=== V։ Ամռան օրեր ===
Բայց ահա և ապրիլի սկիզբը, ահա և մոտենում է սուրբ շաբաթը։ Կամաց-կամաց սկսվում են նաև ամառային աշխատանքները։ Օրըստօրե արևն ավելի է տաքացնում ու ավելի վառ է, օդը լի է գարնան բույրերով և բորբոքուն ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Մոտալուտ տոնական օրերը հուզում են նաև շղթայագամ մարդուն, նրա մեջ ծնում ինչ֊ինչ ցանկություններ, ձգտումներ, տրտմություն։ Թվում է, էլ ավելի սաստիկ ես տխրում ազատության համար արևի վառ շողերի ներքո, քան ձմռան կամ աշնան մթնամած օրերին, և դա նկատելի է բոլոր կալանավորների վրա։ Նրանք կարծես թե ուրախ են պայծառ օրվանից, բայց դրա հետ մեկտեղ նրանց մեջ ահագնանում է մի անհամբերություն, պոռթկունություն։ Իրոք, ես նկատեցի, որ գարնանը մի տեսակ ավելանում էին մեզ մոտ բանտային վեճուկռիվները։ Ավելի հաճախ կլսեիր աղմուկ, աղաղակ, բղավոցներ, պատմություններ կառաջանային, դր հետ մեկտեղ, գործատեղում հանկարծ կնկատեիր մեկնումեկի մտախոհ ու գամված հայացքը՝ դեպի կապտին տվող հեռուները՝ ինչ֊որ տեղ։ Իրտըյշի մյուս ափը, ուր ծայր են առնում սփռոցի պես մեկուկես հազար վերստ փռված, ղըրղըզական արձակ տափաստանը, կլսեիր մեկնումեկի խորունկ հոգոցը՝ լիակուրծք, կարծես մարդը կուզենար սոսկ ներշնչել այդ հեռավոր, ազատ օդն ու թեթևացնել իր ճնշված, շղթայված հոգին։ «Է՜խ-մա՛» կասի կալանավորը վերջապես և հանկարծակի, ասես թոթափած անուրջ ու մտորում, անհամրելությամբ և մռայլված, ձեռքը կառնի բահը կամ աղյուսները, որոնք պիտի տանի մի տեղից մյուսը։ Մեկ րոպե անց արդեն կմոռանա իր հանկարծահաս զգացողությունը և կսկսի խնդալ կամ կռվշտել՝ ըստ բնավորության, մեկ էլ հանկարծ անսովոր, հարկը եղածից առավել եռանդով կանցնի աշխատանքային կետարքին, եթե տրված է այդպիսին ու կսկսի բանել, բանել ամբողջ ուժով, ճիշտ ասես կամենալով գործի ծանրությամբ խեղդել իր մեջ այնպիսի մի բան, ինչ ինքնին նեղում է նրան և ճնշում ներքուստ։ Մեծ մասամբ ուժեղ մարդիկ են, մեծ մասամբ տարիքի և ուժի ծաղկուն շրջանում... ծանր են կալանդներն այդ ժամանակ։ Այս պահին ես չեմ բանաստեղծականացնում և վստահ եմ գրածիս ճշմարտությանը։ Բացի դրանից, որ վառ արևի ջերմության ներքո, երբ ամբողջ հոգով, ամբողջ էությամբ զգում ու լսում ես չորսբոլորդ բազմապատիկ ուժով հառնող բնությունը, էլ ավելի ծանր է դառնում փակ բանտը, պահախումբը և ուրիշի կամքը, բացի որ այդ օրերին Սիբիրով և համայն Ռուսիայով մեկ, առաջին արտույտների հետ ծայր է առնում թափառաշրջիկությունը, Աստծո մարդիկ փախչում են բանտերից և պատսպարվում անտառներում։ Հեղձուկ փոսերից հետո, նավերից, կալանդներից ու մահակներից հետո նրանք թափառում են՝ ուր ուզենան, իրենց կամքով, ուր ավելի ձեռնտու է, ավելի ազատ, ուտում և խմում են՝ որտեղ ինչ հաջողվեց, Աստծո տվածով, իսկ գիշերները խաղաղ քնում անտառում կամ դաշտում որևէ մի տեղ, առանց մեծ հոգսի, առանց բանտային թախծի, հանց անտառի հավքեր, գիշերը հրաժեշտ տալով սոսկ երկնի աստղերին, Աստծո հայացքի ներքո։ Ո՜վ ինչ կասի։ Երբեմն թե ծանր է լինում, թե քաղցած, թե տանջալի «ծառայելը գեներալ Կուկուշկինի մոտ»։ Երբեմն օրերով հացի երես չեն տեսնում, բոլորից պիտի թաքնվեն, պահվեն։ Երբեմն ստիպված են լինում թե՛ գողանալ, թե՛ թալանել, մեկ-մեկ էլ՝ սպանել։ «Աքսորականը երեխի պես բան է, աչքն ինչի ընկավ, կտանի»՝ Սիբիրում ասում են աքսորաբնակների մասին։ Ասացվածքն ամբողջովին, նույնիսկ որոշ հավելումով կարող է վերաբերվել և թափառաշրջիկին։ Նա հազվադեպ ավազակ չէ և համարյա միշտ՝ գող, անշուշտ, ավելի շատ անհրաժեշտությունից, քան բնույթքով։ Կան անուղղելի թափառաշրջիկներ։ Փախչում են նրանք, նույնիսկ ավարտելով իրենց աքսորական ժամկետը, արդեն վերաբնակեցման վայրից։ Թվում է, թե գոհ է վերաբնակեցումից և ապահովված է, բայց չէ, կարծես ինչ֊որ տեղ ձգում է նրան, կանչում։ Կյանքն անտառներում աղքատիկ ու սարսափելի, սակայն ազատ և լի է արկածներով, կյանքն ինչ֊որ գայթակղիչ բան ունի, մի խորհրդավոր հմայք նրանց համար, ովքեր մեկ անգամ արդեն զգացել են դա, և մեկ էլ տեսար, փախավ մարդը՝ ոմանք նույնիսկ համեստ, չափած-ձևված, որն անգամ խոստանում էր դառնալ լավ, նստակյաց ու կարգին տնտեսվար։ Ոմանք անգամ ամուսնանում են, երեխաներ ունենում, հինգ տարի ապրում են մի տեղում ու հանկարծ մի գեղեցիկ առավոտ անհետ անում ինչ-որ ուղղությամբ, տարակուսանքի մեջ թողած կնոջը, երեխաներին և ամբողջ վոլոստը, որին կցված էր։ Մեր բանտում ինձ զույց տվեցին այդպիսի մի փախչողի։ Առանձնապես հանցանքներ չէր գործել, ծայրահեղ դեպքում՝ չէին լսել, որ խոսեն նա մասին այդ առումով, այնինչ շարունակ փախել էր, ամբողջ կյանքը փախուստի մեջ եղել։ Հասել էր թե ռուսական հարավային սահման՝ Դանուբից այն կողմ, թե ղըրղըզական տափաստաններ, թե Արևելյան Սիբիր, թե Կովկաս՝ ամեն տեղ եղել էր։ Ով գիտե, գուցեև ուրիշ հանգամանքներում նրանից մի որևէ Ռոբինզոն Կրուզո դուրս կգար ճանապարհորդելու իր մոլությամբ։ Իմիջիայլոց, այս ամենը նրա մասին պատմել են այլոք, իսկ ինքը քիչ էր խոսում բանտում, գուցեև ամենակարևորը մրմնջար երբևէ։ Շատ փոքրամարմին մուժիկ էր, արդեն հիսունին մոտ, չափազանց հանդարտ, չափազանց հանգիստ և նույնիսկ բութ դեմքով, ապուշության հասնող հանդարտ։ Ամռանը սիրում էր նստել արևի տակ և մեկ-մեկ անպայման ինչ-որ երգ կմրմնջար քթի տակ, բայց այնքան մեղմ, որ հինգ քայլի վրա արդեն չէր լսվի։ Դիմագծերը մի տեսակ փայտացած էին, ուտում էր քիչ, ավելի շատ՝ հաց, երբեք չգնեց ոչ մի կալաչ, ոչ մի շկալիկ օղի, ու հազիվ թե երբևէ փող լիներ ձեռքը, հազիվ էլ թե հաշվել կարողանար։ Ամեն ինչին կատարելապես հանգիստ էր վերաբերվում։ Երբեմն բանտի շներին էր կերակրում ձեռքից, իսկ մեզ մոտ բանտային շներին ոչ ոք չէր կերակրում։ Ասենք, ռուս մարդն ընդհանրապես չի սիրում շանը կերակրել։ Ասում էին, ամուսնացած է եղել, նույնիսկ երկու անգամ, ասում էին՝ ինչ-որ տեղ երեխաներ ունի... Թե ինչի համար էր բանտ ընկել, բացարձակա պես չգիտեմ։ Մերոնք բոլորը սպասում էին, որ մեզ մոտից էլ է ծլկելու, բայց կամ դրա ժամանակը չէր եկել, կամ տարիներն էին անցել, ինքն իր համար ապրում էր, հայեցողաբար վերաբերվելով իրեն շրջապատող այդ համակ արտառոց միջավայրին։ Իմիջիայլոց, վսաահել չէր լինի։ Թեև թվում է, թև ի՞նչ ուներ փախչելու, ի՞նչ էր շահելու։ Այնինչ և այդուհանդերձ, անտառի, թափառականի կյանքն ամբողջությամբ դրախտ է բանտային համեմատությամբ։ Այնքան է հասկանալի, և չի կարող որևէ համեմատություն լինել։ Թեև ծանր է վիճակդ, բայց ամեն ինչում ազատ վիճակ է։ Ահա թե ինչու, յուրաքանչյուր կալանավոր Ռուսիայում, որտեղ էլ նստած լինի, մի տեսակ անհանգիստ է դառնում գարնանը, գարնանային արևի առաջին բարեբեր շողերի հետ։ Թեև ամենևին ոչ բոլորն են մտադիր փախչել, վճռականորեն պիտի ասել, որ դժվարության և պատասխանատվության առումով հարյուրից մեկն է վճռում, սակայն և մնացած իննսունիննը գոնե անրջում են, թե ինչպես կարելի է փախչել և ուր փախչել, թեկուզև հոգիներն են թեթևացնում մեն-միակ ցանկությամբ, հնարավորության միայն պատկերացմամբ։ Մեկնումեկն էլ հիշում է գոնե, թե ինչպես է նախկինում, երբևէ փախել... Հիմա ես խոսում եմ դատապարտվածների մասին։ Բայց, անշուշտ, շատ ավելի հաճախ և բոլորից շատ ենթադատներից են վճռում փախուստի դիմել։ Պատժաժամկետ ստացածները գուցեև փախչեն սոսկ իրենց կալանավորության սկզբում։ Իսկ երկու-երեք տարի տաժանակրություն կրելով, կալանավորն արդեն սկսում է գնահատել այդ տարիները և կամաց-կամաց համաձայնում նեքուստ, որ ավելի լավ է օրինական կարգով ավարտեն իրենց աշխատանքային կետարքը և դուրս գան վերաբնակեցման, քան այդպիսի ռիսկի դիմեն ու անհաջողության դեպքում այդպիսի վախճան ունենան։ Իսկ ձախողումն այնքա՜ն է հնարավոր։ Թերևս միայն տասներորդին է հաջողվում ''փոփոխել իրավիճակը''։ Դատապարտվածներից նույնպես, մյուսներից ավելի հաճախ սիրտ են անում փախչել չափազանց երկար ժամկետ ունեցողները։ Տասնհինգ-քսան տարին թվում է անսահմանություն, և նման ժամկետով դատապարտվածը մշտապես պատրաստ է երազել վիճակի փոփոխման մասին, թեև արդեն տասր տարի տաժանավայրում է։ Վերջապես, մասամբ խորաններն են քսանգարում սիրտ անել փախուստի։ Իսկ ''վիճակի փոփnխումը'' տեխնիկական տերմին է։ Այդպես էլ հարցաքննությունների ժամանակ, եթե բռնեն փախուստի մեջ, կալանավորը կպատասխանի, թե ուզում էր փոխել իր վիճակը։ Փոքր֊ինչ գրքային այս արտահայտությունը տառացիորեն կիրառելի է այդ գործում։ Յուրաքանչյուր փախչող նկատւ ունի, որ ոչ թե կազատվի ամբողջովին, նա գիտե, որ դա համարյա անհնարին է, բայց եթե ընկնի ուրիշ մի հաստատություն, կամ հաջողի վերաբնակեցման, կամ նորից դատվի նոր հանցանքով, կատարած արդեն թափառաշրջիկության ընթացքում, մի խոսքով, միայն ոչ հին, ձանձրացրած տեղը, ոչ նախկին բանտը։ Բոլոր այդ փախստականները, եթե ամռան ընթացքում իրենց համար չգտնեն որևիցե պատահական, արտակարգ տեղ, ուր կձմեռեն, եթե, օրինակ, դեմ չառնեն որևէ փախստական թաքցնողի, ում դա շահեկան է, եթե ի վերջո, երբեմն սպանությամբ ձեռք չգցեն իրենց համար որևիցե անձնագիր, որով կարելի է ապրել ամենուրեք, բոլոր նրանք աշնանամուտին, եթե մինչ այդ չբռնվեին, մեծ մասամբ իրենք էին հոծ խմբերով հայտնվում քաղաքներում ու բանտերում, որպես փախածներ և բանտ նստում ձմեռելու, ոչ առանց ամռանը նորից փախչելու հույսի։
Գարունը ներազդում էր վրաս։ Հիշում եմ, ինչպես էի երբեմն ագահորեն նայում ցանկապատի ճեղքից դուրս և կանգնում երկար-երկար, գլուխս հենած մեր ցանկապատին, համառությամբ և ագահորեն զննելով, ինչպես է կանաչում խոտը մեր պարսպաթմբին, ինչպես ավելի ու ավելի թանձր է կապտում հեռավոր երկինքը։ Անհանգստությունս և թախիծս աճում էին օրեօր, և բանտն ավելի ու ավելի էր ատելի դառնում։ Ատելությունը, որը որպես ազնվական, կալանավորների կողմից զգում էի մշտապես, առաջին տարիների ընթացքում, գնալով ավելի անդիմադրելի էր դառնում ինձ համար, թունավորում ամբողջ կյանքս։ Առաջին այդ տարիներին հաճախ էի գնում հոսպիտալ պառկելու, առանց որևէ հիվանդության, սոսկ որպեսզի բանտում չլինեմ, որ ազատվեմ լոկ այդ համառ, ոչնչով չզսպվող համընդհանուր ատելությունից։ «Դուք երկաթյա կտուցներ եք, դուք մեզ կտցել եք»,— մեզ ասում էին կալանավորները, և մեկ֊մեկ ինչպես էի նախանձում բանտ ընկած հասարակ մարդկանց։ Նրանք անմիջապես ընկերանում էին բոլորի հետ։ Այդ իսկ պատճառով գարունը, ազատության ուրվականը, բնության համընդհանուր խինդն ինձ վրա ներգործում էին տխրությամբ և բորբոքվածությամբ։ Պասի վերջում, կարծեմ վեցերորդ շաբաթին, ինձ վիճակվեց ծոմ պահել։ Ամբողջ բանտը, դեռևս առաջին շաբաթից ավագ ենթասպան բաժանել էր յոթ հերթափոխի՝ պասի շաբաթների համաձայն ծոմ պահելու։ Այդպիսով, ամեն հերթափոխ երեսուն հոգուց էր կազմված։ Ծոմի շաբաթն ինձ շատ դուր եկավ։ Ծոմապահներն ազատվում էին աշխատանքից։ Գնում էինք բանտից ոչ հեռու գտնվող եկեղեցին՝ օրական երկու֊երեք անգամ։ Վաղուց չէի եղել եկեղեցում։ Մեծ պասի արարողությունը, այնքան ծանոթ հեռավոր մանկությունից, հայրական տանը, հանդիսավոր աղոթքները, գետնահաս խոնարհումները՝ այդ ամենը տակնուվրա արեց իմ հոգում վաղուց անցած֊գնացածը, հիշեցրեց մանուկ հասակի տպավորությունները, և հիշում եմ, ինձ համար շատ հաճելի էր, երբ առավոտյան, գիշերվանից դեռ սառած հողի վրայով, լցված զենքերով պահախումբը մեզ տանում էր Աստծո տուն։ Պահախումբն, ի դեպ, եկեղեցի չէր մտնում։ Եկեղեցում խռնվում էինք հոծ խմբով հենց դռան մոտ, ամենավերջին տեղում, այնպես որ լսում էինք միայն ձայնեղ սարկավագին, հազվադեպ ամբոխի ետևից նկատում վանականի սև շուրջառը կամ ճաղատը։ Հիշում էի, թե ինչպես դեռևս մանուկ հասակում, եկեղեցում կանգնած, երբեմն նայում էի հասարակ ժողովրդին՝ խռնված մուտքի մոտ, որոնք հաճկատարությամբ ճամփա էին բացում փարթամ ուսապանակների, հաստափոր կալվածատիրոջ, կամ պճնված, սակայն չափից ավելի բարեպաշտ տիրուհու առաջ, ովքեր անպայման առաջին տեղերում էին լինում ու պատրաստ՝ րոպեն մեկ վեճի բռնվել առաջին տեղի համար։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ մուտքի մոտ աղոթում էին ոչ այնպես, ինչպես մեր շարքերում, աղոթում էին խոնարհաբար, մոլեռանդորեն, գետնահաս խոնարհումներով և մի տեսակ իրենց նսեմության կատարյալ գիտակցումով։
Հիմա ինձ էր վիճակվել կանգնել այդ նույն տեղերում, նույնիսկ ոչ նույն, մենք շղթայագամ էինք ու խայտառակված, բոլորը մեզնից հեռու էին մնում, բոլորը մեզնից նույնիսկ ասես վախենում էին, ամեն անգամ ողորմություն էին աալիս մեզ և, հիշում եմ, դա նույնիսկ հաճելի էր ինձ, մի նրբին, առանձնահատուկ վայելում էի զգում այդ տարօրինակ հաճույքից։ «Թող լինի, եթե այդպես է»,— մտածում էի։ Կալանավորներն աղոթում էին շատ ջերմեռանդորեն, յուրաքանչյուրն ամեն անգամ իր վերջին կոպեկներն էր բերում եկեղեցի՝ մոմ առնելու կամ գանձանակ գցելու համար։ «Ախր, ես էլ եմ մարդ»,— գուցեև մտմտում կամ զգում էր նա, մատուցելով,— Աստծո առաջ բոլորը հավասար են...»։ Հաղորդվում էինք վաղ առավոտյան։ Երբ վանականը, գավաթը ձեռքին, կարդում էր. «... բայց հանց ավազակ ընդունեսցե», համարյա բոլորն ընկնում էին ցած, զնգզնգացնելով կալանդները, կարծում եմ, այդ բառերը տառացիորեն ընդունելով իրենց հաշվին։
Ահա եկավ նաև զատկի շաբաթը։ Ղեկավարությունը մեզ բաժին հանեց մեկական հավկիթ և մի կտոր ցորենի կաթնահունց հաց։ Քաղաքից կրկին բանտը լցրին ողորմություններով։ Նորից մեզ մոտ եկավ խաչը ձեռքին վանականը, նորից՝ ղեկավարությունը, նորից՝ յուղալի շչի, նորից՝ հարբեցողություն և ճոճք, ամեն ինչ նույն նույնն, ինչ Ծննդյան տոներին, այն տարբերությամբ, որ հիմա կարելի էր ման գալ բանտի բակում և տաքանալ արևի տակ։ Մի տեսակ ավելի լուսավոր էր, ավելի արձակ, քան ձմռանը, սակայն ավելի տրտմալի։ Ամռան երկար, անվերջանալի օրը մի տեսակ հատկապես անտանելի էր դառնում տոներին։ Սովորական օրերին ծայրահեղ դեպքում կրճատվում էր աշխատանքով։
Ամառային աշխատանքներն, իրոք, շատ ավելի դժվարին էին ձմեռայինից։ Ավելի շատ գործ էր լինում ինժեներական կառույցների վրա։ Կալանավորները կառուցում էին, հող փորում, աղյուսի պատեր կանգնեցնում, մյուսները զբաղված էին փականագործական, ատաղձագործական կամ ներկարարական աշխատանքներով՝ պետական շենքերի նորոգման և հարդարման վրա։ Մյուսները գնում էին գործարան՝ աղյուս կտրելու։ Այդ հերթինն ամենածանր գործն էր համարվում մեզ մոտ։ Աղյուսի գործարանը գտնվում էր ամրոցից երեք կամ չորս վերստ հեռու։ Ամեն առավոտ, ամբողջ ամռան ընթացքում, կալանավորների մի ամբողջ խումբ՝ հիսուն հոգի, գնում էին աղյուս կտրելու։ Այդ աշխատանքի համար ընտրում էին սևագործների, այն է՝ ոչ արհեստավորների, ոչ որևիցե արհեստ ունեցողների։ Նրանք իրենց հետ հաց էին վերցնում, քանի որ տեղի հեռավորությունից շահեկան չէր տուն գալ՝ ճաշելու, այդպիսով, ավելի ութը վերստ քայլելու, և ճաշում էին արդեն երեկոյան՝ ետ գալով բանտ։ Կետարքը տրվում էր ամբողջ օրվա համար, և այնպիսի, որ աշխատանքային մի ամբողջ օր կալանվորը կարողանար կատարել։ Նախ, հարկ էր քանդել ու կրել կավը, ջուր բերել, կավափոսի մեջ ոտքերով տրորել կավը և վերջապես, դրանից ահագին աղյուս կտրել, կարծեմ երկու հարյուր, նաև համարյա երկու հարյուր հիսուն հատ։ Ես երկու անգամ միայն գնացի գործարան։ Այդտեղ գնացողները ետ էին գալիս արդեն երեկոյան՝ հոգնած, տանջված, և մշտապես ամբողջ ամառ կշտամբում մյուսներին, որ իրենք ամենածանր գործն են անում։ Կարծես, սփոփանք լիներ դա նրանց համար։ Չնայած դրան, ոմանք այնտեղ էին գնում նույնիսկ հաճույքով. նախ, գործը քաղաքից դուրս էր, տեղը՝ բաց, ազատ, Իրտիշի ափին։ Համենայն դեպս, չորս դին նայելն ավելի բերկրալի էր, բանտային անձուկը չէր։ Կարելի էր նաև ազատ ծխել և նույնիսկ մի կես ժամ պառկել մեծ հաճույքով։ Իսկ ես կամ արհեստանոց էի գնում՝ նախկինի պես, կամ՝ ալաբաստր մանրելու և ի վերջո, աղյուս կրող կարգվեցի շինարարություններում։ Վերջին դեպքում, մի անգամ եղավ այնպես, որ աղյուս կրեցի Իրտիշի ափից՝ կառուցվող բանտասենյակ, յոթանասունն սաժեն տարածությամբ, ամրոցի հողաթմբի վրայով, և այդ աշխատանքը տևեց լրիվ երկու ամիս։ Ինձ դա նույնիսկ գուր եկավ, թեև պարանը, որով աղյուսն էի շալակում, մշտապ ես հարում էր ուսերս։ Սակայն ինձ դուր էր գալիս, որ աշխատանքից նկատելի ուժ է ավելանում իմ մեջ։ Սկզբում կարող էի շալակել միայն ութական աղյուս, ամեն աղյուսը՝ տասներկու ֆունտ։ Բայց հետո հասա տասներկու և տասնհինգ աղյուսի, և դա ինձ շատ ուրախացրեց։ Տաժանավայրում ֆիզիկական ուժը պետք է ոչ պակաս բարոյականից՝ այդ նզովյալ կյանքի նյութական բոլոր զրկանքներին դիմանալու համար։
Իսկ ես ուզում էի ապրել, բանտից հետո էլ։
Իմիջիայլոց, ես սիրում էի աղյուս կրել ոչ միայն որ այդ աշխատանքից ամրանում էր մարմինս, այլև որ գործը կատարվում էր Իրտիշի ափին։ Այդքան հաճախ խոսում եմ այդ ափի մասին, որովհետև միայն այդտեղից էր երևում Աստծո աշխարհը, ջինջ ու հստակ հեռաստանը չբնակեցված, արձակ տափաստանները, որոնք տարօրինակ տպավորություն էին թողնում իրենց ամայությամբ։ Միայն ափին կարելի էր կանգնել՝ թիկունքն արած բերդին և չտեսնել բերդը։ Սեր աշխատանքի մյուս տեղերում, դրանք կամ ամրոցի մեջ էին, կամ մոտերքում։ Ամենաառաջին իսկ օրերից ես ատեցի այդ բերդը և հատկապես՝ որոշ շինություններ։ Մեր պլաց֊մայորի տունն ինձ թվում էր մի տեսակ նզովյալ, գարշելի տեղ, և ամեն անգամ ատելությամբ էի նայում մոտով անցնելիս։ Իսկ գետափին կարելի էր ցրվել, մեկ֊մեկ նայում էի այդ անծայրածիր, ամայի լայնարձակությանը, ճիշտ ինչպես բանաարկյալն իր բանտի լուսամուտիկից է նայում ազատությանը։ Ինձ համար այստեղ ամեն ինչ թանկ էր ու սիրելի. թե՛ վառ ու պայծառ արևը՝ երկնի անհուն կապույտում, թե ղըրղըզի հեռավոր երգը, որ գալիս էր ղըրղըզական ափից։ Երկար ժամանակ կնստեիր ու վերջապես կնշմարեիր մի որևէ բայղուշի խղճուկ, ծխահարված յուրտը, կզանազանեիր ծխի շիթը՝ յուրտի մոտ, ղըրղըզուհուն, որը կբնբնար իր երկու ոչխարի հետ։ Այդ ամենն աղքատիկ էր ու վայրի, սակայն աղատ։ Ինչ֊որ թռչուն կտեսնեիր կապույտ, թափանցիկ օդում ու երկար, համառորեն կհետևեիր թռիչքին. ահա թաթախվեց ջրով, ահա չքացավ կապույտի մեջ, ահա նորից հայտնվեց որպես հազիվ ցոլցլացող կետ... Անգամ աննշան, թոշնած ու պստիկ ծաղիկը, որ վաղ գարնանը գտա քարքարոտ ափի ծերպերում, դա էլ մի տեսակ հիվանդագին գամեց իմ ուշադրությունը։ Տաժանակրության առաջին այդ տարվա տրտմությունն անտանելի էր և բորբոքիչ, դառնագին էր ներգործում վրաս։ Առաջին տարին այդ իսկ տրտմությունից շատ բան չէի նկատում շուրջս։ Փակում էի աչքերս ու չէի կամենում զննել։ Իմ չարացած, ատելի տաժանապարտ֊ընկերների մեջ չէի նկատում լավ մարդկանց, մտածելու և զգալու ընդունակ մարդկանց, չնայած նողկալի ամբողջ կեղևին, որով արտաքուստ պարուրված էին նրանք։ Թունալի բառերի արանքում երբեք չէի նկատում բարեհամբույր, սիրալիր խոսքը, որն առավել թանկագին էր ինձ, քանի որ ասվում էր առանց որևէ ակնկալության, հաճախ էլ բխած ուղղակի հոգուց, որ թերևս առավել էր տառապած ու շատ բան կրած, քան իմը։ Սակայն ի՞նչ միտք ունի ծավալվել այդ մասին։ Չափազանց ուրախ էի լինում, երբ շատ հոգնած էի լինում, տուն դառնալիս գուցեև՝ քնեմ։ Քանի որ ամռանը մեզ մոտ քուն մտնելը տանջանք էր, համարյա շատ ավելի վատ, քան ձմռանը։ Ճիշտ է, մեկ֊մեկ շատ լավ երեկոներ էին լինում։ Ամբողջ օրը բանտի բակից չհեռացած արևը վերջապես մայր էր մտնում։ Զով էր իջնում, դրանից հետո՝ համարյա ցուրտ (համեմատաբար) տափաստանային գիշեր։ Կալանավորները, սպասելով մինչ կփակեն իրենց, խումբ֊խումբ զբոսնում էին բակում։ Ամենամեծ խումբն, ինչ խոսք, ավելի շատ խռնվում էր խոհանոցում։ Այնտեղ մշտապես մի որևէ բանտային կենսական հարց էր բարձրացվում, խոսում էին դեսից֊դենից, երբեմն որևիցե լուր քննարկում, հաճախ՝ անհեթեթ, սակայն մարդկանց աշխարհից մեկուսացվածների արտասովոր ուշադրությունը բորբոքող։ Ասենք, մեկ էլ լուր հասավ, թե մեր պլաց֊մայոր ին դուրս են վռնդում։ Կալանավորները դյուրահավատ են երեխաների պես, իրենք էլ գիտեին, որ լուրը փչոց է, որ դա բերել է հայտնի շաղակրատ ու «անճոռնի» մի մարդ՝ կալանավոր Կվասովը, ում արդեն վաղուց որոշել էին չհավատալ, և որն ամեն խոսքի հետ կստեր, այնինչ, բոլորը կկառչեին լուրից, կդատեին, ծանրութեթև կանեին, իրենք իրենց կվճռեին ու կավարտվեր նրանով, որ իրենք իրենց վրա կբարկանային, իրենք իրենցից կամաչեին, որ հավատացել են Կվասովին։
― Էդ ո՞վ կարա նրան հանի,— բղավեց մեկը,— վիզը հաստ, կպրծնի։
― Ախր, վայ թե նրա գլխին էլ մեծ կա,— առարկեց մյուսը, տաքարյուն ու անխելք մեկը, գլխովը շատ բան անցած, բայց վիճաբանող, որպիսին աշխարհը չէր տեսել։
― Շունը չան թաթ չի կծի,— խոժոռված, ասես ինքն իր համար, նշեց երրորդը՝ արդեն ալեհեր, անկյունում մենակ նստած, իր շչին խպշտելով։
― Էդ մեծերն էլ վայ թե գալու են, քեզնից հարցնեն՝ փոխեն, թե չփոխեն,— անտարբեր ավելացրեց չորրորդը, կամացուկ ծլնգացնելով բալալայկան։
― Էդ ինչի՞ չէ որ ինձնից,— կատաղած առարկեց երկրորդը։— Ուրեմս, լրիվ չքավորությունս խնդրում է, լրիվդ էլ կասեք, թե որ սկսեն հարցաքննել։ Թե չէ՝ մեզ մոտ կգոռան, կճվան, հենց բանը հասավ գործին, հետ կքաշվեն։
― Բա ի՞նչ կուզեիր,— ասաց բալալայկա ծլնգացնողը։— Դրա համար էլ բանտ կասեն։
― Էն մեկել օրը,— ասածը չլսելով, շարունակեց տաքացած վիճաբանողը,— մի քիչ ալուր էր մնացել։ Քերողներն էին հավաքել, իսկը արցունքի չափ, ուրեմըս, ուղարկին ծախելու։ Չէ, իմացավ, արտելականն էր մատնել, խլեցին, խնահողություն է, ուրեմըս։ Արդա՞ր է, թե չէ։
― Էդ դու ո՞ւմն ես ուզում բողոքես։
― Ում։ Հենց իրեն՝ տերահսկիչին, որ գալիս է։
― Էդ ի՞նչ տերահսկիչ է։
― Էդ մեկը դրուստ է, ախպրտիք, որ տերահսկիչ է գալիս,— ասաց մի ջահել, ճարպիկ տղա, գրագետ էր՝ գրագիրներից ու «Հերցոգուհի Լավալյեր» կամ դրա նման մի բան կարդացած։ Մշաապես ուրախ էր և զվարճասեր, սակայն գործերից որոշ բան գիտենալու և ընկած֊ելածության համար հարգում էին նրան։ Ուշադրություն չդարձնելով ապագա վերահսկիչի շուրջ համրնդհանուր բորբոքուն հետաքրքրասիրությանը, նա գնաց խոհարարի մոտ և հարցրեց՝ թոք ունի՞։ Մեր եփութափ անողները հաճախ էին նմանօրինակ բաներ ծախում։ Ասենք, իրենց փողով մի մեծ կտոր թոք կգնեին, կտապակեին և մանր կտորներով կծախեին կալանավորներին։
― Մի՞, թե երկու գռոշի,― հարցրեց խոհարարը։
― Երկուսի կտրի, թող մարդիկ նախանձեն։— Գեներալ, ախպերներ, մի էնպիսի գեներալ է գալիս Պետերբուրգից, լրիվ Սիբիրը նայելու է։ Հաստատ բան է։ Պարետատանն էին խոսում։
Լուրն արտակարգ հուզմունք հարուցեց։ Քառորդ ժամի չափ հարցուփորձ էր գնում. ո՞վ է հատկապես, ի՞նչ գեներալ է, ի՞նչ աստիճան ունի և ավա՞գ է, արդյոք, այստեղի գեներալներից։ Կալանավորներն անչափ սիրում էին զրուցել աստիճանների, պետերի մասին, թե ով է ավագ մյուսից, ով ում կարող է ծռել և ով ինքը կծռվի, նույնիսկ վիճում ու կռվշտում էին գեներալների համար և համարյա ծեծկռտուքի հասցրին։ Թվում է, թե ի՞նչ շահ ունեին։ Սակայն գեներալների և ընդհանրապես ղեկավարության հանգամանալի իմացությամբ էր չափվում նաև գիտելիքների, բանիմացության աստիճանը և մարդու նախկին, մինչբանտային նշանակությունը հասարակության մեջ։ Ընդհանրապես, բարձրագույն ղեկավարության մասին խոսակցությունն ամենանրբինն ու կարևորն էր համարվում բանտում։
― Տղերք, ուրեմըս ճշտից էլ ստացվում է, որ գալիս են մայորին փոխելու,— նշեց Կվասովը՝ փոքրամարմին, կարմրամաշկ մարդուկը, տաքարյուն և ծայրաստիճան անհասկացող։ Հենց նա էր առաջինը բերել մայորի մասին լուրը։
― Կաշառքով կպրծնի,― կտրուկ առարկեց մռայլադեմ, ալեհեր կալանավորը, արդեն իր շչին խպշտած֊վերջացրած։
― Առանց էդ էլ կտա,— ասաց մյուսը։— Քի՞չ է գռփել։ Մինչև մեզ մոտ գալը գումարաակի հրամանատար է եղել։ Վերջերս էլ ավագերեցի աղջկա հետ էր ուզում պսակվել։
― Ախր, չպսակվեց՝ դուռը փակեցին, ուրեմըս՝ չունևոր ես։ Նրանից ի՜նչ փեսացու։ Աթոռից վեր կացավ, ու վե՛րջ, պրծա՜վ։ Ունեցած֊չունեցածը զատկից առաջ տարվել է ղումարով։ Ֆեդկան էր ասում։
― Հա՛, մեր տղեն փող ցփնող չի, փող հավաքող էլ չի։
― Է, ախպեր, հրես ես էլ էի կարգված։ Չունևորի համար վատ գործ է կարգվելը, պսակվի, գիշերն էլ՝ կարճ,— նշեց Սկուրատովը, տեղնուտեղը մտնելով խոսակցության մեջ։
― Բա ոնց։ Հենց քո մասին էր խոսքը,— ասաց սանձարձակ ջահելը՝ գրագիրներից։— Դու էլ, Կվասով, ասեմ քեզ, շատ ես ախմախ։ Չլինի՞ կարծում ես, որ էդ տեսակ գեներալին մայորը կկաշառի ու որ էդ տեսակ գեներալը Պետերբուրգից հատուկ կգա, տեղ կհասնի, որ մայորի՞ն ստուգի։ Անխելք ես, տղա, այ թե ինչ կասեմ քեզ։
― Էդ ո՞նց։ Թե որ գեներալ է, ուրեմըս, չի՞ վերցնի,— հոռետեսորեն նշեց հավաքվածներից մեկը։
― Հայտնի բան է, չի վերցնի, թե վերցրեց էլ՝ շատ տռուզ կվերցնի։
― Գիտենք, որ տռուզ, իր աստիճանին բռնող։
― Գեներալը միշտ էլ կվերցնի,— վճռական ասաց Կվասովը։
― Չլինի՞ ինքդ տվել ես,— արհամարհանքով ասաց հանկարծակի ներս մտած Բակլուշինը։ — Ասենք, հազիվ թե գեներալ տեսած կաս։
― Շատ լավ էլ տեսել եմ։
― Սուտ ես ասում։
― Սուտասանն ինքդ ես։
― Տղերք, թե որ տեսել է, հիմի թող ամենքիս առաջ ասի, էդ ի՞նչ գեներալի է ճանաչում։ Հը, ասա, քանի որ ես լրիվ գեներալներին գիտեմ։
― Ես գեներալ Զիբերտին եմ տեսել,— մի տեսակ անվճռական պատասխանեց Կվասովը։
― Զիբե՞րտ։ Էդպիսի գեներալ չկա։ Երևում է, էդ Զիբերտը քեզ հետևից է նայել, կարող է փոխգնդապետ է եղել, դու էլ վախից կարծել ես, թե գեներալ է։
― Չէ, դուք ինձ լսեք,― բղավեց Սկուրատովը,— քանի որ պսակված մարդ եմ։ Էդպիսի գեներալ իսկականից կար Մոսկվայում, Զիլբերտ, գերմանացիներից էր, բայց ռուս։ Ռուս տերտերի մոտ տարին մեկ խոստովանում էր ռուս աղջիկ պարոններից, ու միշտ ջուր էր խմում, տղերք, ոնց որ բադը։ Օրական քսան բաժակ Մոսկվա գետի ջուր կխմեր։ Ասում էին թե էդ ջրով մի տեսակ հիվանդությունից է բուժվում, իրա կամարդինն է ինձ պատմել։
― Փորի մեջ էլ էդ ջրից ձկնե՞ր են լողացել,— ասաց բալալայկայով կալանավորը։
― Դե, հերիք եղավ, բոլ եղավ։ Էստեղ գործից ենք խոսում, դրանք էլ․․․ Էդ ի՞նչ տերահսկիչ է, տղերք,— ասաց ձեռուոտ ընկնող մի կալանավոր՝ Մարտըյնովն էր, ծերուկ, զինվորականներից, նախկին հուսար։
― Համա թե ստեր կասեն, է՜,— խոսեց հոռետեսներից մեկը։— Ու որտեղի՞ց են վերցնում, ինչ դարձնում։ Եղածն էլ՝ լրիվ փչոց։
― Չէ, փչոց չէ,— անառարկելի նշեց Կուլիկովը, որը մինչ այդ լռել էր ծանրումեծ։ Կշիռ ունեցող մեկն էր, հիսունին մոտ, արտակարգ բարետես ու մի տեսակ արհամարհական֊վսեմ շարժուձևով։ Նա գիտակցում էր դա ու հպարտանում դրանով։ Կիսով գնչու էր, անասնաբույժ, քաղաքում փող էր վաստակում ձիեր բուժելով, իսկ բանտում՝ խմիչք վաճառում։ Խելացի էր ու շատ բան տեսած։ Բառերը շաղ կտար, նվեր բաժանելու պես։
― Դա ճիշտուճիշտ է, եղբայրներ,— հանգիստ շարունակեց նա,— դեռ անցյալ շաբաթ եմ լսել, գեներալ է գալիս, շատ կարևորներից է, ամբողջ Սիբիրն է ստուգելու։ Հայտնի բան է, նրան էլ կկաշառեն, մենակ թե՝ ոչ մեր ութաչքանին։ Չի էլ համարձակվի մոտ֊մոտ անել։ Գեներալ էլ կա, գեներալ էլ, եղբայրներ։ Ամեն տեսակ լինում են։ Մենակ թե ասում եմ, որ մեր մայորը, ինչ էլ եղավ, իր տեղում կմնա։ Հաստա՜տ։ Մենք անլեզու ժողովուրդ ենք, իսկ ղեկավարությունից իրենց մարդուն չեն մատնի։ Ստուգողը կնայի բանտը, կթողնի, կգնա և կզեկուցի, որ ամեն բան լավ է գտել...
― Տղերք, ես եմ ասում, մեր մայորը վախեցել է՝ առավոտից խմած է։
― Իրիկունն էլ ուրիշ երգ կասի։ Ֆեդկան էր ասում։
― Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա։ Հո առաջին անգա՞մ չի խմած։
― Չէ, ախր էդ ո՞նց, թե որ գեներալն էլ լավ բան չարեց։ Չէ, բոլ եղավ դրանց ախմախություններին ականջ դնենք,— հուզված, իրար մեջ խոսում էին կալանավորները։
Վերահսկիչի մասին լուրն ակնթարթորեն սփռվեց բանտում։ Բակում թափառում էին մարդիկ ու անհամբերությամբ միմյանց փոխանցում լուրը։ Ոմանք դիտավորյալ լռում էին, պահպանելով իրենց սառնարյունությունը, դրանով ջանալով առավել կարևորություն հաղորդել իրենց։ Մյուսներն անտարբեր էին։ Բանտասենյակների առմուտքերին նստոտել էին կալանավորներն՝ իրենց բալալայկաներով։ Ոմանք շարունակում էին շաղակրատել։ Մյուսները երգեր էին ձգում, բայց ընդհանրապես, այդ երեկո բոլորն արտակարգ բորբոքված վիճակում էին։
Ժամր տասին մոտ բոլորիս հաշվեցին, քշեցին բանտասենյակները և կողպեցին գիշերով։ Գիշերները կարճ էին, արթնացնում էին առավոտյան ժամը հինգին մոտ, իսկ բոլորը քնում էին տասնմեկից ոչ մի կերպ ավելի շուտ։ Մինչև այդ ժամը, դեռևս իրարանցում էր լինում, խոսակցություններ, երբեմն էլ, ձմռան նման, մեյդաններ էին բացվում։ Գիշերն՝ անտանելի տոթ ու հեղձուկ։ Թեև գիշերային զով էր թափանցում բարձրացրած շրջանակով պատուհանից, բայց կալանավորներն ամբողջ գիշեր շուռումուռ էին գալիս թախտաշարերի վրա՝ ասես զառանցանքի մեջ։ Անթիվ֊անհամար լվեր էին վխտում։ Դրանք ձմռանն էլ էին լինում մեզ մոտ, բայց գարնանից սկսած բազմանում էին այնպիսի չափերով, և այդ մասին լսել էի նախկինում, սակայն մաշկիս վրա չզգալով, չէի ուզել հավատալ։ Եվ որքան մոտենում էր ամառն, այնքան ավելի կատաղի էին դառնում։ Ճիշտ է, լվերին կարելի է վարժվել, ինքս եմ զգացել, բայց և այնպես դա շատ ծանր է ձեռք բերվում։ Մեկ֊մեկ այնքան էին տանջվում, որ իվերջո, պառկում ես ճիշտ ինչպես դողէրոցքի պես, և ինքդ ես զգում, որ քնած չես, այլ զառանցանքի մեջ։ Վերջապես, երբ լուսաբացից քիչ առաջ, ի վերջո, հանգստանում են նաև լվերը, ասես սատկում, և երբ վաղորդյան զովի տակ, քաղցր քուն ես մտնում, հանկարծ հնչում է թմբուկի անողորմ զարկը բանտի դարպասի մոտ, և սկսվում է առավոտյան տողանը։ Փաթաթվելով կիսամուշտակի մեջ, անեծքներ տեղալով լսում ես սրտիդ հստակ, բարձր զարկերը, կարծես հաշվում դրանք, այնինչ, քնաթաթախ ուղեղդ մի անտանելի միտք է շաղափում, որ այդպես է լինելու նաև վաղը, մյուս օրը, մի քանի տարի շարունակ, ընդհուպ մինչև ազատվելը։ Եվ մտածում ես, թե երբ է գալու այդ ազատությունը և ո՞ւր է։ Այնինչ, արթնանալ է պետք, սկսվում է առտնին ներսուդուրսը, հրմշտոցը... Մարդիկ հագնվում էին, շտապում աշխատանքի։ Ճիշտ է, մի ժամվա չափ կարելի է քնել և կեսօրին։
Վերահսկիչի մասին ճիշտ էին ասել։ Լուրերն օրըստօրե ավելի ու ավելի էին հաստատվում, և վերջապես բոլորն իմացան արդեն հաստատ, որ Պետերբուրդից գալիս է մի շատ կարևոր մի գեներալ՝ վերստուգելու ամբողջ Սիբիրը, որ արդեն եկել է, որ արդեն Տոբոլսկում է։ Ամեն օր նոր լուրեր էին հասնում բանտ։ Լուրեր էին գալիս նաև քաղաքից, ասում էին, որ բոլորը երկյուղում են, բոլորն իրար են անցել, կամենում են լավ կողմով երևալ։ Ասում էին, որ բարձրագույն ղեկավարությունը նախապատրաստում է ընդունելություններ, պարահանդեսներ, տոնախմբություններ։ Կալանավորներին խմբերով ուղարկում էին կարգի բերելու փողոցները և ամրոցները, հարթեցնելու դուղձերը, ներկելու դարպասներն ու սյուները, ծեփծփելու և մաքրելու, մի խոսքով, ուզում էին մի վայրկյանում շտկել ամեն ինչ, ցուցադրելիք ամեն ինչը։ Մերոնք շատ լավ հասկանում էին և ավելի տաք֊տաք ու եռանդագին քննարկում իրար մեջ։ Նրանց երևակայությունը հասնում էր վիթխարի չափերի։ Պատրաստվում էին նույնիսկ հայց ներկայացնել, երբ գերենալը հարցնի պարենային բավարարության մասին։ Այդ ընթացքում վիճում և կռվշտում էին իրար հետ։ Պլաց-մայորը խռովված էր։ Ավելի հաճախ էր գալիս բանտ, ավելի հաճախ գոռգոռում, ավելի հաճախ վրա պրծնում մարդկանց, ավելի հաճախ քշում բոլորին կորդեգարդիա և խստացված հետևում մաքրությանը և բարետեսությանը։ Այդ ժամանակ, ասես դիտավորյալ, բանտում մի փոքր պատմություն եղավ, որն, ի դեպ, ամենևին չհուզեց մայորին, ինչպես հարկ էր սպասել, այլ հակառակը, նույնիսկ հաճույք պատճառեց նրան։ Մի կալանավոր կռվելիս մյուսի կրծքի մեջ բիզ էր խրել, համարյա սրտի տակ։ Հանցանք գործած կալանավորի ազգանունը Լոմով էր, խոցվածին մեզ մոտ Գավրիլկա էին ասում՝ անուղղելի փախչողներից էր։ Չեմ հիշում, ուրիշ մականուն ուներ, թե՝ չէ, մեզ մոտ նրան միշտ Գավրիլկա էին ասում։ Լոմովն ունևոր գյուղացիներից էր, Կ. գավառից։ Բոլոր Լոմովներն ապրում էին ընտանիքով, ծերունի հայրը, երեք որդիները և նրանց հորեղբայրը՝ դարձյալ Լոմով։ Ունևոր մուժիկներ էին։ Նահանգով մեկ խոսում էին, որ մինչև երեք հարյուր հազար կանխիկ կապիտալ ուներ։ Վարուցանք էին անում, կաշի մշակում, առևտուր անում, բայց ավելի շատ զբաղվում վաշխառությամբ, փախստական և գողացված ապրանք թաքցնելով և ուրիշ-ուրիշ խարդախություններով։ Գավառի գյուղացիների մոտ կեսը նրանց պարտք էին, ճորտային վիճակում։ Խելացի ու խորամանկ մուժիկների համբավ ունեին, բայց վերջում շատ մեծամտացան, երբ այն կողմերի մի շատ կարևոր մարդ սկսեց նրանց տանն իջևանել ճանապարհին, ծանոթացավ ծերունու հետ և սիրեց նրան՝ աչքաբացության և ճարպկության համար։ Նրանք մեկեն կարծեցին, թե իրենց վրա այլևս դատ ու դատաստան չկա և սկսեցին ավելի ու ավելի ռիսկաշատ գործեր բռնել զանազան ապօրինի գործարքներում։ Բոլորը տրտնջում էին նրանցից, բոլորը ցանկանում էին, որ գետնի տակն անցնեն նրանք, սակայն Լոմովները շատ ավելի վեր էին տնկում քթները։ Ոստիկանապետերին և ատենակալներին այլևս բանի տեղ չէին դնում։ Ի վերջո, ցնդեցին և կործանվեցին, սակայն ոչ իրենց գեշ ու գաղտնի հանցանքների պատճառով, այլ մի փուչ բանից։ Գյուղից տասը վերստ հեռու մեծ ագարակ ունեին, սիբիրցիները հողակտոր են ասում։ Մի գիշերվա ընթացք այնտեղ վեց ղըրղըզ էր ապրում, վաղուց արդեն ճորտացված։ Մի գիշերվա մեջ այդ բոլորին մորթոտել էին։ Գործ էր բացվել, որը երկար տևեց։ Գործին կից բացահայտվեցին բազմաթիվ այլ գեշ֊գեշ բաներ։ Լոմովներին մեղադրեցին իրենց գործավորներին սպանելու մեջ։ Իրենք այդպես էին պատմում, և ամբողջ բանտը գիտեր դա։ Նրանց կասկածել էին այն բանում, որ չափից շատ պարտք են մնացել գործավորներին, իսկ քանի որ, չնայած մեծ ունեցվածքին, կծծի էին ու անկշտում, ուրեմնև մորթոտել էին դըրղըզներին, որ պարտքերը չտան։ Հետաքննության և դատի ընթացքում նրանց ամբողջ ունեցվածքը հօդս ցնդեց։ Ծերունին մահացավ։ Զավակները դեսուդ են աքսորվեցին։ Տղաներից մեկն ու իր հորեղբայրն ընկան մեր տաժանավայրը՝ տասներկու տարով։ Եվ ի՞նչ։ Նրանք բացարձակապես անմեղ էին ղըրղըզների սպանության մեջ։ Հետագայում հենց մեր բանտն եկավ Գավրիլկան՝ հայտնի մի խարդախ և թափառական, զվարթաբարո և ճարպիկ մեկը, որն այդ ամբողջ գործը վերցրեց իր վրա։ Ի դեպ, ես չեմ լսել, որ խոստովաներ ինքը, սակայն ամբողջ բանտը հաստատապես համոզված էր, որ ղըրղըզները նրա ձեռքի տակով են անցել։ Կարճ ժամկետով էր բանտ եկել, որպես փախած զինվոր ու թափառական։ Ղըրղըզներին նա սպանել էր երեք ուրիշ թափառականների հետ, մտադրվել էին կարգին թալանանել հողակտորում։
Լոմովներին մեզ մոտ չէին սիրում, չգիտեմ ինչ պատճառով։ Նրանցից մեկը խելացի տղա էր, ապրի՛, հաշտ բնավորություն ուներ, սակայն հորեղրայրը, որը Գավրիլկայի կուրծքը բիզ էր խրել, անխելք ու կռվազան մեկն էր։ Շատերի հետ դեռ մինչ այդ էր կռվշտել և կարգին ծեծ կերել։ Գավրիլկային բոլորն էին սիրում ուրախ և մեղմ բնավորության համար։ Լոմովները թեև գիտեին, որ հանցագործ է և որ նրա պատճառով են այստեղ, բայց նրա հետ չէին վիճում, ի դեպ, երբեք էլ մոտ֊մոտ չարեցին, ասենք, նա էլ Լոմովների վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Ու հանկարծ նրա և Լոմովների հորեղբոր միջև վեճ առաջացավ մի նողկալի կնկա համար։ Գավրիլկան սկսել էր պարծենալ կնկա բարեհաճությամբ, մուժիկն սկսեց խանդել ու մի գեղեցիկ օր խոցեց նրան բզով։
Լոմովներբ թեև սնանկացել էին դատի տակ, սակայն բանտում ապրում էին հարուստների պես։ Ըստ երեույթին, փող ունեին։ Իրենց ինքնաեռն ունեին, թեյ էին խմում։ Մեր մայորը գիտեր այդ մասին և չափից ավելի էր ատում զույգ Լոմովներին։ Բոլորի համար ակնհայտորեն կպչում էր նրանցից և ընդհանրապես նեղում։ Լոմովները դա բացատրում էին իրենցից կաշառք վերցնելու մայորի ցանկությամբ։ Սակայն կաշառք չէին տալիս։
Հարկավ, եթե Լոմովը քիչ ավելի խրեր բիզը, կսպաներ Գավրիլկային։ Սակայն բանն ավարտվեց սոսկ մի ճանկռվածքով։ Զեկուցեցին մայորին։ Հիշում եմ, թե ինչպես եկավ վազեվազ, հևասպառ և ըստ երևույթին՝ գոհ։ Զարմանալի հոգածությամբ, ճիշտ կարծես հարազատ որդուն, դիմեց Գավրիլկային.
― Ինչ է, հոգիս, կարո՞ղ ես հոսպիտալ հասնել, թե չէ։ Չէ, ավելի լավ է ձի լծենք քեզ համար։ Հենց հիմա ձին լծեք,― փութով բղավեց նա են թասպայի վրա։
― Ձերդ բարեծնություն, ախր ես ոչինչ չեմ զգում։ Մենակ մի թեթև ծակել է, ձերդ բարեծնություն։
― Դու չգիտես, սիրելիս, չգիտես։ Այ, կտեսնես... Տեղն է վտանգավոր, ամեն բան տեղից է կախված, ճիշտ սրտի տակ է խրել ավազակը։ Ես քեզ, ես քեզ,— թնդաց նա, դառնալով Լոմովին,— դե, հիմա ձեռս ընկար... Կորդեգարդիա՜։
Եվ իսկապես, ձեռքիդ բաց չթողեց։ Լոմովին դատեցին, ու թեև վերքը թեթև ծակոց էր, բայց դիտավորությունն ակնհայտ։ Հանցագործին ավելացրին աշխատանքային ժամկետը և անցկացրին հազար մահակածեծի միջով։ Մայորը կատարելապես գոհ էր...
Վերջապես, եկավ֊տեղ հասավ նաև վերահսկիչը։
Քաղաք հասնելու հաջորդ իսկ օրը նա եկավ մեր բանտ։ Տոն օրով էր։ Դեռևս մի քանի օր առաջ մեզ մոտ ամեն ինչ լվացված էր, հարթեցված, լպստած։ Կալանավորներին սափրել էին նորից։ Հագուստը սպիտակ էր, մաքուր։ Ամռանն, ըստ կարգի, բոլորը հագնում էին քաթանե սպիտակ բաճկոն ու շալվար։ Յուրաքանչյուրի մեջքին սև շրջանակ էր վրակարված, երկու վերշոկ տրամագծով։ Կալանավորներին մեկ լրիվ ժամ սովորեցնում էին ինչպես պատասխանել, եթե բաձրաստիճան անձը բարևեր։ Փորձեր էին արվում։ Մայորն իրարանցման մեջ էր՝ կրակվածի պես։ Գեներալի հայտնվելուց մեկ ժամ առաջ բոլորը կանգնած էին իրենց տեղերում, արձանների պես ձեռքերը կողքերին ձգած։ Վերջապես, ցերեկվա մեկին եկավ գեներալը։ Ծանրակշիռ գեներալ էր, այնքան ծանրումեծ, որ թվում էր, թե ղեկավարական բոլոր սրտերը պիտի ճաքեին համայն Արևմտյան Սիբիրում՝ նրա գալստյամբ։ Ներս մտավ խստադեմ ու վեհապանծ, նրա ետևից խռնվեցին տեղական ղեկավարության ուղեկցող մեծ շքախումբը, մի քանի գեներալ, գնդապետներ։ Քաղաքացիական հագուստով մեկն էլ կար՝ բարձրահասակ, գեղեցկադեմ պարոն էր, ֆրակով և փայլուն կոշիկներով, որ նույնպես Պետերբուրգից էր եկել և արտակարգ անմիջական ու անկեղծ էր պահում իրեն։ Գեներալը հաճախ էր դիմում նրան, այն էլ արտակարգ բարեկրթորեն։ Դա անչափ հետաքրքեց կալանավորներին, քաղաքացիական զգեստով է, բայց ի՜նչ հարգանք և ինչպիսի՜ գեներալի կողմից։ Հետագայում իմացանք նրա ազդանունը և թե ով է, բայց խոսք ու զրույցը շատ էր։ Մեր մայորը՝ ձգված, նարնջագույն օձիքով, աչքերն արնակոխ, բոսորագույն, բշտիկներով ծածկված դեմքով, կարծես թե առանձնապես հաճելի տպավորություն չգործեց գեներալի վրա։ Բարձրաստիճան այցելուի հանդեպ առանձնահատուկ հարգանքից առանց ակնոց էր։ Կանգնած էր հեռվում, լարի պես ձգված, և իր համակ էությամբ տենդագին սպասում էր ինչ֊որ բանով հարկավոր լինելու պահին, որ նետվի կատարելու նորին բարձր գերազանցության ցանկությունը։ Բայց ոչինչի պետք չեկավ։ Գեներալը լուռ շրջեց բանտասենյակներում, թեթևակի անցավ խոհանոցով, կարծեմ շչի փորձեց։ Նրան ցույց տվին ինձ. այսպես, ալսպես, ազնվականներից է։
― Աա՜,— պատասխանեց գեներալը։— Իսկ ինչպե՞ս է հիմա պահում իրեն։
― Առայժմ բավարար, ձերդ գերազանցություն,— պատասխանեցի նրան։
Գեներալը թափ տվեց գլուխը և երկու րոպե անց ելավ բանտից։ Կալանավորներն, իհարկե, կուրացած էին և մտահոգված, այդուամենայնիվ, որոշ տարակուսանքի մեջ էին։ Մայորի հանդեպ ունեցած և ոչ մի հայց ու պահանջի մասին, հարկավ, խոսք անգամ չէր կարող լինել։ Ասենք, մայորն էլ դրանում կատարելապես համոզված էր դեռես ավելի շուտ։
=== VI։ Տաժանավայրի կենդանիները ===
=== VII։ Հայցապահանջ ===