Պյոտր Առաջին | |
◀ Պյոտոր Առաջին, Գիրք առաջին, Գլուխ չորրորդ | Պյոտոր Առաջին, Գիրք առաջին, Գլուխ վեցերորդ ▶ |
Գլուխ հինգերորդ
Լեֆորտը կարևոր մարդ էր դառնում։ Կուկույում ապրող և Արխանգելսեից ու Վոլոգդայից առևտրական գործերով եկող օտարերկրացիները մեծ հարգանքով էին խոսում նրա մասին։ Ամստերդամյան և լոսդոնյան առևտրական տների գործակատարները նրա մասիս գրում էին տնօրեններին ու խորհուրդ տալիս հարմար առիթով փոքր նվերներ ուղարկել նրան՝ ամենահարմարն ընտիր գինին էր։ Երբ տրոիցյան արշավի համար նրան գեներալի կոչում շնորհվեց, կուկույցիները, դրամ վեր գալով, սուսեր ընծայեցին նրան։ Տան մոտով անցնելիս, բազմանշանակ աչքով էին անում միմյանց, ասելով. «Օ՜, այո...»։ Նրա տանը նեղվածք էր հիմա, շատ մարդ էր ուզում ձեռքը սեղմել, խոսք փոխանակել, պարզապես հիշեցնել իր մասին։ Չնայած ուշ աշնանը, տունն ընդարձակելու, վրան սենյակ ու սրահ ավելացնելու փութագին աշխատանքներ սկսվեցին, քարաշեն շքամուտք սարքեցին կողադռներով, սյուներով ու ծեփածո արձաններով զարդարեցին ճակատամասը։ Բակում, ուր առաջ շատրվանն էր, լճակի տեղ փորեցին՝ ջրային զվարճանքների և հրավառության համար։ Աջ ու ձախ կողմերում պահակատներ կառուցեցին հրացանակիրների համար։
Իր կամքով Լեֆորտը նման ծախսումների թերևս չգնար, սակայն երիտասարդ ցարն էր դա ուզում։ Տրոիցեում պատսպարվելու ընթացքում Լեֆորտը անհրաժեշտ դարձավ Պյոտրի համար, ինչպես խելացի մայրը զավակին։ Լեֆորտը կես խոսքից հասկանում էր նրա ցանկությունները, զգուշացնում էր վտանգներից, սովորեցնում տեսնել շահն ու վնասը, ու կարծես ինքն էլ ջերմորեն սիրեց նրան, մշտապես ցարի կողքին էր ոչ թե բոյարների պես, ճակատները տխրադեմ հատակին խփելով, գյուղ ու ճորտ խնդրելու, այլ երկուսին հարկավոր ընդհանուր գործի և համատեղ զվարճանքների համար։ Շքեղ հագնված, խոսքաշեն ու բարեհամբույր՝ պատուհանից թափանցող վադորդյան արեգակի պես հայտնվում էր Պյոտրի ննջասենյակում, իր խոնարհումներով և ժպիտներով, և այդ զվարթությամբ, ուրախաթիռ հոգսերով, երջանիկ սպասումներով էր սկսվում օրը։ Լեֆորտի մեջ Պյոտրը սիրում էր սեփական քաղցր անուրջները անդրծովյան երկրների, գեղեցիկ քաղաքների, ծխախոտի և ռոմի բույրերով տոգորված նավապետների առաջնորդած նավերի ու նավահանգիստների մասին՝ այն ամենն, ինչ մանկուց աչքին էր երևում, արտասահմանից բերված նկարներից ու տպագիր պատկերներից։ Լեֆորտի հագուստների հոտն անգամ ռուսական չէր, այլ ուրիշ, խիստ հաճելի։
Պյոտրն ուզում էր, որ իր սիրեցյալի տունը օտարերկրյա այդ հրապուրանքների կղզյակը դառնա՝ ցարի զվարճանքների համար էր հարդարվում Լեֆորտի պալատը։ Մորից ու Լև Կիրիլովիչից կորզած դրամը չէր խնայվում։ Այժմ, երբ Մոսկվայում, վերևներում յուրայիններն էին նստած, Պյոտրն առանց այլևայլության անձնատուր եղավ վայելքների։ Պոռթկացին նրա կրքերը, և այդժամ առանձնապես հարկավոր դարձավ Լեֆորտը. առանց նրա ցանկությունը կար, անելիքը չգիտեր... Իսկ ի՞նչ կարող էին առաջարկել յուրայինները՝ ռուսները. ասենք, բազեով որս կամ ողբահառաչ երգող կույր մուժիկներ... Թյո՛ւհ։ Լեֆորտը կես խոսքից ըմբռնում էր նրա ցանկությունները։ Ասես հմուլի տերև լիներ նա Պյոտրի կրքերի թունդ գարեջրի մեջ։ Միաժամանակ վերսկսեցին գահանիստ քաղաք Պրեշբուրգի նորոգումները. ամրոցը նախապատրաստում էին գարնանային ռազմախաղերի համար։ Գնդերի համար նոր զգեստներ կարեցին. պրեոբրաժենցիները կանաչ կաֆտաններով էին, սեմյոնովցիները՝ երկնագույն, Գորդոնի Բուտիրյան գունդը՝ կարմիր։ Օտարերկրացի վաճառականներն ու արդյունաբերողները զվարճանքների արանքում, Լեֆորտի պալատում իրենց գիծն էին առաջ տանում...
Նորակառույց պարասրահը դեռևս խոնավ էր, երկու վիթխարի բուխարիների տաքությունից քրտնել էին բարձրադիր կիսակլոր լուսամուտները, որոնց դիմաց խուլ պատի վրա, դարձյալ պատուհանաձև հայելիներն էին։ Կաղնեփայտի ուղղանկյուններով հատակը նոր էին մոմել։ Պատի եռամոմ, անդրադարձիչներով աշտանակները վառվում էին, թեև մութը նոր էր ընկնում։ Փափուկ ձյուն էր տեղում։ Կավի ու տաշեղների ձյունածածկ կիտուկների արանքով բակ էին մտնում սահնակները, հոլանդականները կարապաձև էին, սևանախշ ու ոսկեզօծ, ռուսականները՝ երկարուկ և արկղաձև, բարձերով, արջի մորթիներով ծանրաբեռնված, կաշեպատ ծանր ծածկասահնակներ էին գալիս, շարալուծք վեցնյակներով և կառապանային հասարակ սահնակներ, որոնց մեջ, ծնկները ցցած, ծիծաղելով, որևէ օտարերկրացի էր լինում, երկու կոպեկով Լուբյանկայից Կուկույ վարձած այդ փոխադրականով։
Քարաշեն մուտքի մոտ, ձնակոլոլ գորգերի վրա, հյուրերին երկու ծաղրածու էին դիմավորում՝ Թոմոսը և Սեկան, մեկը իսպանական սև, գոտկահաս այծենակաճով, վրան ագռավի թևեր փակցրած ծղոտե գլխարկով, մյուսը երկարշինանոց, թուրքի ճիլոպե չալմայով, խոզի ականջը ճակատից կախ։ Հոլանդացի վաճառականները հատկապես հաճույքով էին ծիծաղում իսպանական հագուստով ծաղրածուի վրա, քթին կտտացնելով, իսպանական թագավորի ողջությունն էին հարցնում։ Լուսավոր նախասենյակում, որի կաղնեփայտե պատերը հախճապակյա կապույտ սկուտեղներով էին զարդարված, հյուրերը մուշտակներն ու գլխարկները տալիս էին լիվրե հագած գայդուկներին։ Պարասրահի դռան մեջ նրանց դիմավորում էր Լեֆորտը՝ ատլասե ճերմակ, արծաթակար կաֆտանով, արծաթափոշի ցանած կեղծամով։ Հյուրերը մոտենում էին բուխարուն, հունգարական գինի ճաշակում, ծխամորճները վառում։
Ռուսները ճնշվում էին անխոսությունից (շատ քչերը դեռևս գիտեին հոլանդերեն, անգլերեն ու գերմաներն խոսել) ու ավելի ուշ էին գալիս, սեղան նստելու պահին։ Հյուրերը կրակի մոտ անկաշկանդ տաքացնում էին հետույքները, գուլպաներով պրկված սրունքները, գործարար խոսակցություն վարում։ Միայն տանտերն էր թիթեռնիկի պես շրջում, կաֆտանի ցից փեշերը ճոճելով, մի հյուրից մյուսիս անցնելով, ծանոթացնում էր, ողջություն հարցնում, տեղեկանում ճամփորդության մասին՝ հարմա՞ր տեղ է իջևանել արդյոք, գողությունից ու թալանից պաշտպանվա՞ծ է արդյոք...
— Օ՜, այո, ինձ շատ են պատմել ռուս խաժամուժի մասին,— պատասխանում էր հյուրը,— նրանք շատ են հակված թալանելու, նույնիսկ սպանելու հարուստ ճամփորդներին։
Անտառանյութի վաճառական, անգլիացի Սիդնեյը ատամների արանքից ասում էր.
— Այն երկիրը, ուր բնակչությունը կեր է հայթայթում խարդախությամբ, վատ երկիր է․․․ Ռուս վաճառականներն աստծուն աղոթում են, որ օգնի իրենց ավելի ճարպկորեն խաբել, դա ճարպկություն են կոչում։ Օ՜, ես լավ գիտեմ այս անիծյալ երկիրը... Այստեղ հարկավոր է գալ, ծոցում զենք պահած...
Բնիկ կուկույցի, ոչ հարուստ առևտրական Համիլտոնը՝ պէր Համիլտոնի թոռը, որը ժամանակին Կրոմվելի սարսափից Մոսկովիա էր փախել, հարգալիր մոտեցավ զրուցողներին։
— Նույնիսկ դժբախտությունն ունենալով այստեղ ծնվելու, դժվար է ընտելանալ ռուսների վայրագությանն ու անազնվությանը։ Բոլորի մեջ կարծես դև նստած լինի...
Անգլերեն վատ խոսող, կոպիտ ու հնատարազ հագնված այդ գաղթականին զննելով, Սիդնեյն արհամարհանքով ծռմռեց բերանը, սակայն տան հանդեպ տածած հարգանքից այնուամենայնիվ պատասխանեց Համիլտոնին.
— Մենք չենք պատրաստվում այստեղ ապրել։ Իսկ մեծածախ խոշոր առևտրի համար, որ վարում ենք, ռուսների անազնվությունը քիչ նշանակություն ունի․․․
— Անտառանյութի առևտո՞ւր եք անում դուք, սըր...
— Այո, անտառանյութի առևտուր եմ անում, սըր... Արխանգելսկի տակ անտառային խոշոր կոնցեսիա ձեռք բերեցինք։
Անտառային կոնցեսիա բառերը լսելով, հոլանդացի Վան Լեյդենը զրուցողներին մոտեցրեց իր հոնքազուրկ, իսպանական սուր մորուսով թունդ կարմիր դեմքը, եռածալ ծնոտը շփելով օսլայած հսկայական օձիքին։
— Օ՜, այո,— ասաց,— ռուսական անտառանյութը լավն է, բայց Սառուցյալ օվկիանոսի սատանայի քամիներն ու նորվեգացի ծովահենները՝ վատ։— Բացեց բերանը, ավելի շառագունեց, կկոցած աչքերից երկու կաթիլ արցունք կախվեց՝ քրքջում էր...
— Ոչինչ,— պատասխանեց բարձրահասակ, ոսկրոտ ու դեղնադեմ Սիդնեյը,— կայմագերանը մեզ վրա քսանհինգ կոպեկ է նստում, Նյուբեստլում ինը շիլինգով ենք ծախում... Մենք կարող ենք ռիսկի գնալ...
Հոլանդացին լեզուն ճտտացրեց. «Ի՜նը շիլինգ՝ գերանին»։ Նա Մոսկովիա էր եկել վուշի մանվածք, կտավ, կուպր ու պոտաշ գնելու։ Նրա երկու նավերը ձմեռելու էին կանգնած Արխանգելսկում։ Գործերը լավ չէին, թագավորական առևտրականները՝ մոսկովյան խոշոր վաճառականները, որոնք ապրանք էին գնում գանձարանի համար, իմացել էին երկու նավերի մասին ու չլսված գներ դրել, մասնավոր մանր-մունր միջնորդների ապրանքը բանի պետք չէր։ Իսկ անգլիացին, ահա, լավ գործ է բռնել ըստ երևույթին, եթե չի ստում։ Շատ ցավալի է։ Նայելով, թե շուրջը ռուսներ չկան, Վան Լեյդենն ասաց.
— Ռուսական ցարը ամբողջ աշխարհի կուպրի երեք քառորդի, լավագույն կայմափայտի և ամբողջ կանեփի տերն է... Բայց դա նույնքան դժվար էր վերցնել, ինչպես լուսնի վրայից... Օ՜, ոչ, սըր, դուք շատ չեք վաստակի ձեր կոնցեսիայից... Հյուսիսն ամայի է, միգուցե արջերի՞ն սովորեցնեք անտառ հատել... Բացի դրանից, ձեր երեք նավերից, սըր, երկուսը կխորտակեն նորվեգացիները կամ շվեդները, երրորդն էլ լողացող սառույցների զոհը կդառնա։— Նա կրկին ծիծաղեց, զգալով արդեն, որ տհաճություն է պատճառել գոռոզ անգլիացուն։— Այո, այո, այս երկիրը հարուստ է Նոր Աշխարհի պես, ավելի հարուստ, քան Հնդկաստանը, բայց քանի դեռ բոյարներն են կառավարում երկիրը, մենք շարունակ վնասներ ենր կրելու... Մոսկվայում իրենց շահը չեն հասկանում, մոսկովցիները վայրենիների պես են առևտուր անում... Օ՜, եթե նրանք նավահանգիստներ ունենային Բալթիական ծովում, նաև հարմար ճանապարհներ, նաև առևտրով զբաղվեին, որպես ազնիվ բյուրգերներ, այն ժամանակ այստեղ խոշոր գործառնություններ կարելի էր անել...
— Այո, սրր,— հանդիսավոր պատասխանեց Սիդնեյը,— ես հաճույքով լսեցի ու համաձայնեցի ձեզ... Չգիտեմ, ինչպես է ձեզ մոտ, բայց կարծում եմ, ձեզ մոտ նույնպես, ինչպես մեր Անգլիայում, այլևս ծովային փոքր նավեր չեն կառուցում... Անգլիայի բոլոր էլլինգներում չորս կամ հինգ հարյուր տոննանոց նավեր են կառուցվում․․․ Հիմա մեզ հինգ անգամ ավելի անտառանյութ ու վուշի մանվածք է պետք։ Յուրաքանչյուր նավի համար տասը հազար յարդից ոչ պակաս առագաստի կտավ է պահանջվում...
— Օ-օօ՜,— զարմացած բացականչեցին խոսակցությունը լսողները։
— Հապա կաշին, սըր, դուք ռուսական կաշվի պահանջը մոռացաք, սըր,— ընդհատեց նրան Համիլտոնը...
Սիդնեյը զայրագին նայեց անկիրթ այդ մարդուն։ Ոսկրոտ կզակի կնճիռները հավաքելով, որոշ ժամանակ աչքերն էր կկոցել կրակի վրա։
― Ոչ,— պատասխանեց նա,— ես չեմ մոռանում ռուսական կաշվի մասին, բայց ես կաշվի առևտրով չեմ զբաղվում... Կաշին շվեդացի վաճառականներն են արտահանում... Աստծու ողորմածությամբ, Անգլիան հարստանում է, և մենք շինարարական նյութ շատ պիտի ունենանք... Անգլիացիները երբ կամեցել են, ունեցել են... Ու մենք կունենանք...
Նա ավարտեց խոսակցությանը, նստեց բազկաթոռին, և կոշիկի հաստ ներբանը դնելով բուխարու դիմաճաղին, այլևս ուշադրություն չդարձրեց և ոչ ոքի վրա... Արագ մոտեցավ Լեֆորտը, թևանցուկ բերելով Ալեքսաշկա Մենշիկովին։ Հագել էր կարմիր դարձածալերով ու պղնձյա կոճակներով կապույտ մահուդե կաֆտան, արծաթյա հսկայական խթաններն էին զրնգում բոտֆորտներին։ Հսկայական, փարթամ կեղծամով եզերված դեմքին դիմափոշի էր ցանել, ժանեկահյուս փողկապին ալմաստե քորոց փակցրել։ Զվարթ, զուլալ ջրի գույն ունեցող աչքերով անվարան զննում էր հյուրերին։ Ճարպկորեն գլուխ տվեց, հուժկու ուսը խաղացրեց, թիկունքն արած բուխարուն, ծխամորճ վերցրեց։
— Թագավորն այս րոպեիս կբարեհաճի գալ...
Հյուրերը փսփսացին, առավել երևելիները առաջացան, դեմքով դեպի դուռը... Սիդնեյը, Ալեքսաշկայի ասածը չհասկանալով, նույնիսկ բերանը բացեց թեթևակի, զարմացած զննելով այդ պատանուն, որը հարգարժան մարդկանց անփութորեն ետ մղեց բուխարու մոտից։ Սակայն Համիլտոնը շշնջաց նրա ականջին. «Ցարի սիրելին է, վերջերս սպասյակից սպայի կոչում է ստացել, շատ հարկավոր մարդ է», և Սիդնեյը, աչքատակերի բարեհոգի կնճիռները հավաքելով, դիմեց Ալեքսաշկային.
— Ես վաղուց էի երազում մեծն արքային տեսնելու բախտին արժանանալ... Ընդամենը մի խեղճ վաճառական եմ ու երախտապարտ եմ տեր աստծուց այս անակնկալի համար, որի մասին կպատմեմ իմ զավակներին ու թոռներին...
Լեֆորտը թարգմանեց, Ալեքսաշկան պատասխանեց.
— Ցույց կտանք, ցույց կտանք,— ու ծիծաղելով բացեց սպիտակ, հավասար ատամները։— Թե խմել ու կատակել էլ գիտեն․․․ ուրեմն հետը քեֆ էլ կանես։ Թոռներիդ պատմելու բաս կունենաս... (Լեֆորտին։) Հարցրու դրան՝ ինչի՞ վաճառական է։ Ա՜, անտառի... Չլինի՞ եկել է մուժիկ ու անտառ կտրող խնդրելու... (Լեֆորտը հարցրեց, Սիդնեյը Ժպտալով գլխով արեց։) Ինչի՞ չէ, թագավորը եթե թուղթ տա Լև Կիրիլովիչին... Թող խնդիրք անի...
Դռան մեջ անսպասելի հայտնվեց Պյոտրը՝ Ալեքսաշկայի պես, պրեոբրաժենցու կաֆտանով, ուսերն ու կուրծքը՝ նեղ, ամբողջովին ձնակոլոլ։ Շառագունած այտերի վրա փոսիկներ էին առաջացել, բերանը սեղմված էր, սակայն խաժ աչքերը ծիծղուն էին։ Հանեց եռանկյունի գլխարկը, դոփեց քթներն ուղիղ կտրած, ծնկներից վեր սապոգներով, ձյունը թափ տալով։
— Գուտեն տագ, մայնե հերշաֆթեն,— ասաց պատանեկան թավ ձայնով։ (Լեֆորտն արդեն թոչում էր դեպի նա, կորացած, սմի ձեռքն առաջ պարզած, մյուսն աղեղած կոնքին։) Սաստիկ ուտել եմ ուզում... Գնանք, սեղան նստենք...
Աչքով անելով շունչները պահած օտարերկրացիներին, շրջվեց, և կորամեջք, համարյա դռան բարձրության, նախասենյակով գնաց շպայզեզալ՝ սեղանատուն...
Արդեն կարմրատակել էին հյուրերի դեմքերը և թեքվել էին կեղծամները։ Ալեքսաշկան, վզնոցն արձակած, վերջացրել էր իր տրեպակը ու նորից խմում էր, ընդամենը գունատվելով խմիչքից։ Մյուսներից ավելի հարբած ձևացնող ծաղրածուները աթուրմա էին թռչում, չոր սիսեռով լի եզան փուչիկներով հասցնելով հյուրերի գլխին։ Բոլորը միասին էին խոսում։ Մոմերը կիսով չափ այրվել էին։ Շուտով կուկույցի տիկնայք պիտի գային՝ պարելու։
Ուղղամարմին ու զուսպ, սակայն կարմրած ու շլված աչքերով Սիդնեյն ասում էր Պյոտրին (Համիլտոնը թարգմանում էր, կանգնած նրանց աթոռների ետևում).
— Սըր, նորին մեծությանն ասացեք հետևյալը, մենք՝ անգլիացիներս, գտնում ենք, որ մեր երկրի բախտը ծովային առևտրի հաջողություններից է կախված... Պատերազմը թանկ արժեցող ու տխրալի անհրաժեշտություն է, սակայն առևտուրը բարձրյալի օրհնությունն է...
— Այդպես, այդպես,— համաձայնեց Պյոտրը։ Նրան ուրախացնում էին աղմուկն ու վեճերը, հատկապես օտարերկրացիների այդ տարօրինակ դատողությունները պետության մասին, առևտրի, շահի ու վնասի մասին... Օ՜, երջանկություն։ Զարմանալի էր։— Է, հետո, շարունակիր, լսում եմ...
— Նորին մեծություն Անգլիո թագավորը և հարգարժան լորդերը երբեք և ոչ մի բիլլ չեն հաստատի, որը առևտրին վնասել կարող է սոսկ։ Այդ իսկ պատճառով նորին մեծության գանձարանը լիքն է... Անգլիացի վաճառականը հարգված անձնավորութուն է երկրում։ Եվ մենք բոլորս պատրաստ ենք արյուն թափել հանուն Անգլիայի և մեր թագավորի... Թող նորին մեծություն երիտասարդ թագավորը չբարկանա, եթե ասեմ, որ Ռուսաստանում վատ և անօգտակար օրենքները շատ են։ Օ՜, լա՜վ օրենքը մե՜ծ բան է։ Մենք էլ ունենք խիստ օրենքներ, սակայն դրանք մեզ օգտակար են և մենք հարգում ենք դրանք...
— Սատանան գիտե, ինչեր է ասում,— ծիծաղելով, Պյոտրը շուռ տվեց թռչնի ոտք հիշեցնող տակով բարձր գավաթը։— Այսպես խոսեր Կրեմլում... Լսիր, Ֆրանց, ուշագնաց կլինեին... Դե լավ, ասա, թե մեզ մոտ ինչն է վատ։ Համիլտոն, թարգմանիր...
— Օ՜, դա լուրջ հարց է, ես խմած եմ,— պատասխանեց Սիդնեյը։— Եթե նորին մեծությանը թույլ տա, ես վաղը կարող եմ, խելքս կատարելապես գլուխս գալուց հետո, պատմել ռուսական վատ սովորությունների մասին, ինչպես նաև, թե ինչից է հարստանում պետությունը և ինչ է հարկավոր դրա համար...
Պյոտրը աչքերը չռեց նրա շլված, օտարամիտ աչքերի վրա։ Նրան թվաց, թե չի՞ ծիծաղում արդյոք վաճառականը հիմար ռուսների վրա։ Սակայն Լեֆորտը, արագ թեքվելով ուսին, շշնջաց.
— Հետաքրքիր կլինի լսել սույն փիլիսոփայությունը, թե ինչպես հարստացնել երկիրը։
— Լավ,— ասաց Պյոտրը,— բայց թող ասի, թե մեզ մոտ ինչն է գարշելի։
— Լավ,— Սիդնեյի հարբածությունը թողեց։— Մեր սիրալիր տանտիրոջ մոտ գալիս, անցա մի հրապարակով, ուր կախաղան կա, այնտեղ մի փոքր տեղ մաքրված է ձյունից ու զինվոր է կանգնած...
— Պոկրովսկիյե դարպասի ետևը,— աթոռը հետը բերելով ու նստելով հուշեց Ալեքսաշկան։
— Այդպես է... Եվ հանկարծ տեսա, գետնի միջից կնոջ գլուխ է ցցված ու թարթում է աչքերը։ Ես շատ վախեցա, հարցրեցի ուղեկցիս. «Ինչո՞ւ է գլուխը թարթում աչքերը»։ Նա ասաց. «Նա դեռ կենդանի է։ Սա ռուսական մահապատիժ է՝ ամուսնուն սպանելու համար կնոջը թաղում են հողի մեջ և մի քանի օր անց, երբ մեռնում է, կախում են գլխիվար...»։
Ալեքսաշկան քթի տակ խնդաց, «հը՛-հը՛»։ Պյոտրը նայեց նրան, մեղմիկ ժպտացող Լեֆորտին.
— Հապա ի՞նչ։ Չէ որ նա սպանել է... Հնուց են այդպես պատժում... Դրա համար հո չե՞ն ներելու։
— Ձերդ մեծության,— ասաց Սիդնեյը,— հարցրեք այդ դժբախտին, թե ինչն է նրան հասցրել զարհուրեյի ոճրագործության, ու նա հավանաբար կմեղմացնի ձեր բարեգութ սիրտը... (Պյոտրը քմծիծաղեց։) Ինչ-որ բաներ լսել ու տեսել եմ Ռուսաստանում... Օ՜, սուր է օտարերկրացու աչքը... Ռուս կնոջ կյանքը խրճիթներում նման է անասունի կյանքի... (Թաշկինակը տարավ քրտնած ճակատի վրայով, զգալով, որ չափն անցել է, բայց հպարտությունն ու գինովությունը արձակել էին լեզուն)։ Ապագա քաղաքացու համար ի՜նչ օրինակ կհանդիսանա, եթե նրա մայրը թաղվել է հողի մեջ, ապա լկտիաբար կախվել ոտքերից։ Մեր գրողներից մեկը՝ Վիլյամ Շեքսպիրը, շատ հուզիչ նկարագրել է իր սքանչելի կատակերգության մեջ, թե ինչպես իտալացի հարուստ վաճառականի որդին կնոջ հանդեպ տածած սիրուց թունավորել է իրեն... Իսկ ռուսները ծեծում են կնոջը մտրակներով ու մահակով, կիսամեռ անելով, դա նույնիսկ խրախուսվում է օրենքով... Երբ ես վերադառնում եմ Լոնդոն, իմ տուն, իմ հարգարժան կինը բարի ժպիտով է ինձ դիմավորում, և զավակներս վիզս են ընկնում առանց վախի ու երկյուղի, և իմ տան մեջ ես խաղաղություն եմ գտնում ու ազնիվ բարքեր... Կնոջս մտքով չի անցնի սպանել ինձ, քանի որ բարի վերաբերմունք ունեմ։
Հուզված անգլիացին լռեց ու կախեց գլուխը։ Պյոտրը բռնեց նրա ուսից.
— Համիլտոն, թարգմանիր... (Եվ բարձրաձայն սկսեց բղավել Սիդնեյի ականջին ռուսերեն։) Ինքներս ամեն ինչ տեսնում ենք... Չենք պարծենում, թե մեզ մոտ լավ է... Մորս ասել եմ, ուզում եմ մի հիսուն պալատական, ավելի խելացիներից, արտասահման ուղարկել, որ սովորեն ձեզ մոտ... Մեզ պետք է սովորել ազը, բուկին, վեդին... Դու աչքներս, ես խոթում, թե վայրենի եք, աղքատ եք, հիմար ու գազան եք... Գիտեմ, գրողը տանի։ Բայց համբերիր, համբերի՜ր...
Նա վեր կացավ, ելնելիս դեն շպրտեց աթոռը.
— Ալեքսաշկա, ձիե՛րը։
— Ո՞ւր, մին խեռց։
— Պոկրովսկիյե դարպաս։
Գլուխը դանդաղ բարձրացրեց կոպերը... Չէ, մահ չկար... Հողի ցուրտը կծկել էր մարմինը... Հողը տաքացնել չէր լինի... Գերեզմանում շարժվել չէր լինի... Թաղել էին մինչև ականջները... (Փափուկ ձյունը ետ ընկած դեմքին էր թափվում։) Գոնե սրտխառնուքը նորից շղարշեր աչքերը՝ այդքան չէր խղճա ինքն իրեն... Գազա՜ն են մարդիկ, ա՛խ, գազա՜ն են...
Դաշտային ծաղկի պես, մի աղջիկ էր ապրում... Դաշա, Դաշենկա՝ հարազատ մայրն էր կանչում... Ինչի՞ ծնեցիր ինձ... Որ մարդիկ կենդանի-կենդանի հողը դնեն... Մեղավոր չեմ ես... Տեսնո՞ւմ ես ինձ, տեսնո՞ւմ ես...
Գլուխը շրթունքները պոկեց իրարից, չորացած լեզվով ձայն տվեց. «Մամա, մամանյա, մեռնում եմ...»։ Հոսեցին արցունքները։ Արտևանունքների վրա փաթիլներ էին նստում...
...Գլխի ետևում, խավար հրապարակում օդն էր ճռճռացնում կախաղանի պարանը... Մեռնելուց հետո էլ չես հանգստանալու՝ մարմինդ կախ կտան... Ցավում է, ցավում, հողն է կիտվել... Գուղձեր են մտել գոտկատեղը... Օ՜խ, ցավը, սա է ցավը, սա՜... (Գլուխը բացեց բերանը, ետ ընկավ։) Տեր աստված, պաշտպան եղիր... Մամանյա, ասա նրան, մամանյա... Մեղավոր չեմ... Ուշքս գլխիս չէր՝ սպանեցի... Շունը որ շուն է, կծում է... Զին որ ձի է, նա էլ է... Բղավելու ուժ չկար։ Ցավը զարմանքի է հասել։ Աչքերը չռվեցին, մարեցին։ Գլուխը կողք ընկավ...
... Նորից Ձյունը... Դեռ մահը չէր... Շուտով երրորդ օրը կլինի... Քամին, քամին է ճռճռացնում պարանը... Կովը վայ թե երեք օր կթած չի... էս, ի՞նչ էր՝ կարմիր լո՞ւյս... Օհ, սարսափելի է... Կրակներ են... Սահնակներ... Մարդիկ... էստեղ են գալիս... Նո՞ր տանջանքներ։ (Ուզեց ոտքերը շարժել՝ հողի սարերը ճզմեցին. մատն իրար տալ չէր կարող...)։
— Ո՞ւր է նա, չեմ տեսնում,— բարձրաձայն ասաց Պյոտրը։— Չլինի՞ շներն են կերել։
— Էյ, պահա՛կ։ Քնա՞ծ ես։ Պահա՜կ,— բղավեցին սահնակների մոտ կանգնած մարդիկ։
— Էստեեե՜ղ եե՜մ,— մի ձիգ ձայն հնչեց, թափվող ձյան միջով վազում էր պահակը, ոտքերը փաթ գցելով ոչխարենու քուրքի մեջ... վազեվազ, արջավարի, ընկավ Պյոտրի ոտքերը, գլուխը խոնարհեց, մնաց ծնկաչոք...
— Որտե՞ղ է թաղված կինը։
— Էստեղ է, տեր թագավոր...
— Կենդանի՞ է։
— Կենդանի է, տեր թագավոր։
— Ինչի՞ համար են մահապատիժ տվել։
— Դանակով մորթել է մարդուն։
— Ցույց տուր...
Պահակը վազեց, պպզեց ու քուրքի տուտով կնոջ դեմքի վրայից, սառած մազերից թափ տվեց ձյունը հաճկատարությամբ.
— Կենդանի է, տեր թագավոր, կենդանի, աչքերը բացուխուփ է անում...
Պյոտրը, Սիդնեյը, Ալեքսաշկան, Լեֆորտի հյուրերից մի հինգ մարդ մոտեցան գլխին։ Երկաթյա սաղավարտները փայլեցնելով, երկու հրացանակիր բարձր բռնել էին ջահերը։ Ձյան միջից, ներս ընկած խոշոր աչքերով մարդկանց էր նայում ձյան պես ճերմակ ու հարթ մի դեմք։
— Ինչի՞ համար ես սպանել մարդուդ,— հարցրեց Պյոտրը...
Կինը լուռ էր։
Պահակը վալենկայով դիպավ դեմքին.
— Տեր թագավորն է հարցնում, անխելք։
— Ի՞նչ է, ծեծո՞ւմ էր քեզ, տանջո՞ւմ։ (Պյոտրը կռացավ դեմքի վրա։) Սրա անունն ի՞նչ է։ Դարյա... Հը, Դարյա, ասա, ինչ է եղել...
Լուռ էր։ Իրար անցած պահակը պպզեց ու ականջին ասաց.
― Մեղա եկ, կարող է ներեն... Ախր, ինձ ես խայտառակ անում, ա՛յ կնիկ...
Այդ ժամանակ գլուխը բացեց սև բերանը և խռպոտ, խուլ, ատելությամբ ասաց.
― Սպանել եմ... Ու մի անգամ էլ կսպանեի էդ գազանին...
Աչքերը փակեց։ Բոլորը լուռ էին։ Ջահերի ձյութը թշշոցով ցած էր ընկնում։ Սիդնեյն արագ-արագ ինչ-որ բաներ ասաց, թարգմանող չկար։ Պահակը նորից ցնցեց գլուխը վալենկայով՝ մեռածի պես գնաց-եկավ։ Պյոտրը չոր հազաց, գնաց դեպի սահնակը... Ցածրաձայն ասաց Ալեքսաշկային.
— Ասա գնդակահարեն...
Լուո ու սառած, վերադարձավ Լեֆորտի վառ լուսավորված տունը։ Պարադահլիճի վերնասրահում երաժիշտներ էին նվագում։ Գույնզգույն հագուստները, դեմքերը, մոմերը՝ կրկնապատկվում էին հայելիների մեջ։ Տաք մշուշի միջից Պյոտրն իսկույն տեսավ խարտիշահեր Աննա Մոնսին։ Աղջիկը պատի մոտ էր նստած՝ դեմքը մտախոհ էր, մերկ ուսերը իջեցրած։
Այդ պահին երաժշտությունը վերնասրահից պարզեց իր պղնձյա փողերը ու երգեց նրա համար Անխենի մասին, նրա վարդագույն զգեստի, ծնկներին դրած անմեղ ձեռքերի մասին՝ դանդաղ պար էին նվագում... Ինչո՞ւ, ամեհի տրտմությամբ ինչո՞ւ էր պատառ-պատառ լինում սիրտը։ Կարծես ինքն էր մինչև վիզը թաղված հողի մեջ ու բքի միջից աներևակայելի հեռուներից իր սերն էր կանչում...
Աննայի աչքերը ցնցվեցին, դռան մեջ տեսավ նրան բոլորից շուտ։ Վեր կացավ ու սուրաց մոմած հատակի վրայով... Եվ երաժշտությունն արդեն զվարթաձայն երգում էր բարեշունչ Գերմանիայի մասին, ուր մաքուր-մաքուր պատուհանների առաջ ծաղկում է վարդագույն նշենին, բարի հայրիկն ու բարի մայրիկը բարի ժպիտներով նայում են Հանսին ու Գրետելին՝ կանգնած սույն նշենու տակ, ինչ հավերժ սեր է նշանակում, իսկ երբ իրենց արևը կթեքվի գիշերվա կապույտի գիրկը, խաղաղ հոգոցով կիջնեն գերեզման... Ա՛հ, աներևակայելի՜ հեռաստաններ...
Պյոտրը գրկեց վարդագույն մետաքսի տակ ջերմ Անխենին ու պարեց լուռ և այնքան երկար, որ երաժիշտները խառնեցին եղանակը...
Պյոտրն ասաց.
— Աննա՞։
Աղջիկը հավատով, ջինջ ու անմեղ նայեց աչքերին.
— Դուք այսօր դառնացա՞ծ եք, Պիտեր։
— Աննուշկա, դու ինձ սիրո՞ւմ ես։
Ի պատասխան Աննան միայն գլուխը կախեց փութով, վզին թավշյա ժապավեն կար... Բոլոր պարողները և նստած տիկնայք հասկացան թե՛ այն, ինչ հարցրեց ցարը, թե՛ այն, ինչ Աննա Մոնսը պատասխանեց։ Սրահով մի շրջան կատարելով, Պյոտրն ասաց.
֊ Քեզ հետ է իմ երջանկությունը....
Պատրիարքին թևանցուկ ներս բերեցին։ Ավագ թագուհուն ու նրա եղբորը, բոյարներին օրհնելով, ճգնավորի իր ձեռքի ոսկորներն էր դեմ անում նրանց շրթունքներին, ու խստահայաց էր։ Պյոտր ցարը դեռևս չկար։ Յոակիմը նստեց բարձր թիկնակով չոր աթոռին ու կռացավ՝ վեղարը ծածկեց դեմքը։ Խորունկ պատուհաններից ներս էին հորդում արևի ճառագայթները Նստատաշ պալատի ճոխ կամարների տակ։ Բոլորը լուռ էին, ձեռքները ծալած, աչքերը ցած հառած։ Դրսից, լուսամուտի ձնապատ շրջանակին նստած աղավնու թևավոր ստվերն էր սոսկ խախտում անդորրը։ Տաքություն էր փչում ջնարակած կապույտ վառարանից, խունկի և մոմի հոտ էր գալիս։ առաջնակարգ ու կարևորագույն գործը սա էր՝ նստել այսպես, արժանավայել լռության մեջ, պահպանելով կարգն ու սովորույթը։ Թող այս անսասանությանը բախվեն ու փշրվեն մարդկային հորձանքներ՝ ունայնություն ունայնությանց։ Բավական են գայթակղութուններ ու նորույթներ։ Ռուսաստանի պատվարն այստեղ է՝ թող լինենք սակավ հարուստ, սակայն ճշմարիտ... Մնացյալը՝ աստված է օգնական...
Լուռ էին, թագավորի ժամանմանն էին սպասում։ Բարեպաշտ նիրհում էր Նատալյա Կիրիլովնան՝ վերջին ամիսներս գիրացել էր, վատառողջ դարձել։ Ստրեշնևը զգուշությամբ, տնքտնքալով բարձրացրեց թագուհու ծնկներից գորգին ընկած տերողորմյան։ Սոֆյայի օրոք պալատում աշտարակաձև ժամացույց էր դրված։ Հրամայել էին դուրս տանել՝ տկտկոցն էր բարկացնում, նաև ասված էր. «Ոչ ոք հետևի ժամին...»։ ժամանակը հաշվելն ինքնախաբեություն է։ Թող որ դանդաղ թռչի Ռուսաստանի վրայով, անաղմուկ...
Նախասրահում դռները բացվեցին, ցրտահար ձայներ խախտեցին խոնջացած լռությունը, հորանջը զսպելով, թագուհին խաչակնքեց բերանը։ Զինակիրը՝ անխոս մի պատանյակ, խոնարհ զեկույց տվեց ժամանման մասին։ Բոյարներն անշտապ հանեցին կրծքամորթու գլխարկները։ Նատալյա Կիրիլովնան դեմքը կնճռոտեց, դռանը նայելով, սակայն, փառք աստծո, Պյոտրը ռուսական զգեստով էր, դռան ետևում ծիծաղը զսպեց ու ներս մտավ բավականին արժանավայել... «Արագիլի ոտքեր ունի խեղճը, դժվար է արժանավայել քայլելը»,— մտածեց թագուհին, ողջունելիս դեմքը շողացնելով։ Պյոտրը մոտեցավ պատրիարքի օրհնությունը ստանալու, հարցրեց հիվանդ եղբոր առողջության մասին...
Շտապ փող էր պետք նրան, դրա համար էր մոր նամակով այստեղ եկել՝ հնազանդ, Յոակիմին լսելու։ Նստեց գահին և, կարծես փետրե ներքնակի մեջ, թաղվեց պալատի ննջաբեր լռության գրկում, արմունկով կռթնելով, ձեռքի ափով բերանը փակեց՝ վրահաս հորանջը քողարկելու համար։
Սև պատմուճանի տակից Յոակիմը մի տետր հանեց, ձեռքը դոդում էր ծերունավարի, դանդաղ շրջեց էջը, աչքերը վեր հառեց, մատները երկար պահելով վեղարի ութնաթև խաչին, ապա խաչակնքելով, սկսեց կարդալ ցածրաձայն, ճապաղ, ատամների արանքից ու դանդաղ.
— ...Մի գոռոզացեք, որ խռովությունը ոչնչացնելով, հաշտություն բերեցիք մարդկանց ու շեներին..․ Վշտահար է հոգին իմ, միաբանության ու բարգավաճում չտեսնելով ժողովրդի մեջ։ Գահանիստ քաղաքում՝ ծխազուրկ վանականներ ու միանձնուհիներ, տերտեներ ու դպիրներ, անպատիվ ու անճարտար, նաև թափառական զանազան այրեր, որբ լեգեոն կկազմեն, ձեռք ու ոտք կապած, ոմանք էլ աչքերը կապած ու փակած, թրև են գալիս փողոցներում, կեղծավոր ու խարդախ, մուրում են ամենուր... Եվ սա՞ է արդյոք պարտեզը փթթուն։ Ապա տեսնում եմ ես՝ հարբեցողություն է տներում, երազատեսություն ու հմայություն և ցոփություն զարհուրելի։ Ամուսինը կնոջ մազերն է պոկում և մերկանդամ փողոց շպրտում, և կինն է սպանում յուր ամուսնուն, իսկ երեխայք, որպես խելագար, մոլախոտի պես են բազմանում... Եվ սա՞ է արդյոք պարտեզը փթթուն... Ապա տեսնում եմ ես՝ որդին բոյարի, և արհեստավորը, և շինականը, լախտերն առած, սեփական տունուտեղ կրակի տված, անտառներն են քաշվում՝ իրենց վայրագություններն անելու։ Ո՞ւր է քո արորը, շինական։ Ո՞ւր է քո կշեռքը, վաճառական։ Ո՞ւր է քո պատիվը, բոյարի զավակ։
Այսպես կարդում էր նա ամենուր տարածված չարիքի մասին։ Պյոտրի նիրհն անցավ։ Նատալյա Կիրիլովնան, տանջվելով, մերթ որդուն էր նայում, մերթ բոյարներին, իսկ նրանք, հարկը պատշաճին, մորուքներն առաջ պարզած, լռում էին։ Բոլորը գիտեին՝ պետության գործերը խիստ վատթար վիճակում են։ Սակայն ինչպե՞ս օգնել։ Դիմանալ՝ միայն դիմանալ... Յոակիմը կարդում էր.
— Մեր նվազ խելքով վճռեցինք ճշմարտությունն ասել ձեզ՝ մեծն արքաներիդ... Երկրում այնքան ժամանակ կարգուկանոն և լիություն չի լինի, քանի դեռ անաստվածությունն ու լատինական պիղծ հերձվածներն են ծաղկում, լյութերական, կալվինյան ու ջհուդական... Մեր մեղքերից ենք տառապում... Երրորդ Հռոմն էինք, երկրորդ Սոդոմ Գոմորը դարձանք։ Մեծն թագավորներ, հարկ է թույլ չտալ այլադավաններին իրենց աղոթատները կառուցել, կառուցվածներն էլ հարկ է ավերել... Արգելել, որ գնդերը նզովյալ հերետիկոսները գլխավորեն... Ի՞նչ օգուտ կարող է նրանցից լինել ուղղափառ զորականներին։ Աստծո զայրույթը միայն կհարուցեն... Գայլերն են իշխում գառանց վրա։ Արգելել ուղղափառներին բարեկամություն անել հերետիկոսների հետ... Օտարերկրյա սովորույթքն ու հագուստի մեջ ամենայն փոփոխություն չթույլատրել... Ապա ոտքի կանգնելով աստիճանաբար և ուղղափառության ոգին բարձրացնելով, Ռուսաստանից դուրս շպրտել օտարերկրացիներին ու արվարձանը գերմանական, այդ գեհենն ու հրապուրանքը՝ այրել...
Պատրիարքի աչքերը կրակվում էին, ցնցվում էր դեմքը, թափահարվում էին մորուքը, մանուշակագույն ձեռքերը։ Բոյարները ցած նայեցին՝ չափազանց կտրուկ էր Յոակիմը, չի կարելի նման գործերում այդպես թարս ու շիտակ խփել...
Ռոմոդանովսկու աչքերը, խեցգետնի աչքի պես, չռվել էին։ Նատալյա Կիրիլովնան, ոչինչ չհասկանալով, ընթերցումը վերջացնելուց հետո էլ էր գլխով անում ժպտալով։ Պյոտրը փռվել էր գահին, փոքր երեխայի պես շրթունքներն ուռեցրած։ Պատրիարքը պահեց տետրը, և մատները տարավ աչքերի վրայով.
— Մեծ գործը փոքրից սկսենք... Սոֆյա Ալեքսեևնայի օրոք իմ աղերսագին խնդրանոք Կուկույում բռնել էին նողկալի հերետիկոս Կվիրին Կուլմանին... Հարցաքննության ժամանակ նա ասել է, իբր Ամստերդամում ճերմակ շուրջառով մեկն է հայտնվել իրեն ու հրամայել Մոսկվա գնալ, այնտեղ իբր կործանվում են անհավատության խավարի մեջ... (Յոակիմը հուզմունքից դադար տվեց մի քիչ։) «Եվ դուք,— ասել է նա հարցաքննությանը,— կույր եք, չեք տեսնում, որ լուսապսակ կա գլխիս և սուրբ հոգին է բարբառում իմ բերանով...»։ Եվ մեջբերումներ է արել Յակով Բեմի ու Քրիստոփոր Բարտուտի գայթակղիչ գրվածքներից... Իսկ ինքը, ի միջի այլոց, Մոսկվայում գայթակղել է Մարիա Սելիֆոնտովա անունով աղջկան, վախից տղամարդու շորեր հագցրել, և աղջիկն ապրում է նրա խորդանոցում... Օրնիբուն հարբած են երկուսով, ջութակ ու ծնծղա են նվագում, գլուխը հանում է նա լուսամատից ու բղավում վայրենաձայն, թե սուրբ հոգի է իջել վրան... Գուշակելու համար մոտը գնացածներին էլ հրամայում է իր փորատակը համբուրել... Տեր աստված, ինչպես կարելի է գեթ մի րոպե հանգիստ մնալ, երբ այստեղ արդեն ցնծում է սատանան... Մեծն արքաներից խնդրում եմ հրաման արձակել Կվիրին Կուլմանի վրա՝ կենդանի-կենդանի այրել նրան իր գրքերի հետ...
Բոլորը գլուխները դարձրեցին Պյոտրի կողմը, և նա հասկացավ, որ Կվիրին Կուլմանի գործը վաղուց է վճռված։ Նա կարդաց դա մոր խաղաղ աչքերի մեջ։ Մենակ Ռոմոդանովսկին էր բեխերը շարժում, հավանություն չտալով։ Պյոտրն ուղղվեց, ձեռքը վեր բարձրացավ՝ եղունգը կրծելու։ Այդպես առաջին անգամ կյանքում նրանից պետական որոշում պահանջվեց։ Սարսափելի էր, սակայն զայրույթի սառնությունն արդեն պարուրել էր սիրտը։ Հիշեց Լեֆորտի տանը վերջերս ունեցած խոսակցությունները, արժանապատվությամբ լի, խելացի դեմքերը օտարերկրացիների... Քաղաքավարի արհամարհանքը․.. «Ռուսաստանը չափազանց երկար ժամանակ է ասիական երկիր եղել,— ասում էր Սիդնեյը (հաջորդ օրը),— ձեզանում վախենում են եվրոպացիներից, սակայն ավելի վտանգավոր թշնամի, քան ինքներդ, չկա ձեզ համար...»։ Հիշեց, թե ինչպես էր ամաչում լսելիս... (Այն օրը հրամայեց Սիդնեյին սամույրի մուշտակ նվիրել, և որ այլևս չգա Լեֆորտի տուն, այլ Արխանգելսկ գնա։) Իսկ ի՞նչ կասեր անգլիացին, լսելով այս ճառերը։ Քանդե՞լ արվարձանի կիրխեներն ու կոստյոլները։ Հիշեց՝ ամռանը բաց պատուհանից լսվում էր գերմանական կիրխեի զանգի ղողանջը... Այդ վաղ ղողանջի մեջ ազնվություն ու կարգուկանոն կար, Կուկույի կոկիկ տների հոտը, Աննա Մոնսի պատուհանի ժանեկահյուս վարագույրը... Դու նրան ևս կայրեիր, կենդանի դիակ, սև ագռավ։ Մոխրակույտեր կթողնեիր Կուկույի տեղում։ (Հիմա արդեն Պյոտրը աչքերով խանձում էր պատրիարքին։) Սակայն զայրույթից ավելի ուժգին (Լեֆորտի դասերը չէի՞ն արդյոք) համառությունը և խորամանկությունը դրսևորվեցին։ Լա՛վ, կառավարող բոյարներ, մորուքավոր այրեր։ Նրանց վրա բղավելը դժվար չէր՝ կփռվեին գորգերի վրա, մռութները հատակին քսելով, մայրը լաց կլիներ, պատրիարքը քիթը կկախեր մինչև ծնկները, բայց և այնպես իրենցը կանեին, նաև փող չէին տա...
— Սրբազան հայր,— ասաց Պյոտրը պատշաճ զայրույթով (Նատալյա Կիրիլովնայի հոնքերը զարմացած բարձրացան),— ցավալի է, որ մեր միջև միաբանություն չկա... Մենք քո քրիստոնեական գործերին չենք խառնվում, իսկ դու մեր զինվորական գործի մեջ մտնում ես... Գուցե մեր մտադրությունները մեծ են, իսկ դու գիտե՞ս դրանք։ Մենք ուզում ենք ծովեր գրավել... Մեր երկրի բախտը ծովային առևտրի հաջողության հետ ենք կապում։ Աստծո օրհնությունն է սույնը... Առանց օտարերկրացիների ռազմական գործում ես ոչինչ չեմ կարող անել... Բայց փորձիր դիպչել նրանց կիրխեներին ու կոստյոլներին՝ բոլորը ցրիվ կգան։ Սա ի՞նչ է... (Նա բոյարներին նայեց հերթով։) Իմ թևե՜՞րն եք կտրում։
Զարմացան բոյարները, որ Պյոտրն այդքան անվեհեր է խոսում։ «Օհո՛,— միմյանց նայեցին,— տես է՜... Խիստ է ու կտրուկ...»։ Ռոմոդանովսկին գլխով էր անում. «Այդպե՛ս, այդպե՛u, ճշմարիտ է»։ Պատրիարքը սուր քիթը դարձրեց գահի կողմն ու բղավեց բուռն զայրույթով.
— Թագավոր մեծ, ձեռքիցս չառնես սատանայական հերետիկոս Կվիրին Կուլմանին...
Պյոտրը խոժոռվեց։ Զգում էր. այդ մեկը պիտի զիջի մորուքավորներին... Նատալյա Կիրիլովնան մրմնջաց. «Տե՜ր թագավոր» և աղերսագին ծալեց ձեռքերը... Պյոտրը շեղ նայեց Ռոմոդանովսկուն՝ սա թեթևակի տարածեց ձեռքերը...
— Կուլմանի հետ մենք գործ չունենք,— ասաց Պյոտրը,— գլխովին քեզ եմ հանձնում։ (Պատրիարքը նստեց, ուժասպառ փակելով աչքերը։) Իսկ հիմա ահա թե ինչ, բոյարներ՝ ինձ ութ հազար ռուբլի է պետք ռազմական, մեկ էլ նավաշինական պետքերի համար...
...Պալատից ելնելով, Պյոտրն իր սահնակը նստեցրեց Ֆյոդոր Յուրևիչ Ռոմոդանովսկուն ու գնաց նրանց տուն՝ Լուբյանկա, ճաշելու։
Մըյտիշչի գյուղից երիտասարդ թագուհու համար բերեցին Վորոբյիխա տատին։ Եվդոկիան այնքան ուրախացավ, որ հրամայեց տատին հենց սահնակից ննջարան ուղեկցեն։ Թագուհու ննջասենյակը վերևի գերանակապ կողաշենքում էր, երկու խուլ ու փոքր, արևից վարագուրված պատուհաններով։ Տաքուկ թախտի վրա վալենկաներով ու կարճ մուշտակով մշտապես ննջում էր տատմերը։ Եվդոկիայի երկունքը ուր որ է պիտի սկսվեր, և արդեն մի քանի օր նա չէր ելնում կարապի փետուրներով լի ներքնակների վրայից։ Իհարկե, կուզենար շունչ առնել այդ հեղձուցիչ խցից՝ սահնակով շրջեր ձնապատ Մոսկվայում, ուր գորշակապույտ ծուխն է ելնում, արևն է ցած կախված և լացող ուռենիների արծաթյա ճյուղերը նրբանցքներում կպչում են աղեղին... Սակայն ավագ թագուհին ու շրջապատող կանայք՝ աստվա՜ծ մի արասցե, ի՜նչ զբոսանք։ Պառկիր, չշարժվես, փորդ պահպանիր, ցարական պտուղ ես կրում ներսդ... Թույլատրված էր միայն աստվածահաճ ավարտով հեքիաթներ լսել... Լաց լինել անգամ չէր կարելի, մանկիկը կվշտանա...
Վորոբյիխան ներս մտավ մոլեռանդ վախով, բայցև աշխույժ։ Մաքուր էր տատը, նոր տրեխներով, կտավե շրջազգեստի տակ եղեսպակի փոքր փունջ էր ամրացրել՝ հոտի համար։ Շրթունքները փափուկ էին, հայացքը մկնային, դեմքը թեև ծերացած, բայց կարմրաթուշ, ու շատախոս էր, բլբլացնում էր անդադար... Շեմից ժիր-ժիր նայեց, ամեն ինչ նկատեց, ընկավ մահճակալի առաջ ու շնորհի արժանացավ, երիտասարդ թագուհին նրան պարզեց խոնավ ձեռքը.
— Նստիր, Վորոբյիխա, պատմիր տեսնենք... Ուրախացրու ինձ...
Վորոբյիխան սրբեց բերանը ու սկսեց պատմությունները տատիկ-պապիկի, տերտերի աղջիկների, ոսկեպոզիկ այծիկի մասին...
— Կաց, Վորոբյիխա,— Եվդոկիան բարձրացավ տեղից, նայելով, թե ննջո՞ւմ է տատմերը,— գուշակիր ինձ համար...
— Օհ, իմ սիրուն արև, չեմ իմանում...
— Սուտ ես ասում, Վորոբյիխա... Ոչ ոքի չեմ ասի, գուշակիր, թեկուզ բակլայով...
— Օ՜խ, բակլայի համար հիմի կաշի են մաշկում մտրակով... Վայ թե ալրափոշիով բացեմ բախտդ, սուրբ ջրով ջրիկ բաց անեմ, հը՞։
— Ցավերս ե՞րբ են բռնելու։ Շո՞ւտ կլինի։ Վախենում եմ... Գիշերները սիրտս նվաղում, թուլանում, կանգնում է... Վեր եմ թռչում, ձեռ տալիս՝ կենդանի՞ է։ Օ՜, տեր աստված։
— Քացի-քացի անո՞ւմ է։ Ո՞ր մասում։
— Այ էստեղ է խփում տոտիկով..․ Շուռումուռ է գալիս, ոնց որ ծնկներով ու արմունկներով փափուկ քսմսվի...
— Արևի ճամփո՞վ է շարժվում, թե հակառակը։
— Էնպես էլ, էնպես էլ... Շատ է ժիր...
— Տղա է։
— Օհ, հաստա՞տ...
Վորոբյիխան, մկան աչքերը գորովագին կկոցած, շշնջաց.
— Է՞լ ինչ գուշակեմ։ Տեսնում եմ, աննման գեղեցկուհիս, մի թաքան բան ունես լեզվիդ ծերին... Ականջիս ասա, թագուհի...
Եվդոկիան դարձավ դեպի պատը, շառագունեց ճակատին ու քունքերին գորշ բծերով, ուռած շրթունքներով դեմքը...
— Գեշացել եմ, թե ինչ՝ չգիտեմ...
— Քեզնից սիրուն, քեզնից աննման ո՞վ կա...
— Դե լավ... (Եվդոկիան շրջվեց, խաժ աչքերն արցունքով լցվեցին։) Խղճում ու սիրո՞ւմ է նա։ Բաց արա... Գնա ալրափոշի բեր...
Վորոբյիխայի մոտ ամեն ինչ կար, տոպրակի մեջ էր. կավե ամանը, ջրի սրվակն ու գորշագույն փոշին... (Շշնջաց. «Ձարխոտի սերմ է, Իվան Կուպալայից առաջ եմ հավաքել»։) Խառնեց, ամանը դրեց մահճակալի մոտի նստարանին, անհասկանալի մրմնջոցով Եվդոկիայից առավ հարսանեկան մատանին, գցեց ամանի մեջ, ասաց, որ նայի.
— Գաղտնիքդ ասա, կուզես բարձր, կուզես մտքիդ մեջ... Ինչի՞ց ես տանջվում։
— Մայրավանքից գալուց հետո փոխվել է,— շրթունքները հազիվ էր շարժում Եվդոկիան։— Ասածս, չի լսում, կարծես ամենաանխելքը ես եմ... «Պատմությունից մի բան կարդայիր... Հոլանդերեն, գերմաներեն սովորեիր...»։ Փորձեցի՝ բան չեմ հասկանում։ Կնոջն առանց գրքի էլ կսիրեն, չէ՞...
— Վաղո՞ւց իրար հետ չեք քնում։
— Երրորդ ամիսն է... Նատալյա Կիրիլովնան չթողեց՝ վախենում է որ հղի եմ...
— Ուղիղ մատանուդ նայիր, երկնքի հրեշտակ՝ պղտոր բան տեսնո՞ւմ ես։
— Կարծես դեմք լինի...
— Էլի նայիր... Կնկա՞ է։
— Ոնց որ թե... Կնկա է...
— Նա է։— Վորոբյիխան իմացողի պես սեղմեց շրթունքները, ասես բնի միջից նայեց հուլունք-աչքերով... Ծանր շնչելով, Եվդոկիան թիկն տվեց, կլոր փորի վրայից ձեռքը բարձրացավ կրծքի տակ, ուր բանտված թռչնի պես դուրս էր պրծնում սիրտը...
— Ի՞նչ գիտես։ Ի՞նչ ես պահում ինձնից։ Ո՞վ է նա։
— Ով է, ով է, էն օձի կծածը, գերմանուհին․.. Ամբողջ Մոսկվան է փսփսում էդ մասին, վախենում են ասեն... Գերմանական արվարձանում սիրեկանի թուրմ են խմացնում նրան... Քեզ մի կոտորիր, աղունիկս, դարդ անելու համար դեռ շուտ է... Կօգնենք... Էս ասեղը վերցրու... (Վորոբյիխան գլխակապից մի ասեղ հանեց, շշնջալով տվեց թագուհուն։) Մատներով բռնիր, ոչնչից չվախենաս... Ինձ հետ ասա. «Գնա, գնա, չար ու չարկամ, օձ ու կարիճ Աննա, ծռվես ու ճողվես, ցամքես ու ջարդվես, գնաս ու ետ չգաս Ֆաֆեր սարից, ուր ոչ արև կա, ոչ լուսին, ոչ ջուր կա, ոչ շաղ, գնաս ու մտնես երեք սաժեն հողի տակ, երեք քար վրադ, օձ ու կարիճ Աննա, տեղդ չերևա մինչև հուր հավիտենական, ամեն...»։ Ասեղով ծակիր, ծակիր մատանու մեջտեղը, դեմքը ծակիր...
Եվդոկիան ծակում էր, ծակում, մինչև ասեղը կոտրվեց ամանի մեջ։ Ետ ընկավ, բազուկով ծածկեց աչքերը, և ուռած շրթունքները ղողացին լացից...
Երեկոյան պառավ ու դայակ, տատմեր ու խև կանայք, իրար անցած, դուռ ու հատակ ճոճոացրեցին. «Ցարն եկավ...»։ Վորոբյիխան խունկի մի կտոր գցեց մոմի վրա՝ օդը մաքրելու համար ու չքվեց... Պյոտրը վեր վազեց, երեք֊երեք աստիճան թռչելով։ Սառնամանիքի ու խմիչքի հոտ էր գալիս նրանից, երբ կռացավ կնոջ անկողնու վրա։
— Բարև, Դունյա... Էս դեռ չե՞ս ազատվել։ Ես էլ կարծում էի...
Ծիծաղեց քթի տակ՝ հեռավոր, զվարթ, կլոր աչքերը օտարացած... Եվդոկիայի սիրտը սառեց։ Պարզ ու որոշ ասաց.
— Ուրախ կլինեի ձեզ գոհացնել... Տեսնում եմ՝ բոլորը ձանձրացել են սպասելուց... Մեղավոր եմ...
Պյոտրը խոժոռվեց, ջանալով հասկանալ, թե ինչ է եղել։ Նստեց, նստարանը բռնելով, խթանը դեմ առավ գորգին։
— Ռոմոդանովսկու տանն էի ճաշում... Ասացին, թե ուր որ է... Կարծեցի ցավերդ բռնել են...
— Որ մեռնեմ՝ կիմանաք... Մարդիկ կասեն...
— Դրանից չեն մեռնում... Վերջ տուր...
Այդ ժամանակ նա ամբողջ ուժով շպրտեց վերմակը, սավանները, դուրս ցցեց փորը.
— Էս է, տեսնում ես... Ե՛ս եմ տանջվողն ու գոռացողը, ոչ թե դու... Դրանից չեն մեռնում։ Ամենքից հետո կիմանաս էդ մասին... Ծիծաղիր, ուրախացիր, գինի խմիր... Գնա, գնա էդ արվարձանը... (Պյոտրը բացեց բերանը, աչքերը կնոջ վրա հառեց։) Ամոթ է մարդկանց առաջ, բոլորը գիտեն արդեն...
— Ի՞նչ գիտեն բոլորը։
Պյոտրն իրեն քաշեց ոտքերը, չարացած էր, կատվի էր նման։ Ա՛հ, հիմա միևնույնն էր Եվդոկիայի համար... Բղավեց.
— Քո անհավատի, գերմանուհու մասին։ Գինետան փչացածի։ Ի՞նչ է խմեցրել քեզ։
Այստեղ Պյոտրը շառագունեց ու քրտնեց։ Դեն շպրտեց նստարանը։ Այնքան սարսափելի դարձավ, որ Եվդոկիան ձեռքն ակամա տարավ դեմքին։ Կանգնել էր, անաստված աչքերը կնոջ վրա հառած...
— Տխմա՜ր,— այսքանն ասաց։ Եվդոկիան ալեկոծվեց, գլուխը բռնեց։ Անձայն հեկեկոցներից ցնցվում էր։ Մանկիկը փափուկ, անհամբեր շուռ եկավ ներսում։ Պայթեցնող, ձգող, սարսափելի ու անհասկանալի ուժի մի ցավ օղակեց կոնքերը...
Թավաձայն ու գազանային բղավոց լսելով, պառավ ու դայակ, տատմեր ու հացփորի վազ տվեցին երիտասարդ թագուհու մոտ։ Խելացնոր աչքերը չռած, բերանը տգեղ ծռած բղավում էր նա... Կանայք իրար անցան... Իջեցրին սրբապատկերները, վառեցին ճրագները։ Պյոտրը գնաց։ Առաջին ցավերը մեղմվելուց հետո Վորոբյիխան ու տատմերը Եվդոկիային տարան շոգ վառած բաղնիք՝ ծննդաբերելու։
Ճերմակաչք սերմնագռավը, վախեցած ինչ-որ բանից, հարդածածկ չարդախի տակից թռավ ու ծառին նստեց՝ եղյամ թափվեց։ Միաչքանի Գնչուն բարձրացրեց գլուխը՝ ձնապատ ճյուղերի արանքից ձմռան արշալույսն էր սփռում մորեգույն։ Դանդաղ վեր էին ելնում ծխի շիթերը՝ կանայք վառարանները վառեցին։ Չորս կողմից վալենկաների ճզճզոց, հազի ձայներ լսվեցին, ճռճռում էին ցանկապատերի դռնակները, մի տեղ կացինն էր թխկացնում։ Ավելի հստակ գծագրվեցին թեք կտուրները արծաթազօծ կեչիների արանքից, վարդագույն պալաններով պարուրվեց ամբողջ Զարեչյեն, ստրելեցների հիմնավոր տները, վաճառականների բարձրապատ պահեստատները, պոսադականների՝ զանազան կաշեգործների, գուլպայագործների, կվաս եփողների տնակները...
Ժիր սերմնագռավը ճյուղից ճյուղ էր ոստոստում, ձնափոշի թափելով Գնչուի աչքերի մեջ։ Բարկացած թափահարեց կաշվե թաթմանը։ Ջրհորից հանեց սառցակալած դույլը, նամահոտ ջուրը լցրեց գուռի մեջ։ Կիրակնօրյա այդ առավոտ դառը չարությամբ էր տնքում նրա սիրտը. «Անիծվես դու, բախտ, ճորտ էլ դարձանք... Անասուն, թե մարդ՝ մեկ է... Ձեզնից վա՞տ տեր կլինեի տունուտեղի.․.»։ Դույլը զնգում էր, ճռռում էր կռունկը, ծայրից կապած կոտրված անիվը գնում-գալիս էր։
Դուրս եկավ տանտերը՝ ստրելեց Օվսեյ Ռժովը, մերկ մարմնին հագած կիսամուշտակը բրդյա կարմիր գոտիով կապած։ Գլխարկն աչքերին քաշելով, փրթացրեց ցրտից, թաթմանները հագավ, բանալիները զնգացրեց։
— Լցրե՞լ ես։
Գնչուն միայն մի հատիկ աչքը խեթեց՝ տրեխները սահում էին գուռի եզրի սառցակալած թմբի վրա։ Օվսեյը գնաց գոմը բացելու, իսկական տանտերն ինքը պիտի ջրի անասունը։ Ճամփին կարմիր զոլերով ճերմակ վալենկայի քթով խփեց տեղը չդրած ձողանին.
— Էս ձողանով մի երկու հատ մեջքիդ չեմ հասցրել ախր, մշակի զավակ։ Էլի ցրիվ ես տվել բակով մեկ...
Դուռը բացեց, դիմհար արեց, բաշերից բռնած դուրս բերեց երկու կուշտուկուռ ձի, թփթփացրեց, սուլեց, իսկ ձիերը սառցասառը ջուրն էին խմում, գլուխները բարձրացնելով ու այգաբացին նայելով, ջուրը թափվում էր նրանց տաք պռունկներից։ Ցնցվելով, խրխնջաց մեկը... «Հանգի՜ստ, հանգի՜ստ», կամացուկ ասաց Օվսեյը։ Գոմից դուրս արեց կովերն ու երկնագույն ցլիկը, նրանց ետևից, կճղակները ճռճռացնելով, դուրս վազեցին ոչխարները։ Գնչուն շարունակ ջուր էր հանում, ուժ տալով, շալվարը թրջել էր։ Օվսեյն ասաց.
— Մեջդ բարությունը քիչ է, չարությունը շատ... Չտեսա, որ անասունի հետ մի քիչ սիրով լինես, աչքդ խեթելուց բացի, ուրիշ բան չգիտես... Չիմացա, թե ինչ մարդ ես, դու...
— Ինչքան կարող եմ, էդ եմ անում...
Օվսեյը չարությամբ ծիծաղեց քթի տակ՝ լա՛վ, լա՛վ... Կարգադրեց իր մոտ ձիերին ու տավարին կեր տալ, ցամքարան թարմացնել։ Գնչուն մի տասն անգամ գնաց բակի խորքը, ձնածածկ դեզերի մոտ, ուր տակնուվրա խզուզի մեջ կտցահարում էին ճնճղուկները։ Փայտ ջարդեց ու կրեց ներս։ Աղջամուղջի մեջ կեչիների ձնապատ կատարները լուսավորվեցին արևի շողքերից։ Եկեղեցիների զանգերը խփում էին։ Օվսեյը հանդիսավորությամբ խաչակնքեց։ Առմուտք ելավ սերմնագռավի պես երկնագույն աչիկներով, կլորերես մի աղջնակ.
— Հայրիկ, շուտ արա, արի ուտելու...
Օվսեյը տպտպացրեց վալենկաներն ու ցածրիկ դռնից ներս մտավ, տանտիրոջ պես վրա բերելով։ Գնչուին չկանչեցին։ Սպասեց, խնչեց, քիթը երկար սրբում էր պատռված զիպունի փեշով ու առանց կանչելու գնաց տաքուկ, մթնավուն կիսանկուղը, ուր տանտերերն էին ուտում։ Դռնից կողքանց մտավ ու նստեց թախտին։ Մսով շչիի հոտ էր գալիս։ Օվսեյն ու եղբայրը՝ Կոնստանտինը, նույնպես ստրելեց, անշտապ գդալում էին փայտյա քրեղանի միջից։ Սեղանին ուտելիք էր դնում բարձրահասակ, խիստ ու անկենդան դեմքով մի պառավ...
Եղբայրները խանութ ունեին քրծենու ապրանքների շարքում, ընդհանուր բաղնիքներ Բալչուգում ու հողմաղաց, նաև իշխան Օդոևսկուց տասներկու դեսյատին վարելահող ու խոտհարք էին վարձակալել։ Առաջ ինքներն էին աշխատում (չգնացին Ղրիմի արշավանքին), իսկ հիմա Պյոտր ցարը հանգիստ չէր տալիս. ամեն օր կամ կարգախմբի մեջ էին լինում, կամ շարային վարժությունների։ Ստրելեցներին արգելված էր լինել խանութներում, բաղնիքներում։ Բատրակների վրա հույս դնել չէր լինի։ Ստիպված աշխատում էին կանայք ու քույրերը։ Տղամարդկանց ուժը գնում էր ցարի զբաղմունքներին։
— Ամառն ինչ ենք անելու հնձին, խելքս բան չի կտրում,— ասում էր Օվսեյը։ Հացի կողը սեղմեց կրծքին, քերծելով կտավե շապիկը, երկու շերտ կտրեց իր ու եղբոր համար։ Հոգոց հանեցին, կծեցին հացը և մսի կտորները գդալների վրա ցնցելով, խպշտեցին շչին։
— Բատրակների բանը դժվարացել է,— ասաց Կոնստանտինը,— նոր հրաման կա... Անպայման հանձնել թափառողներին, ով առանց երաշխավորության ապրում է արվարձաններում կամ պանդոկներում, բաղնիքներում, աղյուսի մարագներում...
— Էդ ո՞նց, թե որ աշխատում է։
— Ուրեմն, նրա տեղը պատասխան պիտի տաս, որպես ավազակի... Գնչուից երաշխավորագիր վերցրե՞լ ես։ Ո՞վ է, ի՞նչ մարդ է։
— Սատանան գիտի... Չի ասում...
— Բաց չթողնե՞նք գնա, շառը քաշի...
Երբ ներս մտավ Գնչուն, և մորուքից սառած ձյունը սրբելով, աչքերով շաղափում էր եղբայրներին, Օվսեյը բարձրաձայն ասաց.
— Ինձ էլ է զզվացրել...
Լռեցին։ Խպշտում էին։ Գնչուն դողում էր հացի ու շչիի բույրերից։ Սառած ձյունը շպրտելով շեմին, խռպոտաձայն ասաց.
— Ուրեմն, իմ մասի՞ն էր խոսքը։
— Հենց քո մասին։— Օվսեյը գդալը դրեց ցած։— Յոթ ամիս, է հացս ես ուտում, բայց թե ով ես, սատանան գիտի... Ձեզ նմանները շատացել են, առանց անուն, առանց բան, տնետուն են ընկել...
— Էդ ո՞նց թե առանց անուն... Քեզնից բան գողացե՞լ եմ,— հարցրեց Գնչուն։
— Ես ինչ իմանամ։
— Էդ է, որ չես իմանում...
— Կարող է, լավ կլիներ, գողանայիր։ Ինչի՞ համար երկու ոչխարս սատկեց։ Ինչի՞ց են կովերը դմբրած, կաթը հոտել է, բերան առնել չի լինում... Ինչի՞։ (Օվսեյը հակվեց սեղանի եզրին, բռունցքով զարկեց սեղանին։) Մեր կնանիք ամբողջ աշուն ինչի՞ց փորհարիք եղան... Ինչի՞։ Աչքով տվեցին։ Սև աչքի տված էր...
— Հերիք դիվոտես, Օվսեյ,— հոգնած ասաց Գնչուն,— խելոք էլ մարդ ես։
— Լսեցի՞ր, Կոնստանտին, ինձ անպատվեց։ Դիվոտե՞մ...— Օվսեյը ելավ սեղանից, մատները խաղացրեց, բռունցք անելով։ Գնչուն կովելու պետք չուներ, եղբայրներն ուժեղ էին, կուշտուկուռ։ Զգուշությամբ ելավ տեղից.
— Աչք մտնելով չեն սիրի, սիրելուց աչք կմտնեն... Մեջքս ծռեցի տունուտեղիդ վրա, Օվսեյ, շնորհակալ եմ... (Գլուխ տվեց։) Կուզես, վատ հիշի, ինձ համար մեկ է... Մենակ թե աշխատած փողս տուր...
— Էդ ի՞նչ փող,— Օվսեյը դարձավ եղբորը, անկենդան հայացքով վեճին հետևող տատին։— Չլինի՞ մեզ գանձ է պահ տվել։ Թե՞՝ ես եմ պարտք արել իրենից։
— Օվսեյ, աստծուց վախեցիր, ամսական հիսուն կոպեկ, աշխատած երկուսուկես ռուբլիս տուր...
Այդ ժամանակ կատաղած Օվսեյը մոտեցավ, բղավեց.
— Քեզ փո՞ղ տամ։ Էստեղից ողջ պրծնել չե՞ս ուզի։ Բ... վաստակ, ա՜ռ քեզ։
Բռնելով արմյակի օձիքից, խփեց ականջին, վայրենաձայն բղավեց, ու եթե չկռանար Գնչուն, երկրորդ հարվածից սպանելու էր։ Կոնստանտինը, եղբորը զսպելով, բռնեց նրա ցնցվող ուսերը, և Գնչուն օրորվելով դուրս եկավ։ Կոնստանտինը հասավ նրան ու մեջքից հրելով, փողոց գցեց։ Երկար նայում էր Գնչուն, իր միակ աչքով նրանց դարպասին՝ հո կրակ չէր տա... «Լավ, սպասի, սպասի», ասաց չարագույժ։ Ձեռքը տարավ այտի վրայով. արյուն էր գալիս։ Կողքով մարդիկ էին անցնում, շրջվում էին ու ծիծաղում։ Նա ցցեց գլուխն ու տրեխները թփթփացնելով քայլեց մի կողմի վրա...
— Հուպ տուր, հուպ տուր, բոթիր...
— Էս ո՞ւր է վազում ժողովուրդը։
— Մարդ են վառելու, գնում են, նայեն...
— Մահապատիժ է, հա՞։
— Բա հո ինքը չի՞ ուզել՝ բան ասեցիր...
— Կան, որ իրենք են իրենց վառում։
— Դրանք հավատի համար են անում, աղանդավոր են...
— Իսկ սրա՞ն՝ ինչի համար։
— Գերմանացի է...
— Փառքդ շատ լինի, աստված, ուրեմն, դրանց էլ հասան...
— Վաղուց էր պետք էդ անիծված ծխելու խոտ ծախողներին... Տռզեցին մեր քրտինքը ծծելով։
— Տես, ծուխը բարձրացավ արդեն...
Գնչուն էլ գնաց գետափ, ուր մոխրակույտերի վրա խռնվել էին արվարձանաբնակները։ Վաղուց աչքովն էին ընկել երկու հոգի՝ իր պես անտուն անտիրական։ Աչքը չէր կտրում նրանցից, միգուցե ուտելու մի հնար լիներ։ Ըստ երևույթին, տանջված-չարչարված մարդիկ էին։ Մեկը, որ չեչոտ էր, լաթի կտորով կապել էր այտը, շիկացրած երկաթով դրոշմված խարանը քողարկելու համար։ Հուդա էր անունը։ Մյուսը համարյա երկուտակված էր, հենվում էր երկու կարճ ցուպերի վրա, բայց վարժ քայլում էր, մորուքն առաջ տնկած։ Զվարթ աչքեր ուներ։ Կարկատած արմյակի վրայից խսիր էր գցել։ Օվդոկիմ էին ասում։ Սա շատ դուր եկավ Գնչուին։ Եվ Օվդոկիմը շուտով նկատեց, որ իրենց շուրջը պտույտ է տալիս թխամաշկ ու միաչքանի մեկը, ջնջխված քիթումռութով։ Կռթնեց ցուպերին ու սիրալիր ասաց.
— Բան չունենք, որ օգտվես, այ հոգի, ինքներս ենք գողանում...
Բերանը ծռմռելով, ատամների արանքից Հուդան շպրտեց.
— Մեկն էլ էր էսպես մոտ-մոտ անում գաղտնի վարչությունից, սառցածակը գլորեցինք...
«Էհե՜,— մտածեց Գնչուն,— սրանք սրտոտ մարդիկ են...»։ Ու ավելի շատ ուզեց նրանց հետ լինել...
— Անիծած մահը չի գալիս, ինձ տանի,— ասաց նա, ճպճպացնելով եղյամակալած արտևանունքները,— ուրեմն, մի կերպ պիտի ապրեմ... Տղերք, ինձ էլ վերցրեք ձեր հետ... Միասին ավելի հեշտ կլինի...
Հուդան նորից ատամների արանքից նետեց Օվդոկիմին.
— «Թաքուն աչք» հո չի՞։ Հը՞։
— Չէ, չէ, երևում է,— երգեցիկ ասաց Օվդոկիմը և գլուխը շրջելով՝ վարից վեր նայեց Գնչուին...
Այլևս ոչինչ չխոսեցին։ Ներքևում, սառույցի վրա սապոգները դոփդոփում, թաթմաններն էին իրար զարկում ստրելեցները։ Նրանք շրջապատել էին լիքը փայտ լցրած, մի կերպ սարքված հարթակը։ Կողքին տնկված էր հրապարակային մահապատժի սյունը, և ճերմակ ծուխ էր արձակում խարույկը, որի մեջ երկաթն էր շիկանամ։ Ժողովուրդը սառել էր, սպասելով...
— Բերո՜ւմ են, բերո՜ւմ են... Հապ տուր, սղմիր։
Քաղաքի կողմից երևացին հեծյալ դրագունները։ Իջան սառույցի վրա։ Նրանց ետևից սովորական սահնակով, մեջքները ձիուն արած, նստած էին գերմանացին ու մի աղջիկ՝ տղամարդու գլխարկով։ Ապա գալիս էին հեծյալ բոյարինը, պալատականները, ատենավորը։ Վերջում՝ մի հսկայական սև կաշեպատ ծածկասահնակ։
Ստրելեցները ետ քաշվեցին, ճամփա տալով եկողներին։ Ատենավորն իջավ ձիուց։ Ծածկասահնակը, տեղ հասնելով, կողքով կանգնեց, սակայն ոչ ոք չիջավ միջից... Բոլորն այդ ծածկասահնակին էին նայում՝ զարմացած մի շշուկ տարածվեց ժողովրդի մեջ...
Հարթակի ետևից հայտնվեց Եմելյան Սվեժևը, կարմիր գդակով, մտրակը ուսից կախ։ Նրա օգնականները սահնակից ցած բերին աղջկան, ծնկներով խփելով քարշ տվեցին սյան մոտ, հագից հանեցին կիսամուշտակը և գրկել տալով սյունը, կապեցին ձեռքերը։ Ատենավորը բարձրաձայն կարդում էր բաց արած թղթագալարը, ճոճելով կնիքները։ Սակայն նրա ձայնը կսկծան սառնամանիքին հազիվ էր լսվում, ընդամենը հասկացան, որ աղջիկը Մաշկա Սելիֆոնտովան է, գերմանացին՝ Կուլկինը, կամ էլ մի ուրիշ տեսակ... Սահնակի միջից երևում էր նրա լերկ ծոծրակն ու վեր քաշած ուսերը։
Եմելյանի ձիակերպ դեմքն անշարժ ժպտում էր։ Անշտապ մոտեցավ սյանը։ Մտրակն իջեցրեց։ Ու միայն հատու սուլոց լսեցին, կարմիր ու շեղակի սպի տեսան աղջկա մեջքին... Նա խոճկորի պես էր ծղրտում։ Հինգ հարված հասցրեցին նրան, այն էլ կես ուժով։ Ձեռնակապերն արձակեցին, ճոճաքայլ մոտեցրեցին խարույկին, ու Եմելյանը, կրակի միջից երկաթե խարանը հանելով, սեղմեց նրա այտին։ Բղավեց, նստեց ու թավալ եկավ։ Վեր հանեցին, հագցրեցին, սահնակը դրեցին ու դանդաղ տարան Մոսկվա գետի վրայով, դեպի մենաստան։
Ատենավորը դեռ կարդում էր հրամանագիրը։ Անցան գերմանացուն։ Նա իջավ սահնակից, կարճլիկ ու պնդակազմ, ինքը մոտեցավ հարթակին։ Հանկարծ դողացող ափերը միացրեց, բարձրացրեց ուռած ու մազակալած դեմքը և սկսեց բլբացնել, բլբլացնել շան որդու գերմանացին, բարձրաձայն լաց եղավ։ Թևերից բռնեցին, քարշ տվեցին հարթակի կողմը։ Այնտեղ Եմելյանը վրայից պոկեց հագուստը, մերկացրեց, պառկեցրեց, վարդագույն ճարպոտ մեջքին դրեց հերետկիոսական գրքերը և տետրերը, ներքևից իրեն պարզած խանձողով վառեց... Հրամանագրում այդպես էր ասված, գրքերն ու տետրերը վառել նրա մեջքին...
Ափից (ուր կանգնած էր Գնչուն) բղավեցին.
— Կուլկին, տաքացի...
Բայց այդ մեծապռոշ ջահելի վրա թնդացին.
— Ձենդ կտրի, անամոթ... Քեզ տաքացնեին էդպես...
Մեծապռոշը անմիջապես չքվեց։ Չորս ծայրից կրակ տված հարթակից մոխրագույն ծուխ ելավ։ Ստրելեցները կանգնած էին, նիզակներին հենված։ Լուռ էր։ Ծուխը դանդաղ երկինք էր բարձրանում...
— Ինքն ավելի շուտ կվառվի, ցախը թաց է...
— Գերմանացին՝ գերմանացի, բայց դե կենդանի վառվել... օհ, տե՜ր աստված...
— Ուսում է առել, տետրակներ գրել, ու՝ էսքան մի բան...
Կաշեպատ ծածկասահնակի (հիմա բոլորը տեսնում էին) պատուհանիկից ծխին ու կրակի լիզող լեզուներին էր նայում մեռյալ մի դեմք, որ կարծես վաղեմի սրբապատկերից իջած լիներ...
— Տես է, աչքերը կրակվում են, մարդ վախենում է...
— Պատրիարքին սազական չէ մահապատժի գնալը...
— Մարդկանց վառում են հավատի համար... Է՛հ, հոգևոր հովիվնե՜ր...
Այս, մեկը Օվդոկիմն ասաց՝ զրնգուն, աներկյուղ... Նրա մոտ կանգնած բոլոր մարդիկ ցրվեցին, չհեռացան միայն Հուդան ու Գնչուն... Ցուպերը թխկացնելով, Օվդոկիմը շարունակեց.
— Հետո՞ ինչ, որ հերետիկոս է... Ինչպես կարողանում, էդպես էլ հավատում է... Ասենք, մեր պես իրեն հարմար չէ... Ու դրա համար պիտի վառվե՜ս... Չարչարանքով ենք ապրում, տանջանքների մեջ...
Հսկայական խարույկը թշշում ու ճարճատում էր, կայծերն ու ծուխը ձագարաձև պտտվեցին։ Ոմանք իբր տեսան բոցերի միջից, որ գերմանացին դեռ շարժվում է։ Ծածկասահնակը վարգասլաց հեռացավ։ Ժողովուրդը դանդաղ ցրվում էր։ Հուդան կրկնում էր.
— Օվդոկիմ, գնանք...
— Չէ, չէ, տղերք... (Նրա աչքերը ծիծաղում էին, բայց մաքուր, ասես բաղնիքից ելած կարմրած դեմքը լացող էր, ցնցվում էր այծի մորուսը...) Ճշմարտություն մի փնտրեք... Հոգևոր հովիվներն ու կառավարիչները, ոսկի զնգացնող մաքսավորները՝ բոլորն իրենց կատաղության շուրջառներն են հագել... Փախե՛ք, տղերք, տանջված ու չարչարված, գելարանի վրա անդամալույծ դարձած մարդիկ, անդարձ փախեք թավուտ անտառները...
Հետո միայն հաջողվեց տանել Օվդոկիմին՝ երեքով մտան նրբանցքի պանդոկը։
Վերջապես Գնչուն վերցրեց գդալը, ձեռքը դողում էր, երբ բերանին մոտեցրեց հացի կտորի վրա կաթկթացող անյուղ շչին։ Շատ էր վախենում, որ իրեն չեն տանի պանդոկ, և ճանապարհին կյանքից էր տրտնջում, աչքերը սրբում թաթմանով։ Օվդոկիմը, առանց խոսելու, վազում էր ցուպերի վրա, ուտիճի պես։ Դռան մոտ հանկարծ հարցրեց.
— Գողություն անել գիտե՞ս։
— Թե խմբովի եղավ, թեկուզ անտառ կմտնեմ, լախտը ձեռիս...
— Մի տես է՜, ինչ քաջն է...
— Ի՞նչ ես կարծում, մենք ո՞վ ենք,— հարցրեց Հուդան։
Գնչուն կարկամեց. «Ուզում են ինձնից ազատվեն...»։ Տրտմած նայեց ծռված դարպասին, կեղտաջրերից սառցակալած թմբին, խսիրով ծածկված դռանը, որտեղից այնպիսի կուշտ հոտեր էին գալիս, որ գլուխը պտտվեց։ Ցածրաձայն ասաց.
— Շատ արդար մարդիկ եք... Հետո ինչ, որ գողանում եք, ձեր մեղքով չի, կարիքից է... Ժողովրդի կեսը հիմի անտառ է փախչում... Ինձ մի քշեք, պատվելի մարդիկ, մի բան տվեք ուտեմ...
— Մենք, պարոնիս ասեմ, նայած ժամանակ՝ խղճով ենք, նայած ժամանակ էլ՝ խիղճ չունենք,— ասաց Օվդոկիմը։— Տես հաա՜,— և երկու ցուպն առնելով ձախ ձեռքը, սպառնաց.— Թե մեզ ես միացել, ետ չդառնաս... Հուդա, այ հոգիս, գործ արե՞լ ես։
Հուդան գրպանից հանեց քսակը, պղնձյա դրամներ լցրեց բռի մեջ։ Երեքով հաշվեցին գողացածը։ Օվդոկիմն ուրախ-ուրախ ասաց.
— Հավքը ոչ ցանում է, ոչ հնձում, նրան աստված է կերակրում։ Մեզ շատ բան պետք չի՝ մենակ ուտելու... Արի մեզ հետ, միաչքանի...
Նստեցին պանդոկի ամենախորքի սեղանին, ուր հազիվ էր հասնում վաճառասեղանի ճարպամոմի լույսը։ Քիչ մարդ կար, մի քանիսը հարբած աղմկում էին, փափկած կիսամուշտակների օձիքներն արձակած, ոմանք էլ քնած էին նստարանների վրա։ Օվդոկիմը մի կճուճ շչի ուզեց ու կես շտոֆ օղի։ Երբ բերեցին, գդալը սեղանին զարկեց.
— Միաչքանի, կեր, աստծու տվածն է...
Խմեց շտոֆից, ծամեց արագ-արագ, նապաստակի պես։ Աչքերը ծիծղուն էին.
— Ձեզ մի պատմություն անեմ, տղերք... Լսո՞ւմ եք, թե չէ։ Երկու մարդ էին ապրում, մեկն ուրախ, մեկելը տխուր... Էս մեր ուրախը չքավոր էր, ունեցած-չունեցածը բոյարները, ատենավոր ու դատավոր խլել էին, արարմունքների համար չարչարել, ցցի էին հանել ու մեջքը կոտրել, կռացած էր ման գալիս... Լավ... Իսկ տխուրը բոյարի զավակ էր, ունևոր ու ժլատ... ծառաները սովածությունից փախել էին մոտից, մոլախոտը բակը բռնել էր... Մեն-մենակ օրուգիշեր նստած էր իր սնդուկի վրա, մեջը լիքը ոսկի ու արծաթ... էդպես էլ ապրում էին։ Չքավորը ոչինչ չուներ, ցողով կլվացվեր, քոթուկի առաջ կանգնած խաչ կաներ երեսին, ուտել որ ուզենար, կգողանար, կամ էլ ձեռք կմեկներ, չունևոր մարդիկ միշտ էլ տալիս են բերանից կտրածը՝ նրանք հո գիտե՜ն... Ու ման կգար, հանաքմասխարություն կաներ, օրը կանցներ։ Տխուրն էլ մի գլուխ կմտածեր, թե ոնց անի, որ փողերից չզրկվի... Ու տղերքիս ասեմ, մեռնելուց շատ էր վախենում... Հարուստների համար մեռնելը շատ վախենալի է... Ու ինչքան շատ է գանձը, էնքան չեն ուզում... Էլ փթանոց մոմեր դրեց, էլ նկարի շրջանակ նվիրեց եկեղեցուն, կարծում էր, թե աստված մահը իր գլխից կհեռացնի...
Օվդոկիմը ծիծաղեց, մորուսը սեղանին քսմսելով։ Գդալը բռնած երկար ձեռքը պարզեց, շչի վերցրեց, նապաստակի պես ծամեց ու նորից.
— Ունևորն էլ հենց էն մարդն էր, որ տանջել էր չքավորին, դարձրել մուրացկան... Մի անգամ էլ էս ուրախը դրա տունը մտավ՝ գողության, հետը մահակ ուներ... Դես ընկավ, դեն ընկավ սենյակներում, մեկ էլ տեսնի, հարուստը քնած է թախտին, սնդուկն էլ թախտի տակ է։ Սնդուկը չնկատեց, բռնեց հարուստի մազերից, ժամանակին ինձ մաքուր տկլորացրել ես, ասեց, հիմի էլ փող տուր, գլուխս պահեմ... Հարուստը համ մահից էր վախենում, համ էլ փողն ափսոսում՝ չկա ու չկա, ասում էր... Չքավորս, մահակն առավ ու տուր թե կտաս դրա կողերին ու քիթ-բերանին... (Հուդան ատամները մերկացրեց ու հռհռաց հաճույքից։) Հա, ուրեմն, ծեծեց, մինչև որ իր ծիծաղն էլ եկավ... Լավ, ասեց, վաղը գիշեր կգամ, մի լիքը գլխարկ փող պատրաստիր...
Հարուստը հո անխելք չէր, գրեց ցարին, ցարը դրան պահակ ուղարկեց... Բայց մեր չքավորը ճարպիկ մարդ էր... Մի հունարով պահակին խաբեց, մտավ հարուստի տուն, մազերից բոնեց. հը՞, փողերը պատրաստե՞լ ես։ Հարուստը դողդողաց, երդում պատառ եղավ՝ չկա ու չկա... Ուրախն էլ սկսեց քոթակել մահակով, հարուստի շունչը բերանը բերեց... Լավ, ասեց, մեկել գիշեր կգամ, հիմի արդեն մի սնդուկ փող պատրաստիր...
— Արդար գործ է,— ծիծաղեց Գնչուն։
— Արդեն քոթակը լավ տվեց,— ծիծաղում էր Հուդան։
— Հա, ուրեմն... էս անգամ ցարը մի գունդ զինվոր ուղարկեց՝ հարուստին պահապան... Ի՞նչ աներ։ Բայց շատ խորամանկ մարդ էր ուրախը։ Ստրելեցի շոր հագավ, եկավ հարուստի բակն ու ասեց. «Պահապաններ, էս ո՞ւմ հարստությունն եք պահպանում...»։ Պատասխան տվեցին, թե «Ցարի հրամանով, հարուստի...»։— «Ու դրա համար ձեզ շա՞տ փող են տվել...»։ Զինվորները ձեն չհանեցին... «Համա թե անխելք եք հա՜,— ասեց ուրախը,— ուրիշի հարստությունը անփող պահպանում եք, հարուստն էլ դեզին նստած շան պես կսատկի իր գանձերի վրա, ձեզ էլ բան չի մնա...»։ Ու էնքան կատաղեցրեց դրանց, որ զինվորները գնացին, բոլոր կողպեքները ջարդեցին, նկուղներից, պահած տեղերից ուտելիք-խմելիք հանեցին, կերան խմեցին, ու, ասելո՞ւ բան է, շատ սրտնեղվեցին, գիշերով դուռը ջարդեցին, ու ի՜նչ տեսնեն, հարուստը զնգրտում է սնդուկի վրա՝ ծեծված, տակը կեղտոտած։ Էստեղ մեր խորամանկ ստրելեցը բռնեց դրա մազերից ու ասեց. «Իմ ունեցածը որ խնդրեցի, չտվեցիր, հիմի ունեցած-չունեցածդ կտաս...»։ Ու տվեց դրան զինվորների ձեռը, ու նրանք կտոր-կտոր արեցին հարուստին... Էս մեր ուրախն էլ ինչքան իրեն պետք էր՝ գլուխը պահելու համար, առավ ու բեռը թեթև գնաց...
Օվդոկիմենց սեղանի մոտ մարդիկ էին գալիս-նստում, լսում ու հավանություն էին տալիս։ Մեկը, որ հարբած էր, թե խելքը տեղը չէր, շարունակ քիթն էր քաշում, ձեռքերը տարածում, բռնում խոշոր ու լերկ ճակատը... Երբ թողեցին, որ խոսի, այնքան շտապեց, որ թուքը շաղ եկավ, բան հասկանալ չեղավ... Մարդիկ ծիծաղեցին.
— Կուզման բոյարների մոտ էր գնացել... Խելքը գլուխը բերեցին քամակի կողմից...
Վաճառասեղանի վրայի մոմի այրուկը հանեցին, որ լավ տեսնեն ու ծիծաղեն... Կուզման կճատ էր, փունջ-փունջ մորուքով դեմքը լրիվ ուռած էր, ըստ երևույթին, խմելուց ուշքի չէր գալիս խեղճը։ Հագին մենակ շալվարն էր ու արձակ շապիկը։
— Կրծքի խաչն էլ է խմելու տվել։
— Մի շաբաթ է, էստեղ գցած է։
— Բա ո՞ւր գնա, բոբիկ, էս սառնամանիքին...
— Իմ համաժողովրդական ցավը ա՛յ էս է,— շալվարը բռնած, բղավեց Կուզման։— Բոյարին Տրոյեկուրովի ձեռքի գործն է։— Արագ մերկացավ ու ցույց տվեց կապույտ սպիներով ու կապտուկներով ծածկված, ուռած հետույքը... Բոլորն ապշահար եղան։ Անգամ օղեվաճառը մատներով նորից մաքրեց մոմի այրուկն ու կռացավ վաճառասեղանի վրա։ Շալվարը քշտելով, Կուզման շարունակեց.
— Դարբին Կուզմա Ժեմովին, սուրբ նահատակ Վարվառայի եկեղեցու մոտի դարբնոցը գիտե՞ք... Տասնհինգ տարի էնտեղ եմ եղել... Դարբին Ժեմովը։ Իմ սարքած կողպեքները բացող գող դեռ չէր ծնվել... Իմ սարքած մանգաղները Ռյազան էին հասնում։ Ո՞ւմ սարքած մանգաղն է։ Ժեմովի... Իմ սարքած զրահը գնդակ չի ծակել... Ո՞վ էր ձի պայտում։ Մարդկանց ատամներն ո՞վ էր քաշում։ Ժեմովը... Էդ գիտեի՞ք։
— Գիտենք, գիտենք,— ծիծաղելով բղավեցին ի պատասխան,— պատմությունդ արա...
— Ուրիշ բան չգիտեիք, որ Ժեմովը գիշերները քուն չուներ... (Նա բռնեց լերկ գանգը։) Ժեմովի խելքն ուրի՜շ խելք է։ Ուրիշ տերության մեջ ինձ երկինք կհանեին... Բայց էստեղ, էս իմ խելքով խոզ պիտի արածացնեմ... Է՜հ, շատ կհիշեք... (Սեղմելով մեծ բռունցքը, սպառնաց քրտնած, քառապակի պատուհանին, ձմեռվա գիշերին։) Ձեր գերեզմաններին տատասկ կբուսնի... բայց Ժեմովին կհիշեն...
— Համբերի, Կուզմա, քեզ ինչի՞ համար են ծեծել։
— Պատմի, չենք ծիծաղի...
Զարմացած, ասես հենց նոր նկատելով, զննեց իրեն շրջապատած փայլող քթերը, գզուզ մորուքները, բաց բերանները՝ պատրաստ քրքջալու, թամաշայի ծարավի տասնյակ աչքերը... Ըստ երևույթին, չորսբոլորը լողում ու խառնվում էր նրա աչքերում...
— Տղերք... Մի պայմանով, որ չեք ծիծաղի... Ախր հոգիս է ցավում...
Երկար փնտրելով, քսակից հանեց մի ծալված թուղթ։ Փռեց սեղանին։ (Վաճառասեղանի մոմը բերեցին։) Եղունգով սեղմեց թերթը, որի վրա երկու թև էր նկարած, չղջիկի թևերի պես, հանգույցներով ու լծակներով։ Ուռած թշերը փքվել էին։
— Հրաշք ու զարմանք մեխանիկա է,— սկսեց գոռոզաբար,— փայլարից թևեր, ամեքի երկարությունը երեք արշին, լայնքով տասներկու արշին... Չղջիկի թևերի պես թափահարվում են լծակներով՝ ոտքերի ու ձեռքերի աշխատանքով... Հաստատ գիտեմ, որ մարդը կարող է թռչել։ Փախչելու եմ Անգլիա... Էնտեղ եմ թևերը սարքելու... Անվնաս ցած կթռչեմ զանգակատնից... Մարդը արագիլի պես պիտի թռչի։ (Դարձյալ սպառնաց թաց պատուհանին։) Տրոյեկուրով, սխալվեցի՜ր, բոյարին... Աստված մարդուն սողացող ճիճու է սարքել, ես կսովորեցնեմ թռչել...
Ձեռքը պարզելով, Օվդոկիմը սիրով թփթփացրեց նրա ուսը։
— Հերթով պատմիր, այ հոգի, քեզ ո՞նց են նեղացրել։
Կուզման խոժոռվեց, ֆսֆսացրեց։
— Ծանր սարքեցի, մի քիչ սխալվեցի... Չքավոր մարդ եմ... Փոքր թևեր էի սարքել ձեռս ընկածով՝ կեղևից, կաշվից... Տանս կտրից թռա քամուն հակառակ, մի հիսուն քայլ քշեց... Բայց գլուխս արդեն իմը չէր... Սովորեցրին, ես էլ գնացի Ստրելեցական ատյան ու գոռացի՝ օգնեցե՜ք... Բռնեցին, ու պիտի ծեծեին հաստատ... Չէ, ասեցի, մի ծեծեք, ինձ տարեք բոյարինի մոտ, պետական գործ ունեմ... Տարան... Նստել էր սատանան, Տրոյեկուրովը, քիթ-մռութը երեք օրում լավոտել չէր լինի... Ասեցի, որ կռունկի պես թռչել կարող եմ, մի քսանհինգ ռուբլի փող տվեք, փայլար տվեք, ու վեց շաբաթ հետո կթռչեմ... Չէր հավատում... Ասեցի, մի պաշտոնավոր ուղարկեք տունս, փոքր թևերը ցույց տամ, մենակ թե դրանցով թագավորի առաջ թռչելը հարմար չի։ Դես ընկավ, դեն ընկավ, ճար չուներ, պահակներն ամեն ինչ լսել էին... Անպատվեց, մազերս քաշեց, հրամայեց Ավետարանը պաչել, որ չեմ խաբի։ Տասնութ ռուբլի տվեց։ Ու ես թևերը ասածիցս էլ շուտ սարքեցի... ծանր դուրս եկան։ Հետո արդեն էստեղ, գինետանը հասկացա... Հարբած էի, ու հասկացա... Փայլարով չի լինի, մագաղաթ է պետք, փայտի շրջանակով... Տարա Կրեմլ, փորձելու... Ու էդպես էլ չթռա, քիթ ու բերանս ջնջխեցի... Տրոյեկուրովին ասեցի, թե փորձը չստացվեց, հինգ ռուբլի էլ տվեք, ու հետո գլուխս կտրեք, թռչելու եմ... Բոյարինը ոչնչի չհավատաց, գոռում էր՝ գո՜ղ, խաբեբա՜։ Հերետիկո՜ս։ Աստծուց խելացի ես ուզում լինել... Հրաման տվեց երկու հարյուր հարված, հաստ ճիպոտով... Երկու հարյուրին էլ դիմացա, ախպեր տղերք, ատամներս կրճտացնելով... Ու հրաման էլ տվեց ծախսված տասնութ ռուբլին վերգրել ինձնից, ծախել դարբնոցը, գործիքներս ու տունս... Հիմա մերկ ու տկլոր ի՞նչ անեմ, լախտն առնեմ, անտա՞ռ մտնեմ։
— Էդ է մնացել, տանջված մարդ,— ասաց Օվդոկիմը ցածրաձայն, հստակ։
Կուզմա Ժեմովը միացավ Օվդոկիմի խմբին։ Խառնաշուկայում վալենկաներ ու մի հին արմյակ առան նրա համար։ Հիմա չորսով էին շրջում Մոսկվայում՝ շուկաներում, հանրային բաղնիքներում, Կիտայգորոդի նեղլիկ փողոցներում։ Հուդան գրպանահատություն էր անում։ Գնչուին սովորեցրին բիբը վեր քաշել, որ խնձորակը կոպի տակից սարսռազդու երևա, մեկ էլ աղիողորմ ողբալ... Կուզմայի վզից պարան գցեցին, ու Օվդոկիմը նրան ման էր ածում, որպես խելագարի ու ընկնավորի. «Հացի փող տվեք խելագարին, ճամփից քաշվեք, ճամփից քաշվեք, այ հոգիներ, թե չէ վրա կպրծնի...» Օրվա հացի, մեկ-մեկ էլ օղու փողը հանում էին։ Շատ էին չարչարվում, ավելի շատ էր վախը, որովհետև թագավորի հրամանով իրենց նմաններին հիմա բռնում էին ու տանում Քրեական ատյան։
Մեծ պասը վերջանում էր։ Մոսկվայի վրա ավելի ու ավելի էր բարձրանում գարնանային արևը։ Կաթալ ու հալել էր սկսվել արևոտ տեղերում, գարշահոտությունը բարձրացել էր։ Թրիքախառն ձյունն այլևս չէր ճզճզում սահակողերի տակ։ Մի երեկո պանդոկում Օվդոկիմն ասաց.
— Տղերք, ժամանակ չէ՞ ճամփա ընկնենք... Էստեղ թողնելու մեկը չունենք... Կթողնեք մենակ թմբերին նայեմ... Գնանք ազատ ման գանք...
Հուդան ուզեց վիճել.
— Քիչ ենք ու առանց զենք, անտառներում սովից կսատկենք...
— Մենք էլ,— ասաց Օվդոկիմը,— գնալուց առաջ մի կատաղած գործ կբռնենք... (Սարսափով նրան նայեցին։) Ինչ մեզ պետք է՝ ձեռք կգցենք։ Մեր քաշած տանջանքի դիմաց մի մեղք էլ ավել կանենք, շատ չի լինի... Շատ էլ թե եղավ, ինչ արած, ուրեմն, Սուրբ Գրքում էլ արդարություն չկա... Չվախենաք, ճտերս, ամեն ինչ իմ վրա կվերցնեմ։
Գարնանից սկսվեց՝ կատվի խաղն ու մկան մահը։ Հայտարարվեց երկու թագավորների միջև պատերազմ, լեհական ու գահանիստ քաղաք Պրեշբուրգի թագավորի։ Պրեշբուրգյան արքային անցան ռազմախաղի զորքերը, Բուտիրյան և Լեֆորտի գնդերը, լեհական արքային՝ ստրելեցյան լավագույն զորամասերը. Ստրեմյաննին, Սուխարևի, Ցիկլերի, Կրովկովի, Նեչաևի, Դուրովի, Նորմացկու, Ռյազանովի գնդերը։ Պրեշբուրգի արքա էր կարգվել Ֆյոդոր Յուրևիչ Ռոմոդանովսկին, որ նաև Ֆրիդրիխուս էր կոչվում, իսկ լեհականը Իվան Իվանովիչ Բուտուռլինն էր՝ հարբեցող, չարամիտ ու կաշառակեր, բայց զվարճանքների ու աղմուկ-աղաղակի մեջ բանիմաց մեկը։ Նրա գահանիստը դարձրեցին Սոկոլնիչի ագարակը Սեմյոնովսկոյե դաշտում։
Սկզբում կարծում էին, որ Պյոտրի նախկին կատակներն են։ Բայց օրը օրի վրա նոր հրամանագրեր էին գալիս, մեկը մյուսից տագնապալի։ Բոյարները, օկոլնիչիները և պալատականները երկու թագավորների մոտ պալատական պաշտոնների էին անցնում։ Պյոտրը սկսել էր խաղ անել անվայելուչ։ Շատ բոյարներ դառնացան. տոհմական գրառումների մեջ դեռ նման բան չէր եղել, որ պաշտոններով հանաքներ անեին... Գնում էին թագուհի Նատալյա Կիրիլովնայի մոտ և զգուշորեն տրտնջում որդուց։ Նա տարածում էր փամփլիկ ձեռքերը, ոչինչ չհասկանալով։ Լև Կիրիլովիչը բարկացած ասում էր. «Իսկ մե՞նք ինչ կարող ենք անել, հրամանագիր է եկել մեծն արքայից կնիքներով... Ինքներդ գնացեք նրա մոտ, խնդրեք ետ վերցնի...»։ Պյոտրի մոտ գնալուց զգուշանում էին։ Մտածում էին, թե մի կերպ կանցնի-կգնա... Բայց չէր անցնում։ Բոյարներից ոմանց տներն անսպասելիորեն զինվորներ խուժեցին, ուժով կարգադրեցին պալատական զգեստները հագնել, տարան Պրեոբրաժենսկոյե, խեղկատակային ծառայության... Ծեր իշխան Պրիիմկով-Ռոստովսկու ոտքերը թուլացան։ Ոմանք փորձեցին հիվանդ ձևանալ՝ ապարդյուն։ Թաքնվելու տեղ չկար։ Ստիպված էին ներկայանալ խաղք ու խայտառակության...
Հեռվից երեում էին Պրեշբուրգի գերանաշեն ութանկյուն աշտարակները, թնդանոթներ շարած ճիմապատ տափարակները, չորս դին սփռված սպիտակ վրանները, և ռուս մարդն այստեղ խելագարվել կարող էր։ Մի տեսակ անհեթեթ երազ լիներ կարծես, խաղ էր, թե՝ ոչ, ամեն ինչ կարծես իսկականից լիներ։ Նախշած վրանում, ոսկեզօծ գահի վրա, մորեգույն ամպհովանու տակ փռված էր Ֆրիդրիխուս արքան, գլխին պղնձյա թագ, ճերմակ ատլասե կաֆտանը զարդարված էր աստղերով, վրայից նապաստակի մորթուց թիկնոց, բոտֆորտներին զնգզնգան խթաններ, ատամների արանքում՝ ծխամորճ... առանց կատակի նշույլի աչքերն էր շողացնում կատաղած։ Նայում ու տեսնում էին, որ Ֆյոդոր Յուրևիչն է։ Թքել չէր լինի։ Դումայական ազնվական Զինովևը նողկանքից թքեց մի անգամ, նույն օրը գյուղական սայլով աքսոր ճամփեցին նրան, պատվազուրկ անելով... Նատալյա Կիրիլովնան ստիպված էր անձամբ գնալ Պրեոբրաժենսկոյե, խնդրելու, որ ներեն ու ետ բերեն...
Իսկ Պյոտր ցարը ամենևին պաշտոն չուներ՝ զինվորի կաֆտանով էր. այստեղ մնում էր միայն ձեռքերը տարածել։ Մոտենալով Ֆրիդրիխուսի գահին, չոքում էր մի ծնկի վրա, իսկ այդ դժոխքի թագավորը մեկ-մեկ բղավում էր նրա վրա, ասես հասարակ մի մարդ լիներ։ Բոյարներն ու օկոլնիչիները նստած մտածում էին խեղկատակի այդ պալատում, դեսպաններ ընդունում, պրեշբուրգյան հրամաններ արձակում, ամոթից կարմրելով... Իսկ երեկոները՝ խնջույք ու գինարբուք Լեֆորտի պալատում, ուր իշխում էր երկրորդ գիշերային տերուտիրականը, ում նայելն իսկ խայտառակություն էր. անաստված Միկիտկա Զոտովը, ամենախեղկատագույն իշխան-պապը կուկույական։
Հետո, ըստ երևույթին, լիակատար ավերածության համար, նզովյալ օտարերկրացիների հորդորներով, Մոսկվայից այստեղ քշեցին շուրջ հազար ատենավոր ու օգնական, առավել երիտասարդներին բերեցին ատյաններից, զինեցին, ձիերը նստեցրին, ռազմական գործ սովորեցրեցին անխնա։ Ֆրիդրիխուսը Դումայում ասաց.
— Շուտով բոլորին կհասնենք... Հերիք եղավ ուտիճների պես ճեղքերը մտնեն ու նստեն։ Բոլորը մեզ մոտ զինվորական խաշիլը պիտի ուտեն։
Դռան մոտ կանգնած Պյոտրը (արքայի ներկայությամբ չէր համարձակվում նստել) բարձրաձայն ծիծաղեց այդ խոսքերի վրա։ Ֆրիդրիխուսը մոլեգնած զնգացրեց խթանը նրա վրա, ցարը փակեց բերանը... Լաց լինել էր հարկավոր, բոլոր մեղքերը հիշատակելով, աղոթք անելով, միասնաբար հարկ էր ցարի ոտքն ընկնել. «Թռցրու մեր գլուխները, տանջիր, գազանություն արա, եթե առանց զվարճանքի չես կարող... Բայց դու, բյուզանդական կայսրերի ժառանգդ, այս ի՞նչ անդունդ ես քարշ տալիս ռուսաց հողը... Նեռի ստվե՞րը չէ արդյոք քո թիկունքում կանգնած...»։ Բայց դե, սիրտ չարեցին, չկարողացան ասել։
Նույնպիսի պալատ ուներ և լեհական արքան՝ Վանկա Բուտուռլինը Սեմյոնովսկում։ Բայց գոնե այնտեղ կոտրատվելու հարկ չկար, հանգիստ էր ծառայությունը, բոյարներն ու օկոլնիչիները, հորինովի Դումայում պատերի տակ դրած թախտերին նստած, հորանջում էին թևքերի մեջ, մինչև մթնշաղը կապտին կտար պատուհանների մեջ, ապա գնում Մոսկվա, գիշերելու։ Արքան՝ Կայեն Վանկան, չարությունից ու մասխարությունից փորձեց բոլորին լեհերեն խոսել ստիպել, բայց բոյարական համառությունը կոտրել չկարողացավ, հետո էլ ձանձրացավ նրանց հետ խաղեր խաղալուց, թողեց, որ ննջեն, ինչպես ուզում են։
Չէին հասցրել ընտելանալ, նոր փորձանք բացվեց, անտառները նոր էին կանաչել, Բուտուռլինը Ֆրիդրիխուս արքային դեսպան ուղարկեց, պատերազմ հայտարարելու, և գնդերով, գումակներով ու բոյարներին առած, շարժվեց դեպի Պրեշբուրգ։ Ստրելեցները արշավի ելան չարացած՝ ցանքսի ժամանակ էր, թանկ էր յուրաքանչյուր օրը, իսկ այստեղ սատանան դրդել էր ցարին զվարճանալ։
Հրամայվել էր պաշարումը իրագործել բոլոր կանոններով՝ դաշտային ամրություններ ու զիգզագաձև խրամատներ, ստորգետնյա գաղտնանցքեր փորել, գրոհի ելնել։ Դյուրին զվարճանք չէր։ Վառոդ չէին խնայում։ Հրասանդերից կավի կճուճներ էին արձակում, որոնք ռումբի պես պայթում էին։ Ամրոցից գրոհողների վրա ցեխաջուր ու կոյաջուր էին լցնում, ծայրերին վառվող խծուծներով ձողաններ էին իջեցնում գլխներին, բութ թրերով կռվում։ Քիթուբերան վառվեց, աչքեր դուրս եկան, ոսկորներ ջարդվեցին։ Իսկական պատերազմից այնքան էլ քիչ փող չարժեցավ դա։ Ու այդպես՝ շաբաթներով, ամբողջ գարունը։ Դադարներին երկու արքաներն էլ խնջույքներ էին անում Պյոտրի ու նրա սիրեցյալների հետ։
Անցնում էր ամառը։ Բուտուռլինը, չգրավելով Պրեշբուրգը, երեսուն վերստ հեռացավ անտառի խորքն ու ռազմաճամբար խփեց այնտեղ։ Իր հերթին, Ֆրիդրիխուսը անցավ նրան պաշարելուն։ Նման կյանքից կատաղած ստրելեցները լրջորեն էին կռվում։ Սպանվածներն արդեն տասնյակներով էին հաշվվում։ Գեներալ Գորդոնի գլուխը ջարդվեց հրասանդից արձակված կավե կճուճով, հազիվ ոտքի կանգնեց։ Պյոտրի դեմքն ու հոնքերը խանձվել էին, ու նա քայլում էր սպեղանիներ փակցրած դեմքին։ Զորքի կեսը արնալուծ ընկավ։ Եվ միայն երբ ամբողջ վառոդը ծախսվեց, զենքերը ջարդվեցին, զինվորների ու ստրելեցների հագուստը ծվեն-ծվեն եղավ, երբ ճամբար եկավ Լև Կիրիլովիչը, նամակ բերելով մայր թագուհուց և արցունքն աչքերին աղաչեց այլևս փող չքամել, քանզի գանձարանն առանց այդ էլ դատարկ էր, այդ ժամանակ միայն Պյոտրը հանդարտվեց, և արքաները զորքերին հրաման տվեցին ցրվել արվարձանները։
Ժողովրդի մեջ շատ էին խոսում ռազմախաղերի մասին. «Խոսք չկա, էդքան փողը հասարակ խաղի վրա չէին ծախսի։ Էստեղ ինչ-որ մեկի մատը խառն է։ Պյոտրը դեռ ջահել է, անխելք, ինչ սովորեցնում են, էն էլ անում է... Մեկնումեկը, երևում է, էս գործի վրա հարստանալ է ուզում...»։
Ապրուստը վատ էր, տխրալի։ Սոֆյայի օրոք դեռ սանձի պես մի բան կար, հիմա հզորներն ու ուժեղները հասարակ մարդու հոգին էին հանում։ Դատավորներն անարդար էին դատում, կաշառակերությունն էր շատացել ու գանձագողությունը։ Ահագին ժողովուրդ փախավ անտառները՝ թալանչիության։ Ոմանք անիծյալ կյանքից հեռավոր խորքերն էին գնում, հյուսիսային գետերը, որ սապատների վրա չկրեն անթիվ-անհաշիվ վոյեվոդաների, կալվածատերերի, ատենավորների ու փոխատենավորների, օղեվաճառների ու դատական կատարածուների՝ անօրեն ու անխիղճ արնախումների լուծը։ Այնտեղ, հյուսիսում, ապրում էին ինքնագլուխ, գետի ու անտառի տվածն ուտելով։ Բացատներն էին փորփրում, գարի ցանում։ Դարավոր սոճիներից խրճիթներ էին սարքում, գերանակապ ու ընդարձակ, իրարից հեռու ընկած գյուղական հիմնավոր տներ կառուցում։ Ընդմիշտ թողած վայրերից այս մենության մեջ էին բերում միայն հեքիաթներ, ասքեր ու թախծածոր երգեր։ Տնային ոգիների ու չարքերի էին հավատում։ Աղոթք անելու էին գնում խստաբարո ճգնավոր-աղանդավորների մոտ, որոնք հաղորդություն էին տալիս հապալասին խառնած ալյուրով։ «Նեռն է աշխարհ եկել,— ասում էին ճգնավորները,— մենակ նրանք են փրկվելու, ովքեր փախել են ցարից ու պատրիարքից...»։
Սակայն պատահում էր, որ այդ խորունկ խորքերը, աշխարհի ծայրն էին հասնում նեռի սպասավորները՝ ուղարկված փնտրելու անհնազանդներին ու հայհոյողներին։ Այդ ժամանակ տղամարդիկ, կանանց ու երեխաների հետ, թողնելով տուն ու անասուն, հավաքվում էին ճգնավորի ագարակում կամ եկեղեցում և կրակում զինվորների վրա, իսկ եթե կրակելու բան չէին ունենում, ընդամենը հայհոյում ու չէին ենթարկվում, նրանց ձեռքը չընկնելու համար ինքնակիզվում էին խրճիթում կամ եկեղեցում, բղավելով ու ողբաձայն երգելով...
Կարիքից ու ճնշումից անտառները՝ գողությամբ զբաղվելու փախած ընչազուրկները քիչ-քիչ քաշվում էին դեպի ավելի տաք ու առատ տեղեր՝ դեպի Վոլգա ու Դոն։ Սակայն այդտեղ էլ դեռ ռուսական շունչը կար, տեղ էին հասնում ցարական հրամանագրերը և մոլեգնում էին ուղղափառ տերտերները, ու շատերը, զինված հրոսակախմբերով, ավելի էին հեռանում՝ Դաղստան, Կաբարդա, Թերեքից այն կողմ, կամ թուրքական սուլթանի և Ղրիմի խանի հովանավորությունը խնդրում։ Ազատ-արձակ հարավում ոչ թե անհայտ տնային ոգիների էին հավատում, այլ ավելի շատ կեռ թրի ու ընտիր նժույգի զորությանը։
Սիրելի չէր, ապրելու հարմար չէր ռուսական հողը՝ ամենադառը ճորտությունից ավելի վատթար, հազարավոր տարիների ընթացքում տրեխներից ոտնակոխ, զայրույթով փորփրված արորով, ավերված գյուղերի մոխրով ու չօրհնված գերեզմաններով ծածկված հողը։ Թշվառություն էր, վայրենություն։
— Հայրիկ, էս ի՞նչ էր։ Ուրիշ զանգ էր...
— Ո՞նց թե ուրիշ զանգ...
— Օյ, հայրիկ, ուրիշ էր... Հիմի քիչ են զանգ խփում, էս մեկը... Հանկարծ մի բան չպատահի, չգնա՞նք...
— Համբերի, անխելք...
Իվան Արտեմիչ Բրովկինը (մարդիկ մոռացել էին, թե երբ էին Իվաշկա ասում նրան) կանգնած էր Մյասնիցկայայի հինավուրց եկեղեցու գավթում։ Կապույտ մահուդով երեսած ոչխարենու նոր կիսամուշտակը փքվել էր վրան, վալենկաները կաղապարից երեկ էին հանված, բրդյա նոր վզնոցն այնպես էր փաթաթել վզին, որ գլուխը ցցվել էր։ Կտրող քամի էր փչում, երեսը դաղելով։ Սևագորշ փողոցով խշշացնելով քշում էր ձնափոշին, կիտում սառած անվակոսների մեջ։ Ահագին ժողովուրդ կար խանութների մոտ, կանգնած լսում էին, թե ինչպես բոլոր եկեղեցիներում սկսեցին զարկել փոքր զանգերը՝ աններդաշնակ ու խառնիխուռն, հենց այնպես, ասես բարկացած էին զնգացնում...
Լավ հագնված, գեղեցիկ ու կուշտ արտաքինով, իսկական հարսնացու դարձած Սանկա Բրովկինան (տասնութի մեջ էր արդեն), նորից քաշեց հոր թևքը, որ գնան. Մոսկվայում հազվադեպ էր լինում, երբ էլ որ գալիս էր, սիրտը զարկում էր, վախենում էր ոտատակ գնալուց։ Հոր հետ այսօր եկել էին անկողնու փետուր գնելու՝ օժիտի համար։ Հարսնախոսները շարունակ պտույտ էին տալիս Բրովկինի տան կողքերը, բայց Իվան Արտեմիչը քանի գնում, այնքան ավելի բարձրից էր բռնացնում։ Ալյոշկա որդին արդեն ավագ բոմբարդիր էր, ցարի աչքը մտած։ Վոլկովների կառավարիչը հյուր էր գալիս Բրովկինների նոր ու հարուստ տունը։ Իվան Արտեմիչը մարգագետիններ ու վարելահող էր վերցնում Վոլկովից կապալով։ Փայտի առևտուր էլ էր անում։ Վերջերս ջրաղաց էր կառուցել։ Նրա անասունն առանձին նախիր էր դարձել։ Թռչնեղեն էր տանում Պրեոբրաժենսկոյե, ցարի սեղանին։ Ամբողջ գյուղը գոտկահաս գլուխ էր տալիս նրան, բոլորը պարտք էին, իսկ նա ոմանց զիջում էր, ոմանց՝ ոչ. տասնյակ մուժիկներ էին աշխատում նրա մոտ՝ ճորտագրերով։
— Հը՞, ինչի՞ ենք սպասում ախր,— ասաց Սանկան։
Այդ ժամանակ գավաթին մոտեցավ շիկամորուս տերտեր Ֆիլկան (տասը տարվա ընթացքում տերտերը գիրացել էր, այնպես որ մորթեպատ փարաջան քիչ էր մնում պատռվեր հագին)։ Մի նիհար ու կախքիթ տիրացու էր բերում, մեջքից հրհրելով.
— Գնա, ոչուփուչ քելեխակեր, գնա, Բեհեղզեբուղ...
Տիրացուն գայթեց, բռնեց կողպեքից, բաց անելով եկեղեցու դուռը։ Ֆիլկան հրմշտում էր նրան.
— Ձեռքերդ դողում են, հարբեցող անտեր... Երեկ իրիկվանի՛ց, իրիկվանի՛ց, իրիկվանի՛ց եմ քեզ ասել, որ զանգերը տաս (խփում էր տիրացուի կորացած մեջքին)... Քո երեսից էլի պատասխան պիտի տամ...
Տիրացուն երկաթյա կիսաբաց դոնից ներս սողոսկեց ու բարձրացավ փոքրիկ զանգակատունը։ Ֆիլկան մնաց գավթում։ Իվան Արտեմիչը երկու ձեռքով, նոր թաթմաններով հանեց գլխարկը, ծանրումեծ գլուխ տվեց.
— Ոնց որ թե տոն լինի, հը՞։ Աղջիկս ու ես կասկածում ենք... Ասա, տեր հայր, շնորհ արա...
Ֆիլկան աչքերը կկոցեց փողոցի երկայնքով, ձնափոշիով մորուքը խառնող քամու կողմը, բարձրաձայն, որ շատերը լսեն, ասաց.
— Նեռի գալուստն է։
Իվան Արտեմիչը տեղնուտեղը նստեց նոր վալենկաների վրա։ Սանկան կուրծքը բռնեց, անմիջապես խաչակնքեց, գունատվեց, հասկացավ միայն, որ սարսափելի է։ Մյասնիցկիյե դարպասի մոտից ամբոխն էր հորդում, ինչ-որ բաներ բղավելով։ Սուլոց էր լսվում, վայրենի քրքիջ։ Կանգնած ժողովուրդը լուռ նայում էր։ Խանութները փակվում էին։ Հայտնի չէ թե որտեղից սողեսող եկան ցնցոտիապատ մուրացկաններ, ընկնավորներ, մինչև, գոտկատեղը մերկ, անքիթ մարդիկ... Ալեխառն մազերով մի կրոնախև, կրծքի շղթաներն ու կողպեքները թափահարելով, աղաղակում էր. «Նաբուգոդոնոսո՜ր, Նաբուգոդոնոսո՜ր»։
Իվան Արտեմիչի սիրտը փորն ընկավ։ Սանկան կամացուկ, շշնջաձայն ախուվախով հենվեց եկեղեցու վանդակապատ լուսամատին, մշտավառ կանթեղի տակ։ Անչափ զգայուն աղջիկ էր։
Եվ ահա տեսան... Ամբողջ փողոցը բռնած, դանդաղ գալիս էին խոզ լծած սայլերը յուրաքանչյուրին վեցական, կուպր քսած ու բմբլակոլոլ կովեր, լծած սահնակները, այծ ու շուն լծած ցածրիկ երկանիվները։ Սահնակների, սայլերի ու սայլակների մեջ քրծենու գդակներով, ճիլոպե ջվալներից մուշտակներով, խսիրե սապոգներով, մկնամաշկի ձեռնոցներով մարդիկ էին նստած։ Գույնզգույն լաթերից կարկատակար կաֆտաններ էին հագել, կատվի պոչերով ու թաթերով։
Մտրակները շրխկում էին, խոզերը ղժժում, շները հաչում, դիմակավորված մարդիկ մլավում ու մկկում՝ բոլորը հարբած էին, կարմրամռութ։ Երթի մեջտեղում վզներին բաղնիքի ավել կապած խալավոր յաբուները ցարական ոսկեզօծ կառքն էին քաշում։ Ապակիների միջից երևում էր. առջևում նստած էր ջահել տերտեր Բիտկան, Պյոտրի բաժակակիցը... Գլուխը կախ գցած, քնած էր նա։ Ետևում փռված նստած էին երկուսը, մեծաքիթ մի տղամարդ էր թանկարժեք մուշտակով և սիրամարգի փետուր կպցրած գիշերաթասակով, կողքին՝ գնդլիկ ու չաղլիկ մի կին, քսմսված, շպարված ականջօղերով, սամույրներով, ձեռքին շտոֆ բռնած։ Յակով Տուրգենևն էր՝ ցարի նոր ծաղրածուն, որը Սոֆյայի նախկին սեղանապետներից լինելով, շնորհազրկությունը խեղկատակի գդակով էր փոխարինել, և տիրացուի այրի Շուշերան։ Երեք օր առաջ Տուրգենևին ու Շուշերային պսակել էին ու առանց դադար առնելու հյուր էին տանում դեսուդեն։
Կառքից հետո գալիս էին երկու արքաները՝ Ռոմոդանովսկին և Բուտուռլինը, մեջտեղում «սրբազնագույն կիր Իանիկիտա պրեշբուրգցի» իշխան-պապը, թիթեղյա խույրով, կարմիր քղամիդով, երկու ծխամորճ խաչաձև բռնած։ Ապա խմբովի հետևում էին բոյարներ ու օկոլնիչիներ երկու արքունիքներից։ Ճանաչեցին Շերեմետևներին, Տրուբեցկոյներին, Դոլգոոուկիներին, Զինովևին, Բոբորիկինին... Իր ստեղծումից վեր Մոսկվան նման խայտառակություն չէր տեսել։ Ժողովուրդը մատով ցույց էր տալիս նրանց, զարմանում էին, ախուվախ անում, զարհուրում... Ոմանք էլ մոտենում ու հանդգնաբար գլուխ էին խոնարհում բոյարներին։
Բոյարների ետևից մի նավ էին բերում՝ անիվների վրա, բքախառն քամին կայմերն էր ճոճում։ Ձիերի առջևից Պյոտրն էր քայլում, բոմբարդիրի կաֆտանը հագած։ Կզակն առաջ ցցած, կլոր աչքերը մարդկանց վրա ոլորելով, թմբուկ էր զարկում։ Վախենում էին խոնարհվել նրա առաջ՝ մեկ էլ տեսար, հրաման չկա։ Կրոնախևը, տեսնելով նրան թմբուկ զարկելիս, նորից բղավեց. «Նաբուգոդոնոսո՜ր», սակայն ամբոխի մեջ առան խենթին, թաքցրեցին։ Նավի մեջ հոլանդացի նավաստիների զգեստներով կանգնած էին Լեֆորտը, Գորդոնը, բեխավոր Պամբուրգը, Տիմմերմանը և նորընծա գնդապետներ Վեյդեն, Մենգդենը, Գոագեն, Բրյուսը, Լևինգստոնը, Սալմը, Շլիպպենբախը... Նրանք ծիծաղում էին, վերևից նայելով, ծխամորճներն էին փստացնում, ոտքերը դոփդոփելով ցրտից։
Երբ Պյոտրը հավասարվեց եկեղեցուն, Իվան Արտեմիչը բոթեց կիսակենդան Սանկային ու ընկավ ծնկների վրա... «Գլուխ տուր, տխմար,— շշնջաց փութով,— իմ ու քո խելքի բանը չէ սա» ...Տերտեր Ֆիլկան մեծ բերանը բացեց ու թավաձայն քրքջաց (ցարը նույնիսկ նրա կողմը շրջվեց), քրքջալով բարձրացրեց ձեռքերը, շրջվեց ու թիկունքն արած, ձեռքերը վեր պարզած, եկեղեցի մտավ...
Երթն անցավ։ Իվան Արտեմիչը ոտքի ելավ, գլխարկը հոնքերին քաշեց։
— Հա՜,— ասաց մտազբաղ,— խոսք չկա... Հա՛... Բայց դե... Ա՛յ, ա՛յ... Լավ, լավ։— Ու բարկացած դիմեց Սանկային.— Հերիք եղավ, ուշքի արի... Գնանք մեր բմբուլն առնենք...
Մարդիկ զարմանում էին, թե որտեղից այդքան ուժ այդ սատանային։ Տարիքով և ուժով նրան գերազանցող մեկ ուրիշը վաղուց շունչը փչած կլիներ։ Շաբաթական արդեն երկու անգամ անպայման հարբած էին բերում Գերմանական արվարձանից։ Մի չորս ժամ քնում էր, ուշքը գլուխը բերում, և մտքինը դարձյալ նույնն էր՝ էլ ինչ նոր զվարճանք հորինի։
Ծննդյան տոներին մտքովն անցավ իշխան-պապին, զույգ արքաներին, գեներալներին ու մերձավոր բոյարներին առած (նրանց նորից վերցրեց խստիվ հրամանագրով) երևելի տները գնալ։ Բոլորը՝ ծպտյալ, դիմակներով։ Տոնական առաջնորդ էր կարգվել մոսկովյան ազնվական, զանազան խայտառակություններով հայտնի, կռվազան ու անլուր զազրախոս Վասիլի Սոկովնինը։ Նրան «մարգարեի» կոչում տվեցին՝ կապուցին էր հագնում, քղանցքը ետևից։ Այդ տոներին նշանավոր, հատկապես իշխանական ու հնամենի բոյարական տները վերջնական խայտառակության ու անարգանքի ենթարկվեցին։ Շվվոցով ու վայրենաձայն բղավոցներով մի հարյուր մարդ կներխուժեին, դոմրաներ, փողեր ու թմբուկներ առած։ Աստվածավախ տանտիրոջ մազերը բիզ-բիզ էին կանգնում, ցատկոտող, թռվռացող, քրքջացող երախներով բազմությանն ի տես։ Ցարին ճանաչում էին երկար հասակից, հոլանդացի նավատիրոջ զգեստից՝ մահուդե ծնկահաս, փքված անդրավարտիք, բրդյա գուլպաներ, փայտյա ոտնամաններ, թուրքականի նմանվող կլոր գլխարկ։ Դեմքին կամ գույնզգույն թաշկինակ կկապեր, կամ երկար քիթ կկպցներ։
Նվագ, դոփյուն, քրքիջ։ Ամբողջ խումբը, ով որտեղ հասներ, վրա կպրծներ սեղաններին, կպահանջեին թթու կաղամբ, եփած ձու, երշիկ, պղպեղօղի, պարող աղջիկներ... Տունը տակնուվրա կանեին, ծխախոտի ծխի, ապականված օդի մեջ կխմեին խելահեղության աստիճան, իսկ տանտերը կրկնակի չափով կխմեր, եթե չկարողանար, ուժով կոկորդը կլցնեին...
Որքան բարձրատոհմիկ լիներ տանտերն, այնքան ավելի արտառոց կատակներ կհորինեին գլխին։ Իշխան Բելոսելսկուն անհնազանդության համար լրիվ մերկացրեցին ու մերկ հետույքով հավի ձվեր կոտրել տվեցին լվացքի տաշտի մեջ։ Բոբորիկինի գիրությունը ծաղրի տալով, խցկեցին ու քշեցին աթոռների արանքով, որտեղով նիհար մարդն անգամ չէր անցնի։ Իշխան Վոլկոնսկու հետանցքը մոմ խրեցին, վառեցին, ու շուրջը երմոսներ էին երգում, մինչև որ բոլորը ցած թափվեցին ծիծաղից։ Մուր ու խեժ էին քսում դեմքերին ու մարմիններին, գլխիվար կանգնեցնում։ Ազնվական Իվան Ակակիևիչ Մյասնոյին փուքսի պես փչեցին հետանցքից, որից շուտով մեռավ նա...
Ծննդյան տոների զվարճանքն այնքան ծանր ու դժվարին էր, որ շատերն այդ օրերին պատրաստվում էին, ինչպես մահից առաջ...
Միայն գարնանը մի քիչ թեթևացան։ Պյոտրը Արխանգելսկ գնաց։ Այդ տարի նորից եկել էին հոլանդացի վաճառականներ Վան Լեյդենը և Հենրիխ Պելտենբուրգը։ Նախորդ տարվա համեմատությամբ երկու անգամ շատ ապրանք գնեցին, գանձարանից՝ մամլած ձկնկիթ, սառեցրած սաղմոն, զանազան մորթեղեն, ձկնասոսինձ, մետաքսահումք ու նախկինի պես կուպր, կանեփ, քաթան, պոտաշ... Արհեստավորներից առնում էին ռուսական կաշվից ու հղկած ոսկրից պատրաստված իրեր։ Օտարերկրացի Մարսելիսից Տուլայի զինագործարանը գնած Լև Կիրիլովիչը հոլանդացիների գլխին էր ուզում կապել դրվագազարդ տարբեր զենքեր, սակայն այնպես էր գները թռցրել, որ հրաժարվեցին։
Գարնանամուտին վեց նավ բեռնված էին։ Սպասում էին միայն Հյուսիսային ծովը սառույցներից ազատվելուն։ Լեֆորտը (հոլանդացիների խնդրանոք) անսպասելիորեն ակնարկեց Պյոտրին, որ լավ կլիներ զբոսանքի ելնել Արխանգելսկ, իսկական ծովային նավեր տեսնելու... Եվ հաջորդ օրն իսկ վոլոգոդյան փոստաճամփով փոխձիերով հեծյալներ և ուրյադնիկներ սլացան՝ հրամանագրեր տանելով վոյեվոդաներին։ Պյոտրը ճամփա ընկավ նույն խմբով, իշխան-պապ Իանիկիտան, զույգ արքաները, Լեֆորտը, արքաների բոյարները, նրանցից բացի, գործարար մարդկանց էլ վերցրեցին՝ դումայական ատենավոր Վինիուսին, Բորիս Գոլիցինին, Տրոյեկուրովին, հանգուցյալ ցար Ֆյոդորի աներորդի Ապրակսինին, և հիսուն զինվոր, կտրիճ Ալեքսաշկա Մենշիկովի հրամանատարությամբ։
Ձիերով գնացին մինչև Վոլոգդա, ուր քաղաքից դուրս նրանց ընդառաջ ելավ հոգևորականությունն ու վաճառական դասը։ Սակայն Պյոտրը շտապեցնում էր, և նույն օրը նստեցին յոթ կարբասների մեջ ու լողացին Սուխոնա գետով մինչև Մեծ Գետաբերան, այնտեղից էլ՝ Հյուսիսային Դվինայով դեպի Արխանգելսկ։
Պյոտրն առաջին անգամ էր տեսնում ջրառատ գետերի նման տարածքներ, անծայրածիր անտառների նման վիթխարի հզորություն։ Երկիրը սփռված էր հայացքի առաջ՝ ծայրը չէր երևում։ Մթնած ու շարվեշար լողում էին ամպերը։ Կարբասների դեմով թռչունների քարավաններ էին վեր ճախրում։ Խստաշունչ ալիքներ էին զարնվում նավակողերին, առագաստները ուռչում էին առատ քամուց, ճռճռում էին կայմերը։ Մերձափնյա մենաստաններում տյառընդառաջի զանգեր էին ղողանջում։ Իսկ անտառներից, թավուտների մեջ թաքնված, աղանդավորների արթուն աչքերն էին հսկում նեռական նավակներին։
Գորգով ծածկված սեղանի վրա երկու մոմ էին հալչում, վառվելով։ Նոր ռանդած գերանակապ պատերից խեժի կաթիլներ էին ծորում։ Հատակի մաքուր տախտակների վրա թաց ոտնահետքեր կային՝ անկյունից անկյուն, դեպի պատուհանը, դեպի մահճակալը։ Ցեխապատ ոտնամաններից մեկն ընկած էր սենյակի մեջտեղում, մյուսը մահճակալի տակ։ Դրսում, սպիտակ գիշերվա աստղազուրկ մթնշաղի մեջ օտարոտի խոնավ քամի էր փչում, ալիքներն էին ճողփում՝ մոտակա ափին դիպչելով։
Պյոտրը նստած էր մահճակալին։ Վարտիքը մինչև ծնկները թաց էր, մերկ ոտնաթաթերը ծուռ-ծուռ էր դրել։ Արմունկներով ծնկներին կռթնած, փոքրիկ ծնոտը բռունցքներին հենած, չտեսնող հայացքով պատուհանին էր նայում։ Միջնարմի ետևում, միմյանց գերազանցելով խռմփացնում էին զույգ արքաները։ Մասեևյան կղզում ցարի գալստյան կապակցությամբ հապճեպ կառուցված տան մեջ բոլորը խառնիխուռն էին քնում։ Պյոտրը բոլորին անչափ հոգնեցրեւ էր այդ օրը...
...Այդ օրը լուսադեմին Արխանգելսկ հասան։ Համարյա բոլորը առաջին անգամ էին լինում Հյուսիսում։ Տախտակամածներին կանգնած, նայում էին, թե աննման արշալույսը ինչպես է տարածվում շերտատված մռայլ ամպերի տակից... Անասելի մեծության արևն ելավ անտառների մթին կատարներից, շողերը ցրվեցին երկնքում, ընկան ափի, քարերի, սոճենիների վրա։ Դվինայի գալարից այն կողմ, ուր թիերին զոռ տալով, բարկասներն էին լողում, ամրոցի պես ձգվել էր օտարերկրացիների թաղը՝ վեց աշտարակ ուներ, բաց տեղեր ու պարտեզներ։ Քառանկյունու ներսում պինդ ու հուսալի պահեստարաններն էին, կղմինդրե տանիքներով մաքուր տնակները, հողապատնեշների վրա հրանոթներ ու հրասանդեր։ Ափի երկայնքով կառանապատերն էին ձգվում, ցցագերանների վրա, տախտակապատ ափերը, ծածկերը հակերի, պարկերի ու տակառների սարերի վրա։ Ճոպանների կապուկներ։ Սղոցած փայտի դեզեր։ Կառանապատերի մոտ օվկիանոսային երկու նավ էր կանգնած, երեք անգամ ավելի մեծերը գետի մեջ էին խարիսխ ձգել։ Վիթխարի կայմերն անտառի պես վեր էին ելնում, պարուրված պարանասարքերի ոստայնով, օրորվում էին բարձրադիր, փայտանախշ նավախելերը։ Համարյա ջրերին էին քսվում կախված դրոշների պաստառները՝ հոլանդական, անգլիական, համբուրգյան։ Սպիտակ լայն շերտով կպրած կողերի վրա, բարձրացրած ակնատներից թնդանոթներ էին ցցված...
Աջ, արևելյան ափին տյառնընդառաջի զանգերը զարկեցին։ Այնտեղ միևնույն Ռուսիան էր. զանգակատներ, մեկ էլ ասես ալարկոտ ձանձրույթից այս ու այն կողմ շպրտված հյուղակներ, ցանկապատեր, թրիքի կույտեր։ Ափի մոտ հարյուրավոր նավակներ ու գետանավեր էին կանգնած, հումքով բեռնված, խսիրներով ծածկված։ Պյոտրը խեթեց Լեֆորտին (կողք կողքի էին կանգնած նավախելին)։ Ինչպես միշտ պճնված Լեֆորտը ձեռնափայտն էր կտկտացնում, բեխիկների տակից անուշ ժպտալով, ուռած կոպերով ծիծաղելով, դիմափոշի ցանած այտին՝ փոսիկ... Գոհ էր, զվարթ, երջանիկ... Պյոտրը ֆսֆսացրեց՝ հանկարծ սաստիկ ցանկություն առաջացավ հասցնել սրտակից բարեկամ Ֆրանցի դնչին... Նույնիսկ անպատկառ Ալեքսաշկան, որ թիավարների նստարանին, Պյոտրի ոտքերի մոտ էր նստած, գլուխն օրորեց, «ա՛յ, ա՛յ, ա՛յ...» ասելով։ Հարուստ ու ծանրումեծ ոսկով ու թնդանոթներով ահազդու եվրոպական ափը արհամարհական տարակուսանքով ավելի քան մեկ հարյուրամյակ նայում էր արևելյան ափին, ինչպես տերը ճորտին...
Մերձակա նավի եզրից ծխի քուլա պոկվեց, սփռվող դղրդյունը խլացրեց զանգերի ղողանջը։ Պյոտրը պոկվեց նավախելից, թիավարների ոտքերը տրորելով մոտ վազեց եռաֆունտ փոքր թնդանոթին, թնդանոթաձիգի ձեռքից խլեց պատրույգը։ Ճայթեց կրակոցը, բայց մի՞թե համեմատել կարելի էր ծովային թնդանոթի որոտին։ Ի պատասխան ցարական ողջույնի, օտարերկրյա բոլոր նավերը ծխով պարուրվեցին։ Թվաց, թե ափերը ցնցվեցին... Պյոտրի աչքերը կրակվում էին, կրկնում էր. «Լա՜վ է, լա՜վ է...»։ Ասես կենդանացել էին նրա մանկական նկարները... Երբ ծուխը ցրվեց, ձախ ափին կառանապատի վրա երևացին օտարերկրացիները, լայնեզր գլխարկները թափահարելով... Վան Լեյդենը և Պելտենբուրգը... Պյոտրը գլխից պոկեց եռանկյունի գլխարկը, ուրախացած թափահարեց ի պատասխան, ողջույնի խոսքեր բղավեց... Բայցև իսկույն, տեսնելով Ապրակսինի, Ռոմոդանովսկու, ուսյալ ատենավոր Վինիուսի լարված դեմքերը, բարկացած շրջվեց...
....Մահճակալին նստած՝ նա նայում էր պատուհանից դուրս, մոխրագույն կիսախավարին։ Կուկույ-ավանում յուրային, ձեռնասուն գերմանացիներն էին... Իսկ այստեղ հասկանալի էլ չէ, թե ովքեր են տերերը։ Եվ որքան ողորմելի երևացին կացնաշեն կարբասները, երբ լողում էին բարձր նավակողերի մոտով... Ամոթ է. բոլորը զգացին, թե՝ մռայլված բոյարները, թե՝ սիրալիր օտարերկրացիները ափին, թե՝ նավապետները, թե՝ միջնատախտակամածերում շարք կանգնած ընկած-ելած, օվկիանոսային հողմերից խանձադեմ նավաստիները... Ծիծաղելի՛ է... Ամո՛թ... Բոյարները (գուցե նաև Լեֆորտը, որը հասկանում էր, թե ի՜նչ պիտի զգա Պյոտրը) միայն մի բան էին ուզում, պահպանել արժանապատվությունը։ Բոյարները փքվել էին գոռոզավարի, գոնե դրանով ցանկանալով երևցնել, թե Մեծ, Փոքր և Սպիտակ Ռուսիո ցարի համար այնքան էլ մի հետաքրքիր բան չէ առևտրականների նավերին-բաներին նայելը... Հարկ որ եղավ իրենը ձեռք կբերի, մի դժվար գործ չէ... Իսկ թե ուզեց, որ այս նավերն այլևս Սպիտակ ծով չմտնեն, ոչինչ չեք կարող անել, ծովը մերն է։
Եթե այդ քոսոտ նավակներով եկած չլիներ Պյոտրը, թերևս ինքն էլ վարակվեր գոռոզամտությամբ։ Սակայն նա լավ հիշում էր ու վերստին տեսավ Արևմուտքի այդ բոլոր մարդկանց սիրալիր ժպիտներով քողարկված հպարտ արհամարհանքը, ճերմակամորուս, փշրված ատամներով նավաստուց մինչև իսպանական թավշից հանդերձներ կրող վաճառականը... Ահա՛, բարձրում, նավախելի վրա, լապտերի մոտ կանգնած է պնդակազմ, դարչնագույն, խստատեսք մի մարդ, ոսկեկար տրեզներով, ջայլամի փետրով զարդարված գլխարկով, մետաքսյա գուլպաներով։ Ձախ ձեռքով հեռադիտակն է սեղմել կոնքին, աջը ձեռնափայտի վրա է հենված... Բոլոր ծովերի ավազակների ու ծովահենների հետ կռիվ տված նավապետ է։ Հանգիստ նայում է վերևից ներքև երկայնահասակ, անհեթեթ պատանուն, անճոռնի նավակի մեջ կանգնած բարբարոսների ցարին... Ճիշտ այդպես վերևից ներքև նայել է նա Մադագասկարում կամ Ֆիլիպինյան կղզիներում, հրամայելով թնդանոթները մանրագնդակ լցնել...
Եվ ասիական խորամանկությամբ Պյոտրը հասկացավ, թե ինքն ինչպե՛ս պիտի երևա այդ մարդկանց, միակ ի՛նչ եղանակով գերադաս պիտի լինի նրանցից... Հարկ էր զարմացնել նրանց, որ նման բան տեսած իսկ չլինեին, որ տանը պատմեին չտեսնված ցարի մասին, ով թքել է այն իրողության վրա, որ ինքը ցար է... Բոյարները թող փքվեն, նույնիսկ լավ է, իսկ ինքը՝ Պյոտրն Ալեքսեյի որդին է, պերեյասլավյան նավատորմի փոխնավապետը, հենց այդպես էլ կպահի իրեն, մենք աշխատող մարդիկ ենք, ահա՛, չքավոր ենք, բայց խելացի, մեր խեղճությունից ձեզ խոնարհվելու ենք եկել, խնդրում ենք, սովորեցրեք կացին բռնելու ձևը...
Հրամայեց թիավարել ուղիղ դեպի ափ։ Առաջինը թռավ ջրի մեջ, թաղվելով մինչև ծնկները, ելավ պատի վրա, գրկեց Վան Լեյդենին ու Պելտենբուրգին, մնացյալների ձեռքը սեղմեց ամուր, թփթփացրեց ոտներին։ Գերմաներեն ու հոլանդերեն բառերը խառնելով, պատմեց իրենց նավարկության մասին, ծիծաղելով ցույց տվեց կարբասները, որոնց մեջ դեռ կանգնած էին արձանացած բոյարները... «Ձեր մոտ վայ թե էս տեսակ նավակներ էրազում էլ տեսած չլինեն»։ Չափից ավելի հիացավ բազմաթնդանոթ նավերով, դոփդոփում էր, խփում իր նիհար ազդրերին. «Ա՛հ, գոնե մի երկու հատ ունենայինք սրանցից...»։ Իսկույն խոսք գցեց, որ անհապաղ նավաշինարան է հիմնում Արխանգելսկում. «Ինքս եմ ատաղձագործություն անելու, բոյարներիս էլ ստիպելու եմ մեխերը խփել...»։
Եվ աչքի պոչով տեսավ, թե ինչպես են հարթվում շինծու ժպիտները, հարգարժան վաճառականները սկսում են զարմանալ, հիրավի, նման բան դեռ չէին տեսել... Ինքը խնդրեց, որ ճաշի հրավիրեն, աչքով արեց. «Թե լավ հյուրասիրեցիք, գործերից էլ կխոսենք, ոչ առանց շահի...»։ Կառանապատից թռավ բարկասի մեջ ու գնաց Մասեևյան Կղզի, ուր նրան դիմավորեց վոյեվոդա Մատվեևը, աստծու վախն աչքերում... Բայց նրա հետ Պյոտրն արդեն այլ կերպ խոսեց, կես ժամ անց կատաղած դուրս շպրտեց աքացի հասցնելով (դեռ ճանապարհին Մատվեևին ամբաստանել էին, որ կաշառք է վերցնում օտարերկրացիներից)... Ապա Լեֆորտի և Ալեքսաշկայի հետ առագաստանավակով գնաց նավերը դիտելու... Երեկոյան խրախճանք արեցին օտարերկրացիների մոտ։ Պյոտրն այնպես պարեց անգլուհիների և հաննովերցի կանանց հետ, որ կրունկները պոկվեցին... Այո՜, նման բան օտարերկրացիներն առաջին անգամ էին տեսնում....
Եվ ահա՝ անքուն գիշերը... Զարմացնելը զարմացրեց, հետո՞ ինչ։ Ռուսաստանը՝ ննջակոխ, աղքատ, ծույլ ու դանդաղաշարժ, ինչպիսին եղել էր, այդպիսին էլ մնաց։ Ի՜նչ ամոթ, ի՜նչ բան։ Ամոթը հարուստ և ուժեղ մարդիկ են զգում... Իսկ այստեղ հասկանալի չէ, թե ինչ ուժերով շարժել մարդկանց, բաց անել նրանց աչքերը... Մա՞րդ եք դուք, թե հազար տարվա ընթացքում, արյուն ու արցունք թափելով ճշմարտության ու երջանկության հույսը կորցնելով, փտել եք մամուռներին հակված ծառի պես։
Սատանայի արածն էր ցար ծնվել այսպիսի երկրում։
Հիշեց, թե աշնան գիշերով ինչպես էր բղավում Ալեքսաշկայի ականջին, սառնաշունչ քամուց խեղդվելով. «Ավելի լավ է ենթավարպետ լինեմ Հոլանդիայում, քան այստեղ՝ ցար...»։ Իսկ ի՞նչ է արել այս տարիների ընթացքում՝ և ոչ մի բան, խենթություններ։ Վասկա Գոլիցինը քարաշեն տներ էր կառուցում, թեկուզ անփառունակ, բայցև պատերազմելու գնաց, հաշտություն կնքեց Լեհաստանի հետ... Ասես եղունգներ խրեցին սիրտը՝ ահավոր տանջում էր զղջումը, զայրույթն էր տանջում յուրայինների՝ ռուսների վրա ու նախանձը ինքնագոհ վաճառականների նկատմամբ, կբացեն անկաշկանդ առագաստներն ու կլողան դեպի իրենց տները, դեպի զարմանալի երկրներ... Իսկ դու պիտի դառնաս մոսկովյան խեղճուկրակության գիրկը... Սարսափելի որևէ հրամանագիր չարձակի՞ արդյոք։ Կախաղան բարձրացնի, գանակոծի... Բայց ո՞ւմ, ո՞ւմ։ Թշնամին անտեսանելի է, անընդգրկելի, թշնամին ամենուր է, թշնամին իր իսկ մեջ է...
Պյոտրը թափով բացեց հարևան խցիկի պստիկ դուռը.
— Ֆրա՛նց (Լեֆորտը ցած թռավ թախտից, չռելով ուռած աչքերը։) Քնա՞ծ ես։ Մոտս արի...
Մեկտակ շապկով Լեֆորտը նստեց Պյոտրի մահճակալին.
— Վա՞տ ես զգում, Պիտեր։ Գուցե սիրտ թափես...
— Չէ, դա չէ... Ֆրանց, երկու նավ եմ ուզում գնել Հոլանդիայից...
— Ինչ կա որ, լավ բան է...
— Էստեղ էլ կսարքենք հետո... Ապրանքն ինքներս կտանենք...
— Անչափ լավ է...
— Է՞լ ինչ խորհուրդ կտաս ինձ։
Լեֆորտը զարմացած նայեց նրա աչքերին և, ինչպես միշտ, Պյոտրից ավելի հեշտությամբ ըմբռնեց նրա խառնիխուռն ու փութկոտ մտքերը։ Ժպտաց.
— Սպասիր, շալվարս հագնեմ, ծխամորճ բերեմ...— Խցիկից տարօրինակ ձայնով, հագնվելիս ասաց.— Ես վաղուց էի սրան սպասում, Պիտեր... Մեծ գործեր անելու տարիքին ես հասել...
— Ինչպիսի՞ գործերի,— բղավեց Պյոտրը։
— Հռոմեական հերոսները, որոնցից մինչև հիմա օրինակ ենք վերցնում... (Նա ետ եկավ, շտկելով կեղծամի գանգուրները։ Պյոտրը նրան էր հետևում հրաշունչ բիբերով։) Հերոսներն իրենց փառքը պատերազմի մեջ էին հիմնում...
— Ո՞ւմ հետ։ Նորի՞ց Ղրիմ քշենք։
— Առանց Սև և Ազովի ծովերի չես կարող դու, Պիտեր... Քիչ առաջ Պելտենբուրգը ականջիս ասաց, մի՞թե ռուսները դեռ հարկ են վճարում Ղրիմի խանին... (Պյոտրի բիբերը ցնցվեցին, ասեղների պես կանգ առան, մեխվեցին սիրելի ընկերոջ վրա։) Առանց Բալթիական ծովի էլ չես լինի դու, Պիտեր... Չուզենաս էլ, հոլանդացիք կստիպեն... Նրանք ասում են, թե տասն անգամ ավելի ապրանք կարտահանեն, եթե Բալթիական ծովում նավահանգիստներ հիմնես...
— Շվեդների հե՞տ պատերազմել։ Խելագարվել ես... Հո չե՞ս ծիծաղում վրաս։ Աշխարհում ոչ ոք չի կարող նրանց հաղթել, իսկ դա...
— Հո չեմ ասում վաղը, Պիտեր... Հարց տվեցիր, պատասխանում եմ. մեծ-մեծ գործեր բռնիր, մանր-մունր բաների վրա բռունցքդ կփշրես...
«Վաճառականներին ու վաճառական դասին, և բոլոր պոսադականներին, և առևտուր անող ու արհեստավոր մարդկանց վոյեվոդաների, վարչատների ու զանազան աստիճանավորների կողմից վարչատնական քաշքշուկի մեջ են քաշում, նրանց առևտրին ու ամեն տեսակ արհեստներին վնասներ հասցնում ու քայքայում են բերում։ Հանց առյուծ, իրենց ժանիքներով խժռում են մեզ, հանց գայլ։ Ողորմած եղիր, մեծն արքա...»։
— Էլի բողո՞ք է վոյեվոդաների վրա,— հարցրեց Պյոտրը։
Նա ուտում էր, սեղանի ծայրին նստած։ Հենց նոր էր եկել նավաշինարանից, խեժապատ շապկի քշտած թևքերն անգամ չէր իջեցրել։ Հացի կտորները թաթախելով տապակած մսով լի կավե ամանի մեջ, շտապ-շտապ ծամելով, մեկ նայում էր կապարագույն Դվինայի փրփրակալսւծ կոհակներին, մեկ շիկամորուս, ճերմակադեմ, մարմնեղ ատենավոր Անդրեյ Անդրեևիչ Վինիուսին, որը սեղանի մյուս ծայրին էր նստել։
Անդրեյ Անդրեևիչը մոսկովյան փոստն էր ընթերցում։ Կլոր ակնոց էր դրել կոշտուկոպիտ քթին, երկնագույն, քթից հեռու աչքեր ուներ, խելացի և սառը։ Վերջին ժամանակներս սկսել էր ազդեցություն ձեռք բերել, հատկապես երբ Պյոտրը հրամայեց մոսկովյան փոստն իր համար կարդալ, Լեֆորտի հետ ունեցած գիշերային խոսակցությունից հետո։ Այդ ամբողջ թղթային գործն առաջ Տրոյեկուրովի ձեռքով էր անցնում։ Պյոտրը չէր միջամտում, բայց հիմա ցանկացավ ամեն ինչ անձամբ լսել։ Նրա համար փոստն ընթերցում էին ճաշելիս՝ ուրիշ ժամանակ չուներ, ամբողջ օրն անցնում էր նավաշինարանում, օտարերկրյա վարպետների հետ, որոնց վերցրել էին նավերի վրայից... Ատաղձագործություն ու դարբնություն էր անում, զարմացնելով օտարերկրացիներին, վայրենու անհագությամբ նրանցից դուրս կորզելով հարկավոր ամեն ինչ, կռվում ու վիճում էր բոլորի հետ.... Ավելի քան հարյուր բանվոր կար արդեն նավաշինարանում։ Փնտրում էին բոլոր արվարձաններում և պոսադներում, ազնվորեն էին վերցնում՝ վարձելով, իսկ եթե համառում էին, նաև ուժով էին բերում, շղթայակապ...
Ճաշի ժամին գազանի պես սոված Պյոտրը առագաստանավով գալիս էր Մասեևյան կղզի։ Վինիուսը հանդիսավոր ձայնով կարդում էր հրամանագրերը, որ ուղարկվում էին ստորագրության, խնդրագրերը, բողոքները, նամակները... Հինավուրց ձանձրույթ էր բուրում այդ ճոռում պահպանագրերից, ճորտական տնքոցներ էին հնչեցնում բողոքները։ Ստում, գողանում, բռնադատում, կանոնագրական զարդագրերով էր խուսանավում վաղնջական պաշտոնավարական Ռուսաստանը, հեծում էր ոջիլ և ուտիճի ճարակ դարձած դանդաղամիտ ամբոխը։
— Բողոք է վոյեվոդայի վրա,— պատասխանեց Անդրեյ Անդրեևիչը,— նորից Ստյոպկա Սուխոտինի վրա։
Ակնոցն ուղղելով, նա շարունակեց ընթերցել արցունքախառն աղաղակը Կունգուրի վոյեվոդայի ապօրինությունների մասին... Առևտուրն է քայքայում իր շորթումներով, հարկերն է գրպանում և առևտրականներին ու պոսադականներին բանտարկում է իր խորդանոցում, ծեծում ձեռնափայտով, որի հետևանքով մեկը մեռել է անմեղ տեղը։ Արհեստավորների գումակներից մաքս է առնում, գրպանը դնելով, ձմռանը ութական ալտին սայլից, ամռանը՝ մեկական ալտին նավակից։ Հարուստ արդյունահանող Զմիևին տանջել է սնդուկի մեջ, կափարիչի վրա ծակեր բացել տալով, որ չխեղդվի ներսում... Եվ իրեն է վերցնում զեմստվոյական ու պետական փողերը, սպառնալով ամբողջ Կունգուրն ավերել, եթե բողոքեն իր վրա։
— Կունգուրի շուկայում կա՛խ տալ այդ շանը,— բղավեց Պյոտրը։— Գրի՛ր։
Վինիուսը խստորեն, ակնոցի վրայից, նրան նայեց։
— Կախելը հեշտ է, դրանով այնքան էլ խելքի չեն գա... Պյոտր Ալեքսեևիչ, ես վաղուց եմ ասում, որ երկու տարուց ավելի վոյեվոդաներին չի կարելի մի տեղում նստել։ Ընտելանում են, ծակուծակերը սովորում... Իսկ նոր վոյեվոդան, իհարկե, ավելի քիչ է ավազակություն անում... Պյոտր Ալեքսեևիչ, առևտրական մարդկանց առաջին հերթին պահպանիր։ Մեկ տակ չէ, երկու տակ կաշի կտան քեզ, մենակ թե չափից դուրս բեռը թեթևացրու... Չէ որ ոմանք վախենում են երկու զույգ տրեխ հանել շուկա՝ բռնում են, ծեծում, փող պոկում... Էլ ումից պիտի հարստանաս, եթե ոչ վաճառականներից... Ազնվականներից վերցնելու բան չունես, եղածն իրենք են ուտում։ Մուժիկն էլ վաղուց է տկլոր։ Ահա՛, լսիր...
Թղթերի կիտուկի միջից Վինիուսը մի թերթ հանեց, կարդաց.
— «...Եվ կամոքն աստծո մեզ մոտ մշտապես հացահատիկի պակասություն է լինում, մեր դաշտերը մշտապես ցուրտը տանում է, և հիմա ոչ հաց ունենք, ոչ ցախ, ոչ անասուն, կոտորվում ենք սոված փորով ու սառում ենք ցրտից... Մեզ դարձրու հայացքդ, տեր արքա, մեր չքավորությանն ու թշվառությանը, հրաման տուր մեր եղածի չափով բահրա վճարել... Խեղճ ու անօգնական, էլ բան չունենք կալվածատիրոջը խոզի ու կովի միս, թռչնեղեն ու ամեն տեսակ ուտելեղեն տալու... Խոտ ենք ուտում, ուռել ենք... Ողորմած եղիր...»։
Լսելիս Պյոտրը հրահանը զայրացած խփեց կայծքարի կտորին, մատն արյունոտեց։ Ծխամորճը կպցրեց, խոր ումպ արեց... Անելանելի՜ ապրուստ... Սահող ամպերի արանքից արևն էր թրթռում կապտագույն դարձած գետի վրա։ Դիմացի ափին կառուցվող նավի կողերն էին բարձրանում նավարանում։ Կացիններ էին թխկթխկում, սղոցներն էին վժժում։ Այնտեղ ծխախոտի, կպրի, տաշեղի, ծովային ճոպանների բույր կար... ծովից փչող քամին սիրտն էր թափանցում... Այն գիշեր Լեֆորտն ասաց. «Ռուսաց երկիրը սարսափելի է, Պիտեր... Մուշտակի պես հարկավոր է շուռ տալ երկիրը, նորից կառուցել...»։
— Արտասահմանում չեն գողանում, ավազակություն չեն անում,— ասաց Պյոտրը, աչքերը կկոցած ալիքների ծփանքի վրա,— ուրի՞շ ցեղի մարդիկ են, ինչ է...
— Մարդիկ նույնն են, Պյոտր Ալեքսեևիչ, միայն թե նրանց ձեռնտու չէ գողանալը, ավելի օգտակար է ազնիվ գործելը... Այնտեղ պահպանում են վաճառականին, վաճառականն էլ է իրեն պահպանում... Ալեքսեյ Միխայլովիչի օրոք հայրս եկավ, գործարան հիմնեց Տուլայում, ուզեց ազնվորեն աշխատել։ Չթողեցին՝ քաշքշուկով միայն սնանկացրեցին... Մեզ մոտ թե գող չէ, ուրեմն հիմար է, պատիվն էլ հարգի չէ, պատիվը միայն ուրիշների վրա իշխելն է։ Բայց մերոնց մեջ էլ բանիմաց մարդիկ կան... (Անդրեյ Անդրեևիչի սպիտակ, փափլիկ մատներն ասես ոստայն էին հյուսում, արևն անդրադարձվում էր ակնոցի մեջ, խոսում էր մեղմ, ծեքծեքուն։) Մեծարիր առևտրական մարդկանց, հանիր նրանց ցեխի միջից, ուժ տուր նրանց, և վաճառականի պատիվը մի հատիկ ազնիվ խոսքի մեջ կլինի՝ համարձակ հենվիր նրանց վրա, Պյոտր Ալեքսեևիչ...
Նույնն էին ասում թե՛ Սիդնեյը, թե՛ Վան Լեյդենը, թե՛ Լեֆորտը։ Այդ խոսքերի մեջ չճաշակած բան էր զգում Պյոտրը, ասես ոտքերի տակ ողնաշարի ջիղն էր շոշափվում... Սույնն այլևս ռազմախաղի ինչ-որ երեք գունդ չէր, այլ զանգված, ուժ... Արմունկը լուսամտագոգին դրած, նայում էր արեգակից յուղափայլ կոհակներին, նավաշինարանին, ուր անձայն խփում էր ծանր մուրճը ցցագերանին ու երկար ժամանակ անց դմփոցն էր լսվում... Թարթում, թարթում էր աչքերը, սիրտը բաբախում էր ինքնավստահ, տագնապախռով ու բերկրալի։
— Վոլոգդացի վաճառական Իվան Ժիգուլինն անձամբ է բերել խնդրագիրը, աղաչում է տեսության արժանացնել,— առանձնապես հստակ արտաբերեց Անդրեյ Անդրեևիչը։
Պյոտրը գլխով արեց։ Թեթևությամբ շարժելով պարարտ մարմինը, Վինիուսը մոտեցավ դռանը, ձայն տվեց մեկին, շտապեց տեղը նստել։ Նրա ետևից մտավ թիկնեղ վաճառականը, նովգորոդյան սանրվածքով՝ մազերը ճակատին գցած։ Արտահայտիչ դեմք ուներ, հոնքերի տակից աուր հայացք։ Թափով խաչակնքելով, գետնահակ գլուխ տվեց։ Պյոտրը ծխամորճով ցույց տվեց աթոռը.
— Հրամայում եմ՝ նստիր... (Ժիգուլինը միայն հոնքերը շարժեց, ծայր զգուշությամբ նստեց։) Խնդրածդ ի՞նչ է։ (Ժիգուլինը աչքի սակով նայեց Վինիուսին։) Էնպես ասա...
Ըստ երևույթին, Ժիգուլինը կռահեց, որ այստեղ ճակատը հատակին խփելու կարիք չկա, այլ փողի քսակն է հարկավոր ցույց տալ, արժանապատվությամբ սղալեց բեխերը, նայեց այծակաշվի կոշիկներին, թավաձայն հազաց.
— Խնդիրք ունենք մեծն արքային... Հենց իմացանք, որ Դվինայի վրա նավեր ես կառուցում՝ տեր աստված, ի՜նչ ուրախություն էր։ Ուզում ենք, որ հրաման չտաս ապրանքը ծախենք օտարերկրացիներին... Աստված վկա, ձրի ենք տալիս, տեր արքա... Ճարպը, ծովաշան կաշին, աղ դրած սալմոնը, ձկնոսկրը, մարգարիտը... Հրաման տուր տանենք քո նավերով... Մեզ լրիվ աղքատացրել են անգլիացիները... Խղճա մեզ։ Մենք էլ ջանք չենք խնայի, փոխանակ օտար թագավորներին ծառայենք, մեր թագավորին կծառայենք...
Պյոտրը աչքերը փայլեցրեց նրա վրա, ձգվելով, թփթփացրեց ուսին, ատամները մերկացրեց ուրախացած.
— Մինչև աշուն երկու նավ կկառուցեմ, երրորդն էլ Հոլանդիայից ենք առել... Տարեք ապրանքը, բայց առանց խաբելու՝ տես հա...
— Մենք, տեր աստված, մենք...
— Ինքդ էլ կգնա՞ս ապրանքի հետ... առաջին կոմերցիենռատը... Կգնա՞ս Ամստերդամ, ծախելու...
— Լեզու չգիտեմ... Բայց որ հրամայես, ինչ կա որ... Ամստերդամում էլ առևտուր կանենք, չենք թողնի խաբեն։
— Ապրես... Անդրեյ Անդրեևիչ, հրամանագիր պատրաստիր... Առաջին խոշոր վաճառական-նավագնաց... Անունդ ի՞նչ էր... Իվան Ժիգուլին, իսկ հայրանո՞ւնդ...
Ժիգուլինը բացեց բերանը, վեր կացավ, աչքերը չռվեցին, մորուքը տնկվեց...
— Ուրեմն, հայրանունո՞վ ես գրելու մեզ... Դրա համար՝ ի՜նչ ուզենաս...
Եվ ինչպես Փրկչի առաջ, որին աղոթում էր գործերի հաջողության համար, փռվեց ցարի ոտքերի առաջ...
Ժիգուլինը գնաց։ Վինիուսը փետուրն էր ճռճռացնում։ Պյոտրը դեսուդեն էր ընկել սենյակում, քթի տակ ծիծաղելով։ Կանգ առավ.
— Հը՞, է՞լ ինչ անես... Կարճ կարդա...
— Նորից ավազակության գործեր։ Տրոիցեի ճանապարհի վրա պետական գանձով գումակ են թալանել, երկու հոգու ծեծելով սպանել են... Հետախուզել ու իր դաստակերտում բռնել են Ստյոպկա Օդոևսկուն, իշխան Սեմյոն Օդոևսկու կրտսեր տղային, սովորական սայլով բերել են Քրեական վարչատուն, այնտեղ խոստովանել է, և պատիժ են սահմանել. վարչատան նկուղում գանահարել, նաև անվերադարձ բռնագրավել են Մոսկվայի տունը և չորս հարյուր ծուխ, գյուղացիներով։ Հոր՝ իշխան Սեմյոնի երաշխավորությամբ, թողել են... Ստյոպկայի մարդկանցից տասնհինգ հոգու կախել են...
— Անդրեյ Անդրեևիչ, ահա և իշխանները, բոյարները՝ լախտ են առել ձեռները, ավազակության ճամփան բռնել....
— Իսկապես, ավազակություն են անում, Պյոտր Ալեքսեևիչ։
— Ձրիակերնե՜ր, մորուքավորնե՜ր... Գիտեմ, հիշում եմ... Ամենքը մի-մի դանակ ունեն իմ վրա սրած... (Վիզը ջարդջրդեց։) Բայց ամենքի համար ե՜ս կացին ունեմ սրած... (Թքեց, ոտքով սրբեց։ Չռած մատներով ճանկեց ու քաշեց սփռոցը։ Վինիուսը փութով բռնեց թանաքամանն ու թղթերը։) Հիմա ես ո՜ւժ ունեմ... ճակատ-ճակատի կտանք... առանց խնայելու... (Գնաց դռան կողմը։)
— Կներես, Պյոտր Ալեքսեևիչ, երկու նամակ էլ կա... Թագուհիներից...
— Կարդա, լավ...
Շրջվեց լուսամատի կողմն ու քչփորեց ծխամորճը։ Վինիուսը կարդաց, թեթևակի խոնարհված.
— «...Ողջույն, իմ ուրախություն, հայր թագավոր Պյոտր Ալեքսեևիչ, կյանքդ անսպառ... (Պյոտրը զարմացած բարձրացրեց հոնքը նրա վրա։) Զավակդ՝ Ալյոշկան, քեզնից՝ իր լույս ուրախությունից, օրհնություն է խնդրում։ Շնորհ արա, մեր ուրախության, տեր արքա, անհապաղ արի... Այն պատճառով եմ ողորմածությունդ խնդրում, որ իմ տիրուհի տատիկին մեծ տխրության մեջ եմ տեսնում... Մի տխրիր, իմ ուրախություն, տեր թագավոր, որ վարժ չեմ նամակ գրելում, դեռ չեմ սովորել...
— Ո՞ւմ ձեռքով է գրված։
— Մեծն թագուհի Նատալյա Կիրիլովնայի դողացող ձեռքով, դժվարընթեռնելի։
— Լավ, մի բան պատասխանիր... Որ համբուրգյան նավերին եմ սպասում... Ողջ և առողջ եմ, ծով չեմ գնում, թող հոգս չանեն... Ու չսպասեն, թե շուտով կգնամ, լսեցի՞ր...
Վինիուսը, մեղմ հոգոց հանելով, ասաց.
— Ալեքսեյ Պետրովիչ արքայազնի սեփական մատիկի թանաքոտ տեղը կա նամակի վրա...
— Դե, լավ, լավ՝ մատի՜կ... (Քիթը քաշեց, երկրորդ նամակը վերցրեց Վինիուսից։) Մատի՜կ...
Կնոջ նամակը նավակի մեջ կարդաց։ Ծովից փչող թարմաշունչ քամին ուռեցրեց առագաստը, խարխուլ նավակը, ասես կենդանի լիներ, սուզվում ու վեր էր բարձրանամ, ալիքները զարնվում էին կողերին, ջրի փրփուր էր ցրիվ գալիս նավակի քթից։ Ղեկի մոտ նստած Պյոտրը կարդում էր ծնկին սեղմած, ցայտքերով պատած նամակը...
«Ողջույն, իմ տեր, կյանք ունենաս երկար տարիներ... Ողորմածաբար խնդրում եմ, իմ աչքի լույս, ուրախացրու ինձ, իմ տեր, գրիր ողջությանդ մասին, որ փարատես խեղճիս տրտմությանը... Ինչպես ես, աչքիս լույս, բարեհաճեցիր գնալ ու ոչ մի տող չես գրել այն օրվանից... Մենակ ես եմ խեղճը, այս աշխարհում անբախտը, որ չես մեղքանում, ողջությունիցդ չես գրում... Գրիր ինձ, իմ ուրախություն, թե ինչ ես բարեհաճում իմ մասին մտածել... Իսկ ես ու Ալյոշկան ողջ ենք...»։
Նավակի կողից ջուր լցվեց։ Պյոտրը շտապ ձախ թեքեց ղեկը, մի մեծ ալիք, փրփուր խշշացնելով, շպպաց կողին, ոտից գլուխ թրջելով նրան։ Պյոտրը ծիծաղեց։ Անհարկի նամակը քամին թռցրեց ծնկից, տարավ ու կորցրեց հեռու ալիքների մեջ...
Նատալյա Կիրիլովնան վերջապես տեսավ որդուն հենց այն օրը, երբ կարծես մեխ էր ցցվել սրտում։ Կարապի փետուրների բարձերի մեջ կիսապառկած, լայնացած բիբերով նայում էր պատին, դրոշմանկար կաշվի ոսկյա նախշին։ Սարսափում էր հայացքը կտրելուց, շարժվելուց, ծարավից ավելի սաստիկ տանջում էր կրծքի դատարկությունը՝ օդը չէր բավականացնում, բայց հենց թեթև ճիգ էր անում, որ ներշնչի, աչքերը չռվում էին սարսափից։
Լև Կիրիլովիչը ստեպ-ստեպ ննջասենյակ էր մտնամ ոտնաթաթերի վրա, հարցնում պալատական բոյարուհիներին.
— Ինչպե՞ս է... Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, մի արասցե...
Թուքը կուլ տալով, նստում էր անկողնուն։ Խոսում էր, քույրը չէր պատասխանում։ Ամբողջ աշխարհը մշուշապատ էր թվում նրան... Մի բան էր զգում՝ իր սիրտը, մեջը մեխ ցցված...
Երբ նշանատուները փրփրակոլոլ ձիերով Կրեմլ հասան, «Գալի՜ս է, գալի՜ս է» բղավելով, և ժամկոչները, խաչակնքելով, զանգակատները բարձրացան, բացվեցին Արխանգելսկի և Ուսպենսկի տաճարների դռները, ավագերեցներն ու սարկավագները շտապ-շտապ շուրջառների վրա փռեցին մազ ու մորուք, պալատական աստիճանավորները խռնվեցին առմուտքին, մունետիկները ոտաբոբիկ չափ ընկան Մոսկվայում՝ բարձրաստիճան մարդկանց ազդարարելու գալուստը, Լև Կիրիլովիչը, շունչը տեղը բերելով, կռացավ քրոջ սնարին.
— Ժամանեց մեր լույսն ու արևը...
Նատալյա Կիրիլովնան միանգամից ներշնչեց, փափլիկ ձեռքերն սկսեցին քաշքշել շապիկը, շուրթերը կապտեցին, գլուխը ետ գցեց։ Լև Կիրիլովիչը, նույնպես իրեն կորցրած, բերանն էր բացում... Բոյարուհիները նետվեցին խոստովանահորը կանչելու։ Մոտակա պուճախներում ու խորդանոցներում տնքտնքացին հացփորի մարդիկ... Ամբողջ պալատն իրար անցավ։
Սակայն ահա պղնձաձայն թնդաց Իվան Մեծը, ղողանջեցին տաճարների ու մենաստանների դանգերը, դեսուդեն վազվզեցին սպասավորները, ժխորի ու բղավոցների միջից հնչում էին գերմանացի սպաների կոշտ ձայները՝ «Ա՛խտունգ... Մուշկետը՝ ոտքի... Հա՛լտ... Այդպես կանգնել...»։ Կառքերը, բեռնակառքերը ամբողջ թափով անցան զորքի ու ժողովրդի մոտով, դեպի Գլխադուռ։ Ցարին էին որոնում, սակայն շքեղ ֆերյազների, գեներալական այծենակաճների ու փետրազարդ գլխարկների մեջ նրան չտեսան։
Պյոտրը վազեց ուղիղ մոր մոտ. միջանցքներում մարդիկ հազիվ էին հասցնում մի կողմ քաշվել։ Արևառ, նիհար, կարճ կտրած մազերով, սև թավշյա կարճլիկ բաճկոնով, լայնփոխք անդրավարտիքով նա վազում էր սանդուղքներով, դեմն ելածներից մի քանիսը կարծեցին, թե բժիշկ է եկել Կուկույից (քիչ անց, ճանաչելուց հետո, խաչակնքեցին սարսափած)։ Չէին սպասում, երբ նա, դուռը թափով բացելով, ներս ընկավ ցածրառաստաղ, հեղձուկ, կորդովական կաշվով պատված ննջասենյակը... Նատալյա Կիրիլովնան գլուխը պոկեց բարձերից, փայլող բիբերը հառեց այդ նիհար հոլանդական նավաստու դեմքին...
— Մայրի՜կ,— բացականչեց Պյոտրը, ասես հեռու հեռավոր մանկությունից,— սիրելի՜ս...
Նատալյա Կիրիլովնան պարզեց ձեռքերը.
— Պետենկա, իմ տեր ու տիրական, զավակս...
Մայրական կարեկցանքով հաղթահարում էր սիրտը խրված մեխի ցավը, չէր շնչում, մինչ որդին, սնարին ընկած, համբուրում էր իր ուսն ու դեմքը, և երբ միայն մահացու ցավով պրկվեց կուրծքը, թուլացրեց ձեռքերը, վիզն իջեցրեց...
Վեր ցատկելով, Պյոտրն ասես հետաքրքրությամբ էր նայում մոր մարող աչքերին։ Բոյարուհիները, ողբալուց վախենալով, բերանները խցկել էին թաշկինակներով։ Մանրիկ դող էր պատել Լև Կիրիլովիչին։ Սակայն ահա թրթռացին Նատալյա Կիրիլովնայի արտևանունքները։ Պյոտրը խռպոտաձայն ինչ-որ բան ասաց՝ չհասկացան, նետվեց դեպի լուսամուտը, ցնցեց կապարե շրջանակը, ցած թափվեցին կլորակ ապակիները...
— Բլյումենտրոստի՛ն բերեք, արվարձանի՜ց։— Եվ երբ նորից չհասկացան, ճանկեց բոյարուհիներից մեկի ուսերը։— Անխե՛լք, բժիշկ բերեք։— Հրեց դռնից դուրս...
Կիսամեռ բոյարուհին, բլբլացնելով, դոփդոփեց սանդուղքի վրա։
— Ցարը հրամայեց։ Ցարը հրամայեց...— Իսկ թե ինչ հրամայեց, այդպես էլ չկարողացավ ասել...
Նատալյա Կիրիլովնայի շունչը տեղն եկավ ու երեք օր անց նույնիսկ ցերեկային ժամերգությանը ներկա եղավ, լավ կերավ։ Պյոտրը գնաց Պրեոբրաժենսկոյե, ուր Եվդոկիան էր ապրում, արքայազն Ալեքսեյի հետ (գարնանից էր տեղափոխվել, սկեսուրից հեռու մնալու համար)։ Ամուսնուն օրերս էր սպասում, և պատրաստ չէր, հագած-կապած չէր, երբ Պյոտրը հանկարծակի հայտնվեց բանջարանոցի ավազապատ ծառուղում, ուր լորենու ստվերի տակ անտոնովյան խնձորի մուրաբա էին եփում։ Սիրունատես, ընտրովի, երկայն հյուսերով ու պսակազարդ, վարդագույն ժապավեններ կապած պալատական աղջիկները խնձոր էին մաքրում Վորոբյիխայի հսկողությամբ, մի քանիսը ճյուղ ու ցախ էին կրում վառարանի մոտ, որի վրա եռում էր քաղցրաբույր, պղնձյա թասը, մի քանիսն էլ փռած գորգի վրա արքայորդուն էին զբաղեցնում, նիհարիկ, մեծաճակատ, մուգ ու անժպիտ աչքերով, լալկան բերանով երեխա էր։
Ոչ ոք նրա ուզածը չէր հասկանում։ Լայնակոնք աղջիկները կատվի պես մլավում էին, շան պես հաչում, չորեքթաթ սողում էին, իրենք էին կոտորվում ծիծաղից, իսկ մանկիկը նրանց էր նայում չարությամբ՝ ուր որ է լաց կլիներ։ Եվդոկիան բարկանում էր.
— Ձեր մտքինն ուրիշ բան է, անխելքներ... Ստեշկա, ինչի՞ ես քամակդ բացել։ Ճիպտել էր պետք էդ բաց տեղերդ... Վասյոնկա, մի այծիկ ցույց տուր նրան... Մի բզեզ գտեք, մի չոփ խրեք ետևը, խելք չունե՞ք... Մի երեխա չեք կարողանում զբաղեցնել, ձրի հաց եք ուտում...
Եվդոկիան շոգում էր, աշնան ճանճերը հոգեհան էին անում։ Հանել էր կիկան, կարգադրել մազերը սանրեն։ Բյուրեղ ու ջինջ օր էր, լորենիներից վեր անշարժ ու կապույտ երկինքն էր... Ամենափրկչի տոնն անցած չլիներ, իսկը լողանալու ժամանակ էր, բայց արդեն եղջերուն ջրի մեջ թրջել էր եղջյուրները՝ չէր կարելի, մեղք կլիներ. .
Ու հանկարծ, ծառուղու վրա՝ երկայնահասակ, սև հագած, թխամաշկ մի մարդ... Եվդոկիան երեսը բռնեց։ Սիրտն այնպես բաբախեց, որ մտքերը շաղվեցին... Աղջիկները միայն «ահ» արեցին, և հյուսքերը ծածանելով ցրիվ եկան դեսուդեն շեփորուկի, մասրենու թփուտների ետև։ Պյոտրը մոտեցավ, բռնեց Եվդոկիայի թևատակերից, ատամներով ճզմելով, համբուրեց բերանը... Աչքերը փակեց Եվդոկիան, չպատասխանեց։ Ամառային բաց զգեստի տակից Պյոտրը համբուրում էր նրա խոնավ կուրծքը։ Եվդոկիան տնքաց, ամոթից կարկամած, դողացնում էր... Գորգի վրա մենակ նստած Օլեշենկան բարակ ձայնով, նապաստակի պես լաց եղավ... Պյոտրը բարձրացրեց, թռցրեց նրան, ու մանկիկը ոռնոցը դրեց...
Վատ հանդիպում էր։ Պյոտրը հարցնում էր ինչ-որ բաներ, Եվդոկիան պատասխանում էր անկապ, անտեղի... Մազերն արձակ, չհագնված... Մանկիկի ձեռուոտը՝ մուրաբոտ... Իհարկե, ամուսինը մի քիչ մլուլ տվեց ու գնաց։ Պալատի մոտ նրան շրջապատեցին վարպետները, վաճառականները, գեներալները, բաժակակից ընկերները։ Հեռվից լսվում էր նրա ընդհատ քրքիջը։ Հետո գետակ իջավ, Յաուզայի նավերը տեսնելու։ Այնտեղից էլ՝ Կուկույ... Էհ, Դունյա, Դունյա, ձեռքից բաց թողեցիր երջանկությունդ...
Վորոբյիխան ասաց, որ շտկվելիք գործ է։ Գործի անցավ աշխույժով։ Աղջիկներին ուղարկեց բաղնիքը վառելու։ Դայակներին ապսպրեց, որ տանեն, երեխային լվացնեն, հագցնեն։ Ու շշնջաց թագուհու ականջին.
— Գիշերը չշփոթվես, աղունիկս։ Բաղնիքում քեզ մի լավ կշոգեհարենք մեր իմացածով, գյուղական ձևով, կվաս կշփենք քարերին, մարմինդ կնդրուկով կշփենք՝ էն տեսակ բուրմունք ունենաս որ... Տղամարդու համար էլ ամենակարևորը հոտն է... Դու էլ նրա ամեն խոսքի վրա ծիծաղիր շարունակ, գեղեցկուհիս, որ ամբողջ մարմինդ իրար գա, կամացուկ, մանրիկ կծիծաղես, կրծքով... Մեռելն էլ կցնդի դրանից...
— Վորոբյիխա, նա գերմանուհու մոտ գնաց...
— Օ՜յ, թագուհի, նրա մասին ծպտուն էլ չհանես... Մե՜ծ բան ես գտել՝ գերմանուհի. թռի-վռի, ուշք ու միտքը՝ մի բան պոկի, հոգին՝ սև, մաշկը՝ լպրծուն... Իսկ դու ոնց որ մի փարթամ կարապ, անկողնում պառկած կդիմավորես, սիրող, ուրախ,— էլ ո՜ւր կմնա գերմանուհին...
Եվդոկիան հասկացավ, իրար անցավ։ Բաղնիքը լավ տաքացրել էին։ Աղջիկներն ու Վորոբյիխա տատը թագուհուն պառկեցրին թախտին, անանուխով ու կնդրուկով թրջված ավելներով շփշփեցին մարմինը։ Ընդարմացած ու հեղգացած Եվղոկիային տարան ննջասենյակ, սանրեցին, շպարեցին, աչքերը ծարրեցին, անկողին մտցրեցին, վարագույրները քաշեցին, ու Եվդոկիան սկսեց սպասել...
Մկները կրթկրթացնում էին։ Գիշերն իջավ, պալատը խաղաղվեց, դրսում անքուն պահակն էր թխկթխկացնում, սիրտն էր թկթկում բարձի վրա... Պետենկան չկար ու չկար... Վորոբյիխայի ասածները հիշելով, պառկած էր մթության մեջ ժպտալով, չնայած գերմանուհու հանդեպ ատելությունից ցնցվում էր փորն, ու ոտքերը սառն էիս սառույցի պես...
Արդեն պահակն էլ դադարեց թխկթխկացնելը, մկները սսկվեցին։ Պալատական աղջիկների աչքին երևալն անգամ ամոթ կլինի վաղը... Այդուհանդերձ, Եվդոկիան սրտապնդվում էր, բայց հիշեց, թե ինչպես կերան հավը Պետրուշայի հետ առաջին գիշերը, և լաց եղավ ողբաձայն, դեմքը բարձի մեջ թաղած, թրջեց բարձը արցունքներով...
Մի տաք շնչառություն արթնացրեց նրան։ Վեր թռավ. «Ո՞վ է, ո՞վ է...»։ Քունը գլխին չհասկացավ, թե ով վրա ընկավ... Հասկանալուց հետո տնքաց դեռևս թարմ վիրավորանքից, բռունցքներն աչքերին սեղմեց... Պետրուշան մարդու նման չէր, հարբած, ծխաբույր, գերմանուհի լրբի մոտից ուղիղ իր՝ սպասելուց հոգնած կնոջ մոտ էր եկել... Չգուրգուրեց, բռնաբարեց լուռ ու սարսափելի.. Արժե՜ր հապա կնդրուկով լոգանք ընդունել...
Եվդոկիան քաշվեց անկողնու մի եզրը։ Պետրուշան ինչ-որ բաներ մրթմրթաց, քնեց, ինչպես հարբած մուժիկը առվի մեջ։ Վարագույրների արանքը կապտին տվեց։ Եվդոկիան, ամաչելով Պետրուշայի երկար ու մերկ ոտքերից, ծածկեց նրան, կամացուկ լաց լինելով՝ Վորոբյիխայի ասածները զուր անցան...
Մոսկվայից սուրհանդակ եկավ. Նատալյա Կիրիլովնան նորից վատացել է։ Դեսուդեն վազեցին, ցարին փնտրելու։ Պրեոբրաժենսկոյեի նոր արվարձանում նստած էր զինվոր Բուխվոստովի խրճիթում՝ կնունքի։ Բլիթ էին ուտում։ Յուրայիններից բացի, ոչ ոք չկար, պորուչիկ Ալեքսանդր Մենշիկովը, Ալյոշկա Բրովկինը, ում վերջերս Պյոտրը սպասյակ էր վերցրել իրեն, նաև իշխան-պապը։ Սրամտում էին, ուրախանում։ Մենշիկովը պատմում էր, թե ինչպես ինքն ու Ալյոշկան տասներկու տարի առաջ փախան տնից, ինչպես էին ապրում Զայացի տանը, թափառում, գողություն անում, թե ինչպես Յաուզայի վրա հանդիպեցին Պյոտրին ու սովորեցրին ասեղը թշի միջով անցկացնել։
— Ուրեմն, էդ դո՞ւ էիր... Դո՞ւ...— զարմացած բղավում էր Պյոտրը։— Հետո մի կես տարի քեզ ման էի զալիս... Էն ասեղի համար եմ քեզ սիրում, Ալեքսաշկա։— Ու համբուրեց նրա բերանն ու լնդերը...
— Իսկ հիշո՞ւմ ես, Պյոտր Ալեքսեևիչ,— մատով սպառնալով, հարցրեց իշխան-պապը,— միտդ բեր ճիպոտս, ինչպես էի քեզ խփում արարմունքներիդ համար... Ի՜նչ չարաճճին էիր... Մեկ-մեկ...
Եվ Նիկիտա Զոտովը պատմեց, թե ինչպես Պյոտրը, որ մատնաչափ երեխա էր, չէր էլ երևում գետնի վրա, բայց արդեն պետական խելք ուներ... Մեկ-մեկ հարց կտար բոյարներին, նրանք կմտածեին, կմտածեին, պատասխանը չէին գտնի, իսկ նա թաթիկը թափ կտար, ու առ հա քեզ՝ պատասխանը... Հրա՛շք էր..
Սեղանի շուրջ բոլորը, բերանները բաց, լսում էին այդ զարմանալի պատմությունները, և Պյոտրը, թեև նման բաներ չէր հիշում, բայց քանի որ մյուսները հավատում էին, ինքն էլ էր գլխով անում...
Բուխվոստովը լցնում էր թասերը։ Մի քիչ խորամանկ մարդ էր նա, հասարակ տեսքով ու անշահախնդիր։ Պյոտրին հասկանում էր թե խմած, թե սթափ վիճակում, բայց Ալեքսաշկային, անշուշտ, հասնել չէր կարող, ոչ տարիքով էր ջահել, ոչ միտքն էր սուր... Ժպտում էր, սրտաբաց հյուրասիրում, զրույցին չէր խառնվում...
— Մի բան ասեմ,— սկսեց Մենշիկովը, մորեգույն, ոսկեկար թեզանիքով սփոոցը խզխզացնելով (նստած էր ուղիղ, քիչ էր ուտում, խմիչքը չէր ազդում, մենակ աչքերն էին կապտում),— իմացել ենք, որ ցարական սպասյակ Ալեքսեյ Բրովկինը մարդու տալու մի գեղեցկուհի քույր ունի... Սույն գործի մեջ պետք է խառնվել...
Լրջաբարո Ալյոշկան ճպճպացրեց աչքերն ու հանկարծ գունատվեց... Ձեռ չքաշեցին, բոլորից շատ Պյոտրը, և նա հաստատեց, որ ճիշտ է, Ալեքսանդրա քույրը մարդու տալու է, բայց հարմար փեսացու չկա։ Հայրը՝ Իվան Արտեմիչը, այնքան էր հպարտ դարձել, որ հիմա միջին կարողության տեր վաճառականներին էլ չի ուզում նայել։ Մեդեցինյան որձ շներ է բերել՝ մարդիկ վախենում են տան մոտով անցնել։ Խնամախոսներին քշում է, վզակոթին հասցնելով։ Սանկան այն օրն է ընկել, որ ոռնում է օրուգիշեր, ամենալավ տարիներն են, վախենում է պսակի փոխարեն կույսի վեղար քաշի գլուխը, ու ամեն ինչ վերջանա հոր գոռոզության պատճառով...
— Ինչպե՞ս թե փեսացու չկա,— տաքացավ Պյոտրը։— Պորուչիկ Մենշիկով, հաճեցեք ամուսնանալ...
— Չեմ կարող, ջահել եմ, կին պահել չեմ կարող, մին խեռց...
— Իսկ դո՞ւ, սրբազանագույն կիր Անիկիտա։ Կուզե՞ս ամուսնանալ։
— Ջահել աղջկա համար մի քիչ ծեր եմ, որդիս... Ավելի շատ բ.... հետ եմ լինում...
— Լավ, հարբած սատանեք... Ալյոշկա, հորդ գրիր, ես եմ լինելու խնամախոս...
Ալյոշկան հանեց սև ու հսկայական կեղծամը, հանդիսավորությամբ խոնարհվեց մինչև հատակ։ Պյոտրը կամեցավ տեղնուտեղը գնալ գյուղ՝ Բրովկինների տուն, բայց ներս մտավ Կրեմլից եկած սուրհանդակը, Լև Կիրիլովիչից նամակ հանձնեց։ Թագուհին վախճանվել էր։ Բոլորը վեր կացան տեղներից ու հանեցին կեղծամները, մինչ Պյոտրը նամակն էր կարդում։ Ցարի շրթունքները կախվեցին, դողացին... Լուսամտագոգի վրայից առավ գլխարկը, քաշեց աչքերին։ Արցունք էր հոսում այտերից։ Լուռ դուրս եկավ, փոշի բարձրացնելով գնաց արվարձանի միջով։ Ճանապարհի կեսին ընդառաջ եկավ կառքը, նստեց ու սլացավ Մոսկվա։
Մինչ մյուսները առնում ու տալիս էին, թե ինչ է լինելու, Ալեքսանդր Մենշիկովն արդեն Լեֆորտի մոտ էր, մեծ լուր էր բերել. Պլոտրը դառնում էր միահեծան տեր։ Ուրախացած Լեֆորտը գրկեց Ալեքսաշկային, ու նրանք ծածուկ փսփսում էին, որ Պյոտրը հիմա պիտի թողնի պետական գործերից խուսափելը. նրա ձեռքին է ամբողջ գանձատունը և ամբողջ զորքը, և ոչ ոք չպետք է ընդդիմանա նրա կամքին, բացի մերձավորներից, յուրայիններից։ Մեծ արքունիքը հարկավոր է Պրեոբրաժենսկոյե տեղափոխել։ Եվ Աննա Մոնսին հարկ է ասել, որ այլևս չկոտրատվի, ցարին հանձնվի ինքնամոռաց... Այդպես է պետք...
Մինչ ցարի գալը, Նատալյա Կիրիլովնային ձեռք չտվեցին։ Թագուհին պառկած էր զարմացած, խեղդվածի պես կապտած դեմքով, կոպերն ամուր կկոցած էին, ուռած ձեռքերի մեջ՝ փոքրիկ սրբապատկեր կար։
Պյոտրը նայում էր այդ դեմքին... Թվում էր, թե այնքան է հեռացել մայրը, որ ամեն ինչ մոռացել է... Փնտրում էր՝ գոնե բերանի անկյունում մնացե՞լ է սերը... Ոչ, ոչ... Երբեք այդքան օտար սեղմված չէին եղել այդ շրթունքները... Բայց չէ որ դեռ առավոտյան շնչահեղձ կանչել է. «Պետրուշայի՜ն... օրհնելո՜ւ...»։ Զգաց, որ ահա և մենակ է ինքը, օտարների հետ... Անասելի խղճաց իրեն՝ լքյալին...
Ուսերը բարձրացրեց, խոժոռվեց... Լաց լինելուց թթված բոյարուհիներից բացի, ննջասենյակում էին նոր պատրիարք Ադրիանը՝ փոքրամարմին, խարտիշահեր, բթավուն հետաքրքրությամբ ցարին նայող մի մարդ, և Պյոտրի քույրը՝ արքայադուստր Նատալյա Ալեքսեևնան։ Քնքշաբարո և ուրախ աղջիկ էր, Պյոտրից երեք տարով մեծ։ Կանգնած էր, վշտացած գեղջկավարի՝ այտը հենել էր ափին, մոխրագույն աչքերի մեջ մայրական խղճահարություն կար...
Պյոտրը մոտեցավ։
— Նատաշա... Մեղք էր մայրիկը...
Նատալյա Ալեքսեևնան գրկեց եղբոր գլուխը, սեղմեց կրծքին։ Բոյարուհիները կամացուկ ողբացին։ Ավելի լավ տեսնելու համար, թե ցարն ինչպես է լալիս, պատրիարք Ադրիանը մեջքը դարձրեց հանգուցյալին, բացեց բերանը... Օրորվելով ներս մտավ Լև Կիրիլովիչը, ամբողջովին թաց մորուքով, հում մսի պես, ուռած թշերով, ընկավ ննջեցյալի առաջ, անշարժացավ, միայն հետույքը ցնցելով։
Նատալյա Ալեքսեևնան եղբորը տարավ վերև, իր սենյակը, մինչ կլողացնեին ու կհագցնեին ննջեցյալին։ Պյոտրը նստեց գույնզգույն ապակիներով, փոքր պատուհանի մոտ։ Այստեղ համարյա ոչինչ չէր փոխվել մանուկ օրերից։ Նույն պստիկ սնդուկներն ու գորգերը, արծաթյա, ապակյա ու քարե գազանիկներ՝ պատվանդանների վրա, վենետիկյան շրջանակով սրտաձև հայելին, պատկերազարդ թերթերը Սուրբ գրքից, անդրծովյան խխունջները...
— Նատաշա,— հարցրեց կամացուկ,— հիշո՞ւմ ես, մի թուրք ունեիր, սարսափելի աչքերով, ո՞ւր է... Գլուխն էլ կոտրել էինք։
Նատալյա Ալեքսեևնան մտածեց, բացեց սնդուկը, տակերից հանեց թուրքն ու նրա գլուխը։ Ցույց տվեց, հոնքերը կիտվեցին։ Մոտեցավ եղբորը, նստեց, պինդ գրկեց նրան, երկուսն էլ լաց եղան։
Երեկոյան դեմ, ոսկեկար պատմուճան հագցրած Նատալյա Կիրիլովնային դրեցին Նստատաշ պալատում։ Դագաղի մոտ, մոմերի արանքում դրված գրակալի վրա հակված Պյոտրը խուլ ու թավ ձայնով աղոթքներն էր կարդում։ Երկու դռների մոտ երկուական ճերմակազգեստ զինակիր էին կանգնած՝ կացնիկներն ուսած, անձայն իրար գալով։ Հանգուցյալի ոտքերի մոտ ծնկաչոք Լև Կիրիլովիչն էր... Պալատում բոլորը հոգնած քնած էին...
Կեսգիշերին դուռը ճռռաց, և ներս մտավ Սոֆյան, սև ու կոշտ քղամիդով ու սև փեղույրով։ Եղբորը չնայեց, շրթունքները հպեց Նատալյա Կիրիլովնայի կապտավուն ճակատին ու նույնպես ծունկ չոքեց։ Պյոտրը շրջում էր մոմի կաթիլներից իրար կպած էջերը, կիսաձայն կարդում։ Երկար ընդմիջումներից հետո զնգում էին կոչնակները։ Սոֆյան աչքի տակով եղբորն էր նայում։ Երբ լուսամուտն սկսեց կապտել, Սոֆյան անաղմուկ վեր կացավ, մոտեցավ գրակալին ու շշնջաց.
— Կշարունակեմ... Հանգստացիր...
Ակամա սեղմվեցին Պյոտրի ականջներն այդ ձայնից, կմկմաց, ուսը ցնցեց ու հեռացավ։ Սոֆյան շարունակեց կիսատ թողած տեղից, կարդալու ընթացքում մատներով պոկեց մոմի այրված պատրույգը։ Պյոտրը հենվեց պատին, բայց գլուխը քսվում էր կամարին։ Նստեց սնդուկի վրա, կռթնեց ծնկներին, դեմքը ծածկեց։ Մտածեց. «Միևնույն է, չեմ ներելու...»։ Այսպես անցավ հնավանդ վերջին գիշերը կրեմլյան պալատում...
Երրորդ օրը, հենց թաղումից հետո Պյոտրը մեկնեց Պրեոբրաժենսկոյե և պառկեց քնելու։ Եվդոկիան ավելի ուշ եկավ։ Նրան ճամփու դրեցին բոյարուհիները խմբովի՝ անուններն անգամ չգիտեր։ Այժմ մայր-թագուհի էին կոչում նրան, քծնում էին, մեծարում, խնդրում շնորհ անել ու թույլ տալ ձեռքը համբուրել... Հազիվ ազատվեց նրանցից։ Մտավ որդու մոտ, հետո՝ ննջասենյակ։ Պյոտրը, ինչպես եկել էր, շորերով պառկած էր ատլասե սպիտակ անկողնու վրա, միայն փոշեկոլոլ ոտնամաններն էր հանել։ Եվդոկիան կնճռոտեց դեմքը. «Օ՜հ, էս կուկույական սովորությունները, խմեն ու հենց էդպես էլ վեր ընկնեն...»։ Նստեց հայելու դիմաց, սկսեց հանվել՝ ճաշից առաջ հանգստանալու... Մտքից չէին գնում պալատական բոյարուհիները, նրանց շողոմ խոսքերը։ Ու հանկարծ հասկացավ. ինքը հիմա լիիշխան թագուհի է... Աչքերը կկոցեց, շուրթերը սեղմեց թագուհուն վայել... «Աննա Մոնսին՝ ցմա՛հ Սիբիր. սա առաջինը... Ամուսնուս բուռս կհավաքեմ... Իհարկե, հանգուցյալ սկեսուրս, որ ատում էր ինձ, չարախոսելուց բացի ուրիշ գործ չուներ... Հիմա ուրիշ կլինի։ Երեկ Դունյա էր, այսօր թագուհի համայն Մեծ և Փոքր և Սպիտակ... (Պատկերացրեց, թե ինչպես է ելնում Ուսպենսկի տաճարից, բոյարների առջևից, զանգերի ղողանջների տակ հայտնվում է ժողովրդին՝ շունչը կտրվեց։) Թագավորական նոր ու կարգին զգեստ է պետք կարել տալ, Նատալյա Կիրիլովնայի հնոտիքը հագնողը չեմ... Պետրուշան մշտապես գնում է իր գործերով, ինքս պիտի կառավարեմ... Սոֆյան որ կառավարում էր, ինչ էր, մի քիչ էր մեծ ինձնից։ Պետք եղավ մի բան մտածել ու վճռել, բոյարներն ինչի՞ համար են, թող մտածեն... (Հանկարծ քթի տակ ծիծաղեց, պատկերացրեց Լև Կիրիլովիչին)։ Մեկ-մեկ հազիվ կնկատեր իրեն, չէր էլ նայի, իսկ այսօր թաղման ժամանակ մի գլուխ թևն էր բռնում, հայացքով բարեհաճությունը որոնում... Ուու՜, հաստաքամակ անխելք...»։
— Դունյա... (Նա ցնցվեց, շուռ եկավ։)— Պյոտրը պառկած էր կողքի վրա, բազկին հենված։— Դունյա... Մայրիկը մեռավ... (Եվդոկիան արտևանունքները ճպճպացրեց։) Դատարկվեց... Քունս տարել էր... Էհ, Դունեչկա...
Պյոտրը կարծես ինչ-որ բան էր սպասում նրանից։ Աչքերը խղճալի էին։ Բայց կնոջ մտքերը թափ էին առել, շատ էր սրտոտել.
— Ուրեմն, էդպես էր պետք աստծուն... Հո չենք տրտնջալու... Լաց եղանք, պրծավ։ Թագավոր ենք, ինչքան չլինի... Ուրիշ հոգսեր էլ ունենք... (Պյոտրը դանդաղ իջեցրեց բազուկը, նստեց, ոտքերը կախեց։ Գուլպան ծակ էր բթամատի վրա։) Մի բան էլ ասեմ՝ հարմար ու լավ չէ շորերով ատլաս վերմակի վրա պառկել... Ամբողջ ժամանակ զինվորների ու մուժիկների հետ ես, արդեն ժամանակն է...
— Ի՜նչ, ի՜նչ,— ընդհատեց Պյոտրն, ու նրա աչքերը կենդանացան։— Հո թունավոր սունկ չե՞ս կերել, Դունյա...
Դունյան վախեցավ նրա հայացքից, սակայն շարունակեց, թեև արդեն ուրիշ ձայնով՝ նույն հիմարությունը, որ հասկանալի չէր ամուսնուն։ Երբ բերանից թռցրեց, թե «Մայրիկը միշտ ինձ ատում էր, հենց հարսանիքի օրվանից, շատ արցունք եմ թափել», Պյոտրը միանգամից մերկացրեց ատամները, սկսեց ոտնամանները հագնել։
— Պետրուշա, ծակ է, չե՞ս տեսնում, գուլպաներդ փոխիր, տեր աստված...
— Տխմար մարդ շատ էի տեսել, բայց քո պես... Հը՛, հը՛... (Պյոտրի ձեռքերը ցնցվում էին։) Էս մի բանը ես քեզ կհիշեցնեմ, Դունյա, մայրիկի մահը։ Կյանքումս, մի անգամ քեզ խնդրեցի... Չե՜մ մոռանա...
Ու ելնելիս, այնպես շրխկացրեց դուռը, որ Եվդոկիան կծկվեց։ Ու դեռ երկար ժամանակ զարմացած էր, հայելու առաջ նստած... Լավ, ի՞նչ ասաց որ... Կատաղած է, ուղղակի կատաղած...
Լեֆորտը վաղուց էր Պյոտրին սպասում ննջասենյակի նախասրահում։ (Թաղմանը հեռվից էին տեսել իրար։) Թափով բռնեց նրա ձեռքերը.
— Օ՜, Պիտեր, Պիտեր, ինչպիսի կորուստ... (Պյոտրի զայրույթը դեռ չէր անցել։) Թույլ տուր վշտակցել քեզ... Իխ կոնդոլիրե, իխ կոնդոլիրե... Մայն հերց իստ ֆոլլ շմերցեն... Օ... Իմ սիրտը լի է շմերցենով... (Ինչպես միշտ, հուզվելիս, նա խառնում էր լեզուն, ու դա առանձնապես էր ազդում Պյոտրի վրա։) Ես գիտեմ՝ անտեղի է սփոփելը... Բայց վերցրու, վերցրու իմ կյանքն ու մի տառապիր, Պիտեր...
Պյոտրն ամբողջ ուժով գրկեց նրան, այտը հպեց նրա բուրումնավետ կեղծամին։ Հավատարիմ ընկեր էր Լեֆորտը... Եվ շշնջաձայն ասաց.
— Գնանք ինձ մոտ, Պիտեր... Ցրիր քո տխրությունը... Մենք մի քիչ կծիծաղեցնենք քեզ, եթե ուզում ես՛... Կամ՝ ցուզամըն վեյնեն... Համատեղ կլացենք...
— Այո, այո, գնանք, Ֆրանց...
Ամեն ինչ նախապատրաստված էր Լեֆորտի տանը։ Հինգ հոգու համար սեղան էր գցված դռներն այգու վրա բացվող փոքրիկ հյուրասենյակում, այգու թփերի ետևը երաժիշտներին էին թաքցրել։ Սպասավորում էին երկու թզուկ՝ հռոմեական բաճկոնակներով, թխկենու տերևներից հյուսված պսակներով՝ Թոմոսն ու Սեկան։ Ամբողջ սենյակը լարերով ագուցված վարդերով էր պատված։ Սեղան նստեցին՝ Պյոտրը, Լեֆորտը, Մենշիկովը և իշխան-պապը։ Ոչ օղի կար, ոչ օղու սովորական աղանդեր։ Ոսկեզօծ մատուցարանները գլխներից վեր պահած, թզուկները տապակած ճնճղուկի և լորի մսով կերակուր բերեցին։
— Հինգերորդ ափսե՞ն ում համար է,— հարցրեց Պյոտրը։
Լեֆորտը ժպտաց, բերանի ծայրերը բարձրացնելով...
— Այսօր հոոմեական ընթրիք ենք անում ի փառս, Ցեռերա աստվածուհու, որ անչափ նշանավոր է յուր Պրոզերպինա դստերն առնչվող սփոփիչ պատմությամբ...
— Իսկ ի՞նչ պատմություն է,— հարցրեց Ալեքսաշկան։ Նա նստած էր մետաքսյա կաֆտանով, գոտկահաս գանգուրներ ունեցող կեղծամով, ծայրաստիճան խոնարհ տեսքով։ Նույնպես էր հագնված և Անիկիտան...
— Պրոզերպինային փախցրել էր դժոխքի աստված Պլուտոնը,— խոսեց Ֆրանցը,— մայրը վշտահար էր... Թվում է, թե վերջ պատմությանը։ Սակայն ո՛չ՝ մահ չկա, այլ հավերժական վերաճում... Տարաբախտ Պրոզերպինան հողի միջով աճեց ու նռան աննման պտուղ դարձավ ու այդպես հայտնվեց մորն՝ ի սփոփում...
Պյոտրը լուռ էր ու տրտում։ Այգում մութ էր ու խոնավ։ Բաց դռան միջից ւսստղերն էին երևում։ Սենյակից ընկնող լույսի շերտի միջով երբեմն չոր տերև էր ընկնում։
— Իսկ ո՞ւմ համար է սպասքը,— նորից հարցրեց Պյոտրը։
Լեֆորտը մատը բարձրացրեց։ Այգում ավազը խշրտաց։ Ներս մտավ Անխենը՝ փարթամ զգեստով, ձախ ձեռքում հասկեր, աջով կողին էր սեղմել գազարով, սալաթով, բողկով ու խնձորով լի մատուցարանը։ Մազերը վեր էին սանրած ու գնդած, վարդեր էր խրել մազերի մեջ։ Մոմերի լույսի տակ սքանչելի էր նրա դեմքը։
Պյոտրը ոտքի չելավ, միայն ձգվեց, աթոռի բռնակներից կառչած։ Աննան մատուցարանը նրա առաջ դրեց, ծունկը ծալեց խոնարհվելով, ըստ երևույթին նրան սովորեցրել էին ինչ-որ բաներ ասել, բայց ոչինչ չասաց, շփոթվեց, ու այդպես նույնիսկ ավելի լավ եղավ...
— Ցեռերան քեզ պտուղներ է բերում, և սույնը նշանակում է՝ չկա՛ մահ... Ընդունիր ու ապրիր,— բացականչեց Լեֆորտը և մոտ քաշեց Աննայի աթոռը։ Նա նստեց Պյոտրի կողքին։ Ֆրանսիական փրփրուն գինի լցրեցին։ Պյոտրը հայացքը չէր կտրում Աննայից։ Բայց դեռևս ճնշվածություն կար սեղանի շուրջ։ Աննան մատները դրեց Պյոտրի ձեռքի վրա.
— Իխ կոնդոլիրե, հեռ Պիտեր։ (Նրա խոշոր աչքերում արցունքներ երևացին։) Ամեն ինչ կտայի, ձեզ սփոփելու համար...
Գինուց, Անխենի մոտիկությունից ջերմություն էր տարածվում մարմնի մեջ։ Իշխան-պապն արդեն աչքով էր անում։ Ալեքսաշկան զվարճանալու բուռն ցանկություն ուներ։ Լեֆորտը թզուկին այգի ուղարկեց, և այնտեղ հնչեցրին լարերն ու դափերը։ Աննուշկայի զգեստը խշխշում էր, աչքերը չորացան, ինչպես երկինքն անձրևից հետո։ Պյոտրը թոթափեց տխրությունը.
— Գինի՛ լցրու, Ֆրանց, գինի՜...
— Էդպես է, որդի,— կնճիռների տակից հայացքը շողացնելով, ասաց Անիկիտան,— հունական ու հռոմեական աստվածների հետ ավելի հարմար է...
Օկայից այն կողմ տարածվող թավուտ անտառներում (ուր ապրեցին ամբողջ ամառ) թշվառ Օվդոկիմը իրեն զգում էր, ինչպես ձուկը ջրում՝ հաջողակ էր ու համարձակ։ Փորձված ու թրծված մուժիկներից ոչ մեծ մի հրոսակախումբ հավաքեց՝ մահ ու արյունից չէին վախենում, զուր տեղը չէին կողոպտում։ Որջը ճահճում էր, կղզու վրա, ուր ոչ մարդ, ոչ գազան չէին կարող հասնել, միայն մի խրուտ արահետ էր բերում այստեղ։ Ամբողջ ավարն այստեղ բերեցին. հացը, մսեղենը, գինին, հագուստը, եկեղեցիներից թալանած արծաթեղենը։ Ապրում էին ճյուղածածկ փոսերի մեջ։ Դարավոր սոճենու վրա դիտակետն էր, ուր բարձրանում էր Հուդան՝ շրջակայքը զննելու։
Կղզու վրա ընդամենը ինն ավազակ կար, երկու հոգի էլ՝ ամենահամարձակները, որպես հետախույզ թափառում էին պանդոկներում ու ճանապարհների վրա։ Մոսկվայից վաճառականի գումակ գալի՞ս է արդյոք Տուլա, կամ բոյարինը պատրաստվո՞ւմ է գյուղ գնալ, կամ հարկահավաք ու կատարածու խմած ժամանակ պարծեցե՞լ են մի տեղ թաղած կճուճով, անմիջապես գյուղացի մի տղա, մտրակը կամ զամբյուղն առած, մութ անտառ կմտներ, այնտեղից էլ շնչապատառ կվազեր կղզի։ Կսուլեր։ Պահակետից ի պատասխան Հուդան կսուլեր։ Գետնափոր հյուղակից դուրս, կսողար երկտակված Օվդոկիմը։ Տղային ճահճի միջով կղզի կտանեին ու այնտեղ հարցուփորձ կանեին։ Մեծ ճանապարհի եզրերի բոլոր բնակատեղիներում Օվդոկիմն այդպիսի լրաբերներ ուներ։ Թեկուզ կտոր-կտոր անեիր՝ լուռ կմնային... Օվդոկիմը փայփայում էր նրանց՝ կկերակրեր, մի-մի կոպեկ կտար, հորից ու մորից կհարցներ, բայց թե՛ երեխաները, թե՛ մեծերը վախենում էին նրանից, հանգիստ էր ու զվարթ, բայց հենց բարեհամբուրությունն էր սարսափ սփռում։
Կյանքը մռայլ էր ճահճում։ Երեկոն չիջած, կաթնանման մշուշ էր տարածվում։ Տնքում էին ոսկորները, ցավում վերքերը։ Գիշերները կրակ անել չէր թույլատրում Օվդոկիմը... Մի անգամ ավազակներից մեկը ձենը գլուխը գցեց՝ շատ խավար գիշեր էր. «Մեր գլխին քիչ վոյեվոդա ու կալվածատեր կար, էս մեկին էլ սատանեն նստեցրեց գլխներիս»,— ասաց ու խարույկ վառեց։ Օվդոկիմը ժպտալով մոտեցավ նրան, ցուպերը ձախ ձեռքն առավ ու աջով բռնեց կոկորդից։ Կրակ անողի լեզուն ու աչքերը դուրս պրծան՝ մարմինը գցեցին ճահիճը։
Արեգակը բարձրանում էր դեղին-դեղին, չէր տաքացնում, ծառերը կիսով թաղված էին մշուշի մեջ։ Ավազակները հազում էին, քորքրում խոշտանգված հետույքները, կոշիկներն էին փոխում, տաքացնում կաթսայիկները։
Իսկական գործ չկար։ Լավ էր, եթե անտառից սուլեր լրաբերը։ Այլապես ամբողջ օրը քնում էին՝ շշմելու չափ։ Ձանձրույթից հեքիաթ էին պատմում, աքսորական, սրտմաշուկ երգեր երգում։ Հազվադեպ ու քիչ էին հիշում իրենց կյանքից։ Հուդայից ու Ժեմովից բացի, բոլորը փախած էին կալվածատերերից՝ նրանց բռնում էին, շղթայում, ու նորից փախչում էին նրանք բանտերից։
Օվդոկիմը հաճախ, մամռապատ մի քարի նստելով, պատմություններ էր անում։ Մռայլված լսում էին նրան անտառի ննջաբեր լռության մեջ՝ անհասկանալի գիծ էր առաջ տանում Օվդոկիմը... Ավելի լավ կաներ, բացահայտորեն ստեր ուրիշների պես, օրինակ, տղերք, էս է, շուտով կգտնեն ցարական ոսկեգիր հրամանը, ու բոլորին ազատություն կտան՝ ոնց կուզես, ապրիր, սուսուփուս, կուշտ, աչքից հեռու... Ինչ խոսք, հեքիաթ կլիներ, բայց սոճիների խոնավ խշշոցի տակ անուշ մտքեր կբերեր... Չէ, նա երբեք մխիթարական խոսքեր չէր ասում...
— Տղերքիս ասեմ, մի ժամանակ կար, անցավ-գնաց, էլ ետ չի գա... Ման էի գալիս մահուդե կաֆտանով, սուրս սրած, կողքիցս կախ, գլխարկիս մեջ աննման նամակները կարած... Բայց կգա ժամանակը, տղերք, դրա համար եմ ձեզ անտառում պահում... Տկլոր ու չքավոր մարդիկ հավաքվեցին, ագռավների պես երամ-երամ թռան եկան, թիվ ու համար չկար... Ոսկեգիր հրաման ունեին հետները, կազակ Ստեպան Տիմոֆեևիչի կաֆտանի մեջ էր կարած... Հրամանն արյունով էր գրված, արյունը մեր վերքերից էին վերցնում, սուր դանակով էին գրում... Հրամանում ասված էր. բոլոր հարուստներին, բոլոր ազնվականներին իրենց կալվածքներով, քաղաքներով ու պոսադներով, թագավորանիստ Մոսկվա քաղաքն էլ հետը, խնայել չլինի, ավերակ դարձնել... Ու էդ ավերակների վրա կազակական ազատ համայնք հիմնել... Ախ, գործը գլուխ չեկավ, ես ձեզ մատաղ... Բայց պիտի որ լինի, կլինի... Աղավնագրքում է գրված...
Մորուքը ցուպին դրած, ջրագույն աչքերով նայում էր խրուտ ճահճին, անձայն ճմլում այտին նստած մոծակն ու ժպտում հեզությամբ։
— Մինչև Աստվածածին կապրենք, էստեղ սունկը շատ է... Առաջին ձյունը հենց եկավ, ձեզ տանելու եմ, տղերք, բայց հիմա ոչ թե Մոսկվա... էնտեղ դժվարացել է։ Քրեական ատյանում իշխան Ռոմոդանովսկուն են նստեցրել, ու նրա մասին ասում են. էն օրերը, որ արյուն է խմում, ուրախ է, էն օրերը, որ չի խմում, հաց էլ չի կարողանում ուտել... Տանելու եմ ձեզ Վըյգ գետի կողմերը, խորքերը, աղանդավորների ապաստանները։ Մի մեծ խուց կա էնտեղ, թախտերով, պատուհաններ ունի՝ ցարի ուղարկած մարդկանցից պաշտպանվելու համար։ Հրացան ու վառոդ շատ կա։ Մի վանական է ապրում էդ խցում, կարճլիկ, ճերմակած ու ծեր։ Վըյգով մեկ ցրված երկու հարյուր շունչ աղանդավոր ունի ձեռի տակ... Իրենց տներն ունեն ցցագերանների վրա, վարն առանց ձի են անում, ինչ ասում է վանականը, էն են անում, ու անընդհատ նրանց թիվը շատանում է։ Ու ոչ ոք ոչ մի բան թաքուն պահել չի կարող, ամեն շաբաթ խոստովանություն են անում նրան, իսկ վանականը մի հատիկ հապալաս ու հաճարի կամ գարու ալյուր առնելով ու խառնելով, դրանով է հաղորդություն տալիս։ Թաքուն ճամփեքով ձեզ կհասցնեմ իրիկնամուտի էն պարտեզը ու էնտեղ, տղերքիս ասեմ, կհանգստանանք չարիքից...
Լսելով Վըյգի մասին, ավազակները հոգոց էին հանում, սակայն հազիվ թե մեկը հավատար, որ տեղ կհասնեն ողջ ու առողջ։ Նույն հեքիաթն էր։
Օվդոկիմը սակավ էր ելնում գործի, կղզում մենակ մնալով, շփոթ էր եփում, շալվար ու շապիկ լվանում։ Սակայն երբ գոտկի ետևը խրած նախշած լախտը՝ ելնում էր, հասկանում էին, որ ծանր գործ է սպասվում։ Իր թշվառությամբ հանդերձ, սարդի պես ճարպիկ էր, երբ գիշերով այնպես սուլելով, որից մազերը բիզ-բիզ էին կանգնում, նետվում էր ձիերի դեմն ու լախտով հարվածում նրանց ճակատներին։ Եթե երևելի կամ հարուստ էր լինում ճամփորդը, խնայել չգիտեր, ինքն էր սպանում մարդկանց։ Հետի մարդկանց, վախեցնելով, ազատ էր արձակում, բայց վատ էր նրանց բանը, ովքեր ճանաչում էին իրեն դեմքով։
Մոսկվայում գիտեին Տուլայի ճանապարհի վրա այդ անկարգությունների մասին ու մի քանի անգամ զինվորներ էին ուղարկել, պորուչիկների գլխավորությամբ՝ ավազակախումբը ոչնչացնելու։ Բայց նրանցից և ոչ մեկը անտառից չվերադարձավ, զինվորների տարաբախտության մասին միայն խրուտ ճահիճները գիտեին, ուր քաշում-տանում էր նրանց Օվդոկիմը...
Այդպես էին ապրում՝ կուշտ էին, ոչինչ։ Ամռան վերջին Օվդոկիմը մանր-մունր բաներ հավաքեց և Գնչուին, Հուդային ու Ժեմովին ուղարկեց Տուլայի մեծ շուկան՝ ծախելու.
— Ձեզ մատաղ, փողերը կբերեք, մեղք չանեք ձեր հոգուն... Թե չէ, մեկ է, ողջ չեք պրծնի, չէ... Կգտնեմ...
Մի շաբաթ անց միայն Հուդան վերադարձավ՝ գլուխը կոտրված, ձեռնունայն, անփող։ Կղզում ոչ ոք չկար՝ խարույկի սառը մոխիրն ու լաթեղեն էր մնացել սոսկ։ Սպասեց, ձայն տվեց։ Ոչ ոք չկար։ Սկսեց փնտրել թաքստոցն, ուր Օվդոկիմը փողն ու արծաթի ձույլերն էր պահում, բայց չգտավ։
Կանգնած էր անտառը՝ կարմիր ու դեղին, սարդոստայնի թելեր էին թռչում, տերևաթափ էր։ Տրտմեց Հուդայի հոգին, չորացած հացի կտորտանք հավաքեց ու գնաց մի կողմի վրա՝ թերևս դեպի Մոսկվա։ Եվ ճահիճն անցնելուն պես դեմ ընկավ հին ընկերներից մեկին, Նարիշկինների ճորտագրված գյուղացի Ֆյոդոր Ֆյոդորովին։
Սուսուփուս, բազմանդամ ընտանիքի տեր, ձիու պես, անտրտունջ մարդ էր Ֆյոդորը, ծանր կոռի տակ կքած, կարելի էր ասել, իր մարմնով էր կերակրում բազմաթիվ երեխաներին։ Մի բան կար միայն՝ խմելուց ցավը գլուխն էր խփում, բիրն առած շրջում էր գյուղում, սպառնում Նարիշկինների կառավարչին երկու կես անել։ Ինքն էր սպանել կառավարչին, թե մեկ ուրիշը, բայց Ֆյոդորը երդվեց երեխաներին, որ խիղճը մաքուր է աստծու առաջ և փախստական դարձավ։ Հիմա նա կախված էր սոճենու ճյուղից, թևերը ոլորած, գլուխը ծռված, իսկ դեմքին Հուդան չնայեց էլ... «Էհ, իմ ընկեր»,— լաց եղավ ու խուլ կածաններով հեռացավ այդ կողմերից...
Եթե բարձրաստիճան բոյարները, որոնք կրեմլյան պալատում արքայական Դումայի հոգսերի շուրջ պիտի մտածեին, դեռևս հույս ունեին աստծո տվածով ապրել՝ «Ջահել ցար է, թափը կնստի, գործերը կարգի կգան, անհանգստանալու կարիք չկա, ինչ էլ պատահի, մուժիկները միշտ էլ կկերակրեն», եթե Պրեոբրաժենսկոյեում, ամեն կարգի նորանոր ընչաքաղց մարդկանցով, վաճառականներով ու պապենական պատիվը դնովի ծամերով փոխարինած ազնվականներով շրջապատված Պյոտրը հիմա, ամենայն անզսպությամբ վատնում էր գանձարանը ռազմական ու այլ զվարճանքների, նավեր, զինվորական ավաններ ու սիրելիների համար պալատներ կառուցելու վրա, ուրախանում էր անհոգ ու ապերասան, եթե պետությունը առաջվա պես ճռռում էր ցեխի մեջ թաղված սայլի պես, ապա Արևմուտքում (Վենետիկում, Հռոմեական կայսրության մեջ, Լեհաստանում) գործերն այնպիսի ընթացք էին ստացել, որ մոսկովյան նիրհին ու երկդիմությանն այլևս, չէին կարող դիմանալ։ Հյուսիսային ծովում տերուտնօրինություն էին անում շվեդները, Միջերկրականում՝ թուրքերը, որոնց ծածուկ օգնում էր ֆրանսիական թագավորը։ Թուրքական նավատորմը գրավում էր վենետիկյան առևտրական նավերը։ Թուրք ենիչերիները ասպատակում էին Հունգարիան։ Սուլթանին հպատակ ղրիմյան թաթարները ազատ շրջում էին լեհական հարավային տափաստաններում։ Իսկ Մոսկովյան պետությունը, որ պայմանագրի համաձայն պիտի կռվեր թաթարների ու թուրքերի դեմ, միայն խուսագրությաններ էր ուղարկում, դանդաղում ու պոչ էր խաղացնում. «Երկու անգամ զորքեր ուղարկեցինք Ղրիմ, իսկ դաշնակիցները մեզ պաշտպան չեղան, այս տարի էլ բերքը սակավ է, հարկ է սպասել եկող տարվան, կռվելուց չենք հրաժարվում, սակայն սպասում ենք, որ դուք սկսեք, մենք էլ, աստված է վկա, սատար կլինենք»...
Մոսկվայում նստած էին Ղրիմի խանի դեսպանները, առատ ընծաներ էին մատուցում բոյարներին, համոզում Ղրիմի հետ հաշտության մշտական դաշնագիր կնքել, երդվում էին, որ այլևս չեն ասպատակի ռուսական հողերն ու նախկին ամոթաբեր տուրքը չեն պահանջի։ Լև Կիրիլովիչը նամակներ էր գրում Վիեննա, Կրակով ու Վենետիկ, ռուս մեծն դեսպաններին, որ կայսերական, թագավորական ու դոժական խոստումներին չհավատան, ու իրենք էլ խուսափողական հավաստիացումներ տան։ Այդ քաշքշուկն արդեն երեք տարի էր տևում։ Թուրքերը սպառնում էին սրի քաշել ամբողջ Լեհաստանը, Վիեննայում ու Վենետիկում կիսալուսնի դրոշ բարձրացնել։ Եվ ահա Վիեննայից Մոսկվա ժամանեց կայսերական դեսպան Յոհանն Կուրցիուսը։ Բոյարները վախեցան՝ հարկ էր վճռել։ Մեծ շուքով ընդունեցին դեսպանին, հարուստ պալատներում տեղավորեցին, այլ դեսպանների համեմատությամբ կրկնակի սննդադրամ նշանակեցին, ու սկսեցին խճճել, խաբել ու ձգձգել, պատճառաբանելով, թե ցարը ռազմախաղերի մեջ է, իսկ առանց նրա ոչինչ վճռել չեն կարող։
Այնուամենայնիվ, ստիպված էին պատասխան տալ։ Յոհանն Կուրցիուսը բոյարներին պատին դեմ արեց հին պայմանագրերով, հարկադրեց, որ ասեն՝ պատերազմ կլինի, ու խաչը համբուրեցին ի նշան համաձայնության։ Ուրախացած Կուրցիուսը մեկնեց։ Հռոմեական կայսրից ու լեհաց թագավորից Մոսկվա հասան շնորհակալական նամակներ, որոնցում ցարին «մեծություն» էին կոչել լիաբոլոր տիտղոսներով, ընդհուպ մինչև «թագավորն Իվերյան, Վրացական ու Կաբարդական և Պապենական ու Հորենական մարզերի»։ Դրանից հետո հաջողվեց որոշ ժամանակ էլ ձգել։ Սակայն արդեն պարզ էր, որ պատերազմն անխուսափելի է...
Բարեկենդանի շաբաթից հետո, երբ մեծպասյան ղողանջները սփռվեցին մեղմ արշալույսում խաղաղված Մոսկվայի վրա, պատերազմի մասին խոսել սկսեցին միանգամից բոլոր շուկաներում, արվարձաններում ու պոսադներում։ Ասես, մի գիշերվա մեջ մարդկանց ականջներին շշնջացել էին. «Պատերազմ եղավ, ինչ-որ բան էլ կլինի։ Իսկ եթե Ղրիմը մերը եղավ, առևտուր կանենք ամբողջ աշխարհի հետ... Ծովը մեծ է, ոստիկանը մի կոպեկի համար բերանդ չի ճղի»...
Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի մերձակայքից ցորենի գումակների հետ եկած խուտորաբնակ մուժիկները և մուժիկացած միածուխ կալվածատերերը պատմում էին, որ տափաստաններում անհամբեր են սպասում թաթարների դեմ մղվելիք պատերազմին... «Մեր տափաստանները կես օրվա ճամփա մինչև արևմուտք են ձգվում, դեպի արևելք՝ հազարավոր վերստերով։ Հասած աղջկա պես տափաստան է, մենակ շալվարդ թափ տաս վրան, մինչև բուկդ ցորենի մեջ կթաղվես... Թաթար-մաթարը չեն թողնում... Մերոնցից քանի-քանի՜սն են գերի քշվել Ղրիմ՝ է՜խխխ... Հապա տափաստանի ազատությունը, ինչ ազատություն է, էստեղի պես հո չի, մոսկալներ...»։
Ամենից շատ Կուկույում էին վիճում պատերազմի մասին։ Շատերը հավանություն չէին տալիս. «Սև ծովը մեզ հարկավոր չէ, թուրքերին ու Վենետիկ ոչ անտառանյութ կտանես, ոչ կուպր, ոչ էլ ճարպ... Հյուսիսային ծովերն է պետք նվաճել...» Սակայն զինվորները, հատկապես ջահելները, ջերմորեն կողմնակից էին պատերազմին։ Այդ աշնանը երկու բանակով Կոժուխովո գյուղի մերձակայքն էին գնացել և այնտեղ, ոչ անցյալ տարիների պես, պատերազմել էին խիստ կանոնավոր։ Լեֆորտի և Բուտիրսկու, ռազմախաղի պրեոբրաժենյան և սեմյոնովյան գնդերի մասին, որոնք հիմա լեյբ-գվարդիա էին կոչվում, օտարերկրացիներն ասում էին, որ չեն զիջի շվեդներին ու ֆրանսիացիներին։ Սակայն կոժուխովյան արշավի փառքով հպարտանալ կարելի էր թերևս խնջույքներին, կենաց բաժակաճառերի, թմբկազարկի ու թնդանոթաձգության որոտի տակ։ Սևաթույր կեղծամներով, մետաքսյա գետնահաս վզնոցներով ու հսկայական խթաններով սպաները քանիցս լսել էին ետևից շպրտված խոսքեր. «Կոժուխովականնե՜ր, թղթե ռումբերով կռվելուց եք քաջ, թաթարական գնդակները չեք փորձել...»։
Տատանվում էին միայն ամենամերձավորները՝ Ռոմոդանովսկին, Ավտոմոն Գոլովինը, Ապրակսինը, Գորդոնը, Վինիուսը, Ալեքսանդր Մենշիկովը. ձեռնարկումը սարսափելի էր թվում... «Բայց հանկա՞րծ ու պարտվենք։ Այդ ժամանակ ոչ մեկս չի փրկվի, ամբոխի զայրույթը բոլորին կուլ կտա... Իսկ պատերազմը չսկսելն ավելի վատ է, առանց այդ էլ տրտնջում են, թե ցարին խճճել են գերմանացիք՝ հոգին առել են, ահագին փող է ծախսվում փուչ բաների վրա, մարդիկ հոգեհան են լինում, իսկ մեծ գործերը չեն երևում...»։
Պյոտրը լռում էր։ Պատերազմի շուրջ խոսակցություններին երկիմաստ էր պատասխանում. «Լավ, լավ, Կոժուխովի տակ հանաք արեցինք, թաթարների վրա խաղալու կգնանք...»։ Միայն Լեֆորտն ու Մենշիկովը գիտեին, որ Պյոտրը թաքցնում է վախը, արժանահիշատակ այն գիշեր Տրոիցե փախչելու նույն վախը։ Բայցև գիտեին, որ այնուամենայնիվ, վճռելու է պատերազմել։
Թխադեմ երկու վանական Երուսաղեմից նամակ բերեցին երուսաղեմյան պատրիարք Դոսիթեյից։ Պատրիարքը գրել էր աղերսագին, որ թագավորական պահպանագրով Ադրիանապոլիս է ժամանել ֆրանսիական դեսպանը՝ սրբազան վայրերի առիթով, յոթանասուն հազար զուտ ոսկի է նվիրել մեծն վեզիրին, իսկ միևնույն ժամանակ Ադրիանապոլսում հայտնված Ղրիմի խանին էլ տասը հազար է նվիրել ու խնդրել, որ սրբազան վայրերը ֆրանսիացիներին հանձնեն թուրքերը... «Եվ թուրքերը խլեցին մեզնից՝ ուղղափառներիցս, սրբազան դագաղն ու նվիրեցին ֆրանսիացիներին, իսկ մեզ թողեցին միայն քսանչորս ճրագները։ Եվ վերցրեցին մեզնից ֆրանսիացիները Գողգոթայի կեսը, բեթղեհեմյան եկեղեցին՝ լրիվ, սրբազան քարայրը, կողոպտեցին բոլոր դեիսուսները, քանդեցին սեղանը, ուր սրբազան լույսն էինք բաժանում, և առավել վատթար վարվեցին Երուսաղեմի հետ, քան պարսիկներն ու արաբները։ Եթե դուք, մոսկովյան աստվածային ինքնակալներդ, լքեք սրբազան եկեղեցին, ի՞նչ համբավի արժանի կլինեք... առանց դրա թուրքերի հետ հաշտության մի կնքեք՝ բոլոր սրբազան վայրերը թող ուղղափառներին վերադարձնեն։ Իսկ եթե հրաժարվեն թուրքերը, պատերազմ սկսեք։ Հիմա հարմար է ժամանակը, սուլթանի երեք մեծ զորաբանակներ կայսեր դեմ են կռվում Հունգարիայում։ Նախ Ուկրաինան վերցրեք, հետո Մոլդավիան ու Վալախիան, ինչպես նաև Երուսաղեմը վերցրեք ու նոր հաշտություն կնքեք։ Չէ որ աստծուն էիք աղոթում, որ թուրքերն ու թաթարները պատերազմեն գերմանների դեմ, հիմա այդչափ բարեպատեհ ժամանակ է, այնինչ ձեր եռանդը չի երևում։ Հապա տեսեք, թե մուսուլմանները ինչպես են ծիծաղում ձեր վրա, թաթարները նույնիսկ, որ մի բուռ են, նրանք էլ են պարծենում, որ հարկ են առնում ձեզնից, իսկ թաթարները հարկատու են թուրքերին, ուրեմն դուրս է գալիս, որ դուք էլ եք թուրքերին հարկատու...»։
Մոսկվայում վիրավորական էր այս նամակը կարդալը։ Բոյարական մեծ Դուման հավաքվեց։ Պյոտրը նստած էր գահին լուռ ու մռայլ, ցարական շուրջառով և ուսնոցով։ Բոյարները ճոռոմ ճառերով սրտներն էին թեթևացնում, վկայակոչում էին հին տարեգրություններ, արցունք թափում ոտնահարված սրբությունների վրա։ Արդեն մթնշաղը կապտին տվեց պատուհանների վրա, անկյունի ճրագների լույսը ցողվեց դեմքերին, իսկ բոյարները, ոտքի ելնելով ըստ աստիճանի ու տեղի, թափահարում էին ծանր թևքերն ու խոսում, խոսում էին, սպիտակ մատները շարժելով։ Հպարտ, քրտնած ճակատները, խիստ հայացքները, խնամված մորուքները և փուչ ճառերը, որոնք պտույտ էին տալիս քամուն բռնած խաղալիք-անվի պես, ատամնառության պես տանջալի գամվում էին Պյոտրի ուղեղում։ Ոչ ոք որոշակիորեն չէր խոսում պատերազմի մասին, այլ աչքի պոչով նայելով դումայական ատենավոր Վինիուսին, որը երկու փոխատենավորների հետ բոյարական ճառերն էր գրառում, ջուր էին ծեծում... Սարսափում էին «պատերազմ» բառն ասել՝ հանգիստ ապրուստը տակնուվրա կլիներ։ Հանկարծ ու նորից խռովություն և թալան սկսվի՞։ Սպասում էին ցարի խոսքին և հավանորեն, ինչ էլ նա ասեր, այդպես էլ կվճռեին։
Սակայն Պյոտրն էլ էր զարհուրում միայն իր ուսերին վերցնել այդ կարևոր վճիռը, ջահել էր դեռ ու փոքրուց վախեցած։ Սպասում էր, աչքերը կկոցում։ Ի վերջո, խոսեցին մերձավորները և արդեն այլ կերպ՝ ուղղակի և գործնական։ Տիխոն Ստրեշնևն ասաց.
— Անշուշտ, կամքը թագավորինն է... Իսկ մենք՝ բոյարներս, կյանքներս պիտի զոհենք հանուն տիրոջ անարգված դագաղի ու թագավորի պատվի... Երուսւսղեմում էլ են ծիծաղում՝ ավելի մեծ խայտառակություն էլ կա՞... Չէ, բոյարներ, վճիռ տվեք զինակոչ հայտարարել...
Լև Կիրիլովիչը, դանդաղամտության բերումով, հեռուներից՝ Վլադիմիրի օրոք Ռուսիո մկրտությունից պիտի սկսեր, բայց նայելով Պյոտրի թթված ու խոժոռ դեմքին, թևերը տարածեց.
— Է, ինչ, վախենալու բան չունենք, բոյարներ... Վասիլի Գոլիցինը վառվեց Ղրիմում։ Բայց ինչո՞վ էր կռվում նրա զորքը։ Դագանակներով... Հիմա, աստծուն փառք, բավականաչափ զենք ունենք... Թեկուզ հենց իմ գործարանը Տուլայում՝ թուրքականներից ոչ պակաս թնդանոթներ ենք ձուլում... Իսկ հրացաններն ու ատրճանակներն ավելի լավ են... Թագավորը հրաման թե տա, մինչև մայիս թեկուզ հարյուր հազար զորքի նիզակի ծայր ու թուր կպատրաստեմ... Չէ, մեզ չի կարելի փախչել պատերազմից...
Ռոմոդանովսկին, կոկորդը խզզացնելով, ասաց.
— Եթե մենակ լինեինք, դեռ կմտածեինք... Բայց մեզ Եվրոպան է նայում... Տեղում դոփդոփել չենք կարող՝ սույնը մեզ անխուսափլելի կործանման կտանի... Գոստոմիսլի ժամանակները չեն, դաժան ժամանակներ են գալիս... Ու առաջին գործը թաթարներին ջարդելն է...
Լռության տիրեց կարմիր ու ցածրիկ կամարների տակ։ Պյոտրը եղունգներն էր կրծում։ Ներս մտավ Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինը՝ դեմքը լրիվ սափրած, բայց ռուսական զգեստով, ուրախ ու զվարթ, բացած մի թերթ հանձնեց Պյոտրին։ Մոսկովյան վաճառականների խնդրագիրն էր, խնդրում էին Գողգոթան ու տիրոջ դագաղը պաշտպանել, թաթարներից մաքրել դեպի հարավ տանող ճանապարհը, և եթե հնարավոր է, քաղաքներ էլ հիմնել Սև ծովի ափին։ Վինիուսը, ակնոցը ճակատին դրած, հստակ կարդում էր թուղթը։ Պյոտրը վեր կացավ՝ Մոնոմախի գլխարկը քսվեց կամարին.
— Ուրեմն, ի՞նչ, բոյարներ, ի՞նչ եք վճռում։
Ու չարությամբ էր նայում, բերանը սեղմած հավի հետույքի պես։
Բոյարները ոտքի ելան, գլուխ խոնարհեցին։
— Կամքը քոնն է, մեծն արքա, զորակոչ հայտարարիր...
— Գնչու... Ինձ լսիր։
— Հը՞։
— Դրան կասես, որ իմ դարբնոցում օգնականություն ես արել... Խաչով էլ կերդվես։
— Արժի՞ որ։
— Ինչ խոսք... դեռ կյանք կանենք... Գիտես, ի՜նչ բախտ է...
— Հոգնել եմ, Կուզմա։ Գոնե շուտ մեռցնեին, պրծնեինք...
— Սպանե՜լ։ Էդ մեկը չես տեսնի... Պնչերդ կպոռթեն մտրակով ոսկորներդ կբացեն ու կքշեն Սիբիր...
— Էդ մեկը... հա՛... Հույս չկա...
— Լև Կիրիլովիչի կառավարիչը Մոսկվա է գնացել ու պահպանագիր ստացել, որ բանտերից հարկավոր մարդկանց ջոկի, տանի գործարան։ Իսկն իմ գործն է, ու ես խոսքի բռնվեցի... Նրանք ինձ հիշում են... Է՜, ա՛յ հոգի, Կուզմա Ժեմովին շուտ մոռանալ չի լինի... Ուտելու բան տվին, մսով շչի էր... Ու չեն ծեծում... Բայց խիստ է... Որ կանչեն, էդպես էլ կասես՝ մուրճ զարկող ես եղել ինձ մոտ...
— Մսով շչի՞,— մտածելով, կրկնեց Գնչուն։
Գնչուն ու Ժեմովը խոսում էին Տուլայի բանտի նկուղում։ Շուտով մի ամիս կլիներ, որ նստած էին։ Միայն մի անգամ էին ծեծել, երբ շուկայում բռնել էին գողացված իրերով։ (Այն ժամանակ Հուդային հաջողվեց փախչել։) Սպասում էին հետաքննության ու տանջանքների։ Բայց Տուլայի վոյեվոդան, ատենավորների ու փոխատենավորների հետ միասին, ինքն ընկավ հետաքննության տակ։ Շղթայակապ գողերին մոռացան։ Ամեն առավոտ բանտի պահակը նրանց շուկա էր տանում, և շղթայակապ գողերը մուրացկանություն էին անում։ Դրանով սնվում ու դեռ պահակին էլ էին կերակրում։ Եվ ահա անսպասելիորեն՝ Սիբիրի փոխարեն, Լև Կիրիլովիչի զինագործարանը։ Այնուամենայնիվ, ռունգերը չէին պատռի։
Իր մասին Գնչուն ասաց Ժեմովի սովորեցրածի պես։ Բանտից նրանց շղթայակապ քշեցին Ուպա գետը, որի ափին աղյուսաշեն ցածր շինություններ կային, ցանկապատով շրջափակված, և գետից փորած ջրանցքում ջրաղացների անիվներն էին ճռճռում։ Ցուրտ էր, հյուսիսից ամպեր էին կուտակվում։ Կավապատ ափին բանտարկյալների բազմությունը փայտ, թուջ ու հանքաքար էր դատարկում նավակներից։ Չորսբոլորը կոճղեր էին ու մերկացած թփեր, անկենդան դաշտեր։ Փչում էր աշնան քամին։ Տխրություն էր մխում Գնչոփ միակ աչքը, երբ մոտեցան երկաթակուռ դարպասին, ուր տապարակիր պահակներն էին կանգնած... Բավական չէր, որ թե՛ ծեծում էին, թե՛ վայրի գազանի պես դեսուդեն քշում, հոգի հանում, բավական չէր... Բանիր նրանց համար, բանիր... Չեն էլ թողնում մարդ սատկի...
Դարպասից մտան սև, երկաթի կույտերով լի բակը... Դղրդոց, սղոցի վնգոց, մուրճերի թխկթխկոց։ Ծխից սևացած դռան արանքից երևում էր՝ հնոցից կայծեր էին թռչում այնտեղ, մինչև գոտկատեղը մերկ մարդիկ, շրջանաձև թափ առնելով, երկաթաշերտ էին կռում, ջրաղացի անվով աշխատող բազմափթանոց մուրճն այնտեղ ընկնում էր ձուլակտորի վրա, և այրուքն էր ցփնվում կաշվե գոգնոցներին, այնտեղ փականագործներն էին աշխատում դազգահների վրա... Դարպասի մոտից տախտակների վրայով լայնանիստ վառարանի գլուխն էին բարձրանում ածուխ բարձած ձեռնասայլակները, կրակ ու ծուխ էր ժայթքում դոմնայից։ Ժեմովը արմունկով հրհրում էր Գնչուին.
— Կուզմա Ժեմովին դեռ կճանաչե՜ն...
Դարբնոցներից հեռու, աղյուսաշեն հավաք ու կոկիկ տնակի պատուհանից նայում էր բաղնիքից նոր ելածի պես վարդագույն ու ածիլված մի գլուխ, գդակով։ Գործարանի կառավարիչն էր՝ գերմանացի Կլեյստը։ Ծխամորճով թխկթխկացրեց պատուհանի ապակին։ Պահակը շտապ-շտապ Ժեմովին ու Գնչուին մոտ տարավ, բացատրեց, թև ովքեր են ու որտեղից։ Կլեյստը բարձրացրեց պատուհանի ներքևի մասը, գլուխը հանեց, շրթունքները սեղմած էին։ Գդակի ծոպքը ճոճվում էր գիրուկ դեմքի առաջ։ Գնչուն թշնամանքով, վախով էր նայում ծոպքին... «Օ՛հ, մարդ կսպանի սա»՝ մտածեց։
Կլեյստի ետևում մաքուր սեղանի վրա տավարի տապակած միս էր դրված, կարմրած հացեր ու ոսկեզօծ գավաթով սուրճ։ Ծխամորճի անուշաբույր ծուխը պատուհանից դուրս էր լողում։ Նրա անհոգի աչքերը սառույցի նման թափանցում էին ռուս մարդու հոգու խորքերը։ Բավականաչափ նայելով երկու բանտարկյալներին, դանդաղ ասաց.
— Ով սուդ ասեց, իր համար վադ կլինյի։ Անբիտան մուջիկներ են ուղարկում, խոզի զավակներ... Ոշինշ չեն իմանում՝ օ՜, սռիկանե՜ռ։ Դու լաֆ դառբին ես՝ լաֆ... Բայց եթե սուդ ասես՝ ես կառող էմ կախել... (ծխամորճով թխկթխկացրեց լուսամտագոգը։) Այո, կախել կառող եմ, ինձ օռենք է տված... Պահակ, էդ տխմառներին տար փակիր...
Ճանապարհին պահակը նրանց ասաց խրատելով.
— Էդպես է, տղերք, նրանից զգույշ կացեք... Մի թեթև բան արեցիր՝ քնով ընկար, կամ թե գլուխ պահեցիր, խնայել չունի։
— Ջուր ծեծելու չենք եկել,— ասաց Ժեմովը։— Մենք դեռ ձեր գերմանացուն էլ կսովորեցնենք...
— Էդ դուք ո՞վ եք որ։ Լսել եմ, գող ու ավազա՞կ եք։ Ձեզ ինչի՞ են բռնել, որ ճիշտն ասեք։
— Ես ու էս միաչքանին աղանդավորների մոտ էինք գնում, ճգնավորի կյանք անելու, սատանա էր մտել գլուխներս...
— Ա՜, էդ ուրիշ բան,— պատասխանեց պահակը, բացելով գետնին կպած դռան կողպեքը։— Իմացած լինեք, որ մեր կարգուկանոնը էս է... Մտեք, մոմը հանգցնեմ... (Իջան գետնափոր խուցը։ Երկաթյա լապտերի անցքերի արանքից թափանցող լույսի աղոտ ցոլքերը, սահելով, լուսավորեցին տախտամածները, փայտյա սեղանները, մրոտ վառարանը, պարանից կախ ցնցոտիները։) Կարգն էս է... Առավոտը չորսին թմբուկս զարկում եմ՝ աղոթքի ու գործի։ Յոթին՝ էլի թմբուկ-ուտելու, կես ժամ... Ժամացույցը մոտս է, տեսե՞լ ես։ (Հանեց պղնձյա, տռուզ շաղգամի չափ ժամացույցը, ցույց տվեց։) Հետո, ուրեմն, նորից աշխատանքի։ Կեսօրին՝ ճաշ ու մի ժամ քնել։ Յոթին՝ իրիկնահացը, կես ժամ, ու տասին՝ բանթող...
— Հոգիները դուրս չի՞ գալիս,— հարցրեց Գնչուն։
— Էդպիսիներն էլ կան, ճիշտ է։ Բայց ախր, բանտ է չէ՞, այ հոգիս, թե գողություն արած չէիր լինի, տանդ, վառարանի վրա պառկած կլինեիր... Մի տասնհինգ հոգի ունենք, դրսից, վարձու են, նրանք յոթին պրծնում են ու առանձին են քնում, տոն օրերին տուն են գնում...
— Ու ինչ,— ավելի խոպոտած հարցրեց Գնչուն,— մինչև կյանքներիս վերջն է՞ս է։
Աչքերը լապտերի լուսավոր անցքերին հառած Ժեմովը մանրիկ հազաց։ Պահակն ինչ-որ բան թնդաց բեխերի տակ։ Գնալուց, լապտերը տարավ...
Պատկառելի, շեկախառն ճերմակ մորուքը սանրած, մազերին կովի յուղը քսած, քառասուն սրբոց անուններով մետաքսյա գոտին վարդագույն շապիկը գրկած կրծքատակից... Եվ նույնիսկ ոչ այդ ամենին, այլ Իվան Արտեմիչ Բրովկինի կլորիկ, կուշտ ու պարարտ փորին էին նայում մուժիկները՝ նախկին խնամի սանահերներ ու դրացիներ... Բանն էլ հենց այն է, որ նախկին... Իվան Արտեմիչը նստել էր թախտին, ձեռքերը տակը դրած։ Աչքերը խիստ էին, անթարթ, շալվարը բարակ մահուդից էր, սապոգները նախշազարդ, կազանյան վարպետի կար, քթերը կեռած։ Իսկ մուժիկները կանգնել էին դռան մոտ, նոր գցած խսիրի վրա, որ տրեխներով չկեղտոտեն մաքուր հյուրասենյակը։
— Ինչ ասեմ,— նրանց դիմեց Իվան Արտեմիչը,— ես հո ձեր թշնամին չեմ, ժողովուրդ... Ինչ կարող եմ՝ կարող եմ, ինչ էլ չեմ կարող՝ մի նեղացրեք...
— Հավերին քուջուջ անելու տեղ չի մնացել, Իվան Արտեմիչ։
— Անասունը հո լեզու չի հասկանում, քշում ու զալիս է քո խոտհարքը...
— Բայց հոտաղին գեղով մեկ ծեծ կտանք, դու ողջ մնաս...
— Էդպե՜ս, էդպե՜ս,— կրկնում էր Իվան Արտեմիչը...
— Բաց թող մեր տավար-ապրանքը...
— Էնքան նեղն ենք, էնքան նե՜ղը...
— Ձեզնից էնքան էլ շահ չունեմ, ժողովուրդ,— պատասխանեց Իվան Արտեմիչը և, ձեռքերը տակից հանելով, մատներն ագուցեց, փորին դրեց։— Ինձ համար կարգն է կարևոր, ժողովուրդ... Ինչքան փող եմ ձեզ բաժանել, է՜...
— Տվել ես, Իվան Արտեմիչ, հիշում ենք, հիշում...
— Բարի սրտով... Քանի որ էս կողմերի ծնունդ եմ, հերըս էստեղ է թաղված։ Էնպես որ, աստված ինձ բարերար, ես էլ՝ ձեզ։ Ի՜նչ շահով եմ ձեզ փող տալիս՝ մարդու ծիծաղը կգա... Ռուբլուց տարեկան տասը կոպեկ՝ ա՛յ-ա՛յ-ա՛յ... Հարստանալու համար չի, կարգուկանոնի համար...
— Շնորհակալ ենք քեզ, Իվան Արտեմիչ...
— Շուտով լրիվ գնալու եմ ձեր կողմերից... Մեծ գործեր եմ սկսում, մեծ գործեր... Մոսկվայում պիտի ապրեմ... Դե, լավ... (Հոգոց հանեց ու փակեց աչքերը։) Թե մենակ ձեզնով ապրելուց լինեի, վատ կլիներ իմ օրը, վատ... Հին օրերը հիշելով, հոգուս փրկության համար եմ բարություն անում... Բայց դո՞ւք։ Ո՞նց եք լավությանս պատասխանում։ Խոտհարքն եք ոտատակ տալիս։ Բամբասում։ Ախ, ախ... Դե, լավ, աստված ձեզ հետ... Մի ալտին կովից, կես կոպեկ ոչխարից՝ բերեք, անասունը տարեք...
— Շնորհակալ ենք, աստված քեզ առողջություն տա, Իվան Արտեմիչ։
Գյուղացիք խոր գլուխ տվեցին, գնացին։ Նա էլի էր ուզում խոսել։ Այսօր բարիացել էր։ Ալյոշկա որդու միջոցով հաջողվել էր հասնել պորուչիկ Ալեքսանդր Մենշիկովին ու, երկու հարյուր ռուբլի տալով, ողջությունը հարցնել։ Մենշիկովը նրան ծանոթացրել էր Լեֆորտի հետ։ Այդքան վերևից դեռ չէր բռնել Բրովկինը՝ վախեցավ, երբ տեսավ կարճահասակ, գոտկահաս մազերով, ոտից գլուխ մետաքս ու թավիշ հագած, կրակ խաղացնող մատանիներով այդ մարդուն... Խիստ էր, քիթը ցցած, աչքերը՝ ասեղի պես ծակող... Բայց երբ Լեֆորտն իմացավ, որ դիմացը Ալյոշկայի հայրն է, այն էլ Մենշիկովի նամակով, ժպիտ խաղացրեց դեմքին, ուսը թփթփացրեց... Այդպես, Իվան Արտեմիչը պահպանագիր ստացավ՝ վարսակ ու խոտ մատակարարել զորքին...
— Սանյա,— կանչեց նա, գյուղացիների գնալուց հետո,— էդ փալասը տար... Խնամիք կեղտոտեցին...
Իվան Արտեմիչի աչքերի շուրջ ժպտուն կնճիռներ էին գոյացել։ Հարուստ մարդը ծիծաղել կարող է՝ պստիկ հասակից մինչև մորուքը ճերմակելը չէր ծիծաղել։ Ներս մտավ Սանկան՝ խոտի պես կանաչ, մետաքսյա ամառային կոճակաշար զգեստով էր, ձեռքի հաստության մուգ խարտյաշ հյուսքը ծնկատակերին էր հասնում, փորը մի քիչ առաջ էր բերել, կրծքերը շատ էին լցվել, ամոթ էր։ Աչքերը՝ կապույտ, անխելք...
— Փո՜ւհ, տրեխատակ եղավ,— գեղեցիկ դեմքը շրջեց փալասից, մատներով բռնեց ծայրից ու շպրտեց նախասենյակ։ Իվան Արտեմիչը խորամանկորեն աղջկան էր նայում։ Էս տեսակ աղջիկը թագավորին տալն էլ ամոթ չի լինի։
— Քարից տուն եմ ուզում սարքեմ Մոսկվայում... առաջին վաճառականների շարքն ենք մտնում... Սանյա, լսիր է՜... Ու լավ եղավ, որ չվռազեցինք քեզ մարդու տալ.. Մեծ մարդկանց հետ ենք բարեկամ դառնալու... Ի՞նչ ես երեսդ դարձնում... Անխե՜լք...
— Է-էհ,— Սանկան հյուսքը պտտեց սենյակում, աչքերը շողացրեց հոր վրա։— Ինձ հանգիստ թողեք...
— Այսինքն, ո՞նց թե հանգիստ թողնենք։ Կամքն իմն է... Ջղայնացա՝ կտամ մի հոտաղի։
— Ավելի լավ է մեկի հետ խոզ արածացնեմ, քան թե թառամեմ մնամ ձեր խելքից...
Իվան Արտեմիչը Սանկայի վրա շպրտեց փայտյա աղամանը։ Ծեծելու էր՝ վեր կենալ չէր ուզում... Սանկան անարցունք վնգաց։ Այդ ժամանակ դարպասն այնպես ծեծեցին, որ Իվան Արտեմիչը բերանը բացեց։ Ոռնացին մեդեցինյան որձ շները։
— Սանյա, գնա տես...
— Վախում եմ։ Ինքներդ գնացեք...
— Լավ, հիմի էդ ծեծողներին...— Իվան Արտեմիչը նախասենյակից առավ ցախավելը, բակ իջավ։— Հիմի ես ձեզ ցույց կտամ, անամոթներ... Ո՞վ է։ Շներին էս է բաց կթողնեմ...
— Բաց արա՜,— կատաղած գոռում էին դրսից, տախտակները ճռնչում էին։
Բրովկինը վախեցավ։ Հասավ դռնակին՝ ձեռքերը դողում էին։ Նիգը հազիվ էր ետ տարել, դարպասը կրնկի վրա բացվեց, ու ներս մտան շքեղ հագնված, թրերը մերկացրած ձիավորներ։ Նրանց ետևից՝ քառաձի, ոսկեզօծ կառքը, սևամորթ գաճաճները ետնամասին։ Կառքից հետո, երկանիվով Պյոտր ցարն ու Լեֆորտը մտան, եռանկյունի գլխարկներով, ճանապարհի կեղտից պաշտպանվելու թիկնոցներով... Դոփյուն, քրքիջ, բղավոցներ...
Բրովկինի ոտքերը ծալվեցին։ Մինչ նա ծնկի էր իջել, ձիավորները ցած թռան, կառքից ելավ իշխան-պապը՝ ուռած, քնաթաթախ, գերմանական հագուստով, ապա մի երիտասարդ բոյարին, արծաթակար կաֆտանով։ Լեֆորտի հետ առմուտք բարձրանալով, Պյոտրը թավաձայն բղավեց.
— Ո՞ւր է տանտերը։ Կենդանի, թե մեռած էստեղ բերեք։
Իվան Արտեմիչը տակը թրջեց։ Այստեղ նրան նկատեցին, մոտ վազեցին Մենշիկովը և տղան՝ Ալյոշան, թևերից բռնած բարձրացրին ու քարշ տվեցին առմուտքի մոտ։ Ու բռնել էին, որ ծնկի չգա։ Ծեծելու կամ ավելի վատ բաների փոխարեն, Պյոտրը հանեց գլխարկն ու խոր գլուխ տվեց նրան.
— Բարի ողջույն, խնամի հայրիկ... Լսել ենք, թանկագին ապրանք ունես... Առնող ենք բերել... Գնի մասին խոսք չի լինի...
Իվան Արտեմիչը բերանն էր բացում-փակում անձայն... Գլխով խուռներամ ու զառանցագին մտքեր անցան. «Չլինի՞ մի խարդախություն է բացվել։ Սուս մնալ է պետք, սուս...»։ Ցարն ու Լեֆորտը քրքջացին, մնացածները ծիծաղից հազում էին։ Ալյոշկան հասցրեց շշնջալ հոր ականջին. «Սանկային նշանելու ենք եկել»... Չնայած Իվան Արտեմիչը ծիծաղից արդեն կռահել էր, որ փորձանք չեն բերել հետները, բայց շարունակում էր հիմար ձևանալ... Մե՜ծ խելքի տեր մուժիկ էր... Այդպես էլ, կարծես վախից իրեն կորցրած, հյուրերի հետ մտավ հյուրասենյակ։ Նրան նստեցրին սրբապատկերների տակ, աջ կողմում ցարը նստեց, ձախ կողմում՝ իշխան-պապը։ Աչքի պոչով Բրովկինը նայում էր, թե ո՞վ է փեսացուն։ Եվ հանկարծ իսկապես քարացավ, ընկերների՝ Ալյոշկայի ու Մենշիկովի արանքում, արծաթակար կաֆտանով իր նախկին տերն էր նստած՝ Վասիլի Վոլկովը։ Իվան Արտեմիչը վաղուց արդեն բոլոր պարտագրերը վճարել էր նրան ու հիմա կարող էր ամբողջ վոտչինան ու ճորտերին էլ գնել... Բայց ոչ թե ուղեղով, գանահարված հետույքով վախեցավ նա։
— Չլինի՞ փեսացուն դուր չի գալիս,— հանկարծ հարցրեց Պյոտրը։
Նորից քրքիջ բարձրացավ... Ոլորած բեխերի տակ ծռմռվեցին Վոլկովի շրթունքները։ Մենշիկովն աչքով արեց Պյոտրին.
— Կարող է հին ու անցած վիրավորանքնե՞ր է հիշել։ (Աչքով արեց Բրովկինին։) Կարող է փեսացուն ժամանակին մազե՞րդ է պոկել, կամ մտրակի կո՞թն է ջարդել վրադ։ Ի սեր աստծո, ներիր նրան... Հաշտվեք...
Ի՞նչ պատասխաներ։ Ձեռք ու ոտք դողում էին... Նա նայում էր Վոլկովին՝ վերջինս գունատ էր, հեզ ու խոնարհ... Ու հանկարծ հիշեց, թե ինչպես Պրեոբրաժենսկոյեի բակում Ալյոշան պաշտպան կանգնեց իրեն ու ինչպես էր Վոլկովը ձների վրայով վազում Մենշիկովի ետևից ու աղաչում էր, կախ էր ընկել, քիչ էր մնում լաց լիներ...
«Էհե՜,— մտածեց Իվան Արտեմիչը,— երևում է, ամենամեծ ախմախն էստեղ ես չեմ...»։ Նայեց Վոլկովին ու այնքան ուրախացավ, որ քիչ էր մնացել ամբողջ գործը փչացներ... Բայց արդեն գիտեր, թե իրենից ինչ են սպասում. վտանգավոր մի խաղ՝ անդունդի վրա գցված բարակ գերանի վրայով պիտի անցներ... Դե՛, լա՜վ։
Բոլորը նրան էին նայում, Իվան Արտեմիչը սեղանի տակ ծածուկ խաչակնքեց պորտատեղը, գլուխ խոնարհեց Պյոտրին ու իշխան-պապին.
— Շնորհակալ եմ պատվի համար, խնամիք... Քրիստոսի սիրուն, մեզ կներեք, թե մի բանով ձեզ նեղացրել ենք, չհասկանալով, անխելք գյուղացի ենք... Ինչ ասեմ, առուտուր անող մարդիկ ենք, անտաշ ու անգրագետ մուժիկ։ Հասարակ ենք խոսում։ Տանը մնացած աղջիկ է մեր ունեցածը՝ ցավն էդ է... Վերջին հարբեցողին էլ կտայինք ուրախությամբ... (Սարսափահար, աչքի պոչով Պյոտրին նայեց, բայց՝ ոչինչ, ցարը փռթկացրեց կատվի պես։) Չհասկացանք, թե փեսացուները մեր տնից ինչի՞ են փախս։ Սիրուն աղջիկ է, մենակ թե մի աչքը քիչ չի տեսնում, բայց էն մյուսը տեղն է։ Մեկ էլ՝ երեսի վրա չարքերը սիսեռ են ծեծել, բայց դե թաշկինակով ծածկել կլինի, չէ՞... (Վոլկովը մթնած հայացքը հառեց Իվան Արտեմիչի վրա։) Մեկ էլ՝ ոտքն է քարշ տալիս, գլուխը ցնցվող է ու կողը ծռավուն... Էլ ուրիշ բան չունի... Տարեք, իմ սիրասուն զավակին տարեք, թանկագին խնամիներ.... (Բրովկինն այնքան էր ոգևորվել, որ ֆսֆսացրեց, աչքերը սրբեց։) Աղջիկս, Ալեքսանդրա,— աղիողորմ ձայնով կանչեց նա,— մեզ մոտ արի... Ալյոշա, գնա քրոջդ բեր... Պետքարանում նստած կլինի՝ փորից էլ է թույլ, էդ մեկը մոռացել էի, կներեք... Գնա, հարսին բեր...
Վոլկովը վեր էր թոչում սեղանից, Մենշիկովն ուժով պահեց նրան։ Ոչ ոք չէր ծիծաղում՝ միայն Պյոտրի կզակն էր դողում։
— Շնորհակալ եմ, թանկագին խնամիներ,— շարունակեց Բրովկինը,— փեսացուն շատ դուրներս եկավ։ Հարազատ հոր պես կլինենք նրա համար, բարի գործերի համար կսիրենք, սխալների համար խրատ կտանք։ Մտրակով կդաղեմ, թե մազերդ կպոկեմ, չբարկանաս, մեր փեսա՝ մուժիկի տուն ես մտնում...
Սեղանի շուրջ բոլորը բարձրաձայն քրքջացին, կողերն էին բռնել ծիծաղելուց։ Վոլկովը սեղմել էր ատամները, ամոթն այրում էր այտերը՝ աչքերն արցունքով էին լցվել։ Ալյոշկան նախասենյակից բերեց դիմադրող Սանկային։ Դեմքը թևքով ծածկել էր։ Պյոտրը վեր թռավ ու ետ տարավ աղջկա ձեռքերը։ Ու ծիծաղը կտրվեց՝ այնքան որ գեղեցիկ էր Սանկան. հոնքերն աղեղանման, աչքերը մթին, արտևանունքները խավոտ, քթիկը վեր, դեռատի շուրթերը թրթռում էին, հավասար ատամներն իրար էին զարկվում, խնձորի շառագույն կար դեմքին... Պյոտրը համբուրեց նրա շուրթերը, վառվող այտերը։ Բրովկինը բղավեց.
— Սանկա, ցա՜րն է, ցա՜րը, դիմացիր...
Աղջիկը բարձրացրեց գլուխը, Պյոտրի դեմքին նայելով։ Լսվում էր, թե ինչպես է բաբախում նրա սիրտը։ Պյոտրը գրկեց աղջկա ուսերը, մոտեցրեց սեղանին ու մատով ցույց տվեց Վասիլի Վոլկովին։
— Ի՞նչ է, վա՞տ փեսացու ենք բերել քեզ համար։
Սանկան խենթացել էր. հարկ էր ամաչել, իսկ նա, ցնորվածի պես, հրաշունչ բիբերը հառել էր փեսացոփ վրա։ Հանկարծ հոգոց հանեց ու շշնջաց. «Օ՜յ, մերիկ, մերի՜կ...»։ Պյոտրը նորից գրկեց նրան՝ համբուրելու...
— Էյ, խնամի, չեղա՜վ,— ասաց իշխան-պապը։— Թող աղջկան...
Սանկան գլուխը թաղեց փեշերի մեջ։ Ալյոշան, ծիծաղելով, դուրս տարավ նրան։ Վոլկովը բեխերն էր փետում, երևում էր, որ սիրտը խաղաղվել է։ Իշխան-պապը մրթմրթաց.
— Վասն տյառն մերո Բաքոսի սիրեցեք զմիմյանս, եղբայրք... Խմելիք, ուտելիք ենք ուզում...
Իվան Արտեմիչն ուշքի եկավ, իրար անցավ։ Ծառաները բակում հավ էին բռնում։ Ալյոշան, մեղավոր ժպտալով, սեղան էր գցում։ Լսվեց Սանկայի բեկբեկ ձայնը. «Մատրյոնա, բանալիները վերցրու՝ մեծ սենյակը, քառսուն նահատակաց սրբապատկերի տակն է...»։ Պյոտրը ձայն տվեց Վոլկովին. «Աղջկա համար շնորհակալություն հայտնիր, Վասկա»։ Եվ Վոլկովը, խոնարհվելով, համբուրեց ցարի ձեռքը... Իվան Արտեմիչն իր ձեռքով բերեց ձվածեղի տապակը։ Պյոտրն ասաց նրան, առանց ծիծաղելու։
— Զվարճության համար շնորհակալություն, ուրախացրիր... Բայց տեղդ իմացիր, Վանկա, չափդ չանցնես...
— Տեր թագավոր, բա ես սի՞րտ կանեի, թե քո կամքը չէր եղել... Մինչև հիմա վախից սիրտս տեղը չի եկել...
— Լավ, լավ գիտենք ձեզ, սատանեք... Հարսանիքն էլ կարագացնես՝ փեսացուն շուտով կռիվ է գնալու։ Աղջկադ համար արվարձանից մեկին կվարձես՝ պոլիտես ու պարել թող սովորեցնի... Արշավից ետ գանք, Սանկային տանելու եմ արքունիք...