Ֆրոդոյին անհագստացրին Բորոմիրի խոսքերը: Հրաժարվելը խելագարություն է,— ասաց գոնդորցին... Ինչի՞ց... Գուցե Համիշխանության Մատանու՞ց... Ֆրոդոն հիշեց, որ Էլրոնդի մոտ կայացած խորհրդում Բորոմիրն այդ մասին արդեն մի անգամ խոսք է բաց արել, բայց Էլրոնդը այն ժամանակ նրան ամեն ինչ բացատրեց, և նա, կարծես թե, հասկացավ բանն ինչ է: Հոբիթը հույսով նայեց Արագորնին, սակայն նա, մտքերի մեջ խորասուզված, ըստ երևույթին, պարզապես չէր լսում Բորոմիրին: Դրանով էլ խորհրդակցությունն ավարտվեց: Մերին ու Փինը արդեն քնած էին, Սամը դիմանում էր, բայց թաքուն հորանջում էր: Օդում արդեն վաղորդյան թարմություն էր զգացվում: Ֆրոդոն մտավ վերմակի տակ ու քնեց:
Առավոտյան նրանք սկսեցին ճանապարհի պատրաստություն տեսնել: Եկան էլֆերը և իրենց հետ հանդերձանքի ու սննդամթերքի մի քանի պարկ բերեցին: Ջիմլին բացեց պարկերից մեկը, շագանակագույն բարակ մի բլիթ հանեցհանեց՝ փաթաթված տերևի մեջ, ջարդեց այն՝ միջուկը սպիտակ դուրս եկավ, և, դեռ չփորձած, հիասթափված ասաց.
— Գալեթ... — Սակայն շնորհ արեց համտեսելու: Թզուկի դեմքի արտահայտությունը իսկույն փոխվեց և նա հաճույքով կերավ մնացածը:
— Կանգ առ... — ծիծաղելով ձայնեցին էլֆերը: — Դու արդեն կերար ցերեկվա բաժինը, միայն երեկոյան կողմ կսովածանաս, այն էլ եթե ամբողջ օրն աշխատես:
— Կյանքումս այսպիսի համեղ գալեթ չեմ կերել,— խոստովանեց Ջիմլին: — Ուղղակի հրա՜շք... Լճափի թագավորության մարդիկ ճանապարհի գալեթ թխելու գործում հավասարը չունեն, բայց ձեր բլիթների հետ համեմատել չի կարելի:
— Մեզ մոտ դրանք ոչ թե գալեթ, այլ լեմբաս են կոչվում, իսկ համընդհանուր լեզվով՝ ճանապարհի հաց,— բացատրեցին էլֆերը: — Շատ սննդարար են և, դրա հետ մեկտեղ, ավելի համեղ, քան քո գալեթները:
— Իսկապես համեղ են,— չվիճեց Ջիմլին,— ավելի համեղ, քան Բեորնինգների մեղրահացերը: Իսկ դրանից ավելի մեծ գովասանք չկա՝ ախր Բեորնինգների պես հացթուխներ դեռ պետք է փնտրել: Թեև այժմ նրանք ամեն պատահական անցորդի հետ իրենց մեղրահացերը չեն կիսում: Դուք ավելի հյուրասեր եք:
— Այնուամենայնիվ խնայեք դրանք,— ասացին էլֆերը: — Լեմբասը եթե չջարդվի, ապա ճանապարհին նույնիսկ մի քանի շաբաթ թարմ կմնա, այնպես որ պահեք սև օրվա համար: Ճամփորդի համար, թեկուզ հսկա մարդու համար, բավական է ընդամենը մեկ Լեմբաս, որ ամբողջ օրը սովածություն չզգա և առանց հանգստանալու քայլի:
Հետո էլֆերը ցույց տվեցին հագուստները՝ լորիենյան երկար գլխանոցով թիկնոցներ, թեթև ու նուրբ, բայց ամուր գործվածքից, յուրաքանչյուր Պահապանի չափերով կարված: Ֆրոդոն դժվարանում էր որոշել, թե ինչ գույն են դրանք: Սկզբում արծաթափայլ էին թվում հսկա հացենիների ստվերում, բայց շրջապատի փոփոխությունից սկսեցին նոր երանգներ ընդունել. արևի տակ ոսկեզօծվեցին, խոտից կանաչեցին, հողից դարչնագույն դարձան և դժգունեցին մթնշաղում: Թիկնոցների օձիգները կոճկվում էին տերևաձև կանաչ ամրակալերով:
— Կախարդակա՞ն է,— տեղեկացավ Փինը՝ ուրախությամբ նայելով իր նոր թիկնոցին:
— Մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում «կախարդական»,— հոբիթին պատասխանեց էլֆերից մեկը: — Քո թիկնոցն էլֆական է, կարող ես չկասկածել... Եթե դու այդ նկատի ունես: Լորիենի ջուրն ու օդը, հողն ու իրերը, ծառերն ու խոտերը դրան տվել են իրենց շողշողուն գույները, փափկությունն ու գեղեցկությունը, ամրությունն ու հավերժությունը, քանզի էլֆերին շրջապատող ամեն ինչ կենդանանում է նրանց վարպետների ստեղծածում: Թիկնոցը ռազմիկների և հետախույզների հագուստ է, բայց այն զրահ չէ և նետ ու նիզակից չի փրկի: Փոխարենը հիանալի կպաշտպանի ցրտից ու անձրևից, շոգին կպատսպարի այրող արևից ու արշավի ժամանակ կթաքցնի թշնամու աչքից: Դուք արժանացել եք տիրակալների բարեկամական ու առանձնահատուկ վերաբերմունքին, քանզի մինչ այժմ ոչ մի օտարական լորիենյան թիկնոց նվեր չի ստացել:
Հասավ մեկնելու ժամը: Պահապանները տխրությամբ նայեցին երկար ժամանակ իրենց տանը փոխարինած վրանին, շատրվանին, տիրակալների մելորնին... Հեռանում էին ծանր սրտերով: Շրջվելով՝ նրանք տեսան Հալդիրին: Հին ծանոթին տեսնելով, Ֆրոդոն շատ ուրախացավ:
— Ես պահպանում եմ հյուսիսային սահմանը,— ասաց էլֆը: — Բայց ինձ նշանակել են ձեզ ուղեկցող, և ես կարճ ժամանակով վերադարձել եմ Գալադոն: Սևագետքի հովիտը ծխով է ծածկված, իսկ ընդերքը ահավոր ցնցվում է՝ լեռներում ինչ-որ վատ բան է կատարվում: Եթե ինչ-որ մեկը փոշմանել է և ուզում է վերադառնալ, ապա կարող եք հրաժեշտ տալ այդ մտքին: Ձեր ճամփան գնում է հարավ, գնանք, ժամանակ կորցնել չի կարելի:
Կանաչ արահետները դատարկ էին, բայց մելորնների կատարներից լսվում էին էլֆերի զրնգուն ձայները: Ճամփորդներն իջան բլրի ստորոտը, անցան դարպասը, պատերի միջև ընկած միջանցքը, սպիտակ կամրջով անցան խանդակը և, լքելով գլխավոր ուղին, Հալդիրի հետևից խորացան անտառի թավուտում: Արահետը տանում էր ներքև՝ դեպի Մեծ Գետի ափերը:
Ոսկեզօծ տերևները ծածկում էին երկինքը, բայց մի տաս լիգ անցնելուց հետո մելորնների միջից փայլեց կեսօրյա արևը: Ճամփորդներն ակամա արագացրին քայլերը և շուտով բաց մարգագետին դուրս եկան: Նրանցից աջ հոսում էր Կախարդուհին՝ թափանցիկ, քչքչան ու ոչ շատ լայն, իսկ նրանցից ձախ, ճամփորդների ճանապարհը կտրելով, անաղմուկ իր մութ ջրերն էր գլորում աներևակայելի լայն ու մռայլ Անդուինը: Հյուսիսից մարգագետնի նեղ շերտը երիզում էր հսկա հացենիների պատը: Անդուինից այն կողմ, ինչքան աչքը կտրեր, անտառը շարունակվում էր: Բայց դա արդեն այլ անտառ էր՝ անհրապույր, տերևազուրկ: Լորիենի սահմաններից դուրս ծառերը մերկ էին:
Ոսկե Կախարդուհու ձախ ափին, Անդուին թափվելուց երեսուն քայլի վրա երևում էր սպատակ քարից ցածր կառանատեղը, որտեղ կառանված էին տարբեր չափերի ու զանազան գույների նավակներ: Էլֆերը Պահապանների պաշարները տեղավորեցին երեք ոչ մեծ մոխրագույն նավակների մեջ: Սամը զգուշորեն մոտեցավ ափին, կռացավ, բարձրացրեց գետնին ընկած պարանի երեք կծիկներից մեկը և սկսեց շոշափել՝ այն թեթև էր, մետաքսանման ու բարակ:
— Սա է՞լ է մեզ համար,— հարցրեց նա էլֆերին:
— Իհարկե,— հոբիթին պատասխանեցին էլֆերը: — Մենք ամեն նավակի մեջ երեքական կծիկ ենք դրել՝ թող շատ լինի, քիչ չլինի: Երբեք առանց երկար, թեթև, բարակ ու ամուր պարանի ճամփորդության դուրս մի արի: Իսկ մեր պարանները հենց այդպիսին են և բազմիցս պետք կգան ձեզ:
— Թե չե ես չգիտեմ... — բացականչեց Սամը: — Ա՜յ, մենք Ազատքից առանց պարան դուրս եկանք, դրա համար էլ մինչև Լորիեն ինքս ինձ անիծում էի...
— Եկեք այստեղ,— կանչեց Հալդիրը: — Ամեն ինչ պատրաստ է, կարող եք վարել ձեր նավակները: Միայն թե չշտապեք Անդուին դուրս գալ. սկզբում ձեզ հարկավոր է վարժվել մակույկներին:
— Այո՛, այո՛, զգույշ եղեք,— Հալդիրին ձայնակցեցին մյուս էլֆերը: — Մեր նավակները խորը չեն սուզվում, եթե նույնիսկ չափից ավելի են բեռնված, և դուք դրանց միանգամից վարժվել չեք կարող: Սկզբում ափի մոտ փորձեք, ստուգեք, թե ինչպես են սահում ջրի վրա:
[[Կատեգորիա:Հեքիաթ]]