=== III ===
Գեներալը՝ Իվան Ֆյոդորովիչ Եպանչինը, կանգնել էր իր առանձնասենյակի մեջտեղը և արտակարգ հետաքրքրությամբ նայում էր ներս մտնող իշխանին, նույնիսկ երկու քայլ արավ դեպի նա։ Իշխանը մոտեցավ ու ներկայացավ։
— Այդ֊պես,— պատասխանեց գեներալը,― իսկ ինչո՞վ կարող եմ ծառայել։
― Ես ոչ մի անհետաձգելի գործ չունեմ. իմ նպատակն էր ուղղակի ծանոթանալ ձեզ հետ։ Չէի ուզենա անհանգստացնել, որովհետև չգիտեմ ոչ ձեր ընդունելության օրը, ոչ ձեր կարգադրությունները․․․ բայց ես ինքս հենց նոր եմ իջել վագոնից... Շվեյցարիայից եմ եկել։
Գեներալը հազիվ նկատելի քմծիծաղ տվեց, բայց մտածեց ու դադարեց. հետո մեկ էլ մտածեց, աչքերը կկոցեց, իր հյուրին մի անգամ էլ զննեց ոտից գլուխ, ապա արագ նրան աթոռ ցույց տվեց, ինքն էլ նստեց փոքր-ինչ թեք և անհամբեր սպասողականությամբ շրջվեց դեպի իշխանը։ Գանյան կանգնել էր առանձնասենյակի անկյունում, գրասեղանի մոտ և թղթերն էր տնտղում։
— Ծանոթությունների համար ես առհասարակ քիչ ժամանակ ունեմ,— ասաց գեներալը,— Բայց քանի որ դուք, իհարկե, ձեր նպատակն ունեք, ապա...
— Ես այդպես էլ նախազգում էի,— ընդհատեց նրան իշխանը,— որ դուք իմ այցելության մեջ անպայման որևէ հատուկ նպատակ կտեսնեք։ Բայց, աստված վկա, բացի ձանոթանալու բավականությունից ես ոչ մի մասնավոր նպատակ չունեմ։
— Իհարկե, ինձ համար էլ արտակարգ բավականություն է, բայց հո շարունակ զվարճություն չի՞ լինելու, երբեմն, գիտե՞ք պատահում են և գործեր։ Ընդսմին, ես մինչև հիմա չեմ կարողանում գտնել, թե մեր մեջ ընդհանուր ինչ կա․․․ այսպես ասած, այն պատճառները․․․
— Պատճառ չկա, անշուշտ, և, իհարկե, ընդհանուր բան քիչ կա։ Որովհետև եթե ես իշխան Միշկինն եմ և ձեր կինը մեր ցեղից է, ապա դա, հասկանալի է, պատճառ չէ։ Ես դա շատ լավ եմ հասկանում։ Եվ սակայն իմ ամբողջ շարժառիթը հենց միայն դա է։ Ես մոտ չորս տարի Ռուսաստանում չեմ եղել, չորսից մի քիչ ավելի, այստեղից մեկնելիս էլ ի՞նչ էի, համարյա խելքս գլխիս չէր։ Այն ժամանակ էլ ոչինչ չգիտեի, իսկ հիմա ավելի ևս։ Լավ մարդկանց կարիք եմ զգում, նույնիսկ ահա մի գործ ունեմ և չգիտեմ, ուր խցկվեմ։ Դեռ Բեռլինում մտածեցի. «Դրանք գրեթե ազգական են, նրանցից կսկսեմ. գուցե մենք իրար պետք կգանք։ Նրանք ինձ, ես նրանց, եթե նրանք լավ մարդիկ են»։ Իսկ ես լսել եմ, որ դուք լավ մարդիկ եք։
— Շատ շնորհակալ եմ,— զարմացավ գեներալը,— թույլ տվեք իմանալ, որտե՞ղ եք իջևանել։
— Ես դեռ ոչ մի տեղ չեմ իջևանել։
— Ուրեմն վագոնից ուղղակի ինձ մո՞տ։ Եվ... բեռո՞վ։
— Դե իմ բեռը ընդամենը սպիտակեղենի մի փոքրիկ կապոց է, և ուրիշ ոչինչ, ես դա սովորաբար ձեռքիս եմ պահում։ Երեկոյան էլ կհասցնեմ համար գրավել։
— Ուրեմն, դուք դեռ մտադիր եք համա՞ր գրավել։
— Օ, այո, իհարկե։
— Ձեր խոսքերից դատելով, ես կարծեցի, թե արդեն ուղղակի ինձ մոտ եք եկել։
— Այդ կարող է պատահել, բայց ոչ այլ կերպ, քան ձեր հրավերով։ Իսկ ես, խոստովանում եմ, հրավերով էլ չէի մնա, ոչ թե որևէ պատճառով, այլ այնպես... ըստ իմ բնավորության։
— Դե, նշանակում է, տեղին է, որ ես ձեզ չեմ հրավիրել և չեմ հրավիբում։ Թույլ տվեք մեկ էլ, իշխան, որպեսզի միանգամից ամեն ինչ պարզաբանվի, քանի որ մենք ահա հիմա պայմանավորվեցինք, որ մեր մեջ ազգակցության մասին խոսք անգամ չի կարող լինել, թեև, իհարկե, ես չափազանց շոյված կլինեի, ապա նշանակում է...
— Ապա նշանակում է, վեր կենամ ու գնա՞մ,— տեղից շարժվեց իշխանը, նույնիսկ մի տեսակ զվարթ ծիծաղելով, չնայած իր դրության ողջ ակներև դժվարությանը։— Եվ ահա, աստված վկա, գեներալ, թեև ես գործնականորեն ոչ մի բան չգիտեմ ոչ այստեղի սովորույթներից, ոչ առհասարակ՝ թե ինչպես են ապրում այստեղ մարդիկ, բայց այդպես էլ կարծում էի, որ անպայման հենց այսպես էր ստացվելու, ինչպես որ հիմա ստացվեց։ Ինչ կա որ, գուցե հենց այսպես էլ պետք է... Եվ այն ժամանակ էլ նամակիս չպատասխանեցիք... Դե, մնաք բարով և ներեցեք, որ անհանգստացրի։
Այդ րոպեին իշխանի հայացքն այնքան սիրալիր էր, իսկ ժպիտը այնքան զերծ էր որևէ թեկուզ թաքուն անբարյացակամության երանգից, որ գեներալը հանկարծ կանգ առավ և մի տեսակ հանկարծ այլ կերպ նայեց իր հյուրին․ հայացքի ամբողջ փոփոխությունը տեղի ունեցավ մի ակնթարթում։
— Գիտե՞ք, իշխան,— ասաց նա գրեթե բոլորովին այլ ձայնով,— համենայն դեպս ես ձեզ չեմ ճանաչում և գուցե Լիզավետա Պրոկոֆևնան էլ կուզենա տեսնել իր ազգանվանակցին․․․ Սպասեցեք, եթե ուզում եք, եթե ձեր ժամանակը ներում է։
— Օ, իմ ժամանակը ներում է. իմ ժամանակը միանգամայն իմն է (և իշխանը իսկույն սեղանին դրեց իր կլորեզր փափուկ գլխարկը)։ Ես, խոստովանում եմ, այդպես էլ հույս ունեի, որ գուցե Ելիզավետա Պրոկոֆևնան կհիշի, որ իրեն նամակ եմ գրել։ Քիչ առաջ ձեր ծառան, երբ ես այնտեղ սպասում էի, կասկածում էր, թե ես եկել եմ աղքատության պատճառով ձեզանից բան խնդրելու. ես դա նկատեցի, իսկ ձեզ մոտ, ըստ երևույթին, այդ առթիվ խիստ հրահանգներ կան, բայց ես, ճշմարիտ, դրա համար չեմ եկել, այլ, ճշմարիտ, նրա համար, որ մարդկանց հետ մտերմանամ։ Միայն մի քիչ մտածում եմ, որ ձեզ խանգարեցի, և դա ինձ անհանգստացնում է։
— Ահա թե ինչ, իշխան,— ասաց գեներալը ուրախ ժպիտով,— եթե դուք իրոք այնպիսին եք, ինչպես թվում եք, ապա թերևս ձեզ հետ հաճելի կլինի ծանոթանալը. միայն տեսնո՞ւմ եք, ես զբաղված մարդ եմ և նորից անմիջապես նստելու եմ որոշ բաներ աչքի անցնելու և ստորագրելու, իսկ հետո կգնամ նորին պայծառափայլության մոտ, իսկ հետո պաշտոնատեղիս, այդպես էլ դուրս է գալիս, որ թեև ուրախ եմ մարդկանց... այսինքն՝ լավ մարդկանց հետ տեսնվելու... բայց... Ասենք, ես այնպես համոզված եմ, որ դուք հիանալի դաստիարակված եք, որ․․․ իսկ քանի՞ տարեկան եք, իշխան։
— Քսանվեց։
— Տեսեք, է՜։ Իսկ ես կարծում էի շատ ավելի պակաս։
— Այո, ասում են իմ դեմքն ավելի ջահել է երևում։ Իսկ ձեզ չխանգարել ես կսովորեմ և շուտով կհասկանամ, որովհետև հենց ինքս բոլորովին չեմ սիրում խանգարել․․․ Եվ, վերջապես, ինձ թվում է, մենք արտաքուստ այնքան տարբեր մարդիկ ենք... շատ հանգամանքների շնորհիվ, որ մենք, հավանաբար, չենք էլ կարող շատ ընդհանուր կետեր ունենալ, բայց գիտե՞ք, ես այս վերջին գաղափարին ինքս շեմ հավատում, որովհետև շատ հաճախ այդպես թվում է միայն, թե ընդհանուր կետեր չկան, իսկ դրանք շատ էլ կան... Դա մարդկային ծուլությունից է լինում, որ մարդիկ իրար մեջ այդպես աչքի չափով են տեսակավորվում և ոչինչ չեն կարողանում գտնել... Բայց, ի դեպ, կարծեք թե ես ձանձրալի սկսեցի։ Դուք, կարծես թե...
— Երկու խոսք, դուք գոնե որոշ կարողություն ունե՞ք։ Կամ, գուցե, մտադիր եք որևէ զբաղմո՞ւնք ձեռնարկել։ Ներեցեք, որ ես այսպես...
— Շնորհ արեք, ես ձեր հարցը շատ եմ գնահատում և հասկանում։ Ոչ մի կարողություն առայժմ չունեմ և ոչ մի զբաղմունք, առայժմ, նույնպես չունեմ, բայց հարկավոր է, որ ունենայի։ Իսկ հիմա ինձ մոտ եղած փողը ուրիշինն էր, ինձ Շնեյդերն էր տվել ճանապարհի համար, իմ պրոֆեսորը, որի մոտ ես բուժվում և սովորում էի Շվեյցարիայում, և տվել էր ճիշտ և ճիշտ հաշված, այնպես որ հիմա, օրինակ, ինձ մոտ ընդամենը մի քանի կոպեկ է մնացել։ Ճիշտ է, ես մի գործ ունեմ և խորհրդի կարիք եմ զգում, բայց...
— Բայց ասացեք, ինչո՞վ եք մտադիր առայժմ ապրել և ինչպիսի՞ մտադրություններ ունեիք,― ընդհատեց գեներալը։
— Ուզում էի որևէ կերպ աշխատել։
— Օ, դուք փիլիսոփա եք, բայց ասենք... ձեր մեջ որևէ տաղանդ նկատե՞լ եք կամ գոնե որոշ ընդունակություններ, այսինքն՝ այնպիսի ընդունակություններից, որոնք հանապազօրյա հաց են տալիս։ Դարձյալ ներեցեք...
— Օ, ներողություն մի խնդրեք։ Ոչ, ես կարծում եմ, որ չունեմ ոչ տաղանդ, ոչ հատուկ ընդունակություններ, նույնիսկ ընդհակառակը, որովետև ես հիվանդ մարդ եմ և կանոնավոր չեմ սովորել։ Ինչ վերաբերում է հացին, ապա ինձ թվամ է...
Գեներալը նորից ընդհատեց և նորից սկսեց հարցուփորձ անել։ Իշխանը նորից պատմեց այն ամենը, ինչ արդեն պատմված էր։ Պարզվեց, որ գեներալը լսել էր հանդուցյալ Պավլիշչևի մասին և նույնիսկ անձամբ ճանաչում էր։ Թե ինչու էր Պավլիշչևը հետաքրքրվում նրա դաստիարակությամբ, իշխանն ինքն էլ չէր կարող բացատրել, ասենք, գուցե ուղղակի իշխանի հանգուցյալ հոր հետ ունեցած հին բարեկամության պատճառով։ Ծնողների մահից հետո իշխանը դեռ փոքր երեխա էր, ամբողջ կյանքում ապրել ու մեծացել էր գյուղում, որովհետև նրա առողջությունն էլ պահանջում էր գյուղի օդ։ Պավլիշչևը նրան վստահել էր իր ազգական ինչ-որ պառավ կալվածատիրուհիների․ իշխանի համար սկզբում վարձում են գուվերնանտուհի, հետո գուվերնյոր. ի դեպ, նա հայտնեց, որ թեև ամեն ինչ հիշում է, բայց քիչ բան կարող է բավարար բացատրել, որովհետև շատ հարցերում իրեն հաշիվ չէր տալիս։ Նրա հիվանդության հաճախակի նոպաները նրան դարձրել էին համարյա բոլորովին ապուշ (իշխանն այդպես էլ ասաց՝ ապուշ)։ Նա պատմեց, վերջապես, որ մի անգամ Պավլիշչևը Բեռլինում հանդիպել է շվեյցարացի պրոֆեսոր Շնեյդերին, որն զբաղվում է հենց այդ հիվանդություններով, Շվեյցարիայում՝ Վալլիի կանտոնում բուժական հաստատություն ունի, բուժում է իր մեթոդով, սառը ջրով, մարմնամարզությամբ, բուժում է և ապշությունը, և խելագարությունը, դրա հետ մեկտեղ սովորեցնում է, և առհասարակ զբաղվում է սանի հոգևոր զարգացմամբ, որ Պավլիշչևր իշխանին մոտ հինգ տարի առաջ ուղարկել է Շվեյցարիա՝ Շնեյդերի մոտ, իսկ ինքը երկու տարի առաջ հանկարձակի մեռել է, առանց կարգադրություններ անելու, որ Շնեյդերը նրան պահել և շարունակել է բուժումը ևս երկու տարի, որ նա նրան վերջնականապես չի բուժել, բայց շատ շատ է օգնել. և որ, վերջապես, իշխանի սեփական ցանկությամբ և մի պատահած հանգամանքի պատճառով հիմա նրան ուղարկել է Ռուսաստան։
Գեներալը շատ զարմացավ.
— Եվ դուք Ռուսաստանում ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չունե՞ք,— հարցրեց գեներալը։
— Հիմա ոչ ոք, բայց հույս ունեմ... հետո ես մի նամակ եմ ստացել...
— Գոնե,— ընդհատեց գեներալը, նամակի մասին լսելով,— Դուք որեէ բան սովորե՞լ եք, և ձեր հիվանդությունը ձեզ չի՞ խանգարի, ասենք, որևէ պաշտոնատեղում մի որևէ հեշտ պաշտոն գրավելու։
— Օ, հավանաբար չի խանգարի։ Եվ որևէ պաշտոն ես նույնիսկ շատ կուզենայի, որովհետև ինքս էլ ուզում եմ տեսնել, թե ես ինչի ընդունակ եմ։ Իսկ սովորել եմ բոլոր չորս տարին շարունակ, թեև ոչ բոլորովին ճիշտ, այլ այնպես, իմ պրոֆեսորի հատուկ սիստեմով, ըստ որում հաջողվել է չափազանց շատ ռուսերեն գրքեր կարդալ։
— Ռուսերեն գրքե՞ր։ Նշանակում է գրագետ եք և կարո՞ղ եք անսխալ գրեր
— Օ, շատ լավ կարող եմ։
— Հրաշալի է. իսկ ձեր ձեռագի՞րը։
— Իսկ ձեռագիրս հիանալի է։ Այ դրանում ես գուցե և տաղանդ եմ. այդ կողմից ես ուղղակի գեղագիր եմ։ Թույլ տվեք, փորձի համար հենց հիմա մի բան կգրեմ,― ոգևորված ասաց իշխանը։
— Բարի եղեք։ Եվ դա նույնիսկ պետք է․․․ Եվ հավանում եմ ձեր այդ պատրաստակամությունը, իշխան, դուք, իսկապես, շատ հաճելի եք։
— Իսկ դուք ինչ հրաշալի գրենական պիտույքներ ունեք, և ինչքա՜ն մատիտ, ինչքա՜ն գրիչ, ի՜նչ ստվար, հիանալի թուղթ... Եվ ի՜նչ գեղեցիկ է ձեր առանձնասենյակը։ Ահա այս բնանկարը ինձ ծանոթ է, դա շվեյցարական տեսարան է։ Ես համոզված եմ, որ նկարիչը դա բնությունից է նկարել, և համոզված եմ, որ այu վայրը ես տեսել եմ. դա Ուրիի կանտոնում է...
— Շատ հնարավոր է, թեև դա այստեղ է գնված։ Գանյա, իշխանին թուղթ տվեք. ահա գրիչներ ու թուղթ, ահա համեցեք այս փոքրիկ սեղանի մոտ։ Այդ ի՞նչ է,― դիմեց գեներալը Գանյային, որն այդ ժամանակ իր թղթապանակից հանեց ու նրան տվեց մեծ չափսի մի լուսանկար,— վա՛հ, Նաստասյա Ֆիլի՜պովնան է։ Սա ի՞նքը, ի՞նքն է քեզ ուղարկել, ի՞նքը,— աշխուժացած ու մեծ հետաքրքրությամբ հարցնում էր նա Գանյային։
— Հիմա, երբ ես գնացել էի շնորհավորելու, տվեց։ Ես վաղուց խնդրում էի։ Չգիտեմ, արդյոք սա ակնարկ չէ՞ նրա կողմից, որ ես ինքս մի այսպիսի օրով նրա մոտ ձեռնունայն, առանց նվերի էի գնացել,— ավելացրեց Գանյան տհաճ ժպտալով։
— Չէ, լչէ,— համոզված ընդհատեց գեներալը,— և իսկապես, այդ ինչ մտածելակերպ ունես։ Նրա շատ պետքն է, որ ակնարկի... և ամենևին շահամոլ չի։ Համ էլ ի՞նչ պիտի նվիրես. դրա համար հազարներ են պետք։ Գուցե լուսանկա՞րդ։ Իսկ ինչ, ի դեպ, դեռ չի՞ խնդրել լուսանկարդ։
— Ոչ, դեռ չի խնդրել, և գուցե երբեք էլ չխնդրի։ Դուք, Իվան Ֆյոդորովիչ, իհարկե, հիշո՞ւմ եք այսօրվա երեկոյի մասին։ Չէ որ դուք միտումով հրավիրվածներից եք։
— Հիշում եմ, հիշում եմ, իհարկե, և կգնամ։ Հանա՞ք բան է, ծննդյան օրն է, քսանհի՜նգ տարեկան։ Հը՛մ... Գիտե՞ս, Գանյա, թող էդպես լինի, ես քեզ կասեմ գաղտնիքը, պատրաստվիր։ Աֆանասի Իվանովիչին և ինձ նա խոստացել է, ոը այսօր երեկոյան իր տանը կասի վերջին խոսքը՝ լինե՞լ, թե չլինել։ Դե տես, իմացիր։
Գանյան հանկարծ շփոթվեց այն աստիճան, որ նույնիսկ փոքր֊ինչ գունատվեց։
— Նա այդ հաստա՞տ ասաց,— հարցրեց Գանյան և նրա ձայնը կարծես դողաց։
— Երեք օր առաջ խոսք տվեց։ Մենք երկուսս էլ այնպես օձիքից կպանք, որ հարկադրեցինք։ Միայն խնդրեց, որ ժամանակից շուտ քեզ չասենք։
Գեներալն ուշադիր զննում էր Գանյային. վերջինիս շփոթվելը ըստ երևույթին նրան դուր չէր գալիս։
― Հիշեցեք, Իվան Ֆյոդորովիչ,— անհանգստացած ու տատանվելով ասաց Գանյան,— որ նա ինձ լիակատար ազատություն է տվել վճիռ կայացնելու մինչև այն օրը, մինչև որ ինքը գործը չվճռի, և այդ ժամանակ էլ դեռ ես իմ խոսքն ասելու իրավունք ունեմ․․․
— Բայց մի՞թե դու... բայց մի՞թե դու...— հանկարծ վախեցավ գեներալը։
— Ես ոչինչ։
— Ողորմա՛, այդ ի՞նչ ես ուզում անել մեզ հետ։
― Չէ՞ որ ես չեմ հրաժարվում։ Ես, գուցե, այնպես չարտահայտվեցի...
— Ա՜յդ էր պակաս, որ հրաժարվեիր, — զայրույթով ասաց գեներալը, նույնիսկ չցանկանալով զայրույթը զսպել։— Այստեղ, եղբայրս, բանն արդեն այն չէ, որ դու չես հրաժարվում, այլ բանը քո պատրաստակամությունն է, քո գոհունակությունն է, ուրախությունն է, որով կընդունես նրա խոսքերը... ի՞նչ է կատարվում քո տանը։
— Ի՞նչ պիտի լինի։ Տանն ամեն ինչ իմ կամքով է, միայն հայրս սովորականի պես գժություններ է անում, բայց նա կատարյալ ստահակ է դարձել, ես նրա հետ չեմ էլ խոսում, բայց ճնշման տակ եմ պահում, և, ճշմարիտ, եթե մայրս չլիներ, դուրս կանեի։ Մայրս, իհարկե, շարունակ լաց է լինում. քույրս չարանում է, իսկ ես նրանց ուղղակի ասացի, վերջապես, որ ես իմ ճակատագրի տերն եմ, և ուզում եմ, որ տանն ինձ... լսեն, համենայն դեպս քրոջս այդ ամենը կտրուկ ասացի մորս ներկայությամբ։
— Իսկ ես, եղբայր, շարունակում եմ չըմբռնել,― մտածկոտ նկատեց գեներալը՝ ուսերը փոքր-ինչ բարձրացնելով ու ձեռքերը տարածելով։— Նինա Ալեքսանդրովնան էլ անցած օրը, այ, որ եկել էր, հիշո՞ւմ ես, հառաչում ու ախ է քաշում «Ի՞նչ է պատահել»,— հարցնում եմ։ Բանից դուրս է գալիս, որ իբր դա նրանց համար ''անպատվություն է''։ Բայց թույլ տվեք հարցնել, այստեղ ի՞նչ անպատվություն կա։ Ո՞վ ինչում կարող է Նաստասյա Ֆիլիպովնային կշտամբել կամ նրա հասցեին մի բան ասել։ Մի՞թե այն, որ նա Տոցկու հետ է եղել։ Բայց ախր դա արդեն այնպիսի դատարկ բան է, հատկապես, երբ նկատի ենք ունենում որոշ հանգամանքներ։ «Դուք, ասում է, նրան կթողնե՞ք ձեր աղջիկների մոտ»։ Դեհ։ Մի տե՜ս։ Այ քեզ Նինա Ալեքսանդրովնա։ Այսինքն՝ մարդ ինչպե՞ս չհասկանա, ինչպե՞ս չհասկանա․․․
— Իր դրությո՞ւնը,— հուշեց Գանյան դժվարության մեջ ընկած գեներալին,― նա հասկանում է, դուք նրանից մի նեղացեք։ Ես, ի դեպ, հենց այն ժամանակ շշպռեցի, որ ուրիշի գործերին չխառնվեն։ Եվ, սակայն, մինչև հիմա մեր տանը ամեն ինչ առերես խաղաղ է միայն նրա համար, որ վերջին խոսքը դեռ չի ասված, բայց փոթորիկը լինելու է։ Եթե այսօր ասվի վերջին խոսքը, նշանակում է ամեն ինչ էլ կասվի։
Իշխանը լսում էր այդ ամբողջ խոսակցությունը, անկյունում նստած իր գեղագրական նմուշի վրա աշխատելիս։ Նա վերջացրեց, մոտեցավ սեղանին և հանձնեց իր թերթիկը։
— Ուրեմն սա Նաստասյա Ֆիլիպովնա՞ն է,— ասաց նա, ուշադիր ու հետաքրքրությամբ նայելով լուսանկարին,— զարմանալի՜ գեղեցիկ է,— անմիջապես ավելացրեց նա եռանդով։ Լուսանկարի վրա իրոք պատկերված էր արտասովոր գեղեցիկ մի կին։ Նա նկարված էր չափագանց պարզ ու նրբագեղ ձևի մի սև մետաքսե զգեստով. մազերը, ըստ երևույթին, մուգ խարտյաշ, սանրած էին պարզ, տնավարի, աչքերը մուգ էին, խորունկ, ճակատը խոհուն. դեմքի արտահայտությունը կրքոտ ու մի տեսակ մեծամիտ։ Նրա դեմքը մի քիչ նիհար էր, գուցե և գունատ... Գանյան ու գեներալը զարմացած նայեցին իշխանին։
— Ինչպե՞ս թե՝ Նաստասյա Ֆիլիպովնան է։ Մի՞թե դուք արդեն Նաստասյա Ֆիլիպովնային էլ եք ճանաչում,― հարցրեց գեներալը։
— Այո. ընդամենը մի օր է Ռուսաստանում եմ, բայց արդեն ճանաչում եմ այսպիսի գեղեցկուհուն,— պատասխանեց իշխանը և հենը տեղնուտեղը պատմեց իր հանդիպման մասին Ռոգոժինի հետ և հաղորդեց նրա ամբողջ պատմությունը։
— Այ քեղ նորություննե՜ր,— նորից անհանգստացավ գեներալը, որը չափազանց ուշադիր լսել էր պատմությունը, և փորձող հայացքով նայեց Գանյային։
— Հավանաբար միայն խայտառակ այլանդակություն է,— մրթմրթաց նույնպես մի քիլ շփոթված Գանյան,— վաճառականի որդյակը քեֆ է անում։ Ես նրա մասին արդեն ինչ֊որ բաներ լսել եմ։
— Ես էլ եմ լսել, եղբայր,— վրա բերեց գեներալը։— Հենց այն ժամանակ, ականջօղերից հետո, Նաստասյա Ֆիլիպովնան ամբողջ անեկդոտը պատմել է։ Բայց հիմա արդեն բանն ուրիշ է։ Այստեղ, կարող է պատահել, իսկապես միլիոն է նստած և... կիրք, ասենք, այլանդակ կիրք, բայց և այնպես, կրքի հոտ է փչում, բայց ախր հայտնի է, թե ինչի են ընդուՆակ այդ պարոնները, ամբողջովին գինովցած... Հը՛մ... հանկարծ մի անախորժ բան չստացվի․․․― եզրափակեց գեներալը մտախոհ։
— Դուք միլիոնի՞ց եք վախենում,— ժպտաց Գանյան։
— Իսկ դու, իհարկե, ո՞չ։
— Ձեզ ինչպե՞ս թվաց, իշխան,— հանկարծ նրան դիմեց Գանյան,— ինչ է, դա մի որևէ լուրջ մա՞րդ է, թե ուղղակի այնպես, ստահակի մեկը։ Ձեր բուն կարծի՞քը։
Գանյայի մեջ մի առանձնահատուկ բան էր կատարվում, երբ նա այդ հարցը տալիս էր։ Կարծես թե մի նոր և ինչ֊որ առանձնահատուկ միտք բռնկվեց նրա ուղեղում և անհամբեր շողաց աչքերի մեջ։ Իսկ գեներալը, որն անկեղծորեն ու պարզասիրտ անհանգստանում էր, նույնպես աչքերը շլեց իշխանի կողմը, բայց կարծես շատ բան չսպասելով նրա պատասխանից։
— Չգիտեմ ինչպես ասեմ ձեզ,— պատասխանեց իշխանը,— միայն ինձ թվաց, թե նրա մեջ կիրք շատ կար, և նույնիսկ կարծես հիվանդագին կիրք։ Եվ նա ինքն էլ կարծես դեռ բոլորովին հիվանդ է։ Շատ կարող է պատահել, որ առաջին իսկ օրերից Պետերբուրգում նորից կպառկի, մանավանդ եթե սկսի խմել։
— Այդպե՞ս է։ Ձեզ այդպե՞ս թվաց,— այդ մտքից կառչեց գեներալը։
— Այո, թվաց։
— Եվ, սակայն, այդ կարգի անեկդոտներ կարող են տեղի ունենալ նաև ոչ թե մի քանի օրում, այլ դեռ երեկոյան, հենց այսօր, գուցե մի բան պատահի,— քմծիծաղ տալով ասաը Գանյան գեներալին։
— Հը՛մ․․․ Իհարկե... գուցե և, իսկ այդ դեպքում ամբողջ բանն այն է, թե ինչ կանցնի Նաստասյա Ֆիլիպովնայի մտքով,— ասաը գեներալը։
— Բայը չէ՞ որ դուք գիտեք, թե երբեմն ինչպիսին է նա։
— Այսինքն՝ ինչպիսի՞ն է որ,— նորից վրա պրծավ գեներալը արտակարգ վրդովված։— Լսիր, Գանյա, դու, խնդրեմ, այսօր նրան շատ մի հակաճառի և գիտե՞ս, աշխատիր այնպես լինել․․․ մի խոսքով, նրա սրտովը լինել... Հըմ... ի՞նչ ես այդպես բերանդ ծռում։ Լսիր, Գավրիլա Արդալիոնիչ, տեղին, նույնիսկ շատ տեղին կլինի հիմա ասել, ինչի համար ենք ձեռ ու ոտ անում։ Հասկանո՞ւմ ես, որ ես իմ սեփական շահի տեսակետից, որն այստեղ կա, արդեն վաղուց ապահովված եմ. այսպես թե այնպես, բայց գործն իմ օգտին ես կվճռեմ։ Տոցկին իր որոշումն ընդունել է անհողդողդ, նշանակում է ես էլ միանգամայն վստահ եմ։ Ուստի եթե ես հիմա որևէ բան եմ ուզում, ապա միայն և միայն՝ քո օգուտը։ Ինքգ մտածիր, չե՞ս վստահում ինձ, թե ինչ։ Ըստ որում, դու․․․ դու... մի խոսքով գու խելացի մարդ ես, քեզ վրա հույս դրի... իսկ դա տվյալ դեպքում, դա... դա...
— Դա գլխավորն է,— ավարտեց Գանյան, նորից օգնելով նեղն ընկած գեներալին և շրթունքները ծամածռելով մի ամենաթունալի ժպիտով, որն արդեն չէր ուզում թաքցնել։ Նա իր բորրոքված հայացքով նայում էր ուղիղ գեներալի աչքերին, կարծես նույնիսկ ցանկանալով, որ վերջինս նրա հայացքում կարդար նրա ամբողջ միտքը։ Գեներալը կարմրատակեց ու բորբոքվեց։
― Դե հա, գլխավորը խելքն է,― համաձայնեց նա կտրուկ նայելով Գանյային,— այ թե ծիծաղելի մարդ ես դու, Գավրիլա Արդալիոնիչ։ Ես նկատում եմ, դու ախր կարծես ուրախանում ես այդ ջահել վաճառականի գոյությանը, որպես ելք քեզ համար։ Այստեղ սկզբից ևեթ պետք էր հենց խելքով հասնել, այստեղ հենց պետք է հասկանալ և... և երկու կողմից վարվել ազնիվ ու շիտակ, և կամ... նախօրոք տեղեկացնել, որպեսզի ուրիշներին չվարկաբեկեն, մանավանդ որ դրա համար բավականաչափ ժամանակ կար, և նույնիսկ դեռևս հիմա էլ մնում է բավականաչափ (գեներալը նշանակալից բարձրացրեց հոնքերը), չնայած նրան, որ մնում է ընդամենց միայն մի քանի ժամ... Դու հասկացա՞ր։ Հասկացա՞ր։ Դու իսկապես ուզո՞ւմ ես, թե չես ուզում։ Եթե չես ուզում, ասա, և, խնդրեմ։ Ձեզ ոչ ոք, Գավրիլա Արդալիոնովիչ, բռնի չի պահում, ոչ ոք զոռով թակարդ չի քաշում, եթե միայն այստեղ դուք թակարդ եք տեսնում։
— Ես ուզում եմ,― կիսաձայն, բայց հաստատ ասաց Գանյան, աչքերը խոնարհեց ու մռայլած լռեց։
Գեներալը բավարարված էր։ Գեներալը մի քիչ տաքացել էր, բայց ըստ երևույթին արդեն զղջում էր, որ այդքան հեռnւ էր գնացել։ Նա հանկարծ շրջվեց իշխանի կողմը և, թվում է, նրա դեմքի վրա սահեց մի անհանգիստ միտք, ախր իշխանն այստեղ էր և, համենայն դեպս, լսում էր։ Բայց նա վայրկենապես հանգստացավ. իշխանի վրա մի հայացք գցելով կարելի էր լիովին հանգստանալ։
— Օհո՜,— բացականչեց գեներալը, նայելով իշխանի ներկայացրած գեղագրության նմուշին,— սա իսկական վայելչագրություն է։ Եվ այն էլ հազվագյուտ վայելչագրություն։ Մի տես, Գանյա, ի՜նչ տաղանդ է։
Վելենյան ստվար թղթի թերթի վրա միջնադարյան ռուսական տառատեսակով իշխանը գրել էր հետևյալ նախադասությունը.
«Խոնարհ վանահայր Պաֆնուտին իր ստորագրությունը դրեց»։
— Ահա սա,— պարզաբանում էր իշխանը արտակարգ գոհունակությամբ ու ոգևորությամբ,― սա Պաֆնուտի վանահոր սեփական ստորագրությունն է, տասնչորսերորդ դարի արտանկարից։ Նրանք հիանալի էին ստորագրում, մեր բոլոր այդ հին վանահայրերն ու միտրոպոլիտները, և երբեմն ինչպիսի՜ ճաշակով, ինչպիսի՜ ջանասիրությամբ։ Մի՞թե դուք չունեք գոնե Պոգոդինի հրատարակությունը, գեներալ։ Հետո ես ահա այստեղ գրել եմ ուրիշ տառատեսակով. սա անցյալ դարի ֆրանսիական կլորադիր խոշոր աառատեսակն է, որոշ տառեր նույնիսկ ուրիշ տեսակ էին դրվում, գռեհների տառատեսակը, ժողովրդական գրագիրների տառատեսակը, որ փոխ է առնված նրանց նմուշներից (ես մի այդպիսի նմուշ ունեի),— համաձայնեցեք, որ նա զուրկ չէ արժանիքներից։ Նայեցեք այս կլոր d֊ին, a֊ին։ Ես ֆրանսիական բնույթը տեղափոխել եմ ռուսական տառերի մեջ, որ շատ դժվար է․ բայց հաջող է ստացվել։ Ահա ևս մի հիանալի և յուրօրինակ տառատեսակ, ահա այս նախադասությունը. «Եռանդը ամեն ինչ հաղթահարում է»։ Սա ռուսական, գրագրային, եթե կուզեք՝ ռազմագրագրային տառատեսակ է։ Այսպես գրվում է բարձրաստիճան անձնավորության հասցեագրված պաշտոնական թուղթը, նույնպես կլոր տառատեսակ է, հրաշալի, ''սև'' տառատեսակ, սև է գրված, բայց երևելի ճաշակով։ Գեղագիրը թույլ չէր տա այս բոլորազարդերը կամ, լավ է ասել, այս պոչիկները,— նկատո՞ւմ եք,— իսկ ամբողջությամբ, նայեցեք, չէ՞ որ նա բնավորություն ունի, և իրավ, այստեղ արտահայտվել է ամբողջ ռազմագրագրային ոգին, թեև կուզենար իրեն ազատություն տալ, և տաղանդն էլ է դրան ձգտում, բայց զինվորական օձիքը ամուր կոճկած է կեռիկով, և ահա ձեռագրում էլ կարգապահություն է ստացվել, հիանալի բան։ Վերջերս ինձ մի այդպիսի նմուշ զարմացրեց, պատահաբար գտա, այն էլ որտեղ, Շվեյցարիայում։ Իսկ ահա սա, հասարակ, սովորական և զուտ անգլիական տառատեսակ է. նրբագեղությունը սրանից ավելի չի կարող լինել, այստեղ ամեն ինչ հիացք է, հուլունք, մարգարիտ. սա ավարտուն է. բայց ահա և մի տարատեսակ, և դարձյալ ֆրանսիական. ես սա մի ֆրանսիացի ճանապարհորդ գործակատարից եմ ընդօրինակել. նույն անգլիական տառատեսակն է, բայց սև գիծը շատ աննշան չափով ավելի սև ու հաստ է, քան անգլիականում, և ահա լույսի համաչափությունը խախտված է. նկատեցեք նաև, օվալը փոփոխված է, մի փոքր ավելի կլոր է և, բացի այդ, թույլ է տրված բոլորազարդ, իսկ բոլորազարդը ամենավտանգավոր բանն է։ Բոլորազարդը արտասովոր ճաշակ է պահանջում, բայց եթե միայն հաջողվել է, եթե միայն գտնված է համաչափությունը, ապա այդպիսի տառատեսակը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել, նույնիսկ այնպես, որ կարելի է սիրահարվել դրան։
― Օհո՜, այս ի՞նչ նրբությունների մեջ եք ընկնում,— ծիծաղում էր գեներալը,— դուք, եղբայր, ոչ թե ուղղակի գեղագիր եք, դուք արտիստ եք, հը՞, Գանյա։
— Զարմանալի է,— ասաց Գանյան,― և նույնիսկ իր կոչման գիտակցությունն ունի,— ավելացրեց նա ծաղրական ծիծաղով։
— Ծիծաղիր, ծիծաղիր, բայց ախր սրանում կարիերա կա,— ասաց գեներալը։— Գիտե՞ք, իշխան, հիմա ինչ անձնավորության հասցեագրված թղթեր կտանք ձեզ գրելու։ Ձեզ կարելի է ուղղակի ամսական երեսունհինգ ոուբլի նշանակել հենց առաջին քայլից։ Բայց արդեն մեկի կեսն է,— եզրափակեց նա ժամացույցին նայելով,— գործի անցեք, իշխան, որովհետև ես պետք է շտապեմ, իսկ այսօր գուցե մենք իրար չենք հանդիպի։ Նստեցեք մի րոպե, ես ձեզ արդեն բացատրեցի, որ ի վիճակի չեմ ձեզ շատ հաճախ ընդունելու, բայց ձեզ մի քիչ օգնել, անկեղծորեն ցանկանում եմ, հասկանալի է, շատ քիչ, ծայրահեղ անհրաժեշտ չափով, իսկ հետո ինչպես ինքներդ կուզենաք։ Գրասենյակում մի գործ կճարեմ ձեզ համար, ոչ դժվար, բայց կպահանջվի ճշտապահություն։ Հիմա հետագայի մասին. Գավրիլիա Արդալիոնովիչ Իվոլգինի, ահա իմ այս երիտասարդ բարեկամի, որի հետ խնդրում եմ ծանոթանալ, ահա նրա տանը, այսինքն՝ ընտանիքում, նրա մայրիկը և քույրիկը իրենց բնակարանում երկու-երեք կահավորված սենյակ են մաքրել և վարձով են տալիս շատ լավ հանձնարարական ունեցող կենվորների, ճաշն ու ծառան էլ հետը։ Իմ հանձնարարականը, համոզված եմ, Նինա Ալեքսանդրովնան կընդունի։ Իսկ ձեզ համար, իշխան, դա ավելի քան գանձ է, նախ՝ նրա համար, որ մենակ չեք լինի, այլ, այսպես ասած, ընտանիքի ընդերքում, իսկ իմ տեսակետով, չի կարելի, որ դուք առաջին իսկ քայլից մենակ լինեք Պետերբուրգի պես մայրաքաղաքում։ Նինա Ալեքսանդրովնան՝ մայրիկը, և Վարվառա Արդալիոնովնան՝ քույրիկը, կանայք են, որոնց ես չափազանց հարգում եմ։ Նինա Ալեքսանդրովնան կինն է Արդալիոն Ալեքսանդրովիչի, պաշտոնաթող գեներալի, սկզբնական ծառայության իմ նախկին ընկերոջ, որի հետ, սակայն, որոշ հանգամանքների պատճառով հարաբերություններս դադարեցրել եմ, որը, ի դեպ, չի խանգարում, որ ես յուրով ի հարգեմ նրան։ Այս բոլորը ձեզ պարզաբանում եմ, իշխան, որպեսզի հասկանաք, որ ես ձեզ անձամբ եմ հանձնարարում, հետևաբար, դրանով կարծեք թե երաշխավորում ձեզ համար։ Վարձը շատ չափավոր է, և ես հուսով եմ, շուտով ձեր ռոճիկը միանգամայն բավարար կլինի դրա համար։ Ճիշտ է, մարդուն հարկավոր է նաև գրպանի փող, գոնե մի քիչ, բայց չնեղանաք, իշխան, եթե նկատեմ, որ ավելի լավ է խուսափեք գրպանի փողից և առհասարակ գրպանում փող պահելուց։ Այսպես ասում եմ ձեզնից ստացած տպավորությունիցս ելնելով։ Բայց քանի որ ձեր քսակը հիմա բոլորովին դատարկ է, ապա նախնական ծախսերի համար թույլ տվեք ձեզ առաջարկել ահա այս քսանհինգ ռուբլին։ Մենք, իհարկե, մեր հաշիվները կմաքրենք, և եթե դուք այդպիսի անկեղծ ու սրտազեղ մարդ եք, ինչպիսին թվում եք խոսքով, ապա այստեղ էլ մեր մեջ դժվարություններ առաջանալ չեն կարող։ Իսկ որ ձեզանով այսպես հետաքրքրվում եմ, դա նրանից է, որ ձեր նկատմամբ նույնիսկ որոշ նպատակ ունեմ, հետագայում դա կիմանաք։ Տեսնո՞ւմ եք, ձեզ հետ բոլորովին պարզ եմ. հուսով եմ, Գանյա, դու ոչնչով դեմ չե՞ս իշխանին ձեր բնակարանում տեղավորելուն։
— Օ, ընդհակառակը։ Մայրիկս էլ շատ ուրախ կլինի․․․— քաղաքավարի ու պատրաստակամորեն հաստատեց Գանյան։
— Ձեզ մոտ, կարծեմ, դեռ միայն մի սենյակ է զբաղված։ Այդ, անունն ի՞նչ էր, Ֆերդ... Ֆեր․․․
— Ֆերդիշչենկոն։
— Այո. դուր չի գալիս ինձ ձեր այդ Ֆերդիշչենկոն, լկտի խեղկատակի մեկն է։ Եվ չեմ հասկանում, թե ինչու է նրան այդպես խրախուսում Նաստասյա Ֆիլիպովնան։ Իսկապե՞ս Ֆերդիշչենկոն նրա ազգականն է։
— Օ, ոչ, այդ բոլորը կատակ է։ Ազգականության հոտ էլ չկա։
— Դե, սատանան նրա հետ, հնչպե՞ս ուրեմն, իշխան, դուք գո՞հ եք, թե ոչ։
— Շնորհակալ եմ, գեներալ, դուք ինձ հետ վերաբերվեցիք որպես չափազանց բարի մարդ, առավել ևս, որ ես նույնիսկ չէի խնդրում. ես սա ասում եմ ոչ թե հպարտությունից դրդված. ես իսկապես չգիտեի, թե ուր պիտի գլուխս վայր դնեի։ Ինձ, ճիշտ է, առավոտյան կանչեց Ռոգոժինը։
— Ռոգո՞ժինը։ Է՜, ոչ. ես ձեզ խորհուրդ կտայի հայրաբար, կամ, եթե ավելի շատ եք հավանում, մտերմաբար, բոլորովին մոռանալ պարոն Ռոգոժինի մասին։ Եվ առհասարակ խորհուրդ կտայի մոտ լինել այն ընտանիքին, որը մտնելու եք։
— Եթե դուք այդքան բարի եք,— սկսեց իշխանը,— ապա ես ահա մի գործ ունեմ։ Ես ծանուցում եմ ստացել...
— Ոչ, ներեցեք,— ընդհատեց գեներալը,— հիմա այլևս ոչ մի րոպե չունեմ։ Այժմ ձեր մասին կասեմ Լիզավետա Պրոկոֆևնային. եթե նա ցանկանա ձեզ ընդունել հենց հիմա (ես կաշխատեմ ձեզ այդպես ներկայացնել), ապա խորհուրդ եմ տալիս առիթից օգտվել և դուր գալ, որովհետև Լիզավետա Պրոկոֆևնան կարող է ձեզ շատ պետք գալ․ չէ՞ որ դուք միևնույն ազգանունն ունեք։ Եթե չուզենա, մի բարկացեք, երբևէ մի ուրիշ անգամ։ Իսկ դու, Գանյա, առայժմ նայիր այս հաշիվները։ Մենք քիչ առաջ Ֆեդոսեևի հետ գլուխ էինք կոտրում։ Դրանք չպետք է մոռանալ անցկացնել․․․
Գեներալը դուրս եկավ, և իշխանն այդպես էլ չհասցրեց պատմել իր գործի մասին, որի մասին սկսում էր խոսել ահա չորրորդ անգամ։ Գանյան ծխախոտ վառեց, մի հատ էլ առաջարկեց իշխանին, իշխանն ընդունեց, բայց խոսակցություն չէր սկսում, չուզենալով խանգարել, և սկսեց զննել առանձնասենյակը, բայց Գանյան հազիվ նայեց գեներալի ցույց տված թղթի թերթին, որն ամբողջովին ծածկված էր թվերով։ Նա մտացրիվ էր. Գանյայի ժպիտը, հայացքը, մտածկոտությունն իշխանի համար ավելի ծանր դարձան, երբ նրանք երկուսով մնացին մենակ։ Հանկարծ նա մոտեցավ իշխանին․ այդ րոպեին սա դարձյալ կանգնած էր Նաստասյա Ֆիլիպովնայի պատկերի առաջ և ուշադիր դիտում էր։
— Ուրեմն ձեզ դո՞ւր է գալիս այսպիսի կինը, իշխան,— հանկարծ հարցրեց Գանյան, թափանցող հայացքով նայելով նրան։ Եվ կարծես նա ինչ֊որ արտակարգ մտադրություն ուներ։
— Զարմանալի դեմք է,— պատասխանեց իշխանը,— և ես համոզված եմ, որ նրա ճակատագիրը սովորականներից չէ։ Դեմքը ուրախ է, բայց նա սարսափելի տառապել է, հը՞։ Այդ մասին աչքերն են ասում, ահա այս երկու ոսկրիկը, երկու կետը աչքերի տակ՝ այտերի սկզբին։ Սա հպարտ դեմք է, սարսափելի հպարտ, բայց չգիտեմ, բարի՞ է նա արդյոք։ Ախ, եթե բարի լիներ, ամեն ինչ փրկված կլիներ։
— Իսկ ''դուք'' կամուսնանայի՞ք այսպիսի մի կնոջ հետ,— շարունակեց Գանյան, իշխանից չկտրելով իր բորբոքված հայացքը։
― Ես չեմ կարող ամուսնանալ ոչ ոքի հետ, ես անառողջ եմ,— ասաց իշխանը։
— Իսկ Ոոգոժինը կամուսնանա՞ր։ Ի՞նչ եք կարծում։
— Ի՛նչ կա որ, ամուսնանալ, կարծում եմ, հենց վաղն էլ կարելի է. կամուսնանար, իսկ մի շաբաթ հետո, մեկ էլ տեսար, կմորթեր նրան։
Իշխանի այդ խոսքի վրա Գանյան հանկարծ այնպես ցնցվեց, որ իշխանը համարյա ճչաց.
— Ձեզ ի՞նչ պատահեց,— ասաց նա, բռնելով Գանյայի ձեռքը։
— Զերդ պայծառափայլություն։ Նորին գերազանցությունը խնդրում է ձեզ շնորհ բերել նորին գերազանցության տիկնոջ մոտ,— ազդարարեց սպասավորը, հայտնվելով դռան մեջ։ Իշխանը սպասավորի հետևից դուրս եկավ։
=== IV ===