Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որ կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, որ ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Բոլոր հողերը չէ, որ հարմար էին փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։
=== 2. Ծխելու խոտի մասին ===
Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխելու խոտ կամ ուղղակի տերև: Հավանաբար դա nicotiana բույսի տեսակներից մեկն է:
=== 3. Հոբիթստանի կարգերի մասին ===
Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Համարյա բոլոր Ճագարակներն ապրում էին Բրենդիդուիմի ձախափնյակում Բրենդիդուիմքում, բայց Պարկինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։
Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ, հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Եվ Մատանու մասին նույնպես խոսք անդամ չկար։
=== 4. Այն մասին, թե ինչպես գտնվեց Մատանին ===
... Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ Է գալիս մեծ հրաշագործ Գանդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում Է Թորինը և բազում քաջագործություններ են կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։
Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մանում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Սրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Պարկինս․․․»։
Հե տաքրքիր Հետաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացեք է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սամի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։
Իսկ Գանդալֆր հենց սկզբից էլ չէր հավատացել Բիլբոյի պատմությանը և շատ խիստ հետաքրքրվում էր մատանիով։ Նա Բիլբոյին հոգեհան էր անում իր հարցաքննություններով և աստիճանաբար ճշմարտությունը դուրս քաշեց նրանից։ Ընդ որում շփոթեցնում ու զգոնության էր մղում այն, որ հոբիթը հանկարծ սկսեց ստել. դա նրան նման չէր։ «Նվերի» մասին էլ ինքը չէր հնարել։ Հետագայում Բիլբոն խոստովանեց, որ այդ միտքն իր մոտ առաջացել է Գորլումի մրթմրթոցները լսելուց հետո, որը մատանին անվանում էր «իր ծննդյան օրվա նվեր»։ Բայց ճշմարտությունը դեռևս երկար տարիներ անհայտ մնաց նրան։ Թե դա ինչ ճշմարտություն էր, կիմանաք մեր վիպակից։