Շատ հնարավոր է, որ հոբիթները կառուցել սովորել են դունադաններից, թեև չի բացառվում, որ կարող էին սովորած լինել անմիջապես էլֆերից՝ մարդկանց ուսուցիչներից: Չէ որ այդ ժամանակներում առաջնածինները դեռ չէին լքել Միջերկիրը և ապրում էին արևմուտքում՝ Արծաթափայլ նավահանգստի մոտակայքում և ոչ միայն այնտեղ, այլ նաև Հոբիթստանին շատ մոտ վայրերում: Այդ մասին վկայում էին երեք էլֆական աշտարակները, որ գտնվում էին Ամրոցալեռներում՝ արևմտյան սահմանամերձ ճահճուտների այն կողմ: Պարզ, լուսնկա գիշերներին դրանք կարելի էր տեսնել հեռվից: Դրանցից ամենաբարձրը և ամենահեռուն միայնակ վեր էր խոյանում կանաչ սարի գլխին: Հոբիթստանի արևմտյան նահանգի բնակիչները պատմում էին, որ այդ աշտարակի գլխից ծովը երևում է, բայց, որքանով որ հայտնի է, դրա գագաթին երբեք ոչ մի հոբիթ չի եղել: Առհասարակ հազվագյուտ հոբիթներ էին ծովում լողացել կամ ընդհանրապես այն տեսել, իսկ նրանց, ովքեր վերադարձել էին ու պատմել տեսածի մասին, կարելի էր մատների վրա հաշվել: Ծովը՝ ծով, բայց հոբիթները նույնիսկ գետերին ու նավակներին են կասկածանքով նայում: Լողալ նրանցից շատ քչերը գիտեն: Հոբիթները գնալով ավելի հազվադեպ էին շփվում էլֆերի հետ և կամաց-կամաց սկսեցին նրանցից վախենալ ու խեթ էին նայում բոլոր նրանց, ովքեր շփվում էին առաջնածինների հետ: Սկսեցին խուսափել ծով բառից, և այն հետզհետե վերածվեց մահվան խորհրդանիշի, այնպես որ նրանք աշխատում էին արևմտյան բլուրների կողմը չնայել:
Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով: Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ տներ էին կառուցում: Առաջին վերգետնյա տները իրենց կառուցվածքով սմիալ էին հիշեցնում: Դրանք ծածկվում էին խոտով, ծղոտով կամ ուղղակի տորֆով. այդպիսի տունը տեսքից կարծես հաստափոր լիներ: Ճիշտ է, նմանատիպ տներ կառուցում էին միայն սկզբնական շրջանում. հետագայում դրանք շատ փոփոխվեցին: Դրան նպաստեցին թզուկները, որոնք հոբիթների հետ կիսվում էին իրենց գաղտնիքները, և հոբիթական բնածին հնարամտությունը: Սակայն կլոր դռներն ու պատուհանները մշտապես անփոփոխ էին և դարձան հոբիթական ճարտարապետության աչքի ընկնող առանձնահատկությունը: Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Պարկինսների պես ամուրիները բացառություն էին՝ չնայած Բենգինսները բացառություն էին նաև շատ այլ բաներում: Ինչեր արժեր միայն էլֆերի հետ նրանց բարեկաությունը): Երբեմն, ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիզայքների դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում բերել նկարագրաված դեպքերի ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքն իրենով արդեն իսկ մի ոչ մեծ գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախնտրում են, որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի պարզ ու հասկանալի:
=== 2. Ծխելու խոտի մասին ===