Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխելու խոտ կամ ուղղակի տերև: Հավանաբար դա nicotiana բույսի տեսակներից մեկն է:
=== 3. Հոբիթստանի կարգերի կառուցվածքի մասին ===
Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Համարյա բոլոր Ճագարակներն ապրում էին Բրենդիդուիմի ձախափնյակում Բրենդիդուիմքում, բայց Պարկինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։