Ասում են, առաջինը ֆերմաներ և ամբարներ սկսել են կառուցել Բրենդիդուիմի մոտակայքի ճահճահողերում: Այնտեղի հոբիթները բավականին խոշորամարմին էին ու մեծ ոտքեր ունեին և խոնավ, թաց օրերին թզուկների մաշիկներ էին հագնում: Դե, ինչպես արդեն հասկացաք, նրանց երակներում ստրուսների արյուն էր հոսում, որի մասին վկայում էին կզակներին աճած խիտ մազափնջերը: Բրդոտների և ճերմակիկների դեմքերը բացարձակապես մազազուրկ էին: Եվ իսկապես, Ճահճահողերում ու Նապաստակի բլուրներում ապրող հոբիթները Հոբիթստան էին եկել ամենավերջինները: Նրանց լեզվի մեջ, իմիջայլոց, բազմաթիվ տարօրիակ անուններ ու խճճված բառեր էին պահպանվել, որոնք Հոբիթստանում ուրիշ ոչ մի տեղ չէին գործածվում:
Շատ հնարավոր է, որ հոբիթները կառուցել սովորել են դունադաններից, թեև չի բացառվում, որ կարող էին սովորած լինել անմիջապես էլֆերից՝ մարդկանց ուսուցիչներից: Չէ որ այդ ժամանակներում առաջնածինները դեռ չէին լքել Միջերկիրը և ապրում էին արևմուտքում՝ Արծաթափայլ նավահանգստի մոտակայքում և ոչ միայն այնտեղ, այլ նաև Հոբիթստանին շատ մոտ վայրերում: Այդ մասին վկայում էին երեք էլֆական աշտարակները, որ գտնվում էին Ամրոցալեռներում՝ արևմտյան սահմանամերձ ճահճուտների այն կողմ: Պարզ, լուսնկա գիշերներին դրանք կարելի էր տեսնել հեռվից: Դրանցից ամենաբարձրը և ամենահեռուն միայնակ վեր էր խոյանում կանաչ սարի գլխին: Հոբիթստանի արևմտյան նահանգի բնակիչները պատմում էին, որ այդ աշտարակի գլխից ծովը երևում է, բայց, որքանով որ հայտնի է, դրա գագաթին երբեք ոչ մի հոբիթ չի եղել: Առհասարակ հազվագյուտ հոբիթներ էին ծովում լողացել կամ ընդհանրապես այն տեսել, իսկ նրանց, ովքեր վերադարձել էին ու պատմել տեսածի մասին, կարելի էր մատների վրա հաշվել: Ծովը՝ ծով, բայց հոբիթները նույնիսկ գետերին ու նավակներին են կասկածանքով նայում: Լողալ նրանցից շատ քչերը գիտեն: Հոբիթները գնալով ավելի հազվադեպ էին շփվում էլֆերի հետ և կամաց-կամաց սկսեցին նրանցից վախենալ ու խեթ էին նայում բոլոր նրանց, ովքեր շփվում էին առաջնածինների հետ: Սկսեցին խուսափել ծով բառից, և այն հետզհետե վերածվեց մահվան խորհրդանիշի, այնպես որ նրանք աշխատում էին արևմտյան բլուրների կողմը չնայել: Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով: Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ տներ էին կառուցում:
=== 2. Ծխելու խոտի մասին ===