Գալադոնում ցողի կաթիլի պես իրար հետևից անցնում էին խաղաղ, լուսավոր օրերը, և շուտով Պահապանները դրանց թիվը կորցրին: Երբեմն արևելքից մի ամպ էր գալիս, անձրև թափում, բայց դրանից հետո ամեն ինչ ավելի էր թարմանում: Օր-օրի եղանակը տաքանում էր, թափանցիկ օդը լցվում էր գարնյանային ջերմությամբ, սակայն անտառային մեղմ լռության մեջ դեռևս զգացվում էր ձմռան շունչը: Պահապանները զբոսնում էին Գալադոնի շրջակայքում, կուշտ ուտում էին և շատ քնում, բայց կյանքը նրանց ձանձրալի չէր թվում՝ ճանապարհից հոգնած լինելով, նրանք հանգստանալուց բացի ուրիշ ոչինչ չէին ուզում:
Տիրակալները հյուրերին էլ չէին կանչում, իսկ բերդում ապրող մյուս էլֆերը համընդհանուր լեզուն գրեթե չգիտեին: Հալդիրրը նրանց բարի ճանապարհ ցանկանալով, նորից մեկնեց արևմտյան սահման՝ այժմ արդեն ուժեղ ջոկատ էր կանգնած: Լեգոլասը մշտապես կորչում էր ազգակիցների մոտ, հազվադեպ էր գիշերում վրանում, միայն ճաշելու էր գալիս:
Թարմ վերքի պես ցավագին վիշտը, որ Պահապաններին թույլ չէր տալիս խոսել Գանդալֆի մասին, աստիճանաբար փոխվեց երախտալից թախծի, և այժմ նրանք հաճախ էին հիշում նրան: Երբեմն նրանց ականջին էին հասնում էլֆական քաղցրալուր երգերը, և նրանք լսում էին իրենց զոհված ընկերոջ անունը՝ գալադրիմները նույնպես ողբում էին հրաշագործին: «Ա Միթրանդիր է սերվերեն»,— թախծալի երգում էին Գալադոնի բնակիչները. նրանք, ինչպես Լեգոլասն ասաց Պահապաններին, Գանդալֆին անվանում էին Արծաթափայլ Ճամփորդ: Բայց նա հրաժարվում էր թարգմանել՝ պատճառաբանելով, որ դեռ վիշտը թարմ է և վաղ է այդ մասին երգել:
Ֆրոդոն առաջինը փորձեց իր վիշտը ներդնել բառերի մեջ: Նա հազվադեպ էր համարձակվում երգ կամ բանաստեղծություն հորինել, բայց լսելով Լորիենի էլֆերի երգերը, իր համար անսպասելի Գենդալֆի մասին մի երգ հնարեց: Բայց, երբ փորձեց երգել Սեմի համար, երգի գեղեցկությունից քիչ բան մնաց՝ չորացած տերևների մի փունջ, ուրիշ ոչինչ:
... Ֆրոդոյին ու Սամին