Երեկոյան Սելեբորնը Ջոկատին կրկին հրավիրեց իր մոտ: Բոլոր Պահապանները հավաքվեցին դահլիճում: Ողջունելուց հետո Սելեբորնը ասաց.
— Պահապանների ջոկատի ելույթի ժամն է: Ձեր առջև նորից ընտրություն է: Նրանք, ովքեր կվճռեն շարունակել արշավը, վաղը պետք է հեռանան Լոթլորիենից: Իսկ ով չի ցանկանում գնալ, կարող է առայժմ մնալ մեզ մոտ: Բայց եթե Թշնամին տիրանա Մատանուն, ոչ ոքի հանգիստ ապրել այլևս չի հաջողվի, քանզի մենք մոտեցել ենք ճակատագրական վերջնագծին: Ով ուզում է, կարող է այստեղ սպասել իր ժամին: Մենք կկոչենք նրան վերջին կռվի՝ չէ՞ որ մենք պետք է գրոհով հասնենք ծով: Իսկ այդ մարտում քչերը ողջ կմնան:
Լռություն տիրեց:
Եթե Գանդալֆն առաջվա պես նրանց հետ լիներ, ապա Արագորնը առանց տատանվելու կթեքվեր Գոնդոր: Նա հավատում էր, որ Բորոմիրի ու նրա եղբոր մարգարեական երազը, հաստատելով դունադանների հին ավանդությունը, կոչ է անում իրեն՝ Էլենդիլի ժառանգին, որ եկել է ժամանակը բացվել աշխարհին և մարտի դուրս գալ Թշնամու դեմ: Բայց Գանդալֆը չկար, և Արագորնը հասկանում էր, որ ինքն է ստիպված լինելու ուղեկցել Ֆրոդոյին, եթե նա ցանկանա անցնել Անդուինը: Եվ, սակայն, ինքը ինչո՞վ կօգնի հոբիթին՝ կուրորեն սուզվելով Խավարի Վարագույրի հետևը...
— Ես մենակ էլ կգնամ Մինաս Թիրիթ, դա իմ պարտքն է,— ասաց Բորոմիրը: Հետո նա անքթիթ նայեց Ֆրոդոյին, ասես փորձելով կարդալ նրա մտքերը: Բայց նկատելով, որ հոբիթը չի պատրաստվում խոսել, հլուխը կախեց և մտածկոտ շարունակեց. — Եթե անհրաժեշտ է Մատանին ոչնչացնել, ապա զենքի ուժով այս դեպքում ոչ մի բանի չես հասնի, և Պահապանի Գոնդոր գնալը միտք չունի: Իսկ եթե անհրաժեշտ է ոչնչացնել Թշնամուն, ապա մի՞թե խելագարություն չէ հրաժարվել... — Բորոմիրը լռեց, կարծես թե մինչ այդ ինքն իր հետ էր խորհում, իսկ հիմա հանկարծ հասկացավ, որ բարձրաձայն է խոսում, և վերջացրեց ակնհայտորեն ոչ այնպես, ինչպես ուզում էր. — ... Մեծ Գոնդորի ռազմական օգնությունից:
Ֆրոդոյին անհագստացրին Բորոմիրի խոսքերը: Հրաժարվելը խելագարություն է,— ասաց գոնդորցին... Ինչի՞ց... Գուցե Համիշխանության Մատանու՞ց... Ֆրոդոն հիշեց, որ Էլրոնդի մոտ կայացած խորհրդում Բորոմիրն այդ մասին արդեն մի անգամ խոսք է բաց արել, բայց Էլրոնդը այն ժամանակ նրան ամեն ինչ բացատրեց, և նա, կարծես թե, հասկացավ բանն ինչ է: Հոբիթը հույսով նայեց Արագորնին, սակայն նա, մտքերի մեջ խորասուզված, ըստ երևույթին, պարզապես չէր լսում Բորոմիրին: Դրանով էլ խորհրդակցությունն ավարտվեց: Մերին ու Փինը արդեն քնած էին, Սամը դիմանում էր, բայց թաքուն հորանջում էր: Օդում արդեն վաղորդյան թարմություն էր զգացվում: Ֆրոդոն մտավ վերմակի տակ ու քնեց:
Առավոտյան նրանք սկսեցին ճանապարհի պատրաստություն տեսնել: Եկան էլֆերը և իրենց հետ հանդերձանքի ու սննդամթերքի մի քանի պարկ բերեցին: Ջիմլին բացեց պարկերից մեկը, շագանակագույն բարակ մի բլիթ հանեց, ջարդեց այն՝ միջուկը սպիտակ դուրս եկավ, և, դեռ չփորձած, հիասթափված ասաց.
— Գալեթ... — Սակայն շնորհ արեց համտեսելու: Թզուկի դեմքի արտահայտությունը իսկույն փոխվեց և նա հաճույքով կերավ մնացածը:
— Կանգ առ... — ծիծաղելով ձայնեցին էլֆերը: — Դու արդեն կերար ցերեկվա բաժինը, միայն երեկոյան կողմ կսովածանաս, այն էլ եթե ամբողջ օրն աշխատես:
[[Կատեգորիա:Հեքիաթ]]