=== V ===
Գեներալի կինը խանդոտ էր իր ծագման նկատմամբ։ Ուրեմն ինչպես պիտի զգար իրեն, երբ ուղղակի ու առանց նախապատրաստության լսեց, որ տոհմի մեջ վերջին այդ իշխան Միշկինը, որի մասին նա արդեն ինչ֊որ բան լսել էր, ավելին չէ, քան մի խղճուկ ապուշ և համարյա թե աղքատ և աղքատության ողորմություն է ընդունում։ Գեներալը հենց տպավորություն գործելու նպատակն էր հետապնդում, որպեսզի միանգամից հետաքրքրի, որևէ կերպ ամեն ինչ այլ կողմ շեղի։
Արտակարգ դեպքերում գեներալի կինը սովորաբար սաստիկ չռում էր աչքերը և, մարմինը մի քիչ ետ գցելով, անորոշ նայում էր իր առաջ, առանց մի բառ արտասանելու։ Դա իր ամուսնու տարիքի, բարձրահասակ կին էր, թուխ, շատ ալեխառն, բայց դեռևս խիտ մազերով, փոքր-ինչ սապատավոր քթով, չորչորուկ, դեղին, փոս ընկած այտերով ու բարակ, ներս պրծած շրթունքներով։ Նրա ճակատը բարձր էր, բայց նեղ, մոխրագույն, բավական խոշոր աչքերը երբեմն բոլորովին անսպասելի արտահայտություն էին ունենում։ Մի ժամանակ նա թուլություն էր ունեցել հավատալու, թե իր հայացքը չտեսնված էֆեկտավոր է. այդ համոզմունքը նրա մեջ մնաց անջնջելի։
— Ընդունե՞լ։ Դուք ասում եք նրան ընդունեմ, հիմա՞, այս ժամի՞ն,— և գեներալի կինը ամբողջ ուժով աչքերը չռեց իրար անցած Իվան Ֆյոդորովիչի վրա։
— Օ՜, տվյալ դեպքում կարելի է առանց որևէ ձևականության, եթե միայն, բարեկամս, ուզում ես նրան տեսնել,— աճապարեց նրան բացատրել գեներալը։— Կատարյալ մանուկ է և նույնիսկ այնպես խղճուկ, ինչ֊որ հիվանդագին նոպաներ ունի. նա հիմա Շվեյցարիայից է գալիս, հենց նոր է վագոնից իջել, հագնված է տարօրինակ, կարծես գերմանացու պես, և ի լրումն, տառացիորեն ոչ մի կոպեկ չունի․ քիչ է մնում լաց լինի։ Ես նրան քսանհինգ ռուբլի նվիրեցի և ուզում եմ մեզ մոտ գրասենյակում գրագրի որևէ տեղ ճարել։ Իսկ ձեզ, mesdames, խնդրում եմ նրան հյուրասիրել, որովհետև, կարծես թե, նաև քաղցած է...
— Դուք ինձ զարմացնում եք,— առաջվա պես շարունակեց տիկինը,— քաղցած է և նոպաներ ունի։ Ի՞նչ նոպաներ։
— Օ, դրանք այնքան էլ հաճախ չեն կրկնվում, ընդսմին նա համարյա երեխայի պես է, բայց կրթված է։ Ես կուզենայի, mesdames,— նորից դիմեց նա աղջիկներին,— ձեզ խնդրել, որ քննեիք նրան, համենայն դեպս լավ կլիներ իմանալ, թե ինչի է նա ընդունակ։
— Քըն-ն-նե՞լ,— ծոր տվեց գեներալի կինը և խորին զարմանքով նորից սկսեց փոխնեփոխ աչքերը չռել մերթ աղջիկների, մերթ ամուսնու վրա։
— Ախ, բարեկամս, այդպիսի իմաստ մի տուր... ասենք, ինչպես կուզես, ես մտածում էի փայփայել նրան և մտցնել մեր տունը, որովհետև դա համարյա թե բարի գործ է։
— Մտցնել մեր տո՞ւնը։ Շվեյցարիայի՞ց։
— Շվեյցարիան այստեղ չի խանգարի. և սակայն, կրկնում եմ, ինչպես կուզես։ Դե ես նրա համար եմ ասում, որ, նախ, ազգանվանակից է և, կարող է պատահել, նույնիսկ ազգական, իսկ երկրորդ, չգիտի, թե գլուխն ուր դնի։ Ես նույնիսկ մտածեցի, որ քեզ համար որոշ չափով հետաքրքիր կլինի, որովհետև ինչքան չլինի մեր ազգանունն ունի։
— Իհարկե, maman եթե նրա հետ կարելի է առանց ձևականությունների, մանավանդ որ նա ճանապարհից եկած է և ուտել է ուզում, ինչո՞ւ չկերակրենք, եթե չգիտի, թե ուր գնա,— ասաց ավագը՝ Ալեքսանդրան։
— Եվ, ի հավելումն, կատարյալ մանուկ է, նրա հետ կարելի է պահմտոցի խաղալ։
— Պահմտոցի՞ խազալ։ Այդ ինչպե՞ս։
— Ախ, maman, վերջ տվեք, խնդրեմ, դերասանությանը,— սրդողած ընդհատեց Ագլայան։
Միջնեկը՝ ծիծաղկոտ Ադելաիդան, չդիմացավ ու փռթկաց։
— Կանչեցեք նրան, papa, maman-ն թույլ է տալիս,— վճռեց Ագլայան։ Գեներալը զանգ տվեց և պատվիրեց կանչել իշխանին։
— Բայց պայմանով, որ նրա վզին անպայման անձեռոցիկ կապեն, երբ սեղան նստի,— վճռեց գեներալի կինը,— կանչել Ֆյոդորին կամ թող Մավրան․․․ որպեսզի կանգնի նրա հետև ու հետևի նրան ուտելու ժամանակ։ Գոնե հանգի՞ստ է նա նոպաների ժամանակ։ Շարժումներ չի՞ անում արդյոք։
— Ընդհակառակը, նույնիսկ շատ լավ դաստիարակված է և հիանալի շարժուձևով։ Մի քիչ չափից ավելի պարզունակ է երբեմն... բայց ահա և նա ինքը։ Ահա, ներկայացնում եմ, իր ցեղի վերջին Միշկինը, ազգանվանակից և, կարող է պատահել, նույնիսկ ազգական, ընդունեցեք, գուրգուրեցեք։ Հիմա կգնան նախաճաշելու, իշխան, ուրեմն շնորհ արեք... իսկ ես, ներեցեք, ուշացա, շտապում եմ...
— Հայտնի է, թե ուր եք շտապում,— ծանրակշիռ ասաց գեներալի կինը։
— Շտապում եմ, շտապում, բարեկամս, ուշացա։ Եվ տվեք նրան ձեր ալբոմները, mesdames, թող նա այնտեղ ձեզ համար գրի, ինչպիսի՜ գեղագիր է, հազվագյուտ։ Տաղա՜նդ է․ այնպե՜ս գրեց այնտեղ ինձ մոտ հինավուրց ձեռագրով. «Վանահայր Պաֆնուտին իր ստորագրությունը դրեց․․․»։ Դե, ցտեսություն։
— Պաֆնո՞ւտին։ Վանահա՞յր։ Սպասեցեք, ախր սպասեցեք, ո՞ւր եք գնում և այդ ի՞նչ Պաֆնուտի է,— համառ զայրույթով և գրեթե տագնապալի բղավեց տիկինը փախչող ամուսնուն։
— Այո, այո, բարեկամս, հնում մի այդպիսի վանահայր կար... իսկ ես կոմսի մոտ եմ գնում, սպասում է, վաղուց, և, գլխավորը, ինքն է նշանակել... իշխան, ցտեսություն։
Գեներալն արագ քայլերով հեռացավ։
— Գիտեմ, թե ինչ կոմսի մոտ է գնում,— կոշտ ասաց Ելիզավետա Պրոկոֆևնան և գրգռված աչքերը դարձրեց իշխանին։— Էն ինչ էր,— սկսեց նա զզվանքով ու զայրացած մտաբերելով,— դե, ինչպե՞ս էր։ Ախ, հա. այդ ի՞նչ վանահայր էր։
— Maman,— սկսեց Ալեքսանդրան, իսկ Ագլայան նույնիսկ տոտիկը գետնին խփեց։
— Մի խանգարեք ինձ, Ալեքսանդրա Իվանովնա,— պարզ ու կտրուկ ասաց նրան գեներալի կինը,— ես էլ եմ ուզում գիտենալ։ Նստեցեք ահա այստեղ, իշխան, ահա այս դիմացի բազկաթոռին, ոչ, այստեղ, արևին, լույսին մոտիկ քաշեցեք, որպեսզի ես կարողանամ տեսնել։ Դե, այդ ի՞նչ վանահայր է։
— Պաֆնուտի վանահայրը,— պատասխանեց իշխանն ուշադիր և լուրջ։
— Պաֆնո՞ւտին։ Հետաքրքիր է․ դե, ի՞նչ մարդ է նա։
Գեներալի կինը հարցնում էր անհամբեր, արագ, կտրուկ, առանց աչքերը հեռացնելու իշխանից, իսկ երբ իշխանը պատասխանում էր, Լիզավետա Պրոկոֆևնան նրա ամեն մի խոսքի հետ գլուխը տմբացնում էր։
— Վանահայր Պաֆնուտին տասնչորսերորդ դարի մարդ է,— սկսեց իշխանը,— նա կառավարում էր Վոլգայի ափին, մեր այժմյան Կոստրոմայի նահանգում գտնվող մենաստանը։ Հայտնի էր իր սուրբ կյանքով, եղել է Հորդայում, օգնում էր կարգավորելու այն ժամանակվա գործերը և ստորագրել է մի գրության տակ, իսկ այդ ստորագրության նկարահանումը ես տեսել եմ։ Ինձ ձեռագիրը դուր եկավ, և ես դա սերտեցի։ Երբ քիչ առաջ գեներալն ուզեց տեսնել, թե ինչպես եմ գրում, որպեսզի ինձ տեղավորի աշխատանքի, ես մի քանի նախադասություն գրեցի տարբեր տառատեսակներով և ի միջի այլոց՝ «Վանահայր Պաֆնուտին իր ստորագրությունը դրեց»՝ վանահայր Պաֆնուտիի սեփական ձեռագրով։ Գեներալին շատ դուր եկավ, ահա հիմա դա հիշեց։
— Ագլայա,— ասաց տիկինը,— միտքդ պահիր. Պաֆնուտի, կամ ավելի լավ է՝ գրիր, թե չէ ես միշտ մոռանում եմ։ Ի դեպ, ես կարծում էի, թե ավելի հետաքրքիր բան կլինի։ Իսկ ո՞ւր է այդ ստորագրությունը։
— Կարծեմ, մնաց գեներալի կաբինետում, սեղանի վրա։
— Իսկույն մարդ ուղարկել և բերել։
— Ավելի լավ է, նորից գրեմ, եթե ուզում եք։
— Իհարկե, maman,— ասաց Ալեքսանդրան,— իսկ հիմա ավելի լավ է, նախաճաշեինք, մենք ուտել ենք ուզում։
— Այդ էլ ճիշտ է,— վճռեց գեներալի կինը,— գնանք, իշխան. դուք շա՞տ եք ուզում ուտել։
— Այո, հիմա սաստիկ ուզեցի և շատ շնորհակալ եմ ձեզնից։
— Այդ շատ լավ է, որ դուք քաղաքավարի եք, և ես նկատում եմ, որ դուք իսկի էլ այնպես... տարօրինակ չեք, ինչպես բարեհաճեցին ներկայացնել ձեզ։ Գնանք։ Նստեցեք ահա այստեղ , իմ դիմաց,— ձեռ ու ոտ էր անում նա, նստեցնելով իշխանին, երբ եկան սեղանատուն,— ես ուզում եմ ձեզ նայել։ Ալեքսանդրա, Ադելաիդա, հյուրասիրեցեք իշխանին։ Ճիշտ չէ՞, որ նա իսկի էլ այնքան... հիվանդ չէ։ Գուցե անձեռոցիկ էլ հարկավոր չէ... Ձեզ, իշխան, անձեռոցիկ կապո՞ւմ էին ուտելու ժամանակ։
— Առաջ, երբ ես մոտ յոթ տարեկան էի, կարծեմ, կապում էին, իսկ հիմա, ուտելիս սովորաբար ծնկներիս եմ գցում անձեռոցիկը։
— Այդպես էլ պետք է։ Իսկ նոպանե՞րը։
— Նոպանե՞րը,— մի քիչ զարմացավ իշխանը,— նոպաները հիմա բավական հազվադեպ են լինում։ Ասենք, չգիտեմ. ասում են, այստեղի կլիման ինձ վնասակար կլինի։
― Նա լավ է խոսում,— նկատեց տիկինը, դիմելով աղջիկներին և շարունակելով գլուխը տմբացնել իշխանի ամեն մի խոսքից հետո,— ես նույնիսկ չէի սպասում։ Նշանակում է, ամեն ինչ դատարկ բաներ են և ճիշտ չէ. ըստ սովորականի։ Կերեք, իշխան, և պատմեցեք. որտե՞ղ եք ծնվել, որտեղ դաստիարակվել։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանալ, դուք ինձ չափազանց հետաքրքրում եք։
Իշխանը շնորհակալություն հայտնեց և, մեծ ախորժակով ուտելով, սկսեց նորից հաղորդել այն ամենը, ինչի մասին անընդհատ ստիպված էր եղել խոսել այս առավոտ։ Գեներալի կինը գնալով ավելի ու ավելի գոհ էր դառնում։ Աղջիկները նույնպես բավական ուշադիր լսում էին։ Հաշիվներ արին ազգականների մասին, պարզվեց, որ իշխանը բավական լավ գիտեր իր տոհմագրությունը, բայց ինչ ձևով էլ մոտեցնում էին, իշխանի և տիկնոջ միջև գրեթե ոչ մի ազգակցություն չստացվեց։ Պապերի ու տատերի միջև դեռ մի կերպ կարելի էր հեռավոր ազգակցություն գտնել։ Այդ չոր նյութը հատկապես դուր եկավ գեներալի կնոջը, որին, ինչքան էլ ուզեր, գրեթե երբեք չէր հաջողվում խոսել իր տոհմագրության մասին, այնպես որ նա սեղանից վեր կացավ խռովահույզ հոգով։
— Բոլորս գնանք մեր հավաքատեղին,— ասաց նա,— և սուրճն էլ այնտեղ կբերեն, Մենք մի այդպիսի ընդհանուր սենյակ ունենք,— դարձավ նա իշխանին, տանելով նրան,— պարզապես իմ փոքրիկ հյուրասենյակն է, որտեղ մենք, երբ մենակ ենք մնում, հավաքվում ենք, և ամեն մեկը զբաղվում է իր գործով։ Ալեքսանդրան, ահա սա, իմ ավագ աղջիկը, դաշնամուր է նվագում կամ կարդում է, կամ կարում. Ադելաիդան բնանկարներ ու դիմանկարներ է նկարում (և ոչ մի բան ավարտել չի կարողանում), իսկ Ագլայան նստում է, ոչինչ չի անում։ Իմ ձեռքից էլ գործը ցած է ընկնում. ոչինչ չի ստացվում։ Ահա և եկանք, նստեցինք, իշխան, այստեղ, բուխարիկին մոտիկ, և պատմեցեք։ Ես ուզում եմ իմանալ, թե դուք ինչպես եք պատմում որևէ բան։ Ես ուզում եմ լիովին համոզվել, և երբ իշխանուհի Բելոկոնսկայայի, պառավի հետ տեսնվեմ, ձեր մասին ամեն ինչ կպատմեմ։ Ես ուզում եմ, որ դուք նրանց բոլորին էլ հետաքրքրեք։ Դե, ուրեմն խոսեցեք։
— Maman, բայց չէ՞ որ շատ տարօրինակ է այսպես պատմելը,— նկատեց Ադելաիդան, որը մինչ այդ ուղղեց հր նկարչատախտակը, վերցրեց վրձինները, ներկապնակը և սկսեց էստամպից պատճենահանել արդեն վաղուց սկսած բնանկարը։ Ալեքսանդրան և Ագլայան միասին նստեցին փոքրիկ բազմոցին և, ձեռքները ծալած, պատրաստվեցին ունկնդրել խոսակցությանը։ Իշխանը նկատեց, որ ամեն կողմից ուշադրությամբ նայում են նրան։
— Ես ոչինչ չէի պատմի, եթե ինձ այդպես հրամայեին,— նկատեց Ագլայան։
— Ինչո՞ւ։ Այստեղ տարօրինակ ի՞նչ կա։ Ինչո՞ւ չպատմի։ Լեզու ունի։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես գիտի խոսել։ Դե, որևէ բանի մասին։ Պատմեցեք, թե ձեզ ինչպես դուր եկավ Շվեյցարիան, առաջին տպավորությունը։ Այ կտեսնեք, այ հիմա նա կսկսի և հիանալի կսկսի։
— Տպավորությունս ուժեղ էր...— սկսեց իշխանը։
— Տեսեք, տեսեք,― վրա բերեց անհամբեր Լիզավետա Պրոկոֆևնան, դիմելով աղջիկներին,― տեսա՞ք, որ սկսեց։
— Գոնե թողեք, որ խոսի, maman,— նրա խոսքը կտրեց Ալեքսանդրան։— Այս իշխանը գուցե խարդախի մեկն է և ոչ թե ապուշ,— շշնջաց նա Ագլայային։
— Հավանաբար, այդպես է, ես վաղուց եմ տեսնում դա,— պատասխանեց Ագլայան։— Եվ նրա կողմից ստորություն է դերասանություն անելը։ Դրանով նա ուզում է շահե՞լ, ինչ է։
— Առաջին տպավորությունս շատ ուժեղ էր,— կրկնեց իշխանը։— Երբ ինձ տանում էին Ռուսաստանից գերմանական զանազան քաղաքների միջով, ես միայն լուռ նայում էի և, հիշում եմ, նույնիսկ ոչ մի բանի մասին հարցուփորձ չէի անում։ Դա իմ հիվանդության մի շարք ուժեղ և տանջալից նոպաներից հետո էր, իսկ ես միշտ, եթե հիվանդությունս ուժեղանում էր և նոպաները իրար հետևից մի քանի անգամ կրկնվում էին, լիակատար բթացման մեջ էի ընկնում, բոլորովին ուշքս կորցնում էի, իսկ միտքս թեև աշխատում էր, բայց մտքիս տրամաբանական ընթացքը կարծես թե խզվում էր։ Երկու կամ երեք մտքից ավելի չէի կարողանում հետևողականորեն շաղկապել։ Ինձ այդպես է թվում։ Իսկ երբ նոպաներս հանդարտվում էին, ես նորից դառնում էի և առողջ, և ուժեղ, ահա ինչպես հիմա։ Հիշում եմ, անտանելի թախիծ կար մեջս, նույնիսկ ուզում էի լաց լինել, ես շարունակ զարմանում և անհանգստանում էի. ինձ վրա սարսափելի ազդել էր, որ այդ ամենը ''օտար է''. դա ես հասկացա։ Օտարն ինձ սպանում էր։ Հիշում եմ, այդ խավարից բոլորովին արթնացա մի երեկո, Բազելում, Շվեյցարիա մտնելու պահին, և ինձ արթնացրեց իշու զռոցը քաղաքային շուկայում, էշը ինձ սարսափելի զարմացրեց և չգիտես ինչու անասելի դուր եկավ, և դրա հետ մեկտեղ կարծես թե գլխումս ամեն ինչ պարզվեց։
— Է՞շը։ Դա տարօրինակ է,— նկատեց գեներալի կինը։— Ասենք, ոչ մի տարօրինակ բան չկա, մեզնից ոմանք դեռ նույնիսկ կսիրահարվեն իշուն,— նկատեց նա, զայրագին նայելով ծիծաղող աղջիկներին։— Դեռ դիցաբանության մեջ կար դա։ Շարունակեցեք, իշխան։
— Այն ժամանակվանից ես սաստիկ սիրում եմ էշերին։ Նույնիսկ ինչ֊որ համակրանք կա մեջս։ Ես սկսեցի նրանց մասին հարցուփորձ անել, որովհետև առաջ էլ չէի տեսել, և անմիջապես ինքս էլ համոզվեցի, որ դա չափազանց օգտակար կենդանի է, աշխատավոր, ուժեղ, համեմատաբար էժան, տոկուն, և այդ իշու շնորհիվ հանկարծ ամբողջ Շվեյցարիան սկսեց ինձ դուր գալ, այնպես որ առաջվա թախիծս բոլորովին անցավ։
― Այդ բոլորը շատ տարօրինակ է, բայց իշու պատմությունը կարելի է և բաց թողնել, անցնենք ուրիշ նյութի։ Ի՞նչ ես շարունակ ծիծաղում, Ագլայա։ Եվ դո՞ւ, Ադելաիդա։ Իշխանը հիանալի պատմեց իշու մասին։ Նա ինքը տեսել է, իսկ դո՞ւ ինչ ես տեսել։ Դու հո արտասահմանում չե՞ս եղել։
— Ես էշ տեսել եմ, maman,— ասաց Ադելաիդան։
— Իսկ ես ձայնն էլ եմ լսել,— վրա բերեց Ագլայան։ Բոլոր երեքն էլ նորից ծիծաղեցին։ Իշխանը ծիծաղեց նրանց հետ։
— Դա շատ վատ է ձեր կողմից,— նկատեց տիկինը,— ներեցեք նրանց, իշխան, բայց նրանք բարի են։ Ես նրանց հետ շարունակ կռիվ եմ անում, բայց նրանց սիրում եմ։ Նրանք թեթևսոլիկ են, թեթևամիտ, խելառ։
— Ինչո՞ւ որ,— ծիծաղեց իշխանը,— ես էլ նրանց տեղը լինեի, առիթը բաց չէի թողնի։ Բայց ես համենայն դեպս իշու կողմն եմ։ Էշը բարի և օգտակար մարդ է։
— Իսկ դուք բարի՞ եք, իշխան։ Ես հետաքրքրասիրությունից դրդված եմ հարցնում,— հարցրեց տիկինը։
Բոլորը նորից ծիծաղեցին։
— Նորից այդ անիծյալ էշը մեջ ընկավ. ես նրա մասին նույնիսկ չէի մտածում,— գոչեց գեներալի կինը։— Խնդրում եմ, հավատացեք ինձ, իշխան, ես առանց որևէ...
— Ակնարկի՞։ Օ՜, հավատում եմ, անկասկած։
Եվ իշխանր ծիծաղում էր անընդհատ։
— Դա շատ լավ է, որ դուք ծիծաղում եք։ Ես տեսնում եմ, որ դուք շատ բարի երիտասարդ եք,— ասաց տիկինը։
— Երբեմն բարի չեմ,— պատասխանեց իշխանը։
— Իսկ ես բարի եմ,— անսպասելի հարեց տիկինը,— և եթե ուզում եք՝ ես միշտ բարի եմ, և դա իմ միակ թերությունն է, որովհետև պետք չէ միշտ բարի լինել։ Ես շատ հաճախ զայրանում եմ ահա սրանց վրա, առանձնապես Իվան Ֆյոգորովիչի վրա, բայց վատն այն է, որ ամենից ավելի բարի եմ, երբ զայրանում եմ։ Ես քիչ առաջ, նախքան ձեր գալը, բարկացել էի և ձևացնում էի, թե ոչինչ չեմ հասկանում և հասկանալ չեմ կարող. այդ ինձ հետ պատահում է. կարծես երեխա լինեմ։ Ագլայան ինձ դաս տվեց. շնորհակալ եմ քեզնից, Ագլայա։ Ասենք, ամեն ինչ դատարկ բան է։ Ես դեռ այնպես հիմար չեմ, ինչպես թվում եմ և ինչպես ուզում են ինձ ներկայացնել աղջիկներս։ Ես ուժեղ բնավորություն ունեմ և այնքան էլ ամոթխած չեմ։ Ի դեպ, սա առանց չարության եմ ասում։ Եկ այստեղ, Ագլայա, համբուրիր ինձ, դե... և բավական են քնքշանքները,— նկատեց նա։ երբ Ագլայան սրտանց համբուրեց նրա շրթունքները և ձեռքը։— Շարունակեցեք, իշխան։ Կարող է պատահել, իշուց ավելի հետաքրքիր մի բան հիշեք։
— Ես այնուամենայնիվ չեմ հասկանում, ինչպես կարելի է այդպես ուղղակի պատմել,― նորից նկատեց Ադելաիդան,— ես ոչ մի դեպքում չէի կարողանա։
— Իսկ իշխանը կկարողանա, որովհետև իշխանը չափազանց խելացի է և քեզանից առնվազն տասն անգամ, գուցե և տասներկու անգամ խելացի է։ Հուսով եմ, սրանից հետո կզգաս։ Ապացուցեք սրանց, իշխան, շարունակեցեք։ Իշուն իսկապես էլ կարելի է վերջ ի վերջո մի կողմ թողնել։ Դե, բացի իշուց ի՞նչ եք տեսել արտասահմանում։
— Իշու մասին էլ խելացի էր ասված,— նկատեց Ալեքսանդրան, — իշխանը շատ հետաքրքիր պատմեց իր հիվանդագին դեպքը և այն, թե ինչպես իրեն ամեն ինչ դուր եկավ մի արտաքին շարժառիթով։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես մարդիկ խելագարվում են և հետո նորից առողջանում։ Մանավանդ, եթե դա հանկարծակի է լինում։
— Ճիշտ է չէ՞։ Այնպես չէ՞,— վրա ընկավ գեներալի կինը,― տեսնում եմ, որ դու էլ երբեմն խելացի ես լինում. դե, բավական է ծիծաղել։ Դուք կանգ առաք, կարծեմ, Շվեյցարիայի բնության վրա, իշխան, դե։
— Մենք հասանք Լյուցեռն, և ինձ տարան լճով։ Ես զգում էի, թե որքան լավն է լիճը, բայց միաժամանակ սարսափելի ծանր էր ինձ համար,— ասաց իշխանը։
— Ինչո՞ւ,— հարցրեը Ալեքսանդրան։
— Չեմ հասկանում։ Ես միշտ ծանր ու անհանգիստ եմ զգում ինձ առաջին անգամ այդպիսի բնություն տեսնելիս․ և՛ լավ եմ զգում, և՛ անհանգիստ. ասենք այդ բոլորը դեռ հիվանդ ժամանակս էր։
— Ոչ, ես շատ կուզենայի տեսնել,— ասաց Ադելաիդան։— Եվ չեմ հասկանում, թե մենք երբ ենք արտասահման գնալու։ Ահա երկու տարի է ես պատկերներիս համար սյուժե չեմ կարողանում գտնել.
''Արևելք, հարավ պոետներն վաղուց են երգել...''
Սյուժե գտեք նկարիս համար, իշխան։
— Ես դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ինձ թվում է, պետք է նայել ու նկարել։
— Նայել չգիտեմ։
— Այդ ի՞նչ հանելուկներ եք ասում։ Ոչինչ չեմ հասկանում,— ընդհատեց գեներալի կինը,— ինչպե՞ս թե նայել չգիտեմ։ Աչքեր ունես՝ նայիր։ Այստեղ չգիտես նայել, ուրեմն արտասահմանում էլ չես սովորի։ Ավելի լավ է, պատմեցեք, իշխան, թե դուք ինքներդ ինչպես էիք նայում։
— Այ դա ավելի լավ կլինի,— ավելացրեց Ադելաիդան։― Չէ՞ որ իշխանը արտասահմանում է սովորել նայել։
— Չգիտեմ, ես այնտեղ միայն առողջությունս եմ լավացրել, չգիտեմ, սովորե՞լ եմ արդյոք նայել։ Ի դեպ, ես գրեթե ամբողջ ժամանակ շատ երջանիկ էի։
― Երջանի՞կ էիք։ Դուք կարողանո՞ւմ եք երջանիկ լինել,— բացականչեց Ագլայան,— հապա ինչպե՞ս եք ասում, թե չեք սովորել նայել։ Դեռ մեզ էլ կսովորեցնեք։
— Սովորեցրեք, խնդրեմ,— ծիծաղում էր Ադելաիդան։
— Ոչինչ չեմ կարող սովորեցնել,— ծիծաղում էր և իշխանը,— ես արտասահմանում գրեթե ամբողջ ժամանակ ապրում էի այդ շվեյցարական գյուղում, հազվադեպ էի մեկնում որևէ մոտիկ տեղ. ուրեմն ի՞նչ կարող եմ ձեզ սովորեցնել։ Սկզբում միայն այնքան էր, որ չէի ձանձրանում. շուտով սկսեցի առողջանալ, հետո ամեն մի օրն ինձ համար դառնում էր թանկ, և քանի գնում, այնքան ավելի թանկ էր դառնում, այնպես որ ես սկսեցի դա նկատել։ Պառկում էի քնելու շատ գոհ, իսկ վեր էի կենում ավելի ևս երջանիկ։ Իսկ թե ինչից էր այդ ամենը՝ բավական դժվար է պատմել։
— Այնպես որ դուք արդեն ոչ մի տեղ չէիք ուզում գնալ, ձեզ ոչ մի տեղ չէ՞ր ձգում,― հարցրեց Ալեքսանդրան։
― Սկզբում, ամենասկզբում, այո, ձգում էր և սաստիկ անհանգստություն էր տիրում ինձ։ Շարունակ մտածում էի, թե ինչպես պետք է ապրեմ, ուզում էի փորձել բախտս, առանձնապես որոշ րոպեներ անհանգիստ էի լինում։ Գիտե՞ք, այդպիսի րոպեներ կան, հատկապես միայնության մեջ։ Այնտեղ մի ջրվեժ ունեինք, փոքրիկ, թափվում էր բարձր սարից և այնպիսի բարակ շիթով, գրեթե ուղղահայաց, սպիտակ, աղմկոտ, փրփրադեզ, թափվում էր բարձրից, բայց թվում էր բավական ցածր, կես վերստ հեռավորության վրա էր, բայց թվում էր, թե մինչև այնտեղ հիսուն քայլ է։ Ես սիրում էի գիշերներն ունկնդրել նրա աղմուկին. ահա այդ րոպեներին երբեմն սաստիկ անհանգստություն էր գալիս վրաս։ Նույնպես երբեմն կեսօրին, երբ բարձրանում ես ուր-որ լեռները, մենակ կանգնում ես լեռան մեջտեղը, շուրջդ սոճիներ են, հնամենի, մեծ, խեժոտ, բարձրում, ժայռի վրա միջնադարյան հին ամրոց է, փլատակներ, մեր գյուղակը հեռու ցածումն է, հազիվ է երևում, արևը պայծառ է, երկինքը կապույտ, սարսափելի լռություն։ Ահա հենց այդ պահերին պատահում էր, որ շարունակ ձգտում էի ինչ֊որ տեղ, և ինձ թվում էր, որ եթե մարդ շարունակ գնա ուղիղ, գնա երկար-երկար և անցնի ահա այն գծի հետևը, հենց այն գծի, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար, ապա այնտեղ է հարցի ամբողջ լուծումը, և անմիջապես նոր կյանք կտեսնես, հազարապատիկ ուժգին ու աղմկալի, քան մեզ մոտ․ ես շարունակ երազում էի այնպիսի մեծ քաղաքի մասին, ինչպես Նեապոլն է, այնտեղ անվերջ պալատներ են, աղմուկ, աղաղակ, կյանք... Է, ինչ ասես, որ չէի երազում։ Իսկ հետո ինձ թվաց, թե բանտում էլ կարելի է հսկայական կյանք գտնել։
— Վերջին գովելի միտքը ես դեռ իմ «Քրեստոմատիայում» եմ կարդացել, երբ տասներկ ու տարեկան էի,— ասաը Ագլայան։
— Այդ բոլորը փիլիսոփայություն է,— նկատեց Ադելաիդան,— դուք փիլիսոփա եք և եկել եք մեզ ուսուցանելու։
— Դուք գուցե և իրավացի եք,— ժպտաց իշխանը,— ես իրոք, թերևս, փիլիսոփա եմ, և ով գիտե, գուցե իսկապես էլ միտք ունեմ ուսուցանելու... Դա կարող է պատահել, իրավ, կարող է պատահել։
— Եվ ձեր փիլիսոփայությունը ճիշտ այնպիսին է, ինչպես Եվլամպիա Նիկոլաևնայինը,— կրկին վրա բերեց Ագլայան,— մի այդպիսի չինովնիկի կին կա, այրի, մեզ մոտ է գնում֊գալիս, ձրիակյացի նման մի բան է։ Նրա ամբողջ կյանքի խնդիրը էժանությունն է. միայն թե որքան կարելի է էժան լինի ապրուստը, հենց միայն կոպեկների մասին է խոսում, և նկատի ունեցեք, նա փող ունի, նա խորամանկի մեկն է։ Ճիշտ այդպես էլ ձեր հսկայական կյանքն է բանտում, գուցե և ձեր չորսամյա երջանկությունը գյուղում, որի դիմաց դուք ծախել եք ձեր Նեապոլ քաղաքը, և, կարծես թե շահով, չնայած նրան, որ ծախել եք մի քանի կոպեկի։
— Բանտային կյանքի մասին դեռ կարելի է և չհամաձայնել,— ասաց իշխանը,— ես լսել եմ մի մարդու պատմությունը, որը բանտում նստել է մոտ տասներկու տարի. դա իմ պրոֆեսորի հիվանդներից մեկն էր և բուժվում էր։ Նա նոպաներ էր ունենում, երբեմն անհանգիստ էր լինում, լալիս էր և նույնիսկ մի անգամ ինքնասպանության փորձ էր արել։ Նրա կյանքը բանտում շատ տխուր էր, հավատացնում եմ ձեզ, բայց, իհարկե, կոպեկանոց չէր։ Իսկ նրա ունեցած֊չունեցած ծանոթությունը սարդն էր և այն փոքրիկ ծառը, որ բուսել էր պատուհանի տակ... Բայց ավելի լավ է ձեզ պատմեմ անցյալ տարվա իմ մի ուրիշ հանդիպման մասին մի մարդու հետ։ Այստեղ մի շատ տարօրինակ հանգամանք կար. իսկն ասած, տարօրինակ էր նրանով, որ շատ սակավ է այդպիսի դեպք պատահում։ Այդ մարդուն մի անգամ ուրիշների հետ բարձրացրել էին կառափնարան և նրան կարդացել էին մահվան դատավճիռ՝ գնդակահարությամբ, քաղաքական հանցագործության համար։ Մի քսան րոպեից հետո կարդացել են նաև ներման հրամանը և նշանակվել է պատժի ուրիշ աստիճան, սակայն, երկու դատավճիռների միջև ընկած ժամանակամիջոցում, քսան րոպե, կամ, համենայն դեպս, քառորդ ժամ, նա ապրել է այն անտարակույս համոզմամբ, որ մի քանի րոպեից հետո նա հանկարծ կմեռնի։ Ես սաստիկ ուզում էի լսել, երբ նա երբեմն մտաբերում էր իր այն ժամանակվա տպավորությունները, և մի քանի անգամ սկսում էի նրան վերստին հարցուփորձել։ Նա ամեն ինչ հիշում էր արտասովոր պարզությամբ և ասում էր, որ երբեք այդ րոպեներից ոչինչ չի մոռանա։ Կառափնարանից քսան քայլ այն կողմ, որի մոտ կանգնած էին բազմությունը և զինվորները, երեք սյուն էր խրած, որովհետև հանցագործները մի քանի հոգի էին։ Առաջին երեքին տարան սյուների մոտ, կապեցին, մահվան զգեստ հագցրին նրանց (սպիտակ երկար բալախոններ), իսկ աչքներին սպիտակ թասակներ քաշեցին, որպեսզի հրացանները չերևան, ապա յուրաքանչյուր սյան դիմաց շարվեց մի քանի զինվորներից բաղկացած մի խումբ։ Իմ ծանոթը ըստ հերթի ութերորդն էր, նշանակում է սյուների մոտ պետք է գնար երրորդ հերթին։ Քահանան խաչը ձեռքին մոտեցավ բոլորին։ Դուրս էր գալիս, որ ապրելու մնացել է հինգ րոպեից ոչ ավելի։ Նա ասում էր, որ այդ հինգ րոպեն նրան թվում էր անվերջանալի ժամկետ, հսկայական հարստություն, նրան թվում էր, որ այդ հինգ րոպեի ընթացքում նա կապրի այնքան կյանքեր, որ դեռևս հիմա իսկի էլ կարիք չկա մտածելու վերջին վայրկյանի մասին, այնպես որ նա դեռ զանազան կարգադրություններ արավ. ժամանակն այնպես տնօրինեց, որ հրաժեշտ տա ընկերներին, դրան հատկացրեց մի երկու րոպե, հետո երկու րոպե էլ հատկացրեց, որ վերջին անգամ մտածի իր մասին, իսկ հետո, որպեսզի վերջին անգամ նայի շուրջը։ Նա շատ լավ հիշում էր, որ հենց այդ երեք կարգադրությունն էր արել և հենց այդպես էր հաշվել։ Նա մեռնում էր քսանյոթ տարեկան, առողջ և ուժեղ, ընկերներին հրաժեշտ տալիս, նա հիշում էր, որ նրանցից մեկին մի բավականին կողմնակի հարց տվեց և նույնիսկ շատ հետաքրքրվեց պատասխանով։ Հետո, երբ նա հրաժեշտ տվեց ընկերներին, վրա հասավ այն երկու րոպեն, որ նա հատկացրել էր, որպեսզի ''մտածեր իր մասին''։ Նա վաղօրոք գիտեր, թե ինչի մասին պիտի մտածեր. նա շարունակ ուզում էր պատկերացնել որքան կարելի է արագ ու վառ, թե ահա ո՞նց թե այսպես նա հիմա կա և ապրում է, իսկ երեք րոպեից հետո կլինի արդեն ''ինչ-որ'', ինչ֊որ մեկը կամ ինչ֊որ բան, ուրեմն ո՞վ։ Ուրեմն որտե՞ղ։ Այս բոլորը նա մտադիր էր այդ երկու րոպեում լուծել։ Ոչ հեռվում եկեղեցի կար, և տաճարի կատարը ոսկեզօծ տանիքով պսպղում էր պայծառ արևի ներքո։ Նա հիշում էր, որ սարսափելի համառորեն նայում էր այդ տանիքին և նրանից շողացող ճառագայթներին. կտրվել չէր կարող ճառագայթներից. նրան թվում էր, թե այդ ճառագայթները իր նոր էությունն են, որ երեք րոպեից հետո ինքը որևէ ձևով կծալվի նրանց հետ... անհայտությունն ու նողկանքը այդ նորից, որը լինելու է և հիմա վրա կհասնի, սարսափելի էին. բայց նա ասում է, որ այդ ժամանակ ոչինչ ավելի ծանր չէր, քան մի անընդհատ միտք. «Ինչ կլիներ չմեռնեի՜։ Ինչ կլիներ կյանքս վերադարձնեի՜ն, ինչպիսի՜ անվերջություն։ Եվ այդ ամբողջը ի՜մը կլիներ։ Ես այն ժամանակ ամեն մի րոպեն մի ամբողջ դար կդարձնեի, ոչինչ չէի կորցնի, ամեն մի րոպեի հաշիվը կպահեի, ո՛չ մի բան զուր չէի վատնի»։ Նա ասում էր, որ այդ միտքը վերջապես այնպիսի զայրույթի փոխվեց, որ նա արդեն ուզում էր, որ շուտով գնդակահարեն իրեն։
Իշխանը հանկարծ լռեց. բոլորը սպասում էին, որ նա կշարունակի և եզրակացություն կհանի։
— Դուք վերջացրի՞ք,— հարցրեց Ագլայան։
― Ի՞նչ, վերջացրի,― ասաց իշխանը, սթափվելով րոպեական մտածմունքից։
— Բայց ինչո՞ւ պատմեցիք այդ մասին։
― Այնպես... միտքս եկավ... ես խոսքի համար...
― Դուք շատ կցկտուր եք խոսում,— նկատեց Ալեքսանդրան,— դուք, իշխան, հավանաբար ուզում էիք եզրակացնել, որ մի ակնթարթն իսկ չի կարելի կոպեկի արժեքով գնահատել, և երբեմն հինգ րոպեն գանձից էլ թանկ է։ Այդ ամենը գովելի է, սակայն, ներեցեք, ի՞նչ եղավ այդ բարեկամը, որը ձեզ այդպիսի սոսկալի բաներ էր պատմում... չէ որ նրա պատիժը փոխեցին, նշանակում է նվիրեցին այդ «անվերջանալի կյանքը»։ Նա հետո ինչպե՞ս վարվեց այդ հարստության հետ։ Արդյոք ապրո՞ւմ էր ամեն վայրկյանը «հաշվելով»։
— Օ, ոչ, նա ինքն էր ինձ ասում,— ես նրան այդ մասին արդեն հարցրել եմ,— ամենևին էլ այդպես չէր ապրում և շատ֊շատ րոպեներ էր կորցրել։
— Դե, նշանակում է, ահա ձեզ և փորձ, նշանակում է չի կարելի ապրել, իսկապես «հաշիվ անելով»։ Ինչ֊որ պատճառով, բայց չի կարելի։
— Այո, ինչ֊որ պատճառով, բայց չի կարելի,— կրկնեց իշխանը։— Դա ինձ էլ էր այդպես թվում... բայց, համենայն դեպս, մարդ չի հավատում․․․
— Այսինքն՝ դուք կարծում եք, որ բոլորից ավելի խելացի՞ կապրեք ձեր կյանքը,— ասաց Ագլայան։
— Այո, երբեմն դա անցել է մտքովս։
— Եվ անցնո՞ւմ է։
— Եվ․․․ անցնում է,— պատասխանեց իշխանը, առաջվա նման մեղմ և նույնիսկ երկչոտ ժպիտով նայելով Ագլայային, բայց իսկույն էլ նորից ծիծաղեց ու զվարթ նայեց նրան։
— Համե՜ստ բան է,— ասաց Ագլայան գրեթե գրգռված։
— Բայց ի՜նչ խիզախներն եք դուք, ահա դուք ծիծաղում եք, իսկ ինձ նրա պատմածը այնպես էր շշմեցրել, որ ես հետո երազումս տեսա, հենց այդ հինգ րոպեն տեսա․․․
Նա հետաքրքրությամբ ու լուրջ մի անգամ էլ աչքերը հածեց իր ունկնդրուհիների վրա։
— Դուք որևէ պատճառով չե՞ք բարկանում ինձ վրա,— հանկարծ հարցրեց նա կարծես թե շփոթված, սակայն, ուղիղ նայելով բոլորի աչքերին։
— Ինչի՞ համար,— զարմացած բացականչեցին երեք աղջիկն էլ։
— Դե նրա համար, որ կարծես թե շարունակ ուսուցանում եմ․․․
Բոլորը ծիծաղեցին։
— Եթե բարկանում եք, մի բարկացեք,— ասաց իշխանը,― չէ՞ որ ինքս էլ գիտեմ, որ ուրիշներից պակաս եմ ապրել և բոլորից քիչ եմ հասկանում կյանքը։ Գուցե երբեմն ես շատ տարօրինակ եմ խոսում...
Եվ նա վերջնականապես շփոթվեց։
— Եթե ասում եք, որ երջանիկ եք եղել, նշանակում է ոչ թե պակաս, այլ ավելի եք ապրել, ուրեմն ինչո՞ւ եք կեղծում և ներողություն խնդրում,— խիստ և բծախնդիր սկսեց Ագլայան,— և խնդրեմ, մի անհանգստացեք, որ մեզ ուսուցանում եք, այստեղ դուք ոչ մի հաղթանակ չունեք։ Ձեր կվիտեիզմով հարյուր տարվա կյանքն էլ կարելի է երջանկությամբ լցնել։ Ձեզ մահապատիժ ցույց տան կամ մատ ցույց տան․ թե մեկից, թե մյուսից միանման գովելի միտք դուրս կբերեք, և դեռ գոհ կմնաք։ Այդպես կարելի է ապրել։
— Ինչի՞ վրա ես շարունակ չարանում, չեմ հասկանում,— վրա բերեց գեներալի կինը, որ վաղուց դիտում էր խոսողների դեմքերը,— և ինչի՞ մասին եք խոսում, նույնպես չեմ կարողանում հասկանալ։ Ի՞նչ մատ և այդ ի՞նչ ցնդաբանություն է։ Իշխանը հրաշալի է խոսում, միայն մի քիչ տխուր։ Ինչո՞ւ ես նրա վստահությունը կոտրում։ Երբ նա սկսեց, ծիծաղում էր, իսկ հիմա բոլորովին ապուշ է կտրել։
— Ոչինչ, maman։ Բայց ափսոս, իշխան, որ դուք մահապատիժ չեք տեսել, թե չէ ձեզ մի բան կհարցնեի։
— Ես տեսել եմ մահապատիժ,— պատասխանեց իշխանը։
— Տեսե՞լ եք,— ճչաց Ագլայան։— Ես պետք է գլխի ընկնեի։ Դա պսակում է ողջ գործը։ Եթե տեսել եք, ինչպե՞ս եք ասում, թե ամբողջ ժամանակը երջանիկ եք անցկացրել։ Ինչ է, ճիշտ չասացի՞։
— Բայց մի՞թե ձեր գյուղում մահապատժի ենթարկում են,― հարցրեց Ադելաիդան։
— Ես Լիոնում եմ տեսել։ Շնեյդերի հետ էի գնացել այնտեղ, նա էր իր հետ տարել։ Հենց որ եկա, ուղղակի ընկա այդ մահապատժի տեղը։
— Իսկ ձեզ շա՞տ դուր եկավ։ Ուսանելի, օգտակար շա՞տ բան կար,— հարցնում էր Ագլայան։
— Դա ինձ բոլորովին դուր չեկավ, և դրանից հետո մի քիչ հիվանդ էի, բայց խոստովանում եմ, որ նայում էի մեխվածի պես, աչքերս չէի կարող կտրել։
— Ես էլ չէի կարողանա աչքերս կտրել,— ասաց Ագլայան։
— Այնտեղ բոլորովին չեն սիրում, երբ կանայք գնում են նայելու, նույնիսկ հետո լրագրում գրում են այդ կանանց մասին։
— Ուրեմն, եթե գտնում են, որ դա կանացի գործ չէ, դրանով իսկ ուզում են ասել (հետևաբար և արդարացնել), որ դա տղամարդու գործ է։ Շնորհավորում եմ տրամաբանության համար։ Եվ իհարկե, դուք էլ այդպես եք կարծում։
— Պատմեցեք մահապատժի մասին,— ընդհատեց Ադելաիդան։
— Ես բոլորովին չէի ուզենա հիմա...— շփոթվեց և կարծես թե մռայլվեց իշխանը։
— Կարծես ափսոսում եք մեզ պատմել,— խայթեց Ագլայան։
— Ոչ, նրա համար եմ ասում, որ այդ մահապատժի մասին քիչ առաջ պատմել եմ։
— Ո՞ւմ եք պատմել։
— Ձեր կամերդիներին, երբ սպասում էի...
— Ո՞ր կամերդիներին,— լսվեց ամեն կողմից։
— Այ այն, որ նախասենյակում է նստած, ալեխառն մազերով, դեմքը մի քիչ կարմիր. ես նստել էի նախասենյակում, որպեսզի Իվան Ֆյոդորովիչի մոտ գնայի։
— Դա տարօրինակ է,— նկատեց գեներալի տիկինը։
— Իշխանը դեմոկրատ է,— խոսքը կտրեց Ագլայան,— դե, եթե Ալեքսեյին պատմել եք, մեզ չեք կարող մերժել։
— Ես անպայման ուզում եմ լսել,— կրկնեց Ադելաիդան։
— Քիչ առաջ իսկապես,— նրան դիմեց իշխանը, նորից փոքր֊ինչ ոգևորվելով (թվում է, նա շատ շուտ և դյուրահավատորեն էր ոգևորվում),— իսկապես, միտք ունեի, երբ ինձնից նկարի սյուժե էիք հարցնում, ձեզ սյուժե տալ. նկարել դատապարտվածի դեմքը գիլյոտինի հարվածից մի րոպե առաջ, երբ դեռ նա կանգնած է կառափնարանի վրա, նախքան այդ տախտակի վրա պառկելը։
— Ինչպե՞ս թե դեմքը։ Միայն դե՞մքը,― հարցրեց Ադելաիդան,— տարօրինակ սյուժե կլինի և դա ի՞նչ նկար է։
— Չգիտեմ, ինչո՞ւ որ,― եռանդով պնդում էր իշխանը,— նորերս Բաղեչում մի այդպիսի նկար ես տեսել եմ։ Շատ եմ ուզում պատմել ձեզ... Երբևէ կպատմեմ․․․ ինձ շատ զարմացրեց։
— Բազելյան նկարի մասին հետո անպայման կպատմեք,— ասաց, Ադելաիդան,— իսկ հիմա ինձ բացատրեցեք այդ մահապատժից նկարելիք նկարը։ Կարո՞ղ եք այնպես հաղորդել, ինչպես այդ պատկերացնում եք։ Այնպես, միայն դե՞մքը։ Իսկ ինչպիսի՞ դեմք է դա։
— Դա մահվանից ուղիղ մի րոպե առաջ է,— լիակատար պատրաստակամությամբ սկսեց իշխանը, տարվելով հիշողություններով և, ըստ երևույթին, անմիջապես մոռանալով մնացած ամեն ինչ,— հենց այն րոպեին, երբ նա բարձրացավ սանդղակի վրա և հենց նոր ոտք դրեց կառափնարանին։ Այստեղ նա նայեց իմ կողմը. ես նայեցի նրա դեմքին և ամեն ինչ հասկացա... Ասենք, ախր դա ինչպե՞ս պատմեմ։ Ես շատ, շատ կուզենայի, որ դուք կամ որևէ մեկը դա նկարեր։ Լավ կլիներ, եթե դուք։ Ես հենց այն ժամանակ մտածեցի, որ դա օգտակար նկար կլիներ։ Գիտե՞ք, այստեղ պետք է ամեն ինչ պատկերացնել, ինչ որ եղել է վաղօրոք, ամեն, ամեն ինչ։ Նա ապրում էր բանտում և մահապատժին սպասում էր առնվազն գոնե մի շաբաթ հետո, նա մի տեսակ հույսը դնում էր սովորական ձևականության վրա, որ թուղթը դեռ ինչ֊որ տեղ պետք է գնա և միայն մի շաբաթ հետո դուրս կգա։ Իսկ այստեղ հանկարծ ինչ֊որ առիթով գործը կրճատվել էր։ Առավոտյան ժամը հինգին նա քնած էր։ Դա հոկտեմբերի վերջին էր. ժամը հինգին դեռ ցուրտ է և մութ։ Կամացուկ մտնում է բանտի վերակացուն պահակախմբի հետ և զգուշությամբ ցնցում է նրա ուսը, նա տեղում շտկվում է, արմունկին հենվում, տեսնում է լույսը, «Ի՞նչ է»։— «Ժամը տասին մահապատիժն է»։ Նա քունը գլուխը չի հավատում, սկսում է վիճել, թե թուղթը մի շաբաթից հետո կգա, բայց երբ բոլորովին սթափվում է, դադարում է վիճելուց և լռում է,— այդպես էին պատմում,— հետո ասում է. «Համենայն դեպս դժվար է այսպես հանկարծակի․․․» և դարձյալ լռում է, և այլևս ոչինչ չի ուզում ասել։ Այստեղ երեք֊չորս ժամ անցնում է որոշ բաների վրա. քահանայի վրա, նախաճաշի վրա, որի ժամանակ նրան գինի, սուրճ և տավարի միս են տալիս (դե, ծաղր չէ՞ դա։ Ախր մարդ մտածում է, թե որքան դաժան բան է դա, իսկ մյուս կողմից, աստվա՛ծ վկա, այդ անմեղ մարդիկ սրտանց են անում և համոզված են, որ դա մարդասիրություն է), հետո զուգվելը (գիտե՞ք ինչ բան է հանցագործի զուգվելը), վերջապես քաղաքի միջով տանում են մինչև, կառափնարան... Ես կարծում եմ, որ ահա այստեղ էլ թվում է, թե դեռ անսահման ժամանակ է մնում ապրելու, մինչ տանում են։ Ինձ թվում է, ճանապարհին նա հավանաբար մտածում էր. «Դեռ շատ կա, դեռ երեք փողոց մնում է ապրելու. ահա այս փողոցը կանցնեմ, հետո դեռ այն մյուսը կմնա, հետո էլի այն մյուսը, որտեղ աջ կողմում բուլկավաճառն է․․․ դեռ ե՜րբ ենք հասնելու բուլկավաճառին»։ Շուրջը բազմություն է, աղմուկ, աղաղակ, տասը հազար դեմք, տասը հազար աչք, այդ բոլորին պետք է դիմանալ, իսկ գլխավորը՝ այն միտքը, թե՝ «Ահա, նրանք տասը հազար են, բայց նրանցից ոչ ոքի չեն սպանի, իսկ ինձ կսպանեն»։ Դե, ահա այս բոլորը նախօրոք։ Դեպի կառափնարան տանում է մի սանդղակ. այստեղ նա հանկարծ սանդղակի առաջ լաց եղավ, մինչդեռ նա ուժեղ և արի մարդ էր, ասում են, մեծ չարագործ էր։ Նրա հետ շարունակ անբաժան էր քահանան, սայլակում էլ նրա հետ գնում և շարունակ խոսում էր, խոսում. հազիվ թե մահապարտը լսում էր նրան, թե սկսում էլ էր լսել, երրորդ բառն արդեն չէր հասկանում։ Պետք է որ այդպես լիներ։ Վերջապես սկսեց սանդղակին բարձրանալ. այստեղ ոտները կապած են, դրա համար էլ փոքր քայլերով են շարժվում։ Քահանան, որ ըստ երևույթին խելոք մարդ էր, դադարեց խոսելուց, և միայն շարունակ խաչն էր տալիս նրան համբուրելու։ Սանդղակի ներքևում նա շատ գունատ էր, իսկ երբ բարձրացավ ու կանգնեց կառափնարանի վրա, հանկարծ թղթի նման սպիտակեց, բոլորովին՝ ինչպես գրելու ճերմակ թուղթ։ Հավանաբար նրա ոտները թուլանում ու փայտանում էին, և սրտխառնոց էլ ուներ,— կարծես թե կոկորդում մի բան ճնշում է և դրանից խտուտ է գալիս,— դուք երբևէ զգացե՞լ եք վախի կամ շատ սարսափելի րոպեներին, երբ ամբողջ գիտակցությունն էլ մնում է, բայց արդեն ոչ մի իշխանություն չունի։ Ինձ թվում է, եթե, օրինակ, անխուսափելի կործանում է լինելու, տունը փուլ է գալիս ձեր վրա, ապա այստեղ մարդ հանկարծ սաստիկ կուզենա նստել ու աչքերը փակել և սպասել՝ ինչ լինելու է լինի... Ահա հենը այստեղ, երբ սկսվում էր այդ թուլությունը, քահանան շուտով մի այնպիսի արագ շարժումով ու լուռ, խաչը հանկարծ ուղիղ նրա շրթունքներին էր դնում, մի այնպիսի փոքրիկ, արծաթե, քառաթև խաչ, հաճախակի էր դնում, րոպեն մեկ։ Եվ հենց որ խաչը դիպչում էր շրթունքներին, նա աչքերը բաց էր անում և նորից մի քանի վայրկյան կարծես թե աշխուժանում էր և ոտքերը առաջ էին գնում։ Խաչը նա ագահաբար էր համբուրում, շտապում էր համբուրել, կարծես շտապում էր չմոռանալ ինչ֊որ պաշար վերցնել իր հետ, համենայն դեպս, բայց հազիվ թե այդ ժամանակ կրոնական որևէ բան էր գիտակցում։ Եվ այդպես էր մինչև վերջին րոպեն... Տարօրինակ է, որ այդ ամենավերջին վայրկյաններին հազվադեպ են ուշագնաց լինում։ Ընդհակառակը, գլուխը սարսափելի ապրում է և աշխատում, ըստ երևույթին՝ ուժգին, ուժգին, ուժգին, ինչպես բանող մեքենան, ես պատկերացնում եմ, ուղղակի բախում են զանազան մտքերը, բոլորն անավարտ, և կարող է պատահել, նաև այնպիսի ծիծաղելի, կողմնակի մտքեր. «Ահա այս մեկը նայում է՝ նրա ճակատին գորտնուկ կա, ահա դահճի ներքևի կոճակներից մեկը ժանգոտել է»... Մինչդեռ ամեն ինչ գիտես և ամեն ինչ հիշում ես, մի այդպիսի կետ կա, որը ոչ մի կերպ չի կարելի մոռանալ, և ուշագնաց լինել չի կարելի․ և ամեն ինչ նրա շուրջը, այդ կետի շուրջն է ման գալիս ու պտտվում։ Եվ մարդ մտածի, որ դա այդպես է մինչև վերջին քառորդ վայրկյանը, երբ գլուխն արդեն դրել է կառափնակոճղին, և սպասում է, և... ''գիտի'', և հանկարծ իր վերևում կլսի, թե երկաթն ինչպես սահեց։ Մարդ անպայման դա կլսի։ Ես, եթե կառափնակոճղին պառկած լինեի, հատկապես ականջ կդնեի և կլսեի։ Այստեղ, գուցե ակնթարթի միայն մեկ տասներորդ մասն է, բայց մարդ անպայման կլսի։ Եվ պատկերացրեք, դեռ մինչև հիմա վիճում են այն մասին, որ, գուցե, երբ գլուխն արդեն թռչում է, ապա դեռ մի վայրկյանաչափ ժամանակ էլ, գուցե, գիտի, որ թռել է,— ինչպիսի՜ հասկացություն։ Իսկ եթե հի՜նգ վայրկյան... Կառափնարանն այնպես նկարեցեք, որ պարզ ու մոտիկից երևա միայն վերջին աստիճանը, ոճրագործը ոտքը դրել է դրա վրա. գլուխը, դեմքը թղթի պես ճերմակ է, քահանան պարզում է խաչը, ոճրագործն ագահաբար մեկնում է իր կապտած շրթունքները և նայում է, և ''ամեն ինչ գիտի''։ Խաչը և գլուխը՝ ահա նկարը, քահանայի, դահճի, նրա երկու սպասավորների դեմքերը և մի քանի գլուխ ու աչք ցածում՝ այդ բոլորը կարելի է նկարել ասես թե երրորդ պլանի վրա, մշուշի մեջ, որպես լրացուցիչ մանրամասնություններ... Ահա թե ինչպիսի նկար։
Իշխանը լռեց և նայեց բոլորին։
— Դա, իհարկե, նման չէ կվիտեիզմի,— ինքն իրեն ասաց Ալեքսանդրան։
— Դե, հիմա պատմեցեք, թե ինչպես եք սիրահարված եղել,— ասաց Ադելաիդան։
Իշխանը զարմանքով նայեց նրան։
— Լսեցեք,— կարծես շտապում էր Ադելաիդան,— դուք դեռ պարտք եք մնում պատմելու բազելյան նկարի մասին, բայց հիմա ես ուզում եմ լսել, թե ինչպես եք սիրահարված եղել, մի ուրացեք, եղել եք։ Ընդսմին, հենց որ սկսում եք պատմել, դադարում եք փիլիսոփա լինելուց։
— Դուք հենց որ ավարտում եք պատմելը, անմիջապես ամաչում եք ձեր պատմածից,— հանկարծ նկատեց Ագլայան։— Դա ինչի՞ց է։
— Ի՜նչ հիմար բան է դա, վերջապես,— խոսքը կտրեց գեներալի կինը, զայրացած նայելով Ագլայային։
— Խելացի բան չէ,— հաստատեց Ալեքսանդրան։
— Չհավատաք նրան, իշխան,— դարձավ նրան տիկինը,— այդ նա դիտմամբ, ինչ-որ չարությունից դրդված է անում, նա ամենևին էլ այդպես հիմար չի դաստիարակված, բան մի կարծեք, որ նրանք այդպես ձանձրացնում են ձեզ։ Հավանաբար մտքները մի բան են դրել, բայց նրանք արդեն սիրում են ձեզ։ Ես նրանց դեմքերը գիտեմ։
— Ես էլ գիտեմ նրանց դեմքերը,— ասաց իշխանը, հատկապես շեշտելով իր բառերը։
— Այդ ինչպե՞ս,— հետաքրքրված հարցրեց Ադելաիդան։
— Դուք ի՞նչ գիտեք մեր դեմքերի մասին,— հետաքրքրվեցին նաև մյուս երկուսը։
Բայց իշխանը լուռ էր և լուրջ. բոլորը սպասում էին նրա պատասխանին։
— Ես ձեզ հետո կասեմ,— ասաց նա կամացուկ ու լուրջ։
— Դուք վճռականորեն ուզում եք շահագրգռել մեզ,— բացականչեց Ագլայան,— և ինչպիսի՜ հանդիսավորություն։
— Դե լավ,— նորից աճապարեց Ադելաիդան,— բայց եթե դուք դեմքերի այդպիսի գիտակ եք, ապա հավանաբար և սիրահարված եք եղել, նշանակում է, ես գուշակել եմ։ Դե ուրեմն պատմեցեք։
— Ես սիրահարված չեմ եղել,— պատասխանեց իշխանը նույնպես կամացուկ և լուրջ,— ես... երջանիկ էի այլ կերպ։
— Իսկ ինչպե՞ս, ինչո՞վ։
— Լավ, ես ձեզ կպատմեմ,— ասաց իշխանը կարծես խոր մտածմունքի մեջ ընկած։
=== VI ===