Որպես արևելքի հետ լավ ծանոթ մարդ, Օրին ցույց տվեց կայսրին Հայաստանի քարտեզը, ծանոթացրեց նրանց հայոց հին պատմության և թագավորների<ref>Մինչև այսօր Գանձասարի վանքի գրադարանում կարելի է տեսնել հայոց թագավորների ձիթանկար պատկերների մնացորդները, որ պատրաստվեցան այն ժամանակ Եվրոպայի թագավորներին ներկայացնելու համար։</ref> հետ և բացատրեց այն օգուտները, որ կայսրը կարող էր ունենալ Հայաստանը իր հովանավորության ներքո առնելով։ Նա հայտնեց, որ ինքը դիմել է եվրոպական և այլ պետություններին և արդեն ստացել է Ավստրիայի կայսրի ու Բավարիայի կուրֆիրստի հաճությունը, իրանց ուժերը միացնելու ռուսների հետ, Հայաստանի վերականգնման գործը հաջողեցնելու համար։
Մեծ կայսրի արծվի աչքերը իսկույն նախադիտեցին այն մեծ շահերը, որ նա կարող էր քաղել, ձեռք առնելով մի ճարպիկ առևտրական և միևնույն ժամանակ պատերազմող ժողովուրդ, որի հետ ծանոթ էր նա դեռ իր երիտասարդական հասակում<ref> Մեծն Պետրոս արտասահմանում գտնված ժամսւնակ, Հոլանդիայում ծանոթացավ մի Աբրո անունով զմյուռնիացի վաճառականի հետ, որին հետո հրավիրեց Ռուսաստանում առևտուր անելու։</ref>։ Նրա աշխարհակալական ցանկությունների համար դեպի արևելք, նրա հեռատես նպատակների համար՝ կապելու Հնդկաստանը Ռուսաստանի հետ առևտրական հարաբերություններով, հարկավոր էին հմուտ միջնորդներ և լավ առաջնորդներ,— այդ գործիչներին նա գտնում էր հայերի մեջ։ Այդ էր պատճառը, որ նա խիստ սիրով ընդունեց հայոց պատգամավորների առաջարկությունը և խոստացավ չխնայել իր օգնությանը հայերի իրանց հայրենիքի վերաբերությամբ ունեցած դիտավորություններն իրագործելու համար։
Բայց արևելքում մի վճռական գործ սկսելու համար Պետրոս Մեծը ժամանակ չուներ, որովհետև նա զբաղված էր շվեդական պատերազմով, որը այդ միջոցներում ավելի սաստիկ կերպով բորբոքված էր։ Բացի դրանից, նա հարկավոր համարեց ավելի լավ ծանոթանալ Պարսկաստանի նույն ժամանակվա դրության և քաղաքական հանգամանքների հետ։ Այդ մտքով Պետրոս Մեծը կազմեց մի դեսպանություն, որի լիազորը կարգվեցավ նույն իսկ Իսրայել Օրին<ref>Իսրայել Օրին այդ ժամանակ պոլկովնիկի աստիճան էր ստացել կայսրից։</ref> և ճանապարհ դրեց դեպի Պարսկաստան (1707) Շահ-Սուլթան-Հուսեինի մոտ։
===V===
Օրիի մահից հետո նրա ընկեր Մինաս վարդապետը շարունակեց նրա սկսած գործը։ Նա Ռուսաստանից չհեռացավ և կատարում էր միջնորդի պաշտոն կայսրի և Գանձասարի վանքի «հայոց ժողովի» մեջ, ուր խմբվում էին խորհրդի համար Ղարաբաղի մելիքները։ Այդ եռանդոտ վարդապետը, թեև նշանակված էր այն ժամանակ Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս, բայց ավելի քաղաքական գործերով էր զբաղված, քան թե եկեղեցական։ Նա իր գաղտնի գործակատարները տարածել էր Պարսկաստանի բոլոր նշանավոր տեղերում, որոնք ամեն կողմից նրան տեղեկություններ էին հաղորդում<ref>Այդ գործակատարներից մեկն էր Սարգիս դի-Գիլանենց, որի հետաքրքիր օրագրությունը, Պարսկաստանի այն ժամանակվա անցքերի վերարեբությամբ, տպվեցավ «Կռունկ» ամսագրում։ Իսկ 1870 թվին պրոֆեսոր Ք. Պատկանյանը ռուսերեն թարգմանելով, որպես հարուստ պատմական նյութ, ներկայացրեց Ս. Պետերբուրգի կայսերական ակադեմիային։</ref><ref>'''Սարգիս դի-Գիլանյանցը, որի օրագրությունը... տպվեցավ «Կռունկ» ամսագրում։'''— Րաֆֆու հիշատակած օրագրությանը «Աղբյուր ազգային արդի պատմության ժամանակագրություն» վերնագրով տպագրվել է «Կռունկ Հայոց աշխարհի» ամսագրում, տե՛ս 1863, № 2, էջ 81—112 և № 3, էջ 181—212։— '''Խմբ.'''</ref>։ Նրա գործակատարներից ոմանք արժանացան կայսրի առանձին ողորմածությանը<ref>'''պրոֆեսոր Ք. Պատկանյանը'''։— Խոսքը անվանի արևելագետ-հայագետ Քերովբե Պատկանյանի (1833—1889) մասին է։ 1850 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա սովորել Դորպատում։ Ունի հայագիտության ու արևելագիտության վերաբերյալ հետազոտություններ, թարգմանաբար ռուսերեն է հրատարակել հայ մատենագիրների աշխատությունները, որոնց թվում նաև Սարգիս դի Գիլանյանցի օրագրությունը։— '''Խմբ.'''</ref><ref> Դրանցից մեկն էր Նավասարդ անունով մի հայ, որի մատուցած ծառայությունների համար, երբ կայսրը կամեցավ վարձատրել նրան, Նավասարդին գտան Պարսկաստանում վախճանված, առանց ժառանգ անգամ թողնելու։ Մնացել էր միայն Ղազար անունով մի հայ, որ ծառայում էր հանգուցյալի մոտ և ծանոթ էր նրա գործերի հետ։ Կայսրը կանչել տվեց Ղազարին և արժանացրեց գեներալի աստիճանի։ Դա միևնույն գեներալ Ղազար Խրիստաֆորովիչն էր, որ, հայերից կազմված մի առանձին զորախմբի հրամանատար դառնալով, բավական նշանավոր գործեր կատարեց Պետրոս Մեղի պարսկական արշավանքների ժամանակ։ Հետո (1736) իր զորքով և հայ օֆիցերներով տեղափոխվեցավ Ղզլար։</ref>։
Այդ ժամանակներում Պարսկաստանում հետզհետե կատարվեցան 1721, 22 և 23 թվերի անցքերը, որ նկարագրեցինք մեր III գլխում։ Շահ-Սուլթան-Հուսեինը գահընկեց եղավ, աղվանները տիրեցին պարսից մայրաքաղաքին, օսմանցիք սկսեցին գրավել իրանց սահմանակից պարսկական նահանգները։ Սեֆեվիների պետությունը իր կատարյալ քայքայման վիճակի մեջն էր գտնվում։ Բայց ռուսները, փոխանակ Հայաստանի վրա ուշադրություն դարձնելու, տիրում էին Կասպից ծովեզրյա պարսկական գավառները։
Վերջին խոստմունքը սաստիկ ուրախություն պատճառեց թե հայերին և թե վրացիներին։ Եքկու վիճակակից քրիստոնյա ազգեր, ձեռք ձեռքի տված, քրիստոնյա մեծ կայսրի պաշտպանության ներքո, պիտի պատերազմեին մահմեդական բռնակալության դեմ, պիտի կռվեին իրանց հայրենիքի փրկության համար։
Ղարաբաղի մելիքները այդ ժամանակ դիմեցին վրաց թագավոր Գեորգի-Շահնավազին, խնդրելով, որ տա իրանց մի հմուտ և ընդունակ զորավար հայոց զորքերին առաջնորդելու համար։ Թագավորը ընտ- րեց ընտրեց հայազգի իշխան Դավիթ Բեկին<ref>Դա միևնույն անձնավորությունն է, որ մեր «Դավիթ-բեկ» անունով վեպի մեջ ներկայանում է որպես հերոս։</ref>, որը այն ժամանակ վրաց ծառայության մեջ էր պահվում։ Դավիթ Բեկը եկավ Ղարաբաղ (1722) և ժողովեց մինչև 69 հազար զորք, որոնց վրա զորապետներ կարգեց Մելիք-վան-խանին (Մելիք-Եգանին) և Ավան Միրզային (Ավան-յուզբաշուն), իսկ ինքը իր գլխավոր զորաբաժնի հետ գնաց դեպի Ղափանի նահանգը Չավնդուր կոչված տեղում, որը իշխանի հայրենիքն էր։
Պետրոս Մեծի նոր արշավանքի նշանավոր պատրաստությունները դեպի Պարսկաստան մի կողմից, և Դավիթ Բեկի գործողությունները մյուս կողմից, առիթ տվեցին Էրզրումի օսմանցոց փաշային Բեկից բացատրություններ պահանջել Ղարաբաղի հայ զորքերի հավաքման մասին։ Գործը այն աստիճան ակներև ձև էր ստացել, և ռուսների խոստումները այն աստիճան անկասկած էին համարվում, որ Դավիթ Բեկը, որքան էլ ցանկանար, ծածկել չէր կարող։ Նա համարձակ պատասխանեց, թե այդ բոլորը կատարում է թագավոր Պետրոս Մեծի հրամանով։ Այդ ժամանակ օսմանցիները փութապես սկսեցին գրավել իրանց սահմանակից պարսկական երկրները և տիրեցին Երևանից սկսյալ մինչև Թարվեզ, որպհսզի արգելք դնեն մեծ թագավորի արշավանքի հաջողությունների դեմ։
Դավիթ Բեկը և հայոց մյուս մելիքները, տեսնելով օսմանցոց ուժերի մոտենալը, որը իրանց նպատակներին միանգամայն վտանգ էր սպառնում,— շուտով այդ մասին տեղեկություն տվին Պետրոս Մեծին, խնդրելով, որ չաշանա, այլ փութացնե իր արշավանքը։ Կայսրը այս անգամ չուշացավ. նա իսկույն հրամայեց իր զորքերին (թվով 30 000) առաջ խաղալ դեպի պարսից սահմանը, իսկ ինքը, զորքերի ճանապարհ ընկնելուց հետո, անձամբ գնաց Դերբենդ (1722 թ. օգոստոսի 23)։
Մինչև Պետրոս Մեծի Դերբենդ հասնելը, հայերը և վրացիները, առաջուց բանակ դրած Գանձակ քաղաքի մոտ, սպասում էին ընդունելու կայսրին։ Վրաց զորքերը գտնվում էին Շահնավազ-Գեորգիի երկրորդ հաջորդ Վախթանգի հրամանատարության ներքո, իսկ հայոց զորքերը՝ Դավիթ Բեկի հրամանատարության ներքո։ Երկու կողմերի զորքերի թիվը հասնում էր 52 000 հոգու։ Հայոց բանակի մեջ գտնվում էր հայոց շարժման պարագլուխ Գանձասարի Եսայի կաթողիկոսը<ref>Այդ երևելի հոգևորականը, որ իր ժամանակի անցքերի ոչ միայն ականատեսը, այլ գլխավոր գործիչն էր, օրագրության ձևով գրեց բոլոր անցքերի մանրամասն և ընդարձակ պատմությունը։ 1839 թվին Բաղդասար մետրոպոլիտը Շուշի քաղաքում տպագրել տվեց այդ պատմությունը, բայց սաստիկ համառոտած և անխնա կերպով կրճատած։ Մենք այժմ ավելորդ ենք համարում բացատրել, թե ի՞նչ նպատակով է կատարել հանգուցյալ միտրոպոլիտը այդ գրականական սպանությունը, միայն այսքանը կասենք, որ Եսայի կաթողիկոսի պատմության իսկականը շատ ընդարձակ է եղել, ինչպես երևում է այդ մեր ձեռքը հասած մի գրչագիր օրինակից, որը դժբախտաբար կիսով չափ փտած է։ Ցանկալի կլիներ, որ գտնվեր այդ աշխատության ամբողջը, և դա առատ նյութ կտար մեր նոր պատմությանը։</ref><ref>'''1839 թվին Բաղդասար միտրոպոլիտը Շուշի քաղաքում տպագրել տվեց այդ պատմությունը։'''— Խոսքը Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից։ Համառօտագրեալ ի սրբազանակատար կաթողիկոսէն Աղուանից ի տեր Եսայեայ Հասան-Ջալալեանց ի թուականին Հայոց ՌՃԿ, իսկ ի թուականիս տեառն մերոյ փրկչին Յիսուսի՝ 1711։ Շուշի տպ. «Բարձր սրբազան ասպետափառ մետրոպօլիտին Բաղդասարայ», 1839, 69 էջ։— '''Խմբ.'''</ref>։ Բայց այդ փառավոր պատրաստությունը, թե հայոց և թե վրաց կողմից, մնաց անգործադրելի, որովհետև, հանկարծ մի տխուր լուր ստացվեցավ, որ կայսրը Դերբենդից վերադարձել է Աստրախան և այնտեղից՝ Ռուսաստան։
Կայսրի անակնկալ վերադարձի պատճառները բացատրում էին նրանով, որ մրրիկը Կասպից ծովի վրա մեծ մասամբ ոչնչացրեց նրա նավերը, որոնք զորքերի համար պաշար էին կրում, և կայսրը վախեցավ իր զորքերի սովամահ լինելուց, եթե նրանց դուրս կբերեր Հայաստանի կողմերի ցամաքի վրա։ Բայց այսքանը ճիշտ է, որ նա Աստրախանից ուղարկեց մի քանի գունդեր, որոնք պոլկովնիկ Շիպովի և գեներալ Մատյուշկինի առաջնորդությամբ ոտք կոխեցին Կասպից ծովի հարավային եզերքի վրա և գրավեցին մի քանի պարսկական գավառներ, որպես էին՝ Գիլանը, Մազանդարանը, Աստրաբատը և Բաքուն։
Այդ էր պատճառը, երբ հայոց կաթողիկոսները և մելիքները կրկին անգամ դիմեցին Պետրոս Մեծին, իր հրովարտակով (1724, 10 նոյեմ.), կայսրը բարեհաճեց հայերին ընդունել իր բարձր հովանավորության ներքո և ամենաողորմածաբար հրամայեց Դերբենդի բերդապահ գեներալ Կրոպոտովին, որ հայերին բնակության տեղ տա Սուրբ Խաչ բերդի մոտ, Սուլակու, Ագրախանա և Թերեկ գետերի ափերի մոտ։ Միևնույն ժամանակ կայսրի կանցլեր գրաֆ Գավրիլո Գոլովկինը գաղտնի հրահանգներ է ուղարկում իրանց նոր գրաված պարսկական նահանգների կառավարիչներին, որ համոզեն հայերին թողնել իրանց հայրենիքը և գաղթել Կասպից ծովեզրյա երկրների վրա, որպես էին Գիլանը և Մազանդարանը։ Որովհետև օսմանցոց Բ. Դռան հետ կապած դաշնագրի պատճառով կայսրը չէ կարող օգնել հայերին, քանի որ նրանք իրանց հայրենիքումը կմնան։ Դեռ դրանից առաջ Կասպից ծովեզերքի կառավարիչ գեներալ Մատյուշկինը հրաման էր ստացել, որքան կարելի է աննկատելի կերպով աշխատել մաքրելու Դիլանը և Մազանդարանը մահմեդականներից, հանդարտ կերպով ոչնչացնելով նրանց, որպեսզի հետո կարելի լինի նրանց տեղը լցնել հայ գաղթականներով։
Բայց Պետրոս Մեծի վաղահաս մահը (1725, 28 հունիսի) թողեց Ղարաբաղի հայերի գաղթականության խնդիրը անկատար։ Կայսրի մահից հետո ռուսաց գահի վրա նստեց նրա ամուսինը՝ Եկատերինա I<ref>'''...գահի վրա նստեց նրա ամուսինը՝ Եկատերինա I։'''— Խոսքը Եկատերինա Ալեքսեևնա (1684—1727) կայսրուհու մասին է, որը գահ է բարձրացել 1725 թվականին։— '''Խմբ.'''</ref>, որի թագավորության ժամանակ հայերի վիճակը ավելի ծանրացավ։
Թեև Պետրոս Մեծը չկարողացավ իր կողմից օգնել հայերին մահմեդականների դեմ, այսուամենայնիվ, մեծ թագավորի մահվան բոթը հայերին սուգի մեջ դրեց։ Հայոց Եսայի և Ներսես կաթողիկոսները և Ղարաբաղի մելիքները Դերբենդից ուղարկեցին մի պատգամավորություն կայսրուհի Եկատերինա I մոտ, հայտնելու իրանց խորին ցավակցությունը։ Այդ պատգամավորության գլխավորներն էին Յուզբաշի Բաղին, Չելեբի քյոխվան և ուրիշ նշանավոր անձինք։ Նրանք միևնույն ժամանակ հայտնեցին, որ Սարի-Մուստաֆա փաշան 40 հազար հոգով հարձակվեցավ Ղարաբաղի վրա, և հայերը ութ օր հուսահատ կերպով պատերազմելով, հազիվ կարողացան հաղթել օսմանցիներին։ Պատգամավորները ավելացրին, թե դժվար կլինի հայերին երկար պաշտպանվել, եթե նրանց օգնություն չհասնի։
Հայոց պատգամավորներին պատվիրված էր հաղորդել Ղարաբաղի ապստամբներին, որ նրանք հաստատ մնան իրանց ապստամբության շարժման մեջ, շարունակեն իրանց կռիվները մահմեդականների դեմ, շուտով նրանց օգնության կհասնեն վրաց Վախթանգ իշխանը և գեներալ Դոլգորուկի իշխանը։
Այնուհետև հայերը մի քանի անգամ կրկնեցին իրանց խնդիրները, բայց ոչ ոք նրանց օգնության չհասավ, և ստիպված էին իրանց սեփական ուժերով պատերազմել թշնամու դեմ։ Բայց երևի հայերին վիճակված չէր մի լավ օր տեսնել, որովհետև Աննա Իվանովնա կայսրուհու թագավորության ժամանակ (1732) հայտնվեցավ սարսափելի Նադիրը<ref>'''...հայտնվեցավ սարսափելի Նադիրը.'''— հոսքը Իրանի նադիր Շահ Աֆշարի (1688—1747) մասին է, որը գահ է բարձրացել 1736 թվականին։— '''Խմբ.'''</ref>, և Պարսկաստանում նշանավոր փոփոխություններ կատարվեցան, որոնք մեծ ազդեցություն ունեցան հայերի սկսած գործի ապարդյուն մնալու վրա։
===VIII===
Նադիրը հայտնվեցավ ինչպես մի կատաղի փոթորիկ, որը զորավոր ձեռքով նախ մաքրեց Պարսկաստանը աղվաններից, տիրեց Հնդկաստանի մի մասը, հետո իր սուրը դարձրեց օսմանցիների դեմ։ նրա զարմանալի հաջողությունները նոր ուժ, նոր խրախույս ներշնչեցին Ղարաբաղի հայոց մելիքներին։ Այս վերջինները սկսեցին իրանց սեփական ուժերով մաքրել իրանց հայրենիքը օցմանցիներից։
Այդ ժամանակ օսմանցիների սերասկեր (գլխավոր հրամանատար) Սարի-Մուտաֆա փաշան իր գլխավոր բանակով զետեղված էր Գանձակ քաղաքում, իսկ մնացած զորքերը տարածել էր Ղարաբաղի մելիքների երկրներում։ Մելիք-Ավանը, որ բոլոր մյուս մելիքների գահերեցն էր, օգուտ քաղելով փաշայի դեպի ինքն ունեցած բարեկամական հարաբերություններից, և առերես հնազանդություն ցույց տալով, գաղտնի կերպով սարքեց մի մեծ դավադրություն։ Ղ,արարաղի բոլոր մելիքները միաբանվեցան նրա հետ։ Ապստամբության նշանաբանը բովանդակվում էր հետևյալ խոսքերի մեջ. «պահպանեցեք հին սերմերը, որպես բուսնելու հույս տվողներ և ոչնչացրեք նորը, որ պտուղ չէ խոստանում»։ Այսինքն՝ խնայել պարսիկներին և կոտորել օսմանցիներին։ Կոտորածը պետք է կատարվեր մեծ պասի առաջին գիշերվա մեջ։ Այդ Բարթոլոմյան գիշերում հայերը ոչնչացրին թե Ղարաբաղի և թե Գանձակի կողմերում գտնված բոլոր օսմանցի զորքերին<ref>'''Այդ Բարթոլոմյան գիշերում հայերը ոչնչացրին թե՛ Ղարաբաղի և թե՛ Գանձակի կողմերում գտնված բոլոր օսմանցի զորքերին։ '''— Խոսքը 1572 թվականի ս. Բարդուղիմիոսի օրվան նախորդող գիշերը Կառլոս 9-րդ թագավորի կողմից Փարիզում ապրող բողոքականներին զանգվածաբար կոտորելու մասին է։— '''Խմբ.'''</ref>։ Ձմեռվա ցրտի պատճառով զինվորները հայերի տներումն էին բնակվում։ Ամեն մի տանտեր սպանեց իր ինքնակոչ հյուրին։ Սարի-Մուստաֆա փաշան հազիվ կարողացավ աղատվել, փախչելով Երևան։ Այդ հիշատակի արժանի անցքը կատարվեցավ 1733 թ.։
Որպես մի փոքրիկ միջնավեպ, ես ավելորդ չեմ համարում նկարագրել մի դեպք, որ նույն գիշերը տեղի ունեցավ Վարանդայի Ավետարանոց գյուղում։ Դրա մեջ փայլում է հայ կնոջ հերոսությունը։ Ավետարանոցը Վարանդայի մելիքության բերդավանն է։ Այստեղ իր զինվորներով զետեղված էր օսմանցիների զորապետներից մեկը, որ կոչվում էր Սուլեյման-Բեկ։ Դա, լսելով տեղային Մելիք-Հուսեինի դստեր՝ Գայանեի գեղեցկությունը, մտածում է տիրապետել նրան։ Բայց չհամարձակվելով հայտնի բռնություն գործ դնել, առաջարկում է ամուսնանալ Գայանեի հետ։ Հայրը և մայրը անպատկառ մահմեդականին միամտացնելու համար խոստանում են տալ աղջիկը, բայց միշտ հետաձգում են, հայտնելով, թե հայերի ազգային և կրոնական սովորությունների համեմատ պետք է դեռևս այս և այն ծեսերը կապարված լինեն։ Այսպես օրըստօրե ժամանակ են խլում, մինչև հասնում է նշանակյալ գիշերը։ Սկսվում է կոտորածը։ Մելեք- Հուսեինը այն գիշեր տանը չէ լինում. նա գնացել էր իր գավառի մյուս տեղերում գործելու համար։ Ավետարանողի կոտորածին առաջնորդում էր նրա քաջասիրտ կինը՝ Աննա խաթունը<ref>Աննա խաթունը Տիզակի գավառի Մելիք-Ավանի (Մելիք-Եգանի) քույրն էր, նույն անձի, որ սարքեց ընդհանուր ապստամբության։</ref>։ Երբ այդ զինված հերոսուհին ավանի փողոցների մեջ կոտորել էր տալիս օսմանցիներին, այդ միջոցին նրա ինքնակոչ փեսացուն՝ Սուլեյման-բեկը, իր կյանքը ազատելու համար, փախչում է դեպի Աննա խաթունի տունը։ Նույն րոպեում Գայանեն, նույնպես զինված, կանգնած է լինում տան ղռան մոտ։ Տեսնելով իր ատելի փեսացուին ներս մտնելիս, օրիորդը իր խենջարը խրում է նրա սրտի մեջ... Այդ սպանությունից հետո Գայանեն իր անձը նվիրեց կուսակրոնության և մտավ Ավետարանոց գյուղի կուսանաց անապատը<ref>Իմ 1881 թվի ճանապարհորդության ժամանակ Ավետարանոց գյուղում ինձ հաջողվեցավ տեսնել մի հրաշալի գրչագիր ավետարան, որ գրված էր նույն Գայանեի ձեռքով։</ref>։
Աննա խաթունի և Գայանեի քաջագործության հիշատակը պահպանված է միայն ժnղովրդական ավանդության մեջ, իսկ Մելիք-Հուսեինի հիշատակը մնում է արձանագրված իր գերեզմանի քարի վրա, որը գտնվում է Ավետարանոց բերդի կուսանաց անապատի զավթում<ref>«Այս է տապան Մէլիք Շահնազարի որդի Մէլիք Յուսէինին, թվ. ՌՃՁ, 1185» (1736)։ <br>«Ոգեմ բանս գովեստի ի վերայ Մէլիք Յուսէինի, զոր գրեցի այս տապանի. սա էր տէր երկրին Վարանդի. երեսուն և հինգ մասն գեղի սա էր հացով սեղանով լի. ողորն էր ամեն ազգի. կերպարանօքն էր գովելի. '''սա ոչ ետ հարկ թագավորի'''. ամուր պարիսպ էր աշխարհի. թագ պարծանք հայոց ազգի. '''պատերազմեաց հետ օսմանցի. յոյժ կոտորեաց ազգեն''' տաճկի»։</ref>։
Ղարաբաղի մելիքների կռիվները օսմանցիների հետ մի մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, որը դեռևս ոչ ուսումնասիրված է և ոչ տպագրված։ Մենք այժմ այսքանը միայն կասենք, որ հայերը, սրի ուժով մաքրելով իրանց հայրենիքը օսմանցիներից, բավական հեշտացրին նադիրի հաղթությունները օսմանցիների դեմ, և պարսիկ սպարապետը թագավոր դառնալուց հետո, որպես կտեսնենք, չմոռացավ հայոց մելիքների ծառայությունները։ Նա ավելի երախտամատույց գտնվեցավ, քան թե քրիստոնյա կայսրները։
Որպես վերևում հիշեցինք, Նադիր-Շահը Մուղանի անապատում իրան պարսից թագավոր հրատարակելուց հետո Ղարաբաղի հինգ մելիքներին հաստատեց իրանց իշխանությունների մեջ, տալով նրանց հայրենական վաղեմի իրավունքները։ Բայց միևնույն տարվա մեջ (1736) վախճանվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսեինը, որի կինը Ավետարանոց գյուղում կոտորել տվեց օսմանցիներին։ Մելիք-Հուսեինի փոխարեն Վարանդային սկսեց կառավարել նրա ազգական Մելիք-Միրզա-բեկ։ Դա իր հանդուգն անհնազանդությամբ գրգռեց շահի բարկությունը, և շահը հրամայեց գլխատել նրան։ Մելիք-Միրզա-բեկ II<ref>Մելիք-Միրզա-բեկ II Մելիք-Բադիի որդին էր, իսկ այդ վերջինը՝ Մելիք-Հուսեինի հորեղբայր Մելիք-Միրզա-բեկ I որդին էր։</ref> փորփրեն շահը Վարանդայի մելիք նշանակեց Մելիք-
000000000000000000000
Հուսեինի որդի Մելիք-Հովսեփին։ Այդ Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեին էին կոչում, չափազանց հեզաբարո, գրասեր և խելացի մարդ էր, բայց մի ոտքով կաղ և փոքրահասակ։ Նա ուներ մի եղբայր ևս, որը ընդհակառակն վայելչահասակ, գեղեցիկ և չափազանց փառասեր տղամարդ էր։ Դա էր Մելիք-Շահնազար II<ref>Մելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ կին, վերջինը ծնված էր Մելիք-Ավան-խանի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Տիզակի իշխան Մելիք-Ավան-խանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրա-խանումից, որը Նախիջևանի խանի աղջիկն էր, ազգով թուրք։ Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ։</ref>, Ղարաբաղի կործանիչը...
Իր ընտանեկան կյանքում Մելիք-Շահնազարը սաստիկ անբարոյական մարդ էր. պարսիկների սովորությանը հետևելով, իր տունը լցրել էր բազմաթիվ հարճերով։ Բացի դրանից, նա ուներ իր առաջին օրինավոր կինը Թագում (Թագուհի) անունով, որը Խաչենի Հասան-Ջալալյան իշխանների տնիցն էր։ Թագումի մեռնելուց հետո Մելիք-Շահնազարը բռնությամբ խլեց կենդանի ամուսնից նրա գեղեցիկ կինը Սոնա անունով (որը Տիզակի իշխան Մելիք-Եսայու աղջիկն էր) և պսակվեց նրա հետ։ Նույնիսկ Սոնայի կենդանության ժամանակ Մելիք-Շահնազարը ամուսնացավ իր հանգուցյալ կնոջ Թագումի հարազատ եղբոր Մալայիկ անունով դստեր հետ և այսպիսով մտցրեց իր ընտանիքի մեջ մահմեդական բազմակնությունը։ Մելիքի այդ տեսակ վարմունքները սաստիկ վիրավորեցին ժողովրդի կրոնական զգացմունքը, և նրան ատելի դարձրին Ղարաբաղի մյուս մելիքների մոտ։ Բայց նրա կատարած եղեռնագործությունը հրավիրեց իր վրա բոլոր մելիքների վրեժխնդրությունը։
Մելիք-Շահնազարը փառասեր, հանդուգն և ոխերիմ մարդ էր. նա չկարողացավ համբերել, որ իր եղբայր Մելիք-Հովսեփը վարեր Վարանդայի իշխանությունը, թեև նա կարգված էր Նադիր-շահից։ Մի գիշեր հարձակվելով Մելիք-Հովսեփի տան վրա, իր ձեռքով սպանեց եղբորը և նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Կոտորածից ազատվեցավ մի երեխա միայն, փոքրիկ Սայի-բեկը, որին դայակը ծածուկ փախցրեց Խաչեն գավառի Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդու մոտ, որը երեխայի քեռին էր<ref>Ավետարանոց (Չանախչի) Բերդը շատ անգամ եղել է հանդիսարան արյունոտ գործերի։ Մենք նկարագրեցինք Մելիք-Հուսեին մեծի ժամանակ տեղի ունեցած օսմանցիների կոտորածը այդ բերդում։ 1723 թ. օգոստոս 20-ին ղափանցի Ղանլու-Շաբան անունով հայ իշխանը 300 ձիավորներով հյուր է գալիս Ավետարանոց բերդի Մելիք-Միրզա-բեկի մոտ (Մելիք-Բաղիի որդին)։ Չնայելով, որ Մելիք-Միրզա-բեկը հին ոխ ուներ Ղանլու-Շաբանի հետ, այսուամենայնիվ, սիրով ընդունում է նրան իր տանը և նրա սվիտային որպես հյուրեր բաժանում է իր գյուղացիների տներում։ Գյուղացիները պատվեր են ստանում՝ հենց որ գիշերը Մելիքի տնից լսելի կլինի հրացանի ձայն, ամեն մարդ պատրաստ լինի իր հյուրին սպանելու։ Այսպիսով մի գիշերվա մեշ կոտորում են բոլոր 300 ձիավորներին՝ իրանց իշխանի հետ։ Դա միևնույն Մելիք-Միրզա-բեկն էր, որին Նադիր-շահը գլխատել տվեց։</ref>։
Սպանելով իր եղբորը, Մելիք-Շահնազարը բռնությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Բայց նրա եղեռնագործությունը սաստիկ բորբոքեց իր դեմ Ղարաբաղի մյուս չորս մելիքների բարկությունը։ Նրանք միաբանվեցան Մելիք-Շահնազարից վրեժխնդիր լինելու համար։ Դրանք էին՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահ-ղուլի-սոլթանը, Խաչենի Մելիք-Ալլահվերդին և Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Եսային։ Իրանց զորքերով այդ չորս մելիքները դիմեցին դեպի Վարանդա։ Մելիք-Շահնազարը ամրացավ իր Ավետարանոց բերդի մեջ։ Պաշարումը երկար տևեց, ձմեռը վրա հասնելով, բերդը չկարողացան գրավել, բայց Վարանդայի գյուղերի մեծ մասը ավարի առնելով, ավերակ դարձնելավ, մելիքները վերադարձան իրանց տեղերը, պայման գնելով, որ հետևյալ գարունքին կրկին արշավանք գործեն Ավետարանոց բերդը կործանելու համար։
Փանահ-խանը այժմ հասավ իր նպատակին։ Ղարաբաղի մելիքների մեջ սկսվեցավ ներքին պատերազմը։ Նա շտապեց օգուտ քաղել այդ հանգամանքներից։
Մելիք-Շահնազարը որքան էլ հանդուգն, աներկյուղ մարդ լիներ, դարձյալ գիտեր, որ իր ուժերը չէր կարող հավասարեցնել բոլոր չորս մելիքների անհամեմատ մեծ զորությանը։ Այդ պատճառով նա սաստիկ անհանգստությամբ սպասում էր գարնան արշավանքին։ Նրան պետք էր մի դաշնակից, մի օգնական, և նա ձեռք մեկնեց իր հայրենիքի ոխերիմ թշնամուն՝ ջվանշիրցի ավազակին...
Մյուս մելիքները ավելի կատաղեցան, երբ նկատեցին, որ Մելիք-Շահնազարը միացավ Փանահ-խանի հետ, որի չար դիտավորությունները, Ղարաբաղի հայկական բոլոր իշխանություններդ ոչնչացնելու մասին, ամենքին հայտնի էին։
Փանահ-խանը իր կողմից շատ ուրախ եղավ, երբ մելիքների միաբանությունը քանդված տեսավ, երբ նրանցից մեկը, և ամենանշանավորը, անցավ իր կողմը։
Վաղուց նա դիտավորություն ուներ մտնելու անմատչելի Ղարաբաղի սրտի մեջ և մի հարմար դիրքի վրա ցանկանում էր մի ամուր բերդ հիմնել։ Նրա Բայաթի և Ասկարանի բերդերը, ինչպես տեսանք, հայոց մելիքները ոչնչացրին։
«Ձեր Չանախչին պաշտպանության համար խիստ անհուսալի դիրք ունի,— ասաց Փանահ-խանը Մելիք-Շահնազարին,— պետք է որոնել մի ավելի ամուր դիրք, և ես մի այսպիսի տեղ ի նկատի ունեմ, որի վրա բերդ հիմնելով, կլինենք այնուհետև բոլորովին ապահովված...»։
Փանահ-խանը ցույց տվեց Վարանդայի գավառում մի տեղ, Գարգար գետի վրա, որը Մելիք-Շահնազարի սեփական կալվածքն էր և բնությունը, իրավ որ, այդ անմատչելի բեռնային բարձրավանդակը ստեղծել էր ամուր բերդ լինելու համար։ Երկու դաշնակիցները սկսեցին բերդի հիմնարկությունը։ Մելիք-Շահհազարը իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որ իր և ամբողջ Ղարաբաղի մելիքությունների գերեզմանը դարձավ...
Մի կողմից բերդի կառուցումը առաջ տանելով, մյուս կողմից՝ մելիքների հետ պատերազմ մղելով, երկու դաշնակիցները շուտով վերջացրին շինությունը (1752) և մերձակա Շոշի ավանի հայ բնակիչներին տեղափոխելով այնտեղ, բերդը կոչվեցավ Շոշի կամ Շուշի։
Փանահ-խանը մտնելով Ղարաբաղի սրտի մեջ, իր դաշնակից Մելիք-Շահնազարի աջակցությամբ, ոչ միայն կարողացավ պաշտպանվել մյուս հայ մելիքների հարձակումների դեմ, այլ իր իշխանությունը տարածեց և այն թուրք ցեղերի վրա, որոնք առաջ չէին խոնարհվում նրան։
Ինքը Փանահ-խանը իր ծագումը ստացած լինելով ավելի աննշան և ստոր ցեղից, որպես էին սարուջալլուցիք, մյուս ավելի զորեղ և նշանավոր ցեղերը (ջվանշիրցիք, քաբիրլուցիք և օթուզիքի՝ այսինքն՝ երեսունևերկու կոչված ցեղը) արհամարհանքով էին նայում նրա վրա։ Եվ մանավանդ իրանց նահապետական սովորություններին խիստ հակառակ էր թվում խոնարհվել մեկ միապետի հրամանի ներքո, որը պարսից խանի տիտղոս էր կրում։ Բայց Մելիք-Շահնազարի օգնությամբ այդ բոլորին կարողացավ հետզհետե զսպել նա։
Իսկ հայոց մելիքների վերաբերությամբ դեռ վճռական քայլ չէր անում նա, աշխատում էր առանձնացնել նրանց, աշխատում էր երկպառակություն սերմանել նրանց մեջ և փոքր առ փոքր նրանց ուժերը թուլացնել։
Սկսեց Խաչենի մելիքությունից, որը մնացածներից ավելի մոտ էր Շուշի բերդին։ Այստեղ ամենահին ժամանակներից իշխում էին Հասան-Ջալալյան իշխանների ժառանգները։ Դրանք դարերի ընթացքում այնքան բազմացել էին, որ Խաչեն գավառը ամենամանր կտորներով բաժանված էր այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում, որոնք բնականաբար շատ հաշտ չէին կարող լինել միմյանց հետ։ Փանահ-խանը մտածեց ստեղծել այստեղ մի նոր մելիքություն, նրանց բոլորին հետզհետե ոչնչացնելու նպատակով։ Նրան զորավիգ եղավ ինքը Մելիք-Շահնազարը։
Մենք տեսանք, երբ Մելիք-Շահնազարը սպանեց իր եղբորը՝ Մելիք-Հովսեփին, և բռնությամբ գրավեց Վարանդայի իշխանությունը. սպանվածի որդիներից մեկին դայակը փախցրեց Խաչեն գավառը և թաքցրեց իր քեռիների տանը։ Մանուկի քեռին էր Հասան-Ջալալյան իշխան Մելիք-Ալլահվերդին։ Մտածելով, որ մի ժամանակ այդ մանուկը կմեծանա և իր քեռիների օգնությամբ վրեժխնդիր կլինի իր հոր արյան համար և գուցե ետ կխլե հոր իշխանությունը,— Մելիք-Շահնազարը վճռեց ոչնչացնել թե մանուկին և թե նրա քեռիներին։ Փառասեր մելիքը այդ ձեռնարկության մեջ իր առանձին հաշիվները ուներ, իսկ այդ հաշիվները նպաստավոր էին Փանահ-խանի համար այն կողմից, որ նա Խաչենի մելիքությունները ոչնչացնելով այնտեղ կնշանակեր իր ցանկացած մարդուն և այսպիսով մի ամբողջ գավառ իր ձեռքը կառներ։ Մելիք-Ալլահվերդին բնակվում էր սեփական ամրոցում, որ իր պապերից մեկի անունով կոչվում էր Ուլու-պապի բերդ<ref>Ուլու-պապի բերդը գտնվում է Խաչեն գետի մոտ, Քարամեջ կամ Օրախաչ գյուղում, Պըտկեսի սուրբ Գևորգ անունով մատուռի մոտ։ Այդ ամրոցին թարքերը կոչում են Բալլու-Կալա։</ref>։ Նա հայտնի էր որպես քաջ և անպարտելի պատերազմող։ Երբ Փանահ-խանը, միանալով Մելիք-Շահհազարի հետ, իրանց հայ և թուրք զորքերով արշավեցին նրա վրա, Մելիք-Ալլահվերդին այնպիսի մի սաստիկ ջարդ տվեց նրանց, որ երկու դաշնակիցները հազիվ կարողացան իրանց կյանքը ազատել, փախչելով և մտնելով Շուշի բերդը։
Այդ ժամանակ Փանահ-խանը, Մելիք-Շահնազարի խորհրդով, գաղտնի կերպով կանչեց իր մոտ Խնզիրիստան գյուղի տանուտեր Միրզա-խանին, որը, Մելիք-Ալլահվերդուց կարգված, նույն գյուղի կառավարիչն էր։ Խանը, առաջուց իմացած լինելով տանուտերի փառասիրական ձգտումները, խոստացավ նրան, եթե Մելիք-Ալլահվերդուն մի հնարքով կբռնի և իր ձեռքը կտա, նրան ամբողջ Խաչեն գավառի վրա մելիք կկարգե։
Միրզա-խանը, հրապուրված խանի խոստմունքներից, դիմեց Մելիք-Ալլահվերդու մոտ, հայտնեց նրան, թե իրան հայտնի է, որ Փանահ-խանը ավելի մեծ պատրաստություններով հարձակվելու է նրա վրա, և թե նրա սեփական ամրոցը այնքան հուսալի մի տեղ չէ, որի մեջ կարելի լինի պաշտպանվել թշնամու այս անգամվա ահագին զորաթյան դեմ, և խորհուրդ տվեց ամրանալ Կաչաղակաբերդի մեջ, որը անառիկ և անմատչելի դիրք ուներ։ Որպես ստորադրյալ և պաշտոնյա, Միրզա-խանը առաջարկեց իր պատրաստականությունը՝ ամեն կերպով օգնելու իշխանին, ավելացնելով, թե ինքը արդեն պատրաստ ունի Կաչաղակաբերդի մեջ մի քանի ամիսների համար պաշար, ուր նա կարող է ապահով կերպով պաշտպանվել թշնամու դեմ, եթե այդ բերդը պաշարված կլինի։ Նա իշխանին հրավիրեց իր տունը, որ այնտեղից միասին գնան Կաչաղակաբերդը, որը շատ հեռու չէր Խնզիրիստանից։ Բայց նույն գիշերը ընթրիքի ժամանակ, դավաճանը սենյակից դուրս եկավ և իր ետևից կողպեց դուռը, իշխանին այնտեղ մենակ թողնելով։ Այդ միջոցին Փանահ-խանի և Մելիք-Շահնազարի մարդիկը, որ առաջուց պահված էին նրա տան մեջ, վրա հասան և կալանավորեցին իշխանին։ Փանահ-խանը նրան տվեց դահիճների ձեռքը, և գլխատեցին, նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Այդ ժամանակ Մելիք-Շահնազարը սպանել տվեց իր եղբորորդի փոքրիկ Սայի բեկին, որ նույն ընտանիքի մեջ պահված էր։ Եղեռնագործը իր եղբոր արյան մեջ շաղախված ձեռքերը թաթախեց դժբախտ զավակի արյան մեջ...
Փանահ-խանը կատարեց իր խոստմունքը, դավաճան Միրզա-խանին կարգեց Խաչենի վրա մելիք (1755) և այն օրից Հասան-Ջալալյան իշխանների տիրապետությունը համարյա թե ընկավ։ Թե ինքը Մելիք-Միրզա-խանը և թե նրա ժառանգները (Մելիք-Ալլահվերդին<ref>Այդ Մելիք-Ալլահվերդուն պետք չէ շփnթել Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդու հետ։</ref> և Մելիք-Ղահրամանը) հավատարմությամբ ծառայեցին Շուշիի խաներին և, կտրվելով հայոց մելիքների դաշնակցությունից, անթիվ վնասներ հասցրին Ղարաբաղի հայոց իշխանություններին։
Եվ այսպես Ղարաբաղի հինգ մելիքություններից երկուսը. Վարանդան և Խաչենը, անցան Փանահ-խանի կողմը։
===XII===
Մնում էին երեք մելիքություններ՝ Գյուլիստանը, Ջրաբերդը և Տիզակը։
Գյուլիսաանում տիրում էր Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը, Ջրաբերդում տիրում էր Մելիք-Իսրայելյան Ալլահ-Կուլի-սոլթանը, իսկ Տիզաում տիրում էր Մելիք-Ավանյան Մելիք-Եսային։
Տեսնելով, որ մի կողմից Մելիք-Շահնազարը իր բերդը՝ Շուշին, պարգևեց Փանահ-խանին և նրա ամենահավատարիմ դաշնակիցը դարձավ, մյուս կողմից Խաչենում մի նոր մելիքություն կազմվեցավ, որը նույնպես մահմեդական խանի դաշնակից եղավ, վերոհիշյալ երեք մելիքները ոչ միայն չվհատեցան, այլ իրանց միացած ուժերով սկսեցին սաստիկ պատերազմներ մղել Փանահ-խանի և նրա հայ դաշնակիցների հետ։ Այդ արյունահեղ պատերազմները, որպես կտեսնենք, տևեցին ամբողջ քսան տարի, որոնք խիստ զգալի վնասներ պատճառեցին Ղարաբաղին։
Վերջը Փանահ-խանը անճար մնալով, մտածեց հաշտություն խոսել Ալլահ-Կուլի-սոլթանի, Մելիք-Յուսուբի և Մելիք-Եսայու հետ։ Խաղաղության պայմանների վրա բանակցելու համար որոշվեցավ ոչ թե Շուշի բերդը, այլ մի չեզոք տեղ Ամարասա վանքը։ Ջրաբերդի Ալլահ-Կուլի-սոլթանը ուղարկվեցավ հայոց դաշնակից մելիքների կողմից իբրև հավատարմատար Ամարասա վանքը։ Այնտեղ եկավ և Փանահ-խանը իր հավատարիմ Մելիք-Շահնազարի հետ։
Այդ միջոցներում Փանահ-խանի մոտ միևնույն վանքում տեսության է գալիս Նախիջևանի Հեյդար-Կուլի-խանը։ Երբ նրան ներս են տանում, Փանահ-խանի մոտ նստած է լինում հայոց մելիքների հավատարմատարը՝ Ալլահ-Կուլի-սոլթանը։ Տեսնելով շքեղ կերպով հագնված, հսկայատիպ սոլթանին, Նախիջևանի խանը շփոթվում է և, կարծելով, թե այդ գեղեցիկ տղամարդը լինելու է ինքը Փանահ-խանը, ողջունում է նրան և ամենայն խոնարհությամբ սկզբից նրան է գլուխ տալիս։ Բայց հետո, երբ հասկացնում են նրան իր սխալը, նա հիշեցնում է Փանահ-խանին պարսից երևելի բանաստեղծի՝ Սաադիի խոսքը. «Տասը դերվիշներ կարող են մի փալասի կտորի վրա պառկել, բայց երկու թագավորներ չեն կարող մի աշխարհի մեջ հաշտ ապրել...»։
Այդ խոսքերով նենգավոր նախիջևանցին կամեցավ հասկացնել Փանահ-խանին, թե նրա իշխանությունը չէ կարելի ապահովված համարել, մինչև որ Ղարաբաղում կգտնվեն այս տեսակ նշանավոր հայ պետեր։ Փանահ-խանը, արդարև, դավաճանեց իր պայմանին. Ալլահ-Կուլի-սոլթանին կալանավորեց, տարավ Շուշի բերդում բանտարկեց և մի քանի օրից հետո գլխատել տվեց (1756)։ Այսպես վարվեցավ իր բարերարի հետ, որի մոտ առաջ ծառայում էր նա, և որը ազատեց նրա կյանքը Նադիր-շահի դահիճների ձեռքից...
Այդ անցքը, որի իսկությունը չէ ուրանում և պարսից պատմությունը, Ղարաբաղի ժողովրդական ավանդությունների մեջ լեգենդական ձև է ստացել։ Մինչև այսօր չեն մոռացվել ժողովրդի բերանում այն երգերը, որ հսկա կալանավորը երգում էր իր բանտի մեջ։ Նա կոչում էր իր քաջ եղբորը Մելիք-Աթամին, նա կոչում էր իր անպարտելի նիզակակցին՝ Դալի-Մահրասային, հորդորում էր Շուշին քարուքանդ անել, արյունով շաղախել նրա մոխիրն ու հողը և իրան ազատել բանտից։ Դրանցից և ոչ մեկը չէ հայտնվում. հսկայի ձայնին օգնության է հասնում սիրող կինը. նա Փանահ-խանի հարեմի ամենագեղեցիկն էր։ Գիշերը, կալանավորին ընթրիք տանելու ժամանակ սիրահարված գեղեցկուհին թաքցնում է փլավի մատուցարանի մեջ բանտի և նրա երկաթյա ոտնակապերի բանալիները, որ նա բաց անե և փախչե։ Բայց հսկան պատասխանում է, հայոց քաջերը փախչելու սովորած չեն. եթե ինքը ցանկանա, այդ բանալիներին կարոտություն չունի։ Եվ նա զորավոր ձեռքով փշրում է իր շղթաները և նրանց կտորտանքը լցնելով փլավի մատուցարանի մեջ, ետ է ուղարկում, ասելով. «Դավաճանությունը կպատժվի... իր արյունը առանց վրեժխնդրության չի մնա...»։
Ալլահ-Կուլի-սոլթանի աղետալի մահից հետո Ջրաբերդի մելիքության կառավարությունը անցավ նրա կրտսեր եղբոր՝ Մելիք-Աթամի ձեռքը։ Դա իր բոլոր հատկություններով շատ նման էր իր քաջ եղբորը։ Մանկության հասակից իբրև պատանդ պահված լինելով Դաղստանի Խոսրով-սուլթանի մոտ, Մելիք-Աթամը վարժվեցավ տեղային լեռնաբնակների հերոսական հատկությունների մեջ։ Նրան ազատեց այնտեղից Նադիր-շահը իր Դաղստանի արշավանքի ժամանակ։
Զրկելով Ջրաբերդը իր հզոր իշխանից, Փանահ-խանը կարծեց դաշնակից մելիքների ուժերը բոլորովին թուլացած, և նա հանդգնաբար հրաման գրեց Գյուլիստանի Մելիք-Յուսուբին, բացարձակ կերպով պահանջելով նրանից, որ հպատակություն ընդունե։ Այդ ժամանակն էր, որ Մելիք-Յուսուբի որդի Մելիք-Բեգլար II, որը սաստիկ գոռոզ ու դյուրաբորբոք երիտասարդ էր, թույլ չտվեց իր հորը պատասխանելու, ասելով, թե ինքը կտա Փանահ-խանի պատասխանը։ Նա իր սուրը բռնելով խանի պատգամավորի գլխի վրա, ստիպեց նրան կուլ տալ բերած հրամանագիրը։ Երբ խեղճ պատգամավորը սարսափելով կուլ տվեց թղթի վերջին պատառը, երիտասարդը ասաց նրան. «Հիմա գնա, ինչ որ կերար այստեղ, նրա արտադրությունը... կլինի Փանահ-խանի պատասխանը...»<ref>Այդ պատմական փաստը չէ մոռացված և «Ղարաբաղի Աստղագետը» կոչված վեպի երկրորդ հատորի 9-րդ գլխում։</ref>։
Այդ անցքերից հետո ավելի սաստիկ կերպով բորբոքվեցավ պատերազմը Փանահ-խանի և դաշնակից մելիքների մեջ։ Վարանդայի Մելիք-Շահնազարը և Խաչենի Մելիք-Միրզախանը, ինչպես առաջ, նույնպես և այժմ հավատարիմ մնացին հայոց ոխերիմ խանին։ Ոչ թե միայն իրանց խորհուրդներով, այլ շատ անգամ իրանց զորքերով օգնում էին նրան։ Բայց չնայելով այդ բոլորին, դաշնակից մելիքները (Գյուլիստանի Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Աթամը և Տիզակի Մելիք-Եսային) այն աստիճան նեղության մեջ էին դրել Փանահ-խանին, որ նրա Շուշի բերդը մշտական պաշարման դրության մեջ էին պահում։
Մինչև այսօր առակ է դարձել Ղարաբաղի ժողովրդի մեջ, թե Թյուլի-Արզումանը, Դալի-Մահրասան և Չալաղան-յուզբաշին ամբողջ յոթն տարի թույլ չտվեցին, որ մի թուրք անցկենար Մազե-կամուրջից<ref>Մազե-կամուրջ կոչվում է Գարգար գետի վրա գտնված կամուրջը Շուշի բերդի մոտ։</ref> դեպի Ջրաբերդի և Գյուլիստանի կողմերը։
Հիշյալ երեք անձնավորությունները երեք հերոսներ են, որոնց դեռ ժողովուրդը չէ մոռացել։ Ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել նրանց մեր ընթերցողներին։
Դալի-Մահրասա թուրքաց լեզվով նշանակում է '''գիժ աբեղա'''։ Եվ իրավ, այդ մարդը աբեղա էր, Ջրաբերդի Եղիշե առսքելո վանքի միաբան։ Ամեն ուխտավոր և այսօր կարող է տեսնել հիշյալ վանքում այն բարձր աշտարակը, որի մեջ, առանձնացած վանականների աղոթող միաբանությունից, բնակվում էր «գիժը»։ Նրա իսկական անունը Ավագ վարդապետ էր, բայց ժողովուրդը նրան '''դալի''' (գիժ) տիտղոսը տվեց։ Մի այսպիսի տիտղոս կրում էին արևելքի տասնևվեցերորդ դարու հերոսը՝ Քոր-օղլին և նրա խմբի մեջ գտնված քաջերը, դրանք կոչվում էին Քոր-օղլու '''դալիներ''' (գժեր)։
Դալի-Մահրասան Ղարաբաղի հայոց Քոր-օղլին էր. ժողովուրդը գուցե մինչև հավիտյան կհիշե այն բոլոր հրաշքները, որ կատարել է նա իր կռիվների մեջ։ Երբ նստում էր իր նշանավոր մոխրագույն (բոզ) նժույգի վրա և կայծակի նման նետվում էր դեպի պատերազմի դաշտը, նրա ահարկու, որոտալից ձայնը բավական էր թշնամուն սարսափեցնելու համար։ Եկեղեցու մոլեռանդությունը պատժեց գիժ աբեղային իր կատարած արյունահեղությունների համար։ Սիմոն կաթողաիկոսի ժամանակ նրան տարան Էջմիածին և բանտարկեցին սառցատան մեջ, որ ապաշխարե։ Մի օր իր բանտի մեջ լսեց նա, որ վանքում ինչ-որ աղմուկ և իրարանցում է տիրում։ Նրա հարցին պատասխանեցին, թե Ջալալի քրդերը եկել վանքի անասունները թալանեցին, հիմա վտանգ կա, որ վանքն էլ կողոպտեն։
— Կարո՞ղ եք տալ ինձ մի ձի և մի քանի զենքեր,— ասաց ապաշխարողը։
Երբ նրա խնդիրը կատարվեցավ, նա նստեց ձին և նետվեցավ ջալալների ետևից։ Մի քանի ժամից հետո վերադարձավ նա, ետ բերելով քրդերի տարած ավարը։ Այդ օգուտը վանքին տալուց հետո նրան արձակեցին, խոստմունք առնելով, որ այլևս մարդասպանություն չանե։ Բայց նա չկատարեց իր խոստմունքը։ Հայրենիքի թշնամիներին սպանելը նա մեղք չէր համարում և շարունակում էր մասնակցել մելիքների բոլոր պատերազմների մեջ։ Մի անգամ Գանձակ քաղաքի մոտ, լեզգիների հետ պատերազմելու ժամանակ, գիշերը վրա հասավ։ Նա կռվից հոգնած նստել էր գերեզմանաքարի վրա, որ փոքր-ինչ հանգստանա։ Նրա շուրջը ծածկված էր դիակներով, որ ընկել էին իր ձեռքով։ Այդ միջոցին վիրավոր լեզգիներից մեկը, որի շունչը դեռ չէր կտրված, ատրճանակը բարձրացրեց և գնդակով զարկեց նրան։ Քաջի մարմինը թաղվեցավ Գանձակի մայր եկեղեցու գավթում։
Գժի հետ ծանոթացանք, հիմա անցնենք Թյուլի-Արզումանին։
Թյուլի թուրքաց լեզվով նշանակում է ավազակ, բայց ոչ այն տեսակ մանր ավազակներից, որոնք գիշերը ծածուկ կերպով մտնում են քնած քաղաքացու տունը և կողոպտում են նրան։ Թյուլին բացարձակ կերպով է գործում. օր-ցերեկով քարավաններ, գյուղեր և քաղաքներ է կողոպտում։ Այդպես էր և Արզումանը։ Նա Մելիք-Աթամի հոր (Մելիք-Իսրայելի) հովիվի որդին էր, մանկության օրերում ոչխարներ էր արածացնում, իսկ հետո Մելիք-Աթամի ընտիր զորապետներից մեկը դարձավ։
Փանահ-խանը այն աստիճան նեղված էր Թյուլի-Արզումանից, որ մի հնարքով նրա հորը՝ Սարգսին, բռնել տվեց, տարավ Շուշի բերդում իբրև պատանդ պահեց, գուցե դրանով ազատվեր որդու հասցրած վնասներից։ Մի օր խանը ասաց Սարգսին.
— Խրատիր քո որդուն, որ դադարե չարագործությունից. նա Ղարաբաղի երկիրը ավերակ դարձրեց. Մազե-կամուրջը թողեց կարոտ մարդիկների անցուդարձից։
— Ես Արզուման անունով որդի չունեմ,— պատասխանեց ծերունի հայրը սառնասրտությամբ։
— Ինչպե՞ս չունես,— հարցրեց խանը բարկանալով։— Մի՞թե այն արյունարբու Արզումանը, որ իմ երկրները կողոպտում է, որ իմ շինականների տները հրդեհում է, որը ինձ ամեն օր հանգստություն չէ տալիս, մի՞թե այդ ավազակը քո որդին չէ։
— Այո՛, իմ որդին չէ,— պատասխանում է դառնացած ծերունին,— եթե նա իմ որդին լիներ, քեզ մինչև այսօր կենդանի չի պիտի թողներ և քո բերդի ավերակները քո գերեզմանը պիտի դարձներ...»։
Խանը հրամայեց, իսկույն գլխատեցին հանդուգն ծերունուն։ Իսկ Արզումանը սպանվեցավ Գանձակի պաշարման ժամանակ, որի մանրամասնությունները կտեսնենք հետո։
Չալաղան-Յուզբաշու պատմությունը կարճ է. նա բոավանդակվում է հենց իր մականունի մեջ, որ ժողովուրդը տվել էր նրան։ Դա բառացի թարգմանությամբ նշանակում է հափշտակող կամ ասպատակող հարյուրապետ։ Եվ իրավ, նա ավելի մի ավազակապ ետ էր, քան թե զորապետ։ Մինչև այսօր Ջրաբերդի գավառում, Երիցմանկանց վանքի հանդեպ, մի նեղ ձորի մեջ, որի երկու կողմից բարձրանոս.մ էին ահագին անտառապատ լեռներ, Թըրղի գետի ափի մոտ ցույց են տալիս մի հին ամրոցի ավերակներ։ Այստեղ էր բնակվում «հափշտակող և ասպատակող հարյուրապետը»։ Նրա իսկական անունը հայտնի չէ, ժողովուրդը իր սիրելի հերոսին կոչում էր իր արհեստի անունով։ Այն ևս հայտնի չէ, թե որպիսի վախճան ունեցավ այդ քաջը։ Միայն պատմում են, թե դա էր այն պատգամավորներից մեկը, որոնք անդադար դիմում էին դեպի ռուսաց արքունիքը և իրանց հայրենիքի փրկության համար օգնություն էին խնդրում։ Երբ տեսավ դիպլոմատիան չօգնեց, սկսեց գործել սրով։
===XIII===
Հայոց դաշնակից մելիքները նկատեցին, որ Փանահ-խանին իսպառ ոչնչացնելու համար և նրա կողմնակից երկու հայ մելիքներին (Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզախանին) պատժելու համար պետք էր արտաքին ուժերից ևս օգուտ քաղել։
Երբ Պարսկաստանից եկավ Ղարաբաղի կողմերը ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը (1761), Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը միացան նրա հետ։ Այդ Ֆաթալի-խանը Նադիր-շահի սիրելի և քաջ զորապետներից մեկն էր։ Շահի մահից հետո, Պարսկաստանում հուզված խռովությունների ժամանակ, Ֆաթալի-խանը սրի ուժով հնազանդեցրեց ամբողջ Ատրպատականը, հետո արշավեց դեպի Ղարաբաղի կողմերը։ Միանալով հայոց մելիքների հետ, նա պաշարեց Շուշի բերդը։ Փանահ-խանը և Մելիք-Շահնազարը առժամանակ կարողացան քաջությամբ պաշտպանվել, բայց հետո անճարացած ստիպված եղան անձնատուր լինել։ Ֆաթալի-խանը մեղանչեց այն պայմանի դեմ, որ դրել էր իրան օգնող երկու մելիքների՝ Աթամի և Յուսուբի հետ։ Այդ պայմանը կայանում էր նրանում, որ Ֆաթալի-խանը<ref>Դա միևնույն օվշար (ցեղի անուն է) Ֆաթալի-խանն էր, որ Տաթևի վանքը կողոպտհց (1762), մի մասը ավերակ դարձրեց և Տաթևի վանահայր Հովհաննես եպիսկոպոսին սպանել տվեց։</ref> պիտի բավականանար միայն Շուշի բերդի կողոպուտով, իսկ Փանահ-խանին պիտի հանձներ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի ձեռքը, որպես կամենային, այնպես վարվեին նրա հետ։ Բայց նա, ստանալով Փանահ-խանից տասն հազար թուման փող և նրա որդի երիտասարդ Իբրահիմ-աղային պատանդ առնելով, իր հետ տարավ Պարսկաստան։
Այդ պարտությունը երկար մոռանալ չկարողացավ Փանահ-խանը, պահելով իր սրտում այն ոխը, որ եթե հայոց մելիքները չօգնեին, պարսիկ խանը չէր կարող գրավել իր բերդը և իր որդուն որպես գերի տանել Պարսկաստան։ Այդ անցքն ավելի գրգռեց Փանահ-խանի թշնամությունը դեպի հայոց դաշնակից մելիքները և նորանոր կռիվների առիթ տվեց։
Հայոց դաշնակից մելիքներին հարկավոր էին նոր ուժեր։ Պետք է ի նկատի առնել, որ Ղարաբաղի մելիքությունների աշխարհագրական բաժանումներն այնպես էին դասավորված, որ երեք դաշնակից մելիքները խիստ դժվարությամբ կարողանում էին միանալ և ընդհանուր ուժերով դեմ դնել թշնամուն։ Որպես մեղ հայտնի է, դաշնակից երեք մելիքությունները Գյուլիստանի, Ջրաբերդի և Տիզակի մելիքություններն էին։ Գյուլիստանը և Ջրաբերդը սահմանակից էին և այդ պատճառով կարող էին իրանց ուժերը միացնել, իսկ Տիզակը իր աշխարհագրական դիրքով բաժանված էր այդ երկու գավառներից։ Տիզակի և հիշյալ երկու գավառների մեջտեղում ընկած էին՝ Խաչենի մելիքությունը, Շուշի բերդը և Վարանդայի մելիքությունը, որոնք կապված էին Փանահ-խանի հետ։ Ուրեմն թշնամին մտել էր դաշնակիցների մեջտեղում։ Այդ էր պատճառը, որ Գյուլիստանի և Ջրաբերդի մելիքները շատ օգուտ չէին կարողանում քաղել իրանցից անջատված Տիզակի մելիքից, որը այդ ժամանակ Մելիք-Եսային էր։
Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը դիմում են վրաց իշխան Հերակլեի հայր Թեյմուրազին, առաջարկում են միանալ նրա հետ՝ Փանահ-խանի իշխանությունը ոչնչացնելու համար, խոստանում են, որ իրանք ևս պատրաստ կլինեն ամեն մի հարկավորած դեպքում օգնել վրաց իշխանին, որպես հավատարիմ դաշնակիցներ։ Թեյմուրազն ընդունում է հայոց մելիքների առաջարկությունը, որովհետև ինքն ևս թշնամություն ուներ Փանահ-խանի հետ։ Նա հավաքում է վրացիների, օսեթի, խեսուրների և այլ լեռնցիների ահագին խառնիճաղանջ բազմություն, արշավում է դեպի Ղարաբաղի կողմերը (1762)։ Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը իրանց զորքերով միանում են նրա հետ։ Ասկարանի ավերակների<ref>Ասկարանի ավերակները Շուշի բերդից մոտավորապես 30 վերստ հազիվ հեռավորություն ունեն։</ref> մոտ բանակ է դրվում, հայոց մելիքները մատակարարում են իրանց դաշնակից հյուրերի բոլոր պաշարեղենները։
Այդ միջոցին Փանահ-խանը նույնպես անգործ չէ մնում, նա ամրացնում է իր բերդը՝ Շուշին, օգնության է կանչում իր երկու հավատարիմներին՝ Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին, որոնք իրանց ուժերով միանում են նրա հետ։
Ճակատամարտը կատարվում է Գարգար գետի ափերի մոտ, Ասկարանի ավերակներից փոքր-ինչ հեռու։ Փանահ-խանի զորքերը ջարդվում են, և ինքը փախչում է դեպի Պարսկաստան։ Բայց երկու քաջեր՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը փախստականին Խուդափիրինի կամուրջից<ref>Երասխ գետի վրա։</ref> բռնելով, ետ են բերում։
Մելիք-Շահնազարը հաղթվելուց հետո փախչում է և ամրանում իր Ավետարանոց բերդում, Մելիք-Միրզա-խանն էլ նրա մոտ ապաստան է գտնում։ Այդ միջոցին հայոց և վրաց միացած ուժերը պաշարում են Ավետարանոց բերդը և մի քանի օրվա րնդդիմադրոլթյունից հետո գրավում են նրան։ Մելիք-Շահնազարը և Մելիք-Միրզա-խանը գերի ընկնում. Ավետարանոց բերդը ավերակ է դառնում, այդ երկու մելիքների և Փանահ-խանի երկրները բոլորովին ավարի են առնում, հրդեհում են և ամեն ինչ ոչնչացնում են։
Այդ բոլորից հետո Թեյմուրազը հիշյալ երկրների իշխանությունը տալով Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին, կամենում է վերադարնալ դեպի Վրաստան, Փանահ-խանին, Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին իր հետ տանելով որպես գերիներ։ Բայց հայոց դաշնակից մելիքները, Թեյմուրազի հետ սկզբից դրած պայմանի համեմատ, պահանջում են, որ Փանահ-խանին և հիշյալ երկու մելիքներին իրանց ձեռքը տա, որպես կամենան, այնպես վարվեն նրանց հետ, իսկ ինքը պետք է բավականանա միայն պատերազմական ավարով։ Թեյմուրազը կամենում է նույն խաբեությունը գործ դնել իր դաշնակիցների հետ, ինչ խաբեություն որ գործ դրեց օվշար Ֆաթալի-խանը։ Նա բացարձակ կերպով չէ մերժում Մելիք-Աթամի և Մելիք-Ցուսուբի պահանջը, բայց զանազան պատրվակներով հետաձգում է, մինչև իր զորքերի և գերիների հետ դուրս է գալիս Ղարաբաղի սահմաններից։
Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հասկանում են, որ վրաց ընչաքաղց իշխանը դիտավորություն ունի մեծագումար փրկանք ընդունել Փանահ-խանից և նրա երկու մելիքներից և այնուհետև նրանց բաց թողնել։ Այդ առիթ է տալիս սաստիկ հակառակության, հայ և վրաց դաշնակցությունը քանդվում է, և Մելիք-Աթամը ու Մելիք-Յուսուբը վիրավորված բաժանվում են Թեյմուրազից։
Բայց Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը այն տեսակ մարդիկներից էին, որ չէին կարող անպատիժ թողնել խաբեբային։ Նրանք իսկույն դիմում են Շիրվանի կառավարիչ Հաջի-Չելեբի<ref>Հաջի-Չելեբին ծագումով հայ էր։ Տասնևյոթերորդ դարու վերջերում, Շիրվանի Ղաբալա կոչված գավառի Սոգութլու գյուղում բնակվում էր Բարսեղ անունով մի քահանա, որին թուրքերը կոչում էին «ղարա֊քեշիշ» (սև քահանա)։ Դա գաղթական էր Ղարաբաղի Խաչեն գավառից և տեղային մելիքների տոհմից էր։ «Սև քահանան» իշխանական փառասիրություն ուներ, դիմեց Սպահան պարսից շահից մելիքության ֆիրման ստացավ։ Բայց նա ուներ մի հակաոակորդ՝ Մելիք-Մուհամմեդ անունով Ղաբալա գավառի Ղուրթաշին գյուղում, որը թույլ չտվեց «սև քահանայի» ստացած ֆիրմանը * գործ դրվեր։ Այդ Մելիք-Մուհամմեդը, ինչպես երևում է, նույնպես հայոց ծագումից էր, բայց մահմեդականություն ընդունած։ «Սև քահանան» նույնպես ընդունում է մահմեդականություն, որ կարողանա իր ֆիրմանը գործ գնել։ Բայց հակառակորդը ավելի զորավոր է լինում, և քահանայի կրոնափոխությունը անցնում է ապարդյուն։ «Սև քահանայի» որդին էր Ղասաբ-Ղուրբանալին, որը մի հասարակ մսավաճառ էր։ Իսկ այդ հասարակ մսավաճառից ծնվեցավ Հաջի-Չելեբին, որը Շիրվանի զորավոր խաների նախահայրը եղավ։</ref> անունով խանին և առաջարկում են նրան իրանց դաշնակցությունը, միանալու միասին վրաց իշխանի դեմ։ Այդ Հաջի-Չելեբին հաշտ էր հայոց մելիքների հետ. մենք տեսանք, դեռ մի քանի տարի առաջ նա միացավ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբ ի հետ, և միասին քանդեցին Փանահ-խանի Ասկարան անունով բերդը։ Բայց նա սաստիկ ատելություն ուներ դեպի վրացիները, այդ պատճառով սիրով ընդունեց Մելիք-Աթամի և Մեքիք-Յուսուբի առաջարկությունը։
Մինչև Հաջի-Չելեբիի Կուր գետը անցնելը, մինչև հայոց երկու մելիքների հետ միանալը, կատարվեցավ մի այլ անցք։ Վրաց իշխան Թեյմուրազը Գանձակի մոտից անցկենալու ժամանակ, նրա զորքերը կողոպտում էին ճանապարհի վրա պատահած գյուղերը։ Նրա առաջը դուրս եկավ տեղային իշխան Շահվերդի-խանը, երկուսի մեջ սաստիկ կռիվ ծագեց։ Շահվերդի-խանը գերի բռնվեցավ։ Այդ միջոցին վրա հասավ Հաջի-Չելեբին հայոց երկու մելիքների հետ։ Մի թեթև ճակատամարտից հետո, որ կատարվեցավ Շեյխի Նիզամի կոչված տեղում, վրացիները հաղթվեցան և, թողնելով իրանց հափշտակած բոլոր ավարը, սկսեցին փախչել դեպի Թիֆլիս։ Հայոց և Հաջի-Չելեբիի զորքերը հետամուտ եզան, հալածեցին նրան մինչև Սընըղի կամուրջը, անցան Ղազախի և Շամշադինի գավառները և, ամեն տեղ թալանելով, ետ դարձան։
Բայց այն, ինչ որ հայոց մելիքների ամենագլխավոր ցանկությունն էր, դժբախտաբար չկատարվեցավ։ Նրանք չկարողացան ձեռք ձգել ոչ Փանահ-խանին, ոչ Մելիք-Շահնաղարին և ոչ էլ Մելիք-Միրզա-խանին։ Որովհետև մինչև նրանց հասնելը։ Թեյմուրազը հիշյալ գերիներից մեծ գումար ստանալով՝ բաց էր թողել։ Հայոց մելիքները կարողացան ազատել միայն Գանձակի Շահվերդի-խանին, և այդ երախտիքը ապագայում մեծ օգուտ ունեցավ, որովհետև, որպես պիտի տեսնենք հետո, Գանձակի խաների և հայոց մելիքների մեջ կազմվեցավ սերտ բարեկամական հարաբերություն։ Գանձակի բերդը դարձավ հայոց մելիքների և նրանց ժառանգների ապահով ապաստարան. ամեն մի տագնապի և դժվարին դեպքերի ժամանակ այստեղ էին պատսպարվում։
===XIV===
Գանձակի Շահվերդի-խանը<ref>Շահվերդի-խանը Ուզուբլու-խանի որդին էր։</ref>, բացի վերոգրյալ պատճառներից, վաղուց արդեն երախտապարտ էր Մելիք-Աթամին և նրա լավ բարեկամը։ Երբ Շահվերդի-խանի հայրը մեռավ, նրա եղբայրը, Մամատ-խանը, կամենում էր սպանել նրան Գանձակի խանությունը գրավելու համար։ Այդ միջոցին Շահվերդի-խանը փախավ Ջրաբերդ Մելիք-Աթամի մոտ և իր կյանքը ազատեց։ Հետո Մելիք-Աթամը հայոց զորքերով նրան տարավ Գանձակ, և Մամատ-խանին խեղդել տալով, Շահվերդի-խանին հաստատեց իր հոր իշխանության մեջ։ Այդ օգնությունը չմոռացավ Շահվերդի-խանը, չմոռացավ և նրա որդի Ջավադ-խանը Մելիք-Աթամի ժառանգ Մելիք-Մեջլումի վերաբերությամբ, որպես պիտի տեսնենք մեր պատմության ընթացքում։
Իսկ Մելիք-Յուսուբը, որպես մեր ընթերցողին հայտնի է, մոր կողմից տոհմակից էր Շահվերդի-խանին։ Մելիք-Յուսուբի մայրը՝ Ղամար-սոլթանը, Շահվերդի-խանի եղբոր աղջիկն էր, քրիստոնեություն ընդունած։ Նրա պատմությունը հիշեցինք մեր հոդվածի սկզբներում։
Թեյմուրազի հետ ունեցած պատերազմներից հետո Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը առժամանակ մնացին Գանձակում։ Շահվերդի-խանը նրանց հյուրասիրեց իր մոտ։ Շահվերդի-խանը բարեսիրտ մարդ էր, որպես առհասարակ եղել են Գանձակի խաները։ Նա ծագումով թուրք չէր, այլ պարսիկ էր. պարսիկները համեմատաբար ավելի բարի են եղել դեպի քրիստոնյաները, քան թե վայրենի, մանգոլական թուրքերը։ Իր սահմանակից և հեռավոր խաների մեջ (որպես էին Շաքիի, Շիրվանի, Շուշիի, Դերբենդի, Բաքվի և այլ խաները) Շահվերդի-խանը ավելի բարձր դիրք ուներ և ձայն. նա պարսից կառավարությունից ճանաչված էր որպես բեգլեր-բեգի, այսինքն՝ իշխանների իշխան։
Շահվերդի-խանը կամեցավ հաշտեցնել Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին Փանահ-խանի հետ։ Քսանամյա անընդհատ պատերազմները, որոնք այնքան արյան և դժբախտությունների պատճառ դարձան, մաշել էին երկու կողմերի ուժերն ևս։ Ժողովուրդը բոլորովին ձանձրացել էր շարունակ կռիվներից, հանգստանալ էր ուզում։ Այդ էր պատճառը, որ Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հաճությամբ ընդունեցին Շահվերդի-խանի առաջարկությունը։ Հաշտության գլխավոր պայմանները դրանք էին, որ Փանահ-խանը տեր լինի Շուշի բերդին, առանց իրավունք ունենալու միջամտել մելիքների երկրի և հպատակների գործերի մեջ, եթե հարկավոր լինի պատերազմ արտաքին թշնամիների հետ, պետք է վճռվի ընդհանուր համաձայնությամբ. Փանահ-խանը ինքնագլուխ ոչ ոքի հետ պատերազմելու իրավունք չի պիտի ունենա. հայոց մելիքների երկրներից հավաքված հարկերը պետք է գործ դրվեն տեղային պետքերի համար. Փանահ-խանը Ղարաբաղի մեջ նոր նվաճումներ անելու համարձակություն չի պիտի ունենա և այլն։
Փանահ-խանը, քանի կենդանի էր, պահպանեց խաղաղության այդ պայմանները։ Նրա մահից հետո որդին՝ Իբրահիմ-խանը, թեև առժամանակ հետևեց հոր օրինակին, բայց հետո ոչնչացրեց հոր դաշնադրությունը, և հանգամանքները փոխվեցան...
Ավելորդ չէր լինի մի քանի խոսք ասել Փանահ-խանի մահվան մասին։
Մենք տեսանք, որ ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը, միանալով հայոց մելիքների հետ, պատերազմեց Փանահ-խանի հետ և նրան հաղթելով, որդուն՝ Իբրահիմ-աղային, իբրև պատանդ տարավ Պարսկաստան։ Այդ Ֆաթալի-խանը հետո Պարսկաստանում պատերազմ ունեցավ Ասկար-խանի հետ (որը զենդ Քերիմ-խանի եղբայրն էր) և սպանեց նրան։ Երբ Քերիմ-խանը զորացավ և Պարսկաստանում շատ նվաճումներ կատարեց, կամեցավ պատժել Ֆաթալի-խանին իր եղբոր սպանման համար։ Շիրազից գալով, պաշարեց նա Ֆաթալի-խանի Ուրմի բերդը (1762) և նրան կալանավորելով, տարավ Շիրազ։ Այն ժամանակ Քերիմ-խանը ազատեց Փանահ-խանի որդի Իբրահիմ-աղային, որը Ուրմի բերդում պահված էր, նրան ևս իր հետ Շիրազ տարավ։
Փանահ-խանը, լսելով այդ դեպքը, մեծ ընծաներով գնաց Պարսկաստան Քերիմ-խանի մոտ, իր որդուն ստանալու դիտավորությամբ։ Երկու տարի մնաց Շիրազում, վերջը տեսնելով, որ ոչ իրան են բաց թողնում և ոչ որդուն են տալիս, իր հատուկ խորամանկությամբ հնարեց մի խաղ, որ գոնե իր անձը կարողանա ազատել։ Որովհետև Քերիմ-խանը, որ այդ ժամանակ իրան ամբողջ Պարսկաստանի թագավոր էր համարում, երկրի խաղաղությունը պահպանելու համար, չէր ցանկանում Ղարաբաղի խռովարարին կրկին բաց թողնել իր հայրենիքը։ Փանահ-խանը իրան ձևացրեց մեռած և դրվեցավ դագաղի մեջ։ Նրա մարդիկը, դիմելով Քերիմ-խանին, խնդրեցին, որ թույլ տա կատարելու հանգուցյալի կտակը, նրա մարմինը տանելով իր հայրենիքը, այնտեղ թաղելու համար։ Քերիմ-խանը հասկացավ խորամանկությունը։— Ես նրան պետք է պատվով հուղարկավորեմ...— ասաց նա,— նրա մարմինը ճանապարհին կհոտի. հարկավոր է զմռսել նրան...
Քերիմ-խանի հրամանով դահիճները դուրս թափեցին կենդանի հանգուցյալի փորոտիքը, որպես անում են դիակները զմռսելու համար, հետո հանձնեցին նրա մարդիկներին, ասելով, թե հիմա կարող եք տանել։ Նրա մարմինը բերվեցավ Ղարաբաղ։
Այս մահով մեռավ Փանահ-խանը (1763)։ Այնուհետև Քերիմ-խանը մտածելով, որ որդին ավելի հավատարմությամբ կծառայե Պարսկաստանին, քան թե խորամանկ հայրը, նրան խանության աստիճան շնորհեց և ուղարկեց Ղարաբաղ։ Իբրահիմ-աղան դարձավ Իբրահիմ-խան և հաջորդեց հորը։
===XV===
Իբրահիմ-խանը սկզբում պահպանեց իր հոր կապած դաշնագրության պայմանները հայոց մելիքների հետ, որովհետև դեռ թույլ էր և բոլորովին չէր ամրացած իր տեղի մեջ։ Բայց հետո մի քանի հանգամանքներ նպաստեցին նրան զորանալ, և հայոց մելիքների հետ բռնությամբ վարվել։
Այդ հանգամանքներից մեկն այն էր, որ Վարանդայի Մելիք-Շահնազարը, այդ հայրենիքի դավաճանը, որ իր Շուշի բերդը տալով Փանահ-խանին, նրան ուժ և զորություն տվեց, որը իր աջակցությամբ այնքան բարձրացրեց հասարակ ջուանշիրցի խաշնարածին, որ Ղարաբաղի հայ իշխանությունների քայքայման պատճառը դարձավ,— այժմ միևնույն Մելիք-Շահնազարը, Փանահ-խանի մեռնելուց հետո, իր վաղեմի բարեկամությունը նրա որդու հետ պահպանելու համար, կատարեց մի այլ ամոթալի գործ։ Նա իր աղջկան՝ գեղեցիկ Հյուրի-զադին, տվեց Իբրահիմ-խանին կնության։ Մելիք-Շահնազարի այդ վարմունքը սաստիկ վրդովեցրեց հայոց մյուս մելիքներին, մանավանդ Տիզակի Մելիք-Եսայուն, որովհետև Հյուրի-զադը իր աղջկանից ծնված էր<ref>Մելիք-Շահնազարն ուներ մի քանի կնիկներ, նրա Սոնա անունով կինը Հյուրի-զադի մայրն էր և Մելիք-Եսայու աղջիկը։</ref>։
Այդ դեպքը առիթ տվեց սարսափելի կռիվների Մելիք-Շահնազարի և Մելիք-Եսայու մեջ, որոնք տևեցին մի քանի տարիներ։ Մելիք-Շահնազարը միացավ Խաչենի Մելիք-Միրզա-խանի հետ, և երկուսը միասին հարձակումներ էին գործում Մելիք-Եսայու Տող բերդի վրա։ Մի ճակատամարտի մեջ Մելիք-Միրզա-խանը գերի բռնվեցավ։ Մելիք-Եսային<ref>Մելիք-Եսային կարդացած մարդ էր, նա բավական հմտություններ ուներ հայոց, պարսից և արաբական դպրության մեջ։</ref>, իր սուրը բռնելով նրա գլխի վրա, արտասանեց հետևյալ խոսքերը. «Դո՛ւ, Միրզա-խան, շատ նման ես այն դավաճանին, որին կոչում էին Մեհրուժան։ Նա ուրացավ մեր կրոնը, նա պարսից ձեռքում գործիք եղավ և սկսեց մեր հայրենիքը ավերակ դարձնել։ Նրան, որպես վարձատրություն իր կատարած չարագործությունների համար, խոստացել էին Հայաստանի թագը։ Մի ճակատամարտի մեջ նա ևս քեզ նման գերի ընկավ հայերի ձեռքը։ Այդ միջոցին հայոց զորավարներից մեկը, որին կոչում էին Սմբատ Բագրատունի, կրակի մեջ շիկացած շամփուրին պսակի ձև տվեց և, դնելով նրա գագաթի վրա, ասաց. «Դու ցանկանում էիր հայոց թագավոր լինել, ահա՛ ես, իբրև ասպետ և թագադիր, պսակում եմ քեզ...»<ref>'''«Դու ցանկանում էիր հայոց թագավոր լինել, ահա ես իբրև ասպետ և թագադիր պսակում եմ քեզ...»։'''— Հատվածը ամբողջությամբ առնված է Մովսես Խորենացուց, տե՛ս «Հայոց պատմութիւն», հատված երրորդ, գլուխ ԼԷ։—'''Խմբ.'''</ref>։ Բայց դու գոնե Մեհրուժանի չափ փառասիրություն չունեիր. դու միայն մի ցած դավաճան էիր, որ առօրյա չնչին փառքի համար թուրք խանի և Մելիք-Շահնազար չարագործի արբանյակը դարձար։ Քեզ հետ պետք է վարվել ինչպես մի կատաղած շան հետ, որին սպանում են, որպեսզի մյուս արարածները նրա կծոտելուց չվարակվեն...»։ Վերջին խոսքերի հետ նա իջեցրեց իր սուրը (1775)։
Մելիք-Միրզա-խանի փոխարեն Իբրահիմ-խանը Խաչենի կառավարիչը կարգեց նրա որդի Մելիք-Ալլահվերդուն, որը հոր նման հավատարիմ մնաց թուրք խանին։ Դրանով կռիվը ավելի բորբոքվեցավ։ Եվ որովհետև կռիվների սկզբնապատճառը գեղեցիկ Հյուրի-զադն էր, այդ պատճառով Իբրահիմ-խանը նույնպես խառնվեցավ կռիվների մեջ, իհարկե, բռնելով Մելիք-Շահնազարի կողմը։
Մելիք-Եսային միայնակ պիտի պատերազմեր իր երեք թշնամիների դեմ, որպես էին՝ Իբրահիմ-խանը, Մելիք-Շահնազարը և Մելիք Ալլահվերդին։ Նրա հզոր դաշնակիցները այլևս չկային։ Մենք հետո կտեսնենք, որ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը վախճանվեցավ (1775) և նրա որդին՝ Մելիք-Աբով III, ավելի զբաղված էր իր երկրի կառավարությունով, քան թե պատերազմներով։ Մելիք-Յուսուբից հինգ տարի հետո՝ 1780 թվին վախճանվեցավ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Աթամը, այն սարսափելի մարդը, որից դողում էր Իբրահիմ-խանը։ Հանգուցյալի մահից հետո հաջորդեց որդին՝ Մելիք-Մեջլումը։ Այդ երիտասարդը թե հոր քաջությունը և թե նրա հայրենասիրությունն ուներ։ Բայց չափազանց դյուրագրգիռ և բարկացկոտ բնավորության տեր լինելով, նա հրացանի բռնել տվեց մի քանի նշանավոր հայ ազնվականների<ref>Դրանցից մեկն էր Գյուլ-յաթաղ գյուղի Միսայել-բեկը, մյուսը՝ նրա փեսա Հակոբ-Յուզբաշին։</ref> և այդ պատճառով բարձրացրեց իր իշխանության մեջ ներքին կռիվ։ Դրա համար ժամանակ չունեցավ Մելիք-Եսայուն օգնելու։
1781 թվին Իբրահիմ-խանը իր բարեկամ երկու մելիքների հետ պաշարեցին Մելիք-Եսայու Տող բերդը։ Նա քաջությամբ պաշտպանվում էր։ Պաշարումը տևեց երկար։ Հետո խանը Մելիք-Շահնազարի խորհուրդով ուղարկեց նրա մոտ մի քահանա և մի նշանավոր հայ մարդ<ref>Անունները հայտնված չեն այն գրչագիր պատմության մեջ, որից մենք քաղում ենք այդ անցքը։</ref>, երդումով, խաչով ու Ավետարանով, որ Մելիք-Եսային ցած իջնե իր բերդից հաշտվելու համար։ Նա հավատաց և դուրս եկավ բերդից։ Իբրահիմ-խանը նրան բանտի մեջ խեղդել տվեց, նրա ամբողջ կայքը հափշտակեց և տունը ավերակ դարձրեց<ref>Նրա գերեզմանը գտնվում է իր բերդի եկեղեցու զավթում. տապանաքարի վրա կարդացվում է Հետևյալ արձանագրությունը.<br>«Այս է տապան քաջ իշխանին, Սայի անուն մեծ մելիքին. Կարգեալ իշխան Նադիր-շահին, երեսուն երեք ամ տիրեաց Տիզակ երկրին, զքաջութիւն և զհաշտութիւն արար բազում ձեռամբ նորին։ Ընդ անօրինաց էր հակառակ. ի սուր մաշեր զթշնամին։ Ինքն պարթև և զորաւոր, քան զառաջինսն էր ահաւոր։ Մինչ վաթսուն և վեց ամաց եղեալ, ի յաշխարհէ վերափոխեալ։<br>Վախճանեցավ թուին ՌՄԼ (1781)»։</ref>։
Մելիք-Եսային խաբեության զոհ դառնալուց հետո նրան հաջորդեց իր եղբոր (Մելիք-Աթամի) որդի Մելիք-Բախտամը։
Իբրահիմ-խանը ունեցավ մի երկրորդ ամուսնություն ևս, որը ոչ սակավ նպաստեց նրա զորանալուն։ Նա կին առեց Դաղստանի Ավարիա գավառակի իշխող Օմար-խանի (Ումայի-խան) աղջկան, որ կոչվում էր Բիքա։ Այդ Օմար-խանը Նուսխալ-խանի որդին էր։ Փեսա դառնալով, մի կողմից Վարանդայի հայոց իշխանին, մյուս կողմից՝ Դաղստանի լեռնաբնակների խանին, Իբրահիմ-խանը սկսեց օրըստօրե զորանալ։ Ամեն մի սպառնալից դեպքում նա կամ Դաղստանից օգնություն էր ստանում, կամ փախչում էր իր աներոջ մոտ, կյանքը ազատում էր։
Բայց միայն Մելիք-Շահնազարը և Օմար-խանը չէին Իբրահիմ-խանի զորանալու պատճառները. տեղի ունեցան և ուրիշ առիթներ, որոնք ոչ սակավ ուշադրության արժանի են։
===XVI===
1775 թվին, որպես հիշեցինք, վախճանվեցավ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը ծերության հասակում։ Ղարաբաղի մելիքների մի հայրենասեր և եռանդոտ դաշնակիցը պակսեցավ։ Նա կտակեց որդուն իր սուրը պատյանի մեջ չդնել, մինչև Ղարաբաղը իսպառ մաքրված չլինի մահմեդականներից։
Նա թողեց երկու որդի. երեցը կոչվում էր Բեգլար, կրտսերը՝ Աբով։ Հոր մահից հետո հաջորդեց Բեգլարը։
Դա Մելիք-Բեգլար II է, որը սաստիկ գոռոզ, քաջասիրտ և պատերազմասեր երիտասարդ էր։ Նա դեռ հոր կենդանության ժամանակ մասնակցում էր նրա կռիվների մեջ և հայտնի էր իր զարմանալի հաղթություններով։
Բայց այդ անպարտելի տղամարդը, որ իր երիտասարդությունը անցուցել էր պատերազմների մեջ, երկար չվարեց իր երկրի իշխանությունը։ Մի անգամ լեզգիների հետ ունեցած ճակատամարտում, որ տեղի ունեցավ Գանձակից ոչ այնքան հեռու, Գորանի գետի ափին, նույն անունով գյուղի մոտ Մելիք-Բեգլարը հրացանի գնդակից սպանվեցավ։
Նրա մահվան մասին ավանդությունը ստեղծել է մի այսպիսի լեգենգա. թե այն րոպեում, երբ մելիքը պատրաստվում էր պատերազմ գնալու, նրա մայրը՝ բարեսիրտ Հերիքնազը դուրս եկավ որդու առջև և արտասուքը աչքերում բռնեց նրա ձեռքից, աղաչում էր, որ իրան հեռու պահե արյունահեղությունից, որ գոնե այս անգամ պատերազմ չգնա, որովհետև ինքը վատ երազ է տեսել... տխուր կասկածներ տանջում են նրա սիրտը... Խստասիրտ որդին մերժեց մոր աղաչանքը և, ձեռքով մի կողմ հրելով նրան, ցած ձգեց և ձին նստելով գնաց։ Բայց այլևս չվերադարձավ. մոր անեծքը պատժեց նրան...
Բայց Մելիք-Բեգլարի սպանման մեջ կար մի ամբողջ ռոման։
Մելիք-Բեգլարը ամուսնացած էր Վարանդայի Մելիք-Շահնազարի դստեր՝ Ամարնանի (Մարիամի) հետ։ Բացի օրինավոր կնոջից նա պահում էր մի սիրուհի Բալա անունով։
Մինչև այսօր, երբ ուղևորը անցնում է Գյուլիստանի Խարխափուտ գյուղից և մտնում է նույն անունով ձորի մեջ, ճանապարհի աջ կողմում ցույց են տալիս մի հին այգի։ Անտառային ծառերը աճելով՝ խառնվել են պտղատու ծառերի հետ և այգու վաղեմի գեղեցկությունը ծածկվել է վայրենի մացառների տակ։ Այդ տեղին կոչում են Մելիք-Բեգլարի այգի։ Այստեղ հատկապես շինել տված գեղեցիկ ամառանոցում ապրում էր իշխանի սիրուհին։ Ամառանոցի ավերակներն են մնացել այժմ։
Ամուսնի այդ տեսակ վարմունքը չէր կարող չգրգռել նրա օրինավոր կնոջ՝ Ամարնանի, խանդոտությունը։ Այդ կինը, ինչպես վերևում հիշեցի, Վարանդայի Մելիք-Շահնազարի աղջիկն էր։ Իր հոր նման միջոցների մեջ ընտրություն անել չգիտեր նա. վաղուց մտածում էր վրեժխնդիր լինել Բալայից։ Նա ընտրեց հենց այն գիշերը, երբ իր ամուսինը զբաղված էր պատերազմական պատրաստություններով, իսկ առավոտյան պետք է կռվելու գնար։ Նա կաշառեց իրանց ծառաներից մեկին, որ կոչվում էր Լալա և ուղարկեց իր ախոյանուհուն սպանելու համար։ Եղեռնագործությունը կատարելու համար մի այլ զենքի կարոտություն չկար, ասում են՝ գեղեցիկ կնոջ մազերի հյուսերն այնքան երկար էին, որ չարագործը փաթաթեց նրա պարանոցով և իր մազերով իրան խեղդեց։ Մարմինը ձգվեցավ հորի մեջ։
Առավոտյան հենց այն րոպեում, երբ Մելիք-Բեգլարը պատրաստվում էր նստել ձին, որ գնա կռվելու, նրան լուր տվին, թե Բալան սպանված է։ «Երբ կվերադառնամ պատերազմից, ես գիտեմ, թե ի՞նչ կանեմ սպանողներին...»,— ասաց նա և գնաց։
Մելիք-Բեգլարի խստասրտությունը հայտնի էր եղեռնագործին։ Նա հասկացավ, որ մելիքը ամեն հնարներ գործ կգներ երևան հանելու սպանությունը և այն ժամանակ ոչ միայն իրան մահով կպատմեր, այլ իր ամբողջ ընտանիքը սրից անց կկացներ։ Երկյուղը նրան մի հանցանքից մի ավելի մեծ հանցանքի մեջ ձգեց։ Նա հետևեց մելիքին, որպես նրա թիկնապահներից մեկը, պատերազմի դաշտը։ Կռվի խռովության ժամանակ թուփերի միջից անցավ հրացանի գնդակը և մելիքին ցած գլորեց։ Իհարկե, այն խառնաշփոթության մեջ ոչ ոք չէր կարող ստուգել, թե գնդակը արդյոք մի որևիցե լեզգու հրացանից արձակվեցավ, թե՞ մելիքի անձնական թիկնապահից։
Մելիք-Բեգլար II մահից հետո նրա որդի Ֆրեյդունը անչափահաս լինելով, Գյուլիստանի կառավարությունը անցավ հանգուցյալի եղբայր Աբով III ձեռքը։ Այդ Աբովն իր նախկին մյուս Աբովների նման, նույնպես հայտնի եղավ որպես մի քաջ պատերազմող։ Դրա կառավարության օրերում, որպես պիտի տեսնենք, կատարվեցան Ղարաբաղի բախտավոր և ամենադժբախտ անցքերը։
Եվ այսպես, Գյուլիստանի Մելիք-Յուսուբը մեռավ, նրա որդին՝ Մելիք-Բեգլարը, սպանվեցավ. Տիզակի Մելիք-Եսային Իբրահիմ-խանի խաբեությանը զոհ դարձավ. Ջրաբերդի Մելիք-Աթամը մեռավ։ Նշանավոր, փորձված մարդիկը անհետացան, մնացին դյուրագրգիռ, տաքարյուն երիտասարդները...
Մնացած մելիքների մեջ Իբրահիմ-խանը ավելի երկյուղ ուներ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումից։ Այդ երիտասարդը իր հոր՝ Մելիք-Աթամի նման ամենակատաղի թշնամի էր Շուշի բերդի մահմեդական բռնակալներին։ Նրան ոչնչացնելու համար Իբիահիմ-խանը հետևեց իր հոր՝ Փանահ-խանի, քաղաքականությանը։ Այդ խորամանկ ջուանշիրցին, ինչպես իր տեղում տեսանք (XI գլ.), Խաչենի Հասան-Ջալալյան մելիքների իշխանությունը թուլացնելու համար ստեղծեց այնտեղ (Խնզիրիստան գյուղում) մի նոր մելիքություն՝ Մելիք-Միրզախանյանների տունը, որոնք ոչ սակավ, քան մահմեդականները վնասեցին Ղարաբաղի հայկական իշխանությունների քայքայմանը։ Այժմ Իբրահիմ-խանը, իր հոր օրինակին հետևելով, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների իշխանությունը թուլացնելու համար, մտածեց ստեղծել այնտեղ մի նոր մելիքություն։ Այստեղ Գյուլ-Յաթաղ գյուղում ապրում էին Ալլահվերդի-Յուզբաշու ժառանգները։ Դրանց հայրը ծառայում էր Մելիք-Աթամի մոտ, իսկ ժառանգները ծառայում էին Մելիք-Աթամի որդի Մելիք-Մեջլումի մոտ։ Իբրահիմ-խանը կանչեց իր մոտ Ալլահվերդի-յուզբաշու որդի Միսայել-բեկին, հայտնեց նրան, եթե մի կերպով Մելիք-Մեջլումին կոչնչացնե, ինքը խոստանում է նրան օգնել, որ ամբողջ Ջրաբերդի վրա մելիք դառնա։ Միսայել-բեկը, հրապուրված խանի խոստմունքով, համաձայնվեցավ կատարելու նրա ցանկությունը։
Միսայել-բեկը իր փեսա Հակոբ-յուզբաշուն<ref>Այդ Հակոբ-Յուզրաշին (հարյուրապետը) հայտնի էր անունովս Թյուլի-Հակոբ, այսինքն՝ ավազակ Հակոբ, իր հատկանիշները բացատրվում են իր ստացած մականունով։</ref> իր հետ առնելով գնաց Մելիք-Մեջլումի մոտ իբրև հյուր։ Մելիքը այդ ժամանակ գտնվում էր իր սեփական ամառանոցում, Թարթար գետի ափի մոտ, Ղազարխ կոչված տեղում<ref>Այդ տեղը այժմ կոչվում է Մարաղա, որովհետև բնակեցրած է 1828 թվի Պարսկաստանի Մարաղա անունով քաղաքից բերված գաղթականներով։</ref>։ Նա առանց կասկածանքի ընդունեց հյուրերին, որովհետև մեկը իր գյուղերի կառավարիչն էր, իսկ մյուսը՝ նրա փեսան։
Ընթրիքից հետո, երբ հյուրերը առանձնացան իրանց համար պատրաստված սենյակում քնելու, երկար նրանց ճրագը վառ մնաց։ «Հիմա հարկավոր է ճրագները հանգցնել...»— ասաց Միսայել-բեկը։— «Այո՛, ժամանակն է...»— պատասխանեց նրա փեսան։ Այդ ինքնըստինքյան անմեղ խոսակցությունը գրավեց մելիքի սպասավորներից մեկի ուշադրությունը, և նա սկսեց ծածուկ լրտեսել խոսակցության շարունակությունը, որից նկատեց, որ հյուրերը ինչ-որ չար դիտավորություն ունեն։ Նա իսկույն իմացում տվեց մելիքի կնոջը, որը հրամայեց ծառաներին գաղտնի հսկել իր ամուսնի բնակարանի մոտ և սպասել հետևանքին։ Եվ իրավ, գիշերից բավական անցած, նրանք նկատեցին, որ հյուրերը մոտեցան մելիքի բնակարանին և փորձում էին ներս մանել։ Երկուսին ևս կալանավորեցին։
Մյուս օրը Մելիք-Մ եջլումը քննելով այն դրդիչ պատճառները, որոնցից հրապուրված իր հյուրերը կամենում էին սպանել իրան, հրամայեց թե Միսայել-բեկին և թե նրա փեսա Հակոբ-յուզբաշուն, երկուսին էլ հրացանի բռնեցին։ Մելիքը այն աստիճան զայրացած էր, որ հրամայեց նրանց ամբողջ ընտանիքը բնաջինջ անել, բայց Միսայել-բեկի փոքր եղբայր Ռուստամ-բեկը առեց նրանց և փախավ Շուշի բերդը, Իբրահիմ-խանի մոտ։
Այդ անցքը ոչ միայն ներքին երկպառակությունների պատճառ դարձավ, այլ հիշյալ Ռուստամ-բեկը, Իբրահիմ-խանի ձեռքում գործիք դառնալով, շատ չարիքներ գործեց Մելիք-Մեջլումի դեմ։ Այդ կտեսնենք մեր պատմության շարունակության մեջ, բայց այժմ այսքանը պետք է հիշել, որ Ռուստամ-բեկը մի նշանավոր մարդու՝ Ապրես աղայի փեսան էր<ref>Այդ Ապրես աղան կսապատցի էր, նա ամուսնացած էր Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսի քրոջ հետ։ Այդ ամուսնությունից ծնվեցավ մի որդի Իսրայել անունով և մի աղջիկ՝ Վարդ-խաթուն անունով։ Իսրայելը Երիցմանկանց վանքի կաթողիկոս դարձավ, իսկ Վարդ-խաթունը ամուսնացավ Ռուստամ-բեկի հետ։</ref>։ Իր աներոջ հետ կազմեց մի զորեղ կուսակցություն ոչ միայն Մելիք-Մեջլումի դեմ, այլև բոլոր այն մելիքների դեմ, որոնք դաշնակից էին Մելիք-Մեջլումին, որպես էին՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլալյանները և Տիզակի Մելիք-Ավանյանները։
Եվ այդպես, թեև Իբրահիմ-խանին չհաջողվեցավ Մելիք-Մեջլումին սպանել տալ և Ջրաբերդում ստեղծել մի նոր մելիքություն իր հովանավորության ներքո, այսուամենայնիվ, նա հասավ իր նպատակին։ Նա կարողացավ կազմել մի նոր և հակառակ կուսակցություն, որի մեջ կար և կաթողիկոս։ Այսպիսով, Ղարաբաղի մելիքները երկու հակառակ կուսակցությունների բաժանվեցան. մեկը՝ Մելիք-Շահնազարյանների կուսակցությունը, որին պատկանում էին խանին համակրողները և Երիցմանկանց վանքի կաթողիկոսները, մյուսը՝ Մելիք-Մեջլումի և Մելիք-Բեգլարյանների կուսակցությունը, որոնք հակառակ էին խանին և միացած էին Գանձասարի վանքի կաթողիկոսի հետ։
===XVII===
Որպես մի միջանկյալ պատմություն, մենք հարկավոր ենք համարում մեր ընթերցողներին ծանոթացնել վերև հիշած երկու, միմյանց հակառակ, կաթողիկոսությունների հետ, որոնցից մեկը գտնվում էր Գանձասարի վանքում, իսկ մյուսը՝ Երիցմանկանց վանքում, որոնք ոչ սակավ ներգործություն ունեցան Ղարաբաղի հայկական իշխանությունների կործանման վրա։
Մեր պատմության մեջ սակավ չէ այն տխուր երևույթների թիվը, որ ամեն անգամ, երբ ծագել է մի որևիցե ազգային կարևոր հարց, ամեն անգամ, երբ հայրենիքը տագնապի մեջ է գտնվել, ամեն անգամ, երբ ժողովրդի բարօրության համար մխիթարական երևույթներ են նշմարվել,— մի խոսքով, ամեն մի բախտավոր և դժբախտ րոպեներում, երբ ժողովրդի ուշադրությունը լարված է եղել դեպի իր դրությունը,— հանկարծ ծագել են կրոնական կամ եկեղեցական վեճեր։ Ժողովուրդը թողել է իր կենսական հարցերը և զբաղվել է այդ վեճերով։
Մենք կարող էինք շատ օրինակներ բերել անցյալից<ref>Մի՞թե ներկայումս միևնույնը չէ. Բեռլինի 61-րդ հողվածը մնացել է թղթի վրա, Կ. Պոլսի հայոց պատրիարքը նստած է իր տանը. Սսի կաթողիկոսը դեգերվում է թուրքաց նախարարների դռներում և նորանոր չարիքների ճանապարհ է բաց անում, իսկ Մանկունին հայտնի է, թե ինչով է զբաղված...</ref>, բայց կվեր առնենք հենց նույն պատմությունից, որը մեր հոդվածի նյութ ենք ընտրել։
Հայտնի է, որ Աղվանից կաթողիկոսությունը, սկսյալ Գրիգորիսի<ref>Գրիգորիսը սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռն էր։</ref> օրերից, ավանդական կերպով շարունակվեցավ մինչև 1828 թվականը.
ուրեմն նա ամբողջ 15 դար գոյություն ուներ։ Այդ կաթողիկոսության ներկայացուցիչները֊ նստում էին Աղվանից աշխարհի զանազան վանքերում, իսկ վերջին ժամանակներում նրանց աթոռատեղին եղավ Ղարաբաղի Խաչեն գավառի Գանձասարա վանքը։
Խաչենը Հասան-Ջալալյան իշխանների ժառանգությունն էր. այնտեղ տիրում էին վերջին ժամանակներում այդ տոհմից առաջ եկած մելիքները։ Կաթողիկոսները ընտրվում էին դարձյալ միևնույն տոհմից։ Եվ այսպիսով քահանայապետությունը և մարմնավոր իշխանությունը գտնվում էր միևնույն տոհմի ներկայացուցիչների ձեռքում։
1651 թվին խոտորաշենցի Սիմեոն անունով մեկը (որը Հասան-Ջալալյանների տոհմից չէր, այլ մի հասարակ քահանայի որդի էր), Մռավ լեռան մթին ձորերի մեկի մեջ հիմնեց մի վանք Երիցմանկանց անունով և այդ վանքի կաթողիկոսը դարձավ։ Նրանից սկսվեցավ մի նոր և Աղվանից վաղեմի կաթողիկոսարանին հակաթոռ կաթողիկոսություն<ref>Սիմոնին հաջորդեց նրա ազգական Ներսեսը, հետո Ներսեսի քրոջ որդի Իսրայելը, հետո Սիմոնի եղբորորդի՝ փոքր Սիմոն կաթողիկոսը, որ վերջինն էր։</ref>։ Այդ երկու միմյանց հակառակ կաթողիկոսարանները (Գանձասարա վանքը և Երիցմանկանց վանքը), կանգնած էին միմյանց հանդեպ, ոչ ավելի, քան 24 ժամ ճանապարհի հեռավորությամբ։ Առաջինը գտնվում էր Խաչենի գավառում, իսկ երկրորդը՝ Ջրաբերդի գավառում։
Երիցմանկանց վանքի կաթողիկոսների աթոռակալությունը տևեց 1651 թվից մինչև 1800 թվականի վերջը։ Դա այն ժամանակամիջոցն էր, երբ Ղարաբաղի հայերի ամեն մի իզուր վատնած րոպեն նրանց համար մեծ կորուստ էր։ Այդ ժամանակամիջոցում զարթնել էին Ղարաբաղի մելիքների անկախության ձգտումները, նրանք, սկսյալ Պետրոս Մեծի օրերից, ծանրակշիռ բանակցություններ ունեին ռուսաց արքունիքի հետ, պատերազմում էին պարսիկների և օսմանցիների հետ. ամբողջ Ղարաբաղը շարժման մեջ էր։ Այդ տարիները Ղարաբաղի պատմության ամենատագնապալի ժամանակներն էին...
Բայց ի՞նչ էին շինում կաթողիկոսները։
Բաղդասար միտրոպոլիտի կազմած և մեր ձեռքում այժմ գտնված զանազան ֆիրմանների և հրովարտակների հավաքածուից երևում է, որ Գանձասարի և Երիցմանկանց կաթողիկոսարանների միմյանց ‘հակառակ աթոռակալները<ref>Երիցմանկանց վանքի կաթողիկոսների ժամանակակիցները Գանձասարի վանքում էին՝ Երեմիա, Եսայի, Հովհաննես և վերջինը՝ Սարգիս, որ վախճանվեցավ 1828 թվին։ Բոլորը Հասան Ջալալյան իշխանների տոհմից էին։</ref>, հիշյալ ժամանակամիջոցում, երբ Ղարաբաղի ժողովուրդը զբաղված էր իր հայրենիքի անկախության խնդրով,— կաթողիկոսները, ընդհակառակն, զբաղված են եղել կռիվներով, միմյանց վրա գանգատներ անելով, միմյանց ձեռքից վիճակներ խլելու համար։
Իհարկե, կաթողիկոսներից յուրաքանչյուրն ուներ իր կուսակցությունը, և այդ պատճառով կռիվների մեջ մասնակցում էին թե ժողովուրդը և թե ժողովրդի ներկայացուցիչները՝ մելիքները։
Չէ կարելի հերքել, որ կաթողիկոսների մեջ կային և օրինավոր մարդիկ, ինչպես Եսային և Ներսեսը, որոնք, մելիքների հետ միացած, գործում էին հայրենիքի փրկության համար։ Բայց մի օրինավորի շինածը մյուս անպիտանները ոչնչացնում էին...
Այդ կտեսնենք հետո, հիմա շարունակենք մեր պատմությունը։
Երբ Իբրահիմ-խանը հաջորդեց Փանահ-խանին, միևնույն տարվա մեջ (1763) Գանձակում վախճանվեցավ Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսը։ Դարձյալ միևնույն տարվա մեջ Ղարաբաղի մելիքներր, գլխավորապես Ջրաբերդի իշխան Մելիք-Աթամը<ref>Հովհաննես կաթողիկոսը Մելիք-Աթամի հետ խնամություն ուներ, նրա քույր Ղամար-սոլթանը Մելիք-Աթամի կինն էր։</ref> օծել տվին Հովհաննեսին Գանձասարի վանքի կաթողիկոս։
Նույն միջոցում, երբ Հովհաննեսը Գանձասարի կաթողիկոս դարձավ, նրա հակառակ, Գանձակի հայերը, տեղային խանի օգնությամբ, օծել տվին Իսրայել եպիսկոպոսին կաթողիկոս Երիցմանկանց վանքի անունով (1763)։
Երկու կաթողիկոսների մեջ երկար հակառակություններ եղան։ Մելիքները դիմեցին Էջմիածին, որը ավելի խառնեց գործը։ Խռովությունները վերջացան նրանով, որ Հովհաննեսը ընդունվեցավ որպես Գանձասարի օրինավոր աթոռակալ, իսկ Իսրայելը մնաց Գանձակում որպես նրա հակաթոռ։ Նա համարձակություն չունեցավ մինչև անգամ Գանձակից գալ իր վանքը (Երիցմանկանց վանքը), որի անունով օծված էր և այդ վիրավորանքի համար միշտ մի հարմար առիթ էր որոնում վրեժխնդիր լինելու իր հակառակորդից՝ Հովհաննես կաթողիկոսից։ Այդ առիթը գտավ նա. և իր վրեժխնդրությամբ ոչ միայն սպանել տվեց Հովհաննես կաթողիկոսին, այլ սպանեց այն մեծ գործը, որ Ղարաբաղի մելիքները ստեղծել էին...
===XVIII===
1762 թվին ռուսաց գահը ժառանգեց Եկատերինա II կայսրուհին։ Նա սկսեց ուշադրություն դարձնել Հայաստանի և Վրաստանի վրա։ Հայոց հարցը կրկին զարթնեցավ։
Եկատերինա II կամեցավ իրագործել Պետրոս Մեծի նպատակները Հայաստանի և Վրաստանի վերաբերությամբ։ Այդ ժամանակ Ռուսաստանի հայոց առաջնորդն էր Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկը։ Վայելելով կայսրուհու առանձին ողորմածությունը և ավելի մոտ հարաբերություններ ունենալով ռուսաց արքունիքի հետ, Հովսեփ արքեպիսկոպոսը դարձավ թարգման հայ ժողովրդի բաղձանքների, որ վաղուց սնուցանում էր նա իր հայրենիքի վերականգնման մասին։
Նա ավելի մեծ եռանդով սկսեց հետևել իր նախորդի, Մինաս արքեպիսկոպոսի, օրինակին։ Այդ արժանահիշատակ եկեղեցականը, որպես տեսանք մեր պատմության սկզբում, գործում էր Պետրոս Մեծի օրերում, իր ընկեր Իսրայել Օրիի հետ։ Իսկ Հովսեփ արքեպիսկոպոսը գործում էր Հովհաննես Լազարյանի հետ։ Թե Օրին և թե Լազարյանը միևնույն հայրենիքից էին, այսինքն՝ Սպահանից գաղթած հնդկաստանցիներ։
Սպահանի և Հնդկաստանի հայերը թեև պատմական հանգամանքների պատճառով տարագրվեցան իրանց հայրենիքից, բայց իրանց սրտերը թողեցին Հայաստանի ավերակների մեջ։ Նրանք արևելքի հեռավոր խորքերում բախտ և հարստություն գտան, բայց Ինդոս գետի ափերից միշտ խորին կարոտով հիշում էին հայկական աշխարհը, որպես տարագրված Իսրայելը Տիգրիսի ափերից հիշում էր իր սուրբ Երուսաղեմը։
Նրանք չէին խնայում իրանց հարստությունը, եթե կարելի լիներ առանց արյունի ոսկով գնել հայրենիքի փրկությունը։ Եկատերինա II կայսրուհու գահակալությունից երկու տարի առաջ (1760) Անգլիայից Ս. Պետերբուրգ եկավ հայազգի Էմին Հովսեփյանը, որը բնիկ Պարսկաստանի Համադան քաղաքիցն էր, իսկ Հնդկաստանում միլիոնների էր վաստակել։ Նա առաջարկեց իր բոլոր հարստությունով օգնել ռուսներին, եթե կընդունեին իրանց զորքերով մասնակցել հայերի հետ, Հայաստանը պարսից լծից ազատելու գործում։ Նրա առաջարկությունը համակրությամբ ընդունվեցավ։ Էմինը Ս. Պետերբուրգից եկավ Հայաստան, Ղարաբաղի մելիքները մեծ ոգևորությամբ ընդունեցին նրան։ Իրանք պատերազմելու համար սիրտ և զորեղ բազուկներ ունեին, իսկ Էմինը փող էր տալիս զենքեր գնելու համար։ Ուրեմն ամեն ինչ պատրաստ էր։ Վրաց և հայոց մեջ մի զորեղ դաշնակցություն կապելու համար Էմինը դիմեց և Քարթալինիայի իշխան Հերակլին, հայտնեց նրան իր միտքը։ Բայց այդ երկերեսանի իշխանը, որը այդ ժամանակ մի կողմից պարսիկների փեշիցն էր բռնած, իսկ մյուս կողմից աչքերը դարձրած ուներ դեպի Ս. Պետերբուրգ, անհամակրությամբ վերաբերվեցավ դեպի Էմինի առաջարկությունը. Հայոց Կրեսոսը գնաց այնուհետև Կալկաթա քաղաքական առանձին խորհուրդներով։ Բայց վաղահաս մահը թողեց նրա նպատակները անկատար։ Նրա միլիոնները անտեր մնալով անգլիական բանկում, այնպես էլ կորան...
Հովսեփ արքեպիսկոպոսն այն աստիճան ոգևորված էր Հայաստանի փրկության գաղափարով, որ նա իր հայրենիքի վերականգնման հարցը կայսրուհու ողորմածությամբ արդեն իրականացած էր համարում։ Վերանորոգված Հայաստանը պիտի գտնվեր Ռուսաստանի հովանավորության ներքո, որպես առանձին ավատական իշխանություն։ Հովսեփ արքեպիսկոպոսին մինչև անգամ առաջարկվեցավ կազմել դաշնակցության ծրագիրը, թե որպիսի հարաբերություններ պիտի ունենար հայոց ազգը իրան հովանավորող պետության հետ։ Այդ դաշնագիրը, որպես հետո կտեսնենք, բաղկացած էր 19 հոդվածներից և բովանդակում էր իր մեջ գլխավոր հիմունքները, թե որպիսի կազմակերպություն պիտի ստանար վերանորոգված Հայաստանը և ինչ պարտավորություններ պիտի հանձն առներ նա ռուսաց պետության վերաբերությամբ։
Հիշյալ դաշնագիրը գրվեցավ 1790 թվին. միևնույն ժամանակ Հովսեփ արքեպիսկոպոսը կազմեց մի ընդարձակ տեղեկագիր, որի մեջ մանրամասնաբար նկարագրեց Ղարաբաղի մելիքների ունեցած հարաբերությունները ռուսաց արքունիքի հետ, սկսյալ Պետրոս Մեծի օրերից մինչև իր ժամանակը, և հիշեցրեց նրանց մատուցած մեծ ծառայությունները Ռուսաստանին։ Այդ տեղեկագիրր վերոհիշյալ դաշնագրի հետ արքեպիսկոպոսը ներկայացրեց կայսրուհուն գեներալ ֆելդմարշալ իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ։
Պոտյոմկինը Հովսեփ արքեպիսկոպոսի լավ բարեկամը և մտերիմն էր։ Ինչպես երևում է շատ պատմական փաստերից, նա արդեն իրան հայկական նոր իշխանության աթոռի կանդիդատ էր համարում։
Ընդհանուր հայերի ոգևորությանը չափ չկար. աշխարհի ամեն ծագերում սփռված հայերը արդեն գիտեին, թե շուտով Հայաստանը կվերականգնի։ Հովսեփ արքեպիսկոպոսը, այդ եռանդոտ, անխոնջ եկեղեցականը, շարունակ թղթակցություններ ուներ ամեն երկրների հետ, ուր որ հայեր կային։ Սկսյալ Հնդկաստանից մինչև Լեհաստան, սկսյալ Եգիպտոսից մինչև Պարսկաստան նա տարածում էր իր թղթերը և ամեն տեղ բորբոքում էր հայրենասիրություն։ Նա թղթակցություն ուներ Վրաստանի իշխանների, Էջմիածնի կաթողիկոսի, Աղվանից կաթողիկոսի և Ղարաբաղի մելիքների հետ։
Ոգևորությունը այնքան մեծ էր, որ Հայաստանի ազատության գործը այնքան իրականացած էր համարվում, որ Հնդկաստանում Հակոբ Շահամիրյանի հեղինակությամբ տպագրեցին մի գիրք, որ բովանդակում էր իր մեջ հայոց և վրաց միացյալ թագավորությունների վարչական և դատաստանական օրենքները։
Հնդկաստանի դրամատերերը չէին խնայում իրանց փողերը հեռավոր Հայաստանի ազատության գործին ծառայեցնելու համար։ Այդ միջոցներում հայտնվեցավ մի այլ հնդկաստանցի հայրենասեր, որ ցանկանում էր Հայաստանի ազատությունը գնել Պարսկաստանից և Թուրքիայից ոսկով։ Նա արդեն գնել էր վրաց Գիորգի իշխանից Լոռու գավառը և դիտավորություն ուներ գնելու նաև Բորչալուի գավառը, Երևանի նահանգը և ուրիշ երկրներ, որպեսզի այդ կողմերում զարգացներ բամբակի, շաքարեղեգնի, լեղակի և ղահվեի մշակությունը, գործարաններ բաց անել տար և իր հայրենիքը տնտեսապես կենդանացներ։
Այդ բոլոր շարժումներին զարկ էր տալիս Հովսեփ Արքեպիսկոպոսը։
Ռուսաց կառավարության այն ժամանակվա քաղաքական շահերը պահանջում էին, որ պետության արևելյան սահմանները պարսից և օսմանցոց հարձակումներից ազատ պահելու համար, որպես մի ամուր պատնեշ, վերականգնեցնեին հայ-վրաց միացյալ իշխանությունը, որը, Ռուսաստանի հովանավորության ներքո, խոստանում էր հավատարիմ սահմանապահ լինել։ Արևելյան մահմեդականությունը, մանավանդ Անդրկովկասի մահմեդականությունը միշտ մեծ վտանգ էին սպառնում Ռուսաստանին։ Հարկավոր էր մի միջնապարիսպ նրանց կատաղի հոսանքի առաջն առնելու համար, և այդ միջնապարիսպը պետք է լինեին քրիստոնյա հայերը և վրացիները։
Դեռ 1783 թ. ապրիլի 6-ին իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, որը հրապուրված էր անկախ Հայաստանի իշխանության գլուխը անցնելու բաղձանքով, հրամանագրեց նույն ժամանակվա կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար գեներալ պորուչիկ Պավել Սերգեյիչ Պոտյոմկինին, որ նա իշխանությունից հեռացնե Շուշիի Իբրահիմ-խանին, օգնե հայոց մելիքներին հաստատելու համար Ղարաբաղում հայոց անկախ իշխանություն։ Միևնույն բովանդակությամբ հրաման կրկնվեցավ 1783 թ. մայիսի 10-ին, միևնույն գեներալ պորուչիկ Պոտյոմկինին, որ հայերին հուսադրե, որպեսզի նրանք գործակցեն ռուսաց կառավարության նպատակներին, որը դիտավորություն ունի կազմելու նրանցից մի զորեղ քրիստոնյա պետություն, Ռուսաստանի բարձրագույն հովանավորության ներքո։
Այդ բոլորը գիտեին Ղարաբաղի մելիքները, այդ բոլորը հայտնի էր Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, որը մելիքների խորհրդակիցն էր. այդ բոլորը հայտնի էր և Էջմիածնի կաթողիկոսին, որը գաղտնի մասնակցում էր ընդհանուր գործին։ Ղարաբաղի մելիքները խոստանում էին մատակարարել ռուսաց զորքերի բոլոր պաշարները և այլ պիտույքները, երբ նրանք իրանց կողմը կգային, խոստանում էին իրանց ուժերով միանալ ռուսաց զորքերի հետ։ Պատերազմը նշանակված էր 1784 թվի ամառը, գեներալ-պորոլչիկ Պոտյոմկինը պատրաստված էր պարսիկների դեմ պատերազմ գնալու։ Այդ ժամանակ Ղարաբաղի մելիքների կողմից Ստեփան Դավթյան անունով մի պատվիրակ գնաց գեն. պոր. Պոտյոմկինի մոտ, հայոց պատրաստությունների և Անդրկովկասի քաղաքական դրության մասին նրան մանրամասն տեղեկություններ հաղորդելու։ Այդ Ստեփան Դավթյանը իր արժանավոր ծառայության համար վարձատրվեցավ պրեմիեր-մայորի աստիճանով։
===XIX===
Մինչ ռուսաց կողմից այսպիսի պատրաստություններ էին կատարվում, մինչ Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս Հովսեփը, վառված հայրենասիրության հոգվով, անխոնջ կերպով աշխատում էր իրագործել իր սկսած գործի մեծ գաղափարը, այդ միջոցներում Ղարաբաղում կատարվեցան մի քանի աղետալի դեպքեր։
Մենք տեսանք. մինը մյուսից հետո (1775—1780) վախճանվեցան Ղարաբաղի երկու նշանավոր իշխողները՝ Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը, որոնք իրանց հայրենիքի ազատության համար ամենաեռանդոտ գործիչներ էին, որոնք ամբողջ քսան տարի պատերազմեցին Փանահ-խանի հետ և թույլ չտվեցին, որ նրա իշխանությունը տարածվի Ղարաբաղի վրա. Մելիք-Յուսուբին հաջորդեց որդին՝ Մելիք-Աբով III, իսկ Մելիք-Աթամին հաջորդեց որդին՝ Մելիք-Մեջլումը։ Դրանք պահպանեցին նույն դաշնակցությունը, որ կապել էին իրանց հայրերը և շարունակեցին նույն բանակցությունը, որ սկսել էին նրանք ռուսաց կառավարության հետ, իրանց հայրենիքի ազատության վերաբերությամբ։
Դարձյալ տեսանք, որ Մելիք-Աթամի վախճանվելուց մի տարի հետո (1781) Տիզակի տիրապետող Մելիք-Ավանյան Մելիք Եսային Իբրահիմ-խանի խաբեությանը զոհ դարձավ։ Նրա հաջորդը Մելիք-Բախտամը, ամենայն հավատարմությամբ պահպանեց իր նախորդի դաշնակցությունը վերոհիշյալ երկու մելիքների հետ։
Նույնպես տեսանք, երբ Հասան-Ջալալյան Հովհաննեսը Գանձասարի վանքի կաթողիկոս ձեռնադրվեցավ (1763), նրա հակառակ նույն տարվա մեջ Գանձակում Իսրայել անունով մեկը նույնպես Աղվանից կաթողիկոս ձեռնադրվեցավ և մնաց տեղային Ջավադ-խանի պաշտպանության ներքո։ Այդ հակաթոռ Իսրայել կաթողիկոսը կործանեց այն մեծ շենքը, որը Հովհաննեսը և Ղարաբաղի երեք մելիքները մեծ ջանքերով կառուցել էին...
Մինչ Ղարաբաղի մելիքները մի կողմից քաղաքական բանակցություններ էին վարում ռուսաց կառավարության հետ, իսկ մյուս կողմից, ներքին երկպառակությունը ջլատում էր նրանց ուժերը, այդ միջոցներում Իբրահիմ-խանը քնած չէր, նա խիստ արթուն էր և գիտեր ամեն հանգամանքներից օգուտ քաղել։
Նա նկատում էր ռուսների պատրաստությունները. նրան աղոտ կերպով հայտնի էր, որ այդ պատրաստությունների և Ղարաբաղի մելիքների շարժումների մեջ կար մի գաղտնի կապ։ Նրան հայտնի էր այն, որ վրաց Հերակլ իշխանը ծածուկ բանակցություններ ունի մելիքների հետ։ Նա գիտեր, որ այդ բոլորը իր իշխանությանը կործանման վտանգ էր սպառնում։ նա սկսեց ամրացնել Շուշի բերդը, պատրաստվեցավ վտանգի առաջն առնելու։
Ռուսները խոստանում էին օգնություն հասցնել հայերին և վրացիներին, բայց ուշանում էին։
Իբրահիմ-խանը տեսնում էր, որ առանց ռուսների օգնության ևս հայոց և վրաց միացյալ ուժերը կարող էին նրան միանգամայն ոչնչացնել, մտածեց Վրաստանին կողմնակի կերպով մի հարված տալ, իսկ հետո դառնալ դեպի հայերը։
Մենք XV գլխում հիշեցինք, որ Իբրահիմ-խանը, բացի Մելիք-Շահնազարի աղջիկը իրան կին առնելուց, ամուսնացավ Ավարիայի տիրապետող Օմար-խանի քրոջ հետ։ Այդ խնամությունը մի ամուր դաշնակցական կապ դարձավ նրա և Օմար խանի մեջ։ Իբրահիմ-խանը մտածեց վրաց Հերակլ իշխանին զբաղեցնել իր աներոջ բարբարոս լեռնաբնակների հետ, որպեսզի նա ժամանակ չունենա հայերի հետ միանալու և իր դեմ գործելու։
Նրա դրդելհվ Օմար-խանը կովկասյան լեռնաբնակների ահագին բազմությամբ հարձակվեցավ Վրաստանի վրա (1782)։ Նախ Բորչալուն Ավերակ դարձրեց, հետո մտավ Լոռու գավառը, պաշարեց Գյումուշ-խանա կոչված բերդը<ref>Գտնվում է Հաղպատի և Սանահնի մոտ և տեղային հանքերի անունով կոչվում է Գյումուշ-խանա, որ նշանակում է արծաթի տուն կամ արծաթի հանք։</ref>։ Այդ բերդում ամրացած էին այն հույները, որոնք հանքերում աշխատում էին, այնտեղ էին ապաստանած և մերձակա հայոց գյուղերի բնակիչները։ Օմար-խանը գրավեց բերդը և բոլոր հույներին կոտորել տվեց, իսկ հայերից բազմաթիվ գերիներ վեր առեց։ Թեև Հերակլ իշխանը բացի վրացիներից, իր հետ 300 ռուսաց զինվորներ ունենալով, շտապեց Օմար-խանի բարբարոսությունների առաջը առնել, բայց նա այնքան երկչոտ գտնվեցավ, որ մինչև անգամ չհամարձակվեցավ մոտենալ նրան։ Օմար-խանը, կատաղի կերպով ամեն ինչ ավերակ դարձնելով, գերիների բազմությամբ անցավ Ախալցխա, որը այդ ժամանակ օսմանցիների ձեռքումն էր, և ձմեռը անցկացրեց տեղային կառավարիչ Սուլեյման-փաշայի մոտ։ Այստեղից Օմարը իր զորքերը ուղարկեց վրաց Վախամու բերդի վրա։ Այնտեղ ընտանիքով բնակվում էր իշխան Աբաշիձեն։ Օմարի զորքերը հիշյալ բերդը գրավեցին, բնակիչներին գերի վեր առին, որոնց թվում էին Աբաշիձեի երկու աղջիկները, որոնցից մեկը Օմարը իր համար պահեց, իսկ մյուսին ընծա ուղարկեց Իբրահիմ-խանին։
Գարնանը Օմարը թողեց Ախալցխան և Երևանի նահանգի միջով անցավ Ղարաբաղի կողմերը և այնտեղից գնաց իր երկիրը, տանելով իր հետ բազմաթիվ գերիներ և կողոպուտ։ Բայց Երևանի և Ղարաբաղի բնակիչներին շատ վնասել չկարողացավ, որովհետև մինչև նրա հասնելը, բոլորը ամրացած էին անմատչելի տեղերում։ Այսուամենայնիվ, լեռնային գազանի կատարած այդ փոթորկալից շրջանը Վրաստանի և Հայաստանի միջով մի ազդու ցույց էր, որով Իբրահիմ-խանը կամեցավ զգալ տալ քրիստոնյաներին իր զորությունը։
===XX===
Ղարաբաղի մելիքները սպասում էին 1784 թվի ամառին և գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի զորքերին, որ նրա հետ միանալով, սկսեն պատերազմել մահմեդականների դեմ։ Անցավ մի տարի ևս, խոստացած օգնությունը չհասավ։
1785 թ. ապրիլ ամսում մի մարդ մուրացկանի հագուստով, ձեռքին բռնած մի ծանր ճանապարհորդական մահակ, Գանձասարի վանքից ճանապարհ, ընկավ դեպի Գանձակ,։ Այդ մուրացկանին սաստիկ արագընթացության համար կոչում էին «յորղա» Գրիգոր։ Նույն ամսի նույն, օրում մի այլ մարդ Շահ-Մանսուր գյուղից ուղևորվեցավ դեպի Շաշի։ Վերջինը մուրացկան չէր, ազնվական էր։ Նա ուղիղ ներկայացավ Իբրահիմ-խանի մոտ, հայտնեց նրան, թե հայոց մելիքները, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսի հետ միացած, մի նոր թուղթ գրեցին ռուսաց կայսրուհուն և հրավիրում են ռուսներին, որ գան տիրեն քո երկրները,— մի խոսքով, դավաճանը մանրամասնաբար տեղեկություններ տվեց այն բոլոր պատրաստությունների և ռուսաց հետ ունեցած հարաբերությունների մասին, որ մինչև այնօր կատարել էին մելիքները և Հովհաննես կաթողիկոսը։
Թեև մելիքները իրանց պատրաստությունները սաստիկ զգուշությամբ էին կատարում, թեև նրանց մեջ պահպանվում էր խորին գաղտնապահություն, բայց այդ դավաճանը Հովհաննես կաթողիկոսի ընտանին էր, նրա հարազատ եղբայրն էր, նա ինքը մասնակցում էր խորհուրդների մեջ։ Դա Հասան-Ջալալյան Մելիք-բեկի որդի Ալլահ-ղուլի-բեկն էր։ Մի եղբոր շինածը մյուս եղբայրը քանդում էր... Մեր պատմությունը բավական աղքատ է լավ մարդիկներով, իսկ հարուստ է դավաճաններով...
Իբրահիմ-խանին հայտնի էին ռուսաց պատրաստությունները. նա վաղուց արդեն սկսել էր ամրացնել Շուշի բերդը։ Նրան անորոշ կերպով հայտնի էին և հայոց գաղտնի հարաբերությունները ռուսների հետ, բայց այդ մասին նա մի հաստատ փաստ չուներ իր ձեռքում հայերին պատժելու համար։ Դավաճանը ցույց տվեց նրան փաստեր։ Նա հայտնեց, թե մի սուրհանդակ, մուրացկանի հագուստով, իր ձեռքի գավազանի մեջ թաքցրած, նոր թղթեր տարավ Գանձակ, իսկ այնտեղից պիտի գնա Թիֆլիս։ Այդ թղթերին, ավելացրեց նա, ստորագրել են իմ եղբայյր Հովհաննես կաթողիկոսը, Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբուլը, Ջրաբերդի Մելիք-Իսբայելյան Մելիք-Մեջլումը, Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը և այլ նշանավոր եկեղեցական ու աշխարհական անձինք։
Վարանդայի Մելիք-Շահնազարը, Խնզիրիստանի Մելիք-Ալլահվերդին, Գյուլ-Յաթաղի Ռուստամ-բեկը, խանի կողմնակիցները լինելով և միանգամայն հակառակ մյուս մելիքների ձգտումներին,— այդ պատճառով դաշնակից մելիքները չէին հրավիրել նրանց մասնակցելու իրանց խորհրդի մեջ։
Խանի հարցմունքին, թե կարելի՞ է արդյոք սուրհանդակի տարված թղթերը մի հնարքով ձեռք բերել, դավաճանը պատասխանեց, թե սուրհանդակը ներկայանալու է Գանձակում Իսրայել կաթողիկոսին, որ նրանից ևս թղթեր առնե ու հետո գնա. բավական է ձեզ հայտնել Իսրայել կաթողիկոսին, նա իսկույն կկալանավորե բոլոր թղթերը։
Իսրայելը վերջին ժամանակներում, թաքցնելով իր հին թշնամությունը, որ ուներ Հովհաննես կաթողիկոսի դեմ, առերես ցույց էր տալիս, թե նրա հետ համամիտ և համակամ է այն բոլոր խորհուրդների մեջ, որ պիտի կատարվեին հայրենիքի փրկության համար։ Նա Գանձասարի վանքում խաչի Աավետարանի վրա հանդիսավոր կերպով երդում տվող եկեղեցականներից մեկն էր, որոնք ուխտեցին հավատարիմ մնալ հայրենիքի ազատության գործին։ Բայց միևնույն ժամանակ այդ չարագործը շատ անգամ գաղտնի կերպով դիմել էր Իբրահիմ-խանին, հայտնելով նրան, որ եթե Հովհաննես կաթողիկոսին կհեռացնե և Գանձասարի վանքի կաթողիկոսական աթոռը իրան կտա, ինքը խոստանում է հավատարիմ լինել խանին։
Խանը այժմ հարմար առիթ գտավ փորձելու նրա հավատարմությունը։ Գանձակի Ջավադի-խանը իր հետ թշնամական հարաբերությունների մեջ լինելով, ինքը չէր կարող մարդ ուղարկել սուրհանդակին կալանավորելու համար։ Նա մի նամակ գրեց Իսրայել կաթողիկոսին, հայտնելով, թե նրա մոտ գալու է մի թղթատարի մուրացկանի հագուստով, որի ձեռքի գավազանի մեջ թաքցրած կան կասկածավոր թղթեր, եթե այդ թղթերը կկալանավորե և իրան կուղարկե, ինքը խոստանում է ամեն միջոցներով օգնել նրանք որ գրավե Գանձասարի կաթողիկոսական աթոռը։ Նամակը ուղարկվեցավ միևնույն դավաճանի՝ Հասան-Ջալալյան Ալլահ-ղուլի բեկի ձեռքով։
Թեև Իսրայել կաթողիկոսը շատ լավ գիտեր, որ խանի կամքը կատարելով, ո՛րպիսի սարսափելի վտանգի պիտի ենթարկեր հայոց մելիքներին և Հովհաննես կաթողիկոսին, թեև նա կարող էր հասկանալ, որ իր մատնությունով պիտի սպաներ հայրենիքի ազատության գործը, այսուամենայնիվ, իր փառքը և Գանձասարի կաթողիկոսական աթոռն ավելի բարձր դասելով ամեն ազգային գործերից, նա կալանավորեց թղթերը և ուղարկեց Իբրահիմ-խանին։
===XXI===
Իբրահիմ-խանը Իսրայել կաթողիկոսի ուղարկած թղթերը ստանալուց հետո լուռ մնաց, այնպես ձևացնելով, թե ինքը մելիքների գործողություններից ամենևին տեղեկություն չունի։ Հետո բարեկամաբար հրավիրեց իր մոտ Մելիք-Մեջլումին, Մելիք-Աբովին և Մելիք-Բախտամին, իբր թե երկրի կառավարության գործերի վերաբերությամբ նրանց