=== 2. Ծխելու խոտի մասին ===
Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխելու խոտ կամ ուղղակի տերև: Հավանաբար դա nicotiana բույսի տարատեսակներից մեկն է: Մեծ առեղծված է, թե երբ է առաջացել այդ տարօրինակ սովորությունը կամ ինչպես հոբիթներն են ասում՝ «արվեստը»: Այն ամենը, ինչ հաջողվել է բացահայտել, մի տեղ իրար գլուխ է համախմբել հավաքել Մերիադոք Բրենդիզայքը (հետագայում Բրենդիդուիմքի կառավարիչը), և հաշվի առնելով այն փաստը, որ նա, ինչպես նաև Հարավային Հոբիթստանի ծխելու խոտը որոշակի դեր ունեն մեր պատմության մեջ, ավելորդ չի լինի այստեղ մեջբերել նրա «Հոբիթստանի Ծխախոտիկ» աշխատության ներածությունը:
«Ծխելը,— գրում է նա,— արվեստի միակ ճյուղն է, որը մենք ազնվորեն ու հաստատակամորեն կարող ենք համարել մեր սեփական գյուտը: Հայտնի չէ, թե երբ են հոբիթները սկսել ծխել, սակայն մեր բոլոր առասպելներում ու ընտանեկան ավանդություններում այդ սովորության մասին խոսվում է ինչպես ինքստինքյան ակնհայտ մի բանի մասին, այնպես որ կարելի է վստահաբար պնդել, որ Հոբիթստանում արդեն շատ դարեր տարբեր տեսակի խոտեր են ծխում՝ մի մասը գարշահոտ, մի մասը՝ բուրավետ: Սակայն բոլորը համաձայնում են, որ առաջինը իր այգում ծխելու խոտ աճեցրել է Խորահովտցի խորահովտցի Թոբոլդ Զուռնաչը Իզնեգրիմ երկրորդի օրոք, մոտավորապես (Հ.Տ.) 1070 թվականին: Մինչև հիմա էլ մեր լավագույն խոտն այնտեղ է աճում, հատկապես այն տեսակները, որոնք այժմ հայտնի են որպես «Խորահովտի Տերև», «Ծեր Թոբի» և «Հարավային Աստղ»: Ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել այն մասին, թե որտեղից է ծերուկ Թոբին առաջին անգամ ծխելու խոտի սերմեր հայթայթել: Նույնիսկ մահվան մահճում պառկած այդ մասին նա ոչինչ չի պատմել: Իհարկե, նա ծխելու խոտի մեծ գիտակ էր, բայց բոլորն էլ գիտեին, որ ծերուկը երբեք չի ճանապարհորդել: Ճիշտ է, ասում են, թե երիտասարդության տարիներին հաճախ է այցելել Լեռնամոտ, բայց հաստատ հայտնի է, որ Լեռնամոտից այն կողմ ոչ մի տեղ չի եղել: Այսպիսով, շատ հավանական է, որ սերմերը նա հայթայթել է հենց Լեռնամոտից, որտեղ, պետք է նշել, որ մինչև հիմա էլ լեռան հարավային լանջերին ծխելու խոտ է աճում: Լեռնամոտցի հոբիթներն ամեն հարմար առիթով տաքացած վիճում են, որ առաջինը իրենք են սկսել տերև ծխել: Սակայն նրանք միայն այդ առիթով չեն վիճում և ձգտում են ամեն ինչում գերազանցել հոբիթստանցիներին, որոնց համարում են «գաղութարարներ»: »
=== 3. Հոբիթստանի կառուցվածքի մասին ===