== I ==
Ռասկոլնիկովի համար տարօրինակ ժամանակ եկավ. կարծես նրա առջև մշուշ իջավ և նրան մեկուսացրեց անելք ու ծանր մենության մեջ։ Հետո, արդեն երկար ժամանակ անց վերհիշելով այդ օրերը, նա գլխի էր ընկնում, որ իր գիտակցությունը երբեմն մի տեսակ մթագնում էր, ու որոշ ընդմիջումներով դա շարունակվեց ընդհուպ մինչև վերջնական կատաստրոֆը։ Նա ստույգ համոզված էր, որ այն ժամանակ սխալվում էր շատ բաներում, օրինակ, մի քանի դեպքերի ժամկետների ու ժամանակի նկատմամբ։ Գոնե հետագայում մտաբեբելով այդ ու ճգնելով ըմբռնել մտաբերածը, նա շատ բան իմացավ իր մասին՝ արդեն ղեկավարվելով կողմնակի մարդկանցից ստացած տեղեկություններով։ Օրինակ, նա մի իրադարձությունը շփոթում էր մի այլ իրադարձության հետ. այդ մյուս իրադարձությունը նա այնպիսի պատահարի հետևանք էր համարում, որը գոյություն ուներ միայն նրա երևակայության մեջ։ Երբեմն նրան համակում էր հիվանդագին֊տանջալից մի անհանգստություն, որը նույնիսկ խուճապային վախի էր վերածվում։ Բայց նա նաև հիշում էր, որ լինում էին րոպեներ, ժամեր և գուցե նույնիսկ օրեր, երբ ինքը ամեն ինչի հանդեպ համակվում էր հոգեկան անտարբերությամբ, որը կարծես թե հակադրվում էր առաջվա վախին, մի անտարբերություն, որը նման էր մեռնողներից ոմանց հիվանդագին-անտարբեր վիճակին։ Իսկ առհասարակ այդ վերջին օրերին նա ինքն էլ կարծես ջանում էր խուսափել իր դրության պարզ ու լիակատար ըմբռնումից։ Որոշ կենսական փաստեր, որոնք անհապաղ պարզաբանություն էին պահանջում, առանձնապես ճնշում էին նրան, բայց նա որքա՜ն ուրախ կլիներ ազատվել ու փախչել որոշ հոգսերից, որոնց մոռանալը, սակայն, լիակատար և անխուսափելի կործանում էր սպառնում նրա վիճակում։
Նրան առանձնապես անհանգստացնում էր Սվիդրիգայլովը, նույնիսկ կարելի էր ասել, որ նա ուշադրությունը կենտրոնացրել էր Սվիդրիգայլովի վրա։ Սոնյայի բնակարանում Կատերինա Իվանովնայի մահվան պահին իր համար չափազանց ահավոր և Սվիգրիգայլովի չափազանց պարզ ասած խոսքերից հետո կարծես խախտվեց նրա մտքերի սովորական ընթացքը։ Բայց չնայելով, որ այդ նոր փաստը խիստ անհանգստացնում էր նրան, նա կարծես թե չէր շտապում պարզաբանել գործը։ Երբեմն, հանկարծ, գտնվելով քաղաքի հեռավոր, առանձնացած մասում, մի որևէ խղճուկ պանդոկում միայնակ սեղան նստած, մտածմունքի մեջ ընկած և հազիվ հիշելով, թե ինքը ինչպես է ընկել այդտեղ, նա անակնկալ վերհիշում էր Սվիդրիգայլովին. նա հանկարծակի պարզ ու տագնապալից գիտակցում էր, որ հարկավոր է որքան կարելի է շուտ համաձայնության գալ այդ մարդու հետ և վերջնականապես լուծել այն, ինչ֊որ հնարավոր է։ Մի անգամ, ուղեկալից անցնելով ինչ-որ մի տեղ, նա նույնիսկ երևակայեց, թե այստեղ սպասում է Սվիդրիգայլովին, և որ այստեղ իրենք տեսակցություն են նշանակել։ Մի ուրիշ անգամ լուսաբացից առաջ նա արթնացավ ինչ-որ մի տեղ, գետն ի վրա, թփերի մեջ, ու համարյա չէր հասկանում, թե ինչպես էր այդտեղ եկել։ Ասենք, Կատերինա Իվանովնայի մահից հետո երկու֊երեք օրվա ընթացքում նա արդեն մի երկու անգամ հանդիպել էր Սվիդրիգայլովին, ու համարյա միշտ էլ Սոնյայի բնակարանում, ուր մտնում էր մի տեսակ աննպատակ, բայց միշտ էլ համարյա մի րոպեով։ Նրանք սովորաբար կարճ խոսքեր էին փոխանակում և ոչ մի անգամ չխոսեցին գլխավոր խնդրի մասին, կարծես նրանց միջև պայմանավորվածություն կար, որ առժամապես լռեին այդ մասին։ Կատերինա Իվանովնայի դիակը դեռ գտնվում էր դագաղում։ Սվիդրիգայլովը դես ու դեն էր ընկնում, թաղման համար կարգադրություններ անում։ Սոնյան նույնպես խիստ զբաղված էր։ Վերջին հանդիպման ժամանակ Սվիդրիգայլովը Ռասկոլնիկովին ասաց, որ ինքը վերջացրել է Կատերինա Իվանովնայի երեխաների գործը և հաջող է վերջացրել, որ ինչ֊որ կապերի շնորհիվ գտնվել են այնպիսի մարդիկ, որոնց օգնությամբ կարելի էր երեք որբերին անմիջապես տեղավորել նրանց համար միանգամայն վայելուչ հիմնարկներում, որ նրանց համար հատկացված փողերը նույնպես շատ բաներով օգտակար եղան, որովհետև շատ ավելի հեշտ է տեղավորել կապիտալ ունեցող որբերին, քան աղքատների որբերին։ Նա Սոնյայի մասին էլ ինչ-որ բան ասաց, խոստացավ մոտ օրերում մի կերպ անցնել Ռասկոլնիկովի մոտ և ավելացրեց, որ «կցանկանար խորհրդակցել, որ խիստ հարկավոր է խոսել, որ անհրաժեշտ գործեր կան․․․»։ Այս խոսակցությունը տեղի էր ունենում հաշտում, սանդուղքի մոտ։ Սվիդրիգայլովը սևեռուն նայում էր Ռասկոլնիկովի աչքերին, ու հանկարծ մի փոքր լռելով, ցածրաձայն հարցրեց.
— Ինչո՞ւ եք այդպես դուք ձեզ կորցրել, Ռոդիոն Ռոմանիչ։ Հիրավի, լսում եք ու նայում, բայց կարծես թե բան չեք հասկանում։ Ա՛յ, եկեք խոսենք, ափսոս որ ես թե՛ իմ և թե՛ ուրիշի գործերով եմ զբաղված... Էհ, Ռոդիոն Ռոմանիչ, բոլոր մարդկանց նախ և առաջ օդ է հարկավոր, օ՛դ, օ՛դ...
Նա հանկարծ մի կողմ քաշվեց, որ ճանապարհ տար սանդուղքով ներս մտնող քահանային ու տիրացուին։ Նրանք եկել էին հոգեհանգիստ կատարելու։ Սվիդրիգայլովի կարգադրությամբ օրական ճիշտ երկու անգամ հոգեհանգիստ էր կատարվում։ Սվիդրիգայլովը գնաց իր գործով։ Ռասկոլնիկովը մի փոքր կանգնեց, մտածեց ու քահանայի ետևից մտավ Սոնյայի բնակարանը։
Դռան մոտ նա կանգ առավ։ Սկսվեց պատշաճ, հանդարտ, տխուր արարողությունը։ Մահվան վերաբերյալ նրա գիտակցության մեջ և մահվան ներկայությունը զգալու մեջ նրա համար միշտ էլ մի ինչ֊որ ծանր և միստիկորեն զարհուրելի բան էր լինում հենց մանկությունից. բացի այդ, նա վաղուց հոգեհանգիստ չէր լսել։ Այստեղ մի ուրիշ բան էլ կար, որ շատ սարսափելի էր և անհանգստացուցիչ։ Ռասկոլնիկովը նայում էր երեխաներին, նրանք բոլորը ծունկ էին չոքել դագաղի մոտ։ Պոլեչկան լալիս էր։ Նրանց ետևում կամացուկ և կարծես երկչոտաբար լալով, աղոթում էր Սոնյան։ «Այս օրերին նա ոչ մի անգամ չի նայել և ոչ մի խոսք չի ասել ինձ», հանկարծ մտածեց Ռասկոլնիկովը։ Արևը պայծառ լուսավորել էր սենյակը, քուլա֊քուլա բարձրանում էր բուրվառի ծուխը, քահանան կարդում էր «հոգոցն հանգուցելոցը»։ Ռասկոլնիկովը ներկա եղավ ամբողջ արարողությանը։ Օրհնելով ու հրաժեշտ տալով, քահանան ինչ֊որ աարօրինակությամբ էր նայում շուրջը։ Արարողությունից հետո Ռասկոլնիկովը մոտեցավ Սոնյային։ Սա հանկարծ վերցրեց նրա ձեռքերը և գլուխը հպեց նրա ուսին։ Այդ կարճ ժեստը զարմանք ու տարակուսանք պատճառեց Ռասկոլնիկովին. նույնիսկ տարօրինակ էր. ինչպե՞ս թե այդպես. ոչ մի գարշանք, ոչ մի նողկանք իր նկատմամբ, Սոնյայի ձեռքի ոչ մի ցնցում։ Այդ արդեն հենց իր, Ռասկոլնիկովի նվաստացման մի ինչ֊որ անվերջանալիություն էր։ Նա գոնե այդպես դա հասկացավ։ Սոնյան ոչինչ չասաց։ Ռասկոլնիկովը սեղմեց նրա ձեռքը ու գնաց։ Նրա հոգեվիճակը սարսափելի ծանր էր։ Եթե հնարավոր լիներ այդ րոպեին գնալ որևէ տեղ և թեկուզ ամբողջ կյանքում բոլորովին մենակ մնալ, ապա նա իրեն երջանիկ կհամարեր։ Բայց բանն այն է, որ նա վերջին օրերում, թեպետև միշտ էլ համարյա մենակ էր, ոչ մի կերպ չէր կարողանում զգալ, որ ինքը մենակ է։ Պատահում էր, որ նա քաղաքից գնում, դուրս էր դալիս մեծ ճանապարհը, մի անգամ նույնիսկ հասավ մի ինչ֊որ պուրակ. բայց որքան հեռու էր գնում քաղաքից, այնքան ավելի ուժեղ էր գիտակցում կարծես ինչ֊որ մեկի մոտիկ և անհանգսաացուցիչ ներկայությունը, որը չէ թե սարսափելի, այլ մի տեսակ խիստ սրանեղիչ էր, այնպես որ նա շուտափույթ վերադառնում էր քաղաք, խառնվում ամբոխին, մտնում պանդոկներն ու օղետները, գնում էր հնոտիաշուկա, Սեննայա հրապարակը։ Այստեղ նա իրեն կարծես թե ավելի լավ և նույնիսկ առանձնացած էր զգում։ Մի ճաշարանում իրիկնադեմին երգում էին. նա մի ամբողջ ժամ նստած էր, լսում էր և զգում, որ այդ ամենը իրեն նույնիսկ շատ հաճելի է։ Բայց վերջում հանկարծ նա դարձյալ անհանգստացավ. կարծես խղճի խայթը, հանկարծ սկսեց տանջել նրան․ «Ահա, նաաել եմ, երգեր եմ լսում, բայց մի՞թե այդ է ինձ հարկավոր», կարծես մաածեց նա։ Սակայն անմիջապես գլխի ըևկավ, որ միայն այդ չէ, որ անհանգստացնում է իրեն. կար մի բան, որ անհապաղ լուծում էր պահանջում, բայց դա ոչ կարելի էր իմաստավորել, ոչ էլ խոսքերով արտահայտել։ Ամեն բան մի ինչ-որ հանելուկ էր դառնում։ «Ոչ, ավելի լավ է մաքառել, ավելի լավ է դարձյալ հանդիպել Պորֆիրիին․․․ կամ Սվիդրիգայլովին... թող շուտ լինի դարձյալ մի որևէ մարտահրավեր, որևէ մեկի հարձակումը... Այո, այո», մտածում էր նա։ Ճաշարանից նա դուրա եկավ ու գնաց համարյա վազելով։ Չգիտես ինչու Դունյայի և մոր վերաբերյալ միտքը հանկարծ նրան մի տեսակ խուճապային վախի մատնեց։ Հենց այդ գիշեր, առավոտյան դեմ նա ամբողջովին ցնցվելով, դողալով արթնացավ թփերում, Կրեստովսկի կղզում, նա գնաց տուն, ուր հասավ վաղ առավոտյան։ Մի քանի ժամ քնելուց հետո դողը անցավ, նա ուշ վեր կացավ, ցերեկվա ժամը երկուսն էր։
Նա հիշեց, որ այդ օրը նշանակված էր Կատերինա Իվանովնայի թաղումը և ուրախացավ, որ ինքը ներկա չի եղել։ Նաստասյան նրան ուտելիք բերեց, նա ուտում և խմում էր մեծ ախորժակով, համարյա ագահությամբ։ Գլուխը ավելի թարմ էր, ու ինքն էլ ավելի հանգիստ էր, քան այդ վերջին երեք օրում։ Նա մինչև իսկ մի փոքր զարմացավ իր առաջվա խուճապային վախի հորդումների վրա։ Դուռը բացվեց, ու ներս մտավ Ռազումիխինը։
— Ը-հը՛, ուտում է, ուրեմն հիվանդ չէ,— ասաց Ռազումիխինը, աթոռ վերցրեց ու նստեց սեղանի մոտ, Ռասկոլնիկովի դիմաց։ Նա անհանգստացած էր և չէր աշխատում դա թաքցնել։ Խոսում էր նկատելի սրտնեղությամբ, բայց անշաապ և առանց ձայնը որևէ չափով բարձրացնելու։ Կարելի էր կարծել, որ նա մի ինչ-որ առանձին և նույնիսկ բացառիկ մտադրություն ունի։— Լսիր,— վճռական տոնով սկսեց նա,— ինձ համար միևնույն է, թեկուզ դուք բոլորդ գրողի ծոցը գնաք, բայց հիմա իմ նկատած հանգամանքներից պարզ տեսնում եմ, որ ոչինչ չեմ կարողանում հասկանալ։ Խնդրեմ չկարծես, թե ես հարցաքննելու եմ եկել։ Թքած դրա վրա։ Ես ինքս այդ չեմ ուզում։ Թեկուզ դու ինքդ հիմա ասես ամեն ինչ, ձեր բոլոր գաղտնիքները, ես գուցե և չլսեմ, կթքեմ ու կհեռանամ։ Ես եկել եմ միայն անձամբ և վերջնականապես իմանալու, թե նախ՝ ճի՞շտ է, որ դու խելագար ես։ Քո մասին, գիտե՞ս գոյություն ունի այն համոզմունքը (ինչ֊որ մի տեղ, էլի՛), որ դու գուցե խելագար ես կամ խիստ հակված ես խելագարության։ Խոստովանում եմ քեզ, ես ինքս էլ խիստ հակամետ էի պաշտպանելու այդ կարծիքը, նախ՝ դատելով քո հիմար և մասամբ նողկալի (ոչնչով չբացատրվող) արարքներից, և երկրորդ, մորդ և քրոջդ նկատմամբ վերջերս քո թույլ տված վարմունքից։ Եթե ոչ խելագարը, ապա միայն հրեշն ու սրիկան կարող էր նրանց հետ այնպես վարվել, ինչպես դու վարվեցիր. հետևաբար դու խելագար ես... ՚
— Դու նրանց վաղո՞ւց ես տեսել։
— Հենց այժմ։ Իսկ դու այն օրից հետո չե՞ս տեսել։ Ասա խնդրեմ, որտե՞ղ ես թրևում։ Ես երեք անգամ քեզ մոտ եմ եկել։ Երեկվանից մայրդ լուրջ հիվանդ է։ Պատրաստվեց քեզ մոտ գալու. Ավդոտյա Ռոմանովնան համոզում էր հրաժարվել դրանից, ոչինչ չի ուզում լսել. «Եթե Ռոդյան հիվանդ է,— ասում է նա,― եթե նրա խելքը խանգարվում է, ապա ո՞վ կօգնի նրան, եթե ոչ մայրը»։ Բոլորս էլ եկանք այստեղ, որովհետև հո նրան մենակ չէի՞նք ուղարկելու։ Մինչև քո դուռը հասնելը խնդրում էինք հանգիստ լինել։ Ներս մտանք, դու չկայիր, հենց այստեղ էլ նա նստեց։ Տասը րոպե սպասեց, մենք լուռ կանգնած էինք իր մոտ։ Վեր կացավ ու ասաց՝ «Եթե նա տանից դուրս է գալիս, ուրեմն առողջ է և մոռացել է մորը, նշանակում է մոր համար անվայել և ամոթալի է նրա շեմքին կանգնել և իբրև ողորմություն, գուրգուրանք խնդրել»։ Տուն վերադարձավ ու պառկեց, հիմա տաքություն ունի։ «Տեսնում եմ,— ասում է,― ''իր սիրածի'' համար ժամանակ ունի»։ Նա կարծում է, թե այդ ''սիրածը'' Սոֆյա Սեմյոնովնան է, քո հարսնացուն կամ սիրուհին, ես այդ չգիտեմ։ Ես իսկույն գնացի Սոֆյա Սեմյոնովնայի մոտ, որովհետև ուզում էի ամեն ինչ իմանալ, գնացի, տեսա, որ դագաղ է դրված, երեխաները լալիս են։ Սոֆյա Սեմյոնովնան նրանց համար սգաշորեր է պատրաստում։ Դու չկայիր։ Նայեցի, ներողություն խնդրեցի և դուրս եկա, այդ ամենը հաղորդեցի Ավդոտյա Ռոմանովնային։ Ուրեմն այդ դատարկ բան է և այստեղ ոչ մի ''սիրած'' էլ չկա, հետևաբար ավելի ճիշտ է այն, որ խելագարություն կա։ Բայց ահա դու նստած ես և տավարի եփած միս ես խժռում, կարծես երեք օր ոչինչ չես կերել։ Ասենք, հո խելագարներն էլ են ուտում, բայց դու գեթ մի խոսք էլ չասացիր ինձ, դու․․․ խելագար չես, ես կարող եմ երդվել դրա համար։ Նախ և առաջ խելագար չես։ Այսպես ուրեմն, դուք բոլորդ էլ գնացեք գրողի ծոցը, որովհետև այստեղ մի ինչ-որ ծածուկ բան, ինչ-որ գաղտնիք կա. իսկ ես մտադիր չեմ գլուխ կոտրել ձեր գաղտնիքների վրա։ Եկա հենց այնպես, նախատինք կարդալու, սիրտս թեթևացնելու,— վեր կենալով ասաց Ռազումիխինը,― ես գիտեմ, թե հիմա ինչ եմ անելու։
― Ի՞նչ ես ուզում անել։
— Քո ի՞նչ գործն է, թե ինչ եմ ուզում անել։
— Տես, հա՜, խմելու ես։
— Դու ինչպե՞ս․․․ այդ ինչպե՞ս իմացար։
— Ա՛յ քեզ բան։
Ռազումիխինը մի րոպե լռեց։
― Դու միշտ էլ շատ խելոք մարդ ես եղել ու երբեք, երբեք խելագար չես եղել,— հանկարծ կտրուկ ասաց նա։— Այո, այդպես է, ես խմելու եմ, ցտեսություն։— Եվ նա քայլեց դեպի դուռը։
— Կարծեմ երեկ չէ մյուս օրը ես քո մասին խոսեցի քրոջս հետ, Ռազումիխին։
― Իմ մասի՜ն։ Բայց... Երեկ չէ մյուս օրը դու նրան որտե՞ղ կարող էիր տեսնել,— հանկարծ կանգ առավ Ռազումիխինը, նույնիսկ մի փոքր գունատվեց։ Կարելի էր կռահել, որ նրա սիրտը սկսեց խփել դանդաղ ու լարված։
— Նա այստեղ եկավ, նստեց խոսեց ինձ հետ։
— Նա՞։
― Այո, նա։
— Իսկ դու ի՞նչ ասացիր... ուզում եմ ասել՝ ի՞նչ ասացիր իմ մասին։
— Ես նրան ասացի, որ դու շաա լավ, ազնիվ ու աշխատասեր մարդ ես։ Ես չասացի, որ դու նրան սիրում ես, որովհետև նա այդ ինքն էլ գիտե։
— Ինքն է՞լ գիտե։
— Այո։ Ահա թե ինչ. ուր էլ որ ես գնամ, ինչ էլ որ ինձ պատահի, դու մնա նրանց մոտ իբրև նեցուկ։ Ես, այսպես ասած, նրանց քեզ եմ հանձնում, Ռազումիխին։ Ես այս ասում եմ, որովհետև լավ գիտեմ, որ դու նրան սիրում ես, ու համոզված եմ, որ դու մաքուր սիրտ ունես։ Գիտեմ նաև, որ նա էլ կարող է սիրել քեզ և գուցե նույնիսկ արդեն սիրում է։ Հիմա ինքդ որոշիր, թե ինչն է ավելի լավ, արդյո՞ք հարկավոր է, որ դու խմես, թե՞ հարկավոր չէ։
— Ռոդյա... գիտե՞ս ինչ... Ախ, գրողը տանի։ Իսկ դու ո՞ւր ես ուզում գնալ, եթե այդ բոլորը գաղտնիք է, թող այդպես լինի։ Բայց ես... ես կիմանամ գաղտնիքը... Հավատացած եմ, որ դա անպայման մի որևէ անհեթեթություն է, դատարկ բան, որ միայն դու ես այդ բոլորը հորինել։ Սակայն դու հրաշալի մարդ ես, հրաշալի մարդ։
— Դու ինձ ընդհատեցիր, իսկ ես ուզում էի ավելացնել, որ քիչ առաջ դու շատ լավ ասացիր, թե այդ ծածուկ բաներն ու գաղտնիքները չպետք է իմանալ։ Առայժմ թող այդ, մի անհանգստանա։ Ամեն ինչ իր ժամանակին կիմանաս, հենց այն պահին, երբ դա հարկավոր լինի։ Երեկ մի մարդ ինձ ասաց, թե մարդուն օդ է հարկավոր, օ՛դ, օ՛դ։ Ես ուզում եմ հիմա գնալ նրա մոտ և իմանալ, թե դրանով ինչ է ուզում ասել։
Ռազումիխինը կանգնել էր մտազբաղ և հուզված ու ինչ-որ բան էր կշռադատում։
«Նա քաղաքական դավադիր է, անշուշտ այդպես է, և նա շուտով մի վճռական քայլ է անելու, այո․ այլ կերպ չի կարող լինել, և... Դունյան այդ գիտե․․․»,— հանկարծ մտածեց Ռազումիխինը։
— Ուրեմն Ավդոտյա Ռոմանովնան գալիս է քեզ մոտ,— բառերը շեշտելով ասաց նա,— իսկ դու ուզում ես տեսնվել մի մարդու հետ, որը ասում է, թե մարդուն օդ է հարկավոր, օդ... և... և ուրեմն այն նամակն էլ... կապված է դրա հետ,— ցածրաձայն եզրակացրեց Ռազումիխինը։
— Ի՞նչ նամակ։
— Այսօր նա մի նամակ ստացավ, որը նրան շա՛տ անհանգստացրեց։ Շա՛տ։ Նույնիսկ չափազանց։ Ես խոսեցի քո մասին. խնդրեց քեզ բան չասել։ Հետո... հետո ասաց, թե գուցե մենք շատ շուտով անջատվենք, հետո ինձ ինչ֊որ ջերմ շնորհակալություն հայտնեց, հետո էլ անցավ իր սենյակը և փակեց դուռը։
— Նա նամա՞կ է ստացել,— մտազբաղ հարցրեց Ռասկոլնիկովը։
— Այո, նամակ, իսկ դու չգիտեի՞ր։ Հը՛մ։
Երկուսն էլ մի փոքր լռեցին։
— Ցտեսություն, Ռոդիոն։ Ես, բարեկամս․․․ Մի ժամանակ... ասենք, լավ, ցտեսություն, գիտե՞ս, եղավ մի ժամանակ... Դե ցտեսություն, ես էլ եմ շտապում։ Չեմ խմի։ Հիմա հարկավոր չէ... սխալվում ես։
Ռազումիխինը շտապեց գնալ, բայց արդեն դուրս ելնելով ու ծածկելով դուռը, հանկարծ նորից այն բացեց ու մի կողմ նայելով ասաց.
— Ի դեպ, հիշո՞ւմ ես այն սպանությունը, Պորֆիրիին, պառավին։ Իմացիր, որ մարդասպանը գտնվել է, խոստովանել է և ներկայացրել բոլոր ապացույցները։ Երևակայիր, դա այն աշխատողներից, ներկարարներից մեկն է, հիշո՞ւմ ես, ես այստեղ նրանց դեռ պաշտպանում էի։ Կհավատա՞ս, երբ դռնապանը ու երկու վկաները բարձրանում էին պառավի բնակարանը, նա իր ընկերոջ հետ սանդուղքի վրա քրքջոց ու ծեծկռտոց էր սարքել դիտավորյալ կերպով, հենց աչքի թոզ փչելու համար։ Ինչպիսի՜ խորամանկություն, ինչպիսի՜ արիություն էր ցուցաբերել այդ լակոտը։ Դժվար է հավատալ, բայց ինքը պարզաբանել է և ամեն ինչ խոստովանել։ Եվ ինչպե՜ս ես սխալվել էի։ Ըստ իս, դա ձևանալու, հնարամտության ձիրք է, իրավաբանական խաբեության ձիրք, ուրեմն և առանձնապես զարմանալու բան չկա։ Մի՞թե այդպիսի մարդիկ չեն կարող լինել։ Իսկ եթե նա չի դիմացել և խոստովանել է, ապա դրա համար ես նրան էլ ավելի շատ եմ հավատում։ Դա ճշմարտանման է... Բայց ես, ես որքա՜ն սխալվում էի, թունդ պաշտպանում նրան։
— Ասա խնդրեմ, դու այդ որտեղից ես իմացել և ինչո՞ւ է գա քեզ այդպես հետաքրքրում,— նկատելի հուզմունքով հարցրեց Ռասկոլնիկովը։
— Ա՛յ քեզ բան։ Ինչո՜ւ է ինձ հետաքրքրո՜ւմ, բա՛ն հարցրիր, էլի․․․ Իմացել եմ Պորֆիրիից և ուրիշներից։ Ասենք, նրանից եմ ամեն ինչ իմացել։
— Պորֆիրիի՞ց։
― Պորֆիրիից։
— Նա ի՞նչ․․․ ի՞նչ ասաց,— վախվխելով հարցրեց Ռասկոլնիկովը։
— Նա այդ շատ լավ բացատրեց ինձ։ Բացատրեց հոգեբանորեն, յուրովի։
— Նա՞ բացատրեց։ Հենց ի՞նքը բացատրեց քեզ։
— Ինքը, ինքը․ ցտեսություն։ Հետո էլի որոշ բաներ կպատմեմ, իսկ հիմա գործ ունեմ։ Եղավ մի պահ, երբ ես մտածեցի․․․ Դե լավ, հետո․․․ Հիմա ես ինչո՞ւ պետք է խմեմ։ Դու ինձ առանց գինու էլ խմեցրիր։ Ես հո հարբա՛ծ եմ, Ռոդյա։ Առանց գինու այժմ հարբած եմ, դե ցտեսություն, շատ շուտով էլի կգամ։
Ռազումիխինը գնաց։
«Նա, նա անշուշտ, անշուշտ քաղաքական դավադիր է»,― վերջնականապես եզրակացրեց Ռազումիխինը՝ դանդաղ իջնելով սանդուղքից։ «Քրոջն է՞լ է մասնակից դարձրել։ Ավդոտյա Ռոմանովնայի բնավորությամբ դա շատ, շատ հնարավոր է։ Նրանք տեսակցություններ են ունենում․․․ Ավդոտյա Ռոմանովնան ակնարկում էր այդ բանը։ Նրա շատ խոսքերից, խոսակցություններից․․․ և ակնարկներից երևում է, որ բանը հենց այդպես է։ Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բացատրել այս ամբողջ խառնաշփոթությունը։ Հը՛մ։ Իսկ ես կարծում էի․․․ Տե՛ր աստված, ինչե՜ր էի մտածում։ Այո, դա մտքի խավարում էր, ու ես մեղավոր եմ նրա առաջ։ Այդ նա էր, որ այն օրը միջանցքում, լամպի տակ ինձ մտախավարում պատճառեց։ Թյո՛ւ, ինչպիսի՜ վատթար, կոպիտ, ստոր միտք իմ կողմից։ Կեցցե Նիկոլայը, որ խոստովանեց... Այժմ հասկանալի են դառնում առաջվա բոլոր հանգամանքները՝ նրա այն հիվանդությունը, նրա տարօրինակ վարմունքը, նույնիսկ առաջ էլ, առաջ էլ դեռ համալսարանում նա միշա մռայլ էր, նոթոտ... բայց հիմա ի՞նչ է նշանակում այդ նամակը։ Անշուշտ այստեղ էլ մի որևէ բան կա։ Ումի՞ց է այդ նամակը, ես ենթադրում եմ, որ․․․ Հը՛մ։ Չէ՛, այդ բոլորը ես կիմանամ»։
Ռազումիխինը ամեն ինչ վերհիշեց ու կշռադատեց Դունյայի վերաբերյալ, ու նրա սիրտը նվաղեց։ Նա արագ, աճապարելով հեռացավ։
Հենց որ նա դուրս ելավ, Ռասկոլնիկովը վեր կացավ, մոտեցավ պատուհանին, անցավ անկյունից անկյուն, որքան այդ թույլ էր տալիս նրա խցիկի նեղվածքը, և․․․ դարձյալ նստեց բազմոցին։ Նա կարծես բոլորովին թարմացել էր, դարձյալ մաքառում, ուրեմն ելք է գտնվել։
«Այո, ուրեմն ելք է գտնվել, թե չէ ամեն ինչ հեղձուցիչ էր դարձել, խցվել, տանջալից ցավ էր պատճառում, ինչ֊որ շշմածություն էր տիրում»։ Պորֆիրիի մոտ Նիկոլայի հետ եղած դեպքից հետո նա, Ռասկոլնիկովը, շնչասպառ էր լինում անելք վիճակում, անձկության մեջ։ Այնուհետև, նույն օրը տեղի ունեցավ խոսակցություն Սոնյայի հետ. ինքն այդ խոսակցությունը տարավ ու վերջացրեց բոլորովին, բոլորովին ոչ այնպես, ինչպես առաջ կարող էր երևակայել... նշանակում է բոլորովին, վայրկենապես, միանգամից թուլացել էր։ Բայց չէ՞ որ այն պահին ինքը համաձայնել էր Սոնյայի հետ, սրտանց համաձայնել էր, որ ինքը մենակ, այդպիսի հոգեվիճակում անկարող է ապրել։ Իսկ Սվիդրիգայլո՞վը։ Սվիդրիգայլովը հանելուկ է․․․ Սվիդրիգայլովը անհանգստացնում է նրան, այդ ճշմարիտ է, բայց ուրիշ կողմից։ Ինքը գուցե և մաքառելու է Սվիդրիգայլովի դեմ։ Սվիդրիգայլովը գուցե նույնպես մի ամբողջ ելք է, բայց այլ բան է Պորֆիրին։
Այդպես ուրեմն, Պորֆիրին ինքն է բացատրություններ տվել Ռազումիխինին, ''հոգեբանական'' բացատրություններ է տվել։ Սկսել է դարձյալ մեջտեղ բերել իր անիծված հոգեբանությունը։ Մի՞թե Պորֆիրին թեկուզ մի րոպե կհավատա, թե Նիկոլայը հանցավոր է, և դա այն ամենից հետո, ինչ որ այն ժամանակ եղավ իր և Պորֆիրիի միջև, Նիկոլայի գալուց առաջ երես առ երես տեղի ունեցած այն խոսակցությունից հետո, որի կապակցությամբ չի կարելի գտնել ճիշտ մեկնաբանություն, բացի ''միայն մեկ'' մեկնաբանությունից։ (Ռասկոլնիկովը այդ օրերին մի քանի անգամ վերհիշում և աղոտ պատկերանում էր Պորֆիրիի հետ ունեցած այն ամբողջ խոսակցության առանձին մասերը. ամբողջ խոսակցությունը վերհիշելը անտանելի էր նրա համար)։ Այն ժամանակ նրանք իրար այնպիսի խոսքեր էին ասել, այնպիսի շարժումներ ու ժեստեր էին արել, այնպիսի հայացքներ էին փոխանակել, որոշ բաներ այնպիսի ձայնով էին ասվել, բանը այնտեղ էր հասել, որ դրանից հետո Նիկոլայը (որին Պորֆիրին պարզ հասկացավ հենց առաջին խոսքից ու շարժումից) չէր կարող խախտել Պորֆիրիի համոզմունքների բուն իսկ հիմքը։
«Եվ ի՞նչ, նույնիսկ Ռազումիխինն էլ է սկսել կասկածանք տանել։ Այն ժամանակ միջանցքում, լամպի տակ եղած խոսակցությունը իզուր չի անցել։ Եվ ահա նա վազել է Պորֆիրիի մոտ... բայց սա ինչի՞ համար է նրան այդպես խաբել։ Ի՞նչ նպատակով է Ռազումիխինի աչքերը դարձրել Նիկոլայի վրա։ Ոչ, նա անպայման ինչ-որ բան է մտածել. այստեղ դիտավորություններ կան, բայց ի՞նչ դիտավորություններ։ Ճշմարիտ է, այն առավոտից շատ, չափազանց շատ ժամանակ է անցել, իսկ Պորֆիրիի մասին ոչ մի լուր չկար։ Եվ ի՞նչ, դա, իհարկե, ավելի վատ է․․․»։ Ռասկոլնիկովը վերցրեց գլխարկը, ու մտախոհ քայլեց դեպի դուռը։ Այդ ամբողջ ժամանակվա ընթացքում առաջին անգամ նա իրեն զգաց գոնե առողջ հոգեվիճակում։ «Հարկավոր է գործը վերջացնել Սվիդրիգայլովի հետ,— մտածում էր նա,— որքան կարելի է շուտ, ինչ կերպ էլ որ լինի. կարծեմ նա էլ է սպասում, որ ես ինքս գնամ իր մոտ»։ Եվ այդ ակնթարթում նրա հոգնատանջ սիրտը այնպիսի ատելությամբ լցվեց, որ գուցե նա կարողանար սպանել նրանցից որևէ մեկին՝ Սվիգրիգայլովին կամ Պորֆիրիին։ Գոնե նա զգաց, որ եթե ոչ այժմ, ապա հետագայում ինքը կկարողանա այդ անել։ «Տեսնենք, տեսնենք», կրկնում էր նա մտքում։
Դուռը բացեց թե չէ, հանկարծակի հանդիպեց Պորֆիրիին։ Սա ներս մտավ։ Ռասկոլնիկովը մի րոպե քարացավ, բայց միայն մի րոպե։ Տարօրինակ բան. նա այնքան էլ չզարմացավ Պորֆիրիի գալու վրա և գրեթե չվախեցավ նրանից։ Նա միայն ցնցվեց, բայց արագ, վայրկենապես զգաստացավ։ «Գուցե սա վախճա՞նն է։ Բայց ի՞նչպես է, որ նա մոտեցավ կամացուկ, կատվի պես, ու ես ոչինչ չլսեցի։ Մի՞թե ականջ էր դնում»։
— Չէի՛ք սպասում հյուրին, Ռոդիոն Ռոմանիչ,— ծիծաղելով ասաց Պորֆիրի Պետրովիչը։— Վաղուց էի ուզում գալ, անցնում եմ տան կողքից, մտածում եմ՝ ինչու չայցելեմ մի հինգ րոպեով։ Ուզում եք գնա՞լ։ Չեմ խանգարի։ Միայն թե մի պապիրոս ծխեմ, եթե թույլ կտաք․․․
— Դե նստեցեք, Պորֆիրի Պետրովիչ, նստեցեք,— ասաց Ռասկոլնիկովը այնպիսի առերևույթ, գոհ ու բարեկամական տեսքով, որ իրոք ինքն էլ կզարմանար իր վրա, եթե կարողանար իրեն նայել։ Վախի մնացորդները, տականքները չքացան։ Երբեմն մարդ այդպես կես ժամ մահացու վախ է զգում ավազակից, իսկ երբ դանակը դնում են նրա կոկորդին, ապա այստեղ նույնիսկ վախն էլ է անցնում։ Ռասկոլնիկովը նստեց Պորֆիրիի դիմաց և անթարթ նայում էր նրան։ Պորֆիրին կկոցեց աչքերը և վառեց պապիրոսը։
«Դե խոսիր, է՛, խոսիր,— կարծես թե այդ բառերը ուղղակի ուզում էին դուրս թռչել Ռասկոլնիկովի սրտից։— Հը՛, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ դու չես խոսում»։
== II ==
— Օ՛ֆ, այս պապիրոսնե՜րը,— վերջապես, խոսեց Պորֆիրի Պետրովիչը, վերջացրեց ծխելը ու շունչ առավ,— վնասակար են, բոլորովին վնասակար, բայց չեմ կարողանում թողնել։ Հազում եմ, կոկորդումս խզզոց կա, ու շնչարգելություն ունեմ։ Ես, գիտե՞ք, վախկոտ եմ, նորերս գնացի Բ.֊ի մոտ. յուրաքանչյուր հիվանդին minimum կես ժամ է նայում, նայելով ինձ, նա նույնիսկ ծիծաղեց, է՛լ մատներով թփթփացնել, է՛լ ականջ դնել, ձեզ,— ասում է,— ի միջի այլոց ծխախոտը վնաս է, թոքերդ լայնացած են։ Իսկ ես ծխելը ինչպե՞ս թողնեմ, ինչո՞վ փոխարինեմ։ Չեմ խմում, ահա և ամբողջ փորձանքը, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, փորձանք է, որ չեմ խմում։ Ամեն ինչ հարաբերական է, Ռոդիոն Ռոմանիչ, ամեն ինչ հարաբերական է։
«Սա իր առաջվա պաշտոնական ձևամոլությո՞ւնն է մեջտեղ բերում, թե ինչ», զզվանքով մտածեց Ռասկոլնիկովը։ Նա հանկարծակի վերհիշեց իր և Պորֆիրիի վերջին հանդիպման ամբողջ տեսարանը, ու նրա սրտով մեկ հորդեց այն ժամանակվա զգացումը։
— Երեկ չէ մյուս օրը երեկոյան ես եկա ձեզ մոտ. դուք այդ չգիտե՞ք,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը՝ դիտելով սենյակը,— մտա այստեղ, հենց այս սենյակը։ Ինչպես և այսօր, անցնում էի այս տան կողքից ու որոշել էի այցելել ձեզ։ Եկա, սենյակի դուռը բոլորովին բաց էր. դես-դեն նայեցի, սպասեցի, ձեր աղախնին ոչինչ չասացի ու գնացի։ Դուռը չե՞ք փակում։
Ռասկոլնիկովի դեմքը ավելի ու ավելի էր մռայլվում։ Պորֆիրին կարծես կռահեց նրա մտքերը։
— Բացատրվելու եմ եկել, սիրելի Ռոդիոն Ռոմանիչ, բացատրվելու։ Պետք է ձեր առաջ բացատրվեմ և պարտավոր եմ բացատրվել,— ժպտալով շարունակեց նա և նույնիսկ ձեռքերով թեթևակի թխկացրեց Ռասկոլնիկովի ծնկին, բայց համարյա նույն ակնթարթում նրա դեմքը հանկարծ լուրջ և մտահոգ արտահայտություն ստացավ, նույնիսկ կարծես թե տխրությամբ պատեց, և դա զարմանք պատճառեց Ռասկոլնիկովին։ Սա դեռ երբեք չէր տեսել ու չէր ենթադրել այդպիսի արտահայտություն Պորֆիրիի դեմքին։— Վերջին անգամ մեր մեջ տարօրինակ խոսակցություն եղավ, Ռոդիոն Ռոմանիչ։ Ասենք մեր առաջին տեսակցության ժամանակ էլ մեր մեջ նույնպես տարօրինակ խոսակցություն տեղի ունեցավ, բայց այն օրը... էհ, հիմա արդեն ամեն ինչ միևնույն բանին է հանգում։ Ահա թե ինչ. ես գուցե և շատ մեղավոր եմ ձեր առաջ, ես այդ զգում եմ։ Հիշո՞ւմ եք, թե մենք ինչպես բաժանվեցինք. ձեր ներվերը անհանգիստ էին և ծնկատակերը դողում էին, իմ ներվերն էլ անհանգիստ էին ու ծնկատակերս դողում էին։ Եվ գիտե՞ք, այն ժամանակ ինչ-որ եղավ մեր մեջ, մի տեսակ անպատշաճ էր, ջենտլմենական չէր։ Իսկ մենք այնուամենայնիվ հո ջենտլմեններ ենք. այսինքն, համենայն դեպս, ամենից առաջ ջենտլմեններ ենք. այդ պետք է հասկանալ, հիշո՞ւմ եք, թե բանը որտեղ էր հասնում... նույնիսկ բոլորովին անվայելուչ էր այդ ամենը։
«Այս ի՞նչ է, սա ինձ ինչի՞ տեղ է դնում», ապշած հարցնում էր Ռասկոլնիկովը ինքն իրեն՝ մի փոքր բարձրացնելով գլուխը և ակնապիշ նայելով Պորֆիրիին։
— Ես մտածել եմ, որ ավելի լավ է մենք հիմա անկեղծորեն վարվենք,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը՝ մի փոքր ետ տանելով գլուխը ու խոնարհելով աչքերը։ Նա կարծես չէր ցանկանում իր հայացքով վերստին շփոթեցնել իր առաջվա զոհին և կարծես անտեսում էր իր առաջվա պրիոմներն ու խորամանկությունները։— Այո, այդպիսի կասկածանքներն ու այդպիսի խոսակցությունները չեն կարող երկար շարունակվել։ Այն ժամանակ մեզ զգաստացրեց Նիկոլայը, թե չէ ես չգիտեմ էլ, թե մեր մեջ բանը ուր կհասներ։ Այդ անիծված քաղքենին այն ժամանակ նստել էր միջնորմի ետևում, կարո՞ղ եք այդ պատկերացնել։ Դուք, իհարկե, այդ արդեն գիտեք, ինձ էլ հայտնի է, որ նա հետո ձեզ մոտ է եկել, բայց ինչ֊որ դուք այն ժամանակ ենթադրեցիք, չէր եղել, ես ոչ ոքի չէի կանչել և ոչ մի կարգադրություն չէի արել։ Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ կարգադրություն չէի արել։ Ինչպե՞ս ասեմ ձեզ, այդ ամենը կարծես ինձ էլ էր շփոթեցրել։ Դռնապաններին կանչելու մասին էլ ես հազիվ կարգադրություն արեցի։ (Երևի անցնելիս նկատեցիք դռնապաններին)։ Այն ժամանակ ես կայծակի արագությամբ մի միտք հղացա, գիտե՞ք, ես հաստատուն համոզմունքի էի հանգել, Ռոդիոն Ռոմանիչ։ Մտածեցի, որ թեկուզ մի բան ձեռքիցս բաց թողնեմ, մի ուրիշ բանի պոչից կբռնեմ, գոնե իմ տրամադրության տակ եղածը աչքաթող չեմ անի։ Բնությունից դուք շատ ջղայնոտ եք, Ռոդիոն Ռոմանիչ, նույնիսկ չափազանց ջղայնոտ եք ձեր բնավորության և սրտի մյուս բոլոր հիմնական հատկություններով հանդերձ, ես լիահույս եմ դրանում։ Դե իհարկե, նույնիսկ այն ժամանակ էլ ես կարող էի մտածել, թե միշտ չի պատահում, որ մարդ տեղից վեր կենա ու բերանից թռցնի ամբողջ գաղտնիքը։ Այդ թեև պատահում է, մանավանդ, երբ մարդուն հանում ես վերջին համբերությունից, բայց, համենայն դեպս, դա հազվադեպ է լինում։ Ես կարող էի այդպես էլ դատել։ Ոչ,— մտածում էի,— ինձ թեկուզ մի փոքրիկ փաստ է հարկավոր, թեկուզ ամենաչնչին մի փաստ, միայն մեկը, բայց այնպիսին, որից կարելի լիներ կառչել, որը իրական լիներ, ու չհիմնվեի միայն հոգեբանության վրա։ Մտածում էի, որ եթե մարդը հանցավոր է, ապա, իհարկե, համենայն դեպս կարելի է նրանից մի որևէ էական բան իմանալ։ Կարելի է նույնիսկ բոլորովին անսպասելի հետևանքի հասնել։ Ես այն Ժամանակ ձեր բնավորության վրա էի հույս դնում, Ռոդիոն Ռոմանիչ, ամենից շատ ձեր բնավորության վրա։ Ես մեծապես հուսով էի ձեր նկատմամբ։
— Բայց դուք... դուք ինչո՞ւ եք հիմա շարունակ այդպես խոսում,— վերջապես, քրթմնջաց Ռասկոլնիկովը՝ նույնիսկ առանց լավ իմաստավորելու հարցը։ «Ինչի՞ մասին է սա խոսում, տարակուսում էր նա, մի՞թե իսկապես ինձ անմեղ է համարում»։
— Ինչու եմ այսպես խոսո՞ւմ։ Ախր բացատրվելու եմ եկել, այսպես ասած, դա իմ սուրբ պարտքն եմ համարում։ Ուզում եմ հիմնովին շարադրել ամեն ինչ, այսպես ասած, այն ժամանակվա ամբողջ անորոշության ամբողջ պատմությունը։ Ես ձեզ շատ տանջանք եմ պատճառել, Ռոդիոն Ռոմանիչ։ Ես հրեշ չեմ։ Ես հո ինքս էլ եմ հասկանում, որ այդ ամենը դժվարությամբ կտանի ընկճված, բայց հպարտ, ամրակազմ ու անհամբեր, մանավանդ անհամբեր մարդը։ Համենայն դեպս, ես ձեզ համարում եմ առավելապես ազնիվ և նույնիսկ մեծահոգության սաղմերով օժտված մի մարդ, թեպետև համաձայն չեմ ձեր բոլոր համոզմունքներին․ պարտք եմ համարում այդ մասին հայտարարել առաջուց, շիտակությամբ և լիակատար անկեղծությամբ, որովհետև նախ և առաջ չեմ ցանկանում խաբել։ Ճանաչելով ձեզ, ձեր հանդեպ համակրանք զգացի։ Գուցե դուք ծիծաղո՞ւմ եք իմ այս խոսքերի վրա։ Իրավունք ունեք։ Գիտեմ, որ դուք ինձ հենց առաջին հայացքից չսիրեցիք, որովհետև իրոք սիրելու բան չկա։ Բայց ինչ ուզում եք մտածեցեք, իսկ հիմա ես ցանկանում եմ բոլոր միջոցներով մեղմել իմ թողած տպավվորությունը և ապացուցել, որ ես էլ սիրտ ու խիղճ ունեցող մարդ եմ։ Անկեղծորեն եմ ասում։
Պորֆիրի Պետրովիչը մի փոքր կանգ առավ արժանապատվություն արտահայտող տեսքով։ Ռասկոլնիկովը ինչ-որ մի նոր վախի հորդում զգաց։ Այն միտքը, թե Պորֆիրին նրան անմեղ է համարում, հանկարծ սկսեց վախեցնել նրան։
— Հազիվ թե հարկավոր է մի առ մի պատմել այն ամենը, թե ինչպես այն ժամանակ դա սկսվեց,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը։— Ես կարծում եմ, որ դա նույնիսկ ավելորդ է։ Ես էլ հազիվ թե կարողանամ պատմել։ Որովհետև ինչպե՞ս դա հանգամանորեն բացատրես։ Սկզբում լուրեր էին պտտվում։ Թե ինչ լուրեր էին դրանք, ումից էին ու երբ էին տարածվել... թե իսկապես ինչ առիթով էր բանը ձեզ հասել, իմ կարծիքով այդ էլ ավելորդ է պատմել։ Անձամբ ինձ մոտ բանը սկսվեց պատահականությունից, բոլորովին անակնկալ պատահականությունից, որը իրոք կարող էր լինել և կարող էր չլինել։ Ի՞նչ էր դա։ Հը՛մ, կարծում եմ, որ նույնպես կարիք չկա ասել։ Այդ ամենը, թե լուրերը և թե պատահականությունները այն ժամանակ զուգադիպեցին իմ մի մտքին։ Անկեղծորեն եմ ասում, եթե խոստովանում եմ, ապա ամեն ինչ պետք է խոստովանեմ, ես առաջինը այն ժամանակ ձեզ կասկածի տակ առա։ Պառավի այն նշումները իրերի վրա և այլն, և այլն՝ այդ ամենց դատարկ բան է։ Նման բաներ հարյուրներով կարելի է հաշվել։ Ես նաև առիթ ունեցա մանրամասն իմանալու ոստիկանական թաղամասի գրասենյակում եղած դեպքի մասին, նույնպես պատահաբար, այն էլ ոչ թե հարևանցիորեն, այլ հատկապես արժանահավատ պատմողից, որն ինքն էլ այդ չիմանալով, զարմանալիորեն պատկերեց այդ տեսարանը։ Այդ ամենը հո միևնույն բանին է հանգում, միևնույն բանին, Ռոդիոն Ռոմանիչ, սիրելիս։ Էհ, այստեղ ինչպե՞ս կարելի էր որոշ կողմ չդառնալ։ Հարյուր ճագարից երբեք ձի չի կազմվի, հարյուր կասկածանքից երբեք ապացույց չի կազմվի, ահա թե ինչ է ասում անգլիական առածը, իսկ չէ՞ որ դա միայն խելացի խոսք է, իսկ մոլություններից, մոլություններից փորձեցեք գլուխ հանել, չէ՞ որ քննիչն էլ մարդ է։ Ես հիշեցի նաև մի ժուռնալում տպված ձեր հոդվածը, հիշո՞ւմ եք, դեռ ձեր առաջին այցելության ժամանակ մանրամասն խոսեցինք դրա մասին։ Ես այն օրը ձեզ մի քիչ ձեռ առա, բայց այդ նրա համար էր, որ դուք շարունակեիք արտահայտել ձեր մտքերը։ Կրկնում եմ, դուք շատ անհամբեր և հիվանդ եք, Ռոդիոն Ռոմանիչ։ Որ դուք համարձակ եք, մեծամիտ, լուրջ և․․․ զգայուն, շատ զգայուն, այդ ամենը ես արդեն վաղուց գիտեի։ Այդ բոլոր զգացումները ինձ ծանոթ են, ու ես ձեր հոդվածը կարդացի որպես ծանոթ հոդված։ Դա մտահղացվել էր անքուն գիշերներին, մոլեգնության մեջ, սրտի զեղումով և բաբախումով, ճնշված խանդավառությամբ։ Իսկ երիտասարդության մեջ այդ ճնշված, հպարտ խանդավառությունը վտանգավոր է։ Ես այն ժամանակ դա մի փոքր ծաղրի առա, իսկ հիմա ձեզ կասեմ, որ առհասարակ, այսինքն՝ իբրև սիրող, խիստ համակրում եմ գրչի այդ առաջին, երիտասարդական, կաթոգին փորձը։ Մեգ֊մշուշ, լարերի հնչյուն մշուշում։ Ձեր հոդվածը անհեթեթ է ու ֆանտաստիկ, բայց դրա մեջ նշմարվում է անկեղծություն, դրա մեջ կա ջահելության անեղծելի հպարտություն, հանդուգն համարձակություն։ Մռայլ է այդ հոդվածը, բայց այդ լավ է։ Ձեր հոդվածը ես այն ժամանակ կարդացի ու պահեցի, պահեցի ու մտածեցի՝ «այս մարդուն պետք է նկատի ունենալ»։ Դե հիմա ասացեք, այսպիսի նախընթաց հանգամանքից հետո ինչպե՞ս կարելի է չխորհել հետագայի մասին։ Ա՛խ, տեր աստված, մի՞թե ես որևէ բան եմ ասում։ Մի՞թե ես հիմա որևէ բան եմ պնդում։ Ես միայն այն ժամանակ նկատի առա։ Այստեղ ի՞նչ կա որ, մտածում էի։ Այստեղ ոչինչ, այսինքն՝ ուղղակի ոչինչ չկա, ու թերևս այդ դատարկ բան է։ Ու նույնիսկ ամենևին էլ վայել չէ, որ ես, քննիչս, տարվեմ դրանով. հրե՛ն, Նիկոլայն է իմ ձեռքի տակ, և արդեն փաստեր էլ կան, ինչ ուզում եք ասեք, փաստերը առկա են։ Նա էլ իր հոգեբանությունն է մեջտեղ բերում, նրանով պետք է զբաղվել, որովհետև դա կյանքի և մահվան հարց է։ Ինչի՞ համար եմ ես ձեզ հիմա այս բոլորը ասում, որպեսզի դուք գիտենաք և ձեր մտքում ու սրտում չմեղադրեք այն ժամանակվա իմ չար վարքի համար։ Բայց դա չար չէր, անկեղծորեն եմ ասում, քա՛հ-քա՛հ։ Դուք ի՞նչ եք կարծում, ես այն ժամանակ չե՞մ եղել ձեզ մոտ, խուզարկություն կատարելու համար։ Եղել եմ, եղել, քա՛հ֊քա՛հ, եղել եմ, երբ դուք այստեղ հիվանդ պառկած էիք անկողնում։ Ոչ պաշտոնապես, ոչ իբրև քննիչ, բայց եղել եմ։ Ձեր բնակարանում ամեն ինչ զննվեց մանրամասնորեն, մինչև վերջին թելը, բայց umsonst<ref>Ապարդյուն (գերմ․)։</ref>, մտածում էի՝ հիմա այդ մարդը կգա, ինքը կգա, այն էլ շատ շուտ, եթե հանցավոր է, անպայման կգա։ Մի ուրիշը չի գա, իսկ սա կգա։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես պարոն Ռազումիխինը սկսեց ձեզ մոտ բերանից խոսքեր թռցնել։ Այդ մենք էինք սարքել ձեզ հուզելու համար, մենք դիտմամբ այդպիսի լուր էինք տարածել, որ նա հայտներ ձեզ, իսկ պարոն Ռազումիխինը այնպիսի մարդ է, որ չի կարող վրդովմունք տանել։ Ամենից առաջ ձեր բարկությունը և ձեր բացահայտ համարձակությունը պարոն Զամետովի աչքովն ընկավ. ախր ինչպե՞ս կարելի էր պանդոկում հանկարծ բերանից թռցնել՝ «ես եմ սպանել»։ Չափազանց համարձակ, չափազանց հանդուգն վարմունք է դա, ու ես մտածում էի՝ եթե նա հանցավոր է, ապա ուրեմն սարսափելի կռվարար է։ Այն ժամանակ հենց այդպես էլ մտածեցի։ Սպասում եմ։ Անհամբեր սպասում եմ ձեզ, իսկ Զամետովին դուք այն ժամանակ ուղղակի հուպ էիք ավել, և... ախր բանն էլ հենց այն է, որ այդ ամբողջ անիծված հոգեբանությունը կասկածելի է։ Հա՛, սպասում էի ձեզ, ու մեկ էլ կարծես ձեզ աստված տվեց, եկաք։ Սիրտս այնպես էլ թրթռաց։ Էհ, ձեր ինչի՞ն էր պետք այն ժամանակ գալ։ Հիշո՞ւմ եք, թե ներս մտնելիս ինչպես էիք ծիծաղում, ես այդ պահին ամեն ինչ կռահեցի, ասես հայելու մեջ տեսա, իսկ եթե ես ձեզ առանձնապես չսպասեի, ձեր ծիծաղի մեջ էլ ոչինչ չէի նկատի։ Ահա թե ինչ է նշանակում տրամադրված չինել։ Պարոն Ռազումիխինն էլ եկավ։ Հա՛, քա՛րը, քա՛րը, հիշո՞ւմ եք քարը, որի տակ իրերն են պահված։ Կարծես այն տեսնում եմ ինչ֊որ մի տեղ, բանջարանոցում, դուք հո ասել էիք՝ բանջարանոցում, ասել էիք Զամետովին, հետո էլ ինձ մոտ, երկրորդ անգամ։ Իսկ երբ մենք սկսեցինք աչքի անցկացնել ձեր հոդվածը, տնտղել նրա շարադրվածքը, նկատեցինք, որ ձեր յուրաքանչյուր բառը կրկնապատիկ իմաստ ունի, ասես դրա տակ մի ուրիշ բառ էլ է թաքնված։ Եվ ահա, Ռոդիոն Ռոմանիչ, ես այդ կերպ հասա մինչև վերջին սյուները, ու երբ ճակատովս զարնվեցի դրանց, ուշքի եկա։ Ոչ, ասում եմ, այս ի՞նչ եմ անում։ Չէ որ եթե ուզենաս, ասում եմ, կարող ես այս ամենը ուրիշ կողմից բացատրել, նույնիսկ ավելի բնական դուրս կգա։ Ինքս հո ինձ եմ խոստովանում, որ ավելի բնական դուքս կգա։ Տանջանք էր, էլի։ «Ոչ, մտածում եմ, ավելի լավ է ես գեթ մի փոքրիկ փաստ ունենամ...»։ Ու երբ այն ժամանակ ես լսեցի այն զանգահարությունների մասին, նույնիսկ ուղղակի քարացա, նույնիսկ մարմնովս դող անցավ։ Էհ, մտածում եմ, ահա և փոքրիկ փաստը։ Հենց այդ է որ կա։ Ու էլ գլուխ չէի կոտրում, ուղղակի չէի ուզում։ Սեփական փողերիցս հազար ռուբլի կտայի, որպեսզի ''իմ աչքերով'' ձեզ նայեի այն րոպեներին, երբ դուք հարյուր քայլ գնում էիք քաղքենու կողքից, որը ձեզ դեմ առ դեմ «մարդասպան» էր անվանել, և ամբողջ հարյուր քայլ անցնելիս չհամարձակվեցիք նրան որևէ բան հարցնել... Հապա մեջքի սարսո՜ւռը, հապա այդ զանգահարոլթյոլննե՜րը հիվանդ, կիսազառանցական վիճակում։ Այսպես ուրեմն, Ռոդիոն Ռոմանովիչ, այդ ամենից հետո էլ ինչո՞ւ եք զարմանում, որ ես այն ժամանակ ձեզ հետ այդպիսի կատակներ էի անում։ Եվ ինչո՞ւ դուք հենց այն րոպեին եկաք։ Կարծես թե ինչ֊որ մեկը մղում էր ձեզ, աստված վկա, իսկ եթե Նիկոլայը մեզ չբաժաներ, ապա... Իսկ Նիկոլային հիշո՞ւմ եք, լա՞վ եք միտներդ պահել։ Չէ՞ որ դա ամպրոպ էր, չէ՞ որ ամպրոպն էր ճայթել ամպից, շանթ ու կայծակ էր։ Իսկ ես ինչպե՞ս ընդունեցի նրան։ Մազաչափ անգամ չհավատացի ամպրոպին, ինքներդ բարեհաճեցիք տեսնել։ Եվ ի՞նչ։ Ձեզնից հետո, երբ նա սկսեց միանգամայն ու միանգամայն սահուն պատասխանել իմ մի քանի հարցերին, ես խիստ զարմացա, հետո էլ նրան բոլորովին չհավատացի։ Ահա թե ինչ է նշանակում ադամանդի պես պինդ լինել։ Ոչ,— մտածում եմ,— մորգեն ֆրի, այստեղ ի՞նչ գործ ունի Նիկոլայը։
— Ռազումիխինը քիչ առաջ ինձ ասաց, որ դուք հիմա էլ եք մեղադրում Նիկոլային, և ինքներդ հավատացրել եք նրան, Ռազոլմիխինին...
Ռասկոլնիկովի շունչը բռնվեց ու նա չվերջացրեց խոսքը։ Նա անասելի հուզմունքով էր լսում, թե ինչպես այդ մարդը, որը մինչև ուղն ու ծուծը հասկացել էր իրեն՝ Ռասկոլնիկովին, ուրանում էր ինքն իրեն։
— Պարոն Ռազումիխի՞նը,— գոչեց Պորֆիրի Պետրովիչը, կարծես ուրախանալով շարունակ լռող Ռասկոլնիկովի խոսելուց,— քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Պարոն Ռազումիխինին այդպես էլ հարկավոր էր վտարել. երկուսով լավ է, երրորդը թող քիթը չխոթի։ Պարոն Ռազումիխինը ուրիշ է, կողմնակի մարդ է, եկել էր ինձ մոտ, խիստ գունատված էր... Էհ, աստված նրա հետ, ինչո՞ւ նա խառնվի այս գործին։ Իսկ Նիկոլայի մասին կուզեի՞ք իմանալ, թե այղ ինչ սյուժե է, այսինքն՝ ինչպես որ ես հասկանում եմ նրան։ Նախ և առաջ նա դեռ անչափահաս երեխա է ու վախկոտ չէ, այնպես, էլի, որևէ արվեստագործի պես մի բան է։ Իրավ, դուք մի ծիծաղեք, որ ես նրան այսպես եմ բնութագրում։ Անմեղ է և ամեն բանի ընկալունակ։ Զգայուն է, ցնորամիտ։ Նա երգում է, պարում, ասում են՝ այնպես է հեքիաթներ պատմում, որ ուրիշ տեղերից հավաքվում են լսելու։ Դպրոց է գնում, քրքջում է նվաղելու չափ, թեկուզ չնչին առիթով, հարբում է անզգայանալու չափ, ոչ թե փչացած լինելով, այլ այնպես, երբեմնակի, երբ խմեցնում են, դեռ մանկականորեն։ Այն ժամանակ էլ գողություն էր արել, բայց ինքն էլ այդ չգիտե։ «Եթե գետնին ընկածն եմ վերցրել, դա ի՞նչ գողություն է», ասում է նա։ Արդյոք հայտնի՞ է ձեզ, որ նա հերձվածողներից է, այն էչ ոչ թե հերձվածողներից, այլ ուղղակի աղանդավոր է, նրա ցեղում աղանդավորներ են եղել, և նա ինքը դեռ վերջերս ամրողջ երկու տարի եղել է գյուղում, ինչ-որ վանականի հոգևոր խնամակալության տակ։ Այս ամենը ես Նիկոլայից և նրա ընկերակիցներից եմ իմացել։ Եվ ի՞նչ։ Ուզում էր ուղղակի վանք փախչել։ Այդպիսի ձգտում ուներ, գիշերները աղոթում էր աստծուն, հին, «ճշմարիտ» գրքեր էր կարդում և դրանցով հափշտակվում։ Նրա վրա խիստ ազդեց Պետերրուրդը, մանավանդ կանացի սեռը, նաև գինին։ Ընկալունակ է, վանականին էլ, ամեն ինչ էլ մոռացել է։ Ինձ հայտնի է, որ մի նկարիչ սիրեց նրան, սկսեց հաճախել նրա մոտ, և ահա տեղի ունեցավ այս դեպքը։ Ու նա վհատվեց. ի՞նչ անել, կախվե՞լ, փախչե՞լ։ Ինչպե՞ս վերաբերվել այն հասկացողությանը, որ ժողովրդի մեջ առաջացել է մեր իրավաբանության նկատմամբ։ Ոմանց հո սարսափեցնում է «կդատապարտեն» բառը։ Ո՞վ է մեղավոր։ Ինչ-որ բան կասեն նոր դատարանները։ Օ՛ֆ, աստված տա։ Հա՛, երևում է, որ Նիկոլայը բանտում հիշել է ազնվաբարո վանականին․ Աստվածաշունչը նույնպես մեջտեղ է եկել։ Գիտե՞ք արդյոք, Ռոդիոն Ռոմանիչ, նրանցից ոմանց համար ինչ է նշանակում «տառապել», այն էլ ոչ թե որևէ մեկի համար, այլ հենց այնպես, «տառապել», այսինքն թե տառապանք ընդունել, առավել ևս իշխանություններից։ Իմ պաշտոնավարության ժամանակ մի հեզաբարո կալանավոր մի ամբողջ տարի նստած էր բանտում, գիշերները վառարանի վրա շարունակ աստվածաշունչ էր կարդում, ու հափշտակվեց դրանով, գիտե՞ք, բոլորովին հափշտակվեց, բանը այնտեղ հասավ, որ առանց որևէ առիթի վառարանից մի աղյուս պոկեց ու շպրտեց պետի վրա, թեև վերջինս նրան ոչնչով չէր վիրավորել։ Եվ ինչպե՞ս շպրտեց, դիտմամբ նրանից մի արշին հեռու գցեց, որպեսզի վնաս չպատճառի։ Դե, հայտնի բան է, թե ինչպիսի վախճան է սպասում այն կալանավորին, որը զենքով հարձակվում է պետերի վրա. ուրեմն այդ կերպ «տառապանք ընդունեց»։ Եվ ահա ես այժմ ենթադրում եմ, որ Նիկոլայը ուզում է «տառապանք ընդունել», կամ դրա պես մի բան։ Ես այդ գիտեմ հաստատապես, նույնիսկ փաստերից։ Միայն թե ինքը չգիտե, որ ես այդ գիտեմ։ Մի՞թե հնարավոր չեք համարում, որ այդ աղանդավորներից նման ցնորամիտներ դուրս կգան։ Ինչքան կուզեք։ Վանականը էլի սկսել է ազդել նրա վրա, Նիկոլայը նրան առանձնապես վերհիշել է կախվելու փորձից հետո։ Ասենք, ինքը ամեն ինչ կպատմի ինձ, կգա։ Դուք կարծում եք, կհամառի՞։ Սպասեցեք, դեռ կբացվի։ Ժամ առ ժամ սպասում եմ, որ կգա իր ցուցմունքներից հրաժարվելու։ Ես այդ Նիկոլային սիրեցի և մանրակրկիտորեն հետազոտում եմ նրան։ Եվ ի՞նչ էիք կարծում, քա՛հ-քա՛հ, որոշ հարցերի միանգամայն սահուն էր պատասխանում ինձ, ակներևաբար հարկավոր տեղեկություններ էր ստացել, մի լավ պատրաստվել. իսկ ուրիշ հարցերից ուղղակի անտեղյակ է, ոչինչ չգիտե, չի իմանում, ու ինքն էլ չի ենթադրում, որ չգիտե։ Ոչ, պատվելի Ռոդիոն Ռոմանիչ, այստեղ Միկոլկան գործ չունի։ Այստեղ գործը ֆանտաստիկ է, մռայլ, արդիական, մեր ժամանակի դեպք է, երբ մթագնել է մարդկային սիրտը, երբ մեջ է բերվում միայն այն ֆրազը, թե արյունը «թարմացնում է», երբ քարոզվում է, թե ամբողջ կյանքը կոմֆորտով պետք է լինի։ Այստեղ գրքային երազանքներ են, այստեղ թեորիապես ջղագրգիռ սիրտ կա. այստեղ առաջին քայլն անելու վճռականություն է երևում, բայց այդ վճռականությունը մի առանձին տեսակի է. և ահա մեկը վճռեց տվյալ քայլն անել, բայց կարծես սարից գլորվեց կամ զանգակատնից ընկավ, ու ասես ուրիշի ոտքերով գնաց ոճիր կատարելու։ Մոռացավ մուտքի դուռը փակել, ու սպանեց, սպանեց երկուսին, ըստ թեորիայի։ Սպանեց, բայց չկարողացավ փողերը վերցնել, իսկ ինչ-որ կարողացավ վերցնել, տարավ քարի տակ դրեց։ Բավական չէր, որ տանջվեց դռան ետևում, երբ դուռը ծեծում էին ու զանգակն էր զնգում, ոչ, նա հետո կիսազառանցական վիճակում գնաց դատարկ բնակարանը, փորձեց էլի լսել այդ զանգակի ձայնը, դարձյալ մեջքի սարսուռ զգալ․․․ Դե, ասենք թե այդ եղավ հիվանդ վիճակում, բայց արի ու տես, որ սպանել է, իսկ իրեն ազնիվ մարդ է համարում, արհամարհում է մարդկանց, դալուկ հրեշտակի պես շրջում․ ոչ, այստեղ ի՞նչ Նիկոլայ, ի՞նլ բան, սիրելի Ռոդիոն Ռոմանիչ, այստեղ Նիկոլայը գործ չունի։
Այն ամենից հետո, ինչ որ առաջ ասվել էր, և այնքան նման էր Ռասկոլնիկովին մեղադրելուց հրաժարվելուն, այո վերջին խոսքերը արդեն չափազանց անսպասելի էին։ Ռասկոլնիկովը ամբողջ մարմնով գողաց, կարծես խոցված լիներ։
— Ուրեմն... ո՞վ է... սպանել...— հարցրեց նա խեղդվող ձայնով, էլ չկարողանալով իրեն պահել։ Պորֆիրի Պետրովիչը նույնիսկ ընկավ աթոռի թիկնակին, որպես թե այդ հարցը անսպասելի էր և նրան զարմանք պատճառեց։
— Ինչպե՞ս թե ով է սպանել...— ասաց նա՝ կարծես չհավատալով իր ականջներին,— ախր դուք եք սպանել, Ռոդիոն Ռոմանիչ։ Հենց ''դուք'' եք սպանել,— ավելացրեց նա համարյա շշնջալով, լիակատար համոզվածություն արտահայտող ձայնով։
Ռասկոլնիկովը վեր թռավ բազմոցից, կանգնեց մի քանի վայրկյան, և առանց մի բառ ասելու կրկին նստեց։ Նրա ամբողջ դեմքով հանկարծ թեթև ջղաձգություն անցավ։
— Ձեր շրթունքը էլի ցնցվում է ինչպես այն ժամանակ,—կարծես նույնիսկ կարեկցելով, քրթմնջաց Պորֆիրի Պետրովիչը։— Կարծեմ դուք ինձ սխալ հասկացաք, Ռոդիոն Ռոմանիչ,— մի փոքր լռելուց հետո ավելացրեց նա,— դրա համար էլ այդպես զարմացաք։ Ես եկել եմ, որպեսզի ամեն ինչ ասեմ, և գործը բացեիբաց տանեմ։
— Ես չեմ սպանել,— շշնջաց Ռասկոլնիկովը փոքրիկ, վախեցած երեխաների պես, որոնց բռնում են հանցանքի տեղում։
— Ոչ, դուք եք սպանել, Ռոդիոն Ռոմանիչ, դուք, և ոչ թե մեկ ուրիշը,— համոզված և խստորեն շշնջաց Պորֆիրին։
Երկուսն էլ լռեցին, ու լռությունը տևեց նույնիսկ չափից դուրս եկար, մոտ տասը րոպե։ Ռասկոլնիկովը կրթնել էր սեղանին ու մատներով լուռ տնտղում էր մազերը։ Պորֆիրի Պետրովիչը նստել էր հանգիստ ու սպասում էր։ Հանկարծ Ռասկոլնիկովը արհամարհանքով նայեց Պորֆիրիին։
— Դուք էլի հինն եք մեջտեղ բերում, Պորֆիրի Պետրովիչ, էլի ձեր նույն պրիոմները, հիրավի, ինչպե՜ս դա ձեզ չի ձանձրացնում։
― Է֊է՜, բավական է, հիմա ինչի՞ս են պետք պրիոմները։ Ուրիշ բան է, եթե այստեղ վկաներ լինեին, թե չէ մենք հո երկուսով ենք փսփսում։ Ինքներդ եք տեսնում, ես նրա համար չեմ եկել ձեզ մոտ, որ ձեզ հետապնդեմ ու որսամ ինչպես նապաստակ։ Խոստովանում եք, թե ոչ, այս րոպեին դա միևնույն է ինձ համար։ Առանց ձեզ էլ իմ համոզմունքը հաստատ է։
— Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ եք եկել,— ջղայնոտ հարցրեց Ռասկոլնիկովը։— Ես ձեզ առաջվա խոսքս եմ ասում, եթե դուք ինձ հանցավոր եք համարում, ինչո՞ւ չեք ինձ բանտ ուղարկում։
— Ա՜յ քեզ հարց։ Ես ձեզ կետ առ կետ կպատասխանեմ. նախ՝ ձեզ ուղղակի կալանավորելը ինձ ձեռնտու չէ։
— Ինչպե՞ս թե ձեռնտու չէ։ Եթե դուք համոզված եք, ուրեմն պետք է որ․․․
— Էհ, հետո ի՞նչ, որ համոզված եմ։ Չէ՞ որ այդ ամենը առայժմ իմ երազանքն է։ Եվ ինչո՞ւ պետք է ես ձեզ ուղարկեմ այնտեղ ''հանգստանալու''։ Ինքնե՞րդ եք ուզում, թե՞ ինչ։ Ասենք թե ես այն քաղքենուն բերեմ ձեզ մերկացնելու, դուք նրան կասեք՝ «հարբա՞ծ ես, ինչ է, ո՞վ է ինձ տեսել ձեզ հետ։ Ես քեզ հենց հարբածի տեղ էի դնում, և իսկապես դու հարբած էիր»։ Այդ դեպքում ես ի՞նչ ասեմ, մանավանդ որ ձեր ասածը ավելի ճշմարտանման կլինի, քան նրա ասածը, որովհետև նրա ցուցմունքը միայն հոգեբանության վրա է հիմնված, որ չի էլ սազում նրա մռութին, իսկ դուք հենց բուն իսկ կետին կխփեք, որովհետև այդ սրիկան օղի է խմում և նույնիսկ դրանով հայտնի է շատերին։ Ես ինքս էլ հո մի քանի անգամ խոստովանել եմ ձեզ, որ հոգեբանությունը երկսայրի է, ու երկրորդ սայրը ավելի դիպուկ է և ավելի ճշմարտանման, ու դրանից բացի, ձեր դեմ ես առայժմ ոչինչ չունեմ։ Ու թեև ես այնուամենայնիվ ձեզ բանտ կուղարկեմ և նույնիսկ ինքս եմ եկել (դա բոլորովին ընդունված չէ) նախապես ձեզ ամեն ինչ հայտնելու։ Բայց և այնպես շիտակ եմ ասում ձեզ (այդ էլ ընդունված չէ), որ դա ինձ ձեռնտու չի լինի։ Երկրորդ, ես եկել եմ ձեզ մոտ, որովհետև...
— Որովհետև ի՞նչ (Ռասկոլնիկովը դեռ էլի շնչասպառ էր լինում)։
— Ինչպես և սկզբում ասացի, ինձ պարտավոր եմ համարում բացատրվել ձեզ հետ։ Չեմ ուզում, որ դուք ինձ հրեշ համարեք, մանավանդ որ անկեղծորեն համակրում եմ ձեզ, հավատաք, թե չհավատաք։ Երրորդ, դրա հետևանքով էլ ձեզ մոտ եմ եկել բացահայտ ու շիտակ առաջարկով՝ մեղա եկեք, խոստովանեցեք ձեր հանցանքը։ Դա ձեզ համար չափազանց շահավետ կլինի, ինձ համար էլ շահավետ կլինի, որովհետև կազատվեմ գլխացավանքից։ Դե ասացեք, սա անկեղծությո՞ւն է իմ կողմից, թե՞ ոչ։
Ռասկոլնիկովը մի րոպե մտածեց։
— Լսեք, Պորֆիրի Պետրովիչ, դուք հո ինքներդ եք ասում, որ միայն հոգեբանության վրա եք հիմնվում, այնինչ մեջտեղ բերիք մաթեմատիկան։ Դե ի՞նչ կասեք, եթե ինքներդ էլ եք հիմա սխալվում։
— Ռոդիոն Ռոմանիչ, չեմ սխալվում։ Մի փոքրիկ փաստ ունեմ։ Այդ փաստը ես այն ժամանակ էլ ունեի, աստված ուղարկեց։
— Ի՞նչ փաստ։
— Չեմ ասի, Ռոդիոն Ռոմանիչ։ Համենայն դեպս ձեզ բանտ կուղարկեմ, հիմա այլևս իրավունք չունեմ հետաձգելու։ Դե ուրեմն ինքներդ դատեցեք, հիմա ինձ համար սա միևնույն է, ես միայն ձեզ համար եմ անում այս առաջարկը։ Աստված վկա բանը ավելի լավ կլինի, Ռոդիոն Ռոմանիչ։
Ռասկոլնիկովը չարախինդ քմծիծաղեց։
— Ախր դա ոչ միայն ծիծաղելի է, դա նույնիսկ անամոթություն է։ Եթե նույնիսկ ես հանցավոր լինեմ (ես այդ ամենևին էլ չեմ ասում), ինչո՞ւ պետք է ձեզ մեղա գամ, երբ դուք ինքներդ եք ասում, թե ես բանտ կնստեմ ''հանգստանալու''։
— Ռոդիոն Ռոմանիչ, այնքան էլ մի հավատաք խոսքերին, գուցե և հանգստանալու համար չգնաք։ Չէ՞ որ դա միայն թեորիա է, այն էլ իմ թեորիան, իսկ ես ձեզ համար ի՛նչ հեղինակություն եմ, որ։ Ես ինքս էլ գուցե հիմա որոշ բան թաքցնում եմ ձեզնից։ Երկրորդ՝ ինչպե՞ս թե շահավետ չի լինի։ Գիտե՞ք արդյոք, թե մեղա գալու դեպքում որքան կմեղմացվի ձեր հանցանքը։ Դուք ի՞նչ ժամանակ մեղա կգաք. լավ մտածեցեք․ այն ժամանակ, երբ մի ուրիշը իր վրա իր վրա է վերցրել ամբողջ ոճրագործությունը։ Ես ձեր առաջ հենց աստծով եմ երդվում, գործը այնպես կսարքեմ ու կտանեմ, որ ձեր խոստովանությունը իբր թե բոլորովին անսպասելի կլինի։ Այդ ամբողջ հոգեբանությունը մենք իսպառ կոչնչացնենք, ձեր նկատմամբ եղած բոլոր կասկածանքները ես ի չիք կդարձնեմ, այնպես որ ձեր ոճրագործությունը մտքի մթագնման հետևանք կհամարվի, քանի որ, խղճով ասած, այդպիսի մթագնում իրոք եղել է։ Ես ազնիվ մարդ եմ, Ռոդիոն Ռոմանիչ, կկատարեմ իմ խոսքը։
Ռասկոլնիկովը տխուր լռեց ու կախեց գլուխը․ նա երկար մտածեց և, վերջապես, դարձյալ քմծիծաղ տվեց, բայց նրա ժպիտը արդեն հեզաբարո էր և տրտում։
— Էհ, հարկավոր չէ,— ասաց նա՝ կարծես արդեն ոչինչ չթաքցնելով Պորֆիրիից։— Չարժե։ Ինձ բոլորովին հարկավոր չէ ձեր մեղմացումը։
― Այ, ես հենց դրանից էի վախենում,— տաքանալով և կարծես՝ ակամա բացականչեց Պորֆիրին,— ես հենց դրանից էի վախենում, որ դուք կհրաժարվեք մեղմացումից։
Ռասկոլնիկովը տխուր ու սևեռուն նայեց նրան։
— էյ, կյանքից մի խորշեք,— շարունակեց Պորֆիրին,— ձեր առջև դեռ շատ բան կլինի։ Ի՜նչպես թե մեղմացում չի հարկավոր, ի՜նչպես թե։ Դուք անհամբեր մարդ եք։
— Իմ առջև ի՞նչ շատ բան կլինի։
— Կյանք։ Դուք ի՞նչ մարգարե եք որ, մի՞թե շատ բան գիտեք։ Որոնեցեք և կգտնեք։ Գուցե աստված ձեզ դրա համար է պահում։ Այդ շղթան մշտական չէ...
— Մեղմացո՜ւմ կլինի...— ծիծաղեց Ռասկոլնիկովը։
— Ի՞նչ կա որ, բուրժուական ամոթանքի՞ց վախեցաք, թե՞ ինչ։ Գուցե և վախեցաք, բայց ինքներդ էլ այդ չգիտեք, որովհետև ջահել եք։ Այնուամենայնիվ դուք չեք, որ պիտի վախենաք կամ ամաչեք մեղա գալուց։
— Է֊է՛հ, թքած դրա վրա,— արհամարհանքով ու զզվանքով շշնջաց Ռասկոլնիկովը՝ կարծես խոսել է՛լ չցանկանալով։ Նա դարձյալ վեր կացավ, ասես ուզում էր դուրս գալ որևէ տեղ, բայց կրկին նստեց նկատելի հուսալքմամբ։
— Իհարկե, թքած։ Կորցրել եք ձեր հավատը և կարծում եք, թե ես կոպտաբար շողոքորթում եմ ձեզ։ Բայց մի՞թե դուք շատ եք ապրել, մի՞թե շատ բան եք հասկանում։ Թեորիա եք մոգոնել ու ամաչում եք, որ այն ձախողվել է, որ ամենևին էլ օրիգինալ բան չի ստացվել։ Ստացվել է ստոր արարք, այդ ճշմարիտ է, բայց և այնպես դուք անհուսալիորեն ստոր չեք։ Բոլորովին էլ շատ ստոր մարդ չեք։ Գոնե երկար ժամանակ ինքներդ ձեզ չեք մոլորեցրել, միանգամից եք անցել բանականության սահմաններից։ Ես ձեզ ո՞ւմ տեղ եմ ընդունում, ես ձեզ այնպիսի մարդու տեղ եմ ընդունում, որին թեկուզ կտրատես էլ, կդիմանա, ու ժպտալով կնայի տանջողներին, եթե միայն հավատ կամ աստծուն գտնի։ Դե գտեք, ու կապրեք։ Նախ՝ հարկավոր է, որ օդափոխվեք։ Ի՞նչ կա որ, տառապանքն էլ լավ բան է։ Տառապեցեք։ Նիկոլայը գուցե և իրավացի է, որ տառապանք է ուզում։ Գիտեմ, որ հավատ չեք զգում, բայց մի իմաստակեք, ուղղակի առանց առարկելու հանձնվեցեք կյանքին, մի անհանգստանաք, ուղղակի կփրկի ու ոտքի կհանի։ Ինչպե՞ս կփրկի․ ես ինչ իմանամ։ Ես միայն հավատում եմ, որ դուք դեռ շատ եք ապրելու։ Գիտեմ, որ դուք հիմա իմ խոսքերը սերտած խրատի տեղ եք ընդունում, այո, գուցե հետո կհիշեք, երբևէ հարկավոր կլինեն, հենց դրա համար եմ ասում։ Դեռ լավ է, որ դուք միայն մի պառավ եք սպանել։ Իսկ եթե ուրիշ թեորիա մտածեիք, ապա թերևս հարյուր միլիոն անգամ ավելի այլանդակ բան անեիք։ Թերևս պետք է շնորհակալ լինել աստծուց. դուք ի՞նչ գիտեք, գուցե աստված ձեզ պահում է մի բանի համար։ Իսկ դուք մեծ սիրտ ունեցեք և քիչ վախեցեք։ Մի՞թե վախեցել եք առաջիկա մեծ փորձությունից։ Ոչ, այստեղ արդեն ամոթ է վախենալը։ Քանի որ այդպիսի քայլ եք արել, ուրեմն գոտեպնդվեցեք։ Այս է արդարությունը։ Ահա և կատարեցեք, ինչ-որ պահանջում է արդարությունը։ Գիտեմ, որ հավատուրաց եք, բայց, աստված վկա, կյանքը կփրկի։ Հեաո ինքներդ ամեն ինչ կսիրեք։ Հիմա ձեզ օդ է հարկավոր, օ՛դ, օ՛դ։
Ռասկոլնիկովը նույնիսկ ցնցվեց։
― Ախր ո՞վ եք դուք,— գոչեց նա,— դուք այդ մարգարե եք։ Այդ ո՞ր վեհապանծ անդորրության բարձունքից եք գերիմաստուն մարգարեություններ ինձ ասում։
— Ով եմ ե՞ս։ Ես արդեն իմ կյանքն ապրած մարդ եմ, ուրիշ ոչինչ։ Մի մարդ, որ զգացմունքներ ունեցող ու կարեկցող է, անշուշտ որոշ բաներ էլ գիտեցող, բայց արդեն իսպառ ապրել է իր կյանքը։ Իսկ դուք ուրիշ եք. ձեզ համար աստված կյանք է պատրաստել (ո՛վ գիտե, գուցե ձեզ համար էլ ամեն ինչ կանցնի ծխի պես, ոչինչ չի մնա)։ Ինչ արած, որ դուք կանցնեք այլ մարդկանց շարքը։ Այդպիսի սիրտ ունենալով, հո չե՞ք ցավելու, որ կոմֆորտից զուրկ կլինեք։ Ի՞նչ արած, որ գուցե երկար ժամանակ ձեզ ոչ ոք չի տեսնի։ Բանը ժամանակը չէ, այլ դուք ինքներդ եք։ Ա՛րև եղեք, ու բոլորն էլ ձեզ կտեսնեն։ Արևը պետք է ամենից առաջ արև լինի։ Դուք ի՛նչ եք դարձյալ ժպտում, որ ես Շիլլերի պե՞ս եմ խոսում։ Գրազ եմ գալիս, դուք ենթադրում եք, թե ես հիմա շողոքորթում եմ ձեզ։ Ի՞նչ կա որ, գուցե և իսկապես շողոքորթում եմ, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Դուք, Ռոդիոն Ռոմանիչ, իմ խոսքերին այնքան էլ մի՛ հավատաք, նույնիսկ երբեք էլ լիովին մի՛ հավատաք, այսպես է իմ բնավորությունը, համաձայն եմ. միայն թե ահա ինչ կավելացնեմ․ թե որքան ես ստոր մարդ եմ և որքան ազնիվ եմ, կարծում եմ, որ ինքներդ կարող եք դատել։
— Դուք ինձ ե՞րբ եք ձերբակալելու։
— Կարող եմ մեկ ու կես կամ երկու օր ձեզ ազատ թողնել։ Մտածեցեք, բարեկամս, աղոթեցեք աստծուն։ Այդպես ավելի շահավետ է, աստված վկա, ավելի շահավետ է։
— Իսկ եթե ես փախչե՞մ,— ինչ֊որ տարօրինակ քմծիծաղ տալով հարցրեք Ռասկոլնիկովը։
— Ո՛չ, չե՛ք փախչի։ Մուժիկը կփախչի, մոդայական աղանդավորը, ուրիշի մտքի լակեյը կփախչի, որովհետև բավական է միայն մատի ծայրով ցույց տաս ինչպես միչման Դիրկային, և նա իր ողջ կյանքում ինչի ասես կհավատա։ Իսկ դուք հո այլևս չեք հավատում ձեր թեորիային, ինչո՞ւ պիտի փախչեք։ Փախչելով ի՞նչ պիտի անեք։ Փախածի վիճակը գարշելի է ու դժվար, իսկ ձեզ ամենից առաջ հարկավոր է կյանք ու որոշակի դրություն, համապատասխան օդ, իսկ փախչելով ի՞նչ օդ պիտի շնչեք։ Կփախչեք և ինքներդ կվերադառնաք։ Առանց մեզ դուք յոլա չեք գնա։ Իսկ եթե ես ձեզ բանտ նստեցնեմ, մեկ, երկու, երեք ամիս նստելուց հետո, հանկարծ հիշելով իմ խոսքը, ինքներդ կներկայանաք, և դա թերևս ձեզ համար էլ անսպասելի կլինի։ Մի ժամ առաջ դուք չեք էլ գիտենա, որ կգաք խոստովանելու։ Ես նույնիսկ հավատացած եմ, որ դուք կորոշեք «տառապանք ընդունել»։ Հիմա իմ խոսքերին չեք հավատում, բայց ինքներդ դրա վրա կանգ կառնեք։ Որովհետև տառապանքը մեծ բան է, Ռոդիոն Ռոմանիչ, դուք մի նայեք, որ ես հաստացել եմ, այդ ոչինչ, բայց ես գիտեմ, որ տառապանքի մեջ գաղափար կա, մի ծիծաղեք ասածիս վրա։ Նիկոլայը իրավացի է։ Ոչ, չեք փախչի, Ռոդիոն Ռոմանիչ։
Ռասկոլնիկովը վեր կացավ ու վերցրեց գլխարկը։ Պարֆիրի Պետրովիչը նույնպես վեր կացավ։
— Ուզում եք զբոսնելո՞ւ գնալ։ Երեկոյան լավ է եղանակը, միայն թե ամպրոպ չլինի։ Ասենք, ավելի լավ կլինի, եթե օդը թարմանա․․․
Նա էլ վերցրեց գլխարկը։
— Դուք, Պորֆիրի Պետրովիչ, ամենևին չկարծեք, թե այսօր ես ձեզ խոստովանեցի,— խստորեն ու կտրուկ ասաց Ռասկոլնիկովը։— Դուք տարօրինակ մարդ եք, ու ես ձեզ լսում էի միայն հետաքրքրությունից դրդված։ Ես ձեզ ոչինչ չեմ խոստովանել... Սա միտներդ պահեցեք։
— Հա՛, էլի՛, գիտեմ, կհիշեմ, հը՛մ, նույնիսկ դողում է։ Մի անհանգստանաք, սիրելիս, միայն թե չափից դուրս շատ չի կարելի զբոսնել։ Համենայն դեպս ես ձեզնից մի բան եմ խնդրում,— ձայնը ցածրացնելով ավելացրեց Պորֆիրին,— փափուկ հարց է, բայց կարևոր է. եթե համենայն դեպս (ասենք, ես դրան չեմ հավատում և ձեզ այդ բանին անընդունակ եմ համարում), այնպես պատահի, որ դուք այդ քառասուն-հիսուն ժամվա ընթացքում գործը վերջացնեք որևէ այլ կերպ, որևէ ֆանտաստիկ ձևով՝ ինքներդ ձեռք բարձրացնեք ձեզ վրա (սա անհեթեթ ենթադրություն է, բայց դուք սրա համար ներեցեք ինձ), ապա մի կարճ, բայց հանգամանալից գրություն թողեք։ Այնպես, էլի, մի֊երկու տող, միայն երկու տող, ու քարն էլ հիշատակեցեք. դա ազնիվ վարմունք կլինի։ Դեհ, ցտեսություն... Ցանկանում եմ հաճելի մտքեր, օգտակար նախաձեռնություններ։
Պորֆիրին դուրս ելավ մի տեսակ կորացած և կարծես խուսափելով Ռասկոլնիկովին նայելուց։ Ռասկոլնիկովը մոտեցավ պատուհանին և ջղայնոտ անհամբերությամբ սպասեց այնքան, մինչև որ ըստ իր հաշվի Պորֆիրին դուրս կգար փողոց և կհեռանար։ Հետո ինքն էլ հապճեպ դուրս եկավ սենյակից։
== III ==