Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանցիների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։
Այստեղ վերջապես հոբիթական առասպելները պատմության տեսք են ընդունում և գտնում իրենց տեղը տարեգրությունում, որտեղ դեպքերն արդեն թվագրվում են: Քանզի երրորդ դարաշրջանի հազար վեց հարյուր մեկ թվականին ճերմակիկ ցեղից երկու եղբայր՝ Մարքոն և Բլանքան, ստանալով Ֆորնոսթի թագավորի թույտվությունը, լքեցին Լեռնամոտը և անցան Բարանդուին գետը՝ տանելով իրենց հետ շատ հոբիթների: Նրանք գետն անցան մեծ քարե կամուրջով, որը կառուցվել էր հյուսիսային թագավորության հզորության գագաթնակետին և տարածվեցին գետափնյա հողերում, ընդհուպ մինչև արևմտյան բարձրավանդակի ստորոտը: Հոբիթներից շատ բան չէր պահանջվում, միայն սարքին պահել մեծ կամուրջը, մնացած մանր մունր կամուրջներն ու ուղիները, թագավորի ուղարկած սուրհանդակներին հետ ուղարկել անհրաժեշտ բոլոր պարագաներով և ընդունել նրա իշխանությունն ու թագը:
Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդումի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է առաջին հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբինթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան կախարդ-արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթ թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:
Մի ամբողջ հազարամյակ պատերամները շրջանցում էին Հոբիթստանը և, հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին փոոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց հեռավոր անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել էին. այստեղ էին գտնվել հյուսիսային թագավորության խաղողի այգիները, ֆերմաները, վարելահողերը:
Արևելքից արևմուտք, Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ, նրանց հողերը տարածվում էին հարյուրավոր լիգերով և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Այդ բոլորը կոչվեց Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով, ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին, և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բնակիչների ճակատագիրը համարել։ Սրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս֊արևմոլտքում խաղաղության վաղեմի պաշտպանների, ռազմական գործերի մասին։ Հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում և դադարել էին դրա մասին մտածելուց։
Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հ յուսիսային հյուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։
Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որ կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, որ ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Բոլոր հողերը չէ, որ հարմար էին փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։