Իրօք, շուտով մենք տեսանք ձիաւորների հետքեր։
Ձիերի երթեւեկելը ճանապարհի նեղ ժապաւէնի վրայ խորունկ փոս էր շինել, շատ անգամ կէս արշինից խորունկ, իսկ այդ ծակերի կողմը սառել քարի պէս կարծրացել էր։Ձիերը իրար յետեւից զգուշութեամբ քայլում էին, նախորշուած ծակերի մէջ դնելով եւ հանելով իրենց ոտքերը։ Իմ ուշադրութիւնը գրաւեց մի այլ հանգամանք։ Մեր ժապաւինաձեւ ճանապարհի վրայ տեղ֊տեղ, 50֊60 արշին երկարութեամբ, տնկուած էին երկար եղէգներ, կարծես չարաճճի երեխաների խաղ լինէր։ Բայց, երբ շատ կրկնուեց, Ջաֆարի ամենագիտութեան դիմեցի բացատրութիւն ստանալու համար։ Շատ պարզ բան է եղել։ Քամին եւ բուքը միշտ լեցնում են ճանապարհը, ժապաւէնի հետքը կորչում է եւ ճանապարհորդները խրւում են խորունկ ձիւների մէջ։ Մարդիկ հնարագիտութիւն են արել, ճանապարհների երկարութեամբ եղէգ են տնկել հետքը չկորցնելու համար։ Բայց հեռուից ահա, Շուաքարի կողմից, մի մեծ խումբ քրդեր են գալիս՝ ոտից գլուխ զինուած։ Եւ աւելի տարօրինակն այն է, որ ամէնքը ինչ որ մի բանի մէջ նստած են կարծես։ Յարութիւնը եւ Գէորգը ինձ նախազգուշացնում են, որ, երբ խումբը մօտենայ, իրենք պիտի ելնեն ճանապարհից եւ խոնարհ գլուխ տան անցորդներին։ Ես էլ պէտք է հետեւիմ նրանց օրինակին։ Ճար չկայ, հրամանը պիտի կատարուի։ Քրդերը մօտենում են մեզ։ Երեւի այսպիսի շքախմբեր յաճախ են անցել եւ մեզ պէս «րայեաթ»ները ճանապարհից ելել եւ խոնարհութիւն են արել, որովհետեւ ճանապարհի եզրերին ես յետոյ նկատեցի, որ լայն ու խորունկ փոսեր էին գոյացել, ուր ապաւինեցինք խոնարհութիւն անելու եւ շքախմբին ճամբայ տալու համար։ Երբ խումբը անցաւ, ես նոր գլխի ընկայ, որ մարդիկ նստած էին նեղ ու երկար սահնակների մէջ, որոնց նմանը իմ պատանեկութեան ժամանակ ես էլ ունէի։ Տանում էինք մեր քաղաքի գլխիվայր փողոցներով սահեցնելու եւ զուարճանալու։ Բայց կարծեմ Տաճկաստանի քրդական սահնակները զուարճալիքներ չէին։ Ջաֆարը բացատրում է, որ քիւրդ աղաները ձմեռ ժամանակ, երբ ձիու ոտը չի կարող գետին կոխել, ճանապարհորդում են «խզակ»ներով (սահնակ), որոնք նեղ են, ինչպէս ճանապարհը, եւ երկար, որքան կարող է մարդ մէջը նստել եւ ոտքերը մեկնել։ Քիւրդ բէյերն ու աղաները փառաւորապէս նստում են, անկողնում փաթաթուած, այդ սահնակների մէջ, իսկ բազմաթիւ մարդիկ, նայած ճանապարհի թեքութեան եւ հարթութեան, լծւում են ու քաշում։ Այդ լծկանները մեծ մասամբ լինում են մրիբայ հայերը կամ քիւրդերը։ Կեանքիս մէջ առաջին անգամն էի համարեա հանդիպում քիւրդ աղաների եւ, պէտք է ասել, նրանց արտաքինը, հագուստը, զէնքերը, սահնակները արտայայտում էին այն բոլորը, ինչ որ ես նրանց մասին կարդացել էի կամ լսել։ Յարութիւնը բացատրում է, որ այդ ժամանակները մեռել է Շաւըցոց Ջաֆար աղային կինը։ Ըստ Շարիաթի օրէնքի, մեռած եղբօր կինը հասնում է միւս եղբօրը, որը նրա հետ ամուսնանալով՝ տէր է դառնում եւ եղբօր ունեցածին։ Ջաֆար աղան այդպիսով դարձել է Շաւըցի աշիրաթի պետ։ Քիւրդ աղաները եկել են գլուխ ողջի եւ միեւնոյն ժամանակ շնորհաւորութեան։ Մենք շուտով պիտի հասնենք Ճանիկ, բայց դեռ լոյս է, իսկ լոյսով Ճանիկ մտնել անհնարին է։ Այնտեղ էլ միւտըրլըգ է՝ կաառվարութեան կեդրոն։ Յարութիւնը խորհուրդ է տալիս մտնել Տիրամէր֊Աստուածածին գիւղը։ Տիրամէրը ուխտատեղի է՝ «Կայծերի» հերոսների շրջագայած վայրերից մէկը․ ուզում եմ տեսնել։ Ճանապարհից շեղում ենք դէպի Տիրամէր։ Արդէն երեկոյեան դէմ է։ Արեւը թեքուել է դէպի Վանայ ծովակը։ Սքանչելի վերջալոյս է։Մեր դիմացը կանգնած է սիգապանծ Սիփանը ճերմակ շղարշով։ Բայց այնքան յոգնած եմ, որ ոչ գեղեցկութիւն կարող եմ տեսնել եւ ոչ էլ զգալ… Շուտով հասնում ենք գիւղ։ Յարութիւնը մեզ տանում է իր ծանօթ բարեկամի տունը։ Առաջին անգամ այդտեղ արդէն տեսնում եւ զգում եմ համիտեան րէժիմի աւերմունքները։ Ներս ենք մտնում տունը, ուր թոնիր կայ եւ ուր ընտանիքի անդամները նստած են թոնրի շուրջ, ոտքերը կախած թոնրի մէջ եւ վրան ձգուած ինչ որ ջուլ… Տանտիկինը մի այրի պառաւ է իր երկու հարսներով։ Յարութիւնը պատմում է, որ պառաւի երեք որդիները սպանուել են 1896ի կոտրածների ատեն։ Հարսները բազմաթիւ մանր տղաներով, մնացել են այրի եւ պառաւի հետ քարշ են տալիս իրենց թշուառ գոյութիւնը։ Տունը բաւական մաքուր էր․ բայց ի սպառ զուրկ գիւղին յատուկ կահ֊կարասիներից։ Ինձ ներկայացնում են իբրեւ ապաղեցի հայ։ Ձայն չեմ հանում, որ լեզուիցս բան չհասկնան։ Բայց մի քանի տարօրինակութիւններս ինձ մատնում են։ Չեմ կարող, աւելի ճիշդ, չեմ ուզում ուռած եւ խոնավ ոտներս թոնրի մէջ կախել, թէեւ ամէնքը կախել էին արդէն։ Շուտով կերակուր բերին, որը «<i>վըռոչ</i>» էր՝ ցորենը եփուած ջրի մէջ, աղով, ուրիշ ոչինչ։ Սոսկալի սեւ գոյնով մի սարսափելի բան։ Մի երկու դգալ փորձեցի, բայց չկարողացայ։ Հացն լ գցեցի, որ գարիի եւ տարիկանի խառնուրդ էր․ ուտել չէր լինում։ Կամաց յետ քաշուեցի եւ ինձ համար առանձնացած՝ մտածում էի Յարութիւնի պատմածների մասին եւ ոտներիս ցաւից ու տխուր խոհերից մէկ֊մէկ հառաչում։ Պառաւը իսկոյն կռահեց, որ ես գիւղական չեմ։ — <i>Վալլահ, սա խէն գիւղական չէ,</i> կաչաղ </i>է</i>… <i>Կաչաղ</i> ասում են Վանի հայերը փախստական յեղափոխականներին։ Յարութիւնը, մանաւանդ Ջաֆարը, որ տեղի եւ անտեղի, կոտրուած դգալի պէս, միջամտում էր խօսքերին, պառաւին հանգստացրին։ Բայց նա պնդեց իր ասածի վրայ եւ սկսեց ինձ պատմել իր դարդերը, նկարագրել իրենց գիւղի կոտորածը, որը կատարուել էր Շաւըցի աշիրաթի ձեռքով եւ շատ անգթօրէն… Զարմանալի են ճակատագրի խաղերը։ Այս անգամ էլ, 1914ի ռուս֊թրքական պատերազմին, Տիրամէրը եղաւ առաջին զոհը։ Ջէվտէթը ահա ինչ է գրում իր իտալական հիւպատոսին ուղղուած նամակում․ «<i>Թիմարէն յառաջացող մեր ջոկատները ոչնչացնելէ ետքը Տիրամէրի մէջ հաւաքուած ապստամբները՝ Ալիւր գիւղ հասան</i>»։ Շաւըցի քիւրդերը եւ կառավարութեան ոստիկանները յարձակուել են գիւղի վրայ, որը քիչ պաշտպանուելուց յետոյ անձնատուր է եղել․ սկսել են ջարդել եւ չեն խնայել ոչ երեխայ եւ ոչ ծեր, ոչ կին եւ ոչ երիտասարդ։ Քահանային նահատակել են անասելի տանջանքներով։ Բայց չեմ կարող այստեղ սրտի առանձին յուզմունքով չյիշել այստեղի քահանայի եւ շատ ուրիշ վանահայրերի մի բարձր հոգեւոր ազգային մտահոգութիւնը։ Տիրամէրի քահանան, գիտակցելով, որ կոտորածը անխուսափելի է, հասկանալով, որ ոչինչ չեն խնայելու, մանաւանդ զգալով, որ բարբարոսները պէտք է ոչնչացնեն ոչ միայն իրենց նիւթական կեանքը, այլեւ մշակութային՝ վառելով եկեղեցիները ու եկեղեցական սրբութիւնները, կողոպտելով եւ հրոյ ճարակ դարձնելով մագաղաթեայ թանկագին սպասները եւ ձեռագրերը։ Այդ դեռ բոլորը չէ։ Պատերի վրայ, թղթի կտորների վրայ, մի քանի տեղով գրուած ձգում է ձեռագրերի տեղը, «<i>որ դրսից Աստուծոյ օգնութեամբ այց եկողները գտնեն եկեղեցւոյ սրբութիւնները, զորս պահած է անհաւատներու ձեռքէն</i>»… Հայի քաղաքակրթութիւնը այստեղ է։ Մեռնելու ժամանակ էլ, երբ գիտէ, որ ամբողջ աշխարհը տակնուվրայ պիտի լինի, նա փրկում է իր ձեռագիրները, որ ապագայ սերունդը չզրկուի հին քաղաքակրթութեան արդիւնքներից… Մութը արդէն կոխելու վրայ է։ Պէտք է շտապել։ Շնորհակալութիւն եմ յայտնում պառաւին իր հիւրասիրութեան համար, եւ մեկնում ենք դէպի Ճանիկ։ Ճանիկում այն ժամանակ կանոնաւոր կազմակերպութիւն եւ գործադիր մարմին կար։ Շատ զգուշութեամբ մեզ ներս տարան, իսկոյն հիւրասիրեցին տաք թէյով եւ կաթով։ Շուտով գիւղի ամբողջ երիտասարդութիւնը թափուեց մեր գլխին։ Ճանիկ կառավարութեան կեդրոնատեղ լինելով, յեղափոխական գործիչները կամ խմբերն այդ ժամանակները ներս չէին մտնում։ Իմ մուտքը բացառութիւն էր․ ամէնքը ուրախացել էին եւ եկել <i>ղաչաղ</i> տեսնելու։ Ճանիկ մնալ վտանգաւոր էր։ Պէտք է անցնէինք ծովափը գտնուող Նորշէն գիւղը։ Այլ ելք չկար։ Պէտք էր Ճանիկով անցնէինք, որովհետեւ ձմեռային ճանապարհը այդ էր։ Գիշերով հազար ու մի նեղութեամբ, ընկնելով ու վեր կենալով, հազիւ հասանք գիւղ։ Մեզ նախ առաջնորդեցին մի ախոռ, ապա լուր եկաւ, որ գիւղի մէջ խումբ կար․ պէտք էր գնալ նոցա մօտ։
<references/>