Այստեղ վերջապես հոբիթական առասպելները պատմության տեսք են ընդունում և գտնում իրենց տեղը տարեգրությունում, որտեղ դեպքերն արդեն թվագրվում են: Քանզի երրորդ դարաշրջանի հազար վեց հարյուր մեկ թվականին ճերմակիկ ցեղից երկու եղբայր՝ Մարքոն և Բլանքան, ստանալով Ֆորնոսթի թագավորի թույտվությունը, լքեցին Լեռնամոտը և անցան Բարանդուին գետը՝ տանելով իրենց հետ շատ հոբիթների: Նրանք գետն անցան մեծ քարե կամուրջով, որը կառուցվել էր հյուսիսային թագավորության հզորության գագաթնակետին և տարածվեցին գետափնյա հողերում, ընդհուպ մինչև արևմտյան բարձրավանդակի ստորոտը: Հոբիթներից շատ բան չէր պահանջվում, միայն սարքին պահել մեծ կամուրջը, մնացած մանր մունր կամուրջներն ու ուղիները, թագավորի ուղարկած սուրհանդակներին հետ ուղարկել անհրաժեշտ բոլոր պարագաներով և ընդունել նրա իշխանությունն ու թագը:
Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդումի Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է առաջին հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբինթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան կախարդ-արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթ թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:
Մի ամբողջ հազարամյակ պատերամները շրջանցում էին Հոբիթստանը և, հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին փոոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց հեռավոր անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել էին. այստեղ էին գտնվել հյուսիսային թագավորության խաղողի այգիները, ֆերմաները, վարելահողերը: