհաբար հնազանդվեց, վազեվազ գնաց իր փափուկ կոշիկներով ու շուտով ետ եկավ, գիտնալով, որ գլխին փորձանք է բերելու։ Այդպես էլ եղավ։ Աչքերը ոլորելով, Պյոտրը հրամայեց նրան.
— Հելենական աստված Բաքոսից որպես մեծ դեսպան գնալու ես գլուխ խոնարհելու անվանակոչիկին։
— Լսում եմ, արքա Պյոտր Ալեքսեևիչ,— փութաջան պատասխանեց Զոտովը։ Տեղնուտեղը, ինչպես կարգադրվեց, զգեստի վրայից նապաստակի շրջած մուշտակ հագավ, գլխին ճիլոպ հագցրեցին, վրայից բաղնիքի ավելից հյուսած մի պսակ, ձեռքը գավաթ տվեցին։ Մոր հետ ավելորդ խոսակցություն չունենալու համար Պյոտրը ետնամուտքով ելավ պալատից ու վազեց ախոռանոց։ Այնտեղ բոլոր ծառաներով չորս հսկայական խոզ էին բռնում։ Պյոտրը նետվեց օգնելու, բղավում էր, խփում, իրար էր անցել։ Խոզերը բռնեցին, պառկած վիճակում լանջափոկեր հագցրեցին, լծեցին մի ոսկեզօծ, ցածրիկ, փորագրանախշ անիվներով կառքի (հանգուցյալ Ալեքսեյ Միխայլովիչի փեսայական ընծան էր, Նատալյա Կիրիլովնան հրամայել էր աչքի լույսի պես պահպանել կառքը։) Ախոռի ատենավորը շրթունքները դողացնելով էր նայում այդ զեղխությանն ու անկարգությանը։ Ծառաների սուլոցների ու քրքիջի ուղեկցությամբ կառքի մեջ խցկեցին Նիկիտա Զոստվին։ Պյոտրը նստեց նստիքին, Վոլկովը՝ թուրը կապած, եռանկյունի գլխարկով, առջևից էր գնում, գազար ու շաղգամ գցելով խոզերին։ Ձիապանները կողքերից շրմփացնում էին մտրակներով։ Շարժվեցին դեպի Կուկույ։
Արվարձանի մուտքի մոտ նրանց դիմավորեց օտարերկրացիների բազմությունը։ «Լա՜վ է, լա՜վ է, շատ զվարճալի է,— բղավում էին նրանք ծափ զարկելով,— ծիծաղից կոտորվեցինք»։ Կարմրած, բերանը սեղմած, չարացած դեմքով Պյոտրը նստած էր նստիքին։ Ամբողջ արվարձանն էր հավաքվել։ Կողերը բռնած քրքջում էին, մատով ցույց տալով ցարին ու կառքի մեջ նստած, ճիլոպը գլխին, վախից կիսամեռ Զոտովին։ Խոզերը տարբեր կողմեր էին քաշքշում, խառնեցին լծասարքը։ Պյոտրը հանկարծակի խլեց մտրակը ձիապանի ձեռքից ու կատաղորեն մտրակեց խոզերին։ Ճղճղալով, նրանք քաշեցին կառքը... Ինչ-որ մեկին գետին գլորեցին, ինչ-որ մեկն ընկավ անիվների տակ, կանայք փախցրեցին երեխաներին։ Պյոտրը կանգնել ու մտրակում էր շարունակ՝ շառագունած, կարճլիկ քթի ռունգերն ուռեցրած։ Նրա կլոր աչքերը կարմրած էին, կարծես արցունքն էր զսպում։
Լեֆորտի բակի մոտ ձիապանները մի կերպ հավաքեցին խոզերին, բաց դարպասից ներս մտցրին։ Բակով վազելով գալիս էր անվանակոչիկը՝ Լեֆորտը, ձեռնափայտն ու գլխարկը թափահարելով։ Նրա ետևից՝ ճոխ հագնված հյուրերը։ Պյոտրը անճոռնի ցած թռավ նստիքից, և օձիքից բռնած, կառքի միջից դուրս քաշեց Զոտովին։ Դեռևս կատաղած նայելով Լեֆորտի աչքերին, կարծես աչք դարձնելուց և ամբոխի մեջ ինչ-որ մեկին տեսնելուց վախենալով, խեղդվող ձայնով նա ասաց.
— Մայն լիբեր գեներալ, մեծ ողջույնով մեծ դեսպան եմ բերել հելլենական Բաքոս աստծուց...— Խոշորակաթիլ քրտինք կար դեմքին, շրթունքները լպստելով ու դարձյալ աչքերի մեջ նայելով, դժվարությամբ ասաց.— Միթ հերցլիխեմ գրուս... Այսինքն՝ գլուխ է խոնարհում... Խոզերն ու կառքը նվեր է ուղարկել...— Շարունակելով ջղաձգորեն պահել Զոտովին, շշնջաց.— Ծունկ չորիր, գլուխ տուր...
Սքանչելի, թավշյա վարդագույն զգեստով, ժանյակներով պճնված, դիմափոշի և օծանելիք քսած Լեֆորտը ամեն ինչ հասկացավ իսկույն։ Ձեռքերը վեր բարձրացնելով, զվարթ ծիծաղեց ու դառնալով մերթ հյուրերին, մերթ Պյոտրին, ասաց.
— Ահա սքանչելի մի կատակ՝ ավելի զվարճալի կատակ չէի տեսել... Մենք մտադիր էինք նրան սովորեցնել զվարճալի կատակներ, սակայն ինքն է մեզ սովորեցնում կատակել... Էյ, երաժիշտներ, քայլերգ նվագեք բաքոսյան դեսպանի պատվին...
Եղրևանու թփերի ետևում զարկեցին մեծ և փոքր թմբուկները, նվագեցին շեփորները։ Պյոտրի ուսերը թուլացան, դեմքից չքացավ շառագույնը։ Ետ ընկնելով, բարձրաձայն ծիծաղեց։ Լեֆորտը թևանցուկ արեց նրան։ Այդ Ժամանակ Պյոտրը աչքերը տարավ հյուրերի վրա ու տեսավ Անխենին՝ աղջիկը ժպտում էր նրան, փայլուն ատամները բացած։ Ուսերից վեր մերկ էր, ասես ընդառաջ էր ելել վարդի պես փարթամ զգեստի միջից։
Կրկին վայրի մի շփոթմունք բանտեց կոկորդը։ Նա քայլում էր հյուրերի առջևից, Լեֆորտի կողքից, ոտքերը դնելով արագիլի պես։ Առմուտքի հրապարակի վրա երգասացներն էին կանգնած՝ ռուսական ալ կարմիր շապիկներով։ Սուլոցախառն մի պարեղանակ թնդացրին։ Կապտաչ ու հանդուգն մեկը դուրս պրծավ և «Այ-դուդո՜ւ-դուդո՜ւ» ձայնարկելով, պպզապարի անցավ, դոփելով պայտած կոշիկներով, ափերը գետնին շպպացնելով, գլխկոնծի տալով, ցատկոտելով, ու պտտվեց հոլի պես՝ «Ի֊է՜խխ...»։
— Այ, չլինե՛ս դու, Ալեքսաշկա։
Ջութակը, ալտերը, հոբոյը և գոսերը վերնսարահում գերմանական հին երգեր, ռուսական պարեղանակներ, ծանրումեծ մենուետներ, աշխույժ անգլեզներ էին նվագում։ Ծխախոտի ծուխը գալարվում էր երկշարք լուսամուտներով դահլիճի կլոր պատուհաններից հորդացող ճառագայթների մեջ։ Գինովցած հյուրերն այնպիսի խոսքեր էին ասում, որ օրիորդները շառագունում էին արշալույսի պես, տակառի պես փարթամ ֆիժմաներով ու ծանր ոտնամաններով կարմրայտ գեղեցկուհիները քրքջում էին ցնորվածի պես։ Պյոտրն առաջին անգամ էր սեղան նստում կանանց հետ։ Լեֆորտը նրան անիսոնի օղի մատուցեց։ Առաջին անգամ էր Պյոտրը ոգելից փորձում։ Օղին կրակի պես տարածվեց երակների մեջ։ Նա նայում էր ծիծաղող Անխենին։ Երաժշտությունից ամեն ինչ պար էր բռնել նրա ներսում, վիզը փքվել էր։ Ծնոտները սեղմած, ինքն իր մեջ խեղդում էր դեռևս մութ ու անխնա ցանկությունները։ Չէր լսում, թե աղմուկի մեջ ինչ են բղավում հյուրերն իրեն, բաժակները պարզելով... Չարաճճի փայլ էին արձակում Անխենի ատամները, նա Պյոտրից չէր կտրում իր գայթակղիչ աչքերը...
Խնջույքը երկարում էր, կարծես օրը երբեք չպիտի ավարտվեր։ Ժամագործ Պֆեֆերը գազարի պես երկար իր քիթը մտցրեց քթախոտի տուփի մեջ ու սկսեց փռշտալ՝ կեղծամը գլխից պոկելով, թափ էր տալիս լերկ գանգի վրա։ Անչափ ծիծաղելի էր։ Պյոտրը ճոճվում էր, երկար ձեռքերով շուրջն եղած ամանեղենը ցած գցելով։ Ձեռքերն այնքան երկար էին թվում, որ բավական է երկարեր սեղանի վրայով, ու կարող էր մատները խրել Անխենի մազերի մեջ, սեղմել գլուխը, շրթունքներով հպվել նրա ծիծաղող շուրթերին... Ու վերստին փքվում էր վիզը, խավարն աչքերն էր պատում։
Երբ արևը թեքվեց ջրաղացների ետևն ու բաց պատահաններից զով եկավ, Լեֆորտը ձեռքը տվեց ութփթանոց ջրաղացպանուհի ֆրաու Շիմելպֆենիգին ու մենուետի շրջան մտավ։ Ձեռքը շրջանաձև շարժելով, նա թափահարում էր ոսկեփոշով շպարված կեղծամը, ծունկն էր ծալում ու խոնարհվում, աչքերը նվաղած վեր հառելով։ Գոհացած ու երջանիկ ֆրաու Շիմելպֆենիգը իր վիթխարի շրջազեստներով լողում էր որպես քառասուն թնդանոթանի մի նավ՝ դրոշներով զարդարված։ Այդ զույգի ետևից բոլոր հյուրերը դահլիճից պարտեզ ելան, ուր ծաղկաթմբերի մեջ անվանակոչիկի զարդագիր անվանատառերն էին հյուսված ծաղիկներից, ծառերից ու թփուտներից ոսկեզօծ և արծաթազօծ թղթից պատրաստված ծաղիկներ կային կախված՝ ժապավեններով, կածանները շախմատի վանդակներով էին գծագրված...
Մենուետից հետո անցան աշխույժ կոնտրդանսի։ Պյոտրը, մի կողմ քաշված, եղունգն էր կրծում։ Մի քանի անգամ տիկնայք, խոր գլուխ տալով, պարի հրավիրեցին։ Նա գլուխն էր թափահարում, թնդալով. «Չգիտեմ, չէ, չեմ կարող...»։ Այդ ժամանակ ֆրաու Շիմելպֆենիգը, Լեֆորտի ուղեկցությամբ, ծաղկեփունջ նվիրեց Պյոտրին՝ նշանակում էր, որ պարերի արքա են ընտրել նրան։ Հրաժարվել չէր կարելի։ Պյոտրը Լեֆորտի ուրախ, բայց հաստատակամ աչքերին նայեց խեթ, և ջղային շարժումով բռնեց կնոջ ձեռքը։ Լեֆորտը թաթերի վրա սլացավ դեպի Անխենը, և նրա հետ կանգնեց Պյոտրի դիմաց՝ կոնտրդանսի ֆիգուրների համար։ Իջեցրած ձեռքի մեջ թաշկինակը բռնած, Անխենը նայում էր, կարծես ինչ-որ բան խնդրելով։ Խլացուցիչ դղրդացին գոսերը, թնդաց թմբուկը, երգեցին ջութակներն ու շեփորները, ուրախ երաժշտությունը վեր ձգվեց մթնող երկինք, վախեցնելով չղջիկներին։
Ու նորից, ինչպես առավոտյան՝ կառքի վրա, ներսում ամեն ինչ տակնուվրա եղավ, շոգ ու խելացնորություն զգաց։ Լեֆորտը բղավում էր.
— Առաջին ֆիգուր։ Դամաները՝ առաջքայլ ու ետքայլ, կավալերները պտտում են նրանց։
Բռնելով ֆրաու Շիմելպֆենիգի կողերից, Պյոտրն այնպես պտտեց նրան, որ զգեստը, շլյոպն ու ֆիժմաները փռռացին քամուց։ «Օ՜հ, մայն գոտտ»՝ միայն սա կարողացավ ասել ջրաղացպանուհին։ Թողնելով նրան, Պյոտրը սկսեց պարել, կարծես երաժշտությունն ինքնստինքյան շարժում էր նրա ձեռքերն ու ոտքերը։ Բերանը սեղմած, ռունգերն ուռեցրած, այնպիսի ցատկեր ու թռիչքներ էր անում, որ հյուրերը փորները բռնեցին, նրան նայելով։
— Երրո՜րդ ֆիգուր,— բղավեց Լեֆորտը,— դամաները փոխում են կավալերներին։
Անխենի սառը թաթիկը դիպավ նրա ուսին։ Պյոտրն անմիջապես կծկվեց, մոլեգնությունը խաղաղվեց։ Մանրիկ դող էր բռնել մարմինը։ Եվ ոտքերն արդեն իրենք տարան նրան, պտտվելով փետուրի պես թեթև Անխենի հետ։ Ծառերի արանքում ցատկոտեցին վառոդի թելով վառված հրավառության կրակները։ Բարկացած թշշալով, վեր սլացավ հրթիռը։ Կրակի երկու երիզ արտացոլվեցին Անխենի աչքերի մեջ։
— Ա՛հ,— շշնջաց նա բարալիկ ձայնով։— Ա՛հ, շատ ու շատ գեղեցիկ է... Ահ, Պիտեր, դուք հիանալի եք պարում...
Պարտեզի բոլոր կողմերից հրթիռներ բարձրացան։ Պտտվեցին կրակե շրջանակները, լուսավորվեցին ստվերանկարները։ Թնդանոթների պես պայթում էին հրափամփուշտները, ճարճատում զիգզագակրակները, կայծերի շատրվաններ էին թափվում։ Վառոդի ծխով պարուրվեց մթնշաղը։ Այս երազը չէ՞ր տեսնում արդյոք Պրեոբրաժենսկի պալատի տրտմալի ձանձիրի մեջ։ Զինվորի պես երկարահասակ մի տիկնոջ հետ ցատկոտելով, անցավ շվայտ Լեֆորտը. «Կուպիդոնը սրտե՜ր է խոցում նետերով»՝ բղավեց նա Պյոտրին։ Պարերից բորբոքված Անխենը թարմության ու սքանչալիք էր բուրում։ «Ա՛հ, Պիտեր, ես հոգնեցի»,— ավելի բարալիկ ձայնով կանչեց նա, կախ ընկնելով Պյոտրի ձեռքից։ Նրանց գլխավերևում զիգզագակրակ ճայթեց, հրեղեն օձերը լուսավորեցին աղջկա՝ հոգնածությունից սրված զմայլելի դեմքը։ Չիմանալով, թե ինչպես են դա անում, Պյոտրը գրկեց նրա մերկ ուսերը, աչքերը կկոցեց ու զգաց նրա շուրթերի խոնավ հպումը։ Բայց շուրթերը սահեցին ընդամենը։ Անխենը պոկվեց նրա գրկից։ Կատաղի ճայթյունով հրթիռներ պայթեցին։ Անխենը չքացավ։ Ծխի ամպի միջից դուրս լողաց բաքոսյան դեսպանի նապաստակի մուշտակն ու ճիլոպե գլուխը։ Սաստիկ հարբած Նիկիտա Զոտովը, գավաթը դեռևս բռնած, քարշ էր գալիս, անիմաստ բառեր դուրս տալով... Կանգ առավ, ճոճվեց.
— Խմիր, զավակս,— ու գավաթը պարզեց Պյոտրին,— խմիր, մեկ է, կորանք ես ու դու... Կործանեցինք մեր հոգիները, խախտեցինք պասը։ Խմիր մինչև մրուրը, ձերդ արքայական մեծություն, համայն Մեծ և Փոքր...
Նա կամեցավ սպառնալ ինչ-որ մեկին ու գլորվեց թփերի մեջ։ Պյոտրը շպրտեց խմած գավաթը։ Հրավառության անիվի պես նրա ներսում բերկրանքն էր թափ առել։
— Անխե՜ն,— ձայն տվեց նա։ Վազեց...
Տան լուսավորված պատուհանները, հրթիռալապտերների կրակները, ստվերանկարների շրջանակները պտտվեցին աչքերի մեջ։ Նա բռնեց գլուխը, ոտքերը լայն չռեց։
— Գնանք, ցույց տամ, որտեղ է,— ականջին մի շողոմ ձայն հնչեց ետևից։ Ալ կարմիր շապկով, ծակող աչքերով երգասացն էր՝ Ալեքսաշկա Մենշիկովը։— Տուն գնաց աղջիկը...
Պյոտրը լուռումունջ վազեց նրա ետևից խավարի մեջ։ Անցան ցանկապատի վրայով, շները վրա պրծան, ճղապատերի միջով դուրս ելան հրապարակ, աուստերիայի դիմացի ջրաղացի մոտ։ Վերևում երկարուկ մի պատուհան կար լուսավորված։ Ալեքսաշկան շշնջաց.
— Էնտեղ է։— Եվ ավազ շպրտեց ապակուն։ Պատուհանը բացվեց, Անխենը դուրս նայեց՝ ուսերին գլխաշոր էր գցել, մազերը թղթյա բոժոժիկներով էին փաթաթված։
— Ո՞վ է,— հարցրեց բարալիկ ձայնով, նայեց, տեսավ Պյոտրին, գլուխը թափահարեց.— Չի կարելի... Գնացեք քնելու, հեռ Պիտեր...
Ավելի սիրունիկ էր այդ բոժոժիկներով։ Փակեց պատուհանը և իջեցրեց ժանյակե վարագույրը։ Լույսը հանգավ։
— Քաշվում է աղջիկը,— շշնջաց Ալեքսաշկան։ Ուշադիր նայեց ու պինդ գրկելով Պյոտրի ուսերը, տարավ դեպի նստարանը։— Ավելի լավ կանես, նստես... Հիմա ձի կբերեմ։ Ձիով կգնա՞ս։
Երբ ետ եկավ, սանձերից բռնած երկու ձի բերելով, Պյոտրը դեռ նստած էր կորամեջք, սեղմած բռունցքները ծնկներին դրած։ Ալեքսաշկան զննեց նրա դեմքը.
— Հո խմած չե՞ս։— Պյոտրը չպատասխանեց։ Ալեքսաշկան օգնեց նրան՝ հեծնել, ինքն էլ ճարպկորեն թռավ ձիու վրա, և ուսերից բռնած, դանդաղ ելան արվարձանից։ Մարգագետինների վրա մշուշ էր սփռված։ Աշնանային աստղեր էին շողշողում առատորեն։ Պրեոբրաժենսկոյեում արդեն կանչում էին աքաղաղները։ Պյոտրի սառցե ձեռքը, կառչած Ալեքսաշկայի ուսից, կարծես քարացել էր անկենդան։ Պալատի մոտ նա հանկարծ ուղղեց մեջքը, ետ-ետ գնաց, բռնեց Ալեքսաշկայի վզից ու սեղմվեց նրան։ Ձիերը կանգնեցին։ Պյոտրի կրծքից սուլոց էր լսվում, ճարճատում էին ոսկորները։
— Բռնիր ինձ, պինդ բռնիր,— խռխռացնելով ասաց նա։ Որոշ ժամանակ անց ձեռքերը թուլացան։ Տնքալով հոգոց հանեց.
— Գնացինք... Մենակ թե տեղ չգնաս... Միասին կպառկենք...
Շքամուտքի մոտ դուրս թռավ Վոլկովը։
— Տե՜ր թագավոր։ Աստվա՜ծ... Մենք էլ...
Մոտ վազեցին պալատականները, ձիապանները։ Պյոտրը ձիու վրայից ոտքով խփեց այդ մարդակույտին, ինքն իջավ և Ալեքսաշկային բաց չթողնելով, ներս մտավ։ Մութ միջանցքում խաչակնքեց ու մրմնջաց մի պառավ՝ Պյոտրը բոթեց նրան։ Մեկ ուրիշը, առնետի պես, ծլկեց սանդուղքի տակ։
— Անդուր փսփսաններ, ոչուփուչ լինեք,— մրթմրթաց Պյոտրը։
Ննջասենյակում Ալեքսաշկան հանեց նրա կոշիկները, կաֆտանը, Պյոտրը պառկեց թաղիքի վրա, Ալեքասշկային հրամայեց կողքը պառկել։ Գլուխը թեքեց նրա ուսին։ Քիչ անց ասաց.
— Մահճապետ կլինես... Առավոտյան ատենավորին կասես՝ հրաման գրի... Ուրախ էր, ահ, ուրախ էր... Մայն լիբեր գոտ...
Որոշ Ժամանակ անց երեխայավարի հեծկլտաց ու քնեց։