Պստիկ֊Ամպիկը չէր երեւում։ Գիշերվա ընթացքում նավակը շատ էր ետ գնացել ու նրանք հիմա գորշ լեռան ստվերի տակ էին։ Երբ շատ մոտեցան, լեռը շարժվեց ու նայեց նրան…
==Տասնմեկերորդ գլուխ==
<b>Բրոնտոզավրի տխուր պատմությունը եւ մի քանի խոսք էլ Թվաբանության աշխարհի մասին</b>
Ռռռռը չէր ուզում հավատալ աչքերին։ Պարզվեց, որ այդ լեռը մի վիթխարի կենդանի է։ Մարմինը կլիներ, երեւի, աշտարակի չափ, վիզը նման էր զանգակատան ձողասայրի, իսկ պոչի երկարությանն էլ՝ չափ չկար։
Նկատելով ճանապարհորդներին, կենդանին գլուխը մտցրեց ջրի մեջ ու բերանը լցրեց ջրիմուռներով։ Ջրիմուռները ծամելով, կենդանին լուռ նայում էր ճանապարհորդներին եւ աղի արցունք էր թափում։ Ոտքերի տակ մի մեծ լիճ էր գոյացել, որտեղ մի բադ էր լողում։ Բադի տեսքը հնաձեւ էր։ Այսինքն, շրջապատում ամեն բան հնաձեւ էր թվում։ Արեւն ավելի էր պայծառ, քան հարկավոր էր․ այսուայնտեղ աճել էին ինչ֊որ տարօրինակ բույսեր ու խոշոր ձարխոտեր։ Երկնքում ճախրում էին զարմանալի պոչերով ու ատամներ ունեցող անշնորհք թռչուններ։ Այնքան շոգ էր, որ կարծես հայտնվել էին մի մեծ ջերմոցում։
— Իսկ ինչո՞ւ է լալիս,— հարցրեց Ռռռռը։
Բրոնտոզավրը (իսկ այդ կենդանին հենց նա էր, որ կար) կուլ տվեց ջրիմուռներն ու ասաց․
— Շատ տխուր է իմ պատմությունը։ Եթե կուզեք՝ կպատմեմ։ Շատ երկար չէ։
Ռռռռը տեղնուտեղը կասկածեց, որ այդքան Շ Ա Տ մեծ բրոնտոզավրի հետ ինչ֊որ բան ՇԱՏ Չ Լ Ի Ն Ի։
— Քեզ կարգին պահիր, Ռռռռ,— շշնջաց նրա ականջին մորեղբայր Թիկ֊Թակը, որն անմիջապես կռահեց, թե ինչ է մտածում վագրը։
— Ինձ կարող եք ուղղակի Բրոնտի ասել,— ասաց վիթխարի կենդանին։
— Իսկ իմ անունը մորեղբայր Թիկ֊Թակ է,— ներկայացավ մորեղբայր Թիկ֊Թակը։— Սա Ռռռռն է, մեր վագրը, իսկ սա՝ Ճենապակե Շնիկն է, սա՝ Չալտիկ Հավիկը, Պստիկ֊Ամպիկն էլ կա, որը հիանալի անձրեւ է տեղում, բայց չգիտեմ, թե հիմա ուր է կորել։
— Ծիածա՜նը,— գոչեց Ռռռռը, ցույց տալով գետի կողմը։
— Հոյակապ է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ափսոս, որ Պստիկ֊Ամպիկը չի տեսնում։
— Քը՛մ… քը՛,— կոկորդը մաքրեց Բրոնտոզավրը։— Այո՜, տխուր պատմություն է։— Ու նա սկսեց իր պատմությունը․— Երբեւէ աշխարհում պիտի ապրի միսիս Լալկանը։ Նա շատ կսիրի լաց լինել ու լաց կլինի ամբողջ օրը մինչեւ կեսգիշեր։
Մի անգամ, երբ նա շատ երկար լաց լինի, ոտքերի մոտ արցունքի լիճ կգոյանա, ու նա ստիպված կլինի հանել կոշիկները, նույնիսկ գուլպաներն էլ կհանի։ Բայց կձանձրանա ջրում կանգնելուց եւ կբարձրանա ծառի վրա ու կշարունակի այնտեղ լալ։ Այդ բանը դուր չի գա բվեճներին, որոնք ապրելիս կլինեն փչակներում, որովհետեւ արցունքից կթրջվեն նրանց փետուրները։ Միսիս Լալկանը ստիպված կլինի չորանոց գնել եւ բվեճները հերթի կկանգնեն, որպեսզի չորանան։ Տեսնո՞ւմ եք, ի՜նչ տխուր պատմություն է,— ավարտեց Բրոնտին։
— Այդպիսի բանե՜ր… բայց դո՞ւ ինչու ես լալիս,— հարցրեց Ռռռռը։
— Որովհետեւ…— ավելի բարձր լաց եղավ Բրոնտին,— որովհետեւ միսիս Լալկանը ծնվելու է շատ ուշ, մի հարյուր միլիոն տարի հետո, ու ես նրան չեմ տեսնի։ Ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ… ո՜ւ…
— Խեղճ Բրոնտի,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Դու Մ Ե Ծ վիշտ ունես։ Եվ դա բնական է… Մեծ Բրոնտոզավրի վիշտն էլ պետք է մեծ լինի։
— Հաֆ,— հաչեց Ճենապակե Շնիկը։— Ժամը յոթն է։
— Շնորհակալ եմ, Ճենապակե Շնիկ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ցտեսություն, Բրոնտի։
— Ցտեսություն,— պատասխանեց Բրոնտին։
Նավակը շարունակեց լողալ, ու երբ նույնիսկ արդեն բավականին հեռացել էր, ճանապարհորդները դեռ տեսնում էին, թե ինչպես է Բրոնտին տխրամած իրենց ետեւից նայում, մերթ ընդ մերթ գլուխը մտցնելով ջուրը, որպեսզի բերանը լցնի ջրիմուռներով եւ ապա ծամի, ամեն անգամ ցնցվելով հեծկլտալուց։
Քիչ անց գետը կեռման արեց եւ Բրոնտին բոլորովին անհետացավ տեսադաշտից։
— Լավ կլիներ, եթե որեւէ կերպ նրան ուրախացնեինք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
— Գուցե մեր հեռադիտակը տայինք նրան։ Հեռադիտակով թերեւս կարողանար տեսներ միսիս Լալկանին,— առաջարկեց Ռռռռը։
— Հրաշալի գաղափար է։ Վազիր ետ, Ռռռռ։ Հեռադիտակը կդնեմ պատյանի մեջ ու ժապավենով կկապեմ, որպեսզի տանելը դյուրին լինի։ Հապա, թաթովդ բռնիր, որպեսզի կապը ամուր ստացվի։ Ահավասիկ, պատրաստ է։
Ռռռռը վերցրեց հեռադիտակով պատյանը, ցատկեց դեպի ափ ու ետ վազեց դեպի Բրոնտին։
Ու շնչակտուր վերադարձավ քառորդ ժամ անց։
— Թիկ֊Թակ, գիտե՞ս ինչքան ուրախացավ Բրոնտին,— ասաց Ռռռռը։— Բայց ստիպված եղա կրծել ժապավենը, այլապես պատյանը չէր բացվում։ Վա՜յ, այն ի՞նչ է…
Հոսանքը նավակին տարավ դեպի ցուցատախտակը, որը հայտարարում էր․
<b>ԴԵՊԻ ՏՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ</b>
Այո՛, հայտարարում էր։ Ցուցատախտակի վրա ոչ մի մակագրություն չկար։ Դա խոսող ցուցատախտակ էր։
— Այս ճանապարհը տանում է դեպի Թվաբանության Աշխարհ,— հայտարարեց ցուցատախտակը։— Գնացեք եւ ինքներդ կհամոզվեք, որ Ե Ր Կ Ո Ւ Ա Ն Գ Ա Մ Ե Ր Կ Ո Ւ Հ Ա Վ Ա Ս Ա Ր Է Չ Ո Ր Ս Ի։ Երեքից հանած երկու՝ մեկ։ Մեկին գումարած երկու՝ վեց։
— Ճիշտ չէ,— ասաց Ռռռռը։
— Իսկ քանիսի՞ է հավասար,— հարցրեց ցուցատախտակը։
Ռռռռը երկար ժամանակ հաշվեց մատներով ու վերջապես ասաց․
— Ը՜մ… հը՜մ… Ը՜մ…
Նրա մոտ հայտնվեց մի ձիու գլուխ։
— Մեկին գումարած երկու կանի երեք,— ասաց ձիու գլուխն ու անհետացավ։
— Երեք,— գոչեց Ռռռռը։
— Երեք,— կրկնեց ցուցատախտակը։— Մեկին գումարած երկու կլինի երեք։ Ահավասիկ, Թվաբանության Աշխարհ տանող ճանապարհը։