― Չեմ հասկանում, ― ուսերը թոթվելով ասաց նա, ― այդ ապաստարանում նրանք լիակատար անվտանգության մեջ էին։ Ի՞նչն է ստիպել, որ անձավից հեռանան։
==Գլուխ տասնիններորդ==
Ճանապարհորդություն ուրախ գնացքով
Կենդանաբանական այգուց դուրս գալով, Չիպոլինոն և Բալուկը նստեցին գնացք։
Այդ գնացքի մասին ես դեռ ոչինչ չեմ պատմել ձեզ։ Դա շատ զարմանալի գնացք էր։ Միայն մի վագոն ուներ, և այդ վագոնում նստելու բոլոր տեղերը պատուհանների մոտ էին, այնպես որ բոլոր կողմերից լավ երևում էին դաշտերն ու անտառները, լեռները, կայարաններն ու հանդիպակաց գնացքները։
Դե գիտեք, թե այդ ինչքան կարևոր է գնացքով ճանապարհորդող երեխաների համար։ Նստիր քեզ համար պատուհանի մոտ, և ինչքան սիրտդ ուզում է, նայիր դուրս։
Գնացքում գեր ուղևորների համար հատուկ սարքավորում կար։ Դրանք փոս ընկած թարեքներ էին, որոնց վրա հաստ մարդիկ իրենց փորն էին դնում։ Այդպես շատ հարմար էր գնալը, և նրանք ոչ ոքի չէին խանգարում։
Երբ Չիպոլինոն և Բալուկը գնացք էին նստում, հանկարծ լսեցին ձորձահավաք Լոբու ձայնը։
― Մի՛ վախեցեք, սինյոր Բարոն, ուժ տվեք, մի քիչ էլ որ հուփ տաք, մենք արդեն վագոնում կլինենք։
Պարզվեց, որ գնացք էր նստում բարոն Նարինջը։ Դե հասկանալի է, որ հաստ փորի պատճառով գնացք նստելը նրա համար այնքան էլ հեշտ բան չէր։ Խեղճ ձորձահավաքը ոչ մի կերպ չէր կարողանում բարոնին վագոն հրել։ Երկու բեռնակիր օգնության հասան, բայց երեքով էլ չկարողացան բարոնին ներս տանել վագոնի դռնով։ Վերջապես վազելով եկավ կայարանապետը և սկսեց բարոնի մեջքից հրել։ Դժբախտաբար կայարանապետը մոռացել էր, որ սուլիչը բերանին է, և պատահաբար սուլեց։
Մեքենավարը կարծեց, թե դա մեկնելու ազդանշան է, և բռնակը քաշեց։ Գնացքը շարժվեց։
― Կանգնի՛ր, կանգնի՛ր, ― ամբողջ ձայնով գոռաց կայարանապետը։
― Օգնեցե՜ք, ― վախից շառագունելով ճչաց Բարոն Նարինջը։
Բայց նրա բախտը բանեց։ Երբ գնացքը շարժվեց, այնքան ուժեղ ցնցում առաջացավ, որ Բարոնը վերջապես ներս խցկվեց։ Հաստափորը թեթևացած շունչ քաշեց և, փորը դնելով թարեքի փոսի մեջ, անմիջապես բաց արեց իր կապոցը, որի մեջ տապակած մի ամբողջ գառ կար։
Այս բոլոր խառնաշփոթությունից օգտվելով, Չիպոլինոն և Բալուկը աննկատելի խցկվեցին վագոն։
Ուղևորության ժամանակ Բարոնն այնքան էր զբաղված ուտելով, որ տղաների վրա ուշադրություն չէր դարձնում։ Ճիշտ է, Լոբին իսկույն նկատեց նրանց, բայց Բալուկը մատը շրթունքներին մոտեցնելով հասկացրեց, որ վերջինս լռի։ Ձորձահավաքը նշաններով իմաց տվեց, որ ամեն ինչ հասկացել է և բերանը չի բացի։
Բայց առայժմ թողնենք մեր երկու բարեկամներին, որոնք բավական հարմար տեղավորվեցին վագոնում՝ տապակած գառան հոտից հարբած բարոն Նարինջի քթի տակ, և տեսնենք, թե մուս տեղերում ինչ է կատարվում։
:::::::::::::::― ― ― ― ―
Հենց այն ժամանակ, երբ գնացքն անցնում էր մեզ ծանոթ անտառի մոտով, մի ինչ֊որ փայտահատ օգնության հասավ խուզարկուին ու շանը, իջեցրեց նրանց այն կաղնուց, որից սրանք համարյա երկու օր կախված էին մնացել։ Խուզարկուն և նրա շունը մի փոքր վազվզեցին, որ ոտները բացվեն, և սլացան որոնումները շարունակելու։
Փայտահատը զարմանքով նրանց ճանապարհ դրեց, և արդեն պատրաստվում էր կաղնին կտրել, երբ Լիմոն սպայի գլխավորությամբ հայտնվեց Լիմոնուկների մի ամբողջ դասակ։
― Զգա՜ստ, ― հրամայեց սպան, ― ձեռքերը ցա՛ծ պահել։
Փայտահատը կացինը գցելով ցած, ձեռքերը հպած կողերին մնաց կանգնած։
― Այստեղ մի շուն իր տիրոջ հետ չե՞ս տեսել։
Բանն այն է, որ ամրոցում շատ անհանգստացած էին միստր Գազարոյի ու նրա շան անհայտացման պատճառով և որոշել էին ոստիկանների մի ամբողջ դասակ ուղարկել նրանց փնտրելու։ Փայտահատը բոլոր աղքատների նման ոստիկաններին այնքան էլ չէր վստահում։ Այն մարդն ու շունը, որոնց նա ազատեց, շատ տարօրինակ էին իրենց պահում։ Դեռ ծառից չիջած նրանք պառկեցին, ականջները կպցրին գետնին և հետո վեր կենալով՝ խելագարների պես սկսեցին վազել։ Փայտահատին իսկապես թվաց, թե դրանք խելագարներ են, և ոչ մի գնով նա դրանց չէր հանձնի ոստիկանների ձեռքը, որոնք հավանաբար ուզում էին ձերբակալել ում փնտրում էին։
― Մի մարդ ու մի շուն քիչ առաջ այստեղ էին և գնացին, ա՛յ, այնտեղ, ― ասաց նա և հակառակ կողմը ցույց տվեց։
― Այ, հրաշալի է, ― բացականչեց Լիմոն֊սպան։ Ուրեմն հիմա կհասնենք։ Զգա՛ստ։
Փայտահատը նորից ձեռքերը կպցրեց կողերին, իսկ հետո ճակատի քրտինքը սրբելով՝ սկսեց իր կաղնին կտրել, առանց աչքը կտրելու Լիմոնից ու Լիմոնուկներից, որոնք ավելի ու ավելի էին հեռանում նրանցից, ում փնտրում էին։
Քառորդ ժամ էլ չէր անցել, երբ փայտահատը նորից ոտնաձայներ լսեց։ Նրա առաջ դուրս եկան հոգնած ու քրտնած վարպետ Խաղողը, քավոր Դդումը, քավոր Հավամրգին, փաստաբան Սիսեռիկը, ջութակահար Տանձը և սանամեր Դդումը։ Մի փոքր շունչ քաշելով, նրանք հարցրին, թե փայտահատը չի՞ տեսել Չիպոլինո անունով մի տղայի։
― Ես ձեր Չիպոլինոյին չեմ ճանաչում, ― ասաց փայտահատը, ― բայց այստեղից ոչ մի տղա չի անցել։
― Եթե Չիպոլինոն այստեղ երևա, խնդրում եմ հայտնեք, որ մենք արդեն երկու օր է իրեն ենք փնտրում, ― ասաց վարպետ Խաղողը, որն, ըստ երևույթին, արշավախմբի պետն էր։
Այս խումբն էլ հեռացավ այնպես արագ, ինչպես նախորդը։
Անցավ մոտ մի ժամ, և համարյա կտրած ծառն արդեն ցած էր ընկնում, երբ ծառերի միջից դուրս եկան Չիպոլինոն և Բալուկը։ Բալուկը որոշել էր տուն չվերադառնալ, քանի դեռ Չիպոլինոն կորած ընկերներին չէր գտել։ Փայտահատն իմանալով, որ տղաներից մեկի անունը Չիպոլինո է, վարպետ Խաղողի ասածը ճշտորեն հաղորդեց նրան։ Այստեղ միայն տղաները հասկացան, որ փախստականներն անձավից հեռացել են կորած Չիպոլինոյին գտնելու համար։
Այսպիսով նրանց անհայտացման գաղտնիքը բացվեց։
Տղաները հրաժեշտ տվեցին փայտահատին, և սա նորից մենակ մնաց։ Բայց մինչև երեկո նրան վիճակված էր դեռ շատ հանդիպումներ ու արկածներ ունենալ։
Նախ՝ նրա մոտ եկան Բողկն ու մյուս երեխաները, որ նույնպես Չիպոլինոյին էին փնտրում։ Հետո հայտնվեց ոչ այլ ոք, եթե ոչ սինյոր Մաղդանոսի ուղեկցությամբ՝ ինքը ասպետ Պոմիդորը իր սեփական անձով։ Նրանք Բալուկին էին փնտրում և հավատացած էին, որ նրան անտառում թաքնված փախստականներն են տարել։
Վերջապես, արևը մտնելուց առաջ, փայտահատը զանգակներից կազմված մի ամբողջ նվագախմբի ձայն լսեց։ Սկզբում կարծեց, թե այդ առավոտյան իրեն հարցաքննող ոստիկաններն են վերադառնում։ Բայց այս անգամ անտառ էր եկել ինքը իշխան Լիմոնը։
Մտահոգված այն բանից, որ իր հավատարիմ պահակախումբն այդքան երկար ժամանակ չէր վերադարձել, ինքն էլ դուրս եկել ընդառաջ։ Միևնույն կառքով իշխանի հետ գնում էին նաև կոմսուհիները։ Շոյված այն բանից, որ իշխանին ուղեկցելու հնարավորություն են ստացել, նրանք ամբողջ ճանապարհին ուրախ շաղակրատում էին, կարծես որսի էին գնում։
Փայտահատն աշխատեց թաքնվել ծառերի հետևում․ նա գիտեր, որ աղքատները չպետք է իշխանի աչքին երևան, որովհետև այդ վնասակար է նորին մեծության ստամոքսին ու լյարդին, բայց պալատականներից մեկը, ծերացած, կնճռոտված մի Լիմոն, որ նստած էր նորին մեծության կողքին, նկատեց փայտահատին ու կանչեց․
― Հե՜յ, գջլո՛տ։
― Ի՞նչ եք կամենում, ձերդ ողորմածություն, ― թոթովեց փայտահատը։
― Այստեղով ոստիկանների մի դասակ չի՞ անցել։
Փայտահատը, ինչպես գիտեք, այդ օրը ոչ միայն ոստիկանների, այլև ուրիշ շատ մարդկանց էր տեսել։ Սակայն, երբ իշխանի հետ ես խոսում, ավելի լավ է ասել, թե ոչինչ և ոչ ոքի չես տեսել։
Փայտահատն այդպես էլ պատասխանեց, «Ոչ մարդ եմ տեսել, ոչ էլ որևէ բան գիտեմ»։ Եթե ասեր․ «Այո, տեսել եմ», իհարկե, ուրիշ շատ հարցեր կտային, և գուցե վերջ ի վերջո անմեղ տեղը բանտ նստեցնեին։ Իսկ «չէ» ասաց՝ պրծավ։
Իշխանը և նրա շքախումբը գնացին այն կողմը, որ կողմը ոստիկաններն էին գնացել։
Երեկոն վրա հասավ։ Որպեսզի չերկարացնենք և պատմությունն ավելի հետաքրքրական լինի, ուղղակի ասենք, մութն ընկավ։ Մթության մեջ ավելի հետաքրքիր արկածներ են լինում, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է փախուստներին, որոնումներին ու հետապնդումներին։
Չէ՞ որ հենց այն ժամանակ, երբ անտառի վրա իջնում է խավարը, մեր վիպակի հերոսները հենց որոնումներով ու հետապնդումներով են զբաղված։ Խուզարկուն և նրա շունը փախստականներին են փնտրում, ոստիկանները՝ խուզարկուին, Իշխանը՝ ոստիկաններին։ Վարպետ Խաղողը և նրա բարեկամները գնացել են Չիպոլինոյին որոնելու, Չիպոլինոն և Բալուկը որոնում են վարպետ Խաղողին, Բողկը Չիպոլինոյին, ասպետ Պոմիդորն ու սինյոր Մաղդանոսն էլ՝ Բալուկին։
Իսկ գետնի տակ (դուք երևի այդ մասին իսկի չեք էլ մտածել) ծերուկ Խլուրդը բոլորին էլ փնտրում է։ Նախօրյակին նա այցելեց փախստականների անձավը և այնտեղ այսպիսի մի գրություն գտավ․ «Չիպոլինոն անհայտացել է։ Գնում ենք նրան որոնելու։ Եթե որևէ բան իմանաք, հայտնեցեք մեզ»։
Խլուրդն հենց որ այս խոսքերը կարդաց, եռանդով սկսեց բոլոր կողմերի վրա գետնուղիներ փորել։ Աշխատելիս լսում էր, թե ինչպես վերևում, գետնի վրա անընդհատ քայլում էին մարդիկ կամ մեկ֊մեկ, կամ ամբողջ ջոկատներով։ Բայց նրանք այնքան արագ էին գնում, որ Խլուրդը երբ գետնի երես էր դուրս գալիս, ոչ ոքի չէր գտնում։ Միայն գայլերի ձայնը այդ երեկո չէր լսվում։ Գայլերը կարծում էին, թե մարդիկ իրենց են շրջապատում և թաքնվել էին անտառի խորքում։