Changes

Գրառումներ մեռյալ տնից

Ավելացվել է 64 706 բայտ, 16:55, 7 Հունվարի 2016
/* VII։ Հայցապահանջ */
=== VII։ Հայցապահանջ ===
 
Սկսելով այս գլուխը, հանգուցյալ Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովի գրառումների հրատարակիչն իր պարտքն է համարում հետևյալը հայտնել ընթերցողներին։
 
Սույն գործի առաջին գլխում մի քանի խոսք ասվել է հայրասպանի մասին՝ ազնվականներից։ Իմիջիայլոց, նա ներկայացված էր որպես օրինակ, թե ինչ անզգայնությամբ են կալանավորները երբեմն խոսում իրենց գործած հանցանքների մասին։ Ասվել է նաև, որ մարդասպանը չի խոստովանել դատարանի առաջ՝ իր հանցագործության մասին, բայցև որ, դատելով մարդկանց պատմածներից, ովքեր նրա պատմության բոլոր մանրամասները գիտեին, փաստերն այնքան հստակ են եղել, որ անհնար էր չհավատալ հանցանքի իսկությանը։ Այդ նույն մարդիկ պատմել են «Գրառումների» հեղինակին, որ հանցագործը եղել է միանգամայն անառակ վարքի տեր, պարտքերի տակ է մտել և սպանել հորը, դրանից հետո՝ ժառանգության ծարավի։ Ի դեպ, ամբողջ քաղաքը, ուր մինչ այդ ապրում էր հայրասպանը, այդ պատմությունն անում էր միատեսակ։ Վերջին այս փաստի մասին «Գրառումների» հրատարակիչն ունի բավականաչափ հավաստի տեղեկություններ։ Ի վերջո, «Գրառումներում» ասված է, որ բանտում մարդասպանը մշտապես հիանալի և զվարթագույն հոգեվիճակում էր, որ դա խելառ, թեթևամիտ, չափից դուրս անկշռադատ մեկն էր, թեև ամենևին ոչ հիմար, և որ «Գրառումների» հեղինակը նրա մեջ երբեք չի նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Եվ հենց այդտեղ էլ բառեր են ավելացված. «Անշուշտ, ես չէի հավատում այդ հանցագործությանը»։
 
«Գրառումների» հրատարակիչն օրերս ծանուցում ստացավ Սիբիրից, որ հանցագործն իսկապես իրավացի է և տասը տարի զուր տեղը տառապել է տաժանակրի աշխատանքներում, որ նրա անմեղությունը բացահայտվել է դատարանով, պաշտոնապես։ Որ իսկական հանցագործները գտնվել են, խոստովանել, և որ թշվառականն արդեն ազատված է բանտից։ Հրատարակիչը ոչ մի կերպ չի կարող չհավատալ այդ տեղեկության իսկությանը...
 
Ավելացնելու բան չկա այլես։ Չարժե խոսել ու ծավալվել այդ փաստի ողբերգականության համակ խորության շուրջ, երիտասարդ տարիքից կործանված կյանքի մասին՝ նման ահավոր մեղադրանքի ներքո։ Փաստը չափից ավելի է հասկանալի, չափազանց ապշեցուցիչ ինքնին։
 
Մենք մտածում ենք նաև, որ եթե նման փաստը հնարավոր դարձավ, ապա հնարավորությունն ինքնըստինքյան մի նոր և չափից ավելի վառ գիծ է ավելացնում Մեռյալ տան բնութագրմանը և կատարյալ պատկերին։
 
Իսկ հիմա շարունակենք։
 
 
Վերն արդեն ասել եմ, որ ի վերջո, ընտելացա բանտում իմ վիճակին։ Սակայն այդ «ի վերջոն» եղավ խիստ ծանր ու տանջալի, չափից ավելի կամաց-կամաց։ Ըստ էության, ինձ պետք եղավ համարյա մեկ տարի ժամանակ դրա համար, և դա իմ կյանքի ամենադժվարին տարին էր։ Հենց այդ պատճառով էլ ամբողջությամբ դաջվեց հիշողությանս մեջ։ Ինձ թվում է, թե այդ տարվա ամեն ժամը հիշում եմ հաջորդաբար։ Ասել եմ նաև, որ այդ կյանքին ''ընտելանալ'' չէին կարողանում նաև մյուս կալանավորները։ Հիշում եմ, թե ինչպես այդ առաջին տարում հաճախ ինքս ինձ մտորում էի. «Ի՞նչ, ինչպե՞ս, մի՞թե կարողացել են ընտելանալ, մի՞թե հանգիստ են։ Եվ այդ հարցերն ինձ շատ էին զբաղեցնում։ Արդեն հիշատակել եմ, որ կալանավորները այստեղ ապրում էին կարծես ոչ իրենց տանը, այլ ասես մի իջևանատան, արշավի կամ որևէ կալաներթի մեջ։ Ցմահ աքսորվածներն անգամ իրարանցման մեջ էին կամ կարոտում էին, և անպայմանորեն ամեն մեկը երազում էր անհնարին ինչ-որ բան։ Այդ մշտական անհանգստությունը, որ արտահայտվում էր թեև լուռ, սակայն տեսանելի, երբեմն ակամա արտահայտած հույսերի այդ արտառոց տաքարյունությունը և անհամբերությունն այն աստիճանի անհիմն, որ զառանցանքի է նմանվում, և որ ամենից շատ էր ապշեցնում՝ տեղ գտած, ըստ երևույթին, ամենագործնական ուղեղներում, ահա այդ ամենն անսովոր տեսք ու բնույթք էր հաղորդում այդ վայրին, այն աստիճան, որ գուցեև հենց այդ գծերն էին կազմում դրա ամենաբնութագրական հատկանիշը։ Համարյա առաջին հայացքից մի տեսակ զգացվում էր, որ նման բան չկար բանտից դուրս։ Այստեղ բոլորը երազողներ էին, և դա աչքի էր զարնում։ Դա զգացվու մ էր հիվանդագին, հենց այն պատճառով, որ անրջականությունը բանտի մեծ մասին տալիս էր մռայլ ու դաժան տեսք, մի տեսակ անառողջ արտաքին։ Վիթխարի մեծամասնությունը ատելության աստիճան լռակյաց էր ու քինոտ, չէր սիրում հույսերն ի ցույց դնել։ Պարզամտությունը, անկեղծությունն արհամարհված էին։ Որքան ավելի անիրական էր դա զգում ինքը՝ երազողը, այնքան ավելի ողջամտորեն և համառությամբ էր թաքցնում իր մեջ, սակայն հրաժարվել դրանից չէր կարող։ Ով դիտե, գուցեև ոմանք ամաչում էին ներքուստ։ Ռուսական բնավորության մեջ այնքան շատ է դրականությունը և հայացքի սթափությունը, այնքան շատ է ներքին քմծիծաղը՝ առաջին հերթին իր իսկ վրա... Գուցեև մշտական թաքցված դժգոհությունն իրենցից, այդ մարդկանց այդչափ դժդոհությունն էր հարուցում միմյանց հետ ամենօրյա փոխհարաբերություններում, այդչափ անհաշտությունը և ծաղրը միմյանց հանդեպ։ Եվ եթե, ասենք, իրենց իսկ միջից հանկարծ դուրս պրծներ առավել միամիտ ու անհամբեր մեկր և մի անգամ բարձրաձայն ասեր այն, ինչ բոլորի մտքում էր, տրվեր անուրջների և հույսերի, ապա նրան տեղնուտեղը կոպտաբար կըմբերանեին, կընդհատեին, կծաղրեին, սակայն ինձ թվում է, որ հետապնդողներից ամենամոլիները հենց նրանք էին, ովքեր նրանից շատ ավելի էին առաջացել իրենց երազանքներով ու հույսերով։ Արդեն ասել եմ, որ միամիտներին և պարզամիտներին մեզ մոտ նայում էին որպես ամենահետնյալ տխմարների և վերաբերվում արհամարհաբար։ Յուրաքանչյուրն այնքան էր մռայլ և անձնասեր, որ սկսում էր քամահրել բարեսիրտ և անանձնական մարդուն։ Այդ միամիտներից ու պարզսիրտ շատախոսներից բացի, մյուս բոլորը, այսինքն՝ լռակյացները, կտրուկ բաժանվում էին բարեսիրտների և չարակամների, մռայլադեմների և լուսավոր հայացք ունեցողների։ Խոժոռադեմներն ու չարակամներն անհամեմատ շատ էին, իսկ եթե նրանցից ոմանք ի բնե շատախոս էին, ապա բոլորն անպայման անդադրում բամբասասեր էին և տագնապահարույց նախանձներ։ Ուրիշի ամեն ինչի հետ գործ ունեին, թեև իրենց հոգին, սեփական գաղտնի գործերը ոչ մեկին ի ցույց չէին դնի։ Դա հարգի չէր, ընդունված չէր։ Բարեսիրտները շատ փոքր խմբակ, սուսուփուս էին, լռելյայն ներսում էին թաքցնում իրենց հուսադրումները, անշուշտ, մռայլադեմներից ավելի էին հակված հույսի և հավատի։ Իմիջիայլոց, ինձ թվում է, որ բանտում էին նաև կատարելապես հուսաբեկ մարդկանց մի ամբողջ հատված։ Այդպիսին էր, օրինակ, ծերունին՝ Ստարոդուբովյան արվարձաններից, համենայն դեպս, այդպիսիք շատ քիչ էին։ Ծերունին արտաքուստ հանգիստ էր (արդեն ասել եմ այդ մասին), սակայն որոշ հատկանիշներից ելնելով, ենթադրում եմ, հոգեվիճակն ահավոր էր։ Իմիջիայլոց, նա իր փրկությունն ուներ՝ աղոթք և նահատակության գաղափարը։ Խելագարված, Աստվածաշնչի ընթերցմամբ կլանված կալանավորն, ում մասին արդեն հիշատակել եմ, որն աղյուսն առած հարձակվել էր մայորի վրա, հավանորեն, նույնպես հուսաբեկներից էր, նրանցից, ում լքել էր վերջին հույսը, իսկ քանի որ կատարելապես առանց հույսի ապրելն անհնարին է, ապա ինքն իր համար ելք էր հորինել՝ կամավոր, համարյա արհեստական նահատակություն։ Նա հայտնեց, որ մայորի վրա է նետվել առանց չարամտության, այլ սոսկ կամենալով չարչարանք ընդունել։ Եվ ով գիտե, թե հոգեբանական ինչ շրջադարձ էր կատարվել նրա հոգում այն ժամանակ։ Առանց որևէ նպատակի և դրան ձգտելուն չի ապրում և ոչ մի մարդ։ Կորցնելով նպատակը և հույսը, մարդը թախծից հաճախ վերածվում է հրեշի... Մերոնց բոլորի նպատակն ազատությունն էր և ելքը տաժանակրությունից։
 
Ի դեպ, ահա հիմա ես եմ ջանում մեր ամբողջ բանտը տեսակավորել, սակայն հնարավո՞ր է դա։ Իրականությունն անսահման բազմիմաստ է, համեմատած մյուս բոլոր նույնիսկ և ամենախորամանկ, հետևություններով վերացարկված մտքի հետ և չի հանդուրժում կտրուկ և խոշոր տարբերակներ։ Իրականությունը ձգտում է կոտորակման։ Սեփական, առանձնահատուկ կյանք ունեինք նաև մենք, գոնե ինչ-որ մի, այդուհանդերձ ունեինք, այն էլ ոչ ուրիշ՝ պաշտոնական, այլ մեր ներքին, սեփական կյանքը։
 
Սակայն, ինչպես հիշատակել եմ մասամբ, ես չէի կարող և չգիտեի ներթափանցել այդ կյանքի խորքերը՝ բանտային իմ կյանքի սկզբում, այդ պատճառով էլ արտաքին բոլոր դրսևորումներն այն ժամանակ ինձ տանջում էին անպատմելի թախծով։ Այն ժամանակ պարզապես սկսեցի ատել ինձ պես տառապյալներին։ Նույնիսկ նախանձում էի նրանց և մեղադրում ճակատագիրը։ Նախանձում էի նրանց, որ այնուամենայնիվ, յուրայինների, ընկերության մեջ են, հասկանում են իրար, թեև ըստ էության, նրանց բոլորին, ինչպեսև ինձ, ձանձրացրել, տաղտկալի էր դարձել այդ ընկերությունը՝ մտրակի և մահակի տակ, այդ բռնի արտելը, և յուրաքանչյուրն իր ներսում գլուխ էր թեքում մյուսներից մի կողմի վրա։ Կրկնեմ նորից, չարության պահերին ինձ պաշարած այդ նախանձն ուներ իր օրինական հիմքը։ Իրականում կտրականապես իրավացի չեն նրանք, ովքեր ասում են, թե ազնվականի, ուսյալ և այլն մարդու համար միանգամայն նույն ծանրությունն է մեր տաժանավայրերում ու բանտերում, ինչպեսև ամեն մի մուժիկի համար։ Ես գիտեմ, լսել եմ այդ ենթադրության մասին վերջին ժամանակներս, կարդացել եմ այդ մասին։ Այդ գաղափարի հիմքն արդարացի է, մարդասիրական։ Բոլորն էլ մարդ-արարածներ են։ Սակայն հենց գաղափարն է խիստ վերացարկված։ Աչքաթող են արված բազմաթիվ գործնական պայմաններ, որոնք այլ կերպ չեն ըմբռնվի, քան իրականության մեջ։ Ես սա ասում եմ ոչ որովհետև ազնվականը, ուսյալ մարդն ավելի նրբինացված, հիվանդագին է զգում, որ ավելի զարգացած են նրանք։ Հոգին և նրա զարգացումը դժվար է հարմարեցնել որևէ տվյալ մակարդակի։ Անգամ ուսյալությունն ինքնին այդ դեպքում չափանիշ չէ։ Պատրաստ եմ առաջինը վկայել, որ ամենևին ոչ ուսյալ, ամենաճնշված միջավայրում այդ տառապյալների մեջ հանդիպել եմ հոգեկան ամենանրբին զարգացման գծեր։ Բանտում երբեմն լինում էր այնպես, որ մի քանի տարի կճանաչեիր մարդուն և նրա մասին կմտածեիր, թե գազան է, ոչ մարդ, կարհամարհեիր։ Ու հանկարծ պատահմամբ կգար պահը, երբ նրա հոգին ակամա պոռթկումով երևան կգար, և կտեսնեիր այնպիսի զգացմունք, հարստություն, սիրտ, սեփական թե ուրիշի տառապանքի այնպիսի ըմբռնում, որ հանկարծ կբացվեին աչքերդ և առաջին պահին չէիր հավատա նույնիսկ, որ անձամբ ես տեսել ու լսել։ Լինում է նաև հակառակը. կրթությունը երբեմն հաշտվում է այնպիսի բարբարոսության, այնպիսի ցինիզմի հետ, որ նողկանք է հարուցում և, ինչքան էլ բարեսիրտ կամ կանխակալ լինես, սրտումդ ո՛չ թողություն կգտնես, ո՛չ արդարացում։
 
Ոչինչ չեմ ասում նաև սովորությունների, կենսակերպի, ուտելիքի և այլնի փոփոխման մասին, ինչ հասարակության վերին խավի մարդու համար, հարկավ, ծանր է ավելի, քան մուժիկի, որը հաճախ քաղցել է ազատության մեջ, իսկ բանտում կուշտ փորով ուտում է համենայն դեպս։ Չեմ վիճի այդ մասին։ Ընդունենք, որ թեկուզ փոքր-ինչ կամքի ուժ ունեցող մարդու համար այդ ամենը փուչ բան է, համեմատած մյուս անհարմարությունների հետ, թեև ըստ էության, սովորությունների փոփոխումն ամենևին էլ անհեթեթ չէ, վերջին բանը չէ։ Սակայն կան անհարմարություններ, որոնց դիմաց այդ ամենը խամրում է, այն աստիճան, որ ուշադրություն չես դարձնում ո՛չ բանտային կեղտին, ո՛չ կալանդներին, ո՛չ անյուղ, անտեսք ուտելիքին։ Ամենանրբին փափկասունը, ամենաբծախնդիր նրբակյացը, մեկ օր աշխատելով՝ քրտինքի մեջ կորած, ինչպես երբեք չէր աշխատել ազատության մեջ, կուտի թե՛ սև հացը, թե՛ շչին՝ ուտիճներով։ Սրան դեռ կարելի է վարժվել, ինչպես ասված է կալանավորական երգիծական երգում՝ տաժանավայր եկած նախկին փափկասունի մասին.
 
Կաղամբ կտան ինձ, ջրի հետ խառը՝
Ու կուտեմ այնպես, ականջներս կախ։
 
Ոչ, այս ամենից ավելի կարևոր է այն, որ բանտ մտածներից յուրաքանչյուրը, գալուց երկու ժամ անց դառնում էր այնպիսին, ինչպիսին մյուս բոլորը, ''ինչպես իր տանը''․ նույնպիսի մի լիիրավ տեր բանտային արտելում, ինչպես մեկ ուրիշը։ Նա հասկանալի է բոլորին, ինքն էլ բոլորին է հասկանում, ծանոթ է բոլորին և րոլորը նրան համարում են ''յուրային''։ Նույնր չէ ''ազնվատոհմի'', ազնվականի համար։ Որքան էլ իրավացի եղավ, բարեսիրտ, խելացի, տարիներ շարունակ նրան կատեն, կարհամարհեն բոլորը՝ զանգվածով մեկ, նրան չեն հասկանա, գլխավորը՝ չեն հավատա։ Ոչ ընկեր, ոչ բարեկամ, ու թեև վերջիվերջո, տարիների հետ կհասնի նրան, որ չեն նեղացնի իրեն, այնուամենայնիվ, կմնա ոչ յուրային և հավերժորեն, տանջալիորեն կգիտակցի իր խորթացածությունը և մենությունը։ Այդ խորթացածությունն արվում է կալանավորների կողմից, երբեմն առանց նվազագույն չարության, այլ հենց այնպես, անգիտակցորեն։ Յուրային չէ, և ուրիշ ոչինչ։ Ավելի սարսափելի բան չկա, քան ապրելը ոչ իր միջավայրում։ Տագանռոգից Պետրոպավլովսկ տեղափոխված մուժիկը տեղնուտեղն այնտեղ կգտնի ճիշտ իր պես ռուս մուժիկի, իսկույն կհարմարվի և լեզու կգտնի նրա հետ, իսկ երկու ժամ անց, թերևս, կապրեն ամենահաշտ և խաղաղ եղանակով նույն խրճիթում, կամ նույն քողտիկում։ Նույնը չէ ազնվականի համար։ Հասարակ ժողովուրդը և նրանք բաժանված են խորունկ անդնդով, և դա լիովին ի հայտ է գալիս այն ժամանակ սոսկ, երբ ազնվատոհմն ինքը, արտաքին հանգամանքների բերումով, գործնականում իսկապես զրկվում է իր նախկին իրավունքներից և վերածվում հասարակ մեկի։ Թեև ամբողջ կյանքում ճանաչել եք ժողովրդին, թեկուզ քառասուն տարի անընդմեջ, ամեն օր շփվել եք հետները, ծառայության բերումով, ասենք, պայմանական-վարչական ձևերով, կամ նույնիսկ հենց այնպես, բարեկամաբար, որպես բարերար ու որոշ առումով հայր, երբեք բուն էությունը չեք իմանա։ Ամեն ինչ սոսկ տեսողական խաբկանք կլինի, ուրիշ ոչինչ։ Ես հո գիտեմ, որ բոլորը, բացարձակապես բոլորը, կարդալով իմ դիտողությունները, կասեն, թե չափազանցնում եմ։ Սակայն համոզված եմ, որ դրանք ճիշտ են։ Ես համոզվել եմ ոչ թե գրքերով, ոչ մտահայեցողաբար, այլ իրականում և բավական շատ ժամանակ եմ ունեցել համոզմունքներս ստուգելու համար։ Գուցեև հետագայում բոլորը կիմանան, թե ինչ աստիճանի իրավացի է դա...
 
Իրադարձությունները, ասես դիտավորյալ, առաջին քայլից հաստատեցին իր դիտարկումները, նյարդային եև հիվանդագին ազդեցություն թողնելով ինձ վրա։ Այն առաջին տարին ես թափառում էի բանտում համարյա մեն-մենակ։ Արդեն ասել եմ, որ այնպիսի հոդգեվիճակում էի, որ անգամ չէի լարող գնահատել և զատել այն տաժանապարտներին, ովքեր կարող էին ինձ սիրել, ովքեր սիրեցին հետագայում, թեև երբեք հավասարի պես չեղան։ Ընկերներ ունեի նաև ազնվականներից, սակայն հոգուս վրա ծանրացած բեռը չթեթևացրեց այդ ընկերությունը։ Թվում էր, թե չեմ նայի և ոչնչի, իսկ փախչելու տեղ չկար։ Եվ ահա, այն դեպքերից մեկը, օրինակ, որոնք առաջին իսկ անգամից առավելագույնս հասկացնել տվեցին ինձ իմ խորթացածությունը և բանտում իմ վիճակի առանձնահատկությունը։ Մի անգամ, այդ նույն ամռանը, արդեն օգոստոսին մոտ, արևոտ ու շոգ աշխատանքային մի օր, կեսօրվա ժամը, մեկին, երբ սովորականի պես բոլորը հանգստանում էին ետկեսօրյա աշխատանքից առաջ, հանկարծ ամբողջ տաժանավայրը մի մարդու պես ոտքի ելավ և սկսեցին շարվել բանտի բակում։ Ես ոչինչ չգիտեի մինչ այդ րոպեն։ Այն ժամանակ երբեմն այնքան էի խորասուզված լինում ինքս իմ մեջ, որ համարյա չէի նկատում, ինչ է կատարվում շուրջս։ Այնինչ, ամբողջ տաժանավայրն արդեն երեք օր խորունկ հուզմունքի մեջ էր։ Գուցեև շատ ավելի առաջ էր ծայր առել այդ հուզումը, ինչպես կռահեցի արդեն հետո, ակամա վերհիշելով ինչ֊ինչ բաներ կալանավորական խոսակցություններից, դրա հետ մեկտեղ նաեև կալանավորների սաստկացած կռվազանությունը, մռայլվածությունը և վերջերս հատկապես նկատվող չարացած վիճակը։ Ես դա վերագրում էի ծանր աշխատանքին, երկարուձիգ ամռան տրտում օրերին, անտառների և ազատարձակության շուրջ ակամա անուրջներին, կարճ գիշերներին, երբ դժվար էր կուշտ քուն առնելը։ Կարող է պատահել այդ ամենը հիմա մեկտեղվել էին մի պոռթկումի մեջ, սակայն այդ պոռթկումի առիթն ուտելիքն էր։ Վերջին ժամանակներս, արդեն քանի օր բարձրաձայն տրտնջում էին, զայրանում բանտասենյակներում և հատկապես խոհանոցում ճաշին և ընթրիքին, դժդոհ էին խոհարարներից, նույնիսկ փորձել էին փոխել նրանցից մեկին, սակայն տեղնուտեղը քշել էին նորին ու ետ բերել նախկինին։ Մի խոսքով, բոլորը մի տեսակ անհանգիստ վիճակում էին։
 
― Մեր գործը՝ ծանր, իսկ մեզ փորոտիքով են կերակրում,— կփնթփնթար մեկը խոհանոցում։
 
― Դուրըդ չի գալիս, բլամանժե պատվիրի,— կմիանար մյուսը։
 
― Տղերք, ես որ փորոտիքով շչի շատ եմ սիրում,— երրորդը մեջ կմտներ,— քանի որ համով է։
 
― Ամեն ժամանակ որ քեզ փորոտիք տան, համո՞վ կըլնի։
 
― Ճիշտ որ հիմի մսի ժամանակ է,— կասեր չորրորդը,— գործատեղը տանջվում, չարչարվում ենք, գործից հետո հոուտել չե՜ս ուզում։ Փորոտիքն էլ ի՜նչ ուտելիք։
 
― Փորոտիքով էլ չեղավ, ուրեմըս քափ ու քրտինքով։
 
― Թեկուզ էդ քափ ու քրտինքը վերցնենք։ Փորոտիք ու քրտինք՝ քոքել են մի գլուխ։ Էդ ի՞նչ ուտելիք է։ Արդարության կա՞ էստեղ, թե՝ չկա։
 
― Հա, կերը վատ է։
 
― Բայց ծոց ու ջեբ լցնում է։
 
― Էդ քո խելքի բանը չի։
 
― Բա ո՞ւմն է։ Փորը հո իմս է։ Այ, լրիվով մի բողոք֊պահանջ անեինք, գործ կըլներ, հա։
 
― Բողոք֊պահա՞նջ։
 
― Հա։
 
― Երևում է, էդ հախ ու պահանջի համար քեզ քիչ են մաշկել։ Սրտոտիս տեսեք։
 
― Էգ մեկը ճիշտ էր,— ավելացրեց մեկ ուրիշը փնթփնթալով, որ մինչ այդ լուռ էր,— չնայած շուտ կըլնի, բայց լավ չիլնի։ Էդ ի՞նչ ես ասելու բողոքիդ հետ, իմացար, առաջուց ասա, գլխիդ վրա ծործորակ կա՞։
 
― Ու կասեմ։ Թե որ լրիվս գնայինք, էդ ժամանակ լրիվի հետ կասեմ։ Աղքատություն է, ուրեմըս։ Մեզ մոտ մարդ կա, իր բերածն է ուտում, մարդ էլ կա՝ մենակ պետականի վրա է։
 
― Տես է, աչքը սուր, նախանձածս տուր։ Աչք ես տնկել ուրիշի ունեցածի վրա։
 
― Ուրիշի պատառին բերան մի պատռի, առավոտը շուտ վեր կաց, քո գործին կաց։
 
― Քո գործին կաց... Քեզ հետ մինչև օր ծերություն էդ գործի վրա կտամ-կառնեմ։ Ուրեմըն, դու հարո՞ւստ ես, որ ձեռներդ ծալած նստել ես ուզում։
 
― Մեր Երոշկան՝ ունևոր, շուն ու կատու ունի որ։
 
― Ճիշտ որ, տղերք, ինչ ենք նստել-մնացել։ Ուրեմըս, հերիք դրանց ախմախություններին դիմանանք։ Կաշի են մաշկում։ Ինչի՞ չգնանք։
 
― Ինչի՜։ Վայ թե ծամեն ու բերանդ դնեն, սովոր ես ծամածը կուլ տալ։ Ուրեմըս, աքսոր է, այ թե ինչի։
 
― Ինչ է դուրս գալիս Տեր Աստված, ժողովրդին կռվացրու, վոյեվոդներին կերցրու։
 
― Էդ է որ կա։ Լավ տռզել է ութաչքանին։ Մի ջուխտ մոխրի գույն ձի է առել։
 
― Խմել էլ չի՜ սիրում։
 
― Էրեկ չէ առաջին օրը իշի բժշկի հետ կռվեցին թուղթ խաղալու վրա։ Մինչև լուս շփշփացնում էին։ Մեր անտերը էրկու ժամ է դիմացել։ Ֆեդկան էր ասում։
 
― Դրանից էլ շչին քրտինքով են տալիս։
 
― էխ, անխելքներ։ Ախր, մեր եղածով դուրս գալ չիլնի։
 
― Էդ է, լրիվով դուրս գանք, տեսնենք, ինչ արդարացում կասի։ Ու պինդ էլ կանգնենք։
 
― Արդարացո՜ւմ։ Կբռնի ու կհասցնի ակռեքիդ, ու վերջ։
 
― Չասած, որ դատի էլ կտան...
 
Մի խոսքով, բոլորը խռովված էին։ Այն ժամանակ մեզ մոտ իսկապես վատն էր ուտելիքը։ Ու ամեն ինչ կուտակվել էր իրար վրա։ Իսկ գլխավորն ընդհանուր թախծաշատ տրամադրությունն էր, մշտական թաքուն տառապանքը։ Տաժանապարտը կռվազան է և բռնկուն արդեն իր բնույթով, սակայն բոլորը մեկտեղ կամ մեծ խմբով ընդվզում են սակավադեպ։ Դրա պատճառը մշտական տարաձայնությունն է։ Նրանցից ամեն մեկն ինքն էր զգում դա, ահա թե ինչու մեզ մոտ ավելի շատ կռվշտոց էր լինում, քան գործ։ Այդուհանդերձ, այդ անգամ հուզումը զուր չանցավ։ Սկսեցին հավաքվել խումբ֊խումբ, առնում֊տալիս էին բանտասենյակներում, լեզվակռիվ տալիս, չարացած վերհիշում մեր մայորի ամբողջ կառավարումը, ամեն ինչ ջրի երես էին հանում։ Հատկապես բորբոքվում էին մի քանիսը։ Նման ամեն գործում ի հայտ են գալիս պարագլուխներ, կառավարներ, և ոչ միայն բանտերում նման, այսինքն՝ պահանջի դեպքերում ընդհանրապես հիանալի մարդիկ են, և այլև բոլոր խմբերում, խմբակներում և այլն։ Առանձնահատուկ տիպ է դա, ամեն տեղ իրար նման։ Տաքարյուն, արդարության ծարավի, և ամենամիամիտ, ամենաազնիվ եղանակով հավատացած դրա անպայման, անխախտելի և գլխավորը՝ անհապաղ հնարավորությանը։ Այդ մարդիկ մյուսներից անխելք չեն, նրանց մեջ լինում են շատ խելացիներ, սակայն չափից ավելի հախուռն խորամանկ և հաշվենկատ լինելու համար։ Բոլոր դեպքերում, եթե լինում էլ են մարդիկ, ովքեր կարողանում են ճարպկորեն ուղղորդել զանգվածներին և շահել գործը, ապա նրանք ժողովրդական առաջնորդների և բնական պարագլուխների մի ուրիշ տեսակ են ներկայացնում, մեզանում չափազանց հազվադեպ տեսակ։ Բայց սրանք, ում մասին հիմա խոսում եմ, հայցապահանջների հրահրիչներն ու առաջատարները, համարյա միշտ տանուլ են տալիս գործը և դրա համար հետագայում բնակեցնում բանտերն ու տաժանավայրերը։ Հապշտապության պատճառով են նրանք տանուլ տալիս, բայց հենց դրանով էլ ազդեցություն ունեն զանգվածների վրա։ Նրանց ետևից, ի վերջո, հաճույքով են գնում։ Նրանց տաքարյունությունը և ազնիվ ընդվզումը ներազդում են բոլորի վրա, և վերջում նրանց են միանում ամենաանվճռականները։ Հաջողության հասնելու նրանց կույր վստահությունը գայթակղում է նույնիսկ ամենաարմատական հոռետեսներին, չնայած այդ վստահությունը երբեմն այնքան երերուն, այնքան մանկական հիմքեր է ունենում, որ մեկուսի ապշում ես, թե ինչպես գնացին նրանց ետևից։ Իսկ գլխավորն այն է, որ գնում են առաջինները, գնում են՝ ոչնչից չվախենալով։ Ցուլերի պես պոզերը տնկած, առաջ են նետվում հաճախ առանց գործի իմացության, առանց զգուշության, առանց այն գործնական ճիզվիտության, որով հաճախ նույնիսկ ամենաստոր և աղտոտված մարդը հաջողում է գործի մեջ, հասնում է նպատակին և չոր֊չոր ելնում ջրից։ Նրանք էլ անպայման կոտրում են կոտոշները։ Uովորական կյանքում այդ մարդիկ թունալի են, փնթփնթան, դյուրաբորբոք և անհանդուրժող։ Ամենից ավելի հաճախ՝ ահավոր սահմանափակ, ինչ, ի դեպ, մասամբ և գոյացնում է նրանց ուժը։ Նրանց մեջ ամենացավալին այն է, որ ուղղակի նպատակի փոխարեն նրանք հաճախ նետվում են խոտորնակի, գլխավոր գործի փոխարեն՝ մանրուքների ետևից։ Հենց դա էլ կործանում է նրանց։ Սակայն նրանք հասկանալի են զանգվածներին՝ դրա մեջ է նրանց ուժը... Իմիջիայլոց, հարկ է մի քանի խոսք էլ ասել այն մասին, թե այդ ի՞նչ է նշանակում ''հայցապահանջ''...
 
Մեր բանտում մի քանիսը կային, որոնք եկել էին հայցապահանջ ներկայացնելու համար։ Հենց նրանք էլ հուզվում էին բոլորից շատ։ Առանձնապես մեկը՝ Մարտինովը, որը նախկինում ծառայել էր որպես հուսար, տաքարյուն, անհանգիստ և կասկածամիտ մի մարդ, իմիջիայլոց, ազնիվ և արդարամիտ։ Մյուսը Վասիլիյ Անտոնովն էր, մի տեսակ պաղարյուն բորբոքվող, հանդուգն հայացքով, բարձրամիտ ծաղրական ժպիտով, արտակարգ զարգացած, ընդ որում՝ նույնպես ազնիվ ու արդարամիտ մեկը։ Սակայն բոլորին զատել չի լինի, շատ էին նրանք։ Ի դեպ, Պետրովն էր շարունակ ետուառաջ շարժվում, ականջ դնում բոլոր խմբակներին, քիչ էր խոսում, բայց ըստ երևույթին, խռովքի մեջ էր և առաջինը դուրս թռավ բանտասենյակից, երբ ելան՝ շարվելու։
 
Մեր բանտային ենթասպան, որը ֆելդֆեբելի պաշտոնն էր վարում մեզ մոտ, անմիջապես դուրս եկավ վախեցած։ Շարվելուց հետո, մարդիկ քաղաքավարի խնդրեցին նրան՝ ասել մայորին, որ տաժանավայրն ուզում է խոսել նրա հետ և անձամբ խնդրել մի շարք կետերի վերաբերյալ։ Ենթասպայի ետևից դուրս եկան նաև վերակացուներն ու շարվեցին մյուս կողմում, կալանավորների դիմաց։ Ենթասպային տված հանձնարարությունն անսովոր էր և սարսափահար արեց նրան։ Բայց անհապաղ չզեկուցել մայորին չէր համարձակվի։ Նախ, եթե արդեն ոտքի էր ելել տաժանավայրը, ապա կարող էր ավելի վատ բան ստացվել։ Մեր ամբողջ ղեկավարությունը տաժանավայրի կապակցությամբ մի տեսակ սաստիկ վախվորած էր։ Երկրորդը, եթե եթե նույնիսկ ոչինչ էլ չլիներ, այնպես որ բոլորն անմիջապես խելքի գային և ցրվեին, այդ ժամանակ նույնիսկ ենթասպան պարտավոր էր ամբողջ կատարվածի մասին անմիջապես զեկուցել ղեկավարությանը։ Գունատված և վախից դողդողալով, նա շտապ գնաց մայորի մոտ, նույնիսկ չփորձելով անձամբ հարցուփորձ անել և հորդորել կալանավորներին։ Նա տեսավ, որ հիմա իր հետ չեն էլ խոսի։
 
Կատարելապ ես չգիտենալով ոէինչ, ես նույնպես ելա շարվելու։ Գործի լրիվ մանրամասները իմացա արդեն հետո։ Իսկ հիմա մտածեցի, որ ինչ֊ինչ ստուգում է կատարվում, սակայն չտեսնելով պահախմբի զինվորներին, որոնք ստուգումն են անցկացնում, զարմացա և սկսեցի շուրջս նայել։ Դեմքերը հուզախռով էին և բորբոքված։ Ոմանք նույնիսկ գունատված էին։ Ընդհանրապես, բոլորը մտահոգ էին ե լուռ, սպասելով, որ հարկադրված են խոսել մայորի առաջ։ Նկատեցի, որ շատերն ինձ են նայում արտակարգ զարմանքով, սակայն լուռ շրջվում էին։ Ըստ երևույթին, տարօրինակ էր նրանց համար, որ շարք եմ կանգնել իրենց հետ։ Ակներև էր, որ չէին հավատում, թե ես նույնպես պահանջ ունեմ։ Եվ շուտով շուրջս կանգնած համարյա բոլորը նորից սկսեցին դիմել ինձ։ Բոլորը հարցական վրաս էին նայում։
 
― Դո՞ւ ինչ գործ ունես էստեղ,— կոպտորեն և բարձրաձայն հարցրեց Վասիլիյ Անտոնովը, որը մյուսներից հեռու էր կանգնած ինձնից և մինչ այս միշտ «դուք»-ով էր դիմում և ինձ հետ բարեկիրթ վարվում։
 
Նրան նայեցի տարակուսած, ասես ջանալով հասկանալ, թե դա ինչ է նշանակում և կռահելով, որ մի արտակարգ բան է կատարվում։
 
― Իսկականից, ի՞նչ ունես էստեղ կանգնելու։ Գնա սենյակ,— ասաց մի երիտասարդ, զինվորականներից էր, ում հետ մինչ այդ ծանոթ չէի, բարեսիրտ ու կարգին մեկը։— Սա քո խելքի բանը չի։
 
― Բայց չէ որ շարվում են,— պատասխանեցի,— կարծեցի՝ ստուգում է։
 
― Տես է՜, ինքն է դուրս սողացել,— բղավեց մեկը։
 
― Երկաթի կտուց,— ասաց մյուսը։
 
― Ճանճ սատկացնողներ,— վրա բերեց մյուսը, անպատմելի արհամարհանքով։ Այդ նոր մականունը համընդհանուր քրքիջ հարուցեց։
 
― Խոզանոցում էլ լավ հաշվի մեջ է,— ավելացրեց էլի ինչ֊որ մեկը։
 
― Դրանց համար ամեն տեղ էլ դրախտ է։ Էս բանտ տեղը կալաչ են ուտում ու խոզի ճուտ առնում։ Ախր, դու քո առածն ես ուտում, ինչ ես խցկվում էստեղ։
 
― Էստեղ ձեր տեղը չի,— սանձարձակ քայլքով մոտենալով ինձ, ասաց Կուլիկովը, ձեռքիցս բռնեց ու դուրս բերեց շարքի միջից։
 
Իսկ ինքը գունատված էր, սև աչքերը կայծկլտում էին և ներքևի շրթունքը խածած էր։ Նա սառնարյուն չէր սպասում մայորին։ Ի դեպ, ես շատ էի սիրում նայել Կուլիկովին նման դեպքերում, այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ նրանից պահանջվում էր ցույց տալ իրեն։ Ահավոր ձևեր էր թափում, բայց նաև գործն անում։ Ինձ թվում է, նա մահապատժի էլ կգնար որոշ շուքով, պճնամոլաբար։ Հիմա, երբ բոլորն ինձ ''դու'' էին ասում և հայհոյում, նա, ըստ երևույթին, դիտավորյալ կրկնապատկել էր բարեկրթությունն իմ նկատմամբ, իսկ դրա հետ մեկտեղ նրա խոսքերն էլ էին մի տեսակ առանձնապես, նույնիսկ բարձրամտորեն հետամուտ, ոչ մի առարկություն չընդունող։
 
― Ալեքսանդր Պետրովիչ, մենք էստեղ մեր գործին ենք, էստեղ անելու բան չունեք։ Գնացեք մի տեղ, սպասեք՝ վերջանա... Հրեն, ձերոնք լրիվ խոհանոցում են, գնացեք էնտեղ։
 
― Իններորդ սյան տակ, ուր անկրունկ Անտիպկան է ապրում,— մեջ ընկավ ինչ֊որ մեկը։
 
Խոհանոցի բարձրացրած պատուհանից իսկապես զանազանեցի մեր լեհերին, իմիջիայլոց, ինձ թվաց, որ այնտեղ, լեհերից բացի, շատ մարդ կա։ Մտահոգված, քայլեցի դեպի խոհանոց։ Քրքիջ, հայհոյանք և դոփյուն հնչեց ետևիցս (դոփյունով կալանավորները փոխարինում են սուլոցը)։
 
― Դուրը չեկանք... պա֊պա֊պա֊պա՜, բռնի դրան...
 
Մինչ այդ երբեք այդպիսի վիրավորանք չէի կրել բանտում, և այդ անգամ շատ ծանր էր ինձ համար։ Բայց այնպիսի մի պահի էի ընկել նրանց լեզվի տակ։ Խոհանոցի հաշտում հանդիպեցի Տ.-վսկուն՝ ազնվականներից էր, հաստատակամ և մեծահոգի մի երիտասարդ, ոչ շատ կրթված և անասելի սիրող Բ.֊ին։ Տաժանապարտները մնացած բոլորից զանազանում էին նրան և նույնիսկ մասամբ սիրում։ Քաջասիրտ էր, առնական և ուժեղ, և դա ինչ-որ կերպ երեում էր նրա յուրաքանչյուր շարժուձևի մեջ։
 
― Ի՞նչ է եղել, Գորյանչիկով,― բղավեց նա ինձ,— այստեղ եկեք։
 
― Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ։
 
― Նրանք հայցապահանջ են ներկայացնում, մի՞թե չգիտեք։ Հասկանալի է, չի հաջողվի նրանց՝ տաժանապարտներին հավատացո՞ղն ով է։ Կսկսեն փնտրել հրահրիչներին, և եթե մենք այնտեղ լինենք, հասկանալի է, առաջինը մեզ վրա կգցեն խռովության մեղքը։ Հիշեք, թե ինչի համար ենք եկել այնտեղ։ Նրանց պարզապես կճիպտեն, իսկ մեզ դատի կտան։ Մայորն ատում է բոլորիս և ուրախությամբ կկործանի։ Ինքն էլ մեզնով կարդարանա։
 
― Կալանավորներն էլ լրիվ կմատնեն մեզ,— ավելացրեց Մ.-ցկին, երբ մտանք խոհանոց։
 
― Մի անհանգստացեք, չեն խղճա,— հարեց Տ.֊վսկին։
 
Խոհանոցում, ազնվականներից բացի, շատ ժողովուրդ կար, ընդհանուրը՝ մի երեսուն հոգի։ Նրանք մնացել էին, չցանկանալով հայցապահանջ ներկայացնել, ոմանք՝ վախկոտությունից, ոմանք էլ ամենայն պահանթի կատարյալ անօգտակարության վճռական համոզմունքից։ Այստեղ էր նաև Ակիմ Ակիմիչը, ծառայության և բարեպաշտության ճիշտ հոսանքին խանգարող նման բոլոր պահանջների երդվյալ և բնական թշնամի։ Նա լուռ և չափազանց հանգիստ սպասում էր գործի ավարտին, նվազագույնս չանհանգստանալով ելքի համար, ընդհակառակը, կատարելապես հավատացած կարգուկանոնի և ղեկավարության կամքի անշրջելի հաղթանակին։ Այստեղ էր նաև Իսայ Ֆոմիչը, կանգնած արտակարգ տարակուսանքի մեջ, քիթը կախած, ագահորեն ու վախվորած ականջ դրած մեր ասածներին։ Մեծ անհանգստության մեջ էր նա։ Այստեղ էին բանտի բոլոր լեհուկները, որոնք, չնայած հասարակ ծագումին, միացել էին ազնվականներին։ Մի քանի երկչոտ անձնավորություններ էլ կային՝ ռուսներից, մշտապես լռակյաց ու ճնշված մարդիկ։ Չէին համարձակվել ելնել մյուսների հետ և հիմա տրտմագին սպասում էին, թե ինչով է ավարտվելու գործը։ Ի վերջո, կային մի քանի մռայլադեմ ու մշտապես խստադեմ կալանավորներ, որոնք վախեցողներից չէին։ Նրանք մնացել էին համառ և խորշական համոզմունքից, որ այդ ամենը փուչ բան է և վատից բացի, այդ գործից ուրիշ բան չի լինի։ Սակայն ինձ թվում է, այդուհանդերձ, մի տեսակ անհարմար էին զգում, ոչ ամենևին ինքնավստահ տեսք ունեին։ Թեև հասկանում էին, որ ծայրեծայր իրավացի են՝ պահանջների առումով, ինչև հաստատվեց հետագայում, այդուհանդերձ, իրենց մի տեսակ ուրացող, արտելը լքողներ էին համարում, ճիշտ ասես ընկերներին մատնել էին պլաց-մայորին։ Այստեղ էր հայտնվել նաև Յոլկինը, նույն այն սիբիրցի մուժիկը, որը դրամանենգության համար էր բանտարկվել և խլել անասնաբուժական գործը Կուլիկովից։ Ստարոդուբովյան արվարձանի ծերուկն էլ էր այստեղ։ Խոհարարները լրիվ, մեկ մարդու պես, մնացել էին խոհանոցում, հավանորեն, համոզված, որ իրենք ևս կառավարչության մի մասն են, հետևաբար և անհարմար է ելնել ղեկավարության դեմ։
 
― Սակայն,— անվճռական սկսեցի ես, դիմելով Մ.֊մին,― սրանցից բացի, բոլորը ելել են։
 
― Իսկ մե՞զ ինչ,— փնթփնթաց Բ.֊ը։
 
― Նրանցից հարյուր անգամ ավելի ռիսկի կգնայինք, եթե ելնեինք, իսկ ինչի համար։ Je hais ces brigands ''{Ատում եմ այդ ավազակներին (ֆրանս․)։}''։ Եվ մի՞թե թեկուզ մի պահ մտածում եք, թե նրանց պահանջածը կտան։ Այդ ի՞նչ հաճույք է՝ քիթը խոթել անհեթեթության մեջ։
 
― Սրանից ոչ մի բան դուրս չի գա,— հարեց տաժանապարտներից մեկը՝ համառ, ու չարացած ծերուկ էր։ Ալմազովը, որ այդտեղ էր, շտապեց համաձայնել՝ ի պատասխան։
 
― Բացի որ մի հիսուն հոգու կճիպտեն, ոչ մի րան էլ դուրս չի գա։
 
― Մայորն եկավ,— բղավեց ինչ֊որ մեկն ու բոլորս անհամբեր նետվեցինք պատուհանների մոտ։
 
Մայորը վրա պրծավ չարացած, կարմրատակած, կատաղած, ակնոցով էր։ Լուռ, բայց վճռական մոտեցավ շարքին։ Նման դեպքերում նա, իսկապես, համարձակ էր և չէր կորցնում հոգու արիությունը։ Իմիջիայլոց, միշտ խիստ հարբած էր։ Նույնիսկ նարնջագույն բոլորքով ճարպոտած գլխարկը և կեղտոտված արծաթագույն ուսապանակները չարագույժ ինչ֊որ բան ունեին իրենց մեջ։ Նրա ետևից գալիս էր գրագիր Դյատլովը, վերին աստիճանի կարևոր մի անձ մեր բանտում, որն ըստ էության, ամեն ինչ էր կառավարում բանտում և նույնիսկ ազդեցություն ուներ մայորի վրա, բավական խորամանկ մարդ էր, իր շահը շատ լավ գիտցող, բայց և ոչ վատ։
 
Կալանավորները գոհ էին նրանից։ Ետևից գալիս էր մեր ենթասպան, ակներևաբար արդեն հասցրած ստանալ ահավոր և տասն անգամ ավելին սպասվող պարսավանքը, նրա ետևից՝ պահախմբի զինվորները, երեք֊չորս հոգի, ոչ ավելի։ Կալանավորները, որոնք կանգնած էին գլխաբաց, հենց ուղարկեցին՝ մայորին կանչելու, բոլորն ուղղվեցին, ձգվեցին, ամենքը ոտքից ոտք էին ճոճվում, հիմա արդեն քարացան տեղներում, սպասելով առաջին բառին, կամ ավելի լավ է ասել բարձրագույն ղեկավարության առաջին բղավոցին։
 
Դա հետևեց անմիջապես, երկրորդ բառից մայորը բղավեց կոկորդով մեկ, այս անգամ նույնիսկ մի ուրիշ ծղրտոցով շատ-շատ էր փրփրած։ Պատուհաններից տեսնում էինք, թե ինչպես է վազում շարքի առջևով, վրա պրծնում, հարցաքննում։ Իմիջիայլոց, նրա հարցերը, նմանապես կալանավորական պատասխանները, հեռվության պատճառով, չէին լսվում։ Միայն լսում էինք, թե ինչպես է բղավում՝ ղժղժալով.
 
― Խռովարարնե՜ր... Անցկացնել շարքի միջո՜վ... Հրահրողնե՜ր։ Դո՛ւ ես հրահրիչը։ Դո՛ւ ես հրահրիչը,— վրա պրծավ ինչ֊որ մեկին։
 
Պատասխան չլսվեց։ Բայց մի րոպե անց տեսանք, ինչպես կալանավորը շարքից ելավ և շարժվեց դեպի կորդեգարդիա։ Մեկ րոպե էլ անց նրան հետեւեց հաջորդը, ապա՝ երրորդը։
 
― Բոլորին դատի տալ, ես ձեզ... Էն ովքե՞ր են խոհանոցում,— ղժղժաց նա, մեզ տեսնելով բաց պատուհանից։― Բոլորին՝ էստեղ, քշեք դրանց էստեղ, հենց հիմա։
 
Գրագիր Դյատլովը շարժվեց մեր կողմը, խոհանոց։ Այստեղ նրան ասացին, որ պահանջներ չունեն։ Նա անմիջապես գնաց ու զեկուցեց մայորին։
 
― Ա՛, չունե՜ն,— խոսեց նա երկու տոն ցածր, ըստ երևույթին, ուրախացած։— Սեկ է, բոլորին քշեք էստեղ։
 
Մենք դուրս եկանք։ Ես զգացի, որ մի տեսակ ամոթալի է մեզ համար դուրս գալը։ Եվ բոլորս էլ քայլում էինք գլխահակ։
 
― Ա՜, Պրոկոֆև։ Յոլկինն էլ է, էդ դու ես, Ալմազով։― Շարվեք, շարվեք էստեղ, խմբով,— ասաց մեզ մայորը մի տեսակ փութկոտ, սակայն փափուկ ձայնով, քնքշությամբ մեզ նայելով։— Մ․֊ցկի, դու էլ ես էստեղ... ըհը՛, ցուցակագրեք։ Դյատլով։ Հենց հիմա ցուցակագրեք, բոլոր գոհերին՝ առանձին, բոլոր դժգոհներին՝ առանձին, լրիվ բոլորին, ու ցուցակն ինձ բերեք։ Ես ձեզ բոլորիդ... դատի կտամ։ Ես ձեզ, խաբեբան եր։
 
Թուղթն ազդեցություն գործեց։
 
― Մենք գոհ ենք,— հանկարծ մռայլաձայն ասաց մեկը դժդոհների ամբոխի միջից, բայց մի տեսակ ոչ այնքան վճռական։
 
― Ա՜, գոհ եք։ Ո՞վ է գոհ։ Ով գոհ է, թող դուրս գա։
 
― Գո՜հ ենք, գո՜հ ենք,— ավելացան մի քանի ձայն։
 
― Գոհ եք, ուրեմն ձեզ հրահրե՞լ են, ուրեմն, հրահրիչներ, խռովարարնե՞ր են եղել։ Ավելի վատ իրենց համար...
 
― Տեր Աստված, սա ի՜նչ բան է,— հնչեց մի ձայն՝ ամբոխի միջից։
 
― Ո՞վ էր, ո՞վ բղավեց, ո՞վ,— թնդաց մայորը, նետվելով այն կողմ, որտեղից հնչեց ձայնը։— Դո՞ւ, Ռաստորգուև, դո՞ւ բղավեցիր։ Կորդեգարդիա՜։
 
Ռաստորգույևը՝ թեթևակի լխկած, բարձրահասակ մի երիտասարդ, ելավ շարքից ու դանդաղ շարժվեց դեպի կորդեգարդիա։ Բղավողն ամենևին էլ ինքը չէր, բայց որ իր անունն էին տվել, չհակաճառեց։
 
― Կշտությունից եք կատղել,— ետևից ոռնաց մայորը։— Տես է, հաստաքամակը, երեք օր չի․․․ Հիմի բոլորիդ կգտնեմ։ Ով գոհ է, դուրս եկեք։
 
― Գոհ ենք, ձերդ բարձր բարեծնություն,— մռայլորեն հնչեցին մի քանի տասնյակ ձայներ։ Մյուսները համառորեն լուռ էին։ Սակայն մայորին հենց դա էր պետք։ Ակներևաբար, նրան ձեռնտու էր շուտափույթ ավարտել գործը և մի կերպ վերջացնել համաձայնությամբ։
 
― Ա՜, հիմա բոլորն են գոհ,— խոսեց նա փութով։— Ես դա էլ տեսա... գիտեի։ Սա հրահրիչներն են։ Նրանց մեջ հաստատ հրահրիչներ կան,— շարունակեց նա, դիմելով Դյատլովին։— Դա պետք է մանրակրկիտ քննել ու պարզել։ Իսկ հիմա... հիմա գործի գնալու ժամանակն է։ Թմբկազա՜րկ։
 
Անձամբ ներկա եղավ գործաբաժանին։ Կալանավորները լուռ ու տրտում ցրվեցին ըստ գործատեղերի, ծայրահեղ դեպքում գոհ, որ շուտով աչքից հեռու գտնվեցին։ Բայց գործաբաժանից հետո մայորն անհապաղ գնաց կորդեգարդիա և պարզեց «հրահրիչների» հետ, ի դեպ, ոչ շատ դաժանաբար։ Նույնիսկ շտապում էր։ Հետո ասում էին, որ նրանցից մեկը ներողություն խնդրեց, և մայորը տեղնուտեղը ներեց նրան։ Երևում էր, որ մայորը մասամբ տեղը չէր գտնում և գուցե թե կարող է վախեցել էր նաև։ Հայզապահանջը, համենայն դեպս, նրբանկատ բան է, ու թեև կալանավորների գանգատը չէր կարոդ, ըստ էության, պահանջ կոչվել, քանի որ ներկայացրել էին ոչ բարձր ղեկավարությանը այլ իրեն՝ մայորին, բայց և այնպես մի տեսակ անհարմար էր, անդուր։ Հատկապես շփոթեցնում էր, որ ընդվզել էին բոլորը, միահամուռ։ Հարկ էր սքողել գործն ինչ գնով ուզում է լինի։ «Հրահրիչներին» շուտով ազատ արձակեցին։ Հաջորդ օրվանից սնունդը լավացավ, թեև, ի դեպ, ոչ երկար ժամանակ։ Առաջին օրերը մայորն ավելի հաճախ սկսեց բանտ մտնել և ավելի հաճախ գտնել կարգի խախտումներ։ Մեր ենթասպան շրջում էր մտահոգ և հունից ելած, կարծես չէր կարողանում ուշքի գալ զարմանքից։ Իսկ ինչ վերաբերում է կալանավորներին, ապա դրանից հետո դեռ երկար ժամանակ չէին կարողանում հանգստանալ, բայց արդեն չէին ընդվզում առաջվա պես, այլ տագնապալի լուռումունջ էին, մի տեսակ մտազբաղ։ Ոմանք նույնիսկ գլխահակ էին։ Մյուսները փնթփնթում, թեև դժկամությամբ էին արձագանքում եղած ամեն ինչին։ Շատերը մի տեսակ չարացած և բարձրաձայն ձեռ էին առնում իրենք իրենց, ճիշտ կարծես մեղադրելով իրենց այդ հայցապահանջի համար։
 
― Առ հա, քեզ, կերա՞ք,— կասեր մեկնումեկը։
 
― Ինչ փրթես, էն կխրթես,— կավելացներ մյուսը։
 
― Էն մուկն ո՞ւր է, որ կատվի վզից զանգ էր կախելու,— կհարեր երկրորդը։
 
Մերպեսներն առանց կոպալի բան չեն հասկանա, ով չգիտի։ Լավ է դեռ, որ բոլորին չսխկեց։
 
― Դու էլ սրանից հետո շատ իմացար, քիչ դուրս տուր, ավելի լավ կըլնի,— չարացած կնշեր մեկ ուրիշը։
 
― Էդ ի՞նչ ես սովորացնում, դասատո՞ւ ես, տեսնեմ։
 
― Էդ է որ կա՝ սովորացնում եմ։
 
― Դո՞ւ որտեղից բսնեցիր։
 
― Ես որ հլա մարդ եմ, բա դո՞ւ ով ես։
 
― Շան ցկնած ես, այ թե ով ես։
 
― Ինքդ ես, որ կաս։
 
― Դե, դե, ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել, հերիք եղավ,— բոլոր կողմերից կբղավեին վիճողների վրա...
 
Այդ նույն երեկոյան, այսինքն պահանջ ներկայացնելու օրը, գործատեղից գալով, բանտասենյակների ետևում հանդիպեցի Պետրովին։ Նա ինձ էր փնտրում արդեն։ Մոտենալով, ինչ֊որ բաներ մրթմրթաց, երկու֊երեք անորոշ բացականչությունների նման, բայց շուտով մտացրիվ լռեց և մեքենայաբար քայլեց կողքիցս։ Այդ ամբողջ գործը դեռևս ցավագին ճնշում էր սիրտս և ինձ թվաց, թե Պետրովն ինչ֊որ բան կբացատրի։
 
― Ասացեք, Պետրով,— հարցրեցի նրան,— ձերոնք մեզ վրա չե՞ն բարկանում։
 
― Ո՞վ պիտի բարկանա,— հարցրեց ինքն իրեն, կարծես արթնանալով։
 
― Կալանավորները մեզ... ազնվականներիս վրա։
 
― Ինչի՞ համար բարկանան։
 
― Որ դուրս չեկանք պահանջի։
 
― Է, դո՞ւք ինչի պիտի պահանջ տայիք,— հարցրեց նա, կարծես կամենալով հասկանալ ինձ,— դուք ձեր առածն եք ուտում։
 
― Ահ, տեր Աստված, չէ որ ձերոնցից էլ կան, որ իրենցն են ուտում, բայց դուրս եկան։ Է՛, մենք էլ պիտի... ընկերությունից։
 
― Հա... բայց դուք մեզ ի՞նչ ընկեր,— հարցրեց նա տարակուսած։
 
Ես արագ նայեցի նրան, վճռականապես չէր հասկանում ինձ, չէր հասկանում, թե ուզածս ի՞նչ է։ Փոխարենը ես հասկացա իրեն այդ վայրկյանին կատարելապես։ Հիմա առաջին մի միտք, որ վաղուց տարտամ խլրտում ու հետապնդում էր ինձ, վերջնականապես բացահայտվեց, և ես մեկեն հասկացա այն, ինչ մինչ այդ չէի կռահում։ Հասկացա, որ ինձ երբեք չեն ընդունի ընկերության մեջ, թեկուզ ամենակալանավորը լինեի, թեկուզ հուր հավիտենական, թեկուզ հատուկ բաժանմունքից։ Բայց առանձնապես հիշողությանս մեջ մնաց Պետրովի տեսքն այդ պահին։ Նրա «դուք մեզ ի՞նչ ընկեր» հարցում այնպիսի մի ոչ շինծու պարզունակություն կար, այնքան բարեհոգի տարակուսանք։ Մտածեցի, թե այդ բառերի մեջ որևիցե հեգնանք, չարամտություն, ծաղր չկա՞ր։ Ոչինչ չկար, պարզապես ընկեր չես, ուրիշ ոչինչ։ Դու գնա քո ճանապարհով, իսկ մենք՝ մեր, դու քո գործերն ունես, մենք էլ՝ մեր։
 
Եվ իսկապես, պահանջից հետո ես մտածում էի, որ նրանք ուղղակի մեր կոկորդը կկրծեն և կյանք չի լինի մեզ համար։ Ամենևին, ոչ նվազագույն կշտամբանք, ոչ հանդիմանության ակնարկում չլսեցինք մենք, ոչ մի առանձին չարություն չավելացավ։ Պարզապես, հարմար առիթով քիչումիչ բզկտում էին, ինչպես նախկինում էին անում, ոչինչ ավելի։ Իմիջիայլոց, ամենևին չէին բարկանում նաև բոլոր նրանց վրա, ովքեր չէին կամեցել հայցապահանջ ներկայացնել և մնացել էին խոհանոցում, ճիշտ նույնպես էլ նրանց վրա, ովքեր առաջիններից էին բղավել, թե ամեն ինչից գոհ են։ Ոչ մեկն անգամ չհիշատակեց դա։ Հատկապես այդ վերջինը չէի կարողանում հասկանալ։
 
=== VIII։ Ընկերները ===
=== IX։ Փախուստ ===
Վստահելի
1318
edits