Երեկոյան, երբ մոմը վառեցի ու մտա իմ սենյակը, այնտեղ նստած էր ինքը՝ հայրս։
==Գլուխ հինգերորդ==
Դուռն արդեն փակել էի։ Շուռ եկա, և ահա հայրս։ Ես նրանից միշտ վախենում էի․ ինձ շատ էր ծեծում։ Թվում էր, թե այժմ էլ վախենում եմ, բայց հետո հասկացա, որ սխալվում եմ։ Առաջին ցնցումից հետո, ինչպես կասեիք դուք, երբ նրա անսպասելի հայտնվելուց շունչս կտրվեց, անմիջապես ուշքի եկա և զգացի, որ այնքան էլ չեմ վախենում ու դրա համար չարժե այդչափ նեղվել։
Նա կլիներ մոտ հիսուն տարեկան։ Դեմքից այդպես էլ երևում էր։ Մազերը երկար էին, խճճված, ճարպոտած ու կախված։ Դրանց արանքից փայլում էին աչքերը․ կարծես նա թփերի հետևում լիներ։ Նրա մազերը սև էին, ոչ մի սպիտակ մազ չուներ։ Սև էր նաև երկար, խառնիճաղանջ կիսամորուքը։ Դեմքը, որքան հնարավոր էր դա նշմարել, դժգույն էր, ամբողջովին սպիտակ։ Դա, իհարկե, մարդկային դեմքի սովորական սպիտակություն չէր, այլ այնպիսին, որ նայելիս մարդ սարսափում է ու փշաքաղվում։ Դա ծառադոդոշի և ձկան փորի սպիտակություն էր։ Ինչ վերաբերում է հագուստներին, դրանք միայն ցնցոտիներ էին, ուրիշ ոչինչ։ Նա մի ոտքը դրել էր մյուսի ծնկի վրա։ Այդ ոտքի կոշիկը պատռվել էր, մատներից երկուսը դուրս էին ցցվել, և նա դրանք երբեմն֊երբեմն շարժում էր։ Գլխարկն ընկած էր հատակին՝ հին, սև, տձև, գագաթը ներս ընկած․ կարծես ամանի կափարիչ լիներ։
Ես կանգնած նայում էի։ Նա էլ նստած ինձ էր նայում, աթոռը մի փոքր ետ թեքած։ Մոմն ամրացրի հատակին։ Նկատեցի, որ պատուհանը բաց է։ Այդ նշանակում էր, որ նա արդեն բարձրացել է փայտանոցը և ապա ներս մտել։ Նայեց ինձ ոտքից֊գլուխ և ասաց․
― Սքանչելի՜ շորեր, հիանալի՜ է։ Երևի կարծում ես, թե նախշուն բզեզ ես դարձել, չէ՞։
― Գուցե դարձել եմ, գուցե՝ ոչ, ― ասացի ես։
― Լեզու չդարձնե՛ս ինձ, ― գոռաց հայրս, ― իմ հեռանալուց հետո դու շատ հիմարություններով ես լցրել գլուխդ։ Ես քեզ ցույց կտամ, քո այդ գոռոզությունը կկոտրեմ։ Կրթվա՜ծ ես, ասում են․ կարող ես կարդալ, գրել։ Կարծում ես, թե այժմ հորիցդ լավն ես, որովհետև նա գրագետ չէ, հա՞։ Ես այդ միտքը կհանեմ գլխիցդ։ Ո՞վ ասաց, թե դու քեզ պիտի տաս նման հիմարությունների, հը՞, ո՞վ ասաց։
― Այրին։
― Այրի՞ն։ Ա՛յ թե ինչ։ Իսկ ո՞վ ասաց նրան, թե կարող է քիթը խոթել այնպիսի գործի մեջ, որն իրեն չի վերաբերում։
― Ոչ ոք։
― Լավ, ես դրանց ցույց կտամ, թե ինչ է նշանակում տղային սովորեցնել սեփական հոր դեմ ընդվզել և մեծամտանալ։ Դեհ, թող մեկ էլ քեզ տեսնեմ այդ դպրոցի շուրջը խեղկատակություն անելիս։ Քո մայրը մինչև կյանքի վերջը ոչ կարդալ գիտեր, ոչ էլ գրել։ Քո բոլոր հարազատները գրել֊կարդալ չեն իմացել և այդպես էլ մեռել են։ Ես էլ չգիտեմ, իսկ դու ահա պճնամո՜լ ես դարձել։ Ես այդ բանը տանել չեմ կարող, լսո՞ւմ ես։ Դե՛, կարդա՛ լսեմ։
Ես վերցրի ինչ֊որ գեներալ Վաշինգտոնի և պատերազմների մասին գրված մի գիրք ու սկսեցի կարդալ։ Կես րոպե էլ չէի կարդացել, երբ նա վրա պրծավ, խլեց գիրքն ու շպրտեց սենյակի մյուս ծայրը, ասելով․
― Ճիշտ է, կարող ես կարդալ։ Ես կասկածում էի, երբ դու այդ մասին ասացիր։ Այժմ ինձ նայիր, վե՛րջ տուր այդ ցուցամոլությանդ․ տանել չեմ կարող։ Ես կհետևեմ քեզ, իմ պճնամոլ տղա, և եթե քեզ բռնեմ այդ դպրոցի դռանը, կաշիդ կքերթեմ։ Ջարդ կտամ, խելքդ գլուխդ կգա։ Լա՜վ որդի ես, խոսք չունեմ։
Հայրս վերցրեց կապույտ֊դեղնավուն մի նկար, որտեղ կային մի քանի կով և մի տղա․
― Սա ի՞նչ է։
― Դա ինձ տվել են դասերս լավ սովորելու համար։
Նա պատռեց նկարը և ասաց․
― Ես քեզ ավելի լավ բան կտամ․ մի լավ մտրակ։
Նա այդպես մի րոպե նստեց, քրթմնջալով ու մռմռալով, ապա ասաց․
― Ա՛յ թե ինչ․ փափկասուն դենդի ես դառել, չէ՞․ մահճակալ, սավան, հայելի, հատակին կապերտը փռած․․․ Իսկ քո հայրը ստիպված է քնել խոզերի հետ՝ կաշեգործարանի բակում։ Ես քեզ նման որդի չեմ տեսել։ Ես այդ պճնամոլությանդ վերջ կտամ նախքան քեզ հետ հաշիվս փակելը։ Քո այդ խրոխտանալուն վերջ չկա․ ասում են, որ հարուստ ես, հա՞։ Ինչպե՞ս պատահեց։
― Բոլորը ստում են, ա՛յ թե ինչպես։
― Այս կողմը նայիր։ Այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ։ Ես ինչքան համբերել եմ, բավական է, էլ չեմ դիմանում, այնպես որ ինձ լեզու մի՛ դարձնի։ Երկու օր է քաղաքում եմ և ոչինչ չեմ լսել, բացի քո հարստանալուց։ Այդ մասին լսեցի նաև գետով իջնելիս։ Ահա թե ինչու եմ եկել։ Վաղն այդ փողերը կբերես․ ինձ պետք են։
― Ես փող չունեմ։
― Սուտ ես ասում։ Դատավոր Թեչըրի մոտ է։ Բե՛ր։ Պետք է։
― Փող չունեմ, ասում եմ։ Հարցրեք դատավոր Թեչըրին։ Նույնը կասի և նա։
― Լավ, կհարցնեմ։ Ես նրան կստիպեմ ճիշտն ասել։ Այժմ ասա, գրպանումդ ինչքա՞ն կա։ Տուր ինձ։
― Ընդամենը մեկ դոլար, և ինձ պետք է։
― Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար, թե քեզ պետք է։ Հանիր, ուրիշ ոչինչ։
Նա վերցրեց դոլարը և կծեց, որպեսզի ստուգի, իսկակա՞ն է, թե ոչ։ Ապա ասաց, թե գնում է քաղաք մի քիչ վիսկի գնելու․ ամբողջ օրը չի խմել։ Երբ բարձրացավ փայտանոցի տանիքը, նորից գլուխը ներս մտցրեց ու սկսեց նախատել ինձ պճնամոլության համար, նախատեց, որ ես փորձում եմ իրենից լավ լինել։ Երբ կարծում էի, թե նա արդեն գնացել է, հանկարծ վերադարձավ ու ասաց, որ դպրոցի մասին իր ասածները չմոռանամ, և եթե չթողնեմ դպրոցը, ինձ կհետապնդի, կբռնի ու կջարդի։
Հաջորդ օրը նա գնացել էր դատավոր Թեչըրի մոտ ու հոխորտալով փորձել էր ստիպել, որ սա իրեն զիջի դրամը, բայց Թեչըրը այդ անել չէր կարող։ Հայրս սպառնացել էր, թե օրենքով կստիպի նրան դրամը հանձնել իրեն։
Դատավոր Թեչըրը և այրին գնացին դատարան խնդրելու, որ ինձ հորիցս բաժանեն և իրենցից մեկնումեկին թույլ տան դառնալ իմ խնամակալը։ Բայց դատավորը նոր մարդ էր և չէր ճանաչում ծերուկին։ Ասել էր, թե դատարանը առանց հատուկ անհրաժեշտության չի կարող ընտանեկան գործերի միջամտել և ծնողներին բաժանել երեխաներից․ և հետո չի ուզենա երեխային հորից բաժանել։ Թեչըրն ու այրին ստիպված՝ ձեռ քաշեցին այդ մտադրությունից։
Ծերուկին այնքան էր դուր եկել այդ պատասխանը, որ չէր կարողանում հանգստանալ։ Նա ասաց, թե այնքան կմտրակի ինձ, որ ամբողջ մարմինս սևանա ու կապտի, եթե ես իր համար փող չճարեմ։ Ես դատավոր Թեչըրից երեք դոլար փոխ առա, և ծերուկը վերցրեց այն, հարբեց և երերալով սկսեց չափչփել քաղաքի փողոցները, թիթեղյա մի փոքրիկ տապակ ծեծելով գոռալ, հայհոյել մինչև կեսգիշեր, այնքան, մինչև նրան բանտարկեցին։ Հաջորդ օրը հորս կանգնեցրին դատարանի առաջ ու նորից բանտարկեցին մեկ շաբաթով։ Բայց նա ասաց, թե ինքը շատ գոհ է, որ իր որդու խնամակալն է և ցույց կտա, թե ինչն ինչոց է։
Դրանից հետո, երբ նա դուրս եկավ բանտից, նոր դատավորն ասաց, թե ինքն ուզում է նրան մարդ դարձնել։ Ծերուկին տարավ իր տունը և մաքուր, գեղեցիկ շորեր հագցրեց։ Հայրս նախաճաշը, ճաշը և ընթրիքը ուտում էր ընտանիքի հետ նույն սեղանից, կարծես ընտանիքի հարազատներից մեկը լիներ։ Ընթրիքից հետո նա ծերուկի հետ խոսում էր չափավոր խմելու և նման բաների մասին, մինչև հայրս լաց եղավ և խոստովանեց, որ ինքը հիմար է եղել ու իր կյանքը հիմարաբար է անցկացրել, բայց այժմ ուզում է բացել կյանքի մի նոր էջ, այնպիսի մարդ դառնալ, որ ոչ ոք չամաչի իրեն ծանոթ լինելուց, և հույս ունի, թե դատավորը կօգնի իրեն ու վերևից չի նայի։ Դատավորն ասաց, որ ինքը պատրաստ է նրան իր կրծքին սեղմել այդ խոսքերի համար։ Դատավորը նույնպես արտասվեց, ինչպես և նրա կինը։ Հայրս ասաց, որ մինչև հիմա ոչ ոք չի հասկացել, թե ինքն ինչ մարդ է։ Դատավորը պատասխանեց, թե ինքը հավատում է նրա ասածներին։ Ծերուկը ասաց, որ ընկած մարդը կարիք ունի կարեկցության, և դատավորը կրկնեց, որ այդ միանգամայն ճիշտ է։ Նրանք նորից լաց եղան։ Երբ քնելու ժամանակը եկավ, ծերուկը վեր կացավ, պարզեց ձեռքն ու ասաց․
― Նայեցեք սրան, ջենտլմեններ և լեդիներ։ Բռնեցեք այս ձեռքը և սեղմեցեք։ Ահա մի ձեռք, որ խոզի թաթ էր, բայց այլևս այն չի լինի, ինչ եղել է․ դա ձեռքն է մի մարդու, որը նոր կյանք է սկսել, և այդ մարդն ավելի շուտ կմեռնի, քան թե կվերադառնա հնին։ Լավ լսեք ասածներս, չմոռանաք, որ այդ բառերը ես եմ ասել։ Այժմ սա մաքուր ձեռք է․ սեղմեցե՛ք, մի՛ վախեցեք։
Բոլորը հերթով սեղմեցին նրա ձեռքը և լաց եղան։ Դատավորի կինը նույնիսկ համբուրեց հորս ձեռքը։ Ապա ծերունին ուխտ արեց չխմել և ստորագրեց, թղթին սեղմելով բութ մատը։ Դատավորն ասաց, թե դա իր կյանքի ամենասրբազան պահն է կամ նման մի բան։ Այնուհետև նրանք ծերունուն տարան մի գեղեցիկ սենյակ, որ առանձնաացված էր հյուրերի համար։
Գիշերը հայրս խմելու սարսափելի ցանկություն զգաց։ Նա դուրս սողաց, բարձրացավ գավթի տանիքը, արտաքին սանդուղքով ցած սահեց և իր նոր բաճկոնը փոխանակեց մի շիշ քառասուն տոկոսանոց խմիչքի հետ, նորից ետ մագլցեց ու կրկնեց իր նախորդ քեֆը։ Լուսադեմին նորից հարբած՝ գավթի տանիքից խեցգետնի պես սողալով իջավ և վայր ընկնելով, ձախ թևը երկու տեղից ջարդեց։ Նա մեռնելու աստիճան սառել էր, երբ ինչ֊որ մեկը, արևածագին, գտավ նրան փողոցում։ Երբ առավոտյան եկան հյուրասենյակ, բանը բանից անցել էր․ հատակին ծով էր գոյացել։
Դատավորը անչափ վշտացած էր։ Նա ասաց, որ այդ ծերունուն կարելի է ուղղել գուցե միայն հրացանով․ այլ ճանապարհ չէր տեսնում։
==Գլուխ վեցերորդ==
Շատ չանցած, ծերուկը ոտքի կանգնեց և սկսեց նորից դեսուդեն ընկնել։ Դիմեց դատարան, պահանջելով, որ դատավոր Թըչերը զիջի դրամը։ Այնուհետև սկսեց հետապնդել և ինձ՝ դպրոցից չհրաժարվելու համար։ Մեկ֊երկու անգամ բռնեց ինձ ու մի կավ ծեծեց, բայց, միևնույն է, ես շարունակեցի դպրոց հաճախել։ Մեծ մասամբ խույս էի տալիս կամ այնպես փախչում, որ չէր կարողանում բռնել։ Առաջ այնքան էլ չէի ուզում դպրոց գնալ, բայց այժմ մտածում էի, որ, ի հեճուկս նրա, պետք է գնամ։ Դատը շարունակ հետաձգվում էր․ կարծես չէին էլ ուզում սկսել, և ես երբեմն ստիպված էի լինում երկու֊երեք դոլար վերցնել Թեչըրից, տալ հորս, որ ազատվեի մտրակի հարվածներից։ Ամեն անգամ, ստանալով դրամը, նա հարբում էր, ամեն հարբելիս քաղաքի փողոցներում ահավոր աղմուկ բարձրացնում և ամեն անգամ աղմուկ բարձրացնելու համար բանտ ընկնում։ Այդ կյանքը միանգամայն համապատասխանում էր հորս էությանը․ նա դրանից դժգոհ չէր։
Նա շատ էր պտտվում այրու տան շուրջը, մինչև այրին ի վերջո սպառնաց, որ եթե վերջ չտա տունը հոտոտելուն, ինքը ստիպված կլինի խելքի բերել նրան։ Մի՞թե հայրս չէր խելագարվել։ Նա ասաց, որ ինքը ցույց կտա, թե ով է Հեք Ֆիննի խնամակալը։ Գարնան մի օր ճանապարհս պահելով՝ բռնեց ինձ, մակույկով մոտ երեք մղոն տարավ գետի հոսանքն ի վեր և դուրս եկավ Իլինոյսի առափնյա անտառոտ մի վայր։ Այստեղ ոչ մի տուն չկար, եթե նկատի չունենանք փայտաշեն մի խրճիթ, որի շուրջն անտառը չափազանց խիտ էր և տեղին անծանոթ մարդը հազիվ թե կարողանար գտնել այն։
Հայրս ինձ ոչ մի րոպե մենակ չէր թողնում, և ես հնարավորություն չունեի փախչելու։ Մենք ապրում էինք այդ հին խրճիթում։ Գիշերը քնելուց առաջ հայրս փակում էր դուռը և բանալին դնում գլխի տակ։ Նա մի հրացան ուներ, որը, իմ կարծիքով, գողացել էր։ Զբաղվում էինք ձուկ բռնելով ու որսորդությամբ․ դրանով էլ ապրում էինք։ Հաճախ նա փակում էր ինձ սենյակում ու գնում խանութ կամ գետանավ, ձուկն ու որսը փոխանակում վիսկիով, բերում տուն, հարբում, լավ ժամանակ անցկացնում ու ինձ ծեծում։ Շուտով այրին իմացավ իմ տեղը և մարդ ուղարկեց ինձ տանելու, բայց հայրս նրան հրացանով ետ դարձրեց։ Կարճ ժամանակից հետո ես ընտելացա այդ նոր վայրին, որն ինձ դուր էր գալիս․ ամեն ինչ լավ էր, բացի մտրակից։
Ապրում էի մի տեսակ ծույլ, անհոգ կյանքով, ամբողջ օրը հանգիստ փռված․ ուզում ես ծխիր, ուզում ես ձուկ բռնիր, ո՛չ գիրք, ո՛չ դաս։ Այդպես անցավ ավելի քան երկու ամիս։ Շորերս ամբողջովին պատառոտվեցին ու կեղտոտվեցին, և ես չէի հասկանում, թե ինչպես կարող եմ երբևէ սիրել այրու մոտ անցկացրած իմ կյանքը, որտեղ ստիպված էի լվացվել, ճաշ ուտել ամանով, սանրվել և պառկել քնելու, առավոտյան, իբրև կանոն, վեր կենալ նույն ժամին, շարունակ ձեռքը առնել ձանձրալի մի գիրք, տեսնել, թե ինչպես է պառավ միսս Ուոթսոնն անընդհատ կտցահարում քեզ։ Այլևս չէի ուզում վերադառնալ նախկին տեղս։ Եվ վերջ էի տվել հայհոյելուն, որովհետև այրին չէր հանդուրժում։ Իսկ այժմ նորից սկսեցի հայհոյել․ հայրս դրան դեմ չէր։ Այստեղ, անտառում, առհասարակ լավ կյանք էինք քաշում։
Հայրս շուտով սկսեց չափից ավելի դիմել գավազանին, և ես չէի կարողանում դրան դիմանալ։ Ամբողջ մարմնիս վրա երևում էին հարվածների հետքեր։ Նա հաճախ էր դուրս գնում և ինձ փակում ներսում։ Մի անգամ դուռը կողպեց ինձ վրա և երեք օր չվերադարձավ։ Սարսափելի մենակություն էի զգում։ Կարծում էի, թե խեղդվել է, և ես այլևս դուրս չեմ գա այդ տնակից։ Ահաբեկված սպասում էի։ Մտքումս որոշեցի հեռանալու միջոց գտնել։ Շատ անգամ էի փորձել հեռանալ, բայց ելք չէի գտնում։ Պատուհանն այնպիսին էր, որ շունն էլ չէր կարողանա դուրս գալ։ Ծխնելույզով բարձրանալն էլ հնարավոր չէր․ շատ նեղ էր։ Դուռը հաստ էր, կաղնու ամուր փայտից պատրաստած։ Հայրս շատ զգույշ էր․ դուրս գնալիս ոչ մի դանակ կամ նման բան չէր թողնում խրճիթում։ Երևի մի հարյուր անգամ խուզարկած կլինեի խրճիթը։ Գրեթե ամբողջ գործս այդ էր, ժամանակն անցկացնելու միակ միջոցը։ Բայց այս անգամ, վերջապես, մի բան գտա։ Գտա ժանգոտած, առանց բռնակի մի սղոց, որը խրված էր տանիքի գերանի ու տախտակների արանքը։ Յուղեցի սղոցը և գործի անցա։ Խրճիթի հեռավոր ծայրին, սեղանից փոքր֊ինչ այն կողմ, պատին մեխել էին ձիու մի հին ծածկոց, որպեսզի քամին ճեղքերից չփչեր և չհանգցներ մոմերը։ Մտա սեղանի տակ, բարձրացրի ծածկոցն ու սկսեցի սղոցել ներքևի մեծ կոճղի մի մասը, այնպես, որ հնարավոր լիներ դուս սողոսկել։ Դա բավական երկար աշխատանք էր պահանջում, բայց ես արդեն վերջացնելու վրա էի, երբ անտառից լսեցի հորս հրացանի կրակոցը։ Քողարկեցի աշխատանքիս հետքերը, ցած իջեցրի ծածկոցը և թաքցրի սղոցը։ Շուտով ներս մտավ հայրս։
Հորս տրամադրությունը սովորականի նման լավ չէր։ Ասաց, որ եղել է քաղաքում, և հայտնի չէ, թե գործն ինչով կվերջանա։ Փաստաբանը ասել էր, թե իր կարծիքով հայրս պետք է շահեր դատը և տիրանար փողին, եթե երբևէ դատավարություն սկսեր, բայց պատճառներ կային, որոնք երկար ժամանակ կարող էին հետաձգել դատը, իսկ դատավոր Թեչըրը գիտեր, թե ինչպես պետք է դասավորել այդ գործը։ Ասաց նաև, որ լուրեր են պտտվում, թե մի նոր դատ է լսվելու, որպեսզի հորիցս ինձ բաժանեն և հանձնեն այրուն որպես խնամակալի, և կարծում են, թե այս անգամ իրենք կշահեն դատը։ Այդ լուրն ինձ բավականին ցնցեց, որովհետև ես չէի ուզում վերադառնալ այրու մոտ և կաղապարի մեջ մտնել ու քաղաքակրթվել, ինչպես նրանք իրենց դաստիարակությունն էին անվանում։ Ծերուկն այնուհետև սկսեց հայհոյել։ Հայհոյում էր ամեն ինչ և ամենքին, ով միտքն էր գալիս։ Քիչ հետո նորից սկսեց բոլորին հայհոյել, որպեսզի վստահ լիներ, թե ոչ ոքի չի մոռացել։ Դրանից հետո ամեն ինչ հարդարեց ընդհանուր մի հայհոյանքով, որը վերաբերում էր և այնպիսի մարդկանց, որոնց անունները չգիտեր․ ստիպված՝ այսինչ, այնինչ ասելով էր բավարարվում։ Ապա հայհոյելով շարունակեց ետ ու առաջ քայլել։
Նա ասաց, որ դեռ կտեսնի, թե այրին ինձ ինչպես կխլի։ Ասաց, որ ինքը կհետևի, իսկ եթե նրանք փորձեն իր գլխին այդպիսի խաղ խաղալ, ապա ինքը մի տեղ գիտե վեց֊յոթ մղոն հեռու, ու և ինձ կթաքցնի։ Ինչքան էլ որոնեն, չեն գտնի։ Այդ բանը նորից անհանգստացրեց ինձ։ Մտածեցի, որ չպետք է այնքան սպասել, մինչև նա այդ միջոցին դիմի։
Ծերուկն ինձ ստիպեց մակույկով փոխադրել իր բերած մթերքներն ու իրերը։ Այնտեղ կար հիսուն ֆունտանոց պարկով եգիպտացորենի այլուր, մի մեծ կտոր ապխտած միս, վառոդ, մանրագնդակ, չորս գալլոնանոց մի շիշ վիսկի, մի հին գիրք և երկու լրագիր՝ հրացանը խցելու համար, ինչպես և մակույկը քաշելու պարան։ Ես այդ բեռը փոխադրեցի ափ, վերադարձա մակույկ ու նստեցի ետնամասին՝ հանգստանալու։ Ծանրութեթև արի բոլոր հարցերը և որոշեցի, որ հեռանալիս հետս կվերցնեմ հրացանը, ձկնորսական կարթեր ու կփախչեմ անտառներով։ Ենթադրում էի, թե նույն տեղում չեմ մնա, այլ կթափառեմ ամբողջ երկրով մեկ, մեծ մասամբ գիշերները։ Գոյությունս պահպանելու համար կզբաղվեմ որսորդությամբ և այնքան կհեռանամ, որ ինձ այլևս չեն կարողանա գտնել ո՛չ ծերուկը, ո՛չ էլ այրին։ Որոշեցի սղոցել կոճղը և հեռանալ հենց այդ գիշեր, եթե հայրս լավ հարբած լինի, իսկ նա անպայման կհարբի։ Եվ այնպես էի տարվել այդ մտքերով, որ չէի զգացել, թե որքան ժամանակ եմ նստած եղել այնտեղ, մինչև ծերուկը կանչեց ինձ, հարցնելով՝ քնե՞լ եմ, թե խեղդվել։
Ես ամեն ինչ փոխադրեցի խրճիթ։ Երբ վերջացրի, գրեթե մութ էր։ Մինչ ընթրիքն էի պատրաստում, ծերուկը մեկ֊երկու անգամ շշից խմեց, տաքացավ և նորից սկսեց կատաղել։ Քաղաքում հարբել էր, ամբողջ գիշերն ընկած էր եղել առվի մեջ, և հետաքրքիր էր նրան նայել։ Տեսնողը կկարծեր, թե Ադամն է, ցեխի մեջ կորած։ Հենց որ խմիչքը ներգործում էր, նա սկսում էր հայհոյել կառավարությանը։ Այս անգամ էլ․
― Եվ սա կառավարությո՞ւն է։ Նայեցեք և տեսեք, թե ինչի՜ է նման։ Ահա քեզ օրենք․ պատրաստ սպասում է, որ մարդուց խլի սեփական որդուն, սեփական որդուն, որին մեծացնելու համար ինչպիսի՜ նեղություններ ու հոգսեր են քաշում, ինչպիսի՜ ծախսեր են անում։ Այո, և հենց որ մարդ վերջապես որդուն մեծացնում է, ուզում է գործի տալ, որ հոր նման մի բան անի, մխիթարի նրան, օրենքը դեմ է կանգնում։ Եվ մարդիկ դա անվանում են կառավարություն։ Դա բոլորովին էլ կառավարություն չէ։ Օրենքը կանգնած է այդ ծերուկ դատավոր Թեչըրի մեջքին և օգնում է նրան, որպեսզի ինձ զրկի իմ սեփականությունից։ Ահա թե ինչ է ասում օրենքը։ Օրենքը վերցնում է վեց հազար դոլարից ավելի կարողության տեր մարդու ու խցկում մի հին ծուղակի մեջ, ինչպիսին այս խրճիթն է, և ստիպում դուրս գալ մարդամեջ այնպիսի շորով, որը չի սազի նույնիսկ խոզին։ Եվ դա անվանում են կառավարություն։ Նման կառավարության օրոք ոչ ոք չի կարող իր իրավունքների տերը լինել։ Երբեմն սքանչելի մի միտք թելադրում է ինձ ընդմիշտ հեռանալ այս երկրից։ Այո, այդպես էլ ասացի նրանց․ ծերուկ Թեչըրի երեսին ասացի։ Ասում եմ, հանուն երկու ցենտի կթողնեի այս անիծված երկիրը և այլևս ետ չէի գա։ Ահա իմ խոսքերը։ Ասում եմ․ «Նայեցեք իմ գլխարկին, եթե դուք սա գլխարկ կհամարեք։ Գագաթը վեր է բարձրացել, մնացած մասը իջել է ներքև մինչև ծնոտս և վերջին հաշվով դա իսկի էլ գլխարկ չէ․ ոնց որ գլուխս վառարանի խողովակի մեջ մտցրած լինեմ։ Նայեցեք, ասում եմ, թե ինչ գլխարկ եմ դնում այն ժամանակ, երբ այս քաղաքի ամենահարուստ մարդկանցից եմ, եթե իրավունքներիս տերը լինեմ»։ Այո, զարմանալի կառավարություն է, զարմանալի։ Հապա այս կողմը նայիր։ Այնտեղ կար Օհայոյից եկած մի ազատ նեգր, մի խառնածին, գրեթե նույնքան սպիտակ, որքան սպիտակամորթը։ Նա հագել էր այնպիսի մի սպիտակ վերնաշապիկ, որի նմանը հազիվ թե տեսած լինես, գլխարկը՝ չափազանց շողշողուն։ Քաղաքում չկա մեկը, որ այդքան գեղեցիկ հագնված լինի։ Ժամացույցը՝ ոսկի, շղթան՝ ոսկի, գավազանի գլուխը արծաթապատ, մի խոսքով՝ նահանգի ալեխառն մազերով ամենասարսափելի ծեր նաբոբը։<ref>Հնդկացի իշխան։</ref> Եվ ի՞նչ ես կարծում։ Ասում էին, թե նա ինչ֊որ քոլեջում պրոֆեսոր է, կարող է խոսել ամեն լեզվով, գիտե ամեն ինչ։ Եվ դա դեռ բոլորը չէ։ Ասում էին, որ նա կարող է քվեարկել, եթե հայրենիքում է։ Էհ, դա արդեն ինձ համբերությունից հանեց։ Ես մտածում եմ, թե ո՞ւր է գնում մեր երկիրը։ Ընտրության օր էր, և ես կգնայի քվեարկության, եթե շատ հարբած չլինեի ու կարողանայի տեղ հասնել, բայց երբ ինձ ասացին, թե այս երկրում կա մի նահանգ, որտեղ նեգրին թույլ են տալիս քվեարկել, ես ետ քաշվեցի։
Ես ասացի, որ այլևս չեմ քվեարկի։ Ահա իմ խոսքերը։ Բոլորն ինձ լսեցին։ Եթե ամբողջ երկիրն էլ քանդվի, ես մինչև կյանքիս վերջը այլևս չեմ քվեարկի։ Մի տեսնեի՜ր, այդ նեգրի սառը վերաբերմունքը։ Նա ինձ ճանապարհ էլ չէր տա, եթե ես նրան մի կողմ չհրեի։ Մարդկանց ասում եմ․ ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ այս նեգրին աճուրդի չեն հանում ու վաճառում։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ պատասխանեցին։ Ասացին, թե նրան չի կարելի վաճառել, քանի դեռ նա այս նահանգում վեց ամիս չի ապրել, իսկ վեցը ամիսը չի լրացել։ Ահա քեզ օրինակ։ Եվ սա կոչվում է կառավարություն, որը չի կարող մի ազատ նեգրի վաճառել, եթե նա վեց ամիս չի ապրել նահանգում։ Ահա քեզ մի կառավարություն, որն իրեն կառավարություն է անվանում և իրեն ներկայացնում է որպես կառավարություն և կարծում է, թե կառավարություն է, միաժամանակ ստիպված է կոճղի նման ամբողջ վեց ամիս հանգիստ սպասել մինչև կկարողանա ձեռք տալ թափառաշրջիկ մի ավազակի, դիվային, սպիտակ վերնաշապիկով ազատ մի նեգրի և․․․
Հայրս այնքան շատախոսեց, որ բոլորովին չզգաց, թե իրեն ուր են տանում փայտացած ոտքերը։ Դեմ առնելով խոզի աղած մսի տակառիկին, գլխիվայր ընկավ վրան, և երկու սրունքներն էլ քերծվեցին։ Նրա վերջին խոսքերը ամենաբորբոքված մարդու բառերի մի տեղատարափ էր, ուղղված աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի, հատկապես նեգրին ու կառավարությանը, թեև տակառիկին էլ որոշ բաժին հասավ։ Նա բավական ոստոստեց խրճիթում, նախ մեկ սրունքի վրա, ապա մյուս և հանկարծ ձախ ոտքը բարձրացրեց, ուժեղ հարվածեց տակառիկին։ Բայց անտեղի, քանի որ այդ ոտքի կոշիկի ծայրից դուրս էին ցցվել նրա երկու մատները։ Նա ցավից այնպես գոռաց, որ լսողի մազերը բիզ֊բիզ կկանգնեին։ Այնուհետև ոտքի մատները բռնած՝ ընկավ հատակին ու սկսեց թավալվել փոշու մեջ, իսկ հայհոյանքները գերազանցեցին նախորդ բոլոր հայհոյանքներին։ Վերջում դա ինքն էլ էր դա ասում։ Նա Սոուբերի Հեգանի հայհոյանքերը լսել էր իր լավ օրերին և պնդում էր, թե ինքը նրան էլ է գերազանցել, բայց, իմ կարծիքով, դա գուցե, չափազանցություն էր։
Ընթրիքից հետո հայրս վերցրեց շիշը և ասաց, թե ինքը այնքան վիսկի ունի, որ կարող է երկու անգամ խմել ու զառանցելու չափ հարբել։ Նրա ասածը միշտ այդ էր։ Ինձ թվում էր, թե նա մոտավորապես մեկ ժամ հետո այնպես կհարբի, որ աչքերը կփակվեն, և ես այն ժամանակ կգողանամ բանալին կամ սղոցելով անցք կբացեմ ու դուրս կգամ։ Կամ մեկը կանեմ, կամ մյուսը։
Նա խմեց, խմեց և շուտով գլորվեց իր բարակ վերմակի վրա։ Սակայն բախտս չէր բերում․ նա խորը չքնեց, անհանգիստ էր։ Երկար ժամանակ նա հեծում ու տնքում էր։ Վերջապես այնպես քունս տարավ, որ չէի կարող աչքերս բաց պահել։ Դեռ չէի վճռել անելիքս, երբ խորը քնեցի, մոմն էլ թողեցի վառած։
Չգիտեմ որքան էի քնել, երբ հանկարծ սարսափելի մի ճչոց լսեցի ու վեր թռա։ Հայրս վայրագ կերպարանքով դես ու դեն էր թռչկոտում, գոռգոռում օձերի մասին։ Ասում էր, թե օձերը սողում են սրունքներն ի վեր, ապա ցատկոտում էր ու ճչում, թե մեկը կծել է իր այտը։ Բայց ես ոչ մի օձ չէի տեսնում։ Նա վեր թռավ և այս ու այն կողմ վազվզեց, բղավելով․ «Հեռացրե՛ք դրան, հեռացրե՛ք դրան, կծո՜ւմ է վիզս»։ Ես դեռ չէի տեսել այդքան վայրագ աչքեր։ Շուտով նա ուժասպառ հևալով ընկավ հատակին։ Այստեղ էլ սկսեց արագ թավալվել, ոտքի հարվածներով իրերը գցել դեսուդեն և բռունցքներով հարվածել օդը, ճչալով, թե իրեն սատանա է հեծնել։ Շուտով նա սպառեց իր վերջին ուժերը և մի պահ հանդարտվեց՝ տնքալով։ Հետո բոլորովին խաղաղվեց, ոչ մի ձայն չէր հանում։ Ես լսում էի բվերի կռինչն ու գայլերի ոռնոցը, որ գալիս էր հեռավոր անտառից և ավելի սոսկալի դարձնում գիշերը։
Հայրս ընկած էր անկյունում։ Շուտով փոքր֊ինչ բարձրացավ արմունկի վրա, գլուխը մի կողմ թեքած՝ լարեց լսողությունը և հազիվ լսելի ձայնով ասաց․
― Թը՛փ, թը՛փ, թը՛փ․․․ Մեռածի ոտնաձայն է․․․ Թը՛փ, թը՛փ, թը՛փ․․․ Իմ հետևից են գալիս, բայց չեմ գնա։ Ա՛հ, արդեն այստեղ են։ Ինձ չմոտենա՛ք, չմոտենա՛ք․ ձեռքներդ հեռո՛ւ, սառն են, գնացե՛ք։ Ինձ՝ ողորմելի թշվառիս, հանգիստ թողեք։
Նա չորեքթաթ առաջ սողաց, աղերսելով, որ իրեն հանգիստ թողնեն, փաթաթվեց վերմակի մեջ ու սկսեց թավալվել սոճեփայտից պատրաստած սեղանի տակ, շարունակելով աղերսել ու լաց լինել։ Վերմակի տակից լսվում էր նրա հեկեկանքը։
Կարճ ժամանակից հետո հայրս դուրս սողաց ու վեր ցատկեց, կանգնեց, վայրագ հայացքով նայեց շուրջը։ Ինձ նկատելով, վրա պրծավ։ Նա, դանակը ձեռքին, իմ հետևից վազում էր անկյունից անկյուն, ինձ անվանելով հոգեառ հրեշտակ և ասելով, որ կսպանի ինձ, և ես այլևս չեմ կարողանա իրեն հետապնդել։ Ես խնդրեցի նրան, ասացի, որ այդ ես եմ՝ Հեքը։ Բայց նա ճիչ հիշեցնող քրքիջ արձակեց, գոռգոռաց, հայհոյանքներ չխնայելով և շարունակեց հալածել։ Մի անգամ շուռ եկա, որ խույս տամ։ Նա բռնեց բաճկոնակիս ուսերից․ մի պահ թվաց, թե վերջս եկավ։ Բայց կայծակի արագությամբ դուրս սահեցի, բաճկոնակը թողնելով նրա ձեռքին։ Դրանով փրկեցի կյանքս։ Շուտով ծերուկը բոլորովին հոգնեց և վայր ընկավ, մեջքով հենվեց դռանը, սպառնալով, որ մի փոքր հանգստանալուց հետո կսպանի ինձ։ Դանակը դրեց տակը։ Ասաց, որ քիչ կքնի, ուժ կառնի և ապա ինձ ցույց կտա։
Շուտով նա մրափեց։ Անմիջապես վերցրի հին աթոռը, որի նստատեղը ջարդված էր, կարողացածիս չափ հանգիստ բարձրացա վրան, անաղմուկ իջեցրի հրացանը։ Մխաձողը ցած քաշեցի, որպեսզի ստուգեի, լիցքավորվա՞ծ է, թե՞ ոչ, և ապա այն դրեցի բողկի տակառի հետևը, ծայրն ուղղեցի հորս կողմը, ինքս էլ տեղավորվեցի այդտեղ, սպասելով նրա շարժվելուն։ Որքա՜ն դանդաղ ու լուռ էր անցնում ժամանակը։