Changes

Ոճիր և պատիժ, Չորրորդ մաս

Ավելացվել է 47 463 բայտ, 11:24, 13 Հունվարի 2016
/* II */
== II ==
 
Արդեն համարյա ժամը ութն էր. երկուսն էլ շտապում էին դեպի Բակալեևի հյուրանոցը, որպեսզի Լուժինից ավելի շուտ հասնեին։
 
— Այդ ո՞վ էր,— հարցրեց Ռազումիխինը, երբ նրանք դուրս եկան փողոց։
 
— Սվիդրիգայլովն էր, հենց այն կալվածատերը, որի տանը վիրավորել էին քրոջս, երբ այնտեղ ծառայում էր իբրև դաստիարակչուհի։ Սվիդրիգայլովի սիրային հետապնդումների պատճառով հեռացել էր այնտեղից, նրան վռնդել էր Սվիդրիգայլովի կինը՝ Մարֆա Պետրովնան։ Այդ Մարֆա Պետրովնան հետո Դունյայից ներողություն էր խնդրել, իսկ վերջերս հանկարծ մեռավ։ Քիչ առաջ նրա մասին էինք խոսում։ Չգիտեմ ինչու ես շատ եմ վախենում այդ մարդուց։ Նա ժամանել է կնոջ թաղումից անմիջապես հետո։ Նա շատ տարօրինակ է և ինչ-որ վճիռ է ընդունել... Նա կարծես մի բան գիտե... հարկավոր է նրանից պաշտպանել Դունյային․․․ Ես ուզում էի սա ասել քեզ, լսո՞ւմ ես։
 
— Պաշտպանե՜լ։ Նա ի՞նչ կարող է անել Ավդոտյա Ռոմանովնայի դեմ։ Շնորհակալություն քեզ, Ռոդյա, որ ինձ այդ ասացիր... Այո, այո, կպաշտպանենք... Որտե՞ղ է ապրում։
 
— Չգիտեմ։
 
— Ինչո՞ւ չհարցրիր։ Ափսո՛ս։ Սակայն ես կիմանամ։
 
— Դու նրան տեսա՞ր,— կարճ լռությունից հետո հարցրեց Ռասկոլնիկովը։
 
— Այո, նկատեցի, լավ նկատեցի։
 
— Դու նրան նայեցի՞ր, պա՞րզ տեսար,— վերստին հարցրեց Ռասկոլնիկովը։
 
— Այո, պարզ հիշում եմ. հազար մարդու մեջ էլ կճանաչեմ, ես դեմքերը լավ եմ հիշում։
 
Դարձյալ մի քիչ լռեցին։
 
— Հըմ... այդ լավ է...— փնթփնթաց Ռասկոլնիկովը։— Թէ չէ, գիտե՞ս, ես մտածեցի... մտածեցի, որ դա գուցե և ֆանտազիա է։
 
— Ինչի՞ մասին ես խոսում, ես այնքան էլ լավ չեմ հասկանում քեզ։
 
— Դուք բոլորդ ասում եք, թե ես խելագարված եմ,— ժպիտից բերանը ծռմռելով, ասաց Ռասկոլնիկովը,— հիմա ինձ էլ թվաց, որ գուցե իսկապես ես խելագար եմ և միայն ուրվական եմ տեսել։
 
— Այդ ինչե՜ր ես ասում։
 
— Դե ով գիտե, գուցե ես իրոք խելագար եմ և ամեն ինչ, որ եղել է այս բոլոր օրերին, գուցե միայն երևակայությանս մեջ է կատարվել...
 
— Է՛֊է՛, Ռոդյա, էլի փչացրել են տրամադրությունդ... Լավ, ի՞նչ էր ասում նա, ինչի՞ համար էր եկել։
 
Ռասկոլնիկովը չպատասխանեց։ Ռազումիխինը մի րոպե մտածմունքի մեջ ընկավ։
 
— Դե լսիր իմ հաշվետվությունը,— սկսեց նա։— Ես եկա քեզ մոտ, դու քնած էիր։ Հետո ճաշեցինք, հետո, էլ գնացի Պորֆիրիի մոա, Զամետովը շարունակ նրա մոտ է։ Ես ուզում էի խոսակցություն սկսել, ու ոչինչ դուրս չեկավ։ Չկարողացա ինչպես հարկն է խոսք բաց անել։ Նրանք կարծես բան չեն հասկանում և չեն կարող հասկանալ, բայց ամենևին էլ չեն շփոթվում։ Ես Պորֆիրիին տարա լուսամուտի մոտ ու սկսեցի խոսել, բայց դարձյալ բան դուրս չեկավ, նա էլ, ես էլ մի կողմ էինք նայում։ Վերջապես, ես բռունցքս մոտեցրի նրա քթին և ասացի, որ կջնջխեմ իր, իմ ազգականի գլուխը։ Նա միայն նայեց ինձ։ Ես թքեցի ու հեռացա, և ուրիշ ոչինչ։ Շատ հիմար բան ստացվեց։ Զամետովի հետ բոլորովին չխոսեցի։ Գիտե՞ս, ես մտածեցի, թե փչացրել եմ գործը, իսկ երբ իջնում էի սանդուղքից, գլխումս այ թե ինչ միտք ծագեց, ախր ես ու դու ինչո՞ւ ենք գլուխ ցավեցնում։ Այլ բան է, եթե քո դեմ վտանգ կամ որևէ դավ լիներ, բայց այստեղ ի՞նչ վտանգ կա։ Դու նրանց հետ ոչ մի գործ էլ չունես, դե ուրեմն թքած նրանց վրա. մենք հետո կծիծաղենք նրանց վրա, իսկ եթե ես քո տեղը լինեի, կմոլորեցննի նրանց։ Չէ՞ որ հետո ամաչելու են։ Թքիր-գնա. հետո էլ կարելի է հասցնել նրանց մռութներին, իսկ առայժմ ծիծաղենք։
 
— Իհարկե, այդպես է,— պատասխանեց Ռասկոլնիկովը։ «Իսկ վադը դու ի՞նչ կասես», մտածեց նա։ Տարօրինակ բան, մինչև այժմ ոչ մի անգամ իր մտքով չէր անցել, թհ «ի՞նչ կմտածի Ռազումիխինը, եթե իմանա»։ Մտածելով այդ, Ռասկոլնիկովը ակնապիշ նայեք ընկերոջը։ Նրան այնքան էլ չէր հետաքրքրել վերջինիս հաշվետվությունը Պորֆիրիին այցելելու մասին․ այդ ժամանակվա ընթացքում շատ և շատ բան էր պակասել ու ավելացել...
 
Միջանցքում նրանք հանդիպեցին Լուժինին. սա եկել էր ուղիղ ժամը ութին և փնտրում էր մոր և աղջկա զբաղեցրած համարը, այնպես որ երեքն էլ ներս մտան միասին, առանց իրար նայելու և բարևելու։ Երիտասարդները առաջ անցան, իսկ Պյոտր Պետրովիչը քաղաքավարության համար մի փոքր հապաղեց նախասենյակում, հանելով վերարկուն։ Պոյլխերիա Ալեքսանդրովնան իսկույն դուրս եկավ շեմում նրան դիմավորելու։ Դունյան ողջունեց եղբորը։
 
Պյոտր Պետրովիչը ներս մյոավ և բավական սիրալիր, թեպետև կրկնապատկված պատկառելիությամբ գլուխ ավեց կանանց։ Սակայն նա այնպես էր նայում, որ կարծես թե մի քիչ շփոթվել էր և իրեն անհարմար էր զգում։ Պույլխերիա Ալեքսանդրովնան, որ կարձես նույնպես շփոթված չիներ, իսկույն շտապեց բոլորին նստեցնել կլոր սեղանի շուրջ, որի վրա թշշում էր ինքնաեռը։ Դունյան և Լուժինը տեղավորվեցին իրար դիմաց, սեղանի հակադիր կողմերում։ Ռազումիխինը և Ռասկոլնիկովը նստեցին Պույլխերիա Ալեքսանդրովնայի դիմաց՝ Ռազումիխինը՝ Լուժինին մոտիկ, իսկ Ռասկոլնիկովը՝ քրոջ կողքին։
 
Տիրեց վայրկենական լռություն։ Պյոտր Պետրովիչը դանդադ հանեց բատիստե թաշկինակը, որից անուշահոտ օծանելիքի հոտ էր բուրում, ու խնչեց այնպիսի մարդու, տեսքով, որն իր արժանապատվութունը վիրավորված է համարում և բացի այդ, հաստատապես որոշել է բացատրություններ պահանջել։ Դեռ նախասենյակում նրա մտքով անցել էր չհանել վերաւրկուն ու ետ գնալ, այդ կերպ խստորեն ու թունդ պատժել մորն ու աղջկան, մի անգամից նրանց ամեն ինչ զգալ տալ։ Բայց նա սիրտ չարեց այդ անել։ Այդ մարդը անորոշ դրություն չէր սիրում, հարկավոր էր պարզել ամեն ինչ. եթե պարզապես խախտված է հրամանը, ուրեմն մի որևէ բան կա, ուրեմն ավելի լավ է դա առաջուg իմանալ. իսկ պատժելու համար միշտ էլ ժամանակ կլինի և դա իրենից է կախված։
 
— Հուսով եմ, որ ձեր ճանապարհորդությունը բարեհաջող է անցել,— սառն քաղաքավարությամբ դիմեց նա Պույլխերիա Ալեքսանդրովնային։
 
— Փառք աստծու, Պյոտր Պետրովիչ։
 
— Խիստ հաճելի է։ Ավդոտյա Ռոմանովնան չհոգնե՞ց։
 
— Ես ջահել և ուժեղ եմ, չեմ հոգնի, իսկ մայրիկը շատ ծանր վիճակում էր,— պատասխանեց Դունեչկան։
 
— Ի՞նչ արած. մեր երկրի ճանապարհները շատ երկար են։ Մեծ է այսպես կոչված «մայր Ռուսաստանը»․․․ Երեկ ես ոչ մի կերպ չկարողացա դիմավորել, թեև շատ էի ցանկանում։ Սակայն հուսով եմ, որ ամեն ինչ կատարվեց առանց մի առանձին գլխացավանքի, այնպես չէ՞։
 
— Ախ, ոչ, Պյոտր Պետրովիչ, մենք խիստ վհատված էինք,— մի առանձին ինտոնացիայով շտապեց հայտարարել Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ու եթե աստված ինքը երեկ մեզ չուղարկեր Դմիտրի Պրոկոֆիչին, մենք ուղղակի կկորչեինք։ Ահա նա, Դմիտրի Պրոկոֆիչ Ռազումիխինը,— ավելացրեց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ ցույց տալով Ռազումիխինին։
 
— Երեկ ես․․․ բախտ ունեցա ծանոթանալու,— փնթփնթաց Լուժինը՝ խոժոռված ու խեթ նայելով Ռազումիխինին, հետո էլ կիտեց հոնքերը և լռեց։ Առհասարակ Պյոտր Պետրովիչը պատկանում էր այն մարդկանց թվին, որոնք հասարակության մեջ չափազանց սիրալիր են և առանձնապես սիրալիրություն են հավակնում, բայց հենց որ մի բան իրենց ուզածով չի լինում, իսկույն կորցնում են իրենց այդ հատկությունը և ոչ թե սրտաբաց ու հասարակությանը աշխուժացնող կավալերի, այլ ավելի շուտ ալյուրով լեցուն պարկի են նմանվում։ Բոլորն էլ դարձյալ լուռ էին. Ռասկոլնիկովը համառորեն ձայն չէր հանում, Ավդոտյա Ռոմանովնան առայժմ չէր ուզում ընդհատել լռությունը, Ռազումիխինը ասելիք չուներ, այնպես որ Պույլխերիա Ալեքսանդրովնան դարձյալ սկսեց անհանգստանալ։
 
— Մարֆա Պետրովնան մեռել է, դուք լսե՞լ եք,— ասաց նա՝ դիմելով անհարմար դրությունից դուրս գալու իր հիմնական միջոցին։
 
— Ինչպե՜ս չէ, լսել եմ։ Լուրը անմիջապես ինձ հասավ, ու ես նույնիսկ եկա ձեզ հաղորդելու, որ Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլովը կնոջ թաղումից անմիջապես հետո հապճեպ մեկնել է Պետերբուրգ։ Սրանք են իմ ստացած միանգամայն ճիշտ լուրերը։
 
— Պետերբո՞ւրգ, այստե՞ղ,— անհանգիստ հարցրեց Դունեչկան և մոր հետ հայացքներ փոխանակեց։
 
— Ճիշտ այդպես, և, իհարկե, ոչ առանց նպատակների, եթե նկատի առնենք մեկնելու հապճեպությունը և առհասարակ նախորդ հանգամանքները։
 
— Տեր աստված, մի՞թե նա այստեղ էլ հանգիստ չի թողնելու Դունեչկային,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
 
— Ինձ թվում է, որ դուք էլ, Ավդոտյա Ռոմանովնան էլ չպետք է առանձնապես անհանգստանաք, իհարկե, եթե ինքներդ չցանկանաք նրա հետ որևէ հարաբերություն պահպանել։ Ինչ վերաբերում է ինձ, ես հետամտում եմ և հիմա հետաքրքրվում եմ, թե նա որտեղ է իջևանել...
 
— Ախ, Պյոտր Պետրովիչ, դուք չեք հավատա, թե հիմա ինձ որչափ վախեցրիք,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ես նրան ընդամենը երկու անգամ տեսա, և նա ինձ զարհուրելի, զարհուրելի թվաց։ Ես հավատացած եմ, որ նա է եղել հանգուցյալ Մարֆա Պետրովնայի մահվան պատճառը։
 
— Չի Կարելի այդ եզրակացնել։ Ես ճշգրիտ տեղեկություններ ունեմ։ Չեմ վիճում, գուցե նա, այսպես ասած, վիրավորանքի բարոյական ազդեցությամբ նպաստել է իրերի արագ ընթացքին, իսկ ինչ վերաբերում է այդ անձնավորության վարքին և առհասարակ բարոյական բնութագրման, ապա ես ձեզ հետ համաձայն եմ։ Չգիտեմ հարո՞ւստ է նա այժմ, և նրան ի՞նչ է թողել Մարֆա Պետրովնան, այդ ինձ հայտնի կլինի ամենակարճ ժամանակամիջոցում, բայց, իհարկե, այստեղ, Պետերբուրգում, ունենալով թեկուզ սահմանափակ դրամական միջոցներ, նա ձեռք չի քաշի իր հին սովորություններից։ Այդ կարգի մարդկանցից նա առավելապես անառակն է ու արատավորը։ Ես բավականաչափ հիմք ունեմ ենթադրելու, որ Մարֆա Պետրովնան դժբախտություն ունենալով ութ տարի առաջ սիրահարվել նրան ու վճարել նրա պարտքը, նրան ծառայություն մատուցեց նաև մի այլ առնչությամբ, միայն նրա ջանքերով ու զոհաբերություններով հենց սկզբից քողարկվեց քրեական մի գործ, գազանային և, այսպես ասած, ֆանտաստիկ ոճրագործություն, որի համար նա կարող էր Սիբիր աքսորվել։ Ահա թե ինչպիսի մարդ է նա, եթե կուզեք իմանալ։
 
— Ախ, տեր աստված,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Ռասկոլնիկովը ուշադրությամբ լսում էր։
 
— Դուք ճի՞շտ եք ասում, որ այդ մասին ճշգրիտ տեղեկություններ ունեք,— խստորեն և ազդու հարցրեց Ղունյան։
 
— Ես ասում եմ միայն այն, ինչ որ գաղտնապես լսել եմ հանգուցյալ Մարֆա Պետրովնայից։ Պետք է ասել, որ իրավաբանական տեսակետից դա շատ մութ գործ է։ Այստեղ ապրում էր, հիմա էլ կարծեմ ապրում է ոմն Ռեսսլիխ, օտարուհի, մանր վաշխառու, որը ուրիշ գործերով էլ է զբաղվում է հենց այդ Ռեսսլիխի հետ էլ պարոն Սվիդրիգայլովը վաղուց ինչ-որ միանգամայն մոտիկ ու խորհրդավոր հարաբերությունների մեջ էր։ Ռեսսլիխի մոտ ապրում էր նրա հեռավոր ազգականուհին, կարծեմ համր և խուլ, տասնհինգ թե նույնիսկ տասնչորս տարեկան մի աղջիկ, որին այդ Ռեսսլիխը անչափ ատում էր ու կշտամբում մի կտոր հացի համար, նույնիսկ տմարդորեն ծեծում էր։ Մի անգամ նրան գտան ձեղնահարկում կախված։ Ասում էին, որ նա այդ կերպ ինքնասպանություն էր գործել։ Սովորական արարողություններից հետո բանը դրանով էլ վերջացավ, բայց հետագայում մատնություն եղավ, որ երեխային... դաժանորեն պատվազրկել էր Սվիդրիգայլովը։ Ճշմարիտ է, այդ բոլորը անորոշ էր, մատնողը մի ուրիշ օտարուհի՝ գերմանուհի էր, վստհություն չվայելող և տխրահռչակ մի կին. վերջապես, Մարֆա Պետրովնայի ջանքերի ու փողերի շնորհիվ այդ մատնությունն էլ կոծկվեց, միայն լուրեր մնացին։ Բայց, այնուամենայնիվ, այդ լուրերը շատ նշանակալից էին։ Դուք, Ավդոտյա Ռոմանովնա, իհարկե, նրանց մոտ լսած կլինեք Ֆիլիպ անունով մի մարդու մասին, որը վեց տարի առաջ, գեռ ճորտատիրական իրավունքի ժամանակներում մեռել էր խոշտանգումներից։
 
— Ընդհակառակը, ես լսել էի, որ այդ Ֆիլիպը ինքն էր կախվել։
 
— Ճիշտ այդպես, բայց նրան ստիպել կամ ավելի լավ է ասենք՝ ինքնասպանության էր մղել պարոն Սվիդրիգայլովի կողմից եղած հալածանքների ու պատիժների անընդհատ սիստեմը։
 
— Ես այդ չգիտեմ,— սառը պատասխանեց Դունյան,— ես լսել էի միայն մի ինչ֊որ շատ տարօրինակ պատմություն, թե այդ Ֆիլիպը ինչ֊որ հիպոխոնդրիկ էր, մի տեսակ տնաբույս փիլիսոփա, մարդիկ ասում էին, թե նա «կարդալուց խելքը թռցրել է», ու կախվել էր ավելի շուտ ծաղրանքների, քան Սվիդրիգայլովից ծեծ ուտելու պատճառով։ Սվիդրիգայլովը իմ ներկայությամբ լավ էր վարվում սպասավորների հետ, և սպասավորները նույնիսկ սիրում էին նրան, թեև իրոք մեղադրում էին Ֆիլիպի մահվան համար։
 
— Ավդոտյա Ռոմանովնա, ես տեսնում եմ, որ դուք հանկարծ տրամադրվել եք նրան արդարացնելու,— ասաց Լուժինը՝ երկիմաստ ժպիտից ծռմռելով բերանը։— Իրոք, նա խորամանկ ու հրապուրիչ մարդ է կանանց նկատմամբ, դրա ողբալի օրինակը Մարֆա Պետրովնան է, որը այդպես տարօրինակ կերպով մեռավ։ Ես միայն ուզում էի իմ խորհրդով օգնել ձեզ և ձեր մայրիկին, նկատի ունենալով, որ Uվիդրիգայլովը անկասկած նոր փորձեր կանի ձեզ մոտենալու համար։ Ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ հավատացած եմ, որ այդ մարդը պարտքերը չվճարելու համար անկասկած նորից կալանատուն կընկնի։ Մարֆա Պետրովնան բնավ երբեք մտադիր չի եղել նրան որևէ գումար թողնել նկատի ունենալով երեխաներին, ու եթե մի բան էլ թողել է, ապա դա ամենաանհրաժեշտ ծախսերի համար է, սահմանափակ, չնչին, ու նրա սովորությունները ունեցող մարդուն մի տարի էլ չի բավականանա։
 
— Պյոտր Պետրովիչ, խնդրում եմ ձեզ, այլևս չխոսենք պարոն Սվիդրիգայլովի մասին, դա ձանձրացնում է ինձ,— ասաց Դունյան։
 
— Սվիդրիգայլովը այսօր ինձ մոտ եկավ,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, որ մինչ այդ լռում էր։
 
Բոլոր կողմերից բացականչություններ լսվեցին, բոլորը դարձան դեպի Ռասկոլնիկովը։ Նույնիսկ Պյոտր Պետրովիչն է՛լ հուզվեց։
 
— Մեկ ու կես ժամ առաջ, երբ ես քնած էի, նա ներս մտավ, արթնացրեց ինձ և ասաց իր անունը,— շարունակեց Ռասկոլնիկովը։— Նա բավական ուրախ էր ու սանձարձակ և միանգամայն հուսով է, որ ես կմտերմանամ իր հետ։ Ի միջի այլոց նա շատ է ուզում քեզ հետ տեսնվել, Դունյա, ու ինձ խնդրում էր միջնորդ լինել այդ տեսակցությունը գլուխ բերելու համար։ Նա քեզ մի առաջարկ է անելու, ինձ ասաց, թե այդ ինչ առաջարկ է։ Բացի դրանից, նա ինձ հաստատապես հաղորդեց, որ Մարֆա Պետրովնան մահվանից մի շաբաթ առաջ քեզ, Դունյա, կտակել էր երեք հազար ռուբլի, և դու կարող ես հիմա շատ շուտով ստանալ այդ փողը։
 
— Փառք աստծու,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան և խաչակնքեց։— Աղոթիր նրա համար, Դունյա, աղոթիր։
 
— Այդ իրոք ճշմարիտ է,— բերանից թռցրեց Լուժինը։
 
— Հետո՞, հետո ի՞նչ եղավ,— հարցրեց Դունեչկան։
 
— Հետո նա ասաց, թե ինքը հարուստ չէ և ամբողջ կալվածքը բաժին է ընկնում իր երեխաներին, որոնք հիմա մորաքրոջ մոտ են։ Հետո էլ ասաց, որ իջևանել է իմ սենյակին մոտիկ ինչ֊որ տեղում, իսկ թե որտեղ, չգիտեմ, չհարցրի...
 
— Բայց նա ի՞նչ, ի՞նչ է ուզում առաջարկել Դունյային, ասա՞ց քեզ,— հարցրեց խիստ վախեցած Պույլխերիա Ալեքսանդրովնան։
 
— Այո, ասաց։
 
— Ինչ։
 
— Հետո կասեմ։— Ռասկոլնիկովը լռեց ու սկսեց խմել իր թեյը,
 
Պյոտր Պետրովիչը նայեց ժամացույցին։
 
— Ես գործ ունեմ, պետք է գնամ և այդպիսով չեմ խանգարի ձեզ,— մի փոքր վիրավորված տեսքով ասաց նա և աթոռից վեր կացավ։
 
— Մնացեք, Պյոտր Պետրովիչ,— ասաց Դունյան,— դուք հո մտադրվել էիք երեկոն այստեղ անցկացնել։ Բացի այդ, դուք գրել էիք, որ ցանկանում եք ինչ-որ խոսակցություն ունենալ մայրիկի հետ։
 
— Ճիշտ այդպես է, Ավդոտյա Ռոմանովնա,— կտրուկ ասաց Պյոտր Պետրովիչը՝ դարձյալ նստելով աթոռին, բայց գլխարկը դեռ ձեռքին պահած,— ես իրոք ցանկանում էի բացատրվել թե ձեզ և թե ձեր հարգարժան մայրիկի հետ, այն էլ շատ կարևոր խնդիրների մասին։ Բայց, ինչպես որ ձեր եղբայրը չի կարող իմ ներկայությամբ հաղորդել պարոն Սվիդրիգայլովի ինչ֊որ առաջարկները, այնպես էլ ես չեմ ցանկանում և չեմ կարող... ուրիշների ներկայությամբ... բացատրվել շատ և շատ կարևոր մի քանի խնդիրների մասին։ Այն էլ ասած, իմ հիմնական և թախանձագին խնդրանքը չի կատարվել...
 
Լուժինը դառն ժպտաց ու փքվելով լռեց։
 
— Մեր տեսակցությանը եղբորս ներկա չլինելու վերաբերյալ ձեր խնդրանքը չի կատարվել միայն իմ պահանջով,— ասաց Դունյան։— Դուք գրել էիք, թե եղբայրս վիրավորել է ձեզ. ես կարծում եմ, որ հարկավոր է դա անմիջապես պարզել, և դուք պետք է հաշտվեք։ Եվ եթե Ռոդյան իրոք վիրավորել է ձեզ, ապա նա պետք է ձեզնից ներողություն խնդրի և _կխնդրի_։
 
Պյոտր Պետրովիչը իսկույն սկսեց հոխորտալ։
 
— Ավդոտյա Ռոմանովնա, կան այնպիսի վիրավորանքներ, որոնք չի կարելի մոռանալ, ինչքան էլ որ բարի կամք ցուցաբերես։ Ամեն ինչ ունի իր սահմանը, որից անցնելը վտանգավոր է, որովհետև եթե անցնես, էլ չես կարող ետ դառնալ։
 
— Ես այդ մասին ձեզ բան չասացի, Պյոտր Պետրովիչ,— մի փոքր անհամբեր վրա բերեց Դունյան։— Լավ հասկացեք, որ մեր ամբողջ ապագան հիմա կախված է նրանից, թե արդյո՞ք որքան կարելի է շուտ կպարզաբանվի ու կկարգավորվի այդ ամենը, թե ոչ։ Ես ուղղակի և պարզ ասում եմ, որ այլ կերպ չեմ կարող վերաբերվել, ու եթե ես գեթ որևէ չափով թանկ եմ ձեզ համար, ապա այդ ամբողջ պատմությունը պետք է հենց այսօր վերջանա, թեկուզև այդ դժվար լինի։ Կրկին ասում եմ ձեզ, եթե եղբայրս մեղավոր է, ներողություն կխնդրի։
 
— Զարմանում եմ, որ դուք հարցը այդպես եք դնում, Ավդոտյա Ռոմանովնա,— հետզհետե ավելի էր ջղայնանում Լուժինը,— թանկ գնահատելով և, այսպես ասած, պաշտելով ձեզ, ես միևնույն ժամանակ միանգամայն կարող եմ չսիրել ձեր ընտանիքից որևէ մեկին։ Հավակնություն ունենալով, որ մենք միասին երջանիկ կլինենք, միևնույն ժամանակ ես չեմ կարող անիրագործելի պարտավորություններ վերցնել․․․
 
— Ախ, թողեք այդ ամբողջ խռովկանությունը, Պյոտր Պետրովիչ,— հուզված ընդհատեց Դունյան,— եղեք այնպես խելոք ու ազնիվ մարդ, ինչպես որ ես ձեզ միշտ համարել եմ և ուզում եմ համարել։ Ես ձեզ մեծ խոստում եմ տվել, ես ձեր հարսնացուն եմ. դե ուրեմն վստահեցեք ինձ այս գործում և հավատացեք, որ ես կկարողանամ անաչառ լինել։ Այն հանգամանքը, որ ես դատավորի դեր եմ վերցնում, նույնպիսի անակնկալություն է եղբորս համար, ինչպես և ձեզ համար։ Երբ ձեր նամակը ստանալուց հետո ես այսօր նրան հրավիրեցի ներկա լինել մեր տեսակցությանը, ես իմ դիտավորություններից ոչինչ չհաղորդեցի նրան։ Հասկացեք, որ եթե գուք չհաշտվեք, ապա ես պետք է ընտրեմ ձեզնից մեկին, կամ ձեզ կամ նրան։ Հարցը այդպես է դրված թե՛ ձեր և թե՛ նրա կողմից։ Ես չեմ ուզում սխալվել և չպետք է սխալվեմ ընտրություն կատարելիս։ Ձեզ համար ես պետք է բաժանվեմ եղբորիցս, եղբորս համար ես պետք է բաժանվեմ ձեզնից։ Ես ուզում եմ և կարող եմ հիմա հաստատ իմանալ՝ արդյո՞ք նա եղբայր է ինձ համար, մյուս կողմից իմանալ՝ արդյո՞ք ես թանկ եմ ձեզ համար, արդյո՞ք դուք ինչպես հարկն է գնահատում եք ինձ, իմ ամուսի՞նն եք, թե ոչ։
 
— Ավդոտյա Ռոմանովնա,— նեղանալով ասաց Լուժինը,— ձեր խոսքերը չափազանց նշանակալից են ինձ համար. կասեմ ավելին՝ նույնիսկ վիրավորական են, եթե նկատի ունենանք այն դիրքը, որ ես պատիվ ունեմ գրավելու ձեր նկատմամբ։ Բացի այն, որ դուք վիրավորական և տարօրինակ զուգադրություն եք թույլ տալիս, որ դուք ինձ և... մեծամիտ երիտասարդին հավասար եք համարում, դուք նաև ձեր խոսքերով հնարավոր եք համարում խախտել ինձ տրված խոստումը։ Դուք ասում եք՝ «կամ դուք, կամ նա», ուրեմն հենց դրանով ցույց եք տալիս, թե ես արքան քիչ նշանակություն ունեմ ձեզ համար... Ես չեմ կարող այդ թույլ տալ՝ նկատի ունենալով մեր միջև գոյություն ունեցող հարաբերությունները և... պարտավորությունները։
 
— Ինչպե՜ս,— տաքացավ Դունյան,— ես ձեր շահը համադրում եմ այն ամենի հետ, ինչ որ մինչև այժմ կյանքում թանկ է եղել ինձ համար, ինչ որ մինչև այժմ կազմել է իմ _ամբողջ_ կյանքը, և հանկարծ դուք վիրավորվում եք, որ ես ձեզ _քիչ_ արժե՜ք եմ տալիս։
 
Ռասկոլնիկովը լուռ և կծու ժպտաց, Ռազումիխինը ցնցվեց. բայց Պյոտր Պետրովիչը չընդունեց առարկությունը, ընդհակառակը, նա հետզհետե ավելի բծախնդիր ու դյուրագրգիռ էր դառնում, ասես դրանից հաճույք էր ստանում։
 
— Սերը դեպի կյանքի ապագա ընկերը, դեպի ամուսինը, պետք է գերազանցի եղբոր նկատմամբ եղած սիրուց,— խրատական տոնով ասաց նա,— համենայն դեպս ես չեմ կարող այստեղ հավասար լինել․․․ թեև ես առաջուց հայտնեցի, որ ձեր եղբոր ներկայությամբ չեմ կարող և չեմ էլ ցանկանում բացատրել այն ամենը, ինչի համար որ եկել եմ, այնուամենայնիվ մտադիր եմ հենց հիմա դիմել ձեր շատ և շատ հարգելի մայրիկին, միանգամայն հիմնական և ինձ համար վիրավորական մի մոմենտի վերաբերյալ անհրաժեշտ բացատրության համար։ Ձեր որդին,— դիմեց նա Պույլխերիա Ալեքսանդրովնային,— երեկ պարոն Ռասսուդկինի ներկայությամբ (կամ... կարծեմ այդպե՞ս է, ներեցեք, ես մոռացել եմ ձեր ազգանունը,— նա սիրալիրությամբ գլուխ ավեց Ռազումիխինին) վիրավորեց ինձ՝ աղավաղելով իմ այն միտքը, որ այն ժամանակ ես ձեզ հաղորդել էի մասնավոր խոսակցության պահին, սուրճ խմելիս։ Ես ասել էի, որ իմ կարծիքով կենսական դառնություններ տեսած աղքատ աղջկա հետ ամուսնանալը բախտավոր լինելու տեսակետից ավելի շահավետ է, քան լիության մեջ ապրած աղջկա հեա ամուսնանալը, որովհետև բարոյականության համար ավելի օգտակար է։ Ձեր որդին անհեթեթության չափ չափազանցրել է այդ խոսքերի նշանակությունը՝ ինձ մեղադրելով չարամիտ դիտավորությունների համար և, ըստ իս, հիմնվելով հենց ձեր նամակի վրա։ Ես ինձ երջանիկ կհամարեմ, եթե ձեզ համար, Պոլյլխերիա Ալեքսանդրովնա, հնարավոր լինի փոխել տալ իմ համոզմունքը հակառակ ուղղությամբ և դրանով զգալիորեն հանգստացնել ինձ։ Դե ուրեմն հայտնեցեք ինձ, թե հատկապես ի՞նչ տերմիններով եք իմ խոսքերը հաղորդել Ռոդիոն Ռոմանովիչին գրած ձեր նամակում։
 
— Ես չեմ հիշում,— շշկլվեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ես հաղորդել եմ այնպես, ինչպես որ ինքս եմ հասկացել։ Չգիտեմ թե Ռոդյան ինչպես է հաղորդել ձեզ... Գուցե և նա մի որևէ բան չափազանցրել է։
 
— Առանց ձեր ներշնչման նա չէր կարող չափազանցնել։
 
— Պյոտր Պետրովիչ,— իր արժանապատվության զգացումով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— այստեղ մեր գտնվելը ապացուցում է, որ ես ու Դունյան այնքան էլ վատ կողմից չենք ընդունել ձեր խոսքերը։
 
— Լավ ասացիր, մայրիկ,— հավանություն տվեց Դունյան։
 
— Ուրեմն ես այստեղ էլ եմ մեղավոր,— նեղացավ Լուժինը։
 
— Հա՛, Պյոտր Պետրովիչ, դուք շարունակ Ռոդիոնին եք մեղադրում, իսկ ինքներդ նրա մասին սխալ բան էիք գրել ձեր նամակում,— սիրտ առնելով, ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
 
— Ես չեմ հիշում, թե ինչ սխալ բան եմ գրել։
 
— Դուք գրել էիք, թե երեկ ես փողը տվել էի ոչ թե կառքի տակ ընկած մարդու այրիացած կնոջը, ինչպես այդ իրոք եղել է, այլ նրա աղջկան (որին մինչև երեկ ես երբեք չէի տեսել,― խիստ տոնով ասաց Ռասկոլնիկովը՝ դեմքը չդարձնելով դեպի Լուժինը։— Դուք այդ գրել էիք, որպեսզի ինձ կռվեցնեիք իմ հարազատների հետ, ու դրա համար ավելացրել էիք նողկալի արտահայտություններ ձեզ անծանոթ այդ աղջկա վարքի մասին։ Այդ բոլորը բամբասանք է և ստորություն։
 
— Ներեցեք, պարոն,— պատասխանեց Լուժինը բարկությունից դողալով,— ես իմ նամակում անդրադարձել էի ձեր հատկություններին ու վարմունքին, որպեսզի այդ կերպ կատարեի ձեր քրոջ և մայրիկի խնդրանքը, այն է՝ գրել, թե ինչ վիճակում գտա ձեզ և դուք ինչ տպավորություն թողիք ինձ վրա։ Ինչ վերաբերում է իմ նամակում հայտնված մյուս մտքերին, ապա գտեք թեկուզ մեկ անարդարացի տող, այսինքն թե դուք չեք տվել փողը ու թեկուզ դժբախտ այն ընտանիքում անարժան անձնավորոլթյուններ չեն եղել։
 
— Իսկ իմ կարծիքով դուք ձեր բոլոր արժանավորություններով չարժեք ձեր քարկոծած այն անբախտ աղջկա ճկույթն։
 
— Ուրեմն դուք նաև սիրտ կանեիք նրան ձեր մոր և քրոջ մոտ է՞լ բերել։
 
— Ես այդ արդեն արել եմ, եթե դուք ուզում եք իմանալ։ Ես այսօր նրան նստեցրել էի մայրիկիս և Դունյայի կողքին։
 
— Ռո՛դյա,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
 
Դունեչկան կարմրեց. Ռազումիխինը կիտեց հոնքերը։ Լուժինը կծու և գոռոզաբար ժպտաց։
 
— Ավդոտյա Ռոմանովնա,— ասաց նա,— ինքներդ եք բարեհաճում տեսնել, որ հնարավոր չէ համաձայնության գալ։ Հիմա հուսով եմ, որ այս գործը առմիշտ վերջացած է ու պարզաբանված։ Ես գնում եմ, որպեսզի չխանգարեմ ազգակցական տեսակցության հետագա հաճելիությանը և գաղտնիքները հաղորդելուն (նա աթոռից վեր կացավ ու վերցրեց գլխարկը)։ Բայց, գնալով, համարձակվում եմ հայտնել, որ հույս ունեմ այսուհետև ազատված լինել նման հանդիպումներից և, այսպես ասած, կոմպրոմիսներից։ Նույնը պետք է առանձնապես խնդրեմ ձեզնից, անչափ հարդելի Պույլխերիա Ալեքսանդրովնա, մանավանդ որ նամակս էլ հասցեագրված էր ձեզ և ոչ թե մեկ ուրիշին։
 
Պույլխերիա Ալեքսանդրովնան մի քիչ վիրավորվեց։
 
— Դուք արդեն մեզ բոլորովին ձեր իշխանության տակ եք վերցնում, Պյոտր Պետրովիչ։ Դունյան ձեզ պատմեց, թե ինչ պատճառով չի կատարվել ձեր ցանկությունը, նա լավ դիտավորություններ ուներ։ Դուք ինձ այնպես եք գրում, որ կարծես թե հրամայում եք։ Մի՞թե մենք պետք է ձեր յուրաքանչյուր ցանկությունը հրաման համարենք։ Իսկ ես, ընդհակառակը, ձեզ կասեմ, որ դուք հիմա մեր նկատմամբ պետք է առանձնապես նրբազգաց ու ներողամիտ լինեք, որովհետև մենք ամեն ինչ թողել ենք և վսաասհելով ձեզ, ժամանել ենք այստեղ, ուրեմն առանց այն էլ համարյա ձեր իշխանության տակ ենք գտնվում։
 
— Դա այնքան էլ ճիշտ չէ, Պույլխերիա Ալեքսանդրովնա, մանավանդ ներկա մոմենտում, երբ իմացել եք Մարֆա Պեարովնայի կտակած երեք հազարի մասին, որ կարծեմ խիստ հարմար ժամանակին է, դատելով նոր տոնից, որով խոսում եք ինձ հետ,— խայթողաբար աաաց Լուժինը։
 
— Դատելով այդ դիտողությունից, իրոք կարելի է ենթադրել, որ դուք հույս էիք դրել մեր անօգնականության վրա,— ջղայնությամբ աաաց Դունյան։
 
— Բայց հիմա հո չեմ կարող այդպիսի հույս ունենալ, առանձնապես չեմ ցանկանում խանգարել Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլովի գաղտնի առաջարկները հաղորդելուն, որոնք նա հայտնել է ձեր եղբորը և որոնք, ինչպես ես տեսնում եմ, ձեզ համար հիմնական, գուցե և խիստ հաճելի նշանակություն ունեն։
 
― Ախ, աստված իմ,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
 
Ռազումիխինը չէր կարողանում աթոռի վրա հանգիստ նսաած մնալ։
 
— Եվ դու հիմա չե՞ս ամաչում, քույրս,— հարցրեց Ռասկոլնիկովը։
 
— Ամաչում եմ, Ռոդյա,— ասաց Դունյան։— Պյոտր Պետրովիչ, հեռացեք այստեղից,— դիմեց նա Լուժինին՝ գունատվելով բարկությունից։
 
Թվում է, որ Պյոտր Պետրովիչը այդպիսի վախճան բոլորովին չէր սպասում։ Նա մեծ հույս էր դրել իր վրա, իր ազդեցության վրա, իր զոհերի անճարակության վրա։ Հիմա էլ չհավատաց, որ բանը այդպես կվերջանա։ Նա սփրթնեց, շրթունքները ցնցվեցին։
 
— Ավդոտյա Ռոմանովնա, եթե ես ձեր այդ խոսքերից հետո դուրս ելնեմ այս դռնից, ապա նկատի ունեցեք, որ էլ երբեք չեմ վերադաոնա։ Լավ մտածեցեք, իմ խոսքը հաստատ է։
 
— Այդ ի՞նչ լկտիություն է,— բղավեց դունյան տեղից վեր կենալով,— ես չեմ էլ ուզում, որ դուք վերադառնաք։
 
— Ինչպե՞ս, ահա թե ի֊ի՜նչ,— գոռաց լուժինը, որը մինչև վերջին ակնթարթը բոլորովին չէր հավատում այդպիսի վերջավորության, դրա համար էլ հիմա իսպառ շփոթվել էր։― Ահա թե ի֊ի՜նչ։ Բայց գիտե՞ք, Ավդոտյա Ռոմանովնա, որ ես կարող էի և բողոքել։
 
— Ի՞նչ իրավունք ունեք նրա հետ այդպես խոսելու,— տաքացած միջամտեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ինչի՞ համար կարող եք բողոքել, ի՞նչ իրավունքներ ունեք։ Մի՞թե ես Դունյային կտամ ձեզ, այդ տեսակ մարդուն։ Հեռացեք, բոլորովին թողեք մեզ։ Մենք ինքներս ենք մեղավոր, որ սխալ գործ բռնեցինք, առաջին հերթին ես եմ մեղավոր...
 
— Սակայն, Պույլխերիա Ալեքսանդրովնա, դուք իմ ձեռքերը կապեցիք ձեր տված խոսքով, որից հիմա հրաժարվում եք,— տաքանում, կատաղում էր Լուժինը։— Եվ վերջապես... վերջապես, ես այդ պատճառով, այսպես ասած, ծախսերի տակ ընկա...
 
Այս վերջին հայտարարությունը այնքան բնորոշ էր Պյոտր Պետրովիչի համար, որ Ռասկոլնիկովը, բարկությունից ու իրեն զսպելու ջանքերից գունատված, էլ չհամբերեց և հանկարծ քա՛հ֊քա՛հ ծիծաղեց։ Պույլխերիա Ալեքսանդրովնան զայրացավ։
 
— Ծախսե՞ր։ Ի՞նչ ծախսեր։ Հո սնդուկի մասին չե՞ք խոսում։ Բայց չէ՞ որ ուղեկցորդը դա ձրի էր բերել։ Տե՛ր աստված, մե՞նք կապեցինք ձեր ձեռքերը։ Ախր խելքի եկեք, Պյոտր Պետրովիչ, այդ դուք եք, որ կապեցիք մեր ձեռքերը, և ոչ թե մենք այդ կերպ վարվեցինք։
 
— Բավական է, մայրիկ, խնդրում եմ, բավական է,— ասաց Ավդոայա Ռոմանովնան։— Պյոտր Պետրովիչ, բարի եղեք, հեռացեք։
 
— Կհեռանամ, բայց թույլ տվեք վերջին խոսքս ասեմ պատասխանեց Լուժինը՝ ինքն իրեն համարյա բոլորովին կորցրած,— ձեր մայրիկը կարծես թե բոլորովին մոռացել է, որ ես որոշել էի ձեզ առնել այն ժամանակ, երբ քաղաքում և ամբողջ շրջակայքում ասեկոսներ էին տարածվել ձեր անվան շուրջը։ Ձեզ համար անտեսելով հասարակական կարծիքը և վերականգնելով ձեր վարքը, ես, իհարկե, կարող էի միանգամայն և միանգամայն հատուցում հուսալ և նույնիսկ շնորհակալություն պահանջել ձեզնից... Եվ միայն այժմ բացվեցին իմ աչքերը. ինքս եմ տեսնում, որ գուցե միանգամայն և միանգամայն հապճեպորեն եմ վարվել անտեսելով հասարակության ձայնը․․․
 
— Սա երկու գլխանի՞ է, ի՞նչ է,— բղավեց Ռազումիխինը՝ վեր թռչելով աթոռից և արդեն պատրաստվելով դատաստան տեսնելու։
 
— Դուք ստոր և չար մարդ եք,— ասաց Դունյան։
 
— Ոչ մի խոսք, ոչ մի շարժում,— գոչեց Ռասկոլնիկովը՝ զսպելով Ռազումիխինին. այնուհետև համարյա դեմ առ դեմ մոտեցավ Լուժինին.
 
— Բարեհաճեցեք դուրս քաշվել,— կամացուկ և կտրուկ ասաց նա,— ու այլևս ոչ մի խոսք, թե չէ...
 
Պյոտր Պետրովիչը կատաղությունից սփրթնած ու ծռմռված դեմքով մի քանի վայրկյան նայեց նրան, ապա շուռ եկավ, դուրս ելավ, և, իհարկե, հազիվ թե որևէ մեկը իր սրտում այնքան կատաղի ատելություն զգար մի ուրիշի հանդեպ, որքան զգում էր այդ մարդը Ռասկոլնիկովի նկատմամբ, Լուժինը միայն և միայն նրան էր մեղադրում այդ ամենի համար։ Ուշագրավ է, որ արդեն իջնելով սանդուղքից, նա դեռ էլի երևակայում էր, որ գործը թերևս դեռ բոլորովին տանուլ չի տրված, ու ինչ վերաբերում է միայն մորն ու աղջկան, ապա «միանգամայն և միանգամայն» հնարավոր է նույնիսկ հաշտվել նրանց հետ։
== III ==
Վստահելի
1318
edits