</table>
====Թատերական գործը Շուշում====
Ըստ երեւույթին հայկական թատրոնը Շուշում սկիզբ է առնում XIX դարի վաթսունական թվականներին։ Այդ մասին վկայում է հայ նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանը, որը գրում է․ «Շուշում առաջին հայկական ներկայացումը տեղի է ունեցել դեռ վաթսունական թվականներին, երբ հայրենիք վերադարձած ուսանողները ոչ միայն տղամարդու, այլեւ կանանց դեր են կատարել։ Այնուհետեւ թեմական դպրոցի ուսուցչական խումբը եւ շրջիկ դերասանները ներկայացումներ են տվել թեմական դպրոցի դահլիճում»<ref>Տե՛ս նրա խմբագրությամբ «<i>Ազգագրական հանդես</i>», 1897 թ․, 11 տարի Բ․ գիրք), էջ 106, Թիֆլիս։</ref>։
Երվանդ Լալայանի վկայությունը հաստատում է հայ թատերական արվեստի ներկայացուցիչներից մեկը՝ Գեւորգ Չմշկյանը<ref><i>Գեւորգ Չմշկյան</i>, «Իմ հիշատակարանը», Երեւան, 1953 թ․, էջ 47—57, որի տեքստը պատրաստել եւ ծանոթագրել է Ս․ Ա․ Մելիքսեթյանը։</ref>, որը 1865 թվականի հունիս ամսին Սեդրակ Մանդինյանի եւ Միհրդատ Ամերիկյանի հետ եղել են Շուշում ու տվել մի քանի ներկայացումներ։ Գ․ Չմշկյանն իր հիշողություններում բավականին մանրամասնորեն նկարագրում է այդ ճանապարհորդությունը Թիֆլիսից Գանձակի վրայով Շուշի։
Առանձնապես ուշագրավ է Գ․ Չմշկյանի մանրամասն նկարագրությունը Շուշու դիրքի, հաղորդակցության ուղիների (սայլերով, ձիերով, ջորիներով), ճանապարհների վտանգավորության, արտիստներին շուշեցիների կողմից քյանդրբազների կամ ջամբազների տեղ ընդունելը, հանդիպումը Շուշու հյուրանոցում (կլուբում, որտեղ սենյակներ էին վարձով տալիս թուղթ խաղալու կամ քեֆ անելու համար)։ Չմշկյանի նկարագրությամբ Շուշում տված ներկայացումների մեծ հաջողությանը խիստ նպաստում է Խանքենդից (այժմյան Ստեփանակերտ) ներկայացումների համար զինվորական երաժշտախումբ հրավիրելը, որն ժողովրդի մեջ առաջ է բերում մեծ խանդավառություն։ Նշանավոր է եւ այն հանգամանքը, որ այդ ներկայացումներին հաճախում էին նաեւ կանայք, որոնց համար հատկացված էին հատուկ նստարաններ։ Չմշկյանի երեք հոգուց բաղկացած թատերական խումբը տեղացի երիտասարդների եւ հանդիսականների եռանդուն մասնակցությամբ 1865 թ․ ներկայացնում են Սրապիոն Հեքիմյանի «Սամվելը», «Վարդան Մամիկոնյան» ողբերգությունը եւ տեսարաններ «Շկոլի վարժապետից»։ Չմշկյանի խմբի ներկայացումները ունենում են անսպասելի հաջողություն, շնորհիվ Շուշվա երիտասարդության արտահայտված մեծ համակրանքի<ref><i>Գ․ Չմշկյան</i>, «Իմ հիշատակարանը», էջ 51—52։</ref>։
Չմշկյանի գրքում ուշադրության արժանի են այն տողերը, որտեղ նա գրում է․ «Մենք Ղարաբաղում գտանք համակրություն, միաբան համակրություն, որ այդ համակրության սկզբունքների մեջ կար երկպառակություն։ Կային երկու կուսակցություններ՝ շանշիական եւ սարգսական։ Մեկին պատկանում էր հայ պատանեկության ուժը, մյուսին՝ մարդկության հարուստ դասը, փառասեր եւ շահասիրական նպատակին հետեւող մարդիկ։ Մենք գտանք համակրություն պատանեկության կողմից։ Մեզ բավական էր այդ պատանիների համակրությունը, սկսեցինք գործը»։
Չմշկյանը ճիշտ գնահատական է տալիս այդ կուսակցություններին եւ ինքը համակրություն է փնտրում երիտասարդության մեջ։ «Շուշվա ներկայացումներով Գ․ Չմշկյանը, Ամերիկյանը եւ Սեդրակ Մանդինյանը սկիզբ դրին այնտեղի թատերական կյանքին եւ պատճառ դարձան, որ Շուշում 1868 թ․ հատուկ թատերական բեմ շինվի»։
Թատերական կյանքը Շուշում սկսվում է Գ․ Չմշկյանի ներկայացումներով։ Սակայն չի կարելի հաստատորեն պնդել, որ մինչեւ 1865 թ․ Գ․ Չմշկյանի Շուշում ներկայացումներ տալը, Շուշում ներկայացումներ չեն եղել։ Այդ մասին ենթադրության հիմք են տալիս ինչպես Երվանդ Լալայանի բերված նկատողությունը, այնպես եւ Գ․ Չմշկյանի «Հիշողություններ» այն մասին, որտեղ Ս․ Մանդինյանի երբեմնի ուսանող ընկեր շուշեցի Տեր֊Հակոբյանը Չմշկյանին եւ նրա ընկերներին տանում է հեռու, քաղաքից դուրս եւ կանգնեցնում մի ահագին քարաշեն շինության առաջ, ասելով․ «Ահա մեր թատրոնը»։ Այնուհետեւ Չմշկյանը նկարագրում է այդ շենքը․ «Մտանք եւ ինչ տեսանք՝ չորս պատ, մեջը փայտյա սյուներ, մի քանի տեղ բաժանված տախտակյա պատերով, առանց հատակի եւ առանց առաստաղի»։ Ահա այս շենքում էլ Չմշկյանը եւ իր ընկերները կազմակերպեցին եւ տվին իրենց առաջին ներկայացումները։ Իհարկե, դա կանոնավոր թատերական շենք չէր, բայց արդյո՞ք այստեղ տեղացիները մինչեւ Չմշկյանի ներկայացումներ տալը, չեն տվել ներկայացումներ, հաստատապես պնդել չենք կարող, սակայն հավանական ենք համարում, այլապես ինչո՞ւ Տեր֊Հակոբյանն այդ «թատրոն» է անվանում։
Այսպես թե այնպես, XIX դարի 60֊ական թվականներին Շուշում հայերի մեջ արդեն հիմք էր դրվել թատերական գործին եւ այնուհետեւ ներկայացումներ են բեմադրվում թե՛ մասնավոր տներում, թե՛ Ղարաբաղի հայոց թեմական դպրոցում եւ թե՛ Ն․ Խանդամիրյանի հատուկ թատերական շենքում։
✻✻✻
1882 թվականին հուլիսի 23֊ին Շուշի է գալիս հայ բեմի հռչակավոր արտիստ Պետրոս Ադամյանը եւ մեծ հաջողությամբ բեմադրում իր ներկայացումները։ Նա Շուշի է գալիս Թիֆլիսից «Տարազի» ապագա խմբագիր Տիգրան Նազարյանի խորհրդով՝ Նոր նախիջեւան գնալուց առաջ անցնել Շուշի եւ այնտեղ հանդես գալ իր երեկույթներով<ref>Տե՛ս <i>Ռուբեն Զարյանի</i> Ադամյանին նվիրված մենագրությունը (Հայ֊պետհրատ, Երեւան, 1961 թ․, էջ 171—178)։</ref>։ Տիգրան Նազարյանը, որի հետ Ադամյանը Թիֆլիսում բարեկամական հարաբերության մեջ էր գտնվում, 1881 թվականին Շուշուց Թիֆլիսից «Տարազի» ապագա խմբագիր Տիգրան Նազար֊Ադամյանի ձեռքով հատուկ հանձնարարական նամակ է գրում իր ծնողներին եւ խնդրում նպաստել Ադամյանին։
Ադամյանը Շուշի գալուց առաջ կանգ է առնում Գանձակում եւ այնտեղ տալիս է երկու երեկույթ, որտեղ հատվածներ է արտասանել Շեքսպիրի «Համլետից, Շիլլերի «Ավազակներից» եւ մի քանի ոտանավոր Ռափայել Պատկանյանից, բայց Գանձակում նա հաջողություն չի ունենում։ «Այդ ներկայացուցիչներին տեղի հայությունը փայլել է իր բացակայությամբ»,— գրում է Ադամյանը։ Սակայն Շուշում Ադամյանի նույն երեկույթներն անցնում են մեծ հաջողությամբ։ Իմանալով հռչակավոր դերասանի գալուստը, Շուշուց 25 «գիմնազիստ»<ref>Շուշում այդ ժամանակ գիմնազիա չկար, այլ կար թեմական դպրոց, իսկ 1881 թ․ բացված էր ռեալական դպրոցը։</ref> ձի հեծած գնում են նրան դիմավորելու։ Երկյուղ կրելով, որ Շուշում էլ Գանձակի նման հասարակությունը չի հաճախի իր երեկույթները, Ադամյանը մի նամակում գրում է, որ «ավելի լավ է ավանակների վրա նստած թատրոն գան, միայն թե գան, քան թե իրեն ձիերով դիմավորեն»։ Բայց Ադամյանին Շուշում շատ լավ են ընդունում եւ ցույց են տալիս, որ շուշեցիները ոչ միայն հյուրասեր են, այլեւ թատերասեր, Ադամյյանի տված չորս ներկայացումները մեծ հաջողություն են ունենում։
Ադամյանն իր ներկայացումները բեմադրում է Տիգրան Նազարյանի մորեղբայր՝ Համբարձում աղա Հախումյանի տանը, որտեղ «հին մեծ տան վերին հարկում հարմարեցրած էր մի թատերական աղքատիկ բեմ, որը դեռ մնում էր եւ կառուցված էր Տիգրան Նազարյանի ձեռքով, ներկայացումները բեմադրում էր նաեւ կլուբի դահլիճում։ Ադամյանի Շուշում տված երեկույթների մասին (հատվածներ «Համլետից», «Ավազակներից» եւ ոտանավորներ Գամառ—Քաթիպայից) պարբերական մամուլում եւ առանձին հիշողություններում լույս են տեսնում մի շարք հոդվածներ։ Առանձին ոգեւորությամբ Ադամյանի ներկայացումների մասին խոսում է Լեոն, որն այդ ժամանակ պատանի էր եւ գտնվում էր հանդիսատեսների մեջ։ Նա իր հիշողությունների մեջ պատմում է այն մասին, թե Շուշում ինչպիսի մտավոր շարժում է կենդանացրել Ադամյանը, որը երկու դյութիչ ուժ ուներ՝ բեմական արվեստ եւ հայոց լեզու։ «Մինչեւ այժմ էլ թվում է,— գրում է Լեոն,— թե պահել եմ ականջներիս մեջ մեծ արվեստագետի շեշտերն ու հնչյունները»<ref>Լեո «Անցյալից», 1925, էջ 33։</ref>։
1916 թ․ «Հորիզոն»֊ի № 109֊ում Լեոն գրում է․ «Այսօր էլ դեռ հիշողությանս մեջ են այն գավառական դեմքերը, որոնց վրա շեքսպիրյան հանճարի հրճվանքն էր դրոշմվել։ Ի՜նչ սքանչելի օրեր էին»։
Ադամյանից հետո Շուշում հայկական ներկայացումներ հաճախակի էին տրվում թե՛ տեղական ուժերով, եւ թե՛ շրջիկ դերասանական խմբերի կողմից, որոնք հանդես էին գալիս իրենց ներկայացումներով գլխավորապես ամառային ամիսներին, երբ Շուշում հավաքվում էին բազմաթիվ «դաչնիկներ»։ Թատրոնն այստեղ (Շուշում) կանոնավորվել եւ իր կրթիչ ազդեցությունը օրավուր ավելացրել է, երբ 1891 թվականին շինվել է Պ․ Ն․ Խանդամիրյանի թատերական շենքը։ «Սա թեեւ արտաքուստ եւ կամ ներքուստ ճարտարապետական կամ գեղարվեստական մի առանձին նշանակություն չունի,— գրում է Երվանդ Լալայանը,— սակայն յուր ընդարձակ դահլիճով, բավական հարմարավոր բեմով եւ երկար ֆոյեներով միանգամայն բավականացուցիչ է Շուշվա պես մի գավառական քաղաքի համար։ Ունի նա բավական դեկորացիաներ, մի բավական ճաշակով նկարված վարագույր եւ այլն»<ref>«Ազգագրական հանդես» երկրորդ տարի, Բ գիրք, 1897 թ․, Թիֆլիս, էջ 106։</ref>։
Որքան մեզ հայտնի է, Խանդամիրյանի թատրոնը ունեցել է նաեւ էլեկտրական լուսավորություն, որ այն ժամանակ Շուշվա նման քաղաքի համար հազվագյուտ երեւույթ էր Անդրկովկասում։ Այս շենքը շարունակել է իր գոյությունը մինչեւ 1905 թ․ հայ֊թուրքական ընդհարումները, երբ այն հրի է մատնվում։
Այս թատերական շենքում տեղի են ունենում ժամանակի նշանավոր մի շարք դերասանական խմբերի ներկայացումներ։ 1891 թ․ մինչեւ 1896 թ․ այս թատերական շենքում տրվում է 119 ներկայացում, տարեկան միջին թվով 20 ներկայացում։ Թատրոնը այդ տարիներին ունենում է միջին հաշվով տարեկան 4 հազարից մինչեւ 7 հազար ռուբլի մուտք (ընդամենը 6 տարվա ընթացքում 33.362 ռուբլի)։ Անշլագի դեպքում թատրոնն ունենում է 325—350 ռուբլի մուտք<ref>Նույն տեղում։</ref>։
1896 թվականից հետո այս ներկայացումները շարունակվում էին Խանդամիրյանների դահլիճում, իսկ նրա այրվելուց հետո՝ Շուշու թեմական դպրոցի դահլիճում, Շուշվա կլուբի ձմեռային ապա նաեւ ամառային շենքում, երբեմն Շուշու ռեալական դպրոցի դահլիճում<ref>Ռեալական դպրոցի 1908 թ․ կառուցված շենքը (Առաֆելյանի նվիրաբերված միջոցներով), թեեւ ուներ շատ լավ ընդարձակ դահլիճ, բայց դպրոցը հազվագյուտ դեպքերում էր այն վարձով տալիս ներկայացումների համար, որովհետեւ նյութական կարիք չէր զգում, ինչպես թեմական դպրոցը։</ref>, մասնավոր տներում (օրինակ, Փիփերթանց տունը), որտեղ հաճախ լինում էին աշակերտական կամ ընդհատակյա երեկույթներ եւ այլն։
Շուշու հայկական մասի ավերումից մի երկու տարի առաջ դասախոսությունների, երեկույթների եւ ներկայացումների համար օգտագործվում էր Ղուկասյան օրիորդաց դպրոցի դահլիճը, մանավանդ, երբ 1917 թ․ փետրվարյան հեղափոխությունից առաջ այստեղ բացվում է ժողովրդական համալսարան։
1896 թվականից հետո Շուշում ներկայացումներ են տվել հայ բեմի հռչակավոր արտիստներ Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Պետրոսյանը, Հովհաննես Զարիֆյանը, Գրիգոր Ավետյանը, Արուս Ոսկանյանը, Օլգա Գուլազյանը եւ ուրիշներ, որոնք իրենց փայլուն խաղով հիացրել են Շուշվա հանդիսատեսներին եւ կրթել նրանց մտավոր, բարոյական եւ գեղարվեստական ճաշակը։ Շուշի քաղաքում է ծնվել կոմիկական դերերի աննման արտիստ Գրիգոր Ավետյանը, ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը։ Շուշին տվել է նաեւ Ադրբեջանի թատրոնի երաժշտության մի շարք նշանավոր ներկայացուցիչներ, որոնց մասին հարկ է առանձին խոսել։
<references />