— Քո վերջին տեսիլքն ինձ ծանոթ է,— խոսեց տիրուհին: — Վախենալ պետք չէ: Բայց և մի մտածիր, որ Լորիենը Սև Տիրակալից պահպանում են երգերը, գուսաններն ու էլֆ ռազմիկների բարակ նետերը: Կարող եմ բացել քեզ, Ֆրոդո, որ նույնիսկ հիմա, խոսելով քեզ հետ, զգում եմ Սև Տիրակալին ու բացահայտում նրա բոլոր մտահղացումները և կարող եմ ժամանակին վնասազերծել դրանք, իսկ նրան չի հաջողվում թափանցել իմ մտքերի մեջ:
Տիրուհին նայեց արևելք և ասես ինչ-որ բան հեռացրեց ձախ ձեռքով, իսկ աջը դանդաղ բարձրացրեց դեպի երկինք: Էարենդիլը՝ Էլֆերի սիրած Իրիկնային Աստղը, այնքան պայծառ էր լույս տալիս, որ գետնին նկատվում էր տիրուհու աղոտ ստվերը: Հովտում արդեն մութ էր, բայց հանկարծ նրան ասես լուսավորեց կայծակը. Լորիենի տիրուհու ձախ ձեռքին շլացուցիչ շողաց երփներանգ ձվաձև մարգարիտով ճերմակ քարով ոսկե մատանին, և Ֆրոդոն հասկացավ կամ այդպես թվաց նրան: — Այո,— հանգիստ հաստատեց Գալադրիելը, թեև Ֆրոդոն բարձրաձայն մեկ բառ անգամ չէր ասել: — Երեքից մեկը պահվում է Լորիենում: Ինձ է վստահված տիրել Նեինաին: Մենք դա գաղտնի ենք պահում, այդ պատճառով էլ Էլրոնդը ոչինչ չի ասել: Բայց Մատանու Պահապանից ոչինչ հնարավոր չէ թաքցնել՝ առավել ևս, որ դու տեսար Աչքը: Թշնամին սրա մասին չգիտե՝ առայժմ: Ինչպես տեսնում ես, քո հաջողությունից կամ անհաջողությունից կախված է նաև մեր ճակատագիրը: Քանզի եթե դու կործանվես ճանապարհին՝ արգելքները կվերանան, և մենք Թշնամու համար տեսանելի կդառնանք, իսկ եթե պարտքդ կատարես՝ հմայքը կվերանա, Միջերկիր աշխարհը կենթարկվի ամենատեր ժամանակին, իսկ մենք կգնանք ծովից այն կողմ կամ ձեզ պես մահկանացու կդառնանք, աստիճանաբար կմոռանանք անցյալը և կմոռացվենք ինքներս: Գալադրիելը լռեց: Ֆրոդոն էլ էր լուռ, բայց հետո նայեց Գալադրիելի աչքերին ու հարցրեց. — Իսկ ի՞նչ ճակատագիր կընտրեիր դու, եթե ընտրելու հնարավորություն ունենայիր: — Ցավոք, ինձ ընտրել տրված չէ,— մեղմ ձայնով պատասխանեց տիրուհին: — Մենք հավետ կհիշենք Լորիենը նույնիսկ ծովի այն կողմում, օրհնյալ հողում՝ էլֆերի սերը սեփական հողի հանդեպ ավելի խորն է, քան ծովի անդունդը: Հավերժ կհիշենք ու կսգանք, և այդ վիշտը երբեք լիովին չի դարմանվի: Սակայն Սաուրոնին հաղթելու համար էլֆերը պատրաստ են հրաժարվելու հայրենիքից, այդ պատճառով էլ մենք ապաստանեցինք Պահապաններին: Դու պատասխանատու չես Լորիենի ճակատագրի համար: Դու պետք է մտածես միայն քեզ վստահված հանձնարարության մասին... Իսկ եթե անկարելին երազեի, ապա կուզենայի, որ Թշնամու Մատանին երբեք կռված չլիներ կամ հավիտյան անհետանար Միջերկրից: — Դու իմաստուն ես, անվախ և արդարամիտ,— ասաց նրան հոբիթը: — Ուզու՞մ ես Թշնամու Մատանին տամ քեզ... Նրա հզորությունն իմ ուժերից վեր է: Տիրուհին հանկարծակի զրնգուն ծիծաղեց:
— Այո,— հանգիստ հաստատեց Գալադրիելը, թեև Ֆրոդոն բարձրաձայն մեկ բառ անգամ չէր ասել: — Երեքից մեկը պահվում է Լորիենում:
[[Կատեգորիա:Հեքիաթ]]