Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է փոխվել, բայց կասկած չկա, որ հոբիթներն առաջվա պես ապրում են նույն տեղում, որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթյան պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։ Նրանց ամենահին ավանդույթները պատկանում են, հավանաբար, այն ժամանակներին, երբ հոբիթներն ապրում էին Անդուինի վերին հոսանքների հովիտներում՝ Մառախլապատ Լեռների և մեծ, Կանաչ Անտառի միջև ինչ-որ տեղ: Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել կատարել այդ դժվարին ու վտանգավոր անցումը լեռներով դեպի Էրիադոր: Ճիշտ է, նրանց տարեգրությունում հիշատակվում է, որ այդ վայրերում չափազանց շատ մարդիկ էին հայտնվել, իսկ անտառի վրա սև ստվեր էր ընկել, և սևացել էր անտառը ու նոր անուն ստացել՝ Սև Անտառ կամ Չարքանտառ:
Նախքան լեռներով ճանապարհորդությունը սկսելը հոբիթների ռասան բաժանվում էր երեք հիմնական ցեղերի՝ ցեղախմբերի՝ Բրդոտներ, Ստրուսներ և Ճերմակիկներ: Բրդոտները մուգ մաշկ ունեին, իսկ իրենք փոքր, առանց մորուքի, և կոշիկներ, որպես կանոն, չէին հագնում: Նրանց ձեռքերը ճարպիկ էին, ոտքերը՝ դիմացկուն: Իրենց բույների համար ընտրում էին բլուրներ և լեռնոտ վայրեր: Ստրուսները ավելի լայն ուսեր ունեին և ամրակազմ էին. նրանք նախընտրում էին գետափնյա հարթավայրերն ու մարգագետինները: Ճերմակիկների մաշկը նուրբ էր, իսկ մազերը բաց գույնի. նրանք տարբերվում էին համեմատաբար բարձր հասակով և սլացիկությամբ, սիրում էին ծառերը և բնակություն էին հաստատում անտառներում:
Հնում բրդոտները, ապրելով լեռնոտ վայրերում, հաճախ էին թզուկների հետ գործ ունենում: Նրանք առաջինը տեղափոխվեցին արևմուտք, հատեցին Էրիադորը և հասան Ամպամած Բարձունքին՝ Զավերտ սարին, իսկ մյուս հոբիթները շարունակում էին ապրել Խլուտում՝ վայրի հողերում: Բրդոտները հոբիտների ռասայի ամենավառ ներկայացուցիչներն են, և քանակով ել նրանք զգալիորեն գերազանցում են մյուս ցեղերին: Նրանք բոլորից երկար պահպանեցին իրենց ավանդույթները և բնակվում էին հիմնականում բույներում և թունելներում: