Մոգական Հայելին պարզվեց, և նոր տեսիլքները արագորեն սկսեցին փոխարինել մեկը մյուսին: Ֆրոդոն մտքի հանկարծակի փայլատակումով գիտակցեց, որ իր առջև տեսիլքների հերթագայությամբ բաժանված անցնում են Մեծ Պատմության փուլերը, որի մեջ իրեն ներքաշել է ճակատագիրը:
Նրան երևաց փոթորկածուփ ծովը:Նա իսկույն հասկացավ, որ դա հենց փոթորկածուփ ծով է, թեև մինչ այդ ծով չէր տեսել՝ թխակապույտ, հսկայական ծառացած ալիքներով, իսկ թանձր ամպերը ծածկել էին արևը: Բայց դրանց արճճե թաղանթը պատռելով՝ արևը լուսավորում էր դեպի արևելք լողացող պատռված առագաստներով նավի սև ուրվագիծը: Հաջորդ ակնթարթին տեսիլքը չքվեց, և հայտնվեց մեծ գետով երկու մասի բաժանված մի մարդաշատ քաղաք, հետո՝ սպիտակ քարե յոթ աշտարակներով վեհապանծ լեռնային ամրոց: Հետո փայլեց արևածագը և լուսավորեց խաղաղ ծովը: Նորից երևաց սև առագաստներով նավը, որը հանգիստ ճեղքում էր երկնագույն ջրերի ջինջ ալիքները: Առավոտյան արևը պայծառ լուսավորում էր, և դրոշի վրա հստակ երևում էր սպիտակ ծառի զինանշանը: Նավը մոտեցավ ափին և իսկույն ծածկվեց մշուշապատ մայրամուտի հրացոլքով: Ծուխ բարձրացավ ասես կռվի դաշտի վրա, արևը մայր մտավ, և բոսոր մթնշաղում արյունահեղ մարտերի կարճատև բռնկումներով երևում էին անվերջանալի ճակատամարտի պատկերներ: Ապա բոսոր մթնշաղը սև մութ դարձավ, և Ֆրոդոն արդեն ոչինչ չկարողացավ զանազանել: Իսկ հետո, երբ մութը քիչ թուլացավ, ափից պոկվեց արծաթավուն նավակն ու արագորեն անհետացավ ծովային լայնարձակության մեջ: Ֆրոդոն որոշեց, որ տեսիլքներ ավարտվեցին և պատրաստվեց իջնելու...
Բայց հանկարծ հայելի թասը բոլորովին սևացավ՝ ասես մի սև անցք դեպի անհուն դատարկություն, և, սև դատարկությունից դեպի Հայելու մակերևույթ դուրս լողաց '''Աչքը''':
[[Կատեգորիա:Հեքիաթ]]